Վերջին թարմացում 2 Դեկտեմբերի 2015, 22:11
Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար

հեղինակ՝ Երվանդ Օտյան
աղբյուր՝ «Ընկ. Բ. Փանջունի»

Phanjuni pic 1.png

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻԻ ՄԱՍԻՆ

thumb
    Կյանք մը որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործունեության ամենեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը։
    Ուստի ապագա կենսագիրներու թողլով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքա՜ն դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ՝ ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ։
    Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875-ին։ Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով։ Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով։
thumb
    Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
    — Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
    — Բայց տանը մեջ ա՛լ դիմացվելիք բան չէ։
    — Բամպակ թխեցեք ականջնիդ, այս է միակ միջոցը,— պատասխանեց բժիշկը։
    Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։
    Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
thumb
    — Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
    — Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
    — Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
    — Չէ՛, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան։
    Ի զո՜ւր հայրը երկար– բարակ կը բացատրե թե՝ երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կ'ընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել։ Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ի՞նչ կ'ընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին, անդրդվելի ու անխռով կը պատասխաներ.
    — Կը շինեմ կոր։
    Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կ'անցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կա՛մ դասատուին, կա՛մ դասագրքին, կա՛մ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին։
    Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ։
    — Հինգ անգամ հինգ՝ քսանըհինգ կ'ընե,— կ'ըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ։
    — Չէ՛,— կը համառեր Փանջունի,— հինգ անգամ հինգ՝ հիսուն կ'ընե։
    — Ո՛չ, քսանըհինգ կ'ընե։
    — Հիսուն կ'ընե։
    Մյուսը տեսնելով որ դժվար,— ի՜նչ կ'ըսեմ անկարելի,— է խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռիվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.
    — Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ'ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ'ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
    — Չ'ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ'ընե։
thumb
:    — Այդ անկարելի է։
    — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
    — Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
    — Չեմ կրնար ապացուցանե՜լ, չեմ կրնար ապացուցանե՜լ,— մռնչեց Փանջունի,— ա՛ռ քեզի համոզիչ ապացույց մը։
    Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն։
    Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացուց թե՝ հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքել վարժապետին։
    Վարժապետը իսկույն կանչեց Փանջունին և՝
    — Ինչո՞ւ ընկերոջդ գլուխը պատռեցի՞ր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին՝ «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»։
    — Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիսթը հանդիսավորապես։
    Հայրը տեսնելով իր զավկին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կճրտելով կը պոռար.
    — Փորձա՜նք պիտի ըլլաս, փորձա՜նք...
    Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ։ Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ։
✻    ✻



    Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
thumb
:    Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
    Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
thumb
:    Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։
    Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր քափիթալիզմը, և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։
    Ընկերվարական էր։
thumb
:    Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ'որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ'ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ'երթային իրենց գործին։
    Իսկ ա՛ն կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր։
    Խեղճ եղբայրը՝ շվարած շլմորած՝ չէր գիտեր ինչպե՜ս ազատիլ այս փորձանքեն։
    Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
    — Եղբայր, բան մը մտածեցի։
thumb
:    — Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
    — Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
    — Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
    Փանջունի այսպես սիրուն խոսքեր շատ ուներ և եղբայրը վարժված էր անոնց, ուստի առանց բարկանալու իր խոսքը շարունակեց.
    — Մտածեցի, որ փոխանակ հոս պարապ ժամանակ անցընելու, քեզ Մարսիլիա վաճառականական դպրոցը ղրկեմ, ուր երեք տարի մնալով կրնաս վկայականդ առնել և հոս վերադառնալ, ուր միասին կը շարունակենք իմ գործս։
    Եվրոպայի մեջ ուսանող ըլլալու գաղափարը ժպտեցավ Փանջունիի, որ անմիջապես պատասխանեց.
    — Շատ լավ գաղափար է, և սիրով կ'ընդունիմ։
    Ամիս մը վերջը Փանջունի երկու ձեոքը մեյ մեկ պայուսակ ժոլիեթի քարափը կը դներ ոտքը։
    Շաբաթ մը մնաց Մարսիլիո մեջ, վաճառականական դպրոցը այցելեց, ծրագիրը աչքե անցուց, գործին չեկավ ու շոգեկառք նստելով գնաց ժընև, ուր արձանագրվեցավ իբրև սոցիալ գիտություններու ազատ ուսանող։
✻    ✻



    Սոցիալ գիտություններու ազատ ուսանողի կյանքը չորս տարի տևեց և այդ չորս տարվան միջոցին Փանջունի հինգ անգամ գնաց այն համալսարանը, ուր, արձանագրված էր։
thumb
:    Առաջին անգամ՝ սուլելու համար պատմության դասախոսը, որ Ֆրանսական մեծ հեղափոխությունը գովաբանած էր, պախարակելով սակայն Պապեոֆի և իր կուսակիցներուն հախուռն գաղափարները։ Երկրորդ անգամ գնաց ցույց մը ընելու համար ընկերվարական դասախոսի մը դեմ, որ քննադատած էր ռուս ոչնչականությունը[1]։ Երրորդ անգամ գնաց բողոքելու համար իմաստասիրության ուսուցչին դեմ՝ որ պետք եղած խանդավառությունը ցույց չէր տված Քրոփոթքինի վարդապետությանց[2]։ Չորրորդ անգամ՝ ձմեռ ատեն, գնաց համալսարան, որովհետև իր սենյակին մեջ ցուրտ էր ու վառելանյութը կը պակսեր և գարեջրատուն երթալու դրամ չուներ քովը։ Եվ, վերջապես, հինգերորդ անգամ գնաց սպանիացի ուսանողներու հետ ծեծ մը քաշելու համար ուսուցչի մը, որ Պարսելոնի անիշխանական արարքները քննադատած էր։ Այս վերջին այցելությունը պատճառ եղավ որ զինքը արտաքսեն համալսարանեն և անունը ջնջեն ուսանողներու արձանագրության տետրակեն։
    Համալսարան հաճախած այս սուղ վայրկյաններեն դուրս, Փանջունի իր ժամանակը կ'անցըներ հայ և ռուս հեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին։ Գարեջրատունները, որոնց մեջ կը լուծվեին մարդկային ընկերությունը տանջող բոլոր խնդիրները, իր գլխավոր կայաններն էին, իր անառիկ մարտկոցները ուրկե կը ռմբակոծեր աշխարհի բոլոր կեղտոտ պուրժուաները, կեղեքիչ քափիթալիսթները, չխնայելով նույնիսկ եղբորը, որ կը շարունակեր ամսական երկու հարյուր ֆրանք ղրկել, ոչ թե խեր մը սպասելով Փանջունիեն, այլ որպեսզի ականջը տինջ ըլլա։
thumb
:    Եվ սակայն 96-ի ջարդերը վրա հասեր էին, եղբորը գործերը ավրվեր, ինք հալածվեր, բանտարկվեր, փճացեր էր և օր մըն ալ ստիպվեր էր ամեն բան թողլով կինն ու զավակները առնել և հեռանալ Տրապիզոնեն՝ դեպի արտասահման։
    Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր։
thumb
:    — Կեղտո՜տ արարած,– գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով։
    Այսպիսի ժեսթեր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին։
    Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ։ Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme–ը[3] իր ամեն անհաճո երևույթներովը։
    Իր ուսանող բարեկամները ժամանակ մը օգնեցին իրեն բայց օր մըն ալ երթաս բարովը դրին, թեև շատ փափկորեն։
    — Ինչպե՞ս այս վատ դրութենեն դուրս պիտի ելլեմ,— ըսավ այդ հուսահատական օրերուն իր բարեկամներեն մեկուն, որ ուսանող, հեղափոխական և խմբագիր էր միանգամայն։
    — Եկո՛ւր քեզ հեղափոխական գործիչ շինենք,— ըսավ բարեկամը.— խոսելու դյուրություն ունիս՝ այդ բավ է։
    Ծովը իյնողը օձին կը փաթթվի, կ'ըսե առածը, մեր մեջ ալ կարելի է ըսել թե՝ անոթի մնացողը հեղափոխական կ'ըլլա։
    Փանջունի ընդունեց առաջարկը։
    Ամիս մը ետքը մեր հերոսը ճամբա ելավ դեպի Պուլկարիա «կենաց բանը» քարոզելու, հետո անցավ Հունաստան, հետո՝ Եգիպտոս և ի վերջո Պարսկաստան և Կովկաս։ Իր տաք, համոզված, եռանդուն և անխոնջ պերճախոսությունը կը հրդեհեր սառած հոգիները, կը պրկեր, կը զորացներ թուլցած ջիղերը և կը խանդավառեր միամիտ էությունները։ Իր պաշտոնն էր ֆետայիներու հրոսախումբեր կազմակերպել ու զանոնք երկիր ղրկել, ինք մնալով արտասահմանի մեջ։
    — Մենք ժամկոչներու կը նմանինք,— կ'ըսեր հաճախ,— զանգակահարությամբ ուրիշները կը հրավիրենք ու եկեղեցի կը մտցնենք, իսկ մենք դուրսը կը մնանք։
    Ազնի՜վ անձնազոհություն։
    Փանջունի հեղափոխական այս տենդոտ գործունեության մեջ էր պարսկական սահմանագլխին վրա, երբ հանկարծ լուր ստացավ թե Սահմանադրությունը հռչակված է Թուրքիո մեջ[4], բանտարկյալներու ընդհանուր ներում եղած է, մամուլի ազատություն տրված է և թե ամեն մարդ ազատորեն կրնա Թուրքիա մտնել։
    Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հերոսը։
    — Մեր գործը պրծա՜վ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։
thumb
:    Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։
    Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»–ի հրաշալի գյուտը, ավելի սահմռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեոք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները։
    Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands[5]–ներու զինվորներուն պես։ Իրավ է որ ութը տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրա՛վ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց, ափսո՜ս, ականջները ա՛լ սկսած էին հափրանալ։ Բաց աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներոլ և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ՝ օր մը պիտի վարժվինք դժոխքի կրակին, ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա։
    Այն ատեն Փանջունի վճռական որոշում մը տվավ։
    Պոլիսեն ավելի՝ հարկ անհրաժեշտ էր գավառը զարթեցնել, լուսավորել, հեղափոխել։
    Ու մեկնեցավ Արաբկիր, անկե Ծապլվար, ուր հաստատեց իր գործունեության կեդրոնը։
    Հետագա նամակներուն մեջ պիտի տեսնենք այս գործունեությունը, որ զուրկ չէ տեսակ մը վեհափառութենե, գոնե ոմանց համար։
  1. Ռուս ոչնչականությունը — ռուսական նիհիլիզմը։ 19-րդ դարի 60-ական թթ. ռուս ռազնոչին մտավորականության մեջ տարածում գտած ուղղություն, որ ժխտական վերաբերմունք ուներ ազնվական հասարակության հիմքերի և ավանդների նկատմամբ։ (Բոլոր ծանոթագրությունները Լևոն Հախվերդյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։)
  2. Քրոփոթքինի վարդապետությունը — Կրոպոտկինի ուսմունքը։ Պ. Ա. Կրոպոտկին (1842—1921) — ռուսական և միջազգային անարխիզմի գաղափարախոսը, աշխարհագրագետ և ճանապարհորդ։
  3. Pauperisme — պաուպերիզմ. աշխատավոր զանգվածների ծայրահեղ աղքատություն։
  4. Սահմանադրությունը հռչակված է Թուրքիո մեջ — խոսքը վերաբերում է 1908 թ. հուլիսին, երիտթուրքերի կուսակցության ճնշման տակ, Թուրքիայում հռչակված սահմանադրությանը, որը 1876 թ. Սահմանադրության վերականգնումն էր։ Դրանով Թուրքիան դառնում էր սահմանադրական միապետություն։ Պետական խորհրդի նիստից անմիջապես հետո հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը հեռագիրը կայսրության բոլոր ծայրամասերը հղեց հաղորդում այն մասին, որ սուլթան Աբդուլ Համիդն այսուհետև իր հպատակներին շնորհում է պետության կառավարման սահմանադրական կարգ։
  5. Brigands — ավազակախմբեր։ Հեղինակը նկատի ունի ֆրանսիական կոմպոզիտոր Օֆենբախի օպերետներում հանդես բերված ավազակներին։
  6. thumb

    ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

        Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքովը ձեռքս հասավ և զոր «Բյուզանդիոն»–ի[1] միջոցով կ'ուզեմ պարբերաբար հաղորդել հասարակության։
        Տասներկուքի չափ են այն նամակներն և տարվան մը միջոցին գրված։ Բնագրին մեջ լեզուն կովկասահայ բարբառին ավելի կը մոտենա և գրեթե կը նույնանա անոր հետ, սակայն ես հարկ համարեցի, ընթերցողներու դյուրության համար, մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ։ Արդեն գրողը աշլամա[2] ռուսահայ մըն է՝ ծնած ըլլալով Թուրքիո մեջ։
        Եթե այս նամակները իբրև երգիծական գրվածք մը կարդացվին հանցանքը ապահովաբար գրողինը չէ. քանզի բո՛ւն հեղինակը ամրակուռ սկզբունքներով շաղախված, թունդ հավատացյալ հայ ընկերվարական հեղափոխական մըն է, լրջության ծայրագույն սահմաններն հասած ու հոն պատնիշացած։
        Նամակները ուղղված կ'երևան կեդրոնական մարմնի մը, որուն կողմե ղրկված կը թվի նամակագիրը, իր առաքելական պաշտոնը կատարելու համար։
        Չմոռնամ շնորհակալություններս հայտնել ԵՐՕՏ-ին[3], որ հանձն առավ այդ նամակներն ընդօրինակել, բնագիրները խնամով իր տեղը վերադարձնելե առաջ։
     
            ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
    thumb
    1. Սույն նամականին «Բյուզանդիոն» օրաթերթին մեջ հրատարակված է։(Ծանոթ. Երվանդ Օտյանի)
    2. Աշլամա - պատվաստված։ Այստեղ՝ սարքված, «շուռ տված»։
    3. Երօտ — Երվանդ Օտյանի ծածկանուններից մեկը։
    4. thumb

      Ա.

                      ԾԱՊԼՎԱՐ, 15 սեպտեմբեր, 1908
      thumb
          Սիրելի ընկերներ,
          Ձեր հրահանգներն ստանալուս պես փութացի Արաբկիրեն ճամբա ելլել և չորս օր ճամբորդելե ու Շեփիկ, Վաղշեն, Կրանի և Մաշկերտ գյուղերը մեյ մեկ գիշեր մնալե ետքը հասա Ծապլվար գյուղը, որ ըստ իս մեր պրոփականտին համար հարմարագույն վայրն է:
          Ծապլվար՝ քսան տունե բաղկացած՝ զուտ հայկական գյուղ մըն է, գեղեցիկ ու բարեբեր հովիտի մը մեջ, ուրկե կ'անցնի Ջրբերիկ գետակը։ Գյուղացիները ընդհանրապես բարեկեցիկ, ժիր ու աշխատող են, հին ռեժիմեն դժբախտաբար շատ չեն տառապած և այս պատճառով նոր ռեժիմը իրենց վրա մեծ ներգործություն չէ ըրած։ Ատեն-ատեն հալածանքներ կրած են միայն մոտակա Քոմրաշ գյուղի քրդերուն կողմե, որոնք ավազակաբարո մարդիկ են։
      thumb
          Պետք չկա ըսելու որ Ծապլվար գյուղը խոր տգիտության մեջ թաղված է, մանավանդ ընկերվարական հարցերու մասին։ Տասնըհինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետևյալ օրն իսկ սկսած եմ պրոփականտի, և տակավին կարող չեմ եղած այդ գյուղացիներու մտքին մեջ մտցնել քափիթալիզմի գործած ոճիրները, բանվորական սենտիքաներու հրամայողական անհրաժեշտությունը, պրոլետարիայի պահանջքները ևն...։ Բայց ես չեմ հուսահատած, ընդհակառակը իրենց այդ անհասկացողությունը ավելի եռանդ կու տա ինծի պրոփականտը առաջ տանելու։
          Ինչ որ իմ պաշտոնս կը դժվարացնե, այն է թե Ծապլվարի մեջ գոյություն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանավանդ լավագույն է ըսել թե՝ այդ բաժանումներու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները։
      thumb
          Պետք է կռվի պատրաստել այս տգետ գյուղացիները, և այդ հեշտ գործ չէ։
          Երկու շաբաթե ի վեր անընդհատ շփման մեջ եմ գյուղի բոլոր բնակիչներուն հետ և կը ջանամ որոշել, և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շարքերը։
      thumb
          Գյուղն ունի մի ծերուկ քահանա՝ Տեր Սահակ. այդ կը ներկայացնե միջնադարյան կղերականությունը, խավարամտությունը, օպսքուրանթիզմը[1]։ Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դեմ։
      thumb
          Ծապլվարի պուրժուազիան կը ներկայացնեն Րես Սերգոն և իր մեկ քանի արբանյակները։ Այդ կեղտոտ պուրժուան ունի երեք արտ, երկու կով, մեկ էշ և երկու այծ, արդյունք՝ խեղճ անինչք գյուղացիներու վրա ի գործ դրված դարավոր կեղեքումներու։ Զարմանալի է որ այդ մարդը գյուղին մեջ բարի համբավ կը վայելե և կը հարգվի ամենեն, նույնիսկ անոնց կողմե որոնք պետք էր որ իր բնական թշնամիները ըլլային։ Տեսե՛ք թե ո՛ր աստիճան տգիտության մեջ թաղված են այդ խեղճերը։ Հա՞րկ ըսել որ Տ. Սահակ շաբաթը մեկ քանի անգամ կը ճաշե Րես Սերգոյի տունը։— Հավիտենական զինակցությունը քափիթալիզմի և կղերականության՝ ընդդեմ ընչազուրկ դասակարգին։— Բայց համբերություն, ամեն բան իր տեղը կու գա։
      thumb
          Ծապլվարի մեջ բանվոր դասակարգը կը բաղկանա պայտար Մկոյե, որ միանգամայն երկաթագործ է։ Երկու օր առաջ Րես Սերգոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստիպվեցավ դիմել Մկոյին։ Շատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Րես Սերգոյի էշն առանց պայտի ձգելու։ Այդ՝ շատ ցնցող տպավորություն պիտի գործեր առ հասարակ առանձնաշնորհյալ դասակարգերուն վրա։ Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացավ, որովհետև տակավին բավականաչափ պրոփականտ չէի արած։ Հոգ չէ, եթե այս անգամ չի հաջողվեցավ՝ ուրիշ անգամ կը հաջողվի։ Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մեջ, մեր պրոփականտի գործնական արդյունքը ցույց տալու համար։
          Վաղը կը մեկնիմ Քոմրաշ քուրտ գյուղը, ուր պիտի մնամ մեկ քանի օր, համերաշխություն քարոզելու հայերու և քրդերու միջև։ Քրդերը մեր բնական նեցուկներն են. հարկ է հաշտ երթալ անոնց հետ և ի հարկին գործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու հաղթանակին համար։ Բայց ատոնք ապագայի հարցեր են։
          Մի քիչ փող ղրկեցե՛ք ինձ։
      thumb
      1. Օպսքուրանթիզմ — օբսկուրանտիզմ. կատաղի թշնամություն լուսավորության և առաջադիմության նկատմամբ։
      2. thumb

        Բ.

