Վերջաբան
I։ Միտյային փրկելու ծրագրեր
Դատից հինգ օր հետո, առավոտյան շատ կանուխ, դեռ ժամը իննին, Ալյոշան գնաց Կատերինա Իվանովնայի մոտ, երկուսի համար էլ շատ կարևոր մի գործի մասին վերջնական համաձայնության գալու և, բացի այդ, իրեն հանձնարարված մի բան հաղորդելու նրան։ Կատերինա Իվանովնան նստել ու նրա հետ խոսում էր հենց այն սենյակում, ուր մի ժամանակ ընդունել էր Գրուշենկային։ Իսկ կողքի սենյակում Իվան Ֆյոդորովիչն ուշագնաց պառկել էր տենդի մեջ։ Դատի այն տեսարանից անմիջապես հետո Կատերինա Իվանովնան հրամայել էր իր տունը տանել հիվանդ ու գիտակցությունը կորցրած Իվան Ֆյոդորովիչին, արհամարհելով հասարակության հետագա անխուսափելի բամբասանքներն ու պարսավանքը։ Իր հետ ապրող երկու ազգականուհիներից մեկը դատի տեսարանից հետո իսկույն մեկնել էր Մոսկվա, իսկ մյուսը մնացել էր։ Բայց եթե նույնիսկ երկուսն էլ գնային, Կատերինա Իվանովնան չէր փոխի իր որոշումը և կմնար խնամելու հիվանդին, գիշեր ու ցեբեկ նստելու նրա մոտ։ Նրան բուժում էին Վարվինսկին ու Հերցենշտուբեն. իսկ մոսկվացի բժիշկը ետ էր գնացել Մոսկվա, հրաժարվելով իր կարծիքը հայտնել հիվանդության հնարավոր վախճանի մասին։ Մյուս բժիշկները թեև քաջալերում էին Կատերինա Իվանովնային ու Ալյոշային, բայց երևում էր, որ դեռ չէին կարող հաստատ հույսեր տալ։ Ալյոշան օրը երկու անգամ այցելում էր իր հիվանդ եղբորը։ Բայց այս անգամ մի հատուկ, շատ կնճռոտ գործ ուներ և նախազգում էր, թե որքան դժվար է լինելու խոսք բանալ դրա մասին, և միաժամանակ շատ էր շտապում. մի ուրիշ տեղ մի ուրիշ անհետաձգելի գործ ուներ այդ առավոտ և պետք է աճապարեր։
Արդեն քառորդ ժամ է խոսում էին նրանք։ Կատերինա Իվանովնան գունատ էր, սաստիկ հոգնած և միաժամանակ չափազանց հուզագրգիռ վիճակում. նախազգում էր, թե ինչու, ի միջի այլոց, Ալյոշան հիմա եկել է իր մոտ։
— Նրա որոշման մասին մի՛ մտահոգվեք,— վստահորեն ասաց նա Ալյոշային։— Այսպես թե այնպես, միևնույն է՝ նա կհասկանա, որ այդ է ելքը. պե՛տք է փախչի։ Այդ դժբախտը, պատվի և խղճի այդ ասպետը... չէ՜, ոչ թե նա, ոչ թե Դմիտրի Ֆյոդորովիչը, այլ այս դռան ետև պառկողը, որ իր եղբոր համար զոհեց իրեն,— ավելացրեց Կատերինա Իվանովնան փայլատակող աչքերով,— նա վաղուց ինձ հայտնել է փախուստի ամբողջ ծրագիրը։ Գիտե՞ք, նա արդեն կապեր է հաստատել... Ես ձեզ մի քանի բան ասացի արդեն... Հասկանո՞ւմ եք, շատ հավանաբար դա կլինի այստեղից երրորդ հանգրվանում, երբ աքսորականների խումբը տանեն Սիբիր։ Օ՜, դեռ շատ հեռու է մինչև այդ օրը։ Իվան Ֆյոդորովիչն արդեն գնացել է երրորդ հանգրվանի պետին։ Միայն չգիտենք, թե խմբի պետը ով է լինելու, և չի էլ կարելի այսքան շուտ իմանալ։ Վաղը գուցե մանրամասնորեն ցույց տամ ձեզ ամբողջ ծրագիրը, որ Իվան Ֆյոդորովիչն ինձ մոտ թողեց դատի նախօրեին... որ եթե մի բան պատահի... Դա հենց այն անգամն էր, հիշո՞ւմ եք, երբ երեկոյան եկաք ու մեզ գժտված գտաք. նա դեռ նոր էր իջել սանդուղքից, իսկ ես, ձեզ տեսնելով, ստիպեցի նրան, որ ետ դառնա, հիշո՞ւմ եք։ Գիտե՞ք ինչ պատճառով էինք ընդհարվել այն օրը։
— Ոչ, չգիտեմ,— ասաց Ալյոշան։
— Իհարկե, նա այն ժամանակ թաքցրեց ձեզնից, այ հենց այդ փախուստի ծրագիրն էր պատճառը։ Դրանից դեռ երեք օր առաջ հայտնել էր ինձ ամենագլխավորը, և ահա այդ օրից էլ սկսել էինք կռվել, ամբողջ երեք օր կռվեցինք։ Ինչո՞ւ կռվեցինք։ Երբ նա ինձ ասաց, թե Դմիտրի Ֆյոդորովիչը, եթե դատապարտեն, արտասահման է փախչելու այդ արարածի հետ, ես հանկարծ զայրացա. չեմ կարող ասել, թե ինչու, ինքս էլ չգիտեմ ինչու... Օ՜, իհարկե, այդ արարածի համար զայրացա, այսինքն այն բանի համար, որ նա՜ էլ Դմիտրիի հետ փախչում է արտասահման,— բացականչեց հանկարծ Կատերինա Իվանովնան, բարկությունից դողացող շրթունքներով։— Հենց որ Իվան Ֆյոդորովիչը տեսավ՝ ես այնպես զայրանում եմ այդ արարածի համար, իսկույն մտածեց, թե խանդում եմ նրան, ուրեմն դեռ սիրում եմ Դմիտրիին։ Ահա դրանից էլ սկսվեց մեր առաջին կռիվը։ Ես չուզեցի բացատրություն տալ, չէի կարող ներողություն խնդրել. ծանր էր ինձ համար, որ այսպիսի մարդը կարող է կասկածել, թե ես շարունակում եմ սիրել այդ... Եվ դա այն դեպքում, երբ ինքս ուղղակի ասել էի նրան, արդեն վաղուց էի ասել, որ Դմիտրիին չեմ սիրում, միայն ու միայն իրե՛ն եմ սիրում։ Պարզապես այդ արարածի՛ դեմ գազազելուց էր, որ զայրացա Իվան Ֆյոդորովիչի վրա։ Երեք օր հետո, ա՜յ հենց ձեր եկած իրիկունը, նա մի փակ ծրար բերեց ինձ, որպեսզի ես անմիջապես բանամ, եթե իրեն մի բան պատահի։ Օ՜, նախատեսում էր իր հիվանդությունը։ Հայտնեց ինձ, որ ծրարի մեջ փախուստի մանրամասնությունները կան, և եթե ինքը մեռնի կամ վտանգավոր կերպով հիվանդանա, ես մենակս փրկեմ Միտյային։ Եվ տեղն ու տեղը մի գումար թողեց ինձ, համարյա տասը հազար ռուբլի, այ հենց այն փողը, որ դատախազը հիշեց իր ճառում, չգիտես որտեղից իմացած լինելով, որ նա բանկտոմսերն ուղարկել էր մանրելու։ Ինձ սոսկալի շշմեցրեց այն, որ Իվան Ֆյոդորովիչը, դեռ ինձ խանդելով հանդերձ, դեռ համոզված լինելով, որ ես Միտյային եմ սիրում, այնուամենայնիվ չէր հրաժարվել իր եղբորը փրկելու մտքից և ի՛նձ էր, ի՜նձ էր վստահում այդ փրկության գործը։ Օ՜, դա զոհողություն էր։ Չէ՜, դուք ամբողջ լիությամբ չեք հասկանա այդպիսի ինքնազոհությունը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ես ուզում էի նրա ոտքերն ընկնել երկյուղածությամբ, բայց երբ հանկարծ մտածեցի, որ նա այդ բանը կընդունի միայն որպես իմ ուրախությունը Միտյայի փրկության համար (և նա անպայման պիտի մտածեր այդպես), հանկարծ այնքան ջղայնացա հենց միայն այդպիսի անարդար մի մտքի հնարավորությունից, այնքա՜ն ջղայնացա, որ նորից զայրույթս եկավ, և փոխանակ նրա ոտքերը համբուրելու, նորի՜ց տեսարան սարքեցի։ Օ՜, դժբախտ եմ ես։ Այսպես է իմ բնավորությունը, սոսկալի՜, դժբա՜խտ բնավորություն։ Օ՜, դեռ կտեսնենք, վերջ ի վերջո բանը այնտեղ կհասցնեմ, որ նա էլ Միտյայի նման կլքի ինձ և կգնա մի ուրիշի մոտ, որի հետ ավելի հեշտ է ապրելը, բայց այդ դեպքում... ո՜չ, այդ դեպքում արդեն չեմ դիմանա, կսպանե՛մ ինձ։ Իսկ երբ այն օրը դուք ներս մտաք և ես ձեզ կանչեցի, իսկ նրան էլ ստիպեցի, որ ետ դառնա, և երբ նա ձեզ հետ ներս մտավ ու հանկարծ ատող, արհամարհական մի հայացքով նայեց ինձ, ես այնպե՜ս զայրացա այդ հայացքից, որ հիշո՞ւմ եք՝ հանկարծ գռռալով ասացի ձեզ, թե նա, միայն նա էր ինձ համոզողը, որ իր եղբայր Դմիտրին մարդասպան է։ Ես դիտմամբ զրպարտեցի, որ մի անգամ էլ խայթեմ նրան, իսկ նա երբեք, երբեք չի համոզել ինձ, որ եղբայրը մարդասպան է. ընդհակառակը, ե՛ս էի, ես էի համոզում նրան։ Օ՜, իմ կատաղությունն էր ամեն ինչի պատճառը, ամե՜ն ինչի։ Դատարանի այդ անիծյալ տեսարանն էլ իմ դրդումով եղավ, ի՜մ դրդումով։ Նա ուզեց ապացուցել ինձ, որ ինքը ազնիվ մարդ է և թեկուզ ես սիրում եմ իր եղբորը, բայց ինքը չի խանդի և վրեժ լուծելու համար չի կործանի նրան։ Եվ ահա ներկայացավ դատարան... Ե՜ս եմ ամեն ինչի պատճառը, ե՜ս եմ միայն մեղավոր։
