Երրորդ Բաժին: Հասարակական Ամբողջ Կապիտալի Վերարտադրությունն Ու Շրջանառությունը

Գրապահարան-ից
21:08, 16 Նոյեմբերի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երկրորդ հատոր: Գիրք երկրորդ - Կապիտալի Շրջանառության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ Թադ. Ավդալբեգյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ[1]։ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Կապիտալի անմիջական արտադրապրոցեսը նրա աշխտապրոցեսն ու արժեմեծացման պրոցեսն է, այն պրոցեսը, որի հետևանքն ապրանք արդյունքն է, և որի որոշիչ շարժառիթը հավելարժեքի արտադրությունն է։

Կապիտալի վերարտադրապրոցեսն ընդգրկում է ինչպես այս անմիջական արտադրապրոցեսը, այնպես էլ բուն շրջանառության պրոցեսի երկու փուլը, այսինքն այն ամբողջ շրջապտույտը, որն իբրև պարբերական պրոցես — մի պրոցես, որը միշտ նորից կրկնվում է որոշ պարբերաշրջաններում — կազմում է կապիտալի պտույտը։

Արդյոք շրջապտույտը քննարկում ենք Փ ... Փ՛ ձևով, թե Արտ ... Արտ ձևով, միևնույն է,— անմիջական արտադրապբոցեսը՝ Արտը միշտ այս շրջապտույտի հենց լոկ մեկ անդամն է կազմում։ Մի ձևում արտադրապրոցեսն է հանդես գալիս իբրև շրջանառության միջնորդագործում, մյուսում շրջանառությունն է երևան գալիս որպես արտադրապրոցեսի միջնորդագործում։ Արտադրապրոցեսի մշտական նորոգումը, կապիտալի մշտապես վերահայտնվելն իբրև արտադրողական կապիտալ՝ երկու անգամումն էլ պայմանավորված է շրջանառության պրոցեսում նրա կրած փոխակերպություններով։ Մյուս կողմից՝ մշտապես նորոգվող արտադրապրոցեսը պայմանն ե այն փոխակերպությունների, որոնցով միշտ նորից անցնում է կապիտալը շրջանառության ոլորտում, նրա փոփոխակիորեն իբրև դրամակապիտալ ու որպես ապրանքակապիտալ ներկայանալու պայմանն է։

Սակայն ամեն մի առանձին կապիտալ կազմում է հասարակական ամբողջ կապիտալի ինքնակայացած, այսպես ասած՝ անհատական կյանքով օժտված մեկ կոտորակամասը միայն, ինչպես որ յուրաքանչյուր առանձին կապիտալիստ՝ կապիտալիստների դասակարգի մեկ անհատական տարրը միայն։ Հասարակական կապիտալի շարժումը կազմված է նրա ինքնակայացած կոտորակամասերի շարժումների, անհատական կապիտալների պտույտների ամբողջությունից։ Ինչպես որ առանձին ապրանքի փոխակերպությունն ապրանքաշխարհի փոխակերպությունների շարանի — ապրանքաշրջանառության — մի օղակն է, այնպես էլ անհատական կապիտալի փոխակերպությունը, նրա պտույտը հասարակական կապիտալի շրջապտույտի մի օղակն է։

Այս ամբողջ պրոցեսը յուր մեջ պարփակում է ինչպես արտադրողական սպառումը (անմիջական արտադրապրոցեսը) այն ձևափոխություններով հանդերձ (նյութապես քննած՝ այն փոխանակություններով միասին), որոնցով միջնորդագործվում է նա, այնպես էլ անհատական սպառումը՝ սրան միջնորդագործող ձևափոխություններով կամ թե փոխանակություններով։ Ամբողջ պրոցեսը մի կողմից յուր մեջ պարփակում է փոփոխուն կապիտալի փոխարկումն աշխատույժի և ուրեմն աշխատույժը կապիտալիստական արտադրապրոցեսին լծելը։ Այստեղ բանվորը հանդես է գալիս իբրև յուր ապրանքի, աշխատույժի վաճառորդ, իսկ կապիտալիստն իբրև նույնի գնորդ։ Բայց մյուս կողմից էլ՝ ապրանքների վաճառքը յուր մեջ պարփակում է սրանց գնումը բանվոր դասակարգի կողմից, հետևաբար նրանց անհատական սպառումը։ Այստեղ բանվոր դասակարգը հանդես է գալիս որպես գնորդ, իսկ կապիտալիստներն՝ իբրև բանվորներին ապրանքներ ծախող։

