Ձյունապատ ճանապարհի իմաստությունը

Գրապահարան-ից
Ձյունապատ ճանապարհի իմաստությունը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Սիտկա Չարլին հասել էր անհասանելիին։ Դեռ կարելի էր հանդիպել հնդկացիների, որոնք նրանից պակաս չէին տիրապետում ճանապարհի իմաստությանը, բայց միայն Սիտկա Չարլին ըմբռնեց սպիտակ մարդու իմաստությունը, նրա օրենքը, արշավային պատվի նրա կոդեքսը։ Սակայն այս բոլորին նա հասավ ո՛չ միանգամից։ Հնդկացու միտքը հակված չէ դեպի ընդհանրացումները և հարկավոր է, որ շատ փաստեր կուտակվեն, և որ այդ փաստերը հաճախ կրկնվեն՝ նախքան նա կհասկանա դրանք իրենց ամբողջ նշանակությամբ։ Սիտկա Չարլին դեռ մանուկ հասակից եղել էր սպիտակամորթների շրջանում։ Իսկ երբ նա հասակ առավ, որոշեց բոլորովին հեռանալ իր արյունակից եղբայրներից և ընդմիշտ իր բախտը կապեց սպիտակների հետ։ Բայց այստեղ էլ, չնայած սպիտակների հզորության հանդեպ նրա ունեցած ամբողջ հարգանքին, կարելի է ասել, նրանց առջև խոնարհվելուն, որի վրա անվերջ խորհրդածում էր Սիտկա Չարլին, նա դեռ երկար ժամանակ չէր կարողանում պարզել այդ հզորության թաքնված էությունը՝ օրենքն ու պատիվը, և միայն բազմամյա փորձը օգնեց նրան վերջնականապես հասկանալու այդ։ Իսկ սպիտակների օրենքն ըմբռնելով, նա, որ ուրիշ ցեղի մարդ էր, այն ավելի լավ յուրացրեց, քան ամեն մի սպիտակամորթ։

Այսպես նա՝ հնդկացին, հասավ անհասանելիին։

Այս ամենը նրա մեջ որոշ արհամարհանք առաջացրեց սեփական ժողովյրդի նկատմամբ։ Նա սովորաբար աշխատում էր թաքցնել այդ արհամարհանքը, բայց այժմ այն դրսևորվեց Կա-Չուկտեի և Գոուքի գլխներին տեղացած անեծքների բազմալեզու խոսքերի հեղեղի մեջ։ Նրանք կանգնել էին նրա առջև ինչպես երկու շներ, որոնց վախկոտությունը խանգարում է հարձակվել, մինչդեռ գայլային բնավորությունը թույլ չի տալիս թաքցնել ժանիքները։ Այդ երկուսը, ինչպես և Սիտկա Չարլին, մեռելատիպ էին՝ ոսկոր ու կաշի, այտոսկրների վրա դաժան սառնամանֆքներից առաջացած զզվելի թեփամաշկ՝ տեղ-տեղ ճաքճքած, տեղ-տեղ ձգված, աչքերում՝ սովից ու հուսահատությունից ծնված չարագուշակ կրակ։ Երբ մարդիկ հասել են այդպիսի վիճակի, նրանք գործ չունեն օրենքի ու պատվի հետ․ այդպիսի մարդկանց վստահել չի կարելի։ Սիտկա Չարլին այդ գիտեր, որովհետև տասը օր առաջ, երբ որոշվեց արշավային հանդերձանքից որոշ բան թողնել, նա այդ երկուսին ստիպեց գցել հրացանները։ Այժմ արդեն ամբողջ ջոկատում մնում էր միայն երկու հրացան, մեկը հենց իր՝ Սիտկա Չարլիի, մյուսը՝ կապիտան Էպինգուելի մոտ։

— Ապա մի շո՛ւտ, խարույկ վառեցեք,— կարգադրեց Սիտկա Չարլին, հանելով թանկարժեք լուցկու տուփը և բերյոստան։

