Գիրք տասներկուերորդ։ Դատական սխալ
I։ Ճակատագրական օրը
Իմ նկարագրած դեպքերից հետո, հաջորդ օրը, առավոտյան ժամը տասին, մեր շրջանային դատարանում սկսվեց Դմիտրի Կարամազովի դատը։
Նախօրոք ասեմ, և ասեմ հաստատապես՝ ես բնավ էլ ինձ ի վիճակի չեմ համարում պատմելու այն ամբողջը, որ տեղի ունեցավ դատի ընթացքում, և ոչ միայն հարկ եղած լիությամբ, այլև հարկ եղած կարգով պատմել չեմ կարող։ Ինձ միշտ էլ թվում է, որ եթե ամեն ինչ հիշեի և ամեն ինչ բացատրեի այնպես, ինչպես պետք է, մի ամբողջ գիրք հարկավոր կլիներ գրել և նույնիսկ շատ խոշոր գիրք։ Ուստի թող չդժգոհեն ինձնից, որ ես պատմում եմ միայն այն, ինչ անձնապես ինձ վրա տպավորություն է գործել, և որ հատկապես հիշում եմ ես։ Կարող է պատահել, որ երկրորդականը որպես գլխավոր եմ ընդունել, գուցե նույնիսկ բոլորովին աչքաթող եմ արել ամենացցուն, ամենաէական կետերը... Բայց տեսնում եմ, որ ավելի լավ է չարդարանալ։ Կանեմ, այնպես, ինչպես կարող եմ, և ընթերցողները իրենք կհասկանան, որ արել եմ միայն այն, ինչ կարող էի։
Եվ նախ, դատարանի դահլիճ մտնելուց առաջ, հիշատակեմ այն, ինչ հատկապես զարմացրեց ինձ այդ օրը։ Ի դեպ, ինչպես պարզվեց հետո, ոչ միայն ինձ զարմացրեց դա, այլև բոլորին։ Խնդիրն այս է. բոլորս էլ գիտեինք, որ այս գործը շատ-շատերին է հետաքրքրել և բոլորն էլ այրվում են անհամբերությունից, թե երբ է սկսվելու դատը, որ մեր քաղաքի հասարակությունն ամբողջ երկու ամիս խոսում էր դրա մասին, ենթադրություններ անում, բացականչում ու գլխից դուրս տալիս։ Բոլորս էլ գիտեինք նույնպես, որ այս գործը ամբողջ Ռուսաստանում է հռչակվել, բայց այնուամենայնիվ չէինք պատկերացնում, որ այդ աստիճան այրող, այդ աստիճան ցնցող հետաքրքրություն է առաջացրել բոլորի և յուրաքանչյուրի մեջ, և ոչ միայն մեր քաղաքում, այլև ամենուրեք, ինչպես պարզվեց այդ օրը, բուն իսկ դատավարության ժամանակ։ Այդ օրը մեզ մոտ հյուրեր եկան ոչ միայն նահանգի կենտրոնական քաղաքից, այլև Ռուսաստանի մի քանի ուրիշ քաղաքներից, և վերջապես Մոսկվայից ու Պետերբուրգից։ Եկան իրավաբաններ, եկան նույնիսկ մի քանի ականավոր անձինք, ինչպես նաև տիկիններ։ Բոլոր տոմսերը խլխլվեցին։ Դատավորների սեղանի ետև նույնիսկ բոլորովին արտակարգ տեղեր էին հատկացրել առանձնապես պատվարժան ու մեծազարմ այրերի համար, որոնք հյուր էին եկել. այդ այլազան անձնավորոլթյոլնների համար բազկաթոռների մի ամբողջ շարք էր երևացել այնտեղ, մի բան, որ առաւջ երբեք չէր թույլատրվում մեր դատարանում։ Հատկապես շատ էին տիկինները՝ թե՛ մեր քաղաքից, թե՛ դրսից. կարծում եմ նույնիսկ, որ ներկա եղող հասարակության կեսն էին կազմում նրանք, ոչ պակաս։ Ամեն կողմից եկած իրավաբանները միայն այնքան բազմաթիվ էին, որ էլ չգիտեին մինչև իսկ, թե ուր տեղավորեին նրանց, քանի որ բոլոր տոմսերն արդեն վաղուց բաժանել էին խնդրողներին ու աղաչողներին։ Ես ինքս տեսա, թե ինչպես դահլիճի խորքում, վերնահարթակի ետև, ժամանակավոր մի ցանկափակ էին կառուցել հապճեպորեն, և բոլոր այդ իրավաբաններին ընդունել էին այնտեղ, և նրանք մինչև իսկ երջանիկ էին համարել իրենց, որ կարող են գոնե կանգնել ցանկափակում, որովհետև, տեղ շահելու համար, բոլոր աթոռները դուրս էին հանել այդ վայրից. և հավաքված բազմությունը ամբողջ «գործի» ընթացքում ուս-ուսի կանգնեց այնտեղ, մի մեծ կույտ կազմած։
Տիկիններից ոմանք, հատկապես հյուրերից, արտակարգորեն զուգված ֊զարդարված եկան ու տեղ գրավեցին դահլիճի վերնատանը, բայց տիկինների մեծ մասը նույնիսկ արդուզարդն էր մոռացել։ Նրանց դեմքերին հիստերիկ, ագահ, գրեթե հիվանդագին հետաքրքրասիրություն էր դրոշմված։ Դահլիճում հավաքված ամբողջ այդ հասարակության ամենաբնորոշ յուրահատկություններից մեկն այն էր (և սա պետք է նշել), որ համարյա բոլոր տիկինները, գոնե նրանց մեծագույն մասը, Միտյային էին պաշտպանում և կողմնակից էին նրա արդարացմանը, և այդ պարագան հետագայում հաստատվեց բազմաթիվ դիտումներով։ Դրա գլխավոր պատճառը գուցե այն էր, որ Միտյան կանացի սրտեր նվաճողի համբավ էր վայկում։ Գիտեին, որ երկու մրցակից կանայք պետք է ներկայանան դատարան։ Նրանցից մեկը, այսինքն Կատերինա Իվանովնան, հատկապես հետաքրքրում էր բոլորին, չափից ավելի շատ և արտասովոր բաներ էին պատմում նրա մասին, զարմանալի անեկդոտներ էին շրջում, թե նա բուռն կիրք է տածում Միտյայի նկատմամբ, հակառակ նույնիսկ նրա կատարած ոճրագործության։ Հատկապես շեշտում էին Կատերինա Իվանովնայի հպարտ բնավորությունը (նա գրեթե ոչ ոքի մոտ այցելության չէր գնացել մեր քաղաքում), հիշում էին նրա «ազնվականական կապերը»։ Ասում էին, թե նա մտադիր է խնդրանք ներկայացնել կառավարությանը, որ իրեն թույլ տան ուղեկցել հանցագործին մինչև աքսորավայր և նրա հետ պսակվել մի որևէ հանքում, գետնի տակ։ Գրեթե նույն անհամբերությամբ սպասում էին նաև, որ Գրուշենկան երևա դատարանի առաջ, որպես Կատերինա Իվանովնայի մրցակիցը։ Տանջալի հետաքրքրասիրությամբ ապառում էին երկու մրցակցուհիների՝ ազնվական հպարտ օրիորդի և «հետերայի» հանդիպմանը դատարանի առաջ։ Բայց Գրուշենկան ավելի հայտնի էր մեր տիկիններին, քան Կատերինա Իվանովնան։ Մեր տիկինները առաջ էլ տեսել էին նրան՝ «Ֆյոդոր Պավլովիչի և նրա դժբախտ որդու կործանման պատճառ եղողին», և բոլորն էլ, գրեթե առանց բացառության, զարմանում էին, թե ինչպես հայր ու որդի կարող էին այդ աստիճան սիրահարվել այդպիսի «ամենահասարակ մի ռուս քաղքենուհու, որ նույնիսկ գեղեցիկ էլ չէ բոլորովին»։ Մի խոսքով, շատ էին ասեկոսեները։ Հաստատ գիտեմ նույնիսկ, որ հենց մեր քաղաքում մի քանի ընտանեկան լուրջ վեճեր էին տեղի ունեցնլ Միտյայի պատճառով։ Տիկիններից շատերը բուռն բախվել էին իրենց ամուսինների հետ՝ այս ամբողջ սարսափելի գործի նկատմամբ տարբեր հայացքների հետևանքով, և դրանից հետո բնական էր, որ բոլոր տիկինների ամուսինները դատարան էին եկել ոչ միայն արդեն անբարեհաճ տրամադրված լինելով մեղադրյալի նկատմամբ, այլև նույնիսկ նրա դեմ զայրույթով լցված։ Եվ առհասարակ հաստատորեն կարելի էր ասել, թե ամբողջ արական տարրը, ի հակադրություն տիկինների, տրամադրված էր մեղադրյալի դեմ>։ Երևում էին խստահայաց, խոժոռ դեմքեր, նույնիսկ ուղղակի քինախնդիր դեմքեր, և այդ բոլորը մեծ թիվ էին կազմում։ Ճիշտ էր և այն, որ Միտյան, մեր քաղաքում ապրած ժամանակ, կարողացել էր արդեն անձնապես վիրավորանք հասցնել նրանցից շատերին։ Իհարկե, այցելուներից ոմանք գրեթե զվարթ էին նույնիսկ և շատ անտարբեր էին բուն իսկ Միտյայի ճակատագրի նկատմամբ, բայց և նրանց էլ այնուամենայնիվ հետաքրքրում էր դատաքննության ենթակա գործը։ Բոլորին էլ մտահոգում էր գործի ելքը, և տղամարդկանց մեծ մասը ուղղակի ցանկանում էր, որ հանցագործը պատժվի, բացի թերևս իրավաբաններից, որոնց համար թանկ էր ոչ թե գործի բարոյական կողմը, այլ լոկ, այսպես ասած, իրավաբանական հանգամանքը՝ ժամանակակից տեսանկյունով։
Բոլորին հուզել էր նշանավոր դատապաշտպան Ֆետյուկովիչի ժամանումը։ Նրա տաղանդը հայտնի էր ամենուրեք և արդեն առաջին անգամը չէր, որ նա երևում էր գավառական վայրում՝ քրեական մեծադղորդ գործեր պաշտպանելու համար։ Եվ նրա պաշտպանությունից հետո այդպիսի գործերը միշտ էլ նշանավոր էին դառնում ամբողջ Ռուսաստանում և երկար ժամանակ հիշվում էին։ Մի քանի անեկդոտ էր շրջում նաև մեր դատախազի, ինչպես և դատարանի նախագահի մասին։ Պատմում էին, որ մեր դատախազը դողում էր Ֆետյուկովիչի հետ հանդիպելուց, և որ նրանք հին թշնամիներ էին դեռ Պետերբուրգից, դեռ իրենց գործունեության սկզբից, ասում էին, թե մեր պատվախնդիր Իպոլիտ Կիրիլովիչը, որ դեռ պետերբուրգյան օրերից էլ մշտապես իրեն վիրավորված էր համարում, որովհետև պատշաճ կերպով չէր գնահատվել նրա տաղանդը, հիմա նորից ոգի էր առել Կարամազովների գործով և նույնիսկ երազում էր այս առթիվ վերականգնել իր գործունեության խամրած ասպարեզը, բայց միայն Ֆետյուկովիչն էր վախեցնում նրան։ Սակայն այդ խոսակցությունները, թե նա դողում է Ֆետյուկովիչի առաջ, այնքան էլ ճիշտ չէին։ Մեր դատախազը այն մարդկանցից չէր, որոնք վհատվում են վտանգի առջև, այլ ընդհակառակը, մեկն էր այն մարդկանցից, որոնց ինքնասիրությունը աճում ու թևեր է առնում հենց այն չափով, որքանով մեծանում է վտանգը։ Իսկ առհասարակ պետք է նկատել, որ մեր դատախազը չափազանց տաքարյուն էր և հիվանդագին կերպով զգայունակ։ Երբեմն մի դատական գործի մեջ իր ամբողջ հոգին էր դնում և այնպես էր վարում, որ կարծես դրա լուծումից էր կախված ամբողջ իր ճակատագիրը և ամբողջ իր ունեցած֊չունեցածը։ Իրավաբանական աշխարհում մի քիչ ծիծաղում էին դրա վրա, որովհետև մեր դատախազը հենց իր այդ հատկությամբ էր որոշ ճանաչում ձեռք բերել, եթե ոչ ամենուրեք, համենայն դեպս շատ ավելի, քան կարելի էր ենթադրել, նկատի առնելով իր համեստ պաշտոնը մեր դատարանում։ Հատկապես ծիծաղի առարկա էր իր կրքոտ հակումը հոգեբանության նկատմամբ։ Ըստ իս, բոլորն էլ սխալվում էին, մեր դատախազը, ինձ թվում է, ավելի լուրջ մարդ էր, լուրջ բնավորությամբ, քան կարծում էին շատերը։ Բայց դե այդ հիվանդկախ մարդը այնպես էլ չէր կարողացել ըստ պատշաճի հաստատել իրեն իր գործունեության առաջին իսկ քայլերից, հետո էլ արդեն ամբողջ կյանքի ընթացքում։
Գալով մեր դատարանի նախագահին, կարելի է ասել միայն, որ նա զարգացած, բարեսեր մարդ էր, գործնականորեն գիտեր իր գործը և ամենաժամանակակից գաղափարների տեր էր։ Բավական ինքնասեր էր նա, բայց շատ էլ չէր մտահոգվում իր համար գիրք ստեղծելու մասին։ Նրա կյանքի գլխավոր նպատակն էր առաջադեմ մարդ լինելը։ Ըստ որում կապեր ու հարստություն ուներ։ Կարամազովների գործին, ինչպես պարզվեց հետո, բավական սրտանց էր նայում, բայց միայն ընդհանուր առումով։ Նրան հետաքրքրում էր բուն իսկ երևույթը, դրա տեղը ընդհանուր դասակարգման մեջ, դրա գնահատումը որպես մեր սոցիալական հիմունքների արգասիք, որպես ռուսական տարերքի բնորոշում և այլն։ Իսկ գործի անձնական կողմին, դրա ողբերգական բնույթին, ինչպես նան մասնակից դարձած անձնավորություններին, սկսած մեղադրյալից, նա բավական անտարբեր ու վերացական մոտեցում էր ցույց տալիս, բայց գուցե այդպես էլ պետք է լիներ։
Դատավորների գալուց դեռ շատ առաջ դահլիճն արդեն լեփ֊լեցուն էր։ Մեր դատարանի դահլիճը լավագույնն է քաղաքում՝ ընդարձակ, բարձր, լավ հնչականությամբ։ Դատավորները նստում էին բարձր պատվանդանի վրա, որի աջ կողմը մի սեղան ու երկու շարք բազկաթոռ էին պատրաստել երդվյալ ատենակալների համար։ Ձախ կողմը մեղադրյալի և նրա դատապաշտպանի տեղն էր։ Դահլիճի մեջտեղը, պատվանդանի մոտ, մի սեղան կար, որի վրա դրված էին «իրեղեն ապացույցները»,— Ֆյոդոր Պավլովիչի մետաքսե սպիտակ, արյունոտ տնազգեստը. պղնձե այն ճակատագրական սանդկոթը, որի միջոցով կատարվել էր ենթադրյալ սպանությունը. Միտյայի վերնաշապիկը՝ արյունոտ թևքով, նրա սերթուկը, որի ետևի մասում, այնտեղ, ուր գրպանն էր, արյան բծեր կային, որովհետև այն օրը Միտյան իր ամբողջովին արյունաթաթախ թաշկինակը խոթել էր այդ գրպանը. նույն այդ թաշկինակը նաև, որ կոշտացել էր արյունից և արդեն բոլորովին դեղնել, ատրճանակը, որ Միտյան անձնասպան լինելու համար լցրել էր Պերխոտինի տանը, և որ Տիխոն Բորիսովիչը աննկատելիորեն վերցրել էր Մոկրոեում. մակագրված ծրարը, որի մեջ երեք հազար ռուբլի էր դրված եղել Գրուշենկայի համար, ինչպես նաև այն վարդագույն, բարակ ժապավենը, որով կապված էր եղել այդ ծրարը. և բազմաթիվ այլ իրեր, որ չեմ էլ հիշում։ Մի քիչ ավելի հեռու, դահլիճի խորքից, սկսում էին հասարակությանը հատկացված տեղերը, սակայն դեռ ճաղաշարքի առջև մի քանի բազկաթոռ էր դրված այն վկաների համար, որոնք իրենց վկայությունը տալուց հետո պետք է մնային դահլիճում։
Ժամը տասին եկավ դատական կազմը, որ բաղկացած էր նախագահից, մի այլ անդամից և պատվավոր հաշտարար դատավորից։ Պարզ է, անմիջապես երևաց նաև դատախազը։ Նախագահը թիկնեղ, ամրակազմ, կարճահասակ մարդ էր, մոտ հիսուն տարեկան, թթախտից տառապողի գունատ դեմքով. մի քիչ սպիտակած ու կարճ կտրած մուգ մազեր ուներ և չեմ հիշում ո՛ր շքանշանի կարմիր ժապավենն էր կրում։ Իսկ դատախազը մի տեսակ շատ գունատ թվաց ինձ, և ոչ միայն ինձ, այլև բոլորին, համարյա թե կանաչ էր դարձել դեմքը, կարծես հանկարծ նիհարել էր գուցե մի գիշերվա մեջ, չգիտես ինչու, որովհետև դեռ երեք օր առաջ տեսել էի նրան իր սովորական կերպարանքով։ Նախագահն սկսեց նիստը՝ նախ և առաջ հարց տալով դատական կատարածուին, թե ներկայացե՞լ են բոլոր երդվյալ ատենակալները...
Բայց տեսնում եմ, որ այլևս չեմ կարող այսպես շարունակել, թեկուզ նույնիսկ այն պատճառով, որ շատ բան խուսափել է իմ ականջից, ուրիշ բաներ իմ ուշադրությունից են վրիպել, որոշ բաներ էլ մոռացել եմ, բայց մանավանդ այն պատճառով, որ, ինչպես ասացի արդեն, բոլոր ասվածներն ու կատարվածները հիշատակելու համար ոչ ժամանակը կհերիքի, ոչ էլ տեղը՝ բառացի իմաստով։ Գիտեմ միայն, որ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմը, այսինքն դատապաշտպանն ու դատախազը, երդվյալ ատենակալների մեծ մասին չբացարկեցին։ Իսկ տասներկու ատենակալների կազմը հիշում եմ. չորս պաշտոնյա, երկու վաճառական և վեց հոգի էլ գյուղացիներից և մեր քաղաքի արհեստավորների դասից։ Մեր քաղաքի բարձր հասարակության մեջ, հիշում եմ, դեռ դատից էլ շատ առաջ, որոշ զարմանքով հարց էին տալիս, հատկապես տիկինները. «Մի՜թե այսպիսի նուրբ, բարդ ու հոգեբանական գործի բախտորոշ լուծումը պիտի կախում ունենա ինչ֊որ պաշտոնյաներից ու վերջապես գյուղացիներից, և ի՞նչ կարող է հասկանալ այս գործից մի որևէ պաշտոնյայի մեկը, մանավանդ գյուղացին»։ Իրոք, ատենակալների կազմի մեջ բոլոր չորս պաշտոնյաները մանր, ցածրաստիճան, ալեհեր մարդիկ էին (միայն մեկն էր մի փոքր ավելի երիտասարդ), մեր հասարակության մեջ քիչ էին հայտնի, խղճուկ մի ռոճիկով քարշ էին տվել իրենց կյանքը, և ըստ երևույթին ամեն մեկը մի ծեր ու աններկայանալի կին ուներ, նաև մի կույտ երեխա, որոնք գուցե նույնիսկ ոտաբոբիկ էին. այդ մարդիկ իրենց ազատ ժամանակը շատ-շատ թղթախաղով էին անցկացնում մի որևէ տեղ և անշուշտ ոչ մի գիրք չէին կարդացել իրենց կյանքում։ Իսկ երկու վաճառականները թեև ծանրաբարո տեսք ունեին, բայց մի տեսակ տարօրինակորեն լուռ էին ու անդրդվելի. մեկը եվրոպական ձևով էր հագնված ու երեսն ածիլում էր. մյուսը մի փոքրիկ, սպիտակած մորուք ուներ և ինչ-որ մեդալ էր կրում վզին՝ կարմիր ժապավենով։ Քաղքենի արհեստավորների ու գյուղացիների մասին խոսելու կարիք էլ չկա։ Մեր սկոտոպրիգոնևսկցի քաղքենիները համարյա նույն գյուղացիներն են, նույնիսկ հող են մշակում։ Նրանցից երկուսը նույնպես եվրոպական ձևով էին հագնվել և գուցե դրա համար էլ ավելի կեղտոտ ու խղճուկ էին երևում, քան մյուս չորսը։ Այնպես որ իսկապես մարդ կարող էր մտածել, ինչպես օրինակ ես մտածեցի անմիջապես, երբ նայեցի նրանց. «Այսպիսի մարդիկ ի՞նչ կարող են հասկանալ այսպիսի գործից»։ Բայց այնուհանդերձ նրանց դեմքերը մի տեսակ տարօրինակորեն ազդու և համարյա սպառնագին տպավորություն էին գործում, խիստ ու խոժոռ էին դրանք։
Վերջապես նախագահը հայտարարեց, որ սկսվում է պաշտոնաթող տիտղոսակիր խորհրդական Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի սպանության վերաբերյալ գործի ունկնդրությունը, լրիվ չեմ հիշում, թե ինչպես արտահայտվեց նա այդ ժամանակ։ Դատական կատարածուին հրամայվեց, որ ներս բերի մեղադրյալին, և ահա երևաց Միտյան։ Դահլիճում կատարյալ լռություն տիրեց, կարելի էր ճանճի տզզոցը լսել։ Չգիտեմ, թն ուրիշներն ինչպես ընկալեցին, բայց ինձ վրա Միտյայի տեսքը ամենատհաճ տպավորությունը գործեց։ Մանավանդ այն, որ նա սոսկալի պճնամոլի պես ներկայացավ, նոփ-նոր սերթուկով։ Հետո իմացա, որ նա այդ օրվա համար հատկապես պատվիրել էր սերթուկը Մոսկվայի իր դերձակին, որի մոտ մնացել էին իր չափերը։ Սև լայքե նոփ-նոր ձեռնոց էր հագել և պճնագեղ վերնաշապիկ։ Ներս մտավ իր լայն, կանգունաչափ քայլերով, անշարժ հայացքով նայելով ուղղակի իր դիմացը, և նստեց իր տեղը՝ կատարելապես անվեհեր արտահայտությամբ։ Հենց անմիջապես, իսկույնևեթ երևաց նրա դատապաշտպանը՝ նշանավոր Ֆետյուկովիչը, և մի տեսակ զսպված վժլտյուն անցավ դահլիճով։ Երկարահասակ, չոր֊չոր մարդ էր նա, երկար ու բարակ ոտքերով, չափազանց երկար, գունատ ու բարակ մատներով, ածիլված դեմքով, համեստ սանրված, բավական կարճ մազերով և բարակ շրթունքներով, որոնք մերթ ընդ մերթ ծռվում էին՝ չգիտես հեգնելո՞ւ, թե ժպտալու համար։ Մոտ քառասուն տարեկան էր երևում։ Դեմքը կարող էր նույնիսկ հաճելի թվալ, եթե չլիներ աչքերի կառուցվածքը. ինքնին փոքր էին դրանք ու անարտահայտիչ, սակայն բացառիկ կերպով մոտ էին իրար, և միայն երկարավուն, բարակ քթի բարալիկ ոսկորն էր բաժանում մեկը մյուսից։ Մի խոսքով, այդ դեմքը խիստ թռչնային մի բան ուներ իր մեջ, և դա ուղղակի աչքի էր զարնում։ Նա ֆրակ էր հագել ու սպիտակ փողկապով էր։
Հիշում եմ նախագահի առաջին հարցերը Միտյային՝ անունը, կոչումը և այլն։ Միտյան կտրուկ պատասխանեց, բայց մի տեսակ անսպասելիորեն բարձր ձայնով, այնպես որ նախագահը հանկարծ ետ շարժեց գլուխը և համարյա զարմանքով նայեց նրան։ Հետո հայտարարվեց ցուցակն այն անձերի, որոնք կանչվել էին մասնակցելու դատաքննության, այսինքն վկաներն ու փորձագետները։ Երկար ցուցակ էր։ Վկաներից չորսը չէին ներկայացել. մեկը Միուսովն էր, որ ներկայիս գտնվում էր Փարիզում, բայց իր ցուցմունքը տվել էր նախնական քննության ժամանակ. տիկին Խոխլակովան ու կալվածատեր Մաքսիմովը բացակայում էին հիվանդության պատճառով, և Սմերդյկովը՝ անակնկալ մահվան պատճառով, ըստ որում հավաստագիր էր ներկայացվել ոստիկանության կողմից։ Սմերդյակովի մահվան լուրը սաստիկ խլրտում ու փսփսուք առաջացրեց դահլիճում։ Հասարակության մեջ շատերը, իհարկե, դեռևս ոչինչ չգիտեին այդ անակնկալ անձնասպանության մասին։ Բայց հատկապես շշմեցուցիչ տպավորություն գործեց Միտյայի անակնկալ պոռթկումը. հենց որ հայտարարվեց Սմերդյակովի մահվան լուրը, հանկարծ նա իր տեղից բացականչեց ամբողջ դահլիճով մեկ.
— Շուն էր, շա՛ն պես էլ մեռավ։
Հիշում եմ, ինչպես դատապաշտպանը նետվեց նրա մոտ և ինչպես նախագահը դարձավ նրան, սպառնալով խիստ միջոցներ ձեռք առնել, եթե մի անգամ էլ կրկնվի այդպիսի արտառոց վարմունքը։ Միտյան, գլուխը կտրուկ-կտրուկ շարժելով, բայց կարծես բոլորովին առանց զղջալու, ցածր ձայնով պատասխանեց դատապաշտպանին, մի քանի անգամ կրկնելով.
— Չեմ անի, չեմ անի։ Բերնիցս թռավ։ Էլ չե՛մ անի։
Եվ, իհարկե, այդ կարճառոտ դրվագը նրա համար նպաստավոր կարծիք չստեղծեց ատենակալների ու հասարակության մեջ։ Նկարագիրը երևան էր գալիս ու ցույց տալիս իրեն։ Այդ տպավորության տակ էլ դատարանի քարտուղարը կարդաց ամբաստանագիրը։
Ամբաստանագիրը բավական կարճ էր, բայց հանգամանալից։ Շարադրված էին ամենագլխավոր պատճառները, թե ինչու այսինչը կալանքի է ենթարկված, ինչու պետք է դատի տալ նրան և այլն։ Բայց այնուամենայնիվ դա ուժեղ տպավորություն գործեց ինձ վրա։ Քարտուղարը կարդաց հնչեղ ձայնով, հստակ ու պարզորոշ։ Ամբողջ այդ ողբերգությունը կարծես նորից պարզվեց բոլորի առաջ ցայտուն, համահավաք գծերով, ճակատագրական, անողոք մի լույսի տակ։ Հիշում եմ, թե ինչպես ընթերցումից հետո նախագահը իսկույն հարցրեց Միտյային՝ բարձր ու ազդեցիկ ձայնով.
— Մեղադրյա՛լ, դուք մեղավոր ճանաչո՞ւմ եք ձեզ։
Միտյան հանկարծ վեր կացավ տեղից։
— Ես ինձ մեղավոր եմ ճանաչում հարբեցողության ու անառակության մեջ,— բացականչեց նա, դարձյալ մի տեսակ անսպասելի, գրեթե մոլեգին ձայնով,— ծուլության ու շվայտության մեջ։ Ուզում էի ընդմիշտ ազնիվ մարդ դառնալ հենց այն վայրկյանին, երբ ճակատագիրը տապալեց ինձ։ Բայց ծերունու մահվան, իմ թշնամու և հոր մահվան մեջ՝ մեղավոր չե՛մ։ Նրան կողոպտելու մեջ՝ ո՛չ, ոչ, մեղավոր չեմ, և չեմ էլ կարող մեղավոր լինել։ Դմիտրի Կարամազովը սրիկա է, բայց ո՛չ գող։
Այդպես գոչելուց հետո նա նստեց իր տեղը, հայտնապես դողալով ոտից գլուխ։ Նախագահը նորից դիմեց նրան մի կարճ, բայց ազդու հորդորով, թե պետք է պատասխանել միայն հարցերին, և ոչ թե գործի հետ առնչություն չունեցող ու մոլեգին բացականչություններ արձակել։ Ապա հրամայեց սկսել դատաքննությունը։ Բոլոր վկաներին ներս բերեցին երդում ընդունելու։ Նրանց բոլորին էլ միանգամից տեսա այդ պահին։ Մեղադրյալի եղբայրներին, այնուամենայնիվ, թույլատրեցին առանց երդում ընդունելու տալ իրենց վկայությունը։ Քահանայի և նախագահի հորդորանքներից հետո, վկաներին տարան ու զատ֊զատ նստեցրին, հնարավորին չափ իրարից հեռու։ Ապա սկսեցին մեկ առ մեկ կանչել նրանց։
II։ Վտանգավոր վկաներ
Չգիտեմ, նախագահն առանձին խմբերի բաժանե՞լ էր արդյոք դատախազության կողմից և պաշտպանության կողմից ներկայացված վկաներին, և չգիտեմ, թե հատկապես ի՞նչ կարգով էր ենթադրվում կանչել նրանց։ Երևի այդ ամբողջը նախատեսվել էր։ Գիտեմ միայն, որ առաջին հերթին կանչեցին դատախազության վկաներին։ Կրկնում եմ, ես մտադիր չեմ բոլոր հարցաքննությունները նկարագրել քայլ առ քայլ։ Մանավանդ որ իմ նկարագրելը մասամբ ավելորդ կլիներ, որովհետև երբ անցան դատավեճին՝ բոլոր տրված ու լսված վկայությունների ամբողջ ընթացքն ու իմաստը ի մի բերվեց դատախազի և դատապաշտպանի ճառերում, վառ ու բնորոշ լույսի տակ, իսկ ես այդ երկու նշանավոր ճառերի գոնե առանձին մասերը լրիվ գրի եմ առել ու կներկայացնեմ ընթերցողին, երբ դրա ժամանակը հասնի, կնկարագրեմ նաև դատավարության մի արտակարգ ու բոլորովին անսպասելի դրվագը, որ հանկարծ տեղի ունեցավ դեռ դատավեճից առաջ և անտարակուսելիորեն ազդեց դատի ահավոր ու ճակատագրական վախճանի վրա։ Նշեմ միայն, որ դատավարության հենց առաջին իսկ րոպեներից ակնհայտորեն երևան եկավ այս «գործի» մի յուրահատուկ կողմը, որ բոլորը նկատեցին, այսինքն մեղադրանքի արտասովոր ուժը՝ համեմատած այն միջոցների հետ, որ ուներ պաշտպանությունը իր տրամադրության տակ։ Բոլորն այդ բանը հասկացան հենց առաջին վայրկյանից, երբ դատարանի այդ ահավոր դահլիճում փաստերն սկսեցին համախմբվել ու կենտրոնանալ մի կետի վրա և աստիճանաբար ի հայտ եկան ամբողջ այդ զարհուրանքն ու այդ արյունը։ Հենց առաջին իսկ քայլերից գուցե հասկանալի դարձավ բոլորին, որ սա բնավ էլ վիճելի գործ չէ այլևս, որ էլ ոչ մի տարակույս չկա արդեն, որ ըստ էության դատավեճի կարիք էլ չկա, որ դատավեճը պարզապես ձևի համար է լինելու, և որ մեղավո՛ր է հանցադործը, ակնհայտորեն մեղավոր է, վերջնականորեն մեղավոր։ Կարծում եմ նույնիսկ, որ տիկիններն էլ, բոլորն առանց բացառության, թեև այնպիսի անհամբերությամբ ցանկանում էին հմայիչ դատապարտյալի արդարացումը, բայց միաժամանակ կատարելապես համոզված էին, որ նա մեղավոր է։ Ավելին, ինձ թվում է, որ նրանք պիտի վշտանային նույնիսկ, եթե լիովին չհաստատվեր նրա հանցապարտությունը, որովհետև այդ դեպքում գործի վախճանը այնքան տպավորիչ չէր լինի, երբ արդարացնեին ոճրագործին։ Տարօրինակ բան, բոլոր տիկինները համարյա մինչև վերջին րոպեն հաստատ համոզված էին, որ կարդարացնեն նրան. «Մեղավոր է, բայց կարդարացնեն մարդասիրությունից դրդված, այն նոր գաղափարներից, նոր զգացումներից, որ սկսել են տիրել հիմա», և այլն, և այլն։ Հենց դրա համար էլ տիկիններն այդպիսի անհամբերությամբ վազել-հավաքվել էին այստեղ։ Իսկ տղամարդկանց էլ ամենից ավելի հետաքրքրում էր դատախազի և հռչակավոր Ֆետյուկովիչի պայքարը։ Բոլորը զարմանում էին և հարց տալիս իրենց մտքում, թե նույնիսկ Ֆետյուկովիչի նման տաղանդը ի՞նչ կարող է գլուխ բերել այսպիսի անհուսալի գործից, այսպիսի կոտրած տաշտակից։ Եվ դրա համար էլ քայլ առ քայլ հետևում էին նրա քաջագործություններին, լարված ուշադրությամբ։
Բայց Ֆետյուկովիչը մինչև վերջ, մինչև իր ճառը, հանելուկ մնաց բոլորի համար։ Փորձառու մարդիկ նախազգում էին, որ նա մի որոշ սիստեմով է գործում, նրա մտքում արդեն կազմվել է մի բան, և նա որոշ նպատակ ունի իր առաջ. բայց ի՞նչ նպատակ էր դա՝ համարյա թե անկարելի եղավ գուշակել։ Սակայն աչքի էին զարնում նրա վստահությունն ու անձնապաստան վարվելակերպը։ Բացի այդ, բոլորն էլ անմիջապես հաճույքով նկատեցին, որ նա, այդքան կարճ ժամանակ գտնվելով մեր քաղաքում, գուցե ընդամենը մի երեք օրվա մեջ, կարողացել էր զարմանալիորեն ծանոթանալ գործին և «ուսումնասիրել էր ամենայն նրբությամբ»։ Հետագայում, օրինակ, հրճվանքով էին պատմում, թե ինչպես նա կարողացավ դատախազության բոլոր վկաներին «անհարմար վիճակի մեջ գցել» և ըստ հնարավորին շփոթեցնել նրանց, մանավանդ արատավորել նրանց բարոյական վարկը, ուրեմն և, բնականաբար, արժեքազրկել նրանց տված վկայությունը։ Բայց ենթադրում էին, որ նա այդ բանը անում էր պարզապես խաղի համար, այսպես ասած՝ մի քիչ իրավագիտական փայլ տալու, որպեսզի ընդունված փաստաբանական հնարներից ոչ մեկը անտեսված չլինի. բոլորը համոզված էին, որ նա չէր կարող մի մեծ ու վերջնական օգուտ ձեռք բերել վկաների այդ «արատավորումով» և որ հավանաբար ինքը ամենից լավ է հասկանում դա, խորքում ունենալով իր մտադրությունը, առայժմ դեռ թաքցրած իր պաշտպանական զենքը, որ հանկարծ երևան է հանելու, երբ ժամանակը հասնի։ Բայց մինչ այդ, գիտակցելով իր ուժը, նա մի տեսակ խաղում էր այնուամենայնիվ, ուրախ֊զվարթ, հրճվելով։ Այսպես օրինակ, երբ հարցաքննում էին Գրիգորի Վասիլևիչին՝ Ֆյոդոր Պավլովիչի նախկին սենեկապետին, որ ամենից ավելի ծանրակշիռ ցուցմունքն էր տվել «այգու վրա բացված դռան» մասին, դատապաշտպանն ուղղակի կպավ նրա օձիքից, երբ իր հերթին սկսեց հարցեր առաջարկել նրան։
Պետք է նշել, որ Գրիգորի Վասիլևիչը դահլիճում կանգնեց հանգիստ ու համարյա վեհաշուք երևույթով, մազաչափ անգամ չշփոթվելով ո՛չ դատարանի վեհությունից, ոչ էլ իրեն լսող հսկայական բազմության ներկայությունից։ Իր ցուցմունքները տալիս էր այնպիսի վստահությամբ, որ կարծես առանձին խոսում էր իր Մարֆա Իգնատևնայի հետ, միայն թե գուցե ավելի հարգալից։ Անկարելի էր նրան շփոթեցնել։ Սկզբում դատախազը երկար֊բարակ հարցաքննեց նրան՝ Կարամազովների ընտանեկան բոլոր մանրամասնությունների մասին։ Ընտանիքի պատկերը վառ գույներով երևան եկավ։ Կարելի էր աչքով ու ականջով համոզվել, որ վկան անկեղծ ու անկողմնակալ մարդ է։ Իր նախկին տիրոջ հիշատակի հանդեպ խորագույն հարգանք ունենալով հանդերձ, նա այնուամենայնիվ հայտարարեց, օրինակ, թե հանգուցյալը անարդար էր Միտյայի նկատմամբ և «այնպես չէր դաստիարակում երեխաներին։ Եթե ես չլինեի, փոքր մանչուկին ոջիլները կուտեին,— ավելացրեց նա, Միտյայի մանկության տարիների մասին պատմելով։— Նմանապես, հոր համար անվայել բան էր, որ իր որդուն նեղացրեց նրա մայրական ժառանգության հարցում»։ Իսկ դատախազի այն հարցին, թե նա ի՞նչ հիմքեր ունի պնդելու, որ Ֆյոդոր Պավլովիչը դրամական հաշիվների մեջ նեղացրել է որդուն, Գրիգորի Վասիլևիչը, ի զարմանս բոլորի, ոչ մի հիմնական տվյալ չներկայացրեց բացարձակապես, բայց այնուամենայնիվ հաստատ մնաց իր ասածի վրա, թե որդու հետ կատարված հաշվարկը «սխալ» էր, և թե իսկապես «պետք էր մի քանի հազար էլ դեռ վճարել նրան»։ Ի դեպ նշեմ, որ այդ հարցը, թե ինչպե՞ս արդյոք Ֆյոդոր Պավլովիչը մի բան պակաս էր տվել Միտյային, դատախազը հետագայում էլ համառորեն դրեց բոլոր այն վկաների առաջ, որոնց կարելի էր հարցնել այդ բանը, չբացառելով ո՛չ Ալյոշային, ոչ Իվան Ֆյոդորովիչին, բայց ոչ մի վկայից էլ որևէ ճշգրիտ տեղեկություն չստացավ. բոլորը հաստատում էին փաստը, բայց ոչ ոք չէր կարողանում գոնե մի քիչ որոշակի ապացույց բերել։ Երբ Գրիգորին նկարագրեց ճաշից հետո պատահած տեսարանը, այսինքն այն, որ Դմիտրի Ֆյոդորովիչը ներս էր խուժել, ծեծել էր հորը և սպառնացել, որ կվերադառնա ու կսպանի նրան, մռայլ մի տպավորություն տարածվեց դահլիճում, մանավանդ որ ծերունի սպասավորը պատմում էր հանգիստ, առանց ավելորդ խոսքերի, յուրահատուկ լեզվով, և սակայն սոսկալի պերճախոս մի բան ստացվեց։ Ծերունին հիշեց նաև այդ նույն օրը իր կրած վիրավորանքը, երբ Միտյան հարվածել էր իր դեմքին ու գետին էր գլորել իրեն, բայց ավելացրեց, որ չի բարկանում դրա համար և վաղուց է ներել։ Հանգուցյալ Սմերդյակովի մասին խոսելով, Գրիգորին խաչակնքեց ու ասաց, որ ընդունակություն ունեցող տղա էր նա, բայց հիմար էր ու հիվանդությունից ընկճված, և մանավանդ անաստված մարդ էր, և որ անհավատությունը նրան սովորեցրել էին Ֆյոդոր Պավլովիչն ու նրա միջնակ որդին։ Բայց Սմերդյակովի ազնվությունը համարյա թե եռանդով հաստատեց և պատմեց, թե ինչպես Սմերդյակովը մի ժամանակ բակում գտել էր տիրոջ կորցրած փողը և չէր թաքցրել, այլ բերել էր տիրոջը և սա էլ նրան «մի ոսկի» էր նվիրել դրա համար և այնուհետև սկսել էր լիուլի վստահել նրան։ Իսկ գալով դռան հարցին, նա համառորեն պնդեց, թե բաց էր եղել դուռը այգու վրա։ Բայց այնքան շաա հարցեր տվեցին նրան, որ ես այդ բոլորը չեմ էլ կարող հիշել։
Վերջապես դատապաշտպանն սկսեց հարցեր տալ և առաջին հերթին ուզեց տեղեկանալ այն ծրարի մասին, որի մեջ «իբր թե» Ֆյոդոր Պավլովիչը երեք հազար ռուբլի էբ պահել «մի որոշ անձնավորության» համար։ «Դոք անձամբ տեսե՞լ եք այդ ծրարը, դուք, որ այնքան երկար տարիներ եղել եք ձեր տիրոջ մերձավոր մարդը»։ Գրիգորին պատասխանեց, որ չի տեսել, և ոչ ոքից չի էլ լսել այդպիսի փողի մասին, «մինչև հենց այն ժամանակ, որ այ հիմա բոլորն էլ սկսեցին խոսել»։ Ծրարի մասին այդ հարցը Ֆետյուկովիչն իր կողմից նույնպես առաջարկում էր բոլոր այն վկաներին, որոնք կարող էր հարցնել այդ բանը, նույն համառությամբ, որով դատախազը ժառանգության մասին իր հարցն էր տալիս, և Ֆետյուկովիչը նույնպես բոլորից էլ ստանում էր միայն մեկ պատասխան, թե ոչ ոք չի տեսել ծրարը, թեև շատ շատերը լսել են դրա մասին։ Այդ հարցում դատապաշտպանի համառությանը բոլորն էլ նկատեցին հենց սկզբից։
— Հիմա կարո՞ղ եմ ձեզ դիմել մի հարցով, եթե իհարկե թույլ կտաք,— հարցրեք հանկարծ Ֆետյուկովիչը, բոլորովին անսպասելիորեն։— Ինչի՞ց էր բաղկացած այն բալասանը կամ այսպես ասած այն թրմօղին, որով դուք այդ երեկո, քնելուց առաջ, ինչպես հայտնի է նախնական քննությունից, շփել եք ձեր մեջքը, հուսալով, որ դա կբուժի ձեզ։
Գրիգորին բութ հայացքով նայեք հարցաքննողին և, մի քիչ լռելուց հետո, մրթմրթաց.
— Եղեստուկ կար մեջը։
— Միա՞յն եղեստուկ։ Ուրիշ բան չե՞ք հիշում։
— Ջղախոտ էլ կար։
— Եվ պղպե՞ղ էլ գուցե,— հետաքրքրվեց Ֆետյուկովիչը։
— Պղպեղ էլ կար։
— Եվ այլն։ Եվ այդ բալորը օղու մեջ խառնվա՞ծ։
— Սպիրտի մեջ։
Մի թեթև խնդուք անցավ դահլիճով։
— Տեսնում եք-, նույնիսկ սպիրտի մեջ։ Ձեր մեջքը շփելուց հետո, շշի մնացյալ պարունակությունը հաճեցիք խմել մի որոշ բարեպաշտ աղոթքով, որ միայն ձեր կողակցին է հայտնի, այնպես չէ՞։
— Խմեցի։
— Օրինակ, շա՞տ կլիներ ձեր խմածը։ Օրինակ, ինչքա՞ն։ Մի ըմպանա՞կ, երկո՞ւ։
— Մի բաժակ կլիներ։
— Նույնիսկ մի բաժա՜կ։ Գուցե և մեկուկե՞ս բաժակ։
Գրիգորին լռեց։ Նա կարծես մի բան հասկացավ։
— Մեկուկես բաժակ մաքուր սպի՜րտ՝ բնավ էլ վատ չէ, հա՞, ինչ եք կարծում։ Կարելի է և «արքայության դռները բացված» տեսնել, ոչ միայն այգի տանող դուռը, չէ՞։
Գրիգորին լուռ էր մնում։ Նորից մի խնդուք անցավ դահլիճով։ Նախագահը շարժվեց իր տեղում։
— Հաստատ գիտե՞ք արդյոք,— ավելի ու ավելի ամուր կպչում էր Ֆետյուկովիչը,— այն րոպեին, երբ դուռը բաց տեսաք, ննջո՞ւմ էիք։ թե չէ։
— Ոտքի վրա կանգնել էի։
— Դա դեռ ապացույց չէ, որ չէիք ննջում (նորից ու նորից խնդուք դահլիճի մեջ)։ Կարո՞ղ էիք, օրինակ, այդ րոպեին պատասխանել, եթե մեկը ձեզ մի որևէ բան հարցներ, դե ասենք, օրինակ, թե ո՞ր տարեթիվն է հիմա։
— Այդ բանը չգիտեմ։
— Իսկ ո՞ր տարեթիվն է հիմա, Քրիստոսի ծնունդից հետո, մեր թվարկության ո՞ր տարեթիվը, չգիտե՞ք արդյոք։
Գրիգորին կանգնել էր շլմորած տեսքով, աչքերն ուղղակի իր տանջողին հառած։ Տարօրինակ թվաց այն, որ նա երևի իսկապես չգիտեր՝ ո՞ր տարեթիվն է հիմա։
— Բայց գուցե գիտե՞ք, թե քանի մատ ունեք ձեր ձեռքի վրա։
— Ես ծառա մարդ եմ,— ասաց հանկարծ Գրիգորին բարձր ու հստակ ձայնով,— եթե մեծավորի սիրտն ուզում է ինձ վրա ծիծաղել, ես պետք է համբերող լինեմ։
Ֆետյուկովիչը կարծես մի քիչ կարկամեց, բայց նախագահն էլ միջամուխ եղավ ու հորդորական շեշտով հիշեցրեց դատապաշտպանին, որ պետք է ավելի պատշաճ հարցեր տալ։ Ֆետյուկովիչը լսեց, հետո արժանապատվությամբ գլուխ տվեց ու հայտարարեց, որ վերջացրել է իր հարցերը։ Իհարկե, թե՛ հասարակության, թե՛ ատենակալների կարծիքի մեջ կարող էր արդեն տարակույսի մի փոքրիկ ցեց մտած լինել ծերունու վկայության նկատմամբ, մի մարդու, որ բուժման համար ընկել էր մի հատուկ վիճակի մեջ և հնարավորություն էր ունեցել «արքայության դռները տեսնելու», և որ, բացի այդ, նույնիսկ չգիտեր, թե Քրիստոսից հետո ո՛ր տարեթիվն է հիմա, այնպես որ դատապաշտպանն այնուամենայնիվ հասավ իր նպատակին։ Բայց Գրիգորիի հեռանալուց առաջ մի դրվագ ևս տեղի ունեցավ։ Նախագահը, դառնալով մեղադրյալին, հարցրեց, թե նա որևէ ասելիք ունի՞ այս տրված ցուցմունքների կապակցությամբ։
— Բացի դռան խնդրից, ամեն ինչ ճիշտ ասաց,— բարձր ձայնով գոռաց Միտյան։— Ինձ ոջիլներից է մաքրել՝ շնորհակալ եմ, իմ տված հարվածները ներել է՝ շնորհակալ եմ. ծերուկն իր ամբողջ կյանքում ազնիվ է եղել ու այնքա՜ն հավատարիմ հորս հանդեպ՝ յոթ հարյուր բուլդոգի չափ։
— Մեղադրյա՛լ, զգույշ եղեք ձեր արտահայտությունների մեջ,— խստորեն ասաց նախագահը։
— Ես բուլդոգ չեմ,— քրթմնջաց նաև Գրիգորին։
— Դե ուրեմն ե՛ս եմ բուլդոգը, ե՛ս,— դոոաց Միտյան։ — Եթե վիրավորական է, ի՛նձ վրա եմ վերցնում, իսկ նրանից ներողություն եմ խնդրում. գազա՛ն էի և դաժան վարվեցի նրա հետ։ Եզոպոսի հետ էլ դաժան վարվեցի։
— Ի՞նչ էզոպոս,— նորից խստորեն նայեց նախագահը։
— Դե Պիերոն, էլի... հայրս, Ֆյոդոր Պավլովիչը։
Նախագահը նորից ու նորից, ազդեցիկ ու արդեն խստագույն շեշտով հորդորեց Միտյային, որ նա ավելի զգույշ ընտրի իր արտահայտությունները։
— Ձեր դատավորների կարծիքի առաջ ինքներդ եք ձեզ վնասում դրանով։
Ճիշտ նույն ձևով, դատապաշտպանը շատ վարպետորեն իր գործը տեսավ նաև Ռակիտինի վկայաքննության ժամանակ։ Նշեմ, որ Ռակիտինը ամենակարևոր վկաներից մեկն էր և դատախազն անտարակուսելիորեն թանկ էր գնահատում նրան։ Պարզվեց, որ նա ամեն ինչ գիտեր, զարմանալիորեն շատ բան գիտեր, բոլորի մոտ եղել էր, ամեն ինչ տեսել էր, բոլորի հետ խոսել էր, ամենայն մանրամասնությամբ գիտեր Ֆյոդոր Պավլովիչի և բոլոր Կարամազովների կենսագրությունր։ Ճիշտ է, ծրարի մեջ դրված երեք հազար ռուբլու մասին նա էլ հենց Միտյայից էր լսել միայն։ Բայց նա մանրամասնորեն նկարագրեց Միտյայի քաջագործությունները «Մայր քաղաք» գինետանը, հիշեց նրան վարկաբեկող բոլոր խոսքերն ու արարքները և պատմեց փոխկապիտան Սնեգիրյովի «ճիլոպի» պատմությունը։ Սակայն Ռակիտինն անգամ չկարողացավ որևէ բան ասել այն հատուկ կետի մասին, թե Ֆյոդոր Պավլովիչը ժառանգության հարցում Միտյային պարտք մնացե՞լ էր արդյոք, նա պարզապես արհամարհական ձևով ընդհանուր բաներ ասաց, այսինքն՝ «ո՞վ կարող էր գլուխ հանել, թե նրանցից ո՞ր մեկն է մեղավորը, ո՞վ ում պարտք է մնացել այդ խենթուխելառ կարամազովականության մեջ, ուր ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ինքը, ի՞նչ է ուզում»։ Այս ոճրագործության ամբողջ ողբերգությունը նա ներկայացրեց որպես արգասիքն այն հնացած բարքերի, որոնք հատուկ են ճորտատիրական իրավունքին և անկարգության մեջ թաղված, համապատասխան հաստատությունների պակասից տառապող Ռուսաստանին։ Մի խոսքով, թույլ տվեցին, որ նա մի քիչ արտահայտվի։ Այս դատավարության առթիվ պարոն Ռակիտինը աոաջին անգամ ցույց տվեց իր շնորհքը և նկատելի, դարձավ. դատախազը գիտեր, որ վկան այս ոճրագործության մասին հոդված է պատրաստում ամսագրի համար, և հետո իր մեղադրական ճառում (ինչպես կտեսնենք հետո) մի քանի միտք մեջբերեց այդ հոդվածից, ուրեմն արդեն ծանոթ էր Ռակիտինի գործին։ Վկայի նկարագրած պատկերը մռայլ ու ճակատագրական էր և մեծապես ամրապնդեց «մեղադրող» կողմի դիրքերը։ Իսկ առհասարակ Ռակիտինի ատենաբանությունը ունկնդիրներին գրավեց մտքի անկախությամբ և արտակարգորեն ազնիվ թռիչքով։ Նույնիսկ երկու-երեք անգամ ծափահարություն պայթեց անակնկալորեն, հենց այն պահին, երբ նա խոսում էր ճորտատիրական իրավունքի և անկարգությունից տառապող Ռուսաստանի մասին։ Բայց Ռակիտինը, այնուամենայնիվ երիտասարդ լինելով, մի փոքրիկ սայթաքում արեց, և դատապաշտպանն անմիջապես կարողացավ գերազանցորեն օգտվել դրանից։ Երբ պատասխանում էր Գրուշենկային վերաբերվող որոշ հարցերի, Ռակիտինը, տարվելով իր հաջողությամբ, որ ինքն էլ արդեն գիտակցում էր անշուշտ, ոգևորվելով ազնիվ զգացմունքների այն բարձունքից, ուր նա ճախրում էր, իրեն թույլ տվեց մի քիչ արհամարհական արտահայտվել Ագրաֆենա Ալեքսանդրովնայի մասին՝ որպես «վաճառական Սամսոնովի հոմանուհու»։ Հետո նա ամե՜ն ինչ պատրաստ էր տալու, որպեսզի ետ առնի իր այդ ասածը, որովհետև հենց այդ խոսքի վրա էլ Ֆետյուկովիչը բռնեց նրան անմիջապես։ Եվ պատճառն ամբողջ այն էր, որ Ռակիտինի մտքով անգամ չէր կարող անցնել, թե դատապաշտպանը կարող էր այդքան կարճ ժամանակում ծանոթանալ գործի այդպիսի նուրբ մանրամասնություններին։
— Թույլ տվեք իմանալ,— սկսեց դատապաշտպանը ամենասիրալիր ու նույնիսկ հարգալից ժպիտով, երբ հարցեր տալու հերթը հասավ իրեն,- դուք, անշուշտ, այն նույն պարոն Ռակիտինն եք, չէ՞, որի «Վարք ի տեր հանգուցյալ սրբահայր Զոսիմայի» կոչվող գրքույկը, թեմական առաջնորդարանի կողմից հրատարակված, խորունկ և կրոնաշունչ մտքերով լի, Սրբազան առաջնորդին ուղղված հոյակապ ու բարեպաշտ մի ձոնով, վերջերս առիթ ունեցա այնպիսի՜ հաճույքով կարդալու։
— Ես մամուլի համար չեմ գրել... հետո էր, որ հրատարակեցին,— մրթմրթաց Ռակիտինը, հանկարծ չգիտես ինչու շվարելով ու գրեթե ամոթ զգալով։
— Օ՜, ղա հիանալի է։ Ձեզ նման մի մտածող կարող է և նույնիսկ պարտավոր է շատ լայն հայացքով նայել ամեն մի հասարակական երևույթի։ Սրբազան առաջնորդի հովանավորությամբ, ձեր հույժ օգտակար գրքույկը տարածում գտավ և համապատասխան օգուտ բերեց... Բայց ես գլխավորաբար ահա թե ինչ կցանկանայի իմանալ ձեզնից, դուք հենց քիչ առաջ հայտարարեցիք, թե շատ մերձավոր ծանոթն եք եղել օրիորդ Սվետլովայի։ (Nota bene. պարզվեց, որ Գրուշենկայի ազգանունը «Սվետլովա» է։ Առաջին անգամ այդ օրը միայն իմացա այդ բանը, դատավարության ընթացքում)։
— Ես չեմ կարող պատասխան տալ իմ բոլոր ծանոթությունների համար... Երիտասարդ մարդ եմ... և ո՞վ կարող է պատասխան տալ բոլոր նրանց համար, որոնց հետ հանդիպում է,— ուղղակի կրակ կտրեց Ռակիտինը։
— Հասկանո՜ւմ եմ, շատ լավ հասկանում,— բացականչեց Ֆետյուկովիչը, կարծես ինքն էլ շփոթվելով ու կարծես փութալով ներողություն խնդրել անմիջապես։— Ինչպես ուրիշ որևէ մեկը, դուք էլ կարող էիք ձեր հերթին նախանձախնդիր լինել ծանոթանալու մի երիտասարդ ու գեղեցիկ կնոջ հետ, որ սիրահոժար ընդունում էր տեղվույս երիտասարդության ընտրանին, բայց... ես ուզում էի պարզապես մի բան իմանալ. մեզ հայտնի է, որ Սվետլովան երկու ամիս առաջ արտակարգ ցանկություն է ունեցել ծանոթանալու կրտսեր Կարամազովի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչի հետ, և որ նա ձեզ խոստացել է քսանհինգ ռուբլի տալ՝ միայն այն բանի համար, որ դուք Ալեքսեյ Ֆյոդորովիչին բերեք նրա մոտ, և հենց այն վանական զգեստով, որ նա կրում էր այն ժամանակ։ Ինչպես հայտնի է, դա տեղի է ունեցել հենց այն երեկո, երբ կատարվեց սույն դատական գործի հիմքը հանդիսացող ողբերգական աղետը։ Դուք Ալեքսեյ Կարամազովին բերեցիք օրիորդ Սվետլովայի մոտ և... ստացա՞ք Սվետլովայից այդ քսանհինգ ոուբլի պարգևը այն ժամանակ, ահա թե ինչ կցանկանայի լսել ձեզնից։
— Դա կատակ էր... Չեմ հասկանում, թե ինչո՞ւ կարող է ձեզ հետաքրքրել։ Վերցրի կատակի համար... և որպեսզի հետո ետ տամ...
