Մարտին Իդեն, Գլուխ XLI
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XL | Մարտին Իդեն, Գլուխ XLII ▶ |
Ամբողջ գիշերը Մարտինը քնեց ծանր քնով, իսկ առավոտյան նրան զարթեցրեց փոստատարը։ Մարտինն անտարբեր բացեց ծրարները։ Նրանցից մեկում մի չեք կար քսաներկու դոլլարի, որն ուղարկել էր «ծովահենական» ամսաթերթերից մեկը։ Գրեթե մեկուկես տարի էր, որ նա աշխատում էր ստանալ այդ դրամը, բայց հիմա նա բոլորովին սառնասիրտ վերաբերվեց դրան։ Նա արդեն չէր խանդավառվում, ինչպես առաջ, հրատարակչական չեքեր ստանալիս։ Անցյալում այդ չեքերը թվում էին նրան ապագա մեծ հաջողությունների գրավականը, իսկ հիմա նրա առաջ կար պարզապես քսաներկու դոլլար, որոնցով կարելի էր ուտելու բան գնել․ ուրիշ ոչինչ։
Մի այլ չեք ստացվել էր Նյու-Յորքի մի ամսաթերթից՝ հոնորար վաղուց ընդունված զավեշտական ոտանավորների համար։ Այդ չեքը տասը դոլլարի էր։ Մարտինի գլխովն անցավ մի միտք, որը նա սառնարյուն կշռադատեց։ Նա չգիտեր, թե ինչ է անելու հետագայում և առհասարակ ոչ մի անհրաժեշտություն չէր տեսնում մի բան անելու։ Այնուամենայնիվ պետք է ապրել, վճարել պարտքերը։ Ավելի ձեռնտու չէ՞ր լինի ծախսել այդ տասը դոլլարը փոստանիշների վրա և նորից ուղարկել ճամվարդության՝ սեղանի տակ թափված գրվածքների ամբողջ կույտը։ Հնարավոր է, որ նրանցից մեկը կամ երկուսը ընդունվեն որևէ խմբագրության կողմից, իսկ դա նրան հնարավորություն կտա ապրելու։ Մարտինն այդպես էլ արեց։ Չեքերը մանրելով Օքլենդի բանկում՝ նա գնեց նամականիշներ, բայց վերադառնալ իր խցիկը և ճաշ եփել անտանելի թվաց նրան։ Կյանքում առաջին անդամ նա վճռեց ուշադրություն չդարձնել պարտքերի վրա։ Նա շատ լավ գիտեր, որ կարելի է համեստ ճաշ պատրաստել տանը տասնհինգ-քսան սենթով, սակայն գնաց «Ֆորում» սրճարանը և այնտեղ պատվիրեց ճաշ, որը նրա վրա նստեց երկու դոլլար։ Նա մատուցողին պարգև տվեց հիսուն սենթ և նույնքան էլ հատկացրեց եգիպտական ծխախոտների։ Ռութի արգելելուց հետո նա դեռ չէր ծխել, իսկ հիմա ոչ մի պատճառ չկար, որ նա զրկի իրեն այդ բավականությունից։ Նա ծխելու մեծ ցանկություն ուներ և արժե՞ դրամ խնայել։ Իհարկե, նա կարող էր հինգ սենթով գնել ծխախոտ և թուղթ, որը բավական էր քառասուն գլանակ փաթաթելու համար, բայց ի՞նչ միտք ունի դա։ Դրամն արդեն ոչ մի նշանակություն չունի նրա համար, բացի այն, որ դրանով կարելի է այժմ՝ այսօր, որևէ բան գնել։ Նա ձեռքից բաց էր թողել ղեկը, ուղեցույց քարտեզ չուներ և չէր ձգտում հասնել ոչ մի նավահանգիստ։ Լողալով հոսանքի ուղղությամբ՝ նա ավելի քիչ էր զգում կյանքը, իսկ կյանքի զգացողությունը ցավ էր պատճառում։
