Ալեֆը

Գրապահարան-ից
Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


O God, I could be bounded in a nutshell
and count myself a Kind of infinite space.
«Համլետ», II, 2[1]

But they will teach us that Eternity is
the standing still of the present time
A Nunc-stans (as the Schoois call it);
which neither they, nor any else understand
no more than they would a Hic-stans
for an infinite greatness of Place...
«Լևիթան», IV, 46[2]

Փետրվարյան այն տաք առավոտը, երբ Բեատրիս Վիտերբոն սենտիմենտալիզմից կամ վախից չնվաստացած խրոխտ հոգեվարքից հետո մահացավ, նկատեցի, որ Սահմանադրության հրապարակի երկաթե ազդավահանակների վրա գովազդը նորոգված է. դա ցավալի դեպք էր քանզի հասկացա, որ անհատնում ու ընդարձակ տիեզերքն արդեն հեռանում էր նրանից, և որ այդ փոփոխությունն անվերջանալի ընթացքի սկիզբն էր միայն: Թախծոտ ունայնամտությամբ մտածեցի, որ փոխվելու է տիեզերքը, բայց ես — երբեմն, գիտեմ, անմիտ նվիրվածությունս նյարդայնացրել էր նրան — այժմ կարող էի, թեև անհույս, բայց և առանց ստորանալու նվիրվել նրա հիշատակին: Խորհեցի, որ ապրիլի երեսունին, նրա ծննդյան տոնի առթիվ, Գարայ փողոցի տունն այցելելը և նրա հորն ու Կառլոս Սրխենտինո Դաներիին նրա զարմիկին ողջունելը քաղաքավարի, անբասիր, գուցե և անխուսափելի քայլ էր: Ձողապատ սրահի նախամուտքում կսպասեի ևս մի անգամ, ևս մի անգամ կուսումնասիրեի նրա բազմաթիվ նկարների մանրամասները՝ Բեատրիս Վիտերբոն կիսադեմով, Բեատրիսը դիմակով, 1921 թվականի տոնախմբություններին Բեատրիսի մկրտությունը, Բեատրիսի հարսանիքը Ռոբերտո Ալեսանդրիի հետ Բեատրիսը բաժանվելուց հետո, ձիավարների ակումբի տված ճաշկերույթում Բեատրիսը Իլմեսում Դելիա Սան Սարկո Պորսելի և Կառլոս Արխենտինոյի հետ, Բեատրիսը Վիլլեգա Աեդոյի նվիրած շնիկի հետ, Բեատրիսը` ժպտերես, ձեռքը կզակին; Ուրիշ անգամների պես գնալս չպետք է արդարացնեի գրքերի համեստ նվերներով, գրքեր որոնց կպած թերթերը սովորեցի կտրել որպեսզի ամիսներ հետո նրանց չբացված լինելը չհաստատվեր; Բեատրիս Վիտերբոն վախճանվեց 1929-ին, դրանից հետո ամեն տարի ապրիլի երեսունին լինում էի նրանց տանը, հասնում էի մոտավորապես ժամը յոթն անց քառորդին և մնում քսան հինգ րոպեի չափ. տարեցտարի հասնում էի մի քիչ ավելի ուշ և մնում քիչ ավելի շատ: 1933 թվականին հորդ մի անձրև օգնեց ինձ. ստիպված ընթրիքի հրավիրեցին: Չէի կարող չօգտագործել այդ հաջող առիթը 1934-ին կարկանդակների տուփը թևիս տակ ժամը ութին հայտնվեցի և բնականաբար, միասին ընթրեցինք: Այդպես այդ թախծոտ և ունայն, էրոտիկ տարելիցներին լսեցի Կառլոս Արխենտինո Դաներիի մտերմիկ խոստովանությունները:

Բեատրիսը բարձրահասակ էր նուրբ, թեթևակիորեն առաջ հակված քայլվածքում (եթե օքսիմորոնը թույլատրելի է) դյութական անճարակություն կար, էքստազի սկզբնավորություն: Կառլոս Արխենտինոն կարմրադեմ և նուրբ դիմագծերով ճերմակ և պատկառազդու մազերով ձՀարավի արվարձանների մոռացված մի գրադարանում ինչ-որ երկրորդական պաշտոն է վարում, իշխանություն ունի, սակայն ոչ ազդեցիկ գիշերներն ու տոնական օրերն օգտագործում է (մինչև վերջերս) տնից դուրս չգալու համար: Երկու սերունդ է անցել սակայն, նա դեռ արտասանում է իտալերենի ս-ն և չի կորցրել իտալական շարժուձևը: Նրա մտավոր գործունեությունն անսպառ է կրքոտ, դյուրափոփոխ և ամբողջությամբ անխելահաս: Ձանձրացնում է անտեղի համեմատություններով և անմիտ կասկածներով: Մի քանի ամիս կլանվել էր Պոլ Ֆորով ոչ այնքան նրա բալլադների, որքան նրա անհասանելի փառքի գաղափարով. «Ֆրանսիացի պոետների իշխանն է»՝ կրկնում էր ամբարտավան, «Զուր ես մարտնչում նրա դեմ նրան չի հասնի: Երբեք քո ամենաթունալից նետն անգամ»: 1941 թվականի ապրիլի երեսունին կարկանդակին ավելացրի մի շիշ տեղական կոնյակ: Կառլոս Արխենտինոն փորձեց, հաճելի համարեց և մի քանի գավաթից հետո սկսեց պաշտպանել ժամանակակից մարդուն.

