Նրանց կենացը, ովքեր ճանապարհին են

Գրապահարան-ից
14:07, 12 Դեկտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նրանց կենացը, ովքեր ճանապարհին են

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

— Էլի՛ լցրու։

— Լսիր, Քիդ, իսկ շատ թունդ չի՞ լինի։ Առանց այն էլ վիսկիի և սպիրտի խառնուրդը բավական թունդ է, եթե վրան էլ կոնյակ ու պղպեղօղի ավելացնենք...

— Լցրո՛ւ, ասում եմ։ Ո՞վ է փունշ պատրաստողը, ե՞ս թե դու։— Գոլորշու քուլաների միջից երևում էր, որ Մեյլմյութ Քիդը բարեհոգությամբ ժպտում է։— Տղաս, որ իմ չափ կապրես այս երկրում և ամեն օր նույն չորացրած, սաղմոնը կուտես, այն ժամանակ կհասկանաս, որ տարեկան մեկ անգամ է ծնունդ լինում։ Իսկ ծնունդը առանց փունշի նույնն է, ինչ ոսկու հանքը առանց մի կտոր ոսկու։

— Ճիշտ խոսքին ինչ ասես, — վրա բերեց Ջիմ Բելդենը, որը ծննդյան տոնն անցկացնելու համար այստեղ էր եկել Մեյզի-Մեյում գտնվող իր հողամասից։ Բոլորը գիտեին, որ Մեծ Ջիմը վերջին երկու ամիսներին միայն եղջերվի մսով է սնվել։ — Իսկ դու հիշո՞ւմ ես, թե ինչ քեֆ սարքեցինք թանանա ցեղի համար։ Կարծում եմ՝ չես մոռացել։

— Իհարկե, ոչ։ Տղերք, ծիծաղից կպայթեիք, եթե տեսնեիք, թե ինչպես ամբողջ ցեղը հարբած իրար գզեց, իսկ խմիչքը պարզապես եփած շաքար էր՝ թթխմորի հետ խառնած։ Դա քո գալուց առաջ էր,— դիմեց Մեյլմյութ Քիդը երիտասարդ լեռնային ինժեներ Սթենլի Փրինսին, որը երկու տարի էր, ինչ ապրում էր այստեղ։— Հասկանո՞ւմ ես, ամբողջ երկրում ոչ մի սպիտակ կին չկար, իսկ Մեյսոնն ուզում էր ամուսնանալ։ Ռուֆիի հայրը թանանա ցեղի առաջնորդն էր և չէր ուզում նրան կնության տալ Մեյսոնին, և ցեղն էլ չէր ուզում։ Դժվար խնդիր էր։ Եվ ահա՝ ես գործի դրեցի իմ վերջին մի ֆունտ շաքարը։ Կյանքումս դրանից թունդ բան չէի պատրաստել։ Ա՜յ թե ընկան մեր հետևից, և՛ ափին, և՛ գետի միջով։

— Լավ, իսկ սքվոն ի՞նչ եղավ,— հետաքրքրվեց Լուի Սավոյը՝ Կանադայից եկած բարձրահասակ ֆրանսիացին։ Նա դեռ անցյալ տարի Քառասուներորդ Մղոնում լսել էր այդ խիզախ արարքի մասին։

Մեյլմյութ Քիդը, որ պատմելու բնածին շնորհք ուներ, սկսեց շարադրել այդ հյուսիսային Լոքինվարի ճշմարտացի պատմությունը։ Եվ նրան լսելիս՝ արկած որոնողները զգում էին, թե ինչպես սրտները սեղմվում են Հարավի արևոտ հողերի կարոտից, որտեղ կյանքը ավելին էր խոստանում, քան անարդյունք պայքարը սովի ու մահվան դեմ։

