Մարտին Իդեն, Գլուխ XXXVII
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXVI | Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII ▶ |
Հաջորդ առավոտ Մարտինը, հակառակ Բրիսենդենի նախազգուշացումներին, «Ակրոպոլի» խմբագրությանն ուղարկեց «Արևի ամոթանքը»։ Նա վստահ էր, որ կկարողանա որևէ հանդեսում հրատարակել դա, և երբ մամուլի կողմից ճանաչվի որպես գրող, դրանով իսկ հրատարակչություններն ուշադրություն կդարձնեն իր վրա։ Նա մեքենագրեց և ուղարկեց նաև «Աստղաբաշխական օրագրությունը»։ Չնայած Բրիսենդենի մոլեգնության հասնող ատելությանը ամսագրերի նկատմամբ, Մարտինը հաստատ վճռեց, որ այդ պոեմը պետք է լույս տեսնի։ Իհարկե, նա չէր ուզում տպագրել դա առանց Բրիսենդենի համաձայնության։ Նա ուզում էր, որ մի խոշոր հանգես ընդուներ պոեմը, և այն ժամանակ, մտածում էր Մարտինը, կարելի կլինի ձեռք բերել Բրիսենդենի համաձայնությունը։
Նույն առավոտյան Մարտինը սկսեց գրել մի վիպակ, որը նա հղացել էր դեռ երեք շաբաթ առաջ, և որն այն ժամանակից ի վեր հանգիստ չէր տալիս՝ պահանջելով, որ նա գրի առնի։ Դա պետք է լինի ծովային կյանքից վերցրած մի վիպակ, քսաներորդ դարի ռոմանտիկայի տիպար՝ հափշտակիչ սյուժեով, իրական նկարագիրներով և ռեալ իրադրությամբ։ Բայց հետաքրքրական ֆաբուլայի տակ թաքնված պետք է լինի այնպիսի մի բան, որը մակերեսային ընթերցողը չկարողանա նկատել, և որը, սակայն, նրան չխանգարի բավականությամբ կարդալ գործը։ Հենց այդ «մի բանը» և ոչ թե պարզապես պատմությունը, գրգեց Մարտինին դրել վիպակը։ Գրվածքում նրան միշտ էլ գրավում էր հիմնական գաղափարը, իսկ սյուժեն կախում ուներ դրանից։ Որոշելով այդ գաղափարը՝ նա գտնում էր այնպիսի կերպարներ ու կացություններ, որոնց մեջ այդ գաղափարը կարողանար ստանալ ամենավառ արտահայտությունը։ Վիպակի անունն էր լինելու «Ուշացածը» և ծավալով պետք է լիներ վաթսուն հազար բառից ոչ ավելի, իսկ գրելը, նկատի ունենալով Մարտինի աշխատունակությունն ու ստեղծագործական թափը, հասկանալի է, որ բոլորովին էլ դժվար չէր։ Գրելու հենց առաջին օրն իսկ նա զգաց վարպետներին հատուկ խոր մի վայելք։ Նա այժմ չէր վախենում, որ ապիկարությունը, դրական ձևի անզորությունը կաղքատացնեն նրա միտքը։ Երկար ամիսների համառ, լարված աշխատանքը վերջապես տվեց ցանկալի արգասիքը։ Հիմա նա կարող էր հաստատաքայլ ու անշեղ գնալ դեպի առաջադրած նպատակը, և դեռ երբեք նրանում չէր եղել այն խոր վստահությունը, թե ճիշտ է հասկանում կյանքը և կարող է ցույց տալ այդ կյանքը։ «Ուշացած»-ում Մարտինն ուզում էր պատկերել իրական պատահարներ և ռեալ մտածումներ ու զգացումներ ունեցող իրական մարդկանց։ Սակայն, բացի այդ, վիպակը պետք է ունենա և մի մեծ թաքուն միտք՝ մի գաղափար, որը հավասարապես իրավացի է բոլոր ծովերի, բոլոր ժամանակների ու ժողովուրդների համար։ «Եվ այդ բոլորը շնորհիվ Հերբերթ Սփենսերի,— մտածեց նա, հանկարծ հենվելով աթոռի մեջքին։― Այո՛, շնորհիվ Հերբերթ Սփենսերի և աշխարհաստեղծության այն մեծ բանալուն, որը նա տվեց իմ ձեռքը, և որի անունն է էվոլյուցիա»։