— Ուրեմն վերցրիք։ Բայց դե մինչև հիմա էլ ետ չեք տվել, չէ՞... և կամ տվե՞լ եք։
— Դատարկ բան է...— քրթմնջաց Ռակիտինը,— ես չեմ կարող այսպիսի հարցնրի պատասխանել... Իհարկե կտամ։
Միջամտեց նախագահը, բայց դատապաշտպանը հայտարարեց, որ այլևս հարցեր չունի պ. Ռակիտինին։ Պ. Ռակիտինը մի քիչ արատավորված իջավ բեմից։ Այնուամենայնիվ փչացավ այն գերագույն ազնվության տպավորությունը, որ մնացել էր նրա ճառից, և Ֆետյուկովիչը, աչքերով ուղեկցելով նրան, կարծես ցույց էր տալիս հասարակությանը և ասում. «Ահա՜ թե ինչպիսի մարդիկ են ձեր ազնվամիտ մեղադրողները», հիշում եմ, այդ դրվագն էլ առանց միջադեպի չանցավ. Միտյան, կտաաղելով այն շեշտից, որով Ռակիտինը արտահայտվում էր Գրուշենկայի մասին, հանկարծ իր տեղից գռաց. «Բեռնա՜ր»։ Իսկ երբ նախագահը, Ռակիտինի հարցաքննության վերջանալուց հետո դարձավ մեղադրյալին, թե արդյոք նա չի՞ ցանկանում որնէ բան ասել իր կողմից, Միտյան բարձր ձայնով գոռաց։
— Նա իմ ձերբակալվելո՜ւց հետո էլ պարտքով փող է պոկել ինձնից։ Անպե՛տք բեռնարի մեկն է, կարիերիստ, և աստծո էլ չի հավատում, խաբե՜լ է Սրբազան առաջնորդին։
Իհարկե, Միտյային նորից խելքի բերեցին իր մոլեգին արտահայտաթյունների համար, բայց պ. Ռակիտինի մուխը մարել էր արդեն։ Փոխկապիտան Սնեգիրյովի վկայությունն էլ անհաջող անցավ, բայց բոլորովին այլ պատճառով։ Նա ներկայացավ ոտից գլուխ պատառոտված, կեղտոտ հագուստով, կեղտոտ կոշիկներով, և չնայած բոլոր նախազգուշություններին և նախնական «փորձաքննության», հանկարծ պարզվեց, որ լրիվ հարբած է։ Երբ հարցրին այն վիրավորանքի մասին, որ Միտյան հասցրել էր նրան, հանկարծ մերժեց պատասխանել։
— Աստված նրա հետ, տիարք։ Իլյուշկան պատվիրեց, որ չասեմ։ Աստված ինձ կվարձատրի այնտեղ, տիարք։
— Ո՞վ է պատվիրել ձեզ, որ չասեք։ Ո՞ւմ մասին եք խոսում։
— Իլյուշկտն, իմ որդյակը։ «Հայրի՜կ, հայրի՜կ, ինչպե՜ս նա քեզ ստորացրեց»։ Քարի մոտ ասաց։ Հիմա մեռնում է, տիարք...
Փոխկապիտանը հանկարծ սկսեց հեկեկալ և ուղղակի ընկավ նախագահի ոտքերը։ Շտապ դուրս տարան նրան, հասարակության ծիծաղի տակ։ Դատախազի պատրաստած տպավորությունը բոլորովին չիրականացավ։
Իսկ դատապաշտպանը շարունակում էր օգտվել բոլոր միջոցներից և ավելի ու ավելի զարմանք էր պատճառում իր այն հմտությամբ, որով ծանոթացել էր գործի ամենահետին մանրամասնություններին։ Այսպես, օրինակ, Տրիֆոն Բորիսովիչի վկայությունը շատ ուժեղ տպավորություն էր գործել և, անշուշտ, չափազանց աննպաստ էր Միտյայի համար։ Այսինքն նա գրեթե մատների վրա հաշվելով ցույց տվեց, որ Միտյան, երբ առաջին անգամ եկել էր Մոկրոե, աղետից համարյա մի ամիս առաջ, երեք հազարից պակաս չէր կարող ծախսած լինել, «կամ էլ դրանից շատ քիչ պակաս։ Միայն էդ գնչուհիների համար ինչքա՜ն փող քամուն տվեց։ Իսկ մեր ոչլոտ գյուղացիներին ոչ թե «կես ռուբլիանոց էր գցում փողոցը», առնվազն քսանհինգ ռուբլիանոց թղթադրամներ էր նվեր անում, պակաս չէր տալիս։ Իսկ որքա՜ն էն օրը պարզապես գողացան նրանից։ Ախր գողացողը հո ստորագրություն չի տալիս, էլ ո՞նց բռնես գողին, երբ որ ի՛նքը զուր տեղը թափռտում էր փողը։ Ախր ավազակ է մեր ժողովուրդը, իրենց հոգու մասին չեն մտածում։ Իսկ աղջկերքի՜ն, մեր գյուղացի աղջկերքի՜ն ինչքան փող գնաց։ Ասեմ ձեզ, էն օրից հարստացան մերոնք, առաջ աղքատություն էր»։ Մի խոսքով, նա հիշեց ամեն մի ծախս և այդ բոլորը գումարեց կարծես համրիչի վրա։ Այսպիսով, անկարելի էր դառնում այն ենթադրությունը, թե միայն հազար հինգ հարյուր ռուբլի է ծախսվել, իսկ մնացածը պահվել է լաթե քսակի մեջ։ «Ի՜նքս եմ տեսել, ինքս եմ նրա ձեռքում երեք հազար ռուբլին տեսել մի կոպեկի պես, իմ էս աչքերով եմ նայել, մենք հո հաշիվ ասած բանը գիտե՜նք, չէ՞»,— բացականչում էր Տրիֆոն Բորիսովիչը, ամեն ինչ անելով, որ գոհացնի «ջոջերին»։ Բայց երբ հարցեր տալու հերթը դատապաշտպանին հասավ, Ֆետյուկովիչը համարյա չփորձեց բացասել այդ վկայությունը, այլ հանկարծ սկսեց խոսել այն մասին, թե Մոկրոեում, այդ առաջին կերուխումի ժամանակ, ձերբակալությունից դեռ մի ամիս առաջ, կառապան Տիմոֆեյը և Ակիմ անունով մի ուրիշ գյուղացի հարյուր ռուբլի են գտել միջանցքում, գինով վիճակում Միտյայի գցած հարյուր ռուբլին, և այդ փողը Տրիֆոն Բորիսովիչին են հանձնել, իսկ նա մեկական ռուբլի է տվել նրանց դրա համար։ «Դե ուրեմն դուք այն ժամանակ վերադարձրի՞ք այդ հարյուր ռուբլին պարոն Կարամազովին, թե ոչ»։ Տրիֆոն Բորիսովիլը ամեն կերպ աշխատեց խույս տալ, բայց գյուղացիների հարցաքննությունից հետո խոստովանեց, որ գտել էին այդ հարյուր ռուբլին, միայն թե ավելացրեց, որ հենց այն օրն էլ սրբությամբ վերադարձրել է Դմիտրի Ֆյոդորովիլին և հանձնել է «ամենայն ազնվությամբ, բայց դե նա էն ժամանակ լրիվ հարբած էր և հազիվ թե կարողանա հիշել»։ Բայց քանի որ նա, գյուղացի վկաների կանչվելուց առաջ, այնուամենայնիվ ժխտել էր այդ հարյուր ռուբլու հարցը, բնականաբար խիստ տարակուսանքի ենթարկվեց նաև նրա այն ցուցմունքը, թե գումարը վերադարձրել է գինով Միտյային։ Այսպիսով, դատախազության առաջադրած ամենավտանգավոր վկաներից մեկը դարձյալ կասկածի տակ ընկավ ու խիստ վարկաբեկված հեռացավ ատյանից։ Նույնը պատահեց նաև լեհերին։ Նրանք ներկայացան հպարտ ու անկախ երևույթով։ Բարձրագոչ հավաստեցին, որ նախ և առաջ երկուսն էլ «ծառայել են թագին», և որ «պան Միտյան» երեք հազար ռուբլի է առաջարկել իրենց պատիվը գնելու համար, և որ իրենք անձամբ մի մեծ գումար են տեսել նրա ձեռքում։ Պան Մուսյալովիչը սոսկալի շատ լեհերեն բառեր էր խառնում իր նախադասությունների մեջ, և տեսնելով, որ դա պարզապես ավելի մեծ կշիռ է տալիս իրեն նախագահի և դատախազի աչքում, ի վերջո բոլորովին ոգեպնդվեց և սկսեց արդեն լրիվ լեհերեն խոսել։ Բայց Ֆետյուկովիչը նրանց էլ գցեց իր ծուղակը. նորից կանչեցին Տրիֆոն Բորիսովիչին, և որքան էլ աշխատեց նա խույս տալ, բայց այնուամենայնիվ ստիպված եղավ ընդունել, որ իր տված խաղաթղթերի կապոցը պան Վրուբլյովսկին նենգափոխել էր իր սեփական խաղաթղթերով, և որ պան Մուսյալովիչը խաղի ժամանակ խարդախություն էր արեր Կալդանովն էլ, իր հերթին վկայություն տալով հաստատեց այդ բանը, և լեհերը մի քիչ խայտառակված հեռացան, նույնիսկ հասարակության ծիծաղի տակ։
Հետո ճիշտ նույն բախտին արժանացան համարյա բոլոր այն վկաները, որոնք ամենից ավելի վտանգավոր էին։ Ֆետյուկովիչը կարողացավ ամեն մեկին բարոյապես արատավորել ու թողնել հիմար դրության մեջ։ Դատի սիրահարներն ու իրավաբանները հիանում էին պարզապես, միայն թե տարակուսանքով մտածում էին դարձյալ՝ ի՞նչ մի մեծ ու վճռական նպատակի կարող է ծառայել այդ ամբողջը, որովհետև, կրկնում եմ, բոլորն էլ զգում էին մեղադրանքի անդիմադրելի ուժը, որ ավելի ու ավելի ողբերգականորեն աճում էր։ Բայց «մեծ կախարդի» ինքնավստահությունը տեսնելով, եզրակացնում էին, որ նա հանգիստ է, և սպասում էին. «այսպիսի մարդը» հո իզուր չէր եկել Պետերբուրգից, և այնպիսի մարդ էլ չէ, որ դատարկ ետ գնա։
III։ Բժշկական փորձաքննությունը և մի ֆունտ կաղին
Բժշկական փորձաքննությունը ևս շատ չօգնեց մեղադրյալին։ Եվ Ֆետյուկովիչը ինքն էլ կարծես շատ հույս չէր դնում դրա վրա, և այդպես էլ պարզվեց հետագայում։ Հիմնականում Կատերինա Իվանովնայի պնդումով էր միայն, որ կատարվեց այդ փորձաքննությունը, նա էր, որ նշանավոր բժշկին դիտմամբ կանչել էր Մոսկվայից։ Դատապաշտպանությունը դրանից ոչինչ չէր կարող կորցնել իհարկե, իսկ լավագույն դեպքում կարող էր մի որևէ բան շահել նույնիսկ։ Այնուամենայնիվ, դա մասամբ զավեշտի նման մի դրվագ եղավ՝ բժիշկների միջև որոշ տարաձայնության հետևանքով։ Որպես փորձագետ ներկայացան երեք հոգի՝ Մոսկվայից եկած նշանավոր բժիշկը, ապա մեր բժիշկ Հերցենշտուբեն և վերջապես երիտասարդ բժիշկ Վարվինսկին։ Վերջին երկուսը հանդես էին գալիս նաև որպես պարզ վկաներ՝ դատախազի կողմից հրավիրված։
Նախ դոկտոր Հերցենշտուբեն հարցաքննության կանչվեց իբրև փորձագետ։ Յոթանասունամյա ծերունի էր նա, ալեհեր ու ճաղատ, միջահասակ, ամրակազմ։ Մեր քաղաքում բոլորն էլ շատ էին գնահատում ու հարգամ նրան։ Բարեխիղճ բժիշկ էր, սքանչելի ու բարեպաշտ մարդ, ինչ֊որ հերնհուտեր էր կամ «մորավյան եղբայր», հաստատ չգիտեմ։ Արդեն շատ վաղուց էր ապրում մեզ մոտ և արտակարգ արժանապատվությամբ էր պահում իրեն։ Բարի էր ու մարդասեր, աղքատ հիվանդներին ու գյուղացիներին ձրի էր բուժում, ինքն էր գնում նրանց հետնախորշերն ու խրճիթները և փող էր թողնում դեղի համար, բայց միաժամանակ ջորու պես համառ էր։ Եթե մի որևէ գաղափար նստեր նրա մտքում, անկարելի էր տարհամոզել նրան։ Ի դեպ, արդեն համարյա բոլորին հայտնի էր, որ Մոսկվայից եկած նշանավոր բժիշկը, մի երկու-եբեք օր գտնվելով մեր քաղաքում, դոկտոր Հերցենշտուբեի ընդունակությունների մասին մի քանի չափազանց վիրավորական ակնարկություններ էր արել։ Խնդիրն այն է, որ թեև մոսկվացի բժիշկն ամեն մի այցի համար առնվազն քսանհինգ ռուբլի էր վերցնում, բայց այնուամենայնիվ մեր քաղաքում ոմանք ուրախացան նրա գալու աոթիվ, չխնայեցին փողը և փութացին նրա խորհուրդներն առնել։ Բոլոր այդ հիվանդներին, իհարկե, դոկտոր Հերցենշտուբեն էր բուժում մինչ այդ, և ահա նշանավոր բժիշկը չափազանց խիստ քննադաաել էր նրա բուժումը բոլոր դեպքերում։ Ի վերջո նույնիսկ, այցելելով հիվանդին, ուղղակի հարցնում էր. «է՜հ, տեսնենք ո՞վ էր ձեզ մնտռում այստեղ, Հերցենշտուբե՞ն։ Հե-հե՜»։ Դոկտոր Հերցենշտուբեն, իհարկե, իմացել էր այդ բոլորը։
Եվ ահա երեք բժիշկները, մեկը մյուսի ետևից, ներկայացան հարցաքննության։ Դոկտոր Հերցենշտուբեն ուղղակի հայտարարեց, որ «մեղադրյալի մտային կարողությունների աննորմալությունը ինքնըստինքյան նկատելի է»։ Հետո, ներկայացնելով իր պատճառաբանությունները, որոնք զանց եմ առնում այստեղ, ավելացրեց, որ այդ աննորմալությունը նկատելի է մեղադրյալի ոչ միայն նախկին բազմաթիվ արարքներից, այլև մանավանդ հիմա, այս րոպեիս. և երբ խնդրեցին բացատրել, թն ինչի՞ց է դա նկատելի հիմա, այս րոպեիս, ծերունի բժիշկն իր ամբողջ պարզամիտ շիտակությամբ մատնացույց արեց այն, որ երբ մեղադրյալը դատարանի դահլիճն էր մտնում, «այս իրադրության համար ուներ անսովոր ու տարօրինակ տեսք, զինվորի նման քայլում էր առաջ, աչքերն ուղղակի դիմացը հառած, մինչդեռ նրա համար ավելի բնական կլիներ նայել դեպի ձախ, ուր հասարակության մեջ տիկնայք են նստած, որովհետև նա գեղեցիկ սեռի մեծ սիրահար է և պետք է շատ մտածեր այն մասին, թե ինչ կասեն հիմա տիկնայք իր վերաբերյալ»,— եզրակացրեց ծերուկը իր յուրօրինակ լեզվով։ Պետք է ավելացնել, որ նա շատ ու սիրով էր խոսում ռուսերեն, բայց նրա ամեն մի նախադասությունը մի տեսակ գերմաներենի պես էր ստացվում, թեև դա երբեք չէր խանգարում նրան, որովհետև ամբողջ կյանքում նա թուլություն էր ունեցել համարելու, որ ինքը օրինակելի ռուսերեն է խոսում, «նույնիսկ ավելի լավ, քան ռուսները». և նույնիսկ շատ էր սիրում ռուսական առածներ օգտագործել, ամեն անգամ էլ հավաստելով, որ ռուսական առածները ամենալավ և ամենից ավելի արտահայտիչ առածներն են աշխարհում։ Նշեմ նաև, որ խոսակցության մեջ, ցրվածությա՞ն պատճառով, թե ինչ, նա հաճախ մոռանում էր ամենահասարակ բառերը, որ շատ լավ գիտեր, բայց որոնք հանկարծ թռնում էին նրա գլխից։ Բայց նույն բանն էր պատահում, երբ նաև գերմաներեն էր խոսում, և այդ դեպքում միշտ էլ ձեռքը թափահարում էր դեմքի առաջ, կարծես ջանալով բռնել կորած բառը, և մինչև այդ բառը չգտներ, ոչ ոք չէր կարող ստիպել նրան, որ շարունակի իր սկսած խոսքը։ Նրա այն դիտողությունը, թե մեղադրյալը ներս մտնելիս պետք է նայեր տիկիններին, աշխույժ մի շշուկ առաջացրեց հասարակության մեջ։ Քաղաքի բոլոր տիկինները շատ էին սիրում մեր ծերուկին, գիտեին նաև, որ նա, ամբողջ կյանքում ամուրի մնացած լինելով, բարեպաշտ ու անարատ մարդ, կանանց նայում էր որպես վսեմ ու իդեալական էակների։ Դրա համար էլ նրա անսպասելի դիտողությունը սոսկալի տարօրինակ թվաց բոլորին։
Մոսկվացի բժիշկը, իր հերթին հարցաքննության ենթարկվելով, կտրականապես ու համառորեն պնդեց, թե մեղադրյալի մտային վիճակը աննորմալ է համարում, «նույնիսկ վերին աստիճանի»։ Նա շատ ու հմտորեն խոսեց «աֆեկտի» և «մտամոլության» մասին և եզրակացրեց, որ ըստ բոլոր հավաքված տվյալների՝ մեղադրյալը ձերբակալությունից դեռ մի քանի օր առաջ արդեն գտնվում էր անտարակուսելիորեն հիվանդագին աֆեկտի մեջ, և եթե նա է գործել ոճիրը, ուրեմն թեպետ և գիտակցելով, բայց գրեթե ակամա է արել, բոլորովին անզոր լինելով պայքարելու այն բարոյական հիվանդագին մղման դեմ, որ տիրել է նրան։ Սակայն աֆեկտից բացի, բժիշկը ախտանշում էր նաև մտամոլությունը, որն արդեն, ըստ նրա ասածի, հետագայում ուղիղ ճանապարհով պետք է տանի դեպի կատարյալ խելագարություն։ (NB։ Ես պատմում եմ իմ բառերով, իսկ բժիշկը շատ դիտական ու մասնահատուկ լեզվով բացատրեց)։ «Նրա բոլոր արարքները հակառակ են ողջամտության և տրամաբանության,— շարունակեց նա։— Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ չեմ տեսել, այսինքն բուն իսկ ոճրագործության ու ամբողջ այս աղետի մասին, րայց նույնիսկ երկու օր առաջ, ինձ հետ խոսելու ժամանակ, նա անբացատրելիորեն քարացած մի հայացք ուներ։ Անակնկալ մի ծիծաղ, երբ բոլորովին առիթ չկա ծիծաղելու։ Մշտական ու անհասկանալի ջղագրգռություն, տարօրինակ բառեր՝ «Բեռնար, էթիկա» ե այլն, որոնք անտեղի են»։ Բայց բժիշկն այդ մտամոլությունը հատկապես նկատում էր այն բանում, թե մեղադրյալը չի էլ կարողանում առանց արտակարգ ջղայնության խոսել երեք հազար ռուբլու մասին, համարելով, որ այդ հարցում խաբել են իրեն, այնինչ իր բոլոր մյուս անհաջողությունների ու կրած վիրավորանքների մասին բավական հանգիստ է խոսում ու հիշում։ Եվ վերջապես, ըստ տեղեկությունների, նա առաջ էլ, ամեն անգամ, երբ շոշափվում էր այդ երեք հազար ռուբլու հարցը, ճիշտ նույն ձևով ընկնում էր համարյա մոլեգնության մեջ, այնինչ վկայում են, որ նա անշահախնդիր մարդ է և փողի ձգտում չունի։ «Իսկ գալով իմ գիտնական պաշտոնակցի այն կարծիքին,— հեգնականորեն ավելացրեց բժիշկը, վերջացնելով իր ճառը,— թե մեղադրյալը դահլիճ մտնելու ժամանակ պետք է տիկնանց նայեր, և ոչ թե ուղիղ իր դիմացը, միայն մի խոսք ասեմ, նման եզրակացությունը, բացի աշխույժ, թռվռուն մի բան լինելուց, նաև արմատապես սխալ է. որովհետև, թեպետ ես լրիվ համաձայն եմ, որ երբ մեղադրյալը դատարանի դահլիճ էր մտնում, մի դահլիճ, ուր վճռվում է իր բախտը, չպետք է այդպես անշարժ հայացքով նայեր իր դիմացը, և որ դա իսկապես կարող էր նրա աննորմալ հոգեվիճակի ախտանշան համարվել տվյալ րոպեին, բայց և միաժամանակ պնդում եմ, որ նա պետք է նայեր ոչ թե ձախ՝ տիկիններին, այլ ընդհակառակը, հենց աջ պետք է նայեր ու հայացքով փնտրեր իր դատապաշտպանին, որի օգնության վրա է իր ամբողջ հույսը, և որի պաշտպանությունից է հիմա կախված իր ամբողջ ճակատագիրը»։ Բժիշկը իր կարծիքը հայտնեց վճռականորեն ու պնդեց։
Բայց երկու գիտնական փորձագետների տարաձայնությունը հատկապես զավեշտական երանգ ստացավ, երբ նրանցից հետո հարցաքննված բժիշկ Վարվինսկին իր անակնկալ եզրակացությունը հայտնեց։ Նրա կարծիքով, մեղադրյալը և՛ այդ պահին, և՛ առաջ էլ, կատարելապես բնականոն վիճակում էր գտնվում, ու թեև իսկապես ձերբակալությունից առաջ նա պետք է ջղային ու չափազանց գրգռված դրության մեջ լիներ, բայց դա կարող էր ծագել խիստ ակնհայտ բազմաթիվ պատճառներից՝ խանդից, զայրույթից, անընդհատ հարբած վիճակից և այլն։ Սակայն այդ ջղային դրությունը չէր կարող իր մեջ բովանդակել այն յուրահատուկ «աֆեկտը», որի մասին խոսվեց հիմա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե մեղադրյալը դահլիճ մտնելու ժամանակ ձա՞խ պետք է նայեր, թե՞ աջ, ապա բժշկի «համեստ կարծիքով», մեղադրյալը հենց պետք է ուղղակի իր դիմացը նայեր դահլիճ մտնելու ժամանակ, ինչպես և նայեց իսկապես, որովհետև ուղիղ իր դիմացը նստում էին նախագահն ու դատարանի անդամները, որոնցից կախված է իր ամբողջ ճակատագիրը հիմա, «այնպես որ, հենց ուղղակի իր դիմացը նայելու փաստով էլ նա ապացուցեց իր մտքի կատարելապես բնականոն վիճակը տվյալ րոպեին»,— մի քիչ կրակոտ շեշտով ավարտեց երիտասարդ բժիշկն իր «համեստ» վկայությունը։
— Ապրե՜ս, բժիշկ,— գոռաց Միտյան իր տեղից,— հենց այդպե՛ս է։
Միտյային լռեցրին իհարկե, բայց երիտասարդ բժշկի կարծիքը վճռական ազդեցություն ունեցավ ինչպես դատավորների, այնպես էլ հասարակության վրա, որովհետև, ինչպես պարզվեց հետագայում, բոլորն էլ համաձայնվեցին նրա հետ։ Բայց դոկտոր Հերցենշտուբեն, արդեն որպես վկա հարցաքննվելով, հանկարծ բոլորովին անսպասելիորեն օգտակար եղավ Միտյային։ Որպես քաղաքի հին բնակիչ, որ վաղուց ծանոթ էր Կարամազովների ընտանիքին, նա «մեղադրող կողմի» համար շատ հետաքրքրական մի քանի վկայություններ տվեց և հանկարծ, կարծես մի բան մտաբերելով, ավելացրեց.
— Եվ սակայն, խեղճ երիտասարդը կարող էր անհամեմատ ավելի լավ ճակատագիր ձեռք բերել, որովհետև լավ սիրտ ուներ թե՛ երեխա ժամանակ, թե՛ երեխայությունից հետո, որովհետև ես գիտեմ այդ բանը։ Բայց ռուսական առածն ասում է. «Եթե մարդս մի խելք ունի, լավ բան է, իակ եթե մի ուրիշ խելացի մարդ էլ հյուր գա, ավելի լավ կլինի, որովհետև այն ժամանակ երկու խելք կլինի միասին, և ոչ թե միայն մի խելք...»։
— Մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ,— անհամբեր հուշեց դատախազը, որ վաղուց գիտեր ծերուկի այդ սովորությունը՝ խոսել դանդաղ, ձգձգված, առանց մտահոգվելու, թե ինչ տպավորություն է գործում, և թե մարդկանց ստիպում է սպասել, այլև ընդհակառակը՝ շատ բարձր գնահատելով իր գերմանական ծանրաշարժ, անհամ և միշտ ուրախորեն ինքնագոհ սրամտությունը։ Իսկ ծերուկը սիրում էր սրամտել։
— Օ՜, այո֊այո՜, ես էլ նույնն եմ ասում,— համառորեն կրկնեց նա,— մի հատ խելքը լավ է, իսկ երկու հատ խելքը շատ ավելի լավ է։ Բայց մի ուրիշ խելոք մարդ հյուր չեկավ նրան, իսկ նա իր խելքն էլ ուղարկեց... Ի՞նչ էին ասում, ո՞ւր ուղարկեց։ Մոռացա այդ բառը... թե իր խելքը ուր ուղարկեց,— շարունակում էր նա, ձեռքը պտտեցնելով իր աչքերի առաջ,— ախ հա՜, spazieren։
— Ման գալո՞ւ։
— Դե այո՜, ման գալու, ես էլ նույնն եմ ասում։ Ահա ուրեմն նրա խելքը գնաց ման գալու և հասավ այնպես մի խորունկ տեղ, ուր կորցրեց իրեն։ Այնինչ, նա երախտագետ և զգայուն պատանի էր, օ՜, ես շատ լավ հիշում եմ նրան ահա դեռ այսքան մի մանուկ, հոր տան ետևի բակում լքված, երբ գետնի վրա վազում էր առանց կոշիկների և փոքրիկ տաբատն էլ մի կոճակից կախված...
Գորովալի և հոզիչ մի շեշտ լսվեց հանկարծ պարկեշտ ծերուկի ձայնի մեջ։ Ֆետյուկովիչն ուղղակի ցնցվեց, կարծես մի բան նախազգալով, և անմիջապես կպավ դրանից։
— Օ այո՜, ես ինքս տակավին երիտասարդ էի այն ժամանակ... Ես... հա, այո, քառասունհինգ տարեկան էի այն ժամանակ, հենց նոր էի եկել այստեղ։ Եվ այն ժամանակ մեղքացա մանչուկին, և հարցրի ինքս ինձ՝ ինչո՞ւ չեմ կարող նրա համար գնել մի ֆունտ... դե, այո, մի ֆունտ ի՞նչ։ Մոռացա ինչպես են ասում... մի ֆունտ այն բանից, որ երեխաները շատ են սիրում... ի՞նչ են ասում դրան, է՜հ, ի՞նչ են ասում...— բժիշկը նորից թափահարեց իր ձեռքը,— ծառի վրա է աճում այդ բանը, հավաքում են և բոլորին նվիրում...
— Խնձո՞ր։
— Օ չէ-է-է՜։ Մի ֆունտ, ֆունտ։ Խնձորը մի տասնյակ է լինում, ոչ թե ֆունտ... չէ՜, շատ֊շատ է լինում դա և փոքր-փոքր, դնում են բերանը և թրը՛խ...
— Կաղի՞ն։
— Դե այո՜, կաղին, ես էլ նույնն եմ ասում,— հաստատեց բժիշկը ամենայն հանգստությամբ, կարծես բոլորովին էլ չէր փնտրել այդ բառը։— Եվ ես մի ֆունտ կաղին բերեցի նրան, որովհետև ոչ ոք դեռ երբեք մի ֆունտ կաղին չէր բերել մանչուկին, և ես մատս բարձրացրի և ասացի նրան. «Մանչո՛ւկ, Gott der Vater»։[1] Նա ծիծաղեց ու ասաց, «Gott der Vater»— «Gott der Sohn»[2]։ Նա նորից ծիծաղեց ու թոթովեց, «Gott der Sohn>»— «Gott der heilige Geist»[3]։ Եվ նա նորից ծիծաղեց ու ասաց ինչքան որ կարող էր. «Gott der heilige Geist»։ Իսկ ես գնացի։ Երկու օր հետո անցնում էի, և նա ինքը գոռաց ինձ, «Քեռի՛, Gott der Vater, Gott der Sohn», և միայն մոռացավ Gott der heilige Geist, բայց ես հիշեցրի, և նորից շատ մեղքացա նրան։ Բայց տարան այստեղից, և ես այլևս չտեսա մանչուկին։ Եվ ահա անցավ քսաներեք տարի, մի առավոտ նստել եմ իմ աշխատասենյակում, արդեն սպիտակ գլխով, և հանկարծ ներս է մտնում մի ծաղկուն երիտասարդ, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ճանաչել, բայց նա մատը բարձրացրեց և ծիծաղելով ասաց. «Gott der Vater, Gott der Sohn, Gott der heilige Geist! Ես հենց նոր ժամանեցի այս քաղաքը և եկա շնորհակալություն հայտնելու ձեզ մի ֆունտ կաղինի համար, որովհետև ոչ ոք երբեք ինձ մի ֆունտ կաղին չի գնել, և միայն դուք մի ֆունտ կաղին գնեցիք ինձ»։ Եվ այն ժամանակ ես հիշեցի իմ երջանիկ երիտասարդությունը, հիշեցի խեղճ մանչուկին բակում, առանց կոշիկների, և սիրտս տակնուվրա եղավ, և ես ասացի. «Դու երախտագետ երիտասարդ ես, որովհետև ամբողջ կյանքիդ մեջ հիշել ես այն մի ֆունտ կաղինը, որ ես բերեցի քեզ քո մանկության օրերին»։ Եվ ես գրկեցի նրան ու օրհնեցի։ Եվ սկսեցի արտասվել։ Նա ծիծաղում էր, բայց և նա էլ արտասվում էր... որովհետև ռուս մարդը շատ հաճախ ծիծաղում է այնտեղ, ուր պետք է արտասվել։ Բայց և արտասվում էր նա, ես տեսա այդ բանը։ Իսկ հիմա, ավա՜ղ...
— Հիմա՜ էլ արտասվում եմ, գերմանացի, հիմա՜ էլ արտասվում եմ, սրբաշնորհ մարդ,— գոռաց հանկարծ Միտյան իր տեղից։
Համենայն դեպս այդ փոքրիկ պատմությունը որոշ բարենպաստ տպավորություն գործեց հասարակության վրա։ Բայց Միտյայի օգաին ամենակարևոր ներգործությունն ունեցավ Կատերինա Իվանովնայի ցուցմունքը, որի մասին կասեմ հիմա։ Եվ առհասարակ, երբ սկսեցին հարցաքննվել a decharge վկաները, այսինքն նրանք, ովքեր կանչվել էին դատապաշտպանի կողմից, բախտը կարծես միանգամից և նույնիսկ լրջորեն ժպտաց Միտյային, և ամենաուշագրավն այն էր, որ մինչև իսկ դատապաշտպանի համար անսպասելի էր դա։ Բայց դեռ Կատերինա Իվանովնայից առաշ Ալյոշան հարցաքննության ենթարկվեց, և նա հանկարծ հիշեց մի փաստ, որ կարծես նույնիսկ դրական վկայություն էր երևում՝ մեղադրող կողմի առաջ քաշած մի շատ կարևոր կետի դեմ։
IV։ Բախտը ժպտում է Միտյային
Նույնիսկ իրեն՝ Ալյոշայի համար դա բոլորովին անսպասելիորեն եղավ։ Նա կանչվեց առանց երդման, և հիշում եմ, որ հարցաքննության հենց առաջին բառերից երկու կողմերն էլ չափազանց մեղմ ու համակրական վերաբերմունք ցույց տվեցին նրան։ Երևում էր, որ նրան նախորդել էր իր բարի համբավը։ Ալյոշան համեստ ու զուսպ էր պատասխանում, բայց նրա ցուցմունքների մեջ ակնհայտորեն երևում էր ջերմ համակրանքը դժբախտ եղբոր հանդեպ։ Պատասխանելով մի հարցի, նա իր եղբոր բնավորությունը նկարագրեց ու ներկայացրեց նրան որպես մի մարդու, որ գուցե ամեհի է ու կրքերով տարված, բայց և ազնիվ է, հպարտ ու մեծահոգի, պատրաստ է նույնիսկ զոհողության, եթե պահանջվի նրանից։ Սակայն ընդունեց, որ վերջերս իր եղբայրը, Գրուշենկայի հանդեպ տածած բուռն զգացմունքի և հոր հետ ունեցած մրցակցության հետևանքով, անտանելի վիճակի մեջ էր ընկել։ Բայց վրդովմունքով մերժեց այն ենթադրությունն անգամ, թե իր եղբայրը կարող էր սպանել կողոպտելու նպատակով, թեև ընդունեց, որ այդ երեք հազար ռուբլին համարյա մի տեսակ մտամոլություն էր դարձել Միտյայի գլխում, որ նա այդ գումարը համարում էր իր ստանալիք ժառանգության մի մասը՝ հոր խաբեության պատճառով իրեն չտրված, և որ, բոլորովին անշահասեր մարդ լինելով հանդերձ, մինչև իսկ չէր կարողանում առանց մոլեգին կատաղության խոսել այդ երեք հազար ռուբլու մասին։ Իսկ, ինչպես արտահայտվեց դատախազը, երկու «կանացի անձնավորությունների», այսինքն Գրուշենկայի և Կատյայի մրցակցության մասին Ալյոշան խուսափուկ պատասխաններ տվեց և նույնիսկ մեկ կամ երկու հարցի բոլորովին չուզեց պատասխանել։
— Ձեր եղբայրը գոնե ասե՞լ է ձեզ, որ մտադիր է սպանել ձեր հորը,— հարցրեց դատախազը։— Կարող եք չպատասխանել, եթե անհարկի եք գտնում,— ավելացրեց նա։
— Ուղղակի չի ասել,— պատասխանեց Ալյոշան։
— Իսկ ինչպե՞ս։ Անուղղակի՞։
— Մի անգամ ինձ ասաց, թե անձնական ատելություն ունի հոր հանդեպ և վախենում է, որ... ծայրահեղ մի րոպեում... նողկանքի րոպեում... գուցե և կարող է սպանել նրան։
— Եվ դուք, լսելով այդ բանը, հավատացի՞ք։
— Վախենում եմ ասել, թե հավատացի։ Բայց ես միշտ էլ համոզված էի, որ մի գերագույն զգացում կփրկի նրան ճակատագրական րոպեին, ինչպես որ փրկեց իսկապես, որովհետև նա չէ իմ հորն սպանողը,— հաստատակամորեն վերջացրեց Ալյոշան բարձր ձայնով, որ հնչեց ամբողջ դահլիճում։
Դատախազը ցնցվեց մարտական ձիու նման, որ շեփորի ազդանշանն է լսում հանկարծ։
— Վստահ եղեք, որ ես կատարելապես հավատում եմ ձեր համոզմունքի ամենալրիվ անկեղծությանը, և բնավ էլ այդ բանը չեմ պայմանավորում ձեր դժբախտ եղբոր հանդեպ սիրո զգացումով և չեմ նույնացնում այդ զգացման հետ։ Արդեն նախնական քննությունից հայտնի է մեզ ձեր յուրօրինակ հայացքը այն ամբողջ ողբերգական պատահարի նկատմամբ, որ տեղի է ունեցել ձեր ընտանիքում։ Չեմ թաքցնում ձեզնից, որ վերին աստիճանի առանձնահատուկ է այդ հայացքը և հակասում է դատախազության ստացած բոլոր մյուս ցուցմունքներին։ Ուստի և անհրաժեշտ եմ գտնում հարցնել արդեն հարապնդորեն՝ ի՞նչ տվյալներ են առաջնորդել ձեր միտքը և ուղղել դեպի այն վերջնական համոզմունքը, թե ձեր եղբայրն անմեղ է և, ընդհակառակը, մեղավոր է մի ուրիշ անձ, որի դեմ արդեն ուղղակի ցուցմունք տվեցիք նախնական քննության ընթացքում։
— Նախնական քննության ընթացքում ես հարցերին էի պատասխանում միայն,— մեղմ ու հանգիստ ասաց Ալյոշան,— և ոչ թե անձամբ իմ կողմից մեղադրանք էի բարդում Սմերդյակովի վրա։
— Եվ այնուամենայնիվ ցուցմունք տվեցի՞ք նրա դեմ։
— Իմ եղբայր Դմիտրիի ասածից ելնելով տվեցի այդ ցուցմունքը։ Դեռ հարցաքննությունից առաջ ինձ պատմել էին, թե ինչ է կատարվել ձերբակալության ժամանակ, և թե ինքը այդ երեկո մատնանշել է Սմերդյակովին։ Ես լրիվ հավատում եմ, որ եղբայրս անմեղ է։ Եվ եթե նա չի սպանել, ուրեմն...
— Ուրեմն Սմերդյակո՞վը։ Իսկ ինլո՞ւ հատկապես Սմերդյակովը։ Եվ ինլո՞ւ մանավանդ դուք այնպես վերջնականորեն համոզվեցիք, որ անմեղ է ձեր եղբայրը։
— Չէի կարող չհավատալ եղբորս։ Ես գիտեմ, որ նա ինձ սուտ չի ասի։ Ես նրա դեմքից տեսա, որ սուտ չի ասում ինձ։
— Միայն դեմքի՞ց։ Ա՞յդ է ձեր ունեցած ամբողջ ապացույցը։
— Ուրիշ ապացույց չունեմ։
— Եվ Սմերդյակովի մեղավորության մասի՞ն էլ ուրիշ ոչ մի նվազագույն ապացույցի վրա չեք հիմնվում, բացի ձեր եղբոր խոսքերից և նրա դեմքի արտահայտությունից։
— Այո, ուրիշ ապացույց չունեմ։
Դրանով դատախազը վերջացրեց իր հարցուփորձը։ Ալյոշայի պատասխանները խիստ հիասթափեցնող տպավորություն թողեցին հասարակության վրա։ Դեռ դատից առաջ արդեն մեր քաղաքում խոսում էին Սմերդյակովի մասին, մեկը մի բան էր լսել, մյուսը մի ուրիշ բան էր մատնանշում, ասում էին, թե Ալյոշան ինչ֊որ արտակարգ ապացույցներ է հավաքել իր եղբոր օգտին և Սմերդյակովի մեղավոր լինելու մասին, և ահա՝ ոչի՜նչ չկա, ոչ մի ապացույց, բացի որոշ բարոյական համոզմունքներից, որոնք այնքան բնական են նրա համար, քանի որ մեղադրյալի հարազատ եղբայրն է։
Բայց սկսեց հարցեր տալ նաև Ֆետյուկովիչը։ Երբ հարց տրվեց, թե հատկապես ե՞րբ է մեղադրյալը Ալյոշային ասել հոր հանդեպ ունեցած ատելության մասին և այն մասին, որ կարող էր սպանել նրան, և թե արդյոք ինքը այդ բանը մեղադրյալից լսել է, օրինակ, աղետից առաջ իրենց վերջի՞ն տեսակցության ժամանակ,— Ալյոշան, պատասխանելիս, հանկարծ ցնցվեց մի տեսակ, կարծես հենց հիմա միայն հիշեց մի որոշ բան և հասկացավ այդ բանը.
— Ես հիմա հիշում եմ մի հանգամանք, որ ինքս էլ բոլորովին մոռացել էի, բայց այն ժամանակ դա այնքա՜ն անորոշ էր ինձ համար, իսկ հիմա...
Եվ Ալյոշան, ինքն էլ հայտնապես հենց հիմա՛, հենց նոր այդ միտքը կռահելով, փութեռանդորեն սկսեց վերհիշել, թե ինչպես Միտյայի հետ իր վերջին տեսակցության ժամանակ, այն երեկո, ծառի մոտ, վանքի ճանապարհին, Միտյան կուրծքն էր ծեծել, «կրծքի վերի մասը», և մի քանի անգամ կրկնել էր, որ ինքը իր պատիվը վերականգնելու մի միջոց ունի, և որ այդ միջոցը այստեղ է ահա, ա՛յ այստեղ, իր կրծքի վրա... «Ես այն ժամանակ մտածեցի, որ նա, իր կուրծքը ծեծելով, խոսում է իր սրտի մասին,— շարունակեց Ալյոշան,— ուզում է ասել, որ իր սրտում կարող էր ուժ գտնել՝ ազատվելու համար ինչ֊որ մի ահավոր անպատվությունից, որ սպառնում էր նրան, և որի մասին չհամարձակվեց խոստովանել մինչև իսկ ի՛մ աոաջ։ Խոստովանում եմ, ես այն ժամանակ հենց մտածեցի, որ նա մեր հոր մասին է ասում և անպատվություն է համարում այն միտքը, թե կգնա ու մի դաժան բան կանի հորը, և դողում է այդ մտքից, այնինչ հենց նույն պահին նա կարծես մի բան էր ցույց տալիս իր կրծքի վրա, այնպես որ, հիշում եմ, հենց նույն պահին էլ իմ մտքով անցավ, որ սիրտը կրծքի այդ կողմը չի գտնվում, այլ ավելի ներքև, իսկ նա խփում է շատ ավելի վեր, ահա այստեղ, վզից անմիջապես ցած, և անընդհատ այդ տեղն է ցույց տալիս։ Իմ մտածածն այն ժամանակ հիմար բան թվաց ինձ, բայց նա գուցե ցույց էր տալիս հենց այդ լաթե քսակը, որի մեջ կարված էր այդ հազար հինգ հարյուր ռուբլին...»։
— Հենց այդպե՛ս է,— գոչեց հանկարծ Միտյան տեղից։— Ճիշտ է, Ալյոշա, այդպես է, ես այն ժամանակ էլ դրա՛ն էի խփում բռունցքով։
Ֆետյուկովիչը հապշտապ վազեց նրա մոտ, աղաչելով, որ հանգիստ մնա, և նույն վայրկյանին էլ ուղղակի կառչեց Ալյոշայի ասածից, Ալյոշան, ինքն էլ տարված իր հիշողությամբ, փութեռանդորեն հայտնեց իր ենթադրությունը, թե այդ անպատվությունն ամենայն հավանականությամբ հենց այն էր, որ Միտյան, այդ հազար հինգ հարյուր ռուբլին իր վզին կրելով, կարող էր վերադարձնել Կատերինա Իվանովնային՝ որպես իր պարտքի կեսը, բայց այնուամենայնիվ որոշել էր չտալ այդ կեսը նրան և օգտագործել ուրիշ բանի համար, այսինքն Գրուշենկային այստեղից տանելու, եթե համաձայնվի Գրուշենկան...
— Այդպես է, հենց այդպես է,— բացականչում էր Ալյոշան հանկարծակի հուզմունքով,— եղբայրս այն ժամանակ հենց գոռում էր, որ անպատվության կեսն է, կեսը (նա մի քանի անգամ ասաց՝ կե՜սը), և ասաց, որ կարող էր անմիջապես ազատվել դրանից, բայց այն աստիճան դժբախտ է իր թույլ բնավորությամբ, որ չի անի այդ բանը... նախօրոք գիտե, որ չի կարող, ուժ չունի անելու այդ բանը։
— Եվ դուք հաստատ, պարզ հիշում եք, որ նա կրծքի հենց ա՞յդ տեղն էր ծեծում,— ագահորեն հարցրեց Ֆետյուկովիչը։
— Պարզ ու հաստատ, որովհետև հենց մտածեցի այդ րոպեին, թե ինչո՞ւ նա այդքան վերև է խփում, երբ սիրտը ավելի ներքև է, և նույն րոպեին էլ իմ մտածածը հիմար բան թվաց ինձ... հիշում եմ, որ հիմար բան թվաց... մտքովս անցավ այդ բանը։ Այ դրա համար էլ հիմա իսկույն հիշեցի։ Եվ ինչպե՜ս կարող էի այդ բանը մոռանալ մինչև ա՛յս պահը։ Հենց այդ փոքրիկ քսա՛կն էր ցույց տալիս նա, ասելով, որ միջոցներ ունի, բայց չի տա այդ հազար հինգ հարյուրը։ Իսկ ձերբակալության ժամանակ, Մոկրոեում, հենց գոռացել է (գիտեմ այդ բանը, ասել են ինձ), գոռացել է, թե իր ամբողջ կյանքի ամենախայտառակ արարքն է համարում այն, որ միջոցներ ուներ՝ իր պարտքի կեսը (հենց կե՜սը) վերադարձնելու Կատերինա Իվանովնային և գող չլինելու նրա առաջ, բայց այնուամենայնիվ կամք չի արել վերադարձնելու և նախընտրել է գող մնալ նրա աչքում, քան թե հրաժարվել փողից։ Եվ ինչպե՜ս էր տանջում այդ պարտքը նրան, ինչպե՜ս էր տանջում,— բացականչեց Ալյոշան, վերջացնելով։
Իհարկե, դատախազն էլ մեջ մտավ։ Նա խնդրեց, որ Ալյոշան մի անգամ ևս նկարագրի, թե ինչպես կատարվեց այդ ամբողջը, և մի քանի անգամ պնդեց, թե իսկապե՞ս մեղադրյալը, իր կուրծքը ծեծելով, կարծես մի բան էր ցույց տալիս։ Գուցե պարզապես կո՞ւրծքն էր ծեծում բռունցքով։
— Բայց բռունցքո՜վ էլ չէր,— բացականչեց Ալյոշան,— հենց մատներո՛վ էր ցույց տալիս, և ցույց էր տալիս այստե՛ղ, շատ րարձր... Քայց ինչպե՞ս կարող էի այդպես բոլորովին մոռանալ մինչև այս պահը։
Նախագահը դիմեց Միտյային, հարցնելով թե Ի՞նչ կարող է ասել տվյալ ցուցմունքի առթիվ։ Միտյան հաստատեց, որ հենց այդպես է եղել այդ ամբողջը, ինքը հենց ցույց էր տալիս այդ հազար հինգ հարյուր ռուբլին, որ կրում էր կրծքի վրա, վզից անմիջապես ներքև, և իհարկե, անպատվություն էր դա, «անպատվություն, որը չեմ ուրանում, ամենախայտառա՛կ արարքը ամբողջ կյանքումս»,— գոչեց Միտյան։ «Կարող էի վերադարձնել ու չվերադարձրի։ Նախընտրեցի գող մնալ նրա աչքում, բայց չվերադարձրի, իսկ ամենագլխավոր անպատվությունն այն էր, որ նախօրոք գիտեի՝ չեմ վերադարձնելու։ Ճի՛շտ է Ալյոշան։ Շնորհակա՛լ եմ, Ալյոշա»։
Դրանով վերջացավ Ալյոշայի հարցաքննթյունը։ Կարևոր ու բնորոշ էր հատկապես այն հանգամանքը, որ գոնե գտնվեց մի փաստ միայն, գոնե մի ապացույց, ասենք ամենաչնչին ապացույցը, համարյա թե ապացույցի մի նշույլ պարզապես, որը գեթ դույզն չափով հավաստում էր այնուամենայնիվ, թե իրոք գոյություն է ունեցել այդ քսակը, թե հազար հինգ հարյուր ռուբլի է եղել դրա մեջ, և թե մեղադրյալը չէր ստում նախնական քննության ժամանակ, երբ հայտարարում էր Մոկրոեում, թե «իրենն էր» այդ հազար հինգ հարյուր ոուբլին։ Ալյոշան ուրախ էր, լրիվ կարմրած, շարունակեց կրկնել ինքնիրեն. «Ինչպե՜ս էի մոռացել այդ բանը։ Ինչպե՜ս կարող էի մոռանալ։ եվ ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա՛ հիշեցի հանկարծ»։
Սկսվեց Կատերինա Իվանովնայի հարցաքննությունը։ Հենց որ նա երևաց, արտակարգ մի բան կատարվեց դահլիճում։ Տիկինները կպան իրենց կոթակնոցներին ու հեռադիտակներին, տղամարդիկ խլրտացին, ոմանք վեր կացան, որ ավելի լավ տեսնեն։ Հետագայում բոլորը պնդում էին, որ Միտյան հանկարծ գունատվեց «պատի նման», երբ օրիորդը ներս մտավ։ Ոտից գլուխ սև հագնված, համեստ ու գրեթե երկչոտ արտահայտությամբ մոտեցավ նա ու կանգնեց իրեն ցույց տրված տեղը։ Կարելի չէր կռահել դեմքից, որ հուզված է նա, բայց վճռականության մի փայլ կար նրա մութ, մռայլ հայացքում։ Պետք է նշել հետագայում շատ շատերը պնդում էին, որ նա զարմանալիորեն գեղեցիկ էր այդ րոպեին։ Սկսեց խոսել մեղմ, բայց հստակ, ամբողջ դահլիճում լսելի ձայնով։ Չափազանց հանգիսա էր արատահայտվում կամ գոնե ճիգ էր անում հանգիստ երևալու։ Նախագահն սկսեց իր հարցերը տալ զգուշությամբ, չափազանց հագալից, կարծես վախենալով դիպչել «որոշ լարերի» և հարգելով նրա մեծ դժբախտությունը։ Բայց Կատերինա Իվանովնան, պատասխանելով առաջարկված հարցերից մեկին, հենց ինքը աոաջին իսկ խոսքերից հայտարարեց հաստատորեն, որ մեղադրյալի նշանածն էր եղել «մինչև այն պահը, երբ նա լքեց ինձ...»,— ավելացրեց նա մեղմ ձայնով։ Երբ հարցրին այն երեք հազարի մասին, որ նա Միտյային հանձնել էր՝ փոստատուն տանելու և իր ազգականներին ուղարկելու համար, Կատերինա Իվանովնան հաստատորեն ասաց. «Ես նրան տվեցի ոչ թե ուղղակի փոստատուն տանելու համար, նախազգում էի, որ փողը շատ անհրաժեշտ է նրան... այդ րոպեին... Այդ երեք հազարը տվեցի այն պայմանով, որ եթե ուզում է՝ մի ամսվա ընթացքում ուղարկի։ Իզուր էր նա հետո այդքան տանջում իրեն այդ պարտքի համար...»։
Ես չեմ վերարտադրում բոլոր հարցերը և նրա բոլոր պատասխանները ամենայն ճշգրտությամբ, տալիս եմ միայն նրա ցուցմունքների էական իմաստը։
— Ես հաստատ համոզված էի, որ նա միշտ էլ կկարողանա ուղարկել այդ երեք հազարը, հենց որ ստանա իր հորից,- շարունակեց Կատերինա Իվանովնան, պատասխանելով հարցերին։— Ես միշտ էլ վստահ էի նրա անշահախնդրության ու ազնվոլթյան վրա... բարձր ազնվության... դրամական հարցերում։ Նա հաստատ համոզված էր, որ երեք հազար ռուբլի կստանա հորից, և մի քանի անգամ ասել էր ինձ այդ մասին։ Ես գիտեի, որ նա հակառակություն ունի հոր հետ, և միշտ էլ համոզված էի, մինչև հիմա էլ համոզված եմ, որ հայրը վիրավորել էր նրան։ Ես նրա կողմից ոչ մի սպառնալիք չեմ հիշում հոր նկատմամբ։ Գոնե ինձ մոտ ոչինչ չի ասել, ոչ մի սպառնալիք։ Եթե այն ժամանակ գար ինձ մոտ, ես իսկույն կփարատեի նրա տագնապը այդ չարաբաստիկ երեք հազար ռուբլու համար, որ պարտք էր ինձ, բայց նա այլևս չեկավ ինձ մոտ... իսկ ես ինքս... ես այնպիսի վիճակի մեջ էի դրված... որ չէի կարող նրան կանչել ինձ մոտ... Եվ ես իրավո՛ւնք էլ չունեի նրա հանդեպ խստապահանջ լինելու այդ պարտքի համար,— ավելացրեց նա հանկարծ, և վճռական մի բան զնգաց նրա ձայնի մեջ,— ես ի՛նքս մի անգամ դրամական օժանդակություն եմ ստացել նրանից՝ երեք հագարից ավելի մեծ մի գումար, և ընդունել եմ օժանդակությունը, չնայած որ այն ժամանակ չէի էլ կարող նախատեսել, թե երբևիցե ի վիճակի կլինեմ վերադարձնելու նրան իմ պարտքը...
