Երկրորդ Բաժին: Շահույթի Փոխարկումը Միջին Շահույթի

Գրապահարան-ից
Երրորդ հատոր: Գիրք երրորդ - Կապիտալիստական Արտադրության Ամբողջական Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ

ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՐԱՆԻՑ ԲԽՈՂ՝ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախընթաց բաժնում ցույց է տրված ի միջի այլոց, թե ինչպես, հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի պայմաններում, շահույթի նորման կարող է փոփոխվել՝ բարձրանալ կամ ընկնել։ Այս գլխում ենթադրվում է, որ աշխատանքի շահագործման աստիճանը, ուրեմն և հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրվա երկարությունը հավասար մեծություն ունեն, հավասար բարձրության վրա են կանգնած արտադրության այն բոլոր ոլորտներում, որոնց տրոհվում է հասարակական աշխատանքը տվյալ երկրում։ Արդեն Ա. Սմիթն արտադրության տարբեր ոլորտներում եղած աշխատանքի շահագործման բազմաթիվ տարբերությունների նկատմամբ հանգամանորեն ցույց է տվել, որ նրանք ամեն տեսակի իրական կամ թե նախապաշարմունքից թելադրված համակշռող պարագաների շնորհիվ համահարթվում են, ուստի և ընդհանրական հարաբերությունները հետազոտելու դեպքում այդ տարբերություններն, իբրև լոկ երևութական ու աննշան տարբերություններ, հաշվի չեն առնվում։ Մյուս տարբերությունները, օրինակ, աշխատավարձի բարձրության տարբերությունները, մեծ մասամբ հիմնվում են հասարակ ու բարդ աշխատանքի միջև եղած այն տարբերության վրա, որ արդեն հիշատակված է I գրքի սկզբում, էջ 12—13։ Սրանք ամենևին չեն շոշափում աշխատանքի շահագործման աստիճանն արտադրության տարբեր ոլորտներում, չնայած որ շատ անհավասար են դարձնում բանվորների վիճակն այս տարբեր ոլորտներում։ Եթե, օրինակ, մի ոսկերչի աշխատանքն ավելի թանկ է վարձատրվում, քան մի օրամշակինը, ապա ոսկերչի հավելյալ աշխատանքն էլ նույն հարաբերությամբ ավելի մեծ հավելյալ արժեք է ներկայացնում, քան օրամշակինը։ Եվ եթե արտադրության տարբեր ոլորտների միջև, նույնիսկ արտադրության հենց միևնույն ոլորտում ներդրած տարբեր կապիտալների միջև աշխատավարձի ու բանվորական օրերի, ուրեմն և հավելյալ արժեքի նորմաների հավասարեցումը կասեցվում է տեղական բազմատեսակ արգելքներ կողմից, այնուամենայնիվ այդ հավասարեցումը քանի գնում, ավելի ու ավելի է իրականանում կապիտալիստական արտադրության առաջադիմելու հետ միասին և տնտեսական բոլոր հարաբերություններն արտադրության այս եղանակին ենթարկելուն զուգընթաց։ Որքան էլ որ կարևոր լինի այսպիսի շփահարումների ուսումնասիրությունն աշխատավարձին վերաբերող ամեն մի մասնագիտական աշխատության համար, սակայն և այնպես նրանք, իբրև պատահական ու անէական երևույթներ, կապիտալիստական արտադրության ընդհանրական հետազոտության ժամանակ չպետք է հաշվի առնվեն։ Առհասարակ, այսպիսի ընդհանրական հետազոտության մեջ միշտ ենթադրվում է, որ իրական հարաբերությունները համապատասխանում են իրենց գաղափարին, կամ, որ միևնույնն է, իրական հարաբերությունները ներկայացվում են այն չափով միայն, որչափով նրանք իրենց սեփական ընդհանրական տիպն են արտահայտում։

Տարբեր երկրներում եղած հավելյալ արժեքի նորմաների, ուրեմն և աշխատանքի շահագործման ազգային աստիճանների տարբերությունը ներկա հետազոտության համար որևէ նշանակություն չունի։ Մենք այս բաժնում հենց ճիշտ այն ենք ուզում ներկայացնել, թե տվյալ մի երկրի ներսում ինչ եղանակով է կազմվում շահույթի ընդհանրական նորման։ Սակայն պարզ է, որ շահույթի. ազգային տարբեր նորմաների համեմատության ժամանակ պետք է լոկ առադրել վերև շարադրածն այստեղ շարադրելիքի հետ։ Նախ հարկ կլինի քննել հավելյալ արժեքի ազգային նորմաների տարբերությունը և ապա, հավելյալ արժեքի այս տվյալ նորմաների հիման վրա, շահույթի ազգային նորմաների տարբերությունը։ Որչափով որ վերջին տարբերությունը չի բխում հավելյալ արժեքի ազգային նորմաների տարբերությունից, պետք է հիշյալ տարբերությունը վերադրվի այն պայմաններին, որոնց շրջանակներում, ինչպես այդ ընդունվում է այս գլխի հետազոտության մեջ, հավելյալ արժեքն ամենուրեք ենթադրվում է որպես միահավասար և հաստատուն։

Նախընթաց գլխում ցույց տրվեց, որ հավելյալ արժեքի նորման հաստատուն ընդունելու դեպքում մի որոշ կապիտալի տված շահույթի նորման կարող է բարձրանալ կամ թե ընկնել այն պարագաների հետևանքով, որոնք հաստատուն կապիտալի այս կամ այն մասի արժեքը բարձրացնում կամ թե ցածրացնում են և սրանով ընդհանրապես փոփոխում են կապիտալի հաստատուն ու փոփոխուն բաղադրամասերի միջև եղած հարաբերությունը։ Այնուհետև նշվեց, թե այն հանգամանքները, որոնք մի կապիտալի պտուտաժամանակը երկարացնում կամ թե կարճացնում են, համանման եղանակով կարող են ազդել շահույթի նորմայի վրա։ Որովհետև շահույթի մասսան նույնն է, ինչ որ հավելյալ արժեքի մասսան, ինչ որ հենց ինքը հավելյալ արժեքը, ապա մենք ցույց տվինք նաև, որ շահույթի մասսան — տարբեր լինելով շահույթի նորմայից — չի ազդվում արժեքի նոր միայն հիշատակված տատանումներից։ Սրանք կերպափոխում են այն նորման միայն, որի մեջ արտահայտվում է տվյալ մի հավելյալ արժեք, հետևաբար նաև տվյալ մեծության մի շահույթ, այսինքն կերպափոխում են շահույթի հարաբերական մեծությունը, նրա մեծությունը կանխավճարված կապիտալի մեծության հետ համեմատած։ Որչափով որ արժեքի հիշյալ տատանումների հետևանքով կապիտալի կցակապում կամ թե ազատարձակում է տեղի ունենում, ապա այս անուղղակի ճանապարհով կարող է որոշ ազդեցության ենթարկվել ոչ միայն շահույթի նորման, այլ և ինքը շահույթը։ Սակայն, ինչպես վերևում տեսանք, այս միշտ վերաբերում է արդեն գործող կապիտալին միայն, այլ ոչ թե նոր ներդրած կապիտալին. և, բացի սրանից, հենց իրեն՝ շահույթի մեծանալը կամ թե փոքրանալը միշտ կախված է այն բանից, թե արժեքի հիշյալ տատանումների հետևանքով որքան ավելի կամ թե որքան պակաս աշխատանք կարող է շարժման մեջ դրվել միևնույն կապիտալով, հետևաբար — հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում — միևնույն կապիտալով հավելյալ արժեքի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասսա կարող է արտադրվել։ Առանց ամենևին հակասելու, ընդհանրական օրենքին կամ թե մի բացառություն կազմելու նրանից՝ այս երևութական բացառությունն իրապես ընդհանրական օրենքի կիրառման լոկ մի հատուկ դեպք է։

Ինչպես առաջին բաժնում տեսանք, աշխատանքի շահագործման աստիճանի անփոփոխության դեպքում շահույթի նորման փոփոխվում է հաստատուն կապիտալի բաղադրամասերի արժեքի փոփոխության, նույնպես և կապիտալի պտուտաժամանակի փոփոխության, հետ միասին։ Այստեղից ինքնըստինքյան հետևում է, որ միաժամանակ կողքեկողքի գոյություն ունեցող տարբեր արտադրական ոլորտների շահույթի նորմաները պետք է նույնպես տարբեր լինեն, եթե, այլ հավասար պարագաներում, գործադրվող կապիտալների պտուտաժամանակը տարբեր է, կամ եթե այս կապիտալների օրգանական բաղադրամասերի միջև եղած արժեքային հարաբերությունը տարբեր է արտադրության տարբեր ճյուղերում։ Ինչ որ առաջ մենք քննում էինք իբրև այնպիսի փոփոխություններ, որոնց ենթարկվում էր միևնույն կապիտալը ժամանակական հաղորդականությամբ, հիմա քննում ենք որպես արտադրության տարբեր ոլորտներում միաժամանակ գոյություն ունեցող տարբերություններ կապիտալի կողք-կողքի գտնվող ներդրումների միջև։

Ընդսմին մենք պետք է հետազոտենք՝ 1) կապիտալների օրգանական կառուցվածքի տարբերությունը, 2) նրանց պտուտաժամանակի տարբերությունը։

Այս ամբողջ հետազոտության ժամանակ ինքնըստինքյան հասկանալի ենթադրությունն այն է, որ երբ խոսում ենք արտադրության մի որոշ ճյուղում եղած կապիտալի կառուցվածքի կամ թե նրա պտույտի ժամանակի մասին, ապա միշտ նկատի ունենք արտադրության տվյալ ճյուղում ներդրված կապիտալի նորմալ միջին հարաբերությունը, և ընդհանրապես խոսքը որոշ ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի միջին հարաբերություններին է վերաբերում, և ոչ թե այս ոլորտում ներդրված առանձին կապիտալների պատահական տարբերություններին։

Այնուհետև քանի որ ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրը հաստատուն են, քանի որ այս ենթադրությունը նաև աշխատավարձի հաստատունություն է պարունակում, ապա ուրեմն փոփոխուն կապիտալի մի որոշ քանակն արտահայտում է շարժման մեջ դրված բանվորական ուժի մի որոշ քանակ, ուրեմն և առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ։ Հետևաբար, եթե 100 ֆ. ստ. 100 բանվորի շաբաթավարձ է արտահայտում, ուրեմն իրականում 100 բանվորի ուժ է ցույց տալիս, ապա 100 ֆ. ստ. × n արտահայտում է 100 × n բանվորի աշխատավարձ ու [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{n}[/math] բանվորի աշխատավարձը։ Այսպիսով ուրեմն, փոփոխուն կապիտալն այստեղ (ինչպես այդ միշտ տեղի ունի աշխատավարձի տվյալ մեծության դեպքում) ծառայում է իբրև մի որոշ ամբողջական կապիտալի կողմից շարժման մեջ. դրված աշխատանքի քանակի ցուցանիշ, հետևաբար գործադրվող փոփոխուն կապիտալի մեծության տարբերությունները ծառայում են որպես կիրառվող բանվորական ուժի քանակի տարբերության ցուցանիշներ։ Եթե 100 ֆ. ստ. շաբաթական 100 բանվոր է ցույց տալիս, և ուրեմն շաբաթական 60 ժամ աշխատանքի դեպքում 6 000 բանվորական ժամ է ներկայացնում, ապա 200 ֆ. ստ. ներկայացնում է 12 000, իսկ 50 ֆ. ստ. միմիայն 3 000 բանվորական ժամ։

Ինչպես արդեն I գրքում է ասված, կապիտալի կառուցվածք ասելով մենք հասկանում ենք կապիտալի ակտիվ ու պասսիվ բաղադրամասերի հարաբերությունն, այսինքն՝ փոփոխուն ու հաստատուն կապիտալի հարաբերությունը։ Ընդսմին մեր քննության առարկա են կազմելու երկու այնպիսի հարաբերություն, որոնք միահավասար կարևորություն չունեն, թեև որոշ պարագաներում կարող են միահավասար ներգործություն առաջ բերել։

Այդ հարաբերություններից մեկը հիմնվում է տեխնիկական պատվանդանի վրա և արտադրողական ուժերի զարգացման մի որոշ աստիճանի վրա պետք է դիտվի իբրև տրված։ Արդյունքի մի որոշ մասսա, օրինակ, մի օրում արտադրելու համար և հետևաբար — մի բան, որ ինքնըստինքյան հասկանալի է,— արտադրության միջոցների, մեքենաների, հումքի և այլոց մի որոշ մասսա շարժման մեջ դնելու, արտադրողաբար սպառելու համար պահանջվում է բանվորական ուժի մի որոշ մասսա, որ ներկայանում է հանձին բանվորների մի որոշ թվի։ Արտադրամիջոցների մի որոշ քանակին ընկնում է բանվորների մի որոշ թիվ, և ուրեմն արտադրամիջոցների մեջ արդեն առարկայացած աշխատանքի մի որոշ քանակին՝ կենդանի աշխատանքի մի որոշ քանակ։ Այս հարաբերությունը շատ տարբեր է արտադրության տարբեր ոլորտներում, հաճախ հենց միևնույն արդյունաբերության տարբեր ճյուղերում, թեև նա պատահաբար կարող է միմյանցից շատ հեռու, ընկած արդյունաբերական ճյուղերում միանգամայն, կամ թե մոտավորապես միևնույնը լինել։

Այս հարաբերությունը կազմում է կապիտալի տեխնիկական կառուցվածքը և նրա օրգանական կառուցվածքի բուն հիմքն է։

Բայց հնարավոր է նաև այն, որ հիշյալ հարաբերությունը արդյունաբերության տարբեր ճյուղերում միևնույնը լինի, որչափով որ փոփոխուն կապիտալը բանվորական ուժի սոսկական ցուցանիշն է, իսկ հաստատուն կապիտալը արտադրամիջոցների այն մասսայի սոսկական ցուցանիշը, որ շարժման մեջ է դրվում տվյալ բանվորական ուժի կողմից։ Օրինակ, պղնձի ու երկաթի վրա կատարվող որոշ աշխատանքներ կարող են միահավասար հարաբերություն ենթադրել բանվորական ուժի ու արտադրամիջոցների մասսայի միջև։ Բայց որովհետև պղինձն ավելի թանգ է, քան երկաթը, ուստի փոփոխուն ու հաստատուն կապիտալի արժեքների միջև հարաբերությունը երկու դեպքում տարբեր կլինի, ինչպես տարբեր կլինի նաև երկու ամբողջական կապիտալների արժեքային կառուցվածքը։ Տեխնիկական կառուցվածքի ու արժեքային կառուցվածքի միջև եղած տարբերությունն ամեն մի ճյուղում երևում է նրանով, որ տեխնիկական կառուցվածքի անփոփոխության դեպքում կապիտալի երկու մասերի արժեքային հարաբերությունը կտրող է փոխվել, այնինչ տեխնիկական կառուցվածքի փոփոխման դեպքում արժեքային հարաբերությունը կարող է նույնը մնալ. վերջինս իհարկե կարող է տեղի ունենալ այն դեպքում միայն, եթե արտադրամիջոցների ու բանվորական ուժի գործադրվող մասսաների հարաբերության փոփոխությունը համակշռվում է նրանց արժեքների կրած հակադարձ փոփոխությամբ։