Մարտինը որոշակի գիտակցում էր այժմ իր ստեղծագործության խորությունն ու մեծությունը։ «Գործն առաջ կգնա, առաջ կգնա», մտովի հավաստում էր նա։ Այո, գործն առաջ գնաց։ Վերջապես նա կգրի այնպիսի բան, որն անմիջապես կխլի որևէ հանդես։ Ամբողջ վիպակը կարծես հրեղեն տառերով վառվում էր նրա աչքի առաջ։ Մարտինը հանկարծ ընդհատեց աշխատանքը և հուշատետրում գրեց մի հատված, որը վիպակի վերջավորությունն էր կազմելու։ Վիպակի ամբողջ կոմպոզիցիան այնքան պարզ էր նրա համար, որ լիովին կարող էր գրել վերջավորությունը ժամանակից շատ առաջ։ Դեռ իր վիպակը չավարտած նա համեմատում էր դա այլ գրողների «ծովային» պատմվածքների հետ և գալիս այն եզրակացության, որ իր գրվածքն անհամեմատ բարձր է։
— Միայն մի մարդ կարող էր այդպիսի մի բան գրել,— մրմնջաց Մարտինը — դա Կոնրադն է. բայց Կոնրադն էլ կարող էր իրավամբ իմ ձեռքը սեղմել այս վիպակի համար և ասել․ «Լավ է մշակված, Մարտի՛ն, բարեկամս»։
Աշխատելով գրեթե ամբողջ օրը՝ Մարտինը հանկարծ հիշեց, որ ճաշի է հրավիրված Մորզերի տունը։ Բրիսենդենի շնորհիվ նրա սև կոստյումը դուրս էր գրված լոմբարդից, և Մարտինը հիմա կարող էր նորից երևալ հասարակության մեջ։ Ճանապարհին նա հանդիպեց գրադարան և վերցրեց Սալիբիի գիրքը։ Նա վճռեց տրամվայում կարդալ «Կյանքի ցիկլը», այն հոդվածը, որը հիշատակել էր Նորթոնը վիճաբանության ժամանակ։ Կարդալով այդ՝ Մարտինը կատաղեց։ Նրա դեմքը բոցավառվում էր, աչքերը փայլում էին, շարունակ անգիտակցաբար սեղմում էր բռունցքները՝ կարծես սպառնալով որևէ մեկին։ Տրամվայից իջնելով՝ նա սկսեց քայլել փողոցով այն մարդու վճռականությամբ, որը պատրաստվում է հարձակվել մի ուրիշի վրա, և Մորզերի դռան զանգն այնքան ուժեղ սեղմեց, որ ուշքի եկավ և բարեմտորեն քրքջաց։ Բայց մտնելով այդ տունը, նա իսկույն խոր թախիծ զգաց։ Կարծես նրա թևերը կոտրվեցին, և նա միանգամից ցած ընկավ այն բարձունքներից, ուր ներշնչումը տարել էր նրան։
«Բուրժուանե՛ր, չարչինե՛ր», հիշեց նա Բրիսենդենի սիրած արտահայտությունները։ «Հետո՞ ինչ,— բարկությամբ կտրեց նա իր խոսքը,— ես ամուսնանում եմ Ռութի հետ, և ոչ թե նրա ընտանիքի»։