Ապրանքակապիտալի շրջանառությունը յուր մեջ պարփակում է հավելարժեքի շրջանառությունն էլ, ուրեմն նաև այն գնումներն ու վաճառքները, որոնցով կապիտալիստներն իրենց անհատական սպառումը, հավելարժեքի սպառումն են միջնորդագործում։

Հետևաբար եթե անհատական կապիտալների շրջապտույտը քննում ենք հասարակական կապիտալի հետ ունեցած նրա կապակցությամբ, ուրեմն նրա ամբողջությամբ վերցրած, ապա նա ընդգրկում է ոչ միայն կապիտալի շրջանառությունը, այլև ընդհանրական ապրանքաշրջանառությունը։ Վերջինս սկզբնապես կարող է կազմված լինել միմիայն երկու բաղադրամասից. 1) կապիտալի սերիական շրջապտույտից ու 2) այն ապրանքների շրջապտույտից, որոնք մտնում են անհատական սպառման մեջ, հետևաբար այն ապրանքների շրջապտույտից, որոնց վրա բանվորը յուր աշխատավարձն է ծախսում, իսկ կապիտալիստը՝ յուր հավելարժեքը (կամ թե յուր հավելարժեքի մի մասը)։ Կապիտալի շրջապտույտն անշուշտ ընդգրկում է հավելարժեքի շրջանառությունն էլ, որչափով որ սա ապրանքակապիտալի մի մասն է կազմում, այլև յուր մեջ պարփակում է փոփոխուն կապիտալի՝ աշխատույժ դառնալը, աշխատավարձ վճարելը նմանապես։ Բայց այս հավելարժեքի ու աշխատավարձի՝ ապրանքների վրա ծախսվելը կապիտալաշրջանառության ոչ մի օղակը չի կազմում, թեև գոնե աշխատավարձի ծախսումը պայմանավորում է այս շրջանառությունը։

I գրքում կապիտալիստական արտադրապրոցեսը վերլուծված է թե՛ որպես մեկուսացված իրադարձություն ու թե՛ իբրև վերարտադրապրոցես — հավելարժեքի արտադրությունն ու բուն իսկ կապիտալի արտադրությունը։ Այն ձևափոխությունն ու նյութափոխությունը, որոնց ենթարկվում է կապիտալը շրջանառության ոլորտում, մենք ենթադրել ենք՝ առանց ավելի երկար կանգ առնելու նրանց վրա։ Ըստայսմ մենք ենթադրել ենք, թե կապիտալիստը մի կողմից ծախում է արդյունքը սրա արժեքի համաձայն, մյուս կողմից՝ շրջանառության ոլորտում գտնում է իրեղեն արտադրամիջոցներ՝ պրոցեսը նորից սկսելու կամ թե շարունակաբար առաջ տանելու համար։ Շրջանառության ոլորտում միակ ակտը, որի վրա մենք կանգ ենք առել այնտեղ, աշխատույժի առուծախն էր իբրև կապիտալիստական արտադրության հիմնապայման։

Այս II գրքի առաջին բաժնում մենք քննարկել ենք այն տարբեր ձևերը, որ կապիտալն ընդունում է յուր շրջապտույտի ընթացքում, ու բուն իսկ այս շրջապտույտի տարբեր ձևերը։ I գրքում քննարկած աշխատաժամանակին հիմա ավելանում է շրջանառության ժամանակը։