                        ԾԱՊԼՎԱՐ, 2 հոկտեմբեր, 1908
            Սիրելի ընկերներ,
        thumb
            Ուրախ տրամադրության տակ կը գրեմ այս նամակս և կը հուսամ որ հաջորդով կարող պիտի ըլլամ փաստացի իրողություններ հաղորդել ձեզ։ Առաջին քայլերն իրա՛վ դժվարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ հույս ունիմ։
            Քոմրաշ գյուղի քրդերը լավ ընդունելություն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մոտ և տեսա որ լավ տրամադրություններով լարված են։ Էքսբրոբրիացիայի[1] տեսություններս շատ ավելի դյուրավ ըմբռնեցին քան մեր ապուշ Ծապլվարցիք։ Պատրաստակամություն հայտնեցին անմիջապես գործնական հողի վրա դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գյուղացիներու ինչքերը բռնի ուժով գրավելու հարցը: Ըսի թե չպետք է աճապարել և թե հարկ է մի քիչ սպասել։ Համենայն դեպս Քոմրաշ գյուղը մեր պրոփականտային համար մի ամուր կռվան է։
        thumb
            Մի հիանալի դեպք ցույց կու տա թե ի՛նչ հզոր նկարագրի տեր են այդ քրդերը։ Զիս չորս օր ամենամեծ պատվով հյուրընկալելե և մեծարելե ետք՝ երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչված ձորին մեջ, նույն այն քրդերն որոնց տանը մեջ հյուր եղած էի, հանկարծ՝ զինյալ վրաս հարձակեցան և զիս կողոպտեցին՝ գրեթե մորե մերկ ձգելով։
            — Բայց ինչո՞ւ ձեր մոտ գտնված ատենս զիս չթալլեցիք,— հարցուցի զարմացած։
            — Այն ատեն մեր հյուրն էիր,— պատասխանեց Քելեշ Մրկո տանուտերը,— բայց անգամ մը որ գյուղեն հեռացար, այլևս եղար մեր որսը։
            Այս պատասխանը իր մեջ կը պարունակե մի սկզբունքային խորին հարց, որ արժանի է լուրջ խորհրդածության։
            Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցի միսիաս[2]։ Այժմ ունիմ իմ մոտ մի ջերմ հավատացյալ կուսակից, որը մոտավոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ. դա ծանոթ է գյուղին մեջ Խև Ավո անունով։ Տասնըութը տարեկան մի կտրիճ երիտասարդ է Խև Ավո, որ հորենական տունեն արտաքսված է մի շարք պատճառներու համար, որոնք մեզ չեն հետաքրքրեր։ Ծապլվարցիք ընդհանրապես վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին՝ զոր կը նկատեն իբրև հիմար և անբարո։ Դա արդյունք է միջնադարյան կղերական ոգիի՝ միացած պուրժուազիական անձուկ ըմբռնումներու հետ։ Որովհետև նա տանտերներու բացակայության ժամանակ անոնց տունեն մի քանի իրեղեններ վերցուցեր է, որովհետև նա դաշտին մեջ առանձինն հանդիպելով Կրպոյենց Սեխոյի աղջկան՝ բնական պահանջքե մղված՝ անոր հետ հարաբերություն է մշակեր, որովհետև Տեր Սահակեն փող պահանջելով՝ այդ սև հոգի կղերամիտը մերժեր է տալ և Խև Ավո անոր ըմբոստությունը պատժելու համար քարկոծեր է զայն ևն. ևն., այժմ այդ խեղճ տղան կը նկատվի իբրև մի տեսակ հիմար չարագործ և անոր դեմ սարքված է հալածանք և դավադրություն։ Միշտ միևնույն պատմությունը. կա՛մ պետք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծռել անոնց կեղեքիչ նախապաշարումներուն և կամ հալածվիլ այդ ոհմակներու կողմե։ Բայց վերջը խնդացողը լավ պիտի խնդա, կ'ըսե ֆրանսական առածը։
        thumb
            Առաջին րոպեեն տեսա որ Խև Ավո մի լավ խմոր էր և կարելի էր օգուտ քաղել իրմե. անմիջապես հրավիրեցի իմ մոտ, խրատեցի, հրահանգեցի, քարոզեցի և այժմ նա դարձավ մի կատարյալ հեղափոխական ընկերվարական։ Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերուն մեջ կարևոր դեր կատարելու կոչված է Խև Ավո։
        thumb
            Անցած օր Քոմրաշ գյուղեն երկու քուրդ փոխադարձ այցելության եկած էին ինձ մոտ։ Տանս մեջ զիրենք պատվասիրելու համար բավականաչափ ճաշ չկար. այս պարագան հայտնեցի Խև Ավոյի։
            — Դու հոգ մի՛ տանիր,— պատասխանեց և մեկնեցավ։
            Քիչ հետո երկու պատվական հավերով վերադարձավ։ Երկուքն ալ խաշեցինք ու կերանք. երբեք այդպիսի համեղ հավու միս չէի կերած։ Ես և երկու հյուրերս ստիպեցինք Ավոն որ մեզ հայտնե թե ո՞ւսկից բերած էր այդ հավերը։
            — Րես Սերգոյի պարտեզեն գողցա,— ըսավ Ավո,— ճիշդ այն միջոցին ուր իր կինն ու երկու հարսերը հոն էին։
        thumb
            Շատ ծիծաղեցանք ամենքս ալ։ Քրդերը հիացած մնացին Ավոյի ճարպիկության վրա, իսկ ես կը մտածեի որ վերջապես դարավոր հարստահարյալն էր որ կ'ընդվզեր և գործնականապես կը ջանար տիրանալու իր իրավունքին։
        thumb
            Ծապլվարի մեջ մեր կուսակցության հարած է նաև Ամենց Վարդանը։ Դա Րես Սերգոյի մշակներեն մին է, զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է, ամբաստանելով զինքը թե՛ իբրև գող և թե՛ իբրև ծույլ։ Երբ իրողությունը իմացա, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Վարդանը և ստիպեցի որ տեղի չի տա ու բռնի պահանջե որ զինքը կրկին քովը առնե։ Անկարելի եղավ համոզել։
        thumb
            — Ո՛չ,— ըսավ,— ավելի լավ է որ ներում խնդրեմ, Տեր Սահակի միջնորդության դիմեմ, որպեսզի ինձ համար բարեխոսե, Րես Սերգո չար մարդ չէ և ինձ կը ներե։
            Տեսե՛ք թե ո՞ւր հասած է ստրկամտությունը։
        thumb
            Ժամերով համոզեցի որ ետ կենա այդպիսի ստոր միջոցներե և վերջապես որոշեցինք որ ես ուղղակի դիմեմ Րես Սերգոյի և պահանջեմ որ պատվո ատյան մը կազմվի խնդիրը քննելու համար։ Վարդան հավանեցավ, բայց Րես Սերգո չուզեց մեր արդար պահանջքին գոհացում տալ։ Ես ալ երեկ մի սպառնական վերջնագիր ուղղեցի այդ կեղտոտ արարածին և Խև Ավոյի հետ ղրկեցի։ Տեր Սահակ պիտի գա եղեր այդ մասին ինծի հետ բանակցելու։
            Եթե բավարարություն չտրվի մեր պահանջումին՝ գործերը կը մտնեն տարբեր ուղիի մեջ։
            Խև Ավոյի համար շատ հեշտ բան է կրակի տալ Սերգոյի կալը կամ գոմը այն պարագային որ նա ավելի առաջ տանի իր բրովոքացիան...
            Մի քիչ փող ուղարկեցեք։
        thumb
        1. էքսբրոբրիացիա — էքսպրոպրացիա. ունեցվածքի բռնագրավում։
        2. Միսիա — առաքելություն։ Ե. Օտյանի եռագրության առաջին մասի 1911 թ. հրատարակության վերնագիրն է՝ «Առաքելություն ի Ծապլվար»։
        3. thumb

          Գ.

