հեղինակ՝ Արթուր Քլարկ |
Գլուխ առաջին
Պաթ Հարրիսին դուր էր գալիս իր պաշտոնը․ չէ՞ որ նա Լուսնի վրա գտնվող միակ հրթիռանավի՝ «Սելենի» նավապետն էր։ Նայելով ուղևորներին, որոնք շտապում էին տեղ գրավել լուսամուտների մոտ, նա մտածում էր, թե ինչպես կանցնի այսօրվա ուղերթը։ Շրջահայելու մեջ նա նկատեց միսս Ուիլքինսին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի աշխատակցուհու երկնագույն համազգեստով, որը նրան շատ էր սազում, նա բարեխղճորեն «Բարի գալուստ» էր մաղթում ուղևորներին։ Աշխատանքի ժամին Պաթ Հարրիսոնը միշտ ջանում էր նրա մասին մտածել որպես միսս Ուիլքինսի, այլ ոչ՝ որպես Սյուի․ դա նրան օգնում էր, որ գործից չկտրվի։ Թե ինչ էր մտածում Սյուն իր մասին, նա դեռ չէր պարզել։
Ոչ մի ծանոթ դեմք, բոլորն էլ սկսնակ են ու բոլորն էլ կանխավայելում են իրենց առաջին նավարկությունը։ Մեծամասնությունը, այսպես ասած, տիպիկ զբոսաշրջիկները՝ հասակն առած մարդիկ են, հրապուրված այն աշխարհով, որը նրանց երիտասարդության օրերին անհասանելիության խորհրդանիշ էր։ Միայն չորս֊հինգ հոգի ավելի երիտասարդ էին՝ երեսունից պակաս․ նրանք հավանաբար լուսնային խարսխակայաններից մեկի աշխատողներն էին, և որոշել էին օգտագործել ազատ օրը։ Պաթն արդեն նկատել էր․ գրեթե որպես կանոն, եթե տարիքավոր զբոսաշրջիկներ են՝ ուրեմն երկրից են, երիտասարդներ՝ Լուսնի բնակիչներ են։ Այսպես թե այնպես Ծարավի ծովը նրանց կապշեցնի․․․ Ահա, լուսնացույցից դուրս, ընդհուպ մինչև աստղերը տարածվում է մռայլ, գորշ հարթությունը։ Իսկ ծովի վրա՝ երկնքում, արդեն առաջին միլիարդ տարին չէ, որ անշարժ կախված է Երկիրը։ Նրա կապտա֊կանաչավուն նվազող մանգաղը իր սառը շողերով ողողել էր լուսնային բնատեսարանը։ Այո, այստեղ ցուրտ է․․․ ծովի մակերևույթի վրա, հավանաբար, հարյուր վաթսուն աստիճան զրոյից ցածր է։
Նայելով նրան ամենևին չես ասի՝ հեղուկ է, թե կարծր։ Տափարակ, անվերջանալի հարթություն, ճաքեր ու ճեղքվածքներ, որոնք ակոսել են այդ մեռյալ աշխարհի ողջ դեմքը։ Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում միապաղաղությունը։ Երկրի վրա չես գտնի որևէ ծով՝ ի՜նչ ծով, լճակ, որն այդքան խաղաղ մակերես ունենա։
Ծարավի ծովը լցված է ոչ թե ջրով, այլ փոշով։ Ահա թե ինչու նա այդքան անսովոր է թվում մարդկանց, այդպես գրավում ու դյութում նրանց։ Լուսնափոշին, որը մանր է, ինչպես նուրբ տալկը, ավելի չոր, քան Սահարայի շիկացած ավազը, այստեղի անօդ տարածության մեջ ասես ամենահոսուն հեղուկը լինի։ Ձեռքիցդ գցիր ծանր առարկան՝ անմիջապես կկորչի, ոչ մի հետք, ոչ մի ճղփյուն․․․ Այդ նենգ մակերևույթի վրա տեղից֊տեղ կարելի է շարժվել միայն երկտեղանոց փոշեսահնակներով, որոնք ստեղծված են հատկապես դրա համար։ Եվ իհարկե, «Սելենով»՝ սահնակի ու ավտոբուսի մի զարմանալի խառնուրդ, շատ նման այն ամենագնացներին, որոնք տասնյակ տարիներ առաջ օգնեցին յուրացնելու Անտարկտիդան։