-- Յուքոնն անցանք, երբ սառույցը նոր էր շարժվել,— եզրփակեց Քիդը,— իսկ հնդկացիները քառորդ ժամով ետ մնացին։ Եվ դա մեզ փրկեց. սառույցն արդեն շարժվում էր ամբողջ գետով, ճանապարհը կտրված էր։ Երբ նրանք, վերջապես, հասան Նուքլուկայտո, ամբողջ կայանն արդեն պատրաստ ոտքի վրա էր։ Իսկ հարսանիքի մասին հայր Ռուբոյից հարցրեք, պսակողը նա էր։

Քահանան ծխամորճը հանեց բերանից ու պատասխանի փոխարեն հայրական բարեհոգությամբ ժպտաց, իսկ մնացածը՝ և՛ բողոքականները, և՛ կաթոլիկները, ոգևորված ծափահարում էին։

— Աստված վկա, չտեսնված բան է,— բացականչեց Լուի Սավոյը, որին, ըստ երևույթին, հափշտակել էր այդ ռոմանտիկ պատմությունը։-- La petite սքվո։ Mon Mason brave: Չտեսնված բան է։

Երբ փունշով լցված անագե բաժակները առաջին անգամ շրջան կատարեցին, անհանգիստ Բեթլզը վեր թռավ տեղից և սկսեց սեղանի իր սիրելի երգը.

Բիչեր Հենրին առնացի Ուսուցչի հետ դպրոցի Բուժիչ ջուր են պատրաստում, Խմում շշից սովորական։

Բայց թե կարող եք երդվել՝ Չի՛ հաջողվի մեզ խաբել, Այդ շշի մեջ կապտագույն Բուսաջուր չէ՛ բժշկական։

Եվ քեֆ անողները խմբովին կրկնեցին բարձրագոչ.

Այդ շշի մեջ կապտագույն Բուսաջուր չէ բժշկական։

Մեյլմյութ Քիդի սարքած շատ թունդ խառնուրդը իր գործը տեսավ, նրա կենարար ջերմության ազդեցությունից լեզուները բացվեցին, ու սեղանի շուրջը ծայր առան կատակներ, երգեր, գլխով անցած արկածների պատմություններ։ Նրանք, որ եկել էին տարբեր երկրներից, խմում էին բոլորի և յուրաքանչյուրի կենացը։ Անգլիացի Փրինսը բաժակ բարձրացրեց «Նոր Աշխարհի վաղահաս մանուկ քեռի Սեմի» կենացը, յանկի Բեթլզը՝ Անգլիայի թագուհու կենացը՝ «աստված պահի նրան», իսկ ֆրանսիացի Սավոյը և գերմանացի մեծագնորդ Մայերսը բաժակ բաժակի խփեցին Էլզաս-Լոթարինգիայի կենացը։

Հետո բաժակը ձեռքին վեր կացավ Մեյլմյութ Քիղը և, մի հայացք գցելով լուսամուտին, որի ապակիներին սառցի հաստ շերտով պատած յուղաթուղթն էր փոխարինում, ասաց.

— Խմենք նրանց կենացը, ովքեր այս գիշեր ճանապարհին են։ Այն բանի կենացը, որ նրանց ուտելիքը չպակասի, որ նրանց շները չտկարանան, որ նրանց լուցկիները չխոնավանան։

Հանկարծ լսվեցին ծանոթ ձայներ, մտրակի շաչյուն, շների սուր հաչոց և տնակին մոտեցող սահնակի ճռինչ։ Խոսակցությունն ընդհատվեց, բոլորը սպասում էին անցորդին։

— Աշխարհ տեսած մարդ է։ Նախ շների մասին է հոգում, հետո՝ իր,— շշնջաց Մեյլմյութ Քիդը Փրինսին։ Ծնոտների կափկափյունը, շների մռնչոցն ու աղեկտուր կլանչոցը նրա փորձված ականջին ասում էին, որ անծանոթը վռնդում է ուրիշ շների և կերակրում է իր շներին։