Հնդկացիները մռայլադեմ սկսեցին չոր ճյուղ ու խռիվ հավաքել։ Նրանք շատ թույլ էին, հաճախակի դադար էին առնում և, ճյուղի համար կռանալիս, դժվարությամբ էին մնում ոտքի վրա. նրանց ծնկները դողում էին և իրար կպչում, ինչպես կաստանետներ։ Ամեն անգամ, խարույկին հասնելով, նրանք կանգ էին առնում շունչ քաշելու, ծանր հիվանդ կամ մահու չափ հոգնած մարդկանց պես։ Նրանց հայացքը մերթ խամրում էր, արտահայտելով բութ, համբերատար տառապանք, մերթ վառվում էր կյանքի անհագ ծարավով, որը, թվում էր, թե ուր-որ է դուրս կպրծնի կատաղի ճիչով, ամենայն բանի լեյթմոտիվով՝ «Ես ուզում եմ ապրե՜լ։ Ե՛ս, ե՛ս, ե՛ս»։

Հարավից հանկարծակի բարձրացած թեթև քամին ցավագին կսմթում էր դեմքն ու ձեռքերը, իսկ սառնամանիքի շիկացած ասեղները խրվում էին մինչև ոսկորները, մորթե հագուստի միջով թափանցելով մարմնի մեջ։ Ուստի, երբ խարույկը ինչպես հարկն է բորբոքվեց և շուրջը ձյունն սկսեց հալվել, Սիտկա Չարլին իր ընկերներին ստիպեց, որ օգնեն իրեն պաշտպանական առագաստ սարքելու գործում։ Դա պարզ մի կառուցվածք էր, ուղղակի սովորական մի ծածկոց, որը գետնի նկատմամբ մոտավորապես քառասունհինգ աստիճան անկյան տակ քաշեցին խարույկի քամոտ կողմից։ Այդ առագաստը, այնուամենայնիվ, պաշտպանում էր կտրող ցրտից և անդրադարձնում ջերմությունը, այն ուղղելով դեպի խարույկի շուրջը նստածները։ Այնուհետև, ուղղակի ձյան վրա չնստելու համար հնդկացիները եղևնաճյուղեր հավաքեցին։ Այդ աշխատանքը կատարելուց հետո նրանք զբաղվեցին իրենց ոտքերով։ Սառցակալած մոքասինները խիստ քրքրվել էին ճանապարհին, գետերի վրա կուտակված սուր սառույցները դրանք վերածել էին ցնցոտիների։ Մորթե գուլպաները նույնպես այդ վիճակում էին. իսկ երբ նրանք այնքան հալվեցին, որ հնարավոր եղավ հանել, ի հայտ եկան ոտքերի մեռելատիպ մատները՝ ցրտահարության տարբեր փուլերում։ Դրանք պերճախոս կերպով վկայում էին արշավի պարզ պատմությունը։

Կա-Չուկտեին և Գոոլքիին թողնելով, որ կոշիկները չորացնեն խարույկի մոտ, Սիտկա Չարլին դահուկները շրջեց ու վերադարձավ եկած ճանապարհով։ Թերևս ինքն էլ ուրախ կլիներ նստել խարույկի մոտ ու հանգիստ տալ իր տանջված մարմնին, բայց դա հակառակ էր օրենքին ու պատվին: Նա քայլում էր սառած հարթավայրով, յուրաքանչյուր քայլի մեջ ասես բողոքի ճիչ կար, յուրաքանչյուր մկանի մեջ՝ ըմբոստության կանչ։ Նա անընդհատ ոտքը դնում էր դեռ նոր սառցակալած ջրափոսերի փխրուն սառույցի վրա, և հարկ էր լինում անհապաղ թռչել մեկ ուրիշ սառույցի վրա։ Մահն այդպիսի տեղերում լինում է ակնթարթային ու հեշտ, բայց Սիտկա Չարլին չէր ուզում մեռնել։