Մարտինին թվաց, թե Ռութը դեռ երբեք այդքան գեղեցիկ, այդքան ոգեշնչված և միաժամանակ այդքան առողջ ու թարմ չի եղել։ Ռութի այտերը թեթևակի կարմրեցին, և Մարտինը չէր կարող հեռացնել իր հայացքը նրա աչքերից՝ կապույտ աչքերից, որոնց մեջ նա տեսել էր առաջին անգամ անմահության ցոլքը։ Ճիշտ է, հետագայում նա մոռացավ անմահությունը և տարվեց դրական գիտություններով, բայց հիմա նա Ռութի աչքերում կարդաց այնպիսի մի բան, որն անհնար է արտահայտել մարդկային լեզվով. Մարտինը նրանց մեջ կարդաց սեր։ Նույն սերը ճառագայթում էր և Մարտինի աչքերից, իսկ սերը բոլոր վեճերից բարձր է։ Այդպես էր նրա ամենախոր բոցավառ համոզումը։
Այն կես ժամը, որ նա ճաշից առաջ անցկացրեց Ռութի հետ, նրան նորից երջանկացրեց և կյանքից գոհ դարձրեց։ Բայց ճաշի ժամանակ Մարտինը հանկարծ արտասովոր մի հոգնածություն զգաց, դա աշխատանքային օրից հետո բնական ռեակցիա էր։ Նա գիտակցում էր, որ աչքերը հոգնել են, շատ է ջղագրգռված ու չի կարողանում իրեն պահել։ Նա հիշեց, թե ինչպես այդ նույն սեղանի շուրջը, որը նրա համար հիմա հաճախ ծիծաղելի ու ձանձրալի է լինում, նա մի ժամանակ նստել էր՝ առաջին անգամ այնպիսի մարդկանց հասարակության մեջ, որոնց նա համարում էր իրենից անչափ բարձր։ Մինչև անգամ այդ տան օդն այն ժամանակ նրան թվում էր նուրբ կուլտուրայով տոգորված։ Պիտի ենթադրել, որ ինքն այն ժամանակ շատ զվարճալի և հուզիչ տեսարան էր ներկայացնում։ Կիսավայրենի, հուզմունքից քրտնաթոր, մատուցվող կերակուրների առատությունից շվարած, մեծավայելուչ սպասավորից ճնշված, ջանալով չկորցնել իրեն բարձր շրջանակներում, ուր տարել էր նրան պատահականությունը և վերջ ի վերջո հանգել էր հուսահատ մի որոշման՝ հարազատ մնալ իրեն, առանց փորձելու ցուցադրել խոր գիտելիքներ ու վարվելաձևերի նրբություն, որոնք բացակայում էին նրա մոտ։
Մարտինը հարևանցի մի հայացք գցեց Ռութի վրա, այնպիսի հայացք, որով ուղևորը, նավաբեկության վտանգի մասին լուր տարածվելիս, ստուգում է, թե իր տեղո՞ւմ է արդյոք ազատարար գոտին։ Այդ բոլոր փորձություններից հետո հիմա մնում են միայն սերն ու Ռութը․ մյուս բոլոր բաները հաղթահարված են գրքերով։ Իսկ Ռութը և սերը դիմացան բոլոր փորձություններին․ դրա համար Մարտինը գտավ կենսաբանական արդարացում։ Սերը կյանքի ամենաուժեղ արտահայտությունն է։ Բնությունը նախասահմանել է նրան սիրել և պատրաստել է այդ բանի համար, ինչպես և ամեն մի նորմալ մարդու։ Տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր... ո՛չ, միլիոնավոր տարիներով բնությունը ճգնել է կատարելագործել մարդկային սեռն այդ նպատակի համար, և ինքը՝ Մարտինը, անկասկած դարձել է բնության նվաճումների պսակը։ Նա սեր է ներշնչել Մարտինին, նրանում ամենաուժեղ բանն է դարձել սերը, իր ֆանտազիայով բյուրապատիկ ավելացրել սիրո ուժը, և Մարտինին ուղարկել աշխարհ, որպեսզի նա ճաշակի հույզն ու թրթիռը և զուգակցության ուրախությունր։ Նրա ձեռքը սեղանի տակ գտավ Ռութի ձեռքը և սեղմեց։ Դրա պատասխանն էր նույնպիսի ջերմ սեղմումը։ Նրանք իրար նայեցին արագ, և Ռութի աչքերը փայլեցին սիրո ու փաղաքշանքի շողով։ Մարտինի աչքերը նույնպես փայլեցին և նա մինչև անգամ չէր կասկածում, որ Ռութի աչքերի փայլը, ըստ էության, լոկ նրա հայացքում վառվող կրակի արտացոլումն էր։