Վերջապես դուռը ծեծեցին՝ կտրուկ, վստահ։ Անցորդը ներս մտավ։ Լույսից աչքերը կկոցելով՝ նա մի պահ կանգնեց շեմին, այնպես, որ բոլորը հնարավորություն ունեցան զննելու նրան։ Նա իր բևեռային մորթե հագուստի մեջ շատ գեղեցիկ էր երևում՝ վեց ոտնաչափ հասակ, լայն թիկունք, հզոր կուրծք։ Նրա մաքուր սափրված դեմքը կարմրել էր սառնամանիքից, հոնքերն ու երկար թարթիչները ծածկվել էին եղյամով։ Գայլի մորթուց կարված կնգուղի կոճակներն արձակելով՝ կանգնել էր նա գիշերվա խավարից հայտնված ձյունե արքայի նման։ Ուլունքներով ասեղնագործված գոտկից, որը կապված էր բաճկոնի վրա, ցցվել էին երկու մեծ ատրճանակները և որսորդական դանակը, իսկ ձեռքում, անբաժան մտրակից բացի, բռնել էր խոշորատրամաչափի մի նորատիպ հրացան։ Երբ ավելի մոտեցավ, ապա, չնայած նրա վստահ քայլերին, բոլորը տեսան, թե որքան հոգնած է նա։

Վրա հասած անհարմար լռությունը շուտով խզվեց նրա սրտագին բառերից՝ «Օհո , ձեզ մոտ ուրախ է, տղերք»,— և Մեյլմյութ Քիդը անմիջապես սեղմեց նրա ձեռքը։ Նրանք երբեք չէին հանդիպել, բայց իրար ճանաչում էին լսածով։ Նախքան հյուրը կբացատրեր, թե ինքն ո՞ւր է գնում և ինչո՞ւ, նրան ծանոթացրին բոլորի հետ ու ստիպեցին մի բաժակ փունշ խմել։

— Վաղո՞ւց են այստեղով երեք հոգի անցել ութ շուն լծած սահնակով,— հարցրեց նա։

— Երկու օր առաջ։ Նրա՞նց եք հետապնդում։

— Այո՛, դա իմ շնալծվածքն է։ Հենց քթիս տակից փախցրին սրիկաները։ Արդեն երկու օր շահել եմ, հաջորդ իջևանամեջ տարածությունում կհասնեմ նրանց։

— Կարծում եք առանց կռվի գործը գլուխ չի՞ գա,— հարցրեց Բելդենը, որպեսզի խոսակցությունը շարունակի, մինչև Մեյլմյութ Քիդը սուրճ կեփեր և խոզաճարպ ու եղջերվի միս կտապակեր։

Անծանոթը բազմանշանակալից ձեռքը խփեց իր ատրճանակներին։

— Ե՞րբ եք դուրս եկել Դոուսոնից։

— Տասներկուսին։

— Երե՞կ,— հարցրեց թելդենը, չկասկածելով պատասխանին։

— Այսօր։

Զարմանքի շշուկ անցավ, հանա՞ք բան է, տասներկու ժամում յոթանասունհինգ մղոն անցնել սառցակալած գետի վրայով։

Շուտով խոսակցությունն ընդհանուր դարձավ․ այն պտրտվում էր մանկական հիշողությունների շուրջը։ Մինչ երիտասարդը իր համեստ ընթրիքն էր անում, Մեյլմյութ Քիդը ուշադիր ուսումնասիրում էր նրա դեմքը։ Այդ դեմքը, որ անմիջապես դուր եկավ նրան, հաճելի էր, ազնիվ ու անկեղծ։ Ծանր աշխատանքն ու զրկանքներն արդեն հասցրել էին իրենց հետքը թողնել նրա վրա։ Երկնագույն աչքերը ուրախ էին ու բարի ընկերական զրույցի ժամանակ, բայց զգացվում էր, որ դրանք պողպատի փայլով են բռնկվում, երբ հարկ է լինում գործել, և առանձնապես վճռական պահին։ Զանգվածային ծնոտը ու քառակուսի կզակը խոսում էին նրա հաստատակամ և անզուսպ բնավորության մասին։ Սակայն ուժեղ մարդու այս հատկանիշների հետ մեկտեղ նրա մեջ կար և ինչ-որ գրեթե կանացի մեղմություն, որը մատնում էր նրա դյուրազգաց լինելը։

