Գյուղի խենթը

Գրապահարան-ից
Գյուղի Խենթը

հեղինակ՝ Քլիֆորդ Սայմակ
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ուխտագնացություն դեպի երկիր»

Երկար ժամանակ ես մեր գյուղի խենթն էի, բայց հիմա էլ խենթ չեմ, չնայած էլի ինձ դմբո են ասում եւ մի բան էլ ավելի։

Ես հիմա հանճար եմ։ Բայց այդ մասին ոչ ոքի չեմ ասի։ Ոչ մի դեպքում։ Եթե իմանան, կսկսեն զգուշանալ։

Ոչ ոք գլխի չի ընկնում եւ ոչ էլ գլխի կընկնի։ Ես առաջվա պես քարշ եմ տալիս ոտքերս, հայացքս առաջվա պես դատարկ է։ Երբեմն դժվարանում եմ հիշել, որ անպայման պետք է քստքստացնեմ ոտքերս, անիմաստ հայացքով նայեմ շուրջս եւ հիմարություններ դուրս տամ, իսկ երբեմն էլ հակառակը՝ հազիվ եմ ինձ զսպում, որ չմատնվեմ։ Գլխավորը՝ կասկած չհարուցելն է։

Ամեն ինչ սկսվեց այն առավոտ, երբ գնացի ձուկ բռնելու։ Նախաճաշին մայրիկիս ասացի, որ ուզում եմ ձուկ բռնելու գնալ, ու նա չառարկեց։ Նա գիտե, որ ես սիրում եմ ձուկ բռնել։ Երբ դրանով եմ զբաղվում, ինձ ոչ մի անախորժ բան չի պատահում։

— Գնա, Ջիմ,— ասաց նա։— Լավ կլինի, որ ձուկ ուտենք։

— Ես գիտեմ, որտեղ բռնեմ,— ասացի,— Ալֆ Ադամսի տան ետեւի փոսում։

— Տղաս, Ալֆի հետ կռիվ չգցես,— զգուշացրեց մայրիկս։— Եթե նրան չես սիրում…

— Նա ինձ խաբեց։ Ստիպեց շատ աշխատել ու ոչինչ չվճարեց դրա համար։ Դեռ մի բան էլ ծիծաղեց վրաս…

Ես չպիտի ասեի այս ամենը։ Մայրիկս շատ է տխրում, երբ լսում է, որ ինձ վրա ծիծաղում են։

— Էհ, բանի տեղ մի՛ դիր,— քնքշորեն ասաց նա։— Հիշիր, ինչ էր ասում քարոզիչ Մարտինը անցյալ կիրակի։ Նա ասաց…

— Ես հիշում եմ նրա ասածները, բայց, մեկ է, չեմ սիրում, որ ինձ վրա ծիծաղում են։ Ես թույլ չեմ տա ծիծաղել ինձ վրա։

— Լավ,— տխուր համաձայնեց մայրիկս։— Մի՛ թույլ տուր։

Ես ուտում էի եւ մտածում, որ քարոզիչ Մարտինը լավ է փչում հնազանդության եւ խոնարհության մասին։ Բայց ես հո գիտեմ, թե ինքն ի՜նչ մարդ է, գիտեմ նրա ու երգեհոնահար Ջեննի Սմիթի բռնած գործերի մասին։

Նախաճաշելուց հետո գնացի մարագից կարթը վերցնելու, իսկ Բաունսը վազելով եկավ ինձ օգնելու։ Մայրիկիցս հետո Բաունսը իմ ամենալավ բարեկամն է։ Ճիշտ է, նա չի կարողանում ինձ հետ խոսել, բայց դե չի էլ ծիծաղում վրաս։

Հողի միջից որդեր հանելիս նրան հարցրի, թե չի՞ ուզում ինձ հետ ձուկ որսալու գնալ։ Ու տեսա, որ շատ է ուզում, եւ գնացի մեր դիմացի տունը՝ միսիս Լոուսոնին ասելու, որ Բաունսը ինձ հետ է լինելու․ ախր Բաունսը նրան էր պատկանում, չնայած ամբողջ օրը ինձ հետ էր։

Մենք այդպես էլ գնացինք, ես առժեւից՝ կարթը ձեռքիս, իսկ Բաունսը՝ իմ ետեւից, կարծես մի շատ կարեւոր անձ էի։ Բայց դե Բաունսը հպարտանում էր, երբ մեզ տեսնում էին միասին։

Մեր ճանապարհն անցնում էր բանկի մոտով, եւ մեծ պատուհանից ես տեսա գրասեղանի առաջ նստած բանկիր Փեթոնին։ Ա՜յ, թե ով կարեւոր տեսք ուներ։ Ասենք, նա իրոք Մեփլթոնի ամենակարեւոր դեմքն էր։ Ես դանդաղեցրի քայլերս, որ մի կուշտ վայելեմ նրա նկատմամբ տածած ատելությունը։

Ես ու մայրս չէինք ապրի այդ խարխուլ հյուղակում, որտեղ ապրում ենք հիմա, եթե հորս մահից հետո բանկիր Փեթոնը մեզ չզրկեր մեր տան վրա դրված գրավը գնելու իրավունքից։

Մենք անցանք Ալֆ Ադամսի կալվածքի մոտով, որի ագարակն ամենալավն էր ավանում, ու նրա մասին էլ մտածեցի ատելությամբ, բայց ոչ այնքան ուժեղ, ինչպես բանկիր Փեթոնի մասին։ Ադամսն ինձ ավելի քիչ էր նեղացրել՝ ստիպել էր սովորականից ավելի շատ աշխատել ու չէր վճարել։

