Նամակ Երեւան

Գրապահարան-ից
Նամակ Երեւան

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

«Օ, հոգս մարդկային, օ, այս արեւի տակ
որքան անիմաստություններ կան։
– Ո՞վ կկարդա սա։ – Ահա ա՞յս։ ՈՉ ՈՔ։
– Դու հավատացա՞ծ ես։
– ԵՐԿՈՒՍԸ կամ ընդհանրապես ՈՉ ՈՔ»։
ԱՎԼԱ ՊԵՐՍ ՖԼԱԿՍ
Հռոմեացի պոետ (34֊62թթ․)

Բարեւ, սիրելիս։ Պատասխանե՞լ, թե՝ չէ, տատանումներիս պատ ճա ռ ով լռությունս շատ երկարեց։ Չնայած ահագին ժամանակ անցնելուն, գրում ես, թե տասնհինգ տարուց ավելի է, որ բոլոր գյուղերում, քաղաքներում որոնում, դարձյալ հիշում ես ինձ։ Իսկ ես հիշում եմ այն տունը, որտեղ վարձով էիր ապրում եւ պառավին՝ սրունք ներին քարհանգուստ, վարիկոզյան կարմրակապտավուն երակ ներով, բուխարու կրակի դեմ նստած․ թիկունքում թաքուն համ բուրվում էինք քննություններին պատրաստվելիս։

Այստեղ՝ մեր քաղաքի շրջակայքում, շատ տեսարժան վայրեր, հնագույն հուշարձաններ կան։ Թեեւ լեռներից իջնող վարար ջրերը համարյա շուրջբոլորակի կալել են մեզ, հողը երերուն է դարձել, այնուամենայնիվ, շատ հաճախ գնում ենք զբոսանքների՝ ծառերի տակ, քաղցրահամ աղբյուրների ակունքներին խնջույքներ անելու։

Անցյալ անգամ, երբ գնացել էի «Կարմիր մատուռի» շրջակա դաշ տում տեղադրված փեթականոցը՝ մեղուներին խնամելու, պատկերացնո՞ւմ ես այդպիսի բան, խեղդվում էի։ Խոտն ու գետինը ծեծված՝ ծանոթ արահետով անցնելիս հանկարծ ոտքերիս տակ հողը փուլ եկավ, ինձ վերցրեց անատամ, փափուկ լնդերի մեջ, ծծում էր։ Դուրս գալու համար սեզաճիլերից, ձեռքս ինչ պինդ բանի էր հանդիպում, կառչում էի։ Երկնքով չորացած խատուտիկ, մի թռչուն էր անցնում, անգամ նրանցից էի հայացքով կախ ընկնում, ջրերը ափլփում։ Երբ ճահիճը բռնում է, հատկապես այդ ժամանակ ես զգում առարկաների՝ արեւի, ջրի, խոտերի, թփերի անշարժությունը։ Թաց, կավագույն տիղմե մակերեսի վրա կուրացուցիչ բռնկումներով հոսում են արեւի փայլատակումները։ Սեւ ծալքերով հողաթմբե ջրափոսերի մեջ, մասուրի կարմրով ծաղիկներ են վառվում։ Եղեգնուտի խորքում հազվադեպ բխկբխկում է ճահիճը, օդը բաց է թողնում, ջուրը լցվում է տեղը, կոկորդը խմում է։ Ստորջրյա պարպումները հավասարաչափ, խոշոր ալիքներով հասնում, օրորում են, հետո դարձյալ մածուցիկ տիղ մը, դադար է։ Անդադար խարխափում էի որ կողմի վրա էլ պատահի՝ լող տալու ձեւով, փորիս վրա՝ ջրառվույտներից կառչած, ճահիճը դարձյալ ետ էր ծծում։ Խորքում ոտքերս ծանր էին։ Քոռ մկները ճողփացնում էին ջրերը։ Հետո՝ հորիզոնը, կապույտը, դարձյալ հորիզոն։

Հեռվում՝ տները, ինչպես մառախուղ։ Օր ու գիշեր քայլել եմ քաղաքի փողոցներով, ճանաչում եմ հոտը, կանգառներում սպասել եմ տրամվայ֊ավտոբուսների։ Ամեն ետնաբակի գինետան գարեջրի եւ սուրճի համը գիտեմ։ Ամենահեռու, նեղ եւ քիչ բանուկ, փակուղի տանող փողոցներն եմ ճանաչում։ Այսքան տարիներ ապրել եմ քաղաքում, հիմա նրա կողքին կորչելու եմ։ Կզակով հասել եմ ջրերին, մակերեսին տաք է, ինչպես ամռանն ավտոբուսի մեջ, երբ ժամը երեք ին շարժիչի այրած օդի հետ խփում է տոթը։

