Գլուխ առաջին
Պաթ Հարրիսին դուր էր գալիս իր պաշտոնը․ չէ՞ որ նա Լուսնի վրա գտնվող միակ հրթիռանավի՝ «Սելենի» նավապետն էր։ Նայելով ուղևորներին, որոնք շտապում էին տեղ գրավել լուսամուտների մոտ, նա մտածում էր, թե ինչպես կանցնի այսօրվա ուղերթը։ Շրջահայելու մեջ նա նկատեց միսս Ուիլքինսին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի աշխատակցուհու երկնագույն համազգեստով, որը նրան շատ էր սազում, նա բարեխղճորեն «Բարի գալուստ» էր մաղթում ուղևորներին։ Աշխատանքի ժամին Պաթ Հարրիսոնը միշտ ջանում էր նրա մասին մտածել որպես միսս Ուիլքինսի, այլ ոչ՝ որպես Սյուի․ դա նրան օգնում էր, որ գործից չկտրվի։ Թե ինչ էր մտածում Սյուն իր մասին, նա դեռ չէր պարզել։
Ոչ մի ծանոթ դեմք, բոլորն էլ սկսնակ են ու բոլորն էլ կանխավայելում են իրենց առաջին նավարկությունը։ Մեծամասնությունը, այսպես ասած, տիպիկ զբոսաշրջիկները՝ հասակն առած մարդիկ են, հրապուրված այն աշխարհով, որը նրանց երիտասարդության օրերին անհասանելիության խորհրդանիշ էր։ Միայն չորս֊հինգ հոգի ավելի երիտասարդ էին՝ երեսունից պակաս․ նրանք հավանաբար լուսնային խարսխակայաններից մեկի աշխատողներն էին, և որոշել էին օգտագործել ազատ օրը։ Պաթն արդեն նկատել էր․ գրեթե որպես կանոն, եթե տարիքավոր զբոսաշրջիկներ են՝ ուրեմն երկրից են, երիտասարդներ՝ Լուսնի բնակիչներ են։ Այսպես թե այնպես Ծարավի ծովը նրանց կապշեցնի․․․ Ահա, լուսնացույցից դուրս, ընդհուպ մինչև աստղերը տարածվում է մռայլ, գորշ հարթությունը։ Իսկ ծովի վրա՝ երկնքում, արդեն առաջին միլիարդ տարին չէ, որ անշարժ կախված է Երկիրը։ Նրա կապտա֊կանաչավուն նվազող մանգաղը իր սառը շողերով ողողել էր լուսնային բնատեսարանը։ Այո, այստեղ ցուրտ է․․․ ծովի մակերևույթի վրա, հավանաբար, հարյուր վաթսուն աստիճան զրոյից ցածր է։
Նայելով նրան ամենևին չես ասի՝ հեղուկ է, թե կարծր։ Տափարակ, անվերջանալի հարթություն, ճաքեր ու ճեղքվածքներ, որոնք ակոսել են այդ մեռյալ աշխարհի ողջ դեմքը։ Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում միապաղաղությունը։ Երկրի վրա չես գտնի որևէ ծով՝ ի՜նչ ծով, լճակ, որն այդքան խաղաղ մակերես ունենա։
Ծարավի ծովը լցված է ոչ թե ջրով, այլ փոշով։ Ահա թե ինչու նա այդքան անսովոր է թվում մարդկանց, այդպես գրավում ու դյութում նրանց։ Լուսնափոշին, որը մանր է, ինչպես նուրբ տալկը, ավելի չոր, քան Սահարայի շիկացած ավազը, այստեղի անօդ տարածության մեջ ասես ամենահոսուն հեղուկը լինի։ Ձեռքիցդ գցիր ծանր առարկան՝ անմիջապես կկորչի, ոչ մի հետք, ոչ մի ճղփյուն․․․ Այդ նենգ մակերևույթի վրա տեղից֊տեղ կարելի է շարժվել միայն երկտեղանոց փոշեսահնակներով, որոնք ստեղծված են հատկապես դրա համար։ Եվ իհարկե, «Սելենով»՝ սահնակի ու ավտոբուսի մի զարմանալի խառնուրդ, շատ նման այն ամենագնացներին, որոնք տասնյակ տարիներ առաջ օգնեցին յուրացնելու Անտարկտիդան։