Մարտինի դիմաց, միստր Մորզի աջ կողմը, նստած էր նահանգի գերագույն դատարանի անդամ դատավոր Բլոունթը։ Մարտինն արդեն քանիցս հանդիպել էր նրան և, ճիշտն ասած, առանձնապես չէր համակրում։ Դատավորը խոսում էր Ռութի հոր հետ բանվորական միությունների, քաղաքական կացության ու սոցիալիզմի մասին։ Միստր Մորզը, խոսքի մեջ քաշելու համար նշեց Մարտինին, որպես սոցիալիստական վարդապետության կողմնակցի։ Դատավորը նայեց երիտասարդին հայրական կարեկցությամբ, Մարտինը ժպտաց յուրովի։
— Ժամանակի ընթացքում դուք կհասկանաք ձեր մոլորությունները,— ասաց դատավորը սիրալիր,— այդ երեխայական հիվանդություններն ամենից լավ բուժում է ժամանակը։ (Այդ ասելով՝ դատավորը դեմքով դարձավ դեպի միստր Մորզը)։ Այդպիսի դեպքերում ես երբեք չեմ վիճում, դա հիվանդի մեջ միայն համառություն է առաջացնում։
— Միանգամայն իրավացի եք,— ծանրակշիռ պատասխանեց միստր Մորզը,— բայց և այնպես երբեմն օգտակար է լինում նախազգուշացնել հիվանդին կամակորության հնարավոր հետևանքների մասին։
Մարտինը ծիծաղեց, թեև ոչ առանց ճիգի։ Օրն այնքան երկար էր, ամբողջ օրվա ընթացքում աշխատանքն այնքան լարված, որ հոգնածությունն զգացնել էր տալիս։
— Անկասկած, դուք գերազանց բժիշկներ եք,— ասաց նա,– բայց եթե մի քիչ հետաքրքրվում եք բուժվողի կարծիքով, նրան թույլ տվեք ասել ձեզ, որ դուք ախտորոշման հարցում սխալվեցիք։ Իրականում դուք ինքներդ եք տառապում այն հիվանդությամբ, որ վերագրում եք ինձ, իսկ ես բոլորովին անզգայունակ եմ դրան։ Սոցիալիստական փիլիսոփայությունը, որը այնքան հուզում է ձեզ, ոչ մի կերպ չի շոշափել ինձ։
— Ի՜նչ ճարպիկն է,— մրմնջաց դատավորը,— մեղադրանքը շուռ տալ մեղադրողի դեմ, խորամանկ միջոց է վիճաբանության ժամանակ։
— Ես դա ասում եմ՝ հիմնվելով ձեր խոսքի վրա,— ասաց Մարտինը։ Նրա աչքերը փայլատակեցին, բայց նա դեռևս զսպում էր իրեն։
— Բանն այն է, պարոն դատավոր, որ ես լսել եմ ձեր նախընտրական ճառերը։ Շնորհիվ մտքի առանձին խարդախման (դա իմ նախասիրած արտահայտությունն է, որ հասկանալի է ոչ բոլորին) դուք համարում եք ձեզ «ուժեղագույնն է ապրում» սկզբունքի կողմնակից, և միաժամանակ դիմում եք բոլոր միջոցների՝ ուժեղին տկարացնելու համար։
— Երիտասա՛րդ․․․
