Տոն, որը միշտ քեզ հետ է

Գրապահարան-ից
Տոն, որը միշտ քեզ հետ է

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Ռաֆայել Ավագյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տոն, որը միշտ քեզ հետ է»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Եթե բախտդ բանել է, և ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչև քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետև Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է։

(էռնհստ Հեմինգուեյի՝ իր բարեկամին գրած նամակից. 1950 թ.)

Նախաբան

Շատ վայրեր, մարդիկ, դիտումներ ու տպավորություններ, հեղինակի համար բոլորովին համոզիչ պատճառներով, չեն մտել այս գրքի մեջ։ Դրանցից մի քանիսը պետք է գաղտնի մնան, իսկ մնացածները հայտնի են ամենքին, բոլորն էլ գրել են դրանց մասին և, անշուշտ, դեռ էլի կգրեն։

Այստեղ ոչինչ չի ասվում «Անաստազի» ստադիոնի մասին, ուր բռնցքամարտիկներն աշխատում էին որպես մատուցողներ, իսկ սեղանները դրված էին ծառերի տակ, և ռինգը գտնվում էր այգում։ Ոչինչ չի ասվում ո՛չ Լարի Հայնսի հետ իմ մարզումների, ո՛չ Ձմեռային կրկեսում քսան ռաունդանոց նշանավոր մրցումների, ո՛չ էլ այնպիսի մոտ բարեկամներիս մասին, ինչպիսիք են Չառլի Սոլինին, Բիլ Բեռդը և Մայք Ստրեյտերը կամ Անդրե Մասոնն ու Միրոն։ Ոչինչ չի ասվում ո՛չ Շվարցվալդ կատարած մեր ճանապարհորդությունների, ոչ էլ Փարիզի շրջակայքի սիրելի անտառներում մեկօրյա զբոսանքների մասին։ Շատ լավ կլիներ, եթե այս ամենը մտներ գրքիս մեջ, բայց առայժմ հարկ կլինի բավարարվել այսքանով։

Եթե ընթերցողը ցանկանում է, կարող է այս գրրքը վեպ համարել։ Բայց չէ՞ որ հորինվածքն էլ կարող է մի քիչ լուս սփռել այն ամենի վրա, ինչի մասին գրված է որպես իրական փաստերի։

Սան֊Ֆրանցիսկո֊դե֊Պաուլա, Կուբա 1960 թ.

Էռնեստ Հեմինգուեյ


Սեն֊Միշել հրապարակի փառավոր սրճարանը

Իսկ հետո եղանակը փչացավ։ Այն փոխվեց մեկ օրում, եւ աշունը վերջացավ։ Անձրևի պատճառով մենք պատուհանները փակ էինք պահում, իսկ սառը քամին Կոնտրեսկարպի հրապարակում ծառերից տերևներ էր պոկում։ Տերևներն ընկած էին անձրևից թրջված, և քամին վերջին կանգառում անձրև էր շպրտում մեծ, կանաչագույն ավտոբուսի մեջ, իսկ «Սիրողների համար» սրճարանը լեփ-լեցուն էր, և պատուհանները ներսից քրտնել էին տաքությունից ու ծխախոտի ծխից։ Դա վատ համբավ ունեցող մի մռայլ սրճարան էր, որտեղ հավաքվում էին ամբողջ թաղամասի հարբեցողները, և ես այնտեղ չէի գնում այն պատճառով, որ քրտինքի ու թթված գինու հոտ էր գալիս։ «Սիրողների համար» սրճարանի մշտական հաճախորդները տղամարդիկ ու կանայք, միշտ հարբած էին, ավելի ճիշտ, խմում էին այնքան ժամանակ, քանի դեռ փող ունեին, իսկ նրանք ավելի շատ գինի էին խմում, որ գնում էին կեսական կամ մեկական լիտրը։ Այնտեղ ռեկլամվում էին արտասովոր անուն ունեցող բազմաթիվ ըմպելիքներ, բայց շատ քչերը հնարավորություն ունեին խմելու և եթե խմում էին, ապա միայն որպես սկիզբ ավելի շուտ հարբելու համար։ Հարբեցող կանանց անվանում էին poivrottes, որ նշանակում է «ալկոհոլիկուհիներ»։

«Սիրողների համար» սրճարանր Մուֆտար փողոցի կոյանոցն էր, բազմամարդ, նեղ, առևտրական մի հրաշալի փողոց, որ տանում է դեպի Կոնտրեսկարպի հրապարակը։ Բնակելի հին տների յուրաքանչյուր հարկում, աստիճանների մոտ, կային առանց նստատեղի զուգարաններ՝ անցքի երկու կողմից ցեմենտե ոտնատեղերով, որպեսզի locataire֊ն (բնակիչը)չսայթաքի։ Այդ զուգարանները միացված էին աղբահորերին, որոնց պարունակությունը գիշերը դատարկում Էին աղբահան տակառներով։ Ամառը, երբ պատուհանները բաց են, լսվում էր աշխատող պոմպերի աղմուկը, և ուժեղ գարշահոտություն էր տարածվում։ Տակառները ներկված էին դարչնա-դեղնագույն և լուսնի լույսի տակ, երբ ձիերը դրանք տանում էին կարդինալ Լեմոլանի փողոցով, հիշեցնում էին որակի նկարները։ Բայց ոչ ոք չէր դատարկում «Սիրողների համար» սրճարանի պարունակությունը, և հասարակական վայրերում հարբեցողության համար օրենքով նախատեսվող պատժի միջոցների մասին խունացած, ճանճերի հետքերից կեղտոտված հայտարարությունները նույնքան ուշադրության էին արժանանում, որքան մշտական այցելուները, որոնցից վատ հոտ էր գալիս։

Ձմեռային առաջին սառը անձրևների հետ հանկարծ դուրս հորդեց մեծ քաղաքի ամբողջ թախիծը, և այլևս չէին երևում գորշ մշուշով լցված փողոցների բարձր, սպիտակ տների վերին հարկերը, տեսանելի էին միայն փոքրիկ խանութների, դեղատների, գրենական պիտույքների ու թերթերի տաղավարների փակ դռները, էժանագին մանկաբարձուհու և այն հյուրանոցի ցուցանակը, որտեղ վախճանվել է Վեռլենը։ Այնտեղ ամենավերին հարկում իմ սենյակն էր, ուր աշխատում էի։

Վեց, թե ութ միջնասանդուղք տանում էր վերնահարկ։ Այնտեղ շատ ցուրտ էր, և ես գիտեի, թե որքան թանկ արժե մի խտիտ ցախը, կես մատիտի երկարություն ունեցող սոճու տաշեղների երկաթաթելով փաթաթված երեք խրձիկը, որ կպչան էր ծառայում թաց ծղանների համար, որ ես ստիպված էի դնել, որպեսզի կրակ վառեմ ու տաքացնեմ սենյակը։ Այդ պատճառով ես անձրևի տակ դուրս եկա փողոցի մյուս կողմը, որպեսզի նայեմ կտուրին ու տեսնեմ, թե որևէ խողովակից ծուխ չի բարձրանում և կամ ինչպե՞ս է բարձրանում։ Բայց ծուխ չէր ելնում, և ես որոշեցի, որ խողովակներրը հավանաբար սառել են. լավ չեն քաշի, ու սենյակը կլցվի ծխով, փայտը անտեղի կվառվի, նրա հետ մեկտեղ կվառվի նաև փողը, և ես քայլեցի անձրևի տակ։ Ծածկ փնտրելու համար ես անցա Հենրիկ Չորրորդի լիցեյի, Սենտ֊Էտիեն֊դյու֊Մոնի հինավուրց եկեղեցու մոտով, կտրեցի հողմահար Պանթեոնի հրապարակը, ձախ թեքվեցի, դուրս եկա Սեն֊Միշել բուլվարի քամահարվող կողմը և անցնելով Կլյոլնիի ու Ս են֊Ժերմեն բուլվարի կողքով, վերջապես հասա Սեն֊Միշել հրապարակի ինձ լավ հայտնի փառավոր սրճարանը։

Դա մի հաճելի սրճարան էր հարմարավետ, մաքուր ու տաք։ Ես իմ հին անձրևանոցը փռեցի, որ չորանա, ինչեր ասես չտեսած ֆետրե գլխարկս կախեցի նստարանի դեմի կեռիկից և պատվիրեցի cafe au lait (կաթով սուրճ)։ Մատուցողը սուրճ բերեց, և ես բաճկոնիս գրպանից ծոցատետր ու մատիտ հանեցի և սկսեցի գրել։ Ես գրում էի, թե ինչպիսին էր մեր Միչիգանը, և քանի որ շատ ցուրտ, հողմահար ու անհրապույր օր էր, այն հենց այդպիսին էլ ստացվեց պատմվածքում։ Ես ուշ աշունը արդեն տեսել եմ երեխայի, պատանու ու երիտասարդի աչքերով և գիտեի, որ այդ մասին կարելի է տարբեր ձևով գրել, մի տեղ լավ, մի տեղ՝ վատ։ Հենց սա է, հավանաբար, փոխապատվաստումը, մտածում էի ես, և դա մարդկանց նույնքան անհրաժեշտ է, որքան և բույսերին։ Իմ պատմվածքում որսորդները խմում էին, և ես նույնպես ծարավ զգացի ու պատվիրեցի «սենտ-ջեյմս» ռոմ։ Այն ինձ բացառիկ հաճելի թվաց այդ ցուրտ օրը, և շարունակելով գրել, ես զգացի, թե ինչպես է Մարտինիկիի հիանալի ռոմը ջերմացնում իմ մարմինն ու հոգին։

Մի աղջիկ մտավ սրճարան և նստեց պատուհանի տակ դրված սեղանի մոտ։ Նա շատ լավիկն էր. նրա թարմ դեմքը փայլում էր ինչպես նոր դրամ, եթե միայն հնարավոր է փող կտրել անձրևից թարմացած, փափուկ մաշկից։ Ագռավի թևի նման սև մազերը ուղիղ անկյունով կտրում էին այտը։

Ես նայեցի նրան, և ինձ համակեց անհանգստությունն ու հուզմունքը։ Ես ցանկացա նրան նկարագրել այս պատմվածքում կամ մեկ ուրիշում, բայց նա այնպես էր նստել, որ գիտի փողոցն ու սրճարանի մուտքը, և ես հասկացա, որ սպասում է ինչ-որ մեկին։ Ես կրկին սկսեցի գրել։

Պատմվածքն ինքն իրեն էր ստացվում, և ես հազիվ էի հասցնում գրել։ Ես նորից ռոմ պատվիրեցի և երբ բարձրացնում էի գլուխս կամ սրում մատիտս, մերթ ընդ մերթ նայում էի աղջկան։ Ըմպանակի կողքին դրված ափսեի մեջ սրիչից թափվում էին փայտե տաշեղների բարակ օղակներ։

Ես տեսա քեզ, գեղեցկուհի, և այժմ դու, ում էլ սպասելիս լինես, ինձ ես պատկանում, եթե նույնիսկ քեզ այլևս չտեսնեմ, մտածեցի ես։ Դու ինձ ես պատկանում, և ամբողջ Փարիզն է պատկանում ինձ, իսկ ես պատկանում եմ այս ծոցատետրին ու մատիտին։

Այնուհետև ես կրկին սկսեցի գրել և այնքան էի տարվել, որ մոռացա ամեն ինչ։ Այժմ պատմվածքն ինքն իրեն չէր ստացվում, այժմ ես էի գրում այն, առանց գլուխս բարձրացնելու, ժամանակը մոռացած, տեղը մոռացած։ Եվ ինձ համար արդեն «սենտ֊ջեյմս» ռոմը գոյություն չուներ։ Ինձ ձանձրացրել էր այդ ռոմը, թեև չէի մտածում նրա մասին։ Վերջապես պատմվածքը պատրաստ էր, և ես զգացի, որ շատ հոգնած եմ։ Ես վերընթերցեցի վերջին պարբերությունը, բարձրացրի գլուխս, հայացքով որոնեցի այն աղջկան, բայց նա արդեն գնացել էր։ Թերևս լավ մարդու հետ գնաց, մտածեցի ես, բայց տխրեցի։

Ավարտելով պատմվածքը, ծոցատետրը փակեցի, դրեցի գրպանս և մատուցողին խնդրեցի բերել մի դյուժին portugaises (Պորտուգալական ― էժանագին ոստրեներ) ու կես գրաֆին սեղանի սպիտակ գինի։ Գրելուց հետո ես միշտ ինձ դատարկված եմ զգում, միշտ տխրում եմ և ուրախանում, ինչպես լինում է կնոջ հետ մերձենալուց հետո։ Ես վստահ էի, որ պատմվածքը շատ լավ է ստացվել, բայց թե որքան, կարող եմ իմանալ միայն հաջորդ օրը ընթերցելիս։

Երբ ես ոստրե էի ուտում, որից ծովի ուժեղ հոտ էր գալիս և մետաղի թեթևակի համ, որը կորչում է սպիտակ, սառը գինուց, ու հետո բերանումդ մնում է լոկ ծովի հոտն ու հյութեղ ոստրեների զգացումը, և տտիպ գինու հետ կուլ էի տալիս յուրաքանչյուր խեցու սառը հյութը, չքացավ դատարկության այգ զգացողությունը, և ես ինձ երջանիկ զգացի ու սկսեցի ծրագրեր կազմել։

Այժմ, երբ անձրևներն սկսվել են, մենք կարող ենք որոշ ժամանակով Փարիզից մեկնել այնտեղ, ուր ոչ թե անձրև, այլ ձյուն է թափվում սոճիների արանքից, ծածկում ճանապարհներն ու լեռնալանջերը, և որտեղ մեր ոտների տակ ձյունը կճքճքա, երբ մենք երեկոյան տուն վերադառնանք։ Լեզ– Ավան լեռան ստորոտում կա մի պանդոկ, որտեղ հրաշալի կերակրում են, որտեղ մենք երկուսով կլինենք և մեզ հետ գրքեր, իսկ գիշերները միասին տաք կլինի անկողնում, և բաց պատուհաններից կփայլեն աստղերը։ Ահա թե մենք ուր կգնանք։ Եթե երրորգ կարգի տոմս վերցնենք, էժան կնստի։ Իսկ պանդոկի համար ստիպված կլինենք մի քիչ ավել վճարել, քան ծախսում ենք Փարիզում :

