Ինչո՞ւ է Մոսկվան «հանձնում» Քոչարյանին

Գրապահարան-ից
09:56, 25 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ինչո՞ւ է Մոսկվան «հանձնում» Քոչարյանին

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»


Որովհետեւ նրանից այլեւս առնելիք չունի: Որովհետեւ (Քոչարյանը) տվել է ամեն ինչ, ինչ հնարավոր է, որ որեւէ երկիր հանձնի մի այլ երկրի՝ ներառյալ երկրի մանեւրելու հնարավորությունը առաջիկա գոնե մեկ տասնամյակում: Խոսքը գործարանների մասին չէ:
Այդ գործարանների ու ինստիտուտների վրա Ռուսաստանը թքած ունի, դրանցից հարյուրներով ունի, որ չի կարողանում աշխատեցնել: Իսկ ինժեներա-տեխնիկական կազմը, որով հպարտանում ենք, շատ վաղուց Հայաստանում չէ: Ռուսներին դա պետք էլ չէ, որովհետեւ կարեւորը ոչ թե գույքն է, ոչ էլ աշխատացնելը, այլ ոտքի տեղ անելը բոլոր դեպքերում: Կորցնելու ի՞նչ ունեն, եթե 90 միլիոնը կորած պարտք էր եւ վերջում դուրս էին գրելու՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների պնդումով: Մոսկվան իր համար Քոչարյանի հարցը վերջնականապես լուծված համարեց այն պահից, երբ համոզվեց, որ նա լրջորեն մտադրված է Մեղրին դնել փոխանակության: Այն, որ Օսկանյանը մի գլուխ քրթմնջում է փարիզյան սկզբունքների մասին, կատակ չէ եւ ոչ էլ զուտ բանավոր համաձայնություն:
Ամենայն հավանականությամբ, Փարիզում ստորագրվել է մի ինչ-որ արձանագրություն՝ տարածքների փոխանակման սկզբունքը որպես բանակցությունների հիմք ընդունելու մասին, ինչը վկայաբերելով էլ վերջին պահին նոր ընտրված Բուշին համոզեցին Քի Վեսթում ընդունել նախագահներին, ինչից Բուշը ակնհայտորեն խուսափում էր՝ չուզենալով իր կարիերան սկսել՝ կիսելով Քլինթոնի «փառքը»՝ Պաղեստին-Իսրայել տապալված բանակցություններում: Եւ Ամերիկայում «քարտեզ նայելով»՝ բոլորովին չի բացառվում, որ Ալիեւն ու Քոչարյանը դետալներն էին համաձայնեցնում: Ասենք, եթե Շուշին մնում է Ղարաբաղի կազմի մեջ, արդյո՞ք Ղափանի մի մասն էլ չի անցնում Ադրբեջանին, եթե Քելբաջարից մեր զորքերը դուրս են գալիս մինչեւ Լաչին քաղաքի գիծը, արդյո՞ք դա չի նշանակում, որ մեր հարավային սահմանը սկսվում է Ղափան քաղաքից եւ այլն: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, Ալիեւը նստած քննարկում էր, թե հայերը Ադրբեջանի որ գյուղն են իրեն վերադարձնում, որը թողնում Մեծ Հայաստանի կազմո՞ւմ: Մոսկվան ստոր վարվեց հայկական պատվիրակության հանդեպ: Եւ դեռ Փարիզի հանդիպումից առաջ «շիրա տալով»՝ փորձեց պարզել, թե քանի՞ կոպեկ արժե հայերի՝ ռուս եղբայրների հետ պանիսլամիզմի դեմը առնելու մասին դատարկախոսությունը: Եւ համոզվեց, որ հայերը շատ հանգիստ էլ Թուրքիային ու ՆԱՏՕ-ին Նախիջեւանով ու Մեղրիով ելք են տալիս դեպի Կասպից ծով ու Միջին Ասիա, ձեռքի հետ էլ Ռուսաստանի ճանապարհը դեպի Իրան ու Հարավային ծովերը հուսալիորեն փակելով: Եւ Սելեզնյովը եկավ Երեւան: Եկավ ու սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն սպառնալ Հայաստանի տերիտորիալ ամբողջականությանը: Հայերի հիացմունքին սահման չկար: Կարծեցին քրիստոնյա եղբայրները եւս մի ավելորդ անգամ Թուրքիայի պորտը տեղը դրեցին:
Այնինչ, այդ պահին Հայաստանի տերիտորիալ ամբողջականությանը ռեալ մեկ մարդ էր սպառնում՝ Քոչարյանը: Եւ նա լավ հասկացավ՝ ում է հասցեագրված Սելեզնյովի սպառնալիքը: Այնքան լավ հասկացավ ու այնպես կորցրեց հավասարակշռությունը, որ անմիջապես հակադարձեց՝ այն իմաստով, թե քանի ինքը սաղ է, Հայաստանը չի միանա Ռուսաստան-Բելոռուս միությանը:
Պետության ղեկավարը այդ տոնով չի խոսում: Իսկ կոմպլիմենտարիզմը որդեգրածը՝ առավել եւս: Բայց երեւի Սելեզնյովը դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ավելի վիրավորական բառեր էր ասել: Դե, Քոչարյանն էլ մինչեւ հոգու խորքը վիրավորվել էր: Իսկ ի՞նչ պիտի պատասխաներ թաղային լիազորի կոմպլեքսներով նախագահը, եթե չի կարող քրեական գործ հարուցել իրեն վիրավորողի հանդեպ: Պիտի ասեր՝ ես էլ քո մերը: Ինչը եւ արեց անհապաղ: Մանավանդ որ, ոչ միայն վիրավորել էին, այլեւ խաչ քաշել իր ծրագրի ու, հետեւաբար, քաղաքական ապագայի վրա, այն էլ՝ 27-ի գործը վզից կախված վիճակում: Պատահական չէ, որ վերջին ակնարկը, որ Մոսկվայի կողմից ուղղված էր Հայաստանին, տպագրված էր Սելեզնյովի ղեկավարած պետական մարմնի թերթում: Նրանք, ովքեր ընդդիմության մատը խառն են համարում այդ հրապարակման մեջ, իրենք էլ լավ հասկանում են, որ «Պառլամենտսկայա գազետան» այն կիսաբուլվարային թերթը չէ, որտեղ հենց իրենք փողով հոդվածներ են տպում: Պարզապես խիստ կոպիտ էր հոդվածը, եւ արձագանքն էլ, բնականաբար, հիվանդագին: Իսկ հոդվածի բուն միտքը այն է, որ Քոչարյանը իզուր էլ շտապել է՝ երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրություն հայտնելով: Իհարկե, այդ լուրը Քոչարյանին չի ուղղված (ինքը դա գիտի), այլ հայ հասարակայնությանը եւ քաղաքական, նաեւ բյուրոկրատական շրջանակներին: Իսկ հայ հասարակայնության հետ Մոսկվան պրոբլեմ ունի, որի լուծմանը ձեռնամուխ է եղել հենց այդ հոդվածով: Իսկ պրոբլեմի էությունն այն է, որ Ռուսաստանը ավանդաբար հետամուտ լինելով իր ազգային շահերին, որի հետեւանքով Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին, միեւնույն ժամանակ պիտի շատ չհուսահատեցնի հայերին եւ ապացուցի, որ այդպես ստացվելու մեղավորը Ամերիկան է՝ մեկ, եւ Քոչարյանը, որ արեւմտամետ քաղաքականություն է վարել:
Հայերի սիրտը շահելու մեծ ջանքեր (դարձյալ ավանդաբար) պետք չեն գալու Ռուսաստանին, բայց ինչ-ինչ ջանքի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա, եւ թերթը ուղնուծուծով ռուսամետ, անպարկեշտության աստիճանի ռուսասեր Քոչարյանին անվանում է արեւմտամետ: Այդ դեռ քիչ է, թերթը ավելի առաջ է գնում եւ իրենց նախագահին վերագրում է միտք, որը նա ոչ միայն չի ասել, այլեւ տեսականորեն էլ հնարավոր չէր, որ ասեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարը: Իբր, Պուտինը ասել է, թե այսօրվա վիճակով տարածաշրջանում հավասարակշռություն է հաստատված: Այ, այստեղ մատ կա