Նրա ձայնի մեջ կարծես հախուռն մի շեշտ զգացվեք։ Հենց այդ րոպեին Ֆետյուկովիչը սկսեց իր հարցերը տալ։
— Այդ բանը կատարվեց ոչ թե այստեղ, այլ ձեր ծանոթության սկզբո՞ւմ,— զգույշ մոտեցումով արձագանքեց Ֆետյուկոկովիչը, բարենպաստ մի բան նախազգալով ակնթարթորեն։ (Փակագծում նշեմ, որ նա, չնայած որ մասամբ նաև հենց Կատերինա Իվանովնայի նախաձեռնությամբ էր հրավիրվել Պետերբուրգից, այնուամենայնիվ ոչինչ չգիտեր այն հինգ հազար ռուբլու մասին, որ Միտյան դեռ այն քաղաքում տվել էր Կատյային, չգիտեր «մինչև գետին խոնարհվելու» պատմությունը։ Կատյան չէր ասել այդ բանը նրան, թաքցրե՛լ էր։ Եվ զարմանալի էր դա։ Կարելի է հաստատ ենթադրել, որ Կատյան ինքն էլ մինչև վերջին րոպեն չգիտեր՝ կպատմի՞ այդ դրվագը դատարանում, թե ոչ, և մի տեսակ վայրկենական ներշնչման էր սպասում)։
Չէ՜, երրեք չեմ կարող մոռանալ այդ րոպեները։ Նա սկսեց պատմել, ամեն ինչ պատմեց, ամբողջ այն դրվագը, որ Միտյան հայտնել էր Ալյոշային, և՛ «մինչև գետին խոնարհվելը», և՛ պատճառները, և՛ իր հոր խնդիրը, և՛ իր գալը Միտյայի մոտ, բայց ոչ մի բան չասաց, մի հատիկ ակնարկ անգամ չարեց այն մասին, որ Միտյան ինքը, նրա քրոջ միջոցով, առաջարկել էր «իր մոտ ուղարկել Կատերինա Իվանովնային՝ փողն ստանալու»։ Վեհանձնորեն թաքցրեց այդ բանը և չամաչեց այնպես ներկայացնել, որ իբր թե ի՛նքը անձամբ վազել է երիտասարդ սպայի մոտ, իր սեփական մղումով, հույսը դնելով մի բանի վրա... որպեսզի փող խնդրի նրանից։ Ցնցող մի բան էր դա։ Ես սառչում ու դողում էի լսելու ժամանակ, դահլիճը քարացել էր, որսում էր ամեն մի բառը։ Անօրինակ մի բան կար դրա մեջ, այնպես որ մինչև իսկ Կատյայի նման ինքնիշխան ու արհամարհող հպարտությամբ տոգորված աղջկանից էլ համարյա անկարելի էր սպասել այդպիսի խիստ անկեղծ մի վկայություն, այդպիսի զոհողություն, այդպիսի ինքնազոհաբերում։ Եվ ինչի՞ համար, ո՞ւմ համար։ Փրկելո՜ւ համար նրան, ով դավաճանել ու անարգել էր իրեն, գեթ մի որևէ բանով, գեթ մի փոքր բանով նպաստելո՜ւ համար նրա փրկությանը, լավ տպավորություն ստեղծելով նրա օգտին։ Եվ իրոք, շատ համակրելի ու հմայիչ մի կերպար կանգնեց բոլորի աչքի առաջ՝ մի սպա, որ տալիս է իր վերջին հինգ հազար ռուբլին, այն ամբողջը, որ կյանքում մնացել էր իրեն, և հարգալից խոնարհվում է մի անմեղ աղջկա առջև։ Բայց... սիրտս ցավագին սեղմվեց։ Զգացի, որ հետագայում կարող է զրպարտոլթյա՜ն առիթ լինել այդ բանը (և այդպես էլ եղավ հետո, եղա՜վ)։ Հետագայում չարախնդորեն սկսեցին խոսել ամբողջ քաղաքում, թե եղելությունը գուցե այնքան էլ ճիշտ չէր պատմվել, հատկապես այն մասը, ուր սպան «իբր թե միայն հարգալից խոնարհությամբ» թողել է, որ օրիորդը գնա իր մոտից։ Ակնարկում էին, թե մի բան «բաց է թողնվել» այդ կետում։ «Բայց եթե նույնիսկ բաց չի թողնվել, եթե նույնիսկ ճշմարիտ է այդ ամբողջը,— ասում էին մեր ամենապատկառելի տիկիններն անգամ,— դեՌ այդ դեպքում էլ պարզ չէ, թե մի օրիորդի համար շա՞տ ազնիվ բան էր արդյոք այդպես վարվելը, թեկուզ և իր հորը փրկելու սիրույն»։ Եվ մի՞թե Կատերինա Իվանովնան իր այդ խելքով, իր այդ հիվանդագին խորաթափանցությամբ չէր կարողացել զգալ նախօրոք, թե մարդիկ կսկսեն խոսել այդպես։ Զգացել էր անպայման, բայց թե ահա սիրտ արեց ամե՜ն ինչ պատմել։ Իհարկե, հետագայում էր միայն, որ ծայր առան այդ լղրճուկ կասկածները նրա պատմածի ճշմարիտ լինելու մասին, իսկ առաջին րոպեին լրիվ ցնցվել էին բոլորը։ Դատական կազմի անդամները լսեցին երկյուղածությամբ, նույնիսկ, այսպես ասած, ամոթխած լռությամբ։ Դատախազը մի հատիկ հարց անգամ թույլ չտվեց իրեն այդ նյութի շուրջ։ Ֆետյուկովիչը խոր հարգանքով գլուխ տվեց օրիորդին։ Օ՜, համարյա թե հաղթանակում էր դատապաշտպանը։ Շատ բան էր ձեռք բերվել. մի մարդ, որ ազնիվ մղումով տալիս է իր վերջին հինգ հազար ռուբլին, և հետո նո՜ւյն մարդը իր հորն է սպանել գիշերը՝ նրանից երեք հազար ռուբլի գողանալու նպատակով... դա մասամբ անհարիր մի բան էր արդեն։ Գոնե առնվազն կողոպուտի խնդիրը կարող էր վերացնել հիմա Ֆետյոլկովիչը։ «Գործը» հանկարծ մի նոր լույսի տակ երևաց։ Համակրանքի մի շունչ տարածվեց Միտյայի օգտին։ Իսկ նա... պատմում էին, որ Կատերինա Իվանովնայի վկայության ընթացքում նա մեկ կամ երկու անգամ վեր էր թռել տեղից, հետո նորից ընկել էր նստարանին և ափերով ծածկել դեմքը։ Բայց երբ Կատյան վերջացրեց, Միտյան հանկարծ բացականչեց հեկեկան ձայնով, ձեռքերը մեկնելով նրան։
— Կա՜տյա, ինչո՛ւ խորտակեցիր ինձ։
Եվ ամբողջ դահլիճը լսեց նրա բարձրաձայն հեկեկոցը։ Սակայն նա վայրկենապես զսպեց իրեն և նորից գոռաց,
— Էլ հիմա դատապարտվե՛լ եմ արդեն։
Հետո նա մի տեսակ փայտացավ իր տեղում, ատամները սեղմած ու թևերը կրծքին խաչաձևած։ Կատերինա Իվանովնան մնաց դահլիճում և նստեց իրեն ցույց տրված աթոռի վրա։ Գունատ էր նա և նստել էր աչքերը խոնարհած։ Նրա մոտ եղողները պատմում էին, որ երկար ժամանակ դողում էր ստից գլուխ, կարծես տենդի մեջ։ Հարցաքննության ներկայացավ Գրուշենկան։
Արդեն մոտենում եմ այն աղետին, որ տեղի ունեցավ անակնկալորեն և գուցե իսկապես Միտյայի կործանման պատճառը եղավ։ Որովհետև ես համոզված եմ, և բոլորն էլ նմանապես, բոլոր իրավաբաններն այդպես էին ասում հետո, որ եթե չլիներ այդ դրվագը, հանցագործին գոնե մեղմացում կտային։ Բայց դրա մասին՝ քիչ հետո։ Նախ մի երկու խոսք միայն՝ Գրուշենկայի մասին։
Նա դահլիճ մտավ նույնպես ոտից գլուխ սև հագած, իր սքանչելի սև շալը ուսերին։ Իր սահուն, անձայն քայլվածքով, մի թեթև օրորվելով, ինչպես քայլում են երբեմն գիրուկ կանայք, մոտեցավ ճաղաշարքին, աչքերը նախագահին սևեռած և ոչ մի անգամ չնայելով ոչ աջ, ոչ ձախ։ Ըստ իս, նա շատ սիրուն էր այդ րոպեին և բոլորովին էլ գունատ չէր, ինչպես պնդում էին հետո տիկնայք։ Պնդում էին նաև, որ նրա դեմքին ինքնամփոփ ու չարացած մի արտահայտություն կար։ Ես կարծում եմ միայն, որ նա ջղայնացել էր և խայտառակ տեսարանների սիրահար մեր հասարակության արհամարհական ու հետաքրքրված հայացքները ծանրորեն զգում էր իր վրա։ Հպարտ բնավորություն ուներ Գրուշենկան, արհամարհանք չէր հանդուրժում, մեկն էր այն մարդկանցից, որոնք երբ ամենադույզն կասկածն են ունենում, թե մեկն արհամարհում է իրենց, իսկույն ևեթ բռնկվում են զայրույթով և հակահարված տալու մարմաջով։ Դրա հետ կար նաև, իհարկե, երկչոտությունը և ներքին ամոթը այդ երկչոտության համար, ուստի զարմանալի չէր, որ խոսակցության ժամանակ դյուրափոփոխ էր նա՝ մեկ ցասկոտ, մեկ արհամարհոտ ու սաստկորեն կոպիտ, մեկ էլ հանկարծ ինքնադատապարտման, ինքնամեղադրման անկեղծ, սրտագին մի շեշտ էր հնչում նրա խոսքի մեջ։ Իսկ երբեմն էլ խոսում էր այնպես, որ կարծես թավալգլոր ընկնում էր անդունդ, այսինքն թե՝ «միևնույն է, ինչ ուզում է լինի, ասելո՛ւ եմ...»։ Ֆյոդոր Պավլովիչի հետ իր ծանոթության մասին կտրուկ կերպով նկատեց. «Դատարկ բա՜ն է. ինչ է, ես մեղավո՞ր եմ, որ նա իմ պոչից կպավ»։ Իսկ մի րոպե հետո ավելացրեց. «Այդ բոլորը ի՛մ մեղքն է, ես երկուսի վրա էլ ծիծաղում էի՝ թե՛ բիձուկի, թե՛ սրա վրա, և երկուսին էլ այս օրը հասցրի։ Ի՛մ երեսից եղավ ամեն ինչ»։ Մի կերպ Սամսոնովի անունն էլ շոշափվեց։ «Ո՜ւմ ինչ գործն է,— իսկույն վրա տվեց նա մի տեսակ լաչառ հանդգնությամբ,— նա իմ բարերարն էր, նա ինձ ոտաբոբիկ վերցրեց, երբ իմ հարազատները դուրս շպրտեցին ինձ»։ Նախագահը հիշեցրեց նրան, թեև շատ քաղաքավարի կերպով, որ պետք է ուղղակի հարցերին պատասխանել, առանց ավելորդ մանրամասնությունների մեջ մտնելու։ Գրուշենկան կարմրեց և աչքերը փայլատակեցին։
Նա չէր տեսել այն ծրարը, որի մեջ փողն էր դրված, միայն լսել էր «չարագործից», որ Ֆյոդոր Պավլովիչը ինչ֊որ ծրար ունի մեջը երեք հազար ռուբլի։ «Բայց այդ ամբողջը հիմարություն է. ես ծիծաղում էի և ոչ մի դեպքում չէի գնա այնտեղ...»։
— Ո՞ւմ մասին էր, որ «չարագործ» ասացիք հիմա,— հարցրեց դատախազը։
— Այդ ծառան, Սմերդյակովը, որ իր տիրոջն սպանեց, իսկ երեկ էլ կախեց իրեն։
Իհարկե, անմիչապես հարցրին՝ ի՞նչ հիմքեր ունի այդպիսի վճռական մեղադրանքի համար, բայց պարզվեց, որ նա էլ ոչ մի հիմք չունի։
— Դմիտրի Ֆյոդորովիչն ինքը ասաց ինձ, և հենց նրան էլ հավատացեք։ Մեզ բաժանող օրիո՛րդը խորտակեց նրան, ա՜յ ասեմ ձեզ, նա է ամեն ինչի պատճառը, ա՜յ ասում եմ,— ավելացրեց Գրուշենկան, կարծես ամբողջովին դողալով ատելությունից, և քինախնդիր մի շեշտ հնչեց նրա ձայնի մեջ։
Հարցրին, թե ում է ակնարկում նորից։
— Այս օրիորդը, ա՜յ այս Կատերինա Իվանովնան։ Իր տունը կանչեց ինձ այն ժամանակ, շոկոլադ հյուրասիրեց, հրապուրել ուզեց։ Նրա մեջ իսկական ամոթ ասված բանը շա՛տ քիչ է, ա՛յ ասեմ ձեզ...
Այստեղ արդեն նախագահը խստորեն ընդհատեց նրան, խնդրելով, որ չափավորի իր արտահայտությունները։ Բայց խադոտ կնոջ սիրտը բռնկվել էր արդեն, նա պատրաստ էր թեկուզ անդունդ նետվելու...
— Ձերբակալության ժամանակ, Մոկրոեում,— հարցրեց դատախազը վերհիշելով,— բոլորը տեսան ու լսեցին, թե ինչպես դուք դուրս վազեցիք մյուս սենյակից ու գոռացիք. «Ես եմ ամեն ինչում մեղավորը, միասին աքսոր կգնանք»։ Ուրեմն այդ րոպեին դո՞ւք էլ վստահ էիք արդեն, որ նա հայրասպան է։
— Այդ րոպեի իմ զգացմունքները չեմ հիշում,— պատասխանեց Գրուշենկան,— բոլորը այն ժամանակ սկսեցին գոռալ, որ նա իր հորն է սպանել, դե ես էլ զգացի, որ ես եմ մեղավորը և իմ երեսից է սպանել։ Բայց երբ ինքը ասաց, որ անմեղ է, իսկույն հավատացի նրան, հիմա էլ հավատում եմ և միշտ պիտի հավատամ. այնպիսի մարդ չէ, որ սուտ ասի։
Ֆետյուկովիչն սկսեց հարցեր տալ։ Ի միջի այլոց, հիշում եմ, հարցրեց Ռակիտինի մասին և այն քսանհինգ ռուբլու, որ նա ստացել է «Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովին ձեզ մոտ բերելու համար»։
— Իսկ ի՞նչ զարմանալու բան է, որ նա վերցրեց փողը,— չարախինդ արհամարհանքով ժպտաց Գրուշենկան։— Նա միշտ էլ գալիս էր մոտս, աղաչում-պաղատում, թե փող տուր, լինում էր, որ ամիսը մի երեսուն ռուբլի էր վերցնում, շատը՝ զիզի֊բիզի բաների համար, առանց իմ տվածի էլ ուտել֊խմելու փող ուներ։
— Իսկ ի՞նչ հիման վրա դուք այդպես առատաձեռն էիք պարոն Ռակիտինի նկատմամբ,— վրա բերեց Ֆետյուկովիչը, չնայած որ նախագահը անհանգիստ շարժվեց տեղում։
— Դե նա իմ մորաքրոջ տղան է։ Իմ մայրը և նրա մայրը հարազատ քույրեր են։ Միայն թե նա միշտ աղաչում էր, որ այստեղ ոչ ոքի չասեմ դրա մասին, դե շա՜տ էր ամաչում իմ պատճառով։
Այս նոր փաստը կատարյալ անակնկալ էր բոլորի համար, մինչև հիմա ոչ ոք չգիտեր դրա մասին ամբողջ քաղաքում, նույնիսկ վանքում չգիտեին, նույնիսկ Միտյան չգիտեր։ Պատմում էին, որ Ռակիտինը ամոթից կասկարմիր է կտրել, իր աթոռին նստած։ Գրուշենկան դեռ դահլիճ մտնելուց առաջ իմացել էր մի կերպ, որ նա Միտյայի դեմ է վկայել, դրա համար էլ չարացել էր։ Պ. Ռակիտինի ամբողջ քիչ առաջվա ճառը, ամբողջ դրա ազնվաշունչ ոգին, նրա բոլոր հարձակումները ճորտատիրական իրավունքի, Ռուսաստանի հասարակական անկարգության վրա՝ այդ ամբողջը վերջնականապես փուլ եկավ այս անգամ ու ջնջվեց հասարակության աչքին։ Ֆետյուկովիչը գոհ էր. աստված նորից իր հացին յուղ քսեց։ Գրուշենկային շատ էլ երկար չհարցաքննեցին, և իհարկե նա չէր էլ կարող հատկապես մի որևէ նոր բան հայտնել։ Հասարակության վրա նա շատ տհաճ տպավորություն թողեց։ Հարյուրավոր արհամարհական հայացքներ ուղղվեցին նրան, երբ նա վերջացրեց իր վկայությունը և նստեց դահլիճում՝ Կատերինա Իվանովնայից բավական հեռու։ Նրա հարցաքննության ժամանակ Միտյան լուռ մնաց անընդհատ, կարծես քարացած, աչքերը հատակին։
Վկայություն տալու ներկայացավ Իվան Ֆյոդորովիչը։
V։ Անականկալ աղետը
Նշեմ, որ նրան դեռ Ալյոշայից առաջ էին կանչել։ Բայg դատական կատարածուն այն ժամանակ զեկուցել էր նախագահին, որ անակնկալ տկարության կամ մի տեսակ նոպայի հետևանքով՝ վկան չի կարող այդ րոպեին ներկայանալ, բայց հենց որ լավ զգա իրեն, պատրաստ է որևէ րոպե տալ իր վկայությունը։ Բայց կարծես թե ոչ ոք չէր լսել այդ բանը, հետո միայն իմացան։ Առաջին րոպեին համարյա աննկատելի անցավ նրա երևալը, գլխավոր վկաները, հատկապես երկու մրցակից կանայք, հարցաքննվել էին արդեն, մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարված էր առայժմ։ Հասարակության մեջ նույնիսկ հոգնածություն էր զգացվում։ Դեռ պետք է հարցաքննվեին մի քանի վկաներ, որոնք հավանաբար ոչ մի առանձին բան չէին կարող հայտնել այն բոլոր ցուցմունքներից հետո, որ արդեն տրվել էին։ Իսկ ժամանակն անցնում էր։ Իվան Ֆյոդորովիչը մի տեսակ զարմանալիորեն դանդաղ մոտեցավ, ոչ ոքի չնայելով ու նույնիսկ գլուխը հակած, կարծես խոժոռադեմ խորհրդածելով մի բանի մասին։ Անթերի էր հագնվել, բայց նրա դեմքը ցավագին տպավորություն թողեց, գոնե ինձ վրա. կարծես հողի շունչն էր դիպել այդ դեմքին, մեռնող մարդու դեմքի էր նման։ Աչքերը պղտոր էին, բարձրացրեց հայացքը և դանդաղորեն նայեց ամբողջշ դահլիճին։ Ալյոշան հանկարծ վեր թռավ աթոռից ու տնքաց՝ ա՜խ։ Հիշում եմ այդ բանը։ Բայց դա էլ համարյա ոչ ոք չնկատեց։
Նախագահը սկսեց ասել նրան, թե նա վկայություն է տալիս առանց երդում ընդունելու, թե կարող է պատասխանել կամ լուռ մնալ, բայց թե անշուշտ բոլոր ցուցմունքները պետք է խղճմտանքով տրվեն և այլն, և այլն։ Իվան Ֆյոդորովիչը լսում էր ու պղտոր հայացքով նայում նրան։ Բայց հանկարծ նրա դեմքի վրա մի ժպիտ սկսեց տարածվել դանդաղորեն, և հենց որ նախագահը, զարմացած նայելով նրան, վերջացրեց իր խոսքը, Իվան Ֆյոդորովիչը հանկարծ ծիծաղեց։
— Է՜, ուրի՞շ ինչ,— բարձրաձայն հարցրեց նա։
Դահլիճում լռություն տիրեց, կարծես զգացին, որ մի բան կա։ Նախագահը սկսեց անհանգստանալ։
— Դուք... դեռ գուցե այնքան էլ առողշ չե՞ք,— ասաց նա և աչքերով փնտրեց դատական կատարածուին։
— Մի՛ անհանգստացեք, ձերդ գերազանցություն, ես բավական առողջ եմ և կարող եմ մի հետաքրքրական բան ասել ձեզ,— պատասխանեց հանկարծ Իվան Ֆյոդորովիչը՝ կատարելապես հանգիստ ու հարգալից։
— Դուք մի որևէ հատուկ ծանուցո՞ւմ ունեք ներկայացնելու,— շարունակեց նախագահը դեռ անվստահությամբ։
Իվան Ֆյոդորովիչը հայացքն իջեցրեց, հապաղեց մի քանի վայրկյան, հետո գլուխը նարից բարձրացրեց ու պատասխանեց մի տեսակ կակազելով.
— Չէ... չունեմ։ Ոչ մի առանձնահատուկ բան չունեմ։
Սկսեցին հարցեր առաջարկել։ Նա պատասխանում էր մի տեսակ խիստ դժկամորեն, չափից ավելի կարճ, նույնիսկ մի տեսակ զզվանքով, որն ավելի ու ավելի էր աճում, թեև պատասխաններն այնուամենայնիվ խելամիտ էին։ Շատ հարցերից հրաժարվեց, պատճառաբանելով, թե չգիտե։ Հոր և Դմիտրի Ֆյոդորովիչի հաշիվների մաաին ոչինչ չէր իմանում։ «Չեմ էլ զբաղվել դրանով»,— ասաց նա։ Մեղադրյալից լսել էր սպառնալիքներ, թե կսպանի հորը. Ծրարի մեջ դրված փողի մաաին լսել էր Սմերդյակովից...
— Անընդհատ նույն բանը,— ընդհատեց հանկարծ հոգնած երևույթով։— Ես ոչ մի հատուկ բան չեմ կարող հաղորդել դատարանին։
— Տեսնում եմ՝ անառողջ եք, և հասկանում եմ ձեր զգացմունքները...— սկսեց նախագահը։
Նա դիմեց երկու կողմերին՝ դատախազին ու դատապաշտպանին, հրավիրելով նրանց, որ հարցեր առաջարկեն, եթե անհրաժեշտ են գտնում, բայց հանկարծ Իվան Ֆյոդորովիչը ուժասպառ ձայնով խնդրեց.
— Թողեք ինձ, գնամ, ձերդ գերազանցություն, շատ անառողջ եմ զգում։
Եվ այդ ասելով, առանց թույլտվության սպասելու, հանկարծ դարձավ ու սկսեց հեռանալ դահլիճից։ Բայց չորս քայլից հետո կանգ առավ, կարծես հանկարծ մի բան մտածելով, մեղմ ժպտաց ու վերադարձավ նույն տեղը։
— Ես այն գյուղացի աղջկա նման եմ, ձերդ գերազանցություն... գիտեք, ինչպե՞ս էր, «Ուզեմ՝ կկանգնեմ, ցուզեմ՝ ցեմ կանգնի»։ Սարաֆանը բռնած սպասում են, որ նա վեր կենա, հագցնեն ու տանեն պսակելոլ, իսկ նա ասում է. «Ուզեմ կկանգնեմ, ցուզեմ՝ ցեմ կանգնի»... Մեր ազգություններից մեկի բանահյուսության մեջ է դա...
— Ի՞նչ եք ուզում ասել դրանով,— խստաշեշտ հարցրեց նախագահը։
— Ահա՛,— Իվան Ֆյոդորովիչը հանկարծ մի կապոց հանեց,— ահա՛ փողերը... հենց այն փողերը, որ ահա այն ծրարի մեջ էին,— նա գլխի շարժումով ցույց տվեց իրեղեն ապացույցների սեղանը,— և որոնց պատճառով սպանեցին մեր հորը։ Ո՞ւր դնեմ։ Պարոն դատական կատարածու, վերցրեք ու հանձնեցեք։
Դատական կատարածուն վերցրեց ամբողջ կապոցը և հանձնեց նախագահին։
— Ինչպե՞ս այս փողը կարող էր ձեզ մոտ գտնվել... եթե նույն փողն է,— զարմանքով հարցրեց նախագահը։
— Սմերդյակովից ստացա, մարդասպանից, երեկ։ Մոտն էի երեկ, հենց իմ գնալուց հետո կախել է իրեն։ Նա՛ սպանեց մեր հորը, ոչ թե եղբայրս։ Նա սպանեց, իսկ ես իրեն դրդեցի, որ սպանի... Ո՞վ չի ցանկանում իր հոր մահը...
— Ձեր խելքը տե՞ղն է, թե չէ,— ակամա թռավ նախագահի բերանից։
— Հենց այն է, որ խելքս տեղն է... ստո՛ր խելքս, ինչպես ձերն էլ է ստոր, ինչպես բոլոր այս... մռ֊ռութների՜ խելքը,— դարձավ նա հանկարծ դեպի հասարակությունը։— Սպանել են հորս, և սրանք ձևացնում են, թե վախեցել են,— կրճտացրեց նա ցասումնալից արհամարհանքով։— Պոչ են խաղացնում մեկը մյուսի առաջ։ Ստախոսնե՜ր։ Բոլորը ցանկանում են իրենց հոր մահը։ Մի սողունը կուլ է տալիս մյուս սողունին... Եթե չլիներ հայրասպանությունը, սրանք բոլորն էլ կբարկանային ու չարացած կգնային իրենց տները... Տեսարա՜ն են ուզում։ «Հաց ու տեսարա՜ն»։ Բայց ե՜ էլ մի լավ պտուղ եմ, հա՜։ Ջուր ունե՞ք, թե չէ, տվեք խմեմ, ի սե՜ր Քրիստոսի,— հանկարծ իր գլուխը բռնեց նա։
Դատական կատարածուն անմիջապես մոտեցավ նրան։ Ալյոշան հանկարծ վեր թռավ ու գոռաց. «Հիվա՜նդ է, մի՛ հավատացեք նրան, տենդի մեջ է»։ Կատերինա Իվանովնան թափով վեր կացավ իր աթոռից և, սոսկումից անշարժացած, նայում էր Իվան Ֆյոդորովիչին։ Միտյան ոտքի ելավ ու մի տեսակ մոլեգին, այլայլված ժպիտով, ագահորեն նայում էր ու լսում եղբորը։
— Հանգստացեք, չեմ խելագարվել, պարզապես մարդասպան եմ,— սկսեց նորից Իվանը։— Մարդասպանից հո պերճախոսություն չի կարելի սպասել...— ավելացրեց նա հանկարծ չգիտես ինչու, և ծուռ ծիծաղեց։
Դատախազը, հայտնապես շփոթված, թեքվեց դեպի նախագահը։ Դատարանի անդամները անհանգիստ փսփսում էին իրար միջև։ Ֆետյուկովիչն ականջները սրած լսում էր։ Դահլիճն սպասում էր, քարացած։ Նախագահը կարծես հանկարծակի սթափվեց։
— Վկա՛, ձեր խոսքերը անհասկանալի են և անկարելի են այստեղ։ Հանգստացեք, եթե կարող եք, և պատմեցեք... եթե իրոք ասելու բան ունեք։ Ինչո՞վ կարող եք հաստատել այդպիսի խոստովանությունը... եթե միայն չեք զառանցում։
— Հենց այն է խնդիրը, որ ոչ մի վկա չունեմ։ Շունշանորդի Սմերդյակովը այն աշխարհից վկայություն չի ուղարկի ձեզ... ծրարի մեջ։ Ձեզ միայն ծրարներ են պետք, մի հատն էլ բավական է։ Վկաներ չունեմ... Բացի միայն մեկ վկայից գուցե,— մտախոհ ժպտաց նա։
— Ո՞վ է ձեր վկան։
— Պո՜չ ունի, ձերդ գերազանցություն, անվայել բան կլինի։ Le diable n’existe point![4] Ուշադրություն մի՛ դարձրեք, անպետք, չնչին մի սատանա է,— ավելացրեց նա, հանկարծ դադարելով ծիծաղել և կարծես խորհրդապահորեն խոսելով,— այստեղ է նա անկասկած, մի որևէ անկյունում, ա՛յ այն իրեղեն ապացույցների սեղանի տակ, էլ ո՞ւր պետք է նստի, եթե ոչ այնտեղ։ Հասկանո՞ւմ եք, լսեցեք ինձ. ես նրան ասացի՝ չեմ ուզում լռել, իսկ նա երկրաբանական հեղաշրջման մասին սկսեց... հիմարությո՜ւն։ Է՛հ, ազատեցեք ճիվաղին... Նա սկսել է օրհներգել, դե որովհետև հե՜շտ է նրա համար։ Միևնույնն է, թե հարբած սրիկան սկսի բղավել ինչպե՜ս «Վանկան գնաց Պիտեր», իսկ ես երկու վայրկյանի ցնծության համար կվադրիլիոն անգամ կվադրիլիոն կտայի։ Դուք չգիտե՜ք ինձ։ Օ՜, ինչ հիմար բան է ձեր այս ամբողջ արածը։ Դե՛հ, վերցրեք ինձ նրա փոխարեն։ Հո իզուր չեմ եկել... Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան հիմար է ամեն ինչ, ծայրից ծայր...
Եվ նա նորից սկսեց դանդաղ ու կարծես մտախոհ նայել շուրջը՝ դահլիճին։ Բայց բոլորն սկսել էին արդեն իրար անցնել։ Ալյոշան իր տեղից վազեց նրա մոտ, բայց դատական կատարածուն արդեն բռնել էր Իվան Ֆյոդորովիչի ձեռքը։
— Սա՞ ինչ բան է,— գոռաց նա, շեշտակի նայելով կատարածուի դեմքին, և հանկարծ բռնեց նրա ուսերից, կատաղորեն հրեց ու շրմփացրեց հատակին։ Բայց պահակ ոստիկանները հասել էին արդեն ու բռնեցին նրան։ Այդ վայրկյանին նա մի մոլեգին աղաղակ արձակեց։ Եվ երբ տանում էին նրան, շարունակ աղաղակում էր ու անկապ մի բան գոռգոռում։
Դահլիճն իրար անցավ։ Ամեն ինչ կարգով չեմ հիշում, ինքս էլ հուզված էի և չէի կարող հետևել։ Միայն գիտեմ, որ հետո, երբ արդեն ամեն ինչ խաղաղվել էր և բոլորը հասկացել էին խնդիրը, դատական կատարածուն մի լավ հանդիմանություն ստացավ, թեև նա հիմնավորապես բացատրեց, որ վկան միշտ էլ առողջ էր, և երբ մի ժամ առաջ թեթև անհանգստություն էր զգացել բժիշկը նայել էր նրան, իսկ մինչև դահլիճ մտնելը միշտ էլ խելքը գլխին էր խոսում, այնպես որ անկարելի էր մի որևէ բան նախատեսել, և ընդհակառակը, ինքն էր պնդում և անպայման ուզում էր վկայություն տալ։ Բայց հազիվ էին գեթ մի քիչ խաղաղվել և ուշքի եկել, երբ այդ տեսարանին անմիջապես հաջորդեց մի ուրիշը. Կատերինա Իվանովնան հիստերիկ նոպա ունեցավ։ Նա սկսեց բարձրաձայն ճչալով հեծկլտալ, բայց չէր ուզում գնալ դահլիճից, մաքառում էր, աղաչում, որ իրեն դուրս չտանեն, և հանկարծ գոռաց նախագահին.
— Ես պետք է մի ցուցմունք էլ հայտնեմ ձեզ, անմիջապես... անմիջապե՞ս... Ահա՛ մի փաստաթուղթ, նամա՜կ... վերցրե՛ք, կարդացե՛ք, շո՛ւտ, շո՛ւտ։ Այս հրեշի՜ նամակն է, ահա ա՛յս, ա՛յս,— ցույց տվեց նա Միտյային։— Նա՛ է սպանել իր հորը, կտեսնեք հիմա, նա ինձ գրո՜ւմ է, թե ինչպես է սպանելու հորը։ Իսկ մյուսը հիվանդ է, հիհա՜նդ, տենդի մեջ է նա։ Երե՜ք օր է արդեն տեսնում եմ, որ տենդի մեջ է։
Այսպես գոռգոռում էր նա, իրեն կորցրած։ Դատական կատարածուն վերցրեց այն թուղթը, որ նա մեկնում էր նախագահին, իսկ Կատերինա Իվանովնան, ընկնելով աթոռին ու դեմքը ծածկելով, սկսեց ջղաձգորեն ու անձայն հեծկլտալ, ոտից գլուխ ցնցվելով ու խեղդելով ամենափոքր տնքոցն անգամ՝ այն վախից, թե իրեն դահլիճից դուրս կհանեն։ Նրա հանձնած թուղթը հենց այն նամակն էր, որ Միտյան գրել էր «Մայր քաղաք» գինետնից, և որ Իվան Ֆյոդորովիչը «մաթեմատիկական» կարևորություն ունեցող փասաաթուղթ էր կոչել։ Ավա՜ղ, հենց այդ մաթեմատիկական նշանակությունն էլ տրվեց դրան, և եթե չլիներ այդ նամակը՝ գուցե և Միտյան չէր կործանվի, կամ էլ գոնե այդքա՜ն ահավոր չէր լինի նրա կործանումը։ Կրկնում եմ, դժվար էր հետևել մանրամասնություններին։ Հիմա էլ այդ ամբողջը իմ աչքին պատկերանում է այնպիսի՜ խառնաշփոթության մեջ։ Երևի նախագահն իսկույն ևեթ նոր փաստաթուղթը ցույց տվեց դատավորներին, դատախազին, դատապաշտպանին, ատենակալներին։ Հիշում եմ միայն, թե ինչպես սկսեցին վկային հարցեր տալ։ Երբ նախագահը մեղմորեն դիմեց նրան այն հարցով, թե հանգստացե՞լ է նա արդյոք, Կատերինա Իվանովնան թափով բացականչեց.
— Պատրաստ եմ, պատրա՜ստ։ Կատարելապես ի վիճակի եմ պատասխանելու ձեզ,— ավելացրեց նա, երևի դեռ սոսկալի վախենալով, որ այս կամ այն պատճառով չեն լսի իր վկայությունը։ Խնդրեցին, ոը բացատրի ավելի մանրամասնորեն՝ ի՞նչ նամակ է դա, և ի՞նչ պայմաններում է ստացել։
— Հենց ոճրագործության նախորդ օրը ստացա, իսկ նա գրել է դրանից էլ մի օր առաջ, գինետանը, ուրեմն իր ոճիրը գործելուց երկու օր առաջ, նայեցե՜ք, ինչ֊որ հաշվեթղթի վրա է գրվել նամակը, — գոռաց նա շնչասպառ։ —Նա այն ժամանակ ատում էր ինձ, որովհետև ի՛նքը ստոր բան էր արել ու գնացել այդ արարածի ետևից... և մեկ էլ որովհետև այդ երեք հազար ռուբլին էր ինձ պարտք... Օ՜, իրեն անարգված էր զգում այդ երեք հազարի համար, հենց ի՛ր իսկ ստորության երեսից։ Այդ երեք հազարը ահա թե ինչպես եղավ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ՝ լսեցեք ինձ։ Իր հորը սպանելուց երեք շաբաթ առաջ մի առավոտ նա եկավ ինձ մոտ։ Ես գիտեի, որ փող է պետք նրան, և գիտեի, թե ինչու, այո, այո, հենց այս արարածին գայթակղեցնելու և հետը տանելու համար։ Գիտեի այն ժամանակ, որ արդեն դավաճանել է և ուզում է լքել ինձ. ես ի՛նքս տվեցի նրան այդ փողը, ի՛նքս աոաչարկեցի՝ իբր թե քրոջս ուղարկելու համար, Մոսկվա։ Եվ երբ տալիս էի, նայեցի երեսին ու ասացի, որ կարող է ուզած ժամանակ ուղարկել, «թեկուզ և մի ամիս հետո»։ Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էր չհասկանալ, որ ուղղակի ասում էի իր երեսին. «Քեզ փող է պետք, որ դավաճանես ինձ այդ արարածի հետ, դե ուրեմն ահա՛ քեզ այդ փողը, ի՛նքս եմ տալիս, վերցրո՛ւ, եթե այնքա՜ն անազնիվ ես, որ կարող ես վերցնել...»։ Ես ուզում էի նրա դիմակը պատռել, և ի՞նչ։ Վերցրեց, վերցրե՜ց փողը և տարավ, ծախսեց այո արարածի հետ այնտեղ, մի գիշերվա մեջ... բայց նա հասկացավ, հասկացա՜վ, որ ես ամեն ինչ գիտեմ։ Հավատացնում եմ ձեզ, հասկացավ նաև, որ ես այդ փողը տալով փորձում եմ նրան պարզապես՝ արդյոք այնքա՞ն անազնիվ կլինի, որ վերցնի փողը ինձնից։ Նայում էի աչքերին, ինքն էլ իմ աչքերին էր նայում ու ամեն ինչ հասկանում էր, ամե՜ն ինչ հասկանում էր, և վերցրեց, վերցրե՜ց ու տարավ իմ փողը։
— Ճի՛շտ է, Կատյա,— բղավեց հանկարծ Միտյան,— աչքերիդ նայում և հասկանում էի, որ անպատվում ես ինձ, բայց վերցրի՛ փողը։ Արհամաբհեցե՛ք ինձ նման սրիկային, արհամարհեցե՜ք բոլորդ, արժանի եմ դրան։
— Մեղադրյա՛լ,— գոչեց նախագահը,— մի խոսք ևս, և կհրամայեմ դուրս հանել ձեզ այստեղից։
— Այդ փողը տանջում էր նրան,— շարունակեց Կատյան, ջղաձգորեն շտապելով։— Ուզում էր ետ տալ ինձ, ուզում էր, ճիշտ է, բայց այս արարածի՛ համար էլ փող էր պետք նրան։ Եվ ահա սպանե՜ց հորը, բայց այնուամենայնիվ փողը ետ չտվեց ինձ, այս արարածի հետ գնաց այդ գյուղը, ուր նրան ձերբակալեցին։ Այնտեղ նորի՜ց մսխեց այն փողն էլ, որ գողացել էր իր սպանած հորից։ Իսկ հորն սպանելուց մի օր առաջ էր, որ ինձ գրեց այս նամակը, գրեց հարբած վիճակում, ես այն ժամանակ անմիջապես նկատեցի դա, զայրույթից գրեց, և իմանալո՜վ, հաստատ իմանալով, որ ես ոչ ոքի ցույց չեմ տա այս նամակը, եթե նույնիսկ սպանի իրոք։ Թե չէ՝ չէր գրի։ Գիտե՜ր, որ չեմ ուզենա վրեժ լուծել իրենից ու խորտակել իրեն։ Բայց կարդացեք, կարդացե՛ք ուշադիր, ավելի ուշադիր, խնդրում եմ, և կտեսնեք, որ նա ամեն ինչ նկարագրել է նամակի մեջ, ամե՜ն ինչ նախօրոք, թե ինչպե՛ս է սպանելու հորը, և որտե՛ղ է պահված նրա փողը։ Նայեցեք, բաց մի՛ թողեք աչքից, խնդրում եմ, այնտեղ մի նախադասություն կա, «Կսպանեմ, միայն թե Իվանը գնացած լինի»։ Ուրեմն արդեն նախօրոք մտածե՜լ է, թե ինչպես է սպանելու,— չարախնդորեն ու նենգաբար հուշում էր դատարանին Կատերինա Իվանովնան։ Օ՜, պարզ երևում էր, որ նա ամենայն նրբությամբ խորացել էր այդ ճակատագրական նամակի մեջ, ուսումնասիրել էր ամեն մի մանրամասնությունը։ — Եթե հարբած չլիներ, չէր գրի ինձ, բայց նայեցեք, այստեղ ամեն ինչ նկարագրված է նախօրոք, ամե՜ն ինչ՝ կետ առ կետ, ինչպես սպանեց հետո, ամբո՜ղջ ծրագիրը։
Այդպես բացականչում էր նա գլուխը կորցրած և անշուշտ արհամարհելով բոլոր հետևանքներն իր համար, թեև, պարզ է, դեռ մի ամիս առաջ նախատեսում էր դրանք, որովհետև այն ժամանակ էլ գուցե, դողալով զայրույթից, մտմտում էր. «Չկարդա՞մ արդյոք այս նամակը դատարանում»։ Իսկ հիմա կարծես ուղղակի նետվեց գլխիվայր։ Հիշում եմ, քարտուղարը բարձրաձայն կարդաց նամակը, կարծեմ հենց անմիջապես, և դա ցնցող տպավորություն գործեց։ Դառնալով Միտյային, հարց տվեցին նրան՝ ընդունո՞ւմ է այդ նամակը։
— Ի՛մն է, ի՛մը,— բացականչեց Միտյան։— Հարբած չլինեի, չէի գրի... Շատ բանի համար իրար ատում էինք, Կատյա, բայց երդվում եմ, երդվում, ես քեզ ատելո՜վ էլ սիրում էի, իսկ դու ինձ՝ ո՛չ։
Նա ընկավ իր աթոռին, հուսահատորեն գլխին տալով։ Դատախազն ու դատապաշտպանը սկսեցին խաչաձև հարցաքննել Կատերինա Իվանովնային, մանավանդ այն առումով, թե «ի՞նչը ձեզ քիչ առաջ մղեց թաքցնել այսպիսի փաստաթուղթը և բոլորովին այլ ոգով ու տրամադրությամբ վկայություն տալ»։
— Այո, այո, քիչ առաջ սուտ ասացի, ստում էի պատվի ու խղճի դեմ, բայց ուզում էի փրկել նրան քիչ առաջ, որովհետև նա այնպե՜ս ատում էր ինձ, այնպե՜ս արհամարհում,— խելագարի նման բացականչեց Կատյան։— Օ՜, նա սոսկալի արհամարհում էր ինձ, միշտ արհամարհում էր, և գիտե՞ք, գիտե՞ք, արհամարհում էր հենք այն րոպեին, երբ ես նրա ոտքերին խոնարհվեցի այդ փողի համար։ Տեսա ես այդ բանը... Ես այդ րոպեին իսկույնևեթ զգացի դա, բայց երկար ժամանակ չէի հավատում ինքս ինձ։ Քանի՜ անգամ կարդացել եմ նրա աչքերում՝ «Համենայն դեպս դու ի՛նքդ եկար ինձ մոտ այն ժամանակ»։ Օ՜, նա չհասկացավ, բոլորովին չհասկացավ, թե ինչո՛ւ ես իր մոտ վազեցի այդ օրը, նա ընդունակ է միայն ստորությո՜ւն կասկածելու։ Իր չափո՜վ էր չափում, կարծում էր, որ բոլորն էլ այնպես են, ինչպես ինքը,— կատաղորեն կրճտացրեց Կատյան, արդեն բոլորովին մոլեգնած։— Իսկ ինձ հետ ամուսնանալ ուզեց, որովհետև ես ժառանգություն ստացա, միա՛յն դրա համար ուզեց, դրա՜ համար։ Ես միշտ կասկածում էի՝ դրա՛ համար։ Օ՜, գազան է նա։ Միշտ էլ համոզված էր, թե ես իմ ամբողջ կյանքում դողալո՜ւ եմ նրա առաջ ամոթից, որ այդ օրը եկա իր մոտ, և թե ինքը կարող է հավիտյան արհամարհել ինձ դրա համար, ուրեմն և վերևի՜ց նայել ինձ. ահա թե ինչու ուզեց ամուսնանալ ինձ հետ։ Այդպես է, լրի՛վ այդպես է։ Ես փորձեցի հաղթել նրան իմ սիրով, իմ անսահման սիրով, ուզում էի նույնիսկ նրա դավաճանությունը հանդուրժել, բայց նա ոչինչ, ոչինչ չհասկացավ։ Եվ մի՞թե նա կարող է որևէ բան հասկանալ։ Հրե՜շ է նա։ Այդ նամակը հաջորդ օրը միայն ստացա, երեկոյան, գինետնից բերեցին ինձ, իսկ դեռ առավոտյան, այդ նույն օրը առավոտյան ուզում էի ամե՜ն ինչ ներել նրան, ամե՜ն ինչ, նրա դավաճանությո՛ւնն անգամ։
Իհարկե, նախագահն ու դատախազը հանգստացնում էին նրան։ Համոզված եմ՝ գուցե նույնիսկ ամոթ էին զգում նրանք բոլորն էլ, որ այդպես օգտվում են նրա մոլեգնությունից և այդպիսի խոստովանություններ են լսում։ Հիշում եմ՝ լսեցի, թե ինչպես նրանք ասում էին Կատյային. «Հասկանում ենք, թե որքան ծանր է ձեզ համար, հավատացեք, մենք կարող ենք զգալ և այլն, և այլն, բայց, այնուամենայնիվ, հիստերիկ ցնորամտության մեջ ընկած կնոջ բերանից ցուցմունքներ քաղեցին։ Վերջապես Կատյան, այն արտակարգ հստակությամբ, որ այդպիսի լարված վիճակում անգամ երևում է հաճախ, թեև մի վայրկյան, նկարագրեց, թե ինչպես Իվան Ֆյոդորովիչը ամբողջ այս երկու ամսվա ընթացքում համարյա խելքն էր կորցնում, որ փրկի «հրեշին ու մարդասպանին», այսինքն իր եղբորը։
— Տանջո՜ւմ էր իրեն,— բացականչեց Կատյան,— անընդհատ ուզում էր փոքրացնել իր եղբոր հանցանքը, խոստովանելով ինձ, որ ինքն էլ չէր սիրում հորը և գուցե ինքն էլ նրա մահն էր ցանկանում։ Օ՜, ինչ խորո՜ւնկ խիղճ է, խորո՜ւնկ։ Տանջեց իրեն իր խղճով։ Ամեն ինչ հայտնում էր ինձ, ամե՜ն ինչ, գալիս էր մոտս և ամեն օր խոսում էր ինձ հետ՝ որպես իր միակ բարեկամի։ Ես պատիվն ունեմ նրա միակ բարեկամը լինելու,— բացականչեց նա հանկարծ, ասես մի տեսակ մարտահրավեր կարդալով, և աչքերը փայլատակեցին։— Երկու անգամ գնաց Սմերդյակովի մոտ։ Մի օր եկավ ու ասաց ինձ՝ եթե եղբայրս չէ սպանողը, այլ Սմերդյակովը (որովհետև այստեղ բոլորն էլ տարածեցին այն առասպելը, թե Սմերդյակովն է սպանել), ուրեմն գուցե ես էլ մեղավոր եմ, որովհետև Սմերդյակովը գիտեր, որ ես չեմ սիրում հորս, և գուցե մտածել է, թե հորս մահն եմ ցանկանում։ Այն ժամանակ ես հանեցի այդ նամակը և ցույց տվեցի, և նա արդեն լրիվ համոզվեց, որ եղբայրն է սպանել և արդեն ուղղակի շանթահար եղավ։ Չէ՜ր կարողանում հանդուրժել, որ իր հարազատ եղբայրը հայրասպան է։ Դեռ մի շաբաթ առաջ ես տեսա, որ նա հիվանդանում է դրա պատճառով։ Վերջին օրերս նստում էր ինձ մոտ ու զառանցում։ Տեսնում էի, որ խելագարվում է։ Քայլում ու զառանցում էր, մարդիկ փողոցներում են տեսել այդ բանը։ Մոսկվայից եկած բժիշկն իմ խնդրանքով քննեց նրան երկու օր առաջ և ասաց ինձ, որ տենդախտ է սպաոնոլմ նրան՝ սրա՛ երեսից ամբողջ, այս հրեշի՜ երեսից։ Իսկ երեկ իմացավ, որ Սմերդյակովը մեռել է, և դա այնպե՜ս ցնցեց նրան, որ խելագարվեց... և ամբողջը այս հրեշի՜ երեսից, ամբողջը այն պատճառով, որ փրկի՜ հրեշին։
Օ՜, իհարկե, կյանքում լոկ մի անգամ կարելի է այսպես խոսել ու այսպես խոստովանել՝ մահից մի րոպե առաջ, օրինակ, կառափնարան բարձրանալու պահին։ Բայց Կատյան հենց իր տարերքի մեջ էր, և այդպիսի րոպե էր նրա համար։ Դա նույն այն խելահեղ Կատյան էր, որ մի ժամանակ վազել էր երիտասարդ անառակի մոտ՝ իր հորը փրկելու սիրույն. նույն այն Կատյան, որ քիչ առաջ, հպարտ ու անարատ աղջիկ, զոհաբերեց իրեն և իր օրիորդական ամոթխածությունը ամբողջ այդ հասարակության առջև՝ պատմելով «Միտյայի ազնիվ արարքի» մասին, պարզապես մի քիչ մեղմացնելու համար այն ճակատագիրը, որ սպաաում էր նրան։ Եվ ահա հիմա ճիշտ նույնպես զոհաբերեց իրեն նորից, բայց արդեն մյուսի համար, և գուցե հի՛մա միայն, ա՛յս րոպեին միայն զգաց ու գիտակցեց առաջին անգամ, թե որքա՜ն թանկ է այդ մյուս մարդը իր սրտին։ Կատյան զոհաբերեց իրեն՝ վախենալով նրա ճակատագրի համար, հանկարծ երևակայելով, որ նա իրեն կործանեց իր այն ցուցմունքով, թե ինքն է սպանել, ոչ թե եղբայրը, Կատյան զոհաբերեց իբեն՝ փրկելո՜ւ համար նրան, նրա համբավը, նրա անունն ու պատիվը։ Եվ սակայն մի ահավոր կասկած մեջտեղ եկավ. ստո՞ւմ էր նա արդյոք Միտյայի մասին, երբ նկարագրում էր իր նախկին հարաբերությունները նրա հետ. ահա խնդիրը։ Ոչ, ոչ, դիտավորյալ զրպարտություն չարեց նա, երբ գոռաց, թե Միտյան արհամարհում էր իրեն այն բանի համար, որ ինքը խոնարհվել է նրա ոտքերին։ Կատյան ինքը հավատում էր դրան, խորապես համոզված էր, գուցե այդ խոնարհվելու պահից էլ համոզված էր, որ պարզասիրտ Միտյան, դեռ այն ժամանակ իրեն պաշտող Միտյան ծիծաղում էր իր վրա և արհամարհում իրեն։ Եվ միայն հպարտությունից էր, խոցված հպարտությունից, որ Կաայան ինքը այն ժամանակ կապվել էր նրա հետ սիրո զգացումով, հիստերիկ ու ջլատված սիրո զգացումով, և այդ սերը նման էր ոչ թե սիրո, այլ վրիժառության։ Օ՜, գուցե այդ ջլատված սերը պիտի վերաճեր իսկական սիրո, գուցե Կատյան հենց այդ էր միայն ցանկանում և ուրիշ ոչինչ, բայց Միտյան իր դավաճանությամբ վիրավորեց նրան մինչև հոգու խորքը, և հոգին չներեց։ Իսկ վրիժառության պահը վրա հասավ անակնկալորեն, և այն ամբողջը, որ այնքա՜ն երկար ժամանակ ու ցավագին կերպով կուտակվել էր վիրավորված կնոջ կրծքում, դուրս ժայթքեց միանգամից, և դարձյալ անակնկալորեն։ Նա մատնեց Միտյային, բայց և իրե՜ն էլ մատնեց։ Եվ բնական է, հենց որ վերջացրեց իր սրտի պոռթկումը, լարվածությունը կտրվեց միանգամից, և ամոթը ճնշեց նրան։ Նորից սկսեց հիստերիկան, հեծկլտալով ու ճչալով ընկավ նա հատակին։ Նրան վերցրին ու դուրս տարան։ Այն րոպեին, երբ նրան դուրս էին տանում, Գրուշենկան վեր թռավ իր տեղից ու վայնաոունով նետվեց դեպի Միտյան, այնպես որ ժամանակ էլ չունեցան ետ պահելու։
— Մի՜տյա,— աղաղակեց նա,— կործանե՜ց քեզ քո օձը։ Ա՜յ նա ձեզ ցույց տվեց իր ի՜նչ լինելը,— գոռաց նա դատավորներին, զայրույթից դողալով։ Նախագահը ձեռքով մի նշան արեց, և նրան բռնեցին ու սկսեցին դուրս հանել դահլիճից։ Չէր ենթարկվում նա, մաքառում էր ու ետ նետվում դեպի Միտյան։ Միտյան մի աղաղակ արձակեց ու նույնպես առաջ նետվեց։ Նրան զսպեցին։
Այո, կարծում եմ, որ գոհ մնացին մեր հանդիսատես տիկինները. հարուստ տեսարան էր։ Հետո հիշում եմ՝ երևաց Մոսկվայից եկած բժիշկը։ Կարծեմ դեռ մինչ այդ էլ նախագահն ուղարկել էր դատական կատարածուին, որ կարգադրություն անի՝ Իվան Ֆյոդորովիչին բժշկական օգնություն ցույց տալու։ Բժիշկը զեկուցեց դատարանին, որ հիվանդը տենդախտի սաստիկ վտանգավոր նոպայի մեջ է գտնվում, և որ անմիջապես պետք է տանել նրան։ Պատասխանելով դատախազի և դատապաշտպանի հարցումներին, նա հաստատեց, որ հիվանդն անձամբ եկել էր իր մոտ երկու օր առաջ և ինքը այն ժամանակ նախազգուշացրել էր նրան, թե շուտով տենդախտի նոպա է ունենալու, բայց նա չէր ցանկացել բուժվել։ «Իսկ նա, հաստատապես, մտային առողջ վիճակի մեջ չէր, ինքը անձամբ խոստովանեց ինձ, որ արթուն ժամանակ ցնորքներ է ունենում, փողոցում հանդիպում է զանազան անձերի, որոնք մահացել են արդեն, և որ ամեն իրիկուն նրա մոտ հյուր է գալիս սատանան»,— եզրակացրեց նա։ Իր ցուցմունքը տալուց հետո, նշանավոր բժիշկը հեռացավ։ Կատերինա Իվանովնայի ներկայացրած նամակն ավելացվեց իրեղեն ապացույցներին։ Խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց շարունակել դատաքննությունը, իսկ երկու անակնկալ ցուցմունքները (Կատերինա Իվանովնայի և Իվան Ֆյոդորովիչի) մտցնել արձանագրության մեջ։