— Ես նրան տեսնում եմ,— ասաց անբացատրելի ոգևորությամբ, — իր առանձնասենյակում, ինչպես քաղաքը պաշտպանող պարիսպների աշտարակում շրջապատված հեռախոսներով հեռագրամեքենաներով, ձայնագրիչներով ռադիոսարքավորումներով, կինոապարատներով, կախարդական լուսասփռիչներով, բառացանկերով, չվացուցակներով, ամփոփագրերով, հաղորդագրություններով:

Նկատեց, որ այդ սարքերով զինված մարդու համար անիմաստ է ճամփորդելը. մեր 20-րդ դարը հեղափոխել է Մուհամեդի և լեռան առակը... այժմ լեռները գալիս էին դեպի ժամանակակից Մուհամեդը:

Այնքան անմիտ փառահեղ ու վերամբարձ թվացին նրա գաղափարներն ու խոսելաձևը, որ անմիջապես մտածեցի գրականության մասին. ասացի, թե ինչո՞ւ այդ ամենը գրի չի առնում: Պատասխանը կռահելի էր արդեն. գրի էր առել, այս և ոչ պակաս նորագյուտ գաղափարներ տեղ էին գտել մի պոեմի առաջաբանում, նախաբանում կամ նախերգանքում, որի վրա առանց réclame առանց խլացնող աղմուկի, որպես հիմք ընդունելով այն երկու գայիսոնները, որոնք կոչվում էին աշխատանք և մենություն, աշխատում էր արդեն մի քանի տարի: Սկզբում բացում էր երևակայության դռները, հետո օգտագործում էր խարտոցը: Պոեմը կոչվում էր երկրագունդ, մոլորակի նկարագրությունն էր ուր, իհարկե չէին պակասում ոչ գունազարդ շեղումը, ոչ էլ հախուռն հրապարակախոսությունը:

Խնդրեցի, որ կարդա, թեկուզ մի շատ համառոտ հատված: Բացեց գրադարանի դարակն ու Խուան կրիսոստոմո Լաֆինուրի անվան գրադարանի դրոշմանիշը կրող թղթերի մի հաստ կապոց, հանեց և կարդաց ձայնեղ գոհունակությամբ.

Հույնի պես տեսել եմ քաղաքները, մարդկանց
Գործերը, օրերը՝ տարբեր լույսի տակ, սովը:
Ոչ դեպքերն եմ սրբագրում, ոչ էլ անունները,
Սակայն պատմածս ճամփորդություն է, բայց ...autour de ma chambre[3]

— Ամեն տեսակետից հետաքրքրական քառյակ է,— դատեց,— Առաջին տողը կորզում է մասնագետի ակադեմիկոսի հելլենիստի ծափահարությունները, երկրորդն անցնում է Հոմերոսից Հեսիոդոսին (փառահեղ կերտվածքի ճակատին առնելով մեկ-երկու տեղ ի նշան դաստիարակչական բանաստեղծության հոր հանդեպ հարգանքի) ու միևնույն ժամանակ, թարմացնելով և բարելավելով այնպիսի մի ձև, որի ծագումնաբանությունը պետք է որոնել ս Գրոց էջերում թվարկումը, կուտակումը կամ բարդումը, երրորդը բարոկկո, անկապաշտություն նրբացած մշակույթի և ձևի ֆանատիկոսություն բաղկացած, երկու երկանդամ ոտքերից չորրորդը ուղղակի երկլեզու ինձ համար ապահովում է զգայուն հոգիների գնահատությունը, որը չեն կարող խախտել բազմաթիվ սատիրիստների գրոհներն անգամ:

Դեռ չեմ խոսում տարօրինակ հանգի և պատկերավորման մասին, որ առանց պարծենկոտության ինձ թույլ է տալիս չորս տողի մեջ զետեղել երեք գիտական ակնարկ, որոնք պարունակում են երեսուն դարերի սեղմ գրականությունը. առաջինը՝ Ոդիսականը, երկրորդը՝ Աշխատանքներն ու օրերը, Երրորդը՝ այն էժանագին անմահությունը, որ մեզ է պարգևում սաբոնացու գրչի ձանձրույթը... Եվս մի անգամ հասկանում եմ, որ ժամանակակից արվեստը պահանջում է ծիծաղի բալասանը՝ սկերցոն: Անկասկած խոսքը վերաբերում է Գոլդոնիին:

Ուրիշ քառյակներ էլ կարդաց, որոնք նույնպես արժանացան նրա գնահատանքին և խիստ մեկնաբանությանը: Նրանց մեջ հիշարժան ոչինչ չկար, նախորդներից էլ վատը չէին: Նրա գրվածքներում միահյուսվել էին նվիրումը, հանդուրժողականությունն ու բախտը: Դաներիի նշած արժանիքները արտատեքստային էին: Հասկացա, որ բանաստեղծի աշխատանքը ոչ թե բանաստեղծությունն է այլ բանաստեղծությունը հիանալի դարձնելու համար պատճառներ հնարելը. բնականաբար հետագա աշխատանքը գործը փոխում է իր, բայց ոչ ուրիշների համար: Դաներիի արտասանական արվեստն արտառոց էր. նրա ռիթմական անճարակությունը չնչին բացառությամբ թույլ չտվեց այդ արտառոցությունը բանաստեղծությանը փոխանցել: Կյանքում ընդամենը մի անգամ եմ առիթ ունեցել ուսումնասիրելու Polyolbion-ը՝ տասնհինգ հազար տասներկուվանկանիներ պարունակող տեղագրական դյուցազներգությունը, որտեղ Մայքլ Դրեյտոնը արձանագրել է Անգլիայի բուսական և կենդանական աշխարհը, գետերը լեռները և վանական ու ռազմական պատմությունը. վստահ եմ, որ այդ թեև նշանակալի բայց և սահմանափակ արտադրանքը պակաս ձանձրալի է, քան Կառլոս Արխենտինոյի գրվածքը: Սա չափածոյով ուզում էր գրավել ամբողջ երկրագունդը: 1941-ին նա արդեն հաղթահարել էր Քուինսլանդ նահանգի մի քանի հեկտարը, Օբ գետի հովտի մի քանի կիլոմետրեր, Վերակրուսի հյուսիսում գտնվող գազակայանը, Կոնսեպսիոն Եկեղեցու շուրջն ընկած առևտրական բոլոր գլխավոր աները, Բելգրանո թաղամասում Օնսե դե Սետիեմբրե փողոցի Մարիանա Կամբասերես դե Ալվեարի այգիները և Բրայտոն հանրահայտ, ակվարիումից ոչ շատ հեռու թրքական բաղնիքների մի հաստատություն: Պոեմի Ավստրալիային վերաբերող հատվածից մի քանի բարդ գլուխներ կարդաց. այդ երկար ու ալեքսանդրյան չափի հաղորդագրությունները Նախաբանի հարաբերական աշխուժությունը չունեին: Բերեմ մի քառյակ.

Իմացեք, միապաղաղ սյունից աջեաջ
Գալով, իհարկե, Հյուսիս, հյուսիս-արևմուտքից
Ձանձրանում է մի կմախք — Գու՞յնը՝ ճերմակաերկնագույն,
Որ ոչխարների գոմին տալիս է ոսկրագերեզմանի համ:

— Լսում եմ քրթմնջոցդ հաջող գտնված երկու հանդգնությունների համար,— բացականչեց ուրախացած - ընդունում եմ, ընդունում: Մեկը, միապաղաղ մակդիրն է, որ ճշգրտորեն մերկացնում է en passant[4] գյուղական աշխատանքներին բնորոշ անժխտելի ձանձրույթը, որն այս ձևով այսքան վառ չեն համարձակվել մերկացնել ոչ Գեորգիկները, ռչ էլ մեզ արդեն հայտնի Դոն Սեգունդոն: Մյուսը՝ ձանձրանում է մի կմախք. պրոզաիզմն է, որ բծախնդիր մեկը կուզենա սարսափով բանադրել, բայց տղամարդկային ճաշակ ունեցող քննադատը իր կյանքից էլ բարձր կգնահատի: Բացի այդ, ամբողջ քառյակն էլ բարձրորակ է: Երկրորդ ոտքը հետաքրքրական զրույց է բացում ընթերցողի հետ, նրա հետաքրքրասիրությունը կանխելով առաջ է ընկնում, նրա շուրթերին դնում է մի հարց և անմիջապես... բավարարում: Իսկ ի՞նչ կասես այս գյուտի մասին. ճերմակաերկնագույն այս հոյակապ նորարարությունը առաջացնում է Երկնքի պատկերը, որը ավստրալիական բնության կարևոր տարրերից է: Առանց այդ հիշատակման ուրվանկարի գույնը շատ մռայլ կլիներ, ընթերցողը հոգու խորքում վիրավորված անբուժելի սևմաղձով հարկադրված կփակեր ժողովածուն:

Կեսգիշերին հրաժեշտ տվեցի:


















Ծանոթագրություններ

  1. «Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել (անգլ.):
  2. «Բայց նրանք ուզում են մեզ սովորեցնել, որ հավերժությունը քարացած ներկան է, Nunc-stans (հիմա քարացած), ինչպես կոչում են այդ դպրոցները և այդ եզրաբաոը, ինչպես հենց նրանց, այնպես էլ ուրիշների համար ավելի հասկանալի չէ, քան եթե նրանք տարածութլան անվերջությունը կոչեին Hic-stans (այստեղ քարացած) բառով(անգլ.):
  3. Սեփական բնակարանի շուրջը (ֆր.)
  4. անցնելիս (ֆրանս.), այստեղ՝ իմիջի այլոց, հարևանցի (ծան. խմբ.)