Հաղթական կամար - XVIII գլուխ

Գրապահարան-ից
22:41, 22 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XVII գլուխ Հաղթական կամար - XIX գլուխ ▶


Ռավիկը հոգնած ու կեղտոտ վերադառնում էր կայարանից։ Տասներեք ժամ նա անց էր կացրել տոթ վագոնում այնպիսի մարդկանց միջև, որոնցից սխտորի հոտ էր փչում, անց էր կացրել շներով որսորդների, և գոգներին զամբյուղներով հավ ու աղավնի տանող կանանց միջև։ Իսկ մինչ այդ երեք ամիս ապրել էր սահմանի վրա...

Իրիկնային, աղջամուղջում ինչ֊որ բան էր փայլատակում։ Նա աչքերը վեր բարձրացրեց։ Նրան թվաց, թե Ռոն Պուենի շուրջը հայելիների բուրգեր են դրված, որոնք արտացոլում են մայիսյան ուշ մթնշաղի գորշ լույսերը։

Ռավիկը կանգ առավ և սկսեց ավելի ուշադիր նայել։ Դրանք իսկապես էլ հայելիների բուրգեր էին։ Ուրվականների երկար ձգվող շարքով նրանք կանգնել էին վարդակակաչների թմբերի հետևում։

— Սա ի՞նչ է,— հարցրեց նա իր կողքի պարտիզպանին, որն ուղղում էր ծաղկաթմբի փորած հողը։

— Հայելիներ են,— պատասխանեց պարտիզպանը, առանց գլուխը բարձրացնելու։

— Դա ես ինքս էլ եմ տեսնում։ Բայց մինչև վերջին անգամ Փարիզից գնալս, սրանք չկային։

— Իսկ դա ե՞րբ էր:

— Երեք ամիս առաջ։

— Երեք ամի՞ս։ Սրանք ընդամենը երկու շաբաթ է, ինչ դրել են։ Անգլիական թագավորի գալու պատվին։ Որպեսզի երեսը լավ տեսնի։

— Ի՜նչ գարշելի բան է,— ասաց Ռավիկը։

— Գարշելի ասեցիր ու պրծա՞ր,— պատասխանեց պարտիզպանը, առանց որևէ զարմանք արտահայտելու։

Ռավիկր շարունակեց ճանապարհը: Երեք ամիս.. Երեք տարի... Երեք օր... Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակը։ Ոչինչ և ամեն ինչ։ Շագանակենիները արդեն ծածկված էին ծաղիկներով, իսկ այն ժամանակ նույնիսկ տերև էլ չկար վրաները։ Գերմանիան նորից է խախտել իր պայմանագիրը և Չեխոսլովակիան լրիվ բռնագրավել։ Էմիգրանտ Յոզեֆ Բլյումենթալը հիստերիկ քրքիջով բռնված Ժնևում Ազգերի լիգայի պալատի առաջ ինքնասպանություն գործեց, ինքը այդ Ժամանակամիջոցում թոքերի բորբոքում տարավ, որը մինչև հիմա իրեն զգալ է տալիս։ Այն ժամանակ Գյունթեր անվան տակ նա Բելֆորում էր գտնվում, իսկ հիմա նորից Փարիզում է, և երեկոն քնքուշ է, ինչպես կնոջ ստինքները, և այդ ամենը գրեթե ոչ մի զարմանք չի առաջացնում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Այդ ամենը մարդ ընդունում է ճակատագրական սառնասրտությամբ, որը անզորության միակ զենքն է։ Երկինքը ամենուրեք մնում էր նույն անփոփոխը, տարածված և սպանության, և ատելության, և ինքնազոհության և սիրո վրա, ծառերն առանց մտահոգության ծաղկում են ամեն տարի, դամբլագույն-կապույտ մթնշաղերը գալիս ու գնում են, նրանց չեն մտահոգում ոչ անձնագիրը, ոչ դավաճանությունը, ոչ վհատությունը և ոչ էլ հույսը։ Որքա՜ն հաճելի է նորից Փարիզում լինել, երբ անշտապ քայլում ես գորշարծաթագույն լույսով մշուշված փողոցի երկարությամբ, քայլում դանդաղ, առանց մտածելու։ Որքա՜ն հաճելի է իրիկնային այս ժամը, որը քեզ տրված է որպես ժամանակի հետաձգում, մեղմ ու աղոտ այս ժամը, երբ հեռավոր թախիծն ու քնքուշ, գոյության վաղեմի երանության զգացումը խառնվում են իրար՝ ինչպես երկինքն ու գետինը հորիզոնում։ Վերադարձի առաջին այս ժամը, երբ դանակներն ու նետերը դեռ չեն հասցրել խոցել քեզ... Արարչական այս հազվադեպ զգացումը, նրա լայն շունչը, որը հեռուներն է դնում ու գալիս հեռուներից, այդ անգիտակցական սահումը սրտի ճանապարհի երկարությամբ, փաստերի աղոտ կրակների կողքով, մոտով այն խաչերի, որոնց վրա մեխված է անցյալը, և ապագայի ծակող փշերի մոտով — ցեզուրա, համր սավառնանք, ակնթարթային դադար, երբ, ամբողջությամբ բացվելով կյանքի առաջ, ամփոփվեցիր ինքդ քո մեջ․․․ հավիտենականության թույլ զարկերակ, լսված աշխարհի ամենաարագ անցողիկության մեջ...


