Տրիբունալ

Գրապահարան-ից
Տրիբունալ

հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ
թարգմանիչ՝ Ժան (ռուսերենից)


Տրիբունալ

Դատական կատակերգություն երկու գործողությամբ

Գործող անձինք

Պոդոպլեկով Լեոնիդ։

Պոդոպլեկովա Լարիսա։

Պոդոպլեկովա Սվետա։

Տրիբունալի նախագահ Մեշալկին։

Մեղադրող Գվոզդիլով։

Պաշտպան Տյուբիկով։

Քարտուղար Պերսիկին։

Մեշալկինա Լյուդմիլա։

Մեշալկին Ժորիկ։

Բարդ։

Գորելկին։

Յուրչենկո։

Տերյոխին։

Զելյոնայա։

Դեպուտատ։

Քահանա։

Հանդիսատես։

Սանիտար և այլոք։


Առաջին գործողություն

Նախաբանի նման մի բան

Բեմի մեջտեղում ― երկար բարձր, կանաչ կտորով ծածկված սեղան։ Սեղանի մոտ՝ բարձր մեջքով բազկաթոռ։ Եվս երեք փոքրիկ սեղանիկներ աթոռներով․ մեկը՝ մեծ սեղանի առջև նախաբեմում, երկուսը կողքերին։ Բեմի խորքում ― Ֆեմիդայի արձանը։ Ձախ աչքը փակ է, կապած է կտորով, աջը՝ բաց, մի ձեռքում ոստիկանական մահակ, մյուսում՝ կշեռք։ Նժարներից մեկը կախված է կտրված շղթայից, մյուսը՝ ընդհանրապես չկա։ Ֆեմիդայից ձախ ― վանդակ, վանդակում՝ մեղադրյալների նստարանը։ Բեմի վերին մասում՝ առայժմ մեզ անծանոթ մարդկանց դիմանկարներ։ Բեմի բանվորները, շտապելով ուղղում են արդեն համարյա դասավորված կահույքը և ուշադրություն չեն դարձնում քահանայի վրա, որը ման է գալիս իրենց հետևից դույլիկով և ցանիչով։ Ընկղմում է ցանիչը դույլիկի մեջ, հետո ցանում բոլոր առարկաներին, համարյա անլսելի մրթմրթում համապատասխան բառեր։

Քահանա։ Մարդկային ցեղի Ստեղծող և Արարիչ, հոգևոր շնորհ Տվող, հավերժական փրկություն բերող, Ինքդ, Աստված, ուղարկիր ոգիդ Քո Սուրբ, բարձրյալ օրհնությամբ այս տեղը, որ զինված երկնային պաշտպանությամբ նրան օգտագործել ցանկացողներին լինի օգնություն մարմնի փրկության, պաշտպանություն ու բարեխոսություն Հիսուս Քրիստոս մեր Աստծուն։ Ամեն։

Բեմ է դուրս գալիս կիթառով Բարդը։ Մեկնում է Քահանային դրամը, նա լուռ վերցնում և գնում է։

Բարդ (խոսում է ցածրաձայն, հասարակ, ոչ թատերական ձայնով, պարբերությունների միջև ընկած ժամանակ կիթառն է լարում)։ Թվում է, նրանք դեռ պատրաստ չեն։ Ես նկատի ունեմ դերակատարներին։ Նրանք, դեռ, իմ կարծիքով, վերջնական տեքստն էլ չեն ավարտել։ Հենց սա է ժամանակակից արվեստը։ Ամեն ինչ արվում է շտապ, անփույթ։ Բեմը օծեցին, հանդիսատեսն հավաքվել է, իսկ նրանք այնտեղ դեռ տեքստն են վերջացնում, պատմությունը ուղղում, առանց հասկանալու, որ միևնույն է վերջաբանը նույնը կլինի։ Դե լավ։ Ես առայժմ ձեզ համար մի բան կերգեմ։

Հոսում է գետը հեռվից,
Լայնանալով ու լցվելով,
Հոսում է գետը, և ամպերը
Ճոճվում են նրա վրա․․․
Եվ արտացոլված երկրակամարը
Հազիվ է փայլում։
Այսպես էլ կյանքն է ինձ տանում
Գալարապտույտ հունով։


Երգի ժամանակ ինչ֊որ տեղ հեռվում, իսկ հետո ավելի ու ավելի մոտիկից լսվում է ընդհատվող և տագնապալի «շտապ օգնության», կամ հրշեջ մեքենայի, կամ էլ ոստիկանության շչակը։ Հնչյունների ուժեղացման հետ միաժամանակ, բարդն էլ երգում է ավելի ու ավելի բարձր, աշխատելով խլացնել դրանք։

Հարավը, Հյուրսիսը, Արևմուտքը և Արևելքը,
Փոխվում են ոլոր֊մոլոր․․․
Ոչնչից ներհոսեցի
Եվ ոչ մի տեղ չեմ թափվի։
Իսկ առայժմ գետը հոսում է,
Քանի դեռ ջուրը լցվում է,
Թող կայնքն էլ առայժմ, հոսի
Մինչև չցամաքի։

Բարդ (դադարում է երգելը)։ Չէ, սա անհնարին է։ (լռելուց հետո)։ Չեմ հասկանում, այս ամենն ինչի՞ համար է։ (Նմանակում է շչակի ոռնոցը)։ Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ։ Նախկինները այսպիսի ուուներ չէին անում։ Իսկ սրանք, դուք հիշում եք, երբ դեռ ճամփին էին, երբ դեռ պայքարում էին իշխանության համար, խոսք էին տվել, որ իրենց ժամանակ ոչ մի ուո՜ւ այլևս չի լինի։ Նայեցեք մեզ վրա, ասում էին նրանք, մենք հասարակ մարդիկ ենք, ըստ էության՝ մենք այնպիսին ենք ինչպիսին դուք եք, մենք ժողովրդի մասնիկն ենք, հագնում ենք էժանագին կոշիկներ, մաշված ջինսեր, երթևեկում ենք ավտոբուսներով և մետրոյով։ Իսկ հիմա տեսնում ենք նույն բանը։ Ոչ, ես ոչ քննադատողներից եմ և ոչ էլ պայքարողներից։ Եթե ուզում եք իմանալ, ես ընդհանրապես դեմ եմ ամեն մի պայքարի։ Որովհետև միևնույն է անիմաստ է։ Կպայքարենք, մահակներով կստանանք գլխներիս, կնստենք, մինչև որ չփոխարինենք սրանց ուրիշներով, նրանցով՝ որոնց մեզ հետ խփում էին մահակներով։ Բայց նրանք կնստեն իրենց լիմուզինները և նորից կսուրան մեր կողքով․ ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ։ Իսկ մենք ոտքով կքայլենք և նորից կծեծվենք նույն մահակներով։

Տեսարան առաջին

Մինչ այդ շչակի ձայնը, ավելի ճիշտ բազմաթիվ շչակների, աղետալիորեն ուժգնանում է։ Լույսը դահլիճում և բեմի վրա հանգչում է։ Շչակների ձայնը խառնվում է արագ սլացող մեքենաների անիվների շրշյունին։ Բեմով աջից ձախ արագ անցնում են կարմրա֊կապուտ թարթող լույսերը, ստեղծելով տպավորություն, որ մեքենաների շարանը հատում է բեմը։ Հանկարծ լույսերը մարում են, չքանում են բոլոր ձայները։ Մի քանի վայրկյան դահլիճում և բեմում խոր մթություն և լռություն է տիրում։ Հետո բռնկվում է լույսը, և միաժամանակ բեմում, բոլոր անցումներում և դռների մոտ հայտնվում են ինքնաձիգով մարդիկ։

Բեմ է դուրս գալիս Քարտուղարը հին և խիստ կոստյումով։ Գործունյա քայլվածքով մոտենում է բեմի եզրին և սևեռուն հայացքով նայում հանդիսատեսին, կարծես ուզում է որոշել, չկա՞ն արդյոք հանդիսատեսների մեջ չարագործներ։ Չփարատելով մինչև վերջ իր կասկածները, կամաց գնում է կուլիսների ետևը։ Բարձրախոսներում լսվում է բուռն ծափահարությունների աղմուկը, և շարքով բեմ են դուրս գալիս․ Նախագահը, Մեղադրողը, Պաշտպանը և Քարտուղարը։ Այդ նրանց դիմանկարներն են կախված բեմի վրա։ Կարծես պատասխանելով զմայլված հանդիսատեսի ծափահարություններին, նրանք քայլելիս նույնպես ծափ են տալիս։ Գրավում են իրենց տեղերը։ Նախագահը՝ կենտրոնում, Մեղադրողը՝ ձախ սեղանիկի մոտ, Պաշտպանը՝ աջի, Քարտուղարը՝ մեջտեղում։ Լուռ դասավորում են թղթերը։ Հանդիսատեսը սպասում է։ Վերջապես առաջին կարգից մի կին չի դիմանում և դիմում է իր կողքին նստած տղամարդուն (նրանք Պոդոպլեկով ամուսիններն են)։

Լարիսա։ Լյոնյա, ես չեմ հասկանում, ի՞նչ է այստեղ տեղի ունենում։ Ի՞նչ են անում այստեղ այս մեծ թվով զինված մարդիկ։

Պոդոպլեկով։ Հանգստացիր, Լարա։ Ի՞նչու ես նյարդայնանում։ Չէ որ սա ներկայացում է։

Լարիսա։ Ես հասկանում եմ, որ ներկայացում է, բայց ինչո՞ւ են այսքան շատ զինված մարդիկ։

Պոդոպլեկով։ Ես չգիտեմ ինչու։ Երևի այդպես է պետք։ Մի՞թե դու երբեք չես տեսել բեմում զինված մարդկանց։

Լարիսա։ Տեսել եմ։ Բայց եթե սա իսկապես ներկայացում է, ապա դերակատարները պետք է ինչ֊որ բան խոսեն, իսկ սրանք դուրս են եկել ու լռում են։

― Պոդոպլեկով։ Հետո ի՞նչ, որ լռում են։ Հնարավոր է իրենց դերերն են լուռ։ Ինձ թվում է, նրանք պատկերում են մի ինչ֊որ կարևոր նիստ։ (Դիմելով նախագահին․) Պարոն արտիստ, չե՞ք ասի, թե դուք ինչ դեր եք կատարում։

Բեմում որոշ շփոթմունք է տիրում։ Նախագահը հայացքներ է փոխանակում Մեղադրողի և Պաշտպանի հետ, սրանք ուսերն են թոթվում։ Նախագահի մոտ է վազում Քարտուղարը և ինչ֊որ բան շշնջում ականջին։

Նախագահ։ Հա֊ա՜, դերը։ (Պոդոպլեկովի համար կարևոր է։) Ես կատարում եմ տրիբունալի նախագահի դերը։

Պոդոպլեկովը Լարիսային․ Տեսնո՞ւմ ես, ես քեզ ասում էի չէ՞, որ սա ներկայացում է։ Իսկ ընկերը խաղում է կարծես թե տրիբունալի նախագահի դերը։ Եվ ի՞նչ։ Ակնհայտ է, որ դուք, պատրաստվում եք ինչ֊որ մեկին կարծես թե դատե՞լ։

Նախագահ։ Ի՞նչ է նշանակում «կարծես թե»։ Հնարել են այս հիմար «կարծես թե» բառը և խցկում են ուր որ պատահի։ Այսօր կարծես թե լավ եղանակ է, իսկ երեկ կարծես թե անձրև էր գալիս, իսկ սա կարծես թե տրիբունալ է, և կարծես թե ինչ֊որ մեկին, կարծես թե, դատելու են։ Ոչ թե կարծես թե, այլ ուղղակի տրիբունալ է և ուղղակի դատելու ենք։ Առանց ոչ մի կարծես թե։

Պոդոպլեկով։ Ներեցեք, մակաբույծ բառեր են։ Չեմ կարողանում նրանցից ազատվել։ Կարծես թե, նշանակում է, այսպես ասած, այն առումով որ։ Այժմ դա կարծես թե բոլորն են ասում, կարծես թե, կարծես թե։ (Լարիսային։) Այ, տեսնում ես։ Ես քեզ ասում էի, չէ՞։ Հետաքրքիր սկիզբ է։ Քանի որ կա, այսպես ասած, տրիբունալ, նշանակում է, նա պետք է որևէ մեկին դատի։ (Նախագահին։) Դա մոտավորապես ինչպես Չեխովի մոտ, ճի՞շտ է։ Եթե բեմում հրացան է կախված, ուրեմն, նա անպատճառ երբևիցե կկրակի։ (Ծիծաղում է։)

Մեղադրող։ Այն էլ ինչպես կկրակի՛։ Այնպես կկրակի, որ հա֊ա՜։

Պաշտպան (տխուր)։ Կկրակի, կկրակի։

Նախագահ։ (Նշան է անում կանգնեցնելով Պաշտպանին։ Պոդոպլեկինին։) Իսկ ի՞նչ էիք դուք ասում Չեխովի մասին։ Նա այդպես էլ ասե՞լ է, որ եթե հրացան է կախված, ուրեմն անպայման կկրակի՞։

Պոդոպլեկով։ Այո, այդպես էլ գրել է, որ եթե, ասում է, առաջին ակտում կախված է, ուրեմն երկրորդում կամ երրորդում անպայման ասում է, կտրաքի։

Մեղադրող։ Եվ դուք նրա հետ համաձա՞յն եք։

Պոդոպլեկով։ Ինչպես կարող եմ չհամաձայնվել, եթե Չեխովի նման հեղինակությունն է գրում։ Նա այն չէ, որ հիմիկվաններն են, որոնց գրքերում միայն սպանություններ են, սեքս և հայհոյանք։ Երբեմն այնպիսի բաներ կգրեն, որ ես, մեծ մարդս, կարդալիս կարմրում եմ։ Եվ նույնիսկ չեմ հասկանում, թե ուր է նայում մեր պետությունը։ Համաձայն եմ, գրաքննություն չկա և պետք էլ չէ, բայց պետք է լինեն չէ՞ ինչ֊որ սահմանափակումներ։ Իսկ եթե ամեն ինչ թույլատրված է, հայհոյանք, սեքս և այլն, ուրեմն, կարծես թե կարելի է և գողանալ, և բռնաբարել, և սպանել։

Լարիսա։ Լյոնյա, այդպես մի խոսիր։ Դու այս մարդկանց նույնիսկ չես ճանաչում, բայց այդպիսի բաներ ես ասում։

Պոդոպլեկով։ Իսկ ի՞նչ եմ ասում։ Ես ոչ մի առանձնապես բան չեմ ասում։ Ես ասում եմ միայն, որ եթե կարելի է երգել ֆաներայի տակ, վաճառել մարմինդ, տարբեր բառեր գրել գրքերում, հեռուստացույցով սեքս ցույց տալ, ուրեմն կարելի է և՛ գողություն անել, և՛ բռնաբարել, և՛ կողոպտել և՛ սպանել։

Նախագահ։ Դուք համարում եք, կարելի՞ է։

Պոդոպլեկով։ Ի՞նչն է կարելի։

Նախագահ։ Դուք ասացիք, որ կարելի է գողանալ, բռնաբարել և սպանել։

Պոդոպլեկով։ Դուք, պարոն արտիստ, մի տեսակ շուռ եք տալիս և նույնիսկ դուրս կորզում համատեքստից իմ խոսքերը։

Մեղադրիչ։ Օ՜, ինչպիսի էրուդիտ։ Նույնիսկ գիտի «համատեքստ» բառը։

Պոդոպլեկով։ Դե իհարկե, գիտեմ։ Ես, համենայն դեպս, փառք աստծո, ինտելիգենտ մարդ եմ, կրթված և հետաքրքրասեր։

Նախագահ։ Եվ հավատացյալ։

Պոդոպլեկով։ Ե՞ս։

Նախագահ։ Դուք ասացիք «փառք աստծո»։ Անհավատը այդպես չէր ասի։

Պոդոպլեկով։ Այո։ Հիմա մենք բոլորս էլ կարծես թե հավատացյալ ենք։ Բա ո՞նց։ Առաջ կային աթեիստներ, խաչերը զանգակատներից գցում էին, սրբապատկերները կացնով ջարդում, խոզերին եկեղեցիներ քշում, իսկ հիմա բոլորս այնպիսի՜ հավատացյալ ենք, ուղղափառ, ուղղակի սարսափ։ Խաչեր ենք կրում, մոմերով կանգնում պատկերների տակ։ Իսկ ես, ընդհանրապես, ազնվորեն ասած, ոչ այնքան։ Երբ այս ու այն բանի մասին մտածում եմ, ինչպես այս ամենը ստացվեց, ապա գլխիս մեջ ինքնաբերաբար ինչ֊որ բան է սողոսկում։ Դժար է, գիտեք, ինչ֊որ պատկերացնել, որ այդ բոլորը, դե ես նկատի ունեմ ― մարդիկ, կովերը, շները, ու նաև տարբեր ուրիշ կենդանիներ, գորտերը, միջատները՝ իրենք իրենց, հենց այնպես, կարծես թե փոշուց են հայտնվել։ Ես կարծում եմ, որ միգուցե, մի ինչ֊որ կարծես թե, բարձրագույն միտք, այնուամենայնիվ, կարծես թե կա։

Նախագահ։ Մտածում եք, այնուամենայնիվ կա՞։

Պոդոպլեկով։ Այո, երբեմն մտածում եմ, որ այնուամենայնիվ, մի այդպիսի բան կա։

Մեղադրիչ։ Իսկ երբեմն մտածում եք, որ ոչինչ չկա՞։

Պոդոպլեկով։ Այո, երբեմն այդպիսի բան գլխովս անցնում է։ Ահա, ոչ ուշ քան երեկ, գնացի սուպերմարկետ, հինգհարյուրանոց թուղթ վերցրի, դե, հավաքեցի սայլակի մեջ երեք հարյուր գրամ երշիկ, երկու հարյուր գրամ պանիր, մի փաթեթ կարագ, հնդկաձավար, մտա գրպանս վճարելու համար, իսկ հինգհարյուրանոցը չկա։ Ստուգեցի աջ գրպանս, ձախը, շալվարում, պիջակում՝ ոչ մի տեղ չկա։ Դե, մտածում եմ, ուրեմն կամ թռցրել են, կամ էլ կորցրել եմ։ Եվ այնքա՜ն ցավալի էր դա ինձ համար։ Մտածեցի, դե, աստված չկա։ Հանկարծ մի մի կին ասում է․ տղամարդ, այդ դո՞ւք եք կորցրել փողը։ Եվ ինձ է մեկնում հինգհարյուրանոցը։ Չէ, մտածում եմ, այնուամենայնիվ նա կա։ Բայց ներեցեք ինձ, ես երևի խլում եմ ձեր ժամանակը։ Իսկ դուք, հատկապես, ո՞ւմ եք պատրաստվում դատել։

Նախագահ։ Դե, ասենք, հենց ձեզ։

Քարտուղար։ Այո, ասենք հենց ձեզ։

Պոդոպլեկով։ Ի՞նձ։ (ծիծաղում է։) Իսկ ինչո՞ւ ինձ։

Նախագահ։ Իսկ ինչո՞ւ ոչ։

Քարտուղար։ Իսկապես։ Իսկ ինչո՞ւ ոչ։

Պոդոպլեկով։ Որովհետև կարծես թե, ինձ դատելու ոչ մի պատճառ չկա։ Ես այսպիսի, այսպես ասած, ամենահասարակ մարդ եմ։ Ինժեներ։ Գնում եմ աշխատանքի, հեռուստացույցով ԿՎՆ, «Փառքի րոպե», Սառցային ժամանակաշրջան» նայում, և ոչ մի այդպիսի բան, կարծես թե, չեմ գործել։ (Նստում է տեղը։)

Նախագահ։ Ամեն մի մարդ, որը ապրում է, ինչ֊որ մի բան գործում է։

Քարտուղար։ Իսկ ով չի ապրում, նա ոչինչ էլ չի գործում։

Նախագահ։ Այդ ինչո՞ւ նստեցիք։ Բարձրացեք այստեղ։

Քարտուղար։ Եվ մի ամաչեք։

Պոդոպլեկով։ (Շփոթված կանգնում է)։ Ե՞ս։ Ի՜նչ եք ասում։ (Ծիծաղում է։) Ես հանդիսատեսի առաջ ելույթ ունենալ չեմ կարող։ Համենայն դեպս, այսպես ասած, դերասան չեմ։

Նախագահ։ Իսկ ինչո՞ւ և ոչ դերասան։ Գիտեք, Շեքսպիրը ասել է․ «Ողջ աշխարհը թատրոն է, և մարդիկ՝ դերասաններ»։ Բարձրացեք տեսնենք, դերասան եք, թե ոչ։

Պոդոպլեկով։ (Ավելի շատ շփոթվելով։) Ի՜նչ եք ասում։ Ինձանից ի՜նչ դերասան։ Եթե հանդիսատեսներից որևէ մեկը ձեզ պետք է որպես մի ինչ֊որ օգնական, դուք, այսպես ասած, հրավիրեք մեկ ուրիշի։ Որովհետև հանդիսատեսի առջև ես ինձ կորցնում եմ։ Դե, դուք սկսեք, սկսեք։ (Նստում է։)

Նախագահ։ (Ծիծաղում է։) Տարօրինակ մարդ եք։ Մենք ինչպե՞ս կարող ենք առանց ձեզ սկսել։ Չէ՞ որ մենք տրիբունալ ենք։ Մեզ պետք է մեղադրյալ։

Քարտուղար։ Իսկ առանց մեղադրյալի՝ միևնույնն է թե հարսանիքը առանց փեսացուի։ (Ծիծաղում է։)

Նախագահ։ Բարձրացեք, բարձրացեք։

Պոդոպլեկով։ (Վեր է թռչում)։ Ինձ, այս ամենը, արդեն հոգնեցրել է։ Ես կարծում էի, որ դուք կատակում եք։ Իսկ դուք ինձնից, հասկանում եք, ուզում եք մի ինչ֊որ ծաղրածու սարքել։ Ես ձեզ համար, ոչ մի դեպքում ծաղրածու չեմ։ Ելույթ ունեցողները դուք եք, ինքներդ էլ ելույթ ունեցեք, իսկ ես կնայեմ։ Թե չէ ընդհանրապես կգնամ և ադմինիստրատորից կպահանջեմ, որպեսզի ինձ վերադարձնեն տոմսի փողը։ (Լարիսային։) Գնա՛նք, Լարա։ Ես նույնիսկ չեմ ուզում նայել, ես կասեի, այս հիմար բեմականցումը։

Մեղադրող։ Դուք լսեցի՞ք։ Նա ասաց, որ հիմար բեմականացում է։

Նախագահ։ (Մեղադրողին։) Ի՞նչ։ Ի՜նչ։

Մեղադրող։ (Հուզված վեր է կենում։) Ձերդ պատվություն, ես նայում եմ, թե ինչ է տեղի ունենում և մտածում, թե ինչպես եք դուք այս մարդուն թույլ տալիս այսպես հանդուգն իրեն պահել։

Նախագահ։ Դե իհարկե։ Եթե նույնիսկ, մարդը հանցագործություն է կատարել, մենք պետք է ընբռնենք բոլոր մանրամասնությունները, հասկանանք, թե ինչն է մղել նրան այդ արարքին, նկատի առնենք մեղմացնող հանգամանքները։ Չէ որ մենք, ընդհանուր առմամբ հումանիստ մարդիկ ենք։

Մեղադրող։ Ձերդ պատվություն, ինչպես հայտնի է, հումանիզմը մեր հասարակության կարևորագույն հատկանիշն է, բայց միևնույն ժամանակ, ոչ ոք չպետք է ընկալի մեր հումանիզմը, որպես թուլության նշան։ Դուք նրան մարդավարի խնդրում եք, իսկ նա մեզ ձեռք է առնում, խանգարում, հանդիսատեսից ժամանակ խլում։ Իսկ հանդիսատեսը սպասում է։

Պոդոպլեկով։ Իսկապես, հանդիսատեսը սպասում է։ Հանդիսատեսը սպասում է ձեզնից սովորական, հետաքրքրաշարժ բեմականացումներ խորը բովանդակությամբ, իսկ դուք ինչ֊որ հիմարությամբ եք զբաղվում։ Հասկանում եք չէ, աբսուրդի թատրոն է։ Մտածել եք՝ հանդիսատեսին բեմ քարշ տալ։ Ես այսպիսի զզվելի բանը նայել չեմ ցանկանում։

Լարիսա։ Ես ասում էի, չէ, որ պետք չի գնալ ամեն մի ժամանակակից հիմարության։ Ավելի լավ կլիներ Չեխով կամ Օստրովսկի նայեինք։

Պոդոպլեկով։ Որտեղից իմանայի, որ հիմարություն է։ Ես կարծում էի, որ եթե անունը «Տրիբունալ» է, ուրեմն մի ինչ֊որ դետեկտիվ է, ինչ֊որ բանդիտների, մենթերի, չեկիստների մասին։ Գնանք այստեղից, սատանան իրենց հետ։

