Հանդիպում

Գրապահարան-ից
Հանդիպում

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Գայանե Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Հանդիպում.png
Ջո Դիլընն էր, որ ծանոթացրեց մեզ Վայրի Արևմուտքի հետ։ Նրա փոքրիկ գրադարանը բաղկացած էր «Բրիտանիայի դրոշների», «Խիզախումների» եւ «Էժանագին արկածային գրադարանի» հին համարներից։ Դասերից հետո, մենք ամեն երեկո հանդիպում էինք նրա բակում և «հնդիկ-հնդիկ» խաղում։ Նա իր կրտսեր եղբոր, հաստլիկ-ծույլիկի՝ Լեոյի հետ միասին պաշտպանում էր ախոռի ձեղնահարկը, որը մենք փորձում էինք գրոհով գրավել կամ էլ նախապես ծրագրած ճակատամարտեր էինք տալիս դաշտում։ Բայց որքան էլ լավ կռվեինք, միևնույն է, միշտ պարտվում էինք՝ թե պաշարելու, թե ճակատամարտելու ժամանակ, եւ մեր բոլոր կռիվներն ավարտվում էին Ջո Դիլընի հաղթական պարով։
Նրա ծնողներն ամեն առավոտ ժամը ութին գնում էին Գարդիներ սթրիթի վրա գտնվող եկեղեցին՝ պատարագի եւ նրանց տան նախասենյակում իշխում էր միսիս Դիլընի խաղաղասեր բույրը։ Բայց մենք Ջոյից երիտասարդ էինք ու վախկոտ և մեզ թվում էր, թե նա անչափ կատաղած է խաղում։ Նա իսկապես նման էր հնդիկի, երբ թեյնիկի հին ջեռակը ցլխին սլանում էր այգիով, բռունցքով խփում թիթեղատուփին ու ճչում․
— Յա՛, յա՚կա, յա՚կա, յա՚կա։
Երբ նա ասաց, որ որոշել է քահանա դառնալ, մեզնից ոչ ոք չհավատաց։ Բայց և այնպես դա ճշմարտություն էր։
Անհնազանդության ոգին տարածվում էր մեր շարքերում և համահարթում մեր նախասիրությունների ու կուլտուրայի միջեւ եղած տարբերությունները։ Մենք խմբեր էինք կազմում՝ ոմանք եռանդով, մյուսները՝ կատակով, իսկ ոմանք էլ՝ համարյա վախվխելով։ Վերջիններիս՝ տատանվող հնդիկների շարքին էի պատկանում նաեւ ես։ Մենք վախենում էինք մամայի բալիկի և դասը սերտողի անուն հանել։ Արկածները, որոնց մասին պատմվում էին Վայրի Արևմուտքին Նվիրված գրքերում, ինձ այնքան էլ չէին հետաքրքրում, բայց նրանք հագուրդ էին տալիս իմ երևակայությանը։ Սակայն ես ավելի շատ սիրում էի խուզարկուների կյանքը պատկերոզ ամերիկյան վիպակները, որտեղ երբեմն հայտնվում էին կամակոր ու անվախ գեղեցկուհիներ։ Չնայած այդ վիպակներում ոչ մի վատ բան չկար և չնայած դրանք հավակնում էին գրականություն կոչվելու, համենայն դեպս դպրոցականները գրքերն իրար էին հանձնում գաղտնաբար։ Մի անգամ, երբ հայր Բաթլերը Հռոմի պատմությունից դաս էր հարցնում, անզգույշ Լեո Դիլընը ծուղակն ընկավ՝ էժանագին «Արկածային գրադարանի» հերթական համարը ձեռքին։
— Ո՞ր էջն է դա։ Ա՞յս էջը։ Ապա, Դիլըն, ոտքի կանգնեք։ «Դեռ նոր էր օրվա...» Շարունակե՛ք։ Ո՞ր օրվա; «Դե» նոր էր ծագել այգաբացն այն օրվա»։ Դուք դասը սովորել եք։ Այդ ի՞նչ է ձեր գրպանում։ Բոլորիս սրտերը տրոփեցին և բոլորս անմեղ տեսք ընդունեցինք, երբ Լեո Դիլընը մեկնեց գրքույկը։ Հայր Բաթլերը խոժոռհլով դեմքը թերթեց գիրքը։
— Սա ի՞նչ անհեթեթություն է,— ասաց Նա,— «Ապաչների առաջնորդը»։ Ահա՛ թե դուք ինչ եք կարդում Հռոմի պատմության փոխարեն։ Մյուս անգամ մեր ուսումնարանում նման հիմարության չտեսնեմ։ Նա, ով գրել է այս գիրքը, հավանաբար մի թշվառական է, որը խմելու փող է ուզում աշխատել։ Զարմանում եմ, երբ ձեզ պես կրթված տղաները կարդում են այս անպետքությունը։ Ուրիշ բան, եթե դուք լինեիք... Ազգային դպրոցի սաներ։ Գիտեք ինչ, Դիլըն, ես ձեզ լրջորեն խորհուրդ եմ տալիս զբաղվել դասերով, հակառակ դեպքում...