Կապիտալի արժեքային կառուցվածքը, որչափով որ այն որոշվում է նրա տեխնիկական կառուցվածքով և արտացոլում է այս վերջինը, մենք անվանում ենք կապիտալի օրգանական կառուցվածք[1]։

Այսպիսով ուրեմն, մենք փոփոխուն կապիտալի վերաբերմամբ ենթադրում ենք, որ նա բանվորական ուժի մի որոշ քանակի, բանվորների մի որոշ թվի կամ թե շարժման մեջ դրվող կենդանի աշխատանքի մի որոշ մասսայի ցուցանիշ է։ Ինչպես տեսանք նախընթաց բաժնում, փոփոխուն կապիտալի արժեքի մեծության փոփոխությունը ուրիշ ոչինչ չի ներկայացնում, քան աշխատանքի միևնույն մասսայի գնի մեծացումը կամ փոքրացումը. բայց այստեղ, երբ հավելյալ արժեքի նորման ու բանվորական օրը դիտվում են իբրև հաստատուն մեծություններ, որոշ բանվորական ժամանակի համար հատուցվող աշխատավարձն էլ՝ իբրև տրված, ապա այս դեպքը մեզ զբաղեցնել չի կարող։ Ընդհակառակը, հաստատուն կապիտալի մեծության տարբերությունը թեև նույնպես կարող է այն արտադրամիջոցների մասսայի փոփոխության ցուցանիշը ներկայացնել, որոնք շարժման մեջ են դրվում բանվորական ուժի մի որոշ քանակի կողմից, բայց նա կարող է առաջ գալ նաև այն արժեքների տարբերությունից, որ ունեն շարժման մեջ դրված արտադրամիջոցներն արտադրության երկու տարբեր ոլորտում։ Ահա ինչու երկու տեսակետն էլ այստեղ հաշվի են առնվում։

Վերջապես պետք է նշել հետևյալ էական կետը։

Ենթադրենք 100 ֆ. ստ. 100 բանվորի շաբաթական աշխատավարձն է։ Ենթադրենք, շաբաթական բանվորական ժամանակը 60 ժամ է։ Այնուհետև ենթադրենք, հավելյալ արժեքի նորման = 100%։ Այս դեպքում բանվորները 60 ժամից 30 ժամն աշխատում են իրենց համար, ու 30 ժամը՝ ձրիաբար կապիտալիստի համար։ 100 ֆ. ստ. աշխատավարձի մեջ իրապես լոկ 100 բանվորի 30 բանվորական ժամը կամ թե ընդամենը 3 000 բանվորական ժամ է մարմնացած, մինչդեռ նրանց բանած մյուս 3 000 ժամը մարմնացած է 100 ֆ. ստ. հավելյալ արժեքի, համապատասխան դեպքերում՝ շահույթի մեջ, որ գրպանում է կապիտալիստը։ Ուստի, չնայած որ 100 ֆ. ստ. աշխատավարձը չի արտահայտում այն արժեքը, որի մեջ առարկայանում է 100 բանվորի շաբաթական աշխատանքը, սակայն և այնպես նա (քանի որ բանվորական օրվա երկարությունն ու հավելյալ արժեքի նորման տրված են) ցույց է տալիս, որ այս կապիտալի կողմից 100 բանվոր է շարժման մեջ դրվել, ընդամենը 6 000 բանվորական ժամվա ընթացքում։ 100 ֆ. ստ. կապիտալը ցույց է տալիս այս, նախ որովհետև նա ցույց է տալիս շարժման մեջ դրված բանվորների թիվը, քանի որ 1 ֆ. ստ. վճարվում է շաբաթական 1 բանվորի, ուրեմն 100 ֆ. ստ. 100 բանվորի, և երկրորդ՝ որովհետև շարժման մեջ դրված ամեն մի բանվոր, հավելյալ արժեքի տվյալ 100%-ի նորմայի պայմաններում, կրկնապատիկ ավելի աշխատանք է կատարում, քան պարունակում է իր աշխատավարձը. հետևաբար 1 ֆ. ստ., նրա աշխատավարձը, որը կես շաբաթվա աշխատանքի արտահայտությունն է, մի ամբողջ շաբաթ է աշխատանքը շարժման մեջ դնում, և նույնպես էլ 100 ֆ. ստ. թեև միմիայն 50 .շաբաթվա աշխատանք է պարունակում, 100 բանվորական շաբաթվա ընթացքում է աշխատանքը շարժման մեջ դնում։ Ուստի պետք է մի շատ էական տարբերություն դնել աշխատավարձի վրա ծախսված փոփոխուն կապիտալի միջև, որչափով որ նրա արժեքը, աշխատավարձի գումարը, առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ է ներկայացնում, և մյուս կողմից, նույն կապիտալի միջև, որչափով որ նրա արժեքը սոսկական ցուցանիշ է կենդանի աշխատանքի այն մասսայի, որ նա շարժման մեջ է դնում։ Այս վերջինս միշտ ավելի մեծ է, քան փոփոխուն կապիտալի մեջ պարունակված աշխատանքը, և այս պատճառով էլ ներկայանում է մի ավելի բարձր արժեքի մեջ, քան փոփոխուն կապիտալի արժեքն է, մի արժեքի մեջ, որը մի կողմից որոշվում է այն բանվորների թվով, որոնց շարժման մեջ է դնում փոփոխուն կապիտալը, ու մյուս կողմից՝ հավելյալ աշխատանքի այն. քանակով, որ նրանք կատարում են։

Փոփոխուն կապիտալի քննության այս եղանակից հետևում է. —

Եթե արտադրության A ոլորտում ներդրած ամբողջ կապիտալի ամեն մի 700-՚ից միմիայն 100-ն է ծախսվում փոփոխուն կապիտալի վրա ու 600-ը՝ հաստատունի վրա, այնինչ արտադրության B ոլորտում 6000-ը ծախսվում է փոփոխունի և միմիայն 100-ը՝ հաստատունի վրա, ապա 700-անոց A ընդհանուր կապիտալը շարժման մեջ է դնում միմիայն 100-ով արտահայտվող բանվորական ուժ, ուրեմն, քիչ առաջ մեր ենթադրածի համաձայն, միմիայն 100 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 6 000 ժամ է շարժման մեջ դնում, մինչդեռ նույնահավասար B ընդհանուր կապիտալը 600 բանվորական շաբաթ կամ կենդանի աշխատանքի 36 000 ժամ է շարժման մեջ դնում։ Հետևաբար A ոլորտում գտնվող կապիտալը միմիայն 50 բանվորական շաբաթվա կամ 3 000 ժամվա հավելյալ արժեք կյուրացներ, այնինչ նույնահավասար կապիտալը B ոլորտում կյուրացներ 300 բանվորական շաբաթվա կամ 18 000 ժամվա հավելյալ արժեք։ Փոփոխուն կապիտալը ոչ միայն անմիջաբար իր մեջ պարունակվող աշխատանքի ցուցանիշը, այլև,— հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններսւմ— իր միջոցով այս չափից վեր շարժման մեջ դրված հավելութային աշխատանքի կամ հավելյալ աշխատանքի ցուցանիշն է միաժամանակ։ Աշխատանքի շահագործման միահավասար նորմայի դեպքում շահույթն առաջին օրինակում կկազմեր [math]\frac{100}{700}[/math] = [math]\frac{1}{7}[/math] = 14[math]^2/_7[/math]%, իսկ երկրորդ օրինակում = [math]\frac{600}{700}[/math] = 85[math]^5/_7[/math]%, այսինք շահույթի վեցապատիկ նորմա։ Բայց փաստորեն այս դեպքում ինքը շահույթն էլ վեց անգամ ավելի մեծ կլիներ, A-ի համար ստացած 100-ի դիմաց՝ B-ի համար ստացած 600, որովհետև միևնույն կապիտալի միջոցով վեց անգամ ավելի շատ կենդանի աշխատանք է շարժման մեջ դրվում, հետևաբար աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում նաև վեց անգամ ավելի շատ հավելյալ արժեք, ուրեմն վեցապատիկ ավելի շատ շահույթ է արտադրվում։

Եթե A ոլորտում ոչ թե 700, այլ 7 000 ֆ. ստ., իսկ B-ում միմիայն 700 ֆ. ստ. կապիտալ գործադրվեր, ապա օրգանական անփոփոխ կառուցվածքի դեպքում A կապիտալը 7 000 ֆ.ստ.-ից 1 000 ֆ. ստ.-ը կգործադրեր իբրև փոփոխուն կապիտալ, ուրեմն շաբաթական 1 000 բանվոր = կենդանի աշխատանքի 60 000 ժամ, որից 30 000 ժամը՝ հավելյալ աշխատանք։ Բայց առաջվա նման կրկին ամեն մի 700 ֆ. ստ.-ով, B-ի համեմատությամբ, 6 անգամ պակաս կենդանի աշխատանք, ուրեմն և 6 անգամ պակաս հավելյալ աշխատանք շարժման մեջ կդներ, ուստի հենց այս պատճառով էլ 6 անգամ պակաս շահույթ կարտադրեր։ Եթե քննության առնենք շահույթի նորման, ապա A-ի համար այն անում է [math]\frac{1 \ 000}{7 \ 000}[/math] = [math]\frac{100}{700}[/math] = 14[math]^2/_7[/math]%, B կապիտալի [math]\frac{600}{700}[/math]-ի կամ 85[math]^5/_7[/math]%-ի դիմաց։ Կապիտալի հավասարամեծ գումարներ են այստեղ, սակայն շահույթի նորմաները տարբեր են, որովհետև հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում, շարժման մեջ դրված կենդանի աշխատանքի տարբեր մասսաների հետևանքով՝ արտադրված հավելյալ արժեքների մասսաները, ուրեմն և շահույթները տարբեր են։

Միևնույն հետևանքն է ստացվում փաստորեն, եթե արտադրության մի ոլորտում տեխնիկական հարաբերությունները նույնն են, ինչ որ մյուսում, բայց գործադրվող հաստատուն կապիտալի տարրերի արժեքն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է։ Ընդունենք, որ երկու ոլորտն, էլ 100 ֆ. ստ. են ծախսում իբրև փոփոխուն կապիտալ և ուրեմն շաբաթական 100 բանվոր է պահանջվում միևնույն քանակով մեքենաներ ու հումք շարժման մեջ դնելու համար, բայց վերջիններս B-ում ավելի թանգ են, քան A-ում։ Թող այս դեպքում 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալի դիմաց A ոլորտում գործադրվի, օրինակ, 200 ֆ. ստ. հաստատուն կապիտալ, իսկ B-ում՝ 400։ Այն ժամանակ, ընդունելով հավելյալ արժեքի նորման = 100%, արտադրված հավելյալ արժեքը երկու դեպքում էլ հավասար է 100 ֆ. ստ., ուրեմն շահույթն էլ երկու դեպքում հավատար է 100 ֆ. ստ.։ Բայց A-ում մենք ունենք [math]\frac{100}{200c+100v}[/math] = [math]\frac{1}{3}[/math] = 33[math]^1/_3[/math]%. սրա դիմաց B-ում [math]\frac{100}{400c+100v}[/math] = [math]\frac{1}{5}[/math] = 20%։ Իրոք, եթե մենք երկու դեպքում էլ վերցնում ենք ամբողջ կապիտալի մի որոշ պատկական մասը, տպա B-ում յուրաքանչյուր 100 ֆ. ստ.-ից միմիայն 20 ֆ. ստ. կամ [math]^1/_5[/math] է կազմում փոփոխուն կապիտալ, այնինչ A-ում յուրաքանչյուր 100 ֆ. ստ.-ից 33[math]^1/_3[/math] կամ [math]^1/_3[/math]-ն է փոփոխուն կապիտալ։ B-ն ամեն մի 100 ֆ. ստ.-ին ավելի քիչ շահույթ է արտադրում, որովհետև ավելի քիչ կենդանի աշխատանք է շարժման մեջ դնում, քան A-ն։ Այսպիսով ուրեմն, շահույթի նորմայի տարբերությունն այստեղ կրկին հանգում է ներդրած կապիտալի յուրաքանչյուր 100-ի արտադրած հավելյալ արժեքի մասսաների տարբերությանը, ուրեմն նաև շահույթի մասսաների տարբերությանը։

Այս երկրորդ օրինակի տարբերությունը նախընթացից միմիայն հետևյալն է. A-ի ու B-ի հավասարեցումը երկրորդ դեպքում, անփոփոխ տեխնիկական հիմքի դեպքում, կպահանջեր կամ A-ի կամ թե B-ի հաստատուն կապիտալի արժեքի փոփոխություն միայն. առաջին դեպքում, ընդհակառակը, արտադրության երկու ոլորտում հենց տեխնիկական կառուցվածքն է տարբեր և հավասարեցման համար պետք է արմատական փոփոխման ենթարկվեր։

Հետևաբար կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքն անկախ է նրանց բացարձակ մեծությունից։ Հարցը միշտ այն է լոկ, թե յուրաքանչյուր 100-ից որքանն է փոփոխուն ու որքանը՝ հաստատուն կապիտալ։