— Այսպես էլ ես ու պառավս ամուսնացանք,— ասաց Բելդենը, ավարտելով իր սիրավեպի հետաքրքիր պատմությունը։— «Մենք եկանք, հայրի՛կ»,— ասաց աղջիկը։ Հայրը թե՝ «Կորի ր աչքիցս»։ Իսկ հետո շրջվեց դեպի ինձ ու ասաց․ «Ապա հանիր տոնական շորերդ, Ջիմ, մինչև կեսօր բավականին հող պետք է վարել»։ Հետո գոռաց աղջկա վրա՝ «Իսկ դու, թել, կորի՛ր աման լվանալու»,— և կարծես հեկեկաց ու համբուրեց նրան։ Եվ ես ուրախացա։ Իսկ նա նկատեց ու այնպես մռնչաց՝ «Ապա մի շուռ արի, Ջի՛մ», որ ես մինչև ամբարը գլորվեցի։

— Դուք իրեխանե՞ր էլ եք թողել նահանգներում,— հարցրեց անցորդը։

— Ոչ, Սելը մեռավ առանց երեխա ունենալու։ Ու ես էլ եկա այստեղ։

Բելդենը մտացրիվ սկսեց բորբոքել հանգած ծխամորճը, բայց հետո նորից աշխուժացավ ու հարցրեց.

— Իսկ դուք, բարեկամս, ամուսնացա՞ծ եք։

Սա պատասխանի փոխարեն գրպանից հանեց ժամացույցը, բացեց ու տվեց Բելդենին։ Ջիմը ուղղեց ճարպի մեջ լողացող պատրույգը, զննեց կափարիչի ներսի կողմը և, քթի տակ մի քանի թունդ արտահայտությամբ գովելով, ժամացույցը հանձնեց Լուի Սավոյին։ Լուին, մի քանի անգամ «Է՜խ, գրողը տանի» ասելով, այն վերջապես մեկնեց Փրինսին, և բոլորը նկատեցին, թե ինչպես սրա ձեռքերը ղողացին ու աչքերը փայլեցին քնքշությամբ։ Ժամացույցը մի կոշտացած ձեռքից մյուսն էր անցնում։ Կափարիչի վրա ներսի կողմից փակցված էր երեխան գրկած մի կնոջ լուսանկար, այն հեզ, մտերմունակ կանանցից մեկը, որոնք այնքան դուր են գալիս տղամարդկանց։

Նրանք, որոնց հերթը դեռ չէր հասել զմայլվելու այդ հրաշքով, այրվում էին հետաքրքրությունից, իսկ նրանք, ովքեր արդեն տեսել էին, լռեցին ու մտածմունքի մեջ ընկան։ Այդ մարդկանց համար սարսափելի չէին սովը, լնդախտը, մահը, որը դարանակալ նրանց էր սպասում որսի կամ ջրհեղեղի ժամանակ, բայց երեխան գրկած անծանոթ կնոջ նկարը տեսնելուց հետո այժմ կարծես իրենք էին դարձել կին ու երեխա։

-- Դեռ երբեք չեմ տեսել փոքրիկիս։ Միայն կնոջս նամակից եմ իմացել, որ տղա է, երկու տարեկան է արդեն,— ասաց անցորդը՝ ետ ստանալով իր գանձը։ Նա մեկ-երկու րոպե նայեց նկարին, հետո ճտտոցով փակեց ժամացույցի կափարիչը ու շրջվեց, բայց ոչ այնքան արագ, որ կարողանար արցունքը թաքցնել։

