հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Մասն առաջին
Գլուխ առաջին
I
Այլևս ինձ զսպել չկարողանալով՝ ես նստեցի՝ գրի առնելու կյանքի ասպարեզում իմ կատարած առաջին քայլերի այս պատմությունը, մինչդեռ կարող էի առանց դրա էլ յոլա գնալ։ Մի բան միայն հաստատ գիտեմ երբեք այլևս չեմ նստի գրելու իմ ինքնակենսագրությունը, նույնիսկ եթե հարյուր տարի ապրեմ։ Պետք է չափազանց ստոր կերպով ինքդ քեզ սիրահարված լինես, որպեսզի առանց ամաչելու ինքդ քո մասին գրես։ Եվ միայն մի բանով եմ ինձ ներում, որ նրա համար չեմ գրում, ինչի համար բոլորը, այսինքն ընթերցողի գովաբանության համար։ Եթե հանկարծ մտադրվեցի բառ առ բառ գրի առնել այն ամենը, որ կատարվել է ինծ հետ անցյալ տարվանից սկսած, ապա մտադրվեցի ներքին պահանջից դրդված. այնքան զարմացած եմ տեղի ունեցածից։ Ես գրի եմ առնում միայն իրադարձությունները, ամեն կերպ խուսափելով բոլոր կողմնակի բաներից և, որ գլխավորն է, գրական զարդարանքներից. գրողը գրում է երեսուն տարի և, ի վերջո, բոլորովին չգիտե, թե ինչու է այդքան տարի գրել։ Ես գրող չեմ, գրող լինել չեմ ուզում և անամոթություն ու ստորություն կհամարեի հոգուս խորքն ու զգացմունքներիս գեղեցիկ նկարագրությունը նրանց գրական շուկան հանելը։ Սակայն սրտնեղությամբ կանխազգում եմ, որ կարծես թե հնարավոր չէ լիովին խուսափել զգացմունքների նկարագրությունից ու խորհրդածություններից (թերևս, նույնիսկ գռեհիկ խորհրդածություններից). այնքան բարոյազուրկ ազդեցություն է գործում մարդու վրա ամեն տեսակ, թեկուզ միմիայն քեզ համար ձեռնարկած գրական զբաղմունքը։ Իսկ խորհրդածությունները կարող են նույնիսկ չափազանց գռեհիկ լինել, որովհետև այն, որ ինքդ ես գնահատում, շատ հնարավոր է, որ ոչ մի արժեք չունենա օտարի աչքում։ Բայց թողնենք այս բոլորը։ Սակայն ահա և նախաբանը, սրա նման որևէ բան այլևս չի լինում։ Ի գործ, թեև ավելի դժվար բան չկա, քան որևէ, միգուցե նույնիսկ յուրաքանչյուր գործ սկսելը։
II
Ես սկսում եմ, այսինքն կուզենայի սկսել իմ հիշատակարանը անցյալ տարվա սեպտեմբերի տասնիննից, այսինքն ճիշտ այն օրից, երբ ես առաջին անգամ հանդիպեցի...
Սակայն այսպես, նախապես բացատրել, թե ում եմ հանդիպել, երբ ոչ ոք ոչինչ չգիտե, գռեհիկ կստացվի. նույնիսկ կարծում եմ, որ այս տոնն էլ գռեհիկ է. ինքս ինձ խոսք տալով խուսափել գրական զարդարանքներից, ես հենց առաջին տողից այդ զարդարանքների մեջ եմ ընկնում։ Բացի այդ, որպեսզի կարգին գրես, միայն ցանկությունը, կարծես թե բավական չէ։ Նկատեմ նաև այն, որ թվում է, թե եվրոպական ոչ մի լեզվով այդքան դժվար չի գրվում, որքան ռուսերեն։ Հիմա ես կարդացի այն, ինչ հենց նոր գրել եմ, և տեսնում եմ, որ շատ ավելի խելոք եմ, քան իմ գրածը։ Ինչպե՞ս է պատահում, որ խելոք մարդու արտահայտածը շատ ավելի հիմար է դուրս գալիս, քան նրանում մնացածը։ Ես բազմիցս եմ նկատել դա իմ և մարդկանց հետ ունեցած իմ բանավոր հարաբերությունների մեջ այս վերջին, ճակատագրական ողջ տարվա ընթացքում և շատ եմ տառապել դրանից։
Թեև սկսելու եմ սեպտեմբերի տասնիննից, այնուամենայնիվ մի երկու խոսք կասեմ այն մասին, թե ով եմ ես, որտեղ եմ եղել մինչ այդ, ուրեմն նաև այն, թե ինչ կարող էր լինել իմ գլխում թեկուզ մասամբ սեպտեմբերի տասնիննի այն առավոտյան, որպեսզի հասկանալի լինի ընթերցողի և, միգուցե, հենց ինձ համար։
III
Ես լրիվ դասընթացն ավարտած գիմնազիստ եմ և հիմա արդեն քսան տարեկան եմ։ Ազգանունս Դոլգոռուկի է, իսկ իրավական հայրս՝ պարոնայք Վերսիլովների նախկին ճորտ-սպասավոր Մակար Իվանով Դոլգոռուկին։ Այսպիսով ես օրինածին, թեև վերին աստիճանի ապօրինի զավակ եմ, և իմ ծագումը ամենաչնչին կասկածի անգամ ենթակա չէ։ Բանն այսպես է տեղի ունեցել, քսաներկու տարի սրանից առաջ կալվածատեր Վերսիլովը (հենց սա է իմ հայրը), որն այն ժամանակ քսանհինգ տարեկան էր, այցելել է Տուլայի նահանգում գտնվող իր կալվածքը։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամանակ նա դեռևս անդեմ մի բան էր։ Հետաքրքիր է, որ դեռ մանկության օրերից այդքան ինձ զարմացրած այդ մարդը, որն այնպիսի արմատական ազդեդցություն է ունեցել հոգուս ողջ խառնվածքի վրա և նույնիսկ միգուցե դեռ երկար ժամանակով վարակել է իրենով իմ ամբողջ ապագան, այդ մարդը նույնիսկ այժմ շատ ու շատ բաներում կատարյալ առեղծված է մնում ինձ համար։ Բայց, իսկապես, դրա մասին հետո։ Դա հենց այնպես չես պատմի։ Առանց այն էլ այդ մարդով է լցվելու իմ ամբողջ տետրը։
Հենց այդ ժամանակ, այսինքն՝ քսանհինգ տարեկան հասակում, նա այրիացել էր։ Իսկ ամուսնացած էր եղել բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցչի, բայց ոչ այնքան հարուստ Ֆանարիոտովայի հետ ու նրանից մի որդի ու մի դուստր ուներ։ Նրան այդքան վաղ լքած այս տիկնոջ մասին ունեցածս տեղեկությունները բավական թերի են և իմ նյութերի մեջ կորած, շատ բան էլ Վերսիլովի կյանքի մասնավոր իրադրություններից սպրդել էր իմ տեսադաշտից, այնքան գոռոզաբար, մեծամտորեն, ինքնամփոփ ու անփութորեն էր ինձ հետ իրեն պահում, չնայած առանձին րոպեների նրա զարմանալի, կարծես, խոնարհությանը իմ նկատմամբ։ Սակայն հետագայում իմացած լինելու համար հիշատակում եմ, որ իր կյանքի ընթացքում Վերսիլովը մսխել էր երեք և բավական խոշոր հազար չորս հարյուրից անցնող, թերևս նույնիսկ ավելի մեծ կարողություն։ Հասկանալի է, որ այժմ նա ոչ մի կոպեկ չունի...
Այն ժամանակ նա գյուղ էր եկել «Աստված գիտե, թե ինչու», համենայն դեպս, ինքն այդպես արտահայտվեց հետագայում ինձ հետ խոսելիս։ Նրա փոքրիկ երեխաները, սովորության համաձայն, ոչ թե իր մոտ էին, այլ՝ հարազատների, այդպես էր վարվում նա իր երեխաների հետ, օրինական և ապօրինի, իր ողջ կյանքի ընթացքում։ Կալվածատիրական այդ ագարակում ապրող ճորտ-սպասավորները բավական շատ էին. նրանց թվում էր նաև պարտիզպան Մակար Իվանով Դոլգոռուկին։ Հենց այստեղ մեջբերեմ, որպեսզի մեկընդմիշտ դրանից ազատվեմ, հազիվ թե որևէ մեկն այսպես կատաղեր իր ազգանվան վրա, ինչպես ես իմ ողջ կյանքի ընթացքում։ Դա, իհարկե, հիմարություն էր, բայց այդպես էր։ Ամեն անգամ, երբ ես որևէ դպրոց էի ընդունվում կամ հանդիպում մարդկանց, որոնց, տարիքիցս ելնելով, պարտավոր էի հաշվետու լինել, մի խոսքով ամեն մի ողորմելի ուսուցիչ, դասուսույց, տեսուչ, տերտեր, ով ասես, հարցնելով ազգանունս և լսելով, որ ես Դոլգոռուկի եմ, չգիտես ինչու անհրաժեշտ էր համարում ավելացնել.
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
Եվ ամեն անգամ ես պարտավոր էի բոլոր այս պարապ մարդկանց բացատրել.
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի։
Այդ ուղղակին վերջիվերջո սկսեց ինձ գժվեցնել։ Ընդ որում, որպես ֆենոմեն, նկատեմ, որ ես ոչ մի բացառություն չեմ հիշում, բոլորն էին հարցնում։ Ոմանց, ըստ երևույթին, դա ամենևին պետք չէր, և չգիտեմ էլ, թե արդյոք որևէ մեկին և ի՞նչ ցավի համար դա կարող էր պետք լինել։ Բայց բոլորը հարցնում էին, բոլորն՝ առանց բացառության։ Լսելով, որ ես ուղղակի Դոլգոռուկի եմ, հարցնողը սովորաբար չափում էր ինձ բութ և անտարբեր հիմար հայացքով, ինչը վկայում էր, որ ինքն էլ չգիտե, թե ինչու է հարցրել, ու հեռանում էր ինձնից։ Դպրոցական ընկերներս հարցնում էին բոլորից վիրավորական ձևով։ Դպրոցականն ինչպե՞ս է հարցնում նորեկին։ Իրեն կորցրած, շփոթված նորեկը դպրոց ընդունվելու առաջին օրը (որ դպրոցն էլ որ լինի) ընդհանուրի զոհն է. նրան հրամայում են, նրան ծաղրում են, նրա հետ լակեյի պես են վարվում։ Խոշոր, գիրուկ մի տղեկ հանկարծ կանգ է առնում իր զոհի առաջ և երկար, խիստ ու ամբարտավան հայացքով շեշտակի դիտում է նրան մի քանի ակնթարթ։ Նորեկը նրա առաջ կանգնած է լուռ, խեթ-խեթ նրան է նայում, եթե վախկոտ չի, և սպասում է, թե ինչ է լինելու։
― Ազգանունդ ի՞նչ է։
― Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Ոչ. ուղղակի Դոլգոռուկի։
― Հա՜, ուղղակի։ Հիմա՛ր։
Եվ նա իրավացի է. ավելի հիմար բան չի կարող լինել, քան իշխան չլինելով՝ Դոլգոռուկի կոչվել։ Այդ հիմարությունը ես կրում եմ ուսերիս, առանց որևէ մեղք ունենալու։ Հետագայում, երբ ես արդեն շատ սկսեցի բարկանալ, «Դու իշխա՞ն ես» հարցին մշտապես պատասխանում էի.
― Ոչ, ես նախկին ճորտ-սպասավորի որդի եմ։
Հետո, երբ ես արդեն ծայրաստիճան զայրացա, «Դուք իշխա՞ն եք» հարցին հաստատաձայն պատասխանեցի.
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի եմ, իմ նախկին տիրոջ պարոն Վերսիլովի ապօրինի որդին։
Սա ես հորինել եմ գիմնազիայի արդեն վեցերորդ դասարանում և, թեև շուտով, անշուշտ, համոզվեցի, որ հիմար եմ, այնուամենայնիվ, իսկույն չդադարեցրի հիմարությունս։ Հիշում եմ, որ ուսուցիչներից մեկը (ի դեպ նա հենց միակն էր) գտավ, որ ես «քաղաքացիական ու վրիժառու գաղափարով եմ առլեցուն»։ Իսկ ընդհանրապես ինձ համար ինչ-որ վիրավորական մտավախությամբ ընդունեցին իմ այդ հնարամտությունը։ Վերջապես, ընկերներիցս մեկը՝ մի շատ կծու տղա, որի հետ տարին ես ընդամենը մեկ անգամ էի խոսում, լուրջ տեսքով, բայց փոքր֊ինչ մի կողմ նայելով, ասաց ինձ.
― Այդ զգացմունքները ձեզ, իհարկե, պատիվ են բերում, և դուք, անշուշտ, պարծենալու բան ունեք, բայց ես, եթե ձեր տեղի լինեի, այնուամենայնիվ, այնքան էլ չէի հրճվի, որ ապօրինածին եմ... իսկ դուք կարծես օրվա հերոս լինեք։
Այդ օրվանից ես այլևս չէի պարծենում, որ ապօրինածին եմ։ Կրկնում եմ, որ շատ դժվար է ռուսերեն գրելը, ահա ամբողջ երեք էջ գրել եմ այն մասին, թե ինչպես եմ զայրացել ազգանվանս պատճառով, մինչդեռ ընթերցողն արդեն եզրակացրել է, որ ես հենց դրա համար էլ զայրանում եմ, որ իշխան չեմ, այլ ուղղակի՝ Դոլգոռուկի։ Նորից բացատրելն ու արդարանալը ստորացուցիչ կլիներ ինձ համար։
IV
Եվ այսպես. այդ բազում ճորտ-սպասավորների թվում Մակար Իվանովից բացի՝ կար մի աղջիկ, որն արդեն մոտ տասնութ տարեկան էր, երբ հիսունամյա Մակար Դոլգոռուկին հանկարծ նրա հետ ամուսնանալու մտադրություն ի հայտ բերեց։ Ինչպես հայտնի է ճորտ-սպասավորների ամուսնությունները ճորտատիրական կարգերի ժամանակ տեղի էին ունենում տերերի թույլտվությամբ, իսկ երբեմն էլ՝ նրանց ուղղակի կարգադրությամբ։ Կալվածքում այն ժամանակ կար մի մորաքույր, այսինքն՝ նա իմ մորաքույրը չէր, այլ ինքն էլ կալվածատիրուհի էր, բայց, չգիտեմ ինչու, նրան բոլորը մշտապես մորաքույր էին անվանում, և ոչ միայն իմ, այլ ընդհանրապես, նաև Վերսիլովի ընտանիքում, որին իսկապես էլ ազգական չէր գալիս։ Դա Տատյանա Պավլովնա Պրուտկովան էր։ Այն ժամանակ նա ինքն էլ նույն նահանգում և նույն գավառում երեսուհինգ ճորտ գյուղացի ուներ։ Նա ոչ թե կառավարում, այլ, հարևան լինելով, հսկում էր Վերսիլովի կալվածքը (որ հինգ հարյուր ճորտ գյուղացի ուներ), և այդ հսկողությունը, ինչպես լսել եմ, արժեր որևէ ուսյալ կառավարչի հսկողությանը։ Ի դեպ, նրա գիտելիքների հետ ես վճռականապես ոչ մի գործ չունեմ, միայն ուզում եմ ավելացնել, մի կողմ թողնելով քծնանքի ու հաճոյախոսության ամենաչնչին միտքն անգամ, որ այդ Տատյանա Պավլովնան ազնիվ և նույնիսկ յուրօրինակ արարած էր։
Հենց սա էլ ոչ միայն չմերժեց մռայլ Մակար Դոլգոռուկու ամուսնության հակվածությունը (ասում էին, որ այն ժամանակ նա մռայլ էր), այլ, ընդհակառակը, ինչ-որ նպատակով վերին աստիճանի խրախուսեց։ Սոֆյա Անդրեևնան (այդ տասնութամյա ճորտ-սպասավորուհին, այսինքն մայրս) արդեն մի քանի տարի բոլորովին որբ էր, իսկ նրա հանգուցյալ հայրը, որ չափազանց հարգում էր Մակար Դոլգոռուկուն և ինչ-որ բանով պարտական էր նրան, նույնպես ճորտ սպասավոր էր, դրանից վեց տարի առաջ, մեռնելիս, իր մահվան մահճում, ասում են նույնիսկ՝ վերջին շունչը փչելուց քառորդ ժամ առաջ, այնպես, որ կարելի էր պետքի կամ զառանցանքի տեղ ընդունել, եթե առանց այն էլ նա, որպես ճորտ, անիրավունակ չլիներ, մոտ կանչելով Մակար Դոլգոռուկուն, բոլոր ճորտ սպասավորների ու այդտեղ գտնվող քահանայի ներկայությամբ, ցույց տալով դստերը, բարձրաձայն ու թախանձագին կտակեց նրան. «Մեծացրու ու ամուսնացիր հետը»։ Դա բոլորն էին լսում։ Ինչ վերաբերում է Մակար Իվանովին, ապա չգիտեմ, ինչ մտքով էր նա հետո ամուսնացել, այսինքն մեծ բավականությամբ, թե միայն պարտքը կատարելով։ Հավանաբար, լիակատար անտարբերության երևույթով։ Սա մի մարդ էր, որն այն ժամանակ էլ արդեն «իրեն ցույց տալ» գիտեր։ Նա ոչ թե տիրացու էր կամ ուսյալ մարդ (թեև եկեղեցական ամբողջ ժամերգությունն ու հատկապես որոշ սրբերի վարքագրությունները գիտեր, բայց մեծ մասամբ լսելով), ոչ թե այսպես ասած, խրատասաց էր ճորտ-սպասավորների մեջ, նա ուղղակի համառ, երբեմն նույնիսկ վտանգավոր բնավորության տեր էր. խոսում էր պատվամոլությամբ, դատում անառարկելիորեն և, վերջապես (իր իսկ սեփական, զարմանալի արտահայտությամբ), «ապրում էր պատկառելիորեն». ահա թե ինչպիսին էր նա այն ժամանակ։ Իհարկե, նա համընդհանուր հարգանքի էր արժանացել, բայց ասում են, բոլորի համար անտանելի էր։ Բոլորովին այլ բան էր, երբ դուրս եկավ ճորտությունից, այստեղ նրան հիշում էին ոչ այլ կերպ, քան բազմաչարչար մի որևէ սրբի։ Դա ես հաստատ գիտեմ։
Իսկ ինչ վերաբերում է մորս, ապա մինչև տասնութ տարեկան հասակը Տատյանա Պավլովնան նրան իր մոտ է պահել, չնայած կալվածքի կառավարչի պնդմանը նրան Մոսկվա՝ սովորելու ուղարկելու մասին, և որոշ չափով դաստիարակել, այսինքն՝ կար ու ձև անել, օրիորդական շարժ ու ձևով քայլել և նույնիսկ մի քիչ էլ կարդալ է սովորեցրել։ Տանելի ձևով գրել մայրս երբեք չի կարողացել։ Նրա աչքում Մակար Իվանովի հետ այդ ամուսնությունը վաղուց արդեն վճռված բան էր, և բոլորը, ինչ նրա հետ այն ժամանակ կատարվել էր, նա ամենալավն ու գերազանցն էր համարել. թագ ու պսակի գնացել էր ամենահանգիստ տեսքով, որ հնարավոր էր ունենալ այսպիսի դեպքերում, այնպես որ նույնիսկ ինքը Տատյանա Պավլովնան այն ժամանակ նրան ձուկ էր անվանել։ Այս բոլորը մորս այն ժամանակվա բնավորության մասին ես լսել եմ հենց Տատյանա Պավլովնայից։ Վերսիլովը այդ հարսանիքից ճիշտ կես տարի հետո էր գյուղ եկել։
V
Ես միայն ուզում եմ ասել, որ երբեք չեմ կարողացել իմանալ և բավարար չափով կռահել, թե հատկապես ինչից է սկսվել նրա պատմությունը մորս հետ։ Ես միանգամայն պատրաստ եմ հավատալ, ինչպես անցյալ տարի ինքն էր շիկնած դեմքով ինձ հավատացնում, չնայած նրան, որ այդ բոլորի մասին պատմում էր ամենաանբռնազբոս ու «սրամիտ» տեսքով, թե ոչ մի սիրային պատմություն ամենևին չի էլ եղել, և որ ամեն բան հենց այնպես է, ստացվել։ Հավատում եմ, որ այդպես է, և մեր լեզվի այդ հենց այնպես արտահայտությունը հրաշալի է, բայց, այնուամենայնիվ, ես մշտապես ուզեցել եմ իմանալ, թե հատկապես ինչու է նրանց միջև այդ բանը տեղի ունեցել։ Ես ինքս ատել և ատում եմ բոլոր այդ նողկալիությունները ողջ կյանքիս ընթացքում։ Իհարկե, այստեղ ամենևին էլ միայն անամոթ հետաքրքրասիրություն չի արտահայտվում իմ կողմից։ Նկատեմ, որ մորս, ընդհուպ մինչև անցյալ տարի համարյա չեմ ճանաչել բոլորովին. մանուկ հասակից Վերսիլովի հարմարակեցության համար ինձ տվել են օտար մարդկանց, որի մասին, ի դեպ, հետո կպատմեմ, հետևաբար ես ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել, թե ինչ դեմք կարող էր ունենալ մայրս այն ժամանակ։ Եթե նա ամենևին էլ այնքան սիրուն չի եղել, ապա ինչո՞վ կարող էր գայթակղվել այնպիսի մարդը, ինչպիսին այն ժամանակվա Վերսիլովն էր։ Այս հարցն ինձ համար կարևոր է նրանով, որ դրանում չափազանց հետաքրքիր կողմով է ներկայանում այդ մարդը։ Ահա թե ինչի համար եմ հարցնում և ոչ թե անառակությունից դրդված։ Նա ինքը, այդ մռայլ ու փակ մարդը, այն հաճելի պարզամտությամբ, որը սատանան գիտե, թե որտեղից էր վերցնում (կարծես գրպանից էր հանում), երբ տեսնում էր, թե դա անհրաժեշտ է, նա ինքն է ինձ ասել, որ այն ժամանակ ինքը միանգամայն «հիմար լակոտ» է եղել և ոչ էլ սենտիմենտալ է եղել, այլ հենց այնպես, նոր կարդացել է «Անտոն Գորեմիկան» և «Պոլինկա Սակսը» գրական երկու գործ, որոնք անսահման քաղաքակրթող ազդեցություն են ունեցել մեր այն ժամանակվա աճող սերնդի վրա։ Նա ավելացնում էր, որ միգուցե հենց «Անտոն Գորեմիկայի» պատճառով էլ այն ժամանակ գյուղ է եկել և արտակարգ լրջությամբ էր ավելացնում։ Ուրեմն, ի՞նչ ձևով կարող էր այդ «հիմար լակոտը» պատմություն սկսել մորս հետ։ Ես հիմա պատկերացրի, որ եթե գոնե մեկ ընթերցող ունենայի, ապա նա կհռհռար ինձ վրա, որպես ամենածիծաղելի դեռահասի, որը պահպանած լինելով իր հիմար անմեղությունը, քիթը խոթում է դատողություններ անելու և վճռելու մի բան, որից ոչինչ չի հասկանում։ Այո, իսկապես, ես դեռ չեմ հասկանում, թեև ոչ թե հպարտությունից եմ խոստովանում, քանի որ գիտեմ, թե ինչ աստիճանի հիմարություն է նման անփորձությունը քսան տարեկան հասակում, միայն թե ես այդ պարոնին կասեմ, որ նա ինքը չի հասկանում, և դա կապացուցեմ։ Ճիշտ է, կանանց հարցում ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, որովհետև խոսք եմ տվել և ամբողջ կյանքում թքելու եմ նրանց վրա։ Սակայն չէ՞ որ հաստատապես գիտեմ, որ կա այնպիսի կին, որ գայթակղում է իր գեղեցկությամբ կամ ինչով որ գիտե, տեղնուտեղը, իսկ մի ուրիշին կես տարի պետք է ծամել-ծամծմել, մինչև հասկանաս, թե ինչ կա նրա մեջ և որպեսզի այդպիսի կնոջը տեսնես ու սիրահարվես, քիչ է նրան դիտելն ու ամեն բանի ուղղակի պատրաստ լինելը, այլ դրան ավելացրած պետք է մի բանով էլ օժտված լինել։ Դրանում ես համոզված եմ, չնայած այն բանին, որ ոչինչ չգիտեմ, և եթե հակառակը լիներ, պետք կլիներ բոլոր կանանց միանգամից հասարակ ընտանի կենդանիների աստիճանին իջեցնել և միայն այդ ձևով նրանց իրենց կողքին պահել, միգուցե շատ-շատերը հենց այդպես էլ կուզեին։
Ես մի քանի հոգուց հաստատապես իմացել եմ, որ մայրս գեղեցկուհի չի եղել, թեև նրա այն ժամանակվա դիմանկարը, որը մի ինչ-որ տեղ կա, ես չեմ տեսել։ Ուրեմն, առաջին հայացքից չէր կարելի նրան սիրահարվել։ Ուղղակի «զվարճանալու» համար Վերսիլովը կարող էր ընտրել ուրիշին և այդպիսին այնտեղ կար, այն էլ չամուսնացած մի աղախին, Անֆիսա Կոնստանտինովնա Սապոժկովան։ Իսկ մարդու համար, որն «Անտոն Գորեմիկայով» հարստացած էր եկել, շատ ամոթալի կլիներ հենց իր առջև կալվածատիրոջ իրավունքի հիմունքներով քայքայել թեկուզ և իր դաստակերտի սպասավորներից մեկի ամուսնության սրբությունը, որովհետև, կրկնում եմ, այդ «Անտոն Գորեմիկայի» մասին նա ոչ ավելի վաղ, քան մի քանի ամիս առաջ, այսինքն այն օրից քսան տարի անց, չափազանց լուրջ էր խոսում։ Անտոնի, չէ՞ որ միայն ձին էին տարել, իսկ այստեղ կնոջը։ Ուրեմն մի առանձնահատուկ բան էր պատահել, որից և տուժել էր mademoiselle Սապոժկովան (իմ կարծիքով, շահել էր)։ Անցյալ տարի այս բոլոր հարցերով ես մի երկու անգամ համառորեն դիմել եմ նրան, երբ հնարավոր է եղել նրա հետ խոսել (որովհետև միշտ չէ, որ հնարավոր էր նրա հետ խոսել) և նկատել եմ, որ նա, չնայած իր ողջ բարձրաշխարհիկությանն ու դեպքերի քսանամյա հեռավորությանը, մի տեսակ արտակարգ ճնշվում էր։ Բայց ես պնդեցի։ Համենայն դեպս, բարձրաշխարհիկ մարդու զզվանքի այն արտահայտությամբ, որը նա բազմիցս թույլ էր տվել իմ նկատմամբ, նա, հիշում եմ, մի անգամ տարօրինակ ձևով կմկմաց. որ մայրս անպաշտպանների մեջ միակ այն անձնավորությունն էր, որին ոչ թե կսիրես (ընդհակառակը, ամենևին ոչ) այլ մի տեսակ հանկարծ չգիտես ինչու կխղճաս, միգուցե հեզության համար, թեև ինչի՞ համար դա միշտ էլ ոչ ոքի հայտնի չէ, բայց կխղճաս երկար ժամանակով, կխղճաս ու կկապվես... «Մի խոսքով, սիրելիս, երբեմն այնպես է լինում, որ էլ պոկ չես գա»։ Ահա թե ինչ ասաց նա ինձ. և եթե դա իսկապես այդպես է եղել, ապա ես ստիպված եմ նրան ամենևին էլ չհամարել այնպիսի հիմար, ինչպիսին նա այն ժամանակվա համար վկայագրում էր իրեն։ Հենց այդ էլ պետք էր ինծ։
Ի դեպ, նա հենց այդ ժամանակ էլ սկսեց հավատացնել, որ մայրս սիրել է իրեն «նվաստությունից» դրդված, մնում էր միայն հորինել, թե ճորտատիրական կարգերից դրդված։ Փայլի համար ստեց, խղճի դեմ, պատվի, ազնվության դեմ ստեց։
Այս բոլորը ես ասացի, կարծես, որպես գովասանք մորս հասցեին, մինչդեռ արդեն հայտարարել էի, թե այն ժամանակվա մորս մասին ոչինչ էլ չեմ իմացել։ Դեռ ավելին, ես հենց գիտեմ այն միջավայրի և այն ողորմելի հասկացությունների ողջ անհուսալիությունը, որոնց մեջ դեռ մանկուց կարծրացել էր նրա սիրտը և որտեղ մնացել էր նա հետագայում ընդմիշտ։ Այնուամենայնիվ, փորձանքը պատահել էր։ Ի դեպ, պետք է ուղղեմ ինձ։ Երկինք սլանալով՝ ես մոռացա այն փաստը, որն, ընդհակառակը, պետք է ցուցադրել նախ և առաջ, այսինքն, նրանց պատմությունն սկսվել է հենց փորձանքից։ (Հուսով եմ, որ ընթերցողն այնքան չի կոտրատվի, որ իսկույն չհասկանա, թե ինչ եմ ուզում ասել ես)։ Մի խոսքով, նրանց միջև դա սկսվել էր հենց կալվածատիրական ձևով, չնայած այն բանին, որ շրջանցված էր mademoiselle Սապոժկովան։ Բայց այստեղ ես կմիջամտեմ և նախապես կհայտարարեմ, որ ամենևին ինձ չեմ հակասում։ Քանի որ ինչի՞ մասին, Տեր Աստված, ինչի՞ մասին այն ժամանակ կարող էր խոսել Վերսիլովի նման մարդն այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին մայրս էր, նույնիսկ ամենաանդիմադրելի սիրո դեպքում։ Ես անառակ մարդկանցից լսել եմ, որ շատ հաճախ տղամարդը կնոջ հետ միանալիս, բացարձակապես լուռ է սկսում, որ, իհարկե, հրեշավորության ու նողկալիության գագաթնակետն է. այնուամենայնիվ, Վերսիլովը, եթե նույնիսկ ուզենար, թվում է, թե չէր էլ կարող այլ կերպ սկսել մորս հետ։ Մի՞թե պիտի սկսեր բացատրել նրան «Պոլինկա Սակսը»։ Եվ դեռ ավելին, ռուս գրականությանն անդրադառնալու նրանք ոչ մի հնարավորություն չունեին, ընդհակառակը, հենց նրա ասելով (մի անգամ նա շատ էր բացվել) իրենք թաքնվում էին անկյուններում, իրար սպասում սանդուղքներին, կարմրատակած գնդակի պես իրարից հեռու թռչում, եթե մարդ էր անցնում, և «բռնակալ-կալվածատերը» դողում էր ամենավերջին հատակ լվացողին տեսնելիս, չնայած ճորտատերի իր ողջ իրավունքին։ Բայց թեև կալվածատիրավարի էր սկսվել, այլ կերպ էր դուրս եկել և, իրականում, ոչինչ հնարավոր չէ բացատրել։ Նույնիսկ մշուշն էլ ավելի է թանձրանում։ Նույնիսկ այն չափերը, որոնց, զարգանալով, հասավ նրանց սերը, մի առեղծված էին կազմում, որովհետև Վերսիլովի նմանների առաջին պայմանը նպատակին հասնելուց հետո իսկույն լքելն է։ Սակայն այդպես դուրս չեկավ։ Մեղք գործել ագարակի սիրունատես, թեթևամիտ աղախնի հետ (իսկ մայրս թեթևամիտ չէր) «երիտասարդ, անառակ լակոտի» համար (իսկ նրանք բոլորն էլ անառակ էին, բոլորն անխտիր թե՝ առաջադեմները, թե՛ հետադեմները) ոչ միայն հնարավոր էր, այլ նույնիսկ անխուսափելի, հատկապես նկատի ունենալով երիտասարդ այրի տղամարդու նրա դիրքն ու պարապությունը։ Բայց սիրելն ընդմիշտ՝ չափազանց էր։ Չեմ երաշխավորում, թե Վերսիլովն իսկապես սիրում էր մորս, բայց այն, որ ամբողջ կյանքի ընթացքում իր հետ քարշ էր տալիս նրան դա ճիշտ է։
Հարցեր ես շատ էի շարել, բայց կար մի ամենակարևորը, որով, նկատեմ, չհամարձակվեցի ուղիղ դիմել մորս, չնայած այն բանին, որ այնքան մտերմացել էի նրա հետ անցյալ տարի և, բացի դրանից, որպես բիրտ ու անշնորհակալ լակոտ, որը համարում է, թե իր առջև մեղավոր են, բոլորովին փափկանկատ չէի նրա նկատմամբ։ Հարցը հետևյալն է. իսկ ինքն ինչպես է կարողացել, նա ինքը, որ արդեն կես տարի ամուսնացած էր, նաև ճնշված ամուսնության օրինականության բոլոր հասկացություններով, ճնշված ինչպես անզոր մի ճանճ, նա, որը որևէ աստծուց պակաս չէր հարգում իր Մակար Իվանովիչին, նա ինչպես է կարողացել ընդամենը մի երկու շաբաթվա ընթացքում նման մի մեղքի հասնել։ Չէ՞ որ անառակ կին չէր իմ մայրը։ Ընդհակառակը, հիմա նախապես կասեմ, որ այդքան մաքուր հոգու տեր կին լինել և այդպես հետո ամբողջ կյանքն ապրել, նույնիսկ դժվար է պատկերացնել։ Բացատրելը միգուցե կարելի է միայն նրանով, որ արել է դա գլուխը կորցրած, այսինքն ոչ այն իմաստով, որով այժմյան փաստաբաններն են հավատացնում իրենց մարդասպաններին ու գողերին պաշտպանելիս, այլ այն ուժեղ տպավորության տակ, որով զոհի որոշակի պարզամտության դեպքում, համակվում են ճակատագրական ու ողբերգական ձևով։ Ի՜նչ իմանաս, միգուցե նա մահու չափ սիրել է... Նրա հագուստի ձևը, փարիզյան մազաբաժանը, նրա ֆրանսիական արտասանությունը, հենց ֆրանսիական, որի ոչ մի հնչյունը նա չէր հասկանում, այն ռոմանսը, որ նա երգել էր դաշնամուրի մոտ նստած, սիրել է մի բան, որ երբեք չի տեսել ու չի լսել (իսկ նա շատ գեղեցիկ է եղել) և դրա հետ մեկտեղ արդեն խելահեղության աստիճանի սիրել է նրան իր հագուստի ձևերի ու ռոմանսների հետ ամբողջովին վերցրած։ Ես լսել եմ, որ ճորտատիրական կարգերի ժամանակ ագարակի աղջիկների, այն էլ ամենաազնիվների հետ երբեմն այդպես պատահել է։ Ես դա հասկանում եմ, և սրիկա է նա, ով դա կբացատրի միայն ճորտատիրական կարգերով ու «ստորադասությամբ»։ Եվ այսպես, կարո՞ղ էր, ուրեմն, այդ երիտասարդը այնքան ամենաուղղակի ու գայթակղիչ ուժ ունենալ իր մեջ, որպեսզի գրավեր մինչ այդ այնքան մաքուր մի արարածի և, որ գլխավորն է, այդքան իրենից միանգամայն տարբեր մի արարածի, բոլորովին այլ միջավայրից ու այլ աշխարհից ու այդքան բացահայտ կործանման դատապարտեր։ Որ կործանման էր դատապարտված՝ դա, հուսով եմ, որ մայրս էլ հասկանում էր իր ամբողջ կյանքում, միայն, միգուցե, այդ քայլին դիմելիս կործանման մասին չի մտածել ամենևին։ Բայց այդ «անպաշտպանները» միշտ էլ այդպես են. գիտեն էլ, որ կործանվում են, բայց գնում են։
Մեղք գործելուց հետո նրանք իսկույն էլ խոստովանել են իրենց մեղքը։ Նա սրամտորեն պատմել է ինձ, որ դառնագին արտասվել է Մակար Իվանովիչի ուսին կրթնած, որին հատկապես այդ դեպքի առթիվ աշխատասենյակ է հրավիրել, իսկ մայրս... այդ ժամանակ ուշակորույս պառկած է եղել ագարակի իր խցիկում...
VI
Սակայն բավական է այդ հարցերի ու խայտառակ մանրամասնությունների մասին խոսեմ։ Վերսիլովը, մորս համար փրկագին վճարելով Մակար Իվանովիչին, շուտով հեռանում է գյուղից և այդ օրից, ինչպես վերում արդեն ասացի, սկսեց քարշ տալ նրան իր հետ ամենուր, բացի այն դեպքերից, երբ երկար ժամանակով էր բացակայում։ Այդ դեպքերում նա թողնում էր մորս մեծ մասամբ մորաքրոջ, այսինքն Տատյանա Պավլովնա Պրուտկովայի խնամքին, որն այդպիսի դեպքերում միշտ ինչ-որ տեղից նրա ձեռքի տակ էր հայտնվում։ Ապրում էին նրանք և Մոսկվայում, ապրում էին զանազան այլ գյուղերում ու քաղաքներում, նույնիսկ արտասահմանում և, վերջապես, Պետերբուրգում։ Այս բոլորի մասին հետո, կամ չարժե։ Միայն կասեմ, որ Մակար Իվանովիչից հետո մեկ տարի անց աշխարհ եկա ես, իսկ մեկ տարի հետո քույրս, դրանից հետո արդեն տասը թե տասնմեկ տարի անց աշխարհ եկավ մի հիվանդոտ տղա՝ կրտսեր եղբայրս, որը մի քանի ամսից վախճանվեց։ Այս երեխայի տանջալից ծննդաբերությունից հետո սպառվեց մորս գեղեցկությունը, ինձ, համենայն դեպս, այդպես են ասել, նա սկսեց արագ ծերանալ ու տկարանալ։
Սակայն հարաբերությունները Մակար Իվանովիչի հետ, այնուամենայնիվ, երբեք չեն դադարել։ Որտեղ էլ որ Վերսիլովները գտնվեին, միևնույն տեղում մի քանի տարի ապրեին, թե տեղափոխվեին, Մակար Իվանովիչն իր մասին տեղեկություն էր տալիս «ընտանիքին»։ Ինչ-որ տարօրինակ, մասամբ հանդիսավոր և համարյա լուրջ հարաբերություններ հաստատվեցին նրանց միջև։ Պարոնների կենցաղում նման հարաբերություններին անպայման ծիծաղաշարժ մի բան կխառնվեր, ես գիտեմ, բայց այստեղ այդպիսի բան չստացվեց։ Տարին երկու անգամ, ոչ ավել ոչ պակաս, նամակներ էին ուղարկվում, մեկը մյուսին չափազանց նման։ Ես տեսել եմ դրանք, դրանցում անձնական որևէ բան շատ քիչ կա. ընդհակառակը, հնարավորության սահմաններում միայն հանդիսավոր տեղեկություններ են ամենաընդհանուր իրադարձությունների և ամենաընդհանուր զգացմունքների՝ եթե այդպես կարելի է արտահայտվել զգացմունքների մասին, նախ տեղեկություններ իր առողջության մասին, հետո հարցուփորձ սրանց առողջության մասին, հետո մաղթանքներ, հանդիսավոր ողջույններ ու օրհնանքներ և վերջ։ Հենց այդ ընդհանրությանն ու անդեմությանն էլ ապավինում է, կարծես, տոնի ողջ բարետեսությունն ու այդ միջավայրի վարվեցողության ամենաբարձր իմացությունը։ «Մեր սիրարժան ու հարգարժան տիկնոջը՝ Սոֆյա Անդրեևնային հղում եմ մեր խոնարհ ողջույնը»... «Մեր սիրելի զավակներին հղում եմ մեր հավիտյան անխախտ ծնողական օրհնանքը»։ Զավակները թվարկվում էին անուն առ անուն նրանց կուտակվելուն համաձայն, ես էլ՝ այդ թվում։ Ընդ որում, նկատեմ, որ Մակար Իվանովիչն այնքան նրբամիտ էր, որ «Նորին բարձրածնունդ պատկառարժան պարոն Անդրեյ Պետրովիչին» երբեք իր «բարերարը» չէր անվանում, թեև յուրաքանչյուր նամակում անշեղորեն իր խոնարհագույն բարևն էր ուղարկում, իր համար նրանից՝ ողորմածություն, իսկ նրա համար Աստծո օրհնանք խնդրելով։ Մակար Իվանովիչի պատասխանները մայրս էր առանց ուշացնելու ուղարկում և մշտապես ճիշտ նույն այս ոճով էին գրվում։ Հասկանալի է, որ Վերսիլովն այս նամակագրությանը չէր մասնակցում։ Գրում էր Մակար Իվանովիչը Ռուսաստանի տարբեր ծայրերից, քաղաքներից ու վանքերից, որոնցում երբեմն ապրում էր երկար ժամանակ։ Նա, այսպես ասած, պանդուխտ էր դարձել։ Նա երբեք ոչինչ չէր խնդրում, սակայն մի երեք տարին մեկ անգամ անպայման տուն էր գալիս այցելության և իջևանում էր հենց մորս մոտ, որը, միշտ այդպես էր լինում, Վերսիլովի բնակարանից զատ, իր բնակարանն էր ունենում։ Այդ մասին ստիպված կլինեմ հետո պատմելու, բայց այստեղ միայն կնկատեմ, որ Մակար Իվանովիչը հյուրասենյակում բազմոցներին չէր փռվում, այլ համեստորեն միջնորմների հետևում էր տեղավորվում։ Երկար չէր մնում, մի հինգ օր, կամ մի շաբաթ։
Մոռացա ասել, որ նա սոսկալի սիրում ու հարգում էր իր «Դոլգոռուկի» ազգանունը։ Հասկանալի է, որ դա մի ծիծաղելի հիմարություն էր։ Եվ ամենահիմարն այն էր, որ նրան իր ազգանունը դուր էր գալիս հենց այն պատճառով, որ կան իշխան Դոլգոռուկիներ։ Տարօրինակ հասկացություն է, միանգամայն գլխիվայր հասկացություն։
Թեև ես ասացի, որ ամբողջ ընտանիքը միշտ ներկա էր լինում, ապա հասկանալի է, որ առանց ինձ։ Ես կարծես դուրս նետված լինեի և համարյա ծննդյանս օրից օտարների մոտ տեղավորված։ Բայց դրանում որևէ առանձին նպատակ չկար, այլ ուղղակի չգիտես ինչու, այդպես էր ստացվել։ Ինձ ծնելիս, մայրս դեռ երիտասարդ էր ու գեղեցիկ, ուրեմն պետք էր նրան, իսկ ճչացող երեխան, հասկանալի է, ամեն բան խանգարում էր, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ։ Ահա թե ինչու այնպես պատահեց, որ մինչև քսաներորդ տարիս ես համարյա չէի տեսել մորս, եթե չհաշվենք մի-երկու թռուցիկ դեպք։ Դա տեղի էր ունեցել ոչ թե մորս զգացմունքների, այլ Վերսիլովի՝ մարդկանց նկատմամբ ունեցած գոռոզամտության պատճառով։
VII
Հիմա մի բոլորովին այլ բան։
Մեկ ամիս առաջ, այսինքն սեպտեմբերի տասնիննից մեկ ամիս առաջ, ես Մոսկվայում որոշեցի հրաժարվել բոլորից և արդեն վերջնականապես տարվել ամբողջովին իմ գաղափարով։ Ես այդպես էլ բնութագրում եմ այդ արտահայտությունը, «տարվել իմ գաղափարով», որովհետև այդ արտահայտությունը կարող է նշանակել իմ ողջ գլխավոր միտքը, հենց այն, ինչի համար ես ապրում եմ աշխարհում։ Իսկ թե ինչ է «իմ գաղափարը» այդ մասին չափազանց շատ կխոսվի հետագայում։ Իմ մոսկովյան կյանքի բազմամյա ու անրջամիտ մեկուսացման մեջ այն ստեղծվել է իմ գլխում դեռ գիմնազիայի վեցերորդ դասարանից և այն օրից, գուցե, ոչ մի վայրկյան չի լքել ինձ։ Այն կլանել է իմ ամբողջ կյանքը։ Մինչ այն էլ ես երազներում էի ապրում, ամենավաղ մանկությունից սկսած՝ ես ապրել եմ որոշակի երանգի երազային թագավորության մեջ, բայց այդ գլխավոր և իմ մեջ ամեն ինչ կլանած գաղափարի հայտնվելուն պես երազներս ամրացան ու միանգամից հայտի ձևով ձուլվեցին, հիմար երազներից նրանք դարձան բանական։ Գիմնազիան երազներիս չէր խանգարում. չխանգարեց նաև գաղափարիս։ Կավելացնեմ, սակայն, որ գիմնազիայի վերջին տարվա դասընթացը ես վատ ավարտեցի, մինչդեռ մինչև յոթերորդ դասարանը միշտ առաջիններից մեկն էի, իսկ դա պատահեց նույն գաղափարի հետևանքով, այն եզրակացության միգուցե, կեղծ եզրակացության հետևանքով, որին հանգել էի այդ գաղափարից։ Այսպիսով ոչ թե գիմնազիան խանգարեց գաղափարին, այլ գաղափարը խանգարեց գիմնազիային, խանգարեց նաև համալսարանին։ Գիմնազիան ավարտելով՝ ես իսկույն մտադրվեցի ոչ միայն արմատապես խզել կապերս բոլորի հետ, այլև, եթե պետք է, ամբողջ աշխարհի հետ, չնայած այն բանին, որ այն ժամանակ ես ընդամենը տասնինը տարեկան էի։ Ես գրեցի Պետերբուրգ, ում որ պետք էր և ում միջոցով որ պետք էր, որ ինձ վերջնականապես հանգիստ թողնեն, իմ ապրուստի համար այլևս փող չուղարկեն և, եթե հնարավոր է, իսպառ ինձ մոռանան (այսինքն՝ հասկանալի է, այն դեպքում եթե գոնե մի քիչ ինձ հիշում էին), և, վերջապես, որ «ոչ մի դեպքում» համալսարան չեմ ընդունվի։ Իմ առջև անդիմադրելի դիլեմա էր, կամ համալսարան և հետագա ուսում, կամ ևս չորս տարով հեռացնել «գաղափարի» անհապաղ կիրառումը, ես անվարան գաղափարիս կողմն անցա, քանի որ մաթեմատիկորեն էի համոզված։ Հայրս Վերսիլովը, որին կյանքումս միայն մի անգամ էի տեսել, միայն մի պահ, երբ ընդամենը տասը տարեկան էի (և որը այդ մի պահի ընթացքում հասցրեց ինձ ոչնչացնել), ի պատասխան նամակիս, որն, ի դեպ, նրան չէր ուղարկված, սեփական ձեռքով գրված նամակով կանչեց ինձ Պետերբուրգ, խոստանալով ինձ մասնավոր պաշտոն։ Չոր ու հպարտ, իմ նկատմամբ գոռոզամիտ ու անփույթ մարդու այդ հրավերը, մի մարդու, որը, ծնելով ինձ ու օտար մարդկանց մեջ նետելով, մինչև օրս ոչ միայն չէր ճանաչում ինձ ամենևին, այլև երբեք չէր զղջում դրա համար (ով գիտե, միգուցե, իմ գոյության մասին անգամ աղոտ ու անճշգրիտ գաղափար է ունեցել, քանի որ պարզվեց հետագայում, որ Մոսկվայում իմ ապրուստի փողն էլ ինքը չէր վճարում, այլ ուրիշները), ասում եմ, այդպես հանկարծ ինձ հիշած ու սեփական ձեռքով գրած նամակի ինձ արժանացրած այդ մարդու հրավերը, գայթակղելով ինձ, վճռեց իմ ճակատագիրը։ Տարօրինակ է, բայց ինձ, իմիջիայլոց, այդ նամակում (փոքր չափի թղթի վրա մի փոքրիկ էջ) դուր եկավ այն, որ նա ոչ մի բառով չէր հիշել համալսարանը, չէր խնդրում ինձ փոխել վճիռս, չէր հանդիմանում, որ չեմ ուզում սովորել։ Մի խոսքով, դրա նման ոչ մի ծնողական ծռտի-մռտի բաներ չէր ցուցադրում, ինչպես անում են սովորաբար, մինչդեռ հենց դա էր վատը նրա կողմից այն իմաստով, որ էլ ավելի էր հաստատում նրա անփութությունն իմ նկատմամբ։ Ես վճռեցի գնալ նաև այն պատճառով, որ դա ամենևին չէր խանգարում իմ գլխավոր երազանքին։ «Տեսնեմ, թե ինչ կլինի,― մտորում էի ես,― համենայն դեպս, ես միայն որոշ ժամանակով, միգուցե ամենակարճ ժամանակով եմ կապվում նրանց հետ։ Բայց հենց որ տեսնեմ, թե այդ քայլը, թեկուզ և պայմանական ու չնչին, այնուամենայնիվ, հեռացնում է գլխավորից, իսկույն կխզեմ հարաբերություններս, ամեն ինչ կթողնեմ ու կքաշվեմ կեղևիս մեջ»։ Հենց կեղևիս մեջ։ «Կթաքնվեմ նրա մեջ կրիայի պես», այս համեմատությունն ինձ շատ էր դուրս գալիս։ «Ես մենակ չեմ լինի,― շարունակում էի տալ ու առնել ես, այս վերջին օրերին գժի պես վազվզելով Մոսկվայում,― հիմա այլևս երբեք մենակ չեմ լինի ես, ինչպես մինչև օրս այսքան երկար ու սոսկալի տարիներին, ինձ հետ կլինի իմ գաղափարը, որին երբեք չեմ դավաճանի, նույնիսկ այն դեպքում, եթե այնտեղ բոլորն ինձ դուր գան, ինձ երջանկություն պարգևեն և թեկուզ տասը տարի ապրեմ նրանց հետ»։ Նախապես ասեմ, որ հենց այս տպավորությունը իմ պլանների ու նպատակների, հենց այն երկվությունը, որ դեռ Մոսկվայում էր ձևավորվել և որը ոչ մի վայրկյանով ինձ չէր լքում Պետերբուրգում (քանի որ չգիտեմ, եղել է, արդյոք, Պետերբուրգում այնպիսի օր, որ ես չնշեմ առջևում որպես վերջնական ժամկետ նրանց հետ կապերս խզելու ու հեռանալու համար), այդ երկվությունն էլ, ասում եմ, հենց եղել է, կարծես, տարվա ընթացքում իմ կատարած բազմաթիվ անզգուշությունների, բազմաթիվ նողկալիությունների, բազմաթիվ, նույնիսկ ստորությունների և, անշուշտ հասկանալի է, հիմարությունների գլխավոր պատճառներից մեկը։
Ինձ համար, իհարկե, հանկարծ հայր էր ի հայտ գալիս, որն առաջ երբեք չէր եղել։ Այդ միտքն արբեցնում էր ինձ և Մոսկվայում ճանապարհորդության պատրաստվելիս, և վագոնում։ Որ հայրս էր դա դեռ ոչինչ, և քնքշանքներ էլ ես չէի սիրում, բայց այդ մարդը չէր ուզում ինձ ճանաչել և ստորացրել էր ինձ, մինչդեռ ես երազել եմ նրա մասին բոլոր այս տարիներին բուռն կրքով (եթե երազանքի մասին կարելի է այդպես արտահայտվել)։ Իմ ամեն մի երազանքը ամենավաղ մանկությունից նրան է անդրադարձել. նրա շուրջն է սավառնել, իր վերջնական արդյունքում նրան է հանգել։ Ես չգիտեմ, ատել եմ նրան, թե սիրել, բայց նա իրենով է լցրել իմ ամբողջ ապագան, կյանքի իմ բոլոր հաշիվները, և դա ինքն իրեն է եղել, դա իմ աճին զուգընթաց է զարգացել։
Մոսկվայից իմ հեռանալու վրա ազդել է ևս մի զորավոր պարագա, մի գայթակղություն, որից արդեն այն ժամանակ, ճանապարհորդությունիցս դեռ երեք ամիս առաջ (ուրեմն, այն ժամանակ, երբ Պետերբուրգի մասին խոսք անգամ չի եղել), սիրտս արդեն ուռչում էր ու բաբախում։ Ինձ ձգում էր այդ անհայտ օվկիանոսը նաև նրանով, որ ես ուղղակի կարող էի մտնել այնտեղ որպես տեր ու տիրակալ ուրիշների ճակատագրերի, այն էլ ո՜ւմ ճակատագրերի։ Բայց մեծահոգի և ոչ թե բռնակալական զգացմունքներ էին եռում իմ սրտում, նախապես եմ տեղեկացնում, որ իմ խոսքերից սխալ բան դուրս չգա։ Բացի դրանից, Վերսիլովը կարող էր մտածել (եթե միայն շնորհ էր անում իմ մասին մտածել), թե ահա գալիս է մի փոքրիկ տղա, նախկին գիմնազիստ, մի դեռահաս ու զարմանում է ամբողջ աշարհի վրա։ Մինչդեռ ես արդեն գիտեի նրա բոլոր խորագույն գաղտնիքները և մոտս ունեի մի կարևոր փաստաթուղթ, որի համար (հիմա ես արդեն դա հաստատ գիտեմ) նա իր կյանքից մի քանի տարի կտար, եթե ես այն ժամանակ գաղտնիքը բացեի։ Ի դեպ, նկատում եմ, որ արդեն շատ առեղծվածներ մեջտեղ քաշեցի։ Առանց փաստերի զգացմունքներ չես նկարագրի։ Բացի այդ, այս բոլորի մասին չափազանց շատ կխոսվի իր տեղում, դրա համար եմ գրիչ առել ձեռքս։ Իսկ հենց այնպես գրելը նման է ամպի կամ զառանցանքի։
VIII
Ի վերջո, որպեսզի ամսի տասնիննին անցնեմ վերջնականպես, առայժմ համառոտակի, այսպես ասած հարևանցիորեն կասեմ, որ գտա նրանց բոլորին, այսինքն Վերսիլովին, մորս ու քրոջս (վերջինիս կյանքումս առաջին անգամ էի տեսնում), ծանր կացության, համարյա աղքատության մեջ կամ աղքատության նախօրյակին։ Այս մասին դեռ Մոսկվայում իմացա, բայց այնուամենայնիվ չէի ենթադրում այն, ինչ տեսա։ Ամենավաղ մանկությունից ես սովոր էի երևակայել այս մարդուն, իմ այս «ապագա հորը», համարյա ինչ-որ փայլի մեջ և չէի կարող պատկերացնել նրան այլ կերպ, քան առաջին տեղում ամենուրեք։ Վերսիլովը երբեք մորս հետ նույն բնակարանում չի ապրել, այլ միշտ նրա համար ուրիշ բնակարան է վարձել, և դա, իհարկե, իրենց ստորագույն «պատշաճությունից» ելնելով է արել։ Բայց այստեղ բոլորը միասին էին ապրում, Սեմյոնովյան գնդի մի նրբանցքում գտնվող փայտաշեն կցաշենքում։ Բոլոր իրերն արդեն գրավ էին դրված, այնպես որ Վերսիլովից գաղտնի ես մորս տվի նույնիսկ իմ թաքուն հավաքած վաթսուն ռուբլին։ Իսկապես թաքուն հավաքած, որովհետև խնայել էի իմ գրպանի փողից, որը տրվում էր ինձ ամսական հինգ ռուբլու հաշվով, երկու տարվա ընթացքում, իսկ խնայելը սկսել էի իմ «գաղափարի» հանդես գալու առաջին օրից, այդ իսկ պատճառով Վերսիլովը ոչինչ չպետք է իմանար այդ փողի մասին։ Այդ մտքից ես դողում էի։
Այդ օգնությունը մի կաթիլ դուրս եկավ։ Մայրս աշխատում էր, քույրս նույնպես կար էր անում. Վերսիլովն ապրում էր պարապ, քմահաճ և շարունակում էր իր նախկին բազմաթիվ, բավական թանկ նստող սովորություններով ապրել։ Նա տրտնջում էր սոսկալի, հատկապես ճաշի ժամանակ, և նրա ամբողջ շարժ ու ձևը կատարյալ բռնակալական էր։ Բայց մայրս, քույրս, Տատյանա Պավլովնան և հանգուցյալ Անդրոնիկովի ամբողջ ընտանիքը (մի երեք ամիս առաջ վախճանված բաժնի պետի ու միաժամանակ Վերսիլովի գործերի կարգադրիչի), որն անթիվ-անհամար կանանցից էր բաղկացած, ինչպես ֆետիշի երկյուղածում էին նրա առջև։ Ես պատկերացնել անգամ չէի կարող դա։ Նկատեմ, որ ինը տարի առաջ նա անհամեմատ նրբագեղ էր։ Ես արդեն ասացի, որ իմ երազներում նա մնացել է ինչ-որ փայլով ողողված, և այդ պատճառով չէի կարող պատկերացնել, ինչպես կարելի էր այդքան ծերանալ ու մաշվել ընդամենը մի ինը տարում, թախիծը, խղճահարությունը, ամոթը իսկույն համակեցին ինձ։ Գալուս պես առաջին ամենածանր տպավորություններիցս մեկը ստացա նրա վրա նետածս հայացքից։ Ի դեպ, նա դեռ ամենևին էլ ծերունի չէր, նա ընդամենը քառասունհինգ տարեկան էր, հետագայում ավելի ուշադիր նայելով, նրա գեղեցկության մեջ ես նույնիսկ ավելի զարմացնող բան տեսա, քան այն, որ մնացել էր իմ հիշողության մեջ։ Պակասել էր նախկին փայլը, պակասել էր արտաքինը, նույնիսկ նրբագեղությունը, բայց կյանքը կարծես առաջվանից շատ ավելի հետաքրքիր մի բան էր դրոշմել նրա դեմքին։
Մինչդեռ աղքատությունը նրա անհաջողությունների միայն տասներորդ կամ քսաներերոդ մասն էր կազմում, և ես չափազանց լավ գիտեի այդ մասին։ Աղքատությունից բացի մի անչափ լուրջ բան կար, եթե չասենք այն մասին, որ դեռ հույս կար շահելու Սոկոլսկի իշխանների դեմ Վերսիլովի սկսած դատավարությունը ժառանգության կապակցությամբ, և Վերսիլովը ամենամոտ ապագայում կարող էր ստանալ յոթանասուն, գուցեև մի քանի հազարով ավելի արժողությամբ մի կալվածք։ Վերում ես արդեն ասել եմ, որ այդ Վերսիլովն իր կյանքի ընթացքում արդեն երեք ժառանգութուն էր մսխել և նորից նրան փրկում էր ժառանգությունը։ Գործը պետք է վճռվեր դատարանում ամենամոտ ժամկետում։ Հենց դրա համար էլ ես եկել էի։ Ճիշտ է, որ հույսի դիմաց փող ոչ ոք չէր տալիս, պարտք վերցնելու տեղ չկար, և առայժմ դիմանում էինք։
Բայց Վերսիլովը ոչ ոքի մոտ չէր գնում, թեև երբեմն ամբողջ օրով բացակայում էր։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նա արտաքսված է հասարակությունից։ Պատմությունն այս, չնայած իմ բոլոր ջանքերին, ամենագլխավոր կետում մնում էր ինձ համար չպարզաբանված, չնայած մի ամբողջ ամիս արդեն Պետերբուրգում էի ապրում։ Մեղավոր է Վերսիլովը, թե մեղավոր չէ. ահա թե ինչն էր ինձ համար կարևորը, ահա թե ինչի համար էի եկել ես։ Երես էին դարձրել նրանից բոլորը, իմիջիայլոց, նաև բոլոր նշանավոր, ազդեցիկ մարդիկ, որոնց հետ նա առանձնապես կարողանում էր կապ պահպանել իր ամբողջ կյանքի ընթացքում, մի արտակարգ ստոր և (որ ամենավատն է «բարձրաշխարհիկ հասարակության» աչքում) խայտառակ արարքի մասին տարածված լուրերի հետևանքով, որ իբր գործել էր նա տարուց ավելի առաջ Գերմանիայում և նույնիսկ ապտակի մասին, որ չափազանց հրապարակայնորեն ստացել էր նա հենց Սոկոլսկի իշխաններից մեկից, և որին մարտահրավերով չէր պատասխանել։ Նույնիսկ նրա երեխաները (օրինական)՝ որդին ու դուստրը, երես էին թեքել նրանից և առանձին էին ապրում։ Ճիշտ է, և որդին, և դուստրը ամենաբարձր շրջաններում էին պտտվում Ֆանարիոտովների և ծեր իշխան Սոկոլսկու (Վերսիլովի նախկին բարեկամի) միջոցով։ Ի դեպ, ուշադիր զննելով նրան ողջ այս ամսվա ընթացքում՝ ես տեսա գոռոզամիտ մի մարդու, որին ոչ թե հասարակությունն էր դուրս նետել իր շրջանից, այլ մի մարդու, որը ինքն էր հասարակությանը վանել իրենից, այնքան անկախ տեսք ուներ նա։ Բայց արդյո՞ք իրավունք ուներ այդպիսի տեսք ունենալու, ահա թե ինչն էր հուզում ինձ։ Ես անպայման պետք է ողջ ճշմարտությունն իմանամ ամենամոտ ժամանակներում, որովհետև եկել էի դատելու այդ մարդուն։ Իմ ուժերը ես դեռ թաքցնում էի նրանից, բայց ես պետք է կամ ընդունեի, կամ իսպառ վանեի նրան ինձնից։ Իսկ վերջինս չափազանց ծանր էր լինելու ինձ համար, և ես տառապում էի։ Վերջապես լիակատար խոստովանություն կանեմ, ինձ համար թանկ էր այդ մարդը։
Իսկ առայժմ ես նրանց հետ ապրում էի մի բնակարանում, աշխատում էի ու հազիվ ինձ զսպում կոպտություններից։ Նույնիսկ չէի կարողանում զսպել։ Արդեն մեկ ամիս ապրելուց հետո ես օրեցօր համոզվում էի, որ վերջնական բացատրության համար ոչ մի դեպքում չեմ կարող նրան դիմել։ Հպարտ մարդն ուղղակի որպես առեղծված էր կանգնած իմ առջև, որ մինչև հոգուս խորքը վիրավորում էր ինձ։ Նա նույնիսկ սիրալիր էր ինծ հետ և կատակում էր, բայց ես ավելի շուտ ընդհարում կուզեի, քան նման կատակներ։ Իմ բոլոր զրույցները նրա հետ միշտ ինչ-որ երկիմաստություն էին պարունակում իրենց մեջ, այսինքն՝ ուղղակի մի տարօրինակ հեգնանք նրա կողմից։ Նա հենց սկզբից անլուրջ ընդունեց ինձ Մոսկվայից։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու նա այդպես արեց։ Ճիշտ է, նա հասավ այն բանին, որ ինձ համար անթափանց մնաց, բայց ես ինքս չէի ստորանա նրա կողմից իմ նկատմամբ լրջություն խնդրելով։ Դրան ավելացրած նաև այն, որ նա ինչ-որ զարմանալի ու անդիմադրելի ձևեր գիտեր, որոնց հետ ես չգիտեի ինչպես վարվեմ։ Կարճ ասած ինձ հետ նա վարվում էր, ինչպես ամենախակ մի դեռահասի, ինչը ես համարյա չէի կարողանում տանել, թեև գիտեր, որ այդպես է լինելու։ Դրա հետևանքով ես ինքս էլ դադարեցի լուրջ խոսել և սպասում էի. նույնիսկ համարյա բոլորովին դադարեցի խոսել։ Սպասում էի ես մի մարդու, որի Պետերբուրգ գալուն պես կարող էի վերջնականապես իմանալ ճշմարտությունը. դրա մեջ էր իմ վերջին հույսը։ Համենայն դեպս պատրաստվեցի վերջնականապես խզել կապերս և արդեն ձեռնարկեցի բոլոր միջոցները։ Մորս խղճում էի, բայց... «Կամ նա, կամ ես»,― ահա թե ինչ էի ուզում առաջարկել նրան ու քրոջս։ Նույնիսկ օրն էի նշանակել, իսկ առայժմ գնում էի ծառայության։
Գլուխ երկրորդ
I
Այս ամսի տասնիննին ես պետք է նաև առաջին ռոճիկս ստանայի պետերբուրգյան իմ «մասնավոր» պաշտոնում կատարածս ծառայության առաջին ամսվա համար։ Այդ պաշտոնի մասին նրանք ինձ նույնիսկ չհարցրին, այլ ուղղակի տվին ինձ, կարծեմ, գալուս հենց առաջին օրը։ Դա շատ կոպիտ արարք էր, և ես համարյա պարտավոր էի բողոքել։ Պարզվեց, որ այդ պաշտոնը ծեր իշխան Սոկոլսկու տանն է։ Բայց հենց այն ժամանակ բողոքելը կնշանակեր իսկույն էլ նրանց հետ կապերս խզել, որը թեև ամենևին չէր վախեցնում ինձ, բայց վնասում էր իմ էական նպատակներին, այդ իսկ պատճառով պաշտոնը լուռ ընդունեցի, լռությամբ պաշտպանելով արժանապատվությունս։ Հենց սկզբից պարզաբանեմ, որ այդ իշխան Սոկոլսկին մեծահարուստ ու գաղտնի խորհրդականը, ոչ մի ազգակցական կապ չուներ մոսկովյան այն Սոկոլսկի իշխանների (արդեն մի քանի սերունդ շարունակաբար ողորմելի աղքատների) հետ, որոնց դեմ իր դատն էր վարում Վերսիլովը։ Նրանք միայն ազգանվանակիցներ էին։ Բայց և այնպես ծեր իշխանը նրանցով շատ էր հետաքրքրվում և հատկապես սիրում էր այդ իշխաններից մեկին, այսպես ասած՝ նրանց ցեղի ավագին, որ մի երիտասարդ սպա էր։ Վերսիլովը դեռ վերջերս հսկայական ազդեցություն ուներ այդ ծերունու գործերի վրա ու նրա բարեկամն էր, տարօրինակ բարեկամը, որովհետև այդ խեղճ իշխանը, ինչպես նկատեցի ես, սոսկալի վախենում էր նրանից ոչ միայն այն ժամանակ, երբ ես գործի մտա նրա մոտ, այլև, կարծեմ, միշտ, ողջ բարեկամության ընթացքում։ Ի դեպ, նրանք արդեն վաղուց չէին հանդիպում, այն անազնիվ արարքը, որում մեղադրում էին Վերսիլովին, հենց իշխանի ընտանիքի հետ էր կապված, բայց մեջտեղ եկավ Տատյանա Պավլովնան և հենց նրա միջնորդությամբ ինձ տեղավորեցին ծերունու մոտ, որը «երիտասարդ մարդ» էր ուզում ունենալ իր աշխատասենյակում։ Ընդ որում, պարզվեց, որ նա սոսկալի ուզում էր հաճելի բան արած լինել Վերսիլովի նկատմամբ, այսպես ասած առաջքայլը դեպի նա, և Վերսիլովը հանդուրժեց։ Իսկ կարգադրեց գործը ծեր իշխանը իր դստեր գեներալի այրու բացակայության ժամանակ, որը, երևի, այդ քայլը թույլ չտար նրան։ Դրա մասին հետո, բայց նկատեմ, որ Վերսիլովի նկատմամբ վերաբերմունքի տարօրինակությունը հենց զարմացրեց ինձ նրա օգտին։ Առաջ էր գալիս մի դատողություն, համաձայն որի եթե վիրավորված ընտանիքի գլուխը դեռ շարունակում է հարգանք տածել Վերսիլովի նկատմամբ, ապա, ուրեմն, անհեթեթ կամ գոնե երկիմաստ են նաև Վերսիլովի ստորության վերաբերյալ տարածված ասեկոսեները։ Ինչ-որ չափով հենց այս պարագան ստիպեց ինձ չբողոքել գործի մտնելիս, գործի մտնելով՝ ես հույս ունեի հենց ստուգել այս բոլորը։
Այդ Տատյանա Պավլովնան տարօրինակ դեր էր խաղում այն ժամանակ, երբ ես հանդիպեցի նրան Պետերբուրգում։ Ես արդեն համարյա բոլորովին մոռացել էի նրա մասին և առավել ևս ոչ մի կերպ չէի կարող սպասել, թե նա այդպիսի նշանակություն ունի։ Առաջներում նա մի երեք-չորս անգամ հանդիպել է ինձ իմ մոսկովյան կյանքում և հայտնվել է Աստված գիտե, թե որտեղից, ինչ-որ մեկի հանձնարարությամբ, ամեն անգամ, երբ պետք է եղել ինձ որևէ տեղ տեղավորել, լիներ դա Տուշարի ողորմելի պանսիոնն ընդունվելը, թե հետո երկու ու կես տարի անց, գիմնազիա փոխադրվելն ու անմոռանալի Նիկոլայ Սեմյոնովիչի բնակարանում տեղավորվելը։ Հայտնվելով, նա ինձ հետ էր անցկացնում ամբողջ այդ օրը, ստուգում էր սպիտակեղենս, հագուստս, ինձ հետ Կուգնեցկի ու քաղաք էր գնում, ինձ համար անհրաժեշտ իրեր գնում, մի խոսքով, դասավորում էր իմ ողջ օժիտը մինչև ամենավերջին սնդուկն ու գրչահատ դանակը, ընդ որում՝ շարունակ ֆշշացնում էր ինձ վրա, բարկանում էր վրաս, հանդիմանում, քննում, ինձ օրինակ էր բերում ուրիշ՝ ինչ-որ երևակայական, իր ծանոթ ու բարեկամ տղաների, որոնք իբր, բոլորն էլ ինձնից լավն էին և, ազնիվ խոսք, նույնիսկ կսմթում էր ինձ, իսկ հրմշտել է ինձ, հաստատապես, նույնիսկ մի քանի անգամ, այն էլ՝ ցավոտ։ Գործերս դասավորելով ու տեղավորելով ինձ՝ նա անհետ չքվում էր մի քանի տարով։ Հենց ինքն էլ, գալուս պես հայտնվեց ինձ տեղավորելու։ Սա փոքրիկ ու չոր կերպարանք ուներ, թռչնի սուր քթով ու թռչնի սրատես աչքերով։ Վերսիլովին նա ստրուկի պես էր ծառայում և խոնարհվում էր նրա առաջ, ինչպես Հռոմի պապի, բայց համոզմունքով։ Բայց շուտով ես զարմանքով նկատեցի, որ նրան վճռականապես բոլորն ու ամենուրեք հարգում են և, որ գլխավորն է վճռականապես ամենուրեք և բոլորը ճանաչում էին։ Ծեր իշխան Սոկոլսկին արտակարգ հարգանքով էր վերաբերվում նրան, նրա ընտանիքը՝ նույնպես. Վերսիլովի այդ հպարտ երեխաները նույնպես. Ֆանարիոտովների տանը՝ նույնպես, մինչդեռ նա կար անելով, ինչ-որ ժանյակներ լվանալով էր ապրում, խանութից գործ էր վերցնում։ Մենք հենց առաջին խոսքից ընդհարվեցինք, որովհետև նա իսկույն որոշեց վեց տարի առաջվա պես ֆշշալ ինձ վրա, այդ օրից շարունակում ենք ընդհարվել ամեն օր, բայց դա չէր խանգարում մեզ երբեմն զրուցել, և խոստովանում եմ, ամսի վերջին նա սկսեց դուր գալ ինձ. կարծում եմ՝ իր անկախ բնավորության շնորհիվ։ Սակայն ես նրան տեղյակ չէի պահում այդ մասին։
Ես իսկույն հասկացա, որ այդ հիվանդ ծերունու մոտ ինծ գործի են դրել միայն նրա համար, որ «զվարճացնեմ» նրան, և որ հենց դրանում է իմ ողջ ծառայությունը։ Բնականաբար, դա ինձ ստորացնում էր, և ես իսկույն փործեցի միջոցներ ծեռք առնել, սակայն շուտով այդ ծեր խենթը, ինչ-որ անսպասելի խղճահարության պես, մի տպավորություն գործեց ինձ վրա, և ամսի վեջերին ես ինչ-որ տարօրինակ ձևով կապվեցի նրա հետ, համենայն դեպս կոպտելու մտադրությունից հրաժարվեցի։ Ի դեպ, նրա տարիքը վաթսունից ավելի չէր։ Այստեղ մի ամբողջ պատմություն էր դուրս եկել։ Մի տարի ու կես սրանից առաջ նա հանկարծ նոպա էր ունեցել։ Նա ինչ-որ տեղ էր գնացել և ճանապարհին ցնորվել էր, այնպես որ խայտառակության պես մի բան էր պատահել, որի մասին խոսում էին Պետերբուրգում։ Ինչպես ընդունված է նման դեպքերում, նրան իսկույն արտասահման տարան, բայց մի հինգ ամիս անց նա նորից հայտնվեց և միանգամայն առողջ, թեև ծառայությունը թողեց։ Վերսիլովը լրջորեն հավատացնում էր (և նկատելի բորբոքվածությամբ), թե նա ամենևին էլ չէր ցնորվել, այլ միայն ինչ-որ ջղային նոպա էր ունեցել։ Վերսիլովի այդ բորբոքվածությունն ես իսկույն նկատեցի։ Ի դեպ, ասեմ, որ ես ինքս էլ համարյա բաժանում էի նրա կարծիքը։ Ծերունին, միգուցե, միայն երբեմն թվում էր չափազանց թեթևամիտ, մի տեսակ տարիքին անհամապատասխան, որ, ասում են, առաջներում երբեք չի եղել։ Ասում էին, որ առաջներում նա ինչ-որ տեղերւմ ինչ-որ խորհուրդներ էր տալիս և մի անգամ նույնիսկ չափազանց էր աչքի ընկել իր վրա դրված հանձնարարությունը կատարելիս։ Արդեն մի ամբողջ ամիս նրան ճանաչելով, ես ոչ մի կերպ չէի կարող ենթադրել նրա մեջ խորհրդատու լինելու մի առանձին զորություն։ Նկատում էին մարդիկ (թեև ես չեմ նկատել), որ այդ նոպայից հետո նրա մեջ, որքան կարելի է շուտ ամուսնանալու մի առանձին հակում է զարգացել և որ նա, իբր, այս մեկուկես տարում արդեն քանիցս ձեռք է զարկել այդ գաղափարին։ Այդ մասին, իբր, գիտեին բարձր հասարակության մեջ և, ում որ պետք է, հետաքրքրվում էին։ Սակայն, քանի որ այդ ոտնձգությունը սաստիկ չէր համապատասխանում իշխանին շրջապատող որոշ մարդկանց շահերին, ծերունուն հսկում էին ամեն կողմից։ Նրա սեփական ընտանիքը փոքր էր. արդեն քսան տարի էր, ինչ նա այրի էր և մինուճար մի դուստր ուներ, գեներալի այրի, երիտասարդ մի կին, որին այժմ ամեն օր սպասում էին Մոսկվայից, և որի բնավորությունից իշխանն, անշուշտ, վախենում էր։ Բայց նա անթիվ զանազան հեռավոր ազգականներ ուներ, գերազանցապես հանգուցյալ կնոջ գծով, որոնք բոլորն էլ համարյա աղքատներ էին, բացի այդ բազմաթիվ ամեն տեսակ հոգեզավակներ ու իր կողմից բարերարված սանուհիներ, որոնք բոլորն էլ գոնե մի մասնիկ էին սպասում նրա կտակում, և այդ պատճառով բոլորն էլ օգնում էին գեներալի այրուն՝ ծերունուն հսկելու գործում։ Բացի դրանից, նա մի տարօրինակություն ուներ, դեռ երիտասարդ ժամանակվանից, միայն չգիտեմ, ծիծաղելի թե ոչ, աղքատ աղջիկներին մարդու տալու սովորություն։ Արդեն քսանհինգ տարի շարունակ նա մարդու էր տալիս այդ աղջիկներին, կամ իր հեռավոր ազգականուհիներին, կամ իր կնոջ հորեղբոր որդիների ու քեռորդիների խորթ աղջիկներին, կամ կնքասանուհիներին, մարդու տվեց նույնիսկ իր դռնապանի աղջկան։ Նախ դեռ փոքրիկ աղջնակ ժամանակ իր տուն էր ընդունում նրանց, գուվերնանտկաներով ու ֆրանսուհիներով մեծացնում էր նրանց, հետո ուսում էր տալիս լավագույն ուսումնական հաստատություններում և, ի վերջո, օժիտ տալով, ամուսնացնում էր։ Սրանք բոլորը մշտապես խռնվում էին նրա շուրջը։ Սանուհիները, բնականաբար, ամուսնանալով, էլի աղջիկներ էին բերում, բոլոր ծնված աղջիկները նույնպես սանուհի դառնալ էին ձգտում, ամեն տեղ նա պետք է կնքահայր լիներ, բոլորը գալիս էին նրա անվանակոչության տոնը շնորհավորելու, և այս բոլորը չափազանց հաճելի էր նրան։
Գործի ընդունվելով նրա մոտ, ես իսկույն նկատեցի, որ ծերունու ուղեղում մի ծանր համոզմունք է բույն դրել (և դա ոչ մի կերպ հնարավոր չէր չնկատել), որ հասարակության մեջ, իբր, բոլորը սկսել էին ինչ-որ տարօրինակ նայել իրեն, որ բոլորը, իբր, սկսել են այնպես չվերաբերվել իրեն, ինչպես առաջ, երբ ինքն առողջ էր, այդ տպավորությունը նրան չէր լքում նույնիսկ ամենաուրախ աշխարհիկ հավաքույթներում։ Ծերունին կասկածամիտ դարձավ, ինչ-որ բաներ սկսեց նկատել բոլորի հայացքներում։ Այն միտքը, թե իրեն շարունակում են ցնորված համարել, ըստ երևույթին, տանջում էր նրան, նույնիսկ ինձ վրա էր երբեմն թերահավատ հայացքներ նետում։ Եվ եթե նա իմանար, թե որևէ մեկը տարածում կամ հաստատում է իր մասին այդ լուրը, ապա թվում է, թե այդ ամենաանչար մարդը նրա հավիտենական թշնամին կդառնար։ Հենց այս իրադրությունն էլ, խնդրում եմ, նկատի առնեք։ Կավելացնեմ, որ հենց սա էլ առաջին օրից վճռեց այն, որ ես չէի կոպտում նրան, նույնիսկ ուրախ էի լինում, եթե հաջողվում էր երբեմն ուրախացնել կամ զվարճացնել նրան, չեմ կարծում, թե այս խոստովանությունը կարող է ստվեր գցել իմ արժանապատվության վրա։
Նրա փողերի մեծ մասը շրջանառության մեջ էր գտնվում։ Նա արդեն հիվանդությունից հետո, որպես մասնակից մտել էր մի մեծ բաժնետիրական ընկերություն, ի դեպ շատ պատկառելի։ Ու, թեև գործերն ուրիշներն էին վարում, նա էլ շատ էր հետաքրքրվում, հաճախում էր բաժնետերերի ժողովներին, ընտրված էր հիմնադիր անդամ, մասնակցում էր խորհուրդների նիստերին, երկար ճառեր ասում, հերքում էր, աղմկում և, ըստ երևույթին, հաճույքով։ Ճառ ասելը նրան շատ էր դուր եկել, համենայն դեպս բոլորը կարող էին տեսնել նրա խելքը։ Եվ ընդհանրապես նրան սոսկալի դուր էր եկել նույնիսկ ամենամտերմական, մասնավոր կյանքում իր խոսքի մեջ առանձնապես խորիմաստ բաներ կամ բոնմո մտցնելը։ Ես դա հրաշալի եմ հասկանում։ Տանը, ցածում, տնային գրասենյակի պես բան էր սարքած և մի ծառայող գործեր, հաշիվներ ու գրքեր էր վարում և դրա հետ միաժամանակ տունը կառավարում։ Միայն այդ ծառայողը, որը, բացի սրանից, պետական պաշտոն էլ ուներ, միանգամայն բավական կլիներ։ Բայց հենց իշխանի ցանկությամբ, ավելացրել էին նաև ինձ, իբր այդ ծառայողին օգնելու համար, բայց ինձ իսկույն էլ իր աշխատասենյակը փոխադրեցին, և ես հաճախ, նույնիսկ ձևի համար, իմ առջև ոչ զբաղմունք, ոչ թուղթ, ոչ էլ գիրք ունեի։
Այժմ ես գրում եմ, որպես վաղուց սթափված և շատ հարցերում արդեն համարյա որպես օտար մարդ, բայց ինչպե՞ս նկարագրեմ այն ժամանակվա սրտումս կուտակված թախիծը (որն այժմ հիշեցի), և գլխավորը իմ այն ժամանակվա հուզմուքը, որն այնպիսի խռովահույզ ու տենդագին վիճակի էր հասնում, որ ես նույնիսկ գիշերները չէի քնում իմ անհամբերությունից և այն հանելուկներից, որ ինքս էի իմ առաջ դնում։
II
Փող ուզելը գարշելի գործ է. նույնիսկ ռոճիկդ ուզելը, եթե խղճիդ ինչ-որ ծալքերում զգում ես, թե այնքան էլ արժանի չես։ Մինչդեռ նախորդ օրը մորս՝ քրոջս հետ փսփսալուց իմացա, որ Վերսիլովից թաքուն («որպեսզի չվշտացնի Անդրեյ Պետրովիչին») ուզում էր գրավ դնել կիոտից մի սրբապատկեր, որը, չգիտեմ ինչու, չափազանց թանկ էր իր համար։ Ծառայում էի ես ամսական հիսուն ռուբլով, բայց ամենևին չգիտեի, թե ինչպես պիտի դա ստանամ, ինձ այստեղ տեղավորելով, ոչինչ չէին ասել այդ մասին։ Մի երեք օր առաջ, հանդիպելով ցածում ծառայողին, ես նրան հարցրի, ումից են այստեղ ուզում ռոճիկը։ Սա զարմացած մարդու ժպիտով ինձ նայեց (նա ինձ չէր սիրում)։
― Իսկ դուք ռոճի՞կ եք ստանում։
Ես կարծում էի, թե իմ պատասխանից հետո նա կավելացնի.
