Վերջին թարմացում 28 Հունվարի 2016, 23:21

Չիպոլինոյի արկածները

Չիպոլինոյի արկածները

հեղինակ՝ Ջաննի Ռոդարի


Գլուխ առաջին

Որտեղ Չիպոլոնեն տրորում է իշխան Լիմոնի ոտքը


Չիպոլինիոն Չիպոլոնեի տղան էր։ Նա յոթ եղբայր ուներ՝ Չիպոլետտոն, Չիպոլոտտոն, Չիպիլոչ֊Չիպոլու֊չչան, և այսպես մինչև վերջ, ամենահարմար անուն սոխի ընտանիքի համար։ Պետք է ուղղակի ասել, որ նրանք լավ մարդիկ էին, միայն թե կյանքում բախտները չէր բանում։ Ի՞նչ կարող ես անել, որտեղ սոխ կա, այնտեղ էլ արցունք։

Չիպոլոնեն, նրա կինն ու տղաները ապրում էին փայտե խրճիթում, որ սածիլի արկղից մի քիչ էր մեծ։

Երբ պատահմամբ այդ կողմերը որևէ հարուստ էր ընկնում, քիթը տհաճությամբ կնճռոտում էր ու մռթմռթում․ «Թյու, ինչ սոխի հոտ է փչում» և հրամայում էր կառապանին, որ կառքն արագ քշի։

Մի անգամ քաղաքի ծայրամասը որոշեց այցելել երկրի տերն ու տիրակալը, իշխան Լիմոնը։ Պալատականները խիստ անհանգստացան։ Սոխի հոտը հանկարծ չկպչի՞ նորին մեծության քթին։

― Ի՞նչ կասի իշխանը, եթե հանկարծ այդ աղքատության հոտն առնի։

― Կարելի է աղքատների վրա օծանելիք ցանել, ― առաջարկեց Ավագ Սենեկապետը։

Անմիջապես մի խումբ Լիմոնուկ֊զինվորներ ուղարկեցին ծայրամաս, որպեսզի օծանելիք ցանեն նրանց վրա, ումից սոխի հոտ էր գալիս։ Այս անգամ զինվորները իրենց թնդանոթներն ու սրերը թողեցին զորանոցներում և շալակներն առան սրսկելու հարմարանք ունեցող հսկայական տակառներ։ Տակառների մեջ լցված էին ծաղկի օծանելիք, մանուշակի հյութ և նույնիսկ ամենալավ տեսակի վարդաջուր։

Հրամանատարը Չիպոլոնեին, նրա որդիներին և բոլոր հարազատներին հրամայեց տնակներից դուրս գալ։ Զինվորները նրանց շարք կանգնեցրին և բոլորի վրա ոտից֊գլուխ օդեկոլոն շաղ տվին։ Այդ հոտավետ անձրևից Չիպոլինոն խիստ հարբուխ կպավ։ Նա սկսեց ուժեղ փռշտալ և չլսեց հեռվից հնչող շեփորի ձայնը։

Այդ իշխան Լիմոնն էր, որ ծայրամաս ժամանեց Լիմոնների, Լիմոնուկների և Լիմոնիկների շքախմբով։

Իշխան Լիմոնը ոտից գլուխ դեղին էր հագել, և նրա դեղին գլխարկի վրա զնգզնգում էր մի ոսկե զանգակ։ Պալատական Լիմոնների զանգակներն արծաթից էին, զինվոր Լիմոնուկներինը՝ բրոնզից։ Այդ բոլոր զանգակներն էլ անընդհատ զնգզնգում էին, այնպես որ հրաշալի երաժշտություն էր ստացվում։ Ունկնդրելու համար հավաքվել էր ամբողջ փողոցը։ Մարդիկ կարծում էին, թե թափառաշրջիկ նվագախումբ է եկել։

Չիպոլոնեն և Չիպոլինոն առաջին շարքում էին։ Հետևում կանգնածները հենվել էին նրանց վրա, և անընդհատ հրում էին ու ոտքերով խփում։ Վերջապես խեղճ ծերուկ Չիպոլոնեն այլևս չկարողացավ համբերել և գոռաց․

― Ե՛տ, ե՛տ գնացեք․․․

Իշխան Լիմոնն ականջները սրեց․

― Այս ի՞նչ բան է։

Նա իր կարճ, ծուռտիկ ոտները հպարտությամբ առաջ գցելով, մոտեցավ Չիպոլոնեին և խստությամբ նայեց ծերուկին։

― Ինչո՞ւ ես գոռում «ետ գնացեք»։ Իմ հավատարիմ հպատակներն այնպես են ուզում ինձ տեսնել, որ նետվում են առաջ․ իսկ դա քեզ դուր չի՞ գալիս, հա՞։

― Ձերդ մեծություն, ինձ թվում է, թե այս մարդը սարսափելի խռովարար է, ― իշխանի ականջին շշնջաց Ավագ սենեկապետը, ― նրան հարկավոր է հատուկ հսկողության տակ առնել։

Լիմոնուկ֊զինվորներից մեկն անմիջապես Չիպոլոնեի վրա ուղղեց հեռադիտակը, որ գործ էր ածվում խռովարարներին հսկելիս։ Ամեն մի Լիմոնուկի մոտ այդպիսի հեռադիտակ կար։

Չիպոլոնեն վախից մեռելի գույն ստացավ։

― Ձերդ մեծություն, ― շշնջաց նա, ― ախր նրանք ինձ ոտնատակ կտան։

― Եվ շատ էլ լավ կանեն, ― որոտաց իշխան Լիմոնը։ ― Այդպես էլ քեզ պետք է։

Այստեղ Ավագ Սենեկապետը ամբոխին դիմեց այսպիսի ճառով․

― Մեր սիրելի հպատակներ, ― ասաց նա, ― նորին մեծությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հավատարմության համար և այն եռանդուն աքացիների համար, որով դուք հյուրասիրում եք իրար։ Ավելի թափով հրեցեք իրար, ինչքան ուժ ունեք, սեղմեցեք։

― Բայց նրանք ձեզ էլ կարող են ցած գցել, ― փորձեց հակաճառել Չիպոլինոն։

Անմիջապես մի ուրիշ Լիմոնուկ հեռադիտակն ուղղեց տղայի վրա, և Չիպոլինոն տեսավ, որ ավելի լավ է թաքնվի ամբոխի մեջ։

Սկզբում հետևի շարքերը այնքան էլ ուժեղ չէին հրում առաջիններին, բայց Ավագ Սենեկապետն այնպես կատաղի նայեց չջանացողներին, որ ի վերջո ամբոխն ալեկոծվեց, ինչպես ջուրը տաշտակի մեջ։ Ծերուկ Չիպոլոնեն ճնշմանը չդիմանալով, գլուխկոնձի տվեց և պատահմամբ տրորեց իշխան Լիմոնի ոտքը։ Նորին մեծությունը, որի ոտքերին բավականաչափ կոշտուկներ կային, առանց պալատական աստղագետի օգնության, երկնքի բոլոր աստղերը տեսավ։ Տասը Լիմոնուկ֊զինվոր ամեն կողմից նետվեցին դժբախտ Չիպոլոնեի վրա և ձեռքերին երկաթե ձեռնակապեր անցկացրին։

