հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի |
Հադուելը հայացքը հառեց ներքեւում երեւացող մոլորակին։ Հուզմունքի դող անցավ նրա մարմնով, երբ նայեց կանաչ դաշտավայրերի, կարմիր սարերի եւ անհանգիստ կապտամոխրավուն ծովերի այդ հրաշագեղ աշխարհին։ Տիեզերանավի սարքերն արագ տեղեկություններ հավաքեցին եւ որոշեցին, որ մոլորակը շատ հարմար է մարդկային կյանքի համար։ Հադուելը միացրեց վայրէջքի ռեժիմը եւ բացեց նոթատետրը։
Հադուելը գրող էր՝ նրա գրչին էին պատկանում «Սպիտակ ստվերներ աստերոիդների գոտում», «Պատմություն տիեզերական հեռաստանների մասին», «Միջմոլորակային շրջմոլիկի թափառումները» եւ «Թերիա՝ առեղծվածների մոլորակ» գրքերը։
Նոթատետրում նա գրեց․ «Մի նոր մոլորակ է գծագրվում ներքեւում՝ ցանկալի ու հանելուկային, եւ երեւակայությանը մարտահրավեր է նետում։ Ի՞նչ կգտնեմ այնտեղ ես՝ աստղերից ժամանած շրջմոլիկս։ Ի՞նչ տարօրինակ առեղծվածներ են թաքնված նրա կանաչ ծածկույթի տակ։ Արդյոք վտա՞նգ։ Սե՞ր։ Իղձերի իրագործո՞ւմ։ Հանգի՞ստ՝ հոգնած թափառաշրջիկիս համար»։
Ռիչարդ Հադուելը բարձրահասակ, նիհար, կարմրահեր երիտասարդ էր։ Նա հորից բավական պատկառելի կարողություն էր ժառանգել, եւ դրանով մի CC կարգի տիեզերանավ էր ձեռք բերել։ Այդ հին նավով Հադուելը ճանապարհորդել էր վերջին վեց տարին եւ զմայլված գրքեր գրել իր տեսած վայրերի մասին։ Սակայն զմայլանքը մեծ մասամբ կեղծ էր, քանզի օտար մոլորակներն ամեն անգամ հիասթափեցնում էին։
Բնիկները, ինչպես պարզել էր Հադուելը, վերին աստիճանի անխելք էին եւ զարմանալիորեն այլանդակ։ Նրանց ուտելիքներն անտանելի էին, իսկ շարժումներն՝ անբարեկիրթ։ Այնուհանդերձ, Հադուելը ռոմանտիկ պատմություններ էր գրում, հուսալով, որ մի օր բախտն իրեն էլ կժպտա։
Մոլորակը արեւադարձային էր, գեղեցիկ, սակավաբնակ (քաղաքներ չկային)։ Նավն արդեն իջնում էր ծղոտե խրճիթներով մի փոքրիկ գյուղակի մոտ։
— Գուցե այստեղ գտնեմ,— ինքնիրեն ասաց Հադուելը, երբ տիեզերանավը սկսեց կտրուկ արգելակել։
Այդ օրը, վաղ առավոտյան, Քաթագան եւ նրա դուստրը՝ Մելեն, անցան լիանաների կամուրջը եւ գնացին Ատամնասար, ֆարագի բողբոջներ հավաքելու։ Իգաթիում ոչ մի տեղ ֆարագն այնպես թափով չէր ծաղկում, ինչպես Ատամնասարի վրա։ Եվ այդպես էլ պիտի լիներ, քանզի Թանգուքարիի՝ ժպտացող աստծո սրբազան սարն էր դա։
Ավելի ուշ, ցերեկը, նրանց միացավ Բրոգը՝ բութ դեմքով մի երիտասարդ, որը բացի ինքն իրենից ոչ ոքի համար հետաքրքրություն չէր ներկայացնում։
Մելեն նախազգում էր, որ մի շատ կարեւոր բան է տեղի ունենալու։ Այդ բարձրահասակ, բարեկազմ աղջիկը ասես տրանսի մեջ լիներ՝ նա դանդաղ ու երազկոտ շարժվում էր, իսկ քամին ծածանում էր նրա երկար, սեւ մազերը։ Ծանոթ առարկաները կարծես համակվել էին անսովոր պարզությամբ ու իմաստով։ Մելեն հայացքը հառեց գյուղին՝ գետի երկայնքով շարված հյուղակների այդ փոքրիկ խմբին, հետո երկյուղածությամբ նայեց ետ՝ Սրածայր լեռանը որտեղ տեղի էին ունենում ամուսնական ծիսակատարությունները, ապա լեռան ստորոտում ծփացող երկնագույն ծովին։
Նա Իգաթիի ամենագեղեցիկ աղջիկն էր, նույնիսկ ծեր քուրմն էր այդ բանն ընդունում։ Մելեն փափագում էր վառ, դրամատիկ դեր խաղալ կյանքի բեմում։ Բայց գյուղական միապաղաղ օրերը իրար էին հաջորդում, եւ ահա նա երկու արեւների կիզիչ ճառագայթների ներքո ֆարագի բողբոջներ էր հավաքում։ Անարդար բան։
Աղջկա հայրը եռանդով աշխատում էր, քթի տակ ինչ֊որ երգ մրմնջալով։ Նա գիտեր, որ բողբոջները շուտով կխմորվեն գյուղական գուռի մեջ։ Լագը՝ քուրմը, հարկ եղած բառերը կարտասանի եփվածքի վրա եւ Թանգուքարիի արձանի առջեւ կհեղվի։ Երբ այդ ձեւականություններն ավարտվեն, կհարբի ամբողջ գյուղը, այդ թվում շները։
Այդ մտորումները օգնում էին, որ աշխատանքն արագ ընթանա։ Քաթագան իր հեղինակությունը բարձրացնելու համար մի նուրբ ու վտանգավոր ծրագիր էր մշակել, որը նույնպես լուրջ խորհրդածությունների առիթ էր տալիս։
Բրոգը տեղում ուղղվեց, ազդրաշորի ծայրով սրբեց դեմքի քրտինքը եւ վեր նայեց, անձրեւի նշաններ որոնելով։
— Հե՛յ,— գոռաց նա։
Քաթագան ու Մելեն վեր նայեցին։
— Այնտե՛ղ,— գոռաց Բրոգը։— Այնտե՛ղ, վերեւո՛ւմ։
Հեռու երկնքում կարմիր ու կանաչ բոցերով շրջափակված մի արծաթավուն բիծ էր դանդաղ իջնում, աստիճանաբար մեծանալով ու վերածվելով փայլուն գնդի։
— Մարգարեությու՜նը,— ակնածանքով շշնջաց Քաթագան։— Վերջապես, այսքան դարեր սպասելուց հետո։
— Գնանք գյո՛ւղ, հայտնե՛նք,— գոչեց Մելեն։
— Սպասե՛ք,— ասաց Բրոգը։ Նա թունդ շառագունեց եւ ոտքի մատով փորեց գետինը։— Ախր առաջինը ես տեսա։
— Իհարկե՝ դու,— անհամբեր ասաց Մելեն։
— Ու քանի որ առաջինը ես տեսա,— շարունակեց Բրոգը,— ու այսպիսով գյուղին կարեւոր ծառայություն մատուցեցի, չե՞ք կարծում որ… արդյոք հարմար չէ՞ր լինի…
Բրոգը ցանկանում էր այն, ինչի մասին երազում, աշխատում, աղոթում էր ամեն իգաթացի, այն, ինչին հասնելու համար Քաթագայի նման զարգացած մարդիկ խորամանկ ծրագրեր էին մշակում։ Սակայն պատշաճ չէր ըղձալի այդ բանի անունը տալ։ Ինչեւիցե, Մելեն ու նրա հայրը հասկացան։