                          ԾԱՊԼՎԱՐ, 20 հոկտեմբեր, 1908
          thumb
              Սիրելի ընկերներ,
              Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք։
              Գիտեք որ Վարդան իբրև մշակ կը ծառայեր Րես Սերգոյի մոտ, և այս վերջինը զինք արտաքսած էր իբրև ծույլ և անբարո, և թե ես անմիջապես միջամտած էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները։
              Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին։
              Իսկույն տեսա որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց։ Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց։
          thumb
              Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած՝ շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կ'աղոթեր Րես Սերգոյի կենաց և կ'ուզեր անպատճառ Տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար։
              Լավ մը հանդիմանեցի այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն։
              Երբ առանձին մնացինք տերտերին հետ, ըսի իրեն.
              — Րես Սերգոյի զիջողությունները ո՛չ մեկ կերպով բավարարություն չեն տար մեր պահանջումներուն։
              — Ա՛լ ի՞նչ կ'ուզեք,– պատասխանեց Տեր Սահակ,— քանի որ Րես Սերգո կը հավանի իր քովը առնելու Վարդանը։
              — Դա երկրորդական հարց է,— բացատրեցի իրեն,— բո՛ւն էական հարցը սկզբունքային է։
              Եվ սկսա իրեն պարզել գիտական սոցիալիզմի տեսությունները հողային հարցերու մասին։ Ըսի թե գեղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն ա՛յն ժամանակ կրնան փրկել՝ երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականություն և ընկերական արտադրություն. իսկ անհատական սեփականությամբ գեղացին կը դիմե դեպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կը շպրտե անոր արտադրության հնացած եղանակը։ Եվ հիշեցի այս մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները[1]։
              Խե՜ղճ Տեր Սահակ՝ դարավոր խավարե կուրցած իր աչքերը խոշոր թացած՝ ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով.
          thumb
              — Բայց, օրհնա՛ծ, ատոնք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն հետ։
              Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի։
              Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացուցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն.
          thumb
              Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները։
          thumb
          thumb
              Բ. Օրականի հավելում և աշխատության ժամերու նվազում։
              Գ. Հանգստյան արկղ մշակներու համար։
              Դ. Աշխատանքի արկածներու դեմ ապահովագրություն։
              Ե. Րես Սերգո պետք է հանձնառու ըլլա առնվազն 20 տարի իր քով պահելու Սմենց Վարդանը։
              Զ. Րես Սերգո այս միջադեպին կարգադրման համար հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծաոայությանց իբրև փոխարեն, դրամական կարևոր նվեր մը պետք է ընե կուսակցությանս Ծապլվարի գանձին։
              Ինչպես կը տեսնեք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա։
              Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով։ Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա։ Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ։
              — Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ՝ երթամ գործիս սկսիմ,— կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին համար։
          thumb
              Վերջապես առջի երեկո, տեսնելով որ պատասխանը կ'ուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան։ Կ'երևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կը վանեն Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ Տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չ'ուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել։
              Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր։ Կապիտալիզմի և Obscurantisme-ի միացյալ ուժերն էին որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա։ Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել։ Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա։
          thumb
              «Աշխատավոր դասակարգ Ծապլվարի,
              Ահազանգը հնչեց։
              Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ։ Հակառակ կուսակցությանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝ ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիայի մասսաներուն դեմ։ Վատություն է մեր կողմեն լռելը, վատություն է չգործելը։ Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպված՝ կ'ուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը որ մեր այնքա՜ն զոհողություններովը ձեռք բերինք։
          thumb
              Բոլոր աշխարհի բանվորնե՛ր,
              Մի՞թե թույլ պիտի տաք որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը։ Դա անկարելի է։ Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, ա՛յս պետք է ըլլա մեր նշանաբանը։ Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կ'ունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ։ Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան։
              Անկցի՛ կապիտալիզմը,
              Անկցի՛ օպսքուրանթիզմը,
              Կեցցե՛ սոցիալիզմը,
              Կեցցե՛ պրոլետարիան,
              Կեցցե՛ Մայիսի մեկը»։
          thumb
              Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության. ուրիշ անպատեհություն մըն ալ այն է որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ե՛ս միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր։ Այսու հանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն հառաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն. բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.
          thumb
              — Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն....
              Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը։ Այո՛, ճշմարիտ էր. հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլլալուն համար, որովհետև Խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար։
          thumb
              Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը: Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար, ուրեմն դավադրությունը սարքված էր շա՛տ խորհրդավոր կերպով։ Համենայն դեպս սա որոշ էր թե ռեաքցիան զինաթափ չէր ըլլար։ Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատաղորեն առաջ կը մղեր։ Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել։ Վերադաձա տուն, Ավոյի ձեոքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ։ Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը ժուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները։
          thumb
              Երբ հասանք Տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.
                  Debout, les dammes de la terre!
                  Debout, les forcats de la faim![2]
              Կարծեմ առաջին անգամն էր որ հեղափոխական-ընկերավարական երգը՝ «Էնթերնասիոնալը» կը հնչեր Ծապլվարի մեջ։ Տունը մնացած երախաները, լսելով բանվորային մարտագոչ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբոխը առավ պատկառելի երևույթ։
              Ցուցարարները երբ հասան Րես Սերգոյի տան առջև, ոգևորությունը ծայր աստիճանի հասած էր։
              — Տղե՛րք,— գոչեցի,— վար տվե՛ք այդ դավաճանի տան ապակիները։
              Բայց ափսո՜ս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ՝ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար։
          thumb
              Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր, վրեժը լուծեց՝ քարկոծելով Րես Սերգոյի էշը որ դաշտին մեջ կ'արածեր, նույնիսկ դանակը քաշելով՝ ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության։
              Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ։
              Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ։ Տեսնենք ի՜նչ հետևանք կ'ունենա գործը։ Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով։
              Մի քիչ փող ուղարկեցե՛ք փութով։
          thumb
          ✻    ✻



              Յ. Գ.— Վերջին րոպեին, երբ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ո՛չ թե ռեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պաոավի՝ Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված։
              Իսկ ընդհանուր կացությունը կը մնա նույնը։ Միթինկը՝ անպայման կը կայանա կիրակի օր։
          thumb
          1. Եվ հիշեցի այս մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները։— Բնավ տարօրինակ չպետք է համարել, որ Փանջունին այստեղ (գրքի հաջորդ էջերում ևս) շահարկում է Մարքսի և Էնգելսի անունները։ Դա ունի իր պարզ բացատրությունը. Փանջունին դաշնակցական գործիչ էր, իսկ դաշնակցական կուսակցությունը II Ինտերնացիոնալի անդամ էր և չէր զլանում իրեն զարդարել պրոլետարական հեղափոխության առաջնորդների անուններով և նրանց պատվիրաններով, ասույթներով ու բառապաշարով։ II Ինտերնացիոնալը քննություն չբռնեց պատմության առաջ, և ինտերնացիոնալի գաղափարախոսությունը զարգացում գտավ լենինյան կուսակցության գործունեության մեջ, կուսակցության, որ եղավ III Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծման նախաձեռնողը։ II Ինտերնացիոնալը, որ տապալվեց «առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո՝ նրա շովինիստական քաղաքականության հետևանքով, ցույց տվեց, թե ինչպես անխուսափելիորեն պատժվում է դավաճանությունը պրոլետարական ինտերնացիոնալիզմին» («Философский энциклопедический словарь», М. 1983, էջ 214)։ III Ինտերնացիոնալի գործիչներն անզիջում պայքար էին մղում դատարկաբան ինտերնացիոնալի դեմ «Փորձը ցույց է տալիս, որ աջ օպորտունիզմը և «ձախ» ռևիզիոնիզմը, որոնք տեսության և քաղաքականության մեջ անց էին կացնում նացիոնալիզմի և շովինիստական հեգեմոնիզմի գաղափարները, մեծ վտանգ են ներկայացնում, հատկապես, երբ որոշակի մի շրջափուլում առանձին մարդկանց և խմբավորումների թեքումից նրանք դառնում են կառավարող կուսակցության քաղաքականության հիմքը։ Հենց այդ դեպքերում ինտերնացիոնալիզմը դառնամ է դատարկաբան, գործնականում հանգում է նացիոնալիզմին» (նույն տեղը, էջ 215)։
                Ե. Օտյանի գրքում ընկ. Բ. Փանշունին հանդես է գալիս «դատարկաբան ինտերնացիոնալիզմի» հատկանիշներով, պրոլետարական հեղափոխության առաջնորդների պատվիրանները մեջբերելով որքան հաճախադեպ, նույնքան անպատեհ և անմտորեն։ Եվ սա է եղել պատճառը, որ Երվանդ Օտյանի գլուխգործոցը մեզանում չի տպագրվել։
          2. «Ինտերնացիոնալ» երգի տողերն են՝
                    Ելի՛ր ում կյանքը անիծել է,
                    Ով ճորտ է, մերկ է և ստրուկ։
                                (Թարգմ. Ե. Չարենցի)
          3. thumb

            Դ.

