Մազարինիի քարը
Գրապահարան-ից
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
- Դոկտոր Ուոտսոնի համար հաճելի էր կրկին լինել Բեյքր-սթրիթի երկրորդ հարկի թափթփված սենյակում՝ այնքան հիանալի արկածների այդ սկզբնակետում։ Նա նայեց պատերին փակցված աղյուսակներին և սխեմաներին, ծծմբաթթվով այրված քիմիկատների դարակին, սենյակի անկյունում՝ պատին հենված պատյանով ջութակին, ածխի դույլին, ուր մի ժամանակ ծխախոտ ու ծխամորճեր էին դրված և, վերջապես, նրա հայացքը կանգ առավ պատանի, բայց շատ բանիմաց և հնարամիտ սպասավորի՝ Բիլիի ժպտացող ջահել դեմքին, որին կարծես հաջողվել էր անցնել հռչակավոր խուզարկուի առեղծվածային կերպարը պարուրող օտարացման և միայնության անդունդի կամրջի վրայով։
- ― Այստեղ ամեն ինչ առաջվա նման է։ Դուք էլ չեք փոխվել։ Հուսով եմ, նույնը կարելի է և նրա մասին ասել։
- Բիլին փոքր-ինչ անհանգիստ նայեց ննջարանի փակ դռանը։
- ― Նա, կարծես, քնած է, ― ասաց նա։
- Ամառային խաղաղ եղանակ էր, և դեռ երեկոյան ժամը յոթն էր, սակայն Բիլիի ենթադրությունը չզարմացրեց դոկտոր Ուոտսոնին։ Նա վաղուց վարժվել էր իր հին ընկերոջ արտասովոր ապրելակերպին։
- ― Եթե չեմ սխալվում, դա նշանակում է, որ նրան գործ է հանձնարարված, այնպես չէ՞։
- ― Միանգամայն ճիշտ է, սըր։ Նա այժմ ամբողջովին այդ գործով է կլանված։ Ես նույնիսկ վախենում եմ նրա առողջության համար։ Նա օրեցօր գունատվում է, նիհարում և ոչինչ չի ուտում։ Միսիս Հադսոնը հարցրել է նրան․ «Դուք ե՞րբ եք բարեհաճելու ճաշել, միստր Հոլմս»։ Իսկ նա պատասխանել է․ «Վաղը չէ մյուս օրը, ժամը յոթն անց կեսին»։ Չէ որ դուք գիտեք, թե նա ինչ վիճակում է լինում, երբ տարվում է գործով։
- ― Այո, Բիլի, գիտեմ։
- ― Նա հետամտում է ինչ-որ մեկին։ Երեկ նա աշխատանք փնտրող բանվորի շորերով դուրս եկավ, այսօր պառավ կնոջ զգեստներ էր հագել։ Եվ այնքան նման էր, որ բնավ չճանաչեցի, իսկ ես, թվում է, արդեն պետք է իմանայի նրա հնարքները։
- Քմծիծաղելով Բիլին ցույց տվեց բազմոցին հենած անասելի քրքրված հովանոցը։
- ― Սա պառավ կնոջ հանդերձանքի բաղկացուցիչ տարրերից է։
- ― Այս անգա՞մ ինչ գործ է, Բիլի։
- Բիլին ցածրացրեց ձայնը, կարծես խոսքը պետական մեծ գաղտնիքի մասին էր։
- ― Ձեզ, իհարկե, կասեմ, սըր։ Բայց ձեզնից բացի ոչ մեկը չպետք է իմանա։ Սա թագի ադամանդի հենց այն գործն է։
- ― Դուք հարյուր հազար ֆունտ արժողությամբ քարի հափշտակության մասի՞ն եք ասում։
- ― Այո, սըր։ Ինչ գնով էլ լինի, նրանք պետք է գտնեն այն։ Ե՛վ պրեմիեր մինիստրը, և՛ ներքին գործոց մինիստրը եկան մեզ մոտ ու նստած էին հենց այս բազմոցին։ Միստր Հոլմսը շատ սիրալիր էր նրանց հետ։ Նա իրեն շատ բնական էր պահում և խոստացավ անել հնարավոր ամեն բան։ Եվ հետո լորդ Քանթլմիրն էլ․․․
- ― Ահա՜ թե ինչ․․․
- ― Այո, սըր, հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Նա, եթե կարելի է այսպես ասել, սոսկալի մեծամիտ է։ Ես կարող եմ գործ ունենալ պրեմիեր մինիստրի հետ և ոչ մի առարկություն չունեմ ներքին գործոց մինիստրի դեմ՝ նա դաստիրակված և բարեհամբյուր մարդու տպավորոթյուն է թողնում, իսկ այդ լորդին ես ամենևին տանել չեմ կարող։ Միստր Հոլմսը նույնպես։ Բանն այն է, որ լորդը չի հավատում միստր Հոլմսին և առարկում էր, որ գործը նրան հանձնեն։ Ինձ թվում է, նա նույնիսկ ուրախ կլինի, եթե միստր Հոլմսը գլուխ չհանի գործից։
- ― Իսկ միստր Հոլմսը դա գիտե՞։
- ― Դեռ այնպիսի դեպք չի եղել, որ միստր Հոլմսը ինչ-որ բան չիմանա։
- ― Դե, ես հույս ունեմ,որ նա գլուխ կհանի, և լորդ Քանթլմիրը կխայտառակվի։ Լսեք, Բիլի, ինչի՞ համար է պատուհանի այդ վարագույրը։
- ― Միստր Հոլմսը երեք օր առաջ է կախել։ Այնտեղ մենք հետաքրքիր մի բան ունենք․․․ Բիլին մոտեցավ ու ետ քաշեց սենյակը պատուհանի խորշից բաժանող վարագույրը։
- Դոկտոր Ուոտսոնը զարմանքից ակամա գոռաց․ դիմացը, խոր բազկաթոռի մեջ, նստած էր իր ընկերոջ ճիշտ նմանակը․ թե՛ խալաթը, թե՛ մնացած ամեն ինչը նույնն էր, ինչ-որ Հոլմսինը, երեք քառորդով դեպի պատուհանը թեքված դեմքը թեթևակի խոնարհված էր ասես աներևվույթ գրքի վրա։ Բիլին գլուխն անջատեց մարմնից և պահեց ձեռքին։
- ― Մենք դրան տարբեր դիրքեր ենք տալիս, որպեսզի ավելի նման լինի կենդանի մարդու։ Եթե պատուհանի վարագույրները իջեցրած չլինեին, ես, իհարկե, չէի համարձակվի ձեռք տալ։
- ― Մի անգամ մեզ մոտ դրա նման մի բան արդեն եղել է։
- ― Ես այն ժամանակ այստեղ չէի, ― ասաց Բիլին։ Նա մի կողմ քաշեց վարագույրը և նայեց փողոց։ ― Մեզ հետևում են, ա՛յ, այն տնից։ Ահա, պատուհանի մոտ մարդ կա, ուզու՞մ եք նայել։