Տագնապը, որ աստիճանաբար աճում էր նրա մեջ, անմիջապես անցավ, երբ շրջադարձից երևացին երկու հնդկացիների կաղացող կերպարանքները։ Նրանք դժվարությամբ քարշ էին տալիս ոտքերը ու ծանր շնչում, ասես թե ծանր բեռ էին տանում, թեև նրանց ուսապարկերում ընդամենը մի քանի ֆունտ բեռ կար։ Սիտկա Չարլին հարցեր տեղաց հնդկացիների վրա և, ըստ երևույթին, պատասխանները հանգստացրին նրան։ Նա շտապ առաջ գնաց։ Դեմից գալիս էին երեք սպիտակամորթներ՝ երկու տղամարդ ձեռքից բռնած բերում էին մի կնոջ։ Նրանք ևս օրորվում էին հարբածի նման, հոգնածությունից դողում էին նրանց ձեռքերն ու ոտքերը։ Սակայն կինն աշխատում էր շատ չհենվել իր ուղեկիցների վրա և շարժվել առանց օգնության։ Սիտկա Չարլիի դեմքին ուրախություն երևաց, երբ նա տեսավ կնոջը։ Միսիս Էպինգուելը խոր համակրանքի ու հարգանքի զգացում էր առաջացնում նրա մեջ։ Նա իր կյանքում շատ ու շատ սպիտակ կանանց էր տեսել, բայց նրան դեռ երբեք չէր վիճակվել որևէ մեկի հետ քայլել ձյունապատ ճանապարհով։ Երբ կապիտան Էպինգուելը նրա հետ առաջին անգամ խոսեց այդ վտանգավոր ձեռնարկման մասին, առաջարկելով մասնակցել արշավին, հնդկացին մռայլադեմ գլուխն օրորեց։ Նա գիտեր, որ հյուսիսային երկրի տխուր տարածությունների միջով նոր ճանապարհ բացելը այնպիսի մի գործ էր, որ նույնիսկ տղամարդկանցից չափազանց մեծ ուժերի լարում էր պահանջում։ Իսկ երբ լսեց, որ իրենց պատրաստվում է ուղեկցել կապիտանի կինը, նա վճռականապես հրաժարվեց որևէ կերպ այդ ձեռնարկմանը մասնակցելուց։ Ուրիշ բան է, եթե նա հնդկացուհի լիներ, բայց Հարավային Երկրի կի՜նը… ոչ, ոչ, նրանք բոլորն էլ նուրբ են ու փափկասուն, և այդպիսի արշավը նրանց ուժից վեր է։

