Մեծ ալիքն ու փոքր ալիքը
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ծովում երկու ալիք էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր։ Մեծ ալիքի անունը հենց այդպես էր՝ Մեծ, իսկ փոքրինը՝ Փոքր։
Նրանք շատ համերաշխ էին ու միշտ միասին էին լողում։ Փոքր ալիքը բոլորի նկատմամբ էլ բարեհամբույր էր․ խաղում էր ձկների հետ, քամու հետ ու նաեւ ուրիշ ալիքների հետ։ Իսկ մեծ ալիքը շատ կատաղի էր, ճանապարհին հանդիպած ամեն բան ջախջախում էր ու խորտակում։
Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա։ Բարձրանում էր կայմերից էլ վեր, իսկ հետո գահավիժում էր տախտակամածի վրա ու ջրով ողողում ամեն բան։
Հետո սիրում էր թափով սլանալ առաջ ու գրոհել ժայռերի վրա, ասես ուզում էր շրջել նրանց, ջրի տակ առնել, ոչնչացնել։
Եվ միայն Փոքր ալիքի նկատմամբ էր միշտ բարի ու զսպում էր իր կատաղությունը նրա ներկայությամբ։
Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում, եւ Փոքր ալիքը ավազուտ լողափին տեսավ պաղպաղակը ձեռքին մի տղայի։
— Ես էլ եմ պաղպաղակ ուզում,— ասաց նա։
— Հիմա կբերեմ,— ասաց Մեծ ալիքը։
Նա սրընթաց նետվեց տղայի վրա, ճեռքից խլեց պաղպաղակը եւ տվեց Փոքր ալիքին։ Փոքր ալիքը տեղնուտեղը լիզելով վերջացրեց պաղպաղակը, որը շատ համով էր։ Դա ելակի պաղպաղակ էր։
Պաղպաղակը վերջացնելուց հետո Փոքր ալիքը հարցրեց․
— Իսկ հիմա ի՞նչ ենք անելու։
— Ի՞նչ… Հապա՝ տես,— ասաց Մեծը։— Տեսնո՞ւմ ես այն քարաժայռերը։ Հիմա նրանք կիմանան, թե ինչ բան է իսկական հարվածը։ Ես նրանց ցույց կտամ։ Տե՛ս։
Ես Մեծ ալիքը բարձրացավ, փքվեց, դարձավ քարաժայռերից երեք անգամ ավելի մեծ, իսկ հետո թափ առնելով փլվեց նրանց վրա։ Թե կարող ես՝ դիմացիր։ Եվ քարաժայռերը մի քիչ վախեցան ու ավելի սեղմվեցին իրար։
Բայց Մեծ ալիքը չափազանց շատ վեր բարձրացավ ու մեծ թափով գահավիժեց, եւ այդ պատճառով էլ ժայռերի վրա փլվելու փոխարեն, թռավ անցավ նրանց վրայով ու ընկավ նեղլիկ ճեղքի մեջ, որը գտնվում էր ժայռերից այն կողմ։ Ու այլեւս չկարողացավ ծով վերադառնալ։ Նա բանտարկված էր։ Ուստի նետվում էր այս ու այն կողմ, փորձում էր ազատվել, բայց իզուր։ Նա գերի էր ընկել։
— Օգնեցե՜ք,— գոչեց նա։— Օգնեցե՜ք։
Այդ պահին ժայռերի վրայով թռչում էր Միրանդա բադը։ Նա նստեց քարաբեկորին ու հարցրեց․
— Ի՞նչ է պատահել։
— Չե՞ս տեսնում, դուրս գալ չեմ կարողանում,— ասաց Մեծ ալիքը։— Ես գերի եմ ընկել։ Օգնի՛ր ինձ, խնդրո՜ւմ եմ։
— Ոչ։ Ես չեմ ուզում քեզ օգնել,— ասաց Միրանդան։— Դու բոլորի վրա հարձակվում ես, նավեր ես խորտակում եւ նույնիսկ ուզում ես քարաժայռեր ոչնչացնել։ Ես քիչ առաջ տեսա, թե դու ինչպես տղայի ձեռքից խլեցիր պաղպաղակը։
Եվ այդ ժամանակ էլ Միրանդան լսեց, թե ինչպես է մեկը լալիս ժայռերի մյուս կողմում։ Նայեց ծովին ու տեսավ Փոքր ալիքին։
— Ինչո՞ւ ես լալիս,— քնքշորեն հարցրեց Միրանդան։
— Ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,— ասաց Փոքրը։— Նա գերի է ընկել ժայռերից այն կողմ, իսկ ապառաժների վրայով մագլցել չեմ կարող։— Եվ Փոքրը դարձյալ լաց եղավ։
— Մեծ ալիքին ես չեմ օգնի,— ասաց Միրանդան։— Նա արժանի չէ, որ իրեն օգնեն։ Եվ բնավ էլ անհրաժեշտ չէ, որ ծով վերադառնա։ Բայց քեզ կօգնեմ, եթե դու համաձայն ես ժայռերի վրա բարձրանալ։
— Համաձայն եմ,— ասաց Փոքր ալիքը։
— Դու լա՞վ ես մտածել,— հարցրեց Միրանդան։
— Այո,— պատասխանեց Փոքր ալիքը։
Ուրեմն, հետեւիր ինձ։
Եվ նա Փոքր ալիքին ցույց տվեց, թե որտեղից է ավելի հարմար դուրս գալ ավազուտ ափ։ Հետո նա թաթով ջրանցք փորեց եւ Փոքր ալիքին առաջարկեց այդ ջրանցքով առաջ լողալ ու շրջանցել ժայռերը։ Փոքր ալիքը այդպես էլ արեց ու շուտով հայտնվեց նեղլիկ ճեղքի մոտ։
Բարեկամներն այդ հանդիպումից այնքան ուրախացան, որ նույնիսկ համբուրվեցին։
— Ի՜նչ ուրախ եմ քեզ հանդիպելուս համար,— ասաց Մեծ ալիքը։
— Ես էլ եմ ուրախ,— ասաց Փոքր ալիքը։
— Գիտես ինչ, եկ միասին մի ալիք դառնանք ու այլեւս չբաժանվենք,— առաջարկեց Մեծ ալիքը։
— Ե՛կ,— համաձայնեց Փոքր ալիքը եւ ուրախությունից նույնիսկ ճողփաց։
Ու երկու ալիքները իրար միացան։
Այսպես ծնվեց այն լեռնային լիճը, որը հայտնի է իր ափերին ծաղկող հողմածաղիկներով։