Պարապմունքների սթափ ժամերին արված այս նախատինքը բավականին թուլացրեց իմ ոգևորությունը Վայրի Արևմուտքի հանդեպ, իսկ Լեո Դիլընի շփոթված թմբլիկ դեմքը խիղճս տանջեց։ Բայց, երբ դպրոցի կաշկանդող ազդեցությունները հեռվում էին մնում, ես նորից ծարավի էի արտասովոր ապրումների ու ռոմանտիկայի, որոնք թվում էր, մեզ կարող էին տալ միայն անկաշկանդ այդ քրոնիկները։
Երեկոյան «հնդիկ-հնդիկ» խաղալը ինձ համար նույնքան ձանձրալի էր, որքան առավոտյան ժամերը դպրոցում։ Ես ցանկանում էի մասնակցել իսկական արկածների, բայց գիտեի, որ իսկական արկածներ տանը նստողին երբեք չի հանդիպում, դրանք պետք է որոնել հայրենիքից հեռու։
Արդեն մոտենում էին ամառային արձակուրդները, երբ որոշեցի գեթ մեկ օրով խախտել դպրոցական կյանքի միօրինակությունը։ Ես փախուստի պլան մշակեցի Լեո Դիլընի և Մահոնի անունով մի տղայի հետ։ Մեզնից յուրաքանչյուրը հավաքեց վեց պենս և մենք պետք է հանդիպեինք թագավորական Ջրանցքի Կամրջի մոտ, ժամը տասին։ Մահոնիի մեծ քույրը գրություն կուղարկի դպրոց, իսկ Լեո Դիլընը եղբոր միջոցով կտեղեկացնի, որ ինքը հիվանդ է։ Մենք Ուորթ Դոուդով կգնանք մինչև Նավահանգիստ, կշրջենք կատերով և կիջնենք Աղավնատան մոտ։ Լեո Դիլընը վախենում էր, որ կարող ենք հանդիպել հայր Բաթլերին կամ էլ ուսումնարանից որևէ մեկին, բայց Մահոնին շատ ճիշտ հարց տվեց. «Ի՞նչ գործ ունի հայր Բաթլերը Աղավնատանը»։ Մեր մտահոգությունն անցավ և ես ավարտին հասցրի ծրագրի առաջին մասը՝ ընկերներիցս վերցրի վեցական պենսը, նախապես նրանց ցույց տալով իմ վեցպենսանոցը։ Երբ մենք վերջին պատրաստություններն էինք տեսնում, բոլորս էլ թեթևակի հուզված էինք։
Մենք ծիծաղելով իրար ձեռք սեղմեցինք և Մահոնին ասաց.