- Ուոտսոնը մի քայլ առաջ արեց, բայց այդ ժամանակ ննջարանի դուռը բացվեց, և այնտեղից հայտնվեց Հոլմսի նիհար, երկար կերպարանքը․ դեմքը սմքած էր և գունատ, բայց ինքն առույգ էր ինչպես միշտ։ Մի ոստյունով նա հայտնվեց պատուհանի մոտ։
- ― Բավական է, Բիլի, ― ասաց նա, ― դուք վտանգում եք ձեր կյանքը, իսկ հատկապես հիմա դուք ինձ շատ եք պետք։ Ուրախ եմ ձեզ տեսնել ձեր հին բնակարանում, Ուոտսոն։ Դուք հայտնվեցիք կրիտիկական պահին։
- ― Ես դա զգում եմ։
- ― Կարող եք գնալ, Բիլի։ Չգիտեմ, ինչպես վարվել այս տղայի հետ։ Որքանով իրավունք ունեմ նրան վտանգի ենթարկել։
- ― Ի՞նչ վտանգի, Հոլմս։
- ― Հանկարծակի մահվան վտանգի։ Չեմ զարմանա, եթե այսօր երեկոյան ինչ-որ բան կատարվի։
- ― Բայց հատկապես ի՞նչ։
- ― Օրինակ՝ ինձ սպանեն։
- ― Չի կարող պատահել, Հոլմս, դուք կատակում եք։
- ― Հումորից զուրկ լինելով հանդերձ, ես կարող էի ավելի լավ կատակ մտածել։ Բայց առայժմ կարող ենք բավականություն ստանալ կյանքից, ճի՞շտ է։ Ոգելից խմիչքները ձեզ հակացուցված չե՞ն։ Սիֆոնը և սիգարները նախկին տեղում են։ Հուսով եմ, դուք դեռ չեք արհամարհում իմ խեղճ ծխամորճն ու ծխախոտը։ Այս օրերին դրանք պետք է փոխարինեն իմ սննդին։
- ― Բայց դուք ինչու՞ եք հրաժարվում կերակուրից։
- ― Որովհետև սովը սրում է մտավոր կարողությունները։ Իմ թանկագին Ուոտսոն, դուք, որպես բժիշկ, պետք է համաձայնեք, որ մարսողության ընթացքում ուղեղը կորցնում է ճիշտ այնքան արյուն, որքան պահանջում է ստամոքսի աշխատանքը։ Ես այժմ ամբողջովին ուղեղ եմ։ Մնացածը հավելված է, ոչ ավելին։ Այդ պատճառով ես նախ և առաջ պետք է հաշվի նստեմ ուղեղիս հետ։
- ― Հոլմս, բայց դուք խոսում էիք ինչ-որ վտանգի մասին։
- ― Ախ հա, համենայն դեպս, չէր խանգարի ձեր հիշողությունը ծանրաբեռնել մարդասպանի անունով և հասցեով։ Դուք կարող եք այդ տեղեկուցյունները Սկոտլանդ-Յարդ հանձնել անձնվեր միստր Հոլմսի հրաժեշտի ողջյունի տեսքով։ Նրա անունը Սիլվիուս է, կոմս Նեգրետո Սիլվիուս։ Գրեք․ Մուրսայդ-Գարդենս, 136, Նորդ-Վեստ։ Գրեցի՞ք։
- Ուոտսոնի ազնիվ դեմքը ջղաձգվեց։ Նա շատ լավ գիտեր, որ Հոլմսը երբեք կանգ չի առնի ոչ մի վտանգի առաջ և ավելի շատ հակված էր թերագնահատելու այն, քան գերագնահատելու։ Ուոտսոնը սովոր չէր անտեղի ժամանակ վատնելու և վճռականորեն ոտքի ելավ։
- ― Ձեր տրամադրության տակ եմ Հոլմս, այս օրերին ես լրիվ ազատ եմ։
- ― Բարոյականության առումով դուք բոլորովին դեպի լավը չեք փոխվել, Ուոտսոն։ Ձեր հին արատներին ավելացել է ևս մեկը՝ դուք սկսել եք ստել։ Ձեր ողջ տեսքն ասում է, որ դուք աշխատանքով ծանրաբեռնված բժիշկ եք՝ շրջապատված հիվանդներով։
- ― Նրանց մեջ ոչ մի լուրջ հիվանդ չկա։ Բայց մի՞թե չեք կարող ձերբակալել այդ մարդուն։
- ― Իհարկե կարող եմ, Ուոտսոն, դրա համար էլ նա այդպես անհանգստանում է։
- ― Դե, ուրեմն, էլ ի՞նչ կա։
- ― Բանն այն է, որ ես չգիտեմ, թե որտեղ է ադամանդը։
- ― Ախ հա, Բիլին պատմեց․ թագի ադամանդը։
- ― Ճիշտ այդպես, Մազարինիի դեղին մեծ քարը։ Ես ցանց գցեցի, և ձուկը մեջն ընկավ։ Բայց դեռ չեմ ստացել քարը։ Ինձ ինչ օգուտ կողոպտիչներին հավաքելուց։ Իհարկե, աշխարհն ավելի լավ կդառնա, եթե նրանց բոլորին բանտ նստեցնենք։ Բայց ես ուրիշ նպատակ ունեմ․ ինձ քարն է պետք։
- ― Ուրեմն, կոմս Սիլվիուսը ցանցն ընկած ձկների՞ց է։
- ― Այո, ընդ որում՝ շնաձուկ, որը կծում է։ Մյուսը՝ Սեմ Մերթոնը, բռնցքամարտիկ է։ Սեմը վատ տղա չէ, բայց կոմսը նրան օգտագործում է իր նպատակների համար։ Սեմը շնաձուկ չէ, այլ ընդամենը մեծագլուխ խարակաձուկ։ Բայց, միևնույն է, նա ևս թպրտում է իմ ցանցում։
- ― Իսկ որտե՞ղ է այդ կոմս Սիլվիուսը։
- ― Ես այսօր ամբողջ առավոտն անց եմ կացրել նրա քթի տակ։ Չէ որ դուք ինձ տեսել եք պառավ կնոջ դերում։ Բայց այս անգամվա նման հաջող երբեք չի ստացվել։ Կոմսը նույնիսկ բարձրացրեց իմ հովանոցը « Թույլ տվեք, տիկին» խոսքերով, չէ որ նա կիսով չափ իտալացի է, և իբրև իսկական հարավցի, կարողանում է լինել չափազանց սիրալիր, եթե միայն լավ տրամադրության մեջ է, բայց եթե տրամադրություն չունի՝ իսկական սատանա է։ Ինչպես տեսնում եք, Ուոտսոն, կյանքում հետաքրքիր բաներ են պատահում։
- ― Բայց դա կարող էր ողբերգությամբ ավարտվել։
- ― Չեմ վիճում։ Ես նրա ետևից գնացի մինչև Մայնորիս փողոցը, ծեր Շտրաուբենզեի արհեստանոցը։ Այնտեղ նրա համար անաղմուկ զենք պատրաստեցին, հիանալի բան է, և եթե չեմ սխալվում, հիմա գտնվում է դիմացի պատուհանի մոտ։ Դուք տեսա՞ք մանեկենը։ Ախ հա, Բիլին ձեզ ցույց տվեց։ Ցանկացած րոպեին գնդակը կարող է մխրճվել այդ գեղեցիկ գլխի մեջ։ Ի՞նչ կա, Բիլի։
- Բիլին ներս մտավ մատուցարանին դրված այցեքարտով։ Հոլմսը նայեց այցեքարտին, նրա հոնքերը ձգվեցին և շրթունքներին քմծիծաղ հայտնվեց։