― Իսկ ինչի՞ համար։
Բայց նա միայն չոր պատասխանեց, թե «ոչինչ չգիտի» և իր տողած գրքի մեջ խորասուզվեց, որտեղ ինչ-որ հաշիվներ էր ներգրում ինչ-որ առանձին թղթիկներից։
Ի դեպ, նրան անհայտ չէր, որ ես ինչ-որ բան անում էի։ Երկու շաբաթ առաջ ես ամբողջ չորս օր տքնել եմ մի գործի վրա, որ հենց ինքն էր ինձ տվել արտագրելու սևագրությունից, իսկ իրականում դուրս եկավ վերաշարադրել։ Դա իշխանի «մտքերի» մի ամբողջ բազմություն էր, որը նա պատրաստվում էր բաժնետերերի կոմիտեին ներկայացնել։ Այդ բոլորը պետք էր դաշնավորել որպես մի ամբողջություն և մշակել ոճը։ Հետո իշխանն ու ես մի ամբողջ օր տանջվեցինք այդ թղթի վրա, նա չափազանց տաքացած վիճում էր ինձ հետ, սակայն ի վերջո գոհ մնաց, միայն չգիտեմ՝ ներկայացրե՞ց թուղթը, թե՞ ոչ։ Մի երկու-երեք նույնպես գործնական նամակների մասին, որոնք ես գրել էի նրա խնդրանոք, չեմ էլ հիշատակում։
Ռոճիկ խնդրելն ինձ համար անախորժ էր նաև այն պատճառով, որ ես արդեն վճռել էի հրաժարվել իմ պաշտոնից, նախազգալով, որ ստիպված եմ լինելու հեռանալ նաև այստեղից անխուսափելի պարագաների հետևանքով։ Արթնանալով այն առավոտ և իմ խցիկում վերևում, հագնվելով, ես զգացի, որ սիրտս ուժգին բաբախեց ու, թեև ես դա բանի տեղ չէի դնում, իշխանի տունը մտնելով, նորից նույն հուզմունքն զգացի, այս առավոտ այստեղ պետք է գա այն անձնավորությունը, այն կինը, որի գալուստից ես սպասում էի ինձ տանջող բոլոր հարցերի բացատրությունը։ Դա հենց իշխանի դուստրն էր, գեներալ Ախմակովի կինը, երիտասարդ այրին, որի մասին արդեն ասել եմ, և որը խիստ թշնամական հարաբերությունների մեջ էր Վերսիլովի հետ։ Վերջապես ես գրեցի այդ անունը։ Նրան ես, իհարկե, երբեք չեմ տեսել, ոչ էլ կարող եմ պատկերացնել, թե ինչպես եմ խոսելու նրա հետ և արդյո՞ք խոսելու եմ։ Բայց ինձ թվում էր (միգուցե բավական հիմք ունենալով), որ նրա գալուստով կցրվի և մշուշը, որ իմ աչքում պարուրել էր Վերսիլովին։ Հաստատուն մնալ ես չէի կարող, սոսկալի տհաճ էր, որ հենց առաջին քայլից ես այդքան փոքրոգի էի ու այդքան ապաշնորհ, սոսկալի հետաքրքիր էր և գլխավորը՝ զզվելի, միանգամից երեք տպավորություն։ Այն օրը ես անգիր եմ հիշում։
Դստեր հնարավոր ժամանման մասին իշխանս դեռ ոչինչ չգիտեր և ենթադրում էր նրա վերադարձը Մոսկվայից մեկ շաբաթից ոչ շուտ։ Իսկ ես միանգամայն պատահաբար իմացա նախորդ օրը, իմ ներկայությամբ մորս մոտ բերանից թռցրեց Տատյանա Պավլովնան, որը նամակ էր ստացել գեներալի այրուց։ Նրանք թեև շշուկով ու վերացական արտահայտություններով էին խոսում, ես կռահեցի։ Պարզ է, որ ծածուկ ականջ չէի դնում, ուղղակի չէի կարող չլսել, երբ տեսա, թե հանկարծ, այդ կնոջ գալու լուրը լսելով՝ ինչպես հուզվեց մայրս։ Վերսիլովը տանը չէր։
Ծերունուն ես չէի ուզում հաղորդել, որովհետև չէի կարող չնկատել այդ ողջ ժամկետի ընթացքում, թե ինչպես է վախենում դստեր գալուց։ Մի երեք օր առաջ նա նույնիսկ բերանից թռցրեց, թեև վեհերոտ ու անորոշ, որ նրա գալուց ինձ համար է վախենում, այսինքն՝ իմ պատճառով հանդիմանություն ստանալուց։ Սակայն, պետք է ավելացնեմ, որ ընտանեկան հարաբերություններում և հատկապես փողի տնօրինության հարցում նա այնուամենայնիվ, պահպանել էր անկախությունն ու գլխավորությունը։ Սկզբում նրա մասին ես այն եզրակացության եկա, որ կատարյալ կնիկ է, բայց հետո ստիպված եղա եզրակացությունս փոխել այն իմաստով, որ եթե նույնիսկ կնիկ է, ապա նրանում եթե ոչ իսկական առնականություն, ապա երբեմն մի ինչ-որ համառություն մնում է այնուամենայնիվ։ Լինում էին րոպեներ, երբ այդպիսի բնավորությամբ (ըստ երևույթին, վախկոտ ու ենթարկվող) համարյա ոչինչ չէր կարելի անել։ Դա ինձ Վերսիլովն ավելի մանրամասն բացատրեց հետագայում։ Հիմա հետաքրքրությամբ նշում եմ, որ մենք իրար հետ համարյա երբեք չենք էլ խոսել գեներալի այրու մասին, այսինքն՝ կարծես խուսափել ենք խոսելուց, խուսափել եմ հատկապես ես, իսկ նա իր հերթին խուսափել է Վերսիլովի մասին խոսելուց, և ես ուղղակի հասկացա, որ նա ինձ չի պատասխանի, եթե ես ինձ այդքան հետաքրքրող փափկանկատ հարցերից որևէ մեկն իրեն տամ։
Իսկ եթե ցանկանան իմանալ, թե ինչի մասին ենք խոսել մենք այս ամբողջ ամիսը, ապա կպատասխանեմ, որ, իսկապես, ամեն ինչի, բայց բոլորն էլ ինչ-որ տարօրինակ բաների մասին։ Ինձ շատ դուր էր գալիս այն արտակարգ միամտությունը, որով նա վերաբերվում էր ինձ հետ։ Երբեմն ես արտակարգ տարակուսանքով ուշադիր նայում էի այդ մարդուն և հարց էի տալիս ինձ. «Բայց որտե՞ղ էր սա առաջներում նիստ ունենում։ Սրան ուղղակի մեր գիմնազիան պետք էր բերել, չորրորդ դասարանում էլ նստեցնել,― այ թե հրաշալի ընկեր դուրս կգար սրանից»։ Շատ անգամ էլ նրա դեմքի վրա եմ զարմացել, արտաքուստ այն արտակարգ լուրջ էր (և համարյա գեղեցիկ էր), չոր, ճերմակ, խիտ, գանգուր մազեր, պարզ աչքեր և ամբողջապես էլ նիհարավուն էր, լավ էլ բոյ ուներ։ Բայց նրա դեմքը արտակարգ լուրջից հանկարծ չափազանց կայտառի փոխվելու, մի տեսակ տհաճ, համարյա անվայել հատկություն ուներ, այնպես որ առաջին անգամ տեսնողը ոչ մի կերպ չէր կարող սպասել դրան։ Ես այդ մասին ասացի Վերսիլովին, որը հետաքրքրությամբ լսեց ինձ, կարծես թե նա չէր սպասում, որ ես ընդունակ կլինեմ նման բաներ նկատելու, բայց հարևանցիորեն ասաց, որ դա իշխանի մոտ հայտնվել է արդեն հիվանդությունից հետո և միգուցե միայն ամենավերջին ժամանակներս։
Մենք գերազանցապես երկու վերացական առարկայի մասին էինք խոսում. Աստծո և Նրա լինելության մասին, այսինքն՝ գոյություն ունի Նա թե ոչ, և կանանց մասին։ Իշխանը շատ կրոնասեր էր և շատ զգացումային։ Նրա աշխատասենյակում սրբապատկերների հսկայական պահարան էր կախված ճրագը տակին։ Բայց հանկարծ տարակուսանքը պաշարում էր նրան, և նա հանկարծ սկսում էր կասկածել Աստծո գոյությանը, զարմանալի բաներ էր ասում՝ ակնհայտորեն պատասխանի կոչելով ինձ։ Այդ գաղափարի նկատմամբ, ընդհանրապես ասած ես բավական անտարբեր էի, բայց, այնուամենայնիվ, երկուսս էլ խիստ տարվում էինք և միշտ անկեղծորեն։ Ընդհանրապես բոլոր այս խոսակցությունները, նույնիսկ այժմ, հաճույքով եմ հիշում։ Բայց նրա համար ամենահաճելին կանանց մասին զրուցելն էր և, քանի որ այդ թեմայով զրույցներ չսիրելու պատճառով ես չէի կարող լավ զրուցակից լինել, երբեմն նա նույնիսկ վշտանում էր։
Հենց այս թեմայով էլ նա սկսեց խոսել, երբ նոր ներս էի մտել այն առավոտյան։ Ես նրան գտա խաղաղ տրամադրության մեջ, իսկ երեկ թողել էի, չգիտես ինչու, արտակարգ վշտաբեկ։ Մինչդեռ ես պետք է անպայման այսօր, մինչև որոշ անձնավորությունների ժամանումը, ռոճիկիս գործն ավարտեի։ Ես ենթադրում էի, որ մեզ այսօր անպայման կընդհատեն (հո իզուր չէր բաբախում սիրտս), և այդ դեպքում, միգուցե, այլևս չհամարձակվեմ փողի մասին խոսել։ Բայց քանի որ փողի մասին խոսակցություն չէր ստացվում, ես, բնականաբար, բարկացա իմ հիմարության վրա և, այսօրվա պես հիշում եմ, նրա մի ինչ-որ չափազանց ուրախ հարցից սրտնեղած մի շնչով ու արտակարգ մոլուցքով կանանց մասին ունեցածս հայացքները ներկայացրի նրան։ Իսկ դրա հետևանքը եղավ այն, որ նա, ի հեճուկս ինձ, էլ ավելի տարվեց այդ թեմայով։
III
―... Ես կանանց չեմ սիրում, որովհետև նրանք գռեհիկ են, անշնորհք են, ինքնուրույն չեն և որովհետև անվայել շորեր են հագնում,― անկապ ավարտեցի ես երկար ճառս։
― Խնայի՛ր, սիրելիս,― անչափ ուրախանալով բացականչեց նա, և դրանով էլ ավելի զայրացրեց ինձ։ Ես զիջող ու մանրախնդիր եմ միայն մանրուքի մեջ, բայց գլխավորը երբեք չեմ զիջի։ Իսկ մանրուքի մեջ, բարձրաշխարհիկ որևէ շարժուձևի մեջ, ինձ ինչ ասես, որ չի կարելի անել, և ես միշտ անիծում եմ այդ հատկությունս։ Գարշելի մի բարեհոգությունից ես երբեմն պատրաստ էի համաձայնել բարձրաշխարհիկ մի փուչ պճնամոլի հետ, միայն նրա սիրալիրությամբ գայթակղված, կամ վեճի մեջ մտնել հիմարի հետ, որ ամենաաններելին էր ինձ համար։ Այս բոլորը տոկունության բացակայությունից և այն բանից, որ պուճախում էի մեծացել։ Հեռանում ես չարացած ու երդվում, որ վաղն արդեն դա չի կրկնվի, բայց վաղը կրկնվում է նույնը։ Ահա թե ինչու էին ինձ երբեմն համարյա տասնվեց տարեկանի տեղ դնում։ Բայց տոկունություն ձեռք բերելու փոխարեն ես հիմա էլ թեկուզև ամենամարդատյացի նման գերադասում եմ էլ ավելի փակվել իմ պուճախում, «Թող ես անշնորհք լինեմ, բայց մնացեք բարով»։ Դա ես ասում եմ լրջորեն և ընդմիշտ։ Ի դեպ, սա գրում եմ ոչ թե իշխանի կապակցությամբ և նույնիսկ ոչ այն օրվա խոսակցության կապակցությամբ։
― Ես ամենևին ձեզ ուրախացնելու համար չեմ ասում,― համարյա բղավեցի նրա վրա,― ուղղակի իմ համոզմունքն եմ արտահայտում։
― Բայց ինչպե՞ս թե կանայք գռեհիկ են և անվայել են հագնված։ Դա նոր բան է։
― Գռեհիկ են։ Գնացեք թատրոն, գնացեք զբոսավայր։ Յուրաքանչյուր տղամարդ գիտե, թե որն է աջ կողմը, կհանդիպեն ու իրարից կհեռանան, նա՝ դեպի աջ, ես դեպի աջ։ Կինը, այսինքն տիկինը (ես տիկինների մասին եմ խոսում), ուղղակի ձեզ վրա է քշում, նույնիսկ ձեզ չի նկատում, կարծես դուք անպայման պարտավոր եք դեն թռչել ու ճանապարհ տալ իրեն։ Ես պատրաստ եմ զիջել, որպես ամենաթույլ արարածի, բայց ի՞նչ գործ ունի այստեղ իրավունքը, ինչո՞ւ է նա այդքան համոզված, թե ես պարտավոր եմ այդ անել, ահա թե ի՛նչն է վիրավորական։ Ես միշտ էլ բանի տեղ չեմ դրել հանդիպելիս։ Եվ դրանից հետո դեռ գոռում են, թե նրանք ստորացված են, և հավասարություն են պահանջում. ի՜նչ հավասարության մասին կարող է խոսք լինել, եթե նա ոտնատակ է տալիս ինձ, կամ բերանս ավազ է լցնում։
― Ավա՞զ։
― Այո, որովհետև անվայել է հագնված, միայն անառակը կարող է դա չնկատել։ Չէ՞ որ դատարանում դուռը փակում են, երբ անվայել բաների մասին է գործը, իսկ ինչո՞ւ են դա թույլ տալիս փողոցներում, որտեղ մարդիկ ավելի շատ են։ Նրանք իրենց հետևներին բացեիբաց ֆրու-ֆրու են դնում տակից, որպեսզի ցույց տան, թե բելֆամ, բաց է։ Չէ՞ որ ես չեմ կարող չնկատել, և պատանին էլ կնկատի, և երեխան՝ սկսնակ տղեկը, նույնպես կնկատի, դա ստորություն է։ Թող հիանան ծեր անառակները ու լեզուները դուրս գցած՝ վազեն նրանց հետևից, բայց կա նաև մաքրաբարո երիտասարդություն, որին պետք է պահպանել։ Մնում է միայն թքել։ Քայլում է զբոսայգում, իսկ հետևից մի արշին ու կես պոչ է քարշ տալիս ու փոշին ավլում. ի՜նչ անի հետևից եկողը, կամ վազիր, առաջ անցիր, կամ մի կողմ փախիր, թե չէ քիթդ ու բերանդ հինգ ֆունտ ավազ կլցնի։ Դրան ավելացրած, որ հագինը մետաքս է, նա միայն մոդային տուրք տալու համար իր պոչը երեք վերստ քարերով է տալիս, իսկ ամուսինը սենատում տարեկան հինգ հարյուր ռուբլի է ստանում, ահա թե որտեղից են մեջտեղ գալիս կաշառքները։ Ես միշտ թքել եմ, բարձրաձայն հայհոյել։
Թեև այս խոսակցությունը ես մի փոքր հումորով և այն ժամանակվա բնորոշ ձևով եմ ներկայացնում, բայց մտքերս հիմա էլ նույնն են։
― Եվ մարսե՞լ ես,― հետաքրքրվեց Իշխանը։
― Ես թքում եմ ու հեռանում։ Իհարկե, նրանք զգում են, բայց ցույց չեն տալիս, առանց գլուխները թեքելու նրանք վեհապանծ առաջ են քշում։ Իսկ միանգամայն լուրջ միայն մի անգամ եմ ընդհարվել զբոսայգում ինչ-որ երկու պոչավոր տիկինների հետ, պարզ է, որ ոչ թե վատ խոսքերով, այլ միայն բարձաձայն նկատեցի, որ իրենց պոչերը վիրավորական են։
— Հենց այդպես էլ արտահայտվեցի՞ր։
― Իհարկե։ Նախ նա ոտնահարում է հասարակության պայմանները, հետո փոշի է բարձրացնում, իսկ զբոսայգին բոլորի համար է. ես եմ քայլում, մյուսն է քայլում, երրորդը, Ֆեոդորը, Իվանը, միևնույն է, թե ով։ Հենց սա էլ ես ասացի։ Եվ, ընդհանրապես, ես կանանց քայլվածքը չեմ սիրում, եթե հետևից ես նայում, սա էլ ասացի, բայց ակնարկներով։
― Բայց դու լուրջ պատմության մեջ կարող էիր ընկնել, բարեկամ, նրանք կարող էին քեզ հաշտարար դատավորի մոտ քարշ տալ։
― Բոլորովին էլ չէին կարող։ Բողոքելու տեղ չունեին, մարդը քայլում է իրենց կողքից ու ինքն իր հետ խոսում։ Ամեն մարդ իրավունք ունի իր համոզմունքը օդի մեջ հայտնելու։ Ես վերացական եմ խոսել, նրանց չեմ դիմել։ Հենց իրենք ինձ կպան, սկսեցին ինձ հայհոյել և շատ ավելի վատ բառերով, քան ես. էլ համբակ, էլ ինձ քաղցած պետք է թողնել, էլ նիհիլիստ, էլ որ ինձ ոստիկանի ձեռքը կտան, էլ որ իրենց կպել եմ, որովհետև մենակ ու թույլ կանայք են, իսկ եթե իրենց հետ տղամարդ լիներ, ես պոչս իսկույն կքաշեի։ Ես սառնասիրտ հայտարարեցի, որ նրանք իրենց լուտանքը դադարեցնեն, իսկ ես մյուս կողմ կանցնեմ։ Եվ որպեսզի ապացուցեմ նրանց, թե իրենց տղամարդկանցից չեմ վախենում և պատրաստ եմ մարտահրավեր ընդունել նրանցից, քսան քայլ հեռավորության վրա մինչև իրենց տուն կգնամ նրանց հետևից, հետո կկանգնեմ տան առաջ ու իրենց տղամարդկանց կսպասեմ։ Այդպես էլ արեցի։
― Մի՞թե արեցիր։
― Դա, իհարկե, հիմարություն էր, բայց ես տաքացած էի։ Նրանք երեք վերստից ավելի, շոգին, քարշ տվեցին ինձ մինչև ինստիտուտները, միհարկանի, փայտաշեն տուն մտան (պետք է խոստովանեմ, որ միանգամայն վայելուչ տուն էր դա), պատուհանից երևում էր, որ տանը շատ ծաղիկ կա, երկու դեղձանիկ, երեք շնիկ և պատերին շրջանակներով էստամպներ են փակցված։ Մի կես ժամ ես տան առաջ՝ փողոցում կանգնած մնացի։ Նրանք մի երեք անգամ ծածուկ դուրս նայեցին, հետո վարագույրներն իջեցրին։ Վերջապես դռնակից մի տարեց աստիճանավոր դուրս եկավ, տեսքից դատելով, նա քնած էր և նրան այս առթիվ էին արթնացրել. նա խալաթով չէր, բայց ինչ-որ չափազանց տնական հագուստով էր. ձեռքերը մեջքին դրած՝ նա կանգնեց դռնակի առաջ ու սկսեց ինձ նայել, ես էլ նրան նայեցի։ Հետո մի քանի անգամ հայացքը թեքեց, նորից ինծ նայեց ու հանկարծ սկսեց ժպտալ։ Ես շրջվեցի ու հեռացա։
― Դա շիլլերյան պատմության է նման, բարեկամս։ Ես միշտ զարմացել եմ. դու այդքան կարմրաթուշ, դեմքիցդ առողջություն է կաթում և այդպիսի, կարելի է ասել, զզվանք կանանց նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է լինել, որ քո տարիքում կինը որոշակի տպավորություն չգործի քեզ վրա։ Ինձ, mon cher[1], դեռ տասնմեկ տարեկան հասակումս գուվերնյորը նկատողություն էր անում, որ չափազանց հիացած եմ նայում Ամառային այգու արձաններին։
― Դուք սոսկալի ուզում եք, որ ես այստեղացի մի Ժոզեֆինայի մոտ գնամ ու գամ ձեզ պատմեմ։ Կարիք չկա. ես ինքս էլ դեռ տասներեք տարեկան հասակում տեսել եմ կանացի մերկությունն ամբողջապես, այդ օրվանից էլ զզվանք եմ զգացել։
― Լո՞ւրջ։ Բայց, cher enfant[2], թարմ, սիրուն կնոջից խնձորի հոտ է գալիս, էլ ի՞նչ զզվանք կարող է լինել։
― Տուշարի ողորմելի պանսիոնում, որտեղ ես ապրում էի դեռ մինչև գիմնազիան, Լամբերտ ազգանունով մի ընկեր ունեի։ Նա շարունակ ինձ ծեծում էր, որովհետև ավելի քան երեք տարով մեծ էր ինձնից, իսկ ես ծառայում էի նրան ու սապոգները հանում։ Երբ նա կոնֆիրմացիայի պիտի գնար, նրա մոտ առաջին հաղորդությունը շնորհավորելու եկավ աբբա Ռիգոն, նրանք արտասվալից իրար վզով ընկան և աբբա Ռիգոն սկսեց նրան զանազան շարժումներով սոսկալի սեղմել իր կրծքին։ Ես էլ էի արտասվում ու շատ էի նախանձում։ Երբ հայրը մեռավ, նա դուրս եկավ պանսիոնից, և ես երկու տարի նրան չտեսա, իսկ երկու տարի անց հանդիպեցի փողոցում։ Նա ասաց, որ կգա ինձ մոտ։ Ես արդեն գիմնազիայում էի և Նիկոլայ Սեմյոնովիչի մոտ էի ապրում։ Նա եկավ առավոտյան, հինգ հարյուր ռուբլի ցույց տվեց ինձ և ասաց, որ իր հետ գնամ։ Թեև երկու տարի առաջ նա ինձ ծեծում էր, բայց միշտ իմ կարիքն ուներ և ոչ միայն սապոգների համար, նա ամեն բան ինձ պատմում էր։ Նա ասաց, որ կեղծելով բանալին՝ փողն այսօր գողացել է մոր գզրոցից, որովհետև հոր բոլոր փողերն իրենն են օրենքով, և որ մայրը չի համարձակվի չտալ, և որ երեկ իր մոտ է եկել աբբա Ռիգոն համոզելու, ներս է մտել, գլխավերևը կանգնել ու սկսել է նվնվալ, ձեռքերը դեպի երկինք բարձրացնել ու սարսափ ներկայացնել. «Իսկ ես դանակը հանեցի և ասացի, որ իրեն կմորթեմ» (նա արտասանում էր. կմողթեմ)։ Մենք գնացինք Կուզնեցկի։ Ճանապարհին նա ինձ հաղորդեց, որ իր մայրը հարաբերությունների մեջ է աբբա Ռիգոյի հետ, և որ ինքն այդ նկատել է, և որ այդ բոլորի վրա թքում է, և որ հաղորդության մասին նրանց բոլոր ասածները դատարկաբանություններ են։ Նա դեռ շարունակում էր խոսել, իսկ ես վախենում էի։ Կուզնեցկի փողոցում գտնվող խանութում նա երկփողանի հրացան գնեց, որսորդական պայուսակ, պատրաստի փամփուշտներ, ձիամարզության մտրակ և մի ֆունտ էլ կոնֆետ։ Գնացինք քաղաքից դուրս կրակելու և ճանապարհին վանդակները ձեռքին թռչնորսի հանդիպեցինք. Լամբերտը մի դեղձանիկ գնեց նրանից։ Անտառակում նա դեղձանիկին բաց թողեց, քանի որ նա վանդակից հետո հեռու թռչել չէր կարող և սկսեց կրակել նրա վրա, բայց չդիպավ։ Նա կյանքում առաջին անգամ էր կրակում, իսկ հրացան վաղուց դեռ Տուշարի մոտ էր ուզում գնել, մենք բոլորս էլ այդտեղ վաղուց էինք հրացանի մասին երազում։ Նա կարծես շնչասպառ էր լինում։ Նրա մազերը սոսկալի սև էին, դեմքը դիմակի պես սպիտակ ու կարմրայտ, քիթը երկար ու սապատավոր, ինչպես ֆրանսիացիներինը, ատամները՝ սպիտակ, աչքերը սև։ Դեղձանիկին նա թելով կապեց ոստից և մի վերշոկ հեռավորությունից երկու փողից դեմ առ դեմ երկու համազարկ տվեց, և նա, որպես հարյուր փետուր, ցրիվ եկավ շուրջը։ Հետո մենք վերադարձանք, հյուրանոց մտանք, համար վերցրինք, սկսեցինք ուտել ու շամպայն խմել, եկավ մի տիկին... կանաչ մետաքսե զգեստով։ Հիշում եմ, ես շատ զարմացած էի, թե ինչ շքեղ է հագնված նա։ Հենց այստեղ էլ ես տեսա այն բոլորը... ինչի մասին ձեզ ասում էի... Հետո, երբ մենք նորից սկսեցինք խմել, Լամբերտն սկսեց նրան չարացնել ու հայհոյել, նա նստած էր առանց շորի. Լամբերտը խլել էր նրա զգեստը, իսկ երբ սա սկսեց բարկանալ ու զգեստը խնդրել, որ հագնվի, Լամբերտն սկսեց մտրակով ամբողջ ուժով հարվածել նրա մերկ ուսերին։ Ես վերկացա, բռնեցի նրա մազերից և այնքան ճարպկորեն, որ միանգամից գետին գլորեցի նրան։ Նա ճանկեց պատառաքաղը ու խրեց ազդրս։ Աղմուկ-աղաղակի վրա մարդիկ վազեցին, իսկ ես հասցրի փախչել։ Այդ օրից զզվանքով եմ հիշում մերկության մասին, հավատացեք, գեղեցկուհի էր։
Խոսելուս ընթացքում իշխանի դեմքը կայտառից շատ տխուր դարձավ։
― Mon pauvre enfant[3], ես միշտ համոզված եմ եղել, որ քո մանկության մեջ չափազանց շատ դժբախտ օրեր են եղել։
― Մի անհանգստացեք, խնդրեմ։
― Բայց դու մենակ ես եղել, ինքդ ես ինձ ասել, և թեկուզ հենց այդ Lambert-ը. դու այնպե՜ս նկարագրեցիր դա այդ դեղձանիկը, այդ արտասվալից աչքերով կրծքին կռթնած կոնֆիրմացիան և հետո, ընդամենը մեկ տարի հետո, նա իր մոր մասին աբբայի հետ... Ի դեպ, երեխաների հարցը մեր ժամանակներում ուղղակի սարսափելի է. մինչ այդ ոսկեգանգուր գլուխներն իրենց անմեղությամբ, ամենավաղ մանկության օրերին այս ու այն կողմ են թռչկոտում քո առջև ու քեզ են նայում իրենց պայծառ աչուկներով ու լուսավոր ծիծաղով, կարծես Աստծո հրեշտակներ լինեն, կամ հրաշալի թռչնակներ, իսկ հետո... իսկ հետո պատահում է այն, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք ամենևին էլ չմեծանային։
― Ի՜նչ թուլամորթն եք, իշխան։ Կարծես ինքներդ երեխաներ ունեք։ Չէ՞ որ դուք երեխա չունեք և երբեք էլ չեք ունենա։
― Tiens[4],― մի ակնթարթում փոխվեց նրա ողջ դեմքը,― Ալեքսանդրա Պետրովնան մի երկու օր առաջ, հա-հա, հենց Ալեքսանդրա Պետրովնա Աինիցկայան (դու նրան, կարծեմ, հանդիպած պիտի լինես այստեղ մի երեք շաբաթ առաջ), պատկերացրու, մի երկու օր առաջ իմ զվարթ ակնարկին, որ եթե ես հիմա ամուսնանամ, ապա գոնե կարող եմ հանգիստ լինել, որ երեխաներ չեմ ունենա, հանկարծ, նույնիսկ մի տեսակ չարությամբ ասաց. «Ընդհակառակը, հենց դուք կունենաք, հենց ձեզ նմաններն են անպայման ունենում, նույնիսկ հենց առաջին տարում, այ կտեսնեք»։ Հա-հա։ Եվ չգիտես ինչու, բոլորը երևակայում են, որ ես հանկարծ կամուսնանամ, ու թեև չարությամբ է ասված, բայց համաձայնիր, որ սրամիտ է։
― Սրամիտ է, բայց վիրավորական։
― Դե, cher enfant, ամեն մեկից չի կարելի վիրավորվել։ Մարդկանց մեջ ես ամենից շատ սրամտությունն եմ գնահատում, որն, ըստ երևույթին, անհետանում է, իսկ թե ինչ կասի Ալեքսանդրա Պետրովնան, մի՞թե կարելի է հաշվի առնել։
― Ի՞նչ, ի՞նչ ասացիք,― բառից կառչեցի ես,― ամեն մեկից չի կարելի... հենց այդպես։ Ամեն մեկը չարժե, որ նրա վրա ուշադրություն դարձնեն, հրաշալի կանոն է։ Ես հենց դրա կարիքն ունեմ։ Ես դա գրի կառնեմ։ Դուք երբեմն հոյակապ բաներ եք ասում, իշխան։
Նա ուղղակի ցնծաց։
― N’est-ce pas?[5] Cher enfant, իսկական սրամտությունը գնալով, անհետանում է։ Eh, mais... G’est moi gui connaît les femmes[6]!։ Հավատա, յուրաքանչյուր կնոջ կյանք, ինչ էլ որ նա քարոզելիս լինի, դա հավիտենական որոնում է, թե ում ենթարկվի... այսպես ասած ենթարկվելու ծարավ է։ Եվ նկատի ունեցիր, առանց ոչ մի բացառության։
― Միանգամայն ճիշտ է, հոյակապ է,― հիացած բացականչեցի ես։ Ուրիշ ժամանակ մենք իսկույն փիլիսոփայական դատողություններ կսկսեինք այդ թեմայի շուրջ մի ամբողջ ժամով, բայց հանկարծ ինձ կարծես մի բան կծեց, և ես ամբողջովին կարմրեցի։ Ինձ թվաց, որ ես նրան, բոնմո գովաբանելով, քծնում եմ, նրանից փող ստանալուց առաջ և որ նա անպայման հենց այդ կմտածի, երբ ես սկսեմ խնդրել։ Ես դիտավորյալ հիմա եմ հիշատակում դա։
― Իշխան, խոնարհաբար խնդրում եմ հենց հիմա տաք այս ամսվա համար ձեր ինձ պարտք հիսուն ռուբլին,― մի շնչով և կոպտության հասնող գրգռվածությամբ արտաբերեցի ես։
Հիշում եմ (քանի որ հիշում եմ ողջ այդ առավոտը մինչև ամենավերջին մանրուքը), որ այն ժամանակ մեր միջև, իր իրական ճշմարտացիությամբ, մի գարշելի տեսարան տեղի ունեցավ։ Սկզբում նա ինձ չհասկացավ, երկար նայում էր ու չէր հասկանում, թե այդ ինչ փողի մասին եմ ես խոսում։ Բնականաբար, նրա մտքով էլ չէր անցնում, թե ես ռոճիկ եմ ստանում, և ինչի՞ համար պիտի ստանայի։ Ճիշտ է, հետո նա սկսեց հավատացնել, թե մոռացել է, և երբ գլխի ընկավ, իսկույն սկսեց հիսուն ռուբլին հանել, բայց սկսեց աճապարել և նույնիսկ շիկնեց։ Տեսնելով, թե բանն ինչում է, ես վերկացա և կտրուկ հայտարարեցի, որ հիմա չեմ կարող ընդունել այդ փողը, որ ինձ, ըստ երևույթին, սխալմամբ կամ խաբեությամբ են հաղորդել ռոճիկի մասին, որպեսզի չհրաժարվեմ այս պաշտոնից և որ հիմա ավելի քան լավ եմ հասկանում, թե ստանալու իրավունք չունեմ, քանի որ ոչ մի ծառայություն չի էլ եղել։ Իշխանը վախեցավ և սկսեց հավատացնել, որ ես չափազանց շատ եմ ծառայել և էլ ավելի կծառայեմ, և որ հիսուն ռուբլին այնքան չնչին գումար է, որ ինքն, ընդհակառակը, էլի կավելացնի, քանի որ պարտավոր է և որ ինքն անձամբ է պայմանավորվել Տատյանա Պավլովնայի հետ, բայց «աններելի կերպով ամեն բան մոռացել է»։ Ես բռնկվեցի և վերջնականապես հայտարարեցի, որ իմ կողմից ստորություն կլինի ռոճիկ ստանալ այն խայտառակ պատմությունների համար, այն մասին, թե ինչպես եմ երկու պոչի մինչև ինստիտուտներն ուղեկցել, որ ես վարձվել եմ ոչ թե իրեն զվարճացնելու, այլ գործով զբաղվելու համար, իսկ եթե գործ չկա, ապա պետք է վերջ տալ և այլն, և այլն։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, թե կարելի է այնպես վախենալ, ինչպես իմ այս խոսքերից հետո վախեցավ նա։ Հասկանալի է, որ բանն ավարտվեց այնպես, որ ես դադարեցի առարկել, իսկ նա, այնուամենայնիվ, բուռս խոթեց հիսուն ռուբլին, մինչև հիմա շիկնում եմ, երբ հիշում եմ, որ ընդունեցի։ Աշխարհում ամեն բան միշտ էլ ստորությամբ է ավարտվում, և, որ ամենավատն է, նա, այնուամենայնիվ, համարյա կարողացավ ապացուցել, իսկ ես հիմարություն ունեցա հավատալու, որ ես անվիճելիորեն վաստակել եմ, ըստ որում՝ այնպես, որ վճռականորեն անհնար էր չվերցնել։
― Cher, cher enfant,― բացականչում էր նա, գրկելով ու համբուրելով ինձ (խոստովանում եմ, քիչ մնաց, որ ես էլ արտասվեմ, սատանան գիտե, թե ինչու, թեև վայրկենապես ինձ զսպեցի և նույնիսկ հիմա, գրելիս, կարմրում եմ),― սիրելի բարեկամս, դու հիմա ոնց որ հարազատս լինես, այս մի ամսում դու ոնց որ սեփական սրտիս մի կտորը դարձած լինես։ «Աշխարհիկ հասարակության» մեջ միայն այդ «հասարակությունն» է և ուրիշ ոչինչ. Կատերինա Նիկոլաևնան (նրա դուստրը) փայլուն տիկին է, և ես հպարտ եմ նրանով, բայց նա հաճախ, սիրելիս, շատ-շատ հաճախ է ինձ վշտացնում... Դե, իսկ այդ աղջնակները (elles sont charmantes[7]) ու նրանց մայրերը, որոնք գալիս են անվանակոչության օրերը միայն իրենց կանվան են բերում, թե չէ ոչինչ խոսել չեն կարող։ Ինձ մոտ վաթսուն բարձի համար դրանց կանվաները հավաքվել են, բոլորը շներ ու եղնիկներ։ Ես նրանց շատ ես սիրում, բայց քեզ հետ ես համարյա կարծես հարազատիս հետ լինեմ, և ոչ թե որդուս, այլ եղբորս և հատկապես սիրում եմ, երբ դու առարկում ես, դու գրական ոճ ունես, կարդացած ես, հիանալի շնորհք ունես...
― Ես ոչինչ չեմ կարդացել և բոլորովին գրական ոճ չունեմ։ Ես կարդացել եմ, ինչ որ ձեռքս է ընկել, իսկ վերջին երկու տարին բոլորովին ոչինչ չեմ կարդացել և չեմ էլ կարդալու։
― Ինչո՞ւ չես կարդալու։
― Ես այլ նպատակներ ունեմ։
― Cher... Լավ չի լինի, եթե կյանքիդ վերջում ասես քեզ, ինչպես ես եմ ինձ ասում. Je sais tout, mais je ne sais rien de bon[8]։ Ես վճռականորեն չգիտեմ, թե ինչի համար եմ ապրել աշխարհում։ Սակայն... ես այնքա՜ն պարտական եմ քեզ... ես նույնիսկ ուզում էի...
Նա հանկարծ խոսքն ընդհատեց, թուլացավ ու մտածմունքի մեջ ընկավ։ Ցնցումից հետո (իսկ ցնցումները նա կարող էր ամեն րոպե ունենալ, Աստված գիտե, թե ինչից) նա սովորաբար որոշ ժամանակով, կարծես, կորցնում էր առողջ բանականությունը և իրեն տիրապետելու ընդունակությունը, սակայն շուտով ուշքի էր գալիս, այնպես որ այս բոլորը նրան վնաս չէր հասցնում։ Մի րոպե մենք այդպես նստած մնացինք։ Նրա վարի շրթունքը, որ չափազանց լիքն էր, բոլորովին կախ ընկավ... Ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ նա հանկարծ հիշատակեց իր դս-տերը, այն էլ այդպիսի անկեղծությամբ։ Իհարկե, ես դա վերագրեցի նրա հուզվածությանը։
― Cher enfant, դու, իհարկե, չես բարկանում, որ ես քեզ դու եմ ասում, ճիշտ չէ՞,― հանկարծ դուրս թռավ նրա բերանից։
― Ամենևին։ Խոստովանում եմ, սկզբում, առաջին անգամները ես մի քիչ նեղանում էի և ինքս էլ էի ուզում ձեզ դու ասել, բայց տեսա, որ դա հիմարություն է, քանի որ ինձ ստորացնելու համար չէ, որ ինձ դու եք ասում։
Նա արդեն չէր լսում և մոռացել էր իր հարցը։
― Իսկ հայրդ ինչպե՞ս է,― հանկարծ մտախոհ հայացքն ինձ վրա բարձրացրեց նա։
Ես ուղղակի ցնցվեցի։ Առաջինը նա Վերսիլովին ինձ հայր կարգեց, մի բան, որ երբեք թույլ չէր տա ինձ հետ խոսելիս և երկրորդ Վերսիլովի մասին խոսեց, որ երբեք չէր պատահել։
― Անփող նստել ու թախծում է,― կարճ պատասխանեցի ես, բայց ինքս այրվում էի հետաքրքրությունից։
― Հա, փողի մասին։ Այսօր նահանգային դատարանում վճռվում է նրանց գործը, և ես իշխան Սերյոժային եմ սպասում, տեսնենք ինչ լուր կբերի։ Խոստացել է դատարանից ուղիղ ինձ մոտ գալ։ Նրանց բախտը ամբողջովին դրանից է կախված, այդտեղ վաթսուն թե ութսուն հազար է։ Իհարկե, ես միշտ բարի եմ կամեցել նաև Անդրեյ Պետրովիչին (այսինքն Վերսիլովին), և, կարծեմ, թե նա հաղթող դուրս կգա, իսկ իշխանները դատարկ կնստեն։ Օրենք է։
― Այսօր դատարանո՞ւմ,― ապշած բացականչեցի ես։
Այն միտքը, որ Վերսիլովը նույնիսկ դա հարկ չի համարել ինձ հաղորդել, չափազանց զարմացրեց ինձ։ «Ուրեմն, չի ասել նաև մորս, միգուցե չի ասել ոչ ոքի,― իսկույն պատկերացրի ես,― համա թե բնավորություն է»։
― Բայց մի՞թե իշխան Սոկոլսկին Պետերբուրգում է,― հանկարծ զարմացրեց ինձ մի ուրիշ միտք։
― Երեկվանից։ Հատկապես այս օրվա առթիվ եկել է ուղիղ Բեռլինից։
Նույնպես չափազանց կարևոր տեղեկություն է ինձ համար։ «Եվ այսօր նա կգա այստեղ, այն մարդը, որ ապտակել է նրան»։
― Ուրեմն ինչ,― հանկարծ փոխվեց իշխանի ամբողջ դեմքը,― առաջվա պես աստված է քարոզում, և, և... թերևս, նորից աղջնակների, չթևավորված աղջնակների մոտ... Հա-հա։ Այս առթիվ հիմա մի զվարճալի անեկդոտ միտքս եկավ... Հա-հա։
― Ո՞վ է քարոզում։ Ո՞վ է աղջնակների մոտ վազում։
― Անդրեյ Պետրովիչը։ Հավատո՞ւմ ես, այն ժամանակ նա մեզ բոլորիս ձանձրացնում էր, այսինքն թե ինչ ենք ուտում, ինչի մասին մտածում, կամ համարյա այսպես։ Վախեցնում էր ու մաքրագործում. «Եթե դու կրոնասեր ես, ինչո՞ւ վանական չես դառնում»։ Համարյա սա էր պահանջում։ Mais quelle idée[9], Եթե նույնիսկ ճիշտ է, արդյո՞ք չափազանց խիստ չէ։ Հատկապես սիրում էր բոլորի մեջ հենց ինձ ահեղ դատաստանով վախեցնել։
― Ոչ մի նման բան չեմ նկատել, թեև արդեն մեկ ամիս է նրա հետ եմ ապրում,― անհամբերությամբ ականջ դնելով՝ պատասխանեցի ես։ Սոսկալի սրտնեղում էի, որ նա դեռ ուշքի չի եկել և անկապ-անկապ ծամծմում է բառերը։
― Նա հիմա ուղղակի չի խոսում, բայց հավատա, որ այդպես է։ Նա խելամիտ և, անշուշտ, խորապես ուսյալ մարդ է. բայց, արդյո՞ք ճիշտ ուղղություն ունի նրա խելքը։ Այդ բոլորը երեք տարի արտասահմանում ապրելուց հետո նրա հետ կատարվեց։ Ես խոստովանում եմ, խորապես ինձ ցնցե՜ց և բոլորին էր ցնցում... Cher enfant, j’aime le bon Dieu[10], ես հավատում եմ, հավատում եմ, որքան որ կարող եմ, բայց ես վճռականապես դուրս եկա ինձնից այն ժամանակ։ Ենթադրելով, թե ես թեթևամիտ եղանակ բանեցրի, բայց ես դա դիտմամբ արեցի, սրտնեղությունից, ըստ որում՝ իմ առարկության էությունն էլ նույնքան լուրջ էր, որքան լուրջ էր այն աշխարհի սկզբից. «Եթե բարձրագույն էակը,― ասում եմ նրան,― կա և գոյություն ունի անհատապես, և ոչ թե արարչագործության ինչ-որ հեղեղված ոգու, կամ, միգուցե, հեղուկի ձևով (որովհետև դա էլ ավելի դժվար է հասկանալ), ապա որտե՞ղ է Նա ապրում»։ Անշուշտ, c’était bete[11], սակայն չէ՞ որ բոլոր առարկություններն էլ սրան են հանգում։ Un domicile[12] կարևոր բան է։ Նա սոսկալի բարկացավ։ Այնտեղ կաթոլիկ էր դարձել։
― Այդ գաղափարի մասին ես էլ եմ լսել։ Անշուշտ, հիմարություն է։
― Հավատացնում եմ քեզ բոլոր այն սրբություններով, որ կան աշխարհում։ Ուշադիր նայիր նրան... Թեև, դու, ասում ես, որ նա փոխվել է։ Բայց այն ժամանակ, ինչպե՜ս էր բոլորիս տանջում։ Հավատո՞ւմ ես, նա իրեն այնպես էր պահում, կարծես սուրբ է, և իր մասունքը դեռ հայտնվելու է։ Նա մեզնից մեր վարքի մասին հաշվետվություն էր պահանջում, երդվում եմ քեզ։ Մասունք։ En voila une autre[13]։ Գոնե վանականը կամ ճգնավորն այդպես ասեր, թե չէ մարդը ֆրակով է ման գալիս և բոլոր մյուս հարցերում... և հանկարծ նրա մասունքը։ Տարօրինակ ցանկություն է բարձրաշխարհիկ մարդու համար և, պետք է խոստովանեմ, տարօրինակ ճաշակ։ Ես ոչինչ չեմ ասում, այդ բոլորը սրբություն է, և ամեն բան կարող է պատահել... Դրան ավելացրած նաև այն, որ այդ բոլորը de i’inconnu[14], բայց բարձրաշխարհիկ մարդու համար նույնիսկ անվայել է։ Եթե հանկարծ ինձ պատահեր, կամ ինձ առաջարկեին, երդվում եմ, ես կմերժեի։ Ասենք, այսօր ես ճաշում եմ կլուբում և հետո հանկարծ հայտնվում։ Ես ուղղակի ծիծաղ կբերեմ։ Հենց այս բոլորն էլ այն ժամանակ նրան շարադրեցի... Նա քուրձ էր կրում։
Զայրույթից ես կարմրատակեցի։
― Դուք ինքներդ տեսե՞լ եք քուրձը։
― Ինքս չեմ տեսել, բայց...
― Այդ դեպքում հայտարարում եմ ձեզ, որ այդ բոլորը սուտ է, թշնամիների ստոր խարդավանքի ու զրպարտության հերյուրանք, այսինքն՝ մի թշնամու, մի ամենագլխավոր ու անմարդկային թշնամու, որովհետև նա միայն մի թշնամի ունի ձեր դուստրը։
Իշխանը բռնկվեց իր հերթին։
― Mon cher, ես քեզ խնդրում եմ ու պնդում, որ այսուհետև իմ ներկայությամբ այդ ստոր պատմության կողքին իմ դստեր անունը երբեք չհիշատակես։
Ես վերկացա։ Նա այլայլվել էր. կզակը դողում էր։
― Cette histoire infâme!...[15]։ Ես դրան չեմ հավատացել, երբեք չեմ ուզեցել հավատալ, բայց... ինձ ասում են. հավատա, հավատա, ես...
Այստեղ ներս մտավ սպասավորը և ազդարարեց այցելության մասին, ես նորից փլվեցի իմ աթոռին։
IV
Ներս մտան երկու կին, երկուսն էլ օրիորդ, մեկը իշխանի հանգուցյալ կնոջ հորեղբոր որդիներից, քեռորդիներից, կամ դրանց նման հարազատներից մեկի խորթ աղջիկն էր՝ իշխանի սանուհին, որին նա արդեն տրամադրել էր օժիտը, և որը (ապագայի համար նկատեմ) ինքն էլ էր փողավոր, մյուսը Աննա Անդրեևնա Վերսիլովան էր, Վերսիլովի ինձնից երեք տարով մեծ դուստրը, որը եղբոր հետ ապրում էր Ֆանարիոտովների մոտ և որին մինչև այժմ մի անգամ էի տեսել կյանքումս, այն էլ հարևանցիորեն փողոցում, թեև եղբոր հետ, նույնպես հարևանցիորեն, արդեն ընդհարում էի ունեցել Մոսկվայում (շատ հնարավոր է, որ այդ ընդհարման մասին հիշատակեմ հետագայում, եթե տեղ լինի, որովհետև, իսկապես ասած, չարժե)։ Այդ Աննա Անդրեևնան մանուկ հասակից իշխանի առանձնահատուկ սիրելին էր (Վերսիլովի ծանոթությունը իշխանի հետ շատ-շատ վաղուց է սկսվել)։ Ես այնքան շփոթված էի հենց նոր կատարվածից, որ նույնիսկ տեղիցս վեր չկացա նրանց ներս մտնելիս, թեև իշխանը վեր կացավ ու մի քանի քայլ գնաց նրանց ընդառաջ, իսկ հետո մտածեցի, որ արդեն ամոթ է վերկենալը ու մնացի տեղումս նստած։ Եվ, որ գլխավորն է, իշխանը երեք րոպե առաջ այնպես գոռաց ինձ վրա, որ ես մոլորվել էի և դեռ չգիտեի գնամ, թե մնամ։ Բայց ծերունին իր սովորության համաձայն ամեն բան արդեն մոռացել էր և, օրիորդներին տեսնելով, հաճելի աշխուժացել էր։ Նա նույնիսկ արագ վերափոխված դեմքով ու, մի տեսակ խորհրդավոր աչքով անելով, հասցրեց նրանց ներս մտնելուց անմիջապես առաջ փութկոտ շշնջալ ինձ.
― Ուշադիր Օլիմպիադային նայիր, սևեռուն, որքան կարող ես սևեռուն նայիր... հետո կպատմեմ...
Ես բավական սևեռուն նրան էի նայում և ոչ մի առանձին բան չէի գտնում, օրիորդն այնքան էլ բարձրահասակ չէր, գեր էր և չափազանց կարմիր այտեր ուներ։ Ի դեպ, դեմքը բավական հաճելի էր, նյութապաշտներին դուր եկող։ Միգուցե դեմքը բարություն էր արտահայտում, բայց խոժոռմունքի ցոլք ուներ։ Մի առանձին մտավոր ընդունակությամբ չէր կարող փայլել՝ միայն թե ոչ բարձր իմաստով, որովհետև խորամանկությունը աչքերից երևում էր։ Տասնինը տարեկանից ավելի չէր լինի։ Մի խոսքով, ոչ մի առանձնահատուկ բան։ Մեր գիմնազիայում կասեին՝ բարձր։ (Եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա միայն այն պատճառով, որ պետք է գալու հետագայում)։
Սակայն բոլորն էլ, ինչը մինչև այժմ նկարագրել եմ, ըստ երևույթին, այդպիսի անհարկի մանրամասնություններով դեպի ապագա է տանում և այնտեղ պետք է գալու։ Ամեն բան իր տեղում իրեն ցույց կտա, խուսափել չեմ կարողացել, իսկ եթե ձանձրալի է, խնդրում եմ, մի կարդացեք։ Բոլորովին այլ անձնավորություն էր Վերսիլովի դուստրը։ Բարձրահասակ, նույնիսկ մի քիչ նիհարավուն, երկարավուն ու երևելի գունատ դեմք, բայց մազերը՝ սև, շքեղ, աչքերը՝ մուգ, խոշոր, հայացքը՝ խոր. նուրբ ու կարմիր շուրթեր, թարմ բերան։ Առաջին կինը, որն ինձ նողկանք չէր ներշնչում իր քայլվածքով, ի դեպ նա բարակ էր ու չոր։ Դեմքի արտահայտությունն այնքան էլ բարի չէր, բայց նշանակալից էր։ Սա քսաներկու տարեկան է։ Համարյա ոչ մի արտաքին գիծ նման չէր Վերսիլովին, մինչդեռ ինչ-որ մի հրաշքով արտակարգ նմանություն նրան դեմքի արտահայտությամբ։ Չգիտեմ, արդյոք, գեղեցիկ էր նա, ճաշակի հարց է։ Երկուսն էլ չափազանց համեստ էին հագնված, այնպես որ չարժե նկարագրել։ Ես սպասում էի, որ իսկույնևեթ վիրավորվելու եմ Վերսիլովայի որևէ հայացքից կամ շարժումից, և նախապատրաստվեցի, չէ որ վիրավորել էր ինձ նրա եղբայրը Մոսկվայում հենց առաջին հանդիպման ժամանակ մեր կյանքում։ Վերսիլովան դեմքով չէր կարող ինձ ճանաչել, բայց, իհարկե, լսել էր, որ ես գնում-գալիս եմ իշխանի մոտ։ Այն բոլորը, որ կանխորոշում կամ անում էր իշխանը, իսկույն հետաքրքրություն էր շարժում նրա հարազատների ու «սպասողների» այդ ողջ ամբոխում և իրադարձություն դառնում, առավելևս նրա հանկարծակի նախասիրությունն իմ նկատմամբ։ Ինձ հաստատ հայտնի էր, որ իշխանը շատ հետաքրքրված է Աննա Անդրեևնայի ճակատագրով և նրա համար փեսացու է փնտրում։ Բայց Վերսիլովայի համար ավելի դժվար էր փեսացու գտնելը, քան նրանց, որոնք ձեռագործ էին անում կանվայով։
Բայց ահա, հակառակ բոլոր սպասելիքներին, Վերսիլովան, իշխանի ձեռքը սեղմելով ու մի քանի ուրախ, բարձրաշխարհիկ խոսք նրա հետ փոխանակելով, արտակարգ հետաքրքրությամբ ինձ նայեց և, տեսնելով, որ ես էլ իրեն եմ նայում, հանկարծ ժպտալով ողջունեց ինձ։ Ճիշտ է, որ նա հենց նոր էր ներս մտել և որպես նոր ներս մտնող էր ողջունում, բայց ժպիտն այնքան բարի էր, որ ըստ երևույթին, նախամտածված էր։ Եվ ես հիշում եմ, արտակարգ հաճելի զգացում ապրեցի։
― Իսկ սա... իսկ սա իմ սիրելի, պատանի բարեկամ Արկադի Անդրեևիչ Դոլ...― թոթովեց իշխանը, նկատելով, որ Վերսիլովան ինձ ողջունեց, իսկ ես շարունակում եմ նստած մնալ, և հանկարծ կարկամեց, միգուցե շփոթվեց, որ ծանոթացնում է ինձ նրա հետ (այսինքն՝ իսկապես եղբորը քրոջ հետ)։ Բարձիկն էլ ինձ ողջունեց. բայց ես հանկարծ հիմարավարի տաքացա, ու տեղիցս վեր թռա, կեղծ հպարտության միանգամայն անիմաստ հորդում և բոլորը ինքնասիրությանս պատճառով։
― Ներեցեք, իշխան, ես Արկադի Անդրեևիչ չեմ, այլ Արկադի Մակարովիչ եմ,― կտրուկ հատեցի ես, արդեն բոլորովին մոռանալով, որ գլուխ տալով, պետք է պատասխանեմ օրիորդներին։ Գրողը տանի այս անբարեվայելուչ րոպեն։
― Mais tiens[16],― մատը ճակատին խփելով՝ բացականչեց իշխանը։
― Որտե՞ղ եք դուք սովորել,― գլխավերևս լսվեց ընդհուպ ինձ մոտեցած բարձիկի ծորուն ձայնով տրված հիմարավուն հարցը։
― Մոսկվայում, գիմնազիայում։
― Հա՜։ Լսել եմ։ Իսկ այստեղ լա՞վ են սովորեցնում։
― Շատ լավ։
Ես շարունակում էի կանգնած մնալ և խոսում էի ինչպես զինվորը զեկույց տալիս։
Այս օրիորդի հարցերն, անկասկած, հնարամիտ չէին, սակայն նա, այնուամենայնիվ, գտավ, թե ինչով կոծկի իմ հիմար վարմունքը ու թեթևացնի իշխանի շվարումը, որը մինչ այդ արդեն ուրախ ժպիտով լսում էր Վերսիլովայի՝ իր ականջին ասվող ուրախ քչփչոցը, ըստ երևույթին, ոչ իմ մասին։ Բայց ահա մի հարց. ինչո՞ւ այս, ինձ բոլորովին անծանոթ օրիորդը հանձն առավ կոծկել իմ հիմար վարմունքն ու այլևայլ բաները։ Միաժամանակ անհնարին է պատկերացնել անգամ, թե նա հենց այնպես է ինձ դիմել, այստեղ դիտավորություն կար։ Նա չափազանց հետաքրքրված էր ինձ նայում, կարծես ուզում էր, որ ես էլ իրեն որքան կարելի է շատ նկատեմ։ Այս բոլորը ես արդեն ավելի ուշ կռահեցի և... չսխալվեցի։
― Ինչպե՞ս, մի՞թե այսօր,― տեղից պոկվելով, հանկարծ՝ բացականչեց իշխանը։
― Ուրեմն, դուք չգիտեի՞ք,― զարմացավ Վերսիլովան։― Olympe, իշխանը չգիտեր, որ Կատերինա Նիկոլաևնան այսօր է գալու։ Մենք հենց նրա մոտ էլ եկել ենք, կարծում էինք, թե առավոտյան գնացքով է եկել, և վաղուց արդեն տանն է։ Հենց նոր առմուտքի մոտ հանդիպեցինք, նա նոր տեղ հասավ և ասաց, որ ձեզ մոտ անցնենք, ինքն էլ հիմա կգա... Ահա և նա։
Կողքի դուռը բացվեց, և հայտնվեց այն կինը։
Ես արդեն ճանաչում էի նրա դեմքը այն զարմանալի դիմանկարով, որ կախված է իշխանի աշխատասենյակում։ Այս ամբողջ ամսվա ընթացքում ես ուսումնասիրում էի այդ դիմանկարը։ Իսկ նրա ներկայությամբ ես աշխատասենյակում մնացի մի երեք րոպե և ոչ մի վայրկյան հայացքս նրա դեմքից չկտրեցի։ Բայց եթե ես դիմանկարին ծանոթ չլինեի և այս երեք րոպեից ինձ հարցնեին. «Ինչպիսի՞ն է նա»,― ես ոչինչ չէի պատասխանի, որովհետև մշուշը պարուրել էր հայացքս։
Այդ երեք րոպեից ես հիշում եմ միայն ինչ-որ իսկապես հրաշագեղ մի կին, որին իշխանը համբուրում էր ու ձեռքով խաչակնքում և որը հանկարծ, ներս մտնելուն պես, սկսեց ինձ նայել։ Ես պարզ լսեցի, ինչպես իշխանը, հավանաբար, ցույց տալով ինձ, մի կարճ ծիծաղով ինչ-որ բան շշնջաց նոր քարտուղարի մասին և ազգանունս արտասանեց։ Նա մի տեսակ դեմքը տնկեց, վատ հայացքով ինձ նայեց և այնքան հանդուգն ժպտաց, որ ես հանկարծ մի քայլ արեցի, մոտեցա իշխանին և, սոսկալի դողալով ու ոչ մի բառը մինչև վերջ չարտասանելով, կարծեմ, ատամներս չխկչխկացնելով, մրթմրթացի։
― Այն պահից ես... Հիմա իմ գործերը... Ես գնում եմ։
Եվ ես շրջվեցի ու դուրս եկա։ Ինձ ոչ ոք ոչ մի բառ չասաց, նույնիսկ իշխանը, բոլորը միայն նայում էին։ Իշխանը հետո ինձ հաղորդեց, թե ես այնպես էի գունատվել, որ ինքն «ուղղակի վախեցել էր»։
Բայց հարկ չկա։
Գլուխ երրորդ
I
Իսկապես էլ հարկ չկար․ բարձրագույն նկատառումը կլանում էր բոլոր մանրուքները և մի հզոր զգացում բավարարում էր ինձ ամեն բանի դիմաց։ Ես մի տեսակ հմայված դուրս եկա։ Փողոց դուրս գալով՝ ես պատրաստ էի երգել։ Կարծես դիտավորյալ, մի հրաշալի առավոտ էր, արև, անցուդարձ անողներ, աղմուկ-շարժում, հրճվանք, ամբոխ։ Ի՞նչ է, մի՞թե չէր վիրավորել ինձ այդ կինը։ Ումի՞ց կտանեի ես այդպիսի հայացք և այդպիսի հանդուգն ժպիտ՝ առանց անհապաղ բողոքի, թեկուզև ամենահիմար բողոքի (դա միևնույն է) իմ կողմից։ Նկատի ունեցեք, նա հենց դրա համար էլ եկել էր, որպեսզի որքան կարելի է շուտ ինձ, որին դեռ երբեք չէր տեսել, վիրավորի, նրա աչքում ես «Վերսիլովի ծածուկ ուղարկածն» էի, իսկ նա վստահ էր և այն ժամանակ և դրանից շատ հետո, թե Վերսիլովի ձեռքին է իր ողջ ճակատագիրը և որ նա հնարավորություն ունի, եթե ուզենա, մի փաստաթղթի միջոցով իսկույն կործանել իրեն, համենայն դեպս գոնե կասկածում էր դա։ Սա կյանքի ու մահու մենամարտ էր։ Եվ, խնդրեմ, ես վիրավորված չէի։ Վիրավորանքը եղել էր, բայց ես այն չէի զգացել։ Ի՜նչ վիրավորվել։ Ես նույնիսկ ուրախ էի, գալով ատելու, ես նույնիսկ զգում էի, որ սկսում եմ սիրել նրան։ «Ես չգիտեմ, կարո՞ղ է արդյոք սարդն ատել այն ճանճին, որին նշանառել և ուզում է բռնել։ Սիրունիկ ճանճի՜կ։ Ինձ թվում է, թե զոհին սիրում են. համենայն դեպս կարելի է սիրել։ Ես հո սիրո՞ւմ եմ իմ թշնամուն, ինձ, օրինակ, սոսկալի դուր է գալիս, որ նա այդքան գեղեցիկ է։ Ինձ սոսկալի դուր է գալիս, տիկին, որ դուք այդքան գոռոզ եք և այդքան վեհապանծ։ Եթե դուք ավելի հեզ լինեիք, ես այդպիսի հաճույք չէի զգա։ Դուք թքեցիք ինձ վրա, իսկ ես հրճվում եմ. եթե դուք իսկապես, իսկական թքով թքեիք իմ երեսին, ապա ես, արդարև, միգուցե չբարկանայի, որովհետև դուք իմ զոհն եք, իմ, ոչ թե նրա։ Ի՜նչ հրապուրիչ է այս միտքը։ Ո՜չ, հզորության ծածուկ գիտակցությունն անասելի հաճելի է բացահայտ գերիշխանությունից։ Եթե ես հարյուր միլիոնի տեր մեծահարուստ լինեի, կարծում եմ, հաճույք կստանայի, եթե հենց ամենահին շորերով ման գայի, որպեսզի ինձ ամենաչնչին, համարյա թե աղքատությունից ողորմություն խնդրողի տեղ դնեին, հրեին ու արհամարհեին. ես միայն գիտակցությամբ կգոհանայի»։
Ահա թե ինչպես կթարգմանեի իմ այն ժամանակվա մտքերն ու ուրախությունը և ուրիշ շատ բաներ այն բոլորից, որ զգում էի։ Միայն կավելացնեմ, որ այստեղ, հիմա գրածիս մեջ, ավելի թեթևամիտ դուրս եկավ, իրականում ես ավելի խորն էի ու ավելի ամաչկոտ։ Միգուցե ես հիմա էլ ներքուստ շատ ավելի ամաչկոտ եմ, քան խոսքերովս ու գործերովս եմ. տա Աստված։
Միգուցե ես շատ վատ եմ արել, որ նստել եմ գրելու․ ներսումս անսահման ավելի շատ է մնում, քան այն, որ խոսքերով է դուրս գալիս։ Ձեր միտքը, թեկուզև վատ միտք լինի, քանի դեռ ծեր մեջ է, մշտապես ավելի խորն է, իսկ բառերով ասված ավելի ծիծաղելի ու ավելի անազնիվ։ Վերսիլովն ինձ ասել է, որ սրա հակառակը լինում է միայն վատ մարդկանց մոտ։ Նրանք միայն ստում են, նրանց համար հեշտ է, իսկ ես աշխատում եմ գրել ողջ ճշմարտությունը, դա սոսկալի դժվար է։
II
Այդ ամսի տասնիննին ես մի «քայլ» էլ արեցի։
Եկածս օրվանից առաջին անգամ գրպանումս փող էր հայտնվել, որովհետև երկու տարվա ընթացքում կուտակածս վաթսուն ռուբլին տվեցի մորս, որի մասին հիշատակել եմ վերևում, բայց արդեն մի քանի օր սրանից առաջ ես որոշեցի ռոճիկ ստանալուս օրը մի «փորձ» կատարել, որի մասին վաղուց էի երազում։ Դեռ երեկ էի լրագրից կտրել հասցեն. «Ա. Պետերբուրգի հաշտարարի դատական կատարածուի և այլն, և այլն հայտարարությունն այն մասին, որ «սույն սեպտեմբերի տասնիննին, առավոտյան ժամը տասներկուսին, Կազանյան շրջանի այսինչ տեղամասի թիվ այսինչ տանը վաճառվելու է տիկին Լեբրեխտի շարժական գույքը» և որ «վաճառվող գույքը, ցուցակը և գնահատումը կարելի է տեսնել վաճառքի օրը» և այլն, և այլն։
Ժամը մեկից մի քիչ անց էր։ Ես ոտքով դիմեցի դեպի նշված հասցեն։ Արդեն, ահա, երրորդ տարին է, ինչ ես կառք չեմ նստում, խոսք եմ տվել չնստել (հակառակ դեպքում վաթսուն ռուբլի չէի խնայի)։ Ես երբեք աճուրդների չեմ գնացել, ես ինձ դեռ թույլ չէի տալիս, և թեև այժմյան իմ «քայլը» միայն փորձնական էր, բայց այս քայլին էլ որոշել էի դիմել միայն այն ժամանակ, երբ հաշիվս մաքրեմ գիմնազիայի հետ, հարաբերություններս կխզեմ բոլորի հետ, երբ կփակվեմ իմ կեղևի մեջ և բացարձակապես ազատ կլինեմ։ Է, ես շատ հեռու էի «կեղևում» լինելուց և շատ հեռու էի ազատ լինելուց, բայց քայլն էլ, չէ՞ որ, միայն փորձի ձևով էլ որոշել էի անել, միայն նրա համար, որ տեսնեմ, համարյա թե երազեմ, իսկ հետո այլևս չեմ գա, միգուցե երկար ժամանակ չեմ գա, մինչև այն օրը, երբ կսկսեմ լրջորեն։ Բոլորի համար սա միայն մի փոքրիկ, հիմարավուն աճուրդ էր, իսկ ինձ համար առաջին գերանն էր այն նավի, որով Կոլումբոսը գնաց Ամերիկա գտնելու։ Ահա իմ այն ժամանակվա զգացմունքները։
Տեղ հասնելով՝ ես անցա հայտարարության մեջ նշված տան բակի խորքը և մտա տիկին Լեբրեխտի բնակարանը։ Բնակարանը բաղկացած էր նախասենյակից և չորս ոչ այնքան մեծ, ցածրիկ սենյակներից։ Նախասենյակին անմիջապես կից սենյակում համարյա երեսուն հոգիանոց ամբոխ էր կանգնած։ Սրանց կեսը առևտուր անողներ էին, մյուսները՝ նրանց տեսքից դատելով, կամ հետաքրքրասերներ էին, կամ այդ գործի սիրահարներ, կամ էլ Լեբրեխտի կողմից ծածուկ ուղարկվածներ, կային նաև վաճառականներ, ոսկեղենին աչքները տնկած ջհուդներ և «մաքուր» հագնվածներից մի քանի հոգի։ Այս պարոններից մի քանիսի կերպարանքները նույնիսկ մեխվել են հիշողությանս մեջ։ Աջ կողմի սենյակում, բաց դռների մեջ, հենց դռան փեղկերի արանքում սեղան էր դրված, այնպես որ այդ սենյակը մտնել հնարավոր չէր։ Այնտեղ դրված էին վերգրված ու վաճառվող իրերը։ Ձախ կողմում մի այլ սենյակ կար, բայց սրա դուռը փակ էր, թեև ամեն րոպե մի փոքրիկ ճեղք էր բացվում, որից, երևում էր, մեկը դուրս էր նայում, հավանաբար բազմանդամ ընտանիքից տիկին Լեբրեխտի, որն այդ պահին, բնականաբար սոսկալի ամաչում էր։ Դռների արանքում դրված սեղանի մոտ, դեմքով դեպի հասարակությունը, աթոռին նստել էր համապատասխան նշանով դատական կատարածուն և իրերի ծախել-սպառելու գործն էր իրականացնում։ Ես համարյա գործի կեսին վրա հասա, ներս մտնելուս պես, ամբոխը ճեղքելով, հասա սեղանին։ Բրոնզե մոմակալներ էին վաճառվում։ Ես սկսեցի դիտել։
Դիտում էի ու հետն էլ մտածում․ իսկ ի՞նչ կարող եմ այստեղ գնել։ Եվ ո՞ւր տանեմ հիմա բրոնզե այդ մոմակալները, և արդյո՞ք կհասնեմ նպատակիս, և այդպե՞ս է, արդյոք գործն արվում և արդյոք հաջողությամբ կավարտվեն հաշիվներս։ Եվ մանկական չէի՞ն, արդյոք, իմ հաշիվները։ Մտածում էի այս բոլորն ու սպասում։ Զգացողությունս այնպես էր, ինչպես խաղասեղանի առջև կարող էր լինել այն պահին, երբ խաղաքարտը դեռ չեք դրել, բայց մոտեցել եք այն նպատակով, որ դնեք. «Կուզեմ՝ կդնեմ, կուզեմ՝ կհեռանամ, կամքն իմն է»։ Այդ պահին սիրտը դեռ չի բաբախում, բայց մի տեսակ թեթև մարում է ու ցնցվում, մի զգացողություն, որ զուրկ չէ հաճելիությունից։ Բայց անվճռականությունն արագ սկսում է ճնշել ձեզ, և դուք մի տեսակ կուրանում եք. մեկնում եք ձեր ձեռքը, վերցնում խաղաքարտը, բայց մեքենայաբար, համարյա ձեր կամքին հակառակ, կարծես մի ուրիշն է ուղղություն տալիս ձեր ձեռքին, վերջապես դուք վճռեցիք և դնում եք քարտը, այս դեպքում արդեն բոլորովին այլ, հսկայական մի զգացողություն է։ Ես աճուրդի մասին չեմ գրում, ես միայն իմ մասին եմ գրում, էլ ո՞ւմ սիրտը կարող է բաբախել աճուրդի ժամանակ։
Կային այնպիսիները, որ տաքանում էին, կային, որ լռում էին ու սպասում, կային, որ գնել էին ու փոշմանել։ Ես նույնիսկ ամենևին չխղճացի մի պարոնի, որը սխալմամբ, կարգին չլսելով, մելքիորե կաթնամանը գնել էր որպես արծաթե, երկու ռուբլու փոխարեն հինգ ռուբլով. շատ էլ զվարճացա։ Կատարածուն տարբերակում էր իրերը, մոմակալներից հետո օղեր հայտնվեցին, օղերից հետո ասեղնագործած սեկե բարձ, դրանից հետո զարդատուփ, երևի այլազանության, կամ սակարկողների պահանջներին հարմարվելու համար։ Ես տասը րոպե էլ չկարողացա դիմանալ, մեկ բարձին ուզեցի ձեռք զարկել, հետո զարդատուփին, բայց վճռական պահին ամեն անգամ հետ էի կանգնում, այդ առարկաներն ինձ միանգամայն անիմաստ էին թվում։ Վերջապես կատարածուի ձեռքին մի ալբոմ հայտնվեց։
«Տնային ալբոմ, կարմիր սեկե կազմով, մաշված, ջրաներկի ու տուշի նկարներով, փղոսկրե փորագրված պատյանով, արծաթե ճարմանդներով, գինը՝ երկու ռուբլի»։
Ես մոտեցա, տեսքից նրբագեղ բան էր, սակայն ոսկրե զարդանախշերում մի տեղ վնասվածք ուներ։ Միայն ես էի մոտեցել նայելու, բոլորը լուռ էին, մրցակիցներ չկային։ Ես կարող էի արձակել ճարմանդները՝ զննելու համար ու ալբոմը պատյանից հանել, բայց չօգտվեցի իմ իրավունքից և միայն դողացող ձեռքս թափահարեցի. «Այսինքն միևնույն է»։
― Երկու ռուբլի հինգ կոպեկ,― ասացի ես, կարծեմ, նորից չխկչխկացնելով ատամներս։
Ալբոմը մնաց ինձ։ Ես իսկույն հանեցի փողը, վճարեցի, վերցրի ալբոմը և դեպի սենյակի անկյունը գնացի, այնտեղ հանեցի պատյանից և փութկոտ, տենդագին սկսեցի զննել. չհաշված պատյանը, սա ամենաանպետք բանն էր աշխարհում, փոքրադիր նամակաթղթի չափով, բարալիկ, մաշված-տրորված ոսկի կտրվածքով, ճիշտ և ճիշտ այն ալբոմներից, որոնք հնում պահում էին ինստիտուտից հենց նոր ելած օրիորդները։ Տուշով ու ջրաներկով նկարված էին սարերի վրա թառած տաճարներ, փոքրիկ հրեշտակներ, լողացող կարապներով ավազաններ, կային ոտանավորներ.
Հեռու 6ամփա եմ ես ընկնում, Երկար ժամանակով Մոսկվայից բաժանվում, Սիրելիիցս երկար ժամանակով անջատվում, Փոստակառքով դեպի Ղրիմ եմ սլանում։
(Այնուամենայնիվ, մնացել է հիշողությանս մեջ)։ Ես որոշեցի, որ «ձախողվեցի». եթե կա մի բան, որ ոչ ոքի պետք չէ, ապա հենց սա է։
«Ոչինչ,― վճռեցի ես,― առաջին խաղաթուղթն անպայման տանուլ են տալիս, սա նույնիսկ լավ նշան է»։
Ես հաստատապես ուրախ էի։
― Ախ, ուշացա․ ձեզ մո՞տ է։ Դո՞ւք ձեռք բերեցիք,― հանկարծ կողքիս հնչեց կապույտ վերարկուով, լավ հագնված, տեսքով մի պարոնի ձայն։ Նա ուշացել էր։
― Ես ուշացա։ Ախ, ափսո՜ս։ Քանիսո՞վ։
― Երկու ռուբլի հինգ կոպեկով։
― Ախ, ափսո՜ս։ Իսկ դուք չէի՞ք զիջի ինձ։
― Դուրս գանք,― մարելով, շշնջացի ես նրան։
Մենք սանդուղք դուրս եկանք։
― Տասը ռուբլով կզիջեմ ձեզ,― կռնակիս սառնություն զգալով՝ ասացի ես։
― Տա՜սը ռուբլի։ Ի՜նչ եք ասում, թույլ տվեք։
― Ինչպես կուզեք։
Նա, աչքերը լայն բացած, ինձ էր նայում, ես լավ էի հագնված, ամենևին նման չէի ջհուդի կամ վերավաճառողի։
― Ողորմած եղեք, սա, ախր, մի հին, անպետք ալբոմ է, ո՞ւմ է սա պետք։ Պատյանն, իսկապես, ոչինչ չարժե, չէ՞ որ ոչ ոքի չեք կարող վաճառել։
― Բայց չէ՞ որ դուք գնում եք։
― Ես, ախր, հատուկ պատճառով եմ գնում, ես միայն երեկ եմ իմացել, ախր ինձ նման հենց մենակ ես եմ, որ կամ։ Թույլ տվեք, ի՜նչ եք ասում։
― Ես պետք է քսանհինգ ռուբլի ուզեի, բայց քանի որ այստեղ, այնուամենայնիվ, վտանգ կա, որ դուք կհրաժարվեք, ապահովության համար միայն տասը ուզեցի։ Ոչ մի կոպեկ չեմ իջնի։
Ես շրջվեցի ու հեռացա։
― Դե չորս ռուբլի վերցրեք,― արդեն բակում հետևիցս հասավ նա,― լավ, հինգ։
Ես լուռ առաջ էի գնում։
― Առեք, վերցրեք,― նա հանեց տասը ռուբլին, ես տվի ալբոմը։
― Բայց համաձայնեք, որ դա անազնվություն է։ Երկու ռուբլու դիմաց տասը ռուբլի, հը՞։
― Ինչո՞ւ է անազնվություն։ Շուկա է։
― Ի՞նչ շուկա կա այստեղ։ (Նա զայրանում էր)։
― Որտեղ պահանջարկ կա, այնտեղ էլ շուկա է. դուք որ չուզեիք, քառասուն կոպեկով էլ չէի կարողանա ծախել։
Թեև ես բարձրաձայն չէի քրքջում և լուրջ էի, բայց քրքջում էի ներքուստ,― և քրքջում էի ոչ թե հրճվանքից, բայց ինքս էլ չգիտեմ, թե ինչու, մի քիչ շունչս կտրվում էր։
― Լսեցեք,― շշնջացի ես միանգամայն անզուսպ, բայց բարեկամաբար և սոսկալի սիրելով նրան,― լսեցեք, երբ Ջեմս Ռոտշիլդը՝ հանգուցյալ փարիզեցին. այն, որ հազար յոթ հարյուր միլիոն ֆրանկ է թողել (նա գլխով արեց), դեռ երիտասարդ ժամանակ պատահաբար իմացել էր, մի քանի ժամով բոլորից առաջ, Բերըիի դուքսի սպանության մասին, իսկույն՝ շուտափույթ կերպով, հաղորղել էր ում որ հարկն էր և միայն դրանով մի վայրկյանում մի քանի միլիոն շահել,― ահա թե ինչ են անում մարդիկ։
― Իսկ դուք Ռոտշիլդն ե՞ք, ինչ է,― վրդովված բղավեց նա երեսիս, ինչպես հիմարի վրա կբղավեին։
Ես արագ հեռացա այդ տնից։ Մի քայլ, և յոթ ռուբլի ինսունհինգ կոպեկ շահեցի։ Քայլն անիմաստ էր, մանկական խաղ, համաձայն եմ, բայց այն, այնուամենայնիվ, համընկնում էր իմ մտքին և չէր կարող խորապես չհուզել ինձ... Ի դեպ, կարիք չկա զգացմունքներս նկարագրել։ Տասը ռուբլիանոցը բաճկոնակիս գրպանում էր, ես երկու մատս խոթեցի շոշափելու և այդպես էլ, առանց ձեռքս հանելու, շարունակեցի քայլել։ Մի հարյուր քայլ հեռանալով՝ ես փողոցում հանեցի նայելու և ուզում էի համբուրել այն, մի տան մուտքի մոտ դղրդալով հանկարծ մի կառք կանգ առավ։ Դռնապանը դուռը բաց արեց, և կառք նստելու համար տանից դուրս եկավ մի տիկին շքեղ, երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, թավշի ու մետաքսի մեջ, երկու արշինանոց պոչը հետևից։ Հանկարծ փոքրիկ, սիրունիկ պայուսակը դուրս թռավ նրա ձեռքից ու գետին ընկավ։ Նա կառք նստեց, սպասավորը կռացավ պայուսակը վերցնելու, բայց ես արագ մոտ թռա, վերցրի այն ու, գլխարկս բարձրացնելով տիկնոջը հանձնեցի։ (Գլխարկս ցիլինդր էր. որպես երիտասարդ, ես վատ չէի հագնված)։ Տիկինը զուսպ, բայց ամենւսհւսճելի ժպիտով ասաց ինձ. «Merci, մսյե»։ Կառքը, դղրդալով, շարժվեց։ Ես համբուրեցի տասը ռուբլիանոցս։
III
Հենց այդ նույն օրը ես պետք է տեսնեի գիմնազիայի իմ նախկին ընկերներից մեկին Եֆիմ Զվերևին, որ թողել էր գիմնազիան և ընդունվել մասնագիտական բարձրագույն ուսումնարաններից մեկը Պետերբուրգում։ Նրան նկարագրելու կարիք չկա, և, իսկապես ասած, նրա հետ մտերմական հարաբերություններ չեմ ունեցել, բայց Պետերբուրգում գտա նրան։ Նա կարող էր (տարբեր պարագաներից ելնելով, որոնց մասին նույնպես չարժե խոսել) իսկույն հայտնել ինձ Կրաֆտ ազգանունով մեկի՝ ինձ չափազանց հարկավոր մի մարդու հասցեն, հենց որ սա վերադառնա Վիլնոյից։ Զվերևը սպասում էր նրան հենց այսօր կամ վաղը, որի մասին նախանցյալ օրը տեղեկացրել էր ինձ։ Պետք էր գնալ Պետերբուրգյան կողմ, բայց ես հոգնածություն չէի զգում։
Զվերևին (սա էլ էր մոտ տասնինը տարեկան) ես գտա իր մորաքրոջ տան բակում, որի մոտ նա ապրում էր ժամանակավորապես։ Նա հենց նոր էր ճաշել և բակում քայլում էր բարձրափայտերով. հենց իսկույն ինձ հայտնեց, որ Կրաֆտը երեկ է եկել և իջևանել իր նախկին բնակարանում, հենց այստեղ Պետերբուրգյան կողմում, և որ նա ինքն է ուզում ինձ, որքան կարելի է, շուտ տեսնել, որպեսզի մի կարևոր բան անհապաղ ինձ հայտնի։
― Նորից ինչ-որ տեղ է գնում,― ավելացրեց Եֆիմը։
Քանի որ ներկա իրադրության մեջ Կրաֆտին տեսնելն ինձ համար հիմնավորապես կարևոր էր, ես խնդրեցի Եֆիմին իսկույն տանել ինձ նրա բնակարանը, որը, պարզվեց, երկու քայլի վրա էր այստեղից, ինչ-որ մի նրբանցքում։ Բայց Զվերևը հայտնեց, որ մեկ ժամ առաջ արդեն նրան հանդիպել է և որ նա Դերգաչովի մոտ է գնացել։
― Դե, գնանք Դերգաչովի մոտ, ի՞նչ ես շարունակ հրաժարվում, վախենո՞ւմ ես։
Իսկապես Կրաֆտը կարող էր երկար մնալ Դերգաչովի մոտ, այդ դեպքում որտե՞ղ նրան սպասեի։ Դերգաչովի մոտ գնալ ես չէի վախենում, բայց ցանկություն չունեի, չնայած նրան, որ Եֆիմն արդեն երրորդ անգամն էր ինձ նրա մոտ քարշ տալիս։ Ըստ որում՝ այդ «վախենում ես»-ը մշտապես մի չափազանց վատ ժպիտով է արտասանում, ինչ-որ բան ակնարկելով իմ հասցեին։ Այստեղ վախկոտություն չկար, նախապես եմ հայտարարում, իսկ եթե վախենում էի, ապա մի բոլորովին այլ բանից։ Այս անգամ որոշեցի գնալ, դա էլ էր երկու քայլի վրա։ Ճանապարհին ես հարցրի Եֆիմին՝ մնո՞ւմ է, արդյոք, նրա՝ Ամերիկա փախչելու մտադրությունը։
― Կարող է դեռ մի քիչ էլ սպասեմ,― թեթև ծիծաղով պատասխանեց նա։
Ես նրան այնքան էլ չէի սիրում, նույնիսկ ամենևին չէի սիրում։ Նա չափազանց անգույն մագեր ուներ, լիքը, չափազանց սպիտակ, նույնիսկ մանկականության հասնող, անպատեհ սպիտակ դեմք, իսկ բոյով նույնիսկ բարձր էր ինձնից, բայց ընդհանրապես նրան կարելի էր ոչ ավելի, քան տասնյոթ տարեկանի տեղ դնել։ Խոսելու նյութ չկար նրա հետ։
― Իսկ ինչպե՞ս է այնտեղ։ Մի՞թե շարունակ ամբոխ է,― հարցրի ես հիմնավորության համար։
― Ախր, ինչի՞ց ես շարունակ վախենում,― նորից ծիծաղեց նա։
― Դե կորի՛ր,― բարկացա ես։
― Ոչ մի ամբոխ էլ չկա։ Գալիս են միայն ծանոթները և, իհարկե, բոլորը յուրայիններ են, հանգիստ եղիր։
― Գրողը տանի, ինչ իմ գործն է, յուրայիններ են, թե ոչ։ Ես, ասենք, յուրային եմ այնտեղ։ Ինչո՞վ կարող են նրանք վստահ լինել ինձ վրա։
― Ես եմ քեզ բերել, դա բավական է։ Նույնիսկ լսել են քո մասին։ Կրաֆտն էլ կարող է վկայություն տալ քո մասին։
― Լսիր, Վասինն այնտեղ կլինի՞։
― Չգիտեմ։
― Եթե լինի, հենց ներս մտնենք, հրիր ինձ ու ցույց տուր Վասինին։ Հենց ներս մտնենք, լսո՞ւմ ես։
Վասինի մասին ես արդեն շատ էի լսել և վաղուց էի հետաքրքրվում։
Դերգաչովն ապրում էր մի վաճառականի կնոջ փայտաշեն տան բակում գտնվող փոքրիկ կցաշենքում, բայց զբաղեցնում էր ամբողջ կցաշենքը։ Մաքուր սենյակներ ընդամենը երեքն էին։ Բոլոր պատուհանների վարագույրներն էլ իջեցված էին։ Սա տեխնիկ էր և Պետերբուրգում աշխատանք ուներ։ Իմիջիայլոց, թեթև ականջիս էր դիպել, թե նահանգում մի շահութաբեր, մասնավոր տեղ է բացվել նրա համար, և որ նա արդեն ճամփա է ընկնում։
Հենց որ մտանք շատ փոքրիկ նախասենյակը, իսկույն ձայներ լսվեցին. կարծես, կրակոտ վիճում էին և ինչ-որ մեկը գոռում էր. «Quae medica-menta non sanat-ferrum sanat, guae ferrum non sanat-ignis sanat»[17]։
Ես իսկապես ինչ-որ չափով անհանգիստ էի։ Իհարկե, ես հասարակության սովոր չեմ, ինչ հասարակություն ուզում է լինի։ Գիմնազիայում ես ընկերներիս հետ «դու»-ով էի խոսում, բայց համարյա ոչ մեկի հետ իսկական ընկեր չեմ եղել, ես ինձ համար անկյուն էի ստեղծել և ապրում էի անկյունում։ Բայց դա չէր ինձ շփոթում։ Համենայն դեպս, ես ինձ խոսք տվի վեճի մեջ չմտնել և ասել միայն ամենաանհրաժեշտը, որպեսզի ոչ ոք իմ մասին ոչ մի եզրակացության չգա։ Գլխավորը չվիճելն է։
Սենյակում, նույնիսկ չափազանց փոքր սենյակում, յոթ մարդ կար, իսկ տիկինների հետ միասին տասը հոգի։ Դերգաչովը քսանհինգ տարեկան էր և ամուսնացած էր։ Կինը քույր ուներ, նաև մի ազգականուհի, սրանք էլ էին Դերգաչովի մոտ ապրում։ Սենյակը մի կերպ, սակայն բավականաչափ կահավորված էր և նույնիսկ մաքուր էր։ Պատին վիմագիր, բայց շատ էժանագին դիմանկար կար կախված, իսկ անկյունում սրբապատկեր առանց շրջանակի, բայց վառվող ճրագով։ Դերգաչովը մոտեցավ ինձ, ձեռքս սեղմեց ու խնդրեց նստել։
― Նստեցեք, այստեղ բոլորը յուրայիններ են։
― Շնորհ արեք,― իսկույն ավելացրեց շատ համեստ հագնված, բավական սիրունատես կինը ու, թեթև գլխով անելով ինձ, անմիջապես դուրս եկավ։ Սա Դերգաչովի կինն էր և տեսքից թվում էր, թե նա էլ էր վիճում, իսկ հիմա գնաց երեխային կերակրելու։ Բայց սենյակում երկու կին էլ էին մնում, մեկը՝ շատ կարճահասակ, մի քսան տարեկան և նույնպես սիրունիկ, իսկ մյուսը մի երեսուն տարեկան, չոր ու ծակող հայացքով։ Նրանք նստած էին, ուշադիր լսում էին, բայց խոսակցությանը չէին միջամտում։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, բոլորը ոտքի վրա էին, իսկ նստած էին, բացի ինձնից, Կրաֆտն ու Վասինը. նրանց իսկույն ինձ ցույց տվեց Եֆիմը, որովհետև ես Կրաֆտին էլ էի կյանքումս առաջին անգամ հիմա տեսնում։ Ես վերկացա տեղիցս և մոտեցա նրա հետ ծանոթանալու։ Կրաֆտի դեմքը ես երբեք չեմ մոռանա, առանձնապես ոչ մի գեղեցկություն, բայց ինչ-որ կարծես չափազանց անչար ու նրբավարի մի բան, թեև սեփական արժանապատվությունը դրսևորվում էր ամեն ինչում։ Քսանվեց տարեկան, բավական նիհար, միջինից բարձր հասակ, շիկահեր, դեմքը լուրջ, բայց մեղմ։ Նրանում ամբողջովին վերցրած մի խաղաղություն կար։ Մինչդեռ հարցրեք, ես իմ նույնիսկ չափազանց գռեհիկ դեմքը չէի փոխի նրա դեմքի հետ, որն ինձ այդքան հմայիչ էր թվում։ Նրա դեմքին մի բան կար, որը ես չէի ուզենա ունենալ իմի վրա, բարոյական իմաստով արդեն չափազանց հանգիստ, ինչ-որ ծածուկ, իրեն անգամ անհայտ հպարտության պես մի բան։ Սակայն այսքան տառացիորեն դատել այն ժամանակ ես, հավանաբար, չէի կարող, հիմա է ինձ թվում, թե այն ժամանակ, այսինքն արդեն իրադարձությունից հետո ես այսպես եմ դատել։
― Շատ ուրախ եմ, որ եկաք,― ասաց Կրաֆտը։― Ես մի նամակ ունեմ, որ ձեզ է վերաբերում։ Այստեղ մի քիչ կնստեք, հետո կգնանք ինձ մոտ։
Դերգաչովը միջահասակ էր, լայնաթիկունք, խիստ թխահեր, ճոխ միրուքով. նրա հայացքում ուշիմություն, ամեն ինչում զսպվածություն և ո-րոշ անդադար զգուշություն էր նկատվում, թեև նա ավելի լռում էր, սակայն ակնբախ կերպով ղեկավարում էր խոսակցությունը։ Վասինի կերպարանքն այնքան էլ ինձ չզարմացրեց, թեև նրա մասին լսել էի՝ որպես արտակարգ խելոքի, շիկահեր, բաց-մոխրագույն, խոշոր աչքերով, դեմքը շատ բաց, բայց միևնույն ժամանակ նրանում կարծես ինչ-որ ավելորդ կարծրություն կար. կանխազգացվում էր քիչ մարդամոտություն, բայց հայացքը` վճռականապես խելոք, Դերգաչովի հայացքից խելամիտ ու խոր, սենյակում գտնվողներից ամենքից խելոք, թեև, միգուցե, հիմա ես ամեն բան չափազանցնում եմ։ Մյուսներից ես միայն երկու դեմք եմ հիշում ողջ այդ երիտասարդությունից. մի բարձրահասակ, սև այտամորուսներով, թխադեմ մարդու, չափազանց շատ խոսող, մոտ քսանյոթ տարեկան ինչ-որ մի ուսուցչի կամ դրա նման մի բանի և իմ տարիքի ռուսական բլուզով երիտասարդ մի տղայի։ Նրա դեմքը ծալ-ծալ էր, ինքը լռակյաց, ականջ դնողներից։ Հետո պարզվեց, որ նա հենց գյուղացիներից է։
― Ոչ, հարցն այդպես չպետք է դնել,― ըստ երևույթին, վերադառնալով հին վեճին, սկսեց բոլորից շատ բորբոքվող սև այտամորուսներով ուսուցիչը,― մաթեմատիկական ապացույցների մասին ես ոչինչ չեմ ասում, բայց սա մի գաղափար է, որին ես պատրաստ եմ հավատալ նաև առանց մաթեմատիկական ապացույցների...
― Սպասիր, Տիխոմիրով,― բարձրաձայն ընդհատեց նրան Դերգաչովը,― նոր ներս մտնողները չեն հասկանում։ Սա, գիտեք,― հանկարծ միայն ինձ դիմեց նա (և խոստովանում եմ, եթե նա նպատակ ուներ իմ մեջ քննել սկսնակին կամ ստիպել ինձ խոսել, ապա նրա կողմից օգտագործված ձևը շատ ճարպիկ էր, ես իսկույն զգացի այդ ու պատրաստվեցի,― սա, գիտեք, և բնավորությամբ, և համոզմունքների պատկառելիությամբ արդեն մեզ բոլորիս բավական ծանոթ պարոն Կրաֆտն է։ Նա միանգամայն սովորական փաստի հիման վրա հանգել է միանգամայն արտասովոր եզրակացության, որով զարմացրել է մեզ բոլորիս։ Նա դուրս է բերում, որ ռուս ժողովուրդը երկրորդական ժողովուրդ է...
― Երրորդական,― բղավեց մեկը։
―․․․ Երկրորդական, որին նախորոշված է միայն որպես նյութ ծառայել ավելի ազնիվ ցեղի համար և ոչ թե իր ինքնուրույն դերն ունենալ մարդկության ճակատագրում։ Ելնելով իր այս, գուցե և արդարացի հետևությունից, պարոն Կրաֆտը հանգել է այն եզրակացության, որ յուրաքանչյուր ռուս մարդու հետագա ամեն գործունեություն պետք է խափանվի այս գաղափարով, բոլորի, այսպես ասած, թևերը պետք է թուլանան և...
― Թույլ տուր, Դերգաչով, հարցն այդպես չպետք է դրվի,― նորից անհամբերությամբ շարունակեց Տիխոմիրովը (Դերգաչովն իսկույն զիջեց)։― Հաշվի առնելով, որ Կրաֆտը լուրջ ուսումնասիրություններ է կատարել, ֆիզիոլոգիայի հիման վրա հետևություններ արել, որոնք ճանաչում է որպես մաթեմատիկական և, միգուցե, մի երկու տարի այդ գաղափարի վրա սպանել, (որը ես հանգիստ a priori կընդունեի), հաշվի առնելով սա, այսինքն՝ հաշվի առնելով Կրաֆտի տագնապներն ու լրջությունը, այս գործը ներկայանում է որպես ֆենոմեն։ Այս բոլորից ծագում է մի հարց, որը Կրաֆտը չի կարողանում հասկանալ, և հենց դրանով էլ պետք է զբաղվել, այսինքն Կրաֆտի չհասկացածով, որովհետև դա ֆենոմեն է։ Պետք է վճռել, արդյոք այդ ֆենոմենը պատկանում է կլինիկային, որպես մասնավոր դեպք, թե կա հատկություն, որը կարող է նորմալ ձևով կրկնվել ուրիշներում, սա հետաքրքիր է արդեն ընդհանուր գործի տեսակետից։ Ռուսաստանի հարցում ես Կրաֆտին կհավատամ և նույնիսկ կասեմ, որ ես, թերևս, ուրախ եմ. եթե այդ գաղափարը բոլորի կողմից յուրացվեր, ապա այն կձերբազատեր մարդկանց և հայրենասիրական շատ նախապաշարմունքներից կազատեր...
― Ես հայրենասիրությունից չեմ ելնում,― մի տեսակ, կարծես, լարումով ասաց Կրաֆտը։ Թվում էր, թե նրա համար տհաճ էին բոլոր այս վիճաբանությունները։
― Հայրենասիրությունից, թե՝ ոչ, մի կողմ կարելի է թողնել,― արտասանեց շարունակ լուռ Վասինը։
― Բայց, ասացեք, ինչո՞վ կարող է Կրաֆտի հետևությունը թուլացնել համամարդկային գործի ձգտումը,― գոռում էր ուսուցիչը (միայն նա էր գոռում, բոլոր մյուսները ցածրաձայն էին խոսում)։― Թող Ռուսաստանը երկրորդականության դատապարտված լինի, բայց կարելի է աշխատել ոչ միայն Ռուսաստանի համար։ Եվ, բացի այդ, ինչպե՞ս կարող է Կրաֆտը հայրենասեր լինել, եթե արդեն դադարել է Ռուսաստանի վրա վստահ լինելուց։
― Եվ, բացի այդ, գերմանացի է,― նորից լսվեց նույն ձայնը։
― Ես ռուս եմ,― ասաց Կրաֆտը։
― Դա գործի հետ անմիջական կապ չունեցող հարց է,― միջամտողին դիմեց Դերգաչովը։
― Դուրս եկեք ձեր գաղափարի նեղ շրջանակից,― ոչինչ չէր լսում Տիխոմիրովը։― Եթե Ռուսաստանը միայն նյութ է ավելի ազնիվ ցեղերի համար, ապա ինչո՞ւ չծառայի որպես նյութ։ Դա դեռ բավական վայելուչ դեր է։ Ինչո՞ւ խնդիրը լայնացնելու նպատակով չհանգստանանք հենց այս գաղափարով։ Մարդկությոնը գտնվում է իր այլասերման նախօրեին, որն արդեն սկսվել է։ Առաջիկա խնդիրը միայն կույրերն են հերքում։ Մի կողմ թողնենք Ռուսաստանը, եթե կորցրել եք ձեր վստահությունը նրա նկատմամբ, և աշխատեցեք ապագայի համար՝ դեռ անհայտ ժողովրդի ապագայի համար, որը, առանց ցեղեր ջոկելու, կկազմվի ողջ մարդկությունից։ Առանց այն էլ մի օր Ռուսաստանը կմեռներ, ժողովուրդները, նույնիսկ ամենաշնորհառատները, ապրում են ընդամենը մեկ ու կես, կամ ամենաշատը երկու հազար տարի․ մի՞թե միևնույն չէ. երկու հազար, թե՞ երկու հարյուր տարի։ Հռոմեացիները մեկ ու կես հազարամյակ էլ չապրեցին իրենց կենդանի տեսքով և նույնպես նյութ դարձան։ Նրանք վաղուց չկան, բայց գաղափար են թողել և այդ գաղափարը, որպես ապագայի տարր, մտել է մարդկության ճակատագրի մեջ։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է ասել մարդուն, թե ասելիք չկա։ Ես չեմ կարող պատկերացնել մի դրություն, որ երբևէ ոչ մի անելիք չլինի։ Արեք մարդկության համար և այլ բաների մասին մի մտահոգվեք։ Այնքան գործ կա, որ կյանքը չի բավականացնի, եթե ուշադիր ձեր շուրջը նայեք։
― Պետք է ապրել բնության ու ճշմարտության օրենքով,― դռան հետևից ասաց տիկին Դերգաչովը։ Դուռը մի չնչին բացված էր և երևում էր, որ նա կանգնած է, երեխային կրծքի մոտ բռնած, կուրծքը ծածկած և բորբոքված ականջ է դնում։
Կրաֆտը լսում էր՝ մի թեթև ժպտալով, հետո կարծես մի քիչ տանջված տեսքով, իսկույն խոր անկեղծությամբ վերջապես ասաց.
― Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է որևէ գերիշխող մտքի ազդեցության տակ լինելով, որին լիովին ենթարկված են ձեր ուղեղն ու սիրտը, ապրել նաև այդ մտքից դուրս գտնվող մի որևէ բանով։
― Բայց եթե ձեզ ապացուցել են տրամաբանորեն, մաթեմատիկորեն, որ ձեր հետևությունը սխալ է, ձեր ողջ միտքը սխալ է, որ դուք ոչ մի իրավունք չունեք հեռացնելու ձեզ համընդհանուր օգտակար գործունեությունից միայն այն պատճառով, որ Ռուսաստանը նախորոշված երկրորդականություն է. եթե ձեզ ցույց է տրված, որ նեղ հորիզոնի փոխարեն ձեր առջև անսահմանություն է բացվելու, որ հայրենասիրության նեղ գաղափարի փոխարեն...
― Է՜,― ձեռքը կամաց թափահարեց Կրաֆտը,― ախր ձեզ ասացի, որ այստեղ բանը հայրենասիրությունը չէ։
― Այստեղ, ըստ երևույթին, մի թյուրիմացություն կա,― հանկարծ խոսակցությանը խառնվեց Վասինը։― Սխալն այն է, որ Կրաֆտի մոտ ոչ միայն տրամաբանական հետևություն կա, այլ, այսպես ասած, հետևություն, որ վեր է ածվել զգացմունքի։ Ոչ բոլոր խառնվածքներն են միատեսակ. շատերի մոտ տրամաբանական հետևությունը երբեմն վեր է ածվում ուժեղագույն զգացմունքի, որը համակում է ողջ էությունը և ո-րը շատ դժվար է դուրս մղել կամ վերափոխել։ Որպեսզի ապաքինենք նման մարդուն, պետք է այդ դեպքում հենց ինքը զգացմունքը, փոխենք, որ հնարավոր է ոչ այլ կերպ, քան փոխարինել այն մի ուրիշ, հավասարազոր զգացմունքով։ Դա միշտ էլ դժվար է, իսկ շատ դեպքերում անհնարին։
― Սխալ է,― բղավեց բանավիճողը,― տրամաբանական հետևությունն արդեն ինքնըստինքյան քայքայում է նախապաշարմունքը։ Խելամիտ համոզմունքը ծնում է նույն զգացմունքը։ Միտքը ելնում է զգացմունքից և, իր հերթին, հաստատվելով մարդու մեջ, ձևակերպում է նորը։
― Մարդիկ շատ տարբեր են, ոմանք հեշտությամբ են փոխում զգացմունքները, մյուսները՝ դժվարությամբ,― կարծես վեճը շարունակել չուզենալով, պատասխանեց Վասինը. բայց ես հիացած էի նրա գաղափարով։
― Դա հենց այդպես է, ինչպես դուք ասացիք,― սառույցը կոտրելով և հանկարծ խոսել սկսելով, նրան դիմեցի ես։― Հենց մի զգացմունքի տեղը փոխարինելու համար պետք է մի ուրիշը դնել։ Չորս տարի առաջ Մոսկվայում մի գեներալ... Գիտեք, պարոնայք, ես նրան չէի ճանաչում, բայց... Միգուցե նա իսկապես չէր կարող ինքնըստինքյան հարգանք ներշնչել... Եվ դրան ավելացրած նաև այն փաստն էլ կարող էր անխելամիտ երևալ, բայց... Ի դեպ, մեռել էր նրա երեխան, այսինքն՝ իսկապես, երկու աղջնակները, մեկը մյուսի հետևից, քութեշից... Եվ ինչ, վիշտն այնպես էր նրան խոցել, որ շարունակ թախծում էր ու թախծում, ման էր գալիս, բայց հնարավոր չէր նրան նայել, բանն ավարտվեց նրանով, որ համարյա կես տարի հետո մեռավ։ Որ նա վշտից մեռավ, դա փաստ է։ Ուրեմն, ինչո՞վ կարելի էր նրան վերակենդանացնել։ Պատասխան. հավասարազոր զգացմունքով։ Նրան պետք էր, որ գերեզմանից հանեին այդ երկու աղջնակներին ու տային իրեն և վերջ, կամ դրա նման մի բան։ Նա էլ մեռավ։ Մինչդեռ նրան կարելի էր հրաշալի եզրակացություններ ներկայացնել, որ կյանքը լի է անակնկալներով, որ բոլորս մահկանացուներ ենք, կարելի էր օրացույցից վիճակագրական տվյալներ ներկայացնել, թե քանի երեխա է մեռնում քութեշից... նա պաշտոնաթող էր...