Մորոզովը նստած էր «Ինտերնացիոնալ» հյուրանոցի «արմավենու» սրահում։ Նրա առջևը դրված էր մի գրաֆին բաց գինի։

— Բորի՜ս... ողջույն, ծերուկ,— ասաց Ռավիկը։— Ինչպես երևում է, ես ուղղակի ճիշտ ժամանակին եմ հասել։ Սա ի՞նչ է, «վուվրե՞»։

— Այո, վուվրե է։ Բայց այս անգամ երեսունչորս թվականի։ Քաղցր ու մի քիչ թանձրացած։ Լավ է, որ էլի վերադարձար։ Կարծեմ, երեք ամիս մնացիր, չէ՞։

— Այո, սովորականից ավել։

Մորոզովր շարժման մեջ դրեց սեղանի հնաոճ զանգը, որի ձայնը նման էր գյուղական եկեղեցու ղողանջի։ «Կատակոմբայում» միայն էլեկտրական լույս էր, բայց էլեկտրական զանգեր չկային։ Ասենք, միտք էլ չուներ, որ լինեին։ Էմիգրանտներր հազվադեպ էին սիրտ անում զանգ տալ, վախենում էին՝ չլինի թե ուշադրություն գրավեն։

— Հիմա քո անունն ի՞նչ է,— հարցրեց Մորոզովը։

— Դեռ Ռավիկ է։ Ոստիկանների մոտ ես այդ անունը չեմ օգտագործել։ Նրանց մոտ իմ անունը Վոցեկ է, Նոյման, Գյունթեր։ Գուցե քմահաճույք է, բայց Ռավիկը չուզեցի նրանց հայտնել։ Այս անունը ինձ շատ էր դուք գալիս։

— Նրանք չկարողացան իմանալ, որ դու ապրել ես այստեղ, չէ՞։

— Իհարկե, չէ։

— Պարզ է։ Այլապես շուրջկալ կսարքեին։ Ուրեմն, էլի կարող ես այստեղ ապրել։ Քո սենյակն ազատ է։

— Տիրուհին գիտի՞ ինչ է պատահել։

― Ոչ։ Այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Ես ասել եմ, որ դու Ռուան ես մեկնել։ Քո իրերն իմ սենյակում են։

Մատուցարանը ձեռքին հայտնվեց մատուցողուհին։

— Ախ այդ դո՞ւք եք, մեսյո Ռավիկ։— Աղջիկը ցույց տվեց իր շողշողուն ատամները։— Նորի՞ց եք վերադարձել մեզ մոտ։ Կես տարուց ավելի է, ինչ չէիք երևում, մեսյո։

— Ընդամենը երեք ամիս է, Ալարիսսա։

— Չի կարող պատահել։ Իսկ ես կարծում էի արդեն կես տարի է։

Աղջիկը քստքստացնելով հեռացավ։ Նրանից անմիջապես հետո գինու մի բաժակ ձեռքին մոտեցավ «կատակոմբայի» ճարպոտված կոստյումով քելները։ Նա աշխատում էր առանց մատուցարանի։ Երկար տարիներ լինելով «կատակոմբայում» այդ ծառայության մեջ, նա իրեն թույլ էր տալիս այդ ազատությունը։ Մորոզովը նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ հիմա ավելորդ հարցուփորձեր է անելու և իսկույն կանխեց այդ։

— Ժան, ապա ասա տեսնենք, ինչքա՞ն ժամանակ է, ինչ մեսյո Ռավիկը բացակայում է: Բայց ճիշտ ասա։