Նախագահ։ Վերջին անգամ եմ ձեզ ասում․ բարձրացեք այստեղ, թե չէ ես կհրամայեմ, որպեսզի ձեզ ուժով բերեն։

Պոդոպլեկով։ (Դեպի ելք գնալով)։ Ինչպես չէ, կհրամայես։ Հրամայողիս նայեք։

Նախագահ։ (Ոստիկաններին։) Այստեղ բերել նրան։

Ոստիկանական սուլիչների դայլայլներ։ Զրահաբաճկոններ և թափանցիկ երեսկալներով սաղավարտ հագած ոստիկաններ Գորելկինը և Յուրչենկոն ցած են թռչում բեմից, փակում Պոդոպլեկովի ճանապարհը։ Սկսվում է քաշքշուկ։

Պոդոպլեկով։ (դիմադրելով)։ Միայն թե առանց ձեռքերի։ Ես կբողոքեմ։ Օգնեցե՛ք։ Մարդիկ, ո՞ւր եք դուք նայում։ Ինչո՞ւ եք լռում։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչ է այստեղ կատարվում։ Օ՜ աստված, ժողովուրդը լուռ է։ Լարա, գոնե դու ինձ լսո՞ւմ ես։

Լարա։ Լսում եմ, Լյոնյա։

Դիմադրելով, Պոդոպլեկովը թեթևակի դիպչում է Գորելկինի երեսկալին։

Մեղադրող։ Ձերդ պատվություն, խնդրում եմ նկատի առնեք, որ նա խփեց ոստիկանին։ Թվում է, նա նրան սպանեց։

Նախագահ։ Թվո՞ւմ է, թե սպանեց։

Մեղադրող։ Կարծես սպանեց։

Նախագահ։ Որպեսզի չթվա, պետք է հերձում անել և համոզվել։

Մեղադրող։ Միանգամայն, ձերդ պատվություն, համաձայն եմ ձեզ հետ։

Պաշտպան։ Ես բողոքում եմ։ Իմ պաշտպանյալը ոչ մեկին չի սպանել։ Ոստիկանը կենդանի է, նա դեռ դիմադրում է։

Նախագահ։ (Խորիմաստ)։ Եթե դիմադրում է, ուրեմն, դեռ կենդանի է։

Մեղադրող։ Բայց եթե հերձվի, նա կենդանի չի լինի։

Նախագահ։ Դա էլ ճիշտ է։ Այդ դեպքում թող դիմադրի, հերձումը հետո կանենք։

Մեղադրող։ Իսկ առայժմ, ահա։ Միշտ սխրանքի պատրաստ հասարակ ռուս մարդ, սերժանտ Գորելկին։


Տեսարան երկրորդ

Գորելկինը և Յուրչենկոն մեջքի ետևը ոլորած ձեռքերով Պոդոպլեկինին հասցնում են բեմ և միանգամից սկսում են խուզարկել։ Քաշքշելով հանում են պիջակը, շուռ տալիս գրպանները, պատռում աստառը։ Շուռ են տալիս շալվարի գրպանները, հանում են գոտին, կտրում կոճակները։ Հանում են կոշիկները, նրանցից դուրս քաշում թելերը։

Գորելկին (արձանագրություն կազմելիս թվում է խուզարկության ժամանակ գտած առարկաները)։ Անձնագիր սովորական քաղաքացիական , տրված Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկինի անունով՝ մեկ հատ։ Անձնագիր արտասահմանյան, թուրքական մուտքի արտոնագրով, բուլղարական արտոնագրով՝ մեկ հատ։ Թատերական տոմսեր՝ երկու։ Վարորդական իրավունք՝ մեկ հատ։ Սիգարետներ «Մալբորո», վառիչ, սանր, գրչահատ՝ մի֊մի հատ։

Մեղադրող։ Ինչո՞ւ այդքան բարդ բառ գրել՝ գրչահատ։ Միանգամից գրեցեք դանակ։

Գորելկին։ Ուղղակի դանակ՝ մեկ հատ։

Նախագահ։ Իսկ այդ ի՞նչ է ձեր աչքի տակ, Գորելկին։

Գորելկին։ Թույլ տվեք զեկուցել, ձերդ պատվություն, կապտուկ։

Մեղադրող։ Դա հեմատոմա է։ Ծանր մարմնական վնասվածք։

Գորելկին։ Բացի այդ նա ջարդել է մատիս եղունգը։ Ահա։ (Ցույց է տալիս մատը։)

Քարտուղար։ Սարսափելի է։

Մեղադրող։ Հեմատոման և եղունգը՝ բազմակի վնասվածքներ են։ Ես կարծում եմ, ձերդ պատվություն, որ պետք է անհապաղ ուղարկել Գորելկինին բժշկական հիմնարկություն։ Թող մեր մասնագետները նրան հերձեն և պարզեն, որքանով են վտանգավոր առողջության համար իր ստացած խեղումները։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, ես առարկում եմ։ Գորելկինը կենդանի է։

Նախագահ։ Ավելի լավ։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե հերձումը հաստատի ձեր հիպոթեզը։

Ոստիկանները տանում են Պոդոպլեկինին վանդակը, որից հետո Գորելկինը, ձեռքով փակելով վնասված աչքը, հեռանում է, իսկ Յուրչենկոն պատրաստ պահած ինքնաձիգը տեղ է զբաղեցնում վանդակի մոտ։ Պոդոպլեկովը նստում է մեղադրյալների աթոռին, հանգստանում և գործունյա զննում խուզարկության ժամանակ վնասված իր հագուստը։

Նախագահ։ Դե ինչ, մեղադրյալ, դուք պատրա՞ստ եք։

Պոդոպլեկովը պատասխան չի տալիս։

Նախագահ։ Մեղադրյալ, ես ձեզ եմ դիմում։

Պոդոպլեկով։ Ի՞նձ։

Նախագահ։ Բա էլ ո՞ւմ։

Պոդոպլեկով։ Իսկ ես ինձ մեղադրյալ չեմ ճանաչում։

Նախագահ։ Իսկ դա կարևոր չէ, որպես ինչ եք դուք ձեզ ճանաչում։ Կարևոր է, որ մենք ենք ձեզ ճանաչում։

Քարտուղար։ Այդպես է որ կա։ Ով ասես իրեն ինչ ասես ճանաչում է։ Կարևոր է, թե ով եք դուք իրականում։ Եվ ընդհանրապես, երբ ձեզ դիմում են, պետք է ոտքի կանգնել։

Պոդոպլեկով։ (Վեր կենալով)։ Դե լավ, կկանգնեմ։

Նախագահ։ Ձեր անուն, հայրանուն, ազգանունը։

Պոդոպլեկով։ Ենթադրենք, Պոդոպլեկով Լեոնիդ Լեոնիդովիչ։

Նախագահ։ Որտե՞ղ էիք աշխատում մինչև ձերբակալումը։

Պոդոպլեկով։ Մինչև անօրինական ձերբակալումը աշխատում էի ինժեներ սառնարաններ վերանորոգող ֆիրմայում։

Նախագահ։ Ընտանեկան դրությունը։

Պոդոպլեկով։ Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։

Նախագահ։ Նախկինում դատական պատասխանատվության ենթարկվե՞լ եք։

Պոդոպլելով։ Չեմ ենթարկվել։


տեսարան երրորդ

Նախագահ (կանգնում է, նրա հետ կանգնում են ներկայացման բոլոր մասնակիցները)։ Հրապարակվում է Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկովի, ամուսնացած, երկու երեխայի հայր, նախկինում չդատված, մեղադրական եզրակացությունը։ Պոդոպլեկովը մեղադրվում է այն բանում, որ այսօր, (նշվում է հենց այն օրը, երբ խաղացվում է ներկայացումը), հայտնվելով շենքում, որտեղ տեղի էր ունենում հատուկ տրիբունալի նիստը, իրեն պահում էր հանդուգն, արտահայտում էր ծայրահեղական բնույթի մտքեր, հրապարակավ պրոպագանդում էր գողությունը, բռնությունը և սպանությունները, արտասանում էր տեռորիստական բնույթի սպառնալիքներ, հղում կատարելով մի ոմն հեղինակություն Չեխովին, հիշեցնում էր ինչ֊որ հրացանի մասին, որը իբրև թե պետք է անպայման կրակի։ Կանչված լինելով հարցաքննության, հրաժարվեց ժամանել արդարադատությունն իրականացնող տեղը, չհնազանդվեց տրիբունալի նախագահի պահանջին, անվանելով այս նիստը հիմարություն, անհեթեթություն, հիմար բեմադրություն, զզվելի․․․

Պոդոպլեկով։ Սա ինչ֊որ զառանցանք է։

Նախագահ։ ․․․ զառանցանք․․․

Պոդոպլեկով։ Ապուշություն։

Նախագահ։ Ապուշություն։ Կալանվելու ժամանակ դիմադրություն ցույց տվեց, որի պատճառով սերժանտ Գորելկինը կյանքի հետ անհամատեղելի խեղումներ ստացավ և տեղափոխվեց բժշկական հիմնարկություն պաթոլոգոանատոմիկ փորձաքննության։ Բոլոր այս արարքները նախանշված են Քրեական օրենսգրքում և ներառում են իրենց մեջ այնպիսի հանցագործությունների նշաններ, ինչպիսիք են վիրավորանքն և անհնազանդությունը իշխանությունների հանդեպ համատեղված ահաբեկչության և իշխանության ներկայացուցչի սպանություն փորձ կատարելու հետ։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, եթե դուք նկատի ունեք ոստիկան Գորելկինին, ապա նա առայժմ, համենայն դեպս, դեռ կենդանի է։

Նախագահ։ Կենդանի՞ է։ Իսկ ինչ էին անում նրա հետ բժիշկները։

Մեղադրող։ Նրանք մինչ այժմ պայքարում են նրա կյանքի համար։

Նախագահ։ Լավ, թող առայժմ պայքարեն։ (Պոդոպլեկովին։) Դուք ճանաչո՞ւմ եք ձեզ մեղավոր առաջադրված մեղադրանքներով։

Պոդոպլեկով։ Իհարկե ո՛չ։

Նախագահ։ Մեղադրյալ, որպես այս տրիբունալի նախագահ, ես պարտավոր եմ բացատրել ձեզ, որ ազնվորեն ընդունելով ձեր կատարած հանցանգործությունների մեղքը և անկեղծորեն զղջալով դուք կարող են թեթևացնել ձեր ճակատագիրը։

Պոդոպլեկով։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւմ է կայանում իմ մեղքը։

Նախագահ։ Ինչպե՞ս թե չեք հասկանում։ Դուք հո չեք կարող ասել որ մեղադրանքները կեղծ են։

Պոդոպլեկով։ Բանն էլ հենց այն է, որ կեղծ են։

Նախագահ։ Իզուր եք այդպես ասում։ Կեղծ մեղադրանքների գործելաոճին մենք վաղուց արդեն վերջ ենք տվել։ Մենք ներկայացնում ենք մեղադրանքներ միայն իրականում գործած հանցանքների համար։ Ինքներդ դատեք, մի՞թե դուք չէիք պնդում, որ մեր հասարակությունում կարելի է հափշտակել, բռնաբարել և սպանել։ Մի՞թե դուք մեզ չէիք սպառնում հրացանով, որը, ձեր հեղինակության մտադրությամբ պետք է կրակեր։ Մի՞թե դուք չեք վիրավորել դատարանին և համառորեն դիմադրել իշխանություններին։

Մեղադրող։ Ինչի արդյունքում սերժանտ Գորելկինը ստացավ ծանր մարմնական վնասվածքներ, գտնվում է կրիտիկական վիճակում, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Պոդոպլեկով։ Դուք ստում եք։ Ի՞նչ կարող էի ես նրան անել։ Նա այնպիսի՜ աժդահա է։ Եղունգը նա ինքն է կոտրել, երբ կառչել էր ինձանից, կապտուկն էլ արդեն կար, իսկ ես միայն նրա կոճակը պոկեցի։

Մեղադրող։ Գույքի կանխամտածված փչացում և համազգեստի անարգում։

Նախագահը (մեղադրողին)։ Ուրեմն, եթե Գորելկինին դեռ չեն հերձել, մենք կարո՞ղ ենք նրան հարցաքննել։

Մեղադրող։ Կարծում եմ՝ կարող ենք։ Նրա վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, բայց իր պարտքը կատարելու համար, Գորելկինը պատրաստ է նույնիսկ դագաղից վեր կենալ։

Նախագահ։ Հարցաքննության համար հրավիրվում է վկա Գորելկինը։ Որտե՞ղ է Գորելկինը։

Մեղադրող։ Այնտեղ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Բեմ է գլորվում հիվանդանոցային մահճակալը, որի վրա պառկած է Գորելկինը, նրան շրջապատել են դիմակներով բժիշկները։ Նրանցից մեկը բարձրացրել է վիրահատական դանակը, իսկ Գորելկինը բռնում է նրա ձեռքը և դիմադրում է։

Նախագահ։ Քանի դեռ մեր մասնագետները ձեզ չեն ենթարկել պաթոլոգոանատիմիկ քննության, դուք կարո՞ղ եք պատասխանել մեր հարցերին։

Գորելկին։ Այո֊այո, կարող եմ։ Պետք չէ ինձ քննության ենթարկել, ես հենց այնպես ամեն ինչ կասեմ։

Նախագահ։ Պատմեք, Գորելկին, իսկ ձեր բաժնի ղեկավարությունը, ես համոզված եմ, հաշվի կառնի ձեր սխրանքը։ Ճանաչո՞ւմ եք մեղադրյալին։

Գորելկին (հենվելով արմունկի վրա ուշադիր նայում է Պոդոպլեկինին)։ Այո, ծանոթ է։

Նախագահ։ Ի՞նչ եք կարող պատմել այս հարցի վերաբերյալ։

Գորելկին։ Ուրեմն, գործն այսպես էր։ Լինելով այստեղ հերթապահության, ես նախազգուշացված էի․ նկատի ունենալով, որ այստեղ տեղի է ունենալու կարևոր իրավաբանա֊քաղաքական միջոցառում, հնարավոր են սադրանքներ ծայրահեղական էլեմենտների և թշնամաբար տրամադրված բնակչության խմբերի կողմից։ Իսկ մայոր Կորոտիշևը ուղղակի ասաց, որ սադրանքները ոչ միայն հնարավոր են, այլ նույնիսկ անխուսափելի են, նկատի առնելով տվյալ միջոցառման բնույթը։ Եվ ձեզանից մեկի, ասում է, կամ քո, Գորելկին, կամ կամ քո, Յուրչենկո, մռութին կհասցնեն, և դա պետք է օգտագործել մեր օպպոնենտների հետ պայքարում։ Ես, իհարկե, հույս ունեի, որ կխփեն Յուրչենկոյին և ոչ թե ինձ, բայց միևնույն է նախապատրաստվեցի և, գալով այստեղ, կանգնած էի ա՛յ անտեղ, և ինձ ասված էր, որ հենց այս մարդուն, որը բարձր խոսում է կնոջ հետ, հենց նրան էլ վերցնելու ենք և, հնարավոր է, որ նա, ուրեմն, ինքն էլ լինի խփողը։ Դե, հետագայում այդպես էլ ստացվեց։ Երբ մենք նրան հրավիրեցինք բեմ, նա սկսեց տարբեր բառեր ասել, կծել և թափահարել բռունցքները, որի պատճառով կոտրվեց եղունգս, կապտուկ առաջացավ, և հնարավոր է , նույնիսկ ուղեղի ցնցում։

Պաշտպան։ Հնարավո՞ր է, թե իսկապես ուղեղի ցնցում։

Նախագահ։ Ես հանում եմ ձեր հարցը։ Այդ հարցին հնարավոր չէ պատասխանել, քանի դեռ հերձումը չի հաստատել այդ ախտորոշումը։

Պաշտպան։ Դա ուրիշ բան է։ Իսկ ինչ եք կարծում, Գորելկին, մեղադրյալի գործողությունները մտածվա՞ծ բնույթ ունեին, թե կատարված էին ինքնապաշտպանության համար։

Գորելկին։ Քանի որ ես նախապես զգուշացված էի հնարավոր հարձակման մասին, կարծում եմ, որ հարձակվողը նախօրոք գիտեր իր գործողությունների մասին։

Մեղադրող։ Տրամաբանական է, տրամաբանական։

Պաշտպան։ Գորելկին, պատասխանեցեք հարցիս, կայի՞ն արդյոք․․․

Նախագահ։ Հարցը հանվում է։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, ես դեռ չեմ տվել հարցս, իսկ դուք արդեն․․․

Նախագահ։ Առակությունը հանվում է։ Հարցաքննությունը ավարտված է։ Վկա, դուք կարող եք գնալ։

Գորելիկ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ (Վեր է թռչում մահճակալից և ուզում է փախչել։)

Նախագահ։ Վկա, այդ ո՞ւր։

Գորելկին։ Դուք ասացիք, չէ՞, որ կարող եմ գնալ։

Նախագահ։ Բայց ես ոչ տառացիորեն։ Դուք ազատ եք, բայց քայլել, ձեզ համար, երևի, դեռ վաղ է։ Դուք պառկեք, իսկ մեր մասնագետները ձեզ զգուշորեն կտանեն։

Պաշտպան։ Ինձ թվում է, վկան այնքան էլ ծանր վիճակում չէր, եթե նա նա կարողանում էր քայլել։

Մեղադրող։ Ձերդ պատվություն, ես առարկում եմ։ Վկան չի կարողանում քայլել։

Պաշտպան։ Բայց չէ՞ որ նա մի քանի քայլ արեց։

Մեղադրող։ Հետո ինչ որ արեց։ Իսկ միգուցե նա տենդի մեջ էր։ Այդպես լինում է։ Ես ինքս հիշում եմ, որ Աղվանում, պատահել է, մեկի գլխին կրակում ես, միանգամայն միջանցիկ ծակում, իսկ նա կարծես թե ընկնում է, հետո վեր թռչում ու վազում, ինչպես հավը, գիտեք, առանց գլխի։ (Ծիծաղում է։)

Նախագահ։ Ծիծաղելի՞ էր։

Մեղադրող։ Շատ։ Վազում է, թևերի նման թափահարում ձեռքերը, իսկ գլուխը ծակ է։ (Ծիծաղում է։)

Նախագահ։ Լավ, պետք չէ հիշել այդ բաները։ Ինչ եղել է՝ անցել է։ Հարցեր ունե՞ք մեղադրյալին։

Մեղադրող։ Ունեմ։ Ասացեք, մեղադրյալ, ինչպե՞ս ձեզ հաջողվեց այստեղ թափանցել։

Պոդոպլեկով։ Ի՞նչ է նշանակում թափանցել։ Ես չեմ թափանցել, ես եկել եմ, բոլորի նման՝ դռնով։

Նախագահ (մեղմ)։ Մեղարդրյալ, մի խոսեք բոլորի անունից։ Մեզ հիմա հետաքրքրում են ոչ թե բոլորը, այլ միայն դուք։

Պոդոպլեկով։ Իսկ ես ասում եմ, որ եկել եմ այստեղ բոլորի նման՝ տոմսով։

Մեղադրող։ Իսկ ո՞վ ապահովեց ձեզ տոմսով։

Պոդոպլելով։ Ինձ ոչ ոք չի ապահովել, ես գնել եմ երկու տոմս իմ սեփական փողերով։

Մեղադրող։ Որտե՞ղ եք գնել։

Պոդոպլեկով։ Մեր աշխատակից Զելյոնայից։ Նախկինում, երբ դեռ մեր ֆիրման կոչվում էր Գիտահետազոտական իստիտուտ, նա զբաղվում էր մշակությային հարցերով, և մինչև այժմ էլ նախաձեռնություն է հանդիսաբերում, ման է գալիս Ինտերնետում, ճարում ինչ֊որ բանի էժան տոմսեր և բոլորին առաջարկում։ Նա նույնպես այստեղ է։ Եթե ինձ չեք հավատում, հարցրեք նրան։

Մեղադրող։ Դեռ կհարցնենք։ Եվ ե՞րբ եք դուք ձեռք բերել նրանից այդ տոմսերը։

Պոդոպլեկով։ Մի երկու շաբաթ առաջ։

Մեղադրող։ Ուրեմն, նախօրո՞ք։

Պոդոպլելով։ Չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել։

Նախագահ։ Իսկ ձեզ պետք էլ չէ ոչինչ հասկանալ։ Դուք միայն պետք է պատասխանեք հարցերին։

Մեղադրող։ Իսկ ինչ է, ձեր այդ Զելյոնայի մոտ կային տոմսեր միայն այստե՞ղ, թե էլի ինչ֊որ տեղ։

Պոդոպլեկով։ Չգիտեմ։ Նա ունենում է տարբեր միջոցառումների տոմսեր։ Ուրիշ թատրոնների, կինոյի, գազանանոցի, պլանետարիումի, ինչ֊որ ցուցահանդեսների։

Մեղադրող։ Բայց բոլոր հնարավորներից դուք ընտրեցիք հենց այս։ Ինչ՞ու։ Միգուցե այն պատճառով, որ այս ամբիոնը ձեզ թվաց ավելի հարմար ձեր ակցիայի համար։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, ես առարկում եմ։

Նախագահ։ Ձեր առարկությունը մերժվում է։

Պոդոպլեկով։ Ես եկել էի այստեղ, որովհետև Զելյոնայան ինձ ասաց, որ կա «Տրիբունալ» անվանմամբ պիես, ես էլ մտածեցի, որ երևի ինչ֊որ հետաքրքրիր բան է, եթե ես իմանայի, որ այսպիսի ապուշություն է և, որ ինձ հետ այստեղ այսպիսի բաներ կանեն, մի՞թե ես կգայի։

Մեղադրող։ Տրմաբանական է։ Ամեն մի չարագործ կատարելով հանցագործություն ուզում է պատժից խուսափել։ Եթե նրանք իմանային, որ պատիժն անխուսափելի է, հանցագործություններ վաղուց արդեն չէին լինի։

Նախագահ։ Իսկ այդ դեպքում մենք ինչո՞վ կզբաղվեինք։

Մեղադրող։ Ի՞նչ։

Նախագահ։ Ոչինչ։ Պաշտպան, հարցեր ունե՞ք։

Պաշտպան։ Ունեմ։ Ասացեք, Պոդոպլեկով, դուք ափսոսո՞ւմ եք կատարվածի համար։

Պոդոպլեկով։ Իհարկե ափսոսում եմ։ Եթե ես իմանայի․․․

Մեղադրող։ Ահա֊ահա։ Եթե նա իմանար․․․

Պաշտպան։ Ես առայժմ վերջացրի։


Տեսարան չորրորդ

Նախագահ։ Հարցաքննության համար կանչվում է վկա Պոդոպլեկովան։ Վկա, բարձրացեք այստեղ։

Լարիսա։ Է՛լ ինչ։ Ամուսնուս ձեռք եք առնում հերիք չէ, հիմա էլ ես եմ ձեզ պետք։

Նախագահ։ Վկա, դուք տեսաք, թե ինչ է լինում նրանց հետ, ով մերժում է տիրբունալի պահանջները։ Մի ստիպեք մեզ նորից ուժի դիմել։ Բարձրացե՛ք։

Լարիսա։ Լավ, ես հնազանդվում եմ։ (Բարձրանում է բեմ։)

Նախագահ։ Վկա, դատարանը նախազգուշացնում է ձեզ, որ տրված հարցերին դուք պետք է միայն ճշմարիտ պատասխաններ տաք։ Ցուցմունքներ տալուց հրաժարվելով և կեղծ ցուցմունքներ տալու համար կենթարկվեք պատասխանատվության։ Հասկանալի՞ է։

Լարիսա։ Այստեղ ի՞նչ անհասկանալի բան կա։

Նախագահ։ Ստորագրեք քարտուղարի մոտ, որ ձեզ նախազգուշացրել են։

(Լարիսան ստորագրում է)։

Նախագահ։ Վկա, դուք ծանո՞թ եք մեղադրյալի հետ։

Լարիսա։ Ինչպես կարող եմ անծանոթ լինել, եթե ես նրա կինն եմ։

Նախագահ (մեղմ)։ Վկա, դուք չպետք է մեկնաբանեք հարցերը, պատասխանեք հնարավորինս հստակ և կարճ։ Քանի՞ տարի եք ծանոթ։

Լարիսա։ Տասնհինգ տարի։

Նախագահ։ Վաղո՞ւց եք ամուսնացած։

Լարիսա։ Նայած ինչպես հաշվել։ Սկզբում մենք երկու տարի ապրել ենք չգրանցված։

Մեղադրող։ Այսինքն, անօրինակա՞ն։

Լարիսա (զայրանալով)։ Ասում եմ ձեզ, չէ, որ ոչ թե անօրինական, այլ առանց գրանցվելու։

Նախագահ։ Մի կառչեք բառերից։ Առանց գրանցման ապրելը, անօրինական արարք է։ Եվ ինչպե՞ս դա պատահեց ձեզ հետ։

Լարիսա։ Ի՞նչը։

Մեղադրող։ Ձեզ հարցնում են, թե ինչպես դուք առաջին անգամ սկսեցիք անօրինական հարաբերությունները մեղադրյալի հետ։