― Չիպոլի՜նո, Չիպոլի՜նո, որդի՜ս, ― շփոթված շուրջը նայելով ձայն էր տալիս ծերուկը, երբ զինվորները թևերից բռնած տանում էին նրան։

Չիպոլինոն այդ րոպեին շատ հեռու էր դեպքի վայրից և մտքովն էլ չէր անցնում, թե ինչ է կատարվում, բայց բերանբացները, որ քարշ էին գալիս մոտերքում, արդեն ամեն ինչ գիտեին և, ինչպես լինում է նման դեպքերում, նույնիսկ ավելի շատ գիտեին, քան իրոք եղել էր։

― Լավ է, որ նրան ժամանակին բռնեցին, ― ասում էին պարապ շաղակրատները։

― Մի դրան տեսեք, ուզում էր դաշույնով խփի նորին մեծությանը։

― Այդպես չէ՛, չարագործի գրպանում գնդացիր է եղել։

― Գնդացի՞ր, գրպանո՞ւմ։ Չի կարող պատահել։

― Իսկ դուք, ի՞նչ է, կրակոցներ չե՞ք լսում։

Իրականում դրանք բոլորովին էլ կրակոցներ չէին, այլ իշխան Լիմոնի պատվին կազմակերպված տոնական հրավառության ճարճատյուններ։ Բայց մարդիկ այնպես սարսափահար եղան, որ գլխապատառ փախան այս ու այն կողմ։

Չիպոլինոն ուզում էր ճչալ, այդ բոլոր մարդկանց ասել, որ իր հոր գրպանում ոչ թե գնդացիր է եղել, այլ սիգարի մի փոքրիկ մնացորդ, բայց մտածեց որ միևնույն է, բերանբացների ձայնը չի կարող կտրել և խոհեմաբար լռեց։

― Խե՜ղճ Չիպոլինո, նրան հանկարծ այնպես թվաց, որ վատ է տեսնում․ այդ նրանից էր, որ աչքերին արցունքի մեծ կաթիլներ հայտնվեցին։

― Ե՛տ դարձեք, հիմարներ, ― նրանց վրա գոռաց Չիպոլինոն և ատամները սեղմեց, որ լաց չլինի։

Արցունքները վախեցան, ետ֊ետ գնացին և այլևս չերևացին։

✻    ✻



Կարճ ասած, ծերունի Չիպոլոնեին դատապարտեցին ցմահ բանտարկության․ և ոչ միայն ցմահ, այլև մահից հետո էլ շատ֊շատ տարիների բանտարկության, քանի որ իշխան Լիմոնի բանտերին կից գերեզմանոցներ կային։

Չիպոլինոն տեսակցություն հաջողեցրեց և հանդիպելով ծերունի հորը, պինդ գրկեց նրան։

― Իմ խե՜ղճ հայրիկ, քեզ գողերի և ավազակների հետ, որպես ոճրագործի, զնդան են նստեցրել։

― Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, որդյակ, ― քնքշորեն ընդհատեց նրան հայրը, ― ախր բանտերը լեփ֊լեցուն են ազնիվ մարդկանցով։

― Իսկ ինչի՞ համար են նրանք նստած, ի՞նչ վատ բան են արել։

― Ոչ մի բան, որդի՛ս։ Ա՛յ, դրա համար էլ նրանց նստեցրել են։ Կարգին մարդիկ իշխան Լիմոնի սրտովը չեն։

Չիպոլինոն մտածմունքի մեջ ընկավ։

― Ուրեմն բանտ ընկնելը մեծ պատի՞վ է։ Բանտերը կառուցվել են նրանց համար, ովքեր գողություն են անում և մարդ սպանում, բայց իշխան Լիմոնի մոտ ամեն ինչ հակառակն է արված, գողերն ու մարդասպանները նրա պալատում են, իսկ բանտերում ազնիվ մարդիկ են նստած։

― Ես էլ եմ ուզում ազնիվ մարդ լինել, ― հայտարարեց Չիպոլինոն, ― բայց բանտ ընկնել չեմ ուզում։ Մի քիչ համբերիր, ես կվերադառնամ և բոլորիդ կազատեմ։

Ծերուկը ժպտաց։

― Դու քեզ վրա շատ ես վստահ, դա այնքան էլ հեշտ գործ չէ։

― Ա՛յ, կտեսնես, ես իմ ասածը կանեմ։

Այդ ժամանակ պահակախմբից ինչ֊որ Լիմոնուկ եկավ և հայտարարեց, որ տեսակցությունն ավարտված է։

― Չիպոլինո, ― հրաժեշտ տալիս ասաց հայրը, ― հիմա արդեն դու մեծ ես և կարող ես գլուխդ պահել։ Մորդ և եղբայրներիդ մասին կհոգա քեռի Չիպոլան, իսկ դու գնա աշխարհ տես, խելք ու խրատ սովորիր։

― Ինչպե՞ս սովորեմ։ Գրքեր չունեմ, և փող էլ չունեմ, որ գնեմ։

― Բան չկա, կյանքը կսովորեցնի։ Միայն թե աչքերդ լայն բաց արա, աշխատիր բոլոր տեսակի խաբեբաներին ու խարդախներին լավ ուսումնասիրել, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեն։

― Իսկ հետո՞, հետո՞ ինչ անեմ։

― Ժամանակը որ գա, ինքդ կհասկանաս, թե ինչ անես։

― Դե, պրծեք, հերիք է բլբլաք, ― գոռաց Լիմոնուկը։ Իսկ դու, քրջոտ, եթե չես ուզում, որ բանտ ընկնես, այստեղից հեռացիր։

Չիպոլինոն Լիմոնուկին կպատասխաներ մի ծաղրական երգով, բայց մտածեց, որ քանի դեռ կարգին գործ չի սկսել, չարժե բանտ ընկնել։

Նա պինդ համբուրեց հորն ու դուրս վազեց։

Հաջորդ օրը նա մորն ու յոթ եղբայրներին հանձնեց բարի քեռու Չիպոլոյի խնամքին, որին բախտը մի քիչ ավելի էր ժպտացել կյանքում, քան մյուս բարեկամներին։ Սա ինչ֊որ տեղ ծառայում էր որպես դռնապան։

Քեռուն, մորն ու եղբայրներին հրաժեշտ տալով, Չիպոլինոն իր ունեցած֊չունեցածը մի կապոց արեց, կախեց ձեռնափայտի ծայրին և, ուսին դնելով, ճամփա ընկավ։ Գնաց ուր աչքը կկտրեր, բայց երևի ճիշտ ճանապարհ էր ընտրել։

Մի քանի ժամից հետո նա հասավ մի փոքրիկ գյուղ, այնքան փոքրիկ, որ ոչ ոք նույնիսկ չէր փորձել որևէ սյան կամ առաջին տան վրա այդ գյուղի անունը գրել։ Ասենք այդ առաջին տունն էլ ոչ թե տուն էր, այլ ինչ֊որ փոքրիկ շնաբուն, որ կարող էր միայն բակային փոքրիկ շանը պետք գալ։ Պատուհանի մոտ մի շիկամորուս ծերունի նստած, նայում էր դուրս և կարծես ինչ֊որ բանով մտահոգված էր։


