Լեռան հառաչանքը

Գրապահարան-ից



Լեռան հառաչանքը

հեղինակ՝ Յասունարի Կավաբատա
թարգմանիչ՝ Անժելա Ստեփանյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Լեռան հառաչանքը», Սովետական գրող, 1981։


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Լեռան հառաչանքը

1

Սինգո Օհատան, թեթևակի խոժոռվելով, բերանը կիսաբաց արեց։ Ասես ինչ-որ բան էր մտորում։ Ուրիշը գուցե և չնկատեր, որ մտածմունքի մեջ է ընկել։ Թվում էր՝ տխրել է։

Տղան՝ Սյուիտին, անմիջապես նկատեց հոր դեմքի փոփոխությունը, բայց այդպես հաճախ էր պատահում, չանհանգստացավ։

Սյուիտին հոր վիճակը ըմբռնում էր. հայրը ոչ թե պարզապես մտորում էր, այլ ջանք էր դործադրում ինչ-որ բան հիշել։

Սինգոն հանեց լայնեզր գլխարկը, մատներով ամուր սեղմած պահեց ծնկներին։ Որդին հոր ձեռքից լուռ վերցրեց այն ու դրեց իրերի ցանցի մեջ։

— Նըր... ան... Ինչպե՞ս էին անվանում, է՛...

Նման պահերին Սինգոն դժվարությամբ էր բառերը գտնում։

— ... Մեր այն սպասուհուն, էլի, որ վերջերս գյուղ մեկնեց։ Անունն ի՞նչ էր։

— Կարծեմ, Կայո։

— Այո՛, այո՛, Կայո էր։ Ե՞րբ մեկնեց։

— Անցյալ հինգշաբթի։ Այսինքն՝ հինգ օր առաջ։

— Հինգ օ՞ր... Սպասուհին ընդամենը հինգ օր առաջ է աշխատանքից ազատվել, իսկ ես արդեն չեմ հիշում ոչ նրա դեմքը, ոչ էլ՝ ինչպես էր հագնված։ Սարսափելի բան է։

Հայրս չափազանցնում է, մտածեց Սյուիտին։

— Դա պատահեց հենց այդ Կայոյի մեկնելուց երկու, թե երեք օր առաջ։ Պատրաստվում էի զբոսանքի գնալ, գետան հագնելիս ասացի. «Ոտքս այս ի՞նչ է եղել, չլինի էկզեմա է»։ Իսկ Կայոն թե՝ «Չէ, ինչ եք ասում, պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք»։ Անկեղծ խոստովանած, նրա վերաբերմունքն ինձ նույնիսկ հուզեց։ Երևում է քայլելիս ոտքս իսկապես հարել էի։ Եվ ահա կարծեցի, թե Կայոն ցավում է դրա համար։ Հիմա եմ գլխի ընկնում, ուզեց ասել. «ցավոտ կոշտուկը հարել եք»։ Այնպես որ, ամենևին հարկ չկար զգացվելու։ Ուղղակի գրագետ չարտահայտվեց,— ասաց Սինգոն,— Իմ սխալը հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ։

— Այո՛, այո՛։ Նա գրագետ չարտահայտվեց, դրանից էլ շփոթության մեջ ընկա։

Հայրը գավառացի էր և այնքան էլ վստահ չէր, որ քերականություն լավ գիտե։ Իսկ Սյուիտին սովորել էր Տոկիոյում։

— Այժմ իմ սխալն ըմբռնեցի, սակայն ա՛յ, սպասուհու անունը ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել։ Ոչ էլ դեմքը կամ թե ինչպես էր հագնված։ Այնինչ Կայոն մեզ մոտ համարյա կես տարի ապրեց, ճի՞շտ է։

— Ճիշտ է։

Սյուիտին վաղուց վարժվել էր հոր մոռացկոտությանը և մասամբ իսկ չցավակցեց նրան։

Իսկ Սինգոն, թեև ժամանակն էր, որ նույնպես վարժվեր, այնուամենայնիվ, մի քիչ հուզվեց։ Որքան էլ ջանում էր մտաբերել Կայոյին, պարզ պատկերացնել, չէր հաջողվում։ Փորձեց միտքը պայծառացնել սենտիմենտալ պատկերներով։

Ահավասիկ այժմ ևս միտն է, թե Կայոն ինչպես նախասենյակում խոնարհված ճանապարհ է դնում իրեն։ Ինչպես է ասում. «...Պարզապես ցավալի է, կոշտուկը հարել եք...»։

Տեսնելով, թե որքան դժվար է հիշողության մեջ վերականգնել թեկուզ հենց միայն այն դեպքը, երբ կես տարի իրենց տանն ապրող սպասուհին նախասենյակում ճանապարհում էր իրեն, Սինգոն, անտարակույս, զգում էր, որ իր կյանքը սպառվում է։


2

Սինգոյի կինը՝ վաթսուներեքամյա Յասուկոն, մեկ տարով մեծ է ամուսնուց։

Ունեն մի տղա, մի աղջիկ։ Ավագը դուստրն է՝ Ֆուսակոն, որն արդեն երկու աղջնակի մայր է։

Յասուկոն երիտասարդ է երևում, չես ասի, ամուսնուց մեծ է։ Չնայած Սինգոն էլ առանձնապես ծերունու տեսք չունի։ Պարզապես ընդունված է, որ կինը ամուսնուց պետք է փոքր լինի, և եթե Յասուկոն Սինգոյից ավելի տարեց չի թվում, դրա մեջ անբնական բան չկա։ Ավելացնենք նաև, որ կարճահասակ, լիք-լիք, պիրկ ու ամուր կին է։

Յասուկոն երբեք գեղեցկուհի չի եղել, իսկ երիտասարդ ժամանակ ամուսնուց մեծ էր երևում, այդ պատճառով էլ չէր սիրում նրա հետ մարդամեջ դուրս գալ։

Սինգոն որքան էլ մտածում էր, չէր կարողանում հիշել, թե կնոջ մեծ լինելը ո՞ր տարիքում դադարեց զգալ։ Իր հաշվումներով՝ հիսունից հետո։ Կինը, որպես օրենք, ամուսնուց շուտ է ծերանում, բայց նրանց հետ հակառակը կատարվեց։ Վաթսուն տարեկանում Սինգոն հանկարծ արյունահոսություն ունեցավ։ Հավանաբար, թոքերն էին, սակայն նա չուզեց լուրջ ստուգման ենթարկվել ու բուժվել: Պետք է ասել, որ արյունահոսությունն այլևս չկրկնվեց։

Հիվանդությունը Սինգոյին չծերացրեց։ Ընդհակառակը, դեմքի մաշկը հարթվեց։ Եվ այն կես ամսվա ընթացքում, որ նա պառկած էր անկողնում, շրթունքները վառ էին ու ցայտուն, ինչպես երիտասարդ ժամանակ։

Առաջներում թոքերից ոչ մի անգամ չէր գանգատվել։ Երբ վաթսունը լրացավ, ու նրա կոկորդից անսպասելի արյուն հոսեց, նա վհատվեց, դարձավ մռայլ, սակայն բուժվելուց հրաժարվեց։ Սյուիտին դա համարում էր ծերունական համառություն, թեև Սինգոն բժիշկներից խուսափում էր ամենևին էլ ոչ համառությունից։

Յասուկոն լավ է քնում, երևի, առողջ է։ Սինգոյին երբեմն թվում է, թե գիշերները զարթնում է նրա խռմփոցից։ Յասուկոն խռմփալ է սկսել տասնհինգ տարեկանից, և ծնողները նրան շարունակ քարշ են ավել բժիշկների մոտ։ Ամուսնանալուց հետո դադարեց։ Նորից վերսկսեց հիսունն անց։

Սինգոն սովորաբար մատներով սեղմում է կնոջ քիթն ու տարուբերում։ Եթե այդ չի օգնում, վզից բռնած ցնցում է։ Այդպես է անում լավ տրամադրություն ունենալիս, իսկ երբ տրամադրությունը տեղը չէ, ուղղակի շոշափելիորեն զգում է երկար տարիներ իր կողքին պառկող կնոջ մարմնի պառավական անկարությունը։

Այդ գիշեր Սինգոյի տրամադրությունը վատ էր։ Նա վառեց լույսն ու խեթ նայեց Յասուկոյին։ Հետո բռնեց նրա վիզն nւ սկսեց ցնցել։ Կնոջ պարանոցը մի քիչ քրտնած էր։

«Որպեսզի կինս դադարի խռմփալ, բավական է միայն մեկնեմ ձեռքս ու դիպցնեմ նրան»,— մտածեց Սինգոն և հանկարծ կնոջ հանդեպ սուր խղճահարություն զգաց։

Վերցրեց գլխավերևում դրված ամսագիրը, բայց սենյակում անտանելի շոգ էր ու տոթ։ Դուրս եկավ ապակեպատ պատշգամբ, լայն բացեց պատուհանի ծածկոցափեղկն ու պպզեց գետնին։

Լուսնյակ գիշեր էր։

Ծածկափեղկի ետևում կախված էր Կիկուկոյի զգեստը, անորոշ սպիտակավուն գույնի։ Երևի լվացել փռել է և մոռացել է վերցնել,— մտածեց Սինգոն,— կամ գուցե դիտավորյալ է դրսում թողել, որպեսզի գիշերվա ցողը քրտնքահոտը տանի։

Ճը՜ը՜ռ, ճը՜թ, ճը՜թ, ճը՜թ․․․ լսվեց այգուց։ Ճպուռի ճռռոցն էր. նստած էր այն բալենու վրա, որն աճել էր բակի ձախ կողմում և հասել մինչև տան քիվը։ Մի՞թե ճպուռներն այդպիսի տհաճ ձայն ունեն, տարակուսեց Սինգոն։ Այնուամենայնիվ, դա ճպուռի ձայն էր։

Հետաքրքիր է, ճպուռնե՞րն էլ են վախենում սարսափազդու երազներից։

Ճպուռը թռավ եկավ նստեց մոծակներից պաշտպանող ցանցի վրա։

Սինգոն բռնեց նրան, բայց ճպուռը չէր ճրթճրթում։

— Համր է,— փնթփնթաց Սինգոն,— սա ուրիշ է, նա չէ, որ «ճը՜ռռ» էր անում։

Որպեսզի լույսը ճպուռին նորից չհրապուրի, Սինգոն նրան ձեռքի ուժգին շարժումով նետեց դեպի բալենու կատարը։ Միջատն այդպես էլ չճըթճըթաց։

Նա ծածկափեղկերից բռնած բազրիքի վրայով թեքվեց դուրս, սկսեց զննել բալենին, սակայն չկարողացավ պարզել՝ ճպուռը նստե՞լ էր ծառին, թե՝ ոչ։ Լուսնյակ գիշերը խորունկ է թվում։ Եվ այդ խորունկությունը առաջացնում է անծայրածիրության ու անվախճանության զգացում:

Դեռ օգոստոսի տասն էլ չկա, իսկ ճպուռներն արդեն ճըթճըթում են։

Այնպիսի ձայն է գալիս, ասես տերևից տերև գիշերային ցողի կաթիլներ են ընկնում։

Հետո Սինգոն լսեց լեռան հառաչանքը։

Քամի չկա։ Որտեղ որ է կերևա լիալուսինը, չորսբոլորը ողողված է լույսով, և գիշերվա խոնավ օդում, ուրվանկարելով ցածրահասակ լեռը, հազիվ նշմարելի օրորվում են ծառերի աղոտ ստվերագծերը։ Օրորվում են ո՛չ քամուց։

Անշարժ են նաև ցածում, պատշգամբի տակ աճած ձարխոտի տերևները։

Ուրիշ անգամ գիշերները լսելի է Կամակուրայի ճահճային ափերից եկող ալիքների աղմուկը, այդ պատճառով էլ Սինգոն մտածեց, թե չլինի ծովն է հառաչում, բայց չէ, հառաչողը լեռն էր։

Դա նման էր քամու հեռավոր հեծծանքի և դրա մեջ, ինչպես ստորգետնյա գվվոցում, զգացվում էր խոր թաքնված մի ուժ։ Թվում էր, թե տնքում էր իր գլուխը։ Կարծելով նույնիսկ, որ ականջներն են աղմկում, Սինգոն թափահարեց գլուխը։

Հառաչանքը դադարեց։

Դադարեց, բայց Սինգոն համակվեց երկյուղով։ Սարսռաց․ գուցե դա իր մոտալուտ մահն ազդարարող գո՞ւյժ էր։

Քամու հեծծա՞նքն էր, ծովի շառա՞չը, թե՞ ականջների զնգոցը։ Սինգոյին անհրաժեշտ էր հանգիստ խորհրդածել։ Թերևս լսել էր այգ ձայներից մեկնումեկը, մտածեց նա։ Ոչ, հառաչողը հաստատապես լեռն էր։

Ասես մի սատանա անցավ ու հարկադրեց լեռանը տնքալ։

Խոնավությամբ առլեցուն գիշերային օդից էր, թե ինչ, առանց այն էլ դիք լեռը թվում էր մռայլ ու անառիկ մի պատ։ Այն համարյա ընդհուպ մոտենում էր Սինգոյի տանը, ու թեև դրա համար կարելի էր պատ անվանել, բայց ավելի շատ նման էր երկու մասի բաժանած հսկայական ձվի մի կեսին։

Լեռան կողքին և նրա ետևում բարձրանում էին ուրիշ լեռներ, սակայն հառաչանք արձակողը հատկապես Սինգոյի տան մոտինն էր։

Ծառերի կատարների վերևում, այս ու այնտեղ ցոլցլում էին աստղերը։

Պատուհանի ծածկափեղկերն իրար բերելիս Սինգոն տարօրինակ մի դեպք հիշեց։

Մոտ տասը օր առաջ, նոր թեյատանը նա հյուրի էր սպասում։ Հյուրն ուշանում էր։ Եկավ գեյշաներից միայն մեկը․ մյուս երկուսը դեռ չկային։

— Հանեք փողկապը։ Անտանելի շոգ է,— ասաց գեյշան։

— Ըհը՛...

Սինգոն թույլ տվեց գեյշային փողկապն իր վզից հանել։

Նրանք մոտ ծանոթներ չէին, սակայն գեյշան, փողկապը որմնախորշի առջև դրված նրա պիջակի գրպանում պահելուց հետո, սկսեց իր մասին պատմել։

Մի երկու ամիս առաջ այդ թեյատունը կառուցող կապալառուն ու գեյշան սիրեցին միմյանց և որոշեցին իրենց կյանքին վերջ տալ։ Երբ վրա հասավ ցիանակալիում խմելու պահը, գեյշան կասկածեց. իրենց մոտ եղած թույնի քանակությունը արդյո՞ք կբավականացնի մեռնելու առանց տանջանքների։

— «Դեղաքանակը մահացու է, դա ստուգված է,— ասում էր ինձ այդ կապալառուն։— Ահա, տես, յուրաքանչյուր դեղաքանակ դրված է առանձին ծրարի մեջ, ճի՞շտ է։ Կնշանակի լցված է պետք եղած չափով»։ Բայց ես, միևնույն է, չէի հավատում։ Իմ կասկածներն աճում էին։

— «Այս փոշին քեզ ո՞վ է տվել։ Գուցե քի՞չ են լցրել, որպեսզի երկուսիս մի լավ դաս տալու համար ստիպեն տանջվել։ Քեզ հարցնում եմ, որ բժիշկը կամ դեղագործն է տվել, իսկ դու շարունակ նույնն ես պնդում. «Չեմ կարող ասել։ Տարօրինակ է, որոշել ենք միասին մեռնել, իսկ դու, չգիտեմ թե ինչու, ասել չես կարող։ Չէ՞ որ ես հետո, մեկ է, ոչինչ չեմ իմանա»։

«Ուղղակի ոնց որ ֆարս լինի»,— ուզեց ասել Սինգոն, բայց լռեց, չասաց։

Գեյշան համառորեն պնդել էր, որ ինքնասպանությունը հետաձգեն և կատարեն միայն այն բանից հետո, երբ իր խնդրանքով ցիանակալիումը որևէ մեկին կշռել կտա։

— Այ, ամբողջն այստեղ է, միշտ մոտս եմ պահում,— ասաց գեյշան։

Կասկածելի պատմություն է, մտածեց Սինգոն։ Հիշողության մեջ մնաց, որովհետև խոսքը վերաբերում էր հենց այդ թեյատունը կառուցող կապալառուին։

Գեյշան պայուսակից հանեց փոքրիկ ծրարը, բացեց ու ցույց տվեց պարունակությունը։

— Հը՜մ,— փնթփնթաց Սինգոն, հայացքը սահեցնելով ձրարի վրայով։

Ծածկափեղկերը փակելիս, չգիտես ինչու, միտն ընկավ այդ գեյշան։

Նա նորից մտավ անկողին, բայց ձեռքը չէր գնում արթնացնել վաթսուներեքամյա կնոջն ու պատմել նրան այն սարսափը, որ զգաց լեռան հառաչանքը լսելիս։


3

Սյուիտին ծառայում էր այն նույն ֆիրմայում, որտեղ Սինգոն էր։ Բացի այդ ծառայությունից նա հոր համար պարտավոր էր «հիշեցնողի» դեր կատարել։

«Հիշեցնողի» պարտավորությունն իրենց վրա էին վերցրել նաև Յասուկոն, որ միանգամայն բնական էր, և Կիկուկոն՝ Սյուիտիի երիտասարդ կինը։ Այսպիսով, Սինգոյի մարող հիշողությունը վերականգնում էին ընտանիքի երեք անդամ։

Ֆիրմայում Սինգոյին հիշել էր օգնում քարտուղարուհին։

Սյուիտին մտավ հոր աշխատասենյակը, անկյունում դրված փոքր պահարանից մի գիրք հանեց ու սկսեց թերթել։

— Օ՛յ, օ՛յ, օ՛յ,— բացականչեց նա, մոտենալով քարտուղարուհուն ու բացած էջը ցույց տալով նրան։

— Ի՞նչ կա,— թեթևակի ժպտաց Սինգոն։

Սյուիտին բաց գիրքը մեկնեց հորը։ Այնտեղ գրված էր՝

«Առաքինության գաղափարն այստեղ կորստի չի մատնվում։ Մեկը մյուսի մեջ միայն սիրահարներ չտեսնել,— ահա միջոց, որն օգնում է տղամարդուն չտառապել առ կինն ունեցած սիրուց, իսկ կնոջը՝ առ տղամարդն։ Դա հնարավորություն է տալիս նրանց վայելք ստանալ և միմյանց սիրել ավելի տևականորեն։ Այս է, ընդհանրապես, ներքին ներդաշնակությունը պահպանելու ձևը․․․»։

— Որտե՞ղ է այդ «այստեղը»,— հարցրեց Սինգոն։

— Փարիզը։ Հեղինակը ճանապարհորդել է Եվրոպայում։

Սինգոյի ուղեղը սրամտություններն ու պարադոքսներն ընկալելու համար դարձել էր չափից ավելի անճկուն, բայց այն, ինչ նա կարդաց, ոչ սրամտություն էր, ոչ էլ պարադոքս, այլ մի սքանչելի կռահում։

Այդ խոսքերը հազիվ թե նույնքան ուժեղ ազդեցություն գործեցին Սյուիտիի վրա։ Նրան պարզապես հարկավոր էր քարտուղարուհու հետ պայմանավորվել միասին տուն գնալու։ Սինգոն դա իսկույն հասկացավ։

Կամակուրայում իջնելով էլեկտրագնացքից, նա մտածեց, որ լավ կլինի Սյուիտիի հետ պայմանավորվեն՝ կամ միաժամանակ տուն վերադառնալ, կամ ինքը տուն հասնի նրանից ավելի ուշ։

Ավտոբուսները լեփլեցուն էին, և Սինգոն ոտքով գնաց, Ձկնեղենի կրպակի մոտ կանգ առավ, նայեց ներս։ Կրպակի տերը նրան բարևեց. Սինգոն մտավ խանութ։ Ծանր ծովախեցգետիններով լեցուն տակառի ջուրը պղտորավուն սպիտակ էր։ Սինգոն մատի ծայրով շոշափեց ծովախեցգետինները։ Երևում է, դեռ կենդանի էին, թեև չէին շարժվում։ Կույտերով կակղամորթներ էին դարսված։ Սինգոն որոշեց կակղամորթ գնել։

— Որքա՞ն,— հարցրեց կրպակի տերը։

Սինգոն վարանեց։

— Իսկապես, որքա՞ն։ Երեք հատ։ Խոշորներից։

― Մի վայրկյան։ հիմա ամեն ինչ կանենք։

Սինգոն տհաճությամբ էլ լսում խոհանոցային դանակի ծայրով կակղամորթների պինդ խեցիները բացող կրպակատիրոջ ու նրա որդու լարումից արձակած ձայները։

Երբ կակղամորթները լվացված էին, և կրպակատերը արագորեն կտրտում էր խեցիներից հանված միսը, կրպակ մտան երկու աղջիկ։

— Ի՞նչ եք ուզում,— գործը չընդհատելով՝ դիմեց նրանց կրպակի տերը։

— Մեզ ստավրիդա տվեք։

— Քանի՞ հատ։

— Մեկ։

— Ընդամենը մե՞կ։

— Այո։

— Ուրեմն, ասում եք՝ մե՞կ։

Ստավրիդաները մանր էին։ Աղջիկները կրպակատիրոջ ձեռ առնող տոնի վրա ուշադրություն չդարձրին։

Կրպակատերը թղթի կտորի մեջ փաթաթեց ձուկն ու մեկնեց նրանց։

Աղջիկներից մեկը, ըստ երևույթին, ավելի համարձակը, որ կանգնած էր ընկերուհու ետևում, ձեռքը դիպցրեց նրա արմունկին։

— Գուցե ակրատ էլ վերցնենք, հը՞։

Առջևում կանգնողը, ստավրիդան ձեռքին պահած, աչքը չէր կտրում խոշոր ծովախեցգետիններից։

— Այս ծովախեցգետիններից երևի շաբաթ օրն էլ կլինեն։ Իմը ծովախեցգետին շատ է սիրում։

Ընկերուհին ոչինչ չպատասխանեց։

Սինգոն գաղտուկ նայեց նրանց։

Ժամանակակից մատղահաս պոռնիկներ էին։ Մերկ թիկունքներով, ոտքներին՝ կտորե չստեր։ Իսկ մարմինները բարեկազմ էին։

Կրպակատերը կակղամորթների մանրած կտորները հավաքեց խոհանոցային տախտակի կենտրոնում և կրկին երեք խեցու մեջ դասավորելով, արհամարհական նետեց․

— Դրանցից հիմա Կամակուրայում էլ այնքան են լցվել, էլ թիվ ու համար չկա։

Սինգոն առարկեց․

— Դե դա ինչո՞վ է վատ որ։ Ընդհակառակը, լավ է։

Կրպակատերը շարունակում էր կակղամորթների միսը անփութորեն տեղադրել խեցիների մեջ։ Սինգոն ուշադրություն դարձրեց այդ՝ թվում է թե, մանրուքի վրա, չէ՞ որ դրանք բոլորն արդեն միախառնված են և այլևս իրենց խեցիները չեն ընկնի։

Այսօր հինգշաբթի է, մինչև շաբաթ դեռ համարյա երեք օր կա, բայց վերջերս ձկնեղենի կրպակներում խոշոր ծովախեցգետիններ գրեթե միշտ ճարվում են, մտածեց Սինգոն։ Մի՞թե այդ անտաշ աղջիկները կարողանում են դրանց այնպես հմտորեն պատրաստել, որ կարելի լինի հյուրասիրել հյուրերին։ Չէ, իհարկե, խոշոր ծովախեցգետինը թեկուզ տապակես, թեկուզ գոլորշիով եփես կամ ջրով խաշես, միևնույն է, մնում է նույն կոպիտ, հասարակ ուտելիքը:

Սինգոն պոռնիկ աղջիկների մասին իրոք համակրանքով էր մտածում, նույնիսկ՝ որոշ թախիծով։

Ընտանիքում չորս մարդ կար, իսկ նա երեք կակղամորթ էր գնել։ Պարզապես գիտեր, որ Սյուիտին ընթրիքին չի գա, բայց գլխի չընկավ, որ հարսին՝ Կիկուկոյին, անհարմար վիճակ ի մեջ կդնի: Երբ կրպակատերը հարցրեց. «Քանի՞ հատ», Սինգոն, առանց երկար մտածելու, Սյուիտիին իսկույն հաշվից հանեց։

Ճանապարհին նա մտավ խանութ, գնեց նաև գինգոյի պտուղներ։


4

Այն, որ Սինգոն ձկնեղենի կրպակից գնումներ էր կատարել, անսովոր բան էր, սակայն ոչ Յասուկոն, ոչ էլ Կիկուկոն զարմանքի ամենափոքր նշույլ անգամ ցույց չտվին։ Գուցե Սյուիտիին հոր հետ չտեսնելով,— նրանք միասին պետք է գային,― փորձեցին իրենց զգացմունքներն այդ ձևո՞վ թաքցնել։

Կակղամորթներն ու գինգոն հանձնելով Կիկուկոյին, Սինգոն շրջանցեց նրան ու գնաց խոհանոց։

― Մի գավաթ քաղցրացրած ջուր տվեք։

— Հիմա, մի րոպե,— ասաց Կիկուկոն, բայց Սինգոն արդեն ինքը բացեց ջրի ծորակը։

Լվացարանակոնքի մեջ մանր ու խոշոր ծովախեցգետիններ էին դրված։ Ինչպիսի զուգադիպություն։ Ակնեղենի կրպակում ինքը մի պահ տատանվեց՝ արդյոք մանր ծովախեցգետիններ էլ չվերցնի՞։ Պարզ է, միանգամից և՛ խոշոր, և՛ մանր ծովախեցգետիններ չարժեր գնել։ Նայեց մանրերի գույնին ու գովեց․

— Լավն են։

Ծովախեցգետինները գեռ կենդանի էին ու փայլփլուն։

Կիկուկոն դանակի բութ կողմով ճեղքեց գինգոն ու ասաց․

— Տեսքով հասած են, բայց միևնույն է, ուտել հնարավոր չէ։

— Կարծո՞ւմ ես։ Ճիշտն ասած, ինձ էլ էր թվում, որ տարվա այս ժամանակ գինգոն դեռ լրիվ հասած չի լինի։

— Եկեք զանգահարենք խանութ, ասենք։

— Է՛հ, լա՜վ։ Գնածս կակղամորթներն էլ իրենց համով մանր ծովախեցգետիններից չեն տարբերվում։ Դրա համար էլ որոշեցի միայն կակղամորթ վերցնել։

— Զարմանալի կանխատեսություն։— Կիկուկոն լեզվի ծայրը մի ակնթարթ դուրս հանեց,— կակղամորթները կեփենք հենց իրենց խեցիների մեջ, ծովախեցգետինները կտապակենք, իսկ մանրերը կթխենք խմորով փաթաթած։ Ես սունկ արդեն գնել եմ։ Հայրիկ, դուք բանջարանոցից բադրիջան չե՞ք քաղի։

— Ինչու չէ։

— Ընտրեք համեմատաբար մանրերը։ Նաև մի քիչ էլ թարմ կանաչի։ Գուցե իսկապես միայն մանր ծովախեցգետնիկները հերիք կանե՞ն։

Ընթրիքին Կիկուկոն երկու հատ խաշած կակղամորթներ մատուցեց։

Սինգոն փոքր֊ինչ տատանվելով՝ ասաց․

― Իմ կարծիքով մեկն էլ պետք է լիներ։

— Ես մտածեցի, որ պապիկի ու տատիկի ատամները թույլ են, նրանք միասին հաճույքով մեկ հատ կուտեն։— Նկատեց Կիկուկոն։

— Ի՞ն․․․ Հիմարություններ մի ասա։ Տանը ոչ մի թոռնիկ չկա, իսկ դու հանկարծ՝ «պապիկ»։

Յասուկոն կախեց գլուխն ու կամացուկ ծիծաղեց։

— Ներեցեք։— Կիկուկոն թեթև ոտքի ելավ, գնաց եփած մի կակղամորթն էլ բերեց։

— Լավ կլինի մենք երկուսով մեկն ուտենք, ինչպես առաջարկեց Կիկուկոն,— ասաց Յասուկոն։

Սինգոն մտքում հիացավ Կիկուկոյի հնարամտությամբ, դա շատ տեղին էր և կօգներ դուրս գալ այն անհարմար վիճակից, որն առաջացել էր չորսի փոխարեն երեք կակղամորթ գնելու պատճառով: Եվ ինչ անմեղ տեսքով առաջարկեց։ Չէ, հարսը խելոք է։

Կիկուկոն երևի ամբողջ Ժամանակ խորհրդածում էր՝ ինչպե՞ս վարվել․ կակղամորթներից մեկը թողնի Սյուիտիի՞ն, թե ինքը հրաժարվի ուտելուց, կամ թերևս մի բաժինը կիսի՞ սկեսուրի հետ։

Յասուկոն, ամենևին հաշվի չառնելով, թե ինչ է կատարվում Սինգոյի հոգում, աննրբանկատորեն անդրադարձավ ընդհատված խոսակցությանը․

— Հո գիտեիր, որ ընդամենը երեք կակղամորթ կար։ Մենք չորս հոգի ենք, իսկ դու, չեմ հասկանում ինչու, երեք հատ էիր գնել։

— Ինձ հայտնի էր, որ Սյուիտին ընթրիքին չի գալու, ինչ կարիք կար նրա համար էլ գնել։

Յասուկոն տխուր ժպտաց։ Հավանաբար նրա հասակն էր պատճառը, որ այդ ժպիտը այնքան էլ դառը չթվաց։

Կիկուկոն նույնպես ցույց չտվեց, որ վշտացած է։ Մինչև անգամ չհարցրեց, թե ուր է գնացել Սյուիտին։ Կիկուկոն իրենց ընտանիքում ութ եղբայրների ու քույրերի միջի ամենակրտսերն էր:

Նրանից մեծերը բոլորն էլ ամուսնացած էին և բազմաթիվ երեխաներ ունեին։

Սինգոն երբեմն միտք էր անում Կիկուկոյի ծնողների ապշեցուցիչ բեղմունակության մասին։

Կիկուկոն ժամանակ առ ժամանակ բողոքում էր, որ Սինգոն մինչև հիմա իր՝ Կիկուկոյի եղբայրների ու քույրերի անունները չի կարողանում միտը պահել։

Նա ծնվեց, երբ մայրը որոշել էր երեխա ունենալուն վերջ տալ և համոզված էր, որ այլևս չի հղիանա։ Ամաչում էր այդ հասակում դարձյալ ծննդաբերել, անիծում էր իր չծերացող մարմինն ու վիժելու փորձեր էր անում, բայց դրանից բան չստացվեց։ Ծննդաբերությունը ծանր էր, ստիպված եղան երեխային աքցանով դուրս քաշել։

Կիկուկոն այդ ամենը պատմել էր Սինգոյին, ասելով, որ լսել է մորից։

Սինգոյի համար անհասկանալի էր՝ մայրն ինչպես կարող է նման բաներ պատմել աղջկան, անհասկանալի էր նաև, թե Կիկուկոն իր հերթին, ինչպես կարող է պատմել սկեսրայրին։

Կիկուկոն պատմելիս ճակատից ետ էր տարել մազերն ու ցույց տվել աքցանի թողած հետքը։

Հազիվ նշմարելի այդ սպին տեսնելուց հետո Սինգոն հարսին ավելի սիրեց։

Հոր ընտանիքում Կիկուկոյի հետ վարվում էին, ինչպես սովորաբար վարվում են տան կրտսեր երեխայի հետ։ Ճիշտ է, նրան ոչ այնքան երես էին տալիս, որքան պարզապես քնքշորեն սիրում էին։ Նա առանձնապես լավառողջ չէր։

Երբ Սինգոյի տունը հարս եկավ, Սինգոն նկատեց, որ նա, ինքն էլ այդ չգիտակցելով, ուսերը մի տեսակ շատ նազանիորեն է թոթվում։ Դրա մեջ զգացվում էր բնածինք անմեղ կոկետություն։

Վայելչակազմ, ճերմակամաշկ Կիկուկոյին նայելիս Սինգոն երբեմն մտաբերում էր Յասուկոյի ավագ քրոջը։

Երիտասարդ հասակում սիրահարված էր նրան։ Քրոջ մահից հետո Յասուկոն, որբերին խնամելու համար, փոխադրվեց փեսայի տուն։ Աշխատում էր ուժերը չխնայելով։ Երազում էր ավագ քրոջը փոխարինել։ Նա սիրում էր գեղեցկադեմ փեսային։ Անշուշտ, թանկ էր նաև քրոջ հիշատակը։ Սնվել էին մի մորից։ Իսկ քրոջ ամուսինը Յասուկոյին գրեթե հեքիաթային դյուցազն էր թվում։

Յասուկոն և փեսայի, և նրա երեխաների համար շատ հարմար էր ու ձեռնտու, սակայն փեսան երիտասարդ քենու թաքուն մտադրությունը չհասկանալու էր տալիս։ Նա ապրում էր իր հաճույքներով։ Թվում էր, թե Յասուկոյին ճակատագրով վիճակված էր բավարարվել միայն հանգուցյալ քրոջ ընտանիքին անձնազոհ ծառայելով։

Սինգոն, լսելով այդ, որոշեց նրա հետ պսակվել։

Այժմ, երեսուն տարի անցնելուց հետո ևս նա իր արածը սխալմունք չէր համարում։ Ամուսնության երկարատևությունը չի կանխորոշվում այդ ամուսնության սկզբնապատճառով։

Եվ, այնուհանդերձ, Յասուկոյի քրոջ կերպարը երկուսի սրտում էլ ամուր տեղ էր գրավել։ Ոչ Սինգոն, ոչ էլ կինը նրա մասին երբեք չէին խոսում, բայց և չէին կարողանում մոռանալ։

Երբ որդին ամուսնացավ և Կիկուկոյին տուն բերեց, Սինգոյի հուշերը նորից բռնկվեցին, ասես լուսավորվեցին կայծակից, սակայն այդ հուշերը նրան առանձնապես ցավ չպատճառեցին։

Երկու տարի էլ չկար ինչ Սյուիտին ամուսնացել էր Կիկուկոյի հետ, բայց արդեն հասցրել էր հրապուրվել ուրիշ կնոջով։ Սինգոյի համար դա զարմանալի էր։

Հակառակ գյուղական միջավայրից դուրս եկած Սինգոյի, որը պատանության տարիներին բավական խոր ապրումներ էր ունեցել, Սյուիտին սիրուց երբեք չէր տառապում, կրքերը նրան չէին տանջում։

Որդու տեսքից նկատելի չէր, որ նա ինչ֊որ բանից ճնշված է։ Սինգոյին այնպես էլ չհաջողվեց պարզել, թե տղան առաջին անգամ երբ է կին ճանաչել։

Ներկայումս նա որոշակիորեն կապված է որևէ գեյշայի կամ գուցեև մի պոռնիկի հետ, մտքում կշտամբում էր որդուն Սինգոն։

Իսկ ֆիրմայի քարտուղարուհի՞ն․․․ Նրա հետ երևի պարզապես պարելու է գնում, և բացառված չէ, որ այդ աղջիկը Սյուիտիին ծառայում է զուտ որպես հայրական զգոնությունը բթացնելու միջոց։

Համենայն դեպս, տղայի սիրուհին այդպիսի գեղեցկուհի չի լինի։ Սինգոն գեղեցկուհի էր համարում Կիկուկոյին։ Այն օրվանից, ինչ Սյուիտիի կյանքում ուրիշ կին հայտնվեց, Կիկուկոյի և որդու մտերմությունը կարծես այլ բնույթ ընդունեց։ Ամբողջովին կերպարանափոխվեց նաև ինքը Կիկուկոն։

Գիշերվա կեսին արթնանալով,— այդ տեղի ունեցավ խաշած կակղամորթներ ուտելու օրը,— Սինգոն լսեց Կիկուկոյի ձայնը։ Հարսը դեռ երբեք այդպիսի քնքուշ ձայնով չէր խոսել։

Կիկուկոն չի իմանում, որ Սյուիտին ուրիշ կնոջ հետ է, մտածեց Սինգոն։

— Հայրիկը մի՞թե այդպիսի պատմություն կսարքեր ինչ-որ մի կակղամորթի պատճառով,— շշնջում էր հարսը։

Չէ, պարզ է, Կիկուկոն դեռ ոչինչ չգիտեր։ Բայց չլինի՞ գլխի է ընկնում, որ այդ գործին կին է խառնված։

Սինգոն նոր֊նոր սկսել էր ննջել, երբ լույսը բացվեց։ Նա դուրս եկավ սենյակից լրագիրը վերցնելու։ Լուսինը դեռ բարձր կանգնած էր երկնքում։ Թերթն արագ աչքի անցկացնելով, նա նորից սուզվեց վերմակի տակ։


5

Տոկիոյի կայարանում Սյուիտին արագ ցատկեց էլեկտրագնացք ու տեղ զբաղեցրեց։ Երբ ետևից ներս մտավ Սինգոն, վեր կացավ, տեղը զիջեց հորը։

Հետո գրպանից հանեց Սինգոյի ակնոցն ու երեկոյան թերթի հետ մեկնեց նրան։ Սինգոն հետը նույնպես ակնոց էր վերցնում, բայց քանի որ մեծ մասամբ մոռանում, թողնում էր որևէ տեղ, Սյուիտին մոտը միշտ մեկ ուրիշն էլ էր պահում։

Թեքվելով լրագրի վրա կռացած հոր կողմը, ասաց․

— Այսօր խոսեցի Տանիձաքիի հետ, նա դպրոցական մի ընկերուհի ունի, որն ուզում է սպասուհի աշխատել։ Մեզ չէ՞ որ հարկավոր է։

— Այո։ Իսկ այն հանգամանքը, որ նա Տանիձաքիի ընկերուհին է, նշանակություն չունի։

— Ինչ անենք, թե ընկերուհին է։

— Այդ սպասուհին Տանիձաքիից խոսք դուրս կքաշի և մեկ էլ տեսար քո արարքները պատմեց Կիկուկոյին։

— Հիմարություն։ Նա ի՞նչ կարող է պատմել։

— Դու պետք է, որ իմանաս, թե այդ սպասուհի դարձող աղջիկները ինչ տեսակ տիպեր են։— Սինգոն դարձյալ կռացավ թերթի վրա։

Երբ Կամակուրայում իջան, Սյուիտին հարցրեց․

— Տանիձաքին իմ մասին քեզ բա՞ն է պատմել։

— Ոչ մի բան էլ չի պատմել։ Նա ինձ հետ իրեն համրի պես է պահում։

— Իսկապե՞ս։ Դա հաճելի չէ։ Լսիր, հայրիկ, ես ընդամենը մի թեթև սիրահետում եմ քո քարտուղարուհուն, իսկ դու արդեն դժգոհում, համարյա ձեռ ես առնում ինձ։

— Զարմանալի չէ։ Ամեն դեպքում արա այնպես, որ Կիկուկոն չիմանա։

Սյուիտին այնպիսի մի տոնով, ասես այժմ արդեն թաքցնելու բան չունի, ասաց.

— Չէ, Տանիձաքին քեզ, այնուամենայնիվ, ինչ-որ բան է պատմել։

— Տանիձաքին մի՞թե, իմանալով հանդերձ, որ ուրիշ կնոջ մոտ ես գնում, ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել։

— Կարծես թե, այո։ Մասամբ խանդից։

― Անհեթեթություն է։

— Ես նրան կլքեմ, այն կնոջը։ Ուզում եմ լքել։

— Քո դատողություններն ինձ անհասկանալի են։ Քանի օր բանն այդտեղ հասավ, եկ անկեղծ խոսենք։

— Երբ նրանից հեռանամ, ամեն ինչ առանց թաքցնելու կպատմեմ քեզ։

— Այսպես, թե այնպես, Կիկուկոն չպետք է իմանա։

— Լավ։ Թեև Կիկուկոն, երևի, արդեն ամեն ինչ գիտե։

— Կարծո՞ւմ ես,— մռայլվեց Սինգոն։

Տուն հասնելուց հետո էլ նա դեռ մռայլ էր։ Երբ ընթրիքը վերջացրին, լուռ վեր կացավ սեղանի մոտից, քաշվեց իր սենյակը։

Կիկուկոն մի շերտ ձմերուկ բերեց։

— Կիկուկոն աղը մոռացավ,— հարսի ետևից ներս մտավ Յասուկոն։

Կիկուկոն ու Յասուկոն պպզեցին դռան մոտ։

— Դու ի՞նչ է, չլսեցի՞ր, Կիկուկոն ետևիցդ ինչպես կանչեց՝ հայրիկ, ձմերո՜ւկը, ձմերո՜ւկը,― ասաց Յասուկոն։

— Չեմ լսել։ Գիտեի, որ դրել եք սառչի։

— Կիկուկո, նա չի լսել,— դարձավ հարսին Յասուկոն։

— Հայրիկն այսօր, չգիտես ինչու, բարկացած է։

Փոքր ինչ լռելուց հետո, Սինգոն ասաց․

— Իմ ականջները վերջերս ինչ֊որ վատացել են։ Մի քանի օր առաջ սենյակն օդափոխելու համար բաց արի պատշգամբի ծածկափեղկերը և ինձ թվաց, թե մեր տան ետևից լեռան հառաչանքի, տնքոցի ձայն եմ լսում։ Իսկ պառավս այդ ժամանակ հանգիստ, քնած էր։

Յասուկոն ու Կիկուկոն նայեցին պատուհանից երևացող լեռանը։

— Մի՞թե հնարավոր է, որ լեռը հառաչի,— զարմացավ Կիկուկոն։

― Մի անգամ, վաղուց, այդ մասին հարցրի մորս,― ասաց Յասուկոն,― և նա հիշեց, որ իր մեծ քույրը մահվանից առաջ լսել է, թե ինչպես հառաչել է լեռը։

Սինգոն ցնցվեց։ Նման բան մոռանալն աններելի էր։ Ինչպե՞ս է, որ ինքը լեռան հառաչանքը լսելիս այդ մասին չմտածեց։

Հուզված Կիկուկոն լռել էր. նրա գեղեցիկ ուսերը չէին շարժվում։

Ճպուռի թևերը

1

Եկավ դուստրը՝ Ֆուսակոն, երկու երեխայով։

Ավագը չորս տարեկան էր, կրտսերի մի տարին էլ դեռ չէր լրացել։ Եթե նա ծննդաբերելու էր այդպիսի մեծ ընդմիջումներով, հաջորդ երեխայի մասին խոսելը դեռ վաղ էր, բայց Սինգոն պատահականորեն, հենց այնպես հարցրեց․

— Մեկն էլ ես բերելո՞ւ։

— Ոչ, հայրիկ, այլևս չեմ ուզում։ Քեզ մի՞թե չեմ ասել,— Ֆուսակոն կրտսեր աղջնակին անփութորեն պառկեցրեց մեջրի վրա և խանձարուրներն արձակելով ավելացրեց,— իսկ ձեր Կիկուկոն դեռ մտադիր չէ՞ ունենալ։

Նա էլ այդ հենց այնպես ասաց, բայց երեխայի կողմը դարձրած Կիկուկոյի դեմքը պաղեց։

— Դրան թող այդպես պառկած մնա,— խնդրեց Սինգոն։

— Կունիկոյին և ոչ թե «դրան»,— ուղղեց Ֆուսակոն։— Դու հո գիտես, փոքրին պապի անվան նմանողությամբ ենք կոչել։

Կիկուկոյի սառած արատհայտությունը, ըստ երևույթին, միայն Սինգոն նկատեց, սակայն կարևորություն չտվեց․ գորովանքով դիտում էր, թե ինչպես է կապանքներից ազատված մանկիկը տոտիկները թափահարում։

— Թող մնա, թո՛ղ։ Տեսնո՞ւմ ես ինչ լավ է զգում, բուրում երևի շոգում էր,— ասաց Յասուկոն և ծնկաչոք մոտեցավ փոքրիկին, սկսեց նրա փորիկն ու տոտիկները շոյել,— հիմա քո մայրիկն ու քույրիկը լոգանք կընդունեն, կդառնան մաքո՜ւր, մաքուր։

— Սրբիչ տա՞մ,— վեր թռավ Կիկուկոն։

— Հետս բերել եմ,— ասաց Ֆուսակոն։

Կնշանակի մեկ օրով չէր եկել։

Նա իր ֆուրոսիկիից սրբիչ ու փոխնորդ հանեց։ Մեծ աղջիկը՝ Սատոկոն, մռայլված սեղմվեց մոր մեջքին։ Գալու վայրկյանից նա դեռ ոչ մի բառ չէր արտասանել։ Սատոկոն սև ու խիտ մազեր ուներ։

Սինգոն ճանաչեց այդ ֆուրոսիկին, որի մեջ Ֆուսակոն իր շորերն էր բերել, նույնիսկ հիշեց՝ աղջիկը մարդու գնալիս դա վերցրել էր տանից։

Կունիկոյին շալակած, մի ձեռքով քարշ տալով Սատոկոյին, մյուսով՝ բռնած ծանր կապոցը, Ֆուսակոն կայարանից ոտքով եկել հասել էր տուն։ Համա բա՜ն է արել, մտածեց Սինգոն։

Այդ Սատոկոն զզվելի երեխա է, նրան պետք է շարունակ ետևիցդ քարշ տաս։ Եվ կամակոր էլ է, իսկ մոր համար առանց այն էլ շատ է դժվար, հոգին դուրս է գալիս։

Հետաքրքիր է, Յասուկոն ինչպես է վերաբերում այն բանին, որ Կիկուկոն միշտ խնամքով հետևում է իրեն, հոգ տանում իր մասին։ Նրան, հավանաբար, այդ առանձնապես դուր չի գալիս։

Երբ Ֆուսակոն գնաց լողանալու, Յասուկոն սկսեց շփել երեխայի խոնավացած ոտքերը։

— Իմ կարծիքով սա Սատոկոյից ամրակազմ է, քեզ այդպես չի՞ թվում։

— Շատ հնարավոր է, քանի որ սա ծնվեց այն ժամանակ, երբ հոր ու մոր միջև կռիվը վերջացել էր, ու նրանք դադարել էին հայհոյել իրար,— ասաց Սինգոն։

— Իսկ Սատոկոն ծնվեց սկսվող երկպառակության ու թունդ վեճերի շրջանում, և դա աղջկա վրա վատ ազդեց։

— Չորս տարեկան մանուկն ի՞նչ է հասկանում։

— Ամեն բան էլ հասկանում է։ Ծնողների գժտությունը որոշակի կերպով ազդել է վրան։

— Ոչ։ Սատոկոն հենց ծնված օրից էլ․․․

Կունիկոն անսպասելի ճարպկությամբ շուռ եկավ փորի վրա, սողաց առաջ և սյոձիից կառչելով ոտքի կանգնեց։

— Օհ՜, օհ՜․․․— Կիկուկոն պարզեց ձեռքերը, բռնեց երեխայի թաթիկներից ու մյուս սենյակը տարավ։

Յասուկոն ծնկած տեղից վեր կացավ, վերցրեց Ֆուսակոյի իրերի կողքին ընկած դրամապանակը, մեջը տնտղեց։

— Այդ ի՞նչ ես անում,— կամացուկ, բայց վրդովմունքից դողալով ասաց Սինգոն,— տեղը դի՛ր։

— Այ քեզ բան, ինչո՞ւ դնեմ,— հանգիստ պատասխանեց Յասուկոն։

— Ասում եմ դիր, ուրեմն դիր։ Քո ինչի՞ն է հարկավոր։

Սինգոյի մատները դողդողում էին։

— Համենայն դեպս, ոչ որևէ բան գողանալու համար։

— Դա գողություն անելուց վատ է։

Յասուկոն դրամապանակը տեղը դրեց։

— Չեմ հասկանում, աղջկաս դրամապանակը ստուգելու մեջ ինչ վատ բան կա։ Տուն կվերադառնա, երեխաների համար ուտելիք գնելու փող չի ունենա։ Պարզապես ուզում էի իմանալ, որքան կա մոտը։

Սինգոն չարությամբ նայեց նրան։

Ֆուսակոն լոգարանից դուրս եկավ։

Յասուկոն տհաճ խոսակցությանն արագ վերջ տալու համար ասաց.

— Լսիր, Ֆուսակո, ես նոր տնտղեցի քո դրամապանակը, իսկ պապիկը վրաս բարկացավ։ Գուցե իրո՞ք վատ բան եմ արել, ինձ ներիր։

— Ի՞նչ է նշանակում «Իրո՞ք վատ բան եմ արել»։— Կրկնեց Սինգոն և ավելի մեծ արգահատանք զգաց այն բանիg, որ Յասուկոն ամեն ինչ պատմեց աղջկան։

Յասուկոյի կարծիքով մոր ու աղջկա միջև նման հարաբերությունները միանգամայն բնական են։ Գուցե նա իրավացի է, մտածում էր Սինգոն։ Իսկ ինքը դողում է, որովհետև իր մեջ, հավանաբար, ինչ֊որ խոր տեղից, գլուխ է բարձրացնում ծերունական խոնջությունը։

Ֆուսակոն նկատեց հոր կարմրատակող դեմքն ու նրա բարկությունից ավելի վախեցավ, քան մոր խուզարկությունից։

— Խնդրե՜մ, նայիր որքան ուզում ես։ Խնդրեմ,— ասաց՝ նա համարյա հուսահատությամբ և դրամապանակը դրեց մոր առջև։

Այդ ավելի զայրացրեց Սինգոյին։

Յասուկոն դրամապանակին ձեռք չտվեց։

— Աիխարան համոզված է, որ եթե ես փող չունենամ, տանից դուրս գալ չեմ կարողանա, դրա համար էլ դրամապանակս դատարկ է։

Կիկուկոն քայլեցնելով ներս բերեց Կունիկոյին։ Սա հանկարծ կորցրեց հավասարակշռությունն ու վայր ընկավ։ Կիկուկոն վերցրեց նրան, հանձնեց մորը։

Ֆուսակոն բլուզը բարձրացրեց՝ երեխային կուրծք տալու։

Նա իր գեղեցկությամբ երբեք աչքի չէր ընկել, բայց մարմինը հաճելի էր, բարեկազմ։ Կուրծքը իր ձևը դեռ չէր կորցրել. կաթով լցված՝ խոշոր էր ու պիրկ։

— Կիրակի է, Սյուիտին ինչո՞ւ տանը չէ,― եղբոր մասին հարցրեց Ֆուսակոն։

Նա ըստ երևույթին հասկացավ, որ իր այդ հարցով հոր ու մոր ընկած տրամադրությունը չբարձրացրեց։

2

Սինգոն գրեթե արդեն տուն էր հասել, երբ կանգ առավ, սկսեց հարևան բակում աճած արևածաղիկները դիտել։

Գլուխը վեր ձգելով մոտեցավ պարտեզին։ Արևածաղիկները խոնարհած գլխիկներով կախկխվել էին դռնակի երկու կողմերից։ Սինգոն դռնակի առջև կանգնելով փակել էր մուտքը։

Այդ տանն ապրող փոքրիկ աղջիկը եկավ, մնաց Սինգոյի ետևում կանգնած։

Նա, անշուշտ, Սինգոյի և արևածաղիկների արանքով կարող էր մտնել ներս, բայց, քանի որ ճանաչել էր Սինգոյին, համբերությամբ սպասում էր։

Սինգոն վերջապես նկատեց նրան։

— Ինչ հսկայական ծաղիկ է։ Եվ ինչ գեղեցիկ է,— ասաց նա։

Աղջիկը շփոթված ժպտաց։

— Ամեն մեկը մի ծաղիկ ունի։

— Մեկական հա՞տ։ Ահա թե ինչու այդքան խոշոր են։ Վաղո՞ւց են ծաղկել։

— Այո։

— Քանի՞ օր կլինի։

Աղջիկը, որ տասներկու֊տասներեք տարեկան էր, չկարողացավ պատասխանել։ Փորձելով հիշել, նայեց Սինգոյին, ապա նրա հետ միասին հայացքը դարձյալ արևածաղիկներիս հառեց։ Նա արևից խանձված կլորիկ դեմք ուներ, իսկ ոտքերն ու ձեռքերը վտիտ էին ու նիհար։

Որպեսզի աղջկան ճանապարհ տա, Սինգոն ետ քաշվեց ու նայեց փողոցի հակառակ կողմը։ Այնտեղ ևս, տների առջև արևածաղիկներ էին աճել։

Մեկի վրա նույնիսկ երեք ծաղիկ կար։ Ճիշտ է, կրկնակի անգամ փոքր, քան սրանք՝ աղջկա տան մոտի ծաղիկները, և երեքն էլ ցողունի ամենավերին մասում։

Սինգոն քայլերն ուղղեց դեպի տուն, շարունակ ետ՝ արևածաղիկներին նայելով։

— Հայրիկ,— լսեց Կիկուկոյի ձայնը։

Նա կանգնել էր Սինգոյի ետևում։ Զամբյուղից դուրս էին ցցվել սոյայի պատիճները։

— Տուն եք գնո՞ւմ։ Եվ ճանապարհին զմայլվում եք արևածաղիկներո՞վ։

Կիկուկոյի համար տհաճ էր ոչ թե ծաղիկների նկատմամբ տածած Սինգոյի այդ հիացմունքը, այլ այն, որ եկել էր դարձյալ առանց Սյուիտիի և իբրև ոչինչ էլ չէր եղել, զմայլվում էր դրանցով ուղղակի հենց տան մոտ։

— Ինչ հոյակապ արևածաղիկներ են,— ասաց Սինգոն,— ոնց որ հսկաների գլուխներ լինեն, չէ՞։

Կիկուկոն անտարբեր թոթվեց ուսը։

«Հսկաների գլուխներ» համեմատությունը նոր ծագեց Սինգոյի մտքում։ Առաջ ծաղիկներին նայելիս այդ մասին չէր մտածել։

Արևածաղիկները բաղդատելով հսկաների գլուխների հետ, նա հանկարծ զգաց բույսի զորությունը, ինչպես և ապշեցուցիչ կատարելությունը։

Ծաղկաթերթիկները պսակի պես բոլորել էին սկավառակի շուրջ, իսկ կենտրոնում, կլոր տարածության մեծ մասը վարսանդներն ու առէջներն էին գրավել՝ խիտ սեղմված միմյանց, տառացիորեն պատելով ծաղիկն ամբողջապես։ Սակայն այդտեղ պայքարի հետք անգամ չկար, դրանց միջև տիրում էր խաղաղություն ու համերաշխոլթյուն, զգացվում էր նաև հզոր ուժի առկայությունը։

Ծաղիկները մարդու գլխից մեծ էին։ Սինգոն մտքում դրանց կատարելությունը, որն այնպես սուր կերպով զգաց, շաղկապեց մարդկային ուղեղի կատարելության հետ։

Բնության ստեղծած այս հարստության մեջ այրական զորության սկզբնավորումը կա, մտածեց նա։ Սկավառակը լեփլեցուն է առէջներով ու վարսանդներով, կնշանակի այդտեղ միաժամանակ գոյություն ունեն երկու սկզբնավորում՝ արական ու իգական։ Բայց Սինգոն ծաղկի մեջ զգում էր միայն արականի սկզբնավորման տարրերը։

Արևը մայր էր մտնում․ իջնում էր իրիկնային անդորրը։

Կողքին կանգնած Կիկուկոն նրա արարքը կարող էր արտառոց համարել, ուստի Սինգոն հաձացքը շրջեց արևածաղիկներից ու գնաց դեպի տուն։

— Գիտես, իմ գլխի հետ վերջերս ինչ-որ բան է կատարվում։ Գուցե դրանից է, որ արևածաղիկներին նայելիս միտքս շարունակ գլխի շուրջ է պտտվում։ Արդյո՞ք գլուխը նույնքան գեղեցիկ չէ, որքան ծաղիկը։ Քիչ առաջ էլեկտրագնացքում մտածում էի՝ երանի մեր գլուխը նույնպես կարողանայինք հանձնել վերանորոգման կամ մաքրման։ Գլուխ կտրելն, անշուշտ, խիստ դաժան բան կլիներ, սակայն պարանոցից զգուշորեն անջատելը և սպիտակեղենի պես լվացքատուն կամ համալսարանական հետազոտական բուժարան ուղարկելը մի՞թե հաճելի չէր լինի։ Համաբուժարանում ուղեղը կլվանային, խաթարված մասերը կկարկատեին, իսկ մարմինդ երեք օր կամ, անհրաժեշտ դեպքում, մեկ շաբաթ տանը կքներ։ Կքներ հանգիստ, առանց խառնափնթոր երազների։

Կիկուկոն կոպերը թեթևակի խոնարհեց․

— Հայրիկ, դուք երևի հոգնած եք։

— Այո։ Այսօր ֆիրմայում այցելուների ձեռքից դագար չունեի։ Չէի հասցնում սիգարետ ծխել. վառածն անմիջապես դնում էի մոխրամանի մեջ։ Հետո նորն էի վառում և դեռ ներս չքաշած, դարձյալ թողնում մոխրամանում։ Նայեմ տեսնեմ իրար կողքի դրած սիգարետների երեք միանման քնթուկներ ծուխ են արձակում։ Նույնիսկ անհարմար զգացի։

Սինգոն էլեկտրագնացքում իրոք երազում էր ուղեղը մաքրելու մասին, թեև այդ երազանքն ավելի շատ մարմնի հանգիստ քնելուն էր վերաբերում։ Ինչ խաղաղ կլինի գլխազուրկ մարմնի քունը։ Չէ, ճիշտ որ հոգնած էր։

Այսօր լուսադեմին նա երկու անգամ երազ տեսսվ, և երկու երազում էլ հանգուցյալ կար։

— Գուցե արձակո՞ւրդ վերցնեիք,— ասաց Կիկուկոն։

— Ես իսկապես մտադիր եմ արձակուրդ վերցնել ու մեկնել լեռները։ Քանի որ գլուխ անջատելն ու վերանորոգելու տալն անհնարին է։ Ուզում եմ տեսնել լեռները։

— Լավ կլիներ, եթե դուք իրոք մեկնեիք,— հազիվ նկատելի կոկետությամբ ասաց Կիկուկոն։

— Հա, բայց ախր Ֆուսակոն հիմա մեզ մոտ է։ Նա ևս, հավանաբար, եկել է մի քիչ հանգստանալու։ Ավելի լավ է Ֆուսակոյի պատճառով տանը մնամ, ճի՞շտ է։ Դու ի՞նչ ես կարծում։

— Օ՜, որքան եմ նախանձում Ֆուսակոյին, որ ձեզ նման լավ հայր ունի։

Կիկուկոն այդ տարօրինակ տոնով ասաց։

Սինգոն դանադան հնարովի անհեթեթություններ պատմելով հարսի գլուխը թըլըսորում էր արդյո՞ք այն նպատակով, որպեսզի նա չնկատի, թե որքան անախորժ էր իր համար, որ տղան դարձյալ հետը չէր եկել։ Թերևս դա անում էր բնազդորեն, սակայն այդ նպատակը նույնպես ուներ։

― Դու այսօր բավական թունոտ ես,― ասաց Սինգոն՝ առանց չարության, բայց Կիկուկոն զարմացավ։— Ոչ, եթե ես իրոք լավ հայր լինեի, Ֆուսակոյին նման բան չէր պատահի։

Կիկուկոն անհարմար զգաց։ Մինչև ականջները շառագունեց։

— Ոչ, հայրիկ, կատարվածի համար դուք մեղք չունեք։

Սինգոն նրա ձայնի մեջ սփոփանքի երանգներ որսաց։

3

Սինգոն զովացնող ըմպելիքներ չէր սիրում նույնիսկ ամռանը։ Տանը վաղուց գիտեին։ Յասուկոն երբեք խմելու սառը բաներ չէր տալիս նրան։

Թե առավոտները՝ անկողնուց վեր կենալիս, թե երեկոները՝ տուն վերադառնալուց հետո, նա առաջին հերթին մի քանի գավաթ տաք թեյ էր խմում։ Այդպես դրվել էր ի սկզբանե, և Կիկուկոն այդ կարգն իսկույն յուրացրեց։

Այժմ էլ Սինգոն արևածաղիկներով զմայլվելուց հետո հենց նոր էր տուն մտել, հարսը շտապեց նրան թեյ մատուցել։ Խմելով գավաթի կեսը, հագուստը փոխեց, հագավ թեթև կիմոնոն և գավաթը ձեռքին դուրս եկավ պատշգամբ։ Քայլում էր այնտեղ ու թեյը կում֊կում խմում։

Կիկուկոն նրա համար սիգարետ ու խոնավացրած սառը երեսսրբիչ բերեց և գավաթը նորից լցրեց տաք թեյով։

Սինգոն դեմքը սառը սրբիչով շփեց։ Ակնոց դնել չէր ուզում, սկսեց անզեն աչքերով դիտել այգին։

Իրենց խիտ աճած այգին։ Հեռավոր անկյունում անկանոն բուսնել և արդեն գրեթե վայրիացել էին թփուտավոր երեքնուկներն ու պամպասի խոտերը։

Երեքնուկների թփուտների մեջ թիթեռներն էին թռչկոտում․ խայտում էին վառ կանաչ տերևների արանքում և դրանից բազմապատիկ շատ էին թվում։ Սինգոն անընդհատ սպասում էր, որ նրանք դեպի վեր կթռչեն կամ կհեռանան մացառուտից, բայց թիթեռները համառորեն շարունակում էին վետվետալ երեքնուկների միջև։

Սինգոն սևեռուն հայացքը չէր կտրում մացառներից. նրան հանկարծ թվաց, որ այնտեղ գոյություն ունի մի ուրույն, փոքրիկ աշխարհ։ Տերևների արանքում խայտացող թիթեռների թևիկները խորհրդավոր կերպով գեղեցիկ էին։

Սինգոն անսպասելի մտաբերեց, ինչպես մի անգամ գիշերը, լիալուսնի դուրս գալուց առաջ, լեռան վրայի ծառերի միջով առկայծում էին աստղերը։

Պատշգամբ եկավ Յասուկոն ու չոքեց հատակին։ Հովհարը ճոճելով հարցրեց.