                            ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908
                Սիրելի ընկերներ,
            thumb
                Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամաց-կամաց կը բոլորվին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ կ'ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվիլ վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խոզ պայքարը կը մղեն մեզի դեմ։
                Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ'ունենա Մկրենց կալը, ի ներկայության հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ–աղայականությունը գումարված կղերականության և ռեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանով որ ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։
            thumb
                Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ'ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։
                Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր հրավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա մանկական պարահանդես։
                Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10-12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի՜նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել։
            thumb
                Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները: Ըսի թե ի՛նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել, թե ե՞րբ պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։
                Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ ընելու։
                Մի քանի օր հետո կրկին ժողով գումարվեցավ, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի դպրոցական միությունը իր որոշ ծրագրով ու գործելակերպով։ Կարոն ընտրվեցավ նախագահ։ Կա նաև գործադիր ժողով, խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ։
                Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչ կրնա գալ երբ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։
                Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Այս բացահայտ պայման է։
            thumb
                Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ'ըսեն թե այդ դպրոցին պատճառավ իրենց տղաքը անաստված պիտի ըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան13[1] ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։
            thumb
                Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և պլատֆորմը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը։
            thumb
            thumb
                — Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։
                Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ ըլլալ, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ ըլլալու, հետևաբար Սմենց Վարդան և Խև Ավո իբրև կուսակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատապես, և մենք ոչ մի կերպով իրավունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համոզումներուն վրա։
            thumb
                Տեր Սահակ մեկնեցավ անխոսուկ, թեև հայտնի կ'երևար որ տված բացատրություններս լավ չէր կրցած մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտներու համար ըմբռնել մի ոևէ ազատական միտք։
                Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է՝ ինձ համար։
            thumb
            1. Բրոտ պիտի դառնան — բողոքական պիտի դառնան։ Գրոտ — պրոտեստանտ (բողոքական)։
            2. thumb

              Ե.

                              ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908
                  Սիրելի ընկերներ,
              thumb
                  Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժուազիայի և իր դասակից կղերականության, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրոնական կապանքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու։
              thumb
                  Ձեր նամակը առնելուս պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։
              thumb
                  Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո, որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։
              thumb
                  Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ'աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՞ւմ կը ծառայե այդ շենքը։
              thumb
                  Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ'ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երբ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեոք առնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի բրովոքացիաներու հանդեպ։
              thumb
                  Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։
              thumb
                  Եվ Տեր Սահակ առաջարկեց որ բանակցությունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։
              thumb
                  — Կուսակցությունս չի ծռիր միջնադարյան կղերականության աոջև,— եղավ իմ պատասխանս։
                  Բանակցությունները շարունակվեցան մի քանի օր և վերջապես որոշվեցավ որ տեսակցությունը տեղի ունենա չէզոք հողի վրա, Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբին մեջ։
              thumb
                  Երեկ իրավարարական սույն ժողովը գումարվեցավ վերոհիշյալ քլուպը։
                  Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։
                  Դպրոցի համար շինության վրա եղող եկեղեցիի կից շենքը փլցնել և մի նոր շենք շինել չեզոք հողի վրա, զերծ միջնադարյան ազդեցութենե։
                  Ուսուցչի ընտրությունը հանձնել իմ կազմած ուսանողական միության։
                  Ընդունիլ խառն դասարաններու դրությունը։
                  Պարտավորիչ ընել ընկերվարական ուսուցումը։
                  Ջնջել կրոնագիտությունը։
                  Պաշտոնապես ճանչնալ ուսանողական միությունն և վավերացնել զայն։
                  Կը տեսնեք թե որքա՜ն մեղմ էին մեր կողմե եղած պահանջմունքները, սակայն Րես Սերգո և Տեր Սահակ մերժեցին համաձայնիլ։
                  Խրամատը վերջնականապես բացված է մեր միջև։
                  Կը սպասեմ վճռական դեպքերու։
                  Կարլ Մարքս կլուբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է:
                  Խնդրեմ փող ուղարկեք:
              thumb
              thumb

              Զ.

                              ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908
                  Սիրելի ընկերներ,
                  Կեցցե՛ հեղափոխություն.
                  Կեցցե՛ ազատություն։
              thumb
                  Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ'արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե որքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցությունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։
                  Մի շաբաթ աոաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապետի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։
              thumb
                  Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։
                  Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ անտակտ գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ'ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության. ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, ոևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։
              thumb
                  Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։
                  Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։
              thumb
                  Վերջապես երկու օր աոաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։
                  Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։
                  Եվ ահա երևցավ թափորը։ Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առին եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերեն՝ ցույցը պայթեցավ.
                  — «Անկցի՛ն հետադիմականները, անկցի՛ն դավաճանները, անկցի՛ն սուտ դպրոցասերները, անկցի՛ն կեղծավոր ուսուցիչները, կեցցե՛ հեղափոխությունը, կեցցե՛ պրոլետարիատի ինքնագիտակցությունը, կեցցե՛ Ծապլվարի մտավորական երիտասարդությունը»,— աղաղակները օդը կը թնդացնեին։
                  Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։
                  — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։
              thumb
                  Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։
              thumb
                  — Հասի՛ր Հասո,— գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։
                  Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Ամենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։
                  Կռիվի միջոցին մի քանի ռեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։
                  Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։
              thumb
                  Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կաոավարության՝ մեզ բռնի դուրս հանելու համար շենքե մը որ ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կու գա։
                  Սվինի քաղաքականությունն է որ ծայր կու տա։ Դե՛հ թո՛ղ ցույց տան իրենց բո՛ւն, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկիր։
                  Առ այժմ փութով փող ուղարկեցե՛ք։
              thumb
              thumb

              է.

                              ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908
                  Սիրելի ընկերներ,
              thumb
              :    Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպրոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե[1] կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։
              thumb
                  Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ, ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ լոգիկա և որոշ հայեցակետ։
              thumb
              :    Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։
                  Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։
              thumb
              :    Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։
              thumb
              :    Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց «Հառաջ» ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ'ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։
              thumb
              :    Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց «Անձնվեր» խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ'երևար։
              thumb
              thumb
              :    Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։
              thumb
              :    Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ'ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։
                  — Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։
              thumb
              :    Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։
                  Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։
                  Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։
                  — Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,— կ'ըսեր ու կ'ըսեր այդ ապուշ արարածը։
                  Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգացումներուն զոհել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։
                  Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար;
                  Վճռական քայլը կ'առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։
                  Փոսթը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։
              thumb
              1. Թանչք — մայասուլ։
              2. Ը.

                                ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908
                    Սիրելի ընկերներ,
                    Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։
                    Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։
                    Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իր դասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։
                    Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։
                    — Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։
                    Իբր թե հեղափոխական ազնիվ պայքար մղելու համար անհրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թե անկեղծ ու անձնվեր հեղափոխականի մը համար պայքարն արդեն նպատակ մը եղած չըլլար։
                    Այդ ապականված ու այլասերած էություններուն համար, որոնց ամեն մը քայլը մի շահամոլական նպատակ ունի, կարելի չէ ըմբռնել թե մի մարդ կարող է մի ոևէ գործունեութիւն ցույց տալ առանց նրա ծայրը անպատճառ մի օգտակարություն լինելու։ Անշուշտ Տեր Սահակի նման հետադիմական ուղեղները չեն որ պիտի կրնան հասկնալ «պայքարը պայքարի համար» իմաստասիրական սկզբունքը, ուստի լավագույն համարեցի չպատասխանել։ Բայց Խև Ավո որ ներկա էր և որուն հեղափոխական դաստիարակությունը տարօրինակ զարգացումի կը հասնի հետզհետե, Տեր Սահակի այդ բրովոքացիային չկարողացավ համբերել և նրա խալփախը[1] քաշեց, դուրս շպրտեց պատուհանեն, ըսելով.
                    — Ահա՜ մեր նպատակը։
                    Խև Ավոյի այդ արարքը և կարճ խոսքը, ինչպես կը տեսնեք, իրենց մեջ կը խտացնեն մեր ամբողջ հեղափոխական գործունեության փսիխոլոգիան։
                    Տգետ տերտերն իհարկե չհասկցավ այս ձևով իրեն տրված պատասխանին հոգեբանական բարձրությունն և նույնիսկ համարձակեցավ բողոքելու։
                    Անմիջապես փաստացի կերպով ցույց տվի իրեն թե՝ բրովոքացիան իր կողմե եղած էր, թե՝ ինքն էր նախահարձակը և ընկեր Ավոյի արարքը մի օրինավոր անձնապաշտպանություն էր պարզապես։
                    Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։
                    Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախազահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։
                    Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտությունը գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյանքին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։
                    Մի քանի ժամ հետո, գյուղացիք տեսնելով որ իրենց տերտերը դուրս չի գար, մյուս կողմե նշմարելով որ իր խալփախը դուրս ձգված է՝ հավաքվեցան դպրոցին աոջև և սկսան «Տեր հա՜յր, տեր հա՜յր» կանչել։ Այն ատեն փայտե փեղկերեն մին բանալ տվի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թևերը կապված։
                    — Ահա՛ ձեր դավաճանության դեմ՝ հեղափոխության պատասխանը,— գոչեցի վարը ժողվված ամբոխին։
                    Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներ ու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետէ կ'ավելնար։
                    Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև. և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։
                    Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։
                    Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այս անգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։
                    Ամբողջ մի շաբաթ այդ կացությունը տևեց. վերջապես տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբեական զիջողություններու՝ Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, երեք օր առաջ, երկար խորհրդակցություններե ետքը, կ'որոշեն դիմում ընել կառավարության։
                    Մեր անխոնջ ու համառ պայքարին հաղթական արդյունքն էր դա։
                    Այս երեկո, ինչպես լուր առինք, կը հասնին երկու ժանտարմա և մի հիսնապետ։ Վաղը կը լինի վճռական օր։
                    Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեջ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։
                1. Խալփախ — գլխարկ։
                2. Թ.