Բայց այլևս չեմ նկարագրելու դատաքննության հետագա ընթացքը։ Եվ մնացյալ վկաների ցուցմունքներն էլ արդեն նախկինների կրկնությունն էին ու հաստատումը, թեև բոլորն էլ իրենց բնորոշ յուրահատկություններն ունեին։ Բայց կրկնում եմ, ամեն ինչ ի մի է բերված դատախազի ճառում, որին և անցնում եմ հիմա։ Բոլորը հուզագրգիռ վիճակում էին, բոլորը էլեկտրականացել էին վերջին աղետից և այրող անհամբերությամբ սպասում էին միայն շուտափույթ վախճանին՝ կողմերի ճառերին ու դատավճռին։ Ֆետյուկովիչը հայտնապես ցնցվել էր Կատերինա Իվանովնայի ցուցմունքներից։ Սակայն հաղթական էր զգում դատախազը։ Երբ դատաքննությունը վերջացավ, հայտարարվեց նիստի ընդմիջում, որ համարյա մեկ ժամ տևեց։ Վերջապես նախագահը բաց արեց դատավեճը։ Կարծեմ երեկոյան ուղիղ ժամը ութն էր, երբ մեր դատախազ Իպոլիտ Կիրիլովիչը իր մեղադրական ճառն սկսեց։
VI։ Դատախազի ճառը։ Բնութագրություն
Իպոլիտ Կիրիլովիչը իր մեղադրական ճառն սկսեց ոտից գլուխ դողալով ջղային սրսփուքով, ճակատն ու քունքերը սառն, հիվանդագին քրտինք պատած, փոխնիփոխ ցուրտ ու տապ զգալով ամբողջ մարմնում։ Ինքն էր այդպես պատմում հետո։ Այդ ճառը իր chef d’ oeuvre'-ն[5] էր համարում, իր ամբողջ կյանքի chef d’ oeuvre-ն, իր կարապի երգը։ Ճիշտ է, ինը ամիս հետո նա մեռավ չարորակ թոքախտից, այնպես որ, ինչպես պարզվեց, իսկապես իրավունք ուներ իրեն համեմատելու իր վերջին երգը երգող կարապի հետ, եթե վաղօրոք նախազգար իր վախճանը։ Այդ ճառի մեջ իր ամբողջ սիրտն էր դրել ու իր ունեցած ամբողջ խելքը, և անսպասելիորեն ապացուցեց, որ իր մեջ թաքնված էին թե՛ քաղաքացիական զգացմունքը, թե «անիծյալ» հարցերը, գոնե այն չափով, որքան մեր խեղճ Իպոլիտ Կիրիլովիչը կարող էր բովանդակել դրանք իր մեջ։ Այն, ինչ հատկապես գրավիչ դարձրեց նրա ճառը, անկեղծությունն էր. նա անկեղծորեն հավատում էր, որ մեղադրյալը հանցավոր է։ Ոչ թե պատվերով, ոչ միայն պաշտոնի բերումով էր մեղադրում նրան. և «հատուցման» կոչ անելով՝ իսկապես տոչորվում էր «հասարակությունը փրկելու» ցանկությամբ։ Նույնիսկ մեր տիկինները, որոնք վերջ ի վերջո թշնամաբար էին տրամադրված Իպոլիտ Կիրիլովիչի հանդեպ, ընդունեցին, որ արտակարգ տպավորություն էին կրել նրա ճառից։ Նա սկսեց խոսել բեկբեկուն, սայթաքող ձայնով, բայց հետո շատ շուտով ձայնը ամրացավ ու հնչեց ամբողջ դահլիճով մեկ, և այդպես՝ մինչև ճառի վերջը։ Բայց հենց որ վերջացրեց, համարյա ուշագնաց եղավ։
«Պարոնայք երդվյալ ատենակալներ,— սկսեց մեղադրողը,— ներկա գործը դղրդաց ամբողջ Ռուսաստանով մեկ։ Բայց կարծես թե ի՞նչ կա զարմանալու, ի՞նչ մի հատուկ սարսափելի բան կա սրա մեջ։ Մե՛զ համար, մե՛զ համար հատկապես։ Չէ՞ որ մենք այդ բոլորին այնքա՜ն սովոր մարդիկ ենք։ Հենց այն է սարսափելին, որ այսպիսի մռայլ գործերը համարյա դադարել են սարսափելի լինել մեզ համար։ Ահա՛ թե ինչից պետք է սարսափել մեր սովոր լինելուց, և ոչ թե այս կամ այն անհատի եզակի չարագործությունից։ Իսկ որո՞նք են պատճառները մեր անտարբերության, մեր հազիվ գաղջ վերաբերմունքի, որ ցույց ենք տալիս այսպիսի գործերի նկատմամբ, մեր ժամանակի այսպիսի նշանակների, որոնք աննախանձելի ապագա են գուշակում մեզ համար։ Մեր ցինի՞զմն արդյոք, արդյոք մտքի ու երևակայության վաղաժամ հյուծվածությո՞ւնը մեր հասարակության մեջ, որ այնքա՜ն երիտասարդ է տակավին, բայց այնքա՜ն ապաժամորեն զառամել է արդեն։ Արդյոք ա՞յն, որ մեր բարոյական սկզբունքները խախտվել են հիմքն ի վեր, կամ վերջապես արդյոք ա՞յն, որ մենք գուցե նույնիսկ բոլորովին չունենք այդ բարոյական սկզբունքները։ Չեմ լուծում այս հարցերը, դրանք տանջալի են այնուամենայնիվ, և ամեն մի քաղաքացի ոչ թե միայն պետք է տառապի, այլև պարտավոր է տառապել դրանցով։ Մեր սկսնակ, մեր տակավին երկչոտ մամուլն այնուամենայնիվ որոշ ծառայություններ մատուցել է արդեն հասարակությանը, որովհետև, առանց նրան, մենք երբեք էլ չէինք իմանա, քիչ թե շատ լիությամբ, անզուսպ ապերասանության ու բարոյական անկման այն սարսափների մասին, որ նա անընդհատ հաղորդում է իր էջերում՝ ոչ միայն նրանց համար, ովքեր հաճախում էն ներկա իշխանության շնորհած այս նոր դռնբաց դատարանի դահլիճները, այլև բոլորի համար։ Եվ ի՞նչ ենք կարդում մենք համարյա ամեն օր։ Օ՜, ամեն րոպե պատահող այնպիսի՛ բաներ, որոնց առաջ դալկանում է նույնիսկ ներկա գործը և գրեթե սովորական մի բան է թվում արդեն։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր ռուսական, մեր ազգային բազմաթիվ քրեական գործերը հենց վկայում են համընդհանուր մի բանի մասին, ընդհանուր մի դժբախտության, որ մեր կյանքի մասն է կազմել, և որի դեմ, որպես համընդհանուր չարիքի, դժվար է արդեն պայքարել։ Ահա այսինչ վայրում մի երիտասարդ, փայլուն սպա, բարձր հասարակության մարդ, որ դեռ հազիվ է սկսում իր կյանքն ու ասպարեզը, հանկարծ ստոր կերպավ, լուռումունջ, առանց որևէ խղճի խայթի սպանում է մի մանր պաշտոնյայի, որ մասամբ իր բարերարն է եղել մի ժամանակ, սպանում է նաև նրա սպասուհուն, որպեսզի գողանա իր պարտամուրհակը և միաժամանակ պաշտոնյայի մնացյալ դրամը, ասելով «պետք կգա իմ բարձրաշխարհիկ հաճույքների և իմ ապագայի համար»։ Սպանելով նրանց, բարձեր է դնում երկու մեռյալների գլխի տակ և հեռանում է։ Մի ուրիշ տեղ՝ մի երիտասարդ հերոս, որ շքախաչերով է զարդարված իր քաջության համար, ճանապարհի վրա սպանում է իր առաջնորդի ու բարերարի մորը, ավազակի նման, և իր ընկերներին համոզելու համար վստահացնում է, որ «այդ կինը իրեն սիրում է հարազատ որդու պես, դրա համար էլ կհետևի իր խորհուրդներին և նախազգուշական միջոցներ ձեռք չի առնի»։ Նա ճիվաղ է անշուշտ, բայց ես այժմ, մեր ժամանակում, չեմ համարձակվի արդեն ասել, թե եզակի մի ճիվաղ է նա։ Մի ուրիշը չի էլ սպանում, բայց ճիշտ նրա պես է մաածում և զգում, իր հոգում հենց նույնպես անազնիվ է, ինչպես նա։ Գուցե լռելյայն, իր խղճի հետ մեն-մենակ, հարցնում է ինքնիրեն. «Բայց ի՞նչ է պատիվ ասածդ և արդյոք նախապաշարմունք չէ՞ արյունից սոսկալը»։ Թերևս մարդիկ գոռան իմ երեսին և ասեն, թե ես հիվանդագին, հիստերիկ մարդ եմ, հրեշավոր զրպարտություն եմ անում, զառանցում եմ, չափազանցում։ Թո՛ղ ասեն, թո՛ղ ասեն, և աստվա՛ծ իմ, առաջինը ես ի՛նքս ուրախ կզգայի, որքա՜ն ուրախ, եթե այդպես լիներ։ Օ՜, մի՛ հավատաք ինձ, հիվանդ համարեցեք ինձ, բայց այնուամենայնիվ հիշեցե՛ք իմ խոսքերը. եթե իմ ասածի թեկուզ մի տասներորդը, մի քսաներորդը միայն ճշմարիա է, չէ՞ որ ա՛յդ դեպքում էլ սարսափելի է նույնիսկ։ Նայեցեք, պարոնայք, նայեցե՜ք, թե ինչպես են անձնասպան լինում մեր երիաաոարդները, օ՜, առանց ամենադույզն չափով իսկ համլետյան հարցեր տալու, թե ի՞նչ է լինելու այնտեղ, առանց նշույլն անգամ ունենալու այդ հարցերի, կարծես թե նրանց էության մեջ վաղուց խաչ է քաշվել այն խնդրի վրա, որ վերաբերում է մեր հոգուն և գերեզմանից հետո մեզ սպասող բոլոր բաներին, խաչ է քաշվել, թաղվել ու ծածկվել ավազով։ Նայեցեք վերջապես մեր անառակությանը, մեր հեշտամոլներին։ Ֆյոդոր Պավլովիչը, դժբախտ գոհը սույն դատական գործի, գրեթե անմեղ մի մանուկ է այդ հեշտամոլներից շատերի առաջ։ Իսկ մենք բոլորս ճանաչում էինք նրան, չէ՞, «նա մեր մեջ էր ապրում»... Այո՜, գուցե մի օր կզբաղվեն ռուսական հանցագործության հոգեբանությամբ՝ թե՛ մեր, թե՛ եվրոպական առաջնակարգ մտքերը, որովհետև նյութը արժանի է դրան։ Բայց այդ ուսումնասիրությունը կկատարվի երբևիցե հետագայում, երբ ազատ ժամանակ լինի, և երբ այս մեր ներկա օրերի ամբողջ ողբերգական խառնիճաղանջը ավելի հեռավոր մի բան դառնա, այնպես որ արդեն հնարավոր լինի ավելի խելացի և ավելի անկողմնակալ կերպով քննել այս ամբողջը, քան կարող են անել, օրինակ, ինձ նման մարդիկ։ Իսկ մենք այժմ կա՛մ սարսափում ենք, կա՛մ էլ ձևացնում, թե սարսափում ենք, իսկ իրականում, ընդհակառակը, ըմբոշխնում ենք տեսարանը՝ որպես արտառոց զգացողությունների սիրահարներ, զգացողությունների, որոնք աշխուժություն են տալիս մեր ցինիկորեն ծույլ դատարկապորտությանը, և կամ, վերջապես, փոքր երեխաների նման մեր ձեռքերը թափ տալիս, վանում ենք սոսկալի ուրվականները և թաքցնում մեր գլուխը բարձի տակ, մինչև որ անցնի-գնա սոսկալի տեսիլքը, որպեսզի հետո զվարճության ու խազերի մեջ իսկույն մոռանանք ամեն ինչ։ Բայց մե՛նք էլ պետք է երբևիցե մեր կյանքն սկսենք զգաստ ու խոհուն կերպով, մե՛նք էլ պետք է մեզ վրա, որպես հասարակության, մի հայացք նետենք, մե՛նք էլ պետք է գոնե մի որևէ բան իմաստավորենք մեր հասարակական գործում կամ թեկուզ միայն սկսենք այդ իմաստավորումը։ Նախորդ դարաշրջանի մի մեծ գրող, իր մեծագույն երկի ավարտական մասում Ռուսաստանը մարմնավորելով որպես ռուսական քաջարի մի տրոյկա, որ քառատրոփ սլանում է դեպի անհայտ մի նպատակ, բացականչում է. «Ա՜խ տրոյկա, թռչնաթև՜ տրոյկա, ո՞վ հնարեց քեզ», և ավելացնում է հպարտ զմայլանքով, թե բոլոր ժողովուրդները հարգալից մի կողմ են քաշվում ու ճանապարհ տալիս գլխապատառ սլացող տրոյկային։ Դե՛հ, պարոնայք, ասենք թե այդպես է, այդպես, մի կողմ են քաշվում, հարգալից կամ ոչ, բայց իմ մեղավոր կարծիքով՝ հանճարեղ արվեստագետն իր երկը այդպես է ավարտել կա՛մ երեխայորեն անմեղ լավատեսության մի նոպայում, կա՛մ էլ պարզապես վախենալով այն ժամանակվա գրաքննությունից։ Որովհետև, եթե նրա տրոյկային լծենք միայն նրա իսկ հերոսներին՝ Սոբակևիչներին, Նոզդրևներին ու Չիչիկովներին, ապա ում էլ կառապան կարգեն, ոչ մի խելամիտ բանի չենք հասնի այդպիսի ձիերով։ Իսկ նրանք դեռ հին ձիերն են միայն, որոնք շա՜տ հեռու են մնում այսօրվաններից, մերոնք հիմա ավելի թունդ են...»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչի ճառն ընդհատվեց ծափերով։ Ռուսական տրոյկայի այդպիսի ազատամիտ պատկերումը դուր եկավ։ Ճիշտ է, միայն երկու-երեք տեղից ծափեր լսվեցին, այնպես որ նախագահը հարկ էլ չհամարեց հասարակությանը դիմել «դահլիճը մաքրելու» սպառնալիքով, այլ պարզապես մի խիստ հայացք նետեց ծափ տվողների կողմը։ Բայց Իպոլիտ Կիրիլովիչը քաջալերվեց, մինչև հիմա երբեք չէին ծափահարել նրան։ Մարդուն այսքա՜ն տարի չէին ուզում լսել, և ահա հանկարծ հնարավորություն՝ ամբողջ Ռուսաստանի առաջ իր խոսքն ասելու։
«Իրոք,— շարունակեց նա,— ի՞նչ է այս Կարամազովների ընտանիքը, որ հանկարծ այսպիսի տխուր հռչակի արժանացավ նույնիսկ ամբողջ Ռուսաստանով մեկ։ Գուցե ես խիստ չափազանցում եմ, բայց ինձ թվում է, որ այս ընտանեկան պատկերի մեջ կարծես թե երևում են մեր ժամանակակից մտավորական դասի մի քանի ընդհանուր հիմնական գծերը. օ՜, ոչ թե բոլոր գծերը, և այն էլ լոկ մանրադիտային ձևով են դրանք երևացել, «ինչպես արևը ջրի փոքրիկ կաթիլում», բայց համենայն դեպս արտացոլվել է մի բան, հայտնվել է մի բան։ Մտաբերեցեք այն չարաբախտ, ապերասան ու անառակ ծերունուն, այն «ընտանիքի հորը», որ այսքան տխուր վախճան ունեցավ։ Ծնունդով ազնվական, որ իր կյանքի ասպարեզն սկսել է որպես մի խեղճ ձրիակեր, հետո անակնկալ ու անսպասելի ամուսնության շնորհիվ մի փոքրիկ դրամագլուխ է ձեռք բերել որպես օժիտ, սկզբում եղել է մի մանր խաբեբա և շողոքորթ խեղկատակ, ունենալով բավական ուժեղ, թեև սաղմնային վիճակում գտնվող մտային կարողություններ, և ամենից առաջ՝ վաշխառու։ Տարիների ընթացքում, այսինքն իր փոքրիկ դրամագլխի աճելու հետ, նա գոտեպնդվում է։ Նվաստացումն ու քծնանքը չքանում են, մնում է միայն հեգնասեր ու չարամիտ ցինիկն ու հեշտամոլը։ Հոգեկան կողմի վրա լրիվ խաչ է քաշվում, իսկ կյանքի ծարավը չափազանց մեծ է նրա մեջ։ Հետևանքը լինում է այն, որ նա կյանքի մեջ ոչինչ չի տեսնում, բացի հեշտասիրական հաճույքներից, և իր երեխաներին էլ այդպես է սովորեցնում։ Հոգեկան ոչ մի պարտականության չի զգում որպես հայր։ Ծիծաղում է այդ պարտականությունների վրա, թողնում է, որ իր փոքրիկ երեխաները դաստիարակվեն բակում, և ուրախանում է, երբ նրանց տանում են ուրիշ տեղ, իրենից հեռու։ Նույնիսկ բոլորովին մոռանում է նրանց։ Ծերունու ամբողջ բարոյական սկզբունքն է՝ apres moi le deluge[6]։ Ամեն ինչ, որ հակառակ է «քաղաքացի» հասկացության, լիակատար, նույնիսկ թշնամական մեկուսացում հասարակությունից. «Թեկուզ ամբողջ աշխարհը վառվի կրակի մեջ, միայն թե ես ինձ լավ զգամ»։ Եվ նա իրեն լավ է զգում, շատ գոհ է, տենչում է դեռ քսան-երեսուն տարի էլ ապրել այդպես։ Խաբում է իր հարազատ որդուն, և նրա իսկ փողերով, նրա մորից մնացած ժառանգությամբ, որ չի ուզում տալ նրան, փորձում է խլել նրա սիրուհուն, խլել իր սեփական որդուց։ Ո՜չ, ես չեմ ուզում մեղադրյալի պաշտպանությունը զիջել մեծատաղանդ դատապաշտպանին, որ ժամանել է Պետերբուրգից։ Ես ինքս էլ կասեմ ճշմարտությունը, ես ինքս էլ հասկանում եմ այն գունդ֊գունդ զայրույթը, որ նա կուտակել է իր որդու սրտում։
Բայց բավական է, բավական է այդ եղերաբախտ ծերունու մասին, նա ստացել է իր հատուցումը։ Հիշենք սակայն, որ նա հայր էր, և ժամանակակից հայրերից մեկը։ Արդյոք հասարակությանը վիրավորա՞նք հասցրած կլինեմ, եթե ասեմ, որ նույնիսկ բազմաթի՜վ ժամանակակից հայրերից մեկն էր նա։ Ավա՜ղ, արդի հայրերից շատ-շատերը պարզապես այնքան ցինիկորեն չեն արտահայտվում, որքան այս մեկը, որովհետև ավելի լավ են դաստիարակված, ավելի են կրթված, սակայն ըստ էության՝ համարյա նույն փիլիսոփայությունն ունեն, ինչ որ նա ուներ։ Բայց ասենք թե ես հոռետես եմ, թող այդպես լինի։ Մենք արդեն պայմանավորվեցինք, որ դուք ներում եք ինձ։ Համաձայնվենք նախօրոք. դուք մի՛ հավատաք ինձ, մի՛ հավատաք, ես պիտի խոսեմ, իսկ դուք մի՛ հավատաք։ Բայց համենայն դեպս թույլ տվեք ինձ արտահայտվել, համենայն դեպս որոշ բաներ հիշեցեք իմ խոսքերից։
Ահա, սակայն, զավակներն այդ ծերունու, այդ ընտանիքի հոր. մեկը գտնվում է մեր առաջ մեղադրյալի աթոռին, մեր ամբողջ խոսքը նրա մասին է լինելու հետագայում, մյուս երկուսի մասին խոսեմ լոկ հարևանցիորեն։ Այդ երկուսից մեկը, ավագ եղբայրը, փայլուն կրթություն ստացած ժամանակակից երիտասարդներից է, բավական ուժեղ խելքի տեր, որ սակայն ոչ մի բանի չի հավատում արդեն, կյանքում արդեն շատ բան, շատ-շատ բան մերժել է ու վրան խաչ քաշել, ճիշտ ու ճիշտ ինչպես իր հայրը։ Մենք բոլորս էլ լսել ենք նրան, նա մեր հասարակության մեջ սիրալիր ընդունելություն էր գտել։ Չէր թաքցնում իր կարծիքները նա, մինչև իսկ հակառակն էր անում, ճիշտ հակառակը, և դա ինձ այժմ համարձակություն է տալիս փոքր-ինչ բացահայտորեն խոսելու նրա մասին՝ անշուշտ ոչ թե իբրև մասնավոր անձի, այլ լոկ իբրև Կարամազովների ընտանիքի անդամի։ Երեկ այստեղ, քաղաքի ծայրամասում, անձնասպան եղավ մի հիվանդ մարդ, մի ցավագար ապուշ, որ սերտորեն առնչված է սույն գործին, Ֆյոդոր Պավլովիչի նախկին ծառան և գուցե ապօրինի զավակը՝ Սմերդյակովը։ Նա հիստերիկ արցունքներով պատմում էր ինձ նախնական քննության ժամանակ, թե ինչպես այս երիտասարդ Կարամազովը՝ Իվան Ֆյոդորովիչը, ահաբեկել է նրան իր հոգեկան ապերասանությամբ։ «Նրա ասելով,— պատմում էր ինձ Սմերդյակովը,— ամեն ինչ, որ կա աշխարհում, թույլատրելի է, և սրանից հետո ոչ մի բան չպետք է արգելվի, ահա թե ինչ էր նա սովորեցնում ինձ անընդհատն։ Ինձ թվում է, ցավագարը վերջնականապես խելագարվել է այս տեսության հետևանքով, որ սովորեցրել են նրան, թեև, իհարկե, նրա մտային խանգարման վրա ազդել են նաև ընկնավորությունը և նրանց տանը պայթած այս ամբողջ ահավոր աղետը։ Բայց այդ ցավագարը մի շատ ու շատ հետաքրքրական դիտողություն արեց հարևանցիորեն, մի դիտողություն, որ պատիվ կբերեր նույնիսկ նրանից ավելի խելացի մեկին, և այդ պատճառով էլ խոսում եմ դրա մասին։ «Եթե Ֆյոդոր Պավլովիչի որդիներից կա մեկը,— ասաց նա ինձ,— որ բնավորությամբ ամենից ավելի նման է հորը, հենց Իվան Ֆյոդորովիչն է»։ Այս դիտողության վրա ես ընդհատում եմ սկսած բնութագրումը, գտնելով, որ աննրբանկատություն կլինի շարունակելը։ Օ՜, ես չեմ ուզում հետագա եզրակացություններ հանել և, ագռավի նման կռկռալով, միայն կործանում գուշակել երիտասարդ մարդու ճակատագրի մեջ։ Դեռ այսօր, այստեղ, այս դահլիճում մենք տեսանք, որ նրա երիտասարդ սրտում դեռ ապրում է ճշմարտության անմիջական ուժը, նրա մեջ ընտանեկան կապերի զգացումը չի խափանված բարոյական ցինիզմով ու անհավատությամբ, որոնք ավելի ժառանգաբար են ձեռք բերված, քան թե մտքի ճշմարիտ տառապանքով։
Անցնեմ մյուս որդուն, օ՜, նա դեռ պատանի է, բարեպաշտ ու խոնարհ՝ ի հակադրություն իր եղբոր մռայլ ու եղծանող աշխարհայացքի, ձգտում է հարել, այսպես ասած, «ժողովրդական հիմունքներին», կամ էլ այն բանին, որ մեր խորհող մտավորականության որոշ տեսաբան շրջանակներում կոչում են այդ դժվարիմաց հորջորջումով։ Եվ ի՞նչ, նա հարեց վանքին, և քիչ էր մնացել, որ ինքն էլ վանական դառնար։ Ինձ թվում է, նրա մեջ մի տեսակ անգիտակցորեն, և այսքան կանուխ, արտահայտություն է գտել այն երկչոտ հուսահատությունը, որով հիմա այնքա՜ն շատ մարդիկ, վախենալով մեր խեղճ հասարակության մեջ տիրող ցինիզմից ու անառակությունից, և ամբողջ չարիքը սխալմամբ վերագրելով եվրոպական լուսավորության, նետվում են դեպի «հարազատ հողը», ինչպես ասում են նրանք, ընկնում են, այսպես ասած, մայրական գիրկը հարազատ երկրի, ուրվականներից վախեցած երեխաների նման, և տենչում են գոնե միայն հանգիստ քնել ուժասպառ մոր չորացած կրծքի վրա, նույնիսկ քնած անցկացնել ամբողջ կյանքը, միայն թե չտեսնեն իրենց վախեցնող սարսափները։ Ես իմ կողմից ամենայն բարիք եմ ցանկանում առաքինի ու շնորհառատ պատանուն, ցանկանում եմ, որ հետագայում նրա պատանեկան բարեմտությունը և ժողովրդական հիմունքների նկատմամբ հակումը չվերածվեն, ինչպես պատահում է հաճախ, բարոյական կողմից՝ մռայլ միստիցիզմի, իսկ քաղաքական կողմից՝ բթամիտ շովինիզմի, երկու հատկություններ, որոնք գուցե ավելի մեծ չարիք են սպառնում ազգին, քան նույնիսկ վաղահաս եղծանումը՝ սխալ հասկացված ու ձրիաբար ձեռք բերված եվրոպական լուսավորության հետևանքով, մի բան, որով տառապում է նրա ավագ եղբայրը»։
Շովինիզմի և միստիցիզմի համար նորից եբկու֊երեք ծափ լսվեց։ Դե իհարկե, Իպոլիտ Կիրիլովիչը տարվել էր իր ճարտասանությամբ, և այդ ամբողջը շատ էլ կապ չուներ բուն գործի հետ, էլ չխոսելով այն մասին, որ բավական տարտամ բան դուրս եկավ, բայց դե հյուծախտավոր ու մաղձոտած մարդը չափից ավելի էր ցանկանում գեթ մի անգամ իր կյանքում արտահայտել իր մտածածը։ Հետագայում մեզ մոտ ասում էին, որ Իվան Ֆյոդորովիչին բնութագրելիս նա առաջնորդվում էր նույնիսկ աննրբանկատ մի զգացումով, որովհետև Իվանը մեկ կամ երկու անգամ հրապարակավ պապանձեցրել էր նրան վեճի ժամանակ, և Իպոլիտ Կիրիլովիչը, հիշելով այդ բանը, ուզում էր հիմա իր վրեժը լուծել։ Բայց չգիտեմ, կարելի՞ էր արդյոք այդպիսի եզրակացություն անել։ Համենայն դեպս, այդ ամբողջը նախաբան էր միայն, հետո նրա ճառն ավելի ուղղակիորեն առնչվեց գործին։
«Բայց ահա ժամանակակից ընտանիքի հոր երրորդ որդին,— շարունակեց Իպոլիտ Կիրիրվիչը,— մեղադրյալի աթոռին է նա, մեր աչքի առաջ է նա։ Մեր աչքի առաջ են նաև նրա քաջագործոլթյունները, նրա կյանքն ու արարմունքները. հասավ ժամանակը, և ամեն ինչ պարզվեց, ամեն ինչ երևան եկավ։ Ի հակադրություն իր եղբայրների «եվրոպականության» և «ժողովրդական հիմունքներին», նա կարծես իր անձով ներկայացնում է անմիջական Ռուսաստանը. օ՜, ոչ թե ամբողջ Ռուսաստանը, ո՜չ, աստվա՜ծ պահի մեզ, եթե այդպես լիներ։ Եվ սակայն, ահա այստեղ է նա՝ մեր Ռուսաստան մայրիկը, նրա հոտն ենք առնում, նրա ձայնն ենք լսում։ Օ՜, ահա նա անմիջական մարդը, չարիքի ու բարիքի զարմանալի մի խառնուրդ, որ լուսավորության ու Շիլլերի սիրահար է և միաժամանակ մոլեգնում է գինետներում, իր բաժակակից հարբեցողների մորուքներն է պոկում։ Օ՜, նա էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է լավ ու հիանալի զգում իրեն։ Եվ ավելին, նույնիսկ փոթորկվում է, հենց ուղղակի փոթորկվում է ազնվագույն իդեալներով, բայց միայն այն պայմանով, որ դրանք ինքնաբերաբար ձեռք բերվեն, երկնքից ընկնեն իր սեղանին, և մանավանդ ձրի լինեն, ձրի, ոչինչ չվճարվի դրանց համար։ Սոսկալի չի սիրում վճարել, բայց շատ է սիրում ստանալ, և այդպես է նա ամեն ինչում։ Օ՜, տվեք, տվե՜ք նրան կյանքի ամեն տեսակ բարիքներ (հենց ամեն տեսակ, ավելի էժանը չի գոհացնի նրան), և մանավանդ՝ ոչ մի արգելք մի դնեք նրա բնավորության առաջ, և այն ժամանակ նա կապացուցի, որ ինքն էլ կարող է պատվական ու հիանալի մարդ լինել։ Ագահ չէ նա, ո՜չ, բայց և այնպես փող տվեք նրան, շատ, շատ որքան կարելի է շատ փող, և կտեսնեք, թե ինչպիսի՜ մեծահոգությամբ, անարգ մետաղի հանդեպ ինչպիսի՜ արհամարհանքով ցրիվ կտա այդ փողը մի գիշերվա ընթացքում, սանձարձակ խրախճանքի մեջ։ Իսկ եթե զրկեն նրան փողից, այդ դեպքում նա ցույց կտա, թե ինչպե՜ս կարող է ձեաք բերել, երբ շատ ու շատ է ցանկանում փող ունենալ։ Բայց դրա մասին՝ հետո. այժմ կարգով հետևենք դեպքերին։
Նախ մեր առաջ տեսնում ենք մի խեղճ, լքված մանչուկ, «ետևի բակում՝ առանց կոշիկների», ինչպես քիչ առաջ արտահայտվեց մեր պատվարժան ու հարգելի համաքաղաքացին, որ օտար ծագում ունի, ավա՜ղ։ Կրկնում եմ նորից՝ ոչ ոքի չեմ զիջի մեղադրյալի պաշտպանությունը։ Ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպանն եմ։ Այո՜, մենք էլ մարդ ենք, մենք էլ մարդկային արարած ենք, և ընդունակ ենք կշռադատելու, թե բնավորության վրա ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մանկության ու հարազատ բույնի առաջին տպավորությունները։ Բայց ահա մանչուկը պատանի է արդեն, երիտասարդ է արդեն, սպա. մենամարտի հրավեր կարդալու և անզուսպ արարքների համար նրան աքսորում են մեր բարեշնորհ Ռուսաստանի սահմանային հեռավոր քաղաքներից մեկը։ Այնտեղ ծառայում է նա, այնտեղ էլ խնջույքներ է անում, և անշո՜ւշտ՝ մեծ նավին մեծ տարածություններ են հարկավոր։ Միջոցներ են պետք նրան, փող է պետք ամենից առաջ, և ահա, երկար վեճերից հետո, համաձայնության է գալիս հոր հետ՝ վերջին վեց հազար ռուբլին ստանալու, և ուղարկվում է նրան այդ գումարը։ Նկատեցեք, նա փաստաթուղթ է տալիս, կա նրա նամակը, որով նա գրեթե հրաժարվում է մնացյալից և այդ վեց հազար ռուբլով վերջացնում է ժառանգության համար իր հակամարտությունը հոր հետ։
Ապա տեղի է ունենում նրա հանդիպումը մի երիտասարդ աղջկա հետ՝ բարձր նկարագրի ու զարգացման տեր մի օրիորդի։ Օ՜, ես չեմ համարձակվում կրկնել մանրամասնությունները, դուք հենց նոր լսեցիք դրանք, պատվի հարց է այստեղ, անձնազոհության հարց, և ես լռում եմ։ Մեր առաջ երևաց չափազանց համակրելի կերպարը մի երիտասարդ մարդու, որ թեթևամիտ ու անառակ լինելով հանդերձ՝ խոնարհում է իր գլուխը ճշմարիտ ազնվության առաջ, բարձրագույն գաղափարի առաջ։ Բայց հանկարծ, դրանից հետո, հենց այս նույն դատարանի դահլիճում բոլորովին անսպասելիորեն տեսանք նաև մեդալի հակառակ երեսը։ Դարձյալ չեմ համարձակվում ենթադրություններ անել ու չեմ վերլուծում, թե ինչու այդպես պատահեց։ Բայց այնուամենայնիվ պատճառներ կային անշուշտ, որ այդպես պատահեց։ Նույն այդ օրիորդը, զայրույթի արցունքով ողողված, երկար ժամանակ թաքնված զայրույթի, հայտարարեց, որ հենց նա էր առաջին մարդը, նա՛ էր, որ սկսեց արհամարհել անձնազոհ աղջկան՝ այդ անզգույշ, այդ անզուսպ գուցե, բայց այնուամենայնիվ վսեմ ու վեհանձն մղումով կատարված արարքի համար։ Հենց նրա, նրա դեմքին, փեսացուի՜ դեմքին ամենից առաջ երևաց այն հեգնական ժպիտը, որ աղջիկը հենց նրանի՜ց միայն չէր սպասում ու չէր կարող հանդուրժել։ Իմանալով, որ նա արդեն դավաճանել է իրեն (դավաճանել է այն համոզմունքով, որ աղջիկն այլևս ամեն ինչ պետք է հանդուրժի նրանից, նույնիսկ դավաճանությունը նրա), իմանալով այդ բանը, օրիորդը դիտմամբ երեք հազար ռուբլի է առաջարկում նրան և միաժամանակ պարզորեն, չափազանց պարզորեն հասկացնում, որ այդ փողն առաջարկում է, որպեսզի նա օգտագործի հենց այդ դավաճանության համար։ «Դե տեսնենք, կվերցնե՞ս, թե չէ, կարո՞ղ ես արդյոք անամոթ լինել»,— ասում է լռելյայն՝ իր դատապարտող ու փորձող հայացքով։ Նա նայում է աղջկան, կատարելապես հասկանում նրա մտքերը (չէ՞ որ նա ինքը խոստովանեց այստեղ ձեր ներկայությամբ, որ հասկանում էր ամեն ինչ), և անվերապահորեն յուրացնում է այդ երեք հազարը, երկու օրվա խրախճանքի մեջ մսխո՜ւմ է իր նոր սիրուհու հետ։ Ուրեմն ո՞ր մեկին հավատանք։ Արդյոք աոաջի՞ն առասպելին, այսինքն բարձր ազնվության մղումի՞ն, որով նա իր ապրուստի վերջին միջոցներն է զոհում և գլուխն է խոնարհում առաքինության առաջ, թե՞ մեդալի մյուս երեսին, որ այնքա՜ն նողկալի է։ Սովորաբար կյանքում այնպես է լինում, որ երկու հակադրությունների մեջ ճշմարտությունը պետք է փնտրել մեջտեղում. ներկա դեպքում բոլորովին էլ այդպես չէ։ Ամենից հավանականն այն է, որ առաջին դեպքում նա անկեղծորեն ազնիվ է եղել, իսկ երկրորդ դեպքում՝ նույնքան անկեղծորեն ստոր։ Ինչո՞ւ միշտ այն պատճառով, որ նա լայն բնավորություն է, կարամազովյան (ես հենց սրան էլ բերում էի իմ խոսքը), մի բնավորություն, որ ընդունակ է ամեն տեսակի հակադրություններ պարունակելու իր մեջ, հանացքը երկու անհատակ խորության ուղղելու միաժամանակ՝ դեպի վերին անհունը, անհունը բարձրագույն իդեալների, և դեպի վայրաքաշ անդունդը, անդունդը ամենաստորին ու գարշահոտ անկման։ Հիշեցեք այն փայլուն միտքը, որ քիչ առաջ արտահայտեց դիտող աչք ունեցող մի երիտասարդ պարոն Ռակիտինը, մի մարդ, որ մոտիկից ու խորապես զննել է Կարամազովների ամբողջ ընտանիքը. «Անկում ապրելու ստորության զգացողությունը նույնքան անհրաժեշտ է այս սանձարձակ, անզուսպ բնավորություններին, որքան բարձրագույն ազնվության զգացողությունը»։ Եվ դա ճիշտ է. հենց այս անբնական խառնուրդը մշտապես ու անընդհատ պետք է նրանց։ Երկու անհատակ խորություն, պարոնայք, երկո՜ւ անհատակ խորություն՝ միևնույն պահին, այլապես, առանց դրան, դժբախտ են նրանք ու չբավարարված, անկատար է նրանց գոյությունը։ Լայն են նրանք, լայն, ինչպես ամբողջ մեր մայր Ռուսաստանը, ամե՜ն ինչ կարող են ներառնել իրենց մեջ և ամե՜ն ինչի հետ լինել համերաշխ։
Ի դեպ, պարոնայք երդվյալ ատենակալներ, մենք հիմա շոշափեցինք այդ երեք հազար ռուբլու հարցը, և ես ինձ թույլ եմ տալիս մի քիչ առաջ ընկնել։ Երևակայեցե՜ք միայն, թե նա, այսպիսի նկարագրի տեր մարդը, այդ գումարն ստանալուց հետո, այն էլ ա՜յդ ձևով, այդպիսի ամոթի, այդպիսի խայտառակության, ծայր աստիճան ստորացման գնով ստանալուց հետո, երևակայեցե՜ք, իբր թե նույն օրն էլ կարողացել է առանձնացնել գումարի կեսը, կարել է մի փոքրիկ քսակի մեջ և հետո մի ամբողջ ամիս հաստատակամությունն է ունեցել իր վզին կրելու այդ քսակը, հակառակ բոլոր գայթակղություններին և փողի արտակարգ կարիքին։ Նա չի համարձակվել դիպչել այդ փոքրիկ քսակին՝ ո՛չ գինետներում կատարած իր գինարբուքների ժամանակ, ո՛չ էլ այն օրը, երբ ստիպված էր սուրալ քաղաքից հեռու մի տեղ աստված գիտե, թե ումի՜ց ձեռք բերելու համար այն փողը, որ չափազանց անհրաժեշտ էր իրեն, որպեսզի հեռու տանի իր սիրուհուն և ազատի նրան իր մրցակցի, այսինքն իր հոր գայթակղություններից։ Բայց թեկուզ հենց այն բանի համար միայն, որ իր սիրուհուն չթողնի ենթարկվելու ծերունու գայթակղություններին, ծերունու, որին այնքան խանդում էր, նա պետք է բանար այդ քսակը և տանը մնար՝ աննահանջ հսկելու համար իր սիրուհուն, սպասելով այն րոպեն, երբ նա վերջապես կասի իրեն՝ «Ես քոնն եմ», և ինքը անմիջապես կտանի նրան հեռու մի տեղ, հեռու ճակատագրական շրջապատից։ Բայց ո՜չ, նա ձեռք չի տալիս իր հուռութքին, և ի՜նչ պատրվակով։ Առաջնագույն պատրվակը, ասացինք, հենց այն էր, որ երբ իրեն ասեն՝ «Ես քոնն եմ, տար ինձ ուր որ ուզում ես»։ միջոցներ ունենա տանելու, բայց այդ առաջին պատրվակը, մեղադրյալի սեփական խոստովանությամբ, դժգունել է երկրորդ պատրվակի առաջ։ Այսինքն թե՝ քանի դեռ իմ վզին կրում եմ այս փողը, «սրիկա եմ, բայց ոչ գող», որովհետև միշտ էլ կարող եմ գնալ իմ հարսնացուի մոտ, որին վիրավորել եմ, և խաբեությամբ յուրացրած ամբողջ գումարի կեսը դնելով նրա առաջ, միշտ էլ կարող եմ ասել նրան. «Տեսնո՞ւմ ես, քո փողի կեսը մսխեցի և դրանով ապացուցեցի, որ ես թույլ ու անբարոյական մարդ եմ և, եթե ուզում ես, սրիկա եմ (ես արտահայտվում եմ հենց մեղադրյալի լեզվով), այո, սրիկա եմ թեկուզ, բայց գող չեմ, որովհետև եթե գող լինեի, չէի բերի այս մնացած կեսը, այլ սա էլ կյուրացննի առաջին կեսի նման»։ Զարմանալի՜ բացատրություն։ Այս նույն կրակուբոց, բայց թույլ մարդը, որ չի կարողացել դիմադրել այդպիսի՜ խայտառակությամբ երեք հազար ռուբլի ստանալու գայթակզությանը, այս նույն մարդը հանկարծ ինչպիսի՜ ստոյիկյան հաստատակամություն է զգում իր մեջ և իր վզին հազարավոր ռուբլիներ է կրում, չհամարձակվելո՜վ ձեռք տալ այդ գումարին։ Գեթ որևէ չափով դա համապատասխանո՞ւմ է արդյոք այն նկարագրին, որ վերլուծում ենք այժմ։ Ոչ։ Եվ ես ինձ թույլ եմ տալիս ասելու ձեզ, թե այդպիսի դեպքում ինչպես կվարվեր իսկական Դմիտրի Կարամազովը, եթե նույնիսկ իրոք վճռականությունն ունենար իր փողը կտրելու քսակի մեջ։ Առաջին իսկ գայթակղության առթիվ, դե ասենք, օրինակ, նորից զվարճացնելու համար իր այն նոր սիրեցյալին, որի հետ արդեն մսխել էր այդ փողի առաջին կեսը, նա կքանդեր իր քսակը և այդ առաջին առիթով կհաներ, ասենք, թեկուզ միայն հարյուր ռուբլի, որովհետև կմտածեր, թե ինչո՞ւ անպայման վերադարձնի ուղիղ կեսը, այսինքն հազար հինգ հարյուր ռուբլի, բավական է նաև հազար չորս հարյուր ռուբլին. չէ՞ որ նույնը կարող էր ասել նորից՝ «սրիկա եմ, բայց գող չեմ, որովհետև գոնե հազար չորս հարյուր ռուբլի ետ բերեցի համենայն դեպս, իսկ գողն ամբոզջը կյուրացներ ու ոչինչ ետ չէր բերի»։ Այնուհետև, մի որոշ ժամանակ հետո, նորից կքանդեր քսակը և նորից մի հարյուր ռուբլի կհաներ, հետո՝ երրորդ հարյուրը, հետո՝ չորրորդ հարյուրը, և վերջապես, դեռ ամիսը չլրացած, կհաներ նախավերջին հարյուրը, մտածելով, թե մի հարյուր ռուբլի էլ եթե ետ տանի, նույն բանը կարող է ասել նորից՝ «սրիկա եմ, բայց գող չեմ. քսանինը հարյուրանոց մսխեցի, բայց այնուամենայնիվ մեկ հարյուրանոց վերադարձրի, գողը այդ էլ չէր վերադարձնի»։ Եվ վերջ ի վերջո, այդ նախավերջին հարյուրն էլ վատնելուց հետո, կնայեր մնացած վերջին հարյուրանոցին ու կասեր ինքն իրեն. «Չէ՜, իսկապես, չարժե մի հատ հարյուրանոցը ետ տանել. արի՛ այս էլ ծախսեմ»։ Ահա՛ թե ինչպես կվարվեր մեր ճանաչած իսկական Դմիտրի Կարամազովը։ Իսկ այդ քսակի առասպելը այնպեսի՜ մի հակասություն է իրականության հանդեպ, որ ավելին չի էլ կարելի պատկերացնել։ Կարելի է ենթադրել ամեն ինչ, բայց ոչ դա։ Բայց մենք դեռ կվերադառնանք դրան»։
Կարգով նշելով հոր և որդու դրամական վեճերի և ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ բոլոր այն փաստերը, որ հայտնի էին դարձել դատաքննության ժամանակ, և նորից ու նորից եզրակացնելով, թե ժառանգությունը բաժանելու հարցում, ըստ հայտնի տվյալների, ոչ մի կերպ հնարավոր չէ որոշել ով ում է խաբել կամ ով ում հաշվին ավելի է ստացել, Իպոլիտ Կիրիլովիչը անցավ այն հարցին, թե երեք հազար ռուբլին մտասևեռում էր դարձել Միտյայի գլխում, և այդ առթիվ անդրադարձավ բժշկական փորձագետների կարծիքին։
VII։ Պատմական ակնարկ
«Բժշկական փորձագետները ձգտում էին ապացուցել մեզ, որ մեղադրյալի խելքը գլխին չէ և մտամոլ է նա։ Ես պնդում եմ, որ նրա խելքը գլխին է հենց, և դա է ամենավատը, եթե խելքը գլխին չլիներ, գուցե շատ ավելի խելոք վարվեր։ Իսկ գալով նրա մտամոլ լինելուն, կարող էի համաձայնվել դրան, բայց միայն մի կետ նկատի ունենալով, հենց այն կետը, որ մատնանշեցին նաև փորձագետները, այսինքն մեղադրյալի մտասևեռումը այդ երեք հազար ռուբլու վրա, որ իբր թե հայրը դեռ պետք է վճարեր իրեն։ Այնուամենայնիվ, այդ փողի նկատմամբ մեղադրյալի մշտական մոլուցքը բացատրելու համար, կարելի է գուցե անհամեմատ ավելի անմիջական մի հայեցակետ գտնել, քան այն, որ նա իբր թե խելագարության հակում ունի։ Իմ կողմից՝ լրիվ համաձայն եմ երիտասարդ բժշկի հետ, որ գտնում է, թե մեղադրյալը մտային լիակատար ու բնականոն ընդունակությունների տեր է եղել և է, և թե պարզապես բորբոքված ու զայրացած է եղել նա։ Ահա այս է խնդիրը, մեղադրյալի մշտական ու մոլեգին զայրույթի առարկան ոչ թե երեք հազարն էր, ոչ թե այդ գումարը, այլ այն, որ մի հատուկ պատճառ կար այստեղ, նրա մեջ ցասում հարուցող մի պատճառ։ Այդ պատճառը խա՛նդն է»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչը մանրամասնորեն պարզեց Գրուշենկայի հանդեպ մեղադրյալի տածած ճակատագրական զգացմունքի ամբողջ պատկերը։ Սկսեց հենց այն պահից, երբ մեղադրյալը գնացել էր «երիտասարդ անձնավորության» մոտ, որպեսզի «ծեծի նրան» («արտահայտվում եմ նրա սեփական բառերով»,— բացատրեց Իպոլիտ Կիրիլովիչը), «բայց ծեծելու փոխարեն՝ մնաց նրա ոտքերն ընկած. ահա այդ սիրո սկիզբը։ Միաժամանակ նույն անձնավորությամբ հրապուրվում է նաև ծերունին՝ մեղադրյալի հայրը. զարմանալի և ճակատագրական զուգադիպում, որովհետև երկուսի սիրտն էլ բռնկվել է հանկարծակի, միաժամանակ, թեև երկուսն էլ մինչև այդ գիտեին ու հանդիպել էին այդ անձնավորությանը։ Եվ այդ երկու սրտերը բռնկվել են ամենասանձարձակ, բուն իսկ կարամազովյան կրքով։ Այստեղ մենք ունենք այդ անձնավորության սեփական խոստովանությունը. «Ես,— ասում է նա,— ծիծաղում էի թե՛ մեկի, թե՛ մյուսի վրա»։ Այո, նա հանկարծ ուզեց ծիծաղել թե մեկի, թե՛ մյուսի վրա. առաջ չէր ուզում, բայց ահա հանկարծ նրա խելքին փչեց այդ դիտավորությունը, և հետևանքը եղավ այն, որ երկուսն էլ, հայր ու որդի, ծնկի եկան նրա առաջ։ Ծերունին, որ պաշտում էր փողը աստծու նման, իսկույն երեք հազար ռուբլի պատրաստեց լոկ այն բանի համար, որ այդ անձնավորությունը այցելի իր տունը, բայց շուտով այն աստիճան տարվեց, որ նաև երջանկություն պիտի համարեր նրա ոտքերի առաջ դնել իր անունն ու իր ամբողջ հարստությունը, միայն թե նա համաձայնվեր իր օրինական կինը լինել։ Մենք այդ մասին հաստատ վկայություններ ունենք։ Իսկ գալով մեղադրյալին, նրա ողբերգությունը ակնհայտ է, մեր առաջ է ահա։ Բայց այդպես էր երիտասարդ անձնավորության «խաղը»։ Գայթակղիչ կինը հույս անգամ չէր տալիս դժբախտ երիտասարդին, որովհետև հույսը, իսկական հույսը նրան տրվեց ամենավերջին պահին միայն, երբ նա, իրեն տանջող կնոջ առաջ ծնկի եկած, մեկնում էր նրան իր ձեռքերը, որոնք արդեն իր հոր ու մրցակցի արյունով էին ներկվել, այդ վիճակում էլ նա ձերբակալվեց։ «Ի՜նձ էլ, ինձ էլ նրա հետ ուղարկեցեք տաժանակիր աքսորի, ե՛ս հասցրի նրան այս վիճակին, ե՛ս եմ ամենից ավելի մեղավոր»,— բացականչում էր այդ կինը անձամբ, արդեն անկեղծ զղջումով, նրա ձերբակալության րոպեին։ Այն տաղանդավոր երիտասարդը, որ հանձն է առել սույն գործը նկարագրել հոդվածում,— նույն պարոն Ռակիտինը, որի մասին արդեն հիշատակեցի,— մի քանի սեղմ ու բնորոշ նախադասություններով բնութագրում է այս հերոսուհու նկարագիրը. «Վաղաժամ հիասթափություն, վաղաժամ մոլորություն ու անկում, դավաճանությունը փեսացուի, որ գայթակղել ու լքել է նրան, հետո աղքատություն, անեծքը պատվավոր ընտանիքի և, վերջապես, հովանավորությունը մի հարուստ ծերունու, որին նա սակայն հիմա էլ համարում է իր բարերարը։ Նրա երիտասարդ սրտում, որի մեջ գուցե լավ բաներ շատ կային, դեռ խիստ վաղ տարիքից ծվարել է զայրույթը։ Կազմվել է հաշվենկատ, դրամագլուխ դիզող մի նկարագիր։ Առաջացել է հեգնական ու վրիժառու մի վերաբերմունք հասարակության նկատմամբ»։ Այս բնութագրությունից հետո հասկանալի է, որ այդ կինը կարող էր երկուսի վրա էլ ծիծաղել պարզապես խաղ խաղալու համար, չարախինդ մի խաղ։ Եվ ահա, այդ մի ամսվա ընթացքում մեղադրյալը ոչ միայն տառապում է անհույս սիրով ու բարոյական անկում է ապրում, դավաճանելով իր հարսնացուին և յուրացնելով ուրիշի փողը, որ իր պատվին էր վստահված, այլև անդադրում խանդի հետևանքով հասնում է գրեթե մոլեգնության, հասնում է կատաղության։ Եվ ո՞ւմ է խանդում։ Իր հո՜րը։ Եվ մանավանդ՝ խելացնոր ծերունին նրա սիրո առարկային հրապուրում ու գայթակղեցնում է հենց այն երեք հազար ռուբլու միջոցով, որը որդին իր տոհմական սեփականությունն է համարում՝ իբրև իր մորից մնացած ժառանգություն, և որի համար կշտամբում է հորը։ Այո՜, համաձայն եմ, դժվար էր դիմանալ դրան։ Նույնիսկ մտամոլության կարող էր հասնել բանը։ Ոչ թե փողն էր խնդիրը, այլ այն, որ ա՛յդ իսկ փողի միջոցով, և այնպիսի՜ նողկայի անամոթությամբ, խորտակվում էր նրա երջանկությունը»։
Հետո Իպոլիտ Կիրիլովիչն սկսեց նկարագրել, թե ինչպես է հայրասպանության գաղափարը աստիճանաբար ծագել մեղադրյլի մտքում, և քայլ առ քայլ հետևեց դրան փաստերով։