Ես կհրաժարվեմ հյուրանոցի իմ համարից, որտեղ գրում եմ, և մեզ կմնա միայն գրոշներ վճարել կարդինալ Լեմուանի փողոցի N74 տան մեր բնակարանի համար։ Ես արդեն նյութ եմ ուղարկել Տորոնտո և պետք է հոնորար ստանամ։ Ես հոդվածներ կարող եմ գրել որտեղ էլ ուզեմ և բոլոր պայմաններում, իսկ ուղևորության փող մենք ունենք։

Գուցե Փարիզից հեռու ես կարողանամ Փարիզի մասին գրել այնպես, ինչպես Փարիզում գրեցի Միչիգանի մասին։ Ես չէի հասկացել, որ դեռ դրա ժամանակը չի. ես դեռևս լավ չգիտեի Փարիզը։ Բայց, ի վերջո, այդպես էլ ստացվեց։ Իսկ գնալը, մենք կգնանք, եթե կինս ցանկանա։ Ես վերջացրի ոստրեն ու գինին և վճարելով, բարձրացա ամենակարճ ճանապարհով դեպի տուն, սուրբ ժենևայի բլրով, անձրևի տակ, որը փչացնում էր միայն եղանակը, բայց ոչ կյանքը։

— Ես կարծում եմ դա հրաշալի կլինի, Տետի,— ասաց կինս։

Նա նուրբ դիմագծեր ուներ, և երբ մենք որևէ որոշում էինք կայացնում, նրա աչքերը փայլում էին, դեմքին ժպիտ էր բռնկվում, կարծես թանկագին նվեր էին տվել նրան։

― Ե՞րբ ենք մեկնում։

— Երբ ուզես։

— Օ , ես հենց հիմա կուզեի։ Չէ որ դու գիտես։

— Գուցե, երբ մենք վերադառնանք, եղանակները պարզվեն։ Այստեղ շատ լավ է լինում պարզկա ցուրտ օրերին։

— Երևի հենց այդպես էլ լինի,— ասաց նա,— ինչ լավն ես, որ մտածել ես այդ ուղևորության մասին։

Միսս Ստայնը խրատում է

Երբ մենք Փարիզ վերադարձանք, օրը պարզ էր, սառն ու հրաշալի։ Քաղաքը պարտաստվում էր ձմռանը։ Մեր տան դիմաց, փայտի ու ածխի պահեստում, հիանալի փայտ էին ծախում, եւ բազմաթիվ լավ սրճարանների պատշգամբներում մանղալներ էին դրված։ Մեր բնակարանը տաք էր ու հարմարավետ։ Վառվող խանձողների վրա դնում էինք boulets՝ մամլած ածխափոշու ձվաձեւ սալիկներ, իսկ փողոցում լույս էր, ձմեռային լույս։ Արդեն սովորական էին դարձել մերկ ծառերը երկնքի ֆոնի վրա եւ զբոսանքները՝ Լյուքսեմբուրգյան այգու անձրեւից լվացված ծառուղիներում, երբ փչում էր խիստ, բայց զովաշունչ քամին։ Տերեւաթափ ծառերը կանգնել էին քանդակների նման, ձմեռային քամիներն ակոսում էին լճակների ջրերը, եւ շատրվաններն էին ցայտում արեւի տակ։ Այն օրերից ի վեր, երբ մենք երկար ճանապարհորդել էինք լեռներում, մեզ արդեն չէր վախեցնում ոչ մի տարածություն։

Լեռներում դժվարին վերելքներից հետո հաճելի էր քայլել դիք փողոցներով եւ բարձրանալ հյուրանոցի ամենավերին հարկը, այն սենյակը, ուր ես աշխատում էի․ այնտեղից երեւում էին բլրալանջին ծվարած տների կտուրներն ու ծխնելույզները։ Բուխարիկը լավ էր վառվում, եւ տաք սենյակում հաճելի էր աշխատել։ Ես թղթե ծրարների մեջ իմ սենյակն էի բերել մանդարին ու բոված շագանակ, եւ երբ քաղցած էի լինում, ուտում էի շագանակ ու մանդարինի չափ մանր նարինջ, կեղեւը նետում բուխարիկի մեջ։ Կորիզները եւս թքում էի այնտեղ։ Զբոսանքը, ցուրտն ու աշխատանքը միշտ գրգռում էին ախորժակս։ Իմ սենյակում պահում էի մի շիշ բալի թրմօղի, որ մենք լեռներից էինք բերել, եւ երբ ավարտում էի որեւէ պատմվածք կամ ցերեկվա աշխատանքս, մի գավաթ թրմօղի էի խմում։ Աշխատանքս ավարտելով, ծոցատետրս կամ թղթերս դնում էի սեղանի գզրոցում, իսկ մնացած նարինջները՝ գրպանս։ Եթե դրանք գիշերը թողնես սենյակում, կցրտահարվեն։

Հաճելի է իջնել լայն միջնասանդուղքներով, երբ գիտակցում ես, որ լավ աշխատել ես։ Ես միշտ աշխատել եմ այնքան երկար, մինչեւ որ հաջողվել է որեւէ բանի հասնել եւ միշտ աշխատանքս դադարեցրել եմ այն ժամանակ, երբ արդեն գիտեի, թե ինչ պիտի լինի հետո։ Այնուհետեւ ես արդեն վստահ եմ եղել, որ գրելու եմ նաեւ վաղը։ Բայց երբեմն նոր պատմվածք սկսելով եւ ոչ մի կերպ սիզբը չգտնելով, ես նստում էի բուխարիկի դիմաց, մանր նարինջների կեղեւի հյութը ցայտեցնում էի ուղիղ կրակին եւ դիտում բոցի կապույտ բռնկումները։ Կամ կանգնում էի պատուհանի մոտ, նայում Փարիզի տանիքներին ու մտածում՝ «Մի՛ անհանգստանա։ Դու առաջ էլ գրել ես, հիմա էլ կգրես։ Քո անելիքը ընդամենն այն է, որ գրես մի իսկական դարձվածք։ Ամենաիսկականը, որպիսին միայն դո՛ւ գիտես»։ Եվ վերջ ի վերջո ես գրում էի մի իսկական դարձվածք, իսկ դրա հետեւից գալիս էին մյուսները։ Դա հեշտ էր, որովհետեւ միշտ գտնվում էր մի իսկական դարձվածք, որը ես գիտեի կամ կարդացել էի, կամ լսել ուրիշից։ Իսկ եթե ես որոշ հեղինակների նման փորձում էի մանրազնին հղկել յուրաքանչյուր բառը, բացատրել ու պարզաբանել, ապա համոզվում էի, որ կարող եմ առանց ցավ զգալու պոկել բոլոր այդ զարդարանքները, դեն նետել, եւ պատմվածքը սկսել նախկինի պես, այն պարզ ու իսկական դարձվածքով, որով հենց սկսել էի։ Վերին հարկի իմ սենյակում ես որոշեցի մեկական պատմվածք գրել այն ամենի մասին, ինչ գիտեմ։ Գրելիս միշտ աշխատել եմ հետեւել դրան, եւ դա շատ կարգապահ է դարձրել ինձ։

Այդ սենյակում, դրանից բացի, ես սովորեցի աշխատանքս դադարեցնելու պահից մինչեւ հաջորդ օրվա այն րոպեն, երբ կրկին սկսում եմ գրել, չմտածել, թե ինչի մասին եմ գրում։ Այսպիսով, իմ ենթագիտակցությունը շարունակում էր աշխատել պատմվածքի ուղղությամբ․ ես լսում էի մյուս մարդկանց եւ հուսով էի, որ ամեն ինչ կնկատեմ, հուսով էի, որ ինչ֊որ նոր բանե կսովորեմ, եւ բացի այդ, կարդում էի, որպեսզի մոռանամ աշխատանքս եւ չկորցնեմ աշխատելու ընդունակությունս։ Շատ հաճելի է սանդուղքներով ներքեւ իջնել, երբ գիտես, որ լավ շախատել ես․ իսկ դրա համար ներշնչանք է պահանջվում, ինչպես եւ կարգապահություն։ Այժմ ես կարող եմ Փարիզում գնալ ուր ուզում եմ։

Աշխատանքից հետո ես տարբեր փողոցներով գնում էի Լյուքսեմբուրգյան այգի, զբոսնում էի այնտեղ, այնուհետեւ մտնում Լյուքսեմբուրգյան թանգարան, որտեղ կային հոյակապ կտավներ, որոնց մեծ մասը այժմ գտնվում է Լուվրում եւ «Գնդակ խաղալու դահլիճում»[1]։ Ես գրեթե ամեն օր այնտեղ էի գնում Սեզանի պատճառով, ինչպես նաեւ Մանեի ու Մոնեի եւ մյուս իմպեսիոնիստների կտավները դիտելու համար, որոնց առաջին անգամ ծանոթացել եմ Չիկագոյի արվեստի ինտիստուտում։ Սեզանի գեղանկարչությունը ինձ սովորեցնում էր, որ միայն իսկական պարզ դարձվածքները դեռեւս քիչ են պատմվածքին այնպիսի տարողություն ու խորություն հաղորդելու համար, որին ես ձգտում էի հասնել։

Ես նրանցից շատ բան եմ սովորել, բայց չեմ կարող պարզորոշ բացատրել՝ հատկապես ինչ։ Բացի այդ, դա գաղտնիք է։ Իսկ ամպամած օրերին, երբ Լյուքսեմբուրգյան թանգարանում մութ էր լինում, ես քայլում էի այգով եւ մտնում Ֆլերյուս փողոցի № 27 տան բնակարան֊ստուդիան, որտեղ ապրում էր Գերտրուդ Ստայնը։

Ես եւ կինս այցելեցինք միսս Ստայնին, որն ապրում էր իր բարեկամուհու հետ, եւ նրանք մեզ ընդունեցին բարեկամաբար ու շատ սրտագին։ Մեզ շատ դուր եկավ հիանալի կտավներով զարդարված ստուդիան։ Այն հիշեցնում էր ամենանշանավոր թանգարանների լավագույն սրահները, միայն թե այնտեղ դրված էր մի մեծ բուխարի, տաք էր ու հարմարավետ, եւ մեզ հյուրասիրում էին համեղ բաներ, թեյ էին տալիս, նաեւ կարմիր ու դեղին սալորի կամ անտառամորու բնական լիկյորներ։ Այդ բուրումնավետ, անգույն ըմպելիքները մատուցում էին բյուրեղապակյա սրվակներով, լցնում էին փոքրիկ գավաթների մեջ, եւ ինչպես էլ դրանք կոչվեն՝ quetsche, mirabelle կամ framboise, միեւնոյն է, ունեին այդ մրգերի համը, հաճելիորեն վառում էին լեզուդ, ե՛ւ ջերմացնում, ե՛ւ խոսելու ցանկություն առաջացնում։

Միսս Ստայնը խոշոր կին էր, ոչ այնքան բարձրահասակ, բայց գեղջկուհու նման հաստամարմին։ Նա գեղեցիկ աչքեր ուներ եւ գերմանական հրեուհու հաստատակամ դեմք, որպիսին կարող էր լինել նաեւ Ֆրիուլիի[2] բնակչուհու դեմքը, եւ ընդհանրապես, նա ինձ Հյուսիսային Իտալիայում ծնված գեղջկուհի էր հիշեցնում ե՛ւ իր հագուստով, ե՛ւ արտահայտիչ, շարժուն դեմքով, ե՛ւ գեղեցիկ, փարթամ, անհնազանդ մազերով, որ նա, երեւի դեռեւս կոլեջում, ծամ է հյուսել ու փաթաթել գլխին։ Նա անընդհատ խոսում էր եւ սկզբից պատմեց զանազան մարդկանց ու երկրների մասին։

Նրա ընկերուհին հաճելի ձայն ուներ, փոքրահասակ էր, թխադեմ, Բուտտե դե Մոնվելի նկարած Ժաննա դʼԱրկի մազերով եւ կեռ քթով։ Երբ մենք ներս մտանք, նա ինչ֊որ բան էր ասեղնագործում եւ շարունակելով ասեղնագործել, սկսեց հյուրասիրել մեզ ու, դրանից բացի՝ կնոջս զբաղեցնել զրույցով։ Նա խոսում էր կնոջս հետ, լսում, թե մենք ինչ ենք խոսում եւ հաճախ միջամտում մեր զրույցին։ Ավելի ուշ նա ինձ բացատրեց, որ միշտ զրուցում է հյուրերի կանանց հետ։ Ես ու Հեդլին զգացինք, որ այստեղ հյուրերի կանանց սոսվ հանդուրժում են։ Բայց մեզ դուր եկան միսս Ստայնն ու նրա ընկերուհին, թեեւ վերջինս առանձնապես հաճելի կանանցից չէր։ Կտավները, կարկանդակն ու օղին լավն էին։ Մեզ թվաց, թե մենք եւս դուր ենք գալիս այդ երկու կանանց, եւ նրանք մեզ հետ վարվում են ինչպես դաստիարակված, հույսեր ներշնչող լավ երեխաների հետ, եւ ես զգացի, որ նրանք մեզ ներում են նույնիսկ այն, որ մենք սիրում ենք միմյանց եւ ամուսնացած ենք,— ժամանակը ամեն ինչ կհարթի,— եւ երբ կինս նրանց թեյի հրավիրեց, նրանք ընդունեցին հրավերը։ Երբ նրանք եկան, մենք կարծես թե նրանց է՛լ ավելի դուր եկանք։ Սակայն, գուցե դա բացատրվում էր մեր բնակարանի նեղությամբ, որտեղ բոլորս միմյանց շատ ավելի մոտ գտնվեցինք։ Միսս Ստայնը նստեց գետնին դրված ներքնակի վրա, որ մեր անկողինն էր, խնդրեց ցույց տալ իմ պատմվածքները եւ ասաց, որ դրանք բոլորն էլ իրեն դուր են գալիս, բացառությամբ «Մեզ մոտ՝ Միչիգանու» պատմվածքի։

— Լավ պատմվածք է,— ասաց նա,— բայց բանը դրանում չէ։ Այն inaccrochable[3] է։ Դա նշանակում է՝ նման է այնպիսի կտավի, որ նկարիչը կերտել է, բայց չի կարող ցուցադրել, քանի որ հնարավոր չէ կախել, եւ ոչ ոք չի գնի, որովհետեւ տանը եւս չես կարող կախել։