— Ի՞նչ ես կարծում,— հարցրեց Քաթագան։
— Ինձ թվում է նա իրոք արժանի է դրան,— ասաց Մելեն։
Բրոգը ձերքերն իրար շփեց։
— Դո՞ւ, Մելե։ Դու ինքդ կանե՞ս։
— Ինչեւէ,— ասաց Մելեն,— ամեն ինչ քուրմից է կախված…
— Խնդրո՛ւմ եմ,— գոչեց Բրոգը։— Լագին կարող է թվալ, որ դեռ պատրաստ չեմ։ Խնդրո՛ւմ եմ, Քաթագա, ինքդ արա։
Քաթագան ուշադիր նայեց դստերը, տեսավ նրա դեմքի անհողդողդ արտահայտությունը եւ հառաչեց։
— Ներիր, Բրոգ։ Եթե միայն իմ ու քո մեջ լիներ… Բայց Մելեն հավատի հարցերում խիստ հետեւողական է։ Թող քուրմը որոշի։
- Վերջնականապես պարտված, Բրոգը գլխով արեց։ Գլխավերեւում փայլուն գունդն ավելի իջավ, մոտենալով գյուղի կողքի հարթավայրին։ Երեք իգաթացիները հավաքեցին ֆարագի բողբոջներով լի պարկերը եւ արագ ճամփա ընկան տուն։
Շուտով հասան լիանաների կամուրջին, որի տակ աղմկում էր վարար գետը։ Քաթագան առաջինը ուղարկեց Բրոգին, հետո Մելեին։ Ապա ինքն էլ հետեւեց նրանց, հանելով դանակը, որը թաքցրել էր ազդրաշորի մեջ։
Ինչպես եւ սպասվում էր, Մելեն ու Բրոգը ետ չնայեցին։ Նրանք չափից ավելի էին զբաղված անհաստատուն, օրորվող կամուրջի վրա հավասարակշռություն պահպանելով։ Երբ Քաթագան հասավ կամուրջի կենտրոնին, նա մատները սահեցրեց հիմնական՝ առանցքային լիանայի տակ։ Հաջորդ պահին նա շոշափեց այն մաշված տեղը, որ հայտնաբերել էր մի քանի օր առաջ։ Քաթագան արագ սղոցեց դանակով եւ զգաց, ինչպես մազաթելերը բաժանվեցին։ Մի երկու կտրվածք եւս ու կամուրջը մարդու ծանրությանը չէր դիմանա։ Բայց առայժմ բավական էր։ Ինքն իրենից շատ գոհ, Քաթագան դանակը կրկին դրեց ազդրաշորի մեջ եւ շտապեց Բրոգի ու Մելեի ետեւից։
Գյուղն աշխուժացավ, նորությունն իմանալով։ Բոլորը, ահել թե ջահել, խոսում էին միայն այդ մեծ իրադարձության մասին, եւ Գործիքի տաճարի մոտ մի տարերային պար սկսվեց։ Սակայն պարը դադարեց, երբ Թանգուքարիի տաճարից կաղալով դուրս եկավ ծերունի քուրմը։
Լագը՝ քուրմը, բարձրահասակ, հյուծված մարդ էր։ Տարիների ծառայությունից հետո նրա դեմքի արտահայտությունը նմանվել էր իր տիրոջ՝ Թանգուքարի աստծո արտահայտությանը— ժպտուն, բարյացակամ։ Լագի ճաղատ գլխին քրմական փետուրե թագ էր դրված, եւ նա ամբողջ մարմնով հենվել էր սրբազան սեւ գավազանին։
Մարդիկ խմբվեցին Լագի առաջ։ Բրոգը կանգնեց քուրմի կողքին, հույսով շփելով ձեռքերը, բայց վախենալով պնդել ուզածը։
— Իմ ժողովո՛ւրդ,— ասաց Լագը,— Իգաթիի հինավուրց մարգարեությունն այժմ պետք է իրագործվի։ Երկնքից մի մեծ փայլուն գունդ է ընկել, ինչպես կանխագուշակում էին հին առասպելները։ Գնդի ներսում մեզ նման մի արարած է գտնվելու եւ նա լինելու է Թանգուքարիի պատգամաբերը։
Մարդիկ երանությամբ գլխով արեցին։
— Պատգամաբերը մեծամեծ գործեր կկատարի։ Նա այնպիսի բարերարություններ կանի, ինչպիսիք նախկինում ոչ տեսնվել են, ոչ լսվել։ Իսկ երբ կավարտի աշխատանքը, կստանա յուր պարգեւը։— Լագը մեղմացրեր ձայնը, հասցնելով արտահայտիչ շշուկի։— Դա այն պարգեւն է, որը տենչում է, երազում է, աղոթում է ստանալ յուրաքանչյուր իգաթացի։ Դա այն ընծան է, որը Թանգուքարին շնորհում է նրանց, ովքեր լավ են ծառայում իրեն ու գյուղին։
Քուրմը շրջվեց դեպի Բրոգը։
— Դո՛ւ, Բրոգ,— ասաց նա,— առաջին ականատեսն ես պատգամաբերի գալստյան։ Դու լավ ես ծառայել գյուղին։— Քուրմը բարձրացրեց ձեռքերը։— Բարեկամնե՛ր։ Ի՞նչ եք կարծում, Բրոգը պե՞տք է ստանա տենչած պարգեւը։
Մեծ մասը կարծում էին, որ պետք է։ Բայց Վաասին՝ հարուստ մի վաճառական, խոժոռվելով, առաջ քայլեց։
— Դա արդար չէ,— ասաց նա։— Մյուսները տարիներով աշխատում են այդ բանի համար եւ տաճարին թանկարժեք նվերներ են տալիս։ Բրոգն իր գործերով նույնիսկ ամենափոքր պարգեւի էլ արժանի չէ։ Բացի այդ, նրա ծագումը հասարակ է։
— Քո ասածները հիմք ունեն,— համաձայնեց քուրմը, եւ Բրոգը տնքաց այնպես, որ բոլորը լսեցին։
— Բայց,— շարունակեց նա,— Թանգուքարիի պարգեւը միայն ազնվածինների համար չէ։ Ամենահասարակ ծագում ունեցողն իսկ կարող է հավակնել այդ պարգեւին։ Մի՞թե մյուսները չեն հուսահատվի, եթե Բրոգը չվարձատրվի ըստ արժանվույն։
Բարձրաձայն աղաղակներն ազդարարեցին ներկաների համաձայնությունը, եւ Բրոգի աչքերը երախտագիտությունից թրջվեցին։
— Ծնկի՛ր, Բրո՛գ,— ասաց քուրմը եւ նրա երեսն ասես ողողվեց բարության ու սիրո ճառագայթներով։
Բրոգը ծնկի եկավ։ Համագյուղացիները շունչները պահեցին։
Լագը բարձրացրեց իր ծանր գավազանը եւ ամբողջ ուժով վար բերեց Բրոգի գանգին։ Հարվածն ուժեղ էր, շեշտակի։
Բրոգն ընկավ, մի անգամ գալարվեց եւ շունչը փչեց։ Հաճելի էր դիտել նրա դեմքին սառած հրճվանքի արտահայտությունը։
— Ի՜նչ հրաշալի մահ,— նախանձով շշնջաց Քաթագան։
Մելեն սեղմեց հոր թեւը․— Մի՛ անհանգստացիր, հա՛յր։ Մի օր դու էլ կստանաս քո պարգեւը։
