Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Գրապահարան-ից
Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

հեղինակ՝ Միգել դե Սաավեդրա Սերվանտես
թարգմանիչ՝ Պողոս Մակինցյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի»


Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր

Հերցոգ դե Բեխարին


Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։

Միգել դե Սերվանտես Սաավեդրա


Նախաբան

Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը, լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։

Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։

― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով, առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։

Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․

― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խահական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։

― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։

Դրան ի պատասխան, նա արտասանեց․

― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին, կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։

Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․

Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,

Regumque turres.

Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros. Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae. Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․


Donec eris felix, multos numerabis amicos,

Tempora si fuerint nubila, solus eris.


Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։

Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։

Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի պատմություը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային, որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին, որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։

Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z, ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։

Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտեյլի շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vale:

Դոն Կիխոտ Լամանչեցուն
Վերաբերվող գրքի մասին

Ուրգանդա անորսալին

Գի՛րք իմ, եթե որոշել ես,
Ճամփա ընկնել դու նրանց մոտ,
Այնտեղ հիմարը չի ասի,
Որ մատներդ ծուռ ես դնում,
Եթե մեկը կստիպի քեզ
Հանձնվել ձեռքն հիմարների՝
Ապա նրանք իսկույն ևեթ
Կտանեն քեզ դեպի երկինք,
Մինչ այդ կարժեն եղունգները
Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։

Փորձը սակայն ցույց է տալիս
Բարի ծառի տակ կանգնողը
Կվայելի բարի ստվեր․
Իսկ Բեհարում դու կբանաս
Ծառի արմատն արքայական,
Որի վրա արքայազներ,
Հերցոգներ են փթթում, ծաղկում ―
Համազոր մեծն Ակեքսանդրին։
Կանգնի՛ր նրա ստվերի տակ
Եղիր քաջանց հովանավոր։

Ազնվական քաջասրտին՝
Արկածները կպատմես դու,
Որ հանց ունայն ընթերցումը՝
Կշշեմցնի գանգը նրա։ ―
Ասպետները, տուրնիրները,
Տիկնայք, ― նրան այն աստիճան
Գերեցին, որ, սիրով վառված,
Որպես կատաղի Օռլանդոն՝
Նա ձեռք բերեց հզոր բազկով
Տոբոսացի Դուլսինեին։
Նշմարելի սեպագրով
Մի՛ տպագրիր խստորեն հաստ,
Ում մոտ միայն ֆիգուրներ կան,
Մաքուր ճարպով է մնում լոկ․
Ներածության մեջ ով հեզ է՝
Մարդիկ նրան չեն ասի թե
«Ի՜նչ Ալվարո դե Լունա է,
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել,
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա,
Որ գանգատվում է իր բախտից։

Իսկ եթե երկնին հաճելի չէ,
Որ խորամանկ լինես հանց հին
Խուան Լատինոն արաբը,
Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․
Բարակ տեղն է շուտ կտրվում․
Նետիր անտիկ ցիտատները,
Այլ կերպ ցույց տուր ատամներդ․
Կռահողը՝ կը կռահի․
Մոտենալով քո ականջին
Կասի որ «դու ա՞չք ես կապում»։

Գրություններըդ դիր մի կողմ,
Մի՛ խառնվիր այլոց կյանքին․
Գիտցիր, ինչ որ շարժվում է՝
Կողքից անցիր դու անտարբեր․
Ընդունված է՝ խփել գլխին
Նրա ― ով որ երգիծում է․
Լավ է աչքերը փակես քո,
Որ հասնես մի բարի անվան․
Որովհետև ով ստում է՝
Դատապարտված է հավիտյան։

Հիշիր, որ խիստ անհեթեթ է ―
Թե ապակյա կտուրից մինն
Ուզի ձեռքով քարեր առնել
Հարևանին հարված տալու․
Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ
Երկերի մեջ իր հորինած․
Ուստի հարկ է քայլել զգույշ,
Իսկ նա, ով թուղթ է մրում՝
Ի հաճույս կին խոհարարած,
Ստանում է աղբի փրփուր։