— Մեսյո Մորոզով։ Բա կարո՞ղ է պատահել, որ ես սխալվեմ։ Նույնիսկ մի օրվա սխալ չեմ թույլ տա։ Հիմա ճիշտն ասեմ...— Նա դերասանական մի դադար արեց, ժպտաց և ասաց,― ուղիղ չորս ու կես շաբաթ։

― Ճիշտ է,― վրա բրրեց Ռավիկը, մինչև Մորոզովը բերանը բաց կաներ։

— Շատ ճիշտ է,— հաստատեց նաև Մորոզովը:

— Ա՜յդ էր պակաս, որ սխալվեի։ Ես երբեք չեմ սխալվում։

Ժանը անհետացավ։

— Ես չուզեցի նրան հիասթափեցնել, Բորիս։

— Ճիշտ արիր։ Դա ի՞նչ միտք ուներ։ Ես միայն ուզում էի քեզ ցույց տալ, թե ժամանակն անցյալ դառնալով, ինչպես է մարդկանց գիտակցության մեջ կորցնում իր ռեալականությունը։ Նա սփոփում է, սարսափեցնում և դարձնում անտարբեր։ Պրեոբրաժենսկու գվարդիական գնդի պորուչիկ Բելսկուն ես իմ տեսադաշտից կորցրի 1917 թվին Մոսկվայում։ Մենք շատ մտերիմ ընկերներ էինք։ Նա Ֆինլանդիայով փախավ հյուսիս։ Ես իմ ճանապարհն ընտրեցի Մանջուրիայով ու Ճապոնիայով։ Երբ ութ տարի հետո նրան այստեղ հանդիպեցի, ինձ թվաց, թե վերջին անգամ ես նրան տեսել եմ 1919 թվին Հարբինում, իսկ նրան թվում էր, թե դա եղել է 1921 թվին՝ Հելսինկիում։ Երկու տարվա և մի քանի հազար կիլոմետրի տարբերություն է։— Մորոզովը գրաֆինը վերցրեց և լցրեց բաժակները։— Բայց տեսնո՞ւմ ես, քեզ այստեղ ճանաչում են։ Քեզ չթվա՞ց, որ դու հայրենիքում ես։ Հայրենիք վերադառնալու զգացումը չունեցա՞ր;

Ռավիկը բաժակը խմեց: Գինին թույլ էր և սառը։

— Շվեյցարիայում ես մի անգամ եղա ուղղակի գերմանական սահմանի կողքին,— ասաց նա։— Դա Բազելի մոտ էր։ Ճանապարհի մի կողմը Շվեյցարիայինն է, մյուս կողմը՝ Գերմանիայինը։ Ես կանգնել էի շվեյցարական կողմում և բալ էի ուտում։ Իսկ կորիզները շպրտում էի Գերմանիա:

— Իսկ դա քեզ հայրենիքի զգացում տվե՞ց։

— Ոչ։ Ընդհակառակն, ես երբեք ավելի հեռու ինձ հայրենիքից չէի զգացել։

Մորոզովը քմծիծաղեց։

— Հասկանալի է։ Ո՞նց էիր ապրում։

― Սովորականի նման։ Պարզապես հիմա ամեն ինձ ավելի դժվար է։ Սահմանի հսկողությունը ավելի խստացրել են։ Երկու անգամ ինձ ճանկները գցեցին — մի անգամ Շվեյցարիայում, մյուս անդամ՝ Ֆրանսիայում։

— Ինչո՞ւ չէիր նամակ գրում։

— Ես չգիտեի, թե Փարիզում ոստիկանությունն ինչպես կվերաբերվի դրան։ Նա երբեմն եռանդի նոպաներ է ունենում։ Ինչո՞ւ անմեղ տեղը ուրիշներին էլ հետը փորձանքի մեջ քաշել։ Վերջին հաշվով մեր բացակայություններն այնպիսին չեն, որ տեղներս երևա։ Ավելի լավ է առաջնորդվել զինվորական կանոնի համաձայն. պառկիր ու սուս արա։ Իսկ դու նամա՞կ էիր սպասում։

— Ես՝ չէ։

Ռավիկը նայեց նրան։

— Նամա՞կ,— ասաց նա։— Ի՞նչ նամակ։ Նամակից օգուտ չկա։

— Այո, չկա։

Ռավիկը գրպանից հանեց սիգարետի տուփը։

— Տարօրինակ է, թե ինչպես է ամեն ինչ փոխվում, երբ մարդ բացակայում է։

— Քեզանից բաներ մի հնարիր,— առարկեց Մորոզովը։

— Ես բան չեմ հնարում։

— Ինչ մեզանից հեռու է, լավ է թվում։ Եթե մարդ հին տեղն էլ է վերադառնում, ամեն ինչ աչքին ուրիշ է երևում։ Հետո դարձյալ դառնում է սովորական։