— Սյուիտին այսօր էլի ո՞ւշ է գալու։

Սինգոն գլուխը չշրջեց։

— Նայիր, երեքնուկների մեջ թիթեռներ են թռչում, տեսնո՞ւմ ես։

— Տեսնում եմ։

Թիթեռները հանկարծակի մացառներից վերև թռան, ասես հաճելի չէր, որ Յասուկոն տեսնում էր իրենց։ Երեք հատ էին։

— Օ՜, երեքն են։

Թիթեռները մանր էին և խամրած֊դժգույն։

Փայտե ցանկապատի վերևում թեք գիծ քաշելով, թռան դեպի հարևան տան եղևնին։ Երեքն էլ որոշակի հեռավորություն պահպանելով միմյանց միջև, սլացքով բարձրացան եղևնու կատարը։ Եղևնին խնամված այգու ծառ չէր, կատարը վայրագորեն շատ էր վեր ձգվել։

Շուտով, չգիտես որտեղից, ետ թռավ թիթեռներից մեկը, այգին հատելով գնաց և սկսեց դարձյալ պտտվել երեքնուկների թփերի վրա։

— Այս առավոտ արթնանալուց առաջ երազումս երկու անգամ հանգուցյալ տեսա,— ասաց Սինգոն։— Տացումիյան ինձ հնդկացորենի լապշա էր հյուրասիրում։

— Եվ դու այդ լապշան կերա՞ր։

— Ի՞նչ է, չէր կարելի՞։

«Մի՞թե երազում եթե հանգուցյալի ձեռքից բան ուտես, կնշանակի մեռնելու ես»,— մտածեց Սինգոն։

— Սպասիր, ինչպե՞ս եղավ։ Ես ոնց որ թե չկերա։ Բայց լապշան համեղ էր։

Կարծես թե, իրոք կերակուրը համտես չարած, արթնացավ։

Հիմա էլ դեռ աչքի առջև է բամբակե քառանկյունի սկուտեղը՝ բարձր կողերով, դրսից սև, ներսը՝ վառ կարմիր։ Հիշում է նույնիսկ մեջը լցված լապշայի գույնը։

Միայն չգիտեր, գույները երազում էր տեսե՞լ, թե աչքին երևացել էին արթնանալուց հետո։ Համենայն դեպս, այժմ ամենից պարզորոշ պատկերացնում էր հնդկացորենի այդ լապշան։ Մնացածն աղոտացել էր։

Խսիրին՝ լապշայով սկուտեղն էր։ Սկուտեղի մոտ, իբր թե, կանգնած էր ինքը՝ Սինգոն։ Տացումիյան ընտանիքով կարծես թե նստած էին։ Սինգոյի համար նստելու բարձ չկար։ Տարօրինակ էր, որ ինքը կանգնած էր և այդպես կանգնած էլ մնաց։ Ահա ամբողջը։

Այդ երազից արթնացավ և մանրամասն հիշեց տեսածը։ Առավոտյան էլ դեռ հիշում էր։ Իրիկնադեմին համարյա բոլորովին մոռացավ։ Մտապատկերի մեջ լողում էր միայն լապշայի տեսարանը, իսկ դրանից առաջ և հետո ինչ էր տեղի ունեցել, մտքից ջնջվել էր։

Տացումիյա՜, այդպես էին անվանում մի քանի տարի առաջ մահացած ատաղձագործին, որը յոթանասունն անց էր։ Սինգոն սիրում էր հնաձև ոճով աշխատող այդ վարպետին, և Ժամանակ առ ժամանակ նրան որևէ գործ էր պատվիրում։ Սակայն ատաղձագործի հետ այնքան մոտ չէր, որպեսզի նրա մահից երեք տարի հետո տեսներ երազում։

Լապշան մեջտեղ եկավ, հավանաբար, այս պատճառով, որ արհեստանոցի անմիջապես ետևում ճաշարան կար։ Արհեստանոցում գտնվելիս Սինգոն հաճախակի զրուցում էր ծերուկի հետ, երբ նա նստած էր լինում ճաշարանում, բայց ինքը՝ Սինգոն, այդ ճաշարանը ոչ մի անգամ չէր մտել։ Դրա համար էլ զարմանում էր, թե լապշան երազում, այնուամենայնիվ, որտեղի՞ց հայտնվեց։

Տացումիյան վեց երեխա ուներ, վեցն էլ աղջիկ էին։ Այժմ, երեկոյան, Սինգոն ոչ մի կերպ չէր կարողանում պարզել, արդյոք երազի աղջիկը Տացումիյայի դուստրերից մեկն էր, թե ոչ։ Թեև նրան ձեռքով շոշափեց։

Պարզորոշ հիշում է, որ շոշափեց։ Իսկ թե ով էր այդ աղջիկը, չի հիշում։ Չի էլ իմանում՝ հիշելու համար ինչից կառչի։

Արթնացած պահին աղջկա ով լինելը կարծես թե լավ գիտեր։ Առավոտյան ննջելով ու նորից զարթնելով միանգամայն հստակ էր պատկերացնում նրան։ Իսկ այ, հիմա, իրիկնադեմին, մտահան է արել։

Դա Տացումիյայի մասին տեսած երազի շարունակությունն էր, ուստի ենթադրում էր, որ աղջիկը ատաղձագործի դուստրերից մեկը պետք է լիներ։ Թեև լիովին համոզված չէր։ Ասենք թեկուզ այն պատճառով, որ ինքը Տացումիյայի աղջիկներից ոչ մեկին չէր տեսել ու դեմքով հիշել չէր կարող։

Այո, դա անկասկած առաջին երազի շարունակությունն էր, որից Սինգոյի մտքում լապշայից բացի ուրիշ բան չէր մնացել։ Երբ արթնացավ, ամենից ցայտուն պատկերացրեց , հնդկացորենի լապշան։ Երազատեսության բուն էությունն արդյոք հենց դրա մեջ չէ՞ր, որ աղջկան դիպչելու իր երկյուղից երազն իսկույն ցնդեր։

Ոչ, երկյուղն այնքան մեծ չէր, որպեսզի ինքը դրանից արթնանար։

Որևէ այլ մի հանգամանք, որի հետ այդ ամենը կապ ունենար, նույնպես չէր հիշում։ Ե՛վ աղջկա կերպարանքն անհետացավ, և՛ հիշողությունը լարել չէր հաջողվում։ Միակ բանը, որ մնաց Սինգոյի մտքում, դա ինչ-որ փափկության դիպելու զգացողությունն էր։ Նա աղջկան դիպավ միայն ձեռքով. աղջիկը նրա հպումին չպատասխանեց, խույս էր տալիս։

Սինգոն կանանց նկաամամբ կյանքում անգամ իրեն այդպիսի ազատություն թույլ չէր տալիս։ Արածն առավել ևս անհեթեթություն էր, որովհետև դիմացինը ոչ թե կին էր, այլ երիտասարդ աղջիկ։

Սինգոյի վաթսուներկուսն արդեն լրացել էր և տարօրինակ էր, որ այդ տարիքում նման թեթևամիտ երազներ էր տեսնում։ Թերևս ոչ այնքան թեթևամիտ, որքան անսահմանորեն վհատեցնող, տարակուսած մտածում էր նա արթուն ժամանակ։

Բայց տեղնուտեղը դարձյալ քնեց և անմիջապես նոր երազ տեսավ։

Ճարպակալած, լխկած Աիտան սակեի փոքրիկ գրաֆինը ձեռքին մտավ Սինգոյի տունը։ Երևում է, շատ էր խմել, օրորվում էր հարբածի պես, դեմքն էլ ասես խաշված լիներ։

Ամբողջ երազից միայն այդքանն էր հիշում։ Իսկ թե դեպքերը որտեղ էին տեղի ունենում, իր այժմյան տա՞նը, թե՝ նախկին, որտեղ ապրում էր մի ժամանակ, որոշել չէր կարողանում։

Աիտան մի տասը տարի առաջ այն ֆիրմայի դիրեկտորն էր, որտեղ աշխատում էր Սինգոն։ Անցյալ տարվա վերջին մահացավ ուղեղի կաթվածից։ Մեռնելուց մի քանի տարի առաք արդեն սկսել էր սաստիկ նիհարել։

— Ես մի երազ էլ տեսա։ Աիտան սակեի գրաֆինը բռնած մտավ մեր տուն,— ասաց Սինգոն։

— Աիտա-սա՞նը,— զարմացավ Յասուկոն,— եթե նա իրոք Աիտա֊սանն էր, ինչպե՞ս կարող էր խմած լինել։

— Իսկապես, չէ՞ որ ասթմա ուներ։ Երբ արյան զեղում ստացավ, խորխը կալնել էր կոկորդը, դրանից էլ խեղդամահ եղավ։ Նա երբեք չէր խմում։ Մոտը միշտ դեղով լի սրվակ էր պահում։

Եվ, այնուամենայնիվ, երազի մեջ Սինգոյի ուղեղից հստակորեն դուրս էր լողացել Աիտայի կերպարանքը՝ հարբած մարդու օրորվող քայլվածքով։

— Ուրեմն, Աիտայի հետ քե՜ֆ էիք անում, էլի։

— Ոչ, բոլորովին չէինք խմում։ Աիտան ընդամենը մոտեցավ ինձ, դեռ չէր հասցրել նստել, արթնացա։

— Վատ բան է։ Երազում մեռել տեսնելը։ Այն էլ երկուսը։

— Եկել էին, երևի, ինձ իրենց մոտ տանելու,— ասաց Սինգոն։

Այս տարի մոտիկ ծանոթներից շատերն էին վախճանվել։ Այնպես որ երազում մեռածներին տեսնելը միանգաման բնական էր։

Սակայն ատաղձագործն էլ, Աիտան էլ երազին եկան ոչ իբրև հանգուցյալներ։ Նրանք կենդանի մարդիկ էին։

Սինգոն նրանց կերպարանքները անչափ պարզ տեսավ։ Շատ ավելի պարզ, քան եթե փորձեր հիշողությամբ վերականգնել։ Աիտայի հարբած, կարմրած դեմքը․․․ Կյանքում նրան երբեք այդպես տեսած չկար, բայց հիմա յարաքանչյուր դիմագիծը անգիր հիշում էր։

Աչքերի դեմ հստակ տեսքով կանգնած էին և՛ Տացումիյան, և Աիտան, իսկ այն աղջկան, որին ձեռք տվեց, ոչ մի կերպ չէր հաջողվում մտաբերել։ Անգամ չգիտեր՝ ով էր նա։ Ինչո՞ւ։ Անհասկանալի էր։

Ենթադրում էր. գուցե խղճի խա՞յթը հարկադրեց իրեն մոռանալ աղջկան։ Ոչ։ Չէ՜ որ քնած էր, համենայն դեպս, դեռ բավականաչափ չէր արթնացել, որպեսզի ի վիճակի լիներ մտածել խնդրի բարոյական կողմի մասին։ Քնի մեջ միայն հուսալքություն էր զգում։

Երազում հուսահատություն ապրելը Սինգոյին զարմանք չպատճառեց։

Կնոջն այդ մասին, հասկանալի է, ոչինչ չասաց։

Խոհանոցից լսվում էին ընթրիք պատրաստող Կիկուկոյի և Ֆուսակոյի խոսակցության ձայները։ Թերևս չափից ավելի բարձրաձայն խոսակցության։

4

Ճպուռներն ամեն գիշեր բալենու վրայից թռչում էին սենյակ։

Մտնելով այգի, Սինգոն մոտեցավ բալենուն։

Չորս կողմ շվշվում էին ծառից վեր թռչող ճպուռների թևիկները։ Սինգոյին ապշեցրեց այդ միջատների առատությունը, բայց առավել ապշեցուցիչը դրանց թևիկների շվշվոցն էր։ Կարծես ոչ թե ճպուռների, այլ ճնճղուկների երամ էր թռչում։

Սինգոն նորից ու նորից էր զննում հսկայական ծառը։ Ճպուռները շարունակում էին ճյուղերից պոկվելով վեր սլանալ։

Երկինքն ամբողջովին պատող ամպերը սահում էին դեպի արևելք։ Դատելով եղանակից, երկու հարյուր տասներորդ օրը ոչ մի աղետ չէր բերելու։ Բայց այս գիշեր լեռներից, հավանաբար, քամի կփչի, և ջերմաստիճանը կիջնի, մտածեց Սինգոն։

Եկավ Կիկուկոն։

— Ի՞նչ է պատահել, հայրիկ, ճպուռներն ինչո՞ւ են իրար անցել։

— Իսկապես, այնպիսի իրարանցում է, կարծես սոսկալի աղետ է եղել։ Կա այսպիսի մի արտահայտություն «Բադերի շչացող թևեր», իսկ ես ուղղակի ապշեցի, թե ինչ աստիճան սուր շվոցներ են արձակում ճպուռների թևիկները։

Կիկուկոն ձեռքին կարմիր թելով ասեղ էր բռնել։

— Իսկ ինձ ոչ այնքան նրանց շվոցները զարմացրին, որքան բարձրացրած ահավոր ճռռոցը։

— Ճռռոցի վրա ինչ-որ ուշադրություն չեմ դարձրել։

Սինգոն նայում էր, թե ինչ է անում Կիկուկոն։ Նա մանկական կարմիր կիմոնո էր կարում Յասուկոյի մաշված կիմոնոյից։

— Սատոկոն դեռ շարունակո՞ւմ է ճպուռներով զվարճանալ,— հարցրեց Սինգոն։

Կիկուկոն գլխով արեց։ Հետո, շուրթերը գրեթե առանց բացելու ասաց.

— Այո։

Տոկիոյում ապրող Սատոկոյին ճպուռներն արտասովոր բաներ էին թվում և նա, գուցե թե նաև իր բնավորության պատճառով, սկզբի շրջանում վախենում էր դրանցից։ Որպեսզի աղջկան ընտելացնի միջատներին, Ֆուսակոն մի անգամ երգող ճպուռի թևերը մկրատով կտրեց ու տվեց նրան։ Դրանից հետո Սատոկոն ճպուռ որսալիս միշտ Կիկուկոյին կամ տատին խնդրում էր, որ թևերը կտրտեն։

Յասուկոյի համար դա խիստ անախորժ էր։ Նրա ասելով Ֆուսակոն երեխա ժամանակ Սատոկոյի պես դաժան չեր։ Նրան այդպես դաժան դարձրեց ամուսինը՝ Աիխարան։

Յասուկոն ուղղակի գունատվեց, տեսնելով, թե ինչպես են ահագին, դեղին մրջյունները թևերը կտրաած երգող ճպուռին քարշ տալով տանում։

Սինգոն կնոջ տեսքից շվարեց, նույնիսկ ապշեց. Յասուկոն առաջ նման մանրուքից երբեք իրեն չէր կորցնում։

Բայց հիմա կնոջն այդքան հուզողը, երևի, նրան պաշարող վատ նախազգացումն էր։ Սինգոն հասկացավ, որ բանն ամենևին էլ ճպուռը չէ։

Աղջնակը կպչում, պոկ չէր գալիս, մինչև մեծերը չէին զիջում ու չէին կտրտում միջատի թևերը։ Իսկ այնուհետև չէր, իմանում անթև ճպուռն ինչ անել։ Ձևացնում էր, թե ուզում է մի ապահով տեղ գտնել պահել և, ի վերջո, մռայլված նետում էր այգի, քաջ գիտենալով, որ մեծերը հետևում են իրեն։

Ֆուսակոն ամեն օր մորը գանգատվում էր իր կյանքից, սակայն չէր ասում, թե երբ է մտադիր տուն վերադառնալ, ինչից և կարելի էր եզրակացնել, որ նրա համար ամենակարևոր խոսակցությունը դեռ առջևում էր։

Յասուկոն անկողին մտնելիս դստեր գանգատները վերապատմում էր ամուսնուն։ Նրա հաղորդածների մեծ մասը Սինգոն համարյա չէր լսում, բայց զգում էր՝ աղջիկն ամեն ինչ չէ, որ պատմում է մորը։

Ֆուսակոն, անշուշտ, եկել էր խորհրդակցելու ծնողների հետ։ Թեև երեսնամյա կնոջ համար, որն արդեն սեփական ընտանիք ունի, ամենևին էլ հեշտ չէր սիրտը հոր ու մոր առջև բանալ։ Երկու երեխայի տեր աղջկան ետ բերել, պահել տանը, նույնպես հեշտ չէր։ Խոսակցությունն այդպես էլ օրեցօր հետաձգվում էր, թույլ տալով, որ իրադարձությունները իրենց կարգով ընթանան։

— Հայրիկը Կիկուկոյի հետ չափից դուրս քնքուշ է,— մի անգամ նկատեց Ֆուսակոն։

Ընթրիքի ժամանակ էր, սեղանի շուրջ նստած էին և՛ Կիկուկոն, և՛ Սյուիտին։

— Իհարկե, մենք Կիկուկոյի հետ պետք է քնքուշ լինենք,— անվրդով ասաց Յասուկոն։

Ֆուսակոյի դիտողությունը թեպետ պատասխան չէր պահանջում, Յասուկոն, այնուհանդերձ, պատախանեց։ Եվ խոսելիս չնայած ժպտում էր, բայց ասածի նպատակը դստեր սանձը քաշելն էր։

— Այդտեղ զարմանալու բան չկա, չէ՞ որ Կիկուկոն էլ մեզ հետ է քնքուշ վարվում։

Կիկուկոն հաճույքից շառագունեց։

Յասուկոն կարծես թե խոսում էր բարեհոգորեն, բայց ձայնի մեջ զգացվում էր աղջկան դատապարտող երանգ։

Զգացվում էր, որ նա սիրում է երջանիկ տեսքով հարսին և, չի սիրում դժբախտ դեմքով աղջկան։ Թվում էր, նույնիսկ, թե նրա խոսքերի խորքում չար ու դաժան դիտավորություն էր թաքնված։

Սինգոն դա բացատրում էր Յասուկոյի ինքն իրենից անբավական լինելու հանգամանքով։ Նման ինչ-որ զգացում էր ապրում նաև ինքը՝ Սինգոն։ Եվ, այնուամենայնիվ, կնոջ վարմանքը որոշ չափով անսպասելի էր, ու նա տարակուսում էր մտքում։ Յասուկոյին՝ տարեց կնոջն ու մորը պատշա՞ճ էր արղյոք իր զգացումները դժբախտացած աղջկա մոտ արտահայտել։

— Ես համաձայն չեմ։ Դուք ինձ՝ Կիկուկոյի ամուսնու հետ այդքան քնքուշ չեք,— ասաց Սյուիտին, ամենևին էլ ոչ կատակի տոնով։

Որ Սինգոն հարսի նկատմամբ սրտառուչ վերաբերմունք ուներ, դա լավ տեսնում էին ոչ միայն Յասուկոն ու Սյուիտին, այլև ինքը՝ Կիկուկոն, թեև այդ մասին երբեք չէին խոսում, իսկ Ֆուսակոն վերցրեց ու հանկարծ դուրս տվեց, անչափ տխրեցնելով հորը։

Կիկուկոն Սինգոյի համար իրենց մռայլ ու անբարեհամբույր տան միակ լուսավոր պատուհանն էր։

Սինգոյի զավակներն այնպիսին չէին, ինչպիսին ինքն էր ցանկանում։ Երևի իրենք՝ ծնողներն էլ, ընդունակ չէին ապրելու այնպես, ինչպես կցանկանային զավակները, և դրանից արյունակցական հարազատության բեռը դառնում էր ավելի անտանելի։ Նրան ուրախություն էր պատճառում միայն երիտասարդ հարսը։

Նա հարսի հետ իրոք փաղաքուշ էր վարվում։ Հապա ի՞նչ էր մնում անել, երբ Կիկուկոն իր խավար միայնության մեջ լույսի միակ թույլ շողն էր։ Սրտառուչ վերաբերմունով Սինգոն սփոփում էր իրեն, համարում այդ իր ամոքիչ սպեղանին։

Սինգոյի՝ տարիքի հետ կապված ապրումները Կիկուկոյին բնավ չէին հուզում։ Նա Սինգոյից չէր զգուշանում։

Ֆուսակոյի խոսքերն ասես Սինգոյի փոքրիկ գաղտնիքը մատնեցին։

Դա ընթրիքի ժամին էր, մի երեք֊չորս օր առաջ։

Այժմ, բալենու տակ կանգնած, Սատոկոյի ճպուռները հիշելիս նա մտաբերեց նաև Ֆուսակոյի այն ժամանակ ասած խոսքերը։

— Ֆուսակոն որոշել է ցերեկները քնե՞լ։

— Այո, պառկած օրորում էր Կունիկոյին և երեխայի հետ ինքն էլ քնեց,— Սինգոյի աչքերին նայելով պատասխանեց Կիկուկոն։

— Տարօրինակ աղջիկ է այդ Սատոկոն։ Ֆուսակոն հենց սկսում է օրորել, իսկույն հայտնվում է կողքին, կպչում մորը և նույնպես քնում։ Այնպես հաճելի է նայել նրանց։

— Գորովալից երեխա է։

— Տատը Սատոկոյին չի սիրում։ Բայց երբ նա տասնչորս, տասնհինգ տարեկան դառա, տատին շատ կնմանվի, մինչև անգամ կսկսի տատի պես խռմփալ։

Կիկուկոն շփոթվեց։

Նա վերադարձավ այն սենյակը, որտեղ մինչ այդ մեքենայով կար էր անում։ Սինգոն քայլերը ուղղեց մյուս սենյակի կողմը։ Կիկուկոն կանգնեցրեց նրան։

— Հայրի՜կ, բանից պարզվում է, երեկոները դուք պարելու եք գնում։

— Ի՞նչ,— շրջվեց Սինգոն։

— Բոլորն արդեն գիտեն։ Ես այնպես զարմացա։

Սինգոն իրոք երեկ չէ առաջին օրը իր քարտուղարու հետ գնացել էր դանսինգ-հոլլ։

Այսօր կիրակի է։ Կնշանակի երեկ այդ Հիդեկո Տանիձաքին դուրս է տվել Սյուիտիի մոտ, նա էլ, երևի, պատմել է Կիկուկոյին։

Սինգոն արդեն քանի տարի էր պարելու չէր գնացել։ Երբ Հիդեկոյին հրավիրեց, նա շատ զարմացավ։ Ասաց, եթե հրավերն ընդունի, ֆիրմայում կսկսեն բամբասել, իսկ դա ամենևին էլ հաճելի չէ։ Իսկ մենք արի այդ մասին ոչ ոքի չասենք, առաջարկեց Սինգոն։ Բայց ահա հաջորդ օրն իսկ աղջիկը շտապել էր ամեն ինչ պատմել Սյուիտիին։

Հիդեկոյից խոսք դուրս քաշելուց հետո տղան և՛ երեկ, և՛ այսօր ձևանում էր իբր ոչինչ չգիտե, մինչդեռ իր հերթին ամեն բան իսկույն հաղորդել էր կնոջը։

Սյուիտին, ինչպես երևում է, Հիդեկոյին հաճախ էր պարելու տանում, այդ պատճառով էլ Սինգոն որոշեց աղջկան հրավիրել։ Հույս ուներ, որ դանսինգ-հոլլում, ուր կգնան ինքն ու Հիդեկոն, կլինի և այն կինը, որով հրապուրվել էր Սյուիտին։

Սակայն պարասրահում արտաքին որևէ նշանից չկարողացավ որոշել, թե որն էր այդ կինը։ Հարցնել չուզեց։

Հիդեկոն իր անսպասելի պարընկերոջ՝ Սինգոյի հետ մտնելով պարահրապարակ, գլուխն ասես կորցրեց, սկսեց իրեն անբնական պահել, և Սինգոն, երիտասարդ քարտուղարուհու արարքի մեջ իր համար վտանգ զգալով, ամբողջապես կծկվեց։

Հիդեկոն ընդամենը քսաներկու տարեկան էր, բայց նրա կուրծքն արդեն բավականաչափ մեծ էր, որպեսզի լցներ ափը։ Հանկարծ, որտեղից որտեղ, Սինգոյի միտն ընկան պոռնոգրաֆիկ նկարներով բացիկները։

Նման խելահեղ իրարանցման մեջ պոռնոգրաֆիկ բացիկներ մտաբերելը ծիծաղելի էր, նույնիսկ մի տեսակ անհեթեթ։

— Մյուս անգամ քեզ հետ կգնամ, Կիկուկո,— ասաց Uինգոն։

— Ճի՞շտ։ Իսկապես, տարեք ինձ, հայրիկ։

Կիկուկոն ամբողջ դեմքով կարմրել էր։

Հետաքրքիր է, գլխի՞ է ընկնում, որ ինքը պարի էր գնացել Սյուիտիի սիրուհու պատճառով։

Սինգոյին բնավ չէր հուզում այն հանգամանքը, որ տանն իմացել են իր պարարշավի մասին, նա շփոթվեց լոկ հանկարծակիի գալուց, վախենալով, թե Կիկուկոն կկռահի Սյուիտիի սիրուհուն տեսնելու իր գաղտնի մտադրությունը։

Վերադառնալով պատշգամբ, նա այնտեղից գնաց Սյուիտիի սենյակը և, ներս չմտած, կանգ առավ դռան առջև․

— Այդ բոլորը դու Տանիձաքիի բերանից ես դուրս քաշե՞լ։

— Բայց, հայրիկ, նորությունը չէ՞ որ վերաբերում է մեր ընտանիքին։

— Ասացեք խնդրեմ, ինչպիսի՜ նորություն։ Հաջորդ անգամ այդ աղջկա հետ պարի գնալիս նրա համար ամառային զգեստ գնիր։ Չմոռանաս։

— Օհո՜, չլինի՞ խայտառակ ես եղել, հայրիկ։

— Թող, խնդրում եմ։ Պարզապես նրա հագին թեթև բլուզ էր ու շրշազգեստ, այդպես հարմար չէ։

— Նա ամեն ինչ ունի։ Միայն թե դու նրան հրավիրել ես անսպասելի, դրա համար էլ լավ հագնված չի եղել։ Եթե հետը նախապես պայմանավորվեիր, հագնելու բան կգտներ,— ասաց Սյուիտին ու շրջվեց։

Անցնելով քնած Ֆուսակոյի ու նրա երկու երեխայի կողքով, Սինգոն մտավ սեղանատուն, նայեց պատի մեծ ժամացույցին։

— Արդեն Ժամը հինգն է,— մրմնջաց նա, ասես ժամանակը ստուգելու համար։

Ամպերի բոցը

1

Թերթերը գրում էին, որ երկու հարյուր տասներորդ օրը, ամենայն հավանականությամբ, կանցնի բարեհաջող սակայն, հենց երկու հարյուր տասներորդ օրվան նախորդող գիշերը տայֆուն սկսվեց։

Սինգոն արդեն վաղուց մոռացել էր թերթում կարդացած նշումը։ Ասենք դա չէր էլ կարելի եղանակի տեսություն անվանել։ Թեև փոթորիկը մոտենալու Ժամանակ հայտնվեցին և՛ եղանակի կանխագուշակումներ, և՛ նախազգուշացումներ։

— Արի այսօր վաղ տուն գնանք,— որդուն շտապեցրեց Սինգոն։

Քարտուղարուհի Հիդեկոն Սինգոյին օգնեց հագնվել, հետո ինքն էլ հապճեպ հավաքեց իրերը։ երբ սպիտակ, թափանցիկ անձրևանոցը հագավ, կուրծքն անհետացավ դրա տակ, ասես ճզմվելով տափակեց։

Այն օրվանից ինչ Սինգոն պարասրահում նկատեց աղջկա փոքրիկ ստինքները, սկսեց ուշադրություն դարձնել նրա կրծքին։

Հիդեկոն Սինգոյի ու Սյուիտիի ետևից աստիճաններով արագ սահեց ցած և նրանց հետ միասին կանգնեց դռան մոտ։ Այնպիսի տեղատարափ անձրև էր, որ սարսափելի էր նույնիսկ դուրս նայել։

— Դու ո՞ր կողմն ես գնում,— ուզեց հարցնել Սինգոն և անմիջապես խոսքը կուլ տվեց։ Այդ հարցը մի քանի անգամ տված կլիներ Հիդեկոյին, բայց պատասխանը միտը չէր մնում։

Կամակուրայի կայարանում մարդիկ, որոնք իջել էին գնացքից, նույնպես կանգնել էին ծածկի տակ և նայում կին անձրևի մոլեգնող հեղեղին։

Մոտենալով այն տանը, որի առջև արևածաղիկներ էին աճել, նրանք անձրևի ու քամու ոռնոցի միջից լսեցին «Փարիզյան տոն» երգը։

— Ինչ թեթևսոլիկ երգ է,— ասաց Սյուիտին։

Երկուսն էլ գիտեին, որ դա Լիզ Գոտիի երգապնակն է, և նվագարկիչի վրա է դրել Կիկուկոն։

Երգն ավարտվեց ու տեղնուտեղը սկսվեց նորեն։

Մոտավորապես երգի կեսին նրանց հասավ ծածկվող ծածկափեղկերի շրխկոցը։

Հետո լսվում էր, թե ինչպես Կիկուկոն փեղկերը թխկացնելով ձայնակցում էր երգապնակին։

Մրրիկի ու երգի աղմուկից Կիկուկոն նրանց նախասենյակ մտնելը չիմացավ։

— Այ քեզ փորձա՜նք։ Ոտքերս թրջվել են,— կոշիկները հանելով՝ ասաց Սյուիտին։

— Օ՜, արդեն վերադարձե՞լ եք,— ընդառաջ վազեց Կիկուկոն, ամբողջովին բերկրանքով լեցուն։

Սյուիտին կոշիկները մեկնեց նրան։

— Երևի հայրիկինն էլ է թրջվել,— ասաց Կիկուկոն։

Երգապնակը ավարտվեց։ Կիկուկոն ասեղը նորից դրեց վրան և Սինգոյի ու Սյուիտիի թրջված հագուստը գրկին մնաց կանգնած։

Սյուիտին գոտին արձակելիս ասաց.

— Կիկուկո, քո նվագարկի չի ձայնը փողոցում լսվում էր։

— Ես սարսափից բարձրացրի ձայնը։ Ուղղակի տեղ չէի գտնում, այնքան էի անհանգստացել ձեզ համար։

Կիկուկոն իրոք այնպես էր ուրախացել ու աշխուժացել, ասես տայֆունը փոխանցվել էր նրան։

Սինգոյի համար խոհանոցում թեյ լցնելիս, ամբողջ ժամանակ երգում էր։

Սյուիտին փարիզյան շանսոնետները սիրում էր և միշտ գնում էր դրանց երգապնակները։

Նա ֆրանսերեն գիտեր։ Կիկուկոն ֆրանսերեն բոլորովին չէր հասկանում։ Սյուիտին սովորեցրել էր կնոջը որոշ բառեր արտասանել, և նա երգում էր բավական լավ ընդօրինակելով շանսոնետային երգիչներին։ Օրինակ, Լիզ Գոտին «Փարիզյան տոնում» երգում էր մի աղջկա մասին, որն այնքան տխուր էր, որ տխրությունից ուզում էր մեռնել։ Կիկուկոյի մտքովն իսկ չէր անցնում մեռնել, նա պարզապես իր թույլ ձայնով անվարժ երգելիս հաճույք էր զգում։

Երբ ամուսնացավ, դպրոցական ընկերուհիները նրան աշխարհի օրորոցային երգերից ընտրած երգապնակների մի հավաքածու նվիրեցին։ Սկզբնական շրջանում Կիկուկոն այդ երգապնակներր հաճախ էր դնում նվագելու։ Եթե մոտերքում մարդ չէր լինում, ձայնակցում էր երգիչներին։

Սինգոյին օրորոցային երգերը անչափ դուր էին գալիս։

Նրան թվում էր, թե այդ երգերը ստեղծված էին կանանց պատվին։ Կիկուկոն երգապնակները լսելիս մտաբերում էր իր աղջկական տարիները։

— Երբ ես մեռնեմ, իմ թաղմանը թող օրորոցային երգապնակները դնեն։ Ոչ մի աղոթք, դամբանական ոչ մի ճառ հարկավոր չէ,— մի անգամ հարսին խնդրեց Սինգոն։ Նա այդ թեև կատակով ասաց, բայց աչքերում արցունքներ երևացին։

Կիկուկոն մինչև հիմա դեռ երեխա չէր ունեցել, և օրորոցայինները, ըստ երևույթին, ձանձրացրել էին նրան։ Սինգոն վաղուց այդ երգերը չէր լսել։

«Փարիզյան տոնի» երգապնակը ավարտվում էր։ Հանկարծ ձայնը դարձավ հազիվ լսելի և քիչ հետո բոլորովին ընդհատվեց։

— Լույսն անջատեցին,— սեղանատնից ասաց Յասուկոն։

— Այո, իսկապես անջատեցին։ Այսօր այլևս լույս չի լինի,― Կիկուկոն հանեց երգապնակը։— Մայրիկ, եկեք ժամանակից շուտ ընթրենք։

Ընթրիքի ընթացքում ճեղքերից ներս թափանցող քամին երեք անգամ բարակ մոմը հանգցրեց։

Մրրիկի միջից լսվում էր ծովի շառաչյունը և այդ շառաչյունն ավելի, քան մրրիկի ոռնոցը, տագնապը սաստկացնում էր։

2

Գլխավերևում հանգած մոմի հոտը նեղում էր Սինգոյին։

Տունը ցնցվում էր քամու պոռթկումից։ Յասուկոն շոշափեց անկողնու կողքին նախապես դրված լուցկու տուփն ու թափահարեց, համոզվելու համար, որ դատարկ չէ, նաև հասկացնելու Սինգոյին, որ մոտը լուցկի կա։

Հետո գտավ ամուսնու ձեռքը. չբռնեց, այլ միայն դիպավ մատներին․

— Ամեն ինչ կարգի՞ն է։

— Կարգին է։ Եթե քամին այգուց որևէ բան թռցնի, միևնույն է, հնարավոր չէ դուրս գնալ։

― Ինչ ես կարծում, Ֆուսակոյի տա՞նն էլ ամեն ինչ կարգին է։

— Ո՞ր Ֆուսակոյի։

Սինգոն մի պահ մոռացավ, թե խոսքն ում մասին է։

— Հա, դե իհարկե, ամեն ինչ կարգին է։ Այսպիսի փոթորկի ժամանակ նա երևի ամուսնու հետ վաղ է պառկել քնելու։

— Լավ, արի մենք էլ քնենք։— Յասուկոն լռեց, խուսափելով շարունակել այդ խոսակցությունը։

Լսելի էր ինչպես հարևան սենյակում զրուցում էին Կիկուկոն ու Սյուիտին։ Կիկուկոյի ձայնը լի էր փաղաքշանքով։

Որոշ ժամանակ անց Յասուկոն կրկին խոսեց.

— Երկու փոքր երեխանե՜ր․․․ Մերոնց պես հո ագատ չեն։

— Եվ սկեսուրի ոտքերն էլ հիվանդոտ են։ Ինչ֊որ նյարդային երևույթ է,— ավելացրեց Սինգոն։

— Անշուշտ, անշուշտ, և եթե Ֆուսակոն հեռանա Աիխարայից, Աիխարան ստիպված կլինի մոր ամբողջ հոգսն առնել իր ուսերին։

— Մայրը քայլել բոլորովի՞ն չի կարողանում։

— Չէ, կարծեմ տեղից մի քիչ շարժվում է։ Պատկերացնում եմ, այսպիսի փոթորիկին... Հիմա թախծալի է այնտեղ։

Սինգոյի համար տարօրինակ էր վաթսուներեքամյա Յասուկոյից լսել «թախծալի» բառը։

— Ամեն տեղ էլ թախծալի է,— ասաց նա։

— Յուրաքանչյուր կին կյանքի ընթացքում իր սանրվածքները բազմաթիվ անգամ փոխում է։ Այդ մասին թերթում կարդացի։ Դա շատ ճիշտ է։

— Ո՞ր թերթում ես կարդացել։

Յասուկոյի ասելով, այդպես էր սկսվում այն մահախոսականը, որ գրել էր գեղեցկուհիներ նկարող մի նկարիչ մեկ ուրիշ, նույնպես գեղեցկուհիներ նկարող նկարչուհու հիշատակին։

Իրականում հոդվածի մեջ ամեն ինչ հակառակն էր։ Այնտեղ խոսվում էր մի նկարչուհու մասին, որն իր ամբողջ կյանքում սանրվածքի ձևը չէր փոխել։ Քսան տարեկանից մինչև մահ, մինչև յոթանասունհինգ դառնալը, ավելի քան հիսուն տարի, մազերը միևնույն ձևով ոլորել, խրձել էր գագաթին և սանրով ամրացրել։

Յասուկոն, ըստ երևույթին, մտածել էր, թե կինն ինչպե՞ս կարող է ամբողջ կյանքում միշտ միևնույն սանրվածքով մնալ և, հավանորեն, եզրակացրել, որ ընդհակառակը՝ կինն իր կյանքի ընթացքում մազերը սանրում է ամենատարբեր ձևերով։

Նա սովորություն ոէներ կարդացած մի քանի թերթերը պահել և հետո նորից հերթականությամբ վերընթերցել։ Այդ պատճառով էլ, երբ պատմում էր որևէ հոդվածի մասին, անհնար էր որոշել, թե որ թերթում էր կարդացել։ Բացի դրանից, Յասուկոն ամենայն ուշադրությամբ լսում էր ռադիոյի երեկոյան նորությունների տեսությունը և երբեմն թույլ էր տալիս իրեն արտառոց դիտողություններ անել։

— Դու կարծում ես Ֆուսակո՞ն էլ է մազերի սանրվածքը բազմատեսակ ձևերով փոխելու,— հարցրեց Սինգոն։

— Իհարկե։ Չէ՞ որ կին է։ Նա ինչո՞վ է պակաս մեզանից՝ ճապոնական հնաձև սանրվածքներ կրողներիցս։ Ֆուսակոյի համար նույնպես հաճելի է սանրվածքը փոխել, իբր տեսեք՝ Կիկուկոյից ինչո՞վ եմ ետ մնում։

— Երբ Ֆուսակոն այստեղ էր, դու նրա հետ շատ անսիրտ էիր վարվում։ Ինձ թվում է նա մեզանից գնաց լրիվ հուսահատված։

— Գուցե քո տրամադրությունն էր ինձ փոխանցվել։ Չէ՞ որ դու Կիկուկոյից բացի ոչ ոքի չես սիրում։

— Իսկի էլ այդպես չէ։ Ինչ֊որ հիմար բաներ ես հնարում ու ինքդ էլ քո հնտրածներին հավատում։

— Շատ լավ գիտես, որ իրավացի եմ։ Ֆուսակոյի նկատմամբ դու միշտ էլ անտարբեր էիր, սիրում էիր միայն Սյուիտիին։ Ուզում ես Ժխտե՞լ։ Կժխտե՜ս, դու էդ տեսակ մարդ ես։ Այ հենց հիմա էլ. Սյուիտին ուրիշ կնկա հետ է կապվել, իսկ դու նրան ոչ մի բան չես ասում։ Խղճում ես Կիկուկոյին և դրանով ավելի վատ վիճակի մեջ դնում նրան։ Կիկուկոն նույնպես, որպեսզի հայրիկին չվշտացնի, խանդել անգամ չի համարձակվում։ Թախծալի է։ Երանի թե այս տայֆունն ինձ քշեր տաներ, պրծնեի։

Սինգոն ցնցված էր։

Սակայն ավելի ու ավելի բորբոքվող կնոջ խոսքերին ի պատասխան ասաց․

— Տայֆո՛ւնը։

— Հա՛, տայֆունը։ Ֆուսակոն գուցե ուզում էր, որ խոսք բացեինք ապահարզանի մասին, իսկ մենք նրա հետ անհոգի վարվեցինք։

— Չի կարող պատահել։ Մի՞թե գործն արդեն հասել է ապահարզանի։

— Ես ապահարզանի կամ ուրիշ բանի մասին չեմ էլ մտածում, միայն պատկերացնում եմ, թե դու ինչպիսի թթված դեմք կշինես, եթե աղջիկդ երկու երեխայով ծանրանա վզիդ․․․

— Իմիջիայլոց, քո դեմքը միշտ է այդպես։

― Այդ հոգսից բացի կա նաև Կիկուկոն, որը խիստ սրտովդ է։ Լավ, Կիկուկոյին թողնենք։ Անկեղծ ասած, ես էլ մի բարի պտուղ չեմ, բավական է, որ Կիկուկոն բերանը թաց անի, խոսի, հոգիս իսկույն թեթևանում է, իսկ Ֆուսակոն միայն պատճառ է դառնում անախորժությունների։ Ծանր բան է։ Ախր մինչև ամուսնանալն, այնուամենայնիվ, ուրիշ տեսակ էր։ Երբեք չէի կարծի, որ ծնողները իրենց հարազատ աղջկան ու թոռներին կարող են այդ ձևով վերաբերվել։ Սոսկալի է։ Ամեն բանում մեղավորը դու ես։

— Ուրեմն ես Ֆուսակոյից ավելի վատն եմ։

— Այ, հիմա էլ ես կեղծում։ Երբ ասացի, ամեն բանում մեղավորը դու ես, երևի նենգաբար լեզու ցույց տվիր, միայն թե մութ էր, չտեսա։

— Ինչ աստիճանի վայրախոս ես։ Խելքիդ փչածը դուրս ես տալիս։

— Ֆուսակոն մեղք է։ Դու էլ ես նրան խղճո՞ւմ։

— Կարելի է թեկուզ հենց հիմա ամուսնու մոտից ետ բերել։

Քիչ հետո Սինգոն հանկարծ հիշեց․

— Դու տեսա՞ր այն ֆուրոսիկին, որով Ֆուսակոն եկել էր մեզ մոտ։

— Ֆուրոսիկի՞ն։

— Այո, ֆուրոսիկին։ Այն ժամանակ ինձ թվաց, թե ինչ֊որ տեղ արդեն տեսած պիտի լինեմ, բայց թե որտե՞ղ, չէի կարողանում մտաբերել։ Կարծում եմ դա մեր հին ֆուրոսիկին է։

— Այն մե՞ծը, բամբակե գործվածքից։ երբ Ֆուսակոն ամուսնանում էր, մենք, եթե չեմ սխալվում, այդ ֆուրոսիկիի մեջ փաթաթեցինք զարդասեղանի հայելին։ Մի՞տդ է, շատ մեծ հայելի էր։

― Հը՜մ, հա՛, հնարավոր է։

— Ես էլ վատ զգացի, երբ տեսա, իրերը կապել է նույն ֆուրոսիկիի մեջ։ Մտածեցի, լավ կլիներ հետը այն ճամպրուկը վերցներ, որով գնացել էր հարսանեկան ճամփորդության։

— Ճամպրուկը ծանր է, հետն էլ երկու երեխա։ Նա մոդայի ետևից չի ընկնում։

— Ախր մեզ հետ է ապրում Կիկուկոն, գոնե նրանից քաշվեր։ Էլ չեմ ասում, որ դա հենց այն ֆուրոսիկին է, որով ես բերի իմ իրերը, երբ քո տունը եկա։

— Մի՞թե։

— Թե կուզես, դեռ ավելի հին է։ Քրոջիցս է հիշատակ մնացել։ Նրա մահվանից հետո այդ ֆուրոսիկիի մեջ կապած մեզ վերադարձրին գաճաճ թխկու թաղարը։

— Ահա թե ի՜նչ,— կամացուկ ասաց Սինգոն։

Յասուկոքի հոր սիրած զբաղմունքը,— նա գյուղում էր ապրում,— գաճաճ ծառեր աճեցնելն էր։ Հատկապես նախընտրում էր գաճաճ թխկիներ։ Յասուկոյի քույրը միշտ օգնում էր հորը փոքրիկ ծառերը խնամել։

Անկողնում պառկած ու փոթորկի թնդյուններով շրջապատված Սինգոն պատկերացրեց այդ մարդուն՝ կանգնած երկու կարճլիկ թխկիների միջև։

Փոքրիկ ծառը, ըստ երևույթին, հայրն էր նվիրել աղջկան, երբ նրան ամուսնացնում էր։ Գուցե աղջիկն էր խնդրել, որ նվիրի։ Իսկ կնոջ մահից հետո ամուսինը, իմանալով, թե աներոջ համար որքան թանկ է հանգուցյալի թխկին, նաև, հավանաբար, ծառը խնամող սպասավոր չունենալու պատճառով, ուղարկել էր ետ՝ աներոջ տուն։ Կամ, կարող է պատահել, հայրն ինքն էր ծառը ետ բերել։

Այժմ կարմրատերև այդ թխկին, որն ամբողջովին կլանել էր Սինգոյի մտքերը, կանգնած էր Յասուկոյենց գյուղական տան զոհասեղանի մոտ։

Յասուկոյի քույրը կարծես թե աշնանը մահացավ, հիշողությունը պրպտում էր Սինգոն։ Այո, Սինանոյում աշունը վաղ է վրա հասնում։

Եվ հենց նա մահացավ, ծառն անմիջապես վերադարձրին։ Սաղարթները բոսորագունել էին և դա նույնպես նպաստեց, որ թաղարը դնեն զոհասեղանի մոտ։ Այդ մասին ինչո՞ւ էր մտածում, գուցե պարզապես հուշերը վերապրելու կարոտի՞ց։ Համոզված պատասխանել չէր կարող։

Նա մոռացել էր, թե երբ է Յասուկոյի քրոջ մահվան տարեդարձը։

Յասուկոյին չհարցրեց։

— Ծառերը խնամելիս երբեք չեմ օգնել հորս։ Երևի բնավորությունս այդպիսին էր։ Ինձ միշտ թվում էր, թե հայրս միայն քրոջս է սիրում։ Ես իսկապես ամեն բանում ետ էի մնում նրանից։ Շատ վիրավորական էր ինձ համար, որ չէի կարողանում ամեն ինչ անել այնպես, ինչպես անում էր քույրս։

Յասուկոյի հենց այս խոսքերն էլ Սինգոյին միշտ խանգարում էին հարցնել նրան, թե ե՞րբ է քրոջ մահվան օրը։

Իսկ երբ խոսակցությունը դառնում էր Սինգոյի՝ որդու հանդեպ տածած սիրուն, Յասուկոն իր այդ միտքը զարգացնելով ասում էր․

— Ես, հավանաբար, նման էի Ֆուսակոյին։

Սինգոն զարմացավ, մինչև անգամ ֆուրոսիկին, այդ անշունչ առարկան, հիշեցնում էր Յասուկոյի քրոջը։ Դրա համար էլ, երբ խոսք բացվեց քրոջ մասին, լռեց։

— Արի քնենք։ Մեզ՝ ծերունիներիս համար, քնելը դժվարացել է,— ասաց Յասուկոն։— Այնպիսի մրրիկ է, իսկ այդ Կիկուկոն ծիծաղում է, գեղգեղում... Կամ էլ անվերջ երգասկավառակներ է դնում, խղճում եմ աղջկան։

— Ինքդ քեզ հակասում ես։

― Ինչո՞վ եմ հակասում։

— Նոր ասացիր՝ արի քնենք, բայց հենց ժամանակից շուտ ենք պառկում, հոգիս հանում ես խոսելով։

Գաճաճ թխկին Սինգոյի գլխից դուրս չէր գալիս։

Հավանորեն բոսորագույն այդ թխկու մասին մտածելու պատճառն այն էր, որ մինչև հիմա, Յասուկոյի հետ ամուսնանալուց երեսուն տարի հետո էլ, նրա քրոջ նկատմամբ տածած սերը դեռ մնում էր որպես անբուժելի վերք։

Յասուկոյից մեկ ժամ ուշ անկողին մտած Սինգոն արթնացավ ուժգին դղրդոցից։

— Ի՞նչ պատահեց։

Պատշգամբից լսվեց մթի մեջ խարխափող Կիկուկոյի ոտնաձայնը։

— Արթնացա՞ք։ Կարծես թե տաճարի ծածկակտուրը պոկվեց, քամին երկաթաթերթը շպրտեց մեր տանիքի վրա,— ասաց Կիկուկոն։

3

Պոկվել էր տաճարի ամբողջ կտուրը։

Սինգոյի տան տանիքին և այգում երկաթաթերթեր էին թափված։ Առավոտ շուտ տաճարի ծառայողները եկան հավաքեցին դրանք։

Հաջորդ օրը Սինգոն շրջանց ճանապարհով, Իոկոսուկայի մոտով, հասավ Տոկիո և ներկայացավ ֆիրմա։

— Դե ինչպե՞ս եք։ Երևի բոլորովին չե՞ք քնել։

Սինգոն նայեց իր համար թեյ բերող քարտուղարուհուն։

— Այո, աչք չենք կպցրել։

Հիդեկոն պատմեց, թե ինչ ավերածություններ է կատարել տայֆունը․ այդ ամենը տեսել էր աշխատանքի գալիս, էլեկտրագնացքի պատուհանից։

Սինգոն երկու սիգարետ ծխելուց հետո, ասաց։

— Այսօր պարի գնալ չեմ կարող։

Հիդեկոն աչքերը հառեց նրան ու քմծիծաղ տվեց։

— Քեզ հետ պարելուց հետո, առավոտյան գոտկատեղս ցավում էր։ Տարիքից է,— ասաց Սինգոն։ Հիդեկոյի դեմքով մի չարաճճի ժպիտ սողաց։

— Գուցե նրանից է, որ դուք չափից դուրս շատ էիք ճկվում։

— Ճկվո՞ւմ էի։ Հնարավոր է։ Ուզում ես ասել, ե՞տ էի թեքվում։

— Միասին պարելիս ամեն անգամ երբ դիպչում էիք ինձ, մի տեսակ ծռվում էիք, կարծես ձեզ համար անախորժ էր, կարծես ջանում էիք ինձանից հեռու մնալ։

— Ահա թե խոսքն ինչի մասին է։ Ես այդ ինքնաբերաբար... Ոչ, ոչ, դիտավորյալ չէի անում։

— Ես այնուհանդերձ․․․

— Երևի ես պարզապես փորձում էի ուղիղ դիրք ընդունել։ Ընդհանրապես դրա վրա ուշադրություն չեմ դարձրել։

— Իսկապե՞ս։

— Քեզ այդպես է թվացել, որովհետև դուք՝ երիտասարդներդ, պարում եք գռեհիկ ձևով, միմյանց կիպ կպած։

— Ո՜ւյ, դա ինչ սարսափելի բան է։

Սինգոն դեռ այն ժամանակ մտածեց, որ Հիդեկոն հուզված է և պարում է ռիթմը խախտելով, բայց չնայած դրան նրա հետ պարելն անչափ հաճելի էր։ Իր կաշկանդվածությունը թերևս պետք է հենց այդ հանգամանքով էլ բացատրել։

— Դե ինչ, արի մի անգամ էլ գնանք։ Խոստանում եմ թեքվել քո կողմը և պարել քեզ սեղմված։

Հիդեկոն խոնարհեց գլուխն ու կամացուկ ծիծաղեց․

— Գնանք։ Միայն թե ոչ այսօր։ Ոչ մի կերպ չեմ կարող, դուք ինձ կներեք։

— Հասկանալի է, ոչ այսօր։

Սինգոյի ուշադրությունից չվրիպեց, որ Հիդեկոն սպիտակ, թեթև բլուզ էր հագել, մազերը կապել սպիտակ Ժապավենով։

Սպիտակ բլուզը ամենօրյա շատ սովորական հագուստ է, սակայն, ճերմակ ժապավենը կարծես հատուկ ընդգծել էր դրա անբիծ ճերմակությունը։ Ժապավենը բավական լայն էր և պիրկ գոտևորել էր մազերը. հանգուցակապն արված էր ետևից՝ ծոծրակի վրա։ Մի խոսքով, տայֆունին սազական հագուստ էր։

Ականջների մոտ ձիգ հավաքված մազափնջերի տակից երևում էր արևից չայրված մաշկը։

Սինգոն նկատեց նաև մուգ կապույտ շրջազգեստը՝ բրդյա նուրբ կտորից։ Շրջազգեստը հին էր։

Մեր պարի գնալուց հետո Սյուիտին քեզ այլևս չի՞ հրավիրել։

― Չէ։

― Եվ դա քեզ համար վիրավորական է, այո՞։ Հայրը պարում է հետդ, իսկ երիտասարդ որդին իրեն պահում է պատկառելի հեռավորության վրա։ Խե՜ղճ աղջիկ։

— Ինչ արած։ Ստիպված կլինեմ ինքս հրավիրել նրան։

— Ուզեցիր ասել՝ դուք իմ հոգսը մի քաշեք, ճի՞շտ է։

— Եթե ձեռ առնեք, մյուս անգամ ձեզ հետ պարելու չեմ գա։

— Ձեռ չեմ առնի։ Քանի որ Սյուիտիին արժանացրել ես քո ուշադրությանը, ես գլուխս խոնարհում եմ։

Այդ խոսքերը ազդեցին Հիդեկոյի վրա։

— Դու, հավանաբար, ճանաչո՞ւմ ես այն կնոջը, որի հետ տեսակցում է Սյուիտին։

Աղքիկը նկատելիորեն անհարմար վիճակի մեջ ընկավ։

— Նա դանսինգ֊հոլլի կանանցի՞ց է։

Հիդեկոն լռում էր։

— Քանի՞ տարեկան է։

— Քանի տարեկա՞ն։ Մեծ է ձեր տղայի կնոջից։

— Գեղեցի՞կ է։

― Այո, շատ գեղեցիկ է։

Հիդեկոն բառերն արտասանում էր կմկմալով։

— Թեև խռպոտ ձայն ունի։ Այսինքն՝ ոչ թե խռպոտ, այլ մի տեսակ խզխզացող, ճաքած։ Ինքն ասում է, որ իր ձայնը խիստ զգայական է։

— Դա ի՞նչ է նշանակում։

Հիդեկոն այն աստիճան բաց էր խոսում, որ Սինգոն քիչ էր մնում ականջները փակեր։

Նա ամոթ ու արգահատանք զգաց, երբ հասկացավ, թե ինչ պտուղ է որդու սիրուհին, և հենց ինքը՝ Հիդեկոն էլ։

Սինգոն շշմել էր, բանից դուրս է գալիս՝ խռպոտ ձայնը համարվում է զգայական։ Դե ինչ, Սյուիտին մնում է Սյուիտի, ի դեպ, ինչպես նաև Հիդեկոն՝ Հիդեկո։

Նրա դեմքի արտահայտությունը տեսնելով, Հիդեկոն լռեց։

Այդ օրը Սինգոյի հետ Սյուիտին էլ վաղ տուն եկավ։ Նրանք փակեցին դուռը և չորսը միասին՝ հանդերձ ընտանյոք, գնացին «Կանձինտյո» կինոնկարը դիտելու։

Երբ Սյուիտին վերնաշապիկը հանեց ու սկսեց շորերը փոխել։ Սինգոն նրա կրծքին և ուսի վրա կարմիր բծեր նկատեց։ Ենթադրեց, որ դրանք երևի Կիկուկոյի մատնահետքերն են. գիշերը, փոթորկի ժամանակ նա գուրգուրում էր ամուսնուն։

«Կանձինտյոյի» մեջ գլխավոր դերերը կատարող դերասաններից երեքը՝ Կոսիրոն, Ուձաեմոն և Կիկուգորոն, արդեն չկային, մահացել էին։

Սինգոն, Սյուիտին ու Կիկուկոն նրանց խաղից տարբեր տպավորություններ ստացան։

― Ես ու դու միասին Կոսիրոյի կատարմամբ այդ փառապանծ ռազմիկին քանի անգամ տեսել ենք, չե՞ս հիշում,— Սինգոյին դիմեց Յասուկոն։

— Մոռացել եմ։

— Ամեն բան համա թե շուտ ես մոռանում։

Փողոցը լուսավորված էր լուսնի շողերով։ Սինգոն նայեց երկնքին։

Բոցերի կենտրոնն ասես լուսինն էր։ Սինգոյին հանկարծ այդպես թվաց։

Լուսնի շուրջն ամպերը խիստ արտառոց ձևեր էին ընդունել և բոցը նման էր ոչ այն է կրակացոլքի, ոչ այն է կայծկլտող հրավառության։

Սակայն ամպերի այդ հուրը սառն էր ու դԺգույն։ Դալուկ ու պաղ էր նաև լուսինը, և Սինգոյի վրա հանկարծակի աշնան շունչ փչեց։

Լուսինը գրեթե կլոր էր։ Պարուրված ամպերի զգեստով, նա բոցավառել էր դրանց իր շուրջը։

Ճերմակահուր ամպերից բացի, որոնք պատել էին լուսինը, մոտերքում ամպի ուրիշ քուլաներ չէին երևում։ Փոթորկից հետո երկինքը անթափանց սև էր։

Բոլոր խանութներն ու կրպակները փակ էին․ գիշերային ամայություն։ Փողոցում ոչ ոք չկար, միայն կինոյից դուրս եկող մարդիկ էին։

— Երեկ գիշեր չենք քնել, եկեք այսօր վաղ պառկենք տխրությամբ ասաց Սինգոն։

Կյանքում ահա այսպես աստիճանաբար մոտենում է վճռական րոպեն, մտածեց նա։ Անարգել առաջ է շարժվում այն պահը, երբ անխուսափելիորեն անհրաժեշտ է որոշում ընդունել։

Շագանակը

1

— Նայեցեք, գինգոյի բողբոջները բացվել են։

— Նոր տեսա՞ր, Կիկուկո,— ասաց Սինգոն,— ես արդեն վաղուց եմ նկատել։

— Զարմանալու բան չկա, հայրիկ, դուք այնպես եք նստած, որ ձեր տեղից ծառը միշտ երևում է։

Սինգոյի դիմաց նստած Կիկուկոն գլուխը շրջեց գինգոյի կողմը։

Սեղանատանն ամեն մեկը իր հաստատուն, անփոփոխ տեղն ուներ։

Սինգոն նստում էր դեմքով դեպի արևելք, նրա ձախ կողմում՝ Յասուկոն դեմքով դեպի հարավ, աջ կողմում՝ Սյուիտին՝ դեմքով դեպի հյուսիս։ Կիկուկոն նայում էր արևմուտք, այսինքն՝ նրա աթոռն ընկնում էր ուղիղ Սինգոյի դիմաց։ Կարելի է ասել, ծերունիները զբաղեցնում էին ամենալավ տեղերը։ Ընդհանրապես, կանայք այնպես էին նստում, որ ուտելու ժամին հարմար լիներ խոհանոց գնալ ու այնտեղից բերած կերակուրները դասավորել սեղանին։

Չորսն էլ ճաշասեղանի շուրջ մշտապես զբաղեցնում էին նույն տեղերը, անգամ երբ չէին ճաշում, ինքնաբերաբար նստում էին իրենց տեղում։

Ահա թե ինչու Կիկուկոն նստում էր շարունակ թիկունքը գինգոյի կողմը դարձրած։

Այդուամենայնիվ, եթե Կիկուկոն չէր նկատել, թե ինչպես ժամանակից շուտ բացվել էին հսկա ծառի բողբոջները, կնշանակի տրամադրությունը տեղը չէր։ Սինգոն անհանգստացավ․

— Մի՞թե դրա վրա ուշադրոլթյուն չես դարձրել։ Չէ որ ամեն առավոտ բացում ես պատուհանի ծածկափեղկերը, պատշգամբն ավլում,— ասաց Սինգոն։

— Դուրս է գալիս, որ չեմ դարձրել։

— Տարօրինակ է։ Սկսենք թեկուզ այն բանից, որ բակ մտնելիս դեպի տուն քայլում ես ուղղակի գինգոյի մոտով, ճի՞շտ է։ Ուզած֊չուզած, ակամա ստիպված ես նայել ծառին։ Կամ գուցե դու գլուխդ կա՞խ ես քայլում՝ սուզված մտքերի մեջ։

― Չգիտեմ, իսկապես, ինչով բացատրել,— Կիկուկոն թոթվեց ուսերը,— այսուհետև կջանամ միշտ ուշադիր նայել այն բոլոր բաներին, ինչին նայում եք դուք, հայրիկ։

Սինգոն տխուր օրորեց գլուխը․

— Դա բանի նման չէ․․․

Նա ուզում էր, որ հարսը տեսներ այն ամենը, ինչ տեսնում էր ինքը, Սինգոյի կյանքում դեռ երբեք այդքան սիրելի մարդ չէր եղել։

Կիկուկոն շարունակում էր դիտել գինգոն։

― Այնտեղ, լեռան վրա էլի կան ծառեր, որոնց բողբոջները բացվել են։

— Միանգամայն ճիշտ է։ Ինչ ես կարծում, փոթորիկը այդ ծառերի տերևները նույնպե՞ս պոկած կլինի։

Լեռը, որ գտնվում էր Սինգոյի տան ետևում, սկսում էր բարձրանալ համարյա տաճարի մոտից։ Տաճարի ցանկապատը ձգվում էր ուղղակի լեռնաստորոտով։ Ցանկապատից դուրս գինգոներ էին աճել և սեղանատնից նայելիս թվում էր, թե այդ ծառերն աճել են լեռան վրա։

Գինգոյի ծառերը մի գիշերում, երբ մոլեգնում էր տայֆունը, բոլորովին մերկացան։

Փոթորիկը պոկոտեց և՛ գինգոյի, և՛ բալենու տերևները։ Դրանք Սինգոյի տան մոտ եղած ամենախոշոր ծառերն էին, դրանց համար ավելի հեշտ էր քամուն դիմակայել, բայց տերևները ուժեղ քամուց, միևնույն է, պոկվում էին։

Տայֆունից հետո բալենու վրա դեռ պահպանվել էին մի քանի թոշնած տերևներ, հետզհետե դրանք էլ թափվեցին, և բալենին այժմ կանգնած էր մերկացած։

Մինչև իսկ լեռան վրայի բամբուկների տերևներն էին ճմշկել։ Գուցե նրանից, որ ծովը մոտ էր, և քամին ներծծված էր աղաջրով։ Փոթորիկը կտրատել էր բամբուկների կատարները, քշել բերել իրենց այգին, մինչև հիմա էլ կտորտանքները ընկած էին այնտեղ։

Եվ ահա վիթխարի գինգոյի ճղներին նոր տերևներ էին բացվել։

Ամեն անգամ տուն գալիս, երբ Սինգոն փողոցից թեքվում էր նրբանցք, նրա հայացքի դեմ բացվում էր գինգոն, և նա ամեն օր տեսնում էր ծառը։ Տեսնում էր նաև ճաշասենյակից։

— Գինգոն ինչ-որ բանով ավելի ուժեղ է բալենուց։ Այդ հզոր ծառերը դիտելիս միշտ մտածում եմ, թե դրանք ինչո՞վ են իրարից տարբերվում,— ասաց Սինգոն։

— Ինչպիսի ուժի տեր պետք է լինի այդ ծերացած ծառը, որպեսզի աշնանն այսպես ծածկվի թարմ տերևներով։ Բայց և այնպես խղճուկ տեսք ունեն, չէ՞։

— Ինչ խոսք։ Դրանց նայելիս ակամա մտածում ես․ կարո՞ղ են արդյոք գարնանը բացված սաղարթների չափ մեծանալ։ Երևի չէ, չեն կարողանա։

Տերևները ոչ միայն մանր էին, այլև նոսր։ Ճյուղերը լրիվ պատելու համար այնքան շատ չէին։ Դրանք մի տեսակ նվազ էին, հազիվ կանաչավուն, համարյա դեղին։

Երբ աշնանային առավոտվա արևը լուսավորում էր գինգոն, թվում էր, թե ծառն արդեն մերկ է։

Տաճարի ետևում լեռն ամբողջապես ծածկված էր մշտադալար ծառերով։ Դրանց տերևները ոչ մի փոթորկից երկյուղ չունեին։

Խիտ աճած մշտադալար ծառերի կատարներին տեղ֊տեղ հայտնվել էին կանաչավուն, մատղաշ տերևներ։ Կիկուկոն տեսել էր հենց այդ մանր տերևները։

Յասուկոն տուն մտավ, ըստ երևույթին, ետնամուտքից։ Լսվեց ծորակից հոսող ջրի ձայնը։ Նա ինչ֊որ բան էր ասում, բայց Սինգոն ջրի աղմուկից ոչ մի բառ չէր կարողանում հասկանալ։

— Ի՞նչ,— գոռաց նա։

― Մայրիկն ասում է երեքնուկը գեղեցիկ ծաղկել է,— բացատրեց Կիկուկոն։

— Հա՜...