— Հուսանք,— ասաց Քաթագան։— Բայց չես կարող վստահ լինել։ Հիշիր Ռիյին։ Նրա նման լավ ու բարեպաշտ մարդ դեռ չի ծնվել։ Ամբողջ կյանքում այդ խեղճ մարդն աշխատեց ու աղոթեց, որ մեռնի ոչ բնական մահով։ Ոչ բնական մահվան որ ձեւն էլ լինի։ Եվ ի՞նչ։ Կյանքից հեռացավ քնած ժամանակ։ Ի՞նչ մահ է դա։
— Միշտ էլ մի երկու բացառություն լինում է։
— Կարող եմ տասնյակ ուրիշ դեպքեր թվարկել,— ասաց Քաթագան։
— Աշխատիր չհուզվել, հայր,— ասաց Մելեն։ Ես գիտեմ, դու կմեռնես գեղեցիկ մահով, ինչպես Բրոգը։
— Այո, այո… Բայց երբ մտածում ես, ապա… Բրոգի վերջն այնքան հասարակ էր։— Նրա աչքերը փայլեցին։— Ես կուզեի մի իսկապես մեծ, ցավոտ, բարդ ու հրաշալի բան, ինչպես պատգամաբերը պիտի…
— Դա քո դիրքի համար չափից ավելի է, հայր։
— Ճիշտ է, ճիշտ է,— ասաց Քաթագան։— Է՛հ, մի օր…
Նա ժպտաց ինքնիրեն։ Այո, մի օր։ Զարգացած ու համարձակ մարդը ինքն է տնօրինում իրերի ընթացքը եւ կարգավորում իր ոչ բնական մահվան հարցը, փոխանակ հնազանդորեն սպասելու, որ քուրմն իր փոխարեն որոշի։ Թող դա կոչվի հերետիկոսություն, կամ մի այլ բան, սրտի խորքում մի ձայն Քաթագային ասում էր, որ մարդն իրավունք ունի մեռնել այնքեն դաժան ու ցավոտ մահով, ինչքան ինքն է կամենում, եթե միայն ձեռքից կգա։
Կիսամաշ լիանայի մասին միտքը գոհունակությամբ լցրեց Քաթագայի հոգին։ Ի՜նչ բախտավորություն, որ ինքն այդպես էլ լողալ չսովորեց։
— Եկ,— ասաց Մելեն,— դիմավորենք պատգամաբերին։
Նրանք հատեւեցին համագյուղացիներին, որոնք արդեն գնում էին դեպի հարթավայրը, ուր վայրէջք էր կատարել գունդը։
Ռիչարդ Հադուելը հենվեց պաստառված օդաչուական աթոռին ու սրբեց ճակատի քրտինքը։ Հենց նոր նավից հեռացել էին վերջին բնիկները, եւ հիմա լսվում էր, թե ինչպես էին նրանք երգելով ու ծիծաղելով վերադառնում գյուղ։ Աղջամուղջ էր։ Օդաչուական խցիկը լցված էր ծաղիկների, մեղրի ու գինու հոտով, իսկ մոխրագույն մետաղե պատերը թվում է դեռ արձագանքում էին թմբուկների դղրդյունը։
Հադուելը, վերհիշելով, ժպտաց եւ հանեց իր նոթատետրը։ Մի գրիչ ընտրեց ու սկսեց գրել։
«Հիրավի գեղեցիկ է Իգաթեն՝ վեհապանծ սարերի ու արագահոս լեռնային վտակների այդ երկիրը, ծովափին սփռված սեւ ավազով, ջունգլիների ճոխ բուսականությամբ, ծաղկազարդ հսկայական ծառերի թավ անտառներով»։
— Վատ չէ,— ինքնիրեն ասաց Հադուելը։ Շրթունքները սեղմելով, նա շարունակեց։
«Մարդիկ այստեղ բարետես հումանոիդներ են, թեթեվակի թուխ մաշկով, մեղմաբարո։ Նրանք ինձ ողջունեցին ծաղիկներով, պարերով, հրճվանքի եւ ուրախության շատ նշաններով։ Ես առանց դժվարության նրանց լեզուն հիպնոպեդացրի, եւ շուտով ինձ զգացի, ինչպես տանը։ Նրանք բարեհոգի, զվարթ ժողովուրդ են՝ հեզահամբույր ու սիրալիր, եւ ապրում են պարզ ու հանգիստ՝ նախնադարյան պայմաններում։ Սովորելու որքա՜ն բան ունի այստեղ Քաղաքակիրթ Մարդը։
Պատրաստ եմ ամբողջ սրտով սիրել նրանց իրենց բարեհամբույր աստծո՝ Թանգուքարիի հետ միասին։ Հույս ունենանք, որ Քաղաքակիրթ Մարդն իր կործանարար, խելահեղ հանճարով չի գա այստեղ, շեղելու այս մարդկանց երջանիկ չափավորության ուղուց»։
- Հադուելն ավելի լավ ծայրով գրիչ ընտրեց ու գրեց․ «Մելե անունով մի աղջիկ կա, որը…» Հետո ջնջեց ու գրեց․ «Մելե անունով թխահեր մի աղջիկ, անասելի գեղեցիկ, մոտեցավ ինձ ու սեւեռուն նայեց աչքերիս խորքը…»
Ապա այդ նախադասությունն էլ ջնջեց։
Հետո, ուժեղ կնճռոտվելով, մի քանի տարբերակ եւս փորձեց․ «Նրա շագանակագույն վճիտ աչքերը հետագա խնդությունների խոստում էին ասես…»
«Նրա փոքրիկ ալ բերանը կամացուկ դողաց, եւ ես…»
«Թեեւ նրա փոքրիկ ձեռքը հպվեց թեւիս սոսկ մի ակնթարթ»…
Հադուելը պատռեց էջը։ Հարկադիր ամուրիության հինգ ամիսները զգացնել են տալիս, որոշեց նա։ Ավելի լավ է դառնամ հիմնական նյութին, իսկ Մելեին թողնեմ հետագայի համար։
Նա գրեց․
«Կարեկից դիտողը այս մարդկանց օգնելու շատ ձեւեր կգտնի։ Բայց մեծ է գայթակղությունը չանել ոչինչ, որպեսզի վնաս չհասցվի նրանց մշակույթին»։
Նոթատետրը փակելով, Հադուելը լուսանցույցից դուրս նայեց հեռու՝ գյուղին, որտեղ արդեն վառվել էին ջահերը։ Հետո կրկին բացեց նոթատետրը։
«Ինչեւէ, նրանց մշակույթն ըստ ամենայնի ամուր է ու ճկուն։ Որոշակի օժանդակությունը նրանց միայն օգուտ կբերի։ Եվ ես անշուշտ կօգնեմ նրան»։
Հադուելը թափով փակեց նոթատետրը եւ գրիչները մի կողմ դրեց։
Հաջորդ օրը Հադուելը սկսեց իր հանրօգուտ աշխատանքը։ Պարզվեց, որ իգաթացիներից շատերը տառապում են այն հիվանդություններից, որոնց հարուցիչները մոծակներն են։ Հակաբիոտիկները ճիշտ ընտրելով, Հադուելը կարողացավ բուժել բոլորին, բացի մի քանի ծանր դեպքերից։ Հետո խմբեր ուղարկեց լճացած ջրերը չորացնելու, որպեսզի մոծակները չբազմանան։
Բժշկական շրջայցների ժամանակ Մելեն ուղեկցում էր նրան։ Գեղեցիկ իգաթուհին արագ սովորեց բուժակի տարրական անելիքները եւ դարձավ Հադուելի անփոխարինելի օգնականը։
Շուտով գյուղում բոլոր լուրջ հիվանդությունները վերացան։ Այդժամ Հադուելը սկսեց օրերն անցկացնել Իգաթիից ոչ հեռու գտնվող արեւոտ անտառակում, որտեղ հանգստանում էր եւ աշխատում իր գրքի վրա։
Լագն անմիջապես ժողով հրավիրեց, որպեսզի քննարկեն այդ նորությունը։