— Երբեմն դա այդպես է, իսկ երբեմն էլ ոչ։

— Դու մտքերդ այնքան էլ պարզ չես արտահայտում։ Բայց լավ է, որ դու դրան այդպես ես վերաբերվում։ Մի պարտիա շախմատ չխաղա՞նք։ Պրոֆեսորը մահացել է։ Նա էր իմ միակ արժանի հակառակորդը։ Լևին մեկնեց Բրազիլիա — նրան այնտեղ քելների տեղ են խոստացել։ Հիմա ժամանակը զարհուրելի արագ է ընթանում։ Մարդ ոչ մի բանի չպետք է ընտելանա։

— Այդ տեսակետից դու ճիշտ ես։

Մորոզովը ուշադիր նայեց Ռավիկին։

— Ես այդ նկատի չունեի։

― Ես նույնպես։ Չգնա՞նք այս արմավենու գերեզմանից։ Երեք ամիս ես այստեղ չեմ եղել, բայց, միևնույն է, առաջվա նման այստեղից խոհանոցի, փոշու և սարսափի հոտ է փչում։ Ե՞րբ ես «Շեհերազադե» գնալու։

— Այսօր առհասարակ չեմ գնալու։ Իմ ազատ երեկոն է։

— Հիանալի է։— Ռավիկը գողտրիկ ժպտաց։— Բարձրաշխարհիկ նրբաճաշակության, հին Ռուսաստանի և մեծ գավաթների երեկոն։

— Կգա՞ս ինձ հետ։

— Ոչ։ Այսօր չէ։ Հոգնած եմ։ Քանի գիշեր է չեմ քնել։ Համենայն դեպս, քունս շատ անհանգիստ է եղել։ Արի գնանք մի ժամ էլ դրսում որևէ տեղ նստենք։ Վաղուց է այդպես ժամանակ չեմ անցկացրել։


― Էլի՞ «վուվրե»,— հարցրեց Մորոզովը։ Նրանք նստել էին «Կոլիզեյ» սրճարանի առջևում։ Այդ ի՞նչ է պատահել, ծերուկ։ Չէ՞ որ մութը դեռ նոր է ընկնում, օղի խմելու իսկական ժամանակն է։

— Ճիշտ ես ասում։ Բայց, չնայած դրան, արի «վուվրե» խմենք։ Դա ինձ համար բավական է։

— Ի՞նչ է պատահել քեզ։ Գոնե կոնյակ վերցրու։

Ռավիկը գլուխն օրորեց։

— Երբ մարդ որևէ տեղից վերադառնում է, առաջին երեկոն պետք է այնքան խմի, որ ոտքի վրա չկարողանա կանգնել,— բացատրեց Մորոզովը։— Ավելորդ հերոսություն է սթափ վիճակում նայել անցյալի տխուր ստվերների երեսին։

— Ես նրանց երեսին չեմ նայում, Բորիս։ Ես զգուշորեն ուրախանում եմ իմ կյանքով։

Ռավիկը տեսնում էր, որ Մորոզովը իրեն չի հավատում։ Բայց նրան համոզելու ոչ մի փորձ չէր անում։ Նա հանգիստ նստել էր մայթի եզրին դրած սեղանի մոտ, խմում էր իր պատվիրած գինին և նայում երեկոյան զբոսանքի դուրս եկածների բազմությանը։ Այնքան ժամանակ, քանի դեռ նա Փարիզից դուրս էր գտնվում, ամեն ինչ նրա համար պարզ էր և որոշակի։ Հիմա բոլորը պատվել էր մշուշով, գունաթափվել էր և միևնույն ժամանակ դարձել խայտաբղետ, ամեն ինչ սահում, գնում էր ինչ-որ տեղ, առաջացնելով այնպիսի հաճելի գլխապտույտ, ինչպիսին զգում է այն մարդը, որը լեռան կատարից սրընթաց հովիտ է իջել և թվում է, թե բոլոր ձայները լսում է բամբակի միջով։