— Ասում է պամպասի խոտն էլ է ծաղկել,— կրկնեց Կիկուկոն։

― Դե՛․․․

Յասուկոն շարունակում էր խոսել։

— Վերջ տուր, խնդրում եմ, ես ոչինչ չեմ լսում,— բարկացավ Սինգոն։

Կիկուկոն կախեց գլուխն ու թաքուն ժպտաց։

— Ես ձեզ նրա ասածները կհաղորդեմ։

— Հաղորդե՞ս, որ ինչ, կարիք չկա։ Պառավը պարզապես ինքն իր հետ է խոսում։

— Գիշերը երազում տեսել է, իբր գյուղի տունը ամբողջովին փլվել էր։

― Հը՛մ։

— Հայրիկ, ի՞նչ ասացիք։

— «Հըմ»-ից բացի ասելու ուրիշ բան չունեմ։

Հոսող ջրի ձայնը կտրվեց, և Յասուկոն դրսից գոռաց․

— Կիկուկո, ծաղիկները դիր ծաղկամանի մեջ։ Գեղեցիկ էին, դրա համար էլ քաղեցի։ Դիր, խնդրում եմ։

— Հիմա։ Միայն թե նախ հայրիկին ցույց տամ։

Կիկուկոն ետ եկավ երեքնուկի ու պամպասի խոտերի խուրձը գրկին։

Յասուկոն լվացվեց, ջուր լցրեց սիգարակյան կավե ծաղկամանի մեջ և ձեռքին բռնած մտավ սենյակ։

— Տան կողքի անթառամները շատ սիրուն բացվել են,— ասաց նա ու նստեց։

— Անթառամներ կան նաև այն տան մոտ, որտեղ արևածաղիկներ են աճում,— ասաց Սինգոն ու հիշեց, որ փոթորիկը արևածաղիկների գեղեցիկ գլուխները պոկել է։

Ցողունները կոտրատված, մանր մասերի բաժանված ցրիվ էին եկել ճանապարհի վրա։ Մի քանի օր ոտքի տակ ընկած տրորվում էին ծաղիկները։ Թվում էր, թե գետին տապալված մարդկային գլուխներ էին։

Հողի մեջ կոլոլված ծաղիկների պսակաթերթիկները թոշնեցին, հաստ ցողունները չորացան ու գունաթափվեցին։

Տուն վերադառնալիս Սինգոն ոտքն ակամա դնում էր դրանց վրա, բայց նայել խուսափում էր։

Գլխատված, անտերև, մերկ ցողունների կտորտանքները շարունակում էին առաջվա պես թափված մնալ հարևանի տան դարբասի մոտ որի կողքին աճել էին գինգոյի մի քանի փարթամ ծառեր, հասուն պտուղները ճյուղերին։

Ինչ ուզում եք ասեք, գինգոյի այնպիսի ծառեր, ինչպիսիք մեր հարևաններինն են, մոտերքում ոչ ոք չունի,— ասաց Յասուկոն։

2

— Երազիս մեջ գյուղի տունը բոլորովին քարուքանդ էր եղել,— նորից ասաց Յասուկոն։

Դա նրա հայրենի տունն էր, որ ծնողների մահից հետո երկար տարիներ մնացել էր թափուր։

Հայրը մտադիր էր տունը կտակել Յասուկոյին, դրա համար էլ նրա ավագ քրոջը պսակեց տնատեր մարդու հետ։ Մեծ աղջկան սիրելով հանդերձ ստիպված էր հետն այդպես վարվել, որովհետև խղճում էր Յասուկոյին և գիտեր՝ գեղեցկուհի դուստրը իր կյանքը հաջող տնօրինելու ավելի շատ հնարավորություններ ունի։

Ահա թե ինչու նա, ըստ երևույթին, հիասթափվեց Յասուկոյից, երբ սա քրոջ մահից հետո գնաց նրանց տուն, սկսեց ջանասիրությամբ ծառայել փեսային, հուսալով գրավել քրոջ տեղը։ Հնարավոր է, որ Յասուկոն այդպես արեց վախենալով ծնողների ու ծնողական տան իր վրա ընկնող պատասխանատվությունից։ Հայրը զղջաց իր որոշման համար։

Յասուկոյի ու Սինգոյի ամուսնությունը կարծես թե ուրախացրեց նրան։

Թվում էր, թե հաշտվել էր այն մտքի հետ, որ իր մահից հետո տունը ոչ ոք չէր հսկելու։

Սինգոն այժմ տարիքով ավելի մեծ էր, քան Յասուկոյի հայրը՝ իրենց պսակադրության օրերին։

Յասուկոյի մայրը մահացավ հորից առաջ։ Հոր մահվան ժամանակ ամբողջ հողն արդեն վաճառված էր․ պահել էին միայն անտառային մի փոքրիկ տարածություն և տունը։ Նույնիսկ արժեքավոր որևէ իր էլ չէր մնացել։

Տունն ու անտառը գրված էին Յասուկոյի անունով։ Դրանց հսկելու գործը նա հանձնարարեց գյուղի իր ազգականներին։ Որպեսզի հարկերը վճարեն, նրանք հարկադրված եղան աստիճանաբար կտրել ամբողջ անտառը։

Տարիներ շարունակ Յասուկոն գյուղի տան վրա ոչ մի կոպեկ ծախս չէր արել, պետք է ասել նաև, որ անգամ մազաչափ եկամուտ էլ չէր ստացել։

Պատերազմի ժամանակ, երբ գյուղը լցվել էր տարահանված բնակիչներով, տան համար գնորդներ գտնել հնարավոր էր։ Սինգոն մինչև այսօր էլ ափսոսում էր, որ Յասուկոն բավականաչափ վճռականություն հանդես չբերեց։

Սինգոյի ու Յասուկոյի հարսանիքը տեղի ունեցավ Յասուկոյենց տանը։ Նրա հոր կամքով ողջ մնացած միակ դստեր պսակադրումը կատարեցին ոչ թե փեսացուի, այլ աղջկա հերանց ընտանիքում։

Սինգոն հիշում է. երբ իրենք սակեով լի գավաթներ փոխանակեցին, ծառից մի շագանակ պոկվեց։

Զարկվելով այգու ճանապարհի քարե ծանր սալերին, շագանակը, հավանաբար տեղի թեքության պատճառով, թռավ մի կողմ և ընկավ լեռնային արագահոս գետակը։ Քարին զարկվելուց հետո շագանակի թռիչքն այնքան գեղեցիկ էր, որ Սինգոն հիացմունքից քիչ մնաց «Օ՜» բացականչեր։

Անմիջապես նայեց շուրջը հավաքվածներին։

Ինչպես երևում է, նրանցից և ոչ մեկը ուշադրություն չէր դարձրել վայր ընկնող մի ինչ-որ շագանակի վրա։

Հաջորդ առավոտյան Սինգոն իջավ լեռնային գետակը։ Շագանակը գտավ ափեզրին։

Մոտերքում շագանակներ շատ էին ընկնում, և դա կարող էր ամենևին էլ երեկվա՝ իրենց պսակադրման ծիսակատարության ժամանակ ընկածը չլինել։ Բայց Սինգոն վերցրեց այդ շագանակը, որոշելով կատարվածը պատմել Յասուկոյին։

Սակայն շագանակի պատմությունը չափից դուրս մանկամիտ էր թվում։ Յասուկոն արդյոք կհավատա՞ր իրեն։ Սինգոն շագանակը նետեց առափնյա խոտերի մեջ։

Նա Յասուկոյի չհավատալուց այնքան չէր վախենում, որքան ամաչում էր նրա ավագ քրոջ ամուսնուց։

Եթե քենակալը չտեսներ շագանակն ինչպե է ընկել, Սինգոն դեռ երեկ, հարսանիքի ժամանակ կպատմեր այդ մասին։

Քենակալի ներկայությունը ճնշում էր Սինգոյին, համարյա թե վիրավորանք պատճառում։

Նա, որ Յասուկոյի քրոջ հարսանիքից հետո էլ դեռ շարունակում էր սիրահարված մնալ նրան, նվաստացած էր զգում իրեն և այդ մարդուն չէր կարողանում հաշտ աչքով նայել նույնիսկ այժմ, երբ ավագ քույրն արդեն մեռած էր ու ինքը՝ Սինգոն, ամուսնանում էր կրտսերի՝ Յասուկոյի հետ։

Ավելին, բավականաչափ ստորացուցիչ էր համարում նաև Յասուկոյի կատարած դերը։ Քրոջ մահից հետո, քանի դեռ նա ապրում էր փեսայի տանը, փեսան ձևանում էր, իբր քենու իսկական մտադրությունը չի հասկանում, և նրան օգտագործում էր ուղղակի որպես բարեխիղճ աղախնի։

Քենակալին մոտ ազգական համարելով, նրան Յասուկոյի հարսանիքին հրավիրելը միանգամայն բնական էր, բայց Սինգոն այնպես էր սրտնեղում, որ նույնիսկ չէր ուզում հայացքը նրա կողմը դարձնել։

Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, քենակալը առաջվա պես շլացուցիչ գեղեցիկ էր։ Սինգոյին թվում էր, այնտեղ, որտեղ նստած էր նա, ճաճանչափայլ էր իջել։

Իսկ Յասուկոյի համար քույրն ու քրոջ ամուսինը ինչ֊որ արտասովոր, հեքիաթային աշխարհի արարածներ էին։ Սինգոն նույնպես հավատացած էր, որ քենակալը մի մարդ է, որի հետ ինքը երբեք ոտք մեկնել չի կարողանա։

Նրան հիմա ամբողջ ժամանակ թվում էր, թե քենակալը պսակադրության հանդեսը դիտում է իր վեհության բարձրությունից՝ սառն ու արհամարհական։

Եվ այն, որ Յասուկոյին նրա պատճառով չպատմեց այնպիսի մի դատարկ բանի մասին, ինչպիսին շագանակի ընկնելն էր, ասես ընդմիշտ մռայլ ստվեր գցեց իրենց ամուսնական կյանքի վրա։

Երբ ծնվեց Ֆուսակոն, Սինգոն փայփայեց իրեն այն գաղտնի հույսով, թե դուստրը կարող է գեղեցկուհի դառնալ ու նմանվել Յասուկոյի քրոջը։ Յասուկոյին այդ մասին, հասկանալի է, ոչինչ շասաց։ Ֆուսակոն, սակայն, մեծանալով տգեղացավ։ Նա ավելի տգեղ էր, քան մայրը։

Ավագ քրոջ արյունը կրտսերի միջով չվերածնվեց, ինչպես կարծում էր Սինգոն։ Նա թաքուն հիասթափվեց կնոջից։

Յասուկոյի՝ տան մասին տեսած երազից մի երեք-չորս օր հետո գյուղի ազգականներից հեռագիր եկավ։ Հայտնում էին, որ Ֆուսակոն երեխաների հետ գնացել է այնտեղ։

Հեռ0ագիրը տաացավ Կիկուկոն, տվեց սկեսուրին։ Սա անհամբեր սպասում էր Սինգոյի վերադարձին։

— Իմ երազը երևի հենց դրա նախանշանն էր,— ասաց ամուսնուն, սակայն հեռագիրը կարդացող Սինգոյի անվրդով տեսքը մի անգամից հանգստացրեց նրան։

— Հը՛մ, գյուղ է գնացել։

Համենայն դեպս, ողջ-առողջ է, առաջին բանը, ինչ մտածեց Սինգոն։

— Հետաքրքիր է, ինչո՞ւ մեզ մոտ չի եկել։

— Գուցե մտածել է, որ եթե գա, Աիխարան անմիջապես կիմանա այդ մասին,— ենթադրեց Յասուկոն։

— Իսկ Աիխարան ինքը քեզ որևէ բան ասե՞լ է։

― Ոչ,

— Երևում է նրանց միջև իրոք կատարյալ անհամերաշխություն է։ Գժտվում են, կինը վերցնում է երեխաներին ու տանից գնում։

— Հնարավոր է, որ Ֆուսակոն չի ուզեցել անցյալ անգամվա պես վերադառնալ մեզ մոտ։ Ասենք Աիխարայի համար էլ հիմա մեր աչքին երևալն այնքան հարմար չէ։

— Միևնույն է, այս բոլորն ինձ դուր չի գալիս։

— Ես ուղղակի ապշած եմ, ինչպե՞ս է կարողացել գյուղ հասնել,— ասաց Յասուկոն։

— Ավելի լավ կլիներ այստեղ դար։

— «Լավ կլիներ»... Այնպես անտարբեր ես ասում։ Ինքներս ենք մեղավոր, որ Ֆուսակոն չի համարձակվել տուն վերադառնալ։ Նաև, որ այդքան դժբախտ է։ Նրա գնալուց հետո ես ամբողջ ժամանակ տխրությամբ մտածում էի, մի՞թե թույլատրելի է, որ ծնողների ու նրանց դստեր միջև այդպիսի հարաբերություններ ստեղծվեն։

Սինգոն խոժոռվեց, ծնոտը վեր ձգելով սկսեց փողկապն արձակել։

— Լավ։ Հետո։ Որտե՞ղ է իմ կիմոնոն։

Կիկուկոն բերեց Սինգոյի տնային հագուստը։ Վերցնելով նրա կոստյումը, լուռ դուրս գնաց։

Յասուկոն, որ գլխահակ կանգնած էր, հարսի դուրս գնալուց հետո մրմնջաց.

— Բացառված չէ, որ Կիկուկոն նույնպես կգնա տանից։

— Ծնողները մի՞թե այդ աստիճան պատասխանատու են իրենց զավակների ընտանեկան կյանքի համար։

— Դու կանանց հոգեկան վիճակը չես հասկանում․․․ Կինն ամենևին էլ չի տառապում այն բանից, ինչից տղամարդն է տառապում։

— Ուրեմն, ըստ քեզ, յուրաքանչյուր կին հեշտությամբ կարող է մյուսի հոգեվիճակը ըմբռնե՞լ։

— Այսօր Սյուիտին դարձյալ ժամանակին տուն չեկավ։ Ինչո՞ւ, չի՞ կարող քեզ հետ վերադառնալ։ Միշտ առանց նրա ես գալիս, և Կիկուկոն կարգի է բերում միայն քո կոստյումը։

Սինգոն լռում էր։

— Դու չե՞ս ուզում Սյուիտիի հետ Ֆուսակոյի հարցի շուրջ խորհրդակցել,— ասաց Յասուկոն։

— Երևի հարկ կլինի նրան պարզապես ուղարկել գյուղ. Ֆուսակոյին թող բերի մեզ մոտ։

— Ֆուսակոյին կարող է դուր չգալ, որ իր ետևից Սյուիտիին ենք ուղարկել։ Ախր Սյուիտին միշտ ձեռ է առնում նրան։

— Հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ։ Շաբաթ օրը կճամփենք Սյուիտիին։

— Գյուղով մեկ խայտառակ արեց մեզ։ Ինքներս այսքան տարվա մեջ ոչ մի անգամ չենք գնացել այնտեղ։ Կարծես ոչ գյուղ կա, ոչ էլ գյուղում ապրող հարազատներ։ Իսկ Ֆուսակոն, չնայած նրանցից ոչ մեկի վրա հույս դնել չի կարող, գնացել է։

— Գյուղում նա ո՞ւմ է պետք։

— Ստիպված կլինի մեր դատարկ տանն ապրել։ Մորաքույրս հազիվ թե կարողանա նրան ապաստան տալ։

Յասուկոյի մորաքույրն արդեն ութսունն անց էր։ Մորաքրոջ որդու՝ այժմ արդեն նրանց ընտանիքի գլխավորի հետ, Յասուկոն նույնպես կապ չէր պահպանել։ Սինգոն նույնիսկ չէր էլ հիշում, թե կնոջ ընտանիքը քանի հոգուց էր բաղկացած։

Նա վատ զգաց, որ Ֆուսակոն փախել է գյուղ և հիմա գտնվում է այն տանը, որը Յասուկոն երազում տեսել էր բոլորովին փուլ եկած։

3

Շաբաթ առավոտյան Սյուիտին հոր հետ դուրս եկավ տանից, միասին գնացին ֆիրմա։ Գնացքի մեկնելուն դեռ ժամանակ կար։

Քիչ հետո մտավ հոր աշխատասենյակը։

— Հովանոցս քեզ մոտ կթողնեմ,— ասաց քարտուղարուհուն՝ Հիդեկոյին։

Հոր քարտուղարուհին գլուխը թեթևակի մի կողմ թեքելով՝ աչքերը կկոցեց.

— Մեկնում եք գործուղմա՞ն։

― Ըհը՛։

Սյուիտին ցած դրեց ճամպրուկն ու նստեց աթոռին՝ հոր դիմաց։

Հիդեկոն հայացքով հետևում էր նրան.

— Չմրսեք, եղանակը կարծես ցրտում է։

— Ըհը՛․․․ նկատի կառնեմ,— Սյուիտին, նայելով Հիդեկոյին, հորն ասաց,— խոստացել էի այսօր հետը պարելու գնալ։

― Այ թե ի՜նչ։

— Դու գնա հետը, հայրիկ։

Հիդեկոն կարմրեց։

Սինգոն շփոթված լռում էր։

Երբ Սյուիտին վեր կացավ գնալու, Հիդեկոն ճամպրուկը վերցրեց, պատրաստվելով ուղեկցել նրան։

— Պետք չէ։ Ինչի՞ համար։

Սյուիտին նրա ձեռքից խլեց ճամպրուկն ու անհետացավ դռան ետևում։

Հիդեկոն, ասես լքել էին իրեն, մի պահ կանգ առավ դռան մոտ, մոլորվածի պես տարածեց ձեռքերն ու տրտում վերադարձավ իր տեղը։

Աղջիկն իրոք վհատվե՞լ էր, թե՞ այդպես միայն ձևանում էր։ Սինգոն չուզեց մանրամասնությունների մեջ խորանալ, քանի որ նրա ընդունած թեթևամիտ տեսքը իրեն ևս անհոգություն ներշնչեց։

— Խոստացել էր քեզ անպայման տանել և ահա․․․ Ցավալի է։

— Մեր Ժամանակ մարդկանց խոստումի վրա հույս դնել չի լինի։

— Ես կարող եմ նրան փոխարինողի պարտականությանն ինձ վրա վերցնել։

— Հը՛մ։

— Ինչ է, պիտանի չե՞մ։

— Ինչու չէ։

Հիդեկոն հայացքը զարմանքով հառեց նրան։

— Այն կինը... Որի հետ հանդիպում է Սյուիտին, նույնպես գալու է պարասրա՞հ։

— Ոչ։

Սինգոն որդու սիրուհու մասին Հիդեկոյից լսել էր միայն, որ նա խռպոտ-զգայական ձայն ունի, և դարձյալ նման կարգի որևէ բան իմանալ չէր ուզում։

Հետաքրքիր է, մինչև անգամ սա՝ իր քարտուղարուհին, հանդիպում էր այդ կնոջը, իսկ Սյուիտիի ընտանիքը ծանոթ չէր նրա հետ։ Կյանքում միշտ այդպես է լինում, բայց Սինգոն դա չէր կարող ընդունել, որպես հարկադիր անհրաժեշտություն։

Առավել ևս այդ բանի հետ չէր կարող հաշտվել մանավանդ հիմա, երբ աչքի առջև էր Հիդեկոն։

Աղջիկը արտաքուստ նրբակազմ էր, թեթևէ սակայն Սինգոյի դեմ կանգնել էր անառիկ, անմատչելի, ասես մարդու կյանքը թաքցնող ծանր վարագույր լիներ։ Իրոք, չէ՞ որ ոչ մի կերպ չես իմանա, ինչ է մտածում։

— Դու այդ կնոջը տեսել ես Սյուիտիի հետ պարի գնացած Ժամանա՞կ,— հարցրեց Սինգոն այնպիսի մի տեսքով, իբր դա իրեն առանձնապես չի հետաքրքրում։

― Այո։

— Եվ հաճա՞խ։

― Ո՛չ, ո՛չ։

— Սյուիտին ձեզ ծանոթացրե՞լ է։

— Դե ոչ, չէի ասի, թե ծանոթացրել է...

— Չեմ հասկանում։ Քեզ հետը հենց դրա համար էլ տարել է, որ այդ կնոջը հանդիպե՞ս։ Ինչո՞ւ։ Որպեսզի խանդ առաջացնես նրա մեջ, հա՞։

— Ես նրանց խանգարելու մտադրություն չունեմ,— գլուխն օրորեց Հիդեկոն։

Սինգոն հասկացավ․ Հիդեկոն Սյուիտիին իսկապես ընկերաբար է վերաբերվում, թեև մի քիչ խանդում է։

— Ավելի լավ կլիներ խանգարեիր։

— Դուք այդ կուզենայի՞ք։— Հիդեկոն գլուխը հակելով ծիծաղեց։— Նա էլ մենակ չի գալիս։

— Ի՞նչ, այդ կինը տղամարդու հե՞տ է լինում։

— Ինչո՞ւ տղամարդու, ուրիշ կնոջ հետ։

— Ահա թե ինչ, այդ դեպքում իմ անհանգստությունն իզուր է։

— Բանն այն է, որ․․․— Հիդեկոն բազմանշանակ նայեց Սինգոյին,— որ նրանք միասին էլ ապրում են։

— Միասին են ապրո՞ւմ։ Երկու կին իրար հետ վարձել են մի սենյա՞կ։

— Ոչ, վարձել են մի տուն, ճիշտ է, շատ փոքր։

— Ի՜նչ ես ասում։ Դու նրանց տանը եղե՞լ ես։

— Եղել եմ։— Հիդեկոն ծիծաղեց։

Սինգոն դարձյալ զարմացավ և շտապեց հարցնել․

— Այդ տունը որտե՞ղ է։

Հիդեկոն հանկարծ շիկնեց։

— Չգիտեմ ինչպես վարվել,— մրմնջաց նա։

Սինգոն լռեց։

— Հոնգոյում է, համալսարանից ոչ հեռու։

— Հա՛։

Հիդեկոն, օձիքը նրանից ազատելու համար, շարունակեց․

— Նեղլիկ փողոց է, այնտեղ միշտ կիսախավար է լինում, բայց տնակը առինքնող տեսք ունի։ Մյուս կինը իսկականից գեղեցիկ է, նա ինձ ավելի է դուր գալիս։

— Մյո՞ւսը․․․ այն կնոջ ընկերուհին է, որի հետ տեսակցում է Սյուիտի՞ն։

— Այո։ Նա այնքան համակրելին է։

— Տարօրինակ է։ Եվ այդ կանայք ինչո՞վ են զբաղվում։ Երկուսն էլ միայնա՞կ են։

— Այո։ Ասենք ստույգ չգիտեմ։

— Երկու կին ապրում են միասին։ Արտառոց է։

Հիդեկոն գլխով արեց,

— Կյանքումս դեռ նման հաճելի կին չեմ տեսել։ Կուզենայի թեկուզ ամեն օր հանդիպել նրան,— ասաց նա փոքր ինչ կոտրատվելով։ Այնպես էր խոսում, ասես այդ կնոջ հաճելի լինելը ազատում էր իրեն ինչ֊որ կաշկանդվածությունից։

Սինգոն չէր դադարում զարմանալ։

Նրան նույնիսկ սկսեց թվալ, թե Հիդեկոն այդ կնոջը գովում է, որպեսզի անուղդակիորեն նսեմացնի Սյուիտիի սիրուհուն, սակայն քարտուղարուհու բուն նպատակը լրիվ հասկանալ այդպես էլ չհաջողվեց։

Հիդեկոն նայեց պատուհանին․

— Արևը կարծես դուրս է գալիս։

― Այո, կարծես թե... Պատուհանը բաց արա։

— Երբ Սյուիտի֊սանը հովանոցը թողեց, մտածեցի, թե առանց դրա ինչպես է յոլա գնալու։ Լավ է, եղանակը պարզվեց հենց նրա գործուղման մեկնելու ժամանակ։

Հիդեկոն համոզված էր, որ Սյոլիտիին գործուղման է ուղարկել ֆիրման։

Նա բարձրացրեց պատուհանի փեղկն ու ձեռքերն առանց իջեցնելու մնաց անշարժ։ Զգեստի փեշը մի կողմից վեր էր թռել, չնկատեց, ասես տարվել էր մտքերով։ Հետո կախեց գլուխն ու հեռացավ լուսամուտից։

Ներս մտավ հանձնակատարը, մի քանի նամակ բերեց։

Հիդեկոն դրանք վերցրեց, դրեց Սինգոյի սեղանին։

— Դարձյալ հոգեհանգի՞ստ։ Ձանձրացրին։ Այս անգամ ո՞վ է։ Տորիյամա՞ն,— փոստը նայելով մրթմրթաց Սինգոն։— Այսօր, ժամը երկուսին։ Նրա կնիկն, այնուամենայնիվ, իր նպատակին հասավ։

Հիդեկոն վարժվել էր Սինգոյի՝ ինքն իր հետ խոսելու սովորությանը և երբեմն թաքուն հայացքով հետևում էր նրան։

Սինգոն նստել էր բերանը բաց, անհաղորդ տեսքով։

— Այսօր մեզ պարի գնալ չի հաջողվի։ Հոգհհանդիստ է,— ասաց նա։— Սյդ մարդու կինը, երբ իր դաշտանադադարն սկսվեց, օր չէր տալիս ամուսնուն, շարունակ հալածում էր նրան։ Մինչև իսկ դադարեց կերակուր մատուցել։ Խեղճին միայն առավոտներն էր հաջողվում բերանը մի բան գցել։ Հետո պարզվում էր, որ այդ ուտելիքը պատրաստված էր երեխաների համար։ Կնոջից թաքուն ուտում էր երեխաների կերակուրը։ Երեկոները, կնոջից վախենալով, ուշ էր տուն գնում։ Թափառում էր քաղաքում, կինոնկար դիտում, մտնում կաբարե։ Տուն էր վերադառնում, երբ կինն ու երեխաներն արդեն քնած էին լինում։ Երեխաներն էլ էին օգնում իրենց թանկագին մայրիկին՝ ուղղակի ծաղրուծանակի էին ենթարկում հորը։

— Ինչի՞ց էր այդպես․․․

— Օրևէ պատճառ չկար։ Դաշտանադադարից էր։ Կանանց այդ վիճակը մի ահավոր բան է։

Հիդեկոյին մի պահ թվաց, թե Սինգոն ծիծաղում է իր վրա։

— Գուցե մեղավորը ամուսի՞նն էր։

— Մի ժամանակ նա օրինակելի աստիճանավոր էր։ Հետո տեղափոխվեց մասնավոր ֆիրմա։ Համենայն դեպս, հոգեհանգիստը կկատարեն միանգամայն պատշաճ ձևով, տաճարում։ Նա ֆիրմայում աշխատելու ընթացքում էլ իրեն համեստ էր պահում։

— Եվ ընտանիքի նկատմամբ, երևի, կարգին հոգատար էր։

— Ինչ խոսք։

— Ոչինչ չեմ հասկանում։

— Այո, քեզ նման աղջիկներին դա անհասկանալի կլինի։ Բայց ինչքան այդպիսի՝ հիսունից֊վաթսուն տարեկան պատկառելի մարդիկ կան, որոնք մահու չափ վախենում են իրենց կանանցից և, ջանալով որքան կարելի է քիչ լինել տանը, մինչև ուշ գիշեր դեգերում են փողոցներում։

Սինգոն փորձում էր հիշել Տորիյամայի դեմքը։ Այդ նրան չէր հաջողվում։ Արդեն մի տասը տարի կլիներ չէին հանդիպել։

Տեսնես Տորիյաման իր տա՞նն էր մահացել։

4

Գալով հոգեհանգստի, Սինգոն մի հոտավետ փայտիկ վառեց և համակուրսեցիներից մեկն ու մեկին հանդիպելու հույսով կանգնեց տաճարի դարբասի առջև։ Ոչ ոք չերևաց։

Առհասարակ նրա տարիքի մարդ չկար։

Ըստ երևույթին, ուշացել էր։

Դարբասից ներս նայելիս նկատեց, որ մուտքի մոտ կանգնողները, ուղիղ շարքը խախտելով, շարժվում են դեպի դուրս։

Հանգուցյալի ընտանիքը գտնվում էր տաճարի խորքում։

Տորիյամայի կինը, ամենայն հավանականությամբ, դեռ կենդանի է, մտածեց Սինգոն և, իսկապես, դագաղի կողքին կանգնած մի նիհար կին տեսավ, երևի հանգուցյալի այրին էր։

Նրա մազերը ներկած էին, բայց ինչպես երևում է վաղուց վարսավիրանոցում չէր եղել, մազարմատները լրիվ սպիտակել էին։

Այդ տարեց կնոջը խոնարհվելով գլուխ տալիս Սինգոն ենթադրեց, որ Տորիյաման հիվանդ երկար է պառկել, և կինը նրան խնամելու պատճառով ժամանակ չի ունեցել մազերը ներկելու։ Սակայն խոնարհվելուց հետո ուղղվելով և դագաղի մոտ բուրավետ մի փայտիկ ևս վառելով, ինքն իրեն շշնջաց. «Ո՞վ կարող է իմանալ»։

Դրանից առաջ, երբ աստիճաններով բարձրացել, մտել էր տաճար ու խոնարհվելով ողջունել էր հանգուցյալի ընաանիքի մյուս անդամներին, բոլորովին մոռացել էր, որ Տորիյամայի կինը ամուսնու հետ դաժան էր վարվում։ Հիշեց, հանկարծ, դագաղի մոտ նրա առջև խոնարհվելիս և ներքուստ ցնցվեց։

Նա տաճարից դուրս եկավ, որպեսզի այրուն այլևս չտեսնի։

Սինգոյին ցնցողը ոչ թե Տորիյաման ու նրա կինն էին, այլ իր ապշեցուցիչ մոռացկոտությունը։ Նա սալարկած ճանապարհով տաճարի դարբասի մոտ վերա դարձավ նողկալի տրամադրությամբ։

Ամեն ինչ կմոռացվի, ամեն ինչ հող ու մոխիր կդառնա,― հարվածում էր քունքերին։

Այն մարդկանցից, որոնք գիտեին Տորիյամայի ու նրա կնոջ հարաբերությունները, քչերն էին մնացել։ Եվ եթե նույնիսկ դրանք՝ այդ քչերն էլ շարունակեն էլի որոշ Ժամանակ ապրել, ոչինչ չէր փոխվի. ամեն ինչ արդեն դարձել էր անցյալ։ Մնում էր հենվել լոկ նրա կնոջ հիշողությունների վրա։ Այչևս ոչ ոք չի լինի, որ նայի անցյալին ազնվորեն, անկանխակալ հայացքով։

Երբ հավաքվում էին Սինգոյի համակուրսեցիները, և խոսէ էր բացվում Տորիյամայի մասին, ընկերներից ոչ մեկը նրա անունը լրջորեն չէր տալիս։ Բոլորը միաբերան ծիծաղում էին։ Ով էլ նրանցից բան պատմելիս լիներ, ձգտում էր Տորիյամային անպայման ներկայացնել զավեշտական գույներով։

Այդ ընկերներից երկուսը Տորիյամայից ավելի վաղ մահացան։ Սինգոն նոր հանկարծ գլխի ընկավ, որ ոչ Տորիյաման, ոչ էլ նրա կինը պարզապես ի վիճակի չէին ըմբռնելու, թե կինն ինչու էր շարունակ ծաղրուծանակի ենթարկում ամուսնան, և ամուսինն իր հերթին ինչու էր թույլ տալիս նրան ծանակել իրեն։

Տորիյաման այդպես էլ գերեզման իջավհ՝ոչինչ չըմբռնելով։ Իսկ ողջ մնացած նրա կնոջ համար այդ ամենն արդեն վերածվեց անցյալի, մի անցյալ, որտեղ Տորիյաման այլևս չկար։ Կինը նույնպես կմեռնի և ամուսնու նման նա էլ ոչինչ չի հասկանա։

Այն մարդու տանը, ուր հավաքվում էին համակուրսեցիները, և նա Տորիյամայի մասին զվարճալի դեպքեր էր պատմում, հինգ֊վեց Նո դիմակներ կային։ Մի անգամ այնտեղ է գնում Տորիյաման։ Տանտերը ցույց է տալիս նրան հին դիմակները, և Տորիյաման մինչև ուշ գիշեր նստած նայում է դրանց։ Տանտիրոջ ասելով Տորիյաման նստած էր մնացել ոչ եթե մինչ այդ երբեք չտեսած դիմակներով հրապուրված լինելու պատճառով, այլ որ նրան պարզապես հարկավոր էր Ժամանակ սպանել, մինչև կինը քուն մտներ, ու ինքը կարողանար հանգիստ վերադառնալ տուն։

Հետաքրքիր է, մտածում էր Սինգոն, տեսնես ինչպիսի մտքեր էին ալեկոծում ընտանիքի արդեն հիսունն անց գլխավորին, երբ նա ամեն օր ստիպված մինչև ուշ գիշեր թափառում էր քաղաքի փողոցներում։

Դագաղի գլխավերևում կախված իր լուսանկարի մեջ,— հանված Նոր տարվա կամ մի այլ հանդիսավոր օրվա առիթով,— Տորիյաման դուրս էր եկել տոնական հագնված, կլորերես, խաղաղ տեսքով մեկը։ Լուսանկարչի ռետուշը նրա դեմքին մռայլության հետք անգամ չէր թողել։

Վայելչատես, խաղաղ ու այդքան ջահել Տորիյամային դագաղի կողքին կանգնած կինն ամենևին չէր սազում։ Կարելի էր նույնիսկ կարծել, թե կինն այդպես պառավել էր ողջ կյանքում ամուսնուց ծաղրուծանակի ենթարկվելու պատճառվ։

Տորիյամայի կինը բարձրա հասակ չէր, և Սինգոն ակամա տեսնում էր նրա մազերի ճերմակած արմատները մինչև իսկ գագաթնամասում։ Ուսերը թեք էին․ զգացվում էր, որ նա շատ նիհար է։

Տղան ու աղջիկը մորը մենակ չթողնելու համար կողքիցը չէին հեռանում, բայց նրանք, թեև մոտիկ էին, լավ չէին երևում Սինգոյին։

― Ձեր տնեցիք ո՞նց են։

Տաճարի դարբասի մոտ կանգնած Սինգոն մտադիր էր հին ընկերներից որևէ մեկին հանդիպելու դեպքում այդ հարցը տալ։

Եթե նույն հարցով դիմեին իրեն, կպատասխաներ։

— Առայժմ տանը կարծես ամեն ինչ կարգին է, բայց, ցավոք, որդուս և աղջկաս ընտանիքներում գործերն այնքան էլ բարեհաջող չեն։

Այդ ամենն, անշուշտ, կասի այն դեպքում, եթե խիստ մեծ ցանկություն ունենա իր հոգսերը նրանց հետ բաժանելու։

Սակայն այդպես չի պատահի, որովհետև ոչ մի ուժ չի կարող հարկադրել հին ընկերներին միմյանց հետ անկեղծ լինել։ Ասենք սովոր էլ չեն խառնվել ուրիշի գործերին։ Նրանք զրուցելով կհասնեն մինչև տրամվայի կանգառն ու կբաժանվեն, ամեն մեկը կգնա իր գործին։

Բայց նման սրտաբաց խոսակցությունը որքան հաճելի կլիներ Սինգոյին։

— Ահավասիկ Տորիյաման ևս մեռած է․ այժմ նրա լուսանկարին նայելիս երբեք չես ասի, որ կինը օր ու արև չէր տալիս մարդուն, ճի՞շտ է։

— Տորիյամայի աղջիկն ու տղան կարողացել են իրենց կյանքը հիանալի կերպով դասավորել և դրա մեջ, անշուշտ մեծ դեր է խաղացել Տորիյամայի կինը, այնպես չէ՞։

— Մեր դարում զավակների ընտանեկան կյանքի համար առաջին հերթին պատասխանատու են ծնողները։

Սինգոն այս խոսքերը մտքում նախապատրաստել էր հին ընկերների հետ փոխանակելու համար։ Դրանք, այդ խոսքերը, չգիտես ինչու, անվերջ պտտվում էին գլխում։

Դարբասի տանիքին ճռվողում էր ճնճղուկների երամը։

Նրանք իջան սրածայր դուրս ցցված քիվի վրա, հետո թռան, նստեցին տանիքի զարդաձիու վրա, ապա նորից թռան դեպի քիվը։

5

Երբ տաճարից ֆիրմա վերադարձավ, այնտեղ նրան երկու հաճախորդ էին սպասում։

Սինգոն Հիդեկոյին խնդրեց սեղանի ետևում դրված պահարանից վիսկի հանել, որից մի քիչ լցրեց թեյի մեջ։ Վիսկին օգնեց հիշողությունը վերականգնել։

Հաճախորդներին ընդունելիս, չգիտես ինչ զուգադիպությամբ, մտաբերեց երեկ առավոտյան իրենց տան ետևում տեսած ճնճղուկները։

Դրանք նստած էին պատի տակ աճող պամպաս խոտերի վրա։ Ճնճղուկներն այնտեղ որևէ բա՞ն են կտցահարում, թե զբաղված են միջատներ որսալով,— մտածում էր Սինգոն և հանկարծ նկատեց, որ երամում ճնճղուկներից բացի կան նաև դրախտապաններ։

Տեսնելով դրախտապաններին, սկսեց երամն ավելի ուշադիր դիտել։

Ծտերից մի քանիսն անընդհատ հասկից֊հասկ կին թռչկոտում, և հասկերը նրանց ծանրությունից խոնարհվում էին մինչև գետին։ Դրախտապանները ընդամենը երեքն էին։ Դրանք տեսքով ավելի հաճելի էին։ Դրախտապանները ճնճղուկների նման փութագար չեն, չվում են հազվագյուտ դեպքերում։

Ողորկ փայլող թևիկներն ու վառ գույնի կրծքերը դրախտապաններին մի տեսակ տոնական տեսք էին տալիս։ Մինչդեռ ճնճղուկները նրանց կողքին փոշեկոլոլ էին թվում։

Դրախտապանները դուր էին գալիս Սինգոյին․ նրանց սուլոցը տարբերվում էր ճնճղուկների ծլվլոցից։ Տարբերություն էր զգացվում նան վարքագծի մեջ։

Սինգոն միառժամանակ դիտելով սպասում էր՝ դրախտապանների ու ճնճղուկների միջև արդյոք կռիվ չի՞ ծագի։

Սակայն ճնճղուկները, ասես պայմանավորված, թռչկոտում էին բոլորը միասին, դրախտապանները նույնպես հավաքվում էին առանձին խմբով. երկու երամն էլ իրենց անկախ էին զգում, թեպետ երբ միանում, դառնում էին ընդհանուր մի կույտ, նրանց միջև դարձյալ կռվանման բան չէր ծագում։

Սինգոն հիացած էր։ Դա պատահեց առավոտյան, երբ նա լվացվում էր։

Ըստ երևույթին, այդ դեպքը հիշելու դրդապատճառը տաճարի դարբասին թառած ճնճղուկներն էին։

Հաճախորդներին ճամփու դնելուց հետո, Սինգոն դուռը ծածկեց նրանց ետևից ու Հիդեկոյի կողմը շրջվելով ասաց.

— Դու ինձ այն կնոջ տունը, որտեղ գնում է Սյուիտին, ցույց չե՞ս տա։

Սինգոն դեռ հաճախորդների հետ խոսելու ժամանակ էր որոշել այդ բանը խնդրել նրան, սակայն Հիդեկոյի համար հարցն անսպասելի էր։

Նա գունատվեց, տեսքն ամբողջովին բողոք էր արատահայտում, բայց և իսկույն ենթարկվելով տեղի տվեց։ Թեև ասաց սառն ու զրնգուն ձայնով.

— Ի՞նչ եք մտադիր անել։

— Քեզ ոչ մի անախորժություն չեմ պատճառի։

— Ուզում եք տեսնե՞լ նրան։

Սինգոն այսօր մտադրություն չուներ այդ կնոջ հետ հանդիպելու։

— Մի՞թե չեք կարող այնտեղ գնալ Սյուիտիի հետ, երբ նա վերադառնա,— համեմատաբար ավելի հանգիստ ասաց Հիդեկոն։

Սինգոն նկատեց, որ նա սառը ժպտում է։

Ճնշված տրամադրությունը չէր լքում Հիդեկոյին նաև մեքենայի մեջ։

Սինգոն հոգում նույնպես ծանրություն էր զգում այն բանից, որ նվաստացրել էր Հիդեկոյին, մի տեսակ ոտնահարել նրան։ Ինքն իր այդ խնդրանքով ոչ միայն ստորացրեց աղջկան, այլև իրեն և իր որդի Սյուիտիին։

Նա հույս ուներ գործը վերջացնել տղայի բացակայությամբ։ Բայց նախազգում էր՝ իր հույսն այնպես էլ մնալու էր անիրականալի։

— Եթե դուք ուզում եք խոսել, ապա ես կարծում եմ ավելի լավ է խոսեք այն կնոջ հետ, որն ապրում է նույն տանը,— ասաց Հիդեկոն։

— Ո՞ր կնոջ, նրա, որին դու համակրո՞ւմ ես։

— Այո։ Գիտե՞ք ինչ, եկեք ես նրան հրավիրեմ մեզ մոտ՝ ֆիրմա, այնտեղ էլ կխոսեք։

— Ինչ կա որ, կարելի է,— անվճռականորեն համաձայնեց Սինգոն։

— Մի օր Սյուիտին շատ խմեց և թունդ հարբելուց հետո սկսեց վայրագություններ անել։ Այդ կնոջը հրամայեց՝ երգիր․ երբ կինն իր հաճելի ձայնով երգեց, Կինուկոն լաց եղավ։ Եթե Կինուկոն լալիս է այդ կնոջ երգից, կնշանակի ամեն բանում կհպատակվի նրան։

Հիդեկոն պատմելու արտասովոր ձև ունի։ Ո՞վ է Կինուկոն, Սյուիտիի սիրուհի՞ն։

Սինգոյի մտքովն իսկ չէր անցնի, որ Սյուիտին խմած ժամանակ իրեն այդպես անկարգ է պահում։

Համալսարանի մոտ մեքենայից դուրս եկան, թեքվեցին մի նեղ փողոց.

— Եթե Սյուիտին իմանա, թե ի՜նչ եմ արել... Ավելի լավ է ֆիրման թողնեմ գնամ, միևնույն է, նա ինձ երբեք չի ների,— կամացուկ ասաց Հիդեկոն։

Սինգոն վատ զգաց։

Աղջիկը կանգ առավ․

— Պետք է թեքվել ա՛յ այն քարե ցանկապատի մոտով, այնտեղից չորրորդ տունն է, վրան Իկեդայի անունով gուցանակ կա։ Ես չեմ գա, նրանք ինձ գիտեն։

— Այսօրվա համար այսքանը բավական է։ Քեզ առանց այն էլ շատ գլխացավանք պատճառեցի։

— Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ համարյա հասել ենք... Մի՞թե վատ կլինի, եթե ձեզ հաջողվի ընտանիքի խաղաղությունը վերականգնել։

Հիդեկոն թեև համոզում էր նրան, սակայն, զգացվում էր, որ այդ ամբողջ պատմությունն իր համար անախորժ է։

Սինգոն շրջանցեց բետոնե,— Հիդեկոն անվանեց քարե,— պարսպով պատած տան անկյունը, որի ետևում, այգու մեջ բարձրացել էր մի վիթխարահասակ թխկենի։ Շենքերից չորրորդը բոլորովին աչքի չընկնող փոքրիկ ու հին տուն էր և պատկանում էր Իկեդային։ Դեպի հյուսիս նայող մուտքը մռայլ էր, երկրորդ հարկի պատշգամբի ապակեպատ դուռը փակված․ տնից ոչ մի ձայն֊ձուն չէր լսվում։

Սինգոն անցավ շենքի կողքով։ Ուշադրությունը գրավող ոչ մի բան չկար։

Նա տրտմել էր։ Տեսնես տունն իր տղայի կյանքից ի՞նչ գաղտնիք էր թաքցնում։ Բայց իրավունք չէր համարում ներխուժել այդ գաղտնիքի մեջ։

Ետ դարձավ ուրիշ ճանապարհով։

Հիդեկոն նախկին տեղում չկար։ Նա չերևաց նաև այն լայն փողոցում, որտեղ մեքենայից իջել էին։

Տուն վերադառնալուց հետո Սինգոն, ջանալով չնայել Կիկուկոյի աչքերին, ասաց.

— Սյուիտին ընդամենը մի րոպեյով մտավ ֆիրմա և անմիջապես մեկնեց։ Լավ է, եղանակը պարզվել է։

Նա ջարդված էր, վաղ պառկեց քնելու։

— Սյուիտին արձակուրդը քանի՞ օրով վերցրեց,— սեղանատնից հարցրեց Յասուկոն։

— Գիտե՞ս, ես նրան չհարցրի։ Ամբողջ գործը Ֆուսակոյին համոզել ու այստեղ բերելն է, որ երևի երկու֊երեք օր կտևի,— պատասխանեց Սինգոն արդեն անկողնում պառկած։

— Կիկուկոն այսօր իմ օգնությամբ բամբակե վերմակ մգդակեց։

Երկու երեխայով գալու է Ֆուսակոն, Կիկուկոյի վրա որքան հոգսեր են ծանրանալու, մտածեց Սինգոն։

Իսկ եթե հարկ լինի Սյուիտիին առանձնացնե՞լ։ Մտածեց և հիշողությունից իսկույն դուրս լողաց տղայի սիրուհու տունը, որ տեսավ Հոնգոյում։

Մտաբերեց, թե ինչպես էր ընդդիմանում Հիդեկոն։ Այդ աղջիկն ամեն օր իր կողքին է, բայց ինքը երբեք չէր տեսել նրան այդպես վրդովված։

Հնարավոր է, որ ինքը երբեք էլ չի տեսնի, թե ինչպես է վրդովվում Կիկուկոն։ Մի անգամ Յասուկոն ասաց.

― Կիկուկոն ջանում է չխանդել, որպեսզի չվշտացնի հայրիկին, այսինքն՝ քեզ։

Յասուկոյի խռմփոցից արթնացած Սինգոն սեղմեց կնոջ քիթը։

Յասուկոն, ասես ամենևին էլ դեռ քնած չէր, առույգ ձայնով ասաց.

— Ինչ ես կարծում, Ֆուսակոն դարձյալ այն նույն ֆուրոսիկիով կգա՞։

— Հավանաբար։

Նրանք լռեցին։

Կղզու մասին տեսած երազը

1

Թափառական շունը հատակի տակ ձագեր էր ցնկնել։ Ցնկնե՜լ, այդպես կարող են ասել միայն կողմնակի մարդիկ։

Բայց շունը չէ՞ որ Սինգոյի ընտանիքի համար էլ օտար էր։

— Մայրիկ, Տերուն ոչ երեկ, ոչ էլ այսօր տուն չի եկել, գուցե ձագեր է բերել, դրա համա՞ր,— մի յոթ օր առաջ խոհանոցում ասաց Կիկուկոն։

— Չեմ իմանում, շատ հնարավոր է,— անտարբեր պատասխանեց Յասուկոն։

Սինգոն, ոտքերը մանղալի մոտ տաքացնելով իր համար թեյ էր եփում։ Այս աշնանից նա սովորություն է դարձրել առավոտները կանաչ թեյ խմել, որը պատրաստում էր իր ձեռքով։

Կիկուկոն Տերուին հիշեց նախաճաշ եփելիս և խոսակցությունը դրանով էլ ավարտվեց։

Երբ նա Սինգոյի մոտ չոքելով՝ նրա առջև դրեց սոյայի ապուրը, Սինգոն հարսի համար էլ թեյ լցրեց

— Գուցե մի գավաթ կխմե՞ս։

— Երևակայեք, կխմեմ։

Այդպիսի բան դեռ չէր եղել։ Կիկուկոն ավելի հարմար նստեց։

Սինգոն նայեց նրան.

— Քո և՛ օբիի, և՛ կիմոնոյի վրա քրիզանթեմներ են նկարած։ Բայց չէ՞ որ քրիզանթեմների սեզոնն արդեն անցել է։ Այս տարի Ֆուսակոյին պատահած անախորժության պատճառով ծննդյանդ օրն էլ չնշեցինք։

— Չէ, ինչու, իմ օբիի վրա չորս ազնվաբույսերն էլ կան։ Այնպես որ կարելի է տարվա բոլոր եղանակներին կապել։

— Իսկ ի՞նչ է նշանակում «չորս ազնվաբույս»։

— Խոլորձ, բամբուկ, սալոր, քրիզանթեմ...— զրնգուն ձայնով ասաց Կիկուկոն,— դուք դրանց, անշուշտ, որևէ բանի վրա տեսել եք, հայրիկ, և պետք է, որ իմանաք։ Լինում են և՛ նկարներում, և՛ կիմոնոների վրա։

— Համեստ նախշ է։

Կիկուկոն գավաթը ցած դնելով ասաց․

— Շատ հա մեղ էր։

— Այս կանաչ թեյը նվեր եմ ստացել այն հանգուցյալի ընտանիքից, որի հիշատակը հարգելու էի գնացել։— Սպասիր, ի՞նչ էր նրա անունը, մտածեց Սինգոն ու շարունակեց,― և այժմ նորից սկսեցի կանաչ թեյ խմել։ Առաջ միշտ կանաչն էի խմում։ Ասենք մեր տանն առհասարակ ուրիշ թեյ չէր էլ լինում։

Սյուիտին այդ առավոտ ֆիրմա գնաց սովորականից վաղ։

Նախասենյակում կոշիկները հագնելիս Սինգոն ջանում էր մտաբերել հանգուցյալ ընկերոջ անունը, որի ընտանիքն իրեն կանաչ թեյ էր նվեր ուղարկել։ Կարելի էր, իհարկե, հարցնել Կիկուկոյին, բայց չհարցրեց։ Իր այդ ընկերը հանկարծամահ էր եղել հանքային տաք ջրերի հյուրանոցում, ուր գնացել էր մի երիտասարդ կնոջ հետ։

— Տերուն ինչ֊որ վաղուց չի երևում,— ասաց Սինգոն։

— Այո, ոչ երեկ, ոչ այսօր չի երևացել,— պատասխանեց Կիկուկոն։

Տերուն սովորաբար, զգալով, որ Սինգոն պատրաստվում է տանից դուրս գալ, մոտենում էր սանդղամուտքին, ուղեկցում նրան մինչև դարբասը։

Սինգոն հիշեց, որ Կիկուկոն մի երկու օր առաջ սանդղահարթակում շոյում էր Տերուի փորը։

― Մի տեսակ անախորժ ուռած է,— մռայլվելով ասաց նա և փորձեց շոշափել ձագերը։— Քանի՞ հատ կլինեն։

Տերուն Կիկուկոյին նայեց տարօրինակորեն սպիտակած աչքերով, հետո պառկեց կողքի վրա ու փորը դեմ արեց նրան։

Շան որովայնն այնպես ուռած չէր, որ, ինչպես նկատեց Կիկուկոն, տհաճություն առաջացներ։ Աճուկի մոտ մաշկը բարակել էր ու վարդագունել, իսկ պտուկներին ցեխ էր կպած։

— Պտուկները տա՞սն են։

Կիկուկոյից հետո Սինգոն ինքն էլ սկսեց հեռվից շան պտուկները հաշվել։ Ամենավերևինները փոքր էին, ասես թոշնած։

Տերուն տեր ուներ, պարանոցին նույնիսկ համարով վզնոց էր կապած, բայց տերն, ըստ երևույթին, վատ էր կերակրում նրան, և շունը հետզհետե դարձավ թափառական։ Սկզբում պտույտ֊պտույտ էր գալիս հարևանների խոհանոցների շուրջը։ Երբ Կիկուկոն նախաճաշի և ընթրիքի մնացորդների վրա սկսեց հատուկ նրա համար պահած համեղ պատառներ ավելացնել, շունն արդեն Ժամանակի մեծ մասն անց էր կացնում Սինգոյի տան մոտ։ Գիշերները այգուց հաճախ լսվում էր Տերուի հաչոցը․ դրանից կարելի էր ենթադրել, որ շունը վերջնականապես ընտելացել էր նրանց։ Սակայն Կիկուկոն անգամ նրան չէր համարում իրենց բակի շունը։

Իսկ ձագերը նա միշտ տիրոջ տանն էր ծնում։

Դրա համար էլ, երբ Տերուն մի քանի օր շարունակ չերևաց, Կիկուկոն մտածեց, որ նա տիրոջ տանն է ցնկնել։

Սինգոյին մինչև իսկ վիրավորական էր թվում, որ այդ շունը ձագեր բերելու ժամանակ, այնուհանդերձ, վերադառնում է տիրոջ մոտ։

Բայց այս անգամ Տերուն ցնկնել էր Սինգոյի տան հատակի տակ։ Այդ մասին մոտ տաս օր ոչ ոք չգիտեր։

Մի երեկո, երբ Սինգոն Սյուիտիի հետ ֆիրմայից վերադարձավ, Կիկուկոն լուր տվեց.

