Ժիրայր Գլենց (վեպ) մաս առաջին

Գրապահարան-ից
18:32, 11 Մարտի 2014 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ժիրայր Գլենց

հեղինակ՝ Մկրտիչ Արմեն
աղբյուր՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ»

Մաս Ա

1

Երբ նա մտավ սենյակ՝ մի կին այնտեղ ջնջոցը ձեռքին կարասին էր սրբում։ Կարասին շքեղ էր, կնոջ հագուստը տան գործ անելու համար՝ նույնպես շքեղ էր, նրա ձեռքի ջնջոցն անգամ նոր եւ լավ մի կտոր էր։

Որովհետեւ կինը մեջքով էր կանգնած դեպի նա, չէր կարելի ճանաչել նրան դեմքից։ Նրա կազմվածքն ու շարժումները նույնպես անծանոթ էին։ Դա ուրիշ կին էր։

Բայց նա հասկացավ՝ կինը չէր ուրիշը, այլ ժամանակը։ Ուստի եւ, աշխատելով զսպել հուզմունքը, իր մարմնի բոլոր կողմերից ուժը ձգելով դեպի կոկորդ, արտասանեց մի կերպ․

— Բրաբի…

Կինը կտրուկ շարժումով, կարծես բարկացած, շուռ եկավ տեսնելու, թե ով է Բրաբիոն Ավետովնայի փոխարեն մտերմաբար Բրաբի անվանում նրան։ Նայեց ուշադիր, երկար, չճանաչեց։ Ապա նրա հայացքն ընկավ պայուսակի վրա՝ քրքրված, կեղտոտ, ինչե՜ր տեսած… Անծանոթ պայուսակի այդ տեսքը մի ակնթարթում բացատրեց ամեն ինչ…

— Ժիրա՛յր…— արտասանեց Բրաբին խզված ձայնով։

Այն, որ նա չնետվեց դեպի ամուսինը եւ չգրկեց նրան՝ Ժիրայրը համարեց միանգամայն բնական։ Չէ՞ որ ինքը նույնպես կանգնել էր իր տեղում՝ մեխվածի պես։ Հազար զգացմուներ էին փոթորկվել նրա մեջ, որոնք շարժվում էին իրարամերժ ուղղություններով՝ ստիպելով Ժիրայրին ե՛ւ նետվել առաջ, ե՛ւ մնալ տեղում, ե՛ւ շուռ գալ, փախչել այդ անծանոթ բնակարանից, այդ անծանոթ կնոջից։ Ի վերջո ստացվում էր այն, որ այդքան զգացումների մեջ խճողված, նա չէր կարողանում անել ոչինչ։

Մի՞թե կարելի էր մերժել, որ կինը եւս գտնվեր նույն վիճակում։

— Տասնվեց տարի…— արտասանեց Բրաբին։

Ժիրայրն սպասեց մի պահ, թե կինը շարունակելու է, բայց կինը չշարունակեց։ Վիրավորանքի դառն զգացումը բարձրացավ դեպի Ժիրայրի սիրտը։

— Տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր,— ճշտեց նա խաղաղ֊հանդիմանական տոնով։ Ի՞նչպես կարելի է մոռանալ երկու ամիսը եւ նույնիսկ տասնհիգն օրը, երբ Ժիրայրն այնտեղ հաշվում էր մինչեւ իսկ ժամերը։ Այդպես, աղքատը գիտե իր գրպանի դրամը մինչեւ վերջին կոպեկը։ Իսկ տուր դա հարուստին՝ զգուշությունից դողդողացող ձեռքերով, նա կվերցնի կտրուկ եւ անփույթ շարժումով՝ առանց վախենալու, թե կարող է թափել թղթադրամների մեջ փաթաթած մանրը, եւ կհաշվի միայն ռուբլիները կամ նույնիսկ տասնյակ ռուբլիները… Բրաբին երեւի չի հիշում նաեւ այն, թե ինչ օր էր այն օրը։ Ժիրայրը գիտե՝ երեքշաբթի էր, ինչպես բոլորը գիտեն, որ այսօր ուրբաթ է։

Խորթության անտանելիորեն ծանր զգացումը պաշարել էր Ժիրայրին։ Որ դա նոր բնակարան էր եւ ոչ թե այն, որտեղից տարել էին նրան՝ դա կարող էր չունենալ ինքնին ոչ մի նշանակություն։ Ոչ մի նշանակություն կարող էր չունենալ նաեւ այն, որ ամբողջ կահ֊կարասին, բոլոր իրերը, նոր էին, չկար դրանց մեջ որեւէ ծանոթը։ Նրա կին Բրաբին այժմ եւ միշտ կարող էր ջերմացնել ամեն մի բնակարան, ամեն մի կահավորություն, դարձնել Ժիրայրի համար հարազատ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ չկար հենց Բրաբին։ Դիմացը կանգնած կինն այնքան էր նման Բրաբիին, որքան որ ահա այդ շքեղ բուֆետ֊պահարանը՝ նրանց երբեմնի աղքատիկ թարեքներին…