Շնչահեղձ լինելով ու շուրջս նայելով՝ ես կանգ առա։
― Դա բոլորովին ուրիշ բան է,― ասաց մեկը։
― Ձեր բերած փաստը, թեև համասեռ չէ տվյալ դեպքի հետ, բայց այնուամենայնիվ նման է ու բացատրում է այն,― դիմեց ինձ Վասինը։
IV
Այստեղ ես պետք է խոստովանեմ, թե ինչու հիացա Վասինի «գաղափար-զգացմունք»-ի վերաբերյալ փաստարկով և միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ ահավոր մի խայտառակություն։ Այո, ես վախենում էի գնալ Դերգաչովի մոտ, թեև ոչ այն պատճառով, որ ենթադրում էր Եֆիմը։ Ես վախենում էի այն պատճառով, ինչ պատճառով դեռ Մոսկվայում էի նրանից վախենում։ Ես գիտեի, որ նրանք (այսինքն՝ նրանք կամ նրանց նման ուրիշները, դա միևնույն է) տրամախոսներ են և, թերևս, կջախջախեն «իմ գաղափարը»։ Ես հաստատապես վստահ էի ինձ վրա, որ իմ գաղափարը իրենց չեմ հայտնի և չեմ ասի. բայց նրանք (այսինքն՝ նորից նրանք կամ նրանց նմանները) իրենք կարող էին որևէ բան ասել ինձ, որից ես ինքս կհիասթափվեի իմ գաղափարից, առանց նույնիսկ բառ արտասանելու նրա մասին։
«Իմ գաղափարում» հարցեր կային, որոնք ես չէի լուծել, բայց չէի ուզում, որ բացի ինձնից որևէ մեկը լուծեր դրանք։ Վերջին երկու տարվա ընթացքում ես դադարել էի գիրք կարդալ՝ վախենալով այնպիսի մի տեղի հանդիպել, որն իմ «գաղափարի» օգտին չէր և կարող էր ինձ ցնցել։ Եվ հանկարծ Վասինը միանգամից լուծում է խնդիրը և ամենաբարձր իմաստով ինձ հանգստացնում։ Եվ իսկապես, ինչի՞ց էի ես վախենում և ի՞նչ պիտի անեին ինձ նրանք՝ ինչ տեսակ դիալեկտիկայով ուզում է լինի։ Միգուցե, ես միակն էի այնտեղ, որ հասկացա, թե ինչ էր ասում Վասինը «գաղափար-զգացմունքի» մասին։ Բավական չէ հրաշալի գաղափարը հերքելը, պետք է փոխարինել այն հավասարազոր հրաշալի գաղափարով. թե չէ ես, ոչ մի դեպքում չուզենալով բաժանվել իմ զգացմունքից, կհերքեմ իմ սրտում հերքումը, թեկուզև բռնի ուժով, ինչ էլ որ նրանք ասելու լինեն։ Իսկ ի՞նչ կարող էին տալ ինձ նրանք հերքածի փոխարեն։ Եվ այդ պատճառով ես կարող էի ավելի քաջ լինել, ես պարտավոր էի ավելի խիզախ լինել։ Հիանալով Վասինով՝ ես ամոթ զգացի, իսկ ինձ անարժան մի մանուկ։
Մի ամոթալի բան էլ այստեղ ստացվեց։ Ոչ թե իմ խելքով պարծենալու գարշելի զգացմունքը ստիպեց ինձ նրանց մոտ կոտրել սառույցը ու խոսել, այլև «վզով ընկնելու» ցանկությունը։ Այդ վզով ընկնելու ցանկությունը, որպեսզի ինձ որպես լավ ճանաչեն և սկսեն ինձ գրկել կամ դրա նման բաներ անել (մի խոսքով, խոզություն), ես իմ մեջ համարում եմ ամենազազրելին իմ բոլոր ամոթալի բաներից և դեռ շատ վաղուց էի դա կասկածում և պուճախին էի վերագրում, որում պահել էի ինձ այսքան տարի, թեև այդ մասին չեմ զղջում։ Ես գիտեի, որ մարդկանց մեջ որքան կարելի է, ինձ մռայլ պետք է պահեմ։ Յուրաքանչյուր այսպիսի խայտառակությունից հետո ինձ մխիթարում էր միայն այն, որ այնուամենայնիվ «գաղափարս» ինձ հետ է, առաջվա պես ծածուկ, և որ ես այն ուրիշներին չեմ հայտնել։ Սիրտս մարում էր, երբ պատկերացնում էի երբեմն, թե հենց որ գաղափարս որևէ մեկին հայտնեմ, հանկարծ ինձ էլ ոչինչ չի մնա, և ես նման կլինեմ բոլորին, միգուցե, նաև գաղափարիցս էլ կհրաժարվեմ, այդ պատճառով էլ պահում-պահպանում էի այն ու դատարկաբանությունից դողում։ Եվ ահա, Դերգաչովի մոտ հենց առաջին բախումին չդիմացա, ոչինչ չհայտնեցի, իհարկե, բայց անթույլատրելի կերպով դատարկաբանեցի, և խայտառակություն դուրս եկավ։ Հիշողությունը գարշելի է։ Ոչ, ես մարդկանց մեջ չպետք է ապրեմ, ես հիմա էլ եմ այդպես մտածում, քառասուն տարով կանխապես եմ ասում։ Իմ գաղափարը՝ պուճախն է։
V
Հենց որ Վասինն ինձ գովեց, ես հանկարծ անզուսպ ցանկություն զգացի խոսելու։
― Իմ կարծիքով, ասեն մարդ իրավունք ունի իր զգացմունքներն ունենալու... Եթե ըստ համոզմունքի... այնպես, որ արդեն ոչ ոք չհանդիմանի նրան այդ զգացմունքների համար,― Վասինին դիմեցի ես։ Թեև այս բոլորը ես աշխույժ արտասանեցի, բայց կարծես ես այդ չէի և կարծես ուրիշ մեկի լեզուն էր իմ բերանում պտտվում։
― Իս-կա-պե՞ս,― խոսքիցս բռնեց ու ծաղրական ձիգ տվեց նույն այն ձայնը, որ ընդհատում էր Դերգաչովին և Կրաֆտի վրա բղավեց, թե նա գերմանացի է։
Կատարյալ ոչնչություն համարելով նրան՝ ես դիմեցի ուսուցչին, կարծես սա էր ինձ վրա բղավել։
― Իմ համոզմունքն այն է, որ ես չեմ համարձակվի որևէ մեկին դատապարտելու,― դողում էի ես, արդեն գիտենալով, որ թռչելու եմ։
― Իսկ ինչո՞ւ այդքան գաղտնորեն,― նորից հնչեց ոչնչության ձայնը։
― Ամեն մարդ իր գաղափարն ունի,― դեմ առ դեմ ուսուցչին էի նայում, որն, ընդհակառակը, լռում էր ու ժպտալով ինձ նայում։
― Իսկ ձերը՞,― բղավեց ոչնչությունը։
― Պատմելը երկար կտևի... Իսկ մասամբ իմ գաղափարը հենց այն է, որ ինձ հանգիստ թողնեն։ Քանի դեռ երկու ռուբլի ունեմ, ուզում եմ մենակ ապրել, ոչ ոքից կախում չունենալ (մի անհանգստացեք, առարկությունները ես գիտեմ) և ոչինչ չանել, նույնիսկ մարդկության այն մեծագույն ապագայի համար, որի համար աշխատելու էին հրավիրում պարոն Կրաֆտին։ Անձնական ազատությունը, այսինքն իմ սեփական ազատությունը, առաջին գծի վրա է, իսկ դրանից դուրս ոչինչ չեմ ուզում իմանալ։
Սխալս այն էր, որ ես բարկացա։
― Այսինքն՝ կուշտ կովի հանգստությո՞ւն եք քարոզում։
― Թող այդպես լինի։ Կովից չեն վիրավորվում։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ, ես հասարակությանը փող եմ վճարում գանձահասութային հարկերի ձևով այն բանի համար, որ ինձ չեն թալանել, չեն ծեծել, չեն սպանել, իսկ դրանից ավելի ոչ ոք ոչինչ ինձնից պահանջել չի համարձակվի։ Միգուցե ես անձամբ այլ գաղափարներ ունեմ և կցանկանամ ծառայել մարդկությանը, և կծառայեմ, և, միգուցե տասն անգամ ավելի կծառայեմ, քան բոլոր քարոզիչները, բայց թե ես ուզում եմ, որ ոչ ոք չհամարձակվի ինձնից պահանջել դա կամ ստիպել ինձ, ինչպես պարոն Կրաֆտին. իմ լիակատար ազատությունն է, եթե ես նույնիսկ մատս չշարժեմ։ Իսկ մարդկության նկատմամբ տածած սիրուց վազել ու բոլորի վզովն ընկնելն ու խանդաղատանքի արտասուքներ թափելը՝ միայն մոդա է։ Եվ ինչու պիտի ես անպայման սիրեմ մերձավորիս կամ ձեր այդ ապագա մարդկությանը, որ ես երբեք չեմ տեսնի, որն իմ մասին ոչինչ չի իմանա և որն իր հերթին մոխիր կդառնա առանց հետքի ու հիշողության (ժամանակն այստեղ ոչ մի նշանակություն չունի), երբ Երկիրն իր հերթին սառցե քար կդառնա և անօդ տարածության մեջ կսկսի թռչել նույնպիսի սառցե քարերի անսահման բազմության հետ, այսինքն՝ որից ավելի անիմաստ բան հնարավոր էլ չի պատկերացնել։ Ահա ձեր ուսմունքը։ Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ պետք է ես անպայման ազնիվ լինեմ, առավել ևս եթե ամեն բան միայն մեկ րոպե է տևում։
― Վվ-ահ,― բղավեց ձայնը։
Այս բոլորը ես կրակեցի՝ ջղային ու չարացած կտրելով բոլոր կապերը։ Ես գիտեի, որ փոսի մեջ եմ թռչում, բայց, առարկություններից վախենալով, շտապում էի։ Ես շատ լավ զգում էի, որ անկապ-անկապ շաղ եմ տալիս կարծես մաղի միջով, և տասը մտքի վրայով դեպի տասնմեկերորդն եմ թռչում, բայց ես շտապում էի նրանց համոզել ու վերահաղթել։ Դա այնքան կարևոր էր ինձ համար։ Ես երեք տարի պատրաստվում էի։ Բայց ուշագրավն այն էր, որ նրանք հանկարծ լռեցին, բոլորովին ոչինչ չէին խոսում՝ և բոլորը լսում էին։ Ես շարունակում էի ուսուցչին դիմել.
― Հենց այդպես։ Մի չափազանց խելոք մարդ, իմիջիայլոց, ասում էր, թե ավելի դժվար բան չկա, քան պատասխանել «Ինչո՞ւ պետք է անպայման ազնվաբարո լինել» հարցին։ Գիտե՞ք ինչ, աշխարհում երեք տեսակ սրիկաներ կան. միամիտ սրիկաներ, այսինքն այնպիսիներ, որոնք համոզված են, թե իրենց սրիկայությունը բարձրագույն ազնվություն է, ամաչող սրիկաներ, այսինքն սրիկայությունից ամաչողներ, բայց անպայման մտադրությամբ այնուամենայնիվ այն ավարտել, և, վերջապես, ուղղակի սրիկաներ, այսինքն զտարյուն սրիկաներ։ Թույլ տվեք․ ես մի ընկեր ունեի Լամբերտ ազգանունով, որը դեռ տասնվեց տարեկան հասակում է ինձ ասել, թե երբ հարստանա, իր ամենամեծ հաճույքը կլինի հաց ու միս ուտեցնել շներին այն ժամանակ, երբ աղքատների երեխաները մեռնելիս կլինեն սովից. իսկ երբ նրանք վառելիք չեն ունենա, նա մի ամբողջ ցախատուն կգնի, կդարսի դաշտում ու կտաքացնի դաշտը, իսկ աղքատներին ոչ մի ցախ չի տա։ Ահա նրա զգացմունքները։ Ասացեք, ի՞նչ պետք է պատասխանեմ ես այդ զտարյուն սրիկային, եթե նա ինձ հարցնի. «Թե ինչու պիտի նա անպայման ազնիվ լինի»։ Եվ հատկապես այժմ, մեր ժամանակներում, որը դուք այդպես վերափոխել եք։ Որովհետև ավելի վատ, քան այժմ է, երբեք չի եղել։ Մեր հասարակության մեջ ոչինչ պարզ չէ, պարոնայք։ Ախր, դուք Աստծո գոյությունը հերքում եք, ոճրագործությունը հերքում եք, ուրեմն ի՞նչ խուլ, կույր, բութ քարացածություն կարող է ստիպել ինձ վարվել այսպես, եթե ինձ համար շահավետ է այլ կերպ։ Դուք ասում եք. «Խելամիտ վերաբերմունքը մարդկության նկատմամբ նույնպես իմ շահն է», իսկ եթե ես բոլոր այդ խելամտությունները, բոլոր այդ զորանոցներն ու զորաթևերը անմիտ եմ համարո՞ւմ։ Ինչ գործ ունեմ ես դրանց, նաև ապագայի հետ, եթե ես միայն մի անգամ եմ աշխարհում ապրում։ Թույլ տվեք, որ ինքս իմանամ, թե որն է իմ շահը, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Իմ ի՜նչ գործն է, թե ինչ կլինի ձեր այդ մարդկությունը հազար տարի հետո, եթե դրա համար, ըստ ձեր օրենսգրքի, ոչ սեր, ոչ ապագա կյանք, ոչ ճանաչում իմ սխրանքի համար ինձ չի հասնում։ Ո՜չ, եթե այդպես է, ապա ես ամենաանքաղաքավարի կերպով կապրեմ ինքս ինձ համար, իսկ բոլոր մյուսները թեկուզ կործանվեն։
― Հոյակապ ցանկություն է։
― Ի դեպ, ես միշտ պատրաստ եմ միասին կործանվել։
― Է՛լ ավելի լավ (ճիշտ միևնույն ձայնն է)։
Բոլոր մյուսները շարունակ լուռ են, բոլորն ինձ են նայում և ինձ ուսումնասիրում, բայց կամաց-կամաց սենյակի տարբեր ծայրերից քրքիջ սկսվեց, դեռ կամաց, բայց բոլորը ուղիղ երեսիս էին քրքջում։ Միայն Վա-սինն ու Կրաֆտը չէին քրքջում։ Սև այտմորուսներովն էլ էր քմծիծաղ տալիս. նա դեմ առ դեմ ինձ էր նայում ու լսում։
― Պարոնայք,― ամբողջ մարմնով դողում էի ես,― իմ գաղափարը ես ոչ մի դեպքում ձեզ չեմ հայտնի, բայց ձեզ, ընդհակառակը, հենց ձեր տեսակետից կհարցնեմ, մի կարծեք, թե իմ տեսակետից եմ հարցնում, որովհետև ես, միգուցե, հազար անգամ ավելի եմ մարդկությանը սիրում, քան դուք բոլորդ միասին վերցրած։ Ասացեք (և դուք հիմա արդեն անպայման պետք է պատասխանեք, դուք պարտավոր եք պատասխանել, քանի որ ծիծաղում եք), ասացեք, ինչո՞վ եք գայթակղելու ինձ, որ գամ ծեր հետևից։ Ասացեք, ինչո՞վ կապացուցեք դուք, որ ձեզ մոտ ավելի լավ է լինելու, որտե՞ղ եք թաքցնելու իմ անձի բողոքը ձեր զորանոցում։ Ես վաղուց էի ուզում ձեզ հանդիպել, պարոնայք։ Դուք զորանոց եք ունենալու, ընդհանուր բնակարաններ, stricte nécessaire[18], աթեիզմ և ընդհանուր կանայք առանց երեխաների, ահա ձեր վերջնւսկետը, ես ախր գիտեմ։ Եվ այս բոլորի դիմաց, միջնային շահի այն փոքրիկ մասի դիմաց, որ ինձ համար կապահովի ձեր բանականությունը, մի կտոր հացի ու ջերմության դիմաց, դուք վերցնում եք ինձնից իմ ողջ անհատականությունը։ Թույլ տվեք, խնդրեմ, այնտեղ կնոջս կփախցնեն, կզսպե՞ք դուք իմ անհատականությունը, որպեսզի չջնջխեմ հակառակորդիս գլուխը։ Դուք կասեք, որ այն ժամանակ ես ինքս էլ կխելոքանամ, բայց կինս ի՞նչ կասի այդքան խելամիտ ամուսնու մասին, եթե գոնե մի փոքր հարգում է իրեն։ Ախր, դա անբնական է, ամաչեցեք։
― Իսկ դուք կանանց գծով մասնագե՞տ եք,― հնչեց ոչնչության ձայնը չարախնդությամբ։
Մի պահ գլխումս միտք ծագեց հարձակվել ու բռունցքներով ծեծել նրան։ Նա ցածրահասակ, շիկակարմիր մազերով ու պեպենոտ մեկն էր... սակայն գրողը տանի դրա արտաքինը։
― Հանգստացեք, ես դեռ երբեք կին չեմ ճանաչել,― առաջին անգամ դեպի նա շրջվելով՝ կտրեցի ես։
― Թանկարժեք հաղորդում է, որն ավելի քաղաքավարի կարող էր արվել՝ հաշվի առնելով կանանց ներկայությունը։
Բայց հանկարծ բոլորը հոծ խմբով շարժվեցին, սկսեցին վերցնել իրենց գլխարկները և պատրաստվեցին հեռանալու, իհարկե, ոչ թե իմ պատճառով, այլ իրենց ժամն էր եկել, բայց այդ լռելյայն վերաբերմունքն իմ նկատմամբ ճնշեց, ամոթահար արեց ինձ։ Ես էլ վեր թռա։
― Սակայն թույլ տվեք իմանալ ձեր ազգանունը, դուք շարունակ ինձ էիք նայում,― ամենաստոր ժպիտով հանկարծ ինձ դիմեց ուսուցիչը։
― Դոլգոռուկի։
― Իշխա՞ն Դոլգոռուկի։
― Ոչ, ուղղակի Դոլգոռուկի, նախկին ճորտ Մակար Դոլգոռուկու և իմ նախկին տեր պարոն Վերսիլովի ապօրինի որդին։ Մի անհանգստացեք, պարոնայք, ես ամենևին էլ նրա համար չասացի, որ դուք իսկույն վզովս ընկնեք այդ պատճառով, և որ բոլորս միասին հորթերի պես ոռնանք խանդաղատանքից։
Բարձր ու ամենաանպատկառ քրքիջ թնդաց միահամուռ, այնպես, որ դռան հետևում քնած երեխան արթնացավ ու լաց եղավ։ Ես դողում էի կատաղությունից։ Նրանք բոլորը սեղմում էին Դերգաչովի ձեռքը և դուրս էին գալիս առանց որևէ ուշադրություն դարձնելու ինձ վրա։
― Գնանք,― հրեց ինձ Կրաֆտը։
Ես մոտեցա Դերգաչովին, ամբողջ ուժով սեղմեցի նրա ձեռքը և մի քանի անգամ ցնցեցի այն նույնպես ամբողջ ուժով։
― Ներեցեք, որ Կուդրյումովը (կարմրամազը) շարունակ նեղացնում էր ձեզ,― ասաց ինձ Դերգաչովը։
Ես գնացի Կրաֆտի հետևից։ Ես ոչնչից չէի ամաչում։
VI
Իհարկե, այսօրվա իմ և այն ժամանակվա իմ միջև անսահման տարբերություն կա։
Շարունակելով «ոչնչից չամաչել», դեռ աստիճանների վրա, հետ ընկնելով Կրաֆտից, որպես երկրորդական մեկից, ես հասա Վասինին և ամենաբնական տեսքով, կարծես ոչինչ էլ չի պատահել, հարցրի.
― Կարծեմ, դուք բարեհաճում եք ճանաչել հորս, այսինքն ուզում եմ ասել Վերսիլովին։
― Ես, իսկապես ասած, ծանոթ չեմ նրա հետ,― իսկույն պատասխանեց Վասինը (և առանց որևէ այն վիրավորական նրբանկատ քաղաքավարության, որով զինվում են նրբին վարվեցողության մարդիկ հենց նոր խայտառակված մարդու հետ խոսելիս),― բայց ինչ-որ չափով ճանաչում եմ. հանդիպել ու լսել եմ նրան։
― Եթե լսել եք, ուրեմն իհարկե ճանաչում եք, որովհետև դուք՝ դուք եք։ Ի՞նչ եք մտածում նրա մասին։ Ներեցեք փութկոտ հարցիս համար, բայց ինձ պետք է։ Հենց ինչ կմտածեիք դուք, հատկապես ձեր կարծիքն է անհրաժեշտ։
― Շատ բան եք պահանջում ինձնից։ Ինձ թվում է, որ այդ մարդն ընդունակ է հսկայական խնդիրներ դնել իր առջև և, միգուցե, դրանք կատարել, բայց ոչ ոքի հաշիվ չի տալիս։
― Դա ճիշտ է, դա շատ ճիշտ է, նա շատ հպարտ մարդ է։ Բայց արդյո՞ք մաքուր մարդ է։ Լսեցեք, ի՞նչ եք կարծում դուք նրա կաթոլիկության մասին։ Սակայն, ես մոռացել եմ, որ դուք, միգուցե, չգիտեք...
Եթե ես այդքան հուզված չլինեի, անշուշտ, այդ հարցերով և այդքան անտեղի չէի կրակի մի մարդու վրա, որի հետ երբեք չեմ խոսել, այլ միայն լսել եմ նրա մասին։ Ինձ զարմացնում էր, որ Վասինը կարծես չէր նկատում իմ ցնորամտությունը։
― Ես մի բան լսել եմ նաև այդ մասին, բայց չգիտեմ որքանով կարող է ճշմարիտ լինել դա,― առաջվա պես հանգիստ ու անվրդով պատասխանեց նա։
― Ոչ մի չափով։ Ստում են նրա հասցեին։ Մի՞թե կարծում եք, թե նա կարող է Աստծուն հավատալ։
― Նա շատ հպարտ մարդ է, ինչպես ինքներդ հենց նոր ասացիք, իսկ շատ հպարտ մարդկանցից շատերը սիրում են հավատալ Աստծուն, հատկապես նրանք, որ մի փոքր արհամարհում են մարդկանց։ Ուժեղ մարդկանցից շատերը կարծես ինչ-որ բնական պահանջ ունեն մեկին, կամ մի բան գտնելու, որի առջև խոնարհվեն։ Ուժեղ մարդու համար երբեմն շատ դժվար է իր ուժին դիմանալը։
― Լսեցեք, դա չափազանց ճիշտ է, հավանաբար,― բղավեցի ես նորից։― Միայն թե ես կուզենայի հասկանալ...
― Դրա պատճառը պարզ է. նրանք ընտրում են Աստծուն, որպեսզի չխոնարհվեն մարդկանց առաջ, անշուշտ, իրենք էլ չիմանալով, թե ինչպես է դա իրենց մեջ կատարվում. Աստծո առաջ խոնարհվելն այնքան էլ վիրավորական չէ։ Նրանցից չափազանց ջերմեռանդ հավատացյալներ, ավելի ճիշտ հավատալ ջերմորեն ցանկացողներ են դուրս գալիս, բայց ցանկությունը նրանք հավատի տեղ են ընդունում։ Այդպիսիներից, ի վերջո, հիասթափվածներն են առանձնապես շատ լինում։ Պարոն Վերսիլովի մեջ, կարծում եմ, բնավորության արտակարգ անկեղծ գծեր էլ կան։ Եվ ընդհանրապես նա ինձ հետաքրքրեց։
― Վասին,― բղավեցի ես,― դուք ինձ ուրախացնում եք։ Ես ձեր խելքի վրա չեմ զարմանում, այլ այն բանի, թե ինչպես կարող եք դուք ինձնից անսահմանորեն վեր կանգնած ու այնքա՜ն մաքուր մի մարդ, ինչպես կարող եք քայլել ինձ հետ և այդքան պարզ ու քաղաքավարի խոսել, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Վասինը ժպտաց.
― Արդեն չափազանց եք ինձ գովաբանում, իսկ այնտեղ պատահածի պատճառը միայն այն է, որ դուք չափազանց շատ եք սիրում վերացական խոսակցություններ վարել։ Հավանաբար մինչև այժմ շատ երկար եք լռել։
― Երեք տարի եմ լռել, երեք տարի պատրաստվել ես խոսելու... Ձեր աչքին, անշուշտ, չէի կարող հիմար երևալ, որովհետև ինքներդ չափազանց խելոք եք, թեև ինձնից հիմար իրեն պահելն անհնարին է, բայց սրիկա կարող էի։
― Սրիկա՞։
― Այո, անշուշտ։ Ասացե՛ք, ձեր մտքում ինձ չե՞ք արհամարհում, որ ասացի, թե Վերսիլովի ապօրինի զավակն եմ... և պարծեցա, թե ագարակի ճորտի որդին եմ։
― Դուք շատ եք ձեզ տանջում։ Եթե կարծում եք, թե վատ եք ասել, ապա բավական է, որ մյուս անգամ չասեք, առջևում դեռ հիսուն տարի ունեք։
― Օ՜, ես գիտեմ, որ չափազանց լռակյաց պետք է լինեմ մարդկանց հետ։ Բոլոր անբարոյականություններից ամենաստորը ուրիշների վզից կախվելն է. նոր ես դա նրանց ասացի, իսկ հիմա ինքս եմ ձեր վզից կախվում։ Բայց չէ՞ որ տարբերություն կա, կա՞։ Եթե դուք հասկացել եք այդ տարբերությունը, եթե ընդունակ եք եղել հասկանալու, ես օրհնում եմ այս րոպեն։
Վասինը նորից ժպտաց։
― Եկեք ինձ մոտ, եթե կամենաք,― ասաց նա։― Ես հիմա աշխատանք ունեմ և զբաղված եմ, բայց դուք ինձ հաճույք կպատճառեք։
― Քիչ առաջ ես ձեր դեմքից այն եզրակացության եկա, որ դուք չափից դուրս հաստատակամ եք և անհաղորդ։
― Շատ հավանական է, որ այդպես է։ Անցյալ տարի Լուգայում ես ծանոթացել եմ ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Կրաֆտը կանգ է առել և, կարծես թե ձեզ է սպասում, նա պետք է թեքվի։
Ես ամուր սեղմեցի Վասինի ձեռքը և վազեցի-հասա Կրաֆտին, որը, մինչ ես խոսում էի Վասինի հետ, շարունակ գնում էր առջևից։ Մենք լուռ հասանք նրա բնակարանին։ Ես դեռ չէի ուզում և չէի կարող խոսել նրա հետ։ Կրաֆտի բնավորության մեջ ամենաուժեղ գծերից մեկը նրա նրբավարությունն էր։
Գլուխ չորրորդ
I
Կրաֆտն առաջներում ինչ-որ տեղ ծառայում էր և միաժամանակ օգնում էր հանգուցյալ Անդրոնիկովին որոշ մասնավոր գործերի վարման հարցում, դրա համար վարձատրություն ստանալով նրանից, որոնցով իր ծառայությունից դուրս Անդրոնիկովը զբաղվում էր շարունակաբար։ Ինձ համար կարևոր էր արդեն այն, որ Կրաֆտին, Անդրոնիկովի հետ ունեցած առանձին մտերմության շնորհիվ, շատ բան կարող էր հայտնի լինել այն բոլորից, որ այնքան հետաքրքրում էր ինձ։ Բայց ես իմացել եմ Մարիա Իվանովնայից, Նիկոլայ Սեմյոնովիչի կնոջից, որի տանը գիմնազիա հաճախելիս ապրել եմ այնքան տարի, և որը Անդրոնիկովի հարազատ եղբոր դուստրն էր, սանուհին ու սիրելին, թե Կրաֆտին նույնիսկ «հանձնարարված է» մի բան հաղորդել ինձ։ Եվ արդեն մի ամբողջ ամիս ես նրան էի սպասում։
Նա ապրում էր բոլորովին առանձին, երկսենյականոց փոքրիկ բնակարանում, իսկ ներկա պահին, հենց նոր վերադարձած լինելով, նույնիսկ աղախին չուներ։ Ճամպուկը թեև բաց էր, բայց իրերը տեղավորած չէին, այլ նետած էին աթոռներին, իսկ բազմոցի առջև, սեղանին, դարսված էին պայուսակ, ճամփորդական տուփ, ատրճանակ և այլն։ Ներս մտնելիս Կրաֆտը չափազանց մտազբաղ էր և, կարծես, բոլորովին մոռացել էր իմ մասին։ Միգուցե նա չէր էլ նկատել, որ ես չեմ խոսել իր հետ ճանապարհին։ Նա իսկույն սկսեց ինչ-որ բան փնտրել, բայց, հարևանցիորեն աչք գցելով հայելուն, կանգ առավ և մի ամբողջ րոպե սևեռուն զննեց իր դեմքը։ Ես թեև նկատեցի այդ հատկությունը (իսկ հետագայում ավելի մանրամասն բոլորը հիշեցի), բայց չափազանց շփոթված էի ու տխուր։ Ես ի վիճակի չէի կենտրոնանալու։ Մի պահ հանկարծ նույնիսկ ուզեցի վեր կենալ ու հեռանալ և այդպես ընդմիշտ թողնել բոլոր գործերը։ Եվ ի՞նչ էին իսկապես այդ բոլոր գործերը։ Արդյո՞ք միայն արհեստականորեն վրաս վերցրած հոգս չէին։ Ես հուսահատվում էի, որ եռանդս, միգուցե, ծախսում եմ անարժան ու չնչին բաների վրա՝ միայն դյուրազգացությունից դրդված, մինչդեռ առջևը եռանդագին խնդիր ունեի լուծելու։ Այնինչ լուրջ գործի անընդունակությունս պարզորոշ ուրվագծվում էր, և դրա հավաստումն էր Դերգաչովի տանը պատահածը։
― Կրաֆտ, դուք նրանց մոտ էլի՞ եք գնալու,― հանկարծ հարցրի ես նրան։
Նա, կարծես լավ չհասկանալով ինձ, դանդաղ դեպի ինձ շրջվեց։ Ես նստեցի աթոռին։
― Ներեցեք նրանց,― հանկարծ ասաց Կրաֆտը։
Ինձ, իհարկե, թվաց, թե դա ծաղր է, բայց, սևեռուն նրան նայելով, նրա դեմքին այնքան տարօրինակ և նույնիսկ զարմանալի միամտություն տեսա, որ նույնիսկ ինքս զարմացա, ինչպես է, որ նա այդքան լուրջ խնդրեց ինձ «ներել» նրանց։ Նա աթոռ բերեց ու նստեց իմ կողքին։
― Ինքս գիտեմ, որ ես, միգուցե, ամեն տեսակ ինքնասիրությունների մի խառնարան եմ,― սկսեցի ես,― բայց ներողություն չեմ խնդրում։
― Եվ մարդ էլ չկա, որից խնդրեք,― արտասանեց նա կամաց ու լուրջ։ Նա շարունակ կամաց ու շատ դանդաղ էր խոսում։
― Թող ես մեղավոր լինեմ ինքս իմ առջև... Ես սիրում եմ մեղավոր լինել իմ առջև... Կրաֆտ, ներեցեք, որ ես ստում եմ ձեզ մոտ։ Ասացեք, մի՞թե դուք էլ եք այդ խմբակում։ Ահա թե ինչ էի ուզում ձեզ հարցնել։
― Նրանք ոչ ուրիշներից խելոք են, ոչ էլ հիմար, նրանք բոլորի պես ցնորված են։
― Մի՞թե բոլորը ցնորված են,― ակամա հետաքրքրությամբ նրա կողմը շրջվեցի ես։
― Լավագույն մարդիկ այժմ բոլորն են ցնորված։ Լավ քեֆ է անում միայն միջակությունն ու ապաշնորհությունը... Սակայն այդ բոլորը չարժե։
Խոսելիս նա մի տեսակ տարածության մեջ էր նայում, սկսում էր նախադասություններն ու ընդհատում։ Հատկապես զարմացնում էր ինչ֊որ մի հուսահատություն նրա ձայնում։
― Մի՞թե Վասինն էլ է նրանց հետ։ Վասինը խելք ունի, Վասինը բարոյական գաղափար ունի,― բղավեցի ես։
― Բարոյական գաղափարներ հիմա բոլորովին չկան, հանկարծ դուրս եկավ, որ ոչ մի հատ չկա և, որ գլխավորն է, տպավորությունն այնպես է, կարծես, երբեք էլ չեն եղել։
― Առաջ չկայի՞ն։
― Ավելի լավ է թողնենք դա,― բացահայտ հոգնությամբ արտասանեց նա։
Ինձ հուզեց նրա վշտաբեկ լրջությունը։ Եսասիրությունիցս ամաչելով՝ ես սկսեցի ընդօրինակել նրա տրամադրությունը։
― Մեր ժամանակները,― մի-երկու րոպե լռելուց հետո, հայացքը շարունակ դատարկ տարածությանն ուղղած սկսեց նա,― մեր ժամանակները ոսկի միջինության ու անզգայության, չգիտության, ծուլության, կրքի, գործի անընդունակության և ամեն պատրաստ բանի պահանջի ժամանակներ են։ Ոչ ոք մտքերի մեջ չի խորանում, հազվագյուտ մարդ կարող է իր համար գաղափար քամել։
Նա նորից ընդհատեց իր խոսքն ու որոշ ժամանակ լռեց, ես լսում էի։
― Հիմա անտառահատում են Ռուսաստանը, աղքատացնում հողը, տափաստան են դարձնում ու պատրաստում ղալմուխների համար։ Եթե հուսով լի մարդ հանդես գա ու մի ծառ տնկի, բոլորը կծաղրեն. «Մի՞թե դու այնքան կապրես, որ դրան մեծացած տեսնես»։ Իսկ մյուս կողմից բարի ցանկացողները խոսում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո։ Իրար կապող գաղափարը բոլորովին է անհետացել։ Բոլորը կարծես իջևանատանը լինեն ու վաղը պատրաստվում են հեռանալ Ռուսաստանից. բոլորն ապրում են միայն մտահոգված, որ իրենք բավարարված լինեն...
― Թույլ տվեք, Կրաֆտ, դուք ասացիք. «Անհանգստանում են այն մասին, թե ինչ կլինի հազար տարի հետո»։ Իսկ ձեր հուսահատությունը... Ռուսաստանի ճակատագրի համար... Մի՞թե նույն տիպի մտահոգություն չէ։
― Դա... դա ամենակենսական հարցն է, որ կա հիմա,― գրգռված ասաց նա և արագ վերկացավ տեղից։
― Ախ, հա՜։ Ես բոլորովին մոռացա,― տարակուսած ինձ նայելով ու բոլորովին ուրիշ ձայնով հանկարծ ասաց նա,― ես ձեզ գործով կանչեցի, այնինչ... Աստված սիրեք, ներեցեք։
Նա կարծես հանկարծ սթափվեց ինչ-որ երազից ու համարյա շփոթվեց, հետո սեղանին դրված պայուսակից մի նամակ հանեց ու մեկնեց ինձ։
― Ահա թե ինչ ունեմ ձեզ հանձնելու։ Սա որոշ կարևորություն ունեցող փաստաթուղթ է,― ամենագործնական տեսքով և ուշադրությամբ սկսեց նա։
Դեռ երկար ժամանակ դրանից հետո, այս դեպքը հիշելիս ինձ զարմացնում էր նրա ընդունակությունը (իր համար այդպիսի մի ժամի այդքան սրտառուչ ուշադրությամբ վերաբերվել ուրիշի գործին, այդքան հանգիստ ու հաստատամտորեն պատմել այն։
― Սա հենց այն Ստոլբեևի նամակն է, որի մահից հետո նրա կտակի պատճառով Վերսիլովի գործը ծագեց Սոկոլսկի իշխանների հետ։ Գործն այդ այժմ վճռվում է դատարանում և, երևի, կվճռվի հօգուտ Վերսիլովի, օրենքը նրա կողմն է։ Մինչդեռ երկու տարի առաջ գրված այս մասնավոր նամակում, կտակողն ինքը շարադրում է իր իսկական կամքը կամ, ավելի ճիշտ, ցանկությունը և շարադրում է ավելի շուտ իշխանների, քան Վերսիլովի օգտին։ Համենայն դեպս, այն կետերը, որոնց վրա հենվում են Սոկոլսկի իշխանները կտակը վիճարկելիս, ուժեղ օժանդակություն են ստանում այս նամակում։ Վերսիլովի հակառակորդները շատ բան կտային այդ փաստաթղթերի համար, որը, թերևս, վճռական իրավաբանական նշանակություն չունի։ Ալեքսեյ Նիկանորովիչը (Անդրոնիկովը), որը Վերսիլովի գործով էր զբաղվում, այս նամակը պահում էր իր մոտ և մահից քիչ առաջ տվել էր ինձ «պահպանելու» հանձնարարությամբ․ միգուցե մահը կանխազգալով, վախենում էր իր թղթերի համար։ Այժմ Ալեքսեյ Նիկանորովիչի մտադրությունների մասին այս դեպքում դատել չեմ ուզում և, խոստովանում եմ, նրա մահից հետո որոշ ճնշող անվճռականություն էր ինձ պաշարել. ի՞նչ անեմ այս փաստաթուղթը, հատկապես նկատի ունենալով այս գործի մոտալուտ վճիռը դատարանում։ Բայց Մարիա Իվանովնան, որին Ալեքսեյ Նիկանորովիչը կյանքի օրոք, կարծեմ, շատ էր վստահում, դուրս բերեց ինձ դժվար կացությունից, նա ինձ գրեց երեք շաբաթ առաջ, վճռականորեն, որ ես փաստաթուղթը հանձնեմ հենց ձեզ, և որ դա, կարծեմ (նրա արտահայտությամբ) կհամընկներ նաև Անդրոնիկովի կամքին։ Այսպիսով, ահա փաստաթուղթը, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ այն հանձնել ձեզ։
― Լսեցեք,― այսպիսի անսպասելի նորությունից շվարած ասացի ես,― իսկ ես հիմա ի՞նչ պիտի անեմ այդ նամակը։ Ինչպե՞ս վարվեմ։
― Դա արդեն ձեր կամքն է։
― Անհնարին է, ես սոսկալի կաշկանդված եմ, ինքներդ դատեք։ Վերսիլովն այնպե՜ս էր սպասում այդ ժառանգությանը... և, գիտե՞ք, առանց այդ օգնության նա կկործանվի, և հանկարծ գոյություն ունի այդպիսի մի փաստաթուղթ։
― Այն գոյություն ունի միայն այստեղ, այս սենյակում։
― Մի՞թե այդպես է,― ուշադիր նրան նայեցի ես։
― Եթե այս դեպքում դուք չեք գտնում, թե ինչպես վարվեք, էլ ի՞նչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ։
― Բայց իշխան Սոկոլսկուն էլ հանձնել չեմ կարող, ես կսպանեմ Վերսիլովի բոլոր հույսերը և, բացի այդ, դավաճան դուրս կգամ նրա նկատմամբ... Մյուս կողմից, Վերսիլովին հաձնելով, ես աղքատության գիրկն եմ նետում անմեղներին, իսկ Վերսիլովին, այնուամենայնիվ, անելանելի դրության մեջ դնում․ նրան մնում է կամ հրաժարվել ժառանգությունից, կամ գող դառնալ։
― Դուք շատ եք չափազանցնում գործի նշանակությունը։
― Ասացեք ինձ մի բան, արդյո՞ք այս փաստաթուղթը վճռական, վերջնական բնույթ ունի։
― Ոչ, չունի։ Ես մեծ իրավաբան չեմ։ Հակառակ կողմի փաստաբանը, անշուշտ, կիմանար, թե ինչպես օգտվի այս փաստաթղթից և նրանից ամբողջ օգուտը կքաղեր, բայց Ալեքսեյ Նիկանորովիչը հաստատապես գտնում էր, որ այս նամակը, ներկայացնելու դեպքում, առանձին իրավաբանական նշանակություն չէր ունենա, այնպես որ Վերսիլովի գործն այնուամենայնիվ կարող էր շահել։ Ավելի շուտ այս փաստաթուղթը, այսպես ասած, խղճի գործ է ներկայացնում...
― Հենց դա էլ ամենակարևորն է,― ընդհատեցի նրան ես,― հենց այդ պատճառով էլ Վերսիլովը անելանելի դրության մեջ կլինի։
― Սակայն նա կարող է ոչնչացնել փաստաթուղթը և այն ժամանակ, ընդհակառակը, ամեն տեսակ վտանգից արդեն իրեն կազատի։
― Դուք առանձին հիմք ունե՞ք նրա մասին այդպես մտածելու, Կրաֆտ։ Ահա թե ինչ եմ ուզում իմանալ ես, հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։
― Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, նրա տեղը լինելով, այդպես կվարվեր։
― Դուք ինքնե՞րդ էլ այդպես կվարվեիք։
― Ես ժառանգություն չեմ ստանում և այդ պատճառով իմ մասին չգիտեմ։
― Դե լավ,― նամակը գրպանս խոթելով՝ ասացի ես։ Հիմա այդ գործն առայժմ ավարտված է։ Լսեցեք, Կրաֆտ։ Մարիա Իվանովնան, հավատացնում եմ ձեզ, որը շատ բան է ինձ հաղորդել, ասել է ինձ, որ դուք և միայն ու միայն դուք կարող եք պատմել ճշմարտությունը Էմսում տարի ու կես առաջ Վերսիլովի ու Ախմակովների միջև կատարվածի մասին։ Ես ձեզ ինչպես արևի էի սպասում, որը լուսավորելու է ամեն ինչ ինձ համար։ Դուք չգիտեք իմ դրությունը, Կրաֆտ։ Աղաչում եմ ձեզ, ասեք ողջ ճշմարտությունը։ Ես հենց ուզում եմ իմանալ, թե ինչ մարդ է նա, իսկ հիմա, հիմա ավելի քան երբևէ դա պետք է։
― Ես զարմանում եմ, ինչու Մարիա Իվանովնան ինքը չի հաղորդել ձեզ ամեն բան, նա կարող է բոլորը լսած լինել հանգուցյալ Անդրոնիկովից և, անշուշտ, լսել է և գիտե, միգուցե, ինձնից էլ շատ։
― Այդ գործում Անդրոնիկովն ինքը շփոթվում էր, այդպես է ասում Մարիա Իվանովնան։ Այդ գործը, թվում է, թե ոչ ոք չի կարող պարզաբանել։ Այստեղ սատանան անգամ ոտքը կկոտրի։ Իսկ ես գիտեմ, որ դուք ինքներդ այն ժամանակ եղել եք Էմսում...
― Բոլոր դեպքերին ես չեմ հասցրել ներկա լինել, բայց ինչ որ գիտեմ, թերևս, սիրով կպատմեմ, միայն թե, արդյո՞ք, կբավարարեմ ձեզ։
II
Բառացի պատմությունը այստեղ չեմ բերում, այլ միայն նրա համառոտ էությունը։
Տարի ու կես առաջ Վերսիլովը, ծեր իշխան Սոկոլսկու միջոցով Ախմակովների ընտանիքի բարեկամը դառնալով (այն ժամանակ բոլորը արտասահմանում՝ Էմսում էին գտնվում), խոր տպավորություն էր թողել, նախ, հենց իր Ախմակովի վրա, որը գեներալ էր և ոչ այնքան ծեր մարդ, բայց երեք տարվա ամուսնության ընթացքում թղթախաղում տանուլ էր տվել իր կնոջ՝ Կատերինա Իվանովնայի ամբողջ հարուստ օժիտը և անզուսպ կյանքի հետևանքով արդեն կաթված էր ստացել։ Դրանից նա ուշքի էր եկել և ապաքինվում էր արտասահմանում, իսկ Էմսում ապրում էր հանուն իր առաջին ամուսնությունից ունեցած դստեր։ Սա տասնյոթամյա հիվանդոտ մի աղջիկ էր, որ տառապում էր բարակացավով և, ասում են, օժտված էր արտակարգ գեղեցկությամբ և, միաժամանակ, նաև երևակայությամբ։ Օժիտ չուներ, հույս էին դրել, ըստ սովորության, ծեր իշխանի վրա։ Ասում են, Կատերինա Նիկոլաևնան բարի խորթ մայր էր։ Բայց աղջիկը, չգիտես ինչու, առանձնապես կապվել էր Վերսիլովի հետ։ Այն ժամանակ նա, Կրաֆտի արտահայտությամբ «ինչ-որ մոլի մի բան» էր քարոզում, ինչ-որ նոր կյանք, ըստ Անդրոնիկովի տարօրինակ, գուցեև ծաղրական արտահայտության, «բարձր իմաստի կրոնական տրամադրության էր», որի մասին հաղորդել էին ինձ։ Բայց ուշագրավ է, որ շուտով նրան բոլորը ատեցին։ Գեներալը նույնիսկ վախենում էր նրանից. Կրաֆտն ամենևին չի հերքում այն լուրը, որ Վերսիլովը հասցրել է հիվանդ ամուսնու ուղեղում հաստատել այն միտքը, թե Կատերինա Նիկոլաևնան անտարբեր չէ երիտասարդ իշխան Սոկոլսկու նկատմամբ (որն այն ժամանակ Էմսից Փարիզ էր գնացել)։ Եվ դա արել է ոչ թե ուղղակի, այլ «ըստ իր սովորության» չարախոսությամբ, զրպարտությամբ և այլևայլ ծուռումուռ ճանապարհներով, «որի մեծագույն վարպետն էր նա», ինչպես արտահայտվեց Կրաֆտը։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ Կրաֆտը նրան համարում էր և ուզում էր համարել, ավելի շուտ խարդախ և ի բնե խառնակիչ, քան իսկապես ինչ-որ բարձրագույն կամ գոնե ինքնօրինակ բանով տոգորված մարդ։ Իսկ ես Կրաֆտից անկախ գիտեի, որ Վերսիլովը, սկզբում արտակարգ ազդեցություն ունենալով Կատերինա Նիկոլաևնայի վրա, կամաց-կամաց հասել էր հարաբերությունների խզման։ Ինչում էր կայանում այդ ամբողջ խաղը, ես Կրաֆտից էլ չկարողացա իմանալ, բայց փոխադարձ ատելության գոյությունը, որ ծագել էր նրանց միջև բարեկամությունից հետո, բոլորն էին հաստատում։ Հետո մի տարօրինակ իրադարձություն էլ էր տեղի ունեցել. Կատերինա Իվանովնայի հիվանդոտ խորթ դուտրը, ըստ երևույթին, սիրահարվել էր Վերսիլովին, կամ նրա ինչ-որ հատկությունից ազդվել, կամ նրա խոսակցությունից բոցավառվել կամ մի ուրիշ բան, որի մասին ես ոչինչ չգիտեմ, բայց հայտնի է, որ Վերսիլովը մի ժամանակ ամբողջ օրեր էր անցկացնում այդ աղջկա կողքին։ Վերջացել էր նրանով, որ օրիորդը հանկարծ հայտնել էր հորը, թե ուզում է ամուսնանալ Վերսիլովի հետ։ Որ իսկապես այդպես էր եղել, բոլորն են հաստատում և Կրաֆտը, և Անդրոնիկովը, և Մարիա Իվանովնան, և նույնիսկ մի անգամ իմ ներկայությամբ այդ մասին բերնից մի բան թռցրեց Տատյանա Պավլովնան։ Պնդում էին նաև, որ ոչ միայն Վերսիլովն ինքն էլ էր ուզում, այլ նույնիսկ համառորեն ձգտում էր աղջկա հետ այդ ամուսնությանը և որ այդ երկու տարատեսակ էակների՝ ծերի ու մանկահասակի համաձայնությունը երկուստեք է եղել։ Բայց հորն այդ միտքը վախեցրել էր. նա հետզհետե սառելով Կատերինա Նիկոլաևնայի նկատմամբ, որին առաջ շատ էր սիրում, սկսել էր, հատկապես կաթվածից հետո, պաշտել իր դստերը։ Սակայն այդպիսի ամուսնության հնարավորության ամենակատարի հակառակորդը հենց ինքը Կատերինա Նիկոլաևնան դուրս եկավ։ Տեղի ունեցան չափազանց շատ ընտանեկան ինչ-որ գաղտնի, արտակարգ տհաճ բախումներ, վեճեր, դառնություններ, մի խոսքով ամեն տեսակ գարշանքներ։ Վերջապես հայրը, տեսնելով սիրահարված ու Վերսիլովի կողմից «մոլեռանդացված» (Կրաֆտի արտահայտությամբ) աղջկա համառությունը, սկսեց տեղի տալ։ Բայց Կատերինա Նիկոլաևնան անողոք ատելությամբ շարունակում էր ըմբոստանալ։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է խառնաշփոթը, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում։ Սակայն ահա Կրաֆտի տվյալների հիման վրա կատարած ուղղակի կռահումը, բայց, այնուամենայնիվ, միայն կռահումը։
Վերսիլովն, իբր, հասցրել էր իր ձևով, նրբորեն և անդիմադրելիորեն, ներշնչել դեռատի աղջկան, որ Կատերինա Նիկոլաևնան այն պատճառով չի համաձայնում իրենց ամուսնությանը, որ ինքն է սիրահարված Վերսիլովին և արդեն վաղուց տանջում է իր խանդով, հետապնդում, խարդավանում է, նրան արդեն խոստովանել է իր սերը և հիմա պատրաստ է վառել նրան, որովհետև նա ուրիշին է սիրել, մի խոսքով, դրա նման մի բան։ Ամենավատն այստեղ այն է, որ նա, իբր, այդ մասին «ակնարկել է» նաև հորը, «անհավատարիմ կնոջ ամուսնուն, բացատրելով, որ իշխանը միայն զվարճալիք է եղել նրա համար։ Հասկանալի է, որ ընտանիքում մի կատարյալ դժոխք է սկսվել։ Ուրիշ տարբերակներով, Կատերինա Նիկոլաևնան սոսկալի սիրում էր իր խորթ աղջկան և հիմա, զրպարտված լինելով նրա առաջ, հուսահատված էր, էլ չենք խոսում հիվանդ ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Եվ ի՞նչ, սրա կողքին գոյություն ունի մի ուրիշ տարբերակ, որին, ի ցավ ինձ, միանգամայն հավատում էր և Կրաֆտը, և որին հավատում էի նաև ինքս (այդ բոլորի մասին ես արդեն լսել էի)։ Պնդում էին (Անդրոնիկովն, ասում են, լսել է հենց Կատերինա Նիկոլաևնայից), որ ընդհակառակը, Վերսիլովը դեռ առաջներում, այսինքն՝ մինչև երիտասարդ օրիորդի նկատմամբ զգացմունքներ տածելը, իր սերն է առաջարկել Կատերինա Նիկոլաևնային. որ սա, նրա բարեկամուհին լինելով, և որոշ ժամանակ նույնիսկ նրանով խանդավառված լինելով, սակայն շարունակաբար չհավատալով ու հակաճառելով նրան, Վերսիլովի այս խոստովանությունն ընդունել է արտակարգ ատելությամբ և թունոտ ծաղրել է նրան։ Իսկ դուրս է արել Վերսիլովին իր մոտից փաստորեն այն պատճառով, որ սա ուղղակի առաջարկել է նրան իր կինը դառնալ, հաշվի առնելով ամուսնու ենթադրվող երկրորդ մոտալուտ կաթվածը։ Այսպիսով, Կատերինա Նիկոլաևնան պետք է մի առանձին ատելություն զգար Վերսիլովի նկատմամբ, տեսնելով հետագայում, թե ինչպես է նա արդեն այդքան բացեիբաց իր խորթ դստեր ձեռքը փնտրում։ Այս բոլորն ինձ հաղորդելիս Մոսկվայում, Մարիա Իվանովնան հավատում էր և՛ այս, և՛ այն տարբերակին, այսինքն բոլորին միասին, նա հենց պնդում էր, որ այս բոլորը կարող էր տեղի ունենալ միաժամանակ, որ սա la haine dans l’amour[19]-ի երկուստեք վիրավորված սիրային հպարտության պես մի բան է, և այլն, և այլն։ Մի խոսքով, ինչ-որ նրբագույն ռոմանտիկ խառնաշփոթի պես մի բան, որն արժանի չէ յուրաքանչյուր լրջախոհ և առողջամիտ մարդու ուշադրության, և որին խառնված է նաև ստորություն։ Բայց Մարիա Իվանովնան ինքն էլ մանուկ հասակից տոգորված էր վեպերով և կարդում էր դրանք օր ու գիշեր, չնայած իր հրաշալի բնավորությանը։ Ի վերջո հանդես եկավ Վերսիլովի բացահայտ ստորությունը, ստախոսությունն ու ինտրիգները, սև ու գարշելի մի բան, առավել ևս, որ բանն իսկապես ողբերգությամբ ավարտվեց, խեղճ, հուզավառ աղջիկը թունավորվեց, ասում են, ֆոսֆորի լուցկիներով, ի դեպ, ես մինչև այժմ էլ չգիտեմ, արդյոք ճի՞շտ է այդ վերջին լուրը, համենայն դեպս այն ամեն կերպ աշխատեցին կոծկել։ Օրիորդը ընդամենը երկու շաբաթ հիվանդ պառկեց ու վախճանվեց։ Այսպիսով, լուցկիները կասկածի տակ մնացին, թեև Կրաֆտը դրան էլ էր հաստատ հավատում։ Դրանից հետո շուտով վախճանվեց նաև օրիորդի հայրը, ասում են, վշտից, որը և հարուցել էր երկրորդ կաթվածը, սակայն ոչ ավելի վաղ, քան երեք ամսից։ Բայց օրիորդի թաղումից հետո Փարիզից Էմս վերադարձած երիտասարդ իշխան Սոկոլսկին հասարակավ ապտակել էր Վերսիլովին զբոսայգում, և սա մարտահրավերով չէր պատասխանել նրան, ընդհակառակը, հենց մյուս օրը զբոսավայր էր ներկայացել, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հենց այստեղ էլ բոլորը երես էին դարձրել նրանից, և Պետերբուրգում նույնպես։ Վերսիլովը թեև շարունակել էր որոշ ծանոթություններ, բայց բոլորովին այլ շրջաններում։ Նրա բարձրաշխարհիկ բոլոր ծանոթները մեղադրեցին նրան, թեև ի դեպ, շատ քչերը գիտեին բոլոր մանրամասնությունները, միայն որոշ բան գիտեին երիտասարդ օրիորդի ռոմանտիկ մահվան և ապտակի մասին։ Հնարավորին չափ լիակատար տեղեկություններ ունեին միայն երկու-երեք հոգի, ամենից ավելի գիտեր հանգուցյալ Անդրոնիկովը, որն արդեն վաղուց մի դեպքի կապակցությամբ գործնական հարաբերություններ ուներ Ախմակովների և հատկապես Կատերինա Նիկոլաևայի հետ։ Բայց նա այդ բոլորը գաղտնիք էր պահում նույնիսկ իր ընտանիքից և միայն մի որոշ բան հայտնել էր Կրաֆտին ու Մարիա Իվանովնային, այն էլ անհրաժեշտությունից դրդված։
― Հիմա գլխավորն այստեղ մի փաստաթուղթ է,― ավարտեց Կրաֆտը,― որից սոսկալի վախենում է տիկին Ախմակովան։
Եվ ահա թե ինչ հաղորդեց նա նաև այդ մասին։
Կատերինա Նիկոլաևնան, երբ հայրը՝ ծեր իշխանը, արտասահմանում արդեն ապաքինվում էր իր նոպայից, անզգուշություն էր ունեցել խիստ գաղտնի մի չափազանց վարկաբեկիչ նամակ գրելու Անդրոնիկովին (Կատերինա Նիկոլաևնան միանգամայն վստահում էր նրան)։ Այն ժամանակ ապաքինվող իշխանի բնավորության մեջ, ասում են, իսկապես փող ծախսելու, համարյա շաղ տալու հակում է ի հայտ եկել, արտասահմանում նա սկսել է միանգամայն անհարկավոր, բայց արժեքավոր իրեր գեղանկարներ, վազեր գնել, մեծ-մեծ գումարներ, Աստված գիտե, թե ինչին, նույնիսկ այնտեղի տարբեր հիմնարկություններին տալ ու նվիրաբերել։ Հսկայական մի գումարով քիչ մնաց, որ ռուս բարձրաշխարհիկ մսխող մեկից առանց տեսնելու քայքայված ու դատավեճերով ծանրաբեռնված կալվածք գնի, ի վերջո, կարծես, իսկապես սկսեց ամուսնության մասին երագել։ Եվ ահա, այս բոլորի հետևանքով Կատերինա Նիկոլաևնան, որ հոր կողքից չէր հեռանում նրա հիվանդության ժամանակ, Անդրոնիկովին, որպես իրավաբանի ու «հին բարեկամի» ուղղել էր մի հարց. «Արդյոք հնարավոր կլինի, ըստ օրենքի, իշխանին խնամակալության կարոտ կամ անիրավունակի պես մի բան հայտարարել, և եթե այո, ապա ինչպես հարմար կլինի այդ անել առանց աղմուկի, որպեսզի ոչ ոք չկարողանա մեղադրել իրեն և որպեսզի միաժամանակ խնայվեն հոր զգացմունքները և այլն, և այլն»։ Անդրոնիկովն, ասում են. հենց այն ժամանակ խելքի է բերել նրան ու խորհուրդ չի տվել այդպես վարվել, իսկ հետագայում, երբ իշխանը միանգամայն առողջացել էր, այլևս հնարավոր չէր վերադառնալ այդ մտքին, բայց նամակը Անդրոնիկովի մոտ մնաց։ Եվ ահա մեռնում է Անդրոնիկովը։ Կատերինա Նիկոլաևնան իսկույն հիշում է նամակի մասին, եթե այն հայտնաբերվեր հանգուցյալի թղթերի մեջ և ընկներ ծեր իշխանի ձեռքը, սա անկասկած ընդմիշտ դուրս կաներ, կզրկեր ժառանգությունից և իր կյանքի օրոք ոչ մի կոպեկ չէր տա նրան։ Այն միտքը, որ հարազատ դուստրը չի հավատում իր խելամտությանը և նույնիսկ ուզեցել է խելագար հայտարարել իրեն, գազան կդարձներ այս գառնուկին։ Իսկ դուստրը, այրիանալով, խաղամոլ ամուսնու շնորհիվ առանց ապրուստի որևէ միջոցի էր մնացել ու հույսը միայն հոր վրա էր դրել, նա մեծ հույս ուներ, որ նոր օժիտ կստանա հորից, նույնքան հարուստ, որքան առաջինն էր։
Այդ նամակի ճակատագրի մասին Կրաֆտը շատ քիչ բան գիտեր, բայց նկատեց, որ Անդրոնիկովը «երբեք չէր պատռում պետքական թղթերը» և, բացի այդ, թեև լայն մտքի տեր, այլ նաև «լայն խղճի» տեր մարդ էր։ Ես նույնիսկ զարմացա այն ժամանակ Անդրոնիկովին այնքան սիրող ու հարգող Կրաֆտի հայացքի այդքան արտակարգ ինքնուրույնության վրա։ Բայց Կրաֆտը այնուամենայնիվ համոզված էր, որ վարկաբեկիչ փաստաթուղթն, իբր, ընկել է Վերսիլովի ձեռքը՝ Անդրոնիկովի այրու ու դուստրերի հետ նրա ունեցած մտերմության շնորհիվ, արդեն հայտնի էր, որ նրանք իսկույն և պատրաստակամությամբ Վերսիլովին էին տրամադրել հանգուցյալից հետո մնացած բոլոր թղթերը։ Նա գիտեր նաև, որ Կատերինա Նիկոլաևնային էլ արդեն հայտնի է, թե նամակը Վերսիլովի մոտ է և թե նա հենց դրանից էլ վախենում է, կարծելով, թե Վերսիլովը նամակը ձեռքին իսկույն կգնա ծեր իշխանի մոտ, թե վերադառնալով արտասահմանից, Կատերինա Նիկոլաևնան արդեն փնտրել է նամակը Պետերբուրգում, եղել է Անդրոնիկովների մոտ և հիմա շարունակում է որոնել, քանի որ նա, այնուամենայնիվ, դեռ հույս ուներ, թե նամակը, միգուցե, Վերսիլովի մոտ չէ և, ի վերջո, թե նա Մոսկվա էլ գնացել է միմիայն այս նույն նպատակով և այնտեղ աղաչել է Մարիա Իվանովնային փնտրել այն թղթերի մեջ, որոնք պահպանվել են նրա մոտ։ Մարիա Իվանովնայի գոյության ու նրա հարաբերությունների մասին հանգուցյալ Անդրոնիկովի նկատմամբ նա իմացել է բոլորովին վերջերս, արդեն վերադառնալով Պետերբուրգ։
― Դուք կարծում եք, թե նա չի՞ գտել նամակը Մարիա Իվանովնայի մոտ,― ուրիշ բան մտածելով՝ հարցրի ես։
― Եթե Մարիա Իվանովնան գաղտնիքը չի հայտնել նույնիսկ ձեզ, ապա, միգուցե, նրա մոտ ոչինչ էլ չկա։
― Ուրեմն, դուք կարծում եք, որ փաստաթուղթը Վերսիլովի մո՞տ է։
― Դա ամենահավանականն է։ Սակայն չգիտեմ, ամեն բան կարող է լինել,― նկատելի հոգնածությամբ արտասանեց նա։
Ես հարցուփորձս դադարեցրի, և ի՞նչ իմաստ ուներ շարունակելը։ Չնայած ողջ այս անվայել խառնաշփոթին, ամենագլխավորն ինձ համար պարզվեց, այն ամենը, ինչից ես վախենում էի, հաստատվեց։
― Այս բոլորը կարծես երազ ու զառանցանք լինի,― խոր վշտով ասացի ես ու գլխարկս վերցրի։
― Ձեզ համար շա՞տ թանկ է այդ մարդը,― ասաց Կրաֆտը նկատելի և ուժգին կարեկցանքով, որ ես կարդացի նրա դեմքին այդ պահին։
― Ես հենց այդպես էլ կանխազգում էի,― ասացի ես,― որ ձեզնից, այնուամենայնիվ, ամեն բան լիովին չեմ իմանա։ Միակ հույսը մնում է Ախմակովան՝ հենց նրա վրա էլ հույս ունեի։ Միգուցե գնամ նրա մոտ, գուցեև չգնամ։
Կրաֆտը որոշ տարակուսանքով ինձ նայեց։
― Մնաք բարով, Կրաֆտ։ Ի՞նչ կարիք կա խցկվելու մարդկանց մեջ, որոնք ձեզ չեն ուզում։ Ավելի լավ չէ՞ բոլոր կապերը խզել, հը՞։
― Իսկ հետո ո՞ւր,― մի տեսակ խիստ ու հայացքը գետնին հառած հարցրեց նա։
― Ինքդ քո մեջ, ինքդ քո մեջ։ Ամեն բան խզել և ամփոփվել ինքդ քո մեջ։
― Ամե՞րիկա։
― Ամե՛րիկա։ Քո մեջ, միայն ինքդ քո մեջ։ Ահա թե որն է «իմ գաղափարը», Կրաֆտ,― ասացի ես ոգևորված։
Նա մի տեսակ հետաքրքրությամբ ինձ նայեց։
― Իսկ դուք ունե՞ք այդ տեղը՝ «քո մեջը»։
― Ունեմ։ Ցը տեսություն, Կրաֆտ, շնորհակալ եմ ձեզնից և ափսոսում եմ, որ նեղություն պատճառեցի ձեզ։ Եթե ես ձեր տեղը լինեի, երբ ինքներդ այդպիսի Ռուսաստան ունեք ձեր գլխում, գրողի ծոցը կուղարկեի բոլորին, կորեք, ինտրիգներ սարքեք և իրար մեջ գզվռտեք. ի՜նչ իմ գործն է։
― Մի քիչ էլ մնացեք,― արդեն մինչև դրսի դուռն ուղեկցելով ինձ՝ ասաց նա հանկարծ։
Ես մի քիչ զարմացա, վերադարձա ու նորից նստեցի։ Կրաֆտը դիմացս նստեց։ Մենք ինչ-որ ժպիտներ փոխանակեցինք, այս բոլորը, կարծես հիմա, տեսնում եմ աչքիս առաջ։ Շատ լավ եմ հիշում, որ ես մի տեսակ զարմացած էի նրա վրա։
― Ձեր մեջ, Կրաֆտ, ինձ դուր է գալիս այն, որ դուք այդքան քաղաքավարի մարդ եք,― ասացի ես հանկարծ։
― Հա՞։
― Ես դա ասում եմ, որովհետև ինքս հազվադեպ եմ կարողանում քաղաքավարի լինել, թեև ուզում եմ կարողանալ... Ի՜նչ արած, միգուցե ավելի լավ է, որ մարդիկ վիրավորում են քեզ. համենայն դեպս ազատում են իրենց սիրելու դժբախտությունից։
― Օրվա ո՞ր ժամն եք ամենից ավելի սիրում,― ըստ երևույթին, ինձ ականջ չդնելով, հարցրեց նա։
― Որ ժա՞մը։ Չգիտեմ։ Մայրամուտ չեմ սիրում։
― Հա՞,― մի առանձին հետաքրքրությամբ արտասանեց նա, բայց իսկույն էլ մտածմունքի մեջ ընկավ։
― Դուք կրկին տե՞ղ եք գնում։
― Այո... Գնում եմ։
― Շուտո՞վ։
― Շուտով։
― Մի՞թե Վիլնո հասնելու համար ատրճանակ է պետք,― առանց որևէ հետին մտքի, նույնիսկ առանց ոչ մի մտքի հարցրի ես։ Հարցրի, որովհետև աչքովս ընկավ ատրճանակը, իսկ ես նեղվում էի՝ չիմանալով ինչի մասին խոսեմ։
Նա շրջվեց և սևեռուն նայեց ատրճանակին։
― Ոչ, հենց այնպես, սովորությանս համաձայն։
― Եթե ես ատրճանակ ունենայի, փականքի տակ կպահեի։ Գիտե՞ք, Աստված վկա, գայթակղիչ է։ Միգուցե ես չես հավատում ինքնասպանության համաճարակին, բայց եթե սա տնկված Է աչքիդ առաջ, իսկապես, լինում են րոպեներ, որ կարող Է գայթակղել։
― Մի խոսեք դրա մասին,― ասաց նա և հանկարծ վերկացավ աթոռից։
― Իմ մասին չեմ ասում,― ավելացրի ես, նույնպես վերկենալով,― ես դա գործի չեմ գնի։ Թեկուզ երեք կյանք տաք ինձ, միևնույն Է, քիչ կլինի։
― Որքան կարող եք, շատ ապրեք,― կարծես դուրս թռավ նրա բերանից։
Նա ցրված ժպտաց և, տարօրինակ կերպով ուղղակի նախասենյակ գնաց, կարծես ինքն ինձ դուրս տանելով, իհարկե, չնկատելով, թե ինչ Է անում։
― Ամենայն հաջողություն եմ ձեզ ցանկանում, Կրաֆտ,― արդեն սանդղահարթակ դուրս գալով՝ ասացի ես։
― Դա, թերևս,― հաստատորեն պատասխանեց նա։
― Ցտեսություն։
― Դա Էլ, թերևս։
Ես հիշում եմ ինձ ուղղված նրա վերջին հայացքը։
III
Այսպիսով, ահա այն մարդը, որի համար այնքան տարի բաբախել Էր իմ սիրտը։ Եվ ի՞նչ Էի սպասում ես Կրաֆտից, նրա ի՞նչ նոր տեղեկություններին։
Կրաֆտի տնից դուրս գալով՝ ես ուժեղ քաղց զգացի, արդեն երեկոյանում Էր, իսկ ես չէի ճաշել։ Հենց այստեղ, Պետերբուրգյան կողմում, Մեծ պողոտայի վրա գտնվող մի փոքրիկ պանդոկ մտա այն մտքով, որ մի քսան և ոչ ավելի, քան քսանհինգ կոպեկ ծախսեմ։ Դրանից ավելի ես այն ժամանակ երբեք թույլ չէի տա ինձ։ Ես ինձ համար արգանակ վերցրի և, հիշում եմ, ուտելուց հետո, պատուհանի մոտ նստեցի՝ դուրս նայելու, սենյակում շատ մարդ կար. վառված յուղի, պանդոկի անձեռոցիկների ու ծխախոտի հոտ էր գալիս։ Գարշելի էր։ Իմ գլխավերևում կտուցն իր վանդակի հատակին էր կտկտացնում անձայն սոխակը, մռայլ ու մտախոհ։ Հարևան բիլիարդանոցում աղմկում էին, բայց ես նստել էի և ուժգին տարվել իմ մտքերով։ Մայրամուտը (ինչո՞ւ Կրաֆտը զարմացավ, որ ես մայրամուտ չեմ սիրում) բոլորովին անհամապատասխան, նոր ու անսպասելի զգացումներ էր ինձ ներշնչել։ Իմ աչքին շարունակ մորս հանդարտ հայացքն էր երևում, նրա սիրասուն աչքերը, որոնք ահա արդեն մեկ ամիս է, ինչ այնքան վեհերոտ հետևում են ինձ։ Վերջին ժամանակներս ես տանը, հատկապես մորս, շատ էի կոպտում, ուզում էի Վերսիլովին կոպտել, բայց, չհամարձակվելով նրան, իմ ստոր սովորության համաձայն տանջում էի մորս։ Նույնիսկ իսպառ վախեցրել էի, հաճախ Անդրեյ Պետրովիչի ներս մտնելիս վախենալով իմ որևէ անշնորհք արարքից, նա այնպիսի աղերսալից հայացքով էր ինձ նայում... Շատ տարօրինակ էր այն, որ հիմա, պանդոկում, առաջին անգամ գլխի ընկա, թե Վերսիլովն ինձ դու է ասում, իսկ մայրս՝ դուք։ Դրա վրա ես առաջ էլ էի զարմանում և ոչ հօգուտ մորս, իսկ այժմ մի առանձնապես հասկացա, և տարօրինակ մտքերը, մեկը մյուսի հետևից, շարունակաբար մտնում էին գլուխս։ Ես երկար ժամանակ, մինչև ամենալիակատար մթնշաղ, մնացի տեղումս նստած։ Մտածում էի նաև քրոջս մասին...
Պահն ինծ համար ճակատագրական էր։ Ինչ ուզում է լինի, պետք էր սիրտ անել։ Մի՞թե ես ընդունակ չեմ հանդգնելու։ Ի՞նչ դժվար բան կա նրանում, որ խզեմ հարաբերություններս, եթե իրենք էլ ինձ չեն ուզում։ Մայրս ու քո՞ւյրս։ Բայց չէ՞ որ նրանց ես ոչ մի դեպքում չեմ լքի, ինչ ընթացք էլ որ ստանա գործը։
Ճշմարիտ է, որ այս մարդու հայտնվելն իմ կյանքում, այսինքն այն վայրկենական պահը դեռ առաջին մանկությանս օրերին, այն ճակատագրական խթանն էր, որից սկսվել է իմ գիտակցությունը։ Եթե չհանդիպեր նա ինձ այն ժամանակ, խելքս, մտքերիս կառուցվածքը, ճակատագիրս երևի այլ կերպ կլինեին, չնայած նույնիսկ ճակատագրի ինձ համար նախանշած այն խառնվածքին, որից ես այնուամենայնիվ չէի կարող խուսափել։
Բայց, ախր, պարզվում էր, որ այդ մարդը միայն իմ երազանքն է, մանուկ հասակից եկող երազանքը։ Ես ինքս եմ նրան որպես այդպիսին հորինել, իսկ իրականում բոլորովին ուրիշը, իմ երևակայությունից այդքան ցած ընկածը դուրս եկավ։ Ես եկել եմ մաքուր մարդու և ոչ թե սրա մոտ։ Եվ ինչո՞ւ ես սիրահարվեցի նրան մեկընդմիշտ այն չնչին պահին, հենց տեսա նրան մի օր, դեռ երեխա ժամանակ։ Այդ «ընդմիշտը» պետք է չքանա։ Երբևէ, եթե տեղ գտնվի, ես կնկարագրեմ մեր այդ առաջին հանդիպումը, դա մի դատարկ անեկդոտ է, որից ամենևին ոչինչ դուրս չի գալիս։ Բայց ինձ մոտ մի ամբողջ բուրգ ստացվեց։ Այդ բուրգը ես սկսեցի դեռ մանկական վերմակի տակ, երբ քուն մտնելիս կարող էի լալ ու երազել, ինչի՞ մասին, ինքս էլ չգիտեմ։ Այն մասին, որ ինձ լքե՞լ են։ Այն մասին, որ ինձ տանջո՞ւմ են։ Բայց ինձ միայն մի քիչ են տանջել, միայն երկու տարի, Տուշարի պանսիոնում, ուր այն ժամանակ նա ինձ խցկեց ու ընդմիշտ հեռացավ։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի տանջել։ Նույնիսկ ընդհակառակը, ես ինքս եմ հպարտությամբ նայել ընկերներիս։ Եվ ես տանել անգամ չեմ կարող ինքն իրեն ողբացող այդ որբությունը։ Չկա ոչինչ ավելի նողկալի, քան երբ որբերը, ապօրինածինները, այդ բոլոր դուրս նետվածներն ու ընդհանրապես ողջ այդ անպետքությունը, որոնց նկատմամբ ես ամենևին ոչ մի խղճահարություն չեմ զգում, հանկարծ հանդիսավոր կերպով կանգնեցվում են հասարակության առաջ և սկսում են ողբագին, բայց խրատական ողբալ։ «Տեսեք, այսինքն, թե ինչպես են մեզ հետ վարվել»։ Ես կծեծեի այդ որբերին։ Եվ այդ գարշելի բյուրոկրատներից ոչ մեկը չի հասկանում, որ որբի համար տասն անգամ ավել ազնիվ կլիներ լռելը, գանգատի չարժանացնելը և ոչ թե ոռնալը։ Իսկ եթե սկսել են արժանացնելը, ապա հենց այդպես էլ քեզ՝ սիրո զավակիդ, պետք է։ Ահա իմ միտքը»։
Բայց այն չէ ծիծաղելին, ինչի մասին երազում էի առաջներում «վերմակիս տակ», այլ այն, որ այստեղ էլ եկել եմ նորից նրա, նորից իմ կողմից հորինված մարդու համար համարյա մոռանալով իմ գլխավոր նպատակները։ Ես եկել եմ օգնելու նրան կործանելու զրպարտությունը, ջախջախելու նրա թշնամիներին։ Այն փաստաթուղթը, որի մասին խոսում էր Կրաֆտը, այդ կնոջ Անդրոնիկովին գրած այն նամակը, որից այդպես վախենում է նա, որը կարող է խորտակել նրա բախտը ու աղքատության գիրկը նետել նրան և որը նրա ենթադրությամբ Վերսիլովի մոտ է գտնվում, նամակն այն ոչ թե Վերսիլովի մոտ է գտնվում, այլ ինձ մոտ ու կարված է կողագրպանումս։ Ես ինքս եմ կարել, և ամբողջ աշխարհում դեռ ոչ ոք չգիտե այդ մասին։ Այն, որ ռոմանտիկ Մարիա Իվանովնան, որի մոտ փաստաթուղթը գտնվում էր «ի պահպանություն», անհրաժեշտ համարեց ինձ հանձնել այն և ուրիշ ոչ ոքի, միայն նրա կարծիքն ու նրա կամքն էր, և ես պարտավոր չեմ դա բացատրելու, միգուցե, երբևէ, պատեհ առիթով կպատմեմ դա, բայց այդքան անսպասելի զինված՝ ես չէի կարող չգայթակղվել Պետերբուրգ ժամանելու ցանկությամբ։ Իհարկե, ես մտադիր էի օգնել այդ մարդուն ոչ այլ կերպ, քան գաղտնի, առանց ինձ ցույց տալու և տաքանալու, առանց նրա գովաբանություններին ու գրկախառնություններին սպասելու։ Եվ երբեք, երբեք ես չէի արժանացնի նրան որևէ հանդիմանության։ Եվ մի՞թե նրա մեղքն է, որ ես սիրահարվել եմ նրան ու նրանից ֆանտաստիկ իդեալ ստեղծել ինձ համար։ Միգուցե ես նույնիսկ ամենևին չեմ էլ սիրել նրան։ Նրա ինքնօրինակ միտքը, նրա հետաքրքիր բնավորությունը, նրա ինչ-որ ինտրիգներն ու արկածները և այն, որ նրա կողքին էր մայրս այս բոլորը, թվում է, թե արդեն չէր կարող ետ պահել ինձ. արդեն բավական էր այն, որ իմ ֆանտաստիկ տիկնիկը կոտրված էր և որ ես այլևս չեմ կարող սիրել նրան։ Այսպիսով, ի՞նչն էր ետ պահում ինձ, ի՞նչն էր ինձ խոչընդոտում, ահա թե որն էր հարցը։ Վերջին հաշվով ստացվում էր, որ միայն ես եմ հիմար, էլ ուրիշ ոչ ոք։
Բայց ազնվություն պահանջելով ուրիշներից՝ ազնիվ կլինեմ և ինքս, ես պետք է խոստովանեմ որ գրպանումս կարված փաստաթուղթը ոչ միայն կրքոտ ցանկություն էր առաջացնում իմ մեջ՝ օգնության թռչելու Վերսիլովին։ Այժմ դա ինձ համար չափազանց պարզ է, թեև այն ժամանակ էլ ես արդեն կարմրում էի այդ մտքից։ Իմ աչքին երևում էր կինը, բարձրաշխարհիկ հասարակության հպարտ մի էակ, որի հետ ես կհանդիպեմ երես առ երես, նա կարհամարհի ինձ, կծիծաղի վրաս, ինչպես մի մկան, կասկած անգամ չունենալով, որ ես իր ճակատագրի տիրակալն եմ։ Այդ միտքն արբեցնում էր ինձ դեռ Մոսկվայում և հատկապես գնացքում, երբ ես գալիս էի այստեղ, սա ես արդեն խոստովանել եմ վերում։ Այո, ես ատում էի այդ կնոջը, բայց արդեն սիրում էի որպես իմ զոհի, և այդ բոլորը ճշմարիտ է, այղ բոլորը իրական։ Բայց սա այնպիսի մի երեխայություն էր, որ ես նույնիսկ նման մեկից, ինչպիսին ես եմ, չէի սպասի։ Ես նկարագրում էի իմ այն ժամանակվա զգացմունքները, այսինքն այն, ինչ գլուխս էր գալիս այն ժամանակ, երբ նստած էի պանդոկում, սոխակի վանդակի տակ և երբ որոշեցի հենց նույն երեկոյան խզել կապերս նրանց հետ անխուսափելիորեն։ Այն կնոջ հետ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման միտքը հանկարծ ամոթի շիկնանքով բռնկեց դեմքս։ Անպատիվ հանդիպում։ Անպատիվ ու հիմար, չնչին մի տպավորություն և, որ գլխավորն է, այն ամենահիմնովին կերպով ապացուցեց իմ անընդունակությունը գործում։ Այդ տպավորությունը ապացուցեց միայն այն, մտածում էի ես այն ժամանակ, որ ես ի վիճակի չեմ դիմանալու նույնիսկ ամենահիմար հրապուրանքներին, մինչդեռ հենց նոր ինքս ասացի Կրաֆտին, որ ես «իմ տեղն» ունեմ, իմ գործը և եթե երեք կյանք էլ ունենայի, այդ դեպքում էլ դրանք քիչ կլինեին ինձ համար։ Եվ հպարտորեն ասացի դա։ Այն, որ ես մի կողմ եմ թողել իմ գաղափարը և Վերսիլովի գործի մեջ քաշվել, դեռ կարելի է ինչ-որ կերպ ներել, բայց այն, որ ես զարմացած նապաստակի պես մի կողմից մյուսն են նետվում և արդեն յուրաքանչյուր դատարկ բանի մեջ թաղվում, դրանում, իհարկե, միայն իմ հիմարությունն է մեղավոր։ Ո՞ր սատանան դրդեց ինձ գնալ Դերգաչովի մոտ և մեջտեղ ընկնել իմ հիմարություններով, վաղուց գիտենալով, որ ոչինչ չեմ կարողանա խելոք ու հստակ պատմել և որ ինձ համար ամենաշահեկանը լռելն է։ Եվ ինչ-որ մի Վասին խրատում է ինձ, թե ես դեռ «հիսուն տարվա կյանք ունեմ առջևումս և, ուրեմն, վշտանալու բան չունեմ»։ Նրա առարկությունը հրաշալի է, համաձայն եմ, և պատիվ է բերում նրա անվիճելի խելքին, հրաշալի է արդեն նրանով, որ ամենապարզն է, իսկ ամենապարզը հասկացվում է միշտ միայն ամենավերջում, երբ փորձված է արդեն բոլորը, ինչն ավելի խրթին է կամ ավելի հիմար, բայց այդ առարկությունը ես ինքս էլ գիտեի և Վասինից էլ առաջ այդ միտքը ես խորապես ապրելով եմ հասկացել երեք տարուց քիչ ավելի առաջ և նույնիսկ ավելին, մասամբ հենց դրանում էլ կայանում է «իմ գաղափարը»։ Ահա թե ինչ էի մտածում ես այն ժամանակ պանդոկում։
Գարշելի զգացում էր ինձ համակել, երբ քայլելուց ու մտքերից հոգնած, երեկոյան ժամը յոթից հետո հասա Սեմյոնովյան գունդ։ Արդեն բոլորովին մթնել էր, և եղանակը փոխվում էր. չոր էր, բայց թիկունքումս բարձրանում էր պետերբուրգյան նողկալի, սուր ու խոցող քամին և փոշով ու ավազով լցնում օդը։ Աշխատանքից ու գործատեղերից իրենց պուճախները փութկոտ վերադարձող հասարակ ժողովրդի որքա՜ն մռայլ դեմքեր։ Յուրաքանչյուրն իր մռայլ հոգսն ունի դեմքին և ոչ մի, միգուցե, ընդհանուր, համամիավորող միտք այդ ամբոխում։ Կրաֆտն իրավացի է։ Բոլորն առանձին-առանձին են։ Ես հանդիպեցի մի փոքրիկ տղեկի, այնքան փոքրիկ, որ տարօրինակ էր, թե ինչպես կարող էր նա մենակ հայտնվել փողոցում այդ ժամին․ թվում էր, թե նա կորցրել է ճանապարհը, մի կնիկ մի պահ, կարծես, կանգ առավ նրան լսելու, բայց ոչինչ չհասկացավ, թևերը տարածեց ու մենակ թողնելով նրան մթնում՝ շարունակեց ճանապարհը։ Տանը մոտենալով՝ ես վճռեցի, որ այլևս երբեք չեմ գնա Վասինի մոտ։ Սանդուղքով բարձրանալիս ես սոսկալի ուզում էի մերոնց մենակ գտնել տանը, առանց Վերսիլովի, որպեսզի մինչև նրա գալը հասցնեի ասել մի բարի խոսք մորս, կամ սիրելի քրոջս, որին մի ամբողջ ամսվա ընթացքում համարյա ոչ մի առանձին բան չէի ասել։ Այդպես էլ եղավ, նա տանը չէր...
IV
Եվ ի դեպ, «Նոր դեմք» ասպարեզ հանելով «Նոթերումս» (այսինքն ես խոսում եմ Վերսիլովի մասին), համառոտ կբերեմ նրա ծառայության ցուցակը, որը, թերևս, ոչ մի նշանակություն չունի։ Սա անում եմ, որպեսզի ավելի հասկանալի լինի ընթերցողին և որովհետև չեմ կանխատեսում, թե ուր կարող եմ խցկել այս ցուցակը պատմությանս հետագա ընթացքում։ Նա սովորել է համալսարանում, բայց հետո մտել է գվարդիա, հեծյալ գունդ։ Ամուսնացել է Ֆանարիոտովայի հետ և ծառայությունը թողել։ Արտասահման է գնացել և, վերադառնալով, ապրել Մոսկվայում բարձրաշխարհիկ զվարճություններով։ Կնոջ մահից հետո եկել է գյուղ, այստեղ՝ մորս հետ կապված միջադեպը։ Հետո երկար ապրել է ինչ-որ տեղ հարավում։ Եվրոպայի հետ պատերազմի ժամանակ նորից զինվորական ծառայության է մտել, բայց Ղրիմ չի ընկել և այդ ամբողջ ժամանակ գործողությունների մեջ չի եղել։ Պատերազմը վերջանալուց հետո պաշտոնաթող լինելով, գնացել է արտասահման և նույնիսկ մորս հետ, որին, ի դեպ, թողել է Քյոնիքսբերգում։ Խեղճը գլուխը տարուբերելով ու մի տեսակ սարսափով էր երբեմն պատմում, թե ինչպես է ամբողջ վեց ամիս մեն-մենակ, փոքրիկ աղջնակի հետ, առանց լեզու իմանալու, կարծես անտառում, իսկ վերջում նաև առանց փողի ապրել։ Այն ժամանակ նրան բերելու էր եկել Տատյանա Պավլովնան և հետ էր բերել Նիժեգորոդյան նահանգում գտնվող ինչ-որ տեղ։ Հետո Վերսիլովը գործի էր մտել որպես առաջին հավաքագրման հաշտարար միջնորդ և, ասում են, հրաշալի էր կատարում իր գործը, բայց շուտով թողել էր այդ և սկսել Պետերբուրգում զանազան, մասնավոր, քաղաքացիական հայցեր վարելով զբաղվել։ Անդրոնիկովը մշտապես բարձր էր գնահատում նրա ընդունակությունները, շատ էր հարգում նրան և միայն ասում էր, թե չի հասկանում նրա բնավորությունը։ Հետո Վերսիլովն այդ էլ թողեց և նորից գնաց արտասահման և արդեն երկար ժամանակով, մի քանի տարով։ Դրանից հետո սկսվեցին առանձնապես մտերմական հարաբերությունները ծեր իշխան Սոկոլսկու հետ։ Այս ամբողջ ժամանակ նրա դրամական միջոցները երկու-երեք անգամ փոփոխվել են արմատապես, մեկ լիովին ընկել է աղքատության գիրկը, մեկ հանկարծ նորից հարստացել ու վեր բարձրացել։
Սակայն, այժմ, նոթերս մինչև այս կետը հասցնելով, համարձակվում եմ պատմել նաև «իմ գաղափարի» մասին։ Առաջին անգամ նրա ծագումից հետո կնկարագրես այն բառերով։ Ես համարձակվում եմ, այսպես ասած, բանալ այն ընթերցողիս առաջ, նաև հետագա պատմությանս հստակության համար։ Եվ ոչ միայն ընթերցողը, այլև ես ինքս, հեղինակողս, սկսում եմ մոլորվել քայլերս բացատրելու դժվարության մեջ, առանց բացատրելու, թե ինչն է տարել ու մղել ինձ այդ քայլերը կատարելուն։ Այդ «լռության տրվելու կեցվածքով» ես իմ անկարողության հետևանքով, նորից ընկա վիպասանների «գեղեցկախոսությունների» մեջ, որոնք ինքս եմ ծաղրել վերում։ Ներս մտնելով պետերբուրգյան վեպիս դռնից, նրանում ունեցած իմ բոլոր ամոթալի արկածներով, ես անհրաժեշտ եմ համարում այս առաջաբանը։ Բայց ոչ թե «գեղեցկախոսություններն» են գայթակղել ինձ լռելու մինչ այժմ, այլև գործի էությունը, այսինքն գործի դժվարությունը, նույնիսկ այժմ, երբ արդեն անցել է ողջ անցյալը, ես անհաղթահարելի դժվարություն եմ զգում այդ «միտքը» պատմելիս։ Բացի այդ, ես, անշուշտ, պետք է շարադրեմ այն նրա այն իր ժամանակվա տեսքով, այսինքն՝ ինչպես է այն ծագել ու մտահղացվել իմ կողմից այն ժամանակ և ոչ թե հիմա, իսկ դա արդեն մի նոր դժվարություն է։ Որոշ բաներ համարյա անհնարին է պատմել։ Հենց այն գաղափարները, որոնք ամենից պարզն են, ամենից հստակը, հենց դրանք էլ դժվար է հասկանալ։ Եթե Կոլումբոսը Ամերիկան հայտնագործելուց առաջ սկսեր պատմել իր միտքն ուրիշներին, ես համոզված եմ, որ նրան չափազանց երկար ժամանակ չէին հասկանա։ Եվ չէ՞ որ չէին էլ հասկանում։ Այս ասելով՝ ես ամենևին միտք չունեմ ինձ Կոլումբոսի հետ հավասարեցնելու և եթե մեկն այդ եզրակացության գա, կամաչի և ուրիշ ոչինչ։
Գլուխ հինգերորդ
I
Իմ մտահղացումը Ոոտշիլդ դառնալն է։ Ընթերցողիս ես հանգստության ու լրջմտության եմ հրավիրում։
Ես կրկնում եմ, իմ մտահղացումը Ռոտշիլդ դառնալն է, այնքան հարուստ դառնալը, որքան Ռոտշիլդն է. ոչ թե ուղղակի հարուստ, այլ հենց որքան Ռոտշիլդն է։ Ինչու, ինչի համար, ինչ ուղղակի նպատակներ եմ հետապնդում. այդ մասին՝ հետո։ Սկզբում նախ կապացուցեմ, որ իմ նպատակին հասնելն ապահովված է մաթեմատիկորեն։
Շատ պարզ բան է, ողջ գաղտնիքը երկու բառի մեջ է. համառություն և անընդմեջություն։
― Լսել ենք,― կասեն ինձ,― նորություն չէ։ Գերմանիայում յուրաքանչյուր ֆատեր դա է կրկնում իր երեխաներին, մինչդեռ ձեր Ռոտշիլդը (այսինքն հանգուցյալ Ջեմս Ռոտշիլդը, փարիզեցին, ես նրա մասին եմ խոսում) միայն մեկն էր, իսկ ֆատերները՝ միլիոն։
Ես կպատասխանեի.