«Սկզբում նա միայն գոռում է գինետներում, ամբողջ մի ամիս գոռում է։ Օ՜, նա սիրում է մարդկանց մեջ լինել և իսկույն հաղորղել նրանց ամեն ինչ՝ իր ամենադժոխային ու վտանգավոր մտքերն անգամ, սիրում է իր մտքերը կիսել մարդկանց հետ և, չգիտես ինչու, հենց տեղն ու տեղը, անմիջապես պահանջում է նաև, որ այդ մարդիկ իսկույն ևեթ լիակատար համակրանք ցուցաբերեն իրեն, մտնեն իր բոլոր հոգսերի ու տագնապների մեջ, միշտ այո ասեն և արգելք չլինեն իր ցանկություններին։ Թե չէ՝ նա կզայրանա ու ջարդուփշուր կանի ամբողջ գինետունը։ (Այս խոսքերին հաջորդեց փոխկապիտան Սնեգիրյովի պատմությունը)։ Այդ ամսվա ընթացքում մեղադրյալին տեսնողներն ու լսողները վերջապես զգացին, որ նա կարող է արդեն չսահմանափակվել միայն գոռգոռալով ու սպառնալով իր հոր դեմ, այլև, այդպիսի մոլեգնության մեջ, սպառնալիքները կարող են գործի վերածվել։ (Այստեղ դատախազը նկարագրեց ընտանեկան հավաքույթը վանքում, խոսակցությունները Ալյոշայի հետ և բռնության այլանդակ տեսարանը հոր տանը, երբ մեղադրյալը ներխուժել էր ճաշից հետո)։ Չեմ ուզում համառորեն պնդել,— շարունակեց Իպոլիտ Կիրիլովիչը,— թե մինչև այդ տեսարանը մեղադրյալն արդեն նախամտածված ու դիտավորյալ կերպով որոշել էր սպանել իր հորը։ Բայց, այնուամենայնիվ, այդ գաղափարն արդեն մի քանի անգամ կանգնել էր նրա առաջ, և նա մտմտացել էր դրա շուրջ. այդ մասին ունենք փաստեր, վկաներ ու նրա սեփական խոսքերը։ Խոստովանում եմ, պարոնայք երդվյալ ատենակալներ,— ավելացրեց Իպոլիտ Կիրիլովիչը,— ես մինչև այսօր իսկ տատանվում էի լիակատար ու գիտակից կանխամտածություն վերագրել մեղադրյալին՝ ոճիր կատարելու նրա ձգտման մեջ։ Հաստատ համոզված էի, որ նրա հոգին բազմիցս ներհայել է գալիք ճակատագրական պահը, բայց ներհայել է միայն, պատկերացրել է լոկ իբրև հնարավորություն, բայց չի որոշել ո՛չ իրագործման ժամկետը, ո՛չ հանգամանքները։ Բայց ես տատանվում էի մինչև այսօր միայն, միայն մինչև այն րոպեն, երբ օրիորդ Վերխովցևան այդ ճակատագրական փաստաթուղթը ներկայացրեց դատարանին։ Դուք ինքներդ, պարոնայք, լսեցիք նրա բացականչությունը. «Նախագի՜ծ է սա, սպանության ծրագի՛ր»։ Ահա թե օրիորդը ինչպես բնորոշեց դժբախտ մեղադրյալի այդ չարաբաստիկ, «հարբած» նամակը։ Եվ իրոք, այդ նամակը ծրագրի և կանխամտածվածության նշանակություն ունի լիովին։ Գրված է ոճրից երկու օր առաջ, և այսպիսով՝ այժմ հաստատ հայտնի է մեզ, որ իր ահավոր մտադրությունը իրագործելուց երկու օր առաջ մեղաղրյալր երդվելով հայտարարել է՝ եթե փող չճարի, ուրեմն կսպանի հորը, որպեսզի նրա բարձի տակից վերցնի փողը «կարմիր ժապավենով ծրարի մեջ, միայն թե Իվանը գնացած լինի»։ Լսո՞ւմ եք, «միայն թե Իվանը գնացած լինի», ուրեմն ամեն ինչ կանխամտածված է արդեն, հանգամանքները ծանր ու թեթև են արված։ Եվ ի՞նչ։ Հետո ամե՜ն ինչ կատարվում է հենց գրվածի նման։ Կանխամտածված դիտավորությունն անտարակուսելի է, ոճիրը պետք է կատարվեր կողոպուտի նպաաակով, ուղղակի հայտարարված է այդ բանը, գրված է և ստորագրված։ Մեղադրյալը չի հրաժարվում իր ստորագրությունից։ Կարող են ասել հարբած մարդն է գրել այդ նամակը։ Բայց դրանով ոչինչ չի նվազում և ընդհակառակն, դառնում է ավելի կարևոր, հարբած վիճակում գրել է այն, ինչ մտադրել է զգաստ ժամին։ Եթե չմտադրեր զգաստ ժամին, չէր գրի հարբած վիճակում։ Գուցե ասեն՝ ինչո՞ւ էր նա իր մտադրության մասին գոռում գինետներում։ Դիտավորյալ կերպով այդպիսի բան որոշող մարդը լուռ է մնում և պահում է իր մեջ։ Ճիշտ է, բայց նա գոռում էր այն ժամանակ, երբ դեռ ծրագիր ու դիտավորություն չուներ, այլ պարզապես ցանկությունը կար միայն, ձգտումն էր լոկ հասունանում։ Հետո արդեն ավելի քիչ է գոռում դրա մաաին։ Այն իրիկուն, երբ այդ նամակը գրվել է «Մայր քաղաք» գինետանը, նա հարբած է եղել, բայց իր սովորության հակառակ՝ լուռ է մնացել, բիլիարդ չի խաղացել. նստել է մի կողմ, ոչ ոքի հետ չի խոսել, միայն մի առևտրական գործակատարի քշել է տեղից, սակայն դա արել է գրեթե անգիտակցորեն, կռիվ անելու սովորության հետևանքով, որովհետև գինետուն մտնելուց հետո չէր կարող մի որևէ անկարգություն չանել։ Ճիշտ է, վերջնական որոշումն ընդունելուց հետո մեղադրյալի մտքով պետք է անցներ այն երկյուղը, թե ինքը նախապես չափից ավելի է գոռգոռացել քաղաքում և դա կարող է պատճառ լինել, որ իրեն բռնեն հանցանքի մեջ ու մեղադրեն, երբ իրագործի իր մտադրությունը։ Բայց ի՜նչ կարող ես անել. ասվածը ասել է արդեն, չես կարող ետ առնել խոսքերդ, և վերջապես բախտը օգնել է սրանից առաջ, հիմա էլ կօգնի։ Մարդը իր աստղի՜ն էր հավատում, պարոնայք։ Բացի այդ, պետք է խոստովանեմ, որ նա շատ բան է արել, որպեսզի շրջանցի ճակատագրական րոպեն, շատ ու շատ ճիգեր է ի գործ դրել, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ «Վաղը երեք հազար ռուբլի եմ խնդրելու բոլոր մարդկանցից,— ինչպես գրում է նա իր յուրօրինակ լեզվով,— իսկ եթե չտան մարդիկ, արյուն է թափվելու»։ Ահա դարձյալ գրվել է հարբած վիճակում, և զգաստ ժամին կատարվել է հենց գրվածի նման»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչն սկսեց մանրամասնորեն նկարագրել այն բոլոր ջանքերը, որ Միտյան արել էր փող ճարելու համար, որպեսզի խուսափի ոճիր գործելուց։ Նկարագրեց նրա բախտախնդիր այցելությունը Սամսոնովին, ճանապարհորդությունը՝ Լյագավիին հանդիպելու, և այդ բոլորը՝ փաստաթղթերով։ «Վերջապես քաղաք է վերագդառնում, տանջված, ծաղրված, քաղցած , այդ ճամփորդության համար ժամացույցը ծախած (և սակայն իր վրա հազար հինգ հարյուր ռուբլի ունենալով իբր թե, օ՜, իբր թե), վերադառնում է՝ քաղաքում թողած իր սիրո առարկայի համար տանջվելով խանդից, կասկածելով, որ նա իր բացակայության ժամանակ Ֆյոդոր Պավլովիչի մոտ գնացած կլինի։ Սակայն փա՜ռք աստծո։ Ֆյոդոր Պավլովիչի մոտ չի եղել նա։ Ինքը անձամբ ուղեկցում է սիրուհուն, որ գնում է իր խնամակալի՝ Սամսոնովի մոտ։ (Տարօրինակ բան, Սամսոնովին չի խանդում, և դա հոգեբանական շա՜տ բնորոշ մի յուրահատկություն է այս գործի մեջ)։ Հետո վազում է դեպի իր դիտակետը հոր տան «ետևներում» և այնտեղ... և այնտեղ իմանում է, որ Սմերդյակովին ընկնավորության նոպա է խփել, և որ մյուս ծառան էլ հիվանդ է. ազա՜տ է ասպարեզը, իսկ ինքը տեղյակ է «նշաններին»... ինչպիսի՜ գայթակղիչ րոպե։ Բայց այնուամենայնիվ դիմադրում է փորձությանը. գնում է մեր քաղաքի ժամանակավոր բնակիչ, մեր բոլորի կողմից մեծապես հարգված տիկին Խոխլակովայի մոտ։ Այս տիկինը, որ վաղուց արդեն կարեկցանքով էր նայում նրա ճակատագրին, ամենաողջամիտ խորհուրդն է տալիս նրան՝ հրաժարվել բոլոր այդ զեխ կերուխումներից, այդ այլանդակ սիրահարությունից, գինետներում պարապ-սարապ քարշ գալուց, իր երիտասարդական ուժերի ապարդյուն վատնումից, և գնալ Սիբիր՝ ոսկու հանքերը. «Այնտեղ ելք կգտնեն ձեր եռուն ուժերը, ձեր ռոմանտիկ բնավորությունը, որ ծարավ է արկածախնդրության»։
Նկարագրելով այդ խոսակցության վախճանը և այն պահը, երբ մեղադրյալը հանկարծ լուր է ստանում, թե Գրուշենկան բնավ էլ չի մնացել Սամսոնովի մոտ, նկարագրելով խանդոտ ու դժբախտ, ջղերը տանջված մարդու վայրկենական մոլեգնությունը այն մտքից, թե նա հենց խաբել է իրեն և հիմա գտնվում է Ֆյոդոր Պավչովիչի տանը, Իպոլիտ Կիրիլովիչը եզրակացրեց՝ ուշադրություն դարձնելով պատահմունքի ճակատագրական նշանակության վրա. «Եթե աղախինը ասեր նրան, թե սիրուհին գնացել է Մոկրոե, իր «առաջին» ու «անվիճելի» սիրածի մոտ, ոչինչ էլ տեղի չէր ունենա։ Բայց աղախինը գլուխը կորցնում է վախից, երդում~պատառ է լինում, և եթե մեղադրյալը տեղն ու տեղը չի սպանում նրան, պատճառն այն է, որ հապշտապ վազում է իր դավաճան սիրուհուն գտնելու։ Բայց նկատեցեք՝ որքան էլ կորցրել էր իրեն, համենայն դեպս պղնձե սանդկոթը վերցրեց ու տարավ հետը։ Ինչո՞ւ հատկապես սանդկոթը, ինչո՞ւ ոչ թե մի ուրիշ զենք։ Բայց եթե մի ամբողջ ամիս արդեն մտովի տեսնում էր այդ պահը և պատրաստվում դրան, ապա հենց որ զենքի նման մի բան երևաց աչքին, իսկույն վերցրեց դա իբրև զենք։ Իսկ արդեն մի ամբողջ ամիս նա պատկերացնում էր, որ այդ տեսակի մի որևէ առարկա կարող է զենք ծառայել։ Հենց դրա համար էլ այդպես ակնթարթորեն, առանց տատանվելու ընդունեց դա որպես զենք։ Ուստի, համենայն դեպս, նա այդ ճակատագրական սանդկոթը վերցրեց ոչ թե ակամա, ոչ թե անգիտակցորեն։ Եվ ահա, նա գտնվում է իր հոր այգում. ազատ է ասպարեզը, վկաներ չկան, խոր գիշեր է, խավար ու խանդ։ Շունչը կտրվում է այն կասկածից, թե այնտեղ է իր սիրուհին, նրա հետ, իր մրցակցի հետ, նրա գրկում, և գուցե ծիծաղում է իր վրա այդ րոպեին։ Եվ ո՜չ միայն կասկածից. էլ ի՞նչ կասկած, բացահայտ է խաբեությունը, ակնհայտ, այնտեղ է իր սիրուհին, ահա այն սենյակում, որտեղ լույս կա, այնտեղ է, նրա հետ, ձեղկի ետևում... և ահա ուրեմն, դժբա՜խտ մարդը գաղտագողի մոտենում է պատուհանին, հարգալից նայում է ներս, հեզաբարո կերպով խաղաղվում է և խոհեմաբար հեռանում, շուտափույթ փախչում է փորձանքից, որպեսզի հանկարծ վտանգավոր ու անբարոյական մի բան չպատահի.... Եվ ուզում են, որ մենք հավատա՞նք դրան, մենք, որ գիտենք մեղադրյալի բնավորությունը, մենք, որ հասկանում ենք, թե ինչ հոգեվիճակի մեջ էր նա, մի հոգեվիճակ, որ մեզ հայտնի է փաստերով, և մանավանդ երբ գիտենք, թե նա ծանոթ էր այն նշաններին, որոնցով իսկույն կարող էր ներս մտնել»։
Այստեղ, «նշանների» առնչությամբ, Իպոլիտ Կիրիլովիչն առժամապես մի կողմ թողեց իր մեղադրական փաստարկումը և անհրաժեշտ գտավ մանրամասնորեն խոսել Սմերդյակովի մասին, որպեսզի կատարելապես սպառի այդ միջանկյալ դրվագը և մի անգամ ընդմիշտ վերջ դնի այն կասկածին, թե Սմերդյակովն է սպանողը։ Այդ բանը շատ հանգամանորեն արեց, և բոլորը հասկացան, որ թեև նա լիակատար արհամարհանք էր ցուցաբերում այդ ենթադրության նկատմամբ, բայց այնուամենայնիվ խիստ կարևոր էր համարում դա։
VIII։ Տրակտատ Սմերդյակովի մասին
«Նախ և առաջ, որտեղի՞ց ելավ այդպիսի կասկածի հնարավորությունը,— այս հարցով էլ սկսեց Իպոլիտ Կիրիլովիչը։ — Առաջին մարդը, որ գոռաց, թև Սմերդյակովն է սպանել, հենց մեղադրյալն էր՝ իր ձերբակալության պահին, և սակայն նա իր այդ առաջին գոռոցից մինչև դատի այս րոպեն ոչ մի փաստ չի ներկայացրել իր մեղադրանքը հաստատելու համար, և ոչ միայն փաստ, այլև որևէ մի փաստի նշույլն անգամ, որ գոնե մարդկային խելքի մոտ լիներ մի քիչ։ Այնուհետև, միայն երեք հոգի են հաստատում այդ մեղադրանքը, մեղադրյալի երկու եղբայրները և օրիորդ Սվետլովան։ Բայց ավագ եղբայրն իր կասկածը հայտնեց այսօր միայն, հիվանդ վիճակում, անվիճելի խելացնորության ու տենդի նոպայում, իսկ առաջ, ամբողջ երկու ամիս, ինչպես հաստատորեն հայտնի է մեզ, լիովին հարում էր այն համոզմունքին, թե իր եղբայրը մեղավոր է, նույնիսկ չէր էլ ձգտում առարկել այդ մտքի դեմ։ Բայց մենք դեռ հատկապես կզբաղվենք դրանով հետո։ Այնուհետև, կրտսեր եղբայրը քիչ առաջ անձամբ հայտարարեց մեզ, թե Սմերդյակովի մեղավոր լինելու մասին իր միտքը հաստատելու համար ոչ մի փաստ չունի. ոչ իսկ ամենադույզն փաստը, այլ հենց մեղադրյալի խոսքերից ու «նրա դեմքի արտահայտությունից» է միայն այդպես եզրակացնում. այո՜, այդ վիթխարի ապացույցը այստեղ երկու անգամ առաջ քաշվեց մեղադրյալի եղբոր կողմից։ Իսկ օրիորդ Սվետլովայի ասածը մինչև իսկ ավելի վիթխարի մի բան էր գուցե. «Ինչ որ մեղադրյալը ասի, հավատացեք դրան, այնպիսի մարդ չէ, որ սուտ խոսի»։ Ահա բոլոր փաստական ապացույցները Սմերդյակովի դեմ այս երեք անձերի կողմից, որոնք շահագրգռված են մեղադրյալի ճակատագրով։ Եվ այնուամենայնիվ, Սմերդյակովի դեմ մեղադրանքը ընթացք էր գտել ու մնում էր, և հիմա էլ դեռ մնում է. կարելի՞ է հավատալ դրան, կարելի՞ է պատկերացնել այսպիսի բան»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչը անհրաժեշտ գտավ թեթևակի բնութագրել հանգուցյալ Սմերդյակովին, «որ իր կյանքին վերջ է տվել հիվանդագին մտամոլուցքի ու խելագարության մի նոպայում»։ Ներկայացրեց նրան որպես տկարամիտ մարդու, որ տարտամ մի կրթություն էր ստացել, մոլորվել էր իր խելքից վեր եղող փիլիսոփայական գաղափարներով և վախեցել էր պարտականության վերաբերյալ ժամանակակից որոշ ուսմունքներից, որոնք լայնորեն մատուցված էին նրան, գործնականորեն՝ իր հանգուցյալ տիրոջ ու գուցե նաև հոր, այսինքն Ֆյոդոր Պավլովիչի անզուսպ կյանքի օրինակով, իսկ տեսականորեն՝ իր տիրոջ միջնակ որդու, այսինքն Իվան Ֆյոդորովիչի հետ փիլիսոփայական այլազան, տարօրինակ խոոակցովթյուններով, որ վերջինս հաճույքով անում էր զվարճության համար, հավանաբար ձանձրույթից կամ հեգնելու պահանջից գրգված, ավելի լավ կիրառում չգտնելով իր այդ պահանջին։ «Նա ինքը ինձ պատմեց տիրոջ տանը անցկացրած վերջին օրերի ընթացքում իր ունեցած հոգեվիճակի մաաին,— բացատրեց Իպոլիտ Կիրիլովիչը,— բայց նույն բանը վկայում են նաև ուրիշները՝ մեղադրյալն ինքը, նրա եղբայրը և նույնիսկ ծառա Գրիգորին, այսինքն բոլոր այն մարդիկ, որոնք բնականաբար շատ մոտիկից էին ճանաչում նրան։ Բացի այդ, ընկնավորությունից սմքած Սմերդյակովը «նման էր վախկոտ հավի»։ «Նա ընկնում էր իմ ոտքերը և համբուրում էր իմ ոտքերը,— հայտնեց մեզ անձամբ մեղադրյալը այն րոպեին, երբ դեռ չէր գիտակցում, թե այդպիսի հայտարարությունը որոշ վնաս է բերում իրեն։— Ընկնավոր հավի մեկն է»,— արտահայտվեց նա Սմերդյակովի մասին՝ իր բնորոշ լեզվով։ Եվ ահա, մեղադրվողը հենց նրան է ընտրում որպես իր վստահյալը (մի բան, որ ինքն է վկայում) և այնքան է վախեցնում նրան, որ նա վերջապես համաձայնվում է լրտեսություն անել մեղադրյալի համար։ Տնային լրտեսի հանգամանքով դավաճանում է իր տիրոջը, մեղադրյալին հայտնում ք և՛ ծրարված փողի գոյության, և՛ այն նշանների մասին, որոնցով կարելի էր մտնել տիրոջ մոտ։ Եվ միթե կարո՞ղ էր չհայտներ «Կսպաներ ինձ, ուղղակի տեսնում էի, որ կսպաներ ինձ»,— ասաց նա հարցաքննության միջոցին, նույնիսկ մեր առաջ ցնցվելով ու ղողալով, չնայած որ նրան ահաբեկողն ու տանջողը այդ ժամանակ արդեն գտնվում էր կալանքի տակ և չէր կարող գալ ու պատժել նրան։ «Ամեն րոպե կասկածում էր ինձ, ես էլ ահուդողի մեջ ընկած՝ նրա բարկությունը իջեցնելու համար շուտով հայտնում էի ամեն մի գաղտնիք, որպեսզի տեսներ, որ ես անմեղ եմ իր առաջ և ինձ ողջ֊առողջ բաց թողներ մեղքերս քավելու»։ Ահա նրա սեփական խոսքերը, ես գրի եմ առել դրանք ու հիշում եմ. «Հենց որ սկսում էր գոռալ ինձ վրա, ուղղակի ծնկի էի ընկնում նրա առաջ»։
Ի բնե մեծապես ազնիվ երիտասարդ լինելով, նա իր տիրոջ վստահությունն էր շահել, և Ֆյոդոր Պավլովիչը գնահատել էր այդ ազնվությունը, երբ իր կորցրած փողը նա գտել ու վերադարձրել էր. ուստի պետք է ենթադրել, որ դժբախտ երիտասարդը սոսկալի տանջվում էր զղջահարությունից՝ դավաճան լինելու համար իր տիրոջը, որին սիրում էր որպես իր բարերարին։ Ընկնավորությամբ սաստիկ տառապողները, ըստ խորագետ հոգեբույժների վկայության, մշտապես տրամադիր են հարատև ու անշուշտ հիվադագին ինքնամեղադրման։ Նրանք տանջվում են այն մտքից, որ իրենք «մեղավոր» են մի բանի համար ու այսինչի առաջ, տանջվում են խղճի խայթից, և հաճախ, մինչև իսկ առանց որևէ հիմքի, չափազանցում են և նույնիսկ զանազան մեղքեր ու հանցանքներ են հնարում, վերադրում են իրենք իրենց։ Եվ ահա հենց այդպիսի մի անձնավորություն իսկապես մեղավոր ու հանցավոր է դաոնում՝ վախի և ահաբեկման ազդեցության տակ։ Բացի այդ, նա ուժգնորեն նախազգում էր, որ իր աչքի առաջ ստեղծվող իրավիճակից կարող է մի վատ բան դուրս գալ։ Երբ Իվան Ֆյոդորովիչը հենց աղետից առաջ Մոսկվա էր մեկնում, Սմերդյակովն աղաչում է նրան, որ մնա այստեղ, բայց, ըստ վախկոտ մարդու իր սովորության, չի համարձակվում բացեիբաց ու վճռականորեն հայտնել իր երկյուղը։ Բավարարվում է միայն ակնարկություններ անելով, բայց չեն հասկանում այդ ակնարկությունները։ Պետք է նկատել, որ Իվան Ֆյոդորովիչի մեջ նա տեսնում էր կարծես իր պաշտպանին, մի տեսակ երաշխիք էր զգում, որ քանի դեռ նա տանն է, դժբախտություն չի պատահի։ Հիշեցեք այն արտահայտությունը Դմիտրի Ֆյոդորովիչի «հարբած» նամակի մեջ. «Կսպանեմ ծերուկին, եթե միայն Իվանը գնացած լինի»։ Ուրեմն Իվան Ֆյոդորովիչի ներկայությունը բոլորին էլ մի տեսակ երաշխիք էր թվում, որ տան մեջ խաղաղություն ու կարգուկանոն կպահպանվի։ Եվ ահա նա մեկնում է, իսկ Սմերդյակովն էլ անմիջապես, իր երիտասարդ տիրոջ մեկնելուց գրեթե մի ժամ հետո, ընկնավորության նոպա է ունենում։ Բայց դա կատարելապես հասկանալի է։ Այստեղ պետք է հիշել, որ Սմերդյակովը, վախից և յուրատեսակ մի հուսահատությունից ընկճված, վերջին օրերի ընթացքում հատկապես զգում էր իր մեջ ընկնավորության մոտալուտ մի նոպայի հնարավորությոլնը, մանավանդ որ առաջ էլ միշտ բարոյական լարման ու ցնցումի պահերին այդպիսի նոպա էր ունենում։ Այդ նոպաների օրն ու ժամը չի կարելի գուշակել անշուշտ, բայց ամեն մի ընկնավոր կարող է նոպայի տրամադրությունը իր մեջ զգալ նախօրոք։ Այդպես է ասում բժշկությունը։
Ահա ուրեմն, հենց նոր է մեկնել տնից Իվան Ֆյոդորովիչը, և Սմերդյակովն իր այսպես ասած որբ ու անպաշտպան մնալու տպավորության տակ նկուղ է գնում տնային մի գործով, սանդուղքով իջնում է և մտածում. «Լինելո՞ւ է, թե չի լինելու նոպան, իսկ եթե հանկարծ ա՞յս րոպեիս գա»։ Եվ ահա հենց այդ տրամադրոլթյան, այդ կասկածամտության, այդ հարցերի հետևանքով էլ ջղաձգվում է կոկորդը, մի բան, որ միշտ նախորդում է ընկնավորության նոպային, և նա գլխիվայր, ուշակորույս գլորվում է նկուղի հատակին։ Եվ ահա, մարդիկ հնարք են գտնում այս ամենաբնական պատահարի մեջ ինչ֊որ կասկած տեսնելու, ինչ-որ մատնանշում, ինչ֊որ ակնարկություն, թե նա դիտմամ՜բ է հիվանդ ձևացել։ Բայց եթե դիտմամբ էր, ապա իսկույն ևեթ հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ի՞նչ հաշիվ ուներ, ի՞նչ էր նպատակը։ Էլ չեմ խոսում բժշկության մասին. գիտությունը իբր թե սուտ է ասում, գիտությունը սխալվում է, բժիշկները չեն կարողացել ճշմարտությունը տարբերել կեղծիքից. թո՛ղ այդպես լինի, բայց դե պատասխանեցեք այն հարցին, թե ինչո՞ւ նա պետք է կեղծեր։ Մտադրված լինելով սպանել տիրոջը, արդյո՞ք ուզում էր նախօրոք և անմիջապես իր վրա ուշադրություն հրավիրել տանը՝ այդպիսի նոպա ունենալով։ Ասեմ ձեզ, պարոնայք երդվյալ ատենակալներ, սպանության գիշերը հինգ մարդ է եղել Ֆյոդոր Պավլովիչի տանը. նախ և առաջ՝ նույնինքն Ֆյոդոր Պավլովիչը, բայց հո նա ինքը չի սպանել իրեն, դա պարզ է. երկրորդ՝ նրա ծառա Գրիգորին, բայց դե քիչ էր մնացել, որ նրան էլ սպանեին. երրորդ՝ Գրիգորիի կինը՝ Մարֆա Իգնատևնան, բայց պարզապես ամոթ է երևակայել, թե նա սպանել է իր տիրոջը։ Ուրեմն երկու հոգի են մնում աչքի առաջ մեղադրյալը և Սմերդյակովը։ Բայց քանի որ մեղադրյալը հավատացնում է, թե ինքը չի սպանել, ուրեմն Սմերդյակովը պետք է սպանած լինի, ուրիշ ելք չկա, որովհետև ուրիշ ոչ մի անձնավորություն չես կարող հնարել, ուրիշ ոչ մի մարդասպան չես կարող ցույց տալ։ Ահա, ահա՜ թե ուրեմն որտեղից է ծագել այդ «ճարտար» ու վիթխարի՜ մեղադրանքը դժբախտ ու տկարամիտ մարդու դեմ, որ երեկ անձնասպան եղավ։ Պատճառը հենց այն է միայն, որ ուրիշ ո՜չ ոքի չես կարող հնարել։ Թեկուզ և մի ստվեր, թեկուզ և մի կասկած լիներ ուրիշ մեկի վրա, որևէ մի վեցերորդ անձնավորության վրա, ես համոզված եմ, որ նույնիսկ մեղադրյալն էլ կամաչեր այդ դեպքում ամբաստանել Սմերդյակովին և կամբաստաներ վեցերորդ անձնավորությանը, որովհետև այս սպանության մեջ Սմերդյակովին մեղադրելը բացարձակ անհեթեթություն է։
Պարոնայք, թողնենք հոգեբանությունը, թողնենք բժշկությունը, թողնենք հենց տրամաբանությունն անգամ, դիմենք միայն փաստերին, միայն ու միայն փաստերին, և տեսնենք, թե ինչ են ասում մեզ փաստերը։ Սմերդյակովն է սպանել, բայց ինչպե՞ս։ Մենա՞կ, թե մեղադրյալի մասնակցությամբ։ Քննենք նախ առաջին պարագան, այսինքն՝ Սմերդյակովը մենակ է սպանում։ Պարզ է, եթե սպանել է, ուրեմն մի որևէ բանի համար, մի շահից ելնելով է արել։ Բայց քանի որ նշույլն էլ չուներ այն շարժառիթների, այսինքն ատելության, խանդի և այլն, և այլն, որոնք սույն մեղադրյալին մղում էին սպանության, ուրեմն Սմերդյակովը, անտարակույս, կարող էր սպանել միմիայն փողի համար, որպեսզի յուրացնի այն երեք հազարը, որ անձամբ տեսել էր, երբ իր տերը ծրարի մեջ էր դնում։ Եվ ահա, սպանություն նյութելով, փողի և նշանների մասին ամեն ինչ հայտնում է մի ուրիշ անձնավորության, այն էլ վերին աստիճանի շահագրգռված անձնավորության, այսինքն մեղադրյալին, հայտնում է, թե որտեղ է դրված ծրարը, ինչ է գրված ծրարի վրա, ինչով է ծրարը կապված, և մանավանդ, մանավանդ հայտնում է այն «նշանները», որոնցով կարելի է մտնել տիրոջ մոտ։ Ինչ է, ուղղակի իրեն մատնելո՞ւ համար է անում այդ բանը։ Կամ էլ իր մրցակի՞ցը դարձնելու համար մի ուրիշին, որ նույնպես կարող է ցանկանալ ներս մտնել ու ձեռք բերել ծրարը։ «Այո,— կասեն ինձ,— բայց չէ՞ որ նա վախից է հայտնել»։ Բայց ինչպե՞ս թե վախից։ Մի մարդ, որ ժպրհել է այդպիսի հանդուգն ու գազանային մի գործ ծրագրել ու հետո ի կատար ածել, հայտնում է այնպիսի տեղեկություններ, որ միայն ինքը գիտե ամբողջ աշխարհում, և որոնք ոչ ոք երբեք չի կռահի, եթե ինքը լռեր դրանց մասին։ Չէ՜, որքան էլ վախկոտ լիներ մարդը, բայց եթե իրոք այդպիսի մի ոճիր էր ծրագրել, գոնե ծրարի ու նշանների մասին ոչ մի դեպքում ոչինչ չէր ասի որևէ մեկին, որովհետև դա կնշանակեր, որ նախօրոք լրիվ մատնում է իրեն։ Իսկ եթե անպայման տեղեկություններ էին պահանջում նրանից, մի որևէ բան կհնարեր դիտմամբ, մի որևէ սուտ կասեր, բայց դրա մասին չէր խոսի։ Ընդհակառակը, կրկնում եմ, թեկուզ միայն փողի մասին եթե ոչինչ չասեր, իսկ հետո սպաներ ու յուրացներ փողը, ամբողջ աշխարհում ոչ ոք երբեք չէր կարող մեղադրել նրան գոնե կողոպուտի համար սպանած լինելու մեջ, որովհետև նրանից բացի ոչ ոք չէր տեսել այդ փողը, ոչ ոք չգիտեր, թե տանը այդպիսի փող կա։ Եթե նույնիսկ մեղադրեին նրան, ապա անպայման կմտածեին, թե նա որևէ ուրիշ շարժառիթով է սպանել։ Բայց քանի որ նախապես ոչ ոք չէր նկատել այդ շարժառիթները նրա մեջ, այլ ընդհակառակը, տեսել էին, որ նա տիրոջ սիրելին է, վայելում է տիրոջ վստահությունը, ուրեմն, իհարկե, վերջին կասկածելի մարդը պիտի լիներ նա, իսկ ամենից առաջ պիտի կասկածեին այնպիսի մեկի վրա, որ ունեցե՛լ էր այդ շարժառիթները, որ անձամբ գոռացել էր, թե ունի՛ այդ շարժառիթները, չէր թաքցրել դրանք, պարզել էր բոլորի առաջ, մի խոսքով՝ պիտի կասկածեին սպանվածի որդու, այսինքն Դմիտրի Ֆյոդորովիչի վրա։ Սմերդյակովն սպանած ու կողոպտած կլիներ, բայց կմեղադրեին որդուն, և դա մարդասպան Սմերդյակովի համար ձեռնտու կլիներ, այնպես չէ՞։ Բայց դե արի տես, որ Սմերդյակովը, սպանություն նյութելով, հենց այդ որդուն էլ, այսինքն Դմիարիին, նախօրոք հայտնում է փողի, ծրարի և նշանների մասին. որքա՜ն տրամաբանական է, որքա՜ն պարզ։
Հասնում է Սմերդյակովի ծրագրած սպանության օրը, և ահա նա ընկնավորության նոպա է կեղծում ու գլխիվայր գլորվում է. ինչո՞ւ։ Դե իհարկե՜, նախ և առաջ որպեսզի ծառա Գրիգորին, տեսնելով, որ բացարձակապես ոչ ոք չկա տունը պահպանող, գուցե մի կողմ թողնի իր մտադրած բուժումը և պահակ նստի։ Եվ երկրորդ, իհա՜րկե, որպեսզի Ֆյոդոր Պավլովիչն էլ կրկնապատկի իր անվստահությունն ու զգուշությունը, տեսնելով, որ ոչ ոք պահակություն չի անում, և սոսկալի վախենալով իր որդու այցելությունից, մի բան, որ չէր թաքցնում։ Եվ վերջապես մանավանդ, իհա՜րկե, որպեսզի իրեն էլ, այսինքն նոպայից ուժաբեկված Սմերդյակովին, անմիջապես տեղափոխեն խոհանոցից, ուր նա միշտ առանձին էր գիշերում և ուզած ժամանակ կարող էր մտնել ու դուրս գալ, տանեն նրան շենքի մյուս ծայրը՝ Գրիգորիի սենյակը, նրանց սեփական անկողնիը երեք քայլ հեռու, միջնորմի ետև, ինչպես միշտ էլ անում էին հնուց անտի, Ֆյոդոր Պավլովիչի և սրտացավ Մարֆա Իգնատևնայի կարգադրությամբ, հենց որ նոպան խփում էր նրան։ Այնտեղ, միջնորմի ետև պառկած, իսկապես հիվանդ ձևանալու համար պետք է սկսեր տնքալ իհարկե, այսինքն ամբողջ գիշերը արթնացնել նրանց (ինչպես որ եղել է իրոք, Գրիգորիի և նրա կնոջ վկայությամբ)։ Եվ այս բոլորը, այս բոլորը ա՜յն նպատակով, որ ավելի հարմա՜ր լիներ հանկարծ վեր կենալ ու հետո սպանել իր տիրոջը։
Բայց կարող են ասել ինձ, թե Սմերդյակովը հենց նոպա է կեղծել, որպեսզի, հիվանդ համարելով իրեն, չկասկածեն իր վրա, իսկ փողի ու նշանների մասին մեղադրյալին հայտնել է հենց այն նպատակով, որ նա գայթակղվի և գա, սպանի։ Եվ երբ, հասկանո՞ւմ եք, սպանելուց հետո նա հեռանա և փողն էլ տանի հետը, հավանաբար և աղմկելով, գոռգոռալով, արթնացնելով վկաներին, այն ժամանակ, հասկանո՞ւմ եք, Սմերդյակովն էլ վեր կկենա ու կգնա... է՜, կգնա ի՞նչ անելու։ Այ հենց երկրորդ անգամ սպանելու իր տիրոջը և երկրորդ անգամ գողանալու արդեն գողացված փողը։ Ծիծաղո՞ւմ եք, պարոնայք։ Ինքս էլ ամաչում եմ, որ այսպիսի ենթադրություններ եմ անում, բայց երևակայեցեք, մեղադրյալը հենց ա՛յդ է պնդում, չէ՞։ Այսինքն թե՝ երբ ինքը արդեն դուրս է ելել տնից, տապալելով Գրիգորիին և տագնապ առաջացնելով, իրենից հետո Սմերդյակովը վեր է կացել, գնացել է, սպանել է ու կողոպտել։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպե՞ս կարող էր Սմերդյակովը նախօրոք հաշվի առնել այդ բոլորը և իմանալ հինգ մատի նման, այսինքն նախատեսել, թե ջղայնացած ու կատաղած որդին կգա հենց միայն ակնածանքո՜վ ներս նայելու համար պատուհանից և, նշանները գիտենալով հանդերձ, ետ կքաշվի, ամբողջ ավարը թողնելով նրան՝ Սմերդյակովին։ Պարոնա՛յք, ես լուրջ եմ դնում հարցը. ո՞րն է այն րոպեն, ուր Սմերդյակովը կատարել է ոճիրը։ Ցույց տվեք այդ րոպեն, որովհետև առանց դրան չի կարելի մեղադրել։
«Բայց գուցե նոպան իսկական էր։ Հիվանդը հանկարծ ուշքի է եկել, գոռոց է լսել ու ելել է դուրս»։ Է՛հ, հետո ինչ։ Շուրջը նայեց ու ինքնիրեն ասաց՝ գնամ սպանեմ տիրոջս, հա՞։ Իսկ որտեղի՞ց իմացավ, թե ինչ է եղել, ինչ է կատարվել. չէ՞ որ նա մինչ այդ ուշագնաց պառկել էր։ Համենայն դեպս, երևակայության թռիչքներն էլ չափ ու սահման ունեն, պարոնա՛յք։
«Լա՜վ,— կառարկեն ինձ նրբամիտ մարդիկ,— իսկ եթե երկուսը խոսքը մեկ էին արել, եթե երկուսը միասին սպանել ու փողը բաժանել են, այդ դեպքո՞ւմ ինչ կասեք»։
Այո՜, իսկապես, լո՜ւրջ կասկած է. նախ և աոաջ՝ ուղղակի շշմեցուցի՜չ հանցանշաններ կան, որ հաստատում են այդ բանը։ Մեկը սպանում է և հանձն առնում բոլոր հոգսերը, իսկ մյուսը նոպա է կեղծել ու պառկել կողքի վրա, երևի հենց այն նպատակով, որ նախօրոք կասկած հարուցի բոլորի մեջ, տագնապ՝ իր տիրոջ սրտում, տագնապ՝ Գրիգորիի մտքում։ Հետաքրքրական է, թե ինչ շարժառիթներից դրդված կարող էին այդպիսի խելագար մի ծրագիր մոգոնել երկու մեղսակիցները։ Բայց գուցե դա բոլորովին էլ գործոն մասնակցություն չէր Սմերդյակովի կողմից, այլ, այսպես ասած, կրավորական մի նահատակություն. ահաբեկված Սմերդյակովը գուցե համաձայնվում է պարզապես չընդդիմանալ սպանությանը, բայց նախազգալով, որ իրեն իսկ կմեղադրեն, թե ինչո՞ւ է թողել, որ սպանվի իր տերը, ինչո՞ւ չի գոռացել, չի ընդդիմացել, նախօրոք Դմիտրի Կարամազովից թույլտվություն է ձեռք բերում, որ այդ ժամանակ ինքը նոպա կեղծի ու պառկի, «իսկ դու սպանիր ինչպես ուզում ես, իմ ի՞նչ գործն է»։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա քանի որ այդ նոպան էլ դարձյալ պետք է իրարանցում առաջ բերեր տանը, Դմիտրի Կարամազովը կնախատեսեր դա և ոչ մի կերպ չէր կարող համաձայն լինել այդպիսի պայմանի։ Սակայն ես զիջում եմ, ասենք, թե նա համաձայնվել է. բայց չէ՞ որ այդ դեպքում էլ, այնուամենայնիվ, ստացվում է, որ Դմիտրի Կարամազովն է մարդասպանն ու դրդողը, իսկ Սմերդյակովը պարզապես կրավորական մասնակից է, և մասնակից էլ չէ նույնիսկ, այլ պարզապես թողտվություն է արել վախից ու իր կամքին հակառակ. այս բանն արդեն անպայման կարող է տարբերել դատարանը։ Եվ ահա, ի՞նչ ենք տեսնում սակայն։ Հենց որ ձերբակալվում է մեղադրյալը, իսկույնևեթ ամեն ինչ գցում է Սմերդյակովի վրա և միայն նրան է մեղադրում։ Մեղադրում է ոչ թե որպես իր մեղսակցին, այլ բացառապես նրան. այսինքն թե՝ նա մենա՜կ է արել այդ բանը, նա է սպանել ու կողոպտել, նրա՜ արած գործն է։ Բայց դե այդ ի՞նչ մեղսակիցներ են, որ անմիջապես սկսում են իրար դեմ խոսել. չէ, երբեք էլ այդպիսի բան չի լինում։ Եվ նկատեցեք, ի՜նչ վտանգավոր հանդգնություն է Կարամազովի համար. ինքն է գլխավոր մարդասպանը, իսկ մյուսը թողտվություն է արել միայն ու պառկել է միջնորմի ետև, և ահա նա մեղքը գցում է պառկած մարդու վրա։ Չէ՞ որ այդ պառկած մարդը կարող էր բարկանալ և պարզապես ինքնապաշտպանության համար իսկույն հայտնել բուն ճշմարտությունը. ասել, որ երկուսն էլ մասնակցել են, բայց ինքը չի սպանել, այլ միայն թողտվություն է արել վախի ազդեցության տակ։ Չէ՞ որ նա՝ Սմերդյակովը, կարող էր հասկանալ, թե դատարանը անմիջապես կտարբերի իր մեղավորության աստիճանը, ուրեմն և կարող էր հաշվի առնել, որ եթե պատմեն էլ իրեն, ապա ինքը անհամեմատ ավելի չնչին մի պատիժ կստանա, քան մյուսը գլխավոր մարդասպանը, որ ուզում է ամեն ինչ իր վրա գցել։ Բայց ուրեմն Սմերդյակովն արդեն ստիպված կլիներ խոստովանել այդ դեպքում։ Եվ սակայն այդ բանը մենք չտեսանք։ Սմերդյակովը մի բառ անգամ չասաց մեղսակցության մասին, չնայած որ իսկական ոճրագործը հաստատորեն մեղադրում էր նրան և շարունակ պնդում էր, թե նա է միակ մարդասպանը։ Ավելին՝ հենց Սմերդյակովը հայտնեց հարցաքննության ժամանակ, թե ծրարված փողի և նշանների մասին ինքը հաղորղել է մեղադրյալին, և թե առանց իր ասելու նա ոչինչ էլ չէր իմանա։ Եթե նա իրոք մեղսակից չիներ, արդյոք այնքան հեշտորեն կհայտնե՞ր այդ բանը հարցաքննության ժամանակ, այսինքն կասե՞ր, թե ինքն է հաղորդել այդ բոլորը մեղադրյալին։ Ընդհակառակը, կջանար ուրանալ և անպայման աղավաղել փաստերը, փոքրացնել դրանք։ Բայց նա չէր աղավաղում և չէր փոքրացնում։ Այդպես կարող է անել միայն անմեղ մարդը, որ չի վախենում, թե իրեն կմեղադրեն մեղսակցության մեջ։ Եվ ահա, հիվանդագին մելամաղձության մի նոպայում, որ իր ընկնավորության և ամբողջ այս աղետի հետևանքն էր, երեկ նա կախեց իրեն։ Կախվելուց առաջ թողեց մի երկտող յուրահատուկ ձևով գրվպծ. «Ոչնչացնում եմ ինձ իմ կամքով ու ցանկությամբ, որպեսզի ոչ ոքի վրա մեղք չգցեմ»։ Է՛հ, ի՞նչ կկորցներ, եթե ավելացներ իր երկտողում՝ մարդասպանը ես եմ, ոչ թե Կարամազովը։ Բայց այդ բանը չի ավելացրել։ Ինչ է, խիղճը մղել է անձնասպանության, իսկ խոստովանելու համար խիղճ չի՞ ունեցել։
Եվ ի՞նչ ենք տեսնում հետո։ Քիչ առաջ փող են բերում այստեղ՝ դատարան, երեք հազար ռուբլի, և ասում են մեզ. «Հենց այն փողերն են, որ ահա այն ծրարի մեջ էին, իրեղեն ապացույցների սեղանին դրված ծրարի մեջ, երեկ ստացա Սմերդյակովից»։ Բայց դուք ինքներդ, պարոնայք երդվյալ ատենակալներ, հիշում եք քիչ առաջվա տխուր տեսարանը։ Մանրամասնությունները չեմ մտաբերի, սակայն ինձ թույլ եմ տալիս երկու֊երեք բան նկատի առնել, ընտրելով ամենից աննշան կետերը, հենց այն պատճառով, որ աննշան են դրանք, ուստի ամեն մեկի ուշադրությունը չեն գրավի և կմոռացվեն։ Նախ և աոաջ, ենթադրենք դարձյալ, որ Սմերդյակովը երեկ խղճի խայթից մղված ետ է տվել փողը և կախել իրեն։ (Որովհետև առանց խղճի խայթի ետ չէր տա փողը)։ Եվ անշուշտ, միայն երեկ իրիկուն առաջին անգամ խոստովանել է իր ոճիրը Իվան Կարամազովին, ինչպես հայտարարեց նաև ինքը՝ Իվան Կարամազովը, որն այլապես ինչո՞ւ պետք է լռեր մինչև հիմա։ Այսպես ուրեմն, եթե խոստովանել է, ապա ինչո՞ւ, կրկնում եմ նորից, մեռնելու պահին գրած երկտողում չի հայտնել մեզ ամբողջ ճշմարտությունը, իմանալով հանդերձ, որ անմեղ մեղադրյալը հենց հաջորդ օրը կանգնելու է ահավոր դատի առաջ։ Միայն փողը հո չի կարող ապացույց լինել։ Դեռ մի շաբաթ առաջ, օրինակ, բոլորովին պատահականորեն, ինձ և այս դահլիճում գտնվող երկու ուրիշ անձերի հայտնի դարձավ մի փաստ, այսինքն այն, որ Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը երկու հինգտոկոսանոց բանկտոմս է ուղարկել նահանգիս կենտրոնական քաղաքը՝ մանրելու համար, յուրաքանչյուր բանկտոմսը հինգ հազար ռուբլու արժողությամբ, ուրեմն ընդամենը տասը հազար ռուբլի։ Ուզում եմ ասել միայն, որ ամեն մարդ էլ կարող է փող ունենալ տվյալ պահին, և երեք հազար ռուբլի բերելով չի կարելի անպայման ապացուցել, թե դա հենց այն փողն է, ահա նույն այդ արկղից կամ ծրարից հանված փողը։ Եվ վերջապես, Իվան Կարամազովը երեկ այնքա՜ն կարևոր մի տեղեկություն է ստանում բուն մարդասպանից, և հետո հանգիստ նստում է։ Բայց ինչո՞ւ իսկույն ևեթ չհայտնեց դրա մասին։ Ինչո՞ւ ամեն ինչ հետաձգեց մինչև առավոտ։ Կարծում եմ՝ իրավունք ունեմ ենթադրելու, թե ինչու։ Արդեն մի շաբաթ է խանգարվել է նրա առողջությունը, ինքն էլ խոստովանել է բժշկին ու իր մերձավորներին, թե ցնորքներ է ունենում, հանդիպում է մեռած մարդկանց. նրա մեջ հասունանում էր այն տենդը, որ հենց այսօր էլ խփեց նրան, իսկ երեկ, տենդի նախօրյակին, նա հանկարծ իմանում է Սմերդյակովի մահվան լուրը և անմիջապես հետևյալ դատողությունն է անում. «Մարդը մեռել է, կարող եմ նրա վրա գցել մեղքը և փրկել եղբորս։ Փող ունեմ մոտս, մի կապոց թղթադրամ կվերցնեմ ու կասեմ, որ Սմերդյակովն է ինձ տվել մահից առաջ»։ Պիտի ասեք, որ անազնիվ բան է դա. թեկուզ և մեռած մարդու դեմ, նույնիսկ եղբորը փրկելու համար, բայց անազնիվ բան է զրպարտելը։ Ճիշտ է, բայց եթե նա անգիտակցարա՞ր է ստել, չէ՞ որ Սմերդյակովի այդ անակնկալ մահվան լուրը կարող էր վերջնականապես խախտել նրա գիտակցությունը, և նա կարող էր երևակայել, թե իրոք այդպես էլ եղել է։ Դուք հո տեսաք այն, ինչ կատարվեց քիչ առաջ, տեսաք, թե ինչ վիճակի մեջ էր այդ մարդը։ Կանգնած էր ոտքի վրա և խոսում էր, բայց ո՞ւր էր նրա խելքը։
Այդ տենդահար մարդու վկայությունից հետո երևան եկավ մի փաստաթուղթ՝ մեղադրյալի նամակը օրիորդ Վերխովցևային, այն նամակը, որ նա գրել է ոճիրը կատարելուց երկու օր առաջ, և ուր նախօրոք նկարագրված է ոճրագործության մանրամասն ծրագիրը։ Դե էլ ինչո՞ւ ենք ուրիշ ծրագիր փնտրում։ Ճիշտ ու ճիշտ այդ ծրագրով էլ կատարվել է ոճիրը, և կատարել է ոչ այլ ոք, քան այդ ծրագիրը կազմողը։ Այո, պարոնայք երդվյալ ատենակալներ, «հենց գրվածի պես էլ կատարվել է»։ Երբեք, երբեք էլ նա հարգանքով ու երկյուղով չի փախել հոր պատուհանի տակից, այն էլ դեռ հաստատ համոզված լինելով, որ իր սիրեցյալը նրա մոտ է այդ պահին։ Ոչ, անհեթեթ ու անհավատալի է դա։ Նա մտել է ու... վերջացրել գործը։ Հավանաբար սպանել է ջղային վիճակում, զայրույթից բորբոքված, անմիջապես որ նայել է իր ատելի մրցակցին, և սպանել է գուցե մի անգամից, սանդկոթով զինված իր ձեռքի մի հարվածով, և ապա, մանրամասն խուզարկությունից հետո համոզվելով, որ իր սիրեցյալը այնտեղ չէ, այնուամենայնիվ չի մոռացել ձեռքը խոթել բարձի տակ և հանել փողի ծրարը, որի պատռված երեսը ահա այստեղ է հիմա՝ իրեղեն ապացույցների սեղանին։ Այս բանը ասում եմ, որպեսզի նկատեք մի հանգամանք՝ ըստ իս շատ բնորոշ։ Եթե նա փորձառու մարդասպան լիներ և սպաներ հենց միայն կողոպուտի նպատակով, մի՞թե ծրարի երեսը կթողներ հատակին այնպես, ինչպես գտան այդ իրը դիակի մոտ։ Եթե, օրինակ, կողոպուտի համար սպանող Սմերդյակովը լիներ, դե նա պարզապես ծրարը կտաներ իր հետ, բնավ էլ նեղություն չէր քաշի, որ իր զոհի դիակի առաջ բաց անի ու նայի մեջը, քանի որ հաստատ գիտեր, թե ծրարի մեջ փող կա (չէ՞ որ իր աչքի առաջ էին փողը դրել ու կնքել), և գիտեր նաև, որ եթե բոլորովին վերցնի ու տանի ծրարը, ոչ ոք չի իմանա՝ կողոպուտ եղե՞լ է, թե ոչ։ Հարց եմ տալիս ձեզ, պարոնայք երդվյալ ատենակալներ, այդպես կվարվե՞ր արդյոք Սմերդյակովը, ծրարը կթողնե՞ր հատակին։ Ոչ, հենց այդպես պետք է վարվեր մոլեգնած մարդասպանը, որն արդեն վատ է կշռադատում, այն մարդասպանը, որ գող չէ և մինչ այդ երբեք ոչինչ չի գողացել, և այդ րոպեին էլ անկողնի տակից փողը դուրս է քաշել ոչ թե որպես գողություն անող մի գող, այլ որպես մի մարդ, որ իր գողացված սեփականությունն է ետ վերցնում գողից, որովհետև Դմիտրի Կարամազովը հենց այդպիսի համոզմունք է ունեցել այդ երեք հազար ռուբլու մասին, մտամոլության հասած մի համոզմունք։ Եվ ահա, վերցնելով ծրարը, որ առաջ երբեք չէր տեսել, պատռում և բաց է անում, որպեսզի ստույգ համոզվի՝ փող կա՞ արդյոք մեջը, հետո փողը գրպանը դրած փախչում է, նույնիսկ մոռանալով նկատի առնել, թե ծրարի այդ պատռված երեսը նետելով հատակին՝ վիթխարագույն մի մեղադրանք է թողնում ինքն իր դեմ։ Եվ դա պարզ այն պատճառով, որ Կարամազովը, այլ ոչ թե Սմերդյակովը, չի մտածել, չի կշռադատել, և ինչպե՞ս կարող էր։ Նա փախչում է, նա լսում է իր ետևից հասնող ծառայի աղաղակը, ծառան բռնում է նրան, կանգնեցնում է և պղնձե սանդկոթի հարվածով ընկնում գետին։ Մեղադրյալը, խղճահարությունից մղված, ցատկում է ներքև՝ նրա մոտ։ Պատկերացրե՜ք, նա հանկարծ ուզում է հավատացնել մեզ, թե այդ րոպեին պատից ետ է ցատկել խղճահարության, կարեկցանքի մղումով, որպեսզի նայի, թե չի՞ կարող մի բանով օգնել նրան։ Բայց մի՞թե դա այն րոպեն է, ուր կարելի է կարեկցանք ցուցաբերել։ Ոչ, նա ետ է ցատկել հենց համոզվելու համար, թե արդյոք կենդանի՞ է իր չարագործության միակ վկան։ Որևէ այլ զգացում, որևէ այլ շարժառիթ անբնական կլիներ։ Նկատի առեք, որ նա նեղություն է քաշում, թաշկինակով սրբում է Գրիգորիի գլուխը, և համոզվելով, որ նա մեռած է, խելակորույս վազում է նորից իր սիրուհու տունը, ոտից գլուխ արյունով թաթախված. իսկ ինչպե՞ս չի մտածել, թե ինքը արյունով է թաթախված և անմիջապես կբռնվի հանցանքի մեջ։ Բայց մեղադրյալն անձամբ հավատացնում է մեզ, որ ուշադրություն անգամ չի դարձրել, թե ինքը արյունով էր թաթախված, դա կարելի է ընդունել, դա շատ հնարավոր բան է, ոճրագործները միշտ էլ այդպես են լինում այդպիսի րոպեներին։ Մի բանը դժոխային հաշվենկատությամբ են անում, իսկ մի ուրիշ բանի համար խելքը դադարում է գործել։ Բայց այդ րոպեին նա մտածում էր միայն, թե որտեղ է իր սիրուհին։ Ուզում էր իսկույն իմանալ, թե որտեղ է նա, և ահա վազում է նրա բնակարանը և իմանում իր համար անսպասելի, ահռելի մի լուր. նա գնացել է Մոկրոե՝ իր «առաջին», «անվիճելի» սիրահարի մոտ»։