«Սելենի» տեխնիկական անունը Փ-1 էր, այսինքն, փոշեգնաց, առաջին փորձանմուշ (որքան Պաթին հայտնի էր, երկրորդ փորձանմուշը նույնիսկ նախագծված չէր)։ Նրան կոչում էին «նավ», «լուսնանավ», «լուսնագնաց»՝ ում ինչպես դուր էր գալիս։ Պաթը նախընտրում էր «լուսնանավը»․ դա բացառում էր խառնաշփոթությունը։ Այդպես նրան ոչ ոք չէր ընդունի տիեզերական նավի նավապետի տեղ՝ կոչում, որով վաղուց արդեն չես զարմացնի ոչ ոքի։
― Բարի գալուստ, ― ասաց միսս Ուիլքինսը, երբ բոլորը տեղավորվեցին։ ― Նավապետ Հարրիսը և ես շատ ուրախ ենք ձեզ տեսնելու համար։ Մեր ճանապարհորդությունը չորս ժամ կտևի, առաջին տեսարժան վայրը՝ Խառնարանային լիճն է, այստեղից հարյուր կիլոմետր արևելք, Անմատչելիության լեռներում։
Պաթն արդեն չէր լսում ծանոթ խոսքերը, նա պատրաստվում էր մեքենան գործի դնելու։ Ըստ էության «Սելենը» տիեզերանավի վերերկրյա մի տարատեսակ էր․ ու դա բնական էր, չէ որ նա շարժվում էր դատարկության մեջ և նրա խոցելի բեռը կարիք ուներ պաշտպանության՝ բոլոր կենդանի արարածների համար թշնամի միջավայրից։ Թեև «Սելենը» երբեք վեր չէր սլացել Լուսնի մակերևույթից և շարժվում էր ոչ թե հրթիռային շարժիչների, այլ էլեկտրոմոտորների օգնությամբ, նրա ամբողջ հիմնական սարքավորումը նման էր իսկական հրթիռի նավասարքին, ― և ամեն ինչ պետք է ստուգվեր թռիչքից առաջ։
Թթվածինը կարգին է։ Շարժիչը կարգին է։ Ռադիոն՝ կարգին է։ (Ալլո, Ծիածան, ես «Սելենն» եմ, ստուգում եմ։ Ընդունո՞ւմ եք իմ ազդանշանները»)։ Իներցիայի սիստեմի սլաքը՝ զրոյի վրա է։ Օդասհանքի խցիկը փակ է։ Արտահեղության հայտնաբերիչը՝ կարգին է։ Ներքին լուսավորությունը՝ կարգին է։ Եվ այլն, ընդհանուր առմամբ հինգ տասնյակից ավելի հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրը անսարքության դեպքում ավտոմատ կերպով ազդանշան կտար։ Սակայն Պաթ Հարրիսը, ինչպես նաև տիեզերական ծառայության բոլոր աշխատողները, որոնք երազում էին ապրել մինչև խոր ծերություն, երբեք հույսը չէր դնում ավտոմատ ազդանշանման վրա, երբ անձամբ կարելի էր ստուգել։
Ի վերջո ամեն ինչ պատրաստ է։ Հազիվ լսելի՝ մոտորները սկսեցին աշխատել, իսկ թիապտուտակները դեռևս պարապ էին, և կառանված «Սելենը» միայն փոքր֊ինչ ցնցվում էր։ Պաթը թեթևակի շրջեց ձախ պտուտակի թիակները։ Նավը դանդաղ սկսեց թեքվել դեպի աջ։ Հեռանալով կայարանի շենքից, նա ուղղություն վերցրեց և արագ ընթացքով տեղից պոկվեց։
Նավը հիանալի էր հնազանդվում, չնայած բոլորովին նոր կառուցվածք ուներ։ Այստեղ չէր կարելի հենվել հազարամյա փորձի վրա, որ մարդ սկսել է կուտակել դեռևս քարի դարում, երբ առաջին անգամ գերանը ջուրը գցեց։ «Սելենը» նախորդներ չէր ունեցել, նա ծնվել էր մի քանի ինժեներների գլխում, որոնք նստելով գծագրական տախտակի առջև, միտք են արել, թե «ինչպիսին պետք է լինի մեքենան, որպեսզի նրանով կարելի լինի սահել փոշու ծովի վրայով»։