— Իսկ եթե պատմվածքը ամենեւին էլ անպարկե՞շտ չէ, այնտեղ պարզապես այնպիսի խոսքեր են գործածված, որպիսիք մարդիկ կիրառում են նման դեպքերո՞ւմ։ Եվ եթե միայն այդ խոսքերն են պատմվածքը ճշմարտացի դարձնո՞ւմ եւ դրանք չես կարող շրջանցել։ Ահա եւ հարկադրված ես օգտագործել դրանք։

— Դուք ոչինչ չհասկացաք,— ասաց նա,— պետք չէ գրել inaccrochable բաներ։ Դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Դա սխալ է եւ անմիտ։

Նա ասաց, որ ուզում է տպագրվել «Ատլանտիկ Մանսլի»֊ում եւ կհասնի դրան։ Իսկ ես դեռեւս այնքան լավ գրող չեմ, որպեսզի տպագրվեմ այդ հանդեսում կամ «Սաթերդեյ իվնինգ պոստ»֊ում, թեեւ հնարավոր է, որ ես սեփական ոճ ունեցող նոր տիպի գրող եմ, բայց ամենից առաջ ես պետք է հիշեմ, որ չի կարելի գրել inaccrcochable պատմվածքներ։ Ես չփորձեցի նրա հետ վեճի բռնվել, եւ չուզեցի կրկնել, թե ես ինչպես եմ դիալոգներ ստեղծում։ Դա իմ անձնական գործն է։ Բայց ինձ համար հետաքրքիր էր նրան լսել։ Այդ երեկո նա, դրանից բացի, մեզ բացատրեց, թե ինչպես պետք է նկարներ գնել։

— Պետք է գնել կամ հագուստ, կամ նկար,— ասաց նա,— տեսնո՞ւմ եք, ինչ հասարակ բան է։ Ոչ ոք, շատ հարուստ մարդկանցից բացի, չի կարող իրեն թույլ տալ ե՛ւ այս, ե՛ւ այն։ Ուշադրություն մի՛ դարձրեք, թե դուք ինչպես եք հագնված։ Եվ հատկապես՝ ոչ մի ուշադրություն նորաձեւությանը։ Գնեցեք ամուր եւ հարմարավետ հագուստ, եւ այդ դեպքում ձեզ մոտ փող կմնա նկարներ գնելու։

Ես առարկեցի։

— Բայց եթե նույնիսկ այլեւս երբեք հագուստ չգնեմ, միեւնույն է, ես փող չեմ ունենա առնելու Պիկասոյի այն կտավները, որոնք ինձ դուր են գալիս։

— Այո, ձեզ համար նա անմատչելի է։ Դուք հարկադրված եք գնելու ձեր հասակի մարդկանց, ձեր զորահավաքի տարիքն ունեցող մարդկանց նկարները։ Դուք նրանց հետ կծանոթանաք։ Դուք նրանց կհանդիպեք ձեր թաղամասում, միշտ կան լուրջ ու նոր լավ նկարիչներ։ Բայց երբ խոսում էի հագուստեղենի մասին, ես նկատի ունեի ավելի շուտ ոչ թե ձեզ, այլ ձեր կնոջը։ Թանկ արժե հատկապես կանացի հանդերձանքը։

Ես նկատեցի, որ կինս աշխատում է չնայել միսս Ստայնի համար զարմանալիորեն էժան նրա զգեստին, եւ դա նրան լավ էր հաջողվում։ Երբ նրանք գնացին, ես որոշեցի, որ մենք դեռեւս նրանց դուր ենք գալիս, քանի որ մեզ հրավիրեցին կրկին այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը։

Ավելի ուշ, ձմռանը, ինձ հրավիրեցին ստուդիա այցելել ցանկացածս պահին, ժամը հինգից հետո։ Այն ժամանակ ես միսս Ստայնին հանդիպեցի Լյուքսեմբուրգյան այգում։ Չեմ հիշում՝ նա իր շան հե՞տ էր զբոսնում, թե ոչ, եւ ընդհանրապես այն ժամանակ նա շուն ունե՞ր արդյոք։ Միայն գիտեմ, որ ես մենակ էի զբոսնում, քանի որ միջոցներ չունեի ոչ թե շուն, այլ նույնիսկ կատու պահելու, եւ կատու տեսնում էի սոսկ սրճարաններում ու փոքրիկ ռեստորաններում կամ բարապանների սենյակների պատուհաններում՝ հիանալի, գիրուկ կատուներ։ Ավելի ուշ, ես միսս Ստայնին իր շան հետ հաճախ էի հանդիպում Լյուքսեմբուրգյան այգում։ Սակայն ինձ թվում է, որ այն ժամանակ նա դեռ շուն չուներ։

Շունը՝ շուն, բայց ես ընդունեցի նրա հրավերը եւ սկսեցի ավելի հաճախ այցելել նրա ստուդիան, եւ նա ինձ միշտ հյուրասիրում էր իսկական օղի, մերթ ընդ մերթ լցնելով բաժակս, իսկ ես դիտում էի նկարները, ու մենք զրուցում էինք։ Նկարները զարմանալի գեղեցիկ էին, իսկ զրույցը՝ շատ հետաքրքիր։ Մեծ մասամբ միսս Ստայնն էր խոսում։ Նա ինձ պատմում էր ժամանակակից նկարների ու նկարիչների մասին, նրանց՝ ավելի շատ որպես մարդկանց, քան նկարիչների մասին, եւ իր աշխատանքի վերաբերյալ։ Նա ինձ ցույց տվեց իր ծավալուն ձեռագրերը, որոնք նրա ընկերուհին մեքենագրում էր։ Միսս Ստայնը հպարտանում էր, որ ամեն օր աշխատում է եւ դրանով երջանիկ է, բայց նրան ավելի մոտիկից ճանաչելով, ես հասկացա, որ նա երջանիկ է լինում միայն այն ժամանակ, երբ նրա ամենօրյա արտադրանքը, որի քանակը կախված էր նրա եռանդից, հրապարակվում է, եւ ինքն էլ համբավ է վաստակում։

Երբ ես ծանոթացել էի նրա հետ, դա նրան դեռեւս չէր հուզում, քանի որ նա հրապարակել էր բոլորին հասկանալի երեք պատմվածք։ Այդ պատմվածքներից մեկը՝ «Մելանկտան» շատ լավն էր, իսկ նրա էքսպերիմենտալ ստեղծագործության գերազանց նմուշները հրապարակվել էին առանձին գրքով եւ նրան այցելով կամ պարզապես բարեւող քննադատները դրանք բարձր էին գնահատել։ Նա օժտված էր անձնական հատուկ հմայքով եւ երբ ցանկանում էր որեւէ մեկին իր կողմը գրավել, անհնարին էր դրան դիմադրել։ Քննադատները, որոնք ծանոթ էին նրան եւ տեսել էին նրա նկարները, այնքան էին նրանով՝ որպես մարդ, հիացած, եւ այնքան էին վստահ նրա դատողությունների ճշտությանը, որ հավատով ընդունում էին նրա ստեղծագործությունը, թեեւ չէին հասկանում այն։ Բացի այդ, նա բազմաթիվ ստույգ եւ արժեքավոր ճշմարտություններ է բացահայտել ռիթմի ու կրկնողությունների վերաբերյալ եւ կարողանում էր շատ հետաքրքիր կերպով խոսել այդ թեմայի շուրջը։

Սակայն, նա չէր սիրում ուղղել իր ձեռագրերը եւ աշխատել այն հաշվով, որպեսզի դրանք դուրընթեռնելի դարձնի, թեեւ նրան անհրաժեշտ էր տպագրվել ու պաշտոնական ճանաչում ստանալ։ Դա հատկապես վերաբերում է «Ամերիկացիների ձեւավորումը» խորագիրը կրող անասելի երկարաշունչ գրքին։

Գիրքը հոյակապ սկիզբ ուներ, հետո գալիս էին տասնյակ էջեր, որոնցից շատերը ուղղակի փայլուն էին, այնուհետեւ սկսվում էին անվերջանալի կրկնողությունները, որոնք առավել բարեխիղճ եւ սակավ ծույլ գրողը զամբյուղ կնետեր։ Ես այդ ստեղծագործությանը մոտիկից ծանոթացա, երբ Ֆորդ Մեդոքս Ֆորդին հորդորեցի, իսկ ավելի ճիշտ՝ հարկադրեցի այն շարունակաբար տպել «Տրանսատլանտիկ Ռեվյու»֊ում, հավատացած լինելով, որ հանդեսը իր գոյությունը ավելի շուտ կդադարեցնի, քան կտեսնի նրա վերջը։ Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում ես հարկադրված էի միսս Ստայնի փոխարեն կարդալ հանդեսի շարվածասյուները, քանի որ նման աշխատանքը նրան հաճույք չէր պատճառում։

Այն ցուրտ օրը, երբ ես անցնելով բարապանուհու փոքրիկ սենյակի կողքով, ցուրտ բակի միջով մտա տաք ստուդիան, այս ամենը դեռեւս առաեւումն էր։ Այդ օրը միսս Ստայնը ինձ ուսուցանեց սեռի հարցերը։ Մինչ այդ, մենք արդեն սկսել էինք շատ սիրել միմյանց, եւ ես հասցրել էի յուրացնել, որ այն ամենը, ինչ ես չեմ հասկանում, ինչ֊որ արժանիքներ ունի։ Միսս Ստայնը գտնում էր, որ պարզապես ոչինչ չեմ հասկանում սեռի հարցերում։ Պետք է խոստովանեմ, որ ես որոշակի կանխակալ կարծիք ունեի հոմոսեքսուալիզմի դեմ, քանի որ ինձ սոսկ հայտնի էին նրա առավել պրիմիտիվ ասպեկտները։ Ես գիտեի, թե ինչու դեռահաս պատանիները դանակ էին կրում, իսկ հաճախ էլ դա թափառաշրջիկների շրջապատում գործադրում այն օրերին, երբ «գայլ» բառը դեռեւս չէր նշանակում կանանց համար խելագարված տղամարդ։ Ես բազմաթիվ inaccrochable խոսքեր ու արտահայտություններ գիտեի, որոնք լսել էի Կանզաս֊Սիթիում բնակվածս տարիներին, ինչպես նաեւ ծանոթ էի այդ քաղաքի տարբեր շրջաններում, Չիկագոյում եւ լճանավերում տիրող շատ բարքերի։ Ի պատասխան միսս Ստայնի հարցերին, ես փորձեցի բացատրել, որ տղամարդկանց շրջանում ապրող դեռահաս պատանին պետք է պատրաստ լինի մարդ սպանելու, կարողանա սպանել եւ վստահ լինել՝ կսպանի, որպեսզի իր հետեւից չընկնեն։ Դա accrochable[4] էր։ Եթե դու գիտես, որ պատրաստ ես սպանելու, մյուսները դա շատ շուտ են զգում եւ քեզ հանգիստ են թողնում։ Լինում է այնպես, երբ մարդ չի կարող թույլ տալ, որ իրեն ուժով կամ խորամանկությամբ թակարդ գցեն։ Ես իմ միտքը կարող էի ավելի պերճախոս արտահայտել լոկ մի inaccrochable դարձվածքի օգնությամբ, որը «գայլերը» կիրառում են լճանավերում։ Բայց միսս Ստայնի հետ զրույցի ժամանակ ես միշտ դարձվածքների ընտրություն էի կատարում նույնիսկ այն դեպքում, երբ ուղղակի խոսքը կարող էր ավելի ճիշտ բացատրել կամ արտահայտել որեւէ նախապաշարմունքի իմաստը։

— Այդ բոլորը ճիշտ է, Հեմինգուեյ,— հայտարարեց նա,— բայց դուք ապրել եք այնպիսի միջավայրում, որտեղ տիրապետել են հանցագործությունն ու այլասերվածությունը։

Ես չվիճեցի նրա հետ, թեեւ գիտեի, որ ապրել եմ այնպիսի աշխարհում, ինչպիսին այն կա, եւ այնտեղ եղել են տարբեր մարդիկ, ու ես ձգտել եմ հասկանալ նրանց, թեեւ նրանցից ոմանք ինձ դուր չեն եկել, իսկ ոմնց էլ ատում եմ մինչեւ այսօր։

— Դե, իսկ դուք ի՞նչ կասեք հիանալի շարժուձեւ եւ մեծ անուն ունեցող այն ծերունու մասին, որը եկավ ինձ մոտ իտալական հոսպիտալ եւ բերեց մի շիշ չեմ հիշում «մարսալի» թե «կամպարի» եւ իրեն անբասիր էր պահում, իսկ այնուհետեւ, մի գեղեցիկ օր, ես հարկադրված եղա բուժքրոջը խնդրել, որպեսզի այդ մարդուն այլեւս թույլ չտա մտնելու իմ հիվանդասենյակը,— հարցրի ես։

Դրանք հիվանդ մարդիկ են, որոնք ի վիճակի չեն իշխել իրենց արարմունքների վրա, եւ դուք պետք է խղճաք նրանց։

— Նշանակում է, ես պետք է խղճամ նաեւ այնինչի՞ն,— հարցրի ես եւ տվի նրա անունը, բայց նա հենց ինքն այնքան է սիրում իր անունը տալ, որ հարկ չկար նրա փոխարեն մի անգամ եւս այդ անել։

— Ոչ, նա արատավոր մարդ է։ Նա այլասերված է եւ իրոք արատավոր։

— Բայց նա լավ գրող է համարվում։

— Նա վատ գրող է,— ասաց նա,— նա ուղղակի կեցվածքամոլ է եւ այլասերում է, որովհետեւ նրան դուր է գալիս այլասերելը։ Բացի այդ, նա մարդկանց մեջ այլ արատներ էլ է ներարկում։ Օրինակ, նրանց հրապուրում է նարկոտիկներով։

— Դե, իսկ միլանցի այն մարդը, որին ես պետք է խղճամ, մի՞թե նա եւս չի փորձել այլասերել ինձ։

— Անմիտ բաներ եք ասում։ Նա ինչպե՞ս կարող էր այլասերել ձեզ։ Մի՞թե կարելի է մի շիշ «Մարսալի»֊ով այլասերել նրան, ով մաքուր սպիրտ է խմում ձեզ նման։ Նա ուղղակի մի ողորմելի ծերունի է, որը պատասխանատու չէ իր արարքների համար։ Նա հիվանդ է, չի տիրապետում իրեն, եւ դուք պետք է խղճաք նրան։