— Բարեկամնե՛ր,— ասաց ծերունի քուրմը,— մեր ընկերը՝ Հադուելը, գյուղի համար հիանալի բաներ է արել։ Նա բուժել է մեր հիվանդներին, ուստի նրանք նույնպես կարող են ապրել՝ Թանգուքարիի պարգեւից մասն ստանալու։ Այժմ Հադուելը հոգնած է եւ արեւի շողերի ներքո հանգիստ է վայելում։ Հադուելը սպասում է պարգեւին, որի համար եկել է այստեղ։
— Պատշաճ կլինի,— ասաց Վասսին՝ վաճառականը,— եթե պատգամորդը ստանա իր պարգեւը։ Առաջարկում եմ, որ քուրմը վերցնի իր գավազանը եւ…
— Ինչո՞ւ այդքան ժլատ,— հարցրեց Ջուելեն, որը քրմություն էր ուսուցանում։— Մի՞թե Թանգուքարիի պատվիրակն արժանի չէ ավելի լավ մահվան։ Հադուելը գավազանից ավելիին է արժանի։ Շա՛տ ավելիին։
— Դու ճիշտ ես,— բառերը դանդաղ արտասանելով, ընդունեց Վասսին։— Այդ դեպքում առաջարկում եմ նրա եղունգների տակ լեգենորու թունավոր փեթուրներ մտցնել։
— Գուցե դա լավ է վաճառականի համար,— ասաց Թգարան՝ քարհատը,— բայց ոչ Հադուելի։ Նա արժանի է առաջնորդի մահվան։ Առաջարկում եմ կապենք նրան, իսկ ոտների մատների մոտ մարմանդ կրակ վառենք, աստիճանաբար…
— Սպասեք,— ասաց Լագը։— Պատգամաբերը գիտակի մահ է վաստակել։ Հետեւաբար եկեք նրան քնքշորեն ու վստահորեն տանենք մոտակա հսկա մրջնանոցը եւ այնտեղ թաղենք մինչեւ վիզը։
Հավանության աղաղակներ լսվեցին։ Թգարան ասաց․
— Եվ քանի դեռ նա կշարունակի ճչալ, կհնչեն հինավուրց ծիսական թմբուկները։
— Ու պարեր կլինեն նրա պատվին,— ասաց Վասսին։
— Ու չտեսնված կերուխում,— ասաց Քաթագան։
Բոլորը համաձայնեցին, որ դա գեղեցիկ մահ կլինի։ Այդպիսով որոշվեցին վերջին մանրամասները եւ ճշտվեց ժամանակը։ Գյուղը դողդողաց կրոնական էքստազից։ Բոլոր հյուղակները զարդարվեցին ծաղիկներով, բացի գործիքի տաճարից՝ այս վերջինս դատարկ պիտի մնար։ Կանայք ծիծաղում ու երգում էին, մահվան խնջույքը նախապատրաստելով։ Միայն Մելեն, ինչ֊որ անբացատրելի պատճառով, խեղճացած էր։ Նա գլուխը կախ քայլեց գյուղով եւ դանդաղ մագլցելով բլուրները դիմեց դեպի անտառակը, որտեղ Հադուելն էր։
Հադուելը, մինչեւ գոտկատեղը մերկացած, արեւկող էր լինում երկու արեւների տակ։
— Ողջո՜ւյն, Մե՛լե,— ասաց նա։— Ես թմբուկների ձայն լսեցի։ Ինչ֊որ բա՞ն է եղել։
— Տոնակատարություն է լինելու,— ասաց Մելեն, նստելով նրա կողքին։
— Լավ է։ Ես կարո՞ղ եմ ներկա լինել։
Մելեն սեւեռուն նայեց նրան եւ դանդաղ գլխով արեց։ Աղջկա սիրտը հալվեց քաջության նման դրսեւորումից։ Պատգամաբերը մանրակրկիտ ձեւով պահպանում էր հինավուրց ծիսակարգն, ըստ որի մարդը ձեւացնում է, թե սեփական մահվան խնջույքն իրեն բոլորովին չվերաբերող մի բան է։ Ժամանակակից երիտասարդներն իրենց հարկն եղածի պես պահել չգիտեն։ Բայց, իհարկե, Թանգուքարիի պատգամաբերը պետք է որ մյուսներից լավ հետեւեր կանոններին։
— Ե՞րբ է սկսվելու։
— Մեկ ժամից,— ասաց Մելեն։ Առաջ նա Հադուելի հետ շիտակ ու ազատ էր։ Այժմ աղջկա սիրտը ծանրացած էր։ Ինքն էլ չգիտեր ինչու։ Նա ամոթխած նայեց Հադուելի վառ, օտար հագուստներին, նրա շիկակարմիր մազերին։
— Լավ բան կլինի,— ասաց Հադուելը։— Հա, լավ բան կլինի…— Նրա ձայնը մարեց։ Վար իջեցրած թերթերունքների միջով նա նայեց բարետես իգաթուհուն, նրա անթերի պարանոցին եւ ուսերին, ուղիղ, թուխ մազերին եւ ավելի շուտ ենթադրեց, քան զգաց աղջկանից բուրող թույլ անուշահոտը։ Հադուելը ջղայն շարժումով խոտի մի ցողուն պոկեց։
— Մելե,— ասաց նա։— Ես…
Բառերը մարեցին նրա շուրթերին։ Հանկարծ, մի վայրկյանում, աղջիկը հայտնվեց նրա բազուկների մեջ։
— Ա՛հ, Մելե։
— Հա՛դուել,— բացականչեց Մելեն ու ավելի սեղմվեց նրան։ Հետո հանկարծ կտրուկ ես քաշվեց, մտահոգ նայելով երիտասարդին։
— Ի՞նչ է պատահել, քաղցրի՛կ,— հարցրեց Հադուելը։
— Հադուել, ուրիշ բան կարո՞ղ ես անել գյուղի համար։ Որեւէ բան։ Իմ ժողովուրդն այնքան երախտապարտ կլիներ։
— Իհարկե կարող եմ,— ասաց Հադուելը։— Բայց եւ մտածում էի նախ հանգստանալ…
— Ո՛չ։ Խնդրո՛ւմ եմ,— աղաչեց Մելեն։— Այն ոռոգման ջրանցքները, որոնց մասին ասում էիր։ Կարո՞ղ ես հիմա սկսել։
— Եթե ուզում ես,— ասաց Հադուելը։— Բայց…
— Ա՛հ, սիրելիս։— Մելեն ոտքի թռավ։ Հադուելը ուզում էր հետեւել նրան, սակայն Մելեն ետ֊ետ գնաց։
— Ժամանակ չկա։ Հարկավոր է մերոնց ասել։ Ես պետք է շտապեմ։
Նա վազեց֊հեռացավ։ Իսկ հադուելը մնաց մենակ բնիկների, հատկապես՝ բնիկ կանանց տարօրինակ սովորությունների մասին իր խոհերի հետ։
Մելեն ետ վազեց գյուղ եւ քուրմին գտավ տաճարում՝ հանուն իմաստնության ու խոհեմության աղոտք անելիս։ Նա շտապ պատմեց գյուղին օգնելու վերաբերյալ պատգամաբերի նոր ծրագրերի մասին։
Ծերունի քուրմը դանդաղ գլխով արեց։
— Այդ դեպքում ծիսակատարությունը պետք է հետաձգվի։ Բայց ասա ինձ, դուստր իմ։ Ինչո՞ւ ես դու խառնված այս գործում։
Մելեն շառագունեց, չկարողանալով պատասխան տալ։
Ծերունի քուրմը ժպտաց։ Բայց հետո նրա դեմքը խստացավ։
— Հասկանում եմ։ Բայց լսիր ինձ, աղջիկս։ Մի թույլ տուր, որ սերը շեղի քեզ Թանգուքարիին պատշաճ պաշտամունք մատուցելուց, կամ էլ մեր գյուղի հինավուրց սովորություններին հավատարիմ մնալուց։