IX։ Հոգեբանությունը թափ առած գնում է։ Սրարշավ տրոյական։ Դատախազի ճառի ավարտը
Իպոլիտ Կիրիլովիչը հայտնապես ընտրել էր շարադրանքի խստորեն պատմական մեթոդը, մի մեթոդ, որին շատ են սիրում դիմել բոլոր ջղային հռետորները՝ դիտմամբ ձգտելով խստադիր շրջանակների մեջ մնալ, որպեսզի զսպեն իրենց սեփական անհամբեր ոգևորությունը։ Եվ Իպոլիտ Կիրիլովիչը, հասնելով իր ճառի այդ կետին, հատկապես մանրամասն խոսեց Գրուշենկայի «առաջին» ու «անվիճելի» սիրահարի մասին և մի քանի յուրովի հետաքրքրական մտքեր հայտնեց այդ նյութի շուրջ։
«Կարամազովը, որ կատաղելու չափ խանդում էր բոլորին, հանկարծ ու միանգամից ընկնում է կարծես ու չքանում այդ «առաջին» ու «անվիճելի» սիրահարի առաջ։ Եվ մանավանդ դա տարօրինակ է այն պատճառով, որ մինչ այդ նա գրեթե բոլորովին ուշադրություն չէր դարձնում նոր վտանգին՝ ի դեմս այդ գալիք, իր համար անսպասելի մրցակցի։ Բայց նա դեռ այնքա՜ն հեռու է պատկերացնում այդ վտանգը, իսկ Կարամազովը միշտ էլ ներկա րոպեով է ապրում։ Հավանաբար, նույնիսկ մտացածին էր համարում այդ բանը։ Բայց նա վայրկենապես հասկացավ իր վիրավոր սրտով, որ եթե այդ կինը մինչ այդ թաքցըրել էր նոր մրցակցին, եթե խաբել էր իրեն այդ երեկո, պատճառը գուցե հենց այն էր, որ նորից հայտնված այդ սիրահարը բոլորովին էլ ցնորք ու մտացածին բան չէր այդ կնոջ համար, այլ ամեն ինչ էր նրա կյանքում, նրա ամբողջ հույսը։ Վայրկենապես հասկանալով այդ բանը, Կարամազովը համակերպվեց։ Ճիշտն ասած, պարոնայք երդվյալ ատենակալներ, ես չեմ կարող լռության մատնել այդ անակնկալ գիծը մեղադրյալի հոգում, կարծես թե նա բոլորովին ընդունակ չէր այդպիսի բան ի հայտ բերելու, և հանկարծ արդարության անողոք մի պահանջ է երևում նրա մեջ, կնոջ հանդեպ հարգանքի, կնոջ սրտի իրավունքները ճանաչելու մի պահանջ, այն էլ ե՞րբ. այն պահին, երբ այդ կնոջ համար իր ձեռքերը ներկել էր իր հոր արյունո՜վ։ Ճիշտ է նաև, որ թափված արյունն էլ արդեն վրե՜ժ էր աղաղակում այդ րոպեին, որովհետև նա, մեղադրյալը, որն իր սեփական հոգին ու իր ամբողջ երկրային կյանքն էր կործանել, պետք է որ այդ վայրկյանին ակամա զգացած ու հարց տված լինի ինքն իրեն. «Ի՞նչ եմ ես և ի՞նչ նշանակություն կարող եմ ունենալ հիմա նրա համար, այդ էակի համար, որին ես իմ հոգուց ավելի եմ սիրում, ի՞նչ եմ ես այդ «առաջին» ու «անվիճելի» սիրահարի համեմատությամբ, որ զղջացել է ու վերադարձել այդ կնոջ մոտ մի ժամանակ իր խորտակած կնոջ, վերադարձել է նոր սիրով, պատվավոր առաջարկություններով, վերածնված ու արդեն երջանիկ կյանքի խոստումով։ Իսկ ես, դժբախտս, հիմա ի՞նչ կարող եմ տալ նրան, ի՞նչ կարող եմ առաջարկել»։ Կարամազովն այդ րոպեին հասկանում է այդ ամբողջը, հասկանում է, որ իր կատարած ոճիրը փակել է բոլո՜ր ճանապարհները իր առաջ, և որ ինքը պատժվելու դատապարտված մի ոճրագործ է միայն, այչ ո՜չ թե այն մարդը, որին կյանքն է ժպտում։ Այդ միտքը ճզմում ու ոչնչացնում է նրան։
Եվ ահա, նա վայրկենապես կանգ է առնում մի մոլեգին ծրագրի վրա, որ Կարամազովի բնավորությունն ունեցող մարդու համար միակ ու ճակատագրական ելքը պետք է թվար իր ահավոր դրությունից։ Այդ ելքը անձնասպանությունն էր։ Նա վազում է պարոն Պերխոտինի մոտ՝ ետ վերցնելու իր գրավ դրած ատրճանակները, և միաժամանակ ճանապարհին, վազելու ընթացքում, գրպանից հանում է ամբողջ իր փողը, որի համար դեռ քիչ առաջ իր ձեռքերը թաթախել է իր հոր արյունով։ Օ՜, հիմա փողն ամենից ավելի է պետք նրան. մեռնո՜ւմ է Կարամազովը, անձնասպա՜ն է լինում Կարամազովը, և պիտի հիշե՛ն այդ բանը։ Զուր չէ՜, որ բանաստեղծ է նա, զուր չէ՜, որ իր կյանքն ապրել է երկու կողմից վառված մոմի նման. «Ուղղակի նրա՜ մոտ, նրա՜ մոտ՝ իմ սիբեցյալի՜, և այնտեղ, օ՜, այնտեղ մի փառավոր խնջույք կսարքեմ բոլորի համար, չտեսնված մի խնջույք, որ հիշեն ու պատմե՜ն երկար ժամանակ։ Խենթ ու խելառ գոռում-գոչումի մեջ, գնչուական խոլ երգերի ու պարերի մեջ բաժակ կբարձրացնեմ, կխմեմ պաշտելի կնոջ կենացը, կշնորհավորեմ նոր երջանկությունը նրա, իսկ հետո, տեղն ու տեղը, նրա ոտքերն ընկած, կջախջախեմ իմ գանգը նրա աչքի առաջ և կպատժե՜մ իմ կյանքը։ Կգա ժամանակ, որ կհիշի նա Միտյա Կարամազովին, կտեսնի, թե ինչպե՜ս էր սիրում նրան Միտյան, կափսոսա՜ Միտյայի համար»։ Այս բոլորի մեջ շատ է երևում տպավորություն գործելու մարմաջը, ռոմանտիկ մոլուցքը, կարամազովյան վայրի անսանձությունն ու դյուրազգացությունը, և դեռ, այո՜, մի ուրիշ բան էլ, պարոնայք ատենակալներ, մի բան, որ աղաղակում է նրա հոգում, տրոփում է նրա հոգում անդադար և թունավորում է նրա սիրաը մինչ ի մահ. այդ բանը խիղճն է, պարոնայք ատենակալներ, խղճի դատաստանը, խղճի ահավո՜ր տանջանքները։ Բայց ատրճանակը ամեն ինչ կհարթի, ատրճանակն է միակ ելքը, և չկա ուրիշ ելք, իսկ հետո, այնտեղ... չգիտեմ, Կարամազովն արդյոք մտածո՞ւմ էր այդ րոպեին, թե «ինչ է լինելու այնաեղ» և կարո՞ղ է արդյոք Կարամազովը համլետորեն մտածել, թե ինչ է լինելու այն կողմը։ Ո՜չ, պարոնայք ատենակալներ, նրանք համլետներ ունեն, իսկ մենք՝ դեռ Կարամազովնե՜ր միայն»։
Այստեղ Իպոլիտ Կիրիլովիչն ամենայն մանրամասնությամբ նկարագրեց, թե ինչպես Միտյան պատրաստվել է Մոկրոե գնալու, նկարագրեց այն, ինչ տեղի է ունեցել Պերխոտինի տանը, խանութում, կառապանների հետ։ Բերեց բազմաթիվ խոսքեր ու արարմունքներ՝ բոլորն էլ վկաներով հաստատված, և պատկերը սոսկալի համոզիչ տպավորություն գործեց ունկնդիրների վրա։ Ազդեցիկ էր մանավանդ փաստերի համադրությունը։ Մոլեգնորեն խռովահույզ և արդեն զգուշությունը կորցրած այդ մարդու մեղավորությանը անժխտելիորեն ի հայտ էր գալիս։
«Այլևս կարիք չուներ զգույշ լինելու,— ասաց Իպոլիտ Կիրիլովիչը։— Երկու կամ երեք անգամ, քիչ է մնացել, որ լրիվ խոստովանի, համարյա ակնարկել է, միայն թե պարզապես կես է թողել իր ասելիքը։ (Այստեղ դատախազը վկաների ցուցմունքները մեջբերեց)։ Ճանապարհին նույնիսկ գոռացել է կառապանին. «Գիտե՞ս, որ մարդասպան ես տանում»։ Բայց, այնուամենայնիվ, չէր կարող դեռ լրիվ ասել ամեն ինչ, նախ պետք է Մոկրոե հասներ և այնտե՜ղ արդեն վերջացներ պոեմը։ Եվ սակայն, ի՞նչ էր սպասում դժբախտ մարդուն այնտեղ։ Մոկրոեում նա առաջին իսկ րոպեներից տեսնում է և ի վերջո կատարելապես հասկանում, որ իր «անվիճելի» մրցակիցը գուցե բոլորովին էլ անվիճելի չէ, և որ կենացի բաժակ ու նոր երջանկության շնորհավորանքներ չեն ուզում իրենից ու չեն ընդունում։ Բայց դուք, պարոնայք ատենակալներ, գիտեք արդեն փաստերը նախնական քննությունից։ Անժխտելի է Կարամազովի հաղթանակն իր մրցակցի վրա, և ահա այստեղ, օ՜, այստեղ արդեն բոլորովին նոր մի փուլ է սկսվում նրա հոգում, և դա նույնիսկ ամենասոսկալի փուլն է, որով երբևիցե անցել է կամ դեռ անցնելու է այդ հոգին։ Հաստատորեն կարելի է ասել, պարոնայք ատենակալներ,— գոչեց Իպոլիտ Կիրիլովիչտ,— որ անարգված բնությունն ու հանցագործ սիրտը իրենց վրեժն են լուծում, և ավելի ևս լիակատար կերպով, քան որևէ երկրային արդարադատություն։ Եվ ավելին՝ արդարադատությունն ու երկրային պատիժը նույնիսկ թեթևացնում են բնության պատիժը, և նույնիսկ դրանք անհրաժեշտ են ոճրագործի հոգուն այդպիսի րոպեներին, փրկում են հոգին հուսահատությունից, որովհետև ես չեմ էլ կարող պատկերացնել Կարամազովի ապրած այն սարսափն ու բարոյական տանջանքները, երբ նա իմացավ, որ այդ կինը սիրում է իրեն, որ հենց ի՛ր համար հրաժարվում է «առաջին» և «անվիճելի» սիրահարից , և որ հենց իրեն, իրեն, «Միտյայի՜ն» է կանչում դեպի նորոգ մի կյանք, խոստանում է երջանկություն, և այն էլ ե՞րբ։ Երբ արդեն ամե՜ն ինչ վերջացել է Կարամազովի համար և այլևս ո՜չ մի բան հնարավոր չէ։ Ի դեպ, մի շատ կարևոր կետ նշեմ հարևանցիորեն, բացատրելու համար մեղադրյալի դրության բուն էությունը այդ պահին. մինչև այդ վերջին րոպեն, մինչև բուն իսկ ձերբակալության վայրկյանը, նրա համար այդ կինը մնում էր անմատչելի մի էակ, մոլեգնորեն ցանկալի, բայց անհասանելի։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նա անձնասպան չեղավ հենց այդ ժամանակ, ինչո՞ւ հրաժարվեց իր ընդունած որոշումից և նույնիսկ մոռացավ, թե որտեղ է իր ատրճանակը։ Ահա, սիրո այդ բուռն ծարավն էր հենց, տեղն ու տեղը այդ ծարավը հագեցնելու հո՛ւյսն էր, որ ետ պահեց նրան։ Խրախճանքի արբեցման մեջ նա կպել էր իր սիրուհուն, որ նույնպես խրախճանք էր անում նրա հետ և ավելի չքնաղ ու հրապուրիչ էր նրա համար, քան երբևիցե, ու Կարամազովը չէր հեռանում նրա կողքից, սքանչանում էր նրանով, անէանում նրա առաջ։ Այդ բուռն ծարավը կարող էր նույնիսկ մի վայրկյան խեղդել ոչ միայն ձերբակալության վախը, այլև բուն իսկ խղճի խայթը։ Բայց մի վայրկյան, Օ՜, մի վայրկյան միայն։
Իմ պատկերացումով՝ ոճրագործի հոգեվիճակն այդ պահին անպայմանորեն ենթարկվել էր երեք բանի, որոնք կատարելապես ստրկացրել էին նրան. նախ, հարբած վիճակը, խելահեղ ժխորը, պարերի դոփդոփյունն ու երգերի ճղճղոցը, և նա, նա՝ իր սիրուհին, որ շառագունել էր գինուց, երգում էր ու պարում, հարբել էր ու ծիծաղադեմ նայո՜ւմ էր նրան։ Երկրորդ, այն հեռավոր, քաջալերող հույսը, թե ճակատագրական վախճանը հեռու է տակավին, մոտ չէ համենայն դեպս, առնվազն հաջորդ առավոտ միայն կգան ու կձերբակալեն իրեն։ Ուրեմն դեռ մի քանի ժամ կա, և դա շա՜տ է, սոսկալի՜ շատ։ Մի քանի ժամվա մեջ կարելի է շատ բան մտածել։ Պատկերացնում եմ, որ նրա զգացածը նման էր այն զգացողության, որ ունենում է մահապարտ ոճրագործը, երբ նրան տանում են մահապատժի, տանում են կախաղան. դեռ պետք է մի երկա՜ր ու երկար փողոց անցնել, այն էլ քայլաչափ ընթացքով, հազարավոր մարդկանց մոտով, հետո մի ուրիշ փողոց պետք է դառնալ և այդ փողոցի մյո՜ւս ծայրին է միայն սարսափելի հրապարակը։ Ինձ թվում է, որ երթի սկզբում, իր խայտառակության սայլին նստած, դատապարտյալը պետք է հենց այնպես զգա, որ դեռ մի անհուն կյանք կա իր առջև։ Բայց ահա տները ետ են մնում, սայլը շարունակ գնում է աոաջ. օ՜, վնաս չունի, դեռ այնքա՜ն հեռու է մինչև երկրորդ փողոցի անկյունը, և նա դեռ արիաբար նայում է աջ ու ձախ՝ այդ հազարավոր անբարեգթորեն հետաքրքրասեր մարդկանց, որ իրենց հայացքները բևեռել են մահապարտին, և նրան դեռ թվում է, թե ինքն էլ ճիշտ նրանց պես մի մարդ է։ Բայց ահա արդեն մյուս փողոցի անկյունն էլ է հասնում. օ՜, վնաս չունի, վնաս չունի, դեռ մի լրիվ փողոց կա։ Եվ որքան էլ տներ անցնեն, նա միշտ էլ պիտի մտածի. «Դեռ շատ տներ կան առջևում»։ Եվ այդպես՝ մինչև վերջ, մինչև բուն իսկ հրապարակը։ Իմ պատկերացումով՝ Կարամազովն էլ այսպես էր զգում այն ժամանակ։ «Դեռ մինչև հասնեն նրանք, կարելի է մի ելք գտնել,— մտածում էր նա,— օ՜, դեռ ժամանակ կա դիմադրության մասին խորհելու, պաշտպանության մի ծրագիր կազմելու, իսկ հիմա, հիմա... հիմա այնքա՜ն չքնաղ է իմ սիրուհին»։
Շփոթությամբ ու սարսափով է լցված նրա հոգին, բայց նա կարողանում է, այնուամենայնիվ, մի կողմ դնել իր փողի կեսը և պահել մի տեղ, այլապես չեմ կարող բացատրել, թե ո՛ւր կորավ մի ամբողջ կեսը այն երեք հազար ռուբլու, որ դեռ քիչ առաջ վերցրել էր հոր բարձի տակից։ Առաջին անգամը չէ, որ նա գնացել էր Մոկրոե, մի անգամ արդեն երկու օր խնջույք էր արել այնտեղ։ Նա դիտեր այդ փայտե հին, խոշոր տունը իր բոլոր ծակուծուկերով։ Ես ենթադրում եմ, որ փողի մի մասը թաքցվել է հենց այն ժամանակ, ձերբակալությունից ոչ շատ առաջ և հենց այդ տանը՝ մի որևէ ճեղքի, մի որևէ խոռոչի մեջ, մի որևէ տախտակի տակ, մի որևէ անկյունում, կտուրի տակ,— և ինչո՞ւ։ Ինչպե՞ս թե ինչու։ Աղետը կարող է իսկույն վրա հասնել, և դեռ չի մտածել անշուշտ, թե ինչպես դիմագրավի, ժամանակ էլ չուներ մտածելու, գլխի մեջ մուրճով խփում են կարծես, սիրտն էլ ձգտում է նրան՝ իր սիրուհուն, բայց դե փո՜ղը... ամեն դեպքում էլ անհարաժեշտ է փողը։ Փող ունեցող մարդը ամեն տեղ էլ մարդ է։ Այդպիսի՜ րոպեին այդպիսի հաշվենկատությունը գուցե անբնակա՞ն է թվում ձեզ։ Բայց չէ որ ինքն է հավատացնում, որ դրանից մեկ ամիս աոաջ, երբ նույնպես տագնապալի ու ճակատագրական մի պահ էր նրա համար, երեք հազար ռուբլուց առանձնացրել է կեսը և կարել քսակի մեջ. ու թեև դա ճիշտ չէ իհարկե, և մենք հիմա կապացուցենք այդ բանը, բայց համենայն դեպս դա ցույց է տալիս, որ այդ գաղափարը ծանոթ էր Կարամազովին, նա մտմտացել էր դրա շուրջ։ Ավելին. երբ նա հետո քննիչին հավատացնում էր, թե հազար հինգ հարյուր ռուբլին առանձնացրել է քսակի մեջ (մի բան, որ երբեք չի եղել), գուցե հենց այդ պահին էլ հնարում էր քսակի պատմությունը, հնարում էր տեղն ու տեղը, վայրկենաբար, որովհետև դրանից երկու ժամ առաջ, անակնկալ մի ներշնչումով, առանձնացրել էր փողի կեսը և մի որևէ տեղ թաքցրել էր Մոկրոեում, որպեսզի ամեն պարագայի համար թողնի այնտեղ մինչև առավոտ, միայն թե իր մոտ չպահի փողը։ Երկո՜ւ անհատակ խորություն, պարոնայք ատենակալներ, հիշեցեք, որ Կարամազովը կարող է իր հայացքը ուղղել երկու անհատակ խորության, և երկուսին էլ միանգամից։ Մենք այդ տանը փնտրեցինք փողը, բայց չգտանք։ Գուցե հիմա էլ դեռ այնտեղ է այդ փողը, կամ էլ գուցե հաջորդ օրն իսկ անհետացել է և հիմա գտնվում է մեղադրյալի մոտ։ Համենայն դեպս, երբ նրան ձերբակալեցին, նա իր սիրուհու հետ էր, ծնկի էր եկել սիրուհու առաջ, օրիորդը պառկել էր մահճակալի վրա, իսկ մեղադրյալն իր ձեռքերը մեկնել էր նրան և այնքա՜ն էր մոռացել ամեն ինչ այդ րոպեին, որ նույնիսկ չլսեց ձերբակալողների մոտենալը։ Դեռ ժամանակ չէր ունեցել մի որևէ պատասխան պատրաստելու իր մտքում։ Ե՛վ նա, և՛ իր միտքը անակնկալի եկան։
Եվ ահա, նա գտնվում էր իր դատավորների առաջ, իր ճակատագիրը վճռողների առաջ։ Պարոնայք երդվյալ ատենակալներ, մեր պարտականությունները կատարելու ժամանակ այնպիսի պահեր են լինում, երբ մե՛զ համար էլ սոսկալի է դառնում մարդու հետ դեմ առ դեմ հանդիպելը, սոսկում ենք նաև մարդո՛ւ ճակատագրի համար։ Մարդու անասնական սարսափը դիտելու րոպեներն են դրանք, երբ ոճրագործն արդեն տեսնում է, որ ամեն ինչ կորավ, բայց դեռ շարունակում է պայքարել դեռ մտադիր է պայքարել ձեր դեմ։ Դրանք այն րոպեներն են, երբ ինքնապահպանման բոլոր բնազդները միանգամից ոտքի են կանգնում նրա մեջ, և նա, փրկելու համար իր անձը, նայում է ձեզ հարցական ու տառապող մի հայացքով, ծակող մի հայացքով, որոգայթում և ուսումնասիրում է ձեր դեմքը, ձեր մտքերը, սպասում է, թե ո՛ր կողմից եք հարվածելու, և իր սասանվող մտքում հազար ու մի ծրագիր է կազմում վայրկենաբար, բայց և այնուամենայնիվ վախենում է խոսել, վախենում է, որ կմատնի՜ իրեն։ Սոսկալի՜ են մարդկային հոգու այդ ստորացուցիչ պահերը, հոգու այդ դեգերումները չարչարանքից չարչարանք, ինքնափրկության այդ անասնական տենչը, և երբեմն նույնիսկ քննիչի էլ սրտում դրանք ահուդող ու կարեկցանք են հարուցում ոճրագործի նկատմամբ։ Եվ ահա մենք այդ բոլոր բաներին ականատես եղանք այն ժամանակ։
Սկզբում նա շշմել էր, և իր սոսկումի մեջ մի քանի բառ թռցրեց բերանից, բառեր, որոնք շատ էին մատնում նրան. «Արյուն։ Արժանի՜ եմ»։ Բայց իսկույն զսպեց իրեն։ Ի՞նչ ասի, ի՞նչ պատասխանի։ Դեռ ոչինչ չի պատրաստել, միայն մի բան ունի պատրաստ՝ անհիմն մի ժխտում. «Հորս մահվան մեջ մեղավոր չեմ»։ Ահա՛ նրա ցանկապատը առժամապես, իսկ այդ ցանկապատի ետև գուցե դեռ մի բան կկառուցի, մի որևէ մարտապատնեշ։ Մեր տալիք հարցերը կանխելով, նա շտապում է բացատրել իր առաջին մատնող բացականչությունները և ասում, թե իրեն մեղավոր է նկատում միայն ծառա Գրիգորիի մահվան համար։ «Այդ արյան համար մեղավոր եմ, բայց ո՞վ է սպանել հորս, պարոնայք, ո՞վ է սպանել։ Ո՞վ կարող է սպանած լինել, եթե ես չեմ»։ Լսո՞ւմ եք. մեզ է հարցնում այդ բանը, մեզ, որ եկել ենք այդ նույն հարցը հենց իրեն տալու։ Լսո՞ւմ եք այդ նախատրամադրող պստիկ մի խոսքը՝ «եթե ես չե՜մ», այդ կենդանական խորամանկությունը, այդ միամտությունն ու կարամազովյան անհամբերությունը։ Ես չեմ սպանողը, և էլ մտքովդ էլ չանցնի, թե ես եմ։ «Ուզում էի սպանել, պարոնայք, ուզում էի սպանել,— խոստովանում է իսկույն (շտապում է, օ՜, սոսկալի շտապում),— բայց մեղավոր չե՛մ այնուամենայնիվ, ես չեմ սպանողը»։ Նա զիջողություն է անում մեզ, թե ուզում էր սպանել, այսինքն թե՝ տեսե՜ք որքան անկեղծ եմ, դե ուրեմն իսկույն ևեթ հավատացեք, որ ես չեմ սպանողը։ Օ՜, այսպիսի դեպքերում ոճրագործը երբեմն անհավատալիորեն թեթևամիտ ու դյուրահավատ է դառնում։ Եվ ահա այդ պահին, իբրև թե բոլորովին պատահականորեն, քննիչը հանկարծ ամենամիամիտ հարցը տվեց նրան. «Բայց արդյոք Սմերդյակովը չէ՞ սպանողը»։ Եվ պատահեց այն, ինչ սպասում էինք. նա սոսկալի բարկացավ, որ կանխեցինք իրեն և անակնկալի բերեցինք, երբ ինքը դեռ ժամանակ չէր ունեցել նախապատրաստելու, ընտրելու և որսալու այն վայրկյանը, ուր Սմերդյակովին մեջտեղ հանելն ամենից ավելի հավանական կլիներ։ Ըստ իր բնավորության՝ ուղղակի նետվեց դեպի մյուս ծայրահեղությունը և ինքն սկսեց ամբողջ եռանդով հավատացնել մեզ, թե Սմերդյակովը չէր կարող սպանել, ընդունակ չէ սպանելու։ Բայց մի հավատաք նրան, դա պարզապես նրա խորամանկությունն է. դեռ բնա՜վ, բնավ էլ չի հրաժարվում Սմերդյակովից, ընդհակառակը, դեռ մեջտեղ կգցի նրան, որովհետև էլ ո՞ւմ կարող է մեջտեղ գցել, եթե ոչ նրան, բայց մի ուրի՛շ անգամ կանի այդ բանը, որովհետև այդ րոպեին փչացավ գործը։ Գուցե միայն հաջորդ օրը կամ նույնիսկ մի քանի օր հետո մեջտեղ կգցի, գտնելով այն պահը, երբ ի՛նքը կգոռա մեր երեսին. «Տեսնո՞ւմ եք, ես ինքս ձեզնից ավելի էի Ժխտում Սմերդյակովի խնդիրը, ինքներդ հիշում եք, բայց հիմա ես էլ համոզվեցի, որ նա՛ է սպանել, նա՛ պետք է սպանած լինի»։ Իսկ առայժմ նա ընկրկում է մռայլ ու ջղային մի ժխտումով, սակայն ահաբեկությունն ու ցասումը նրան թելադրում են շա՜տ անճարակ ու անճշմարտանման մի բացատրություն տալ, թե ինչպես ինքը հոր պատուհանից ներս է նայել ու պատկառանքո՜վ ետ քաշվել պատուհանից։ Խնդիրն այն է, որ նա դեռ չգիտե հանգամանքները, չգիտե, թե ինչ աստիճան կարևոր ցուցմունք է տվել ուշքի եկած Գրիգորին։
Սկսում ենք խուզարկել նրան։ Խուզարկությունը զայրացնում է նրան, բայց և քաջալերում, որովհետև երեք հազարը լրիվ չգտանք նրա մոտ, գտանք միայն կեսը։ Եվ իհարկե, այդ ցասկոտ լռության ու ժխտման պահին էր միայն, որ քսակի գաղափարն առաջին անգամ փայլատակեց նրա մտքում։ Անտարակույս, ինքն էլ զգում էր իր հնարած պատմության ամբողջ անհավատալիությունը և տանջվում էր, սոսկալի տանջվում, թե ինչպես ավելի ճշմարտանման դարձնի, այնպես հնարի, որ մի ամբողջ հավաստի վեպ դուրս գա դրանից։ Այդպիսի դեպքերում քննիչների առաջնագույն, ամենագլխավոր խնդիրն է՝ չթողնել, որ պատրաստվի հանցագործը, հանկարծակիի բերել նրան, որպեսզի իր փայփայած մտքերը դուրս տա ամենայն պարզամտությամբ, դրանց սուտը մատնող անհավանականությամբ ու հակասություններով։ Իսկ ստիպելու համար, որ հանցագործը խոսի, կա միայն մեկ հնարավորություն, անակնկալորեն ու կարծես պատահաբար մի որևէ նոր փաստ հայտնել նրան, գործի մի որևէ հանգամանքը, որ վիթխարի կարևորություն ունեցող բան է, բայց որը նա ոչ մի կերպ չէր ենթադրում մինչ այդ և ոչ մի կերպ չէր կարող նախատեսել։ Այդ փաստը պատրաստ էր մեր ձեռքում, օ՜, վաղուց պատրաստ. դա ուշքի եկած Գրիգորիի ցուցմունքն էր բաց դռան մասին, որտեղից դուրս է փախել մեղադրյալը։ Այդ դռան մասին նա բոլորովին մոռացել էր և չէր էլ ենթադրում, որ Գրիգորին կարող է տեսած լինել։ Ազդեցությունը վիթխարի եղավ։ Նա վեր թռավ ու հանկարծ գոռաց. «Ուրեմն Սմերդյակո՜վն է սպանել, Սմերդյակո՜վը», և ահա այդպիսով դուրս տվեց իր փայփայած, իր հիմնական միտքը, դուրս տվեց ավելի անհավանական ձևով, որովհետև Սմերդյակովը կարող էր սպանած լինել միայն այն պահին, երբ մեղադրյալը արդեն տապալել էր Գրիգորիին ու փախել էր։ Իսկ երբ հայտնեցինք նրան, որ Գրիգորին բաց դուռը տեսել է իր ընկնելուց առաջ, իսկ սենյակից դուրս գալու րոպեին լսել է Սմերդյակովի տնքոցները միջնորմի ետևից, Կարամազովն ուղղակի ջախջախվեց։ Իմ աշխատակիցը՝ մեր հարգելի ու սրամիտ Նիկոլայ Պարֆյոնովիչը հետո ինձ ասաց, որ լալու չափ խղճացել է նրան այդ վայրկյանին։ Եվ ահա հենց այդ վայրկյանին էլ, գործը շտկելու համար, նա փութաց պատմել մեզ այդ տխրահռչակ քսակի մասին, այսինքն թե՝ է՛հ, թող այդպես լինի, լսեցե՜ք այս պատմությունը։
Պարոնայք ատենակալներ, ես արդեն հայտնեցի ձեզ, թե ինչու այդ քսակի մեջ կարված փողի մտացածին պատմությունը ոչ միայն անհեթեթություն եմ համարում, այլև ամենից ավելի անհավանական հերյուրանքը, որ կարելի էր հնարել տվյալ պարագային։ Եթե նույնիսկ մեկը գրազ գար, որ անհավատալի մի բան կհնարի ու կասի, այդ դեպքում իսկ անկարելի կլիներ ավելի անհավանական մի բան գտնել։ Խնդիրն այն է, որ հոխորտացող վիպասանին կարելի է մանրամասնություններով պապանձեցնել ու չախչախել, հենց այն մանրամասնություններով, որոնցով միշտ էլ այնքան հարուստ է իրականությունը, և որոնք, իբր թե որպես աննշան ու ավելորդ մի մանրուք, միշտ էլ անտեսվում են այդ ձախորդ ու ակամա հորինիչների կողմից և նույնիսկ երբեք նրանց մտքով էլ չեն անցնում։ Օ՜, այդ րոպեին նրանց չեն էլ հետաքրքրում այդ մանրամասնությունները, նրանց միտքը փառահեղ ամբողջությունն է ստեղծում միայն, և մեկ էլ ահա մարդիկ հանդգնում են մի որևէ մանրո՜ւք դեմ անել նրանց։ Բայց հենց դրանով էլ նրանք բռնվում են։ Հարց է տրվում մեղադրյալին. «Լավ, բայց ձեր քսակը կտրելու համար որտեղի՞ց բարեհաճեցիք վերցնել կտորը, ո՞վ կարեց ձեզ համար»։— «Ինքս կարեցի»։— «Իսկ կտա՞վը որտեղից բարեհաճեցիք վերցնել»։ Մեղադրյալն արդեն վիրավորվում է, գրեթե անարգական մի մանրուք է համարում դա իր համար, և անկեղծորե՜ն, անկեղծորեն է վիրավորվում, կհավատա՞ք։ Բայց նրանք բոլորն էլ այդպես են։ «Իմ վերնաշապկից պատռեցի»։— «Շատ լավ։ Ուրեմն վաղն ևեթ ձեր սպիտակեղենի մեջ կգտնենք այդ վերնաշապիկը, որից մի կտոր պոկված է»։ Եվ նկատի առեք, պարոնայք ատենակալներ, եթե իսկապես գտնեինք այդ վերնաշապիկը (և ինչպե՞ս կարելի էր չգտնել նրա ճամպրուկում կամ պահարանում, եթե իրոք այդպիսի մի վերնաշապիկ գոյություն ունենար), չէ՞ որ դա մի փաստ կլիներ արդեն, շոշափելի մի փաստ՝ հօգուտ նրա ցուցմունքի ճշմարտության։ Բայց նա չի կարողանում այդ բանն ըմբռնել, «Չեմ հիշում, գուցե վերնաշապկից չէր, տանտիրուհու տնային գլխարկի մեջ կարեցի»։— «Ի՞նչ տնային գլխարկ»,— «նրանից վերցրի, գցել էր մի կողմ, կոլենկորե հին, անպետք մի բան»։ — «Եվ հաստա՞տ հիշում եք այդ բանը»։ — Հաստատ չեմ հիշում...»։ Եվ բարկանում է, բարկանում, այնինչ պատկերացրեք՝ ինչպե՞ս կարելի է չհիշել։ Մարդկային կյանքի ամենասարսափելի րոպեներին, ասենք երբ մահապատժի են տանում, ահա հենց այդ մանրուքներն են տպավորվում հիշողության մեջ։ Մարդը ամեն ինչ կմոռանա, բայց ճանապարհին մի որևէ կանաչ տանիք է տեսել աչքը, կամ էլ խաչի վրա թառած մի ճայյակ, և ահա այդ բանը կհիշի։ Չէ՞ որ նա, իր քսակը կարելիս, թաքնվում էր տնեցիներից, և նա պետք է հիշեր, թե ի՜նչ ստորացուցիչ կերպով տանջվում էր ասեղը ձեռքին, վախենալով, որ հանկարծ մեկը ներս կմտնի ու անակնկալի կբերի իրեն, և ինչպե՜ս ամեն մի ձայնից վեր էր թռնում ու վազում միջնորմի ետև (նրա բնակարանում միջնորմ կա)... Բայց, պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ եմ այս բոլորը ասում ձեզ, բոլոր այս մանրամասնություննե՜րը, այս մանրուքնե՜րը,— բացականչեց հանկարծ Իպոլիտ Կիրիլովիչը։— Հենց այն պատճառով, որ մեղադրյալը դեռ մինչև ա՛յս րոպեն էլ համառորեն պնդում է ամբողջ այդ անհեթեթությունը։ Ամբողջ այս երկու ամսվա ընթացքում, նրա համար ճակատագրական այդ գիշերից ի վեր, նա ոչինչ չի բացատրել, ոչ մի հավաստի, պարզաբանող հանգամանք չի ավելացրել իր նախկին ցնորական ցուցմունքների վրա. այսինքն թե՝ մանրուքներ են այդ բոլորը, դուք հավատացեք իմ ազնի՜վ խոսքին։ Օ՜, մենք սիրով կհավատանք, մենք տենչո՜ւմ ենք հավատալ, թեկուզ և ազնիվ խոսքի՜ն։ Ինչ է, մարդկային արյան ծարավի շնագայլե՞ր ենք մենք։ Տվե՜ք, ցույց տվեք մեզ գոնե մի հատիկ փաստ հօգուտ մեղադրյալի, և մենք կուրախանանք. բայց թող լինի շոշափելի, իրական փաստ, և ոչ թե մեղադրյալի հարազատ եղբոր եզրակացությունը նրա դեմքի արտահայտությունից կամ էլ այն ենթադրությունը, թե երբ նա իր կուրծքն էր ծեծում՝ անպայման իր այդ քսակն էր ուզում մատնացույց անել, այն էլ մթան մեջ։ Մենք կուրախանանք նոր փաստի համար, առաջինը մե՛նք կհրաժարվենք մեր մեղադրանքից,, և կփութա՜նք հրաժարվել։ Իսկ այժմ արդարությունն է աղաղակում, և մենք պնդում ենք, մենք ոչ մի բանից հրաժարվել չենք կարող»։
Իպոլիտ Կիրիլովիչն անցավ իր ճառի ավարտին։ Տենդի մեջ էր կարծես, աղաղակում էր թափված արյան համար, հայրական արյան, որ թափել էր հայրասպան որդին՝ «կողոպուտի ստոր նպատակով»։ Հարապնդորեն մատնացույց էր անում փաստերի ողբերգական ու աղաղակող ամբողջությունը։ «Եվ ի՜նչ էլ լսեք իր տաղանդով հռչակված դատապաշտպանից,— չկարողացավ զսպել իրեն Իպոլիտ Կիրիլովիչը,— ինչպիսի՜ պերճաբարբառ ու սրտառուչ խոսքեր էլ ասվեն այստեղ, ձեր զգայուն լարերի՜ն զարկող խոսքեր, այնուամենայնիվ հիշեցեք, որ այս րոպեին դուք գտնվում եք մեր արդարադատության սրբավայրում։ Հիշեցեք, որ դուք պաշտպաններն եք մեր արդարության, պաշտպանները մեր սրբազան Ռուսաստանի, նրա հիմունքների, ընտանեկան հարկի, ամենա՜յն սրբության։ Այո՜, դուք այստեղ Ռուսաստանն եք ներկայացնում տվյալ պահին, և ձեր ղատավճիռը պիտի հնչի ոչ միայն այս դահլիճում, այլև ամբողջ Ռուսաստանում, և ամբողջ Ռուսաստանը պիտի լսի ձեզ՝ որպես իր պաշտպաններին ու դատավորներին, և ձեր դատավճիռը պիտի քաջալերի կամ հուսալքի նրան։ Արդ՝ մի նահատակեք Ռուսաստանն ու նրա ակընկալությունները, մեր ճակատագրական տրոյկան խոյանում է գլխապատառ, և գուցե դեպի կործանում։ Ու վաղուց արդեն, ամբողջ Ռուսաստանում, ձեռքերը մեկնում են և կոչ անում կանգնեցնել այդ կատաղի, այդ անզուսպ արշավը։ Եվ եթե ուրիշ ժողովուրդներն առայժմ դեռ մի կողմ են քաշվում և ճամփա տալիս սրարշավ տրոյկային, դա գուցե բոլորովին էլ պատկառանք զգալուց չէ, ինչպես ուզում էր կարծել բանաստեղծը, այլ պարզապես սոսկումից, նկատի առեք այս բանը։ Սոսկումից, գուցե նաև նողկանքից, բայց դեռ լավ է այն, որ մի կողմ են քաշվում, մեկ էլ տեսար՝ կդադարեն մի կողմ քաշվել և ամուր պատի նման դեմ կելնեն խոյացող տեսիլքի առաջ, իրե՛նք իսկ կկանգնեցնեն մեր սանձարձակության խելագար արշավը, ի խնդիր իրենց սեփական փրկության, լուսավորության ու քաղաքակրթության։ Մենք արդեն լսել ենք այդ տագնապալի ձայները Եվրոպայից։ Դրանք սկսում են հնչել արդեն։ Ուրեմն՝ մի՛ գայթակղեցնեք նրանց, մի՛ կուտակեք նրանց հարաճուն ատելությունը այնպիսի մի դատավճռով, որ արգարացնում է հոր սպանությունը հարազատ որդու ձեռքով...»։
Մի խոսքով, Իպոլիտ Կիրիլովիչը թեև շատ էր տարվել իր փաստարկությամբ, բայց այնուամենայնիվ այս ոգեշունչ կոչով ավարտեց իր ճառը, և իրոք, թողած տպավորությունն արտակարգ էր։ Ճառը վերջացնելուց հետո շտապ դուրս եկավ և, կրկնում եմ, համարյա ուշաթափվեց մյուս սենյակում։ Դահլիճը չէր ծափահարում, բայց լրջամիտ մարդիկ գոհ էին։ Միայն տիկինները այնքան էլ գոհ չէին, սակայն նրանց էլ, այնուամենայնիվ, դուր էր եկել նրա պերճախոսությունը, մանավանդ որ դրա հետևանքներից բոլորովին չէին վախենում և ամենայն վստահությամբ սպասում էին Ֆետյուկովիչի ճառին. «Վերջապես նա կսկսի խոսել և անշուշտ բոլորի՜ն կհաղթի»։ Բոլորը նայում էին Միտյային. դատախազի ամբողջ ճառի ընթացքում նա լուռ նստել էր, ձեռքերը բռունցք արած, ատամները սեղմած, գլխահակ։ Մերթ ընդ մերթ միայն բարձրացնում էր գլուխը և լսում։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում էր Գրուշենկային։ Երբ դատախազը մեջ բերեց Ռակիտինի կարծիքը Գրուշենկայի մասին, Միտյայի դեմքին արհամարհական ու զայրալից մի ժպիտ երևաց, և նա բավական լսելի ձայնով բացականչեց. «Բեռնարնե՜ր»։ Իսկ երբ Իպոլիտ Կիրիլովիչը պատմում էր, թե ինչպես է ինքը հարցաքննել ու տանջել նրան Մոկրոեում, Միտյան գլուխը բարձրացրեց ու լսեց ահռելի հետաքրքրությամբ։ Եղավ նույնիսկ մի պահ, երբ նա կարծես ուզում էր վեր թռնել ու մի բան գոռալ, բայց զսպեց իրեն և միայն ուսերը թոթվեց արհամարհանքով։ Հետագայում մեր քաղաքի մարդիկ խոսակցության առարկա դարձրին ճառի ավարտական մասը, այսինքն դատախազի քաջագործությունները Մոկրոեում՝ մեղադրյալին հարցաքննելու ժամանակ, և սկսեցին մի թեթև ծիծաղել Իպոլիտ Կիրիլովիչի վրա. «Չկարողացավ համբերել մարդը, պարծեցավ իր ընդունակություններով»։
Նիստն ընդհատվեց, բայց շատ կարճ տևեց ընդմիջումը՝ քառորդ ժամ, առառավելն քսան րոպե։ Չորս կողմից խոսակցություններ ու բացականչություններ էին լսվում։ Ոմանք մնացել են հիշողությանս մեջ։
— Լո՜ւրջ ճառ է,— նկատեց խոժոռադեմ մի պարոն՝ խմբերից մեկում։
— Շատ հոգեբանություն խաղացրեց,— մի ուրիշ ձայն։
— Բայց դե ամե՜ն ինչ ճիշտ էր, անժխտելի ճշմարտություն։
— Այո, դրա վարպետն է։
— Ամեն ինչ ամփոփեց։
— Մե՜զ էլ, մեզ էլ ամփոփեց,— միացավ մի երրորդ ձայն,— ճառի սկզբում, հիշո՞ւմ եք. թե բոլո՜րն էլ Ֆյոդոր Պավլովյիչի նման են։
— Վերջում էլ ասաց։ Բայց դա փչոց էր։
— Եվ անորոշ բաներ էլ կային։
— Մի քիչ տարվեց մարդը։
— Անարդար էր, անարդար։
— Չէ՜, համենայն դեպս վարպետ բան էր։ Երկար սպասում էր մարդը, և ասելիքն ասա՜ց վերջապես, հե-հե՜։
— Տեսնենք դատապաշտպա՞նը ինչ կասի։
Մի ուրիշ խմբում.
— Բայց պետերբուրգցուն իզուր կպավ հիմա. «ձեր զգայուն լարերի՜ն զարկող», հիշո՞ւմ եք։
— Այո, դա անհարմար բան էր։
— Շտապեց։
— Ջղային մարդ է։
— Այ մենք ծիծաղում ենք, բայց մեղադրյա՜լն ինչ է զգում,
— Այո՜, ի՞նչ է զգում Միտենկան։
— Է՛հ, տեսնենք դատապաշտպա՞նը ինչ կասի։
Երրորդ խմբում.
— Այդ ի՞նչ տիկին է, այն հաստը, լորնետով, որ ծայրն է նստել։
— Գեներալի կին է, ամուսնուց բաժանված, գիտեմ նրան։
— Հա՜, հասկացա՜նք ինչի համար է լորնետը։
— Անպետք բան է։
— Չէ՜ , ախորժակ է բացում։
— Երկու աթոռ անդին մի շեկլիկ է նստել, ավելի լավիկն է։
— Բայց ինչպե՜ս են նրան հանկարծակիի բերել Մոկրոեում, հը՞, վարպետություն է, չէ՞,
— Է հա՛, վարպետություն է։ Նորի՜ց պատմեց։ Արդեն քանի՜ անգամ է պատմել սրա֊նրա տանը,
— Հիմա նորից չհամբերեց։ Ինքնասիրությո՜ւն,
— Նեղացած մարդ է, հե֊հե՜։
— Եվ շուտ էլ նեղացող, Մեկ էլ հռետորությունը շատ էր, նախադասությունները երկ ա ր։
— Եվ ուզում է վախեցնել, նկատի առեք, անընդհատ ուզում է վախեցնել։ Տրոյկայի մասին հիշո՞ւմ եք։ «Նրանք Համլետներ ունեն, իսկ մենք՝ դեռ Կարամազովնե՜ր միայն»։ Ճարպիկ խոսք էր։
— Լիբերալիզմին էր խնկարկում։ Վախենում է մարդը։
— Եվ դատապաշտպանից էլ է վախենում։
— Այո՜, տեսնենք ինչ կասի պարոն Ֆետյուկովիչը։
— Է՛հ, ինչ էլ ասի, մեր այս գյուղացիներին չի կարող տեղից շարժել։
— Կարծո՞ւմ եք։
Չորրորդ խմբում.
— Բայց տոոյկայի մասին լավ ասաց, չէ՞, այսինքն երբ մյուս ժողովոլրղների մասին էր խոսում։
— Եվ ճիշտ է, հիշո՞ւմ ես, երբ ասում է, թե ժողովուրդները չեն սպասելու։
— Այսի՞նքն։
— Այ անցյալ շաբաթ անգլիական պառլամենտի մի անդամ վեր է կացել և նիհիլիստների կապակցությամբ հարց է տվել մինիստրությանը՝ արդյոք ժամանակը չէ՞, որ միջամտեն այս բարբարոս ազգի գործերին, այսինքն մեզ բարեկրթեն։ Իպոլիտը նրան էր ակնարկում, գիտեմ, նրան էր ակնարկում։ Անցյալ շաբաթ խոսում էր դրա մասին։
— Լեզուն երկար է, ձեռքը կարճ։
— Ո՞ւմ ձեռքը։ Ինչո՞ւ կարճ։
— Կփակենք Կրոնշտադտը և ցորեն չենք տա նրանց։ Էլ որտեղի՞ց կարող են առնել։
— Է՜, Ամերիկայից։ Հիմա Ամերիկան է։
— Դատարկ բան ես ասում։
Բայց զանգը հնչեց, բոլորը վազեցին իրենց տեղերը։ Ֆետյուկովիչը բարձրացավ ատյան։
X։ Դատապաշտպանի ճառը։ Երկսայրի մի սուր
Նշանավոր հռետորի առաջին իսկ բառերից կատարյալ լջոություն տիրեց։ Ամբողջ դահլիճն աչքերը բևեռեց նրան։ Չափից ավելի ուղղակի, պարզ և համոզված սկսեց նա, բայց առանց ամենադույզն գոռոզության։ Պերճախոսությամբ, հրայրքոտ շեշտերով կամ հուզաթաթավ բառերով ազդելու նվազագույն փորձն անգամ չարեց։ Նման էր մի մարդու, որ սկսում է խոսել համակիրների մտերիմ շրջանակում։ Ձայնը գեղեցիկ էր, զորեղ ու հաճելի, և այդ ձայնի մեջ իսկ արդեն անկեղծ ու պարզասիրտ մի բան էր հնչում կարծես։ Բայց բոլորն էլ անմիջապես հասկացան, որ հռետորը կարող է հանկարծ բարձրանալ մինչև իսկական հրայրքը և «ցնցել սրտերը չտեսնված ուժով»։ Խոսում էր գուցե ավելի անկանոն լեզվով, քան Իպոլիտ Կիրիլովիչը։ Բայց առանց երկար նախադասությունների և նույնիսկ ավելի ճշգրիտ։ Մի բան դուր չեկավ տիկիններին. նա անընդհատ առաջ էր ծռվում մի տեսակ, հատկապես ճառի սկզբում, ոչ թե գլուխ էր տալիս, այլ կարծես ձգտում էր նետվել դեպի իր ունկնդիրները, ընդ որում իր երկար թիկունքի հենց կեսից էր կռանում, կարծես այդ երկար ու բարակ թիկունքի մեջտեղը ծխնի էր դրված, այնպես որ համարյա ուղիղ անկյունով կարող էր թեքվել։ Ճառի սկզբում մի տեսակ ցաքուցրիվ էր խոսում, կարծես առանց սիստեմի, փաստերն անջատ֊անջատ վերցնելով, բայց վերջ ի վերջո ամբողջություն դուրս եկավ։ Նրա ճառը կարելի էր երկու մասի բաժանել, առաջին կեսը քննադատություն էր, մեղադրանքի հերքումը, երբեմն չարախինդ ու հեգնական։ Բայց ճառի երկրորդ կեսում հանկարծ փոխեց իր շեշտը և նույնիսկ պաշտպանության եղանակը, և միանգամից բարձրացավ ոգեշունչ հրայրքի, իսկ դահլիճը կարծես սպասում էր այդ բանին և ծայրից ծայր սկսեց թպրտալ հրճվանքից։
Նա ուղղակի մոտեցավ գործին և սկսեց այն բանից, թե իր ասպարեզը Պետերբուրգն է թեև, բայց առաջին անգամը չէ, որ այցելում է Ռուսաստանի քաղաքները՝ մեղադրյալներին պաշտպանելու, բայց այն մեղադրյալներին, որոնց անմեղությանը համոզված է ինքը, և կամ նախազգում է, որ նրանք անմեղ են։ «Նույնը պատահեց նաև ներկա դեպքում,— բացատրեց նա։— Լրագրային առաջին թղթակցություններից արդեն նկատեցի մի բան, որ խիստ զարմացրեց ինձ հօգուտ մեղադրյալի։ Մի խոսքով, ամենից առաջ ինձ հետաքրքրեց իրավաբանական մի իրողություն, որ թեև հաճախ է կրկնվում դատական առօրյայում, բայց երբեք, ինձ թվում է, չի արտահայտվել այնպիսի լիությամբ ու այնպիսի բնորոշ յուրահատկություններով, ինչպես ներկա գործի մեջ։ Այդ իրողությունը պետք է բանաձևեի միայն իմ ճառի վերջում, խոսքս ավարտելու ժամանակ, բայց միտքս արտահայտեմ նաև հենց սկզբից, որովհետև ես թուլություն ունեմ, ուղղակի բուն նյութին անցնելու և տպավորիչ բաները չեմ պահում հետագայի համար, խնայողաբար չեմ օգտագործում։ Գուցե անհաշվենկատություն է դա իմ կողմից, բայց գոնե անկեղծ է։ Այդ իմ միտքը, այդ իմ բանաձևը հետևյալն է, կա փաստերի ճնշող մի համադրություն մեղադրյալի դեմ, և միաժամանակ չկա մի փաստ, որ դիմանա քննադատության, եթե այդ փաստը քննենք առանձին, ինքն իր մեջ։ Այնուհետև որքան հետևում էի այս գործին ըստ իմ լսածների և լրագրային տեղեկությունների, այնքան իմ միտքը հաստատվում էր ավելի ու ավելի, և հանկարծ մեղադրյալի հարազատներից հրավեր ստացա պաշտպանելու նրան։ Իսկույն շտապեցի այս քաղաքը և այստեղ արդեն վերջնականապես համոզվեցի։ Ահա ուրեմն, փաստերի այդ ահավոր համադրությունը փշրելու և յուրաքանչյուր մեղադրական փաստի անապացույց և ցնորական լինելը ցույց տալու համար էր, որ հանձն առա այս գործի պաշտպանությունը»։
Այսպես սկսեց դատապաշտպանը և հանկարծ բարձրաձայն հայտարարեց.