Այսպես, ուրեմն, տոկոսային հարաբերությամբ տարբեր մեծության կապիտալները, կամ որ այստեղ միևնույնին է հանգում, հավասար մեծության կապիտալները — հավասար բանվորական օրվա ու աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում — շահույթի շատ տարբեր քանակներ են արտադրում, որովհետև տարբեր են նրանց արտադրած հավելյալ արժեքի քանակները, և այս այն պատճառով, որ արտադրության տարբեր ոլորտներում, կապիտալի տարբեր օրգանական կառուցվածքի համաձայն՝ նրանց փոփոխուն մասը տարբեր է, հետևաբար տարբեր է սրանց կողմից շարժման մեջ գրված կենդանի աշխատանքի քանակը, ուրեմն և նրանց յուրացրած հավելյալ աշխատանքի քանակը, որը հավելյալ արժեքի, ուրեմն և շահույթի սուբստանցն է։ Արտադրության տարբեր ոլորտներում ամբողջ կապիտալի հավասարամեծ կտորները հավելյալ արժեքի անհավասար մեծության աղբյուրներ են պարունակում, իսկ հավելյալ արժեքի միակ աղբյուրը կենդանի աշխատանքն է։ Աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում, 100-ի հավասար մի կապիտալի կողմից շարժման մեջ դրված աշխատանքը և ուրեմն նրա յուրացրած հավելյալ աշխատանքն էլ կախված է նրա փոփոխուն բաղադրամասի մեծությունից։ Եթե մի կապիտալ, որ տոկոսապես կազմված է 90 c + 10 v-ից, աշխատանքի շահագործման միահավասար աստիճանի դեպքում նույնքան հավելյալ արժեք կամ թե շահույթ արտադրեր, որքան մի այլ կապիտալ, որ կազմված է 10 c + 90 v-ից, ապա լույսի պես պարզ կլիներ, որ հավելյալ արժեքը և ուրեմն ընդհանրապես արժեքը պետք է մի բոլորովին այլ աղբյուր ունենային, քան աշխատանքն է, և որ ընդսմին կվերանար քաղաքատնտեսության ամեն մի ռացիոնալ հիմք։ Եթե, ինչպես վերևում, ընդունենք, որ 1 ֆ. ստ. հավասար է մի բանվորի 60 բանվորական ժամի համար տրվող շաբաթավարձին, և հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա պարզ է, որ արդյունքի այն ամբողջ արժեքը, որ մի բանվորը կարող է մատակարարել մի շաբաթում, = 2 ֆ. ստ., հետևաբար 10 բանվորը չէին կարող 20 ֆ. ստ.-ից ավելի մատակարարել. և որովհետև այս 20 ֆ.ղ ստղ-ից 10 ֆ. ստ.-ն աշխատավարձն է փոխհատուցում, ապա 10 բանվորը չէին կարող ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծել, քան 10 ֆ. ստ., մինչդեռ 90 բանվորը, որոնց ամբողջ արդյունքը 180 ֆ. ստ. և որոնց աշխատավարձը = 90 ֆ. ստ., կստեղծեին 90 ֆ. ստերլինգ հավելյալ արժեք։ Հետևաբար շահույթի նորման առաջին դեպքում կլիներ 10%, մյուսում՝ 90%։ Հակառակ դեպքում արժեքն ու հավելյալ արժեքը պետք է մի ինչ-որ ուրիշ բան լինեին, և ոչ թե առարկայացած աշխատանք։ Այսպիսով, ուրեմն, քանի որ արտադրության տարբեր ոլորտներում տոկոսապես հաշված կապիտալները — կամ թե հավասարամեծ կապիտալները — անհավասար չափով են բաժանվում հաստատուն ու փոփոխուն տարրի, անհավասար չափով են կենդանի աշխատանք շարժման մեջ դնում և հետևաբար անհավասար հավելյալ արժեք, ուրեմն անհավասար շահույթ են արտադրում, ուստի շահույթի նորման, որը ոչ այլ ինչ է, բայց եթե հավելյալ արժեքի տոկոսային հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, հիշյալ կապիտալների մոտ տարբեր է լինում։

Բայց եթե արտադրության տարբեր ոլորտների տոկոսապես արտահայտված կապիտալները ուրեմն հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում իրենց օրգանական տարբեր կառուցվածքի հետևանքով, անհավասար շահույթ են արտադրում, ապա այստեղից հետևում է, որ արտադրության տարբեր ոլորտներում անհավասար կապիտալների շահույթները չեն կարող կապիտալների համապատասխան մեծությունների նկատմամբ հաստատուն հարաբերություն ունենալ և որ ուրեմն արտադրության տարբեր ոլորտներում շահույթները համամասնական չեն նրանց մեջ գործադրվող համապատասխան կապիտալների մեծություններին։ Որովհետև շահույթի այս աճումը pro rata (համապատասխան) գործադրվող կապիտալի մեծության կենթադրեր, թե տոկոսային արտահայտությամբ շահույթները հավասար են, թե ուրեմն արտադրության տարբեր ոլորտներում հավասարամեծ կապիտալները շահույթի միահավասար նորմաներ ունեն, անկախ իրենց տարբեր օրգանական կառուցվածքից։ Միմիայն արտադրության միևնույն ոլորտում, ուրեմն լոկ այնտեղ, որտեղ կապիտալի օրգանական կառուցվածքը տրված է, կամ թե արտադրության այն տարբեր ոլորտներում, որոնք ունեն կապիտալի միահավասար օրգանական կառուցվածք (շահույթի մասսաներն ուղիղ հարաբերական են գործադրված կապիտալների մասսայի նկատմամբ։ Որ անհավասար կապիտալների շահույթները համամասնական են իրենց մեծությունների նկատմամբ, այս ուրիշ ոչինչ չի նշանակում ընդհանրապես, բայց եթե այն, որ հավասարամեծ կապիտալները հավասարամեծ շահույթներ են տալիս կամ որ շահույթի նորման հավասար է բոլոր կապիտալների համար, անկախ այդ կապիտալների մեծությունից ու նրանց օրգանական կառուցվածքից։

Շարադրածս տեղի է ունենում այն ենթադրության պարագայում, թե ապրանքները ծախվում են իրենց արժեքով։ Ապրանքի արժեքը հավասար է նրա մեջ պարունակված հաստատուն; կապիտալի արժեքին, պլյուս՝ նրանում վերարտադրված փոփոխուն կապիտալի արժեքը, պլյուս՝ այս փոփոխուն կապիտալի աճը՝ արտադրված հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում նրա մասսան ակներևորեն կախված է փոփոխուն կապիտալի մասսայից։ 100-ով արտահայտվող կապիտալի արդյունքը մի դեպքում է՝ 90 c + 10 v + 10 m = 110, մյուս դեպքում՝ 10 c + 90 v + 90 m = 190։ Եթե. ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, ապա առաջին արդյունքը կծախվի 110-ով, որից 10-ն է հավելյալ արժեք կամ անվճար աշխատանք ներկայացնում իսկ երկրորդը կծախվի 190-ով, որից 90-ն է հավելյալ արժեք կամ անվճար աշխատանք։

Այս հատկապես կարևոր է , երբ շահույթի ազգային նորմաներն են համեմատվում միմյանց հետ։ Թող մի եվրոպական երկրում հավելյալ արժեքի նորման լինի 100%, այսինքն բանվորը կես օր աշխատի իր համար ու կես օր՝ իր գործատուի համար. թող մի ասիական երկրում հիշյալը լինի = 25%, այսինքն բանվորն օրվա [math]^4/_5[/math]-ն աշխատի իր համար ու [math]^1/_5[/math]-1/5-ը՝ իր գործատուի համար։ Բայց թող եվրոպական երկրում ազգային կապիտալի կառուցվածքը լինի 84 c + 16 v։ Իսկ ասիական երկրում, որտեղ քիչ մեքենաներ և այլն են գործադրվում, և տվյալ մի ժամանակաշրջանում բանվորական ուժի տվյալ քանակի կողմից համեմատաբար ավելի քիչ հումք է սպառվում արտադրողաբար, կապիտալի կառուցվածքը լինի 16 c + 84 v։ Այս պարագայում մենք կունենանք հետևյալ հաշիվը. — Արդյունքի արժեքը եվրոպական երկրում = 84 c + 16 v + 16 m = 116. շահույթի նորման = [math]\frac{16}{100}[/math] = 16%։

Արդյունքի արժեքը ասիական երկրում = 16 c + 84 v + 21 m = 121. շահույթի նորման = [math]\frac{21}{100}[/math] = 21%։

Հետևաբար շահույթի նորման ասիական երկրում ավելի քան 25%-ով ավելի բարձր է, քան եվրոպական երկրինը, թեև հավելյալ արժեքի նորման այնտեղ չորս անգամ ավելի ցած է, քան այստեղ։ Կերին, Բաստիան ու tutti quanti [և բոլոր մյուսները] Ճիշտ հակառակը կեզրակացնեին։

Այս՝ ի միջի այլոց. շահույթի տարբեր ազգային նորմաները մեծ մասամբ հիմնվում են հավելյալ արժեքի տարբեր ազգային նորմաների վրա. բայց մենք այս գլխում համեմատում ենք շահույթի այն անհավասար նորմաները, որոնք հավելյալ արժեքի միևնույն նորմայից են ծագում։

Բացի կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքից, ուրեմն բացի աշխատանքի ու ընդսմին, այլ հավասար պարագաներում, նաև հավելյալ աշխատանքի այն տարբեր մասսաներից, որ հավասարամեծ կապիտալները շարժման մեջ են դնում արտադրության տարբեր ոլորտներում, շահույթի նորմաների անհավասարության, մի ուրիշ աղբյուր էլ կա՝ պտույտի տևողության տարբերությունն արտադրության տարբեր ոլորտներում։ Մենք IV գլխում տեսանք, որ կապիտալների միահավասար կառուցվածքի դեպքում ու այլ հավասար պարագաներում շահույթի նորմաները հակառակ հարաբերական են պտուտաժամանակների նկատմամբ, և նմանապես որ միևնույն փոփոխուն կապիտալը, եթե սա տարբեր ժամանակամիջոցներում է պտույտ գործում, տարվա ընթացքում հավելյալ արժեքի անհավասար մասսաներ է ստեղծում։ Հետևաբար պտուտաժամանակների տարբերությունն այն մի ուրիշ պատճառն է, որի հետևանքով հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում անհավասար մեծության շահույթներ են արտադրում հավասար ժամանակամիջոցներում, և որի հետևանքով ուրեմն շահույթի նորմաները տարբեր են լինում այս տարբեր ոլորտներում։

Իսկ ինչ վերաբերում է այն հարաբերությանը, որով կապիտալն ըստ իր կառուցվածքի տրոհվում է հիմնական ու շրջանառու մասերի, ապա, ինքնըստինքյան վերցրած, այդ հարաբերությունն ամենևին չի ազդում շահույթի նորմայի վրա։ Նա կարող է ազդել վերջինիս վրա կամ այն ժամանակ միայն, երբ այս տարբեր կառուցվածքը համընկնում է փոփոխուն ու հաստատուն մասի միջև, գոյություն ունեցող տարբեր հարաբերության հետ, երբ ուրեմն այս տարբերությունն է շահույթի նորմայի տարբերության պատճառը, և ոչ թե շրջանառու և հիմնական մասերի տարբերությունը,— կամ թե այն ժամանակ, երբ հիմնական ու շրջանառու բաղադրամասերի միջև եղած տարբեր հարաբերությունով է պայմանավորվում այն պտուտաժամանակի տարբերությունը, որի ընթացքում մի որոշ շահույթ է իրացվում։ Եթե կապիտալները տարբեր համամասնությամբ են տրոհվում հիմնական ու շրջանառու մասերի, ապա այս հանգամանքը, ճիշտ է, միշտ ազդեցություն կունենա՝ նրանց պտուտաժամանակի վրա և սրա մի տարբերություն առաջ կբերի. բայց սրանից չի հետևում, թե այն պտուտաժամանակը, որի ընթացքում նույն կապիտալներն իրացնում են շահույթը, տարբեր է։ Արդյոք A-ն, օրինակ, պետք է արդյունքի մի ավելի մեծ մասը փոխարկի հումքի և այլն, մինչդեռ B-ն ավելի երկար ժամանակվա ընթացքում միևնույն մեքենաները և այլն գործ է ածում ավելի քիչ հումքով, միևնույն է, երկուսն էլ, որչափով որ նրանք արտադրում են, իրենց կապիտալի մի մասը միշտ ներդրած են ունենում. մեկը հումքի, ուրեմն շրջանառու կապիտալի մեջ, մյուսը՝ մեքենաների և այլոց, ուրեմն հիմնական կապիտալի մեջ։ A-ն մշտապես իր կապիտալի մի մասն ապրանքի ձևից փոխարկում է փողի ձևի և սրանից էլ ետ է փոխարկում հումքի ձևի, այնինչ B-ն իր կապիտալի մի մասն առանց այսպիսի փոփոխման ենթարկելու ավելի երկար ժամանակամիջոցում գործ է ածում իբրև աշխատագործիք։ Եթե երկուսն էլ հավասարաչափ աշխատանք են կիրառում, տպա նրանք տարվա ընթացքում թեև անհավասար արժեքի արդյունքային մասսաներ կծախեն, բայց արդյունքների երկու մասսան էլ հավասար քանակի հավելյալ արժեք կպարունակեն, և նրանց շահույթի նորմաները, որոնք կանխավճարված ամբողջ կապիտալի նկատմամբ են հաշվվում, միևնույնը կլինեն, թեև հիմնական ու շրջանառու կապիտալից բաղկացած նրանց կառուցվածքը, նմանապես և նրանց պտուտաժամանակը տարբեր է։ Երկու կապիտալն էլ հավասար ժամանակում միահավասար շահույթ են իրացնում, չնայած որ տարբեր ժամանակամիջոցներում են պտույտ գործում[2]։ Պտուտաժամանակի տարբերությունն ինքնըստինքյան նշանակություն ունի այն չափով միայն, որչափով նա ազդում է հավելյալ աշխատանքի այն մասսայի վրա, որը տվյալ ժամանակամիջոցում կարող է յուրացվել ու իրացվել միևնույն կապիտալի կողմից։ Հետևաբար, եթե շրջանառու և հիմնական կապիտալից բաղկացած անհավասար մի կառուցվածք անհրաժեշտորեն չի պարունակում պտուտաժամանակի մի անհավասարություն, որն իր հերթին շահույթի նորմայի անհավասարություն է պայմանավորում, ապա պարզ է, որ շահույթի նորմայի անհավասարությունը, որչափով որ նա տեղի է ունենում, առաջ է գալիս ոչ թե ինքնըստինքյան կապիտալի անհավասար տրոհումից շրջանառու և հիմնական կապիտալի, այլ ընդհակառակը, նրանից, որ կապիտալի այդ տրոհումն այստեղ ցուցանշում է միմիայն պտուտաժամանակների մի անհավասարություն, որն ազդում է շահույթի նորմայի վրա։

Հետևապես, արդյունաբերության տարբեր ճյուղերում հաստատուն կապիտալի տարբեր կառուցվածքը շրջանառու և հիմնական կապիտալներից ըստինքյան ոչ մի նշանակություն չունի շահույթի նորմայի համար, որովհետև վճռականը փոփոխուն կապիտալի հարաբերությունն է հաստատունի նկատմամբ, և հաստատուն կապիտալի արժեքը, ուրեմն և նրա հարաբերական մեծությունը փոփոխունի համեմատությամբ միանգամայն անկախ է հաստատուն կապիտալի բաղադրամասերի հիմնական կամ շրջանառու բնույթից։ Բայց լիովին ճիշտ է — և այս հիման վրա ոմանք հանգում են սխալ եզրակացությունների — որ այնտեղ, որտեղ հիմնական կապիտալը զգալի չափով զարգացած է, այս միմիայն արտահայտություն է այն փաստի, որ արտադրությունը վարվում է խոշոր մասշտաբով, և հետևաբար հաստատուն կապիտալը շատ է գերակշռում փոփոխունից կամ որ կիրառվող կենդանի բանվորական ուժը շատ փոքր է արտադրամիջոցների այն մասսայի համեմատությամբ, որը շարժման մեջ է դրվում այդ բանվորական ուժի կողմից։