— Իհարկե ոչ,— ասաց Մելեն։— Ես պարզապես զգացի, որ գիտակի մահը Հադուելի համար քիչ է։ Նա ավելիին է արժանի։ Նա արժանի է Գերագույնի՛ն։
— Ոչ մի անձ արժանի չի եղել Գերագույնին արդեն վեց հարյուր տարի,— ասաց Լագը։— Այն օրից, երբ Վʼքթատը՝ հերոսն ու կիսաաստվածը, իգաթական ցեղը փրկեց ահասարսուռ Հուելվա հրեշներից։
— Բայց Հադուելը հերոս դառնալու տվյալնե՛ր ունի,— գոչեց Մելեն։— Ժամանակ տվեք նրան, թույլ տվեք, որ ջանա։ Նա կապացուցի, որ արժանի է։
— Գուցե,— մտածկոտ ասաց քուրմը։— Դա գյուղի համար մեծ բան կլիներ… Բայց հաշվի առ, Մե՛լե։ Ապացուցելու համար Հադուելին կարող է ամբողջ կյանքը պետք գալ։
— Իսկ մի՞թե Գերագույնը այդ սպասումին չարժե։
Ծերունի քուրմը շոշափեց գավազանը, նրա ճակատը մտածմունքից կնճռոտվեց։
— Գուցե դու ճիշտ ես,— դանդաղ ասաց նա,— այո, գուցե։— Հանկարծ նա ուղղվեց ու ծակող հայացքով նայեց աղջկան։
— Բայց ասա ինձ ճշմարտությունը, Մե՛լե։ Իրո՞ք ուզում ես պահպանել նրան Գերագույն մահվան համար։ Թե՞ պարզապես քո շահերից ելնելով ուզում ես, որ կենդանի մնա։
— Նա պետք է ստանա այն մահը, որին արժանի է,— մեղմ ասաց Մելեն։ Բայց նա չէր կարողանում նայել քուրմի աչքերին։
— Ուզում եմ գուշակել,— ասաց ծերունին։— Գուշակել, թե ինչ է թաքնված քո սրտում։ Քո արարքներից հերետիկության հոտ է գալիս, Մելե։ Իսկ չէ՞ որ դու միշտ հայտնի ես եղել որպես բարեպաշտ։
Մելեն պատասխանելու վրա էր, երբ վաճառականը՝ Վասսին, ներս վազեց։
— Շուտ եկե՛ք,— գոռաց նա,— Իգլաին խախտել է տաբո՛ւն։
Գեր, զվարթ գյուղացին սարսափելի ձեւով էր մեռել։ Սեփական խրճիթից նա, սովորականի պես, եկել էր դեպի գյուղի կենտրոնը, ինչպես միշտ անցնելով ծեր փշածառի կողքով։ Անսպասելիորեն ծառն ընկել էր նրա վրա։ Փշերն ամբողջությամբ ծակծկել էին նրան։ Վկաներն ասում էին, որ Իգլաին հոգին տալուց առաջ մոտ մի ժամ ջղաձգվել ու տնքացել էր։
Սակայն մեռել էր ժպիտը դեմքին։
Քուրմը նայեր Իգլաիի մարմինը շրջապատող բազմությանը։ Գուղացիներից մի քանիսը ձեռքերով թաքցնում էին ժպիտները։ Լագը քայլեց դեպի փշածառն ու զննեց այն։ Ծառի բնի վրա սղոցի ատամների հազիվ նշմարելի հետքեր կային, որոնք հարթեցված էին ու քողարկված կավով։ Քուրմը շրջվեց դեպի ամբոխը։
— Իգլաին հաճա՞խ էր լինում այս ծառի մոտ,— հարցրեց նա։
— Բա ոնց,— ասաց մեկը։— Կեսօրին միշտ այստեղ էր հաց ուտում։
Կանգնածներն արդեն բացահայտ էին ժպտում՝ նրանք հպարտ էին Իգլաիի նվաճումով։ Լսվեցին բացականչություններ։
— Ես էլ ասում էի, ինչո՞ւ է միշտ այստեղ ուտում։
— Չեր ուզում հետը մարդ լիներ։ Ասում էր, որ սիրում է մենակ ուտել։
— Հը՛հ։
— Երեւի ամբողջ ժամանակ կամաց֊կամաց սղոցել է։
— Երեւի ամիսներով։ Դրա փայտը պինդ է։
— Շատ խելոքն էր այդ Իգլաին։
— Ճիշտն ասե՞մ։ Նա ընդամենը հասարակ գյուղացի էր, եւ ոչ ոք նրան բարեպաշտ չէր անվանի։ Բայց տեսա՞ք ինչ հոյակապ մահ դասավորեց իր համար։
— Լսե՛ք, բարի մարդիկ,— գոչեց Լագը։— Իգլաին սրբապղծություն է արել։ Միայն քուրմը կարող է ոչ բնական մահ շնորհել։
— Քուրմի չտեսածը քուրմին վնաս չի,— մրթմրթաց մեկը։
— Ի՞նչ անենք, որ սրբապղծություն է,— ասաց մի ուրիշը։— Իգլաին գեղեցիկ մահ ստացավ։ Կարեւորը դա է։
Ծերունի քուրմը տխուր մի կողմ շրջվեց։ Ոչինչ անել հնարավոր չէր։ Եթե ինքը Իգլաիին ժամանակին բռներ, խիստ միջոցներ ձեռք կառնվեին։ Իգլաին երբեք չէր համարձակվի մի ուրիշ մահ կազմակերպել ու երեւի հոգին կավանդեր անկողնում՝ խոր ծերության հասակում՝ դժբախտ, առանց ցավերի ու տանջանքների։ Սակայն այժմ շատ ուշ էր։ Իգլաին հասել էր իր նպատակին եւ մահվան թեւերի վրա գնացել էր Ռոքեչանգիի մոտ։ Խնդրելը, որ աստված Իգլաիին պատժի հանդերձյալ կյանքում, անիմաստ էր, քանզի վերջինս անձամբ այնտեղ էր ու կարող էր գործն իր ուզած ձեւով ներկայացնել եւ սեփական շահերը պաշտպանել։
Լագը հարցրեց․
— Որեւէ մեկը չի՞ տեսել նրան այդ ծառը սղոցելիս։
Ավա՜ղ, եթե անգամ տեսած էլ լինեին, չէին խոստովանի։ Նրանք միահամուռ էին՝ Լագը գիտեր այդ բանը։
Չնայած նա վաղ մանկուց բոլորի մեջ ներարկել էր աստվածավախություն, միեւնույն է, մարդիկ համառորեն ճգնում էին քուրմերին խորամանկությամբ գերազանցել։
Ե՞րբ պիտի նրանք հասկանան, որ զարտուղի ճանապարհներով ձեռք բերված մահը մչ մի դեպքում չի կարող այնքան բավարարություն պատճառել, որքան՝ արդար քրտինքով վաստակածը, երբ կատարվում են բոլոր անհրաժեշտ ծեսերը։
Նա հառաչեց։ Կյանքը երբեմն ծանր բան է։
Մի շաբաթ անց, Հադուելը գրեց իր օրագրում։ «Աշխարհում դեռ այս իգաթացիների նման ժողովուրդ չի եղել։ Ես ապրեցի նրանց մեջ, կերա ու խմեցի նրանց հետ, ականատես եղա ծեսերին։ Ես իմացա ու հասկացա նրանց։ Եվ նրանց մասին ճշմարտությունը, մեղմ ասած, ցնցեց ինձ։
Բանն այն է, որ իգաթացիները չգիտեն «պատերազմ» բառի նշանակությունը։ Մի պահ մտածիր այդ մասին, Քաղաքակիրթ Մարդ։ Նրանց գրավոր ու բանավոր պատմության մեջ ոչ մի հիշատակում չկա պատերազմի մասին։ Նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ահա մի օրինակ․
