Տապակած կարտոֆիլով ձուկը
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ջրագռավ Դենիսը ապրում էր Հոլուեյ ծովախորշի խարսխալողանի վրա։ Խարսխալողանի անունը Մարգարեթ էր։
Գիշերները Դենն ապրում էր խարսխալողանի վրա, իսկ ցերեկները նստում էր նրա եզրին ու, վիզը ձգելով, ծովի բաց֊կանաչ ջրերում հայացքով ձուկ էր որոնում։
Որսը նկատելով, Դենը խորասուզվում էր, հետո ձուկը կտուցով բռնած, դուրս էր լողում։ Նա սիրում էր ձուկը վեր նետել, կտուցը լայն բացել, իսկ հետո օդում բռնել ու մի ակնթարթում կուլ տալ։
Դենը ձուկ շատ էր սիրում։ Նա ձուկ էր ուտում թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին եւ թե՛ ընթրիքին։ Ու երբեք չէր ձանձրանում։
Մի անգամ ավազուտ ափի վրայով թռչում էր Էլիս կաքավիկը եւ քամին նրան դեպի բաց ծով քշեց։ Այդ օրը նա թռել էր տատիկի մոտ հյուր եւ հիմա վերադառնում էր տուն, դեպի իր հարազատ ճահճուտը։
Էլիսը շատ էր հոգնել եւ հանկարծ ծովում նկատեց խարսխալողանն ու նրա վրա նստած Դենիսին։ Դենը շատ ուրախացավ Էլիսին տեսնելով։
— Մի՛ գնա, միասին կընթրենք,— առաջարկեց Դենը։— Այսօր մեր ընթրիքը կլինի ձուկ։
— Ձո՞ւկ,— զարմացավ Էլիսը։— Կյանքումս երբեք ձուկ չեմ կերել։ Համե՞ղ է։
— Շատ համեղ է,— բացականչեց Դենիսը։— Աշխարհում ձկնից բացի ուրիշ համեղ բան չկա։
Եվ այս ասելով, նա սուզվեց ծովն ու քիչ անց դուրս լողաց արծաթի պես փայլփլուն ձուկը բերանին։ Նա ձուկը տվեց Էլիսին։
Էլիսը ուշադիր զննեց ձուկն ու ասաց․
— Իսկ ինչպե՞ս են ուտում։
— Այսպես,— ասաց Դենը եւ ձուկը նետեց դեպի վեր, հետո օդում բռնելով կուլ տվեց։— Մի րոպե սպասիր, հիմա մի հատ էլ կբռնեմ։
Նա նորից սուզվեց ու նորից դուրս լողաց ձուկը կտուցին, միայն թե այս անգամ ձուկը փոքրիկ էր։
— Փորձիր այս մեկը,— ասաց նա։
Էլիսը ձուկը վեր նետեց, հնարավորին չափ լայն բացեց իր պստլիկ կտուցը ու տեղնուտեղը կուլ տվեց ձկնիկին։
«Ի՜նչ անհամ է, ի՜նչ զզվելի է»,— մտածեց նա։
— Հը՞, համե՞ղ էր,— հարցրեց Դենը։
— Այո, շնորհակալություն,— պատասխանեց Էլիսը։ Նա շատ քաղաքավարի կաքավ էր։— Շատ համեղ էր։
— Որ այդպես է, հիմա մի հատ էլ կբերեմ,— ասաց Դենիսը։
— Ոչ, ոչ… Պետք չէ,— ասաց Էլիսը։— Ես երկար մնալ չեմ կարող։ Շատ շնորհակալություն։ Ցտեսություն։
Եվ թռավ գնաց։
Տուն վերադառնալով, նա մտավ թփուտների մեջ ու անուշ քնեց ամբողջ գիշեր։ Իսկ առավոտյան արեւը պայծառ փայլեց երկնակամարում, եւ Էլիսը հանկարծ հիշեց Դենին։ «Ինչ խելացի ու բարի է նա,— մտածեց Էլիսը։— Ես նրան շաբաթ օրը ընթրիքի կհրավիրեմ»։
Նա Դենիսին մի նամակ գրեց, թե հրավիրում է ընթրիքի ու մոտակա քաղաքում գցեց փոստարկղը։
Դենիս ջրագռավին
Խարսխալողան Մարգարեթ
Հոլուեյ ծովախորշ
Նամակն ստանալով, Դենը շատ ուրախացավ եւ անմիջապես պատասխանեց, որ ընդունում է հրավերը։ Ծրարի վրա նա գրեց․
Էլիս կաքավին
Աջակողմյան չորրորչ մարգագետին
Գոլֆի հրապարակի մոտակա ճահիճ
Հոլուեյ
Շաբաթ օրը Էլիսը սովորականից վաղ արթնացավ եւ ամեն ինչ պատրաստեց Դենին հյուրընկալելու համար։ Նա խելացի կաքավ էր, ու գիտեր, որ ջրագռավները տարբերվում են ցամաքային թռչուններից եւ հատապտուղներ ու հատիկներ չեն սիրում։ Իսկ թե ինչ են սիրում, նա արդեն գիտեր․ ուստի թռավ քաղաք ու վերադարձավ, բերելով մի կողով ձուկ ու մի տոպրակ տապակած կարտոֆիլ։
Շուտով մարգագետին եկավ Դենը։ Սեղանն արդեն պատրաստ էր։ Սկսվեց խնջույքը։ Դենն առաջին անգամ էր ուտում տապակած կարտոֆիլ։
— Խըրստ֊խըրստ֊խըրստ,— ծամում էր նա։— Տապակած կարտոֆիլով ձուկն ավելի համեղ է, քան միայն ձուկը առանց տապակած կարտոֆիլի։ Կարելի՞ է, որ մյուս շաբաթ էլ հյուր գամ քեզ։
— Իհարկե, կարող ես ամեն շաբաթ էլ գալ,— ասաց Էլիսը։
Եվ Դենը ամեն շաբաթ գալիս էր հյուր, եւ ամեն անգամ Էլիսը նրան հյուրասիրում էր տապակած կարտոֆիլով ձուկ։