― Դուք հավատացնում եք, որ լսել եք, մինչդեռ ոչինչ էլ չեք լսել։ Ճիշտ է, մի բանում դուք էլ եք արդար, եթե ես ասացի, թե դա «շատ հասարակ» գործ է, ապա մոռացա ավելացնել, թե նաև շատ դժվար գործ է։ Աշխարհի բոլոր կրոններն ու բոլոր բարոյականությունները մի բանի են հանգում. «Պետք է առաքինություն սիրել և խուսափել արատներից»։ Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի պարզ լինել։ Հապա որևէ առաքինի բան արեք և ձեր գոնե մեկ արատից խուսափեք, հապա փորձեք, հը՞։ Այդպես էլ այս դեպքում է։
Ահա թե ինչու ձեր անթիվ-անհամար ֆատերները անթիվ-անհամար դարերի ընթացքում կարող են կրկնել ողջ գաղտնիքը կազմող այս զարմանալի երկու բառը, մինչդեռ Ռոտշիլդը մնում է մեկը։ Ուրեմն, այդպես է, բայց այդպես չէ, և ֆատերները բոլորովին այն միտքը չեն կրկնում։ Համառության ու անընդմեջության մասին նրանք էլ են, անշուշտ, լսել։ Բայց իմ նպատակին հասնելու համար ոչ ֆատերային համառությունը և ոչ ֆատերային անընդմեջություն են հարկավոր։
Հենց միայն այն բանը, որ նա ֆատեր է (ես միայն գերմանացիների մասին չեմ ասում), որ նա ընտանիք ունի, ապրում է բոլորի պես, ծախսեր ունի բոլորի պես, պարտականություններ՝ բոլորի պես, այստեղ Ռոտշիլդ չես դառնա, այլ միայն չափավոր մարդ կդառնաս։ Իսկ ես չափազանց հստակ եմ հասկանում, որ Ոոտշիլդ դառնալով, կամ նույնիսկ միայն Ռոտշիլդ դառնալ ցանկանալով, բայց ոչ թե ֆատերավարի, այլ լրջորեն, ես արդեն դրանով դուրս եմ գալիս հասարակությունից։
Մի քանի տարի առաջ ես լրագրում կարդացել եմ, որ Վոլգայի վրա, շոգենավերից մեկի վրա, մեռել էր բոլորին այնտեղ հայտնի ցնցոտիներով ման եկող, ողորմություն խնդրող մի մուրացկան։ Մահից հետո նրա ցնցոտիների մեջ կարված մոտ երեք հազար ռուբլու արժողությամբ թղթադրամներ էին գտել։ Օրերս ես նորից կարդացի ազնվական ծագում ունեցող մի մուրացկանի մասին, որ ման էր գալիս պանդոկներում ու ձեռք մեկնում մարդկանց։ Նրան բանտարկել էին ու մոտը մոտ հինգ հազար ռուբլի գտել։ Այստեղից ճիշտ երկու եզրակացություն կա. առաջինը կուտակելու համառությունը, նույնիսկ կոպեկանոց գումարներով, հետագայում հսկայական արդյունքներ է տալիս (ժամանակն այստեղ ոչինչ չի նշանակում) և երկրորդ որ հարստանալու ամենապարզամիտ ձևը, սակայն միայն անընդմեջ, հաջողությամբ ապահովված է մաթեմատիկորեն։
Մինչդեռ կան, միգուցե, շատ պատկառելի, խելոք ու չափավոր մարդիկ, որոնք սակայն (որքան էլ ջանք են թափում) չունեն ոչ երեք, ոչ էլ հինգ հազար և որոնք, սակայն, սոսկալի կուզենային դրանք ունենալ։ Ինչո՞ւ է այդպես։ Պատասխանը պարզ է. որովհետև նրանցից ոչ մեկը, չնայած իրենց ողջ ցանկությանը, այնուամենայնիվ, այդ աստիճան չի ուզում, որպեսզի, օրինակ, եթե ուրիշ ոչ մի կերպ չի կարելի հարստանալ, նույնիսկ մուրացկան դառնա և այն աստիճան համառ չէ, որպեսզի նույնիսկ մուրացկան դառնալով, առաջին ստացած կոպեկները չծախսի ավելորդ մի կտորի վրա իր կամ իր ընտանիքի համար։ Մինչդեռ կուտակման այս ձևի դեպքում, այսինքն՝ մուրացկանության դեպքում, այդպիսի փողեր դիզելու համար պետք է սնվել աղ ու հացով և ուրիշ ոչինչ, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Այդպես են, երևի, արել և վերոհիշյալ երկու մուրացկանը, այսինքն՝ միայն հաց են կերել և համարյա թե բաց երկնքի տակ ապրել։ Կասկած չկա, որ նրանք Ռոտշիլդ դառնալու մտադրություն չեն ունեցել, սրանք միայն Գարպագոնների ու Պլյուշկինների զտարյուն տեսակն են եղել, ոչ ավելին, սակայն նաև գիտակցական հարստացման դեպքում արդեն միանգամայն այլ ձևով, բայց Ռոտշիլդ դառնալու նպատակով, պահանջվելու է ոչ պակաս ցանկություն և կամքի ուժ, քան ունեցել են այս երկու մուրացկանը։ Ֆատերն այդպիսի ուժ չի հայտնաբերի։ Ուժերը բազմատեսակ են աշխարհում, հատկապես կամքի ու ցանկության ուժերը։ Կա ջրի եռման ջերմաստիճան և կա երկաթի կարմիր շիկացման ջերմաստիճան։
Այստեղ նույն վանքն է, մենակյացության նույն սխրագործությունները։ Այստեղ զգացմունքն է և ոչ գաղափարը։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք բարոյականություն է, արդյո՞ք այլանդակություն չէ կոպիտ գործվածքի տձև շոր հագնելը, ողջ կյանքի ընթացքում սև հաց ուտելը ու վրադ այդպիսի հսկայական փողեր կրելը։ Այս հարցերի մասին հետո, իսկ հիմա միայն նպատակիս հասնելու հնարավորության մասին։
Երբ ես հորինեցի «իմ միտքը» (իսկ այն հենց կարմիր շիկացման մեջ է կայանում), սկսեցի փորձել ինձ, արդյոք ընդունակ եմ վանքի ու մենակյացության։ Այդ նպատակով ամբողջ առաջին ամիսը ես հաց կերա ու ջուր խմեցի։ Սև հաց ծախսվում էր ոչ ավելի, քան երկու ու կես ֆունտ օրական։ Որպեսզի դա կատարեի, պետք է խաբեի խելամիտ Նիկոլայ Սեմյոնովիչին ու ինձ բարի կամեցող Մարիա Իվանովնային։ Ի դառնություն Մարիա Իվանովնայի և ի որոշակի վարանումն չափազանց նրբակիրթ Նիկոլայ Սեմյոնովիչի, ես պնդեցի, որ ճաշս սենյակս բերեն։ Այստեղ ես ուղղակի ոչնչացնում էի այն. արգանակը պատուհանից եղինջի վրա կամ մի ուրիշ տեղ էի թափում, տավարի մսի կտորը կամ պատուհանից նետում էի շանը, կամ թղթի մեջ փաթաթելով, դնում էի գրպանս ու հետո տանից դուրս բերում, այդպես էլ մյուս բոլոր բաները։ Եթե հացը ճաշի հետ երկու ու կես ֆունտից շատ ավելի պակաս էին մատուցում, ծածուկ ինքս էի հավելյալ հաց գնում։ Այդ ամիսը ես դիմացա, միգուցե միայն մի քիչ ստամոքսս փչացրի, բայց հետևյալ ամսից ես հացին ավելացրի նաև արգանակ, իսկ առավոտյան ու երեկոյան մի-մի բաժակ թեյ և, հավատացնում եմ ձեզ, որ այդպես միանգամայն ողջ֊առողջ ու գոհ, իսկ բարոյապես՝ հափշտակված ու շարունակական ծածուկ հիացումով, անցկացրի մի ամբողջ տարի։ Ես ոչ միայն չէի մտածում ուտելիքների մասին, այլև ուղղակի ոգևորված էի։ Տարին ավարտվելուն պես, համոզվելով, որ ի վիճակի եմ դիմանալու ինչ պասի որ ասես, ես սկսեցի ուտել, ինչպես մյուսները և նրանց հետ միասին, ճաշելուն անցա։ Չբավարարվելով այս փորձով՝ ես կատարեցի նաև երկրորդը. Նիկոլայ Սեմյոնովիչին վճարվող իմ օրապահիկից բացի, որպես գրպանի փող ինձ հասնում էր ամսական հինգ ռուբլի։ Ես վճռեցի դրա միայն կեսը ծախսել։ Դա շատ ծանր փորձություն էր, բայց երկու տարուց մի քիչ ավելի անց, Պետերբուրգ գալով, այլ փողերից բացի, միայն այդ խնայողությունից գոյացած յոթանասուն ռուբլի կար գրպանումս։ Այդ երկու փորձի արդյունքն ինձ համար հսկայական էր. ես հաստատապես իմացա, որ կարող եմ այնքան ցանկանալ, որ կհասնեմ նպատակիս և հենց դրանում է կայանում «միտքս», մնացյալը՝ բոլորը դատարկ բաներ են։
II
Սակայն քննենք նաև դատարկ բաները։
Ես նկարագրեցի իմ երկու փորձը. Պետերբուրգում, ինչպես արդեն հայտնի է, ես կատարեցի երրորդը, գնացի աճուրդ ու մի հարվածով յոթ ռուբլի իննսունհինգ կոպեկ շահեցի։ Իհարկե, դա իսկական փորձ չէր, այլ հենց այնպես, միայն խաղ, զվարճալիք, ուզեցի մի րոպե հափշտակել ապագայից ու փորձել, թե ինչպես եմ ման գալու ու գործելու։ Իսկ ընդհանրապես իսկական գործ ձեռնարկելը ես հետաձգել էի հենց սկզբից՝ Մոսկվայում, մինչև այն ժամանակ, երբ լիովին ազատ կլինեմ, ես չափազանց լավ էի հասկանում, որ ես, օրինակ, պետք է նախ գիմնազիան ավարտեմ։ (Համալսարանն, ինչպես արդեն հայտնի է, ես զոհաբերել եմ)։ Անշուշտ, ես գալիս էի Պետերբուրգ թաքնված զայրույթով, նոր էի հանձնել գիմնազիայի ավարտական քննություններս ու առաջին անգամ ազատ դարձել և հանկարծ տեսել, որ Վերսիլովի գործերը նորից են անհայտ ժամկետով ինձ շեղում գործս սկսելուց։ Սակայն, թեև զայրույթով, ես քայլում էի, այնուամենայնիվ, նպատակիս համար միանգամայն հանգիստ։
Ճիշտ է, ես գործնականը չգիտեի, բայց երեք տարի շարունակ մտմտում էի ու կասկած ունենալ չէի կարող։ Ես հազար անգամ պատկերացրել էի, թե ինչպես կսկսեմ։ Կարծես երկնքից առաքված, ես հանկարծ հայտնվում եմ մեր երկու մայրաքաղաքներից մեկում (սկզբի համար ընտրել եմ մեր մայրաքաղաքները և հատկապես Պետերբուրգը, որին, որոշ հաշիվներով, առավելություն եմ տվել) և այսպես՝ ես առաքված եմ երկնքից, բայց միանգամայն ազատ եմ, ոչ ոքից կախում չունեմ, առողջ եմ և նախնական շրջանառության մեջ դնելու դրամագլխի համար գրպանումս թաքցրած հարյուր ռուբլի ունեմ։ Առանց հարյուր ռուբլու հնարավոր չէ սկսել, քանի որ արդեն չափազանց երկար ժամկետով կհեռանար հաջողության ամենաառաջին ժամանակաշրջանը։ Բացի հարյուր ռուբլուց, ինչպես արդեն հայտնի է, ես ունեմ արիություն, համառություն, անընդմեջություն, լիակատար մեկուսացում և գաղտնիություն։ Մեկուսացումը գլխավորն է. ես մինչև ամենավերջին րոպեն սոսկալի չեմ սիրում ոչ մի հարաբերություն ու գործակցություն մարդկանց հետ. ընդհանրապես ասած, «գաղափարիս» իրականացումը սկսել ես որոշել էի անպայման մենակ, դա որպես sine qua[20]։ Ինձ համար ծանր են մարդիկ, և հոգով ես հանգիստ չէի լինի, իսկ անհանգստությունը կխանգարեր նպատակիս։ Եվ ընդհանրապես մինչև այժմ, ողջ կյանքիս ընթացքում, բոլոր երազանքներումս այն մասին, թե ինչպես եմ վարվելու մարդկանց հետ մշտապես շատ խելոք էր ստացվում, իսկ ամենաչնչին չափով գործնականում՝ մշտապես շատ հիմար։ Ես դա խոստովանում եմ զայրույթով ու անկեղծորեն, որ միշտ մատնել եմ ինձ խոսելով և շտապել եմ, հենց այդ պատճառով էլ որոշել եմ կրճատել մարդկանց։ Շահույթում՝ անկախություն, ոգու հանգստություն, նպատակի հստակություն։
Չնայած պետերբուրգյան սոսկալի գներին, ես մեկընդմիշտ սահմանել էի, որ տասնհինգ կոպեկից ավելի ուտելիքիս վրա չեմ ծախսի և գիտեի, որ խոստումս կկատարեմ։ Ուտելիքիս մասին այդ հարցը ես երկար ու հանգամանորեն էի կշռադատել, սահմանել էի, օրինակ, որ երբեմն երկու օր իրար ետևից միայն հաց ու աղ, միայն այնպես, որ երրորդ օրը ծախսեմ երկու օրում արածս խնայողությունը, ինձ թվում էր, որ դա ավելի շահեկան կլինի առողջությանս համար, քան մշտական հավասար պասը նվազագույն տասնհինգ կոպեկով։ Հետո, ապրուստիս համար ինձ մի անկյուն էր պետք, բառացիորեն անկյուն, միայն որպեսզի քնեմ գիշերը կամ արդեն չափազանց անձրևոտ օրը պատսպարվեմ։ Ապրել որոշել էի փողոցում, և կարիքի դեպքում պատրաստ էի գիշերել գիշերօթևաններում, որտեղ քնելու տեղից բացի մի կտոր հաց ու մի բաժակ թեյ են տալիս։ Օ՜, ես չափազանց լավ կկարողանայի թաքցնել իմ փողերը, որպեսզի անկյունումս կամ օթևանում չգողանային դրանք ինձնից և նույնիսկ չլրտեսեն, երդվում եմ։ «Ինձնից գողանան, հա՞։ Ես, ախր, վախենում եմ, որ ինքս ուրիշից չգողանամ»,― մի անգամ լսել եմ փողոցում այս զվարթ խոսքը մի ստահակից։ Իհարկե, իմ նկատմամբ ես այս խոսքից կիրառում եմ միայն զգուշությունն ու խորամանկությունը, իսկ գողություն անելու միտք չունեմ։ Բացի դրանից, դեռ Մոսկվայում, միգուցե «մտքիս» ամենաառաջին օրից, վճռեցի, որ ոչ վաշխառու, ոչ էլ գրավառու չեմ դառնա, դրա համար ջհուդներ կան և ռուսներից էլ նրանք, ով ոչ խելք ունի, ոչ բնավորություն։ Գրավն ու տոկոսը հասարակ մարդկանց գործ է։
Ինչ վերաբերում է հագուստիս, որոշեցի երկու կոստյում ունենալ, մեկն ամենօրյա, մյուսը՝ օրինավոր։ Մի անգամ ձեռք բերելով, ես վստահ էի, որ երկար կհագնեմ, երկու ու կես տարի ես հատկապես սովորել եմ շոր հագնել և նույնիսկ մի գյուտ եմ արել, որպեսզի հագուստը միշտ նոր լինի ու չմաշվի, պետք է որքան կարելի է հաճախ, օրը հինգ-վեց անգամ մաքրել խոզանակով։ Մահուդը խոզանակից չի վախենում, հաստատապես եմ ասում, այլ փոշուց ու կեղտից է վախենում։ Փոշին նույն քարերն են, եթե նայենք մանրադիտակով, իսկ խոզանակը, որքան էլ ամուր, համարյա նույն բուրդն է։ Հավասարապես սովորեցի նաև կոշիկ հագնել, գաղտնիքն այն է, որ պետք է ոտքը զգուշությամբ, ամբողջ ներբանով միանգամից, և որքան կարելի է հազվադեպ կողքի թեքելով, գետին դնել։ Դրան սովորել կարելի է երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո բանն անգիտակից կերպով առաջ կգնա։ Այս ձևով կոշիկները հագնվում են, միջին հաշվով, ժամանակի մեկ-երրորդ չափով ավելի։ Երկու տարվա փորձս է ցույց տվել։
Հետո սկսվում է արդեն ինքը գործունեությունը։
Ես ելնում էի հետևյալ դատողությունից, ես հարյուր ռուբլի ունեմ։ Իսկ Պետերբուրգում այնքան աճուրդներ, մեծաքանակ ծախծախումներ, հնոտիաշուկաներում մանր խանութներ ու կարիքավոր մարդիկ կան, որ անհնարին է, այսքանով մի բան գնելով չվաճառել այն քիչ ավելի թանկ գնով։ Ալբոմի համար երկու ռուբլի հինգ կոպեկ ծախսած դրամագլխով ես շահեցի յոթ ռուբլի իննսուհինգ կոպեկ։ Այդ հսկայական շահույթը ձեռք էր բերվել առանց ռիսկի, ես աչքերից էի տեսնում, որ գնորդը ձեռք չի քաշի։ Իհարկե, ես շատ լավ եմ հասկանում, որ դա միայն մի դեպք է, բայց ես հենց նման դեպքեր եմ որոնում, դրա համար էլ վճռել եմ ապրել փողոցում։ Թող այդ դեպքերը նույնիսկ չափազանց հազվագյուտ լինեն, միևնույն է, իմ գլխավոր կանոնն է լինելու ոչ մի բան վտանգի չենթարկել և երկրորդը ամեն օր անպայման գոնե որևէ բան իմ ապրուստի վրա ծախսված նվազագույնից ավելի շահել, որպեսզի ոչ մի օր կուտակումը չընդհատվի։
Ինձ կասեն, այդ բոլորը երազանք է, դուք փողոցը չեք ճանաչում և հենց առաջին քայլից ձեզ կխաբեն։ Բայց ես կամք ու բնավորություն ունեմ, իսկ փողոցի գիտությունը գիտություն է և ինչպես յուրաքանչյուր ուրիշ գիտություն, տրվում է համառությանը, ուշադրությանը և ընդունակություններին։ Գիմնազիայում մինչև յոթերորդ դասարանը ես առաջիններից մեկն էի, շատ լավ էի մաթեմատիկայից։ Դե, մի՞թե կարելի է մինչև այդպիսի, կուռքի աստիճանի, երկինք հասցնել փորձն ու փողոցի գիտությունը, որպեսզի անպայման անհաջողություն գուշակել։ Դա մշտապես միայն նրանք են ասում, ովքեր երբեք ոչ մի փորձ ոչ մի բանում չեն արել, ոչ մի կյանք չեն սկսել և պատրաստ բանի վրա գորշ կյանք են վարել։ «Մեկը քիթը ջարդել է, ուրեմն անպայման մյուսն էլ կջարդի»։ Ոչ, չեմ ջարդի։ Ես բնավորություն ունեմ և ուշադիր լինելու դեպքում ես ամեն բան կսովորեմ։ Կա՞, արդյոք, հնարավորություն պատկերացնելու, որ անդադար համառության դեպքում, անդադար աչալուրջ հայացքի դեպքում և անդադար կշռադատելու ու հաշվետեսության դեպքում, անսահման գործունեության ու վազվռտուքի դեպքում դուք չեք հասնի վերջապես այն գիտելիքին, թե ինչպես ամեն օր մի ավելորդ քսան կոպեկ վաստակեք։
Գլխավորն այն է, որ ես որոշել եմ երբեք չխփել շահույթի առավելագույնին, այլ միշտ հանգիստ լինել։ Իսկ հետագայում, մի-երկու հազար վաստակելուց հետո ես, իհարկե, ակամա էլ դուրս կգայի միջնորդությունից ու փողոցի վերավաճառողի դրությունից։ Ինձ, իհարկե, դեռ չափազանց քիչ են հայտնի բորսան, արժեթղթերը, բանկիրական գործը և շատ ուրիշ բաներ։ Բայց դրա փոխարեն հինգ մատիս պես ինձ հայտնի է, որ բոլոր այդ բորսաներն ու բանկիրությունները ես կիմանամ ու կուսումնասիրեմ իր ժամանակին, ինչպես ուրիշ ոչ մեկը, և որ այդ գիտությունը կհայտնվի միանգամայն հասարակ կերպով միայն այն պատճառով, որ բանն արդեն դրան կհասնի։ Ի՞նչ է, դրա համար շա՞տ խելք է պետք։ Դա ի՞նչ Սողոմոնի իմաստնություն է որ։ Միայն թե բնավորություն լինի, հմտությունը, ճարպկությունը, գիտությունը իրենք իրենց կհայտնվեն։ Միայն թե չդադարի «ցանկանալը»։
Գլխավորը վտանգի չենթարկվել, իսկ դա հնարավոր է հենց միայն բնավորություն ունենալու դեպքում։ Հենց վերջերս, արդեն իմ գալուց հետո, Պե-տերբուրգում երկաթուղային արժեթղթերի մի բաժանորդագրություն եղավ, նրանք, ում հաջողվել էր բաժանորդագրվել, շատ էին շահել։ Որոշ ժամանակ արժեթղթերը գնալով ավելի էին արժեքավորվում։ Եվ ահա հանկարծ բաժանորդագրվել չհասցրածը կամ ագահը, տեսնելով ձեռքիս արժեթղթերը, կառաջարկեր իրեն վաճառել դրանք ինչ-որ տոկոս շահույթով։ Եվ ինչ, ես անպայման և իսկույն կվաճառեի դրանք։ Ինձ վրա, իհարկե, կսկսեին ծիծաղել, այսինքն՝ եթե սպասեիք, տասն անգամ ավելի կվերցնեիք։ Այդպես է, բայց իմ շահույթը ավելի հաստատուն է արդեն նրանով, որ գրպանումս է, իսկ ձերը դեռ սավառնում է։ Կասեն, թե այդպես շատ չես շահի, ներեցեք, հենց այստեղ է ծեր սխալը, մեր այդ բոլոր Կոկորևների, Պոլյակովների, Գուբոնինների սխալը։ Իմացեք ճշմարտությունը․ անընդմեջությունն ու համառությունը հարստանալու և, որ գլխավորն է, կուտակման գործում զորեղ է մոնումենտալ շահերից, նույնիսկ եթե հարյուրից հարյուր տոկոս լինի այն։
Ֆրանսիական հեղափոխությունից քիչ առաջ Փարիզ է ժամանել Լոու ազգանունով մեկը և սկզբունքորեն մի հանճարեղ նախագիծ ծեռնարկել (որը հետագայում իսկապես սոսկալի ծևով պայթել է)։ Ողջ Փարիզը հուզվել էր. Լոուի արժեթղթերը, իրար հրմշտելով, ծեռքից ձեռք էին խլում։ Այն տունը, որտեղ բացված էր բաժանորդագրությունը, կարծես պարկից փող էր թափվում ամբողջ Փարիզից, բայց տունն էլ արդեն բավական չէր. հասարակությունը խռնվում էր փողոցում ամեն տեսակ խավերի, կարողությունների, տարիքների մարդիկ, բուրժուաներ, ազնվականներ, սրանց զավակները, կոմսուհիներ, մարքիզուհիներ, հասարակաց կանայք բոլորը համախմբվել էին որպես կատաղած շան կծածների մի կատաղի, կիսախելագար ամբոխ, աստիճանակարգերը, ազնվատոհմության ու հպարտության նախապաշարմունքները, նույնիսկ պատիվն ու բարի անունը՝ ամեն բան տրորվել էր միևնույն ցեխում, ամեն բան զոհաբերում էին (նույնիսկ կանայք) մի քանի արժեթուղթ ձեռք բերելու համար։ Վերջապես բաժանորդագրությունը դուրս եկավ փողոց, բայց գրելու տեղ չկար։ Այստեղ մի սապատավորի առաջարկեցին մի որոշ ժամանակով, սապատը զիջել որպես սեղան արժեթղթեր բաժանորդագրելու համար։ Սապատավորը համաձայնեց. կարելի է պատկերացնել, թե ի՜նչ գնով։ Որոշ ժամանակ (շատ քիչ) անց ողջը սնանկացավ, ողջը պայթեց, ամբողջ գաղափարը գրողի ծոցն անցավ, և արժեթղթերը իսպառ կորցրին իրենց գինը։ Իսկ ո՞վ շահեց։ Միայն սապատավորը և հենց այն պատճառով, որ ոչ չթե արժեթղթեր էր վերցնում, այլ կանխիկ լուիդորներ։ Ուրեմն, ես հենց այն սապատավորն եմ։ Չէ՞ որ հենց ես ուժ ունեցա չուտելու և կոպեկներով յոթանասուներկու ռուբլի խնայելու, կունենամ և այնքան, որ բոլորին համակած տենդախտի մրրիկում զսպեմ ինձ և հաստատուն դրամը գերադասեմ մեծ փողերից։ Ես մանրախնդիր եմ միայն մանր բաներում, բայց մեծ գործում՝ ոչ։ Փոքր համբերության համար հաճախ բնավորությունս չէր բավականացնում, նույնիսկ «մտքիս» ծնվելուց հետո, իսկ մեծ համբերության համար՝ միշտ կբավականացնի։ Երբ առավոտյան ծառայության գնալուցս առաջ, մայրս արդեն սառած սուրճ էր ինձ մատուցում, ես բարկանում ու կոպտում էի նրան, մինչդեռ ես այն մարդն էի, որ միայն հացով ու ջրով էի ապրել մի ամբողջ ամիս։
Մի խոսքով, չհարստանալ, չսովորել, թե ինչպես հարստանալ անբնական կլիներ։ Անբնական է նաև, անընդմեջ ու համաչափ կուտակման դեպքում, անընդմեջ, ուշադիր դիտելու և սթափ մտքի, չափավորության, տնտեսելու դեպքում շարունակաբար աճող եռանդի դեպքում, կրկնում եմ, անբնական կլիներ միլիոնատեր չդառնալը։ Ինչո՞վ է վաստակել մուրացկանն իր փողերը, եթե ոչ բնավորության մոլեռանդությամբ ու համառությամբ։ Մի՞թե ես մուրացկանից վատ եմ։ «Եվ վերջապես, թող ես ոչնչի չհասնեմ, թող հաշիվներս սխալ լինեն, թող սնանկանամ ու կործանվեմ, միևնույն է գնում եմ։ Գնում եմ, որովհետև այդպես եմ ուզում»։ Ահա թե ինչ էի ասում դեռ Մոսկվայում։
Ինձ կասեն, թե այստեղ ոչ մի «միտք» և ամենևին ոչ մի նոր բան չկա։ Իսկ ես կասեմ, և արդեն վերջին անգամ, որ այստեղ անհաշիվ շատ միտք կա և անսահման շատ նոր բան։
Օ՜, չէ՞ որ ես կանխազգում էի, որքան տրիվիալ կլինեն բոլոր առարկությունները և որքան տրիվիալ կլինեմ ես ինքս «միտքս» շարադրելիս։ Դե, ի՞նչ արտահայտեցի ես։ Մի հարյուրերորդականն էլ չարտահայտեցի, ես զգում եմ, որ մանրախնդիր, գռեհիկ, մակերեսային և նույնիսկ մի տեսակ, կարծես, իմ տարիքից էլ փոքրի միտք դուրս եկավ։
III
Մնում են «ինչի համար» և «ինչու», «բարոյական բան է, թե ոչ» և ուրիշ հարցեր․ սրանց ես խոստացել եմ պատասխանել։
Ես տխրում եմ, որ իսկույն հիասթափեցնելու եմ ընթերցողիս, տխրում եմ, բայց և ուրախանում։ Թող իմանան, որ իմ «մտքի» նպատակներում «վրիժառության» ամենևին ոչ մի զգացմունք, ոչ մի բայրոնյան բան. ո՛չ անեծք, ո՛չ սրբության գանգատ, ո՛չ անօրինածինության արտասուք, ոչինչ, ոչինչ չկա։ Մի խոսքով, ռոմանտիկ տիկինը, եթե նրա ձեռքն ընկնեին նոթերս, իսկույն քիթը կկախեր։ Իմ «մտքի» ողջ նպատակը մեկուսացումն է։
― Բայց մեկուսացման կարելի է հասնել ամենևին առանց Ռոտշիլդ դառնալու մտքից փքվելու։ Ի՞նչ գործ ունի այստեղ Ռոտշիլդը։
― Հենց այն գործը, որ բացի մեկուսացումից ինձ նաև հզորություն է պետք։ Նախաբան կբերեմ, միգուցե, ընթերցողը կսարսափի իմ խոստովանության անկեղծությունից և միամտորեն հարց կտա իրեն, ինչպե՞ս է, որ հեղինակը չի շիկնել։ Կպատասխանեմ, քո հրատարակման համար չեմ գրում, իսկ ընթերցող, հավանաբար, կունենամ մի տասը տարի հետո, երբ ամեն բան արդեն այն աստիճան որոշակի կդառնա, կանցնի ու կապացուցվի, որ շիկնելու կարիք այլևս չի լինի։ Այդ պատճառով էլ, եթե նոթերումս երբեմն դիմում եմ ընթերցողիս, ապա դա միայն հնարանք է։ Ընթերցողս երևակայական դեմք է։
Ոչ, ապօրինածնությունը չէ, որով ծաղրում էին ինձ Տուշարի մոտ, ոչ էլ մանկությանս տխուր տարիները, վրիժառությունը չէ, ոչ էլ բողոքի իրավունքը, որ սկիզբ են դրել իմ «մտքին»։ Ամեն բանի մեղքն իմ բնավորությունն է։ Կարծում եմ, որ տասներկու տարեկան հասակիցս, այսինքն համարյա կանոնավոր գիտակցությանս ծագումից սկսած, ես սկսել եմ չսիրել մարդկանց։ Ոչ թե չսիրել, այլ մի տեսակ ծանր տանելի էին դարձել նրանք ինձ համար։ Երբեմն մաքուր զգացմունքներիս րոպեներին, ինքս էի չափազանց տխրում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ամեն բան արտահայտել նույնիսկ ամենամոտ մարդկանց, այսինքն կարող էի, բայց չէի ուզում, չգիտես ինչու, ինձ զսպում էի, տխրում էի, որ չվստահող եմ, մռայլ ու անմարդամոտ։ Եվս մի բան, արդեն վաղուց, համարյա մանկությունիցս, իմ մեջ մի գիծ եմ նկատել, որ չափազանց հաճախ եմ մեղադրում, չափազանց հակված եմ մեղադրելու ուրիշներին, բայց այդ հակվածությանը շատ հաճախ անհապաղ հետևում էր մի ուրիշ միտք, որն արդեն չափազանց ծանր էր ինձ համար. «Արդյոք ես ինքս չե՞մ մեղավոր նրանց փոխարեն»։ Եվ որքա՜ն հաճախ մեղադրել եմ ինձ անտեղի։ Որպեսզի նման հարցեր չվճռեմ, ես, բնականաբար, մեկուսացում եմ փնտրել։ Դրան ավելացրած նաև այն, որ որքան էլ աշխատել եմ, ոչինչ չեմ գտել մարդկային հասարակության մեջ, իսկ ես աշխատել եմ գտնել, համենայն դեպս իմ բոլոր հասակակիցները, բոլոր ընկերներս, մինչև վերջինը, բոլորը, իրենց մտքերով ինձնից ցած էին դուրս գալիս, ոչ մի բացառություն չեմ հիշում։
Այո, ես մռայլ եմ, անդադար պարփակվում եմ իմ մեջ։ Ես հաճախ ուզում եմ դուրս գալ հասարակությունից։ Միգուցե, ես նույնիսկ բարեգործություն անեմ մարդկանց, սակայն հաճախ ամենաչնչին պատճառն անգամ չեմ տեսնում նրանց համար բարին գործելու։ Եվ մարդիկ ամենևին էլ այդքան հրաշալի չեն, որ այդպես հոգանք նրանց մասին։ Ինչո՞ւ նրանք չեն մոտենում անկեղծ և ուղիղ և ինչու պետք է անպայման հենց ես առաջինը նրանց քիթը մտնեմ,― ահա թե ինչ էի ես ինձ հարցնում։ Ես շնորհակալ արարած եմ և հարյուրավոր տխմարություններով եմ ապացուցել դա։ Ես մի ակնթարթում անկեղծությամբ կպատասխանեի անկեղծին և իսկույն կսկսեի սիրել նրան։ Հենց այդպես էլ անում էի։ Բայց նրանք բոլորն էլ իսկույն խաբում էին ինձ և, ծաղրելով, ինձնից խորթանում։ Ամենաբացսիրտը բոլորից Լամբերտն էր, որը մանուկ հասակումս շատ էր ինձ ծեծում, բայց սա էլ միայն անսքող ստահակ էր ու ավազակ, և այստեղ էլ նրա անսքողությունը միայն հիմարությունից էր բխում։ Ահա մտքերս, երբ եկա Պետերբուրգ։
Դերգաչովի մոտից դուրս գալով (որի մոտ, Աստված գիտե, թե ինչու էի խցկվել)՝ ես մոտեցա Վասինին և, ոգևորության մղումով, գովաբանեցի նրան։ Եվ ի՞նչ։ Հենց նույն երեկոյան ես արդեն զգացի, որ շատ ավելի քիչ եմ նրան սիրում։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ նրան գովաբանելով, դրանով էլ ստորացրի ինձ նրա առաջ։ Մինչդեռ, թվում է, թե հակառակը պիտի լինի, մարդն այնքան արդարադատ ու մեծահոգի է, որ հատուցանում է ուրիշին, նույնիսկ ի վնաս իրեն, նման մարդն իր սեփական արժանապատվությամբ հազիվ թե բարձր չէ յուրաքանչյուրից։ Եվ ի՞նչ, ես դա հասկանում էի և այնուամենայնիվ ավելի քիչ էի սիրում Վասինին, նույնիսկ շատ ավելի քիչ. դիտավորյալ այնպիսի օրինակ եմ վերցնում, որ արդեն հայտնի է ընթերցողին։ Նույնիսկ Կրաֆտին էի դառն ու թթու զգացմունքով հիշում այն բանի համար, որ սա ինքն ինձ նախասենյակ դուրս բերեց, այսպես շարունակվեց մինչև մյուս օրը, երբ Կրաֆտի վերաբերյալ ամեն բան լիովին պարզվեց և նրանից նեղանալ այլևս չէր կարելի։ Գիմնազիայի ամենացածր դասարաններից սկսած, հենց որ ընկերներիցս մեկը մի քիչ ինձնից առաջ էր ընկնում ուսման կամ սրամիտ պատասխանների մեջ, կամ ֆիզիկական ուժով, ես իսկույն դադարում էի նրա հետ շփվել ու խոսել։ Ոչ թե որովհետև նրան ատում էի կամ անհաջողություն ցանկանում, ուղղակի երես էի դարձնում նրանից, որովհետև բնավորությունս է այդպիսին։
Այո, ես ձգտում էի հզորության ողջ կյանքիս ընթացքում, հզորության և մեկուսացման։ Այդ մասին էի երազում նույնիսկ այն տարիքում, երբ արդեն վճռականորեն ամեն մեկը երեսիս կծիծաղեր, եթե հասկանար, թե ինչ կա գանգիս տակ։ Ահա թե ինչու ես այդքան սիրել եմ գաղտնիքը։ Այո, ես երագել եմ ամբողջ ուժովս և այնքան, որ խոսելու ժամանակ չեմ ունեցել, դրանից եզրակացրել են, որ ես անմարդամոտ եմ, իսկ ցրվածությունիցս էլ ավելի վատ եզրակացությունների են եկել իմ մասին, թեև վարդագույն այտերս դրա հակառակն էին ապացուցում։
Առանձնապես երջանիկ էի լինում, երբ քնելու պառկելով և վերմակով ծածկվելով, սկսում էի արդեն մենակ, ամենալիակատար մեկուսացման մեջ, առանց շուրջս քայլող մարդկանց և առանց նրանց ամենաչնչին ծպտունի, վերստեղծել կյանքը մի այլ ձևով։ Ամենակատաղի երազկոտությունն է ուղեկցել ինձ ընդհուպ մինչև «մտքիս» գյուտը, երբ բոլոր երազանքներս հիմար լինելուց միանգամից դարձան խելամիտ և վեպի անրջային ձևից անցան իրականության դատողական ձևին։
Ամեն բան միաձուլվեց մի նպատակի մեջ։ Դրանք, ի դեպ, առաջ էլ այնքան հիմար չէին, թեև անթիվ-անհամար էին ու հազար-հազարավոր։ Բայց դրանց մեջ կային սիրելիներս... Ի դեպ, հո չեմ մեջբերելու դրանք այստեղ։
Հզորությո՜ւն։ Ես համոզված եմ, որ շատ-շատերի ծիծաղը շատ կգար, եթե իմանային, թե նման «հեչ բանը» ձեռք է մեկնում հզորության։ Բայց ես էլ ավելի կզարմացնեմ. միգուցե իմ ամենաառաջին երազանքներից սկսած, այսինքն՝ համարյա թե հենց մանկությունիցս, ես այլ կերպ չէի կարողանում պատկերացնել ինձ, քան առաջին տեղում՝ կյանքի բոլոր շրջապտույտներում և մշտապես կավելացնեմ տարօրինակ մի խոստովանություն. միգուցե, դա շարունակվում է դեռ մինչև օրս։ Ի դեպ նկատեմ, որ ներողություն չեմ խնդրում։
Հենց դա է իմ «միտքը», հենց դա է և նրա ուժը, որ փողն է այն միակ ճանապարհը, որն առաջին տեղին է հասցնում նույնիսկ ոչնչությանը։ Միգուցե, ես ոչնչություն չեմ, բայց ես, օրինակ, հայելուն նայելով գիտեմ, որ արտաքինս ինձ վնասում է, որովհետե դեմքս սովորական է։ Բայց եթե ես Ռոտշիլդի պես հարուստ լինեի, ով պիտի դեմքս բանի տեղ դներ, և արդյո՞ք հազարավոր կանայք հենց առաջին սուլոցովս վրա չէին տա ինձ իրենց գեղեցկությամբ հանդերձ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ նրանք, միանգամայն անկեղծորեն ինձ ի վերջո գեղեցիկ կհամարեն։ Միգուցե, ես խելոք եմ։ Բայց եթե նույնիսկ յոթ թզաչափ էլ ճակատ ունենայի, հասարակության մեջ անպայման, հենց իսկույն կգտնվի մեկը, որն ութ թզաչափ ճակատ ունի, և ես կորած եմ։ Մինչդեռ, եթե ես Ռոտշիլդը լինեի, մի՞թե այդ խելքի տոպրակը, թեկուզ և ութ թզաչափ ճակատով, որևէ արժեք կարող էր ունենալ իմ կողքին։ Նրան իսկի խոսել էլ չէին թողնի իմ կողքին։ Միգուցե, ես սրամիտ եմ. բայց ահա կողքիս են Թալեյրանը, Պիրոնը, և ես խավարում եմ, իսկ եթե ես համարյա թե Ռոտշիլդ եմ, ո՞ւր մնաց Պիրոնը, գուցեև, ո՞ւր մնաց նաև Թալեյրանը։ Փողն, իհարկե, բռնակալական հզորություն է, բայց միաժամանակ նաև բարձրագույն հավասարություն, և դրանում է նրա գլխավոր ուժը։ Փողը հավասարեցնում է բոլոր անհավասարությունները։ Այս բոլորը ես վճռել եմ դեռ Մոսկվայում։
Այս մտքի մեջ դուք, իհարկե, միայն ամբարտավանություն, բռնություն, տաղանդների նկատմամբ ոչնչության հաղթանակ կտեսնեք։ Համաձայն եմ, որ միտքն այս հանդուգն միտք է (դրա համար էլ քաղցր է)։ Բայց թեկուզ և այդպես, դուք կարծում եք, թե այն ժամանակ ես հզորության էի ձգտում, որ անպայման ճզմե՞մ, վրիժառո՞ւ լինեմ։ Բանն էլ հենց այդ է, որ այդպես կվարվեր միջակությունը։ Դա դեռ քիչ է, ես վստահ եմ, որ այդքան բարձրացած հազարավոր տաղանդներ ու խելքի տոպրակներ, եթե հանկարծ նրանց վրա թափեին Ռոտշիլդի միլիոնները, տեղնուտեղը չէին դիմանա ու որպես ամենագռեհիկ միջակություն կվարվեին և բոլորից շատ կճզմեին։ Իմ միտքը դա չէ։ Ես փողից չեմ վախենում, այն ինձ չի ճզմի և ճզմել չի ստիպի։
Ինձ փող պետք չէ, կամ, ավելի լավ է ասել, փողը չէ, որ ինձ պետք է, նույնիսկ հզորություն պետք չէ. ինձ պետք է միայն այն, որը ձեռք է բերվում հզորությամբ և որը ոչ մի կերպ չի կարելի ձեռք բերել առանց հզորության, դա մեկուսացումն է և ուժի հանդարտ գիտակցությունը։ Ապա ազատության ամենակատարյալ սահմանումը, որի համար այդպես չարչարվում է աշխարհը։ Ազատությո՜ւն։ Ես գրեցի վերջապես այդ մեծագույն բառը... Այո, ուժի մեկուսի գիտակցությունը հրապուրիչ է ու հրաշալի։ Ես ուժ ունեմ և հանգիստ եմ։ Շանթն ու որոտը Յուպիտերի ձեռքին են, և ինչ, նա հանգիստ է. հաճա՞խ է լսվում, որ նա որոտում է։ Հիմարին կթվա, թե նա քնած է։ Իսկ եթե Յուպիտերի տեղը մի գրող կամ գյուղացի մի հիմար կնիկ նստեցնես մի որոտ, մի որոտ կտեղա, ի՜նչ կկատարվի։
Եթե միայն ես հզորություն ունենայի, դատում էի ես, ինձ ամենևին պետք էլ չի գա այն. հավատացնում եմ, որ ինքս, իմ կամքով, ամենուրեք վերջին տեղը կգրավեի։ Եթե ես Ռոտշիլդը լինեի, ես հնամաշ վերարկուով ու անձրևանոցով ման կգայի։ Ի՜նչ պետքս է, թե հրում են ինձ փողոցում, թե ստիպված եմ թռչկոտելով վազել ցեխի միջով, որպեսզի կառապաններն ինձ կառքի տակ չգցեն։ Այն գիտակցությունը, որ ես ինքը՝ Ռոտշիլդն եմ, նույնիսկ կզվարճացներ ինձ այդ րոպեին։ Ես գիտեմ, որ կարող եմ այնպիսի ճաշ ունենալ, ինչպես ոչ ոք չունի, և աշխարհի առաջին խոհարարն ունենալ, ինձ համար բավական է, որ ես այդ գիտեմ։ Ես մի կտոր հաց ու խոզապուխտ կուտեմ և կուշտ կլինեմ իմ գիտակցությամբ։ Նույնիսկ հիմա եմ ես այդպես կարծում։
Ոչ թե ես կաշխատեմ արիստոկրատիայի մեջ մտնել, այլ արիստոկրատիան կաշխատի ինձ քսվել, ոչ թե ես կվազեմ կանանց հետևից, այլ նրանք ջրի պես կծփան շուրջս, առաջարկելով ինձ այն ամենը, որ կարող է առաջարկել կինը։ «Լպիրշները» կվազեն ինձ մոտ փող ուզելու, իսկ խելոքներին կգրավի հետաքրքրությունը տարօրինակ, հպարտ, իր մեջ պարփակված և ամեն ինչի նկատմամբ անտարբեր արարածի նկատմամբ։ Ես սիրալիր կլինեմ և սրանց, և նրանց հետ և, միգուցե, փող կտամ նրանց, բայց ինքս նրանցից ոչինչ չեմ վերցնի։ Հետաքրքրությունը կիրք է ծնում, միգուցե, ես հենց կիրք կներշնչեմ։ Նրանք ձեռնունայն, միայն գուցե նվերներով կհեռանան, հավատացնում եմ ձեզ։ Ես միայն կրկնակի հետաքրքիր կդառնամ նրանց համար։
... ինձ բավական է
Այս գիտակցությունը։
Տարօրինակն այն է, որ այս պատկերով (ի դեպ, ճշմարտացի) ես գայթակղվում էի դեռ տասնյոթ տարեկան ժամանակս։
Ես ոչ ոքի չեմ ուզում ճզմել ու տանջել և չեմ էլ վարվելու այդպես, բայց գիտեմ, որ եթե ուզենամ կործանել այսինչ մարդուն՝ իմ թշնամուն, ապա ոչ ոք դրանում ինձ արգելք չէր հանդիսանալու, այլ բոլորը հաճոյակատար պիտի լինեին և սա էլ է բավական։ Ես ոչ ոքից անգամ վրեժ չէի լուծի։ Ես միշտ զարմացել եմ, ինչպե՜ս կարող էր Ջեմս Ռոտշիլդը համաձայնել բարոն դառնալ։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, եթե նա առանց այն էլ բոլորից բարձրն է աշխարհում։ «Օ՜, թող նեղացնի ինձ այդ հանդուգն գեներալը կայարանում, ուր երկուսս էլ ձիերի ենք սպասում։ Եթե նա իմանար, թե ով եմ ես, ինքը կվազեր ձիերին լծելու և դուրս կթռչեր ինձ իմ համեստ տարանտասը նստեցնելու։ Գրել են, որ մի օտարերկրացի կոմս, թե բարոն Վիեննայի մի երկաթուղում այնտեղացի մի բանկիրի կոշիկներն է հագցրել հասարակության առաջ, իսկ սա այնքան սովոր է ե-ղել, որ թույլ է տվել։ Օ՜, թող, թող այդ սոսկալի գեղեցկուհին (հենց սոսկալի, կան այդպիսիները), այդ փարթամ ու անվանի արիստոկրատուհու դուստրը, պատահաբար հանդիպելով ինձ շոգենավի վրա կամ մի ուրիշ տեղ, աչքի պոչով ինձ նայի ու, քիթը տնկելով, արհամարհանքով զարմանա, ինչպե՞ս է համարձակվել ընկնել առաջին տեղը, իր կողքին, գիրքը կամ լրագիրը ձեռքին այս համեստ ու ողորմելի մարդուկը։ Բայց եթե նա միայն իմանար, թե ո՜վ է նստած իր կողքին։ Եվ նա կիմանա, կիմանա ու ինքը կնստի իմ կողքին, հնազանդ, վեհերոտ, փաղաքուշ, փնտրելով հայացքս, ուրախացած իմ ժպիտից...»։ Ես դիտավորյալ եմ մեջբերում այս վաղեմի պատկերները, որպեսզի ավելի վառ արտահայտեմ միտքս, բայց պատկերները դժգույն են և, միգուցե, տրիվիալ։ Միայն իրականությունն է ամեն բան արդարացնում։
Կասես հիմարություն է այդպես ապրելը, ինչո՞ւ հյուրանոց չունենալ, հյուրերի առաջ դռները բաց տուն չունենալ, հասարակություն չհավաքել, ազդեցություն չունենալ, չամուսնանալ։ Բայց ի՞նչ կդառնա այն ժամանակ Ռոտշիլդը։ Նա կդառնա բոլորի նման։ «Մտքի» ողջ հմայքը, նրա բարոյական ողջ ուժը կանհետանա։ Ես դեռ մանուկ հասակումս եմ անգիր սովորել Պուշկինի «Ժլատ ասպետի» մենախոսությունը․ գաղափարի տեսակետից Պուշկինը դրանից բարձր ոչինչ չի ստեղծել։ Նույն կարծիքին եմ ես նաև այժմ։
«Բայց ձեր իդեալը չափազանց ստոր է,― կասեն ինձ արհամարհանքով,― փող, հարստություն։ Ուրիշ բան է հանրային օգուտը, մարդասիրական սխրագործությունները»։
Բայց ո՞վ և ի՞նչ գիտե, թե ինչպես կօգտագործեի ես իմ հարստությունը։ Ինչո՞վ է անբարոյական և ինչո՞վ է ստոր այն, որ ջհուդների, վնասակար և կեղտոտ բազմաթիվ ձեռքերից այդ միլիոնները հոսեն աշխարհը սևեռուն զննող սթափ և հաստատակամ սքեմավորի ձեռքերի մեջ։ Ընդհանրապես ապագայի մասին այս բոլոր երազանքները բոլոր այս գուշակությունները, այս բոլորը այժմ դեռ կարծես վեպ լինեն, և ես, միգուցե, իզուր եմ գրի առնում, ավելի լավ է թող մնար գանգիս տակ. գիտեմ նաև, որ այս տողերը, միգուցե, ոչ ոք էլ չի կարդալու, բայց եթե որևէ մեկը կարդար, կհավատա՞ր, արդյոք, որ միգուցե չդիմանայի էլ Ոոտշիլդի միլիոններին։ Ոչ թե որովհետև դրանք կճզմեին ինձ, այլ բոլորովին ուրիշ հակառակ իմաստով։ Իմ երազանքներում ես արդեն քանիցս բռնել եմ այն պահը ապագայում, երբ գիտակցությունս չափազանց բավարարված կլինի, իսկ հզորությունս չափազանց քիչ կթվա։ Այն ժամանակ (ոչ թե ձանձրույթից, ոչ էլ աննպատակ կարոտից, այլ այն բանից, որ անսահման կցանկանամ ավելին) բոլոր միլիոններս ես կտամ մարդկանց, թող հասարակությունը բաժանի իմ ողջ հարստությունը, իսկ ես, ես նորից կխառնվեմ ոչնչությանը։ Միգուցե, դառնամ այն աղքատը, որ մեռել էր շոգենավի վրա, միայն այն տարբերությամբ, որ իմ ցնցոտիների մեջ ոչ մի կարած բան չեն գտնի։ Միայն այն գիտակցությունը, որ իմ ձեռքին միլիոններ են եղել, և ես ագռավի պես ցեխի մեջ եմ նետել դրանք, կսներ ինձ իմ անապատում։ Ես հիմա էլ եմ պատրաստ այդպես մտածել։ Այո, իմ «միտքը» այն ամրոցն է, որում ես մշտապես և համենայն դեպս կարող եմ թաքնվել բոլոր մարդկանցից, թեկուզև որպես շոգենավի վրա մեռած մուրացկան։ Ահա իմ պոեմը։ Եվ իմացեք, որ ինձ հենց իմ արատավոր կամքն է պետք ամբողջությամբ, միայն որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, թե ես ի վիճակի եմ նրանից հրաժարվելու։
Անշուշտ, ինձ կառարկեն, թե դա արդեն բանաստեղծություն է, և որ ես երբեք բաց չեմ թողնի միլիոնները, եթե դրանք ձեռքս ընկնեն և սարատոփան մուրացկան չեմ դառնա։ Գուցեև բաց չթողնեմ, ես միայն մտքիս իդեալը նկարագրեցի։ Բայց կավելացնեմ արդեն լրջորեն, եթե հարստություն կուտակելիս ես այնպիսի գումարի հասնեի, ինչպիսին Ռոտշիլդինն է, ապա իսկապես դա կարող էր ավարտվել նրանով, որ ես այն կնետեի հասարակությանը։ (Ի դեպ, ռոտշիլդյան գումարից առաջ դժվար կլիներ դա ի կատար ածել)։ Եվ կեսը չէի տա, որովհետև այդ դեպքում միայն ստորություն կստացվեր, ես միայն կրկնակի աղքատ կդառնայի և ուրիշ ոչինչ, այլ հենց բոլորը, մինչև վերջին կոպեկը՜ բոլորը, որովհետև աղքատ դառնալով, ես հանկարծ կրկնակի հարուստ կդառնայի Ռոտշիլդից։ Եթե սա չհասկանան, ես մեղավոր չեմ, չեմ բացատրելու։
«Ձեռնածություն, ոչնչության ու անզորության պոեզիա,― կվճռեն մարդիկ,― անտաղանդության ու միջակության հաղթանակ»։ Այո, խոստովանում եմ, որ սա մասամբ և անտաղանդության, և միջակության հաղթանակ է, բայց հազիվ թե անզորության։ Ինձ սոսկալի դուր էր գալիս ներկայացնել մի արարածի, հենց անտաղանդ ու միջակ մի արարածի, որ կանգնած է աշխարհի առջև և ժպտադեմ ասում է նրան, դուք Գալիլեյներ ու Կոպեռնիկոսներ եք, Կարլ Մեծեր ու Նապոլեոններ եք, դուք Պուշկիններ ու Շեքսպիրներ եք, դուք ֆելդմարշալներ ու հոֆմարշալներ եք, իսկ ես՝ անտաղանդությունս ու ապօրինածնությունս, այնուամենայնիվ, վեր եմ ձեզնից, քանի որ ինքներդ եք դրան ենթարկվել։ Խոստովանում եմ, այս երևակայությունը ես այնպիսի ծայրահեղության էի հասցնում, որ հերքում էի նույնիսկ կրթությունը։ Ինձ թվում էր, թե ավելի գեղեցիկ կլինի, եթե մարդն այդ նույնիսկ կեղտոտ, անկիրթ լինի։ Այդ, արդեն չափազանցված իղձն այն ժամանակ ազդեց նույնիսկ իմ հաջողության վրա գիմնազիայի յոթերորդ դասարանում, հենց մոլեռանդությունից ես դադարեցի սովորել, առանց կրթության, իբր, գեղեցկություն էր ավելանում իմ իդեալին։ Հիմա ես փոխել եմ համոզմունքս այս կետում. կրթությունը չի խանգարի։
Պարոնայք, մի՞թե մտքի անկախությունը, թեկուզ ամենաչնչին անկախությունը, այդքան ծանր է ձեզ համար։ Երանելի է նա, ով գեղեցկության իդեալ ունի, թեկուզ և սխալ իդեալ։ Բայց իմ իդեալին ես հավատում եմ։ Ես միայն այնպես չշարադրեցի այն, անշնորհք, տարրական ձևով շարադրեցի։ Տասը տարի հետո, իհարկե, ավելի լավ կշարադրեի։ Իսկ սա կպահեմ ինձ հիշատակ։
IV
Ես ավարտեցի «միտքս»։ Եթե գռեհիկ, մակերեսորեն նկարագրեցի, մեղավոր եմ ես և ոչ թե «միտքս»։ Ես արդեն նախազգուշացրել եմ, որ պարզագույն մտքերը ամենադժվարն են հասկացվում, հիմա կավելացնեմ, որ նաև ավելի դժվար են շարադրվում, առավել ևս, որ «միտքս» դեռ նախնական ձևով եմ նկարագրել։ Մտքերի համար կա նաև հետադարձ օրենք. գռեհիկ, շուտափույթ մտքերը արտակարգ արագ են հասկացվում և անպայման ողջ ամբոխի, ողջ փողոցի կողմից, դա դեռ քիչ է, հանճարագույն և մեծագույն են համարվում, բայց միայն իրենց հայտնվելու օրը։ Էժանագինը հաստատուն չէ։ Արագ հասկացվելը միայն հասկացության գռեհկության նշանն է։ Բիսմարկի միտքը մի ակնթարթում հանճարեղ դարձավ, իսկ ինքը Բիսմարկը՝ հանճար, բայց հենց այդ արագությունն է կասկածելին. Բիսմարկին ես սպասելու եմ տասը տարի հետո, և այն ժամանակ կտեսնենք, թե ինչ կմնա նրա մտքից և, միգուցե, հենց իրենից, պարոն կանցլերից։ Այս ծայրաստիճան կողմնակի և գործին անհամապատասխան նկատառումը ես մեջ եմ բերում, իհարկե, ոչ թե համեմատության համար, այլ նույնպես հիշատակի։ (Բացատրություններ արդեն չափազանց գռեհիկ ընթերցողի համար)։
Իսկ հիմա երկու անեկդոտ կպատմեմ, որպեսզի դրանով իսպառ ավարտեմ «միտքս» և այնպես անեմ, որ այն այլևս ոչնչով չխանգարի պատմությանս։
Ամռանը, հուլիսին, Պետերբուրգ գալուցս երկու ամիս առաջ, երբ ես արդեն միանգամայն ազատ էի, Մարիա Իվանովնան խնդրեց ինձ գնալ Երրորդության արվարձանը այնտեղ բնակվող մի պառավ օրիորդի մոտ այստեղ մանրամասն հիշատակվելու համար միանգամայն անհետաքրքիր մի հանձնարարությամբ։ Նույն օրն էլ վերադառնալով, վագոնում ես մի բավական լավ, բայց անմաքուր հագնված, բշտիկածածկ դեմքով, կեղտագույն-թուխ, քնձռոտ երիտասարդի նկատեցի։ Սա աչքի էր ընկնում նրանով, որ յուրաքանչյուր կայարանում ու կիսակայարանում անպայման դուրս էր գալիս վագոնից և օղի խմում։ Ճանապարհի վերջում նրա շուրջը մի ուրախ, սակայն միանգամայն վատաբարո ընկերախումբ կազմվեց։ Մի վաճառական, նույնպես մի քիչ հարբած, հատկապես էր հիանում երիտասարդի անդադար խմելու ու սթափ մնալու ընդունակությամբ։ Շատ գոհ էր նաև սոսկալի շատախոս և սոսկալի հիմար, գերմանական ձևով հագնված մի տղա, որից շատ վատ հոտ էր գալիս և որը, ինչպես հետո իմացա սպասավոր էր. սա նույնիսկ ընկերացել էր խմող երիտասարդի հետ և գնացքի ամեն կանգառին տեղից հանում էր նրան «Հիմա օղի խմելու ժամանակն է» հրավերով և, իրար գրկած, դուրս էին գալիս միասին։ Խմող երիտասարդը համարյա ոչ մի խոսք չէր ասում, իսկ զրուցակիցները գնալով ավելի ու ավելի էին հավաքվում նրա շուրջը, նա միայն լսում էր բոլորին, փսլնքոտ քռքռոցով քմծիծաղ էր տալիս անդադար և ժամանակ առ ժամանակ, բայց միշտ անսպասելի, «տյուր-լյուր, լյու»-ի պես մի ձայն հանում, ըստ որում, մի տեսակ չափազանց ծիծաղաշարժ մատը մոտեցնում էր քթին։ Հենց սա էլ ուրախացնում էր և՛ վաճառականին, և՛ սպասավորին, և՛ բոլորին, և՛ սրանք չափազանց բարձր ու սանձարձակ ծիծաղում էին։ Հասկանալի չէ, թե ինչի՞ վրա են երբեմն ծիծաղում մարդիկ։ Ես էլ մոտեցա, չեմ հասկանում, թե ինչու այս երիտասարդը, կարծես, ինձ էլ դուր եկավ, միգուցե հանրաճանաչ և պաշտոնական ձևամոլական պատշաճությունների չափազանց վառ խախտումով, մի խոսքով, ես չկարողացա ճանաչել հիմարին, սակայն իսկույն էլ մտերմացա նրա հետ դու-ով խոսելու աստիճանի և, վագոնից դուրս գալիս, իմացա նրանից, որ երեկոյան ժամը ութից հետո նա Տվերսկոյ բուլվար է գալու։ Պարզվեց, որ նախկին ուսանող է։ Ես եկա բուլվար, և ահա թե ինչ սովորեցրեց ինձ նա. մենք երկուսով ման էինք գալիս բոլոր բուլվարներով և քիչ հետո հենց բուլվարով անցնող օրինավոր կին էինք նկատում, բայց այնպես, որ շուրջբոլորը մարդ չլինի, իսկույն ևեթ ընկնում էինք նրա հետևից։ Առանց նրա հետ բառ անգամ խոսելու, իսկույն տեղավորվում էինք նա մի կողմից, ես մյուս և ամենահանգիստ տեսքով, կարծես բոլորովին չնկատելով նրան, ամենաանպարկեշտ զրույց էինք սկսում իրար միջև։ Ամենաանխռով տեսքով և կարծես հենց այդպես էլ պետք էր, մենք իրերն իրենց սեփական անուններով էինք կոչում և այնպիսի մանրամասների մեջ էինք մտնում զանազան պղծություններ ու կեղտոտություններ բացատրելիս, որ ամենաանառակ մարդու ամենաապականված երևակայությունը չէր կարող այն հորինել։ (Այդ բոլոր գիտելիքները ես, իհարկե, դեռ դպրոցում էի ձեռք բերել, նույնիսկ մինչև գիմնազիա, բայց միայն բառերը, ոչ թե գործը)։ Կինը շատ էր վախենում, շտապում էր շուտ հեռանալ, բայց մենք էլ էինք արագացնում մեր քայլերը և շարունակում էինք մերը։ Զոհն, իհարկե, ոչինչ չուներ անելու, հո չէ՞ր գոռալու. վկաներ չկային և, բացի այդ, մի տեսակ տարօրինակ էր բողոքելը։ Այս զվարճություններով անցավ մի ութ օր, չես հասկանում, ինչպե՞ս կարոդ էր դա ինձ դուր գալ և դուր էլ չէր գալիս, այլ հենց այնպես։ Սկզբում դա ինձ ինքնօրինակ էր թվում, սովորական, պաշտոնական պայմաններից կարծես դուրս եկող մի բան. դրան ավելացրած նաև, որ ես տանել չէի կարողանում կանանց։ Մի անգամ ես հաղորդեցի ուսանողին, որ ժան ժակ Ռուսսոն իր «Խոստովանության» մեջ պատմում է, որ ինքը, արդեն պատանեկան տարիքում, սիրում էր, մերկացնելով, պատի ետևից զգուշորեն ցուցադրել մարմնի սովորաբար փակ պահվող մասերը և այդ տեսքով սպասում էր անցուդարձ անող կանանց։ Ուսանողն ինձ պատասխանեց իր «տյուր-լյուր-լյու»-ով։ Ես նկատել էի, որ նա սոսկալի տգետ է և զարմանալիորեն քիչ բանով է հետաքրքրվում։ Ոչ մի թաքնված միտք չուներ, որ ես հուսով էի նրա մեջ գտնել։ Ինքնօրինակության փոխարեն ես միայն ճնշող միօրինակություն գտա։ Ես, գնալով, ավելի ու ավելի չէի սիրում նրան։ Վերջապես ամեն բան միանգամայն անսպասելի վերջացավ, մի անգամ մենք, արդեն լիակատար խավարում, հետապնդեցինք բուլվարով արագ ու վեհերոտ անցնող շատ երիտասարդ, միգուցե միայն տասնվեցը լրացած կամ ավելի փոքր, շատ մաքուր ու համեստ հագնված, միգուցե իր աշխատանքով ապրող և գործից տուն, ծերացած մոր, երեխատեր խեղճ այրու մոտ վերադարձող աղջկա, սակայն կարիք չկա դյուրազգացության գիրկն ընկնելու։ Աղջնակը մի որոշ ժամանակ լսում էր և, գլուխը խոնարհած ու շղարշով դեմքը ծածկած, վախվխելով ու դողդողալով, շտապ-շտապ քայլում էր առաջ, բայց հանկարծ կանգ առավ, շղարշը ետ նետեց իր, որքան հիշում եմ, շատ սիրունատես, բայց նիհարավուն դեմքից և փայլատակող աչքերով բղավեց մեզ.
― Ախ, ի՜նչ սրիկաներ եք դուք։
Գուցե այստեղ նա արտասվեր, բայց ուրիշ բան կատարվեց, ձեռքը բարձրացրեց և իր փոքրիկ, նիհար ձեռքով ուսանողին այնպիսի մի ապտակ տվեց, որից ճարպիկը, միգուցե, երբեք տրված չէր եղել։ Ուղղակի շառաչեց։ Ուսանողը հայհոյեց և այն է, ուզում էր հարձակվել, բայց ես ետ պահեցի, և աղջնակը հասցրեց փախչել։ Մնալով մենակ, մենք իսկույն կռվեցինք, ես ասացի նրան այն ամենը, որ այդ ամբողջ ժամանակում կուտակվել էր նրա դեմ իմ սրտում, ասացի նրան, որ նա միայն ողորմելի մի ապաշնորհություն ու միջակություն է և որ նրանում երբեք մտքի ամենաչնչին նշույլ անգամ չի եղել։ Նա հայհոյեց ինձ... (Մի անգամ ես նրան պատմել էի իմ ապօրինածնության մասին) հետո մենք թքեցինք իրար վրա, և այդ օրվանից ես նրան այլևս չեմ տեսել։ Այդ երեկո ես շատ էի սրտնեղում, հետևյալ օրը ոչ այնքան շատ, երրորդ օրը բոլորովին մոռացա։ Եվ ինչ, թեպետ հետագայում հիշում էի երբեմն այն աղջնակին, բայց միայն պատահաբար և հարևանցիորեն։ Միայն գալով Պետերբուրգ, մի երկու շաբաթ անց, ես հանկարծ հիշեցի այդ ողջ տեսարանը, հիշեցի և հանկարծ այնպես ամաչեցի, որ բառացիորեն ամոթի արտասուքները հոսեցին այտերս ի վար։ Ես տանջվեցի ամբողջ երեկո, ամբողջ գիշեր, մասամբ տանջվում եմ և այժմ։ Սկզբում ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդքան ցած ու այդքան խայտառակ ընկնել և, որ գլխավորն է, մոռանալ այդ դեպքը, չամաչել դրանից, չզղջալ։ Միայն այժմ ես իմաստավորեցի, թե ինչումն էր բանը, մեղավորը «միտքս» էր։ Կարճ ասած ես ուղիղ եզրակացնում եմ, թե մտքումդ անշարժ մշտական, ուժեղ մի բան ունենալով, որով զբաղված ես սոսկալի, կարծես դրանով ողջ աշխարհից դեպի անապատ ես հեռանում, և այն բոլորը, որ կատարվում է, անցնում է միայն գլխավորի կողքից հարևանցի։ Նույնիսկ տպավորությունները սխալ են ընդունվում։ Եվ բացի դրանից, գլխավորն այն է, որ միշտ պատրվակ ունես։ Որքա՜ն եմ տանջել մորս այդ ժամանակի ընթացքում, որքա՜ն ամոթալի լքել քրոջս, «էհ, ես «միտք» ունեմ, իսկ ողջ մնացյալը մանրուք է»,― ահա թե ինչ էի. կարծես, ասում ինձ։ Ինձ էլ էին վիրավորում, և վիրավորում էին ցավոտ, ես հեռանում էի վիրավորված և հետո հանկարծ ասում էի ինքս ինձ. «էհ, ստոր եմ ես, բայց այնուամենայնիվ «միտք» ունեմ, և նրանք չգիտեն այդ մասին»։ «Միտքը» մխիթարում էր խայտառակության և ոչնչության մեջ, բայց իմ բոլոր ստորություններն էլ, կարծես, թաքնվում էին մտքիս տակ. միտքս, այսպես ասած, ամեն բան թեթևացնում էր, բայց և ամեն բան պարուրում էր իմ առջև, սակայն իրերի ու դեպքերի նման անհստակ հասկացությունը, իհարկե, կարող է վնասել նույնիսկ հենց իրեն՝ «մտքին», չխոսելով այլ բաների մասին։
Հիմա մյուս անեկդոտը։
Անցյալ տարվա ապրիլի մեկը Մարիա Իվանովնայի անվանակոչության օրն էր։ Երեկոյան շատ քիչ, ուղղակի մի երկու հյուր եկավ։ Հանկարծ շնչակտուր ներս է մտնում Ագրաֆենան և հայտարարում, որ խոհանոցի առջև գտնվող հաշտում մի ծծկեր ընկեցիկ է ճչում և որ ինքը չգիտե, թե ինչ անի։ Տեղեկությունը բոլորին հուզեց, բոլորը գնացին ու տեսան մի կողով, իսկ կողովում երեք կամ չորս շաբաթական, ճչացող աղջնակին։ Ես վերցրի կողովը, տարա խոհանոց և իսկույն երկծալ մի գրություն գտա. «Սիրելի բարերարներ, բարյացակամ օգնություն ցուցաբերեք Արինա մկրտված աղջնակին, իսկ մենք նրա հետ մեկտեղ մշտապես մեր արտասուքները կհղենք ներկային հանուն ձեր բարօրության, և շնորհավորում ենք ձեզ ձեր անվանակոչության առթիվ, ձեզ անհայտ մարդիկ»։ Այստեղ իմ կողմից այնքան հարգված Նիկոլայ Սեմյոնովիչը շատ վշտացրեց ինձ. նա շատ լուրջ արտահայտություն տվեց իր դեմքին և վճռեց անհապաղ որբանոց ուղարկել աղջնակին։ Ես շատ տխրեցի։ Նրանք չափազանց խնայողաբար էին ապրում, բայց զավակներ չունեին, և Նիկոլայ Սեմյոնովիչը դրա համար միշտ ուրախ էր։ Ես խնամքով հանեցի Արինոչկային կողովից և ուսերից բռնած վեր բարձրացրի, կողովից մի տեսակ թթու-կծու հոտ էր գալիս, որ սովորաբար գալիս է երկար չլողացրած ծծկեր երեխայից։ Վիճելով Նիկոլայ Սեմյոնովիչի հետ, ես հանկարծ հայտարարեցի նրան, որ աղջնակին իմ հաշվին եմ վերցնում։ Սա, չնայած իր ողջ մեղմությանը, որոշակի խստությամբ սկսեց առարկել ինձ և, թեև կատակով ավարտեց, բայց իր մտադրությունը որբանոցի կապակցությամբ լիովին ուժի մեջ թողեց։ Սակայն ստացվեց իմ ուզածով, նույն բակում, բայց ուրիշ կցաշենքում շատ աղքատ, տարեց ու խմող մի ատաղձագործ էր ապրում, բայց նրա դեռ բավական երիտասարդ և շատ առողջ կինը նոր էր կորցրել իր ծծկեր և, որ գլխավորն է, ութ տարվա անպտուղ ամուսնական կյանքից հետո ծնված միակ երեխային, նույնպես աղջիկ և բախտի տարօրինակ բերումով, նույնպես Արինոչկա։ Ասում եմ բախտի բերումով, որովհետև երբ մենք վիճում էինք խոհանոցում, այդ կինը, դեպքի մասին լսելով, վազեց-եկավ տեսնելու և, իմանալով, որ սա էլ է Արինոչկա, սաստիկ հուզվեց։ Նրա կաթը դեռ հետ չէր գնացել, նա բացեց կուրծքը և երեխայի բերանը դրեց։ Ես կպա նրան ու սկսեցի խնդրել, որ իր տուն տանի՝ ասելով, որ ես ամեն ամիս կվճարեմ իրեն։ Նա վախենում էր՝ թույլ կտա՞ արդյոք ամուսինը, բայց մի գիշերով վերցրեց։ Առավոտյան ամուսինը թույլ տվեց ամիսը ութ ռուբլով, և ես տեղնուտեղը առաջիկա ամսի համար վճարեցի գումարը նախապես, որը նա իսկույն էլ տվեց խմիչքի։ Նիկոլայ Սեմյոնովիչը, շարունակելով տարօրինակ ժպտալ, համաձայնեց երաշխավորել ինձ համար ատաղձագործի մոտ, որ ամիսը ութ ռուբլի գումարը անշեղորեն կմուծվի իմ կողմից։ Ես ուզում էի Նիկոլայ Սեմյոնովիչին ապահովելու համար նրան տալ իմ վաթսուն ռուբլին, բայց նա չվերցրեց, ի դեպ, նա գիտեր, որ ես փող ունեմ, և հավատում էր ինձ։ Նրա այս նրբանկատությամբ մեր րոպեական գժտությունը հարթվեց։ Մարիա Իվանովնան ոչինչ չէր ասում, բայց զարմանում էր, թե ինչպես եմ այդպիսի հոգս ինձ վրա վերցնում։ Հատկապես գնահատեցի ես նրանց նրբանկատությունը այն բանում, որ երկուսն էլ ոչ մի ամենաչնչին կատակն անգամ թույլ չտվեցին իրենց իմ նկատմամբ, այլ, ընդհակառակը, սկսեցին գործին այնքան լրջորեն վերաբերվել, որքան որ հարկն էր։ Ամեն օր, օրը երեք անգամ, ես վազում էի Դարյա Ռոդիվոնովնայի մոտ, իսկ մեկ շաբաթ անց, մի երեք ռուբլի էլ նվիրեցի նրան անձամբ նրա բուռը դնելով ամուսնուց գաղտնի։ Մի երեք ռուբլով էլ վերմակ ու բարուրաշորեր գնեցի։ Բայց տասը օրից Րինոչկան հանկարծ հիվանդացավ։ Ես իսկույն բժիշկ բերեցի, սա ինչ-որ դեղորայք դուրս գրեց, և մենք ամբողջ գիշեր չարչարվեցինք, տհաճ դեղերով տանջելով պստիկին, իսկ հետևյալ օրը բժիշկն ասաց, թե արդեն ուշ է և իմ թախանձանքներին (ի դեպ, կարծեմ, նախատինքներին) ազնիվ խուսափողականությամբ արտասանեց. «Ես աստված չեմ»։ Աղջնակի լեզուն, շրթունքները և ամբողջ բերանը ինչ-որ մանր ու սպիտակ բշտիկներով պատվեցին, և իր մեծ-մեծ սև աչուկներն ինձ վրա հառած, կարծես ամեն բան արդեն հասկանում էր, երեկոյան նա վախճանվեց։ Չեմ հասկանում, ինչպե՞ս մտքովս չանցավ նրա մեռած կերպարանքը լուսանկարել։ Կհավատա՞ս արդյոք, որ ես ոչ թե լալիս էի, այլ ուղղակի ոռնում էի այդ երեկո, որ առաջներում երբեք ինձ թույլ չեմ տվել և Մարիա Իվանովնան ստիպված էր մխիթարել ինձ և էլի ծաղրի առանց ոչ մի նշույլ ոչ նրա, ոչ էլ Նիկոլայ Սեմյոնովիչի կողմից։ Հենց ատաղձագործն էլ փոքրիկ մի դագաղ շինեց, Մարիա Իվանովնան բոլորածալով զարդարեց ու մի սիրունիկ, փոքրիկ բարձ դրեց, իսկ ես ծաղիկ գնեցի ու մանկիկի վրա շաղ տվեցի, այդպես էլ տարան իմ խեղճ ցողիկին, որին, կհավատա՞ն արդյոք, մինչև օրս չեմ կարողանում մոռանալ։ Սակայն որոշ ժամանակ անց այս ողջ, համարյա հանկարծակի իրադարձությունը ստիպեց ինձ խորապես խորհրդածել։ Իհարկե, Րինոչկան ինձ վրա թանկ չնստեց (բոլորը միասին, դագաղով, թաղումով, բժշկով, ծաղիկով և Դարյա Ռոդիվոնովնային վճարելով ― երեսուն ռուբլի)։ Այդ գումարը, Պետերբուրգ մեկնելիս, ես վերաշահեցի մեկնումի համար Վերսիլովի ինձ ուղարկած քառասուն ռուբլով և մեկնելուցս առաջ որոշ իրերի վաճառքով, այնպես որ իմ ամբողջ «դրամագլուխը» մնաց անձեռնմխելի։ «Բայց,― մտածեցի ես,― եթե այսպես աջ ու ձախ շեղվեմ, ապա հեռու չեմ գնա»։ Ուսանողի հետ ունեցածս պատմությունից դուրս էր գալիս, որ «միտքս» կարող է տանել մինչև տպավորությունների անորոշություն և հեռացնել ընթացիկ իրականությունից։ Րինոչկայի պատմությունից հակառակն էր դուրս գալիս, որ ոչ մի «միտք» ի զորու չէ հրապուրելու (գոնե ինձ) այն աստիճան, որպեսզի հանկարծ կանգ չառնեմ որևէ ճնշող փաստի առաջ և չզոհեմ դրան միանգամից այն բոլորը, որ տարիների աշխատանքով արդեն արել եմ «մտքիս» համար։ Եվ, այնուամենայնիվ, երկու եզրակացությունս էլ ճիշտ էին։
Գլուխ վեցերորդ
I
Հույսերս լիովին չիրականացան․ ես նրանց մենակ չգտա․ թեև Վերսիլովը չկար, բայց մորս մոտ նստած էր Տատյանա Պավլովնան, այնուամենայնիվ օտար մարդ։ Մեծահոգի տրամադրությունս միանգամից կիսով չափ անհետացավ։ Զարմանալի է, թե ինչ արագ ու ինչ թեթև եմ շրջվում ես նման դեպքերում, մի մազը կամ ավազի մի հատիկը բավական է, որ քամուն տա լավը ու փոխարինի վատով։ Իսկ վատ տպավորություններս, ցավոք, այդքան էլ արագ չեն դուրս մղվում, թեև հիշաչար չեմ։ Ներս մտնելուս պես ինձ թվաց, թե մայրս իսկույն և արագ ընդհատեց Տատյանա Պավլովնայի հետ իր, կարծես թե բավական աշխույժ զրույցի թելը։ Քույրս աշխատանքից վերադարձել էր ինձնից մեկ րոպե առաջ և դեռ դուրս չէր եկել իր խցիկից։
Այս բնակարանը երեք սենյակից էր բաղկացած։ Այն սենյակը, որում բոլորը սովորաբար նստում էին, մեջտեղի սենյակը կամ հյուրասենյակը, բավական մեծ և համարյա վայելուչ էր։ Այդ սենյակում կարմիր, փափուկ բազմոցներ կային, որոնք, ի դեպ, արդեն տրորված էին (Վերսիլովը վրաքաշ շորեր տանել չէր կարողանում), կային նաև մի քանի գորգ, մի քանի սեղան ու անպետք սեղանիկներ։ Դեպի աջ գտնվում էր Վերսիլովի մի լուսամուտանոց նեղ, անձուկ սենյակը, այստեղ մի ողորմելի գրասեղան կար, որի վրա մի քանի անգործածական գրքեր ու մոռացված թղթեր էին թափված, իսկ սեղանի առջև՝ ոչ պակաս ողորմելի փափուկ բազկաթոռ, կոտրված և անկյունաձև վեր թռած զսպանակով, որից հաճախ տնքում ու հայհոյում էր Վերսիլովը։ Այս նույն առանձնասենյակում փափուկ և նույնպես չարչրկված բազմոցի վրա էլ բացում էին նրա անկողինը, նա ատում էր իր այս առանձնասենյակը և կարծես թե ոչինչ այդտեղ չէր անում, այլ գերադասում էր ժամերով պարապ նստել հյուրասենյակում։ Հյուրասենյակից դեպի ձախ ճիշտ նույնպիսի սենյակ կար, այստեղ մայրս ու քույրս էին քնում։ Հյուրասենյակ մտնում էին միջանցքից, որը ավարտվում էր մուտքով դեպի խոհանոց, ուր ապրում էր խոհարարուհի Լուկերյան, և երբ սա ճաշ էր պատրաստում, վառված յուղի ծխահոտով անողորմ լցնում էր ողջ բնակարանը։ Լինում էին րոպեներ, երբ խոհանոցային այս ծուխ ու մխի պատճառով Վերսիլովը բարձրաձայն անիծում էր իր կյանքն ու ճակատագիրը, և միայն այս հարցում ես լիովին կարեկից էի նրան, ես էլ եմ ատում այդ հոտերը, թեև դրանք ինձ մոտ չէին թափանցում, ես ապրում էի վերում, տանիքի տակ գտնվող փոքրիկ լուսասենյակում, ուր բարձրանում էի արտակարգ զառիվեր ու ճռճռան սանդուղքով։ Այստեղի տեսարժան բաներն էին կիսակլոր պատուհանը, սոսկալի ցածր առաստաղը, մոմլաթապատ բազմոցը, որի վրա Լուկերյան գիշերամուտին սավան էր փռում ու բարձ դնում, իսկ մյուս կահույքից միայն երկու առարկա կար՝ կոպիտ տաշած հասարակ սեղան և հյուսկեն ծակ աթոռ։
Սակայն մեզ մոտ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում էին երբեմնի փարթամակեցության որոշ մնացորդներ, օրինակ, հյուրասենյակում կար բավական որակյալ ճենապակե մի լամպ, իսկ պատին կախված էր դրեզդենյան Աստվածամոր մեծ, հրաշալի մի փորագրանկար, հենց այստեղ էլ, դիմացի պատին՝ Ֆլորենցիայի տաճարի բրոնզե ձուլածո դարպասի հսկայական մեծության թանկարժեք լուսանկարը։ Այս նույն սենյակում, անկյունում, կախված էր հնադարյան, ընտանեկան սրբապատկերների մեծ պահարանը, որոնցից մեկի վրա (բոլոր սրբերի) ոսկեջրած արծաթե մեծ շրջանակ կար, հենց այն, որն ուզում էին գրավ դնել, իսկ մյուսի վրա՝ (Աստվածամոր սրբապատկերի) մարգարիտներով ասեղնագործած, թավշե շրջանակ։ Սրբապատկերների առջև ճրագ էր կախված, որ վառվում էր յուրաքանչյուր տոնի նախօրյակին։ Վերսիլովը սրբապատկերների նկատմամբ, նրանց նշանակության իմաստով, ըստ երևույթին, անտարբեր էր և միայն կնճռոտվում էր երբեմն, ըստ երևույթին զսպելհվ իրեն, ճրագի՝ ոսկեզօծ շրջանակից արտացոլված լույսից թեթևակի գանգատվելով, թե դա վնասում է իր տեսողությանը, բայց, այնուամենայնիվ, մորս ճրագ վառելուն չէր խանգարում։
Սովորաբար ես, դեպի որևէ անկյուն նայելով, լուռ ու մռայլ էի ներս մտնում, երբեմն էլ ներս մտնելիս չէի բարևում։ Իսկ մշտապես այս անգամից վաղ էի տուն վերադառնում և ճաշս վերև էին բերում։ Այս անգամ, ներս մտնելով, հանկարծ ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», որ առաջներում երբեք չէի անում, թեև մի տեսակ, ամաչկոտությունից այս անգամ էլ, այնուամենայնիվ, չկարողացա ստիպել ինձ նրան նայել և նստեցի սենյակի հակառակ ծայրում։ Ես շատ հոգնած էի, բայց այդ մասին չէի մտածում։
― Այս տգետը շարունակում է նույն անկիրթ ձևով ձեզ մոտ ներս մտնել, ինչպես և առաջ,― ֆշշացրեց ինձ վրա Տատյանա Պավլովնան. հայհոյական խոսքեր նա առաջ էլ էր իրեն թույլ տալիս, և դա արդեն սովորություն էր դարձել իմ ու նրա միջև։
― Բարև..― պատասխանեց մայրս, կարծես իսկույն էլ իրեն կորցնելով այն բանից, որ ես բարևել էի իրեն։
― Կերակուրը վաղուց պատրաստ է,― համարյա ամաչելով՝ ավելացրեց նա,― միայն թե արգանակը չսառչի, իսկ կոտլետները ես հիմա կկարգադրեմ... Նա շտապով ուզում էր վերկենալ տեղից, որ գնա խոհանոց, և ես, միգուցե առաջին անգամ ամբողջ ամսվա ընթացքում, հանկարծ ամաչեցի, որ նա արդեն չափազանց փութկոտ է տեղից թռչում ինձ ծառայելու համար, այն դեպքում, երբ մինչև օրս ինքս եմ այդպես պահանջել։
― Խորապես շնորհակալ եմ, մայրիկ, ես արդեն ճաշել եմ։ Եթե չեմ խանգարի, ես այստեղ կհանգստանամ։
― Ախ... իհարկե... ինչու չէ, նստիր...
― Մի անհանգստացեք, մայրիկ, ես Անդրեյ Պետրովիչին այլևս չեմ կոպտի,― կարճ կտրեցի ես...
― Ախ, Տեր Աստված, ի՜նչ մեծահոգություն սրա կողմից,― բղավեց Տատյանա Պավլովնան։― Սոնյա, սիրելիս, մի՞թե դու շարունակում ես սրան դուք ասել։ Ախր ո՞վ է սա, որ այդպիսի պատիվ ստանա, այն էլ իր հարազատ մորից։ Մի տես, դու, ախր, շփոթվել ես սրա առջև, խայտառակությո՜ւն։
― Ինձ համար շատ հաճելի կլինի, եթե դուք, մայրիկ, ինձ դու ասեիք։
― Ախ... Ավելի լավ, այդպես էլ կասեմ,― փութկոտ վրա բերեց մայրս,― ես, ես չէ՞ որ միշտ չեմ... բայց հիմիկվանից արդեն կիմանամ։
Նա մինչև մազարմատները կարմրատակեց։ Հաստատապես, նրա դեմքը երբեմն չափազանց հմայիչ էր լինում... Նրա դեմքը պարզամիտ էր, բայց ամենևին ոչ պարզունակ, մի քիչ գունատ էր, սակավարյուն։ Նրա այտերը շատ նիհար էին, նույնիսկ ներս ընկած, իսկ ճակատին սկսել էին կնճիռներ կուտակվել, բայց աչքերի մոտ դեռ չկային, և աչքերը, բավական մեծ ու բաց, միշտ փայլում էին հանգիստ ու խաղաղ լույսով, որ հենց առաջին օրից ձգեց ինձ դեպի նա։ Սիրում էի նաև, որ նրա դեմքին տխրության կամ ճնշվածությւսն ամենևին ոչ մի նշան չկար, ընդհակառակը, նրա արտահայտությունը նույնիսկ ուրախ կլիներ, եթե նա այդքան հաճախ, երբեմն դատարկ տեղը չտագնապեր, վախվորելով և տեղից թռչելով երբեմն առանց որևէ առիթի կամ վախեցած ականջ դնելով որևէ մեկի նոր խոսակցությանը, մինչև չհամոզվեր, թե ամեն բան առաջվա պես լավ է։ «Ամեն բան լավ է» նրա համար հենց այդ էլ նշանակում էր, թե «ամեն բան առաջվա պես է»։ Միայն թե ոչինչ չփոխվեր, միայն թե մի նոր բան, նույնիսկ երջանիկ բան չպատահեր... Կարելի էր կարծել, թե երեխա ժամանակ նրան ինչ-որ ձևով վախեցրել էին։ Բացի աչքերից ինձ դուր էր գալիս նաև նրա երկարավուն դեմքի օվալը, և թվում էր, թե եթե միայն մի փոքր պակաս լայն լինեին նրա այտոսկրերը, ապա ոչ միայն երիտասարդ ժամանակ, այլ նույնիսկ այժմ նա կարող էր գեղեցիկ կոչվել։ Այժմ նրա տարիքը երեսունիննից ավելի չէր, բայց մուգ-խարտյաշ մազերի մեջ արդեն առատորեն սողոսկել էին ճերմակները։
Տատյանա Պավլովնան վճռական վրդոմունքով նրան նայեց։
― Այս տեսակ լակոտի՜ն։ Եվ այդպես նրա առաջ դողալ։ Ծիծաղելի ես դու, Սոֆյա. բարկացնում ես ինձ, ուրիշ ոչինչ։
― Ախ, Տատյանա Պավլովնա, հիմա ինչո՞ւ եք նրա հետ այդպես։ Միգուցե կատակում եք, հա՞,― Տատյանա Պավլովնայի դեմքին ժպիտի պես մի բան տեսնելով՝ ավելացրեց մայրս։ Տատյանա Պավլովնայի վիրավորական խոսքերը իսկապես էլ երբեմն չէր կարելի լուրջ ընդունել, բայց ժպտացել էր նա (եթե իրոք ժպտացել էր), իհարկե, մորս համար, որովհետև սոսկալի սիրում էր նրա բարությունը և, իհարկե, անշուշտ նկատել էր, թե այդ րոպեին ի՜նչ երջանիկ էր նա իմ հնազանդությամբ։
― Ես, իհարկե, չեմ կարող չզգալ, եթե դուք ինքներդ եք մարդկանց վրա հարձակվում, Տատյանա Պավլովնա, և հենց այն ժամանակ, երբ ես, ներս մտնելով, ասացի. «Բարև ձեզ, մայրիկ», մի բան, որ առաջներում երբեք չեմ արել,― վերջապես անհրաժեշտ համարեցի նկատել ես։
― Պատկերացրեք,― իսկույն փրփրեց նա,― իր արածը սխրագործություն է համարում սա։ Ինչ է, ծնկի՞ իջնենք առջևդ, որ կյանքումդ մի անգամ քաղաքավարություն ես ցուցաբերել։ Եվ մի՞թե դա է քաղաքավարությունը։ Ինչո՞ւ, ներս մտնելով, անկյունին ես նայում։ Ինչ է, ես չգիտե՞մ, թե ինչպե՜ս ես կատաղում սրա առաջ։ Ինձ էլ կարող էիր «բարև» ասել, ես քեզ բարուրել եմ և քո կնքամայրն եմ։
Պարզ է, որ ես պատասխանի չարժանացրի։ Հենց այդ րոպեին ներս մտավ քույրս և ես շտապեցի դիմել նրան։
― Լիզա, ես այսօր Վասինին եմ հանդիպել, և նա քո մասին հարցրեց։ Դու նրա հետ ծանո՞թ ես։
― Այո, անցյալ տարի եմ ծանոթացել, Լուգայում,― միանգամայն պարզ պատասխանեց նա՝ կողքիս նստելով և սիրալիր ինձ նայելով։ Չգիտեմ ինչու, ինձ թվում էր, թե նա իսկույն կշիկնի, հենց որ պատմեմ Վասինի մասին։ Քույրս շիկահեր էր, բաց գույնի շիկահեր, մազերը ոչ մորը, ոչ էլ հորն էին քաշել, բայց աչքերը, դեմքի օվալը համարյա մորն էին։ Քիթը շատ ուղիդ, փոքր էր ու կանոնավոր, սակայն ևս մի առանձնահատկություն, դեմքին մանր պեպեններ, որ մայրս բոլորովին չուներ։ Վերսիլովից շատ քիչ բան կար, միգուցե իրանի բարակությունը, բարձր հասակը և ինչ-որ հրաշալի մի բան քայլվածքում։ Իսկ ինձ հետ ոչ մի նմանություն, երկու հակադիր բևեռ։
― Ես նրանց մի երեք ամիս եմ հանդիպել,― ավելացրեց Լիզան։
― Լիզա, դու Վասինի մասի՞ն ես ասում՝ նրանց։ Պետք է ասել նրան և ոչ թե՝ նրանց։ Ներիր, քույրիկ, որ ուղղում եմ, բայց ինձ համար դառն է, որ քո դաստիարակության հարցը, կարծես, իսպառ արհամարհել են։
― Իսկ քո կողմից մորդ ներկայությամբ դա նկատելը ստորություն է,― ուղղակի բռնկվեց Տատյանա Պավլովնան,― և ստում ես, բոլորովին էլ չեն արհամարհել։
― Մորս մասին ես ոչինչ էլ չեմ ասում,― կտրուկ պաշտպանեցի նրան ես,― իմացեք, մայրիկ, որ Լիգային ես նայում եմ որպես ձեր կրկնությանը, դուք նրանից ճիշտ նույնպիսի հրաշք եք սարքել բարությամբ ու բնավորությամբ, որպիսին, հավանաբար, եղել եք ինքներդ և կաք այժմ, մինչև օրս և կլինեք հավիտյան... Ես միայն արտաքին փայլի մասին եմ ասում, բարձրաշխարհիկ այդ ողջ հիմարությունների, ի դեպ, անհրաժեշտ հիմարությունների մասին։ Ինձ միայն վրդովում է այն, որ Վերսիլովը, լսելով, որ դու Վասինի մասին ասում ես նրանց և ոչ թե նրան, հավանաբար, ամենևին էլ չէր ուղղի քեզ, այնքան գոռոզամիտ ու անտարբեր է մեր նկատմամբ։ Ահա թե ինչն է ինձ զայրացնում։
― Ինքդ արջի քոթոթ ես, ուրիշներին արտաքին փայլի դաս ես տալիս։ Այսուհետև, պարոն, մորդ, ինչպես նաև իմ ներկայությամբ, չհամարձակվեք «Վերսիլով» ասել,― աչքերը փայլեցրեց Տատյանա Պավլովնան։
― Մայրիկ, ես այսօր ռոճիկ եմ ստացել, հիսուն ռուբլի, վերցրեք, խնդրեմ, ահա։
Ես մոտեցա և նրան մեկնեցի փողը, նա իսկույն անհանգստացավ։
― Ախ, չգիտեմ, ախր ինչպե՞ս վերցնեմ,― կարծես, վախենալով փողին ձեռք տալ, արտասանեց նա։
Ես չհասկացա։
― Թույլ տվեք, մայրիկ, եթե դուք երկուսդ էլ ինձ ընտանիքում որպես որդի ու եղբայր եք ճանաչում, ապա...