Հեռվում տների կտուրներից կապտասպիտակավուն ծուխ է բարձրանում։ Մարդիկ վառարանները կպցրել, կեսօրվա ճաշն են պատրաստում։ Քաղաքն արեւելյան կողմից քարակույտի նման գերեզմանատունն է շրջափակել։

Այնտեղ իմ հայրն ու մայրն են դժվարությամբ թաղված, զոհված մարտական հերոս իմ ընկերները։ Մի՞թե առօրյա ճանապարհին, տանս այդքան մոտիկ անհետանալու եմ բրոնզագույն տիղմի մեջ։ Այս միջավայրում ամեն մի տեսանելի եւ անտես առարկա ծանոթ է՝ ձկի, խնջույքների, որսի եմ գնացել֊եկել։ Ջուրը, թուփը, կենդանին, քարը, ոչ մի բան երբեք փեշիցս չի բռնել։

Սունկ հավաքելու դանակով լայնացնում եմ կուրծքս սեղմող տարած քը, սայրը խրում եմ դիմացինիս մեջ, ականջիս հասնում է ձայնը, որ գոռում եմ ճահճի վրա։

Այդպես մի անգամ հեռվից լսեցի ձայնդ՝ խոսում էր ինձ հետ, երբ առաջին անգամ սողնակով փակվեցինք քո վարձով տանը։ Կանգնած էիր սենյակի կենտրոնում, փայլատակող մերկությունդ, ինչպես ծանրություն, բնակարանը ոտքերիս տակ աջ ու ձախ էր ճոճում։ Նիհար, վրձնի պես բարակ֊բարակ իրանիդ վրա՝ խոշոր գլուխ՝ գանգուր մազերով։ Ամաչում էիր պեպենոտ ուսերիդ, մեջքիդ պատ ճառով եւ հպարտանում նռան չափի, պիրկ, կանգուն ծծերիդ համար։ Կրքի կտրատող պահին ականջիս անվայելուչ բառեր ասացիր, ինչքան էլ հանկարծակիի էի եկել, այդպիսի խոսքեր լսելը ստիպում էր դաժան վերաբերվել քո մարմնին։

Փոքրուց միաժամանակ եւ խորթ, եւ հարազատ մայր ունեիր։ Հայրդ՝ հարբեցողության վերջին փուլում, մանկամիտի խելքով, մեր երկրի ամենահայտնի դերասաններից մեկն էր եղել։

Ժամը գիշերվա երկուսն անց կես դարձավ, թեւիս վրա դեմքով լուռ պառկած էիր, պատշգամբի տակ շուն էր հաչում, սպասում էինք բու խարու մոտ նստած պառավի անկողին մտնելուն, որ գնայի։ Չնայած քեզանից տասներկու տարով մեծ, արդեն մեռնել֊ապրելու փորձով տղամարդ էի, նրան հավատացրել էինք, որ կուրսեցիներ ենք, դժվար քննությունները հանձնելու համար երկուսով պիտի պարապենք։

Հաղորդումները չէին ավարտվել, պատի ռադիոն դեռ խոսում էր տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչներին եղեռնի մասին հարցեր են տալիս։ Միայն թե չսխալվեմ, դու չէիր ցանկանում կյանքում պատահած ինչ֊որ բանի համար իմ միջոցով վրեժ լուծել։ Պարզապես ինձանով ելք էիր որոնում փակուղուց՝ անընդհատ հավատացնելով, թե սերը եւ մարմնական մերձեցումը բացարձակ տար բեր բաներ են։

Մի շաբաթ հետո, երբ վերադարձա, գյուղում ինձանից փոքր քրոջս թաղումն էր, վարձով տանն այլեւս չկայիր։ Պառավի մոտ հասցե, հեռախոսի համար չէիր թողել, շշմել էի կատարվածից։ Ինն օր անց Կարենի հետ տեսա։ Շատ թեթեւամիտ, անհեռատես, թուլակամ պահվածք դրսեւորեցի։ Գիշերը, երբ ծեծում էի արվեստանոցի պատուհանը, տեղյակ էի՝ ներսում ես։ Հետեւել էի, միաժամանակ ձեւացրի, թե չգիտեմ այնտեղ լինելդ։

Խաղաղ, միամիտ ժպիտով Կարենը կանգնել էր դեմս, կիսաբաց դռնից երաժշտություն էր լսվում։ Հավատացած եմ՝ լսում էիր մեր խոսակցությունը, հատկապես իմը, դիտմամբ էի բարձր խոսում, թե մի բան կանեմ ինձ հետ, եթե քեզ չգտնեմ։ Մտածում էի՝ այդպես կվերադառնաս։ Նա համոզում էր՝ գնամ տուն, խոսելուս հապաղում ներն ու դեմքիս ճերմակը տեսնելով՝ կարծում էր՝ շատ վատ եմ։ Ասում էր՝ հիվանդ ես, վաղը միասին կորոնենք, ինքը մի տեղ գիտե, ուր հնարավոր է՝ լինես։