Գլուխ երկրորդ

Ինչպես Չիպոլինոն ստիպեց կավալեր Պոմիդորին լաց լինել առաջին անգամ


― Տեսնենք, ― բզով ծոծրակը քորելով ասում էր վարպետ Խաղողը, ― վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ Մի խոսքով, ընդամենը դու տասնյոթ աղյուս ունես։

― Իսկ ի՞նչ ես կարծում, հերի՞ք է տան համար։

― Իմ կարծիքով՝ ոչ։

Իսկ ի՞նչ անեմ։

Այդ արդեն քո գործն է։ Տան համար հերիք չի անի՝ դու էլ աղյուսից նստարան շինիր։

― Ինչի՞ս է պետք։ Այգում ինչքան ասես նստարան կա։ Իսկ երբ նրանք զբաղեցրած լինեն, ես կարող եմ նույնիսկ կանգնել։

Վարպետ խաղողը բզով քորեց նախ աջ ականջի հետևը, հետո՝ ձախ ու սուս ու փուս գնաց իր արհեստանոցը։

Իսկ քավոր Դդումը մտածեց, մտածեց, վերջը որոշեց ավելի շատ աշխատել և քիչ ուտել։ Այդպես էլ արեց։ Արդեն նրան հաջողվում էր տարեկան երեք֊չորս աղյուս գնել։

Նա նիհարեց, դարձավ լուցկու հատ, բայց աղյուսների կույտը քանի գնում ավելանում էր։

Մարդիկ ասում էին․

«Մի նայեք քավոր Դդումին, կարելի է կարծել, թե նա աղյուսը սեփական փորից է դուրս քաշում։ Ամեն անգամ, երբ աղյուս է ձեռք բերում, մի կիլոգրամ պակասում է»։

Այսպես անցնում էր տարին տարու հետևից։ Վերջապես հասավ այն օրը, երբ քավոր Դդումը զգաց, որ ծերանում է և այլևս չի կարող աշխատել։ Նա նորից գնաց վարպետ Խաղողի մոտ։

― Արի իմ աղյուսները մեկ էլ հաշվիր, ― ասաց նա։

Վարպետ Խաղողը բիզը վերցրեց, դուրս եկավ արհեստանոցից, նայեց աղյուսի կույտին ու ասաց․

― Վեց անգամ յոթ՝ քառասուներկու․․․ Իննը հանած․․․ մի խոսքով, ընդամենը հարյուր տասնութ աղյուս ունես։

― Հերիք կանի՞ տան համար։

― Իմ կարծիքով՝ ո՛չ։

― Իսկ ի՞նչ անեմ։

― Չգիտեմ ի՛նչ ասեմ քեզ․․․ Հավաբուն շինիր։

― Ախր ոչ մի հավ չունեմ։

― Ուրեմն կատու կապրի այնտեղ։ Գիտե՞ս, կատուն շատ օգտակար գազան է, մկներ է բռնում։

Դե, այդ ճիշտ է, բայց կատու էլ չունեմ։ Ճիշտը որ ասեմ, դեռ մկներ էլ չկան։ Որտեղի՞ց լինեն և ո՞ւմն են պետք։

― Իսկ ի՞նչ ես ուզում ինձանից, ― բզով կատաղորեն ծոծրակը քորելով փնչաց վարպետ Խաղողը։ ― Հարյուր տասնութը՝ դա հարյուր տասնութ է, ոչ ավել, ոչ պակաս, ճի՞շտ է։

― Դու ավելի լավ գիտես, թվաբանություն ես սովորել։

Քավոր Դդումը մի երկու անգամ հառաչեց, բայց տեսնելով, որ դրանից աղյուսները չեն ավելանում, որոշեց առանց ավելորդ խոսքի կառուցումն սկսել։

― Ես աղյուսից մի փոքրի՜կ֊փոքրի՜կ տուն կշինեմ, ― աշխատելով մտածում էր նա։ ― Ինձ պալատ պետք չէ, ես այնքան էլ մեծ չեմ։ Իսկ եթե աղյուսը հերիք չանի, թղթով կշարունակեմ։

Քավոր Դդումը դանդաղ և զգուշորեն էր աշխատում, վախենալով, թե իր թանկարժեք աղյուսները շուտ կվերջանան։ Նա այնքան զգուշությամբ էր մի աղյուսը դնում մյուսի վրա, կարծես դրանք ապակուց լինեին։

Դե նա լավ գիտեր, թե ամեն մի աղյուսն ինչ գնով է ձեռք բերել։

― Ա՛յ, այս մեկը, ― աղյուսներից մեկը վերցնելով և շոյելով, ինչպես կատվիկին են շոյում, ասաց նա, ― հենց այն աղյուսն է, որ ես ձեռք բերեցի տասը տարի առաջ ծնունդի օրին, այն փողերով, որ հավաքել էի՝ տոնին հավ գնելու համար։ Ոչի՛նչ, հավի միս ես կճաշակեմ, երբ շինարարությունն ավարտեմ, իսկ առայժմ առանց դրա էլ յոլա կգնամ։

Ամեն մի աղյուսը դնելիս նա խոր հառաչում էր։ Չնայած դրան, երբ աղյուսները վերջացան, նա դեռ հառաչանքի մեծ պաշար ուներ, իսկ տնակն աղավնատան նման փոքրիկ ստացվեց։

«Եթե աղավնի լինեի, ― մտածում էր խեղճ Դդումը, ― սա շատ հարմար կլիներ ինձ համար»։

Եվ ահա տնակը լիովին պատրաստ է։ Քավոր Դդումը փորձեց ներս մտնել, բայց ծունկը խփեց առաստաղին, և քիչ մնաց ամբողջ շինությունը փուլ գար։

«Ծերացել եմ և անճոռնիացել, հարկավոր է ավելի զգույշ լինել»։

Նա ծունկի իջավ դռան մոտ և փնչալով չորեքթաթ ներս մտավ։ Բայց այստեղ նոր դժվարություններ եղան․ առանց կտուրը քանդելու հնարավոր չէր ոտքի կանգնել, հատակին չէր կարելի պառկել, քանի որ հատակը շատ կարճ էր, իսկ կողքից կողք դառնալ հնարավոր չէր նեղության պատճառով։ Բայց կարևորն այն էր, թե ինչպես վարվի ոտների հետ։ Եթե տուն ես մտել, պիտի ոտներդ էլ ներս տանես, թե չէ անձրևի տակ հո չե՞ս թողնի։

«Տենսում եմ, ― մտածեց քավոր Դդումը, ― որ ես այս տանը պետք է նստած ապրեմ»։

Այդպես էլ արեց։ Նա զգուշորեն շունչ առնելով նստեց հատակին, պատուհանից երևացող նրա դեմքն ամենամռայլ հուսահատություն էր արտահայտում։

― Հը, ինչպե՞ս ես քեզ զգում, հարևան, ― գլուխն իր արհեստանոցի պատուհանից դուրս հանելով, հետաքրքրվեց վարպետ Խաղողը։