— Մինչև վաղը, տղաներ։
Այդ գիշեր վատ քնեցի։ Առավոտյան առաջինը հայտնվեցի կամրջի մոտ, քանի որ մոտ էի ապրում։ Գրքերս թաքցրի աղբարկղի մոտ գտնվող բարձր խոտերի մեջ, որտեղ ոչ ոք երբեք չէր լինում և վազեցի ջրանցքի ափով։ Հունիսի առաջին շաբաթվա մեղմ, արևոտ մի առավոտ էր։ Նստեցի կամրջի բազրիքին՝ հիանալով իմ հին պարուսինե կոշիկներով, որոնք մի օր առաջ կավիճով խնամքով մաքրել էի եւ սկսեցի դիտել, թե ինչպես են հնազանդ ձիերը բլուրն ի վեր քարշ տալիս գործարար մարդկանցով լեցուն ձիաքարշի վագոնը։ Ջրանցքի ափին ծառերի ճյուղերը ծածկվել էին թրթռուն, բաց-կանաչագույն տերևներով եւ արեւի շողերը շեղորեն նրանց միջով թափանցում-ընկնում էին ջրի վրա։ Կամրջի գրանիտը դանդաղ տաքանում էր, և ես մտքումս հնչող տակտին համընթաց ափերս թփթփացնում էի քարին։ Ես ինձ շատ լավ էի զգում։ Մի հինգ, տասը րոպե սպասելուց հետո նկատեցի մոտեցող Մահոնիի գորշ բաճկոնը։ Նա ժպտալով բարձրացավ բլրի վրա եւ մագլցեց ինձ մոտ։ Մինչ մենք սպասում էինք, հանեց ներսի գրպանից դուրս ցցված պարսատիկը և ցույց տվեց իր կատարելագործումները։ Ես հարցրի թե դա ինչու է բերել հետը։ Նա ասաց, «որպեսզի ծտերը երես չառնեն»։ Մահոնին հաճախ էր օգտագործում դպրոցական ժարգոնը և հայր Բաթլերին անվանում «ծեր այծ»։ Մենք սպասեցինք եւս քառորդ րոպե, բայց Լեո Դիլընը այդպես էլ չերևաց։ Վերջապես Մահոնին տեղից ցատկեց ու ասաց.
— Գնացի՛նք։ Ես այդպես էլ գիտեի, որ հաստիկը կծլկի։
— Իսկ ի՞նչ անենք նրա վեց պենսը,— հարցրեցի ես։
— Դա որպես տուգանք, մեզ կմնա,— ասաց Մահոնին։— Մեզ ինչ, ավելի լավ, մեկ շիլլինգի փոխարեն ունեցանք մեկ շիլլինգ և վեց պենս։
Մենք հյուսիսային խճուղով հասանք մինչև քիմիական գործարան, իսկ հետո նույն խճուղով թեքվեցինք աջ դեպի Ուորթ Ռոուդ։ Հենց որ հեռացանք մարդաշատ վայրերից, Մահոնին սկսեց «հնդիկ-հնդիկ» խաղալ։ Թափահարելով իր պարսատիկը, նա հետապնդեց ցնցոտիներ հագած ինչ-որ աղջիկների, իսկ երբ երկու թափառաշրջիկ տղաներ, հանուն ասպետական օրենքների, սկսեցին մեզ քարկոծել, Մահոնին ետ չմնաց նրանցից։ Նրան ետ պահեցի այդ քայլից, ասելով, որ տղաներն անչափ փոքր են և մենք առաջ գնացինք, իսկ շրջմոլիկները մեր ետևից գոռում էին. «նեռե՛ր, նեռե՛ր», կարծելով թե մենք բողոքականներ ենք, որովհետև Մահոնին թխադեմ էր և Գլխարկին ամրացրել էր ինչ-որ կրիկետի ակումբի արծաթե մի նշան։ Երբ մենք հասանք հարթակին, որոշեցինք պաշարում կազմակերպել, բայց ոչինչ չստացվեց, որովհետև դրա համար առնվազն երեք մարդ էր պետք։ Վրեժով լցված, մենք