Կատյան դեռ երբեք այսպիսի խոստովանություններ չէր արել Ալյոշային, և Ալյոշան զգաց, որ նա հիմա գտնվում է անտանելի տառապանքի այն աստիճանին, երբ ամենահպարտ սիրտն անգամ ցավատանջորեն խորտակում է իր հպարտությունը և ընկնում վշտից պարտված։ Օ՜, նրա այս ներկա տառապանքի մի ուրիշ ահավոր պատճառն էլ գիտեր Ալյոշան, թեև Կատյան դատից հետո թաքցրել էր այդ բանը նրանից, բայց Ալյոշայի համար, չգիտես ինչու, չափազանց ցավալի կլիներ, եթե Կատյան սիրտ աներ այնքա՜ն խոնարհվել, որ այդ պատճառի մասին էլ ի՛նքը սկսեր խոսել հիմա, այս րոպեիս։ Աղջիկը տառապում էր դատի ժամանակ իր արած «դավաճանության» համար, և Ալյոշան նախազգում էր, որ խիղճը նրան մղում է խոստովանելու իր հանցանքը, հենց Ալյոշայի առաջ խոստովանելու արցունքներով, ճիչերով, հիստերիկ ցնցումներով, հատակին ընկնելով։ Բայց Ալյոշան վախենում էր այդ բանից և ուզում էր խնայել տառապող աղջկան։ Դրանով ավելի էր դժվարանում այն հանձնարարությունը, որի համար եկել էր հիմա։ Նա նորից սկսեց խոսել Միտյայի մասին։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ, մի՛ վախենաք նրա համար,— սկսեց նորից Կատյան համառ ու կտրուկ մի շեշտով,— այդ ամբողջը րոպեի ազդեցությունն է նրա մեջ, գիտեմ նրան, շատ լավ գիտեմ նրա սիրտը։ Վստահ եղեք, նա կհամաձայնվի փախչել։ Մանավանդ որ՝ անմիջապես չի լինելու այդ բանը, դեռ ժամանակ կունենա որոշելու։ Իվան Ֆյոդորովիչը կառողջանա մինչ այդ և ինքը կկարգադրի ամեն ինչ, այնպես որ ես ոչ մի գործ չեմ ունենա դրա մեջ։ Մի՛ անհանգստանաք, կհամաձայնվի փախչել։ Եվ նա համաձայն է արդեն. կարո՞ղ է հրաժարվել այդ արարածից։ Իսկ այդ կնոջը չեն թողնի, որ գնա Սիբիր՝ նրա մոտ, ուրեմն կարո՞ղ է նա չփախչել։ Ձեզնի՛ց է հատկապես վախենում, վախենում է, որ դուք բարոյակա՜ն կողմից հավանություն չեք տա փախուստին, բայց դուք պետք է վեհանձնորեն թույլատրեք նրան, եթե այնքա՜ն անհրաժեշտ է ձեր հավանությունը այս հարցում,— ավելացրեց Կատյան թունոտ։ Եվ լռեց մի րոպե, քմծիծաղ տվեց։
— Նա այնտեղ ինչ֊որ օրհնության մասին է խոսում, սկսեց նորից Կատյան,— այն խաչի մասին, որ պետք է կրի, խոսում է ինչ֊որ պարտականության մասին։ Հիշում եմ, Իվան Ֆյոդորովիչն այն ժամանակ շատ բաներ էր պատմում ինձ դրա շուրջը, և եթե իմանայիք, թե ինչպե՜ս էր խոսում,— հանկարծ անդիմադրելի մի զգացումով բացականչեց Կատյան,— եթե իմանայիք, թե նա ինչպե՜ս էր սիրում այդ թշվառականին, երբ նրա մասին պատմում էր ինձ, և հենց նույն րոպեին էլ ով գիտե ինչպե՜ս էր ատում նրան։ Իսկ ես, օ՜, ես գոռոզամիտ քմծիծաղո՜վ լսեցի նրա պատմածն ու արցունքները։ Օ՜, բիրտ արարած։ Ե՛ս եմ բիրտ արարածը, ե՜ս։ Ե՜ս եմ նրա հիվանդության պատճառը։ Իսկ մյուսը, դատապարտյալը... մի՞թե պատրաստ է նա տառապելու,— ջղայնորեն վերջացրեց Կատյան,— և կարո՞ղ է տառապել այդպիսի մարդը։ Նրա նմանները երբե՛ք չեն տառապում։
Արդեն ատելության ու նողկացող արհամարհանքի մի զգացում հնչեց այդ բառերի մեջ։ Այնինչ հենց ինքն էր, որ դավաճանել էր Միտյային։ «Իրեն այնքա՜ն մեղավոր է զգում նրա առաջ, որ գուցե այդ պատճառով էլ մեկ֊մեկ ատում է նրան»,— մտածեց Ալյոշան ինքնիրեն։ Հուսով էր, որ դա «մեկ-մեկ» է լինում միայն։ Կատյայի վերջին բառերի մեջ հրահրող մի շեշտ զգաց, թայց չընդառաջեց»։
— Ես այսօր հենց կանչեքի ձեզ, որպեսզի ինձ խոստանաք, թե ինքներդ կհամոզեք նրան։ Կամ գուցե դո՞ւք էլ համարում եք, որ փախչելը անազնիվ բան կլիներ, անարի բան և կամ թե ի՞նչ... քրիստոնեական ոգուն հակառա՞կ,— ավելի ևս հրահրող շեշտով ավելացրեց Կատյան։
— Չէ, վնաս չունի։ Ես ամեն ինչ կասեմ նրան...— կմկմաց Ալյոշան։— Այսօր նա ձեզ իր մոտ է կանչում,— ուղղակի ասաց հանկարծ, հաստատորեն նայելով նրա աչքերին։ Կատյան ցնցվեց ու բազմոցի վրա մի քիչ ետ քաշվեց նրանից։
— Ի՞նձ... բայց մի՞թե հնարավոր է,— թոթովեց նա գունատված։
— Հնարավոր է և պե՛տք է,— սկսեց Ալյոշան հաստատակամորեն ու լրիվ աշխուժանալով։— Դուք շատ հարկավոր եք նրան, հենց հիմա։ Ես չէի սկսի այս մասին խոսել ու վաղօրոք տանջել ձեզ, եթե անհրաժեշտ չլիներ։ Հիվանդ է նա, խելագարի նման, ձեզ է խնդրում անընդհատ։ Ոչ թե հաշտվելու համար է խնդրում, որ գնաք մոտը, այլ ուզում է, որ հենց միայն գնաք ու երևաք շեմքին։ Այդ օրից ի վեր շատ բան է կատարվել նրա մեջ։ Հասկանում է, որ անսահմանորեն մեղավոր է ձեր առաջ։ Ոչ թե ուզում է, որ ներեք իրեն. «Անկարելի է ինձ ներել», ինքն է ասում։ Միայն ուզում է, որ երևաք շեմքին...
— Դուք ինձ հանկարծ...— թոթովեց Կատյան,— այս օրերին անընդհատ նախազգում էի, որ կգաք այս բանն ասելու... Այնպես էլ գիտեի, որ կկանչի ինձ... Անկարելի՛ է։
— Թեկուզ անկարելի, բայց արե՛ք։ Հիշեցեք, առաջին անգամն է, որ նա ցնցվել է այն մտքից, թե ինչպե՜ս է վիրավորել ձեզ, առաջին անգամը իր կյանքում, մինչև հիմա երբե՜ք այսքան լրիվ չէր ըմբռնել այդ բանը։ «Եթե հրաժարվի գալ,— ասում է,— այլևս իմ ամբողջ կյանքում ապերջանիկ կլինեմ»։ Լսո՞ւմ եք, քսան տարվա տաժանակրության դատապատվածը միտք ունի դեռ երջանիկ լինելու. մի՞թե սրտաճմլիկ բան չէ դա։ Մտածեցե՜ք, դուք անմեղորեն կործանված մարդուն եք այցելելու,— մարտահրավերի նման ժայթքեց հանկարծ Ալյոշայի սրտից,— նրա ձեռքերը մաքուր են, արյուն չկա՛ դրանց վրա։ Ի սեր այն անհուն տառապանքի, որ նա կրելու է ապագայում, այցելեցե՛ք նրան հիմա։ Եկեք, ճանապարհեցեք նրան դեպի խավար... կանգնեցեք շեմքին, և ուրիշ ոչինչ... Պետք է անեք այդ բանը,— եզրակացրեց Ալյոշան, չտեսնված ուժով շեշտելով «պետք է» բառը։
— Պետք է, բայց... չեմ կարող,— մի տեսակ տնքաց Կատյան,— նա ինձ է նայելու... չեմ կարող։
— Ձեր աչքերը պետք է հանդիպեն իրար։ Ինչպե՞ս եք ապրելու ամբողջ կյանքում, եթե հիմա քաջություն չունենաք այդ բանը անելու։
— Ավելի լավ է տառապեմ ամբողջ կյանքում։
— Պետք է գաք հիմա, պետք է գաք,— նորից անողոք կերպով շեշտեց Ալյոշան։
— Բայց ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ հիմա... Չեմ կարող հիվանդին թողնել...
— Մի րոպեով կարող եք, մի րոպե ընդամենը։ Եթե չգաք, մինչև գիշեր նա կհիվանդանա տենդով։ Ես հո կարիք չունեմ սուտ ասելու, մեղքացե՜ք նրան։
— Ի՜նձ մեղքացեք,— դառնորեն հանդիմանեք Կատյան և սկսեց լալ։
— Ուրեմն կգա՛ք,— ասաց Ալյոշան հաստատորեն, տեսնելով նրա արցունքները։— Գնամ ասեմ նրան, որ հիմա գալիս եք։
— Չէ՜, ոչ մի դեպքում չասեք,— ճչաց Կատյան վախեցած։— Կգամ, բայց նախօրոք մի՛ ասեք նրան, որովհետև կգամ, բայց գուցե ներս չեմ մտնի.... Դեռ չգիտեմ...