Լարիսա։ Սովորական։ Ինչպես բոլորը։

Նախագահ։ Մի ընդհանրացրեք, խոսեք ավելի առարկայական։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, ինձ թվում է, վկան խոսում է բավականին հստակ։ Ինչպես բոլորը՝ նշանակում է, որ եղել են սիրահարված հայացքներ, հանդիպումներ լորենիների տակ, սոխակների երգեցողություն, սիրված պոետների բանաստեղծություններ, հառաչանքներ, հպումներ․․․

Լարիսա։ Ի՜նչ հիանալի եք նկարագրում։

Պաշտպան։ Տեսնո՞ւմ եք, ուրեմն այդպես էլ եղե՞լ է։

Լարիսա։ Այո, այո, համարյա թե այդպես։ Ճիշտն ասած, հայացքներ, լորենիներ, սոխակներ, բանաստեղծություններ, հառաչանքներ չեն եղել։ Իսկ հպումներ եղել են։ Մենք ծանոթացել ենք ընկերուհուս ծննդյան տոնին, կողք֊կողքի նստել, և նա սեղանի տակ իր ձեռքը դրեց ծնկիս․․․

Պաշտպան։ Եվ դուք, իհարկե, տեղն ու տեղը նրան հակահարված տվեցիք։

Լարիսա։ Այո, ես ուզում էի հակահարված տալ, իսկ հետո վախեցա։ Մտածում եմ,եթե հակահարված տամ, հետո միայն այդ հակահարվածով էլ կմնամ։

Մեղադրող։ Տրամաբանական է։

Նախագահ (հետաքրքրված)։ Իսկ հետո ի՞նչ եղավ։

Լարիսա։ Հետո մենք խոսակցության բռնվեցինք․․․

Պաշտպան (հուշելով)։ Բանաստեղծությունների՞, աստղերի՞ մասին։

Լարիսա։ Դե ոչ։ Բոլորովին ուրիշ բաների մասին։ Նա ասում է, ինձ մոտ բանալի կա։ Ընկերս գործուղում է մեկնել, բնակարանը ազատ է։

Մեղադրող։ Եվ դուք, հենց այդ երեկոյան համաձայնվեցի՞ք։

Լարիսա։ Այո, հենց այդ։ Որովհետև հաջորդ երեկոյան նրա ընկերը պետք է վերադառնար գործուղումից։

Մեղադրող (արհամարհական տեսքով)։ Ես այլևս հարցեր չունեմ։

Լարիսա։ Հետո մենք երկու տարի միասին ապրեցինք, իսկ ես երբեք, ոչ մի անգամ գրանցվելու մասին նույնիսկ չեմ ակնարկել։ Բայց երբ հղիացա, նա ինքը ազնվականորեն առաջարկություն արեց, և մենք ձեռք ձեռքի տված, ինչպես երեխաներ, ոտքով ԶՍԳՍ գնացինք։

Նախագահ։ Նշանակում է, դուք օրինական ամուսնությա՞մբ եք կապված։

Լարիսա։ Տասներեք տարի։

Նախագահ։ Երեխաները մե՞ծ են։

Լարիսա։ Սվետան վեցերորդ դասարանում է, իսկ Իգորը մանկապարտեզ է գնում, ավագ խումբ։

Նախագահ։ Ուրեմն, միասին մեծ կյանք եք ապրել։ Եվ, երևի, ուրիշ ոչ ոք մեղադրյալին ձեզ նման լավ չգիտի։

Լարիսա։ Դե իհարկե։

Նախագահ։ Այդ դեպքում պատմեք մեզ այն ամենը ինչ հայտնի է ձեզ մեղադրյալի մասին։

Լարիսա։ Ինձ հայտնի է, որ նա հավատարիմ ամուսին է, հոգատար հայր և ընդհանրապես շատ լավ մարդ։

Մեղադրող (հեգնանքով)։ Ուղղակի կարելի է սրբապատկեր նկարել։

Նախագահ։ Լավ կամ վատ մարդ, այդպիսի բնորոշումներ դատարանը չի ընդունում։

Պաշտպան։ Ձերդ պատվություն։ Միևնույն է, բարոյական կերպարը, մեղադրյալի վարքագիծը, բարի համբավը պետք է հաշվի առնել։

Նախագահ։ Հաշվի կառնենք։ Շարունակեք, վկա։

Լարիսա։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ։

Մեղադրող։ Գոնե պատմեք, թե ինչ է ձեզ հայտնի, ձեր, այսպես ասած, ամուսնու ծայրահեղական հայացքների մասին։

Լարիսա։ Այդպիսի հայացքների մասին, ոչինչ չգիտեմ։

Մեղադրող։ Լավ։ Ե՞րբ ձեզ հայտնի դարձավ ձեր ամուսնու մտադրությունը թափանցել այստեղ։

Լարիսա։ Ահա նորից՝ թափանցել։ Մենք չենք թափանցել, մենք ուղղակի եկել ենք։ Մի անգամ Լյոնյան եկավ աշխատանքից․․․

Նախագահ (մեղմ)։ Դուք պետք է ասեք ոչ թե Լյոնյա, այլ մեղադրյալ։

Լարիսա։ Ոմանց համար մեղադրյալ, իսկ ինձ համար Լյոնյա։ Մի անգամ Լյոնյան եկավ․․․

Նախագահ (ավելի խիստ)։ Վկա, կրկնում եմ, դուք պետք է անվանեք նրան ոչ թե Լյոնյա, այլ մեղադրյալ։

Լարիսա։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ չեմ անվանի իմ ամուսնուն մեղադրյալ։ Ինձ համար նա Լյոնյա, Լյոնեչկա է։

Նախագահ։ Ես ստիպված կլինեմ պատժել ձեզ։

Պոդոպլեկով։ Լարա, խնդրում եմ, մի առարկիր նրանց։ Տեսնում ես, չէ՞, ինչպիսի անխելքներ են նրանք։ Եթե նրանք քեզ բռնեն, ո՞ւմ հետ կմնան մեր երեխաները։

Լարիսա։ Հասկանում եմ։ Ես պետք է շատ շրջահայաց լինեմ, բայց հո չեմ կարող քեզ մեղադրյալ անվանել։ Ես սիրում եմ քեզ, Լյոնեչկա։

Նախագահ (համարյա հիստերիկ)։ Վկա, այդ ի՞նչ եք անում։ Ես չեմ ուզում ձեզ պատժել, իսկ դուք ինձ հարկադրում եք։ Գորելկի՛ն։ Սատանան տանի, ո՞ւր է այդ Գորելկինը։ Մի՞թե նրան արդեն հերձել են։

Գորելկին։ Այստեղ եմ։

Սանիտարները գլորելով բերում են մահճակալը, որի վրա պառկած է Գորելկինը։

Պոդոպլեկով։ Ձերդ պատվություն։ Գորելկինի կարիքը չկա։ Կինս չի մտածել։ Նա, այսպես ասած, քաղաքականորեն անհաս է և իրավաբանորեն անկիրթ։ Դա իմ մեղքն է։ Ես էի նստած ինտերներում ամեն ինչ կարդում, բայց նրան ոչինչ չէի պատմում։ Իսկ ինքը ժամանակ չունի։ Աշխատանք, ճանապարհ, խցանումներ։ Իսկ հետո դեռ պետք է ուտելիք պատրաստել լվացք անել, փոքրիկ Իգորյոկի ետևից մանկապարտեզ գնալ, Սվետայի դասերը ստուգել։ Լարա, խնդրում եմ, մի դիմադրիր, անվանիր ինձ նրանց ուզածի պես։ Ինձ համար միևնույն է հաճելի կլինի։ Ես սիրում եմ լսել քո ձայնը, ինչ էլ որ դու ասես։

Լարիսա։ Լյոնեչկա։

Մեղադրող։ Դե, դե, դե։

Լարիսա (սթափվելով)։ Իմ մեղադրյալ։ Մեղադրյալիկս։ (Լաց է լինում)։

Նախագահ (զգացված)։ Ահա՜ թե ինչ։ Ինչպիսի՜ սեր։ Ինչքան է նրան սիրում։ Ինչո՞ւ ինձ ոչ ոք այդքան չի սիրում։

Քարտուղար (հուզված)։ Ձերդ պատվություն, թույլ տվեք առարկել։ Ձեզ ժողովուրդն է սիրում։

Նախագահ։ Ժողովրդի սերը փոփոխական է, ինչպես հոկտեմբերյան եղանակը։ Քանի դեռ բարձր ես նստած, ժողովուրդը քեզնով հիանում է, իսկ երբ աթոռից թռչես, կտրորի։ Լավ։ Շարունակենք հարցաքննությունը։ (Դիմելով Լարիսային։) Ուրեմն, ասում եք, աշխատանքից եկավ և՞․․․

Լարիսա։ Եվ ասում է, որ թատրոնի տոմսեր է ճարել։ Ես նրան միանգամից ասացի, որ երևի ինչ֊որ դատարկ բան է, բայց հետո մտածեցի, որ երբեմն պետք է մարդամեջ դուրս գալ, հանգստանալ տնային գործերից, խոհանոցից, լվացքից․․․

Մեղադրող։ Ուրեմն դուք նույնիսկ չե՞ք փորձել նրան ետ կանգնեցնել այդ խելահեղ քայլից։

Լարիսա։ Ոչ, չեմ փորձել։ Եթե իմանայի․․․

Մեղադրող (ծիծաղում է)։ Ահա նորից։ Եթե իմանայի։ Պետք էր իմանալ։ Չէ որ այս հանցագործությունը չէր կարող պատահաբար կատարվել, հանպատրաստի, չմտածված, պահի թելադրանքով։ Սրա պատճառը, իհարկե, վաղուց հասունացած և վերջնականապես հաստատված համոզմունքներն էին։ Դուք այսքան տարի ապրում էիք մեղադրյալի հետ։ Մի՞թե այդ ընթացքում նա ոչ մի անգամ ձեզ չի ասել, որ չի ընդունում մեր դատական համակարգը, չի արտահայտել իր անմարդկային, ես կասեի, ատելությունը մեր ամեն ինչի հանդեպ։

Լարիսա։ Ինչե՞ր եք ասում։ Ինչո՞ւ նա պետք է ինքն իրեն մեղադրի։

Նախագահ։ Ինչո՞ւ հենց իրեն մեղադրի։ Պատահում է, որ մարդու սիրտը վառվում է, որովհետև աշխատակիցները նրանից առաջ են անցել, նրան զրկել են դրամային խրախուսանքից, աշխատավարձը ուշացրել են, ավտոբուսում ինչ֊որ մեկը տրորել է ոտքը, դե նա էլ չի կարողացել իրեն զսպել։ Մարդկանց մեջ դեռ ինչ֊որ կերպ համբերում է, իսկ տանը գալիս ու չի կարողանում զսպել իրեն։ Ատում եմ, ասում է, այս ժողովրդին, այս երկիրը․․․

Մեղադրող (շարունակում է նախագահի միտքը)։ Կվերցնեի, ասում է, հրացանը և բոլոր այդ նախագահներին, քարտուղարներին, մեղադրողներին․․․

Լարիսա։ Ի՜նչ եք ասում։ Անկարելի է։ Ախր իմ Լյոնյան, ոչ միայն քարտուղարներին ու մեղադրողներին, նա նույնիսկ իր կյանքում ճանճ չի վիրավորել։

Մեղադրող։ Հա֊հա֊հա, մենք հիմա ճանճերից տեղեկանք կխնդրենք։

Նախագահ։ Վկա, հասկացեք, ձեր առջև թշնամիներ չեն։ Մենք չենք եկել այստեղ ինչ֊որ մեկին վատություն անելու համար, եկել ենք հանգիստ ու օբյեկտիվ ամեն ինչ պարզենք, օգնենք ձեր ամուսնուն և ձեզ։ Բայց դուք էլ պետք է մեզ օգնեք։

Մեղադրող։ Այո֊այո, դուք պետք է մեզ օգնեք և դրանով իսկ օգնեք ձեր, այսպես ասած, ամուսնուն։ Միգուցե, նա այնքան գաղտնապահ է, որ նույնիսկ կնոջից է թաքցրել իր հրեշային հայացքները։ Բայց ամուսնու և կնոջ միջև լինում են չէ՞, այնպիսի ինտիմ, հասկանում եք, պահեր, երբ նա չի զսպում իրեն և հստակ ցույց է տալիս իր կենդանական էությունը։

Լարիսա։ Հ֊ա՜, դուք դա՞ նկատի ունեք։ Դա ուրիշ բան է։ Իհարկե, ինտիմ հարաբերություններում, նա երբեմն կատաղի է լինում։

Մեղարդրող (արագ)։ Եվ այդ ժամանակ ի՞նչ է ասում ձեզ։

Լարիսա (հուզված)։ Նա ոչինչ չի ասում, նա մռնչում է։

Մեղադրող։ Եվ դրանով արտահայտում է իր կենդանական ատելությո՞ւնը։

Լարիսա։ Ախր ի՞նչ եք ասում։ Ինչո՞ւ հանկարծ ատելություն։ Նա այդպես արտահայտում է իր կիրքը իմ հանդեպ։ Նա, գիտեք, այսպես ասած, անզուսպ է։ Ես ախր, երկու տեղ եմ աշխատում և ամբողջ օրը ոտքի վրա եմ, իսկ նա, եթե առաջինն է տուն եկել, չես հասցնում դուռը բացել, նետվում է ինչպես գազան․․․ Ես ասում եմ․ «Լյոնա, ախր այդ ի՞նչ ես անում»։

Նախագահ։ Ոչ թե Լյոնյա, այլ մեղադրյալ։

Լարիսա (հնազանդորեն)։ Ախր ինչ ես անում, ասում եմ, մեղադրյալ։

Նախագահ (նյարդային)։ Այդպես մի խոսեք։ Դուք հուզում եք դատարանի անդամներին։ Դուք նրանց վրա ազդում եք։ Այսպիսի պայմաններում ուղղակի անհնարին է աշխատել։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ։

Քարտուղար։ Խնդրում եմ ոտքի կանգնել։ Դատարանը գնում է։

Մեղադրողը և քարտուղարը անհետանում են W.C. մակագրությամբ զուգարանի դռան ետևում, իսկ նախագահը հապաղում է։

Լարիսան արագ բեմ է բարձրանում և մոտենում վանդակին։

Լարիսա։ Լյո՛նյա։

Պոդոպլեկով։ Լա՛րա։

Լարիսա։ Դու մի անհանգստացիր, ես կպայքարեմ, քեզ ազատ կարձակեն, դու տուն կվերադառնաս։

Պոդոպլեկով (հուսահատ)։ Ոչ, Լարա, իզուր կեղծ հույսեր մի տածիր։ Այստեղից չեն վերադառնում։

Լարիսա։ Լյոնյա, ես քեզ չեմ հասկանում, ինչո՞ւ դու չես հավատում մեր արդարադատությանը։ Չէ՞ որ մենք ունենք ինչ֊որ օրենքներ, և կան, ես հավատացած եմ, ազնիվ, անկաշառ դատավորներ։ Ինձ պատմել եմ, որ մի քաղաքում, չեմ հիշում որում, այնտեղ մի շատ բարի դատավոր կա, և պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ կաշառք, ասում են, չի վերցնում, հեռախոսին չի մոտենում և միշտ դատում է միայն օրենքով ու արդարացի։ Սա էլ․․․ չէ որ նրա մեջ էլ մարդկային ինչ֊որ բան կա։ Գլուխ կհանի, Լյոնյա, ճիշտ որոշում կընդունի, և ճշմարտությունը վաղ թե ուշ կհաղթանակի։ Իմ պապն էլ ժամանակին տուժեց, նրան գնդակահարեցին, իսկ հետո արդարացրին։ Հետմահու։ Մայրս պատմում էր, որ դա մեր ընտանիքում տոն էր։

Պոդոպլեկով։ Այդպիսի տոներ քեզ պետք չեն, Լարա։ Մի սպասիր ինձ, ամուսնացիր։ Դու դեռ երիտասարդ ես, գեղեցիկ, և լավ աշխատավարձ ունես։ Դեռ կհանդիպես մի որևէ լավ մարդու։ Միգուցե նույնիսկ հարուստ։ Կսկսես լավ հագնվել, թանկագին մեքենայով ման գալ։ Միայն թե տես՝ նա քեզ թատրոններ քարշ չտա։

Լարիսա։ Հիմարություններ մի խոսիր, բացի քեզնից ինձ ոչ ոք պետք չէ, Լյոնեչկա, ես քեզ եմ սիրում, ես կպայքարեմ քեզ համար։ Քեզ ազատ կարձակեն։

Նախագահ (կանգ է առնում զուգարանի դռան առջև)։ Այդ ի՞նչ խոսակցություններ են այդտեղ։ Մի՞թե կարելի է թույլ տալ մեղադրյալի և վկայի շփումները։ Կանգնեցրե՛ք նրանց։ Կա՞ այստեղ որևէ մեկը։

Գորելկինի ձայնը։ Կա՛։

Հայտնվում է Գորելկինը հողաթափերով և ոստիկանական պիջակով։

Նախագահ։ Այդ դո՞ւք եք, Գորելկին։ Բժիշկները ձեզ դեռ չե՞ն հերձել։

Գորեկին։ Ոչ մի դեպքում։ Ես պայքարում եմ նրանց հետ կյանքիս համար։ Բայց երբ լսում եմ, որ ինչ֊որ մեկին պետք է կանգնեցնել․․․

Նախագահ։ Հեռացրեք խնդրում եմ, այստեղից մեղադրյալին և վերադարձեք ռեանիմացիա։ Ձեր վիճակում կարևորն ինտենսիվ բուժումն է, խնամքը և հանգիստը։ (անհետանում է դռան ետևում)։

Գորելկին (բարձրաձայն)։ Ցրվե՛ք։ (Հրում է վանդակը բեմի խորքը)։

Լարիսա (տեղում մնալով տարածում է ձեռքերը)։ Լյո՜նյա։

Պոդոպլեկով։ Լարա, մոռացի՛ր ինձ։ Երեխաներին չասես, որ ես կալանավորված եմ։

Լարիա։ Բայց երբ հարցնեն թե դու որտեղ ես, ես ի՞նչ ասեմ նրանց։

Պոդոպլեկով (հեռվից)։ Ասա նրանց․․․ ասա, որ ես ընկել եմ ավտոբուսի տակ։

Տեսարան հինգերորդ

Քարտուղար (դուրս գալով զուգարանից գնում է Լարիսայի կողմը, և գրքի մեջ նայելով կրկնում անգլերեն արտահայտությունները)։ Հելլո։ Այ էմ րաշեն սիտիզեն։ Այ վուդ լայկ տու բայ սամ կայնդ օֆ մոդեստ վիլլա օն Մայամի բիչ։ (Դիպչում է Լարիսային։) Օ՜, սորրի։

Լարիսա։ Ի՞նչ։

Քարտուղար։ Այդ դո՞ւք եք։ Շա՞տ եք անհանգստանում։

Լարիսա։ Ես չեմ անհանգստանում։ Ես զայրացած եմ։ Ես ուղղակի զայրույթից դողում եմ։ Ինչո՞ւ բռնեցիք իմ ամուսնուն։ Դուք լավ գիտեք, որ նա անմեղ է։ Ինչո՞ւ բռնեցիք նրան։

Քարտուղար։ Անձամբ ես ոչ մեկին չեմ բռնել։ Ես գրասենյակային առնետ եմ։ Ես հանգիստ նստած գրում եմ արձանագրություններ։ Ինչ ասեն, այն էլ կգրեմ։ Ասեն «ազատ արձակել», ես կգրեմ «ազատել»։ Ասեն «գնդակահարել»՝, կգրեմ «գնդակահարել»։ Բայց դա, ես ասում եմ օրինակի համար։ Մահապատիժը մեզ մոտ արգելված է, և ամենաշատը ինչը սպառնում է ձեր ամուսնուն, դա ցմահ ձերբակալությունն է։

Լարիսա։ Ցմա՞հ։ Ինչի՞ համար։

Քարտուղար։ Անմիտ հարց է։ Իմ հարևանը ամառանոցում հող էր փորում։ Քամի բարձրացավ, կոտրեց եղևնին, եղևնին ընկավ, սպանեց հարևանիս։ Ինչո՞ւ։ Ընկերս գնաց Տաիլանդ հանգստանալու, իսկ այնտեղ ցունամի եղավ և նա խեղդվեց։ Ինչի՞ համար։ Իսկ տատիկիս մորաքույրը չէր խմում, չէր ծխում, բայց քսանութ տարեկանում, պատկերացնո՞ւմ եք, թոքերի քաղցկեղով հիվանդացավ և մեռավ։ Ինչո՞ւ։

Լարիսա։ Դուք էլ համեմատեցիք։ Դա Աստծո կամքն էր, իսկ այստեղ մարդիկ են որոշում։

Քարտուղար։ Այո, մարդիկ են որոշում։ Բայց եթե նույնիսկ աստված է անարդարություն գործում, ապա մարդկանցից ի՞նչ եք սպասում։ Ուզում եք, որպեսզի նրանք աստծուց արդարացի լինե՞ն։

Լարիսա։ Դուք այդպես եք ասում, որպեսզի արդարացնեք ձեր մասնակցությունը այս ամոթալի գործում։

Քարտուղար։ Վելլ, ես մասնակցում եմ։ Իսկ դուք մի՞թե չեք մասնակցում։

Լարիսա (զարմացած)։ Ե՞ս։ Ինչ֊որ առումով, իհարկե, բայց միևնույն է մեր դերերը շատ տարբեր են։

Քարտուղար։ Դերերը տարբեր են, իսկ խաղը մեկն է։

Լարիսա։ Բայց նշանակություն ունի, չէ՞, թե ով ինչ դեր է խաղում։

Քարտուղար։ Իհարկե ունի։ Շատ լավ էլ ունի։ (Անսպսելիորեն թեքվում է դեպի Լարիսան։) Ոչինչ, հիմա մեղադրողը կմեռնի և ամեն ինչ լավ կլինի։

Լարիսա (տեսնելով քարտուղարի մեջ համախոհի)։ Իսկապե՞ս։ Իսկ ինչո՞ւ նա պետք է մեռնի։ Նա հոյակապ տեսք ունի։

Քարտուղար։ Դա միայն արտաքնապես, իսկ ներսից նա վաղուց ամբողջովին փտել է, կարելի է նույնիսկ ասել քայաքայվել է։

Լարիսա (հույսով)։ Կարծում եք նա շո՞ւտ կմեռնի։

Քարտուղար։ Անպայման կմեռնի։ Կյանքումս չեմ հանդիպել անմահ մեղադրողի։

Լարիսա։ Ասենք մեղադրողը մեռավ, իսկ նախագահը՞։

Քարտուղար։ Նախագահն էլ կմեռնի։

Լարիսա։ Եվ այն ժամանակ, կարծում եք, ամեն ինչ դեպի լա՞վը կփոխվի։

Քարտուղար։ Այո, այդպես եմ կարծում։

Լարիսա։ Ախր ինչո՞ւ է այդպես, որ եթե փոփոխությունների հույս ունես, պետք է ապրես մինչև որևիցե մեկը մեռնի։

Քարտուղար։ Այդպիսին է ավանդույթը։ Պետք է ձեզ ասեմ, որ երբ կմեռնի նախագահը, նրա մասին կգրեն, որ նա լավ ու բարի մարդ էր, սիրում էր մարդկանց, երեխաներին ու կենդանիներին, հոգում հումանիստ էր, միշտ ուզում էր միայն լավը, բայց չափազանց փափուկ բնավորություն ուներ։

Լարիսա։ Եվ մեղմ վճիռնե՞ր էր կայացնում։

Քարտուղար։ Օ, ոչ։ Նրա վճիռները մեղմ չեն։ Հասկանում եք, եթե նա մեղմ որոշումներ կայացնի, բոլորը կհասկանան, որ նրա բնավորությունը շատ փափուկ է։ Դա թաքցնելու համար էլ, նա խիստ որոշումներ է ընդունում։ (Նկատելով զուգարանից դուրս եկած Մեղադրողին, շշուկով։) Ի դեպ, ահա և մեղադրողը։ (Փոխում է թեման։ Բարձրաձայն։) Դուք իզուր եք փորձում այդպիսի միջոցներով ներողամտության հասնել ձեր ամուսնու հանդեպ։ Չի կարելի կենտրոնանալ ձեր մանր վիրավորանքների վրա։ Ձեր շուրջը նայեք և կտեսնեք, թե ինչքան լավ բան կա մեր կյանքում։ Նոր ճանապարհներ են կառուցվում և լայնացվում են հները։ Մետրոյի գծերի երկարությունը ավելացել է ութ տոկոսով։ Շարունակվում են նախապատրաստությունները Օլիմպիական խաղերին և ֆուտբոլի չեմպիոնատին։ Ուղղություն է վերցվել դեպի իննովացիաներն ու մոդերնիզացիան, շուտով կբարձրացնեն ուսուցիչների աշխատավարձը, Հայրենական Պատերազմի վետերանները կստանան առանձին բնակարաններ։