Չնայած իմ ամենամոտ ընկերն էր, երբեք նրան շնորհքով նկարիչ չէի համարել։ Ժպտում է, երբ աչքի առաջ մայթեզրին կանգնած արտասահմանյան ամենաթանկագին մեքենան սկսեցի քարով ջարդել, որ տերերը դուրս թափվեն։ Մինչեւ շտապ օգնության մեքենայի գալ֊տանելը եւ հիվանդանոցում յոթ օր պառկելս, դուրս չեկար արվեստանոցից, չվերադարձար։

Երբ հասա այս քաղաքը, կանգ առա փողոցներից մեկում, ճամպրուկ ները դրեցի՝ շունչ քաշելու, այնպիսի մի վիճակում էի, կարծես թե շատ գիշերներ առանց դադարի վազել եմ։ Այս քաղաքում սպիտակեց մորուքս, եւ ահա նրա կողքին կործանվում էի։ Տարբեր հնարքներով ու զ ում էի դուրս լողալ, ոտքերիս տակ դատարկ, փափուկ էր։ Բռնածս պոկվում, մատներիս արանքից հոսում, գնում էր։ Մկաններս աստիճանաբար թուլանում էին։ Հոգնությունը, հետո՝ թախիծ։ Հենարան չունեի, ուզում էի մնալ մակերեսին, գոնե այն դիրքով, որ կայի մինչեւ հիմա։

Ահագին հեռու, ջրերի, թմբերի վրա, դանդաղ բարձրանալ֊իջնելով՝ երկու կրիաներ կռվում էին։ Հարվածներից խեցե պատյանները խուլ դմփդմփում են։ Նորից ու նորից զարկվում են, մեկը մյուսին շուռ տվեց մեջքին, այդպես ընկած պիտի մնար մինչեւ բազեի գալը։ Սեզա ճիլի միջից երեւում էր տարօրինակ դեղին փորը։

Եղեգնուտում` բխկբխկալով ճահիճը դարձյալ թողնում է, որ օդը դուրս գա, տեղը լցվում է ջրով, կոկորդը խմում է։ Ստորգետնյա պարպումները հավասարաչափ, խոշոր ալիքներով հասնում, օրորում են ինձ, հետո դարձյալ օխրայագույն տիղմը, ամեն բան անշարժ է։

Արեւելքի ուղղությամբ, աչքս ինչքան կտրում է, կետ եմ որոնում, մի հյուլե։ Գերեզմանատան հարեւանությամբ մշուշի պես երեւում է բարձր, ձյունածածկ լեռը։ Այնտեղից մշտապես սպասում էինք հպարտությամբ մեր թշնամու հարձակմանը։ Իսկ գերեզմանոցում՝ ակացիայի տակ, թաղված է ավտովթարից զոհված ավագ որդիս՝ երիտասարդությանս պտուղը։ Առաջնեկի իրավունքով՝ ուժիս եւ զորու թյանս սկիզբը։ Նրան էի տվել իմ ամենալավը՝ նպատակասլացությունս, խիզախությունս, լայնատարած հեռուներ նվաճելու կատաղի խենթությունս, տոկունությունս։ Նա, անցյալ պարունակ ների մի տեղից փոխանցված, երկրավոր իմ մարմնի խոնջանքների ծնունդն էր։ Կարող է այդպես է՝ սերը եւ մարմնական մերձեցումը բացարձակ տարբեր բաներ են։

Արդեն մի ժամ կլինի՝ ականջիս մետաղի զնգոց է հասնում, հավանաբար քաղաքում դարբինները մուրճերն անդադար սալերին են զարկում։

Մի՞թե չեմ կարողանա դուրս գալ այս կլանող խորությունից ու տանս առօրյա ճանապարհին, զանգակատանը, անկողնուս, թաղերի լվացքի պարաններից կախված գունավոր վերնա շապիկների կողքին աննկատ հանգչելու եմ, իսկ կապույտ տանիքով տանը, ինձ այսչափ մոտիկ, կրտսեր որդիս է։ Կյանքիս երկրորդ՝ ետմիջօրե գլորվող կեսի տրտմության եւ խնդության ակունքը։ Հաստ, ամրակուռ ոսկորներով տղամարդկությանս զավակը։ Նրան էի ժառանգություն հասցրել անօթեւան թափառումներիս փորձով վաստակած ամենաթանկը՝ երկայնամիտ ոգիս, իմաստությունս եւ պատրանքները հեռվից ճանաչելու խորաթափանցությունս։