Նրա ձայնը կտրվեց։ Դժվար էր շնչում։ Ալյոշան վեր կացավ գնալու։
— Իսկ եթե որևէ մեկին հանդիպե՞մ,— ասաց հանկարծ Կատյան մեղմ ձայնով, նորից սաստիկ գունատված։
— Հենց դրա համար էլ հիմա պետք է գաք, որպեսզի ոչ ոքի չհանդիպեք այնտեղ։ Ոչ ոք չի լինելու, հաստատ եմ ասում։ Սպասելու ենք ձեզ,— վերջացրեց նա վճռականորեն և դուրս եկավ սենյակից։
II։ Սուտը մի րոպե դառնում է ճշմարտություն
Նա շտապեց հիվանդանոց, ուր այժմ պառկած էր Միտյան։ Դատավճռի հաջորդ օրը նա հիվանդացել էր ջղային տենդով, և նրան ուղարկել էին քաղաքային հիվանդանոց՝ կալանավորների բաժանմունքը։ Բայց բժիշկ Վարվինսկին, Ալյոշայի և շատ ուրիշների խնդրանքով (Խոխլակովայի, Լիզայի և այլն), Միտյային տեղավորել էր ոչ թե կալանավորների մոտ, այլ առանձին, հենց այն խցիկում, ուր առաջ պառկել էր Սմերդյակովը։ Ճիշտ է, միջանցքի մյուս ծայրին պահակ զինվոր էր կանգնած, իսկ լուսամուտը վանդակապատ էր, Վարվինսկին կարող էր հանգիստ լինել իր զիջողության համար, որ այնքան էլ օրինական չէր. սակայն բարի ու կարեկցող երիտասարդ էր նա։ Հասկանում էր, թե Միտյայի պես մարդու համար որքա՜ն ծանր է հանկարծ միանգամից ընկնել մարդասպանների և ստահակների միջավայրը, և թե նախ պետք է վարժվել դրան։ Իսկ հարազատների և ծանոթների այցելությունը թույլատրվել էր թե՛ բժշկի, թե՛ վերակացուի և նույնիսկ ոստիկանապետի կողմից, անպաշտոն կերպով։ Բայց միայն Ալյոշան ու Գրուշենկան այցելեցին Միտյային այդ օրերին։ Ռակիտինն արդեն երկու անգամ ձգտել էր տեսնվել նրա հետ, բայց Միտյան համառորեն խնդրել էր Վարվինսկուն, որ ներս չթողնեն նրան։
Ալյոշան իր եղբորը գտավ անկողնին նստած, հիվանդանոցի զգեստով, մի քիչ ջերմություն ուներ, քացախաջրով թրջված սրբիչ էր փաթաթել գլխին։ Անորոշ մի հայացքով նայեց ներս մտած Ալյոշային, թայց այդ հայացքի մեջ այնուամենայնիվ մի տեսակ վախ երևաց։
Հենց դատի օրից նա ընդհանրապես սոսկալի մտախոհ էր դարձել։ Երբեմն կես ժամ անընդհատ լուռ էր մնում, մոռանալով իր մոտ գտնվողին, կարծես ծանր ու տանջալի մի մտքով տարված։ Իսկ եթե թոթափում էր իր մտահոգությունը և սկսում խոսել, ապա միշտ էլ խոսում էր անակնկալորեն և անպայման ասում էր այնպիսի մի բան, որ այն չէր, ինչ ուզում էր ասել իրոք։ Երբեմն տառապանքով էր նայում եղբորը։ Գրուշենկայի մոտ կարծես ավելի թեթև էր զգում իրեն, քան Ալյոշայի։ Ճիշտ է, համարյա չէր էլ խոսում, երբ լինում էր Գրուշենկայի հետ, բայց հենց որ նա ներս էր մտնում, դեմքը լուսավորվում էր ուրախությամբ։
Ալյոշան լուռ նստեց նրա մոտ, մահճակալին։ Այս անգամ Միտյան տագնապահար սպասում էր Ալյոշային, բայց սիրտ չարեց որևէ բան հարցնել։ Աներևակայելի էր համարում, որ Կատյան համաձայնվի գալ, և միաժամանակ զգում էր, որ եթե նա չգա, ուղղակի անկարելի մի բան կլինի։ Ալյոշան հասկանում էր նրա զգացմունքները։
— Ասում են, որ Տրիֆոնը, Բորիսիչ Տրիֆոնը,— շտապ-շտապ սկսեց խոսել Միտյան,— իր ամբողջ պանդոկը քանդրտել է. հատակի տախտակները հանում է, պոկոտում, ասում են՝ ամբողջ «պատշգամբը» ջարդուփշուր է արել։ Գա՜նձ է փնտրում, այ հենց այն փողը, այն մեկուկես հազարը, որ դատախազն ասաց, թե ես այնտեղ եմ թաքցրել։ Հենց տուն է հասել թե չէ՝ սկսել է այդ հիմարությունը։ Տե՛ղն է այդ սրիկային։ Պահակը ինձ ասաց երեկ, այնտեղացի մարդ է։
— Լսի՛ր,— ասաց Ալյոշան,— գալու է, բայց չգիտեմ երբ. գուցե այսօր, գուցե վաղը, մյուս օր՝ չգիտեմ, բայց կգա, կգա հաստատ։
Միտյան ցնցվեց, ուզեց մի բան ասել, թայց լուռ մնաց։ Լուրը ահռելիորեն ազդեց նրա վրա։ Երևում էր, որ սոսկալի կուզեր իմանալ խոսակցության մանրամասնությունները, բայց դարձյալ վախենում էր հարցնել. Կատյայի կողմից որևէ մի դաժան ու արհամարհական բան դանակի հարված կլիներ նրա համար այդ րոպեին։
— Ահա թե ինչ ասաց նա ի միջի այլոց, ասաց, որ ես անպայման հանգստացնեմ քո խիղճը փախուստի հարցում։ Եթե Իվանը չառողջանա մինչ այդ, նա ինքն է հանձն առնելու այդ գործը։
— Արդեն ասել ես ինձ դրա մասին,— նկատեց Միտյան մտախոհ։
— Իսկ դու էլ արդեն Գրուշկային ասացիր,— նկատեց Ալյոշան։
— Այո,— խոստովանեց Միտյան։— Նա այս առավոտ չի գալու,— երկչոտ նայեց եղբորը։— Միայն իրիկունն է գալու։ Հենց որ երեկ ասացի նրան, թե Կատյան գործի է կպել, ինքը բան չասաց, բայց բերանը ծռմռեց։ Միայն փսփսաց. «Թո՛ղ անի»։ Հասկացավ, որ կարևոր բան է։ Էլ չհամարձակվեցի տնտղել։ Կարծեմ էլ հասկանում է հիմա, որ Կատյան ոչ թե ինձ է սիրում, այլ Իվանին, չէ՞։
— Հասկանո՞ւմ է որ,— ակամա ասաց Ալյոշան։
— Գուցե և չի հասկանում։ Բայց այս առավոտ չի գալու,— շտապեց նորից նշել Միտյան,— ես նրան մի հանձնարարություն տվեցի... Լսիր, մեր եղբայր Իվանը բոլորին էլ կգերազանցի։ Նա՛ պետք է ապրի, ոչ թե մենք։ Կառողջանա՛։
— Պատկերացրու, Կատյան թեև դողում է նրա համար, բայց համարյա վստահ է, որ կառողջանա,— ասաց Ալյոշան։
— Ուրեմն համոզված է, որ կմեռնի։ Վախից է այդպես վստահ, որ կառողջանա։
— Մեր եղբայրը ամուր կազմվածք ունի։ Եվ ես էլ շատ հույս ունեմ, որ կառողջանա,— նկատեց Ալյոշան անձկալից։
— Այո, կառողջանա։ Բայց Կատյան համոզված է, որ նա կմեռնի։ Շատ է Կատյայի վիշտը...
Լռություն տիրեց։ Մի շատ կարևոր բան տանջում էր Միտյային։
— Ալյոշա, ես սոսկալի սիրում եմ Գրուշային,— ասաց նա հանկարծ դողդողուն, արտասվալից ձայնով։
— Նրան չեն թողնի, որ գա այնտեղ՝ քեզ մոտ,— վրա բերեց իսկույն Ալյոշան։
— Եվ մեկ էլ ահա ինչ էի ուզում ասել քեզ,— շարունակեց Միտյան, հանկարծ մի տեսակ զրնգուն ձայնով։— Եթե սկսեն ծեծել ճանապարհին կամ այնտեղ, չեմ թողնի, կսպանեմ և ինձ կգնդակահարեն։ Եվ քսա՜ն տարի այդպես։ Այստեղ արդեն սկսում են «դու»-ով խոսել։ Պահակներն ինձ «դու» են ասում։ Այսօր ամբողջ գիշերը պառկել ու դատում էի ինքս ինձ. պատրաստ չե՛մ։ Չե՛մ կարող ընդունել այս բանը։ Ուզում էի «օրհներգ» երգել, բայց պահակների «դու» ասելն անգամ չեմ կարողանում հանդուրժել։ Գրուշայի համար ամեն ինչի կտոկայի, ամեն ինչի... բացի սակայն ծեծից... Բայց նրան չեն թողնի այնտեղ։
Ալյոշան մեղմ ժպտաց։
— Լսիր, եղբայր, մի անգամ ընդմիշտ,— ասաց նա,— ահա ասեմ քեզ, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Եվ դու գիտես, որ սուտ չեմ ասի քեզ։ Ուրեմն լսիր. դու պատրաստ չես, և քեզ համար չէ այսպիսի խաչը։ Ավելին՝ այսպիսի մարտիրոսական խաչը պե՛տք էլ չէ քեզ, երբ պատրաստ չես դրան։ Եթե սպանած լինեիր մեր հորը, պիտի ցավեի, որ մերժում ես քո խաչը։ Բայց դու անմեղ ես, և այսպիսի խաչը չափազանց շատ է քեզ համար։ Դու ուզում էիր տառապելով վերածնվել և ուրիշ մարդ դառնալ, ըստ իս, հիշի՛ր միայն, մշտապես հիշիր այդ ուրիշ մարդու մասին, ամբողջ կյանքում և ո՛ւր էլ փախչես՝ հիշի՛ր, և այդքանը բավական է քեզ։ Չարչարանաց մեծ խաչը մերժած լինելու գիտակցությունը կնպաստի, որ ավելի մեծ պարտականություն զգաս քո մեջ, և հետագա քո ամբողջ կյանքում այդ մշտական զգացումը ունենալով՝ գուցե ավելի ևս սատարես քո վերածնմանը, քան եթե այնտեղ գնայիր։ Որովհետև այնտեղ դու չես դիմանա և կտրտնջաս, և գուցե իսկապես կասես ի վերջո. «Հաշիվս փակեցի»։ Դատապաշտպանն այդ կետում ճիշտ ասաց։ Բոլորի համար չեն այդպիսի ծանր բեռները, ոմանց համար անկարելի են դրանք... Ահա իմ մտածածը, եթե այնքան անհրաժեշտ է քեզ։ Եթե քո փախուստի համար ստիպված լինեին պատասխան տալ ուրիշ մարդիկ՝ սպաներ, զինվորներ, այդ դեպքում ես «չէի թույլ տա», որ փախչես,— ժրպտաց Ալյոշան։— Բայց ասում են և վստահացնում (այդ հանգրվանապետն անձամբ ասել է Իվանին), որ եթե հմտորեն արվի, մեծ գլխացավանք չի լինի և կարող են հեշտ պրծնել։ Իհարկե, նույնիսկ այսպիսի դեպքում անազնիվ բան է կաշառելը, բայց դե այստեղ արդեն ոչ մի կերպ հանձն չեմ առնի դատել, որովհետև, ճիշտն ասած, եթե օրինակ Իվանն ու Կատյան ի՛նձ հանձնարարեին այս գործը անել քեզ համար, ես կգնայի ու կկաշառեի, գիտեմ. պետք է ամբողջ ճշմարտությունը ասեմ քեզ։ Դրա համար էլ ես չեմ կարող դատավոր լինել քո գլխին, վարվիր ինչպես ուզում ես։ Բայց իմացիր, որ ես քեզ երբեք չեմ դատապարտի։ Եվ տարօրինակ էլ է, ինչպե՞ս կարող էի ես քո դատավորը լինել այս հարցում։ Դե հիմա արդեն ամեն ինչ քննարկեցի կարծեմ։