Լարիսա։ Չեմ հասկանում ձեզ, ինչի՞ մասին եք խոսում։ Եթե յոթանասուն տարի առաջ ավարտված պատերազմից հետո, վետերենները մինչ այժմ չունեն բնակարաններ, ուրեմն քանի՞ տարի ես պետք է ճշմարտության համար պայքարեմ ամուսնուս համար։

Քարտուղար։ Ձեզ միայն ձեր ամուսինն է հետաքրքրում, մնացած բոլորի վրա դուք թքած ունեք։ Այն ժամանակ, երբ դեղատներում չեն հերիքում անհրաժեշտ դեղերը և բնակչության քառորդ մասը ապում է աղքատության շեմից էլ ցածր է պայմաններում։

Մեղադրող (Մոտենալով նրանց)։ Ինչո՞ւմն է բանը։

Քարտուղար։ Ահա, քաղաքացուհին պնդում է, որ իր ամուսինը ոչ մի մեղք չունի։

Մեղադրող։ Այո, անմեղ է։

Լարիսա։ Դուք համաձա՞յն եք։ Ուրեմն դուք հանո՞ւմ եք ձեր բոլոր մեղադրանքները։

Մեղադրող։ Ինչո՞ւ պետք է հանեմ։ Ես մեղադրող եմ։

Լարիսա։ Հետո ի՞նչ։ Լինում են չէ՞ դեպքեր, երբ մեղադրողը համոզվում է, որ մեղադրյալը չի կատարել հանցագործություն և հրաժարվում է մեղադրանքներից։

Մեղադրող։ Լինո՞ւմ են։ Որտե՞ղ եք տեսել։

Լարիսա։ Երեկ հեռուստացույցով մի ինչ֊որ սերիալում։

Մեղադրող։ Հա՜, հեռուստացույցով։ Հեռուստացույցով կարող են ճանաչել անմեղ։

Լարիսա։ Իսկ կյանքում՝ ո՞չ։ Եթե նույնիսկ անմե՞ղ է։

Մեղադրող (քարտուղարին)։ Մեծ կին է, բայց չի հասկանում, որ անմեղությունը դեռ պատճառ չէ անմեղ ճանաչելու համար։ (Գնում է։)

Քարտուղար։ Տեսնո՞ւմ եք, ինչպիսին են մեր մեղադրողները։ Բայց նրան ներել կարելի է։ Նա Աղվանում է եղել, Չեչնյաում կռվել, նա կոնտուզիա է ստացել։ Կարծում եք ինձ նման ազնիվ մարդու համար, հե՞շտ է այս համակարգում աշխատել։

Լարիսա։ Գտեք ձեզ համար աշխատանք ուրիշ բնագավառում։

Քարտուղար։ Սիրելիս, այդ ի՞նչ եք ասում։ Մեզ մոտ ամեն տեղ նույն համակարգն է։ Եթե դուք թխում եք բուլկիներ, վերանորոգում կոշիկներ, նստած եք Գոսդումայում, ինքներդ եք դատում կամ ձեզ են դատում, դուք միևնույնն է մասնակցում եք մի ընդհանուր գործում։

Լարիսա։ Աստվա՜ծ իմ։ Ձեր խոսքերով, մենք բոլորս, ինչ էլ որ անենք, միևնույնն է տականքներ ենք։

Քարտուղար։ Այդպես է, այդպես, բոլորն են տականքներ։ Ոմանք ավելի շատ, մյուսները ավելի քիչ, իսկ ընդհանրապես ի՞նչ տարբերություն։

Լարիսա։ Դա լավ փիլիսոփայություն է, հարմար։ Ոմանք նստեցնում են, մյուսները նստած են, իսկ ընդհանուր առմամբ բոլորն են մասնակցում անիրավ գործում։ Այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի ելքը ազնիվ մարդու համար։

Քարտուղար։ Ելքը մեկն է։ Այստեղից փախչել և որքան կարելի է հեռու։ Կարծում եք, ինչո՞ւ եմ ես սովորում օտար լեզուն։

Լարիսա։ Ինչո՞ւ։

Քարտուղար։ Որպեսզի․․․ (նկատելով անցնող Նախագահին, կտրուկ փոխում է թեման։) Կարծում եք, ձեզ համար այնտեղ ավելի լա՞վ կլինի։ Այնտեղ շատ ավելի վատ է։ Թողտվություն Գուանտանամոյում։ Կալանավորների խոշտանգումներ։ Միջին հեռահարության հրթիռներ։ Միջամտություն անձնական գործերին։ Մասնավոր խոսակցությունների գաղտնալսում։ Մագնիտցկու ակտ և ռուս երեխաների մասնատում՝ ահա թե ուր եք դուք մեզ կանչում։

Լարիսա (շշմած)։ Ե՞ս։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ կանչում։ Ես միայն ուզում եմ, որ իմ ամուսնուն, իմ Լյոնյային, ազատ արձակեն և վերջ։ Նա ոչ մի բանում մեղավոր չէ։

Նախագահ (մոտենում է նրանց)։ Ինչի՞ մասին եք խոսում։

Քարտուղար։ Ահա, քաղաքացուհին պնդում է, որ իր ամուսինը մեղավոր չէ։

Նախագահ։ Թողեք մեզ մենակ։

Քարտուղար։ Խնդրեմ։ (Հեռանում է։)

Լարիսա։ Քամելեոն։

Նախագահ։ Ինչ է, շա՞տ եք անհանգստանում։

Լարիսա։ Ինչպե՞ս չանհանգստանամ։ Ինքերդ մտածեք։ Դեռ երեկ մենք ապրում էինք սովորական մարդկանց նման։ Աշխատում էինք, դաստիարակում երեխաներին, պլաններ կազմում, ուզում էինք գնալ Թուրքիա հանգստանալու։ Եվ հանկարծ, չգիտես ինչու ես կորցնում եմ ամուսնուս, երեխաները՝ հորը, հայրը՝ ազատությունը։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ եկավ թատրո՞ն։

Նախագահ։ Դուք կարծում եք, դա քի՞չ է։

Լարիսա։ Իսկ դուք կարծում եք՝ շա՞տ է։ Եթե դա բավարար է, ինչո՞ւ ձերբակալեցիք միայն իմ ամուսնուն։ Տեսեք քանիսն են թափանցել այստեղ կանխամտածված, ոմանք էլ նախնական պայմանավորվածությամբ, ինչո՞ւ դուք նրանց չեք կալանավորում։

Նախագահ։ Ինչու, ինչու։ Որովհետև նրանք նստած են սուսուփուս, տեղից վեր չեն թռչում, ավելորդ հարցեր չեն տալիս և ընդհանրապես լռում են։ Չնայած, դեռ ամեն ինչ առջևում է։

Լարիսա։ Նրանք լռում են, որովհետև անձամբ նրանց առայժմ ձեռք չեն տալիս։ Եթե ձեր այդ կապից կտրված սերժանտը սկսի նրանցից ցանկած մեկի ձեռքերը ոլորել և մահակով գլխին խփել, ապա նրանցից ամեն մեկի քաղաքացիական զգացումը միանգամից կարթնանա։

Նախագահ։ Իսկապես։ Որպեսզի բոլորի մեջ այդ զգացումը չարթնանա, պետք է նրանցից որևէ մեկին վերցնել առանձին և նախօրոք։ Այն ժամանակ բոլոր չվերցվածները կիմանան, որ արդարադատության պատժող սուրը կարող է իջնել յուրաքանչյուրի վրա։ Դրա համար էլ խոհեմ քաղաքացին իրեն պահում է զգույշ, և հարցեր չի տալիս։ Նա լուռ նայում է և ծափահարում, երբ պետք է։ Կամ չի ծափահարում։ Բայց չի տալիս անհարկի հարցեր։

Լարիսա։ Եվ հարց տալու համար նրան պետք է նստեցնե՞լ։

Նախագահ։ Լսեք, ուրեմն, ձեզանից մեծ մարդու կարծիքը։ Ազգակցական կապը Պոդոպլեկովի հետ ձեզ ոչ մի լավ բան չի տա։ Բայց հենց որ դատավճիռը կայացվի, ձեր ցանկությամբ ձեզ կբաժանեն։ Իսկ դուք դեռ երիտասարդ եք, գեղեցիկ, ուժով լեցուն, դուք մի ուրիշին կգտնեք, սրանից էլ ավելի լավին։ Մենք նույնիսկ կօգնենք ձեզ ընտրել որևիցե մեկին։ Օրինակ, վերջերս ազատվածների միջից։

Լարիսա։ Բացի իմ Լյոնյայից ինձ ոչ ոք պետք չէ։ Եթե դուք երկար տարիներով նստեցնեք նրան, ես նրան կսպասեմ։ Իսկ եթե որևիցե հեռու տեղ ուղարկեք, նրա ետևից կգնամ Մագադան, Կոլիմա, Հյուսիսային բևեռ։

Նախագահ։ Դե լա՜վ է, կգնաք։ Դեկաբրիստուհի հո չեք։ Այդքան սիրո՞ւմ եք։

Լարիսա։ Այո, պատկերացրեք այդքան։

Նախագահ։ Այո՞։ Եվ ինչով է նա ձեզ այդքան հմայել։ Մեծ շահույթներո՞վ։

Լարիսա։ Ի՜նչ շահույթներ։ Աշխատավարձ, որը երկու ամիս վճարում են, երեք ամիս ուշացնում։ Նախագահ։ Այդ դեպքում ի՞նչը։ Այն բա՞նը։

Լարիսա։ Այո, և այն բանը։ Եվ ոչ միայն։ Ընդհանրապես նա հավատարիմ ամուսին է, սիրող հայր, ազնիվ և ազնվաբարո մարդ, լկտիին չի զիջի, թույլին չի վիրավորի, հարուստից ոչինչ չի վերցնի, աղքատի հետ ամենավերջինը կկիսի։ Իսկ ինձ սիրում է, ինչպես առաջ, երբ մենք դեռ ապրում էինք չգրանցված։

Նախագահ։ Եվ ինչպե՞ս է դա արտահայտվում։

Լարիսա, Հենց նրանով, որ աշխատանքից միշտ շտապում է տուն։ Եվ արդեն քանի տարի է ես նրա համար ցանկալի եմ։ Ուրիշները մի կողմ են նայում, իսկ նա միշտ ինձ հետ է։ Եվ ինձ, ասում է, ուրիշ ոչ ոք պետք չէ։

Նախագահ։ Ինչո՞վ եք նրան այդպես կապել։

Լարիսա։ Նրանով, որ միշտ աշխատում եմ նրա ուզածն անել։ Նրա գալուց առաջ ես միշտ հավաքում եմ բնակարանը, ինքս զարդարվում, սանրվում, ընթրիքին մի որևէ համով բան պատրաստում։

Նախագահ (անվստահ)։ Եվ այդպես ամեն երեկո՞։

Լարիսա։ Ամեն։

Նախագահ։ Եվ ձեզ համար դժվար չէ՞։

Լարիսա։ Ի՜նչ եք ասում։ Միայն հաճույք է։ Չէ որ նա իմ ամուսինն է, իմ երեխաների հայրը։

Նախագահ։ Այդ դեպքում ինչպե՞ս եք դուք ապրելու առանց նրա։ Իսկապե՞ս սպասելու եք։

Լարիսա։ Եթե նստեցնեք, կսպասեմ։

Նախագահ։ Բայց դուք հիմար եք։

Լարիսա։ Ինչո՞ւ եք ինձ վիրավորում։

Նախագահ։ Ես չեմ վիրավորում ես, պնդում եմ։ Հիմար։ Կսպասեք, կծերանաք, իսկ եթե նա երբևիցե վերադառնա, նրան կդիմավորի մի պառավ․․․

Լարիսա։ Նա ինքն էլ կլինի տարեց։

Նախագահ։ Հույս չունենաք։ Ճամբարի կյանքը շատ մարդկանց օգտակար է։ Մաքուր օդ, ֆիզիկական աշխատանք և համեստ սնունդ։ Դա այն չի, որ մենք ամբողջ օրեր անշարժ նստած ծխում ենք, օգտագործում ալկոհոլ և յուղոտ կերակուր։ Իսկ այնտեղ մարդն ավելի լավ է պահպանվում։ Եվ ահա, նա կգա առողջ, ամուր, կնոջ մարմնին կարոտած, իսկ նրան կդիմավորի սպիտակ մազերով, անատամ, կախ ընկած կրծքերով մի պառավ։ Թե՞ դուք հույս ունեք, որ նա ձեզ հետ կապրի շնորհակալության զգացմունքից։ Ազնվությունի՞ց։

Լարիսա։ Կարծում եմ, որ նա ինձ կսիրի ինպիսին էլ որ լինեմ։

Նախագահ։ Այո՞։

Լարիսա։ Այո։

Նախագահ։ Այո, երջանիկ մարդ է, ձեր Լյոնեչկան։ Դրա համար էլ արժանի չէ մեղմ վերաբերմունքի։

Լարիսա։ Ինչպե՞ս թե։

Նախագահ։ Հենց այդպես։ Պետք է պահպանել հավասարակշռությունը։ Այդպիսի երջանկությունը սիրո մեջ, պետք է հավասարակշռվի որևէ հակառակ բանով։ (Գնալիս ինքն իրեն մտմտում է։) Այ ասում են․ արդարություն, արդարություն։ Սատանան տանի, ի՜նչ արդարություն։

Տեսարան վեցերորդ

Մեծ վանդակ։ Վանդակում Պոդոպլեկովն է։

Յուրչենկոն չրխկացնելով կողպեքը բացում է վանդակի դուռը և փակում ներս մտած Պաշտպանի ետևից։ Պաշտպանը ժպտալով կանգնած է Պոդոպլեկովի առջև, բայց Պոդոպլեկովը անտարբեր է և ոչ մի բանի չի արձագանքում։

Պաշտպան (Մեկնում է ձեռքը)։ Թույլ տվեք ի սրտե ամուր սեղմել ձեր ձեռքը։

Պոդոպլեկով (առանց նայելու Պաշտպանին, անտարբեր մեկնում է ձեռքը)։ Սեղմեք։

Պաշտպան (թափ է տալիս Պոդոպլեկինի ձեռքը)։ Հիացած եմ։ Անկեղծ հիացած եմ ձեր արիությամբ։ Դուք այնպես ուղիղ, անկեղծ, սկզբունքայնորեն ժողովրդի առաջ արտահայտեցիք ձեր քննադատական հայացքները։

Պոդոպլեկով։ Ծիծաղո՞ւմ եք։ Ի՞նչ հայացքներ։ Ես երբեք հայացքներ չեմ ունեցել։

Պաշտպան։ Համեստություն մի արեք։ Իմ կարծիքով, դուք ունեք համոզմունքներ, ընդ որում բավականին որոշակի։

Պոդոպլեկով։ Համոզմունքներ, համոզմունքներ․․․ Երկար լեզու ունեմ, այլ ոչ թե համոզմունքներ։

Պաշտպան։ Դուք զգո՞ւմ եք, որ ձեզ պահում էիք ոչ այնքան ճիշտ։

Պոդոպլեկով։ Դա ի՞նչ հարց է։ Դուք տեսել եք չէ, ինչպես էի ես ինձ պահում։ Հիմար բնավորություն ունեմ։ Միշտ ուզում եմ իմանալ, թե որտեղ ինչ, ինչու։ Ամեն ինչ ինձ հետաքրքրում է։ Հանգիստ նստեի, ուրիշների նման ձայն չհանեի։ Էհ, ինչ ասեմ։

Պաշտպան։ Շատ ուրախ եմ այդ ամենը լսելու համար։ Երբ մարդն հասկանում է իր արարքների կարծանարար բնույթը, դա առաջին քայլն է դեպի փրկություն։ Եթե դուք նաև ուղիղ և սկբունքայնորեն դատապարտեք և բարձրաձայնեք ձեր ոչ վաղ անցյալի վարքագիծը, իմ խնդիրը՝ պաշտպանել ձեզ զգալիորեն կհեշտանա։

Պոդոպլեկով (թերահավատ)։ Ինչի մասին եք խոսում, չեմ հասկանում։

Պաշտպան։ Լսեք, մենք պետք է միասին մշակենք որոշակի և հստակ ծրագիր ձեր պաշտպանության համար։ Հիմա դատավորները դուրս կգան և ես կխնդրեմ միանգամից ձեզ խոսք տալ, և դուք պարզորոշ, առանց այս ու այն կողմ ընկնելու, ձեզ հատուկ արիությամբ կասեք, որ հայտնվելով հանգիստ, մտածելու տրամադրող միջավայրում, խորհեցիք ձեր ոչ ճիշտ վարքագծի մասին, դատապարտեցիք ձեր հանցավոր անցյալը և խորապես զղջում եք, որ ձեր գործողություններով անուղղելի վնաս հասցրիք ժողովրդին և հասարակությանը։

Պոդոպլեկով։ Ինչպիսի հիմարություն, ի՞նչ հանցավոր անցյալ։ Առանց մտածելու մի բան ասացի․․․

Պաշտպան։ Ճիշտ է։ Այդպես էլ կասեք․ չէի մտածել։ Վերջ ի վերջո, դատավորները և մեղադրողն էլ մարդ են։ Նրանք կարող են հասկանալ և ներել։ Դե իհարկե, նրանք չեն կարող ամբողջովին արդարացնել ձեզ, բայց հաշվի առնելով անկեղծ զղջումը, նրանք կարող են զգալիորեն մեղմացնել պատիժը։ Նրանք կտան ձեզ, ամենաշատը ասենք թե մի հինգ կամ տաս տարի։

Պոդոպլեկով (բռնելով գլուխը)։ Տա՛ս տարի՜։

Պաշտպան։ Ինչո՞ւ այդքան վախեցաք։ Գիտեք, տարիները արագ են թռչում։ Այդ տաս տարին այնպես կթռչեն, որ դուք նույնիսկ չեք նկատի։ Իսկ երբ վերադառնաք՝ երեխաներն արդեն մեծ կլինեն, պետք չէ նրանց մեծացնել, անհանգստանալ։ Նույնիսկ փոքրը կհասցնի կապույտ հազով և սկառլատինայով հիվանդանալ։

Պոդոպլեկով (ձեռքերով փակում է երեսը, լացակումաց)։ Տա՜ս տարի։

Պաշտպան։ Տեսնում եմ, ձեզ սարսափեցնում է այդ տաս թիվը։ Բայց կալանավայրերում կան տարբեր հնարավորություններ։ Հաշվի են առնվում պլանի գերակատարումը, լավ վարքագիծը։ Կարող է պատահել, որ ձեր բախտը բերի, ու ընկնեք ասենք թե ուրանի հանքերը։ Այնտեղ մեկ օրը երեք օր է հաշվվում։ Կաշխատեք՝ և երեք տարուց նորից տանը կլինեք։

Պոդոպլեկով։ Երեք տարո՞ւց։ Ճաղատ և իմպոտենտ։

Պաշտպան։ Հետո ինչ, որ ճաղատ։ Մեզ մոտ ինչքան ճաղատներ կան և ոչինչ, ապրում են, ամուսնանում, կարիերա անում։ Նույնիսկ պետության ղեկավարներն են ճաղատ լինում։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդին, երեխաներ դուք արդեն ունեք, իսկ դրանով զբաղվել հենց այնպես հիմար բան է, ձանձրալի, ինչպես ասում են անիմաստ։ Առավել ևս հաշվի առնելով, որ ձեր կինը պատրաստ է սիրել ձեզ ինչպիսին էլ որ լինեք։ Լսեք, Պոդոպլեկով, Լեոնիդ Սեմյոնովիչ, Լյոնյա, ազնվորեն և անզիջում խոստովանիր և դու ինձ կօգնես։ Դու կօգնես ինձ, ես էլ քեզ։ Ես քեզ այնպես կպաշտպանեմ, այնպիսի ճառ կարտասանեմ, որ դուք նույնիսկ պատկերացնել չես կարող։

Պոդոպլեկով։ Լսեք, իսկ միգուցե ձեր մի ծալը պակա՞ս է․․․ (պտտում է մատը քունքի մոտ։)

Պաշտպան (նեղացած)։ Ուզում ես ասել, որ ես գի՞ժ եմ։

Պոդոպլեկով։ Եվ ոչ միայն դուք։ Նախագահը, մեղադրողը, հանդիսատեսը։

Պաշտպան։ Ոչ, Լյոնյա, դու ճիշտ չես։ Չի կարող պատահել, որ միայն դու ես նորմալ, իսկ մնացածը ոչ։ Ինքդ մտածիր։

Պոդոպլեկով։ Այո, գուցե դուք ճիշտ եք։ Ինձ, իսկապես, թվում է, որ ես ապրում եմ խելագարների մեջ։ Բայց չի կարող այնպես լինել, որ բոլորը այո, իսկ ես ոչ։

Պաշտպան։ Ահա։ Դա արդեն ճիշտ ենթադրություն է։ Դրա հիման վրա էլ կկառուցենք մեր պաշտպանությունը։ Կկանչենք լավ փորձագետներ և կուղարկենք ձեզ բուժվելու։ Այնտեղ տարբեր բուժումներ կընդունեք, գալոպերիդոլ, ամինազին, շոկային թերապիա։ Մի հինգ֊վեց տարի կբուժվես և դուրս կգաս որպես կատարյալ ապուշ։ Կատակ չեմ անում, բայց ապուշ լինելը, որին ոչինչ չի հասնում, չի հուզում, չի անհանգստացնում, չկան գիշերային վախեր, չի տանջում խիղճը, չի անհանգստացնում գիտակցությունը՝ հոյակապ բան է։ Համաձայնվիր Լյոնյա։

Պոդոպլեկով։ Միայն ոչ այդ։ Ուզում եմ տեսնել, լսել, իմանալ, զգալ, սիրել և ատել։

Պաշտպան։ Դե ինչ, մեղադրյալ, դուք ձեզ զրկում եք փաստարկներից, դժվարացնում իմ խնդիրը, բարդացնում սեփական ճակատագիրը։ Ափսո՜ս։ (Դուրս է գալիս վանդակից։)

տեսարան յոթերորդ

Նախագահի բնակարանը։ Լյուդմիլա Մեշալկինան գանգրացնելու համար փաթաթված մազերով, «Արի ամուսնանանք» հեռուստատեսային հաղորդումն է նայում։ Դուռը բացվում է։ Ներս է մտնում Նախագահը, հանում կոշիկները, հագնում տնային կոշիկները։

Լյուդիմա (կիսաշրջվելով)։ Ինչո՞ւ այսքան ուշ։

Նախագահ։ Գործ կար։ Իսկ ինչո՞ւ ես այսպիսի տեսքով։

Լյուդմիլա։ Ինչպիսի՞։

Նախագահ։ Այդ բաներով։ Հին խալաթով։

Լյուդմիլա։ Բայց մենք այսօր ոչ մի տեղ չենք գնում։

Նախագահ։ Կարծում ես, որ լավ տեսք պետք է ունենալ միայն մի որևիցե տեղ և ինչ֊որ մեկի համա՞ր։ Իսկ ամուսնուդ առաջ կարելի ինչպես պատահի՞։

Լյուդմիլա։ Էլի՞ տրամադրություն չունես։

Նախագահ։ Իսկ ինչու պետք է ունենամ։ Ուրիշի ամուսնուն բանտ են նստեցնում, իսկ կինը պատրաստ է սպասել ողջ կյանքում։ Ես քեզանից այդպիսի զոհաբերություն չեմ պահանջում և քո սիրո վրա այլևս հույս չեմ դնում, բայց հարգանքի վրա պնդում եմ։ Վերջ ի վերջո, եզի նման աշխատում եմ, զբաղեցնում եմ կարևոր պաշտոն, մեծ աշխատավարձ եմ ստանում ու էլի ինչ֊որ բան կողքից և այդ բոլորը ոչ թե ծախսում եմ Կուրշավելում, այլ տուն եմ բերում։ Եվ իմ սեփական տանը գոնե հարգանքի իրավունք ունեմ։

Լյուդմիլա։ Սանյա, ի՞նչ ես ասում, ինչպես թե, ինչու հանկարծ։ Ես քեզ հարգում եմ։ Արդեն տասնյոթ տարի է ինչ քեզ հարգում եմ։

Նախագահ։ Այո՞։ Իսկ ինչի՞ համար ես ինձ հարգում։ Նրա համար, որ ես անմեղ մարդկա՞նց եմ նստեցնում։

Լյուդմիլա։ Իսկ ի՞նչ անել, Սանյա։ Քո հոգին նուրբ է, բնավորությունդ փափուկ, բայց դու ստիպված ես խիստ լինել։ Իսկ եթե հրաժարվես, քո տեղը կզբաղեցնի քեզնից ավելի վատ մի որևէ մեկը։