                                  ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909
                      Սիրելի ընկերներ,
                      Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
                      Տխո՜ւր երևույթ։
                      Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սեգո և իր խաֆիե16[1] ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթներե ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։
                      Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ մի շատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։
                      — Ինք քուրտ, դուք հայ, ձեր գործերուն ինչո՞ւ կը խառնվի, դպրոցը ո՞ւր՝ Հասոն ո՞ւր, նա մի պարզ ավազակ է,— կ'ըսեր հիսնապետը։

                  Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկեր Հասոյի որոշ հայեցակետը, բայց թե նա քուրտ լինելով իրավունք չուներ միջամտելու հայերու գործին՝ դա մի անընդունելի գաղափար էր։ Բացատրեցի իրեն թե Վասիլի Գոլուբևի տեսությունը ցեղային զանազանություններու արվեստական բաժանմունքներու մասին և ցույց տվի թե մարդկային ընկերությունը ո՛չ թե զանազան ազգություններու կը բաժնվի՝ այլ որոշ դասակարգերու, և թե այս տեսությունը ընկեր Հասո, իբրև պրոլետարիատ, կը նույնանար Խև Ավոյի և Սմենց Վարդանի հետ։

                      Բոլոր այս փաստացի ապացույցներն անօգուտ եղան և Հասո տարվեցավ Արաբկիր, ուր բանտարկված կը մնա։
                      Հազիվ թե հիսնապետն ու երկու ոստիկաններն իրենց կալանավորին հետ հեռացան Ծապլվարեն, մի ցնցող թռուցիկ բաժնել տվի գյուղին մեջ։ Ահավասիկ նրա բովանդակությունը որ ունի պատմական որոշ նշանակություն։
                      «Գիտակից ժողովուրդ,
                      Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՜նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՛, այդ համիտաբարո հայակեր մութ հոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։
                      Բայց, գիտակի՛ց ժողովուրդ, մի՞թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՞թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո ձեռքովը իրենց պատիժը տաս։
                      Մենք մեր կեղտոտ ու դավաճան հակառակորդներուն պես փրովոքացիաներու չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից մասսաները, բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերուն.— Դավաճանության և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ'ըմբռնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՞նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք, այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՞թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։
                      Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. աստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությանը. մենք կը գոհանանք գոչելով.
                      Անկցի՛ն վատերը, անկցի՛ն մատնիչները, անկցի՛ն դավաճանները. կեցցե՛ Ծապլվարի գիտակից երիտասարդությունը»։
                      Այս թռուցիկը բաժնվելեն մեկ քանի օր հետո Խև Ավո կալին մեջ հանդիպելով Րես Սերգոյի՝ կը հարձակի այդ վատի վրա և բահով մի լավ ծեծ կը քաշե, նույն երեկոյին Սմենց Վարդան փառավոր կերպով կը ծեծե Սըհո Ջանը։ Ահա՛ թե ի՞նչ անակնկալ արդյունք տվավ այդ վատ ու ցած արարածներու մութ գործունեությունը։
                      Այժմ կացությունը լարված է Ծապլվարի մեջ։ Քոմրաշեն ևս ծանր լուրեր կը հասնին։ Հասոյի բանտարկությունը գրգռած է ամբողջ գյուղը Ծապլվարի դեմ։
                      Շնորհակալություն իմ համեստ գործունեության մասին ձեր շռայլած գովեստներուն համար, իցի՜վ թե անոնց տեղ մի քիչ փող ուղարկեիք։ Բարոյական քաջալերանքը բավարարություն չէ կարող տալ ֆիզիքական կարիքներու, դա մի տեխնիքական ճշմարտություն է։
                  1. Խաֆիե — լրտես։
                  2. Ժ.

                                    ԾԱՊԼՎԱՐ, 3 փետրվար, 1909
                        Սիրելի ընկերներ,
                        Ռեաքցիան կրկին գլուխ բարձրացուց Ծապլվարի մեջ։ Մեր ազնիվ գաղափարային ծեծին որուն ենթարկվեցան երկու հայտնի դավաճաններ՝ Րես Սերգո և Սըհո Ջան, ինչպես պատմեցի նախորդ նամակով, մութ ուժերը պատասխանեցին վատաբար հարձակելով ընկեր Ավոյի և ընկեր Վարդանի վերա։ Համիտաբարո այդ մարդակերպ հրեշները գազանային կատաղությամբ՝ եկեղեցու բակը՝ կը փորձեն ապտակել մեր ընկերները, ի ներկայության Տեր Սահակի որ կեղծավորաբար կը միջամտե կռիվին առաջքը առնելու համար։
                        Այդ վայրագ դավաճանությունը ի հարկե խորին ցասում հառաջ բերավ առ հասարակ մեր բոլոր գիտակից շարքերուն մեջ։ Նույն իսկ ժողովրդի չեզոք ու լուսամիտ տարրը խստիվ բողոքեց այդ ստոր արարքի դեմ. օրինակ՝ Կոլոշենց Սեդո, մի ազնվական և բավականաչափ զարգացյալ անձնավորություն, դեպքի երեկոյին եկավ ինձ մոտ և ցավ հայտնեց պատահած իրականության մասին ու ամբաստանեց Րես Սերգոն իբրև դրդիչ և կազմակերպիչ այդ վատ դավադրության, թեև դեպքը պատահած ժամանակ այդ կեղտոտ պուրժուան մի քանի օրե ի վեր բացակա էր Ծապլվարեն։
                        Ի հարկե կռահեցի թե Կոլոշենց Սեդո ուներ հետին մտքեր, թե նա թաքուն հակառակորդն էր Րես Սերգոյի, թե կ'ուզեր անոր դիրքը գրավել գյուղին մեջ և թե կը հուսար իր նպատակին հասնիլ դիմելով մեր աջակցության։ Այդ ամենը ինձ ծանոթ էր. բայց և այնպես չէի կրնար մերժել իր անկեղծ զգացումները, մանավանդ որ Սեդոյի միջոցով մենք մեր ափի մեջ կ'առնեինք նաև գործավորական դասակարգը, որ մինչև հիմա ցուրտ վերաբերում ունեցած է մեզի հանդեպ, քանզի պայտար Մկո փեսան է Կոլոշենց Սեդոյի։
                        Ուստի ի նկատ առնելով մեր գործունեության նկատմամբ արտահայտված անկեղծ համակրությունը, և՛ բանվորական դասակարգի շահերը, և՛ մանավանդ կուսակցության շահերը, ամենաջերմ վերաբերում ունեցա Սեդոյի հանդեպ։
                        Առ այժմ միասին կազմեցինք ո՛չ կուսակցական չեզոք հողի վերա մի լիկա, որ նպատակ ունի ամեն գնով պայքար մղել Րես Սերգոյի և իր քլիքի դեմ։
                        Դա մի աչքի ընկնող հաղթանակ է մեզի համար։
                        Կարելի է ըսել որ ներկայիս Ծապլվար բաժնված է երկու հավասար ուժով թշնամի որոշ բանակներու։ Մեկ կողմը կան գիտակից տարրերն իրենց դասակարգային որոշ բաժանմունքներով, իրենց ինքնահատուկ պահանջմունքներով, ւսշխարհահայացքով ու ծրագրով. մյուս կողմը կան անգիտակից մասսաները, կեղեքիչ տարրերը, սև ուժերը, վերջապես ամբողջ ռեաքցիան։
                        Եվ խորհի՜լ թե վեց ամիս առաջ Ծապլվարի մեջ գոյություն չունեին ո՛չ պուրժուազիա, ո՛չ ագրարային քափիթալիզմ, ո՛չ հողային բանվորականություն, ո՛չ գործավորական դասակարգ, ո՛չ պրոլետարիատ, ո՛չ գիտակից մտնավորականություն, ո՛չ ռեաքցիա, ո՛չ կղերական մութ ուժեր, վերջապես ոչինչ։ Ու այդ տգետ ու տխմար գեղացիները մեղապարտ հանդարտությամբ միասին կ'ապրեին, առանց նշմարելու զիրենք բաժնող անանցանելի խրամատները, իրենց ընդդիմամարտ շահերը և ամեն գնով պայքար մղելու հրամայողական պահանջքը։
                        Չէ՛, կարելի չէ ասել թե Փանջունի Ծապլվարի մեջ պարապ անցուց ժամանակը։
                        Բայց, ափսո՜ս, մինչդեռ հոս դրությունը հետզհետե կը լավանա, Քոմրաշ գյուղի մեր քուրդ եղբայրներեն վրդովեցուցիչ լուրեր կը հասնին։
                        Կարլ Մարքս կլուբի քարտուղարը, որ ինչպես գիտեք, ձերբակալվելով Արաբկիր տարված էր, հոն դատաստանի ենթարկված է և իբրև, նախկին դատապարտյալ կրած է ծանր պատիժ, ընդունելով երկու տարվան բանտարկութիւն։ Դպրոցի մեջեն արձակած հրացանի հարվածները շատ ծանրացուցած են իր հանցանքը։
                        Երբ դատապարտության լուրը կը հասնի Քոմրաշ գյուղը, մեր քուրդ եղբայրները բնականաբար սաստիկ կը հուզվին, որովհետև Հասո կը վայելե մեծ ժողովրդականություն։ Քրդերը բացե ի բաց կ'ամբաստանեն մեզ՝ իբրև պատճառ Հասոյի բանտարկության։ Քելեշ Մրկո որ մոտիկ ազգականություն ունի Կարլ Մարքս կլուբի քարտուղարին հետ, երեկ եկավ ինձ մոտ և ըսավ թե դրությունը շատ վատ հանգամանք ստացած է գյուղին մեջ, թե քրդերը կ'ուզեն հարձակիլ Ծապլվարի վերա և գյուղը ավարի տալ իրենց բանտարկյալ ընկերոջ վրեժը լուծելու համար, թե ինք առ այժմ արգիլած է հարձակումը, խոստանալով որ գա մեր քով ու հաշտարար եղանակով կարգադրե խնդիրը։
                        Քելեշ Մրկո, իբրև հաշտարար միջոց, կ'առաջարկե որ Ծապլվարցիք քառասուն ոսկի վճարեն քոմրաշցի քրդերուն, հակառակ պարագային ինք անկարող պիտի ըլլա զսպել գյուղացիներու վրեժխնդրությունը։
                        Պատասխանեցի թե գործին ամբողջ պատասխանատվությունը կը ծանրանար Րես Սերգոյի վերա, թե հարկ էր դիմել անոր և ի հարկին ամեն գնով պահանջել իրենց իրավունքը։ Քելեշ Մրկո գնաց այդ կեղտոտ արարածի մոտ, որ նախ վատաբար մեզ մատնած է՝ ըսելով որ մենք ենք Հասոն դպրոց հրավիրողը, և հետո հայտարարած է որ անկարելի է գյուղիս մեջ քառասուն ոսկի հավաքել։
                        Քելեշ Մրկո մի շաբաթ պայմանաժամ տալով մեկնեցավ լարված դրության տակ։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կը գա։
                        Մինչև այսօր ուշադրություն չդարձրիք դրամական հարցի մասին, և ես վերջապես ստիպվեցա դիմել Կոլոշենց Սեդոյի և մի քիչ փող վերցնել կուսակցական անունով։
                        Ներկա Ճգնաժամային րոպեներուն փողի պակասությունը կը վնասե ամբողջ կազմակերպական գործին։

