Վերջին թարմացում 22 Փետրվարի 2016, 19:17

Փոքրիկ Մուքը

19:17, 22 Փետրվարի 2016 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փոքրիկ Մուքը

հեղինակ՝ Վիլհելմ Հաուֆ
թարգմանիչ՝ Հ․ Հարությունյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Փոքրիկ Մուքը»


Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։

Փոքրիկ Մուքն ապրում էր հին, մեծ տան մեջ, բոլորովին մեն֊մենակ։ Նույնիսկ իր ճաշն ինքն էր պատրաստում։ Ամեն օր կեսօրին նրա տան գլխին թանձր ծուխ էր բարձրանում։ Եթե այդ ծուխը չլիներ, հարևանները չէին իմանա՝ ողջ֊առողջ է թզուկը, թե՞ մեռել է արդեն։ Փոքրիկ Մուքը փողոց էր դուրս գալիս ամսական միայն մեկ անգամ, այն էլ ամսվա առաջին օրը։ Բայց հաճախ երեկոները մարդիկ տեսնում էին, թե ինչպես նա զբոսնում է իր տան տափակ կտուրին։ Ներքևից այնպես էր թվում, թե տան կտուրին հենց միայն մի ահագին գլուխ է ետ ու առաջ շարժվում։

Ես ու իմ ընկերները չար տղաներ էինք և սիրում էինք մարդկանց ծաղրել ու ջղայնացնել, դրա համար էլ, երբ Փոքրիկ Մուքը դուրս էր գալիս տանից, մեզ համար իսկական տոն էր լինում։ Այդ օրը մենք հավաքվում էինք Մուքի տան առաջ և սպասում նրա դուրս գալուն։ Ահա զգուշությամբ բացվում է դուռը։ Այնտեղից դուրս է ցցվում Փոքրիկ Մուքի գլուխը՝ ահագին չալմայի մեջ։ Լայն գոտուց կախված էր լինում խանչալը՝ այնքան երկար, որ դժվար էր ասել՝ խանչա՞լն է կախված Մուքից, թե՞ Մուքն է կախված խանչալից։

Վերջապես, երբ Մուքը փողոց էր դուրս գալիս, մենք ողջունում էինք նրան ուրախ աղաղակներով և պարում, ցատկոտում էինք նրա շուրջը գժվածի պես։ Փոքրիկ Մուքը հպարտ֊հպարտ գլխով ողջունում էր մեզ և մաշիկները շրխկացնելով հանդարտ քայլում փողոցով։ Նրա մաշիկներն էլ շատ խոշոր էին, այդպիսի մաշիկներ ոչ ոք ոչ մի տեղ չէր տեսել։ Մենք, տղաներս, վազում էինք նրա հետևից ու գոռում․ «Փոքրիկ Մո՛ւք, Փոքրիկ Մո՛ւք»։ Նրա մասին նույնիսկ այսպիսի մի երգ էինք հորինել․

Ա՛յ պստիկ Մուք, պստիկ Մուք,
Մի ետ նայիր, պստիկ Մուք,
Կարճ ոտքերով վազվզիր,
Թե կարող ես՝ մեզ բռնիր։

Այսպես մենք հաճախ էինք ծաղրում խեղճ թզուկին, և, թեպետ ամոթ է ինձ համար, բայց ստիպված եմ խոստովանել, որ ես ամենից շատ էի նեղացնում նրան։ Ամեն անգամ քաշքշում էի Մուքի խալաթի փեշից, իսկ մի անգամ էլ դիտմամբ ոտքս դրի նրա մաշիկի կրնկին այնպես, որ խեղճը վայր ընկավ։ Այս բանն ինձ շատ ծիծաղելի թվաց, բայց հենց որ Փոքրիկ Մուքը դժվարությամբ վեր կացավ և քայլեց ուղիղ դեպի մեր տուն, իմ ծիծաղը կտրվեց։ Երկար ժամանակ նա մեր տանից դուրս չէր գալիս։ Ես դռան հետևը թաք էի կացել և անհամբեր սպասում էի, թե ինչ է լինելու։

Վերջապես դուռը բացվեց, և թզուկը դուրս եկավ։ Հայրիկս հարգանքով նրա թևը բռնած՝ ճանապարհեց մինչև շեմքը և որպես հրաժեշտ՝ խոնարհ գլուխ տվեց։ Ես զգում էի, որ իմ բանը լավ չի և երկար ժամանակ սիրտ չէի անում տուն գնալ։ Վերջապես քաղցը վախին հաղթեց, և ես վախվխելով տուն մտա, բայց սիրտ չէի անում գլուխս բարձրացնել։

― Լսել եմ, որ դու Փոքրիկ Մուքին նեղացնում ես, ― խստությամբ ասաց հայրս։ ― Ես քեզ կպատմեմ նրա արկածները, և դու երևի այլևս չես ծաղրի այդ խեղճ թզուկին։ Բայց մինչև այդ դու կստանաս այն, ինչ քեզ հասնում է։

Իսկ այդպիսի բաների համար ինձ մի լավ ծեծ էր հասնում։ Պետք եղած թվով հարվածները տալուց հետո հայրս ասաց․

― Հիմա լսիր ուշադիր։

Եվ նա ինձ պատմեց Փոքրիկ Մուքի պատմությունը։


Մուքի հայրը (ասենք նրա իսկական անունը Մուք չի եղել, այլ եղել է Մուքրա) ապրում էր Նիկեում և հարգարժան մարդ էր, բայց հարուստ չէր։ Նա էլ Մուքի պես շարունակ նստում էր տանը և քիչ էր պատահում, որ փողոց դուրս գա։ Մուքին ամենևին չէր սիրում ու ոչինչ չէր սովորեցնում, որովհետև սա թզուկ էր։

― Դու վաղուց արդեն երեխա չես, ― ասում էր նա Մուքին, ― բայց դեռ չարություններ ես անում ու պարապ֊սարապ ման գալի։

Մի անգամ էլ Մուքի հայրը փողոցում վայր ընկավ ու ծանր վնասվածք ստացավ։ Դրանից հետո նա հիվանդացավ և շուտով մեռավ։ Փոքրիկ Մուքը մնաց բոլորովին մենակ, առանց մի գրոշ փողի։ Հոր ազգականները նրան տանից դուրս արին ու ասացին․