Այսպիսով ահա մենք ցույց տվինք, որ արդյունաբերության տարբեր ճյուղերում, կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքի համապատասխան ու որոշ սահմանափակ շրջանակներում — նաև իրենց տարբեր պտուտաժամանակների համապատասխան, շահույթի անհավասար նորմաներ են իշխում և որ հետևաբար նույնիսկ հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում — պտուտաժամանակները հավասար ենթադրելով — միմիայն օրգանական միահավասար կառուցվածք ունեցող կապիտալների վերաբերմամբ է ճիշտ այն օրենքը (իր ընդհանուր տենդենցով), թե շահույթները միմյանց հարաբերում են այնպես, ինչպես կապիտալների մեծությունները, և ուրեմն իրենց մեծությամբ հավասար կապիտալները հավասար ժամանակամիջոցներում իրենց մեծությամբ հավասար շահույթներ են տալիս Մեր այս դատողությունը հիմնվում է այն պատվանդանի վրա, որը մինչև հիմա մեր կողմից զարգացրած մտքերի պատվանդանն է եղել ընդհանրապես, այսինքն՝ թե ապրանքները ծախվում են իրենց արժեքներով։ Մյուս կողմից՝ ոչ մի կասկածի ենթակա չի այն, որ իրականում, անէական, պատահական ու միմյանց վերացնող տարբերությունները մի կողմ թողած, արդյունաբերության տարբեր ճյուղերի համար շահույթի միջին նորմաների տարբերություն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ առանց ոչնչացնելու կապիտալիստական արտադրության ամբողջ սիստեմը։ Այսպիսով թվում է, թե արժեքի թեորիան այստեղ անհամատեղելի է իրական պրոցեսի հետ, անհամատեղելի է արտադրության փաստական երևույթների հետ, և որ ուրեմն պետք է վերջիններս ըմբռնելու հույսից հրաժարվել ընդհանրապես։

Այս գրքի առաջին բաժնից հետևում է, որ արտադրության ծախքը միևնույնն է արտադրության այն տարբեր ոլորտների արդյունքների համար, որոնց արտադրության համար կապիտալի հավասարամեծ մասեր են կանխավճարված, որքան էլ որ այս կապիտալների օրգանական կառուցվածքը տարբեր լինի։ Կապիտալիստի համար փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբերությունը չքանում է արտադրության ծախքի մեջ։ Մի ապրանք, որի արտադրության համար նա պետք է 100 ֆ. ստ. ծախսի, նրա համար միևնույն հախսն է ներկայացնում և այն դեպքում, երբ կապիտալի կառուցվածքն է 90 c + 10 v և այն դեպքում, երբ այդ կառուցվածքն է 10 c + 90 v։ Երկու դեպքում էլ ապրանքը նրա վրա 100 ֆ. ստ. է նստում, ոչ ավելի, ոչ պակաս։ Արտադրության ծախքը միևնույնն է լինում տարբեր ոլորտներում տրված կապիտալի հավասարամեծ ծախսումների համար, որքան էլ որ տարբեր լինեն արտադրված արժեքներն ու հավելյալ արժեքները։ Արտադրության ծախքերի այս հավասարությունը կազմում է կապիտալների ներդրումների մրցման հիմքը, մրցման, որի հետևանքով գոյանում է միջին շահույթը։

ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՇԱՀՈՒՅԹԻ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՅԻ) ԳՈՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻ

Կապիտալի օրգանական կառուցվածքը տվյալ ամեն մի մոմենտում կախված է երկու պարագայից — առաջին՝ տեխնիկական հարաբերությունից կիրառվող բանվորական ուժի և գործադրվող արտադրամիջոցների մասսայի միջև, երկրորդ՝ այս արտադրամիջոցների գնից։ Կապիտալի օրգանական կառուցվածքը, ինչպես տեսանք, պետք է քննության առնվի իր տոկոսային հարաբերությամբ։ Եթե իր օրգանական կառուցվածքով կապիտալը բաղկացած է [math]^4/_5[/math] հաստատուն ու [math]^1/_5[/math] փոփոխուն կապիտալից, այդ մենք արտահայտում ենք 80 c + 20 v ֆորմուլայով։ Այնուհետև, համեմատության դեպքում վերցնում ենք հավելյալ արժեքի մի անփոփոխ նորմա և այն էլ մի որևէ ուզած նորմա, օրինակ, 100%։ 80 c + 20 v-ից կազմված կապիտալն այսպիսով ուրեմն տալիս է 20 m հավելյալ արժեք, որն ամբողջ կապիտալի վրա հաշված՝ տալիս է շահույթի նորման = 20%։ Թե նրա արդյունքի իրական արժեքը որքան է հիմա, այս կախված է նրանից, թե հաստատուն կապիտալի հիմնական մասն ինչ մեծություն ունի և սրանից որքանն է իբրև մաշվածք մտնում արդյունքի մեջ, և որքանը՝ ոչ։ Բայց որովհետև այս պարագան ամենևին նշանակություն չունի շահույթի նորմայի համար, ուրեմն նաև առաջիկա հետազոտության համար, ուստի պարզեցնելու նպատակով ընդունում ենք, որ հաստատուն կապիտալն ամենուրեք հավասարապես ու ամբողջովին մտնում է այս կապիտալների տարեկան արդյունքի մեջ։ Այնուհետև ընդունում ենք, որ արտադրության տարբեր ոլորտներում կապիտալներն իրենց փոփոխուն մասի մեծության համեմատ հավասարաչափ հավելյալ արժեք են իրացնում տարեկան. հետևաբար մենք առայժմ մի կողմ ենք թողնում այն տարբերությունը, որ այս առնչությամբ կարող է առաջ գալ պտուտաժամանակների զանազանությունից։ Այս կետը հետագայում քննության կառնվի։

Վերցնենք արտադրության հինգ տարբեր ոլորտ, որոնց մեջ ներդրած կապիտալներից յուրաքանչյուրը տարբեր օրգանական, կառուցվածք ունի։ Օրինակ.

Կապիտալներ Հավելյալ արժեքի նորմա Հավելյալ արժեք Արդյունքի արժեք Շահույթի նորմա
I. 80 c + 20 v 100% 20 120 20%
II. 70 c + 30 v 100% 30 130 30%
III. 60 c + 40 v 100% 40 140 40%
IV. 85 c + 15 v 100% 15 115 15%
V. 95 c + 5 v 100% 5 105 5%

Մենք այստեղ, աշխատանքի հավասարաչափ շահագործման պայմաններում, արտադրության տարբեր ոլորտների համար ստանում ենք շահույթի շատ տարբեր նորմաներ՝ կապիտալների տարբեր օրգանական, կառուցվածքների համապատասխան։

Հինգ ոլորտում ներդրված կապիտալների ընդհանուր գումարը = 500, նրանց կողմից արտադրված հավելյալ արժեքի ընդհանուր գումարը = 110, նրանց արտադրած ապրանքների ընդհանուր արժեքը = 610։ Եթե մենք ,500-ը նկատի առնենք իբրև մի ամբողջական կապիտալ, որի նկատմամբ I-IV-ը լոկ տարբեր մասեր են կազմում (ինչպես, օրինակ, բամբակեղենի մի գործարանի տարբեր բաժիններում — գզարանում, նախամանարանում, մանարանում ու մանածագործանոցում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբեր հարաբերություն գոյություն ունի, և ամբողջ գործարանի համար միջին հարաբերությունը միմիայն հաշվելով պետք է դուրս բերվի),— ապա նախ և առաջ 500 կապիտալի միջին կառուցվածքը կլինի = 390 c + 110 v կամ թե տոկոսապես 78 c + 22 v։ Եթե 100-անոց կապիտալներից ամեն մեկը դիտվեր իբրև ընդհանուր կապիտալի [math]^1/_5[/math] միայն, ապա հենց այս 78 c + 22 v միջինը կներկայացներ նրա կառուցվածքը. նմանապես յուրաքանչյուր 100-ին կընկներ 22 միջին հավելյալ արժեք, ուստի շահույթի միջին նորման կլիներ = 22%, և վերջապես 500 կապիտալի արտադրած ընդհանուր արդյունքի ամեն մի հինգերորդականի գինը կլիներ = 122։ Հետևաբար կանխավճարված ամբողջ կապիտալի յուրաքանչյուր հինգերորդականի արդյունքը պետք է ծախվեր 122-ով։

Սակայն բոլորովին սխալ եզրակացությունների չհանգելու համար հարկավոր է նկատի առնել, որ արտադրության ոչ .բոլոր ծախքերն են = 100-ի։

80 c + 20 v-ի դեպքում, ընդունելով հավելյալ արժեքի նորման = 100%, I = 100-անոց կապիտալի արտադրած ապրանքի ամբողջ արժեքը կլիներ = 80 c + 20 v + 20 m = 120, եթե ամբողջ հաստատուն կապիտալը մտներ տարեկան արդյունքի մեջ։ Որոշ պարագաներում այս իսկապես կարող է պատահել արտադրության համապատասխան ոլորտներում։ Սակայն դժվար թե պատահի այնտեղ, որտեղ c : v հարաբերությունը = 4 : 1։ Հետևաբար այն ապրանքների արժեքների նկատմամբ, որոնք արտադրվում են տարբեր կապիտալների յուրաքանչյուր 100-ի կողմից, պետք է հաշվի առնել այն պարագան, որ հիշյալ արժեքները տարբեր կլինեն, նայած c-ի՝ հիմնական ու շրջանառու բաղադրամասերից բաղկացած տարբեր կառուցվածքին, և որ տարբեր կապիտալների հիմնական բաղադրամասերն իրենց հերթին ավելի արագ կամ թե ավելի դանդաղ են մաշվում, ուրեմն հավասար ժամանակամիջոցներում արժեքի անհավասար քանակներ են, միակցում արդյունքին։ Բայց այս պարագան շահույթի նորմայի համար նշանակություն չունի։ Թե 80 c-ն տարեկան արդյունքին արդյոք 80, թե 50, կամ թե 5 Է փոխանցում, հետևաբար արդյոք տարեկան. արդյունքը = 80 c + 20 v + 20 m = 120, թե՞ = 50 c + 20 v + 20 m = 90, կամ թե - 5 c + 20 v + 20 = 45, միևնույն է, այս բոլոր դեպքերում արդյունքի արժեքի հավելույթն իր արտադրության ծախքից վեր = 20, և այս բոլոր դեպքերում էլ, շահույթի նորման սահմանելիս, այս 20-ը 100-անոց կապիտալի նկատմամբ է հաշվի դրվում. այսպիսով ուրեմն I կապիտալի շահույթի նորման բոլոր դեպքերում էլ = 20%։ Այս էլ ավելի ակնառու դարձնելու նպատակով մենք հաջորդ աղյուսակում վերևի միևնույն հինգ կապիտալի համար ընդունում ենք, որ հաստատուն կապիտալի տարբեր մասեր են մտնում արդյունքի արժեքի մեջ։

Կապիտալներ Հավելյալ արժեքի նորմա Հավելյալ արժեք Շահույթի նորմա c-ի մաշվածք Ապրանքների արժեք Արտադրության ծախք
I. 80 c + 20 v 100% 20 20% 50 90 70
II. 70 c + 30 v 100% 30 30% 51 111 81
III. 60 c + 40 v 100% 40 40% 51 131 91
IV. 85 c + 15 v 100% 15 15% 40 70 55
V. 95 c + 5 v 100% 5 5% 10 20 15
390 c + 110 v 110 110% Գումար
78 c + 22 v 22 22% Միջինը

Եթե մենք I–V կապիտալները դարձյալ իբրև մի ամբողջական կապիտալ ենք դիտում, ապա տեսնում ենք, որ այս դեպքում էլ հինգ կապիտալի գումարի = 500-ի կառուցվածքը = 390 c + 110 v ուրեմն միջին կառուցվածքը մնում է նույնը = 78 c + 22 v. նմանապես միջին հավելյալ արժեքն էլ = 22%։ Այս հավելյալ արժեքը հավասարաչափ բաժանելով I—V կապիտալների միջև, կստանանք ապրանքի հետևյալ գները.

Կապիտալներ Հավելյալ արժեք Ապրանքների արժեք Արտադրության ծախք Ապրանքների գին Շահույթի նորմա Գնի շեղումն արժեքից
I. 80 c + 20 v 20 90 70 92 22% +2
II. 70 c + 30 v 30 111 81 103 22% -8
III. 60 c + 40 v 40 131 91 113 22% -18
IV. 85 c + 15 v 15 70 55 77 22% +7
V. 95 c + 5 v 5 20 15 37 22% +17

Միասին վերցրած՝ ապրանքները ծախվում են արժեքից 2 + 7 + 17 = 26-ով բարձր և 8 + 18 = 26-ով ցածր, այնպես որ հավելյալ արժեքի հավասարաչափ բաշխման շնորհիվ կամ թե I—V կապիտալների ապրանքների համապատասխան արտադրության ծախքի վրա յուրաքանչյուր կանխավճարված 100-անոց կապիտալին ընկնող 22-անոց միջին շահույթն ավելացնելու հետևանքով գների շեղումները փոխադարձաբար միմյանց վերացնում են նույն հարաբերությամբ, որով ապրանքների մի մասն իր արժեքից ավելի բարձր է ծախվում, մյուս մասը՝ ավելի ցածր։ Եվ այսպիսի գներով նրանց ծախվելն է միայն հնարավոր դարձնում, որ շահույթի նորման I—V կապիտալների համար միահավասար է դառնում, 22%, չնայած I—V կապիտալների տարբեր օրգանական կառուցվածքին։ Գները, որոնք առաջ են գալիս շնորհիվ այն հանգամանքի, որ դուրս է բերվում արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների միջինը, և այս միջինն ավելացվում է արտադրության տարբեր ոլորտների արտադրության ծախքի վրա,— այսպիսի գներն արտադրության գներն են։ Սրանց նախադրյալը շահույթի մի ընդհանրական նորմայի գոյությունն է, իսկ սա իր հերթին ենթադրում է, որ արտադրության ամեն մի առանձին ոլորտում շահույթի նորմաները, ինքնըստինքյան առած, արդեն վեր են ածված նույնքան միջին նորմաների։ Արտադրության յուրաքանչյուր ոլորտում շահույթի այս աոանձին նորմաները = [math]\frac{m}{C}[/math] և նրանք, ինչպես որ այս արված է ներկա գրքի առաջին բաժնում, պետք է բխեցվեն ապրանքի արժեքից։ Առանց այս բխեցման՝ շահույթի ընդհանրական նորման (ուրեմն նաև ապրանքի արտադրության գինը) մնում է իմաստից ու բովանդակությունից զուրկ մի պատկերացում։ Այսպիսով ուրեմն ապրանքի արտադրության գինը հավասար է ապրանքի արտադրության ծախքին, պլյուս սրան միակցված այն շահույթը, որ տոկոսապես հաշված է շահույթի ընդհանրական նորմայի համապատասխան, կամ՝ ապրանքի արտադրության գինը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս միջին շահույթը։ Արտադրության տարբեր ճյուղերում ներդրված կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքի հետևանքով ուրեմն այն պարագայի հետևանքով, որ հավասար մեծության կապիտալներն աշխատանքի շատ տարբեր քանակներ են շարժման մեջ դնում այն տարբեր տոկոսային հարաբերության համապատասխան, որ փոփոխուն մասն ունենում է տվյալ մեծության մի ամբողջական կապիտալի մեջ,— սրա հետևանքով նույնպես հավելյալ աշխատանքի շատ տարբեր քանակներ են յուրացվում նրանց կողմից, կամ հավելյալ արժեքի շատ տարբեր մասսաներ են արտադրվում նրանց կողմից։ Սրա համաձայն շահույթի այն նորմաները, որոնք իշխում են արտադրության տարբեր ճյուղերում, սկզբնապես շատ տարբեր են։ Շահույթի այս տարբեր նորմաները մրցման միջոցով հավասարվելով կազմում են շահույթի մի ընդհանրական նորմա, որը շահույթի այս բոլոր տարբեր նորմաների միջինն է։ Այն շահույթը, որը շահույթի այս ընդհանրական նորմայի համապատասխան բաժին է ընկնում տվյալ մեծության մի կապիտալի, ինչ էլ որ լինի սրա օրգանական կառուցվածքը, կոչվում է միջին շահույթ։ Ապրանքի այն գինը, որը հավասար է նրա արտադրության ծախքին, պլյուս նրա արտադրության մեջ գործադրված (ոչ թե նրա անմիջական արտադրության մեջ լոկ սպառված) ամբողջ կապիտալի տարեկան միջին շահույթի այն մասը, որ հիշյալ ապրանքի պտույտի պայմանների համեմատ բաժին է ընկնում նույն ապրանքին, այս գինն ապրանքի արտադրության գինն է։ Վերցնենք, օրինակ, 500-անոց մի կապիտալ, որից 100-ը՝ հիմնական կապիտալ, և սրա 10%-ը՝ շրջանառու 400-անոց կապիտալի մի պտույտի պարբերաշրջանում կատարվող մաշվածք։ Թող պտույտի այս պարբերաշրջանի տևողության ընթացքում միջին շահույթը լին է 10%։ Այս դեպքում հիշյալ մի պտույտի ընթացքում պատրաստված արդյունքի արտադրության ծախքը կլինի՝ 10 c մաշվածքի համար, պլյուս 400 (c + v) շրջանառու կապիտալ = 410, արտադրության գինը կլինի՝ 410 արտադրության ծախք, պլյուս (500-ի 10% շահույթ) 50 = 460։