- ― Նա որոշել է անձամբ գալ այստեղ։ Դրան չէի սպասում։
- Պետք է ցուլին եղջույրներից բռնել, Ուոտսոն։ Այս մարդը ընդունակ է ամեն ինչի։ Դուք, հավանաբար, լսել եք, որ կոմսը խոշոր կենդանիների հիանալի որսորդ է։ Եթե նրան հաջողվի իր որսապարկը գցել նաև ինձ, դա կլինի իր մարզական կարիերային արժանի փայլուն ավարտ։ Նա, իհարկե, զգում է, որ ես ուր որ է կհասնեմ իրեն։
- ― Ոստիկանություն կանչեք։
- ― Հավանաբար, այդպես էլ կանեմ, բայց ոչ հիմա։ Լավ նայեք, Ուոտսոն, փողոցում մարդ չկա՞։
- Ուոտսոնը զգուշորեն նայեց վարագույրի ետևից։
- ― Ինչ-որ լողլող է կանգնած դռան մոտ։
- ― Դե, դա Սեմ Մերթոնն է, հավատարիմ, բայց ոչ այնքան խելոք Սեմը։ Որտեղ է այդ ջենտլմենը, Բիլի։
- ― Ընդունարանում, սըր։
- ― Երբ զանգը տամ, ներս թողեք նրան։
- ― Լսում եմ, սըր։
- ― Եթե ես սենյակում էլ չլինեմ, միևնույն է, ներս թողեք նրան։
- ― Լսում եմ, սըր։
- ― Ուոտսոնը սպասեց, մինչև դուռը փակվի, հետո գրգռված դիմեց իր զրուցակցին։
- ― Լսեք, Հոլմս, սա պարզապես անթույլատրելի է։ Չէ որ նա հուսահատության հասած մարդ է և ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ Հնարավոր է, եկել է, որպեսզի ձեզ սպանի։
- ― Դե ինչ, ես բնավ չեմ զարմանա։
- ― Այդ դեպքում, ես կմնամ ձեզ հետ։
- ― Ձեր ներկայությունը կարող է շատ խանգարել։
- ― Նրա՞ն։
- ― Ոչ թանկագինս, ինձ։
- ― Այնուամենայնիվ, չեմ կարող ձեզ մենակ թողնել։
- ― Ոչ , Ուոտսոն, դուք կարող եք և պետք է այդ անեք, դուք դեռ երբեք խաղից դուրս չեք եկել։ Ես հավատացած եմ, որ այս անգամ ևս այն կհասցնեք մինչև վերջ։ Այդ մարդը այստեղ է հայտնվել հանուն իր նպատակների, բայց հնարավոր է, որ այստեղ մնա հանուն իմ նպատակների։ ― Հոլմսը հանեց ծոցատետրը և մի քանի տող գրեց։ ― Մեկնեք Սկոտլանդ-Յարդ և այս գրությունը հանձնեք քրեական հետախուզության բաժնի աշխատակից Յուգելին։ Ետ վերադարձեք ոստիկանության հետ և այն ժամանակ հնարավոր կլինի ձերբակալել կոմսին։
- ― Ես հաճույքով կօգնեմ ձեզ այս գործում։
- ― Հուսով եմ, մինչև ձեր վերադառնալը ես ժամանակ կունենամ պարզելու, թե որտեղ է քարը։
- Հոլմսը զանգահարեց։
- ― Հավանաբար, ավելի լավ կլինի, որ դուրս գանք ննջարանի միջով։ Չափազանց հարմար է երկրորդ ելք ունենալը։ Ես գերադասում եմ, իմ շնաձկանը նայել այնպես, որ նա ինձ չտեսնի և, չէ որ դուք գիտեք, այսպիսի դեպքերի համար ես ինչ-որ բան մտածել եմ։
- Այսպիսով, երբ մի քանի րոպե անց Բիլին ներս թողեց Սիլվիուսին, սենյակում ոչ ոք չկար։ Հռչակավոր հրաձիգը, մարզիկը, պճնամոլը հաղթանդամ, թուխ տղամարդ էր, նրա մեծ, սև բեղերը ծածկում էր բարակ, դաժան բերանը, որի վրա կախվել էր արծվի կտուց հիշեցնող երկար, կեռ քիթը։ Լավ էր հագնված, բայց վառ փողկապը, փայլուն քորոցը և շողացող մատանին բավականին ցայտուն կերպով էին աչքի զարնում։ Երբ դուռը ետևից փակվեց, նա կատաղի և միաժամանակ վախով շուրջը նայեց, ասես ամեն քայլափոխի ծուղակի սպասելով։ Հանկարծ կտրուկ ցնցվեց՝ պատուհանի մոտ նկատելով բազկաթոռին նստած խուզարկուի հակված գլուխն ու խալաթի օձիգը։ Սկզբում նրա դեմքը կատարյալ զարմանք արտահայտեց։ Հետո մարդասպանի սև աչքերը ուրախ փայլեցին։ Նա մի անգամ ևս զննեց շուրջը՝ համոզվելու համար, որ իրեն ոչ ոք չի տեսնում, և հետո, բարձրացնելով ծանր ձեռնափայտը, թաթերի վրա գաղտագողի մոտեցավ լուռ կերպարանքին։ Նա արդեն կծկվել էր, որպեսզի վերջին թռիչքը գործի և հարվածի, երբ հանկարծ ննջարանի բացվող դռնից նրան կանգնեցրեց Հոլմսի հանգիստ և ծաղրական ձայնը։
- ― Տեսեք, չջարդեք նրան, կոմս։
- Մարդասպանը ետ ընկրկեց, նրա ծամածռված դեմքը զարմանք արտահայտեց։ Նա նորից բարձրացրեց իջեցրած ձեռնափայտը, կարծես ցանկանալով իր կատաղությունը պատկերից բնագրին փոխանցել, բայց Հոլմսի մոխրագույն աչքերի կարծր հայացքի և քմծիծաղի մեջ մի ինչ-որ բան կար, որը նրան ստիպեց նորից իջեցնել ձեռքը։
- ― Հիանալի առարկա է։ Ֆրանսիացի վարպետ Տավերնիեի գործն է։ Նա նույնպիսի հմտությամբ է մոմե մարմիններ պատրաստում, ինչպես ձեր բարեկամ Շտրաուբենզեն՝ անաղմուկ հրացան։
- ― Անաղմուկ հրացա՞ն։ Չեմ հասկանում, սըր, դուք ինչ եք ցանկանում դրանով ասել։
- ― Սեղանին դրեք ձեր գլխարկն ու ձեռնափայտը։ Այ, այդպես, շնորհակալ եմ։ Եվ, նստեք, խնդրեմ։ Գուցե, միանգամից հանեք և ձեր ատրճանա՞կը։ Ի միջի այլոց, եթե դուք գերադասում եք նստել նրա վրա, ես չեմ առարկում։ Դուք ճիշտ ժամանակին եք եկել, ինձ անհրաժեշտ է խոսել ձեզ հետ։
- Կոմսը սպառնագին խոժոռեց թավ հոնքերը։
- ― Ես էլ էի ցանկանում ձեզ երկու խոսք ասել, Հոլմս։ Այդ պատճառով էլ եկա։ Չեմ ժխտի, ես հենց նոր ցանկանում էի փշրել ձեր գլուխը։