— Բայց ե՛ս ինձ կդատապարտեմ,— բացականչեց Միտյան։— Պիտի փախչեմ, դա արդեն առանց քեզ էլ որոշված էր. կարո՞ղ է Միտյա Կարամազովը չփախչել։ Բայց դե կդատապարտեմ ինձ և հետո հավիտյանս հավիտենից կքավեմ իմ մեղքը։ Ճիզվիտներն են այս ձևով խոսում, չէ՞, ա՛յս ձևով։ Ա՛յ, ինչպես հիմա ես ու դու, հա՞։
— Դե հա,— մեղմ ժպտաց Ալյոշան։
— Սիրո՛ւմ եմ քեզ նրա համար, որ միշտ լրիվ ճշմարտությունն ես ասում և ոչի՜նչ չես թաքցնում,— բացականչեց Միտյան, ուրախ ծիծաղելով։— Ուրեմն ես իմ Ալյոշային ճիզվիտությա՜ն մեչ բռնեցի։ Պետք է ոտից գլուխ համբուրել քեզ դրա համար, հասկանո՞ւմ ես։ Դե հիմա լսի՛ր մնացածն էլ, իմ հոգու մյուս կեսն էլ բացեմ քեզ։ Ահա թե ինչ եմ մտածել ու որոշել. եթե փախչեմ էլ, նույնիսկ փողով ու անձնագրով, և նույնիսկ Ամերիկա էլ փախչեմ, համենայն դեպս ինձ սրտապնդում է այն միտքը, որ ոչ թե ուրախ կյանքի համար եմ փախչում, ոչ թե երջանկության համար, այլ, ճշմարի՜տ, մի ուրիշ աքսոր գնալու, գուցե նույնքան վատ, որքան այս մեկը։ Նո՛ւյնքան վատ, Ալեքսեյ, ճշմարիտ եմ ասում, նո՛ւյնքան վատ։ Ատում եմ արդեն այդ Ամերիկան, գրո՛ղը տանի դրան։ Ասենք՝ Գրուշան է ինձ հետ լինելու, բայց նայի՛ր նրան՝ ամերիկուհի՞ է նա։ Ռուս աղջիկ է, մինչև ուղն ու ծուծը ռուս աղջիկ, նա կկարոտի հարազատ մայր երկրին, և ես ամեն րոպե պիտի տեսնեմ, որ ի՜նձ համար է նա այդպես կարոտում, ի՜նձ համար է այդպիսի խաչ վերցրել իր վրա, բայց նա՞ ինչ մեղք ունի։ Իսկ ես ինքս կարո՞ղ եմ հանդուրժել այնտեղի ռամիկներին, թեև նրանք բոլո՜րն էլ գուցե ավելի լավ են, քան ես։ Ատո՛ւմ եմ այդ Ամերիկան հենց հիմիկվանից։ Ու թեկուզ նրանք բոլորն էլ, առանց բացառության, հոյակապ մեքենագետներ լինեն կամ չգիտեմ ինչ, գրո՛ղը տանի նրանց, իմ հարազատ մարդիկը չեն, օտար են իմ հոգուն։ Ռուսաստա՜նն եմ սիրում, Ալեքսեյ, ռուս աստծուն եմ սիրում, թեկուզ և սրիկա եմ ինքս։ Ես այնտեղ շնչահե՜ղձ կլինեմ,— բացականչեց նա հանկարծ, և աչքերը փայլատակե-ցին։ Ձայնը դողաց արցունքներից։
— Դե ուրեմն ահա թե ինչ եմ որոշել, Ալեքսեյ, լսի՛ր,— սկսեց նա նորից, զսպելով հուզմունքը։— Գրուշայի հետ կհասնենք այնտեղ, և անմիջապես կսկսենք հերկել, աշխատել հեռավոր մի անկյունում, առանձնության մեջ, վայրի արջերի հետ։ Այնտե՜ղ էլ իհարկե մի հեռավոր անկյուն կգտնվի։ Ասում են՝ դեռ կարմրամորթներ կան այնտեղ, հեռո՜ւ—հեռու անկյուններում, հորիզոնի ծայրին, դե այ ուրեմն կգնանք այդ կողմերը, վերջին մոհիկանների երկիրը։ Եվ անմիջապես կկպնենք քերականության, Գրուշան ու ես։ Աշխատանք ու քերականություն, և այդպես՝ մի երեք տարի։ Այդ երեք տարվա մեջ ուղղակի անգլիացու նման կսովորենք անգլերենը։ Եվ հենց որ սովորեցինք՝ պրծա՜վ Ամերիկան։ Վազում ենք այստեղ՝ Ռուսաստան, որպես ամերիկյան քաղաքացիներ։ Մի՛ վախենա, չենք երևա այս փոքրիկ քաղաքում։ Կթաքնվենք հեռու մի տեղ՝ հյուսիսում կամ հարավում։ Մինչ այդ ես փոխված կլինեմ, նա էլ. այնտեղ, Ամերիկայում, բժիշկը մի տեսակ գորտնուկ կսարքի երեսիս, հո իզուր չէ, որ մեքենագետներ են նրանք։ Իսկ եթե չեղավ, ուրեմն մի աչքս կհանեմ, մի կանգուն էլ մորուք կթողնեմ, սպիտակած մորուք (Ռուսաստանի կարոտի՜ց կսպիտակեմ)։ Գուցե թե չճանաչեն։ Իսկ եթե ճանաչեն, թո՛ղ աքսորեն, միևնույնն է, ուրեմն այդ է մեր բախտը։ Այստեղ էլ մի որևէ խուլ անկյունում հող կմշակենք, և ես իմ ամբողջ կյանքում ամերիկացի կձևանամ։ Բայց դե հարազատ երկրում կմեռնենք։ Ահա իմ ծրագիրը, և անխախտ է սա։ Հավանություն տալի՞ս ես։
— Տալիս եմ,— ասաց Ալյոշան, չուզենալով նրան հակաճառել։
Միտյան մի րոպե լռեց և հանկարծ ասաց.
— Բայց ինչպե՜ս բոլորն էլ տունս քանդեցին դատարանում։ Ինչպե՜ս քանդեցին։
— Ինչ էլ լիներ, միևնույն է՝ քեզ դատապարտելու էին,— ասաց Ալյոշան հառաչելով։
— Այո՜, այստեղի հասարակության աչքի փուշն էի դարձել։ Է՛հ, աստված ողորմի նրանց, բայց ծա՜նր է,— տառապագին հառաչեց Միտյան։
Նորից մի րոպե լուռ մնացին։
— Ալյոշա, հոգիս մի՛ հանի, ուղղակի ասա՛,— բացականչեց նա հանկարծ,— գալո՞ւ է նա հիմա, թե չէ, ասա՛։ Ի՞նչ ասաց։ Ինչպե՞ս ասաց։
— Ասաց, որ կգա, թայց չգիտեմ՝ այսօ՞ր կգա։ Նրա՛ համար էլ դժվար է, հասկանո՞ւմ ես,— Ալյոշան երկչոտ նայեց եղբորը։
— Է՜, իհարկե դժվար է, իհա՜րկե։ Ալյոշա, ես ուղղակի կխելագարվեմ այս բանից։ Գրուշան անընդհատ ինձ է նայում։ Հասկանում է։ Աստվա՛ծ իմ, տե՜ր իմ աստված, հանգստացրու ինձ. ի՞նչ է ուզածս։ Կատյայի՛ն եմ ուզում։ Ես շա՞տ գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Կարամազովյան անզուսպ ոգին է, պի՛ղծ ոգին։ Չէ , ես տառապանքի ընդունակ չեմ։ Սրիկա եմ, ու վե՛րջ։
— Ահա՛ նա,— բացականչեց Ալյոշան։
Այդ վայրկյանին հանկարծ Կատյան երևաց շեմքին։ Մի ակնթարթ նա կանգ առավ, նայեց Միտյային՝ շփոթված հայացքով։ Միտյան ընդոստ վեր թռավ, դեմքին վախ երևաց, գունատվեց նա, բայց իսկույն ևեթ երկչոտ, աղերսող մի ժպիտ եկավ շրթունքներին և նա հանկարծ, անդիմադրելի մղումով, ձեռքերը մեկնեց Կատյային։ Տեսնելով այդ, Կատյան շեշտակի սլացավ նրա մոտ։ Բռնեց նրա ձեռքերից և համարյա ուժով նստեցրեց անկողնին, ինքն էլ նստեց մոտը, շարունակելով բռնել նրա ձեռքերը և ամուր, ջղաձգորեն սեղմելով։ Երկուսն էլ մի քանի անգամ բուռն մղում զգացին խոսելու, բայց ամեն անգամ էլ կանգ էին առնում և նորից նայում իրար՝ լուռ, կարծես բևեռված հայացքով, տարօրինակ ժպիտով, այդպես երկու րոպե անցավ։
— Ներե՞լ ես, թե չէ,— թոթովեց ի վերջո Միտյան և նույն վայրկյանին էլ դարձավ Ալյոշային, ուրախությունից այլայլված դեմքով գոռաց նրան.
— Լսո՞ւմ ես ինչ եմ հարցնում, լսո՞ւմ ես։
— Վեհա՜նձն է քո սիրտը, դրա՛ համար էլ սիրում էի քեզ,— ասաք հանկարծ Կատյան բուռն մղումով։— Եվ պետք էլ չէ քեզ իմ ներելը, ոչ էլ քո ներելը՝ ինձ. ներես, թե չներես՝ միևնույնն է, ամբողջ կյանքումս վերքի՜ պես մնալու ես իմ հոգում, ես էլ քո՝ հոգում. այդպես էլ պե՛տք է...— կանգ առավ նա շունչ քաշելու։
— Ինչո՞ւ եկա ես,— սկսեց նորից հրայրքով ու հապճեպորեն,— եկա քո ոտքերը գրկելու, քո ձեռքերը սեղմելու, ա՛յ այսպես, ցավեցնելո՜ւ չափ, հիշո՞ւմ ես, ինչպես Մոսկվայո՜ւմ էի սեղմում, եկա նորից ասելու քեզ, որ դու իմ աստվա՜ծն ես, իմ ցնծությո՜ւնը, եկա ասելու, որ խենթի նման սիրո՜ւմ եմ քեզ,— մի տեսակ տնքաց նա տանջահար, և հանկարծ ագահորեն շրթունքները սեղմեց Միտյայի ձեռքին։ Արցունքը հորդեց նրա աչքերից։
Ալյոշան կանգնել էր լուռ ու շփոթված, երբեք չէր սպասում այն, ինչ տեսնում էր հիմա։
— Անցա՜վ սերը, Միտյա,— սկսեց նորից Կատյան,— բայց մորմոքելու չափ թանկ է ինձ համար այն, ինչ անցավ։ Հավիտյա՛ն իմացիր այս բանը։ Բայց հիմա, մի րոպե, թող լինի այն, ինչ կարող էր լինել,— թոթովեց նա այլայլված ժպիտով, նորից բերկրանքով նայելով նրա աչքերի մեջ։— Դու հիմա ուրիշին ես սիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյա՜նս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ի՛նձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը, Լսո՞ւմ ես, սիրի՛ր ինձ, քո ամբողջ կյանքում սիրի՜ր ինձ,- բացականչեց նա, ձայնի մեջ համարյա սպառնագին մի դողով։
— Պիտի սիրեմ և... գիտե՞ս Կատյա,— սկսեց նաև Միտյան, ամեն մի բառից հետո շունչ քաշելով,— գիտե՞ս... հինգ օր աոաջ, այն նույն իրիկունը, սիրում էի քեզ... երբ դու ընկար, և քեզ տարան... Ամրո՜ղջ կյանքումս։ Այդպե՛ս կլինի, հավիտյան այդպես կլինի...