― Ախ, մեղավոր եմ քո առաջ, Արկադի. մի բան կխոստովանեի քեզ, բայց վախենում եմ քեզ չափից դուրս...
Ասաց նա վեհերոտ ու հաճոյանալ ցանկացողի ժպիտով, ես նորից չհասկացա և ընդհատեցի։
― Ի դեպ, հայտնի՞ է ձեզ, մայրիկ, որ այսօր դատարանում վճռվել է Անդրեյ Պետրովիչի գործը Սոկոլսկու հետ։
― Ախ, հայտնի է,― վախից ձեռքերի ափերն իր առջև իրար կցելով (նրա ձեռքերի սովորական ձևը)՝ բացականչեց նա։
― Այսօ՞ր,― ամբողջ մարմնով ցնցվեց Տատյանա Պավլովնան,― չի կարող պատահել, նա կասեր։ Նա քեզ ասե՞լ է,― դարձավ նա մորս։
― Ախ, ոչ, որ այսօր է, չի ասել։ Բայց ես ամբողջ շաբաթ այնպե՜ս եմ վախենում։ Թեկուզ տանուլ տայինք, ես աղոթք կանեի, միայն թե ազատվեինք ու նորից առաջվա պես մնայինք։
― Ուրեմն, ձեզ էլ չի ասել, մայրիկ,― բացականչեցի ես։― Տեսեք, ի՜նչ մարդ է։ Ահա նրա անտարբերության և գոռոզամտության օրինակը, ի՞նչ ասացի հենց նոր։
― Իսկ ինչո՞վ է ավարտվել, ի՞նչ է վճռվել։ Եվ ո՞վ է քեզ ասել,― հարձակվում էր Տատյանա Պավլովնան։― Դե, խոսիր, է։
― Ահա և ինքը։ Միգուցե, կպատմի,― միջանցքից լսելով նրա ոտնաձայները՝ ազդարարեցի ես ու շտապով նստեցի Լիգայի կողքին։
― Եղբայր, Աստծո սիրուն, խնայիր մայրիկին, համբերող եղիր Անդրեյ Պետրովիչի հետ...― շշնջաց քույրս։
― Կլինեմ, կլինեմ, այդ մտքով էլ վերադարձել եմ,― սեղմեցի նրա ձեռքը ես։
Լիզան չափազանց թերահավատ ինձ նայեց և իրավացի գտնվեց։
II
Նա ներս մտավ՝ շատ գոհ իրենից, այնքան գոհ, որ նույնիսկ հարկավոր չհամարեց թաքցնել իր տրամադրությունը։ Եվ ընդհանրապես վերջին ժամանակներս նա սովոր էր մեր առջև բացվելու առանց որևէ չափով անգամ քաշվելու և ոչ միայն իրեն վատ, այլև ծիծաղելի դրսևորող կողմերով, որից ամեն ոք է խուսափում, մինչդեռ լիովին գիտակցում էր, որ մենք մինչև ամենավերջին կետն ամեն բան կհասկանանք։ Վերջին տարում նա, ըստ Տատյանա Պավլովնայի նկատողության, խիստ անկում էր ապրում հագուստի տեսակետից, միշտ վայելուչ էր հագնված, բայց հնամաշ և ոչ ընտիր։ Դա ճիշտ էր, նա պատրաստ էր սպիտակեղենը հագնել երկու օր շարունակ, որը նույնիսկ վշտացնում էր մայրիկիս, դա նրանց մոտ զոհաբերություն էր համարվում և նվիրյալ կանանց ողջ այդ խումբը դրանում ուղղակի սխրագործություն էր տեսնում։ Նա միշտ կակուղ, լայնեզր, սև գլխարկ էր դնում, երբ դռների մեջ նա հանեց գլխարկը, նրա չափազանց խիտ, բայց արդեն խիստ ալեխառն մազերի փունջը ուղղակի տնկվեց գլխին։ Ես սիրում էի նայել նրա մազերին, երբ նա հանում էր գլխարկը։
― Բարև ձեզ. բոլորը ներկա են. այդ թվում նույնիսկ սա՞։ Լսում էի սրա ձայնը դեռ նախասենյակից, կարծեմ, ինձ նախատո՞ւմ էր։
Նրա ուրախ տրամադրության նշաններից մեկն էլ այն էր, որ սիրում էր սրամտել իմ հասցեին։ Պարզ է, որ ես չէի պատասխանում։ Ներս մտավ Լուկերյան ինչ-որ գնումների մի ամբողջ կապոցով ու դրեց այն սեղանին։
― Հաղթանակ, Տատյանա Պավլովնա, դատարանում շահել եմ, իսկ վճռաբեկ գանգատ իշխաններն, իհարկե, չեն համարձակվի տալ։ Վճիռն իմ օգտին է։ Իսկույն հազար ռուբլի պարտք վերցրի։ Սոֆյա, աշխատանքդ մի կողմ դիր, մի հոգնեցրու աչքերդ։ Լիզա, գործի՞ց ես եկել։
― Այո, հայրիկ,― փաղաքուշ տեսքով պատասխանեց Լիզան, նա Վերսիլովին հայրիկ էր կանչում, դրան ես ոչ մի դեպքում չէի ուզում ենթարկվել։
― Հոգնե՞լ ես։
― Հոգնել եմ։
― Թող գործդ, վաղը մի գնա. և ընդհանրապես թող։
― Ինձ համար, հայրիկ, այդպես ավելի վատ է։
― Խնդրում եմ քեզ... Ես սոսկալի չեմ սիրում, երբ կանայք աշխատում են, Տատյանա Պավլովնա։
― Բայց առանց գործի ո՞նց կլինի։ Ինչպե՜ս կարելի է, որ կինը չաշխատի...
― Գիտեմ, գիտեմ, այդ բոլորը ճիշտ է ու հրաշալի, և ես նախապես համաձայն եմ, բայց ես գլխավորապես ձեռագործի մասին եմ ասում։ Պատկերացրեք, իմ մեջ դա, կարծես, մանկության հիվանդագին կամ, ավելի լավ է ասել, սխալ տպավորություններից մեկն է։ Իմ հինգ-վեց տարեկան մանկության աղոտ հիշողություններում ես ամենից հաճախ հիշում եմ (իհարկե, զզվանքով) կլոր սեղանի մոտ հավաքված խելոք, խիստ ու խոժոռ կանանց կոնկլավը, մկրատ, գործվածք, ձևվածքներ և մոդայի նկար։ Բոլորը դատում են ու կշռադատում, ծանրակշիռ ու դանդաղ գլուխներն օրորելով, չափ ու փորձ անելով ու հաշվելով և պատրաստվելով ձևել։ Այդ բոլոր սիրալիր դեմքերը, որոնք այնպե՜ս են ինձ սիրում, դարձել են անմատչելի. եթե փորձեմ չարություն անել, ինձ իսկույն կտանեն այդտեղից։ Նույնիսկ իմ խեղճ դայակը, ձեռքով պահելով ինձ և չպատասխանելով իմ բղավոցներին ու պահանջներին, կարծես դրախտի թռչունի, հմայված նայում էր ու հմայված լսում։ Խելոք դեմքերի ահա այս խստությունն ու ձևել սկսելուց առաջ նրանց ծանրակշիռ տեսքը, չգիտեմ ինչու, հիմա էլ ինձ համար տանջալից է պատկերացնելը։ Տատյանա Պավլովնա, դուք սոսկալի սիրում եք ձևել։ Որքան էլ որ դա արիստոկրատական լինի, ես, այնուամենայնիվ, սիրում եմ ամենևին չաշխատող կնոջը։ Քո հասցեին չընդունես, Սոֆյա... Ասենք, դու դրանից հեռու ես։ Կինն առանց այն էլ մեծ ուժ է։ Ի դեպ, դա դու էլ գիտես, Սոնյա։ Ի՞նչ եք կարծում, Արկադի Մակարովիչ, երևի ընդվզո՞ւմ եք։
― Չէ, ոչինչ,― պատասխանեցի ես։― Հատկապես լավ է այն արտահայտությունը, թե կինը մեծ ուժ է, թեև չեմ հասկանում, թե ինչո՞ւ դուք դա աշխատանքի հետ կապեցիք։ Իսկ որ չաշխատել չի կարելի, երբ փող չկա ինքներդ էլ գիտեք։
― Բայց հիմա բավական է,― դիմեց նա մորս, որն ուղղակի փայլում էր (երբ Վերսիլովն ինձ դիմեց, նա ամբողջ մարմնով ցնցվեց),― համենայն դեպս գոնե սկզբնական շրջանում ոչ մի ձեռագործ չտեսնեմ, ինձ համար եմ խնդրում։ Դու, Արկադի, որպես մեր ժամանակի պատանի, երևի, մի քիչ սոցիալիստ ես. դու կհավատա՞ս, արդյոք, բարեկամս, որ պարապություն ամենաշատ սիրողները հավիտենապես աշխատավոր ժողովրդից են ելնում։
― Միգուցե, հանգստություն, ոչ թե պարապություն։
― Ոչ, հենց պարապություն, լիակատար անգործություն, դրանում է իդեալը։ Ես մի հավիտենական աշխատավոր էի ճանաչում, թեև ոչ ժողովրդից ելած, նա բավական զարգացած մարդ էր և ընդունակ էր ընդհանրացնել։ Իր ողջ կյանքի ընթացքում միգուցե ամեն օր, խանդաղատանքով ու կրքով նա լիակատար պարապություն էր երազում, այսպես ասած, իդեալը հասցնելով մինչև բացարձակություն, մինչև անսահման անկախություն, մինչև երազանքի ու պարապ հայեցողության հավիտենական ազատություն։ Եվ այդպես շարունակեց մինչև իսպառ չջախջախվեց աշխատանքի մեջ. վերանորոգել հնարավոր չէր. մեռավ հիվանդանոցում։ Երբեմն ես լրջորեն հակված եմ եզրակացնելու, որ աշխատանքի հաճույքը պարապ, բայց անշուշտ, առաքինի մարդիկ են հորինել։ Սա անցյալ հարյուրամյակի վերջերի «Ժնևյան գաղափարներից» մեկն է։ Տատյանա Պավլովնա, նախանցյալ օրը ես լրագրից մի հայտարարություն կտրեցի, ահա (նա բաճկոնակի գրպանից թղթի մի պատառիկ հանեց), սա այն անվերջանալի «ուսանողների» թվից է, որոնք դասական լեզուներ ու մաթեմատիկա գիտեն և պատրաստ են գնալ ամենուրեք, ձեղնահարկ և ուր ուզեք։ Խնդրեմ, լսեք։ «Ուսուցչուհին, որ պատրաստում է բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու (լսո՞ւմ եք, բոլոր) և թվաբանության դասեր է տալիս»,― մի տող է, բայց դասական տող։ Պատրաստում է ուսումնական հաստատություններ ընդունվելու, այդպես, իհարկե, նաև թվաբանությունի՞ց։ Ոչ, թվաբանության մասին նա առանձին է գրում։ Սա, սա արդեն բացարձակ սովից է խոսում, սա արդեն կարիքի վերջին աստիճանն է։ Սրտաշարժն այստեղ հենց այս անկարողությունն է. հավանորեն, երբեք ուսուցչուհի դառնալ չի պատրաստվել և հազիվ թե ի վիճակի է որևէ բան սովորեցնելու։ Բայց մնում է միայն ջուրը նետվի, վերջին ռուբլին լրագրի խմբագրություն է տանում ու տպագրում, թե բոլոր ուսումնական հաստատություններն ընդունվելու է պատրաստում և, դրան ավելացրած, նաև թվաբանության դասեր տալիս։ Per tutto mondo e in altri siti[21]։
― Ախ, Անդրեյ Պետրովիչ, եկեք նրան օգնենք։ Որտե՞ղ է ապրում,― բացականչեց Տատյանա Պավլովնան։
― Էհ, այդպիսիները շատ են։― Նա հասցեն գրպանը խոթեց։― Այս փաթեթն ամբողջությամբ քաղցրավենիք է, քեզ համար, Լիզա, և ձեզ, Տատյանա Պավլովնա. Սոֆյան ու ես քաղցր չենք սիրում։ Թերևս նաև քեզ, երիտասարդ։ Բոլորը Ելիսեևի ու Բալլեի խանութներից եմ վերցրել։ Չափազանց երկար «քաղցած նստեցինք», ինչպես ասում է Լուկերյան։ (NB Մեզ մոտ երբեք ոչ ոք քաղցած չի նստել)։ Այստեղ խաղող է, կոնֆետ, դյուշես և ելակով կարկանդակ, նույնիսկ հրաշալի թրմօղի եմ վերցրել, նաև ընկույզ։ Հետաքրքիր է, որ ես մանուկ հասակիցս մինչև հիմա ընկույզ եմ սիրում, Տատյանա Պավլովնա, և գիտեք, ամենահասարակ ընկույզը։ Լիզան ինձ է քաշել, նա էլ, սկյուռիկի պես, սիրում է ընկույզ ուտել։ Բայց, Տատյանա Պավլովնա, ավելի հրաշալի բան չկա, քան երբեմն, մանկական հուշերումդ հանկարծ մի քանի վայրկյանով քեզ անտառում, թփուտների մեջ պատկերացնելը, երբ ինքդ ես ընկույզը քաղում... Օրերն արդեն աշնանային են, բայց պարզ, երբեմն այնքա՜ն զով, մի խուլ տեղում թաքնվում ես ու անտառ մտնում, տերևների հոտ է գալիս... Ես ինչ-որ համակրական բան եմ տեսնում ձեր հայացքում, Արկադի Մակարովիչ։
― Իմ մանկության առաջին տարիներն էլ են գյուղում անցել։
― Ինչպե՞ս, բայց չէ՞ որ դու, կարծեմ, Մոսկվայում ես ապրել... եթե չեմ սխալվում։
― Նա Անդրոնիկովների մոտ Մոսկվայում այն ժամանակ է ապրել, երբ դուք եկաք, իսկ մինչ այդ ձեր հանգուցյալ մորաքրոջ՝ Վառվառա Ստեպանովնայի մոտ գյուղում է ապրել,― միջամտեց Տատյանա Պավլովնան։
― Սոֆյա, վերցրու փողը, պահիր։ Օրերս խոստացել են հինգ հազար տալ։
― Ուրեմն, իշխանների համար այլևս ոչ մի հույս չկա՞,― հարցրեց Տատյանա Պավլովնան։
― Բացարձակապես ոչ մի, Տատյանա Պավլովնա։
― Ես միշտ համակրել եմ ձեզ և բոլոր ձերոնց, Անդրեյ Պետրովիչ, և ձեր ընտանիքի բարեկամն եմ եղել, բայց թեև իշխաններն օտար են ինձ, ես, Աստված վկա, խղճում եմ նրանց։ Մի բարկացեք, Անդրեյ Պետրովիչ։
― Ես նրանց բաժին հանելու միտք չունեմ, Տատյանա Պավլովնա։
― Իմ միտքը դուք, իհարկե, գիտեք, Անդրեյ Պետրովիչ, նրանց հայցը կդադարեցնեին, եթե դուք հենց սկզբից առաջարկեիք կիսել գումարը, հիմա, իհարկե, արդեն ուշ է։ Սակայն չեմ համարձակվում մեղադրել... Ես միայն այն պատճառով եմ ասում, որ հանգուցյալը, երևի, չէր մոռանա նրանց իր կտակում։
― Ոչ միայն չէր մոռանա, այլ բոլորը նրանց կթողներ, և հենց միայն ինձ կմոռանար, եթե կարողանար գործը կարգին անել և ինչպես հարկն է կտակ գրել, բայց հիմա օրենքն իմ կողմն է և վերջ։ Բաժին հանել ես չեմ կարող և չեմ ուզում, Տատյանա Պավլովնա, և ամեն բան դրանով ավարտված է։
Այս խոսքերը նա նույնիսկ չարացած արտասանեց, որ հազվադեպ էր թույլ տալիս իրեն։ Տատյանա Պավլովնան սսկվեց։ Մայրս մի տեսակ տխուր խոնարհեց հայացքը։ Վերսիլովը գիտեր, որ նա հավանություն է տալիս Տատյանա Պավլովնայի կարծիքին։
«Այստեղ Էմսի ապտակն է դեր խաղում»,― մտածեցի ես։ Կրաֆտի բերած և իմ գրպանում գտնվող փաստաթուղթը տխուր ճակատագիր կունենար, եթե նրա ձեռքն ընկներ։ Ես հանկարծ զգացիր, որ այս բոլորը դեռ նստած է իմ վզին, այդ միտքը բոլոր մյուս բաների հետ միասին, իհարկե, գրգռիչ ներգործություն ունեցավ ինձ վրա։
― Արկադի, ես կցանկանայի, որ դու ավելի լավ հագնվես, բարեկամս, դու վատ չես հագնված, բայց, հետագան նկատի ունենալով, կարոդ եմ քեզ մի լավ, չափազանց բարեխիղճ ու ճաշակավոր ֆրանսիացու հանձնարարել։
― Ես ձեզ խնդրում եմ երբեք նման առաջարկություններ չանել ինձ,― հանկարծ պոռթկացի ես։
― Ինչո՞ւ այդպես։
― Ես, իհարկե, ոչ մի ստորացուցիչ բան չեմ տեսնում դրանում, բայց մեր միջև ամենևին այդպիսի համաձայնություն չկա, այլ, ընդհակառակը, տարաձայնություն կա, որովհետև ես օրերս, հենց վաղը, դադարում եմ իշխանի մոտ հաճախելը, քանի որ այնտեղ ոչ մի ամենաչնչին ծառայությունն անգամ չեմ տեսնում...
― Հենց այն, որ դու գնում ես նրա մոտ ու նրա հետ նստում, ծառայություն է։
― Նման մտքերը ստորացուցիչ են։
― Չեմ հասկանում։ Թեպետ, եթե դու այդքան նրբանկատ ես, փող մի վերցրու նրանից, այլ միայն այցելիր։ Դու նրան սոսկալի կվշտացնես. համոզված եղիր, որ նա արդեն կպել է քեզնից... Սակայն՝ ինչպես կուզես...
Հավանաբար, նրա համար տհաճ էր։
― Ասում եք փող մի խնդրիր, բայց հենց ձեր պատճառով ես այսօր ստորություն արեցի, դուք ինձ չէիք նախազգուշացրել, և ես մեկ ամսվա ռոճիկս այսօր նրանից պահանջեցի։
― Ուրեմն դու գործդ արդեն կարգադրել ես, իսկ ես, խոստովանում եմ, կարծում էի, թե դու չես խնդրի, սակայն ինչ ճարպիկն եք հիմա բոլորդ։ Հիմա երիտասարդություն չկա, Տատյանա Պավլովնա։
Նա սոսկալի զայրանում էր. ես էլ սոսկալի բարկացա։
― Բայց չէ՞ որ ես հաշիվս պիտի մաքրեի ձեզ հետ։ Այդ դուք եք ինձ ստիպել, հիմա ես չգիտեմ, ինչ անեմ։
― Ի դեպ, Սոֆի, անհապաղ վերադարձրու Արկադիին իր վաթսուն ռուբլին, իսկ դու, բարեկամս, մի բարկանա շուտափույթ հաշվարկի համար։ Ես քո դեմքից եմ կռահում, որ գլխումդ ինչ-որ նախաձեռնություն կա և որ դու... շրջանառության մեջ դնելու դրամագլխի կարիք ունես... կամ դրա նման մի ուրիշ բանի։
― Ես չգիտեմ, թե ինչ է արտահայտում իմ դեմքը, բայց երբեք չէի սպասում մայրիկից, թե նա կպատմի ձեզ այդ փողի մասին, մինչդեռ ես այնպե՜ս խնդրեցի նրան,― աչքերս ոլորելով՝ ես մորս նայեցի։ Պատմել չեմ կարող, թե որքան էի վիրավորված։
― Արկաշա, սիրելիս, ներիր, Աստծո սիրուն, ես ոչ մի կերպ չէի կարող չասել...
― Բարեկամս, մի վիրավորվիր, որ նա հայտնել է ինձ քո գաղտնիքը,― ինձ դիմեց Վերսիլովը,― առավել ևս, որ նա բարի ցանկությամբ է դա արել, ուղղակի մայրն ուզեցել է պարծենալ որդու զգացմունքներով։ Բայց հավատա, որ ես առանց դրան էլ կկռահեի, որ դու կապիտալիստ ես։ Քո բոլոր գաղտնիքները քո ազնիվ դեմքին գրված են։ Նա «իր միտքն» ունի, Տատյանա Պավլովնա, ես ձեզ ասել եմ։
― Մի կողմ թողնենք իմ ազնիվ դեմքը,― շարունակում էի հոխորտալ ես,― ես գիտեմ, որ դուք հաճախ տեսնում եք մինչև ուղն ու ծուծը, թեև այլ դեպքերում հավի քթից այն կողմ չեք տեսնում։ Ես միշտ զարմացել եմ ձեր խորաթափանցության ընդունակության վրա։ Դե, իհարկե, ես ունեմ «իմ միտքը»։ Այն, որ դուք այդպես արտահայտվեցիք, իհարկե, պատահականություն է, բայց ես չեմ վախենում խոստովանել. ես «միտք» ունեմ։ Չեմ վախենում և չեմ ամաչում։
― Կարևորն այն է, որ չամաչես։
― Եվ, այնուամենայնիվ, ձեզ երբեք չեմ հայտնի։
― Այսինքն՝ չես արժանացնի հայտնելու։ Հարկավոր չէ, բարեկամս, ես առանց այն էլ գիտեմ քո մտքի էությունը, համենայն դեպս, սա.
Ես անապատ եմ հեռանում...
Տատյանա Պավլովնա, իմ միտքը՝ որ սա ուզում է Ռոտշիլդ դառնալ կամ դրա նման մի բան և իր մեծության մեջ պարփակվել։ Իհարկե, նա մեծահոգաբար մեզ թոշակ կնշանակի, ինձ, գուցեև, չնշանակի, բայց մենք սրան, համենայն դեպս, էլ չենք տեսնի։ Սա ոնց որ նորածին լուսին լինի, հազիվ կհայտնվի ու նորից մայր կմտնի։
Ես ներքուստ ցնցվեցի։ Այս բոլորն, իհարկե, պատահականություն էր. նա ոչինչ չգիտեր և բոլորովին այն մասին չէր խոսում, թեև Ռոտշիլդի անունը տվեց, բայց ինչպե՞ս կարողացավ այդքան ճիշտ որոշել իմ զգացմունքները՝ խզել կապերս իրենց հետ ու հեռանալ։ Նա ամեն բան կանխագուշակել էր և նախօրոք ուզում էր իր ցինիզմով կոծկել փաստի ողբերգականությունը։ Որ նա սոսկալի զայրանում էր, դրանում ոչ մի կասկած չկար։
― Մայրիկ, ներեցեք բռնկումս, մանավանդ որ Անդրեյ Պետրովիչից առանց այն էլ ոչինչ թաքցնել հնարավոր չէ,― կեղծ ծիծաղեցի ես, աշխատելով գոնե մի պահ բոլորը վերածել կատակի։
― Ամենալավն այն է, սիրելիս, որ դու ծիծաղեցիր։ Դժվար է պատկերացնել, թե որքան է շահում դրանից յուրաքանչյուր մարդ, նույնիսկ իր արտաքին տեսքով։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Սա, Տատյանա Պավլովնա, միշտ այնպիսի տեսք ունի, կարծես մտքում այնքան կարևոր մի բան կա, որ նույնիսկ ինքն է ամաչում այդ պարագայից։
― Ես լրջորեն կխնդրեի ձեզ ավելի համեստ լինել, Անդրեյ Պետրովիչ։
― Դու իրավացի ես, բարեկամս, բայց չէ՞ որ պետք է մեկընդմիշտ արտահայտվենք, որպեսզի հետագայում այլևս չվերադառնանք այս բոլորին։ Դու Մոսկվայից եկել ես մեզ մոտ, որպեսզի հենց իսկույն էլ ապստամբես, ահա թե առայժմ մեզ ինչ է հայտնի քո գալու նպատակներից։ Այն, որ եկել ես մեզ ինչ-որ բանով զարմացնելու, ես, բնականաբար, չեմ հիշատակում։ Այնուհետև, դու մի ամբողջ ամիս մեզ մոտ ես և մեզ վրա փնչացնում ես, մինչդեռ ակնհայտ է, որ խելոք մարդ ես և քո այդ որակով կարող էիր այդ փնչացնելդ վերապահել նրանց, ովքեր այլևս ոչինչ չունեն իրենց ոչնչության համար մարդկանցից վրեժ լուծելու։ Դու միշտ պարփակվում ես, այն դեպքում, երբ քո ազնիվ տեսքն ու կարմիր այտերը ուղղակի վկայում են, որ դու կարող ես լիակատար անմեղությամբ, շիտակ նայել բոլորի աչքերին։ Սա մելամաղձոտ է, Տատյանա Պավլովնա, չեմ հասկանում, թե հիմա սրանք ինչո՞ւ են բոլորը մելամաղձոտ։
― Եթե դուք նույնիսկ չգիտեիք, թե որտեղ եմ ես մեծացել, որտեղի՞ց պիտի իմանաք, թե ինչու է մարդը մելամաղձոտ։
― Ահա և հարցի լուծումը, դու վիրավորվել ես, որ ես կարող էի մոռանալ, թե որտեղ ես դու մեծացել։
― Ամենևին, հիմարություններ մի վերագրեք ինձ։ Մայրիկ, Անդրեյ Պետրովիչը հենց նոր գովեց ինձ այն բանի համար, որ ես ծիծաղեցի, դե, եկեք ծիծաղենք, ինչո՞ւ հենց այնպես նստենք։ Ուզո՞ւմ եք, ես իմ մասին անեկդոտներ պատմեմ ձեզ։ Առավել ևս, որ Անդրեյ Պետրովիչը բոլորովին ոչինչ չգիտե իմ արկածներից։
Ես դառնացած էի։ Գիտե, որ այլևս երբեք այսպես, ինչպես հիմա, բոլորս միասին չենք նստելու և որ այս տնից դուրս գալուց հետո արդեն երբեք այստեղ չեմ մտնելու, հենց այդ պատճառով էլ այդ բոլորի նախօրեին ես չէի կարող դիմանալ։ Նա ինքն ինձ դրդեց այսպիսի ավարտի։
― Դա, անշուշտ, շատ հաճելի է, եթե միայն իսկապես ծիծաղելի լինի,― խորաթափանց ինձ նայելով՝ նկատեց նա,― դու մի քիչ գռեհկացել ես, սիրելիս, այնտեղ, որտեղ մեծացել ես, սակայն, այնուամենայնիվ դեռ բավական քաղաքավարի ես։ Նա այսօր շատ հաճելին է, Տատյանա Պավլովնա, և դուք շատ լավ արեցիք, որ վերջապես այդ փաթեթը քանդեցիք։
Բայց Տատյանա Պավլովնան խոժոռ էր. նա նույնիսկ հետ չնայեց, նրա ասածը լսելով, և շարունակեց քանդել փաթեթն ու մատուցված ափսեներին քաղցրավենիք շարել։ Մայրս էլ լիովին տարակուսած էր նստած, իհարկե, հասկանալով ու կանխազգալով, որ մեր միջև ինչ-որ տհաճ բան է կատարվում։ Քույրս մի անգամ էլ բռնեց արմունկս։
III
― Ես ուղղակի ուզում եմ պատմել բոլորիդ այն մասին,― ամենաբռնազբոս տեսքով սկսեցի ես,― թե ինչպես մի հայր առաջին անգամ հանդիպել էր իր սիրելի որդուն, դա պատահել էր հենց «այնտեղ, որտեղ դու մեծացել ես»...
― Բայց դա, սիրելի բարեկամս... արդյոք ձանձրալի չի՞ լինի։ Դու գիտես tous les genres...[22]
― Մի խոժոռվեք, Անդրեյ Պետրովիչ, ես ամենևին այն չեմ պատմելու, ինչ-որ դուք կարծում եք։ Իմ ուզածը հենց այն է, որ բոլորը ծիծաղեն։
― Թող Աստված ձայնդ լսի, սիրելիս։ Ես գիտեմ, որ դու սիրում ես մեզ բոլորիս և... չես ուզենա մեր երեկոն փչացնել,― մի տեսակ անփույթ ու շինծու ծամծմեց նա։
― Դուք, իհարկե, հիմա էլ դեմքիցս կռահեցիք, որ ես ձեզ սիրում եմ։
― Այո, մասամբ նաև դեմքիցդ։
― Դե, իսկ ես Տատյանա Պավլովնայի դեմքից վաղուց եմ կռահել, որ նա ինձ սիրահարված է։ Այդպես կատաղած ինձ մի նայեք, Տատյանա Պավլովնա, ավելի լավ է ծիծաղենք։ Ավելի լավ է ծիծաղենք։
Նա հանկարծ արագ իմ կողմը շրջվեց և մի կես րոպե ծակող հայացքով ինձ զննեց։
― Տես, հա՜,― մատը թափ տվեց ինձ վրա նա, բայց այնքան լուրջ, որ դա արդեն ոչ մի կերպ չէր կարող վերաբերվել իմ հիմար կատակին, այլ մի ուրիշ բանի նախազգուշացում էր. «Հո մտքովդ չի՞ անցնում սկսել»։
― Անդրեյ Պետրովիչ, բայց մի՞թե դուք չեք հիշում, ինչպես ենք մենք առաջին անգամ մեր կյանքում հանդիպել։
― Աստված վկա, բարեկամս, մոռացել եմ և անկեղծորեն մեղավոր եմ։ Միայն հիշում եմ, որ դա ինչ-որ շատ վաղուց էր և տեղի ունեցավ ինչ-որ տեղ...
― Մայրիկ, իսկ դուք չե՞ք հիշում, թե ինչպես էիք եկել այն գյուղը, որտեղ ես ապրում էի, կարծեմ, մինչև վեց թե յոթ տարեկան հասակս, և, որ գլխավորն է, եղե՞լ եք երբևէ այդ գյուղում իսկապես, թե՞ ինձ թվում է, կարծես երազում, որ առաջին անգամ ձեզ այնտեղ եմ տեսել։ Ես արդեն վաղուց եմ ուզում ձեզ հարցնել, բայց միշտ հետաձգել եմ. հիմա ժամանակը եկել է։
― Ինչպես չէ, Արկաշենկա, ինչպես չէ, ես, ախր, այնտեղ, Վառվառա Ստեպանովնայի մոտ, երեք անգամ եմ հյուր եղել, առաջին ագամ եկել եմ, երբ դու ընդամենը մեկ տարեկան էիր, երկրորդ անգամ երբ երեք տարիդ էիր լրացրել, իսկ հետո երբ վեցդ էր լրացել։
― Ուրեմն, այդպես, այս ամբողջ ամսվա ընթացքում ես ուզեցել եմ այդ մասին ձեզ հարցնել։
Հիշողությունների բուռն հորդումից մայրս ուժգին կարմրատակեց ու հուզված հարցրեց.
― Բայց մի՞թե, Արկաշենկա, դու ինձ դեռ այնտեղից ես հիշում։
― Ոչինչ չեմ հիշում ու չգիտեմ, միայն մի բան ձեր դեմքից հավիտենապես մնացել է իմ սրտում, բացի այդ մնացել է այն գիտակցությունը, որ դուք իմ մայրն եք։ Այն ամբողջ գյուղը ես հիմա երազի պես եմ տեսնում, նույնիսկ դայակիս եմ մոռացել։ Այդ Վառվառա Ստեպանովնան մի կաթիլ մնացել է հիշողությանս մեջ միայն այն պատճառով, որ ատամնացավի պատճառով շարունակ կապված էր դեմքը։ Հիշում եմ նաև տան մոտի հսկայական ծառերը, կարծեմ լորենիները, հետո հիշում եմ բաց պատուհաններում երբեմն արևի ուժեղ լույսը, մերձապարտեզը ծաղիկներով, արահետը, իսկ ձեզ, մայրիկ, պարզ տեսնում եմ միայն մի պահ, երբ ինձ մի անգամ այնտեղի եկեղեցում հաղորդություն էին տալիս, և դուք ինձ բարձրացրիք այն ընդունելու և թասը համբուրելու։ Դա ամռանն էր, և աղունիկը պատուհանից պատուհան թափանց սլացավ գմբեթի միջով...
― Տեր Աստված, բոլորը հենց այդպես էլ եղել է,― ձեռքերն իրար զարկեց մայրս,― և այն աղունիկն էլ, ոնց որ այս րոպեիս, հիշում եմ։ Դու ճիշտ թասի առջև թպրտացիր ու բղավեցիր. «Աղունի՜կը, աղունիկը»։
― Ձեր դեմքը կամ նրանից մի բան, միգուցե՝ արտահայտությունը, այնպես էր մնացել հիշողությանս մեջ, որ հինգ տարի անց, Մոսկվայում, ես իսկույն ձեզ ճանաչեցի, թեև այդ ժամանակ ինձ ոչ ոք չասաց, որ դուք իմ մայրն եք։ Իսկ երբ ես Անդրեյ Պետրովիչի հետ առաջին անգամ հանդիպեցի, ինձ Անդրոնիկովների մոտից տարան, մինչ այդ ես մի հինգ տարի հանգիստ և ուրախ բուսական կյանք էի վարում նրանց տանը։ Հիշում եմ նրանց պետական բնակարանը մինչև ամենավերջին մանրուքը և բոլոր այն տիկիններին ու օրիորդներին, որոնք բոլորն էլ այստեղ այնքան ծերացել են, և նրանց լիքը տունը, և իրեն՝ Անդրոնիկովին, ինչպես էր նա ամբողջ մթերքը՝ հավ ու ճիվը, շիղաձուկն ու գոճիները տոպրակներով անձամբ քաղաքից բերում, իսկ սեղանի շուրջը, իր տիկնոջ փոխարեն, որը շարունակ գոռոզություն էր անում, ինքն էր մեզ համար արգանակ լցնում, և մենք՝ սեղանի շուրջ նստածներս, դրա վրա ծիծաղում էինք, ինքն էլ մեզ հետ՝ առաջինը։ Այնտեղ օրիորդներն ինձ ֆրանսերեն սովորեցրին, բայց ամենից շատ ես Կռիլովի առակներն էի սիրում, դրանցից շատերը անգիր սովորեցի և ամեն օր մի առակ արտասանում էի Անդրոնիկովի համար, ուղղակի մտնելով նրա պստիկ աշխատասենյակը, անկախ այն բանից՝ զբաղված էր նա, թե ոչ։ Եվ այդպես, հենց առակի պատճառով էլ ձեզ հետ ծանոթացա, Անդրեյ Պետրովիչ։ Տեսնում եմ, որ դուք սկսում եք մտաբերել։
― Որոշ բան մտաբերում եմ, սիրելիս, հենց այն, որ դու այն ժամանակ մի բան պատմեցիր ինձ... մի առակ, թե, կարծեմ «Խելքից պատուհասից» մի հատված։ Սակայն այդ ի՜նչ հիշողություն ունես։
― Հիշողությո՜ւն։ Հարկա՜վ։ Ամբողջ կյանքումս ես հենց միայն դա եմ հիշում։
― Լավ, լավ, սիրելիս, դու ինձ նույնիսկ աշխուժացնում ես։
Նա նույնիսկ ժպտաց, նրան իսկույն հետևեցին ու սկսեցին ժպտալ մայրս ու քույրս։ Վստահությունը վերականգնվում էր, բայց Տատյանա Պավլովնան, սեղանին շարելով քաղցրավենիքը և տեղավորելով անկյունում, շարունակում էր վատ հայացքով սրաթափանց ինձ նայել։
― Պատահեց այնպես,― շարունակեցի ես,― որ հանկարծ մի հրաշալի առավոտ, ինձ տանելու եկավ մանկությանս ընկեր Տատյանա Պավլովնան, որն իմ կյանքում միշտ հանկարծակի էր հայտնվում, ինչպես թատրոնում, և ինձ կառքով տարան աղայական մի տուն, և ես հայտնվեցի մի շքեղ բնակարանում։ Այն ժամանակ դուք իջևանել էիք Ֆանարիոտովայի մոտ, Անդրեյ Պետրովիչ, նրա դատարկ տանը, որը նա մի ժամանակ հենց ձեզնից էլ գնել է, իսկ ինքն այդ ժամանակ գտնվում էր արտասահմանում։ Ես միշտ բաճկոններ էի հագնում, իսկ հիմա ինձ հանկարծ սիրունիկ, կապույտ սերթուկ և հրաշալի սպիտակեղեն հագցրին։ Տատյանա Պավլովնան այդ ամբողջ օրը իմ շուրջն էր պտտվում և ինձ համար շատ ու շատ բաներ գնում, իսկ ես շարունակ ման էի գալիս դատարկ սենյակներում և բոլոր հայելիներում ինձ էի նայում։ Եվ այսպիսով հետևյալ առավոտյան ժամը տասի մոտ, թափառելով բնակարանում, հանկարծ, բոլորովին անսպասելի ձեր աշխատասենյակը մտա։ Ես ձեզ արդեն նախորդ օրն էի տեսել, երբ հենց նոր էին ինձ բերել, բայց միայն հարևանցիորեն, աստիճանների վրա։ Դուք իջնում էինք սանդուղքով, որպեսզի կառեթ նստեք և ինչ-որ տեղ գնաք, դուք այն ժամանակ մենակ էիք Մոսկվա եկել, չափազանց երկար բացակայությունից հետո և կարճ ժամանակով, այնպես որ ձեզ ամենուրեք ձեռից ձեռ էին խլում, և դուք համարյա տանը չէիք ապրում։ Տատյանա Պավլովնային ու ինձ տեսնելով, դուք միայն ձիգ տվիք՝ ա՜, և նույնիսկ կանգ չառաք։
― Սա մի առանձին սիրով է նկարագրում,― դիմելով Տատյանա Պավլովնային՝ նկատեց Վերսիլովը։ Տատյանա Պավլովնան մի կողմ նայեց ու չպատասխանեց։
― Կարծես հիմա էլ տեսնում եմ ձեզ այն ժամանակվա ձեր տեսքով, ծաղկուն ու գեղեցիկ։ Այս տասը տարվա ընթացքում դուք զարմանալիորեն հասցրել եք ծերանալ ու տգեղանալ, ներեցեք այս անկեղծությանս համար, թեև այն ժամանակ էլ դուք արդեն մոտ երեսունյոթ տարեկան էիք, բայց ես նույնիսկ հմայվեցի ձեզնով, ի՜նչ զարմանալի մազեր ունեիք, համարյա լրիվ սև. ողորկուն փայլով, առանց ոչ մի ճերմակ մազի, բեղերն ու այտամորուսները ոսկերչական մշակված, այլ կերպ չեմ կարող արտահայտվել․ դեմքը՝ փայլատ ու գունատ, ոչ թե այնպես հիվանդագին գունատ, ինչպես այժմ, այլ այնպես, ինչպես հիմա ձեր դստեր Աննա Անդրեևնայի դեմքն է, որին քիչ առաջ պատիվ ունեցա տեսնելու, կրակոտ ու մուգ աչքեր ու փայլատակող ատամներ, հատկապես երբ դուք ծիծաղում էիք։ Դուք հենց ծիծաղեցիք, ինձ դիտելով, երբ ես ներս մտա, այն ժամանակ ես քիչ բան էի կարողանում տարբերել, և ձեր ժպիտից միայն ուրախացավ սիրտս։ Այդ առավոտ դուք մուգ կապույտ թավշե բաճկոնով էիք, ալանսոնյան ժանեկազարդ, հոյակապ վերնաշապկի վրա սոլֆերինոյի գույնի պարանոցի շարֆով, մի տետրակ բռնած դուք կանգնած էիք հայելու առաջ և արտասանելով Չացկու վերջին մենախոսությունը՝ հատկապես նրա վերջին կանչն էիք մշակում։
Կառե՜թս, կառե՜թս այստեղ։
― Ախ, Աստված իմ,― բացականչեց Վերսիլովը,― ախր, սա ճիշտ է ասում։ Այն ժամանակ, չնայած Մոսկվայում մնալուս կարճ ժամկետին, Ժիլեյկոյի հիվանդության պատճառով ես հանձն էի առել Չացկի խաղալ Ալեքսանդրա Պետրովնա Վիտովտովայի տնային թատրոնում։
― Մի՞թե դուք մոռացել էիք,― ծիծաղեց Տատյանա Պավլովնան։
― Սա ինձ հիշեցրեց։ Եվ խոստովանում եմ, այն ժամանակ Մոսկվայում ապրածս մի քանի օրը, միգուցե, ողջ կյանքիս լավագույն պահերն են եղել։ Այն ժամանակ բոլորս էլ դեռ այնքա՜ն երիտասարդ էինք... և բոլորս այնպիսի կրակով էինք սպասում... Այն ժամանակ ես Մոսկվայում անսպասելի կերպով հանդիպեցի այնքա՜ն... Բայց, շարունակիր, սիրելիս, այս անգամ դու շատ լավ արեցիր, որ այդքան մանրամասն հիշեցրիր...
― Ես կանգնել, նայում էի ձեզ և հանկարծ բղավեցի, «Ախ, ի՜նչ լավ է, իսկական Չացկի է»։ Դուք հանկարծ դեպի ինձ շրջվեցիք ու հարցրիք. «Մի՞թե դու արդեն Չացկուն գիտես», և նստեցիք բազմոցին ու ամենասքանչելի տրամադրությամբ սկսեցիք սուրճ խմել, այդ պահին ես պատրաստ էի ձեզ համբուրել։ Հետո ես ձեզ հաղորդեցի, որ Անդրոնիկովների տանը բոլորը շատ են կարդում, իսկ օրիորդները շատ բանաստեղծություններ անգիր գիտեն, իսկ «Խելքից պատուհասից» իրար հետ առանձին տեսարաններ են խաղում և անցյալ ողջ շաբաթվա ընթացքում բոլորը միասին, բարձրաձայն «Որսորդի հիշատակարանն» էին կարդում և, որ ես ամենից շատ Կռիլովի առակներն եմ սիրում և քանի՜-քանիսը անգիր գիտեմ։ Դուք ասացիք, որ ես մի բան անգիր ասեմ, և ես «Բծախնդիր հարսնացուն» արտասանեցի.
Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում։
― Հենց այդպե՜ս, հենց այդպե՜ս էլ եղել է, հիմա ես արդեն ամեն բան հիշեցի,― նորից բացականչեց Վերսիլովը,― բայց բարեկամս, ես քեզ էլ շատ հստակ հիշեցի, դու այն ժամանակ այնքա՜ն հաճելի և նույնիսկ շնորհքով տղեկ էիր, և երդվում եմ, դու էլ այս ինը տարվա ընթացքում շատ բան ես կորցրել։
Այստեղ արդեն բոլորը, նույնիսկ Տատյանա Պավլովնան, ծիծաղեցին։ Պարզ էր, որ Անդրեյ Պետրովիչը բարեհաճում էր կատակել և նույն դրամով էր ինձ «վճարում» իմ կծու նկատողության համար, թե նա ծերացել է։ Բոլորն ուրախացան և, իսկապես, հրաշալի էր ասված։
― Իմ արտասանության ընթացքում դուք ժպտում էիք, բայց ես դեռ կեսին էլ չէի հասել, երբ դուք ընդհատեցիք ինձ, զանգը տվիք և ներս մտած ծառային կարգադրեցիք կանչել Տատյանա Պավլովնային, որն անհապաղ ներս վազեց այնպիսի ուրախ տեսքով, որ ես, տեսած լինելով նրան նախորդ օրը, այժմ նրան համարյա չճանաչեցի։ Տատյանա Պավլովնայի ներկայությամբ ես նորից սկսեցի «Հարսնացու աղջիկը» և այնքան փայլուն ավարտեցի, որ նույնիսկ Տատյանա Պավլովնան ժպտաց, իսկ դուք, Անդրեյ Պետրովիչ, դուք նույնիսկ «բրավո» բացականչեցիք և կրակոտ կերպով նկատեցիք, որ եթե ես «Ճպուռն ու մրջյունը» արտասանեի, դեռ զարմանալի չէր լինի, որ խելացի մի տղեկ իմ տարիքում խելացի է արտասանում, բայց որ այս առակը.
Հարսնացու աղջիկը փեսացու էր փնտրում,
Դեռ մեղք չկա դրանում...
«Հապա լսեք, թե ինչպե՜ս է արտասանում. «Դեռ մեղք չկա դրանում»։ Մի խոսքով, դուք հիացած էիք։ Հետո հանկարծ սկսեցիք Տատյանա Պավլովնայի հետ ֆրանսերեն խոսել, և նա իսկույն մռայլվեց ու սկսեց ձեզ առարկել, նույնիսկ խիստ տաքանալով, բայց, քանի որ հո չի՞ կարելի հակաճառել Անդրեյ Պետրովիչին, եթե նա հանկարծ մի բան է կամեցել, Տատյանա Պավլովնան շտապ տարավ ինձ իր սենյակը, այնտեղ նորից լվացին դեմքս, ձեռքերս, փոխեցին սպիտակեղենս, անուշահոտ յուղ քսեցին, նույնիսկ գանգրացրին մազերս։ Հետո, երեկոյան Տատյանա Պավլովնան ինքը բավական շքեղ զուգվեց, նույնիսկ այնպես, որ ես չէի սպասում, և ինձ տարավ կառքով։ Առաջին անգամ կյանքումս ես թատրոն՝ Վիտովտովայի տան սիրողական ներկայացմանն ընկա, մոմեր, ջահեր, տիկիններ, զինվորականներ, գեներալներ, օրիորդներ, վարագույր, աթոռների շարքեր՝ ոչ մի նման բան ես մինչ այդ չէի տեսել։ Տատյանա Պավլովնան ամենահամեստ մի տեղ զբաղեցրեց վերջին շարքերից մեկում և ինձ իր կողքին նստեցրեց։ Իհարկե, կային նաև ինձ նման երեխաներ, բայց ես այլևս ոչնչի չէի նայում, այլ սրտի մարումով սպասում էի ներկայացմանը։ Երբ դուք բեմ ելաք Անդրեյ Պետրովիչ, ես զմայլված էի, արտասվելու չափ սքանչացած, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով ինքս էլ չգիտեմ։ Սքանչացման արտասուքներն ինչի՞ համար են. ապա թե ինչն էր տարօրինակ թվում ինձ հետո այս բոլոր ինը տարիների ընթացքում հիշելիս։ Սրտի մարումով ես հետևում էի կատակերգությանը, նրանում ես, իհարկե, հասկանում էի միայն այն, որ օրիորդը նրան դավաճանել է, և որ նրա վրա ծիծաղում են նրա ոտքի ճկույթը չարժեցող, հիմար մարդիկ։ Երբ նա արտասանում էր պարահանդեսում, ես հասկանում էի, որ նա ստորացած է ու վիրավորված, որ նա հանդիմանում է այս բոլոր ողորմելի մարդկանց, բայց որ նա մե՜ծ է, մե՜ծ։ Իհարկե, Անդրոնիկովի տանը ստացածս պատրաստականությունը նպաստում էր իմ հասկանալուն, բայց նպաստում էր նաև ձեր խաղը, Անդրեյ Պետրովիչ։ Ես առաջին անգամ էի բեմ տեսնում։ Իսկ հեռանալիս, երբ Չացկին բղավեց. «Կառե՜թս, կառե՜թս այստեղ» (իսկ դուք զարմանահրաշ բղավեցիք), ես պոկվեցի տեղիցս և, բուռն ծափահարող ողջ դահլիճի հետ միասին, ծափ զարկեցի և ամբողջ ուժովս բղավեցի «բրա՜վո»։ Հրաշալի հիշում եմ, ինչպես այդ նույն պահին, թիկունքիցս, «գոտկատեղիցս ցած» ասեղի պես խրվեց Տատյանա Պավլովնայի կատաղի կսմթոցը, բայց ես ուշադրություն անգամ չդարձրի։ Իհարկե, «Խելքից պատուհասից» անմիջապես հետո Տատյանա Պավլովնան ինձ տուն տարավ. «Հո չէի՞ր մնալու պարելու, միայն քո պատճառով ես էլ չեմ մնում»,― կառեթում ողջ ճանապարհին ֆշշացնում էիք ինձ վրա, Տատյանա Պավլովնա։ Ամբողջ գիշեր ես զառանցում էի, իսկ հետևյալ օրը ժամը տասին արդեն կանգնած էի ձեր աշխատասենյակի առջև, բայց աշխատասենյակի դուռը փակ էր. ձեզ մոտ մարդիկ էին նստած, և դուք նրանց հետ գործերով էիք զբաղված, հետո հանկարծ կառեթ նստեցիք ու սլացաք ամբողջ օրով՝ մինչև խոր գիշեր, այդպես էլ ես ձեզ չտեսա։ Թե ինչ էի ուզում ձեզ ասել այն ժամանակ, իհարկե, մոռացել եմ, և այն ժամանակ էլ չգիտեի, բայց բուռն կերպով ուզում էի որքան կարելի է շուտ ձեզ տեսնել։ Իսկ հետևյալ օրն առավոտյան, դեռ ժամը ութին, դուք բարեհաճեցիք Սերպուխով մեկնել, այն ժամանակ պարտքատերերի հետ հաշիվը փակելու համար դուք հենց նոր վաճառել էիք Տուլայի նահանգում գտնվող ձեր կալվածքը, բայց ձեր ձեռքին այնուամենայնիվ, դեռ մնում էր մի ախորժելի պատառ, ահա թե ինչու էիք այն ժամանակ դուք Մոսկվա ժամանել, որտեղ մինչ այդ, պարտքատերերից վախենալով, չէիք կարող երևալ և ահա միայն այդ սերպուխովցի գռեհիկը, բոլոր պարտքատերերից միակը, չէր համաձայնում ամբողջի փոխարեն պարտքի կեսը վերցնել։ Տատյանա Պավլովնան նույնիսկ չէր էլ պատասխանում իմ հարցերին։ «Քո գործը չէ, այ, վաղը չէ մյուս օրը քեզ գիշերօթիկ դպրոց են տանելու, պատրաստվիր, տետրակներդ վերցրու, գրքերդ կարգի բեր և սովորիր ինքդ սնդուկդ դարսել. փափկասուն չեք մեծանալու, պարոն», մեկ այս, մեկ այն, էլ բան չմնաց, Տատյանա Պավլովնա, որ չբլբլացնեիք այդ երեք օրը։ Դրանով էլ ավարտվեց, Անդրեյ Պետրովիչ, որ ինձ՝ ձեզ սիրահարվածիս ու անմեղիս, Տուշարի գիշերօթիկ դպրոցը տարան, և թող որ, կարծես, մի հիմար դեպք էր եղածը, այսինքն՝ մեր ողջ հանդիպումը, բայց, կհավատա՞ք, արդյոք, ախր ես հետո, մի կես տարի անց, Տուշարի մոտից ձեզ մոտ էի ուզում փախչել։
― Դու հրաշալի պատմեցիր և այնքա՜ն կենդանի ողջը ինձ հիշեցրիր,― հատ-հատ արտասանեց Վերսիլովը,― բայց գլխավորն այն է, որ քո պատմածի մեջ ինձ զարմացնում է որոշ տարօրինակ մանրամասների առատությունը, օրինակ իմ պարտքերի մանրամասները։ Չխոսելով արդեն այդ մանրամասների որոշ անպարկեշտության մասին՝ չեմ հասկանում նույնիսկ, թե ինչպե՞ս կարող էիր դրանք ձեռք բերել։
― Մանրամասե՞րը։ Ինչպե՞ս եմ ձեռք բերել։ Բայց չէ՞ որ, կրկնում եմ, այս ինը տարիների ընթացքւմ ես միայն այն եմ արել, որ ձեր մասին մանրամասներ եմ ձեռք բերել։
― Տարօրինակ խոստովանություն և տարօրինակ ժամանց։
Բազկաթոռում կիսապառկած նա շրջվեց և նույնիսկ թեթևակի հորանջեց. դիտավորյալ, թե ոչ չգիտեմ։
― Հիմա ինչպե՞ս, շարունակե՞մ պատմել, թե ինչպես էի ուզում Տուշարի դպրոցից ձեզ մոտ փախչել։
― Արգելեք նրան, Անդրեյ Պետրովիչ, զսպեք նրան ու դուրս վռնդեք,― պայթեց Տատյանա Պավլովնան։
― Չի կարելի, Տատյանա Պավլովնա,― պատկառազդու պատասխանեց նրան Վերսիլովը,― Արկադին, հավանաբար, մի բան է մտադրել և, ուրեմն, նրան անպայման պետք է թույլ տալ, որ ավարտի։ Եվ թող ավարտի։ Կպատմի ու կթեթևանա, իսկ նրա համար գլխավորը հենց այն է, որ թեթևանա։ Սկսիր, սիրելիս, քո նոր պատմությունը, այսինքն ես միայն այդպես ասում եմ՝ նոր, մի անհանգստացիր, ես նրա ավարտը գիտեմ։
IV
― Փախչում էի, այսինքն ուզում էի ձեզ մոտ փախչել շատ հասարակ ձևով։ Տատյանա Պավլովնա, հիշո՞ւմ եք, ինչպես ինձ տեղավորելուց մի երկու շաբաթ հետո Տուշարը ձեզ նամակ էր գրել, չե՞ք հիշում։ Իսկ ինձ հետո այդ նամակն էլ Մարիա Իվանովնան ցույց է տվել, դա էլ էր հանգուցյալ Անդրոնիկովի թղթերի մեջ հայտնվել։ Տուշարը հանկարծ գլխի էր ընկել, որ քիչ է փող վերցրել և իր նամակում «արժանապատվությամբ» հայտնել էր ձեզ, թե իր հաստատությունում դաստիարակվում են իշխաններ ու սենատորների որդիներ և նա իր հաստատության պատվից ցած է համարում պահել այնպիսի ծագումով սան, ինչպիսին ես եմ, եթե իրեն հավելյալ գումար չտրվի։
― Mon cher, դու կարող էիր...
― Օ՜, ոչինչ, ոչինչ,― ընդհատեցի ես,― ես միայն մի քիչ Տուշարի մասին պատմեցի։ Դուք նրան, Տատյանա Պավլովնա, երկու շաբաթ հետո արդեն գավառից պատասխանեցիք և կտրուկ կերպով մերժեցիք։ Ես հիշում եմ, ինչպես այն ժամանակ կարմրատակած՝ նա մեր դասասենյակը մտավ։ Նա մի շատ փոքրիկ ու շատ ամրակազմ, մոտ քառասունհինգ տարեկան և ծագումով իսկապես ֆրանսիացի էր Փարիզից, իհարկե, կոշկակարներից, բայց արդեն անհիշելի ժամանակներից ծառայում էր Մոսկվայում. ֆրանսերենի ուսուցչի հաստիքային պաշտոնում, ուներ նույնիսկ աստիճաններ, որոնցով արտակարգ կերպով հպարտանում էր, միաժամանակ խորապես անկիրթ մարդ էր։ Իսկ մենք, նրա սաներս, ընդամենը վեց հոգի էինք, որոնցից մեկն իսկապես մոսկովյան մի սենատորի եղբորորդին էր, և բոլորս նրա տանն ապրում էինք միանգամայն ընտանեկան դրությամբ, ոչ այնքան իր, որքան նրա տիկնոջ հսկողության տակ, որը մի ռուս աստիճանավորի դուստր և չափազանց կոտրատվող տիկնիկ էր։ Այդ երկու շաբաթվա ընթացքում ես սոսկալի երևակայում էի ընկերներիս մոտ. պարծենում էի կապույտ սերթուկովս և հայրիկովս, Անդրեյ Պետրովիչ, և նրանց հարցերը, թե ինչու ես Դոլգոռուկի եմ և ոչ թե Վերսիլով, ամենևին ինձ չէին շփոթում հենց այն պատճառով, որ ինքս էլ չգիտեի, թե ինչու։
― Անդրեյ Պետրովիչ,― համարյա սպառնալից ձայնով բղավեց Տատյանա Պավլովնան։ Մայրս, ընդհակառակը, առանց աչք կտրելու հետևում էր ինձ և, ըստ երևույթին, ուզում էր, որ շարունակեմ։
― Ce[23] Տուշարը... հիմա ես իսկապես մտաբերում եմ, որ փոքրիկ ու չափազանց շարժուն մեկն էր,― ատամների արանքից արտասանեց Վերսիլովը,― բայց այն ժամանակ նրան լավագույն կողմով էին ինձ ներկայացրել...
― Ce Տուշարը նամակը ձեռքին մտավ ներս, մոտեցավ մեր մեծ կաղնեփայտե սեղանին, որի մոտ նստած բոլոր վեցս էլ մի բան անգիր էինք անում, ամուր բռնեց իմ ուսից, բարձրացրեց աթոռից և կարգադրեց տետրակներս վերցնել։ «Քո տեղն այստեղ չէ, այլ այնտեղ»,― նա ցույց տվեց ինձ նախասենյակից դեպի ձախ գտնվող փոքրիկ խցիկը, որտեղ մի հասարակ սեղան, մի հյուսածո աթոռ և մոմլաթե բազմոց կար դրված՝ ճիշտ և ճիշտ ինչպես հիմա վերևի իմ լուսասենյակում։ Ես փոխադրվեցի զարմացած և չափազանց վախվորած, դեռ երբեք ինձ հետ կոպիտ չէին վարվել։ Կես ժամից, երբ Տուշարը դուրս եկավ դասասենյակից, ես սկսեցի հայացքներ ու ժպիտներ փոխանակել ընկերներիս հետ, նրանք, իհարկե, ինձ վրա ծիծաղում էին, բայց ես գլխի չէի ընկնում և կարծում էի, թե մենք ծիծաղում ենք, որովհետև ուրախ ենք։ Հենց այդ պահին ներս ընկավ Տուշարը, բռնեց մազերիս փնջից ու սկսեց քաշել։ «Չհամարձակվես նստել ազնիվ երեխաների կողքին, դու ստոր ծագում ունես և միևնույն է, թե սպասավոր ես»։ Եվ նա ցավոտ խփեց իմ թմբլիկ, վարդագույն այտին։ Դա նրան իսկույն դուր եկավ և նա ինձ խփեց երկրորդ և երրորդ անգամ։ Ես սոսկալի զարմացած էի և հեկեկալով լաց էի լինում։ Մի ամբողջ ժամ ես նստած էի ձեռքերով երեսս փակած և լալիս էի ու լալիս։ Տեղի էր ունեցել մի բան, որը ես ոչ մի կերպ չէի հասկանում։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր այդպիսի ոչ չար օտարազգի և նույնիսկ ռուս գյուղացիների ազատագրման համար այդքան ուրախացած մարդը, ինչպիսին Տուշարն էր, ծեծել այնպիսի հիմար մի երեխայի, ինչպիսին ես էի։ Ի դեպ, ես միայն զարմացած էի, բայց ոչ վիրավորված, ես դեռ վիրավորվել չգիտեի։ Ինձ թվում էր, թե ես ինչ-որ չարաճճիություն եմ արել և երբ ուղղվեմ, ինձ կներեն, և մենք բոլորս հանկարծ նորից կուրախանանք, բակ կգնանք խաղալու և էլ ավելի լավ կապրենք։
― Բարեկամս, եթե ես միայն իմանայի...― մի քիչ հոգնած մարդու անփույթ ժպիտով ձիգ տվեց Վերսիլովը,― թե ի՜նչ սրիկա է, սակայն, այդ Տուշարը։ Ի դեպ, ես հույսս դեռ չեմ կորցնում, որ դու մի օր ուժերդ կհավաքես և այդ բոլորը վերջապես մեզ կներես, և մենք նորից էլ ավելի լավ կապրենք։
Նա վճռականորեն հորանջեց։
― Բայց ես չեմ մեղադրում, ամենևին չեմ մեղադրում, և հավատացեք, Տուշարից էլ չեմ բողոքում,― ինչ-որ չափով մոլորված բղավեցի ես և հազիվ էլ մի երկու ամիս է նա ինձ ծեծել։ Հիշում եմ, շարունակ ուզում էի ինչ-որ բանով նրան զինաթափ անել և նետվում էի նրա ձեռքերը համբուրելու ու համբուրում էի ու շարունակ արտասվում էի ու արտասվում։ Ընկերներս ծիծաղում էին ինձ վրա և արհամարհում էին ինձ, որովհետև Տուշարն սկսեց ինձ երբեմն որպես ծառա բանեցնել, հրամայում էր իր հագուստը մատուցել հագնվելիս։ Այստեղ բնազդաբար պետք եկավ ինձ իմ լակեյությունը, ես ամբողջ ուժովս աշխատում էի սիրաշահել նրան և ամենևին չէի վիրավորվում, որովհետև բոլորովին ոչինչ դրանից չէի հասկանում և նույնիսկ մինչև օրս եմ զարմանում, որ այնքան դեռ հիմար էի այն ժամանակ, որ չէի կարողանում հասկանալ, թե ես իրենց բոլորին հավասար մարդ չեմ։ Ճիշտ է, ընկերներս այն ժամանակ էլ ինձ շատ բան բացատրեցին, դա լավ դպրոց էր։ Տուշարն ավարտեց նրանով, որ սկսեց ավելի սիրով ծնկով հետևիցս աքացի տալ, քան դեմքիս խփել, իսկ մի կես տարի հետո նույնիսկ սկսեց ինձ երբեմն փաղաքշել, սակայն, որքան էլ հազվադեպ, բայց ամիսը մեկ անգամ, երևի, ծեծում էր, հիշեցնելու համար, որ պատշաճության սահմաններից դուրս չգամ։ Երեխաների հետ էլ շատ շուտով ինձ միասին նստեցրին և թույլ էին տալիս, որ խաղամ, բայց ոչ մի անգամ երկուս ու կես տարվա ընթացքում Տուշարը չմոռացավ մեր սոցիալական դրությունների տարբերությունը և, թեև ոչ այնքան, բայց այնուամենայնիվ ծառայությունների համար օգտագործում էր ինձ մշտապես, և կարծում եմ, որ հենց դիրքս հիշեցնելու համար էր դա անում։
Իսկ փախել եմ, այսինքն ուզում էի փախչել արդեն մի հինգ ամիս անց այդ առաջին երկու ամսից։ Եվ ընդհանրապես ես ողջ կյանքումս դանդաղաշարժ եմ եղել վճիռներում։ Երբ ես անկողին էի մտնում ու վերմակով ծածկվում, իսկույն սկսում էի երազել ձեր մասին, Անդրեյ Պետրովիչ, միմիայն ձեր մասին, ամենևին չգիտեմ, թե ինչու էր այդպես լինում։ Ես ձեզ նույնիսկ երազներումս էի տեսնում։ Գլխավորն այն է, որ ես շարունակ բուռն կերպով երազում էի, որ դուք հանկարծ ներս կմտնեք, ես կնետվեմ դեպի ձեզ, և դուք դուրս կբերեք ինձ այդտեղից և կտանեք ձեզ մոտ, այն աշխատասենյակը, և մենք նորից թատրոն կգնանք և այլն, և այլն։ Եվ որ գլխավորն է, մենք իրարից չենք բաժանվի, ահա թե որն էր գլխավորը։ Իսկ երբ առավոտյան ստիպված էի արթնանալ, ապա հանկարծ սկսվում էին տղաների ծաղր ու ծանակը և արհամարհանքը։ Նրանցից մեկն ուղղակի սկսեց ծեծել ինձ և ստիպում էր, որ իր սապոգները մատուցեմ. նա հայհոյում էր ինձ ամենավատ խոսքերով, հատկապես աշխատելով բացատրել ինձ իմ ծագումը՝ ի զվարճություն բոլոր ունկնդիրների։ Իսկ երբ վերջապես ինքը Տուշարն էր հայտնվում, իմ հոգում անտանելի մի բան էր սկսվում։ Ես զգում էի, որ ինձ այստեղ երբեք չեն ների, օ՜ ես կամաց-կամաց արդեն սկսել էի հասկանալ, որ հենց չեն ների և ինչումն եմ ես հատկապես մեղանչել։ Եվ այդպես, ես վերջապես վճռեցի փախչել։ Ամբողջ երկու ամիս ես սոսկալի երազում էի այդ մասին և վերջապես համարձակվեցի. սեպտեմբեր ամիսն էր այդ ժամանակ։ Ես սպասեցի, մինչև ընկերներս իրենց տները ցրվեցին՝ շաբաթից-կիրակի անցկացնելու, մինչ այդ ծածուկ ինձ համար ամենաանհրաժեշտ իրերի մի կապոց խնամքով կապեցի, երկու ռուբլի էլ փող ունեի։ Ես ուզում էի սպասել մինչև կմթնի. «Հետո կիջնեմ սանդուղքով,― մտածում էի ես,― ու դուրս կգամ և այնուհետև ճամփա կընկնեմ»։ Ո՞ւր։ Ես գիտեի, որ Անդրոնիկովին արդեն փոխադրել են Պետերբուրգ, և որոշեցի, որ կգտնեմ Ֆանարիոտովայի տունը Արբատում. «Գիշերը որևէ տեղում կքայլեմ կամ կնստեմ, իսկ առավոտյան մեկնումին հարց ու փորձ կանեմ տան բակում որտեղ է այժմ Անդրեյ Պետրովիչը և, եթե Մոսկվայում չէ. ապա ո՞ր քաղաքում է կամ ո՞ր տերությունում։ Երևի, կասեն։ Ես կհեռանամ, իսկ հետո մի որևէ այլ տեղում և որևէ մեկին կհարցնեմ, թե դեպի որ ուղեկալը գնամ, եթե որևէ ուրիշ քաղաք պիտի գնամ, և դուրս կգամ, կգնամ ու կգնամ։ Շարունակ կգնամ, թփերի տակ կգիշերեմ և միայն հաց կուտեմ, իսկ երկու ռուբլու հացը ինձ շատ երկար ժամանակ բավական կլինի»։ Սակայն շաբաթ օրը ոչ մի կերպ չհաջողվեց փախչել, ստիպված եղա սպասել մինչև վաղը, մինչև կիրակի և, կարծես դիտմամբ, կիրակի օրը Տուշարը ու նրա կինը ինչ-որ տեղ գնացին. ամբողջ տանը միայն ես ու Ագաֆիան մնացինք։ Ես սոսկալի տրտմությամբ սպասում էի գիշերվան, հիշում եմ, նստել էի մեր դահլիճում, պատուհանի մոտ ու նայում էի փայտաշեն տնակներով փոշոտ փողոցին ու սակավադեպ անցորդներին։ Տուշարն ապրում էր խուլ թաղամասում և պատուհաններից ուղեկալն էր երևում, արդյո՞ք հենց այն չէ,― թվում էր ինձ։ Արևը մայր էր մտնում այնքան կարմիր, երկինքն այնքան սառն էր, և սուր՝ քամին, ճիշտ և ճիշտ ինչպես այսօր, ավազը դեպի վեր էր քշում։ Վերջապես բոլորովին մթնեց, ես կանգնեցի սրբապատկերի առաջ և սկսեցի աղոթել, միայն թե արագ-արագ, շատ էի շտապում։ Վերցրի կապոցս և մատներիս ծայրերի վրա իջա մեր ճռճռան սանդուղքով, սոսկալի վախենալով, որ հանկարծ խոհանոցից քայլերս չլսի Ագաֆիան։ Դուռը բանալիով փակ էր, ես բացեցի և հանկարծ մութ-մութ գիշերը սևին տվեց իմ առջև, որպես անսահմանորեն վտանգավոր անհայտություն, իսկ քամին միանգամից գլխիցս պոկեց գդակս։ Ես ուզում էի դուրս գալ. մայթի մյուս կողմում լսվեց հայհոյող անցորդի խռպոտ ու հարբած ոռնոցը, ես մի պահ կանգնեցի, մի պահ նայեցի ու կամացուկ վերադարձա, կամացուկ վերև բարձրացա, կամացուկ հանվեցի, կապոցս դարսեցի և առանց արտասուքի ու առանց մտքերի երեսնիվայր պառկեցի և հենց այդ րոպեից սկսեցի դատել, Անդրեյ Պետրովիչ։ Հենց այդ նույն րոպեից, երբ գիտակցեցի, որ ես, բացի նրանից, որ լակեյ եմ, դրան ավելացրած նաև վախկոտ եմ, և սկսվեց իմ իսկական, ճշմարիտ զարգացումը։
― Իսկ ես հենց այս նույն րոպեից քեզ ընդմիշտ ճանաչեցի,― հանկարծ տեղից թռավ Տատյանա Պավլովնան և այնքան անսպասելի, որ ես բոլորովին չպատրաստվեցի,― ախր, բավական չէ, որ դու այն ժամանակ էիր լակեյ, հիմա էլ ես լակեյ, դու լակեյի հոգի ունես։ Ախր ի՜նչ արժեր Անդրեյ Պետրովիչի համար, որ քեզ կոշկակարի աշակերտ տար։ Նույնիսկ բարերարություն արած կլիներ, արհեստ կսովորեցներ։ Ո՞վ պիտի դրանից ավելին քեզ համար ուզեր կամ պահանջեր։ Հայրդ՝ Մակար Իվանիչը, ոչ թե խնդրում, այլ համարյա պահանջում էր, որ ձեզ, իր երեխաներին, ստորին դասից դուրս չբերեն։ Ո՜չ, դու չես գնահատում, որ նա քեզ համալսարանի դուռն է հասցրել և որ նրա միջոցով դու իրավունքներ ես ստացել։ Սրան տեսեք, տղաները ծաղրել են, դրա պատճառով երդվել է վրեժ լուծել մարդկությունից... Սրիկայի մեկը։
Խոստովանում եմ, ես ապշել էի այս արարքից։ Ես վերկացա և որոշ ժամանակ նայում էի, չիմանալով, թե ինչ ասեմ։
― Բայց իսկապես, Տատյանա Պավլովնան ինձ նոր բան ասաց,― հաստատակամորեն վերջապես դեպի Վերսիլովը դարձա ես,― և իսկապես ես այնքան լակեյ եմ, որ ոչ մի կերպ չեմ կարողանում բավարարվել միայն նրանով, որ Վերսիլովն ինձ կոշկակարության չի տվել։ Նույնիսկ «իրավունքները» չեն սրտաշարժել ինձ, այսինքն՝ ամբողջ Վերսիլովին տվեք ինձ, հորս տվեք ինձ... ահա թե ինչ եմ պահանջել, հապա ի՞նչ եմ, որ լակեյ չեմ։ Մայրիկ, իմ խղճին արդեն ութ տարի է, ինչ ծանրացել է այն, որ դուք մենակ եկաք Տուշարի մոտ ինձ այցելելու և ինչպես ձեզ ընդունեցի ես, բայց հիմա ժամանակ չկա դրա մասին խոսելու։ Տատյանա Պավլովնան թույլ չի տա պատմել։ Մինչև վաղը, միգուցե, մայրիկ, ես և դուք դեռ կհանդիպենք։ Տատյանա Պավլովնա, ի՞նչ կա դրանում, եթե ես կրկին այն աստիճանի լակեյ լինեմ, որ ոչ մի կերպ նույնիսկ հանդուրժել չկարողանամ, որ ողջ և առողջ կին ունենալով, կարելի լինի մի նոր կնոջ հետ ամուսնանալ։ Բայց չէ՞ որ դա քիչ մնաց, որ պատահեր Անդրեյ Պետրովիչի հետ Էմսում։ Մայրիկ, եթե չուզենաք մնալ ձեր ամուսնու հետ, որը վաղը ամուսնանում է ուրիշի հետ, հիշեցեք, թե որդի ունեք, որը խոստանում է հավիտենապես ձեզ հարգոդ որդի լինել, հիշեցեք և գնանք, միայն մի պայմանով, կամ նա, կամ ես, ուզո՞ւմ եք։ Ես հիմա չեմ ձեզնից պատասխան խնդրում, ես գիտեմ, որ նման հարցերին իսկույն պատասխան տալ չի կարելի։
Բայց ես չկարողացա խոսքս ավարտել, առաջինը որովհետև տաքացա և ինձ կորցրի։ Մայրս սաստիկ գունատվեց, և կարծես ձայնը խզվեց, ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Տատյանա Պավլովնան ինչ-որ շատ բարձր ու շատ երկար բան ասաց, այնպես որ ես նույնիսկ չհասկացա, և մի երկու անգամ բռունցքով ուսիս խփեց։ Ես միայն հիշեցի, որ նա գոռգոռաց, թե իմ ասածները «շինծու են, սաղրիկ հոգում փայփայած ու մատով շուռ տված մտքեր են»։ Վերսիլովը նստած էր անշարժ, չափազանց լուրջ և չէր ժպտում։ Ես գնացի վերև, իմ սենյակը։ Վերջին հայացքը, որ ուղեկցեց ինձ սենյակից, քրոջս հանդիմանական հայացքն էր. նա խստորեն տարուբերում էր գլուխն իմ հետևից։
Գլուխ յոթերորդ
I
Այս բոլոր տեսարանները ես նկարագրում եմ առանց ինձ խնայելու, որպեսզի ամեն բան հստակ վերհիշեմ և տպավորությունը վերականգնեմ։ Բարձրանալով սենյակս` ես ամենևին չգիտեի, պետք է ամաչե՞մ, թե՞, որպես իր պարտքը կատարած մարդ, ցնծամ։ Եթե ես գոնե մի փոքր ավելի փորձառու լինեի, ես կկռահեի, որ նման գործում ամենաչնչին կասկածն անգամ պետք է բացատրվի ի վնաս ինձ։ Բայց ինձ մոլորեցնում էր մի այլ հանգամանք, չեմ հասկանում, ինչի վրա էի ուրախանում, բայց սոսկալի ուրախ էի, թեև կասկածում էի և պարզորոշ գիտակցում, որ վարում քննությունս չբռնեցի։ Նույնիսկ այն, որ Տատյանա Պավլովնան այդպիսի չարությամբ ինձ անպատվեց, ինձ համար միայն ծիծաղելի էր ու զվարճալի և ամենևին չէր զայրացնում ինձ։ Հավանաբար, այս բոլորի պատճառն այն էր, որ ես, այնուամենայնիվ, կտրել էի շղթան և առաջին անգամ ինձ ազատ էի զգում։
Զգում էի նաև, որ փչացրել եմ դրությունս, ավելի շատ մշուշ կուտակվեց այն բանում, թե հիմա ինչպես վարվեմ ժառանգությանը վերաբերող նամակի հետ։ Հիմա վճռականորեն կկարծեն, որ ես ուզում եմ վրեժ լուծել Վերսիլովից։ Բայց դեռ վարում, բոլոր այդ վիճաբանությունների ժամանակ, ես վճռեցի ժառանգությանը վերաբերող նամակի գործը իրավարար միջնորդի որոշմանը հանձնել և, որպես դատավոր, Վասինին դիմել, իսկ եթե չհաջողվի Վասինին, ապա մի ուրիշ անձնավորության, և ես արդեն գիտեի, թե ում։ Մի անգամ, հենց միայն դրա համար, կգնամ Վասինի մոտ, մտածում էի ես, իսկ հետո հետո երկար ժամանակով, մի քանի ամսով կանհետանամ բոլորի համար, իսկ Վասինի համար նույնիսկ առանձնապես կանհետանամ, միայն, միգուցե, մորս ու քրոջս հետ երբեմն տեսնվեմ։ Այս բոլորն անկարգ ու անկանոն էր. զգում էի, որ մի բան արել եմ, բայց այնպես չեմ արել և, և գոհ էի. կրկնում եմ, մի բանի համար, այնուամենայնիվ, ուրախ էի։
Նախատեսելով վաղվա երկարաժամ քայլերս՝ ես որոշեցի վաղ պառկել քնելու։ Բացի բնակարան վարձելն ու տեղափոխվելը, ես որոշ վճիռներ էի ընդունել, որոնք այսպես թե այնպես որոշել էի կատարել։ Բայց երեկոյին բախտ չվիճակվեց առանց կորյուզների ավարտվել, և Վերսիլովը կարողացավ, այնուամենայնիվ, արտակարգ կերպով զարմացնել ինձ։ Իմ լուսասենյակը նա վճռականապես երբեք չէր մտնում, և հանկարծ, դեռ մի ժամ էլ չկար, որ ես սենյակումս էի, սանդուղքի վրա քայլեր լսեցի, նա կանչում էր ինձ ճանապարհը լուսավորելու։ Ես դուրս բերեցի մոմը և, դեպի ցած մեկնելով ձեռքս, որը նա իսկույն բռնեց, օգնեցի նրան վեր բարձրանալ։
― Mersi, բարեկամ, ես դեռ ոչ մի անգամ այստեղ չէի սողոսկել, նույնիսկ երբ վարձում էի այս բնակարանը։ Ես նախազգում էի, թե սա ինչ պիտի լինի, բայց այսպիսի բան այնուամենայնիվ չէի ենթադրում,― նա կանգնել էր իմ լուսասենյակի մեջտեղում և հետաքրքրությամբ շուրջն էր նայում։― Բայց սա դագաղ է, կատարյալ դագաղ։
Իսկապես, որոշ նմանություն կար դագաղի ներսի մասի հետ, և ես նույնիսկ զարմացա, թե մի բառով նա որքան ճշգրիտ բնորոշեց նա։ Խցիկս նեղ էր ու երկար, ոչ ավելի, քան իմ ուսի բարձրությունից սկսվում էր պատի ու տանիքի անկյունը, իսկ տանիքի հակառակ ծայրին ես կարող էի հասցնել ձեռքիս ափը։ Առաջին րոպեին Վերսիլովն անգիտակից կերպով կռացած էր իրեն պահում, վախենալով, թե գլուխը առաստաղին կդիպցնի, սակայն չդիպցրեց և վերջացրեց նրանով, որ բավական հանգիստ նստեց իմ բազմոցին, որի վրա արդեն փռված էր իմ անկողինը։ Ինչ վերաբերում է ինձ, ես չնստեցի և խորապես զարմացած նրան էի նայում։
― Մայրդ պատմում է, որ չգիտեր, վերցնի՞, արդյոք, այն փողը, որ դու քիչ առաջ տվել էիր նրան քո մի ամսվա ապրուստի համար։ Նկատի ունենալով նման դագաղը ոչ միայն չի կարելի վերցնել, այլ, ընդհակառակը, մեզնից պետք է քո օգտին գանձել։ Ես այստեղ երբեք չես եղել և... պատկերացնել չեմ կարող, թե այստեղ կարելի է ապրել։
― Վարժվել եմ։ Բայց նրան, որ ձեզ տեսնում եմ իմ սենյակում, ոչ մի կերպ չեմ կարող վարժվել այն բանից հետո, որ կատարվեց ներքևում։
― Օ՜, իհարկե, դու չափազանց կոպիտ էիր ներքևում, բայց... ես էլ իմ առանձին նպատակներն ունեմ, որոնք և կբացատրեմ քեզ, թեև, ի դեպ, իմ գալու մեջ ոչ մի արտակարգ բան չկա, նույնիսկ այն, որ տեղի ունեցավ ներքևում, նույնպես միանգամայն օրինակարգ երևույթ էր. բայց ղու, հանուն Քրիստոսի, բացատրիր ինձ ահա թե ինչը, այն, որ ներքևում դու պատմում էիր և որին այնքան հանդիսավոր մեզ պատրաստում ու ձեռք էիր զարկում, մի՞թե այն բոլորն է, որ դու ուզում էիր երևան հանել կամ հաղորդել և ուրիշ ոչ մի ասելիք չունեի՞ր։
― Բոլորն է։ Այսինքն ենթադրենք, թե բոլորն է։
― Մի քիչ քիչ է, բարեկամս։ Ճիշտն ասած՝ ես, քո գրոհից դատելով և այն բանից, թե ինչպես էիր մեզ կոչ անում ծիծաղել, մի խոսքով, տեսնելով, թե պատմելու ինչ ցանկություն ունես դու, ես ավելին էի սպասում։
― Իսկ ձեզ համար միևնույն չէ՞։
― Ես, իսկապես, չափի զգացման մասին եմ խոսում, այդքան աղմուկի կարիք չկար, հենց չափն էր դրանում խախտված։ Մի ամբողջ ամիս լռել էիր, պատրաստվում էիր և հանկարծ ոչինչ։
― Ես երկար էի ուզում պատմել, բայց ամաչում եմ, որ այդքանն էլ պատմեցի։ Ամեն բան բառերով չես պատմի, բան էլ կա, որ ավելի լավ է երբեք չպատմես։ Ես, ախր, բավական բան ասացի, իսկ դուք չէ՞ որ չեք հասկացել։
― Ա՜, դու էլ ես երբեմն տառապում, որ միտքդ բառերի մեջ չի ամփոփվում։ Դա ազնիվ տառապանք է, բարեկամս, և տրված է միայն ընտրյալներին. հիմարը միշտ էլ գոհ է իր ասածից, ըստ որում միշտ էլ կասի ավելին, քան պետք է. նրանք սիրում են մի բան էլ ավելի։
― Ինչպես, օրինակ, ես ներքևում, ես էլ ավելին ասացի, քան պետք էր. ես պահանջեցի «ամբողջ Վերսիլովին», դա շատ ավելին է, քան պետք է. ինձ Վերսիլովն ամենևին պետք չէ։
― Բարեկամս, տեսնում եմ, որ դու ուզում ես վերաշահել վարում տանուլ տվածդ։ Դու, ըստ երևույթին, զղջացել ես, իսկ քանի որ զղջալ մեզանում նշանակում է անհապաղ որևէ մեկի վրա կրկին հարձակվել, դու էլ չես ուզում մի անգամ էլ իմ հարցում վրիպել։ Ես վաղ եմ եկել և դու դեռ չես սառել, դրան ավելացրած նաև, որ դժվարությամբ ես քննադատության դիմանում։ Բայց նստիր, Աստված սիրես, ես եկել եմ մի բան քեզ հաղորդելու, շնորհակալ եմ, այ այդպես։ Այն բանից, որ դու հեռանալիս մորդ ասացիր ներքևում, չափազանց պարզ է, որ մենք, նույնիսկ բոլոր դեպքերում, ավելի լավ է բաժանվենք։ Ես եկել եմ այն նպատակով, որ քեզ համոզեմ անել այդ հնարավորին չափ մեղմ և առանց խայտառակության, որպեսզի էլ ավելի չվշտացնես և չվախեցնես մորդ։ Նույնիսկ այն, որ ես ինքս այստեղ եկա, արդեն սրտապնդել է նրան, նա մի տեսակ հավատում է, որ մենք դեռ կհասցնենք հաշտվել և որ ամեն բան առաջվա պես կգնա։ Կարծում եմ, որ եթե մենք այստեղ մեկ կամ երկու անգամ որքան հնարավոր է բարձր ծիծաղեինք, նրանց վեհերոտ սրտերում հրճվանք կհարուցեինք։ Թող որ դրանք պարզ սրտեր են, բայց անկեղծ ու միամիտ սիրող սրտեր են, ուրեմն ինչո՞ւ չփայփայենք դրանց առիթի դեպքում։ Հենց սա մեկ։ Երկրորդ, ինչո՞ւ պետք է անպայման վրեժի ծարավով, ատամներ կրճտացնելով, երդումներով և այլևայլ բաներով իրարից բաժանվել, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ճիշտ չէ՞, արդյոք։
― Այդ բոլորը դատարկ բաներ են։ Խոստանում եմ, որ կհեռանամ առանց խայտառակության և բավական է։ Դրանով դուք մորս մասի՞ն եք հոգում։ Իսկ ինձ թվում է, որ մորս հանգստությունն այստեղ վճռականապես ձեզ համար միևնույն է, և դուք միայն հենց այնպես խոսում եք։
― Չե՞ս հավատում։
― Դուք ինձ հետ ուղղակի, կարծես, երեխայի հետ եք խոսում։
― Բարեկամս, ես պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել քեզանից դրա և բոլոր այն բաների համար, որ ինձ ես վերագրում, մանկությանդ այն բոլոր տարիների համար և այլն, և այլն, բայց, cher enfant, դրանից ի՞նչ դուրս կգա։ Դու այնքան խելոք ես, որ ինքդ չես ուզենա նման հիմար դրության մեջ ընկնել։ Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ նույնիսկ մինչև այժմ լիովին հասկանում ես քո հանդիմանությունների բնույթը, և իսկապես, ինչո՞ւմ ես հատկապես ինձ մեղադրում։ Այն բանում, որ Վերսիլով չե՞ս ծնվել։ Թե՞ ոչ։ Վահ, դու ծիծաղում ես արհամարհանքով և թևերդ թափ տալիս, ուրեմն ո՞չ։
― Հավատացեք, որ ոչ։ Հավատացեք, որ ոչ մի պատիվ չեմ տեսնում Վերսիլով կոչվելու մեջ։
― Պատվի մասին չխոսենք, ի դեպ, քո պատասխանն անպայման դեմոկրատական պետք է լինի, բայց եթե այդպես է, էլ ինչո՞ւմ ես ինձ մեղադրում դու։
― Տատյանա Պավլովնան հիմա ասաց այն բոլորը, որ ես պետք է իմանայի և որը ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ մինչև նրա ասելը, դա այն է, որ դուք հո ինձ կոշկակարության չեք տվել, հետևաբար ես դեռ պետք է շնորհակալ լինեմ ձեզ։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ ես անշնորհակալ, նույնիսկ հիմա, նույնիսկ երբ ինձ դա հասկացրել են։ Արդյո՞ք, ձեր հպարտ արյունը չի խոսում իմ մեջ, Անդրեյ Պետրովիչ։
― Հավանաբար, ոչ։ Եվ բացի այդ, համաձայնիր, որ քո բոլոր արտառոց արարքները ներքևում, փոխանակ ինձ նեղելու, ինչպես որ նախատեսված էին քո կողմից, չարչարում ու քրքրում էին մորդ։ Մինչդեռ, թվում է, թե դու չպետք է նրան դատես։ Եվ ինչո՞վ է նա քո առաջ մեղավոր։ Ի դեպ, բացատրիր ինձ նաև, բարեկամս, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով ես տարածել և՛ դպրոցում, և՛ գիմնազիայում, և՛ քո ողջ կյանքի ընթացքում, և՛ նույնիսկ առաջին պատահած մարդուն, թե դու ապօրինածին ես։ Ես լսել եմ, որ դու մի առանձին սիրով ես դա արել։ Մինչդեռ այդ բոլորը անմտություն է և ստոր զրպարտություն, դու օրինածին ես, Դոլգոռուկի, մի արտակարգ խելքի ու բնավորության տեր պատկառելի մարդու՝ Մակար Իվանիչ Դոլգոռուկու որդին։ Իսկ եթե դու բարձրագույն կրթություն ես ստացել, ապա իսկապես քո նախկին կալվածատեր Վերսիլովի շնորհիվ, բայց ի՞նչ է դրանից բխում։ Գլխավորն այն է, որ քո ապօրինածնությունն ազդարարելով, որն ինքնին արդեն զրպարտություն է, դու բաց ես անում մորդ գաղտնիքը և, շինծու մի հպարտությունից դրդված, քարշ ես տալիս մորդ առաջին պատահած կեղտի առաջ դատաստանի։ Բարեկամս, դա չափազանց անազնիվ քայլ է, առավել ևս, որ մարդ անձամբ ոչ մի բանում մեղավոր չէ, դա ամենամաքուր մի խառնվածք է, և եթե նա Վերսիլովա չէ, ապա միմիայն այն պատճառով, որ մինչև այժմ էլ ամուսնացած է։
― Բավական է, ես միանգամայն համաձայն եմ ձեզ հետ և այնքան եմ հավատում ձեր խելամտությանը, որ լիահույս եմ, թե կդադարեք չափազանց երկար ինձ նախատելուց։ Դուք այնքա՜ն եք չափ սիրում, մինչդեռ ամեն բան չափ ունի, նույնիսկ ձեր՝ մորս նկատմամբ հանկարծակի տածած սերը։ Ավելի լավ է, գիտեք ինչ. եթե դուք սիրտ եք արել ինձ մոտ գալ և ինձ մոտ քառորդ ժամ, կամ կես ժամ նստել (ես այդպես էլ դեռ չգիտեմ, թե ինչի համար, դե, ենթադրենք, թե մորս հանգստության համար) և, բացի դրանից, այդպիսի սիրով խոսում եք ինձ հետ, չնայած այն բանին, որ տեղի ունեցավ ներքևում, ապա ավելի լավ է պատմեցեք ինձ իմ հոր՝ հենց այդ Մակար Իվանով ուխտագնացի մասին։ Ես հենց ձեզնից կուզենայի լսել նրա մասին, ես վաղուց մտադիր էի ձեզ հարցնել։ Բաժանվելով ձեզնից և, միգուցե, երկար ժամանակով, ես շատ կուզենայի նույնպես ձեզնից պատասխան ստանալ նաև մի հարցի, մի՞թե այս ամբողջ քսան տարվա ընթացքում դուք չէի՞ք կարող ազդել մորս, իսկ հիմա նույնիսկ քրոջս, նախապաշարումների վրա այնպես, որ ձեր քաղաքակրթող ազդեցությամբ ցրեիք նրան շրջապատող միջավայրի նախնական խավարը։ Օ՜, ես նրա մաքրության մասին չեմ խոսում։ Նա առանց այն էլ միշտ անսահմանորեն բարձր էր ձեզնից բարոյապես, ներեցեք, բայց... դա միայն անսահմանորեն բարձր մեռել է։ Ապրում է միայն Վերսիլովը, իսկ ոչ մնացյալը նրա շուրջը և ողջ նրա հետ կապվածը գորշ կյանք է վարում այն պարտադիր պայմանով, որ պետք է պատիվ ունենա սնելու նրան իր ուժերով, իր կենդանի հյութերով։ Բայց չէ՞ որ նա էլ է մի օր կենդանի եղել։ Չէ՞ որ դուք մի բան սիրել եք նրա մեջ։ Չէ՞ որ նա էլ է մի օր կին եղել։
― Եթե կուզես, բարեկամս, երբեք չի եղել,― ասաց նա ինձ. իսկույն դառնալով այն նախնական, ինձ հետ այն ժամանակվա վարվելաձևին, որն այնքան հիշելի է ինձ համար և որն այնպես զայրացնում էր ինձ. այսինքն առերես, նա ինքը անկեղծ միամտությունն է, իսկ լավ նայելիս ամեն բան միայն խորագույն ծաղր, և այդպես երբեմն ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա դեմքի արտահայտությունը,― երբեք չի եղել։ Ռուս կինը երբեք կին չի լինում։
― Իսկ լեհուհին, ֆրանսուհին լինո՞ւմ են։ Կամ իտալուհի՞ն, կրքոտ իտալուհին, ահա թե ինչը կարող է գերել Վերսիլովի պես, բարձրագույն միջավայրի քաղաքակրթված ռուս մարդուն։
― Դե, մի՞թե կարող էի սպասել, որ սլավոնասերի եմ հանդիպելու,― ծիծաղեց Վերսիլովը։
Ես բառ առ բառ մտաբերում եմ նրա պատմածը, նա սկսեց խոսել նույնիսկ մեծ սիրով և նկատելի հաճույքով։ Ինձ համար չափազանց պարզ էր, որ նա ինձ մոտ եկել էր ամենևին էլ ոչ շաղակրատելու և ամենևին էլ ոչ նրա համար, որ հանգստացնի մորս, այլ երևի այլ նպատակներ ունենալով։
II
― Մեր ողջ քսան տարին մայրդ ու ես միանգամայն լուռ ենք ապրել,― սկսեց նա իր շատախոսությունը (ծայրահեղ շինծու և անբնական),― և այն բոլորը, որ տեղի է ունեցել մեր միջև, այդպես էլ լուռ է կատարվել։ Մեր կապի ողջ քսանամյակի գլխավոր բնույթը լռությունն է եղել։ Ես կարծում եմ, որ մենք նույնիսկ ոչ մի անգամ չենք էլ գժտվել։ Ճիշտ է, ես հաճախ էի բացակայում և նրան մենակ թողնում, բայց վերջանում էր նրանով, որ միշտ հետ էի գալիս։ Nous revenons toujours[24] և սա է տղամարդկանց հիմնական հատկությունը, դա մեծահոգությունից է բխում, եթե ամուսնության գործը միայն կանանցից կախված լիներ, ոչ մի ամուսնություն անվնաս չէր մնա։ Հեզություն, անպատասխանություն, խոնարհություն և միևնույն ժամանակ հաստատակամություն, ուժ, իսկական ուժ ― ահա մորդ բնավորությունը։ Եվ նկատիր, որ աշխարհում ինձ պատահած բոլոր կանանցից նա լավագույնն է։ Իսկ որ նա ուժ ունի, դա ես վկայում եմ. ես, ախր, տեսել եմ, ինչպես էր այդ ուժը նրան սնում։ Այնտեղ, ուր հարցը վերաբերում է, եթե չասենք համոզմունքներին (ճիշտ համոզմունքներ այստեղ չեն կարող լինել), ապա այն բանին, որ նրանց մոտ համոզմունք է համարվում, ուրեմն, նրանց կարծիքով, նաև սուրբ, այնտեղ ուզում ես չարչարանքների ենթարկիր, ուղղակի չեն զիջի։ Դե, իսկ ես, ինքդ կարող ես եզրակացնել, նմա՞ն եմ, արդյոք, չարչարողի։ Ահա թե ինչու ես գերադասեցի համարյա ամեն բանում լռել, և ոչ միայն այն պատճառով, որ դա ավելի հեշտ էր, և խոստովանում եմ, որ չեմ զղջում։ Այդպիսով, ամեն բան ինքն իրեն ստացվեց լայնախոհ ու մարդասիրական, այնպես որ ես ինձ ոչ մի գովասանք չեմ վերագրում։ Ի դեպ կասեմ, փակագծերում, որ չգիտեմ ինչու կասկածում եմ, թե նա երբեք իմ մարդասիրությանը չի հավատացել, հենց այդ պատճառով էլ շարունակ դողացել է. բայց, դողալով, միևնույն ժամանակ ոչ մի կուլտուրայի չի ենթարկվել։ Նրանք ինչ-որ ձևով դա կարողանում են, իսկ մենք ինչ-որ բան այդտեղ չենք հասկանում, և ընդհանրապես նրանք մեզնից լավ են կարողանում իրենց գործերը կարգադրել։ Նրանք կարող են շարունակել ապրել իրենց ձևով իրենց համար ամենաանբնական դրություններում և իրենց համար ոչ հատուկ դրություններում միանգամայն հարազատ մնալ իրենց։ Մենք այդպես չենք կարողանում։
― Ո՞վ նրանք։ Ես ձեզ լավ չեմ հասկանում։
― Ժողովուրդը, բարեկամս, ես ժողովրդի մասին եմ խոսում։ Նա ապացուցել է և իր կենսունակության այդ մեծ ուժը, և իր պատմական լայնախոհությունը թե բարոյապես, թե քաղաքականապես։ Բայց, որպեսզի վերադառնանք մեր խնդրին, մորդ մասին պետք է նկատեմ այն, որ նա հո շարունակ չի՞ լռում, նա երբեմն էլ կխոսի, բայց այնպես կխոսի, որ ուղղակի կտեսնես, թե դու միայն ժամանակ ես կորցրել խոսելով, թեկուզ հինգ տարի էլ դրանից առաջ աստիճանաբար նախապատրաստած լինես նրան։ Ընդ որում նրա առարկությունները ամենաանսպասելին կարող են լինել։ Եվ նկատիր նաև, որ ես ամենևին նրան հիմար չեմ անվանում, ընդհակառակը, այստեղ յուրատեսակ խելք կա, և նույնիսկ երևելի խելք, սակայն խելքին դու, միգուցե, չհավատաս...