Մեյլմյութ Քիդը նրան մոտեցրեց մահճակալին և առաջարկեց պառկել։

— Ինձ կարթնացնեք ճիշտ չորսին, միայն թե՝ անպայմա՛ն։— Այս ասելովք՝ նա գրեթե անմիջապես քնեց խիստ հոգնած մարդու ծանր քնով։

— Աստված վկա, քաջն է,— հայտարարեց Փրինսը։— Շներով յոթանասունհինգ մղոն անցնելուց հետո քնել ընդամենը երեք ժա՜մ և նորից ճանապարհ ընկնե՜լ։ Ո՞վ է նա, Քիդ։

— Ջեկ Ուեստոնդեյլը։ Արդեն երեք տարի կլինի, որ նա այստեղ է։ Եզան պես աշխատում է, բայց ոչ մի հաջողության չի հասնում։ Ես մինչև հիմա նրան չէի հանդիպել, բայց ինձ նրա մասին պատմել էր Սիտկա Չարլին։

— Իհարկե, դժվար է բաժանվել այդպիսի ջահել կնոջից և քարշ գալ աստծուց մոռացված այս խուլ տեղերում, որտեղ մի տարին երկուսը արժե։

— Շատ համառն է։ Երկու անգամ հայտագրով լավ վաստակել է, բայց հետո ամեն ինչ կորցրել է։

Խոսակցությունն ընդհատվեց Բեթլզի աղմկալի բացականչություններով։ Լուսանկարի առաջացրած հուզմունքը մեղմացել էր։ Եվ շուտով հյուծիչ աշխատանքի ու զրկանքների խստաշունչ տարիները նորից մոռացվեցին գինարբուքի մեջ։ Միայն, կարծես, Մեյլմյութ Քիդը չէր բաժանում ընդհանուրի ուրախությունը և տագնապով շուտ-շուտ ժամացույցին էր նայում, ի վերջո, թաթմանները հագնելով ու կուղբենու գլխարկը դնելով, նա դուրս եկավ տնակից և սկսեց ինչ-որ բան անել մառանում։

Նա չսպասեց նշանակված ժամին և տասնհինգ րոպե շուտ արթնացրեց հյուրին։ Երիտասարդ հսկայի ոտքերը բոլորովին փայտացել էին, հարկ եղավ ամբողջ ուժով շփել դրանք, որ նա կարողանա ոտքի կանգնել։ Օրորվելով՝ նա դուրս եկավ տնակից։ Շներն արդեն լծված էին և ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար։ Ուեստոնդեյլին ցանկացան բարի ճանապարհ և հաջողություն հետապնդման գործում. հայր Ռուբոն շտապ-շտապ օրհնեց նրան ու վազելով վերադարձավ տնակը․ յոթանասունչորս աստիճան սառնամանիքի տակ բաց ականջներով ու ձեռքերով դրսում կանգնելը այնքան էլ հաճելի չէ։

Մեյլմյութ Քիդը Ուեստոնդեյլին ուղեկցեց մինչև ճանապարհը և, սրտանց նրա ձեռքը սեղմելով, ասաց․

— Հարյուր ֆունտ սաղմոնի ձկնկիթ եմ դրել ձեր սահնակի մեջ։ Այդ պաշարը շներին հերիք է այնքան, որքան կբավականացներ հարյուր հիսուն ֆունտ ձուկը։ Պելիում շների համար կեր չեք գտնի, իսկ դուք, երևի, հույս եք դրել դրա վրա։

Ուեստոնդեյլը ցնցվեց, նրա աչքերր փայլեցին, բայց նա առանց ընդհատելու լսում էր Քիդին։

— Ֆայվ Ֆինգերզ սահանքներից այս կողմ դուք ոչինչ չեք ճարի, ոչ ձեզ, ոչ էլ շների համար, իսկ մինչև այնտեղ երկու հարյուր մղոն է։ Երեսուներորդ մղոնում, գետի մոտ զգուշացեք սառույցների միջև ընկած ազատ ջրատարածությունից և անպայման անցեք Լա-Բարժ լճից վերև ընկած մեծ ջրանցքով, դրանով խիստ կկրճատեք ձեր ճանապարհը։