Ալֆը բարձրահասակ, պարծենկոտ մարդ էր եւ, կարծեմ, լավ էլ ագարակատեր։ Համենայն դեպս, նրա ագարակը եկամտաբեր էր։ Մեծ գոմ ուներ եւ միայն նա կհամարձակվեր գոմը ներկել ոչ թե կարմիր գույնի, ինչպես ներկում են բոլոր գոմերը, այլ սպիտակ ու կարմիր շերտերով։ Մի՞թե շերտավոր գոմեր լինում են։

Ալֆի տունը անցնելուց հետո ես ու Բաունսը թեքվեցինք ճանապարհից ու մարգագետնի միջով գնացինք դեպի գետը, այնտեղ, ուր փոսն էր…

Մարգագետնի մյուս ծայրին անասունների հոտի մեջ արածում էր նաեւ մեդալակիր ցուլը, որը պատկանում էր Ալֆին։ Տեսնելով մեզ՝ նա եկավ մեր կողմը, ոչ թե այն պատճառով, որ զայրացած էր եւ ուզում էր հարձակվել մեզ վրա, այլ հենց այնպես, եթե հանկարծ որեւէ մեկի մտքով անցնի ուժը չափել իր հետ։ Ես նրանից չէի վախենում, որովհետեւ բարեկամացել էի հետն այն ամառ, երբ աշխատում էի Ալֆի մոտ։ Ես հաճախ էի քորում նրա ականջների ետեւը, երես էի տալիս։ Ալֆը ինձ ասաց, որ ես խելագար ապուշի մեկն եմ, ու մի օր ցուլը իմ վերջը կտա։

— Երբեք չվստահես ցուլին,— ասաց նա։

Մոտենալով եւ ճանաչելով ով է իր դեմ կանգնած, ցուլը հասկացավ, որ մենք իրեն ոչ մի վատ բան չենք անի, եւ ետ դարձավ իր տեղը։

Մենք մոտեցանք փոսին, ու ես նստեցի ձուկ որսալու, իսկ Բաունսը գետի ափով վեր բարձրացավ հետախուզության։ Ես ջրից հանեցի մի քանի ձուկ, բայց դրանք այնքան էլ մեծ չէին։ Ձուկը լավ չէր բռնվում, ու ես մի տեսակ հետաքրքրությունս կորցրի։

Ու այդ ժամանակ սկսեցի երեւակայել։ Ի՞նչ կլինի, եթե մի որեւէ փոքրիկ դաշտ վերցնենք, ասենք, մի հարյուր քառակուսի ֆուտ, ու լավ զննենք այդ դաշտը՝ ինչքա՜ն տարբեր բույսեր կտեսնենք այնտեղ։ Ես հայացքս նետեցի գետնին, որտեղ նստած էի, ու տեսա… սովորական փոս, մի քանի խատուտիկ, երկու մանուշակ եւ դեռ չբացված հրանունկ։

Բայց սա ի՞նչ բան է։ Ուշադիր նայելով խատուտիկին՝ հանկարծ նկատեցի, որ տեսնում եմ ամբողջ ծաղիկը եւ ոչ միայն նրա վերգետնյա մասը։

Չգիտեմ, հողի մեջ եղածը ես սկսեցի տեսնել հենց այդ նույն ակնթարթի՞ն, երբ նայում էի խատուտիկին, թե մի քիչ ավելի շուտ։ Սակայն այսպես թե այնպես, տեսա, թե խատուտիկի ցողունը ինչպես է մտնում հողի մեջ, տեսա նրա արմատը, որից տարածվում էին փոքրիկ փռչոտ արմատիկներ, տեսա, թե որտեղ են ընդհանրապես գտնվում բոլոր արմատները, ինչպես են ջուր եւ հանքային աղեր վերցնում հողից, ինչպես են սննդանյութերը պաշարվում արմատների մեջ, եւ ինչպես է խատուտիկը արեւի օգնությամբ դրանք յուրացնում։ Դա շատ տարօրինակ բան էր, ախր ես ոչ մի բան չգիտեի այդ մասին։

Ես նայեցի մյուս բույսերին ու դրանք նույնպես տեսա ճիշտ այդպես՝ ամբողջությամբ։ Ու մտածեցի, որ երեւի աչքերիս ինչ֊որ բան է պատահել, ու հիմա արդեն ես կտեսնեմ ոչ միայն իրերի երեսը, այլ նաեւ ներսի եղածը։ Այդ ժամանակ փորձեցի տեսնել առաջվա պես, ու այդպես էլ եղավ։ Հետո նորից ուզեցի տեսնել խատուտիկի արմատը, եւ տեսա։ Ես նստել էի ու մտածում, թե ինչու նախկինում չէի կարող այդպես տեսնել, իսկ հիմա կարողանում եմ։ Ու հենց այդ ժամանակ էլ ուզեցի իմանալ, թե ինչ է կատարվում փոսի հատակում… Ու ամեն ինչ երեւաց՝ ոնց որ ափիս մեջ։ Հիմա կարող էի նայել ուզածս ծանծաղուտի խորքը, որտեղ թաքնվում են այնպիսի խոշոր ձկներ, որպիսիք մեր գետում դեռ ոչ ոք չի բռնել։

Ես պարզ տեսա, որ իմ կարթի մոտ ոչ մի ձկնիկ չկա, ու սկսեցի շարժել, մինչեւ որ խայծը հայտնվեց մի հսկա ձկան քթի տակ։ Սակայն թվում էր, թե ձուկը չի տեսնում որդը։ Իսկ գուցե նա կուշտ էր, եւ հիմա հանգիստ պառկել էր՝ շարժելով բեղերն ու լողակները։

