Լուսաֆոր
Գրապահարան-ից
հեղինակ՝ Ֆազիլ Իսկանդեռ |
- Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։
- Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։
- Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։
- Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչեւ աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։
- Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը եւ կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է։
- Բայց ինչպես է այն սկսվու՞մ։ Կարելի է մտածել, որ սա միաժամանակ իրականացվող պրոցես է՝ վերից վար եւ վարից վեր։ Բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է վառ օրինակից։ Պետության մեջ ամենալավ երեւացող կետը, որին բոլորն ուշադիր ետեւում են, դա պետության իշխանությունն է։
- Եւ երբ քաղաքացին, նայելով իշխանությանը, ինքն իրեն ասում է «Տես է, չեն գողանում։ Տես է, չեն ստում։ Տես է, երեկ սխալվել է, այսօր, այլ ոչ թե տարիներ անց, ընդունում է որ սխալ է թույլ տվել» հանգում է նաեւ այս եզրակացությանը՝ «Չէ, երեւում է ստիպված եմ կոթուկս աղբաման հասցնել»։