Վերջին թարմացում 29 Հունվարի 2016, 00:21

Խամսայի Մելիքությունները

00:21, 29 Հունվարի 2016 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խամսայի Մելիքությունները

հեղինակ՝ Րաֆֆի
աղբյուր՝ Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 9


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (1600—1827)

ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իր հանգուցյալ հայր
ՄԵԼԻՔ-ՄԻՐԶԱ-ԲԵԿԻ
անմոռանալի հիշատակին
խորին երախտագիտությամբ
նվիրում է որդին
նրա դասակիցների պատմությունը






I

Հայաստանը իր անկման զանազան շրջաններում, կորցնելով իր գահը, ամեն անգամ թողել է իր ներկայացուցիչներին, որպես դեռ չմարած կայծեր, պահպանված նախկին փառքի մոխիրի մեջ։ Հայկազանց թագավորող տունը վերջանալուց հետո թողեց իր ետևից մի շարք իշխողներ, որ կոչվում էին կուսակալներ։ Արշակունիք թողին մարզպաններին, կյուրապաղատներին, պատրիկներին և ոստիկաններին։ Իսկ Բագրատունիները և Ռուբինյանները թողին զանազան, միմյանցից բաժանված, անկախ իշխանություններ։

Հիշյալ իշխանությունների ներկայացուցիչները ըստ մեծի մասին եղել են հայոց հին նախարարական տների ժառանգները։ Դրանք հայոց թագավորության մի շրջանի վերջանալուց հետո պահպանում էին նրա իշխանությունը մինչև մի նոր շրջանի ստեղծվիլը և այսպիսով ծառայում էին որպես օղակներ, որոնք անխզելի կերպով պահպանում էին հայկական անկախության շարունակությունը, մինչև կործանված գահի կրկին վերականգնելը։ Այդ իշխանությունները թեև երբեմն օտարներից նշանակված և օտարների հարկատու են եղել, բայց երբեք չեն կորցրել իրանց ինքնավարության իրավունքները։

Վերջին դարերում նախարարական հին տների փոխարեն երևան եկան մելիքները, որոնց իշխանությունը ավելի կանոնավոր ձև ստացան Շահ-Աբաս մեծի օրերից (1603)։ Պարսից այդ աշխարհաշեն թագավորը, որի քաղաքական հայացքները օտարազգիների վերաբերությամբ բոլորովին տարբեր էին իր նախորդներից, ավելի բարվոք էր համարում իր հպատակ այլասեռ ժողովուրդներին կառավարել հենց իրանց ներկայացուցիչների ձեռքով և դրանով ամրացնել ամբողջ պետության մեջ համերաշխության կապերը։ Նա առաջինը եղավ, որ հաստատեց հայոց իշխանների «մելիք»[1]տիտղոսը, որ կրում էին ավելի հին ժամանակներից։ Դրանով Շահ-Աբասը կամեցավ վարձատրել այն մեծ ծառայությունը, որ հայոց մելիքները կատարեցին նրա՝ օսմանցիների դեմ ունեցած հաղթությունների մեջ[2]։

Մելիքների իշխանությունը տևեց շատ երկար, իսկ Անդրկովկասում՝ մինչև ռուսների տիրապետության օրերը։ Ես պիտի խոսեմ այդ իշխանություններից միայն մի խմբի վրա, որը ընդհանուր անունով կոչվում էր Խամսայի մելիքություններ[3]։

Խամսայի մելիքությունները բաղկանում էին հինգ փոքրիկ գավառներից, որոնք, միմյանց սահմանակից լինելով, կազմում էին մի ամբողջ նահանգ, որը այժմ կոչվում է Ղարաբաղ, իսկ մեր պատմության մեջ հայտնի է Արցախ կամ Փոքր-Սյունիք անունով։ Դա ավելի հին ժամանակներում Աղվանից աշխարհի մի մասն էր ներկայացնում։

Հիշյալ հինգ գավառները հետևյալներն են։

1) Գյուլիստան կամ Թալիշ, որ սկսվում է Քյուրակ-Չայ գետից, այսինքն՝ Գանձակի սահմաններից և տարածվում է մինչև Թարթար գետը։