— Հայրիկ, Տերուն ձագեր է բերել։

— Ի՜նչ ես ասում։ Որտե՞ղ։

— Հատակի տակ․․․ Սպասուհու սենյակի։

— Հը՛մ․․․

Երբ սպասուհին իրենց տնից գնաց, նրա փոքրիկ սենյակը վերածեցին խորդանոցի և այնտեղ զանազան ավելորդ իրեր լցրին։

— Բանից դուրս է գալիս Տերուն մտել է հատակի տակ։ Ես նայեցի, ձագերն էլ այնտեղ են։

— Հը՛մ։ Եվ քանի՞սն են, այդ ձագերը։

— Մութ էր, ինչպես հարկն էր չտեսա։ Նրանք ամենահեռավոր անկյունում են։

— Այդ դեպքում հասկանալի է։ Ուրեմն ցնկնել է մեր տանը։

— Մայրիկն ինձ դեռ վաղուց էր ասում. «Տերուն անընդհատ պտտվում է խորդանոցում և տարօրինակ է պահում իրեն, թաթերով փորում է հողը»։ Հավանաբար իր համար տեղ էր փնտրում։ Եթե խորդանոցում դարման փռեինք, շունը երևի այնտեղ էլ կցնկներ։

— Երբ ձագերը մեծանան, ի՞նչ ենք անելու,— միջամտեց Սյուիտին։

Սինգոն նույնպես ուրախացել էր, որ Տերուն ձագերն իրենց տանն է բերել, բայց դրա հետ մեկտեղ կար նաև այն տհաճ միտքը, թե ստիպված են լինելու դուրս նետել դրանց։

― Տերուն մի՞թե ցնկնել է մեր տանը,― հարցրեց Յասուկոն։

— Բանն էլ հենց այդ է։

— Ասում ես սպասուհու սենյակի տա՞կ. դա մեր տան միակ սենյակն է, որտեղ ոչ ոք չի ապրում։ Ուրեմն Տերուն այդ տեղն ինքն է իր համար ընտրել։

Յասուկոն, շարունակելով նստած մնալ մանղալի առջև, աչքի պոչով նայեց Սինգոյին։

Սինգոն ինքն էլ նստեց կրակի մոտ և, կում անելով թեյը՝ դարձավ Սյուիտիին․

— Հիշում ես, Տանիձաքին մի անգամ խոստացավ օգնել մեզ սպասուհի ճարել, հետն այդ մասին այլևս չե՞ս խոսել։

Երբ Սինգոն ուզեց թեյի երկրորդ գավաթը լցնել, Սյուիտին բռնեց ձեռքը․

— Մոխրամանն է, հայրիկ։

Սինգոն ցրվածությունից քիչ մնաց թեյը լցներ մոխրանմանի մեջ։

2

— Մենք ծերացանք և այդպես էլ ոչ մի անգամ չբարձրացանք Ֆուձիի գագաթը,— մրմնջաց ֆիրմայի իր աշխատասենյակում նստած Սինգոն։

Բերանից հանկարծակի դուրս թռած խոսքեր էին, բայց նրան թվաց, թե դրանց մեջ ինչ֊որ թաքնված իմաստ կա, և նորից կրկնեց։

Այդ խոսքերը գուցե արտաբերվեցին այն պատճառով, որ նա գիշերը երազում տեսել էր Մացուսիմա կղզին։

Սինգոն Մացուսիմայում երբեք չէր եղել և, այնուհանդերձ, այդ կղզու մասին երազ տեսավ։ Առավոտյան դա նրան զարմանալի թվաց։

Մինչև հիմա, մտածեց Սինգոն, ինքը ոչ մի անգամ չի եղել ճապոնիայի տեսարժան վայրերում, ոչ Մացուսիմայում, ոչ Ամա֊նո հասիդատեում։ Մեկ անգամ ձմռանը, եղանակի վատ ժամանակ, եղավ Ամակոյի Միյաձիմա կղզում, այն էլ կարճատև կանգառով, երր վերադառնում էր Կյուսյուի գործուղումից։

Առավոտյան նա մտաբերում էր երազից մնացած լոկ առանձին պատկերներ, սակայն հիշողության մեջ վառ տպավորվել էին կղզու սոճիները և ծովի գույնը։ Նա որոշակի հիշում էր, որ դա Մացուսիման էր սոճիների կղզին։

Մարգագետնում, սոճիների տակ, Սինգոն գրկել էր մի աղջկա։ Նրանք վախենում էին, որ իրենց կտեսնեն և թաքնվել էին։ Երևի երկուսով անջատվել էին ընկերների խմբից։ Աղջիկը դեռ բոլորովին մատղահաս էր, գրեթե աղջնակ։ Սինգոն ինքը քանի տարեկան էր, չգիտեր։ Դատելով այն բանից, որ աղջկա հետ վազվզում էր սոճիների միջև, նույնպես երիտասարդ պետք է լիներ։ Համենայն դեպս, աղջկան գրկելիս իր և նրա միջև տարիքային տարբերություն չէր զգում։ Պահում էր իրեն այնպես, ինչպես երիտասարդները։ Թեև չէր թվում, թե ինքը վերադարձել է դեպի երիտասարդություն, որ այդ ամենը տեղի է ունեցել վաղուց։ Մնալով այնպես, ինչպես այժմ՝ վաթսուներկու տարեկան, իրեն պատկերացնում էր քսանամյա պատանի։ Երազը հենց դրանով էլ առեղծվածային էր։

Ընկերների խումբը մոտորանավակով լողում էր ծովի հեռավոր մասում։ Նավակում հասակով մեկ մի կին կանգնեց ու սկսեց թաշկինակը ճոճել նրանց կողմը։ Սինգոն արթնանալուց հետո էլ որոշակի տեսնում էր ճերմակ թաշկինակը՝ ծովի կապույտ ֆոնին։ Սինգոյին և աղջկան փոքրիկ կղզում մենակ էին թողել, սակայն դա նրանց ամենևին չէր մտահոգում։ Սինգոն լոկ մի բանի մասին էր մտածում՝ ինքը ծովում լողացող նավակը տեսնում է, իսկ նավակից թաքստոցը, որտեղ պատսպարվել է աղջկա հետ, չի երևում։

Արթնացավ երազում ճերմակ թաշկինակը ճոճվելու պահին։

Անկողնուց վեր կենալիս այլևս չէր հիշում, թե երազի աղջիկն ինչ տեսակ էր։ Նա արդեն ոչ դեմք ուներ, ոչ էլ նույնիսկ ընդհանուր կերպարանք։ Նրա հետ ունեցած հպումներից էլ ոչ մի զգացում չէր մնացել։ Վառ տպավորվել էին միայն բնապատկերների գույները։ Բայց այդ բոլորն ինչո՞ւ էր տեղի ունենում Մացուսիմայում, երազում ինչո՞ւ Մացուսիման տեսավ, չէր կարողանում հասկանալ։

Նա Մացուսիմայում երբեք չէր եղել, նավակով ոչ մի անգամ չէր գնացել անմարդաբնակ կղզին։

Կուզենար խոսել տնեցիների հետ, պարզելու համար՝ գունավոր երազ տեսնելը արդյոք նյարդերի հյուծվածությունից չէ՞, սակայն այդպես էլ սիրտ չարեց խոսել։ Անհարմար էր զգում, որ երազում աղջիկ է գրկել։ Իսկ որ երազում իրեն՝ այսօրվա Սինգոյին, տեսել է երիտասարդացած, մի՞թե հակաբնական է։

Երազում ժամանակների առեղծվածային տեղաշարժը Սինգոյին նույնիսկ զվարճացրեք։

Եթե հանկարծ գլխի ընկներ, թե ով էր այն աղջիկը, երազի առեղծվածը վայրկենապես կվերանար, մտածում էր Սինգոն, նստած ֆիրմայի իր աշխատասենյակում, սիգարետի մոխիրը թափ տալիս։ Հենց նույն պահին լսվեց թեթև բախոց, և դուռը բացվեց։

— Բարի՛ լույս,— ներս մտավ Սուձումոտոն,— որոշեցի գալ մոտդ, ասի կարող է արդեն եկած լինես։

Սուձումոտոն հանեց գլխարկը։ Հիդեկոն տեղից վեր թռավ նրա վերարկուն վերցնելու, բայց նա աթոռին նստեց վերարկուով։ Սինգոն զարմանքով նայեց Սուձումոտոյի ճաղատ գլխին։ Ականջների մոտ ծերունական շագանակագույն բծեր էին հայտնվել, և նա ամբողջապես մի տեսակ անդուր տեսք ուներ։

— Ի՞նչ է պատահել։ Առավոտ վաղ֊վաղ եկել ես ուղղակի ինձ մոտ։

Սինգոն ժպիտը զսպելով զննեց իր ձեռքերը։ Ժամանակ առ ժամանակ ափերի երեսներն ու դաստակները նույնպես ծածկվում էին դարչնագույն բծերով։

— Միձուտան․․․ Հիշո՞ւմ ես, այդ նա էր, որ մահացավ մի երիտասարդ կնոջ գրկում։

— Այո՛, այո՛, Միձուտա,— մտաբերեց Սինգոն,— միանգամայն ճիշտ է, ես հենց հանգուցյալ Միձուտայի ընտանիքից նվեր ստացա կանաչ թեյը և կրկին սովորություն դարձրի առավոտները խմել։ Նրանք ինձ սքանչելի թեյ նվիրեցին։

— Կանաչ թեյը, իհարկե, լավ է։ Մեռնել երիտասարդ կնոջ գրկում, այ դա արդեն սքանչելի է։ Ես լսել էի, որ այդպիսի մահ լինում է, բայց երբեք չէի մտածի, թե նման բան կարող է պատահել մեր Միձուտային։

— Հը՛մ։

— Նույնիսկ նախանձելի է։

— Դու էլ ես գեր ու ճաղատ, այնպես որ նման մահով մեռնելու բոլոր տվյալներն ունես։

— Բայց ես նրա նման բարձր ճնշում չունեմ։ Միձուտան միշտ վախենում էր արյան զեղումից և երբեք մենակ չէր մնում, մանավանդ երբ մեկնում էր որևէ տեղ։

Միձուտան հանկարծամահ եղավ հանքային տաք ջրերի հյուրանոցում։ Նրա թաղմանը ընկերները շշնջում էին միմյանց ականջի, որ նա, ինչպես ասաց Սուձումոտոն, մեռել մի երիտասարդ կնոջ գրկում։ Միձուտան մահացավ երիտասարդ կնոջ հետ լինելու պատճառով։ Ինչո՞ւ էին ենթադրում, թե Միձուտան մահացել է հենց դրանից, մտածեց Սինգոն թաղումից հետո և որոշեց, որ այդ պատմությունը քիչ է ճշմարտանման։ Թեև այն Ժամանակ, այնուամենայնիվ, հետաքրքրվում էր՝ տեսնես այդ կինը թաղմանը կգա՞։ Ոմանք պնդում էին որ, կյանքում ամենագարշելի բանը կին արարածն է, ոմանք էլ, ընդհակառակը, համարում էին, որ եթե կինը սիրում է տղամարդուն, ապա նա ինքն էլ անչափ բաղձալի է։

Սինգոյի կարծիքով ծերունական հյուծանքի դրսևորումներից մեկն էլ դա էր, երբ վաթսունամյա իր ընկերները, ելնելով այն բանից, որ մի ժամանակ միասին սովորել էին համալսարանում, թույլ էին տալիս իրենց ուսանողական տարիների պես վայրախոսություններ շաղ տալ և այժմ էլ միմյանց դիմել մականուններով կամ համալսարանական օրերից հիշողության մեջ մնացած փաղաքշական կրճատ անուններով։

Նրանք գիտեին իրար պատանի հասակից, այդ ոչ միայն մտերմացնում էր նրանց, այլև փոխադարձ անբարյացականություն առաջացնում, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը ամուր պատսպարված էր եսասիրության մամռակալվող իր պատյանում։ Հիմա նրանք սրախոսում էին Միձուտայի մահվան առիթով, իսկ Միձուտան իր հերթին վաղուց չէ, ինչ ծաղրում էր մահացած Տորիյամային։

Սուձումոտոն թաղման ժամանակ էլ տենչանքով ու նախանձով էր խոսում կնոջ գրկում մեռնելու մասին, բայց Սինգոն բավական էր պատկերացներ Սուձումոտոյի մահը նրա համար այդքան բաղձալի թվացող պատճառից, անմիջապես ցնցվում էր։

— Ո՛չ, հասակավոր մարդու համար այդպիսի մահն անպատշաճ է,— ասաց նա։

— Ինչ խոսք։ Չէ որ մենք երազներում այլևս կին չենք տեսնում,— զգաստացավ Սուձումոտոն։

— Դու Ֆուձիի գագաթը բարձրացած կա՞ս։

— Ֆուձիի՞։ Ֆուձի լեռա՞ն։— Սուձումոտոյի դեմքին տարակուսանք հայտնվեց։— Ոչ, չեմ բարձրացել։ Իսկ ինչո՞ւ ես հարցնում։

— Ես նույնպես չեմ բարձրացել։ Այնպես էլ ծերացանք ու ոչ մի անգամ չելանք Ֆուձի լեռը։

— Ի՞նչ։ Դրա մեջ ինչ֊որ երկիմաստություն կա, հա՞։

— Հիմարություններ մի ասա,— արհամարհական նետեց Սինգոն։

Դռան մոտ, սեղանի առջև նստած, համրիչը չխկչխկացնող Հիդեկոն թաքուն փռթկաց։

— Ես հետզհետե համոզվում եմ, որ այն մարդկանց թիվը, որոնք հասնում են իրենց կյանքի ավարտին՝ դեռ ոչ մի անգամ չբարձրանալով Ֆուձիի գագաթը ու չտեսնելով Ճապոնիայի երեք դիտարժան վայրերը, այնքան էլ քիչ չէ։ Հետաքրքիր է, ճապոնացիների քանի՞ տոկոսն է ելել Ֆուձիի գագաթը։

— Կարծում եմ մեկ տոկոսն էլ չի ստացվի։

Սուձումոտոն վերադարձավ իր սիրած թեմային․

— Իսկ այնպիսի երջանիկներ, ինչպիսին Միձուտան էր, աասը հազարից մեկն է լինում, ինչ եմ ասում, երևի հարյուր հազարից մեկը։

— Լավ, ենթադրենք թե նրա բախտը բերել էր, հապա ընտանի՞քը, ընտանիքի վիճակն ինչ է։

— Հա՛, իսկապես, հենց ընտանիքի մասին էի ուզում ասել։ Միձուտայի կինն ինձ մոտ էր,— գործնական տոնի անցավ Սուձումոտոն։— Եկել էր խնդրանքով,— նա բացեց սեղանին դրված իր ֆուրոսիկին,— սրանք դիմակներ են։ Նո դիմակներ։ Ինձ խնդրեց գնել։ Քեզ մոտ մտա ցույց տալու։

— Դիմակներից ես ոչինչ չեմ հասկանում։ Այնպես, ինչպես երեք դիտարժան վայրերից, գիտեմ, որ դրանք գոյություն ունեն Ճապոնիայում, բայց ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել։

Ֆուրոսիկիում պատյանի մեջ դրված էին երկու դիմակ։ Սուձումոտոն հանեց․

— Այս մեկը կոչում են Ձիդո, մյուսը՝ Կացուսիկի։ Երկուսն էլ մանկական են։

— Դրանք երեխանե՞ր են։

Սինգոն ձեռքը պարզեց Կացուսիկիի դիմակին, բռնեց ականջների անցքերով անցկացրած քուղից, սկսեց ուշադիր դիտել։

— Ճակատին մազափունջ է նկարած։ Ձևով հիշեցնում է գինգոյի պտուղը։ Սա դեռ բոլորովին երեխա է, հասունության տարիքի ծիսական արարողությամբ չանցած։ Ժպտում է բերանով մեկ։

— Հը՛մ։

Որպեսզի դիմակն ավելի լավ զննի, Սինգոն այն աչքից հեռու տարավ։

— Տանիձաքի-կուն, ակնոցս այդտեղ է,— դիմեց Հիդեկոյին։

— Ո՛չ, ո՛չ, հարկավոր չէ։ Ավելի լավ է առանց ակնոցի։ Նո դիմակը լավ է դիտվում, երբ ձեռքդ պարզում ես առաջ ու դիմակը մի քիչ վեր բարձրացնում։ Այս դեպքում մեր ծերունական հեռատեսությունը նույնիսկ օգնում է։ Դիմակն այդ ձևով ցած է նայում և մթնեցվում է։

— Ինչ֊որ մեկին շատ նման է։ Ոնց որ կենդանի լինի։

— Գոյություն ունեն հատուկ տերմիններ՝ «մթնեցնել» դիմակը, կնշանակի թեքել առաջ, և այն իսկույն թախծոտ է դառնում, իսկ «լուսավորել» դիմակը՝ թեքել դեպի ետ, դրանից նա ուրախ է թվում,— բացատրում էր Սուձումոտոն։— Աջ ու ձախ պտտեցնելը կոչվում է «ընդունել» և «մերժել»։

— Այնուամենայնիվ, ինչ֊որ մեկին շատ նման է,— կրկնեց Սինգոն։

— Համենայն դեպս, նման չէ մանչուկի, երևի ավելի շուտ պատանի է։

— Հին ժամանակներում երեխաները վաղ էին հասունանում։ Ավելացնենք նաև, որ սրա դեմքը վերցրած է հեքիաթային կերպարներից։ Թատրոնի համար։ Բայց այս դիմակը հրաշք է։ Մի լավ նայիր տես, երեխա է։ Ձիդոն կարծեմ բարի ոգին է։ Նրան միշտ ներկայացնում էին հավերժական մանուկի տեսքով։

Սինգոն սկսեց Ձիդոյի դիմակը աջ ու ձախ պտտեցնել, ինչպես հենց նոր սովորեցրեց Սուձումոտոն։

Ձիդոյի մազերն առջևից Կապպայի նման կարճ խուզած էին։

— Դե, ի՞նչ ես մտածում։ Արի ընկերացիր ինձ,— ասաց Սաձումոտոն։ Սինգոն դիմակը դրեց սեղանին,

— Միձուտայի կինը քեզ է դիմել, դու էլ գնիր։

— Ես գնել եմ։ Բանն այն է, որ նա հինգ դիմակ էր բերել։ Կանացի երկու դիմակը ես վերցրի։ Մեկը համոզեցի՝ Ումինոն գնեց։ Քեզ նույնպես առաջարկում եմ գնել։

— Ուրեմն, ինձ՝ մնացորդնե՞րը։ Իսկ ինքդ կանանց դիմակներն ես ընտրել։ Համա խորամա՜նկն ես։

— Քո կարծիքով կանանց դիմակներն ավելի լա՞վն են։

— Անշուշտ, լավն են։ Բայց այլևս չկան։

— Ուզո՞ւմ ես քեզ տամ։ Եթե դու դրանք գնես, խնդրեմ, կբերեմ։ Միձուտան այնպիսի մահով գնաց... Նրա կնոջ դեմքը որ տեսա, խղճահարվեցի, չկարողացա մերժել։ Բայց այս դիմակներն անհամեմատ արվեստով են արված, քան ինձ մոտ եղածները։ Մի՞թե այդ հավերժական մանուկը վատն է։

— Միձուտան մահացել է, իսկ նրանից առաջ մահացել էր Տորիյաման, որը երկար տարիներ այս դիմակները տեսնում էր Միձուտայի տանը։ Չէ, ինձ համար տհաճ կլինի։

— Գուցե Ձիդոյի դիմա՞կը գնես, այնուհանդերձ, վատը չէ։ Ինչքան չլինի հավերժական մանուկ է։

— Դու Տորիյամայի հոգեհանգստին կայի՞ր։

— Ոչ, ներողություն խնդրող երկտող էի ուղարկել, որ գնալ չեմ կարող։

Սուումոտոն վեր կացավ․

— Մի խոսքով, սրանք կթողնեմ քեզ մոտ. հանգիստ ժամանակդ նայիր։ Եթե դուր չեկան, կարող ես մեկ ուրիշին առաջարկել։

— Դուր գան, թե դուր չգան, ոչ մի նշանակություն չունի, ես չեմ ուզում այդ դիմակների հետ կապվել։ Դրանք իրոք հոյակապ են, բայց Նո թատրոնը զրկել դիմակներից և անօգտագործելի պահել տանը, կնշանակի սպանել դրանց համաձայն չե՞ս։

— Դրա համար մի անհանգստանա։

— Ի՞նչ արժեն։ Թանկ են, երևի,— ասաց Սինգոն։

— Հա՛, որպեսզի չմոռանամ, Միձուտայի կնոջը խնդրեցի գինը գրել։ Ահա այստեղ, թղթերի մեջ է։ Դիմակները մոտավորապես հենց այսքան էլ արժեն, բայց նա, ըստ երևույթին, պակասով կզիջի։

Սինգոն դրեց ակնոցը, քուղը, որից կապված էր թուղթը, ձեռքն առավ, և այն պահին, երբ բոլոր առարկաները նրա աչքին հստակ ուրվագծեր ստացան, քիչ մնաջ հիացմունքից հեծկլտար, այնքան սքանչելի էին դիմագծերը, հատկապես Ձիդոյի շրթունքները։

Սուձոլմոտոյի դուրս գնալուց հետո Հիդեկոն մոտեցավ Սինգոյի սեղանին։

— Գեղեցիկ են, չէ՞։

Հիդեկոն լուռ գլխով արեց։

— Չե՞ս ուզում հագնել։

— Ինչ եք ասում, տարօրինակ տեսք կունենամ։ Ուրիշ բան, եթե կիմոնոյով լինեի,— հրաժարվեց Հիդեկոն, բայց Սինգոն դիմակն արդեն մոտեցրել էր նրան, և աղջիկը հագավ, քուղերը կապեց ծոծրակին։

— Այժմ, եթե կարելի է, գլուխդ դանդաղ շրջիր։

Հիդեկոն տեղում կանգնած սկսեց գլուխը մեկ աջ, մեկ ձախ դարձնել։

— Հոյակա՜պ է, սքանչելի՜ է,— իր համար անսպասելի գոչեց Սինգոն։ Այդ շարժումները բավական էին, որպեսզի դիմակները կենդանանային։

Հիդեկոն բալագույն զգեստ էր հագել, դիմակի երկու կողմից դուրս էին թափվել ճոխ մազերը. նա այդպես անչափ հրապուրիչ էր։

— Բավակա՞ն է, թե՝ էլի։

— Հերիք է։

Սինգոն Հիդեկոյին ուղարկեց Նո դիմակների մասին տեղեկագիրք գնելու։

3

Երկու դիմակի վրա էլ՝ թե՛ Կացուսիկիի և թե՛ Ձիգոյի, վարպետների անունները կային։ Սինգոն տեղեկագրքով ստուգելիս պարզեց, որ նրանք, ճիշտ է, Մուրոմատիի դարին պատկանող հին վարպետներ չէին, բայց, այնուամենայնիվ, ավելի ուշ շրջանի բավական հայտնի նկարիչներից էին։

— Ո՛ւյ, ինչ տհաճ տեսք ունեն։ Ովքե՞ր են սրանք։— Յասուկոն ակնոցը դրեց քթին, սկսեց դիմակները զննել։

Կիկուկոն կամացուկ ծիծաղեց․

— Մայրիկ, հայրիկի ակնոցը դիտավորյա՞լ եք դրել։

— Նշանակություն չունի։ Ծերունական ակնոցը բոլորի աչքին էլ հարմար է գալիս,— կնոջ փոխարեն պատասխանեց Սինգոն։

— Հա, ումից էլ վերցնում եմ միշա լավ հարմարվում է աչքիս,— հաստատեց Յասուկոն։

Նա դրել էր այն ակնոցը, որ ամուսինը գրպանից հանել տվել էր պահելու։

— Տղամարդիկ սովորաբար ավելի ժիր են լինում։ Իսկ մեր տանն այդ առավել ևս նկատելի է, չէ՞ որ տատիկը տարիքով մեծ է ինձանից։

Սինգոն իրեն հոգեպես լավ էր զգում։ Առանց վերնազգեստը փոխելու նստեց կրակարանի մոտ, սկսեց ոտքերը տաքացնել։

— Ծերացած աչքերի վատն այն է, որ քեզ մատուցած կերակուրը պարզ չես տեսնում։ Մանավանդ եթե մանրահատիկ բան են տալիս, ոչ մի կերպ չես տարբերում, թե ինչ է։ Երբ իմ տեսողությունը սկսեց թուլանալ, ամանի միջի բրինձը աչքիս վերածվեց միաձույլ զանգվածի, հատիկներն այլևս իրարից չէի ջոկում։ Դրանից բրինձը դադարեց առաջվա պես համեղ թվալ,— Նո դիմակները դիտելով խոսում էր Սինգոն։

Վերջապես նկատեց՝ Կիկուկոն նրա տնային կիմոնոն ձեռքին պահած սպասում է, որ հագուստը փոխի։ Նկատեց նաև, որ Սյուիտին դեռ տուն չի եկել։

Աչքը չկտրելով կրակարանի մոտ դրված դիմակից, վեր կացավ փոխեց շորերը։

Այդպես ակնապիշ նայելու պատճառը նաև այն էր, որ վախենում էր շրջվել ու հանդիպել Կիկուկոյի հայացքին։

Հարսը հավաքեց նրա հագուստը, փորձ անգամ չանելով մոտ գնալ, դիմակները տեսնել։ Երևի տրամադրությունն ընկել է, որ Սյուիտին դարձյալ ժամանակին տուն չի վերադարձել, վշտացած մտածեց Սինգոն։

— Ինչ անախորժ են, կարծես մարդկային դեմքեր լինեն,— ասաց Յասուկոն։

Սինգոն ետ եկավ մանղալի կրակի մոտ։

— Քո կարծիքով ո՞րն է ավելի լավ։

— Ոնց որ թե․․․ սա,— առանց մտածելու ձեռքը Կացուսիկիին դիպցրեց Յասուկոն։— Ասես կենդանի մարդ լինի։

— Հը՛մ։ Համոզվա՞ծ ես, որ դա։

Սինգոն կնոջ կողմնորոշումը համարում էր խիստ հապճեպ։

— Դրանք պատկանում են միևնույն ժամանակաշրջանին, թեև վարպետները տարբեր են։ Դա Տոյոտոմի Հիդեյոսիի դարն է։— Այսպես ասելիս, Սինգոն բռնեց Ձիդոյի դիմակն ամենավերին ծայրից։

Կացուսիկին տղամարդու դիմակ էր, հոնքերն էլ էին տղամարդկային, իսկ Ձիդոն, հավանաբար, անսեռ էր, աչքերն իրարից հեռու֊հեռու, աղեղնաձև բարակ հոնքերը գրեթե աղջկական։

Սինգոն կռացավ դիմակի վրա։ Ողորկ, ասես աղջկական մաշկ։ Նրան թվում էր, թե դա իսկապես մաշկ է, որը նրա ծերունական աչքին հանկարծ փափկություն ու մարդկային մարմնի ջերմություն ստացավ և... դիմակը Ժպտաց, ինչպես կենդանի արարած։

— Օհո՜,— Սինգոն գրեթե շնչասպառ եղավ։ Նա ավելի կռացավ դիմակի վրա։ Ժպտում էր իսկական, կենդանի կինը։ Ուրախ, հմայիչ ժպիտով։

Աչքերն ու բերանն իրոք կենդանի էին։ Դատարկ ակնախոռոչներում երևում էին նույնիսկ սև բիբերը։ Վառ կարմիր շուրթերը թվում էին ենթարկվող, խոնավ։ Սինգոն շունչը պահելով հպվեց նրա քթին․ ներքևից վեր լողացին կապտասև բիբերը, վարի շուրթը ձգվեց դեպի Սինգոն։ Նա քիչ մնաց համբուրեր դիմակը։ Հետո խոր շնչեց ու ետ քաշվեց դիմակից։

Ետ քաշվեց, և պատահածը նրան թվաց անճշմարտանման։ Շնչում էր ընդհատումներով։

Նա խոժոռվեց և Ձիդոյի դիմակը թաքցրեց պատյանում։ Պատյանը կարմիր փայտից էր։ Կացուսիկիի պատյանը մեկնեց կնոջը.

― Դիմակը մեջը դիր։

Վառ կարմիր ներկը,— հնում շրթներկը այդ գույնի էր,— ոչ միայն ցայտուն էր դարձնում շուրթերը, այլև ասես ներս էր թափանցել տալիս, և Սինգոյին թվում էր, թե Ձիդոյի վարի շուրթը տեսնում է ամբողջությամբ, նույնիսկ ամենաթաքնված մասերով։ Դիմակի բերանը փոքր֊ինչ բացված էր, դրանից շուրթերը նմանվում էին ձյան վրա ընկած կարմիր ծաղկի։

Նո դիմակի մեջ ինչ֊որ ձգող բան կա, մարդու հարկադրում է նորից ու նորից նայել, մինչև իսկ հպվեք նրան։ Հավանաբար պատրաստող վարպետը չի էլ ենթադրել, որ դիմակն այդպիսի ուժեղ տպավորություն կգործի։ Նո թատրոնի բեմում, որոշ հեռավորությունից, դիմակները միշտ կենդանի են երևում, և դա բնական է։ Բայց հիմա էլ, մոտիկից դիմակը կարծես կենդանի լիներ։ Սինգոյին թվում էր՝ դա դիմակը սիրող վարպետի գաղտնիքն էր։

Այդ բոլորը նրանից էր, որ ինքը՝ Սինգոն, նույնպես դիմակի հանդեպ հատուկ տենչանք էր տածում։ Դյութում էր նա իրեն ավելի ուժեղ, քան որևէ իրական, կենդանի կին։ «Մեղավորը երևի իմ ծերացած, հիվանդոտ աչքերն են»,— մտածեց նա ժպտալով։

Բայց չէ՞ որ երազում գրկախառնվել էր մի աղջկա հետ։ Հիդեկոն էլ, երբ հագավ դիմակը, իրեն զարմանալի առինքնող թվաց. հենց այժմ քիչ էր մնում համբուրեր Ձիդոյին։ «Ինչ կպատահի ընտանիքին, եթե իր կասկածելի արարքների շղթան գնալով մեծանա»,— մտորում էր Սինգոն։

Այն օրվանից, ինչ աչքերը սկսեցին տառապել ծերունական հեռատեսությամբ, նա երիտասարդ կանանց չէր մոտենում։ Արդյոք այն պատճառո՞վ, որ ծերունու աչքերը ամեն ինչ տեսնում են ավելի մեղմացած ու աղոտ ուրվագծերով։

— Այս դիմակները Միձուտայինն են։ Հիշո՞ւմ ես, մահացավ տաք ջրերի հյուրանոցում, իսկ հետո մենք նրա ընտանիքից նվեր ստացանք կանաչ թեյ,— ասաց Սինգոն Յասուկոյին։

— Ինչ անդուր բաներ են,— կրկնեց Յասուկոն։

Սինգոն թեյի մեջ վիսկի լցրեց ու սկսեց խմել։

Կիկուկոն խոհանոցում սոխ էր կտրտում, որպեսզի սոյայի թթվաշոռով Ու բանջարեղենով պերկես տապակի։

4

Նոր տարուց մի քանի օր առաջ, ամսի քսանիննին, լվացվելու ժամանակ Սինգոն ականատես եղավ, թե Տերուն ինչպես է իր թուլաներին արևերես դուրս բերում։ Շունն առաջ էլ էր ձագերին հատակի տակից դուրս քարշ տալիս, բայց Սինգոն ստույգ չգիտեր դրանք քանիսն էին՝ չո՞րսը, թե՞ հինգը։ Ձագը հատակի տակից երևում էր թե չէ, Կիկուկոն իսկույն ճարպկորեն բռնում էր նրան ու տուն տանում։ Բավական էր լակոտին սեղմեր իրեն, անմիջապես դադարում էր վնգստալ, իսկ մյուսները մարդ տեսնելով՝ կրկին խցկվում էին հատակի տակ, այնպես որ բոլոր ձագերը միասին դեռ ոչ մի անգամ այգի դուրս չէին եկել, դրա համար էլ Կիկուկոն մերթ հավատացնում էր, որ դրանք չորսն են, մերթ հինգը։

Այժմ արևի տակ տաքանում էին իրոք հինգ ձագ։

Դա լեռնալանջի այն տեղում էր, որտեղ Սինգոն մի անգամ տեսել էր ճնճղուկներին ու դրախտապաններին և կանգնած դիտել դրանց։ Ռումբից պաշտպանվելու համար ապասաարաններ փորելիս հողը բերել լցրել էին այդտեղ և պատերազմի ժամանակ կուտակված այդ հողաթմբի վրա նույնիսկ բանջարեղեն էին աճեցնում։ Իսկ այժմ արևի տակ պառկել տաքանում էին շան թուլաները։

Պամպասի խոտերը, որոնց հասկերը ճնճղուկներն ու դրախտապանները լրիվ կտցահարել էին, չոր ցողուններով ցցվել էին լեռնալանջին, միայն հողաթմբի վրա եղածներն էին մնացել առաջվա պես հյութալի։ Հողաթումբը պատած էր փափուկ կանաչով, Սինգոն զարմացավ, որ Տերուի խելքը կտրել է ձագերի համար ընտրել հենց այդ տեղը։

Արդեն դեկտեմբերի քսանինն էր, սակայն Կամակուրայի արևն այնպես էր տաքացնում, ասես դեռ վառ աշուն լիներ։

Նախքան մարդկանց վեր կենալը,— իսկ նրանք վերկենալուց հետո զբաղվում են նախաճաշ պատրաստելով,— Տերուն լակոտներին քարշ է տալիս մի լավ տեղ և արևի տակ տաքանալով՝ կերակրում նրանց։ Սկզբում, խանդաղատվելով հովվերգական տեսարանից, այդպես էր մտածում Սինգոն։

Բայց ուշադիր դիտելով, տեսավ, որ այդտեղ ոչ մի հովվերգություն էլ չկար։ Հինգ լակոտն էլ իրար հրմշտելով կռվատում էին պտուկների համար, առջևի թաթերի ամբողջ ուժով սեղմոտում դրանց, դուրս մղելով կաթը, ինչպես պոմպից։ Նա տեսավ, որ լակոտները ձեռք էին բերել մեծ կենսունակություն։ Թերևս նրանից, որ արդեն մեծացել էին և կարողանում էին ինքնուրույն բարձրանալ հողաթմբի վրա։

Տերուն ձագերին ժամանակ առ ժամանակ թափ էր տալիս պտուկներից ու փորը ներս քաշում, որպեսզի նրանք չկարողանան իրենց սուր ճանկիկներով հասնել արյունլվիկ լինելու աստիճան չանկռտած կրծքին։

Վերջապես շունը ոտքի ելավ, վճռաբար թափահարեց պտուկներին կպած լակոտներին և հողաթմբից փախավ։ Սև թուլան, որ մյուսներից պինդ էր կառչել մորը, գլուխկոնծի տալով ցած գլորվեց։

Նա ընկավ գրեթե մի մետր բարձրությունից։ Սինգոն վախեցավ՝ բան չպատահի՞։ Բայց լակոտը, կարծես ոչ մի բան չէր եղել, ոտքի ցատկեց և, հողը հոտոտելով, սկսեց վազել։ Ահա թե ինչ, մտածեց Սինգոն։ Նրան թվաց, թե առաջին անգամն է այդպիսի տեսարան դիտում և միաժամանակ նման բան կարծես արդեն տեսել էր։

— Դե իհարկե, Սոտացուի նկարում,— մրմնջաց նա։— Հը՛մ։ Կեցցես։

Սինգոն մի անգամ տեսել էր Սոտացուի «Լակոտը» նկարի վերատպությունը և սկզբում կարծեցլ, թե այնտեղ պարզապես զարդարանքի համար է խաղալիք շնիկ նկարված, իսկ հիմա ապշել էր, գլխի ընկնելով, որ նկարի լակոտը միանգամայն իրական է, համարյա կենդանի շնիկ։ Բավական է այս սև թուլային մի քիչ ավելի նրբագեղություն ու նազանի շարժումներ հաղորդել, որպեսզի աչքիդ առաջ կանգնի այն նկարը։

Այդ մասին մտածելիս, Սինգոն հիշեց, որ Կացուսիկիի դիմակն էլ զարմանալիորեն կենդանի է և նման ինչ-որ մեկին։

Կացուսիկիի դիմակը պատրաստող վարպետը և նկարիչ Սոտացուն ապրել են միևնույն դարում։

Պարզ ասած, Սոտացուն նկարել է բակապահ շների լակոտներ։

— Եկեք ինձ մոտ, տեսեք, բոլոր ձագերն այստեղ են,— կանչեց նա տնեցիներին։

Չորս լակոտ ոտքերը քարշ տալով ու երերալով իջան հողաթմբից։

Սինգոն զգում էր, որ ոչ սև թուլան, ոչ էլ մյուսները Սոտացուի նկարում պատկերված տեսարանն այլևս չեն կրկնի։

Հայտնություն չէ՞ արդյոք, մտածեց նա, որ լակոտը վերածվել է Սոտացուի նկարի, իսկ Ձիդոյի դիմակը՝ Ժամանակակից կնոջ։ Կամ գուցե հակառակը՝ մեկը հակազդել է մյուսին։

Սինգոն Կացուսիկիի դիմակը կախեց պատից, իսկ Ձիդոյինը թաքուն պահեց պահարանի ամենախոր տեղում։

Յասուկոն ու Կիկուկոն, նրա կանչի վրա, մոտեցան լվացարանին, լակոտներին տեսնելու։

— Այդ ո՞նց է, որ դուք լվացվելու ժամանակ դրանց վրա ուշադրություն չեք դարձրել,— նախատեց Սինգոն։ Կիկուկոն թեթևակի գրկելով սկեսուրի ուսերն ասաց.

— Առավոտները կանանց գլուխը պտտվում է հոգսերից, չէ՞, մայրիկ։

— Իհարկե։ Իսկ որտե՞ղ է Տերուն, երևի փախել է, և ձագերը թափառում են։ Խեղճեր, կարծես մոլորված են կամ լքվաձ,— ասաց Յասուկոն։

— Սարսափելի է, որ հարկադրված ենք դրանց դուրս նետել,— ասաց Սինգոն։

— Երկուսին մենք անպայման կտեղավորենք,— ուրախ ասաց Կիկուկոն։

— Ի՞նչ ես ասում, մի՞թե որևէ մեկն ուզում է վերցնել։

— Այո։ Մեկըւ հենց Տերուի նախկին տերն է։ Ասաց որձ ձագ է ուզում։

— Այ թե ինչ։ Տերուին տանից կտրեց, հիմա որոշել է նրա փոխարեն լակոտին վերցնե՞լ։

— Այդպես է երևում։ Իսկ ինչ վերաբերում է Տերուին, մայրիկ, նա հավանաբար գնացել է բան ուտելու,— Յասուկոյի քիչ առաջվա տված հարցին պատասխանեց Կիկուկոն և դարձավ Սինգոյին,― Տերուն խելոք է, բոլորն ուղղակի զարմացած են նրա հնարամտության վրա։ Նա ճշգրիտ գիտե, թե մեր փողոցի որ տանը երբ են նստում հաց ուտելու, և առանց ուշանալու գնում է այնտեղ։

— Տե՛ս է, հարմարվել ու ճարպկությամբ գլուխ է պահում։

Սինգոն մի քիչ հիասթափվեց։ Ուրեմն երբ ինքը նախաճաշում կամ ընթրում է, ենթադրելով, որ Տերուն իրենց տանն է, նա ուտելու ժամերը ճիշտ գուշակելով՝ թափառում է հարևանների օթախների շուրջ։

— Գնում է, ճիշտն ասած, ոչ թե ուղղակի ուտելու պահին, այլ անմիջապես հետո, թերմացքի վրա,— ավելացրեց Կիկուկոն։— Երբ մեր տանը ձագեր բերեց, ասացի հարևաններին, դրանից հետո նրանք շարունակ հետաքրքրվում էին Տերուով։ Իսկ երեխաները եկան, խնդրեցին ինձ, որ ձագերն իրենց ցույց տամ։ Դուք այդ ժամանակ տանը չէիք, հայրիկ։

— Ա՛յ թե հռչակ է ձեռք բերել։

— Չտեսնված։ Մի կին ինձ հետաքրքիր բան պատմեց։ Եթե Տերուն, ասում է, եկել ձեր տանն է ցնկնել, դա նշան է, որ ձեր ընտանիքում ևս մեկը պետք է ծննդաբերի։ Տերուն որոշել է երիտասարդ տանտիրուհուն այդ ձևով խելք հասկացնել։ Սա մի՞թե ուրախ իրադարձություն չէ,— ասաց Յասուկոն։ Կիկուկոն կարմրելով ձեռքերը նրա ուսից ետ քաշեց։

― Է՛, մայրի՜կ։

— Հարևանուհին այդպես ասաց։

— Կարելի՞ է շանը մարդու հետ համեմատել,— ասաց Սինգոն, բայց նրա խոսքն էլ այնքան պատշաճին չէր։

Կիկուկոն բարձրացրեց խոնարհած գլուխը։

— Տերուի նկատմամբ ամենից շատ հոգատար է Ամամիանի պապը։ Գուցե մի ձագն ինձ կտաք, ասում է։ Իմ կարձիքով նա հուսալի մարդ է։ Հետո այնպես սրտանց էր խոսում, որ նույնիսկ անհարմար զգացի։

— Ահա թե ինչ։ Դե ինչ արած, թող վերցնի,— ասաց Սինգոն։— Լավ, մտնենք ներս։

Ամամիան Տերուի տիրոջ հարևանն էր, բայց աշխատանքից զրկվելուց հետո վաճառեց տունն ու տեղափոխվեց Տոկիո։ Նրա հետ միասին ապրում էին երկու ծերունի՝ մարդ ու կին և օգնում նրան տնային գործերում։ Տոկիոյում Ամամիայի տունը շատ էր փոքր, որպեսզի կարողանար ծերունիներին տանել իր մոտ։ Նրանք մնացին Կամակուրայում և բնակարան վարձեցին։ Ամամիայի տանն ապրող ծերուկին ամբողջ կյանքում բոլորը Ամամիայի պապիկ էին անվանում։

Տերուն Ամամիայի պապի հետ ավելի էր բարեկամ, քան մյուսների։ Նույնիսկ, երբ նրանք սենյակ վարձեցին և ուրիշ տեղ փոխադրվեցին, ծերունին գալիս էր Տերուին տեսնելու։

— Պետք է որքան կարելի է շուտ հայտնել ծերունուն, որ մենք համաձայն ենք ձագերից մեկն իրեն տալ։ Կուրախանա,— ասաց Կիկուկոն ու տնից դուրս եկավ։

Սինգոն նրա ետևից չնայեց։ Սև լակոտին հետևելիս նա հանկարծ նկատեց, որ պատուհանի տակ աճող մեծ էրիժնակը ընկել է։ Ծաղիկները վրայից ցրիվ էին եկել, ցողունը արմատի մոտ կոտրվել էր, բայց դեռ մնացել էր կանաչ։

— Էրիժնակը դիմացկուն բույս է,— ասաց նա։

Բալենին ձմռանը

1

Նոր տարվա գիշերը անձրև եկավ և շարունակեց տեղալ հաջորդ ամբողջ օրը։

Նոր տարի էր, կարելի էր ավելի ուշ վեր կենալ, բայց Սատոկոն՝ Ֆուսակոյի դուստրը, վաղ առավոտից վազվզում էր պատշգամբում, և Սինգոն արթնացավ։

Կիկուկոն արդեն ոտքի վրա էր։

— Սատոկո֊տյան, եկ այստեղ։ Եկ միասին բանջարեղենով բրնձի բլիթներ տապակենք, իսկական տոնական նախաճաշ պատրաստենք մեզ համար։ Սատոկո֊տյան, դու ինձ կօգնես, չէ՞։— Կիկուկոն Սատոկոյին կանչում էր խոհանոց, որպեսզի, հավանաբար, նա չվազվզի Սինգոյի ննջարանին կից պատշգամբում, բայց աղջիկը կարծես չէր լսում, շարունակում էր ոտքհրը թփթփացնել։

— Սատոկո՜, Սատոկո՜,— ձայն տվեց դեռ անկողնում պառկած Ֆուսակոն։ Սատոկոն մորն էլ չպատասխանեց։

Յասուկոն զարթնեց ու Սինգոյին ասաց․

— Անձրևոտ Նոր տարի է։

― Ըհը՛։

— Սատոկոյի վաղ վեր կենալու պատճառով Կիկուկոն ստիպված ինքն էլ է տեղից ելել, իսկ Ֆուսակոն դեռ պառկած է։

Յասուկոն «ստիպված ինքն էլ»֊ը երկարաձգելով արտասանեց և լեզուն փաթ ընկավ։ Սինգոյին դա տարօրինակ թվաց։

― Երեխաներն ինձ արդեն վաղուց չեն արթնացրել տարեմուտի առավոտյան,— ասաց կինը։

— Այսուհետև ամեն օր կարթնացնեն։

— Հազիվ թե։ Աիխարայի տանը ապակեպատ պատշգամբ չկա։ Սատոկոն հիմա վազվզում է մեր պատշգամբում, որովհետև դա նրա համար նորություն է։ Ես կարծում եմ շուտով կվարժվի ու վերջ կտա։

— Չգիտեմ։ Նրա հասակի երեխաները շատ են սիրում պատշգամբում վազվզել։ Տախտակները այնպիսի շվշվոցով են ճռռում։

— Այդ նրանից է, որ ոտքերը դեռ թույլ են,— ականջ, գրեց Յասուկոն Սատոկոյի քայլերի թփթփոցին։— Այս տարի հինգը կլրանա, բայց պահում է իրեն ոնց որ երեք տարեկանը, մեջն ուղղակի սատանա է մտել։ Ասենք ես վաթսուներեք եմ, դու՝ վաթսուներկու, և մեր միջև առանձին տարբերություն չկա։

― Իմիջիայլոց, դու սխալվում ես։ Աոաջին հայացքից ասածս կարող է արտառոց թվալ, բայց բանն այն է, որ ես ծնվել եմ տարեսկզբին, դու տարեվերջին, կնշանակի ես ու դու որոշ ժամանակ տարեկիցներ ենք։ Իմ ծննդյան օրից մինչև քոնը՝ տարեկից ենք։

— Դե հա, իհարկե,— համաձայնեց Յասուկոն։

— Ինչ կարող ես ասել։ Մե՜ծ հայտնագործություն է։ Միաժամանակ կյանքի լիակատար սնանկություն։

— Իրավացի ես։ Սակայն այլևս ոչինչ անել չի կարելի, մենք իրոք տարեկիցներ ենք,— շշնջաց Յասուկոն։

— Սատոկո՜, Սատոկո՜, Սատոկո՜։— նորից կանչեց Ֆուսակոն։

Սատոկոն դադարեց վազել, երևի վերադարձավ մտավ մոր ծոցը։

— Տես ոտքերդ ոնց են սառել,— լսվեց Ֆուսակոյի ձայնը։

Սինգոն աչքերը փակեց։

Առժամանակ անց Յասուկոն դարձյալ խոսեց․

— Թող վազվզի, քանի մենք դեռ չենք վերկացել, թե չէ հենց մեզ տեսնի, կկպչի մորից, էլ պոկ չի գա ու կսկսի աչքի տակով շուրջը նայել։

Նրանք երկուսն էլ ջանում էին միմյանց մեջ սեր արթնացնել թոռան հանդեպ։

Համենայն դեպս, Յասուկոյի մասին կարելի էր ասել, որ նա Սինգոյի մեջ արթնացնում էր այդ սերը։

Կամ գուցե Սինգոն ի՞նքն էր իր մեջ սեր արթնացնում։

Սատոկոյի ոտքերի պատշգամբից եկող թփթփոցը, ինչ խոսք, քնից չկշտացած Սինգոյի համար անախորժ էր և գրգռում էր նրան, թեև ոչ շատ ուժեղ։

Ճիշտը խոստովանած, թոռնիկի հանած աղմուկը նրա մեջ ջերմ զգացում էլ չէր առաջացնում։ Ինչպես երևում է, ինքն իրոք զուրկ է ջերմությունից։

Սինգոն ուշադրություն չէր դարձրել, որ պատշգամբում, որտեղ վազվզում էր Սատոկոն, ծածկափեղկերը դեռ փակ էին ու այնտեղ մութ էր։ Իսկ Յասուկոն անմիջապես նկատեց։ Եվ խղճաց մթան մեջ վազվզող աղջնակին։

2

Ֆուսակոյի ընտանեկան անհաջող կյանքը ծանր հետք էր թողել Սատոկոյի հոգում։ Այդ չէր կարող Սինգոյի մեջ ցավակցանք չառաջացնել, բայց կային և ուրիշ բազմաթիվ հոգսեր, որոնք հանգիստ չէին տալիս նրան։ Ասենք դստեր քայքայված ընտանիքն այլևս ոչ մի բանով հնարավոր չէր փրկել։

ՍիՆգոն ուղղակի չէր իմանում ինչ անել։

Խոսքը քանի դեռ վերաբերում է ամուսնու ընտանիքում ապրող դստեր կյանքին, ծնողները բացահայտորեն զորեղ են, սակայն գործը հենց հասնում է ապահարզանին, ընկնում են մտամոլոր տարակուսանքի մեջ, մտածելով, թե որքան անզոր ու անճարակ է իրենց աղջիկը։

Ֆուսակոն կհեոանա ամուսնուց և երկու երեխայով կվերադառնա ծնողների մոտ։ Բայց այդ ամենևին չի նշանակում, թե ամեն ինչ կկարգավորվի, Ֆուսակոյին դրանով չես կարող մխիթարել։ Ոչ էլ կարող ես բարվոքել նրա կյանքը։

Մի՞թե կնոջ խորտակված կյանքն այլևս անհնար է վերականգնել։

Երբ Ֆուսակոն աշնանը Աիխարայից հեռացավ, նա չվերադարձավ ծնողների տուն, այլ մեկնեց գյուղ, մոր ծննդավայրը։ Այնտեղից ուղարկած հեռագրից Սինգոն և տնեցիները իմացան, որ Ֆուսակոն բաժանվել է ամուսնուց։

Հետո Սյուիտին նրան բերեց ծնողների մոտ։

Մոտ մեկ ամիս միասին ապրելուց հետո, Ֆուսակոն գնաց, ինչպես ինքն ասաց, Աիխարայի հետ վերջնականապես բացատրվելու։

Սինգոն, ճիշտն ասած, դեմ էր, ավելի լավ կլիներ Աիխարայի հետ խոսեր Սյուիտին, բայց Ֆուսակոն չլսեց, ինքը գնաց։

Երբ Յասուկոն առաջարկեց նրան մեկնել առանց երեխաների, Ֆուսակոն հիստերիկ ճչոցով հարձակվեց մոր վրա․

— Երեխաների հարցը դեռ որոշված չէ։ Ինքս էլ չգիտեմ, նրանք ում հետ կապրեն՝ ինձ, թե Աիխարայի։

Նա մեկնեց ու երկար ժամանակ չէր վերադառնում։

Նման գործերը նախ և առաջ վերաբերում են կնոջն ու ամուսնուն։ Սինգոյին և ընտանիքի մյուս անդամներին մնում էր միայն, բացարձակ անտեղյակության մեջ, համբերությամբ սպասել։ Դրանք տագնապալից օրեր էին։

Ֆուսակոյից առաջվա պես ոչ մի չուր չկար։

Ո՞վ իմանա, գուցե որոշել էր մնա՞լ Աիխարայի մոտ։

— Ֆուսակոն ինքն էլ չգիտե ինչ անել,— ասաց Յասուկոն։

— Թերևս հենց այդ բանի համար, որ նա չգիտե ինչ անել, մեղավորը մենք ենք,— պատասխանեց Սինգոն, և երկուսն էլ մռայլվեցին։

Եվ ահա Նոր տարվա նախօրյակին Ֆուսակոն անսպասելի վերադարձավ։

— Վա՛յ, ի՞նչ է պատահել։

Յասուկոն վախեցաձ նայեց Ֆուսակոյին ու երեխաներին։

Ֆուսակոն փորձում էր ծալել հովանոցը, բայց չէր կարողանում, ձեռքերը դողում էին, ըստ երևույթին ճաղերից մի քանիսն էլ կոտրված էին։

Հովանոցը տեսնելով Յասուկոն հարցրեց․

— Ինչ է, փողոցում անձրև է գալի՞ս։

Մոտեցավ Կիկուկոն, Սատոկոյին գրկեց։

Նախքան նրանց գալը, նա սկեսուրին օգնում էր սոյայի սոուսով եփած ձուկն ու բանջարեղենը դարսել պնակների մեջ։

Ֆուսակոն ուղղակի խոհանոցի դռնից էլ ներս մտավ։

Սինգոն ենթադրում էր, որ աղջիկն եկել է մի քիչ փող պարտք վերցնելու։ Ամեն ինչ այլ կերպ դուրս եկավ։

Յասուկոն, ձեռքերը սրբելով, նույնպես անցավ ճաշասենյակ և, առանց նստելու, սևեռուն նայեց Ֆուսակոյին։

— Սա ի՞նչ է նշանակում, Աիխարա֊սանը կնոջը թույլ է տալիս տանից գնալ ուղղակի Նոր տարվա նախօրեի՞ն։

Ֆուսակոն պատասխան չտվեց, լաց եղավ։

— Հանգիստ թող աղջկան։ Չես տեսնո՞ւմ, նրանց միջև տեղի է ունեցել լիակատար պառակտում,— ասաց Սինգոն։

— Ա՛խ, ահա թե ինչ։ Միևնույն է։ Որտե՞ղ է տեսնված կնոջը տանից դուրս անեն Նոր տարվա նախօրեին։

— Ես ինքս եկա,— արցունքների միջից առարկեց Ֆուսակոն։

— Այդ դեպքում ամեն ինչ կարգին է։ Այսպես կորոշենք՝ դու տուն ես եկել, որպեսզի Նոր տարին անցկացնես հարազատներիդ հետ։ Ես քեզ անախորժ բաներ ասացի։ Ներիր ինձ։ Իսկ պատահածը հանգիստ կքննարկենք տոներից հետո։

Յասուկոն գնաց խոհանոց։

Նրա խոսքերը, թեև դրանց մեջ զգացվում էր նաև մայրական սեր, խոցեցին Սինգոյին։

Արդյո՞ք այն պատճառով, որ Յասուկոն մի քիչ ամաչեց ինձանից,— մտաձեց Սինգոն,— անմիջապես խղճաց և՛ Ֆուսակոյին, երբ նա Նոր տարվա նախօրեին ուշ երեկոյան ետնամուտքից մտավ տուն, և՛ Սատոկոյին, երբ սա հաջորդ առավոտյան վազվզում էր մութ պատշգամբում։

Տարեմուտի առավոտյան Ֆուսակոն ամենքից երկար քնեց։

Ամբողջ ընտանիքը բոլորել էր սեղանի շուրջ և, լսելով, թե Ֆուսակոն լվացվելիս ինչպես է ողողում կոկորդը, սպասում էր նրան։ Սակայն Ֆուսակոյի հարդարանքը վերջ չուներ։

Բոլորն անհարմար էին զգում։ Սյուիտին ասաց․

— Առայժմ մի֊մի հատ խմենք,— և Սինգոյի գավաթը սակե լցրեց։— Հայրիկը բոլորովին ճերմակել է։

— Ի՜նչ արած։ Մեր հասակում սպիտակ մազերն ամեն օր ավելանում են։ Չէ, ինչ ամեն օր, սպիտակում են ուղղակի ամեն րոպե, աչքիդ առաջ։

— Հա՛, չէ՜ մի։

— Ճիշտ եմ ասում։ Նայի՛ր,— Սինգոն գլուխը կռացնելով թեքվեց տղայի կողմը։

Սյուիտիի հետ ամուսնու գլուխը զննում էր նաև Յասուկոն։ Կիկուկոն ևս լուրջ տեսքով նայեց Սինգոյի մազերին։

Նա ծնկներին էր նստեցրել Ֆուսակոյի կրտսեր աղջկան։

3

Ֆուսակոյի և երեխաների համար կրակով լի մի մանղալ էլ դրին։ Կիկուկոն տեղափոխվեց նրանց մոտ։

Յասուկոն կողքանց մոտեցավ այն մանղալին, որի առջև, դեմ դիմաց, նստել էին Սինգոն ու Սյուիտին։

Տանը Սյուիտին սովորաբար քիչ էր խմում, բայց անձրևի պատճառով ամանորի առաջին օրը տանը մնալով նա, ըստ երևույթին, խախտեց մշտական չափը և, մեկը մյուսի ետևից լցնելով միայն իր գավաթը,— կարծես հայրը դիմացը չէր նստած,— այնքան խմեց, որ դեմքի արտահայտությունը բոլորովին փոխվեց։

Հիդեկոն մի անգամ պատմել էր Սինգոյին, թե Սյուիտին ինչպես Կինուկոյի տանը խմելիս նրա հետ ապրող կնոջը հարկադրում է երգել, և Կինուկոն լաց է լինում։ Այժմ նայելով հարբած Սյուիտիին, Սինգոն հիշեց Հիդեկոյի ասածը։

— Կիկուկո, Կիկուկո֊սան,— կանչեց Յասուկոն,— այստեղ էլ մի քանի մանդարին դիր։

Կիկուկոն դուրս գնաց, էլի մանդարին բերեց։

— Ինքդ էլ արի այստեղ։ Թե չէ երկուսով նստել լուռ խմում են,— ասաց Յասուկոն։

— Հայրիկը, իսկապես, ոչինչ չի ուտում,— հայացքը Սյուիտիի վրա սահեցնելով ասաց Կիկուկոն։

— Ես ուրիշ բան էի մտածում։ Հայրիկի կյանքի մասին,— չարախնդորեն փնթփնթաց Սյուիտին։

― Իմ Կյանքի՞։ Այդ ի՞նչ էիր մտածում իմ կյանքի մասին,— հարցրեց Սինգոն։

— Կարող է։ ես պարզ չեմ արտահայավում, բայց օրինակի համար ասենք, եթե մարդուն բռնի հարկադրում են մի որոշում ընդունել, և նա ընդունում է, դա կնշանակի հաջողությո՞ւն, թե՞ անհաջողություն,— ասաց Սյուիտին։

— Դժվարանում եմ հասկանալ, ինչը նկատի ունես։— Պատասխանեց Սինգոն։— Եկել է նոր տարվա հունվարը, հիմա մեր սեղանին դարձյալ, ինչպես պատերազմից առաջ, դրված են չորացրած խամսին ու ձկնով ձվածեղ և այնքան համեղ են։ Մի՞թե չի կարելի ասել, որ այս իմաստով հասել ենք լիակատար հաջողության։

— Չորացրած խամսի և ձկնով ձվածե՞ղ։

— Հա, հենց այդպես։ Դու կարծեմ այդ էլ նկատի ունեիր, եթե, ինչպես ինքդ ասացիր, մի քիչ խորհում ես հորդ կյանքի մասին։

— Նույնիսկ եթե մի քի՞չ։

— Ապրեցի մինչև այս Նոր տարին, սեղանիս վրա չորացրած խամսին է, շուրջս՝ զավակներս, ահա քեզ սովորական մարդու կյանք։ Բայց չէ՞ որ այս ժամանակամիջոցում այնքան մարդիկ են մեռել։

— Դու միանգամայն իրավացի ես։

— Սակայն ծնողների հաջողություններն ու անհաջողությունները՝ նրանց զավակների ընտանեկան կյանքի հաջողություններն ու անհաջողություններն են։ Այս հարցում մենք լիակատար անհաջողակ ենք։

— Դու այդպե՞ս ես համարում, հայրիկ։

Յասուկոն կշտամբանքով նայեց նրան.