խոսում էինք Լեո Դիլընի փախուստի մասին և փորձում գուշակել, թե ինչ թվանշան նա կստանա վերջին մամին միստր Ռայենից։ Հետո մենք հասանք գետափ։ Երկար ժամանակ թափառում էինք բարձր քարե պարիսպներով փողոցներում և հաճախ կանգ առնում դիտելու ամբարձիչների և վերելակների աշխատանքը, իսկ ծանրության տակ տնքացող սայլերի սայլապանները գոռում էին մեզ վրա, որ ճանապարհ տանք։ Արդեն կեսօր էր, երբ հասանք նավահանգիստ և որովհետև բանվոները նախաճաշում էին, հաղարջի մուրաբայով երկու մեծ կարկանղակ գնեցինք և նախաճաշելու նստեցինք գետի մոտ ընկած մի խողովակի վրա։ Մենք հիանում էինք դուբլինյան առևտրի եռուզեռով՝ գետանավերով, որոնց ժամանման մասին հեռվից նշան էր տալիս բրդանման ծուխը, Ռինգսենոից այն կողմ գտնվող ձկնորսանավերի դարչնագույն նավատորմիղով և մեծ, սպիտակ առագաստանավով, որը բեռնաթափում էին դիմացի ափին։ Մահոնին ասաց, որ չտեսնված սան Լոհնեո այդ մեծ նավերից մեկով ծով ծլկել և անգամ ես, նայելով նավերի բարձր կայմերին, տեսնում կամ պատկերացնում էի, թե ինչպես են աչքերիս առաջ նյութականանում աշխարհագրական այն խղճուկ գիտելիքները, որ ձեռք էի բերել դպրոցում։ Մեզ թվում էր, թե դպրոցը և տունը մնացել են հեռվում և բոլորովին չէինք զգում նրանց ազդեցությունը։
Նախապես վճարելով տոմսի գինը, մենք նավահանգստային երկու բանվորների և մի փոքրամարմին հրեայի հետ կատերով կտրեցինք-անցանք լիֆին։ Մենք լուրջ էինք, շատ ամբարտավան տեսքով՝ հանդիսավորության աստիճան, բայց կարճատև ճանապարհորդության ընթացքում մեր հայացքները մի պահ հանդիպեցին և մենք քրքջացինք։ Երբ ափ իջանք, սկսեցինք դիտել եռակայմ նավի բեռնաթափումը, որը նկատել էինք դեռ այն ափից։ Մեր կողքին կանգնած մի մարդ ասաց, որ դա Նորվեգիական նավ է։ Ես մոտեցա նավախելին և փորձեցի կարդալ նավի անունը, բայց երբ դա ինձ չհաջողվեց, վերադառնալով սկսեցի զննել օտարերկրյա նավաստիներին, ուզում էի տեսնել արդյոք կանաչ են նրանց աչքերը, որովհետև աղոտ պատկերացում ունեի այդ մասին... Նավաստիների աչքերը կապույտ էին, գորշ եւ անգամ սև։ Միակ նավաստին, որի աչքերը կարելի էր կանաչ համարել, մի բարձրահասակ տղամարդ էր։ Նա զվարճացնում էր նավահանգստի ամբոխին եւ ամեն անգամ, երբ տախտակները ցած էին նետում ուրախ բացականչում.
— Օ՛լ ռայթ, օ՚լ ռայթ։