Ինչ֊ որ մեկը հիշելով հին ժամանակները, առաջարկեց անիվներ հարմարեցնել նավախելին։ Բայց հետո գերապատվությունը տվել են ավելի զորեղ պտուտակներին։ Նրանք մխրճվում էին փոշու մեջ՝ առաջ հրելով «Սելենը», իսկ նավահետքի հոսանքը հիշեցնում էր մի շատ ժրաջան խլուրդի հետք, որը սակայն անմիջապես չքանում էր, ― ու նորից հարթ մակերես, ոչ մի նշան այն բանի, որ այստեղով նավ էր անցել։
Պորտ֊Ռորիսի հերմետիկ գետնահար գմբեթները արագորեն անցնում էին հորիզոնի ետևը։ Տասը րոպեից էլ պակաս ժամանակամիջոցում նրանք անհետացան տեսողությունից, և «Սելենը» միայնակ մնաց։ Մեն֊մենակ մի այնպիսի տեղում, որի համար Երկրի վրա և ոչ մի լեզվով դեռ իսկական անուն չկար։
Պաթը հանգցրեց մոտորները, կանգնեցրեց նավը և սպասեց մինչև լռություն տիրեց։ Նա արդեն գիտեր, ուղևորներին հարկավոր է մի ինչ֊որ ժամանակ՝ իմաստավորելու համար անսովորականությունը այն ամենի, որ տարածվում էր լուսանցույցներից դուրս։ Նրանք թռել֊անցել էին տիեզերքով, ամենուր տեսել աստղեր, վերևից (կամ ներքևից) նայել էին երկրի փայլատկող սկավառակին, բայց սա, ― սա բոլորովին այլ բան է։
Մինչ լռությունը ճնշող կդառնար (չի էլ կարելի չափն անց կացնել․ մեկն ու մեկը կվախենա), Պաթը ոտքի կանգնեց ու դիմեց ուղևորներին։
― Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ― սկսեց նա։ ― Հուսով եմ միսս Ուիլքինսը հոգ է տարել, որպեսզի լավ զգաք ձեզ։ Մենք կանգ առանք, որովհետև այստեղից շատ հարմար է Ծովի հետ առաջին ծանոթությունը սկսելու համար։ Այստեղ կարելի է, ինչպես ասում են, ըմբոշխնել այն։
Պաթ Հարրիսը մատնացույց արեց լուսանցույցենրը և նրանցից դուրս գտնվող տեսլային գորշ հարթությունը։
― Ի՞նչ եք կարծում, ― կամաց հարցրեց նա, ― ինչքա՞ն կլինի այստեղից մինչև հորիզոնը։ Կամ․ ինչպիսի՞ն կերևար ձեզ մարդը, եթե նա կանգնած լիներ ա՜յ այնտեղ, ուր աստղերը ասես քսվում են Լուսնի մակերևույթին։
Միայն տեսողությանը ապավինելով, անհնար կլիներ ճիշտ պատասխան տալ նրա հարցին։ Տրամաբանությունը հուշում էր․ Լուսինը շատ փոքր է, հորիզոնը ամենևին էլ հեռու չպետք է լինի։ Բայց զգացությունները այլ բան էին ասում․ «Այս աշխարհը միանգամայն տափարակ է և տարածվում է դեպի անսահմանություն։ Ամբողջ տիեզերքը նա կիսել է երկու մասի, և չունի ոչ վերջ, ոչ սահման․․․»։
Պատրանքը չէր վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը իմանում էր դրա պատճառը։ Աչքը չի կարող դատել տարածության մասին, եթե չկա մի բան, որի վրա կանգնեցնես հայացքդ, եթե նա անօգնական կերպով սահում է փոշու օվկիանոսի մռայլ հարթության վրայով։ Այստեղ չի եղել նույնիսկ այն, ինչը միշտ առկա է Երկրի վրա՝ մթնոլորտը, այն թեթև շղարշը, որը կօգներ որոշել, թե ինչն է մոտ, և ինչը հեռու։ Իսկ աստղերը՝ լույսի այդ չառկայծող կետերը, նույնքան պայծառ էին գլխավերևում և հորիզոնի մոտ։
― Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ― շարունակեց Պաթը, ― դուք տեսնում եք ընդամենը երեք կիլոմետրի վրա, կամ երկու մղոն, եթե ձեզանից որևէ մեկը դեռ չի ընտելացել մետրային սիստեմին։ Գիտեմ, թվում է թե մինչև հորիզոնը մի քանի լուսատարի է, բայց դուք կարող էիք հասնել այնտեղ քսան րոպեում, եթե միայն հնարավոր լիներ քայլել այդ փոշու միջով։