                    ԺԱ.

                                    ԾԱՊԼՎԱՐ, 19 փետրվար, 1909
                        Սիրելի ընկերներ,
                        Գաղափարային պայքարը հասած է իր ծայրագույն աստիճանին։ Ծապլվարը կը վերածնի և ազատ ու անկաշկանդ մտքերն իրենց տիրապետությունը կը տարածեն կործանված խավար ուժերու ավերակին վրա։ Մի պատահական դեպք, որ թեև չուներ սկզբունքային հանգամանք, վերջնականապես բնորոշեց Ծապլվարի հեղափոխական և հետադիմական տարրերու միմյանց հանդեպ ունեցած դիրքը։
                        Դիմակները պատառվեզան և պուրժուազիայի և կղերականության ներկայացուցիչնհրը դուրս տվին իրենց հոգիի ամբողջ սևութ.ունը։
                        Դա մի մխիթարական երևույթ է։
                        Ահա՛ իրողությունն իր բովանդակ մերկության մեջ։
                        Մի շաբաթ աոաջ Սմենց Վարդան կը փախցնե Սըհո Ջանի հարսերեն մին՝ Նազլուն և կը տանի իր մոտ, իհարկե հարսի հավանությամբը։ Այդ ազատ կամքով, ազատ պայմաններու տակ, ազատ համոզումով կատարված արարքը մի անհնարին հուզմունք հառաջ կը բերե։ Ծապլվարի ստրկամիտ դասակարգերուն մեջ։ Նազլուի ամուսինը, մի կեղտոտ պուրժուա, իր կուսակիցներու հետ վատաբար կը հարձակի Վարդանի տան վրա և կ'ուզե բռնի ետ առնել իր կինը։
                        Թեև Սմենց Վարդան ո՛չ կուսակցական հանգամանքով առևանգած Էր Նազլուն՝ այսու հանդերձ մենք չէինք կրնար պարզ հանդիսատես մնալ, մանավանդ որ խնդիրը ուներ իր ընկերային-բարոյական կողմը, որը հարկ էր երևան հանել։ Ես, Խև Ավո, ընկերուհի Սառա, Կարո, Կոլոշենց Սեդո և պայտար Մկո փութացինք մեր ընկերոջ պաշտպանության։ Տեղի ունեցավ կատաղի կռիվ, բայց Նազլուն մնաց մեր մոտ։
                        Անմիջապես կազմեցի ընկերական ատյան և հարցը դրի սեղանի վրա, քննելու համար անոր միայն ընկերային-իմաստասիրական հանգամանքները։ Հրավիրվեցան ներկա լինելու նաև Տեր Սահակ քահանան, Նազլուի ամուսին՝ Խեչո և ուրիշներ։
                        Ահա ընկերային ատյանի որոշումը, որ թռուցիկի ձևով հաղորդվեցավ Ծապլվարի հայության;
                        «Նկատելով որ պուրժուազիական ներկա ընտանեկան կազմությունը հիմնված է հնադարյան բռնակալ հիմքերու վրա,
                        Նկատելով որ կնոջ միմիայն իր ամուսնուն պատկանիլը սեփականատիրական սխալ սկզբունքեն թխած է,
                        Նկատելով որ նախնական ընկերություններու մեջ կինը առհասարակ բոլոր համայնքին կը պատկաներ, առանց որոշ ամուսնու,
                        Նկատելով որ ընտանիքի քրիստոնեական կազմակերպությունը կարող չէ հաշտ գնալ դարուս ոգիին հետ,
                        Նկատելով որ կինը իր մարմնույն բացարձակ տերն է և անոր գործածության ազատ տնօրինուհին,
                        Նկատելով որ Նազլու ազատ կամքով թողած է Խեչոն ու միացած Սմենց Վարդանի հետ,
                        Ընկերային ատյանը կ'որոշե նախ՝ շնորհավորել ընկերուհի Նազլուն և ընկեր Վարդանը իրենց աննախապաշար ու ազատամիտ համոզմունքներուն համար, Երկրորդ՝ կ'որոշե Նազլուի և Վարդանի միությունը օրինավոր ճանչնալ, երրորդ՝ կը դատապարտն Խեչոն իր բռնավորական արարքներուն համար, չորրորդ՝ կը հրավիրե Ծապլվարի գիտակից հայուհիները հետևելու ընկերուհի Նազլուի ձերբազատական օրինակին։
                        Կեցցե՛ ազատ սերը,
                            Կեցցե՛ ազատ միությունը,
                                Անկցի՛ ամուսնական ստրկությունը,
                                    Անկցի՛ն ամուսնական շղթաները,
                                        Կեցցե՛ն գիտակից շարքերը»։
                        Հակառակ ընկերական ատյանի այս արդար և հաշտարար կարգադրության, Ծապլվարի մութ ուժերը չուզեցին կատարված իրողության առջև խոնարհիլ և նույնիսկ վատաբար դիմում ըրին Արաբկիրի Առաջնորդարանին, որպեսզի բռնի հափշտակեն Նազլուն իր օրինավոր ընկերակցին քովեն և հանձնեն ապօրեն էրկանը ձեռք։
                        Սպասելով Առաջնորդարանի կողմե ղրկվելիք քննիչներուն՝ առ այժմ Ծապլվարի մութ ուժերուն և գիտակից տարրերուն միջև բախումները համարյա ամենօրյա դարձած են։ Ընկերային այս կենսական հարցի շուրջ մղված բուռն պայքարը, որմե անշուշտ պիտի ծնի պուրժուազիական քայքայված ընկերության վերջնական քանդումը, մի շատ մխիթարական և քաջալերիչ երևույթ է և ցույց կու տա մեր անխոնջ ջանքերուն անտեղիտալի արդյունքները։
                        Ափսո՜ս որ, մյուս կողմե, Քոմրաշ գյուղի մեր քուրտ եղբայրները հետզհետե սպառնական կը դառնան։ Իրենց քառասուն ոսկիի պահանջքին պայմանաժամը արդեն վաղուց լրացավ. մի նոր պայմանաժամ տվին զեղչելով նաև իրենց պահանջքը երեսուն ոսկիի։ Բայց անկարելի պիտի ըլլա ոևէ գումար հավաքել, որովհետև ամբողջ Ծապլվար լարված դրության մեջ է և անկարելի է ընդդիմամարտ տարրերու միջև համաձայնություն կայացնել։
                        Կոլոշենց Սեդո կը պնդե թե Րես Աերգոյի տունը պահված կա պատրաստ դրամ և թե հարկ է բռնի վերցնել այդ գումարը կեղտոտ արարածի քովեն, փրկելու համար գյուղը՝ սպառնացող վտանգեն։
                        Իհարկե Սեդոյի առաջարկը ունի լուրջ հիմք և կ'արժե նկատողության առնել. Խև Ավո բացարձակապես համամիտ է Րես Սերգոյի տունը թալանի տալու և հոն պահված դրամները գրավելու մասին։ խնդիրը սկզբունքային տեսակետով կարելի է խիստ օրինավոր համարել, իբրև մի էքսփրոփրիացիայի ակտ, ընդհանուրի փրկության հրամայողական պահանջեն բխած։
                        Այս երեկո մեր ընդհանուր գումարման մեջ կը ծեծվի այդ հարցը և կը տրվին վճռական որոշումները։
                        Ճգնաժամային րոպեներուն՝ պետք է ցույց տալ որոշ կամք, ազդու գործունեություն։ Acta, non verba[1], այս պետք է լինի մեր նշանաբանը։
                        Մի վերջին բառ.
                        Փող ուղարկեցե՛ք։
                    1. Acta non verba — գործ, ոչ թե խոսք։
                    2. ԺԲ.

