հեղինակ՝ Հեղինէ Մէլիք֊Հայկազեան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Նագասակիʼի ծոցը
Յունիսի առաւօտը նոր էր ծագում, երբ մեր առջևը ծովի մէջ նկարւեցին ճապոնական լեռների անորոշ գծերը։
Առաւօտը թարմութիւն ու զով էր շնչում։
Եւ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում։
Անընհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։
Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։
Սքանչելի է այդ ծոցը։
Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ և ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ու ամեն֊ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։
Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մնում է նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինիտ միջով։
Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ։, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։