— Մինչև հյուրանոց գալդ դու մտե՞լ էիր որևէ տեղ,— հարցրեց Մորոզովը։

― Ոչ։

— Վեբերը մի քանի անգամ քո մասին հարցուփորձ է արել։

— Ես պետք է զանգեմ նրան։

— Չգիտեմ ինչու, դու ինձ դուր չես գալիս։ Պատմիր տեսնենք, ինչ է պատահել։

— Առանձնապես ոչինչ։ Սահմանը Ժնևի մոտ շատ խիստ է պահպանվում։ Սկզբում փորձեցի այնտեղից անցնել, հետո՝ Բազելի մոտից։ Պարզվեց, որ նույնպես դժվար է։ Վերջապես հաջողվեց։ Մրսեցի — անձրև էր, ձյուն, ինքս էլ բաց դաշտի մեշ։ Բայց ուրիշ ելք չկար։ Թոքերի բորբոքում ստացա։ Բելֆորում մի բժիշկ ինձ հիվանդանոց պառկեցրեց։ Աշխատողներից գաղտնի։ Դրանից հետո մի տաս օր էլ իրենց տանը պահեց։ Պետք է նրան փող ուղարկեմ։

— Հիմա արդեն առո՞ղջ ես։

— Մոտավորապես։

— Դրա համա՞ր չես օղի խմում։

Ռավիկր ժպտաց։

— Ասածդ ի՞նչ է։ Ես պարզապես մի քիչ հոգնած եմ, ինձ պետք է նորից այս բոլորին ընտելանալ։ Իսկապես դա այդպես է։ Տարօրինակ է, թե մարդ ինչքան շատ բան է մտածում, երբ ճանապարհին է լինում։ Եվ որքան քիչ, երբ արդեն հասնում է տեղ։

Մորոզովը դրա հետ չհամաձայնելով, ձեռքը բարձրացրեց։

— Ռավիկ,— հայրաբար վրա բերեց նա,— դու խոսում ես քո հոր՝ Բորիսի հետ, որը մարդկային սրտերի լավ գիտակ է։ Խոսքդ մի ծամիր։ Հարցրու, ինչ որ ուզում ես, որպեսզի այդ բոլորը, ինչքան կարելի է շուտ թողնենք մեր հետևում։

— Շատ լավ։ ժոանը որտե՞ղ է։

— Ես չգիտեմ։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ես նրանից տեղեկություն չունեմ։ Եվ չեմ էլ հանդիպել։

— Իսկ մինչ ա՞յդ։

— Մինչ այդ որոշ ժամանակ հարցուփորձ էր անում քո մասին։ Հետո՝ վերջ տվեց։

— Նա այլևս «Շեհերազադեում» չէ՞։

― Ոչ։ Արդեն մոտավորապես հինգ շաբաթ է, ինչ այլևս այնտեղ չի երգում։ Բայց մի երկու֊երեք անգամ էլ երևաց, որից հետո՝ գնաց ու գնաց, էլ չի հայտնվել։

— Փարիզում չէ՞։

— Իմ կարծիքով՝ չէ։ Գոնե ինձ այդպես է թվում։ Այլապես ես հանդիպած կլինեի նրան «Շեհերազադեում»։

— Դու չգիտե՞ս, նա ինչով է զբաղվում։

— Կարծեմ, ինչ֊որ ֆիլմում նկարահանվում է։ Համենայն դեպս, այդպես է ասել մեր հանդերձապահուհուն։ Մի խոսքով, ինքդ հասկանում ես։ Արդարացում միշտ էլ կարելի է գտնել, եթե պատրվակ լինի։

— Պատրվա՞կ։

— Այո, պատրվակ,— մռայլորեն վրա բերեց Մորոզովը։— Բա ի՞նչ, Ռավիկ, եթե ոչ պատրվակ։ Դու ուրի՞շ բան էիր սպասում։

— Այո, ուրիշ։

Մորոզովը լռեց։

— Սպասելն ու իմանալը տարբեր բաներ են,— ասաց Ռավիկը։

— Միայն ողորմելի ռոմանտիկների համար։ Խելքը գլխին մի բան խմիր և ոչ թե այդ լիմոնադը։ Գոնե կալվադոս վերցրու...