Ես փորձում էի պատերազմի իմաստը բացատրել Քաթագային՝ աննման Մելեի հորը։ Խեղճ մարդը քորեց գլուխը ու հարցրեց․
— Ասում ես շատերը սպանում են շատերի՞ն։ Դա՞ է պատերազմը։
— Դա պատերազմի մի մասն է,— ասացի ես։— Հազարներ, որոնք սպանում են հազարների։
— Այդ դեպքում,— ասաց Քաթագան,— շատերը մեռնում են նույն ժամանակ ու նույն ձեւո՞վ, այո՞։
— Ճիշտ է,— ասացի ես։
Նա երկար ժամանակ միտք արեց, հետո ասաց․
— Լավ չի, որ շատերը մեռնեն նույն ժամանակ եւ նույն ձեւով։ Դա արդար բան չի։ Ամեն մարդ պետք է սեփական, անհատական մահով մեռնի։
Նկատիր, Քաղաքակիրթ Մարդ, ասածի աննկարագրելի միամտությունը։ Եվ այնուհանդերձ, խորհիր այն ճշմարտության մասին, որ թաքնված է այդ միամտության ետեւում, ճշմարտություն, որը լավ կլինի բոլորը յուրացնեն։
Ավելին, այս մարդիկ իրար հետ չեն վիճաբանում, չգիտեն, թե ինչ ասել է վրեժ, հանցագործություն զայրույթի պահին, սպանություն։
Իմ եզրակացությունը հետեւյալն է․ ոչ բնական մահն անծանոթ է այս մարդկանց,— բացի, իհարկե, դժբախտ պատահարներից։
Ցավալի է, որ պատահարներն այստեղ շատ հաճախ են լինում եւ մեծ մասամբ ճակատագրական հետեւանք են ունենում։ Բայց ես դա վերագրում եմ շրջապատող վայրի բնությանը եւ մարդկանց թեթեւամիտ, հանդուգն խառնվածքին։ Այնուհանդերձ, նույնիսկ այդ պատահարներն աննկատ ու չքննված չեն մնում։ Քուրմը, որն իմ մեծ բարեկամն է, վշտանում է, որ դրանց գործակիցը բարձր է, եւ իր ելույթների ժամանակ միշտ խոսում է այդ մասին։ Նա պահանջում է, որ մարդիկ ավելի զգույշ լինեն։
Նա լավ մարդ է։
Իսկ այժմ վերջին, ամենահիանալի նորությունը։
(Հադուելն ամոթխած ժպտաց, մի պահ վարանեց, ապա կրկին դարձավ ծոցատետրին)։
Մելեն համաձայնել է դառնալ իմ կինը։ Հենց գրեմ֊վերջացնեմ, պսակադրությունը տեղի կունենա։ Արդեն սկսվել են տոնախմբությունները, խնջույք է նախապատրաստվում։ Ես ինձ համարում եմ մահկանացուներից ամենաերջանիկը, քանզի Մելեն գեղեցիկ կին է։ Ու նաեւ խիստ արտասովոր կին։
Սոցիալական պարտքի ինչ մե՜ծ զգացողություն ունի նա։ Նույնիսկ գուցե չափից ավելի մեծ։ Նա ինձ անվերջ ստիպում է գյուղի համար գործեր անել։ Իսկ ես շատ բան եմ արել։ Ավարտել եմ ոռոգման սիստեմի կառուցումը, մարդկանց ծանոթացրել մի քանի արագ աճող կուլտուրաների հետ, ստեղծել մետաղաձուլողի մասնագիտություն եւ ուրիշ բաներ՝ այնքան շատ, որ թվարկելն անհնար է։ Իսկ Մելեն ուզում է, որ ավելին անեմ, շատ ավելին։
Բայց այս անգամ որոշել եմ հակառակվել։ Ես հանգստանալու իրավունք ունեմ։ Երկարատեւ, գորովագույր մեղրամիս եմ ուզում, իսկ հետո մի տարուց ոչ պակաս ժամանակ՝ արեւկող անելու եւ գիրքս ավարտելու։
Մելեն չի ուզում հասկանալ այդ բանը։ Նա պնդում է, որ ես պետք է շարունակեմ աշխատելը։ Ու խոսում է ինչ֊որ ծեսի մասին, որը կապված է «Գերագույնի» հետ (եթե թարգմանությունս ճիշտ է)։
Սակայն ես բավական աշխատել եմ։ Հրաժարվեցի ավելի շատ բան անել, գոնե մեկ կամ երկու տարի։
Այս «Գերագույն» ծիսակատարությունը տեղի է ունենալու մեր հարսանիքից անմիջապես հետո։ Ինձ թվում է, դա ինչ֊որ բարձր պատիվ է կամ դրա պես մի բան, որ այս հասարակ մարդիկ ուզում են շնորհել ինձ։ Ես հաստատեցի, որ կամենում եմ ընդունել այդ շնորհը։
Պետք է որ հետաքրքիր բան լինի»։
- * *
Հարսանիքի արարողությունը կատարելու համար ամբողջ գյուղը, ծեր քուրմի առաջնորդությամբ, դիմեց դեպի Սրածայր լեռը, որտեղ տեղի էին ունենում իգաթական ամուսնությունները։ Տղամարդիկ տոնական հագուստներով էին, կանայք խեցիներից զարդեր ու գույնզգույն քարեր էին կրում։ Թափորի մեջտեղում չորս հաղթանդամ տղամարդ ինչ֊որ տարօրինակ գործիք էին տանում։ Հադուելը միայն հարեւանցի նայեց դրան, նա մինչ այդ տեսել էր, թե ինչպես գործիքը հանդիսավորությամբ դուրս բերեցին հասարակ, սեւ կտուրով խրճիթից, որը կարծես թե տաճար էր, կամ նման մի բան։
Նրանք շարք կազմած անցան երերուն կամուրջի վրայով։ Քաթագան, որը քայլում էր ամենավերջում, ինքնիրեն ժպտաց, կրկին դանակի շեղբը քսելով մաշված տեղին։
Սրածայր լեռը՝ նեղ, սեւ այդ ժայռակտորը, գտնվում էր հենց ծովի մեջ։ Հադուելն ու Մելեն կանգնեցին գագաթին, քուրմին դեմ դիմաց։ Մարդիկ լռեցին, երբ Լագը բարձրացրեց ձեռքերը։
— Օ՛ մեծն Թանգուքարի,— գոչեց քուրմը։— Փայփայիր այս մարդուն՝ Հադուելին՝ քո պատգամաբերին, որը մեզ մոտ է եկել երկնքից, շողացող մեքենայով, եւ որը չտեսնված ծառայություններ է մատուցել Իգաթիին։ Եվ փայփայիր քո դստերը՝ Մելեին։ Սովորեցրու նրան սիրել յուր ամուսնու հիշատակը եւ անսասան հավատալ իր հայրերի աստծուն։
Քուրմն այս բառերն արտասանելիս սեւեռուն նայեց Մելեին։ Վերջինս, գլուխը բարձր պահած, պատասխանեց ոչ պակաս սեւեռուն հայացքով։
— Այժմ ձեզ հայտարարում եմ,— ասաց քուրմը,— ամուսին ու կին։
Հադուելը կնոջն առավ բազուկների մեջ ու համբուրեց։ Լսվեցին խրախուսական բացականչություններ։ Թաթագան խորամանկորեն ժպտաց։