Այսպիսով ուրեմն, թեև արտադրության տարբեր ոլորտների կապիտալիստներն իրենց ապրանքները ծախելիս ետ են ստանում այս ապրանքների արտադրության պրոցեսում գործադրված կապիտալային արժեքները, սակայն նրանք իրացնում են ոչ թե իրենց սեփական ոլորտում այս ապրանքների արտադրության ժամանակ արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը, այլ այնքան հավելյալ արժեք և ուրեմն այնքան շահույթ միայն, որքան որ հավասար բաշխման ժամանակ ընդհանուր կապիտալի յուրաքանչյուր պատկական մասին բաժին է ընկնում, այն ընդհանուր հավելյալ արժեքից կամ ընդհանուր շահույթից, որ հասարակության ընդհանուր կապիտալը տվյալ մի ժամանակահատվածում արտադրում է արտադրության բոլոր ոլորտներում միասին առած։ Ամեն մի կանխավճարված կապիտալ, ինչպիսին էլ որ լինի նրա կառուցվածքը, յուրաքանչյուր տարում կամ թե այլ ժամանակահատվածում 100-ին այնքան շահույթ է դուրս կորզում, որքան որ այս ժամանակահատվածի համար բաժին է ընկնում ընդհանուր կապիտալի ամեն մի 100-ին։ Այստեղ, որչափով խնդիրը վերաբերում է շահույթին, տարբեր կապիտալիստները միմյանց հարաբերում են իբրև մի այնպիսի ակցիոներական ընկերության սոսկական ակցիոներներ, որի մեջ շահույթից հասանելի բաժինները հավասարաչափ բաշխվում են ամեն մի 100-ի վրա, ուստի և տարբեր կապիտալիստների համար հիշյալ բաժինները տարբերվում են միմիայն յուրաքանչյուրի կողմից ընդհանուր ձեռնարկության մեջ դրած կապիտալի մեծության համաձայն, ընդհանուր ձեռնարկության մեջ նրա ունեցած հարաբերական մասնակցության համաձայն, նրա ակցիաների թվի համաձայն։ Այսպիսով ուրեմն, ապրանքային գնի այն մասը, որը փոխհատուցում է ապրանքների արտադրության մեջ սպառված կապիտալային արժեքի մասերը և որով ուրեմն պետք է այս սպառված կապիտալային արժեքները վերագնվեն, այս մասը՝ արտադրության ծախքը, լիովին որոշվում է համապատասխան արտադրական ոլորտներում արված ծախսերով։ Ընդհակառակը, ապրանքային գնի մյուս բաղադրամասը արտադրության այս ծախքի վրա ավելացվող շահույթը, որոշվում է ոչ թե շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում այս որոշ կապիտալի կողմից արտադրվում է արտադրության տվյալ ոլորտում, այլ շահույթի այն մասսայի համաձայն, որ տվյալ մի ժամանակամիջոցում միջին հաշվով բաժին է ընկնում ամեն մի գործադրված կապիտալի, որպես ամբողջ արտադրության մեջ գործադրված հասարակական ամբողջ կապիտալի մի պատկական մասի[3]։

Հետևաբար, երբ մի կապիտալիստ իր ապրանքը ծախում է սրա արտադրության գնով, ապա նա փող է ետ կորզում արտադրության մեջ իր սպառած կապիտալի արժեքի մեծության համեմատ և շահույթ է քաղում իր կանխավճարած կապիտալի, որպես հասարակական ամբողջ կապիտալի մի լոկ պատկական մասի համեմատ։ Արտադրության տվյալ ամեն մի ոլորտում արտադրության ծախքը մասնահատուկ բնույթ ունի։ Արտադրության այս ծախքին միակցվող շահույթն անկախ է արտադրության համապատասխան առանձին ոլորտի պայմաններից և ներկայացնում է կանխավճարված կապիտալի ամեն մի 100-ին բաժին ընկնող պարզ միջինը։

Ենթադրենք, թե նախորդ օրինակում բերված կապիտալի հինգ տարբեր I—V ներդրումները պատկանում են մի անձի։ Թե կապիտալի I—V ներդրումներից յուրաքանչյուր առանձին ներդրման մեջ, ապրանքների արտադրության ժամանակ, գործադրվող կապիտալի ամեն մի 100-ից որքանն է սպառվում փոփոխուն կապիտալի ու որքանը հաստատունի վրա, այս ենթադրվում է տրված, և I—V ապրանքների արժեքի այս մասն, ինքնըստինքյան հասկանալի է, կազմում է նրանց գնի մի մասը, որովհետև առնվազն այս գինն է պահանջվում կապիտալի կանխավճարված ու սպառված մասերի փոխհատուցման համար։ Այսպիսով ուրեմն, I—V ներդրումների տված ապրանքների ամեն մի սեռի համար արտադրության այս ծախքը տարբեր է և իբրև այսպիսին հենց տարբեր-տարբեր էլ սևեռվում է ձեռնարկատիրոջ կողմից։ Իսկ ինչ վերաբերում է I—V ենթաբաժիններում արտադրված հավելյալ արժեքի կամ թե շահույթի տարբեր մասսաներին, ապա կապիտալիստը հիշյալները շատ լավ կարող էր իր կանխավճարած ամբողջ կապիտալի շահույթ հաշվել, այնպես որ ամեն մի 100-անոց կապիտալին այդ շահույթի մի որոշ պատկական մաս բաժին կընկներ։ Հետևաբար I—V առանձին ներդնումների միջոցով արտադրված ապրանքների արտադրության ծախքը տարբեր կլիներ, բայց այս բոլոր ապրանքների համար նույնահավասար կլիներ վաճառքի գնի այն մասը, որը գոյանում է ամեն մի 100-անոց կապիտալի համար ստացված ու միակցված շահույթից։ I—V ապրանքների ընդհանուր գինը հավասար կլիներ նրանց ընդհանուր արժեքին, այսինքն հավասար կլիներ I—V ապրանքների արտադրության ծախքի գումարին, պլյուս I—V ենթաբաժանումներում արտադրված հավելյալ արժեքի շահույթի գումարը. փաստորեն ուրեմն նրանց ընդհանուր գինը կներկայացներ I—V ապրանքների մեջ պարունակված, անցյալ ու նոր միակցված, աշխատանքի ընդհանուր քանակի փողային արտահայտությունը։ Եվ այսպիսով հասարակության մեջ էլ — դիտելով արտադրության բոլոր ճյուղերը որպես մի ամբողջություն — արտադրված ապրանքների արտադրության գների գումարը հավասար է նրանց արժեքների գումարին։

Թվում է, թե այս դրույթին հակասում է այն իրողությունը, որ կապիտալիստական արտադրության մեջ արտադրողական կապիտալի տարրերը սովորաբար գնվում են շուկայում ուրեմն նրանց գները պարունակում են արդեն իրացված մի որոշ շահույթ ու ըստ այսմ արդյունաբերության տվյալ ճյուղի արտադրության գինը սրա մեջ պարունակված շահույթի հետ միասին, և որ հետևաբար արդյունաբերության մի ճյուղի շահույթը մտնում է մի ուրիշ ճյուղի արտադրության ծախքի մեջ։ Բայց եթե մենք մի ամբողջ երկրի ապրանքների արտադրության ծախքի գումարը դնում ենք մի կողմում և նրա շահույթների կամ թե հավելյալ արժեքների գումարը մյուս կողմում, ապա պարզ է, որ հաշիվը պետք է ճիշտ դուրս գա։ Վեր առնենք, օրինակ, մի A ապրանք. նրա արտադրության ծախքը թող պարունակի իր մեջ B-ի, C-ի, D-ի շահույթները, ինչպես և B-ի, C-ի, D-ի և այլոց արտադրության ծախքը թող իր հերթին պարունակի A-ի շահույթը։ Եթե հիմա հաշվենք վերևում նշած մեթոդով, ապա կտեսնենք, որ A-ի շահույթը չի մտնում իր սեփական արտադրության ծախքի մեջ, և նմանապես B-ի, C-ի, D-ի և այլոց շահույթները չեն մսանում սրանց սեփական արտադրության ծախքի մեջ։ Ոչ ոք իր սեփական շահույթը չի մտցնում իր արտադրության ծախքի մեջ։ Հետևաբար, եթե կան, օրինակ, արտադրության ոլորտներ, և յուրաքանչյուրում p-ի հավասար մի շահույթ է ստացվում, ապա նրանց բոլորի արտադրության ծախքը միասին = k - np։ Ընդհանուր հաշվի քննարկումը ցույց է տաղիս հետևյալը. որչափով որ արտադրության մի ոլորտի շահույթները մտնում են մի ուրիշ ոլորտի արտադրության ծախքի մեջ, նույնչափով ուրեմն այս շահույթներն արդեն հաշվի են առնված ավարտական արդյունքի ընդհանուր գնի համար և չեն կարող երկրորդ անգամ շահույթի կողմում հանդես գալ։ Իսկ եթե այս կողմում նրանք հանդես են դալիս, ապա լոկ այն պատճառով, որ ինքը տվյալ ապրանքն ավարտական արդյունք է, և հետևաբար նրա արտադրության գինը չի մտնում մի ուրիշ ապրանքի արտադրության ծախքի մեջ։

Եթե մի ապրանքի արտադրության ծախքի մեջ մ տնում է մի գումար = p, իբրև արտադրամիջոցներ արտադրողների շահույթ, և եթե արտադրության այս ծախքի վրա ավելացվում է մի շահույթ = p´, ապա ամբողջ շահույթ P-ն = p + p´։ Այն ժամանակ ապրանքի ընդհանուր արտադրության ծախքը, մի կողմ թողած շահույթի մեջ մտնող գնի բոլոր տարրերը, հավասար է նրա սեփական արտադրության ծախքին, մինուս P։ Եթե արտադրության այս ծախքն անվանենք k, ապա ակներև է, որ k + P = k + p + p´։ I գրքում, VII գլ., 2, էջ 184—18, հավելյալ արժեքի հետազոտության ժամանակ տեսանք, որ ամեն մի կապիտալի արդյունքը կարող է այնպես քննության առնվել, որ իբր նրա մի մասը փոխհատուցում է սոսկ կապիտալը, մյուս մասն արտահայտում է միմիայն հավելյալ արժեքը։ Այս հաշվարկումը հասարակության ամբողջ արդյունքի նկատմամբ կիրառելիս ուղղումներ են տեղի ունենում, որովհետև, օրինակ, չի կարող վուշի գնի մեջ պարունակված շահույթը, երբ գործ ունենք ամրողջ հասարակության հետ, երկու անգամ հանդես գալ, չի կարող միաժամանակ հանդես գալ թե՛ իբրև կտավի գնի մաս ու թե՛ իբրև վուշ արտադրողի շահույթի մաս։

Շահույթի ու հավելյալ արժեքի միջև ոչ մի տարբերություն չկա, որչափով որ, օրինակ, A-ի հավելյալ արժեքը մտնում է B-ի հաստատուն կապիտալի մեջ։ Չէ՞ որ ապրանքների արժեքի համար բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք նրանց մեջ պարունակված աշխատանքը վճարվա՞ծ, թե՞ անվճար աշխատանքից է բաղկացած։ Այս ցույց է տալիս լոկ այն, որ B-ն վճարում է A-ի հավելյալ արժեքը։ Ընդհանուր հաշվի մեջ A-ի հավելյալ արժեքը չի կարող երկու անգամ հաշվվել։

Բայց տարբերությունը հետևյալն է. բացի նրանից, որ, օրինակ, B կապիտալի արդյունքի գինը շեղվում է նրա արժեքից այն պատճառով, որ B-ի մեջ իրացված հավելյալ արժեքը կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան B-ի արդյունքների գնին ավելացված շահույթը, բայց այս նույն պարագան իր ուժը պահպանում է նաև այն, ապրանքների նկատմամբ, որոնք կազմում են B կապիտալի հաստատուն մասը և անուղղակի կերպով, իբրև բանվորների կենսամիջոցներ, կազմում են նաև նրա փոփոխուն մասը։ Ինչ վերաբերում է հաստատուն մասին, ապա սա ինքը հավասար է արտադրության ծախքին, պլյուս հավելյալ արժեքը, ուրեմն ներկա դեպքում հավասար է արտադրության ծախքին, պլյուս շահույթը, իսկ այս շահույթն իր հերթին կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, քան այն հավելյալ արժեքը, որի տեղն ինքը հիմա բռնում է։ Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին, ապա միջին օրական աշխատավարձը թեև միշտ հավասար է այն ժամերի արդյունքի նոր արժեքին, որոնց ընթացքում բանվորը պետք է աշխատի՝ անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու համար, բայց հենց այս ժամերի թիվն իր հերթին կեղծման է ենթարկվում այն պարագայի շնորհիվ, որ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության գները շեղվում են նրանց արժեքներից։ Սակայն այս հանգույցն ամեն անգամ լուծվում է նրանով, որ մի ապրանքի մեջ հավելյալ արժեք այնքանով ավելի է մտնում, որքանով նա պակասում է մի այլ ապրանքից, և որ ուրեմն այն շեղումներն արժեքից, որոնք հատուկ են ապրանքների արտադրության գներին, միմյանց փոխադարձաբար վերացնում են։ Առհասարակ, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսում յուրաքանչյուր ընդհանրական օրենք միշտ իրականանում է մի շատ խճճված ու մոտավոր եղանակով միայն, որպես մշտնջենական տատանումների միջին,որը երբեք ճշգրիտ հավաստել չի լինում, իրականանում է լոկ որպես տիրապետող տենդենց։