― Շնորհակալ եմ, վատ չեմ․․․ ― հառաչելով պատասխանեց քավոր Դդումը։

― Իսկ ուսերիդ մոտ նեղվածք չէ՞։

― Ո՛չ, ո՛չ։ Ախր էս տունը հենց իմ չափսին եմ շինել։

Վարպետ Խաղողը, ինչպես միշտ․ ծոծրակը քորեց և ինչ֊որ անհասկանալի բան փնթփնթաց։ Իսկ այդ ժամանակ քավոր Դդումի տունը տեսնելու համար բոլոր կողմերից մարդիկ էին գալիս։ Երեխաների մի ամբողջ բազմություն հավաքվեց։ Տղաներից ամենափոքրը թռավ կտուրը, պարելով սկսեց երգել։

Ծեր Դդումի ձեռքը աջ
Խոհանոցի մեջ է, տե՛ս․
Պատշգամբումն է դրված
Նրա ձախ ձեռքը կարծես,
Իսկ մեծ քիթը, տես, ահա,
Սնդուկի մեջ է պահած։

― Զգո՜ւյշ, տղա, ― աղերսեց քավոր Դդումը։ ― Այդպես տունս կքանդես, ախր տունս ջահել է դեռ, բոլորովին նոր է, մի օրական էլ չկա։

Որպեսզի երեխաների սիրտը շահի, նա հանեց մի բուռ կարմիր ու կանաչ մոմպաս, որ ով գիտի երբվանից էին ընկած գրպանում, և բաժանեց երեխաներին։ Նրանք ուրախ ճղճղոցով խլեցին մոնպասները և իրար մեջ բաժանելիս էլ մի լավ կռվեցին։

Այդ օրվանից քավոր Դդումը երբ մի քանի սոլդո փող էր ճարում, կոնֆետ էր առնում և երեխաների համար դնում լուսամուտի գոգը, ոնց որ ծտերի համար հացի փշրանք են դնում։ Այդպես էլ երեխաները նրա հետ բարեկամացան։

Երբեմն Դդումը տղաներին թույլ էր տալիս հերթով մտնել տնակը, իսկ ինքը դրսից ուշադիր հետևում էր, որ երեխաները մի փորձանք չբերեն։

✻    ✻



Ահա՛ հենց այս բոլորի մասին էլ քավոր Դդումը պատմում էր Չիպոլինոյին, երբ գյուղի ծայրին փոշու թանձր ամպ բարձրացավ։ Անմիջապես, կարծես խոսքները մեկ արած, բոլոր պատուհանները, դռներն ու դարբասները սկսեցին ճռռոցով ու շրխկոցով փակվել։ Վարպետ Խաղողի կինն էլ շտապեց իրենց պարտեզի դուռը փակել։

Մարդիկ փակվեցին իրենց տներում, ոնց որ փոթորկից առաջ են անում։ Նույնիսկ հավերը, կատուներն ու շները սկսեցին իրենց համար թաքնվելու տեղ փնտրել։

Չիպոլինոն դեռ գլխի չէր ընկել, թե ի՛նչ է կատարվում, երբ փոշու ամպը ճայթյունով ու դղրդյունով անցավ գյուղի միջով և կանգ առավ հենց քավոր Դդումի տան առաջ։

Փոշու ամպի միջից հայտնվեց մի կառք, որին լծված էին չորս ձի։ Ճիշտն ասած, դրանք այնքան էլ ձիեր չէին, այլ վարունգներ, քանի որ այն երկրում, որտեղ տեղի է ունենում այս ամենը, բոլոր մարդիկ և անասունները ազգակից էին որևէ մրգի կամ բանջարեղենի։

Փքվելով ու փնչալով կառքից դուրս եկավ ամբողջովին կանաչ հագած մի գեր մարդ, թվում էր, թե նրա կարմիր, փափլիկ ուռած այտերը ուր որ է հասած պոմիդորի նման կպայթեն։

Դա հենց ասպետ Պոմիդորն էր, հարուստ կալվածատիրուհիներ, կոմսուհի Բալերի կառավարիչն ու տնտեսը։ Չիպոլինոն իսկույն գլխի ընկավ, որ այդ տիպից ոչ մի լավ բան չի կարելի սպասել, եթե նրան դեռ չտեսած բոլորը փախչում են, և ավելի լավ համարեց մի կողմ քաշվել։

Սկզբում ասպետ Պոմիդորը ոչ ոքի վատ բան չարեց։ Նա միայն նայում էր քավոր Դդումին։ Երկար ու սևեռուն նայում էր նա և չարագուշակ ձևով գլուխը շարժելով լռում։

Իսկ խեղճ քավոր Դդումն այդ րոպեին պատրաստ էր իր տնակի հետ գետնի տակն անցնել։ Քրտինքն առվակի նման հոսում էր նրա ճակատից և լցվում բերանը։

Քավոր Դդումը սիրտ չէր անում նույնիսկ ձեռքը բարձրացնել, որպեսզի դեմքը սրբի, և այդպես էլ հնազանդորեն կուլ էր տալիս քրտինքի աղի ու դառը կաթիլները։

Վերջապես նա աչքերը փակեց և սկսեց մտածել այսպես․ «ո՛չ մի սինյոր Պոմիդոր էլ այստեղ չկա, ես նստած եմ տնակի մեջ և լողում եմ ինչպես ծովայինը նավով Խաղաղ օվկիանոսումն է լողում։ Շուրջս ջուր է, կապո՜ւյտ֊կապո՜ւյտ, խաղա՜ղ֊խաղա՜ղ․․․ Ինչքան մեղմ է օրորվում իմ նավակը»։

Իհարկե, շուրջը ոչ մի ծով էլ չկար, բայց քավոր Դդումի տնակն իսկապես օրորվում էր մեկ աջ, մեկ ծախ։ Այդ նրանից էր որ ասպետ Պոմիդորը մի ձեռքով բռնել էր կտրի մի ծայրից, երկրորդով՝ մյուս ծայրից և ինչքան ուժ ուներ, տնակը թափ էր տալիս․ կտուրն այնպես երերաց, որ խնամքով դարսված կղմինդրներն սկսեցին այս ու այն կողմ թափվել։

Երբ սինյոր Պոմիդորը այնպես կատաղորեն մռնչաց, որ հարևան տների դռներն ու լուսամուտներն ավելի ամուր փակվեցին, իսկ ովքեր բանալին մի անգամ էին պտտեցրել, շտապեցին երկրորդ անգամ էլ պտտեցնել, քավոր Դդումն աչքերն ակամա բացեց։

― Չարագո՛րծ, ― գոռում էր սինյոր Պոմիդորը, ― ավազա՛կ, գո՛ղ, խռովարա՛ր, ապստա՛մբ։ Դու այս պալատը կառուցել ես մի հողի վրա, որ պատկանում է կոմսուհի Բալերին։ Դու քո կյանքի վերջին օրերն անգործությամբ ես ուզում անցկացնել և ուզում ես ոտնահարել երկու խեղճ, զառամյալ այրի սինյորաների, երկու լրիվ որբերի իրավունքները։ Ես հիմա քեզ ցույց կտամ։

― Ձերդ ողորմածություն, ― աղերսեց քավոր Դդումը, ― հավատացնում եմ ձեզ, որ ես թույլատվություն ունեի տուն կառուցելու համար։ Ինձ այդ իրավունքը ժամանակին սինյոր կոմս Բալն է տվել։

― Կոմս Բալը մեռել է երեսուն տարի առաջ, խաղաղություն նրա ոսկորներին։ ― Իսկ հիմա հողը պատկանում է միանգամայն կենդանի կոմսուհիներին։ Դրա համար էլ առանց ավելորդ խոսակցության դուրս կորիր այստեղից։ Մնացածը քեզ փաստաբանը կբացատրի։