Նախագահ։ Ի՞նչ ես ասում։ Ինձանից վատը չի լինում։

Լյուդմիլա։ Նայած ում համար։ Ինձ համար դու բոլորից լավն ես։

Նախագահ։ Այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ դիմավորում այդ տեսքով։ Դու իսկապե՞ս չես հասկանում կամ գոնե զգում, որ լավ տեսք պետք է ունենալ ոչ միայն ամուսնությունից առաջ, այլև հետո։ Հետո նույնիսկ ավելի կարևոր է, քան առաջ։ Որպեսզի պահպանես այն ամենը, ինչը ինձ նախկինում ձգում էր դեպի քեզ։ Որպեսզի, աշխատանքից գալով ու քեզ տեսնելով, դեպի քեզ ձգվեմ, ուզեմ քեզ։

Լյուդմիլա (չարաճճիորեն)։ Իսկ հիմա դու ինձ չե՞ս ուզում։

Նախագահ։ Հիմա ես ուտել եմ ուզում։ Ընթրիք ունե՞նք։

Լյուդմիլա։ Հնդկաձավարի շիլա կոտլետով, կուտե՞ս։

Նախագահ։ Սա ինչ բան է, անընդհատ պատրաստում ես շիլա, շիլա, շիլա։ Գոնե մի բան հնարեիր բազմազանության համար։ Օղի կա՞։

Լյուդմիլա։ Դե իհարկե։ Ահա։

Նախագահ։ Իսկ նախուտե՞ստ։ Բացի շիլայից որևէ բան կա՞։

Լյուդմիլա։ Իհարկե, Սայնն։ «Բժշկական» երշիկ, «Մաասդամ» պանիր․․․ Սայնն, խավիար կա, Բելուգայի։

Նախագահ։ Բելուգայի։ Դու ինչ է, ուրիշ փող ծախսելու տեղ չունե՞ս։ Իսկ ո՞ւր է մեր տղան։

Լյուդմիլա։ Ժորիկը իր սենյակում է։ Իմիջիայլոց, նա էլ չի ընթրել։

Նախագահ։ Ուրեմն կանչիր նրան։

Լյուդմիլան թակում է դուռը։ Հայտնվում է Ժորիկը այպադը ձեռքին։

Ժորիկ։ Ողջույն, պապ։

Նախագահ։ Ողջույն։ Նստիր ուտելու։ Ի՞նչ ես անընդհատ քո այպադով ման գալիս։ Ինչ է պո՞ռնո ես նայում։

Ժորիկ։ Ինչո՞ւ պոռնո։

Նախագահ։ Ոիրիշ ի՞նչ կա այդտեղ։

Ժորիկ (պատրաստելով խավիարով բուտերբրոդ)։ Շատ բան։ Նորություններ եմ նայում, բլոգեր կարդում։

Նախագահ։ Դու էլ բան գտար զբաղվելու։ Ինչ֊որ նոր բառեր են հայտնվել, բլոգ, տվիտ, պոստ, ինստագրամ։ Ավելի լավ է պոռնո նայեիր։

Լյուդմիլա։ Սանյա, այդ ի՞նչեր ես ասում։ Երեխան տասնվեց տարեկան է։

Նախագահ։ Իսկական ժամանակն է պոռնո նայելու։ Ավելի բնական է այդ տարիքում, քան բլոգերում ման գալ։ Գեյ֊պրոպագանդան անչափահասների համար արգելված է, ուրեմն նորմալ և առողջ գետերոսեքսուալիզմը պետք է խրախուսվի։ (Ժորիկին։) Ինչո՞ւ ես միանգամից խավիրարին վրա պրծնում։ Սկզբից կոտլետները կեր։

Ժորիկ։ Չեմ ուզում, հոգնել եմ կոտլետներից։

Նախագահ։ Իսկ խավիարը չի՞ հոգնեցրել։ Եվ ի՞նչ են գրում բլոգերները։

Ժորիկ։ Ինչպես միշտ։ Կոռուպցիա, կեղծված ընտրություններ, անօրինական զավթումներ, կերպարանափոխվող ուսադրավորներ, բասմանյան արդարադատություն։

Նախագահ։ Իմ մասի՞ն էլ են գրում։ Ինչ ես լռում։ Գրո՞ւմ են։

Ժորիկ (իջեցնելով աչքերը)։ Գրում են։

Նախագահ։ Եվ ի՞նչ են գրում։

Ժորիկ։ Ինքդ կարդա։

Նախագահ։ Չեմ կարդա։ Քո խոսքերով պատմի։

Ժորիկ։ Դե, գրում են, «տխրահռչակ դատավոր Մեշալկինը»․․․

Նախագահ։ Այո, ոմանց համար տխուր, իսկ ոմանց միգուցե հայտնի է որպես ուրախ։ Իսկ ինչո՞ւ եմ հատկապես ես, որպես տխրահռչակ հայտնի։

Ժորիկ։ Պապ, ինքդ էլ գիտես, այնպիսի կարծիք կա, որ դու ինքնուրույն չես դատում, այլ պատվեր ես կատարում, հեռախոսային իրավունք, լսում ես միայն մեղադրողին, պաշտպանությանը անտեսում ես, այնպես որ քո վարած գործերը անվանում եմ Մեշալկինի դատարան։

Նախագահ։ Մեշալկինի դատարա՞ն։ Այդտեղ ինչ֊որ գրական բան կա։ Սա կարող է մտնել պատմության մեջ։ Առաջ կար Շեմյակինի դատարան, իսկ հիմա Մեշալկինի։ Այդպես երևի ձեր գրականության ուսուցի՞չն է ասում։ Ասո՞ւմ է։

Ժորիկ։ Ոչ։ Նա ոչինչ չի ասում։ Նա իմ կողմը նույնիսկ չի նայում։ Իսկ ֆիզիկայի ուսուցիչը, նա նոր է, երեկ ծանոթանում էր դասարանի հետ, ներկա բացակա էր անում, և երբ հերթը ինձ հասավ, նայեց ինձ ու հարցրեց․ «Մեշալկին, իսկ ի՞նչ մասնագիտություն ունի հայրդ»։ Ես ասացի՝ իրավաբան է և ամբողջ դասարանը ծիծաղեց։ Նա էլ ժպտաց։

Նախագահ։ Ուրեմն դասարանը ծիծաղեց, նա ժպտաց, իսկ դու ամաչեցիր։ Այո՞։ Ամաչո՞ւմ ես հորիցդ։ (Տաքանալով։) Ասա, շան որդի, ամաչո՞ւմ ես։

Ժորիկ (մարտականորեն)։ Այո, ամաչում եմ։ Ի՞նչպես չամաչեմ, երբ ուսուցիչները աչքերիս չեն նայում, իսկ կողքիս նստող Սերովը, փոխելով տեղը նստեց Կուզիչևի մոտ։

Նախագահ։ Հասկանալի է։ Տուր այստեղ։ (Խլում է տղայի ձեռքից խավիարով բուտերբրոդը, խավիարը թափ տալիս ափսեի վրա, հացը վերադարձնում տղային։) Կեր։ Հյուրասիրվիր։ Եթե ուզում ես խավիարով, սառնարանում կա դդմիկի։

Ժորիկ։ Ես դդմիկի չեմ սիրում։

Նախագահ։ Ուրեմն չե՞ս սիրում։ Դու կարմիրն ես սիրում, սիրում ես սևը։ Բայց եթե ուզում ես, որ քո հայրը ազնիվ դատավոր լինի, սովորիր հասարակ սննդին։ Ազնիվ մարդիկ համեստ են սնվում։ Վաղվանից սկուտեր չես քշի, դա ամոթ է։ Ժամացույցդ հանիր։ Ես քեզ համար հարյուր ռուբլով կգնեմ ուրիշը հնեղենի շուկայից։ Ո՞ւր ես գում։

Ժորիկ։ Ինձ մոտ։

Նախագահ։ Այպադը թող։ Ազնիվ դատավորը քեզ համար այսպիսի բան չէր կարող գնել։

Ժորիկ։ Լավ։ Էլ ի՞նչ։ Ահա այֆոնս։ Թողնե՞մ։

Նախագահ։ Թող։ Ամաչելու պատճառ ավելի քիչ կունենաս։

Ժորիկը դնում է սեղանին այպադն ու այֆոնը և դուրս գալիս բարձր շրխկացնելով դուռը։

Լյուդմիլա։ Ինչո՞ւ այդպես վարվեցիր։ Դու հո տեսնում ես ինչ մեծ է նրա ծանրաբեռնվածությունը դպրոցում։ Առանց այն էլ նա ոչինչ չի ուտում, իսկ դու․․․

Նախագահ։ Ոչինչ։ Սովածանա՝ կուտի։ Պարտադիր չէ սնվել դելիկատեսներով։ Պապս ինձ ասում էր․ հացն ու ջուրը ամենաառողջ սնունդն է։ Դու էլ այնպայման չէ որ նորկայով ման գաս։ Մորթյա վերարկուն ավելի շատ սազում է նորկային, քան թե կովին։

Լյուդմիլա։ Սայնն, էլ մի խմիր։

Նախագահ։ Եվ առանց դրանց, որ ականջներումդ է և մատներիդ վրա կարելի է յոլա գնալ։ «Տոյոտայով» ման գալ նույնպես պարտադիր չէ։ Մեր մետրոն աշխարհում ամենալավն է։

Լյուդմիլա։ Սայնն։ Քեզ ի՞նչ է պատահել։ (Փորձում է օղին վերցնել սեղանից։ Նախագահը խլում է շիշը, լցնում, խմում։) Մեղադրյալս ինժեներ է աշխատում ֆիրմայում, այնքան է տուն բերում, որքան դու մի անգամ սուպերմարկետ գնալուց ես ծախսում, բայց կինը նրան սիրում է։ Նա, երբ ամուսինը գալիս է տուն, փաթաթված մազերով նստած չէ։ Եվ չի սպասում, որ նա ինքնուրույն սառնարանը բացի։ Իսկ հիմա, երբ նրան նստեցրել են, պատրաստ է գնալ նրա ետևից աշխարհի ծայրը, պատրաստ է սպասել նրան՝ դժբախտ աղքատին, ամբողջ կյանքում։ Եվ ոչինչ չի ուզի դրա համար, ոչ «Տոյոտա», ոչ մորթիներ։ Նա աղքատ է, իսկ կինը նրան հարգում է։ Նա սկզբունքային է, իսկ կինը պատրաստ է հագնել իր գործած բլուզը։ Տեղերը գցիր, ես քնել եմ ուզում։

Տեսարան ութերորդ

Պոդոպլեկովների բնակարանը։

Սվետան նստած է կոմպյուտերի առջև։ Ներս է մտնում Լարիսան։

Լարիսա։ Ինչո՞վ ես զբաղված։

Սվետա։ Պատրաստվում եմ դասերս սովորել։

Լարիսա։ Իսկ առայժմ քո «Ֆեյբո՞ւկն» ես քրքրում։

Սվետա։ Ոչ, բլոգեր եմ կարդում, կոմմենտներ, տվիտներ։

Լարիսա։ Մեր գործի մասին գրո՞ւմ են։

Սվետա։ Միայն դրա մասին են գրում։

Լարիսա։ Ի՞նչ են գրում։

Սվետա։ Տարբեր բաներ։ Գրում են, որ Պոդոպլեկովի գործը փոքրիկ հաղթական պատերազմի դեր է խաղում, այսինքն՝ նպաստում է բնակչության ավելի խոցելի շերտերի ուշադրության շեղմանը տնտեսական դրության վատթարացումից։ Իսկ մի շատ հայտնի բլոգեր գրում է, որ այդ գործը հարուցվել է միայն կոռուպցիոն նպատակով։ Որովհետև գործի վարման, նախնական փորձաքննության, փաստաբանական ծառայությունների, պահակների համար բյուդժետից դուրս գրված փողերը, տարվել են և անհետացել օֆշորում։

Լարիսա։ Այդպես էլ կարծում էի, որ գողության հետ է կապված։ Բայց չեմ հասկանում, մի՞թե գողություն անելու համար, պետք է անպայման որևէ մեկին նստեցնել։

Սվետա։ Իհարկե՝ անշուշտ նստեցնել։ Բայց ուրիշ պատճառ էլ կա։ Այստեղ մեկը՝ Ստարիկխոտտաբիչը, նիկը մեկ բառով, գրում է։ Ակնհայտորեն անմեղ մարդու դատավարությունը, ասում է, հանրությանը ուղղված ազդանշան է, որ ոչ մի մարդ, որքան էլ նա օրինապահ լինի չի կարող իրեն պաշտպանված զգալ։ Ո՛չ անմեղության կանխավարկածը, ո՛չ մեղքի բացակայությունը չեն կարող պաշտպանել և ոչ մի բանից։ Մեղադրողը, գրում է նա, հիմարություններ է ասում ոչ այն պատճառով, որ նա իսկապես հիմար է, այլ որովհետև դրանով նա ապացուցում է, որ ահա ես հիմարություններ կասեմ, իմ բոլոր ապացույցները զառանցանքի նման կլինեն, իսկ փաստբանը, ընդհակառակը, գեղեցիկ և համոզիչ կխոսի, ալիբիդ անխոցելի կլինի, բայց դու միևնույն է կնստես։

Լարիսա։ Էլ ի՞նչ են գրում։

Սվետա։ Կան կոմմենտներ, որ աղբամանի են նման։ Ինչ ուզում են գրում են։

Լարիսա։ Օրինակ։

Սվետա։ Հիմա հերթով կկարդամ։

Դինոզավր 84: Պոդոպլեկովի դատավարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը զգում է իր լիակատար անպատժելիությունը։

Դմիտրիյ։ Ամեն մի իշխանություն աստծուց է։ Արդար դատարաններ չկան ոչ մի տեղ։ Ձեր Պինդոստանում անմեղներին մահապատժի են ենթարկում, բայց լիբերաստները չեն սիրում խոսել այդ մասին։

Բուլդոգ։ Իսկ դու, պորտյանկա, լվացքի անցիր, թե չէ քեզնից գարշահոտություն է փչում։

Մեկնաբանությունը հեռացվել է։

Մեկնաբանությունը հեռացվել է։

Ավգուր։ Քանի դեռ նավթի գները բարձր են, Պոդոպլեկովը կնստի։

Բրիգադիր։ Նավթի պահուստները դեռ քառասուն տարի կհերիքեն։

Ավգուր։ Ուրեմն քառասուն տարի էլ կնստի։

Սիլին։ Իսկ իմ կարծիքով, Պոդոպլեկովը հրեա է։

Օպեր 76։ Խաչակնքիր, Մարուսյա։ Այդպիսի ազգանունո՞վ։

Սիլին։ Ազգանունը, կարող է, տատիկինն է։

Օպեր 76։ Իսկ քո գիժ լինելը պապիկիդ կողմից է։

Բուլդոգ։ Անկառավարելի միապետությունն է՝ մեր լուսավոր ապագան։

Անտիկվար։ Բուլդոգի բառերի հոսքը սարսափելի ձև է ընդունել։

Բուլդոգ։ Իսկ դու ընդունիր դա օրը երեք անգամ, բժշկի դեղատոմսով։

Դինոզավր 84: Քանի դեռ իշխանությունը պատկանում է չեկիստներին, ոչ մի ձնհալ չի լինի։

Օզիրիս։ Ուֆ։ Իսկ ինձ մոտ յոթերորդ վինդան նորից լավ չի աշխատում։

Գիբրիդիզատոր։ Առաջարկում եմ նրանց տեղերով փոխել․ Մեշալկինին նառերի վրա, իսկ Պոդոպլեկովին դարձնել նախագահ։

Լարիսա։ Հերիք է։ Տես դու, թե ինչ հիմարություններ են գրում։

Սվետա։ Արի մենք էլ մի բան գրենք։

Լարիսա։ Գրենք, բայց ոչ թե այստեղ այլ Ստրասբուրգ՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարան։

Սվետա։ Դա դեռ կհասցնենք։ Իսկ առայժմ առաջարկում եմ՝ միանձնյա պիկետ։

Լարիսա։ Դա ի՞նչ է։

Սվետա։ Հասարակ բան։ Վերցնում ենք մի կտոր ստվարաթուղթ, վրան գրում ենք՝ Մեշալկինը սրիկա է։

Լարիսա։ Դա շատ կոպիտ է։

Սվետա։ Եթե կոպիտ չլինի՝ նա չի հասկանա։

Լարիսա։ Ոչ֊ոչ, չափը կանցնենք։ Արի գրենք այսպես․ «Ես Մեշալկինի զոհն եմ» կամ էլ առանց «ես», ուղղակի՝ «Մեշալկինի զոհ»։

Սվետա։ Արի։ Կախենք կրծքներիս և կանգնենք մարդաշատ տեղում թատրոնի դիմաց։

Տեսարան իններորդ

Լարիսան կանգնած է միանձնյա պիկետում պլակատով․

«Մեշալկինի զոհ»։

Անցնում է Նախագահը։ Կանգնում է։

Լարիսա։ Բարև ձեզ։

Նախագահ։ Վաղո՞ւց եք կանգնած։

Լարիսա։ Առավոտից։

Նախագահ։ Ինչո՞ւմն է միտքը։

Լարիսա։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը գրավել։

Նախագահ։ Ստացվո՞ւմ է։ (Ինքն էլ պատասխանում է։) Չի ստացվում։

Լարիսա։ Այո, չի ստացվում։ Ժողովուրդը լռում է, որովհետև ձեր նման դատավորները վախեցրել են։ Ամեն մեկը մտածում է, որ եթե դուրս գա, իր հետ էլ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես Պոդոպլեկովի հետ։

Նախագահ։ Ճիշտ է, եթե այդքան վախկոտ չլինեին, մենք էլ այսքան համարձակ չէինք լինի։ Մենք թույլ ենք տալիս մեզ այնքան, որքան դուք եք թույլ տալիս։

Լարիսա։ Կարծում եք, որ մենք բոլորս վախկո՞տ ենք։

Նախագահ։ Կամ անտարբեր, ինչն ավելի վատ է։ Չէ՞ որ քանի դեռ ձեր ամուսնուն չէին դատել, դուք պիկետների չէիք գնում, որովհետև դա ձեզ չէր վերաբերվում։ Իհարկե, տեսնում էիք հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում էիք կարդում, որ ինչ֊որ մեկին ինչ֊որ տեղ այնպես չեն դատել, ինչ֊որ մեկին ծեծել են ոստիկանությունում, ինչ֊որ մեկի մի ոմն տեղը շամպայնի շիշ կամ բահի փայտ են խոթել, և միգուցե ձեր հոգում ինչ֊որ բան շարժվում էր։ Բայց րոպե անց ամեն ինչ մոռանում էիք։ Որովհետև ունեք ձեր կյանքը, ձեր գործերը։ Պետք էր երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղարկել, ամուսնուն աշխատանքից դիմավորել, տունը հավաքել, շորերը փոխել, համով բան պատրաստել, իսկ եթե մի ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին բռնաբարում է, այդ ձեզ չեն բռնաբարում։ Իսկ եթե որևէ մեկը ինչ֊որ մեկին սպանում է, այդ ձեզ չեն սպանում։ Իսկ եթե ինչ֊որ տեղ որևէ մեկը ինչ֊որ մեկին․․․

Լարիսա։ Այո, դուք ճիշտ եք, այդպես է որ կա։ Բայց ես հասարակ կին եմ, ես շատ բան չգիտեի և չէի հասկանում։ Իսկ դուք այդպիսի բարձր պաշտոն եք զբաղեցնում․․․

Նախագահ։ Բայց ես այն նույն հասարակության անդամն եմ, ինչպես և դուք։ Անտարբեր և վախեցած։ Ուրիշներին վախեցնում եմ և ինքս էլ վախենում։

Լարիսա։ Իսկ ձեր խղճից չե՞ք վախենում։ Տեսնում եմ, դուք վատ տեսք ունեք։ Գուցե ուղղակի վատ եք քնել, իսկ միգուցե, սարսափելի երազներ եք տեսել։

Նախագահ։ Այո, իսկապես վատ եմ քնել։ Սարսափելի թե ոչ, բայց այո, ամեն տեսակ զզվելի բաներ եմ տեսել։

Լարիսա։ Հիմա ինչպե՞ս եք ձեզ զգում։

Նախագահ։ Ոչինչ։ Ուղղակի քունս տանում է։ Մի տեսակ ջարդված եմ զգում ինձ։ Մի քիչ էլ գլուխս է պտտվում։

Լարիսա։ Եվ արյունոտ տղանե՞ր են ձեր աչքերո՞ւմ։

Նախագահ։ Ի՞նչ։ Ի՞նչ տղաներ։ (Վախեցած։) Ես պեդոֆիլ չեմ։

Լարիսա։ Իսկապե՞ս։ Երեխաներ չե՞ք սիրում։

Նախագահ։ Հիմարություն։ Ես սիրում եմ երեխաներին, բայց ոչ այնպես, ինչպես դուք եք կարծում։ Թեպետ, ես նրանց իսկապես չեմ սիրում։

Լարիսա։ Ինչո՞ւ։

Նախագահ։ Որովհետև անշնորհակալ արարածներ են։ Ես նրան կերակրում եմ, հագցնում։ Առնում եմ այն ամենը ինչ նա ուզում է։ Սկուտեր, հեծանիվ, լեռնային դահուկներ, կոմպյուտեր, այպադ, այֆոն, շվեյցարական ժամացույց, իսկ նա ասում է, որ ինձնից ամաչում է։

Լարիսա։ Հիանալի է, ապրի։

Նախագահ։ Ապրի՞։

Լարիսա։ Իհարկե։ Քանի որ դուք ամաչել չգիտեք, նա ձեր փոխարեն է այդ անում։ Նա փորձում է փրկել ձեր անունը և ուզում է, որ դուք չանեք այն ամենը ինչ անում եք։

Նախագահ։ Հիմարություն։ Չանել այն ինչ անում եմ։ Բա ի՞նչ անեմ։

Լարիսա։ Դուք կարող եք ձեր ուզածը անել կախված այն բանից, խիղճ ունե՞ք, թե ոչ։ Եթե չունեք, նա ձեզ չի տանջի։ Այն ինչ չկա չի ցավում։ Իսկ եթե ունեք, պիտի վախենաք։ Դուք կարծում եք, որ կարելի է նրա վրա թքել, բայց նա կապացուցի, որ իր վրա թքել չի կարելի։ Նա ձեզ կանհանգստացնի, նա թույլ չի տա ձեզ հանգիստ ապրել, գիշերները կհոշոտի և կհարցնի․ Մեշալկին, ինչո՞ւ այդ արեցիր։ Նրա վրա թքելով դուք միայն աշխատանքում առաջխաղացում, աշխատավարձի բարձրացում, պրեմիաներ, շքանշաններ կստանաք, բայց այդ ամենը ձեզ ուրախություն չի բերի, համեղ պատառը չի անցնի ձեր կոկորդով, և արյունոտ տղաները, միևնույն է կպատժեն ձեզ։

Նախագահ։ Ձայնդ կտրի՛ր, հիմար կին, անհեթեթություններ դուրս մի տուր։ Ոչինչ էլ ինձ չի տանջի։ Աշխարիս երեսին հազարավոր դատավորներ կան, որ ինձանից ոչնչով լավը չեն, նրանք ցանկացած որոշումներ են ընդունում և չեն տանջվում։

Լարիսա։ Բայց պատկերացրեք, եթե գործեք գոնե մի ազնիվ, սկզբունքային և ազնվաբարո արարք, ինչքա՞ն կբարձրանաք հասարակության աչքում։ Ձեր տղան կհպարտանա ձեզնով։ Մարդիկ հիացմունքով կնայեն ձեզ, ցույց կտան ձեզ իրենց երեխաներին, նրանք կասեն․ նայիր, անցնում է դատավոր Մեշալկինը։ Երկրագնդի ամենաազնիվ դատավորը։ Այդ նա «Մեշալկինի դատարան» արտահայտությունը դարձրեց ազնիվ դատավարության հոմանիշը․․․

Նախագահ։ Սուտ ես ասում։ Եթե ես քո ասածի պես վարվեմ, ոչ մի Մեշալկինի դատարան էլ չի լինի։ Ինձ ուղղակի կոչումիցս կզրկեն, գործից կհանեն, այն ժամանակ ես ո՞վ կլինեմ։

Լարիսա։ Կլինեք հերոս։ Չե՞ք ուզում հերոս լինել։

Մեշալկին։ Հերո՞ս։ Ուզում եմ։ Շատ եմ ուզում հերոս լինել։ (Երկար պաուզա։) Բայց վախենում եմ։

Տեսարան տասներորդ

Դատարկ բեմի վրա հայտնվում է կիթառով Բարդը։ Ուղղում է բեմի առարկաները, մոտենում Ֆեմիդային, փոխում աչքերին կապած կտորը։ Մի աչքը բացում է, մյուսը փակում։ Դիմելով հանդիսատեսին ասում է․

― Կյանքում ինչ֊որ բան պետք է փոխվի, չէ՞։

Նվագում է կիթառի վրա և երգում․

― Ինչո՞ւ ես ծաղկում, ― հարցրին ծաղկին։

Պատասխանեց․

― Որպեսզի ծաղկեմ։

― Բայց ծաղկելուց ի՞նչ օգուտ։

Պատասխանեց․

― Երևի կա օգուտ։

Իսկ եթե չկա, առհավետ ճակատագրին
Շնորհակալություն կարճ պատվի համար։
Նախքան թառամեմ, անհետ կորչեմ,
Գոնե մի քիչ ծաղկեմ։