— Այն ժամանակ ես նրան խղճացի,— ասացի ես։ — Բայց ես շատ հուսախաբված էի․ չէ՞ որ նա այնպիսի լավ շարժուձեւեր ուներ։

Ես խմեցի մի կում օղի եւս ու խղճացի այն ծերունուն։ Սկսեցի դիտել Պիկասոյի ծաղիկների դամբյուղով մերկ աղջկան։ Ես չէ, որ սկսել էի այդ խոսակցությունը եւ այժմ մտածում էի, որ այն մի քիչ վտանգավոր է դառնում։ Միսս Ստայնի հետ մեր զրույցների պահին գրեթե երբեք դադար չէր լինում, բայց այժմ մենք լռել էինք, եւ նա ինչ֊որ բան էր ուզում ասել ինձ։ Ես լցրեցի իմ գավաթը։

— Դուք, Հեմինգուեյ, այս հարցում իրոք ոչինչ չեք հասկանում,— ասաց նա,— դուք կամ հանցագործների եք հանդիպել, կամ հիվանդների, կամ էլ արատավոր մարդկանց։ Բայց գլխավորն այն է, որ հոմոսեքսուալիզմը նողկալի ու գարշելի բան է, եւ մարդիկ դրանից սկսում են ատելի դառնալ իրենք իրենց աչքում։ Նրանք խմում են եւ նարկոտիկներ կիրառում, որպեսզի մոռանան, բայց շարունակում են զզվանք տածել իրենց արածի նկատմամբ։ Հաճախ փոխում են իրենց պարտնյորներին, բայց չեն կարողանում իսկական երջանկություն գտնել։

— Հասկանում եմ։

Այն օրերին ինձ անհրաժեշտ էր այնքան շատ բան հասկանալ, որ ես ուրախացա, երբ մենք սկսեցինք այլ բաներից խոսել։ Այգին փակ էր, եւ ես հարկադրված էի ցանկապատի երկայնքով անցնել մինչեւ Վոժիրար փողոցը եւ շրջանցել այն։ Տխուր էր, որ այգին փակ էր ու դռները կողպած, եւ իմ սրտին թախիծ էր իջել այն բանից, որ ես քայլում եմ ցանկապատի երկայնքով, այլ ոչ թե ուղիղ ճանապարհով եմ գնում դեպի տուն, որը գտնվում է կարդինալ Մեմուանի փողոցում։ Բայց չէ որ օրը այնքա՜ն լավ էր սկսվել։ Վաղը ես հարկադրված կլինեմ շատ աշխատել։ Այն ժամանակ ես հավատում էի, ինչպես եւ այժմ եմ հավատում, որ աշխատանքը բոլոր փորձանքների համադարմանն է։ Այնուհետեւ ես սկսեցի մտածել, թե միսս Ստայնը ցանկանում է ինձ բուժել ընդամենը ջահելությունից ու կնոջս նկատմամբ ունեցած իմ սիրուց։ Այնպես որ, երբ եկա կարդինալ Լեմուանի փողոցի մեր տունը եւ կնոջս պատմեցի իմ հասկացածը, ես արդեն տխուր չէի։ Իսկ գիշերը մենք բավականություն ստացանք նրանով, ինչ վաղուց գիտեինք եւ այն նոր գիտելիքներով, որ ձեռք էինք բերել լեռներում։

«UNE GENERATION PERDUE»[5]

Շուտով ինձ համար սովորություն դարձավ երեկոները այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը՝ ջերմության, նկարների ու զրույցի համար։ Միսս Ստայնը հաճախ մենակ էր լինում, ինձ միշտ դիմավորում էր շատ սրտաբաց ու երկար ժամանակ համակրանք էր տածում իմ նկատմամբ։ Երբ ես վերադառնում էի քաղաքական տարբեր կոնֆերանսներից, Մերձավոր Արեւելքից կամ Գերմանիայից, ուր մեկնում էի կանադական թերթի եւ այն գործակալությունների առաջադրանքով, որոնց համար աշխատում էի, նա պահանջում էր, որ պատմեմ բոլոր ծիծաղելի դեպքերը։ Զավեշտական պատմությունների պակասություն չկար, եւ դրանք նրան դուր էին գալիս, ինչպես եւ այն պատմությունները, որոնցից, գերմանացիների ասած, մահապարտի հումորի հոտ էր փչում։ Նա ցանկանում էր իմանալ աշխարհի իրադարձությունների միայն ուրախ կողմը, այլ ոչ թե ամբողջ ճշմարտությունը, ամբողջ հոռի կողմը։

Ես երիտասարդ էի եւ հակված չէի վստահության, իսկ զվարճալի ու անհեթեթ դեպքերը պատահում են նույնիսկ ամենավատ պահերին, եւ միսս Ստայնը սիրում էր լսել հենց դրանք։ Մնացած բաները ես նրան չէի պատմում, դրանց մասին գրում էի ինձ համար։

Իսկ երս ես Ֆլերյուս փողոցն էի մտնում ոչ թե ուղեվորություններից, այլ աշխատանքից հետո, հաճախ փորձում էի միսս Ստայնի հետ զրույց սկսել գրքերի շուրջը։ Երբ ես աշխատում եմ, գրելն ավարտելուց հետո զգում եմ կարդալու անհրաժեշտություն։ Եթե շարունակ մտածես աշխատանքի մասին, նախքան հաջորդ օրը սեղանի առջեւ նստելը, կարող ես կորցնել այն, ինչի մասին գրում ես։ Անհրաժեշտ է մարզել ոտները, ֆիզիկապես հոգնել եւ հատկապես լավ սիրել սիրեցյալիդ։ Ամենից լավը դա է։ Բայց հետո, երբ զգում ես, որ դատարկված ես, անհրաժեշտ է կարդալ, որպեսզի աշխատանքի մասին չմտածես ու չհոգաս այնքան ժամանակ, մինչեւ կրկին ձեռնամուխ լինես աշխատանքիդ։ Ես արդեն սովորել եմ երբեք մինչեւ վերջ չդատարկել ստեղծագործական մտքի ջրհորը եւ միշտ, երբ այդ ջրհորի խորքում դեռեւս որեւէ բան մնացել է, գրելը դադարեցրել եմ, որպեսզի նրան սնուցող աղբյուրները գիշերվա ընթացքում կարողանան վերստին լցնել այն։

Որպեսզի աշխատանքից հետո չխորհեմ գրածիս շուրջը, ես հաճախ կարդում էի այն տարիներին ստեղծագործող հեղինակների, օրինակ Օլդոս Հաքսլիի, Դ․ Գ․ Լոուրենսի եւ այլոց այն գրքերը, որ կարողանում էի գտնել Սիլվիա Բիչի գրադարանում կամ առափնյա փողոցի գրավաճառների մոտ։

— Հաքսլին ննջեցյալ է,— ասաց միսս Ստայնը,— ի՞նչ կարիք կա կարդալ մեռածի գրքերը։ Մի՞թե չեք տեսնում, որ նա մեռած է։

Ոչ, ես չէի տեսնում, թե նա մեռած է եւ ասացի, որ նրա գրքերը ինձ զվարճացնում են ու թույլ են տալիս չմտածել։

— Դուք պետք է կարդաք սոսկ այն, ինչ իսկապես լավ է կամ բացահայտորեն անպետք։

— Ես իսկական լավ գրքեր կարդացել եմ այս ամբողջ ձմռանը եւ ամբողջ անցած ձմռանը ու կկարդամ հաջորդ ձմռանը, իսկ բացահայտորեն անպետք գրքերը ես չեմ սիրում։

— Բայց ինչի՞ համար եք կարդում այդ դատարկությունը։ Դա հավակնոտ դատարկություն է, Հեմինգուեյ։ Ննջեցյալի գրվածք է։

— Ես ցանկանում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են գրում,— ասացի ես,— եւ դա ինձ ետ է պահում նույն բանը գրելուց։

— Է՞լ ում գործերն եք կարդում։

— Դ․ Գ․ Լոուրենսի,— պատասխանեցի։— Նա մի քանի շատ լավ պատմվածքներ է գրել, հատկապես «Պրուսացի սպան»։

— Ես փորձել եմ կարդալ նրա վեպերը։ Նա անտանելի է։ Ողորմելի ու անմիտ։ Եվ հիվանդի նման է գրում։

— Իսկ ինձ դուր են եկել «Զվավկներն ու սիրեկանները» եւ «Ճերմակ սիրամարգը»,— ասացի ես,— վերջինս, թերեւս, ոչ այնքան։ Բայց ահա «Սիրահարված կանայք» չկարողացա մինչեւ վերջ կարդալ։

— Եթե դուք չեք ուզում վատ գրքեր կարդալ եւ գերադասում եք ինչ֊որ առավել գրավիչ ու յուրովի գեղեցիկ բան, կարդացեք Մարի Բելլոկ Լաունդսին։

Ես առաջին անգամն էի լսում այդ անունը, եւ միսս Ստայնը ինձ հանձնարարեց կարդալ «Կենվորը»՝ Ջեկ Դիահատի մասին այդ հիանալի վիպակը, եւ էլի մի վեպ Փարիզի ինչ֊որ մատույցում (որը միայն Էնգիեն֊լե֊Բենը կարող էր լինել) կատարված սպանության վերաբերյալ։ Այդ երկու գրքերն էլ աշխատանքից հետո կարդալու հոյակապ բաներ են։ Նրանց հերոսները բավականին կենսական են, եւ նրանց արարմունքներն ու սարսափները՝ միանգամայն համոզիչ։ Աշխատանքից հետո կարդալու ավելի լավ բան չես գտնի, եւ ես ընթերցեցի միսիս Բելլոկ Լաունդսի բոլոր այն ստեղծագործությունները, որ կարողացա գտնել։ Բայց նա այնքան էլ շատ գրքեր չուներ, եւ ոչ մեկը չէր կարող համեմատվել առաջին երկուսի հետ, ու քանի դեռ չէին հայտնվել Սիմենոնի առաջին հիանալի գրքերը, ինձ չհաջողվեց դրանց հավասար ոչ մի այլ բան գտնել՝ ցերեկվա եւ գիշերվա ազատ ժամերիս կարդալու։

Կարծում եմ, միսս Ստայնին դուր կգային Սիմենոնի լավ գրվածքները (իմ կարդացածներից առաջինը կարծեմ «LʼEcluse Numero 1»ը կամ «Li Maison du Canal[6]»֊ն է եղել), ինչեւէ, ես դրանում վստահ չեմ, որովհետեւ երբ ծանոթացա միսս Ստայնի հետ, նա չէր սիրում ֆրանսերեն կարդալ, թեեւ նրան շատ էր դուր գալիս խոսել այդ լեզվով։ Սիմենոնի իմ կարդացած առաջին երկու գրքերը ինձ տվել էր Ջեյնեթ Ֆլեները։ Նա սիրում էր ֆրանսերեն կարդալ եւ Սիմենոնին կարդում էր դեռեւս այն ժամանակներից սկսած, երբ վերջինս ոստիկանական թղթակից էր։

Երեք֊չորս տարվա մեր բարեկամության ընթացքում ես չեմ հիշում թե Գերտրուդ Ստայնը գեթ մեկ անգամ լավ կարծիք հայտնված լինի որեւէ գրողի մասին, բացի այն գրողներից, որոնք գովում էին նրա ստեղծագործությունները կամ որեւէ օգտակար բան էին անում նրա կարիերայի համար։ Բացառություն էին կազմում Ռոնալդ Ֆերբենկը եւ ավելի ուշ՝ Սկոտ Ֆիցջերալդը։ Երբ ես ծանոթացել էի նրա հետ, նա Շերվուդ Անդերսոնի մասին չէր խոսում որպես գրողի, բայց դրա փոխարեն նրան փառաբանում էր՝ որպես մարդ, հատկապես գովում էր նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, նրա բարությունն ու հմայքը։ Ինձ չէին հետաքրքրում նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, բայց շատ էին դուր գալիս նրա որոշ պատմվածքները։ Դրանք գրված էին պարզ ու հասարակ, հաճախ հիանալի, եւ նա ճանաչում ու շատ էր սիրում այն մարդկանց, որոնց մասին գրում էր։ Միսս Ստայնը չէր ցանկանում զրուցել նրա պատմվածքների շուրջը, եւ նրա մասին խոսում էր միայն որպես մարդու։

— Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա վեպերի մասին,— հարցրի ես նրան։

Նա չէր ցանկանում խոսել Անդերսոնի ստեղծագործության, ինչպես նաեւ Ջոյսի մասին։ Բավական էր միայն երկու անգամ հիշատակել Ջոյսին, եւ ձեզ այլեւս երբեք չէին հրավիրի այդ տունը։ Դա նույնքան անտակտ բան էր, որքան եւ մի գեներալի հետ զրուցելիս մյուսի մասին լավ կարծիք հայտնելը։ Մեկ անգամ սխալ թույլ տալով, դուք այլեւս չեք կարող այն ուղղել։ Սակայն գեներալի հետ զրուցելիս թույլ է տրվում հիշատակել այն մյուս գեներալի անունը, որին նա հաղթել է։ Այս դեպքում ձեր զրուցակից գեներալը կսկի գովել իր ջախջախած գեներալին եւ գոհունակությամբ մանրամասնություններ կվերհիշի, թե ինչպես է ջախջախել նրան։

Անդերսոնի պատմվածքները չափազանց լավն էին հաճելի զրույցի թեմա դառնալու համար։ Ես կարող էի միսս ՍՏայնին ասել, որ Անդերսոնի վեպերը ծայր աստիճան վատն են, բայց այդ եւս անթույլատրելի էր, քանի որ կնշանակեր, թե ես քննադատում եմ նրա առավել նվիրված կողմնակիցներից մեկին։ Երբ Անդերսոնը գրեց ի վերջո «Մութ ծիծաղ» անունը ստացած վեպը, այնքան հիմար, վատ ու մտացածին մի գործ, որ ես չհամբերեցի ու պարոդիա[7] գրեցի, միսս Ստայնը լրջորեն նեղացավ ինձանից։ Ես ինձ թույլ էի տվել հարձակվել մի մարդու վրա, որը նրա շքախմբին էր պատկանում։ Առաջ նա չէր բարկանում։ Եվ ինքը սկսեց գովեստներ շռայլել Շերվուդի հասցեին, երբ նրա՝ գրողի վարկը լիակատար անկում էր ապրում։