— Իսկ այժմ,— ասաց քուրմը՝ ձայնի մեջ անսահման ջերմություն,— ես լավ լուր ունեմ քեզ համար, Հադուել։ Մեծ լուր։
— Այո՞,— ասաց Հադուելը, դժկամությամբ գրկից թողնելով հարսնացուին։
— Մենք դատեցինք,— ասաց Լագը,— եւ քեզ արժանի գտանք… Գերագույնին։
— Շատ շնորհակալ եմ,— ասաց Հադուելը։
Քուրմը հեռացավ։ Չորս տղամարդիկ մոտ բերեցին անսովոր սարքը։ Այժմ Հադուելը տեսավ, որ դա մեծ մահճակալի չափի տախտակամած է՝ շատ հին, սեւ փայտից պատրաստված։ Տախտակամածի վրա բազմաթիվ սեպեր, կեռեր, սրած խեցիներ ու ասեղնաձեւ փշեր կային։ Կային բաժակներ, որոնց մեջ դերեւս հեղուկ չէր լցված։ Եվ ուրիշ, արտառոց ձեւերի առարկաներ, որոնց նպատակը Հադուելը չկարողացավ գուշակել։
— Արդեն վեց հարյուր տարի է,— ասաց Լագը,— որ Գործիքը չի հանվել Գործիքի տաճարից։ Այն օրից, երբ Վʼքտատը՝ հերոս աստվածը, իգաթական ժողովրդին մեն֊մենակ փրկեց կործանումից։ Բայց քեզ համար, Հադուել, հանվեց։
— Ի՞նչ եք ասում, ես երեւի արժանի չեմ,— ասաց Հադուելը։
Այդպիսի համեստությունը ստիպեց ամբոխին հավանության մրմունջ արձակել։
— Հավատա ինձ,— լրջորեն ասաց քուրմը,— դու արժանի ես։ Ընդունո՞ւմ ես Գերագույնը, Հա՛դուել։
Հադուելը նայեց Մելեին։ Նա չէր կարողանում կարդալ կնոջ գեղեցիկ դեմքի արտահայտությունը։ Ապա նայեց քուրմին։ Լագի հայացքն անկիրք էր։ Ամբոխը լուռ էր ու անշարժ։ Հադուելը նայեց գործիքին, որն այնքան էլ դուրեկան տեսք չուներ։ Ինչ֊որ կասկած սողոսկեց սիրտը։
Մի՞թե ինքը սխալ էր ճանաչել այդ մարդկանց։ Այդ գործիքը պետք է որ հին ժամանակներում խոշտանգումների համար օգտագործված լիներ։ Այդ սեպերն ու կեռերը… Բայց ինչի՞ համար էին մյուս բաները։ Լարված մտածելով, Հադուելը գուշակեց հնարավոր գործողություններից մի քանիսը ու սարսռեց։ Արջեւում ամբոխը փակել էր ճանապարհը։ Ետեւում ժայռի սուր ծայրն էր, ներքեւում՝ ուղղահայաց անդունդը։ Հադուելը կրկին նայեց Մելեին։
Վերջինիս դեմքը անկեղծ սեր ու նվիրվածություն էր արտահայտում։ Նայելով գյուղացիներին, Հադուելը համակրանք տեսավ նրանց աչքերում։ Ինչո՞ւ է անհանգստանում։ Նրանք երբեք չեն վնասի իրեն, այն էլ այդքան բարեգործությունից հետո։
Գործիքն անկասկած ինչ֊որ սիմվոլիկ գործածություն ուներ։
— Ես ընդունում եմ Գերագույնը,— ասաց Հադուելը քուրմին։
Գյուղացիները բղավեցին, սարերն արձագանքեցին այդ կոկորդային աղաղակը։ Ապա, ժպտալով, կիպ շրջապատեցին Հադուելին, որպեսզի նրա ձեռքը սեղմեն։
— Արարողությունն անմիջապես կսկսվի,— ասաց քուրմը։— Գյուղում, Թանգուքարիի արձանի առջեւ։
Միանգամից, քուրմի առաջնորդությամբ, բոլորը ես դարձան։ Հիմա Հադուելն ու նորահարսը կենտրոնում էին։ Մելեն մինչեւ այժմ ոչ մի բառ չէր ասել։ Լուռ անցան լիանաների օրորվող կամուրջի վրայով։ Գյուղացիներն ավելի ու ավելի էին սեղմվում Հադուելին, թեթեւակի կլաուստրաֆոբիկ զգացում առաջացնելով։ Եթե Հադուելը համոզված չլիներ, որ այդ մարդիկ էությամբ բարի են, երեւի վախենար։
Առջեւում գյուղն էր, Թանգուքարիի զոհասեղանը։ Քուրմը շտապեց այդ կողմը։
Հանկարծ զառիվայր ափի մոտ Հադուելը տեսավ, թե ինչ է կատարվել։ Քաթագան՝ Մելեի հայրը, ետ էր ընկել թափորից եւ վերջինն էր անցել կամրջի վրայով։
Երբ հասել էր կենտրոնին, գլխավոր լիանան անհասկանալի կերպով կտրվել էր։ Քաթագան մի կերպ կառչել էր ինչ֊որ երկրորդական լիանայից, սակայն միայն մի պահ։ Գյուղացիները տեսան, թե ինչպես նա, աստիճանաբար թուլանալով, բաց թողեց լիանան ու ընկավ ջուրը։
Հադուելը, սարսափից սառած, նայում էր։ Ասես երազում, բայց շատ որոշակի տեսավ ամեն բան․ Քաթագայի ընկնելը, դեմքի անսահման խիզախ ժպիտը, կատաղի սպիտակ ջուրը եւ ներքեւի ատամնավոր ժայռերը։
Որոշակի, սարսափելի մահ։
— Լողալ կարո՞ղ է,— հարցրեց Հադուելը Մելեին։
— Ոչ,— ասաց աղջիկը։— Նա հրաժարվում էր սովորել։ Օ հա՜յր, հա՜յր։ Ինչպե՜ս կարող էիր։
Կատաղի փրփրասպիտակ ջուրը աներեւակայելիորեն վախեցնում էր Հադուելին՝ ավելի, քան տիեզերքի դատարկությունը։ Բայց նրա կնոջ հայրը վտանգի մեջ էր։ Հարկավոր էր գործել։
Լա գլխիվայր նետվեց սառույցի պես պաղ ջուրը։
Քաթագան համարյա գիտակցությունը կորցրել էր, երբ Հադուելը հասավ նրան եւ դա լավ էր, քանի որ իգաթացին չպայքարեց, երբ Հադուելը ճանկեց նրա մազերն ու սկսեց թափով լողալ դեպի մոտակա ափը։ Բայց դուրս գալը դժվար էր։ Հոսանքները նրանց այսուայն կողմ էին շպրտում, մերթ ջրի տակ առնելով, մեկ էլ նորից դուրս նետելով։ Մեծ ճիգ գործադրելով, Հադուելը խուսափեց առաջին հանդիպած քարերից։ Սակայն առջեւում ուրիշներն էին գծագրվում։
Իգաթացիները վազում էին ափի երկայնքով, Հադուելի վրա բղավելով։
Զգալով, որ ուժերն աստիճանաբար նվազում են, Հադուելը նորից սկսեց պայքարել ափ դուրս գալու համար։ Մի ստորջրյա քար քերեց նրա կողը եւ Քաթագային բռնող ձեռքը սկսեց թուլանալ։ Մինչդեռ իգաթացին սկսում էր ուշքի գալ ու պայքարել։
— Դիմացի՛ր,— շնդակտուր ասաց Հադուելը։ Ափը սուրաց կողքով։ Հադուելը կրկին մոտեցավ, մինչեւ տասը ոտնաչափ, բայց հետո հոսանքը նորից քշեց֊տարավ նրան։