Մա նորից նստեց և մոտորները գործի քցեց։
― Այժմ հաջորդ վաթսուն կիլոմետրը առանձնապես ոչինչ չեք տեսնի, ― ասաց նա առանց ետ նայելու, ― այնպես որ արագ կգնանք։
«Սելենը» պոկվեց առաջ։ Ուղևորները առաջին անգամ իսկապես զգացին արագությունը։ Թիակները կատաղորեն հարում էին փոշին, նավածիրը ավելի ու ավելի էր երկարում, և ահա արդեն նավախելի մոտ երկու կողմերից վեր բարձրացան երևութական հսկա քղանցատուտերը։ Հեռվից «Սելենը» կարող էր թվալ մի սառցե խոփ, որ ճեղում էր Լուսնի շողերով ողողված ձմեռային բնատեսարանը։ Բայց գորշագույն, սահուն կերպով փլչող պարաբոլները ձյուն չէին, իսկ նրանց փայլ տվող լուսատուն Երկիր մոլորակն էր։
Ուղևորները հանգստանում էին, հաճույք ստանալով միապաղաղ, գրեթե անձայն շարժումից։ Նրանցից յուրաքանչյուրը առիթ է ունեցել սուրալու հարյուրավոր անգամ ավելի արագ, երբ թռչում էր Լուսին։ Սակայն տիեզերքում արագությունը չի զգացվում, ահա թե ինչու փոշու վրայով սրընթաց սահելը շատ ավելի հրապուրիչ էր։ Պաթը մի կտրուկ շրջադարձ կատարեց տեղում, «Սելենը» շրջան գծեց և քիչ մնաց հասնել անկշռելիության մեջ կախված քղանցքատուտին, որը դեպի երկինք էին նետել պտտվող թիակները։ Անբնական էր թվում, որ այդ փոշին վեր է սլանում ու թափվում առանց շաղ գալու, որ օդի դիմադրությունը չի փշրում այդ անբասիր կամարները։ Երկրի վրա այն օդում կախված կմնար ժամերով, թերևս նաև օրերով։
Հենց որ նավը ուղղեց իր ընթացքը և այլևս դիտելու ոչինչ չմնաց ամայի հարթությունից բացի, ուղևորները սկսեցին զբաղվել իրենց համար նախատեսված գրականությամբ։ Նրանց բաժանվեց նկարազարդ ծանուցատետրեր, քարտեզներ, հուշանվերներ («Սույնը վկայում է, որ միստեր (միսիս, միսս)․․․ ճանապարհորդել են Լուսնի ծովերում «Սելեն» փոշեգնացով) և տեղեկատու գրքույկներ։ Այստեղ նրանք կարող էին գտնել բոլոր տեղեկությունները, թերևս նույնիսկ մի քիչ էլ ավելին, Ծարավի ծովի մասին։
Նրանք կարդացին, որ գրեթե ամբողջ Լուսինը ծածկված է բարակ, մի քանի միլիմետր հաստությամբ փոշու շերտով։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ «աստղային աճյունի»՝ երկնաքարերի բեկորների, որոնք լուսնի անպաշտպան երեսն են ընկել առնվազն հինգ միլիարդ տարի առաջ, և՛ լուսնալեռների թեփուկների, որոնք գիշերը սեղմվում են, ցերեկը ընդարձակվում են ջերմաստիճանի կտրուկ փոփոխումից։ Ինչից էլ որ առաջանա, այդ փոշին այնքան մանր է, որ նույնիսկ այստեղի աննշան ձգողականության պայմաններում, հոսում է ճիշտ և ճիշտ, ինչպես հեղուկը։
Հազարամյակներ շարունակ նա հոսել է լեռներից հարթավայրերը՝ կազմելով լճակներ ու լճեր։ Լուսնի առաջին հետազոտողները կանխատեսել էին այդ երևույթը և պատրաստ էին դրան։ Բայց Ծարավի ծովը ցնցեց բոլորին, ոչ ոք չէր սպասում, որ այստեղ կհանդիպի հարյուր կիլոմետրից ավելի լայնություն ունեցող փոշով լեփ֊լեցուն մի թասի։