Նա Էզրա Պաունդի դեմ զայրացել էր սոսկ նրա համար, որ վերջինս բավականին փութաջան կերպով է նստել փոքրիկ, մաշված եւ հավանաբար բավականին անհարմարավետ աթոռին(որ, հնարավոր է, հենց հատուկ նրա համար էլ դրել էին), եւ այդ աթոռը չեմ հիշում ճաքել էր, թե ջարդվել։ Իսկ այն, որ նա մեծ պոետ էր, նրբազգաց ու ազնիվ մարդ եւ, անշուշտ, կարող էր նստել սովորական աթոռին, դա ուշադրության չի առնվել։ Էզրայի նկատմամբ նրա անբարյացկամության՝ մեծ ու չարաշունչ արվեստով շարադրված պատճառները հնարվել են շատ տարիներ անց։

Երբ մենք Կանադայից վերադարձել եւ բնակություն էինք հաստատել Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցում, եւ միսս Ստայնն ու ես դեռեւս լավ բարեկամներ էինք, ահա հենց այդ օրերին էլ նա արտասանեց իր դարձվածքը կորած սերնդի մասին։ Այն տարիներին միսս Ստայնին պատկանող «Թ» մոդելի հին «ֆորդի» վառոցքի հետ ինչ֊որ բան էր պատահել, եւ ջահել մեքենագետը, որը ընդամենը մեկ տարի ռազմաճակատում ծառայելուց հետո այժմ աշխատում էր գարաժում, չէր կարողացել կարգի բերել այն, իսկ գուցե եւ չէր ցանկացել արտահերթ նորոգել նրա «ֆորդը»։ Մի խոսքով, նա չէր դրսեւորել բավականաչափ serieux[8], եւ միսս Ստայնի բողոքից հետո գարաժի տերը նրան խիստ նկատողություն էր հայտարարել։ Տերը նրան ասել էր․ «Դուք բոլորդ génération perdue եք»։

— Ահա թե դուք ինչ եք։ Դուք բոլորդ՝ պատերազմում եղած ամբողջ երիտասարդությունը, այդպիսին եք,— ասաց միսս Ստայնը,— դուք կորած սերունդ եք։

— Դուք այդպե՞ս եք կարծում,— հարցրի ես։

— Այո, այո,— պնդեց նա,— դուք հարգանք չունեք ոչ մի բանի նկատմամբ։ Դուք բոլորդ կխմեք—կկործանեք ձեզ…

— Իսկ այդ մեքենագետը հարբա՞ծ էր։

— Իհարկե ոչ։

— Իսկ ինձ դուք երբեւէ հարբած տեսե՞լ եք։

— Ոչ, բայց ձեր բարեկամները հարբեցողներ են։

— Եղել է, որ ես լավ խմել եմ,— ասացի,— բայց ձեզ մոտ ես երբեք հարբած չեմ եկել։

— Իհարկե ոչ։ Ես այդպիսի բան չասացի։

— Հավանաբար ձեր այդ մեքենագետի տերը ժամը 11֊ին արդեն հարբած է եղել․ հենց դրանից էլ նա այդպիսի հիանալի աֆորիզմներ է ասել։

— Չվիճեք ինձ հետ, Հեմինգուեյ․ դա ոչինչ չի տա։ Գարաժի տերը ճիշտ է․ դուք բոլորդ կորած սերունդ եք։

Ավելի ուշ, երբ ես գրել էի իմ առաջին վեպը, փորձեցի միսս Ստայնի՝ գարաժում լսած դարձվածքը որեւէ կերպ համադրել «Գիրք ժողովի» խոսքերի հետ։ Բայց այն գիշեր տուն վերադառնալով, ես մտածում էի գարաժի երիտասարդ մեքենագետի մասին եւ այն մասին, որ գուցե նրան տարել են սանիտարական մեքենայի վերածած հենց մի այդպիսի «ֆորդով»։ Ես հիշում եմ, ինչպես էին վառվում նրանց արգելակները, երբ նրանք, վիրավորներով լցված, ամենափոքր արագությամբ իջնում էին լեռնային ուղիներով եւ հարկ էր լինում միացնել հետեւի հաղորդակը, հիշում եմ նաեւ, թե ինչպես էին վերջին մեքենաները դատարկ գլորում զառիթափն ի վրա, որովհետեւ նրանց փոխարինել էին հուսալի գլխավոր հաղորդակ ու անկոճղակ արգելակներ ունեցող մեծ «ֆիատներով»։ Ես մտածում էի միսս Ստայնի, Շերվուդ Անդերսոնի մասին, էգոիզմի մասին եւ այն մասին, թե որն է ավելի լավ՝ հոգեւոր ծուլությո՞ւնը, թե՞ կարգապահությունը։ Հետաքրքիր է, մտածում էի ես, մեզանից ո՞վ է կորած սերունդը։ Ես արդեն մոտեցել էի «Կլոզերի դե Լիլային»։ Լույսը ընկել էր իմ հին բարեկամի՝ մարդալ Նեյի արձանի վրա, եւ ծառերի ստվերը նստել էր նար մերկացրած թրի բրոնզին։ Կանգնած է մեն֊մենակ եւ թիկունքում ոչ ոք չունի։ Ա՜խ, ինչպես նրա բախտը չժպտաց Վաթերլոոյի օրը։ Եվ ես մտածեցի, որ բոլոր սերունդներն էլ ինչ֊որ չափով կորած են․ այդպես եղել է եւ այդպես կլինի։ Ես մտա «Լիլա», որպեսզի նա այդպես մեն֊մենակ չլինի եւ նախքան տուն՝ սղոցարանի վերին հարկում գտնվող սենյակս կգնայի, սառը գարեջուր խմեցի։ Բայց գարեջրի շուրջը նստած, ես նայում էի արձանին ու վերհիշում, թե Նեյը քանի օր է մարտնչել արիերգարդում, երբ նահանջում էր Մոսկվայից, որտեղից Նապոլեոնը Կոլենկուրի հետ մեկնել էր կառեթով։ Ես մտածում էի, թե ինչ լավ ու հոգատար բարեկամ է միսս Ստայնը եւ թե նա որքան գեղեցիկ է պատմում Ապոլիների ու նրա մահվան մասին՝ 1918 թվականին, հաշտության օրը, երբ ամբոխը գոռում էր «A bas Guillaume»[9], իսկ զառանցանքի մեջ գալարվող Ապոլիներին թվացել է, թե այդ բացականչությունները իրեն են վերաբերում, եւ ես մտածեցի, որ ամեն ինչ կանեմ միսս Ստայնին օգնելու համար եւ կաշխատեմ, որ նրան արժանին հատուցեն նրա արած ամբողջ բարության համար․ վկա են աստված ու Մայք Նեյը։ Բայց թող սատանայի ծոցը կորչեն նրա խոսակցությունները կորած սերնդի մասին եւ այդ բոլոր էժան, կեղտոտ պիտակները։ Երբ տուն հասա, բակ մտա, բարձրացա սանդուղքներով եւ տեսա կնոջս, տղայիս ու նրա Ֆ․ փիսա կատվին, որոնք շատ երջանիկ էին վառվող բոխարիկի մոտ, ես կնոջս ասացի․

— Գիտե՞ս, Գերտրուդը, այնուամենայնիվ, շատ լավ կին է։

— Իհարկե, Տետի։

— Բայց նա հաճախ դատարկ բաներ է ասում։

— Ես չեմ լսում, թե նա ինչ է ասում,— ասաց կինս,— չէ որ ես քո կինն եմ։ Ինձ հետ զրուցում է նրա ընկերուհին։

«Շեքսպիր եւ ընկերություն»

Այն օրերին ես գիրք գնելու փող չունեի։ Գրքեր վերցնում էի Օդեոն փողոցի № 12֊ից, Սիլվիա Բիչի «Շեքսպիր եւ ընկերություն» գրախանութից, որը միաժամանակ նաեւ գրադարան էր։ Փողոցից հետո, որտեղ ցուրտ քամին էր ոռնում, այդ գրադարանը՝ մեծ վառարան, սեղաններ ու գրադարակներ ունեցող, ցուցանակում նոր գրքերով, հայտնի գրողների՝ ողջ ու մեռած գրողների լուսանկարներով այդ գրադարանը հատկապես տաք ու հարմարավետ էր թվում։ Բոլոր լուսանկարները սիրող լուսանկարչի աշխատանքներ էին թվում, եւ նույնիսկ մեռած գրողները այնպիսի տեսք ունեին, ասես դեռ ապրում են։ Սիլվիան շարժուն, հստակորեն քանդակված դեմք ուներ, գազանիկի նման արագաշարժ եւ ջահել աղջկա նման ուրախ խաժ աչքեր, մաքուր ճակատից հետ նետած ալիքաձեւ շագանակագույն մազեր, որոնք կտրված էին ականջներից ներքեւ, նրա մահուդե դարչնագույն ժակետի օձիքի մակարդակին հավասար։ Նա գեղեցիկ ոտքեր ուներ, բարեսիրտ էր, ուրախ, հետաքրքրասեր եւ սիրում էր կատակել ու զրուցել։ Եվ նրանից ավելի լավ ինձ հետ ոչ ոք երբեք չի վերաբերվել։

Երբ առաջին անգամ եկա նրա հաստատությունը, ինձ շատ քաշված էի պահում․ փողս չէր հերիքում գրադարանին անդամագրվելու։ Սիլվիան ասաց, որ գրավը կարող եմ մուծել ավելի ուշ, երբ ինձ հարմար լինի, իմ անունով քարտ բացեց եւ առաջարկեց այնքան գիրք վերցնել, որքան ցանկանում եմ։

Նա ոչ մի հիմք չուներ ինձ վստահելու, նա ինձ չէր ճանաչում, իսկ հասցես, որ ես նրան ասացի՝ կարդինալ Լեմուանի փողոց, թիվ 74, խոսում էր միայն աղքատության մասին։

Եվ այսուամենայնիվ Սիլվիան հմայիչ, սիրալիր ու հրապուրիչ էր, եւ նրա թիկունքի ետեւում դեպի առաստաղն էին բարձրանում եւ պատուհաններով դեպի բակը նայող հարեւան սենյակն էին ձգվում անթիվ դարակներ՝ գրադարանի ամբողջ հարստությամբ հանդերձ։

Ես սկսեցի Տուրգենեւից, վերցրի «Որսորդի հուշերի» երկու հատորը եւ, եթե չեմ սխալվում, Դ․ Գ․ Լոուրենսի վաղ շրջանի վեպերից մեկը՝ «Զավակներն ու սիրեկանները», բայց Սիլվիան ինձ առաջարկեց վերցնել եւս մի քանի գիրք։ Ես ընտրեցի «Պատերազմ եւ խաղաղությունը» Կոնստանս Հարնետի թարգմանությամբ եւ Դոստոեւսկու «Խաղամոլն» ու մյուս պատմվածքները։

— Եթե դուք նպատակադրվել եք այս բոլորը կարդալ, ապա նորից շուտ չեք գա այստեղ,— ասաց Սիլվիան։

— Ես կգամ վճարելու,— պատասխանեցի,— ես տանը փող ունեմ։

— Ես դա նկատի չունեի,— ասաց նա,— վճարեցեք, երբ ձեզ հարմար կլինի։

— Ջոյսը ե՞րբ է ձեզ մոտ լինում,— հարցրի ես։

— Որպես կանոն՝ օրվա վերջին,— պատասխանեց նա,— մի՞թե դուք նրան երբեք չեք տեսել։

— Մենք նրան տեսանք, երբ ընտանիքով ճաշում էր Միշոյի մոտ,— ասացի ես,— բայց դա թանկ ռեստորան է եւ անքաղաքավարություն է մարդկանց դեմքին նայել, երբ նրանք ճաշում են։

— Դուք տա՞նն եք ճաշում։

— Ամենից հաճախ տանը,— պատասխանեցի,— մենք լավ խոհարարուհի ունենք։

— Ձեր տան մոտ կարծեմ ոչ մի ռեստորան չկա։

— Չկա։ Դուք որտե՞ղից գիտեք։

— Լարբոն այնտեղ է ապրել,— ասաց,— մյուս բոլոր բաներում նրան այնտեղ դուր էր գալիս։

Մեզ ամենամոտ էժան ռեստորանը Պանթեոնի կողքին է։

— Ես չգիտեմ ձեր շրջանը։ Մենք տանն ենք ճաշում։ Մի օր մեզ մոտ եկեք ձեր կնոջ հետ։

— Դուք դեռ մի՛ հրավիրեք։ Չէ որ ես դեռ չեմ վճարել ձեզ։ Համենայն դեպս շնորհակալություն։

— Կարդացեք, կարող եք չշտապել,— ասաց նա։

Կարդինալ Լեմուանի փողոցի վրա գտնվող մեր տունը երկու սենյականոց բնակարան էր, առանց տաք ջրի ու կոյուղու, որին փոխարինում էր բաքը, որը սակայն առանձնապես մեծ անհարմարություն չէ նրանց համար, ովքեր սովոր են ուղիղ բակում գտնվող միչիգանյան զուգարաններին։ Բայց տան պատուհաններից հրաշալի տեսք էր բացվում։ Գետնին դրված էր զսպանակավոր մի լավ ներքնակ, որը ծառայում էր որպես հարմարավետ անկողին, պատերից կախված էին նկարներ, որոնք մեզ դուր էին գալիս, եւ բնակարանը թվում էր լուսավոր ու հարմարավետ։

Գրքերը թեւիս տակ տուն վերադառնալով, ես կնոջս պատմեցի, թե ինչպիսի հիանալի տեղ եմ գտել։

— Բայց, Տետի, դու հենց այսօր էլ պետք է գնաս այնտեղ եւ փողը տաս,— ասաց նա։

— Դե իհարկե,— ասացի,— մենք միասին կգնանք։ Հետո մենք կիջնենք դեպի գետը եւ գետափին կզբոսնենք։

— Եկ ավելի լավ է քայլենք Սենայի փողոցով, մտնենք նկարավաճառների բոլոր կրպակներն ու դիտենք խանութների ցուցափեղկերը։

— Անպայման։ Մենք կարող ենք զբոսնել որտեղ ցանկանանք, իսկ հետո կմտնենք որեւէ նոր սրճարան, որտեղ մենք ոչ ոքի չենք ճանաչում եւ որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում ու մեկական գավաթ կխմենք։