Երկուսն էլ, այսպես թոթովելով, գրեթե անիմաստ ու խելահեղ խոսքեր էին ասում իրար, գուցե նույնիսկ ոչ ճշմարիտ խոսքեր, բայց այդ րոպեին ամեն ինչ ճշմարիտ էր, և իրենք անվերապահորեն հավատում էին իրենց ասածին։
— Կա՛տյա,— բացականչեց հանկարծ Միտյան,— հավատո՞ւմ ես, որ ես եմ սպանել։ Գիտեմ, որ հիմա չես հավատում, Բայց այն ժամանակ... երբ վկայություն էիր տալիս... Մի՞թե, մի՞թե հավատում էիր։
— Ա՛յն ժամանակ էլ չէի հավատում։ Երբե՜ք չեմ հավատացել։ Ատում էի քեզ ու հանկարծ համոզեցի ինքս ինձ, այ հենց այդ վայրկյանին... Երբ վկայություն էի տալիս... Համոզեցի ինքս ինձ և հավատում էի, իսկ երբ վերջացրի, անմիջապես նորից դադարեցի հավատալ։ Իմացիր այս բոլորը։ Մոռացա՜, որ եկել եմ պատժելո՛ւ ինքս ինձ,— ասաց նա հանկարծ բոլորովին նոր մի արտահայտությամբ, որ բոլորովին նման չէր քիչ առաջվա սիրո թոթովանքին։
— Ծա՜նր է քո բեռը, կի՛ն դու,— մի տեսակ բոլորովին անզսպելիորեն դուրս թռավ հանկարծ Միտյայի բերանից։
— Թո՛ղ ինձ,— շշնջաց Կատյան,— նորից կգամ, հիմա ծանր է շատ։
Նա վեր էր կացել տեղից, բայց հանկարծ ուժեղ մի ճիչ արձակեց ու ետ նետվեց։ Անակնկալորեն, թեև բոլորովին անձայն, ներս մտավ Գրուշենկան։ Ոչ ոք չէր սպասում նրան։ Կատյան սրընթաց քայլեց դեպի դուռը, բայց, երբ հասավ Գրուշենկայի մոտ, հանկարծ կանգ առավ, կավճի պես գունատված ու մեղմ, համարյա շշնջալով, տնքաց.
— Ներեցե՜ք ինձ։
Գրուշենկան շեշտակի նայեց նրան, սպասեց մի ակնթարթ և պատասխանեց թունոտ, քինախնդիր ձայնով.
— Մաղձո՛տ ենք մենք, քույրս, դու էլ, ես էլ։ Երկուսս էլ մաղձ ունենք։ Էլ ո՞նց ներենք իրար, դու էլ, ես էլ։ Այ փրկի՛ր նրան, և ամբողջ կյանքումս կպաշտեմ քեզ։
— Իսկ ներել չե՜ս ուզում,— գոռաց Միտյան Գրուշենկային՝ խելահեղ կշտամբանքով։
— Հանգիստ եղիր, կփրկեմ նրան քեզ համար,— շշնջաց Կատյան արագ-արագ և դուրս վազեց սենյակից։
— Եվ դու կարողացար մերժե՞լ նրան, երբ ի՞նքը քեզ ասաց՝ «ներիր»,— դառնորեն բացականչեց նորից Միտյան։
— Միտյա, չհամարձակվե՛ս հանդիմանել նրան, իրավունք չունե՛ս,— սրտանց գոռաց Ալյոշան իր եղբոր վրա։
— Նրա հպարտ շրթունքներն էին խոսում, ոչ թե սիրտը,— ասաց Գրուշենկան մի տեսակ զզվանքով։— Եթե ազատի քեզ, ամեն ինչ կներեմ։
Նա լռեց, կարծես մի բան զսպելով իր հոգում։ Չէր կարողանում ուշքի գալ։ Ինչպես պարզվեց հետո, մտել էր բոլորովին պատահականորեն, բացարձակապես որևէ կասկած չունենալով ու չսպասելով, որ կհանդիպի այն բանին, ինչին հանդիպեց։
— Ալյոշա, վազի՛ր նրա ետևից,— Միտյան շեշտակի դիմեց իր եղբորը,— ասա՛ նրան... մի՛ թողնիր, որ այդպես գնա։
— Երեկոյան դեմ կգա՜մ,— գոչեց Ալյոշան և վազեց Կատյայի ետևից։
Աղջիկը հիվանդանոցի բակից դուրս էր եկել արդեն, երբ Ալյոշան հասավ նրան։ Արագ էր գնում Կատյան, շտապում էր, բայց հենց որ Ալյոշան հասավ իր ետևից, դարձավ ու հապճեպորեն ասաց.
— Ո՜չ, այդ կնոջ առաջ չե՛մ կարող ինձ պատժել։ «Ներիր ինձ» ասացի նրան, որովհետև ուզում էի ծայր աստիճան պատժել ինձ։ Չներեց... Սիրո՛ւմ եմ նրան դրա համար,— ավելացրեց Կատյան այլայլված ձայնով, և ալքերը փայլեցին կատաղի քինախնդրությամբ։
— Եղբայրս բոլորովին չէր սպասում,— մրթմրթաց Ալյոշան,— համոզված էր, որ նա չի գա...
— Անկասկած։ Թողնենք այդ բանը,— կտրեց Կատյան։ — Լսեցեք, ես չեմ կարող հիմա ձեզ հետ գնալ այնտեղ թաղման։ Ծաղիկներ ուղարկեցի նրանց, դագաղի համար։ Դեռ փող ունեն, կարծում եմ։ Եթե պետք լինի, ասացեք, որ երբեք չեմ լքի նրանց... Դե՛հ, հիմա թողե՛ք ինձ, թողեք ինձ, խնդրում եմ։ Արդեն ուշացաք, ժամերգության զանգն են տալիս... Թողե՛ք ինձ, խնդրում եմ։
III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ
Իսկապես, ուշացել էր նա։ Սպասում էին նրան և արդեն նույնիսկ որոշել էին առանց նրա ուղեկցության եկեղեցի տանել փոքրիկ, գեղեցիկ, ծաղկազարդ դագաղը։ Իլյուշկայի դագաղն էր դա, խե՜ղճ մանչուկի։ Նա մահացել էր Միտյայի դատավճռից երկու օր հետո։ Տան դարպասի մոտ տղաները գոռում-գոչումով դիմավորեցին Ալյոշային։ Բոլորն էլ անհամբեր սպասում էին նրան և ուրախացան, որ նա եկավ վերջապես։ Տասներկու հոգի էին հավաքվել, Իլյուշայի դասընկերները, բոլորն էլ եկել էին իրենց դպրոցական պայուսակներով՝ ուսից կախած։ «Հայրիկը լաց կլինի, հայրիկի հետ եղեք»,— պատվիրել էր նրանց Իաուշան մեռնելու պահին, և տղաները իրենց միտքն էին պահել այդ բանը։ Նրանց պարագլուխը Կոլյա Կրասոտկինն էր։
— Որքա՜ն ուրախ եմ, որ եկաք, Կարամազով,— բացականչեց նա, ձեռքը մեկնելով Ալյոշային։— Սոսկալի է այստեղ։ Ճիշտն ասած, շատ ծանր է նայելը։ Սնեգիրյովը հարբած չէ, հաստատ գիտենք, որ այսօր ոչինչ չի խմել բայց կարծես հարբած լինի... Ես միշտ էլ ամուր մարդ եմ, բայց այս բանը սոսկալի է։ Կարամազով, եթե չեմ ուշացնի ձեզ, միայն մի հարց էլ ուզում էի տալ ձեր ներս մտնելուց առաջ։
— Ի՞նչ է, Կոլյա,— կանգ առավ Ալյոշան։
— Անմե՞ղ է ձեր եղբայրը, թե մեղավոր։ Նա՞ է սպանել ձեր հորը, թե ծառան։ Ինչպես որ ասեք, այնպես էլ կլինի։ Չորս գիշեր չեմ քնել այդ մտքից։
— Ծառան է սպանել, իսկ եղբայրս անմեղ է,— պատասխանեց Ալյոշան։
— Ե՛ս էլ նույնն եմ ասում,— գոռաց հանկարծ Սմուրովը։
— Ուրեմն նա ճշմարտությա՛ն համար է կործանվելու որպես անմեղ զոհ,— բացականչեց Կոլյան։— Թեև կործանվել է նա, բայց երջանի՜կ է։ Կարող եմ նախանձե՜լ նրան։
— Ի՜նչ եք ասում, ինչպե՞ս կարելի է։ Եվ ինչո՞ւ,— բացականչեց Ալյոշան զարմացած։
— Օ՜, եթե ես էլ կարողանայի գեթ որևէ ժամանակ զոհաբերել ինձ ճշմարտության համար,— ասաց Կոլյան խանդավառությամբ։
— Բայց ոչ թե այսպիսի գործում, ոչ թե այսպիսի խայտառակությամբ, ոչ թե այսպիսի ահ ու սարսափով,— ասաց Ալյոշան։
— Իհարկե... ես կցանկանայի մեռնել ամբողջ մարդկության համար, իսկ գալով խայտառակության, միևնո՜ւյնն է՝ թող կորչեն մեր անունները։ Ձեր եղբորը հարգո՜ւմ եմ ես։
— Ես էլ,— հանկարծ ու արդեն բոլորովին անսպասելի գոռաց խմբի միջից այն տղան, որ մի ժամանակ հայտարարել էր, թե ինքը գիտե ով է հիմնել Տրովադան. և, գոռալուց հետո, մինչև ականջները կարմրեց քաջվարդի նման, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ։
Ալյոշան սենյակ մտավ։ Երկնագույն դագաղի մեջ, որ զարդարված էր սպիտակ փոթփոթիկներով, պառկել էր Իլյուշան՝ փոքրիկ ձեռքերը ծալված և աչուկները փակ։ Նիհարիկ դիմագծերը գրեթե բոլորովին չէին փոխվել, և տարօրինակ բան՝ դիակից համարյա հոտ չէր գալիս։ Դեմքի արտահայտությունը լուրջ էր և կարծես մտախոհ։ Հատկապես գեղեցիկ էին խաչաձև ծալված ձեռքերը՝ կարծես մարմարից քանդակված։ Ձեռքերի մեջ ծաղիկ էին դրել, և արդեն ամբողջ դագաղն էլ դրսից ու ներսից զարդարված էր ծաղիկներով, որ Լիզա Խոխլակովան էր ուղարկել առավոտյան մութուլույսին։ Բայց Կատերինա Իվանովնայից էլ ծաղիկներ էին բերել, և երբ Ալյոշան դուռը բացեց, փոխկապիտանն իր դողացող ձեռքերում մի փունջ բռնած՝ նորից ծաղիկներ էր շաղ տալիս իր սիրելի մանչուկի վրա։ Նա հազիվ նայեց ներս մտած Ալյոշային, և ոչ ոքի էլ չէր ուզում նայել, ոչ իսկ իր լացող, խելագար կնոջը՝ իր «մայրիկին», որ անընդհատ ճիգ էր անում վեր կենալու իր հիվանդ ոտքերի վրա և ավելի մոտիկից նայելու իր մեռած մանչուկին։ Իսկ Նինային երեխաները վերցրել էին իր աթոռի հետ և ուղղակի դագաղի մոտ էին բերել։ Նա գլուխը դագաղին սեղմած նստել էր ու երևի լուռ արտասվում էր նույնպես։ Սնեգիրյովի դեմքն աշխույժ մի արտահայտություն ուներ, բայց կարծես շփոթված ու միաժամանակ դաժանացած մի արտահայտություն։ Նրա շարժուձևերի, նրա բերանից թռչոզ բառերի մեջ խելացնոր մի բան կար։ «Հայրի՜կ, անուշի՜կ հայրիկս»,— բացականչում էր նա ամեն րոպե, նայելով Իլյուշային։ Դեռ Իլյուշայի կենդանության ժամանակ նա սովորություն ուներ փաղաքշորեն ասել նրան՝' «Հայրի՛կ, անուշի՜կ հայրիկս»։