Օրերն անցնում էին իրար հետևից, միօրինակ, և Մարտինն այժմ քնում էր օրական ութ ժամ։ Թեպետ, սպասելով չեքերի, նա ուտում էր ճապոնական փոքրիկ ճաշարաններում, ուր ճաշն արժեր տասը սենթ, բայց և այնպես մինչև անգամ չաղացավ։ Նրա այտերը լցվեցին, որովհետև հիմա չէր մաշում իրեն անքնությամբ և լարված աշխատանքով։ Նա ոչինչ չէր գրում, իսկ գրքերը դարակում խաղաղ հանգստանում էին։ Նա հաճախ գնում էր քաղաքից դուրս, դեպի բլուրները, ամբողջ ժամեր անց էր կացնում պուրակում։ Նա չուներ ո՛չ բարեկամներ, ո՛չ էլ ծանոթներ և չէր էլ ուզում ունենալ․ ինչի՞ն էին հարկավոր նրանք։ Մարտինը սպասում էր մի նոր գրգիռի (ինքն էլ չէր իմանում որտեղից), որը մղի իրեն վերսկսելու կանգ առած կյանքը, իսկ առայժմ նրա գոյությունը մնում էր տաժանելի, միօրինակ, դատարկ և բոլորովփն անիմաստ։
Մի օր նա գնաց Սան֊Ֆրանցիսկո՝ «իսկական մարդկանց» հետ տեսակցելու, բայց հասնելով նրանց տան շեմքին՝ շուռ եկավ և արագ հեռացավ գետտոների մութ անկյուններով։ Այն միտքը, թե հիմա կլսի փիլիսոփայական վեճեր, այնքան վախեցրեց նրան, որ նա գրեթե վազեց՝ երկյուղ կրելով, որ «իսկական մարդկանցից» որևէ մեկը կարող է հանդիպել և ճանաչել նրան։
Երբեմն նա աչքի էր անցկացնում ամսագրերն ու թերթերը՝ հետաքրքրվելով, թե ինչ են գրում «Օրագրության» մասին։ Այդ պոեմը մեծ աղմուկ հանեց, բայց ի՜նչ աղմուկ։ Բոլորն էլ կարդացել են և բոլորն էլ վիճում են, պոե՞մ է դա, թե ոչ։ Տեղական թերթերը լի են գիտական հոդվածներով, հեգնական նկատողություններով, ընթերցողների նամակներով, և բոլորն էլ այդ պոեմի մասին։ Էլեն Դելա Դելմանը (որին թմբկահարությամբ հռչակել էին Միացյալ Նահանգների մեծագույն բանաստեղծուհի) չցանկացավ իր կողքին տեղ տալ Բրիսենդենին Պեգասի վրա և երկար նամակներ էր գրում ընթերցող հասարակությանը՝ ապացուցելով, որ նա բնավ էլ բանաստեղծ չի։
«Պարթենոնը», իր հաջորդ համարում շնորհավորում էր ինքն իրեն այն մեծ շարժման համար, որ ստեղծեց գրական ասպարեզում, ծաղրում էր սըր Վելյուին և անխղճորեն օգտագործում էր Բրիսենդենի մահը՝ ռեկլամի համար։ Մի թերթ, որն իբր կես միլիոնից ավելի բաժանորդ ունի, տպել էր Էլեն Դելա Դելմարի պոեմը, որի մեջ նշավակում էր Բրիսենդենին։ Չհանգստանալով դրանով՝ բանաստեղծուհին գրել էր և մի պարոդիա «Օրագրության» մասին։