Այդ տեսարանից հոգնելով, մենք դանդաղ քայլեցինք դեպի Ռինգսենդ։ Տոթ էր եւ նպարավաճառի կրպակների պատուհաններում բորբոսնած բլիթները գորշագույն էին դարձել։ Գնեցինք բլիթներ, շոկոլադ եւ, թափառելով կեղտոտ փողոցներում, որտեղ ապրում էին ձկնորսների ընտանիքները, բարեխղճորեն կերանք այդ ամենը։ Կաթի խանութ չգտանք եւ այդ պատճառով մանրավաճառի կրպակից մի-մի շիշ ազնվամորու հյութ գնեցինք։ Երբ թարմացանք, Մահոնին նրբանցքով սլացավ կատվի ետևից, բայց կատուն փախավ բաց դաշտ։ Մենք խիստ հոգնել էինք ե երբ դաշտ հասանք, իսկույն նստեցինք զառիվայրին, որի գագաթից երեում էր Դոդերը։
Արդեն շատ ուշ էր, իսկ մենք՝ անչափ հոգնած, որպեսզի իրագործենք Աղավնատուն գնալու մեր ծրագիրը։ Պետք է տուն վերադառնայինք ժամը չորսի մոտ, այլապես կբացահայտվեր մեր փախուստը։ Մահոնին տխուր նայում էր իր պարսատիկին եւ ուրախացավ միայն այն ժամանակ, երբ առաջարկեցի տուն վերադառնալ երկաթուղով։ Արևը թաքնվեց ամպերի ետևում և մենք մենակ մնացինք մեր տաղտկալի մտքերի ու նախաճաշի մնացորդի հետ։
Մեզանից բացի, դաշտում ոչ ոք չկար։ Մենք մի քանի րոպե լուռ պառկեցինք, հետո հեռվից մեզ մոտեցող մի մարդ տեսա։ Հայացքով հետևեցի Նրան, ծամծմելով խոտի ցողունը, որով աղջիկները սովորաբար գուշակում են։ Մարդը դանդաղ քայլում էր զառիվայրի երկայնքով։ Նրա մի ձեռքը դիպչում էր ազդրին, իսկ մյուսում բռնել էր ձեռնափայտը, որը թույլ հպում էր գետնին։ Հագել էր սևականաչ մաշված մի կոստյում, իսկ գլխին դրել բարձր կատարով այն գլխարկներից, որ սովորաբար գիշերանոթ ենք կոչում։ Նա բավականին ծեր էր թվում, որովհետև ուներ մոխրագորշագույն բեղեր։ Երբ նա անցնում էր մեր կողքով, արագ մեզ նայեց և առաջ անցավ։ Մենք նրան հետևեցինք հայացքով և տեսանք, որ մեզանից հեռանալով մոտ հիսուն քայլ նորից ետ դարձավ։ Նա գալիս էր դեպի մեզ շատ դանդաղ, ամբողջ ժամանակ ձեռնափայտը թրխկթրխկացնելով գետնին, այնքան դանդաղ, որ ինձ թվաց, թե խոտերի մեջ ինչ-որ բան է փնտրում։
Հասնելով մեզ, բարևեց։ Մենք պատասխանեցինք, և նա դանդաղ ու մեծ զգուշությամբ նստեց մեր կողքին, զառիվայրի վրա։ Սկսեց խոսել եղանակի մասին, ասաց, թե ամառը շատ շոգ է լինելու և ավելացրեց, որ կլիման շատ է փոխվել այն ժամանակներից ի վեր, երբ նա դեռ մի փոքրիկ տղա էր, իսկ դա շատ վաղուց էր։ Ասաց, որ մարդու ամենաերջանիկ տարիները անկասկած դպրոցական տարիներն են, և որ ամեն ինչ կտար, նորից երիտասարդ լինելու համար։ Նրա խոսակցությունը մեզ ձանձրացրեց, և մենք լուռ մնացինք։ Հետո Նա սկսեց խոսել դպրոցի և գրքերի մասին։ Հարցրեց, արդյո՞ք կարդացել ենք Թոմաս Մուրի բանաստեղծությունները կամ էլ սըր Վալտեր Սքոթի և Լորդ Լիտոնի վեպերը։ Ես ձևացրի, որ կարդացել եմ նրա թված բոլոր գրքերը, և նա ասաց.