— Մի՛ մոռացեք, որ ես լսել եմ ձեր ճառերը,— ընդմիջեց Մարտինը։― Նահանգների միջև առևտրական փոխհարաբերությունների հարցում, երկաթուղային և նավթային տրեստների գործունեությունը կանոնավորելու, անտառների պլանային շահագործման և այլ հարցերում ձեր դիրքն այն է, որ պահանջում եք սահմանափակող միջոցառումներ, այսինքն ձեր դիրքը համընկնում է սոցիալիստների դիրքի հետ։
— Ձեր կարծիքով, մի՞թե հարկավոր չի սանձահարել իշխանավորների անչափ կամայականությունը։
— Խոսքը դրա մասին չէ։ Ես ուզում եմ միայն ապացուցել, որ դուք սխալվեցիք ախտորոշման հարցում, և ես բնավ չեմ վարակվել սոցիալիզմի մանրէով։ Ես ուզում եմ ապացուցել, որ դուք, հենց դուք եք վարակվել այդ մանրէով։ Ինչ վերաբերում է ինձ, ես սոցիալիզմի վաղեմի թշնամին եմ, ինչպես և ձեր խառնածին դեմոկրատիայի, որն ըստ էության հանդիսանում է կեղծ սոցիալիզմ, միայն չի ուզում իրերին տալ դրանց անունները։ Ես ռեակցիոներ եմ, այնքան համոզված ռեակցիոներ, որ դուք՝ հասարակական կեղծ հարաբերությունների գդակի տակ ապրողներդ, երբեք չեք հասկանա իմ հայացքները, որովհետև դուք չափազանց կարճատես եք՝ այդ գդակի միջով որևէ բան տեսնել կարողանալու համար։ Դուք միայն ձևացնում եք, թե հավատում եք ուժեղագույնի հաղթանակին, իսկ ես իրոք հավատում եմ դրան։ Ահա, թե ինչումն է տարբերությունը։ Երբ ես ավելի երիտասարդ էի, միայն մի քանի ամիս առաջ, ես էլ մտածում էի այնպես, ինչպես դուք, և ձեր խոսքը մինչև անգամ որոշ տպավորություն գործում էր ինձ վրա։ Բայց չարչիներն ու խանութպանները վատ կառավորողներ են, նրանք զբաղված են լոկ դրամ վաստակելով, և ես գերադասեցի դիմել հնադարյան արիստոկրատիզմին։ Այս սենյակում ես միակ անհատապաշտն եմ։ Ես ոչ մի գործ չունեմ պետության հետ. ես սպասում եմ միայն ուժեղ մարդուն, որը կգա երիվարին նստած և կփրկի պետությունն անխուսափելի քայքայումից։ Նիցշեն կատարելապես իրավացի էր։ Ես ժամանակ չեմ կորցնելու բացատրելու համար, թե ով է Նիցշեն, բայց նա իրավացի էր։ Աշխարհը պատկանում է ուժեղներին, որոնք նույնքան մաքուր են, որքան և հզոր, և որոնք իրենց ամբողջ կյանքում չեն թպրտում առևտուրի ճահճուտում։ Աշխարհը պատկանում է իսկական արիստոկրատներին, խարտյաշ գազաններին, նրանց, որոնք ոչ մի կոմպրոմիս չեն անում և միշտ ասում են միայն «այո»։ Եվ նրանք կուլ կտան ձեզ՝ սոցիալիստներիդ, սոցիալիզմից վախեցողներիդ և իրենց անհատապաշտ երևակայողներին։ Ձեր ստրկական բարոյականությունը՝ ոսկե միջին ճանապարհը, ձեզ չի փրկի։ Իհարկե, այդ բոլորը ձեզ համար անհասկանալի է, ես գիտեմ այդ, և չեմ ուզում այլևս ձանձրացնել ձեզ դրանով։ Բայց մի մոռացեք մի բան․ Օքլենդում չեք ճարի նույնիսկ կես դյուժին անհատապաշտ, բայց դրանցից մեկն է ձեր խոնարհ ծառան՝ Մարտին Իդենը։
