Խնջույք ճամփեզրին

Գրապահարան-ից
Խնջույք ճամփեզրին

հեղինակ՝ Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ «Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ»


Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
Ռ․ Պ․ Ուորեն


Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։


― Ձեր առաջին լուրջ հայտնագործությունը, դոկտոր Պիլման, հավանաբար պետք է համարել այսպես կոչված Պիլմանի ռադիանտը։

― Կարծում եմ՝ ոչ։ Պիլմանի ռադիանտը առաջինը չէ, լուրջ չէ և, իսկապես ասած, ոչ էլ հայտնագործություն է։ Ու բնավ էլ իմը չէ։

― Դուք, երևի, կատա՞կ եք անում, դոկտոր։ Պիլմանի ռադիանտ հասկացությունը գիտե ամեն մի դպրոցական։

― Դա ինձ չի զարմացնում։ Պիլմանի ռադիանտը առաջին անգամ հայտնագործել է հենց մի դպրոցական։ Դժբախտաբար, ես չեմ հիշում նրա անունը։ Նայեք Սթեթսոնի «Այցելությունների պատմությունը», այնտեղ այդ ամենը մանրամասն պատմված է։ Ռադիանտն առաջին անգամ հայտնաբերել է մի դպրոցական, կոորդինատներն առաջին անգամ հրապարակել է մի ուսանող և, չգիտես ինչու, այն անվանել են իմ անունով։

― Այո, հայտնագործությունների հետ երբեմն տարօրինակ բաներ են կատարվում։ Դուք չէ՞իք կարող մեր ունկնդիրներին բացատրել, դոկտոր Պիլման․․․

― Լսեք, հայրենակից։ Պիլմանի ռադիանտը շատ հասարակ մի բան է։ Պատկերացրեք, որ դուք պտտում եք մեծ գլոբուսը և հետո ատրճանակով սկսում եք գնդակոծել այն։ Գլոբուսի վրա գնդակների առաջացրած անցքերը կլինեն մի սահուն կորի վրա։ Այն երևույթի բուն էությունը, որը դուք անվանում եք իմ առաջին լուրջ հայտնագործությունը, հետևյալ հասարակ փաստն է։ Այցելության վեց գոտիներն էլ այնպես են տեղադրված մեր մոլորակի մակերևույթին, ասես ինչ֊որ մեկը ատրճանակով վեց անգամ կրակել է Երկրի վրա, գտնվելով Երկիր֊Դենետ գծի ինչ֊որ կետում։ Դենետը Կարապի համաստեղության ալֆան է, իսկ երկնակամարի այն կետը, որտեղից այսպես ասած կրակել են, հենց կոչվում է Պիլմանի ռադիանտ։

― Շնորհակալություն, դոկտոր Պիլման։ Սիրելի հարմոնտցիներ։ Վերջապես մեզ կարգին բացատրեցին, թե ինչ բան է Պիլմանի ռադիանտը։ Ի դեպ, երեկ լրացավ Այցելության օրվա ճիշտ տասներեք տարին։ Դոկտոր Պիլման, գուցե դուք այդ առթիվ մի քանի խոսք կասեք ձեր հայրենակիցներին։

― Նրանց հատկապես ի՞նչն է հետաքրքրում։ Նկատի ունեցեք, որ այն ժամանակ ես Հարմոնտում չեմ եղել․․․

― Առավել ևս հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչ մտածեցիք, երբ ձեր հայրենի քաղաքը դարձավ այլմոլորակային գերքաղաքակրթության ներխուժման օբյեկտը․․․

― Անկեղծորեն ասած, ամենից առաջ մտածեցի, որ դա փչոց է։ Դժվար էր պատկերացնել, որ մեր հին ու փոքրիկ Հարմոնտում նման բան կարող է տեղի ունենալ։ Գոբի, Նյուֆաունդլենդ ― դրանք էլի խելքի մոտ բան են, բայց Հարմոնտը․․․․

