Վերջին թարմացում 22 Հունվարի 2016, 22:56

Ֆանշտիկը մահվան աշխարհում

22:56, 22 Հունվարի 2016 տարբերակ, Իշմայիլ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ֆանշտիկը մահվան աշխարհում
հեքիաթ

հեղինակ՝ Լուդվիգ Դոդգսոն
թարգմանիչ՝ ա․ Բեքարյան
աղբյուր՝ անհայտ

Ֆական երջանիկ թագավորություն էր։ Այնտեղ երջանիկ էին փղերը, մարդիկ, ինչպես նաև ձեռնափայտերը և անձրևանոցները։ Հեռավոր Ֆակայում չէին լինում ջրհեղեղներ, անտառները չէին այրվում, հողմերն էլ այնքան հազվադեպ էին ջարդում ծառերը և քշտում տանում խրճիթների ծղոտե տանիքները, որ նրանց մասին պապիկները առասպելներ էին պատմում իրենց փսլնքոտ թոռներին։ Ֆակայում երջանիկ էին բոլորը՝ սկսած մեծամիտ միապետից, վերջացրած ամենաաղքատ ռամիկով։

Թագավորությունը միայն մի խնդիր ուներ։ Դա մահացած մադրիկ էին։ Մահը ինքը չէր գալիս մահացածների հետևից, քանի որ ինքն էլ էր երջանիկ և իմաստ չէր տեսնում մարդկանց անձամբ վախեցնելու և բացասական հույզեր արթնացնելու մեջ։ Փոխարենը նա նամակներ էր ուղարկում մահացածներին։ Ամեն մահացող իր մահվան օրը մանուշակագույն մանրանկարներով վարդագույն ծրար էր ստանում, որի պարունակած նամակը ամենակիրթ և նրբանկատ արտահայտություններով նրան հրավիրում էր այցելել կոնկրետ հասցեով և ստանալ իրեն հասանելիք մահվան բաժինը։ Կհարցնեք՝ բա խնդիրն ինչո՞ւմ էր կայանում, եթե բոլորը, նույնիսկ մահացածները և մահը, երջանիկ էին։ Ողջ խնդիրն այն էր, որ մահացածները չէին շտապում հեռանալ Ֆակայից, քանի որ այդտեղ էլ էին իրենց լիովին երջանիկ զգում։ Եվ այդպես Ֆակայում գոյանում էր փաստացի մեռելների հանրություն, ովքեր ոչ մի տեղ չէին շտապում գնալ և այդպիսով խախտում էին Ֆակա երջանիկ թագավորության հասարակական կյանքի բնականոն ընթացքը։

Հասարակական կարգի խախտումը մասնավորապես ապերջանիկ էր դարձնում հյուսն Ֆանշտիկին։ Ֆանշտիկը (Կպչուն֊սևեռուն խանգարում ուներ․ ծան․ թարգմ․) սիրում էր կարգուկանոն և իրեն դժբախտ էր զգում երջանիկ մեռելների շրջապատում։ Համաձայն նրա պատկերացումների՝ մեռելները պետք է դժբախտ լինեին, իսկ ինքը՝ երջանիկ։ Մինչդեռ իրականությունը հակառակն էր։ Նա շատ էր փորձել խլել կամ գողանալ նոր մահացածների ստացած վարդագույն նամակները, որպեսզի վերջապես պարզի, թե ո՞ւր պետք է գնան մեռելները։ Նա հույս ուներ, որ այդ դեպքում մի ձև կգնի համոզելու մեռելներին, որ հեռանան, որ այնտեղ էլ է նույնքան լավ, քան Ֆակայում և նույնիսկ ավելի լավ, քան մահացածներով լցված Ֆակայում։ Բայց ամեն անգամ Ֆանշտիկի ճիգերը անհաջողության էին մատնվում։ Մեռելները զգոնությամբ թաքցնում էին իրենց մեկնման վայրի անունը։ Ֆանշտիկին էլ մեղադրում էին ուրիշների սեփականության հանդեպ հանցավոր ոտնձգության մեջ, և արդյունքում, նա դառնում էր Ֆակա թագավորության միակ բանտի միակ բանտարկյալը։

Վերջապես մի պայծառ օր Ֆանշտիկը ինքն էլ մահացավ։ Ու ոսկրոտ փոստատարը նրան հանձնեց մանուշակագույն զարդանախշով ծրարը։ Ֆանշտիկը անհամբեր պատռեց ծրարը ու դուրս հանեց հաստ թուղթը, որի վրա գոթական շեղ տառերով շարադրված էր․