Հայտնվում է Լարիսան պլակատը կրծքին։

Լարիսա։ Բարև ձեզ։

Բարդ։ Բարև։

Լարիսա։ Իսկ դուք էլի երգո՞ւմ եք։

Բարդ։ Իսկ ես էլի երգում եմ։

Լարիսա։ Աշխարհում այնքան չարիքներ են կատարվում։ Պատերազմներ, բռնություններ, փողոցային հանցագործություններ, պեդոֆիլիա, ստրուկների վաճառք, անմեղների անարդարացի դատեր, իսկ դուք շարունակում եք ձեր կիթառի վրա ծնգծնգացնել։ Երգում եք ծաղիկների մասին։

Բարդ։ Իսկ ի՞նչ պիտի անեմ։

Լարիսա։ Իմ կարծիքով, պարզ է թե ինչ։ Եթե գոնե մի կաթիլ քաղաքացիական խիղճ և մի քիչ էլ արիություն ունեք, դեն նետեք կիթառը, դուրս եկեք հրապարակ, պատմեք, այն անարդարությունների մասին, որոնք տեղի են ունենում Պոդոպլեկովի դատավարությունում, դուք չեք կարող բանաստեղծություններ գրել, ձեր երգերը երգել։ Հիշեք ոսկե խոսքերը։ Պոետ կարող ես չլինել, բայց քաղաքացի պարտավոր ես։

Բարդ։ Լավ բառեր են։ Բայց դրանք վերաբերվում են նրանց, ովքեր չեն կարող պոետ լինել, իսկ ես պոետ եմ։

Լարիսա։ Բայց որպես պոետ, կարող եք մի բան անել, որպեսզի աշխարհը մի քիչ ավելի լավը դառնա։

Բարդ։ Հենց դա էլ անում եմ, բայց ուրիշ կերպ։ Դուրս գալ հրապարակ և զոհվել բոլորն էլ կարող են, իսկ ո՞վ կգովերգի զոհվածների սխրագործությունը։ Ոչ թանկագինս, իմ խնդիրն ուրիշ է։ Դուք լսել եք այս բառերը․ «Պարոնայք, եթե սուրբ աշխարհը ճշմարտության ուղին չկարողանա գտնել, պատվե՞նք այն խելագարին որը ոսկե երազ կիջեցնի։

Լարիսա (ակնածանքով)։ Դա ձե՞ր բանաստեղծությունն է։

Բարդ։ Ոչ։ Բերանժեի։ Սրանք են իմը։ (Փորձելով նվագել երգում է։)

Վերջերս եղա ոչ հեռու մի տեղ,
Բնակեցված խիտ ինչպես գետտո։
Խստաշունչ կլիմա ― ձմեռ առանց ամառ․․․
Չի հերիքում տաքն ու լույսը։
Այնտեղ չեն տարբերվում ցերեկն ու գիշերը,
Այնտեղ մարդիկ խարխափում են մթում,
Չնայած իրար չեն տեսնում
Իրար սարսափելի ատում են։
Նրանցից չարության հոտ է գալիս
Իրենք էլ չարությունից չորացել են
Դարձել են չոր խոտ։
Չեն ապրում, գոյատևում են։
Միայն ուրախանում են
Երբ հարևանի գործերը վատ են
Ոտքն է ջարդել կամ վիզը
Կամ փողն են գողացել մետրոյում,
Երբ ինչ֊որ կորուստ ունի՝
Հարևանների մոտ խնջույք է։
Այդպես մթում ու չարությունով
Անցնում է նրանց կյանքը
Մարմինն ու հոգին ուրախություն չունեն
Բայց եթե մեկը մեկին սպանի՝
Այ դա արդեն ուրիշ բան է։

Ո՞նց է։

Լարիսա։ Հիանալի է։ Միայն թե ես ձեր տեղը լինեի կհստակեցնեի։ Դուք գրում եք «ոչ հեռու մի տեղ»։ Ինչո՞ւ ինչ֊որ տեղ, անունը տվեք, թե որտեղ։ Կամ էլ «գողացել են դրամապանակը»։ Ո՞ւմը և ո՞վ։ Ո՞վ է վիզը կոտրել։ Ո՞վ է ում սպանել։ Նաև անլեգալ միգրացիայի թեման հիշատակեիք․․․ Ասենք թե մի կովկասցի մորթել է մի ռուս տղայի։ Այդ ժամանակ իրավապահ մարմինների համար ավելի հեշտ կլիներ աշխատել և հանրությունը ավելի արագ կհասկանար պահի սրությունը։ Իսկ դուք ինչ֊որ տեղ, ինչ֊որ մեկը, ինչ֊որ բան․․․

Բարդ։ Դուք իրավացի եք։ Բայց ես քաղաքացիական պոետ չեմ, ես լիրիկական պոետ եմ։ Երգում են այդ նույն բաների մասին, բայց ստեղծում եմ ընդհանրացված, մետաֆորիկ պատկերներ։ (Երգում է։)

Հոսում է մանր ջուրը, մանր են մեր կրքերը։
Մի ավելորդ պատառի համար մերձավորին մասնատում ենք,
Իրար ոչնչացնում ենք, առանց պատճառ տանջում ենք։
Նախքան ոչնչություն դառնալը
Ոչնչության մեջ ենք ընկնում։

Լարիսա։ Իսկ շարունակությո՞ւնը։

Բարդ։ Շարունակությունը չի ստացվում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել վերջաբանը։

Լարիսա։ Դա նրանից է, որ որ հստակ չէ։ Գրեիք, որ այդ սրիկա դատավոր Մեշալկինը ոչնչության մեջ է ընկել, դրանով էլ կարելի էր ավարտել։

Բարդ։ Դուք չեք կարողանում հասկանալ, որ այդ Մեշալկինը ինձ չի հետաքրքրում։ Այդպիսի Մեշալկիներ գիտե՞ք որքան կան։ Ամեն մեկի մասին առանձին հնարավոր չէ գրել։ Իսկ Մեշալկինը որպես ընդհանրացված կերպար, որպես մեր ժամանակներին հատուկ կերպար՝ դա ուրիշ բան է։ (Գնում է։)

Տեսարան տասնմեկերորդ

Հայտնվում է քահանան։

Քահանա (կանգ է առնում, կարդում է)։ «Մեշալկինի զոհը»։ Իսկ ի՞նչ է արել այդ Մեշալկինը։ Բռնաբարե՞լ է, ինչ է։

Լարիսա։ Ավելի վատ բան։

Քահանա։ Մա՞րդ է սպանել։

Լարիսա։ Էլ ավելի վատ բան։

Քահանա։ Դրանից վատ ի՞նչը կարող է լինել։

Լարիսա։ Նա իմ արդարության զգացումն է սպանել։ Դրա համար նրան քիչ է սպանել։

Քահանա։ Իսկ քեզ համար ի՞նչ պատիժ ես ընտրել։ Ինքդ ինչո՞ւմ ես մեղավոր։

Լարիսա (զարմացած)։ Ե՞ս։ Ես մեղք չունեմ։

Քահանա։ Սո՞ւրբ ես, ինչ է։

Լարիսա։ Ոչ, սովորական մարդ եմ։

Քահանա։ Սովորական՝ նշանակում է մեղավոր։ Իսկ մեղավոր մարդը կարո՞ղ է ուրիշ մեղավորին դատել։

Լարիսա։ Բայց մեղքը մեղքից տարբերվում է։ Ես միայն մի անգամ եմ ամուսնուս դավաճանել։ Այն էլ նրա ղեկավարի հետ։ Նրա աշխատանքային առաջնթացին օգնելու համար։ Համաձայն եմ, դա մեղք է, բայց մեղք է հանուն բարու։ Իսկ այս դեպքում մարդ թատրոն է գալիս, նրան բռնում են, քարշ տալիս բեմ և առանց պատճառի դատում։ Կարո՞ղ եք դրան հավատալ։

Քահանա։ Իհարկե հավատում եմ։ Մեզ մոտ կարգն է այդպիսին, ում ասես կփակեն։

Լարիսա։ Բայց եկեղեցին, հայր, ինչ֊որ կերպ պե՞տք է այդ կարգի դեմ պայքարի։ Գուցե դուք ամուսնուս համար խնդրեք։

Քահանա։ Այ քեզ բան, ինչո՞ւ ես պետք է խնդրեմ։

Լարիսա։ Բայց չէ՞ որ մարդուն նստացրել են, իսկ դուք Աստծո հետ կապ ունեք։

Քահանա։ Այո, ունեմ։ Բայց այդ կապը, հասկանում ես, այնպիսին չէ , ինչպիսին երկի ղեկավարների հետ։ Դա սկայպ չի, հեռախոս չի, դա միստիկա է։

Լարիսա։ Լավ։ Բայց դուք այդ միստիկական կապով կարող եք նրան հայտնել, որ տեսեք, երկրագնդում խայտառակ բաներ են տեղի ունենում։ Երկու երեխայի հորը, չգիտես ինչու․․․

Քահանա։ Հիմարություններ ես ասում։ Ինչու ես պետք է հայտնեմ, նա ինքը ինչ է, չի՞ տեսնում։ Ամեն ինչ շատ լավ տեսնում է։

Լարիսա։ Իսկ եթե տեսնում է, ինչո՞ւ է թույլ տալիս։ Ինչո՞ւ այդ մեղադրողին, դատավորին չի պատժում։

Քահանա։ Կպատժի, այնպայման կպատժի, ինչպես ասում են, ոչինչ չի մոռանա։ Դժոխային տանջանքներով կպատժի։ Բայց նախքան այդ նա քեզ փորձություն է ուղարկում։

Լարիսա։ Ոչ թե նա է ուղարկում, այլ այդ սրիկաները՝ մեղադրողն ու դատավորը։

Քահանա։ Այդ սրիկաների միջոցով էլ ուղարկում է։ Լավ մարդկանց միջոցով այդպիսի բան չես ուղարկի, իսկ դրանց միջոցով՝ հենց այն է որ կա։ Ամուսնուդ բանտով փորձություն, որ տեսնի, կդիմանա թե ոչ, իսկ քո հավատարմությունը բաժանումով է փորձում։ Եթե նա դիմանա, մարդկանց համար հերոս կդառնա։ Իսկ եթե դու նրան սպասես, հավատարիմ մնաս, ղեկավարի հետ քո կատարած մեղքը կներվի, քեզ սուրբ կդարձնի, դրախտ կընկնես։ Դրախտը, ― ինչպես բացատրեմ, դրախտը՝ հավերժական երանություն է, քեզ հասկանալի լեզվով ասած, օրգազմ։

Քահանան շարունակում է ճանապարհը։ Լարիսան վազում է նրա ետևից։

Լարիսա։ Տեր հայր, սիրելիս, այդ օրգազմը, դա դեռ ե՞րբ կլինի, իսկ հիմա հանուն ինչի՞ են մեր այս չարչարանքները։ Խնդրեք աստծուն, մեզ համար, նա ողորմած է, նա կլսի։

Քահանա (խստորեն)։ Նա կլսի։ Նա ողորմած է։ Նրա ողորմածությունը հատուկ է և տարբեր ձևեր է ընդունում։ Ուրախություն է մեզ ուղարկում՝ ողորմածություն է։ Ուղարկում է տանջանքներ՝ ողորմածություն է։ Աստվածը ուժ է, սխալ է նրան պատկերացնել, պոկեմոնչիկի տեսքով, որի մոտ, հենց այնպես, դատարկ տեղը, կարելի է խղճահարություն առաջացնել։

Լարիսա։ Իսկ ի՞նչ անեմ ես։

Քահանա։ Աղոթիր և ուրախացիր։ Տանջանքները բարձրացնում և մոտեցնում են մարդուն Աստծուն։ Եթե ամուսնուդ դատել են, տունդ այրվել է, հիվանդություն է հայտնաբերվել՝ աղոթիր և ուրախացիր։ (Գնում է։)

Տերսարան տասներկուերորդ

Լարիսան կանգնած է պիկետում։ Անցնում է Դպետուտատ։

Լարիսա։ Բարև ձեզ։

Դեպուտատ։ Հա։ (Շարունակում է ճանապարհը։)

Լարիսա (գնալով նրա հետ)։ Ես ձեզ ճանաչեցի։

Դեպուտատ։ Ինձ բոլորն էլ ճանաչում են։ Ես հանրությանը հայտնի մարդ եմ։ Դումայի անդամ եմ, հեռուստացույցով ելույթ եմ ունենում։

Լարիսա։ Դուք հենց այն մարդն եք, որն ինձ պետք է։

Դեպուտատ։ Ի՞նչ է նշանակում՝ ես ձեզ պետք եմ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ով եք դուք և ով եմ ես։

Լարիսա։ Իհարկե, պատկերացնում եմ։ Ես հասարակ ռուս կին եմ, ուշադրության անարժան գորշ մուկ, օֆիսային պլանկտոն, ցանցային կռծող, իսկ դուք խոշոր պետական գործիչ, ժողովրդի ընտրյալ, ինչպես լսել եմ, խոշոր գիտական նվաճումներ ունեք։

Դեպուտատ (ավելի փափուկ)։ Այո, գիտությունների թեկնածու եմ, շուտով դոկտոր կդառնամ։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։

Լարիսա։ Գուցե լսել եք, ձերբակալել են ամուսնուս։

Դեպուտատ։ Ամուսնո՞ւդ են ձերբակալել։ Եվ ի՞նչ։

Լարիսա։ Բանն էլ հենց այն է, որ ոչ մի պատճառ չկար։

Դեպուտատ։ Բոլորն էլ այդպես են ասում՝ առանց պատճառի։ Բայց նա, երևի թե ինչ֊որ բան արե՞լ է։

Լարիսա։ Նա ոչ մի բան էլ չի արել։ Ուղղակի թատրոն է գնացել։

Դեպուտատ։ Ի՞նչ է նշանակում ուղղակի թատրոն գնացել։ Ինչո՞ւ է գնացել։ Ո՞ւմ պատվերով։ Պետդեպի՞։

Լարիսա։ Ինչ֊ի՞նչ։

Դեպուտատ։ Ի՞նչը ինչ֊ինչ։ Մեզ մոտ առանց Պետդեպի հավանության, ոչ մի բան չի արվում։ Ամերիկան օկուպացրել է ողջ երկիրը։ Կառավարությունում նստած են ամերիկայի դրածոները։ Միայն Մոսկավայում ինը հարյուր հազար լավ նախապատրաստված ամերիկյան զինվորներ կան։ Այսօր նրանք իրենց պահում են սովորական քաղացիների նման։ Աշխատում են, մետրոյից օգտվում, կինո, թատրոն, թանգարան գնում, և հնարավոր չէ նրանց տարբերել պարկեշտ քաղաքացիներից։ Բայց վաղը ազդանշան կլինի Վաշինգտոնից, և նրանք, մեկ մարդու պես փողոց դուրս կգան, արդեն ամերիկական զինվորական հագուստով և զենքով, և մեզ այլ բան չի մնա անել, քան հանձնվել։ Չնայած, մենք բոլորս էլ արդեն հանձնվել ենք։ Բոլոր պրոցեսները մեզ մոտ ուղղորդում են ամերիկացիները։ Նրանք ենք ցուցմունք տալիս, թե ով ինչ դեր խաղա։ Ինչ են ասելու դատավորները, ինչ՝ գործակալները, ինչպես պետք է արձագանքեն հանդիսականները, այսպես և այնպես։ (Ցույց է տալիս դահլիճը։) Սրանք բոլորը ամերիկյան գործակալներ են։ Նրանք նայում ու արձագանքում են Պետդեպի ցուցմունքով։ Երբ պետք է լռում են, երբ պետք է ծիծաղել՝ ծիծաղում են, պետք է՝ ծափահարում են։ Եվ այդ ամենը անում են մեծ գումարներ ստանալով։

Լարիսա։ Ինչ սարսափելի բաներ եք պատմում։ Ուրեմն Լյոնյան, ոչ մի շանս չունի։ Եվ դուք նրան չե՞ք օգնի։

Դեպուտատ։ Ինչո՞ւ ոչ։ Հիմա գործերս կավարտեմ, կվերջացնեմ դիսսերտացիաս և դեպուտատական հարցում կանեմ։ Ամերիկյան Պետդեպ։ (Գնում է։)

Բեմում է է Հեռուստահաղորդավարը։

Հաղորդավար (տեսնում է Լարիսային, կանգ է առնում)։ Լսել եմ, դուք հենց նոր այդ խելագարի հետ էիք զրուցում։

Լարիսա։ Նա ասում է, որ դեպուտատ է։

Հաղորդավար։ Նա իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Միթե իսկական դեպուտատը, կարող է այդպիսի զառանցանքներ դուրս տալ։

Լարիսա։ Ինձ է թվում, որ չի կարող։ Բայց դուրս է տալիս։ Իսկ դուք ո՞վ եք։

Հաղորդավար։ Դուք ինձ չե՞ք ճանաչում։

Լարիսա։ Աստված իմ, մի՞թե այդ դուք եք։ Ճանաչեցի, բայց աչքերիս չհավատացի, չի կարող պատահել, մտածում եմ, որ նա ինքը ոտքով, առանց մեքենա և թիկնապահների։ Ես ձեր հաղորդումները շատ եմ սիրում։ Բոլորն եմ նայել։ Ամուսնուս հետ, քանի դեռ նրան չէին դատել։

Հաղորդավար։ Ուրեմն սա ձեր ամուսինն է․․․ ինչպես է՞ր նրա անունը։

Լարիսա։ Պոդոպլեկով։

Հաղորդավար։ Այո֊այո, Պոդոպլելով։ Ինչի՞ համար են նրան դատում։

Լարիսա։ Բանն էլ հենց այն է, որ ոչինչ էլ չի արել։ Այն բանի համար, որ եկավ թատրոն։

Հաղորդավար։ Թատրոն գալու համա՞ր։ Բայց դա հոյակապ է։

Լարիսա։ Չեմ հասկանում, ի՞նչն է հոյակապ։ Որ նա եկավ և նրան ձերբակալեցի՞ն։

Հաղորդավար։ Ամեն ինչ։ Ինչպիսի՜ թեմա։ Եկեք իմ «Օրվա խնդիր» տոկ֊շոուին։ Գիտե՞ք ինչպես մենք կանվանենք այդ հաղորդումը։ «Աբսուրդի թատրոն»։ Ես կհրավիրեմ ամենահայտնի րեժիսորներին, գրողներին, բլոգերներին, սպորտսմեններին, Ժիրինովսկուն, գուցե Մարիա Արբատովային։

Լարիսա։ Եվ ի՞նչ պիտի անենք։

Հաղորդավար։ Կխոսենք, կքննարկենք։ Ինչ են իրենցից ներկայացնում ժամանակակից թատրոնը և դատարանը։ Ինչ տարբերություններ կան նրանց միջև։ Կանդրադառնանք հարակից թեմաներին։ Կոռուպցիա, միգրացիա, գեյ֊պրոպագանդա, պեդոֆիլիա։

Լարիսա։ Իսկ ամուսնուս մասին կխոսե՞նք։

Հաղորդավար։ Իհարկե։ Միայն նրա մասին կխոսենք։ Եթե չկարողանանք պաշտպանել, գոնե լավ գովազդ կանենք։

Լարիսա։ Ի՞նչ գովազդ։ Դուք չե՞ք հասկանում, որ նա բանտարկված է։

Հաղորդավար։ Հասկանում եմ, որ նստած է։ Հիանալի է, որ նստած է։ Ավելի լավ պատրվակ չի կարող լինել։

Տեսարան տասներեքերորդ

Հեռուստաստուդիա։ Կիսաշրջանաձև դասավորված աթոռներ։ Հաղորդման մասնակիցներ․ Հաղորդավար, դեպուտատ, Հասարակական պալատի անդամ, փաստաբան, դերասանուհի, Գրող֊Ֆեմինիստուհի, Հասարակ Կին, Մարդու իրավունքների պաշտպան։

Հաղորդավար։ Բարի երեկո։ Մեր այսօրվա հաղորդումը նվիրված է այսպես կոչված Պոդոպլեկինի գործին, որը ոչ միանշանակ վերաբերմունք է առաջացրել և փաստորեն կիսել է մեր հանրությունը։ Բանն այն է, որ Պոդոպլեկովը, ինչպես պնդում են վկաները, զգաստ վիճակում և խելքը գլխին եկել է թատրոն «Տրիբունալ» ներկայացմանը և դեռ այդ քիչ է, մենակ չի եկել, վտնագի է ենթարկել իր կնոջը, Լարիսային։ Բարև ձեզ, Լարիսա։

Լարիսա։ Բարև ձեզ։

Հաղորդավար։ Մանրամասն պատմեք, ինչպես դա եղավ։

Լարիսա։ Ինչպես եղա՞վ։ Շատ հասարակ։ Մենք եկանք ներկայացման, նստեցինք առաջին շարքում, դերասանները լռում էին, Լյոնյան մեկին հարցրեց, թե ինչ են անելու, իսկ նա ասաց, այն ենք անելու, որ ձեզ դատելու ենք։ Տեղն ու տեղը նրան բռնեցին և ահա․․․ (Լաց է լինում։)

Հաղորդավարը վազում է բեմով, միկրոֆոնը հերթով բոլորի քթի տակ մեկնում։

Ուղղակի Կին։ Հիմա նա լաց է լինում։ Իսկ ինչ էիր մտածում, երբ գնում էիր այդ, այսպես ասած, թատրոնը։ Ինչո՞ւ ինքդ կանգ չառար և նրան չկանգնեցրիր։ Չես սիրում դու նրան։ Չե՛ս սիրում։

Դերասանուհի։ Ինչո՞ւ եք միանգամից գոռում, սպասեցեք։ Պետք է գլուխ հանել կատարվածից։ Մենք, ռուս կանայք, ինչպե՞ս ենք սովոր։ Նա ասեղն է, ես թելը։ Ուր էլ որ գնա, մենք հետն ենք։ Եթե տղամարդը կանչում է, կարո՞ղ ենք մենք չլսել։

Ֆեմինիստկա։ Ականջներս հոգնեցին այսպիսի բաներ լսելուց։ Մի ոտքով կանգնած ենք Եվրոպայում, բայց մինչև հիմա չենք կարող պատկերացնել, որ կինը ունի հավասար իրավունքներ տղամարդու հետ։ Եվ նաև նույն պարտականությունները։ Ինձ զարմացնում է ոչ թե այն, որ նա չկանգնեցրեց ամուսնուն, այլ այն, ինչու նրան էլ չկալանավորեցին։ Դա պարզապես դիսկրիմինացիա է սեռական պատկանելության նշաններով։ Որովհետև մեղադրողներն ու դատավորները սեքսիստ են։

Հաղորդավար։ Հիմա մենք ոչ թե կանանց իրավունքների մասին ենք խոսում, այլ իրավաբանական կազուսի մասին։ Մարդը եկել է թատրոն, նրան կալանավորել են միայն այն բանի համար, որ նա այնտեղ է եկել։ Հնարավո՞ր է այդպիսի բան քսանմեկերոդ դարում։

Դեպուտատ։ Այդպիսի բան նույնիսկ քսաներորդ դարում չի եղել։

Փաստաբան։ Ենթադրենք, ստալինիզմի օրերին կարող էին ավելի վատ բաներ լիել։

Դեպուտատ, Ինչպես եք հոգնեցրել ձեր այդ ստալինյան ռեպրեսիաներով։ Ավելի լավ է հիշենք դժվարին իննսունականները, երբ Ելցինը ու Գայդարը քանդեցին հզոր պետությունը և թալանեցին ողջ ժողովրդին։

Հաղորդավար։ Պարոնայք, խնդրում եմ ձեզ վերադառնալ մեր թեմային։ Մեր թեման Ելցինը և Գայդարը չեն, թեման հասարակ ռուս մարդու մասին է, Լեոնիդ Պոդոպլեկովի մասին, նա չի քանդել պետությունը և ժողովրդին չի թալանել։

Դեպուտատ։ Նայած որ տեսանկյունից նայենք։ Ինչ է, կարծում եք, Ելցինը ու Գայդարը դա միայնա՞կ արեցին։ Հիշեք, թե ինչ էր ասել այդ մասին Զբիգնեվ Բժեզինսկին։

Հաղորդավար։ Ի՞նչ գործ ունի այստեղ Բժեզինսկին։ Մենք խոսում ենք Պոդոպլեկովի մասին։

Դեպուտատ։ Նրա մասին էլ ասել է։ Նա ասում էր, որ Ռուսաստանի հետ պայքարելիս, մեզ կօգնեն իրենք ռուսները։ Հատկապես այն ոչ այնքան հաստատունները, որոնք ալկոհոլիզմի, գոմոսեքսուալիզմի, պեդոֆիլիայի հակում ունեն։