Լուսնի «ծովերի» համեմատությամբ այն շատ փոքր էր, և աստղագետները պաշտոնապես երբեք չեն ընդունել նրա անվանումը, պատճառաբանելով, որ դա սոսկ Սինուս Ռորիսի՝ Ցողի ծովախորշի մի մասն է կազմում։ Միթե կարելի է, ասում էին նրանք, ծով անվանել ծովախորշի մի մասը։ Եվ, այնուամենայնիվ, չնայած բոլոր առարկություններին, «Լուսնաշրջիկի» ռեկլամների բաժնի աշխատակիցներից ինչ֊որ մեկի հորինած անունը բռնեց։ Ի դեպ, այն ամենևին էլ վատ չէր այլ «ծովերի» անուններից՝ Ամպերի ծով, Անձրևների ծով, Անդորրության ծով։ Չխոսելով արդեն Նեկտարի ծովի մասին։
Գրքույկը պարունակում էր նաև հանգստացնող տեղեկություններ՝ ցրելու համար ավելի ջղային ճանապարհորդների երկյուղը և ապացուցելու, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը նախատեսել է ամեն ինչ։ «Արված է ամեն բան, որպեսզի ապահով լինի ձեր անվտանգությունը, ― ասված էր այնտեղ։ ― «Սելենում» թթվածնի պաշարը կբավականացնի ավելի քան մեկ շաբաթ, բոլոր կարևոր համակարգերը կրկնակի են։ Ավտոմատ ռադիոփարոսը կանոնավոր կերպով խարսխակայան է հայտնում, թե որտեղ եք գտնվում դուք, և նույնիսկ եթե մոտորները շարքից դուրս գան, ձեզ արագորեն Պորտ֊Ռորիս կվերադարձնի փոշեսահնակը։ Իսկ որ հիմնականն է, դուք չպետք է վախենաք փոթորկալից եղանակից։ Ինչքան էլ վատ տանեք ծովային հիվանդությունը, Լուսնի վրա այն չի սպառնում ձեզ։ Ծարավի ծովը չի փոթորկում, նա միշտ խաղաղ է»։
Այս տողերը գրողը բնավ չէր կեղծում․ կարելի՞ էր արդյոք ենթադրել, որ դրանք շուտով կհերքվեն․․․
Մինչդեռ «Սելենը» անաղմուկ սահում էր գիշերային խավարում, Լուսնի կյանքը ընթանում էր իր կարգով։ Միլիոնավոր տարիների ընդարմությանը փոխարինելու էր եկել բուռն աշխուժությունը, և վերջին հիսուն տարվա ընթացքում Լուսնի վրա ավելի շատ իրադարձություններ տեղի ունեցան, քան նախորդ հինգ միլիարդ տարում։ Իսկ ի՞նչ է սպասվում վաղը։
Հարազատ մոլորակի սահմաններից դուրս մարդու կառուցած անդրանիկ քաղաքի առաջին զբոսայգու արահետներով քայլում էր գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը։ Ինչպես և Կլավի քաղաքի բոլոր քսանհինգ հազար բնակիչները, նա շատ էր հպարտանում իր զբոսայգով։ Իհարկե, զբոսայգին փոքրիկ է, բայց, համենայն դեպս, ոչ այնքան փոքր, ինչպես այն նկարագրել էր մի շաղակրատ հեռուստատեսությունից՝ թե իբր դա «պատուհանի մի ծաղկաման է, որը տառապում է մեծամոլությամբ»։ Եվ, համենայն դեպս, Երկրի վրա ոչ մի զբոսայգում կամ բանջարնոցում չկան տասը մետրանոց արևածաղիկներ։ Բարձր՝ գլխավերևում լողում էին սպիտակթույր փոքրիկ ամպերը, ― ավելի ճիշտ, այդպես էր թվում։ Իրականում դա ընդամենը պատկերի արտացոլումն էր գմբեթի կամարների տակ, բայց այնքան ճշմարտանման, որ երբեմն գլխավոր ադմինիստրատորը հարազատ տան կարոտն էր քաշում։ Տա՞ն։ Նա ուղղեց իր սխալը․ նրա տունն այստեղ է։