— Միայն թե ոչ կալվադոս: Կոնյակ, եթե դա քեզ կհանգստացնի։ Ասենք, եթե ինձ ես հարցնում, կարելի է նաև կալվադոս։

— Այ ապրես, հիմա արդեն հասկանալի է,— ասաց Մորոզովը։


Լուսամուտներ։ Կապույտ սիլուետներ տանիքների։ Կարմիր ծղողված բազմոց։ Մահճակալ։ Ռավիկը գիտեր, որ այդ բոլորը նորից պետք է տեսնի։ Նա նստել էր բազմոցին ու ծխում էր։ Մորոզովը բերեց նրա իրերը և ասաց, թե անհրաժեշտության դեպքում որտեղ կարելի է իրեն գտնել։

Ռավիկը հին կոստյումը մի կողմ նետեց, հետո մտավ լոգարան, տաք ջրով երկար ու հանգամանորեն լողացավ, մի քանի անգամ սապոնվեց։ Նա իր վրայից լվանում էր անցած երեք ամիսները, կարծես դրանք քերելով ու թափելով մաշկից։ Հետո հագավ մաքուր սպիտակեղեն, մի ուրիշ նոր կոստյում, սափրվեց։ Եթե չափազանց ուշ չլիներ, նա հաճույքով կգնար թուրքական բաղնիք։ Այդ բոլորն անելիս Ռավիկն իրեն շատ լավ էր զգում։ Նա հաճույքով դեռ շատ բան կաներ, բայց ահա, երբ նստած էր լուսամուտի մոտ, հանկարծ զգաց, որ սենյակի բոլոր անկյուններից դուրս սողաց դատարկությունը և սկսեց շարժվել իր վրա։

Ռավիկը կալվադոս լցրեց իր բաժակը։ Նրա իրերի արանքին մի շիշ էր պահպանվել, որի մեջ բավական կալվադոս կար։ Ռավիկըը մտաբերեց այն գիշերը, երբ ինքն ու Ժոանը խմում էին այդ խմիչքը, բայց հիշողությունը չհուզեց նրան։ Այն օրից մինչև հիմա շատ ժամանակ էր անցել։ Նա զգաց, որ դա հին, լավ կալվադոս է։

Լուսինը դանդաղ բարձրանում էր տանիքների վրա։ Դիմացի կեղտոտ բակը թվում էր, թե արծաթից ու ստվերներից կերտած դղյակ է։ Բավական է մի փոքր ֆանտազիա, և ուզածդ աղբակույտը իսկույն կարող է փոխվել արծաթի։ Լուսամուտից ներս էր լցվում ծաղիկների բուրմունքը։ Մեխակների թունդ, գիշերվա մեջ լուծված արոմատը։ Ռավիկը գլուխը հանեց պատուհանից ու ցած նայեց։ Ներքևի հարկի լուսամուտի գոգին տախտակե արկղի մեջ ծաղիկներ կային։ Այդ ծաղիկները, երևի, էմիգրանտ Վիզենհոֆինն էին, եթե նա դեռ այդտեղ էր բնակվում։ Ռավիկը մի անգամ նրան ստամոքսի լվացում էր արել։ Դա անցյալ տարվա Ծննդյան տոներին էր։

Կալվադոսի շիշն արդեն դատարկ էր։ Ռավիկը վերցրեց ու շպրտեց մահճակալին, որի կենտրոնում ընկած այդ շիշը կարծես սև էմբրիոն լիներ։ Նա տեղից վեր կացավ։ Ի՞նչ իմաստ կա այդ դատարկ անկողնուն նայելու մեջ։ Եթե մարդ կին չունի, պետք է մեկնումեկին գտնի և բերի մոտը։ Փարիզում դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում։

Նեղլիկ փողոցներով նա գնաց դեպի էտուալ հրապարակը։ Ելիսեյ ան դաշտերի կողմից գիշերային քաղաքի կյանքի ջերմությունը հորդեց նրան ընդառաջ։ Ռավիկը շրջվեց ու գնաց հակառակ ուղղությամբ։ Նա սկզբում գնում էր արագ, հետո կամաց-կամաց քայլերը դանդաղեցրեց, մինչև որ հասավ «Միլան» հյուրանոցի մոտ։

— Հը, ինչպե՞ս եք,― հարցրեց նա դռնապանին։

— Ա՜, այդ դուք եք, մեսյո։— Դռնապանը տեղից կանգնեց։― Վաղո՞ւց է, ինչ չեք երևում։

— Այո, բավական ժամանակ է։ Փարիզում չէի։

Դռնապանը փոքրիկ, աշխույժ աչքերով տնտղեց Ռավիկին։

— Մադամն այլևս այստեղ չի ապրում։

— Գիտեմ։ Վաղո՞ւց է գնացել ձեր մոտից։

Դռնապանը լավ, բարի մարդ էր։ Նա կես խոսքից իսկույն հասկանում էր, թե ինչ են իրենից ուզում։