— Կարելի է նույնիսկ երկուական։

— Հետո մենք որեւէ տեղ կընթրենք։

— Այ, այդ մեկը չեղավ։ Մի՛ մոռանա, որ մենք պետք է վճարենք գրադարանին։

— Որ այդպես է, ընթրելու համար տուն կվերադառնանք, իսկական խնջույք կկազմակերպենք եւ «բոն» կվերցնենք դիմացի խանութից․ տեսնո՞ւմ ես ցուցափեղկում «բոնի» շիշը։ Այնտեղ գինն էլ է նշված։ Իսկ հետո մենք կկարդանք եւ կպառկենք անկողնում ու կսիրենք իրար։

— Ես մենք միշտ կսիրենք միայն իրար, ուրիշ ոչ ոքի։

— Այո, միշտ։

— Ի՜նչ հրաշալի օր է ու երեկո։ Իսկ այժմ վատ չէր լինի, եթե ճաշեինք։

— Սարսափելի ուտել եմ ուզում,— ասացի,— սրճարանում ես աշխատել եմ միայն café créme֊ով[10]։

— Գործդ ո՞նց էր, Տետի։

— Իմ կարծիքով՝ լավ։ Ինձ այդպես է թվում։ Ճաշին ի՞նչ ունենք։

— Մատղաշ բողկ եւ կարտոֆիլի պյուրեով հրաշալի foie de veau[11] ու սալաթ։ Խնձորի կարկանդակ։

— Եվ այժմ մենք կունենանք մեր ցանկացած յուրաքանչյուր գիրքը ու այդ գրքերը մեզ հետ կվերցնենք, եթե որեւէ տեղ մեկնենք։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե։

— Իսկ նրա մոտ Հենրի Ջեյմս է՞լ կա։

— Իհարկե։

— Ի՜նչ լավ է,— ասաց նա,— մեր բախտը բանեց, որ դու գտար այդ տեղը։

31 — 36 էջերն բացակայում են։

անցկացրի ծրագիրը։ Այդ օրը ձիարշավը տեղի էր ունենալու Էնգիենում՝ փոքրիկ, համակրելի եւ մի քիչ էլ խարդախաբարո ձիարշավարանում, որը աուտսայդերների[12] ապաստարանն էր։

Նշանակում է, երբ ես աշխատանքս ավարտեմ, մենք ձիարշավարան կգնանք։ Տորոնտյան թերթը, որի համար ես գրում էի, մի քիչ հոնորար էր ուղարկել, եւ մենք որոշեցինք գրազ գալ որեւէ մութ ձիու[13] վրա, որից կարելի է մի կարգին գումար շահել։ Կինս մի անգամ Օտեյլում Ոսկե Այծ մականունով ձիու համար գրազ էր բռնել, դնելով մեկի դիմաց հարյուր քսան, եւ ձին արդեն քսան մարմնով առաջ էր անցել, բայց վերջին արգելքի մոտ ընկել էր, մեզ անվերադարձորեն զրկելով խնայողություններից, որոնք մեզ կես կարի կբավարարեին։ Մենք աշխատում էինք չհիշել այդ մասին։ Այն տարի, մինչեւ Ոսկե Այծի հետ պատահած դեպքը, մենք շարունակ շահում էինք։

— Իսկ մենք փող ունե՞նք իսկապես խաղալու համար, Տետի,— հարցրեց կինս։

— Ոչ։ Անհրաժեշտ է հաշվել եւ ծախսել ճիշտ այնքան, որքան մենք կվերցնենք մեզ հետ։ Բայց գուցե դու ցանկանում ես այդ գումարը որեւէ ա՞յլ բանի վրա ծախսել։

— Ինչ ասեմ…— պատասխանեց կինս։

— Հասկանում եմ։

Այն տարիներին մենք շատ դժվար էինք ապրում, եւ ես գծուծ էի։

— Ոչ,— ասաց նա,— բայց…

Ես գիտեի, թե որքան խիստ էի ծախսերի հարցում եւ թե որքան վատ էր դասավորվել ամեն ինչ։ Կարիքը չի դառնացնում նրան, ով աշխատում է եւ բավարարություն ստանում աշխատանքից։ Լողասենյակները, ցնցուղները եւ տաք զուգարանները ես այնպիսի հարմարանքներ էի համարում, որոնք գոյություն ունեն մեզանից բոլոր տեսակետից ցածր կանգնած մարդկանց համար, իսկ մեզ դրանք գոհունակություն էին պատճառում միայն ճանապարհորդությունների ժամանակ, եւ մենք հաճախ էինք ճանապարհորդում։ Իսկ սովորական օրերի համար գետի մոտ, փողոցի ծայրին, բաղնիսներ կային։ Կինս երբեք չէր գանգատվում այդ բոլորից ճիշտ այնպես, իչնպես եւ լաց չեղավ, երբ Ոսկե Այծը ընկավ։ Հիշում եմ, նա լաց եղավ, որովհետեւ ափսոսաց ձիուն, այլ ոչ թե դրամը։ Ես ինձ հիմար կերպով պահեցի, երբ նրան ցիգեյկայի գորշագույն բաճկոնակ էր պետք, բայց երբ նա գնեց այդ բաճկոնակը, այն ինձ շատ դուր եկավ։ Ես ինձ հիմար էի պահել նաեւ այլ դեպքերում։ Բայց այդ ամենը աղքատության դեմ մղվող պայքարի հետեւանքն էր, աղքատության, որը կարելի է հաղթել, եթե փողը չվատնես։ Հատկապես, երբ հագուստեղենի փոխարեն նկարներ ես գնում։ Բայց բանն այն է, որ մենք մեզ ամենեւին էլ աղքատ չէինք համարում։ Մենք պարզապես չէինք ցանկանում հաշտվել այդ մտքի հետ։ Մենք մեզ դասում էինք ընտրյալների թվին, իսկ նրանք, որոնց մենք վերեւից ներքեւ էինք նայում, եւ որոնց ամենայն իրավունքով չէինք վստահում, հարուստ էին։ Ինձ միանգամայն բնական էր թվում այն, որ տաք լինելու համար ներքնաշապիկի փոխարեն սվիտր էին հագնում։ Դա տարօրինակ էր թվում միայն հարուստներին։ Մենք սնվում էինք լավ ու էժան, խմում էինք լավ ու էժան, լավ քնում էինք եւ միասին տաք էինք զգում ու սիրում էինք միմյանց։

— Իմ կարծիքով պետք է գնալ,— ասաց կինս,— շատ վաղուց է, որ ձիարշավներում չենք եղել։ Մեզ հետ ուտելու որեւէ բան վերցնենք ու մի քիչ գինի։ Ես լավ բուտերբրոդներ կպատրաստեմ։

— Մենք գնացքով կգնանք եւ, ի դեպ, դա էժան է։ Բայց եթե դու գտնում ես, որ մենք չպետք է գնանք, արի չգնանք։ Այսօր հիանալի օր է։

— Իմ կարծիքով, պետք է գնալ։

— Իսկ գուցե քեզ համար ավելի հաճելի կլինի փողը որեւէ այլ բանի վրա ծախսե՞լ։

— Ոչ,— գոռոզամտորեն պատասխանեց նա։ Նրա ցցուն այտոսկրները ասես թե ստեղծված էին հենց գոռոզամտության համար,— վերջ ի վերջո ո՞վ ենք մենք։

Մենք գնացք նստեցինք Հյուսիսային կայարանում, անցանք քաղաքի ամենակեղտոտ ու ամենատխուր մասը եւ կառամատույցից ոտքով հասանք ձիարշավարանի օազիսը։ Դեռեւս շատ վաղ էր, մենք իմ անձրեւակալը փռեցինք նոր հնձած կանաչի վրա, նստեցինք ու նախաճաշեցինք։ Գինին խմում էինք ուղղակի շշից եւ նայում էինք հին տրիբունաներին, տոտալիզատորի փայտե դարչնագույն փայլին, ճերմակացրած քարե պարսպին, սպիտակ սյուներին ու ճաղերին, կանաչ ծառերի տակ գոյացած պադդոկներին[14] եւ այն առաջին ձիերին, որոնց դուրս էին բերում այնտեղ։ Մենք մի քիչ էլ գինի խմեցինք եւ ուշադիր ուսումնասիրեցինք ձիարշավի ծրագիրը։ Կինս պառկեց անձրեւակալի վրա մի քիչ ննջելու, դեմքը հառելով արեւին։ Ես գնացի դեպի տրիբունաները եւ շուտով հանդիպեցի մի մարդու, որին ճանաչում էի դեռեւս Միլանում եղածս օրերին։ Նա ինձ խորհուրդ տվեց գրազ բռնել երկու ձիերի վրա, մատնացույց անելով դրանց։

— Նրանք, իհարկե, ոսկու տակառ չեն, բայց չվախենաք խաղագումար դնելուց։

Դրանցից առաջինի վրա գրազ բռնելով, մենք դրեցինք մեր փողի կեսը, որ միտք ունեինք ծախսել, եւ այն մեզ շահույթ բերեց մեկի դիմաց տասներկու հաշվով։ Ձին լավ հաղթահարեց արգելքները, ճանապարհի հեռավոր ծայրում առաջ անցնելով մյուսներից, ֆինիշին հասավ նրանցից չորս մարմնով շուտ։ Մենք պահեցինք շահույթի կեսը, իսկ մյուս կեսը ներդրեցինք մյուս ձիու օգտին, որը իսկույն առաջ սլացավ, հաղթահարեց բոլոր դժվարությունները, սակայն հարթ ճանապարհին քիչ էր մնում տանուլ տար․ ֆավորիտը յուրաքանչյուր ցատկի հետ հասնում էր նրան, եւ երկու հեծնորդների խարազաններն էլ աշխատում էին անընդհատ։

Մենք գնացինք տրիբունաների տակ գտնվող ճաշարանում մի֊մի գավաթ շամպայն խմելու եւ սպասելու, մինչեւ հայտարարեն շահույթները։

— Այսուամենայնիվ, ձիարշավները սարսափելի քամում են մեզ,— ասաց կինս,— դու տեսա՞ր, այն ձին քիչ էր մնացել առաջինը հասներ։

— Սիրտս մինչեւ հիմա էլ դողում է։

— Որքա՞ն են վճարելու։

— Արժենշումը մեկի դիմաց տասնութ է եղել, բայց հնարավոր է՝ վերջին րոպեին նրա օգտին շատ խաղագումարներ են դրել։

Մեր կողքով տարան ձիերին։ Մերը ամբողջովին փրփուրի մեջ էր, նրա ռունգերը լայնացել էին, եւ հեծնորդը շոյում էր նրան։

— Խեղճ ձիուկ,— ասաց կինս,— իսկ մենք միայն խաղագումար ենք դնում դրանց օգտին։

Մենք այնքան նայեցինք, մինչեւ ձիերն անցան, մի֊մի գավաթ եւս շամպայն խմեցինք եւ այդ պահին հայտարարեցին շահույթը՝ 85։ Դա նշանակում էր, որ այդ ձիու համար տասը ֆրանկանոց տոմսի դիմաց վճարում են 85֊ական ֆրանկ։

— Երեւի վերջում այդ ձիու հետ շատերն են հույս կապել,— ասացի ես։

Բայց մենք շատ փող էինք շահել, շատ՝ մեզ համար, եւ այժմ մենք գարուն ունեինք եւ դրան գումարած՝ փող։ Եվ ես մտածեցի, որ մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Այդպիսի օրը, եթե ծախսերի համար մեզնից յուրաքանչյուրի հաշվով առանձնացնեինք շահույթի նույնիսկ մեկ քառորդ մասը, հնարավորություն էր տալիս մյուս կեսն էլ ետ գցել ձիարշավների ֆոնդի համար։ Ձիարշավների ֆոնդը ես գաղտնի էի պահում, մյուս փողերից առանձին։

Այդ նույն տարին, երբ մենք վերադարձել էինք մեր մի ճանապարհորդությունից եւ ձիարշավում մեր բախտը կրկին բանել էր, մի անգամ մենք մտանք Պրյունիեի մոտ, որպեսզի բարում ճաշենք։ Նախապես ծանոթացել էինք ցուցափեղկերի բոլոր հրաշալիքներին, ցուցափեղկեր, որոնցում դրված են գները ցույց տվող պարզորոշ պիտակներ։ Մենք պատվիրեցինք ոստրե ու crabe Mexicaine[15] եւ դրանք խմեցինք մի քանի գավաթ «սանսերա»֊ով։ Վերադարձի ճանապարհին մենք մթության միջով անցանք Թյուիլրիով եւ կանգ առանք, որպեսզի Կարուսելի կամարի միջով նայենք մութ այգիներին, որոնց թանձր մթության ետեւում երեւում էր Համաձայնության լուսավորված հրապարակը, եւ կրակների մի երկար շղթա էր բարձրանում դեպի Հաղթակամարը։ Հետո նայելով Լուվրի մութ բծին, ես ասացի․

— Դու իրո՞ք կարծում ես, որ բոլոր երեք կամարները գտնվում են միեւնույն ուղղաձիգի վրա։ Այս երկուսը եւ Միլանի Սերմիոնի կամարը։

— Չգիտեմ, Տետի։ Ասում են, որ այդպես է եւ հավանաբար իզուր չեն ասում։ Դու հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք մենք մագլցում ձյան միջով եւ Սեն֊Բերնարի իտալական մասում իսկույն ընկանք գարնան գիրքը, ու հետո դու, Չինկը եւ ես ամբողջ օրը գարնան միջով իջնում էինք դեպի Աոստա։

— Չինկը դա անվանեց «կոշիկներով՝ Սեն֊Բերնարի վրայով»։ Հիշո՞ւմ ես այն կոշիկները։

— Իմ խեղճ կոշիկներ։ Իսկ հիշո՞ւմ ես ինչպես մենք «Գալերեայում» մրգի սալաթ կերանք Բիֆիի մոտ եւ «կապրի» խմեցինք ու սառույցով գետնամորի կերանք ապակե բարձր սկահակից։

— Հենց այդ պատճառով է, որ ես մտածեցի երեք կամարների մասին։

— Ես հիշում եմ Սերմիոնի կամարը։ Այն նման է սրան։

— Իսկ հիշո՞ւմ ես պանդոկը Էգլեյում, որտեղ դուք Չինկի հետ ամբողջ օրը այգում կարդում էիք, իսկ ես ձուկ էի որսում։