Բայց Սիտկա Չարլին չգիտեր, թե ում հետ գործ ունի։ Դեռ հինգ րոպե առաջ նրա մտքով անգամ չէր անցնում համաձայնվել։ Բայց ահա մոտեցավ կինը, որի հրաշալի ժպիտը կախարդեց նրան, անգլիական հստակ առոգանությունը շոյեց նրա լսելիքը։ Կինը նրա հետ խոսեց գործարար կերպով, չդիմելով ոչ խնդրանքների և ոչ էլ հորդորանքների, ու Սիտկա Չարլին անմիջապես անձնատուր եղավ։ Եթե նա աղերսանք կամ շողոքորթություն կարդար կնոջ աչքերում, եթե մի չնչին դող որսար նրա ձայնի մեջ, եթե զգար, որ կինը հույսը դնում է իր կանացի հմայքի վրա, Սիտկա Չարլին պողպատից ավելի կարծր կլիներ, բայց նրա քննախույզ հստակ հայացքը, նրա զրնգուն վճռական ձայնը, նրա լիակատար անկեղծությունը և իր հետ պարզ, ինչպես հավասարը հավասարի հետ, վարվելը բոլորովին պտտեցին Չարլիի գլուխր։ Նա զգաց, որ իր առջև կանգնած է մի ուրիշ կին, և ուղևորության առաջին իսկ օրերին հասկացավ, թե ինչու այդպիսի կանանցից ծնված տղամարդիկ տեր են դարձել ծովին ու ցամաքին, և ինչու իր ցեղի կանանցից ծնված տղամարդիկ չեն կարողացել դիմադրել նրանց։ Այդ նա՜ է նրբակերտն ու փափկասունը։ Նա օրեցօր հետևում էր կնոջը՝ հոգնած, տանջված և, այնուամենայնիվ, անձնատուր չլինող կնոջը, և ինքն իրեն կրկնում․ «Նրբակերտ ու փափկասուն»։ Նա նայում էր, թե ինչպես առավոտից մինչև գիշեր առանց հոգնելու իր առջևով անցնում են նրա ոտքերը, որոնք պետք է որ քայլեին արևոտ երկրամասերի բաց ճանապարհներով, չիմանալով մոքասինների տանջող ցավը, սառնամանիքի սառցե համբույրները, նայում էր ու չէր կշտանում։ Այդ կինը իր բարեհամբույր ժպիտը պարգևում էր բոլորին, ամենավերջին բեռնակրի համար քաջալերանքի խոսքեր էր գտնում։ Մոտենում էր բևեռային գիշերը, բայց այդ կնոջ համառությունն ու վճռականությունը, կարծես, ավելի էին մեծանում վերահաս խավարին համեմատ։ Երբ Գոուքին և Կա-Չուկտեն, որոնք պարծենում էին, թե սեփական տան պես գիտեն ճանապարհը, վերջ ի վերջո խոստովանեցին, որ շեղվել են, նրանց գլխին թափված անեծքների մեջ միայն մի ձայն՝ այդ կնոջ ձայնը պաշտպան կանգնեց նրանց։ Այդ գիշեր նա երգեց իր ուղեկիցների համար, և նրա երգից մոռացվեց հոգնածությունը, ու սրտերը լցվեցին նոր հույսով։ Երբ ուտելիքն արդեն վերջանալու վրա էր և ամենաչնչին պատառն իսկ հաշվի էր առնված, կինը ըմբոստացավ իր ամուսնու և Սիտկա Չարլիի խորամանկությունների դեմ, պահանջելով, որ իրեն էլ բաժին հանեն ճիշտ այնքան, որքան մնացածներին՝ ո՛չ ավելի, ո՛չ պակաս։

Սիտկա Չարլին հպարտանում էր այդ կնոջ բարեկամությամբ։ Կնոջ հայտնվելով նրա կյանքը դարձավ ավելի հարուստ, նա նոր հորիզոններ գտավ։ Ինքն իր համար ուղեցույց լինելով, նա սովորել էր ընթանալ իր ճանապարհով, առանց որևէ մեկին նայելու։ Նա իրեն դաստիարակել էր՝ հենվելով այն կանոնների վրա, որ ինքն էր մշակել, չլսելով ոչ մեկի կարծիքը սեփականից բացի։ Եվ ահա առաջին անգամ ինչ-որ ուժ հայտնվեց դրսից ու կյանքի կոչեց այն լավագույնը, որ կար նրա մեջ։ Այդ ջինջ աչքերի խրախուսող նայվածքը, այդ զրնգուն ձայնով ասված շնորհակալության խոսքը, զմայլելի ժպիտով վառվող շուրթերի անորսալի թրթռո՜ցը,— և Սիտկա Չարլին ժամեր շարունակ գտնվում էր յոթերորդ երկնքում։ Կինը ոգեշնչում էր նրան՝ բարձրացնելով իր իսկ սեփական աչքում։ Նա սովորեց հպարտանալ նրանով, որ այդպիսի խորությամբ յուրացրել էր ճանապարհի իմաստությունը։ Նա և միսիս Էպինգուելը միասին բարձրացնում էին վհատված ընկերների ոգին։