― Սակայն վերջ ի վերջո դուք ստիպված էիք հավատալ։

― Վերջ ի վերջո՝ այո։

― Եվ ի՞նչ։

― Հանկարծ մտքովս անցավ, որ Հարմոնտը և Այցելության մյուս հինգ գոտիները․․․ ի դեպ, կներեք, այն ժամանակ միայն չորսն էին հայտնի․․․ բոլորն էլ ընկնում են շատ հարթ կորագծի վրա։ Ես հաշվեցի ռադիանտի կոորդինատները և դրանք ուղարկեցի «Նեյչուրին»։

― Ու հայրենի քաղաքի ճակատագիրը բոլորովին չհուզե՞ց ձեզ։

― Դեհ, գիտեք, այն ժամանակ ես արդեն հավատում էի Այցելությանը, բայց ոչ մի կերպ ինձ չէի կարողանում ստիպել հավատալու հրդեհվող թաղամասերի, հատկապես ծերունիներին ու մանուկներին խժռող հրեշների, անխոցելի եկվորների և չափազանց խոցելի, բայց անհողդողդ ու քաջարի թագավորական տանկային զորամասերի միջև ծավալված արյունահեղ մարտերի վերաբերյալ խուճապահար լուրերին։

― Դուք իրավացի էիք։ Հիշում եմ, մեր եղբայր հաղորդավարը այն ժամանակ մի քիչ խառնել էր․․․ Սակայն վերադառնանք գիտությանը։ Պիլմանի ռադիանտի հայտնագործումը ձեր առաջին, բայց ոչ վերջին ներդրումն էր Այցելության վերաբերյալ գիտության մեջ։

― Առաջինն է և վերջինը։

― Բայց դուք, անշուշտ, այս ամբողջ ժամանակամիջոցում ուշադրությամբ հետևել եք Այցելության գոտիներում կատարվող միջազգային հետազոտություններին․․․

― Այո․․․ Ժամանակ առ ժամանակ թերթում եմ «Զեկուցումները»։

― Դուք նկատի ունեք «Անդրերկրյան կուլտուրաների միջազգային ինստիտուտի զեկուցումնե՞րը»։

― Այո։

― Եվ ո՞րն է, ձեր կարծիքով, ամենակարևոր հայտնագործությունն այս տասներեք տարվա ընթացքում։

― Այցելության բուն փաստը։

― Ներեցեք։

― Այցելության բուն փաստը առավել կարևոր հայտնագործություն է ոչ միայն անցած տասներեք տարիների ընթացքում, այլև մարդկության գոյության ողջ ժամանակամիջոցում։ Եվ կարևոր չէ բնավ, թե ովքեր էին այդ եկվորները։ Կարևոր չէ, թե որտեղից են եկել նրանք, ինչու են եկել, ինչու այդքան քիչ մնացին և հետո ուր կորան։ Կարևորն այն է, որ այժմ մարդկությունը հաստատ գիտե, որ ինքը միայնակ չէ Տիեզերքում։ Վախենում եմ, որ անդրերկրային կուլտուրաների ինստիտուտին այլևս երբեք բախտ չի վիճակվի նման հիմնավոր հայտնագործություն կատարել։

― Դա չափազանց հետաքրքիր է, դոկտոր Պիլման, բայց ես, ճիշտն ասած, նկատի ունեի տեխնոլոգիական կարգի հայտնագործություններ։ Այնպիսի հայտնագործություններ, որոնք կկարողանային օգտագործել մեր երկրային գիտությունն ու տեխնիկան։ Չէ՞ որ մի շարք շատ հռչակավոր գիտնականներ գտնում են, որ Այցելության գոտիներում հայտնաբերված գտածոները կարող են փոխել մեր պատմության ողջ ընթացքը։

― Դեհ, ես չեմ պատկանում այդ տեսակետի կողմնակիցների թվին։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գտածոներին, ապա՝ մասնագետ չեմ։