Երկրորդ բաժնում շրջապտույտը քննարկվել է իբրև պարբերական շարժում, այսինքն որպես պտույտ։ Մենք մի կողմից ցույց ենք տվել, թե ինչպես կապիտալի տարբեր բաղադրամասերը (հիմնական ու շրջանառու մասերը) ձևերի շրջապտույտն են կատարում տարբեր ժամանակամիջոցներում ու տարբեր եղանակով. մյուս կողմից՝ հետազոտել ենք այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է աշխատապարբերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի տարբեր երկարությունը։ Մենք երևան հանեցինք շրջապտույտի պարբերաշրջանի ու նրա բաղադրամասերի տարբեր համամասնությունների ազդեցությունը բուն իսկ արտադրապրոցեսի ծավալի վրա, ինչպես և հավելարժեքի տարենորմայի վրա։ Իրոք, եթե առաջին բաժնում գլխավորապես քննարկվել են այն հաջորդական ձևերը, որ կապիտալը յուր շրջապտույտի ընթացքում շարունակ ընդունում է և իրենից թոթափում, ապա երկրորդ բաժնում ցույց է տրված, թե ինչպես ձևերի այս հոսանքի ու հաջորդման մեջ տվյալ մեծության մի կապիտալ միաժամանակ, թեկուզ և տարբեր չափերով, տրոհվում է արտադրողական կապիտալի, դրամակապիտալի ու ապրանքակապիտալի, այնպես որ սրանք ոչ միայն հերթափոխում են իրար, այլև ամբողջ կապիտալարժեքի տարբեր մասերն այս տարբեր կացություններում միշտ կողք կողքի են գտնվում և կողք կողքի գործում։ Ընդսմին հատկապես դրամակապիտալը ներկայացրեց մի առանձնահատկություն, որն I գրքում չէր երևացել։ Մենք գտանք որոշակի օրենքներ, որոնց համաձայն պետք է տվյալ մի կապիտալի տարբեր մեծություն ունեցող բաղադրամասեր, նայած պտույտի պայմաններին, միշտ կանխավճարվեն և նորոգվեն դրամակապիտալի ձևով, որպեսզի տվյալ ծավալով մի արտադրողական կապիտալ միշտ գործունեության մեջ պահեն։

Բայց ինչպես աոաջին, այնպես էլ երկրորդ բաժնում խոսքը միշտ վերաբերում է լոկ անհատական մի կապիտալի, հասարակական կապիտալի մեկ ինքնակա մասի շարժմանը։

Սակայն անհատական կապիտալների շրջապտույտները միահյուսվում են իրար հետ, ենթադրում և պայմանավորում են միմյանց և հենց ճիշտ այս միահյուսմամբ են կազմում հասարակական ամբողջ կապիտալի շարժումը։ Ինչպես որ պարզ ապրանքաշրջանառության ժամանակ մի ապրանքի ամբողջ փոխակերպությունը հանդես էր գալիս իբրև ապրանքաշխարհի փոխակերպությունների շարանի մի օղակ, այնպես էլ անհատական կապիտալի փոխակերպությունը հիմա երևան է դալիս որպես հասարակական կապիտալի փոխակերպությունների շարանի մեկ օղակ։ Բայց եթե պարզ ապրանքաշրջանառությունը յուր մեջ ամենևին չէր պարփակում կապիտալի շրջանառությունն անհրաժեշտորեն,— որովհետև սա կարող էր կատարվել ոչ-կապիտալիստական արտադրության հիման վրա,— ապա, ինչպես արդեն նշել ենք, հասարակական ամբողջ կապիտալի շրջապտույտն ընդգրկում է առանձին կապիտալի շրջապտույտի մեջ չմտնող ապրանքաշրջանառությունն էլ, այսինքն այն ապրանքների շրջանառությունը, որոնք կապիտալ չեն կազմում։

Հիմա մենք պետք է քննության առնենք անհատական կապիտալների շրջանառության պրոցեսը (որը յուր ամբողջությամբ վերցրած՝ վերարտադրապրոցեսի ձև է), իբրև հասարակական ամբողջ կապիտալի բաղադրամասերի շրջանառության պրոցես, ուրեմն քննարկելու ենք այս հասարակական ամբողջ կապիտալի շրջանառության պրոցեսը։

II. ԴՐԱՄԱԿԱՊԻՏԱԼԻ ԴԵՐԸ

[Չնայած որ հետևյալն այս բաժնի լոկ ավելի հետագա մասին է վերաբերում, սակայն մենք անմիջապես կհետազոտենք այս, այն է՝ դրամակապիտալն իբրև հասարակական ամբողջ կապիտալի բաղադրամաս քննած։]