— Վերջ տվեք, խնդրում եմ։ Նոր տարին նոր է եկել, իսկ դուք արդեն սկսեցիք։ Ֆուսակոն ախր այստեղ է,— ձայնը ցածրացրեց նա և դարձավ Կիկուկոյին,— Ֆուսակոն ո՞ւր է։

— Գնաց հանգստանալու։

— Հապա Սատոկո՞ն։

— Սատոկոն ու Կունիկոն նույնպես։

— Այդպե՜ս, այդպե՜ս, մայրն ու երեխաները... Երեքն էլ միասին քնա՞ծ են,— զարմանքով հարցրեց նա, և դեմքի արաահայտությունը դարձավ միամիտ֊բարեհոգի, ինչպես այդ հաճախ լինում է պառավների հետ։

Դարբասի դռնակը չխկաց։ Կիկուկոն գնաց տեսնելու՝ ո՞վ է։ Եկել էր Հիդեկո Տանիձաքին Նոր տարի շնորհավորելու։

— Այդպե՜ս, այդպե՜ս․․․ Այս անձրևի՞ն։

Սինգոն իրոք ապշել էր, բայց «այդպես, այդպեսը» կրկնեց Յասուկոյի նման։

— Ասում է՝ չի ուզում ներս գալ,— հայտնեց Կիկուկոն։

— Մի՞թե։

Սինգոն վերկացավ, դուրս եկավ նախասենյակ։

Հիդեկոն կանգնած էր վերարկուն ձեռքին։ Հագել էր սև թավշե զգեստ։ Դեմքին շպարի հաստ շերտ կար։ Խոնարհվելով գլուխ տալիս նա ավելի փոքրիկ ու նրբագեղ երևաց։

Շնորհավորանքի խոսքերը արտասանեց որոշ կաշկանդվածությամբ։

— Այսպիսի անձրև է, իսկ դու, այնուամենայնիվ, եկել ես։ Համոզված եմ, որ այսօր մեզ մոտ այլևս ոչ ոք չի գա։ Ճիշտն ասած, ինքս էլ դուրս գնալու ցանկություն չունեմ։ Երևի մրսել ես, արի ներս, մի քիչ տաքացիր։

— Շնորհակալ եմ, հաճույքով։

Սինգոն սկսեց գուշակություններ անել. Հիդեկոն իսկապես խոսելու բան ունի՞, թե պարզապես անձրևի ու ցրտի տակ քայլելուց է այնպիսի տեսք ստացել, ասես ուզում է իր ճակատագրից գանգատվել։

Եվ, այնուհանդերձ, զգում էր, որ այս անձրևին իզուր չի եկել։

Հիդեկոն արդեն պատրաստ էր սենյակ մտնելու։

— Գիտես ինչ, որոշեցի ես էլ դուրս գամ։ Միասին կգնանք, սպասիր ինձ։ Կայցելեմ միայն Իտակուրային։ Ամեն տարի գնում եմ նրան շնորհավորելու։ Մեր ֆիրմայի նախկին դիրեկտորն է։

Առավոտից Սինգոյին տիրապետող տագնապը Հիդեկոյի գալով սաստկացավ, նա շտապեց արագ հագնվել։

Հենց Սինգոն դուրս եկավ նախասենյակ, Սյուիտին սեղանի մոտ պառկեց, բայց երբ հայրը վերադարձավ ու սկսեց հագնվել, կրկին վեր կացավ։

— Տանիձաքին է եկել,— ասաց Սինգոն։

— Ա՜...

Կարծես այդ նրան չէր վերաբերում, Հիդեկոյին տեսնելու փորձ էլ չարեց։

Երբ Սինգոն դուրս էր գալիս, բարձրացրեց գլուխը, հայացրով ուղեկցեց նրան.

— Տես հա՛, մութը չընկած կվերադառնաս։

— Այո, շուտ կգամ։

Տերուն նրա հետ հասավ մինչև դարբասը։

Չգիտես որտեղից հայտնված սև թուլան, ընդօրինակելով մորը, երերալեն վազում էր Սինգոյի աոջևից։ Նրա բրդոտ կողերը թաց էին։

— Այդ ինչ լա՜վն ես։

Հիդեկոն թեքվեց լակոտի կողմը։

― Այդ շունը մեր տանը հինգ ձագ բերեց։ Չորսին արդեն բաժանել ենք, մնացել է այս մեկը,— ասաց Սինգոն։— Ասենք դրան էլ են վերցնելու, պայմանավորվել ենք։

Էլեկտրագնացքը դատարկ էր։

Վագոնի պատուհանից անձրևի շեղ շիթերին նայելիս Սինգոյի տրամադրությունը բարձրացավ։ «Լավ արեցի, որ տանից դուրս եկա»,— մտածում էր նա։

— Ամեն տարի այսօրվա օրը էլեկտրագնացքները լիքն են լինում, մարդիկ գնում են Հատիմանի տաճարը, իսկ այսօր ոչ ոք չկա։

Հիդեկոն գլխով արեց։

— Դու ամեն տարի գալիս ես մեզ շնորհավորելու,― ասաց Սինգոն։

— Այո։

Հիդեկոն ալքերը խոնարհեց։

— Եթե դուք նույնիսկ ֆիրմայից գնաք, ես, միևնույն է, դարձյալ կգամ ձեր Նոր տարին շնորհավորելու։

— Կամուսնանաս, կդադարես գալ,— ասաց Սինգոն։— Որևէ բա՞ն է պատահել։ Ինձ թվում է եկել էիր ինչ֊որ հարցի շուրջ խոսելու։

― Ոչ։

— Մի քաշվիր, ասա։ Թեև գլուխս, անկեղծ խոստովանած, ծանրամիտ է դարձել։ Խելքս քիչ-քիչ կորցնում եմ։

— Ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում,— առարկեց Հիդեկոն։— Բանն այն է, որ․․․ ուզում եմ ֆիրմայից գնալ։

Սինգոյի համար դա անսպասելի չէր և, այնուհանդերձ, շփոթվեց ու չիմացավ ինչ պատասխանել։

— Միայն թե չկարծեք, որ Նոր տարվա հենց առաջին օրը, առավոտ ծեգին, ձեզ մոտ եկա այդ պատճառով,— ասաց Հիդեկոն հասուն կնոջ խելամտությամբ։— Մեկ է, վաղ թե ուշ պետք է ասեի։

— Անշուշտ։

Սինգոն մռայլվեց։

Թվաց, թե Հիդեկոն, որ երեք տարի իր քարտուղարուհին էր եղել, միանգամից փոխվեց, դարձավ ուրիշ կին։ Միանգամայն ուրիշ տեսակ, ոչ իր նման։

Չի կարելի ասել, թե Սինգոն աշխատանքի ժամանակ աչքը հատուկ նրա վրա էր պահում։ Հիդեկոն նրա համար ընդամենը քարտուղարուհի էր։

Բայց և այնպես ցանկություն զգաց պահել Հիդեկոյին։ Թեև ցանկությունը կատարելու մտադրություն չուներ։

— Ուրեմն, որոշել ես ֆիրմայից գնալ և, ինչպես երևում է, մեղավորը ես եմ։ Չէ՞ որ ե՛ս հարկադրեցի քեզ ցույց տալ այն կնոջ տունը։ Թեպետ դու այնպե՜ս չէիր ուզում։ Ու հիմա քեզ համար Սյուիտիի հետ միևնույն ֆիրմայում աշխատելը դարձել է անախորժ, ճի՞շտ է։

— Ինձ համար իրոք անչափ տհաճ էր տունը ցույց տալ,— անկեղծորեն խոստովանեց Հիդեկոն։― Բայց հետո մտածեցի, որ դուք որպես հայր չէիք կարող ինձ չդիմել։ Ձեր խնդրանքը միանգամայն բնական էր։ Բացի այդ, հասկանում էի, որ իմ արածն էլ վատ բան է։ Երբ Սյուիտի֊սանն ինձ հրավիրում էր պարելու, այնքան հաճելի էր, որ պարից հետո մեծ բավականությամբ համաձայնում էի հետը գնալ Կինուկոյենց տուն զվարճանալու։ Ահա թե բարոյապես որքան էի ընկել։

— Ընկե՞լ։ Դա արդեն չափազանց է։

— Ես իսկապես շատ վատ բան էի անում,― Հիդեկոն աչէերը տխուր կկոցեց։— Այժմ գնում եմ ֆիրմայից և ի երախտագիտություն այն ամենի, ինչ դուք արել եք ինձ համար, կխնդրեմ Կինուկոյին, որ Սյուիտիից հեռանա։

Հիդեկոյի խոսքերը Սինգոյին ապշեցրին։ Նա այլայլվեց։

— Դու մեր նախասենյակում նրա կնոջը տեսա՞ր։

— Կիկուկոյի՞ն։ Այո։ Եվ խիստ վատ զգացի։ Որոշեցի ինչ գնով էլ լինի խոսել Կինուկոյի հետ։

Սինգոն ասես զգաց, թե ինչ թեթևացած սրտով է այդ անում Հիդեկոն, և դրանից իր հոգին նույնպես խաղաղվեց։

Իսկ եթե Հիդեկոյի օգնությամբ իրոք ամեն ինչ կարգի ընկնի՞, մի պահ հավատաց Սինգոն։

— Հուսով եմ, դու այդ ուզում ես անել ոչ այն պատճառով, որ ես եմ քեզ խնդրել։

— Ես դա վճռեցի իմ հոժար կամքով, ձեր հանդեպ ուներաձ խոր երախտագիտությունից։

Սինգոն տհաճություն զգաց․ Հիդեկոն իր փոքրիկ, մանկական բերանով չափազանց ճոռոմ բառեր էր արտասանում։

Նույնիսկ ցանկացավ նրան ասել․ «Քո անմիտ միամտությունից ձեռք քաշիր»։

Բայց աղջիկն, ըստ երևույթին, ինքն իր «վճռականությունից» գրգռվել, հուզվել էր։

— Տղամարդկանց չեմ հասկանում․ այդպիսի հիասքանչ կին ունենալ և․․․ Ինձ համար անախորժ է տեսնել, թե նա ինչպես է զվարճանում Կինուկոյի հետ։ Այլ բան, եթե Կինուկոյի փոխարեն լիներ Կիկուկոն, որքան էլ կապված լիներ կնոջը, ես Սյուիտիին երբեք չէի խանդի։

Սինգոն դառը քմծիծաղեց։

— Սակայն մյուս կողմից․․․ Ո՞ր տղամարդուն է պետք այնպիսի կին, որի նկատմամբ իրեն չեն խանդում։

— Կնոջը նա եբեխա է անվանում։ Կիկուկոն դեռ բոլորովին երեխա է, բազմիցս ասել է ինձ։

— Քե՞զ,— Սինգոյի ձայնը խստացավ։

— Այո, և՛ ինձ, և՛ Կինուկո-սանին․․․ Երեխա է, ասում էր, դրա համար էլ պապիկին դուր է գալիս։

— Հիմարություններ է ասել։

Սինգոն նայեց Հիդեկոյին։

Աղջիկը մի քիչ շփոթվեց։

— Բայց վերջին ժամանակներս չէր ասում։ Կնոջ մասին վերջերս առհասարակ չէր խոսում։

Սինգոն զայրույթից դողում էր։

Նա ենթադրում էր, որ Սյուիտին պատմած կլինի նաև, թե որպես կին ինչպիսին է Կիկուկոն։

Որդին մի՞թե իր դեռատի կնոջ մեջ ուզում էր պոռնիկի տեսնել։ Ապշեցուցիչ հիմարություն, բարոյականության լիակատար բացակայություն։

Սյուիտին կնոջ մասին պատմում է Կինուկոյին։ Մինչև իսկ Հիդեկոյին։ Բարոյականության բացակայությունը զրկում է նրան տարրական ողջախոհությունից ու նրբանկատությունից։

Սինգոն զգում էր, որ Սյուիտիի նկատմամբ կարող է դաժան լինել։ Զգում էր, որ կարող է դաժան լինել Կինուկոյի ու Հիդեկոյի հանդեպ։

Մի՞թե Կիկուկոյի անարատությունն ու անմեղությունը Սյուիտիի համար ոչինչ չարժեն։

Սինգոյի աչքի առջև պատկերացավ առինքնող, մանկական-քնքուշ դեմքով Կիկուկոն՝ ընտանիքի փոքրը, որին հոր տանը բոլորը գուրգուրում էին։

Սինգոն ինքը որոշ անսովորություն էր զգում այն բանից, որ հարսի պատճառով ժամանակ առ ժամանակ, հարկ չհամարելով զսպել իրեն, ատում էր տղային։

Գուցե նա որդու Կիկուկոյի նկատմամբ ունեցած վերաբերմունքից այդպես վրդովվում էր նրա համար, որ սեփական էության նվիրական խորքում դեռ ապրում էր արտասովորը,— սիրահարված լինելով Յասուկոյի ավագ քրոջը, նրա մահից հետո ամուսնացավ հենց այդ՝ իրենից մեկ տարով մեծ Յասուկոյի հետ։

Կիկուկոն խարխափում է խանդի մութ գաղտնարաններում այն պատճառով, որ Սյուիտին նրա հետ դեռ նոր ամուսնացած, ուրիշ կին ճարեց, և ամուսնու այդ անհոգի, այդ դաժան վարմունքի երեսից կամ, ավելի ճիշտ, շնորհիվ նրա ունեցած այդ հատկությունների, Կիկուկոյի մեջ երևի արթնացավ կինը։

Սինգոն մտածեց, որ Հիդեկոն ավելի քիչ է կին, քան Կիկուկոն։

Նա լռեց, հավանաբար, փորձելով զայրույթը խեղղել թախիծի մեջ։

Հիդեկոն հանեց ձեռնոցները, սկսեց մազերը կարգի բերել։

4

Չնայած հունվարի կեսն էր, Ատամիի հյուրանոցի այգում ծաղկել էր բալենին։ Այդպիսի բալենուն անվանում են ձմեռային՝ տարեվերջին արդեն սկսում է ծածկվել ծաղիկներով։ Սինգոյին, չգիտես ինչու, թվում էր, թե ընկել է մի ուրիշ գարնանային աշխարհ։

Վարդագույն սալորենու ծաղիկները նա դեղձի ծաղիկներ կարծեց, իսկ սալորենու սպիտակ ծաղիկները նմանեցրեց ծիրանի ծաղիկներին։

Հրապուրվելով լճակում անդրադարձած բալենիների տեսքով, Սինգոն, իր համարը մտնելուց առաջ, ընդհուպ մոտեցավ ջրին, բարձրացավ լճակի վրայով գցած կամրջակն ու սկսեց ըմբոշխնել ծաղիկների գեղեցկությունը։

Ապա անցավ դիմացի ափը, դիտելու հովանոցի պես բացված վարդագույն սալորենին։

Սալորենու տակից դուրս ցատկեցին մի քանի ճերմակ բադեր։ Դրանց թե դեղին կտուցներին, թե դեղին ու թաց թաթիկների վրա Սինգոն ասես գարնան շունչ զգաց։

Ֆիրման վաղն այստեղ ընդունելություն էր կազմակերպելու։ Սինգոն եկել էր, որպեսզի նախապես պայմանավորվի հյուրանոցի տիրոջ հետ, ուրիշ առանձին անելիք չուներ։

Նստեց պատշգամբի բազկաթոռին ու սկսեց հիացքով նայել ծաղկած այգուն։

Ծաղկել էր նաև ճերմակ լեռնավարդը։

Շուտով Ձիկոկուի լեռնանցքից սողալով կուտակվեցին ամպրոպաբեր ծանր ամպերը, և Սինգոն մտավ սենյակ։

Սեղանին երկու ժամացույց էր՝ դրել գրպանի ու թևի։ Թևինը երկու րոպե առաջ էր ընկնում։

Հազվագյուտ էր պատահում, որ երկու ժամացույցն էլ աշխատեն առանց վայրկյանների տարբերության։ Երբեմն այդ ջղայնացնում էր Սինգոյին։

— Եթե դրանից նյարդայնանում ես, հետդ վերցրու ժամացույցներից միայն մեկը,— խորհուրդ տվեց Յասուկոն։ Բայց դե արդեն տարիների սովորույթ էր դարձել երկուսն էլ վերցնել։

Ընթրիքից առաջ անձրև եկավ ու փոթորիկ սկսվեց։

Էլեկտրականությունն անջատեցին։ Սինգոն վաղ պառկեց քնելու։

Այգուց շան հաչոց լսելով արթնացավ։ Քամու ոռնոցը ալեկոծվող ծովի շառաչ էր հիշեցնում։

Ճակատը քրտնեց։ Սենյակում հեղձուցիչ, ծանր օդ էր կանգնած, շոգ էր ու տոթ, ինչպես լինում է ծովափին, գարնանային փոթորկի ժամանակ։

Սինգոն դժվարությամբ էր շնչում։ Նա վախեցավ, որ կոկորդից արյուն կգա։ Վաթսուն տարեկանում մի անգամ արդեն եկել էր, թեև այնուհետև այլևս չէր կրկնվել։

— Սա թոքերից չէ, իմ սիրտը խառնում է ստամոքսիս պատճառով,— մրմնջաց նա։

Ականջներում ինչ֊որ նողկալի բան էր դեմ ընկել, մնացել, հետո թռավ դեպի քունքերը և ի վերջո հասավ ճակատին։ Սինգոն սկսեց ծոծրակն ու քունքերը շփել։

Ծովի մռնչյունը, դա հեռավոր լեռներում մոլեգնող փոթորկի ոոնոցն էր, որ ասես բզկտելով նրան, սաստկանում էր, մոտենում անձրևին խառնված քամու ծակող սուլոցով։

Քամու վայունի միջից լսվում էր ևս մի ձայն՝ հեռավոր ու խլացած։

Դա Թաննի թունելով անցնող գնացքի դղրդյունն է, ենթադրեց Սինգոն։ Նա չէր սխալվում, շոգեքարշը, դուրս պրծնելով թունելից, սուլեց։

Այդ սուլոցը լսելիս, Սինգոն հանկարծ երկյուղ զգաց և վերջնականապես արթնացավ։

Սուլոցը անչափ երկար տևեց։ Թունելի յոթ հազար ութ հարյուր մետր տարածությունն անցնելու համար գնացքին հարկավոր էր յոթից-ութ րոպե, հետևաբար Սինգոն սուլոցը լսեց, երբ գնացքը թունել էր մտնում այն կողմից։ Բայց ինքը կարո՞ղ էր արդյոք Ատամիի մոտ գտնվող թունելի մուտքից մի կիլոմետր հեռավորության վրա, հյուրանոցում, լսել սուլոցի ձայնն այն պահից, երբ գնացքը թունել էր մտնում հակառակ ծայրի մուտքով։

Համենայն դեպս, այդ ձայնը Սինգոյի երևակայության մեջ թունելով ընթացող գնացքի զարմանալի վառ պատկեր էր առաջացնում։ Նա ամբողջ ժամանակ, քանի դեռ գնացքը սլանում էր թունելով, պարզ տեսնում էր այն։ Երբ թունելից դուրս եկավ, թեթևացած շունչ քաշեց։

Սինգոյին այդ բոլորը տարօրինակ էր թվում։ Որոշեց առավոտյան հյուրանոցի ծառայողներին հարցնել կամ, գուցեև ուղղակի զանգահարելով, տեղեկանալ երկաթգծի կայարանից։

Երկար ժամանակ չէր քնում։

— Սինգո֊սա՛ն, Սինգո֊սա՛ն,— լսեց դեռևս քնի մեջ և ոչ մի կերպ չկարողացավ պարզել իրողությո՞ւն էր, թե՞ երազ։

Այդպես անվանում էր նրան միայն Յասուկոյի հանգուցյալ քույրը։

Սինգոն կիսաքուն վիճակում հաճույքով ձգվեց անկողնու մեջ։

— Սինգո-սա՜ն, Սինգո-սա՜ն, Սինգո֊սա՜ն։

Ձայնը գալիս էր այգուն նայող պատուհանի տակից։

Սինգոն վերջնականապես արթնացավ։

Պատուհանի տակ խոխոջում էր գետակը։ Լսվում էին մանկական աղաղակներ։

Սինգոն վեր կացավ, ծածկափեղկերը բացեց։

Պարզկա առավոտ էր։ Ձմեռային արևն ասես գարնանային անձրևով լվացվաձ, տաք ճառագայթներ էր սփռել։

Գետակի երկարությամբ ոլորվող ճանապարհով դպրոց էին գնում մի յոթ֊ութ երեխա։

Սինգոյին թվաց, թե կանչում են իրեն, այնինչ, երևի, աղմկում էին այդ երեխաները։

Բայց և այնպես չհամբերեց, պատուհանից կիսով չափ կախվեց դուրս, ուշադրությամբ զննեց գետափին աճած կարճլիկ բամբուկի թփուտները։

Առավոտվա ջուր

1

Նոր տարվա առաջին օրը, երբ Uյուիտին ասաց. հայրիկը բոլորովին սպիտակել է, Սինգոն պատասխանեց․ ի՜նչ արած, մեր հասակում ճերմակ մազերն ամեն օր ավելանում են։ Չէ, ինչ ամեն օր, սպիտակում են ուղղակի աչքի առաջ, ամեն րոպե։ Նա այդպես պատասխանեց, որովհետև հիշեց Կիտամոտոյին։

Սինգոյի համալսարանական դասընկերներն այժմ վաթսունից անց են, նրանցից շատերին պատերազմի ժամանակ և պարտությունից հետո դառը ճակատագիր վիճակվեց։ Ահավոր է, երբ հիսուն տարեկանում, գտնվելով բարձունքի վրա, զահավիժում ես ցած։ Կընկնես, իսկ նորից ոտքի կանգնել դժվար կլինի։ Հիսունը դա այն հասակն է, երբ արդեն որդիներ ունես, որոնք կարող են զոհվել ռազմաճակատում։

Կիտամոտոն նույնպես երեք տղա կորցրեց։ Իսկ երբ այն ֆիրման, որտեղ նա աշխատում էր, սկսեց ռազմական պատվերներ կատարել, պարզվեց, որ Կիտամոտոյի մասնագիտությունն այլևս ոչ ոքի պետք չէ։

— Հավանաբար նա խելքը թռցրել էր, քանի որ նստում էր հայելու առջև, գլխի սպիտակած մազերը պոկոտում։

Այդ մասին պատմեց Սինգոյի հին ընկերներից մեկը, որը մի անդամ եկել էր Սինգոյի մոտ, ֆիրմա։

― Նա այլևս հարկադրված չէր գործի գնալ, դարձել էր միանգամայն ազատ մարդ և դրանից մի քիչ ցնդել էր։ Սկսել էր սպիտակած մազերը պոկել։ Սկզբում ընտանիքի անդամները դրա վրա ուշադրություն չէին դարձնում, իբր դատարկ բան է, անհանգստանալու կարիք չկա։ Բայք Կիտամոտոն ամեն օր նստում էր հայելու առջև։ Այնտեղ, որտեղ դեռ երեկ էր պոկել մազերը, հաջորդ օրը դարձյալ սպիտակներն էին դուրս գալիս։ Երևում է, նրա ճերմակած մազերն այնքան էին շատացել, որ բոլորը պոկել հնարավոր չէր։ Կիտամոտոն օրն֊օրի վրա ավելի ու ավելի երկար էր նստում հայելու առջև։ Եթե որևէ մեկը փնտրեր նրան, միշտ կարող էր գտնել հայելու առջև մազերը պոկոտելիս։ Հայելուց հենց մի քիչ հեռանում էր, իսկույն էլի ետ էր դառնում։ Եվ սպիտակած մազերը պոկոտում էր ու պոկոտում։

— Այդպես կարող էր առհասարակ անմազ մնալ,― ծիծաղեց Սինգոն։

— Դրա մեջ ծիծաղելի բան չկա։ Վերջիվերջո նրա գլխին իսկապես մազ չմնաց։

Սինգոն հռհռաց։

— Քեզ ինչ-որ պատմում եմ, զուտ ճշմարտություն է։― Սինգոն ու ընկերը ակամա նայեցին միմյանց գլխի։— Կիտամոտոն որքան շատ էր պոկում սպիտակ մազերը, այնքան ավելի արագ էր գլուխն սպիտակում։ Չէր հասցնում մի սպիտակած մազը պոկել, կողքին հայտնվում էին մի քանի ուրիշը, մինչ այդ միանգամայն սևերը։ Եվ պոկելով սպիտակ մազերը, նա հայելում տեսնում էր ինչպես է գլուխն ավելի ու ավելի ճերմակում։ Աննկարագրելի տեսարան։ Ավելացնենք, որ մազերն էլ նկատելիորեն նոսրանում էին։

Սինգոն, ծիծաղը զսպելով, հարցրեց․

— Եվ կինը ոչինչ չէր ասո՞ւմ, թողնում էր, որ նա մազերը պոկի՞։

Ընկերը անվրդով շարունակեց.

— Հետզհետե գլխին համարյա մազ չմնաց։ Եղածներն էլ սպիտակ էին։

— Երևի ցավո՞ւմ էր, չէ՞։

— Երբ պոկո՞ւմ էր։ Նա անչափ վախենում էր, որ հանկարծ սև մազ կպոկի, դրա համար էլ պոկում էր խնամքով, յուրաքանչյուր մազն առանձին և, հավանաբար, ցավ չէր զգում։ Սակայն մազերը շարունակ դուրս քաշելուց գլխի մաշկը ի վերջո բորբոքվեց, թեթևակի հպումն անգամ ցավ էր պատճառում նրան։ Այդ ինձ մի բժիշկ ասաց։ Ճիշտ է, արյուն չէր գալիս, բայց ամբողջ գլուխը կարմրած էր, ասես վրան եռման ջուր էին լցրել։ Ստիպված հոգեբուժական հիվանդանոց տարան։ Գլխին մնացած վերջին մազերը Կիտամոտոն պոկում էր արդեն հիվանդանոցում։ Սահմռկելի պատմություն է։ Ցնցող անհեթեթություն։ Սարսափ՝ ծերության հանդեպ։ Երիտասարդությունը վերադարձնելու բաղձանք։ Տեսնես նա մազերը պոկում էր ցնդած լինելու պատճառո՞վ, թե խախտվեց այն բանից, որ չափից դուրս շատ տարվեց սպիտակած մազեր պոկելով։ Ի՞նչ իմանաս։

― Դրա փոխարեն, երևի, ջահելացավ։

— Իրոք ջահելացել էր։ Պատկերացրու, հրաշք տեղի ունեցավ։ Որոշ ժամանակ անց նրա լերկ գլուխը ծածկվեց սև ու խիտ մազերով։

— Զարմանալի պատմություն է,— ծիծաղեց Սինգոն։

Ընկերը չծիծաղեց․

— Դա իսկական ճշմարտություն է, հավատա ինձ։

— Խելագարների համար տարիք գոյություն չունի։ Մենք ևս, եթե ցնորվենք, կվերածվենք պատանիների։

Ընկերը նորից նայեց Սինգոյի գլխին.

― Չէ, այդ հարցում ես անհույս եմ, իսկ դու դեռ կարող ես հուսալ։

Ընկերը գրեթե ճաղատ էր։

— Գուցե ե՞ս էլ սկսեմ պոկել,— մրթմրթաց Սինգոն։

— Փորձիր։ Բայց դու մինչև վերջին մազը պոկելու համբերություն չես ունենա։

— Իրավացի ես, չեմ ունենա։ Ասենք սպիտակած մազերս ինձ չեն էլ մտահոգում։ Հազիվ թե ուզենամ ցնորվելու գնով սևահեր դառնալ։

— Որովհետև քո վիճակը կայուն է։ Դու հանգիստ լողում ես մարդկային վշտերի ու տառապանքների միջով։

— Տափակ դատողություն է։ Նույնն է, թե Կիտամոտոյին խորհուրդ տային սպիտակ մազերը պոկելու փոխարեն սև ներկել, այդպես, իբր, ավելի պարզ է ու հեշտ,— ասաց Սինգոն։

— Ներկելը խաբեություն է։ Եթե մենք խաբեության դիմենք, մեզ հետ չի կատարվի այնպիսի հրաշք, ինչպիսին տեղի ունեցավ Կիտամոտոյի հետ։

— Բայց չէ՞ որ Կիտամոտոն մեռավ։ Չնայած տեղի էր ունեցել քո պատմած հրաշքը՝ մազերը վերստին սևացել էին, ու նա երիտասարդացել էր․․․

— Դու թաղմանը գնացե՞լ էիր,— հարցրեց ընկերը։

— Չգիտեի որ մահացել է։ Իմացա պատերազմից հետո, երբ ամեն ինչ դարձյալ ընկավ իր սովորական հունի մեջ։ Թեև եթե իմանայի էլ, հազիվ թե գնայի Տոկիո, ախր այն ժամանակ օդային հարձակումների ամենասարսափ ելի շրջանն էր։

— Հակաբնական երևույթ էր դա և երկար շարունակվել չէր կարող։ Սպիտակ մազերը պոկելիս Կիտամոտոն անտարակույս փորձում էր դեմ գնալ ժամանակի ընթացքին, ընդդեմ՝ ուժերի սպառումին, բայց մարդու համար սահմանված ժամկետը միանգամայն այլ բան է։ Մազերը կրկին սև դարձնելով հնարավոր չէ կյանքը երկարաձգել։ Գուցե նույնիսկ ընդհակառակը։ Գուցե սպիտակ մազերից հետո սևի երևալը հենց նշան է այն բանի, որ հոգեկան ուժերը գնում են դեպի հատնում, և կյանքի տևողությունը կրճատվում է։ Ո՛չ, Կիտամոտոյի մահաբեր արարքը մեզ համար չէ,— եզրակացրեց ընկերը, գլուխն օրորելով։

Նրա մի կողքի վրա սանրած ցանցառ մազիկները ցնցվելուց ընկնում էին ճաղատ կատարին, հիշեցնելով բամբուկե վարագույրի ճիպոտներ։

— Մերոնցից ում էլ հանդիպում ես, բոլորն արդեն ճերմակած մազերով են։ Պատերազմի Ժամանակ ես դեռ նոր-նոր սպիտակում էի, իսկ պատերազմից հետո դարձա ձյունի պես ճեփ֊ճերմակ,— ասաց Սինգոն։

Նա ընկերոջ բոլոր ասածներին չէ, որ հավատում էր։ Կիտամոտոյի մասին պատմածը բամբասանքի տեղ դրեց, այն էլ ոչ այնքան ճշմարտանման։

Բայց, որ Կիտամոտոն մահացել էր, գա ճիշտ էր։ Լսել էր նաև ուրիշներից։

Ընկերոջ գնալուց հետո մենակ մնալով ու վերհիշելով նրա պատմածները, Սինգոն տարօրինակ զգացում ապրեց։ Եթե ճիշտ է, որ Կիտամոտոն մահացել է, ուրեմն, գուցեև ճիշտ է, որ մահվանից առաջ նրա գլխին սպիտակի փոխարեն սև մազեր են դուրս եկել։ Եթե ճիշտ է, որ սև մազեր են դուրս եկել, կարող է և ճիշտ է, որ նա մինչ այդ ցնորվել էր։ Եթե իրոք ցնորվել էր, ուրեմն, հնարավոր բան է, որ նա գլխից պոկած լիներ սպիտակած բոլոր մազերը։ Եթե ճիշտ է, որ նա գլխին ոչ մի մազ չի թողել, թերևս, ճիշտ է նաև, որ հայելուն նայելու ընթացքում մազերը ճերմակում էին։ Նշանակում է ընկերոջ պատմածը զուտ ճշմարտություն է։ Սինգոն ցնցված էր դրանից։

«Մոռացա հարցնել՝ Կիտամոտոն մեռած Ժամանակ ինչպիսի՞ն էր. մազերը սև՞ էին, թե՞ սպիտակ»։

Այդ ասելիս, Սինգոն ծիծաղեց։ Նա խոսում ու ծիծաղում էր ինքն իրեն։

Բայց եթե ընկերոջ պատմածն իրոք ճշմարտություն էր ու դրա մեջ չափազանցություն չկար, ապա տոնը Կիտամոտոյի նկատմամբ անհարգալից էր, նրան ձեռ առնելու պես մի բան։ Ծերունին մյուս՝ մեռած ծերունու մասին պատմում է երեսպաշտորեն, դաժանությամբ։ Նրա պատմածից Սինգոյի հոգում անախորժ նստվածք մնաց։

Սինգոյի դպրոցական ընկերներից երկուսը՝ Կիտամոտոն և Միձուտան, մահացան արտասովոր մահով։ Միձուտան հանկարծամահ եղավ հանքային տաք ջրերի բուժարանում, այնտեղ մեկնելով երիտասարդ մի կնոջ հետ։ Անցյալ տարվա վերջում Սինգոյին համոզեցին գնել Միձուտայի տանը մնացած Նո դիմակները։ Իսկ ի հիշատակ Կիտամոտոյի, նա իր մոտ՝ ֆիրմայում, աշխատանքի ընդունեց Հիդեկո Տանիձաքիին։

Միձուտան մահացավ պատերազմից հետո, և Սինգոն կարող էր նրա հուղարկավորությանը մասնակցել։ Կիտամոտոյի մահվան լուրն իմացավ,— նա մեռել էր թշնամու հարձակման թեժ օրերին,— բավականաչափ ուշ, այն էլ երբ Կիտամոտոյի դստեր հանձնարարական նամակով ֆիրմա եկավ Հիդեկո Տանիձաքին։ Սինգոն առաջին անգամ նրանից լսեց, որ Կիտամոտոյի ընտանիքը մինչև հիմա ապրում է Գիֆուի պրեֆեկտությունում, ուր տարահանվել էր պատերազմի ժամանակ։

Հիդեկոն ասաց, որ ինքը Կիտամոտոյի աղջկա դասընկերուհին է։ Կիտամոտոյի դստեր խնդրանքը՝ իր դասընկերուհուն աշխատանքի տեղավորելու առթիվ, Սինգոյի համար մեծ անակնկալ էր։ Նա Կիտամոտոյի այդ աղջկան երբեք չէր տեսել։ Հիդեկոն խոստովանեց, որ պատերազմից հետո ինքն էլ ոչ մի անգամ չէր հանդիպել նրան։ Ուստի Սինգոն մտածեց, որ նրանք երկուսն էլ ծայր աստիճան թեթևամիտ են։ Եթե Կիտամոտոյի դուստրը խորհրդակցել էր մոր հետ, և նա հիշել էր Սինգոյին, ապա նամակը կարող էր հենց ինքը՝ մայրը գրել, այլ ոչ թե վստահել աղջկան։

Սինգոն այդ պատճառով իրեն պարտավորված չէր համարում հանձնարարականով ուղարկաձ Հիդեկոյին գործի ընդունել։

Եվ, այդուհանդերձ, ընդունեց ու դարձրեց իր քարտուղարուհին։ Հիդեկոն արդեն երեք տարի էր նրա մոտ էր աշխատում։

Երեք տարին թռավ ինչպես մեկ օր։ Բայց որքա՜ն իրադարձություններ էին կապված Հիդեկոյի հետ, հիշում էր հետո Սինգոն։ Երեք տարվա ընթացքում Հիդեկոն Սյուիտիին ընկերակցելով հաճախ և՛ պարելու էր գնում, և՛ լինում էր նրա սիրուհու տանը։ Նա նույնիսկ, երբ Սինգոն որոշեց որդու սիրուհու տունը տեսնել, չզլացավ ճանապարհը ցույց տալ։

Ի վերջո այդ բոլորը Հիդեկոյի համար դարձան անտանելի, նրան երևի զզվեցրեց նաև ֆիրման։

Սինգոն Հիդեկոյի հետ Կիտամոտոյի մասին երբեք չէր խոսում։ Աղջիկը հավանաբար չգիտեր էլ, որ դասընկերուհու հայրը մահացել է հոգեկան խանգարումից։ Ըստ երևույթին, նա և Կիտամոտոյի դուստրն իրար հետ այնքան մտերիմ չէին, որպեսզի միմյանց տուն գնային։

Սինգոն Հիդեկոյին մոտ մարդ էր համարում։ Երբ նա որոշեց ֆիրմայից հեռանալ, նոր հասկացավ, թե որքան բարի, օրինավոր և պարկեշտ աղջիկ է Հիդեկոն։ Նրա բարությունն ու օրինավորությունը ընկալում էր անարատության իմաստով, քանի որ Հիդեկոն ամուսնացած չէր։

2

— Հայրի՞կ։ Այդ ինչ վաղ եք վերկացել։

Կիկուկոն թափեց ափերի մեջ կուտակած ջուրն ու Սինգոյի համար լվացարանում նոր ջուր լցրեց։

Լվացարանի խխունջում արյուն էր կաթել, խառնվեց ջրին։

Սինգոն իսկույն հիշեց, թե իր կոկորդից ինչպես արյուն գնաց և մտածեց, որ այս արյունն ավելի մաքուր է, քան իրենն էր։ Կարծեց հարսի կոկորդից էլ է արյուն գնում, բայց արյունը ծորում էր նրա քթից։

Կիկուկոն երեսսրբիչը սեղմեց դեմքին։

― Գլուխդ ե՛տ թեքիր, ե՛տ թեքիր գլուխդ,— Սինգոն ձեռքը դիպցրեց նրա մեջքին։ Կիկուկոն ասես խուսափելով սկեսրայրի ձեռքերից, կռացավ առաջ։ Սինգոն ամուր բռնեց նրա ուսերն ու ետ թեքեց, ապա ափը ճակատին դնելով՝ ետ տարավ գլուխը։

— Ա՛հ, հայրիկ, արդեն ամեն ինչ կարգին է։ Ներեցեք ինձ,— փորձեց հավատացնել Կիկուկոն, մինչդեռ արյունը նրա բռի միջից բարակ շիթով ծորում էր դեպի արմունկը։

— Շուռումուռ մի գա, զգուշությամբ նստիր, իսկ հիմա ետ թեքվիր։

Սինգոյի օգնությամբ Կիկուկոն պպզեց ու հենվեց պատին

— Քեզ ասում եմ, ետ թեքվիր,— կրկնեց Սինգոն։

Կիկուկոն փակեց աչքերն ու անշարժացավ։ Գունատված, ասես ուշաթափ եղած դեմքը մանկականորեն անմեղ էր, ներկլանված ու շրջապատին անհաղորդ։ Սինգոն նկատեց մազերով քողարկված ճակատի բարակ սպին։

— Ամեն ինչ կարգի՞ն է։ Եթե արյունը կտրվեց, գնա ննջարան և պառկիր։

— Ոչինչ։ Արդեն լավ եմ,— Կիկուկոն երեսսրբիչով քիթը մաքրեց։— Ամբողջ լվացարանը կեղտոտեցի, հիմա կլվանամ։

— Հարկավոր չէ, թո՛ղ։

Սինգոն խխունջի ջուրը հապճեպ թափեց։ Նրան թվաց, թե ջուրը մինչև տակը հազիվ նշմարելի կարմրավուն երանգ է ստացել։

Առանց օգտվելու լվացարանից, նա ափերով գազակաթսայից ջուր վերցրեց ու շփեց երեսին։

Ուզում էր արթնացնել կնոջն ու խնդրել, որ օգնի Կիկուկոյին։

Բայց տեղնուտեղը գլխի ընկավ, որ Կիկուկոն չէր ցանկանա իր թուլությունը սկեսուրին մատնել։

Կիկուկոյի քթից շատրվանի պես արյուն ցայտեց... Ոչ, այդ շատրվանի պես դուրս ցայտեցին Կիկուկոյի տառապանքները, մտածեց Սինգոն։

Երբ հայելու առջև կանգնած սանրում էր մազերը, հայտնվեց Կիկուկոն։

— Կիկուկո՞։

— Համմե, լսում եմ,— շրջվեց Կիկուկոն և առանց կանգ առնելու դիմեց խոհանոց։ Նա գոգաթիակը լցրած ածխի բորբոթվող կրակ տարավ, որից, ինչպես թվաց Սինգոյին, կայծեր էին թափվում։ Գազով վառած կրակը կդնի սեղանատան մանղալի մեջ։

— Տես, է՜,— ծայր աստիճան զարմանքից ինքն իբեն բացականչեց Սինգոն։ Բոլորովին մոռացել էր, որ Ֆուսակոն եկել է։

Սեղանատանը կիսախավար էր, որովհետև հարևան սենյակում երկու երեխայի հետ քնած Ֆուսակոյի պատճառով պատշգամբի ծածկափեղկերը չէին բացել։

Կիկուկոյին օգնելու համար պառավ կնոջը անհանգստացնելու փոխարեն, ավելի լավ էր արթնացնել Ֆուսակոյին։

Այդ ամենը ճիշտ էր, բայց ինչու երբ տատանվում էր՝ պառավ կնոջն արթնացնի՞, թե ոչ, Ֆուսակոյի գոյության մասին չհիշեց։ Տարօրինակ էր։

Սինգոն նստեց մանղալի մոտ և Կիկուկոն նրա համար տաք թեյ լցրեց։

— Գլուխդ երևի պտտվո՞ւմ է։

— Մի թեթև։

— Դեռ բոլորովին վաղ է, լավ կանեիր այսօր առավոտ պառկած մնայիր։

— Ոչ, եթե ես զգույշ քայլեմ, ոչինչ չի լինի։ Գնամ թերթերը բերեմ, դրսի օդում ավելի կառույգանամ։ Ասում են, չէ՞, երբ կնոջ քթից արյուն է հոսում, չարժե անհանգստահալ,— խոսելու իր սովորական մեղմ տոնով ասաց Կիկուկոն։— Այնպիսի ցուրտ առավոտ է։ Դուք ինչո՞ւ եք լույսը չբացված վեր կացել, հայրիկ։

— Իսկապես, ինչո՞ւ։ Արթնացա նախքան տաճարի զանգերի ղողանջելը։ Դրանք միշտ, ամառ թե ձմեռ, ղողանջում են ժամը վեցին։

Սինգոն չնայած Սյուիտիից վաղ էր անկողնուց ելել, բայց ֆիրմա մեկնեց տղայի գնալուց հետո։ Ձմռանը միշտ այդպես էր անում։

Ճաշի ժամին որդուն հրավիրեց գնալ ֆիրմայից ոչ հեռու գտնվող եվրոպական ռեստորանը։

— Դու, երևի, գիտես, որ Կիկուկոյի ճակատին սպի կա,— ասաց Սինգոն։

— Իհարկե, գիտեմ։

— Ըստ երևույթին դժվար ծննդաբերություն է եղել, և սպին մնացել է բժշկի գործածած աքցանից։ Դա հազիվ թե ծնվելու ժամանակ կրած նրա տառապանքի հետքը լինի, բայց այժմ, երբ Կիկուկոն սկսում է վատ զգալ, սպին անմիջապես աչքի է զարնում։

— Խոսքդ վերաբերում է այս առավոտվա՞ն։

— Այո։

— Գուցե այդ նրանից է, որ քթից արյուն գնաց։ Նա գունատվել էր, և սպին դարձել էր նկատելի։

«Մի՞թե Կիկուկոն արդեն հասցրել է Սյուիտիին պատմել քթից արյուն գնալու մասին»,― հիասթափված մտածեց Սինգոն։

— Անցյալ գիշեր Կիկուկոն բոլորովին չի քնել, հա՞։

Սյուիտին խոժոռվեց։ Փոքր ինչ լռելուց հետո ասաց։

— Հայրիկ, քեզ համար շատ ավելի լավ կլիներ, եթե այդքան ուշադիր չլինեիր մի մարդու նկատմամբ, որ մեզ մոտ է եկել դրսից։

— Ո՞ւմ ես անվանում «մի մարդ, որ մեզ մոտ է եկել դրսից»։ Քո սեփական կնո՞ջը։

— Դե լավ, ուրիշ կերպ կասեմ, պետք չէ այդքան ուշադիր լինել տղայի կնոջ նկատմամբ։

— Դու ի՞նչ նկատի ունես։

Սյուիտին չպատասխանեց։

3

Սինգոն մտավ ընդունարան, այնտեղ նստած նրան էր սպասում Հիդեկոն։ Կողքին ինչ֊որ անծանոթ կին էր կանգնած։

Հիդեկոն շտապեց վեր կենալ։

— Վաղուց ձեզ մոտ չեմ եղել։ Տաքերն արդեն ընկել են։— Նրա խոսքերը լիովին կարող էին փոխարինել բարևին։

— Այո, բավական ժամանակ է։ Երկու ամիս կլինի։

Հիդեկոն մի քիչ գիրացել էր, երեսին շպարի թանձր շերտ էր նստած։ Սինգոն հիշեց՝ երբ նրա հետ մի անգամ պարելու էր գնացել, իրեն թվաց, որ աղջկա կուրծքը լրիվ կարող է տեղավորվել ափի մեջ։

— Սա Իկեդա-սանն է։ Ես ձեզ մի անգամ ասել եմ...— կնոջը ներկայացրեց Հիդեկոն, կկոցելով իր սիրունիկ աչքերը, ասես պատրաստվում էր լաց լինել։ Նա միշտ այդպես էր անում պատասխանատու, դժվար պահերին։ Այդպիսի վատ սովորություն ուներ։

— Շատ հաճելի է։ Օհատա։

Սինգոն չկարողացավ հարկադրել իրեն այդ տիկնոջը ասելու, որ Սյուիտիի նկատմամբ հանդես բերած հոգատարության համար երախտապարտ է նրան։

— Իկեդա-սանը չէր ուզում ձեզ հանդիպել, ասում էր հանդիպելու անհրաժեշտություն չկա, որ այդ անախորժ է իր համար։ Ես նրան համարյա զոռով այստեղ բերի։

— Ահա թե ինչ,— ասաց Սինգոն։ Եվ նորից դարձավ Հիդեկոյին.— Իսկ այստեղ հարմա՞ր է։ Կարելի է և ուրիշ տեղ գնալ։

Հիդեկոն հարցական նայեց Իկեդային։

— Ինձ համար այստեղ էլ վատ չէ,— անսիրալիր ասաց Իկեդան։

Սինգոն նույնիսկ շփոթվեց, բայց չմատնեց իրեն։

Հիդեկոն կարծես իրոք խոստացել էր նրան ծանոթացնել Սյուիտիի սիրուհու հետ միասին մի տան մեջ ապրող կնոջը։ Բայց Սինգոն այն Ժամանակ նրա ասածին կարևորություն չէր տվել։

Ֆիրմայից հեռանալուց երկու ամիս հետո, աղջիկն, այնուամենայնիվ, իր խոստումը կատարեց։ Սինգոյի համար դա մեծ անակնկալ էր։

Գուցե Սյուիտին և այն կինը, որին նա հանդիպում էր, վերջապես որոշել են իրարից հեռանա՞լ։ Սինգոն սպասեց, որ խոսակցությունը սկսեն Իկեդան կամ Հիդեկոն։

— Հիդեկոն այնպես համառորեն էր պնդում ձեզ մոտ գալ, որ համոզվեցի՝ դիմադրելն անօգուտ է, և ահա եկել եմ։— Իկեդայի տոնը նկատելիորեն անբարյացակամ էր։— Բացի այդ, ինքս էլ որոշեցի, որ արժե տեսակցել ձեզ հետ։ Ախր Կինուկո-սանին վաղուց եմ համոզում ձեր տղայից հեռանալ, մտածում էի, լավ կլինի հանդիպել ձեզ և ձեր աջակցությունը կանխապես ապահովելով՝ նրանց բաժանել իրարից։

— Ես համաձայն եմ։

― Հիդեկոն ասում էր, որ շատ բանով պարտական է ձեզ և կարեկցում է Սյուիտի֊սանի կնոջը։

— Նրա կինն իրոք համակրելի է,— միջամտեց Հիդեկոն։

— Հիդեկո-սանը այս նույն բանն ասում էր Կինուկո֊սանին։ Բայց չէ՞ որ այժմ հազվադեպ կգտնես այնպիսի կնոջ, որը հրաժարվի տղամարդուց այն պատճառով, որ նրա կինը համակրելի է։ «Ես ուրիշի ամուսնուն կվերադարձնեմ, միայն թե նրա փոխարեն թող ետ տան ինձ պատերազմում զոհված իմ մարդուն,— սովորաբար այսպես է պատասխանում Կինուկո֊սանը։— Եթե ամուսնուս հնարավոր լիներ ողջ վերադարձնել, ասում է նա, որքան էլ անկայուն բնավորություն ունենար, ինչքան կանանց հետ էլ ուզում է կապվեր, միևնույն է, ես կշարունակեի սիրել նրան։ Ի՞նչ ես կարծում, Իկեդա-սան։— Հարցնում է ինձ։— Մի՞թե մենք քիչ զրկանքներ ենք կրել այն բանի համար, որ մեր ամուսիններին ուղարկել են կռվելու։ Իսկ ինչ վիճակի մեջ ընկանք նրանց զոհվելուց հետո։ Ճիշտ է, Սյուիտին գալիս է ինձ մոտ, բայց կինը չէ՞ որ նրա կյանքի համար անհանգստանալու հիմք չունի, Սյուիտին դարձյալ տուն կվերադառնա ողջ ու անվնաս։ Ասա, ես իրավացի չե՞մ»։

Սինգոն դառը քմծիծաղեց։

— Որքան էլ Սյուիտիի կինը լավ ու համակրելի լինի, նա ռազմաճակատում ամուսին չի կորցրել,— շարունակեց Իկեդան։

― Տարօրինակ տրամաբանություն է։

— Անշուշտ, թեև նա այդպես ասում էր հարբած ժամանակ ու լաց էր լինում․․․ Նա ու Սյուիտի֊սանը խմել էին, և Կինուկոն անընդհատ պնդում էր․ ասա նրան՝ դու ռազմաճակատից վերադարձող ամուսնու չես սպասել։ Դու սպասում ես քո մարդուն, որը ինչ էլ լինի, միևնույն է, ետ կգա քեզ մոտ։ Ասա նրան այդ, անպայման ասա։ Ես այն ժամանակ նրանց հետ էի և լսում էի Կինուկո֊սանի ասածները։ Զեզ չի՞ թվում, որ պատերազմում ամուսին կորցրած այրու սիրո մեջ ինչ֊որ արատավոր բան կա։

― Ի՞նչն եք համարում արատավոր։

― Տղամարդուն, առավել ևս Սյուիտի-սանին, վայել չէ այդքան խմել։ Խմած ժամանակ նա Կինուկո-սանի հետ շատ կոպիտ է վարվում, հարկադրում է երգել։ Մինչդեռ Կինուկո-սանը երգել չգիտե և տանել չի կարող, երբ հարկադրում են։ Ստիպված նրա փոխարեն ես եմ երգում, իմ թույլ ձայնով։ Ախր եթե Սյուիտի-սանին չհանդարտեցնենք, խայտառակ կլինենք հարևանների առաջ․․․ Երբ առաջին անգամ ինձ ստիպեցին երգել, խիստ վիրավորված զգացի և վշտացա, բայց հետո մտածեցի, որ Սյուիտի֊սանն այդպես է անում ոչ թե հարբածի քմահաճույքով, այլ ռազմաճակատային սովորությամբ։ Հավանաբար, ռազմաճակատում նա նույն կերպ էր զվարճանում կանանց հետ։ Այդպես մտածելիս Սյուիտի սանի սանձարձակ վարքագիծը ինձ թվում էր պատերազմում զոհված ամուսնուս վարքագծի նման, երևի նա ռազմաճակատում նույնպես զվարճանալիս է եղել կանանց հետ։ Դրանից կրծքիս տակ ինչ-որ բան փուլ էր գալիս, գլուխս լցվում էր մշուշով, և ես, ինձ դնելով այն կնոջ տեղը, որի հետ Ժամանակ է անցկացրել ամուսինս, սկսում էի լաց լինել ու երգել իմացածս ամենագռեհիկ երգերը։ Այդ մասին հետո պատմեցի Կինուկոյին։ Ես կարծում եմ, ասացի, այս բոլորը վերաբերում է միայն իմ ամուսնուն կամ, ո՞վ գիտե, գուցեև ոչ միայն նրան։ Այդ օրվանից ամեն անգամ, հենց Սյուիտի֊սանը հարկադրում է ինձ երգել, Կինուկոն իսկույն լալիս է։

Ամբողջ այդ պատմությունը Սինգոյին հիվանդագին֊արտառոց թվաց։ Նա մռայլվեց։

— Ձեր երկուսի համար էլ ավելի լավ կլինի, եթե արագ վերջ տաք այդ պատմությանը։

— Իհարկե։ Սյուիտի֊սանի գնալուց հետո Կինուկոն հաճախ է լրջորեն ասում՝ Իկեդա֊սան, եթե այսպես շարունակվի, մենք կկործանվենք։ Այնպես որ Կինուկոյի համար ևս շատ լավ կլինի Սյուիտի֊սանից հեռանալ։ Թեև նրան թվում է, որ եթե բաժանվեն, ինքն անտարակույս կկործանվի և դրա համար էլ վախենում է առանց նրա մնալ։

— Սարսափելի ոչինչ էլ չի պատահի,— ասաց մի կողմ քաշված Հիդեկոն։

— Անշուշտ։ Չէ՞ որ նա այնպիսի հմուտ ձեռքեր ունի։ Հիդեկո-սանն էլ այդ գիտե։

―Այո,— հաստատեց Հիդեկոն։

― Ա՛յ, տեսեք, իմ հագի զգեստը Կինուկո-սանն է կարել,― ասաց Իկեդան ու տեղից ելավ հագուստը ցույց տալու։— Կինուկո-սանը, կարելի է ասել, գլխավոր ձևարարից հետո երկրորդ վարպետն է։ Սալոնում նրան բոլորը գնահատում են։ Բավական է, որ մի բերան խնդրեր Հիդեկո֊սանի համար, նրան իսկույն ընդունեցին աշխատանքի։

— Դու, ուրեմն, նույնպե՞ս սալոնում ես աշխատում։

Սինգոն զարմանքով նայեց Հիդեկոյին։

— Այո,— թեթևակի կարմրելով գլուխը դրական շարժեց Հիդեկոն։

Սինգոն Հիդեկոյի հոգեվիճակը ըմբռնել չէր կարողանում․ նա Սյուիտիի սիրուհու միջնորդությամբ տեղավորվել էր սալոնում, իսկ այսօր իր մոտ էր բերել Իկեդային։

— Ես կարծում եմ, Կինուկո֊սանը Սյուիտի-սանին նյութական իմաստով առանձնապես ծանրություն չի պատճառում,—ասաց Իկեդան։

— Ես էլ եմ այդպես կարծում։ Նյութապես, այո, Բայց․․․— գրգռված սկսեց Սինգոն ու միտքը չավարտած լռեց։

— Երբ ես տեսնում եմ, թե Սյուիտի֊սանն ինչպես է ձեռ առնում Կինուկո-սանին, միշտ ասում եմ, որ նա պետք է Սյուիտի֊սանից հեռանա։

Իկեդան նստել էր գլուխը կախ, ձեռքերը ծնկներին դրած։

— Սյուիտի-սանը տուն է գնում նույնպես ծանրացած սրտով, դրա համար էլ․․․— Իկեդան բարձրացրեց գլուխը,— դուք չե՞ք կարող նրան իր կնոջ հետ առանձնացնել։ Եթե նրանք երկուսով առանձին ապրեն, հնարավոր է, որ Սյուիտի-սանը Կինուկո-սանին թողնի։ Ես այդ մասին վաղուց եմ մտածել։ Ինչ մտքեր ասես գլխովս չեն անցնում...

— Լավ, ես կմտածեմ։

Սինգոն գլխով արեց։ Նա իր սառը պատասխանով ասես մերժեց Իկեդայի առաջարկը, չնայած հոգու խորքում համաձայն էր նրա հետ։

4

Սինգոն իրեն թույլ չտվեց հավատ ընծայել այնպիսի կնոջ, ինչպիսին Իկեդան էր, դրա համար էլ այլևս ոչ մի բան չասաց, միայն լսում էր, թե նա ինչ է խոսում։

Կեղծավորություն չարեց ու չշողոքորթեց նրան, բայց և հետն անկեղծ էլ չէր։ Իսկ եթե անկեղծորեն չպետք է խոսեին, այդ կինն էլ ինչո՞ւ էր եկել իր մոտ։ Ախր Իկեդան իսկապես անկեղծ էր։ Գուցե ուզում էր Կինուկոյին արդարացնե՞լ։ Չէ, իհարկե, ոչ միայն դրա համար։

Հավանաբար ես պետք է նույնիսկ շնորհակալ լինեմ և՛ Հիդեկոյից, և՛ Իկեդայից, մտածում էր Սինգոն։

Համենայն դեպս, մտքում նրանց գալու իսկական պատճառի մասին ոչ մի կասկած չառաջացավ։

Այնուհանդերձ ինքնասիրությունը խոցվել էր։ Տուն դառնալիս ճանապարհը թեքեց, գնաց ոչ մեծ այն ռեստորանը, որոեղ իրենց ֆիրման հաճախ ընդունելություն էր կազմակերպում։ Արդեն պատրաստվում էր ճաշասրահ մտնել, երբ գեյշաներից մեկը ականջին ինչ֊որ բան փսփսաց։

— Ի՞նչ։ Ավելի մոտեցիր, չեմ լսում,— նյարդայնացած ասաց Սինգոն, բռնելով գեյշայի ուսերը։ Թեև ձեռքերն իսկույն ետ քաշեց, բայց գեյշան ճչաց ու շոյեց ուսը։

— Ո՜ւհ, ցավացրիք։

Սինգոն դժգոհ տեսք ընդունեց։ Գեյշան ուսով սեղմվեց նրան ու տարավ դեպի պատշգամբ։

— Այստեղ, խնդրեմ։

Սինգոն տուն եկավ տասնմեկին մոտ։ Սյուիտին դեռ չէր վերադարձել։

— Բարի՛ երեկո։

Սեղանատան դիմացի սենյակում Ֆուսակոն կուրծք էր տալիս կրտսեր աղջնակին։ Հենվելով արմունկի վրա, գլուխը բարձրացրեց։

— Բարև,— ասաց Սինգոն ու նայեց սենյակի խորքը,— Սատոկոն քնա՞ծ է։

— Այո, նոր քնեց։ Քիչ առաջ հարցնում էր՝ մայրիկ, տաս հազար իե՞նն է շատ, թե միլիոնը։ Եվ քրքջում էր։ Ասաց, որ պապիկը վերադառնա, նրանից հարցնեմ և անմիջապես քնեց։

— Հը՜մ։ Նախապատերազմյան տաս հազար իենը և ետպատերազմյան միլիոն իենը,— ծիծաղեց Սինգոն։— Կիկուկո, ինձ մի բաժակ ջուր տուր։

— Ջո՞ւր, հիմա՞։ Իսկ բան չե՞ք ուտելու։

Կիկուկոյին զարմացրեց սկեսրայրի խնդրանքը։ Նա վեր կացավ ու գնաց ջուր բերելու։

— Միայն թե ջրհորից։ Քլորախառն չեմ ուզում։

— Շատ բարի։

— Նախքան պատերազմը ես դեռ ամուսնացած չէի։ Սատոկոն էլ դեռ չկար,— ասաց, արդեն անկողնում պառկած, Ֆուսակոն։

— Մեկ չէ՞, պատերազմից առաջ, թե պատերազմից հետո, ավելի լավ կլիներ, որ մարդու չգնայիր։

Լսելով ջրհորային պոմպի աղմուկը, Յասուկոն ասաց.

— Հենց որ պոմպը սկսում է աշխատել, ճռռոցից մրսում եմ։ Երբ Կիկուկոն ձմռանը առավոտ վաղ գնում է ջրհոր պոմպով քեզ համար թեյի ջուր հանելու, ես անկողնում պառկած լսում եմ այդ ճռինչն ու անմիջապես զգում, որ դրսում ցուրտ է։

— Գիտե՞ս, անընդհատ մտածում եմ՝ Սյուիտիին կնոջ հետ առանձին բնակարան չտեղափոխե՞նք,— կամացուկ ասաց Սինգոն։

— Առանձի՞ն է․․․

— Այդպես, հավանաբար, ավելի լավ կլինի։

— Գուցե թե։ Մանավանդ եթե Ֆուսակոն երկար մնա մեզ մոտ․․․

— Մայրիկ, եթե իմ պատճառով եք ուզում նրանց առանձնացնել, ես կգնամ։

Ֆուսակոն անկողնուց վերկացավ, մոտեցավ ծնողներին.