― ․․․ Հե՜յ, Սիսեռիկ, որտե՞ղ եք դուք, շուտ արեք։

Սինյոր Կանաչ Սիսեռիկը, գյուղական փաստաբանը, ըստ երևույթին պատրաստ սպասում էր, քանի որ անմիջապես, ինչպես սիսեռը պաճի միջից, չգիտես որտեղից դուրս եկավ։ Ամեն անգամ, երբ Պոմիդորը հայտնվում էր գյուղում, նա կանչում էր այդ ճարտար մարդուն, որպեսզի սա իր կարգադրությունները օրենքի համապատասխան հոդվածներով հաստատեր։

― Ես այստեղ եմ, ձերդ ողորմածություն, պատրաստ եմ․․․ Խոնարհվելով և վախից ամբողջովին կանաչած՝ բլբլաց սինյոր Սիսեռիկը։

Բայց նա այնքան փոքրիկ էր և այնքան արագաշարժ, որ նրա բարևը ոչ ոք չնկատեց։ Վախենալով, թե կարող է այնքան էլ քաղաքավարի չերևալ, նա վեր թռավ և ոտքերը օդում թափահարեց։

― Էյ, ի՞նչ է ձեր անունը, այս անբան Դդումին ասեք, որ թագավորության օրենքների համաձայն նա պարտավոր է անմիջապես հեռանալ այստեղից։ Եվ բացատրեցեք այստեղի բոլոր բնակիչներին, որ կոմսուհի Բալերը մտադիր են այս շնաբնում տեղավորել իրենց ամենակատաղած շանը։ Այդ շունը կոմսի կալվածքները պետք է պաշտպանի չարաճճի տղաներից, որոնք վերջերս սկսել են իրենց չափազանց վատ պահել։

― Այո՛, այո՛, իսկապես որ շատ վատ․․․ այսինքն․․․ ― վախից ավելի կանաչելով փնթփնթում էր Սիսեռիկը։ ― Այսինքն՝ ոչ իսկապես վատ։

― Այդ ի՞նչ է՝ «իսկապես» կամ «ոչ իսկապես»։ Փաստաբա՞ն եք դուք թե ոչ։

― Օ՜, այո, ձերդ ողորմածություն, ես մասնագետ եմ քաղաքացիական, քրեական, ինչպես նաև կանոնական իրավունքների։ Վերջացրել եմ Սալամանկի համալսարանը։ Դիպլոմ և կոչում ունեմ։

― Դե եթե դիպլոմ և կոչում ունեք, ուրեմն դուք կհաստատեք, որ ես իրավացի եմ։ Իսկ հետո արդեն կարող եք գնալ ձեր գործին։

― Այո, այո, սինյոր ասպետ, ինչպես որ դուք ցանկանում եք․․․ Եվ սինյոր փաստաբանն այլևս չսպասեց, որ իրեն երկրորդ անգամ խնդրեն, մկան պոչի նման արագ և աննկատելի մի կողմ քաշվեց։

― Հը, լսեցի՞ր ի՞նչ ասաց փաստաբանը, ― քավոր Դդումին դիմելով՝ հարցրեց Պոմիդորը։

― Բայց նա ոչինչ էլ չասաց, ― լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։

― Ինչպե՞ս, դու համարձակվում ես դեռ ինձ հետ վիճե՞լ, թշվառական։

― Ձերդ ողորմածություն, ես իսկի բերանս էլ չեմ բացել․․․ ― թոթովեց քավոր Դդումը։

― Բա ո՞վ էր, որ դու չէիր։ Եվ ասպետ Պոմիդորը սպառնագին շուրջը նայեց։

― Խաբեբա՛, խարդա՛խ, ― նորից լսվեց նույն ձայնը։

― Այդ ո՞վ է խոսում, ո՞վ։ Երևի քավթառ վարպետ Խաղողն է այդ, ― որոշեց ասպետ Պոմիդորն ու, մոտենալով կոշկակարի արհեստանոցին, մահակով խփեց դռանն ու մռնչաց․ ― Վարպետ Խաղող, ես շատ լավ գիտեմ, որ ձեր արհեստանոցում իմ և կոմսուհի Բալերի դեմ հաճախ հանդուգն ու խռովարարական խոսքեր են ասվում։ Դուք ոչ մի հարգանք չեք տածում դեպի այդ զառամյալ, մեծատոհմ սինյորա այրիները, որոնք բոլորովին որբ են։ Բայց սպասեք, ձեր հերթն էլ կգա, կտեսնեք, թե ո՛վ է վերջում ծիծաղելու։

― Քո հերթն ավելի շուտ կգա, սինյոր Պոմիդոր։ Օ՜խ, շուտով դու կտրաքես, անպայմա՜ն կտրաքես։

Այդ խոսքերն արտասանողը ուրիշ մեկը չէր, այլ Չիպոլինոն։ Ձեռքերը գրպանները դրած, նա այնքան հանգիստ ու վստահ էր մոտենում ահեղ ասպետ Պոմիդորին, որ սրա մտքովն էլ չանցավ, թե ճշմարտությունն իր աչքերի մեջ համարձակվում է ասել այդ խղճուկ տղան, այդ փոքրիկ թափառաշրջիկը։

― Իսկ դո՞ւ որտեղից հայտնվեցիր, ինչո՞ւ աշխատանքի չես։

Ես դեռ չեմ աշխատում, ես միայն սովորում եմ, ― պատասխանեց Չիպոլինոն։

― Իսկ ի՞նչ ես ուսումնասիրում, որտե՞ղ են գրքերդ։

― Ես ուսումնասիրում եմ սրիկաներին, ձերդ ողորմածություն։ Հենց հիմա նրանցից մեկը կանգնած է իմ դեմ, և ես երբեք հարմար առիթը բաց չեմ թողնի, որպեսզի ինչպես հարկն է ուսումնասիրեմ նրան։

― Ա՜խ, դու ուսումնասիրում ես սրիկաների՞ն։ Այդ շատ հետաքրքրիր է։ Ասենք, գյուղում բոլորն էլ սրիկաներ են։ Եթե դու նոր սրիկա ես գտել, ցույց տուր ինձ։

― Հաճույքով, ձերդ ողորմածություն, ― խորամանկորեն աչքը ճտելով պատասխանեց Չիպոլինոն։

Այստեղ նա ձեռքը տարավ ձախ գրպանն ու հանեց մի փոքրիկ հայելի, որով նա սովորաբար խաղում էր արևի ճառագայթների հետ։ Բոլորովին մոտենալով սինյոր Պոմիդորին, Չիպոլինոն հայելին բռնեց նրա քթի մոտ ու ասաց․

― Ահա նա, այդ սրիկան, ձերդ ողորմածություն։ Եթե ցանկանում եք, ուշադիր նայեք սրան։ Ճանաչո՞ւմ եք։

Ասպետ Պոմիդորը չկարողացավ իրեն զսպել և մի աչքով նայեց հայելու մեջ։

Հայտնի չէ, թե այնտեղ ինչ տեսնելու հույս ուներ, բայց իհարկե, տեսավ իր կրակի նման կարմիր, փոքրիկ ու չար աչքերով, դրամարկղի բացվածքի նման լայն բերանով կերպարանքը։