― Բայց արդեն երկու տարի դուք ՄԱԿ֊ի հանձնաժողովի խորհրդատուն եք Այցելության պրոբլեմների գծով․․․

― Այո։ Բայց ես ոչ մի առնչություն չունեմ անդրերկրային կուլտուրաների ուսումնասիրության հետ։ ԿՈՊՐՈՊՈ֊ում ես իմ կոլեգաների հետ միասին ներկայացնում եմ միջազգային գիտական հասարակայնությունը, երբ խոսքը գնում է Այցելությունների գոտիների միջազգայնացման վերաբերյալ ՄԱԿ֊ի որոշումների կատարման հսկողությունը։ Կոպիտ ասած, մենք հետևում ենք, որ Գոտիներում ձեռք բերված այլմոլորակյա հրաշքները տրամադրվեն միայն Միջազգային ինստիտուտին։

― Իսկ մի՞թե ուրիշներն էլ են ձգտում տիրանալ այդ հրաշքներին։

― Այո։

― Դուք, երևի, նկատի ունեք ստալկերների՞ն։

― Ես չգիտեմ, թե դա ինչ բան է։

― Մեզ մոտ, Հարմոնտում, այդպես են անվանում այն հանդուգն ջահելներին, որոնք, իրենց վտանգի ենթարկելով, սեփական նախաձեռնությամբ թափանցում են Գոտի և այնտեղից դուրս են բերում այն ամենը, ինչ հաջողվում է գտնել։ Դա մի իսկական նոր մասնագիտություն է։

― Հասկանում եմ։ Ոչ, դա մեր իրավասությունից դուրս է։

― Անշուշտ։ Դրանով ոստիկանությունն է զբաղվում։ Սակայն հետաքրքիր կլիներ իմանայինք, թե ինչն է մտնում ձեր իրավասության մեջ, դոկտոր Պիլման․․․

― Տեղի է ունենում Այցելության Գոտիներից հանված նյութերի մշտական հոսք անպատասխանատու անձանց և կազմակերպությունների ձեռքը։ Մենք զբաղվում ենք այդ հոսքի արդյունքներով։

― Չի՞ կարելի ավելի հանգամանորեն, դոկտոր։

― Ավելի լավ է, եկեք խոսենք արվեստի մասին։ Մի՞թե ունկնդիրներին չի հետաքրքրում իմ կարծիքը անզուգական Գվադի Մյուլերի մասին։

― Օ՜, անշուշտ։ Բայց ես կցանկանայի նախ խոսել գիտության մասին։ Դուք, որպես գիտնական, չե՞ք ցանկանում ինքներդ զբաղվել այլմոլորակյա հրաշքներով։

― Ինչպես ասեմ․․․ Թերևս։

― Ուրեմն, հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր հարմոնտցիները իրենց նշանավոր հայրենակցին կտեսնեն հարազատ քաղաքի փողոցներում։

― Բացառված չէ։


1. Ռեդրիկ Շուխարտ, 23 տարեկան, Անդրերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղի լաբորանտ։

Նախօրյակին, երեկոյան կողմ ես ու նա կանգնել էինք պահեստարանում․ մնում էր միայն հանել արտահագուստները, ու կարելի էր արդեն մեզ գցել «Բորժչ», որ մի երկու կաթիլ թունդ բան լցնենք օրգանիզմներս։ Ես հենց այնպես կանգնել էի, պատին հենված, գործս արել էի ու հիմա ձեռքիս պատրաստ պահել էի մի սիգարեթ․ սոսկալի ծխել էի ուզում, երկու ժամ չէի ծխել, իսկ նա դեռ իր ապրանքն էր տեղավորում․ փոխադրիչից վերցնում է «փուչիկները», ամեն մեկը չորս կողմից տնտղում (ի միջի այլոց դա ծանր է, ամեն մեկը վեցուկես կիլոգրամ) ու, փնչացնելով, սիրուն դնում է դարակը։