Մարդու իրավունքների պաշտպան։ Մեղավոր է Պոդոպլեկովը թե ոչ, նշանակություն չունի։ Քանի դեռ այս ռեժիմը գոյություն ունի, նա կնստի։

Հասարակական պալատի անդամ։ Լսեք, իսկ ինչո՞ւ ենք մենք սևեռվել այդ Պոդոպլեկովի վրա։ Ինչ է, ուրիշ պրեբլեմ չունե՞նք։ Նստեցրել են և նստեցրել։ Դատարանը ամեն ինչ կպարզի։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անել Հյուսիսային Կովկասի հետ։ Կոնստրուկտիվ քաղաքականություն է պետք։ Էֆֆեկտիվ սոցիալական ծրագրեր։ Նոր աշխատատեղեր է պետք ստեղծել։ Օգնել բազմանդամ ընտանիքներին։

Դեպուտատ։ Ո՞ւմ են պետք նրանց բազմանդամ ընտանիքները։ Դրանք առանց այն էլ չափից ավելի շատ են և միայն բազմանալով են զբաղված։

Հասարակական պալատի անդամ։ Իսկ դուք ինչ է, ուզում եք ծնելիությունը կառավարել ազգային պատկանելիությա՞մբ։

Դեպտուտատ։ Լավ։ Չենք կառավարի։ Այդ դեպքում եկեք չարգելենք գեյ֊պրոպագանդան, և ընդհակառակը, խրախուսենք։ Թոզ զբաղվեն ավրամոլությամբ, կենդանամոլությամբ, միայն թե երեխաներ չունենան։

Հանրային պալատի անդամ։ Բայց դա արդեն իսկական ֆաշիզմ է։

Դեպուտատ։ Գուցե ես ֆաշիստ եմ, իսկ դու ապուշ ես։

Հասարակական պալատի անդամ։ Ինքդ ես ապուշ։

Դեպուտատ։ Անզգամ։ Սրիկա։ Բռնեք ինձ, թե չէ ես նրա մռութին կհասցնեմ։

Հաղորդավար։ Միայն թե անձնավորությունների մի անցեք։

Դեպուտատ։ Ինչե՞ր է նա դուրս տալիս։ Հերիք է նրանց օգնել։ Նրանց պետք է անջատել Ռուսաստանից։ Չինական պատով շրջափակել և թող այնտեղ իրար սպանեն, մորթեն, դա իրենց ներքին գործն է։

Իրավապաշտպան։ Դուք մոռանում եք, որ խոսքը գնում է ռուսաստանի քաղաքացիների մասին։

Դեպուտատ։ Ոչ ոք չի մոռանում։ Թեկուզ քաղաքացիներ են, բայց ինչու անպայման պետք է այնտեղ֊այստեղ գնան։ Պետք է վերադարձնել գրանցումը և թող բոլորը ապրեն այնտեղ, որտեղ ապրում են։ Կովկասցիները՝ Կովկասում, ասիացիները՝ Ասիայում, մոսկվիչները՝ Մոսկվայում։

Ուղղակի Կին։ Ճի՛շտ է։ Թե չէ փողոց ես դուրս գալիս մետրո նստում՝ բոլոր դեմքերը սև են։ Սարսափելի է ապրել։

Հաղորդավար։ Պարոնայք, հիշեցնում եմ, որ մեր հաղորդումը ոչ թե միգրանտների մասին է, այլ Պոդոպլեկովի։

Դեպուտատ։ Ինչ վերաբերում է այդ տիպին, ապա ես այդպիսիներին ուղղակի կկգնդակահարեի։

Փաստաբան։ Պրովոկացիոն հայտարարություն է։ Ստիպված եմ հիշեցնել, որ գոյություն ունի անեմղության վարկած, իսկ մահապատիժ չունենք։

Դեպուտատ։ Մեր պարտիան ուզում է հասնել մահապատժի վերադարձին։ Վերջ ի վերջո մենք դրան կհասնենք և այն ժամանակ բոլորին, բոլորին կգնդակահարենք։

(Կամաց֊կամաց խոսակցությունը վերածվում է ընդհանուր աղմուկի։ Բոլորը խոսում են միաժամանակ։ Ընդհանուր բզոցից երբեմն առանձին բառեր ու ֆրազներ են լսվում։)

Սնուցվում են ամերիկայն պետդեպի կողմից․․․

Չինովնիկները իրենց երեխաներին արտասահման․․․

Ես մոնարխիստ եմ․․․

Նա ով չի կերակրում սեփական բանակը․․․ չի կապում իր ապագան Ռուսաստանի հետ․․․

Ես ուղղափառ եմ․․․

Թողեք ես վերջացնեմ․․․

Գնացեք տաճար և աղոթեք․․․

Ռուսները վաղուց արդեն դարձել են ամենաճնշված ազգը․․․

Այսքան գողություն երբեք չէր եղել․․․

Իսկ ես ձեզ ասում եմ, որ մենք Եվրոպայից ետ ենք մնացել երկու հարյուր տարով․․․

Ձեր Եվրոպան վաղուց արդեն խեղդվում է սոդոմի մեղքերի մեջ․․․

Հերիք է գոռաք վրաս․․․

Այդ դուք եք ինձ վրա գոռում․․․

Ես գոռում եմ ձեզ վրա, որովհետև դուք ինձ վրա գոռում եք․․․

Մենք մեռնող ազգ ենք․․․

Բանակը քանդեցին, և նա բուտիկներում է ման գալիս․․․

Հաղորդավար։ Բոլորին շնորհակալություն։ Մեր քննարկումը, գուցե ավելորդ զգացմունքային էր, բայց դա բացատրվում է անհանգստությամբ մեր քաղաքացիներից մեկի ճակատագրով։ Դե, իսկ վերջնական որոշումը, իհարկե, կընդունի դատարանը։ Հոգատար եղեք ձեր և ձեր յուրաինների հանդեպ։


Երկրորդ գործողություն

Տեսարան առաջին

Լարիսան և Սվետան միասին կանգնած են «Մեշալկինի զոհ» պլակատներով։

Լարիսա։ Եվ ի՞նչ օգուտ մեր այստեղ կանգնելուց։

Սվետա։ Օգուտը այն է, որ ուշադրություն ենք գրավում։ Մարդիկ մոտենում են, հարցեր տալիս, հետևություններ անում, ուրիշներին պատմում, տվիտներ են գրում, պոստեր և ինստագրամներ։ Ես նայել եմ անցյալ շաբաթ ամենահաճախ հիշատակվող մարդկանց ցուցակը, հայրիկը վեցերորդ տեղում է։

Հայտնվում է պաշտպանը։

Պաշտպանը (Լարիսային)։ Կարելի է ձեզ մի վայրկյանով։ (Մի կողմ է տանում Լարիսային։) Լսեք, ես ամենուրեք ձեզ եմ փնտրում, իսկ դուք կանգնած եք այստեղ այդ հիմար պլակատներով։ Ի՞նչ եք ուզում դրանով հասնել։

Լարիսա։ Ուզում եմ լայնածավալ ուշադրություն գրավել ամուսնուս գործին։

Պաշտպան։ Ինչո՞ւ։

Լարիսա։ Մի՞թե անհասկանալի է։ Եթե ես չեմ կարող արդարության հասնել դատարանում, ուրեմն ինձ այլևս ոչինչ չի մնում, քան օգնության համար դիմել ժողովրդին։

Պաշտպան։ Ժողովրդի՞ն։ (Ծիծաղում է։)

Լարիսա։ Ինչո՞ւ եք ծիծաղում։

Պաշտպան։ Հենց այնպես։ Մի բանաստեղծություն հիշեցի։ Ծառայիր ժողովրդին, դու ազնվական չես։ Ծառայիր, բայց նկատի առ․ Ժողովուրդը շատ գոհ է մնում, երբ նրան տալիս են թեյավճար։

Լարիսա։ Գռեհիկ բանաստեղծություն է։ Այդ դո՞ւք եք հնարել։

Պաշտպան։ Ոչ, ես չեմ հնարել, պոետ Արգոն անցյալ դարի կեսերին։

Լարիսա։ Հին ժամանակներում։ Երբ մարդիկ դեռ չէին հասկանում, որ ժողովուրդը՝ սուրբ հասկացություն է։

Պաշտպան։ Այն ժամանակ այդպես էլ կարծում էին։ Մինչև որ հասկացան, որ դա հիմարություն է։ Ժողովուրդը երբեք ոչինչ չի որոշել, չի որոշում և չի որոշելու։ Որպեսզի մեզ մոտ որևէ հարց լուծվի, պետք է ոչ թե ժողովրդի հետ հաշվի նստել, այլ գործել անհրաժեշտ մարդկանց միջոցով, սուսուփուս, ոչ մի դեպքում չցուցաբերելով ամբարտավանություն։ Եթե ձեզ ինչ֊որ բանում մեղադրում են, պետք է մեղքն ընդունել, մեղանչել, ներողություն խնդրել, քանի որ ինչպես ասվում է, սուրը չի կտրի մեղավոր գլուխը։ Հասկացեք, մեղադրողն ու դատավորը՝ նրանք էլ մարդ են, բայց նրանց վրա ճնշում է գործադրվում։ Խորհրդակցական սենյակում կա հեռախոս, և միայն նրա մեկ զանգից դատավորը ընկնում է խուճապի մեջ։ Ինքը դատավորը շատ բարի մարդ է։ Բայց նա պարտքի զգացում ունի, հասկանո՞ւմ եք։ Իսկ եթե պարտքը ինչ֊որ բան է պահանջում, նա ոչ մի կերպ չի կարող խուսափել կատարելուց, նա հայրենասեր է։

Լարիսա։ Եթե նա հայրենասեր է, ուրեմն իր զոհին պետք է ոչնչացնի՞։

Պաշտպան։ Բայց հիմա դատավորի համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հասկանում եք, ձեր ամուսնու միանգամայն շարքային գործը ինչ֊որ կերպ հայտնվել է մամուլում, Ինտերետում։ Լրագրողներն ու բլոգերներն այն վերցրել և ուռճացրել են։ Իրավապաշտպաններն ձեզանից ավելի վաղ դիմել են մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Տեղեկությունը ուռճացրեց օտար մամուլը, և մամուլի միջոցով հասավ Անգելա Մերկելին։

Լարիսա։ Մինչև Անգելա Մերկե՞լ։ Եվ ինչ արեց նա։

Պաշտպան։ Նա ոչինչ։ Բայց նրան ականջ դրեց պրեզիդենտ Օբաման և խոստացավ բարձրացնել Պոդոպլեկովի հարցը մոտակա գագաթնաժողովին և կալանավորել Ամերիկայում, զենք վաճառող ռուսներից որևէ մեկին։

Լարիսա։ Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Մեշալկինը։

Պաշտպան։ Մեշալկինը։ Իսկ ինչու եք կարծում, որ նա ինչ֊որ բան է մտածում։

Լարիսա։ Բայց չէ՞ որ նա դատավոր է։

Պաշտպան։ Իհարկե։ Եթե նա ինչ֊որ բան մտածեր, հազիվ թե լիներ դատավոր։ Բայց այս իրավիճակում․․․ Նա, իհարկե, շատ զայրացած է, բայց մյուս կողմից, ցանկանում է խուսափել միջազգային սկանդալից և նույնիսկ պատրաստ է ազատել ձեր ամուսնուն։

Լարիսա։ Ուրեմն ինչո՞ւմն է բանը։ Թող ազատի։

Պաշտպան։ Ինչպե՞ս։

Լարիսա։ Շատ հասարակ։ Նա կասի՝ «ազատել», քարտուղարը գրի կառնի «ազատել», իսկ այն մեկը կբացի վանդակը և վերջ։

Պաշտպան։ Ինչքան միամիտն եք։ Ինչպե՞ս կարելի է ազատել մեկին, որը այդ մասին չի խնդրում։ Ոչ, պետք է որ նա ընդունի իր մեղքը, մեղանչի․․․ Ամեն ինչ շատ հասարակ է։

Լարիսա։ Դուք առաջ էլ պնդում էիք, որպեսզի Լյոնյան ընդունի մեղքը և մեղանչի։ Բայց այն ժամանակ դուք խոստանում էիք նրան ուրանի հանքեր։

Պաշտան։ Այդպես է, այդպես։ Բայց այն ժամանակ գործը դեռ չէր հասել Մերկելին ու Օբամային, իսկ այժմ իրավիճակը փոխվել է ձեր օգտին, բաց մի թողեք պահը։

Լարիսա։ Բայց եթե նա ընդունի մեղքը, մեղանչի, իսկ դուք նրան խաբեք։

Պաշտպան։ Ինչպե՞ս կարող եք այդպես մտածել։ Չէ որ ես ուղղափառ մարդ եմ։

Լարիսա։ Ուղղափառ՝ նշանակում է լա՞վ։

Պաշտխան։ Նշանակում է շատ լավ։

Լարիսա։ Իսկ կաթոլիկը։

Պաշտպան։ Կաթոլիկը ավելի վատն է։

Լարիսա։ Իսկ մահմեդակա՞նը, բուդդի՞ստը։

Պաշտպան։ Բոլորից վատը աթեիստներն են։ Ինչպե՞ս եք վերաբերվում իմ առաջարկին։

Լարիսա։ Ես կարող եմ խոսել Լյոնյայի հետ, բայց ոչինչ չեմ կարող խոստանալ։ Չէ որ նա այնքան հպարտ է, ճշմարտացի և անկոտրում։ Ոչ մի փոխզիջում խղճի հետ նրա համար ընդունելի չէ։

Պաշտպան։ Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում, ինքս էլ այդպիսին եմ։ Բայց եթե ունենայի սիրող կին, նա ինձ հետ կարող էր ամեն ինչ անել։ Չէ որ դուք սիրում եք։ Ուրեմն փորձեք։ Կերակրեք նրան մի ինչ֊որ համով բանով, հիշեցրեք անչափահաս դստրիկի, փոքրիկ տղայի մասին, ձեր դժվարին նյութական դրության մասին։ Վերջապես կանացիավարի, ինքներդ գիտեք թե ինչպես, փաղաքշեք նրան։

Լարիսա։ Լավ, ես կզրուցեմ, կփաղաքշեմ, կմեղանչի, նրան ազատ կարձակեն, բայց ով կարող է երաշխավորել որ նրան նորից չեն բռնի, եթե նորից գնանք մի ինչ֊որ ոչ այնտեղ։

Պաշտպան (ցածրացնելով ձայնը)։ Երաշխիք չկա, բայց փախչելու հնարավորություն կլինի։ Հասկանալի՞ է։

Լարիսա։ Հասկանալի է։

Պաշտպան։ Դե ինչ, գնա՞նք։

Լարիսա (հոգոց հանելով)։ Նույնիսկ չգիտեմ։ (Դստերը։) Սվետկա։

Սվետա։ Այո, մայրիկ։

Լարիսա։ Ես որոշ ժամանակով գնում եմ, իսկ դու առայժմ կանգնիր, սպասիր ինձ։ Եթե քեզ վերցնեն ոստիկանները մի դիմադրիր։ Ձեռքերդ բարձրացրու, որպեսզի բոլորը տեսնեն, որ դու չես դիմադրում և ոստիկաններին չես ծեծում։ Թե չէ, գիտես, նրանք այնքա՜ն զգայուն են։ Հենց խփես սաղավարտին, նրա մոտ միանգամից առաջանում է հեմատոմա և ուղեղի ցնցում։

Պաշտպան։ Ինչո՞ւ եք երեխային ներքաշում մեծերի գործերի մեջ։

Լարիսա։ Դաստիարակում եմ քաղաքացի երեխայի մեջ։

(Լարիսան կախում է իր ստվարաթուղթը Սվետայի ստվարաթղթի վրա և գնում։)


Երկրորդ տեսարան

Սվետան պլակատով։ Նրա մոտով անցնում է Ժորա Մեշալկինը։ Կանգնում է, կարդում է պլակատը․ «Մեշալկինի զոհ»։

Ժորիկ։ Այդ ո՞վ է Մեշալկինի զոհը։

Սվետա։ Երևի ես։

Ժորիկ։ Իսկ ի՞նչ վատ բան է արել քեզ Մեշալկինը։

Սվետա։ Նա նստեցրել է հորս։ Մի՞թե դա քիչ է։

Ժորիկ։ Գուցե պատճառ կար։

Սվետա։ Ի՜նչ ես ասում։ Հայրս աշխարհի ամենաազնիվ մարդն է։ Նա երբեք չի գողացել, չի տվել և չի վերցրել կաշառք։

Ժորիկ։ Իսկ իմ հայրը ասում է, որ կաշառք չեն վերցնում միայն նրանք, ում չեն տալիս։

Սվետա։ Իսկ ո՞վ է քո հայրը։

Ժորիկ։ Մեշալկինը։

Սվետա։ Կատակո՞ւմ ես։

Ժորիկ։ Ամենևին։

Սվետա։ Իսկապես նման ես։ Ինձանից ի՞նչ ես ուզում։ Գուցե հույս ունես պլակատս խլե՞լ։

Ժորիկ։ Մի վախեցիր, այդպիսի մտադրություն չունեմ։

Սվետա։ Իսկ ի՞նչ ես ուզում։

Ժորիկ։ Եթե կարելի է կանգնեմ կողքիդ։

Սվետա։ Ինչո՞ւ։

Ժորիկ։ Որքվհետև ես էլ եմ Մեշալկինի զոհը։

Սվետա։ Ի՞նչը նկատի ունես։ Նա քեզ ծեծո՞ւմ է։

Ժորիկ։ Ոչ։ Բայց նա խլել է այն ամենն ինչ ունեի։ Այպադը, Այֆոնը, սկուտերը, լեռնային դահուկները, ֆիրմային ժամացույցը։ Զրկել է ինձ մանկությունից։

Սվետս։ Ինչպիսի՜ սրիկա։

Ժորիկ։ Բանը միայն դա չէ։ Բանը նրանում է, որ նա նա ինձ զրկել է շատ ավելիից քան քեզ։

Սվետա։ Դատարկ բաներ մի ասա։ Նա իմ հորն է նստեցրել։ Իսկ քո հորը, այսինքն ինքն իրեն նա հո չի նստեցրել։

Ժորիկ։ Նա ավելի վատ բան է արել։ Նա զրկել է ինձ և բոլոր Մեշալկիններին իրենց ազգանունով հպարտանալու հնարավորությունից։ Բայց չէ որ աշխարհում կան բազմաթիվ լավ ու շատ լավ Մեշալկիններ։ Որոնք ազնվորեն աշխատում են, գողություն չեն անում, կաշառք չեն վերցնում, Պետական դումայի անդամ չեն։ Եվ ինչ, նրանք բոլորը այժմ պետք է ամաչե՞ն իրենց ազգանունից։ Եվ ես ստիպված կլինեմ ամբողջ կյանքս ապրել այդ ազգանունով։

Սվետա։ Դա բոլորովին էլ պարտադիր չէ։ Երբ մեծանաս, կարող ես ամուսնանալ և վերցնել կնոջդ ազգանունը։

Ժորիկ։ Իսկ ո՞վ կամուսնանա Մեշալկինի հետ։ Դու կամուսնանա՞ս։

Սվետա։ Արի սկզբում մեծանանք, հետո կմտածենք։

Ժորիկ։ Կմտածենք։ Իսկ առայժմ կարելի՞ է ես քեզ հետ կանգնեմ։

Սվետա։ Կարելի է։ (Կախում է Ժորիկի վրա այն պլակատը, որը թողել էր Լարիսան։) Գիտես, երբ մենք մեծանանք ու դու լինես այնքան լավը ինչպես հիմա, մենք կամուսնանաք և դու կվերցնես իմ ազգանունը։


Տեսարան երրորդ

Վանդակ։ Դրսի կողմից Յուրչենկոն, ներսում՝ Պոդոպլեկովը։

Հայտնվում են Լարիսան և Պաշտպանը։ Յուրչենկոն բացում է վանդակի դուռը։

Պաշտպան։ Դե, աստված քեզ հետ։

Լարիսան մտնում է վանդակը։ Պոդոպլեկովը կծկված նստած է հեռավոր անկյունում։

Լարիսա։ Բարև, Լյոնյա։

Պոդոպլեկով (ուրախություն չարտահայտելով)։ Բարև, Լարա։

Լարիսա։ Ահա կաղամբով կարկանդակներ եմ թխել քեզ համար։ Եվ թանկագին գարեջուր գնել։

Պոդոպլեկով։ Գարեջո՞ւր։ Ինչպե՞ս քեզ հաջողվեց այն ներս բերել։

Լարիսա։ Նախագահը թույլ տվեց, ասում է, թող զվարճանա։

Պոդոպլեկով։ Այո՞։ Այդ ինչո՞ւ եմ ես այդպիսի հոգատարության արժանացել։

Լարիսա։ Հենց այնպես։ Նա, գիտե՞ս, ասում են, ընդհանուր առմամբ բարի է և կարեկցող․․․ Նա մտածեց և որոշեց քեզ ազատել։

Պոդոպլեկով։ Նա՞։ Ի՞նձ։ Դու ինչ է, ծիծաղո՞ւմ ես։

Լարիսա։ Չեմ ծիծաղում, Լյոնն։ Նա ասել է փաստաբանին, որպեսզի նա ինձ ասի, որպեսզի քեզ ասեմ, որ թեկուզ այսօր ազատ կարձակի, միայն․․․

Պոդոպլրկով։ Միայն ի՞նչ։

Լարիսա։ Լյոնն, ես գիտեմ, որ դու ազնվաբարո, անհաշտ, սկզբունքային և անկոտրում մարդ ես, բայց Լյոնեչկա, համենայն դեպս դու ունես ընտանիք, երեխաներ, և դա այնպիսի դատարկ բան է, ուղղակի ձևականություն, Լյոնյուշեչկա, ոչ ոք դրան նշանակություն չի տալիս։

Պոդոպլեկով։ Չեմ հասկանում, ինչի՞ մասին ես խոսում։ Ասա մարդկային լեզվով։

Լարիսա։ Մարդկային լեզվով ասած, նրանք ուզում են, որ դու ընդունես մեղքդ և մեղանչես։

Պոդոպլեկով։ Հա՜, դա ես արդեն լսել եմ։ Ես կմեղանչեմ, իսկ նրանք կուղարկեն ինձ ուրանի հանքերը։

Լարիսա։ Ինչ հանքեր, Լյոնյա։ Նրանք քեզ կազատեն։

Պոդոպլեկով (կասկածանքով)։ Եվ ես դո՞ւրս կգամ։

Լարիսա։ Իհարկե, դուրս կգաս, Լյոնյա։ Այն էլ ինչպես դուրս կգաս։

Պոդոպլեկով (բարձրաձայն մտորելով)։ Եվ ես, նշանակում է, պետք է միայն մեղքս ընդունեմ և մեղանչեմ։ (Վճռականորերն։) Ես հենց այս պահին։

Լարիսա։ Լյոնյա, ես գիտեմ, որ դու հպարտ ես, անկոտրում, բայց․․․

Պոդոպլեկով (ծիծաղում է, սկզբում կամաց, հետո ավելի բարձր, հիստերիկ, ծիծղաղի միջից առանձին բառեր արտաբերելով)։ Ի՞նձ։ Ազատությո՞ւն։ Միայն այն բանի համար, որ մեղանչե՞մ։

Լարիսա։ Լյոնյա, ես հասկանում եմ, գինը շատ բարձր է։ Դու ազնիվ, ճշմարտասեր մարդ ես, սովոր ես ապրել առանց ստի։

Պոդոպլեկով։ Ես կսովորեի։ Բայց եթե մեզ մոտ այնպիսի համակարգ է, որ նրանք ստում են, նրանց ստում են և նրանք ուզում են, որ նրանց խաբեն, ուրեմն թող խեղդվեն ստի մեջ։

Լարիսա։ Ես հասկանում եմ, Լյոնյա, մեղանչելը դժվար է։ Ստիպված ես տհաճ վայրկյաններ ապրել։ Բոլորին չէ որ դուր կգա քո մեղանչումը։

Պոդոպլեկով։ Թքած ունեմ նրանց վրա, որոնց դուր չի գա։

Լարիսա։ Հնարավոր է, որ ոմանք քեզ նույնիսկ ձեռք չեն մեկնի։

Պոդոպլեկով։ Թքած ունեմ նրանց ձեռքերի վրա։

Լարիսա։ Գուցե նույնիսկ որևիցե մեկը թքի երեսիդ։

Պոդոպկեկով։ Թող թքի։ Մի՞թե ազատությունը չարժե դրան։ Հը՞։ Բայց ես էլի չեմ հասկանում, ինչո՞ւ հանկարծ նրանք այդքան բարի դարձան։ Չէ՞ որ վերջերս վախեցնում էին ինձ ուրանի հանքերով և գժանոցով։