Սաստկանում է շոգը, երկինքը մուգ կապույտ է դառնում, ճահճի վրա թափանցիկ, մանուշակագույն մշուշ է։ Զանգակատան գմբեթի բարձրությանը հասնող տարածքներից, մթության վիթխարի ծավալով, մինչեւ ճահիճն են իջնում փեթակը լքած, արեւի դեմ փայլատակող արծաթաթեւերով՝ ձագ տված մեղվի բազմաթիվ պարսեր։ Սպիտակ սեզառվույտների արանքներով, ջրերի մեջ շորորալով՝ քայլող զույգ ուրվապատ կերներ են երեւում, չգիտես կտցարնե՞ր են, ճահճակուղբե՞ր, թե՞ բադեր։

Զգում եմ ցրտի անցնելը՝ արագ, թեթեւ։

Հայացքս թփերին, հեռվի վրա, նրանցից անդին գիծը փլվում է։

Արեւազարկ, ճանճերից նեղված, խոշոր, սեւ կովը կողքից կողք շորորալով` ջրի է գալիս։ Կճղակով փորում, հողից հոտ է քաշում․ փնչա լով պառկեց ճահճի ափին, ոնց որ ռոյալը բեմին, ողնաշարը փայլ փլում է արեւի տակ, պատրանք է թվում։ Հետո մեկն էլ եկավ, նրա ետեւից՝ մյուսը, երեք խոշոր, սեւ ռոյալներ նվագում են ափին։

Եթե մայրամուտից հետո չվերադառնան, որոնողները կգան նրանց հետքերով, կհասնեն ճահճին։

Ուժեղ շողարձակումների մեջ ծիածանի գույներով արծաթափայլ երկթեւ ջրաբզեզներ են պտտվում։ Փորիս, արմունկներիս վրա առաջ եմ գնում, ինչքան հնարավոր է հեռու, ճահիճը դարձյալ ետ է քաշում։ Անընդհատ բարձրաձայն խոսելու կրքոտ ցանկություն ունեմ։ Մի բառ եմ արտասանում, որ խոսքի նման չէ, հաջորդն էլ է անիմաստ, ինքս չեմ հասկանում ասածս, բայց խոտերի մեջ ճողփաց ջուրը, մի թեւաբախյուն լսվեց։

Հեռվից՝ թաղերից քամու հետ հասնող, անորոշ կանչերը բռնկվում, մարմրում են։ Քաղաքի շշեր հավաքողի ձայնն է։ Մեր փողոցով կանցնի, հիմա կապույտ գույնով՝ իմ դարպասի դեմ է կանգնել, շղթայակապ կարմիր շունը, չենթարկվելով դուրս ելած կնոջ սաստումներին, հալածում է նրան։

Կնոջ նկատմամբ հոգատար եղա ու պաշտպան։ Արեւածագի հետ սկսած աշխատանքով եւ խելքով վաստակած հարստությունը ծախսեցինք խորը հիմքեր փորելու, հաստ պատեր շարելու համար։

Կնոջ հետ մեր զավակների համար կառուցեցինք տունը, որ այնտեղ մեր նախնիների եւ որդիների ոգին օթեւան գտներ։

Մի՞թե ուժերս ավելի շուտ կլքեն, քան կհասցնի ինձ օգնել վտանգի դեմ հաջողակ լինելս, խորագիտությունս, փորձս եւ գրասեղանիս, բարձիս, գրչիս այսքան մոտիկ կհանգչեմ անընդհատ թանձրության խորքն իջեցնող լռության մեջ։

Համարյա քնած էի, երեւի թմբիր էր, դեմս թռչկոտում էին կանաչ, կապույտ գույների ծավալներ՝ անվերջ փոխակերպվելով երկրաչափական տարբեր պատկերների․ միանգամից զարթնեցի, որովհետեւ այդ վայրենին, այդ կրակը, տաքը, անտանելի հուրը հեռանում էր երկնքից։ Մթնում է։ Ձայները ձայների ետեւից մարում, ստվերները ստվերների թիկունքից գալիս, խավարեցնում, զարկում, ջարդում էին օրը։ Հանգչում էր հրաբորբ երկնակամարը, լայնատարած, անձայն գալիս է գիշերը։

Կովերը բարձրանում են, որ գնան․ կտրուկ լռություն է։ Գոռում, աղաչում եմ՝ մի քիչ էլ մնան, ժամանակ կա։ Անորոշ ուրվապատկերներ մթան միջով դեպի քաղաք են գնում։ Ես եմ հեռվում, հետո լուռ է, քիչ էր մնում քնեի, երեւի քնել էի։

Ճահիճը անշարժ է, մնում եմ։ Նրա եզրին լսվում է քաղաքի աղմու կը, այսքան մոտիկ․ ճահիճը կշարունակի իր հավերժ լինելը։