— Իսկ դուք ինչպե՞ս իմացաք։ Մի՞թե լուրեր են հասել։

— Ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։ Բայց շնալծվածքը, որին դուք հետապնդում եք, բոլորովին էլ ձերը չէ։ Սիտկա Չարլին լծվածքը այդ մարդկանց վաճառել է անցած գարնանը։ Ի դեպ, նա ասել է, որ դուք ազնիվ մարդ եք, ու ես նրան հավատում եմ. ձեր դեմքը ինձ դուր է գալիս։ Եվ ես տեսա... Գրողը ձեզ տանի, արցունքներդ պահեցեք ուրիշների համար և ձեր կնոջ համար...— ասելով Քիդը հանեց թաթմանները և դուրս քաշեց ոսկու ավազով լցված մի տոպրակ։

— Ոչ, ես դրա կարիքը չունեմ։— Արցունքները սառել էին Ուեստոնդեյլի այտերին, նա ջղաձգաբար սեղմեց Մեյլմյութ Քիդի ձեռքը։

— Այդ դեպքում շներին չխնայեք, հենց որ որևէ մեկն ընկնի՝ ձգափոկերը կտրեցեք։ Ուրիշ շներ գնեցեք, որքան էլ որ դրանք արժենան։ Շուն կարելի է գնել Ֆայվ Ֆինգերզ սահանքների մոտ, Լիթլ-Սալմոնում և Հուտալինկվայում։ Եվ տեսեք՝ ոտքներդ չթրջեք,— հրաժեշտի պահին խորհուրդ տվեց Մեյլմյութը։— Եթե սառնամանիքը հիսունյոթ աստիճանից ավելի չլինի՝ կանգ չառնեք, բայց երբ ջերմությունը ավելի ցած իջնի՝ խարույկ վառեցեք և փոխեցեք գուլպաներդ։

Քառորդ ժամ էլ չէր անցել, երբ զանգակների ղողանջը ազդարարեց նոր հյուրերի ժամանումը։ Դուռը բացվեց, ու ներս մտավ թագավորական հյուսիս-արևմտյան հեծյալ ոստիկանության սպան՝ սահնակավար երկու մետիսների ուղեկցությամբ։ Ինչպես և Ուեստոնդեյլը, երեքն էլ մինչև ատամները զինված էին ու հոգնած։ Մետիսները, որ տեղացիներ են, հեշտությամբ էին տարել դժվարին ճանապարհը, բայց երիտասարդ ոստիկանը բոլորովին հալից ընկել էր։ Միայն նրա ցեղի մարդկանց հատուկ համառությունն էր ստիպում նրան շարունակելու հետապնդումը․ պարզ էր, որ նա չի նահանջի, մինչև ճանապարհին չընկնի։

— Ե՞րբ է գնացել Ուեստոնդեյլը,— հարցրեց նա,— չէ որ նա այստեղ կանգ է առել։

Հարցն ավելորդ էր. հետքերն ամեն ինչ ասում էին։

Մեյլմյութ Քիդը նայեց Բելդենին, և սա, հասկանալով, թե բանն ինչումն է, խուսափողական պատասխան տվեց.

— Դե, քիչ ժամանակ չի անցել։

— Քեզ դես ու դեն մի գցիր, բարեկամ, պարզ խոսիր,— նախազգուշացնող տոնով ասաց ոստիկանը։

— Ըստ երևույթին նա ձեզ շատ հարկավոր է։ Իսկ ի՞նչ է, նա ինչ-որ բա՞ն է արել Դոուսոնում։

— Քառասուն հազարով կողոպտել է Հարրի Մաք-Ֆարլենդին, Խաղաղօվկիանոսյան ափի ընկերության գործակալի մոտ ոսկին փոխել է չեկով և այժմ շատ հանգիստ կերպով փողը կստանա Սիեթլում, եթե մենք նրան ձեռք չգցենք։ Ե՞րբ է գնացել։