Ամադիս Գաղղիացին
Դոն Կիխոտ Լամանչեցուն

Սոնետ

Դո՛ւ, որին բախտը նշել է խավար,
Քո նպատակից հեռու արգելված․
Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված
Բոլոր խնդությանց շիրիմին ավար։

Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ
Խմացնում է լոք արտասուք ու լաց
Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝
Սնվել է հողը ― հողից անդադար։

Ապրիր համոզված, որ դարեր հետո
Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում
Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։

Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ,
Վիճակն առաջին՝ հայրենիքին քո
Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։

Դոն, Բելյանիս Հունաստանցին
Դոն Կիխոտ Լամանչեցուն

Սոնետ

Խփում էր, խորտակում ու գնում անկանգ,
Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․
Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ,
Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։

Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում,
Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․
Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ,
Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում,
Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․
Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։

Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը քանց,
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։

Սենյորա Օրիանան
Դուլսինեա Տոբոսցուն

Սոնետ

Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան
Կարենայի Միրաֆլորեսն իմ չքնաղ
Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ,
Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական,

Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի
Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ
Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ,
Որ տարված էր կռիվներով ամեհի,

Թե պատիվս Ամադիսից փրկեի
Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր,
Որի սրտում լրբության բիծ էլ չկա,

Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի,
Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր,
Որն ինձ այցի առանց փողի կգար։



Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը
Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին


Սոնետ

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին
Բախտը եղավ զորավիգ ու հովանի,
Տվեց կոչում ընտրյալներին արժանի,
Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։

Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին
Չեն վնասում վեհ արվեստին։
Ապավինած ազնիվ ուժին պարզության,
Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։

Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ,
Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի,
Կանխազգալով փորձություններն ահալի․․․

Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք,
Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ
Իր հարգանքը բուսկորոնով մատուցում։

Դոնոսոն՝ խելացնոր ոճի բանաստեղծը,
Սանչո Պանսային, և Ռոսինանտին

Սանչո Պանսային

Սանչոն եմ ես՝ զինակիրը
Դոն Կիխոտի, իմ պարոնի։
Ես ճամփաներ անցա փոշոտ․
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։
Վիլյադյեգոն նույնը արեց․
Տեսավ խորհուրդն իմաստության
Թափառման մեջ բարեպատեհ,
Ինչպես որ մեզ խրատում է,
Ուսուցանում «Սելեստինան»
Որին ամենքը ուղղակի
Կկոչեին աստվածային,
Եթե այդքան մերկ չլիներ։

Ռոսինանտին

Ռոսինանտն եմ հռչակավոր,
Ծոռն անվանի Բաբիեկայի,
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ
Ծառան դարձա դոն Կիխոտի։
Չկա նժույգ վատ ինձանից,
Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը
Չի պրծնի իմ ատամներից։
Լասարիլիոն ինքն էլ տեսավ,
Ինչպես էի ես հաճույքով
Խմում ծեղով գինին կույրի։

Կատաղի Ռոլանդը

Դոն Կիխոտ Լամանչեսկուն

Սոնետ

Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Հայրյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։

Ո՜վ դոն Կիխոտ, Ռոլանդն եմ ես, ում սրտում
Անջելիկան վառեց սիրո հուր անմար,
Նրա սիրով ես անցա ծովը անծայր,
Կռվի ելա՝ նրա պատկերն իմ հոգում։
Դափնեպսակդ չեմ խլի քեզնից,
(Պսակն ազնիվ քաջությամբ են վաստակում),
Թեև դու էլ խելքից զրկված ես ինձ պես,

Բայց հավասար ես ինձ, որի հարվածից
Ընկան մավրը և սկյութը արնախում։
Սերն հաղթության հավասար է դարձնում մեզ։



Ֆեբոսի ասպետը

Դոն Կիխոտ Լամանչեցուն


Սոնետ

Սրիս վրա սուրդ ստվեր է գցում,
Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ,
Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ,
Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։

Կայսրություններ ես ատում եմ չափազանց։
Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ,
Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։

Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․
Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց,
Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։

Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․
Դուլսինեան անմահացրեց ասպետին,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։