Այդ ժամանակ ես ձկանը ստիպեցի սովածանալ։

Ինձ մի՛ հարցրեք, թե ինչպես արեցի։ Չեմ կարող բացատրել։ Ուղղակի մտածեցի, որ կարող եմ նման բան անել։ Ուրեմն, ձկանը ստիպեցի սովածանալ, ու նա հարձակվեց խայծի վրա, ինչպես Բաունսն է հարձակվում ոսկորի վրա։

Ձուկը խայծը տարավ ջրի տակ, իսկ ես շշմեցրի նրան ու թափով դուրս քաշեցի ջրից։ Ձուկը հանելով կարթից, նրա խռիկների ու բերանի միջով անցկացրի պարանը, որից արդեն կախել էի բռնածս հինգ ձկնիկներին։

Հետո նորից ընտրեցի մի մեծ ձուկ, կարթը մոտեցրի նրան ու ստիպեցի սովածանալ։

Մեկուկես ժամվա ընթացքում ես բռնեցի բոլոր մեծ ձկներին։ Մնացել էին մանր֊մունր բաներ, բայց դրանց վրա չարժեր ժամանակ կորցնել։ Պարանի վրա գրեթե տեղ չէր մնացել, եւ երբ վերցրի ու գնացի, կապուկի ծայրը քարշ էր գալիս գետնի վրայով։ Ես ստիպված եղա կապուկը գցել ուսիս, եւ շապիկս իսկույն թրջվեց։

Ես ձայն տվի Բաունսին, ու մենք ճանապարհ ընկանք դեպի տուն։ Ով ինձ հանդիպում էր ճանապարհին՝ կանգ էր առնում ու հարցուփորձ անում, թե որտե՞ղ եմ ձուկ բռնել, ի՞նչ խայծով եմ բռնել, այնտեղ էլի ձուկ մնացե՞լ է, թե բոլորին բռնել եմ։ Երբ ասում էի, որ բոլորին բռնել եմ, մարդիկ թուլանում էին ծիծաղից։

Արդեն գլխավոր փողոցից պիտի թեքվեի մեր տան կողմը երբ վարսավիրանոցից դուրս եկավ բանկիր Փեթոնը։ Նրանից փչում էր այն բոլոր օծանելիքների բուրմունքը, որոնցով վարսավիր Ջեյկը ցողում էր իր հաճախորդներին։

Տեսնելով ձկները, բանկիրը կանգ առավ։ Նայեց ինձ, նայեց ձկներին ու շփեց իր պարարտ ձեռքերը։ Ապա խոսեց հետս, ինչպես փոքրի հետ կխոսեն։

— Հապա, Ջիմմի, մի ասա տեսնեմ որտեղի՞ց ես վերցրել այս ձկները։

Նա այնպիսի տոնով դա ասաց, կարծես ձուկը իմը չէր, ու կամ էլ ես դրանք բռնել էի ինչ֊որ արգելված ձեւով։

— Ալֆի տան ետեւի փոսից,— պատասխանեցի։

Ու հանկարծ ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ տեսա նրա ներսը, ճիշտ ինչպես հողի տակ տեսա խատուտիկի արմատները։ Ստամոքսը, աղիները եւ էլի ինչ֊որ բան, երեւի՝ լյարդը, իսկ այդ բոլորի վերեւում, ինչ֊որ լխկած վարդագույն զանգվածի մեջ բաբախող մի գունդ, որ նրա սիրտն էր։

Ես ձեռքերս պարզեցի առաջ… չէ, ոչ թե ձեռքերս, որովհետեւ մի ձեռքով բռնել էի կարթը, իսկ մյուսով՝ ձուկը, բայց այնպիսի զգացողություն ունեի, թե ձեռքերս մեկնեցի, բռնեցի նրա սիրտն ու սեղմեցի։

Բանկիրը բերանը բացեց, տնքաց ու թուլացավ, ասես նրա միջից դուրս եկավ ողջ ուժը, ու ես ստիպված եղա մի կողմ ցատկել, թե չէ նա ուղիղ ինձ վրա կընկներ։

Նա ընկավ ու էլ վեր չկացավ։

Իր վարսավիրանոցից վազելով եկավ Ջեյկը։

— Ի՞նչ պատահեց նրան,— հարցրեց նա։

— Վերցրեց ու ընկավ,— պատասխանեցի ես։

Ջեյկը նայեց բանկիրին։

— Դա սրտի նոպա է։ Ես հո լավ գիտեմ, Վազեմ բժիշկ բերեմ։

Նա վազեց բժիշկ Մեյսոնի տուն, իսկ բոլոր կողմերից վազելով եկան մարդիկ։

Ես տեսա պանրագործարանի Բենին, ակումբի Մայքին ու երկու ագարակատերերի, որոնք եկել էին գնումներ անելու։

Դուրս գալով բազմության միջից՝ ես գնացի տուն։ Մայրիկս ձուկը տեսնելով շատ ուրախացավ։

— Ա՜յ թե համեղ կլինի,— ասաց նա։— Ո՞նց կարողացար այսքան շատ բռնել, Ջիմ։

— Խայծը լավն էր, — քթիս տակ մռթմռթացի ես։

— Դե էլ ժամանակ մի՛ կորցրու, սկսիր մաքրել։ Մի քիչ հիմա կուտենք, մի քանի հատ էլ տար քարոզիչ Մարտինին, իսկ մնացածը աղ կդնեմ ու կպահեմ նկուղում։ Այնտեղ մի քանի օր էլ կմնա։