Այստեղ էլ սինյոր Պոմիդորը հասկացավ, որ Չիպոլինոն ուղղակի ձեռ է առնում իրեն։ Այ թե կատաղեց։ Ամբողջովին շառագունած, երկու ձեռքով բռնեց Չիպոլինոյի մազերից։

― Օ՛յ֊օ՛յ֊օ՛յ, ― չկորցնելով իրեն հատուկ կենսուրախությունը, ճչաց Չիպոլինոն, ― ա՛խ, ինչքան ուժեղ է այդ սրիկան, որին դուք տեսաք իմ հայելու մեջ։ Հավատացնում եմ ձեզ, նա մեն֊մենակ մի ամբողջ ավազակախումբ արժի։

― Ես քեզ ցույց կտամ, խաբեբա՛․․․ գոռաց ասպետ Պոմիդորն ու այնպես ուժգին ձիգ տվեց Չիպոլինոյի մազերից, որ մի ամբողջ փունջ պոկվեց ու մնաց նրա ձեռքում։

Բայց այստեղ տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ։ Պոկելով Չիպոլինոյի սոխե մազերը, ահեղ ասպետ Պոմիդորն հանկարծ աչքերում և քթի մեջ սուր ծակծկոց զգաց։ Մեկ֊երկու անգամ նա փռշտաց, իսկ հետո արցունքը նրա աչքերից դուրս ցայտեց շատրվանի նման։ Արցունքի շիթերը, առվակներն ու գետերը այնքան առատ էին հոսում նրա այտերով, որ ամբողջ փողոցը թրջեցին, կարծես դռնապանն էր ռետինե խողովակով ջրել։

«Այսպիսի բան ինձ հետ դեռևս չէր եղել», ― մտածում էր վախեցած սինյոր Պոմիդորը։

Եվ իսկապես, նա այնքան անսիրտ և դաժան մարդ էր (եթե միայն Պոմիդորին կարելի է մարդ համարել), որ երբեք լաց չէր լինում, և քանի որ նա միաժամանակ հարուստ մարդ էր, երբեք չէր պատահել, որ սոխ մաքրած լիներ։ Այնինչ տեղի ունեցածը այնքան վախեցրեց ասպետին, որ նա թռավ կառքի մեջ, մտրակեց ձիերն ու սլացավ։ Քիչ հետո ետ դարձավ ու գոռաց․

― Է՜յ, Դդում, նայիր, հա՜, ես քեզ զգուշացրի․․․ Իսկ դու, ստոր լակոտ, քրջոտի մեկը, դու ինձ թանկ կվճարես այս արցունքների համար։

Չիպոլինոն ծիծաղից թուլացավ, իսկ քավոր Դդումը միայն ճակատի քրտինքը սրբեց։

Բացի սինյոր Սիսեռիկի տանից, մնացած բոլոր տների դռներն ու պատուհանները սկսեցին կամաց֊կամաց բացվել, վարպետ Խաղողը լայն բաց արեց իր պարտեզի վանդակադուռը և, բզով կատաղորեն քորելով ծոծրակը, դուրս թռավ փողոց։

― Երդվում եմ աշխարհի բոլոր մոմած թելերով, ― բացականչեց նա, ― վերջապես գտնվեց մի տղա, որ ստիպեց ասպետ Պոմիդորին լաց լինել․․․ Որտեղի՞ց հայտնվեցիր, տղա՛։

Եվ Չիպոլինոն վարպետ Խաղողին ու նրա հարևաններին պատմեց իր ամբողջ պատմությունը, որ դուք արդեն գիտեք։


Գլուխ երրորդ

Որտեղ պատմվում է պրոֆեսոր Տանձի, Սոխ Պրասի և Հազարոտնուկի մասին


Այդ օրվանից Չիպոլինոն սկսեց աշխատել վարպետ Խաղողի արհեստանոցում և շուտով կոշկակարության մեջ մեծ հաջողությունների հասավ։ Թել էր մոմում, կրունկներ էր խփում, ներբաններ դնում, պատվիրատուների ոտքերի չափսն էր առնում և այս բոլորի հետ շարունակում էր կատակել։

Վարպետ Խաղողը գոհ էր տղայից, և արհեստանոցի գործերը հիանալի էին գնում ոչ միայն նրա համար, որ երկուսն էլ եռանդով էին աշխատում, այլև այն պատճառով, որ շատերը արհեստանոց էին գալիս տեսնելու այն համարձակ տղային, որ ասպետ Պոմիդորին ստիպել էր լաց լինել։

Կարճ ժամանակում Չիպոլինոն շատ ծանոթներ ձեռք բերեց։

Առաջինը եղավ երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր Տանձը՝ ջութակը թևի տակ։ Նրա հետևից ներս թափանցեց ճանճերի ու բոռերի մի ամբողջ ամպ, որովհետև պրոֆեսոր Տանձի ջութակը սարքված էր հոտավետ, հյութեղ կիսատ տանձից, իսկ ճանճերը, հայտնի բան է, ամեն տեսակ քաղցրեղենի սիրահար են։

Շատ հաճախ, երբ պրոֆեսոր տանձը համերգ էր տալիս, ունկնդիրները դահլիճից բացականչում էին․

― Պրոֆեսո՛ր, ուշադրություն դարձրեք, ձեր ջութակի վրա մի մեծ ճանճ է նստած, դրա համար էլ եղանակը սխալ է ստացվում։

Այստեղ պրոֆեսորը նվագն ընդհատում էր և այլևս չէր վերականգնում այնքան ժամանակ, քանի նրան չէր հաջողվում կնտնոցով վերջ տալ ճանճին։

Իսկ երբեմն նրա ջութակի մեջ էր սողոսկում որևէ որդ և այնտեղ երկար, ծուռ ու մուռ միջանցքներ էր փորում, գործիքը դրանից փչանում էր, և պրոֆեսորն ստիպված նորն էր ձեռք բերում, որպեսզի նվագելիս եղանակը սխալ դուրս չգա։

Պրոֆեսոր Տանձից անմիջապես հետո գալիս էր պարտիզպան Սոխ Պրասը։ Նա ճակատին թափվող խիտ մազափունջ ուներ և երկար, շատ երկար բեղեր։

― Այս բեղերի պատճառով, ― գանգատվում էր Սոխ Պրասը Չիպոլինոյին, ― ես քիչ տհաճությունների մեջ չեմ ընկնում։ Երբ կինս սպիտակեղեն է փռում չորացնելու, ինձ նստեցնում է պատշգամբում, բեղերս կապում մեխերից և նրանց վրա կախում իր սավանները, շապիկներն ու գուլպաները։ Իսկ ես ստիպված նստում եմ արևի տակ այնքան ժամանակ, քանի դեռ սպիտակեղենը չի չորացել։ Այ, տեսնո՞ւմ ես, ինչ հետքեր են մնացել իմ բեղերին։

Իրոք, Սոխ Պրասի բեղերի վրա փայտե բռնիչների հետքեր կային։

Մի անգամ արհեստանոց եկավ Հազարոտնուկի ընտանիքը՝ հայրն ու երկու որդիները։ Որդիները ոչ մի րոպի չէին կարողանում հանգիստ կանգնել տեղում։