Մեյլմյութ Քիդի օրինակով բոլորն աշխատում էին թաքցնել իրենց հուզմունքը, և երիտասարդ սպան իր շուրջը տեսնում էր անտարբեր դեմքեր։

Նա, դառնալով դեպի Փրինսը, հարցը կրկնեց։ Սա ճանապարհի վիճակին վերաբերող ինչ-որ անհասկանալի բան փնթփնթաց, թեև նրա համար հաճելի չէր ստել նայելով իր հայրենակցի բաց ու լուրջ դեմքին։

Այդ ժամանակ ոստիկանը նկատեց հայր Ռուբոյին։ Քահանան ստել չէր կարող։

— Գնացել է քառորդ ժամ առաջ,— ասաց նա։-- Բայց նա և շները չորս ժամ հանգստացել են այստեղ։

— Քառորդ ժամ է, ինչ գնացել է և այն էլ հանգստանալուց հետո։ Աստվա՜ծ իմ։

Ոստիկանը օրորվեց և քիչ մնաց, որ հոգնածությունից ու դառնությունից գիտակցությունը կորցներ։ Նա ինչ-որ բան փնթփնթաց այն մասին, որ Դոուսոնից մինչև այստեղ ընկած տարածությունը կտրել են տասը ժամում, և որ շները հալից ընկել են։

Մեյլմյութ Քիդը նրան ստիպեց մի բաժակ փունշ խմել։ Հետո ոստիկանը գնաց դեպի դուռը և սահնակավարներին հրամայեց հետևել իրեն։ Սակայն տաքությունն ու հանգստանալու հույսը չափից դուրս հրապուրիչ էին, և նրանք վճռականապես ընդդիմացան։ Քիդին լավ ծանոթ էր տեղի ֆրանսիական բարբառը, որով նրանք խոսում էին, և նա ուշադիր ականջ էր դնում ։

Մետիսները երդվում էին, որ շները հալից ընկել են, որ ստիպված կլինեն առաջին իսկ մղոնի վրա սպանել Բաբեթին ու Սիվաշին, ասենք մնացածներն էլ ավելի լավ վիճակում չեն, և չէր խանգարի հանգստանալ։

— Արդյոք հինգ շուն չե՞ք տա ինձ,— հարցրեց ոստիկանը՝ դիմելով Մեյլմյութ Քիդին։

Քիդը բացասաբար գլուխը շարժեց։

— Ես կապիտան Քոնստենթայնի անունով հինգ հազարի չեկ կտամ ձեզ։ Ահա փաստաթուղթը, ես լիազորված եմ չեկ դուրս գրելու իմ հայեցողությամբ։

Նույն լուռ մերժումը:

— Այդ դեպքում ես շները բռնագրավում եմ թագուհու անունով։

Քիդը կասկածամիտ քմծիծաղով մի հայացք գցեց իր հարուստ զինանոցի վրա, իսկ անգլիացին, գիտակցելով, որ անզոր է, նորից շրջվեց դեպի դուռը։ Սահնակավարները դեռ վիճում էին, և ոստիկանը հայհոյանքով հարձակվեց նրանց վրա, անվանելով կնիկ ու վախկոտ։ Ավագ մետիսի թուխ դեմքը կարմրեց զայրույթից, նա վեր կացավ և հակիրճ, բայց արտահայտիչ կերպով իր պետին խոստացավ, որ մեռցնելու չափ կքշի առաջատար շանը, իսկ հետո հաճույքով կթողնի ձյան մեջ։

Երիտասարդ ոստիկանը, վերջին ջանքերը լարելով, վճռականապես գնաց դեպի դուռը, աշխատելով ցուցաբերել կայտառություն, որպիսին նա արդեն չուներ։ Բոլորը հասկացան ու գնահատեցին նրա հաստատակամությունը։ Բայց նա չկարողացավ թաքցնել դեմքի տանջալից ծամածռությունը։