«Պարոնայք երդվյալ ատենակալներ, ես այստեղ նոր մարդ եմ։ Բոլոր տպավորություններն ստացել եմ առանց կանխակալության։ Մեղադրյալը, անզուսպ բնավորությամբ ու սանձարձակ մարդ, ինձ չի վիրավորել նախօրոք, ինչպես որ արել է գուցե հարյուր հոգու այս քաղաքում, որի պատճառով էլ շատերը կանխապես նախատրամադրված են նրա դեմ։ Իհարկե, ես էլ գիտակցում եմ, որ այստեղի հասարակության բարոյական զգացումը բորբոքվել է իրավացիորեն, մեղադրյալը անզուսպ է և ապերասան։ Եվ սակայն ընդունում էին նրան այստեղի հասարակության մեջ, նույնիսկ մեծատաղանդ մեղադրողի ընտանիքում նա փայփայված անձ էր։ (Nota bene։ Այս խոսքի վրա երկու-երեք ծիծաղ լսվեց դահլիճում, ու թեև ծիծաղողներն անմիջապես զսպեցին իրենց, բայց բոլորն էլ նկատեցին դա։ Մեր քաղաքում բոլորին հայտնի էր, որ դատախազը Միտյային ընդունում էր իր կամքին հակառակ, լոկ այն պատճառով, որ նրրան, չգիտես ինչու, հետաքրքրական մարդ էր համարում իր կինը՝ վերին աստիճանի առաքինի ու պատվավոր, բայց ցնորքներով տարված ու քմահաճ մի տիկին, որ սիրում էր որոշ դեպքերում հակադրվել իր ամուսնուն, առավելապես մանրուքների մեջ։ Ի միջի այլոց, Միտյան բավական հազվադեպ էր այցելում նրանց տունը)։ Բայց այնուամենայնիվ համարձակվում եմ ենթադրել,— շարունակեց դատապաշտպանը,— որ նույնիսկ իմ ընդդիմախոսի նման մի մարդ, որ անկախ մտքի և արդար բնավորության տեր է, կարող էր ինչ֊որ կանխակալ ու սխալ կարծիք կազմած լինել իմ դժբախտ պաշտպանյալի հանդեպ։ Օ՜, դա այնքան բնական է. դժբախտ երիտասարդը ամեն ինչ արել է, որ արժանանա նույնիսկ կանխակալ վերաբերմունքի։ Իսկ բարոյական զգացումը և առավել ևս գեղասիրական զգացումը եթե վիրավորվում է, երբեմն անողոք է դառնում։ Իհարկե, մեղադրական մեծատաղանդ ճառում բոլորս էլ լսեցինք մեղադրյալի բնավորության ու արարքների խստապահանջ վերլուծությունը, քննադատական խստապահանջ վերաբերմունք տեսանք գործի նկատմամբ, և մանավանդ՝ հոգեբանական այնպիսի խորություններ ի ցույց դրվեցին գործի էությունը բացատրելու համար, որ անհնար կլիներ թափանցել այդ խորությունների մեջ, եթե իմ ընդդիմախոսը որևէ չափով դիտավորյալ ու չարամտորեն կանխակալ վերաբերմունք ունենար մեղադրյալի անձի նկատմամբ։ Բայց կան բաներ, որ նույնիսկ ավելի վատ, ավելի կործանարար են նման դեպքերում, քան ամենաչարամիտ ու դիտավորյալ վերաբերմունքը գործի հանդեպ։ Այսինքն՝ եթե տարվում ենք, օրինակ, այսպես ասած մի որոշ գեղարվեստական խաղով, և մեզ տիրում է գեղարվեստական ստեղծագործության, այսպես ասած վեպ ստեղծելու պահանջը, մանավանդ երբ աստված մեզ առատորեն օժտել է հոգեբանական ձիրքերով։ Դեռ Պետերբուրգում, երբ դեռ նոր էի պատրաստվում գալ այստեղ, ինձ նախազգուշացրին, և արդեն ինքս էլ գիտեի առանց որևէ նախազգուշացման, թե այս քաղաքում իմ ընդդիմախոսն է լինելու մի խորաթափանց ու շատ նրբամիտ հոգեբան, որն իր այդ հատկությամբ վաղուց արդեն մի յուրահատուկ հռչակ է ձեռք բերել մեր դեռ երիտասարդ իրավաբանական աշխարհում։ Բայց դե հոգեբանությունը, պարոնայք, թեև խորունկ բան է, բայց այնուամենայնիվ նման է երկսայրի սուրի, որ ա՛յս կողմից էլ է կտրում, ա՛յն կողմից էլ (ծիծաղ դահլիճում)։
Օ՜, իհարկե, ներեցեք իմ այս տափակ համեմատությունը. ես պերճախոսության վարպետ չեմ։ Եվ սակայն, ահա մի օրինակ. վերցնում եմ առաջին պատահած կետը իմ ընդդիմախոսի Ճառից։ Մեղադրյալը, փախչելով գիշերը այգում, մագլցում է ցանկապատի վրա և սանդկոթի հարվածով տապալում ծառային, որ հանկարծ իր ոտքից էր բռնել։ Հետո իսկույն ետ է ցատկում այգու մեջ և ամբողջ հինգ րոպե զբաղվում է տապալված ծերունիով, աշխատելով իմանալ սպանե՞լ է նրան, թե ոչ։ Եվ ահա, դատախազը ոչ մի կերպ չի ուզում հավատալ մեղադրյալի այն ցուցմունքին, թե ինքը խղճահարությունից է ետ ցատկել ծերունի Գրիգորիի մոտ։ «Ոչ,— ասում է նա,— կարո՞ղ է այդպիսի դյուրազգացություն լինել այդպիսի րոպեին, անբնական է դա, և մեղադրյալը ետ է ցատկել հենց համոզվելու համար՝ արդյոք կենդանի՞ է, թե սպանված է իր չարագործության միակ վկան, ուստի հենց դրանով էլ հաստատել է, որ կատարե՛լ է այդ չարագործությունը, քանի որ չէր կարող որևէ այլ շարժառիթով կամ զգացումով ետ ցատկել այգու մեջ»։ Ահա սա հոգեբանություն է. բայց վերցնենք այդ նույն հոգեբանությունը և կիրառենք, միայն թե մյուս կողմից, և արդյունքը ճիշտ նույնքան ճշմարտանման կլինի։ Մարդասպանը ետ է ցատկում նախազգուշությունից մղված, որպեսզի համոզվի՝ վկան կենդանի՞ է, թե ոչ, մինչդեռ նա, նույնինքն դատախազի պնդումով, դեռ քիչ առաջ վիթխարի մի հանցանշան է թողել իր սպանած հոր առանձնասենյակում, այսինքն այն պատռված ծրարը, որի վրա գրված էր, թե երեք հազար ռուբլի է եղել մեջը։ «Եթե այդ ծրարը տաներ իր հետ, ամբողջ աշխարհում ոչ ոք չէր իմանա, թե ծրար է գոյություն ունեցել, մեջն էլ փող, և թե ուրեմն մեղադրյալը գողացել է այդ փողը»։ Սրանք հենց դատախազի խոսքերն են։ Ուրեմն, տեսե՜ք, պարզվում է, որ մի դեպքում իսպառ բացակայել է նախազգուշությունը, մարդը գլուխը կորցրել, վախեցել ու փախել է, հանցանշանը թողնելով հատակին, իսկ երբ երկու րոպե հետո մի ուրիշ մարդու է հարվածում և սպանում, իսկույնևեթ մեջտեղ է գալիս նախազգուշության ամենաքարսիրտ ու հաշվենկատ զգացումը՝ պատրաստ մեզ ծառայելու։ Բայց ենթադրե՜նք, ենթադրենք, թե այդպես է եղել, ասում են հոգեբանության նրբությունն էլ հենց այն է, որ այդպիսի հանգամանքներում մարդը անմիջապես արյունարբու ու սրատես է դառնում կովկասյան արծիվի նման, իսկ հաջորդ րոպեին ողորմելի խլուրդի նման կույր ու երկչոտ։ Բայց եթե ես այնքա՜ն արյունարբու եմ և դաժանորեն հաշվենկատ, որ սպանելուց հետո ետ եմ ցատկել պարզապես նայելու համար, թե արդյոք կենդանի՞ է իմ չարագործության վկան կամ ոչ, ապա ի՞նչ կարիք ունեմ ամբողջ հինգ րոպե այդ իմ նոր զոհով զբաղվելու, և մեկ էլ դեռ առիթ տալու, որ գուցե ուրիշ վկաներ ելնեն իմ դեմ։ Ինչո՞ւ այդ տապալված մարդու գլուխը սրբեմ և թաշկինակս թրջեմ արյունով, այնպես որ հետո այդ թաշկինակն էլ հանցանշան լինի իմ դեմ։ Ո՜չ, եթե մարդը այնքա՜ն հաշվենկատ ու քարսիրտ է, ավելի լավ չէ՞ր լինի, որ ետ ցատկելուց հետո ուղղակի նորից ու նորից խփեր տապալված ծառայի գլխին այդ նույն սանդկոթով, որպեսզի վերջնականապես սպաներ նրան և, ոչնչացնելով վկային, ամեն մի մտահոգությունից ազատեր իր սիրտը։ Եվ, վերջապես, մարդը ետ է ցատկում, որպեսզի ստուգի՝ կենդանի՞ է իր չարագործության վկան, թե ոչ, և նույն րոպեին էլ մի ուրիշ վկա է թողնում արահետի վրա, այսինքն այդ սանդկոթը, որ նա վերցրել է երկու կանանց աչքի առաջ, և որոնք հետո միշտ էլ կարող են ճանաչել այդ սանդկոթը որպես իրենցը և վկայել, թե նա իրենցից է վերցրել այդ իրը։ Եվ խնդիրն այն է, որ նա ոչ թե մոռացել է սանդկոթը արահետի վյրա, ոչ թե կորցրել է ցրվածության կամ շփոթմունքի հետևանքով, ո՛չ, նա հենց մի կողմ է շպրտել իր զենքը, որովհետև սանդկոթը գտել են տասնհինգ քայլ հեռու այնտեղից, ուր ընկել էր Գրիգորին։ Հարց է ծագում, ինչո՞ւ է այդպես արել։ Այ հենց որովհետև ցավ է զգացել, որ մարդ սպանեց, ծերունի ծառային սպանեց, ուստի և վրդովմունքով, անիծելով շպրտել է սանդկոթը, որ սպանության զենք էր դարձել, այլապես ինչո՞ւ պետք է այդպիսի թափով նետեր սանդկոթը։ Իսկ եթե նա կարող էր ցավ ու խղճահարություն զգալ այն պատճառով, որ մարդ է սպանել, իհարկե դա նշանակում է, որ հորը չէր սպանել, եթե սպանած լիներ հորը, մի ուրիշի համար ետ չէր ցատկի խղճահարությունից, այդ դեպքում արդեն տարբեր զգացում կունենար, ոչ թե խղճահարության, այլ ինքնափրկոլթյան մղումով կգործեր, և դա այդպես է անշուշտ։ Ընդհակառակը, կրկնում եմ, վերջնականապես կջախջախեր նրա գանգը, և ոչ թե հինգ րոպե կզբաղվեր նրանով։ Խղճահարությունն ու բարի զգացումը նրա սրտում տեղ են գտել հենց այն պատճառով, որ մինչ այդ մաքուր է եղել նրա խիղճը։ Ահա ուրեմն, սա արդեն ուրիշ հոգեբանություն է։ Դիտմամբ ես ինքս էլ հոգեբանության դիմեցի հիմա, պարոնայք ատենակալներ, որպեսզի ակնառու կերպով ցույց տամ, թե կարելի է ամեն ինչ ապացուցել դրա շնորհիվ։ Ամբողջ խնդիրն այն է, թե ով է օգտագործում այդ միջոցը։ Հոգեբանությունը ամենալուրջ մարդկանց իսկ տանում է վիպասանության գիրկը, և դա լինում է բոլորովին ակամայորեն։ Ես խոսում եմ ավելորդ հոգեբանության մասին, պարոնայք ատենակալներ, նկատի ունեմ դրա որոշ չարաշահումը»։
Դահլիճում նորից լսվեցին հավանություն տվող ծիծաղներ, և նորից դատախազի հասցեին։ Ես մանրամասնորեն չեմ մեջբերելու դատապաշտպանի ամբողջ ճառը, միայն մի քանի հատվածներ կվերցնեմ, մի քանի կարևորագույն կետեր։
XI։ Փող չի եղել։ Կողոպուտ չի եղել
Դատապաշտպանի ճառում կար մի կետ, որ բոլորին էլ շշմեցրեց, նա լիովին ժխտեց այդ ճակատագրական երեք հազար ռուբլու գոյությունը, ուստի և դրանք գողանալու հնարավորությունը։
«Պարոնայք երդվյալ ատենակալներ,— սկսեց դատապաշտպանը,— ամեն մի նոր ու չնախապաշարված մարդու զարմացնում է ներկա գործի մի ամենաբնորոշ հատկությունը, այսինքն այն, որ կա մեղադրանք կողոպուտի համար, և միաժամանակ բացարձակապես անհնար է փաստացիորեն ցույց տալ, թե ինչ է գողացվել։ Ասում են, թե փող է գողացվել, այսինքն երեք հավար ռուբլի, բայց թե արդյոք իսկապես գոյություն ունեցե՞լ է այղ գումարը՝ ոչ ոք չգիտե։ Մտածեցեք, նախ և առաջ, ինչպե՞ս ենք իմացել, որ եղել է այդ երեք հազար ռուբլին, և ո՞վ է տեսել այդ փողը։ Միակ մարդը, որ տեսել է և հավաստել, թե այդ գումարը դրված է եղել մակագրված ծրարի մեջ, ծառա Սմերդյակովն է։ Նա ինքն էլ այդ մասին հաղորդել է մեղադրյալին ու նրա եղբորը՝ Իվան Ֆյոդորովիչին, դեռ աղետից առաջ։ Օրիորդ Սվետլովային նույնպես իմաց է տրվել։ Բայց այս երեք անձերից ոչ ոք իր աչքով չի տեսել փողը, դարձյալ Սմերդյակովն է տեսել միայն։ Այստեղ ինքնաբերաբար մի հարց է ծագում. եթե նույնիսկ ճիշտ է, որ եղել է այղ փողը և Սմերդյակովը տեսել է, ապա ե՞րբ է տեսել վերջին անգամ։ Իսկ ի՞նչ կասեք, եթե Ֆյոդոր Պավլովիչը հանել է փողը անկողնի տակից ու վերստին դրել իր դրամատուփի մեջ, առանց հայտնելու իր ծառային։ Նկատի ունեցեք, որ փողը, Սմերդյակովի ասելով, դրված է եղել անկողնի տակ, ներքնակի տակ. մեղադրյալը պետք է այդ փողը դուրս քաշեր ներքնակի տակից, և սակայն անկողինը բոլորովին չի ճմրթվել, մի բան, որ ուշի-ուշով նշված է արձանագրության մեջ։ Ինչպե՞ս կարող էր մեղադրյալը բացարձակապես չճմրթել անկողինը, և ավելին՝ ինչպե՞ս կարող էր իր արյունոտ ձեռքերով չկեղտոտել նոփ-նոր ու նուրբ սավանները, որ հատկապես փռել էին այդ անգամ։
Բայց կարող են ասել ինձ. հապա ծրա՞րը, որ ընկել էր հատակին։ Այո՜, ահա այդ ծրարի մասին արժե խոսել։ Ես մի քիչ զարմացա նույնիսկ, երբ մեծատաղանդ մեղադրողը, խոսելով այդ ծրարի մասին՝ իր ճառի հենց այն հատվածում, ուր նա ցույց էր տալիս անհեթեթությունը այն ենթադրության, թե Սմերդյակովն է սպանել, հանկարծ ի՛նքը (լսո՞ւմ եք, պարոնայք, ինքը անձամբ) հայտարարեց, «Եթե չլիներ այդ ծրարը, չմնար հատակին որպես հանցանշան, եթե գողացողը վերցներ ու տաներ իր հետ, ամբողջ աշխարհում ոչ ոք չէր իմանա, թե մի ծրար է եղել, մեջն էլ փող, և թե ուրեմն մեղադրյալը գողացել է այդ փողը»։ Այսպես ուրեմն, հենց դատախազի իսկ խոստովանությամբ, իմ պաշտպանյալի վրա կողոպուտի մեղադրանք բարդելու միակ հիմքը եղել է այդ թղթի պատռված կտորը, որի վրա մակագրություն կա. «այլապես ոչ ոք չէր իմանա, թե կողոպուտ է եղել, գուցե նույնիսկ չէին իմանա, թե փող է եղել»։ Բայց մի՞թե լոկ այն փաստը, որ թղթի այդ կտորը ընկած էր հատակին, կարող է ապացույց լինել, թե փող կար դրա մեջ և թե այդ փողը գողացվել է։ «Բայց չէ՞ որ Սմերդյակովը տեսել է փողը ծրարի մեջ»,— կպատասխանեն ինձ։ Սակայն ե՞րբ, ե՞րբ է նա վերջին անգամ տեսել, ահա ա՛յս եմ հարցնում ձեզ։ Ես խոսեցի Սմերդյակովի հետ, և նա ինձ ասաց, թե տեսել է աղետից երկու օր առաջ։ Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող ենթադրել, օրինակ, այսպիսի մի հանգամանք. ծերունի Ֆյոդոր Պավլովիչը փակվել է տանը, ջղագրգիռ անհամբերությամբ սպասում է իր սիրեցյալին, ուրիշ անելիք չունի, և հանկարծ նրա խելքին փչում է հանել ծրարը և բանալ։ «Ի՞նչ կարիք կա ծրարի,— մտածում է նա,— մեկ էլ տեսար՝ չհավատաց, իսկ եթե երեսուն հատ վարդագույն հարյուրանոցները մի այսպիսի կապոցով ցույց տամ իրեն, միգուցե ավելի ուժեղ ազդի, բերնի ջրերը վազեն»։ Եվ ահա նա պատռում է ծրարը, փողը հանում, իսկ ծրարը տիրականորեն գցում հատակին, իհարկե ոչ մի վախ չունենալով, թե հանցանշան է թողնում։ Լսեցեք, պարոնայք ատենակալներ, կա՞ մի բան, որ ավելի հավանական լինի, քան այսպիսի ենթադրությունը և այսպիսի փաստը։ Ո՞վ ասաց, որ անհնար է դա։ Բայց եթե գեթ որևէ նման բան կարող էր տեղի ունենալ, չէ որ այդ դեպքում ինքնըստինքյան չքանում է կողոպուտի մեղադրանքը, փող չի եղել, ուրեմն և կողոպուտ չի եղել։ Եթե հատակին ընկած ծրարը կարող է դիտվել որպես հանցանշան, թե փող է եղել դրա մեջ, ապա ինչո՞ւ ես չեմ կարող պնդել հակառակը, այսինքն՝ ծրարը հատակին ընկած էր հենց այն պատճառով, որ արդեն փող չկար դրա մեջ, տերն ինքը նախօրոք հանել էր փողը այնտեղից։
«Այո,— կասեն ինձ,— բայց այդ դեպքում ո՞ւր կորավ փողը, եթե Ֆյոդոր Պավլովիչը ինքն է հանել ծրարից, չէ՞ որ նրա տունը խուզարկելիս չգտանք այդ գումարը»։ Նախ և առաջ, փողի մի մասը գտնվել է նրա դրամատուփի մեջ, իսկ երկրորդ՝ նա կարող էր այդ գումարը հանած լինել առավոտյան, նույնիսկ դեռ նախորդ օրը, այլ կերպ տնօրինելու համար՝ գուցե որևէ մեկին տալու կամ ուղարկելու, և վերջապես կարող էր հիմնովին փոխած լինել իր միտքը, իր գործողությունների ծրագիրը, ընդ որում բոլորովին էլ անհրաժեշտ չգտնելով, որ նախօրոք այդ մասին զեկուցի Սմերդյակովին։ Իսկ եթե այսպիսի ենթադրության լոկ հնարավորությունն անգամ գոյություն ունի, ապա ինչպե՞ս կարելի է այնքան համառ կերպով ու հաստատորեն մեղադրել իմ պաշտպանյալին, թե նա կողոպուտի համար սպանություն է կատարել, և թե իսկապես եղել է այդ կողոպուտը։ Չէ՞ որ մենք այդպիսով ընկնում ենք վիպասանության գիրկը։ Եթե պնդում եք, որ այս կամ այն իրն է գողացվել, պետք է ցույց տաք այդ իրը, կամ էլ գոնե անհերքելիորեն ապացուցեք, որ այդ իրը գոյություն է ունեցել։ Իսկ այստեղ ոչ ոք չի էլ տեսել փողը։ Վերջերս Պետերբուրգում մի երիտասարդ, համարյա դեռ տղա՝ տասնութ տարեկան, շրջիկ մի մանրավաճառ, օր-ցերեկով լումայափոխի խանութն է մտնում կացինը ձեռքին և արտասովոր, տիպական հանդգնությամբ սպանում է խանութի տիրոջը, հետո հազար հինգ հարյուր ռուբլի է վերցնում ու տանում։ Հինգ ժամ հետո ձերբակալվում է, և բացի տասնհինգ ռուբլուց, որ արդեն ծախսել էր, ամբողջ գումարը գտնում են նրա մոտ։ Բացի այդ, սպանությունից հետո խանութ վերադարձած գործակատարը ոստիկանությանը հայտնում է ոչ միայն գողացված գումարի չափը, այլև այն, թե ինչ դրամանիշներից էր բաղկացած, այսինքն քանի հատ վարդագույն բանկնոտ, քանի հատ կապույտ, քանի հատ կարմիր, քանի հատ ոսկեդրամ և ինչ արժողությամբ, և ահա հենց այդ բանկնոտներն ու ոսկեդրամներն էլ հայտնաբերվում են ձերբակալված մարդասպանի մոտ։ Ի լրումն ամենայնի, մարդասպանն էլ դրանից հետո լիովին ու անկեղծորեն խոստովանում է, թե ինքը սպանել է իրոք և հենց այդ փողերն է վերցրել ու տարել։ Ա՜յ սա ես հանցանշան եմ կոչում, պարոնայք ատենակալներ։ Ահա այս պարագային գիտեմ, տեսնում եմ, շոշափում եմ դրամանիշները և չեմ կարող ասել, թե չկա փողը կամ չի եղել։
Այդպե՞ս է արդյոք ներկա դեպքում։ Մինչդեռ կյանքի ու մահվան հարց է այստեղ, մարդու ճակատագրի հարցը։ «Այո,— կասեն ինձ,— բայց չէ՞ որ նա նույն գիշերը խնջույք է արել, աջ ու ձախ փող է վատնել, նրա մոտ հայտնաբերվել է հազար հինգ հարյուր ռուբլի, որտեղի՞ց է վերցրել այդ փողը»։ Բայց հենց այն փաստը, որ ընդամենը հայտնաբերվել է հաղար հինգ հարյուր ռուբլի, իսկ գումարի մյուս կեսը ոչ մի կերպ չեն կարողացել գտնել ու հայտնաբերել, հենց ադ փաստն էլ ապացուցում է, որ այդ փողը կարող էր բնավ էլ նույնը չլինել, երբեք դրված չլինել որևէ ծրարի մեջ։ Նախնական քննությունը, ժամանակի խստագույն հաշվումներ անելով, մանրամասնորեն տեղեկացել ու ապացուցել է, որ մեղադրյալն աղախինների մոտից դուրս գալով ուղղակի վազել է Պերխոտինի բնակարանը, առանց տուն մտնելու, և առհասարակ ոչ մի տեղ չի մտել, իսկ հետո շարունակ եղել է մարդկանց մեջ, ուրեմն նա չէր կարող երեք հազարի կեսն առանձնացնել ու պահել քաղաքում մի որևէ տեղ։ Ահա հենց այս նկատառումն էլ պատճառ է եղել դատախազի այն ենթադրության, թե նա փողը թաքցրել է Մոկրոե գյուղում, մի որևէ ճեղքի մեջ։ Օ՜, գուցե Ուդոլֆոյի դղյակի նկուղներո՞ւմ է թաքցրել, պարոնայք։ Է՜հ, ցնորական չէ՞, վիպական չէ՞ այս ենթադրությունը։ Եվ նկատի առեք, եթե միայն ա՛յս մի ենթադրությունն ի չիք դառնա, այսինքն այն, թե փողը թաքցվել է Մոկրոեում, ապա կողոպուտի մեղադրանքն ամբողջությամբ հօդս կցնդի, որովհետև ո՞ւր կորավ այդ դեպքում այդ հազար հինգ հարյուր ռուբլին։ Ի՞նչ հրաշքով կարող էր չքանալ այդ փողը, եթե ապացուցված է, որ մեղադրյալը ոչ մի տեղ չի մտել։ Եվ ահա այսպիսի՜ հեքիաթներով պատրաստ ենք կործանելու մարդու կյանքը։
Գուցե ասեն ինձ. «Այնուամենայնիվ նա չէր կարողանում բացատրել, թե որտեղից է վերցրել այն հազար հինգ հարյուրը, որ հայտնաբերվեց նրա մոտ, և բացի այդ բոլորը գիտեին, որ մինչև այդ գիշեր նա փող չուներ»։ Իսկ ո՞վ գիտեր այդ բանը։ Սակայն մեղադրյալը պարզ ու հաստատ ցուցմունք է տվել թե որտեղից է վերցրել այդ փողը, և եթե ուզում եք, պարոնայք երդվյալ ատենակալներ, եթե ուզում եք՝ ոչ մի բան չէր կարող ու չի կարող ավելի հավանական լինել, քան այդ ցուցմունքը, և բացի այդ ոչ մի բան չի կարող ավելի համապատասխան լինել մեղադրյալի բնավորությանը և հոգուն։ Դատախազին դուր է եկել իր հյուսած վեպը. այսինքն թե՝ թուլակամ մարդը, որ նախընտրել է վերցնել իր հարսնացուի այնքա՜ն ամոթալի ձևով առաջարկած երեք հազարը, չէր կարող առանձնացնել դրա կեսը և կարել քսակի մեջ, և ընդհակառակը, եթե նույնիսկ կարեր, ապա երկու օրը մեկ պիտի քանդեր քսակը և մի հարյուրանոց դուրս քաշեր այնտեղից, ու այդպիսով վատներ ամբողջ մի ամսվա մեջ։ Հիշեցեք, այս բոլորը ասվեց այնպիսի մի շեշտով, որ ոչ մի առարկություն չէր հանդուրժում։ Լա՜վ, իսկ եթե բանը բոլորովին ա՞յլ կերպ է եղել. հապա՞ եթե դուք վեպ եք հյուսել և բոլորովին ուրիշ մարդու մասին։ Այո՛, խնդիրն էլ հենց այն է, ուր դուք ուրի՛շ մարդ եք հնարել։ Գուցե առարկեն ինձ. «Վկաներն ասում են, թե նա, աղետից մեկ ամիս առաջ, Մոկրոե գյուղում վատնել է օրիորդ Վերխովցևայի տված ամբողջ այդ երեք հազարը, միանգամից, մի կոպեկի նման, ուրեմն չէր կարող առանձնացնել այդ գումարի կեսը»։ Բայց ովքե՞ր են այդ վկաները։ Դատարանում արդեն պարզվեց, թե ինչ աստիճան վստահելի են նրանք։ Բացի այդ, ուրիշի ձեռքում պատառը միշտ էլ ավելի մեծ է թվում։ Եվ վերջապես, այդ վկաներից ոչ մեկը անձամբ չի հաշվել փողը, այլ միայն դատել է իր աչքի չափով։ Դե՛հ, վկա Մաքսիմովն էլ ասաց, որ մեղադրյալի ձեռքում քսա՜ն հազար ռուբլի է եղել։ Գիտե՞ք ինչ, պարոնայք ատենակալներ, քանի որ հոգեբանությունը երկսայրի սուր է, թույլ տվեք ինձ այստեղ էլ կիրառել դրա մյուս կողմը, և տեսնենք, թե ինչ կստացվի։
Աղետից մեկ ամիս առաջ օրիորդ Վերխովցևան երեք հազար ռուբլի է հանձնում մեղադրյալին՝ փոստով ուղարկելու համար, սակայն հարց է՝ ճի՞շտ է արդյոք, որ փողը հանձնվել է այնպիսի ամոթալի ու նվաստացուցիչ ձևով, ինչպես հայտարարվեց քիչ առաջ։ Նույն խնդրի մասին օրիորդ Վերխովցևայի առաջին ցուցմունքը տարբեր էր, բոլորովին տարբեր, իսկ երկրորդ ցուցմունքի մեջ զայրույթի, վրիժառության ճիչեր լսեցինք միայն, երկար ժամանակ թաքնված ատելության ճիչեր։ Բայց արդեն լոկ այն փաստը, որ վկան իր առաջին ցուցմունքը ճիշտ չի ներկայացրել, մեզ իրավունք է տալիս եզրակացնելու, որ երկրորդ ցուցմունքն էլ կարող էր ճիշտ լինել։ Դատախազը «չի ուզում, չի համարձակվում» (իր բառերն են) շոշափել այդ պատմությունը։ Դե լավ, թո՛ղ այդպես լինի, ես էլ չեմ շոշափի, բայց և այնպես ինձ թույլ եմ տալիս միայն նկատել, որ եթե մի մաքուր ու ազնվաբարո անձնավորություն, ինչպիսին և է՛ մեծարգո օրիորդ Վերխովցևան անկասկած, եթե այդպիսի մի անձնավորություն, ասում եմ, իրեն թույլ է տալիս հանկարծ միանգամից, հենց դատարանում, փոխել իր առաջին ցուցմունքը՝ մեղադրյալին խորտակելու բացահայտ նպատակով, ուրեմն պարզ է և այն, որ նրա այդ ցուցմունքը անկողմնակալ, պաղարյուն կերպով չի տրվել։ Մի՞թե իրավունք չունենք եզրակացնելու, որ վրիժառու կինը կարող էր չափազանցել շատ բան։ Այո, կարող էր հենց չափազանցել այն ամոթն ու նախատինքը, որով ինքը առաջարկել է այդ փողը։ Ընդհակառակը, փողը հենց առաջարկվել է այնպես, որ դեռ կարելի էր վերցնել, մանավանդ երբ ընդունողը այնպիսի թեթևամիտ մարդ է, ինչպես մեր մեղադրյալը։ Եվ նամանավանդ, վերցնելու ժամանակ նկատի ուներ, թե շուտով իր հորից կստանա այն երեք հազարը, որ ըստ հաշվարկի նա դեռ պարտական էր իրեն։ Թեթևամտություն էր դա, բայց հենց իր թեթևամտության հետևանքով նա հաստատ համոզված էր, որ հայրը կտա այդ փողը, ինքը կստանա այդ երեք հազար ռուբլին, և ուրեմն միշտ էլ կարող է փոստով ուղարկել օրիորդ Վերխովցևայի հանձնած գումարը և փակել իր պարտքը։ Սակայն դատախազը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ նա կարող էր նույն օրն էլ առանձնացնել իր ստացած փողի կեսը և կարել քսակի մեջ. «այդպիսի բնավորություն չէ նա, չէր կարող այդպիսի զգացումներ ունենալ»։ Բայց չէ՞ որ ինքներդ էիք գոռում, թե լա՛յն բնավորություն է Կարամազովը, ինքներդ էիք գոռում այն երկու անհատա՜կ խորությունների մասին, որոնց կարող է իր հայացքն ուղղել Կարամազովը։ Կարամազովը հենց այնպիսի երկկողմանի բնավորություն է, այնպե՛ս է տարուբերվում երկու անհատակ խորությունների միջև, որ նույնիսկ խրախճանքի ամենասանձարձակ պահանջն ունենալով հանդերձ՝ կարող է զսպել իրեն, եթե մի որևէ բան գրավում է նրան մյո՛ւս կողմից։ Իսկ այդ մյուս կողմը սե՜րն է, հենց այն նոր սերը ահա, որ վառոդի նման բռնկվել էր այդ օրերին, և այդ սիրո համար փող էր պետք. և ավելի էր պետք, օ՜, շատ ավելի, քան այդ նույն սիրեցյալի հետ խրախճանք անելու համար։ Եթե նա ասի իրեն՝ «Ես քոնն եմ, չեմ ուզում Ֆյոդոր Պավչովիչին», ինքը պետք է փող ունենա, որ վերցնի ու տանի նրան։ Դա ավելի կարևոր է քան խրախճանքը։ Կարամազովը կարո՞ղ է այդ բանը չհասկանալ։ Հենց դրանով էլ, ա՛յդ մտահոգությամբ էլ տառապում էր նա, ուրեմն ի՞նչ անհավատալի բան կա, եթե առանձնացրել է այդ փողը և պահել համենայն դեպս։
Բայց ահա անցնում են օրերը, իսկ Ֆյոդոր Պավլովիչն այդ երեք հազարը չի տալիս մեղադրյալին, ընդհակառակը, լուր է հասնում, որ նա որոշել է հենց այդ գումարով էլ հրապուրել նույն այն կնոջը, որին մեղադրյալն էո սիրում։ «Եթե Ֆյոդոր Պավլովիչը չտա,— մտածում է նա,— ուրեմն ես Կատերինա Իվանովնայի աչքին գող կդառնամ»։ Եվ նրա մեջ միտք է ծագում, որ այդ նույն հազար հինգ հարյուրը, որ շարունակում էր կրել իր վզին, քսակի մեջ, կգնա ու կդնի օրիորդ Վերխովցևայի աոաջ և կասի նրան. «Ես սրիկա եմ, բայց ոչ գող»։ Եվ ահա ուրեմն՝ արդեն կրկնակի պատճառ, որ նա աչքի լույսի պես պահի այդ հազար հինգ հարյուրը, բոլորովին չբանա փոքրիկ քսակը և ամեն անգամ հարյուր ռուբլի չքաշի։ Ինչո՞ւ եք դուք մեղադրյալին զրկում պատվի զգացումից։ Չէ՜, կա՛ նրա մեջ պատվի զգացում. ասենք՝ սխալ, ասենք՝ շատ հաճախ մոլորվող, բայց կա՛, կա և կրքի է հասնում, և նա ապացուցել է այդ բանը։ Եվ սակայն գործը ավելի է բարդանում հիմա, խանդի տանջանքները հասնում են ծայր աստիճանի, և նույն այդ երկու հարցերը ավելի ու ավելի են չարչարում մեղադրյալի բորբոքված ուղեղը. «Եթե փողը ետ տամ Կատերինա Իվանովնային, ի՞նչ միջոցներով եմ Գրուշենկային տանելու այստեղից»։ Եթե նա այդպես մոլեգնում էր ամբողջ այդ ամսվա ընթացքում, հարբում էր ու գազազում գինետների մեջ, պատճառը գուցե հենց այն էր, որ դառն էր նրա վիճակը, անտանելի։ Այդ երկու հարցերը վերջապես այնքան սրվեցին, որ ի վերջո հուսահատության հասցրին նրան։ Իր կրտսեր եղբորն ուղարկեց հոր մոտ՝ վերջին անգամ նրանից այդ երեք հազարը խնդրելու, բայց, չսպասելով պատասխանին, անձամբ ներս խուժեց ու հետևանքը եղավ այն, որ ծեծեց ծերունուն վկաների առաջ։ Դրանից հետո, ուրեմն, ոչ ոքից այլևս չէր կարող ստանալ, ծեծված հայրը փող չէր տա։ Այդ նույն երեկո նա իր կուրծքն է ծեծում, հենց կրծքի վերի մասը, ուր այդ փոքրիկ քսակն էր, և երդվում է եղբորը, թե ինքը միջոցներ ունի սրիկա չլինելու, բայց թե այնուամենայնիվ կմնա սրիկա, որովհետև նախատեսում է, որ չի օգտվելու այդ միջոցից, չի ունենալու այդ հոգեկան ուժը, չի ունենալու այդ կամքը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ դատախազը չի հավատում Ալեքսեյ Կարամազովի ցուցմունքին, որ տրվեց այնքան մաքուր հոգով, այնքան անկեղծորեն, հանպատրաստից ու ճշմարտանման։ Եվ ինչո՞ւ, ընդհակառակը, ստիպում է ինձ հավատալ, որ փողը թաքցվել է ինչ֊որ մի ճեղքի մեջ, Ուդոլֆոյի դղյակի նկուղներում։
Այդ նույն իրիկուն, եղբոր հետ իր խուսակցոլթյունից հետո, մեղադրյալը գրում է այն ճակատագրական նամակը, և ահա հենց այդ նամակն էլ ամենագլխավոր, ամենավիթխաըի՜ հանցանշանն է, որով իմ պաշտպանյալը մեղադրվում է կողոպուտի մեջ։ «Կխնդրեմ բոլոր մարդկանցից, իսկ եթե չտան մարդիկ, կսպանեմ հորս և կվերցնեմ նրա ներքնակի տակից, վարդագույն ժապավենով ծրարից, միայն թե Իվանը գնացած լինի։ Սա իբր թե կատարյա՜լ մի ծրագիր է սպանության, ուրեմն նա է սպանել։ «Կատարվել է գրվածի՛ նման»,— բացականչում է մեղադրողը։ Բայց, նախ և առաջ, հարբած մարդու նամակ է դա և գրվել է սոսկալի բորբոքված վիճակում, երկրորդ, ծրարի մասին գրում է դարձյալ Սմերդյակովի ասածով, որովհետև ինքը չի տեսել այդ ծրարը. և երրորդ, գրելը գրե՜լ է, բայց կատարե՞լ է արդյոք գրվածի նման, ինչո՞վ կարող եք ապացուցել։ Մեղադրյալը վերցրե՞լ է ծրարը բարձի տակից, գտե՞լ է փողը և նույնիսկ այդ փողը գոյություն ունե՞ր արդյոք։ Եվ վերջապես նա փողի՞ համար է վազել հոր տունը, հիշեցե՜ք, հիշեցե՜ք։ Գլխապատառ վազել է՝ ոչ թե կողոպտելու, այլ պարզապես իմանալու համար, թե որտեղ է նա, որտեղ է այդ կինը, որ ջարդուփշուր էր արել իր սիրտը։ Ուրեմն վազել է ոչ թե ըստ ծրագրի, ոչ թե գրվածի նման, այսինքն ոչ թե կանխամտածված կողոպուտի համար, այլ վազել է հանկարծակի, անակնկալորեն, խանդի՜ց կատաղած։ «Այո,— կասեն ինձ,— բայց այնուամենայնիվ, հասնելուց և սպանելուց հետո, փողն էլ է վերցրել»։ Բայց դե վերջ ի վերջո հայտնի էլ չէ, սպանե՞լ է արդյոք։ Կողոպուտի մեղադրանքը մերժո՛ւմ եմ վրդովմունքով. չի կարելի մեղադրել կողոպուտի մեջ, եթե չեք կարող որոշածկիորեն ցույց տալ, թե հատկապես ի՛նչ է գողացել. սա աքսիոմ է։ Բայց դեռ՝ սպանե՞լ է արդյոք, առա՜նց կողոպուտի էլ սպանե՞լ է արդյոք։ Հենց այդ բանը ապացուցվա՞ծ է։ Դա էլ մի հեքիաթ չէ՞ արդյոք»։
XII։ Եվ սպանություն էլ չի եղել
«Ներեցեք, պարոնայք ատենակալներ, մարդկային կյանքի հարց է սա, և պետք է ավելի զգույշ լինել։ Մենք լսեցինք դատախազի սեփական խոստովանությունը, թե մինչև այսօ՛ր իսկ, մինչև դատի օրը, նա տատանվում էր իմ պաշտպանյալին մեղադրել սպանության լիակատար կերպով կանխամտածված լինելու մեջ, տատանվում էր մինչև հենց այդ ճակատագրական «հարբած» նամակը, որ այսօր ներկայացվեց դատարանին։ «Կատարվել է գրվածի՜ նման»։ Բայց դարձյալ կրկնում եմ. նա վազել է այդ կնոջ համար, նրա՛ն փնտրելու, միայն ու միայն իմանալու, թե որտեղ է նա։ Այս մեկը անվիճելի փաստ է։ Եթե տանը լիներ այդ կինը, մեղադրյալը ոչ մի տեղ չէր վազի, այլ կմնար նրա մոտ և չէր կատարի այն, ինչ խոստացել էր նամակում։ Վազել է անակնկալորեն և հանկարծակի, իսկ իր «հարբած» նամակը գուցե բոլորովին էլ չի հիշել այդ պահին։ «Սանդկոթն է վերցրել հետը»,— ասում են, և հիշո՞ւմ եք, թե ինչպե՜ս մի ամբողջ հոգեբանություն կառուցեցին այդ մի սանդկոթի վրա, այսինքն թե ինչու նա պետք է այդ սանդկոթը զենքի տեղ ընդուներ, վերցներ իբրև զենք և այլն, և այլն։ Այս առթիվ շատ հասարակ մի միտք է ծագում իմ մեջ. հապա եթե այդ սանդկոթը աչքի առաջ չլիներ, չլիներ այն դարակի վրա, որտեղից վերցրել է մեղադրյալը, այլ դրված լիներ պահարանում, չէ՞ որ այդ դեպքում մեղադրյալի աչքին չէր ընկնելու այդ իրը, և նա դուրս էր վազելու առանց զենքի, դատարկ ձեռքերով, և ահա, գուցե ոչ ոքի չէր սպանելու այդ դեպքում։ Ինչպե՞ս ուրեմն կարող եմ եզրակացնել, թե այդ սանդկոթը կանխամտության ու զենք վերցնելու ապացույց է։ Լավ, բայց նա գինետներում գոռում էր, թե կսպանի հորը, իսկ երկու օր առաջ, այն երեկո, երբ գրեց իր հարբած նամակը, հանգիստ էր և միայն մի առևտրական գործակատարի հետ կռվեց գինետանը, որովհետև, իբր թե, «Կարամազովը չէր կարող չկռվել»։ Իսկ ես դրան կպատասխանեմ, որ եթե նա արդեն մտադրվել էր այդպիսի սպանություն կատարել, այն էլ ծրագրով, իր գրածի նման, ապա գործակատարի հետ էլ չէր կռվի անկասկած, և գուցե գինետուն էլ չէր գնա բոլորովին, որովհետև այդպիսի բան մտադրող անձը լռություն ու մեկուսացում է փնտրում, ձգտում է անհայտանալ, որպեսզի չտեսնեն, որպեսզի չլսեն, կարծես ուզում է ասել՝ «Մոռացեք ինձ, եթե կարող եք». և դա՝ ոչ թե միայն հաշվենկատորեն, այլև բնազդով։ Պարոնայք ատենակալներ, հոգեբանությունը երկսայրի սուր է, և մե՜նք էլ ընդունակ ենք հոգեբանություն հասկանալու։ Իսկ գալով այն բանին, թե նա ամբողջ մի ամիս գոռգոռացել է գինետներում, է՛հ, քի՞չ են գոռում երեխաները կամ հարբած մարդիկ, երբ դուրս են գալիս գինետնից կամ կռվում են իրար հետ, «Կսպանե՜մ քեզ»։ Բայց հո չեն սպանում։ Եվ հենց այդ ճակատագրական նամակն էլ, է՛հ, հարբած մարդու ջղայնություն չէ՞ նույնպես, գինետնից ելնողի գոռգոռոց չէ՞. «Կսպանե՜մ, բոլորիդ էլ կսպանեմ»։ Իսկ ինչո՞ւ չէ, ինչո՞ւ չէր կարող այդպես լինել։ Ինչո՞ւ է այդ նամակը ճակատագրական. ընդհակառակը, ինչո՞ւ չեք ասում, որ ծիծաղելի է։ Ա՜յ հենց որովհետև գտնվել է սպանված հոր դիակը, և որովհետև մի վկա տեսել է մեղադրյալին այգում, զենքը ձեռքին փախչելիս, և ինքն էլ հարված է ստացել նրանից, ուրեմն ամեն ինչ կատարվել է գրվածի պես, դրա համար էլ նամակը ծիծաղելի չէ, այլ ճակատագրական։
Փա՜ռք աստծո, հասանք բուն կետին. «Քանի որ եղել է այգում, նշանակում է՝ նա է սպանել»։ Այդ երկու բառով էլ սպառվում է ամեն ինչ, ամբողջ մեղադրանքը. «քանի որ եղել է, նշանակում է, որ անպայման նա է»։ Հապա՞ եթե չի նշանակում, թեկուզ և եղել է։ Օ՜, համաձայն եմ, որ փաստերի համադրությունը, փաստերի զուգադիպումը բավական պերճախոս է իրոք։ Բայց բոլոր այդ փաստերը քննեցեք մեկ առ մեկ, առանց ազդվելու դրանց համադրությունից. ինչո՞ւ, օրինակ, դատախազը չի ուզում ընդունել, որ կարող է ճշմարիտ լինել մեղադրյալի այն ցուցմունքը, թե ինքը թողել ու վազելով հեռացել է հոր պատուհանից։ Հիշեցեք նույնիսկ այն հեգնական արտահայտությունները, որ արեց դատախազն այս կետում, նկատի ունենալով այն ակնածանքն ու «բարեպաշտ» զգացմունքները, որ հանկարծ համակել են մարդասպանին։ Իսկ եթե իրո՞ք նման մի բան է եղել, այսինքն՝ եթե ոչ ակնածանք, գոնե բարեպաշտ զգացմունքներ։ «Երևի այդ րոպեին մայրս բարեխոս եղավ ինձ համար»,— ասում է մեղադրյալը նախնական քննության ժամանակ. և ահա ուրեմն, հենց որ համոզվել է, թե Սվետլովան իր հոր տանը չէ, անմիջապես թողել, ու փախել է։ «Բայց նա չէր կարող պատուհանից նայելով համոզվել»,— առարկում է մեզ դատախազը։ Իսկ ինչո՞ւ չէր կարող։ Չէ՞ որ պատուհանը բացվել է մեղադրյալի տված նշանների վրա։ Այդ վայրկյանին մի որևէ բառ կարող էր թռնել Ֆյոդոր Պավլովիչի բերանից, մի որևէ բացականչություն, և մեղադրյալը կարող էր հանկարծ համոզվել, որ Սվետլովան այնտեղ չէ։ Ինչո՞ւ անպայման պետք է ենթադրենք այնպես, ինչպես մենք ենք երևակայում, ինչպես մտադրել ենք երևակայել։ Իրականության մեջ հազար ու մի բան կարող է վայրկենապես պատահել ու անցնել, այնպիսի բաներ, որ խուսափում են ամենանուրբ վիպասանի աչքից։ «Այո, բայց Գրիգորին դուռը բաց է տեսել, ուրեմն մեղադրյալը հաստատապես եղել է տան մեջ, ուրեմն և սպանել է»։ Այդ դռան մասին, պարոնայք ատենակալներ... Գիտե՞ք ինչ, այդ դռան մասին վկայում է մի հոգի միայն, և սակայն նա ինքն էլ այդ րոպեին գտնվել է այնպիսի վիճակում, որ... Բայց լավ, լավ, ասենք թե դուռը բաց է եղել, ասենք թե մեղադրյալը ուրացել է, սուտ է խոսել մղվելով ինքնապաշտպանության բնազդից, որ այնքա՜ն հասկանալի է նրա վիճակում, ասենք թե մտել է, մտել է հոր տունը. է՛հ, հետո ինչ, ինչո՞ւ պետք է ենթադրել, որ եթե մտել է, ուրեմն անպայման սպանել է։ Կարող էր ներս խուժել, վազել սենյակից սենյակ, կարող էր դեն հրել հորը, կարող էր նույնիսկ հարվածել հորը, բայց համոզվելուց հետո, որ Սվետլովան այնտեղ չէ, կարող էր դուրս վազել, ուրախանալով, որ այնտեղ չէ իր սիրեցյալը, ուրախանալով, որ դուրս վազեց առանց հորը սպանելու։ Եվ երբ, մի րոպե անց, հուզագրգիռ վիճակում Գրիգորիին տապալելուց հետո, անմիջապես ետ է ցատկել նրա մոտ, դա գուցե արել է հենց այն պատճառով, որ ի վիճակի էր մաքուր զգացմունք ունենալու, կարեկցանքի և խղճահարության զգացմունք, որովհետև խուսափել էր հորն սպանելու փորձությունից, որովհետև սիրտը մաքուր էր և ուրախություն էր զգում, որ չի սպանել հորը։
Դատախաղը սարսռազդեցիկ պերճախոսությամբ նկարագրեց մեղադրյալի ահավոր հոգեվիճակը Մոկրոե գյուղում, երբ սիրո երջանկությունը նորից բացվել էր նրա առաջ, կանչելով նրան դեպի նոր կյանք, և երբ նրա համար այլևս անկարելի էր սերը, որովհետև հոր արյունաթաթախ դիակը կար ետևում, իսկ դիակից այն կողմ՝ պատիժը։ Եվ սակայն դատախազն այնուամենայնիվ հնարավոր համարեց սերը, և դա բացատրեց ըստ իր առաջ քաշած հոգեբանության. «հարբած վիճակ, ոճրագործին տանում են մահապատժի, դեռ շատ ժամանակ կա և այլն, և այլն»։ Բայց նորից հարց եմ տալիս, ձեր նկարագրածը մի ուրի՜շ անձնավորություն չէ՞ արդյոք, որին դո՛ւք եք ստեղծել, պարոն դատախազ։ Մի՞թե մեղադրյալը այնքան, այնքա՛ն կոպիտ ու անհոգի է, որ այդ պահին կարողանար դեռ մտածել սիրո մասին, դատից խուսափելու մասին, եթե իրոք հոր արյունը լիներ նրա խղճի վրա։ Ո՛չ, ոչ ու ո՛չ։ Այն րոպեին, երբ պարզվեց, որ Սվետլովան սիրում է իրեն, կանչում է իրեն, նոր երջանկություն է խոստանում, օ՜, երդվում եմ, նա պետք է կրկնակի, եռակի պահանջ զգար անձնասպան լինելու, և անպայման կսպաներ իրեն, եթե իր հոր դիակը մնացած լիներ իր ետին։ Օ՜, ո՛չ, նա չէր մոռանա, թե որտեղ են իր ատրճանակները։ Ես գիտեմ մեղադրյալին, նրա բնավորության հետ անհամատեղելի է այն բիրտ, վայրագ անսրտությունը, որ դատախազը վերագրում է նրան։ Նա կսպանե՛ր իրեն, դա հաստատ բան է, չի սպանել իրեն, հենց որովհետև «մայրը բարեխոս էր եղել նրա համար» և նրա սիրտը անմեղ էր, հոր արյունը չէր ծանրացել խղճի վրա։ Այդ գիշեր, Մոկրոեում, նա տանջվում էր միայն ծերունի Գրիգորիի համար, տոչորվում և աղոթում էր աստծուն, որ ծերունին ուշքի գա ու վեր կենա, որ իր հարվածը մահացու եղած չլինի և ինքը պատիժ չկրի դրա հետևանքով։ Ինչո՞ւ չընդունել դեպքերի այսպիսի մեկնաբանությունը։ Ի՞նչ հաստատ ապացույց ունեք, որ մեղադրյալը ստում է։ «Բայց հոր դիա՜կը,— անմիջապես կասեն մեզ նորից։— Եթե նա դուրս է վազել, եթե չի սպանել, հապա ո՞վ է սպանել ծերունուն»։
Կրկնում եմ, ահա այս է մեղադրանքի ամբողջ տրամաբանությունը. ո՞վ է սպանել, եթե ոչ նա։ Այսինքն թե՝ մարդ չկա նրա տեղը դնելու։ Պարոնայք երդվյալ ատենակալներ, այդպե՞ս է արդյոք։ Իսկապե՞ս, հենց ուղղակի ուրիշ ոչ ոք չկա՞։ Մենք լսեցինք, թե ինչպես դատախազը մատների վրա թվեց բոլոր նրանց, ովքեր այդ գիշեր եղել են այդ տանը։ Հինգ հոգի էին։ Նրանցից երեքը, համաձայն եմ, լրիվ անմեղսագրելի են՝ սպանված անձը, ծերունի Գրիգորին և նրա կինը։ Մնում են, ուրեմն, մեղադրյալն ու Սմերդյակովը, և ահա դատախազը խանդաբորբոք բացականչում է, թե մեղադրյալը Սմերդյակովին է մատնանշում այն պատճառով, որ ուրիշ ոչ ոքի չի գտնում մատնանշելու, և եթե լիներ մի վեցերորդ անձ, նույնիսկ վեցերորդ անձի ստվերը լիներ, մեղադրյալն ինքը անմիջապես կհրաժարվեր Սմերդյակովին ամբաստանելուց, ամաչելով դրանից, և այդ վեցերորդի վրա կնետեր հանցանքը։ Բայց, պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ ես չեմ կարող ճիշտ հակառակ եզրակացության հանգել։ Կա երկու հոգի՝ մեղադրյալն ու Սմերդյակովը. ինչո՞ւ չասեմ, որ դուք իմ պաշտպանյալին մեղադրում եք միմիայն այն պատճառով, որ ուրիշ ոչ ոքի չեք գտնում մեղադրելու։ Իսկ չեք գտնում լոկ այն պատճառով, որ նախօրոք, բոլորովին կանխակալորեն, Սմերդյակովին բացառել եք ամեն մի կասկածից։ Այո, ճիշտ է, Սմերդյակովին ամբաստանում են միայն մեղադրյալը, նրա երկու եղբայրները, Սվետլովան, և ուրիշ ոչ ոք։ Բայց չէ՞ որ կա նաև մի այլ ամբաստանություն. կա մի հարց, կա մի կասկած, որ թեև տարտամորեն, բայց խմորվում է հասարակության մեջ, անորոշ մի լուր է պտտվում, զգացվում է, որ մարդիկ մի բան են սպասում։ Վերջապես կա նաև փաստերի շատ հատկանշական, թեև, ընդունում եմ, անորոշ մի զուգորդություն. նախ և առաջ, ընկնավորության այն նոպան, որ պատահել է հենց աղետի օրը, մի նոպա, որի իսկական լինելը փութաջանորեն պաշտպանեց դատախազը, չգիտես ինչու հարկադրված զգալով։ Այնուհետև՝ Սմերդյակովի այս անակնկալ անձնասպանությունը դատի նախօրեին։ Եվ հետո՝ մեղադրյալի միջնակ եղբոր նույնքան անակնկալ ցուցմունքը այսօր դատարանում, ցուցմունքը մի մարդու, որ մինչև հիմա հավատում էր, թե իր եղբայրն է մեղավորը, և հանկարծ փողի մի կապոց բերեց այստեղ ու նույնպես Սմերդյակովի՜ անունը հայտարարեց, որպես իրենց հորն սպանողի։ Օ՜, ես լրիվ համոզված եմ դատարանի և դատախազության հետ միասին, որ Իվան Կարամազովը հիվանդ է ու տենդի մեջ, և որ նրա ցուցմունքը իսկապես կարող էր հուսահատ մի փորձ լինել, այն էլ զառանցանքի մեջ ծրագրված մի փորձ՝ փրկելու իր եղբորը, հանցանքը նետելով մեռածի վրա։ Բայց և այնպես, նորից Սմերդյակովի անունը տրվեց, նորից կարծես թե առեղծվածային մի բան է զգացվում։ Կարծես թե մի բան առկախ է մնացել, պարոնայք ատենակալներ, չի բացատրվել մինչև վերջ։ Եվ գուցե դեռ կբացատրվի։ Բայց դա թողնենք առայժմ, դա դեռ հետագայի հարց է։ Դատարանը քիչ առաջ որոշեց շարունակել նիստը, բայց առայժմ, դեռ ակնկալություններ ունենալով հանդերձ, ես կարող էի մի քանի բան նշել, օրինակ, հանգուցյալ Սմերդյակովի այն բնութագրի մասին, որ այնքան նուրբ ու այնքան տաղանդավոր կերպով ուրվագծեց դատախաղը։ Սակայն զարմանալով նրա տաղանդի վրա, չեմ կարող լրիվ համաձայն լինել բնութագրի էության հետ։
Ես եղա Սմերդյակովի մոտ, տեսա նրան, խոսեցի հետը. նա ինձ վրա բոլորովին այլ տպավորություն թողեց։ Առողջությամբ թույլ էր, ճիշտ է, բայց բնավորությամբ, ոգով՝ ո՜չ, երբեք էլ այն թույլ մարդը չէր, որ նրան տեսնելով եզրակացրել է դատախազը։ Եվ մանավանդ երկչոտություն չգտա նրա մեջ, այն երկչոտությունը, որ դատախազն այնքան բնորոշ կերպով նկարագրեց։ Իսկ պարզամտություն բոլորովին չկար նրա մեջ, ընդհակառակը, միամտության դիմակի տակ թաքնված սոսկալի կասկածամտություն տեսա, և մի խելք, որ ընդունակ էր շատ բան դիտելու։ Օ՜, դատախազը չափազանց պարզամտորեն նրան տկարամիտ է համարել։ Ինձ վրա նա միանգամայն որոշակի տպավորություն թողեց. ես հեռացա այն համոզմունքով, որ ուղղակի չարամիտ, չափից դուրս փառասեր, ոխակալ ու նախանձից այրվող մի արարած է նա։ Որոշ տեղեկություններ եմ հավաքել նրա մասին. ատում էր իր ծագումը, ամաչում դրանից և ատամների կրճտոցով էր հիշում, որ «Սմերդյաշչայայից է ծնվել»։ Անհարգալից էր վերաբերվում ծառա Գրիգորիի և նրա կնոջ հանդեպ, որոնք իր մանկության երախտավորներն են եղել։ Անիծում էր Ռուսաստանը և ծիծաղում նբա վրա։ Երազում էր գնալ Ֆրանսիա ու դառնալ ֆրանսիացի։ Հաճախ ու շատ էր խոսում այն մասին, թե գնալու համար միջոցներ չունի։ Ինձ թվում է, նա ոչ ոքի չէր սիրում, բացի իրենից, և տարօրինակորեն բարձր կարծիք ուներ իր անձի մասին։ Բարեկրթությունը տեսնում էր լավ հագուստ, մաքուր կրծազգեստ և փայլուն կոշիկ հագնելու մեջ։ Ինքն իրեն համարելով Ֆյոդոր Պավլովիչի ապօրինի որդին (և այդ մասին փաստեր կան), նա կարող էր խորշել իր վիճակից, իր տիրոջ օրինական զավակների հետ համեմատած. նրանց՝ ամեն ինչ, իսկ իրեն՝ ոչինչ, նրանց ժառանգություն է հասնում, իսկ ինքը խոհարար է միայն։ Պատմեց ինձ, թե ինքը Ֆյոդոր Պավլովիչի հետ միասին այդ երեք հազարը դրել է ծրարի մեջ։ Նրա համար, իհարկե, ատելի էր այն նպատակը, որին հատկացված էր այդ գումարը. մի գումար, որ իր ապագայի հիմքը կարող էր լինել։ Ավելին, նա երե՜ք հազար ռուբլի էր տեսել իր աչքով՝ նոփ-նոր, վարդագույն բանկնոտների մի կապոց (այդ մասին ես դիտմամբ հարցրի նրան)։ Օ՜, նախանձոտ և ինքնասեր մարդուն երբեք էլ մեծ գումար ցույց մի՛ տաք միանգամից. իսկ նա առաջին անգամ էր այդպիսի մի գումար տեսել մեկ մարդու ձեռքում։ Վարդագույն կապոցի թողած տպավորությունը կարող էր ախտագին անդրադարձ ունենալ նրա երևակայության մեջ, բայց սկզբում առանց որևէ հետևանքի։
Մեծատաղանդ մեղադրողը արտակարգ նրբությամբ ուրվագծեց բոլոր pro և COntra նկատառումները, ցույց տալու համար, թե հնարավո՞ր է արդյոք Սմերդյակովին մեղադրել սպանության մեջ, և հատկապես հարց տվեց մեզ՝ ինչո՞ւ նա պետք է ընկնավորության նոպա կեղծեր։ Այո, նա կարող էր բոլորովին էլ կեղծած չլինել, նոպան կարող էր գալ շատ բնականորեն, բայց չէ՞ որ կարող էր և անցնե՜լ շատ բնականորեն, և հիվանդը կարող էր ուշքի գալ։ Ասենք, ոչ թե լրիվ առողջանալ, բայց համենայն դեպս աչքերը բանալ այս կամ այն րոպեին և ուշքի գալ, ինչպես որ լինում է ընկնավորության դեպքում։ Մեղադրողը հարց է տալիս. ո՞րն է այն րոպեն, ուր Սմերդյակովը կատարել է սպանությունը։ Բայց այդ րոպեն ցույց տալը չափազանց հեշտ է։ Նա կարող էր զարթնել խոր քնից (որովհետև նա քնած էր միայն, ընկնավորության նոպային միշտ էլ խոր քունն է հաջորդում), կարող էր ուշքի գալ հենց այն վայրկյանին, երբ ծերունի Գրիգորին, փախչող մեղադրյալի ոտքը բռնելով, գոռաց ամբողջ թաղով մեկ. «Հայրասպա՜ն»։ Հենց այդ անսովոր գոռոցն էլ, լռության ու խավարի մեջ, կարող էր արթնացն՜ել Սմերդյակովին, որի քունը այդ րոպեին կարող էր շատ էլ պինդ չլինել. բնական է, նրա զարթնումը կարող էր սկսած լինել արդեն մի ժամ առաջ։ Վեր կենալով անկողնից, նա համարյա անգիտակցորեն և առանց որևէ մտադրության գնում է դեպի գոռոցը՝ տեսնելու, թե ինչ է պատահել։ Նրա գլխում դեռ հիվանդագին մշուշ է, գիտակցությունը թմրած, բայց ահա իջնում է այգի, մոտենում է լուսավորված պատուհաններին և ահավոր լուրն է լսում իր տիրոջից, որն իհարկե ուրախանում է նրան տեսնելով։ Գիտակցությունը միանգամից սկսում է աշխատել։ Ահաբեկված տիրոջից իմանում է բոլոր մանրամասնությունները։ Եվ ահա, հետզհետե, նրա խանգարված ու հիվանդ ուղեղի մեջ գոյանում է մի միտք՝ զարհուրելի, բայց գայթակղիչ և անդիմադրելիորեն տրամաբանական. սպանել, վերցնել երեք հազար ռուբլի փողը և հետո ամբողջ մեղքը գցել երիտասարդ Կարամազովի վրա, որովհետև ո՞ւմ վրա կարող են կասկածել հիմա, եթե ոչ երիտասարդ Կարամազովի, ո՞ւմ կարող են մեղադրել, եթե ոչ երիտասարդ Կարամազովին. բոլոր հանցանշանները կան, նա եղել է այստեղ ու փախել։ Փողի, ավարի զարհուրելի տենչը, անպատիժ մնալու գիտակցության հետ, կարող էր շնչակտուր անել նրան։
Օ՜, այդ անակնկալ և անդիմադրելի մղումները այնքա՜ն հաճախ են գալիս, երբ հարմար առիթ է լինում. և մանավանդ՝ այդպես անակնկալորեն գալիս են այն մարդասպաններին, որոնք դեռ մի րոպե առաջ չգիտեին, թե կարող են սպանելու ցանկություն ունենալ։ Եվ ահա, Սմերդյակովը կարող էր մտնել տիրոջ մոտ և ի կատար ածել իր ծրագիրը՝ ինչո՞վ, ի՞նչ զենքով. է՛հ, այգուց վերցրած որևէ մի քարով։ Իսկ ինչո՞ւ, նպատա՞կն ինչ էր։ Բայց երեք հազա՜րը, չէ՞ որ դա իր ապագայի հիմքը կարող էր լինել։
Օ՜, ես չեմ հասկանում ինձ. փողը կարող էր և գոյություն ունենալ։ Եվ գուցե հենց Սմերդյակո՛վը միայն գիտեր, թե որտեղ է փողը, որտեղ է պահել իր տերը։ «Լավ, բայց պատռված ծրա՞րը, որ ընկել էր հատակին»։ Մեղադրողը, խոսելով այդ ծրարի մասին, հայտնեց իր չափազանց նուրբ ենթադրությունը, թե հենց անվարժ գողը միայն կարող էր ծրարը հատակին թողնել, հենց Կարամազովի նման մեկը, և բնավ երբեք Սմերդյակովը, որ ոչ մի դեպքում այդպիսի հանցանշան չէր թողնի ինքն իր դեմ։ Երբ լսում էի այդ ենթադրությունը, պարոնայք ատենակալներ, հանկարծ զգացի, որ չափազանց ծանոթ մի բան եմ լսում։ Եվ պատկերացրեք, հենց այդ նույն ենթադրությունը, այդ նույն կռահումը, թե Կարամազովն ինչպե՛ս կարող էր վարվել ծրարի հետ, ուղիղ երկու օր աոաջ լսել եմ անձամբ Սմերդյակովից։ Ավելին, նա նույնիսկ զարմացրեց ինձ դրանով. ինձ թվաց, թե նա միամտություն է կեղծում, կանխում է ինձ, իմ վզին է փաթաթում այդ միտքը, որպեսզի ինքս այդպիսի ենթադրության հանգեմ։ Կարծես թե նա հուշում էր այդ բանը ինձ։ Արդյոք նա հարցաքննողներին էլ չի՞ հուշել այդ ենթադրությունը։ Արդյոք մեծատաղանդ մեղադրողի վզին էլ չի՞ փաթաթել նույն բանը։