― Նրանք միշտ այդպես անհանգի՞ստ են, ― հարցրեց Չիպոլինոն։

― Ի՞նչ եք ասում, ― հառաչեց Հազարոտնուկ հայրը, հիմա դեռ հրեշտակի նման հանգիստ են, այ, դուք մի տեսնեիք, թե ինչ են անում, երբ կինս լողացնում է նրանց։ Մինչև նա կլվանա սրանց առաջին հարյուր ոտները, նրանք կեղտոտում են հետևի ոտները, լվանում է հետևինները՝ առաջինները նորից սև են ձյութի նման։ Նա անվերջ տանջվում է սրանց ձեռքին և ամեն անգամ մի ամբողջ արկղ օճառ է փչացնում։

Վարպետ Խաղողը ծոծրակը քորեց և հարցրեց․

― Հ՜ը, ձեր ճուտիկերի չափսն առնե՞մ թե չէ։

― Ի՞նչ եք ասում, աստված ձեզ հետ, մի՞թե ես կարող եմ այդքան կոշիկ պատվիրել։ Ես ստիպված պիտի ամբողջ կյանքում աշխատեմ, որպեսզի հազար զույգ կոշիկի գին կարողանամ վճարել։

― Ճիշտ է, ― համաձայնեց վարպետ Խաղողը, ― ասենք իմ արհեստանոցում այդքան կաշի չի էլ ճարվի։

― Դե դուք նայեք, թե կոշիկներից ո՞րն է ավելի շատ մաշված․ գոնե մի քանի զույգ կփոխենք։

Քանի դեռ վարպետ Խաղողն ու Չիպոլինոն տղաների ներբբաներն էին ստուգում, Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը աշխատում էին մի կերպ հանգիստ կանգնել, բայց այդ նրանց այնքան էլ չէր հաջողվում։

― Ահա, ― ասաց կոշկակարը, ― այս պստիկի համար հարկավոր է փոխել առաջին երկու և երեք հարյուրերորդ զույգերը։

― Ո՛չ, երեք հարյուրերորդը դեռ կարող է պետք գալ, ― շտապելով հակաճառեց հայր Հազարոտնուկը, ― կրունկները խփեք, հերիք է։

― Իսկ մյուս տղան պիտի աջ կողմից տասը կոշիկ իրար հետևից փոխի։

― Ինչքան եմ սրանց ասել, որ ոտքերով չփորփրեն գետինը։ Է՜, մի՞թե սրանք գիտեն քայլել։ Վազվզում են, մի ոտքի վրա պարում, թռչկոտում։ Եվ ի՞նչ է ստացվում, վերջ ի վերջո՝ բոլոր աջ կոշիկները ձախերից շուտ մաշվեցին։ Ահա՛, միշտ այսպես նեղություն ենք քաշում մենք՝ հազարոտնուկներս։

Վարպետ Խաղողը միայն ձեռքը թափ տվեց․

― Է՜խ, բոլոր երեխաներն էլ մեկ են։ Երկու ոտք ունեն թե հազար, փաստորեն միևնույն է։ Նրանք նույնիսկ ընդունակ են մի ոտքի վրա հազար զույգ կոշիկ մաշել։

Վերջապես Հազարոտնուկի ընտանիքը դոփդոփելով հեռացավ։ Հազարոտնուկն ու Հազարաթաթիկը այնպես սլացան, կարծես կառք նստած լինեին։ Հայր Հազարոտնուկը չէր կարող այդքան արագ շարժվել, նա մի քիչ կաղում էր, բոլորովին քիչ, ընդամենը հարյուր տասնութ ոտքով։


Գլուխ չորրորդ

Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը, որը շատ ծարավ էր


Իսկ ի՞նչ եղավ քավոր Դդումի տունը։

Մի բոլորովին էլ ոչ գեղեցիկ օր չորս վարունգ լծած իր կառքով եկավ ասպետ Պոմիդորը։ Այս անգամ նրան մի տասնյակ Լիմոնուկներ էին ուղեկցում։ Առանց երկար֊բարակ խոսելու սրանք քավոր Դդումին դուրս արեցին տանից, իսկ նրա տեղը Մաստինո անունով մի ահագին տնպահ շուն դրեցին։

― Ահա, ― սպառնագին շուրջը նայելով, հայտարարեց Պոմիդորը, ― հիմա ձեր բոլոր լակոտները կսովորեն ինձ հարգել և առաջին հերթին՝ այն եկվոր գջլոտը, որին վարպետ Խաղողը վերցրել է իր մոտ։

― Ճիշտ է, ճի՛շտ է, ― խուլ հաչեց Մաստինոն։

― Ինչ վերաբերում է հիմար ծերուկ Դդումին, ― շարունակեց սինյոր Պոմիդորը, ― նա այսուհետև կսովորի իմ հրամաններին ենթարկվել։ Իսկ եթե շատ է ուզում ծածկի տակ ապրել, ապա նրա համար միշտ էլ մի հարմար տեղ կճարվի բանտում։ Այնտեղ բոլորի համար էլ տեղ կլինի։

― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― նորից հաստատեց Մաստինոն։

Վարպետ Խաղողն ու Չիպոլինոն արհեստանոցի շեմքին կանգնած՝ ամեն ինչ տեսնում ու լսում էին, բայց ծերուկին ոչնչով չէին կարող օգնել։

Քավոր Դդումը տխուր նստել էր մի կոճղի և մորուքի մազերն էր փետում։ Ամեն անգամ քաշելիս ձեռքին մի փունջ մազ էր մնում։ Վերջ ի վերջո նա որոշեց թողնել այդ զբաղմունքը, որ անմորուք չմնա, սկսեց կամաց֊կամաց հառաչել։ Ախր դուք հիշում եք, քավոր Դդումը հառաչանքի մեծ պաշար ուներ։

Վերջապես սինյոր Պոմիդորը մտավ իր կառքը։ Մաստինոն կանգնեց առջևի թաթերին և իր տիրոջը պոչով պատիվ տվեց։

― Տե՛ս, հա՜, կպահպանես, ― հրամայեց ասպետ Պոմիդորը, մտրակեց Վարունգներին, և կառքը փոշու ամպ բարձրացնելով, առաջ սլացավ։

Ամառային հրաշալի շոգ օր էր։ Տիրոջ գնալուց հետո Մաստինոն շոգից լեզուն դուրս գցած, պոչը հովհարի նման թափ տալով, մի քիչ զբոսնեց տնակի առաջ։ Բայց ոչինչ չէր օգնում։ Շունը շոգից ուժասպառ եղավ։ «Հիմա վատ չէր լինի, որ մի բաժակ սառը ջուր խմեի», ― մտածում էր նա։

Շուրջը նայեց, տեսնի մի հարմար երեխա չկա՞, որ ուղարկի մոտակա պանդոկը՝ գարեջուր բերելու, բայց փողոցում թարսի պես ոչ ոք չկար։ Ճիշտ է, կոշկակարի արհեստանոցում բաց դռնից երևում էր Չիպոլինոն, որը եռանդով թել էր մոմում, բայց նրանից սոխի այնքան կծու հոտ էր փչում, որ Մաստինոն սիրտ չէր անում նրան կանչել։