Այս ասելով Մարտինը շուռ եկավ դեպի Ռութը, դրանով հասկացնելով, որ վեճը համարում է վերջացած։
— Ես այսօր հոգնեցի,— ասաց նա,— ուզում եմ սիրել և ոչ թե զրուցել։
Նա անպատասխան թողեց միստր Մորզի հետևյալ դիտողությունը․
— Դուք ինձ չհամոզեցիք։ Բոլոր սոցիալիստները ճիզվիտներ են․ սա նրանց բնորոշ հատկանիշն է։
— Մենք ձեզ լավ հանրապետական կդարձնենք,— ասաց դատավոր Բլոունթը,
— Ձիավորն ավելի շուտ կգա, քան ձեր ասածը տեղի կունենա,— բարեմտորեն ասաց Մարտինը և շուռ եկավ դեպի Ռութը։
Սակայն միստր Մորզը դժգոհ էր։ Նրան դուր չէին գալիս իր ապագա փեսայի ծուլությունն ու արհամարհանքը դեպի գործունեության նորմալ, խելոք ձևերը։ Նրա մտածելակերպն օտարոտի էր միստր Մորզի համար, իսկ բնավորությունն անհասկանալի։ Միստր Մորզը վճռեց խոսակցություն բանալ Հերբերթ Սփենսերի մասին։ Միստր Բլոունթը մասնակցեց այդ զրույցին, և Մարտինն ականջները սրած, հենց որ փիլիսոփայի անունը արտասանվեց, լսեց, որ դատավորը զգուշավոր, բայց իր արժանապատվության գիտակցությամբ սկսեց քննադատել Սփենսերի գաղափարները։ Միստր Մորզը երբեմն նայում էր Մարտինին, կարծես ուզենալով ասել․ «լսո՞ւմ եք, զավա՛կս»։
— Ի՜նչ անմտություն,— շշնջաց Մարտինը՝ շարունակելով զրուցել Ռութի և Արթուրի հետ։
Բայց ցերեկվա հոգնածությունը և երեկվա վիճաբանություններն «իսկական մարդկանց» հետ՝ իրենց ազդեցությունը գործել էին․ միաժամանակ դեռ բոլորովին չէր հագեցրել իր զայրույթը, որն առաջացրել էր նրանում՝ տրամվայում կարդացած հոդվածը։
— Ի՞նչ է պատահել,— հանկարծ հարցրեց Ռութը՝ վախենալով այն բացահայտ ճիգից, որով Մարտինը զսպում էր իրեն։
― «Չկա աստված, բացի Անիմանալիից, և Հերբերթ Սփենսերը նրա մարգարեն է»,— հանկարծ արտասանեց դատավորը։
Մարտինն անմիջապես գլուխը դարձրեց դեպի դատավորը։
— Էժանագին սրախոսություն է,— նկատեց նա հանգիստ,— առաջին անգամ ես այդ լսել եմ Սիթի-Հոլլ զբոսայգում մի բանվորի բերանից, որին թերևս, պակասում էր խելամտությունը։ Դրանից հետո ես հաճախ լսել եմ այդ բառերը, և ամեն անգամ դրանց գռեհկությունից իմ սիրտը խառնել է։ Ամո՛թ ձեզ։ Մեծ ու պատվավոր մարդու անունը ձեր անմտությունների մեջ նույնն է, ինչ ցողի կաթիլը՝ կանգնած ջրափոսում։ Դուք զզվանք եք առաջացնում իմ մեջ։
Մարտինի բառերը շանթի հարվածի պես խոցեցին ներկաներին։ Դատավոր Բլոունթը շառագանեց, և չարագուշակ լռություն տիրեց սեղանատանը։ Միստր Մորզը ներքուստ ուրախանում էր․ նա տեսավ, որ իր դուստրը շշմել է Մարտինի վարմունքից։ Նա իր նպատակին հասել էր. իրեն ատելի այդ մարդու բնածին կոպտությունը պոռթկում էր առաջացրել։