— Հիշում եմ, Տետի։

Ես հիշեցի Ռոնան, որ նեղ էր, գորշ եւ ուռել էր հալած ձյունաջրերից, հիշեցի երկու գետակները, որոնցում իշխանաձուկ է լինում՝ Ստոկալպերը եւ Ռոնի ջրանցքը։ Ստոկալպերը այն օրը արդեն միանգամայն թափանցիկ էր, բայց Ռոնի ջրանցքում ջուրը դեռեւս պղտոր էր։

— Իսկ հիշո՞ւմ ես, ինչպես էին ծաղկել վայրի շագանակենիները, եւ ես աշխատեցի հիշել գլիցինիայի հետ կապված պատմությունը, որ ինձ պատմել էր կարծեմ Ջիմ Գեմբլը ու ոչ մի կերպ չէի կարողանում հիշել։

— Հիշում եմ, Տետի։ Եվ դուք Չինկի հետ շարունակ խոսում էիք այն մասին, թե գրելուց ինչպես պետք է հասնել ճշմարտության եւ ճիշտ արտացոլել, այլ ոչ թե նկարագրել։ Ես հիշում եմ բոլորը։ Մերթ նա էր ճիշտ, մերթ էլ՝ դու։ Ես հիշում եմ, թե ինչպես էիք դուք վիճում լուսավորության, տեքստուրայի եւ ձեւի շուրջը։

Այդ ժամանակ մենք դուրս էինք եկել Լուվրի դարպասից, անցել էինք փողոցը եւ կանգ առնելով կամրջի վրա, հենվեցինք ցանկապատին ու սկսեցինք դիտել գետը։

— Մենք երեքով վիճում էինք աշխարհում ամեն ինչի մասին եւ միշտ ինչ֊որ շատ կոնկրետ բանի մասին ու ձեռ էինք առնում միմյանց։ Ես հիշում եմ այն ամենը, ինչ մենք արել ենք ու խոսել այն ճանապարհորդության ժամանակ,— ասաց Հեդլին,— ճիշտ եմ ասում։ Բոլորը, բոլորը։ Երբ դուք Չինկի հետ խոսում էիք, ես ետ չէի մնում։ Այնպես չէր, ինչպես միսս Ստայնի մոտ, որտեղ ես սոսկ կին եմ։

— Ափսոս, որ ես չեմ կարողանում հիշել գլիցինիայի հետ կապված այն պատմությունը։

— Դա կարեւոր չէ։ Կարեւորը ինքը՝ գլիցինիան է, Տետի։

— Հիշո՞ւմ ես, Էգլից ես գինի բերեցի մեր տնակը։ Գինին մեզ վաճառել էին հյուրանոցում եւ ասել, որ դա իշխան ձկան հետ լավ է։ Կարծեմ գինին մենք փաթաթել էինք «Գազետ դե Լյուցերն» թերթի մի քանի համարների մեջ։

— Սիոնյան գինին ավելի լավ էր։ Հիշո՞ւմ ես, ինչպես տիկին Գանգեսվիշը կապույտ իշխանաձուկ տապակեց, երբ մենք մեր տնակն էինք վերադարձել։ Ի՜նչ համեղ ձուկ էր, Տետի, եւ մենք սիոնյան գինի խմեցինք, ճաշեցինք հենց խորխորատի վրա կախված պատշգամբում եւ նայում էինք լճին, կիսով չափ ձյունապատ Դան֊դյու֊Միդին, նայում էինք Ռոնայի գետաբերանում բուսած ծառերին, որտեղ գետը թափվում էր լճի մեջ։

— Ձմռանն ու գարնանը մենք միշտ զգում ենք Չինկի կարիքը։

— Միշտ։ Եվ այժմ, երբ ամեն ինչ ետեւում է մնացել, նրա կարիքը ես զգում եմ։

Չինկը կադրային զինծառայող էր եւ Սանդհերստից[16] ընկել էր ուղիղ Մոնս[17]։ Ես նրա հետ ծանոթացել եմ Իտալիայում, եւ նա երկար ժամանակ սկզբում իմ, իսկ հետո մեր լավագույն բարեկամն էր։ Այն ժամանակ նա մեզ հետ էր անցկացնում իր արձակուրդը։

— Նա կփորձի գարնանը արձակուրդ ստանալ։ Այդ մասին անցյալ շաբաթ գրել էր Քյոլնից։

— Գիտեմ։ Բայց այժմ պետք է ապրել այսօրվա օրով եւ օգտագործել նրա յուրաքանչյուր րոպեն։

— Մենք հիմա տեսանք, թե ջուրը ինչպես է խլթխլթում կամրջասյուների մոտ, իսկ այժմ, ես գետի երկայնքով վերեւ նայենք, տեսնենք այնտեղ ինչ է երեւում։

Մենք նայեցինք ու տեսանք ամեն ինչ՝ մեր գետը, մեր քաղաքը, մեր քաղաքի կղզին։

— Մենք լավ բախտ ունենք,— ասաց նա,— ես հուսով եմ, որ Չինկը կգա։ Նա միշտ այնքա՜ն հոգատար է մեր նկատմամբ։

— Նա չի կարծում, թե դա այդպես է։

— Իհարկե։

— Նա կարծում է, թե մենք միասին ենք փնտրում։

— Դա հենց այդպես է։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես փնտրում։

Մենք անցանք կամուրջը եւ հասանք մեր ափը։

— Դու քաղցած չե՞ս,— հարցրի,— թե չէ մենք մի գլուխ քայլում ենք ու զրուցում։

— Իհարկե, քաղցած եմ, Տետի, իսկ դո՞ւ։

— Գնանք որեւէ լաւ ռեստորան եւ արքայավայել ճաշենք։

— Ո՞ւր գնանք։

— Միշոյի մոտ։

— Շատ լավ։ Դա շատ մոտ է։

Մենք քայլեցինք սուրբ Հայրերի փողոցով, հասանք Ժակոբ փողոցի անկյունը, կանգ առնելով ու դիտելով ցուցափեղկերը, որոնցում դրված են նկարներ եւ կահույք։ Մենք մի պահ կանգ առանք Միշոյի ռեստորանի մուտքի առջեւ եւ կարդացինք ճաշացուցակը, որ փակցված էր դռանը։ Միշոյի մոտ ազատ տեղեր չկային, եւ մենք հարկադրված էինք սպասել, մինչեւ որեւէ մեկը գնա, ու մենք հետեւում էինք այն սեղաններին, որոնց արդեն սուրճ էին մատակարարում։

Քայլելուց մենք ավելի էինք քաղցել, իսկ Միշոյի ռեստորանը մեզ համար շատ հրապուրիչ էր ու թանկ։ Այն տարիներին այնտեղ ճաշում էր Ջոյսը իր ընտանիքով։ Նա եւ իր կինը նստել էին պատի մոտ, եւ Ջոյսը ճաշաքարտը աչքերին մոտեցրած, ակնոցի հաստ ապակիների միջով ուսումնասիրում էր։ Նրա կողքին նստել էր Նորան, որը ախորժակով էր ուտում, բայց քիչ, դիմացը՝ Ջորջին, նիհար, կտրիճավարի, ծոծրակի մոտ մազերը հարթ սղալած, եւ Լյուչիան, որը դեռ գրեթե փոքրիկ աղջիկ էր, գանգուր մազերի ծանր դեզով։ Ամբողջ ընտանիքը խոսում էր իտալերեն։

Քանի դեռ կանգնած էինք, ես մտածեցի, թե կարելի՞ է արդյոք պարզապես քաղց անվանել այն, ինչ մենք զգում էինք այնտեղ, կամրջի վրա։ Ես այդ հարցը տվի կնոջս եւ նա ասաց․

— Չգիտեմ, Տետի։ Կան քաղցի բազմաթիվ տարատեսակներ։ Գարնանը դրանք է՛լ ավելի են շատանում։ Բայց այժմ դա արդեն անցել է։ Վերհուշները նույնպես քաղց են։

Ես բթացել էի, եւ նայելով ռեստորանի պատուհանից ու տեսնելով մատուցողին, որ ափսեի մեջ տանում էր երկու teurnedos[18], հասկացա, որ ինձ տանջում է ամենասովորական քաղցը։

— Դու ասացիր, որ այսօր մեր բախտը բանում է։ Դա իրոք այդպես է։ Բայց չէ որ մեզ հուշել էին, թե որ ձիու համար գրազ բռնենք։

Նա ծիծաղեց։

Ես նկատի ունեի ոչ թե ձիարշավը։ Դու իմ բոլոր ասածները հասկանում ես տառացիորեն։ Ես դա ուրիշ մտքով ասացի։

— Իմ կարծիքով Չինկին ձիարշավները չեն հետաքրքրում,— ասացի ես, հաստատելով իմ բթությունը։

— Այո։ Դրանք նրան կհետաքրքրեին միայն այն դեպքում, եթե նա ինքը արհավեր։

— Դու այլեւս չե՞ս ուզում գնալ ձիարշավի։

— Ուզում եմ։ Եվ այժմ մենք կարող ենք գնալ, երբ ցանկանանք։

— Չէ, ճիշտն ասա, ուզո՞ւմ ես։

— Իհարկե։ Չէ որ դու եւս ցանկանում ես։ Չէ՞։

Երբ մենք վերջապես ընկանք Միշոյի մոտ, հրաշալի ճաշեցինք։ Բայց երբ մենք վերջացրինք եւ քաղցի հարցը այլեւս չկար, այն զգացումը, որը կամրջի վրա մենք ընդունել էինք քաղցի տեղ, չանհետացավ եւ ապրեց մեր մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ ավտոբուսով տուն էինք վերադառնում։ Այն չանհետացավ նաեւ այն ժամանակ, երբ մենք մտանք սենյակ եւ պառկեցինք անկողնում։ Այն չանհետացավ նաեւ, երբ մթան մեջ սիրում էինք իրար։ Երբ ես արթնացա եւ բաց պատուհաններից այն կողմ, բարձր տների կտուրներին տեսա լուսնի լույսը, այն ահա այնտեղ էր։ Ես մի կողմ թեքվեցի, որպեսզի լուսինը չլուսավորի իմ դեմքը, բայց արդեն քնել չէի կարող եւ պառկել էի բաց աչքերով ու մտածում էի այդ մասին։ Մենք գիշերվա ընթացքում երկու անգամ արթնացել էինք, բայց այժմ կինս անխռով քնած էր, եւ լուսնի լույսը ընկել էր նրա դեմքին։ Ես ճիգ էի գործադրում հասկանալու, բայց չափազանց բթացած էի։ Բայց չէ որ դեռեւս առավոտյան, երբ ես արթնացել էի, տեսել կեղծ գարունը, լսել այծերին քշող հովվի շվին ու գնացել ձիարշավի առավոտյան ծրագիր ձեռք բերելու, կյանքը այնքա՜ն պարզ էր թվում։

Բայց Փարիզը հին քաղաք է, իսկ մենք երիտասարդ էինք, եւ այնտեղ ամեն ինչ պարզ ու հստակ չէր՝ ե՛ւ աղքատությունը, ե՛ւ անսպասելի հարստությունը, ե՛ւ լոսնի լույսը, ե՛ւ արդարությունը կամ չարիքը, ե՛ւ շնչառությունը նրա, ով լուսնի լույսի տակ պառկած էր կողքիդ։

Մի հրապուրանքի վերջը

Այդ տարի եւ հետագա մի քանի տարիների ընթացքում, առավոտյան աշխատանքս ավարտելուց հետո, մենք միասին շատ անգամ եղանք ձիարշավներին, եւ Հեդլիին այդ դուր էր գալիս, իսկ հաճախ նույնիսկ կլանում էր նրան։ Բայց դա ամենեւին նման չէր նրան, որ մենք բարձրանում էինք անտառների գոտուց այն կողմ ընկած բարձրանիստ մարգագետինները, կամ ուշ երեկոյան վերադառնում մեր պանդոկը, կամ Չինկի՝ մեր լավագույն բարեկամի հետ լեռնանցքով գնում դեպի տակավին անծանոթ վայրերը։ Եվ մեզ հետաքրքրում էր ոչ թե բուն ձիարշավը, այլ խաղալու հնարավորությունը։ Բայց մենք դա անվանեցինք ձիարշավի հրապուրանք։

Ձիարշավները մեզ երբեք չբաժանեցին․ դրան ընդունակ են միայն մարդիկ։ Սակայն երկար ժամանակ ձիարշավը ասես թե մեր մերձավոր ու պահանջկոտ բարեկամն էր։ Համենայն դեպս, հաճելի էր այդպես մտածել։ Եվ ես, որ մարդկանց վրա արդարացիորեն վրդովված էի այն պատճառով, որ նրանք ընդունակ են ամեն ինչ ավերելու, ներողամիտ էի այդ ամենակեղծ, ամենագեղեցիկ, ամենագրավիչ, արատավոր ու պահանջկոտ բարեկամիս նկատմամբ, որովհետեւ նրանից կարելի էր օգուտ ստանալ։ Որպեսզի ձիարշավը եկամտի աղբյուր դառնա, պետք է ամբողջ ժամանակդ նվիրես դրան։ Իսկ ես ժամանակ չունեի։ Բայց ես իմ հրապուրանքը նրանով էի արդարացնում, որ գրում էի դրա մասին, թեեւ այն ամենը, ինչ գրել եմ, ի վերջո կորել է, եւ ձիարշավների մասին իմ պատմվածքներից ընդամենը մեկն է մնացել, որովհետեւ այն խմբագրությունից վերադառնալով, ճանապարհորդում էր փոստից֊փոստ։

Հետո ես ավելի հաճախ սկսեցի մենակ գնալ ձիարշավների, եւ դրանք ինձ ավելի ու ավելի էին գրավում ու ձգում։ Հենց որ հնարավորություն էր ստեղծվում, ես հաճախում էի ե՛ւ Օթեյլի, ե՛ւ Էնգիենի ձիարշավարանները։ Շատ թե քիչ խելացի խաղալու համար անհրաժեշտ էր դրան նվիրել ամբողջ ժամանակդ, բայց միայն դրանով ապրել անհնարին է։ Թղթի վրա կատարած հաշիվները հենց այդպես էլ թղթի վրա էին մնում։ Եվ դրանց արդյունքները կարելի էր իմանալ յուրաքանչյուր լրագրից։