Սուլիսդանը
Դոն Կիխոտ Լամանչեցուն


Սոնետ

Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր
Անմտության մի ամբողջ պարս է թողել,
Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել
Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։

Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։
Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում,
Ով իր պարտքն է չարի բաժին համարում,
Չսոսկալով փորձանքներից անհամար։


Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած
Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ,
Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ,

Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․
Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․
Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․

Դիալոգ Բաբիեկայի

Եվ Ռոսինանտի միջև


Սոնետ

Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։
Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։
Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։
Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։

Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն,
Էշի պես եք սյուզերենին կշտամբում։
  
Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․
Խնդրեմ, հիացե՛ք, սիրո երդում է տվել։
   
Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։
Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։

Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։
Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։
Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։

Մասն առաջին

Գլուխ I

Ուր պատմվում է հռչակավոր հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցու բնույթի և սովորույթների մասին


Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա, որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։

Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի) այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։

Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։

Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո և ավելի արատ, քան Գոնելլի ձին, որ tantum pellis et ossa fuit, այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։

Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։

Եվ ահա, երբ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել և ինքն էլ փոխել ու վավերացրել էր իր անունը, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև հայտնի է, որ թափառական ասպետն առանց սիրո նման է ծառի՝ առանց տերևի և պտղի կամ մարմնի՝ առանց հոգու։ Նա ասում էր ինքն իրեն՝ եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ ավելի ճիշտ՝ երջանիկ բախտի բերմամբ ես հանդիպելու լինեմ հսկայի (ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին) և առաջին իսկ ճակատամարտում նրան տապալելու լինեմ կամ երկու կես անեմ կամ վերջապես հաղթեմ և հարկադրեմ խնդրելու, որ խնայեմ իր կյանքը ― հիանալի չի՞ լինի արդյոք նման դեպքերում ունենալ մի տիկին, որին կարելի լիներ հսկային նվեր ուղարկել, որպեսզի նա ներս մտնի իր անուշ իշխանուհու մոտ, ծունկ չոքի և հեզ ու խոնարհ ասի՝ «Ես Կարակուլիամբրո հսկան եմ Մալինդրանիա կղզու արքան․ ինձ մենամարտության մեջ հաղթեց դոն Կիխոտ Լամանչեցի ասպետը, որի սխրագործությունները ամեն գովասանքից գերազանց են։ Նա հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի ըստ իր հայեցողության իմ բախտը»։ Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց նա, երբ որ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։ Պատմում են, թե հարևան գյուղում ապրելիս է եղել մի շատ սիրունատես ջահել գեղջկուհի, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, լուրերի համեմատ, գլխի չի ընկնելիս եղել և նրա վրա ոչ մի ուշադրություն էլ դարձնելիս չի եղել։ Նրա անունը Ալդոնցա Լորենցո է եղել։ Սրան էլ մեր ասպետը, վճռեց տալ իր սրտի տիրուհու տիտղոսը։ Որոնելով նրա համար նոր անուն, որ նրա սեփական անունից շատ էլ չտարբերվեր և միաժամանակ հիշեցներ որևէ դշխուհու կամ ազնվական սինյորուհու անունը, նա վճռեց անվանել Դուլսինեա Տոբոսցի, որովհետև նրա ծննդավայրը՝ Տոբոսն էր։ Այդ անունը, նրա հայացքով, հնչալուր, նրբին և ոչ պակաս արտահայտիչ էր, քան այլ անունները, որ նա արդեն իսկ հնարել էր։