Ռութը գողտուկ, սեղանի տակ, թախանձագին սեղմեց Մարտինի ձեռքը, բայց երիտասարդի արյունն արդեն եփ էր գալիս։ Բարձր դիրք գրավող մարդկանց սնապարծությունն ու բթամտությունը զայրացրին նրան։ Գերագույն դատարանի անդա՜մ․․․ Երևակայեցե՜ք միայն․․․ դեռ մի քանի տարի առաջ նա պատրաստ էր խոնարհվել այդպիսի մարդկանց առջև, որոնք նրան աստվածություններ էին թվում։
Դատավոր Բլոունթը ուշքի եկավ և մինչև անգամ փորձեց, շարունակել զրույցը՝ միտումնավոր քաղաքավարությամբ խոսքն ուղղելով Մարտինին, բայց վերջինս իսկույն հասկացավ, որ դա արվում է բացառապես հանուն ներկա գտնվող կանանց։ Դա վերջնականապես կատաղեցրեց Մարտինին։ Մի՞թե աշխարհում բոլորովին չկա ազնվություն ասված բանը։
— Դուք չեք կարող վիճաբանել ինձ հետ Սփենսերի մասին,— բղավեց նա։― Դուք նույնքան քիչ բան գիտեք Սփենսերի մասին, որքան և նրա հայրենակիցները։ Գիտեմ, որ դրանում մեղավորը դուք չեք. դրանում մեղավոր է ժամանակակից ընդհանուր տգիտությունը։ Այդ տգիտության մի փոքր նմուշի հետ ևս առիթ ունեցա ծանոթանալու հենց նոր, այստեղ գալու ժամանակ։ Կարդում էի Սալիբիի ակնարկը Հերբերթ Սփենսերի մասին։ Լավ կլիներ, որ դուք էլ կարդայիք։ Այդ գիրքը մատչելի է բոլորին։ Կարող եք ճարել ցանկացած գրախանութում և գրադարանում։ Երբ կկարդաք այն, ինչ գրել է Սալիբին այդ մեծ մարդու մասին, վստահ եմ, որ մինչև անգամ դուք կամաչեք։ Դա գռեհկության այնպիսի ռեկորդ է, որի առաջ նսեմանում է ձեր գռեհկությունը։ Սալիբին՝ ակադեմիկոս փիլիսոփան, որը անարժան է Սփենսերի հետ միևնույն օդը շնչելու, նրան անվանում է «կիսագրագետների փիլիսոփա»։ Ես վստահ եմ, որ դուք տասը էջ էլ չեք կարդացել Սփենսերի երկասիրություններից, բայց եղել են և ավելի ինտելիգենտ քննադատներ, որոնք ձեզանից շատ չեն կարդացել, և սակայն հանդգնել են նշել Սփենսերի հետևորդներին, որ նրա գաղափարները սխալ են։ Հասկանո՞ւմ եք. նրա՜ գաղափարները, մի մարդու, որի մեծ հանճարն ընդգրկել է գիտության բոլոր կողմերը, նա եղել է հոգեբանության հայրը. մանկավարժության բնագավառում մի ամբողջ հեղաշրջում է առաջացրել, այնպես որ այժմ Ֆրանսիայում գյուղացի երեխաները սովորում են չորս կանոնները Սփենսերի առաջարկած մեթոդներով։ Նրա հիշատակն անարգող ողորմելի մարդուկներն իրենց առօրյա հացը վաստակում են նրա գաղափարների գործնական կիրառումով։ Եթե նրանց ուղեղում առհասարակ որևէ գաղափար կա, դրանով մեծապես պարտական են նրան։ Եթե նա չլիներ, նրանք չէին ունենա նաև այն չնչին գիտելիքները, որոնք կրկնում են թութակի պես։ Իսկ ինչ-որ պարոն, օրինակ Օքսֆորդում՝ Ֆերբենքսը, որն ավելի բարձր դիրքի տեր է, քան դուք, դատավո՛ր Բլոունթ, հանդգնում է ասել, որ հետագա սերունդները Սփենսերին կանվանեն ավելի շուտ բանաստեղծ ու երազող, քան մտածող։ Հաչող քոթոթների ոհմակ, ահա՛, թե ինչ են դրանք։ Մի ոմն պատգամել է, թե «Հիմնական սկզբունքները» զուրկ են գրական գեղեցկություններից։ Ուրիշներն աղաղակում են, որ Սփենսերը մտքի մշակ է, բայց ոչ ինքնատիպ խորհող։ Քոթոթնե՛ր, հաչո՛ղ քոթոթների ոհմա՛կ․․․