— Հայրի՛կ, ինձ էլ ծաղիկ տուր, վերցրու նրա թաթիկից, ա՜յ էն սպիտակ ծաղիկը, ի՜նձ տուր,— խնդրեց խելագար «մայրիկը» հեկեկալով։ Գուցե նրան շատ էր դուր եկել Իլյուշայի ձեռքի փոքրիկ, սպիտակ վարդը, կամ էլ գուցե ուզում էր նրա ձեռքից մի ծաղիկ վերցնել ի հիշատակ, խեղճ կինը սկսեց այս ու այն կողմ շարժվել, ձեռքերը երկարելով ծաղկի համար։
— Ո՛չ ոքի չեմ տա, ոչի՛նչ չեմ տա,— անողոք բացականչեց Սնեգիրյովը։— Նրա՛ ծաղիկներն են, ոչ թե քոնը։ Ամե՜ն ինչ նրանն է, քեզ ո՛չ մի բան։
— Հայրի՛կ, տվեք ծաղիկը մայրիկին,— հանկարծ Նինան բարձրացրեց իր դեմքը, որ թրջվել էր արցունքից։
— Ոչինչ չեմ տա, և հատկապես նրա՛ն չեմ տա։ Նա չէր սիրում Իլյուշկային։ Այն օրը թնդանոթը խլեց նրա ձեռքից, իսկ Իլյուշկան նը-վի-րեե՜ց,— հանկարծ բարձրաձայն սկսեց հեծկլտալ փոխկապիտանը, հիշելով այն, թե ինչպես Իլյուշան իր փոքրիկ թնդանոթը զիջել էր մայրիկին։ Խեղճ, խելագար կինը ուղղակի սկսեց աղի արցունք թափել, լուռ ձեռքերով դեմքը ծածկած։ Տղաները, տեսնելով վերջապես, որ հայրը ազատ չի թողնում դագաղը, այնինչ արդեն ժամանակն է տանելու, հանկարծ մի սեղմ շրջանակ կազմեցին դագաղի շուրջը և սկսեցին բարձրացնել։
— Չե՜մ ուզում եկեղեցու խաչբակում թաղել,— աղաղակեց հանկարծ Սնեգիրյովը,— քարի մոտ եմ թաղելու, մե՜ր քարի մոտ։ Այդպես պատվիրեց Իլյուշան։ Չեմ թողնի, որ տանեք։
Առաջ էլ, ամբողջ այդ երեք օրվա ընթացքում, նա ասում էր, որ թաղելու է քարի մոտ, բայց Ալյոշան, Կրասոտկինը, տանտիրուհին, նրա քույրը, բոլոր տղաները սկսեցին համոզել նրան։
— Տե՜ս ինչ է փչել խելքին, ուզում է էն պիղծ քարի մոտ թաղել, ոնց որ թե խեղդվածի է թաղում,— խստորեն ասաց պառավ տանտիրուհին։— Խաչբակում օրհնված է հողը։ Էնտեղ նրա համար աղոթք են կարդալու։ Եկեղեցուց երգն ու պատարագը լսվում է, սարկավագն էլ էնպես մաքուր ու բառը բառին է կարդում, որ ամեն անգամ էլ ծայրից ծայր կհասնի երեխուն, ոնց որ նրա գերեզմանի վրա կարդան։
Վերջապես փոխկապիտանը ձեռքերը թափ տվեց, կարծես ասելով՝ «Տարե՜ք ուր ուզում եք»։ Երեխաները բարձրացրին դագաղը, բայց երբ մոր կողքով էին անցնում, կանգ առան մի րոպե նրա առաջ և իջեցրին, որպեսզի նա կարողանա հրաժեշտ տալ Իլյուշային։ Բայց հանկարծ մոտից տեսնելով այդ պստլիկ, թանկագին դեմքը, որին մի փոքր տարածությունից էր միայն նայել ամբողջ երեք օր, նա մեկեն ոտից գլուխ ցնցվեց ու սկսեց իր ալեհեր գչուխը ջղաձգորեն ետ ու առաջ թափ տալ դագաղի վրա։
— Մայրի՛կ, խաչակնքիր նրան, օրհնիր նրան, համբուրիր նրան,— գոչեց Նինան իր մորը։ Բայց կինը ավտոմատի նման թափ էր տալիս գլուխը անընդհատ, և հանկարծ, տոչորող վշտից դեմքը ծամածռված, առանց մի ձայն հանելու, սկսեց կուրծքը ծեծել բռունցքով։ Դագաղը շարունակեցին տանել։ Երբ անցնում էին Նինայի մոտով, աղջիկը վերջին անգամ շրթունքները սեղմեց իր հանգուցյալ եղբոր շրթերին։ Ալյոշան, երբ դուրս էր գալիս, դարձավ տանտիրուհուն և խնդրեց, որ նա հոգ տանի մնացողներին, բայց կինը չթողեց էլ, որ նա վերջացնի։
— Դե պարզ է, հետները կլինեմ, մենք էլ քրիստոնյա մարդ ենք։— Ասելով այդ, պառավը լաց էր լինում։
Հեռու չէին տանելու, երեք հարյուր քայլ էր մինչև եկեղեցին, ոչ ավելի։ Պայծառ, խաղաղ օր էր, սառնամանիք էր, բայց թեթև։ Եկեղեցու զանգերը դեռ հնչում էին։ Սնեգիրյովն աճապարոտ ու շփոթահար վազում էր դագաղի ետևից, իր հնամաշ, կարճ, գրեթե ամառային վերարկուով, գլխաբաց, և հին, լայնեզր, փափուկ գլխարկը ձեռքին։ Մի տեսակ անլուծելի մտահոգություն էր տիրել նրան, մեկ երկարում էր ձեռքը, որպեսզի դագաղի գլխակողմին նեցուկ տա, և միայն խանգարում էր տանողներին, մեկ էլ հանկարծ սկսում էր վազել կողքից ու նայում, թե որտեղից ինքն էլ կարող է բռնել դագաղը։ Մի ծաղիկ ընկավ ձյան վրա, և նա ուղղակի խոյացավ վերցնելու, կարծես այդ մի ծաղկի կորստից աստված գիտե ինչեր էին կախված։
— Հացի կտո՜րը, հացի կտո՜րը մոռացանք,— բացականչեց նա մեկեն սոսկալի վախեցած։ Բայց երեխաներն իսկույն հիշեցրին նրան, որ դեռ քիչ առաջ վերցրել է հացի կտորը և գրպանն է դրել արդեն։ Նա հացը վայրկենապես դուրս քաշեց գրպանից, համոզվեց ու հանգստացավ։
— Իլյուշկան պատվիրեց, Իլյուշկան,— բացատրեց անմիջապես Ալյոշային,— պառկել էր գիշերը, ես էլ կողքն էի նստել, և հանկարծ պատվիրեց. «Հայրիկ, երբ իմ գերեզմանը լցնեն, վրան մի կտոր հաց փշրտիր, որ ճնճղուկները գան, ես կլսեմ, որ եկել են, և կուրախանամ, որ մենակ չեմ պառկում»։
— Շատ լավ է դա,— ասաց Ալյոշան,— պետք է հաճախ անել։
― Ամե՜ն օր, ամե՜ն օր,— բլբլաց փոխկապիտանը կարծես լրիվ աշխուժանալով հանկարծ։
Վերջապես հասան ու դագաղը դրին եկեղեցու մեջտեղը։ Տղաները շրջապատեցին դագաղը և ամբողջ արարողության ընթացքում այդպես բարեվայելուչ կանգնած մնացին։ Հնամենի էր եկեղեցին ու բավական աղքատ, շատ սրբապատկերներ բոլորովին շրջանակ չունեին, բայց այդպիսի եկեղեցիների մեջ մի տեսակ ավելի լավ ես աղոթում։ Պատարագի ժամանակ Սնեգիրյովյը կարծես հանդարտվեց մի քիչ, թեև մերթ ընդ մերթ նույն անգիտակից ու շփոթահար մտահոգությունը տիրում էր նրան, մեկ մոտենում էր դագաղին՝ ծածկույթը կամ փոքրիկ պսակն ուղղելու, իսկ մեկ էլ երբ մոմակալից մի մոմ ընկավ, հանկարծ վազեց տեղը դնելու և սոսկալի երկար զբաղվեց դրանով։ Հետո արդեն խաղաղվեց ու հանգիստ կանգնեց դագաղի գլխակողմը՝ բութորեն մտահոգ ու մի տեսակ վարանող դեմքով։ «Առաքելոցի» ընթերցումից հետո հանկարծ թեքվեց Ալյոշային, որ իր կողքին էր կանգնած, և փսփսաց նրան, որ «Առաքելոցը» այնպես չկարդացին, և սակայն չբացատրեց, թե ինչ էր ուզում ասել։ Երբ «Հրեշտակային» էին երգում, սկսեց ձայնակցել, բայց չշարունակեց մինչև վերջ. ծունկի եկավ, ճակատը սեղմեց եկեղեցու քարե հատակին ու բավական երկար մնաց այդպես։ Ի վերջո սկսեցին թաղման ծիսակատարությունը, մոմեր բաժանեցին։ Վշտացնոր հայրը իրար անցավ նորից, բայց թաղմանական սրտառուչ, հոգեցունց երգեցողությունն սթափեցրեց ու սասանեց նրա հոգին։ Նա հանկարծ կծկվեց մի տեսակ ու սկսեց կողկողել արագ ու կարճ-կարճ հեկեկոցներով, սկզբում զսպելով ձայնը, հետո արդեն բարձրաձայն հեծկլտալով։ Իսկ երբ սկսեցին հրաժեշտ տալ ննջեցյալին ու փակել դագաղը, նա թևերը առաջ նետեց, կարծես չթողնելով, որ ծածկեն Իլյուշային, գրկեց դագաղը և սկսեց արագ-արագ, ագահորեն, առանց պոկվելու համբուրել իր մեռած մանչուկի շրթունքները։ Վերջապես համոզեցին ու իջեցրին նրան պատվանդանից, բայց նա հանկարծ թափով երկարեց ձեռքը և դագաղից մի քանի ծաղիկ վերցրեց։ Սկսեց նայել ծաղիկներին, և կարծես մի նոր միտք ծագեց նրա գլխում, այնպես որ մի րոպե մոռացավ կարծես գլխավորը։ Հետզհետե մտածմունքի մեջ ընկավ մի տեսակ և այլևս չդիմադրեց, երբ դագաղը բարձրացրին ու տարան դեպի գերեզման։