Ուժերի մի վերջին լարումով Հադուելը կարողացավ ճանկել գլխավերեւում կախված ճյուղերից մեկն ու բռնվել, մինչդեռ հոսանքը քաշքշում էր նրա մարմինը, ծվատում։ Մի քանի րոպե անց, քուրմի ղեկավարությամբ, գյուղացիները նրանց դուրս քաշեցին։
Նրանց տարան գյուղ։ Երբ Հադուելը կարողացավ կանոնավոր շնչել, շրջվեց ու թույլ ժպտաց Քաթագային։
— Մազ էր մնում, լավ պրծանք,— ասաց նա։
— Խառնակի՛չ,— ասաց Քաթագան։ Նա թքեց Հադուելի վրա ու հեռացավ։
Հադուելը գլուխը քորելով նայեց Քաթագայի ետեւից։
— Երեւի ուղեղի վրա ազդել է,— ասաց նա։— Դե, Գերագույնը չե՞նք սկսում։
Իգաթացիք շրջապատեցին նրան, դեմքերին ծաղրական արտահայտություն։
— Հա՛հ։ Գերագույն է ուզածը։
— Դրա նմանին՝ Գերագո՜ւյն։
— Խեղճ Քաթագային ջրից քաշելուց հետո, դեռ լկտիությունն էլ հերիքում է…
— Սեփական աներոջ կյա՜նքն է փրկում։
— Դրա նման մարդը,— ի մի բերեց Վասսին՝ վաճառականը,— հեչ մեռնելու արժանի էլ չի։
Մի պահ Հադուելին թվաց, թե նրանք բոլորը խելքները թռցրել են։ Նա, թեթեւակի երերալով, ոտքի կանգնեց ու դիմեց քուրմին։
— Ի՞նչ է այս ամենը նշանակում։
Լագը՝ աչքերը սգավոր, շուրթերը գունատ եւ պինդ սեղմած, սեւեռուն նրան նայեց ու չպատասխանեց։
— Հիմա իմ Գերագույն արարողությունը չե՞ք անելու,— հարցրեց Հադուելը, ձայն մեջ տրտմագին երանգ։
— Դու արժանի ես,— ասաց քուրմը։— Եթե որեւէ մարդ երբեւէ արժանի է եղել Գերագույնին, ապա դա դու ես, Հա՛դուել։ Վերացական արդարության տեսակետից ես զգում եմ՝ դու պետք է ստանաս Գերագույնը։ Սակայն այստեղ, բացի վերացական արդարությունից, շատ ուրիշ հանգամանքներ կան։ Գոյություն ունեն գթասրտության ու մարդկային խղճմտանքի սկզբունքներ, որոնք թանկ են Թանգուքարիին։ Ըստ այդ սկզբունքների, Հա՛դուել, դու սարսափելի եւ անմարդկային բան արեցիր խեղճ Քաթագային գետից փրկելով։ Վախենում եմ, որ արարքը աններելի է։
Հադուելը չգիտեր, ինչ ասել։ Ըստ երեւույթին ինչ֊որ տաբու գոյություն ուներ գետն ընկած մարդկանց փրկելու դեմ։ Բայց ինքը որտեղի՞ց իմանար, մի՞թե նրանք չեն հասկանում։ Ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ թույլ տալ, որ մի աննշան միջադեպ հակակշռեր գյուղի համար իր բոլոր արածներին։
— Լավ, գոնե ինչ֊որ ուրիշ արարողություն չե՞ք կարող ինձ համար անել,— խնդրեց Հադուելը։— Ախր ես սիրում եմ ձեր ժողովրդին եւ ցանկանում եմ այստեղ ապրել։ Որ ուզեք, մի բան կանեք։
Կարեկցանքից ծերունի քուրմի աչքերը մշուշոտվեցին։ Նա թափով վերցրեց իր գավազանը, սկսեց բարձրացնել…
— Ամբոխի սպառնալի մռնչոցը կանգնեցրեց նրան։
— Ես ոչինչ չեմ կարող անել,— ասաց Լագը։ Հեռացիր մեզանից, կեղծ պատգամաբեր։ Հեռացիր մեզանից, օ՜ Հադուել՝ մարդ որ արժանի չէ մեռնելու։
— Լա՛վ,— գոռաց Հադուելը, արյունը հանկարծ միանգամից խփեց նրա գլխին։— Գրողի ծոցը կորեք, կեղտոտ վայրենիներ։ Որ խնդրեք էլ, այստեղ չէի մնա։ Գալի՞ս ես հետս, Մելե։
Աղջիկը հայացքը ջղաձգորեն շրջեց մեկ Հադուելի կողմը, մեկ քուրմի։ Մի երկար պահ լռություն տիրեց։ Հետո քուրմը մրմնջաց․
— Հիշիր քո հորը, Մե՛լե։ Հիշիր քո ժողովրդի հավատը։
Մելեի փոքրիկ հպարտ կզակն առաջ եկավ։
— Ես գիտեմ իմ պարտքը,— ասաց նա։— Գնանք, Ռի՛չար, սիրելիս։
— Գնանք,— ասաց Հադուելը։ Նա Մելեի ուղեկցությամբ հպարտ քայլեց դեպի տիեզերանավը։
Ծերունի քուրմը հուսահատ դիտում էր։ Նա մի անգամ, սրտաճմլիկ ձայնով, գոչեց «Մե՛լե»։ Սակայն Մելեն չշրջվեց։ Քուրմին ուշադրություն չդարձնելով, նա մտավ նավ ու դռնակը շրխկացրեց։
Մի քանի րոպեից կարմրակապույտ բոցերը շրջապատեցին արծաթե գունդը։ Գունդը բարձրացավ, արագություն հավաքեց, փոքրացավ, փոքրացավ ու անհետացավ։
Արցունքները ողողեցին ծերունի քուրմի դեմքը։
Մի քանի ժամ անց Հադուելն ասաց․
— Սիրելիս, ես քեզ տանում եմ Երկիր, այն մոլորակը որից եկել եմ։ Դու այնտեղ լավ կզգաս։
— Գիտեմ,— մրմնջաց Մելեն, դիտանցքի միջից նայելով փայլուն սրածայր աստղերին։
Այնտեղ՝ ինչ֊որ տեղ, մնաց տունը, որն այժմ հավերժ կորած էր նրա համար։ Մելեն արդեն կարոտել էր տանը։ Բայց ուրիշ ելք չկար։ Իր համար չկար։ Կինը իր սիրած մարդու հետ է գնում։ Եվ այն կինը, որը իրոք սիրում է ամուսնուն, երբեք նրա հանդեպ հավատը չի կորցնում։
Մելեն Հադուելի նկատմամբ հավատը չէր կորցրել։
Նա շոշափեց հագուստի տակ թաքցրած փոքրիկ սրածայր դաշույնը։
Դաշույնի ծայրը հագեցված էր առանձնահատուկ ցավոտ ու դանդաղ ներգործող թույնով։ Դա ընտանեկան մասունք էր, որն օգտագործվում էր այն դեպքում, երբ մոտակայքում քուրմ չկար, եւ միայն նրանց համար, ում սիրում էիր ամենաքնքուշ սիրով։
— Վե՛րջ ժամանակս իզուր վատնելուն,— ասաց Հադուելը։— Քո օգնությամբ ես մեծ գործեր կանեմ։ Դու հպարտ կլինես իձնով, թանկագի՛նս։
Մելեն գիտեր, որ դա ճիշտ է։ Մի օր, մտածում էր նա, Հադուելը կքավի իր հոր հանդեպ գործած մեղքը։ Գուցե դա լինի եկող տարի։ Եվ այդժամ ինքը կպարգեւի նրան ամենաթանկ բանը, որ կինը կարող է տալ տղամարդուն։ Ցավոտ մահ։