- Հոլմսը նստեց սեղանի ծայրին։
- ― Ես այդպես էլ հասկացա, որ ձեր խելքին նման բան փչեց։ Բայց ես ինչու՞ եմ ձեր կողմից այդպիսի ուշադրության արժանացել։
- ― Որովհետև, դուք ձեզ բավական շատ բան եք թույլ տալիս, դա սկսում է նյարդերիս վրա ազդել։ Որովհետև, դուք ձեր մանկլավիկներին ուղարկում եք ինձ հետևելու։
- ― Ես ոչ ոքի չեմ ուղարկել, ազնիվ խոսք։
- ― Հիմարություններ դուրս մի տվեք։ Ես տեսա, որ ինձ հետևում են։ Բայց մենք դեռ կտեսնենք, ով՝ ում, Հոլմս։
- ― Անշուշտ, դա մանրուք է, կոմս Սիլվիուս, բայց ձեզ կխնդրեի ինձ դիմելիս պահպանել քաղաքավարության կանոնները։ Դուք հասկանում եք, որ իմ գործունեության օրից հարկ կլիներ դու-ով դիմել հանցագործների կեսին և համաձայնեք, որ ես չեմ կարող ոչ մեկին բացառություն անել, որպեսզի գայթակղության մեջ չգցեմ ոչ մեկին։
- ― Բարի, թող լինի միստր Հոլմս։
- ― Հիանալի է։ Այնուամենայնիվ, հավատացնում եմ ձեզ, դուք սխալվում եք, պնդելով, իբր ես օգտվում եմ գործակալներից։
- Կոմս Սիլվիուսը արհամարհանքով քմծիծաղեց։
- ― Մի կարծեք, թե ձեզնից հիմար եմ և ոչինչ չեմ նկատում։ Երեկ դա ինչ-որ մարզիկ էր։ Այսօր՝ պառավ կին։ Նրանք ոչ մի րոպե ինձ տեսադաշտից դուրս չթողեցին։
- ― Դուք ինձ շողոքորթում եք, սըր։ Ծերուկ բարոն Դաուսոնը կախվելուց մի օր առաջ ասաց, որ թատրոնը ի դեմս ինձ կորցրել է այնքան, որքան շահել է արդարադատությունը։ Իսկ ալսօր դուք գովաբանում եք ինձ իմ փոքրիկ մարմնավորումների համար։
- ― Ուրեմն այդ․․․ Ուրեմն այդ դու՞ք էիք։
- Հոլմսը թոթվեց ուսերը։
- Այնտեղ անկյունում դրված է այն հովանոցը, որը դուք, դեռ ոչինչ չկասկածելով, այնպես քաղաքավարի հանձնեցիք ինձ։
- ― Եթե ես իմանայի, դուք երբեք չէիք․․․
- ― Ես երբեք չէի տեսնի այս համեստ բնակարանը։ Ա՞յդ էիք ցանկանում ասել։ Ես դա լավ հասկացա։ Բոլորիս հատուկ են վրիպումները, որոնց համար հետո զղջում ենք։ Բայց, համենայն դեպս, դուք ինձ չճանաչեցիք, և ահա ես նստած եմ ձեր դիմաց։
- Կոմսի խոժոռված հոնքերը, որոնց տակից սպառնալից փայլում էին աչքերը, ավելի խիստ ձգվեցին։
- ― Դե ինչ, ավելի վատ։ Ուրեմն, դրանք ձեր գործակալները չէին, այլ դուք եք խեղկատակություն անում և քթներդ խոթում ձեզ չվերաբերվող գործի մեջ։ Ինքներդ եք խոստովանում, որ հետևել եք ինձ։ Ինչու՞։
- ― Բավական է, կոմս, չէ՞ որ դուք էլ ինչ-որ ժամանակ Ալժիրում առյուծներ եք որսացել։
- ― Իսկ ի՞նչ կա որ։
- ― Թույլ տվեք հարցնել՝ ինչու՞։
- ― Ինչու՞։ Հանուն սպորտի, հանուն ուժեղ զգայության, հանուն համարձակության։
- ― Եվ, բացի այդ, ցանկանում էիք երկիրը մաքրել գիշատիչների՞ց։
- ― Միանգամայն ճիշտ է։
- ― Այժմ ձեզ հասկանալի՞ է իմ նպատակը։
- Կոմսը վեր թռավ, և նրա ձեռքը ինքնաբերաբար ձգվեց դեպի ետևի գրպանը։
- ― Նստեք, նստեք, կոմս։ Բացի այդ, ես ունեմ մեկ այլ՝ ավելի կոնկրետ նպատակ։ Ինձ հարկավոր է դեղին ադամանդը։
- Կոմս Սիլվիուսը չարախնդալով դարձյալ ընկավ աթոռին։
- ― Ահա՜ թե ինչ, ― ասաց նա։
- ― Դուք հիանալի գիտեք, որ հանուն դրա եմ հետևել ձեզ և դուք միայն դրա համար եք այսօր այստեղ հայտնվել, որպեսզի պարզեք, թե շա՞տ բան է արդյոք ինձ հայտնի և որքանո՞վ է անհրաժեշտ ինձ վերացնել։ Կարող եք հավատալ, որ ձեր տեսակետից դա միանգամայն անհրաժեշտ է, քանի որ ես ամեն ինչ գիտեմ, բացառությամբ մի փաստից, բայց ես մտադիր եմ այդ մասին ձեզնից իմանալ։
- ― Մի՞թե։ Հետքրքիր է, դա ինչ փաստ է, որ դուք չգիտեք։
- ― Որտե՞ղ է այժմ գտնվում ադամանդը։
- Կոմսը խորամանկորեն նայեց իր զրուցակցին։
- ― Եվ միայն դա՞։ Բայց, գրողը տանի, ինչպե՞ս կարող եմ դա ասել։
- ― Կարող եք, և դուք դա կասեք։
- ― Կարծու՞մ եք։
- ― Կոմս Սիլվիուս, ձեզ չի հաջողվի ինձ վախեցնել։
- Սիլվիուսի վրա հառված Հոլմսի աչքերը նեղացան և սպառնագին փայլեցին պողպատյա սայրերի պես։
- ― Ես տեսնում եմ ձեր ողջ էությունը, կարծես ապակուց լինեք։
- ― Այդ դեպքում, դուք տեսնում եք, որտեղ է ադամանդը։
- Հոլմսը ուրախ ծափ տվեց և հետո արտահայտիչ ձևով բարձրացրեց մատը։
- ― Եվ այսպես, դուք գիտեք, որտեղ է այն, ինքներդ խոստովանեցիք։
- ― Ես ոչինչ չեմ խոստովանել։
- ― Լսեք, կոմս, եթե դուք խոհեմ լինեք, մենք կարող ենք գործարք կնքել, հակառակ դեպքում դա ձեզ վրա էժան չի նստի։
- Կոմս Սիլվիուսը հայացքը սևեռեց առաստաղին։
- ― Ով ում է վախեցնում՝ դու՞ք ինձ, թե՞ ես ձեզ։
- Հոլմսը մտածկոտ նայեց նրան, ինչպես գրոսմայստեր, որը պատրաստվում էր վճռական քայլ կատարել։ Հետո նա քաշեց գրասեղանի դարակը և այնտեղից հանեց հաստ նոթատետրը։
- ― Գիտե՞ք ինչ կա իմ այս նոթատետրում։
- ― Գաղափար չունեմ, սըր։