― Ինչո՞ւ պիտի չհավատամ։ Ես միայն չեմ հավատում, թե դուք ինքներդ իսկապես և առանց ձևանալու հավատում եք նրա խելքին։
― Հա՞։ Ուրեմն դու ինձ այդպիսի քամելեո՞ն ես համարում։ Բարեկամս, ես քեզ արդեն շատ բան եմ թույլ տալիս... որպես երես տված որդուս... բայց այս անգամ թող այդպես լինի։
― Հորս մասին պատմեցեք, եթե կարող եք, ճշմարտությունը։
― Մակար Իվանովիչի՞ մասին։ Մակար Իվանովիչը, ինչպես դու արդեն գիտես, ագարակի գյուղացի է, որն, այսպես ասած, ցանկացել է որոշ փառք ձեռք բերել...
― Գրազ կգամ, որ այս րոպեին դուք նրան ինչ-որ բանում նախանձում եք։
― Ընդհակառակը, բարեկամս, ընդհակառակը և եթե կուզես, ես շատ ուրախ եմ, որ քեզ այդպիսի խորամիտ տրամադրությամբ եմ տեսնում, երդվում եմ, որ հենց հիմա ես վերին աստիճանի զղջման տրամադրության եմ և հենց հիմա, այս րոպեիս, միգուցե հազարերորդ անգամ անզոր կերպով ափսոսում եմ քսան տարի առաջ կատարվածի համար։ Ընդ որում, Աստված է վկա, որ այդ բոլորը տեղի է ունեցել վերին աստիճանի ակամա... իսկ հետո, որքան որ ներել են ուժերս, նաև մարդասիրաբար, համենայն դեպս, որքան որ այն ժամանակ ես պատկերացնում էի մարդասիրության սխրագործությունը։ Օ՜, մենք այն ժամանակ բոլորս էինք եռում բարիք գործելու, քաղաքացիական նպատակներին, բարձր գաղափարին ծառայելու կրքով։ Դատապարտում էինք աստիճանակարգը, մեր տոհմական իրավունքները, գյուղերը և նույնիսկ գրավատունը համենայն դեպս, եթե ոչ բոլորը, ապա մեզնից մի քանիսը... Երդվում եմ քեզ։ Քիչ էինք մենք, բայց լավ էինք խոսում, և, հավատացնում եմ քեզ, երբեմն նույնիսկ լավ էինք վարվում։
― Երբ որ ուսին կրթնած հեկեկո՞ւմ էիք։
― Բարեկամս, ես քեզ հետ նախապես ամեն բանում համաձայն եմ. ի դեպ, դու ուսի մասին հենց ինձնից ես լսել, ուրեմն, հենց այս րոպեին էլ ի չարն ես գործադրում իմ միամտությունն ու նաև իմ դյուրահավատությունը. բայց համաձայնիր, որ այդ ուսը, իրոք, այնքան էլ վատ չէր, որքան թվում է առաջին հայացքից, հատկապես այն ժամանակվա համար, չէ՞ որ մենք հենց այն ժամանակ էինք սկսում։ Ես, իհարկե, կոտրատվում էի, բայց չէ՞ որ այն ժամանակ դեռ չգիտեի, որ կոտրատվում եմ։ Մի՞թե դու, օրինակ, երբեք չես կոտրատվում գործնական դեպքերում։
― Հիմա վարում ես մի քիչ զգացվեցի և, այստեղ բարձրանալով, սոսկալի ամաչեցի այն մտքից, թե դուք կմտածեք, որ ես կոտրատվում եմ։ Ճիշտ է, որոշ դեպքերում, թեև անկեղծորեն զգացվում ես, բայց երբեմն նաև ձևանում ես, իսկ վարում, հիմա, երդվում եմ, ամեն բան բնական էր։
― Հենց այդպես է, որ կա. դու շատ հաջող ձևակերպեցիր մի բառով. «Թեև անկեղծորեն զգացվում ես, բայց այնուամենայնիվ, ձևանում ես», ահա ճիշտ այդպես էլ եղել է իմ դեպքում, թեև ձևանում էի, բայց հեկեկում էի միանգամայն անկեղծ։ Չեմ վիճում, որ Մակար Իվանովիչն այդ ուսը կարող էր որպես ծաղրի ուժգնացում ընդունել, եթե ավելի սրամիտ լիներ, բայց նրա ազնվությունն այն ժամանակ խանգարեց նրա խորաթափանցությանը։ Միայն չգիտեմ, խղճո՞ւմ էր նա ինձ այն ժամանակ, թե ոչ. հիշում եմ, որ այն ժամանակ ես դա շատ էի ուզում։
― Գիտեք ինչ,― ընդհատեցի ես նրան,― դուք հիմա էլ այդ ասելիս, քմծիծաղ եք տալիս։ Եվ ընդհանրապես, ամբողջ ժամանակ, ինչ խոսում էիք ինձ հետ, այս ողջ ամիսը դուք քմծիծաղ էիք տալիս։ Ինչո՞ւ էիք մշտապես այդպես անում, երբ խոսում էիք ինձ հետ։
― Կարծո՞ւմ ես,― պատասխանեց նա հեզությամբ,― դու շատ կասկածամիտ ես. ի դեպ, եթե ես նույնիսկ ծիծաղեմ, ապա ոչ քեզ վրա, կամ համենայն դեպս, ոչ միայն քեզ վրա, անհոգ եղիր։ Բայց ես հիմա չեմ ծիծաղում, իսկ այն ժամանակ, մի խոսքով ես այն ժամանակ արեցի ամեն բան, որ կարող էի անել, և, հավատա, ոչ հօգուտ ինձ։ Մենք, այսինքն լավագույն մարդիկս, ի հակադրություն ժողովրդին, չէինք կարողանում այն ժամանակ գործել մեր օգտին. ընդհակառակը, միշտ ինքներս մեզ որքան որ հնարավոր էր վնասում էինք, և ես կասկածում եմ, որ հենց դա էլ այն ժամանակ համարվում էր մեզանում ինչ-որ «բարձրագույն և հենց մեր օգուտը», անշուշտ բարձրագույն իմաստով։ Առաջադեմ մարդկանց այժմյան սերունդը մեզնից անհամեմատ օգտապաշտ է։ Այն ժամանակ, դեռ մեղքիցս առաջ, ես ամեն բան արտակարգ ուղղամտությամբ բացատրեցի Մակար Իվանովիչին։ Հիմա ես համաձայն եմ, որ դրանից շատ բան ամենևին պետք չէր բացատրել, առավել ևս՝ այդպիսի ուղղամտությամբ, չխոսելով արդեն մարդասիրության մասին, նույնիսկ ավելի քաղաքավարի կլիներ, բայց փորձիր զսպել քեզ, երբ պարի մեջ բորբոքված՝ մի սիրուն պարաքայլ էլ կուզենաս անել։ Բայց գուցեև այդպես են վեհի ու գեղեցիկի պահանջներն իսկապես, ողջ կյանքիս ընթացքում ես չկարողացա դա որոշել։ Սակայն դա չափազանց խոր թեմա է մեր մակերեսային խոսակցության համար, բայց երդվում եմ քեզ, որ հիմա, ես երբեմն ամոթից մեռնում եմ, այդ հիշելով։ Այն ժամանակ ես նրան երեք հազար ռուբլի առաջարկեցի, և, հիշում եմ, նա շարունակ լուռ էր, ես էի միայն խոսում։ Պատկերացրու, ինձ թվաց, թե նա ինձնից, այսինքն իմ ճորտատիրական իրավունքից վախենում է և, հիշում եմ, ես ամբողջ ուժով աշխատում էի նրան սրտապնդել. ես նրան համոզում էի, ոչնչից չվախենալով և նույնիսկ ամեն տեսակ քննադատությամբ, արտահայտել իր բոլոր ցանկությունները։ Որպես երաշխիք, ես նրան խոսք էի տալիս, որ եթե չցանկանա իմ պայմանները, այսինքն՝ երեք հազարը, ազատագիրը (իրեն և կնոջը, իհարկե) և աշխարհի որ կողմը, որ ուզենա հեռանալ (առանց կնոջ, իհարկե), թող անկեղծ ասի և ես իսկույն ազատագիր կտամ նրան, և կնոջը կազատեմ, երկուսին էլ փող կպարգևեմ, կարծեմ նույն երեք հազարը, և արդեն ոչ թե իրենք ինձնից կհեռանան աշխարհի որ կողմը, որ ուզենան, այլ ինքս նրանցից կհեռանամ և երեք տարով մեն-մենակ Իտալիա կգնամ։ Mon ami ես ինձ հետ Իտալիա չէի տանի mademoiselle Սապոժկովային, վստահ եղիր, ես արտակարգ մաքուր էի այն րոպեներին։ Եվ ի՞նչ։ Այդ Մակարը չափազանց լավ էր հասկանում, որ ես այդպես էլ կանեմ, ինչպես ասում եմ, բայց նա շարունակում էր լռել և միայն երբ երրորդ անգամ էի ուզում կրթնել, հետ քաշվեց, ձեռքը թափահարեց ու դուրս եկավ, նույնիսկ որոշ համարձակությամբ, հավատացնում եմ քեզ, որն այն ժամանակ ինձ նույնիսկ զարմացրեց։ Այն ժամանակ ես հարևանցիորեն տեսա ինձ հայելում և չեմ կարող մոռանալ։ Ընդհանրապես, երբ նրանք ոչինչ չեն ասում, շատ ավելի վատ է, իսկ սա մռայլ բնավորություն էր և, խոստովանում եմ, ես ոչ միայն չէի վստահում նրան աշխատասենյակս կանչելիս, այլ նույնիսկ սոսկալի վախենում էի. այդ միջավայրում կան բնավորություններ և սոսկալի շատ. որոնք իրենց մեջ, այսպես ասած, անազնության անձնավորում են ամփոփում, իսկ դրանից ավելի ես վախենում, քան ծեծից։ Sic[25]։ Եվ ի՜նչ վտանգի էի ես ինձ ենթարկում, ի՜նչ վտանգի։ Իսկ եթե նա բղավեր ամբողջ ագարակով մեկ, ոռնար, այդ գավառական Ուրիասը, ի՞նչ կլինեի այն ժամանակ ես, փոքրամարմին Դավիթս, և ի՞նչ կարող էի անել ես այն ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ նախ և առաջ ես գործի դրեցի երեք հազարը, դա ես բնազդաբար արեցի, բայց, բարեբախտաբար, սխալվեցի, այդ Մակար Իվանովիչը մի բոլորովին ուրիշ բան էր...
― Ասացեք, մեղքն արդեն գործե՞լ էիք։ Դուք հիմա ասացիք, որ ամուսնուն դեռ մինչև մեղք գործելն եք կանչել։
― Այսինքն, գիտես ինչ, նայած թե ինչպես հասկանաս...
― Ուրեմն, գործել էիք։ Դուք հիմա ասացիք, որ նրա հարցում դուք սխալվել եք, որ նա մի բոլորովին ուրիշ բան էր։ Ի՞նչ ուրիշ բան։
― Բայց թե հատկապես ինչ, ես մինչև այժմ էլ չգիտեմ։ Բայց ուրիշ բան է, և գիտե՞ս, նույնիսկ միանգամայն օրինավոր բան. եզրակացնում եմ այն պատճառով, որ ի վերջո ես նրա մոտ երեք անգամ ավելի էի խղճի խայթ զգում։ Հենց հետևյալ օրը առանց խոսքի նա համաձայնեց հեռանալ, իհարկե չմոռանալով իմ առաջարկած պարգևներից և ոչ մեկը։
― Փողը վերցրե՞ց։
― Այն էլ ինչպե՜ս։ Եվ գիտե՞ս, բարեկամս, այդ կետում նա նույնիսկ բոլորովին զարմացրեց ինձ։ Երեք հազար այն ժամանակ գրպանումս, իհարկե, չկար, բայց ես հանեցի յոթ հարյուր ռուբլի և հանձնեցի նրան դեռ սկզբի համար, և ի՞նչ։ Նա մնացյալ երկու հազար երեք հարյուրը իսկության համար պահանջեց ինձնից մի վաճառականի անունով, որպես փոխառագիր։ Հետո երկու տարի անց, այդ փոքառագրով նա արդեն դատարանով պահանջեց ինձնից փողը, այն էլ տոկոսներով, այնպես որ նորից ինձ զարմացրեց, առավել ևս, որ բառացիորեն գնաց Աստծո տաճար կառուցելու համար ողորմություն հավաքելու և այն օրից արդեն քսան տարի է, ինչ թափառում է։ Չեմ հասկանում, ուխտագնացի ինչի՞ն է պետք այդքան սեփական փողը... փողն այնքա՜ն աշխարհիկ բան է... Ես, իհարկե, այն րոպեին, այսպես ասած, առաջին բռնկումով անկեղծորեն էի առաջարկում, բայց հետո, այնքա՜ն շատ րոպեներ անցնելուց հետո, ես, բնականաբար, կարող էի խելքի գալ... և հույս ունեի, որ նա, համենայն դեպս, կխնայի ինձ... կամ, այսպես ասած, կխնայի մեզ, ինձ ու նրան, գոնե կսպասի։ Սակայն նույնիսկ չսպասեց...
(Այստեղ անհրաժեշտ նոտաբենեն կանեմ․ եթե այնպես պատահեր, որ մայրս պարոն Վերսիլովից երկար ապրեր, ապա օր ծերության բառացիորեն առանց կոպեկի կմնար, եթե Մակար Իվանովիչի, տոկոսներով արդեն կրկնապատկված, երեք հազարը չլիներ, որը նա ամբողջապես մինչև վերջին ռուբլին, անցյալ տարի իր հոգևոր կտակով մորս չթողներ։ Նա դեռ այն ժամանակ էր Վերսիլովի էությունը կռահել։
― Մի անգամ դուք ասացիք, որ Մակար Իվանովիչը մի քանի անգամ եկել է ձեզ մոտ այցելության և միշտ մորս բնակարանում է իջևանել։
― Այո, բարեկամս, և ես խոստովանում եմ, սկզբում սոսկալի վախենում էի այդ այցելություններից։ Այս ամբողջ քսան տարվա ընթացքում նա ընդամենը մի վեց, կամ յոթ անգամ է եկել, և առաջին անգամները, եթե ես տանն եմ եղել, թաքնվել եմ։ Սկզբում նույնիսկ չէի հասկանում, թե դա ի՞նչ է նշանակում և ինչո՞ւ է նա հայտնվում։ Բայց հետո, որոշ նկատառումներով, ինձ թվաց, որ դա ամենևին էլ հիմար բան չէր նրա կողմից։ Հետո, մի անգամ, պատահաբար, մտքովս անցավ հետաքրքրվել և դուրս եկա նրան նայելու և, հավատացնում եմ քեզ, որ չափազանց ինքնoրինակ տպավորություն ստացա։ Դա նրա արդեն երրորդ թե չորրորդ այցելության ժամանակ էր, հենց այն շրջանում, երբ ես հաշտարար դատավոր էի ընդունվում և երբ, իհարկե, եռանդագին սկսել էի ուսումնասիրել Ռուսաստանը։ Ես նրանից նույնիսկ չափազանց շատ նոր բան իմացա։ Բացի այդ, նրա մեջ տեսա հենց այն, որ ոչ մի դեպքում չէի սպասում տեսնել, մի տեսակ բարեհոգություն, բնավորության համաչափություն և, որ ամենազարմանալին է, համարյա թե զվարթություն։ Այն բանի (tu cօmprends[26]) մասին ամենաչնչին ակնարկի բացակայություն և խելացի խոսելու, ու հրաշալի խոսելու ամենաբարձր ունակություն, այսինքն առանց իրենց սպասավորական հիմար խորիմաստության, որը ես, խոստովանում եմ քեզ, չնայած իմ ողջ դեմոկրատականությանը, տանել չեմ կարողանում, և առանց այդ բոլոր գերհագեցած ռուսիզմների, որոնցով խոսում են մեր վեպերում ու բեմում «իսկական ռուս մարդիկ»։ Ընդ որում՝ չափազանց քիչ Էր խոսում կրոնի մասին, այն Էլ եթե ինքդ խոսք բացեիր, և իր տեսակի մեջ նույնիսկ շատ գողտրիկ պատմություններ անում վանքերի ու վանական կյանքի մասին, եթե ինքդ հետաքրքրվեիր։ Եվ, որ գլխավորն Է, պատկառանք, այդ համեստ պատկառանքը, հենց այն պատկառանքը, որն անհրաժեշտ Է բարձրագույն հավասարության համար, դեռ դա քիչ է, առանց որի իմ կարծիքով, չես հասնի նաև առաջնության։ Այստեղ, ամենաչնչին գոռոզամտության բացակայության շնորհիվ, հենց ձեռք է բերվում բարձրագույն ազնվությունը և հանդես է գալիս հենց իր դիրքում, որպիսին էլ որ այն լինի և ինչ ճակատագիր էլ որ նրան բաժին ընկնի, անկասկած իրեն հարգող մարդը։ Այս հենց իր դիրքում իրեն հարգելու ընդունակությունը չափազանց հազվագյուտ է աշխարհում, համենայն դեպս նույնքան հազվագյուտ է, որքան և իսկական սեփական արժանապատվությունը... Ինքդ կտեսնես, երբ մարդկանց մեջ կապրես։ Բայց ամենից շատ ինձ զարմացրեց հետագայում, և հենց հետագայում և ոչ թե սկզբում (ավելացրեց Վերսիլովը), այն, որ այդ Մակարը արտակարգ հոյակազմ էր և, հավատացնում եմ քեզ, արտակարգ գեղեցիկ։ Ճիշտ է, ծեր էր, բայց
Թխադեմ, բարձրահասակ, ուղղամեջք,
հասարակ ու վեհատես, ես նույնիսկ զարմացա իմ խեղճ Սոֆիայի վրա, թե նա ինչպես էր կարողացել այն ժամանակ ինձ գերադասել, այն ժամանակ նա հիսուն տարեկան էր, բայց այնուամենայնիվ պինդ տղամարդ էր, իսկ ես նրա առաջ թեթևամիտ մի տղա։ Սակայն հիշում եմ, նա արդեն այն ժամանակ էլ անթույլատրելի ճերմակահեր էր, ուրեմն, հենց այդպես ճերմակահեր էլ ամուսնացել էր նրա հետ... Միգուցե, հենց դա էր ազդել։
Այդ Վերսիլովը ստորագույն սովորություն ուներ, որ բարձրաշխարհիկ վարվեցողությունից էր գալիս, ասելով (երբ այլ կերպ չէր կարելի) մի քանի շատ խելոք և շատ գեղեցիկ մտքեր, հանկարծ դիտավորյալ մի որևէ հիմարությամբ ավարտել, ինչպես Մակար Իվանովիչի ճերմակահերության և նրա մորս վրա գործած ազդեցության կռահումը։ Դա նա դիտավորյալ էր անում և, հավանաբար, ինքն էլ չիմանալով, թե ինչու, իր բարձրաշխարհիկ հիմար սովորության համաձայն։ Նրան լսելիս, թվում է, թե շատ լուրջ է խոսում, մինչդեռ մտքում կոտրատվում է կամ ծիծաղում։
III
Չեմ հասկանում, թե ինչու այն ժամանակ սոսկալի մի բարկություն ինձ համակեց։ Ընդհանրապես, ես մեծ տհաճությամբ եմ հիշում իմ մի քանի արտառոց արարքներն այն րոպեներին, հանկարծ ես տեղիցս վերկացա։
― Գիտե՛ք ինչ,― ասացի ես,― դուք ասում եք, իբր եկել եք գլխավորապես այն նպատակով, որ մայրս կարծի, թե մենք հաշտվեցինք։ Արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի նա այդպես կարծի․ արդյոք չէի՞ք բարեհաճի ինձ մենակ թողնել։
Նա թեթևակի շիկնեց ու վերկացավ տեղից.
― Սիրելիս, դու ինձ հետ չափազանց հանդուգն ես վարվում։ Սակայն ցտեսություն, մարդուն զոռով հաճելի չես լինի։ Ես միայն թույլ կտամ ինձ մի հարց, դու իսկապե՞ս ուզում ես լքել իշխանին։
― Ըհը։ Ես այդպես էլ գիտեի, որ դուք հատուկ նպատակներ ունեք...
― Այսինքն՝ դու կասկածում ես, թե ես եկել եմ քեզ համոզելու, որ դու մնաս իշխանի մոտ, և դրանում իմ շահն ունեմ։ Սակայն, բարեկամս, արդյոք չե՞ս կարծում, թե ես Մոսկվայից քեզ կանչել եմ, նկատի ունենալով որևէ շահս։ Օ՜, ի՜նչ կասկածամիտն ես դու։ Ընդհակառակը, ես հենց քո բարին կամենալով եմ այդպես վարվել։ Եվ նույնիսկ այժմ, երբ այդպես կանոնավորվել են նաև իմ միջոցները, ես կցանկանայի, որ դու, գոնե երբեմն, թույլ տայիր ինձ ու մորդ քեզ օգնել։
― Ես ձեզ չեմ սիրում, Վերսիլով։
― Եվ նույնիսկ «Վերսիլով»։ Ի դեպ, ես շատ եմ ցավում, որ չեմ կարողացել տալ քեզ այդ անունը, քանի որ, էսպես, միայն դրանում է իմ մեղքը, եթե, իհարկե, մեղք ունեմ, ճիշտ չէ՞։ Բայց, վերստին կասեմ, հո չէ՞ի կարող ամուսնանալ ամուսնացած կնոջ հետ, ինքդ դատիր։
― Ահա թե ինչու և, հավանաբար, ցանկացել եք ամուսնանալ ամուրի՞ կնոջ հետ։
Թեթև ջղաձգություն անցավ նրա դեմքով։
― Դու Էմսը նկատի ունես։ Լսիր, Արկադի, դու վարում այս նույն արարքը քեզ թույլ տվիր՝ մորդ ներկայությամբ մատով ցույց տալով ինձ։ Ուրեմն, գիտցիր, որ հենց այս հարցում դու ամենից ավելի ես վրիպել։ Հանգուցյալ Լիդիա Ախմակովայի պատմությունից դու բացարձակապես ոչինչ չգիտես։ Չգիտես նաև այն, թե որքանով է հենց մայրդ այս պատմությանը մասնակցել, այո, չնայած նրան, որ այնտեղ նա ինձ հետ չի եղել, և եթե ես երբևէ բարի կին եմ տեսել, ապա դա քո մայրն է եղել։ Սակայն բավական է, այս բոլորն առայժմ դեռ գաղտնիք է, իսկ դու հայտնի չէ, թե ինչ ես խոսում և ուրիշի խոսքերն ես կրկնում։
― Հենց այսօր էր իշխանն ասում, թե դուք չփետրավորված աղջնակների սիրահար եք։
― Իշխա՞նն է դա ասել։
― Այո. լսեցեք, ուզո՞ւմ եք ճշտորեն ձեզ ասեմ, թե ինչի համար էիք հիմա ինձ մոտ եկել։ Այս ամբողջ ժամանակ ես նստել ու ինձ հարցնում էի. ո՞րն է այս այցելության գաղտնիքը և վերջապես, կարծես, հիմա կռահեցի։
Նա արդեն ուզում էր դուրս գալ, բայց կանգ առավ և, սպասելով, գլուխը դեպի ինձ դարձրեց։
― Քիչ առաջ հարևանցիորեն ես բերնիցս թռցրի, որ Տուշարի նամակը Տատյանա Պավլովնային, Անդրոնիկովի թղթերի մեջ ընկնելով, նրա մահից հետո Մոսկվայում, Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել։ Ես տեսա, թե ինչպես հանկարծ ձեր դեմքին մի բան ցնցվեց և միայն այժմ կռահեցի, երբ մի անգամ էլ հիմա, ճիշտ նույնպես ձեր դեմքը ցնցվեց, այն ժամանակ, վարում, ձեր մտքով անցավ, թե եթե Անդրոնիկովի մի նամակը Մարիա Իվանովնայի մոտ է հայտնվել, ապա ինչո՞ւ պիտի նաև մի ուրիշը չհայտնվի։ Իսկ Անդրոնիկովից հետո չափազանց կարևոր նամակներ կարող էին մնալ, հը՞։ Ճիշտ չէ՞։
― Եվ ես,քեզ մոտ գալով, ուզում էի ստիպելքեզ մի բան բերնիցդ թռցնե՞լ։
― Ինքներդ գիտեք։
Նա խիստ գունատվեց։
― Դա դու քեզուքեզ չես կռահել, այստեղ կնոջ ազդեցություն կա, և արդեն որքան ատելություն կա քո խոսքերում, քո գռեհիկ ենթադրության մեջ։
― Կնո՞ջ։ Իսկ ես հենց այսօր տեսել եմ այդ կնոջը։ Դուք, միգուցե հենց դրա համար եք ուզում ինձ իշխանի մոտ թողնել, որ նրան լրտեսե՞ք։
― Սակայն ես տեսնում եմ, որ դու չափազանց հեռու կգնաս քո նոր ճանապարհով։ Արդյո՞ք հենց դա չէ «քո միտքը»։ Շարունակիր, բարեկամս, դու անտարակուսելի ընդունակություններ ունես խուզարկության գործում։ Եթե տաղանդը տրված է, պետք է կատարելագործել։
Նա մի պահ լռեց, որպեսզի շունչ առնի։
― Զգուշացեք, Վերսիլով, ինձ ձեր թշնամին մի դարձրեք։
― Բարեկամս, ոչ ոք այսպիսի դեպքերում իր վերջին մտքերը չի արտահայտում, այլ մտքումն է պահում։ Իսկ հիմա, խնդրում եմ, ճանապարհս լուսավորիր։ Դու, թեև իմ թշնամին ես, բայց, հավանաբար, ոչ այն աստիճանի, որ ուզենամ գլուխս ջարդեմ։ Tiens, mon ami[27], պատկերացրու,― շարունակեց նա իջնելով,― իսկ ես այս ողջ ամիսը քեզ բարեհոգի մարդ եմ կարծել։ Դու այնպե՜ս ես ուզում ապրել և կյանքի այնպիսի՜ ծարավ ունես, որ թվում է, թե երեք կյանք էլ եթե քեզ տան, էլի քիչ կլինի․ դա քո դեմքին է գրված, դե, իսկ այդպիսի մարդիկ մեծ մասամբ բարեհոգի են լինում։ Դե տե՜ս, թե ոնց սխալվեցի։
IV
Չեմ կարող նկարագրել, թե ինչպես սիրտս կծկվեց, երբ մենակ մնացի, կարծես սեփական մսիս կտորը ողջ-ողջ կտրեցի։ Թե ինչու ես հանկարծ այդպես զայրացա և ինչու այդպես վիրավորեցի նրան (այդպես ուժգին և դիտավորյալ), ոչ հիմա, ոչ էլ, իհարկե, այն ժամանակ ես չէի կարողանա պատմել։ Եվ ինչպե՜ս նա գունատվեց։ Հետո ինչ. այդ գունատությունը, միգուցե, ամենաանկեղծ և ամենամաքուր զգացման և ամենախոր վշտի, և ոչ թե բարկության ու վիրավորանքի արտահայտություն էր։ Ինձ միշտ էլ թվում էր, որ լինում էին րոպեներ, երբ նա ինձ շատ էր սիրում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի ես հիմա դրան չհավատամ, առավել ևս երբ արդեն շատ բան լիովին բացատրված էր այժմ։
Իսկ զայրացա ես հանկարծ և դուրս արեցի նրան իսկապես, միգուցե, և հանկարծակի կռահումից, թե նա եկել է ինձ մոտ, հույս ունենալով իմանալ, արդյոք Մարիա Իվանովնայի մոտ Անդրոնիկովի ուրիշ նամակներ չե՞ն մնացել։ Այն, որ նա պետք է որոներ այդ նամակները և որոնում էր դրանք, ես գիտեի։ Բայց ո՞վ գիտե, միգուցե այն ժամանակ, հենց այն րոպեին, ես սոսկալի սխալվել էի։ Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց ես և հենց այդ սխալով բերեցի նրան հետագայում Մարիա Իվանովնայի և նրա մոտ նամակներ լինելու հնարավորության մտքին։
Եվ վերջապես ևս մի տարօրինակություն. նորից նա բառ առ բառ կրկնում էր իմ միտքը (երեք կյանքի մասին), որը քիչ առաջ ես արտահայտել էի Կրաֆտի տանը, և որ գլխավորն է, հենց իմ բառերով։ Բառերի համընկնումը կրկին պատահականություն էր, բայց այնուամենայնիվ, ինչպե՜ս գիտեր նա, ուրեմն, իմ խառնվածքի էությունը, ի՜նչ հայացք ուներ, ի՜նչ կռահում։ Բայց եթե այդքան լավ է հասկանում մեկը, ինչո՞ւ ամենևին չի հասկանում մյուսը։ Եվ մի՞թե նա չէր կոտրատվում, այլ իսկապես ի վիճակի չէր կռահել, որ ինձ ոչ թե Վերսիլովների ազնվականությունն էր պետք, որ ոչ թե իմ ծնունդն իրեն ներել չեմ կարողանում, այլ որ ինքը` Վերսիլովը, ողջ մարդը, հայրս էր ողջ կյանքիս ընթացքում ինձ պետք, և որ այդ միտքը վաղուց արդեն արյանս մեջ է մտել։ Մի՞թե այդքան նրբամիտ մարդը միևնույն ժամանակ այդքան բութ է և գռեհիկ։ Իսկ եթե ոչ, ինչո՞ւ է այդ դեպքում ինձ զայրացնում, ինչո՞ւ է ձևանում։
Գլուխ ութերորդ
I
Առավոտյան ես աշխատեցի որքան կարելի է վաղ վերկենալ։ Սովորաբար մեր տանը վեր էին կենում ժամը ութին մոտ, այսինքն ես, մայրս ու քույրս. Վերսիլովը անկողնում հաճույք էր վայելում մինչև ինն անց կեսը։ ժամը ութն անց կեսին մայրս ճշտապահորեն ինձ սուրճ էր բերում։ Բայց այս անգամ, սուրճին չսպասելով, ես ծլկեցի տանից ճիշտ ժամը ութին։ Դեռ երեկոյան այս ամբողջ օրվա գործողություններիս համար ես ընղհանուր պլան էի կազմել։ Այդ պլանում, չնայած անհապաղ գործի անցնելու կրքոտ վճռականությանը, ես արդեն զգում էի, չափազանց շատ անհաստատ ու անորոշ բաներ կային ամենակարևոր կետերում, ահա թե ինչու համարյա ամբողջ գիշեր ես կարծես կիսաքուն վիճակում էի, կարծես զառանցում էի, սոսկալի շատ երազներ տեսնում և համարյա ոչ մի անգամ կանոնավոր քուն չմտա։ Եվ չնայած դրան, շատ ավելի առույգ ու թարմ էի վերկացել, քան երբևէ։ Մորս ես առանձնապես չէի ուզում հանդիպել։ Նրա հետ ես չէի կարող այլ բան խոսել, քան հայտնի թեման և վախենում էի որևէ նոր ու անսպասելի տպավորությամբ շեղել ինձ կանխորոշված նպատակներից։
Առավոտը ցուրտ էր, և խոնավ, կաթնավուն մշուշը տարածվել էր ամենուրեք։ Չգիտեմ ինչու, բայց պետերբուրգյան գործարար վաղ առավոտը, չնայած իր չափազանց վատ տեսքին, մշտապես ինձ դուր է գալիս, և ողջ այդ իր գործերին շտապող, եսասեր ու միշտ մտազբաղ մարդիկ առավոտյան ժամը ութին ինձ համար ինչ-որ առանձին գրավչություն ունեն։ Հատկապես սիրում եմ ճանապարհին, շտապելով, կամ ինքս եմ մեկին մի գործնական բան հարցնում, կամ եթե մեկն է ինձ որևէ բան հարցնում. թե հարցը, թե պատասխանը միշտ կարճ են, հստակ, բանիմաց, տրվում են առանց կանգ առնելու և համարյա միշտ սիրալիր են, իսկ պատասխանելու պատրաստակամությունը ամենամեծն է օրվա ընթացքում։ Պետերբուրգցին օրվա ընթացքում կամ իրիկնադեմին պակաս մարդամոտ է դառնում և, ամեն առիթով պատրաստ է և անպատվել, և ծաղրել, և բոլորովին այլ է վաղ առավոտյան, մինչև գործի անցնելը, ամենասթափ ու լուրջ պահին։ Ես դա նկատել եմ։
Ես նորից քայլերս դեպի Պետերբուրգյան կողմ ուղղեցի։ Քանի որ մինչև ժամը տասներկուսը ես անպայման կրկին պետք է Ֆոնտանկայում, Վասինի մոտ լինեի (որին ավելի հաճախ ժամը տասներկուսին կարելի էր տանը գտնել), ապա և շտապում էի առանց կանգ առնելու, չնայած որևէ տեղ սուրճ խմելու իմ արտակարգ պահանջին։ Դրան ավելացրած նաև այն, որ Եֆիմ Զվերևին էլ պետք էր անպայման տանը գտնել, ես կրկին նրա մոտ էի գնում և իսկապես քիչ էր մնում, որ ուշանայի, նա ավարտում էր իր սուրճը և պատրաստվում էր դուրս գալ տանից։
― Ի՞նչն է քեզ այդքան հաճախ այս կողմը բերում,― առանց տեղից վերկենալու դիմեց նա ինձ։
― Հենց հիմա ես քեզ կբացատրեմ։
Յուրաքանչյուր վաղ առավոտ, այդ թվում նաև պետերբուրգյան առավոտը, մարդու բնության վրա սթափեցնող ներգործություն ունի։ Լինում են գիշերային բոցավառ երազանքներ, որոնք վաղորդյան լույսի ու ցրտի հետ նույնիսկ իսպառ հօդս են ցնդում, և երբեմն ինձ էլ է պատահել, որ գիշերային, հենց նոր անցած անուրջները, երբեմն նաև արարքները ամոթով ու հանդիմանությամբ եմ հիշել։ Սակայն հարևանցիորեն պետք է նկատեմ, որ պետերբուրգյան, թվում է, թե ողջ երկրագնդի վրա ամենաանհրապույր, առավոտը հազիվ թե ամենակախարդականը չեմ համարել աշխարհում։ Դա իմ անձնական կարծիքն է, կամ ավելի լավ է ասել, տպավորությունն է, բայց ես համառորեն պաշտպանում եմ այն։ Այսպիսի մի փտած, խոնավ ու մշուշոտ պետերբուրգյան առավոտ պուշկինյան «Պիկի թագուհու» որևէ մի Հերմանի (վիթխարի մի դեմք, արտակարգ, կատարյալ պետերբուրգյան մի տի՜պ, պետերբուրգյան ժամանակաշրջանի տիպ) արտառոց երազանքը, ինձ թվում է, պետք է որ ավելի հաստատվեր։ Այս մշուշում հարյուր անգամ տարօրինակ, բայց համառ մի պատրանք է ինձ համակել. «Իսկ ի՞նչ կլինի եթե ցրվի այս մշուշն ու դեպի վեր բարձրանա, չի՞ անհետանա նրա հետ նաև ողջ այս փտած, լպրծուն քաղաքը, չի՞ բարձրանա մշուշի հետ ու ծխի պես չքվի և նրա փոխարեն նախկին ֆիննական ճահիճը, իսկ ճահճի մեջտեղում, գեղեցկության համար, քրտնաթոր շնչող, ուժասպառ նժույգին նստած բրոնզե հեծյալը մնա»։ Մի խոսքով, չեմ կարող տպավորություններս արտահայտել, որովհետև այս բոլորը երևակայություն է, վերջապես պոեզիա, ուրեմն՝ դատարկաբանություն. այնուամենայնիվ գլխումս հաճախ արդեն միանգամայն անիմաստ մի հարց է ծագում. «Այ, սրանք շարունակ նետվում, դես ու դեն են ընկնում, իսկ ի՜նչ իմանաս, միգուցե սա մեկի երազն է և այստեղ ոչ մի իսկական իրական մարդ չկա՞, ոչ մի իսկական արարք չկա՞։ Այդ մեկը, որի աչքին այս բոլորը երևում է, հանկարծ կարթնանա, և ամեն բան հանկարծ կանհետանա»։ Բայց ես չափն անցա։
Նախապես կասեմ․ յուրաքանչյուրի կյանքում կան, թվում է, թե այնքան էքսցենտրիկ մտահղացումներ ու երազանքներ, որ առաջին հայացքից դրանք անսխալ կարելի է խելագարության տեղ դնել։ Հենց այդպիսի երևակայություններից մեկով ես այն առավոտ եկա Զվերևի մոտ, Զվերևի, որովհետև Պետերբուրգում ուրիշ ոչ ոք չունեի, որին այս անգամ կարողանայի դիմել։ Մինչդե Եֆիմը հենց այն անձնավորությունն էր, որին, ընտրության հնարավորության դեպքում, նման առաջարկությամբ ես կդիմեի վերջին հերթին։ Երբ ես նստեցի նրա դիմաց, նույնիսկ ինձ թվաց, թե ես մարմնավորված զառանցանք ու կրակ կտրածս, նստել եմ մարմնավորված ոսկի միջակության ու գորշության դիմաց։ Բայց իմ կողմն էր գաղափարն ու ճշմարիտ զգացմունքը, նրա կողմը' միմիայն գործնական եզրակացությունը, թե այդպես երբեք չի արվում։ Կարճ ասած ես նրան համառոտ ու հստակ բացատրեցի, որ իրենից բացի Պետերբուրգում վճռականորեն ոչ ոք չունեի, որին պատվի արտակարգ գործի պատճառով կարողանայի ուղարկել մարտավկայի փոխարեն, որ նա հին ընկեր է և այդ պատճառով նույնիսկ հրաժարվելու իրավունք չունի, և որ մենամարտի եմ ուզում հրավիրել գվարդիայի պորուչիկ իշխան Սոկոլսկուն այն բանի համար, որ մեկ տարուց ավելի առաջ նա Էմսում հորս՝ Վերսիլովին, ապտակ է հասցրել։ Ըստ որում պետք է նկատեմ, որ Եֆիմը նույնիսկ շատ մանրամասն գիտեր իմ ընտանեկան ողջ իրադրությունը, Վերսիլովի հետ ունեցած իմ հարաբերությունները և համարյա այն ամենը, ինչը ինքս գիտեի Վերսիլովի պատմությունից, հենց ես էլ հադորդել էի նրան այդ բոլորը տարբեր ժամանակներ, բացառությամբ, իհարկե, որոշ գաղտնիքների։ Նա իր սովորության համաձայն, վանդակում նստած ճնճղուկի նման ուռած ու փքված, չափազանց շեկ, խռնված մազերով նստել էր և լրջորեն ու լուռ լսում էր։ Հեգնական, անշարժ ժպիտը չէր անհետանում նրա շուրթերից։ Այդ ժպիտը հենց նրանով էր ավելի վատ, որ ամենևին կանխամտածված չէր, այլ ինքնաբուխ էր. երևում էր, որ նա իսկապես և հիրավի այդ րոպեին շատ ավելի բարձր էր համարում իրեն ինձնից և խելքով, և բնավորությամբ։ Ես կասկածում էի նաև, որ դրան ավելացրած նա արհամարհում է ինձ Դերգաչովի տանը երեկ տեղի ունեցած տեսարանի համար, դա այդպես էլ պետք է լիներ. Եֆիմը ամբոխ է, Եֆիմը փողոց է, իսկ այն միշտ երկրպագում է միայն հաջողությանը։
― Իսկ Վերսիլովն այդ մասին չգիտե՞,― հարցրեց նա։
― Իհարկե, ոչ։
― Ուրեմն, ի՞նչ իրավունք ունես դու նրա գործերին խառնվելու։ Սա առաջին։ Իսկ երկրորդ՝ ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել։
Ես գիտեի առարկությունները և իսկույն բացատրեցի նրան, որ դա ամենևին էլ այնքան հիմար բան չէ, որքան ինքն է կարծում։ Առաջինը՝ հանդուգն իշխանի համար կապացուցվի, որ դեռ կան պատվի գինը հասկացող մարդիկ նաև մեր դասի մեջ, երկրորդ՝ ամոթահար կլինի Վերսիլովը ու իր համար դաս կքաղի դրանից։ Իսկ երրորդը և գլխավորը՝ եթե նույնիսկ Վերսիլովն իրավացի է եղել, իր ինչ-որ համոզմունքներից դրդված իշխանին մենամարտի չհրավիրելով և վճռելով կուլ տալ ապտակը, ապա համենայն դեպս կտեսնի, որ կա իր վիրավորանքն այսքան խիստ զգալու ընդունակ մի արարած, որն այդ վիրավորանքը որպես իր սեփականն է ընդունում և նրա շահի համար պատրաստ է նույնիսկ կյանքը զոհել... չնայած այն բանին, որ հրաժեշտ է տալիս նրան ընդմիշտ...
― Սպասիր, մի բղավի, մորաքույրս դա չի սիրում։ Մի բան ասա, չէ՞ որ հենց այդ նույն իշխան Սոկոլսկու հետ Վերսիլովը դատվում է ժառանգության համար։ Այդ դեպքում դա արդեն միանգամայն նոր ու ինքնատիպ միջոց կլինի դատավճիռը շահելու համար, սպանելով հակառակորդներին մենամարտում։
Ես նրան բացատրեցի en toutes lettres[28], որ նա ուղղակի հիմար է ու անպատկառ և, եթե նրա հեգնական ժպիտը գնալով ավելի ու ավելի է տարածվում, ապա դա միայն նրա միջակությունն ու ինքնագոհությունն է ապացուցում, և որ հո չի՞ կարող նա ենթադրել, թե դատավեճի հետ կապված նկատառումները չկային նաև իմ մտքում, այն էլ հենց ամենասկզբից և միայն նրա բազմամիտ գլուխն են այցելության արժանացրել։ Հետո ես նրան պատմեցի, որ դատն արդեն շահված է և վարվում է ոչ թե իշխան Սոկոլսկու, այլ Սոկոլսկի իշխանների դեմ, այնպես որ եթե սպանված է մի իշխան, ապա մնում են մյուսները, բայց որ մարտահրավերը պետք է հետաձգել մինչև բողոքարկման ժամկետը լրանալը (թեև իշխանները չեն էլ բողոքարկի), բայց միայն հանուն պատշաճության։ Ժամկետն անցնելուն պես իսկույն տեղի կունենա մենամարտը, որ ես հենց դրա համար եմ եկել այժմ, որ մենամարտը հիմա չէ, բայց որ պետք է հավաստիանամ, որովհետև մարտավկա չկա, ես ոչ մի ծանոթ չունեմ և որպեսզի գոնե այն ժամանակ հասցնեմ գտնել, եթե նա՝ Եֆիմը, հրաժարվի։ Ահա թե ինչի համար եմ, այսինքն, եկել։
― Դե, այն ժամանակ էլ կգայիր-կասեիր, թե չէ անտեղի քարշ ես գալիս տասը վերստ։
Նա վերկացավ և ձեռքը մեկնեց գդակին։
― Իսկ այն ժամանակ կգա՞ս։
― Ոչ, չեմ գա, իհարկե։
― Ինչո՞ւ։
― Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ եթե հիմա համաձայնեմ, թե այն ժամանակ կգամ, դու բողոքարկման ողջ ժամկետի ընթացքում կսկսես ամեն օր ինձ մոտ գալ։ Իսկ որ գլխավորն է, հիմարություն է այդ բոլորը, ուրիշ ոչինչ։ Եվ դեռ կարիերաս էլ պիտի քո պատճառով փչացնեմ։ Հանկարծ իշխանն ինձ կհարցնի. «Ձեզ ո՞վ է ուղարկել»,― «Դոլգոռուկին»։― «Իսկ ինչ գործ ունի Դոլգոռուկին Վերսիլովի հետ»։ Ուրեմն ես պետք է ողջ քո ծագումնաբանությունը նրան բացատրե՞մ, ինչ է։ Ախր, նա կքրքջա։
― Դու էլ նրա մռթին տուր։
― Դա արդեն դատարկաբանություն է։
― Վախենո՞ւմ ես։ Մի տես ի՜նչ բոյի ես. դու ամենաուժեղն էիր գիմնազիայում։
― Վախենում եմ, իհարկե, վախենում եմ։ Եվ իշխանն էլ հենց այն պատճառով քեզ հետ չի մենամարտի, որ մենամարտում են հավասարի հետ։
― Զարգացմամբ ես էլ եմ բարեկիրթ մարդ և իրավունք ունեմ, ես հավասար եմ... ընդհակառակը, նա հավասար չի։
― Ոչ, դու փոքր ես։
― Ինչպե՞ս թե փոքր եմ։
― Հենց այդպես, փոքր ես. մենք երկուսս էլ փոքր ենք, իսկ նա մեծ է։
― Դու հիմար ես։ Ես, ախր, արդեն մեկ տարի է, ինչ կարող եմ օրենքով ամուսնանալ։
― Եվ ամուսնացիր, բայց այնուամենայնիվ պստիկ ես. դեռ աճում ես։
Ես, իհարկե, հասկացա, որ նա որոշել է ինձ ծաղրել։ Անշուշտ, այս հիմար անեկդոտը կարելի էր և չպատմել և նույնիսկ ավելի լավ կլիներ, եթե այն մեռներ անհայտության մեջ. այն գարշելի է նաև իր մանրախնդրությամբ ու անպետքությամբ, թեև բավական լուրջ հետևանքներ ունեցավ։
Բայց, որպեսզի էլ ավելի պատժեմ ինձ, կպատմեմ այն մինչև վերջ։ Հասկանալով, որ Եֆիմն ինձ ծաղրում է, ես ինձ թույլ տվեցի հրել նրա ուսը աջ ձեռքով, կամ, ավելի լավ է ասել, աջ բռունցքով։ Դրանից հետո նա բռնեց իմ ուսերից, դեմքով դեպի դուրս շրջեց և... գործով ինձ ապացուցեց, որ իսկապես ամենաուժեղն է մեր գիմնազիայում։
II
Ընթերցողն, իհարկե կկարծի, թե, Եֆիմի տանից դուրս գալով, ես սոսկալի տրամադրության էի, և, այնուամենայնիվ, կսխալվի։ Ես չափազանց լավ հասկացա, որ դպրոցական, գիմնազիական մի միջադեպ ստացվեց, իսկ գործի լրջությունն ինչպես կար, այնպես էլ մնում էր ամբողջովին։ Սուրճ ես արդեն խմեցի Վասիլևյան կղզում, դիտավորյալ շրջանցելով երեկվա իմ պանդոկը Պետերբուրգյան կողմում, և այդ պանդոկը, և սոխակը ինձ համար կրկնակի ատելի էին դարձել։ Տարօրինակ հատկություն, ես ընդունակ եմ ատել վայրերն ու առարկաները ճիշտ այնպես, ինչպես մարդկանց։ Դրա փոխարեն ես Պետերբուրգում մի քանի երջանիկ տեղ ունեմ, այսինքն այնպիսիք, ուր երբևէ որևէ պատճառով երջանիկ եմ եղել և, ի՞նչ եք կարծում․ ես խնայում եմ այդ վայրերը, և որքան հնարավոր է, երկար ժամանակ չեմ մտնում այնտեղ դիտավորյալ, որպեսզի հետո, երբ արդեն բոլորովին մենակ ու դժբախտ լինեմ, գնամ թախծելու և հիշելու։ Սուրճ խմելիս ես միանգամայն ըստ արժանվույն գնահատեցի Եֆիմին ու նրա ողջախոհությունը։ Այո, նա ինձնից գործնական էր, բայց հազիվ թե ավելի ռեալ։ Սեփական քթի ծայրով սահմանափակվող ռեալիզմը շատ ավելի վտանգավոր է, քան ամենախելահեղ երևակայությունը, որովհետև կույր է։ Սակայն, արդարությունը Եֆիմին շնորհելով (որը, հավանաբար, այդ րոպեին կարծում էր, թե ես քայլում եմ փողոցով ու հայհոյում), ես այնուամենայնիվ, ոչինչ չզիջեցի համոզմունքներիցս, ինչպես և չեմ զիջի մինչև այժմ։ Տեսել եմ այնպիսիներին, որ սառը ջրի առաջին դույլից ոչ միայն հրաժարվում են իրենց արարքներից, այլև նույնիսկ գաղափարից, և իրենք են սկսում ծաղրել այն, ինչը ընդամենը մեկ ժամ առաջ սրբազան էին համարում, Օ՜, ի՜նչ հեշտ է ստացվում դա նրանց մոտ։ Թող որ Եֆիմը, նույնիսկ գործի էության մեջ, ինձնից իրավացի էր, իսկ ես ամենահիմարից հիմարը և միայն համառում էի, բայց այնուամենայնիվ գործի ամենախորքում կար այնպիսի մի կետ, որի վրա կանգնած իրավացի էի նաև ես, ինչ-որ իրավացի բան կար նաև ինձ մոտ և, որ գլխավորն է, մի բան, որը նրանք երբեք չէին կարող հասկանալ։
Վասինի մոտ, Ֆոնտանկա՝ Սեմյոնովյան կամուրջի մոտ, ես հասա համարյա ճիշտ ժամը տասներկուսին, բայց նրան տանը չգտա։ Նրա գործը Վասիլևյան կղզում էր և տուն էր գալիս խիստ որոշակի ժամի, իմիջիայլոց համարյա միշտ տասնմեկից հետո։ Քանի որ բացի այդ նաև ինչ-որ տոն էր. ես ենթադրում էի, որ նրան հաստատ տանը կգտնեմ, տանը չգտնելով, ես նստեցի նրան սպասելու, թեև առաջին անգամ էի եկել նրա մոտ։
Ես այսպես էի դատում, ժառանգության մասին նամակի գործը խղճի գործ է և ես, Վասինին որպես դատավոր ընտրելով, դրանով իմ հարգանքի ողջ խորությունն եմ ցուցաբերում նրա նկատմամբ, որն, անշուշտ, պետք է շոյի նրա ինքնասիրությունը։ Անշուշտ, ես իսկապես էլ մտահոգված էի այդ նամակի կապակցությամբ և իրոք համոզված էի միջնորդական դատարանի վճռի անհրաժեշտության մեջ. սակայն կասկածում եմ, որ այն ժամանակ էլ առանց որևէ կողմնակի օգնության արդեն կարող էի դուրս գալ դժվար դրությունից։ Եվ, որ գլխավորն է ինքս էլ գիտեի դա. այսինքն, բավական էր, որ նամակը ձեռքովս տայի Վերսիլովի ձեռքը, իսկ նա թող անի, ինչ-որ կամենա, ահա վճիռը։ Իսկ ինքդ քեզ բարձրագույն դատավոր ու վճռող կարգելը նման գործում նույնիսկ չափազանց սխալ էր։ Նամակը ձեռքից ձեռք, և հենց լռությամբ հանձնելով, ես մի կողմ կքաշվեի և արդեն դրանով իսկույն կշահեի, ինձ Վերսիլովից բարձր դրության մեջ դնելով, քանի որ, հրաժարվելով, որքանով որ դա առնչվում էր ինձ հետ, ժառանգությունից բխող բոլոր օգուտներից (որովհետև ինձ, որպես Վերսիլովի որդու, անշուշտ, մի բան բաժին կընկներ այդ փողից, եթե ոչ այժմ, ապա հետագայում), ես ընդմիշտ կպահպանեի բարձրագույն բարոյական հայացքի իրավունքը Վերսիլովի ապագա արարքի նկատմամբ։ Իսկ հանդիմանել ինձ այն բանում, որ ես կործանել եմ իշխաններին, նույնպես ոչ ոք չէր կարող, քանի որ փաստաթուղթը իրավաբանական վճռական նշանակություն չուներ։ Այս բոլորը ես խորհեցի և միանգամայն հստակ պարզաբանեցի ինձ համար Վասինի դատարկ սենյակում նստած ժամանակ, և նույնիսկ հանկարծ մտքովս անցավ, որ եկել եմ Վասինի մոտ, այնպես ծարավի լինելով նրա խորհրդին, թե ինչպես վարվեմ, միմիայն մի նպատակով, որպեսզի այդ պահին նա տեսնի, թե ինչ ազնվագույն և անշահախնդիր մարդ եմ ես ինքս, ուրեմն և որպեսզի դրանով վրեժխնդիր լինեմ նրան երեկվա իմ ստորացուցիչ վիճակի համար նրա ներկայությամբ։
Գիտակցելով այս բոլորը ես չափազանց սրտնեղեցի, այնուամենայնիվ չհեռացա, այլ մնացի, թեև հաստատապես գիտեի, որ սրտնեղությունս յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ միայն աճելու է։
Նախ ինձ սկսեց սոսկալի դուր չգալ Վասինի սենյակը։ «Ցույց տուր ինձ քո սենյակը, և ես կիմանամ քո բնավորությունը»,― իսկապես, կարելի է այսպես ասել։ Վասինն ապրում էր, ըստ երևույթին, աղքատ և դրանով վաստակող և նրանից բացի այլ կենվորներ ունեցող բնակիչների կահավորված սենյակում։ Ինձ ծանոթ են այդ նեղ, կահ-կարասիով մի քիչ խեղդած և, սակայն, հարմարավետության տեսք ունենալու հավակնությամբ այդ սենյակները, այստեղ անպայման են հնոտիաշուկայից գնված փափուկ բազմոցը, որը վտանգավոր է շարժել, լվացվելու ջրամանը և շիրմերով մեկուսացված երկաթե մահճակալը։ Վասինն, ըստ երևույթին, ամենալավ ու ամենավստահելի կենվորն էր այս տանը, նման լավագույն կենվոր անպայման ունենում են տանտիրուհիները և դրա համար առանձնապես են հաճոյանում նրան, նրա սենյակն ավելի խնամքով են ավլում ու հավաքում, բազմոցից վեր վիմագիր որևէ մի նկար կախում, սեղանի տակ հալից ընկած, հնամաշ մի գորգ փռում։ Այս փտած մաքրությունը և, որ գլխավորն է, տանտիրուհիների հաճկատար ակնածությունը սիրող մարդիկ իրենք էլ հենց կասկածելի են։ Ես վստահ էի, որ լավագույն կենվորի կոչումը հաճելի էր իր՝ Վասինի համար։ Չգիտեմ ինչու, բայց ինձ կամաց-կամաց սկսել էր կատաղեցնել գրքերով ծանրաբեռնված այս երկու սեղանների տեսքը։ Գրքերը, թղթերը, թանաքամանը ամենը, դրված էր սեղաններին ամենագարշելի կանոնավորությամբ, որի իդեալը համընկնում էր գերմանուհի-տանտիրուհու ու նրա սպասուհու աշխարհայացքին։ Գրքերը բավական շատ էին և ոչ թե լրագրերն ու հանդեսները, այլ՝ իսկական գրքերը, և նա, հավանաբար կարդում էր դրանք և ակներևորեն, արտակարգ կանոնավոր ու ծանրակշիռ տեսքով էր նստում կարդալու կամ պատրաստվում գրելու։ Չգիտեմ, բայց ես ավելի սիրում եմ, երբ գրքերը անկանոն թափթփված են, և պարապմունքները սրբագործության չեն վերածվում։ Հավանաբար, այդ Վասինը չափազանց սիրալիր է հաճախորդի հետ, բայց, հավանաբար, նրա յուրաքանչյուր շարժումը ասում է հաճախորդին. «Այ, ես մի ժամուկես կնստեմ քեզ հետ, իսկ հետո, երբ դու գնաս, արդեն գործով կզբաղվեմ»։ Հավանաբար, նրա հետ կարելի է արտակարգ հետաքրքիր խոսակցություն սկսել և նոր բաներ լսել, բայց... «Մենք ես ու դու, հիմա կխոսենք, և ես քո հետաքրքրությունը խիստ կշարժեմ, իսկ քո գնալուց հետո կձեռնարկեմ արդեն ամենահետաքրքիրը»... Եվ սակայն, ես այնուամենայնիվ չէի հեռանում, այլ նստել էին ու մնացել։ Իսկ այն բանում, որ նրա խորհրդի կարիքը ամենևին չունեմ, ես արդեն վերջնականապես համոզվեցի։
Մոտ մեկ ժամ և նույնիսկ ավելի արդեն նստած էի, և նստած էի պատուհանի մոտ դրված ծղոտահյուս զույգ աթոռներից մեկին։ Զայրացնում էր նաև այն, որ ժամանակն անցնում էր, իսկ ես մինչև երեկո դեռ պետք է բնակարան գտնեի։ Մի պահ ձանձրույթից ուզեցի մի գիրք վերցնել, բայց չվերցրի, ինձ զվարճացնելու միայն մտքից կրկնակի գարշելի զգացի ինձ։ Արդեն մեկ ժամ էր, ինչ շարունակվում էր արտակարգ լռությունը, և հանկարծ ինչ-որ շատ մոտիկ մի տեղ, բազմոցով փակված դռան հետևում, ես ակամա ու աստիճանաբար սկսեցի ջոկել գնալով ավելի ու ավելի աճող քչփչոցը։ Խոսում էին երկու, հավանաբար կանացի ձայն, դա լսելի էր, բայց բառերը ջոկել ամենևին հնարավոր չէր, և, սակայն, ձանձրույթից սկսեցի մի կերպ մտքին հետևել։ Պարզ էր, որ խոսում էին ոգեշնչ ված ու կրքոտ և որ խոսքը ձևվածքի մասին չէր. ինչ-որ բան էին պայմանավորվում կամ վիճում, կամ մի ձայնը համոզում էր ու խնդրում, իսկ մյուսը չէր հնազանդվում ու հակառակում էր։ Հավանաբար ինչ-որ ուրիշ կենվորներ էին։ Շուտով ես ձանձրացա, ականջս էլ վարժվեց, այնպես որ թեև շարունակում էի լսել, բայց մեքենայորեն, երբեմն էլ բոլորովին մոռանալով, որ ականջ եմ դնում, երբ հանկարծ մի արտակարգ բան պատահեց, կարծես մեկը զույգ ոտքով ցած թռավ աթոռից, կամ տեղից թռավ ու ոտքերը գետին դոփեց։ Հետո տնքոց լսվեց և հանկարծ ճիչ և նույնիսկ ոչ թե ճիչ, այլ ծղրտոց, անասնական, չարացած ծղրտոց, որի համար արդեն բոլորովին միևնույն էր, թե կլսեն օտարները, թե ոչ։ Ես նետվեցի դեպի դուռը և բաց արի այն. ինձ հետ միաժամանակ բացեցին մի այլ դուռ միջանցքի վերջում, տանտիրուհու դուռը, ինչպես իմացա հետագայում, որտեղից երկու հետաքրքրված գլուխ երևաց։ Ճիչը, սակայն, իսկույն մարեց և հանկարծ իմ կողքի հարևանուհիների դուռը բացվեց և, ինչպես ինձ թվաց, երիտասարդ մի կին արագ դուրս պրծավ ու աստիճաններով ցած վազեց։ Իսկ մյուսը տարեց մի կին, ուզում էր նրան ետ պահել, բայց չկարողացավ և միայն տնքաց նրա հետևից.
― Օլյա, Օլյա, էդ ո՞ւր։ Ա՜խ։
Բայց տեսնելով մեր երկու բաց դռները փութկոտ փակեց իր դուռը, թողնելով մի ճեղք և նրա միջով ականջ դնելով սանդուղքից եկող ձայներին այնքան ժամանակ, մինչև իսպառ չլռեցին ցած վազող Օլյայի ոտնաձայները։ Ես վերադարձա իմ պատուհանի մոտ։ Ամեն ինչ խաղաղվեց։ Աննշան, գուցեև ծիծաղելի դեպք էր, և ես դադարեցի դրա մասին մտածելուց։
Մոտ մի քառորդ ժամից միջանցքում, ճիշտ Վասինի դռան մոտ, տղամարդու բարձր ու սանձարձակ մի ձայն լսվեց։ Մեկը դռան բռնակից ձգեց և այնպես վրա դրեց այն, որ ճեղքից կարելի էր տեսնել միջանցքում կանգնած բարձրահասակ մի տղամարդու, որն իր հերթին, ըստ երևույթին, տեսել էր և նույնիսկ զննում էր ինձ, և որը սակայն դեռ չէր մտնում սենյակ և շարունակում էր, բռնակը բաց չթողնելով, ողջ միջանցքով մեկ, խոսել տանտիրուհու հետ։ Տանտիրուհին բարալիկ ու զվարթ ձայնով ձայնակցում էր նրան, և արդեն նրա ձայնից զգացվում էր, թե այցելուն վաղուց ծանոթ է նրան, հարգված ու գնահատված է նրա կողմից և որպես ծանրաբարո հյուր, և որպես ուրախ պարոն։ Ուրախ պարոնը բղավում էր ու սրամտում, բայց խոսքը միայն այն մասին էր, որ Վասինը տանը չէր, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում նրան տանը գտնել, որ դա իր ճակատագիրն է, և որ ինքը, ինչպես այն անգամ, կսպասի նրան, և այս բոլորը, անշուշտ, սրամտության գագաթ էր թվում տանտիրուհուն։ Վերջապես հյուրը, դուռը կրնկի վրա բաց անելով, մտավ ներս։
Սա լավ հագնված, հավանաբար, լավագույն դերձակի մոտ և, ինչպես ասում են, «աղայավարի» հագնվող մի պարոն էր, մինչդեռ նրանում թվում էր, թե չնայած աղայականն ունենալու նշանակալի ցանկությանը, ամենից քիչը աղայականն էր։ Նա ոչ այն է, թե սանձարձակ, այլ մի տեսակ բնականոն հանդուգն էր, այսինքն այնուամենայնիվ պակաս վիրավորական, քան հայելու առջև իրեն մշակած հանդուգնը։ Նրա թեթև ճերմակած մուգ-շիկավուն մազերը, սև հոնքերը, ճոխ մորուսը և մեծ-մեծ աչքերը ոչ միայն չէին նպաստում նրա հատկանշանակությանը, այլ կարծես հենց մի ընդհանուր, բոլորին նմանվող մի բան էին տալիս նրան։ Այդպիսի մարդը և ծիծաղում է, և պատրաստ է ծիծաղել, բայց դուք նրա հետ, չգիտես ինչու, երբեք չեք ուրախանում։ Ծիծաղկոտ տեսքից նա արագ անցնում է ծանրակշիռ տեսքի, ծանրակշռից կայտառի կամ աչքունք խաղացնողի, բայց այս բոլորը մի տեսակ ցիր ու ցան ու անհիմն։ Ի դեպ, կարիք չկա նախապես նկարագրելու։ Այս պարոնին ես հետագայում շատ ավելի ու մոտիկից ճանաչեցի, և այդ պատճառով այժմ ակամա ներկայացնում եմ արդեն ավելի ճանաչած, քան այն ժամանակ, երբ նա բաց արեց դուռն ու մտավ սենյակ։ Սակայն հիմա էլ կդժվարանայի որևէ ճշգրիտ ու որոշակի բան ասել նրա մասին, որովհետև այս մարդկանց մոտ գլխավորը հենց նրանց անավարտությունն է, ցաքուցրիվությունն ու անորոշությունը։
Նա դեռ չէր հասցրել նստել անգամ, երբ ինձ հանկարծ թվաց, թե նա, հավանաբար, Վասինի խորթ հայրն է, ոմն պարոն Ստեբելկովը, որի մասին ես արդեն որոշ բան լսել էի, բայց այնքան հարևանցիորեն, որ ոչ մի կերպ չէի կարող ասել, թե ի նչ հատկապես, միայն հիշում էի, որ ինչ-որ վատ բան։ Ես գիտեի, որ Վասինը երկար ժամանակ որբ է եղել և նրա տնօրինության տակ, բայց որ վաղուց արդեն դուրս է եկել նրա ազդեցության ոլորտից, և նրանց թե՛ նպատակները, թե՛ հետաքրքրությունները տարբեր են, և որ ապրում են բոլորովին բաժան բոլոր տեսակետներից։ Միտքս էր մնացել նաև, որ այդ Ստեբելկովը որոշ դրամագլուխ ուներ և որ նույնիսկ ինչ-որ շահագետի ու ճարպիկի մեկն էր. մի խոսքով, միգուցե նրա մասին ես ավելի մանրամասն բաներ գիտեի, բայց արդեն մոռացել եմ։ Նա հայացքով ինձ չափեց, ի դեպ, առանց բարևելու, իր ցիլինդր-գլխարկը բազմոցի առջևի սեղանին դրեց, սեղանը տիրաբար հրեց ոտքով և ոչ թե նստեց, այլ ուղղակի այնպես փռվեց բազմոցին, որին ես չհամարձակվեցի նստել անգամ, որ սա ճռնչաց, ոտքերը կախ գցեց ու, բարձր տնկելով իր լաքե աջ սապոգի քիթը, սկսեց հիանալ դրանով։ Իհարկե, իսկույն էլ դեպի ինձ շրջվեց և իր մի քիչ սառած մեծ-մեծ աչքերով նորից ինձ չափեց։
― Տանը չեմ գտնում,― թեթևակի գլխով արեց ինձ նա։
Ես լուռ մնացի։
― Ճշտապահ չէ։ Գործի մասին իր կարծիքներն ունի։ Պետերբուրգյան կողմի՞ց։
― Այսինքն դուք Պետերբուրգյան կողմի՞ց եք եկել,― իմ հերթին հարցրի նրան ես։
― Ոչ, ես ձեզ եմ հարցնում։
― Ես... ես Պետերբուրգյանից եմ գալիս, միայն թե դուք ինչի՞ց կռահեցիք։
― Ինչից։ Հըմ։― Նա աչքով արեց, բայց բացատրության չարժանացրեց։
― Այսինքն ես Պետերբուրգյան կողմում չեմ ապրում, բայց հիմա Պետերբուրգյանում էի և այնտեղից եկա այստեղ։
Նա շարունակում էր լուռ ժպտալ մի ինչ-որ նշանակալից ժպիտով, որն ինձ սոսկալի դուր չէր գալիս։ Ինչ-որ հիմար բան կար այդ աչքով անելու մեջ։
― Պարոն Դերգաչովի մո՞տ,― արտասանեց նա վերջապես։
― Ինչը՞ Դերգաչովի մոտ,― չռեցի աչքերս ես։
Նա հաղթական ինձ էր նայում։
― Ես ծանոթ էլ չեմ։
― Հը՛մ։
― Ինչպես կուզեք,― պատասխանեցի ես։ Նա զզվելի էր դառնում ինծ համար։
― Հըմ, այսպես։ Ոչ, թույլ տվեք, դուք մի բան եք գնում խանութում, դրա կողքին մի ուրիշ խանութում մի այլ գնորդ մի այլ բան է գնում և, ի՞նչ եք կարծում, ի՞նչ։ Փող, վաճառականից, որը վաշխառու է կոչվում... որովհետև փողն էլ է իր, իսկ վաշխառուն էլ վաճառական... Դուք հետևո՞ւմ եք։
― Թերևս, հետևում եմ։
― Գալիս է երրորդ գնորդը և, ցույց տալով խանութներից մեկը, ասում է. «Սա հիմնավոր է» և, ցույց տալով մյուս խանութը, ասում. «Սա հիմնավոր չէ»։ Ի՞նչ կարծիք կարող եմ կազմել այս գնորդի մասին։
― Ի՞նչ իմանամ։
― Ոչ, թույլ տվեք։ Օրինակ ես. մարդը լավ օրինակով է ապրում։ Ես գնում եմ Նևսկու փողոցով և նկատում, որ փողոցի մյուս կողմով, մայթով, գնում է մի պարոն, որի բնավորությունը ես կուզենայի որոշել։ Այսպես տարբեր կողմերով մենք հասնում ենք մինչև Մորսկոյե փողոցի շրջադարձը, և հենց այնտեղ, ուր անգլիական խանութն է գտնվում, նկատում ենք երրորդ անցորդին, որին ձին ջնջխել է։ Հիմա խորամուխ եղեք, անցնում է չորրորդ պարոնը և ուզում է որոշել ջախջախվածի հետ միասին բոլոր երեքիս բնավորությունները՝ գործնականության և հիմնավորության տեսակետից... Դուք հետևո՞ւմ եք։
― Ներեցեք, մեծ դժվարությամբ։
― Լավ. ես այդպես էլ կարծում էի։ Թեման կփոխեմ։ Ես Գերմանիայում եմ, հանքային ջրերում, ուր եղել եմ բազմիցս, թե որում միևնույն է։ Զբոսնում եմ այնտեղ ու տեսնում անգլիացիների։ Անգլիացու հետ, ինչպես գիտեք, ծանոթություն հաստատելը դժվար է, բայց, ահա, երկու ամսից բուժման ժամկետն ավարտելուց հետո, մենք բոլորս լեռների շրջանում ենք, սրածայր փայտերը ծեռքներիս, խմբովին այս կամ այն, միևնույն է, թե որ լեռն ենք բարծրանում։ Շրջադարձին, այսինքն՝ էտապին, հենց այնտեղ, ուր վանականները շարտրեզ օղի են պատրաստում (սա նկատեք), հանդիպում եմ մեկուսի կանգնած ու լուռ նայող մի տեղացու։ Ես ուզում եմ կարծիք կազմել նրա հիմնավորության մասին․ ի՞նչ եք կարծում, այդ նպատակով կարո՞ղ եմ դիմել անգլիացիների խմբին, որոնց հետ քայլում եմ միմիայն այն պատճառով, որ չեմ կարողացել խոսել նրանց հետ հանքային ջրերում։
― Ի՞նչ իմանամ։ Ներեցեք, ինծ համար շատ դժվար է հետևել ձեր մտքին։
― Դժվա՞ր է։
― Այո, դուք ինձ հոգնեցնում եք։
― Հըմ։― Նա աչքով արեց և ձեռքով մի շարժում արեց, որը, հավանաբար, պետք է ինչ-որ չափազանց հանդիսավոր ու հաղթական բան նշանակեր, հետո միանգամայն ծանրակշիռ ու հանգիստ գրպանից, ըստ երևույթին, հենց նոր գնած լրագիր հանեց, բաց արեց ու, հավանաբար, ինձ կատարյալ հանգիստ թողնելով, վերջին էջում մի բան սկսեց կարդալ։ Մի հինգ րոպե նա ինձ չէր նայում։
― Բրեստո Գրաևսկիներն, ախր, չեն տապալվել, հը՞։ Ախր, առաջ են գնացել, ախր, գնում են։ Շատերին եմ ճանաչում, որոնք հենց տեղնուտեղն են տապալվել։
Նա սրտանց ինձ նայեց։
― Ես այդ բորսայից առայժմ քիչ բան եմ հասկանում,― պատասխանեցի ես։
― Ժխտո՞ւմ եք։
― Ի՞նչը։
― Փողը։
― Փողը չեմ ժխտում, բայց... բայց, կարծում եմ, որ նախ գաղափարն է, հետո փողը։
― Այսինքն, թույլ տվեք... այ, մարդն, ասենք, այսպես ասած, սեփական դրամագլուխ ունի...
― Նախ բարձր գաղափարը, հետո փողը, իսկ առանց բարձր գաղափարի փողավոր հասարակությունը կկործանվի։
Չգիտեմ ինչու, ես սկսեցի տաքանալ։ Նա, կարծես խճճվելով, մի քիչ բութ հայացքով ինձ նայեց, բայց հանկարծ նրա դեմքով մեկ ամենազվարթ ու ամենախորամանկ մի ժպիտ տարածվեց։
― Վերսիլովին տեսա՞ք, հը՞։ Հո, այնուամենայնիվ, չանթեց։ Երեկ նրա օգտին վճռեցին, չէ՞։
Ես հանկարծ ու անսպասելիորեն տեսա, որ նա արդեն վաղուց գիտե, թե ով եմ ես, և հնարավոր է նաև, որ շատ ու շատ ավելի բան գիտե։ Միայն չեմ հասկանում, թե ինչու հանկարծ շիկնեցի և, առանց աչքս նրանից կտրելու, հիմարավարի նրան էի նայում։ Նա, ըստ երևույթին, ցնծում էր, զվարթ ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանում ամենախորամանկ ձևով բռնել էր ու մերկացրել ինձ։
― Ո՜չ,― հոնքերը բարձրացրեց նա,― այդ դո՛ւք ինձ պարոն Վերսիլովի մասին հարցրեք։ Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում հիմնավորության մասին։ Մեկուկես տարի առաջ այդ երեխայի պատճառով նա կարող էր կատարյալ մի գործ գլուխ բերել, այո, իսկ նա տապալվեց, այո։
― Ո՞ր երեխայի պատճառով։
― Ծծկեր երեխայի, որին հիմա էլ սնուցանում է ծածուկ, միայն թե ոչինչ չի շահի դրանից... որովհետև...
― Ի՞նչ ծծկեր երեխա։ Ի՞նչ եք ասում։
― Իհարկե, նրա երեխան, նրա սեփական երեխան mademoiselle Լիդիա Ախմակովայից... «Սքանչելի կույսը փաղաքշում էր ինձ...»։ Ֆոսֆորե լուցկի է, հա՞։
― Ի՜նչ անհեթեթություն, ի՜նչ տխմարություն։ Նա երբեք երեխա չի ունեցել Ախմակովայից։
― Ոնց չէ։ Իսկ ես որտե՞ղ էի։ Ես, ախր, բժիշկ եմ և մանկաբարձ։ Ազգանունս Ստեբելկով է, չե՞ք լսել։ Ճիշտ է, ես այն ժամանակ էլ արդեն վաղուց գործող բժիշկ չէի, բայց գործնական խորհուրդ պրակտիկ գործում կարող էի տալ։
― Դուք մանկաբա՞րձ եք... և ընդունել եք Ախմակովայի երեխայի՞ն։
― Ոչ, ես ոչինչ էլ չեմ ընդունել Ախմակովայից։ Այնտեղ, արվարձանում, բժիշկ Գրանցը կար, որը ծանրաբեռնված էր ընտանիքով և որին կես տալեր էին վճարում․ այդպես էր բժիշկների դրությունն այնտեղ, բացի դրանից նրան ոչ ոք չէր ճանաչում, հենց նա էլ եղավ իմ փոխարեն... Ես էլ նրան խորհուրդ էի տվել, անհայտության խավարի համար։ Դուք հետևո՞ւմ եք։ Իսկ ես միայն գործնական մի խորհուրդ էի տվել Վերսիլովի՝ Անդրեյ Պետրովիչի հարցում, խիստ գաղտնի հարցում, երես առ երես։ Բայց Անդրեյ Պետրովիչը զույգ նապաստակը գերադասեց։
Ես լսում էի խորապես զարմացած։
― Զույգ նապաստակի հետևից կընկնես ոչ մեկին չես բռնի, ասում է ժողովրդական, կամ ավելի ճիշտ հասարակ ժողովրդի առածը։ Իսկ ես այսպես եմ ասում, անդադար կրկնվող բացառությունները ընդհանուր կանոն են դառնում։ Ուրիշ նապաստակի, այսինքն մեր լեզվով թարգմանած, ուրիշ տիկնոջ հետևից ընկավ և ոչ մի արդյունք չստացավ։ Եթե մի բան բռնել ես, ամուր պահիր ձեռքումդ։ Որտեղ պետք է գործն արագացնել, նա այնտեղ հապաղում է։ Վերսիլովն, ախր, «կնկա մարգարե» է, այ թե դիպուկ անուն դրեց նրան այն ժամանակ իմ ներկայությամբ երիտասարդ իշխան Սոկոլսկին։ Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք։ Եթե ուզում եք Վերսիլովի մասին շատ բան իմանալ, ինձ մոտ եկեք։
Նա, ըստ երևույթին, հիանում էր իմ զարմանքից՝ բաց բերանով։ Մինչև օրս ես երբեք և ոչինչ չէի լսել ծծկեր երեխայի մասին։ Եվ հենց այդ պահին հարևանների դուռը շրխկաց, և մեկն արագ մտավ նրանց սենյակը։
― Վերսիլովն ապրում է Սեմյոնովյան գնդում, Մոժայսկի փողոցում, Լիտվինովայի տանը, համարը տասնյոթ, ինքս եմ եղել հասցեատանը,― բարձր բղավեց կանացի գրգռված ձայնը, յուռաքանչյուր բառը լսելի էր մեզ համար։ Ստեբելկովը ունքերը բարձրացրեց և մատը գլխից վեր տնկեց։
― Մենք նրա մասին այստեղ ենք խոսում, իսկ նա արդեն այնտեղ էլ է... Ահա դրանք, անդադար կրկնվող բացառությունները։ Quand on parle d’une corde...[29]։
Նա արագ, թեթևակի ոստյունով նստեց բազմոցին և սկսեց ականջ դնել այն դռանը, որին կպցրած էր բազմոցը։
Սոսկալի զարմացած էի նաև ես։ Ես կռահեցի, որ հավանաբար, հենց այն երիտասարդ կինը բղավեց, որը քիչ առաջ այնքան հուզված դուրս նետվեց սենյակից։ Բայց ինչպես է, որ այստեղ էլ է Վերսիլովը։ Հանկարծ նորից լսվեց նույն այն ծղրտոցը, կատաղի, զայրույթից գազան կտրած մարդու ծղրտոցը, որին ինչ-որ բան չեն տալիս, կամ ինչ-որ բանից հետ են պահում։ Այն ժամանակվա ծղրտոցից այս մեկը տարբերվում էր միայն նրանով, որ ճիչերն ու ծղրտոցներն ավելի երկար տևեցին։ Իրարանցման ձայն էր լսվում, ինչ-որ փութկոտ, արագ-արագ արտասանված բառեր. «Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք, իսկույն տվե՛ք», կամ դրա նման բաներ՝ լավ չեմ կարողանում հիշել։ Հետո, այն անգամվա պես, մեկը սրընթաց դռան մոտ նետվեց ու բացեց այն։ Երկու հարևանուհիներն էլ միջանցք դուրս թռան, մեկը, ինչպես և այն անգամ, ըստ երևույթին, հետ պահելով մյուսին։ Ստեբելկովը, որն արդեն վաղուց էր վեր թռել բազմոցից ու հաճույքով ականջ էր դնում, ուղղակի ցատկեց դեպի դուռն ու իսկույն, առանց հետաքրքրությունը թաքցնելու, ուղիղ հարևանուհիների մոտ միջանցք նետվեց։ Պարզ է, որ ես էլ մոտ վազեցի դռանը։ Բայց նրա հայտնվելը միջանցքում մի դույլ սառը ջրի ազդեցություն ունեցավ, հարևանուհիները արագ անհետացան և դուռը աղմուկով ծածկեցին իրենց հետևից։ Ստեբելկովն ուզեց նետվել նրանց հետևից, բայց կանգ առավ, մատը տնկելով, ժպտալով ու մտորելով. այս անգամ նրա ժպիտի մեջ ես արտակարգ վատ, մութ ու չարագուշակ բան տեսա։ Տեսնելով կրկին իր դռան մոտ կանգնած տանտիրուհուն, նա միջանցքով մատների ծայրերի վրա փութկոտ նրա մոտ վազեց, մի երկու րոպե նրա հետ փսփսալուց և, իհարկե, տեղեկություններ ստանալուց հետո նա արդեն մեջքը ուղիղ ու վճռական վերադարձավ սենյակ, սեղանի վրայից իր ցիլինդրը վերցրեց, հարևանցիորեն հայելուն նայեց, մազերը գզգզեց և ինքնավստահ արժանապատվությամբ, առանց ինձ անգամ նայելու, հարևանուհիների մոտ գնաց։ Մի պահ նա դռանը կպած ականջ էր դնում միջանցքի մի ծայրից մյուսը հաղթական աչքով անելով տանտիրուհուն, որը նրա վրա մատ էր թափ տալիս ու գլուխը տարուբերում, կարծես հանդիմանելով։ «Ախ, դու չարաճճի, չարաճճի»։ Վերջապես վճռական, բայց նրբավարի տեսքով, նույնիսկ կարծես նրբավարությունից կորացած մեջքով, մատների ոսկրերով թակեց հարևանուհիների դուռը։ Ներսից ձայն լսվեց.
― Ո՞վ է։
― Թույլ կտա՞ք կարևորագույն մի գործով ներս մտնել,― բարձրաձայն ու հպարտորեն արտասանեց Ստեբելկովը։
Հապաղելով, այնուամենայնիվ բաց արին, սկզբում մի փոքր, այսինքն մի քառորդով, բայց Ստեբելկովը իսկույն ամուր բռնեց փականի բռնակից և այլևս թույլ չէր տա փակել դուռը։ Խոսակցություն սկսվեց, Ստեբելկովը բարձր էր խոսում, շարունակ ձգտելով սենյակ թափանցել, բառերը չեմ հիշում, բայց նա Վերսիլովի մասին էր խոսում, ասում էր, թե կարող է հաղորդել, ամեն բան բացատրել. «Ո՜չ, դուք ինձ հարցրեք», «Ո՜չ, դուք ինձ մոտ եկեք»,― այս ձևով։ Շատ շուտով նրան ներս թողեցին։ Ես վերադարձա բազմոցի մոտ և փորձեցի ականջ դնել, բայց ամեն բան չկարողացա ջոկել, միայն լսեցի, որ Վերսիլովի անունը հաճախ էին տալիս։ Ձայնի առոգանությունից ես կռահում էի, որ Ստեբելկովն արդեն տիրապետել է խոսակցությանը, արդեն սիրաշահողի պես չի խոսում, այլ տիրաբար և ազատ փռված, ինչպես քիչ առաջ ինձ հետ. «Դուք հետևո՞ւմ եք», «Հիմա բարի եղեք խորացեք» և այլն։ Ի դեպ, կանանց հետ նա հավանաբար արտակարգ սիրալիր է։ Արդեն մի քանի անգամ թնդաց նրա բարձր քրքիջը և, երևի, միանգամայն անտեղի, որովհետև նրա ձայնի կողքին, իսկ երբեմն էլ ծածկելով նրա ձայնը, հնչում էին երկու կանանց ձայները, որոնք ամենևին էլ ուրախություն չէին արտահայտում, և գերազանցապես երիտասարդ կնոջ ձայնը, այն կնոջ, որը քիչ առաջ ծղրտում էր. նա խոսում էր շատ, ջղային, արագ, հավանաբար, ինչ-որ բան մերկացնելով ու բողոքելով, դատ ու դատաստան որոնելով։ Սակայն Ստեբելկովը ետ չէր մնում, գնալով ավելի ու ավելի էր բարձրացնում ձայնը և ավելի ու ավելի հաճախ քրքջում, նման մարդիկ ուրիշներին լսել չեն կարողանում։ Շուտով ես վերկացա բազմոցից, որովհետև ծածուկ ականջ դնելը ինձ ամոթալի թվաց, և նստեցի իմ հին տեղը, պատուհանի մոտ դրված հյուսածո աթոռին։ Ես համոզված էի, որ Վասինն այս մարդուն ոչինչ է համարում, բայց եթե ես նույն կարծիքը հայտնեմ, նա իսկույն ամենալուրջ արժանապատվությամբ կպաշտպանի նրան և խրատական ձևով կնկատի, որ սա «գործնական մարդ է, այժմյան գործարար մարդկանցից, և որի մասին չի կարելի դատել մեր ընդհանուր և վերացական տեսակետներից»։ Այն պահին, սակայն, հիշում եմ, բարոյապես ես լիովին ջախջախված էի, սիրտս ուժգին բաբախում էր և ես, անշուշտ, ինչ-որ բանի էի սպասում։ Անցավ մի տասը րոպե, և հանկարծ, ամենաբուռն քրքիջի մեջտեղում, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ, մեկը պոկվեց աթոռից, հետո հնչեցին զույգ կանանց բղավոցները, լսելի էր, ինչպես վեր թռավ նաև Ստելբեկովը և արդեն բոլորովին ուրիշ ձայնով սկսեց ինչ-որ բան ասել, կարծես արդարանալով, կարծես թախանձելով, որ իրեն մինչև վերջ լսեն... Բայց նրան չլսեցին, հնչեցին զայրագին կանչեր. «Դո՛ւրս կորեք, դուք սրիկա եք, դուք անամոթ եք»։ Մի խոսքով, պարզ էր, որ նրան դուրս են հրում։ Ես դուռը բաց արի ճիշտ այն պահին, երբ նա հարևանուհիների սենյակից միջանցք դուրս թռավ և, թվում է, թե բառացիորեն, այսինքն ձեռքերով, դուրս մղված նրանց կողմից։ Ինձ տեսնելով՝ նա հանկարծ բղավեց՝ ինձ ցույց տալով.
― Ահա Վերսիլովի որդին։ Եթե ինձ չեք հավատում, ապա ահա նրա որդին, նրա սեփական որդին։ Խնդրեմ։― Եվ նա տիրաբար բռնեց իմ ձեռքը։
― Սա նրա որդին է, նրա հարազատ որդին,― կրկնեց նա մոտեցնելով ինձ տիկիններին, սակայն պարզաբանելու համար այլևս ոչինչ չավելացնելով։ Երիտասարդ կինը կանգնած էր միջանցքում, տարիքավորը մի քայլ նրանից ետ, դռների մեջ։ Ես միայն հիշում եմ, որ այդ խեղճ աղջիկը բավական սիրունատես էր, մոտ քսան տարեկան, բայց նիհար ու հիվանդոտ տեսքով, փոքր-ինչ շիկակարմիր մազեր ուներ և դեմքով կարծես մի քիչ նման էր քրոջս, այդ հատկանիշը աչքովս ընկավ ու հիշողությանս մեջ մնաց, միայն թե Լիզան երբեք չէր լինում և, իհարկե, երբեք չէր էլ կարող լինել զայրույթի այդպիսի մոլուցքի մեջ, որով բռնված դիմացս կանգնած էր այս կինը, նրա շրթունքները սպիտակ էին, բաց մոխրագույն աչքերը փայլատակում էին, ամբողջ մարմնով նա դողում էր զայրույթից։ Հիշում եմ նաև, որ ինքս էլ արտակարգ հիմար և անպատվաբեր վիճակում էի գտնվում, որովհետև այդ անպատկառ մարդու պատճառով վճռականապես չգտա, թե ինչ ասեմ։
― Հետո՞ ինչ, որ որդին է։ Եթե նա ձեզ հետ է, ուրեմն, սրիկա է։ Եթե դուք Վերսիլովի որդին եք,― հանկարծ ինձ դիմեց նա,― ապա իմ անունից հաղորդեք ձեր հորը, որ նա սրիկա է, որ նա անպատիվ, անամոթ է, որ ինձ նրա փողը պետք չէ... Առեք, առեք, առեք, իսկույն նրան տվեք այս փողը։
Նա արագ գրպանից մի քանի թղթադրամ հանեց, բայց տարիքոտ կինը (այսինքն, ինչպես պարզվեց հետագայում, նրա մայրը) բռնեց նրա ձեռքը.