Հենց այդ ժամանակ վազելով եկավ միսիս Լոուսոնը, որ ապրում էր մեր դիմաց, ու մայրիկիս պատմեց բանկիր Փեթոնի հետ պատահածը։

— Նա հենց Ջիմի հետ էր խոսում,— նկատեց միսիս Լոուսոնը։

— Իսկ դու ինչո՞ւ ինձ բան չասացիր, Ջիմ,— հարցրեց մայրիկս։

— Չհասցրեցի,— պատախսանեցի ես։— Ձուկն էի քեզ ցույց տալիս։

Մայրիկս ու միսիս Լոուսոնը, իրար ընդհատելով, սկսեցին խոսել բանկիրի մասին, իսկ ես գնացի մարագ, որ ձուկը մաքրեմ։ Բաունսը նստել էր կողքս ու նայում էր։ Ես կարող եմ երդվել, որ նա էլ գոհ էր ինձնից ոչ պակաս։ Կարծես, օգնել էր ինձ ձուկ բռնելիս։

— Լա՛վ օր էր այսօր, Բաունս,— ասացի ես, ու Բաունսը համաձայնվեց հետս։ Նա հիշեց, ինչպես էր վազում գետի ափով ու վախեցնում գորտերին, հիշեց, ինչպիսի հաճելի բուրմունք ունի հողը, եթե այն լավ ես հոտոտում։

Ես բոլորովին էլ միտք չունեմ ձեզ համոզելու, որ Բաունսը խոսեց ինձ հետ, բայց նա այնպիսի տեսք ուներ, կարծես իրոք կարողանում էր խոսել։

Մարդիկ անընդհատ ծիծաղում են ինձ վրա, ծաղրում եւ աշխատում են կպչել ինձ, որովհետեւ ես գյուղի խենթն եմ։ Բայց կգա օրը, ու այդ խենթը ցույց կտա բոլորին, թե ով է ինքը։ Նրանք լեղապատար կլինեն, եթե, օրինակ, շունը խոսեր նրանց հետ։ Իսկ այ ես կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Ուղղակի մտածեցի, թե ինչքան լավ կլիներ, որ Բաունսը խոսեր, ու ես էլ չէի չարչարվի, որ հասկանամ, թե նա ինչ է ուզում ասել։ Դրանում ոչ մի զարմանալի բան չէի տեսնի, որովհետեւ միշտ համարել եմ, որ Բաունսը շատ խելոք շուն է ու եթե ուզի՝ կխոսի էլ։

Այսպես խոսելով Բաունսի հետ՝ ձուկը մաքրեցի։ Երբ մարագից դուրս եկա, միսիս Լոուսընը արդեն գնացել էր տուն, իսկ մայրիկս խոհանոցում թավան էր մաքրում ձուկը տապակելու համար։

— Ջիմ, դու…— ասաց նա ու լռեց։— Ջիմ, դու կապ չունես բանկիր Փեթոնին պատահաիծի հետ, չէ՞։ Դու հո նրան չե՞ս հրել, չե՞ս խփել։

— Իսկի մատով էլ չեմ կպել,— ասացի ես, ու դա միանգամայն ճիշտ էր։ Ես իսկապես ձեռք չէի տվել նրան։

Ցերեկը գործ էի անում բանջարանոցում։ Մայրիկս երբեմն որեւէ մեկի տանը գործ է անում ու մի քիչ փող աշխատում դրանով, բայց եթե բանջարանոցը չլիներ, մենք չէինք կարողանա ապրել։ Առաջ ես էլ էի փող աշխատում, բայց Ալֆի հետ վիճելուց հետո, երբ նա պակաս վճարեց ինձ, մայրիկս էլ չի թողնում աշխատեմ։ Նա ասում է, որ առանց այն էլ իրեն օգնում եմ բանջարանոցում գործ անելով ու մեկ֊մեկ էլ ձուկ բռնելով։

Բանջարանոցում գտա նոր ձեւով տեսնելու զորությունս օգտագործելու եւս մի միջոց։ Կաղամբի մեջ որդեր կային։ Ես դրանք բոլորին տեսնում էի կաղամբի տերեւների արանքում ու տրորում էի, ինչպես տրորեցի բանկիր Փեթոնի սիրտը։ Պոմիդորի թփերի վրա սպիտակ պտեր հայտնաբերելով՝ որոշեցի, որ դա ինչ֊որ վնասատու է։ Դրանք այնքան մանր էին, որ սկզբում չտեսա։ Հետո իմ նոր տեսողությունը մեծացրի, ուշադիր նայեցի ու ստիպեցի, որ անհետանան։ Ես դրանց չէի սատկացնում, ինչպես կաղամբի որդերին, ուղղակի այնպես արեցի, որ անհետանան։

Հետաքրքիր է բանջարանոցում աշխատելը, երբ կարող ես նայել հողի մեջ ու տեսնել, թե ինչպես են ծլում բողկի ու գազարի սերմերը, երբ կարող ես ոչնչացնել վնասատունեիրն, իմանալ՝ լա՞վն է հողը, ու արդյո՞ք ամեն ինչ կարգին է։

Ճաշին մենք ձուկ կերանք, ընթրիկին՝ դարձյալ ձուկ։ Իսկ ընթրիքից հետո գնացի թափառելու։

Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի բանկիր Փեթոնի տան մոտ, ու անցնելով տան կողքով, զգացի, որ այնտեղ վիշտ կա։ Առանց տուն մտնելու ես թույլ տվեցի, որ վիշտը մտնի իմ մեջ։ Երեւի, դրսում կանգնած, ես շատ հեշտությամբ կարող էի տեսնել պատերի միջով, թե ինչ է կատարվում մեր գյուղի ամեն մի տանը, բայց այն ժամանակ դեռ չգիտեի այդ մասին։ Փեթոնի տան վիշտը զգացի միայն այն պատճառով, որ այդ վիշտը շատ խորն էր ու շատ ուժեղ։