Գլուխ II

Ուր պատմվում է հնարամիտ դոն Կիխոտի առաջին արշավի մասին իր կալվածներից դուրս


Երբ որ այդ նախապատրաստություններն ավարտված էին, դոն Կիխոտը վճռեց անմիջապես ձեռնամուխ լինել իր մտահղացումների կատարմանը։ Նրան խթանում էր այն միտքը, թե ամեն մի հապաղում իր կողմից մարդկությանը վնաս է հասցնում՝ քանի՜֊քանի՜ վիրավորվածներ սպասում են վրեժխնդրության, քանի՜֊քանի՜ անարդարություն պետք է որ ուղղվի, քանի՜֊քանի՜ իրավունք՝ վերականգնվի, չարաշահություն՝ ոչնչացվի, պարտք՝ հատուցվի։ Եվ ահա, առանց մեկնումեկին իր մտադրություններին հաղորդակից անելու, մի գեղեցիկ առավոտ, լուսաբացից առաջ (հուլիսի ամենաշոգ օրերից մեկն էր), նա ամենքից գաղտնի զինվեց իր զենք ու զրահով, հեծավ իր Ռոսինանտը, գլխին դրեց իր խղճուկ սաղավարտը, ձեռն առավ վահանը, նիզակը և անասունների բակի հետին դռնից դուրս եկավ դաշտ ուրա՜խ֊զվա՜րթ, որ այդքան հեշտ կարողացավ ձեռնամուխ լինել այնքան փառավոր գործի։ Սակայն բաց դաշտ ելավ թե չէ, գլխիցը այնպիսի սարսափելի միտք անցավ, որ քիչ էր մնացել թողներ ձեռնարկված գործը․ նրա միտքն ընկավ, որ նա դեռևս ասպետ չի կարգվել և որ ասպետական կանոններով նա չի կարող, չպիտի հանդգնի որևէ ասպետի հետ կռվի բռնվի։ Իսկ եթե անգամ կարգված էլ լիներ, պետք է որ նա ճերմակ զրահ կրեր, իբրև նորընծա, և իր վահանի վրա նշան չպիտի նկարեր՝ մինչև որ իր առաքինությամբ արժանանար նրան կրելուն։ Այս խորհրդատություններից քիչ էր մնում, որ նրա վճռականությունը թուլանար։ Բայց խելագարությունը հաղթահարեց բոլոր փաստարկումները, և նա որոշեց, որ առաջին իսկ ճամփին դեմ եկած մարդը իրեն ասպետ կկարգի․ ասպետներից շատերը այլ կերպ չեն վարվել․ եթե հավատալու լինենք վեպերին, որ նրան այդ օրն էին գցել։ Գալով ճերմակ զրահներին, նա ինքն իրեն խոսք տվեց առաջին իսկ պատեհ առիթով այնպես մաքրի իր զրահները, որ սամույրից էլ ճերմակ երևան։ Այս մտքից նա հանգստացավ և շարունակեց իր ուղին՝ միանգամայն անձնատուր լինելով իր ձիու կամքին․ նրա կարծիքով, արկածների էությունն էլ հենց այդ է եղել։

Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․

― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր):

Ապա նա ավելացրեց․

― Երջանիկ կլինի այն ժամանակը և երջանիկ այն դարը, երբ որ վերջապես լույս կտեսնեն իմ փառավոր գործերը, որ արժանի են բրոնզից ձուլված, մարմարից քանդակված և կտավի վրա նկարված լինելու՝ ի հիշատակ գալիք սերունդների։ Ով էլ որ լինես դո՛ւ, իմաստուն կախարդ, որին վիճակված է իմ հրաշալի գործերի ժամանակագիրը լինելու, խնդրում եմ քեզնից՝ չմոռանա՛ս իմ բարի Ռոստինանտին, իմ մշտնջենական ուղեկցին բոլոր ուղիներում և ճամփաներում։

Ապա նա սկսեց խոսել այնպես, կարծես թե իրոք սիրահարված էր․

― Օ՜, դշխո Դուլսինեա, իմ գերված սրտի տիրուհի, դառը վիրավորանք հասցրիք դուք ինձ, որ դուրս արիք և դաժան անհողդողդությամբ հրամայեցիք ձեր գեղեցկության աչքին չերևալ։ Հաճեցեք, տիրուհի, մտաբերելու ձեր հլու սրտին, որ ձեր սիրո համար այսպիսի տանջանք է կրում։

