Վերջին թարմացում 13 Դեկտեմբերի 2015, 19:33

Ալֆոնսինա Սթորնի

19:33, 13 Դեկտեմբերի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեղինակներ Ս

Ալֆոնսինա Սթորնի

(1892 - 1938)




Ստեղծագործություններ

Մեռած սիրո բնանկար


Դու խորտակվում ես, ա՛րեւ։ Հրաժեշտը մայրամուտի,
Որ վառվում է ալիքներում իմ, հարատեւ չէ․․․
Եւ սիրտս դուրս է պրծնում, ինչպես թելը ասեղից։
Գալիս է գիշերը՝ դանակով։ Եւ լացի պես զրնգում է սառնությունը հովի։
Մութ ափերին արդեն սեւանում է հոտը քաղցած,
եւ խոսքն իմ լռում է,
Մահը խշխշում է չոր ճյուղերի պես։ Խոտը համրացել է։
Ավելի մոտ են փշերը։ Ես պարուրված եմ ստվերներով․․․
Ահա վերջապես ընկավ արեւը՝ դեղնած կեղեւով,
Ինչպես շունը, որ պառկում է՝ սեփական պոչի հետ խաղալուց հոգնած։
Երկրագունդը պառկում է հանգստանալու,
եւ ոսկրոտ ձեռքով
Աստղաբույլերն է հանգցնում։ Ճռթճռթում է ավազը,
Սեւ բիբերով արահետը քարքարոտ կայծեր է արձակում։


թ․ Ն․ Համբարձումյան

Ծովափ


Դեղին գլխարկով ծերունին
մահացավ կանգնած՝
մեջքը հենելով
քարե ճաղաքարին։

Կանաչ ալիքները,
որ թրջեցին շորն իմ,
հոգեհանգիստ են երգում նրան՝
ներդաշնակորեն հպվելով ափին։

Հեռավոր գիծը հորիզոնի
ինչքան էլ ձգես՝ իզուր է,
իսկ բարձրում՝ գլխավերեւում իմ,
սիրային ճիչերն են ճայերի։

Այդպես, ուրեմն, դա ճիշտ է․
կենդանի էակները սիրում են դեռ,
Նրանց թեւերը,
թաթերը,
սմբակները
դեռեւս սիրում են
իրար․․․

Ես լսեցի,
ինչպես այսօր ճաշարանում
խարտիշահեր տղան
արտաբերեց ձայնով
մրսած թավջութակի․
«Մայրի՛կ,
կարո՞ղ եմ ուտել այս դեղձը»։
Չգիտեմ ինչու,
այս բառերից
ճմլվեց սիրտն իմ։

Ես նորից հիշեցի
այն մարդուն
որ մահացավ կանգնած,
եւ թռչող ճայերին,
եւ հեռավոր, փախչող հորիզոնը։



թ․ Ն․ Համբարձումյան

Ակնթարթ


Ինչ֊որ մի քաղաք՝ մոխրագույն ոսկորներից կառուցված,
Փռվել է իմ առջեւ։

Փողոցները,
Սեւ ճեղքերի պես,
բաժանում են նրան քառակուսիների՝
հատելով գերեզմանատունը։
Քաղաքում, որ երախում իր պահում է
երկու միլիոն դեմքեր,
ես չունեմ հարազատ ոչ մեկին։

Երկնակամարը, որ ավելի մոխրագույն է,
քան պատերը քաղաքի,
իջնում է ինձ վրա,
շղթայում մարմինս,
սեղմում երակներս, հանգցնում ճիչս․․․

Որպես մրրիկ,
որից անհնար է թաքնվել,
աշխարհը պարուրվեց ձագարի պես
շուրջը մեռած մի կետի՝
իմ սրտի։



թ․ Ն․ Համբարձումյան

Մաշվածը


Երբ ես կմեռնեմ, լուրը այդ մասին
Դեպի անսահմանը կթռչի իր հին ճանապարհով,
Եւ շեմից շեմ կսահի
Բոլոր հաստատություններում,
Եւ կսկսեն փնտրել անունն իմ գրքերում հաստափոր։

Այնտեղ, հեռավոր գյուղակում,
Որ ննջում է սարերում, արեւի տակ,
Հին ծխական գրքի մեջ օտար մի ձեռք
Գիծ կքաշի՝ գտնելով անունը իմ։



թ․ Ն․ Համբարձումյան

Դառը


Ես կարող էի ապրել քո հոգում,
Ինչպես հեռավոր երկնքում աստղը ճերմակ,
Սակայն խաբված է երազն իմ. քնքուշ,
Դու չունես հոգի:

Ես կարող էի ապրել նաև քո սրտում,
Ինչպես ժայռի վրա շուշանը ձյուների:
Չհաջողվեց, չստացվեց սերս,
Դու չունես սիրտ:

Ես երկինք խնդրեցի,դու տվեցիր ինձ հող,
Ինձ տվեցիր համբույրներ` աստղերի փոխարեն,
Դու հարուստ ես,սակայն, մտածողությամբ` աղքատ.
Դու տվեցիր ինձ հող:

Սերն արշալույսով կարող էր ծաղկել,
Սակայն դարձավ ամպոտ մայրամուտ,
Չես փոխի ու ետ չես դարձնի.
Չեն երևում արշալույսները:

Մի հարցրու` ինչու է ճակատագրին հակառակ,
Պսակ եմ հյուսում խաղողի շիվերից:
Անցել է ժամնակը աղերսանքների ու արցունքների,
Ահա` ինչպիսին է ճակատագիրը:


թ․ Ն․ Համբարձումյան

Իմ «ես»-ը


Ինչպես բացատրել. ինձ թվում է երբեմն,
թե իմ հոգին նման է քաոսի:
Տեղավորվում են իմ մեջ տիեզերքը համայն
և ողջ շրջապտույտը լինելության:

Ես տիեզերքն եմ: Էլեկտրական հոսանքները
Ինձ տեղափոխում են այլ աշխարհ,
իսկ այստեղ իմ ճամփաները միայնակ են,
այստեղ միայն մենակությունն է ինձ հետ:

Եվ եթե կյանքն ինձ մոտենա ժպտալով`
Ես առաջվա պես օտար կդառնամ,
Կփնտրեմ այլը, անհայտը, հոսողը,
Որին երբեք չեմ հանդիպել:

Օ՜ կյանք իմ. դեպի անկուշտ անսահմանն է
թռչում իմ ճիչը`այրվելով ցանկություններից:
Իմ արյան մեջ տրոփում են աստղաբույլերը,
և ծովերը, ձուլվելով իրար, դառնում են օվկիանոս:

Քանի դեռ ապրում եմ աշխարհում
իմ հոգին ապակե լար է
արծաթե կիթառի:Մի թեթև քամի
հավերժությունից` և կզրնգա նա:


թ․ Ն․ Համբարձումյան

CAMP-FIRE


Հունվարյան
գիշերում
բոց
դարձավ բունը ծառի:

Մարդկային
հարյուր գլուխներ,
կարմիր լեզուներով կրակի,
շրջապատեցին
խարույկը:

Ինչ-որ մեկի
բաց բերանից
ձգվեց
թելը երգի:

Նրան շարունակելով
մյուս շրթունքները,
քանդեցին
մետաքսը
հանգերի:

Լուսինը
ուղղահայաց
լուսավորում էր
դեմքերը:

Սև շրջագիծը լեռնաշղթայի
գոտևորում էր աշխարհը:

Եվ ինչ-որ մեկի աջը
կանչում էր,

ոչ թե քո,
այլ Աստծո,

կողք- կողքի գնալ
գիշերվա կեսի
սառցե
շեղբերի վրայով:


թ․ Ն․ Համբարձումյան

Կապեր


Դատարկ երազանք. դու ապրում ես իմ հոգում`
ջերմացնելով քիչ-քիչ:
Դողում ես շեմին`
Խղճուկ մուրացկանի պես:

Թե հեռանայի քեզնից`
ազատության տենչով,
սիրտս միայնակ
կմեռներ ցավից:

Դու թաքնվել ես իմ հոգում
և հսկում ես ձայնն իմ:
Այս ձանձրալի կյանքին ինձ կապել է
բարակ թելն այդ:

Ես անդադար մերժում էի քեզ.
(խաբիր ուրիշին),
Բայց դեպի ինձ էիր դառնում կրկին`
Կպչուն բոռի նման:


թ․ Ն․ Համբարձումյան

Աչք



Հանգստանում է:
Մթնշաղը մեռնում է
խորքում, որտեղ թռչունն է
անշարժ նստած:

Տխուր ծովերը,
շրջապատված,
նրա մեջ
գլորում են
ալիքներն իրենց:

Ցերակային
տեսարանները
դանդաղ
հալվում են նրա մեջ:

Առաջին
երկչոտ աստղերը
սգում են
խուլ հորձանուտը
անշարժ բիբի:

Նրա մութ
խորքում
մարդկանց շարքերը անվերջ
հոսում են
ու հոսում:

Հակառակ
կողմեր են
գնում,
խաչվում են,
նահանջում,
միաձուլվում են,
հպվում
առաջին
շարքերին:

Հառաչում են, քանի որ արևն է ծնվում:
Հառաչում են, քանի որ արևը մեռնում է:

Ամեն ինչ այնտեղ, խորքում,
աչքի շրջանակի մեջ,
ուր
նստած է թռչունն

անշարժ:


թ․ Ն․ Համբարձումյան

Դասերը


Եթե մեր սրտերը արձագանքել կարողանային,
նրանցում կհառնեին ձայները մեռած մարկանց,
և հնարավոր է, նրանց մեջ հնչեին դայլայլները
երգող թռչունների, անտառները լուսավորող:

Չէ որ ըմբռնելով բարությունը օրորոցից
սիրտը սերտում է կյանքն, միաժամանակ
փորձելով մահը, փորձելով ողբերգությունը,
որը սովորել չհասցրինք,
որը մենության մեջ կխաղանք ու կդիտենք:

Քանի անգամ է նա արտասվել, բաբախել ու երգել,
պոկվել ու ընկել է,որ դեպի երկնակամարը թռչի...
Մահը սովորելը համարյա անհույս գործ է`
մենք մահանում ենք ամեն ակնթարթ,
որ հետո մեկ անգամ
մեռնենք:


թ․ Ն․ Համբարձումյան

Աղոթք


Աստվա'ծ իմ, տեսա երազում այնպիսի՜ սեր,
որ աշխարհում ոչ մեկը դեռ չի տեսել,
միայն անմահության հետ գուցե համեմատվեր
և պոեզիայի հետ` առանց խոսքերի` հոգու մեջ լցվող:
Ձմեռը անցավ, բայց առաջվա պես սառում էր
արյունը,
և նորից,համբերատար, գարունով փոխարինվեց ձմեռը,
Ես հուսով էի` ամռանն ինձ կայցելի սերը,
Բայց նույնիսկ աշնանը իզուր տանջվում էի
սպասումով:

Տե'ր Աստված, մեջքն իմ մերկացած է,
և քո մտրակը խիստ անշշուկ կընդունի նա,
որպես անիծված մեղսագործ` ես լսում եմ քո
ահեղ նախատինքը,
չէ որ իմ կյանքի առջև հառնում է հրդեհը
մայրամուտի:
Եվ չիրագործված կրքի մեջ միայն ես եմ մեղավոր,
պոեզիայով տարված` նրան չտեսա, Սինյո'ր:

Նա, ով հասկանում է

Սև, փայլուն վարսերով գլուխը խոնարհելով,
Ոչ երտասարդ գեղեցիկ կինը
Ծնկեց,և խաչված Քրիստոսը
Բարձրից խաչի
Նայեց նրան` ցավակցելով:
Իսկ սրտի տակ` երեխան էր. նա շուտով զավակ էր ունենալու:
Եվ այնպիսի՜ մեծ թախիծ կար նրա աչքերի խորքում:

Եվ արտասվելով` հպվեց նա
Արյունոտված ոտքերին Քրիստոսի.
―Օ՜, Տե'ր Աստված, միայն աղջիկ ծնվի...


թ․ Ն․ Համբարձումյան

Հանդիպում


Տեսադաշտիցս կորցնելով քեզ`
նորից քեզ հանդիպեցի
Ֆլորիդայի մայրուղու անկյունում
և, ձեռնոցներս տրորելով ձեռքումս,
դիմեցի քմծիծաղով.
(որքան ցրված,որքան մռայլ էիր դու)
և հարցրեցի.«Ասացե'ք ինձ խնդրեմ,
ինչու՞ են ձեր ատամները դեղին»:

Դու նայեցիր լուռ կշտամբանքով,
և շրջվեցիր` ձեռքով պատահաբար
անծանոթ կնոջ դիպչելով...

Իսկ հետո քաղաքի թոհուբոհում
ես ճանապարհեցի քո վերարկուն,
գլխարկը...հետքը...կետը...ոչինչ...


թ․ Ն․ Համբարձումյան

Ես ուզում եմ


Ետ գալ դեպի այն, ինչ նախաստեղծ է,
լինել խոտի, նորահաս ծաղիկների պես, չխորհել,
բայց հասնելով գեղեցկության ակունքներին`
խմել հյութը և չկոտրել զրնգացող գավաթը:


թ․ Ն․ Համբարձումյան

Մի անգամ գարնանը


Որտե՞ղ ես, իմ ընկեր.
որ ասացիր ինձ`
ճերմակ մորուքդ շոյելով.
«Զգու'յշ եղիր, փոքրի'կս, նայի'ր,
Սիրտդ պահպանիր:

Գարուններն անցնում են, և միայն անձրևներն են
սպասում աշնան ճանապարհին...
Զգու'յշ եղիր. տե'ս, որ քեզ
չայրի հրդեհը»:

Ես վախվորած լսում էի նրան`
անսովոր տագնապից դողալով,
«Թռչունները երգում են- պատասխանեցի.-
Գետը զրնգում է,-ասացի»:
Ճակատիս վրա, փոթորիկների հայելում,
հիշում եմ նրա ափերը:
Նա խոնարհվեց դեպի ինձ` շշնջալով,
«Խեղճ աղջիկ...»


թ․ Ն․ Համբարձումյան