Որովհետև շահույթի ընդհանրական նորման կազմվում է շահույթի տարբեր նորմաների այն միջինից, որն ընկնում է կանխավճարված կապիտալի յուրաքանչյուր 100-ին մի որոշ ժամանակամիջոցում, ասենք, օրինակ, մի տարում, ուստի այդ ընդհանուր նորմայում ջնջվում է նաև այն տարբերությանը, որ առաջ է գալիս տարբեր կապիտալների պտուտաժամանակների տարբերության հետևանքով։ Բայց այս տարբերությունները ներգործում են, իբրև որոշիչ տարր, արտադրության տարբեր ոլորտների շահույթի տարբեր նորմաների վրա, որոնց միջինն է կազմում շահույթի ընդհանրական նորման։

Նախորդ լուսաբանման մեջ, որը վերաբերում էր շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանն, արտադրության յուրաքանչյուր ոլորտի ամեն մի կապիտալ ընդունված էր = 100-ի, և այս արված է այն նպատակով, որ պարզվի շահույթի նորմաների տոկոսային տարբերությունը, ուրեմն նաև այն ապրանքների արժեքների տարբերությունը, որոնք արտադրվում են միևնույն մեծության կապիտալների կողմից։ Բայց ինքնըստինքյան հասկանալի է, որ հավելյալ արժեքի այն իրական մասսաները, որոնք արտադրվում են արտադրության ամեն մի առանձին ոլորտում, կախված են ներդրված կապիտալների մեծությունից, որքան որ արտադրության ամեն մի այսպիսի տվյալ ոլորտում արված է կապիտալի կառուցվածքը։ Սակայն արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի շահույթի առանձին նորման չի կախված այն պարագայից, թե ինչ մեծության, կապիտալ է գործադրվում, արդյո՞ք նա հավասար է 100, 100 × m, թե՞ 100 × xm։ Շահույթի նորման մնում է 10%, անկախ նրանից, ամբողջ շահույթը կազմում է 10 : 100, թե՞ 1 000 : 10 000։

Բայց շահույթի նորմաներն արտադրության տարբեր ոլորտներում տարբեր են, որովհետև նայած փոփոխուն կապիտալի և ամբողջ կապիտալի հարաբերությանը՝ այդ տարբեր ոլորտներում հավելյալ արժեքի և ուրեմն շահույթի շատ տարբեր մասսաներ են արտադրվում։ Այստեղից պարզ է, որ հասարակական կապիտալի ամեն մի 100-ին ընկնող միջին շահույթը և ուրեմն շահույթի միջին նորման կամ թե շահույթի ընդհանրական նորման շատ տարբեր կլինի, նայած տարբեր ոլորտներում ներդրված կապիտալների համապատասխան մեծություններին։ Վեր առնենք չորս կապիտալ՝ A, B, C, D։ Թող հավելյալ արժեքի նորման բոլորի համար լինի = 100%-ի։ Թող ամբողջ կապիտալի ամեն մի 100-ից փոփոխուն կապիտալը լինի A-ի համար = 25, B-ի համար = 40, C-ի համար = 15, D-ի համար = 10։ Այն ժամանակ ամբողջ կապիտալի յուրաքանչյուր 100-ին հավելյալ արժեք կամ թե շահույթ կընկներ A-ի համար = 25, B-ի համար = 40, C-ի համար = 15, D-ի համար = 10, ընդամենը = 90, և հետևաբար, եթե չորս կապիտալն էլ հավասար մեծություն են, ապա շահույթի միջին նորման կլինի [math]^{90}/_4[/math] = 22½%։

Բայց եթե այդ կապիտալներից ամեն մեկը հետևյալ մեծությունն ունենար՝ A = 200, B = 300, C= 1 000, D = 4 000, ապա արտադրված շահույթները համապատասխանորեն կկազմեին՝ 50, 120, 150 ու 400։ Միատեղ 5 500 կապիտալին կընկներ 720 շահույթ, այսինքն շահույթի միջին նորման կլիներ 13[math]^1/_{11}[/math]։

Արտադրված ամբողջ արժեքի մասսաները տարբեր են՝ նայած A-ում, B-ում, C-ում, D-ում համապատասխանորեն կանխավճարված ընդհանուր կապիտալների տարբեր մեծություններին։ Հետևաբար շահույթի ընդհանրական նորմայի գոյացման դեպքում խնդիրը վերաբերում է ոչ միայն արտադրության տարբեր ոլորտներում ստացվող շահույթների այն նորմաների տարբերությանը, որոնց պարզ միջին թվաբանականը պետք է հանել, այլև այն տեսակարար կշռին, որով շահույթի այս տարբեր նորմաները մասնակցում են միջին նորմայի գոյացմանը։ Բայց այս կախված է ամեն մի առանձին ոլորտում ներդրված կապիտալի հարաբերական մեծությունից կամ թե նրանից, թե արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտում ներդրված կապիտալը հասարակական ամբողջ կապիտալի որ պատկական մասն է կազմում։ Բնականաբար պետք է մի շատ մեծ տարբերություն գոյանա, նայած թե ընդհանուր կապիտալի մի ավելի մեծ, թե ավելի փոքր մասն է մի ավելի բարձր կամ թե ավելի ցածր շահույթի նորմա տալիս։ Այս էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչքան կապիտալ է ներդրված այն ոլորտներում, որտեղ փոփոխուն և ամբողջ կապիտալի հարաբերությունն ավելի մեծ կամ թե ավելի փոքր է։ Այստեղ գործ ունենք նույն երևույթի հետ, որին հանդիպում ենք միջին տոկոսադրույքի դեպքում, որը մի վաշխառու ստանում է՝ իր կապիտալի տարբեր մասերը փոխ տալով տոկոսի տարբեր նորմաներով, օրինակ, 4, 5, 6, 7%-ով և այլն։ Միջին նորման ամբողջովին կախված է այն պարագայից, թե տոկոսի նշած տարբեր նորմաներից յուրաքանչյուրով վաշխառուն իր կապիտալի ո՞ր մասն է փոխ տվել։

Այսպիսով ուրեմն, շահույթի ընդհանրական նորման որոշվում է երկու գործոնով.

1) կապիտալների օրգանական կառուցվածքով արտադրության տարբեր ոլորտներում է ուրեմն առանձին ոլորտների շահույթի տարբեր նորմաներով.

2) հասարակական ամբողջ կապիտալի բաշխումով այս տարբեր ոլորտների միջև, հետևաբար ամեն մի առանձին ոլորտում և ուրեմն շահույթի առանձին նորմա ունեցող կապիտալի հարաբերական մեծությամբ, այսինքն հասարակական կապիտալի ամբողջ մասսայի այն հարաբերական մասով, որ կլանում է արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտ։

Մենք I ու II գրքում գործ ենք ունեցել ապրանքների արժեքների հետ միայն։ Հիմա մի կողմից որպես այս արժեքի մի մաս առանձնացել է արտադրության ծախքը, մյուս կողմից՝ զարգանալով իբրև, արժեքի մի փոխակերպված ձև առաջ է եկել ապրանքի արտադրության գինը։

Եթե ենթադրենք, որ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը 80 c + 20 v է, և տարեկան հավելյալ արժեքի նորման՝ m´ = 100%, ապա 100-անոց մի կապիտալի տարեկան, միջին շահույթը կլինի = 20, իսկ տարեկան շահույթի ընդհանրական նորման = 20%։ Ինչ էլ որ լինի k-ն՝ 100-անոց մի կապիտալի կողմից տարվա ընթացքում արտադրված ապրանքների արտագրության ծախքը, նրանց արտադրության գինը կլինի = k + 20։ Արտադրության այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը = (80 - x) c + (20 + x) v, իրապես արտադրված հավելյալ արժեքը, կամ համապատասխանորեն՝ այս ոլորտի մեջ արտադրված տարեկան շահույթը կլինի = 20 + x, ուրեմն ավելի մեծ, քան 20-ը, և արտադրված ապրանքների արժեքը = k + 20 + x, ավելի մեծ, քան k + 20, կամ թե ավելի մեծ, քան ապրանքի արտադրության գինը։ Այն ոլորտներում, որտեղ կապիտալի կառուցվածքը (80 + x) c + (20 - x) v է, տարեկան արտադրված հավելյալ արժեքը կամ թե շահույթը կլինի = 20 - x, ուրեմն ավելի փոքր, քան 20-ը, և հետևաբար ապրանքների արժեքը՝ k + 20 - x-ը կլինի ավելի փոքր, քան արտադրության գինը, որ = k + 20։ Մի կողմ թողնելով պտուտաժամանակի հնարավոր տարբերությունները՝ ապրանքների արտադրության գինը նրանց արժեքին հավասար կլինի այն ոլորտներում միայն, որտեղ կապիտալի կառուցվածքը պատահաբար հավասար կլինի 80 c + 20 v։

Արտադրության ամեն մի առանձին ոլորտում աշխատանքի հասարակական արտադրողականության մասնահատուկ զարգացումը տարբեր է ըստ աստիճանի, ավելի բարձր է կամ թե ավելի ցածր, նայած թե աշխատանքի մի որոշ քանակի կողմից, կամ — բանվորական օրը տրված ընդունելու դեպքում — բանվորների մի որոշ թվի կողմից շարժման մեջ դրվող արտադրամիջոցների քանակը որքան մեծ է և ըստ այնմ՝ արտադրամիջոցների մի որոշ քանակի համար պահանջվող աշխատանքի քանակը արքան փոքր է։ Ուստի այն կապիտալները, որոնք տոկոսապես ավելի մեծ քանակի հաստատուն կապիտալ, ուրեմն ավելի փոքր քանակի փոփոխուն կապիտալ են պարունակում, քան հասարակական միջին կապիտալը, մենք անվանում ենք բարձր կառուցվածքի կապիտալներ։ Իսկ ընդհակառակը, այնպիսիները, որոնց մեջ հաստատուն կապիտալը մի համեմատաբար ավելի փոքր, իսկ փոփոխունը մի ավելի մեծ տեղ է գրավում, քան հասարակական միջին կապիտալում, մենք անվանում ենք ցած կառուցվածքի կապիտալներ։ Վերջապես, միջին կառուցվածքի կապիտալներ մենք անվանում ենք այն այնպիսիները, որոնց կառուցվածքը համընկնում է հասարակական միջին կապիտալի կառուցվածքի հետ։ Եթե հասարակական միջին կապիտալը տոկոսապես կազմված է 80 c + 20 v-ից, ապա՝ 90 c + 10 v ունեցող կապիտալ հասարակական միջինից ավելի բարձր է կանգնած, 70 c + 30 v ունեցող մի կապիտալ ավելի ցածր։ Ընդհանրապես ասած՝ երբ հասարակական միջին կապիտալի կառուցվածքը = mc + nv, որտեղ m-ն ու n-ն հաստատուն մեծություններ են, և m + n = 100, այն ժամանակ (m + x)c + (n - x)v-ն ներկայացնում է մի առանձին կապիտալի կամ թե կապիտալների մի խմբի ավելի բարձր կառուցվածքը, (m - x)c + (n + x)v-ն ավելի ցածր կառուցվածքը։ Թե այս կապիտալները շահույթի միջին նորման սահմանվելուց հետո ինչպես են գործում,— տարվա ընթացքում մի անգամ տեղի ունեցող պտույտ ընդունելու դեպքում — ցույց է տալիս հետևյալ աղյուսակը, որտեղ I-ը պատկերացնում է կապիտալի միջին կառուցվածքը և շահույթի միջին նորման ըստ այսմ = է 20%։

I. 80 c + 20 v + 20 m. Շահույթի նորման = 20%։

Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 120։

II. 90 c + 10 v + 10 m. Շահույթի նորման = 20%։

Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 110։

III. 70 c + 30 v + 30 m. Շահույթի նորման = 20%։

Արդյունքի գինը = 120։ Արժեքը = 130։

Այսպիսով ուրեմն II կապիտալի կողմից արտադրված ապրանքների արժեքն ավելի փոքր է, քան նրանց արտադրության գինը. III կապիտալի ապրանքների արտադրության գինն ավելի փոքր է, քան արժեքը, և միմիայն I կապիտալի համար արտադրության այն ճյուղերում, որոնց կառուցվածքը պատահաբար նույնանում է հասարակական, միջին կառուցվածքի հետ, ապրանքների արժեքն ու արտադրության գինը հավասար են։ Սակայն այս բնորոշումները որոշ դեպքերի նկատմամբ կիրառելիս իհարկե պետք է հաշվի առնվի այն, թե c-ի ու v-ի միջև եղած հարաբերությունն ինչ աստիճանի է շեղվում ընդհանրական միջինից ոչ թե տեխնիկական կառուցվածքի տարբերության շնորհիվ, այլ հաստատուն կապիտալի տարրերի արժեքի սոսկական փոփոխության հետևանքով։

Մեր այս դատողություններն անշուշտ մի կերպափոխություն են մտցնում ապրանքների արտադրության ծախքի բնորոշման մեջ։ Սկզբնապես մենք ընդունել էինք, թե ապրանքի արտադրության ծախքը հավասար է նրա արտադրության մեջ սպառված ապրանքների արժեքին։ Բայց տվյալ ապրանքի արտադրության գինը նույնի գնորդի համար նրա արտադրության ծախքն է և ըստ այսմ կարող է իբրև արտադրության ծախք մտնել մի ուրիշ ապրանքի գնի գոյացման մեջ։ Որովհետև արտադրության գինը կարող է ապրանքի արժեքից շեղվել, ուստի նախ այն ապրանքի արտադրության ծախքը, որի մեջ է մտնում մի այլ ապրանքի այս արտադրության գիծը, կարող է ավելի բարձր կամ թե ավելի ցածր լինել ապրանքի ամբողջ արժեքի այն մասից, որը կազմվում է նրա մեջ մտնող արտադրամիջոցների արժեքից։ Հարկավոր է արտադրության ծախքի այս կերպափոխված նշանակությունն աչքի առաջ ունենալ ամեն անգամ, երբ արտադրության մի առանձին ոլորտում ապրանքի արտադրության ծախքը հավասարեցվում է նրա արտադրության մեջ գործածված արտադրամիջոցների արժեքին,— այստեղ միշտ հնարավոր է մի սխալանք։ Մեր ներկա հետազոտության համար անհրաժեշտ չի ավելի մոտից խորամուխ լինել այս կետի մեջ։ Ընդսմին շարունակում է ճիշտ մնալ այն դրույթը, որ ապրանքների արտադրության ծախքը միշտ ավելի փոքր է նրանց արժեքից։ Եվ իրոք ապրանքի արտադրության ծախքը որքան էլ շեղվի նրա վրա սպառված արտադրամիջոցների արժեքից, անցյալին պատկանող այս սխալանքը կապիտալիստի համար նշանակություն չունի։ Ապրանքի արտադրության ծախքը մի տվյալ մեծություն է, նրա՝ կապիտալիստի, արտադրությունից անկախ մի նախադրյալ, այնինչ նրա արտադրության հետևանքը մի ապրանք է, որը պարունակում է հավելյալ արժեք, ուրեմն արժեքի մի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր։ Բայց և այն դրույթը, թե արտադրության ծախքն ապրանքի արժեքից ավելի փոքր է, հիմա գործնականորեն փոխարկվել է մի այլ դրույթի, այն է, որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արտադրության գինը։ Հասարակական ամբողջ կապիտալի վերաբերմամբ, որի ծավալով վերցրած՝ արտադրության գինը հավասար է արժեքին այս դրույթը նույնանում է նախկին դրույթի հետ, այսինքն որ արտադրության ծախքն ավելի փոքր է, քան արժեքը։ Թեև արտադրության առանձին ոլորտների համար այս դրույթը տարափոփոխ իմաստ ունի, բայց և այնպես նրա հիմքը միշտ շարունակում է կազմել այն իրողությունը, որ հասարակական ամբողջ կապիտալի ծավալով քննած՝ սրա արտադրած ապրանքների արտադրության ծախքն արժեքից ավելի փոքր է կամ թե, տվյալ դեպքում արտադրված ապրանքների ամբողջ մասսայի վերաբերմամբ վերցնելիս, ավելի փոքր է, քան այս արժեքի հետ նույնացող արտադրության գինը։ Ապրանքի արտադրության, ծախքը համապատասխանում է միայն նրա մեջ պարունակվող վճարված աշխատանքի քանակին, իսկ արժեքը՝ նրա մեջ պարունակվող վճարված ու անվճար աշխատանքի ամբողջ քանակին. արտադրությանն գինը համապատասխանում է վճարված աշխատանքի գումարին, պլյուս անվճար աշխատանքի մի որոշ քանակ, որն անկախ է արտադրության տվյալ առանձին ոլորտի պայմաններից։

