Փոքրիկ տղան, որը մռնչում է վագրերի վրա

Գրապահարան-ից
Փոքրիկ տղան, որը մռնչում է վագրերի վրա

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Հնդկաստանում Սադի անունով մի փոքրիկ տղա էր ապրում։ Նա սիրում էր մռնչալ վագրերի վրա։

— Զգույշ եղիր,— ասում էր նրան մայրիկը։— Վագրերը չեն սիրում, երբ իրենց վրա մռնչում են։

Բայց Սադին մորը ականջ չդրեց ու մի անգամ, երբ մայրիկը խանութ էր գնացել, վազեց վագր գտնելու, որպեսզի վրան մռնչա։

Շատ հեռուները գնալու հարկ չեղավ։ Վագրը ծառի տակ կանգնած, ինքն էր սպասում Սադիին։

Հենց որ Սադին մոտեցավ, վագրը ցատկեց ու մռնչաց․

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

Սադին որպես պատասխան, ինքն էլ մռնչաց․

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

Վագրը վիրավորվեց։

«Նա ինձ ո՞ւմ տեղն է դրել,— մտածեց նա։— Կատվի՞։ Նապաստակի՞։ Ինոտի… Չէ, ոչ թե ինոտ, այլ՝ ենոտի՞»։

Հաջորդ օրը, հենց որ ճանապարհի վրա տեսավ Սադիին, դուրս ցատկեց ծառի ետեւից ու մռնչաց ավելի բարձր։

— Րըրրռռռռռռռռռռռռռռռռռռռռ…

— Բարեւ, վագր, —ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին։

Վագրը չէր հանդուրժում, երբ ուսին թփթփացնում էին, եւ փախավ հեռու։ Նա պոչով մտրակում էր գետինը, սրում էր ճանկերը եւ վարժվում էր մռնչալ ավելի ահարկու։

— Չէ՞ որ ես վագր եմ․— ասում էր նա։— Վ Ա Գ Ր, Վ Ա Գ Ր֊Ր Ր֊Ռ Ռ Ռ Ռ Ռ Ռ…

Հետո գնաց լճակ՝ ջուր խմելու։ Խմելիս, ջրի մեջ տեսավ իր արտացոլումը։ Նրան էր նայում դեղին ու սեւ շերտերով, երկար պոչով մի գեղեցիկ, գեղեցիկ վագր։ Նա դարձյալ մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ իրենից վախեցած, վազեց֊փախավ։ Վազեց, այնքան վազեց, մինչեւ որ հոգնեց։

«Այդ ումի՞ց էի փախչում,— մտածեց նա։— Չէ՞ որ ջրի միջինը հենց ես էի։ Ահ, այդ փոքրիկ տղան վերջնականապես շփոթեցրել է ինձ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ է նա մռնչում վագրերի վրա»։

Հետեւյան օրը, երբ Սադին անցնում էր մոտով, վագրը խոսքի բռնեց նրան։

— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա,— հարցրեց նա։

— Որովհետեւ նրանցից վախենում եմ,— ասաց Սադին։— Իսկ երբ վրաները մռնչում եմ, կարծես հակառակն է լինում, հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ,— պատասխանեց վագրը։

— Չէ՞ որ վագրերը աշխարհում ամենասարսափելի գազաններն են,— շարունակեց Սադին։— Միայն շատ քչերն են, որ չեն վախենում մռնչալ նրանց վրա։

Վագրը իրեն շոյված զգաց։

— Առյուծների՞ց էլ սարսափելի են։

— Իհարկե,— պատասխանեց Սադին։

— Արջերի՞ց էլ։

— Համեմատել նույնիսկ չի կարելի։

Վագրը գոհունակությամբ մռլտաց։ Փոքրիկ տղան արդեն նրան դուր էր գալիս։

— Իսկ դու շատ լավ տղա ես,— ասաց նա եւ լիզեց Սադիին։

Այդ օրից ի վեր նրանք հաճախ էին միասին զբոսնում եւ մռնչում իրար վրա։