― Գնա աշխարհ֊աշխարհ ման արի․ գուցե թե քո բախտը գտնես։

Մուքը խնդրեց միայն հորից մնացած հին շալվարը և բաճկոնը։ Նրա հայրը բարձրահասակ ու հաստամարմին մարդ էր, բայց Մուքը առանց երկար մտածելու շալվարն էլ կարճացրեց, բաճկոնն էլ ու հագավ։ Ճիշտ է, դրանք շատ լայն էին, բայց թզուկը դրա դեմ ոչինչ չէր կարող անել։ Նա չալմայի փոխարեն մի սրբիչ փաթաթեց գլխին, խանչալը կախեց գոտուց, մի գավազան ձեռքն առավ ու ճամփա ընկավ՝ ինքն էլ չիմանալով թե ուր։

Շուտով քաղաքից դուրս եկավ և երկու օր շարունակ ճամփա էր գնում։ Շատ էր հոգնել ու սովել։ Հետը ոչ մի ուտելիք չուներ և սնվում էր արմատեղենով ու զանազան հատիկներով։ Իսկ գիշերները պառկում էր դաշտում, բաց երկնքի տակ։

Երրորդ օրվա առավոտյան մի բլրի գլխից նա տեսավ մի մեծ, գեղեցիկ քաղաք՝ զարդարված դրոշներով ու դրոշակներով։ Վերջին ուժերը հավաքելով՝ Փոքրիկ Մուքը քայլեց դեպի այդ քաղաքը։

«Գուցե թե հենց այս քաղաքում գտնեմ իմ բախտը», ― ասում էր նա ինքն իրեն։

Թեև քաղաքը մոտիկ էր թվում, բայց Մուքը էլի երկար ճանպարհ գնաց։ Վերջապես կեսօրին նա հասավ քաղաքի դարբասին։ Քաղաքի տները շատ գեղեցիկ էին։ Լայն փողոցները լիքն էին ժողովրդով։ Փոքրիկ Մուքը շատ քաղցած էր, բայց ոչ ոք նրա առաջ դուռը չէր բացում ու չէր հրավիրում ներս մտնել, հանգստանալ։

Մուքը հազիվ ոտքերը քարշ տալով վհատ թափառում էր փողոցներում։ Նա անցնում էր մի բարձր, գեղեցիկ տան մոտով, մեկ էլ հանկարծ այդ տան լուսամուտներից մեկը լայն բացվեց, և մի ինչ֊որ պառավ գլուխը դուրս հանելով կանչեց․

Եկե՜ք, եկե՜ք,
Ճաշը կերե՜ք,
Ա՛յ քաղաքացիներ,
Հարևաններ,
Դուք էլ եկեք,
Կուշտ֊կուշտ կերե՜ք։

Եվ իսկույն այդ տան դուռը բացվեց ու սկսեցին ներս մտնել շներ ու կատուներ, շատ կատուներ ու շներ։ Մուքը մտածեց, ու ինքն էլ ներս մտավ։ Հենց այդ ժամանակ նրա առջևից գնում էին երկու կատու, և թզուկը մտածեց ետ չմնալ դրանցից, այս կատուները երևի գիտեն, թե ուր պիտի գնալ։

Այսպես Մուքը սանդուղքով բարձրացավ և տեսավ այն պառավին, որ կանչում էր լուսամուտից։

― Ի՞նչ ես ուզում, ― բարկությամբ հարցրեց պառավը։

― Դու կանչում էիր ճաշ ուտելու, ― ասաց Մուքը, ― ես էլ շատ քաղցած եմ։ Եվ ահա եկել եմ ճաշ ուտելու։

Պառավը բարձր֊բարձր ծիծաղեց ու ասաց․

― Դու այդ որտեղի՞ց ես լույս ընկել, ա՛յ տղա։ Քաղաքում բոլորը գիտեն, որ ես ճաշ եմ պատրաստում իմ սիրելի կատուների համար։ Եվ որպեսզի նրանց համար տխուր չլինի, ես հարևաններին էլ եմ հրավիրում։

― Ինձ էլ կերակրիր նրանց հետ, ― խնդրեց Մուքը։

Եվ նա պառավին պատմեց, թե ինչ ծանր օրեր է քաշել հոր մահից հետո։ Պառավը նրան խղճաց և կուշտ կերակրեց։ Երբ Փոքրիկ Մուքը կուշտ կերել և հանգստացել էր, պառավն ասաց․

― Գիտե՞ս ինչ, Մո՛ւք։ Արի դու մնա ինձ մոտ ծառայիր։ Աշխատանքդ թեթև կլինի և լավ կապրես իմ տանը։

Կատուների ճաշը Մուքին դուր էր եկել, և նա համաձայնեց։ Ահավզի խանումը (այդպես էին կոչում պառավին) վեց կատու ուներ։ Ամեն առավոտ Մուքը սանրում էր այդ կատուներին և ապա օծում թանկագին օծանելիքով։ Ճաշին ուտելիք էր մատուցում նրանց, իսկ երեկոյան քնելու էր պառկեցնում փափուկ ներքնակների վրա ու ծածկում թավշյա վերմակներով։

Բացի կատուներից այդ տանը չորս շուն էլ կար։ Մուքը նրանց էլ էր խնամում, բայց շներն ավելի քիչ էին չարչարում նրան, քան կատուները։ Պառավը կատուներին սիրում էր ինչպես հարազատ երեխաների։

Փոքրիկ Մուքի համար պառավի մոտ նույնքան տխուր էր, որքան իր հոր տանը։ Բացի կատուներից ու շներից նա ուրիշ բան չէր տեսնում։

Սկզբում կյանքը բավական լավ էր ընթանում․ աշխատանքը քիչ էր, սնունդը՝ լավ, պառավն էլ շատ գոհ էր նրանից։ Բայց հետո կատուները երես առան։ Հենց որ պառավը ոտքը դուրս էր դնում տանից, սկսում էին գժի պես վազվզել սենյակում։ Եղած֊չեղածը թափթփում էին, թանկարժեք ամանները կոտրատում։ Բայց հենց որ լսում էին, որ պառավը բարձրանում է սանդուղքով, իսկույն ցատկում, պառկում էին իրենց ներքնակների վրա, կուչ գալիս, պոչները քաշում իրենց, որպես թե իրենք ոչինչ չեն արել։ Պառավը տեսնում էր, որ սենյակը տակնուվրա է արված, սկսում էր գոռգոռալ Փոքրիկ Մուքի վրա։ Որքան էլ Մուքը փորձեր արդարանալ, պառավն ավելի շատ իր կատուներին էր հավատում, քան ծառային։ Կատուներին նայելով իսկույն համոզվում էր, որ նրանք ոչ մի մեղք չունեն։