Հեռու չէր փոքրիկ գերեզմանը, բակի մեջ էր, հենց եկեղեցու մոտ, և թանկ էր գինը. գումարը վճարել էր Կատերինա Իվանովնան։ Սովորական ծեսից հետո գերեզմանափորները դագաղն իջեցրին։ Սնեգիրյովը, իր ծաղիկները ձեռքին, այնքան վար թեքվեց բաց գերեզմանի վրա, որ երեխաները, վախեցած, բռնեցին նրա վերարկուից և սկսեցին ետ քաշել։ Բայց նա կարծես լավ չէր հասկանում արդեն, թե ինչ է կատարվում։ Երբ սկսեցին լցնել գերեզմանը, հանկարծ մտահոգ արտահայտությամբ ցույց տվեց թափվող հողը և սկսում էր նույնիսկ մի բան ասել, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, և ինքն էլ մեկեն լռեց։ Հետո հիշեցրին նրան, որ պետք է հացը փշրի, և նա սոսկալի իրար անցավ, հանեց հացի կտորը և սկսեց մանր-մանր բրդել, փշրանքները շաղ տալով գերեզմանի վրա։ «Դե եկե՜ք թռչնիկներ, դե եկե՜ք, ճնճղուկներ»,— մրմնշում էր նա մտահոգ։ Տղաներից մեկը նկատել տվեց նրան, որ ծաղիկները ձեռքում բռնած դժվար է հացը բրդել, և առաջարկեց, որ դրանք որևէ մեկին տա՝ մի րոպեով պահելու։ Բայց նա չտվեց, նույնիսկ հանկարծ վախեցավ իր ծաղիկների համար, կարծես թե ուզում էին բոլորովին վերցնել դրանք իր ձեռքից, և նայելով գերեզմանին ու ասես համոզվելով, որ արդեն ամեն ինչ արված է, փշրանքներն էլ շաղ են տրված, հանկարծ անսպասելիորեն, նույնիսկ կատարյալ հանգստությամբ դարձավ ու քայլեց դեպի տուն։ Բայց քայլերն ավելի ու ավելի արագ ու աճապարոտ էին դառնում, շտապում էր նա, համարյա վազում էր։ Տղաներն ու Ալյոշան աշխատում էին ետ չմնալ նրանից։
— Ծաղիկները մայրիկի՜ն, ծաղիկները մայրիկի՜ն։ Վիրավորեցինք մայրիկին,— սկսեց բացականչել հանկարծ։ Մեկը գոռաց նրան, որ գլխարկը հագնի, թե չէ ցուրտ է արդեն, բայց չսելով այդ բանը, նա կարծես զայրացած շպրտեց գլխարկը ձյան վրա և սկսեց բացականչել, «Չե՛մ ուզում գլխարկ, չե՛մ ուզում գլխարկ»։ Սմուրովը վերցրեց գլխարկը և տարավ նրա ետևից։ Բոլոր տղաները, առանց բացառության, լաց էին լինում, և ամենից ավելի՝ Կոլյան ու այն տղան, որ Տրովադայի հիմնադիրներին էր հայտնաբերել, ու թեև Սմուրովը, կապիտանի գլխարկը ձեռքին, նույնպես սոսկալի լաց էր լինում, բայց այնուամենայնիվ հասցրեց վազելու ընթացքում գետնից վերցնել աղյուսի մի կտոր, որ կարմրին էր տալիս արահետի ձյան վրա, և նետեց ճնճղուկների երամին, որ արագորեն թռչում - անցնում էր։ Վրիպեց իհարկե, և շարունակեց վազել լաց լինելով։ Ճանապարհի կեսին Սնեգիրյովը կանգ առավ մեկեն, կես րոպե կանգնեց այդպես՝ կարծես մի բանից շշմած, և հանկարծ, ետ դառնալով եկեղեցու կողմը, սկսեց վազել դեպի լքված գերեզմանը։ Բայց տղաները վայրկենապես հասան ու բոլոր կողմերից փաթաթվեցին նրան։ Եվ նա արդեն անզոր, տապալված մարդու նման ընկավ ձյան վրա ու սկսեց գալարվելով, հեծկլտալով, ողբալով աղաղակել. «Հայրի՜կ, Իլյոլշկա՜, անուշի՜կ հայրիկս» Ալյոշան ու Կոլյան ջանացին բարձրացնել նրան, թախանձագին համոզել։
— Վերջ տվեք, կապիտան, քաջ մարդը պարտավոր է տոկալ,— մրթմրթում էր Կոլյան։
— Ծաղիկնե՜րը կփչացնեք,— ասաց նաև Ալյոշան,— իսկ «մայրիկն» սպասում է դրանց, նստել լաց է լինում, ոբ Իլյուշկայի ծաղիկներից չտվեցիք իրեն։ Իլյոլշկայի անկողինը դեռ այնտեղ է...
— Այո, այո, մայրիկի՜ն,— հանկարծ հիշեց նորից Սնեգիրյովը։— Անկողինը չվերցնե՜ն, չվերցնե՜ն,— ավելացրեց նա, կարծես վախենալով, որ իրոք կվերցնեն անկողինը, և վեր թռավ, նորից վազեց դեպի տուն։ Բայց արդեն հեռու չէր, և բոլորը միասին վազեցին հասան։
Սնեգիրյովը թափով բացեց դուռը և ձայն տվեց կնոջը, որի հետ այնպես անողոքաբար գժտվել էր դուրս գալուց առաջ։
— Մայրի՜կ, թանկագին մայրիկ, Իլյուշկան քեզ ծաղիկնե՜ր ուղարկեց, ոտքերդ հիվա՜նդ մայրիկ,— գոչեց նա, երկարելով փոքրիկ փունջը ծաղիկների, որոնք սառել ու կոտրտվել էին, երբ նա քիչ առաջ թավալվում էր ձյան վրա։ Բայց այդ նույն վայրկյանին, Իլյուշայի անկողնի առաջ, անկյունում, տեսավ Իլյուշայի կոշիկները, որ տանտիրուհին կարգի էր բերել ու մոտիկ-մոտիկ դրել իրար կողքի։ Տեսնելով այդ հնամաշ, խունացած, կոշտացած, կարկատած կոշիկները, նա ձեռքերը վեր նետեց և ուղղակի խոյացավ դրանց մոտ, ընկավ ծնկների վրա, վերցրեց կոշիկներից մեկը, սեղմեց շրթունքներին և ագահորեն սկսեց համբուրել, աղաղակելով, «Հայրի՜կ, Իլյո՜ւշկա, անուշի՜կ հայրիկս, ո՞ւր են քո տոտիկնե՜րը»։
— Ո՜ւր տարար նրան։ Ո՜ւր տարար նրան, — ողբաց խելագար կինը սրտաճմլիկ ձայնով։ Եվ ահա Նինան էլ սկսեց հեկեկալ։ Կոլյան դուրս վազեց, նրա ետևից տղաներն էլ սկսեցին դուրս գալ սենյակից։ Վերջապես դուրս եկավ նաև Ալյոշան։ «Թող լաց լինեն,— ասաց նա Կոլյային,— այս րոպեիս օգուտ չունի անշուշտ մխիթարելը։ Սպասենք մի րոպե ու վերադառնանք»։
— Այո, օգուտ չունի, ահավոր բան է,— հաստատեց Կոլյան։— Գիտե՞ք, Կարամազով,— իջեցրեց նա ձայնը հանկարծ, որ ոչ ոք չլսի,— սոսկալի տխուր եմ, և եթե հնարավո՜ր լիներ վերակենդանացնել նրան, ամե՜ն ինչ կտայի։
— Ա՜խ, ես էլ,— ասաց Ալյոշան։
— Ի՞նչ եք կարծում, Կարամազով, այս իրիկուն գա՞նք այստեղ։ Կխմի ու կհարբի նա, հասկանո՞ւմ եք։
— Գուցե խմի ու հարբի, այո։ Միայն մենք երկուսս կգանք, և բավական է, կնստենք մի ժամի չափ նրանց հետ՝ մոր ու Նինայի։ Իսկ եթե բոլորս միանգամից գանք, նորից ամեն ինչ կհիշեցնենք նրանց,— խորհուրդ տվեց Ալյոշան։
— Հիմա այնտեղ տանտիրուհին սեղան է պատրաստում, այդ հոգեհա՞ց են ասում, թե ինչ, դա է լինելու, քահանան էլ կգա. վերադառնա՞նք հիմա այնտեղ, թե չէ, Կարամազով։
— Անպայման,— ասաց Ալյոշան։
— Տարօրինակ է այդ բոլորը, Կարամազով, այդպիսի վիշտ և հանկարծ ինչ֊որ յուղաբլիթներ. ի՜նչ անբնական է այդ ամբողջը մեր կրոնի մեջ։
— Սալմոն ձուկ էլ կլինի,— հանկարծ նկատեց այն տղան, որ հայտնաբերել էր Տրովադայի հիմնադիրներին։
— Լրջորեն խնդրում եմ ձեզ, Կարտաշով, էլ չխառնվե՛ք ձեր այդ հիմարություններով, հատկապես երբ չեն խոսում ձեզ հետ և չեն էլ ուզում իմանալ՝ դուք աշխարհի վրա կա՞ք թե չէ,— ջղայնորեն շշպռեց Կոլյան։ Տղան կաս֊կարմիր եղավ, բայց չհամարձակվեց որևէ բան պատասխանել։ Միաժամանակ բոլորն էլ դանդաղ քայլում էին արահետով, և հանկարծ Սմուրովը բացականչեց.
— Ահա՛ Իլյուշայի քարը, որի տակ ուզում էին թաղել նրան։
Բոլորը լուռ կանգ առան մեծ քարի մոտ։ Ալյոշան նայեց, և միանգամից ամբողջ մի պատկեր վերակենդանացավ նրա հիշողության մեջ այն, ինչ Սնեգիրյովը մի ժամանակ պատմել էր Իլյուշայի մասին, թե ինչպես նա, լալով ու գրկելով իր հորը՝ բացականչում էր. «Հայրի՜կ, հայրի՜կ, ինչպե՜ս նա ստորացրեց քեզ»։ Կարծես մի բան ցնցվեց Ալյոշայի հոգում։ Նա լուրջ ու ծանրակշիռ արտահայտությամբ նայեց բոլոր այդ դպրոցականների՝ Իլյուշայի դասընկերների, անուշիկ, պայծառ դեմքերին, նայեց բոլորին մեկիկ-մեկիկ, և հանկարծ ասաց նրանց.