- ― Դուք։
- ― Ե՞ս։
- ― Այո, սըր, դուք ամբողջությամբ այստեղ եք՝ ձեր նողկալի և հանցագործ կյանքի ամեն մի քայլով։
- ― Գնացեք գրողի ծոցը, Հոլմս, ― վեր թռավ կոմսը, փախցնելով աչքերը։ ― Ինձ համբերությունից մի հանեք։
- ― Այստեղ ամեն ինչ գրի է առնված, կոմս։ Ամենը, ինչ վերաբերում է Բլիմերի ողջ կալվացքը ձեզ թողած պառավ միսիս Հարոլդի սպանությանը, որի փողերն այնպես արագ տանուլ տվեցիք։
- ― Դա ինչ բարբաջանք է։
- ― Եվ միս Մինի Ուորենդերի ողջ պատմությունը։
- ― Վերջացրեք։ Դուք դրանից ոչ մի բան չեք քամի։
- ― Եվ ուրիշ շատ բաներ, կոմս։ Կողոպուտ ճեպընթացում՝ 1892 թ․ փետրվարի 12-ին, Րիվիերայի ճանապարհին։ Եվ Լիոնի բանկի չեկի կեղծումը հենց նույն տարում։
- ― Դուք այդտեղ արդեն սխալվում եք։
- ― Ուրեմն, ես չեմ սխալվել մնացած բաներում։ Լսեք, կոմս, դուք չէ որ թուղթ խաղում եք։ Ինչ իմաստ ունի խաղը շարունակել, եթե գիտեք, որ ձեր հակառակորդի ձեռքին են բոլոր հաղթաթղթերը։
- ― Ի՞նչ կապ ունի այս ամբողջ շատախոսությունը թանկարժեք քարի հետ։
- ― Համբերություն, կոմս։ Չափավորեք ձեր հետաքրքրասիրությունը։ Այս բոլոր հանցանշանները ձեր դեմ են։ Բայց, միաժամանակ, նաև անվիճելի հանցանշաններ ունեմ ադամանդի գործով ձեր և ձեր թիկնապահի դեմ։
- ― Ի՞նչ հանցանշաններ։
- ― Նախ, այն կառապանի ցուցմունքը, որի հետ գնացել եք Ուայթհոլ, և հետո՝ այն կառապանի, որը ձեզ հետ է բերել։ Երկրորդ ցուցափեղկի մոտ ձեզ տեսած բարապանի ցուցմունքը։ Եվ, վերջապես, ես ունեմ Այկի Սանդերսի ցուցմունքը, որը հրաժարվել է կտրել ձեր քարը։ Այկին մատնել է ձեզ, այնպես որ, խաղը տանուլ է տրված։
- Կոմսի ճակատի երակները ցցվեցին։ Աշխատելով խեղդել հուզմունքը, նա ջղաձգորեն սեղմեց մազոտ, թուխ ձեռքերը։ Փորձեց խոսել, բայց լեզուն չէր ենթարկվում իրեն։
- ― Ահա իմ խաղաթղթերը։ Ես դրանք բացեցի ձեր առջև։ Բայց մի խաղաթուղթ պակասում է։ Պակասում է միայն ադամանդի թագավորը։ Ես չգիտեմ, որտեղ է քարը։
- Եվ երբեք չեք իմանա։
- ― Դուք այդպե՞ս եք կարծում։ Խելամիտ եղեք, կոմս։ Ծանր ու թեթև արեք բոլոր հանգամանքները։ Ձեզ քսան տարի կնեստեցնեն։ Այնպես, ինչպես և Սեմ Մերթոնին։ Քարից ձեզ ի՞նչ օգուտ։ Ոչ մի։ Բայց եթե այն վերադարձնեք, ես խոստանում եմ, որ գործը դատի չի հասնի։ Ոչ դուք, ոչ Սեմը մեզ հարկավոր չեք։ Մեզ միայն քարն է պետք։ Տվեք այն, և եթե դուք ձեզ լավ պահեք, ես երաշխավորում եմ ձեր ազատությունը։ Բայց եթե դուք նորից բռմվեք, դա ձեր վերջը կլինի։ Սակայն այժմ ինձ հանձնարարված է քարը ձեռք գցել և ոչ թե ձեզ։
- ― Իսկ եթե ես չհամաձայնեմ։
- ― Դե ինչ, այդ դեպքում ստիպված կլինեմ ձեզ տանել և ոչ թե քարը։
- Հոլմսը զանգը տվեց, և ներս մտավ Բիլին։
- ― Կոմս, կարծում եմ, վատ չէր լինի այս խորհրդակցությանը հրավիրել և ձեր բարեկամ Սեմին։ Այսպես թե այնպես, նա ևս շահագրգռված կողմ է։ Բիլի, փողոցում, մուտքի մոտ, դուք կտեսնեք անճոռնի, հսկա մի ջենտլմենի։ Խնդրեք նրան այստեղ գա։
- ― Իսկ եթե նա հրաժարվի՞, սըր։
- ― Ոչ մի բռնություն, Բիլի։ Նրա հետ կոպիտ մի վարվեք։ Եթե դուք ասեք, որ իրեն կանչում է կոմս Սիլվիուսը, նա անպայման կգա։
- ― Ի՞նչ եք պատրաստվում անել, ― հարցրեց կոմսը, հենց որ Բիլին դուրս եկավ։
- ― Ես հենց նոր ընկերոջս՝ Ուոտսոնին ասացի, որ մի շնաձուկ և մի խարակաձուկ են իմ ցանցը ընկել։ Հիմա ես ձգում եմ ցանցը, և երկու ձկներն էլ ջրի երես են դուրս գալիս։
- Կոմսը վեր ելավ աթոռից՝ ձեռքը մեջքին։ Հոլմսը ձեռքը մտցրեց խալաթի գրպանը։
- ― Ձեզ վիճակված չէ անկողնում մեռնել, Հոլմս։
- ― Այո, ես արդեն մեկ անգամ չէ, որ մտածել եմ այդ մասին։ Բայց մի՞թե դա այդքան կարևոր է։ Ըստ երևույթին, կոմս, դուք ևս մահը կընդունեք ոչ հորիզոնական, այլ ուղղահայաց դիրքով։ Սակայն այս բոլոր մռայլ տեսությունները միայն տրամադրություն են փչացնում։ Ավելի լավ չե՞ր լինի անհոգ վայելեինք այս օրը։
- Հանցագործ աշխարհի արքայի մուգ թշնամական աչքերն անսպասելիորեն բռնկվեցին, ինչպես իսկական գիշատիչի աչքեր։ Հոլմսը ողջ էությամբ լարված էր և պատրաստ ցանկացած պահին հարվածը ետ մղելու․ թվում էր, թե նա դրանից ավելի բարձրահասակ էր դարձել։
- ― Չարժե ատրճանակը շոշափել, բարեկամս, ― հանգիստ ասաց նա։ ― Դուք շատ լավ գիտեք, որ չեք համարձակվի գործի դնել դա, եթե նույնիսկ ես ձեզ ժամանակ տամ դուրս քաշելու այն։ Դրանով գլուխդ փորձանքից չես ազատի։ Դրանք այնքան աղմուկ են բարձրացնում, կոմս։ Ավելի լավ է օգտվեք անաղմուկ հրացանից։ Իսկ ես կարծես լսում եմ ձեր արժանի ընկերակցի թեթև քայլքը։ Բարի օր, միստր Մերթոն։ Ձանձրալի է փողոցում սպասելը, չէ՞։