Խեղճ Մուքը սրա համար շատ էր դարդ անում և վերջ ի վերջո որոշեց պառավի մոտից հեռանալ։ Ահավզի խանումը խոստացել էր ծառայության համար փող վճարել նրան, բայց շարունակ հետաձգում էր ու չէր վճարում։

«Հենց որ փողը ստացա, ― մտածում էր Փոքրիկ Մուքը, ― իսկույն կհեռանամ։ Եթե իմանայի, թե պառավը որտեղ է փողը պահում, ես վաղուց վերցրած կլինեի որքան հասնում է ինձ»։

Պառավի տանը կար մի փոքրիկ սենյակ, որի դուռը միշտ փակ էր լինում։ Մուքը շատ էր ուզում իմանալ, թե ինչ կա այդ սենյակում պահված։ Ու հանկարծ մի օր էլ մտածեց, թե գուցե հենց այդ սենյակումն են պահված պառավի փողերը։

Մի առավոտ, երբ Ահավզին դուրս էր գնացել տանից, շնիկներից մեկը վազեց Մուքի մոտ ու նրա փեշը բռնեց (պառավն այդ շնիկին այնքան էլ չէր սիրում, իսկ Մուքը, ընդհակառակը, հաճախ էր նրան շոյում ու փաղաքշում)։ Շնիկը կամաց ծմրալով Մուքին քաշեց իր հետևից։ Նա թզուկին տարավ պառավի ննջարանը և կանգ առավ մի փոքրիկ դռնակի առաջ, որը մինչ այդ Մուքը չէր նկատել։

Շունը հրեց դուռը և մտավ մի ինչ֊որ սենյակ։ Մուքը ևս նրա հետևից ներս մտավ և զարմանքից քար կտրեց․ սա հենց այն սենյակն էր, որտեղ վաղուց ինքն ուզում էր լինել։

Ամբողջ սենյակը լիքն էր հին շորերով և զարմանալի հնադարյան ամանեղենով։ Մուքին առանձնապես դուր եկավ մի բյուրեղապակյա սափոր, որի վրա ոսկեգույն նախշեր կային։ Նա այդ սափորը ձեռքն առավ ու սկսեց զննել։ Հանկարծ խուփն ընկավ ― Մուքը չէր էլ նկատել, որ սափորը խուփ ունի ― և կոտրվեց։

Խեղճ Մուքը շատ վախեցավ։ Էլ մտածելու տեղ չէր, հարկավոր էր շուտ փախչել, թե չէ, պառավը որ գար ու տեսներ սափորի խուփը կոտրել է, այնքան կծեծեր, կիսամեռ կաներ։

Մուքը մի անգամ էլ աչք ածեց սենյակը և հանկարծ մի անկյունում տեսավ մի զույգ մաշիկ։ Ճիշտ է, դրանք շատ մեծ էին ու տգեղ, բայց Մուքի կոշիկներն էլ բոլորովին քրքրված էին։ Նա նույնիսկ ուրախ էր, որ մաշիկներն այդպես մեծ են, որովհետև եթե դրանք հագներ, բոլորը կտեսնեին, որ նա այլևս երեխա չի։

Տանից դուրս գալով՝ նա վազեց առանց ետ նայելու, մինչև որ քաղաքից դուրս եկավ դաշտ։ Այստեղ Մուքը ուզեց մի փոքր հանգստանալ, բայց հանկարծ զգաց, որ կանգ առնել չի կարողանում․ ոտքերն իրենք֊իրենց վազում էին ու սրան էլ քաշում։ Մուքը փորձեց վայր ընկնել, փորձեց ետ դառնալ, բայց չեղավ ու չեղավ։ Վերջապես նա հասկացավ, որ գաղտնիքը իր նոր մաշիկների մեջ է, նրանք էին, որ Մուքին առաջ էին քշում և չէին թողնում կանգ առնել։

Մուքն արդեն բոլորովին ուժասպառ էր եղել և չէր իմանում, թե ինչ անի։ Նա հուսահատված ձեռքերը թափահարեց և սայլապանի պես գոռաց․

― Տպռո՜ւ․․․ Տպռո՜ւ․․․ Կանգնի՛ր։

Եվ հանկարծ մաշիկները կանգ առան, ու խեղճ թզուկն ամբողջ թափով ընկավ գետնին։

Նա այնքան էր հոգնել, որ իսկույն քուն մտավ։ Եվ մի զարմանալի երազ տեսավ։ Երազում տեսավ, որ այն փոքրիկ շնիկը, որը նրան տարել էր գաղտնի սենյակը, մոտեցավ իրեն ու ասաց․

― Սիրելի Մուք, դու դեռ չգիտես, թե ինչպիսի հրաշք մաշիկներ են քո մաշիկները։ Բավական է, որ դու այդ մաշիկները հագնես, երեք անգամ կրնկիդ վրա շուռ գաս, և նրանք քեզ կտանեն որտեղ ցանկանաս։ Իսկ այդ գավազանը կարող է գանձ որոնել քեզ համար։ Որտեղ ոսկի լինի թաղված, այնտեղ գավազանը երեք անգամ քիթը կխփի գետնին, իսկ որտեղ արծաթ լինի թաղված, երկու անգամ կխփի։

Երբ Մուքն արթնացավ, իսկույն ուզեց փորձել, թե ճի՞շտ է ասել փոքրիկ շնիկը։ Նա ձախ ոտքը բարձրացրեց և փորձեց պտույտ գալ աջ կրնկի վրա, բայց ընկավ ու քիթը խփեց գետնին։ Նորից ու նորից փորձեց և վերջապես սովորեց պտույտ գալ կրնկի վրա առանց ընկնելու։ Այն ժամանակ նա գոտին պնդացրեց, երեք անգամ արագ պտույտ եկավ մի կրնկի վրա ու ասաց․