Բանկիրի մեծ աղջիկը իր սենյակում էր՝ վերեւում, ու ես զգացի, որ նա լաց է լինում։ Մյուս աղջիկը մոր հետ նստած էր հյուրանոցում։ Ոչ մայրը, ոչ էլ աղջիկը լաց չէին լինում, բայց երկուսն էլ սոսկալի տեսք ունեին։ Տանը էլի ինչ֊որ մարդիկ կային, բայց նրանք այնքան էլ վշտացած չէին։ Երեւի, հարեւաններն էին։

Ես խղճացի երեքին էլ ու ցանկացա օգնել նրանց։ Նրանք հո մեղավոր չէին, որ բանկիր Փեթոնը այնքան վատ մարդ էր։

Ու հանկարծ ինձ թվաց, որ կարող եմ օգնել նրանց, ու ես սկսեցի այն աղջկանից, որ նստած էր վերեւում, իր սենյակում։ Ես մտովի մոտեցա նրան ու սկսեցի պայծառ մտքեր ներշնչել։ Սկիզբը այնքան էլ հեշտ չէր, բայց շատ շուտով վարժվեցի, ու նրան մխիթարելը մեծ ջանքեր չպահանջեց։ Հետո մխիթարեցի մյուս երկուսին ու գոհ շարունակեցի ճամփաս։

Ես ականջ էի դնում բոլոր այն տներին, որոնց մոտով անցնում էի։ Գրեթե ամեն տեղ ապրում էին երջանիկ մարդիկ, կամ, համենայն դեպս, գոհ մարդիկ, չնայած մի քանի տխուրներն էլ եղան։ Մեքենաբար մտածում էի նրանց մասին ու երջանկություն տալիս նրանց։ Ես բոլորովին չէի մտածում, որ բարիք պիտի գործեմ միայն ինչ֊որ որոշակի մարդկանց համար։ Ճիշտն ասած, նույնիսկ չեմ հիշում, թե որ տները երջանկացրի։ Ուղղակի մտածեցի, քանի որ կարող եմ դա անել, ուրեմն պետք է անեմ։

Երբ տուն եկա, մայրիկս դեռ չէր պառկել քնելու, ինձ էր սպասում։ Նա մի քիչ անհանգստացած էր, միշտ է այդպես անհանգստանում, երբ երկար ժամանակ անհետանում եմ։

Ես գնացի իմ սենյակը, մտա անկողին, բայց չէի կարողանում քնել, անընդհատ մտածում էի, թե ինչպես պատահեց, որ այդպիսի շնորհքի տիրացա, ու ինչպես անսպասելիորեն դրսեվորվեց այսօրվա իմ այդ շնորհքը։ Վերջապես քնեցի։

Լվացվելուց եւ նախաճաշելուց հետո դուրս եկա փողոց ու տեսա, որ Բաունսը ինձ է սպասում։ Նա ասաց, որ ուզում է ճագար բռնել, ու ես համաձայնվեցի գնալ նրա հետ։ Դե որ արդեն մենք կարողանում ենք խոսել իրար հետ, երկուսով ավելի հեշտ կլինի ճագար որսալը։ Բարձրանալով կողճի, կամ քարակույտի, կամ նույնիսկ ծառի վրա, ես տեսնում եմ ճագարին ու ձայն տալիս Բաունսին, թե նա որ կողմն է վազում, ու շունը սուրալով առաջ՝ կտրում է նրա ճանապարհը։

Մենք գնացինք Ալֆի տան ճանապարհով, հետո թեքվեցինք դեպի մարգագետին եւ ուղղվեցինք բլրալանջի բացատը, որը գետի մյուս ափին է գտնվում։

Երբ թեքվեցինք ճանապարհից, ես ետ նայեցի ու նորից մտածեցի այն մասին, որ ատում եմ Ալֆին։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց։ Դեռ չգիտեի՝ կարո՞ղ եմ դա իրականացնել, բայց ինձ շատ դուր եկավ։ Ու որոշեցի փորձել։

Ես հայացքս դարձրի Ալֆի գոմին, մտովի նայեցի պատերից ներս ու հայտնվեցի մարագում։ Չորս կողմս խոտ էր, բայց, ինչպես հիշում եք, ես ինքս այն ժամանակ գտնվում էի մարգագետնում, Բաունսի կողքին, որի հետ գնում էի ճագար բռնելու։

Ես կուզենայի բացատրել, թե ինչ արեցի հետո եւ ինչպես արեցի, բայց դե ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղից հնարեցի… Մի խոսքով, քիմիական ռեակցիաներ իմանալը կամ թե մի ուրիշ բան… Խոտի հետ ինչ֊որ մի բան եղավ, մի ինչ֊որ բան էլ եղավ թթվածնի հետ, ու մարագում կրակ ընկավ։ Տեսնելով, որ կրակը ուժեղանում է, ես դուրս եկա այնտեղից եւ նորից հայտնվեցի Բաունսի կողքին։ Հետո մենք գետն անցանք ու սկսեցինք բարձրանալ բլրի լանջով։

Ես անընդհատ ետ էի նայում, մտածելով, որ կրակը կմարի, երբ հանկարծ մարագի տանիքի տակից դուրս սողաց ծխի բարակ շիթը։

Այդ ժամանակ մենք արդեն հասել էինք բացատ, ես նստեցի կոճղի վրա ու տեսա, որ կրակն արդեն թեժացել է, եւ էլ ոչինչ չի փրկի Ալֆի գոմը։ Աղմուկով դուրս էր նետվում բոցը, եւ ծխի թանձր սյունը երկինք էր բարձրանում։