- Բացառիկ բռնցքամարտիկ, հաստամարմին մի երիտասարդ, հիմար, համառ և անտաշ դեմքով, անշնորհք կանգ առավ դռների մեջ՝ շփոթված նայելով շուրջը։ Հոլմսի սիրալիր տոնը շփոթեցրեց նրան, և, չնայած Սեմը աղոտ կերպով այդ տոնի մեջ թշնամություն զգաց, այնուամենայնիվ, չգիտեր, թե իրեն ինչպես պահի։ Նա շրջվեց իր ավելի խորաթափանց ընկերոջ կողմը։
- ― Ի՞նչ է այստեղ կատարվում, կոմս։ Ի՞նչ է նրան հարկավոր։ Ի՞նչ է եղել։ ― Նրա ձայնը խուլ ու խռպոտ հնչեց։
- Կոմսը վեր քաշեց ուսերը։ Նրա փոխարեն Սեմին պատասխանեց Հոլմսը։
- ― Եթե կարճ ասենք, միստր Մերթոն, ձեր գործը տանուլ է տրված։
- Բռնցքամարտիկը շարունակեց դիմել իր մեղսակցին։
- ― Նա կատակու՞մ է, ինչ է։ Հիմա ես կատակելու ժամանակ չունեմ։
- ― Դա միանգամայն հասկանալի է, ― ասաց Հոլմսը։ ― Եվ, հավատացնում եմ ձեզ, որ մի երկու ժամից դուք ավելի քիչ տրամադրված կլինեք կատակելու։ Ահա թե ինչ, կոմս Սիլվիուս։ Ես զբաղված մարդ եմ և չեմ կարող իզուր տեղը ժամանակ վատնել։ Հիմա ես կանցնեմ ննջասենյակ։ Խնդրում եմ իմ բացակայության ժամանակ չկաշկանդվեք։ Առանձ ինձ ձեզ ավելի հեշտ կլինի բացատրել ձեր ընկերոջը, թե ինչ վիճակում է գործը։ Այդ ընթացքում ես ջութակ կնվագեմ, բարկարոլա՝ «Հոֆմանի հեքիաթներից»։ Հինգ րոպեից ես կվերադառնամ վերջնական պատասխանի համար։ Հուսով եմ, դուք բավականին պարզ գիտակցեցիք, որ պետք է ընտրեք երկուսից մեկը՝ կամ մենք ձեզ կձերբակալենք կամ քարը կվերցնենք։
- Հոլմսը հեռացավ, իր հետ տանելով անկյունում դրված ջութակը։ Մի րոպե անց ննջասենյակի փակ դռան ետևից լսվեց հիշյալ երաժշտության գթաշարժ մեղեդին։
- ― Ի՞նչ է եղել, ― հարցրեց Մերթոնը, երբ նրա բարեկամը շրջվեց իր կողմը։ ― Ի՞նչ է, նա գիտե՞ քարի մասին։
- ― Անիծյալ լինի նա։ Բավականին շատ բան գիտե և հնարավոր է՝ ամեն ինչ։
- ― Սատանա։ ― Բռնցքամարտիկի դեղնավուն դեմքը թեթևակի գունատվեց։
- ― Մեզ մատնել է Այկի Սանդերսը։
- ― Այկի՞ն։ Դե, սպասիր, ես նրա վիզը կոլորեմ, թեկուզ դրա համար ինձ կախեն։
- ― Դրանից ոչինչ չենք շահի։ Պետք է որոշենք մեր անելիքը։
- ― Սպասիր, ― ասաց բռնցքամարտիկը, կասկածամտորեն նայելով ննջասենյակի դռանը։ ― Այդ խորամանկ աղվեսի հետ պետք է չափազանց զգույշ լինել։ Նա մեզ ականջ չի՞ դնում։
- ― Ինչպե՞ս կարող է ականջ դնել, երբ նվագում է։
- ― Դա ճիշտ է։ Իսկ ոչ մեկը չկա՞ վարագույրի ետևվում։ Այստեղ մի քիչ շատ են վարագույրները։
- Բռնցքամարտիկը սկսեց շուրջը նայել և հանկարծ պատուհանի մոտ նկատեց մանեկենը։ Համր զարմանքով հայացքը հառեց նրան, ուժ չունենալով բառ իսկ ասելու։
- ― Դա մոմե տիկնիկ է, ուրիշ ոչինչ, ― բացատրեց կոմսը։
- ― Նմանակն է, հա՞։ Բայց հիանալի է, տիկին Տյուսոյի մտքովն էլ չէր անցնի։ Ոնց որ կենդանի լինի, և՛ խալաթն է նման, և՛ մնացած ամեն ինչը։ Բայց գրողը տանի այս վարագույրները, կոմս։
- ― Գրողի ծոցը վարագույրները, մենք միայն զուր ժամանակ ենք կորցնում, իսկ ժամանակ քիչ ունենք։ Նա կարող է մեզ ձերբակալել այդ քարի համար։
- ― Չէ մի։
- ― Բայց եթե ասենք որտեղ է քարը, նա մեզ բաց կթողնի։
- ― Էլ ինչ․․․ Հրաժարվել հարյուր հազար ֆունտ արժողությամբ քարից։
- ― Ուրիշ ելք չկա։
- Մերթոնը քորեց խուզած գլուխը։
- ― Լսիր, չէ որ նա այստեղ մենակ է։ Թրխկացնենք նրան և վերջ։ Եթե մենք նրան վերջ տանք, էլ ոչնչից չենք վախենա։
- Կոմսը տարուբերեց գլուխը։
- ― Նա զինված է և զգաստ։ Եթե խփենք նրան, մեզ դժվար թե հաջողվի այստեղից դուրս պրծնել։ Բացի այդ, նա, հավանաբար, հասցրել է իր տեղեկուցյունները հայտնել ոստիկանությանը։ Սպասիր։ Սա ի՞նչ է։
- Նրանք թույլ ձայն լսեցին, որ կարծես պատուհանի կողմից էր։ Երկուսով վեր թռան, բայց ամեն ինչ խաղաղ էր։ Եթե չհաշվենք բազկաթոռի միջի տարօրինակ կերպարանքը, սենյակում իրենցից բացի ոչ ոք չկար։
- ― Փողոցից է, ― ասաց Մերթոնը։ ― Ուրեմն լսիր շեֆ, դու ուսերիդ գլուխ ունես։ Հարկավոր է մի բան մտածել։ Քանի որ չի կարելի բռունցքները գործի դնել, այդ դեպքում դու որոշիր, ինչպես վարվել։
- ― Սրա նմանների՞ն եմ խաբել, ― պատասխանեց կոմսը։ ― Քարն ինձ մոտ է։ Գաղտնի գրպանում։ Ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի այն ուրիշ տեղ թողնել։ Այս գիշեր հնարավոր կլինի ուղարկել Ամստերդամ, իսկ այնտեղ մինչև կիրակի կհասցնեն չորս մասի բաժանել։ Նա ոչինչ չգիտի Վան Սեդարի մասին։
- ― Ես կարծում էի, որ Վան Սեդարը կմեկնի եկող շաբաթ։
- ― Նա պետք է հաջորդ շաբաթ մեկներ, բայց հիմա հարկ կլինի մեկնել առաջին իսկ շոգենավով։ Մեզնից որևէ մեկը պետք է քարով սողոսկի Լայմ-սթրիթ և զգուշացնի նրան։
- ― Կրկնակի հատակը դեռ պատրաստ չէ։
- ― Ոչինչ չես կարող անել։ Հարկ կլինի համարձակության դիմել և հենց այդպես տանել։ Ոչ մի րոպե կորցնել չի կարելի։