2) Ջրաբերդ կամ Չարաբերդ, որ սկսվում է Թարթար գետից և տարածվում է մինչև Խաչենի գետը։

3) Խաչեն, որը սկսվում է նույն անունով գետից և տարածվում է մինչև Բալլու-Չայ գետը։

4) Վարանդա, որը սկսվում է այդ գետից և տարածվում է մինչև Դիզափայտի լեռնային գոտին։

5) Տիզակ կամ Դուզախ, որը սկսվում է այդ լեռներից և տարածվում է մինչև Երասխ գետը։

Այդ երկրները, որ, ինչպես վերևում հիշեցի, մի ժամանակ Աղվանից թագավորության մի մասն էին կազմում, հետո ապաստան դարձան հայոց մելիքների։ Երկրի անմատչելի դիրքը նպաստում էր այնտեղ հայոց իշխանության պահպանվելուն դառն ժամանակների փոթորիկներից։ Վայրենի բնությունը, դարևոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որը իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք աներ և իր ծմակների վագրների նման աներկյուղ սիրտ ուներ։ Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետնի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և, որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը։

Յուրաքանչյուր մելիք իր գավառի տերն էր, նա ուներ իր առանձին բերդը և իր ամրոցները։ Գյուլիստանի մելիքի ամրոցը գտնվում էր Գյուլիստան գյուղի մոտ[4]մի անմատչելի սարի գագաթի վրա. մի այլ ամրոց նույն գավառում գտնվում էր Թալիշ ավանի մոտ, Հոռեկա վանքի հանդեպ։ Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթար գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրարերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, դրի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթարը և Թըրղին։ Այդ երկու գետերը, կտրելով միմյանց, բերդին թերակղզու ձև են տալիս։ Խաչենի մելիքների բերդերը գտնվում էին Խաչեն գետի մոտ. նրանցից մեկը կանգնած է Գանձասարի հռչակավոր վանքի հանդեպ, բարձր, անտառապահ լեռան գլխի վրա և կոչվում է Թարխանաբերդ (Խոխանաբերդ)։ Այս բերդում տասնևերորդ դարու սկզբներում պաշտպանվում էր Հասան-Ջալալ իշխանը թաթարների արշավանքների դեմ։ Մի այլ բերդ, դարձյալ Խաչեն գավառում, գտնվում է հիշյալից մի քանի ժամ ճանապարհով հեռու, սուրբ Հակոբա վանքի հանդեպ։ Այդ բերդը արժանի է իր անվանը. նա կոչվում է Կաչաղակաբերդ (Սաղսաղան-կալասի), որովհետև սրաթռիչ կաչաղակները միայն կարող են բարձրանալ մինչև նրա սրածայր գագաթը, որ կորչում է ամպերի մեջ։ Վարանդայի Մելիքի ամրոցը գտնվում էր Չանախչի (Ավետարանոց) ավանում, կուսանաց անապատի հանդեպ։ Տիզակի Մելիքի ամրոցը գտնվում էր Տող ավանում, Գտչի վանքի հանդեպ, որը բարձրացել է մինչև երկինքը։

Այդ երկրում աշխարհից հրաժարված աբեղաների վանքերի հան-



  1. Մելիք կամ մալիք նշ. իշխող, տիրապետող, արքա։
  2. Սյունյաց աշխարհի հայոց մելիքները և Էջմիածնի կաթողիկոսը, մի քանի եպիսկոպոսների հետ, օսմանցիների լծից ազատվելու համար, իրանք դիմեցին Սպահան և հրավիրեցին Շահ-Աբասին Հայաստանը տիրելու համար։
  3. Խամսա արաբերեն նշ. հինգ, իսկ Խամսայի մելիքություններ նշ. հինգ մելիքություններ։
  4. Ղարաբաղի մելիքների բերդերը, ամրոցները, մի քանիսը ավերակ, մի քանիսը ամբողջ դրության մեջ, գոլություն ունեն մինչև այսօր։ Բայց պետք է նկատի առնել, որ այդ ամրոցներից շատերը Աղվանից թագավորների և իշխանների ժամանակներից մնացած են, մելիքները միայն նորոգեցին իրանց գործածության համար։