— Արդեն չորս շաբաթ է,— ասաց նա։— Չորս շաբաթ առաջ է գնացել։

Ռավիկը հանեց ծխախոտի տուփը և մի սիգարետ վերցրեց։

— Մաղամն այլևս Փարիզում չի՞ լինում,— հարցրեց դռնապանը։

— Կաննում է։

_ Կաննո՜ւմ է։— Դռնապանը իր մեծ ձեռքով շոյեց երեսը։— Կարո՞ղ եք հավատալ, մեսյո, տասնութ տարի առաջ ես Նիցցայի «Ռուլ» հյուրանոցում եմ աշխատել։

— Իսկ ինչո՞ւ չպետք է հավատամ։

— Եվ ի՜նչ ժամանակներ էին, ի՜նչ թեյադրամ էին տալիս։ Պատերազմից հետո երանելի ժամանակներ էին։ Իսկ հիմա...

Իր կյանքի զգալի մասը Ռավիկը հյուրանոցներում էր անցկացրել։ Հյուրանոցային աշխատողներին հասկանում էր անմիջապես։ Նա գրպանից հինգֆրանկանոց մի թղթադրամ հանեց և դրեց սեղանին։

— Շնորհակալ եմ, մեսյո։ Ցանկանում եմ ուրախ և հաճելի անցկացնեք ձեր ժամանակը։ Դուք ավելի եք ջահելացել, մեսյո։

— Ես իսկապես է, ինձ երիտասարդացած եմ զգում։ Էհ, մնաք բարով։

Ռավիկը մի պահ կանգ առավ փողոցում։ Ինչի՞ համար եկավ հյուրանոց։ Մնացել է միայն, որ գնա «Շեհերազադե» և մի լավ խմի։

Նա հայացքը գցեց աստղալից երկնքին, որը կախվել էր նրա վերևում։ Ասենք, նա պետք է գոհ լինի, որ այս ամենը այսպես վերջացավ։ Պետք չէ ոչ ոքի երկար ու բարակ բացատրություններ տալ։ Որ իրենց հարաբերություններն այդպիսի վախճան են ունենալու դա և ինքը լավ գիտեր, և ժոանը։ Համենայն դեպս, վերջին հանդիպումներն այդ էին կանխագուշակում։ Ժոահը ընտրել է միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի բացատրություն։ Բացատրությունը երկրորդական բան է, որից միայն մանրության ու ճղճիմության հոտ է փչում։ Զգացմունքների մեջ ի՞նչ բացատրություն։ Այդտեղ միայն գործողություններ են պետք։ Փառք աստծո, ամեն ինչ անցավ առանց բարոյախոսությունների։ Ինչ լավ է, որ Ժոանը բարոյախոս չէ։ Նա միայն գործել գիտե։ Եվ այդպես էլ վարվեց։ Ուրիշ ոչինչ։ Վերջացավ գնաց։ Առանց այս ու այն կողմ ընկնելու։ Փաստորեն, Ռավիկն ինքը նույնպես գործողության էր դիմել։ Ուրեմն, էլ ինչո՞ւ է կանգնել այստեղ։ Գուցե պատճառն օ՞դն է։ Այդ մեղմ, մայիսյան երեկոյից ու Փարիզից հյուսված սարդոստայնի նման հաճելի օդը։ Եվ իհարկե նաև սքանչելի գիշերը։ Գիշերները մարդ բոլորովին ուրիշ է, քան ցերեկները։

Նա նորից վերա դարձավ հյուրանոց։

— Կարելի է ձեր մոտից զանգահարել։

— Ինչ խոսք, մեսյո։ Բայց մենք, դժբախտաբար, հեռախոսային բուդկա չունենք։ Միայն այստեղի այս ապարատն է։

— Սա միանգամայն բավական է։

Ռավիկը նայեց իր ժամացույցին։ Վեբերը կարող է դեռ կլինիկայում լինել։ Հիմա երեկոյան շրջայցի ժամն է։

— Ես խնդրում եմ բժիշկ Վեբերին, եթե այդտեղ է,— ասաց նա բուժքրոջը։ Նա բուժքրոջ ձայնը չճանաչեց։ Ըստ երևույթին, նոր է ընդունվել։