Օթեյլում ստիպլ֊չեզը ամենից լավ կարելի էր դիտել վերին տրիբունաներից եւ հարկադրված էի լինում աստիճաններով վեր բարձրանալ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գալիս ձիերից յուրաքանչյուրը, նկատեմ այն ձիուն, որը կարող էր շահել, բայց չի շահել, եւ հասկանամ, թե ինչու կամ ինչ պատճառով նա չի արել այն, ինչ կարող էր անել։ Անհրաժեշտ էր ամեն անգամ, երբ քո կողմից ուսումնասիրվող ձին վազքի մեջ է, հետեւել խաղագումարներին եւ արժենշումների փոփոխություններին։ Եվ անհրաժեշտ էր հմուտ լինել գնահատելու, թե տվյալ ձին ինչպես է աշխատում, որպեսզի կռահես այն պահը, թե երբ են ախոռի աշխատողները խաղագումար դնելու նրա վրա։ Այս դեպքում եւս նա կարող է տանունլ տալ, բայց դու արդեն գիտես նրա հնարավորությունները։ Դա դժվար խնդիր էր, բայց ի՜նչ հրաշալի բան էր օրեցոր ձիարշավներ տեսնել Օթեյլում, երբ հաջողվում էր խցկվել այնտեղ եւ ներկա լինել հրաշալի ձիերի ազնիվ մրցումներին։ Մինչ այդ, դու արդեն ձիարշավարանը ճանաչում ես հինգ մատիդ պես։ Վերջ ի վերջո դու այնտեղ ձեռք ես բերել բազմաթիվ ծանոթներ՝ հեծնորդներ, վարժեցնողներ, ձիատերեր եւ ճանաչել ես բազում ձիեր ու շատ այլ բաներ։

Որպես կանոն, ես գրազ էի բռնում միայն այն ձիու վրա, որը ճանաչում էի, բայց հաճախ բացահայտում էի այնպիսի ձիեր, որոնց ոչ ոք չէր հավատում վարժեցնողներից ու հեծնորդներից բացի, եւ որոնք շահում էին մրցաելույթը մրցաելույթի ետեւից, իսկ ես էլ խաղագումար էի դնում նրանց օգտին։ Ի վերջո ես դադարեցի ձիարշավ հաճախելուց, որովհետեւ դա չափազանց շատ ժամանակ էր խլում ու կլանում էր ինձ, եւ բացի այդ, ես չափազանց շատ բան գիտեի այն մասին, ինչ տեղի էր ունենում Էնգիենում եւ մյուս ձիարշավարաններում, որտեղ կազմակերպվում էին հարթ ձիարշավներ։

Ես ուրախ էի, որ դադարել եմ ձիարշավներում խաղալուց, բայց ասես ինչ֊որ բան էի կորցրել։ Այն ժամանակ ես արդեն գիտեի, որ երբ կյանքում ինչ֊որ բան վերջանում է, վատ բան լինի, թե լավ, մնում է դատարկությունը։ Սակայն վատ բանից հետո մնացած դատարկությունը ինքն իրենով է լցվում։ Լավից հետո գոյացած դատարկությունը կարելի է լցնել միայն լավագույնը գտնելով։ Ձիարշավների համար նախատեսված դրամը ես մտցրեցի ընդհանուր ֆոնդի մեջ եւ դրանից ինձ թեթեւացած ու լավ զգացի։

Այն օրը, երբ որոշել էի ձեռք քաշել ձիարշավներից, ես գնացի Սենայի մյուս ափը եւ «Գարանտի տրաստ» ընկերության ճանապարհորդական բյուրոյում, որը այն ժամանակ գտնվում էր Իտալական փողոցին եւ Իտալական բուլվարի անկյունում, հանդիպեցի իմ բարեկամ Մայք Ուորդին։ Ես գնացել էի այնտեղ ձիարշավների համար նախատեսված փողը բանկ գցելու նպատակով, բայց ոչ ոքի այդ մասին չէի ասել։ Ես այդ փողը չմտցրի չեկային գրքույկի մեջ, այլ ուղղակի հիշեցի թիվը։

— Գնանք ճաշենք,— առաջարկեցի Մայքին։

— Գնանք, փոքրիկս։ Ես դեմ չեմ։ Ի՞նչ է պատահել։ Միթե դու չես գնալու ձիարշավարան։

— Ոչ։

Լուվուա հրապարակում մենք ճաշեցինք մի շատ լավ, հասարակ ճաշարանում, որտեղ հրաշալի սպիտակ գինի էին մատուցում։ Ճաշարանի դիմաց գտնվում էր Ազգային գրադարանը։

— Մայք, չէ՞ որ դու հաճախ չես լինում ձիարշավներին,— հարցրի ես։

— Ոչ։ Ես արդեն վաղուց է, ինչ չեմ եղել ձիարշավարանում։

— Իսկ ինչո՞ւ այլեւս չես հաճախում։

— Չգիտեմ,— պատասխանեց Մայքը,— ինչեւէ, գիտեմ, եթե տեսարանը քեզ կլանում է միայն այն պատճառով, որ դու փող ես մուծել այդտեղ, նշանակում է չարժե այն դիտել։

— Եվ դու այլեւս ձիարշավարան չե՞ս գնում։

— Մեկ֊մեկ գնում եմ։ Երբ մեծ ձիարշավներ են լինում, լավագույն ձիերի մասնակցությամբ։

Մենք պաշտետը քսեցինք համեղ հացին, որ մատուցում էին ճաշարանում եւ վրայից սպիտակ գինի խմեցինք։

— Իսկ դու առաջ ձիարշավով հրապուրվո՞ւմ էիր, Մայք։

— Այո, իհարկե։

— Իսկ ի՞նչն է, քո կարծիքով, դրանից ավելի հետաքրքիր։

— Մոտովազքը։

— Մի՞թե։

— Այնտեղ պարտադիր չէ խաղալ։ Այ կտեսնես։

— Ձիարշավները շատ ժամանակ են խլում։

— Չափազանց շատ։ Դրանք խլում են քո ամբողջ ժամանակը։ Եվ այնտեղ հավաքվող բազմությունն էլ ինձ դուր չի գալիս։

— Ես դրանով շատ եմ հրապուրվել։

— Գիտեմ։ Դու չես վառվե՞լ։

— Ոչ։

— Իսկը ժամանակն է թողնելու,— ասաց Մայքը։

— Դե, ես էլ թողել եմ։

— Դա հեշտ բան չէ։ Լսիր, փոքրիկս, եկ մի օր գնանք մոտովազքի։

Մոտովազքը հիանալի նորություն էր, ինձ գրեթե անծանոթ։ Բայց իսկույն չէ, որ մենք հրապուրվեցինք դրանով։ Դա տեղի ունեցավ ավելի ուշ։ Այն մեծ դեր խաղաց մեր կյանքում, երբ փարիզյան առաջին փուլը անվերադարձ կերպով ավարտվել էր։

Բայց երկար ժամանակ մեզ համար լավ էր ապրել Փարիզի մեր մասում, ձիարշավարանից հեռու, եւ հույս դնել ինքներս մեզ վրա, մեր աշխատանքի վրա, մեր ծանոթ նկարիչների վրա, փոխանակ օրվա ապրուստը խաղով հոգալու եւ դա այլ կերպ անվանելու։ Ես մոտովազքերի մասին շատ պատմվածքներ եմ սկսել, բայց այդպես էլ չավարտեցի ոչ մի այնպիսի պատմվածք, որը կարողանար համեմատվել փակ կամ բաց վազքուղիներում կամ խճուղու վրա տեղի ունեցող բուն մրցումների հետ։ Բայց ես այնուամենայնիվ ցույց կտամ ե՛ւ Ձմեռային մոտո֊արշավարանը՝ անցնող օրվա մշուշի մեջ, ե՛ւ փայտե դիք վազքուղին, ե՛ւ դողերի առանձնահատուկ սվվոցը, երբ նրանք քսվում են փայտին, ե՛ւ վարորդների լարվածությունն ու նրանց հնարանքները, երբ իրենց մեքենաներին ձուլված վեր են սլանում կամ նետվում ներքեւ, ցույց կտամ demi֊fond֊ի[19] ամբողջ հմայքը, ետնանիվավոր հռնդացող մոտոցիկլները, ե՛ւ նրանց՝ պաշտպանիչ ծանր սաղավարտներով ու կաշվե ներշնչուն բաճկոններով, entraîneurs[20]֊ներին, որ նստում էին ուսերը շտկած, որպեսզի հանդիպակաց օդի, հոսանքից պաշտպանեն ավելի թեթեւ սաղավարտ դրած վարորդներին, որոնք ղեկին հակված ամեհի արագությամբ պտտում են ատամնավոր հսկայական հաղորդակները, որպեսզի առջեւի փոքրիկ անիվը ետ չմնա մոտոցիկլի ետեւի անիվներից, որոնց համար առաջինը ճեղքում է օդը, ցույց կտամ ե՛ւ մոտորների հռնդյունը, ե՛ւ վարորդների շնչակտուր մրցավազքը, որոնք արմունկ֊արմունկի, անիվն անիվին քսելով, վեր ու վար շարունակ առաջ են սուրում կատաղի արագությամբ, մինչեւ որ որեւէ մեկը կորցնելով թափը, ետ մնա լիդերից եւ զարնվի օդի կոշտ շերտին, որից նա մինչ այդ պաշտպանված էր։

Մոտովազքը բազմաթիվ ձեւեր ունի։ Անջատ֊անջատ ստարտով սովորական սպրինտը կամ մատչային վազքերը, երբ երկու վարորդներ իրենց մեքենաների վրա երկար վայրկյանների ընթացքում հավասարակշռվում են, ստիպելով, որ ախոյանը առաջինը սկսի վազքը, հետո մի քանի դանդաղ շրջապտույտ են կատարում եւ վերջապես մոլեգնորեն նետվում գլխապտույտ արագության մեջ։ Բացի այդ, կան նաեւ ցերեկային երկժամյա թիմային վազքեր որոնց դեպքում սպրինտ ձեւի մի քանի վազք է կատարվում՝ ժամանակը լրացնելու համար։ Կան նաեւ բացարձակ արագության անհատական մրցումներ, երբ վարորդը մի ժամ շարունակ մրցում է վայրկենացույցի սլաքի հետ։ Վերջապես, շատ վտանգավոր, բայց եւ շատ գեղեցիկ մրցումներ՝ հարյուր կիլոմետրի վրա փայտե թեք վազքուղով «Բուֆֆալո»֊յի հինգ հարյուր մետրանոց գոգավոր, բացօթյա ստադիոնում, որ գտնվում է Մոնրուժում, որտեղ վարորդները ընթանում էին ծանր մոտոցիկլերի ետեւից։ Մենք տեսանք Լինարին՝ բելգիացի նշանավոր չեմպիոնին, որին դեմքի պատճառով ՍիուՔաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag;

refs with no name must have content էին անվանել, եւ որը, վազքի վերջում ավելացնելով առանց այն էլ կատաղի արագությունը, գլուխը թեքում էր եւ իր մայկայի տակ գտնվող ռետինե պարկին միացրած խողովակից կոնյակ ծծում։ Տեսանք նաեւ Ֆրանսիայի չեմպիոնատը՝ լիդերի ետեւից վազքերի գծով, որ տեղի ունեցավ Օթեյլի մոտ գտնվող Արքայազնի այգում վեց հարյուր վաթսուն մետրանոց բետոնե վազքուղու վրա, ամենախարդախ վազքուղին, որտեղ մեր աչքի առջեւ ջախջախվեց մեծ Գանեն, եւ մենք լսեցինք պաշտպանիչ սաղավարտի տակ ջարդվող գանգի ճքճքոցը, ասես զբոսախնջույքի ժամանակ ինչ֊որ մեկը պինդ եփած ձու է կոտրել՝ քարին խփելով։ Ես պետք է նկարագրեմ վեցօրյա մոտովազքերի արտասովոր աշխարհը եւ լեռներում տեղի ունեցած խճուղային զարմանալի վազքերը։ Ֆրանսերենը միակ լեզուն է, որ կարող է արտահայտել այդ ամենը, որովհետեւ բոլոր տերմինները ֆրանսերեն են։ Ահա թե ինչու այդքան դժվար է դրա մասին գրել։ Մայքը ճիշտ էր ասում։ Մոտովազքերը լավ են նաեւ առանց տոտալիզատորի։ Բայց դա արդեն վերաբերում է Փարիզում անցկացրած իմ կյանքի մյուս փուլին։
  1. Տաղավար է Լուվրի մոտ գտնվող Թյուիրի այգում, որտեղ այժմ գտնվում է իմպրեսիոնիստ նկարիչների թանգարանը։
  2. Նահանգ Հյուսիս֊արեւելյան Իտալիայում։
  3. Այս արտահայտությունը տվյալ դեպքում նշանակում է «բանի պետք չէ», «չի գնա»։
  4. Մի արտահայտություն, որ տվյալ դեպքում նշանակում է «ընդունելի»։
  5. Կորած սերունդ (ֆրանս․)։
  6. «Համար 1 ջրաելակը» եւ «Տունը ջրանցքի վրա» (ֆրանս․)։
  7. «Գարնանային առվակներ»։
  8. Լրջություն (ֆրանս․)։
  9. Կորչի Վիլհելմը (ֆրանս․)։
  10. Սերով սուրճ (ֆրանս․)։
  11. Հորթի լյարդ (ֆրանս․)։
  12. Վարգաձի, որը սակայն ֆավորիտ չէ։
  13. Մութ ձի (սպորտ․)— հաղթելու հնարավորություններ չունեցող ձի, որը, սակայն, հակառակ սպասածի, մրցանակ է շահում։
  14. Պադդոկ (անգլ․)— ձիարշավարանի տերիտորիայում գտնվող փոքրիկ արոտավայր, մարգագետին։
  15. Կրաբներ մեքսիկական ձեւով (ֆրանս․)։
  16. Անգլիական սպաների դպրոց։
  17. Մոնսի ճակատամարտը (1914 թ․ օգոգտոսի 23—25)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիների եւ գերմանացիների միջեւ տեղի ունեցած առաջին ճակատամարտը, որը վերջացավ անգլիացիների պարտությամբ։
  18. Ռուլետի նման փաթաթած տավարի ֆիլե (ֆրանս․)։
  19. Վազք լիդերների ետեւից (ֆրանս․)։
  20. Լիդերներ (ֆրանս․)։