Անհատական կապիտալի պտույտը քննարկելիս դրամակապիտալը մեզ ներկայացավ երկու կողմից։

Առաջին. դրամակապիտալն այն ձևն է, որով ամեն մի անհատական կապիտալ բեմ է դուրս գալիս, յուր պրոցեսն սկսում իբրև կապիտալ։ Ուստի նա հանդես է գալիս որպես primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ], իբրև ամբողջ պրոցեսը խթանող։

Երկրորդ. նայած պտուտապարբերաշրջանի տարբեր երկարությանն ու նրա երկու բաղադրամասի — աշխատապարրերաշրջանի ու շրջանառության պարբերաշրջանի — տարբեր հարաբերությանը, կանխավճարված կապիտալարժեքի այն բաղադրամասը, որը միշտ պետք է կանխավճարվի և նորացվի դրամաձևով, տարբեր է լինում այն արտադրողական կապիտալի համեմատությամբ, որը նա շարժման մեջ է դնում, այսինքն տարբեր է լինում հարակա արտադրամասշտաբի համեմատությամբ։ Բայց ինչ էլ որ չինի այս հարաբերությունը, բոլոր հանգամանքներում էլ՝ ընթացարարող կապիտալարժեքի այն մասը, որը կարող է միշտ գործել իբրև արտադրողական կապիտալ, սահմանափակված է լինում կանխավճարված կապիտալի այն մասով, որը միշտ պետք է դրամաձևով գոյություն ունենա արտադրողական կապիտալի կողքին։ Խոսքն այստեղ վերաբերում է լոկ նորմալ պտույտին, վերացական միջին մեկ մեծության։ Ընդսմին մենք մի կողմ ենք թողնում այն ավելադիր դրամակապիտալը, որն անհրաժեշտ է շրջանառության խանգարումները հավասարակշռելու նամար։

Առաջին կետի վերաբերմամբ։ Ապրանքարտադրութունը ենթադրում է ապրանքաշրջանառություն, իսկ ապրանքաշրջանառությունը ենթադրում է ապրանքի որպես փող ներկայանալը, ենթադրում է դրամաշրջանառություն. ապրանքի երկտրոհվելն ապրանքի ու փողի՝ արդյունքի որպես ապրանք ներկայանալու մի օրենքն է։ Նույնպես էլ կապիտալիստական ապրանքարտադրությունը — ինչպես հանրորեն, այնպես և անհատորեն քննած — ենթադրում է դրամաձևով կապիտալը կամ դրամակապիտալն իբրև primus motor [առաջին մղիչ, առաջին շարժիչ] յուրաքանչյուր նոր սկսվող ձեռնարկության համար ու որպես հարակա շարժիչ։ Շրջանառու կապիտալը մասնավորապես ենթադրում է դրամակապիտալի՝ ավելի կարճ ժամանակամիջոցներում միշտ նորից ու նորից իբրև շարժիչ հանդես գալը։ Կանխավճարված ամբողջ կապիտալարժեքը, այսինքն կապիտալի բոլոր բաղադրամասերը, որոնք կազմված են ապրանքներից — աշխատույժից, աշխատամիջոցներից ու արտադրանյութերից, միշտ պետք է փողով գնվեն և վերագնվեն։ Ինչ որ այստեղ ասվեց անհատական կապիտալի համար, վերաբերում է հասարակական կապիտալին էլ, որը բազմաթիվ անհատական կապիտալների ձևով է միայն գործում։ Բայց, ինչպես արդեն ցույց է արված I գրքում, սրանից ամենևին չի հետևում, թե կապիտալի գործունեության դաշտը, արտադրության մասշտաբը, նույնիսկ կապիտալիստական պատվանդանի վրա, յուր բացարձակ սահմաններով կախված է գործող դրամակապիտալի չափերից։

Կապիտալին միակցվում են արտադրատարրերը որոնց առաձգվելը. հայտնի սահմաններում, անկախ է կանխավճարված դրամակապիտալի մեծությունից։ Աշխատույժի նույնահավասար վճարի ժամանակ նա կարող է ավելի սաստիկ շահագործվել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե դրամակապիտալն այս ավելի սաստիկ շահագործման հետ շատացվում է (այսինքն՝ աշխատավարձը բարձրացվում է), ապա այս լինում է ոչ–համամասնորեն, ուրեմն pro tanto [այնքանի համեմատ, համապատասխան քանակով] չի շատացվում ամենևին։