Այն ֆորմուլան, որի համաձայն ապրանքի արտադրության գինը = k + p, այսինքն հավասար է արտադրության ծախքին պլյուս շահույթը, հիմա ավելի մոտիկ բնորոշում է ստացել այն իմաստով, որ p = kp´ (որտեղ p´-ն շահույթի ընդհանրական նորման է) և ուրեմն արտադրության գինը = k + kp´։ Եթե k= 300 ու p´ = 15%, ապա k + kp´ արտադրության գինը = 300 + 300 · [math]\frac{15}{300}[/math] = 345։

Ապրանքների արտադրության գինն արտադրության ամեն մի առանձին ոլորտում կարող է ըստ իր մեծության փոփոխությունների ենթարկվել.

1) ապրանքների անփոփոխ արժեքի դեպքում (այսինքն, եթե արտադրության գնի փոփոխումից առաջ, ինչպես և սրանից հետո, ապրանքների արտադրության մեջ մեռյալ ու կենդանի աշխատանքի միևնույն քանակն է մտնում)՝ շահույթի ընդհանրական նորմայի մի այնպիսի փոփոխության հետևանքով, որ արտադրության տվյալ ոլորտից անկախ է.

2) շահույթի ընդհանրական անփոփոխ նորմայի դեպքում արժեքի փոփոխության շնորհիվ, լինի այս արտադրության տվյալ իսկ առանձին ոլորտում՝ տեխնիկական փոփոխման հետևանքով, կամ թե այն ապրանքների արժեքի փոփոխության հետևանքով, որոնք իբրև կազմիչ տարրեր մտնում են տվյալ ոլորտի հաստատուն կապիտալի մեջ.

3) վերջապես այս երկու պարագայի միահամուռ ներգործության շնորհիվ։

Չնայած այն մեծ փոփոխություններին, որոնք,— ինչպես ցույց կտրվի ներքևում —մշտապես կատարվում են արտադրության առանձին ոլորտների շահույթի փաստական նորմաների մեջ, շահույթի ընդհանրական նորմայի իրական փոփոխությունը, որչափով որ սա տնտեսական արտակարգ անցքերի բացառիկ արգասիք չի, շատ երկար ժամանակ տևող ճոճումների մի շարքի շատ ուշ հետևանք է, այսինքն այնպիսի ճոճումների, որոնք շատ ժամանակ են պահանջում, մինչև որ կոնսոլիդացիայի ենթարկվեն և հավասարակշռվեն այն աստիճան, որ շահույթի ընդհանրական նորմայի մի փոփոխություն առաջացնեն։ Ուստի ամեն անգամ, երբ գործ ունենք համեմատաբար կարճ պարբերաշրջանների հետ (բոլորովին մի կողմ թողնելով շուկայի գների տատանումները), արտադրության գների փոփոխումները միշտ պետք է prima facie [առաջին հերթին] բացատրել ապրանքների արժեքի իրական փոփոխությամբ, այսինքն նրանց արտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի ընդհանուր գումարի փոփոխությամբ։ Միևնույն արժեքների սոսկական փողային արտահայտության փոփոխությունն այստեղ իհարկե ամենևին չի կարող ուշադրության առնվել[4]։ Մյուս կողմից պարզ է հետևյալը, եթե դիտում ենք հասարակական ամբողջական կապիտալը, ապա գտնում ենք, որ նրա արտադրած ապրանքների արժեքի գումարը (կամ թե փողով արտահայտած նրանց գինը) = հաստատուն կապիտալի արժեքին + փոփոխուն կապիտալի արժեքը + հավելյալ արժեքը։ Եթե աշխատանքի շահագործման աստիճանը հաստատուն է, շահույթի նորման այստեղ — հավելյալ արժեքի մասսայի անփոփոխության դեպքում — կարող է փոխվել լոկ այն ժամանակ, երբ կա՛մ հաստատուն կապիտալի արժեքն է փոխվում, կա՛մ երբ փոփոխունի արժեքն, է փոխվում, կամ թե երկուսն էլ փոխվում են այնպես, որ փոխվում է C-ն ու սրա հետեւանքով էլ [math]\frac{m}{C}[/math]-ն՝ շահույթի ընդհանրական նորման։ Հետևաբար շահույթի ընդհանրական նորմայի մի որևէ փոփոխությունը յուրաքանչյուր դեպքում ենթադրում է այն ապրանքների արժեքի փոփոխություն, որոնք իբրև կազմիչ տարրեր մտնում են հաստատուն կապիտալի մեջ, կամ թե փոփոխունի մեջ, կամ երկուսի մեջ միաժամտնակ։

Այնուհետև, շահույթի ընդհանրական նորման կարող է փոփոխվել — ապրանքների անփոփոխ արժեք ենթադրելով — եթե փոխվում է աշխատանքի շահագործման աստիճանը։

Վերջապես, շահույթի ընդհանրական նորման կարող է փոփոխվել — ընդունելով աշխատանքի շահագործման անփոփոխ աստիճան, եթե աշխատանքի պրոցեսում կատարված տեխնիկական փոփոխությունների հետևանքով փոխվում է կիրառվող աշխատանքի գումարը՝ հաստատուն կապիտալի համեմատությամբ։ Բայց այսպիսի տեխնիկական փոփոխությունները միշտ պիտի երևան գան այն ապրանքների արժեքի փոփոխության մեջ և հետևաբար միշտ պիտի ուղեկցվեն այն ապրանքների արժեքի փոփոխությամբ, որոնց արտադրությունը հիմա, առաջվա համեմատությամբ, ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք է պահանջում։

Առաջին բաժնում մենք տեսանք, որ հավելյալ արժեքն ու շահույթը նույնանում են, երբ դիտվում են ըստ իրենց մասսայի։ Սակայն շահույթի նորման հենց այն գլխից տարբեր է հավելյալ արժեքի նորմայից, մի բան, որ առաջին հայացքից հաշվարկման ուրիշ ձև է թվում միայն, բայց որովհետև շահույթի նորման հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի պայմաններում կարող է բարձրանալ կամ թե ընկնել, և ընդհակառակը, և որովհետև գործնականորեն կապիտալիստին միմիայն շահույթի նորման է հետաքրքրում, ուստի այս հանգամանքը հենց այն գլխից բոլորովին մթագնում և միստիֆիկացիայի է ենթարկում հավելյալ արժեքի իսկական ծագումը։ Սակայն, ինչպես տեսանք, քանակային տարբերություն կա հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև միայն, և ոչ թե հավելյալ արժեքի ու բուն իսկ շահույթի միջև։ Որովհետև շահույթի նորմայի մեջ հավելյալ արժեքը հաշվի է առնվում ամբողջ կապիտալի նկատմամբ և հարաբերության մեջ է դրվում սրա հետ, իբրև իր չափի հետ, ուստի այս հանգամանքի շնորհիվ թվում է, թե հենց ինքը հավելյալ արժեքն ամբողջ կապիտալից է ծագում ու այն էլ նրա բոլոր մասերից հավասարապես, այնպես որ հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջև եղած օրգանական տարբերությունը ջնջվում է շահույթի գաղափարի մեջ։ Եվ հանդես գալով իր այս փոխակերպված տեսքով, իբրև շահույթ, դրանով ինքը հավելյալ արժեքն իրոք ժխտում է իր ծագումը, կորցնում իր բնույթը և դառնում անճանաչելի։ Բայց և այնպես շահույթի ու հավելյալ արժեքի միջև եղած տարբերությունը մինչև այժմ հանգում էր լոկ որակային փոփոխության, ձևի փոփոխության, այնինչ փոխակերպման այս առաջին աստիճանի վրա իրական տարբերությունն ըստ մեծության գոյություն ունի դեռ միմիայն շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև, ոչ թե շահույթի ու հավելյալ արժեքի միջև։

Իրերի այլ հարաբերություն է ստացվում, հենց որ արդեն սահմանվում է շահույթի մի ընդհանրական նորմա ու սրա միջոցով էլ՝ մի միջին շահույթ, որը համապատասխանում է արտադրության տարբեր ոլորտներում գործադրվող կապիտալի տվյալ մեծության։

Հիմա արդեն պատահականություն է միայն, եթե արտադրության մի առանձին ոլորտում իրոք արտադրված հավելյալ արժեքը և ուրեմն շահույթը նույնանում է ապրանքի վաճառագնի մեջ պարունակված շահույթի հետ։ Այժմ, իբրև ընդհանուր կանոն, շահույթն ու հավելյալ արժեքն են տարբեր մեծություններ, և ոչ թե սոսկ նրանց նորմաները։ Աշխատանքի շահագործման տվյալ աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրվում է արտադրության մի առանձին ոլորտում, հիմա ավելի կարևոր է հասարակական կապիտալի ամբողջ միջին շահույթի համար, ուրեմն կապիտալիստների դասակարգի համար ընդհանրապես, քան անմիջաբար արտադրության յուրաքանչյուր աոանձին ճյուղի կապիտալիստների համար։ Վերջիններիս համար այդ հավելյալ արժեքը կարևոր է այն չափով միայն[5], որչափով որ տվյալ ոլորտում արտադրված հավելյալ արժեքի քանակն իբրև որոշիչ մի տարր մասնակցում է միջին շահույթի կարգավորմանը։ Բայց սա մի պրոցես է, որը կատարվում է կապիտալիստի թիկունքում, որը նա չի տեսնում, չի հասկանում և որը նրան չի հետաքրքրում իսկապես։ Արտադրության առանձին ոլորտներում շահույթի ու հավելյալ արժեքի մեծությունների միջև — ու ոչ թե միայն շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև — գոյություն ունեցող քանակային իրական տարբերությունը հիմա լիովին թաքցնում է շահույթի իսկական բնությունն ու ծագումը, այն էլ ոչ միայն կապիտալիստից, որը խաբվելու մի հատուկ շահ ունի այստեղ, այլ և հենց բանվորից։ Արժեքների փոխարկումն արտադրության գների աչքից թաքցնում է արժեքի որոշման հենց հիմքը։ Վերջապես՝ երբ հավելյալ արժեքը պարզապես փոխարկվում է շահույթի, այդ փոխարկման ժամանակ ապրանքների արժեքի այն մասը, որը շահույթն է կազմում, հանդիպակայում է արժեքի մյուս մասին, որը ներկայացնում է ապրանքի արտադրության ծախքը, այնպես որ այստեղ արդեն արժեքի գաղափարը ճողոպրում է կապիտալիստից, որովհետև սա աչքի առջև ունի ոչ թե այն ամբողջ աշխատանքը, որը ծախսվում է ապրանքի արտադրության վրա, այլ ամբողջ աշխատանքի այն մասը միայն, որ նա վճարել է կենդանի կամ թե մեռյալ արտադրամիջոցների ձևով, և այսպիսով շահույթը նրան պատկերանում է որպես ապրանքի իմանենտ (ներհատուկ) արժեքից դուրս կանգնած մի ինչ-որ բան։ Արտադրության գների գոյացման հետ միասին այս պատկերացումը հիմա լիովին հաստատուն է դառնում, ամրակայվում է, ոսկրանում, որովհետև արտադրության ծախքի վրա ավելացվող շահույթը, եթե արտադրության առանձին ոլորտն է նկատի առնվում, իրապես ոչ թե արժեքի գոյացման այն պրոցեսի սահմաններով է որոշվում, որը կատարվում է տվյալ ոլորտում, այլ, ընդհակառակը, նրանից բոլորովին դուրս է սահմանվում։

Այն հանգամանքը, որ այս ներքին կապն առաջին անգամ այստեղ է մերկացվում, որ մինչայժմյան քաղաքատնտեսությունը, ինչպես այդ կտեսնենք հաջորդ շարադրանքում ու IV գրքում, կամ բռնազբոսիկ կերպով անգիտանում էր հավելյալ արժեքի ու շահույթի, հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև, եղած տարբերությունները, որպեսզի կարողանա արժեքի որոշումը պահպանել իբրև հիմք, կամ թե չէ՝ հրաժարվում էր արժեքի այս որոշումից, միաժամանակ հրաժարվելով խնդրին մոտենալուն գիտական ամեն մի պատվանդանից, .որպեսզի կառչեն աչքի զարնող այն տարբերություններից, որոնք նկատվում են երևույթների մակերեսին — թեորետիկներին հատուկ այս խառնաշփոթումն ամենից լավ է ցույց տալիս, որ մրցման պայքարով բռնված, մրցման երևույթների ներքինի մեջ ամենևին խորամուխ չեղած գործնական կապիտալիստը պետք է բոլորովին անընդունակ լինի երևութքի միջից թափանցելով այս պրոցեսի ներքին էությունն ու ներքին կերպարանքը ճանաչելու։

Շահույթի նորմայի բարձրացման ու անկման վերաբերյալ այն բոլոր օրենքները, որոնք շարադրված են առաջին բաժնում, իրոք հետևյալ երկակի իմաստն ունեն.