― Իսկույն տարեք ինձ հարևան քաղաքը։

Եվ հանկարծ մաշիկները նրան օդ բարձրացրին և քամու պես արագ սլացան ամպերի միջով։ Դեռ Փոքրիկ Մուքը ուշքի չէր եկել, մեկ էլ տեսավ կանգնած է մի քաղաքի շուկայում։

Նա նստեց մի խանութի առաջ, հողաթմբի վրա ու սկսեց մտածել, թե ինչպես անի, որ մի քիչ փող ճարի։ Ճիշտ է, նա կախարդական գավազան ուներ, բայց ի՞նչ իմանար, թե որտեղ է ոսկի կամ արծաթ պահված, որ գնար գտներ։ Ճարը որ կտրվեր, նա կարող էր փողով ցույց տալ իրեն, բայց հպարտությունը թույլ չէր տալիս այդ։

Եվ հանկարծ Փոքրիկ Մուքը հիշեց, որ հիմա ինքը կարողանում է շատ արագ վազել։

«Գուցե թե իմ մաշիկներն օգուտ կտան ինձ, ― մտածեց նա։ ― Գնամ թագավորի մոտ, խնդրեմ, որ ինձ սուրհանդակ վերցնի»։

Խանութի տիրոջը հարցրեց, թե որ ճանապարհով կարող է գնալ պալատ, և մի հինգ րոպե հետո արդեն պալատի դարբասի մոտ էր։ Բարապանը հարցրեց նրան, թե ի՞նչ է ուզում, և իմանալով, որ թզուկն ուզում է ծառա վարձվել թագավորի մոտ, նրան տարավ ստրուկների վերակացուի մոտ։ Մուքը վերակացուին խոնարհ գլուխ տվեց և ասաց․

― Ո՜վ տեր, ես կարող եմ ամենաարագավազ մարդուց էլ արագ վազել։ Թագավորի սուրհանդակ դարձրեք ինձ։

Ստրուկների վերակացուն արհամարհանքով նայեց թզուկին և քահ֊քահ ծիծաղելով ասաց․

― Քո ոտքերը բարակ են չոփի պես և ուզում ես սուրհանդա՞կ վարձվել։ Գնա կորիր այստեղից։ Ես նրա համար չեմ ստրուկների պետ կարգվել, որ ամեն մի հիմար ծիծաղի ինձ վրա։

― Ո՜վ տեր, ― ասաց Փոքրիկ Մուքը, ― ես չեմ ծիծաղում ձեզ վրա։ Եկեք գրազ գանք, որ ես ձեր ամենաարագավազ սուրհանդակից էլ արագ կվազեմ։

Ստրուկների վերակացուն ավելի բարձր քրքջաց։ Թզուկը նրան այնքան հետաքրքիր թվաց, որ նա որոշեց չքշել նրան, այլ նրա մասին պատմել թագավորին։

― Դե լավ, ― ասաց նա, ― թող այդպես լինի, ես քեզ կվարձեմ։ Գնա խոհանոց և պատրաստվիր մրցության։ Այնտեղ քեզ ուտելիք ու խմելիք կտան։

Հետո ստրուկների վերակացուն գնաց թագավորի մոտ և նրան պատմեց զարմանալի թզուկի մասին։ Թագավորը զվարճանալու ցանկություն ուներ։ Նա գովեց ստրուկների վերակացուին, որ նա բաց չի թողել Փոքրիկ Մուքին, և հրամայեց երեկոյան մրցություն սարքել մեծ դաշտում, որպեսզի բոլոր պալատականները կարողանան գալ ու տեսնել։

Իշխաններն ու իշխանուհիներն հմացան, թե երեկոյան ինչ հետաքրքիր տեսարան է լինելու և պատմեցին իրենց սպասավորներին, իսկ սրանք էլ լուրը տարածեցին ամբողջ պալատում։ Եվ ահա երեկոյան բոլորը, ում ոտքը բռնում էր, դուրս եկան դաշտ՝ տեսնելու, թե ինչպես է վազելու պարծենկոտ թզուկը։

Երբ թագավորն ու թագուհին իրենց տեղը նստեցին, Փոքրիկ Մուքը դուրս եկավ դաշտի մեջտեղը և խոնարհ գլուխ տվեց։ Բոլոր կողմերից բարձր քրքիջ լսվեց։ Ախր այդ թզուկը շատ էր ծիծաղելի իր լայն շալվարով ու երկար, շատ երկար մաշիկներով։ Բայց Փոքրիկ Մուքն ամենևին չշփոթվեց։ Նա հպարտ֊հպարտ հենվեց իր գավազանին, ձեռքերը կանթեց և սպասում էր արագավազ սուրհանդակին։

Վերջապես երևաց սուրհանդակը։ Ստրուկների վերակացուն ջոկել էր ամենաարագավազ սուրհանդակին։ Չէ՞ որ Փոքրիկ Մուքն ինքն էր այդպես ցանկացել։

Սուրհանդակը արհամարհանքով նայեց Մուքին և նրա կողքին կանգնեց, սպասելով մրցությունն սկսելու նշանին։

― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, ― գոչեց թագավորի մեծ դուստրը՝ Ամարզան և թաշկինակը թափ տվեց։

Մրցողները տեղներից պոկվեցին ու նետի պես սլացան։ Սկզբում սուրհանդակը թզուկից մի քիչ առաջ ընկավ, բայց շուտով Մուքը նրա հետևից հասավ ու անցավ։ Նա արդեն վաղուց հասել էր նշանակված տեղը և իր չալմայի ծայրն էր թափահարում, այնինչ թագավորի սուրհանդակը դեռ շատ հեռու էր։ Վերջապես նա էլ տեղ հասավ և մեռածի պես գետին ընկավ։ Թագավորն ու թագուհին ծափ զարկեցին, և բոլոր պալատականները միաբերան գոչեցին․

― Կեցցե՜ հաղթողը, Փոքրիկ Մուքը։

Փոքրիկ Մուքին տարան թագավորի մոտ։ Թզուկը խոնարհ գլուխ տվեց նրան և ասաց․

― Օ՜, հզոր արքա, ես այժմ քեզ ցույց տվի իմ արվեստի մի մասը միայն։ Ծառայության վերցրու ինձ քեզ մոտ։