Արտադրողաբար շահագործվող բնական նյութը — որը կապիտալի ոչ մի արժետարր չի կազմում — հողը, ծովը, հանքանյութը, անտառաստանները և այլն — աշխատույժերի միևնույն թվի ավելի մեծ լարումով ավելի սաստիկ է շահագործվում լարունորեն կամ թե տարածունորեն՝ դրամակապիտալի շատացրած կանխավճարում չանելով էլ։ Արտադրողական կապիտալի իրական տարրերն այսպիսով շատացվում են, և ընդսմին դրամակապիտալի մի ավելադրանք անհրաժեշտ չի լինում։ Որչափով որ սա հարկավոր է լինում ավելադիր օժանդակ նյութերի համար, այն դրամակապիտալը, որով կանխավճարվում է կապիտալարժեքը, շատացվում է արտադրողական կապիտալների գործունության ընդլայնման նկատմամբ ոչ-համամասնորեն, ուրեմն pro tanto չի շատացվում ամենևին։

Միևնույն աշխատամիջոցը, ուրեմն միևնույն հիմնական կապիտալը կարող է ավելի ներգործուն կերպով օգտագործվել ինչպես նրա օրական գործադրաժամանակը երկարացնելով, այնպես էլ նրա կիրառումը լարունացնելով՝ առանց ավելադիր դրամածախսում անելու հիմնական կապիտալի համար։ Այս դեպքում հիմնական կապիտալի ավելի արագ պտույտ է միայն տեղի ունենում, բայց նրա վերարտադրության տարրերն էլ ավելի արագ են մատակարարվում։

Բնական նյութը մի կողմ թողած՝ այն բնական ույժերը, որոնք ոչինչ չեն նստում, կարող են ավելի սաստիկ կամ թե ավելի թույլ ներգործունությամբ լծվել արտադրապրոցեսին իբրև գործակալներ։ Նրանց ներգործունության աստիճանը կախված է մեթոդներից ու գիտական առաջադիմություններից, որոնք կապիտալիստի վրա ոչինչ չեն նստում։

Միևնույնը վերաբերում է արտադրապրոցեսում աշխատույժը հանրորեն համակցելուն ու անհատական բանվորների կուտակված ճարտարությանը։ Carey-ն սրա հիման վրա հաշվում է, թե հողասեփականատերը երբեք բավարար չափով չի ստանում, որովհետև նրան վճարահատուցում են ոչ այն ամեն կապիտալի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատանքի համար, որ անհիշելի ժամանակներից ներդրված է եղել հողի մեջ՝ սրան տալու համար այն արտադրունակությունը, որ սա հիմա ունի։ (Այն արտադրունակության մասին, որը խլվում է հողից, իհարկե ծպտուն չեն հանում)։ Ըստայսմ առանձին բանվորը պետք է վարձատրվեր այն աշխատանքի համաձայն, որքան նստել է ամբողջ մարդկային սեռի վրա մի վայրենուց արդի մեկ մեխանիկ պատրաստելը։ Պետք էր հակառակը մտածել.— եթե հաշվի առնենք այն ամեն անվճար մնացած, բայց հողագույքատիրոջ ու կապիտալիստի կողմից դրամացված աշխատանքը, որ ներդրված է հողի մեջ, ապա հողի մեջ ներդրված ամբողջ կապիտալը բազմապատիկ անգամ հետ է վճարված վաշխառուական տոկոսներով, հետևաբար հողագույքը վաղուց ի վեր բազմաթիվ անգամ հետ է գնված հասարակության կողմից։

Աշխատանքի արտադրողականության բարձրացումը, որչափով որ սա կապիտալարժեքների ոչ մի ավելադիր ծախսում չի ենթադրում, ճիշտ է, առաջին հերթին շատացնում է արդյունքի մասսան միայն, բայց ոչ նրա արժեքը, բացի նրանից, երբ հիշյալ բարձրացումն ունակ է դարձնում միևնույն աշխատանքով ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ վերարտադրելու, ուրեմն սրա արժեքը պահպանելու։ Բայց նույն բարձրացումը միաժամանակ առաջ է բերում նոր կապիտալանյութ, հետևաբար ստեղծում է կապիտալի շատացած կուտակման պատվանդանը։