- Եվ կրկին, ինչպես որսորդ, որ սովոր է զգուշության, նա լռեց և աչքերը հառեց պատուհանին։ Այո, այդ թույլ ձայնը, անկասկած, փողոցից էր գալիս։
- ― Իսկ Հոլմսին հեշտ է խաբելը։ Այդ հիմարը, գրողը նրան տանի, ասաց, որ ինքը մեզ ձեռք չի տա, եթե քարը ստանա։ Դե, մենք էլ կխոստանանք տալ քարը։ Կտանենք նրան կեղծ հետքով, իսկ մինչ կռահի ինչն ինչոց է, քարն արդեն կլինի Հոլանդիայում, իսկ մենք՝ արտասահմանում։
- ― Այ, դա հիանալի է, ― բավարարված քմծիծաղեց Սեմ Մերթոնը։
- ― Դու կգնաս հոլանդացու մոտ և կասես, որ շտապի, իսկ ես ինձ վրա կվերցնեմ կարճամտի աչքերին թոզ փչելը։ Ես նրան կասեմ, որ քարը Լիվերպուլում է։ Գրողը տանի այս երաժշտությունը, ազդում է նյարդերիս վրա։ Մինչև Հոլմսը պարզի, որ քարը Լիվերպուլում չէ, այն կբաժանվի չորս մասի, իսկ մենք կլինենք բաց ծովում։ Մոտ եկ, թե չէ դու երևում ես բանալու անցքից։ Ահա քարը։
- ― Դու ինչպե՞ս չես վախենում հետդ ման տալուց։
- ― Այսպես ավելի հուսալի է։ Եթե մենք խորամանկորեն այն թռցրինք Ուայթհոլից, ապա իմ բնակարանից այն ցանկացած մարդ կթռցնի։
- ― Թույլ տուր նայեմ։
- Կոմս Սիլվիուսը ուշադրություն չդարձնելով իրեն մեկնած կեղտոտ ձեռքին, մեղսակցի վրա ոչ այնքան խրախուսող հայացք նետեց։
- ― Արդյո՞ք չես կարծում, թե ես պատրաստվում եմ քեզ ֆռացնել։ Դե, ուրեմն, նկատի ունեցեք, կոմս, ինձ արդեն սկսում են ձանձրացնել ձեր կատակները։
- ― Դե լավ, լավ, Սեմ, մի նեղանա։ Պետք չէ հիմա վիճել։ Եթե ցանկանում ես ինչպես հարկն է զննել այս գեղեցկությունը, եկ այստեղ՝ պատուհանի մոտ։ Ահա, լույսին պահիր։
- ― Շնորհակալ եմ։
- Մի ակնթարթում Հոլմսը թռավ բազկաթոռից, ուր քիչ առաջ դրված էր մանեկենը, և հափշտակեց ադամանդը։ Նա մի ձեռքում սեղմել էր քարը, մյուսով՝ ատրճանակը և նշան էր բռնել կոմսի գլխին։ Լիովին շփոթված, երկու սրիկաները ետ նահանջեցին։ Մինչ նրանք կհասցնեին սթափվել, Հոլմսը սեղմեց էլեկտրական զանգի կոճակը։
- ― Մտքներովդ չանցնի դիմադրել։ Ջենտլմեններ, աղաչում եմ ձեզ, խնայեք կահույքը։ Ձեզ համար պարզ պետք է լինի, որ ձեր դրությունը անհուսալի է։ Ոստիկանությունը սպասում է ներքևում։
- Կոմսն այնքան շշմած էր, որ չարությունն ու վախը նահանջել էին երկրորդ պլան։
- ― Բայց գրողը տանի, ինչպե՞ս, ― խռպոտ ձայնով հարցրեց նա։
- ― Ձեր զարմանքը միանգամայն բնական է։ Դուք չգիտեք, որ այս վարագույրի ետևում ննջարան տանող մի դուռ էլ կա։ Եթե չեմ սխալվում, դուք պետք է լսած լինեիք, թե ես ինչպես վերցրի մանեկենը բազկաթոռից։ Բայց իմ բախտը բերեց, և ես լսեցի ձեր սիրալիր խոսակցությունը, որը, եթե իմանայիք իմ ներկայության մասին, այնքան էլ անկեղծ չէր ստացվի։
- Կոմսը կանգնած էր զինաթափված մարդու տեսքով։
- ― Դուք հաղթեցիք, Հոլմս։ Իմ կարծիքով, դուք իսկական սատանա եք։
- ― Շատ հնարավոր է, ― քաղաքավարությամբ ժպտալով պատասխանեց Հոլմսը։
- Ուշ հասկացող Սեմ Մերթոնն անմիջապես գլխի ընկավ, թե ինչ կատարվեց։ Եվ միայն այն ժամանակ, երբ աստիճանների վրա լսվեցին ծանր քայլերի ձայներ, նա վերջապես վերստացավ խոսելու ունակությունն և ասաց․
- ― Հաստատ փարավոններն են։ Բայց ես ահա թե ինչը չեմ հասկանում․ չէ որ այդ անիծյալ ջութակը դեռ ճղղում է։
- ― Դուք միանգամայն իրավացի եք, ― պատասխանեց Հոլմսը, ― թող նվագի։ Այս ժամանակակից գրամաֆոնները հիանալի հայտնագործություն են։
- Սենյակ ներխուժեցին ոստիկանները, շրխկացրին ձեռնաշղթաները, և հանցագործներին ուղեկցեցին դեպի սպասող կառքը։ Ուոտսոնը մնաց շնորհավորելու Հոլմսին՝ նրան զարդարող դափնեպսակին ավելացած նոր տերևի առթիվ։ Նրանց խոսակցությունը կրկին ընդհատվեց, երբ մատուցարանը ձեռքին ներս մտավ Բիլին։
- ― Լորդ Քանթլմիրը, սըր։
- ― Ուղեկցեք նրան այստեղ, Բիլի։ Նա օգոստոսափառ անձնավորության հետաքրքրությունները ներկայացնող հռչակավոր պեր է, ― ասաց Հոլմսը։ ― Միապետին հավատարիմ և հիանալի մարդ, բայց, եթե կարելի է այսպես արտահայտվել, մի փոքր հետամնաց։ Ստիպե՞նք նրան ավելի բարեհամբյուր լինել։ Մեզ մի փոքր ազատություն թույլ տանք, հա՞։ Նա, իհարկե, դեռ ոչինչ չգիտե պատահածի մասին։
- Դուռը բացվեց, և շեմին հայտնվեց նուրբ, ձգված մի կերպարանք, կուպրի նման սև, միջին վիկտորիանական ոճի այտամորուսով, որը չէր համապատասխանում թեք ընկած ուսերին և անվստահ, ծերունական քայլվածքին։ Հոլմսը սիրալիր մոտեցավ ներս մտնողին և սեղմեց նրա ծերունական ձեռքը։
- ― Բարի օր, լորդ Քանթլմիր։ Ամառվա համար այսօր ցուրտ է։ Բայց սենյակում շատ տաք է։ Թույլ տվեք օգնեմ ձեզ վերարկուն հանել։
- ― Շնորհակալ եմ։ Ես հանվելու մտադրություն չունեմ։