Մարտինը հաճախ ուրախանում էր, որ իր բարեկամը մեռավ՝ առանց այս բոլորը տեսնելու։ Նա անչափ ատում էր ամբոխը, իսկ հիմա նրա համար ամենանվիրական ու ամենասուրբ բանը շպրտված է ամբոխի անարգանքին։ Նրա ստեղծած գեղեցկությունն ամեն օր կենդանահերձության էր ենթարկվում։ Ամեն մի չնչին լրագրող ուրախանում էր, որ առիթ ներկայացավ մի ավելորդ անգամ փայլել Բրիսենդենի մեծության ճաճանչներում։ Մի թերթ գրում էր. «Ինչպես հաղորդում է մի ջենտլմեն, ինքը դեռ մի քանի տարի առաջ գրել է բոլորովին համանման, միայն թե նրանից ավելի լավ մի պոեմ»։ Մի այլ թերթ, լրջության տենդից բռնված՝ կշտամբում էր Էլեն Դելա Դելմարին նրա պարոդիայի համար․ «Միսս Դելմարը, գրելով այդ պատասխանը, ակներև կերպով մոռացել է, որ մեծ բանաստեղծը միշտ պետք է հարգի մյուսին. թերևս ավելի մեծին։ Կարող է պատահել, որ միսս Դելա Դելմարը պարզապես նախանձում է «Օրագրության» հեղինակին. Բայց կգա այն օրը, երբ նա, ինչպես և բոլորը, կհասկանան այդ աշխատության ամբողջ գեղեցկությունը և, թերևս, կփորձի գրել նման մի բան»։
Քարոզիչներն «Օրագրությունը» դարձրին իրենց քարոզների բնաբանը, և նրանցից մեկը, որը փորձել էր պաշտպանել այդ պոեմը, մեղադրվեց հերետիկոսության մեջ։ Վեհ պոեմը պատվարժան հասարակության զվարճության առարկա դարձավ։ Երգիծական ոտանավորներ գրողներն ու ծաղրանկարիչները մրցում էին իրար հետ ծիծաղեցնելով ընթերցողներին, ֆելիետոն գրողները նույնպես մարզվում էին սրամտության մեջ, պատմելով, թե ինչպես Չարլի Ֆրենշեմը մտերմորեն հայտնել է Արչի Ջեննինգսին, որ «Օրագրություն»֊ից հինգ տող կարող է դրդել մարդուն ծեծել մի հաշմանդամի, իսկ տասը տողը՝ գլխիվայր գետը գցել իրեն։
Մարտինը չէր ծիծաղում, բայց չէր էլ կրճտացնում ատամները կատաղությունից. նա միայն չափազանց տխուր էր։ Այն բանից հետո, երբ սիրով պսակված նրա ամբողջ աշխարհը փուլ եկավ, մամուլի և պատվարժան հասարակության ծամածռություններն այլևս չէին կարող խոցել նրան։ Բրիսենդենի դիտողությունը մամուլի մասին միանգամայն իրավացի էր, բայց Մարտինը միայն տարիներ անց համոզվեց դրա իրավացիության մեջ։ Հանդեսներն արդարացրին այն ամենը, ինչ ասել էր Բրիսենդենը դրանց մասին, մինչև անգամ գերազանցեցին նրա ասածները։ Ինչ արած, դա արդեն վախճանն է, մռայլ կերպով մխիթարում էր իրեն Մարտինը։ Նա ցանկանում էր թռչել աստղալից երկնի անհունը, այնինչ գլորվեց գարշահոտ ճահճի մեջ։
Եվ նրա աչքին դարձյալ երևացին հեռավոր Թաիթիի հիանալի, պայծառ ու ջինջ պատկերները։ Ահա հարթ Փաումոտոն, ահա լեռնաշատ Մարքիզյան կղզիները։ Նրան հաճախ թվում էր, թե կանգնած է առևտրական երկկայմանավի տախտակամածին կամ փոքր, դյուրաբեկ միակայմ առագաստանավի վրա, որն ընթանում է Փապեեթեի խութերի մոտով կամ Նուկուհիվայի մարգարտյա ծանծաղուտների երկայնքով դեպի Թայոհաեի ծովախորշը, ուր (Մարտինը գիտեր այդ) Թամարին մի խոզ կմորթի ի պատիվ իր ժամանման, իսկ Թամալդիի աղջիկները կշրջապատեն նրան ծիծաղելով ու երգելով և կզարդարեն նրան ծաղկեպսակներով։ Խաղաղ օվկիանոսը համառորեն կանչում էր նրան, և Մարտինը գիտեր, որ վաղ թե ուշ նա կպատասխանի այդ կոչին։ Իսկ այժմ նա գնում էր հոսանքով և հանգստանում՝ գիտության մեծ թագավորության մեջ երկարատև ու հոգնեցուցիչ ճամփորդությունից հետո։