Մարտինը միանգամից դադարեց խոսելուց մեռելային լռության մեջ։ Ռութի ընտանիքում բոլորը հարգում էին դատավոր Բլոունթին որպես պատվարժան ու վաստակավոր մարդու, և Մարտինի ելույթը սոսկումի մատնեց նրանց։ Ճաշն ավարտվեց հուղարկավորական տրամադրության մեջ։ Դատավորն ու միստր Մորզը կիսաձայն խոսում էին։ Մյուսների մոտ զրույցի փորձերը չէին հաջողվում։
Ճաշից հետո, երբ Մարտինը և Ռութը մենակ մնացինք տեղի ունեցավ փոթորկալի մի տեսարան։
— Դուք անտանելի եք,— ասում էր Ռութը արտասվալից աչքերով։
Բայց Մարտինի ցասումը դեռ չէր խաղաղվել, և նա ահարկու շեշտով քրթմնջաց։
— Անասուննե՛ր, ստո՛ր անասուննե՛ր․․․
Երբ Ռութն ասաց, որ նա անպատվեց դատավորին, Մարտինն առարկեց.
— Ձեր կարծիքով՝ ինչո՞վ եմ անպատվել ես նրան, այնքանով, որ ճշմարտությո՞ւնն եմ ասել։
— Իմ գործը չէ՝ դա ճիշտ էր, թե ոչ,— շարունակեց Ռութը,— կան պատշաճության որոշ սահմաններ, և ոչ ոք ձեզ իրավունք չի տվել մարդկանց անպատվելու։
— Իսկ դատավոր Բլոունթին ո՞վ է իրավունք տվել անպատվել ճշմարտությունը,— բացականչեց Մարտինը,— անպատվել ճշմարտությունը՝ դա ավելի վատ է, քան անպատվել մի ողորմելի մարդու։ Բայց նա ավելի վատ բան արեց։ Նա սևացրեց այն մեծագույն և ազնվագույն մտածողի անունը, որը մեռած է։ Ա՜խ, անասուննե՛ր, անասուննե՛ր․․․
Մարտինի կատաղությունը վախեցնում էր Ռութին։ Նա առաջին անգամ էր տեսնում Մարտինին այդպիսի մոլեգնության մեջ և չէր կարողանում հասկանալ նրան, նրա տեսակետից անխոհեմ ցասման պատճառը։ Միաժամանակ Ռութն անդիմադրելիորեն տարվեց նրանով, այնպես որ ի վերջո չկարողացավ զսպել իրեն և, մոտենալով Մարտինին, գրկեց նրա վիզը։ Ռութը վիրավորված ու վրդովված էր այն ամենով, ինչ տեղի ունեցավ, բայց և այնպես նրա գլուխը հանգչում էր Մարտինի կրծքին և, նրան փարված լսում էր, թե Մարտինն ինչպես քրթմնջում էր.
— Անասուննե՛ր, ա՜խ, անասուննե՜ր․․․
Եվ չբարձրացրեց իր գլուխը մինչև անգամ այն ժամանակ, երբ Մարտինն ասաց.
— Ես այլևս չեմ փչացնելու ձեր հավաքույթները, սիրելիս։ Ձեր հարազատներն ինձ չեն սիրում, և ես չեմ ուզում պնդերեսությամբ կպչել նրանց։ Նրանք նույնքան ատելի են ինձ համար, ինչպես ես նրանց։ Թո՛ւ. նրանք պարզապես զզվելի են։ Հապա մի մտածեցեք... Մի ժամանակ ես ցածրից բարձր էի նայում այն մարդկանց վրա, որոնք բարձր դիրքեր են գրավում, ապրում են շքեղ տներում, ունեն համալսարանական դիպլոմ և բանկում ընթացիկ հաշիվ։ Ես միամտորեն ենթադրում էի, որ նրանք իրոք արժանի են հարգանքի։