- ― Թույլ տվեք, ես կօգնեմ ձեզ, ― համառորեն շարունակրց Հոլմսը՝ բռնելով լորդի թևը։ ― Ընկերս՝ Ուոտսոնը, կհաստատի, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները արտակարգ վնասակար են։
- Նորին պայծառափայլությունը ձեռքերը զայրացած ետ քաշեց։
- ― Այսպես ինձ հարմար է և չեմ էլ պատրաստվում երկար մնալ։ Մտա, որ իմանամ, թե ինչպես է ընթանում կամովին ձեր հանձն առած գործը։
- ― Դժվար է․․․ Շատ դժվար։
- ― Ես գիտեի, որ այդպես կասեք։
- Ծեր լորդի խոսքում և ձայնի ելևեջներում ակնհայտորեն ծաղրանք էր զգացվում։
- ― Վաղ թե ուշ յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ իր հնարավորությունները սահմանափակ են, միստր Հոլմս։ Բայց, ծայրահեղ դեպքում, դա մեզ բուժում է ինքնավստահությունից՝ մարդկանց այնքան հատուկ արատից։
- ― Խոստովանում եմ, սըր, մոլորության մեջ եմ։
- ― Դա միանգամայն բնական է։
- ― Ինձ հատկապես անհանգստացնում է մի հանգամանք։ Կարո՞ղ եմ արդյոք ձեր օգնության վրա հույս դնել։
- ― Խորհրդի համար ուշ եք դիմուոմ։ Ինձ թվում էր, որ դուք սովոր եք կյանքի բոլոր պարագաներում հույսը դնել ձեր խելքի վրա․․․ Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ձեզ օգնել։
- ― Հասկանում եք, լորդ Քանթլմիր, մենք, իհարկե, կարող ենք մեղադրանք հարուցել քարի իսկական հափշտակիչների դեմ։
- ― Եթե դուք նրանց բռնեք։
- ― Իհարկե։ Բայց ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք թաքցնողի նկատմամբ։
- ― Վաղաժամ չէ՞, արդյոք նման հարցեր տալը։
- ― Այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է նախօրոք մտածել։ Ձեր կարծիքով, այդպիսի հանցանշանների դեպքում ու՞մ կարելի է մեղավոր համարել։
- ― Նրան, ում մոտ կհայտնաբերվի քարը։
- ― Եվ դուք դա բավարար հիմք կընդունե՞ք ձերբակալելու համար։
- ― Անշուշտ։
- Հոլմսը հազվադեպ էր ծիծաղում, բայց Ուոտսոնի ասելով, նա այդ րոպեին, ավելի քան երբևէ, պատրաստ էր ծիծաղել։
- ― Այդ դեպքում, թանկագին սըր, որքան էլ ցավալի լինի, ես ստիպված եմ պահանջելու ձեր ձերբակալությունը։
- ― Դուք շատ առաջ գնացիք, միստր Հոլմս, ― լուրջ զայրացավ լորդ Քանթլմիրը, և նրա դեղնավուն այտերը շառագունեցին վաղուց հանգած կրակով։ ― Իմ հասարակական գործունեության հիսուն տարիների ընթացքում նման բան չեմ լսել։ Ես լուրջ մարդ եմ, ինձ վրա դրված են լուրջ հանձնարարաություններ և հիմար կատակներ լսելու ժամանամկ չունեմ։ Ձեզ անկեղծ կասեմ, սըր, ես երբեք չեմ հավատացել ձեր տաղանդին և, ըստ իս, ավելի լավ կլիներ, եթե գործը հանձնարարեին պաշտոնական ոստիկանությանը։ Ձեր վարքը հաստատում է, որ ես ճիշտ եմ։ Պատիվ ունեմ ձեզ բարի գիշեր մաղթելու։
- Բայց Հոլմսը կանգնելով լորդի և դռան արանքում, փակեց ճանապարհը։
- ― Սպասեք, սըր։ Ոչինչ, որ դուք Մազարինիի քարի ժամանակավոր տերն եք հանդիսանում։ Բայց եթե այստեղից քարով դուրս գաք, դա կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։
- ― Սըր, դուք անհանդուրժելի եք դառնում։ Թույլ տվեք անցնել։
- ― Սկզբում մտցրեք ձեռքը ձեր վերարկուի աջ գրպանը։
- ― Դա ի՞նչ է նշանակում, սըր։
- ― Մի վիճեք, սըր, այլ ենթարկվեք։
- Հաջորդ ակնթարթին զարմացած պերը, աչքերը թարթելով և ինչ-որ անհասկանալի բան մրթմրթալով, կանգնած էր Հոլմսի առաջ՝ դողացող ձեռքում բռնած մեծ և դեղին ադամանդը։
- ― Բայց ինչպես թե․․․ Ինչպես թե, միստր Հոլմս։
- ― Սարսափելի է․․․ Սարսափելի, լորդ Քանթլմիր, ― բացականչեց Հոլմսը։ ― Իմ վաղեմի ընկեր դոկտոր Ուոտսոնը ձեզ կասի, որ ես պաշտում եմ նման միստիֆիկացիաները։ Եվ բացի այդ, ես թուլություն ունեմ դրամատիկական իրավիճակների նկատմամբ։ Մեր խոսակցության սկզբում քարը ես դրեցի ձեր գրպանը, որն, իհարկե, մեծ անպարկեշտություն էր իմ կողմից։
- Ծեր պերը հայացքը քարից տեղափոխեց Հոլմսի ժպտացող դեմքին։
- ― Ես, իսկապես, շփոթահար եմ, սըր։ Բայց սա․․․ սա իսկապես Մազարինիի քարն է։ Մենք անչափ պարտական ենք ձեզ, միստր Հոլմս։ Կարող է պատահել, ինչպես նկատեցիք, մի փոքր յուրօրինակ կատակելու սովորություն ունեք դուք և բավական անհաջող ժամանակ եք ընտրում դրա համար։ Բայց ես ամբողջապես ետ եմ վերցնում նկատողությունս, որը թույլ տվեցի ձեր՝ խուզարկուի շշմեցուցիչ ընդունակության նկատմամբ։ Բայց ինչպե՞ս գտաք սա։
- ― Գործը դեռ անավարտ է։ Եվ մանրամասներն էլ այնքան էական չեն։ Չեմ կարծում, լորդ Քանթլմիր, թե այն հաճույքը, որը ձեզ կպարգևի գործի բարեհաջող ավարտի մասին բարձր շրջանակներում հայտնելու հնարավորությունը, իմ անհարկի կատակի որոշակի հատուցումը կլինի։ Բիլի, ուղեկցեք նորին պայծառափայլությանը և ասեք միսիս Հադսոնին, որ ես ուրախ կլինեմ, եթե նա որքան հնարավոր է շուտ,երկու