Բայց և այնպես, Ուլսենը հոգու խորքում զգում էր, որ դա այդպես չէ։ Թերևս, նրա երեխաների համար կլինի այլ կերպ, նրանք իսկական լուսնային բնակիչներ են, լույս աշխարհ են եկել Կլավիում։ Իսկ ինքը ծնվել է Ստոկհոլմում, Երկրի վրա, և նրա հետ կապված է այնպիսի կապերով, որոնք տարեց֊տարի կարող են թուլանալ, բայց չխզվել երբեք։
Նրանից մոտ մեկ կիլոմետրի վրա, գլխավոր գմբեթից ոչ հեռու, Լուսնային տուրիզմի վարչության պետ Դևիսը ի մի էր բերել վերջին հասույթները։ Ինչ կա որ, վատ չէ։ Նոր սեզոնում եկամուտներն աճեցին։ Հասկանալի է, Լուսնի վրա չկան տարվա եղանակներ, բայց նկատվել է, որ զբոսաշրջիկների թիվն ավելանում է այն ժամանակ, երբ Երկրի Հյուսիսային կիսագնդում սկսվում է ձմեռը։
Ինչպե՞ս ամրապնդել հաջողությունը։ Մշտական պրոբլեմ է․․․ Չի կարելի անընդհատ ցույց տալ միևնույն բանը, զբոսաշրջիկները զանազանություն են սիրում։ Անսովոր բնանկար, թույլ ձգողականություն, Երկրի տեսարանը, Ֆարսայդի առեղծվածները, հոյատեսիլ աստղակապ երկինք, առաջին բնակավայրերը (որտեղ, սակայն, ոչ միշտ են ուրախ զբոսաշրջիկների գալուն), ― էլ ի՞նչ կարող է առաջարկել Լուսինը։ Բայց ափսո՜ս, որ նրա վրա չկան «տեղացի» լուսնաբնակներ՝ տարօրինակ սովորույթներով ու ալ ավելի տարօրինակ արտաքինով, որոնց կարողանային լուսանկարել հյուրերը։ Ավա՜ղ, օրգանական աշխարհի ամենախոշոր ներկայացուցչին, որ հայտնաբերվել է Լուսնի վրա, կարելի է դիտել մանրադիտակով։ Այն էլ ասենք, որ նրա նախնիները այստեղ են եկել «Լուննիկ֊2֊ի» օգնությամբ, մարդուց ընդամենը մի տասը տարի առաջ։
«Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը մտովի թերթեց տելեֆաքսով ստացված վերջին նամակները․ գուցե նրանցից հնարավոր լինի մի օգո՞ւտ քաղել։ Այսպես, ուրեմն, մի ինչ֊որ հեռուստատեսային ընկերության հերթական հարցումը՝ մեծ ցանկություն ունեն վավերագրական նոր կինոնկար հանել Լուսնի մասին, պայմանով, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը իր վրա վերցնի բոլոր ծախսերը։ Պատասխանը բացասական կլինի․ եթե ընդունեք նման բոլոր սիրալիր առաջարկները, շատ շուտով կարող եք սնանկանալ։
Այնուհետև՝ իր պաշտոնակցի երկարաբան նամակը «Մեծ Նյու֊Օռլեան» տուրիստական ընկերությունից։ Առաջարկում է աշխատակիցների փոխանակում։ Հայտնի չէ, ով կշահի դրանից՝ Լուսինը թե Նյու֊Օռլեանը, բայց գոնե ծախսեր չկան և օգտակար է «Լուսնաշրջիկի» համար։ Բայց այս մյուս նամակը, իսկապես, հետաքրքիր է․ ջրադահուկի գծով Ավստրալիայի չեմպիոնը հարցնում է, թե արդյոք որևէ մեկը փորձել է սահել Ծարավի ծովում։
Ինչ կա որ՝ կարելի է փորձել։ Ինչպե՞ս է, որ մինչև օրս ոչ ոք չի մտածել այդ մասին։ Գուցե արդեն փորձե՞լ են, կառչելով «Սելենին» կամ փոշեսահնակներին․․․ Արժե մտածել այդ մասին։ Դևիսը միշտ ջանացել է զվարճալիքներ գտնել Լուսնի վրա և զբոսանքը Ծարավի ծովի վրա նույնպես նրա հղացումն էր։
Նա չգիտեր, թե մի քանի ժամ հետո ինչպիսի տառապանք պետք է պատճառեր իրեն այդ հղացումը։