խառնված, բայց ոչ թե խեղճ ընդդիմության մատը, այլ դաշնակցամիտ ղարաբաղցիների: Այդ նրանց սիրած անմտությունն է: Թերթը նրանց ձեռ առնելու կիրքը այնքան չի զսպել, որ համարձակվել է զգուշավոր Պուտինին վերագրել ակնհայտ հիմարություն: Ընդ որում, այդ հիմար միտքը սաստկացնելով նրանով, իբր, Ամերիկան է ուզում Ղարաբաղը վերադարձնել, եւ ձեր նախագահն էլ այնքան անխելք է գտնվել, որ ուզեցել է «Ղարաբաղի հարցը լուծել Ամերիկայի միջոցով»:
Խե՜ ղճ Քոչարյան: Չէ՞ որ ողջ գիտակցական կյանքում մտածել է ուղիղ հակառակը եւ հիմա էլ, ի դեպ, մտածում է նույնը: Բացառությամբ, իհարկե, Զանգեզուրը փոխանակման դնելու դեպքի: Բայց ռուսական կողմին այլեւս հետաքրքիր չէ, թե ինչ է մտածում Քոչարյանը: Նա քշած ձի է: Թե´ այն դեպքում, եթե Ռուսաստանը ուզում է եւս միառժամանակ տարածաշրջանում լարվածություն պահպանել, թե´ այն դեպքում, երբ արդեն իրեն լուծում է պետք,- երկու դեպքում էլ Քոչարյանը խոչընդոտ է: Առաջին դեպքում՝ նա արդեն ձգելու քաղաքական ու բարոյական պաշար չունի, երկրորդ դեպքում՝ առավել եւս նոր մարդ է պետք նոր քաղաքականության համար:
Վերջին հաշվով, չի բացառվում, որ մի գաղտնի հանդիպման ժամանակ Քոչարյանը ստորագրի Մեղրու հանձնումը: Իհարկե, դրա իրավական հետեւանքները կասկածելի են առանց Իրանի եւ Ռուսաստանի համաձայնության, բայց վիճակի շտկումը Ռուսաստանի վրա կնստի մի մեծ միջազգային ճգնաժամ: Գուցե այդ պատճառով էլ այլեւս թույլ չեն տալիս, որ Ալիեւն ու Քոչարյանը առանձին հանդիպեն: Մեծ հաշվով, իհարկե, Քոչարյանն է հանձնել Ղարաբաղը, եւ Ռուսաստանը պարտավոր չէ ուրիշների հիմարությունը իր վրա առնել, թեեւ այդ հիմարությունը եւս մեկ անգամ խիստ անհրաժեշտ եղավ Ռուսաստանի ազգային շահերին: Ճիշտ է, այդ հիմարությունը Մոսկվան քաջալերել է առավելագույնս, բայց մի երկիր մի այլ երկրի հետ հարաբերվում է ոչ թե դայակի կարգավիճակով, այլ ելնելով իր ազգային շահերից: Դատելով այն բանից, որ Արկադին մտահոգվել է Ալիեւի առողջությունով, իսկ Սերժը «Գետաշենը գրավելը» թողնելով՝ սկսել է խոսել տարածքներ զիջելուց, Ռուսաստանը, այնուամենայնիվ, արագացնում է իրադարձությունները: Սերժը չի մոռանում նաեւ Մեղրին: Իբր, խոսքը «միջանցքի» մասին է: Այդ ինչո՞ւ աշխարհի բոլոր տրանզիտ ճանապարհները կոչվում են ճանապարհ, իսկ Հայաստանում՝ միջանցք: Այդ ո՞ր օրվանից են տարածքներ տալիս (Ադրբեջանի կողմից) տրանզիտ երկաթգծի փոխարեն:
Իսկ որ Ս. Սարգսյանը ասում է. «պարտավոր է անել այն, ինչ անում է», գիտի ինչ է ասում: Ստեպաշինը դատարկ բաների մասին խոսելու համար չէր եկել Հայաստան՝ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչների գալու եւ Իրաքի պատերազմի նախօրյակին: ԱՄՆ-ի սպեցնազը շուտով կմտնի Վրաստան, ետեւից էլ, գուցե, ավիացիան՝ Իրաքի առիթով, եւ եթե Ռուսաստանին առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում չհաջողվի հեղաշրջում կազմակերպել Վրաստանում (կարծես թե չի հասցնում), Ռուսաստանի հույսը կմնա միայն Ադրբեջանը: Այս պայմաններում