Երբ տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր առաջ ընդհատվեց Ժիրայրի կյանքը, նա բոլորովին նախապատրաստված չէր դրան։ Դեռեւս չհասկանալով կատարվածի ամբողջ ողբերգությունը, նա շտապում էր նույն օրն իսկ վերադառնալ տուն եւ շարունակել իր կիսատ թողած անհետաձգելի գործերը։ Բայց նրան չթողեցին… Հուսահատությունից նա պատրաստ էր լաց լինելու, բայց մի՞թե դա կօգներ։

Եվ օրն անցավ։ Բայց չէ՞ որ նա, դուրս գալով աշխատավայրից, շտապում էր գնալ դեղատուն՝ դեղ վերցնելու մրսելուց հիվանդացած իր մի տարեկան Հովիկի համար։ Եվ քանի որ նա այդ օրն աշխատավարձ էր ստացլ, ապա մտադրվել էր նաեւ նարինջ գնել Բրաբիի համար։ Կինը շատ էր սիրում նարինջ եւ անշուշտ հիմա, իր հղիության ամիսներին, շատ կուզենար ուտել գոնե մի քանի հատ։ Բայց խնայողություն անելու անհրաժեշտությունից դրդված, այդ մասին լռում էր Բրաբին՝ նիհար ու սուսիկ նրա երիտասարդ կինը։ Հազիվ երեք տարի էր, ինչ նրանք ամուսնացել էին, հարկավոր էր անընդհատ դրամ կուտակել ռուբլի առ ռուբլի, իրեր գնել, հագուստ… Իսկ Ժիրայրն աշխատում էր որպես մի փոքրիկ հիմնարկի գործավար եւ ստանում էր շատ համեստ աշխատավարձ։ Ու թեեւ նա գիտեր, որ կինը տրտնջալու էր նրա կատարած ավելորդ ծախսի համար, բայց որոշել էր գնել նարինջ՝ մի ամբողջ կիլո…

Բայց նա չվերադարձավ տուն՝ դեղի ստացականը եւ ամսվա աշխատավարձը գրպանում։ Երբ անցավ առաջին գիշերը, նա չէր հավատում, թե անցնելու էր նաեւ երկրորդ օրը։ Եվ գուցե խելագարվեր, եթե ասեին նրան, որ անցնելու են հինգ հազար ինը հարյուր տասնութ այդպիսի օրեր…

Չկարողանալով ինքը վերադառնալ դեպի կյանք, Ժիրայրն ակամայից, անգիտակցորեն, ճգնում էր բռնել, ետ պահել գոնե ժամանակը, որպեսզի երբ վերջ ի վերջո վերադառնար տուն, կյանքը շարունակվեր ընդհատված կետից՝ ինչպես կտրված եւ նորից միացված կինոժապավեն։

Եվ, իրոք, չտեսնելով, թե ինչպես է ընթանում կյանքն այնտեղ՝ դրսում, Ժիրայրն ուներ այն պատրանքը, թե այն չի ընթանում, թե, իրոք, ժամանակի բարի մեխանիկը մի օր սոսնձելու է կտրված ժապավենի ծայրերը, եւ կյանքը շարունակվելու է ընդհատված տեղից։

Ճիշտ է, նա տեսնում էր օրերի ու գիշերների, տարվա եղանակների իրար հաջորդելը, երբեմն լսում կամ կարդում էր լուրեր աշխարհի գործերի ընթացքի մասին, բայց դրանք շատ ընդհանուր եւ հեռու բաներ էին՝ նրա մտերիմ մարդկանց փոփոխության տեսանելի պատկերն ստեղծելու համար։ Ուստի եւ նրա մտապատկերների մեջ նրա կին Բրաբին այդ ամբողջ ժամանակամիջոցում մնացել էր նույն քսանամյա նիհար ու հեզ կինը, Հովիկը՝ նույն մի տարեկան երեխան՝ մրսելուց հիվանդ, իրենց տունը՝ նույն անշուք սենյակը՝ խղճուկ ու սիրելի իրերով…

Մի՞թե կարելի էր կասկածել, որ Բրաբիի հուշերի մեջ եւս, նրա ամուսին Ժիրայրը չէր մեծացել ու փոխվել, այլ մնացել էր նույնը։

Եվ ահա այժմ իրար դեմ կանգնել էին երկու ուրիշ մարդիկ։ Ավաղ, նրանք մինչեւ անգամ անծանոթներ չէին։ Անծանոթների միջեւ դեռեւս չկան փոխհարաբերություններ, նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու միմյանց հետ, սիրելու միմյանց։ Իսկ նրանք կանգնել էին իրարից հիասթափված, երկար տարիների իրենց սպասումների մեջ խաբված։ Եվ բոլորովին էլ կարեւոր չէր՝ տգեղացե՞լ էին նրանք հեռու անցյալի համեմատությամբ, թե գեղեցկացել, թարշամե՞լ էին, թե փթթել։ Կարեւորն այն էր, որ նրանք ուրիշ մարդիկ էին, ոչ սպասվածները…