― Օլյա, բայց չէ՞ որ դա, միգուցե, ճիշտ չէ, միգուցե նա ամենևին էլ նրա որդին չէ։
Օլյան արագ նրան նայեց, հասկացավ, արհամարհական հայացքով ինձ նայեց և դեպի սենյակ շրջվեց, բայց մինչև դուռը փակելը, շեմին կանգնած, մոլուցքով բռնված՝ մի անգամ էլ բղավեց Ստեբելկովին։
― Կորեք։
Եվ նույնիսկ ոտքը գետնին դոփեց։ Հետո դուռը գոցվեց և արդեն փակվեց փականով։ Ստեբելկովը, շարունակելով բռնած պահել ուսս, մատը տնկեց և շրթունքները երկար ու մտախոհ ժպիտի ձևով տարածելով, հարցական հայացքը ինձ հառեց։
― Ձեր արարքը իմ նկատմամբ ես ծիծաղելի և անպատվաբեր եմ համարում,― վրդովված քրթմջնացի ես։
Բայց նա ինձ անգամ չլսեց, թեև աչքն ինձնից չէր կտրում։
― Սա պետք կլինի ու-սում-նա-սի-րել,― մտազբաղ արտասանեց նա։
― Սակայն, ինչպե՞ս համարձակվեցիք ինձ դուրս քաշել։ Սա ի՞նչ բան է։ Ո՞վ է այս կինը։ Դուք բռնեցիք ուսիցս ու նրան մոտեցրիք, ի՞նչ է այստեղ կատարվում։
― Էհ, գրողը տանի։ Կուսությունից զրկված մեկը... «հաճախակի կրկնվող բացառություն», հետևո՞ւմ եք։
Եվ նա ուզեց մատը հենել իմ կրծքին։
― Էհ, գրողը տանի,― դեն հրեցի նրա մատը ես։
Բայց նա հանկարծ և միանգամայն անսպասելի ծիծաղեց կամացուկ, անլսելի, երկար, ուրախ։ Վերջապես գլխին դրեց իր ցիլինդրը և արագ փոխված և արդեն մռայլ դեմքով ու, հոնքերը կիտելով, նկատեց.
― Բայց տանտիրուհուն պետք էր սովորեցնել... դրանց պետք է բնակարանից դուրս վռնդել, ահա թե ինչ, և որքան կարելի է շուտ, թե չէ դրանք այստեղ... Այ, կտեսնեք։ Այ, խոսքս հիշեք, կտեսնեք։ Էհ, գրողը տանի,― հանկարծ կրկին զվարթացավ նա,― դուք Գրիշային սպասելու եք, չէ՞։
― Ոչ, չեմ սպասելու,― վճռական պատասխանեցի ես։
― Դա արդեն միևնույն է...
Եվ առանց բառ անգամ ավելացնելու, նա շրջվեց, դուրս եկավ սենյակից և աստիճաններով ցած իջավ՝ հայացքի անգամ չարժանացնելով ակնհայտ կերպով բացատրության ու տեղեկությունների սպասող տանտիրուհուն։ Ես էլ վերցրի գլխարկս և, տանտիրուհուն խնդրելով, որ հաղորդի, թե եկել եմ ես՝ Դոլգոռուկին, աստիճաններով ցած վազեցի։
III
Ես միայն ժամանակ կորցրի։ Դուրս գալով փողոց՝ իսկույն սկսեցի բնակարան որոնել, բայց ցրված էի, մի քանի ժամ թափառեցի փողոցներում և, թեև կենվորների մի հինգ կամ վեց բնակարան մտա, բայց վստահ եմ, որ քսան բնակարանի կողքով էլ անցա առանց դրանք նկատելու։ Եվ ի մեծ սրտնեղություն ինձ, չէի էլ պատկերացնում, որ բնակարան վարձելն այդքան դժվար է։ Ամենուրեք Վասինի սենյակի պես և դեռ շատ ավելի վատ սենյակներ են, իսկ գները հսկայական, այսինքն՝ իմ հաշվին ոչ հարմար։ Ես ուղղակի մի անկյուն էի ուզում, որ միայն շարժվել կարողանայի, իսկ ինձ արհամարհական հասկացնում էին, որ այդ դեպքում պետք է «անկյուն» վարձել։ Բացի այդ, ամեն տեղ բազում տարօրինակ կենվորներ են ապրում, որոնց հետ, միայն նրանց տեսքից ելնելով, ես չէի կարող կողք-կողքի ապրել, նույնիսկ կվճարեի, որպեսզի նրանց կողքին չապրեի։ Ինչ-որ առանց սերթուկների, միայն բաճկոնակներով, գզգզված մորուքներով, սանձարձակ ու հետաքրքրասեր պարոններ։ Մի պստլիկ սենյակում, թղթախաղով ու գարեջուր ըմպելով զբաղված, դրանց նման մի տասը մարդ էր նստած, իսկ դրա կողքին ինձ սենյակ էին առաջարկում։ Մյուս տեղերում տանտերերի հարցերին ես ինքս այնքան անհեթեթ էի պատասխանում, որ ինձ վրա զարմանքով էին նայում, իսկ մի բնակարանում նույնիսկ կռվեցի։ Սակայն հո չեմ նկարագրելու բոլոր այս աննշան բաները, ես միայն ուզում եմ ասել, որ սոսկալի հոգնելով, ես ինչ-որ բան կերա մի ճաշարանում արդեն երբ համարյա մթնշաղ էր իջնում։ Ես վերջնականապես վճռեցի, որ կգնամ և ինքս մեն-մենակ կտամ Վերսիլովին նամակը ժառանգության մասին (առանց որևէ բացատրության), վերում կհավաքեմ իրերս ճամպրուկի ու կապոցի մեջ և արդեն գիշերը կփոխադրվեմ թեկուզ հյուրանոց։ Օբուխովյան պողոտայի վերջում, Հաղթական դարպասի մոտ, ես գիտեի, կան իջևանելու օթևաններ, որտեղ երեսուն կոպեկով նույնիսկ առանձին սենյակ կարելի է ճարել, մի գիշերվա համար ես վճռեցի զոհել այդ գումարը, միայն թե Վերսիլովի տանը չգիշերեի։ Եվ այսպես, արդեն Տեխնոլոգիական ինստիտուտի մոտով անցնելիս, հանկարծ, չգիտեմ ինչու, մտքովս անցավ մտնել Տատյանա Պավլովնայի մոտ, որը հենց այդտեղ Տեխնոլոգիականի դիմաց էր ապրում։ Իսկապես մտնելու առիթը հենց նույն նամակն էր ժառանգության մասին, բայց նրա մոտ մտնելու իմ անհաղթահարելի ցանկությունը, իհարկե, այլ պատճառներ ուներ, որոնք, ի դեպ, հիմա էլ ես չեմ կարողանա բացատրել, այստեղ գլխումս ինչ-որ խառնաշփոթություն կար «ծծկեր երեխայի», «ընդհանուր կանոնի մեջ մտնող բացառությունների» մասին։ Արդյոք ուզում էի պատմել, կամ ինձ ներկայացնել, կամ կռվել, կամ նույնիսկ արտասվել չգիտեմ, միայն թե բարձրացա Տատյանա Պավլովնայի մոտ։ Մինչ այդ ես միայն մեկ անգամ էի եղել նրա մոտ, իմ Մոսկվայից գալու հենց սկզբին, մորս ինչ-որ հանձնարարությամբ և հիշում եմ. ներս մտնելուց ու հանձնարարությունը հաղորդելուց մեկ րոպե հետո, նույնիսկ առանց մի պահ նստելու հեռացել եմ, իսկ նա ինձ չի էլ հրավիրել նստել։
Ես զանգը տվի, խոհարարուհին դուռը իսկույն բաց արեց ու լուռ թողեց ինձ սենյակները մտնել։ Այս բոլոր մանրամասները հենց հարկավոր են, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այնպիսի խելահեղ արկած, որն այնպիսի հսկայական ազդեցություն ունեցավ ողջ հետագայում կատարվածի վրա։ Եվ առաջին հերթին խոհարարուհու մասին։ Դա կճատ քթով մի չարհոգի չուխոնուհի էր, որ կարծեմ, ատում էր իր տիրուհուն՝ Տատյանա Պավլովնային, իսկ սա, ընդհակառակը, ինչ-որ մոլի մի զգացմունքով, ինչպես պառաված աղջիկները՝ ծերացած, թացքիթ շնիկների կամ շարունակ քնած կատուների նկատմամբ, չէր կարողանում նրանից բաժանվել։ Չուխոնուհին կամ չարանում էր ու կոպտում, կամ կռվելով ու խռովելով, շաբաթներով լռում էր և դրանով պատժում տիրուհուն։ Երևի ես այդպիսի մի լռակյաց օր էի ընկել, որովհետև նույնիսկ իմ «Տիրուհին տա՞նն է» հարցին, որը ես հաստատապես հիշում եմ, որ նրան տվի, ինձ չպատասխանեց և լուռ գնաց իր խոհանոցը։ Դրանից հետո ես, բնականաբար համոզված, որ տիրուհին տանն է, անցա սենյակները և, ոչ ոքի չգտնելով, սկսեցի սպասել, կարծելով, թե Տատյանա Պավլովնան հիմա դուրս կգա ննջասենյակից. հակառակ դեպքում խոհարարուհին ինչո՞ւ պիտի ինձ ներս թողներ։ Ես չնստեցի և մի երկու-երեք րոպե սպասեցի, արդեն համարյա մթնում էր, և Տատյանա Պավլովնայի մութ բնակարանը էլ ավելի անհրապույր էր թվում անվերջանալի, ամենուրեք կախված չթից։ Երկու խոսք այս փոքրիկ անշնորհք բնակարանի մասին, որպեսզի հասկանալի լինի այն տեղանքը, ուր տեղի էր ունեցել բանը։ Տատյանա Պավլովնան համաձայն իր համառ և հրամայողական բնավորությանը և հին կալվածատիրական ձգտումների հետևանքով չէր կարողանա ապրել կենվորների համար նախատեսված կահավորված սենյակում և վարձում էր բնակարանի այս ծաղրապատկերը միայն, որպեսզի առանձին, ինքն իր տիրուհին լինի։ Այդ երկու սենյակը, որ ճիշտ և ճիշտ դեղձանիկի երկու վանդակ էին հիշեցնում, մեկը մեկին կպած, մեկը մեկից փոքր, գտնվում էին երրորդ հարկում և դրանց պատուհանները բակին էին նայում։ Բնակարան մտնելով դուք ոտք էիք դնում փոքրիկ ու նեղ մի միջանցք, որի լայնությունը մեկուկես արշին կլիներ, դրանից ձախ վերը նշված դեղձանիկի երկու վանդակն էին, իսկ միջանցքով ուղիղ, խորքում պստլիկ խոհանոցի մուտքն էր։ Տասներկու ժամվա համար մարդուն անհրաժեշտ մեկուկես խորանարդ սաժեն Օդը, միգուցե, այդ սենյակներում կար, բայց հազիվ թե ավելի։ Առաստաղները այլանդակության աստիճանի ցածր էին, բայց, որ ամենամեծ հիմարությունն էր, ամեն բան լուսամուտները, դռները, կահկարասին, զարդարված ու կախկխված էին չթով, ֆրանսիական հրաշալի չթով և նախշված ֆեստոններով. բայց դրանից սենյակը կրկնակի մութ էր թվում և ճանապարհային կառեթի ներսի մասի էր նմանվում։ Այն սենյակում, որտեղ ես սպասում էի, դեռ կարելի էր շարժվել, թեև սոսկալի ծանրաբեռնված էր կահկարասիով և, ի դեպ բավական լավ կարասիով, այստեղ տեսակ-տեսակ սեղաններ էին, հավաքովի աշխատանքով, բրոնզե զարդարանքներով, արկղեր, նրբագեղ և նույնիսկ հարուստ զարդասեղան։ Սակայն մյուս սենյակը, որտեղից ես սպասում էի նրա դուրս գալուն, ննջասենյակը, որը թանձր ու խիտ վարագույրով անջատված էր այս սենյակից, ինչպես հետո պարզվեց բաղկացած էր, բառացիորեն, մեկ մահճակալից։ Այս բոլոր մանրամասնություններն անհրաժեշտ են, որպեսզի հասկանալի լինի այն հիմարությունը, որ ես արեցի։
Այսպիսով, ես սպասում էի առանց որևէ կասկածի, երբ հնչեց զանգը։ Ես լսեցի, ինչպես անշտապ քայլերով միջանցքով անցավ խոհարարուհին և լուռ, ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ ինձ, ներս թողեց եկողներին։ Սրանք երկու տիկիններ էին, և երկուսն էլ բարձր էին խոսում, բայց որպիսի՜ն էր իմ զարմանքը, երբ ձայնով ես ճանաչեցի մեկում Տատյանա Պավլովնային, իսկ մյուսում՝ հենց այն կնոջը, որին ամենից քիչն էի պատրաստված այժմ հանդիպելու, այն էլ այսպիսի իրադրության մեջ։ Սխալվել ես չէի կարող, ես լսել էի այդ հնչեղ, ուժեղ, մետաղական ձայնը երեկ, ճիշտ է, ընդամենը երեք րոպե, բայց այն մնացել էր իմ հոգում։ Այո, սա «երեկվա կինն էր»։ Ի՞նչ անեի։ Ես ամենևին էլ ընթերցողին չեմ տալիս այս հարցը, ես միայն պատկերացնում եմ ինձ համար այն րոպեն և բոլորովին ի վիճակի չեմ նույնիսկ այժմ բացատրել, թե ինչպես պատահեց, որ ես հանկարծ վարագույրի հետևը նետվեցի և հայտնվեցի Տատյանա Պավլովնայի ննջասենյակում։ Կարճ ասած, ես թաքնվեցի և հազիվ էի թռիչք գործել, երբ նրանք մտան ներս։ Թե ինչու ես նրանց ընդառաջ չգնացի, այլ թաքնվեցի՝ չգիտեմ, ամեն բան կատարվեց ակամա, ծայր աստիճան առանց ինձ հաշիվ տալու։
Նետվելով ննջասենյակ և դեմ առնելով մահճակալին ես իսկույն նկատեցի, որ ննջասենյակից դուռ կա դեպի խոհանոց, ուրեմն ելք կա փորձանքից և կարելի է իսպառ փախչել այստեղից, բայց (օ՜, սարսափ) դուռը կողպված էր, իսկ անցքում բանալի չկար։ Հուսահատված՝ ես փլվեցի մահճակալին, ես պարզ պատկերացրի որ, ուրեմն, հիմա ես պետք է գաղտնի ականջ դնեմ և խոսակցության հենց առաջին նախադասություններից, առաջին հնչյուններից կռահեցի, որ նրանց խոսակցությունը գաղտնի է ու փափկանկատ։ Օ՜, իհարկե, ազնվաբարո ու մաքուր մարդը պետք է վեր կենար, նույնիսկ այժմ, դուրս գար և բարձրաձայն ասեր. «Ես այստեղ եմ, սպասեցեք», և, չնայած իր ծիծաղելի դրությանը, անցներ նրանց կողքից, բայց ես վեր չկացա և դուրս չեկա, չհամարձակվեցի, ամենաստոր կերպով վախկոտություն արեցի։
― Կատերինա Նիկոլաևնա, սիրելիս, դուք խորապես ինձ վշտացնում եք,― աղերսում էր Տատյանա Պավլովնան,― հանգստացեք մեկ անգամ ընդմիշտ, դա նույնիսկ հարմար չէ ձեր բնավորությանը։ Ամեն տեղ, ուր դուք եք, միշտ ուրախություն է և հանկարծ հիմա... Գոնե ինձ դուք, կարծում եմ, շարունակում եք հավատալ, հո գիտեք, ինչպես եմ ձեզ նվիրված։ Համենայն դեպս, ոչ պակաս, քան Անդրեյ Պետրովիչին, որի նկատմամբ նույնպես հավիտենական նվիրվածությունս չեմ թաքցնում... Դե, ուրեմն, հավատացեք ինձ, պատվովս եմ երդվում, նրա ձեռքին նման փաստաթուղթ չկա, իսկ միգուցե և, ոչ ոքի մոտ չկա և ընդունակ էլ չի նա այդպիսի խարդախության, ձեր կողմից նույնիսկ կասկածելի մեղք է։ Այդ թշնամությունը դուք երկուսդ եք ձեզ համար հորինել...
― Փաստաթուղթը կա, իսկ նա ամեն բանի էլ ընդունակ է։ Եվ ինչ, երեկ ներս եմ մտնում, և առաջին հանդիպումը ce petit espion[30], որին նա իշխանի վզին է փաթաթել։
― Էհ, ce petit espion։ Առաջինը՝ ամենևին էլ espion չէ, որովհետև այդ ես, ես եմ պնդել, որ նրան իշխանի մոտ տեղավորեն, թե չէ Մոսկվայում նա կամ խելագարվելու էր կամ քաղցից մեռնելու, ահա թե ինչպես են բնութագրել նրան այնտեղից, և գլխավորը այդ գռեհիկ տղեկը դեռ լիակատար հիմարիկ է, ո՞նց պիտի լրտես լինի։
― Այո, մի տեսակ հիմարիկ է, որը սակայն նրան չի խանգարում սրիկա դառնալ։ Միայն թե ես սրտնեղած էի, թե չէ երեկ մեռնելու էի ծիծաղից, գունատվեց, մոտ վազեց, կրունկներն իրար զարկեց, սկսեց ֆրանսերեն խոսել։ Իսկ Մոսկվայում Մարիա Իվանովնան ինծ հավատացնում էր, թե նա հանճար է։ Իսկ որ այդ դժբախտ նամակը կա և ինչ-որ տեղում է գտնվում, և ամենավտանգավոր տեղում, դա ես, որ գլխավորն է, այդ Մարիա Իվանովնայի դեմքից եզրակացրի։
― Իմ գեղեցեկուհի։ Չէ՞ որ ինքներդ եք ասում, որ նրա մոտ ոչինչ չկա։
― Բանն էլ հենց այդ է, որ կա. միայն թե նա ստում է և, անկեղծ ասած, ի՜նչ էլ ճարտարն է։ Դեռ մինչև Մոսկվան էլի մի հույս մնում էր, թե ոչ մի թուղթ չի մնացել, բայց այստեղ, այստեղ...
― Ախ, սիրելիս, ընդհակառակը, նա, ասում են, բարի ու խելացի մարդ է, նրան հանգուցյալը իր բոլոր եղբոր աղջիկներից բարձր էր դասում։ Ճիշտ է, ես նրան այնքան էլ չեմ ճանաչում, բայց դուք նրան պետք է գայթակղեիք, գեղեցկուհիս։ Ախր, ձեզ համար ոչինչ չարժե հաղթելը․ չէ՞ որ ես պառավ եմ և սիրահարված եմ ձեզ և հիմա կսկսեմ ձեզ համբուրել... Դե ի՜նչ արժեր ձեզ համար նրան գայթակղելը։
― Գայթակղել եմ, Տատյանա Պավլովնա, փորձել եմ, նույնիսկ հիացրել եմ նրան, բայց նա խորամանկ է և շատ... Ոչ, այստեղ ամբողջական մի բնավորություն է և առանձնահատուկ, մոսկովյան... Եվ պատկերացրեք, խորհուրդ տվեց ինձ դիմել այստեղացի մեկին՝ Կրաֆտին, Անդրոնիկովի նախկին օգնականին, իբր, գուցե, նա մի բան գիտե։ Այդ Կրաֆտի մասին ես արդեն գաղափար ունեմ և նույնիսկ հարևանցիորեն հիշում եմ նրան, բայց հենց որ նա ասաց ինձ այդ Կրաֆտի մասին, ես իսկույն էլ համոզվեցի, որ ոչ թե նրան ուղղակի հայտնի չէ, այլ որ նա ստում է և ամեն բան գիտե։
― Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ։ Սակայն, թերևս, նրանից էլ կարելի է տեղեկանալ։ Այդ գերմանացին Կրաֆտը, բացբերան չէ և, հիշում եմ, գերազնիվ մարդ է, իսկապես, լավ կլիներ նրան հարց ու փորձ անել։ Միայն թե նա, կարծեմ, հիմա Պետերբուրգում չէ...
― Օ՜, վերադարձել է դեռ երեկ, ես հենց նոր նրա մոտ եղա... Հենց դրա համար էլ ձեզ մոտ եկա այսպես տագնապած, ձեռք ու ոտքս դողում են, ուզում էի ձեզ խնդրել, հրեշտակս՝ Տատյանա Պավլովնա, քանի որ դուք բոլորին ճանաչում եք, չի՞ կարելի, արդյոք, իմանալ գոնե նրա թղթերից, քանի որ հիմա նրանից անպայման թղթեր մնացած կլինեն, ուրեմն ո՞ւմ մոտ նրանից կգնան այդ թղթերը։ Թերևս, նորից ինչ-որ մեկի վտանգավոր ձեռքը կընկնեն։ Ես շտապեցի ձեզնից խորհուրդ հարցնել։
― Բայց դուք ի՞նչ թղթերի մասին եք խոսում,― չէր հասկանում Տատյանա Պավլովնան,―չէ՞ որ ասում եք, որ հիմա ինքներդ եք Կրաֆտի մոտ եղել։
― Եղել եմ, եղել, հենց նոր եմ եղել, բայց նա անձնասպանություն է գործել։ Դեռ երեկ երեկոյան։
Ես վեր թռա մահճակալից։ Ես կարող էի նստած մնալ, երբ ինձ լրտես և ապուշ էին անվանում, և որքան խորանում էին նրանք իրենց խոսակցության մեջ, այնքան ես քիչ հնարավոր էի համարում իմ հայտնվելը։ Դա աներևակայելի բան կլիներ։ Հոգուս խորքում ես որոշել էի սսկված նստած մնալ, մինչև Տատյանա Պավլովնան ճանապարհ կդնի հյուրին (եթե իմ բախտից դրանից առաջ ինքը չմտնի ննջարան որևէ բան վերցնելու), իսկ հետո, հենց որ Ախմակովան կգնա, թող ես ու Տատյանա Պավլովնան թեկուզ ձեռնամարտի բռնվենք... Բայց հիմա հանկարծ, երբ ես լսեցի Կրաֆտի մասին, վեր թռա մահճակալից, ողջ մարմինս կարծես ջղաձգվեց։ Առանց որևէ բան մտածելու, առանց դատելու ու պատկերացնելու ես քայլ արեցի, վարագույրը բարձրացրի և նրանց երկուսի առաջ հայտնվեցի։ Դեռ բավականաչափ լույս էր, որպեսզի ինձ գունատ ու դողդողացող տղեկիս ճանաչեին... երկուսն էլ ճչացին։ Եվ ինչպե՞ս չճչային։
― Կրա՞ֆտը,― քրթմնջացի ես՝ դիմելով Ախմակովային,― անձնասպա՞ն է եղել։ Երե՞կ։ Մայրամուտի՞ն։
― Դու որտե՞ղ էիր։ Որտեղի՞ց եկար,― ծղրտաց Տատյանա Պավլովնան և բառացիորեն կառչեց ուսիցս,― դու լրտեսո՞ւմ էիր։ Դու ծածուկ ակա՞նջ էիր դնում։
― Հենց նոր ի՞նչ էի ձեզ ասում,― բազմոցից վեր կացավ Կատերինա Նիկոլաևնան՝ մատնացույց անելով ինձ։
Ես ինձնից դուրս եկա։
― Սուտ է, զազրախոսություն,― կատաղի ընդհատեցի նրան ես,― դուք հիմա ինձ լրտես անվանեցիք, Տեր Աստված։ Արժե՞, արդյոք, ոչ միայն լրտեսել, այլ նույնիսկ ապրել աշխարհում ձեզ նմանների կողքին։ Մեծահոգի մարդն անձնասպան է լինում. Կրաֆտը անձնասպան է եղել գաղափարի համար, Հեկուբի համար... Սակայն, դուք ի՜նչ պիտի իմանաք Հեկուբի մասին... Իսկ այստեղ եկ ու ապրիր ձեր բանսարկությունների մեջ, անտեղի ժամանակ կորցրու ձեր ստի, խաբեության, ձեր դավերի կողքին... Բավական է։
― Տվեք դրա այտին։ Տվեք դրա այտին,― բղավեց Տատյանա Պավլովնան, իսկ քանի որ Կատերինա Նիկոլաևնան, թեև ինձ էր նայում (ես ամեն բան հիշում եմ ամենայն մանրամասնություններով) առանց աչք կտրելու, բայց չէր շարժվում տեղից, ապա Տատյանա Պավլովնան, ևս մի ակնթարթ, և հավանաբար ինքը կիրագործեր իր խորհուրդը, այնպես որ ես ակամա ձեռքս բարձրացրի, որպեսզի պաշտպանեմ դեմքս, և այս շարժումի պատճառով նրան թվաց, թե ես եմ ձեռք բարձրացնում իր վրա։
― Դե, խփիր, խփիր։ Ապացուցիր, որ անտաշ ես ի ծնե։ Դու կանանցից ուժեղ ես, էլ ի՜նչ ես քաշվում։
― Բավական է զրպարտեք, բավական է,― բղավեցի ես։― Երբեք ես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել։ Դուք անամոթ կին եք, Տատյանա Պավլովնա, դուք միշտ էլ արհամարհել եք ինձ։ Օ՜, մարդկանց հետ պետք է վարվել առանց նրանց հարգելու։ Դուք ծիծաղում եք, Կատերինա Նիկոլաևնա, հավանաբար իմ կազմվածքի վրա. այո, Աստված ինձ այնպիսի կազմվածք չի տվել, ինչպես ձեր թիկնապահներին։ Եվ սակայն ես ինձ ստորացած չեմ զգում ձեր առաջ, այլ, ընդհակառակը, վեհացած... Միևնույն է, ինչպես էլ արտահայտվեմ, բայց ես մեղավոր չեմ։ Ես հանկարծակի եմ այստեղ ընկել, Տատյանա Պավլովնա, մեղավոր է միայն ձեր չուխոնուհին կամ, ավելի լավ է ասել, ձեր նրա նկատմամբ ունեցած կողմնակալությունը. ինչո՞ւ նա իմ հարցին չպատասխանեց և ինձ ուղիղ այստեղ բերեց։ Իսկ հետո, ինքներդ համաձայնեք, դուրս թռչել կնոջ ննջասենյակից ինձ արդեն այնքան մոնստրյուոզ թվաց, որ ես վճռեցի ավելի շուտ լռելյայն դիմանալ ձեր թուք ու մրին, բայց ձեր աչքին չերևալ... Դուք նորից ծիծաղո՞ւմ եք, Կատերինա Նիկոլաևնա։
― Դուրս կորիր, դուրս կորիր, գնա այստեղից,― համարյա բոթբոթելով ինձ բղավեց Տատյանա Պավլովնան։― Դրա ստերը բանի տեղ մի դրեք, Կատերինա Նիկոլաևնա. ես ձեզ ասացի, որ դրան այնտեղից որպես ցնորվածի են բնութագրել։
― Ցնորվածի՞։ Այնտեղի՞ց։ Այդ ո՞վ և որտեղի՞ց։ Միևնույն է, բավական է։ Կատերինա Նիկոլաևնա, երդվում եմ ձեզ այն ամենով, որ կա աշխարհում սրբազան, այս խոսակցությունն ու այն բոլորը, որ ես լսեցի, մեր մեջ կմնան... Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմացել եմ ձեր գաղտնիքները։ Առավել ևս, որ վաղը ևեթ ավարտում եմ զբաղմունքս ձեր հոր հետ, այնպես որ այն փաստաթղթի կապակցությամբ, որը դուք փնտրում եք, կարող եք հանգիստ լինել։
― Դա ի՞նչ է... Ի՞նչ փաստաթղթի մասին եք խոսում դուք,― շփոթվեց Կատերինա Նիկոլաևնան, և այնպես շփոթվեց, որ գունատվեց, կամ գուցե, ինձ այդպես թվաց։ Ես հասկացա, որ արդեն չափազանց շատ բան եմ ասել։
Ես արագ դուրս եկա։ Նրանք լռելյայն ուղեկցեցին ինձ հայացքներով, և ծայրահեղ զարմանք կար նրանց հայացքներում։ Մի խոսքով, ես հանելուկ էի տվել նրանց լուծելու...
Գլուխ իններորդ
I
Ես տուն էի շտապում, և (օ՜, զարմանք) չափազանց գոհ էի ինձնից։ Իհարկե, այդպես չեն խոսում կանանց հետ, այն էլ այդպիսի կանանց, ավելի ճիշտ կլինի ասել՝ այդպիսի կնոջ հետ, որովհետև Տատյանա Պավլովնային հաշվի չէի առնում։ Գուցեև այդ կարգի կնոջ երեսին ոչ մի դեպքում չի կարելի ասել. «Ես թքել եմ ձեր խարդավանքների վրա», բայց ես ասացի այդ և հենց դրանից էլ գոհ էի։ Չխոսելով այն մասին, որ համենայն դեպս վստահ էի, թե այդ տոնով ես ջնջեցի դրությանս մեջ առկա ողջ ծիծաղելին։ Բայց այդ մասին շատ երկար մտածելու ժամանակ չունեի, գլխումս Կրաֆտն էր նստած։ Ոչ թե այն սոսկալի տանջում էր ինձ, բայց այնուհանդերձ ես ցնցված էի մինչև հոգուս խորքը և նույնիսկ այնպես, որ ուրիշի դժբախտության ժամանակ, այսինքն երբ մեկը ոտքն է կոտրում, կամ պատվազուրկ լինում, սիրած էակից զրկվում և այլն, որոշակի հաճույքի սովորական մարդկային զգացումը, նույնիսկ այդ ստոր բավա-րարվածության սովորական զգացումը, իմ սրտում անհետ զիջեց իր տեղը մի այլ, արտակարգ ամբողջական մի զգացումի, վշտին, ափսոսանքին Կրաֆտի նկատմամբ, այսինքն' արդյոք ափսոսանքին չգիտեմ, բայց ինչ-որ չափազանց ուժգին ու բարի մի զգացումի։ Եվ դրանից էլ էի գոհ։ Զարմանալի է, թե որքան կողմնակի մտքեր են ընդունակ առկայծել գլխումդ հենց այն ժամանակ, երբ ամբողջապես ցնցված ես մի որևէ վիթխարի տեղեկությամբ, որը իսկապես, թվում է, թե պետք է խեղդեր բոլոր մյուս զգացմունքները և ցրեր բոլոր կողմնակի, հատկապես մանր մտքերը, բայց ընդհակառակը, հենց մանր մտքերն են գլուխդ մտնում։ Հիշում եմ նաև, որ ողջ մարմինս կամաց-կամաց բավական զգալի ջղային մի դող բռնեց, որը շարունակվեց մի քանի րոպե, և նույնիսկ ողջ այն ժամանակ, քանի դեռ տանն էի ու բացատրվում էի Վերսիլովի հետ։
Այդ բացատրությունը տեղի ունեցավ տարօրինակ ու արտասովոր իրադրության մեջ։ Ես արդեն հիշատակել եմ, որ մենք ապրում էինք բակում գտնվող առանձին մի կցաշենքում, այդ բնակարանը տասներեք համարն էր կրում։ Դեռ դարպասից ներս չմտած՝ ես կանացի ձայն լսեցի, որն ինչ-որ մեկին բարձր, անհամբեր ու գրգռված հարցնում էր. «Որտե՞ղ է համար տասներեք բնակարանը»։ Հարցնում էր մի տիկին, բաց անելով հենց այդտեղ, դարպասի մոհ գտնվող մանր-մունր ապրանքների կրպակի դուռը, բայց այստեղ նրան, կարծես թե ոչինչ չպատասխանեցին կամ նույնիսկ քշեցին, և նա պատռվելով ու չարությամբ առմուտքից իջնում էր ցած։
― Բայց ո՞ւր է այստեղ բնակարանը,― ոտքը գետնին դոփելով՝ բղավեց նա։ Ես արդեն վաղուց էի ճանաչել այդ ձայնը։
― Ես համար տասներեք բնակարանն եմ գնում,― մոտեցա նրան ես,― ո՞ւմ եք ուզում։
― Արդեն մեկ ժամ է, ինչ ես դռնապանին եմ փնտրում, բոլորին հարցնում եմ, բոլոր սանդուղքներով վեր ու վար եմ անում։
― Դա բակում է։ Դուք ինձ չե՞ք ճանաչում։
Բայց նա արդեն ճանաչել էր ինծ։
― Դուք Վերսիլովին եք ուզում, դուք նրա հետ գործ ունեք, ես՝ նույնպես,― շարունակեցի ես,― ես եկել եմ նրան հրաժեշտ տալու ընդմիշտ։ Գնանք։
― Դուք նրա որդի՞ն եք։
― Դա ոչ մի նշանակություն չունի։ Թեև, ենթադրենք, որդին եմ, չնայած ես Դոլգոռուկի եմ, ապօրինածին։ Այդ պարոնը ծով ապօրինածին զավակներ ունի։ Երբ այդ են պահանջում խիղճն ու պատիվը, հարազատ որդին էլ է տանից հեռանում։ Դեռ Աստվածաշնչում է այդպես։ Բացի այդ նա ժառանգություն է ստացել, իսկ ես չեմ ուզում մասնակից լինել դրան և գնում եմ ծեռքիս աշխատանքով ապրելու։ Երբ որ պետք է՝ մեծահոգի մարդը նույնիսկ իր կյանքն է զոհաբերում. Կրաֆտը անձնասպան է եղել, Կրաֆտը, հանուն գաղափարի, պատկերացրեք, երիտասարդ, խոստումնալից մարդ... Այստե՛ղ, այստեղ։ Մենք առանձին կցաշենքում ենք։ Իսկ դա դեռ Աստվածաշնչում են երեխաները հայրերից հեռանում և իրենց բույնը հիմնում... եթե գաղափարն է հրապուրում... եթե կա գաղափար։ Գաղափարն է գլխավորը, նրանում է ամեն բան...
Եվ այս ոճով ես խոսում էի շարունակ, մինչ մենք բարձրանում էին մեր տուն։ Ընթերցողը, երևի, նկատում է, որ ես ինձ այնքան էլ չեմ խնայում և, որտեղ որ պետք է, հրաշալի վկայագրում եմ. ես ուզում եմ ճիշտ խոսել սովորել։ Վերսիլովը տանն էր։ Ես մտա առանց վերարկուս վրայիցս գցելու, տիկինը՝ նույնպես։ Նա սոսկալի թեթև էր հագնված, մուգ զգեստի վրա ինչ-որ մի փալասի կտոր էր կախ գցել, որը պետք է անձրևանոց կամ անթև վերարկու ներկայացնեմ, գլխին՝ նավաստու գդակ հիշեցնող մի հին, պլոկված գլխարկ, որը նրան ամենևին չէր գեղեցկացնում։ Երբ մենք դահլիճ մտանք, մայրս նստած էր իր սովորական տեղում և աշխատում էր, իսկ քույրս դուրս էր եկել իր սենյակի պատուհանից նայելու և կանգ էր առել դռան մեջ։ Վերսիլովը, սովորականի պես, ոչինչ չէր անում և տեղից վեր կացավ մեզ ընդառաջ, իր խիստ, հարցական հայացքը նա հառեց ինձ վրա։
― Ես այստեղ մեղք չունեմ,― շտապեցի պաշտպանվել ես ու մի կողմ քաշվեցի,― այս անձնավորությանը ես միայն դարպասի մոտ եմ հանդիպել. նա ձեզ էր որոնում և ոչ ոք չէր կարողանում նրան ձեր տեղը ցույց տալ։ Իսկ ես իմ սեփական գործով եմ եկել, որը հաճույք կունենամ բացատրելու նրանից հետո...
Վերսիլովն, այնուամենայնիվ, շարունակում էր հետաքրքրությամբ ինձ զննել։
― Թույլ տվեք,― անհամբեր սկսեց աղջիկը։ Վերսիլովը հայացքը նրան ուղղեց։― Ես երկար մտածում էի, թե ինչու երեկ դուք որոշեցիք փող թողնել ինձ մոտ... Ես... Մի խոսքով... Ահա ձեր փողը,― համարյա ծղրտաց նա, ինչպես այն ժամանակ, և թղթադրամների կապուկը նետեց սեղանին,― ես ստիպված էի հասցեատանը ձեզ որոնել, թե չէ ավելի շուտ կբերեի։ Լսեցեք, դուք,― հանկարծ դարձավ նա մորս, որն իսկույն գունատվեց,― ես չեմ ուզում ձեզ վիրավորել, դուք ազնիվ տեսք ունեք և, միգուցե, սա նույնիսկ ձեր դուստրն է։ Չգիտեմ, նրա կինն եք, արդյոք, դուք, բայց իմացեք, որ այս պարոնը լրագրերից կտրում է այն հայտարարությունները, որ իրենց վերջին փողերով տպագրում են դաստիարակչուհիներն ու ուսուցչուհիները և այցելում է այդ դժբախտներին՝ անազնիվ շահ որոնելով և փորձանքի մեջ գցելով նրանց իր փողով։ Չեմ հասկանում, ինչպե՜ս կարող էի փող վերցնել նրանից երեկ։ Նա այնպիսի ազնիվ տեսք ունի... Հեռացեք, ոչ մի խոսք։ Դուք ստահակ եք, ողորմած պարոն։ Եթե դուք նույնիսկ ազնիվ մտադրություններ եք ունեցել, ապա ես չեմ ուզում ձեր ողորմությունը։ Ոչ մի խոսք, ոչ մի խոսք։ Օ՜, ի՜նչ ուրախ եմ, որ մերկացրի ձեզ ձեր կանանց առաջ։ Անիծվեք դուք։
Նա արագ դուրս վազեց, բայց շեմից մի պահ ետ շրջվեց, միայն որպեսզի բղավի.
― Ասում են դուք ժառանգություն եք ստացել։
Ու հետո անհետացավ ստվերի պես։ Մի անգամ էլ եմ հիշեցնում․ սա մոլագար էր։ Վերսիլովը խորապես ցնցված էր. նա կանգնած էր կարծես մտածմունքի մեջ ընկած և ինչ-որ բան կշռադատելով, վերջապես հանկարծ դեպի ինձ շրջվեց.
― Դու նրան ամենևին չե՞ս ճանաչում։
― Քիչ առաջ պատահաբար տեսել եմ, ինչպես էր մոլեգնում Վասինի միջանցքում, ծղրտում էր ու անիծում ձեզ. բայց որևէ խոսակցություն չեմ ունեցել և ոչինչ չգիտեմ, իսկ հիմա հանդիպեցի դարպասի մոտ։ Հավանաբար սա երեկվա այն ուսուցչուհի՞ն է, որ «դասեր է տալիս թվաբանությունից»։
― Հենց նա է։ Կյանքումս մի անգամ բարի գործ արեցի և... Հա, ի դեպ, դու ի՞նչ ունես։
― Ահա այս նամակը,― պատասխանեցի ես։― Բացրատրելն ավելորդ եմ համարում, սա Կրաֆտից է գալիս, իսկ նրան հասել է հանգուցյալ Անդրոնիկովից։ Բովանդակությունից կիմանաք։ Կավելացնեմ միայն, որ ամբողջ աշխարհում ոչ ոք այժմ չգիտե այս նամակի մասին, բացի ինձից, որովհետև Կրաֆտը երեկ այս նամակը ինձ հանձնելուց և իմ իր տանից դուրս գալուց անմիջապես հետո անձնասպան է եղել...
Մինչ ես, շտապելով, շնչակտուր խոսում էի, նա ձեռքն առավ նամակը, և ձախ ձեռքով իրենից հեռու բռնած այն, ուշադիր ինձ էր հետևում։ Հայտնելով Կրաֆտի անձնասպանության մասին ես մի առանձին ուշադրությամբ զննեցի նրա դեմքը, որպեսզի տեսնեմ ազդեցությունը։ Եվ ի՞նչ, լուրն ամենաչնչին տպավորություն անգամ չգործեց նրա վրա. գոնե ոտքերը բարձրացներ։ Ընդհակառակը, տեսնելով, որ ես կանգ եմ առել, հանեց իր լոռնետը, որը երբեք չէր լքում նրան և սև ժապավենով կախված էր բաճկոնակի օղակից, նամակը մոմին մոտեցրեց և, ստորագրությանը մի հայացք նետելուց հետո, սևեռուն սկսեց ընթեռնել այն։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի նույնիսկ վիրավորվել այդ բարձրամիտ անզգայությունից։ Պետք է, որ նա շատ լավ ճանաչեր Կրաֆտին. բացի այդ այնուամենայնիվ այդպիսի արտասովոր լուր։ Վերջապես, ես, բնականաբար, ուզում էի, որ լուրն այդ տպավորություն թողներ։ Մի կես րոպե սպասելուց հետո, գիտենալով, որ նամակը երկար է, ես շրջվեցի և դուրս եկա։ Ճամպրուկս վաղուց պատրաստ էր, մնում էր միայն, որ մի քանի բան կապոցի մեջ խոթեմ։ Ես մորս մասին էի մտածում և այն մասին, որ այդպես էլ չմոտեցա նրան։ Տասը րոպեից, երբ ես արդեն լրիվ պատրաստ էի և ուզում էի գնալ կառք բերելու, սենյակս մտավ քույրս։
― Մայրիկը քեզ է ուղարկում քո վաթսուն ռուբլին և կրկին խնդրում է ներել իրեն, որ սրա մասին ասել է Անդրեյ Պետրովիչին, մեկ էլ՝ այս քսան ռուբլին։ Երեկ ապրուստիդ համար հիսուն ռուբլի էիր տվել, մայրիկն ասում է, որ երեսունից ավելի քեզնից ոչ մի դեպքում չի կարելի վերցնել, որովհետև հիսուն քեզ վրա չի ծախսվել, և քսան ռուբլի մնացորդը հետ է ուղարկում։
― Դե, ուրեմն, շնորհակալ եմ, եթե միայն նա ճիշտ է ասում։ Մնաս բարով, քույրիկս, գնում եմ։
― Իսկ ո՞ւր հիմա։
― Առայժմ՝ իջևանատուն, միայն որպեսզի չգիշերեմ այս տանը։ Ասա մայրիկին, որ ես սիրում եմ իրեն։
― Նա այդ գիտե։ Նա գիտե նաև, որ Անդրեյ Պետրովիչին էլ ես սիրում։ Ամո՛թ քեզ, որ այդ դժբախտին բերել էիր այստեղ։
― Երդվում եմ, որ ես չեմ բերել, ես նրան դարպասի մոտ եմ պատահել։
― Ոչ, դու ես բերել։
― Հավատացնում եմ քեզ...
― Մտածիր, ինքդ քեզ հարցրու և կտեսնես, որ դու էլ ես պատճառ եղել։
― Ես միայն շատ ուրախ էի, որ խայտառակեցին Վերսիլովին։ Պատկերացրու, նա ծծկեր երեխա ունի Լիդիա Ախմակովայից... Թեև, ինչ եմ քեզ ասում...
― Նա՞։ Ծծկեր երեխա՞։ Բայց դա նրա երեխան չի։ Որտե՞ղ ես լսել այդ սուտը։
― Է, դու ի՞նչ իմանաս։
― Ե՞ս ինչ իմանամ։ Ախր, հենց ես եմ դայակություն արել այդ երեխայի համար Լուգայում։ Լսիր, եղբայր, ես վաղուց եմ տեսնում, որ դու ամենևին ոչինչ չգիտես, մինչդեռ վիրավորում ես Անդրեյ Պետրովիչին և մայրիկին՝ նույնպես։
― Եթե նա իրավացի է, ապա ես կլինեմ մեղավոր, և վերջ, իսկ ձեզ ես ավելի քիչ եմ սիրում։ Ինչո՞ւ այդպես շիկնեցիր։ Իսկ հիմա էլ ավելի։ Դե լավ, իսկ այդ իշխանիկին ես, այնուամենայնիվ, մենամարտի կհրավիրեմ՝ Վերսիլովին Էմսում ապտակ հասցնելու համար։ Եթե Վերսիլովը մեղք չունի Ախմակովայի հարցում, ուրեմն, առավել ևս։
― Ուշքի եկ, եղբայր, ի՞նչ ես խոսում։
― Մի բան, որ դատարանում գործն ավարտված է... Դե խնդրեմ, հիմա էլ գունատվեցիր։
― Իշխանը քեզ հետ մենամարտի չի էլ գնա,― վախի միջից գունատ ժպիտով ժպտաց Լիզան։
― Այդ դեպքում ես հրապարակավ կխայտառակեմ նրան։ Քեզ ի՞նչ պատահեց, Լիզա։
Նա այնպես էր գունատվել, որ այլևս ոտքի վրա մնալ չկարողանալով, փլվեց բազմոցին։
― Լի՜զա,― վարից լսվեց մորս կանչը։
Լիզան ուշքի եկավ ու վեր կացավ, նա սիրալիր ինձ ժպտաց։
― Թող այդ դատարկ բաները, եղբայր, կամ սպասիր այնքան ժամանակ, մինչև շատ բան կիմանաս, դու ուղղակի սոսկալի քիչ գիտես։
― Ես կհիշեմ, Լիզա, որ դու գունատվեցիր՝ լսելով, թե ես մենամարտի եմ գնալու։
― Այո, այո, դա էլ հիշիր,― հրաժեշտ տալով մի անգամ էլ ժպտաց Լիզան և ցած իջավ։
Ես կանչեցի կառապանին և նրա օգնությամբ բնակարանից դուրս բերեցի իրերս։ Տնեցիներիցս ոչ մեկը չհակաճառեց և ետ չպահեց ինձ։ Ես չմտա հրաժեշտ տալու մորս, որպեսզի չհանդիպեմ Վերսիլովին։ Երբ ես արդեն կառք նստեցի, գլխումս հանկարծ մի միտք առկայծեց։
― Ֆոնտանկա, Սեմյոնովյան կամուրջի մոտ,― կարգադրեցի ես հանկարծ ու նորից Վասինի մոտ գնացի։
II
Հանկարծ մտքովս անցավ, թե Վասինն արդեն գիտե Կրաֆտի մասին և, գուցե, հարյուր անգամ ավելի, քան ես. ճիշտ այդպես էլ դուրս եկավ։ Վասինն իսկույն և ամենայն ուշադրությամբ, թեև առանց մեծ հուզմունքի, հաղորդեց ինձ բոլոր մանրամասնությունները, ես եզրակացրի, որ նա հոգնել է, և իսկապես հենց այդպես էր։ Առավոտյան նա անձամբ եղել էր Կրաֆտի տանը։ Կրաֆտը կրակել էր իր վրա ատրճանակից (հենց այն նույնից), երեկ, արդեն թանձր մթնշաղին, որ պարզորոշ երևում էր նրա օրագրից։ Վերջին նշումը օրագրում կատարված էր կրակոցից անմիջապես առաջ, և նա հիշատակում է, որ գրում է համարյա խավարում, հազիվ ջոկելով տառերը, իսկ մոմ վառել չի ուզում, վախենալով իրենից հետո հրդեհ թողնելուց։ «Իսկ վառել, որպեսզի կրակելուց առաջ նորից հանգցնեմ, ինչպես իմ կյանքը, չեմ ուզում», տարօրինակ կերպով ավելացրել է նա համարյա թե վերջին տողում։ Մահին նախորդող այդ օրագիրը նա սկսել է դեռ երկու օր առաջ, հենց որ վերադարձել է Պետերբուրգ, մինչև Դերգաչովին այցելելը, իսկ իմ գնալուց հետո գրառումներ է արել յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ, ամենավերջին երեք-չորս նշումը գրի է առել հինգ րոպեն մեկ։ Ես բարձրաձայն զարմացա այն բանի վրա, որ Վասինը այդքան ժամանակ աչքերի առաջ ունենալով այդ օրագիրը (նրան տվել էին կարդալու), պատճենը չի հանել, առավել ևս, որ բոլորը միասին մի թերթից ավելի չի եղել և բոլոր նշումները կարճ, «գոնե վերջին էջը»։ Վասինը, ժպտալով, նկատեց, որ նա առանց այն էլ հիշում է, ըստ որում, նշումներն առանց որևէ սիստեմի են և ամեն բանի մասին, ինչ որ մտքովն է անցել։ Ես փորձեցի համոզել, որ հենց դա է տվյալ դեպքում արժեքավորը, բայց դադարեցի և սկսեցի կպչել, որ նա որևէ բան հիշի, և նա հիշեց մի քանի տող գրված կրակելուց մոտավորապես մեկ ժամ առաջ, այն մասին, «որ դողացնում է», որ տաքանալու նպատակով ուզեցել է մի ըմպանակ կոնծել, բայց այն միտքը, որ դրանից, թերևս, արնազեղումը կսաստկանա, հետ է պահել նրան»։ «Եվ բոլորը համարյա նման բաներ»,― եզրափակեց Վասինը։
― Եվ դուք դատարկ բանե՞ր եք անվանում դրանք,― բացականչեցի ես։
― Ե՞րբ եմ անվանել։ Ես միայն պատճեններ չեմ հանել։ Եվ թեև դատարկ բաներ չեն, բայց օրագիրը իսկապես բավական սովորական է, կամ, ավելի ճիշտ, բնական, այսինքն հենց այնպիսին, ինչպիսին պետք է լինի նման դեպքում...
― Բայց, ախր, վերջի՛ն մտքերն են, վերջի՛ն մտքերը։
― Վերջին մտքերը երբեմն չափազանց չնչին են լինում։ Հենց սրա նման մի ինքնասպան իր ճիշտ նույնպիսի օրագրում տրտնջում է, թե այսպիսի կարևոր ժամին գոնե մի «վեհ միտք» այցելեր իրեն, մինչդեռ ընդհակառակը, բոլոր մտքերը դատարկ ու չնչին են եղել։
― Իսկ այն, որ դողացրել է, նույնպե՞ս դատարկ միտք է։
― Այսինքն դուք իսկապես դողացնե՞լը նկատի ունեք, թե՞ արնազեղումը։ Մինչդեռ հայտնի է այն փաստը, որ նրանցից շատերը, ով ի վիճակի է մտածել իր մոտալուտ մահվան մասին, ինքնակամ թե ոչ, շատ հաճախ հակված են մտահոգվելու իրենց բարետեսության, այսինքն այն տեսքի մասին, որով մնալու է իրենց դիակը։ Այդ իմաստով Կրաֆտն էլ է վախեցել ավելորդ արնազեղումից։
― Ես չգիտեմ, հայտնի՞ է այդ փաստը... և այդպե՞ս է, արդյոք,― մրմնջացի ես,― բայց զարմանում եմ, որ դուք այդ բոլորն այդքան բնական եք համարում, մինչդեռ մի՞թե վաղուց էր Կրաֆտը խոսում, հուզվում, մեր մեջ նստում։ Մի՞թե դուք նրան, գոնե, չեք խղճում։
― Օ, իհարկե, խղճում եմ, և դա բոլորովին այլ բան է. բայց, այնուամենայնիվ, ինքը Կրաֆտը իր մահը տրամաբանական եզրահանգման ձևով է նկարագրել։ Պարզվում է, որ այն բոլորը, ինչ նրա մասին ասում էին երեկ Դերգաչովի տանը, արդարացի է. նրանից հետո, այ, այսպիսի մի տետրակ է մնացել գիտական եզրահանգումներով այն մասին, թե ռուսները մարդկանց երկրորդական ցեղ են, հիմնավորված ֆրենոլոգիայով, կրանիոլոգիայով և նույնիսկ մաթեմատիկայով, և որ, ուրեմն, որպես ռուս ամենևին չարժե ապրել։ Եթե կուզեք, այստեղ ամենաբնորոշն այն է, որ ինչ տրամաբանական եզրակացության ասես կարելի է գալ, բայց եզրակացության հետևանքով անձնասպան լինելը, իհարկե, միշտ չէ, որ պատահում է։
― Համենայն դեպս, բնավորությունը հարգել պետք է։
― Միգուցե ոչ միայն բնավորությունը,― խուսափողական նկատեց Վասինը, բայց պարզ էր, որ նկատի ուներ հիմարությունն ու մտքի թուլությունը։ Այդ բոլորը գրգռում էր ինձ։
― Երեկ ինքներդ էիք խոսում զգացմունքների մասին, Վասին։
― Հիմա էլ չեմ ժխտում, սակայն ի դեմս կատարված փաստի մի բան նրանում այնքան կոպիտ սխալ է թվում, որ գործին ուղղված խիստ հայացքը մի տեսակ ակամա դուրս է մղում նույնիսկ խղճահարությանը։
― Գիտեք ինչ, ձեր հայացքից ես դեռ քիչ առաջ կռահեցի, որ վատաբանելու եք Կրաֆտին և, որպեսզի չլսեմ ձեր պարսավանքը, որոշեցի չաշխատել ձեր կարծիքն իմանալ, բայց դուք ինքներդ այն արտահայտեցիք, և ես ակամա ստիպված եմ համաձայնել ձեզ հետ. մինչդեռ ես դժգոհ եմ ձեզնից։ Ես խղճում եմ Կրաֆտին։
― Գիտեք, մենք հեռու գնացինք...
― Այո, այո,― ընդհատեցի նրան ես,― համենայն դեպս մխիթարականն այն է, որ այսպիսի դեպքերում ողջ մնացածները, հանգուցյալի դատավորները, կարող են ասել իրենց մասին. «Թեև անձնասպան է եղել մի մարդ, որն ամենայն ափսոսանքի ու զիջողամտության է արժանի, բայց այնուամենայնիվ մնում ենք մենք, ուրեմն առանձնապես վշտանալու կարիք չկա»։
― Այո, անշուշտ, եթե այդ տեսանկյունից... Ախ, բայց դուք, կարծես թե կատակեցիք։ Եվ չափազանց խելամիտ։ Ես այս ժամին թեյ եմ խմում և հիմա կկարգադրեմ, դուք հավանաբար ինձ կմիանաք։
Եվ նա, հայացքով իմ ճամպրուկն ու կապոցը չափելով, դուրս եկավ սենյակից։
Ես իսկապես ուզեցի որքան կարելի է չար բան ասել ի վրեժ՝ հանուն Կրաֆտի. և ասացի էլ, որքան որ ինձ հանեց իմ միտքը, թե «մնացել են այնպիսիները, ինչպես մենք»։ Սակայն այդպես է թե այդպես չէ, նա այնուամենայնիվ ամեն բանում ավելի իրավացի է, քան ես, նույնիսկ զգացմունքներում։ Խոստովանեցի ես դա առանց որևէ տհաճության, բայց վճռականորեն զգացի, որ չեմ սիրում նրան։
Երբ թեյը բերեցին, ես նրան բացատրեցի, որ նրանից հյուրընկալություն կխնդրեմ միայն մի գիշերվա համար և եթե չի կարելի, թող ասի, ես իջևանատուն կփոխադրվեմ։ Հետո համառոտ պատմեցի իմ պատճառները, ուղիղ և պարզ նկարագրեցի, որ վերջնականապես ընդհարվել եմ Վերսիլովի հետ, ընդ որում մանրամասնությունների մեջ չմտա։ Վասինը ուշադիր լսեց, բայց առանց որևէ հուզմունքի։ Ընդհանրապես նա միայն հարցերի էր պատասխանում, թեև պատասխանում էր սիրալիր և բավականաչափ լիարժեք։ Իսկ նամակի մասին, որը բերել էի նրա մոտ դրանից առաջ խորհուրդ հարցնելու, ես բոլորովին ոչինչ չասացի, իսկ դրանից առաջ գալս բացատրեցի որպես հասարակ այցելություն։ Խոսք տալով Վերսիլովին, որ այդ նամակը, ինձնից բացի, ոչ ոքի հայտնի չի դառնա, ես արդեն իրավասու չհամարեցի ինձ հայտնելու դրա մասին որևէ մեկին։ Չգիտես ինչու, ինձ համար հատկապես զզվելի դարձավ որոշ գործերի մասին Վասինին տեղեկացնելը։ Որոշ գործերի, բայց ոչ ուրիշ, ինձ այնուամենայնիվ, հաջողվեց հետաքրքրել նրան՝ քիչ առաջ միջանցքում և հարևանուհիների մոտ տեղի ունեցած և Վերսիլովի բնակարանում ավարտված տեսարանների պատմությամբ։ Նա լսեց չափազանց ուշադիր, հատկապես Ստեբելկովի մասին։ Այն մասին, թե ինչպես Ստեբելկովը հարցուփորձ էր անում Դերգաչովի մասին, նա ստիպեց կրկնել երկու անգամ և նույնիսկ մտածմունքի մեջ ընկավ, թեև վերջում այնուամենայնիվ քմծիծաղ տվեց։ Այդ պահին ինձ հանկարծ թվաց, թե Վասինին երբեք և ոչինչ չի կարող դժվար կացության մեջ դնել, ի դեպ, առաջին միտքն այդ մասին, հիշում եմ, ինձ ներկայացավ նրա համար չափազանց նպաստավոր ձևով։
― Ընդհանրապես, ես շատ բան չկարողացա քաղել այն ամենից, որ ասում էր պարոն Ստեբելկովը,― եզրակացրի ես Ստեբելկովի մասին,― նա մի տեսակ կցկտուր է խոսում... և նրանում, կարծես, ինչ-որ թեթևամիտ բան կա...
Վասինն իսկույն լուրջ կերպարանք ընդունեց։
― Նա իսկապես, ճարտարախոսության ձիրք չունի, բայց միայն առաջին հայացքից, նրան հաջողվել է մի քանի արտակարգ դիպուկ նկատողություններ անել և ընդհանրապես, դրանք ավելի գործի, շահախարդախության մարդիկ են, քան ընդհանրացնող մտքի, դրանց մասին այդ տեսանկյունից պետք է դատել...
Ճիշտ այնպես, ինչպես կռահել էի ես այն ժամանակ։
― Սակայն նա սոսկալի իրարանցում սարքեց ձեր հարևանուհիների մոտ և, Աստված գիտե, թե ինչով կարող էր վերջանալ այդ բոլորը։
Հարևանուհիների մասին Վասինը հաղորդեց, որ նրանք, մի երեք շաբաթ է, ինչ ապրում են այստեղ և եկել են գավառներից մեկից, որ չափազանց փոքր մի սենյակ ունեն, և ամեն ինչից երևում է, որ շատ աղքատ են, որ նստել են ու ինչ-որ բանի են սպասում։ Նա չգիտեր, որ երիտասարդ կինը լրագրերում հայտարարություն է տվել որպես ուսուցչուհի, բայց լսել էր, որ նրանց մոտ եկել էր Վերսիլովը, դա եղել էր նրա բացակայության ժամանակ և նրան այդ մասին հաղորդել էր տանտիրուհին։ Հարևանուհիներն, ընդհակառակը, բոլորից, նույնիսկ տանտիրուհուց, խուսափում են։ Ամենա-վերջին օրերս նա էլ է սկսել նկատել, որ նրանց մոտ իսկապես, ինչ-որ վատ բան է կատարվում, բայց այնպիսի տեսարաններ, ինչպես այսօր, չեն եղել։ Մեր այս բոլոր խոսակցությունները ես հիշում եմ նկատի ունենալով հետևանքները. իսկ հարևանուհիների դռան ետևում այդ պահին մեռյալ լռություն էր տիրում։ Մի առանձին հետաքրքրությամբ Վասինը լսեց այն մասին, որ Ստեբելկովն անհրաժեշտ համարեց հարևանուհիների մասին խոսել տանտիրուհու հետ և որ երկու անգամ կրկնեց. «Այ կտեսնեք, այ կտեսնեք»։
― Եվ կտեսնեք,― ավելացրեց Վասինը,― որ դա իզուր չի անցել նրա մտքով, այդ հարցերում նա չափազանց սրատես հայացք ունի։
― Ուրեմն ի՞նչ, ձեր կարծիքով պետք է տանտիրուհուն խորհուրդ տալ դո՞ւրս վռնդել նրանց։
― Ոչ, ես չեմ ասում, թե պետք է վռնդել նրանց, այլ միայն, որ հանկարծ որևէ պատմություն դուրս չգա։ Թեև բոլոր նման պատմությունները, այսպես թե այնպես, բայց հասնում են իրենց ավարտին... Թողնենք դա։
Իսկ ինչ վերաբերում է հարևանուհիներին Վերսիլովի այցելությանը, այստեղ նա վճռականապես հրաժարվեց եզրակացություն տալուց։
― Ամեն բան կարող է լինել, մարդը գրպանում փող է զգացել... Ի դեպ, հնարավոր է նաև այն, որ ուղղակի ողորմություն է տվել, դա կա նրա անցյալում, գուցեև հակումներում։
Ես պատմեցի, որ Ստեբելկովն այստեղ ինչ-որ «ծծկեր երեխայի» մասին էր բարբաջում։
― Այս դեպքում Ստեբելկովը միանգամայն սխալ է,― մի առանձնահատուկ լրջությամբ և առանձնահատուկ շեշտով արտասանեց Վասինը (սա էլ ես շատ լավ հիշեցի)։
― Ստեբելկովը,― շարունակեց նա,― երբեմն չափազանց է վստահում իր գործնական ողջախոհությանը և այդ պատճառով շտապում է եզրակացության հանգել համապատասխան իր տրամաբանության, որը հաճախ բավական խորաթափանց է լինում, մինչդեռ իրադարձությունը իրականում շատ ավելի ֆանտաստիկ ու անսպասելի երանգ կարող է ունենալ հաշվի առնելով գործող անձանց։ Հենց այդպես էլ պատահել է այս դեպքում, միայն մասամբ տեղյակ լինելով գործին, նա եզրակացրել է, թե երեխան Վերսիլովինն է և սակայն, երեխան Վերսիլովից չէ։
Ես կպա նրան և ի մեծագույն զարմանս իմ, ահա թե ինչ իմացա, երեխան իշխան Սերգեյ Սոկոլսկուց էր։ Լիդիա Ախմակովան, հիվանդության, թե ուղղակի ֆանտաստիկ խառնվածքի հետևանքով, երբեմն խելագարի պես էր վարվում։ Նա տարվել էր իշխանով մինչև Վերսիլովը, իսկ իշխանն «իրեն նեղություն չէր տվել ընդունելու նրա սերը», ինչպես արտահայտվեց Վասինը։ Կապը մի ակնթարթ էր տևել, նրանք, ինչպես արդեն հայտնի է, գժտվել էին, և Լիդիան դուրս էր վռնդել իշխանին, «որի համար իշխանը, կարծես, թե ուրախ էր եղել»։
― Նա շատ տարօրինակ աղջիկ է եղել,― ավելացրեց Վասինը,― և նույնիսկ շատ կարող է պատահել, որ միշտ չէ, որ մտովի միանգամայն առողջ է եղել։ Բայց Փարիզ մեկնելիս իշխանն ամենևին չի իմացել, թե ինչ վիճակում է թողնում իր զոհին, չի իմացել մինչև վերջ, մինչև իր վերադարձը։ Վերսիլովը, երիտասարդ այդ էակի մտերիմը դառնալով, առաջարկել է ամուսնանալ իր հետ, նկատի ունենալով նրա արդեն ի հայտ եկող իրավիճակը (որը, կարծես, ծնողներն էլ մինչև վերջ չեն կասկածել)։ Սիրահարված աղջիկը հիացած էր և Վերսիլովի առաջարկի մեջ «ոչ միայն նրա անձնազոհությունն» էր տեսնում, որը, ի դեպ, նույնպես գնահատում էր։ Ի դեպ, նա անշուշտ կարողացել է անել այդ,― ավելացրեց Վասինը։― Երեխան (աղջնակ) ծնվել է ժամկետից մեկ ամիս թե վեց շաբաթ շուտ, նրան ինչ-որ տեղ տեղավորել են Գերմանիայում, բայց հետո Վերսիլովը ետ է վերցրել և այժմ Ռուսաստանում է, միգուցե հենց Պետերբուրգում։
― Իսկ ֆոսֆորե լուցկինե՞րը։
― Դրա մասին ես ոչինչ չգիտեմ,― ավարտեց Վասինը։― Լիդիա Ախմակովան վախճանվել է իր ծննադաբերությունից մի երկու շաբաթ անց․ թե ինչ է պատահել՝ չգիտեմ։ Իշխանը միայն Փարիզից վերադառնալուց հետո է իմացել, որ երեխա է ծնվել, և կարծեմ, սկզբում չի հավատացել, թե իրենից... Ընդհանրապես այս պատմությունը բոլորը գաղտնիք են պահում նույնիսկ մինչև այժմ։
― Բայց ի՜նչ մարդ է այդ իշխանը,― վրդովված բացականչեցի ես։― Ի՜նչ վարմունք հիվանդ աղջկա հետ։
― Այն ժամանակ նա դեռ այդքան հիվանդ չէր... Հետո նա ինքն է վռնդել իշխանին... Ճիշտ է, որ միգուցե, իշխանը չափազանց է շտապել օգտվել իրեն տրված հրաժարականից։
― Դուք արդարացնում եք այդպիսի սրիկայի՞ն։
― Ոչ, ես միայն նրան սրիկա չեմ անվանում։ Այստեղ ուրիշ շատ բաներ կան, բացի ուղղակի սրիկայությունից։ Ընդհանրապես, դա բավական սովորական բան է։
― Ասացեք, Վասին, դուք նրան մոտիկի՞ց եք ճանաչել։ Ես հատկապես կուզենայի վստահել ձեր կարծիքին, մի խստիվ ինձ վերաբերող պարագայի պատճառով։
Բայց այստեղ Վասինը մի տեսակ չափազանց զուսպ պատասխանեց։ Իշխանին ճանաչում էր, բայց ինչ պարագայում էր նրա հետ ծանոթացել, ակնհայտ դիտավորությամբ թաքցրեց։ Հետո հաղորդեց, որ իր բնավորության պատճառով արժանի է որոշակի զիջողամտության։ «Նա լի է ազնիվ հակումներով և տպավորվող է, բայց չունի ոչ բավական բանականություն, ոչ էլ կամքի ուժ, որպեսզի կարողանա ղեկավարել իր ցանկությունները»։ Նա ուսյալ մարդ չէ. բազմաթիվ գաղափարներ և երևույթներ վեր են նրա ուժերից, մինչդեռ նա նետվում է դեպի դրանք։ Օրինակ նա կարող է համառորեն պնդել այսպես. «Ես իշխան եմ և ծագում եմ Րյուրեկից. բայց ինչո՞ւ պիտի կոշկակարի աշակերտ չլինեմ, եթե պետք է հաց վաստակել, իսկ ուրիշ գործի ընդունակ չեմ։ Ցուցանակի վրա կլինի. «Կոշկակար իշխան այսինչ»,― նույնիսկ ազնիվ է»։ «Կասի ու կանի, սա է գլխավորը,― ավելացրեց Վասինը,― մինչդեռ այստեղ ամենևին էլ համոզմունքի ուժը չէ, այլ միայն ամենաթեթևամիտ դյուրազգացությունը։ Դրա փոխարեն հետո կզղջա և այն ժամանակ նա միշտ պատրաստ է մի որևէ միանգամայն հակառակ ծայրահեղության, հենց դրանում էլ նրա ողջ կյանքն է։ Մեր դարում շատերն են այսպես անհեթեթ դրության մեջ ընկել,― եզրակացրեց Վասինը,― հենց նրանով, որ մեր ժամանակներում են ծնվել։
Ես ակամա մտածմունքի մեջ ընկա։
― Ճի՞շտ է, որ նրան առաջներում դուրս են արել գնդից,― հետաքրքրվեցի ես։
― Չգիտեմ, դուրս են արել, թե ոչ, բայց իսկապես անախորժությունների պատճառով է գնդից հեռացել։ Ձեզ հայտնի՞ է, որ անցյալ տարի աշնանը, հենց պաշտոնաթող լինելով, երկու թե երեք ամիս ապրել է Լուգայում։
― Ես... ես գիտեմ, որ դուք այն ժամանակ Լուգայում եք ապրել։
― Այո, որոշ ժամանակ նաև ես եմ այնտեղ ապրել։ Իշխանն էլ էր ծանոթ Լիզավետա Մակարովնայի հետ։
― Հա՞։ Չգիտեի։ Խոստովանում եմ, ես այնքան քիչ եմ խոսել քրոջս հետ... Բայց մի՞թե նրան ընդունում էին մորս տանը,― բացականչեցի ես։
― Օ, ոչ, նա չափազանց հեռավոր կերպով էր ծանոթ, երրորդ տան միջոցով։
― Հա՜, ի՞նչ էր ասում քույրս այդ երեխայի մասին։ Մի՞թե երեխան էլ էր Լուգայում։
― Որոշ ժամանակ։
― Իսկ հիմա որտե՞ղ է։
― Անպայման Պետերբուրգում։
― Երբեք չեմ հավատա,― չափազանց հուզված բղավեցի ես,― որ մայրս ինչ-որ չափով մասնակից լիներ այդ Լիդիայի պատմությանը։
― Այս ամբողջ պատմության մեջ, բացի այս բոլոր խարդավանքներից, որոնցից հանձն չեմ առնում գլուխ հանել, Վերսիլովի դերն, իսկապես ասած, իր մեջ ոչ մի առանձին պարսավելի բան չուներ,― զիջողամտորեն ժպտալով նկատեց Վասինը։ Նրա համար, կարծեմ, դժվար էր դառնում ինձ հետ խոսելը, բայց նա ցույց չէր տալիս։
― Երբեք, երբեք չեմ հավատա, որ կինը,― բղավեցի ես նորից,― կարող էր զիջել իր ամուսնուն ուրիշ կնոջ, դրան ես չեմ հավատա... Երդվում եմ, որ մայրս այդ բանին չի մասնակցել։
― Սակայն, կարծեմ, չի՞ հակառակել։
― Ես միայն հպարտությունից արդեն չէի հակառակի, եթե նրա տեղը լինեի։
― Իմ կողմից, ես լիովին հրաժարվում եմ դատողություններ անել նման գործում,― եզրակացրեց Վասինը։
Իսկապես, Վասինը, իր ողջ խելքի հետ մեկտեղ գուցե, ոչինչ չէր հասկանում կանանցից, այնպես որ գաղափարների ու երևույթների մի ամբողջ ցիկլ անհայտ էր մնում նրան։ Ես լռեցի։ Վասինը ժամանակավորապես ծառայում էր մի բաժնետիրական ընկերությունում և ես գիտեի, որ նա իր համար աշխատանք է տուն բերում։ Իմ համառ հարցադրմանը նա խոստովանեց, որ նա հիմա էլ աշխատանք ունի՝ հաշիվներ, և ես եռանդագին խնդրեցի նրան ինձնից չքաշվել։ Դա, կարծեմ, նրան հաճույք պատճառեց, բայց նախքան իր թղթերով զբաղվելը, նա սկսեց ինձ համար բազմոցի վրա անկողին սարքել։ Նախ զիջեց ինձ իր մահճակալը, բայց երբ ես չհամաձայնեցի, կարծեմ, դրանից էլ գոհ մնաց։ Տանտիրուհուց վերմակ և բարձ ձեռք բերեցինք. Վասինը չափազանց քաղաքավարի և սիրալիր էր, բայց ինձ համար մի տեսակ ծանր էր տեսնել, որ նա իմ պատճառով այդքան նեղություն է քաշում։ Ինձ ավելի դուր եկավ, երբ մի անգամ, մի երեք շաբաթ առաջ, անսպասելի գիշերեցի Պետերբուրգյան կողմում՝ Եֆիմի մոտ։ Հիշում եմ, ինչպես էր այն ժամանակ նա ինձ համար անկողին գցում նույնպես բազմոցի վրա և հորաքրոջից գաղտնի, չգիտես ինչու, ենթադրելով, թե նա կբարկանա, եթե իմանա, որ նրա մոտ ընկերներ են գալիս գիշերելու։ Մենք շատ էինք ծիծաղում, սավանի փոխարեն շապիկ էինք փռել, իսկ բարձի փոխարեն՝ ծալած վերարկու դրել։ Հիշում եմ, ինչպես Զվերևը, գործը վերջացնելով, սիրով թփթփացրեց բազմոցին և ասաց ինձ.