Սերժը չի կարող թաքնվել Քոչարյանի ետեւում: Ռուսաստանը ամեն գնով պիտի Ադրբեջանի միջոցով փակի Կասպից Դուռը գոնե այս կողմից, արեւելքի կողմից պարտվելուց հետո: Ընդ որում, ռուս-ադրբեջանական ռազմա-քաղաքական դաշինքի հարցը կախված կլինի արդեն Ադրբեջանի բարի կամքից: Բայց Մոսկվան գուցե այդ էլ չհասցնի անել, եթե սպասի մերձավորարեւելյան պատերազմի ավարտին, որովհետեւ վերջերս միայն այն է անում, որ կարողանում է հետին թվով ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական ակցիաները արձանագրել: Ամերիկացիները Մոսկվային այս անգամ էլ բռնեցին բթամիտ հակավրացական քարոզչության վրա, թե այդ երկիրը նպաստում է միջազգային տեռորիզմին: ԱՄՆ-ի սպեցնազն էլ, ահա, իջնում է Վրաստանում՝ գերխնդիր ունենալով, իհարկե, պաշտպանել Բաքվից Թուրքիա մտնող նավթամուղն ու գազամուղը Ռուսաստանի ոտնձգությունից: Իսկ ռուսական լրատվամիջոցները արդեն սպառնում են այդ դեպքում մասնատել Վրաստանը, ակնարկելով, որ հայերն էլ այդտեղ անելիք ունեն:
Ահա եւ եկավ հայրենակցական միությունների գործակալների ժամանակը: Նաեւ՝ նրանց կոլեգա Ս.Սարգսյանի, որը ճիշտ է ասում, որ անում է այն, ինչ պարտավոր է անել: Որովհետեւ Ստեպաշինն է ասողը, իսկ Ստեպաշինը հո գիտի, որ դաշնակից երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը տարին երեք շաբաթ փող է խաղում Մոսկվայի կազինոներում:
Իսկ եթե մի երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը փող է խաղում մի այլ երկրի կազինոներում՝ գաղտնի ծառայությունների հայացքի ներքո, նա գիտի ինչ է անում եւ գիտի դրա համար ինչ գին է վճարելու, երբ ժամանակը գա: Եւ դա այն դեպքը չէ, երբ խաղի մոլուցքն է խեղդում կամ ագահությունը: Դա կոչվում է կամավոր գրվել: Այսինքն, ես ձերն եմ, օգտագործեք ինչպես կարող եք: Օրգանները դրան ասում են՝ «ինիցիատիվնիկ», այսինքն՝ ինքնամատույց: Եթե, իհարկե, այդ «համագործակցությունը» չի գալիս սովետական ժամանակներից: Իսկ այդպիսի մարդ ունենալ դաշնակից երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ամեն տասնամյակ չէ, որ հաջողվում է նույնիսկ Ռուսաստանի նման երկրին: Իսկ կուսակցական կույսերը գրում ու հալումաշ են լինում՝ ի՜ նչ շրջապատ ունի Մոսկվայում, ի՜ նչ շրջապատ ունի... Մեղրու մասին Ս.Սարգսյանի խոսելը այն է նշանակում նաեւ, որ Մինսկի խմբի ֆրանսիացին ու ամերիկացին, թերեւս, դեմ են տալու էլի հողերի փոխանակումը: Իսկ Ռուսաստանն ու Իրանը չեն թողնելու դա անել, մանավանդ որ, միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու մասին է խոսքը: Այդ քաղաքական պացանների համար է, որ սահմաններ չկան, այլ կան «ճակատներ»:
Աշխարհում տաբուներ կան, որը խախտելու համար 300 չէ, 600 հազար սվինդ կբռնեն քամակդ կկոխեն: Իսկ համանախագահների ակտիվանալը ուղղված է, հավանաբար, Ադրբեջան-Ռուսաստան դաշինքը կանխելուն, ինչին Արեւմուտքը ձեռնամուխ եղավ (հրապարակայնորեն) Ալիեւի Մոսկվա գնալուց շաբաթներ առաջ, սպառնալով, որ քաղբանտարկյալներին չազատելու համար Ադրբեջանին կպատժի: Արեւմուտքը սսկվեց միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոգոզինը գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ Մոսկվան ավելի լավ գիտի Սուրաթն ու մյուսները քաղբանտարկյա՞լ են, թե՞ իրենց (Մոսկվայի) գործակալները: Անհարմար բան ստացվեց, եւ Արեւմուտքը մխիթարվեց նրանով, որ ԱՄՀ-ի Հայաստանի մասին զեկույցը խմբագրեց դեպի լավը՝ Ադրբեջանի ինադու: Ալիեւը փոխանակմանը կասի՝ այո, որ չասի՝ ոչ: Ալիեւը լակոտ չի եւ գիտի, որ դա անիրագործելի է: Նա Ամերիկայի կլինիկայից վերադարձը ձգձգում է, որ Իրան չգնա մինչեւ Իրաքի դեմ օպերացիայի սկիզբը (նախորդ անգամ ձգձգեց այնքան, մինչեւ ԱՄՆ-ը մտավ Կենտրոնական Ասիա եւ խիստ սահմանափակեց Իրանի ոտնձգությունների հնարավորությունը Կասպյան ավազանում), միաժամանակ չտեսնի Քոչարյանի երեսը ԱՊՀ առաջիկա խորհրդակցությանը: Երբ կսկսվի Իրաքի պատերազմը, Ադրբեջանի կշիռը ավելի կբարձրանա, եւ նա Ռուսաստանից կստանա ավելի, քան սպասում էր մինչեւ հիմա:
Իսկ սրանք, հակաահաբեկչության համաշխարհային ալիքի այս ժամանակներում դեռ Կիպրոս ու Լիբանան են գնում-գալիս, նարկոբիզնեսի ու տեռորի հանրահայտ որջերը:
Երկոտանու առանձնահատուկ տեսակ պիտի լինել՝ որոշելու համար քարշ գալ Լիբանան-Սիրիա-Կիպրոս, երբ աշխարհի հզորագույն պետությունը պատերազմ է պատրաստում այդ կիսապետությունների համախոհի՝ Իրաքի դեմ,-դեռ մի բան էլ առիթ գտնել վայրահաչելու Իրաքի երդվյալ թշնամի եւ Ամերիկայի նույնքան երդվյալ դաշնակից Իսրայելի դեմ: Գոնե մի երկրի պատվեր կատարեին այս ողորմելիները, ախր հաջողեցնում են կատարել արաբների, Իրանի, Ռուսաստանի եւ Հունական կոոպերատիվ հանրապետությունների պատվերները՝ միաժամանակ: Այն էլ՝ այդ բլոկի կանխորոշված պարտության շեմին: Ինչ է թե՝ դրանք հակաթուրք են: Բայց մի՞թե չէր կարելի Հայաստանում հակաթուրքությանը երկու ամիս դադար տալ: Հանուն Հայաստանի: Գոնե մեկ անգամ՝ հանուն Հայաստանի: Արկադիաները Մեղրին տալու ծրագրին նույնպես կասեն՝ այո, որովհետեւ իրենց ծանծաղ մտքի մեջ ոչինչ չկա 94 թվականից այս կողմ, բացի Զանգեզուրն ու Ղարաբաղը փոխանակելը: Բայց այդպես հարցը լուծելու համար խելք հարկավոր չէ, այդպես կարելի էր, օրինակ, Լոռին փոխել Ախալքալաքի հետ, Գյումրին տալ, Իգդիրը առնել, համ էլ Մասիսի փեշին է: Ահա ինչպես ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Ղարաբաղի ու Հայաստանի ապագան քննարկման առարկա դարձավ Ադրբեջանի մայրաքաղաքի քաղաքական էլիտայի ու նույն Ադրբեջանի գավառի սովետական նոմենկլատուրայի խառախուռայի միջեւ: Ստեպաշինը, ինչպես վերն ասվեց, եւս մեկ առաքելություն ուներ (այդպիսի այցեր կլինեն ամիսը մեկ)-սոցիալիստ, կոմունիստ, դաշնակ եւ այդ տիպի այլ քաղաքականացված օլուխներին վստահեցնելու, որ Ռուսաստանը մնում է մեր մեծ ախպերը, անկախ այն բանից՝ Ղարաբաղը կլինի, թե ոչ: Իհարկե, առաջին հերթին վստահեցնել նրանց, ովքեր հաջորդ իշխողը կլինեն: Եւ կհամոզեն:
Ռուսները լավ գիտեն իրենց կլիենտին: Թարսի նման հենց նույն ժամանակ Ջավախքի ու Աբխազիայի հայերը ժրեցին: Հազիվ թե Ստեպաշինը նման խնդիր ուներ (այդպիսի բաների համար դեսպաններ գոյություն ունեն), բացի այն դեպքից, եթե Ռուսաստանը ցուցադրում է Վրաստանին, որ, այո, հենց իր մատը խառն է հայերի ակտիվանալու գործում: Բայց վրացահայության ժրելը գուցե Ռուսաստանին հարկավոր է ընդամենը մեկ տակտիկական հարց լուծելու համար՝ որ Շեւարդնաձեն ԱՊՀ-ի առաջիկա հանդիպմանը չպնդի, որ Աբխազիայի ռուսական զորքերին ավելանան, ասենք, ուկրաինական զինվորներ, չէ՞ որ Աբխազիայի խաղարարարները, ըստ էության, ԱՊՀ երկրների զորականներից պիտի կազմված լինեին: Իսկ թե հետո ինչ պիտի լինի Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունը կամ վրացահայության վիճակը, այդ մասին ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մտածի: Բացառված չէ նաեւ, որ ջավախահայերի ակտիվանալը մեկանգամյա օգտագործման համար չէ սոսկ: Հայաստանին հասկացնելով, որ արդեն ավարտել են իրենց միսիան Ադրբեջանի ուղղությամբ, իսկ մնացած հարցերը իրար մեջ կլուծեն Պուտինն ու Ալիեւը («Այս բանը կանես, այն բանը չես անի՝ Ղարաբաղը կստանաս, բայց ինքնավարությամբ»-»Ինքնավարությունը աչքիս վրա, թքել եմ ՆԱՏՕ-ի վրա, դու զորքերդ հեռու պահիր») Մոսկվան հայերին որպես փոխհատուցում, բացառված չէ, նվիրում է մի այլ պատերազմ, չէ՞ որ դա քաղաքականության համբակների վաղեմի երազանքն է: Լեւոնիկը, չէ՞, ասել է, որ պիտի միշտ պատրաստ լինել պարտիզանական պատերազմի: Եւ իրոք, մի պատերազմը շուտով կվերջանա, ինչո՞վ են զբաղվելու պրովոկատորները: Մի խոսքով, սկսում ենք հիմա էլ Ջավախքը հայաթափել: Եթե մինչեւ հիմա դեռ շատերի համար պարզ չեղավ, շատ շուտով ակնհայտ կդառնա, որ Դաշնակցությունն ու Ադրբեջանի գավառական կուսխաժամուժը այս չորս տարիներին մեն մի քաղաքական նպատակ են հետապնդել՝ Հայաստանը հանձնել Ռուսաստանին ի տնօրինություն, փոխարենը պահպանելով Ղարաբաղի առկախ վիճակը Ռուսաստանի օգնությամբ:
Բայց Ռուսաստանը Հայաստանը այդ պայմանով չուզեց: Կամ չկարողացավ ուզենալ: Որովհետեւ նրան ոչ այնքան հակաթուրքական հռետորություն էր հարկավոր, վերջին հաշվով, այլ Կասպից Ծովը եւ Ադրբեջանը՝ որպես փակ դարպաս Արեւելքի եւ Արեւմուտքի ճանապարհին: Իսկ Հայաստանը ո՞ւր պիտի փախչի հակաթուրքական իր շիզով: Հրեն անհայտ ազգությամբ մի քանի (քոսոտ) դաշքեսանցի եւս մեյդան են ընկել ցեղասպանության մասին մարազմատիկ օրինագծով: Չէ՞ որ ցեղասպանության մասին վերջերս են իմացել, անեկդոտի այն տաքսիստի նման, որը ցեղասպանության մասին առավոտյան լսած լինելով՝ քշում է սահմանի վրա, որ թուրքերի հերը անիծի: Չէ՞ որ ոչխարի կատաղածը յամանն է լինում: Իսկ ինչո՞ւ մի քանի օրենք էլ չընդունել Ավարայրի, Ձիրավի, Սարդարապատի ճակատամարտերի եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մասին: Եւ սկսել դատական պրոցեսները պատմաբանների դեմ՝ սկսած Խորենացուց, որովհետեւ առաջին «ապազգայինը» հենց նա է, որ գրել է, թե՝ ողբում եմ քեզ, հայոց աշխարհ:
2.03.2002