Սիտկա Չարլիին տեսնելով՝ երեքի դեմքն էլ պայծառացավ. չէ որ նա իրենց միակ հենարանն էր ճանապարհին։ Ինչպես միշտ, անվրդով, հավասարապես թե ցավը, թե ուրախությունը անտարբերության երկաթե դիմակի տակ թաքցնելու սովոր Սիտկա Չարլին հարցուփորձ արեց ջոկատի մնացած անդամների մասին, հաղորդեց, թե ինչքան է մնում խարույկին հասնելուն և շարունակեց իր ճանապարհը։ Շուտով նա հանդիպեց մի հնդկացու։ Սա քայլում էր կաղալով, մենակ և առանց բեռի, նրա շուրթերը ամուր սեղմված էին, աչքերում քարացել էր ցավը․ նրա ոտքի մեջ, մահվան հետ վերջին կռիվը տալով, դեռ բաբախում էր կյանքը։ Այն ամենը, ինչ կարելի էր անել նրա համար, արված էր, բայց վերջին հաշվով թույլն ու ձախողակը մեռնում է։ Սիտկա Չարլին տեսնում էր, որ հնդկացու օրերը հաշվված են։ Միևնույն է՝ նա չի ապրի, և Սիտկա Չարլին սփոփանքի մի քանի խոսք ասաց ու գնաց։ Դրանից հետո նրան հանդիպեցին երկու հնդկացիներ ևս, նրանք, որոնց Սիտկա Չարլին հանձնարարել էր բերել Ջոյին՝ իրենց ջոկատի չորրորդ սպիտակամորթին։ Բայց նրանք լքել էին Ջոյին։ Սիտկա Չարլիի թռուցիկ մի հայացքն էլ բավական էր, որպեսզի շարժումների ինչ-որ անորսալի ազատությունից կռահեր, որ հնդկացիները անհնազանդ են դարձել։ Ուստի նա անակնկալի չեկավ, երբ սպիտակամորթի համար ետ դառնալու իր հրամանին ի պատասխան՝ որսորդական դանակները շողացին հնդկացիների ձեռքին։ Ի՜նչ ողորմելի տեսարան. մարդկային երեք թույլ արարածներ իրենց խղճուկ ուժերն են չափում հզոր բնության լայնարձակություններում։ Երկուսը ստիպված էին նահանջել այն հարվածների տակ, որ երրորդը նրանց հասցնում էր հրացանի խզակոթով։ Հնդկացիները ծեծված շների պես ետ դարձան։ Իսկ երկու ժամ հետո նրանք բոլորն էլ Ջոն, իր թևերն ընկած հնդկացիների հետ, և երթը եզրափակող Սիտկա Չարլին, մոտեցան խարույկին, որտեղ ջոկատի մնացած անդամները կրկին էին սեղմվում առագաստի պաշտպանության տակ։