― Vous dormirez comme un petit roi[31]։
Եվ նրա հիմար ուրախությունն ու ֆրանսերեն նախադասությունը, որ այնքան էր նրան սազում, որքան թամքը կովին, արեցին այն, որ ես այն ժամանակ արտակարգ հաճույքով քնեցի այդ խեղկատակի մոտ։ Իսկ ինչ վերաբերում է Վասինին, ապա ես չափազանց ուրախ էի, երբ նա վերջապես մեջքով նստեց դեպի ինձ ու զբաղվեց իր գործով։ Ես փռվեցի բազմոցին և, նայելով նրա մեջքին, շատ բաների մասին ու երկար մտորեցի։
III
Իսկ մտորելու շատ բան ունեի։ Հոգիս պղտորված էր, իսկ ամբողջական ոչինչ չկար, սակայն որոշ զգացումներ շատ որոշակի էին հանդես գալիս, թեև նրանցից ոչ մեկը լիովին չէր տանում ինձ իր ետևից նրանց առատության հետևանքով։ Ամեն բան մի տեսակ աղոտ երևում ու կրկին անհետանում էր անկապ ու անհեթեթ, իսկ ինքս, հիշում եմ, ամենևին չէի ուզում որեէ մեկի վրա կանգ առնել կամ հերթ սահմանել։ Նույնիսկ Կրաֆտի մասին միտքն աննկատ հետին պլան էր անցել։ Ամենից ավելի ինձ հուզում էր սեփական վիճակս, այն, որ ահա արդեն «խզել եմ կապերս» և ճամպրուկս ինձ հետ է, և տանը չեմ, և բոլորովին նոր բաներ եմ սկսել։ Կարծես մինչև օրս բոլոր մտադրություններս ու պատրաստություններս կատակ էին և միայն «այժմ հանկարծ և, որ գլխավորն է, անակնկալ ամեն բան արդեն սկսվեց իսկապես»։ Այս գաղափարը քաջալերում էր ինձ և, որքան էլ շատ ու շատ բաներից պղտորված էր հոգիս, ուրախացնում էր ինձ։ Բայց... բայց կային նաև այլ զգացումներ, նրանցից մեկը հատկապես էր ուզում առանձնանալ մյուսներից և տիրել իմ հոգուն, և, տարՕրինակ է, այդ զգացումն էլ էր քաջալերում ինձ և, կարծես, սոսկալի մի ուրախ բանի մղում։ Սակայն սկսվել էր այն վախից, ես վախենում էի արդեն վաղուց, հենց այն պահից, երբ անակնկալ ու տաքացած չափազանց շատ բան թռցրի բերանիցս փաստաթղթի մասին Ախմակովայի մոտ։ «Այո, ես չափազանց շատ բան ասացի,― մտածում էի ես, և թերևս նրանք որևէ բան կկռահեն... Այ քեզ փորձա՜նք։ Պարզ է, որ նրանք ինձ հանգիստ չեն տա, եթե սկսեն կասկածել, բայց... թո՛ղ։ Թերևս ինձ չեն էլ գտնի, կթաքնվեմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե իսկապես սկսեն իմ հետևից վազել...»։ Եվ ահա սկսեցի հիշել աճող բավականությամբ և մինչև ամենավերջին նշույլը, թե ինչպես էի այն պահին կանգնած Կատերինա եիկոլաևնայի առաջ և ինչպես էր նրա հանդուգն, բայց սոսկալի զարմացած հայացքը սևեռուն ինձ ուղղված։ Հեռանալով այնտեղից էլ՝ ես թողի նրան նույն զարմանքով, հիշեցի ես. «Սակայն նրա աչքերը լիովին սև չեն... միայն արտևանունքներն են չափազանց սև, դրանից էլ աչքերն այդքան մուգ են թվում...»։
Եվ հանկարծ, հիշում եմ, սոսկալի գարշանք զգացի հիշելիս... և սրտնեղություն, և զզվանք, և նրանց, և իմ նկատմամբ։ Ինչ-որ չափով ես հանդիմանում էի ինձ և աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել։ «Ինչո՞ւ ամենաչնչին զայրույթն անգամ չեմ տածում Վերսիլովի նկատմամբ՝ հարևանուհու հետ ունեցած պատմության համար»,― հանկարծ անցավ մտքովս։ ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ համոզված էի, որ այստեղ նա սիրախաղ է խաղացել և եկել է զվարճանալու, բայց ճիշտն ասած դա ինձ չէր վրդովում։ Ինձ նույնիսկ թվում էր, թե նրան այլ կերպ չի էլ կարելի պատկերացնել, և թեև իսկապես ուրախ էի, որ նրան խայտառակեցին, բայց չէի մեղադրում նրան։ Ինձ համար դա չէր կարևոր, ինձ համար կարևորն այն էր, որ նա այնպես չարացած ինձ նայեց, երբ ես հարևանուհու հետ մտա ներս, այնպես նայեց, ինչպես երբեք չէր նայել։ «Վերջապես սա էլ ինձ վրա խիստ նայեց»,― սրտի սարումով մտածեցի ես։ Օ՜, եթե ես նրան չսիրեի, ես այդքան չէի ուրախանա նրա ատելությունը տեսնելով։
Վերջապես սկսեցի նիրհել, հետո խոր քուն մտա։ Միայն քնիս մեջ հիշում եմ, ինչպես, աշխատանքն ավարտելով, Վասինը խնամքով հավաքեց թղթերը, և սևեռուն բազմոցիս նայելով, հանվեց ու մոմը մարեց։ Կեսգիշերն արդեն անցել էր։
IV
Համարյա երկու ժամից ես գժի պես վեր թռա քնաթաթախ ու նստեցի բազմոցիս։ Հարևանուհիների սենյակը տանող դռնից սոսկալի ճիչեր, լաց ու ոռնոց էր լսվում։ Մեր դուռը կրնկի վրա բաց էր, իսկ արդեն լուսավորված միջանցքում բղավում ու վազվզում էին մարդիկ։ Ես ուզեցի ձայն տալ Վասինին, բայց հասկացա, որ նա արդեն անկողնում չէ։ Չիմանալով, թե որտեղից լուցկի գտնեմ, շոշափելով գտա հագուստս և շտապով հագնվեցի խավարում։ Ըստ երևույթին, հարևանուհիների մոտ վազել-եկել էին և տանտիրուհին, գուցեև կենվորները։ Ողբում էր, թերևս, մի ձայն, հենց տարիքոտ հարևանուհու ձայնը, իսկ երեկվա երիտասարդ ձայնը, որը ես չափազանց լավ էի միտքս պահել, բոլորովին լուռ էր. հիշում եմ, որ առաջին հերթին հենց դա անցավ մտքովս։ Դեռ չէի հասցրել հագնվել, երբ փութկոտ ներս մտավ Վասինը, ակնթարթորեն ծանոթ ձեռքով գտավ լուցկին ու սենյակը լուսավորեց։ Նա սպիտակեղենով էր, խալաթով ու կիսակոշիկներով և իսկույն սկսեց հագնվել։
― Ի՞նչ է պատահել,― բղավեցի ես։
― Չափազանց տհաճ և հոգսաշատ մի բան,― համարյա չարացած պատասխանեց նա,― այն երիտասարդ հարևանուհին, որի մասին դուք պատմում էիք, կախվել է իր սենյակում։
Ես ուղղակի ճչացի։ Նկարագրել չեմ կարող, թե ինչպես սիրտս ճմլվեց։ Մենք միջանցք վազեցինք։ Խոստովանում եմ, որ չկարողացա հարևանուհիների սենյակը մտնել և միայն հետո տեսա դժբախտ աղջկան, երբ նրան արդեն իջեցրել էին, այն էլ որոշ տարածությունից և ծածկված սավանով, որի տակից դուրս էին ցցվել նրա կոշիկների նեղլիկ տակերը։ Չգիտեմ ինչու, այդպես էլ չնայեցի դեմքին։ Մայրը սոսկալի դրության էր. նրա հետ էր մեր տանտիրուհին, որը, ի դեպ, այնքան էլ վախեցած չէր։ Բնակարանի բոլոր կենվորները խռնված էին այստեղ։ Դրանք շատ չէին. մի տարեց նավաստի, որը մշտապես փնթփնթում էր ու պահանջներ անում և որը, սակայն, հիմա խեղճացել էր, և ինչ-որ եկվորներ Տվերի նահանգից` մի ծերունի ու մի պառավ, այր ու կին, աստիճանավոր, պատկառելի մարդիկ։ Չեմ նկարագրի այլևս գիշերվա մնացյալ մասը, հոգսերը, իսկ հետո նաև պաշտոնական այցելությունները, ընդհուպ մինչև լուսաբաց ես տառացիորեն դողում էի մանր դողով և իմ պարտքն էի համարում չպառկել, թեև, ի դեպ, ոչինչ էլ չէի անում։ Եվ բոլորն էլ արտակարգ արթուն, նույնիսկ մի տեսակ առանձնապես սրտապնդված տեսք ունեին, Վասինը նույնիսկ ինչ-որ տեղ գնաց։ Տանտիրուհին բավական պատկառելի կին դուրս եկավ, շատ ավելի լավ, քան ես ենթադրում էի։ Ես նրան համոզեցի (և դրա պատիվը ինձ եմ վերագրում), որ մորն այսպես դստեր դիակի հետևում թողնել չի կարելի և որ գոնե մինչև վաղը փոխադրի նրան իր սենյակը։ Նա իսկույն համաձայնեց, և որքան էլ պատեպատ էր զարկվում ու լալիս մայրը, հրաժարվելով թողնել դիակը, այնուամենայնիվ ի վերջո փոխադրվեց տանտիրուհու մոտ, որն իսկույն կարգադրեց ինքնաեռը գցել։ Դրանից հետո կենվորները ցրվեցին իրենց սենյակները ու փակվեցին այնտեղ, բայց ես, այնուամենայնիվ, ոչ մի պայմանով չպառկեցի և երկար ժամանակ նստած մնացի տանտիրուհու մոտ, իսկ նա նույնիսկ ուրախ էր ավելորդ մարդու ներկայության համար, որն իր կողմից դեռ կարող էր որոշ բան հաղորդել գործի կապակցությամբ։ Ինքնաեռը շատ պետք եկավ և, ընդհանրապես, ինքնաեռը ամենաանհրաժեշտ ռուսական բանն է, ամեն տեսակ աղետների ու դժբախտությունների, առանձնապես սոսկալի հանկարծահաս ու տարօրինակ դեպքերի ժամանակ։ Նույնիսկ մայրը երկու գավաթ թեյ խմեց, իհարկե, արտակարգ թախանձանքից և համարյա պարտադրանքից հետո։ Մինչդեռ, անկեղծ եմ ասում, ավելի դաժան ու անսքող վշտի, քան այն, որ տեսնում էի այս դժբախտին նայելով, երբեք չեմ հանդիպել։ Հեկեկանքի ու հիստերիայի առաջին պոռթկումներից հետո նա նույնիսկ առանց դժկամության սկսեց խոսել, և ես ագահորեն լսեցի նրա պատմածը։ Կան դժբախտներ, հատկապես կանանց մեջ, որոնց նույնիսկ անհրաժեշտ է որքան կարելի է շատ հնարավորություն տալ խոսելու այսպիսի դեպքերում։ Բացի այդ, կան խառնվածքներ վշտից, այսպես ասած, չափազանց տրորված, իրենց ողջ կյանքի ընթացքում չափազանց շատ վիշտ տարած՝ թե մեծ, թե մանր, բայց մշտնջենական, և որոնց արդեն ոչնչով չես զարմացնի, ոչ մի հանկարծահաս աղետով և, որ գլխավորն է, որոնք նույնիսկ ամենասիրելի էակի դագաղի առաջ չեն մոռանա մարդկանց հետ կախյալի վարվեցողության այնքան թանկ ձեռք բերված կանոններից և ոչ մեկը։ Եվ ես չեմ դատապարտում. այստեղ ոչ եսասիրության գռեհկությունն է և ոչ էլ զարգացման կոպտությունը, այս սրտերում, միգուցե, շատ ավելի ոսկի ճարվի, քան տեսքով ամենաազնվազարմ հերոսուհիների սրտերում, բայց երկարատև ստորացման սովորույթը, ինքնապահպանման բնազդը, երկարամյա վախվորածությունն ու ճնշվածությունը վերջապես վերցնում են իրենցը։ Խեղճ անձնասպանը դրանում նման չէր իր մայրիկին։ Ի դեպ, դեմքով, կարծեմ, իրար նման էին, թեև հանգուցյալը հաստատապես սիրունատես էր։ Իսկ մայրը դեռ այնքան էլ ծեր չէր, հիսունին մոտ կին էր, նույնպես շիկահեր, բայց փոս ընկած աչքերով ու այտերով և դեղին, մեծ-մեծ ու անհավասար ատամներով։ Եվ ամեն բան նրանում ինչ-որ դեղնության երանգ էր ստանում, դեմքի ու ձեռքերի մաշկը մագաղաթի էր նման, նրա մուգ շորը հնությունից նույնպես բոլորովին դեղնել էր, իսկ մի եղունգին՝ աջ ձեռքի ցուցամատի եղունգին, չգիտեմ ինչու, խնամքով և ուշադրությամբ դեղին մոմ էր ծեփված։
Խեղճ կնոջ պատմածը տեղ-տեղ անկապ էր։ Կպատմեմ այն, ինչ ինքս հասկացա և ինչը ինքս միտքս պահեցի։
V
Նրանք եկել էին Մոսկվայից։ Մայրն արդեն վաղուց էր այրի, «սակայն խորհրդականի այրի», ամուսինը ծառայել էր, բայց ոչինչ համարյա չէր թողել «բացի երկու հարյուր ռուբլի թոշակից։ Բայց երկու հարյուր ռուբլին ի՞նչ է որ»։ Սակայն Օլյային մեծացրել է և գիմնազիայում ուսում տվել... «Եվ ո՜նց էր սովորում, ո՜նց էր սովորում, ոսկե մեդալ ստացավ ավարտելիս (Այստեղ, հասկանալի է, երկարատև լաց)։ Հանգուցյալ մարդս էստեղի` Պետերբուրգի մի վաճառականի գործում մոտ չորս հազար ռուբլի գումար էր կորցրել։ Հանկարծ էդ վաճառականը նորից հարստացավ, ես էլ փաստաթղթեր ունեմ, մարդկանց հետ խորհուրդ արեցի, ասում են, «դատարան դիմեք, անպայման բոլորը կստանաք...»։ Ես էլ գործ սկսեցի, վաճառականն սկսեց համաձայնել, ասացին, ինքներդ գնացեք։
Պատրաստվեցինք ես ու Օլյան ու մի ամիս առաջ եկանք։ Բայց մենք ի՜նչ միջոցներ ունենք, վերցրինք էս սենյակը, որովհետև բոլորից փոքրն էր, և ազնիվ, ինքներս ենք տեսնում, տան մեջ է գտնվում, իսկ դա մեզ համար ամենակարևորն է, անփորձ կանայք ենք, ով ասես մեզ կնեղացնի։ Դե, մի ամսվա փողը ձեզ վճարեցինք, էստեղ-էնտեղ ծախսեցինք։ Պետերբուրգը կծում է, մեր վաճառականն էլ լրիվ հրաժարվում է։ «Ձեզ ոչ գիտեմ, ոչ էլ ձեզ ճանաչում եմ», իսկ փաստաթուղթս կանոնավոր չէ, ինքս էլ եմ հասկանում։ Դրա համար էլ ինձ խորհուրդ են տալիս, գնացեք նշանավոր փաստաբանի մոտ, նա պրոֆեսոր է, ոչ թե ուղղակի փաստաբան, այլ իրավաբան, թող նա հաստատ ասի, թե ինչ անեք։ Վերջին տասնհինգ ռուբլիս տարա դրան, դուրս եկավ փաստաբանը, երեք րոպե էլ ինձ չլսեց. «Տեսնում եմ, ասում է, գիտեմ, ասում է, կուզի, ասում է, կտա վաճառականը, չի ուզի չի տա, իսկ թե գործ սկսեք՝ ինքներդ էլ կարող է տուժեք, ավելի լավ է հաշտվեք»։ Դեռ ավետարանի խոսքերով էլ կատակեց. «Հաշտվեցեք, ասում է, քանի դեռ ճամփին եք, թե չէ վերջին կոդրանտը կվճարեք...», ինձ ճանապարհ է դնում, ծիծաղում։ Կորավ տասնհինգ ռուբլիս։ Գալիս եմ Օլյայի մոտ, նստում ենք իրար դիմաց, և ես լալիս եմ։ Օլյան չի լալիս, հպարտ նստել է ու զայրանում է։ Եվ միշտ էր նա այդպես, ամբողջ կյանքում, փոքր ժամանակ էլ երբեք ախ չէր քաշում, երբեք չէր լալիս, այլ նստում էր ու ահեղ հայացքով նայում, ես նույնիսկ վախենում էի նրան նայելիս։ Եվ հավատո՞ւմ եք. վախենում էի նրանից, իսկապես էի վախենում և վաղուց էի վախենում, մեկ-մեկ ուզում եմ մղկտալ, բայց նրա ներկայությամբ չեմ համարձակվում։ Վերջին անգամ գնացի վաճառականի մոտ, մի կուշտ լաց եղա. «Լավ, ասում է», չի էլ լսում։ Մինչդեռ, պետք է խոստովանեմ ձեզ, քանի որ մենք երկար ժամանակվա հաշիվ չէինք արել, վաղուց արդեն անփող նստած էինք։ Սկսեցի մեր շոր ու մորից քիչ-քիչ տանել, մի բան գրավ ենք դնում, դրանով էլ ապրում ենք։ Ինչ կար-չկար հագներիս, գրավ դրեցինք, նա էլ սկսեց իր վերջին սպիտակեղենը ինձ տալ, և էստեղ ես դառը արտասուք թափեցի։ Նա ոտքը գետին խփեց, վեր թռավ տեղից ու ինքը վաճառականի մոտ վազեց։ Վաճառականն այրի է. խոսել էր սրա հետ. «Եկեք, ասել է, վաղը չէ մյուս օրը ժամը հինգին, գուցե մի բան կասեմ»։ Տուն եկավ ուրախացած. «Տեսնո՞ւմ ես, ասում է, գուցե մի բան կասի»։ Դե, ես էլ ուրախացա, միայն թե սիրտս մի տեսակ ճմլվեց, մտածում եմ, թե ինչ կլինի, իսկ հարց ու փորձ անել չեմ համարձակվում։ Վաղը չէ մյուս օրը վերադառնում է վաճառականի մոտից, գունատ, ամբողջ մարմնով դողում է, ընկնում մահճակալին, ամեն բան հասկացա և հարցնել չեմ համարձակվում։ Եվ ի՞նչ եք կարծում, ավազակը տասնհինգ ռուբլի է դուրս բերել, իսկ եթե «ասում է, լիովին ազնվության հանդիպես, քառասուն ռուբլի էլ կավելացնեմ»։ Էդպես էլ ասել է երեսին, չի ամաչել։ Սա էլ, պատմում էր, հարձակվել է վաճառականի վրա, բայց նա հրել է իրեն և մյուս սենյակում բանալիով փակվել։ Մինչդեռ մեզ մոտ, անկեղծ սրտով եմ խոստովանում, ուտելու բան համարյա թե չկար։ Նապաստակի մորթե աստառով մի կիսամուշտակ ունեինք, տարանք վաճառեցինք, Օլյան գնաց ու լրագրում հայտարարություն տվեց, որ իբր, աշակերտներ է պատրաստում բոլոր առարկաներից և թվաբանությունից. «Գոնե դասը երեսուն կոպեկ, ասում է, կվճարեն»։ Եվ վերջում արդեն սկսեցի ես, նրան նայելով, նույնիսկ սարսափել, ոչինչ չի խոսում ինձ հետ, ժամերով նստում է պատուհանի մոտ, դիմացի տան տանիքին նայում, մեկ էլ հանկարծ բղավում. «Գոնե լվացք անեինք, գոնե հող փորեինք», միայն էդպիսի մի խոսք կբղավի ու ոտքը գետին կխփի։
Եվ ոչ մի ծանոթ էստեղ չունենք, ոչ ոք չունենք, որ մոտը գնանք. «Ի՞նչ է լինելու մեր վիճակը, մտածում եմ»։ Իսկ նրա հետ խոսել վախենում եմ։ Մի անգամ քնած էր ցերեկը, արթնացավ, նայում է ինձ. ես նստած եմ սնդուկի վրա, ես էլ նրան էի նայում, նա լուռ վերկացավ, ինձ մոտեցավ, ամուր գրկեց, և երկուսս էլ չդիմացանք ու լաց եղանք, նստել ենք ու լաց ենք լինում ու իրար բաց չենք թողնում։ Ամբողջ կյանքում առաջին անգամ էր նրան էդպիսի բան պատահում։ Հենց էդպես էլ իրար հետ նստած էինք, որ ներս մտավ ձեր Նաստասյան ու ասաց․ «Էնտեղ մի տիկին ձեզնից է հարցնում, բան-ման է ուզում իմանալ»։ Մի չորս օր առաջ էր դա։ Ներս մտավ տիկինը, տեսնենք, շատ լավ է հագնված ու թեև ռուսերեն է խոսում, բայց կարծես գերմանական է արտասանությունը։ «Դուք, ասում է, հայտարարություն էիք տվել լրագրում, որ դասեր եք տալիս»։ Էնպես ուրախացանք՝ սրան տեսնելով, նստեցրինք, սա Էլ ժպտում է էնքան սիրալիր. «Ինձ մոտ չէ, ասում է, քրոջս աղջիկը փոքր երեխաներ ունի, եթե կուզեք, համեցեք մեզ մոտ, էնտեղ էլ կպայմանավորվենք»։ Իր հասցեն տվեց, Վոզնեսենսկի կամրջի մոտ, համար այսինչ, բնակարանն էլ համար այնինչ։ Գնաց։ Օլեչկան էլ գնաց, նույն օրը վազեց, և ինչ երկու ժամից վերադարձավ հիստերիայի մեջ, ցնցվում է ամբողջ մարմնով։ Հետո պատմեց. «Հարցնում եմ, ասում է, դռնապանին, որտե՞ղ է համար այսինչ բնակարանը»։ Դռնապանն, ասում է, ինձ նայեց. «Իսկ դուք, ասում է, ի՞նչ գործ ունեք էդ բնակարանում»։ Էնքան, էնքան տարօրինակ դա ասաց, որ էստեղ արդեն կարելի էր ամեն բան հասկանալ։ Իսկ աղջիկս էնքան տիրական բնավորություն ուներ, էնքան անհամբեր, էդ հարց ու փորձն ու գռեհկությունները չէր տանում։ «Գնացեք»,― ասում է, մատը սանդուղքի կողմը տնկում, իսկ ինքը շրջվում ու իր խուցն է մտնում։ Եվ ի՞նչ եք կարծում։ Սա ներս է մտնում, հարցնում, և բոլոր կողմերից վազելով կանայք են գալիս. «Համեցեք, համեցեք»,― բոլորը կանայք, ծիծաղում են, վրա ընկնում, թշները ներկած, պիղծ, դաշնամուր են նվագում, սրան քաշքշում. «Ուզում էի, ասում է, փախչել դրանցից, բայց արդեն չեն թողնում»։ Սա վախենում է, ոտքերը ծալվում են, չեն թողնում և վերջ, սիրալիր խոսում են, համոզում, պորտեր են բացում, մատուցում են, հյուրասիրում։ Սա տեղից վեր է թռչում, ամբողջ կոկորդով բղավում, դողում. «Թողեք, թողեք»։ Դեպի դուռն է իրեն գցում, դուռը փակում են, սա աղաղակում է։ Էստեղ վրա է հասնում նա, որ դրանից առաջ մեր տուն էր եկել, երկու անգամ խփում է Օլյայիս թշերին և դռնից դուրս անում։ «Արժանի չես, ասում է, անպետք, ազնիվ տանը գտնվելու»։ Իսկ մի ուրիշը բղավում է նրան սանդուղքով մեկ. «Դու ինքդ էիր եկել մեզ մոտ ընդունվելու, մի բան, որ հաց չունես ուտելու, իսկ մենք էդ մռութիդ իսկի նայել էլ չուզեցինք»։ Էդ ամբողջ գիշեր դողացրեց աղջիկս, զառանցեց, իսկ առավոտյան աչքերը փայլում են, տեղից վեր է կենում, ետ ու առաջ անում. «Դատարան, ասում է, դատի պետք է տամ նրան»։ Ես լռում եմ. ի՞նչ կստանաս մտածում եմ, դատարանից, ինչո՞վ կապացուցես։ Հետ ու առաջ է անում, ձեռքերը կոտրատում, արտասուքը հոսում է, իսկ շրթունքները սեղմել է, անշարժ են։ Եվ ամբողջ դեմքը սևացել էր, հենց էդ րոպեից ու մինչև վերջ։ Երրորդ օրը հոգին թեթևացավ, լուռ էր, կարծես հանգստացել էր։ Հենց էդ նույն օրն էլ ցերեկվա ժամը չորսին շնորհ բերեց մեր տուն պարոն Վերսիլովը։
Եվ անկեղծ կասեմ, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, ինչպես եղավ, որ էդ ժամանակ Օլյան, միշտ էնքան կասկածամիտ, համարյա առաջին բառից ականջ դրեց նրան։ Ամենից առաջ երկուսիս էլ գրավեց էն, որ նա էդքան լուրջ, նույնիսկ խիստ տեսք ուներ, խոսում էր ցածրաձայն, հանգամանորեն և ամեն բան էնքան քաղաքավարի, ի՜նչ քաղաքավարի, նույնիսկ հարգալից, մինչդեռ որևէ հետին միտք նրա կողմից չէր նկատվում. ուղղակի երևում էր, որ մարդը մաքուր սրտով է եկել։ «Ես, ասում է, ձեր հայտարարությունը կարդացել եմ լրագրում, դուք, ասում է, օրիորդ, էնպես չեք գրել, ինչպես որ պետք է, էդպես կարող եք նույնիսկ վնասել ձեզ դրանով»։ Եվ սկսեց բացատրել, ճիշտն ասած, ես չհասկացա, ինչ-որ բան ասաց թվաբանության մասին, միայն, տեսնեմ, Օլյան կարմրեց ու աշխուժացավ, ականջ դրեց, հետո ինքն էլ հոժարությամբ խոսքի մեջ մտավ (երևի, շատ էլ խելոք մարդ էր), տեսնեմ, նույնիսկ շնորհակալություն է հայտնում նրան։ Էնքան հանգամանորեն հարց ու փորձ արեց Օլյային, և երևում էր, որ երկար ժամանակով ապրել էր Մոսկվայում, և գիմնազիայի տնօրինուհուն էլ, պարզվեց, անձամբ է ճանաչում։ «Ձեզ համար դաս ես, ասում է, անպատճառ կճարեմ, որովհետև ես շատերի հետ եմ էստեղ ծանոթ և նույնիսկ շատ ազդեցիկ մարդկանց կարող եմ խնդրել, էնպես որ եթե նույնիսկ մշտական պաշտոն ուզենաք ունենալ, ապա էդ էլ կարելի է նկատի ունենալ... իսկ առայժմ ինձ ներեցեք, ասում է, ուղղակի մի հարցի համար ձեզ չե՞մ կարող որևէ բանով հիմա օգտակար լինել ձեզ։ Ոչ թե ես ձեզ, ասում է, այլ ընդհակառակը, դուք ինձ հաճույք կպատճառեք, եթե թույլ տաք որևէ օգնություն ցույց տալ ձեզ։ Թող սա, ասում է, ձեր պարտքը լինի, և հենց որ պաշտոն ստանանք, ամենակարճ ժամանակամիջոցում կարող եք ձեր հաշիվը մաքրել ինձ հետ։ Իսկ ես, պատվիս հավատացեք, եթե երբևէ էդպիսի կարիքի մեջ ընկնեի, իսկ դուք, ընդհակառակը, ամեն բանով ապահովված լինեիք, ուղիղ ձեզ մոտ կգայի փոքրիկ օգնություն խնդրելու, կնոջս ու դստերս կուղարկեի»... Այսինքն նրա բոլոր խոսքերը հիշել չեմ կարող, միայն թե էստեղ աչքերս լցվեցին, որովհետև տեսա, որ Օլյայի շրթունքներն էլ շնորհակալությունից դողացին. «Եթե ընդունում եմ,― պատասխանում է Օլյան նրան,― ապա միայն այն պատճառով, որ վստահում եմ մարդասեր և ազնիվ մարդուն, որը կարող էր իմ հայրը լինել»... Էդպես հրաշալի ասաց Օլյան նրան կարճ ու ազնիվ, «մարդասեր, ասում է, մարդուն»։ Նա իսկույն վերկացավ. «Անպայման, անպայման, ասում է, կճարեմ ձեզ համար դասեր և մշտական պաշտոն, հենց այսօրվանից կզբաղվեմ, որովհետև դրա համար դուք միանգամայն բավարար վկայական ունեք»... Իսկ ես, ախր, մոռացա ասեմ, որ նա հենց սկզբից ներս մտնելուն պես նրա բոլոր փաստաթղթերը գիմնազիայից նայեց, Օլյան ինքը նրան ցույց տվեց, նա էլ Օլյային զանազան առարկաներից քննեց... «Ախր, մայրիկ,― ասում է ինձ հետո Օլյան,― նա ինձ տարբեր առարկաներից քննեց և ի՜նչ խելոք մարդ է, ասում է, քանի՜ տարին մեկ էդպես զարգացած և ուսյալ մարդու հետ կխոսես»... Ու դեմքը փայլում է։ Փողը վաթսուն ռուբլի, սեղանին է. «Պահեք, ասում է, մայրիկ, աշխատանք կստանանք, առաջին հերթին, որքան կարելի է շուտ կվերադարձնենք, կապացուցենք, որ մենք ազնիվ ենք, իսկ որ նրբանկատ ենք, նա արդեն տեսավ»։ Հետո մի քիչ լուռ մնաց, տեսնեմ, մի տեսակ խորն է շնչում. «Գիտե՞ք, մայրիկ,― հանկարծ ասում է ինձ,― եթե մենք գռեհիկ լինեինք, գուցե մեր հպարտությունից դրդված, նրանից փող չվերցնեինք, իսկ որ հիմա վերցրինք, դրանով միայն սեր նրբանկատությունը ապացուցեցինք, այն որ, ամեն բանում որպես արդեն ճերմակած, պատկառելի մի մարդու, վստահում են իրեն, ճիշտ չէ՞»։ Սկզբում ես էնպես չհասկացա և ասացի. «Ինչո՞ւ, Օլյա, ազնիվ ու հարուստ մարդուց բարերարություն չընդունենք, եթե նա դրանից բացի նաև բարեսիրտ մարդ է»։ Նա հոնքերը կիտեց ինձ վրա. «Ոչ, ասում է, մայրիկ, դա այն չէ, բարերարություն պետք չէ, այլ նրա, ասում է, «մարդասիրությունն» է թանկ... Իսկ փողը, միգուցե, ավելի լավ կլիներ, որ բոլորովին էլ չվերցնեինք, մայրիկ, քանի որ աշխատանք էր խոստացել ճարել, դա էլ բավական էր... Թեև կարիքի մեջ ենք»։ «Ախր, Օլյա, ասում եմ, մեր կարիքն էնքան է, որ հրաժարվել ոչ մի դեպքում չի լինի», նույնիսկ քմծիծաղ տվեցի ես։ Եվ մտքումս ուրախ եմ, միայն թե մեկ ժամից նա ինձ ասաց. «Առայժմ, մայրիկ, էդ փողը մի շտապեք ծախսել», էնպես վճռական ասաց նա։ «Ինչո՞ւ, ասում եմ», «Այնպես, ասում է», կարճ կտրեց ու լռեց։ Ամբողջ իրիկուն լռեց, միայն գիշերը, ժամը մեկից հետո արթնանում եմ ու լսում, Օլյան շուռ ու մուռ է գալիս իր տեղաշորում. «Քնած չե՞ք մայրիկ», «Ոչ, ասում եմ, քնած չեմ», «Գիտե՞ք, ասում է, ախր, նա ուզում էր ինձ վիրավորել», «Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում»,― ասում եմ։ «Անպայման այդպես է. դա ստոր մարդ է, չհամարձակվեք, ասում է, ոչ մի կոպեկ դրա փողից ծախսել»։ Ես փորձեցի նրա հետ խոսել, նույնիսկ լաց եղա անկողնումս, նա դեպի պատը շրջվեց. «Լռեք, ասում է, թողեք քնեմ»։ Առավոտյան նրան եմ նայում, ետ ու առաջ է անում, ինքն իրեն նման չէ. և, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ Աստծո դատաստանի առաջ կասեմ, նրա խելքը տեղում չէր էդ ժամանակ։ Հենց էն պահից, որ էն ստոր տանը վիրավորել էին նրան, նրա սիրտը պղտորվել էր... և ուղեղը՝ նույնպես։ Նայում էի նրան էն առավոտյան ու երկմտում, վախենում եմ, ոչ մի բառով, մտածում եմ, չեմ հակաճառի նրան։ «Նա, ասում է, մայրիկ, էդպես էլ իր հասցեն չթողեց»։ «Մեղք մի գործիր, Օլյա, ինքդ ես երեկ նրան լսել, հետո ինքդ էիր գովում, ինքդ էիր շնորհակալության արտասուք թափելու պատրաստ»։ Ասացի թե չէ, ծղրտաց, ոտքը գետնին դոփեց. «Դուք, ասում է, ստոր զգացմունքների կին եք, դուք հին, ասում, ճորտատիրական կարգերով դաստիարակված մարդ եք»... Էլ ինչ ասես, որ չասաց, գլխարկը վերցրեց, դուրս վազեց, ես էլ բղավում եմ նրա ետևից, ի՞նչ պատահեց, ո՞ւր վազեց։ Իսկ նա վազել էր հասցեատուն, իմացել որտեղ է պարոն Վերսիլովն ապրում, եկավ. «Հենց այսօր, ասում է, հենց հիմա կտանեմ փողը ու նրա երեսին կշպրտեմ, նա, ասում է, ուզում էր ինձ վիրավորել, ինչպես Սաֆրոնովը (դա մեր էն վաճառականն է), միայն թե Սաֆրոնովը վիրավորել է կոպիտ ռամիկի պես, իսկ սա՝ խորամանկ ճիզվիտի»։ Եվ հենց էն պահին, փորձանքի պես, դուռը ծեծում է երեկվա էն պարոնը. «Լսեցի, որ Վերսիլովի մասին են խոսում, կարող եմ տեղեկություն տալ»։
Օլյան, հենց որ Վերսիլովի անունը լսեց, մոլուցքով բռնված ուղղակի նրա վրա հարձակվեց, խոսում է ու խոսում, ես էլ նրան եմ նայում ու զարմանում. միշտ էնքան լռակյաց, նա ոչ ոքի հետ էդպես չի խոսում, իսկ էստեղ դեռ բոլորովին անծանոթ մարդու հետ է էդպես խոսում։ Թշերն սկսեցին վառվել, աչքերը փայլատակել... Իսկ մարդն էդ հենց սկսեց. «Ձեր ասածը կատարյալ ճշմարտություն է, ասում է, օրիորդ։ Վերսիլովը ճիշտ և ճիշտ էստեղի գեներալների պես է, որոնց լրագրերում են նկարագրում, կպցնում է գեներալն իր բոլոր շքանշանները ու գնում բոլոր գուվերնանտկաների մոտ, որոնք լրագրերում հայտարարություններ են տալիս, փնտրում է ու, ինչ որ իրեն պետք է, գտնում, իսկ թե չգտնի, ինչ որ իրեն պետք է, կնստի, կխոսի, տասը բեռ բան կխոստանա ու կգնա, այնուամենայնիվ, ինչ-որ զվարճություն իրեն պատճառել է»։ Օլյան նույնիսկ քրքջաց, միայն թե մի տեսակ չարությամբ, իսկ պարոնն էդ, տեսնեմ, բռնում է նրա ձեռքն ու դեպի իր սիրտը ձգում. «Ես, ասում է, օրիորդ, ինքս էլ սեփական կապիտալ ունեմ և միշտ կարող եմ գեղեցիկ աղջկան մի բան առաջարկել, բայց ավելի լավ է, ասում է, նրա դեռ միայն փոքրիկ, սիրունիկ ձեռքը համբուրեմ...»,― ու, տեսնեմ, ձեռքը ձգում է, որ համբուրի։ Ինչպես վեր թռավ Օլյան, բայց էստեղ ես էլ վեր թռա նրա հետ ու երկուսով դուրս արինք նրան։ Իրիկնամուտին էլ Օլյան փողը վերցրեց ինձնից, վազեց-գնաց, հետո ետ եկավ. «Ես, մայրիկ, ասում է, անազնիվ մարդուց վրեժ լուծեցի»։ «Ախ, Օլյա, Օլյա, ասում եմ, գուցե մեր բախտից զրկվեցինք, ազնիվ, բարերար մարդուն դու վիրավորեցիր»։ Չդիմացա ես ու, նրանից սրտնեղած, արտասվեցի։ Իսկ նա բղավում է ինձ վրա. «Չեմ ուզում, բղավում է, չեմ ուզում։ Եթե նա ամենաազնիվ մարդն էլ լինի, էլի նրա ողորմությունը չեմ ուզում։ Նույնիսկ չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ խղճա»։ Պառկեցի ես, և ոչինչ մտքովս չանցավ։ Քանի-քանի անգամ ուշադիր նայել եմ ձեր պատի էդ մեխին, որ ձեր հայելուց է մնացել, և չեմ հասկացել, բոլորովին գլխի չեմ ընկել, ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ, չեմ էլ մտածել, ոչ էլ գուշակել և Օլյայից էդ բանը բոլորովին չեմ սպասել։ Իսկ ես սովորաբար խորն եմ քնում, խռմփում եմ, արյունս է դեպի գլուխս հորդում, երբեմն էլ սրտիս խփում, քնիս մեջ բղավում եմ, էնպես որ Օլյան գիշերն արթնացնում է ինձ. «Ինչ խորն եք, ասում է, քնում, մայրիկ, և արթնացնել էլ ձեզ, եթե պետք է, չի լինում»։ «Ախ, Օլյա, ասում եմ, խորը, շատ խորն եմ քնում»։ Եվ հենց որ ես, երևի, խռմփացել եմ երեկ, նա մի քիչ սպասել է և արդեն առանց վախենալու բարձրացել։ Էս փոկն էլ ճամպրուկինն է, երկար, մի ամիս շարունակ աչքներիս առաջ էր, դեռ երեկ առավոտյան մտածեցի. «Պետք է վերցնել, վերջապես, որ ընկած չմնա»։ Իսկ աթոռը, երևի հետո ոտքով հետ է մղել, և որպեսզի չթրխկա, իր փեշն է կողքից հարմարեցրել։ Եվ, երևի, ես շատ-շատ հետո, մի ամբողջ ժամ կամ ավելի անցած եմ արթնացել. «Օլյա, կանչում եմ, Օլյա»։ Իսկույն մի բան ինձ թվաց, կանչում եմ նրան։ Գուցե նրա շնչառությունը չէի լսում անկողնուց, թե մթնում տեսա, միգուցե, որ կարծես դատարկ է նրա մահճակալը, միայն վերկացա հանկարծ, ձեռքս գցեցի, ոչ ոք չկար մահճակալին և բարձն էր սառը։ Սիրտս մարեց, կարծես առանց գիտակցության կանգնել եմ տեղումս, միտքս պղտորվեց։ «Դուրս է եկել, մտածում եմ»,― մի քայլ արեցի, տեսնեմ, մահճակալի մոտ, անկյունում, դռան մոտ, կարծես հենց ինքն է կանգնած։ Կանգնել եմ լուռ, նրան եմ նայում, իսկ նա խավարից, կարծես, ինձ է նայում ու ոչ մի շարժում չի անում... «Միայն թե, մտածում եմ, աթոռին ինչո՞ւ է կանգնել»։ «Օլյա, շշնջում եմ ես, ինքս վախվխում, Օլյա, լսո՞ւմ ես»։ Բայց հանկարծ կարծես ամեն բան լուսավորվեց իմ ներսում, մի քայլ արեցի, երկու ձեռքս մեկնեցի ուղիղ դեպի նա, գրկեցի, իսկ նա Օրորվում է իմ ձեռքերում, ավելի ամուր եմ բռնում, իսկ նա Օրորվում է, հասկանում եմ ամեն բան և չեմ ուզում հասկանալ... Ուզում եմ բղավել, բայց ձայն չկա... Ախ, մտածեցի։ Թափով ընկա հատակին, հենց էդտեղ էլ բղավեցի...»։
― Վասին,― ասացի ես առավոտյան արդեն ժամը հինգից հետո,― եթե ձեր Ստեբելկովը չլիներ, գուցե սա չպատահեր։
― Ով գիտե, երևի կպատահեր... այդ դեպքում այդպես դատել չի կարելի, այստեղ առանց այդ էլ պատրաստ էր... ճիշտ է, որ այդ Ստեբելկովը երբեմն...
Նա չավարտեց իր խոսքը և շատ տհաճ խոժոռվեց։ Ժամը վեցից հետո նա նորից գնաց, շարունակ ինչ-որ գործեր էր անում։ Վերջապես ես մնացի մեն-մենակ։ Արդեն լուսացել էր։ Գլուխս թեթև պտտվում էր։ Աչքիս Վերսիլովն էր երևում, այս տիկնոջ պատմածը նրան բոլորովին ուրիշ լույսով էր ներկայացնում։ Որպեսզի ավելի հարմար խորհեմ, ես պառկեցի Վասինի անկողնուն այնպես, ինչպես որ կայի, հագնված, սապոգներով. մի րոպեով, առանց քնելու մտադրության, և նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես պատահեց, հանկարծ քնեցի։ Քնած մնացի համարյա չորս ժամ, ոչ ոք ինձ չարթնացրեց։
Գլուխ տասներորդ
I
Ես արթնացա տասն անց կեսի մոտ և երկար ժամանակ չէի հավատում աչքերիս, այն բազմոցին, որի վրա ես քնել էի երեկ, նստած էր մայրս, իսկ նրա կողքին դժբախտ հարևանուհին, անձնասպանի մայրը։ Նրանք իրար ձեռք էին բռնել և խոսում էին շշնջալով, հավանաբար, որպեսզի ինձ չարթնացնեն, և երկուսն էլ լալիս էին։ Ես վեր կացա տեղիցս և նետվեցի համբուրելու մորս։ Նա ուղղակի փայլեց, համբուրեց և աջ ձեռքով երեք անգամ խաչակնքեց ինձ։ Մենք բառ անգամ չհասցրինք արտասանել. բացվեց դուռը, և ներս մտան Վերսիլովն ու Վասինը։ Մայրս իսկույն վերկացավ և իր հետ տարավ հարևանուհուն։ Վասինն ինձ ձեռք տվեց, իսկ Վերսիլովը ոչ մի բառ չասաց ինձ և փլվեց բազկաթոռին։ Նա և մայրս, ըստ երևույթին, արդեն բավական ժամանակ այստեղ էին գտնվում։ Նրա դեմքը խոժոռ էր ու մտահոգ։
― Ամենից շատ ցավում եմ,― հատ-հատ սկսեց ասել նա Վասինին, ըստ երևույթին, շարունակելով արդեն սկսված խոսակցությունը,― որ չհասցրի կատարել այս բոլորը հենց երեկ երեկոյան, և այդ դեպքում երևի, տեղի չունենար այս սոսկալի բանը։ Եվ ժամանակ էլ կար. դեռ ժամը ութը չկար։ Հենց նոր էր դուրս վազել նա երեկ մեր տանից, ես իսկույն մտքումս դրի գալ նրա հետևից այստեղ և վերահամոզել նրան, բայց այդ անակնկալ ու անհետաձգելի գործը, որն, ի դեպ, ես միանգամայն կարող էի հետաձգել այսօրվան... անգամ մեկ շաբաթով, այդ տհաճ գործը ամեն բանին խանգարեց և ամեն բան փչացրեց։ Մեկ էլ տեսար այսպես զուգադիպեց։
― Գուցեև չհասցնեիք համոզել, այստեղ առանց ձեզ էլ, կարծես, ամեն բան իր գագաթնակետին էր հասել,― հարևանցիորեն նկատեց Վասինը։
― Ոչ, կհասցնեի, հաստատ կհասցնեի։ Ախր, գլխովս անցավ միտք, իմ փոխարեն Սոֆիա Անդրեևնային ուղարկել։ Բայց առկայծեց, միայն առկայծեց։ Աոֆիա Անդրևենան մենակ էլ նրան կհաղթեր, և դժբախտը ողջ կմնար։ Ոչ, այլևս երբեք քիթս չեմ խոթի... «բարի գործ» կատարելու մեջ...
Եվ կյանքումս միայն մեկ անգամ մեջ ընկա։ Իսկ ես կարծում էի, որ դեռ հետ չեմ մնացել սերնդից և հասկանում եմ ժամանակակից երիտասարդությանը։ Այո, մեր հինն ավելի շուտ հնանում է, քան հասունանում։ Ի դեպ, չէ՞ որ իսկապես սոսկալի շատ ժամանակակից մարդիկ կան, որոնք, ըստ սովորության, շարունակում են իրենց երիտասարդ սերունդ համարել, որովհետև միայն երեկ դեռ այդպիսին են եղել, մինչդեռ չեն էլ նկատում, որ արդեն գծից դուրս են։
― Այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել և չափազանց պարզ թյուրիմացություն,― ողջախոհությամբ նկատեց Վասինը։― Նրա մայրն ասում է, որ հասարակաց տանը դաժան վիրավորանք ստանալուց հետո նա կարծես կորցրել է բանականությունը։ Դրան ավելացրեք իրադրությունը, վաճառականից ստացած սկզբնական վիրավորանքը... այս բոլորը ճիշտ այսպես կարող էր տեղի ունենալ նաև անցյալ ժամանակներում և, իմ կարծիքով, ամենևին չի բնութագրում հատկապես այժմյան երիտասարդությանը։
― Անհամբեր է մի փոքր այժմյան երիտասարդությունը, բացի, իհարկե, և իրականությունը քիչ հասկանալուց, որը թեև հատուկ է յուրաքանչյուր ժամանակի յուրաքանչյուր երիտասարդությանը, բայց այժմյան երիտասարդությանը մի տեսակ հատկապես... Ասացեք, իսկ ի՞նչ միջամտություն է այստեղ ունեցել պարոն Ստեբելկովը։
― Պարոն Ստեբելկովն է,― հանկարծ խառնվեցի ես,― ամեն բանի պատճառը։ Եթե նա չլիներ, ոչինչ չէր պատահի, նա յուղ լցրեց կրակի վրա։
Վերսիլովը լսեց, բայց ինձ չնայեց։ Վասինը խոժոռվեց։
― Հանդիմանում եմ ինձ նաև մի ծիծաղելի պարագայի համար,― անշտապ և առաջվա պես ձիգ տալով բառերը՝ շարունակեց Վերսիլովը,― կարծեմ, ես, ըստ իմ վատ սովորության, թույլ տվի ինձ այն ժամանակ մի տեսակ զվարթություն, թեթևամիտ ծիծաղկոտություն նրա հետ, մի խոսքով բավականաչափ կտրուկ, չոր ու մռայլ չէի. երեք հատկություն, որոնք, կարծեմ, նույնպես չափազանց մեծ գին ունեն ժամանակակից երիտասարդ սերնդի մոտ... Սի խոսքով, առիթ տվի նրան թափառական սելադոնի տեղ դնելու ինձ։
― Միանգամայն հակառակը,― նորից կտրուկ խառնվեցի ես,― մայրը հատկապես պնդում է, որ դուք հոյակապ տպավորություն եք թողել հենց ձեր լրջությամբ, խստությամբ, նույնիսկ անկեղծությամբ, սա նրա սեփական բառերն են։ Հանգուցյալն ինքն է ձեր գնալուն պես գովել ձեզ այդ իմաստով։
― Հ-հա՞,― վերջապես հարևանցիորեն մի հայացք նետելով ինծ վրա՝ ծամծմեց Վերսիլովը։― Դե, վերցրեք այս թուղթը, սա, ախր, գործի համար անհրաժեշտ է և թղթի մի փոքրիկ պատառիկ մեկնեց Վասինին։ Սա վերցրեց և, տեսնելով, որ ես նայում եմ հետաքրքրված, տվեց ինծ կարդալու։ Դա մի փոքրիկ գրություն էր, երկու անհավասար տող, որ ճանկռտված էր մատիտով, գուցեև խավարում։
«Մայրիկ, սիրելիս, ներեցեք ինծ, որ դադարեցրի կյանքիս դեբյուտը։ Ձեզ վշտացնող Օլյա»։
― Սա միայն առավոտյան են գտել,― բացատրեց Վասինը։
― Ի՜նչ տարօրինակ գրություն է,― զարմանքով բացականչեցի ես։
― Ինչո՞վ է տարօրինակ,― հարցրեց Վասինը։
― Մի՞թե նման րոպեին կարելի է հումորիստական արտահայտություններով գրել։
Վասինը հարցական ինձ էր նայում։
― Եվ հումորն էլ է տարօրինակ,― շարունակեցի ես,― ընկերների մեջ գոյություն ունեցող գիմնազիական պայմանական լեզու... Եվ ո՞վ կարող է այդպիսի մի րոպեի և այդպիսի երկտողում, որ ուղղված է դժբախտ մորը (իսկ մորը, չէ՞ որ, պարզվում է, նա սիրում էր), գրել, «դադարեցրի կյանքիս դեբյուտը»։
― Իսկ ինչո՞ւ չի կարելի գրել,― շարունակում էր չհասկանալ Վասինը։
― Այստեղ ամենևին ոչ մի հումոր չկա,― ի վերջո նկատեց Վերսիլովը,և արտահայտությունն, իհարկե, անհամապատասխան է, բոլորովին այն ոճով չէ, և իսկապես կարող էր ծնունդ առնել գիմնազիական կամ որևէ մի պայմանական-ընկերական, ինչպես դու ասացիր, լեզվում, գուցեև զանազան ֆելիետոններից, բայց հանգուցյալն այդ սոսկալի գրության մեջ Օգտագործել է այն միանգամայն լրջորեն և անկեղծ։
― Չի կարող պատահել, նա ավարտել էր լրիվ դասընթացը, այն էլ արծաթ մեդալով։
― Արծաթ մեդալն այստեղ ոչ մի նշանակություն չունի։ Հիմա շատերն են այդպես ավարտում։
― Նորից երիտասարդության հասցեին,― ժպտաց Վասինը։
― Ամենևին,― տեղից վերկենալով և գլխարկը վերցնելով՝ պատասխանեց նրան Վերսիլովը,― եթե այժմյան սերունդը այնքան էլ հակված չէ գրականության, ապա անշուշտ, ունի... այլ արժանիքներ,― արտակարգ լրջությամբ ավելացրեց նա։― Ըստ որում «շատերը», ոչ «բոլորը», այ ձեզ, օրինակ, հո չես մեղադրում գրական վատ զարգացման մեջ, իսկ դուք նույնպես դեռ երիտասարդ մարդ եք։
― Եվ Վասինն էլ ոչ մի վատ բան չտեսավ «դեբյուտ» բառի մեջ,― չդիմացա որ չնկատեմ ես։
Վերսիլովը լուռ ձեռքը մեկնեց Վասինին. սա էլ վերցրեց իր գդակը, որպեսզի դուրս գա նրա հետ և ձայն տվեց ինձ. «Ցտեսություն»։ Վերսիլովը դուրս եկավ առանց ինձ նկատելու։ Ես էլ ժամանակ չպիտի կորցնեի, ինչ ուզում է լիներ, պետք է վազեի բնակարան որոնելու, այժմ ավելի, քան երբևէ։ Մայրիկս արդեն տանտիրուհու մոտ չէր, նա գնացել էր ու հետը տարել հարևանուհուն։ Մի տեսակ առանձնապես աշխույժ ես դուրս եկա փողոց... Ինչ-որ նոր ու մեծ զգացություն էր ծնվում իմ հոգում։ Ընդ որում, կարծես դիտմամբ, ամեն բան նպաստում էր դրան, ես արտակարգ շուտ հանդիպեցի դիպվածի և միանգամայն համապատասխան բնակարան գտա. այդ բնակարանի մասին հետո, իսկ հիմա ավարտեմ գլխավորը։
Դեռ նոր էր ժամը մեկն անցել, երբ կրկին վերադարձա Վասինի մոտ' ճամպրուկս վերցնելու, և նորից նրան տանը գտա։ Տեսնելով ինձ նա անկեղծ և ուրախ տեսքով բացականչեց.
― Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանը գտաք, հենց հիմա ուզում էի դուրս գալ։ Կարող եմ ձեզ մի փաստ հաղորդել, որը, կարծեմ, շատ կհետաքրքրի ձեզ։
― Նախապես համոզված եմ,― բացականչեցի ես։
― Պա՛հ։ Ի՜նչ աշխույժ տեսք ունեք։ Ասացեք, դուք ոչինչ չգիտեի՞ք այն նամակի մասին, որը պահպանվել էր Կրաֆտի մոտ և երեկ հասել է Վերսիլովին, հենց նրա շահած ժառանգության կապակցությամբ։ Այդ նամակում կտակողը պարզաբանում է իր կամքը, դատարանի երեկվա վճռին հակառակ իմաստով։ Նամակը դեռ վաղուց է գրված։ Մի խոսքով, ես չգիտեմ, թե ինչ ճշգրտապես, բայց արդյո՞ք որևէ բան չգիտեք դուք։
― Ինչպե՜ս չէ։ Նախանցյալ օրը Կրաֆտը հենց դրա համար էլ կանչել է ինձ իր մոտ... այն պարոններից, որ հանձնի ինձ այդ նամակը, իսկ ես երեկ հանձնել եմ այն Վերսիլովին։
― Հա՞։ Ես այդպես էլ կարծում էի։ Պատկերացրեք, այն գործը, որի մասին քիչ առաջ այստեղ խոսում էր Վերսիլովը և որը երեկ երեկոյան խանգարել էր իրեն գալ այստեղ համոզելու այն աղջկան, հենց այդ նամակից էլ բխել էր։ Վերսիլովը տեղնուտեղը, հենց երեկ երեկոյան գնացել էր իշխան Սոկոլսկու փաստաբանի մոտ, այդ նամակը նրան հանձնել ու իր շահած ամբողջ ժառանգությունից հրաժարվել։ Ներկա պահին այդ հրաժարականն արդեն օրինական տեսք է ստացել։ Վերսիլովը ոչ թե նվիրում, այլ այդ արարքով իշխանների լիակատար իրավունքն է ճանաչում։
Ես քար կտրեցի, բայց հիացած էի։ Իսկապես, ես միանգամայն վստահ էի, որ Վերսիլովը կոչնչացնի նամակը, և դա դեռ քիչ է, թեև ասացի Կրաֆտին, թե դա անազնիվ բան կլիներ, թեև ինքս էլ շարունակ կրկնում էի մտքումս պանդոկում, և որ «ես ոչ թե սրա, այլ մաքուր մարդու մոտ եմ եկել», բայց էլ ավելի մտքումս, այսինքն հոգուս ամենախորքում, համարում էի, որ այլ կերպ չի էլ կարելի վարվել, քան իսպառ ոչնչացնելով փաստաթուղթը։ Այսինքն՝ ես դա ամենասովորական բանն էի համարում։ Եթե հետագայում ես նույնիսկ մեղադրեի Վերսիլովին, ապա միայն դիտավորյալ կմեղադրեի, ի տես ուրիշներին, որպեսզի իմ վսեմ դիրքը նրա նկատմամբ պահպանեմ։ Բայց այժմ լսելով Վերսիլովի սխրանքի մասին՝ ես անկեղծ ու լիակատար ցնծություն ապրեցի, զղջումով ու ամոթանքով դատապարտելով իմ անպատկառությունն ու անտարբերությունը առաքինության նկատմամբ և վայրկենապես Վերսիլովին անսահման վեր դասել ինձնից, քիչ մնաց, որ Վասինին գրկեի։
― Ի՜նչ մարդ է։ Ի՜նչ մարդ է։ Ո՞վ այդպիսի բան կաներ,― զմայլված բացականչում էի ես։
― Համաձայն եմ ձեզ հետ, որ շատ-շատերն այդ չէին անի... և որ, անկասկած, արարքը չափազանց անշահախնդիր է...
― «Բա՞յց»... ավարտեք ձեր ասելիքը, Վասին, դուք «բա՞յց» ունեք։
― Այո, իհարկե, «բայց» էլ կա. Վերսիլովի արարքը, իմ կարծիքով, մի քիչ շտապողական է և մի քիչ էլ ոչ այնքան շիտակ,― ժպիտաց Վասինը։
― Շիտակ չէ՞։
― Այո։ Այստեղ որոշ, կարծես, «պատվանդան» կա։ Որովհետև, համենայն դեպս, նույնը կարելի էր անել առանց իրեն զրկելու։ Եթե ժառանգության ոչ կեսը, ապա այնուամենայնիվ անկասկած որոշ մասը հիմա էլ կարող է հասնել Վերսիլովին, նույնիսկ ամենանրբանկատ հայացք գցելիս գործին, առավել ևս, որ փաստաթուղթը վճռական նշանակություն չուներ, իսկ դատը նա արդեն շահել էր։ Այս նույն կարծիքին է նաև հակառակ կողմի փաստաբանը, հենց նոր եմ նրա հետ խոսել։ Արարքը պակաս հրաշալի չէր լինի, բայց միայն հպարտության քմահաճույքից դրդված այլ կերպ ստացվեց։ Գլխավորն այն է, որ պարոն Վերսիլովը բորբոքվել է և ավելորդ շտապողականություն հայտնաբերել․ չէ՞ որ նա ինքն ասաց այն ժամանակ, որ կարող էր ամբողջ շաբաթով գործը հետաձգել...
― Գիտե՞ք ինչ, Վասին։ Ես չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ, բայց... այսպես ես ավելի եմ սիրում, այսպես ինձ ավելի է դուր գալիս։
― Թերևս, դա ճաշակի հարց է։ Դուք ինքներդ ինձ դրդեցիք, ես կլռեի։
― Նույնիսկ եթե այստեղ «պատվանդան կա, միևնույն է ավելի լավ է,― շարունակեցի ես,― թեև պատվանդանը պատվանդան է, բայց այն ինքնին շատ արժեքավոր բան է։ Չէ՞ որ այդ «պատվանդանը» նույն այն «իդեալն» է և հազիվ թե լավ է, որ այժմյան որոշ հոգիներում այն չկա. թեկուզև փոքրիկ այլակերպությամբ, բայց թող լինի։ Եվ, երևի, դուք ինքներդ էլ այսպես եք մտածում, Վասին, հոգյակս Վասին, սիրելիդ իմ Վա֊ սին։ Մի խոսքով, ես, իհարկե, խճճվեցի իմ խոսքում, բայց չէ՞ որ դուք ինձ հասկանում եք։ Հենց դրա համար էլ դուք Վասինն եք. և համենայն դեպս ես գրկում եմ ձեզ ու համբուրում, Վասին։
― Ուրախությունի՞ց։
― Մեծ ուրախությունից։ Քանզի մարդն այս «մեռած էր ու կենդանացավ, կորսվել էր ու գտնվեց»։ Վասին, ես անպիտան մի տղեկ եմ և արժանի չեմ ձեզ։ Եվ հենց այն պատճառով էլ խոստովանում եմ, որ լինում են րոպեներ, երբ բոլորովին ուրիշ՝ ավելի վեհ և ավելի խոր եմ լինում։ Այն բանի համար, որ նախանցյալ օրը ձեր երեսին գովեցի ձեզ (իսկ գովեցի միայն այն պատճառով, որ ինձ ստորացրել էին ու ճնշել), երկու օր շարունակ ատում էի ձեզ։ Նույն գիշերը ես ինձ խոսք տվեցի, երբեք չգալ ձեզ մոտ և երեկ առավոտյան եկա միայն կատաղությունից, հասկանո՞ւմ եք. կատաղությունից։ Այստեղ ես մենակ նստել էի աթոռին ու քննադատում էի ձեր սենյակը, և ձեզ, և ձեր յուրաքանչյուր գիրքը, և ձեր տանտիրուհուն, աշխատում էի ստորացնել ձեզ, ծիծաղել ձեզ վրա...
― Դա կարիք չկար ասելու...
― Երեկ երեկոյան ձեր մի նախադասությունից եզրակացնելով, որ դուք կանանց չեք հասկանում, ես ուրախ էի, որ դրանով կարողացել եմ ձեզ բռնացնել։ Քիչ առաջ բռնացնելով ձեզ «դեբյուտ» բառի վրա՝ կրկին սոսկալի ուրախ էի, և այդ բոլորը միայն այն պատճառով, որ ինքս այն ժամանակ ձեզ գովեցի...
― Բա էլ ինչպե՜ս,― ի վերջո բացականչեց Վասինը (նա շարունակում էր ժպտալ, ամենևին չզարմանալով ինձ վրա),― դա հենց միշտ էլ այդպես է լինում, համարյա բոլորին էլ այդպես է պատահում և նույնիսկ առաջին հերթին. միայն թե ոչ ոք դա չի խոստովանում և բոլորովին էլ պետք չէ խոստովանել, որովհետև բոլոր դեպքերում դա, կանցնի և ոչինչ դրանից չի լինի։
― Մի՞թե բոլորին է այդպես պատահում։ Մի՞թե բոլորն են այդպես։ Եվ դուք, ասելով այդ, հանգի՞ստ եք։ Բայց չէ՞ որ այդ հայացքով ապրել չի կարելի։
― Իսկ ձեր կարծիքով.
«Խավարի ստոր ճշմարտություններից ինձ համար թանկ է մեզ վեհացնող խաբեությո՞ւնը»։
― Բայց չէ՞ որ դա ճիշտ է,― բղավեցի ես,― բանաստեղծական այդ երկու տողում սրբազան աքսիոման է արտահայտված։
― Չգիտեմ, հանձն չեմ առնում որոշել, ճշմարիտ է, արդյոք, այդ երկու տողը, թե ոչ։ Հավանաբար, ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է գտնվում, այսինքն՝ մի դեպքում սրբազան ճշմարտությունն է, իսկ մյուսում սուտը։ Միայն մի բան գիտեմ հաստատ որ դեռ երկար ժամանակ այդ միտքը կմնա որպես մարդկանց միջև գոյություն ունեցող վիճելի կետերից ամենագլխավորներից մեկը։ Համենայն դեպս, ես նկատում եմ, որ դուք հիմա ուզում եք պարել։ Ի՜նչ կա որ, պարենք, զբոսանքն օգտակար է, իսկ ինձ վրա հենց այսօր սոսկալի շատ գործ են թափել... ձեզ հետ խոսելով էլ հո չուշացա՜։
― Գնում եմ, գնում, կորչում եմ։ Միայն մի բառ,― ճամպրուկս արդեն բռնած բղավեցի ես,― եթե հիմա ես նորից «ձեր վզովն ընկա», ապա միայն այն պատճառով, որ իմ ներս մտնելուն պես դուք այնպիսի անկեղծ հաճույքով հաղորդեցիք ինձ այդ փաստը և «ուրախացաք», որ ես հասցրի ձեզ տանը գտնել, և դա քիչ առաջվա «դեբյուտից» հետո, այդ անկեղծ հաճույքով դուք միանգամից «իմ պատանի սիրտը» կրկին ձեր կողմը դարձրիք։ Դե, մնաք բարով, մնաք բարով, կաշխատեմ որքան կարելի է երկար ժամանակ չգալ ձեզ մոտ և գիտեմ, որ դա չափազանց հաճելի կլինի ձեզ համար, տեսնում եմ նույնիսկ ձեր աչքերից, և երկուսիս համար էլ օգտակար կլինի...
Այսպես շաղակրատելով և խանդավառ շաղակրատանքիցս համարյա շնչասպառ լինելով ես դուրս բերեցի ճամպրուկս և դեպի բնակարանս ուղևորվեցի։ Եվ ամենագլխավորը ինձ սոսկալի դուր էր գալիս այն, որ Վերսիլովն այդքան անկասկած զայրանում էր ինձ վրա, խոսել ու վրաս նայել չէր ուզում։ Ճամպրուկս տեղ հասցնելուց հետո ես իսկույն թռա ծերունի իշխանիս մոտ։ Խոստովանում եմ, այս երկու օրը ինձ համար նույնիսկ մի քիչ ծանր էր առանց նրա։ Եվ Վերսիլովի մասին էլ հավանաբար նա արդեն լսել էր։
II
Ես այդպես էլ գիտեի, որ նա սոսկալի կուրախանա ինձ տեսնելով և, երդվում եմ, նույնիսկ առանց Վերսիլովի էլ ես այսօր գալու էի նրա մոտ։ Ինձ միայն երեկ և քիչ առաջ վախեցնում էր այն միտքը, որ թերևս այստեղ կարող եմ հանդիպել Կատերինա Նիկոլաևնային, բայց հիմա ես արդեն ոչնչից չէի վախենում։
Ուրախությունից իշխանն ինձ գրկեց։
― Վերսիլովին տեսա՞ք։ Լսե՞լ եք,― հենց գլխավորից սկսեցի ես։
― Cher enfant, սիրելի բարեկամս, դա այնքան վեհ, այնքան ազնվաբարո մի արարք է. մի խոսքով նույնիսկ Կիլյանի (վարում նստած այդ աստիճանավորի) վրա ցնցող տպավորություն թողեց։ Դա ողջամիտ չէ նրա կողմից, բայց փայլուն արարք, ուղղակի սխրագործություն է։ Իդեալը պետք է գնահատել։
― Իսկապես, չէ՞։ Իսկապես, չէ՞։ Այդ հարցում մենք միշտ համամիտ ենք եղել։
― Սիրելի՛ս, մենք միշտ էլ համամիտ ենք եղել։ Ո՞ւր էիր։ Ես ինքս էի ուզում քեզ մոտ գալ անպայման, բայց չգիտեի, որտեղ քեզ գտնեմ... Որովհետև այնուամենայնիվ, հո չէի կարող Վերսիլովի տուն գալ... Թեև այժմ, այս բոլորից հետո... Գիտե՞ս, բարեկամս, ինձ թվում է հենց սրանով, հենց այս հատկություններով էլ նա հաղթել է կանանց, դա անկասկած է...
― Ի դեպ, որպեսզի չմոռանամ, հենց ձեզ համար եմ պահել։ Երեկ մի անարժան խեղկատակ, իմ երեսին վատաբանելով Վերսիլովին, նրա մասին ասաց, թե «կնկա մարգարե» է. մի արտահայտությունը տեսեք, իսկապես ի՜նչ արտահայտություն է։ Ձեզ համար էի պահել...
― «Կնկա մարգարե»։ Mais...c’est charmant[32]։ Հա՛-հա՛։ Բայց դա նրան շատ է սազում, այսինքն բոլորովին էլ չի սազում, թուհ... Բայց այնքան դիպուկ է... այսինքն բոլորովին էլ դիպուկ չէ, բայց...
― Ոչինչ, ոչինչ, անհարմար մի զգացեք, ուղղակի դրան որպես սիրուն խոսքի նայեցեք։
― Որպես սիրուն խոսք հրաշալի է և, գիտե՞ս, շատ խոր իմաստ ունի... Բացարձակ ճշմարիտ միտք է։ Այսինքն հավատո՞ւմ ես... Մի խոսքով, քեզ մի պստիկ գաղտնիք կհայտնեմ։ Նկատեցի՞ր այն ժամանակ այդ Օլիմպիադային։ Հավատո՞ւմ ես, որ նրա սիրտը մի քիչ ճմլվում է Անդրեյ Պետրովիչի համար և այն էլ այնքան, որ նույնիսկ, կարծես, թե մի բան տածում է...
― Տածո՜ւմ է։ Իսկ սա, արդյոք, չի՞ ուզում,― վրդովված, բթով անվայել նշան ցույց տալով՝ բղավեցի ես։
― Mon cher, մի բղավիր, դա իսկապես այդպես է, և դու, թերևս, իրավացի ես քո տեսակետից։ Ի դեպ, բարեկամ, քեզ ի՞նչ պատահեց անցյալ անգամ Կատերինա Նիկոլաևնայի ներկայությամբ։ Դու օրորվում էիր... ես կարծեցի, կընկնես, և ուզում էի նետվել քեզ բռնելու։
― Դրա մասին հետո։ Դե, մի խոսքով, ես ուղղակի շփոթվեցի, մի պատճառով...
― Դու հիմա էլ շիկնեցիր։
― Դե, իսկ ձեզ հարկավոր է տեղնուտեղը գունազարդել։ Գիտեք, որ նա թշնամի է Վերսիլովին... և այստեղից էլ որոշ բաներ, դե ես էլ հուզվեցի, էհ, թողնենք դա, հետո։
― Եվ թողնենք, և թողնենք, ես ինքս էլ ուրախ կլինեմ այդ բոլորը թողնել... Մի խոսքով, ես չափազանց մեղավոր եմ նրա առաջ և նույնիսկ, հիշո՞ւմ ես, մի օր փնթփնթում էի քո ներկայությամբ... Մոռացիր դա, բարեկամս, նա էլ իր կարծիքը կփոխի քո մասին, ես դա շատ լավ կանխազգում եմ... Ահա և իշխան Սերյոժան։
Ներս մտավ երիտասարդ ու գեղեցիկ մի սպա։ Ես ագահորեն նրան նայեցի, դեռ երբեք չէի տեսել նրան։ Այսինքն, ասում եմ գեղեցիկ, ճիշտ այնպես, ինչպես բոլորն են նրա մասին ասում, բայց այդ երիտասարդ ու գեղեցիկ դեմքին ինչ-որ ոչ այնքան գրավիչ բան կար։ Ես դա նկատում եմ առանձնապես, որպես ամենաառաջին պահի, նրան ուղղված իմ առաջին հայացքի տպավորություն, որ մնաց իմ մեջ ընդմիշտ։ Նա նիհար էր, հրաշալի բոյի, մուգ խարտյաշ մազերով, թարմ, թեև մի փոքր դեղնավուն դեմքով և վճռական հայացքով։ Նրա հրաշալի մուգ աչքերը մի փոքր խստահայաց էին, նույնիսկ երբ միանգամայն հանգիստ էր նա։ Բայց նրա վճռական հայացքը հենց նրանով էլ վանում էր, որ, չգիտես ինչպես և ինչու, այդ վճռականությունը չափազանց էժան էր նրա վրա նստում։ Սակայն, արտահայտվել չեմ կարողանում... Իհարկե, նրա դեմքն ընդունակ էր խիստ արտահայտությունից հանկարծ փոխարկվելու սիրալիր, հեզ և քնքուշ արտահայտության և, որ գլխավորն է, փոխարկման անկասկած միամտությամբ։... Հենց այդ միամտությունն էլ գրավում էր։ Մի հատկանիշ էլ կնկատեմ, չնայած սիրալիրությանն ու միամտությանը, երբեք այդ դեմքը զվարթ չէր դառնում, նույնիսկ երբ իշխանը քրքջում էր ի սրտե, դուք այնուամենայնիվ զգում էիք, որ իսկական պայծառ, թեթև ուրախություն երբեք էլ չի եղել նրա սրտում... Սակայն, չափազանց դժվար է այդպես նկարագրել դեմքը։ Դա ես ամենևին չեմ կարողանում։ Ծեր իշխանն իսկույն նետվեց մեզ ծանոթացնելու, համաձայն իր հիմար սովորության։
― Սա իմ պատանի բարեկամն է, Արկադի Անդրեևիչ (էլի Անդրեևիչ) Դոլգոռուկին։
Երիտասարդ իշխանը դեմքի կրկնակի քաղաքավարի արտահայտությամբ իսկույն դարձավ դեպի ինձ. բայց երևում էր, որ իմ անունը նրան միանգամայն անծանոթ է։
― Նա... Անդրեյ Պետրովիչի ազգականն է,― մրթմրթաց իմ վրդովեցուցիչ իշխանը։ (Ի՜նչ վրդովեցուցիչ են լինում երբեմն այդ ծերունիներն իրենց սովորություններով)։ Երիտասարդ իշխանն իսկույն գլխի ընկավ։
― Ախ, ես այնքան վաղուց եմ լսել,― արագ արտասանեց նա,― ես արտակարգ հաճույք եմ ունեցել անցյալ տարի Լուգայում ծանոթանալու ձեր քրոջ՝ Լիզավետա Մակարովնայի հետ... Նա էլ է ինձ ձեր մասին պատմել...
Ես նույնիսկ զարմացա, նրա դեմքին վճռականապես անկեղծ հաճույք էր փայլում։
― Թույլ տվեք, իշխան,― թոթովեցի ես՝ ետ տանելով երկու ձեռքս,― ես ձեզ անկեղծ պետք է ասեմ (և ուրախ եմ, որ ասում եմ մեր սիրելի իշխանի ներկայությամբ),― որ ես նույնիսկ ուզում էի ձեզ հանդիպել, և դեռ վերջերս էի ուզում, ընդամենը երեկ, բայց արդեն բոլորովին այլ նպատակներով։ Ես սա ուղղակի ձեր երեսին եմ ասում, որքան էլ որ դուք զարմանալու լինեք։ Կարճ ասած ես ուզում էի ձեզ մենամարտի հրավիրել այն վիրավորանքի համար, որ դուք տարիուկես առաջ հասցրել եք Վերսիլովին Էմսում։ Եվ թեև դուք, իհարկե, գուցե չգայիք իմ հրավերին, որովհետև ես ընդամենը մի գիմնազիստ եմ և անչափահաս դեռահաս, այնուամենայնիվ ես, միևնույն է, ձեզ պետք է հրավիրեի մենամարտի, ինչպես էլ, որ դուք այն ընդունեիք և ինչ էլ որ դուք անեիք... և, խոստովանում եմ, որ նույնիսկ հիմա էլ նույն նպատակներն ունեմ։
Ծեր իշխանը հետո ինձ հաղորդեց, որ ինձ հաջողվել էր չափազանց ազնիվ ձևով սա արտահայտել։
Անկեղծ վիշտ արտահայտվեց իշխանի դեմքին։
― Դուք թույլ չտվիք, որ խոսքս ավարտեմ,― պատկառազդու պատասխանեց նա։― Եթե ես սրտիցս բխած խոսքերով ձեզ դիմեցի, ապա դրա պատճառը հենց այժմյան, իսկական զգացմունքներս են Անդրեյ Պետրովիչի նկատմամբ։ Ափսոսում եմ, որ չեմ կարող հիմա հաղորդել ձեզ բոլոր պարագաները, բայց պատվովս եմ ձեզ հավատացնում, ես արդեն շատ վաղուց եմ խորին զղջումով նայում իմ ողորմելի արարքին Էմսում։ Ճանապարհ ընկնելով Պետերբուրգ ես վճռել էի ամեն տեսակ բավարարություն տալ Անդրեյ Պետրովիչին, այսինքն՝ ուղղակի, բառացիորեն ներողություն խնդրել նրանից այն ձևով, որ նա ինքը կընտրի։ Բարձրագույն և հզոր ազդեցություններն են պատճառ եղել իմ հայացքի փոփոխմանը։ Այն, որ մենք դատ էինք վարում, չէր ազդի իմ վճռի վրա ամենևին։ Իսկ երեկվա նրա արարքը իմ նկատմամբ, այսպես ասած, ցնցեց իմ հոգին, և նույնիսկ այս րոպեիս, հավատո՞ւմ եք, ես դեռ, կարծես, ուշքի չեմ եկել։ Եվ ահա պետք է հաղորդեմ ձեզ (և հենց իշխանի մոտ էլ եկել եմ հաղորդելու մի արտակարգ պարագա), երեք ժամ առաջ, այսինքն ճիշտ այն ժամին, երբ նա փաստաբանի հետ միասին կազմում է այդ արձանագրությունը, եկավ ինձ մոտ Անդրեյ Պետրովիչի կողմից լիազորված մեկը և Էմսում տեղի ունեցած պատմության պատճառով մենամարտի պաշտոնական հրավեր հաղորդեց ինձ...
― Նա մենամարտի՞ է հրավիրել ձեզ,― բղավեցի ես և զգացի, որ աչքերս վառվեցին, և արյունս հորդաց դեպի դեմքս։
― Այո, հրավիրել է. ես իսկույն ընդունեցի հրավերը, բայց վճռեցի, դեռ հանդիպումից առաջ նրան նամակ ուղարկել, որում շարադրում եմ հայացքս արարքիս վրա և ողջ իմ զղջումն այդ սոսկալի սխալի կապակցությամբ... որովհետև դա միայն սխալ էր, դժբախտ, ճակատագրական սխալ։ Նկատեմ նաև այն, որ իմ դիրքը գնդում ստիպում էր ինձ վտանգել պատիվս, հանդիպումից առաջ այդպիսի նամակի համար ես ենթարկում էի ինձ հասարակական դատի... հասկանո՞ւմ եք։ Բայց չնայած նույնիսկ դրան, ես սիրտ արեցի, բայց չհասցրի նամակս ուղարկել, որովհետև հրավերից մեկ ժամ հետո նորից մի գրություն ստացա նրանից, որում նա խնդրում է ինձ ներել իրեն, որ անհանգստացրել է և մոռանալ հրավերի մասին, ավելացնում է նաև, որ զղջում է իր այդ «փոքրոգության ու եսասիրության րոպեական պոռթկումի» համար, սա նրա սեփական բառերն են։ Այսպիսով նա այժմ միանգամայն հեշտացնում է նամակս ուղարկելու քայլս։ Ես դեռ չեմ ուղարկել այն, բայց հենց դրա համար էլ եկել եմ որոշ բան ասելու իշխանին... Եվ հավատացեք, ես իմ խղճի խայթից շատ ավելի եմ տառապել, քան, միգուցե, ուրիշ մեկը... Բավակա՞ն է ձեզ համար այս բացատրությունը, Արկադի Մակարովիչ, գոնե հիմա, առայժմ։ Պատիվ կանե՞ք, լիովին հավատալու իմ անկեղծությանը։
Ես լիովին պարտված էի. ես տեսում էի անկասկած ուղղամտություն, որն ամենևին չէի սպասում։ Եվ ոչ մի նման բան չէի սպասում։ Ես մի բան մրթմրթացի ի պատասխան և ուղղակի երկու ձեռքս նրան պարզեցի, նա ուրախությամբ ցնցեց ձեռքերս իր ձեռքերում։ Հետո տարավ իշխանին և մի հինգ րոպե խոսեց նրա հետ նրա ննջասենյակում։
― Եթե դուք ուզենայիք մի առանձնակի հաճույք պատճառել ինձ,― բարձր ու շիտակ դիմեց նա ինձ դուրս գալով իշխանի ննջասենյակից,― ապա հենց հիմա կգայիք ինձ հետ, և ես ձեզ ցույց կտայի այն նամակը, որ տեղնուտեղն ուղարկում եմ Անդրեյ Պետրովիչին, ինչպես նաև նրա նամակը ինձ։
Ես սրտանց համաձայնեցի։ Իշխանս իրարով անցավ ինծ ճանապարհ դնելիս և ինքն էլ ինձ մեկ րոպեով իր ննջասենյակը հրավիրեց։
― Mon ami, որքան ուրախ եմ, որքան ուրախ եմ... Այս բոլորի մասին մենք հետո։ Ի դեպ, ահա այս պորտֆելում երկու նամակ ունեմ, մեկը պետք է տեղ հասցնել և անծամբ բացատրվել, մյուսը բանկ և այնտեղ նույնպես... Եվ այստեղ նա ինձ հանձնարարեց երկու, իբր անհետաձգելի, արտակարգ աշխատանք և ուշադրություն պահանջող գործ։ Պետք էր տանել և իսկապես հանձնել, ստորագրել և այլն։
― Ախ, ի՜նչ խորամանկն եք,― բացականչեցի ես վերցնելով նամակները,― երդվում եմ, որ այս բոլորը դատարկ բաներ են և ոչ մի գործ այստեղ չկա, իսկ այս երկու հանձնարարությունը դուք դիտավորյալ եք հորինել, որպեսզի ինձ հավատացնեք, թե ես ծառայում եմ և իզուր տեղը փող չեմ վերցնում։
― Mon enfant, երդվում եմ, որ դրանում դու սխալվում ես. սրանք երկու ամենաանհետաձգելի գործեր են... Cher enfant!,― բղավեց նա հանկարծ՝ սոսկալի խանդաղատելով,― սիրելի պատանյակս (նա երկու ծեռքը գլխիս դրեց)։ Օրհնում եմ քեզ ու քո բախտը... Եկ մշտապես սրտով մաքուր լինենք, ինչպես այսօր... բարի ու գեղեցիկ որքան կարելի է ավելի... սիրենք գեղեցիկը... նրա ամենատարբեր ծևերով... Դեհ, enfin... enfin rendons grâce... et je e bénis[33]։
Նա չավարտեց ու հեծկլտաց գլխավերևս։ Խոստովանում եմ, ես էլ համարյա արտասվեցի, համենայն դեպս անկեղծ և հաճույքով գրկեցի իմ խենթուկին։ Մենք սրտանց համբուրվեցինք։
III
Իշխան Սերյոժան (այսինքն` իշխան Սերգեյ Պետրովիչը, այսպես էլ նրան անվանելու եմ) պճնագեղ մի կառեթով բերեց ինձ իր բնակարանը, և ես առաջին հերթին հիացա նրա բնակարանի շքեղությամբ։ Այսինքն ոչ այն է, թե բնակարանն այդ շքեղ էր, այլ այնպես էր, ինչպես լինում են «ամենաօրինավոր մարդկանց» բնակարանները․ բարձր առաստաղներ, մեծ ու լուսավոր սենյակներ (ես տեսա երկուսը, մյուսների դռները վրա էին դրված) և կահկարասին՝ նույնպես, թեև ոչ Աստված գիտե, թե ինչ Versailles[34] կամ Renaissance[35], բայց փափուկ, հարմարավետ, ամենալայն հնարավորությունների չափով առատ, գորգեր, փորագրած փայտեղեն ու արձանիկներ։ Մինչդեռ նրանց մասին բոլորն ասում էին, թե նրանք ծայր աստիճանի աղքատ են և թե բոլորովին ոչինչ չունեն։
Սակայն ես հարևանցիորեն լսել էի, որ այդ իշխանը ամենուրեք, ուր կարողացել է, թե այստեղ, թե Մոսկվայում և նախկին գնդում, թե Փարիզում թոզ է փչել մարդկանց աչքերին, որ նա նույնիսկ խաղամոլ է և որ պարտքեր ունի։ Իմ հագին չափազանց ճմրթված մի սերթուկ կար, այն էլ աղվափետուրների մեջ կորած, որովհետև ես այդպես էլ քնել էի, առանց շորերս հանելու, իսկ վերնաշապիկս արդեն չորրորդ օրն էր, որ չէի փոխել։ Սակայն սերթուկս դեռ այնքան վատ վիճակում չէր, բայց իշխանի տուն ընկնելով, ես հիշեցի Վերսիլովի ինձ համար նոր հագուստ կարել տալու առաջարկը։
― Պատկերացրեք, ես մի անձնասպանության կապակցությամբ ողջ գիշեր հագնված եմ քնել,― նկատեցի ես ցրված տեսքով և, քանի որ նա իսկույն հետաքրքրություն ցուցաբերեց, հակիրճ պատմեցի։ Բայց նրան, ըստ երևույթին, ամենից շատ իր նամակն էր հետաքրքրում։ Եվ որ գլխավորն է, ինձ համար տարօրինակ էր, որ նա ոչ միայն չժպտաց, այլև ամենաչնչին չափով անգամ որևէ վերաբերմունք ցույց չտվեց, երբ սրանից քիչ առաջ ուղղակի հայտարարեցի, թե ուզեցել եմ նրան մենամարտի հրավիրել։ Թեկուզև կարողանայի ստիպել նրան չծիծաղել, այնուամենայնիվ այս տիպի մարդու համար դա տարօրինակ էր։ Մենք նստեցինք դեմ֊դիմաց սենյակի մեջտեղում դրված նրա գրասեղանի մոտ, և նա ինձ հանձնեց կարդալու արդեն պատրաստ և մաքուր արտագրված իր նամակը Վերսիլովին։ Այդ փաստաթուղթը շատ նման էր այն ամենին, որ նա պատմել էր ինձ դրանից առաջ իմ իշխանի մոտ. նույնիսկ կրակոտ էր գրված։ Նրա այդ ակնհայտ շիտակությունն ու լավի նկատմամբ պատրաստակամությունը ես, ճիշտն ասած, դեռ չգիտեի ինչպես ընդունեի վերջիվերջո, բայց արդեն սկսել էի անձնատուր լինել, քանի որ, իսկապես, ինչո՞ւ չպիտի հավատայի որ։ Ինչ մարդ ուզում է լինի և ինչ էլ որ պատմեն նրա մասին, այնուամենայնիվ, լավ հակումներ էլ կարող է նա ունենալ։ Ես աչքի անցկացրի նաև Վերսիլովի վերջին յոթ տողանոց գրությունը, մենամարտի հրավերի նրա հրաժարումը։ Թեև իսկապես նա այստեղ գրում է իր «փոքրոգության» և իր «եսասիրության» մասին, բայց ամբողջությամբ վերցրած, այդ գրությունը ինչ-որ մի գոռոզամտությամբ էր աչքի ընկնում... կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, այդ ողջ արարքով ինչ-որ մի արհամարհանք էր ի հայտ գալիս։ Սակայն ես դա չասացի։
― Իսկ դուք ինչպե՞ս եք նայում այս հրաժարումին,― հարցրի ես,― չէ՞ որ չեք կարող կարծել, թե նա վախկոտություն է արել։
― Իհարկե, ոչ,― ժպտաց իշխանը, թեև ինչ-որ շատ լուրջ ժպիտով, և ընդհանրապես, գնալով նա ավելի ու ավելի մտահոգ դարձավ,― ես չափազանց լավ գիտեմ, որ այդ մարդը քաջ է։ Այստեղ, իհարկե, այլ տեսակետ է... մտքերի իր սեփական տեղադասում...
― Անկասկած,― կրակոտ ընդհատեցի ես։― Մի Վասին կա, որն ասում է, թե նրա այն նամակի հետ կապված արարքի և ժառանգությունից հրաժարվելու մեջ «պատվանդան» է առկա... Իմ կարծիքով, նման բաները ցուցամոլության համար չեն արվում, այլ ինչ-որ ներքին, հիմնավոր բանի են համապատասխանում։
― Ես շատ լավ ճանաչում եմ պարոն Վասինին,― նկատեց իշխանը։
― Ախ, հա՜, դուք պետք է որ նրան տեսած լինեք Լուգայում։
Հանկարծ մենք իրար նայեցինք, և ես, հիշում եմ, կարծեմ, մի փոքր շիկնեցի։ Համենայն դեպս, նա փոխեց խոսակցությունը։ Սակայն ես շատ էի ուզում շարունակել խոսել։ Երեկվա իմ մի հանդիպման մասին միտքը գայթակղում էր ինձ որոշ հարցեր տալ նրան, միայն թե չգիտեի, ինչպես սկսեմ։ Եվ, ընդհանրապես մի տեսակ չափազանց նեղվում էի։ Ապշեցնում էր ինձ նաև նրա զարմանալի բարեկրթությունը, քաղաքավարությունը, շարժուձևի անբռնազբոսությունը, մի խոսքով նրանց ոճի ողջ այն փայլը, որ նրանք ընդունում են համարյա օրորոցից։ Նրա նամակում ես երկու չափազանց կոպիտ քերականական սխալ տեսա։ Եվ ընդհանրապես նման հանդիպումների ժամանակ ես երբեք չեմ ստորանում, այլ սաստիկ կտրուկ եմ դառնում, որ երբեմն, թերևս, վատ է։ Բայց ներկա դեպքում դրան հատկապես նպաստում էր նաև այն միտքը, որ ես աղվափետուրի մեջ կորած եմ, այնպես որ նույնիսկ մի քիչ չափն անցկացրի և ինձ մտերմավարի պահեցի... Կամաց-կամաց ես նկատեցի, որ իշխանը երբեմն չափազանց սևեռուն է ինձ զննում։
― Ասացեք, իշխան,― հանկարծակի հարցրի ես նրան,― արդյոք ձեր մտքում ծիծաղելի չե՞ք համարում այն, որ ես՝ դեռ «կաթը բերնին չցամաքած մի տղեկ», ձեզ մենամարտի էի ուզում հրավիրել, այն էլ ուրիշին հասցրած վիրավորանքի պատճառով։
― Հոր վիրավորանքի պատճառով շատ էլ կարելի է վիրավորվել։ Ոչ, ծիծաղելի չեմ համարում։
― Իսկ ինծ թվում է, որ դա շատ ծիծաղելի է... որոշակի տեսակետից... այսինքն հասկանալի է, որ ոչ իմ սեփական տեսակետից։ Առավել ևս, որ ես Դոլզոռուկի եմ, և ոչ Վերսիլով։ Իսկ եթե դուք ինձ ճիշտ չեք ասում կամ բարձրաշխարհիկ հղկվածության պատշաճությունից դրդված, մեղմելու նպատակով եք ասում, ապա, ուրեմն, դուք մնացած բոլոր բաներում էլ եք ինձ խաբում։
― Ոչ, ծիծաղելի չեմ համարում,― կրկնեց նա չափազանց լուրջ,― չէ՞ որ չեք կարող դուք չզգալ ձեր մեջ ձեր հոր արյունը... ճիշտ է, որ դուք դեռ երիտասարդ եք, որովհետև... չգիտեմ... կարծեմ, չափահաս տարիքին չհասած մարդը չի կարող մենամարտել և նրանից դեռ չի կարելի մարտահրավեր ընդունել... համաձայն կարգի... Բայց, եթե կուզեք, այստեղ միայն մի լուրջ առարկություն կարող է լինել, եթե դուք մենամարտի եք հրավիրում առանց վիրավորվածի գիտության, որի վիրավորվածության պատճառով եք դուք այդ անում, ապա հենց դրանով կարծես նրա նկատմամբ ձեր սեփական որոշ անարգանքն եք արտահայտում, ճիշտ չէ՞։
Մեր խոսակցությունը հանկարծ ընդհատեց սպասավորը, որ ներս էր մտել մի բան զեկուցելու։ Սպասավորին տեսնելով իշխանը, որ կարծես, սպասում էր նրան, վերկացավ տեղից, առանց իր խոսքն ավարտելու, և արագ մոտեցավ նրան, այնպես որ նա արդեն կիսաձայն զեկուցեց, և ես, իհարկե, չլսեցի, թե ինչ։
― Ներեցեք ինձ,― դիմեց ինձ իշխանը,― ես մեկ րոպեից կվերադառնամ։
Եվ դուրս եկավ։ Ես մենակ մնացի, քայլում էի սենյակում ու մտածում։
Տարօրինակ էր, նա ինձ և դուր էր գալիս, և սոսկալի դուր չէր գալիս։ Կար մի բան, որը ես ինքս էլ չէի կարող անվանել, բայց վանող մի բան էր դա։ «Եթե նա բոլորովին չի ծիծաղում ինձ վրա, ապա, անկասկած, չափազանց անկեղծ է, բայց եթե նա ծիծաղեր ինձ վրա, ապա... գուցե այդ դեպքում ինձ ավելի խելոք կթվար...»,― մի տեսակ տարօրինակ մտածեցի ես։ Ես մոտեցա սեղանին և մի անգամ էլ կարդացի Վերսիլովին ուղղված նամակը։ Տարվելով, նույնիսկ մոռացա ժամանակի մասին, իսկ երբ ուշքի եկա, հանկարծ նկատեցի, որ իշխանի մեկ րոպեն, անշուշտ, արդեն ամբողջ քառորդ ժամ է շարունակվում։ Դա մի փոքր հուզեց ինձ. ես մի անգամ էլ ետ ու առաջ արեցի, ի վերջո գլխարկս վերցրի և, հիշում եմ, վճռեցի հեռանալ այն մտքով, որ մարդ հանդիպելու դեպքում, ուղարկեմ իշխանին կանչելու, իսկ նրա գալուն պես, ուղղակի հրաժեշտ տամ նրան, հավատացնելով, թե գործեր ունեմ և այլևս սպասել չեմ կարող։ Ինձ թվում էր, թե այդպես ավելի վայելուչ կլինի, որովհետև ինձ մի փոքր տանջում էր այն միտքը, թե նա, այդքան երկար ժամանակ ինձ մենակ թողնելով, անփույթ է վարվում ինձ հետ։
Այս սենյակի երկու փակ դռներն էլ միևնույն պատի երկու ծայրերին էին գտնվում։ Մոռանալով, թե որ դռնից մենք ներս մտանք, իսկ ավելի շուտ ցրվածությունից, ես բացեցի դրանցից մեկը, և հանկարծ նեղ ու երկար սենյակում բազմոցին նստած տեսա քրոջս՝ Լիգային։ Նրանից բացի, ոչ ոք չկար, և նա, իհարկե, մեկին սպասում էր։ Բայց ես նույնիսկ զարմանալ չհասցրի, երբ հանկարծ լսեցի մեկի հետ բարձր խոսող ու աշխատասենյակ վերադարձող իշխանի ձայնը։ Ես արագ վրա դրի դուռը, և մյուս դռնից ներս մտնող իշխանը ոչինչ չնկատեց։ Հիշում եմ, նա սկսեց ներողություն խնդրել և ինչ-որ բան ասաց ինչ-որ մի Աննա Ֆյոդորովնայի մասին... Բայց ես այնքան շփոթված էի ու զարմացած, որ համարյա ոչինչ չհասկացա, միայն մրթմրթացի, թե անհապաղ տուն պետք է գնամ, հետո համառորեն ու արագ դուրս եկա։ Բարեկիրթ իշխանը, իհարկե, հետաքրքրությամբ պետք է նայեր իմ թափած ձևերին։ Նա ուղեկցեց ինձ մինչև նախասենյակ և շարունակ խոսում էր, իսկ ես չէի պատասխանում և չէի նայում նրան։
IV
Փողոց դուրս գալով ես դեպի ձախ շրջվեցի և անորոշ ուղղությամբ քայլեցի։ Գլխումս ոչինչ չէր կապվում։ Քայլում էի դանդաղ և, կարծես, շատ ճանապարհ անցա, մի հինգ հարյուր քայլ, երբ հանկարծ զգացի, որ մեկը թեթև խփեց ուսիս։ Շրջվեցի և տեսա Լիզային, նա հասել էր իմ հետևից և հովանոցով թեթև խփել ուսիս։ Սոսկալի ուրախ ու մի կաթիլ էլ խորամանկ բան կար նրա շողացող հայացքում։
― Ախ, ինչ ուրախ եմ, որ դու դեպի այս կողմ էիր գնացել, թե չէ այսօր էլ ոչ մի կերպ քեզ չէի հանդիպի,― նա մի փոքր շնչասպառ էր արագ քայլելուց։
― Ինչպես ես հևում։
― Սոսկալի վազել եմ, ուզում էի քեզ հասնել։
― Լիզա, ես քե՞զ տեսա հենց նոր։
― Այդ որտե՞ղ։
― Իշխանի մոտ... իշխան Սոկոլսկու...
― Ոչ, ինձ չէ, ոչ, ինձ չես տեսել...
Ես լռեցի, և մենք մի տասը քայլ գնացինք։ Լիզան սաստիկ քրքջաց.
― Ինձ, ինձ, իհարկե, ինձ։ Լսիր, ախր, դու ինքդ ինձ տեսար, ախր դու ինքդ աչքերիս մեջ նայեցիր, ես էլ քո աչքերի մեջ նայեցի, էլ ինչպե՞ս ես հարցնում, ինձ ես տեսել, արդյոք, թե ոչ։ Համա թե բնավորություն ունես։ Բայց գիտե՞ս, ես շատ էի ուզում ծիծաղել, երբ դու աչքերիս մեջ էիր նայում այնտեղ, դու սոսկալի ծիծաղելի էիր նայում։
Նա սաստիկ քրքջում էր։ Ես զգացի, թե ինչպես ողջ սրտնեղությունս իսկույն հեռացավ սրտիցս։
― Բայց ինչպե՞ս, ասա, ինչպես այնտեղ հայտնվեցիր։
― Աննա Ֆեոդորովնայի մոտ էի։
― Ի՞նչ Աննա Ֆյոդորովնա։
― Ստոլբեևայի։ Երբ մենք Լուգայում էինք ապրում, ես օրերով նրա մոտ էի լինում, նա մայրիկին էլ էր իր տանն ընդունում, ինքն էլ նույնիսկ մեր տուն էր գալիս։ Իսկ նա այնտեղ համարյա ոչ ոքի մոտ հյուր չէր գնում։ Նա Անդրեյ Պետրովիչի հեռավոր ազգականուհին է, և Սոկոլսկի իշխանների էլ ազգականուհին է, նա իշխանին ինչ-որ տատիկ է գալիս։
― Ուրեմն, նա իշխանի տա՞նն է ապրում։
― Ոչ, իշխանն է նրա տանը ապրում։
― Ուրեմն, ո՞ւմ բնակարանն է։
― Ստոլբեևայի բնակարանն է, ողջ բնակարանը նրանն է արդեն ամբողջ տարին։ Իշխանը հենց նոր է եկել, նրա մոտ էլ իջևանել է։ Նա ինքն էլ ընդամենը չորս օր է, ինչ Պետերբուրգում է։
― Դե... գիտե՞ս ինչ, Լիզա, Աստված նրա հետ էլ, նրա բնակարանի էլ...
― Ոչ, նա սքանչելի կին է։
― Թող, թող սքանչելի լինի։ Մենք ինքներս էլ ենք սքանչելի։ Մի տե՛ս, ի՜նչ օր է, տե՛ս, ի՜նչ լավ է։ Ի՜նչ գեղեցկուհի ես այսօր, Լիզա։ Բայց իսկապես, դու սոսկալի երեխա ես։
― Արկադի, ասա, այն աղջիկը, այն երեկվա աղջիկը։
― Ախ, ի՜նչ մեղք է, Լիզա, ախ, ի՜նչ մեղք է։
― Ախ, ի՜նչ մեղք է։ Ի՜նչ ճակատագիր ուներ։ Գիտե՞ս, նույնիսկ մեղք է, որ մենք քայլում ենք այսքան ուրախ, իսկ նրա հոգին ինչ-որ տեղ հիմա թռչում է խավարում, ինչ-որ անհատակ խավարում, մեղսագործ ու իր վիրավորանքն իր հետ... Արկադի, ո՞վ է նրա մեղքի մեջ մեղավոր։ Ախ, ի՜նչ սոսկալի է։ Երբևէ մտածո՞ւմ ես այդ խավարի մասին։ Ախ, ինչպես եմ վախենում մահից, և ի՜նչ մեղք է դա։ Մութ չեմ սիրում, ուրիշ բան է այսպիսի արևը։ Մայրիկն ասում է, թե մեղք է վախենալը։ Արկադի, դու մայրիկին լա՞վ ես ճանաչում։
― Դեռ քիչ, Լիզա, քիչ եմ ճանաչում։
― Ախ, ի՜նչ արարած է, դու պետք է, պետք է նրան ճանաչես։ Նրան պետք է առանձնապես հասկանալ...
― Հո քեզ էլ առաջ չէի ճանաչում, բայց չէ՞ որ հիմա ամբողջովին եմ ճանաչում։ Ամբողջովին մեկ րոպեում եմ ճանաչել։ Դու, Լիզա, թեև վախենում ես մահից, բայց, երևի, հպարտ ես, համարձակ, քաջարի։ Ինձնից լավն ես, ինձնից շատ լավն ես։ Ես քեզ սաստիկ սիրում եմ, Լիզա։ Ախ, Լիզա։ Թող երբ որ պետք է, մահը գա, իսկ առայժմ ապրել է պետք, ապրել։ Այն դժբախտին խղճանք, իսկ կյանքն այնուամենայնիվ, օրհնենք, այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Ես մի «միտք» ունեմ, Լիզա։ Լիզա, դու հո գիտե՞ս, որ Վերսիլովը հրաժարվել է ժառանգությունից։
― Ո՞նց չգիտեմ։ Մայրիկն ու ես արդեն համբուրվել ենք։
― Դու չգիտես իմ հոգին, Լիզա, դու չգիտես, ինչ արժեք է ունեցել այդ մարդն ինձ համար...
― Ինչպե՞ս թե չգիտեմ, ամեն բան գիտեմ։
― Ամեն բան գիտե՞ս։ Դե, իհարկե, կիմանաս։ Դու խելոք ես, դու Վասինից խելոք ես։ Դու և մայրիկը, ձեր աչքերը թափանցող են, մարդասեր, այսինքն՝ հայացքները և ոչ թե աչքերը, սխալ եմ ասում... Ես վատն եմ շատ հարցերում, Լիզա։
― Քեզ պետք է բուռը հավաքել և վերջ։
― Հավաքիր, Լիզա։ Ի՜նչ լավ է այսօր քեզ նայելը։ Իսկ գիտե՞ս, արդյոք, որ շատ սիրունիկն ես։ Ես երբեք չէի տեսել քո աչքերը... Միայն հիմա, առաջին անգամ տեսա... Որտե՞ղ ես գտել դրանք այսօր, Լիզա։ Որտե՞ղ ես գնել։ Որքա՞ն ես վճարել։ Լիզա, ես ընկեր չեմ ունեցել, և այդ մտքիս էլ որպես դատարկ բանի եմ նայում, բայց քեզ հետ դատարկ բան չէ... Ուզո՞ւմ ես, ընկերներ դառնանք։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ուզում ասել...
― Շատ լավ ես հասկանում։
― Եվ գիտե՞ս, աոանց պայմանների, առանց պայմանագրի, ուղղակի ընկերներ լինենք։
― Այո, ուղղակի, ուղղակի, միայն թե մի պայման, եթե երբևէ մենք մեղադրենք իրար, եթե որևէ բանից դժգոհ լինենք, եթե ինքներս չարանանք, վատանանք, եթե նույնիսկ մոռանանք այս բոլորը, ապա երբեք չմոռանանք այս օրը և հենց այս ժամը։ Արի այդպիսի խոսք տանք ինքներս մեզ։ Խոսք տանք, որ միշտ կհիշենք այս օրը, երբ ես ու դու ձեռք ձեռքի տված քայլել ենք իրար հետ և այսպես ծիծաղել ենք և այնքան ուրախ ենք եղել... Հա՞։ Հա՞։
― Հա, Լիզա, հա, և երդվում եմ, բայց, Լիզա, կարծես ես առաջին անգամ եմ լսում քեզ... Լիզա, դու շա՞տ ես կարդացել։
― Մինչև հիմա դեռ չես հարցրել։ Միայն երեկ, առաջին անգամ, երբ բառի մեջ սայթաքեցի, ուշադրության արժանացրիք, ողորմած տեր, պարոն իմաստուն։
― Իսկ ինչո՞ւ ինքդ ինձ հետ չէիր խոսում, եթե ես այդքան հիմար էի։
― Իսկ ես շարունակ սպասում էի, որ կխելոքանաս։ Ես հենց սկզբից եմ ձեզ, Արկադի Մակարովիչ, տեսել ու հասկացել և հենց որ հասկացել եմ, սկսել եմ այսպես մտածել. «Ախր, սա գալու է, ախր, սա անպատճառ վերջացնելու է նրանով, որ գալու է» դե, և որոշել եմ այդ պատիվը ձեզ էլ տրամադրել, որ հենց դուք էլ առաջին քայլն անեք. «Ոչ, մտածում եմ, հիմա դո՛ւ ման արի իմ հետևից»։
― Ախ, կոկետուհի։ Դե, Լիզա, ուղղակի խոստովանիր. ծիծաղե՞լ ես ինձ վրա այս ամսվա ընթացքում, թե ոչ։
― Օհ, դու շատ ծիծաղելի ես, սոսկալի ծիծաղելի, Արկադի։ Եվ գիտե՞ս, ես, գուցե, հենց դրա համար էլ այս ամսվա ընթացքում քեզ ավելի շատ եմ սիրել, որ դու այդքան խենթն ես։ Բայց շատ բաներում դու վատ խենթ ես, դա էլ ասում եմ, որ շատ չգոռոզանաս։ Իսկ գիտե՞ս, էլ ով է քեզ վրա ծիծաղել։ Մայրիկն է ծիծաղել, մայրիկն ինձ հետ միասին. «Համա թե խենթուկն է, համա թե խենթուկը»։ Իսկ դու այդ նույն ժամանակ նստել ու կարծում ես, թե մենք նստել ենք ու քո սարսափից դողում ենք։
― Լիզա, իսկ ի՞նչ ես մտածում Վերսիլովի մասին։
― Նրա մասին ես շատ եմ մտածում, բայց գիտե՞ս, նրա մասին արի հիմա չխոսենք, նրա մասին այսօր հարկավոր չէ, ճիշտ է, չէ՞։
― Միանգամայն ճիշտ։ Ո՜չ, դու սոսկալի խելոք ես, Լիզա։ Դու, անշուշտ, ինձնից խելոք ես։ Այ, սպասիր, Լիզա, այս բոլորը կավարտեմ և այն ժամանակ, միգուցե, քեզ մի բան կասեմ...
― Ինչո՞ւ խոժոռվեցիր։
― Ոչ, չխոժոռվեցի, Լիզա, ես ուղղակի... Գիտե՞ս ինչ, Լիզա, ավելի լավ է շիտակն ասեմ։ ես մի հատկություն ունեմ, որ չեմ սիրում, երբ հոգումս նրբանկատ մի բան շոշափում են մատներով... կամ ավելի լավ է ասել, երբ որոշ զգացմունքներ երևան են հանում, որպեսզի բոլորը հիանան, չէ՞ որ դա ամոթ է, ճիշտ չէ՞։ Դրա համար էլ ես երբեմն ավելի սիրում եմ խոժոռվել ու լռել, դու խելոք ես, դու պետք է հասկանաս։
― Քիչ է ասել, ես ինքս էլ հենց այդպիսին եմ, ես ամեն բանում քեզ հասկացել եմ։ Իսկ գիտե՞ս, որ մայրիկն էլ է այդպիսին։
― Ախ, Լիզա։ Միայն թե ինչպե՞ս անենք, որ ավելի երկար ապրենք աշխարհում։ Հը՞։ Ի՞նչ ասացի՞ր։
― Ոչ, ոչինչ չասացի։
― Նայո՞ւմ ես։
― Դու էլ ես նայում։ Ես քեզ եմ նայում ու սիրում եմ քեզ։
Ես նրան համարյա մինչև տուն հասցրի և տվի հասցես։ Հրաժեշտ տալիս ես առաջին անգամ կյանքումս նրան համբուրեցի...
V
Եվ այս բոլորը լավ կլիներ, միայն թե մի բան լավ չէր. մի ծանր միտք դեռ գիշերվանից թրթռում էր իմ գլխում և դուրս չէր գալիս մտքիցս։ Դա այն էր, որ, երեկ երեկոյան մեր դարպասի մոտ հանդիպելով այն դժբախտ աղջկան, ասացի նրան, թե ինքս էլ եմ հեռանում տանից, իմ բնից, թե չար մարդկանցից հեռանում են և իրենց սեփական բույնը շինում, և թե Վերսիլովը շատ ապօրինածին զավակներ ունի։ Որդու հոր մասին ասված նման խոսքերը, անշուշտ, հաստատեցին նրա բոլոր կասկածները Վերսիլովի, ինչպես նաև այն մասին, թե նա իրեն վիրավորել է։ Ես Ստելբեկովին էի մեղադրում, մինչդեռ, միգուցե, հենց ես եմ գլխավորապես յուղ լցրել կրակին։ Այդ միտքը սոսկալի է, սոսկալի և այժմ... Բայց այն ժամանակ, այն առավոտյան, թեև արդեն սկսել էի տանջվել, բայց, այնուամենայնիվ, ինձ թվում էր, թե դա դատարկ բան է։ «Էհ, առանց ինձ էլ այստեղ ամեն բան «եռման ու կիզման կետին էր հասել»,― ժամանակ առ ժամանակ կրկնում էի ես,― էհ, ոչինչ, կանցնի։ Կշտկվեմ։ Մի բանով, որևէ մի բարի արարքով, դրա տեղը կհանեմ... Ես դեռ հիսուն տարի ունեմ առջևում»։
Իսկ միտքն, այնուամենայնիվ, թրթռում էր։
Մասն երկրորդ
Մասն երրորդ
- ↑ Սիրելիս (ֆրանս․)։
- ↑ Սիրելի երեխա (ֆրանս․)։
- ↑ Ին խեղճ մանկիկ (ֆրանս․)։
- ↑ Ի դեպ (ֆրանս․)։
- ↑ Այդպես չէ՞ (ֆրանս․)։
- ↑ Մինչդեռ․․․ Ես հո ճանաչում եմ կանանց (ֆրանս․)։
- ↑ Նրանք զմայլելի են (ֆրանս.)։
- ↑ Ես ամեն բան գիտեմ, բայց ոչ մի լավ բան չգիտեմ (ֆրանս.)։
- ↑ Բայց դա ի՜նչ միտք է (ֆրանս.)։
- ↑ Սիրելի մանկիկ, ես սիրում եմ բարի Աստծուն (ֆրանս.)։
- ↑ Դա հիմարություն էր (ֆրանս.)։
- ↑ Բնակավայր(ֆրանս.)։
- ↑ Համա՜ թե միտք է (ֆրանս.)։
- ↑ Ի դեպ (ֆրանս․)։
- ↑ Դա նողկալի պատմություն է (ֆրանս.)։
- ↑ Ախ, հա՜ (ֆրանս.)։
- ↑ «Ինչը չեն բուժում դեղերը՝ բուժում է երկաթը, ինչը չի բուժում երկաթը՝ բուժում Է կրակը» (լատ.)։
- ↑ Խիստ անհրաժեշտը (ֆրանս.)։
- ↑ Սիրո մեջ ատելություն (ֆրանս.)։
- ↑ Պարտադիր պայման (լատ.)։
- ↑ Ամբողջ աշխարհում և այլ վայրերում (իտալ.)։
- ↑ Բոլոր ժանրերը... (ֆրանս.)։
- ↑ Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։
- ↑ Մենք միշտ վերադառնում ենք (ֆրանս.)։
- ↑ Այսպես (լատ.)։
- ↑ Հասկանո՞ւմ ես (ֆրանս.)։
- ↑ Ահա, բարեկամս (ֆրանս.)։
- ↑ Անկեղծ, ուղղակի (ֆրանս.)։
- ↑ Թոկի մասին խոսելիս... (ֆրանս.)։
- ↑ Այդ փոքրիկ լրտեսը (ֆրանս.)։
- ↑ Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։
- ↑ Բայց... դա հրաշալի է (ֆրանս.)։
- ↑ Իսկ հիմա... հիմա գովք հղենք... և ես օրհնում եմ քեզ (ֆրանս.)։
- ↑ Վերսալ (ֆրանս.)։
- ↑ Ռենեսանս (ֆրանս.)։