― Լավ, ― ասաց թագավորը։ ― Ես քեզ դարձնում եմ իմ անձնական սուրհանդակը։ Դու միշտ ինձ մոտ կլինես և կկատարես իմ պատվերները։

Փոքրիկ Մուքը շատ ուրախացավ․ վերջապես նա գտել էր իր բախտը։ Այժմ նա կարող էր ապրել հանգիստ ու ապահով։

Թագավորը շատ էր գնահատում Մուքին և միշտ էլ ողորմած էր նրա հանդեպ։ Նա թզուկին տեղ էր ուղարկում միայն ամենակարևոր հանձնարարություններով, և ոչ ոք Մուքից լավ չէր կատարում հանձնարարությունը։ Բայց թագավորի մյուս ծառաները դժգոհ էին դրանից։ Նրանց ամենևին դուր չէր գալիս, որ թագավորին ամենամոտ մարդը դարձել է այդ թզուկը, որը բացի վազելուց ուրիշ բան չգիտե։ Նրանք հաճախ Մուքին բամբասում էին թագավորի մոտ, բայց թագավորը նրանց լսել չէր ուզում։ Նա ավելի ու ավելի շատ էր վստահում Մուքին և շուտով նրան նշանակեց գլխավոր սուրհանդակ։

Փոքրիկ Մուքը շատ էր վշտանում, որ պալատականներն այդպես նախանձում են իրեն։ Երկար ժամանակ մտածում էր այնպիսի մի բան հնարել, որ բոլորը սիրեն իրեն։ Վերջապես հիշեց իր գավազանը, որ համարյա մոռացության էր տվել։

«Եթե ինձ հաջողվի գանձ գտնել, ― մտածում էր նա, ― այս գոռոզ մարդիկ երևի կդադարեն ինձ ատել։ Ասում են, թե առաջվա թագավորը, այս թագավորի հայրը, իր այգում մեծ հարստություն է թաղել, երբ թշնամին մոտեցած է եղել քաղաքին։ Եվ կարծեմ նա մեռել է ու ոչ ոքի չի ասել, թե որտեղ է թաղված այդ գանձը»։

Փոքրիկ Մուքը հենց միայն սրա մասին էր մտածում։ Ամբողջ օրերով նա իր գավազանը ձեռքին ման էր գալիս այգում և որոնում թագավորի գանձը։

Մի օր էլ նա զբոսնում էր այգու մի հեռավոր անկյունում։ Հանկարծ գավազանը նրա ձեռքում դողդողաց ու երեք անգամ զարկվեց գետնին։ Փոքրիկ Մուքը հուզմունքից դողաց։ Նա վազեց այգեպանի մոտ, մի մեծ բահ վերցրեց նրանից և պալատ վերադառնալով սպասեց մութն ընկնելուն։ Հենց որ երեկոն վրա հասավ, թզուկը գնաց այգի և սկսեց փորել այնտեղ, որտեղ խփել էր գավազանը։ Թզուկի թույլ ձեռքերի համար բահը շատ ծանր էր, և մի ժամում նա հազիվ մի կես արշին խորությամբ փոս փորեց։

Էլի երկար չարչարվեց Փոքրիկ Մուքը և վերջապես նրա բահը զարկվեց մի ինչ֊որ պինդ բանի։ Թզուկը կռացավ փոսի վրա և հողի մեջ մի երկաթե խուփ տեսավ։ Նա այդ խուփը բարձրացրեց և զարմանքից քար կտրեց․ լուսնի լույսի տակ նրա առաջ շողշողում էր ոսկին։ Փոսում մի մեծ կճուճ կար, որ բերնեբերան լիքն էր ոսկե դրամով։

Փոքրիկ Մուքն ուզեց կճուճը հանել փոսից, բայց չկարողացավ, ուժը չէր պատում։ Այն ժամանակ նա գրպաններն ու փեշը ոսկով լցրեց և սուս ու փուս վերադարձավ պալատ։ Փողը թաքցրեց իր ներքնակի տակ և ուրախ, գոհ սրտով պառկեց քնելու։

Մյուս օրը փոքրիկ Մուքն արթնացավ՝ ու մտածեց․ «Այժմ ամեն ինչ կփոխվի, և իմ թշնամիները կսկսեն ինձ սիրել»։

Նա սկսեց իր ոսկին աջ ու ձախ բաժանել։ Բայց պալատականներն սկսեցին ավելի շատ նախանձել նրան։ Գլխավոր խոհարար Ախուլին չարությամբ փսփսում էր․

― Տեսեք, Մուքը կեղծ փող է կտրում։

Ստրուկների վերակացու Ահմեդն ասում էր․

― Նա թագավորից է ստացել այդ փողերը։

Իսկ գանձապահ Արխազը, որ թզուկի ամենաթունդ թշնամին էր և ինքն էլ վաղուց էր արդեն իր ձեռքը ծածուկ թագավորի գանձարանը կոխում, պալատով մեկ գոռում էր․

― Թզուկն այդ ոսկին թագավորի գանձարանից է գողացել։

Որպեսզի հաստատ իմանան, թե ոսկին որտեղից է Մուքին, նրա թշնամիները խորհրդակցեցին և մի պլան մշակեցին։

Թագավորն ուներ մի սիրելի ծառա, անունը՝ Կորխուզ։ Սա միշտ թագավորին ուտելիք էր մատուցում և գինի էր լցնում նրա գավաթը։ Եվ ահա մի օր այս Կորխուզը թագավորի մոտ եկավ տխուր ու տրտում։ Թագավորն իսկույն նկատեց այդ և հարցրեց․

― Ի՞նչ է պատահել քեզ, Կորխուզ, այսօր դու ինչո՞ւ այդպես տխուր ես։

― Ո՜վ արքա, ― պատասխանեց Կորխուզը, ― տխուր եմ, որովհետև դու ինձ զրկել ես քո ողորմածությունից։

― Ինչե՞ր ես ասում, իմ բարի Կորխուզ, ― ասաց թագավորը։ ― Այդ ո՞ր օրվանից ես ես քեզ զրկել իմ ողոմածությունից։

― Այն օրվանից, մեծ արքա, երբ քեզ մոտ ծառայության մտավ քո գլխավոր սուրհանդակը, ― պատասխանեց Կորխուզը։ ― Դու նրան ոսկու մեջ ես թաղում, իսկ մեզ, քո հավատարիմ ծառաներին ոչինչ չես տալիս։

