Մեր ժողովուրդը ընդունակ չէ ինքնազգաստեցման
հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
― Ինչպե՞ս պատահեց, որ ժամանակակից հայ գրականության ամենահետաքրքիր դեմքերից մեկը հայտնվեց քաղաքական պայքարի էպիկենտրոնում։
― Երբեք խմբակային գործունեություն չեմ սիրել եւ ինչ էլ որ արել եմ, ինչով զբաղվել, քաղաքական գործունեությունը միշտ բացառված է եղել իմ կյանքի հեռանկարում։ Սկզբում ինձ քաղաքական գործունեություն չէր թվում այն, որ հայությունը բարձրացավ Ղարաբազում, Երեւանում էլ ժողովուրդը հավաքվեց օպերայի հրապարակում։ Մարդիկ ինչ֊որ ճամփա էին ուզում գտնել, ինչ֊որ խոսքի էին սպասում, անկեղծ, համարձակ խոսք էին ուզում լսել։ Մի օր էլ, անընդմեջ հանրահավաքների երկրորդ օրվա կեսն էր, շատ ջղային վիճակում էի, տեղս չէի գտնում, սիրտս պայթում էր, գնացի բարձրախոսի մոտ, թողեցին՝ խոսեցի․․․ Կարծեմ այդ օրը երկու անգամ ելույթ ունեցա, երբ քաղբյուրոյի որոշումն էր եղել, թե Ղարաբաղի հարց չկա, պրոբլեմ չկա։ Հաջորդ օրը, կարծեմ փետրվարի 22֊ն էր, ընկերներիս հետ դուրս եկանք հրապարակից՝ մի քիչ հանգստանալու եւ սուրճ խմելու, երբ վերադարձանք, ասեցին, որ կազմկոմիտեի մեջ են ընտրել։ Հենց այդ պահից էլ սկսվեց իմ քաղաքական էդ չգիտեմ թե ինչը։
― Ա՞յդ պահին զգացիր, որ ներքաշվել ես քաղաքականության մեջ․․․
― Չէ, այդ պահին չզգացի, ավելի ուշ գլխի ընկա, հասկացա։ Նույնիսկ մի քանի ամիս հետո էլ չէի պատկերացնում։ Ամեն անգամ մտածում էի, որ կգա պայքարի մի փուլ, երբ իմ կարիքը չի լինի, նոր տղաներ կգան, ավելի առողջ, ավելի համառ, ավելի խելացի, ավելի կոփված քաղաքական պայքարում։ Եվ ես կկարողանամ վերադառնալ գրելու իմ գործին։ Այնուամենայնիվ, դա մի շրջան էր, երբ ես, ուշ գրել սկսած, նոր֊նոր ինչ֊որ ռեժիմի մեջ էի ընկնում։ Ինձ համար մի օր մի քանի տող բան գրելը մի կյանք էր։
Հետո Սումգայիթը եղավ, ապա՝ ապրիլը, երբ ողջ մտավորականությունը (հատկապես՝ տեխնիկական) Խ․ Միությունով մեկ գործուղումներում փորձում էր բացատրել, հասկացնել մարդկանց, ազգերին մեր պայքարի էությունը, ճշմարտությունը՝ Ղարաբաղի, Երեւանի, Սումգայիթի մասին․․․ Դա մի շրջան էր, երբ փառավորապես ապացուցվեց, որ դիմումների, աղերսագրերի, բացատրությունների ճանապարհը ոչ միայն ոչինչ չի տալիս, այլեւ ուժերի անտեղի վատնում է։ Դա երեւի մեծ դաս էր, թեեւ հիմա այդ դասը քչերն են հիշում եւ մենք շարունակում ենք բացատրական աշխատանքը։ Նույն ապրիլին եղա Մոսկվայում եւ հասկացա, որ բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, ուղղակի իրենց չհասկացողի տեղ են դնում։ Եվ իմաստ չունի զանգվածային այս նամակագրությունը գործարանից՝ իր քույր գործարանին, ֆիլիալից՝ ֆիլիալին եւ այլն։ Ի վերջո մի խայտառակ կամ ավելի ճիշտ՝ մի փառահեղ տապալում էր սպասում այս մոտեցմանը։
― Ե՞րբ եղավ ընտրության պահը՝ քաղաքականություն կամ գրականություն։
― Փաստորեն երկու տարվա մեջ երկու օր ժամանակ չի եղել, որ կարողանամ մտածել՝ ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ։ Հասկանում էի միայն՝ պայքարը, որ սկսել էր մեր ժողովուրդը, պետք է հասցնել մի որոշակի փուլի։ Ընտրության դրամատիկ պահ չեմ ունեցել։ Պարզապես տեսնում էի, որ գրականությանը վերադառնալու ոչ մի հնար չկա։ Չնայած ինձ չէր լքում այն հույսը, թե նոր մարդիկ ասպարեզ կգան, բայց շարքերը գնալով նոսրանում էին։
― Զգում էիր, որ պե՞տք ես շարժամը․․․