Տուն դառնալիս մտա խանութ։ Ալֆը այնտեղ էր, եւ բոլորովին այնպիսի մարդու տեսք չուներ, որի գոմը հենց նոր վառվել էր, չափազանց գոհ տեսք ուներ։

Շատ շուտով հասկացա դրա պատճառը։

— Ես ապահովագրել էի գոմը,— ասաց նա խանութպան Բերտ Ջոնսին,— ապահովագրել էի մինչեւ վերջին մեխը։ Գոմը շատ մեծ էր ու ինձ պետք չէր բոլորովին։ Երբ ես կառուցում էի այդ գոմը, կարծում էի, որ ավելի շատ անասուն կունենամ։

Բերտը ծիծաղեց․

— Համա թե շփեցի՜ր այդ հրդեհով, Ալֆ։

— Կյանքումս առաջին անգամ բախտս բերեց։ Ես նոր գոմ կկառուցեմ ու հալա դեռ ահագին էլ փող կմնա։

Ես շատ ջղայնացա, որ բանն այսպես վերջացավ, բայց դեռ հույս ունեի, որ Ալֆի հախից կգամ։

Կեսօրից հետո գնացի Ալֆի մարգագետինը եւ գտա նրա ցուլին։ Ինձ տեսնելով՝ նա ուրախացավ, թեեւ կճղակով փորում էր հողը եւ բարձր բառաչում՝ ուզում էր իրեն ցույց տալ։ Ճանապարհին շարունակ մտածում էի, թե կկարողանա՞մ ցուլի հետ խոսել այնպես, ինչպես խոսում եմ Բաունսի հետ։ Վախենում էի, որ ոչինչ չստացվի․ չէ որ Բաունսը շատ ավելի հասկացող է, քան ցուլը։

Ու, իհարկե, ճիշտ դուրս եկա։ Ցուլին բան հասկացնելը շատ դժվար էր։

Իզուր տեղը քորեցի նրա ականջների ետեւը․ նա աչքերը փակեց ու համարյա քնեց։ Զգում էի, թե դրանից նա ինչպիսի հաճույք է ստանում։ Այդ ժամանակ ստիպված բռունցքով խփեցի կողքին, որ ուշքի բերեմ։ Նա մի քիչ ոնց որ աշխուժացավ ու նույնիսկ ի պատասխան ինչ֊որ բան փնթփնթաց։ Ախր այդ ցուլերը շատ չխոսկան են։ Բայց ես համոզված էի, որ նա ինչպես պետքն է հասկացավ ինձ, որովհետեւ հանկարծ էնպես կատաղեց ու փրփրեց, որ նույնիսկ վախեցա՝ հո չափը չանցկացրի՞։ Ես հազիվ հազ հասցրի վազել մինչեւ ցանկապատն ու նրա վրայից թռչել մյուս կողմ։ Սուրալով մինչեւ ցանկապատը, ցուլը նորից սկսեց կճղակներով փորփրել գետինը եւ այնպես բառաչեց, որ ինձ ասես քամին թռցրեց տարավ։

Ես տուն վերադարձա ինքս ինձանից շատ գոհ։ Բոլորովին չէի զարմանա, եթե նույն այդ երեկո լսեի, որ Ալֆին հաշմանդամ է դարձրել իր իսկ ցուլը։ Էհ, ինչ կա որ, տեղն է Ալֆին, բա՞ լավ է, որ նա մի աշխատած փողերը յուրացրեց։

Երբ ինչ֊որ մեկը լուր բերեց կատարվածի մասին, ես ակումբում էի։ Մեկը հիշեց, թե ինչպես էր Ալֆը միշտ ասում, որ ոչ մի ցուլի չի կարելի վստահել։ Մի ուրիշն էլ ավելացրեց, որ Ալֆը հաճախ էր ասում, իբր միայն ես էի կարողանում նրա ցուլի հախից գալ, ու ինքը միշտ վախենում էր, թե հանկարծ ցուլը չսպանի ինձ։

Ինձ էլ հարցրին, թե ինչ եմ մտածում պատահածի մասին։ Բայց ես ձեւացրի, թե անկարող եմ երկու խոսք իրար ետեւից կարգին ասել, ու բոլորը ծիծաղեցին վրաս, բայց դե իսկի պետքս էլ չէր։ Ես գիտեի մի բան, որը չգիտեին նրանք։ Պատկերացնում եմ, թե ոնց կզարմանային, եթե իմանային ճշմարտությունը։

Բայց դե նրանք, իհարկե, երբեք չեն իմանա։

Ես այդքան էլ միամիտ չեմ։

Գալով տուն՝ ես վերցրի մատիտ ու նոթատետր եւ սկսեցի գրել բոլոր թշնամիների անունները, բոլոր նրանց, ով թեկուզ մի անգամ ծաղրել է ինձ, վնաս է տվել կամ էլ վատ է խոսել իմ մասին։

Ցուցակը բավական երկար ստացվեց։ Նա ընդգրկում էր գրեթե ողջ գյուղը։

Ես մտածեցի ու որոշեցի, որ գուցե չարժե սպանել բոլորին։ Իհարկե, դա անելը ինձ համար շատ հեշտ բան էր։ Բայց, մտածելով Ալֆի եւ բանկիր Փեթոնի մասին, ես հասկացա, որ ատելի մարդկանց մահը շատ քիչ է ուրախացնում։ Ու հետո ինձ համար մի բան էլ պարզ էր․ եթե սպանեի բոլորին, ինքս կմնայի լրիվ մենակ։