Եվ նա թագավորին պատմեց, որ Փոքրիկ Մուքը, չգիտես որտեղից, անհաշիվ ոսկի է ձեռք բերել և աջ ու ձախ բաժանում է բոլոր պալատականներին։ Թագավորը շատ զարմացավ, հրամայեց իր մոտ կանչել իր գանձապետ Արխազին և ստրուկների վերակացու Ահմեդին։ Սրանք Կորխուզի ասածը հաստատեցին։ Այն ժամանակ թագավորն իր լրտեսներին հրամայեց գաղտագողի հետևել և իմանալ, թե թզուկը որտեղից է փող վերցնում։

Փոքրիկ Մուքի բախտից հենց այդ օրը նրա ձեռքի փողը վերջացել էր, և նա որոշեց գնալ իր գանձարանը։ Բահը վերցրեց, գնաց այգի։ Լրտեսները, իհարկե, գնում էին նրա հետևից։ Նրանց հետ էլ՝ Կորխուզն ու Արխազը։

Այն րոպեին, երբ Փոքրիկ Մուքը մի փեշ լիքը ոսկի էր վերցրել և ուզում էր ետ գնալ, նրանք հարձակվեցին նրա վրա, ձեռքերը կապկպեցին ու տարան թագավորի մոտ։

Իսկ այդ թագավորը շատ էր բարկանում, երբ կեսգիշերին արթնացնում էին իրեն։ Նա իր գլխավոր սուրհանդակին դիմավորեց չար ու անբավական և լրտեսներին հարցրեց․

― Որտե՞ղ բռնեցիք դուք այս անազնիվ թզուկին։

― Ձերդ մեծություն, ― ասաց Արխազը, ― մենք նրան բռնեցինք հենց այն րոպեին, երբ նա ոսկին թաղում էր գետնի տակ։

― Ճի՞շտ են ասում սրանք, ― հարցրեց թագավորը թզուկին։ ― Որտեղի՞ց է քեզ այդքան փողը։

― Ողորմած արքա, ― անկեղծորեն պատասխանեց թզուկը, ― ես ոչ մի մեղք չունեմ։ Երբ ձեր մարդիկ ինձ բռնեցին և ձեռքերս կապկպեցին, ես այս ոսկին ոչ թե թաղում էի հողում, այլ հանում էի այնտեղից։

Թագավորը մտածեց, որ Փոքրիկ Մուքը սուտ է ասում և խիստ զայրացավ։

― Թշվառակա՛ն, ― գոռաց նա։ ― Դու նախ գողացել ես իմ ոսկին և հիմա էլ ուզում ես խաբե՞լ ինձ այդպիսի հիմար ստերով։ Գանձապետ, ճի՞շտ է, որ այստեղ իսկ և իսկ այնքան ոսկի կա, որքան պակասել է իմ գանձարանից։

― Ձեր գանձատանը, ողորմած թագավոր, շատ ավելի է պակասում, ― պատասխանեց գանձապետը։ ― Կարող եմ երդվել, որ այս ոսկին գողացված է թագավորական գանձարանից։

― Շղթայակապ անել այդ թզուկին և զնդան նետել, ― գոռաց թագավորը։ ― Իսկ դու, գանձապետ, գնա այգի, վերցրու ամբողջ ոսկին, որքան կգտնես, և նորից բեր իմ գանձարանը։

Գանձապետը կատարեց թագավորի հրամանը և ոսկու կճուճը բերեց գանձատուն։ Նա սկսեց հաշվել փայլուն ոսկիները և լցնել տոպրակները։ Վերջապես կճուճը դատարկվեց։ Գանձապետը մի վերջին անգամ նայեց կճուճի մեջ և այնտեղ տեսավ մի թուղթ, որի վրա գրված էր․

«Թշնամիները հարձակվեցին իմ երկրի վրա, ուստի ես իմ գանձերի մի մասը թաղում եմ այստեղ։ Ով այս ոսկին գտնի և իմ որդուն անհապաղ չհանձնի, իր թագավորի նզովքը թափվի նրա գլխին

թագավոր Սադի»։

Խորամանկ գանձապետը թուղթը պատառոտեց և որոշեց ոչ ոքի ոչինչ չասել նրա մասին։

Իսկ Փոքրիկ Մուքը զնդանում նստած մտածում էր, թե ինչպես ազատվի։ Նա գիտեր, որ թագավորի փողը գողանալու համար իրեն գլխատելու են, բայց և այնպես չէր ուզում կախարդական գավազանի գաղտնիքն ասել թագավորին, գիտեր, որ թագավորն իսկույն գավազանը կխլի, նրա հետ էլ գուցե նաև մաշիկները։ Ճիշտ է, մաշիկները դեռ թզուկի ոտքերին էին, բայց դրանից ի՞նչ օգուտ։ Փոքրիկ Մուքը երկաթե կարճ շղթայով կապված էր պատից և ոչ մի կերպ կրնկի վրա պտտվել չէր կարող։

Առավոտյան դահիճը եկավ զնդան և թզուկին հրամայեց պատրաստվել մահապատժի։ Փոքրիկ Մուքը հասկացավ, որ էլ մտածելու ժամանակ չկա, հարկավոր է իր գաղտնիքը թագավորին հայտնել։ Չէ՞ որ ավելի լավ է ապրել առանց կախարդական գավազանի և նույնիսկ առանց արագավազ մաշիկների, քան թե գլխատվել։

Նա թագավորին խնդրեց մի առանձին տեղ լսել իրեն և ամեն ինչ պատմեց նրան։ Սկզբում թագավորը չհավատաց, կարծում էր, թե թզուկն այդ ամենը հնարում է։

― Ո՜վ մեծ արքա, ― ասաց Փոքրիկ Մուքը, ― խոստացեք խնայել իմ կյանքը, և ես կապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։