― Ավելի լավ է ե՛ս առանձին ապրեմ։ Եվ հարցը կլուծվի։

— Մեր խոսակցությունը քեզ հետ ոչ մի կապ չունի,— գրգռված ասաց Սինգոն։

— Ոչ, ունի։ Այն էլ ինչպե՜ս։ Աիխարան ինձ ասում էր, հայրդ քեզ երբեք չի սիրել, դրա համար էլ այդքան անտանելի բնավորություն ունես։ Այն աստիճան վիրավորական էր լսել այդ. փղձուկը դեմ էր առել կոկորդիս, խեղդում էր։

― Հանգստացիր, խնդրում եմ։ Արդեն երեսուն տարեկան ես։

— Ինձ հանգստացնող ոչ մի բան չկա, չեմ կարող հանգստանալ։

Ֆուսակոն ծածկեց իր լիքը կուրծքը։

Սինգոն հոգնեց այդ խոսակցությունից ու տեղից ելավ։

― Կնիկ, արի գնանք քնենք։

Ներս մտավ Կիկուկոն ջրով լի բաժակը ձեռքին։ Մյուս ձեռքով բռնել էր հսկայական մի տերև։ Սինգոն մի ումպով դատարկեց բաժակը։

― Իսկ դա ի՞նչ է,― հարցրեց Կիկուկոյին։

— Զկեռի տերև, դեռ բոլորովին մատղաշ է։ Լուսնի աղոտ լույսով նկատեցի՝ ջրհորի մոտ մի բան է օրորվելով փայլփլում։ Մտածում եմ, ի՞նչ է։ Մոտեցա տեսնեմ զկեռենու տերևներ են, արդեն մեծացած։

— Դու ոնց որ դեռ դպրոցական լինես,— չարախնդորեն ասաց Ֆուսակոն։

Գիշերային ձայն

1

Սինգոն արթնացավ ինչ֊որ աղաղակից, որ նրան տղամարդու գոռոց թվաց։

Չէր կարողանում տարբերել՝ շան ոռնո՞ց էր, թե մարդկային ձայն։ Սկզբում անհասկանալի հնչյուններն ընկալեց որպես սովորական աղաղակ։

Մտածեց, չլինի Տերուի հոգևարքի կլանչոցն է։ Գուցե շանը թունավորե՞լ են։ Սինգոյի քունքերը ուժգնորեն տրոփում էին։

— Օ՜հ,— տնքաց, կուրծքը սեղմվում էր։ Սիրտը ջղաձգումից կծկվում։

Դրանից նա վերջնականապես արթնացավ։ Չէ, շան ոռնոց չէր, այլ մարդու աղաղակ։ Այդ մարդու լեզուն փաթ էր ընկնում, ասես կոկորդը ճզմում էին։ Սինգոն դողում էր ցրտից։ Մեկի վրա երևի հարձակում են գործել...

— Լսի՛ր․․․ Դե լսիր, ախր։— Դարձյալ աղաղակեց զոհը։ Խեղդված, հուսահատ աղաղակ, գրեթե անհոդաբաշխ։ Նրան սպանում են, իսկ նա «լսիր» է ասում, ուզում է արդարանալ կամ որևէ բան է աղերսում։

Դարբասը չխկաց, կարծես մեկը բռունցքով խփեց դռնակին։ Սինգոն ամբողջովին կուչ եկավ ու տեղից վեր կենալու շարժում կատարեց։

— Կիկկո֊ո՜, Կիկկո-ո՜։

Սյուիտիի ձայնն էր, Կիկուկոյին է կանչում։ Լեզուն այնպես է փաթ ընկնում, որ «կու» հնչյունը չի կարողանում արտաբերել։ Սաստիկ հարբած է։

Սինգոն ուժասպառվելով, գլուխը նորից դրեց բարձին։ Սրտի արագացած բաբախյունը չէր մեղմանում։ Նա շփեց կուրծքը, ջանալով շնչառությունը կանոնավորել։

— Կիկկո՜֊ո՜։ Կիկկո՜-ո՜․․․

Սյուիտին, ինչպես երևում է, ձեռքով չէր խփել դռանը, այլ փլվել էր մարմնի ողջ ծանրությամբ։

Սինգոն հոգոց արձակեց․ պետք է դուռը բանալ։

Եվ մեկեն գլխի ընկավ․ լավ չի լինի, եթե ինքը գնա։

Չէ՞ որ Սյուիտին սիրով ու հուսահատությամբ կանչում էր հատկապես Կիկուկոյին։ Սինգոն նրանից այդպիսի ձայն երբեք չէր լսել։ Դա նման էր երեխայի հուսակտուր վայնասունի, երբ նա անտանելի ցավից, սարսափից կամ կյանքին սպառնացող մահացու վտանգի ժամանակ կանչում է մորը։ Մեղքի ճահճուտը խրված Սյոլիտին կանչում էր Կիկուկոյին։ Նա կնոջ առջև բացում էր իր տանջահար սիրտը, փորձում սիրաշահել նրան։ Կարծում էր Կիկուկոն չի լսում իրեն, շարունակում էր կանչել հարբած֊փաղաքուշ ձայնով։ Համարյա երկրպագելով նրան։

— Կիկկո-ո՜։ Կիկկո-ո՜...

Սյուիտիի հուսահատությունը հաղորդվում էր Սինգոյին։ Ինքը կյանքում ոչ մի անգամ կնոջը չի կանչել այդպես սիրով ու աղեկտուր։ Թերևս այն պատճառով, որ չի ապրել այնպիսի հուսահատություն, ինչպիսին պատել է Սյուիտիին օտար հողում կռվելիս։

Սինգոն ականջ էր դնում. լավ կլիներ Կիկուկոն արթնանար։ Եվ, այնուամենայնիվ, մի քիչ ամաչում էր, որ հարսը լսելու է որդու խղճալի ձայնը։ Եթե Կիկուկոն վեր չկենա, կարթնացնեմ Յասուկոյին, որոշեց նա, բայց գերադասում էր, որ արթնանա Կիկուկոն։

Նա ոտքով տաք ջերմակը հրեց անկողնու ծայրը։ Ջերմակ են դնում, երբ արդեն գարուն է եկել, դրանից էլ քունքերն այդպես տրոփում են։

Սկեսրայրի անկողնում ջերմակ դնելը Կիկուկոյի պարտականությունն էր։

— Կիկուկո, ջերմակ չե՞ս բերի,— երբեմն ձայնում էր Սինգոն։ Հարսի դրած ջերմակը տաքությունն ավելի երկար էր պահպանում։ Այն միշտ ամուր փակված էր լինում կափարչապտուտակով։

Յասուկոն ջերմակ չէր սիրում ոչ առողջ, ոչ էլ հիվանդ Ժամանակ, չէր սիրում նույնիսկ այժմ, տարիքն առած հասակում։ Նրա ոտքերը մշտապես տաք էին։ Մինչև հիսուն դառնալը, Սինգոն տաքանում էր կնոջ կողքին, բայց վերջին տարիներս առանձին էին քնում։

Յասուկոն ոտքերը երբեք չէր դնում Սինգոյի ջերմակի վրա։

— Կիկկո-ո՜։ Կիկկո-ո՜,— դարձյալ լսվեց դռնակի կողմից։

Սինգոն գիշերալամպը վառեց, նայեց ժամացույցին։ Գրեթե երկուսն անց էր կես։

Տոկիոյից վերջին էլեկտրագնացքը Կամակուրա է գալիս գիշերվա մեկին։ Սյուիտին, հավանաբար, մտել էր նաև կայարանամերձ բարը։

Որդու գոռոցն ունկնդրելով, Սինգոն մտածեց, որ Տոկիոյում ապրող սիրուհու հետ ունեցած նրա կապն, ըստ երևույթին, իր վախճանին է մոտենում։

Ահա և Կիկուկոն վեր կացավ, ետնամուտքով դուրս գնաց բակ։

Սինգոն թեթևացած հանգցրեց լույսը։

— Ներիր նրան,— մրմնջաց ինքն իրեն, ասես դիմելով Կիկուկոյին։

Սյուիտին քայլում էր, երևի, Կիկուկոյի ուսից կախ ընկած։

— Ցավում է, բաց թո՛ղ, ցավում է,— ասաց Կիկուկոն։― Ձեռքդ գգել ես մազերիս։

— Իսկապե՞ս։

Խոհանոցում սայթաքելով՝ երկուսն էլ վայր ընկան։

— Վերջ տո՛ւր։ Կամաց՛․․․ Դի՛ր ծնկներիս․․․ Շարունակես այդպես խմել, ոտքերդ կուռչեն։

— Ոտքերս կուռչե՞ն։ Համա փչո՜ւմ ես։

Կիկուկոն, հավանաբար, նրա ոտքերը դրել էր իր ծնկներին ու փորձում էր կոշիկները հանել։

Նա ներել էր։ Սինգոն դեռ լիովին չէր հանգստացել։ Սակայն նման պահերին, երբ Կիկուկոն այդպես ներում էր ամուսնուն, միշտ ուրախանում էր։

Կիկուկոն, երևում է, հենց սկզբից էլ լսել էր Սյուիտիի աղաղակները։

Բայց և այնպես Սինգոն զգում էր, թե որքան բարի էր նա։ Սիրուհու մոտից վերադարձող հարբած Սյուիտիի ոտքերը ծնկներին դրել, հանում էր կոշիկները։

Ամուսնուն անկողնում պառկեցնելուց հետո գնաց ետնադուռն ու դարբասը փակելու։

Սյուիտիի խռմփոցը հասնում էր մինչև իսկ Սինգոյին։

Սյուիտիին դիմավորեց կինը, պառկեցրեց անկողնում, ու նա հիմա քնած է։ Իսկ ի՞նչ վիճակի մեջ է Կինուկոն, որի հետ Սյուիտին կոնծել էր գիտակցությունը կորցնելու աստիճան։ Չէ որ միշտ նրա տանն է խմում ու վայրագություններ անում, նրան է տանջում ու աչքերից արցունքներ քամում։

Ավելին, հնարավոր է՝ հենց շնորհիվ այն բանի, որ Սյուիտին հանդիպել է Կինուկոյին, նրա կինը՝ Կիկուկոն, թեև հաճախ վատ տեսք է ունենում, բայց ազդրերը կլորացրել է։

2

Սյուիտիի բարձր խռմփոցը շուտով դադարեց, բայց Սինգոյի քունն արդեն կոտրվել էր։ Պառկած մտածում էր՝ մի՞թե խռմփալու գարշելի սովորությունը Յասուկոյից է անցել որդուն։

Գուցե և ոչ․ այսօր խռմփում է պարզապես սաստիկ հարբած լինելուց։

Ճիշտն ասած, վերջին Ժամանակներս Յասուկոն ոնց իր թե էլ չի խռմփում։

Ըստ երևույթին, եղանակը քանի ցուրտ է, խորն է քնում։

Գիշերն անքուն անցկացնելու հաշորդ օրը Սինգոյի հիշողությունը վատանում էր։ Երբեմն նա դառնում էր սենտիմենտալ։

Արդեն հիմա էլ, երբ Սյուիտին կանչում էր կնոջը, նրա գոռգոռոցներին ականջ էր դնում մի տեսակ գերզգայնությամբ։ Ինչ է, Սյուիտիի լեզուն իրոք փաթ չէ՞ր ընկնում։ Ինչ է նա չէ՞ր փորձում իր անվայելուչ արարքը հարբածությամբ քողարկել։

Կնոջն անպարզորոշ կանչող Սյուիտիի ձայնի մեջ Սինգոն սեր ու հուսահատություն որսաց ամենից հավանական է այն պատճառով, որ ինքը տղայից հատկապես այդ էր սպասում։

Այսպես, թե այնպես, նա գիշերվա աղաղակի համար որդու բոլոր արարքները ներեց։ եվ մտածեց, որ Կիկուկոն նույնպես չի կարող չներել նրան։ Այս միտքը բխում էր անշուշտ նաև հայրական եսամոլությունից։

Թվում էր, թե ինքը այնքա՜ն լավ է վերաբերվում հարսին և այնուամենայնիվ, հոգու խորքում միշտ հարազատ որդու կողմն էր։

Սյուիտին իրեն այլանդակ էր պահում։ Տոկիոյում կոնձել էր սիրուհու մոտ, եկել տուն, վեր ընկել ցանկապատի տակ։

Նրա բախտը բերեց, որ Սինգոն չգնաց դուռը բացելու․ հայրը չէր լռի, այնպիսի օրը կգցեր, որ տղան անմիջապես ուշքի կգար։ Կիկուկոյի հետ հեշտ է։ Կախ ընկավ նրա ուսերից, և կինն ամուսնուն անտրտունջ քարշ տվեց սենյակ։

Կիկուկոն, Սյուիտիի զոհը լինելով հանդերձ, հենց ինքն էլ ներում շնորհեց նրան։

Նա, որ նոր է քսան տարեկան դառնում, դեռ հարկադրված կլինի բազմաթիվ անգամ ներել ամուսնուն, եթե, իհարկե, նրանք իրար հետ ապրեն այնքան, որքան միասին ապրել են Սինգոն ու Յասուկոն։ Կիկուկոն արդյո՞ք ընդունակ է անվերջ ներելու։

Այն, ինչ անվանում են ընտանեկան կյանք, ոչ այլ ինչ է, քան մի մթին ճահճուտ, որն անվերջանալիորեն կլանում է ամուսինների միմյանց դեմ գործած չարիքները։ Սյուիտիի ու Կիկուկոյի ընտանեկան ճահճուտը նույնպես անմնացորդ կուլ կտա և՛ Կիկուկոյի սերն առ Սյուիտին, և՛ Սինգոյի՝ Կիկուկոյի հանդեպ տածած ջերմությունը։

Սինգոն միանգամայն խելամիտ էր համարում, որ ըստ ետպատերազմյան օրենսդրության ընտանիքի միավորներ են դառնում ոչ թե ծնողներն ու երեխաները, ինչպես եղել է նախկինում, այլ մարդն ու կինը։

— Այո, ընտանեկան կյանքի ճահճուտը,— մրմնջաց նա։— Անհրաժեշտ է Սյուիտիին կնոջ հետ առանձին բնակեցնել։

Ամենանվիրական մտքերը կիսաձայն կրկնելու սովորությունը Սինգոն ձեռք բերեց հասակն առնելիս։

— Ընտանեկան կյանքի ճահճուտ,— կրկին մրմնջաց նա։ Այդ նշանակում է՝ մարդ ու կին միմյանց պատճառած չարիքներին պետք է միայն երկուսով դիմանան և թաղեն դրանց ճահճուտում։

Չէ՞ որ կնոջ խելացի լինելն արտահայտվում է հենց նրանով, որ կարողանում է ամուսնու գործած չարիքներին ճակատով նայել։

Շուտով գարունը կսկսվի։

Սինգոն հոնքը քորեց։

Այժմ, երբ նույնիսկ գիշերներն արթնանում ես, այլևս այնքան տհաճ չէ, որքան ձմռանը։

Սյուիտիի աղաղակը լսելուց շատ առաջ, նա զարթնեց տարօրինակ երազից։ Այն ժամանակ դեռ հիշում էր։ Բայց Սյուիտիի պատճառով իրար անցնելուց հետո, գրեթե բոլորովին մոռացավ։

Հնարավոր է, որ երազը մտից գնաց ուժեղ սրտխփոցից։

Ամբողջ տեսածից հիշում էր միայն, թե ինչպես մի տասնչորս֊տասնհինգամյա աղջկա աբորտ էին անում և էլի մի քանի որոշակի խոսքեր․ «Այսպիսով, աղջիկն այս սուրբ է դառնում առհավետ»։

Սինգոն երազում մի պատմվածք էր կարդում, որն այդ բառերով էլ ավարտվում էր։

Պատմվածքը կարդալիս, միաժամանակ դիտում էր բովանդակոլթյունը, ինչպես ներկայացում կամ կինոնկար։ Սինգոն ինքը գործող անձ չէր, այլ հանդիսատես։

Տասնչորս֊տասնհինգ տարեկանում աբորտ անելն ու սուրբ դառնալը զարմանալի բան էր, բայց դրան նախորդել էր մի երկար պատմություն։ Երազում կարդացած պատմվածքը մի տղայի ու մի աղջկա մաքուր սիրո մասին էր։ Երբ ընթերցումն ավարտեց ու արթնացավ, հուզմունքը դեռ չէր անցել։

Աղջիկը ոնց որ թե չգիտեր, որ հղի է և աբորտ աելու մասին չէր մտածում, միայն թախծում էր տղայի համար, որից բաժանել էին իրեն։ Մոտավորապես այս էր պատմությունը։ Անբնական ու անհրապույր։

Մոռացված երազը հետո չես կարող վերաստեղծել։ Երազ էին նաև պատմվածքի ընթերցումից առաջացած զգացումները։

Երազում աղջիկը կարծես անուն ուներ, ինքը նաև պետք է որ տեսած լիներ նրա դեմքը, սակայն մտքի մեջ լոկ աղոտ տպավորվել էր հասակը․․․

Ավելի ճիշտ, աղջկա նրբագեղ ու փոքրահասակ լինելը։

Թվում էր, թե հագինը եվրոպական հագուստ էր։

Սինգոն փորձում էր ինքն իրեն հավատացնել, որ աղջիկը Յասուկոյի ավագ քրոջ կերպարանքն ուներ, բայց երևի այղպես չէր։

Երազն, անկասկած, տեսել էր երեկ երեկոյան թերթում կարդացած հոդվածի ազդեցության տակ։ «Աղջիկը երկվորյակներ ծնեց։ Գարնանային իրադարձություններ Առմորիում» խոշորատառ վերնագրով տպագրված էր հետևյալը, «Առմորիի պրեֆեկտության հասարակական առողջապահության բաժնի կատարած ստուգման շնորհիվ ծանոթացանք ցնցող փաստերի․ այն կանանց թիվը, որոնց հղիությունը եվգենիկայի օրենքի համապատասխան ընդհատվել է, տասնհինգ տարեկաններինը կազմում է հինգ, տասնչորս տարեկաններինը՝ երեք, տասներեք տարեկաններինը՝ մեկ, երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներինը (տասնվեց-տասնութամյա)՝ չորսհարյուր, որոնցից առաջին աստիճանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներինը քսան տոկոս։ Հիրոսակի քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից հղի է մեկը, Առմորի քաղաքի դպրոցում՝ մեկը, Մինամիցուգարա գավառում՝ չորսը, Կիտացուգարա գավառում՝ մեկը։ Երկու տասներորդ տոկոսը սեռային հարցում անփորձ լինելու պատճառով, չնայած պրոֆեսիոնալ բժիշկների միջամտության, զոհվել է, իսկ երկուսուկես տոկոսը գտնվում է ծանր վիճակում, և մենք պրոֆեսիոնալ բժիշկների հետ ոչ մի առնչություն չունեցող մարդկանց ձեռքից զոհ գնացող դեռահաս մայրերի կյանքի համար ի վիճակի ենք միայն մեծագույն տագնապ ապրել»։

Նկարագրված էր ծննդաբերության ընդամենը չորս դեպք։ Կիտացուգարա գավառի միջնակարգ դպրոցի տասնչորսամյա աշակերտուհին անցյալ տարվա փետրվար ամսին ծնել է երկվորյակներ։ Մայրն ու երեխաներն առողջ են։ Պատանի մայրը շարունակում է սովորել դպրոցում։ Ծնողները նույնիսկ չեն իմացել, որ աղջիկը հղի է։

Երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցի տասնյոթամյա աշակերտուհին համադասարանցի տղայի հետ պայմանավորվում է, որ կամուսնանան, և անցյալ տարվա ամռանը հղիանում է։ Երկուսի ծնողներն էլ, քանի որ աղջիկն ու տղան դեռ դպրոցականներ են, հղիությունն ընդհատել են տալիս։ Բայց և՛ աղջիկը, և՛ տղան հայտարարում են. «Դա մեզ համար խաղ չէր։ Միևնույն է, մենք շուտով կամուսնանանք»։

Լրագրային փոքրիկ հոդվածը Սինգոյի վրա ցնցող տպավորություն գործեց։ Եվ ահա երազում տեսավ ինչպես աբորտ են անում աղջկան։

Բայց Սինգոյի երազը պատմում էր ոչ թե աղջկա ու տղայի ամոթաբեր, պախարակելի արարքը, այլ նրանց երկուսի անբասիր, անմեղ սիրո և «առհավետ սուրբ դարձած» աղջկա մասին։ Քնելուց առաջ Սինգոն կարդացածը վաղուց մոռացել էր։

Ցնցող տպավորությունը վերածվեց զարմանալի երազի։ Ինչո՞ւ։

Գուցե Սինգոն իր երազով փրկում էր թե՛ աթոբտ անող աղջկան, թե՛ ինքն իրեն։

Համենայն դեպս, երազի մեջ գթասրտություն կար։

Բայց արդյո՞ք դա իր սեփական էությունից բխող գթասրտություն էր,— փորձեց ինքն իրեն վերլուծել Սինգոն։

Թերևս իր՝ ծերուկի, դեռևս իսպառ չկորցրած երիտասարդության փշրանքները ստեղծեցին աղջկա ու տղայի մաքուր սիրո երազը,— հուսալով մաածեց նա։

Հենց այդ հույսն էլ երազից հետո մղեց նրան Սյուիտիի գոռոցների մեջ, որոնց ականջ էր դնում լիովին գթասրտած, սեր ու հուսահատություն զգալ։

3

Մյուս օրը առավոտյան։ Սինգոն դեռ անկողնի մեջ պառկած լսում էր, թե Կիկուկոն ինչպես է բոթբթելով արթնացնում Սյուիտիին։

Վերջերս Սինգոն ծեգը չբացված արթնանում էր ու չէր իմանում ինչ անել։ Յասուկոն, որ սիրում էր քնել, փնթփնթում էր. «Մազերդ սպիտակեցին, էլի քուն չունես, տնաշե՜ն»։ Ճիշտն ասած, սկեսրայրին սազական չէր հարսից առաջ վեր կենալ, Սինգոն այդ հասկանում էր։ Նա գաղտագողի դուրս էր գալիս նախասենյակ, բացում էր մուտքի դուռը, թերթերը արկղից հանում ու կրկին անկողին մտնելով, սկսում անշտապ կարդալ։

Նա լսեց, որ Սյուիտին գնաց լվացարանի մոտ։

Ուզեց ատամները մաքրել, խոզանակը տարավ բերանը, վատ զգաց և, երևի, փսխեց։

Կիկուկոն մանրաքայլ վազ տվեց խոհանոց։

Սինգոն վեր կացավ։ Պատշգամբում դեմառդեմ հանդիպեց խոհանոցից վերադարձող Կիկուկոյին։

— Օ՜, դուք արդեն վե՞ր եք կացել, հայրիկ։

Կիկուկոն կտրուկ կանգ առավ, կարծես, դեմն ելած անակնկալ խոչընդոտից․ այտերը բռնկվեցին։ Ձեռքին բռնած բաժակից ինչ֊որ բան ճողփալով թափվեց։ Ըստ երևույթին, խոհանոցից սառը սակե էր տանում Սյուիտիին զարթխումելու։

Կիկուկոյի գունատ, դեռևս առանց կոսմետիկայի դեմքը ալ կարմիր դարձավ, քնաթաթախ աչքերում խռովք կայծեց, անմեղորեն բացված դալուկ շուրթերին, մերկացնելով գեղեցԻԿ ատամները, շփոթահար ժպիտ երևաց։ Ինչ դուրեկան տեսք ունի, մտածեց Սինգոն։

Մի՞թե հարսի մեջ դեռ այդքան շատ մանկական բան է մնացել։ Նա հիշեց գիշերվա երազը։

Ըստ էության, արտառոց ոչինչ չկա այն բանի մեջ, որ մանկահասները, որոնց մասին գրել էր թերթը, ամուսնանում են և երեխաներ են ծնում։ Հին Ժամանակ վաղ ամուսնության դեպքեր որքան ասես կային։

Ինքը՝ Սինգոն, այդ երեխաների հասակում մինչև ականջները սիրահարված էր Յասուկոյի ավագ քրոջը։

Տեսնելով, որ Սինգոն մտավ սեղանատուն, Կիկուկոն շտապեց ծածկափեղկերը բացել։

Սենյակ խուժեց արդեն բոլորովին գարնանային դարձած արևը։

Կիկուկոն, ասես վախեցած լույսի առատությունից, ձեռքերը տարավ գլխին, սկսեց գիշերը քանդված մազերը կարգի բերել։

Տաճարի շուրջն աճած գինգոները դեռ չէին բացվել, բայց արևի վաղորդյան ճառագայթների տակ արդեն զգացվում էր ուռճացած բողբոջների բույրը։

Կիկուկոն շորերն արագ փոխելուց հետո մի գավաթ կանաչ թեյ բերեց․

— Ներեցեք, հայրիկ, մի քիչ ուշացրի։

Սինգոն սովորություն էր դարձրել՝ անկողնուց վեր կենալիս անմիջապես տաք թեյ էր խմում։ Թեյի եփաքանակը և գույնը դուրս տալու չափը որոշելը խիստ դժվար է։ Կիկուկոյի պատրաստած թեյը միշտ մյուսների եփածից համեղ էր լինում։

Տեսնես իր ամուսնաթող աղջիկը կարո՞ղ է Կիկուկոյից ավելի համեղ պատրաստել, մտածում էր Սինգոն։

— Հարբածներին այժմ խումհար անելու համար խմիչք են տալիս։ Հին ժամանակ, որպեսզի սթափվեին, պարզապես կանաչ թեյ էին խմում։ Այնպես որ, դու քեզ շատ մի կոտորիր, Կիկուկո,— կատակեց Սինգոն։

— Օ՛հ, հայրիկ, դուք, ուրեմն, ամեն ինչ գիտե՞ք։

— Գոռոցներից արթնացա։ Սկզբում կարծեցի Տերուն է ոռնում։

― Ի՜նչ եք ասում։

Կիկուկոն նստել էր գլխահակ, ասես ուժ չուներ վեր կենալու։

— Ես Կիկուկոյից ավելի շուտ զարթնեցի։— Մյուս սենյակից ասաց Ֆուսակոն։— Զարհուրելի գոռոց էր, նույնիսկ վատ զգացի, իսկ Տերուն չէր հաչում, դրանից էլ հասկացա, որ գոռացողը Սյուիտին է։

Ֆուսակոն սեղանատուն մտավ մանկանը կուրծք տալով, հագին՝ գիշերային կիմոնոն։

Դեմքն անբարետես էր, բայց կուրծքը սպիտակ էր, գեղեցիկ։

— Այդ ո՞նց ես հագնված, փնթի,— ասաց Սինգոն։

— Աիխարան անտանելի թափթփված է, ես էլ նրա նման թափթփված դարձա։ Փնթի մարդու հետ ամուսնանալիս անպայման ինքդ էլ ես փնթիանում։ Ուրիշ ճար չունես։

Կունիկոյին պոկելով աջ կրծքից ու ձախ կուրծքը խոթելով նրա բերանը, Ֆուսակոն մռայլված ավելացրեց․

— Եթե քեզ համար տհաճ է, որ աղջիկդ փնթի է դարձել, պետք է նրան մարդու տալուց առաջ ստուգեիր՝ ապագա ամուսինը փնթի է, թե ոչ։

— Տղամարդը և կինը նույն բանը չեն։

— Բոլորն էլ նույն բանն են, իրար նման։ Նայիր Սյուիտիին, կիմանաս։

Ֆուսակոն գնաց լվացարանի կողմը։

Կիկուկոն ձեռքերը պարզեց նրան։ Ֆուսակոն երեխային կոպտորեն գցեց հարսի վրա։ Փոքրիկը լաց եղավ։

Մայրը, ուշադրություն չդարձնելով նրա լացին, սենյակից դուրս գնաց։

Լվացվելուց հետո ներս եկավ Յասուկոն։

— Ի՛նձ տուր,— գիրկն առավ նա երեխային։— Սրա հայրն ի՞նչ է մտածում։ Նոր տարվա նախօրեից, երբ Ֆուսակոն եկավ մեզ մոտ, անցել է արդեն երկու ամիս։ Ասում ես Ֆուսակոն թափթփված է, բա դու, որ նրա հայրն ես, թափթփված չե՞ս։ Դու էլ ես աղջկադ պես թափթփված ու անփույթ։ Հենց Նոր տարվա նախօրյակին, կարծես ուրիշ ավելի հարմար օր չէր կարելի ընտրել, հանկարծ հայտնաբերեց, որ ամուսնու հետ ապրել չի կարող։ Աիխարա֊սանն էլ համա թե լավ մարդ է, գոնե մի անգամ գար մեր տուն, հետաքրքրվեր։— Յասուկոն խոսում էր նայելով երեխային։— Այն աղջկան՝ Տանիձաքիին, որ քեզ մոտ քարտուղարուհի էր աշխատում, Սյուիտին մի անգամ կիսաայրի անվանեց։ Հիմա կարելի է Ֆուսակոյին էլ նույն ձևով կիսամարդաթող ասել։

— Ի՞նչ կնշանակի «կիսաայրի»։

— Աղջիկ, որ չի հասցրել ամուսնանալ, սիրած մարդուն կորցրել է ռազմաճակատում։

— Բայց պատերազմի Ժամանակ Տանիձաքին դեռ համարյա երեխա էր։

— Երևի կլիներ տասնվեց-տասնյոթ տարեկան։ Արդեն միանգամայն հնարավոր էր, որպեսզի որևէ մեկը նրա համար դառնար անմոռաց մարդ։

Յասուկոյի «անմոռաց մարդ» խոսքը Սինգոյի համար անակնկալ էր։

Սյուիտին տանից գնաց առանց նախաճաշելու։ Երևում է, լավ չէր զգում, նաև ուշանում էր գործից։

Սինգոն տանն ավելի երկար մնաց, սպասում էր առավոտվա փոստին։ Նամակներից մեկը հարսի անունով էր։

— Կիկուկո՛։— Սինգոն նամակը տվեց նրան։

Չնայելով ծրարն ում էր հասցեագրված, Կիկուկոն մնացած նամակների հետ դա էլ էր բերել դրել Սինգոյի առջև։ Կիկուկոյին առհասարակ հազվադեպ էին գրում։ Հիմա էլ նա նամակի չէր սպասում։

Տեղնուտեղը ծրարը բացեց ու կարդաց։

— Ընկերուհուցս է։ Աբորտ է արել, որից հետո վիճակը վատացել է։ Այժմ պառկած է Հոնգոյի համալսարանական կլինիկայում։

— Այ թե ի՜նչ,— Սինգոն հանեց ակնոցն ու նայեց Կիկուկոյին։— Երևի գաղտնի է արել, որևէ պատահական մանկաբարձուհու մոտ։ Դա շատ վտանգավոր է։

Երեկվա լրագրային հոդվածը, իր երազը և առավոտվա այս նամակը, ինչպիսի զուգադիպություն,— մտածեց Սինգոն։

Նա շատ էր ուզում երազը Կիկուկոյին պատմել։

Լուռ նայում էր հարսի դեմքին՝ ասես վարակվելով նրա երիտասարդությամբ։ Կպատմեմ, որոշեց նա և անմիջապես վախեցած հրաժարվեց։ Հանկարծ ու Կիկուկոն նույնպես հղի է և նույնպես մտադիր է վիժում անել. այդ դեպքում իր պատմած երազը ավելորդ մտքերի տեղիք կտա։

4

Երբ էլեկտրագնացքը անցնում էր Կիտակամակուրայի հովտով, Կիկուկոն զարմացած բացականչեց.

— Սալորենիներն այս ինչ բո՜ւռն են ծաղկել։

Հովտում, ուղղակի էլեկտրագնացքի պատուհանների դեմ, մեծ քանակությամբ սալորենիներ էին աճել։ Սինգոն ամեն օր, ուզեր-չուզեր, տեսնում էր դրանց։

Բուռն ծաղկումն ավարտվել էր, և արևակեզ տեղերում ճերմակ ծաղիկները փոքր֊ինչ խամրել էին։

— Մեր այգում էլ են ծաղկել,— ասաց Սինգոն ու հիշեց, որ այնտեղ ընդամենը երկու, երեք ծառ կա։ Ծաղկած սալորենիների այսպիսի առատություն Կիկուկոն այս տարի առաջին անգամն էր տեսնում։

Հարսը հազվադեպ էր նամակներ ստանում, հազվադեպ էլ մեկնում էր որևէ տեղ։ Տանից դուրս էր գալիս միայն գնումներ կատարելու համար։

Այսօր որոշել էր այցելել համալսարանական կլինիկայում պառկած ընկերուհուն, և Սինգոն ուղեկցում էր նրան։

Այն տունը, որտեղ ապրում էր Այուիտիի սիրուհին, հենց համալսարանի դիմացն էր։ Այդ հանգամանքը որոշ չափով անհանգստացնում էր Սինգոյին։

Էլեկտրագնացքում նա այնպես էլ վճռականություն չունեցավ Կիկուկոյին հարցնելու՝ հո հղի չէ։

Հարցնելը այնքան էլ դժվար չէր, պարզապես հարմար պահը բաց թողեց։

Արդեն քանի տարի էր չէր հետաքրքրվում Յասուկոյի կանացի գործերով։ Դաշտանադադարն սկսվելուց հետո Յասուկոն դադարեց նրա հետ այդ մասին խոսել։

Ոչ այն պատճառով, որ մինչև հիմա առողջ էր, այլ որ, ըստ երևույթին, վրա էր հասել նրա թառամելու շրջանը։

Սինգոն կնոջ հետ ունեցած նման կարգի խոսակցությունները վաղուց մոռացել էր։

Իսկ այժմ մտաբերեց, որովհետև ուզում էր Կիկուկոյից իմանալ՝ հղի է, թե ոչ։

Եթե Յասուկոն գիտենար, որ նրանք գնացել են կլինիկա, անպայման կասեր, թող Կիկուկոն էլ մտնի բժշկի մոտ ստուգվելու։

Նա բազմիցս փորձել էր հարսի հետ խոսել երեխա ունենալու մասին։

Սինգոն նկատում էր․ սկեսուրի բացած այդ խոսակցությունները Կիկուկոյին դուր չէին գալիս։

Սյուիտիից նա, անշուշտ, ոչինչ չէր թաքցնում։ Սյն տղամարդը, որի հետ կինը անկեղծ է, կնշանակի նա այդ կնոջ համար ամեն ինչ է։ Կինը հենց որ ուրիշ տղամարդ է ճարում, ամուսնու հետ սրտաբաց լինելուց իսկույն դադարում է։ Օրերից մի օր այդ բանն ասել էր Սինգոյին հին ընկերներից մեկը․ որքան հիշում է, այն ժամանակ դա իրեն անչափ հետաքրքրեց։

Նույնիսկ դուստրը իր ծնողներին ամեն ինչ մինչև վերջ չի ասում։

Սինգոն, ինչպես նաև Կիկուկոն, առ այսօր խուսափում էին խոսք բացել այն մասին, որ Սյուիտին կապված է ուրիշ կնոջ հետ։

Եթե Կիկուկոն հղի է, ապա ամենից առաջ շնորհիվ Սյուիտիի սիրուհու։ Նրա գոյությունը, հավանաբար, նպաստեց, որ հարսը հասունանար։

Ամբողջ այդ պատմությունը խիստ անախորժ էր, բայց Սինգոն չէր մոռանում, որ խոսքն ախր վերաբերում էր մարդուն, և երեխայի մասին Կիկուկոյին հարցնելը նրան դաժանություն էր թվում։

— Ամամիայի պապն երեկ մեզ մոտ էր եկել։ Մայրիկը չի՞ ասել ձեզ,— անսպասելի հիշեց Կիկուկոն։

— Չէ, չի ասել։

— Ամամիյան նրանց տանում է Տոկիո, եկել էր հրաժեշտ տալու։ Երկու մեծ փաթեթներով թխվածք էր բերել, խնդրեց տալ Տերուին։

— Շա՞նը։

— Այո։ Մայրիկն այդպես էլ ասաց. շան համար է բերել, բայց մեկը կարելի է պահել, որ մարդիկ ուտեն։ Ամամիյա-սանի առևտրական գործերը հաջող են, նորից սկսել է տուն կառուցել։ Ծերուկն այնպես ուրախացել էր։

— Ի՜նչ ես ասում։ Հազվադեպ է պատահում, որ առևտրականը հարկադրված ամեն բան՝ ընդհուպ մինչև սեփական տունը, վաճառելուց հետո կրկին ոտքի կանգնի և նույնիսկ սկսի նոր տուն կառուցել։ Նրա գնալու օրից արդեն տասը տարի է անցել։ Տարիներն ակնթարթի պես թռան։ Ամեն օր այս էլեկտրագնացքով գնում գալիս եմ․ ձանձրացա։ Երբեմն ընկերներով իրար հանդիպում ենք ռեստորանում։ Դա էլ արդեն տասը տարի կրկնվում է և տաղտկալի է դարձել։ Նաև սկսել եմ հոգնածություն զգալ, երևում է ժամանակս եկել է նրան ներկայանալու։

Սինգոյին թվաց, թե Կիկուկոն չհասկացավ ինչ է նշանակում «նրան ներկայանալ»։

— Ներկայանալ դժոխքի տիրակալ Էմմին։ Կարոդ ենք նրան ասել, որ մեզ բաժին ընկած մի փշուր կյանքում մեղք չենք գործել։ Խոսքը չէ որ կյանքի հենց այդ փշուրների մասին է։ Եվ արդյոք չափազանց խիստ չէ՞, մարդուն պատժել ապրած կյանքի համար, որից, ըստ էության, նրան լոկ փշրանքներ են հասել։

— Այդ ինչպե՞ս։

— Ահա թե ինչպես։ Գոնե եղե՞լ է որևէ մեկը, որ մարդուն հասանելիք կյանքի իր բաժինը լիակատար ամբողջությամբ ապրեր։ Հազիվ թե։ Վերցնենք օրինակ այն ռեստորանի հանդերձապահին, որտեղ ես, ինչպես ասացի, երբեմն գնում եմ։ Այդ հանդերձապահը միայն մի բան գիտե՝ հաճախորդներից ընդունել հանած կոշիկները և ապա նորից հանձնել հաճախորդներին։ Ու այդպես ամեն օր։ Որևէ ծերունու եթե հարցնես, առանց մտածելու կպատասխանի,― դրանից ավելի լավ բան պետք էլ չէ։ Բայց դա, ախր, կյանքի մի չնչին պատառիկ է։ Փորձիր հարցնել մատուցողուհուն , առանց տատանվելու կասի,— այդ ծեր հանդերձապահի վիճակն անտանելի է։ Նստում է նկուղային հարկում, մանղալի կողքին, չորս կողմից շրջապատված ոտնամանների արկղերով ու անընդհատ կոշիկներ է մաքրում։ Նկուղն ուղղակի մուտքի մոտ է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ։ Իսկ տանը, հավանաբար, իր պառավին շարունակ հավատացնում է, որ ծերանոցում շատ ավելի լավ կապրեին։

— Այ, մայրիկն էլ այդպես է։ Նա հաճախ կրկնում է, որ երիտասարդները միշտ մեռնել են ուզում։ Դա, իմ կարծիքով, անլուրջ խոսակցություն է։

— Նա իզուր չէ այդպես ասում, պարզ է, որ ինձանից շաա կապրի։ Ի դեպ, երիտասարդներից ո՞ւմ նկատի ուներ։

— Ո՞ւմ․․․— Կիկուկոն դեմ ընկավ։— Այսօրվա նամակի գրողին՝ ընկերուհուս։

— Այն նամակը, որ առավոտյան ստացա՞ր։

— Այո։ Նա ամուսին չունի։

— Հը՛մ։

Սինգոն լռեց։ Կիկուկոն ևս չուզեց այդ խոսակցությունը շարունակել։

Էլեկտրագնացքը Տոցուկայից հենց նոր դուրս եկավ։ Մինչև Հոդոգայ դեռ բավական ճանապարհ կար։

— Կիկուկո,— ասաց Սինգոն,— ես արդեն վաղուց եմ այդ մասին մտածում․ դու չէի՞ր ուզենա Սյուիտիի հետ մեզանից անջատ ապրել։

Կիկուկոն նայում էր Սինգոյին, սպասելով, թե էլի ինչ կասի, հետո խղճալի ձայնով հարցրեց.

— Ինչո՞ւ, հայրիկ։ Որովհետև Ֆուսակո֊սանը վերադարձե՞լ է։

— Ոչ, Ֆուսակոյի հետ դա կապ չունի։ Ֆուսակոն դեռ լրիվ բաժանված չէ, և դու դրա համար նրան երևի կարեկցում ես։ Սակայն, եթե անգամ Աիխարայից բոլորովին հեռանալու էլ լինի, նա մեզ մոտ երկար չի մնա։ Առանձնացած կապրի։ Այնպես որ իմ ասածը վերաբերում է միայն քեզ ու Սյուիտիին։ Ձեզ համար ավելի լավ չէ՞ր, որ առանձին ապրեիք։

— Ոչ։ Դուք այնքան բարի եք իմ հանդեպ, հայրիկ, ես ուզում եմ ձեզ հետ ապրել։ Առանց ձեզ մենակ կզգամ։

— Ինձ համար այդ անչափ հաճելի է։

— Դուք ինձ այնքան երես եք տալիս։ Չէ՞ որ ընտանիքի ամենափոքրն եմ։ Մեր տանն էլ էին ինձ փայփայում. հայրս չափազանց սիրում էր ինձ, և ես սովորել էի ամեն բանի համար վազել մոտը։

— Շատ լավ գիտեմ, որ հայրդ սիրում էր քեզ։ Չես կարող պատկերացնել, թե միշտ, երբ դիմում ես ինձ, ինչպիսի մեծ հաճույք ես պատճառում։ Առանց քեզ տխուր կլինի, դու Սյուիտիի մասին ամեն ինչ գիտես, բայց մինչև այսօր չէի ուզում քեզ հետ այդ հարցի շուրջ խոսել։ Համա թե լավ հայր եմ։ Գուցե առանձին ապրեք, ամեն բան կարգի ընկնի։

— Ոչ։ Թեև դուք ինձ ոչինչ չէիք ասում, բայց շարունակ անհանգստանում էիք, ես այդ հիանալի գիտեմ։ Ես ուզում եմ ձեր կողքին լինել։— Կիկուկոյի խոշոր աչքերում լճացել էին արցունքները։— Ես առանձին ապրելուց վախենում եմ։ Անընդհատ մենակ նստել տանն ու սպասել, անվերջ սպասել։ Որքան անտանելի է, որքան տխուր, ուղղակի զարհուրելի։

— Բայց հո մենակ ինքդ կսպասես, ոչ ոք չի տեսնի։ Դե լավ, էլեկտրագնացքը նման խոսակցությունների համար հարմար տեղ չէ։ Այնուամենայնիվ, լավ մտածիր։

Կիկուկոն դողում էր, ասես հիմիկվանից արդեն սոսկում էր մենակությունից։

Իջան Տոկիոյի կայարանում։ Սինգոն Կիկուկոյին տաքսիով տարավ Հոնգո։

Արդյոք այն պատճառով, որ հայրը նրան շատ էր սիրում, թե՞ պարզապես սաստիկ հուզված լինելուց էր՝ Կիկուկոյին սկեսրայրի այդ արարքը կարծես տարօրինակ չթվաց։

Երբ հասան այն փողոցը, որտեղ ապրում էր Սյուիտիի սիրուհին, Սինգոն թեպետ կասկածելի ոչինչ չնկատեց, զգուշությունից մղված, վարորդին խնդրեց մտնել համալսարանական կլինիկայի բակը։

Գարնանային ձայներ

1

Կամակուրայում բալենու ծաղկած ժամանակ տոնում էին բուդդայական մայրաքաղաքի յոթհարյուրամյակը։ Տաճարների զանգերը ամբողջ օրը ղողանջում էին։

Զանգերի ձայնը, ժամանակ առ ժամանակ, չգիտես ինչու, Սինգոյին չէին հասնում։ Կիկուկոն գործ անելիս լիներ, թե խոսելիս, միևնույն է, լսում էր, իսկ Սինգոն, որպեսզի լսեր, պետք է հատուկ ականջ դներ։

— Լսո՞ւմ եք,— ասաց Կիկուկոն,— նորից զանգում են։ Լսեցի՞ք։

— Չեմ տարբերում։— Սինգոն գլուխը կռացրեց։— Կնիկ, իսկ դո՞ւ,— հարցրեց Յասուկոյին։

— Լսում եմ, իհարկե։ Մի՞թե դու չես լսում։— Յասուկոն խոսելու ցանկություն չուներ։

Վերջին չորս֊հինգ օրվա լրագրերի կույտը ծնկներին դրած, դանդաղ թերթում էր։

— Ղողանջո՜ւմ են։ Ղողանջո՜ւմ են,— ասաց Սինգոն։

Բավական էր զանգի հնչյունը թեկուզ մի անգամ որսար, այնուհետև արդեն հեշտությամբ զանազանում էր մյուս ձայներից։

— Վերջապես լսեցիր և հրճվում ես,— ակնոցը հանեց ու Սինգոյին նայեց Յասուկոն,— իսկ վանականների հոգին դուրս է գալիս օրնիբուն հնչեցնելով գանգերը։

— Զանգերը խփում են տաճարներն այցելող հավատացյալները. մի հարվածը՝ տասը իեն, և ոչ թե վանականները,— ասաց Կիկուկոն։

— Այ թե փչանն ես, հա՜։

― Չէ, ճիշտ եմ ասում, մայրիկ, դրանց անվանում են ննջեցյալի հոգու համար աղոթելու զանգեր․․․ Ասում են տաճարները նույնիսկ իրենց պլանն ունեն՝ քանի մարդ պետք է խփի զանգը, կարծեմ հարյուր հազար, թե մեկ միլիոն․․․

— Պլա՞ն։

Սինգոյին դա արտառոց թվաց։

— Տաճարների զանգերը շատ են թախծոտ ղողանջում, չեմ սիրում։

― Չէ, ինչ եք ասում, մի՞թե թախծոտ են,— առարկեց Կիկուկոն։

Ինչ հարմար է այսպես, ապրիլյան կիրակի օրը, սեղանատանը նստած հիանալ ծաղկող բալենիներով, մտածեց Սինգոն։

— Յոթհարյուրամյակը։ Ինչի՞ յոթհարյուրամյակը։ Ոմանք ասում են Մեծ Բուդդայի յոթհարյուրամյակն է, մի մասն էլ թե՝ սուրբ Նիտիրենի,— ասաց Յասուկոն։

Սինգոն չկարողացավ պատասխանել։

— Կիկուկո, դու գիտե՞ս։

— Ես էլ չեմ իմանում։

— Տարօրինակ է։ Մենք էլ պիտի ասենք, թե Կամակուրայում ենք ապրում։

— Մայրիկ, ձեր նայած թերթերում հետաքրքիր բան չկա՞։

— Որոշ բան կա։— Յասուկոն լրագրերի կույտը մեկնեց հարսին։ Դրանք խնամքով ծալված, դարսված էին միմյանց վրա։ Թերթերից մեկը պահեց մոտը,— այ հենց սրա մեջ է գրված։ Երբ կարդացի, որ երկու ծեր մարդիկ տանը թողնում գնում են, սիրտս ճմլվեց։ Դրանց պատմությունը մտքիցս ոչ մի կերպ դուրս չի գալիս։ Կիկուկո, երևի դու էլ ես կարդացել։

— Կարդացել եմ։

— «Ճապոնական թիավարման սպորտի միության պրեզիդենտի տեղակալը, որին անվանում էին թիավարել սիրողների հայր»...— հոդվածը սկսեց կարդալ Յասուկոն, բայց ընդհատեց ու վերապատմեց իր խոսքերով։— Նա, դրանից բացի, նաև նավակների և զբոսանավակների շինության ընկերության դիրեկտորն էր։ Կինը վաթսունութ տարեկան էր, ինքը՝ վաթսունինը...

— Սիրտդ ինչո՞ւ ճմլվեց։

— Այստեղ արտատպված են նրա հրաժեշտի նամակները՝ հոգեորդուն, նրա կնոջն ու թոռներին։

Յասուկոն նորից սկսեց թերթը կարդալ։

— «Պատկերացնելով խղճուկ գոյությունը քարշ տվող, ամենքից մոռացության մատնված մարդկանց թշվառ տեսքը, մենք չենք ուզում ապրել մինչև այդ օրին ընկնելը։ Դերկոմս Տակագիի հոգեկան վիճակը մեզ համար միանգամայն հասկանալի է։ Կարծում ենք լավագույն բանը կլինի կյանքից հեռանալ այն ժամանակ, քանի դեռ բոլորը քեզ հարգում ու սիրում են։ Եվ մենք՝ շրջապատված տնեցիների անկեղծ սիրով, բազմաթիվ բարեկամների ու հասակակիցների սրտագին վերաբերմունքով ու հոգատարությամբ, այդուհանդերձ, որոշեցինք, որ մեզ անհրաժեշտ է հեռանալ»։ Այս նամակը ուղղված է հոգևորդուն ու նրա կնոջը։ Իսկ սա՝ թոռներին. «Մոտենում է ճապոնիաի անկախության օրը, սակայն ապագան ծածկված է մշուշով։ Եթե երիտասարդությունը և ուսանողները, պատերազմի սարսափներից ահաբեկված, խաղաղություն են ուզում, նրանք պետք է անշեղորեն հետևեն Գանդիին պատկանող չընդդիմադրելու գաղափարին։ Մենը շատ ենք ծեր, և մեր ուժերն արդեն չեն բավարարում ընթանալու այն ճիշտ ուղիով, որին հավատում ենք, և ղեկավարելու ձեզ։ Անմտություն է սպասել մինչև խոր ծերության հասնելը, երբ ձեզ համար ծանր բեռ կդառնանք․ ապրել այդքան, կնշանակի խաչ քաշել մի ամբողջ կյանքի վրա։ Ընդամենը մի բան կցանկանայինք, որ դուք՝ մեր թոռները, ձեր սիրած պապիկից ու տատիկից ջերմ հիշողություններ պահեիք։ Դեռ չգիտենք, թե ուր ենք ուղևորվելու։ Մեր միակ ձգտումն է հանգիստ հանգչել»։

Այդտեղ Յասուկոն լռեց։

Սինգոն նստել նայում էր այգում ծաղկող բալենիներին։

Յասուկոն շարունակեց ընթերցումը։

— «Դուրս եկան Տոկիոյի իրենց տանից, այցելեցին Օսակայում ապրող քրոջը և անհետ կորան։ Օսակայում բնակվող քույրը ութսուն տարեկան է...»

— Իսկ ո՞ւր է կնոջ հրաժեշտի նամակը։

— Ի՞նչ։

Յասուկոն բարձրացրեց ցրված հայացքը։

— Կինը նամակ չի՞ թողել։

— Կի՞նը։ Այսինքն՝ պառա՞վը։

— Իհարկե։ Քանի որ վճռել էին երկուսով մեռնել, ուրեմն կինն էլ պետք է նամակ թողած լիներ։ Մի րոպե պատկերացրու, որ ես ու դու որոշել ենք միասին վերջ տալ մեր կյանքին, և դու ուզում ես հրաժեշտի ինչ-որ խոսքեր ասել, մի՞թե նամակ չես թողնի։

— Ոչ, ինչիս է պետք,— առանց մտածելու պատասխանեց Յասուկոն։― Տղամարդը և կինը առանձին-առանձին նամակներ են գրում այն դեպքում, երբ դեռ երիտասարդ են և որոշել են միասին ինքնասպանություն գործել։ Երբ տխրությամբ եկել են այն համոզման, որ իրենց բախտ չի վիճակված միասին ապրելու․․․ Եթե այդ անում է ամուսնացած զույգը, երկուսի անունից գրած մարդու նամակն էլ հերիք է։ Դե, օրինակ, ես ի՞նչ կարող եմ ավելացնել այն խոսքերի վրա, որ դու կասեիր հրաժեշտի ժամանակ։

— Այդպե՞ս ես կարծում։

— Ուրիշ բան, եթե որոշեմ մենակ մեռնել։

— Հարկավ, երբ մեռնում է ամուսիններից մեկը, հետո ահագին բարդություններ ու անախորժություններ են ծագում։

— Չէ մի՜, հա, դրանք բոլորը դատարկ բաներ են։ Այն էլ մեր տարիքում։

— Այնպիսի անհոգությամբ ես խոսում, կարծես ամենևին չես մտածում մահվան մասին կամ ընդհանրապես մեռնելու միտք չունես,— ծիծաղեց Սինգոն։— Իսկ դո՞ւ, Կիկուկո։

— Ինչ կանեի ե՞ս։

Կիկուկոն այդ ասաց անվստահ, ցածրաձայն։

— Եթե դու և Սյուիտին որոշեիք միասին վերջ տալ ձեր կյանքին, չէի՞ր ուզենա հրաժեշտի նամակ թողնել։

Սինգոն ասածի համար տեղնուտեղը զղջաց։ Իզուր եմ նման բաներ խոսում, մտածեց նա։

— Չգիտեմ։ Եթե դա իրոք պատահի, ի՞նչ կանեմ։ Չեմ իմանում։— Կիկուկոն աջ ձեռքի բութ մատը մտցրեց օբիի տակ։ Ապա նայեց Սինգոյին։— Հայրիկ, ինձ թվում է ես․․․ նամակը կգրեի ձեզ։

Կիկուկոյի հայացքր մշուշապատվեց, աչքերը երեխայի պես լցվեցին արցունքներով։

Յասուկոն մահվան մասին երբեք չի մտածում, իսկ Կիկուկոն, երևում է, հաճախ է մտորում, զգացվեց Սինգոն։

Հարսը կախեց գլուխը, և արդեն հեկեկալու աստիճան լցվաձ, տեղից վեր թռավ, վազեց դուրս։

Յասուկոն նայեց նրա ետևից.