Երբ անհամ բլիթների փոքրիկ պատառները կուլ էին տվել արդեն, Սիտկա Չարլին ասաց,

— Բարեկամներս, նախքան քնելը՝ մի քանի բառ։— Նա հնդկացիներին դիմեց իրենց մայրենի լեզվով, քանի որ սպիաակամորթներին արդեն հաղորդել էր իր խոսքի բովանդակությունը։— Բարեկամներս, մի քանի խոսք հենց ձեր օգտի համար. գուցե դրանք ձեզ օգնեն պահպանելու ձեր կյանքը։ Ես ձեզ կտամ մի օրենք, և նա, ով խախտի այն, ինքը մեղավոր կլինի իր մահվան համար։ Մենք անցել ենք Լռության Լեռները և այժմ գնում ենք Սթյուարտ գետի վերին հոսանքով։ Գուցե մեզ միայն մեկ քնել-զարթնելու ճանապարհ է մնում, գուցե երկու-երեք կամ նույնիսկ շատ քնել-զարթնել, բայց այսպես թե այնպես, մենք կհասնենք Յուքոնի մարդկանց, որոնք շատ ուտելիք ունեն։ Այսպես ուրեմն, մենք պետք է պահպանենք օրենքը։ Այսօր Կա-Չուկտեն և Գnուքին, որոնց, ես հրամայել էի դահուկաճամփա բացել, մոռացել էին, որ իրենք տղամարդ են, և փախել էին փոքրիկ երեխաների պես։ Դե ինչ արած, նրանք մոռացել էին, այս անգամ մենք էլ կմոռանանք։ Բայց այսուհետև թող նրանք չմոռանան։ Իսկ եթե նրանք նորից մոռանան…— Այստեղ նա միտումնավոր անփութությամբ շոյեց իր հրացանի փողը։— Վաղը նրանք կշալակեն ալյուրը, ինչպես նաև կտանեն սպիտակամորթ Ջոյին, կհետևեն, որ նա ընկած չմնա ճանապարհին։ Ես չափել եմ, թե քանի աման ալյուր կա այստեղ. եթե մինչև երեկո թեկուզ մի պտղունց կորչի … հասկանալի՞ է։ Ոմանք նույնպես մոռացել էին այսօր, Եղջերվագլուխն ու Եռասաղմոնը սպիտակամորթ Ջոյին մենակ թողել էին ձյան վրա։ Թող նրանք ևս չմոռանան։ Հենց որ լույսը բացվի, նրանք առաջ կգնան դահուկաճամփա բացելով։ Դուք օրենքը լսեցիք, ուրեմն տեսեք, որ այն չխախտեք։

Որքան էլ ջանում էր Սիտկա Չարլին, այնուամենայնիվ, նրան չէր հաջողվում ստիպել, որ իր ջոկատը իրար հետևից գնա։ Եղջերվագլխից ու Եռասաղմոնից, որոնք, դահուկաճամփա բացելով գնում էին առջևից, մինչև երթը եզրափակող Կա-Չուկտեն, Գոուքին ու Ջոն, ջոկատը ձգվել էր գրեթե մեկ մղոն։ Յուրաքանչյուրը շարժվում էր դանդաղ, ընկնում, որպեսզի շունչ առնի, և նորից վեր էր կենում։ Նրանք առաջ էին շարժվում մնացած ուժերը լարելով, անընդհատ կանգ առնելով, և ամեն անգամ, երբ նրանք մտածում էին, թե վերջնականապես ուժասպառվել են, պարզվում էր, որ ինչ-որ հրաշքով դեռևս կարող են էլի գնալ, որ իրենք դեռևս ուժ ունեն: Ամեն անգամ, ընկնելիս, մարդ մտածում էր, որ ինքն այլևս չի վեր կենա և, այնուամենայնիվ, նա վեր էր կենում, նորից ընկնում ու նորից վեր կենում։ Մարդկային կամքը հաղթում էր ուժասպառվող մարմնին, բայց ձեռք բերված ամեն մի հաղթանակը ողբերգություն էր պարունակում։ Ցրտահարված ոտքով հնդկացին այլևս չէր քայլում, այլ սողում էր չորեքթաթ։ Նա սողում էր, գրեթե առանց կանգ առնելու, որովհետև գիտեր այն գինը, որ սառնամանիքն իրենից կառնի մի փոքրիկ դադարի համար։ Նույնիսկ միսիս Էպինգուելի ժպիտն ասես քարացել էր շուրթնրի վրա, և նա առաջ էր նայում չտեսնող հայացքով։ Նա հաճախ կանգ էր առնում, կրծքին սեղմում մուշտակե թաթմանով ձեռքը. շունչը կտրվում էր, գլուխը պտտվում ։