Կարող են ասել ինձ. «Իսկ պառա՞վը՝ Գրիգորիի կի՞նը։ որ նա լսել է, թե ինչպես հիվանդն ամբողջ գիշերը տնքացել է նրա կողքին»։ Այո, լսել է, բայց այդ վկայությունը չափազանց խախուտ է։ Ես ճանաչում էի մի տիկնոջ, որ դառնորեն գանգատվում էր, թե բակում հաչող մի շնիկ ամբողջ գիշերը արթնացրել է իրեն ու չի թողել, որ քնի։ Եվ սակայն, ինչպես պարզվեց, խեղճ շնիկն ընդամենը երկու֊երեք անգամ է հաչել ամբողջ գիշերվա ընթացքում։ Եվ դա բնական է. մարդը քնում է և հանկարծ տնքոց է լսում, զարթնում է վրդովված, որ իրեն արթնացրին, բայց վայրկենապես քուն է մտնում նորից։ Երկու ժամ հետո նորից տնքոց, նորից զարթնում է և նորից քուն մտնում, և վերջապես մի երրորդ տնքոց էլ, նորից երկու ժամ հետո, ընդամենը երեք անգամ՝ ամբողջ գիշերվա մեջ։ Մարդը վեր է կենում առավոտյան և գանգատվում, որ մեկը ամբողջ գիշերր տնքում էր և անընդհատ արթնացնում իրեն։ Բայց հենց այդպես էլ պետք է թվա նրան. քնած պահերը, յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ, չի հիշում, այլ հիշում է միայն զարթնելու րոպեները, և ահա նրան թվում է, թե ամբողջ գիշերը արթնացրել են իրեն։
Բայց ինչո՞ւ, բացականչում է մեղադրողը, ինչո՞ւ Սմերդյակովը չի խոստովանել իր թողած երկտողում։ «Խիղճը մղել է անձնասպանության, իսկ խոստովանելու համար խիղճ չի՞ ունեցել»։ Բայց ներեցե՜ք, խիղճը արդեն զղջահարություն է նշանակում, իսկ անձնասպանը կարող էր և զղջահարություն չզգալ, այլ միայն հուսահատություն։ Հուսահատությունն ու զղջահարությունը բոլորովին տարբեր բաներ են։ Հուսահատությունը կարող է լինել քինախնդիր ու անհաշտ, և անձնասպանը, իր կյանքի վրա ձեռք բարձրացնելու պահին, կարող էր կրկնակի ատել նրանց, ում նախանձում էր իր ամբողջ կյանքում։
Պարոնայք երդվյալ ատենակալներ, զգուշացեք դատական սխալից։ Ի՞նչ, ի՞նչ անհավանական բան կա այս բոլորի մեջ, որ նկարագրեցի հիմա ու ներկայացրի ձեզ։ Գտե՛ք մի սխալ իմ փաստարկման մեջ, գտե՜ք մի որևէ անկարելի, անհեթեթ բան։ Բայց եթե իմ ենթադրությունների մեջ կա գեթ ստվե՜րը կարելիության, գեթ ստվերը հավանականության, մի՛ շտապեք դատապարտելու մեղադրյալին։ Իսկ միթե ստվե՞ր կա միայն։ Երդվում եմ ամենայն սրբությամբ, ես լրիվ հավատում եմ սպանության մասին իմ տված մեկնաբանության, որ այժմ պարզեցի ձեր առաջ։ Եվ մանավանդ, մանավանդ, ինձ խռովում ու վրդովում է հենց այն միտքը, թե փաստերի ամբողջ այն զանգվածի մեջ, որ դատախազը բարդում է մեղադրյալի վրա, չկա մի հատիկ ապացույց, որ գեթ որևէ չափով լինի ճշգրիտ ու անժխտելի, և դժբախտ մարդը կործանվում է՝ պարզապես այդ փաստերի համադրության հետևանքով։ Այո, սարսափելի է այդ համադրությունը. արյո՜ւնը, մատներից կաթող այդ արյո՜ւնը, արյունաթաթախ շապիկը, այդ մութ գիշերը, որ թնդում է «հայրասպա՜ն» աղաղակից, և գոռացող ծերունին, որ ընկնում է ջարդված գվխով, իսկ հետո՝ խոսքերի, ցուցմունքների, գոռգոռոցների այդ ամբողջ կո՜ւյտը, օ՜, այնպես է ազդում դա, այնպե՜ս կարող է գայթակղեցնել մարդու համոզմունքը, բայց մի՞թե կարող է ձե՛ր համոզմունքը գայթակղեցնել, ձե՛ր, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Հիշեցե՛ք, ձեզ անսահման իշխանություն է տրված, կապելու և արձակելու իշխանությունը։ Բայց որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի սոսկալի է կիրառումը դրա։ Ես մազաչափ անգամ չեմ նահանջում այն ամենից, որ ասացի հիմա։ Բայց դե ենթադրենք, ենթադրե՜նք, թե ես էլ մի րոպե համաձայն եմ մեղադրողի հետ, որ իմ դժբախտ պաշտպանյալն իր ձեռքերը ներկել է հոր արյունով։ Սա ենթադրություն է միայն, կրկնում եմ, ես ոչ մի վայրկյան չեմ տարակուսում, որ նա անմեղ է, բայց դե թող այդպես լինի, ենթադրեմ մի պահ, որ իմ պաշտպանյալը մեղավոր է հայրասպանության մեջ։ Սակայն լսեցեք իմ խոսքը, նույնիսկ եթե այդպիսի ենթադրություն էլ անեմ։ Սիրտս ինձ մղում է մի բան ևս ասել ձեզ, որովհետև ձեր սրտերի ու մտքերի մեջ էլ մի մեծ պայքար եմ նախազգում... Ներեցեք ինձ, որ ձեր սրտերի ու մտքերի մասին խոսեցի, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Բայց ես ուզում եմ ճշմարտացի ու անկեղծ լինել սկզբից մինչև վերջ։ Անկե՜ղծ լինենք բոլորս էլ...»։
Այս կետում դատապաշտպանի ճառն ընդհատվեց բավական ուժեղ մի ծափահարությամբ։ Իրոք, նա իր վերջին խոսքերն այնպիսի անկեղծ հնչող մի շեշտով ասաց, որ բոլորն էլ զգացին, թե գուցե իսկապես մի ասելիք ունի նա, և թե այն, ինչ հիմա է ասելու, հենց ամենակարևորն է։ Բայց նախագահը, լսելով ծափահարությունը, բարձրաձայն սպառնաց «մաքրել» դատարանի դահլիճը, եթե նորից «նման մի դեպք» կրկնվի։ Լռություն տիրեց, և Ֆետյուկովիչն սկսեց մի նոր, հուզաթաթավ ձայնով, որ բոլորովին նման չէր այն ձայնին, որով նա խոսում էր մինչ այդ։
XIII։ Մտքի անառակություն
«Ոչ միայն փաստերի համադրությունն է կործանում իմ պաշտպանյալին, պարոնայք երդվյալ ատենակալներ,— հայտարարեց նա,— ոչ, իմ պաշտպանյալին իսկապես կործանողը մե՛կ փաստ է միայն՝ ծերունի հո՜ր դիակը։ Հասարակ սպանություն լիներ, դուք կմերժեիք մեղադրանքը, նկատի առնելով, որ փաստերը չնչին են, անապացուցելի, ցնորական՝ եթե դրանցից ամեն մեկը առանձին քննվի, և ոչ թե բոլորը համադրաբար. կամ էլ գոնե կվարանեիք մարդու կյանքը կործանել սոսկ նրա դեմ կանխակալ կարծիք ունենալու հետևանքով, մի կարծիք, որին նա խիստ արժանի է, ավա՜ղ։ Բայց այստեղ ոչ թե հասարակ սպանություն է, այլ հայրասպանությո՜ւն։ Դա տպավորություն է գործում, և այն աստիճան, որ մեղադրական փաստերի հենց չնչին ու անապացույց լինելն անգամ դառնում է ոչ այնքան չնչին և ոչ այնքան անապացույց՝ նույնիսկ չնախապաշարված մտքի համար։ Դե՛հ, ինչպե՞ս արդարացնես այսպիսի մեղադրյալին։ Հապա՞ եթե իրոք սպանել է, և հանկարծ անպատի՜ժ մնա. ահա թե ինչ է զգում ամեն մեկն իր սրտում գրեթե ակամա, բնազդորեն։ Այո, ահավո՜ր բան է հոր արյունը թափելը, արյունն այն մարդու, որ ծնել է ինձ, սիրել է ինձ, իր կյա՜նքը չի խնայել ինձ համար, իմ մանկության օրերից չարչարվել է իմ հիվանդություններով, ամբողջ կյանքում տառապել է իմ երջանկության համար և ապրել է միայն իմ ուրախություններով, իմ հաջողություններով։ Օ՜, սպանե՞լ այդպիսի հորը. մտածե՜լն իսկ անհնար է։
Պարոնայք ատենակալներ, ի՞նչ է հայրը, իսկական հայրը, ի՞նչ է այդ մեծ բառի նշանակությունը, ի՞նչ է այն սոսկալի մեծ գաղափարը, որ կա այդ անվան մեջ։ Դեռ այս րոպեիս նշեցինք մասամբ, թե ինչ է իսկական հայրը և ինչ պետք է լինի։ Իսկ ներկա դատական գործում, որով այնպե՜ս զբաղված ենք հիմա բոլորս, որով այնպե՜ս տանջվում են մեր հոգիները, ներկա դատական գործում՝ հայրը, հանգուցյալ Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովը, բնավ չէր համապատասխանում հոր մասին այն հասկացության, որ մեր սիրտը թելադրեց այս րոպեիս։ Դժբախտություն է դա։ Եվ իսկապես, կան հայրեր, որոնք նման են դժբախտության։ Քննենք այդ դժբախտությունն ավելի մոտից. չէ՞ որ մենք, նկատի առնելով առաջիկա որոշման կարևորությունը, ոչ մի բանից չպետք է վախենանք, պարոնայք ատենակալներ։ Մենք նույնիսկ հատկապե՛ս չպետք է վախենանք հիմա, և չպետք է, այսպես ասած, մեր ձեռքերը թափահարելով վանենք այս կամ այն գաղափարը, երեխաների կամ վախկոտ կանանց նման, ինչպես ասաց մեծատաղանդ մեղադրողն այդ երջանիկ համեմատությամբ։
Բայց իմ հարգելի ընդդիմախոսը (և նա իմ ընդդիմախոսն էր, երբ ես դեռ իմ առաջին բառն իսկ չէի արտասանել), իմ ընդդիմախոսն իր կրակոտ ճառում մի քանի անգամ բացականչեց. «Ո՜չ, ես չեմ թողնի, որ ուրիշ որևէ մեկը պաշտպանի մեղադրյալին, ես չեմ զիջի նրա պաշտպանությունը Պետերբուրգից եկած դատապաշտպանին, ես եմ մեղադրողը, ես էլ պաշտպա՛նն եմ»։ Ահա այսպես բացականչեց նա մի քանի անգամ, և սակայն մոռացավ հիշատակել մի բան. եթե այս սարսափելի մեղադրյալը ամբողջ քսաներեք տարի երախտապարտ էր եղել ընդամենը մի ֆունտ կաղինի համար, որ ստացել է այն միակ մարդուց, որն իրեն, որպես երեխայի, փայփայել էր իր հոր տանը, ապա ուրեմն, մյուս կողմից, կարո՞ղ էր այսպիսի մարդը ամբողջ քսաներեք տարվա ընթացքում չհիշել, թե ինչպես ինքը ոտաբոբիկ վազվզում էր իր հոր տան «ետևի բակում, առանց կոշիկների և փոքրիկ տաբատն էլ մի կոճակից կախված», ըստ մարդասեր դոկտոր Հերցհնշտուբեի արտահայտության։ Օ՜ պարոնայք ատենակալներ, ինչո՞ւ ավելի մոտից քննենք այդ «դժբախտությունը», ինչո՞ւ կրկնենք այն, ինչ բոլորը գիտե՛ն արդեն։ Ի՞նչ է տեսել իմ պաշտպանյալը, երբ եկել է այստեղ՝ իր հոր մոտ։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ իմ պաշտպանյալին ներկայացնել որպես անզգա, եսասեր մի հրեշ։ Անզուսպ է նա, վայրի ու մոլեգին, և ահա դրա համար էլ դատում ենք այժմ նրան, բայց ո՞վ է մեղավորը նրա ճակատագրի համար, ո՞ւմ մեղքով է, որ նա լավ հակումներ ու ազնիվ, զգայուն սիրտ ունենալով հանդերձ, այսպիսի անհեթեթ դաստիարակություն է ստացել։ Որևէ մեկը խելք սովորեցրե՞լ է նրան, ուսում ստացե՞լ է, լուսավորվե՞լ է նրա միտքը, եղե՞լ է մեկը, որ գեթ մի քիչ սիրեր նրան իր մանկության օրերին։ Իմ պաշտպանյալը մեծացել է աստծո խնամքով, այսինքն վայրի գազանի նման։ Նա գուցե տենչում էր տեսնել իր հորը երկար տարիների բաժանումից հետո, և գուցե դրանից էլ առաջ, երազի պես հիշելով իր մանկությունը, հազար անգամ վանել է այն նողկալի ուրվականները, որոնք իր մանկության մղձավանջներն են եղել, և ամբողջ հոգով տենչացել է արդարացնել իր հորը և գրկե՜լ նրան։ Եվ ի՞նչ։ Որովհետև փողի վեճ կա՝ նրան դիմավորում են միայն ցինիկ հանաքներով, կասկածամտությամբ ու խորամանկություններով. նա լսում է միայն սիրտ խառնող խոսակցություններ ու կենցաղային խենեշ սկզբունքներ, որոնք ասվում են ամեն օր, «կոնյակ խմելիս». և վերջապես տեսնում է մի հոր, որն իր ձեռքից՝ որդո՜ւ ձեռքից, խլում է սիրուհուն, օգտագործելով հենց որդուն պատկանող փողը։ Օ՜ պարոնայք ատենակալներ, նողկալի է սա ու դաժան։ Ու այդ նույն ծերունին գնում և բոլորին գանգատվում է, թե իր որդին դաժան է ու անհարգալից, վարկաբեկում է իր որդուն հասարակության մեջ, վնասում է նրան, զրպարտում, ձեռք է բերում նրա պարտամուրհակները, որպեսզի բա՜նտ նստեցնի նրան։
Պարոնայք ատենակալներ, շատ հաճախ է լինում, որ իմ պաշտպանյալի նման մարդիկ, որոնք արտաքուստ դաժանասիրտ են, մոլեգին ու անզուսպ, խորքում չափազանց քնքուշ սիրտ են ունենում, միայն թե ցույց չեն տալիս։ Մի՛ ծիծաղեք, մի՛ ծիծաղեք իմ այս մտքի վրա։ Մեծատաղանդ մեղադրողն անգթորեն ծիծաղում էր իմ պաշտպանյալի վրա քիչ առաջ, ի ցույց դնելով, թե նա սիրում է Շիլլերին, սիրում է «գեղեցիկն ու վեհը»։ Եթե ես նրա տեղը լինեի, մեղադրողի՝ տեղը, չէի ծիծաղի այդ բանի վրա։ Այո, այսպիսի սրտեր (օ՜ թույլ տվեք ինձ պաշտպանել այսպիսի սրտերը, որոնց այնքա՜ն հազվադեպ և այնքա՜ն անարդար կերպով են հասկանում), այսպիսի սրտերը շատ հաճախ տենչում են քնքշություն, գեղեցկություն և արդարություն, և տենչում են՝ հենց հակադրվելով կարծես իրենց սեփական անձին, իրենց մոլեգնությանը, իրենց դաժանությանը, տենչում են անգիտակցորեն, և տենչո՛ւմ են հատկապես։ Կրքոտ ու դաժան լինելով արտաքուստ, նրանք տանջվելու չափ ընդունակ են սիրելու, օրինակ, մի կնոջ, և անպայման հոգեկան ու բարձրագույն սիրով։ Դարձյալ ասում եմ, մի՛ ծիծաղեք ինձ վրա, շատ հաճախ հենց այսպե՛ս են լինում այդպիսի բնավորությունները։ Միայն թե չեն կարողանում թաքցնել իրենց կրքերը, որոնք շատ կոպիտ են երբեմն, և ահա դա է, որ աչքի է զարնում, դա է, որ նկատվում է, իսկ մարդու ներսը չեն տեսնում։ Սակայն շուտ են հագենում նրանց կրքերը, իսկ ընդհակառակը, ազնիվ ու գեղեցիկ մի էակի կողքին՝ այդ երևութապես կոպիտ ու դաժան մարդը ձգտում է նորոգվել, հնարավորություն է փնտրում ուղղվելու, դառնալու ավելի լավ, լինելու բարձր ու ազնիվ, և այո՝ «վեհ ու գեղեցիկյ», որքան էլ ծաղրված լինի այդ խոսքը։ Քիչ առաջ ասացի, որ չեմ հանդգնի շոշափել իմ պաշտպանյալի պատմությունը օրիորդ Վերխովցևայի հետ։ Բայց այնուամենայնիվ կարելի է մի երկու բառ ասել, մենք ոչ թե վկայություն լսեցինք, այլ պարզապես մոլեգնած ու վրեժ լուծող մի կնոջ ճիչը, և նա իրավունք չուներ, օ՜, իրավունք չուներ դավաճանության համար կշտամբել մեղադրյալին, որովհետև նա ի՛նքը դավաճանեց։ Եթե գեթ մի քիչ ժամանակ ունենար մտածելու, այդպիսի վկայություն չէր տա։ Օ՜, մի՛ հավատաք նրան, ո՜չ, իմ պաշտպանյալը «հրեշ» չէ, ինչպես կոչեց նրան օրիորդը։
Խաչյալ մարդասերն իր խաչելության նախօրեին ասաց. «Ես եմ հովիվն քաջ. քաջ հովիվն իր անձն է դնում ոչխարների համար, որպեսզի ոչ մեկը չկորչի...»։ Մենք էլ այնպես անենք, որ չկորչի՜ մարդու հոգին։ Ես հարց տվի քիչ առաջ՝ ի՞նչ է հայրը, և բացականչեցի, թե մեծ բառ է դա, թանկագին մի ահուն։ Սակայն բառը պետք է ազնվորեն գործածել, պարոնայք ատենակալներ, և ես հանդգնում եմ երևույթը կոչել իր սեփական բառով, իր սեփական անունով. այնպիսի մի հայր, ինչպիսին էր սպանված ծերունի Կարամազովը, չի կարող հայր կոչվել և արժանի չէ այդ անունին։ Անարժան հոր նկատմամբ որդիական սերը անհեթեթություն է, անկարելի բան։ Չի կարելի ոչնչից սեր ստեղծել, աստվա՛ծ միայն ոշնչից բան է ստեղծում։ «Հայրե՜ր, մի՛ զայրացնեք ձեր որդիներին»,— գրում է առաքյալն իր սիրակեզ սրտից։ Ոչ թե իմ պաշտպանյալի սիրույն եմ մեջբերում այս սրբազան բառերը հիմա, ես դրանք հիշատակում եմ բոլո՜ր հայրերի համար։ Ո՞վ է ինձ լիազորել, որ ուսուցանեմ հայրերին։ Ոչ ոք։ Բայց որպես մարդ ու քաղաքացի կոչ եմ անում՝ vivos voco![7] Մենք երկար չենք մնում երկրի վրա, մենք անում ենք բազում վատ գործեր և բազում վատ խոսքեր ենք ասում։ Ուրեմն բոլորս էլ որսանք մեր համախումբ հաղորդակցության պատեհ րոպեն՝ նաև մի լա՜վ խոսք ասելու համար միմյանց։ Այդ եմ անում ես հիմա. քանի այս տեղն եմ բարձրացել, օգտվում եմ իմ րոպեից։ Իզուր չէ, որ այս ատենաբեմը շնորհվել է մեզ գերագույն կամոք. ամբողջ Ռուսաստանն է լսում մեզ այստեղից։ Ոչ միայն տեղվույս հայրերի համար եմ ասում, այլև ձայն եմ արձակում բոլոր հայրերին. «Հայրե՜ր, մի՛ զայրացնեք ձեր որդիներին»։ Այո, նախ ինքներս կատարենք պատգամը Քրիստոսի և հետո՛ միայն հավակնենք պահանջել նաև մեր որդիներից։ Այլապես մենք հայրեր չենք, այլ թշնամիները մեր որդիների, և նրանք մեր որդիները չեն, այլ թշնամիները մեր, և մենք ինքնե՜րս ենք նրանց թշնամի դարձրել մեզ համար։ «Որով չափով չափէք, չափեսցի ձեզ», այո արդեն ոչ թե ես եմ ասում, ավետարանի պատգամն է այս չափել այն չափով, որով ձեզ են չափում։ Ինչպե՜ս ուրեմն կարող ենք մեղադրել որդիներին, եթե նրանք մեզ չափում են մեր չափով։ Վերջերս Ֆինլանդիայում մի աղջիկ, աղախին, կասկածի է ենթարկվում, թե գաղտնորեն երեխա է ծնել։ Սկսում են հետևել նրան, և տան ձեղնահարկում, անկյունը, աղյուսների ետև, գտնում են նրա սնդուկը, որի մասին ոչ ոք չգիտեր, բացում են և այնտեղից հանում նրա սպանած նորածին երեխայի դիակը, նույն սնդուկի մեջ գտնում են նաև կմախքները երկու մանկիկների, որոնց նա ծնել էր դրանից առաջ ու ինքն էլ սպանել էր ծնվելու պահին, և նա խոստովանում է այդ բանը։ Պարոնայք ատենակալներ, մի՞թե նա մայրն է իր զավակների։ Այո, ծնել է նրանց, բայց արդյոք մա՞յր է նրանց համար։ Մեզնից որեէ մեկը կհամարձակվի՞ արդյոք «մայր» սրբազան անունը տալ նրան։
Համարձակ լինենք, պարոնայք ատենակալներ, հանդուգն լինենք նույնիսկ, մենք նույնիսկ պարտավո՛ր ենք այդպես լինել սույն րոպեին և չվախենալ որոշ խոսքերից ու գաղափարներից, չնմանվել Օստրովսկու պատկերած այն մոսկվացի տիկիններին, որոնք վախենում էին որոշ բառերից։ Ընդհակառակը, ապացուցենք, որ վերջին տարիների առաջադիմությունը մեր զարգացմանն էլ է նպաստել, և ասենք ուղղակի՝ միայն ծնունդ տալը դեռ հայրություն չէ, այլ հայր է նա, ով ծնունդ է տվել և արժանացել է այդ կոչման։ Օ՜, իհարկե, կա նաև «հայր» բառի մյուս նշանակությունը, մյուս մեկնաբանությունը, որ պնդում է՝ թեկուզ և հրեշ լինի քո հայրը, թեկուզ և չարագործ լինի իր երեխաների համար, այնուամենայնիվ նա քո հայրն է մնում, պարզ այն պատճառով, որ ծնունդ է տվել քեզ։ Բայց դա արդեն, այսպես ասած, միստիկ նշանակությունն է, որ ես չեմ հասկանում բանականությամբ, այլ կարող եմ ընդունել լոկ հավատքով, կամ ավելի ճիշտ՝ պարզապես հավատ ընծայելով, ինչպես որ կան շատ ուրիշ բաներ, որ չեմ հասկանում, բայց կրոնը ինձ պատվիրում է հավատալ դրանց։ Բայց այդ պարագային դա թող դուրս մնա իրական կյանքի բնագավառից։ Իսկ այս բնագավառում, ուր իրական կյանքը ոչ միայն իր իրավունքները ունի, այլև ինքն էլ մեծ պարտականություններ է դնում մեր վրա, այս բնագավառում ուրեմն, եթե ուզում ենք լինել մարդասեր, լինել քրիստոնյա վերջապես, մենք պետք է կենսագործենք և պարտավո՛ր ենք կենսագործել լոկ այնպիսի համոզմունքներ, որոնք արդարացված են բանականությամբ ու փորձով, որոնք վերլուծության բովով են անցկացվել, մի խոսքով պետք է գործենք բանականորեն, և ոչ թե անմտաբար, ինչպես երազի ու զառանցանքի մեջ, որպեսզի վնաս չհասցնենք մարդ արարածին, որպեսզի չտանջենք ու չկործանենք մարդուն։ Ահա այդ դեպքում է, որ դա կլինի իսկական քրիստոնեական գործ, ոչ թե միայն միստիկ, այլև բնական և արդեն ճշմարտապես մարդասիրական գործ...»։
Այս կետում ուժեղ ծափահարություններ պայթեցին դահլիճի զանազան մասերից, բայց Ֆետյուկովիչն իր ձեռքերը թափահարեց, կարծես աղաչելով, որ չընդհատեն իրեն, և թույլ տան վերջացնել իր խոսքը։ Դահլիճը լռեց իսկույն։ Հռետորը շարունակեց։
«Պարոնայք ատենակալներ, կարծո՞ւմ եք արդյոք, որ մեր զավակները կարող են խուսափել այսպիսի հարցերից, երբ, ասենք, պատանի են դառնում արդեն, երբ սկսում են կշռադատել արդեն։ Ոչ, չեն կարող, և անկարելի ժուժկալություն չպահանջենք նրանցից։ Տեսնելով իր անարժան հորը, մանավանդ համեմատելով նրան ուրիշ հայրերի հետ, իր տարեկից ընկերների արժանավոր հայրերի, պատանին տվայտում է տանջալից հարցերով, որոնք ակամայորեն ծնվում են նրա մեջ։ Նրա հարցերին պաշտոնական պատասխան են տալիս. «Նա ծնունդ է տվել քեզ, և դու նրա արյունից ես, ուրեմն պետք է սիրես նրան»։ Պատանին ակամա խորհրդածում է. «Բայց մի՞թե նա սիրում էր ինձ, երբ ծնունդ էր տալիս,— հարցնում է նա, ավելի ու ավելի զարմանալով,— միթե ի՞նձ համար էր, որ ծնունդ տվեց ինձ։ Այդ րոպեին ոչ ինձ գիտեր նա, ո՛չ էլ նույնիսկ իմ սեռը, տռփանքի այդ րոպեին, երբ գուցե գինին էր նրա կիրքը բորբոքել, և գուցե միայն հարբեցողության հակումն է փոխանցել նա ինձ. ահա այն ամբողջ բարիքը, որ տրել է նա... Իսկ ինչո՞ւ ես պետք է սիրեմ նրան, միայն որովհետև ծնո՞ւնդ է տվել ինձ, և որովհետև իմ ամբողջ կյանքում չի՞ սիրել ինձ»։ Օ՜, գուցե այս հարցերը կոպիտ ու դաժան են թվում ձեզ, սակայն պատանի մտքից անկարելի ժուժկալություն մի պահանջեք։ «Վտարիր բնությունը դռնից, ներս կթռչի պատուհանից», և մանավանդ, մանավանդ, չվախենանք բառերից և հարցը լուծենք այնպես, ինչպես թելադրում են բանականությունն ու մարդասիրությունը, և ոչ թե այնպես, ինչպես միստիկ հասկացություններն են թելադրում։ Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել հարցը։ Ահա թե ինչպես, թող որդին կանգնի իր հոր առաջ և խելամտորեն հարցնի նրան. «Հայր իմ, ասա ինձ. ինչո՞ւ պետք է սիրեմ քեզ։ Հայր իմ, ապացուցի՛ր ինձ, թե ես պետք է սիրեմ քեզ»։ Եվ եթե այդ հայրը ի վիճակի լինի ու կարողանա պատասխանել և ապացուցել, ուրեմն ահա մի իսկական, բնականոն ընտանիք, որ ոչ թե լոկ միստիկ նախապաշարմունքի վրա է հաստատվում, այլ բանական, ինքնագիտակից և զուտ մարդասիրական հիմունքների վրա։ Հակառակ դեպքում, եթե հայրը չապացուցի, վերջացա՜վ իսկույն այդ ընտանիքը. նա հայր չէ որդու համար, և որդին ազատություն ու իրավունք է ստանում այլևս օտար համարելու իր հորը և նույնիսկ թշնամի համարելու։ Մեր այս ատենաբեմը, պարոնայք ատենակալներ, պետք է ճշմարտության ու առողջ գաղափարների դպրո՜ց լինի»։
Անզուսպ, գրեթե մոլեգին ծափահարություններն ընդհատեցին այստեղ հռետորին։ Իհարկե, ծափահարում էր ոչ թե ամբղջ դահլիճը, բայց դահլիճի կեսն այնուամենայնիվ ծափահարում էր։ Ծափահարում էին հայրերն ու մայրերը։ Վերևից, ուր տիկիններն էին նստած, ճիչեր ու բացականչություններ լսվեցին։ Թաշկինակներ էին ճոճում։ Նախագահն ամբողջ ուժով սկսեց հնչեցնել իր զանգակը։ Նա հայտնապես ջղայնացել էր հասարակության վարմունքից, բայց ուղղակի չհամարձակվեց «մաքրել» դահլիճը, ինչպես սպառնացել էր քիչ առաջ. նույնիսկ բարձրաստիճան անձինք, շքանշան-աստղերով զարդարված ծերուններ, որոնք հատուկ աթոռների վրա նստել էին դատավորների ետևում, ծափահարում էին և թաշկինակներ ճոճում հռետորին։ Այնպես որ, երբ աղմուկը դադարեց, նախագահը պարզապես բավարարվեց կրկնելով իր խստագույն սպառնալիքը, թե «կմաքրի» դահլիճը, իսկ Ֆետյուկովիչը, հաղթական ու հուզված, շարունակեց իր ճառը նորից։
«Պարոնայք երդվյալ ատենակալներ, դուք հիշում եք այն ահավոր գիշերը, որի մասին այնքան շատ խոսվեց այսօր, այն գիշերը, երբ որդին ցանկապատի վրայից մտավ հոր տունը և վերջապես դեմ առ դեմ կանգնեց իր թշնամու, իրեն ծնունդ տված թշնամու և կեղեքիչի հետ։ Ամբողջ ուժով պնդում եմ՝ փողի համար չէր, որ նա իր հոր տունը վազեց այդ րոպեին. կողոպուտի մեղադրանքն անհեթեթություն է, ինչպես ցույց տվեցի արդեն։ Եվ սպանելու համար չէր, որ ներխուժեց նրա տունը, օ ո՜չ. եթե ունենար այդ դիտավորությունը, գոնե նախօրոք զենքի մասին կհոգար, իսկ պղնձե սանդկոթը վերցրեց բնազդորեն, առանց իմանալու, թե ինչու։ Ենթադրենք, թե նա խաբեց իր հորը՝ այդ նշանները թխկացնելով, ենթադրենք, թե մտավ հոր մոտ. ասացի արդեն, որ ոչ մի րոպե չեմ հավատում այդ առասպելին, բայց լավ, թող այդպես լինի, ենթադրենք այդ բանը մի րոպե։ Պարոնայք ատենակալներ, երդվում եմ ձեզ ամենայն սրբությամբ, եթե իր հայրը չլիներ, այլ կողմնակի մի հակառակորդ, նա կվազեր մի սենյակից մյուսը, կհամոզվեր, որ այդ կինը այնտեղ չէ, և գլխապատառ դուրս կխոյանար, ոչ մի վնաս չհասցնելով իր մրցակցին. գուցե հարվածեր նրան, հրեր, բայց այդքան միայն, որովհետև դա չէր նրա մտահոգությունը, ժամանակ չուներ, պետք է իմանար, թե որտեղ է այդ կինը։ Բայց հա՜յրն էր, հա՜յրը. իր աչքի առաջ կանգնած էր նա իր մանկության օրերից իրեն ատող այդ մարդը, իր թշնամին, իր կեղեքիչը, իսկ այժմ՝ իր հրեշավոր մրցակիցը. և իր հոր այդ կերպարա՜նքը միայն արեց ամեն ինչ։ Ատելության մի զգացում տիրեց նրան ակամա, անդիմադրելիորեն, մտածելն անհնար էր. մի րոպեում ամե՜ն ինչ ծառացավ նրա մեջ։ Խելացնորության ու խելագարության աֆեկտ էր դա, բայց և բնության աֆեկտը, բնության, որ անդիմադրելիորեն ու անգիտակցորեն վրեժ է լուծում իր հավիտենական օրենքների ոտնահարման համար, ինչպես ամեն ինչ բնության մեջ։ Բայց մարդասպանը այդ դեպքում էլ չսպանեց, ես պնդում եմ այս բանը, գոռո՜ւմ եմ սրա մասին. ո՜չ, նա պարզապես սանդկոթը թափահարեց զայրալից նողկանքով, առանց սպանել ուզելու, առանց գիտենալու, որ կսպանի։ Եթե չլիներ այդ ճակատագրական սանդկոթը ձեռքին, գուցե միայն ծեծեր իր հորը, բայց չէր սպանի նրան։ Երբ դուրս վազեց, նա չգիտեր, թե սպանված է ծերունին, որին տապալել էր։ Այդպիսի սպանությունը սպանություն չէ։ Այդպիսի սպանությունը հայրասպանություն էլ չէ։ Ոչ, այդպիսի հոր սպանությունը չի կարող հայրասպանություն կոչվել։ Միայն նախապաշարմունքի հետևանքով կարող է այդպիսի սպանությունը համարվել հայրասպանություն։ Բայց կրկին ու կրկին կոչ եմ անում ձեզ իմ հոգու խորքից՝ կատարվե՞լ է արդյոք, կատարվե՞լ է իսկապես այդ սպանությունը։ Պարոնայք ատենակալներ, եթե մենք դատապարտենք նրան, նա կասի ինքնիրեն. «Այս մարդիկ ոչինչ չեն արել իմ ճակատագրի համար, իմ դաստիարակության, իմ կրթության համար, ոչինչ չեն արել, որ ես ավելի լավ լինեմ, որ ես մարդ դառնամ։ Այս մարդիկ ոչ հաց են տվել ինձ, ոչ էլ ջուր, և բանտում էլ չեն այցելել, երբ մերկ ու մենակ էի, և ահա նույն մարդիկ ինձ աքսորեցին տաժանակրության։ Հաշիվս փակեցի, ես հիմա ոչինչ պարտական չեմ նրանց և ոչ ոքի պարտական չեմ հավիտյանս հավիտենից։ Նրանք չար են, ես էլ չար եմ լինելու։ Նրանք դաժան են, ես էլ դաժան եմ լինելու»։ Ահա՛ թե ինչ կասի նա, պարոնայք ատենակալներ։ Եվ երդվում եմ՝ եթե մեղադրեք նրան, պարզապես կթեթևացնեք նրա վիճակը, նրա խի՜ղճը կթեթևացնեք, նա կանիծի իր թափած արյունը, և ոչ թե կզղջա դրա համար։ Միաժամանակ դուք կոչնչացնեք մարդ դառնալու հնարավորությունը նրա մեջ, որովհետև նա իր ամբողջ կյանքում կմնա չար և կույր։ Բայց ուզո՞ւմ եք սոսկալի, ահեղ մի պատիժ տալ նրան, ամենասարսափելի պատիժը, որ կարելի է երևակայել, և ուզո՞ւմ եք միաժամանակ փրկել ու վերածնել ընդմիշտ նրա հոգին։ Եթե ուզում եք, ապա ընկճեցեք նրան ձեր գթասրտությա՜մբ։ Դուք կտեսնեք, դուք կլսեք, թե ինչպես կցնցվի ու կսարսափի նրա հոգին. «Ես կարո՞ղ եմ դիմանալ այս գթասրտության, ես կարո՞ղ եմ դիմանալ այսքան սիրո, ես արժանի՞ եմ միթե սրան»։ Ահա այսպե՜ս կբացականչի նա։ Օ՜, ես գիտեմ, գիտեմ այդ սիրտը, այդ վայրի, բայց ազնի՜վ սիրտը, պարոնայք ատենակալներ։ Այդ սիրտը կխոնարհվի ձեր սխրանքի առաջ, այդ սիրտը ծարավի է սիրո մեծագործության, նա կբոցավառվի և հարություն կառնի ընդմիշտ։ Կան հոգիներ, որոնք, իրենց սահմանափակության մեջ ծվարած, մեղադրում են ամբողջ աշխարհը։ Բայց խոնարհեցրե՜ք այդպիսի հոգին գթասրտությամբ, սեր ցույց տվեք նրան, և նա կանիծի իր արածը, որովհետև այնքա՜ն շատ են բարի սաղմերը նրա մեջ։ Հոգին կլայնանա ու կտեսնի, թե որքա՜ն գթասիրտ է աստված և որքա՜ն սքանչելի ու արդար են մարդիկ։ Նա կսարսափի, նա կընկճվի զղջահարությունից և այն անսահման պարտականությունից, որ սպասում է նրան այնուհետև։ Եվ նա չի ասի այն ժամանակ՝ «հաշիվս փակեցի», այլ կասի. «Ես մեղավոր եմ բոլոր մարդկանց առաջ և բոլորից ավելի անարժան եմ»։ Զղջման ու տառապակեզ խանդաղատանքի արցունքներով կբացականչի նա. «Մարդիկ ավելի լավ են, քան ես, որովհետև ուզեցին ոչ թե կործանել, այլ փրկե՜լ ինձ»։ Օ՜, ձեզ համար այնքա՜ն հեշտ է կատարել այդ բանը, գթասրտության այդ արարքը, որովհետև, երբ չկա գեթ մի քիչ ճշմարտանման որևէ ապացույց, ձեզ համար չափազանց ծանր կլինի արտասանել, «Այո, մեղավոր է»։ Ավելի լավ է տասը մեղավորի ազատ արձակել, քան պատժել մի անմեղի, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այս վսեմ ձայնը մեր փառավոր պատմության անցյալ հարյուրամյակից։ Ինձ նման չնչին անձը չէ, որ պիտի հիշեցնի ձեզ, թե ռուսական դատարանը ոչ միայն պատժելու համար է, այլև կործանված մարդուն փրկելո՜ւ համար։ Թո՛ղ ուրիշ ժողովուրդներ կառչեն տառին ու պատժին, մեզ համար ոգին է կարևոր և իմաստը, կործանվածների փրկությունն ու վերածնունդը։ Եվ եթե այդպես է, եթե իրոք այդպիսին են Ռուսաստանն ու նրա արդարադատությունը, ուրեմն՝ օն առա՜ջ Ռուսաստան. և մի՛ վախեցնեք, օ՜, մի՛ վախեցնեք մեզ ձեր կատաղի տրոյկաներով, որոնցից նողկալով մի կողմ են քաշվում բոլոր ժողովուրդներն իբր թե։ Ոչ թե կատաղի մի տրոյկա, այլ ռուսական վեհապանծ շքակառքն է հանգիստ ու հանդիսավոր ընթացքով հասնելու իր նպատակին։ Դուք եք տնօրինում իմ պաշտպանյալի ճակատագիրը, դուք եք տնօրինում նաև ճակատագիրը մեր ռուսական արդարության։ Դուք կփրկեք, դուք կպաշտպտնեք մեր արդարությունը, դուք կապացուցեք, որ կա՛ն մեր արդարությունը պահպանող մարդիկ, կապացուցեք, որ դա գտնվում է լա՛վ ձեռքերի մեջ»։
XIV։ Գեղջուկներն ամուր մնացին
Այսպես վերջացրեց Ֆետյոլկովիչը, և ունկնդիրների ցնծությունն այս անգամ պայթեց անսանձելի փոթորկի նման։ Զսպելու մասին խոսք անգամ չէր կարող լինել. կանայք արտասվում էին, լաց էին լինում նաև տղամարդկանցից շատերը, նույնիսկ երկու բարձրաստիճան անձինք արցունք թափեցին։ Նախագահն ստիպվեց ենթարկվել և նույնիսկ հապաղեց հնչեցնել իր զանգակը։ «Ոտնձգություն անել այդպիսի խանդավառության դեմ՝ ոտնձգություն կլիներ սրբությա՜ն դեմ»,— ինչպես գոռում էին հետո մեր քաղաքի տիկինները։ Հռետորն ինքը անկեղծորեն հուզվել էր։ Եվ ահա այդպիսի րոպեին էր, որ մեր Իպոլիտ Կիրիլովիչը նորից վեր կացավ «առարկություններ փոխանակելու»։ Հանկարծ տեսնելով այդ բանը, ատելությամբ նայեցին նրան. «Ի՜նչ։ Սա՞ ինչ է։ Նա դեռ համարձակվում է առարկե՞լ, նա՞»,— սկսեցին բլբլալ տիկինները։ Բայց եթե նույնիսկ ամբողջ աշխարհի տիկիններն իրենց լեզուները բանեցնեին, և բուն իսկ դատախազի կնոջ գլխավորությամբ, անկարելի կլիներ նրան ետ կանգնեցնել այդ վայրկյանին։ Գունատ էր նա, ցնցվում էր հուզմունքից, առաջին բառերը, առաջին նախադասությունները անհասկանալի էին նույնիսկ. շունչը կտրվում էր, վատ էր արտասանում, սայթաքում էր։ Այնուամենայնիվ, շուտով գտավ իրեն։ Բայց միայն մի քանի նախադասություն կբերեմ նրա այդ երկրորդ ճառից։
«...Մեզ հանդիմանում են, որ վեպեր ենք ստեղծել։ Իսկ ի՞նչ էր դատապաշտպանի ճառը, եթե ոչ վեպ՝ վեպի վրա։ Միայն բանաստեղծությունն էր պակաս։ Ֆյոդոր Պավլովիչը, սիրած կնոջն սպասելով, պատռում է ծրարը և գցում հատակին։ Նույնիսկ մեջ են բերում, թե նա ինչ է ասել այդ զարմանալի բանն անելիս։ Բայց ինչ է, պոեմ չէ՞ դա։ Եվ ի՞նչ ապացույց կա, որ նա փողը հանել է ծրարից, ո՞վ է լսել, թե ինչ է ասել նա։ Տկարամիտ ցավագար Սմերդյակովն այլակերպվում է ինչ֊որ բայրոնյան հերոսի, որ իր ապօրինի ծնունդի համար վրեժ է լուծում հասարակությունից, ինչ է, բայրոնյան ճաշակի մի պոեմ չէ՞ սա։ Իսկ որդին, որ բռնությամբ մտել է հոր տունը, սպանել է նրան, բայց և միաժամանակ չի սպանել, սա վեպ էլ չէ արդեն, պոեմ էլ չէ, սա մի սֆինքս է, որ հանելուկներ է առաջարկում մեզ, բայց անշուշտ ինքն էլ չի կարող լուծել դրանք։ Եթե սպանել է, ուրեմն սպանել է. իսկ ի՞նչ է նշանակում՝ եթե սպանել է, ուրեմն չի սպանել. ո՞վ գլուխ կհանի սրանից։ Այնուհետև հայտարարում են մեզ, թե մեր ատենաբեմը բեմն է ճշմարտության և առողջ հասկացությունների, և ահա «առողջ հասկացությունների» այս բեմից, երդում պատառ լինելով, քարոզում են որպես աքսիոմ, թե հոր սպանությունը հայրասպանություն կոչելը նախապաշարմունք է միայն։ Բայց եթե հայրասպանությունը նախապաշարմունք է և եթե ամեն մի երեխա պիտի հարցաքննության ենթարկի իր հորը՝ «հայր իմ, ինչո՞ւ պիտի սիրեմ քեզ», ապա ի՞նչ կլինի մեր բանը, ի՞նչ կդառնան հասարակության հիմունքները, ո՞ւր կմնա ընտանիքը։ Հայրասպանությունը, ուրեմն, հասկանո՞ւմ եք ինչ, մոսկվացի տիկիններին վախեցնող խրտվիլակ-բա՜ռն է պարզապես։ Ռուսական դատարանի կոչումն ու ապագան երաշխավորող ամենաթանկագին, ամենասրբազան ավանդները մատուցում են մեզ խեղաթյուրված ու թեթևամիտ ձևով, պարզապես իրենց նպատակին հասնելու համար, պարզապես ձեռք բերելու համար արդարացումն այն բանի, որ չի կարելի արդարացնել։ Օ՜, ընկճեցեք նրան գթասրտությամբ, բացականչում է դատապաշտպանը. բայց ոճրագործին էլ հենց ա՛յդ է պետք միայն, և վաղն ևեթ բոլորը կտեսնե՜ն, թե նա ինչպես է ընկճվելու։ Եվ արդյոք չափից ավելի համեստություն չի՞ անում դատապաշտպանը, որ մեղադրյալի արդարացումն է պահանջում միայն։ Ինչո՞ւ չպահանջել, որ մի թոշակ հիմնադրվի հայրասպանի անունով, հավերժացնելու համար նրա սխրագործությունը մեր հետնորդների ու երիտասարդ սերնդի մեջ։ Սրբագրվում են ավետարանն ու կրոնը, այդ բոլորը իբր թե միստիկ բաներ են, իսկ ահա մե՜նք, մե՜նք ենք միայն քարոզում իսկական քրիստոնեությունը, որն արդեն ստուգվա՜ծ է բանականության ու առողջ հասկացութունների վերլուծությամբ։ Եվ ահա, մեր առաջ կանգնեցնում են կեղծ նմանությունը Քրիստոսի։ «Որով չափով չափէք, չափեսցի ձեզ», բացականչում է դատապաշտպանը և նույն վայրկյանին էլ եզրակացնում է, թե Քրիստոս պատվիրում էր չափել այն չափով, որով ձեզ են չափում. և սա՝ ճշմարտության ու առողջ հասկացությունների ատենաբեմի՜ց։ Մենք մեր ճառերի նախօրյակին է միայն, որ մի հայացք ենք գցում ավետարանին, որպեսզի փայլե՜նք այդ համենայն դեպս բավական յուրօրինակ երկի ծանոթությամբ, մի երկի, որ կարող է պիտանի լինել ու ծառայել որոշ տպավորություն գործելու համար, ըստ անհրաժեշտությա՜ն, ամե՜ն ինչ անհրաժեշտության չափով։ Իսկ Քրիստոս հենց պատվիրում է չանե՜լ այդպես, զգուշանալ այդպես անեչուց, որովհետև չար աշխարհն է այդպես անում, իսկ մենք պետք է ներենք և մեր մյուս ծնոտը դարձնենք ապտակողին, և ոչ թե չափենք այն չափով, որով մեզ չավում են մեր կեղեքիչները։ Ահա՛ թե ինչ է սովորեցրել մեզ աստվածն մեր, և ոչ թե այն միտքը, թե զավակներին իրենց հոր սպանությունն արգելելը նախապաշարմունք է։ Եվ ճշմարտության ու առողջ հասկացությունների այս ամբիոնից չսրբագրենք ավետարանը մեր աստծո, որին դատապաշտպանը շնորհ է անում կոչել «խաչյալ մարդասեր», ի հակադրության համայն ուղղափառ Ռուսաստանի, որ կոչ է անում նրան՝ «Զի դո՜ւ ես աստված մեր...»։
Այստեղ նախագահը միջամուխ եղավ ու լռեցրեց տաքացած հռետորին, խնդրելով նրան, որ չչափազանցնի, մնա պատշաճ սահմանների մեջ և այլն, և այլն, ինչպես սովորաբար ասում են նախագահները նման դեպքերում։ Եվ դահլիճն էլ անհանգիստ էր արդեն։ Հասարակությունը խլրտում էր, նույնիսկ բացականչում վրդովված։ Ֆետյուկովիչը չառարկեց անգամ, նա պարզապես ելավ, որպեսզի ձեռքը դնի սրտին և վիրավորված ձայնով մի քանի խոսք ասի, արժանապատվությամբ լեցուն խոսքեր։ Միայն թեթևակի ու հեգնականորեն շոշափեց նորից «վեպերի» և «հոգեբանության» հարցը և, խոսքը տեղը բերելով, ասաց. «Յուպիտե՛ր, բարկանո՜ւմ ես դու, ուրեմն իրավացի չես»։ Եվ դրանով հավանության ընդհանուր մի ծիծաղ առաջ բերեց դահլիճում, որովհետև Իպոլիտ Կիրիլովիչը դե բոլորովին նման չէր Յուպիտերի։ Այնուհետև, անդրադառնալով այն մեղադրանքին, թե ինքը երիտասարդ սերնդին իբր թե թույլատրում է իրենց հայրերին սպանել, Ֆետյուկովիչը խոր արժանապատվությամբ նկատեց, որ ինքը չի էլ պատասխանի դրան։ Իսկ գալով «Քրիստոսի կեղծ նմանության» և այն մեղադրանքին, թե ինքը շնորհ չի արել Քրիստոսին աստված կոչել, այլ պարզապես կոչել է «խաչյալ մարդասեր», մի բան, որ «իբր թե հակառակ է ուղղափառ դավանանքին և չէր կարելի ասել ճշմարտության և առողջ հասկացությունների ատենաբեմից», Ֆետյուկովիչը ակնարկեց, թե դա «սադրանք» է իր դեմ, և թե ինքը, երբ այստեղ էր գալիս, գոնե այն հույսը ուներ, որ այս դատարանում իր անձը ապահովված կլինի այնպիսի մեղադրանքներից, «որոնք վտանգավոր են իմ անձնավորության համար՝ որպես քաղաքացու և հավատարիմ հպատակի...»։ Բայց այդ խոսքերի վրա նախագահը նրան էլ լռեցրեց, և Ֆետյուկովիչը, խոնարհվելով, վերջացրեց իր պատասխանը, մինչ դահլիճն ընդհանուր մի խլրտյունով հավանություն էր տալիս նրան։ Իսկ Իպոլիտ Կիրիլովիչը, մեր տիկինների կարծիքով, «վերջնականապես ջախջախվեց»։
Այնուհետև խոսքը տրվեց նույնինքն մեղադրյալին։ Միտյան վեր կացավ, բայց քիչ բան ասաց։ Սոսկալի հոգնել էր թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես։ Անկախության և ուժի այն արտահայտությունը, որով նա դահլիճ էր մտել առավոտյան, գրեթե չքացել էր հիմա։ Այդ օրվա ընթացքում իր ունեցած ապրումները կարծես ցկյանս իրեն սովորեցրել ու հասկացրել էին մի շատ կարևոր բան, որ մինչ այդ չէր հասկանում ինքը։ Ձայնը թուլացել էր, այլևս չէր գոռում առաջվա նման։ Նրա խոսքերի մեջ մի նոր շեշտ կար, հնազանդված, պարտված ու կռացած մարդու շեշտը։
«Ի՞նչ ասեմ, պարոնայք ատենակալներ։ Եկավ իմ դատաստանը, զգում եմ աստծո աջը ինձ վրա։ Վերջացա՜վ անառակ մարդը։ Բայց ինչպես որ պիտի խոստովանեի աստծո առաջ, այնպես էլ ասում եմ ձեզ. «Իմ հոր այրան մեջ՝ ո՜չ, մեղք չունե՛մ»։ Վերջին անգամ կրկնում եմ՝ «Ես չեմ սպանողը»։ Անառակ էի, բայց սիրում էի բարին։ Ամեն րոպե ձգտում էի ուղղվել, բայց ապրում էի վայրի գազանի նման։ Շնորհակալ եմ դատախազից, նա ինձ շատ բան ասաց իմ մասին, որ ես չգիտեի. բայց ճիշտ չէ , որ սպանել եմ հորս, սխալվեց դատախազը։ Շնորհակալ եմ նաև դատապաշտպանից, լաց էի լինում, երբ լսում էի նրան. բայց ճիշտ չէ, որ սպանել եմ հորս, ենթադրել անգամ պետք չէր։ Իսկ բժիշկներին մի՛ հավատաք, միտքս կատարելապես առողջ է, միայն թե սիրտս է ծանր։ Եթե խնայեք, եթե ազատ արձակեք, կաղոթեմ ձեզ համար։ Ավելի լավ մարդ կդաոնամ, խոսք եմ տալիս, աստծո առաջ խոսք եմ տալիս ձեզ։ Իսկ եթե դատապարտեք, ի՜նքս կկոտրեմ սուրը, իմ գլխի վերև, իսկ կոտրելուց հետո կհամբուրեմ բեկորները։ Բայց խնայեցեք, մի՛ զրկեք ինձ իմ աստծուց, գիտեմ ինձ՝ կտրտնջամ։ Ծանր է սիրտս, պարոնայք... խնայեցեցե՜ք»։
Նա համարյա ընկավ իր աթոռին, ձայնը կտրվեց, վերջին նախադասությունը հազիվ կարողացավ արտասանել։ Այնուհետև դատարանն անցավ հարցերի ձևակերպման և սկսեց դիմել կողմերին՝ խնդրելով նրանց եզրակացությունը։ Բայց մանրամասնությունները չեմ նկարագրում։ Եվ վերջապես ատենակալները վեր կացան, որպեսզի գնան խորհրդակցելու։ Նախագահը շատ էր հոգնել, դրա համար էլ բարեմաղթության շատ անավյուն մի խոսք ասաց նրանց, «Անկողմնակալ եղեք, մի ազդվեք պաշտպանության պերճախոս կոչերից, բայց այնուամենայնիվ ծանր ու թեթև արեք, հիշեցեք, որ ձեզ վրա մի մեծ պարտականություն է դրված» և այլն, և այլն։ Ատենակալները մեկուսացան և սկսվեց ընդմիջումը։ Կարելի էր վեր կենալ, շրջել, կուտակված տպավորություններ փոխանակել, մի բան ուտել բուֆետում։ Շատ ուշ էր, համարյա գիշերվա ժամը մեկը արդեն, բայց ոչ ոք չէր ուզում տուն գնալ։ Բոլորն էլ այնքան էին լարված, որ հանգստի մասին մտածող չկար։ Բոլորն էլ սպասում էին սրտի նվաղումով, բայց գուցե ոչ, բոլոր սրտերը չէ, որ նվաղում էին։ Տիկինները պարզապես հիստերիկ անհամբերությամբ էին սպասում, բայց նրանց սրտերը հանգիստ էին, այսինքն թե՝ «անխուսափելի է արդարացումը»։ Նրանք բոլորն էլ պատրաստվում էին ընդհանուր խանդավառության զգայացունց րոպեին։ Խոստովանում եմ, տղամարդկանց մեջ էլ ջատ-շատերը համոզված էին, թե արդարացումն անխուսափելի է։ Ոմանք ուրախանում էին, ուրիշները խոժոռվում, իսկ ոմանք էլ ուղղակի կախել էին իրենց քթերը՝ չէի՜ն ուզում, որ մեղադրյալն արդարացվի։ Իսկ Ֆետյուկովիչն ինքը կատարելապես վստահ էր իր հաջողությանը։ Նրան շրջապատել էին և նա շնորհավորանքներ էր ընդունում, մարդիկ հաճոյանում էին նրան։
— Կան,— ասաց նա մի խմբում, ինչպես պատմում էին հետո,— կան անտեսանելի թելեր, որոնք դատապաշտպանին կապում են ատենակալների հետ։ Դեռ ճառի ընթացքում հաստատվում են դրանք, և մարդ նախազգում է։ Ես զգացի, կան այդ թելերը։ Շահեցինք գործը, հանգիստ եղեք։
— Է՜, տեսնենք մեր գեղջուկնե՞րը ինչ կասեն հիմա,— ասաց մի խոժոռ, գեր ու չեչոտ պարոն, քաղաքամերձ մի կալվածատեր, մոտենալով խոսակցող պարոնների մի խմբի։
— Բայց դե միայն գեղջուկներ չեն։ Չորս հոգի պաշտոնյա կա այնտեղ։
— Այո՜, պաշտոնյաներ կան,— ասաց գավառական վարչության մի անդամ, մոտենալով խմբին։
— Իսկ դուք Նազարևին գիտե՞ք, Պրոխոր Իվանովիչին, ա՜յ այն մեդալով վաճառականը, ատենակալ։
— Է՜ հետո՞ ինչ։
— Խելքի ծով է։
— Բայց նա ե՞րբ է բերանը բացում որ։
— Հա, շատ խոսող չէ, բայց գե ավելի լավ։ Պետերբուրգցի՞ն է նրան խելք սովորեցնելու. ի՛նքը ամբողջ Պետերբուրգին խելք կսովորեցնի։ Տասներկու երեխայի հայր է, պատկերացրե՜ք։
— Բայց ներեցե՜ք խնդրեմ, մի՞թե չեն արդարացնի,— գոռում էր մեր երիտասարդ պաշտոնյաներից մեկը մի ուրիշ խմբում։
— Կարդարացնեն անկասկած,— լսվեց մի վճռական ձայն։
— Ամո՜թ, խայտառակությո՜ւն կլինի չարդարացնելը,— բացականչում էր մի պաշտոնյա։— Ենթադրենք սպանել է, բայց դե հայր կա, հա՜յր էլ կա։ Եվ, վերջապես, մարդը այնպիսի՜ մոլուցքի մեջ է եղել... Իսկապես որ, գուցե հենց միայն տվել է սանդկոթով, իսկ մյուսը ուղղակի փռվել է գետնին։ Բայց վատն այն է, որ ծառային խցկեցին մեջը։ Պարզապես ծիծաղելի ենթադրություն էր դա։ Ես դատապաշտպանի տեղը լինեի, հենց ուղղակի կասեի՝ սպանել է, բայց մեղավոր չէ, դե՛ գնացեք, գրո՜ղը ձեր գլխին։
— Դե հենց այնպես էլ արեց, էլի, միայն թե գրողը ձեր գլխին չասաց։
— Չէ, Միխայիլ Սեմյոնիչ, համարյա թե ասաց,— վրա բերեց մի երիտասարդ ձայն։
— Ներեցեք, պարոնայք, բայց չէ՞ որ մեծ պահքին մեզ մոտ արդարացրին այն դերասանուհուն, որ իր սիրահարի օրինական կնոջ կոկորդն էր կտրել։
— Է հա, բայց մինչև վերջ չէր կտրել։
— Միևնույնն է, միևնույնը, սկսե՛լ է կտրել, չէ՞։
— Իսկ որդիների՜ մասին ինչպես էր խոսում։ Հոյակա՜պ։
— Հոյակապ։
— Է՜, հապա միստիկայի՜ մասին, միստիկայի՜, հը՞։
— Դե թողե՜ք միստիկան,— գոռաց ուրիշ մեկը,— դուք Իպոլիտի՛ մասին խոսեցեք, ի՞նչ է լինելու նրա բանը սրանից հետո։ Ախր կինը հենց վաղն էլ նրա աչքերը կհանի Միտենկայի համար։
— Իսկ հիմա այստե՞ղ է կինը։
— Այ քեղ բա՜ն։ Եթե այստեղ լիներ, հենց այստեղ էլ աչքերը կհաներ։ Նստել է տանը, ատամներն են ցավում։ Հե-հե-հե՜։
— Հե֊հե-հե՜։
Մի երրորդ խմբում.
— Բայց դե Միտենկային կարդարացնեն երևի։
— Է՜հ, մեկ էլ տեսար՝ վաղը ամբողջ «Մայր քաղաքը» տակնուվրա կանի, տասը օր կկոնծի անընդհատ։
— Սատանայի բան է, հա՜։
— Սատանա՞, իհա՜րկե սատանայի մատը կա այս գործի մեջ, էլ ո՞ւր կարող է լինել սատանան, եթե ո՛չ այստեղ։
— Լավ, պարոնայք, պերճախոսությունը պերճախոսություն, բայց դե չի՜ կարելի հայրերի էլ գլուխը ջարդել սանդկոթով։ Թե չէ՝ ո՞ւր կհասնենք։
— Շքակա՜ռքը, շքակա՜ռքը, հիշո՞ւմ եք։
— Այո՜, սայլը դարձրեց շքակառք։
— Վաղն էլ շքակառքը սայլ կդարձնի, «ըստ անհրաժեշտության, ամե՜ն ինչ անհրաժեշտության չափով»։
— Ճարպիկ տիպեր են մեջտեղ ընկել հիմա։ Ճշմարտություն ասված բանը կա՞ մեր Ռուսաստանում, պարոնայք, թե՞ բոլորովին չկա։
Բայց զանգակը հնչեց։ Ատենակալները ուղիղ մեկ ժամ խորհրղակցել էին, ոչ ավելի, ոչ պակաս։ Հենց որ հասարակությունը նորից նստեց իր տեղը, դահլիճում խոր լռություն տիրեց։ Հիշում եմ, թե ինչպես ատենակալները դահլիճ մտան։ Վերջապե՜ս։ Չեմ բերում հարցերն ըստ կետերի, և նույնիսկ մոռացել եմ դրանք։ Հիշում եմ այն պատասխանը միայն, որ տրվեց նախագահի առաջին ու գլխավոր հարցին, այսինքն՝ «սպանե՞լ է կողոպուտի նպատակով ու դիտավորյալ»։ (Բուն բառերը չեմ հիշում)։ Բոլորը քարացան։ Ատենակալների ավագը՝ հենց այն պաշտոնյան, որ ամենաերիտասարդն էր, բարձրաձայն ու հստակ հայտարարեց՝ դահլիճի մեռելային լռության մեջ.
— Այո՛, մեղավոր է։
Եվ հետո նույն բանը կրկնվեց ըստ բոլոր կետերի՝ մեղավոր է ու մեղավոր, և առանց ամենադույզն մեղմացուցիչ հանգամանքի։ Այդ արդեն ոչ ոք չէր սպասում, գրեթե բոլորն էլ համոզված էին, որ գոնե մեղմացուցիչ հանգամանքներ կլինեն։ Դահլիճի մեռելային լռությունը չէր խզվում, կարծես բոլորն էլ բառացիորեն քարացել էին՝ և՛ նրանք, ովքեր մեղադրյալի դատապարտումն էին ցանկանում, և՛ նրանք, ովքեր տենչում էին նրա արդարացումը։ Բայց դա միայն առաջին րոպեներին էր։ Հետո մի սոսկալի քաոս սկսվեց։ Տղամարդկանցից շատերը խիստ գոհ մնացին։ Ոմանք հենց ուղղակի իրենց ձեռքերն էին շփում, չթաքցնելով իրենց ուրախությունը։ Դժգոհները մի տեսակ ընկճվել էին, ուսերն էին թոթվում, փսփսում էին իրար մեջ, բայց կարծես դեռ չէին համակերպվում կատարված փաստին։ Բայց աստվա՜ծ իմ, ի՜նչ օրի ընկան մեր տիկինները։ Ինձ թվաց, թե ապստամբություն կբարձրացնեն։ Սկզբում կարծես չէին հավատում իրենց ականջներին։ Եվ հանկարծ, ամբողջ դահլիճով մեկ, բացականչություններ լսվեցին. «Բայց ի՞նչ բան է սա։ Սա՞ ինչ բան է»։ Նրանք վեր էին թռնում իրենց տեղերից։ Երևի նրանց թվում էր, թե այդ ամբողջը իսկույն ևեթ կարելի է փոխել և ուրիշ կերպ անել։ Այդ վայրկյանին հանկարծ վեր կացավ Միտյան և սրտաճմլիկ մի աղաղակով գոռաց, թևերն առաջ նետելով,
— Երդվո՜ւմ եմ աստուծով և նրա ահավոր դատաստանով, մեղք չունե՜մ իմ հոր արյան մեջ։ Կա՛տյա, ներում եմ քեզ։ Եղբայրնե՜ր, բարեկամնե՜ր, խնայեցե՜ք մյուսին։
Նա չկարողացավ շարունակել և սկսեց սարսափելիորեն հեկեկալ բարձրաձայն, ամբողջ դահլիճով մեկ, մի տեսակ նոր, անսպասելի, ոչ իր սեփական ձայնով, որ աստված գիտե, թե Որտեղից հանկարծ հայտնվեց նրա մեջ։ Վերնատան ամենահեռավոր անկյունից կանացի մի սուր ճիչ լսվեց. Գրուշենկան էր։ Նա աղաչել էր մեկին, և դեռ դատախազի ճառից առաջ նրան ներս էին թողել նորից։ Միտյային դուրս տարան։ Դատավճռի հայտարարումը հետաձգվեց հաջորդ օրվան։ Ամբողջ դահլիճը վեր կացավ թոհուբոհով, բայց ես այլևս չսպասեցի կարծիքները լսելու։ Հիշում եմ միայն մի քանի բացականչություն, որ ականջիս հասավ դուրս գալու ժամանակ, անդաստակում։
— Քսան տարի հանքերի օդը կշնչի։
— Ոչ պակաս։
— Այո՜, մեր գեղջուկներն ամուր մնացին։
— Եվ մեր Միտյայի մո՜ւխը մարեցին։