― Ահա՛, տեսնում եմ, որ դուք էլ ինձ նման գրասեր եք։ Իսկ այ նա, — անծանոթը ցույց տվեց Մահոնիին, որը ակնապիշ մեզ էր Նայում,— ձեզ նման չէ,— նա ուժեղ է խաղերի մեջ։
Նա ասաց, որ ինքն ունի սըր վալտեր Սքոթի և Լորդ Լիտոնի համարյա բոլոր ստեղծագործությունները և որ երբեք չի ձանձրանում դրանք նորից վերընթերցելուց։ :— Իհարկե,— ասաց նա, — Լորդ Լիտոնի որոշ վեպեր տղաները իրավունք չունեն կարդալ։ Մահոնին հարցրեց պատճառը։ Նրա հարցը ինձ հուզեց և վշտացրեց, որովհետև վախենում էի, որ անծանոթը կկարծի, թե ես նույնպես Մահոնիի նման հիմար եմ։ Սակայն անծանոթը միայն ժպտաց։ Ես նկատեցի, որ նրա դեղին ատամների մեծ մասը փչացած են։ Հետո նա հետաքրքրվեց, թե մեզանից ով շատ հարսնացու ունի։ Մահոնին անփութորեն ասաց, որ ինքը երեքն ունի։ Ես ասացի, որ ոչ մի հարսնացու չունեմ։ Անծանոթն ինձ չհավատաց եւ ասաց, որ մեկը՝ կունենաս։ Ես չպատասխանեցի։
— Ասացե՛ք,— համարձակ նրան հարցրեց Մահոնին,– իսկ քանի՞ հարսնացու ունեք դուք ինքներդ։
Անծանոթը նորից ժպտաց եւ ասաց, որ մեր տարիքում նա ուներ բազմաթիվ հարսնացուներ։
— Ամեն մի տղա,— ասաց նա,— ունենում է իր փոքրիկ հարսնացուն։
Տարիքավոր մարդու այդպիսի ազատամտությունը ինձ զարմացրեց։ Հոգուս խորքում ճիշտ էի համարում այն ամենը, ինչ նա ասում էր տղաների ու աղջիկների մասին։ Բայց ինձ դուր չէին գալիս նրա այդ խոսքերը և զարմացա, երբ նա չգիտես ինչու մի քանի անգամ ցնցվեց, կարծես մի ինչ-որ բանից վախեցած էր կամ էլ դողէրոցք ուներ։ Նա շարունակում էր խոսել, եւ ես նկատեցի նրա մաքուր առոգանությունը։ Խոսում էր աղջիկների մասին, որ նրանք գեղեցիկ ու փափուկ վարսեր ունեն, եւ փափուկ էլ ձեռքեր, և որ ոչ բոլոր աղջիկներն են իրականում այնպիսին, ինչպիսին որ երևում են։ Ասաց, որ իրեն անչափ դուր են գալիս երիտասարդ գեղեցիկ աղջիկները, նրանց գեղեցիկ սպիտակ ձեռքերն ու գեղեցիկ փափուկ վարսերը։ Այն տպավորությունն ստացա, որ նա կրկնում է անգիր արած բաներ եւ միտքն էլ իր սեփական բառերից հիպնոսացած, դանդաղ պտտվում էր պատմության նույն ուղեծրի շուրջը։ Երբեմն այնպես էր խոսում, ասես ակնարկում էր բոլորին հայտնի մի ինչ-որ բան, իսկ երբեմն էլ ձայնը իջեցնում էր և խոսում խորհրդավորությամբ, ասես գաղտնիքը միայն մեզ է պատմում, որ կողմնակի մարդը չպետք է լսեր։ Նորից ու նորից էր կրկնում իր դարձվածքները, մի փոքր դրանք ձևափոխելով ու պարուրելով իր միալար ձայնով։ Ես նայում էի զառիվայրից ցած եւ լսում նրան։
Որոշ ժամանակ անց նրա մենախոսությունը վերջապես ընդհատվեց։ Նա դանդաղ վեր կացավ և, ասելով, թե մեզ լքում է մի րոպեով, հեռացավ։ Հայացքս անշարժ պահած տեսւս, որ նա գնաց դեպի դաշտի մոտակա եզրը։ Մենք շարունակում էինք լռել, մի քանի րոպե հետո Մահոնին բացականչեց.
— Ա՛յ քեզ բան, մի տես թե ի՞նչ է անում։
Եվ քանի որ ես չպատասխանեցի և ոչ էլ նայեցի այդ կողմը Մահոնին նորից բացականչեց.