Թագավորի համար հետաքրքիր էր ստուգել՝ խաբո՞ւմ է իրեն Մուքը, թե ոչ։ Նա հրամայեց իր այգում մի քանի ոսկի թաղել և Մուքին հրամայեց գտնել այդ ոսկիները։ Թզուկը շատ էլ երկար չորոնեց․ հենց որ նա մոտեցավ այն տեղին, որտեղ ոսկիներն էին թաղված, գավազանը երեք անգամ հարվածեց գետնին։ Թագավորը հասկացավ, որ գանձապետը իրեն խաբել է, և հրամայեց Մուքի փոխարեն նրան գլխատել։ Իսկ Մուքին կանչեց իր մոտ և ասաց․

― Ես խոստացել եմ քեզ չսպանել և իմ խոսքից ետ չեմ կանգնի։ Միայն թե դու երևի քո բոլոր գաղտնիքները չես ասել ինձ։ Դու կնստես զնդանում, մինչև ինձ ասես, թե ինչպես ես կարողանում այնքան արագ վազել։

Խեղճ Մուքն ամենևին չէր ուզում վերադառնալ մութ ու ցուրտ զնդանը։ Նա թագավորին պատմեց իր հրաշք մաշիկների մասին, բայց չասաց ամենագլխավորը, թե ինչպես պիտի կանգնեցնել նրանց։ Թագավորը որոշեց փորձել մաշիկների զորությունը։ Մաշիկները հագավ, դուրս եկավ այգի և սկսեց վազել կատաղածի պես։ Շուտով նա ուզեց կանգ առնել, բայց չկարողացավ։ Իզուր էր ծառերից ու թփերից բռնում․ մաշիկները նրան քաշում էին առաջ ու առաջ։ Իսկ թզուկը կանգնել ու ծիծաղում էր։ Նրա համար շատ հաճելի էր գոնե մի փոքր վրեժ առնել թագավորից։

Վերջապես թագավորն ուժասպառ եղավ և ընկավ գետնին։ Փոքր֊ինչ ուշքի գալուց հետո նա կատաղած հարձակվեց թզուկի վրա։

― Ուրեմն դու այդպե՞ս ես վարվում քո թագավորի հետ, ― գոռաց նա։ ― Ես քեզ կյանք ու ազատություն եմ խոստացել, բայց եթե տասներկու ժամից հետո քեզ իմ հողում գտնեմ, կբռնեմ և այն ժամանակ այլևս ողորմածություն չսպասես։ Իսկ մաշիկներն ու գավազանը ես ինձ եմ վերցնում։

Խեղճ թզուկն էլ ուրիշ ճար չուներ։ Շտապ դուրս եկավ պալատից և տխուր֊տրտում հեռացավ քաղաքից։ Այժմ նա նույնքան աղքատ էր ու անբախտ, ինչպես առաջ և դառը֊դառն անիծում էր իր բախտը։

Բարեբախտաբար այդ թագավորի հողն այնքան էլ մեծ չէր, այնպես որ ութ ժամից հետո Մուքը հասավ սահմանին ու անցավ։ Այժմ արդեն նրան վտանգ չէր սպառնում և մտածեց մի քիչ հանգստանալ։ Նա մեծ ճանապարհից դուրս եկավ ու մտավ մի խիտ անտառ։ Այստեղ նա մի լճակի մոտ մի լավ տեղ գտավ և տերևախիտ ծառերի տակ պառկեց հանգստանալու։

Փոքրիկ Մուքն այնքան էր հոգնել, որ իսկույն էլ քնեց։ Այսպես նա շատ երկար քնեց և երբ արթնացավ, զգաց, որ քաղցած է։ Նրա գլխավերևը ծառերից կախված էին հասուն, հյութալի թզեր։ Թզուկը բարձրացավ ծառը մի քանի թուզ պոկեց, բավականությամբ կերավ։ Հետո նա ծարավեց։ Մոտեցավ լճակին, կռացավ, որ ջուր խմի, բայց սարսափից քար կտրեց․ ջրի միջից նրան էր նայում մի ահագին գլուխ՝ իշի ականջներով և երկար, շատ երկար քթով։

Փոքրիկ Մուքը սոսկումով շոշափեց իր ականջները։ Դրանք իսկապես երկար էին ինչպես իշի ականջներ։

― Հենց իմ տեղն է, ― գոռաց խեղճ Մուքը։ ― Բախտը եկել, իմ ձեռքն էր ընկել, իսկ ես իշի պես ձեռքից փախցրի։

Երկար ժամանակ նա ման էր գալիս ծառերի տակ և շարունակ իր ականջներն էր շոշափում։ Վերջապես նորից քաղցածացավ։ Ստիպված էր նորից թուզ ուտել։ Չէ՞ որ ուրիշ բան չկար ուտելու։

Բայց այդ ժամանակ Մուքը մի ուրիշ ծառի տակ էր։ Թուզ քաղելուց և կուշտ ուտելուց հետո նա, ըստ սովորության, ձեռքը տարավ դեպի ականջները և ուրախության ճիչ արձակեց․ երկար ականջների փոխարեն էլի իր սովորական ականջներն էին։ Նա իսկույն վազեց լճակի մոտ, նայեց ջրի հայելուն։ Քիթն էլ էր փոքրացել, դարձել էր առաջվա քիթը։

«Այս ինչպե՞ս պատահեց»,― մտածում էր թզուկը։ Եվ հանկարծ գլխի ընկավ․ առաջին ծառի թզերն ուտելուց մարդու քիթն ու ականջները երկարում են, իսկ երկրորդի թզերն ուտելուց կարճանում։

Փոքրիկ Մուքն իսկույն հասկացավ, որ իր բախտը նորից բանել է։ Նա երկու ծառից էլ այնքան թուզ քաղեց, որքան կարող էր տանել և վերադարձավ դաժան թագավորի երկիրը։

Այդ ժամանակ գարուն էր, և պտուղը հազվագյուտ բան էր։

Վերադառնալով թագավորանիստ քաղաքը՝ Փոքրիկ Մուքը շորերը փոխեց, որպեսզի ոչ ոք իրեն չճանաչի, առաջին ծառի թզերից մի զամբյուղ թուզ վերցրեց և գնաց թագավորի պալատի մոտ։ Առավոտ էր, և պալատի դարբասի առաջ շատ մարդիկ կային նստած, որոնք զանազան բաներ էին ծախում։ Մուքը ևս նստեց նրանց շարքում։ Շուտով պալատից դուրս եկավ գլխավոր խոհարարը և սկսեց վաճառվող մթերքները դիտել։ Մոտենալով Փոքրիկ Մուքին՝ խոհարարը թուզը տեսավ և շատ ուրախացավ։