Եվ նա շարունակում էր շարել անհեթեթությունները իրար ետևից, ճիշտ այնպես, ինչպես ուսել էր ասպետական վեպերից, աշխատելով ըստ կարելվույն նմանվել նրանց լեզվին։ Եվ ինքն իրեն շարունակ խոսելով՝ նա գնում էր դանդաղ֊դանդաղ, և արևն արդեն բարձրացել և այնքան կիզիչ ճառագայթներ էր արձակել, որ եթե նրա գլխում փոքր֊ինչ ուղեղ մնացած լիներ ― այն էլ կհալվեր։ Այդպես գնաց նա գրեթե ողջ օրը առանց հանդիպելու մի բանի, որի մասին արժենար պատմել։ Նա հուսահատվում էր, որովհետև կամենում էր որքան կարելի է շուտ մեկն ու մեկին հանդիպել և փորձել իր հզոր բազկի ուժը։ Հեղինակներից ոմանք ասում են, որ Լապիսի կիրճի դեպքը նրա առաջին արկածն է եղել, իսկ ոմանք պնդում են, որ առաջին արկածը ― քամաղացների հետ է եղել։ Սակայն ինձ, այդ առիթով, աջողել է ստուգապես տեղեկանալ և Լամանչի ժամանակագրություններում գտնել հետևյալը։ Մեր ասպետը ողջ այդ օրը գնալիս է եղել և իրիկնադեմին ինքն էլ, իր ձին էլ ուժասպառվել և սովամահ էին լինում։ Ապա թե նա սկսեց դես ու դեն նայել, որևէ դղյակ կամ հովվի տաղավար գտնելու հույսով, որպեսզի հանգիստ առներ ու կազդուրվեր ― և հանկարծ, ճամփից ոչ հեռու, նա մի պանդոկ տեսավ։ Նա ուրախացավ, կարծես թե ուղեցույց աստղ գտած լիներ, որ նրան ցույց էր տալիս եթե ոչ պալատ, այնուհանդերձ՝ փրկության դուռ։ Նա քշեց ձին և մոտեցավ պանդոկին այն վայրկյանին, երբ մութն արդեն ընկնելու վրա էր։

Այդ միջոցին պատահաբար դարպասի մոտ երկու երիտասարդ կին կար կանգնած, այն կանանցից, որ թեթև վարքի տիկիններ են կոչվում։ Նրանք մի քանի ջորեպանների հետ ուղևորվում էին Սևիլիա և վեր էին եկել, որ գիշերն այս պանդոկում անցկացնեն։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում ա՛յն ամենը, որ նա խորհում, տեսնում ու երևակայում էր ― ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա պանդոկը տեսնելուն պես նա իսկույն վճռեց, թե սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամուրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։ Նա մոտեցավ պանդոկին (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու, սանձը քաշելով, պահեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով, որ դղյակը ասպետ է եկել։ Սակայն, որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտպում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և հասավ այնտեղ կանգնած թեթև վարքի տեր աղջիկներին, որոնք նրան թվացին գեղանի աղջիկներ կամ չնաշխարհիկ տիկիններ՝ դուրս եկած դղյակի առջև զբոսանքի։ Եվ պատահեց, որ այդ իսկ վայրկյանին ինչ֊որ խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելուց (ընթերցողը թող ների, որ ես նրանց իրենց անունով եմ կոչում) փող փչեց, որ նրանց մեկ տեղ հավաքի, և դոն Կիխոտը իսկույն երևակայեց, ինչ որ նա սաստիկ ուզում էր, այսինքն՝ թե դա թզուկն է իր գալուստը ազդարարում։ Ուստի նա մեծ գոհունակությամբ մոտեցավ տիկիններին, որոնք էլ տեսնելով, որ ինչ֊որ ձիավար տարօրինակ զինված, նիզակ ու վահանով մոտենում է իրենց, վախեցան և ուզում էին ներս վազեն։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե սաղավարտը և ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, քաղցր քաղաքավարությամբ ու մեղմ ձայնով ասաց նրանց․

― Մի՛ փախեք ինձնից, տիկիններ և մի՛ք վախենա, որ ես որևէ բանով կվիրավորեմ ձեզ, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, թույլ չի տրվում վիրավորել որևէ մեկին, առավել ևս այդքան նշանավոր ― ինչպես կարելի է հետևեցնել ձեր տեսքից ― օրիորդներին։

Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր անպետք սաղավարտով։ Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, մի տիտղոս, որ այնքան քիչ էր սազում իրենց արհեստին, նրանք չկարողացան իրենց ծիծաղը պահել։ Նրանց զվարթությունը բարկացրեց դոն Կիխոտին և նա ասաց․

― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։

Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով, ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․

― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։

Դոն Կիխոտը, լսելով, թե ինչ ակնածությամբ է խոսում հետը ամրոցի պարետը (որովհետև նա պանդոկի տիրոջը, բնականաբար, պարետի տեղ էր դրել, իսկ պանդոկը՝ ամրոցի) պատասխանեց․

― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր, ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝


Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,

Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։


Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․

― Ասել է թե՝ ձերդ ողորմածության համար չոր քարը կարող է անկողին լինել և մշտական զարթոնքը՝ քո՞ւնը։ Եթե այդպես է, դուք կարող եք իջնել ձիուց և լիահույս լինել, որ դրա համար այս տնակում դուք կգտնեք ինչ որ անհրաժեշտ է և անքուն կմնաք ոչ թե մեկ գիշեր, այլ ամբողջ տարի։

Այս խոսքերն ասելիս նա բռնեց ասպանդակը, և դոն Կիխոտն իջավ ձիուց մեծ դժվարությամբ և ճիգ գործադրելով, որովհետև ողջ օրը բան չէր կերել։ Ապա նա խնդրեց պանդոկապանից, որ առանձին հոգատարություն ունենա ձիու նկատմամբ, որ գարով կերակրվող անասուններից դա լավագույնն է։ Աչք գցելով Ռոսինանտի վրա, պանդոկապանը նրան բնավ այնպիսի երևելի ձի չտեսավ, ինչպես դոն Կիխոտն էր ասում, այլ ավելի շուտ՝ բոլորովին ընդհակառակը։ Ձին գոմը քաշելուց հետո նա վերադարձավ, որ հարցնի, թե հյուրը ի՞նչ կկամենար։ Այդ պահին աղջիկները, որ արդեն իսկ հաշտվել էին մեր ասպետի հետ, հանում էին նրա զենքն ու զրահը։ Նրանք աջողել էին հանել կրծքի և մեջքի զրահը, բայց վզակապի կոճակներն արձակել և անճոռնի սաղավարտը հանել միանգամայն անհնրարին էր։ Վերջինս կապած էր պարանոցին կանաչ ժապավենով, և որովհետև կապերն անհնարին էր արձակել, ապա մնում էր ժապավենը կտրել, իսկ դոն Կիխոտը դրան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել։ Այդպես էլ, ողջ այդ գիշերը, նա մնաց սաղավարտը գլխին։ Դժվար էր ավելի տարօրինակ և ծիծաղաշարժ պատկեր երևակայել։

Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝


Ոչ մի ասպետ իշխանազուն

Չի տոչորել տիկիններին՝

Կալվածքներից իմ ժամանած՝

Դոն Կիխոտի պես տակավին։

Ծառայում են նրան կույսեր, իսկ նժույգին՝ կոմսուհիներ։


Այսինքն՝ Ռոսինանտին, որովհետև այդ անունն է կրում իմ երիվարը, տիկիններ, իսկ դոն Կիխոտ Լամանչեցին ― իմ անունն է, որ ես չպիտի բաց անեի, քանի որ ձեր ծառայության և իմ փառքի համար դեռ չեմ կատարել այն սխրագործությունները, որ իմ անունս հայտնի դարձնեն։ Սակայն Լանսելոտի այս հին ռոմանը մտաբերելու առիթը պատճառ եղավ, որ ժամանակից առաջ հայտնեմ ձեզ անունս։ Ասենք, կգա ժամանակ, դուք ինձ կհրամայեք, իսկ ես ձեզ կհնազանդեմ, և իմ ձեռքի զորությունը կվկայի, թե որքան վառ է իմ մեջ ձեզ ծառայելու ցանկությունը։