Որչափով որ հասարակական աշխատանքի բուն իսկ կազմակերպությունը, ուրեմն և աշխատանքի հասարակական արտադրողական ույժի բարձրացումը պահանջում է, որ արտադրվի խոշոր մասշտաբով, և հետևաբար առանձին կապիտալիստների կողմից դրամակապիտալը խոշոր քանակներով կանխավճարվի, ապա արդեն I գրքում ցույց ենք տվել, թե այս բանը գլուխ է բերվում մասամբ կապիտալները սակավաթիվ ձեռքերում կենտրոնացնելով, իսկ սրա համար անհրաժեշտ չի, որ բացարձակորեն աճեն գործող կապիտալարժեքների չափերը, ուրեմն և այն դրամակապիտալի չափերը, որով կանխավճարվում են նրանք։ Առանձին կապիտալների մեծությունը կարող է սակավաթիվ ձեռքերում կենտրոնանալու հետևանքով աճել, իսկ նրանց հասարակական գումարը չաճի։ Հիշյալն առանձին կապիտալների փոփոխված բաշխումն է միայն։

Վերջապես նախընթաց բաժնում ցույց ենք տվել, որ պտուտապարբերաշրջանի կարճացումը հնարավորություն է տալիս կամ ավելի քիչ դրամակապիտալով միևնույն արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու, կամ էլ՝ միևնույն դրամակապիտալով ավելի մեծաքանակ արտադրողական կապիտալ շարժման մեջ դնելու։

Սակայն ակներև է, որ այս բոլորը ոչ մի գործ չունի դրամակապիտալի բուն հարցի հետ։ Այս ցույց է տալիս լոկ այն, թե կանխավճարված կապիտալը — տվյալ մի արժեգումար, որը յուր ազատ ձևով, յուր արժեձևով կազմված է մեկ հայտնի դրամագումարից — յուր՝ արտադրողական կապիտալի փոխարկվելուց հետո պարունակում է արտադրողական այնպիսի կարողություններ, որոնց սահմանները տրված են ոչ թե նրա արժեքի սահմաններով, այլ մի հայտնի շարժավայրի շրջանակներում նրանք կարող են տարբեր կերպով ներգործել տարածունորեն կամ թե լարունորեն։ Եթե արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատույժի — գները տրված են, ապա սրանով որոշված է այն դրամակապիտալի մեծությունը, որը հարկավոր է իբրև ապրանքներ առկա այս արտադրատարրերի մի որոշ քանակ գնելու համար։ Կամ ուրիշ խոսքով՝ նախորոշված է կանխավճարելի կապիտալի արժեմեծությունը։ Բայց այն ծավալը, որով այս կապիտալը գործում է որպես արժեկազմիչ ու արդյունակազմիչ, առաձգական է և փոփոխուն։

Երկրորդ կետի վերաբերմամբ։ Ինքնըստինքյան հասկանալի է, թե հասարակական աշխատանքի ու արտադրամիջոցների այն մասը, որը տարեկան պետք է ծախսվի փող արտադրելու կամ թե գնելու վրա՝ մաշված ստակներին փոխարինելու համար, pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] մի հանուրդ է հասարակական արտադրության ամբողջությունից։ Իսկ ինչ վերաբերում է այն դրամարժեքին, որը գործում է մասամբ իբրև շրջանառության միջոց, մասամբ որպես գանձ, ապա մի անգամ որ այն կա, ձեռք է բերված, նա արդեն գոյություն ունի աշխատույժի, արտադրված արտադրամիջոցների ու հարստության բնական աղբյուրների կողքին։ Նա չի կարող իբրև սրանց սահման նկատվել։ Նրա՝ արտադրատարրերի փոխարկվելու միջոցով, ուրիշ ժողովուրդների հետ արվող փոխանակության միջոցով արտադրամասշտաբը կարող էր ընդլայնվել։ Սակայն այս ենթադրում է, թե դրամն առաջվա պես յուր դերն իբրև համաշխարհադրամ է կատարում։