Սպիտակամորթ Ջոն գտնվում էր տառապանքների մյուս կողմում։ Նա այլևս չէր խնդրում, որ իրեն հանգիստ թողնեն, և մահ էլ չէր աղերսում. նա շատ հեզ էր և ոչ մի բանից չէր գանգատվում․ զառանցանքը նրան ազատել էր այդ տառապանքներից։ Կա-Չուկտեն և Գոուքին նրան քարշ էին տալիս առանց անհարմար զգալու, նրան շնորհելով կատաղի հայացքներ, իսկ երբեմն էլ բռնցքահարվածներ։ Նրանք մեծագույն անարդարության զոհ էին համարում իրենց։ Նրանց սրտերը լիքն էին սարսափով և այրող ատելությամբ։ Այդ մարդը թուլացել է, իսկ ինչո՞ւ իրենք պետք է իրենց վերջին ուժերր ծախսեն նրա վրա։ Հնազանդվելը նրանց համար հաստատ մահ էր նշանակում․ ըմբոստանա՛լ․․․ Բայց այստեղ նրանք հիշեցին Սիտկա Չարլիին, նրա օրենքը, նրա հրացանը։

Որքան ավելի էր մթնում, Ջոն ավելի ու ավելի հաճախ էր ընկնում և ամեն անգամ նրան բարձրացնելը ավելի ու ավելի դժվար էր դառնում։ Նրանք սկսեցին խիստ ետ մնալ։ Վերջապես հնդկացիներն այնքան թուլացան, որ սկսեցին նրա հետ ձյան մեջ թավալվել։ Մինչդեռ նրանց մեջքի վրա, թիկունքին կյա՜նքն է, ջերմությո՜ւնը։ Ալյուրի տոպրակների մեջ կենարար ուժն էր ներփակված։ Այդ մասին չմտածել հնարավոր չէր և այն, ինչ տեղի ունեցավ, անխուսափելիորեն պետք է տեղի ունենար։ Նրանք դադար առան մեծ քանակությամբ լաստառաքվող փայտի մոտ, որը ծածկվել էր սառցով։ Փայտը, որ մի քանի հազար խորանարդ ոտնաչափ էր, թվում էր, թե լուցկու է սպասում։ Իսկ մոտերքում, սառցանցքի մեջ փայլատակում էր ջուրը։ Կա-Չուկտեն և Գոուքին նայեցին փայտին, այնուհետև՝ ջրին, հետո իրար երեսի նայեցին։ Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին։ Գոուքին խարույկ վառեց, Կա-Չուկտեն թիթեղյա ամանը ջրով լցրեց ու տաքացրեց կրակի վրա։ Ջոն անհասկանալի լեզվով թոթովում էր հեռավոր, իրենց համար օտար աշխարհում կատարվող անհասկանալի գործերի մասին։ Ալյուրը գոլ ջրի մեջ խառնելով, նրանք ջրալի շիլա պատրաստեցին և իրար հետևից մի քանի աման խմեցին։ Նրանց մտքով չանցավ հյուրասիրել Ջոյին, բայց Ջոն չնեղացավ։ Ջոն այլևս ոչ մի բանից չէր նեղանում։ Նա նույնիսկ չէր նեղանում իր մոքասիններից, որոնք կամաց վառվում էին ու ծխում խարույկի կրակների վրա։

Քեֆ անողների շուրջը իջնում էր թեթև, կայծկլտող ձյուն, իջնում էր մեղմորեն, քնքշորեն, նրանց առնելով մեծ սպիտակ ծածկոցի տակ։ Նրանք դեռ շատ ճանապարհ կանցնեին, եթե ճակատագրի կամքով ձյունը չդադարեր, ու երկինքը չմաքրվեր ամպերից։ Ընդամենը մի տասը րոպե, և նրանք կփրկվեին։ Ետ նայելով՝ Սիտկա Չարլին խարույկից բարձբացող ծխի սյուն տեսավ և ամեն ինչ հասկացավ։ Նա առաջ նայեց, այնտեղ, որտեղ ամենատոկուններն էին քայլում, որտեղ գտնվում էր միսիս Էպինգուելը։