― Օ՜, ― ասաց նա, ― այ իսկական քաղցրավենի մեր թագավորի համար։ Ի՞նչ արժի այս զամբյուղը։

Փոքրիկ Մուքը թանկ չգնահատեց, և գլխավոր խոհարարը ամբողջ զամբյուղը գնեց ու գնաց։ Դեռ նոր էր նա թզերն սկուտեղի մեջ դասավորել, երբ թագավորը նախաճաշ պահանջեց։ Նախաճաշը մատուցվեց։ Թագավորն ուտում էր մեծ բավականությամբ և շուտ֊շուտ գովում էր գլխավոր խոհարարին։ Իսկ խոհարարը ժպտում էր իր բեղի տակ ու ասում․

― Սպասեցեք, ձերդ մեծություն, ամենահամեղ ուտելիքը դեռ հետո պիտի մատուցեն։

Բոլորը, ովքեր նստած էին սեղանի շուրջը ― պալատականները, իշխաններն ու իշխանուհիները ― իզուր էին փորձում գլխի ընկնել, թե այսօր ինչ անուշ բան է պատրաստել իրենց համար գլխավոր խոհարարը։ Եվ երբ, վերջապես մատուցեցին հյութալի թուզը, բոլորը միաբերան հիացմունքի ճիչ արձակեցին և նույնիսկ ծափ զարկեցին։

Թագավորն ինքն սկսեց պտուղները բաժանել։ Իշխաններն ու իշխանուհիները ստացան երկու֊երկու հատ, պալատականները՝ մեկ֊մեկ հատ, իսկ մնացածը թագավորը թողեց իրեն․ նա շատ ագահ մարդ էր և քաղցր բաներ շատ էր սիրում։ Թագավորն իր բաժինը դրեց ափսեում և բավականությամբ ուտել սկսեց։

― Հայրի՛կ, հայրի՛կ, ― հանկարծ գոռաց թագավորի աղջիկ Ամարզան, ― այդ ի՜նչ են եղել քո ականջները։

Թագավորն իր ականջները շոշափեց և սարսափից ճիչ արձակեց։ Նրա ականջները երկարել էին իշի ականջների պես։ Հանկարծ քիթն էլ երկարեց, հասավ մորուքին։ Իշխանները, իշխանուհիներն ու պալատականները մի քիչ ավելի լավ էին, թեև նրանց գլխին էլ նույնպիսի զարդարանք էր բուսել։

― Բժի՜շկ, շուտ, բժիշկ կանչեցե՛ք, ― գոռաց թագավորը։

Իսկույն մարդ ուղարկեցին բժիշկներ կանչելու։ Բժիշկների մի ամբողջ բազմություն եկավ։ Զանազան դեղեր գրեցին թագավորի համար, բայց ոչինչ չօգնեց։ Իշխաններից մեկի ականջները նույնիսկ կտրեցին, բայց նրանք նորից բուսան, երկարեցին։

Այդ ժամանակ Փոքրիկ Մուքը թաքնված էր մի տեղ։ Մի երկու օրից հետո նա մտածեց, որ արդեն գործելու ժամանակն է։ Թզի համար ստացած փողով իր համար մի սև թիկնոց առավ և մի սև, երկարագագաթ թասակ։ Որպեսզի չճանաչվի, նա մի երկար, սպիտակ մորուք կպցրեց կզակին։ Ապա երկրորդ ծառից քաղած թուզը զամբյուղի մեջ դասավորելով գնաց պալատ ու ասաց, որ ինքը կարող է թագավորին բժշկել։ Սկզբում ոչ ոք նրան չէր հավատում։ Այն ժամանակ Մուքը իշխաններից մեկին առաջարկեց փորձել իր բուժումը։ Իշխանը մի քանի պտուղ կերավ, և իսկույն նրա երկար քիթն ու իշի ականջները կարճացան։ Եվ ահա բոլոր պալատականները հավաքվեցին հրաշագործ բժշկի գլխին։ Բայց թագավորը բոլորի առաջն ընկավ։ Նա լուռ բռնեց թզուկի ձեռքը, նրան տարավ իր գանձարանը և ասաց․

― Ահա քո առաջ է իմ ամբողջ հարստությունը։ Վերցրու ինչ ուզում ես, միայն թե ինձ բուժիր այս խայտառակ հիվանդությունից։

Փոքրիկ Մուքն իսկույն սենյակի անկյունում տեսավ իր կախարդական գավազանն ու արագավազ մաշիկները։ Նա սկսեց ետ ու առաջ քայլել, որպես թե թագավորի հարստությունն է դիտում և աննկատելի մոտեցավ մաշիկներին։ Մեկ էլ հանկարծ վայրկենապես մաշիկները հագավ, գավազանը վերցրեց և երեսի մորուքը պոկեց։ Թագավորն իր գլխավոր սուրհանդակի ծանոթ դեմքը տեսնելով՝ քիչ մնաց պիտի վայր ընկներ զարմանքից։

― Չա՛ր թագավոր, ― գոչեց փոքրիկ Մուքը։ ― Այսպե՞ս վարձատրեցիր դու իմ հավատարիմ ծառայությունը։ Դե ուրեմն ամբողջ կյանքումդ մնա այդպես երկարականջ այլանդակ և միշտ հիշիր Փոքրիկ Մուքին։

Նա արագ երեք անգամ պտույտ եկավ կրնկի վրա, և մինչ թագավորը մի խոսք կասեր, նա արդեն հեռացել էր։

Այդ ժամանակից Փոքրիկ Մուքն ապրում է մեր քաղաքում։ Տեսնում ես, թե ինչքան արկածների մեջ է ընկել նա։ Հարկավոր է հարգել նրան, թեկուզ և արտաքինով ծիծաղելի է։

Ահա թե ինչպիսի բան պատմեց ինձ հայրս։ Այս նույնը ես պատմեցի մյուս երեխաներին, և մեզանից ոչ մեկը այլևս չէր ծիծաղում թզուկի վրա։ Ընդհակառակը, մենք շատ էինք հարգում նրան և փողոցում հանդիպելիս այնպես խոնարհ գլուխ էինք տալիս, ասես նա քաղաքապետը լիներ կամ գլխավոր դատավորը։