Լարիսա։ Դու չգիտես, Լյոնն, բանից դուրս է գալիս որ մեր հասարակությունը այնքան էլ անտարբեր չէ, ինչպես մեզ թվում էր։ Ես ու Սվետկան կանգնել ենք միանձնյա պիկետներում։ Ես Ստրասբուրգ եմ գրել, իսկ Սվետկան, խելացի աղջիկ է, քեզ է քաշել, Լյոնեչկա, ամեն օր չորս֊հինգ բլոգ էր խցկում Ինտերնետ։ Եվ ի՞նչ ես կարծում։ Դուրս է գալիս, որ մեզ մոտ կա հանրություն, կա ժողովուրդ։ Ժողովոըրդ, Լյոնյա, այլ ոչ թե միայն ինչ֊որ մարինադ։

Պոդոպլեկով։ Ո՞վ։

Լարիսա։ Դե նրանք, որոնք ոչ ոքի չեն ներկայացնում, միայնակ հիմարները։

Պոդոպլեկով։ Մարգինալնե՞րը, ինչ է։

Լարիսա։ Այո, նրանք։ Իսկ Ինտերնետը բզզում է, գիտես ընդիմությունը ուզում է զբոսանք կազմակերպել Ստրաստնոյ բուլվարում սպիտակ ժապավեններով։ Հետո, Լյոնն, օտարերկրացիներն են ի օգուտ քեզ արտահայտվում։ Այդ Անգելա Մերկելը և պրեզիդենտ Օբաման։ Ընդիմադիր Պոդոպլեկովի կալանավորումը, ասում է Օբաման, ապացուցում է, որ Ռուսաստանում բացակայում են խոսքի ազատությունն ու անկախ դատարանը։

Պոդոպլեկով։ Ի՞նչ։ Անձամբ պրեզիդենտ Օբամա՞ն է իմ մասին ինչ֊որ բան ասել։ Ազգանո՞ւնս տվել։

Լարիսա։ Տվել է Լյոնյա, միայն ոչ ճիշտ։ Պիդիպլոկով, ասում է։ Պատկերացնո՞ւմ ես։ Չես կարողանում ճիշտ արտասանել, ավելի լավ է լռես, իսկ նա մեջ է ընկնում։ Իսկ մի ֆրանսիական թերթ նույնիսկ գրեց, որ պարոն Պոդոպլեկովը, այդ դու ես, որպես խղճի կալանավոր, կարող է դառնալ ընդդիմաթյան դրոշը։

Պոդոպլեկով։ Հետաքրքիր է։ (Հեռացնում է իրենից կերակուրը։) Դու ոչինչ չե՞ս շփոթել։ Ես՝ ընդդիմության դրոշը։ Ի՞նչ ես մտածում։ Ինչո՞ւ և ոչ։ Եթե գրում է ֆրանսիական թերթը, Մերկելն ասում, Օբաման անվանում․․․

Լարիսա։ Այո֊այո։ Ամենուրեք աղմուկ է։ Նրանց ինչի՞ն է այդ պետք։

Պոդոպլեկով։ Ահա։ Ուրեմն, երևի իրականանում է։

Լարիսա։ Լյոնն, այդ ի՞նչն է իրականանում։

Պոդոպլեկով։ Մի՞թե ես քեզ չեմ պատմել։ Քսան տարի առաջ մի գնչուհի կանխագուշակել էր։ Քեզ, ասում է, այ մարդ, սպասում է լայն ճանապարհ։ Դու, ասում է, հեռու կգնաս, բարձր կթռչես, մարդիկ սև նախանձով քեզ կնախանձեն։

Լարիսա։ Հիմարություններ է ասել, իսկ դու մինչև հիմա մտքումդ պահում ես։ Ո՞վ պիտի քեզ նախանձի, երբ դու վանդակում ես նստած։

Պոդոպլեկով։ Չնայած վանդակում, բայց տես ինչ հայտնի դարձա։ Ամբողջ աշխարհում։ Ժողովուրդը իմ պատճառով փողոց է դուրս գալիս, Մերկելն է պաշտպանում, Օբաման ազգանունս տալիս․․․

Լարիսա։ Սխալ է տալիս։ Պիդիպլեկով է ասում։

Պոդոպլեկով։ Ինչպես ուզում ես ասի․․․ Եթե ես դրոշ եմ դարցել, ինչո՞ւ ես ինձ քո կարկանդակներով հրապուրում։

Լարիսա։ Ոչ, Լյոնն, այդ նրանք են քեզ կարկանդակներով հրապուրում։ Կարկանդակները ես եմ թխել, իսկ հրապուրում են նրանք։ Եթե ինչ֊որ բան ես ուզում ասել, ասա, ես նրանց կփոխանցեմ։ Ես նրանց, Լյոնն, միանգամից ասացի, որ դու հպարտ ու անկոտրում ես։ Հպարտանում եմ քեզնով։

Պոդոպլեկով։ Այս ի՞նչ է։

Լարիսա։ Մի հուզվիր, Լյոնն, այդ մարինադներն են աղմկում։

Պոդոպլելով։ Իսկ իմ կարծիքով, այդ ժողովուրդն է հուզվում։


Տեսարան չորրորդ

Կիթառով բարդը։ Հայտնվում է Լարիսան։

Լարիսա։ Բարև ձեզ։

Բարդ։ Ողջույն։

Լարիսա։ Դե, ի՞նչ է կատարվում։

Բարդ։ Բացարձակապես ոչինչ։

Լարիսա։ Իսկ ես լսել եմ, ժողովուրդը հուզվում է, պահանջում է ազատել Պոդոպլեկինին։

Բարդ։ Կհուզվի, կաղմկի, հետո նրան կհանգստացնեն։ Դրա համար ունենք ՕՄՈՆ, մահակներ, էլեկտրոշոկերներ, ջրցաններ, ավտոզակեր։ Ժողովուրդը հուզվում է, իսկ դատավարությունը շարունակվում է։ Ահա, նայեք, նրանք արդեն գալիս են։

Տրիբունալի մասնակիցները զբաղեցնում են իրենց տեղերը։

Նախագահ (Տրիբունալի անդամներին)։ Կոլլեգաներ, մենք պետք է նկատի ունենանք, որ այս դատավարությունը ձգձգվեց և դարձավ անառողջ աղմուկի պատճառ մեր երկրում և արտասահմանում, որտեղ մեղադրյալը ներկայացված է համարյա թե որպես հերոս, մարդու իրավունքների պաշտպան և խղճի բանտարկյալ։ Այդ պատճառով էլ առաջարկում եմ այնպիսի հարցեր տալ, որպեսզի բացահայտվի մեր մեղադրյալի բարոյական պատկերը։ (Թխկացնում է մուրճով։ Դիմում է դահլիճին։) Շարունակվում է դատաքննությունը Պոդոպլեկով Լեոնիդ Լեոնիդովիչի գործով։ Հարցաքննության համար հրավիրվում է վկա Սոլյոնայան։

Քարտուղար։ Զելյոնայան, ձերդ պատվություն։

Նախագահ։ Զելյոնայան։ Նա այստե՞ղ է։

Զելյոնայա։ Այստեղ եմ։

Նախագահ։ Բարձրացեք վերև։ (Զելյոնայան բարձրանում է։) Ձեր ազգանունը, անունն ու հայրանունը։

Զելյոնայա։ Զելյոնայա Ալբինա Ռոբերտովնա։

Նախագահ։ Դուք ճանաչո՞ւմ եք մեղադրյալին։ Զելյոնայա։ Այո, մենք աշխատում ենք նույն ֆիրմայում։

Նախագահ։ Ինչպիսի՞ ծառայողական հարաբերություններում եք գտնվում։

Զելյոնայա։ Մենք կոլլեգաներ ենք։ Նա ինժեներ է, իսկ ես գովազդային բաժնում զբաղվում եմ մեր ապրանքների առաջխաղացմամբ շուկայում և արդեն ինքնուրույն, բայց ղեկավարության հավանությամբ, աշխատում եմ նպաստել աշխատակիցների մշակույթային հանգստին։ Կազմակերպում եմ էքսկուրսիաներ ռազմական փառքի տեղերով, այցելություններ թանգարաններ, թատրոններ, աղոթքների, կարճ ասած, տարբեր կորպորատիվ միջոցառումներ։

Նախագահ։ Մեղադրյալը նույնպե՞ս մասնակցում էր այդ բոլորին։

Զելյոնայա։ Այո, երբեմն։

Նախագահ։ Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։

Զելյոնայա։ Ոչ մի լավ բան։

Մեղադրող։ Տրամաբանական է։ Ասացեք, վկա, իսկ այս թատրոն դուք նրան ուժո՞վ բերեցիք։

Զելյոնայա։ Ի՜նչ եք ասում։ Ես նրան առաջարկեցի տոմսեր, նա հետաքրքրվեց վերնագրով, հարցուփորձ արեց, թե ինչի մասին է։ Ես ասում եմ, չգիտեմ, բայց լսել եմ, որ այնտեղ կարծես ինչ֊որ մեկին դատում են։

Մեղադրող։ Իսկ նա՞։

Զելյոնայա։ Իսկ նա ասում է․ «Շատ հետաքրքրիր է։ Ես, ասում է, ― սիրում եմ, երբ ինչ֊որ մեկին դատում են»։

Նախագահ։ Երբ ինչ֊որ մեկին, այլ ոչ թե իրեն։

Մեղադրող։ Եթե նա նախօրոք հետաքրքրվել է դատավարությամբ, կարո՞ղ ենք մենք համարել, որ նա այստեղ է եկել կանխամտածված։

Զելյոնայա։ Կարծում եմ, կարող ենք այդպես համարել։ Մեղադրող։ Ասացեք, վկա․․․ Մեղադրյալի բարոյական կերպարը մեզ համար ինչ֊որ չափով պարզ է։ Բայց ինձ հետաքրքրում է, նա մենա՞կ էր, թե ուներ մեղսակիցներ։

Զելյոնայա։ Հստակ ասել չեմ կարող։ Բայց նա շատ մտերիմ էր Տերյոխինի հետ, նրանք, ես գիտեմ, միասին շախմատ էին խաղում։

Պաշտպան։ Տերյոխինն էլ է այստե՞ղ։

Զելյոնայա։ Այո, պետք է որ այստեղ լինի։ Կարծում եմ, ինչ֊որ տեղ նստած է։ Իսկապես, ահա նա, տեսնո՞ւմ եք։

Նախագահ (ուշադիր նայելով)։ Նա որ մոխրագույն պիջակո՞վ է, այո՞։

Զելյոնայա։ Այո, զոլավոր։

Նախագահ։ Այո, այո, տեսնում եմ։ Իսկ ինչո՞ւ է այդքան հեռու նստած։ Ավելի լավ տոմսեր չճարե՞ց։

Զելյոնայա։ Ոչ, բոլոր տոմսերն էլ լավն էին, մինչև վեցերորդ կարգը։ Երևի ինչ֊որ մեկի հետ տեղը փոխել է։ Նա արդեն այդպիսի սովորություն ունի, նույնիսկ մեր ժողովների ժամանակ բոլորի ետևն է նստում։

Նախագահ։ Լավ, թող նստի։ (Դեպի դահլիճ։) Դուք, Տերյոխին, պատրաստվեք, դուք նույնպեսյ մեզ պետք կգաք։ (Մեղադրողին։) Էլի հարցեր ունե՞ք վկային։

Մեղադրող։ Ունեմ։ (Զելյոնյային։) Ասացեք, վկա, մեղադրյալը երբևիցե չի՞ արտահայտվել մեր դատական համակարգի աննդունելիության մասին, իր կենդանական ատելությունը արտահայտել դատարանի անդամների հանդեպ։

Զելյոնայա։ Բարձրաձա՞յն։ Ոչ, այդպիսի բան ես նրանից չեմ լսել։

Մեղադրող։ Եթե դուք չեք լսել, մյուսները չեն լսել, գուցե դա միայն վկայում է մեղադրյալի գաղտնապահության մասին, այն մասին, որ նա շատ վարպետորեն թաքցնում է իր իսկական էությունը։

Զելյոնայա։ Այդ մասին ես կարծես չեմ մտածել։

Մեղադրող։ Հենց այն է, որ չեք մտածել։ Պետք էր մտածել։ Եթե դուք և ձեր աշխատակիցները ժամանակին այդ մասին մտածեիք, անհանգստություն արտահայտեիք, հանցագործությունը կարելի էր կանխել։

Զելյոնայա։ Դուք ճիշտ եք։ Մենք պետք է դա հաշվի առնենք, անհրաժեշտ հետևություններ անենք։

Պոդոպլեկով։ Սրիկա։

Նախագահ։ Մեղադրյալ, վերջ տվեք ձեր արտահայտություններին։

Զելյոնայա։ Ոչինչ, ես արդեն վարժվել եմ դրան։

Մեղադրող (հետաքրքրված)։ Ինչ է, նա հաճա՞խ է ձեզ վիրավորել։

Զելյոնայա։ Պատահում էր։ (Հուզվելով։) Ես, իհարկե, չեի ուզում խոսել, բայց քանի որ նա իրեն այդպես է պահում, կասեմ։ Ընդհանրապես պետք է ասել, որ Լեոնիդ Լեոնիդովիչ․․․

Նախագահ։ Ոչ թե Լեոնիդ Լեոնիդովիչ, այլ մեղադրյալ․․․

Զելյոնայա։ Ներեցեք։ Մեղադրյալը կռվարար բնավորություն ունի, ամբարտավան է, բոլորին վերևից է նայում։ Պարծենում է, որ իր IQ ավելի բարձր է, քան մյուսներինը, իսկ ինքը մինչև հիմա հին «Ժիգուլի» է քշում։ Բոլորն արդեն տեղափոխվել են օտարերկրյա մեքենաներ, իսկ նա դեռ տռտռացնում է իր երրորդի վրա։ Իր աշխատակիցների հանդեպ բացարձակապես անտարբեր է։ Մենք այնքա՜ն երկար տարիներ նստել ենք նույն սենյակում դեմ֊դիմաց․․․ Եվ գիտեք, երբեմն սանրվածքդ ես փոխում, կամ գալիս ես նոր հագուստով․․․ Գոնե մի անգամ ասեր․ «Ալլեչկա, ինչ հոյակապ տեսք ունես»։

Նախագահ։ Ոչ թե Ալլեչկա, այլ վկա։

Զելյոնայա։ Գոնե հարցներ․ «Վկա, այդ որտե՞ղ ես այդքան սևացել» Իսկ այդ ի՞նչ պայուսակ է։ Իսկապե՞ս «Լուի Վիտտոն» է։ Դուք չեք հավատա, բայց այդքան տարիների ընթացքում նույնիսկ իրեն նեղություն չտվեց հիշել իմ ծննդյան օրը։ (Հեկեկալով։) Եվ ընդհանրապես, որոշեց ամուսնանալ կողմնակի կնոջ հետ, չնայած նրան, որ ֆիրմայում ունենք մեր կանանց, որոնք ավելի վատը չեն։

Լարիսա (թռչում է բեմ)։ Այդ ո՞վ ոչ ավելի վատը չէ։ Երևի դո՞ւ։ Լյոնյան ինձ միշտ ասել է․․․

Նախագահ (սպառնալից)։ Ով, ով է ասե՞լ։

Լարիսա։ Մեղադրյալը, մեղադրյալը ասում էր, որ վկայի ոտքերը կարճ են, իսկ քիթը երեք մարդու համար է աճել, բայց միայն իրեն է հասել։

Պոդոպլեկով (կշտամբանքով)։ Լա՜րա։

Զելյոնայա (ամբարտավան)։ Չգիտեմ, ում և ինչ է ասել։ Նա ինձ ասում էր, որ քիթս հունական է։

Լարիսա։ Հին հունական։

Մեղադրող։ Ձերդ պատվություն, տեսնո՞ւմ եք, մեկին մի բան է ասել, մյուսին՝ ուրիշ բան։

Պաշտպան։ Ձերդ պատվություն, այդ նկատողությունը գործի հետ կապ չունի։

Նախագահ։ Դուք ազատ եք։ (Զելյոնայան իջնում է դահլիճ։) Հարցաքննության համար հրավիրվում է վկա Տերյոխինը։ Տերյոխինն այստե՞ղ է։ (Լռություն։) Ես հարցնում եմ, որտե՞ղ է Տերյոխինը։

Զելյոնայա (դահլիճից)։ Հենց նոր նա այնտեղ էր նստած։

Քարտուղար։ Քիչ առաջ ես էլ եմ նրան այստեղ տեսել։

Մեղադրող (սարկազմով)։ Նա էլ է տեսել։ Պետք էր ոչ թե տեսնել, այլ կալանավորել։ Չէ՞ որ նախօրորք պարզ էր, որ նա կփախչի։

Պաշտպան։ Ոչ։ Դա դժվար էր կանխագուշակել։ Առավել ևս, որ նրա կողքին մարդիկ կային։

Մեղադրող։ Իսկապես որ, մարդիկ կային։ Պետք է տեսնել, թե այդ ինչ մարդիկ էին։ Գուցե նրանք էլ են ուզում փախչել։


Տեսարան հինգերորդ

Աղմուկ կուլիսների ետևում։ Գորելկինը քարշ է տալիս հատակով Տերյոխինին։

Նախագահ։ Այս ի՞նչ է։ Այդ ո՞ւմ եք բերել։

Գորելկին։ Ձերդ պատվություն, տվյալ քաղաքացին փորձում էր փախչել։ Ես նրան տաքսիից դուրս բերեցի։

Նախագահ։ Այդ դո՞ւք եք Գորելկին, արդեն ապաքինվե՞լ եք։

Գորելկին։ Ոչ մի դեպքում, ձերդ պատվություն։ Փաստորեն ես գտնվում եմ մահվան շեմին, բայց երբ տեսնում եմ, որ մարդը փախչում է․․․

Նախագահ (զգացված)։ Տե՛ս դու։ Այսպիսի վիճակում է, բայց երբ խոսքը գնում է պարտքի կատարման մասին․․․ Շնորհակալություն, Գորելկին։ Շնորհակալություն։ Հիմա մեր մասնագետները ձեզ անհրաժեշտ օգնություն ցույց կտան։

Սանիտարները պառկեցնում են Գորելկինին պատգարակի վրա և տանում։

Նախագահ։ Ինչպիսի՜ մարդիկ են։ Որտեղ, ո՞ր երկրում դուք կգտնեք այսպիսի մարդիկ։ Չնայած, պատահում են և ուրիշները։ (Տերյոխինին, հանդիմանելով։) Վկա, այդ ինչո՞ւ եք դիմել փախուստի։ Չե՞ք ամաչում։

Տերյոխին (Վախից դողալով)։ Ամա֊ամա֊ամա։

Նախագահ (նմանակելով նրան)։ Ամա֊ամա֊ամա։ Ձեր ազգանունն, անուն֊հայրանունը։

Տերյոխին։ Տե֊տե֊տե֊տերյոխին։

Նախագահ։ Տետետետերյոխին, թե՞ ուղղակի Տերյոխին։

Տերյոխին։ Ուղղակի Տե֊տե֊տե֊տերյոխին։

Նախագահ։ Անուն֊հայրանո՞ւնը։

Պէ֊պէ֊պետր Սսիչ։

Նախագահ։ Ի՞նչ է նշանակում Սսիչ։ Գուցե Սիլի՞չ։

Տերյոխին (համաձայնվում է)։ Սսիչ։

Նախագահ։ Թե՞ Սերգևեիչ։

Տերյոխին (համաձայնվում է)։ Սսիչ։

Նախագահ (նյարդայնանալով)։ Ես ձեզ չեմ հասկանում։ Անձնագիր ունե՞ք ձեզ մոտ։

Տերյոխին (համաձայնվում է)։ Հի֊ի֊ի․․ (Դողացող ձեռքերով շուռ է տալիս գրպանները, որոնցից հատակին են թափվում ինչ֊որ թղթեր, հաբեր, թաշկինակ, լուցկիներ և սիգարեթներ։ Վերջապես գտնում է և մեկնում նախագահին անձնագիրը։)

Նախագահ (կարդում է)։ Սիսոեվիչ։ Իսկ դուք ասում եք Սսիչ։

Տերյոխին (պատրաստակամորեն համաձայնվում է)։ Սսիչ։

Նախագահ։ Վկա, հիմա դուք կհարցաքննվեք Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկինի գործով։ Դատարանը նախազգուշացնում է ձեզ, որ դուք պետք է ասեք ճշմարտությունը։ Հրաժարվելու դեպքում․․․ և այլն դուք պատասխանատվության կենթարկվեք․․․ հասկանալի՞ է։

Տերյոխին։ Հա֊հա֊հաս․․․

Նախագահ։ Ստորագրեք քարտուղարի մոտ, որ ձեզ նախազգուշացրել են։ (Տերյոխինը չենթարկվող ձեռքով ստորագրում է։) Ինչո՞ւ եք այդպես դողում։ Մրսո՞ւմ եք։

Տերյոխին։ Ցու֊ցու֊ցու֊ցու֊․․․

Նախագահ։ Թե՞ շոգ է։

Տերյոխին։ Շո֊շո֊շո֊շո․․․

Նախագահ։ Լսեք, դադարեցեք դողալ։ Հավաքեք ձեզ։ (Տերյոխինը ասածը բառացի է հասկանում, և ձեռքերով բռնում է կողքերը։) Հը, հանգստացա՞ք։

Տերյոխին։ Հանգս֊տա֊տա֊տա․․․

Նախագահ։ Եվ հավաքեք ձեր իրերը։ Ի՞նչ եք ողջ բեմով թափթփել։ Իսկ այդ ի՞նչ հաբեր են ձեզ մոտ։ (Տերյոխինը բեմի վրա սողալով։) Վա֊վա֊վալի․․․

Նախագահ։ Վալիո՞ւմ է, ինչ է։ Ուրեմն ընդունեք, հանգստացնում է։ (Տերյոխինը բերանն է լցնում մի բուռ հաբեր, վեր է կենում։) Դե, հիմա կարո՞ղ եք խոսել։

Տերյոխին։ Հիմա կարող եմ։

Նախագահ։ Ճի՞շտ է, որ դուք մեղադրյալի հետ ընկերական հարաբերություններ ունեիք։

Տերյոխին։ Ճիշտ է։ (Ուղղում է վրիպումը։) Ճիշտ չէ։ Միայն երբեմն։ Շախմատ, գարեջուր և վերջ։

Մեղադրող (աշխուժանալով)։ Նույնիսկ գարեջո՞ւր էիք խմում։

Տերյոխին։ Շատ հազվադեպ։

Նախագահ։ Խմեք, խնդրեմ։ Միայն մի մոռացեք, որ չարաշահումը վնասում է ձեր առողջությանը։

Մեղադրող։ Սովորաբար մարդիկ, որոնք միասին գարեջուր են խմում զրուցում են, երբեմն նույնիսկ շատ անկեղծ։ Երբեմն էլ, ինչպես ասում են, միմյանց իրենց հոգիներն են բացում։ Հետաքրքիր է իմանալ, ինչի՞ մասին էիք խոսում մեղադրյալի հետ։

Տերյոխին։ Ոչինչ էլ չէինք խոսում։

Մեղադրող։ Ընդհանրապես ոչի՞նչ։

Տերյոխին։ Ոչինչ։

Մեղադրող։ Չեմ կարող հավատալ։ Նույնիսկ խուլհամրերն են միմյանց հետ խոսում։ Ուրեմն ինչի՞ մասին էիք խոսում։ (Տերյոխինը լռում է։) Միգուցե կանանց մասի՞ն։ (Տերյոխինը լռում է։) Քաղաքականությա՞ն մասին։ Մի՞թե նույնիսկ քաղաքականությունից չեք խոսել։

Տերյոխին (վախենում է)։ Քա֊ղա֊քա֊կա֊նու֊թյունից։ Չենք խո֊խո֊խո․․․

Մեղադրող։ Չեմ հավատում։ Մի՞թե նույնիսկ գարեջրի գավաթի շուրջը նա երբեք չի արտահայտել իր կենդանական ատելությունը մեր դատական սիստեմի հանդեպ։ Մի՞թե նույնիսկ կորցնելով թագուհուն, երբեք չի ասել, որ նա այդ բոլոր դատավորներին, մեղադրողներին և փաստաբաններին ինքնաձիգից դ֊դ֊դ֊դ։

Տերյոխին (սարսափած)։ Դ֊դ֊դ։ (Ընկնում է ծնկների վրա, ձեռքերը մեկնած սողում դեպի մեղադրողը։)

Նախագահ։ Վկա, այդ ի՞նչ եք անում։

Տերյոխին (սողում է դեպի Նախագահը, գրկում ձեռքերով նրա ոտքերը)։ Ես այլևս չեմ ան֊ան֊ան․․․ Նախագահը դուրս է պրծնում և մի կողմ թռչում։ Տերյոխինը սողում է և բռնում է Պաշտպանի ոտքերը, կրկնելով «Էլ չեմ ան֊ան֊ան․․․»։

Նախագահ։ Վկա, հենց հիմա վերջ տվեք այդ հիստերիկան։ (Քարտուղարին։) Անհապաղ հանգստացրեք նրան։ Գորելկի՛ն։ (Ներս է վազում Գորելկինը։) Տարեք նրան։ (Գորելկինը բռնում է Տերյոխինի ոտքերից և քարշ տալիս կուլիսների ետևը։)