— Տարօրինակ է։ Ինչո՞ւ հանկարծ... Հիստերիկ է դարձել։ Դա պարզապես սովորական հիստերիա է։

Սինգոն արձակեց վերնաշապկի կոճակները, ձեռքը դրեց կրծքին։

— Սրտխփոց ունե՞ս,— հարցրեց Յասուկոն։

— Ոչ, կուրծքս եռուքոր է գալիս։ Կարծրացել ու եռուքոր է գալիս։

― Ոնց որ տասնհինգ տարեկան աղջկա կուրծք։

Սինգոն մերսում էր ձախ կրծքապտուկը։

Ամուսինները որոշում են ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ տալ, իսկ հրաժեշտի նամակ միայն մարդն է գրում, կինը, չգիտես ինչու, չի գրում։ Կինն արդյո՞ք համարում է, որ ամուսինը կարող է փոխարինել իրեն, թե՞ կարծում է ինքը նրա հետ միասին մի անբաժանելի ամբողջություն է կազմում՝ մի մարմին, մի հոգի։

Ունկնդրելով Յասուկոյին թերթը կարդալու ժամանակ, Սինգոն տալիս էր այդ հարցն իրեն ու փորձում պատասխանել։

Գուցե միասին ապրած երկարամյա կյանքի ընթացքում նրանք վերածվել էին մի ամբողջությա՞ն կամ պառաված կինը լրիվ կորցրել էր իր անհատականությունը և պարզապես ամուսնու գրածի վրա ավելացնելու բան չէր ունեցել։ Թերևս, ավելի ճիշտ, կինը, չնայած մեռնելու առանձնահատուկ շարժառիթներ չուներ, հնազանդորեն հետևում է ամուսնուն, և, միանալով նրա հրաժեշտի նամակին, հետն ինքնասպանություն գործում, այդպես ազատագրում իրեն թե ափսոսանքից, թե զղջումից, թե տարակուսանքներից։ Ապշեցուցիչ է։

Ա՛յ, իր պառավ կինն էլ է ասում՝ եթե միասին մեր կյանքին վերջ տանք, այդ դեպքում հարկ չկա, որ ես նամակ թողնեմ, մենակ ինքդ կգրես և դա լիովին բավական է։

Կինը տղամարդու անտրտունջ ուղեկիցն է մահվան ժամանակ։ Ճիշտ է, նրանք երբեմն փոխում են իրենց տեղերն ու հակառակն էլ է լինում, բայց մեծ մասամբ կինը առանց առարկելու ենթարկվում է ամուսնուն․ ահա այդպիսի կանանցից մեկր, այժմ արդեն պառավաձ, նստել է իր կողքին։ Այդ մտքից Սինգոն շշմեց։

Կիկուկոյի և Սյուիտիի ընտանեկան կյանքը ոչ միայն կարճ է, այլև հասել է իր փլուզման սահմանին։

Եվ հարցնել հարսին, թե Սյուիտիի հետ, եթե վերջ տալու լինի իր կյանքին, նամակ կթողնի՞, առնվազն անտակտոլթյուն էր ու դաժանություն․ ինքն այդ հարցով նրան խիստ ցավ պատճառեց։

Այժմ Սինգոյին ևս հասկանալի դարձավ, թե ինչպիսի ահավոր անդնդի եզրին էր կանգնած Կիկուկոն։

— Դու Կիկուկոյին չափից ավելի ես շփացնում, դրա համար էլ քո հարցից լաց եղավ,— ասաց Յասուկոն։— Դու մենմիայն Կիկուկոյին ես սիրում, իսկ երբ պետք է որևէ կարևոր ոշում ընդունել, քեզ ինչքան էլ խնդրեն, չես անի։ Քո աղջկա՝ Ֆուսակոյի հետ, ինչ է, նույն բանը չի կատարվե՞լ։

Սինգոն նայում էր այգու՝ ամբողջապես փթթած բալենուն։ Այդ հսկայական ծառի հենց բնի մոտ փարթամորեն աճել էր արալենին։

Նա տանելով տանել չէր կարող արալենի և մտադրվել էր նախքան բալենու ծաղկելը այդ ծառը կտրել, սակայն է դեռ ընդամենը մարտ ամիսն էր, դեռ չորս կողմը խոր ձյուն էր նստած, իսկ բալենին արդեն ծաղկել էր։

Երեք տարի առաջ նա մի անգամ արալենին սղոցեց, դրանից թփուտն ավելի խիտ ոստեր արձակեց։ Որ այդպես է, մտածեց Սինգոն, պետք է արմատախիլ անել բունն ամբողջովին, բայց հետո ձեռքը թափ տվեց՝ լավ, չարչարվել չարժե։

Յասուկոյի խոսքերը նրա մեջ, չգիտես ինչու, ավելի ուժեղ արգահատանք առաջացրին արալենու վառ կանաչ, մսոտ տերևների հանդեպ։ Եթե այդ թփուտները չլինեին, կերևար բալենու հաստ ու հզոր բունը, և վարի ճղները խոչընդոտի չհանդիպելով՝ խիտ շվաքարանի նման ազատորեն կտարածվեին չորս բոլորը։ Ասենք, միևնույն է, հիմա էլ, չնայած արալենու խանգարող թփուտներին, տարածվել էին։

Ծաղիկներն այնքան առատ էին, որ ավելի շատ լինելը թվում էր, թե պարզապես անհնար է։

Վերջալույսի արևով ողողված, դրանք լողում էին երկնքում։ Առանձնապես ոչ վառ, ոչ էլ խոշոր այդ ծաղիկներն ասես հյուսված էին օդից։ Այժմ, փթթման բուռն շրջանում, անհավատալի էր, որ բոլոր թերթիկները շուտով կթափվեն։

Բայց և այնպես մեկական կամ երկու-երկու ընկնում էին ցած և գետնին, որոշ տեղերում արդեն պսակաթերթիկների կղզյակներ էին գոյացել։

— Երբ թերթում կարդում ես որևէ երիտասարդ մարդու մահվան կամ ինքնասպանության մասին, ընդամենը մտածում ես՝ դե ինչ արած, այս մեկն էլ․․․ Իսկ երբ խոսքը վերաբերում է ծերունուն, միշտ ծանր է ազդում,— ասաց Յասուկոն։— Լավագույն բանը կլինի կյանքից հեռանալ այն ժամանակ, քանի դեռ բոլորը սիրում ու հարգում են քեզ։— Թվում էր, թե Յուսակոն երկրորդ կամ երրորդ անգամ վերընթերցում է տարեց ամուսինների մասին գրված հոդվածը։— Վերջապես վաթսունամյա մի ծերունի Տոտիգիից Տոկիո է բերում մանկական կաթվածահարությամբ տառապող իր տասնյոթ տարեկան որդուն, որպեսզի տեղավորի հիվանդանոցում բուժվելու, ընդորում, լավագույն հիվանդանոցներից մեկում։— Շարունակեց Յասուկոն։— Նախքան պառկեցնելը, որոշում է տղային քաղաքը ցույց տալ։ Եվ ահա ամբողջ օրը որդուն շալակած ման անելուց հետո, բաժանվելն այնքան ծանր է թվում ծերունուն, որ թաշկինակով խեղդամահ է անում նրան։ Թերթերը կարծեմ այս մասին նույնպես գրել էին։

— Ի՜նչ ես ասում։ Չեմ կարդացել,— ասաց Սինգոն և հանկարծ թախծով մտաբերեց Ամորիի պրեֆեկտության հղի աղջիկների մասին տպագրված հոդվածն ու գիշերը տեսած իր երազը։

Ինքն, այնուամենայնիվ, որքան տարբերվում է իր պառավ կնոջից։

2

— Կիկուկո-սա՜ան,— կանչեց Ֆուսակոն,— մեքենան շարունակ կտրում է թելը։ Գուցե մա՞ս է փչացել։ Եկ նայիր, խնդրում եմ։ Զինգեր է, ուրեմն պետք է որ լավ կարի։ Թե ես եմ անշնորհք։ Երևի նյարդայնանում եմ, դրա՞ համար։ Չէ, ոնց որ թե իսկապես փչացել է։ Ախր այս մեքենան դեռ իմ ուսանողուհի եղած ժամանակվանից մեզ մոտ է։ Հնացել է արդեն։

Կիկուկոն մտավ սենյակ։

— Գիտեք ինչ, տվեք ես կարեմ։

— Ինչ կա որ, փորձեք։ Սատոկոն ուղղակի կպել է ինձ, պոկ չի գալիս, սաստիկ ջղայնացնում է։ Անընդհատ վախենում եմ, թե մատը ասեղի տակ կթողնի։ Թեև գիտեմ, մատը չի հասնի թելին, բայց այն բանից, որ մի գլուխ խցկում է ձեռքերը, իսկ ես պետք է նաև ուշադիր հետևեմ, որպեսզի կարն ուղիղ ստացվի, աչքերս նրա ձեռքերի շարժումներից և կտորի խայտաբղետությունից շաղվում են։

— Գուցե հոգնե՞լ եք։

— Դե չէ, պարզապես նյարդայնանում եմ։ Եթե հոգնելուց խոսենք, մեր մեջ հոգնողը դու ես, Կիկուկո-սան։ Մեր տանն ամենևին հոգնելու առիթ չունեն միայն պապն ու տատը։ Հենց պապ դարձավ, վաթսունն էլ անցավ, սկսեց բոլորովին հիմարանալ։ Ասացեք խնդրե՜մ, կուրծքը եռուքոր է գալիս։ Բա՜ն է ասում, եռուքոր։

Կիկուկոն ընկերուհուն՝ բուժ֊հաստատություն, այցելության գնացած օրը, ետ դառնալիս ճանապարհին Ֆուսակոյի աղջիկների համար շորացու կտոր էր գնել։

Ահա թե ինչու, կարով զբաղված, Ֆուսակոն նրա հանդեպ դարձել էր բարեհաճ։

Երբ Ֆուսակոյի փոխարեն Կիկուկոն նստեց մեքենայի աոջև, Սատոկոն խեթ֊խեթ նայեց նրան։

— Այս կտորը քեզ համար մորաքույրն է նվեր գնել, ինչու չես ուզում, որ ինքն էլ կարի,— ասաց Ֆուսակոն աղջկան և ներողություն հայցող ձայնով դարձավ Կիկուկոյին,— խնդրում եմ, դու նրան բանի տեղ մի դիր, ամբողջովին հորը՝ Աիխարային է քաշել։

Կիկուկոն գրկեց Սատոկոյի ուսերը․

— Դու պապիկի և մայրիկի հետ Մեծ Բուդդայի մոտ գնա, հա՛։ Այնտեղ շա՜տ, շատ երեխաներ կտեսնես։ Հետո նրանք կպարեն․․․

Ֆուսակոն կանչեց Սինգոյին, ու նրանք երեքով տանից դուրս եկան։ Հասե փողոցով անցնելիս Սինգոյի աչքովն ընկավ ծխախոտակրպակի դռան առջևի գաճաճ կամելիան։ Նա սիգարետ գնեց և գովեց փոքրիկ ծառը, որի վրա հինգ-վեց հատ բազմաթերթ ծաղիկներ էին բացվել։

— Խայտեր ունեցող բազմապսակաթերթ սպիտակ ծաղիկները այնքան էլ գեղեցիկ չեն, բայց ցավոք, գաճաճ պահել հաջողվում է միայն լեռնային այս կամելիան,— ասաց կրպակատերն ու Սինգոյին հրավիրեց տան ետևի պարտեզը։ Այնտեղ բանջարեղենի փոքրիկ մարգեր կային, դրանց երկայնքով, ուղղակի գետնին, կողք֊կողքի դրված էին գաճաճ ծառերով տակառիկներ։ Սրանք նույնպես լեռնային կամելիաների ծառեր էին՝ հնամենի, հաստ բներով։

— Չպետք է թույլ տալ, որ ծառերը հյուծվեն, դրա համար էլ վրայի ծաղիկները պոկել եմ,— ասաց տանտերը։

— Ուրեմն սրանք արդեն ծաղկո՞ւմ են,— հարցրեց Սինգոն։

— Դրանց վրա բազմաթիվ ծաղիկներ են բացվում, բայց ես յուրաքանչյուր ծառին երկու, երեք ծաղկից ավելի չեմ թողնում։ Կրպակի մուտքի մոտ ձեր տեսած կամելիայի վրա քսանից֊երեսուն ծաղիկ կար։

Տանտերը սկսեց պատմել, թե ինչպես պետք է խնամել գաճաճ ծառերը։ Այնուհետև անցավ այդ ծառերն աճեցնել սիրողների պատմությանը։ Նրան լսելիս Սինգոն հիշեց, որ առևտրի կենտրոնական փողոցի բազմաթիվ խանութների ցուցափեղկերում ի ցույց են դրված գաճաճ ծառեր։

— Խորապես շնորհակալ եմ։ Անչափ հետաքրքիր էր,— Սինգոն դիմեց դեպի դուռը։

— Դժբախտաբար ինձ մոտ ձեզ համար համապատասխան նմուշահատ չկա, ես այդ հասկանում եմ, սակայն ունեցածս լեռնային կամելիաներն այնքան էլ վատը չեն․․․ Փոքրիկ ծառերից մեկը վերցրեք, դա ծուլության դեմ հիանալի միջոց է, մի նոր պարտականություն եք ստանձնում, ստիպված պետք է ջանալ ծառի ձևը պահպանել, թույլ չտալ, որ չորանա,— համոզում էր ծխախոտավաճառը։

Սինգոն քայլելիս ծխեց կրպակից գնած սիգարետներից մեկը։

— Տուփի վրա Մեծ Բուդդան է նկարած։ Սիգարետները երևի հատուկ Կամակուրայի համար են թողարկել,— նա տուփը ցույց տվեց Ֆուսակոյին։

— Ինձ էլ, ինձ էլ,— պապի կողմը ձգվեց Սատոկոն։

— Հիշում ես, անցյալ աշնանը, երբ տանից հեռացար ու մեկնեցիր Սինսյու․․․

— Ես տանից չեմ հեռացել,— առարկեց Ֆուսակոն։

— Այդպես ուրեմն, ուզում էի իմանալ մեր գյուղական տանը գաճաճ ծառ չտեսա՞ր։

― Չեմ տեսել։

― Դե, իհարկե։ Չէ՞ որ այդ ամենը եղել է քառասուն տարի առաջ։ Պապդ՝ մորդ հայրը, գաճաճ ծառերի մեծ սեր ուներ։ Իսկ մայրդ դրանց նկատմամբ անտարբեր էր։ Հոգեկան նրբությունն էր պակաս, թե ինչ. պապդ դրա համար էլ ծառերի խնամքը վստահել էր մեծ աղջկան։ Զարմանահրաշ գեղեցկուհի էր։ Դժվար էր հավատալ, որ մայրդ ու նա քույրեր են։ Մինչև հիմա էլ կանգնած է աչքիս առաջ, թե ինչպես ձմռան առավոտներին, երբ ծառերի տակ դրված պատվանդանը ծածկվում էր ձյունով, նա գլխաբաց, աղջկական թեթև կիմոնոն հագին ավլում էր ձյունը։ Դա այնքան հիասքանչ տեսարան էր։ Սինսյուում ցուրտ էր, և նրա բերանից գոլորշի էր դուրս գալիս։

Սինգոյին այն ժամանակ թվում էր, թե նրա բերանի գոլորշին էլ աղջկական մաքրությամբ է բուրում։

Նա տարվեց հիշողություններով, որոնք ոչ մի առնչություն չունեին այլ սերնդի պատկանող Ֆուսակոյի հետ։

— Իսկ այս լեռնային կամելիաները... երբեք չես ասի, թե դրանց քրտնաջան կերպով աճեցրել են ամբողջ երեսուն֊քառասուն տարի։

Գաճաճ ծառերը պետք է որ շատ հին լինեն։ Անհրաժեշտ են երկար տարիներ, որպեսզի տակառների միջի փոքր ծառերի բները սկսեն նմանվել միմյանց հյուսված հուժկու մկանների։

Հետաքրքիր է, Յասուկոյի քրոջ մահվանից հետո զոհասեղանի մոտ դրված կարմրին տվող գաճաճ թխկին ո՞ւմ ձեռքն ընկավ։ Գուցե պարզապես չորացե՞լ է։

3

Երբ երեքով մոտեցան տաճարին, երեխաների թափորն արդեն շարժվում էր մեծ Բուդդայի առջև ձգվող սալարկած ճանապարհով։ Նկատվում էր, որ նրանք եկել էին հեռվից. ոմանց դեմքերը հոգնած ու սմքած էին։

Մարդկային կենդանի պատի ետևից ոչինչ չէր երևում։ Ֆուսակոն Սատոկոյին գիրկն առավ։ Աղջիկը հմայվածի պես նայում էր երեխաների՝ վառվռուն ծաղիկների նմանող, կիմոնոներին։

Սինգոն լսել էր, որ այս տաճարում է գտնվում Ակիկո Յոսանոյի տապանաքարը՝ վրան փորագրած հնգատող ոտանավորով։ Նրանք գնացին զբոսայգու խորքն ու տապանաքարերից մեկի վրա տեսան Ակիկոյի բազմապատիկ մեծացրած ինքնագիրը։

— Իսկապես, սա նրա բանաստեղծությունն է, «Սակյա Մունին...»,— ասաց Սինգոն։

Պարզվեց, որ Ֆուսակոն չգիտե այդ հայտնի հնգատողը, որն իր Ժամանակին բոլորն արտասանում էին։ Սինգոն ապշեց։ Ակիկոյի բանաստեղծության մեջ ասվում էր, «Հռչակավոր է Կամակուրան իր Բուդդայով․․․ Ի՜նչ գեղեցկատես է Սակյա Մունին..․»

— Մեծ Բուդդան Սակյա Մունի չէ։ Իրականում սա Բուդդա Ամիդան է։ Ակիկոն իր բանաստեղծության մեջ թույլ է տվել նույն սովորական սխալը։ Մեծ Բուդդային և Սակյա Մունիին միշտ շփոթում էին իրար հետ։

Տապանաքարի կողքին վրան էին խփել։ Այդտեղից կարելի էր մի զավաթ բաց գույնի թեյ ստանալ։ Ֆուսակոն թեյի արարողությանը մասնակցելու կտրոն ուներ։ Կիկուկոն էր տվել։

Սինգոն թեյի գույնը տեսնելուց հետո որոշեց, որ կարելի է Սատոկոյին էլ խմացնել, բայց աղջիկը չհամբերեց, արագ վրա պրծնելով ինքը վերցրեց գավաթը։ Դա միանգամայն էժանագին գավաթ էր. այդպիսին թեյի իսկական արարողությունների Ժամանակ չես տեսնի։ Այնուհանդերձ, Սինգոն ձեռքն առավ գավաթը։

— Երևի դառն է։

— Դա՞ռը։

Սատոկոն դեռ կարգին կում չարած, երեսը ծամածռեց։

Վրան մտավ պարուհի աղջիկների մի խումբ։ Նրանց մոտ կեսը տեղավորվեց մուտքի առջև շարած ծալովի աթոռակներին, մնացածները խռնվեցին նստողների շուրջը։ Այդ փոքրիկ աղջիկների դեմքերը սպիտակեցրած էին թանձր շպարով, և բոլորի հագին երկար թևքերով վառ կիմոնոներ էին։

Նրանց ետևում՝ դուրսը, բուռն կերպով ծաղկել էին բալենիները, որոնք սակայն աղջնակների վառ ու հյութեղ գույներով կիմոնոների կողքին գունաթափ ու խամրած էին թվում։ Արևի շողերը խայտում էին այգու հակառակ կողմում գտնվող բարձր ծառերի կանաչ տերևների վրա։

— Ջո՛ւր, մայրիկ, ջո՜ւր,— ասաց Սատոկոն, նայելով պարուհի աղջնակներին։

— Ջուր չկա։ Տանը կխմես,— համոզում էր նրան Ֆուսակոն։

Սինգոն հանկարծ ինքն էլ ծարավ զգաց։

Մարտյան մի օր Տոկիո գնալիս, Սինգոն էլեկտրագնացքի պատուհանից տեսավ, թե ինչպես գրեթե Սատոկոյին հասակակից մի աղջնակ Սինագամա կայարանի փոքրիկ շատրվանից ջուր էր խմում։ Աղջնակը մինչև վերջ բացեց ծորակը, ջրի շիթը վեր շպրտվեց, ու նա հաճույքից քրքջաց։ Սքանչելի, ծիծաղկոտ դեմք ուներ։ Մայրը կիսով չափ փակեց ծորակը։ Աղջնակն այնպիսի ախորժակով էր վայելում ջուրը, որ Սինգոն նույն պահին շոշափելիորեն զգաց՝ գարունն իրոք բացվել է։ Այդ դեպքն այժմ միտն ընկավ։

Նրա կարծիքով պատահական չէր, որ և՛ ինքը, և՛ Սատոկոկ ջուր խմել ցանկացան աղջնակ պարուհիներին նայելիս։

— Կիմոնո եմ ուզո՜ւմ, կիմոնո գնիր, կիմոնո՜,— նվնվաց Սատոկոն։

Ֆուսակոն վեր կացավ։

Պարուհիներից մեկը մոտավորապես Սատոկոյի տարիքին էր կամ գուցե մի քիչ մեծ։ Նա նկարովի հաստ ու կարճ հոնքեր ուներ։ Բոժոժների նմանող լայն բացված աչքերի անկյունները կարմիր ներկով թեթևակի երկարացված էին։

Ֆուսակոն Սատոկոյի ձեռքից բռնելով ետ քաշեց. նա ակնապիշ նայում էր այդ աղջկան։ Երբ աղջիկը դուրս գնաց վրանից, Սատոկոն մորը ձգեց նրա կողմը, անվերջ կրկնելով․

— Կիմոնո եմ ուզո՜ւմ, կիմոնո՜...

— Կիմոնո քեզ մանկական տոներին կնվիրեն։ Պապիկդ կնվիրի,— ակնարկելով ասաց Ֆուսակոն։— Չէ որ այդ աղջիկն էլ այսօր առաջին անգամ է կիմոնո հագել։ Առաջ նա էլ միայն օսիմեով էր։ Օսիմեն պարզապես ամառային հին կիմոնոյից մնացած կտորտանք էր, որոնցով փաթաթում էին նրան։

Թեյի տաղավարում, ուր մտան նրանք հանգստանալու, Սինգոյի համար ջուր բերին, Սատոկոն ագահաբար երկու բաժակ խմեց։

Երբ տաճարի ցանկապատից դուրս էին եկել տուն գնալու, Սատոկոյի կողքով, մոր ձեռքը բռնած, շտապ անցավ շքեղազարդ կիմոնոն հագին պարուհի այն աղջիկը։ Լավ կլինի Սատոկոն չտեսնի նրան, մտածեց Սինգոն ու գրկեց թոռնիկի ուսերը, բայց արդեն ուշ էր։

— Կիմոնո՜,— Սատոկոն փորձեց ձեռքը գցել աղջկա թևքին։

— Բաց թո՛ղ,— աղջիկը նետվեց մի կողմ և անշնորհք շարժում կատարելով՝ կոխեց գրեթե մինչև գետին կախված երկար թևքն ու մայթից գլորվեց ցած։

— Օ՜հ,— գոչեց Սինգոն, ափերը սեղմելով աչքերին։

Վայր գլորեցի՜ն։ Սինգոն լսեց միայն սեփական աղաղակը, բայց, ըստ երևույթին, շատերն էին գոռում։

Ավտոմեքենան ճռնչալով արգելակեց։ Քարացած ամբոխից մի քանիսը նետվեցին ընկածի կողմը։

Աղջիկը ինքը ոտքի թռավ, սեղմվեց մորն ու հանկարծ սկսեց հոնգուր֊հոնգուր լաց լինել։

— Բախտը բերե՜ց, բախտը բերե՜ց։ Ինչ երջանկություն, որ արգելակները կարգին էին։ Հիանալի մեքենա է,— ասաց ինչ֊որ մեկը։

— Դրա փոխարեն մի խարխլվածը լիներ, աղջիկը կենդանի չէր մնա։

Սատոկոն աչքերը թռցրել էր ճակատին, ասես նոպայի մեջ էր։ Նա սարսափելի տեսք ուներ։

Ֆուսակոն վախեցած հարցուփորձ էր անում փրկված երեխայի մորը՝ աղջկա որևէ տեղը հո չի՞ ջարդվել, հո կիմոնոն չի՞ պատռվել։

Մայրը ապրած սարսափից ուշքի գալ չէր կարողանում։

Աղջնակն այլևս չէր լալիս, արցունքները քսմսվել էին նրա սպիտակեցրած դեմքին, իսկ աչքերը պլպլում էին, կարծես լվացած լինեին։

Ճանապարհին Սինգոն լռել էր, խոսելու տրամադրություն չուներ։

Տանից երեխայի լաց լսվեց։ Կունիկոյին գիրկն առած, օրոր երգելով, նրանց դեմ դուրս եկավ Կիկուկոն։

― Կներեք, երեխան շատ լաց եղավ, ոչ մի կերպ հանգստացնել չկարողացա,— դիմեց նա Ֆուսակոյին։

Քրոջ լացից կամ, թերևս, այն բանից, որ տանը լարվածությունն անցավ, Սատոկոն ինքն էլ սկսեց լալ։

Ֆուսակոն, ուշադրություն չդարձնելով մեծ աղջկա վրա, փոքրին վերցրեց Կիկուկոյից ու բացեց իր կուրծքը։

— Օ՜հ, նույնիսկ կրծքիս վրա էլ քրտինքի սառը կաթիլներ կան։

Սինգոն նայեց իր դիմացի պատին, որտեղ փակցրած էր Ռյոկանի գեղագրական նկարը՝ «Երկնային փոթորիկը»։ Որպես իսկական Ռյոկան, նկարը Սինգոյի վրա խիստ էժան էր նստել, բայց ինչպես երևում է, իսկականը չէր, նմանակածն էր։ Գիտակ մարդիկ բացատրեցին Սինգոյին, և այժմ Սինգոն ինքն էլ հասկանում էր, որ դա իրոք իսկական Ռյոկան չէ։

— Մենք տեսանք Ակիկոյի տապանաքարը,— ասաց Կիկուկոյին,— տապանաքարի վրա Ակիկոյի ձեռագրով գրված է «Սակյա Մունին․․․»։

— Իսկապե՞ս։

4

Ընթրիքից հետո Սինգոն դուրս եկավ տանից, գնաց շրջեց կտորեղենի ու բանեցրած հագուստի խանութները։

Սատոկոյին հարմար բան չգտավ։

Թոռնիկը նրան մտահոգում էր։

Նույնիսկ վախեցրեց։

Դեռ բոլորովին փոքրիկ աղջիկ էր։ Բայց բավական էր ուրիշի վրա մի վառ իր տեսներ, իսկույն բռնվում էր այդ իրն ունենալու անսանձ ցանկությամբ։

Գուցե նրա նախանձն ու ագահությունն ավելի ուժեղ էին զարգացած, քան մյուս երեխաներինը։ Կամ հնարավոր է, որ աղջիկը ժամանակից շատ ավելի շո՞ւտ էր հասունացել։ Ոչ, ամենից հավանականն այն է, որ Սատոկոն պարզապես հիստերիկ է, որոշեց Սինգոն։

Ի՞նչ էին անելու հիմա, եթե շքեղ կիմոնո հագած աղջնակին մեքենան մահացու ճխլած լիներ։ Սինգոյի աչքի առջև պարզ պատկերացան նրա կիմոնոյի գեղեցիկ նախշանկարները։ Այդպիսի շքեղազարդ կիմոնոներ խանութների ցուցափեղկերում անգամ չեն ցուցադրում։

Սինգոն տուն վերադարձավ դատարկ ձեռքով։ Այդ նրան խիստ վշտացրեց։

Յասուկոն ինչպե՞ս է թույլ տալիս, որ թոռնիկը մինչև հիմա հին կիմոնոյից կարած օսիմե հագնի։ Ֆուսակոյի խոսքերի մեջ բավական թույն կար։ Թեպետ, նա կարող էր նաև ստել։ Մի՞թե երեխայի համար երբևէ նույնիսկ մանկական հասարակ կիմոնո էլ չեն գնել։ Գուցե Ֆուսակոն ակնարկով ուզում էր հասկացնել, որ հայրը Սատոկոյի համար եվրոպական զգեստ գնի։

— Մոռացա,— բարձրաձայն ասաց Սինգոն։

Նա չէր հիշում, կարծես, Յասուկոն էր ասել, որ եթե իրենք երկուսով Ֆուսակոյի նկատմամբ ավելի հոգատար լինեին, հնարավոր է, որ տգեղ աղջկանից սիրունիկ թոռնիկ ծնվեր։ Այժմ արդեն եղածը չես ուղղի։ Սինգոն խղճի սուր խայթ զգաց։

Մինչև ծնվելն իմանայիր ում ես ծնելու, մինչև ծնվելն եթե իմանայիր ում ես ծնելու, տառապանքի մատնվող ծնողներ չէին լինի։ Չլինեին ծնողները, գոյություն չէին ունենա մեր սիրտը կեղեքող երեխաները․․․

Այդ նախադասությունը, որ Նո թատրոնում ներկայացվող պիեսից էր, Սինգոյի միտն ընկավ հանկարծ։ Բայց միտն ընկավ հենց այնպես, ոչ այն պատճառով, որ նրան անսպասելի տանջել սկսեցին ափսոսանքի ուշացած զգացումները։

Հին Բուդդան հեռացավ աշխարհից, Նոր Բուդդան դեռ ի հայտ չի եկել։ Երազում նա հանկարծ կմտնի ծեր ծառայի մարմինն ու կվերածնվի։ Ո՞վ կլինի նա հարթմնի։ Մարդկային կերպարանք ձեռք բերելուց հետո նրա մեջ վերաստեղծվելն այնքան դժվար է։

Չարամտությունն ու վայրագությունը, որ համակել էին Սատոկոյին, ձեռքը պարուհի աղջկա կիմոնոյին գցելիս, պետք է որ ժառանգած լինի Ֆուսակոյից։ Գուցե և Աիխարայից։ Եթե, այնուամենայնիվ, Ֆուսակոյից, հետաքրքիր է, ո՞ւմ արյունից է անցել նրան, հո՞ր, թե մոր։

Եթե Սինգոն ամուսնացած լիներ Յասուկոյի ավագ քրոջ հետ, երևի այնպիսի աղջիկ, ինչպիսին Ֆուսակոն է, չծնվեր։ Երևի չէր ծնվի նաև Սատոկոյի պես թոռնիկ։

Այնուհանդերձ տարօրինակ է։ Սինգոն մինչև հիմա էլ շարունակում է վաղուց ի վեր մեռած մարդուն սիրել։

Այժմ ինքը վաթսուներեք տարեկան է, իսկ չէ որ Յասուկոյի քույրը, երբ քսանը նոր բոլորած մահացավ, իրենից մեծ էր։

Սինգոն տուն վերադարձավ, տեսավ Ֆուսակոն փոքր աղջկան գիրկն առած արդեն պառկել է անկողնում։ Տեսավ, որովհետև նրանց սենյակը սեղանատնից անջատող ֆուսուման կիսաբաց էին թողել։

— Քնած են։

Այդ ասաց Յասուկոն, նկատելով ամուսնու՝ սենյակի ներսը նետած հայացքը։

— Սիրտս այնպես ուժեղ է խփում, ասես հիմա կրծքիցս դուրս կթռչի, հարկավոր է գոնե մի քիչ հանգստանալ, գանգատվեց ինձ Ֆուսակոն, քնաբերը ընդունեց, ու անմիջապես քունը տարավ,— շարունակեց Յասուկոն։

Սինգոն գլխով արեց.

— Գուցե փակե՞նք։

— Հիմա,— փեր կացավ Կիկուկոն։

Սատոկոն պառկած էր անշարժ, ամուր կպած մոր մեջքին։ Աչքերը բաց էին։ Բոլոր դեպքերում արտասովոր երեխա էր։ Լուռ պառկում ու չէր քնում։

Սինգոն չասաց, որ գնացել էր Սատոկոյի համար կիմոնո գնելու։

Ըստ երևույթին Ֆուսակոն էլ մորը չէր պատմել, թե ինչ էր արել Սատոկոն։

Սինգոն անցավ մյուս սենյակը, Կիկուկոն կրակ բերեց։

— Նստի՛ր,— ասաց Սինգոն։

— Մի րոպե,— Կիկուկոն դուրս գնաց ու վերադարձավ՝ ձեռքին սկուտեղ, որի վրա սափորով ջուր կար։ Միայն սափորի համար սկուտեղը թերևս անհրաժեշտ չէր, բայց կողքին ծաղիկներ էին դրված։

— Սրանք ի՞նչ են, զանգակածաղիկնե՞ր։

— Ոչ, սև շուշաններ։

— Սև շուշաննե՞ր։

— Ընկերուհիս բերեց. նա թեյ պատրաստելու ծիսակարգ է ուսուցանում,— Կիկուկոն Սինգոյի թիկունքում գտնվող պահարանից մի ոչ մեծ ծաղկաման հանեց։

— Մի՞թե սև շուշան կոչվածը հենց սա է, որ կա,— չէր դադարում զարմանալ Սինգոն։

— Ընկերուհիս պատմում էր, որ վերջերս պետական թանգարանում Ռիկյուի տարեդարձի առթիվ կազմակերպած թեյի արարողակարգի ժամանակ այնտեղ սև ու սպիտակ շուշաններ էին դրել, և դա շատ գեղեցիկ էր հնչում։ Ծաղիկները դրված էին բրոնզե հնամենի նեդրերան սափորներում․․․

— Հը՛մ։

Սինգոն նայում էր սև շուշաններին։ Երկու հատ էին, ամեն մեկի ցողունի վրա՝ երկուական ծաղիկ։

— Այս տարի գարնանը տասնմեկ կամ նույնիսկ տասներկու անգամ ձյուն եկավ։

— Հա, հաճախ է գալիս,― հաստատեց Սինգոն։

— Վաղ գարնանը, երբ Ռիկյուի տարեդարձն էին նշում, դեռ խոր ձյուն էր նստած։ Այդ եղանակին սև շուշաններն ուղղակի զարմանք են հարուցում։ Հավանաբար սարերից էին քաղել։

— Իրենց գույնով մի քիչ նման են կամելիայի։

― Ըհը՛։

Կիկուկոն ծաղկամանի մեջ ջուր լցրեց։

— Այս անգամ Ռիկյուի տարեդարձի Ժամանակ ցուցադրել էին մահվանից առաջ գրած նրա բանաստեղծությունները և այն դաշույնը, որով նա իրեն խարակիրի էր արել։

— Ի՞նչ ես ասում։ Քո ընկերուհին թեյի արարողակարգ է դասավանդո՞ւմ։

— Այո։ Պատերազմի վերջում նրա ամուսինը զոհվեց․․․ Ընկերուհիս ամուսնու կենդանության օրոք էլ հաճախ էր թեյի արարողություններ կազմակերպում, և հիմա դա նրան պետք եկավ։

— Ո՞ր ուղղության կողմնակից է։

— Մուսյա֊նո կոձիի դպրոցի։

Սինգոն, ծանոթ չլինելով թեյի ծիսակարգի ուղղություններին, բան չհասկացավ։

Կիկուկոն անշարժ կանգնած սպասում էր, որպեսզի նա ձեռքին պահած ծաղիկները տա ծաղկամանի մեջ դնելու։

— Սրանք, ըստ երևույթին, այսպես էլ աճում են․ գլխիկները խոնարհած լինելն ամենևին էլ թառամելուց չէ։

— Այո, իհարկե, չէ որ ես դրանց անմիջապես ջրի մեջ դրի։

— Իմ կարծիքով, զանգակածաղիկների գլխիկներն ավելի շատ են վայր հակված։

— Ինչ ասացի՞ք։

— Ինձ թվում է սրանք անհամեմատ մանր են զանգակածաղիկներից։ Ճի՞շտ է։

— Երևի։

— Սկզբում միանգամայն սև են երևում, բայց իրականում ոչ թե սև են, այլ մանուշակագույն, թունդ կարմրավուն երանգով։ Լավ, վաղը ցերեկով կնայեմ։

— Արևի տակ կարմրա-յասամանագույնի են տալիս։

Ծաղիկները թեև բոլորովին բացվել էին, երկարությամբ երեք սանտիմետր էլ չկային։ Ունեին վեցական պսակաթերթիկ․ վարսանդը եռամատ էր, առէջքը՝ չորսից-հինգ հատ։ Չորս կողմից դույրս եկած տերևները մի քանի հարկաշարքով պատել էին ամբողջ ցողունը։ Այդ տերևները մանր էին՝ երեք-երեքուկես սանտիմետր։ Սինգոն ծաղկից հոտ քաշեց։

— Փնթի կնոջ հոտ ունի,— ասաց առանց մտածելու։

Նա որևէ վատ բան նկատի չուներ, բայը Կիկուկոն կարմրեց ու կախեց գլուխը։

— Հոտն ինձ հիասթափեցրեց,― ասածն ուղղեց Սինգոն,― հապա հոտ քաշիր։

— Ես չէի ուզենա ծաղիկն այդքան մանրակրկիտ ուսումնասիրել, ինչպես անում եք դուք, հայրիկ։

Կիկուկոն ծաղիկները ջոկջկելով փնջում էր։

— Թեյի արարողակարգի համար չորս ծաղիկը, ճիշտ է, շատ է, բայց գուցե բոլո՞րն էլ ծաղկամանի մեջ դնեմ։

— Դիր, իհարկե։

Կիկուկոն սև շուշանները շարեց հատակին։

— Այն պահարանում, որտեղ այդ ծաղկամանն էր, պետք է, որ դիմակներ լինեն, նեղություն քաշիր հանել։

— Հիմա։

Քիչ առաջ Նո թատրոնի պիեսից միտն ընկած նախադասությունը Սինգոյին հիշեցրեց դիմակները։

Նա վերցրեց Ձիդոյի դիմակը։

— Սա բարի ոգին է՝ հավերժական մանուկը։ Երբ գնեցի այս դիմակը․․․ քեզ պատմե՞լ եմ։

— Ոչ։

— Ուրեմն, երբ գնեցի դիմակը, խնդրեցի Տանիձաքիին, հիշո՞ւմ ես, Ֆիրմայի իմ քարտուղարուհին էր, դիմակը հագնել։ Այդ այնքան հաճելի էր, որ ուղղակի ապշել էի։

Կիկուկոն Ձիդոյի դիմակը դրեց դեմքին։

— Քուղերը ետևի՞ց կապեմ։

Սինգոն զգաց՝ դիմակի ակնախոռոչներից իրեն էին հառած Կիկուկոյի բիբերը։

— Դիմակը կենդան անում է շարժման մեջ։

Սինգոյի սիրտը դարձյալ թունդ եղավ այն մաքուր, բայց արգելված զգացումից, որ մեկ անգամ արդեն ապրել էր, երբ գնումներով տուն վերադառնալուց հետո քիչ էր մնացել համբուրեր դիմակի վառ կարմիր գայթակղիչ շուրթերը։

Կյանքն անհայտության մեջ երկյուղալի չէ, միայն թե պահպանվեն սրտի ծաղիկները։

Այս խոսքերը պետք է որ նույնպես Նո թատրոնի պիեսից լինեին։

Սինգոն չէր կարողանում հայացքը պոկել գլուխը մերթ աջ, մերթ ձախ տարուբերող, Կիկուկոյի դեմքին դրած, հմայիչ մանուկի դիմակից։

Կիկուկոն փոքրիկ դեմք ուներ, նրա կզակը գրեթե ամբողջովին ծածկվել էր դիմակի տակ, և, հանկարծ, հազիվ երևացող դնչիկի ծայրից մի արցունք գլորվեց պարանոցի վրա։ Հետո դարձավ շիթ, երեք շիթ, և արցունքները սկսեցին հոսել ու հոսել։

— Կիկուկո՜, — ձայն տվեց Սինգոն։— Այսօր ընկերուհուդ հանդիպելիս երևի մտածեցիր, որ եթե Սյուիտիից բաժանվես, ինքդ էլ կսկսես թեյի արարողակարգ դասավանդել, այնպես չէ՞։

Կիկուկո֊Ձիդոն գլխով արեց։

— Բայց եթե մենք նույնիսկ բաժանվենք, միևնույն է, ես էլի կգամ ձեզ մոտ, ձեզ համար թեյի արարողակարգ սարքելու,— դիմակի տակից հաստատակամորեն ասաց նա։

Հանկարծ լսվեց Սատոկոյի լացի ձայնը։

Բակում բարձր հաչաց Տերուն։

Ամեն ինչ վատ է, մտածեց Սինգոն։ Նա զգում էր՝ Կիկուկոն ինչպես է ականջ դնում դարբասի մոտ տեղի ունեցող խլրտոցին․ չլինի թե Սյուիտին է վերադարձել. տղան, ըստ երևույթին, սիրուհուն այցելում էր նաև կիրակի օրերը։

Թռչունների տունը

1

Հարևան տաճարի զանգերը ամառ, թե ձմեռ ղողանջում են առավոտյան ճիշտ ժամը վեցին, և Սինգոն, ամառ լինի, թե ձմեռ, բավական է գանգի ձայնը լսի, լույսը հազիվ բացված վեր է կենում։

Լույսը հազիվ բացված վեր կենալ չի նշանակում, որ նա անպայման ելնում է անկողնուց։ Պարզապես լույսը նոր-նոր բացված արթնանում է։

Սակայն ամեն օր առավոտվա Ժամը վեցը ամառ ու ձմեռ նույնը չէ։ Տաճարի զանգերը տարին բոլոր ղողանջում են ժամը վեցին, դրա համար էլ Սինգոյին թվում է, թե դրանք միևնույն ժամերն են, մոռանալով, որ ամռանն այդ պահին արևն արդեն ծագում է։

Թեև գրպանի մեծ ժամացույցը միշտ գտնվում է Սինգոյի գլխավերևում, նա ժամացույցին նայում է հազվադեպ, որովհետև նայելու համար հարկավոր է նախ լույսը վառել, ապա նաև ակնոց դնել։ Առանց ակնոցի դժվարանում է երկար ու կարճ սլաքները միմյանցից տարբերել։

Ասենք ժամացույցի կարիք չկա. երբեք չի պատահում, որ նա քնով ընկնի։ Ընդհակառակը, չափազանց վաղ է արթնանում։

Ձմեռվա ժամը վեցը շատ է շուտ, բայց Սինգոն չկարողացավ անկողնում մնալ, վեր կացավ գնաց թերթերը բերելու։

Այն օրվանից, ինչ սպասուհի չունեն, ընտանիքում ամենից շուտ տեղից ելնում է Կիկուկոն և սկսում տնային գործերով զբաղվել։

— Հայրիկ, դո՞ւք եք։ Այսքան վա՞ղ․․․

Սինգոն նրա հարցումից շփոթվեց։

— Դեռ ոչ, նորից կպառկեմ։

— Պառկեք։ Դեռ թեյն էլ չի եռացել։

Սինգոյին դուր է գալիս, որ Կիկուկոն վաղուց ոտքի վրա է։

Քանի տարի է արդեն ձմռան առավոտները ակնակույր խավարի մեջ զարթնելիս թախիծ է զգում։

Սակայն գալիս է գարունը, և արթնանալը դառնում է հաճելի։

Այսօր, մայիս ամսվա երկրորդ կեսին, առավոտվա ղողանջից անմիջապես հետո Սինգոն ուրուրի կռինչ լսեց։

— Ա՜, դարձյալ նա է,— շշնջաց Սինգոն ու գլուխը բարձրացնելով լսողությունը լարեց։

Մեծ շրջան գործելով տան շուրջը, ուրուրը թռավ կարծես թե ծովի կողմը։

Սինգոն շորերը հագավ։

Ատամները մաքրելիս, աչքն ամբողջ ժամանակ երկնքին էր, սակայն ուրուրը չերևաց։

Բայց և այնպես Սինգոյին թվում էր, թե տան գլխին, երկնքում ուրուրի մանկականորեն բարակ ճիչը դեռ չի հալվել։

— Կիկուկո, իմ կարծիքով ճչացողը մեր ուրուրն էր,— ասաց հարսին, վերադառնալով խոհանոց։

Կիկուկոն գոլորշապատ բրինձը կաթսայից տեղափոխում էր փայտե տակառիկը։

— Գործով էի ընկել, չլսեցի։

— Ուրեմն, դարձյալ թռել եկել է մեզ մոտ։

— Հնարավոր է։

— Նա անցյալ տարի էլ էր հաճախակի ճչում։ Այդ ո՞ր ամիսն էր։ Ոնց որ թե էլի մայիսին, հա՞։ Հիշողություն չի մնացել։

Սինգոն նայում էր հարսին, դրա համար էլ նա ժապավենը գլխից արձակեց։

Երևի քնում էր մազերը ժապավենով կապած։

Կիկուկոն բրնձով լի տակառիկի բերանը դեռ չփակած, շտապեց սկեսրայրի համար թեյ պատրաստել։

— Եթե մեր ուրուրը կենդանի է, պետք է որ ապրելիս լինեն նաև մեր դրախտապանները,— ասաց Սինգոն։

— Հը՛մ։ Ագռավներն էլ կան։

— Ագռավնե՞րը։

Սինգոն ծիծաղեց։

Իսկապես, եթե ուրուրը կարող է լինել «մեր ուրուրը», ագռավները ինչու չեն կարող «մեր ագռավները» լինել։

— Համարվում է, որ տունն ու այգին պատկանում են այն մարդկանց, բայց ես կասեի, որ պատկանում են ամենաբազմատեսակ թոչուններին ևս։

— Այդպես կարելի է հասնել մինչև լվերն ու մոծակը։

— Անհեթեթություններ մի ասա։ Լուն ու մոծակը տանտեր լինել չեն կարող, դրանք տանը չեն ձմեռում։

— Լվեր գոյություն ունեն նաև ձմռանը։ Դուրս է գալիս, որ ձմեռում են տան մեջ։

— Լվերը քանի տարի են ապրում, չգիտեմ, բայց անցյալ տարվա լու չի լինում։

Կիկուկոն նայեց Սինգոյին ու ծիծաղեց։

― Շուտով մեր օձն էլ դուրս կսողա։

— Փոքրիկ վիշապօ՞ձը, որից անցյալ տարի վախեցար։

― Ըհը՛։

— Հարկավ, ա՛յ թե ով է մեր տան իսկական տերը։

Անցյալ տարի ամռանը Կիկուկոն գնումներ առած տուն վերադառնալիս ետնամուտքի մոտ տեսավ վիշապօձին ու վախից ճչաց։

Նրա ձայնի վրա մոտ վազեց Տերուն և սկսեց կատաղի հաչալ։ Գլուխը կռացրած փորձեց վրա պրծնել վիշապօձին․ ահա՛, ահա՛, ուր որ է կբռնի սողունին և․․․ մոտ մետրուկես ետ ցատկեց, հետո նորից առաջ թռավ, ասես պատրաստվելով հարձակվել։

Վիշապօձը գլուխը թեթևակի բարձրացնելով հանեց կարմիր լեզուն և անգամ չնայելով Տերուի կողմը, դանդաղ սողալով անհետացավ ետնամուտքի շեմքի տակ։

Կիկուկոյի ասելով՝ երկու դռան չափ էր, այսինքն՝ երկու մետրից ավելի։ Եվ մարդու թևից էլ հաստ։

Կիկուկոն խոսում էր հուզված, իսկ Յասուկոն միանգամայն հանգիստ էր։

— Դա մեր տան տերն է։ Մեզ մոտ բուն է դրել քո՝ մեր տուն հարս գալուց շատ առաջ։

— Բա որ Տերուն հանկարծ կծոտեր նրան, ի՞նչ կանեիք։

— Նա Տերուին կհաղթեր։ Կփաթաթվեր մեջքին... Տերուն այդ հասկացավ, այ թե ինչու ընդամենը կատաղած հաչաց վրան ու վերջ։

Կիկուկոն միառժամանակ վախենում էր ետնամուտքից օգտվել, ներս ու դուրս էր անում պպտշգամբով։

Ինչ էլ չլինի, այն միտքը, որ մոտիկ մի տեղ հատակի կամ առաստաղի տակ, վիթխարի օձ է բուն դրել, սահմռկելի էր։

Բայց հնարավոր էր նաև, որ վիշապօձը տան ետևի սարում ապրելիս լիներ։ Նա հազվադեպ էր հայտնվում։

Այդ սարը Սինգոյին պատկանող տարածքի մեջ չէր մտնում։ Նա նույնիսկ չգիտեր էլ, թե սարն ում սեփականությունն է։

Ընդհուպ մոտենալով տան շեմքին, լեռն ուղղաձիգ կարկառում էր վեր։ Այնտեղ բուն դրած գազանի համար Սինգոյի տան այգին այդ լեռան բնական շարունակությունն էր։

Սարի վրա աճող ծառերի և թփերի ծաղիկներն ու տերևները ուղղակի կույտ֊կույտ թափվում էին այգին։

— Ուրուրը վերադարձավ,— մրմնջաց Սինգոն և աշխույժով բարձրաձայն կրկնեց,— Կիկուկո, ուրուրը ոնց որ թե վերադարձավ։

— Ճիշտ որ։ Իմ կարծիքով էլ այդ նրա ճղղոցն է։

Կիկուկոն նայեց առաստաղին։

Որոշ ժամանակ լսվում էր ուրուրի ճիչը։

— Իսկ սրանից առաջ դեպի ծո՞վն էր թռել։

— Այո, նրա ճիչը կարծես թե գալիս էր այն կողմից։

— Երևի թռել է ծովը, կեր ճարել ու հիմա վերադառնում է,― ասաց Կիկուկոն, և Սինգոն նրա ենթադրությունը ճիշտ համարեց։

— Տեղ է փնտրում որսած ձկան հետ առանձնանալու։

— Տերուն անպայման բերանից կխլի,— անհանգստացավ Կիկուկոն։

— Ոչ, ուրուրը բարձրից կսլանա, շունը չի հասնի նրան։

Նույնը եղավ և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի։ Սինգոն ամեն առավոտ արթնանալիս լսում էր ուրուրի ճիչն ու նրա նկատմամբ համակվում մի զգացումով, որ նման էր սիրո։

Եվ ոչ միայն Սինգոն, ամբողջ ընտանիքն ասում էր. «մեր ուրուրը»։

Սինգոն հաստատ չգիտեր էլ ուրուրները քանիսն էին՝ մե՞կը, թե երկուսը։ Չգիտեր նաև, թե արդյո՞ք ամեն տարի միշտ լսում էր միևնույն ուրուրի ճիչը։ Գուցե սերնդափոխո՞ւմ էր կատարվել։ Թերևս ծնող ուրուրները վաղուց մահացել էին, և ճչացողներն այժմ նրանց զավակներն էին։ Այդ մասին Սինգոն առաջին անգամ մտածեց այսօր առավոտյան։

Սինգոյին էլ, նրա ընտանիքին էլ ավելի հաճելի կլիներ չիմանալ, որ նախկին ուրուրն անցյալ տարի մահացել է, իսկ այս տարի ճչացողը նոր ուրուր է, և կիսարթուն, կիսանինջ վիճակում այս նորին լսելիս մտածել, որ դա հենց նույն «մեր ուրուրն» էր։

Զարմանալի էր, որ ուրուրը ընտրել էր հատկապես Սինգոյի տան ետևի լեռը և բույնն այնտեղ հաստատել, երբ Կամակուրայում ճիշտ դրա նման փոքրիկ սարեր, որքան ուզեք, կային։

Քեզ հանդիպելը դժվար է, սակայն ինձ հաջողվեց հանդիպել քեզ․ դժվար է քո ձայնը լսել, սակայն ինձ հաջողվեց լսել քեզ,— ասվում է Նո թատրոնի պիեսներից մեկում։ Գուցե դա վերաբերում է նաև ուրուրի՞ն։

Եվ չնայած ուրուրը ապրում էր Սինգոյի ու նրա ընտանիքի հետ մեկտեղ, նրանց պարգևում էր միայն փաղաքշանքով լեցուն իր ձայնը։

2

Տանն ամենից վաղ վեր էին կենում Կիկուկոն ու Սինգոն և սկսում էին զրույց անել։ Եթե Սինգոն ուզենար Սյուիտիի հետ առանձին խոսել, այդ հնարավոր էր միայն էլեկտրագնացքում։

Ռոկունոգավա գետի կամուրջն անցանք, նշանակում է շուտով կերևա Իկեգամի անտառը, մտածեց Սինգոն։ Նա սովորություն էր դարձրել առավոտները վագոնի պատուհանից նայել Իկեդամի անտառին։

Քանի տարի էր մոտովն անցնելիս տեսնում էր այդ անտառը, բայց երկբնանի սոճին այնտեղ վերջերս հայտնաբերեց։

Ամբողջ անտառում այդ սոճին ամենաբարձր ծառն էր։ Երկու բները, ասես ձգտելով գրկախառնվել, կատարները խոնարհել էին միմյանց կողմը, և ճյուղերն այնքան էին իրար մոտեցել, որ թվում էր, թե արդեն ողջագուրվում են։

Այդ միակ երկբնանի սոճին իշխում էր ամբողջ անտառի վրա և կարծես թե վաղուց պետք է աչքի ընկներ, այնինչ Սինգոն, չգիտես ինչու, չէր նկատել։ Սակայն մեկ անգամ նկատելն արդեն բավական էր, որպեսզի այնուհետև միշտ աչքովն ընկներ։

Այս առավոտ վարար անձրև էր գալիս, և երկբնանի սոճին լավ չէր երևում։

— Սյուիտի,— ասաց Սինգոն,— Կիկուկոյին ի՞նչ է պատահել։

— Առանձին մտահոգիչ բան չկա։

Սյուիտին շաբաթաթերթ էր կարդում։

Կամակուրայի կայարանում նա երկու ամսագիր գնեց, մեկը տվեց հորը։ Սինգոն ամսագիրն առանց բացելու պահել էր ձեռքին։

― Այնուամենայնիվ, ի՞նչ է եղել,— կամացուկ կրկնեց նա։

— Բողոքում է գլխացավից։

— Տարօրինակ է։ Մայրդ ասաց, որ Կիկուկոն երեկ Տոկիո էր գնացել, վերադարձել է երեկոյան և անմիջապես մտել անկողին։ Նման բան երբեք չէր եղել։ Մայրդ կասկածում է, թե նրան այնտեղ՝ Տոկիոյում, չլինի որևէ բան է պատահել։ Ընթրիքից էլ հրաժարվեց։ Իսկ երբ դու ժամը իննին տուն եկար ու գնացիր ձեր սենյակը, սկսեց ցածրաձայն, այնպես, որ մենք չլսենք, լաց լինել, ճի՞շտ է։

— Մեկ, երկու օրից ոտքի կկանգնի։ Առանձնապես վախենալու բան չկա։

— Տարակուսելի է, գլխացավից այդպես չեն լալիս։ Ինձ թվաց, որ այսօր, լուսաբացին նա դարձյալ լալիս էր։

— Հա, լալիս էր։

— Կիկուկոյի համար խիստ տհաճ է եղել, որ Ֆուասկոն ուտելիքը տարել է նրա սենյակը ։ Ամբողջ Ժամանակ դեմքը թաքցրել է Ֆուսակոյից։ Ֆուսակոն մինչև իսկ վիրավորվել է։ Որոշեցի քեզնից իմանալ, պատճառն ի՞նչ է։

— Այս խոսակցություններն ում են պետք. դուրս է գալիս, որ մեր տանը Կիկուկոյին ամեն քայլափոխի հետևում են․․․— Սյուիտին խոսում էր առանց գլուխը բարձրացնելու,— նա, ինչ է, չի՞ կարող երբեմն հիվանդանալ, չէ՞ որ նրա հետ այդ այնքան էլ հաճախ չի պատահում։

Սինգոն բարկացավ.

— Հիվանդությունը անուն չունի՞։

— Աբո՛րտ։

Սյուիտին բառն այնպես, կտրուկ արտաբերեց, ասես դուրս թքեց։

Սինգոն ցնցվեց։ Նայեց դիմացի նստարանին։ Այնտեղ ամերիկյան երկու զինվոր էին նստած։ Սինգոն շարունակեց խոսակցությունը, համոզված, որ զինվորները ճապոներեն չեն հասկանում։

Նա խռպոտ ձայնով հայտարարեց.

— Բժի՞շկն է արել։

— Այո։

— Երե՞կ,— մրմնջաց Սինգոն նվաղկոտ ու ընկճված։

Սյուիտին ամսագիրը մի կողմ դրեց․

— Այո։

— Եվ նույն օրն ևեթ վերադարձավ տո՞ւն։

— Ըհը՛։

— Նրան դո՞ւ հարկադրեցիր այդ անել։

— Ինքն ասաց՝ անելու եմ, ինձ իսկի չհարցրեց էլ։

— Կիկուկոն ի՞նքը։ Ստում ես։

— Չէ, ճիշտ է։

— Ինչո՞ւ։ Կիկուկոյի գլխում ինչո՞ւ այդպիսի միտք հղացավ։

Սյուիտին լռել էր։

— Ամեն ինչում մեղավորը դու ես։

― Թերևս այդպես է։ Ես ոչինչ անել չէի կարող։ Կիկուկոն կողի էր ընկել, թե՝ այժմ արդեն ոչ մի գնով չեմ թողնի մնա։

— Եթե դու ուզենայիր ետ պահել նրան, կկարողանայիր։

— Հիմա արդեն ինձ այդ չէր հաջողվի։

— Ի՞նչ է նշանակում «հիմա»։

— Ինքդ հիանալի գիտես։ Մի խոսքով, ասում է՝ մեր միջև ստեղծված նման հարաբերությունների առկայությամբ երեխա ունենալ չի ուզում։

― Ակնարկում է, որ դու կապվա՞ծ ես ուրիշ կնոջ հետ։

— Ըստ երևույթին, այո։

— Դա ի՞նչ «ըստ երևույթին այո է»։— Վրդովմունքից Սինգոն շնչահեղձ էր լինում։— Կիկուկոյի համար դա գրեթե ինքնասպանություն է։ Դու այդպես չե՞ս կարծում։ Դա իրոք գրեթե ինքնասպանություն է և ոչ թե քո վերաբերմունքից առաջացած սովորական զայրույթ։

Հոր սպառնալից տեսքը Սյուիտիին վախեցրեց, նա նույնիսկ քաշվեց մի կողմ։

— Դու Կիկուկոյի հոգին սպանեցիր։ Այժմ ամեն ինչ կործանվեց։

— Կիկուկոյի հոգին չափազանց համառ դուրս եկավ։

— Ինչ է, նա կինարմատ չէ՞։ Ինչ է, քո կինը չէ՞։ Եթե նրա հետ լավ վարվեիր, եթե քնքույշ լինեիր հետը, ուրախությամբ երեխա կծներ։ Եվ այդ ամենևին չէր կապի քո սիրուհի ունենալ֊չունենալու հետ։

— Հա, բայց կապեց։

— Կիկուկոն շատ լավ գիտե, որ մայրդ անհամբեր թոռնիկի է սպասում։ Չէ՞ որ երկար ժամանակ նույնիսկ ամաչում էր չբերության համար։ Ոչնչացնել մանկանը, որին այդքան տենչում էր․․․ Կիկուկոն այդ արեց, որովհետև դու սպանեցիր նրա հոգին։

— Մոլորության մեջ ես։ Կիկուկոն պարզապես չափից դուրս առաքինի է, մաքրաբարո։

— Մաքրաբարո՞։

— Նա ինձանից երեխա ունենալը համարում է արգահատելի։

— Ի՞նչ։

— Այդ ինտիմ մանրամասնություններն ո՞ւմ են պետք։

«Մի՞թե Սյուիտին կնոջ մեջ իր նկատմամբ այդ աստիճան նողկանք ու արհամարհանք է առաջացրել»,— մտածեց Սինգոն։

— Ես դրան չեմ կարող հավատալ։ Եթե Կիկուկոն նույնիսկ այդպիսի բան ասել է քեզ, եթե նույնիսկ այդպես է պահել իրեն քեզ մոտ, միևնույն է, անհնար է հավատալ, որ նրա էությունն է։ Ամուսինը կնոջ առաքինության մասին խոսում է ծաղրանքով։ Մի՞թե դա հենց առաջին ապացույցը չէ այն բանի, որ նրա սերը ճղճիմ է։ Ո՞վ է սիրած կնոջ քմահաճույքները լուրջ ընդունում։— Սինգոն հոգու արիությունը կորցնել սկսեց։— Ի՞նչ կասի Յասուկոն, երբ իմանա, որ թոռնիկ սպասելու իր հույսերն իզուր են։

— Մայրիկը թող մխիթարվի այն մտքով, որ հարսն էլի երեխա կունենա։

― Ինչի՞ մասին ես խոսում։ Դու երաշխավորո՞ւմ ես, որ նա դեռ էլի կարող է ծննդաբերել։

— Ինչո՞ւ ոչ, կարող եմ և երաշխավորել։

— Քո խոսքերը միայն ապացուցում են, որ երկնքից չես վախենում։ Ապացուցում են, որ Կիկուկոյին չես սիրում։

― Մի բարդացնի։ Ախր այդ ամենն այնքան պարզ ու հասարակ բաներ են։

— Հասարակ բանե՞ր են։ Մտածիր, ինչ ես ասում։ Հիշիր, թե Կիկուկոն ինչպես էր լալիս։

― Դե ոչ, ասել, թե երեխա չեմ ուզում, ճիշտ չէ, բայց հիմա մենք վատ վիճակում ենք, մեզ մոտ ամեն ինչ չէ, որ հարթ է, և երեխան միևնույն է այնպիսին չէր ստացվի, ինչպիսին կուզենայինք, որ լիներ։

— «Վատ վիճակ» ասելով չգիտեմ, թե ինչը նկատի ունես։ Իմ կարծիքով Կիկուկոյի վիճակն իսկի էլ վատ չէ։ եթե կա մեկը, որ վատ վիճակում է, ապա այդ մեկը դո՛ւ ես։ Կիկուկոյի բնավորությունն այնպիսին չէ, որ ձեռքերը ծալած նստի ու սպասի վատ վիճակի հասնելուն։ Դու ախր ոչինչ չես արել, որպեսզի կնոջդ զերծ պահես խանդից։ Դրա համար էլ երեխայիդ կորցրիր։ Իմացած լինես, գործը երեխայով չի վերջանա։

Սյուիտին երկյուղով նայեց հորը։

— Հապա մեկ անգա՜մ էլ փորձիր սիրուհուդ մոտից հարբած տուն գալով, կեղտոտ ոտքերդ դնել Կիկուկոյի ծնկներին և հարկադրել նրան կոշիկներդ հանել,— սպառնալից ասաց Սինգոն։

3

Այդ օրր Սինգոն ֆիրմայի գործով բանկ գնաց, իսկ հետո բանկում աշխատող իր ընկերոջ հետ մտան ռեստորան ճաշելու։ Մինչև երկուսն անց կես զրուցում էին։ Սինգոն ռեստորանից զանգահարեց ֆիրմա և այլևս այնտեղ չվերադարձավ, մեկնեց տուն։

Կիկուկոն Կունիկոյին ծնկներին դրած նստել էր պատշգամբում։ Չէր սպասում, որ սկեսրայրն այդքան շուտ կգա, շտապեց տեղից ելնել։

— Մի՛, հարկավոր չի, նստիր։ Տեսնում եմ. արդեն վեր ես կացել անկողնուց․ լա՞վ ես զգում։— Սինգոն ինքն էլ դուրս եկավ պատշգամբ։

― Լավ եմ։ Ուզում էի, այ, Կունիկոյի շորերը փոխել։

— Իսկ Ֆուսակոն ո՞ւր է։

— Սատոկո-տյանի հետ փոստ գնացին։

— Փոստ գնալը Ֆուսակոյի ինչի՞ն էր պետք։ Երեխային էլ գցել է վրադ։

— Խելո՛ք կաց։ Բեր նախ պապիկին օգնենք շորերը փոխի,― ասաց Կիկուկոն փոքրիկին։

— Ոչինչ, ոչինչ, աղջկան հագցրու, հետո։

Կիկուկոն ծիծաղկոտ դեմքը դարձրեց Սինգոյին։ Կիսաբաց շուրթերի արանքից երևաց ոչ մեծ ատամների ուղիղ շարքը։

— Ուրեմն առաջ մենք կփոխենք Կունիկոյի շորերը։

Նա աղջկան մետաքսե վառ կիմոնո հագցրեց ու վրայից նեղ գոտիկ կապեց։

— Հայրիկ, Տոկիոյում էլ էր անձրևը կտրվե՞լ։

— Անձրև՞ը։ Տոկիոյի կայարանում էլեկտրագնացք նստելիս դեռ գալիս էր, բայց այստեղ հասնելու Ժամանակ եղանակն արդեն լավացավ։ Ճանապարհի ո՞ր մասում սկսեց պարզվել, չնկատեցի։

— Կամակուրայում էլ քիչ առաջ անձրև էր, հենց որ կտրվեց, Ֆուսակո֊սանը շտապեց փոստ։

— Իսկ լեռը դեռ ամբողջովին թաց է։

Երեխային պառկեցրին պատշգամբում։ Նա թափահարելով բարձրացրեց տոտիկներն ու բռնեց։ Ոտքերն ավելի հեշտությամբ էր կառավարում, քան ձեռքերը։

— Ահա՜, պրծա՛նք, դե հիմա արի միասին նայենք սարին,— երեխայի ոտքերի արանքում տակաշոր դրեց Կիկուկոն։

Երկնքով, բավական ցածրից, ամերիկյան ռազմական մի օդանավ թռավ։ Աղմուկով հետաքրքրված աղջնակը երեսը լեռան կողմը շրջեց։ Օդանավը չէր երևում, բայց նրա հսկայական ստվերը սահում էր լեռան լանջով։ Երևի աղջիկն այդ ստվերը տեսավ։ Միամիտ զարմանքից փայլատակող նրա աչքերը ապշեցրին Սինգոյին։

— Կունիկոն չի պատկերացնում ինչ է նշանակում օդային հարձակում։ Արդեն որքան երեխաներ են ծնվել, որոնք չգիտեն, թե պատերազմն ինչ բան է։

Սինգոն նայեց Կունիկոյին։ Աչքերի փայլը չքացել էր։

— Այ թե հաջողվեր նրա աչքերի քիչ առաջվա արտահայտությունը դրոշմել լուսանկարի վրա։ Եվ հնարավոր լիներ այնպես անել, որ աչքերի մեջ արտացոլվեր սարին ընկած ինքնաթիռի ստվերը։ Իսկ մյուս լուսանկարում․․․

Ռմբակոծիչը գրոհել է երեխայի վրա, նա մեռնում է։

Սինգոն ուզեց ասել այդ, բայց հիշելով, որ Կիկուկոն ընդամենը երեկ է աբորտ արել, լռեց։

Այնուամենայնիվ, աշխարհում դեռ որքան երեխաներ կան, որոնց կարելի է նկարահանել երկու այդպիսի լուսանկարներում։

Կիկուկոն հանկարծ վրա ընկավ Կունիկոյին, դրեց նրան թևի տակ ու տակաշորը ամուր սեղմած ոտքերին՝ շտապ տարավ լողարան։

Սինգոն վերադարձավ սեղանատուն, մտովի խոստովանելով, որ Կիկուկոյի համար զգացած տագնապը հարկադրեց իրեն սովորական ժամից շուտ տուն գալ։

— Ինչ վա՜ղ ես եկել,— ճաշասենյակ մտավ Յասուկոն։

— Որտե՞ղ էիր։

— Գլուխս էի լվանում։ Երբ անձրևը դադարեց, ու արևը նորից դուրս եկավ, գլուխս հանկարծ սկսեց քոր գալ։ Հնացած գլուխ է, դրա համար էլ քոր է գալիս։

— Չգիտեմ, իմը որ քոր չի գալի։

— Երևի քո ուսերին լավորակ գլուխ են դրել,— ծիծաղեց Յասուկոն։― Ես իմացա, որ եկար, բայց թաց գլխով չուզեցի ներս գալ, վախեցա վրաս բարկանաս։

— Արժե՞, որ պառավ կինը գլուխ լվալով զբաղվի։ Պետք է գլուխը տակից խուզել, իսկ մազերից սարքել թեյ հարելու վրձին։

— Դա էլ ճիշտ կլինի։ Բայց թեյահարիչ վրձիններ հին ժամանակ այդպես էլ կոչվում էին,— գլխներին կրում էին ոչ միայն պառաված կանայք։ Էդոյի դարաշրջանում թե կանայք, թե տղամարդիկ մազերն առջևից կարճ կտրում էին, իսկ ծոծրակին թողածը փնջելով կապում։ Փունջը նման էր թեյահարիչ վրձնի։ Ես Կաբուկի թատրոնում եմ տեսել։

— Ոչ թե փունջ թողած կապել, այլ տակից խուզել, այ թե ինչ եմ առաջարկում։

— Կարելի է և այդպես։ Ես ու դու դեռ բավական մազ ունենք։

Սինգոն ձայնը ցածրացրեց.