Նայած պտուտապարբերաշրջանի մեծությանը՝ դրամակապիտալի ավելի մեծ կամ թե ավելի փոքր քանակ է հարկավոր արտադրողական կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Մենք տեսել ենք նմանապես, որ պտուտապարբերաշրջանի՝ աշխատաժամանակի ու շրջանառության ժամանակի բաժանվելը պայմանավորում է դրամաձևում ներթաքուն կամ կախակայված կապիտալի շատացում։

Որչափով որ պտուտապարբերաշրջանը կանխորոշվում է աշխատապարբերաշրջանի երկարությամբ, նա, այլ անփոփոխ պայմաններում, կանխորոշվում է արտադրապրոսեսի նյութական բնությամբ, ուրեմն ոչ թե այս արտադրապրոցեսի մասնահատուկ հասարակական բնույթով։ Սակայն կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ավելի երկար տևողությամբ ավելի ընդարձակված գործառնությունները պայմանավորում են դրամակապիտալի ավելի մեծ կանխավճարում ավելի երկար ժամանակվա համար։ Հետևաբար այսպիսի ոլորտներում կատարվող արտադրությունը կախված է այն սահմաններից, որոնց շրջանակում առանձին կապիտալիստը դրամակապիտալ է ունենում յուր տրամադրության տակ։ Այս սահմանները խորտակվում են վարկասիստեմի ու սրա հետ կապված միավորման, օրինակ, բաժնետիրական ընկերությունների միջոցով։ Այս պատճառով դրամաշուկայում. տեղի ունեցող խանգարումները դադարի են մատնում այսպիսի ձեռնարկությունները, մինչդեռ, նույն այս ձեռնարկություններն իրենց հերթին խանգարումներ են առաջ բերում դրամաշուկայում։

Հասարակական արտադրության պատվանդանի վրա պետք է որոշել այն մասշտաբը, որով այս գործառնությունները, որոնք երկար ժամանակվա ընթացքում աշխատույժ ու արտադրամիջոցներ են խլում՝ առանց այս ժամանակվա մեջ մի արդյունք մատակարարելու իբրև օգտակար էֆֆեկտ,— կարող են կատարվել՝ առանց վնասելու այն արտադրաճյուղերին, որոնք տարվա ընթացքում շարունակաբար կամ թե շատ անգամ ոչ միայն աշխատույժ ու արտադրամիջոցներ են կորզում, այլ և կենսամիջոցներ ու արտադրամիջոցներ են մատակարարում։ Հասարակական արտադրության ժամանակ նույնպես, ինչպես կապիտալիստական արտադրության ժամանակ, ավելի կարճ աշխատապարբերաշրջան ունեցող ձեռնարկաճյուղերում բանվորները լոկ ավելի կարճ ժամանակվա համար արդյունքներ կկորզեն առաջվա պես՝ առանց արդյունքներ տալու իրենց հերթին. այնինչ երկար աշխատապարբերաշրջաններ ունեցող ձեռնարկաճյուղերը շարունակաբար ավելի երկար ժամանակվա համար արդյունքներ կկորզեն՝ արդյունքներ հետ վերադարձնելուց առաջ։ Հետևաբար այս հանգամանքը ծագում է քննարկվող աշխատապրոցեսի իրեղեն պայմաններից, ոչ թե նրա հասարակական ձևից։ Հասարակական արտադրության ժամանակ դրամակապիտալը վերանում է։ Հասարակությունն աշխատայժն ու արտադրամիջոցները բաշխում է տարբեր ձեռնարկաճյուղերի միջև։ Արտադրողները կարող են, ասենք, թղթե հատկացագրեր ստանալ, որոնցով նրանք իրենց աշխատաժամանակի համապատասխան մի քանակ են կորզում հասարակական սպառապաշարներից, Այս հատկացագրերը դրամ չեն։ Նրանք չեն շրջանառում։

Մենք տեսնում ենք, թե որչափով որ դրամակապիտալի նկատմամբ եղած պահանջմունքը ծագում է աշխատապարբերաշրջանի երկարությունից, ապա այս պայմանավորվում է երկու հանգամանքով. առաջին՝ նրանով, որ ընդհանրապես փողն է այն ձևը, որով պետք է հանդես գա



  1. II ձեռագրից։