— Բժիշկ Վեբերը չի կարող հեռախոսին մոտենալ։

— Իսկ կլինիկայո՞ւմ է։

— Այո։ Բայց հիմա հեռախոսին մոտենալ չի կարող։

— Լսեք, ինչ եմ ասում,— ասաց Ռավիկը։— Գնացեք և ասեք նրան, որ Ռավիկը ձեզ սպաում է հեռախոսի մոտ։ Շուտ արեք։ Դա շատ կարևոր գործ է։ Ես սպասում եմ։

— Այս րոպեիս,— տատանվելով ասաց բուժքույրը։― Ես հիմա կգնամ կասեմ, բայց կգա թե ոչ, չգիտեմ։

— Ասացեք, հետո՝ կտեսնենք։ Միայն թե շուտ արեք: Ազգանունս չմոռանաք, Ռավիկ։

Մի րոպե անց Վեբերն արդեն հեռախոսի մոտ էր:

— Ռավի՞կ։ Այդ որտե՞ղ եք։

— Փարիզում։ Այսօր եմ եկել։ Դուք վիրահատությո՞ւն ունեք։

— Այո։ Քսան րոպեից հետո պետք է սկսեմ։ Սուր ապենդիցիտ է։ Հետո կհանդիպենք, լա՞վ։

― Ես կարող եմ հենց հիմա գալ ձեզ մոտ։

— Հիանալի է։ Ե՞րբ։

— Այս րոպեիս։

— Շատ լավ։ Ուրեմն, սպասում եմ ձեզ։


— Ահա օղին,— ասաց Վեբերը,— ահա լրագրերն ու բժշկական ամսագրերը։ Նստեք, ինչպես ձեզ հարմար է։

— Մի բաժակ օղի, խալաթ և ձեռնոցներ։

Վեբերը նայեց Ռավիկին։

— Ես ասացի, որ սովորական ապենդիցիտ է։ Այդ վիրահատությունը ձեզ համար չէ։ Դա ես ինքս էլ քրոջ հետ անմիջապես կանեմ։ Դուք պետք է որ շատ հոգնած լինեք։

— Վեբեր։ Խնդրում եմ, թույլ տաք ինձ այդ վիրահատությունն անելու։ Ես ամենևին էլ հոգնած չեմ և ինձ հիանալի եմ զգում։

Վեբերը ծիծաղեց։

— Ինչ է, վախենում եք վիրահատությունները ձեզանից փախչե՞ն, չեք համբերում։ Լավ, ինչպես ուզում եք։ Ես ձեզ միանգամայն հասկանում եմ։

Ռավիկը ձեռքերը լվաց, նրան իսկույն խալաթ հագցրին և ձեռնոցներ։ Վիրահատարան։ Նա զգաց էֆիրի ծանոթ հոտը։ Էժենին կանգնել էր վիրահատական սեղանի գլխի մոտ և պատրաստում էր նարկոզի անհրաժեշտ պարագաները։ Մյուս բուժքույրը, որ մի երիտասարդ հաճելի աղջիկ էր, կարգի էր բերում գործիքները։

— Բարի երեկո, Էժենի,— ասաց Ռավիկը։

էժենին քիչ մնաց ձեռքից կաթիլանոցը գցեր։

— Բարի երեկո, բժիշկ Ռավիկ։

Վեբերը քթի տակ ժպտաց։ Առաջին անգամ էր, որ Էժենին Ռավիկին բժիշկ էր անվանում։ Ռավիկը կռացավ հիվանդի վրա։ Վիրահատական լապտերը, հզորությունից շիկացած, սեղանը ողողել էր սպիտակ լույսով։ Թվում էր, թե այդ լույսը աշխարհը անջատում է վիրահատական սեղանից և վանում կողմնակի մտքերը։ Այդ լույսը և գործնական էր, և սառը, և դաժան էր և բարի։ Ռավիկը ձեռքն առավ սկալպելը, որը նրան մեկնեց երիտասարդ դուրեկան քույրը։ Նա բարակ ձեռնոցի միջից զգաց պողպատի հաճելի սառնությունը։ Որքա՜ն էր լավ երերուն անորոշությունից նորից վերադառնալ պարզ հստակության։ Ռավիկն արեց առաջին կտրվածքը։ Սկալպելի հետևից վազեց արյան բարալիկ ու կարմիր հետքը։ Ամեն ինչ ընկավ իր տեղը։ Վերադարձից հետո Ռավիկն առաջին անգամ իրեն զգաց այնպես, ինչպես որ ինքը կա։ Ականջին հասավ լույսի անձայն թշշոցը։ Տանն եմ, մտածեց նա։ Վերջապես ես տանն եմ։