Երբ «Պարթենոնից» երեք հարյուր հիսուն դոլլարի չեք ստացավ, Մարտինը ստացական վերցնելով, այդ գումարը հանձնեք Բրիսենդենի կտակակատարին և ինքն էլ իր հերթին ստացական տվեց նրան, որ Բրիսենդենին պարտք է հարյուր դոլլար։
Սակայն ճապոնական փոքր ճաշարանները հաճախելու հնարավորությունն արդեն վերջանում էր Մարտինի համար։ Հենց այն պահին, երբ ինքը դադարեցրեց պայքարը, բախտի անիվը շուռ եկավ, բայց դա շուռ եկավ չափազանց ուշ։ Առանց որևէ հուզմունքի նա բաց արեց «Միլենիումից» ստացված նամակի ծրարը, և գտավ այնտեղ երեք հարյուր դոլլարի մի չեք։ Դա «Արկածի» համար ուղարկած հոնորարն էր։ Մարտինի բոլոր պարտքերը, ներառյալ վաշխառուի պարտքերը բոլոր տոկոսներով, հարյուր դոլլարից պակաս էին։ Վճարելով բոլոր այդ պարտքերը և ուղարկելով հարյուր դոլլար Բրիսենդենի կտակակատարին, Մարտինն ուներ իր համար ահագին մի գումար՝ հարյուր դոլլար։ Նա պատվիրեց մի լավ կոստյում և սկսեց ճաշել քաղաքի լավագույն սրճարաններում։ Նա շարունակում էր բնակվել Մարիայի մոտ նույն խցիկում, բայց նրա նոր կոստյումն այնքան ուժեղ տպավորություն թողեց բոլոր հարևանների վրա, որ երեխաներն արդեն չէին համարձակվում անվանել նրան ո՛չ թափառաշրջիկ, ո՛չ պորտաբույծ և հարգանքով էին նայում նրան՝ կտուրներին ու ցանկապատներին նստած։
Նրա հավայական պատմվածքը՝ «Վիկի-Վիկին», գնեց «Ուորրենի ամսաթերթը»՝ երկու հարյուր հիսուն դոլլարով, «Հյուսիսային տեսությունը» տպեց «Գեղեցկության օրրանը», իսկ «Մակինտոշի հանդեսն» ընդունեց Մերիենին ձոնված «Գուշակուհին» ոտանավորը։ Հրատարակիչներն ու ընթերցողները վերադարձան ամառվա արձակուրդից և գրվածքներն անսովոր կերպով արագ շրջագայություն էին անում։ Մարտինը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու այն բոլորը, որ երկու տարի այնքան համառորեն մերժվում էր, հիմա ընդունվում է գրեթե անխտիր, ամբողջովին։ Չէ՞ որ նրա գրվածքներից և ոչ մեկը դեռևս լույս չէր տեսել։ Առաջվա պես Օքլենդի սահմաններից դուրս նա ծանոթ չէր ոչ ոքի, իսկ Օքլենդի սակավաթիվ բնակիչներին, որոնց թվում էր, թե ճանաչում են նրան, նա հայտնի էր որպես թունդ սոցիալիստ՝ «կարմիրներից»։ Այդ հանկարծական փոփոխությունը չէր կարելի բացատրել ոչնչով։ Դա լոկ ճակատագրի խաղ էր։