1) Մի կողմից նրանք շահույթի ընդհանրական նորմայի օրենքներ են։ Նկատի առնելով այն բազմաթիվ տարբեր պատճառները որոնք մեր շարադրածի համաձայն շահույթի նորման բարձրացնում են կամ թե գցում, կարելի էր կարծել, թե շահույթի ընդհանրական նորման պետք է ամեն օր փոխվի։ Բայց արտադրության մի ոլորտում տեղի ունեցող շարժումը վերացվում է ուրիշ ոլորտներում կատարվող շարժումով, ազդեցությունները տրամախաչվում են և փոխադարձաբար կասեցվում։ Մենք հետագայում կհետազոտենք, թե տատանումները վերջին հաշվով դեպի ո՛ր կողմն են ձգտում. բայց նրանք դանդաղ են կատարվում. արտադրության առանձին-առանձին ոլորտներում տատանումների հանկարծակիությունը, բազմակողմանիությունն ու տարբեր տևողությունը հասցնում է այն հետևանքին, որ նրանք իրենց ժամանակական հաջորդականությամբ միմյանց մասամբ համակշռում են, այնպես որ գների անկումը հաջորդում է գների բարձրացմանը և ընդհակառակը, որ տատանումները կրում են տեղային բնույթ, այսինքն արտադրության առանձին մի ոլորտում սահմանափակված են մնում, վերջապես որ տեղային տարբեր տատանումները միմյանց փոխադարձաբար չեզոքացնում են։ Արտադրության ամեն մի առանձին ոլորտի շրջանակում տեղի են ունենում փոփոխություններ, շեղումներ շահույթի ընդհանրական նորմայից, որոնք մի կողմից հավասարակշռվում են մի որոշ ժամանակաշրջանում և ուրեմն հետադարձորեն չեն ներգործում շահույթի ընդհանրական նորմայի վրա, և մյուս կողմից՝ նրա վրա հետադարձորեն չեն ներգործում այն պատճառով, որ նրանք միաժամանակյա տեղային այլ տատանումների կողմից վերացվում են։ Որովհետև շահույթի ընդհանրական նորման որոշվում է ոչ միայն յուրաքանչյուր ոլորտում եղած շահույթի միջին նորմայով, այլև ամբողջ կապիտալի բաշխումով տարբեր առանձին ոլորտների վրա, և որովհետև այս բաշխումը մշտապես փոփոխվում է, ուստի այս պարագան շահույթի ընդհանրական նորմայի փոփոխության մի մշտական պատճառ է դարձյալ, բայց փոփոխության մի այնպիսի պատճառ, որը նորից, այս շարժման անընդհատության* [Տես 5 ծան. հետո] ու հանրակողմանիության շնորհիվ, մեծ մասամբ հենց ինքն է իրեն ջլատում։

2) Յուրաքանչյուր ոլորտի շրջանակում ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակաշրջանի համար մի շարժավայր է տրված, որտեղ այս ոլորտի շահույթի նորման տատանվում է, մինչև որ բարձրացման կամ անկման այս պրոցեսում տատանումը կոնսոլիդացիայի է ենթարկվում այն աստիճան, որ կարողանա ժամանակ շահել և ներգործել շահույթի ընդհանրական նորմայի վրա և ուրեմն տեղականից ավելի լայն նշանակություն ձեռք բերի։ Ուստի տարածական ու ժամանակական այսպիսի սահմանների շրջանակում ևս իրենց ուժը պահում են շահույթի նորմայի այն օրենքները, որոնք շարադրված են այս գրքի առաջին բաժնում։

Հավելյալ արժեքի սկզբնական փոխարկումը շահույթի առաջացրել է թեորիական այն հայացքը, թե կապիտալի յուրաքանչյուր մաս շահույթ է տալիս հավասարապես[6]։ Այս հայացքը մի գործնական իրողություն է արտահայտում։ Ինչպես էլ որ կառուցված լինի արդյունաբերական կապիտալը, ուզում է՝ մի քառորդը մեռյալ աշխատանք ու երեք քառորդը կենդանի աշխատանք, կամ թե երեք քառորդը մեռյալ աշխատանք ու մի քառորդը կենդանի աշխատանք շարժման մեջ դնի, մի դեպքում եռապատիկ ավելի շատ հավելյալ աշխատանք ներծծի կամ թե հավելյալ արժեք արտադրի, քան մյուսում, միևնույն է,— աշխատանքի շահագործման նույնահավասար աստիճանի պայմաններում ու մի կողմ թողած անհատական տարբերությունները, որոնք առանց այն էլ չքանում են, որովհետև մենք երկու անդամին էլ նկատի ունենք արտադրության ամբողջ ոլորտի լոկ միջին օրգանական կառուցվածքը — արդյունաբերական կապիտալը երկու դեպքում էլ միահավասար շահույթ է տալիս։ Առանձին կապիտալիստը (կամ թե արտադրության յուրաքանչյուր առանձին ոլորտի կապիտալիստների ընդհանրությունն էլ), որի հայացքը սահմանափակ է, իրավացիորեն կարծում է, թե իր շահույթը միայն իր գործադրած կամ թե իր ճյուղում գործադրած աշխատանքից չի առաջ գալիս։ Այս միանգամայն ճիշտ է, որքան որ նրա միջին շահույթին է վերաբերում։ Իսկ թե այս շահույթը որքան է պայմանավորված աշխատանքի ընդհանուր շահագործումով ամբողջ կապիտալի կողմից, այսինքն նրա բոլոր կապիտալիստ-ընկերակիցների կողմից, այս կապը նրա համար մի կատարյալ խորհրդածես է, մանավանդ որ հենց իրենք բուրժուազիայի թեորետիկները՝ քաղաքատնտեսները, մինչև հիմա չեն մերկացրել այս։ Աշխատանքի խնայությունը — ոչ թե լոկ միայն աշխատանքի, որ անհրաժեշտ է որոշ արդյունք արտադրելու համար, այլև զբաղեցրած բանվորների թվի խնայությունը — և մեռյալ աշխատանքի (հաստատուն կապիտալի) գործադրումը ավելի մեծ չափով տնտեսապես միանգամայն ճիշտ գործառնություն է երևում, որն իբր թե ամենևին չի շոշափում շահույթի ընդհանրական նորման ու միջին շահույթը։ Ուրեմն ինչպե՞ս կարող է կենդանի աշխատանքը շահույթի բացառիկ աղբյուր լինել, քանի որ արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի նվազեցումը ոչ միայն ըստ երևույթին չի շոշափում շահույթը, այլ, ընդհակառակը, որոշ պարագաներում շահույթի աճման ամենամերձավոր աղբյուր է հանդիսանում, առնվազն առանձին կապիտալիստի համար։

Եթե արտադրության տվյալ մի ոլորտում բարձրանում կամ թե ընկնում է արտադրության ծախքի այն մասը, որը հաստատուն կապիտալի արժեքն է ներկայացնում, ապա այս մասը շրջանառությունից դուրս է գալիս և — հենց այն գլխից մեծացած կամ փոքրացած չափով — մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Եթե, մյուս կողմից, զբաղեցրած բանվորների թիվը միևնույն ժամանակվա ընթացքում ավելի շատ կամ թև ավելի քիչ է արտադրում, ուրեմն բանվորների անփոփոխ թվի պայմաններում ապրանքի մի որոշ քանակի արտադրության համար պահանջվող աշխատանքի քանակը փոխվում է, ապա արտադրության ծախքի այն մասը, որը փոփոխուն կապիտալի արժեքն է ներկայացնում, կարող է անփոփոխ մնալ, այսինքն նույն մեծությամբ մտնել ամբողջ արդյունքի արտադրության ծախքի մեջ։ Բայց այն ապրանքներից յուրաքանչյուրին, որոնց գումարն է ներկայացնում ամբողջական արդյունքը, ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք (վճարված, ուրեմն և անվճար աշխատանք) է բաժին ընկնում, հետևաբար այս աշխատանքի համար արված ավելի շատ կամ թե ավելի քիչ էլ ծախսում է ընկնում, աշխատավարձի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մաս է բաժին ընկնում։ Կապիտալիստի վճարած ամբողջ աշխատավարձը նույնն է մնում, բայց սա արդեն այլ մեծություն է ներկայացնում, երբ հաշվում ենք ապրանքի ամեն մի հատի վրա։ Ուրեմն ապրանքի արտադրության ծախքի այս մասում մի փոփոխություն է առաջ գալիս։ Առանձին ապրանքի, կամ սրա բաղադրատարրերի մեջ կատարվող արժեքի նման փոփոխությունների հետևանքով արդյոք բարձրանու՞մ, թե՞ ընկնում է առանձին ապրանքի արտադրության ծախքը (կամ թե տվյալ մեծության կապիտալի կողմից արտադրված ապրանքների գումարի ծախքը), միևնույն. եթե միջին շահույթը, օրինակ, 10% էր, նա շարունակում է մնալ 10%, թեև 10%-ը, երբ խնդիրը մի առանձին ապրանքի է վերաբերում, մի շատ տարբեր մեծություն է ներկայացնում, նայած առանձին ապրանքի արտադրության, ծախքի մեծության այն փոփոխությանը, որն առաջ է եկել արժեքի մեր ենթադրած փոփոխությունից[7]։

Ինչ վերաբերում է փոփոխուն կապիտալին — իսկ այս ամենակարևորն է, որովհետև սա է հավելյալ արժեքի աղբյուրը և որովհետև այն ամենը, որ վարագուրում է փոփոխուն կապիտալի դերը կապիտալիստի հարստացման գործում, միստիֆիկացիայի է ենթարկում ամբողջ սիստեմը — ապա սրա հետ կապված պրոբլեմը գռեհկացած ձևով պատկերանում է կապիտալիստին այսպես. թող 100 ֆ. ստ. մի փոփոփուն կապիտալ ներկայացնի, օրինակ, 100 բանվորի շաբաթական աշխատավարձը։ Եթե այս 100 բանվորը, տվյալ բանվորական օրվա պայմաններում, շաբաթական մի արդյունք են արտադրում, որը կազմված է 200 հատ ապրանքից = 200 Ա, ապա մի կողմ թողնելով արտադրության ծախքի այն մասը, որ հաստատուն կապիտալն է միակցում, կստանանք. [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{200}[/math] = 10 շիլլինգի, քանի որ 100 ֆ. ստ. = 200 Ա։ Հիմա ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի մեջ մի փոփոխություն է առաջ գալիս. ասենք, թե նա կրկնապատկվում է. այս դեպքում բանվորների միևնույն թիվը երկու անգամ 200 Ա է արտադրում նույն ժամանակվա ընթացքում, որի ընթացքում առաջ 200 Ա էր արտադրում։ Այս դեպքում (որչափով որ արտադրության ծախքը սոսկ աշխատավարձից է կազմված), քանի որ հիմա 100 ֆ. ստ. = 400 Ա, ապա 1 Ա-ն արժե [math]\frac{100 \ ֆ. \ ստ.}{400}[/math] = 5 շիլլինգ։ Եթե արտադրողական ուժը կիսով չափ նվազեր, ապա նույն աշխատանքը միմիայն [math]\frac{200 \ Ա}{2}[/math] կարտադրեր. և որովհետև 100 ֆ. ստ. = [math]\frac{200 \ Ա}{2}[/math], ուստի հիմա 1 Ա = [math]\frac{200 \ ֆ. \ ստ.}{200}[/math] = 1 ֆ. ստ.։ Ապրանքների արտադրության համար պահանջված բանվորական ժամանակի և ուրեմն նրանց արժեքի մեջ կատարվող փոփոխությունը հիմա արտադրության ծախքի, հետևաբար նաև արտադրության գնի նկատմամբ երևան է գալիս իբրև միևնույն աշխատավարձի մի այլ բաշխում ավելի շատ կամ թե ավելի քիչ ապրանքների վրա, նայած թե միևնույն բանվորական ժամանակում միևնույն աշխատավարձի դիմաց ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ ապրանք է արտադրվում։ Կապիտալիստը, հետևաբար նաև քաղաքատնտեսը, լոկ այն է տեսնում, որ վճարված աշխատանքի այն մասը, որը բաժին է ընկնում ապրանքի ամեն մի հատին, աշխատանքի արտադրողականության հետ միասին փոխվում է, և միաժամանակ փոխվում է նաև ամեն մի



  1. Այս կետը արդեն համառոտ շարադրված է աոաջին գրքի երրորդ հրատարակության մեջ, 628 էջում։ XXIII գլխի սկզբին (հայերեն հրատարակ. էջ 581), որովհետև աոաջին երկու հրատարակությունը չէին պարունակում հիշյալ հատվածը, ուստի սրա կրկնությունն այստեղ էլ ավելի է հարկավոր։ — Ֆ. Է.։
  2. [Ինչպես IV Գլխից հետևում է, վերոգրյալը ճիշտ է լոկ այն դեպքի նկատմամբ, երբ A ու B կապիտալներն ունեն տարբեր արժեքային կաոուցվածք. բայց երբ տոկոսապես արտահայտված նրանց փոփոխուն բաղադրամասերը միմյանց հարաբերում են այնպես, ինչպես իրենց պտուտաժամանակները, կամ թե հակառակ հարաբերական են իրենց պտույտների քանակների նկատմամբ։ Թող A կապիտալը տոկոսապես կազմված լինի 20 c հիմնական + 70 c շրջանառու մասերից. ուրեմն 90 c + 10 v = 100։ Հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի դեպքում 10 v-ն մի պտույտում արտադրում է 10 m։ Շահույթի նորման մի պտույտի համար = 10%։ Սրա դիմաց B կապիտալը լինի = 60 c հիմնական + 20 c շրջանառու մասերի, ուրեմն 80 c + 20 v = 100։ Հավելյալ արժեքի վերևի նորմայի դեպքում 20 v-ն մի պտույտի ընթացքում արտադրում է 20 m, շահույթի նորման մի պտույտի համար = 20%, ուրեմն A-ի համեմատությամբ՝ կրկնակի։ Բայց եթե A-ն մի տարում երկու անգամ է պտույտ գործում, իսկ B-ն՝ միմիայն մի անգամ, ապա այս տալիս է A-ի համար մի տարում նույնպես 10 × 2 = 20 m, և շահույթի տարեկան նորման երկուսի համար էլ միահավասար է, այսինքն 20%։ — Ֆ. Է.]։
  3. Cherbuliez [«Riche ou pauvrie». Paris-Genève, 1840, Տ. 116 f.].
  4. Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841], էջ 174։
  5. ինքնըստինքյան հասկանալի է, որ այստեղ մենք մի կողմ ենք թողնում աշխատավարձն իջեցնելու, մոնոպոլ գնի և այլ միջոցներով մի րոպեական արտակարգ շահույթ կորզելու հնարավորությունը։
    * [I հրատ. մեջ՝ «Unterbrochenheit» = «ընդհատություն»։ Մարքսի ձեռագրում, ինչպես այդ ստուգել է ԻՄԷԼ-ը, «անընդհատություն» (տես ԻՄԷԼ-ի խմբագրությամբ լույս տեսած գերմ. հրատ. էջ 194, ռուս. հրատ. էջ 181։ Մարքսի և Էնգելսի երկերի հատ. 19, մասն 1։— Խմբ.]
  6. Maltus [Principles of Politocal Economy, 2-րդ հրատ., Լոնդոն, 1836, էջ 268]։
  7. Corbet [«An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals», Լոնդոն, 1841, էջ 20]։