Սակայն Չիպոլինոն ինքը նկատեց, որ շունը շոգից նվաղում է։

«Ես Չիպոլինոն չլինեմ, եթե դրա գլխին մի օյին չբերեմ», ― մտածեց նա։

Իսկ շոգը քանի գնում ուժեղանում էր, որովհետև արևն ավելի էր բարձրանում։ Խեղճ Մաստինոն այնպե՛ս խմել էր ուզում։

«Ի՞նչ եմ կերել ես այսօր, ― փորձեց հիշել նա, ― գուցե սուպը շատ աղի՞ էր, բերանիս մեջ ոնց որ կրակ լինի լցրած, իսկ լեզուս այնպես է ծանրացել, կարծես վրան մի քսան ֆունտ ձյութ է կպել»։

Այստեղ Չիպոլինոն գլուխը դռնից դուրս հանեց։

― Է՛յ, է՛յ, ― թույլ ձայնով կանչեց Մաստինոն։

― Դուք ի՞նձ եք կանչում, սինյոր։

― Ձեզ, պատանյակ, ձեզ։ Գնացեք ինձ համար մի շիշ սառը լիմոնադ բերեք, խնդրում եմ։

― Ա՛խ, ես մեծ ուրախությամբ կգնայի, սինյոր Մաստինո, բայց իմ տերը հենց նոր կարկատելու տվեց այս կոշիկը, և ես ոչ մի կերպ չեմ կարող բացակայել։ Շատ ափսոսում եմ։

Եվ Չիպոլինոն առանց ավելորդ խոսակցության, վերադարձավ իր արհեստանոցը։

― Ծո՛ւյլ, անքաղաքավարի՛, ― մռթմռթաց շունը, անիծելով շղթան, որ խանգարում էր պանդոկ գնալուն։

Մի քիչ հետո Չիպոլինոն նորից երևաց։

― Սինյորինո, ― համարյա թե լալով ասաց Մաստինոն, ― գուցե դուք ինձ մի բաժակ հասարակ ջուր բերեք։

― Ես մեծ հաճույքով կբերեի, ― ասաց Չիպոլինոն, ― բայց հենց նոր տերս հրամայեց սինյոր սրբազանի տուֆլու կրունկները նորգել։

Ճիշտն ասած, Չիպոլինոն ամբողջ հոգով խղճում էր ծարավից տանջվող շանը, բայց նրան դուր չէր գալիս այն արհեստը, որով զբաղվում էր Մաստինոն, բացի այդ ուզում էր մի անգամ էլ դաս տալ սինյոր Պոմիդորին։

Մոտ ժամը երեքին արևն այնպես սկսեց այրել, որ փողոցում նույնիսկ քարերը քրտնեցին։ Մաստինոն շոգից ու ծարավից քիչ մնաց կատաղեր։

Վերջապես Չիպոլինոն վեր կացավ իր նստարանից, մի շիշ ջուր լցրեց և մեջը ավելացրեց այն սպիտակ դեղափոշուց, որ անքնության դեմ ընդունում էր վարպետ Խաղողի կինը։

Նա մատով փակեց շշի բերանը, մոտեցրեց շրթունքներին, ցույց տալով, թե խմում է։

― Ա՜խ, ― փորը շոյելով ասաց նա, ― ի՜նչ հրաշալի սառը ջուր է։

Մաստինոյի թուքը հոսեց, այնպես որ մի պահ նա նույնիսկ իրեն լավ զգաց։

― Սինյոր Չիպոլինո, իսկ այդ ջուրը մաքո՞ւր է։

― Իհարկե, արցունքի պես զուլալ է։

― Իսկ մեջը բացիլներ չկա՞ն։

― Ի՜նչ եք ասում, այս ջուրը մաքրել և քամել են երկու նշանավոր պրոֆեսոր, որոնք միկրոբերը թողել են իրենց, իսկ ջուրը ինձ տվել, որովհետև ես կարկատել եմ նրանց տուֆլիները։

Եվ Չիպոլինոն նորից շիշը բերանին մոտեցնելով, ցույց տվեց, թե խմում է։

― Սինյոր Չիպոլինո, ― զարմացած հարցրեց Մաստինոն, ― այդ ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում, որ շիշը միշտ լիքն է մնում։

― Բանն այն է, ― պատասխանեց Չիպոլինոն, ― որ այս շիշը իմ ողորմածիկ պապի նվերն է։ Սա կախարդական շիշ է և երբեք չի դատարկվում։

― Իսկ դուք ինձ չե՞ք թողնի, որ մի քիչ խմեմ, գոնե մի կում։ Մի կում միայն։

― Մի կո՞ւմ։ Խմեք ինչքան ուզում եք, ― պատասխանեց Չիպոլինոն, ― ես ձեզ ասացի, որ իմ շիշը երբեք չի դատարկվում։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ուրախացավ Մաստինոն։ Նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում Չիպոլինոյին, լիզում էր նրա ոտները և պոչը շարժում։ Նույնիսկ իր տիրուհիների, կոմսուհիներ Բալերի հետ նա երբեք այդպես չէր վերաբերվել։

Չիպոլինոն ջուրը մեկնեց Մաստինոյին։ Սա շիշը խլեց տղայի ձեռքից և ագահորեն ամբողջ ջուրը մի կում արեց։ Դատարկ շշին նայելով, նա զարմացավ․

― Ինչպե՞ս, արդեն վերջացա՞վ։ Իսկ դուք ինձ ասում էիք, թե շի․․․

Այդպես էլ նա չկարողացավ վերջացնել, ընկավ ու քնեց։

Չիպոլինոն շղթան հանեց, շանը շալակեց և տարավ այն ամրոցի մոտ, որտեղ ապրում էին կոմսուհի Բալերն ու ասպետ Պոմիդորը։ Ետ դառնալով, նա տեսավ, որ քավոր Դդումը արդեն նորից տիրացել է իր տնակին։ Ծերուկի դեմքը և պատուհանից դուրս ընկած քրքրված մորուքը աննկարագրելի ուրախություն էին արտահայտում։

«Խեղճ շուն, ― մտածում էր Չիպոլինոն, դեպի ամրոց գնալով, դու ինձ ներիր, խնդրում եմ, բայց ես պարտավոր էի այդպես վարվել։ Միայն հայտնի չէ, երբ քնից զարթնես, ինչպե՞ս շնորհակալ կլինես իմ տված թարմ ջրի համար»։

Ամրոցի դարբասները բաց էին։ Չիպոլինոն շանը դրեց այգու խոտերի վրա, քնքշորեն շոյեց նրան և ասաց․

― Ասպետ Պոմիդորին ինձնից բարև արա․ երկու կոմսուհիներին էլ։

Մաստինոն պատասխանեց երանելի մռլտոցով։ Նա երազում տեսնում էր, թե իբր լողանում է լեռնային լճում, հաճելի, սառը ջրում։ Լողանալով՝ նա խմում է սրտի ուզածի չափ և ինքն էլ աստիճանաբար ջուր է դառնում․ նրա պոչը ջուր է դարձել, ջուր էին դարձել ականջներն ու չորս թաթերը՝ թեթև ու երկար շատրվանի շիթերի պես։

― Հանգիստ քնիր, ― ավելացրեց Չիպոլինոն և վերադարձավ գյուղ։