— Տղաներ, կուզեի ձեզ մի խոսք ասել հենց այստեղ։
Տղաները շրջապատեցին նրան և անմիջապես իրենց ուշադիր, ակնկալող հայացքներն ուղղեցին նրա դեմքին։
— Տղաներ, մենք շուտով բաժանվելու ենք։ Ես առայժմ որոշ Ժամանակ այստեղ եմ իմ երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աքսոր է գնալու, իսկ մյուսը պառկել է մահամերձ։ Բայց շուտով պիտի թողնեմ այս քաղաքը, գուցե շատ երկար ժամանակով։ Եվ ահա ուրեմն, բաժանվելու ենք, տղաներ։ Ուրեմն եկեք համաձայնվենք այստեղ, Իլյուշայի քարի մոտ, որ երբեք չենք մոռանալու նախ Իլյուշային, իսկ երկրորդ՝ իրար։ Եվ ինչ էլ պատահի մեզ հետագայում կյանքի մեջ, թեկուզ և քսան տարի չհանդիպենք այսուհետև, այնուամենայնիվ հիշենք, թե ինչպես թաղեցինք խեղճ տղային, որին առաջ քարկոծում էինք, հիշո՞ւմ եք, կամրջակի մոտ, իսկ հետո բոլորս այնպես սիրեցինք նրան։ Հրաշալի տղա էր, բարի ու քաջ տղա, զգում էր իր հոր պատիվը և նրան հասցված վիրավորանքը, որի համար էլ ըմբոստացավ։ Այսպես ուրեմն, նախ և առաջ հիշենք նրան, տղաներ, հիշենք մեր ամբողջ կյանքում։ Ու թեկուզ զբաղված լինենք խիստ կարևոր գործերով, թեկուզ պատիվների արժանանանք կամ ընկնենք մի որևէ մեծ դժբախտության մեջ, այնուամենայնիվ մի՛ մոռանաք երբեք, թե ինչպե՜ս մի անգամ մեզ լավ զգացինք այստեղ, բոլորս միասին, երբ միավորվել էինք այնպիսի՜ գեղեցիկ ու բարի մի զգացումով, որը գուցե ավելի լավ մարդ դարձրեց մեզ՝ խեղճ տղայի հանդեպ մեր սիրո այս օրերին, ավելի լավ, քան ենք իրականում։ Իմ աղավնյակնե՜ր,— թույլ տվեք այսպես կոչեմ ձեզ՝ աղավնյակներ, որովհետև դուք բոլորդ էլ շատ նման եք դրանց, այդ սիրունիկ, կապուտակ թռչնիկներին՝ հիմա, այս րոպեիս, երբ ես ձեր բարի, անուշիկ դեմքերին եմ նայում,— իմ սիրելի երեխաներ, գուցե դուք չհասկանաք այն, ինչ ասելու եմ ձեզ հիմա, որովհետև հաճախ շատ անհասկանալի եմ խոսում ես, բայց այնուամենայնիվ իմ ասածը կմնա ձեր մտքում և հետո կգա մի ժամանակ, երբ համաձայն կլինեք իմ խոսքերին։ Գիտցե՛ք ուրեմն, որ հետագա կյանքի համար չկա ավելի բարձր ու զորեղ, ավելի առողջ, ավելի օգտակար բան, քան մի որևէ լավ հիշատակ, և մանավանդ մանկությունից, ընտանեկան հարկից մնացած մի հիշատակ։ Ձեզ շատ բաներ են ասում ձեր դաստիարակության մասին, բայց ահա այդպիսի մի գեղեցիկ, սուրբ հիշատակ, որ պահպանվել է մանկությունից, հենց ամենալավ դաստիարակությունն է թերևս։ Եթե մարդ այդպիսի բազմաթիվ հիշատակներով հարստացած մտնի կյանք, ապա նա փրկված կլինի ամբողջ կյանքում։ Եվ եթե նույնիսկ մի հատիկ լավ հիշատակ մնա մեր սրտում, դա էլ կարող է մի որևէ ժամանակ ծառայել մեր փրկությանը։ Գուցե նույնիսկ չարանանք հետագայում, մինչև իսկ չկարողանանք դիմադրել վատ արարք կատարելու փորձության, գուցե ծիծաղենք մարդկային արցունքների և այն մարդկանց վրա, որոնք ասում են այն, ինչ Կոլյան ահա բացականչեց քիչ առաջ՝ «Ուզում եմ տառապել բոլոր մարդկանց համար», և գուցե նույնիսկ չարամտորեն ծաղրենք այդպիսի մարդկանց։ Բայց որքան էլ չար լինենք (թեև աստված չանի այդ բանը), այնուամենայնիվ երբ հիշենք, թե ինչպե՜ս թաղեցինք Իլյուշային, ինչպե՜ս սիրում էինք նրան վերջին օրերին և ինչպե՜ս այսքան համերաշխորեն ու միասին խոսում էինք ահա այս քարի մոտ, ապա մեր մեջ ամենադաժան ու ամենածաղրասեր մարդն անգամ (եթե այդպիսին դառնանք) չի համարձակվի ներքուստ ծիծաղել այն բանի վրա, թե որքա՜ն լավ ու բարի է եղել ինքը այս ներկա րոպեին։ Եվ ավելին, գուցե հենց ա՛յս հիշատակը միայն ետ պահի նրան մի մեծ չարիքից, և նա խորհրդածի ու ասի. «Այո, ես այն ժամանակ բարի էի, համարձակ ու ազնիվ»։ Թող ծիծաղի ինքնիրեն, վնաս չունի, մարդ հաճախ է ծիծաղում բարի ու լավ բաների վրա. դա պարզապես թեթևամտությունից է։ Բայց հավատացնում եմ ձեզ, տղաներ, հենց որ ծիծաղի, իսկույն ևեթ կասի իր սրտում. «Ոչ, վատ արեցի, որ ծիծաղեցի, որովհետև չի՛ կարելի ծիծաղել դրա վրա»։
— Անպայմա՛ն այդպես կլինի, Կարամազով, ես հասկանո՜ւմ եմ ձեզ, Կարամազով,— բացականչեց Կոլյան բոցկլտուն աչքերով։ Տղաները հուզվեցին ու նույնպես ուզում էին մի բան ասել, բայց զսպեցին իրենց, ուշադիր ու գորովալից նայելով հռետորին։
— Ես այս բանն ասում եմ այն ենթադրությամբ, որ մենք վատ մարդիկ կդառնանք,— շարունակեց Ալյոշան,— բայց թե ինչո՞ւ վատ մարդիկ դառնանք, ճիշտ չէ՞, տղաներ։ Նախ և առաջ ու ամենից ավելի՝ բարի լինենք, հետո ազնիվ, և հետո երբեք չմոռանանք իրար։ Այս բանը կրկնում եմ դարձյալ։ Ես իմ կողմից խոսք եմ տալիս ձեզ, տղաներ, որ ձեզնից ոչ մեկին չեմ մոռանալու. ամեն մի դեմք, որ ինձ է նայում հիմա, այս րոպեիս, ես միշտ էլ հիշելու եմ, թեկուզ երեսուն տարի անցած լինի։ Քիչ առաջ ահա Կոլյան ասաց Կարտաշովին, որ իբր թե մենք չենք էլ ուզում իմանալ՝ «նա կա՞ աշխարհի վրա, թե չէ»։ Բայց մի՞թե ես կարող եմ մոռանալ, որ Կարտաշովը կա աշխարհի վրա, և որ ահա հիմա չի կարմրում այլևս, ինչպես Տրովադայի հիմնադիրներին հայտնաբերելու ժամանակ, այլ նայում է ինձ իր սքանչելի, բարի, ուրախ աչուկներով։ Տղաներ, իմ սիրելի տղաներ, բոլորս էլ լինենք վեհանձն ու համարձակ, ինչպես Իլյուշան էր, լինենք խելացի, համարձակ ու վեհանձն, ինչպես Կոլյան է (բայց որ շատ ավելի խելացի է դառնալու, երբ մեծանա), և լինենք նույնքան ամոթխած, բայց խելացի ու անուշիկ, որքան Կարտաշովն է։ Բայց ինչո՞ւ եմ այս երկուսի մասին խոսում։ Դուք բոլորդ էլ, տղաներ, սիրելի եք ինձ այսուհետև, բոլորիդ էլ կպահեմ իմ սրտում, և ձեզ խնդրում եմ, որ ինձ էլ ձեր սրտում պահեք։ Իսկ ո՞վ մեզ միացրեց այս բարի, այս լավ զգացման մեջ, որ մենք մեր ամբողջ կյանքում պիտի հիշենք ու մտադիր ենք հիշել, ո՞վ, եթե ոչ Իլյուշկան՝ բարի տղան, սիրելի տղան, մեզ համար հավիտյանս հավիտենից թանկագի՜ն տղան։ Չմոռանա՛նք ուրեմն նրան երբեք, թո՛ղ հավերժ ու բարի լինի նրա հիշատակը մեր սրտում, այժմ և միշտ և հավիտյա՜նս հավիտենից։
— Այո, այո, հավիտյա՜ն, հավիտյա՜ն,— գոչեցին բոլոր տղաներն իրենց զնգուն ձայներով, խանդաղատալից դեմքերով։
— Հիշենք և՛ դեմքը նրա, և՛ հագուստը նրա, և խղճուկ կոշիկները նրա, և՛ դագաղը, նրա, և դժբախտ ու մեղավոր հորը նրա, հիշենք և այն, թե ինչպես նա իր հոր համար կանգնեց ամբողջ դասարանի դեմ՝ համարձակորեն, մեն֊մենակ։
— Պիտի հիշե՜նք, պիտի հիշե՜նք,— գոչեցին նորից տղաները,— նա քա՜ջ էր, նա բարի՜ էր։
— Ա՜խ, ինչպե՜ս էի սիրում,— բացականչեց Կոլյան։
— Ա՜խ, երեխաներ, ա՜խ սիրելի բարեկամներ, մի՛ վախենաք կյանքից։ Որքա՜ն լավ է կյանքը, երբ որևէ լավ ու արդար բան ես անում։
— Այո, այո,— կրկնեցին տղաները ոգևորությամբ։
— Կարամազո՛վ, մենք սիրո՜ւմ ենք ձեզ,— անզուսպ մղումով բացականչեց մի ձայն, որ երևի Կարտաշովինն էր։
— Սիրո՜ւմ ենք ձեզ, սիրո՜ւմ ենք ձեզ,— ձայնակցեցին բոլորը։ Շատերի աչքին արցունքներ էին փայլում։
— Ուռա՜ Կարամազովին,— խանդավառ գոչեց Կոլյան։
— Եվ հավե՜րժ հիշատակ ննջեցյալ մանչուկին,— ավելացրեց նորից Ալյոշան զգացմունքով։
— Հավե՜րժ հիշատակ,— ձայնակցեցին տղաները։
— Կարամազո՛վ,— գոռաց Կոլյան,— իսկապե՞ս ճիշտ է ասում կրոնը, որ մենք բոլորս հարություն կառնենք մեռյալներից ու կվերակենդանանանք, նորից կտեսնենք իրար, և բոլորին էլ Իլյուշկային էլ։
— Անպայման հարություն կառնենք, անպայման կտեսնենք և ուրախությամբ, ցնծությամբ կպատմենք իրար ամեն ինչ, որ եղել է,— պատասխանեց Ալյոշան՝ մասամբ ծիծաղելով, մասամբ հրճվագին։
— Ա՜խ, ինչ լա՜վ կլինի այդպես,— Գոչեց Կոլյան։
— Դե լավ, իսկ հիմա վերջացնենք ճառերը և գնանք նրա հոգեճաշին։ Մի՛ վրդովվեք, որ յուղաբլիթ ենք ուտելու։ Չէ՞ որ դա հնավանդ, հավիտենական սովորություն է, և լավ բան կա դրա մեջ,— ծիծաղեց Ալյոշան։— Դե գնա՛նք ուրեմն։ Ահա, ձեռքձեռքի ենք գնում հիմա։
— Եվ մի՜շտ այսպես, մեր ամբո՜ղջ կյանքում ձեռք—ձեռքի։ Ուռա՜ Կարամազովին,— նորից գոչեց Կոլյան խանդավառությամբ, և նորից բոլոր տղաները ձայնակցեցին։