Կանայք, որ սովոր չէին նման հռետորական գեղեցկությունների, ոչ մի բառ չպատասխանեցին, նրանք միայն տեղեկացան, չի՞ ուզում նա արդյոք ուտել։

― Այո՛, ես մի բան կուտեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և, կարծես թե, դա շատ տեղին կլիներ։

Հակառակի պես օրը ուրբաթ էր, և ողջ պանդոկում մի քիչ ձկից բացի ուրիշ բան չգտնվեց։ Կաստիլիայում այդ ձուկը աբադեխո է կոչվում, Անդալուզիայում՝ բակալյաո, մի տեղ՝ կուրադիլյո, մի տեղ՝ մանր կարմրախայտ։ Դոն Կիխոտից հարցրին՝ չէ՞ր կամենա արյդոք նրա ողորմածությունը մանր կարմրախայտ անուշ անել, քանի որ ոչ մի ուրիշ տեսակ ձուկ չեն կարող առաջարկել նրան։ Նա պատասխանեց։

― Միայն թե այդ մանր կարմրախայտից շատ լինի, այնժամ նրանք կփոխարինեն մի մեծ կարմրախայտի, մեկ չէ՞ ութ ռեալ մանր փող ստանալ, թե մեկ ութ ռեալանոց դրամ։ Համ էլ կատարելապես հնարավոր է, որ մանր կարմրախայտերը ավելի քնքուշ լինեն, քան մեծ կարմրախայտերը, ինչպես հորթի միսը ավելի նազուկ է, քան տավարի միսը և ուլի միսն ավելի համով, քան այծի միսը։ Այսպես թե այնպես, տալիս եք՝ շուտ տվեք, որովհետև ոչ ոք չի կարող ռազմական աշխատանք վարել և ծանր զենք ու զրահ կրել առանց ստամոքսի պահանջների մասին հոգալու։

Պանդոկի դարպասի առջև սեղան դրեցին, որ զով լինի և պանդոկապանը դոն Կիխոտի համար բերեց մեկ բաժին վատ թրջած և զզվելի խաշած ձուկ և մի կտոր հաց, նույնքան սև ու մգլած, որքան նրա զենքն ու զրահը։ Դժվար էր չծիծաղել, տեսնելով, թե նա ինչպես էր ուտում, որովհետև նրա գլխին սաղավարտ կար, երեսակալը բարձրացրած էր, և նա իր ձեռքերով ոչ մի կտոր չէր կարող բերանը դնել և պետք էր, որ աղջիկներից մեկն ու մեկը նրան այդ ծառայությունը մատուցեր։ Տիկիններից մեկը այդ բանը իր վրա վերցրեց։ Իսկ նրան խմացնելը ուղղակի անկարելի կլիներ, եթե պանդոկապանը եղեգի մեջը չմաքրեր և մեկ ծայրը չդներ նրա բերանը, իսկ մյուսը՝ գինու մեջ։ Դոն Կիխոտն այդ ամենը տանում էր մեծ համբերությամբ, միայն թե սաղավարտի կապը չարձակեր։ Այդ միջոցին պատահմամբ պանդոկը մտավ մի գյուղացի, որի զբաղմունքը խոզ կռտելն էր և ներս մտնելով նա չորս թե հինգ անգամ շվացրեց իր եղեգնի շվիով։ Այստեղ դոն Կիխոտը վերջնականապես համոզվեց, որ մի հռչակավոր դղյակ է ընկել, որ խրախճանքի պահին երաժշտություն է նվագում, որ ձուկը կարմրախայտ է, մոխրագույն հացը՝ ճերմակ, թրև եկող կանայք՝ ազնվազարմ տիկիններ, իսկ պանդոկապետը՝ դղյակի տերը։ Այդ պատճառով նա հիացած էր թե՛ իր մտահղացումից, թե՛ իր առաջին արշավից։ Մի բան էր միայն նրան վշտացնում, այն, որ ինքը ասպետ չի կարգված։ Նա համարում էր, որ իրավունք չունի արկածներ որոնելու, քանի որ չի պատկանում ասպետական դասին։