― Այո, զգում էի, որ պետք եմ։ Ես լոգոնեվրոզ ունեի՝ խոսքի վախն է դա։ 10-20 մարդու ներկայությամբ խոսելիս միշտ կակազում էի։ Ինձ համար հայտնություն էր, ապշել էի, երբ հարյուր հազարավոր ժողովրդի առաջ կարողացա խոսել։ Երեւի, երբ մարդ անկաշկանդ է խոսում, սրտից բխածն է ասում, ինչ֊որ պարտքի զգացում է ունենում, էլ ի՞նչ հիվանդություն, ի՞նչ բան։ Իսկ երբ ասելիքիդ կեսը ստիպված ես թաքցնել, երբ չգիտես՝ կհասկանան քեզ, թե ոչ, իրոք կարող ես կակազել։ Մինչդեռ բանից պարզվեց, որ ոչ միայն չեմ կակազում, դեռ հռետորական ձիրք էլ ունեմ։ Թեեւ դա ոչ թե ձիրք էր, այլ ավելի շուտ, զայրույթ։ Բարձրախոսի մոտ ասես, բարձրաձայն մտածում էի եւ մի մոգական հսկող ուժ, որ ժողովուրդն էր, ամեն օր նոր խոսք էր պահանջում։ Նոր հռետորների կարիքը շատ էր զգացվում, բայց ժողովուրդը, չգիտեմ ինչու, հներին ավելի լավ էր ընդունում։ Գուցե միասին շատ բան էին հաղթահարել՝ տանկերի ներկայությունը, ուղղաթիռների թռիչքները․ մի խոսքով, ինչ֊որ մի մարմին ու մի հոգի էին դարձել հարթակն ու ժողովուրդը, եւ բաժանվելու մասին մտածելն, ուղղակի, անիմաստ էր։
Բուտարկայում, երբ մտածելու ահագին ժամանակ ունեի, հասկացա, որ այս պայքարի համար նոր, առողջ ու ջահել ուժեր են պետք․․․ Ջահելներ շատ կան։ Ես էլ, գոնե օրը մեջ իմ գրական գործունեությամբ կզբաղվեմ։
― Ի դեպ, ինչպե՞ս եղավ, որ Բուտիրկայում, 1.5 տարի չգրելուց հետո, պոեմ գրեցիր։ Կարո՞տ էիր, թե՞․․․
― Դա լրիվ անսպասելի բան էր, որովհետեւ արդեն առաջին կուրսում մեկընդմիշտ ոտանավոր գրելը թողել էի (իսկ սկսել էի գրել դեռեւս 4֊րդ դասարանում)։ Հիմնականում չէր ստացվում եւ ես լավ գիտակցում էի, որ չի ստացվում։ Պոեզիան իմ բնագավառը չէ, եւ մտքովս անգամ չէր անցնում, որ երբեւիցե կվերադառնամ բանաստեղծություններ գրելուն։ Բայց, գիտես, երբ մարդ իր երկրից դուրս է գնում, ինչ֊որ տեղ է մեկնում, ցանկություն է ունենում իր երկրի, այնտեղ մնացած մարդկանց նկատմամբ իր սերը արտահայտելու։ Եվ Բուտիրկայում, հանկարծ, ի զարմանս ինձ, կարոտս այդ ձեւով դուրս եկավ։ Կրկնում եմ, ինձ համար շատ անսպասելի էր, նույնիսկ մի քիչ ամաչում էի, քանի որ սովորություն ունեմ սրտիս եղած անկեղծ խոսքը նույն ձեւով էլ գրելու։ Այլ բան է, որ կարելի էր չհրատարակել, բայց կարելի էր նաեւ հրատարակել։ Նույնիսկ բանտից պոեմը մանր ձեռագրով գրված «քսիֆով» ուղարկեցի դուրս, բայց տեղ չհասավ։ Ժամանակ էր պետք արտագրելու, մշակելու համար, չնայած վերջում պարզվեց, որ տպվում է ամենաանմշակ տարբերակը։ Ինչեւէ, որոշեցի, թող տպվի, ինչպես ասենք, գիշերվա մի հառաչանք, երբ սիրտդ նեղվում է չորս պատի մեջ, եւ ընկերներիցդ թաքուն երեսդ շրջում ես ու մի «ախ» ես քաշում։ Թող որպես հենց դրա վկայություն լինի, թեկուզ՝ ոչ կատարյալ։
― Այդ ժամանակաշրջանում տարբեր տեսակի ասեկոսեների կային քաղաքում, թե ինչպե՞ս են տղաները իրենց զգում բանտում։ Եւ այդ պոեմը հերթական ապացույցն էր, որ ոգու ուժը քեզ չի լքել, որ դու այնտեղ մարտունակ ես մնացել։
― Բանտում մարդուն, այնուամենայնիվ, որոշ բաներ թուլացնում են։ Հիմանականում դա դրսում թողածն է։ Եթե մարդ դրսում ոչինչ չի թողնում՝ փոքր երեխա, սիրած կին, ժողովուրդ չի թողնում՝ սիրելի ժողովուրդ․․․ Հիմա ես չէի ասի, թե ժողովուրդն ինձ համար սիրելի է։ Այն ժամանակ իրոք, սիրելի էր։ Ըստ երեւույթին բնական բան է, որ արժանապատվությանը տեր կանգնող ժողովուրդը միշտ էլ սիրելի է։