«Սիրելի Ֆանշտիկ,
խնդրում ենք Ձեզ՝ ձեզ հարմար ամսաթվին և ժամին ներկայանալ նշված հասցեով։
Ամենաջերմ մաղթանքներով,
բոլոր շնչավոր և անշունչ, բնական և ձեռակերտ, բանական և բացարձակապես հիմար երևույթների, առարկաների և կենդանիների վերջնական տնօրեն, իշխանների իշխան, շահերի շահ, կայսրերի կայսր և այլների այլն, անդրշիրիմյան թագավորության տիրակալ՝ Մահ։» Ինչքան Ֆանշտիկը հետախուզեց, այդպես էլ չկարողացավ իր բախտակիցներից պարզել, թե արդյոք նրանց նամակներում էլ նույն տեքստն է գրված, արդյոք նրանք բոլորը նույն տեղը պետք է մեկնեն, թե ամեն մեկի համար հատուկ տեղ է նախատեսված։ Նա նույնիսկ չգիտեր, թե անորոշ տեղը անդրշիրիմյան աշխարհում է գտնվում, թե այս մեկում։

Այդպես Ֆանշտիկը անցկացրեց երեք տարի, համակերպվեց մահացած լինելու մտքի ու զգացողության հետ, ընկերացավ այլ մահացածների հետ և կամաց֊կամաց մոռացավ, որ ինչ֊որ տեղ պիտի գնար, որ իրեն ինչ֊որ տեղ էր հրավիրել շեղ գոթական տառերով նամակը։

Մահացած լինելու երրորդ տարվա երրորդ ամսին Ֆանշտիկը ևս մեկ նամակ ստացավ։ Այս անգամ ծրարը թանաքագույն էր և եզերված էր վարդագույն նուրբ զարդերով։ Այն տեղեկացնում էր, որ․ «․․․սույն նամակի հասցեատերը ժամանակին չի կատարել իր քաղաքացիական պարտականությունները»․․․ «հետևաբար պարտավոր է հնարավորինս շուտ ներկայանալ նշված վայր ողջ լրջությամբ կյանքի օրենքի առջև պատասխանատվություն կրելու համար»։ Ներկայանալու վայրը կրկին հստակեցված չէր։ Այնպես որ, հիմա արդեն առաջնորդվելով մեռած աշխարհին բնորոշ տրամաբանությամբ՝ Ֆանշտիկը եզրակացնում է, որ եթե ոչ մի վայր նշված չէ, ապա թերևս նամակագիրը նկատի ունի բոլոր վայրերը, և ցանկացած վայր պատշաճ կլինի, քանի որ ցանկացած վայրը բոլոր վայրերից կամայական ընտրված մեկն է։ Ահա թե ինչի մեռելները ոչ մի տեղ չեն գնում, որովհետև նրանք արդեն իսկ տեղում են։ Այս մտածելով՝ Ֆանշտիկը մի քայլ արեց, որպեսզի գնա ինչ֊որ տեղ, ցանկացած տեղ։ Եվ այդ պահին նրա առջև բացվեց Մահվան տունը։ Իսկ քանի որ Մահը ամեն տեղ էլ տանն է, Ֆանշտիկի առջև խոյացավ նույն աշխարհը, պարզապես նոր անկյունից։

Մահվան աշխարհում ամեն ինչ նույնն էր, ինչ կենդանության ժամանակ, պարզապես մարդիկ ու առարկաները հարթ էին ու գետնին փռված մեծանում, ձգվում, լայնանում ու բազմանում էին կախված լուսավորության փոփոխությունից, իսկ ստվերները խորն էին և ինքնուրույն։ Ֆանշտիկը բացահայտեց, որ ինքն էլ է՝ իր անհամաչափ գլխով ու մարմնով, կրկնում իր ուռուցիկ ստվերի շարժումները։ Ֆանշտիկը փորձեց իր կամքով շարժում անել, բայց դրանից ոչ մի բան դուրս չեկավ։

Այդ պահին հայտնվեցին երկու ոստիկան ստվերներ և Ֆանշտիկի ստվերին հայտնեցին, որ նա ձերբակալվում է բնության օրենքը խախտելու և մահվան դուռ ներկայանալը հետաձգելու մեջ։ Ֆանշտիկը ուզում էր հակաճառել, բողոքել և պաշտպանվել, ապացուցել, որ նախ՝ ինքը չգիտեր, թե ոնց և ուր է պետք գալ, հետո էլ՝ նամակում հստակ օր և ժամ նշված չէր, այնպես որ նա չէր կարող ուշանալ կամ խախտել ինչ֊որ բան։ Բայց, մինչև կհասցներ մտքին եղածը արտահայտել, Ֆանշտիկը խորությամբ զգաց, որ այդ ամենը ոչ մի կապ չունի, որ դրանք արդարացումներ չեն, որ մահվան աշխարհում արդարացումներ ընդհանրապես գոյություն չունեն։ Նա հնազանդ հետևեց իր ստվերին, ում պահակները ուղեկցեցին երջանիկ Ֆակա թագավորության միակ բանտի միակ բանտախուցը։

ՎԵՐՋ