— Այսպես ուրեմն, բարեկամներս, նորի՞ց մոռացել եք, որ դուք տղամարդ եք։ Լավ։ Շատ լավ։ Երկու ուտող պակաս կլինի։

Այս ասելով՝ Սիտկա Չարլին կապեց մնացած ալյուրի տոպրակը և ամրացրեց իր ուսապարկին։ Այնուհետև սկսեց ամբողջ ուժով դես ու դեն հրել դժբախտ Ջոյին, մինչև որ ցավը խեղճին դուրս բերեց երանելի ընդարմացումից ու ստիպեց դժվարությամբ ոտքի կանգնել։ Սիտկա Չարլին նրան կանգնեցրեց դահուկների վրա, թեթևակի հրեց, և Ջոն գնաց։ Հնդկացիները փորձեցին ծլկել։

— Կանգնի՛ր, Գոուքի։ Դո՛ւ էլ, Կա-Չուկտե։ Թե՞ ալյուրը այնքան ուժ է տվել ձեր ոտքերին, որ արդեն սրընթաց արճիճն էլ ձեզ չի հասնի։ Օրենքին չես խաբի։ Դե ցույց տվեք, որ դուք տղամարդ եք, և ուրախ եղեք, որ կուշտ եք մեռնում։ Կանգնեք իրար կողքի, մեջքով դեպի գերանները․․․ Դե՛։

Հնդկացիները ենթարկվեցին առանց խոսքի, առանց վախի, քանի որ մարդը վախենում է ապագայից և ոչ ներկայից։

— Գոուքի, դու կին ու երեխաներ ունես և եղջերվամորթուց պատրաստված վիգվամ չիպևա ցեղի հողում։ Ինչպե՞ս ես ուզում կարգավորել նրանց հարցը։

— Կապիտանից իմացիր, թե ինչ է պատկանում ինձ, և բոլորը տուր կնոջս՝ վերմակները, ուլունքները, ծխախոտը և այն արկղը, որը սպիտակ մարդու խոսակցության նման հրաշալի հնչյուններ է արձակում։ Ասա, որ ես մահը դիմավորեցի ճանապարհին, բայց մի՛ պատմիր, թե դա ինչպես եղավ։

— Իսկ դո՞ւ, Կա-Չուկտե։ Դու ոչ կին ունես, ոչ էլ երեխաներ…

— Ես քույր ունեմ, Քոշիմի ֆակտորիայի գործակալի կինն է․ նա քրոջս ծեծում է, նեղացնում նրան։ Քրոջս տուր այն ամենը, ինչ ինձ է պատկանում պայմանագրով, և ասա, որ վերադառնա իր հարազատների մոտ։ Իսկ եթե նրա ամուսինը պատահի, և դու ուզենաս ինձ լավություն անել, իմացած եղիր, որ նա մեռնելու արժանի է։ Նա քրոջս ծեծում է, և քույրս նրանից վախենում է։

― Համաձա՞յն եք օրինական մահ ընդունելուն։

— Համաձայն ենք։

— Դե, մնաք բարով, սիրելի բարեկամներս։ Թող ձեր հոգիները տաք տուն ընկնեն և թող լիքը կաթսաների մոտ նստեն։

Այս ասելով նա ցած բերեց հրացանը, և լռությունը խզվեց բազմագլոր արձագանքով։ Հազիվ էին լռել վերջին թնդյունները, երբ ի պատասխան հրացանի կրակոցներ լսվեցին հեռվից։ Սիտկա Չարլին ցնցվեց։ Կրակոցները մի քանիսն էին, իսկ ինքը գիտեր, որ ամբողջ ջոկատում, իրենից բացի, միայն մի մարդու մոտ հրացան կար։ Մի արագ հայացք գցելով ձյան մեջ անշարժ պառկածների վրա՝ նա դառն քմծիծաղով մտածեց ճանապարհի իմաստության մասին և արագ ընդառաջ գնաց Յուքոնի մարդկանց։