Նորից կարդացի ցուցակը, երկու անուն կասկած առաջացրին, ու դրանք ջնջեցի, հետո էլի ու էլի… Մի անգամ էլ աչքի անցկացնելով ցուցակը, այնուամենայնիվ մտածեցի, որ այնտեղ մնացած մարդիկ վատն են։ Ու վճռեցի, որ եթե չոչնչացնեմ էլ նրանց, ապա ինչ֊որ բան պետք է անեմ, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ նրանք վատը մնան։

Շատ երկար մտածեցի վատի ու լավի մասին, հիշեցի ինչ էր ասում այդ մասին քարոզիչ Մարտինը։ Իսկ նա էդպես բաներ խոսելու մեջ իրեն հավասարը չունի։ Ու վերջիվերջո որոշեցի, որ պետք չի ատել թշնամիներին։ Ավելի լավ է չարին բարությամբ պատասխանել։

Առավոտյան այնպես էի շտապում, որ նախաճաշը բառացիորեն կուլ տվի։ Մայրիկս հարցրեց, թե ուր եմ գնում, ես էլ ասացի, որ ուզում եմ մի քիչ թափառել։

Նախ գնացի ծխական քահանայի տան կողմը ու նստեցի եկեղեցու պատի տակ։ Շուտով քարոզիչը դուրս եկավ տնից։ Նա սկսեց ետուառաջ քայլել իր, ինչպես ինքն է ասում, պարտեզում ու ձեւացնել, իբր խորասուզված է բարեպաշտ մտքերի մեջ։ Ճիշտն ասած, ինձ միշտ թվացել է, թե նա այդպես է անում, որ տպավորություն գործի մեր պառավների վրա։

Ես շատ հեշտությամբ միացա նրա բանականությանը, ու այնքան ամուր, ու թվաց, իբր ոչ թե նա, այլ ինքս եմ ետուառաջ քայլում պարտեզում։ Եվ, ձեզ ասեմ, դա տարօրինակ զգացում էր․ ախր ես հաստատ գիտեի, որ նստած եմ պատի տակ։

Քարոզիչ Մարտինի գլխում ոչ մի բարեպաշտ միտք չկար։ Պարզվեց, որ նա մտածում էր, թե ինչպիսի պատճառաբանություններ անի ծխական խորհրդում, որ իր աշխատավարձը բարձրացնեն։ Մտքում անեծքներ թափեց խորհրդի մի քանի անդամների գլխին՝ նրանց ժլատության համար, ու ես համաձայնեցի նրա հետ, որովհետեւ նրանք իսկապես ժլատ էին։

Ես նրան ստիպեցի մտածել այն մասին, որ ծխականները հավատում են իրեն եւ հանձին նրա տեսնում են իրենց հոգեւոր առաջնորդին։ Ստիպեցի հիշել այն մասին, թե երիտասարդ տարիներին, երբ ինքը դեռ նոր էր ավարտել սեմինարիան, գտնում էր, որ կյանքն ամբողջովին պայքար է։ Ես նրան ներշնչեցի մտածել, որ ինքը դավաճանել է այն ամենին, ինչին դավանում էր այն ժամանակ, եւ նրան հասցրի ինքնաոչնչացման մի այնպիսի վիճակի, որ նա քիչ մնաց լաց լիներ։ Այդժամ ստիպեցի նրան հանգել այն եզրակացության, որ իրեն կփրկի միայն ապաշխարանքն ու արդար կյանք սկսելը։

Որոշելով, որ քիչ աշխատանք չթափեցի քարոզիչի վրա, ես շարունակեցի ճանապարհս։ Բայց գիտեի, որ ժամանակ առ ժամանակ դեռ պիտի հսկեմ քարոզիչ Մարտինին։

Ես մտա խանութ, նստեցի ու սկսեցի նայել, թե Բերտ Ջոնսը ինչպես է ավլում հատակը։ Մինչ մենք զրուցում էինք իրար հետ, ես թափանցեցի նրա ուղեղը եւ հիշեցի, որ նա միշտ պակաս է վճարում ագարակատերերին նրանցից գնած ձվերի համար։ Ստիպեցի հիշել նաեւ, որ նա շատ հաճախ սովորություն ունի հավելումներ անել ապառիկ վճարով գնորդների հաշիվներում, եւ եկամտահարկը կեղծելու մասին էլ հիշեցրի։ Եկամտահարկի մասին միտքը նրան վախեցրեց, իսկ ես շարունակում էի մշակել նրան, մինչեւ զգացի, որ նա գրեթե որոշեց հատուցել այն բոլոր մարդկանց վնասները, ում ինքը խաբել էր։

Վարսավիրանոցում նայում էի Ջեյկին, որը սափրում էր ինչ֊որ մեկին։ Ինձ այնքան էլ չէր հետաքրքրում սափրվող մարդը․ նա ապրում էր մեզնից հինգ մղոն հեռավորության վրա, իսկ ես առայժմ որոշել էի մշակել միայն մեր գյուղի բնակիչներին։

Երբ դուրս եկա վարսավիրանոցից, Ջեյկն արդեն դառնագին զղջում էր, որ ակումբում զբաղվում է թղթախաղով։ Նա պատրաստ էր ամեն ինչ անկեղծորեն խոստովանել կնոջը։