                                      ՄԱՇԿԵՐՏ, 27 փետրվար, 1909
                          Սիրելի ընկերներ,
                          Հաղթությո՜ւն, հաղթությու՜ն։ Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանեցավ։ Ափսո՜ս, ի՞նչ անել, կարելի չէ ձվազեղ եփել առանց հավկիթ կոտրելու, կ'ասե ֆրանսական առածը։ Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կը բարձրանա մաքուր իտեալական պայքարի հոյակապ հաղթակամարը։
                          Դա մի շոշափելի արդյունք է մեզ համար։
                          Ինչպես նախորդ նամակով ծանուցած էի՝ մեր վերջին ժողովը կայացավ մեր բոլոր մարտական գիտակից ուժերու ներկայության։ Ընկեր Սեդո մի կրակոտ դասախոսությամբ առաջարկեց անմիջապես հարձակիլ Րես Սերգոյի տան վերա, և բռնի վերցնել հոն պահված դրամները, կեղտոտ պուրժուազիայի այդ անարգ զենքերը, զանոնք վերադարձնել իրենց օրինավոր տերերուն, բավարարություն տալով միանգամայն Քոմրաշ գեղի քրդերու պահանջքին։
                          Ընկեր Սեդոյեն ետք, ես խոսք առի և հարցը մի միայն սկզբունքային իմաստասիրական տեսակետեն քննելով, ցույց տվի թե որքա՜ն արդար և օրինավոր էր մեր ընկերոջ առաջարկը։ Ժողովը միաձայնությամբ վճռեց հետևյալ օրն իսկ որոշումը դնել գործնական հողի վրա;
                          Այսպես ուրեմն երկու օր առաջ, Սմենց Վարդան, Խև Ավո, պայտար Մկո, Կոլոշենց Սեդո, Կարո, ընկերուհի Սառա և ես գնացինք դիրք գրավելու Րես Սերգոյի բնակարանին շուրջը։
                          Այդ վատ արարածը նախապես իմանալով մեր դիտավորությունը, որ արդեն ծածկելու ջանք չէինք ըրած, քանի որ կը գործեինք հեղափոխական որոշ և լեգալ պայմաններու տակ, իր մոտ հավաքած էր Ծապլվարի բոլոր մութ ուժերը։
                          Հազիվ թե մեր մարտական խումբը երևցավ բնակարանի շրջակայքը, ահա՛ տեսանք որ Րես Սերգո և Տեր Սահակ կու գային մեր մոտ։ Իսկույն գուշակեցի թե մի հետին խաբեբայություն կ'ուզեր փորձել ծեր աղվեսը, բայց բարեբախտաբար ինքնագիտակցությունը արդեն զարթնած էր Ծապլվարի մեջ. ընչազուրկ պրոլետարիատը չէր այն՝ ինչ որ էր բռնակալության խավար շրջաններուն և կեղեքիչ պուրժուազիան կարող չէր զայն խաբել իր նենգություններով։
                          Րես Սերգո խոնարհ և կեղծավոր ձևերով բարևեց մեզ և աղաչեց որ գնանք իր տունը, փոխանակ դուրսը կենալու։ Պատասխանեցի որ մենք եկած էինք իբրև անհաշտ թշնամի, հետևաբար բռնի պիտի մտնեինք իր բնակարանը։
                          — Բայց ի՞նչ հարկ բռնի մտնելու, քանի որ դուռը թաց պիտի գտնեք,— ըսավ այդ ստրկամիտ սողունը։
                          — Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք,— գոչեցի վճռաբար,— այս է ներկա իրականության հրամայողական պահանջքը։
                          Տեր Սահակ ինքն ալ միջամտեց և երկուքը միասին աղաչանքներով ու հազար երդումներով պնդեցին թե տանը մեջ ենթադրված դրամը գոյություն, չուներ, թե այդ՝ Կոլոշենց Սեդոյի մի սուտ խոսքն էր որ անձնական հակառակության համար ստեղծած էր, թե իր մոտ եղած ամբողջ պատրաստի դրամը վեց ոսկի էր և թե ինք պատրաստ էր այդ գումարը անմիջապես մեզ հանձնելու, եթե ուզեինք։
                          Պատասխանեցի թե հարցը գումարի քանակության վրա չէր, թե նույնիսկ եթե ո՛չ մի փող գտնվեր իր մոտ՝ մենք ամեն գնով պիտի հարձակեինք իր բնակարանի վրա, քանի որ այդ էր ժողովի որոշումը։
                          Այս բանակցության միջոցին՝ Կոլոշենց Սեդո հանկարծ վերցուց իր հաստ գավազանը և ուժգին խփեց Սերգոյի գլխին։ Գլուխը պատառվեց և արյունը սկսավ հոսիլ։ Դա եղավ կռիվի ընդհանուր նշանը.
                              Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
                              Անվեհեր կանգնած թշնամու առաջ...
                          սկսավ երգել Խև Ավո։ Ու ահա մեկեն Սերգոյի տնեն դուրս խուժեցին տղաքն ու փեսաները, բիրերով զինված, նաև Սըհո Ջան, Փրենց Հարո ու իր փեսան, և ուրիշ հետադիմական տարրեր։ Պայքարը ստացավ սոսկալի երևույթ, կռվողներու կատաղությունը մեկ կողմե, կիներու և մանուկներու վայնասունը մյուս կողմե, մի աննկարագրելի տեսարան կը պարզեին։ Մեր տղերքը աննման քաջություն ցույց կու տային և անշուշտ վերջնական հաղթանակը կը մնար մեզ, երբ լսվեց կիներու մի ահաբեկ աղաղակ.
                          — Քրդերը կու գան...
                          Եվ ահա՛ նշմարեցի տասնըհինգի չափ զինյալ ձիավորներ, որոնց մեջ կ'երևային Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի մեկ քանի անդամները, իրենց նախագահին ղեկավարության տակ։
                          Մի ուժգին հրացանաձգություն լսվեց. Րես Սերգո վատաբար փռվեցավ գետին, մեր քաջ ընկեր Ավո ևս աոյուծի պես ընկավ։ Երկուքն ալ մեռած էին։ Մոմենտը կրիտիկական էր. ես շտապեցի դեպի եկեղեցի, մտա ներս, դիմեցի դեպի խորանը, որու ետև գտա մի ինչ որ նկուղ, վերցրի կափարիչը և ծածկվեցա հոն կափարիչը վերստին գոցելով։ Քսանչորս ժամ մնացի այդ տեղ, անախորժ դրության մեջ։
                          Երբ ամեն աղմուկ դադրեցավ և վստահ եղա թե Քոմրաշի քրդերը մեկնած էին, դուրս ելա թաքստոցեն։ Եկեղեցին ամբողջ թալանված էր, թալանված էր և Ծապլվար, Րես Սերգոյի, Սըհո Տանի, Կոլոշենց Սեդոյի, Տեր Սահակի, Սմենց Վարդանի, վերջապես բոլոր աչքի ընկող տուները կ'այրեին տակավին, այրած էր և նորաշեն դպրոցը։ Տեսա Տեր Սահակի, Սեդոյի, Վարդանի և ուրիշներու դիակները, որոնք իրենց արյունով գետինը կը ներկեին։
                          Գյուղին մեջ չկար ո՛չ մեկ շունչ, ողջ մնացողները խույս տվեր էին մոտակա գյուղերը։ Ավերակ և ամայություն կը տիրեր ամեն կողմ։
                          Տեսարանը ցնցող և տպավորիչ էր։
                          Պաշտոնս ավարտած համարելով որոշեցի անմիջապես հեռանալ գյուղեն։
                          Ափսո՜ս որ փոխադրության միջոցներ չկային և ստիպվեցա ոտքով գնալ։ Բարեբախտաբար մի քանի ժամ քալելե ետքը դաշտի մը մեջ նշմարեցի Րես Սերգոյի էշը որ կ'արածեր; Փութացի իր մոտ, հեծա վրան ու այսպես հասա Մաշկերտ գյուղը, ուրկե կը գրեմ այս նամակը։
                          Այսպես ուրեմն գաղափարային ազնիվ կռիվը տվավ իր անդրանիկ զոհերը, արյունը հոսեց և ոռոգեց դասակարգային պայքարի դաշտերը, որոնք իհարկե պիտի արգասավորվին ու պիտի տան իրենց արդյունքը։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը և այժմ խղճի հանդարտությամբ կը սպասենք քաղելու մեր ջանքերու պտուղը։
                          Առ այժմ մտադիր եմ մնալ Մաշկերտ։ Գյուղը ավելի բազմամարդ է քան Ծապլվար։ Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նո՛ր պրոփականտ, նո՛ր կազմակերպություն, նո՛ր պայքար, նո՛ր արդյունք։
                          Երևույթները մխիթարական ու քաջալերիչ են։ Պետք չէ վհատիլ և պետք է պատրաստել կռիվի նոր ասպարեզ։
                          Փող ուղարկեցե՛ք իմ նոր հասցեին։
                       
                          (ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ի ԾԱՊԼՎԱՐ»–Ի)