Այն բանից հետո, երբ մի քանի հանդեսներ մերժեցին «Արևի ամոթանքը» Մարտինը, հիշելով իր բարեկամի խորհուրդը, վճռեց առաջարկել որևէ հրատարակչության։ Մի քանի անհաջողություննեըից հետո այդ գրվածքն ընդունվեց ամենախոշոր ֆիրմաներից մեկի՝ «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերության» կողմից։ Պատասխանելով Մարտինի խնդրանքին, որ կանխավճար ուղարկեն, հրատարակիչը գրեց, որ դա ընդունված չի նրանց մոտ, և որ այդպիսի գրքեր հազիվ թե վաճառվեն հազար օրինակից ավելի։ Մարտինը հաշվեց, որ եթե գիրքը վաճառվի հատը մի դոլլարով, ինքը կստանա, տասնհինդ տոկոսի հաշվով, հարյուր հիսուն դոլլար։ Դրանից հետո նա որոշեց, որ հետագայում կգրի միայն գեղարվեստական երկեր։ «Արկածը», «Արևի ամոթանքից» չորս անգամ կարճ էր, բայց երկու անգամ ավելի դրամ բերեց նրան։ ժամանակին թերթերում իր կարդացած տեղեկությունները՝ գրողների հոնորարների մասին, վերջ ի վերջո ճիշտ դուրս եկան։ Առաջնակարգ ամսագրերն իրոք վճարում էին՝ հենց որ գրվածքն ընդունվում էր․ և վճարում էին շատ լավ։ «Միլենիումը» վճարեց նրան մինչև անգամ ո՛չ թե երկու, այլ չորս սենթ ամեն մի բառին։ Բացի այդ, երևում է, որ նրանք գնում էին և լավ բաներ, օրինակ՝ նրանք գնեցին իր գործերը։ Այդ միտքն ակամա ծիծաղ առաջացրեց Մարտինի մոտ։
Նա գրեց «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերությանը», որ համաձայն է վաճառել «Արևի ամոթանքը» այդ ֆիրմային, որպես նրա լրիվ սեփականությունը հարյուր դոլլարով, բայց հրատարակչությունը չուզեց համարձակ քայլ անել։ Ասենք, Մարտինը կարիք չուներ դրամի, որովհետև նրա գրեթե բոլոր գրվածքները, միառժամանակ դեգերելուց հետո, ընդունվել էին և դրանց վճարը ստացվել էր։ Մարտինը մինչև անգամ ընթացիկ հաշիվ բացեց բանկում մի քանի հարյուր դոլլար գումարի։ «Ուշացածը» կարճատև ուղևորությունից հետո ապաստան գտավ Մերեդիթ-Լոուել հրատարակչության մոտ։ Հիշելով Գերտրուդային տված իր խոստումը, թե հարյուրապատիկ ավելի կվերադարձնի նրա տված հինդ դոլլարը, Մարտինը գրավոր խնդրեց հրատարակչությանը հինգ հարյուր դոլլար ուղարկել որպես կանխավճար։ Նա զարմացավ, որ անմիջապես այդ գումարի չեք ուղարկվեց իրեն։ Մարտինը մանրեց չեքը մետաղադրամի և հեռախոսեց Գերտրուդային, որ ուզում է տեսակցել նրա հետ։
Գերտրուդան եկավ շնչասպառ, որովհեւոև շատ էր շտապել։ Նախազգալով ինչ֊որ վատ բան, նա իր պայուսակը դրեց մոտը եղած ամբողջ կանխիկ դրամը, նա այնքան վստահ էր, որ Մարտինի հետ ինչ֊որ դժբախտություն է պատահել, որ գրկելով նրանհ իսկույն հեկեկաց և հետը բերած դրամը սկսեց կոխել նրա ձեռքը։