Ես քայլերս ուղղեցի դեպի ակումբ։ Մայքլը նստել էր անկյունում եւ առավոտյան թերթում կարդում էր բեյսբոլի մասին հաղորդումը։ Ես վերցրի երեկվա թերթը ու ձեւացրի, իբր կարդում եմ։ Մայքլը ծիծաղեց ու հարցրեց, թե այդ երբ եմ կարդալ սովորել։ Նա։ իհարկե, չի մարսի դա։ Ես գիտեի, հենց որ դուռը փակվի իմ ետեւից, նա կսլանա նկուղ եւ իր քաշած ողջ օղին բաց կթողնի կոյուղու մեջ, իսկ որոշ ժամանակ անց, երբ մի քիչ էլ կաշխատեմ նրա վրա, կփակի իր ակումբի ետեւի սենյակը, որտեղ մոլի թղթախաղ է գնում։

Ես գնացի պանրագործարան, բայց այնտեղ հնարավորություն չունեցա մշակելու Բենին։ Ագարակատերերը կաթ էին բերել, եւ Բենը այնքան շատ էր զբաղված, որ ես չէի կարող իսկականից մտնել նրա գլուխը։ Բայց եւ այնպես ստիպեցի նրան խորհել այն մասին, թե ինչ կպատահի, եթե վարսավիր Ջեյկը մի օր հանկարծ նրան բռնացնի իր կնոջ հետ։ Ու գիտեի, որ հենց մենք մենակ մնանք, ոնց որ պետքն է կմշակեմ նրան․ ախր նա շատ վախկոտ է։

Ու այդպես շարունակեցի մշակել մարդկանց։

Դա շատ դժվար գործ էր, ու երբեմն քիչ էր մնում դեռ քաշեի։ Այդ ժամանակ ինքս ինձ հիշեցնում էի, որ դա իմ պարտքն է՝ հո իզուր տեղը չի շնորհվել ինձ այդ զորությունը։ Ուրեմն պիտի անեմ այն ամենը, ինչ կախված է ինձանից։ Եվ դա պետք է անեմ ոչ թե եսապաշտական շահերից ելնելով, այլ միայն ուրիշ մարդկանց բարիք պարգեւելու համար։

Կարծեմ, ես մշակեցի մեր գյուղի բոլոր բնակիչներին։

Այն ժամանակից, երբ Բերտը ուղղվեց, նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Նրան նույնիսկ չի անհանգստացնում գնորդներին կորցնելը, որոնք նրանից նեղացել էին, իմանալով որ խաբել է իրենց։ Բերտը ամեն ինչ պատմել էր նրանց, երբ փողերը ետ էր վերադարձրել։ Չգիտեմ, թե Բենը ինչպես է ապրում, նա չքվեց այն բանից հետո, երբ Ջեյկը կրակեց նրա վրա։ Բոլորը միաբերան ասում են, թե Բենը չափն անցկացրեց՝ ներողություն խնդրելով Ջեյկից, որ եղել է նրա կնոջ հետ։ Ի դեպ Ջեյկի կինն էլ է չքվել։ Ասում են, իբր Բենի հետ է գնացել։

Ճիշտն ասած, ես շատ գոհ եմ իմ այդ արածից։ Բոլորը դարձան ազնիվ, իրար չեն խաբում, չեն հարբում, թղթախաղով չեն տարվում։ Մեփլթոնը, երեւի, հիմա դարձել է Միացյալ Նահանգների ամենաբարեպաշտ գյուղը։

Ես կարծում եմ, որ այդպես եղավ, որովհետեւ նախ ինձնից սկսեցի՝ արմատախիլ արեցի իմ բոլոր չար մտքերը, ու բոլորին սպանելու փոխարեն նրանց դարձրի լավ մարիկ։

Երբ երեկոները քայլում եմ փողոցով, ինձ մի բան է զարմացնում՝ ինչու մարդկանց մեջ ավելի ու ավելի են պակասում պայծառ մտքերը։ Երբեմն մի ամբողջ երեկո չարչարվում եմ, որ ուրախացնեմ նրանց։ Թվում է, ազնիվ մարդիկ պիտի ուրախ ու երջանիկ լինեն։ Ախր, իմ կարծիքով, հիմա նրանք վատը չեն, այլ լավն են, ժամանակը չեն կորցնում թեթեւամիտ զվարճանքների վրա, այլ զբաղված են լուրջ, կարգին գործերով։


Այ միայն թե ինքս ինձ համար եմ մի քիչ անհանգստանում։ Ես շատ բարի գործեր արեցի, բայց երեւի ղեկավարվում էի եսասիրական մղումներով։ Ուզում էի մեղքերս քավել Ալֆին ու բանկիր Փենթոնին սպանելու համար։ Բացի այդ, լավություն էի անում ոչ թե ընդհանրապես մարդկանց, այլ միայն նրանց, ում անձամբ ճանաչում էի։ Երեւի դա ճիշտ չէ։ Ինչո՞ւ պիտի օգնեմ միայն ծանոթներիս։

Ամբողջ գիշեր այդ մտքերի հետ էի, ու հիմա ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար։

Որոշում ընդունելով՝ ես ինձ զգում եմ հզոր եւ վեհերոտ միաժամանակ։ Ես գիտեմ, որ կոչված եմ բարիք գործելու, ու ոչ մի բան չի կարող ինձ խանգարել։ Գիտեմ, որ գյուղը սոսկ փորձաքար էր ինձ համար։ Այստեղ ես հասկացա, թե ինչի եմ ընդունակ։ Ու հիմա մտադիր եմ երջանկացնել ողջ մարդկությանը։

Մայրիկս վաղուց արդեն փող է հավաքում իր թաղման համար։

Ես գիտեմ, որտեղ է նա դրանք թաքցնում։

Այդ փողն ինձ հերիք է, որ հասնեմ ՄԱԿ։ Այ թե գո՜րծ կանեմ այնտեղ։