— Նստիր…— անարտահայտիչ ձայնով ասաց Բրաբին։— Դիր պայուսակը վար։

Իսկ ինքը դեռ բռնել էր ջնջոցը ձեռքում։

Ժիրայրը պայուսակը դրեց դռան անկյունը, առաջ եկավ, փլվեց ամենամոտիկ աթոռի վրա։

— Ինչո՞ւ նամակ չէիր գրում,— խուլ ձայնով հարցրեց Բրաբին։

— Մի ամբողջ տարի, դու դա չգիտես, ես չէի կարող գրել։ Իսկ երբ հնարավորություն ստացա՝ չպատասխանեցիր։ Եվ դադարեցի։

— Ես քո նամակները չեմ ստացել։ Հենց հետեւյալ օրն ինձ փոխադրեցին ավելի վատ բնակարան, մերինից էլ վատը։ Ո՞վ պիտի հարկ համարեր վերուղարկել նամակներդ ինձ։ Հարեւաններն անշուշտ պատռում էին ու նետում դեն։

— Իսկ ինչո՞ւ ինքդ չփորձեցիր գտնել իմ հասցեն։

— Ինձ ասացին, որ դու իրավունք չունես նամակներ ստանալու։ Գուցե այդպես էր, գուցե իրենց էին ազատում քո հասցեն գտնելու ավելորդ նեղությունից։

Լռեցին ծանր, ճնշող լռությամբ, յուրաքանչյուրն իր մտքի հետ։

— Իսկ ինչո՞ւ չեկար վեց տարի առաջ։ Չէ՞ որ կենդանի մնացողների ամենամեծ ժամկետը տասը տարի էր։ Կարծեմ։

— Եկա։ Վերադարձրին կեսճանապարհից։

Ժիրայրի դեմքը ծամածռվեց՝ կարծես մի հին ցավի հանկարծակի նոպայից։ Վշտացածություն, փոխադարձ վշտացածություն երկու անմեղ մարդկանց միջեւ… «Ինչո՞ւ չէիր գրում»… «Ինչո՞ւ չփնտրեցիր հասցես»… «Ինչո՞ւ չվերադարձար վեց տարի առաջ»… Նա ասաց խնդրական․

— Եկ չխոսենք անցյալի մասին։ Լա՞վ։

— Լավ։ Ուրեմն ներկայի մասին։ Ինչպե՞ս գտար ինձ։

— Շատ հասարակ։

— Հասցեների սեղանի միջոցո՞վ։

— Իհարկե։

— Իսկ եթե ազգանունս փոխա՞ծ լինեի։ Շատերն էին փոխում այն ժամանակ։ Եվ ոչ միայն ամուսնանալու դեպքում։

— Պիտի ենթադրել։

— Այդ դեպքում դժվարությամբ պիտի գտնեիր։

— Այդ դեպքում չէի փնտրի։

— Իսկ երեխանե՞րը։ Չէ՞իր ուզենա տեսնել նրանց։

— Երեխաները… Երկրորդը տղա՞ է թե աղջիկ։

— Աղջիկ։

Հեռախոսի զանգն իր անսպասելիությամբ թվաց չափազանց ուժեղ։ Երկուսն էլ ցնցվեցին։ Բրաբին վեր կացավ, ջնջոցը դրեց իր նստած աթոռի վրա, մոտեցավ հեռախոսի սեղանակին։

Ժիրայրն ակամայից լսում էր խոսակցությունը՝ առանց հասկանալու։ Նա չէր հասկանում ոչ միայն այն պատճառով, որ հուզված էր ու շփոթված, ոչ միայն այն պատճառով, որ լսում էր միայն կնոջը եւ ոչ թե նաեկ խոսակցին, այլեւ որ նա դրսից եկած մարդ էր՝ անծանոթ այդ կնոջը, անծանոթ նրա գործերին։ Այնուամենայնիվ բավական ձգձգված հեռախոսության ընթացքում նա աստիճանաբար հասկացավ, որ Բրաբին ինչ֊որ հիմնարկի պետ է կամ դրա պես մի բան, եւ որ նրանից կախում ունեցող ինչ֊որ մարդիկ խնդրում են նրան կարգադրել ինչ֊որ գործ, իսկ Բրաբին պատասխանում է, որ նա արձակուրդի մեջ է, իսկ արձակուրդն արդեն ավարտվում է եւ երկուշաբթի օրվանից նա նորից գնալու է աշխատանքի։ Այնպես որ, կարող են սպասել մի երկու օր։