— Կիկուկոն արդեն լրիվ ոտքի՞ է կանգնել։

— Հա, կամաց֊կամաց վեր է կենում... Դեռ շատ է գունատված ու թույլ։

— Երեխայով է զբաղվում։ Լավ կլիներ հանգիստ մնար։

— Ֆուսակոն աղջկան դրեց Կիկուկոյի անկողնում ու խնդրեց աչքը վրան պահել։ Աղջիկն այն ժամանակ խոր քնած էր։

— Ինչո՞ւ նրան հետո ինքդ չվերցրիր։

― Կունիկոն լաց լինել սկսեց, երբ ես գլուխս արդեն լվանում էի։

Յասուկոն վեր կացավ, բերեց Սինգոյի տնային կիմոնոն։

Կիկուկոն լողարանից դուրս եկավ, դիմեց դեպի իր սենյակը։ Սինգոն ձայն տվեց,

— Կիկուկո, Կունիկոյին բեր այստեղ։

— Հիմա։

Նա աղջնակի թաթիկից բռնած քայլեցնելով բերեց սենյակ։ Հարդարվել էր, իր զգեստը փոխել։

Կունիկոն վրա ընկավ տատի ուսին։ Յասուկոն, որ Սինգոյի տաբատն էր մաքրում, պարզեց ձեռքը, թոռան տոտիկները գրկեց։

Կիկուկոն Սինգոյի կոստյումը դուրս տարավ։

Հարևան սենյակի պահարանում այն կախելիս, աչքն ընկավ դռնակի ներսի հայելուն։ Իր դեմքը տեսնելով վախեցավ։ Չգիտեր՝ վերադառնար սեղանատուն, թե գնար պառկեր։

— Կիկուկո, լավ կանես պառկես,— ասաց Սինգոն։

— Կպառկեմ։

Սինգոյի ձայնից Կիկուկոն ցնցվեց և, առանց սեղանատան կողմը նայելու, անցավ իր սենյակը։

— Քեզ չի՞ թվում, որ Կիկուկոն մի տեսակ տարօրինակ է պահում իրեն,— խոժոռվեց Յասուկոն։

Սինգոն չպատասխանեց։

— Խելքս ուղղակի բան չի կտրում, ինչ է կատարվում նրա հետ։ Վեր է կացել, հազիվհազ քայլում է, անընդհատ վախենում եմ, թե վայր կընկնի։

― Ըհը։

— Ինչ ուզում ես ասա, պետք է Սյուիտիի բռնած գործը որևէ կերպ պարզել։

Սինգոն գլխով արեց։

Յասուկոն երեխային գրկեց ու վեր կացավ։

— Գուցե ինքդ Կիկուկոյի հետ անկեղծորեն խոսե՞ս։ Ես Կունիկոյին վերցրած կգնամ Ֆուսակոյին դիմավորելու, ճանապահին էլ ընթրիքի համար բան֊ման կառնեմ։ Ֆուսակսն մնում է Ֆուսակո, նա չի մտածի։

— Ֆուսակոյի ինչի՞ն էր պետք փոստ գնալ,— ասաց Սինգոն։ Յասուկոն շրջվեց։

— Այդ մասին ես էլ եմ մտածել։ Գուցե Աիխարային նամակ ուղարկելո՞ւ։ Կես տարի է արդեն բաժանված են․․․ Այո, շուտով կես տարին կլրանա, ինչ մեզ մոտ է եկել։ Նոր տարվա նախօրեին էր...

— Նամակը կարող էր մոտիկ փոստարկղը գցել։

Երևի կարծում է, որ եթե փոստում գցի, ավելի ստույգ ու արագ կհասնի տեղ։ Բավական է իր Աիխարային հիշի, խելքն իսկույն թռցնում է, ինչ կարող ես անել։

Սինգոն դառնորեն ժպտաց։ Նա զգում էր՝ Յասուկոն դէռ լի է լավատեսությամբ։

Լավատեսաթյունն, ըստ երևույթին, խորն է արմատավորվում այն կնոջ մեջ, որին հաջողվում է ընտանիքը մինչև ծերություն պահպանել։

Սինգոն ձեռքն առավ չորս֊հինգ օրվա վաղեմություն ունեցող թերթը, որ մինչ այդ կարդում էր Յասուկոն, և սկսեց աչքի անցկացնել։

Թերթում արտասովոր մի հոդված կար. «Լոտոս, որ ծաղկել է երկու հազար տարի առաջ»։

Անցյալ տարի գարնանը Յայոիի ժամանակաշրջանին պատկանող թործովի նավակում, որ գտել են Տիբա քաղաքի մոտ Կեմիգավա գետի ափին կատարված պեղումների ժամանակ, հայտնաբերել են լոտոսի երեք սերմ։ Պարզել են, որ այդ սերմերը ավելի քան երկու հազար տարեկան են։ Բուսաբանության պրոֆեսորը՝ մասնագիտությամբ լոտոսագետ, սերմերը ցանեց և ստացած սածիլները այս տարվա ապրիլին տնկեց երեք տարբեր տեղերում՝ Տիբայի գյուղատնտեսական փորձակայանի լճերում, Տիբայի զբոսայգում և Տիբայի Հատամատի փողոցում ապրող մի գինեգործի տանը, որն, ինչպես երևում է, պեղումներ կատարելիս օգնել էր պրոֆեսորին։ Գինեգործը փոքրիկ կաթսայում ջուր լցրեց, սածիլը տեղավորեց մեջն ու դրեց պարտեզում։ Նրա լոտոսն առաջինը փթթեց։ Պրոֆեսորը, որին այդ մասին լուր տվին, շտապ եկավ գինեգործի մոտ ու սկսեց սքանչելի ծաղիկները շոյել, անվերջ կրկնելով՝ «Ծաղկե՜ց, ծաղկե՜ց»։ Ահա այս ամենի մասին էր գրված թերթում։ Գրված էր նաև, որ ծաղիկը բաղկացած է քսանչորս պսակաթերթիկից։

Հոդվածի տակ լուսանկար կար. ալեհեր պրոֆեսորը՝ ակնոցն աչքին, ձեռքերով բռնած պահել է լոտոսի փթթուն ծաղիկը։ Լուսանկարին վերաբերող ծանոթագրությունից Սինգոն իմացավ, որ պրոֆեսորը վաթսունինը տարեկան է։

Ծաղկող լոտոսով հիացած, Սինգոն թերթը ձեռքին մտավ Կիկուկոյի սենյակը։

Այդ սենյակում ապրում էին երկուսով՝ հարսն ու Սյուիտին։ Գրասեղանի վրա, որը Կիկուկոյի օժիտն էր, դրված էր Սյուիտիի լայնեզր գլխարկը։ Գլխարկի կողքին՝ փոստային թղթերի մի կույտ։ Երևում է Կիկուկոն պատրաստվում էր նաակ գրել։ Սեղանի գզրոցը ծածկվել էր կախ ընկած ասեղնագործ անձեռոցիկի տակ։

Օծանելիքի բույր էր տարածվել։

— Դե, գործերդ ինչպե՞ս են։ Մի՛ վեր կենա, մնա հանգիստ պառկած։— Սինգոն նստեց գրասեղանի մոտ։

Կիկուկոն լարված նայում էր նրան։ Վատ էր զգում, որ Սինգոն թույլ չտվեց վեր կենալ․ սկեսրայրի ներկայությամբ պառկելն անհարմար էր։ Այտերը թեթեակի վարգագունել էին, իսկ ճակատը մնացել էր սպիտակ և սպիտակի վրա գեղեցիկ կերպով ընդգծվել էին խիտ հոնքերը։

― Լոտոսի երկհազարամյա հնություն ունեցող սերմերը ծլել են, և լոտոսը ծաղկել է։ Թերթում նկարել են, տեսե՞լ ես։

— Տեսել եմ ։

— Ուրեմն, տեսե՞լ ես,— շշուկով կրկնեց Սինգոն և, փոքր ինչ լռելուց հետո, ասաց,— եթե դու մեզ հետ սրտաբաց խոսեիր, դրանից ոչ մի վատ բան չէր լինի, ընդհակառակը․․․ Դու նույն օրն ևեթ վերադարձել ես տուն։ Դա քեզ հո չի՞ վնասել։

Կիկուկոն նրա վերաբերմունքից հուզվեց։

― Այդ անցյալ ամսին էր,— շարունակեց Սինգոն,— դու ասում էիր երեխայի մասին․․․ Այն ժամանակ ես արդեն ամեն ինչ հասկացա։

Կիկուկոն բարձին դրած զլուխն օրորեց․

― Այն Ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի, որ իմանայի, կամաչեի երեխայի մասին խոսել։

— Ահա թե ի՜նչ։ Սյուիտին ասաց, որ դու չափից դարս մաքրաբարո ես․․․— կիկուկոյի ալքերը լցվող արցունքները տեսնելով՝ Սինգոն չշարունակեց։— Այլևս բժշկի մոտ չե՞ս գնալու։

— Վաղը կգնամ։

Հաջորդ օրը, երբ Սինգոն վերադարձավ տուն, Յասուկոն անհամբեր նրան էր սպասում։

— Կիկուկոն գնաց ծնողների մոտ։ Նրան պառկեցրել են անկողնում է․․․ Ժամը երկուսին Սակավա֊սանը զանգահարեց։ Հեռախոսին Ֆուսակոն մոտեցավ։ Հայրն ասաց, որ Կիկուկոն իրենց տանն է, այնքան էլ լավ չի զգում, ստիպել են պառկել։ Մի երկու, երեք օրից, հենց որ ոտքի կանգնի, ասում է, ետ կբերենք ձեզ մոտ։

— Այ թե ինչ։

— Ֆուսակոյին խնդրեց հայտնել Սյուիտիին, որ վաղը կարող է կնոջն այցելել։ Մայրն այնտեղ ամբողջ ժամանակ աղջկա կողքին է, երևի դրա համար էր որոշեց ծնողների մոտ պառկել։

— Ոչ մի նման բան։

— Բա պատճառն ի՞նչ է։

Սինգոն հանեց պիջակը, փողկապն արձակելու համար գլուխը վեր ձգելով ասաց.

— Աբորտ է արել։

— Ի֊ի՞նչ․․․— Յասուկոն շշմեց.— Ոնց թե, մեզանից գաղտնի՞․․․ Կիկուկո՞ն․․․ Հիմիկվա երիտասարդությունն ինչ անտանելի է դարձել։

— Ինչ անուշադիրն ես, մայրիկ,— Կունիկոյին գրկած սեղանատուն մտավ Ֆուսակոն,— օրինակ, ես գիտեի, որ նա այդպես էլ անելու է։

— Դու որտեղի՞ց գիտեիր,— իր համար անսպասելի աղջկան հարցաքննել սկսեց Սինգոն։

— Այդ չեմ կարող ասել։ Մի խոսքով, որոշել է հանգիստ վիճակում խելքը գլուխը ժողովել, կազդուրվել, ամրանալ։

Սինգոն չիմացավ ինչ պատասխանել։

Քաղաքային զբոսայգի

1

— Հայրիկն էս ինչ տեսակ մարդ է։— Ֆուսակոն ընթրիքից հետո հավաքած ամանները անփութորեն դարսում էր մատուցարանին։— Հարազատ աղջկա հետ ավելի շատ է ձևականություններ անում, քան հարսի, մինչդեռ, նա կողմնակի մարդ է։ Ճիշտ չե՞մ ասում, մայրիկ։

— Ֆուսա՛կո,— սաստեց Յասուկոն։

— Ինչ է, իրավացի չե՞մ։ Եթե կարծում է, որ սպանախը հարկ եղածից շատ է եփվել, թող այդպես էլ ասեր՝ սպանախի եփն անցել է։ Ասենք եփվելուց ամենևին էլ խյուսի չէր վերածվել, տեսքը համարյա լավ պահպանել էր։ Հայրիկն ավելի լավ է հանքային տաք ջրում եփած սպանախ ուտի։

— Ինչպե՞ս թե՝ հանքային տաք ջրում։

— Հա, հանքային տաք ջրի մեջ մի՞թե ձու չեն խաշում, իսկ գոլորշու վրա՝ լոբով կարկանդակներ։ Ինքս եմ քեզ համար ռոդոնյան տաք ջրի մեջ խաշած ձվեր բերել։ Դրանց սպիտակուցը պինդ է, դեղնուցը՝ թույլ․․․ Քեզ չէ՞ որ պատմել եմ, որ Կիոտոյի էժանագին խորտկարաններից մեկում շատ համեղ ձվեր են եփում։

— Էժանագին խորտկարանո՞ւմ։

— Այո, Կիոտոյում այդպիսի մի խորտկարան կա։ Չքավորները դրա տեղը լավ գիտեն։ Այնտեղ նաև հրաշալի սպանախ են պատրաստում։

Յասուկոն ծիծաղեց։

— Այ, եթե հայրիկր ռոդոնյան հանքային ջրի մեջ որոշակի ջերմությամբ ու ժամով խաշած սպանախ ուտեր, միշտ առողջ ու կայտառ կզգար, նույնիսկ Կիկուկո֊սանի բացակայությամբ,— միանգամայն լուրջ ասաց Ֆուսակոն։

— Այս խոսակցությունն ինձ համար անախորժ է,― կշտամբեց Յասուկոն։— Քո արած դատողություններն ինչ֊որ շատ են խարդավալից։

Ֆուսակոն լարվելով դժվարությամբ բարձրացրեց ծանր մատուցարանը։

— Մի՞թե ուտելիքը կարող է անհամանալ միայն այն բանից, որ գեղեցիկ որդին ու գեղեցկուհի հարսը չեն բարեհաճում մեր կողքին լինել։

Սինգոն բարձրացրեց գլուխը, Յասուկոյի հետ հայացքներ փոխանակեցին։

— Վե՛րջ տուր հիմարություններ դուրս տալ։

— Այ, միշտ այսպես է, նրա ներկայությամբ ոչինչ մի՛ խոսեք, լաց մի՛ եղեք։

— Երբ երեխան լալիս է, ինչ կարող ես անել,— բերանը գրեթե առանց բացելու փնթփնթաց Սինգոն։

— Խոսքն իմ մասին է, երեխայի մասին չէ,— Ֆուսակոն մատուցարանի ծանրության տակ երերալով դիմեց խոհանոց,— եթե լալիս է երեխան, դա բնական է։

Լվացատեղում թափվող ամաններն ուժգին չխչխկացին։

Յասուկոն վեր թռավ։

Լսվեց Ֆուսակոյի զսպված հեկեկոցը։

Սատոկոն հոնքերի տակից նայեց տատին ու դուրս վազեց։

Ինչ ծանր հայացք ունի, մտածեց Սինգոն։

Յասուկոն նույնպես ելավ տեղից, վերցրեց գետնին չորեքթաթ անող Կունիկոյին, նստեցրեց Սինգոյի ծնկներին։

— Սրան մտիկ տուր։

Ու գնաց խոհանոց։

Սինգոն Կունիկոյին գիրկն առավ։ Փափլիկ էր, հաճելի, սեղմեց կրծքին։ Բռնեց տոտիկները։ Երկու թմբլիկ, մանրիկ ոտնաթաթերն էլ տեղավորվեցին բռի մեջ։

— Խուտո՞ւտ է գալիս։

Աղջիկը երևի չհասկացավ ինչ բան է «խուտուտը»։

Սինգոն այնքան էլ վստահ չէր, որ չհասկացավ։ Հիշում էր Ֆուսակոյին՝ գրկի երեխա եղած ժամանակ։ Երբ մերկացրած պառկեցնում էին շորերր փոխելու, և ինքը նրա թևատակերը թեթևակի խուտուտ էր ածում, փոքրիկ Ֆուսակոն քթիկը կնճռոտելով թափահարում էր թևերը։

Սինգոն ջանում էր մոռանալ, որ Ֆուսակոն մանուկ հասակում էլ տգեղ էր։ Այդ մասին մտածելիս իսկույն աչքի առջև պատկերանում էր Յասուկոյի ավագ քրոջ չքնաղ դեմքը։

Նրա այն հույսը, թե աղջիկը մինչև մեծանալը դեռ շատ կփոխվի, չարդարացավ, և տարիների հետո աստիճանաբար այդ հույսը մարեց։

Սատոկոյի դեմքը, կարծես թե, մոր դեմքից լավ էր։ Իսկ Կունիկոն բացառված չէ, որ մեծանալուց հետո դառնա սիրուն աղջիկ։

Ո՞վ գիտե, գուցե Յասուկոյի քրոջ կերպարանքը կվերամարմնավորվի թոռնիկի՞ մեջ։ Նման մտքերի համար Սինգոն սկսում էր ինքն իրենից գարշել։

Բայց որքան էլ սեփական աչքին նողկալի թվար, տարվեց պատրանքով՝ հանկարծ ու Յասուկոյի մեձ քույրը մարմնավովորվեր այն երեխայի մեջ, որին Կիկուկոն չթողեց ծնվել, հանկարծ ու նա այնպիսի մի գեղեցկուհի լիներ, որի նմանը աշխարհը դեռ չի տեսել։ Այդ միտքը շշմեցրեց Սինգոյին։

Նա բաց թողեց Կունիկոյի ոտքերը։ Աղջիկը պապի ծնկներից սահեց գետին ու երերուն քայլերով դիմեց խոհանոց։ Գնում էր թևերն առաջ պարզած, ոտքերը հազիվ քարշ տալով, բավական էր, որ Սինգոն գոռար «զգույշ», անմիջապես վայր ընկավ։

Նախ փռվեց երեսի վրա, հետո կողքի շրջվեց ու նոր միայն սկսեց լաց լինել։

Կունիկոյին գրկած Յասուկոն, նրա ետևից Ֆուսակոն՝ փեշից կառչած Սատոկոյի հետ, վերադարձան սեղանատուն։

— Հայրիկը վերջերս շարունակ մտքերի մեջ է խորասուզված։ Ճիշտ չէ՞, մայրիկ,— ամանները սրբելով ասաց Ֆուսակոն։— Երբ այսօր տուն եկավ ու հագուստը փոխեց, թե տակից, թե վրայից հագած կիմոնոների փեշերը վրա բերեց աջից ձախ, կապեց գոտին և չնկատեց էլ՝ ինչ տարօրինակ տեսք ունի։ Չէ, իսկապես, հայրիկի տեսքը արտառոց էր։ Նման բան երևի դեռ երբեք չէր պատահել։ Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում նրա հետ։

― Ոչ, մի անգամ էլ է պատահել,— անվրդով պատասխանեց Սինգոն։— Կիկուկոն այն ժամանակ, նույնիսկ հիշում եմ, ասաց, որ Ռյուկյուում փեշերը վրա են բերում ով ինչպես կամենա՝ և՛ աջից ձախ, և՛ ձախից՝ աջ։

— Ի՜նչ ես ասում, Ռյուկյուո՞ւմ։ Ո՞նց կարելի է,— Ֆուսակոն մինչև իս՞կ այլայլվեց։— Քեզ հաճոյանալու համար Կիկուկոն ինչ խորամանկության ասես որ չի դիմի, իսկ դու դրանից միշտ գոհ ես մնում։ Ռյլուկյուո՜ւմ։ Համա թե բա՜ն է հնարել։

Սինգոն փորձեց կանխել նոր բռնկումը։

— «Ձյուբան», այդպես է կոչվում տակից հագնելու կիմոնոն, պորտուգալերենից փոխառած բառ է։ Իսկ թե Պորտուգալիայում ինչպես են հագնում այդ ձյուբանը՝ փեշերն աջից ձախ, թե ձախից աջ ծածկելով, ես, օրինակի համարէ չգիտեմ։

― Դա՞ էլ է Կիկուկո֊սանի իմաստություններից։

Յասուկոն միջամտեց․

— Հայրդ ամառային կիմոնոն հաճախ նույնիսկ թարս էր հագնում։

— Ցրվածությունից թարս հագնելը մի բան է, մտքերի մեջ սաստիկ խորասուզված լինելուց փեշը աջից ձախ վրա բերելը՝ մեկ ուրիշ բան։

— Կունիկոյին ասա կիմոնոն ինքդ հագիր, նա էլ չի իմանա փեշերը որ կողմից վրա բերի,— նորից միջամտեց Յասուկոն։

— Իմ կարծիքով մանկամտանալը հայրիկի համար դեռ վաղ է,— չէր հանդարտվում Ֆուսակոն։— Մի խոսքով, մայրիկ, այս բոլորը բավական տխուր երևույթներ են։ Ընդամենը մի քանի օր է, ինչ սիրելի հարսը վերադարձել է ծնողների մոտ, հայրիկն արդեն կիմոնոն աջից ձախ է փակում։ Իսկ հարազատ դուստրն, իմիջիայլոց, կես տարի դարձավ, ապրում է առանց ամուսնու։

Իսկապես, կես տարի է անցել նոր տարվան նախորդող անձրևային այն օրից, ինչ Ֆուսակոն եկել է իրենց մոտ։ Փեսան՝ Աիխարան, լռում է, իսկ Սինգոն մինչև հիմա ոչ մի անգամ չի փորձել տեսնել նրան։

— Այո, կես տարի եղավ,— հավանություն տվող տոնով ասաց Յասուկոն։— Այն ինչ պատահեց Ֆուսակոյին, և այն ինչ պատահեց Կիկուկոյին, թվում է թե միմյանց հետ ոչ մի առնչություն չունեն և, այնուհանդերձ․․․

— Ինչո՞ւ առնչություն չունեն։ Ես կարծում եմ, թե մեկը, թե մյուսը առնչվում են հայրիկին։

— Բնական է, չէ՞ որ խոսքը վերաբերում է նրա երեխաներին, և նա, անշուշտ, կուզենար ձեր դժվարությունները հարթել։

Ֆուսակոն կախեց գլուխն ու լռեց։

— Ֆուսակո, եթե ասելու որևէ բան ունես, բացեիբաց ասա։ Մինչև վերջ անկեղծ եղիր։ Մանավանդ, որ Կիկուկոն հիմա այստեղ չէ։

— Ես քեզ հանդիմանելու մտադրություն չունեմ, հայրիկ։ Թերևս իրավացի չեմ, բայց կուզենայի, որ կերակուրը, թեկուզ և Կիկուկո֊սանի եփածր չէ, տհաճությամբ չուտես։― Ֆուսակոն դարձյալ լաց եղավ։ — Ինքներդ դատեցեք։ Հայրիկն ուտում է անբավական տեսքով ու բան չի ասում։ Դրանից հետո ես պարզապես ապրել չեմ ուզում։

— Ֆուսակո, ինչու դու մեզ ոչինչ չես պատմում։ Մի քանի օր առաջ գնացել էիր փոստ։ Աիխարային նամա՞կ ուղարկեցիր,— հարցրեց մայրը։

Ֆուսակոն գլուխը վախեցած տարուբերեց։

— Ուրիշ մեկը չկա, որին նամակ ուղարկեիր։ Մտածեցի, որ Աիխարային ես գրել։

Յասուկոն խոսում էր իրեն ոչ հատուկ խստությամբ։

― Չլինի փո՞ղ ես ուղարկել,— ասաց նա, և Սինգոն գլխի ընկավ, որ կինը իրենից թաքուն Ֆուսակոյին գրպանի փող է տալիս։

— Աիխարան հիմա որտե՞ղ է,— Սինգոն պատասխանի սպասելով շրջվեց դստեր կողմը։— Կարծես թե տանը չի ապրում։ Մոտավորապես ամիսը մեկ ես նրա մոտ եմ ուղարկում ֆիրմայի մեր մի աշխատակցին, իմանալու, թե տանն ինչ է կատարվում։ Այսինքն, ոչ այնքան դրա համար, ավելի շատ նրա մորը մի քիչ ապրուստի փող հանձնելու։ Չէ որ եթե դու նրանց մոտ մնայիր, բնականաբար կխնամեիր այդ խեղճ կնոջը։

— Ինչ խոսք։

Յասուկոն կտրուկ հարցրեց.

— Նրանց մոտ ես ուղարկում ֆիրմայի աշխատակցի՞ն։

— Ավելորդ հարցուփորձի ու խոսակցության հարկ չկա։ Նա նվիրված, վստահելի մարդ է, այնպես որ ամեն ինչ կարգին է, մի անհանգստանա։ Եթե Աիխարան տանը լիներ, ինքս կգնայի մոտն ու կխոսեի։ Հիմա ստիպված եմ տեսնվել ոտքերը հազիվ֊հազ քարշ տվող պառավի հետ, nւրիշ ելք չկա։

— Իսկ ինչո՞վ է զբաղված այժմ Աիխարան։

— Թաքուն թմրաղեղեր է վաճառում կամ... նման մի բան։ Սկզբում անհույս հարբեցող էր, հիմա ինքն էլ է հաշիշամոլ դարձել։

Յասուկոն երկյուղով նայեց Սինգոյին։

Նրան անհանգստացրեց ոչ այնքան Աիխարայի, որքան՝ ամուսնու վիճակը, ուրեմն առ այսօր նա ամեն ինչ խնամքով թաքցրել է իրենից։

Սինգոն շարունակեց․

— Ինչպես երևում է, նրա մայրն էլ, թեև ոտքերը մի կերպ քարշ է տալիս, տանը չի ապրում։ Վերջերս այնտեղ ինչ֊որ կողմնակի մարդիկ են լցվել։ Այնպես որ, Ֆուսակո, դու այլևս տուն չունես։

— Այդ դեպքում իրերը հապա ո՞ւմ են թողել։

— Մայրիկ, և՛ պահարանը, և՛ սպիտակեղենի զամբյուղը դատարկ են,—ասաց Ֆուսակոն։

— Իսկապե՞ս։ Ախր դու մեն֊միայն մի ֆուրոսիկիով եկար։ Մի՞թե ամեն ինչ քամուն եք տվել։ Անհավատալի է․․․— հառաչեց Յասուկոն։

Սինգոն ենթադրեց, որ Ֆուսակոյին հայտնի է, թե որտեղ է գտնվում Աիխարան։ Նա ամուսնու մոտ վերադառնալու հույսը դեռ չի կտրում։

Այդ ինչպե՞ս եղավ, որ ոչ ոք չկարողացավ Աիխարային ետ պահել անկումից՝ ոչ Ֆուսակոն, ոչ Սինգոն, ոչ էլ ինքը՝ Աիխարան։

Սինգոն հայացքն ուղղեց պատուհանից դուրս, մթնող այգուն։

2

Ժամը տասին, երբ Սինգոն մտավ ֆիրմա, իր աշխատասենյակի սեղանին տեսավ Հիդեկո Տանիձաքիի թողաձ երկտողը.

«Եկել էի ձեզ մոտ երիտասարդ տանտիրուհու մասին խոսելու։ Կանցնեմ ավելի ուշ»։

Հիդեկոն «երիտասարդ տանտիրուհի» գրելիս, անշուշտ, նկատի է ունեցել Կիկուկոյին։

Սինգոն դիմեց նոր քարտուղարուհուն՝ Նացուկո Իվամուրային․

— Տանիձաքին ո՞ր ժամին էր եկել։

— Այ֊ո՜ո՜, ես արդեն այստեղ էի, ձեր սեղանն էի կարգի բերում։ Հավանաբար ութին մոտ էր։

— Սպասո՞ւմ էր ինձ։

— Այո֊ո՜ո, երկար չսպասեց։

Սինգոյի համար անդուր էր ծանր ու բութ «այո-ո՜ո»֊ն շարունակ կրկնելու Նացուկոյի սովորությունը։ Ըստ երևույթին նրանց գյուղում այդպես էին խոսում։

— Տանիձաքին Սյուիտիին տեսա՞վ։

— Կարծում եմ ոչ, առանց նրան հանդիպելու գնաց։

— Ուրեմն, Ժամը ութի մոտերքը...— բարձրաձայն մտածեց Սինգոն։

Տանիձաքին ֆիրմա էր վազել, երևի, աշխատանքի գնալուց առաջ և դարձյալ կարող էր գալ միայն ճաշվա ընդմիջումին։

Մեկ անգամ էլ աչքի անցկացնելով մեծ թղթի մի անկյունում գրած Հիդեկոյի մանր հիերոգլիֆները, Սինգոն պատուհանից դուրս նայեց։

Երկինքը, նույնիսկ մայիս ամսվա համար, չափազանց հստակ էր։

Այդպիսի երկինք տեսավ նաև էլեկտրագնացքից, Տոկիո բերող ճանապարհին։ Երկնքով հիացող բոլոր ուղևորները պատուհանները բաց արին։

Թռչունները Ռոկունոգավա գետի վրա արծաթափայլ էին արձակում, թևածելիս համարյա բախվում կայծկլտացող ջրերին։ Պատահական չէր թվում նաև կամրջով դեպի հյուսիս ընթացող կարմիր ավտոբուսը։

— Երկնային տայֆո՜ւն, երկնային տայֆո՜ւն...— մտախոհ կրկնում էր Սինգոն Ռյոկանի այդ տողը, լճամերձ անտառին նայելով։

— Օհո՜,— նա կպավ պատուհանին։

Բանից պարզվում է՝ երկբնանի սոճին ոչ թե Իկեգամի անտառում է գտնվում, այլ շատ ավելի այս կողմ։

Իկեգամի անտառի վրա իշխող այդ սոճին այս առավոտ նրան ավելի մոտիկ թվաց, քան անտառը։

Մինչև անտառ եղած հեռավորությունը ճիշտ որոշել չէր հաջողվում. երևի գարնանային մշուշապատ եղանակների պատճառով։

Սինգոն պատուհանից չէր հեռանում, փորձելով հեռավորությունը հիմա որոշել։

Նա էլեկտրագնացքից ամեն օր նայում էր սոճուն. մի անգամ նույնիսկ ցանկացավ մոտ գնալ ծառին, ստույգ իմանալու, թե վերջիվերջո, իսկապես որտեղ է գտնվում։

«Ամեն օր նայում էր», բայց ախր երկբնանի սոճին միայն վերջերս տեսավ։ Տարիներ շարունակ անցնում էր կողքով, ցրված հայացքը սահեցնելով Իկեգամի անտառի վրայով, որտեղ գտնվում է Հոմմոնձի տաճարը ու համատարած անտառից բացի ոչինչ չէր տեսնում։

Եվ այսօր հանկարծ հայտնաբերեց, որ սոճին բնավ էլ այդ անտառում չէ։

Հայտնաբերեց, որովհետև մայիսյան առավոտվա օդը զարմանալի թափանցիկ էր։

Այսպիսով, կատարները մեկը մյուսի կողմը թեքած և ճղներով գրկախառնված սոճու վերաբերյալ նա նոր պարզաբանում կատարեց։

Երեկ, ընթրիքից հետո, երբ պատմում էր, որ ֆիրմայի աշխատակցին ուղարկում է Աիխարայի տունը, փորձելով գեթ որոշ չափով նրա պառաված մորն օգնել, Ֆուսակոն տեղից հանկարծակի վեր ցատկեց և սսկված ու հնազանդված անշարժացավ։

Սինգոն խղճաց Ֆուսակոյին ու մտածեց, որ դստեր ընտանիքի մասին, համենայն դեպս, ինչ-որ տեղեկություններ իմացել է, թեև իմացածը նույնքան անպարզորոշ էր, որքան անպարզորոշ էր երկբնանի սոճու տեղը։

Մի քանի օր առաջ վագոնի պատուհանից նայելով այդ սոճու ծառին, Սյուիտիին հարկադրեց խոստովանել, որ Կիկուկոն աբորտ է արել։

Դրանից հետո սոճին դադարեց սոսկ հասարակ սոճի լինելուց, դարձավ Կիկուկոյի վիժում անելու հետ առնչվող մի բան։ Այսուհետև ամեն անգամ աշխատանքի գնալիս ու տուն դառնալիս, ծառին նայելով, հիշելու էր Կիկուկոյին։

Այն առավոտ, երբ Սյուիտին իր խոստովանությունն արեց, երկբնանի սոճին հորդ անձրևի միջից հազիվ էր երևում ու թվում էր Իկեգամի անտառին ձուլված։

Այսօր ծառն անջատվել էր անտառից ու կապվելով վիժելու հետ, մի տեսակ կեղտագույն երանգ ստացել։ Գուցե նրա համար, որ եղանակը շատ էր պարզ։

— Մարդ նույնիսկ լավ եղանակին էլ կարող է վատ զգալ,— մռայլված փնթփնթաց Սինգոն և, հայացքը երկնքից կտրելով, նստեց գրասեղանի մոտ աշխատելու։

Օրվա ընթացքում զանգահարեց Հիդեկոն։ Այսօր խիստ զբաղված է, շտապ կերպով ամառային կոստյում է կարում, այսօր չի կարող գալ։

— Ուրեմն, գլխիդ արդեն այդքան գո՞րծ են թափել։

— Այո։

Հիդեկոն մի կարճ ժամանակ լռեց։

— Դու սալոնից ես զանգահարո՞ւմ։

— Այո։ Կինուկո֊սանն այստեղ է,— ասաց նա, ուղղակի տալով Սյուիտիի սիրուհու անունը,— սպասում էի սալոնից դուրս գնար։

— Հը՛մ։

— Ալլո՛։ Ես ձեզ մոտ կանցնեմ վաղն առավոտյան։

— Առավոտյա՞ն։ Դարձյալ ութի՞ն,

— Ոչ։ Վաղը անպայման կսպասեմ ձեզ մինչև գաք։

— Այդքան հրատապ գո՞րծ է։

— Այո։ Գործը շտապ է, թեև առաջին հայացքից կարող է այդքան էլ շտապ չթվալ։ Իմ կարծիքով հույժ շտապ է։ Ուզում եմ ամեն ինչ որքան կարելի է շուտ պատմել ձեզ։ Ես սարսափելի հուզված եմ։

— Հուզվա՞ծ ես։ Դա կապված է Սյուիտիի՞ հետ։

— Հանդիպենք կպատմեմ։

Հիդեկոյի «հուզմունքին» առանձնապես հավատ ընծայել չէր կարելի, բայց Սինգոյին մաահոգում էր ինչ֊որ բան հայտնելու համար երկրորդ անգամ իր մոտ գալու նրա պատրաստակամությունը։

Անհանգստությունը գնալով աճում էր։ Ժամը երեքին զանգահարեք Կիկուկոյին։

Մինչ սպասուհին կկանչեր նրան, լսափողից հաճելի երաժշտություն էր լսվում։

Այն օրվանից, ինչ Կիկուկոն գնացել էր ծնողների մոտ, Սինգոն Սյուիտիի հետ նրա մասին չէր խոսել։ Սյուիտին ինքն էլ էր խուսափում այդ խոսակցությունից։

Այցելել Կիկուկոյին նրա ծնողների տանը Սինգոն սիրտ չէր անում։

Կիկուկոն այնպիսի բնավորություն չուներ, որ հարազատներին պատմեր Կինուկոյի կամ աբորտի մասին։ Սակայն․․․ Ո՞վ է իմանում։

Լսափողում հնչող հաճելի երաժշտության միջից լսվեց Կիկուկոյի ուրախացած ձայնը.

— ... Հայրի՞կ։ Հայրիկ, ներեցեք, որ սպասեցնել տվի։

— Ոչինչ։— Սինգոն միանգամից հանգստացավ։— Ինչպե՞ս ես զգում։

— Հիմա արդեն լավ եմ։ Ներեցեք, որ այսպես վարվեցի։

— Բան չկա։

Սինգոն չգիտեր այլևս ինչ խոսեր։

— Հայրիկ,— դարձյալ ուրախ ձայնեց Կիկուկոն,— ես ուզում եմ ձեզ տեսնել։ Կարելի՞ է գալ ձեզ մոտ, հենց հիմա։

— Հենց հիմա՞։ Իսկ դու կարո՞ղ ես։

— Կարող եմ։ Ուզում եմ, որքան հնարավոր է, շուտ տեսնել ձեզ, այդ դեպքում տուն վերադառնալն ինձ համար այնքան էլ ամոթ չի լինի։ Եղա՞վ։

— Լավ։ Ես քեզ ֆիրմայում կսպասեմ։

Երաժշտությունը շարունակվում էր։

— Ալլո,— Սինգոն չէր ուզում ընկալուչը ցած դնել,— ինչ սքանչելի երաժշտություն էէ

— Վա՛յ, բոլորովին մոռացել եմ անջատել․․․ Սիլֆուհիների պարն է։ Շոպենի։ Որ տուն վերադառնամ, այդ ձայնապնակը հետս կբերեմ։

— Ինձ մոտ շո՞ւտ կգաս։

— Շուտ։ Բայց չէի կամենա ձեզ հանդիպել ֆիրմայnւմ։ Մտածում եմ՝ որտե՞ղ ավելի լավ կլինի։

Կիկուկոն ի վերջո տեսակցություն նշանակեց Սինձյուկուի քաղաքային զբոսայգում։

Սինգոն սկզբում դեմքը կնճռեց, հետո սկսեց ծիծաղել։

Կիկուկոյին երևի թվում է, թե փայլուն միտք հղացավ։

— Դուք այնտեղ կվերածնվեք, հայրիկ, զբոսայգում այնպիսի հիասքանչ բուսականություն կա։

— Մեկ անգամ պատահաբար եղել եմ այնտեղ. գնացել էի շների զուցահանդեսը դիտելու։

— Ես էլ ձեզ հետ հաճույքով կգայի նայելու շներին,— ծիծաղեց Կիկուկոն։ Ընկալուչի մեջ շարունակում էր հնչել սիլֆուհիների պարը։

3

Սինգոն, ըստ պայմանավորվածության, զբոսայգի մտավ Օկիդոմոնի դարբասից։ Մուտքի մոտ հայտարարություն էր փակցված՝ վարձով տրվող մանկական ձեռնասայլակի համար՝ ժամը երեսուն իեն, խսրաթախտի համար՝ օրական քսան իեն։

Ծառուղով ամերիկացիներ էին զբոսնում՝ մարդ ու կին։ Ամուսինը գրկած տանում էր աղջկան, կինը՝ սանձափոկից բռնած գերմանական մի պոյնտեր։

Զբոսայգում ուրիշ հաճախորդներ էլ կային, բայց ամերիկացի այդ զույգից բացի, ոչ մեկը ծառուղիով այդպես հանդարտ չէր զբոսնում։

Սինգոն քայլեց ամուսինների ետևից։

Ճանապարհի ձախ կողմում կուենի հիշեցնող հիմալայան մայրու խիտ թփուտներ էին աճել։ Մի ժամանակ, երբ Սինգոն եկել էր կենդանի սիրողների ընկերության կազմակերպած ընդունելությանը մասնակցելու, հիմալայան վիթխարի մայրիներ էր տեսել, սակայն այժմ ոչ մի կերպ չէր կարողանում մաաբերել, թե դրանք որտեղ էին գտնվում։

Ճանապարհի աջակողմյան ծառերին փակցրած ցուցատախտակի վրա գրված էր ոչ այն է «դրախտանոճի», ոչ այն է՝ «դեկորատիվ սոճի», հիերոգլիֆները մի տեսակ ճապաղված էին։

Սինգոն կարծեց, որ առաջինն ինքն է եկել և դանդաղաքայլ դիմեց մինչև ճանապարհը հատող լճակը։ Լճափին, նստարանի վրա, թիկունքն արած գինգոյի ծառին, նստել էր Կիկուկոն։

Նա շրջվեց, վեր կացավ, խոնարհվելով ողջունեց Սինգոյին։

— Դու մեր պայմանավորված ժամից վաղ ես եկել։ Մինչև չորսն անց կես դեռ տասնհինզ րոպե կա,— Ժամացույցին նայեց Սինգոն։

— Երբ ինձ զանգահարեցիք, այնքան ուրախացա, որ անմիջապես տանից դուրս վազեցի։ Չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախացա,— արագ վրա տվեց Կիկուկոն։

— Այ, տեսնում ես, հարկադրված ես եղել ինձ սպասել։ Դու կարձես շատ թեթև ես հագնված։

— Այո, այս սվիտերը․․․ Սա իմ ուսանողուհի եղած ժամանակվանից էր մնացել,— շփոթվեց Կիկուկոն։— Ծնողներիս տանը իմ զգեստներից ոչ մի հատ չէի թողել։ Եթե քույրս իրենը չտար, հավանաբար այստեղ գալ չկարողանայի, եղանակն այսօր զով է։

Կիկուկոն ութ քույրերից ու եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոլոր քույրերն ամուսնացել ապրում էին առանձին. ուրեմն, քույր ասելիս նա նկատի ուներ եղբոր կնոջը։

Մուգ կանաչ սվիտերի թևքերը կարճ էին, և Սինգոն այս տարի հարսին առաջին անգամ տեսավ մերկ թևերով։

Ծնողների մոտ փախչելու համար Կիկուկոն իրեն մի փոքր կաշկանդված էր պահում։ Սինգոն կարեկցեց նրան։

Չիմանալով խոսակցությունն ինչից սկսել, սիրալիր հարցրեց․

— Դու Կամակուրա կվերադառնա՞ս։

Կիկուկոն գլխով արեք․

— Կուզենայի վերադառնալ։

Նա թոթվեց ուսերն ու նայեց Սինգոյին։ Ուսերի թոթվելը Սինգոն չնկատեց, նրան շշմեցրեք հարսից եկող անուշաբույրը։

— Սյուիտին քեզ մոտ գալի՞ս էր։

— Այո։ Բայց եթե դուք ինձ չզանգահարեիք․․․

Ապա իր համար դժվար կլիներ վերադառնալ, երևի ուզում էր ասել Կիկուկոն։

Նա, խոսքն ընդհատելով, սուզվեց գինգոյի թփուտների մեջ։

Ծանրաքաշ լինելու չափ հյութալի կանաչն, ասես, փլվեց նրա բարակ պարանոցին։

Լճակի կենտրոնում գտնվող փոքրիկ կղզում,— դա զուտ ճապոնական բնապատկեր էր,— ամերիկյան զինվորը լապտերասյան մոտ զվարճանում էր պոռնիկ կնոջ հետ։ Լճափի նստարանին թառել էր մի ուրիշ երիտասարդ զույգ։

Հետևելով Կիկուկոյին, Սինգոն դուրս եկավ լճի աջափնյա բացատը։

— Ինչ մե՜ծ է,— զարմացավ նա։

— Դուք այստեղ կվերածնվեք, հայրիկ։— Կիկուկոն կարծես հպարտանում էր, որ նրան այսպիսի տեղ է բերել։

Սինգոն կանգ էր առել շավղի եզրին աճած զկեռի ծառի մոտ ու չէր համարձակվում ոտքը մարգագետնի փարթամ խոտերին դնել։

— Ինչ սքանչելի զկեռենի է։ Սրան ոչ ոք չի անհանգստացնում, դրա համար էլ ազատորեն տարածել է անգամ ամենավարի ճյուղերը։

Սինգոն հիացած էր ծառի ազատ ու բնական աճով։

— Հոյակապ ձև ունի։ Երբ մի անգամ, շատ վաղուց, այստեղ էի եկել շներ տեսնելու, ճղները լայնորեն տարածած հիմալայան վիթխարի մայրիներն ինձ ուղղակի ապշեցրին։ Հետաքրքիր է, դրանք այգու ո՞ր մասում են։

— Սինձյուկուի մոտերքում։

— Միանգամայն ճիշտ է, որքան հիշում եմ, իրոք, այգի էի մտել Սինձյուկուի կողմից։

— Հեռախոս ով ինձ արդեն ասացիք, որ այստեղ եկել էիք շներ տեսնելու։

— Այո։ Շներն այնքան էլ շատ չէին։ Դա կենդանիների պաշտպանության ընկերության բարեգործական նպատակով կազմակերպած ընդունելություն էր։ Ճապոնացիներ քիչ կային, դրա փոխարեն մեծ քանակությամբ օտարերկրացիներ էին հավաքվել։ Օկուպացիոն զորքի ծառայողներ, դիվանագետներ, ոմանք՝ հանդերձ ընտանյոք։ Ամառ էր։ Զարմանալի գեղեցիկ էին մետաքսե կարմիր ու բաց երկնագույն հագուստով հնդկուհիները։ Ամեն քայլափոխի կրպակներ էին բացված՝ ամերիկյան ու հնդկական ապրանքներով։ Այն ժամանակվա համար հազվագյուտ երևույթ։

Այդ տեղի էր ունեցել ընդամենը մի քանի տարի առաջ, սակայն Սինգոն չէր կարողանում հիշել, թե ճշգրիտ որ թվին էր։

Խոսելիս ուշադիր զննում էր զկեռի ծառը։

— Անհրաժեշտ կլինի արմատախիլ անել արալենին, մեր բալենուն խեղդում է, թույլ չի տալիս աճել։ Երբ տուն վերադառնաս, այդ մասին ինձ անպայման հիշեցրու, լա՞վ։

— Անպայման։

— Ես մեր բալենին սիրում եմ, որովհետև ճյուղերը կտրած չեն։

— Իհարկե, մանր ճյուղերը շատ լինելիս, վայրի ծաղիկներն էլ անհամար շատ են լինում... Հիշո՞ւմ եք, անցյալ ամիս, հենց բալենու ծաղկման ժամանակ, միասին ունկնդրում էինք տաճարի զանգերը։ Բուդդայական մայրաքաղաքի յոթհարյուրամյակն էր։

— Մի՞թե այդ էլ ես հիշում։

— Ես դա երբեք, կյանքումս երբեք չեմ մոռանա։ Հետո մենք լսեցինք նաև ուրուրի կանչը։

Կիկուկոն ընդհուպ մոտեցավ Սինգոյին։ Նրանք, կռացած անցնելով վիթխարի թզենու ճյուղերի տակից, հայտնվեցին լայնատարած սիզամարգում։

— Ինչպիսի՜ ընդարձակություն։ Նույնիսկ անհնար է պատկերացնել, որ մենք Ճապոնիայում ենք, այն էլ Տոկիոյի կենտրոնում։— Սինգոն նայում էր հսկայական կանաչ սիզամարգին, որ ձգվում էր դեպի Սինձյուկու։

— Երևում է հոգացել են վիստայի մասին, այն արված է արտակարգ խորությամբ։

— Ի՞նչ է նշանակում վիստա։

— Հեռապատկեր։ Տես թե կանաչն ու նրա միջով ոլորվող ճանապարհը ինչպիսի փափուկ գալարումներով են հեռանում աչքից։

Կիկուկոն պատմեց, թե ինչպես ամբողջ դասարանով մի անգամ եկել էին այստեղ, և դասատուն իրենց ամեն ինչ բացատրել էր։ Դասատուի ասելով լայնատարած այդ սիզամարգը, որտեղ անկանոն աճել էին դարավոր ծառեր, պլանագծված էր անգլիական գազոնների նմանակությամբ։

Սիզամարգում ամենուր գրեթե միայն երիտասարդ զույգեր էին։ Ոմանք պառկած էին, ոմանք այս ու այն կողմ նստած, մի քանիսն էլ զբոսնում էին։ Տեղ-տեղ ուսանողուհիների հինգ֊վեց հոգանոց խմբեր ու երեխաներ էին երևում։ Սիրահարվածների համար իսկական դրախտ է, մտածեց շփոթահար Սինգոն ու զգաց, որ ինքն այստեղ անելիք չունի։

Երիտասարդներն իրենց այդքան ազատ էին պահում թերևս այն պատճառով, որ գտնվում էին ազատ զբոսայգում։ Այդ այգին այլևս կայսերական պալատին չէր պատկանում։

Սինգոն թեև սիզամարգ էր մտել Կիկուկոյի հետ և այժմ միասին անցնում էին զբոսայգում տեսակցության եկած զույգերի կողքով, նրանցից ոչ մեկը Սինգոյի ու Կիկուկոյի վրա ուշադրություն չէր դարձնում։ Սինգոն ջանասիրաբար փորձում էր շրջանցել զույգերին։

Տեսնես ի՞նչ էր մտածում հիմա Կիկուկոն։ Ծեր սկեսրայրը հարսի հետ զբոսանքի է եկել, դրա մեջ կարծես մի առանձին բան չկար, բայց Սինգոյի համար արտասովոր էր։

Երր Կիկուկոն հեռախոսով պայմանավորվեց նրա հետ հանդիպել Սինձյուկուի զբոսայգում, Սինգոն այն ժամանակ դրան կարևորություն չտվեց, իսկ այժմ հարսի առաջարկն առնվազն տարօրինակ էր թվում։

Սիզամարգում վիթխարահասակ ծառերից մի քանիսը բարձրությամբ իշխում էին մյուսների վրա։ Դրանց հզորությամբ հրապուրված Սինգոն մոտեցավ ծառերից մեկին և անքթիթ նայելով վերաձիգ, հսկա բնին, զգաց, թե ինչպես իրեն է փոխանցվում դալար ճյուղերի ուժն ու հյութեղությունը, ինչպես բնությունը սրբում, տանում է իր և Կիկուկոյի հոգուն ծանրացած տրտմությունը։ «Դուք այստեղ կվերածնվեք, հայրիկ»․․․ Որքան ճիշտ էր ասում Կիկուկոն։

Դա վարդակակաչի ծառ էր։ Մոտիկից պարզվեց, որ երեք հատ են, թեև հեռվից՝ իրար ձուլված մեկն էր երևում։ Ծաղիկները նման էին շուշանի։ նման էին նաև վարդակակաչի, որի համար էլ ծառը կոչում էին վարդակակաչենի։ Ցուցանակում այդպես էին գրել։ Դրանց հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, աճում է արագորեն, հասակը՝ մոտ հիսուն տարեկան։

— Մի՞թե ընդամենը հիսուն։ Կնշանակի ինձանից փոքր է,— զարմանքով դիտում էր ծառը Սինգոն։

Խոշոր սաղարթներով ճյուղերն այնքան լայնատարած էին, որ ազատ կերպով կարող էին իրենց տակ երկու մարդու պարտակել։

Սինգոն նստեց ու անմիջապես էլ վեր կացավ նստարանից։

— Գնանք, ա՛յ այն ծաղիկների մոտ։

Հեռվից, սիզամարգի մյուս կողմում, վառ բծի պես աչքի էին զարկում ճերմակ ծաղիկները։ Ամենայն հավանականությամբ դա թումբ էր, որն իր բարձրությամբ հասնում էր մինչև վարդակակաչենու խոնարհած ճյուղերը։ Երբ անցան սիզամարգի հակառակ կողմը, Սինգոն ասաց.

— Այս զբոսայգում հանդիսավոր հանդիպում էին կազմակերպել գեներալների՝ ռուս-ճապոնական պատերազմի հերոսների հետ։ Այն ժամանակ ես քսան տարեկան էլ չկայի և դեռ գյուղում էի ապրում։

Թմբի երկու կողմերում շարքով ծառեր էին տնկած։ Սինգոն նստեց դրանց միջև դրված նստարանին։ Կիկուկոն մնաց ոտքի վրա։

— Ես վաղն առավոտյան կվերադառնամ։ Մայրիկին խնդրեք ինձ չնախատի...

— Եթե դու մինչև տուն վերադառնալդ ինձ որևէ բան ունես ասելու...

— Ձե՞զ, հայրիկ։ Ձեզ հետ շատ բաների մասին կուզենայի խոսել։

4

Հաջորդ առավոտ Սինգոն արթնացավ բարձր տրամադրությամբ, սակայն հարկադրված էր, Կիկուկոյի վերադարձին չսպասելով, տանից դուրս գալ։

— Խնդրեց, որ իրեն չհանդիմանես,— ասաց Յասուկոյին։

— Ի՜նչ հանդիմանելու մասին է խոսքը, երբ ինքս պետք է նրանից ներողություն խնդրեմ։— Յասուկոյի դեմքը պայծառացավ։

Սինգոն նրան միայն ասել էր, որ Կիկուկոյի հետ խոսել է հեռախոսով։

— Այն բոլորն, ինչ դու ես անում, Կիկուկոյի աչքին մեծ նշանակություն ունի,— Սինգոյին ճամփու դնելու համար միջանցք դուրս գալով ասաց Յասուկոն։

— Դե լավ, հաջողություն։

Սինգոն հենց նոր հասել էր ֆիրմա, երբ եկավ Հիդեկոն։

— Օ՜, այդ ինչ սիրունացել ես։ Մինչև իսկ ծաղիկներ ես բերել,― սիրալիր դիմավորեց նրան Սինգոն։

— Սալոնից, միևնույն է, ուշացել էի, դրա համար էլ փողոցով անշտապ քայլելու ժամանակ կար։ Իսկ ծաղկավաճառուհին այնքան առինքնող էր։

Հիդեկոն լրջադեմ մոտեցավ Սինգոյի գրասեղանին ու մատով վրան գրեց. «Առանց վկաների»։

— Ի՞նչ։

Սինգոն նույնիսկ շփոթվեց։

― Մի քանի րոպեյով սենյակից դուրս գնա,— ասաց Նացուկոյին։

Մինչ Նացուկոն դուրս կգնար, Հիդեկոն գտավ ծաղկամանն ու բերած երեք վարդը մեջը դրեց։ Զգեստը, որն, ըստ երևույթին, սալոնում աշխատող աղջիկների արտահագուստն էր, մի քիչ գիրացնում էր Հիդեկոյին։

— Ներեցեք, որ երեկ ձեզ սպասել չկարողացա,— Հիդեկոյի շրթունքները տարօրինակ ձևով լարված էին։— Երկու օր իրար վրա անհանգստացնում եմ ձեզ և․․․

— Դե ոչինչ։ Նստիր։

— Շնորհակալ եմ։— Հիդեկոն նստեց, աչքերը գետին հառելով։

— Այսօր իմ պատճառո՞վ ես աշխատանքից ուշանում։

— Այո։ Այլ կերպ հնարավոր չէր։

Հիդեկոն գլուխը բարձրացրեց, նայեց Սինգոյին․ շնչում էր ընդհատ֊ընդհատ, ասես ուր որ է լաց կլիներ։

— Պատմել կարելի՞ է։ Անչափ վրդովված եմ, դրա համար հուզմունքս չեմ կարողանում զսպել։

— Պատմիր։

— Խոսքը վերաբերում է երիտասարդ տանտիկնոջը։— Հիդեկոն դեմ ընկավ,— նա, ըստ երևույթին, հղիությունն ընդհատել է։

Սինգոն չպատասխանեց։

Հիդեկոն որտեղի՞ց է իմացել։ Հազիվ թե Սյուիտին դուրս տված լինի։ Բայց չէ՞ որ նրա սիրուհին Հիդեկոյի հետ աշխատում է միևնույն սալոնում։ Սինգոն անհանգստացավ։

— Այն, որ նա ընդհատել է հղիությունը, դեռևս մեծ դժբախտություն չէ...— Հիդեկոն դարձյալ կարկամեց։

— Քեզ ո՞վ է ասել։

— Բժշկին վճարելիք փողը Սյուիտի-սանը վերցրեց Կինուկո֊սանից։

Սինգոյի սիրտը ճմլվեց։

— Դա ինձ սրբապղծություն թվաց։ Նման արարքը կնոջ համար խիստ վիրավորական է։ Սյուիտի֊սանը բոլորովին անգութ է։ Սիրտս այնպե՜ս ցավեց, երիտասարդ տանտիկնոջն այնպե՜ս խղճացի։ Սյուիտի-սանը, երևի, Կինուկո-սանին փող է տալիս և այդ փողը համարում է նաև իրենը։ Թեկուզ և այդպես, միևնույն է, շատ տհաճ է։ Սյուիտի-սանը պարզապես ոչ ոքի և ոչինչ հաշվի չի առնում։ Այդքան փող նա, ախր, որտեղից ուզենար կճարեր։ Ոչ մեկին բանի տեղ չդնելը մի՞թե լավ է։

Հիդեկոն դողը դժվարությամբ էր զսպում։

― Կինուկո-սանն էլ պակասը չէ, փողն անտրտունջ տվեց նրան։ Այդ կնոջն իսկի չեմ հասկանում։ Սաստիկ բարկացած եմ վրան, արածը գարշելի բան է, երեսը չտեսնելու համար ուզում եմ նույնիսկ հեռանալ սալոնից։ Ահա թե ինչու եկա ձեզ հետ խոսելու։ Գիտեմ, դատարկ խոսակցություններով չպետք է ձանձրացնեի, բայց․․․

— Ընդհակառակը, շնորհակալ եմ քեզնից։

— Երբ ձեզ մոտ աշխատում էի, ինձ այնպես լավ էիք վերաբերվում, եերիտասարդ տանտիկինը, որին թեպետ թռուցիկ կերպով տեսա, այնքան դուր եկավ ինձ, որ որոշեցի ձեզ ամեն ինչ պատմել։

Հիդեկոյի արցունքով լցված աչքերը փայլում էին։

— Այնպես արեք, որ նրանք բաժանվեն։

— Հը՛մ։

Հիդեկոն, անշուշտ, նկատի ուներ Կինուկոյին, բայց Սինգոն նրա ասածի ենթաաեքստը հասկացավ, այսինքն՝ այնպես արեք, որ Սյուիտին ու Կիկուկոն բաժանվեն։

Նա ցնցվել ու շվարել էր Հիդեկոյի պատմածից։

Սյուիտիի անհոգի լինելն ու բարոյալքումը ապշեցնում էին Սինգոյին. թվում էր, թե ինքը ևս սուզվում է նույն ճահիճը։ Դա նրան ահաբեկեց։ Հիդեկոն, ասելիքն ավարտելով, պատրաստվեց գնալ։

— Կա՛ց,— անտրամադիր փորձեց պահել նրան Սինգոն։

— Ես ձեզ մոտ էլի կանցնեմ։ Այսօր ավելի լավ է գնամ։ Այնպե՜ս եմ ամաչում, այնպես ուզում եմ լա՜ց լինել։

Սինգոն նոր զգաց, թե որքան բարի, որքան մաքուր հոգի ուներ այդ աղջիկը։

Մի Ժամանակ վրդովվել էր նրա անհոգի վարմունքից,— Կինուկոյի հանձնարարությամբ ընդունվեց հենց այն սալոնը, սրտեղ նա էր աշխատում։ Բայց Հիդեկոյից որքան ավելի անհոգի էին Սյուիտին և ինքը՝ Սինգոն։

Նա շվարած նայում էր Հիդեկոյի թողած բոսորագույն վարդերին։

Կիկուկոն շատ է առաքինի, որպեսզի ուրիշ կնոջ հետ կապված Սյուիտիից երեխա ծնի։ Սակայն Կիկուկոյի առաքինությունն այսպիսով արդյո՞ք ավելի չոտնահարվեց։

Սինգոն ակամա փակեց աչքերը, պատկերացնելու, թե ինչպես հիմա, հենց այդ պահին, Կիկուկոն ոչ մի բան չկասկածելով՝ վերադառնում է իրենց Կամակուրյան տունը։

Վերքից մնացած հետքը

Անձրևին

Մոծակների պարսը

Օձի ձայն

Ձուկն աշնանը