— Ես կգայի քեզ մոտ,— ասաց Մարտինը,— բայց չէի ուզում կռվել միստր Հիգգինբոթամի հետ. իսկ դա, հավանաբար, տեղի կունենար։
― Ոչինչ, նա շուտով կհանգստանա,— վստահեցնում էր նրան քույրը՝ ջանալով գուշակել, թե ինչ է պատահել Մարտինին,– միայն դու շտապիր գործի մտնել, Բեռնարդը սիրում է, որ մարդիկ զբաղվեն ազնիվ աշխատանքով։ Թերթում երևացած այդ հոդվածը բոլորովին կատաղեցրել էր նրան․ ես նրան երբեք չէի տեսել այդպիսի մոլեգնության մեջ։
— Ես չեմ ուզում ծառայության մտնել,— ժպտալով ասաց Մարտինը,— դու կարող ես իմ կողմից հաղորդել նրան։ Ինձ ոչ մի ծառայություն հարկավոր չէ։ Ահա քեզ դրա ապացույցը։— Եվ նա քրոջ փեշին պարպեց հարյուր հատ փայլուն և հնչեղ մետաղադրամ։
— Հիշո՞ւմ ես, դու ինձ հինգ դոլլար տվեցիր, երբ ես տրամվայի դրամ չունեի։ Ահա քեզ այս հինգ դոլլարը և ինսունինն հատ նրա եղբայրները տարբեր տարիքի, բայց նույն արժողությամբ։
Եթե Գերտրուդան եկավ Մարտինի մոտ անհանգիստ վիճակում, հիմա նրան պատել էր խուճապային սոսկում։ Այդ սոսկումն ամեն տարակույսից վեր էր․ նա չէր կասկածում, այլ վստահ էր։ Նա սարսափած նայում էր Մարտինին՝ դողալով ամբողջ մարմնով, վախենալով դիպչել այդ կլոր մետաղադրամներին, կարծես դրանք դժոխային կրակով այրելիս լինեին նրան։
— Այդ բոլորը քո՛նն է,— ասաց Մարտինը ծիծաղելով։
Գերտրուդան բարձրաձայն հեծկլտաց։
— Խե՜ղճ տղա, խե՜ղճ տղա,— կոծում էր նա։
Առաջին պահին Մարտինը զարմանքից քար կտրեց, բայց իսկույն հասկացավ իր քրոջ հուզմունքի պատճառը և ցույց տվեց նրան գրքերի հրատարկչության նամակը։ Գերտրուդան դժվարությամբ կարդաց այդ նամակը, սրբեց աչքերը և վերջապես անվստահ հարցրեց.
— Նշանակում է, դու այդ դրամն ազնվորե՞ն ես ձեռք բերել։
— Իհարկե, ես մինչև անգամ չեմ շահել դա, այլ վաստակել եմ։
Գերտրուդայի աչքերում հույս շողաց, և նա ուշադիր կարդաց նամակը։ Մարտինը բավական դժվարությամբ բացաարեց նրան, թե ինչի համար է ստացել այդքան մեծ գումարը։ Ավելի դժվար էր բացատրել, որ այդ դրամները պատկանում են Գերտրուդային, և որ ինքը՝ Մարտինը դրանց կարիքը չունի։
— Ես այդ դրամները քո անունով կդնեմ բանկը,― վճռեց Գերտրուդան։
— Ոչ, եթե դու չվերցնես, կտամ Մարիային. նա կկարողանա օգտագործել դրանք։ Ես պահանջում եմ, որ դու աղախին վարձես, և ինքդ հանգստանաս, ինչպես հարկն է։
— Բայց և այնպես ես կպատմեմ Բեռնարդին,– ասաց Գերտրուդան հրաժեշտ տալիս։
Մարտինը թեթևակի կիտեց հոնքերը։
— Լա՛վ,— ասաց նա վերջապես,— կարող է պատահել, որ նա հիմա ճաշի հրավիրի ինձ։
— Իհարկե, կհրավիրի։ Այսինքն՝ ես պարզապես վստահ եմ, որ այդպես կլինի,— եռանդագին բացականչեց քույրը, և պինդ գրկելով նրան, համբուրեց։