― Ա՛յ քեզ ծեր խրտվիլակ։
― Եթե նա հարցնի մեր անունները,― ասացի,― քո անունը Մորֆի է, իսկ իմն՝ Սմիթ։
Մենք այլևս իրար հետ չխոսեցինք։ Ես դեռ մտմտում էի գնալ թե մնալ, երբ անծանոթը վերադարձավ և նորից նստեց մեր կողքին։ Նա դեռ նոր էր նստել, երբ Մահոնին նկատեց իր հետապնդած կատվին, վեր թռավ տեղից և շարունակեց հետապնդումը։ Ես ու անծանոթը նայում էինք այդ որսին։ Կատուն փախավ ու թաքնվեց ցանկապատի մյուս կողմում, իսկ Մահոնին քարկոծեց նրա թաքստոցը։ Իսկ երբ ձանձրացավ, սկսեց թափառել դաշտում։

Մի քանի րոպե լուռ մնալուց հետո, անծանոթը նորից խոսեց։ Նա ասաց, որ ընկերս շատ կոպիտ տղա է և հետաքրքըրվեց՝ հաճա՞խ են նրան պատժում դպրոցում։ Ես ուզում էի վրդովված պատասխանել, որ մենք ազգային դպրոցից չենք, որտեղ տղաներին, ինչպես ինքն է ասում, ճիպոտահարում են, բայց լռեցի։ Նա խոսեց տղաներին պատժելու տարբեր ձևերի մասին։ Նրա ուղեղը ասես նորից հիպնոսվել էր իր խոսքերից և, թվում էր, պտտվում է մի նոր առանցքի շուրջ։ Նա ասաց, որ այդպիսի տղաներին պետք է միայն ճիպոտահարել։ Երբ տղան կոպիտ է ու անհնազանդ, նրան օգուտ կբերի միայն մի բան՝ իսկական ճիպոտածեծը։ Երբ տղայի ականջները քաշելուց և ձեռքերին խփելուց ոչ մի օգուտ չկա, նրա միակ փրկությունը տաք-տաք ճիպոտածեծն է։ Ինձ զարմացրեց նման վերաբերմունքը և ես ակամա նայեցի նրա դեմքին։ Հայացքս հանդիպեց նրա շշագույն-կանաչ աչքերին, որոնք ինձ էին նայում ցնցվող ճակատի տակից։ Ես նորից հեռացրի հայացքս։ Անծանոթը շարունակում էր իր մենախոսությունը։ Թվում էր, թե մոռացել է իր ազատամտությունը։ Նա ասաց, որ եթե երբևէ իմանա, որ մի տղա խոսում է աղջիկների հետ և, որ նա հարսնացու ունի, այդ տղային անվերջ կճիպոտահարի, և դա դաս կլինի, որ նա այլևս չխոսի աղջիկների հետ։ Իսկ եթե մի տղա հարսնացու ունի և թաքցնում է, ապա նրան այնպիսի ճիպոտածեծ կտա, որի նմանը երևի ոչ մի տղա դեռ չի տեսել։ Անծանոթն ասաց, որ ծեծ տալը իր ամենասիրած բանն է աշխարհում։ Նա ինձ նկարագրեց, թե ինչպես է ճիպոտահարում չար տղային, ասես ինձ հաղորդակից էր անում մի ինչ-որ գաղտնիքի։ Այդ ծեծը, ասաց անծանոթը, իր համար ամենամեծ հաճույքն է։ Եվ նրա միապաղաղ ձայնը, որր բացահայտում էր գաղտնիքը, դարձավ համարյա քնքուշ, ասես թախանձում էր ինձ հասկանալ իրեն։ Ես սպասեցի, մինչև որ նա մենախոսությունը ավարտեց և կտրուկ ոտքի կանգնեցի։ Եվ որպեսզի ցույց չտամ հուզմունքս, ձևացրի, թե կապում եմ կոշկաթելերս ու միայն ղրանից հետո, ասելով, որ պետք է գնամ հրաժեշտ տվեցի նրան։ Ես դանդադ վեր բարձրացա զառիվայրով, բայց սիրտս վախից տրոփում էր, և ինձ թվում էր, ուր որ է նա կբռնի իմ կոճերից։ Հասնելով զառիվայրի գագաթին շրջվեցի և չնայելով անծանոթի կողմը կանչեցի դաշտով մեկ.

― Մո՛րֆի։
Ձայնիս մեջ կեղծ քաջության երանգ կար, և ես ամաչում էի այդ փոքրիկ խորամանկությունից։ Ստիպված էի մի անգամ էլ կանչել և նոր միայն Մահոնին նկատեց ինձ ու ձայն տվեց։ Ինչպես էր սիրտս բաբախում, երբ Մահոնին դաշտի երկայնքով վազում էր դեպի ինձ։ Եվ ես ամաչեցի, որովհետև հոգուս խորքում նրան միշտ այնքան էլ բանի տեղ չէի դնում։