Կիսասառած շները կծկվել էին ձյան վրա, և հնարավոր չէր նրանց բարձրացնել։ Խեղճ անասունները կաղկանձում էին մտրակի սաստիկ հարվածներից։ Միայն այն ժամանակ, երբ լծվածքի առաջատարի՝ Բաբեթի ձգափոկերը կտրեցին, հաջողվեց տեղից շարժել սահնակը ու ճանապարհ ընկնել։

— Ա՜խ դու ավազա՛կ։ Ստախո՛ս։

— Գրողը քեզ տանի։

— Գո՛ղ։

— Հնդկացուց էլ վա՛տ։

Բոլորն էլ խիստ վրդովված էին. նախ այն բանից, որ իրենց հիմարացրել էին, և, երկրորդ, այն բանից, որ խախտված էր հյուսիսի էթիկան, որտեղ մարդու ամենամեծ խիզախությունը համարվում է ազնվությունը։

— Ու մենք էլ դեռ օգնեցինք այդ շուն-շան որդուն։ Թե շուտ իմանայի՜նք, ինչ է արել նա։

Բոլոր աչքերը կշտամբանքով ուղղվեցին Մեյլմյութ Քիդ ի վրա։ Սա դուրս եկավ անկյունից, ուր տեղավորել էր Բաբեթին, և փունշի մնացորդը անձայն լցրեց բաժակները։

— Սառնամանիք է այսօր, տղերք, դաժան սառնամանիք,— այսպես տարօրինակ կերպով սկսեց նա իր պաշտպանական ճառը։— Դուք բոլորդ էլ ճանապարհ եք գնացել այսպիսի գիշերով ու գիտեք, թե դա ինչ է նշան ակում։ Ուժասպառ շանը չես կարող տեղից բարձրացնել։ Դուք լսեցիք միայն մի կողմին։ Ջեկ Ուեստոնդեյլից ավելի ազնիվ մեկը դեռ երբեք մեզ հետ չի կերել նույն ամանից ու չի ծածկվել նույն վերմակով։ Անցյալ աշնանը նա քառասուն հազար՝ իր ամբողջ ունեցածը, տվեց Ջո Քասթրելին, որպեսզի նա Կանադայում որևէ լավ գործի մեջ ներդնի։ Ջեկը հիմա կարող էր միլիոնատեր լինել։ Իսկ գիտե՞ք, թե ինչ արեց Քասթրելը։ Մինչ Ուեստոնդեյլը գտնվում էր Սերքլում և խնամում էր լնդախտով հիվանդացած իր գործընկերոջը, Քասթրելը թուղթ էր խաղում Մաք-Ֆարլենդի մոտ և ամբողջը տանուլ տվեց։ Հաջորդ օրը նրան գտան ձյան մեջ՝ մեռած։ Եվ խեղճ Ջեկի բոլոր երազանքները՝ ձմռանը գնալ կնոջ ու որդու մոտ, որին դեռ չի տեսել, հօդս ցնդեցին։ Տեսեք, նա վերցրել է ճիշտ այնքան, որքան տանուլ է տվել Քասթրելը,— քառասուն հազար։ Այժմ նա գնաց։ Ի՞նչ կասեք հիմա։— Քիդը հայացքով չափեց իր դատավորներին, նկատեց, թե ինչպես մեղմացավ նրանց դեմքերի արտահայտությունը, ու բաժակը բարձրացրեց․

— Ուրեմն խմենք նրա՛ կենացը, ով ճանապարհին է այս գիշեր։ Այն բանի համար, որ ուտելիքը չպակասի, որ նրա շները չտկարանան, նրա լուցկիները չխոնավանան։ Եվ աստված նրան օգնական։ Ամեն ինչում նրան հաջողություն, իսկ․․․

— Իսկ թագավորական ոստիկանությանը՝ անարգանք,— ավարտեց Բեթլզը դատարկված բաժակների թմփոցի ներքո։