«Սելենի» տեխնիկական անունը Փ-1 էր, այսինքն, փոշեգնաց, առաջին փորձանմուշ (որքան Պաթին հայտնի էր, երկրորդ փորձանմուշը նույնիսկ նախագծված չէր)։ Նրան կոչում էին «նավ», «լուսնանավ», «լուսնագնաց»՝ ում ինչպես դուր էր գալիս։ Պաթը նախընտրում էր «լուսնանավը»․ դա բացառում էր խառնաշփոթությունը։ Այդպես նրան ոչ ոք չէր ընդունի տիեզերական նավի նավապետի տեղ՝ կոչում, որով վաղուց արդեն չես զարմացնի ոչ ոքի։
― Բարի գալուստ, ― ասաց միսս Ուիլքինսը, երբ բոլորը տեղավորվեցին։ ― Նավապետ Հարրիսը և ես շատ ուրախ ենք ձեզ տեսնելու համար։ Մեր ճանապարհորդությունը չորս ժամ կտևի, առաջին տեսարժան վայրը՝ Խառնարանային լիճն է, այստեղից հարյուր կիլոմետր արևելք, Անմատչելիության լեռներում։
Պաթն արդեն չէր լսում ծանոթ խոսքերը, նա պատրաստվում էր մեքենան գործի դնելու։ Ըստ էության «Սելենը» տիեզերանավի վերերկրյա մի տարատեսակ էր․ ու դա բնական էր, չէ որ նա շարժվում էր դատարկության մեջ և նրա խոցելի բեռը կարիք ուներ պաշտպանության՝ բոլոր կենդանի արարածների համար թշնամի միջավայրից։ Թեև «Սելենը» երբեք վեր չէր սլացել Լուսնի մակերևույթից և շարժվում էր ոչ թե հրթիռային շարժիչների, այլ էլեկտրոմոտորների օգնությամբ, նրա ամբողջ հիմնական սարքավորումը նման էր իսկական հրթիռի նավասարքին, ― և ամեն ինչ պետք է ստուգվեր թռիչքից առաջ։
Թթվածինը կարգին է։ Շարժիչը կարգին է։ Ռադիոն՝ կարգին է։ (Ալլո, Ծիածան, ես «Սելենն» եմ, ստուգում եմ։ Ընդունո՞ւմ եք իմ ազդանշանները»)։ Իներցիայի սիստեմի սլաքը՝ զրոյի վրա է։ Օդասհանքի խցիկը փակ է։ Արտահեղության հայտնաբերիչը՝ կարգին է։ Ներքին լուսավորությունը՝ կարգին է։ Եվ այլն, ընդհանուր առմամբ հինգ տասնյակից ավելի հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրը անսարքության դեպքում ավտոմատ կերպով ազդանշան կտար։ Սակայն Պաթ Հարրիսը, ինչպես նաև տիեզերական ծառայության բոլոր աշխատողները, որոնք երազում էին ապրել մինչև խոր ծերություն, երբեք հույսը չէր դնում ավտոմատ ազդանշանման վրա, երբ անձամբ կարելի էր ստուգել։
Ի վերջո ամեն ինչ պատրաստ է։ Հազիվ լսելի՝ մոտորները սկսեցին աշխատել, իսկ թիապտուտակները դեռևս պարապ էին, և կառանված «Սելենը» միայն փոքր֊ինչ ցնցվում էր։ Պաթը թեթևակի շրջեց ձախ պտուտակի թիակները։ Նավը դանդաղ սկսեց թեքվել դեպի աջ։ Հեռանալով կայարանի շենքից, նա ուղղություն վերցրեց և արագ ընթացքով տեղից պոկվեց։
Նավը հիանալի էր հնազանդվում, չնայած բոլորովին նոր կառուցվածք ուներ։ Այստեղ չէր կարելի հենվել հազարամյա փորձի վրա, որ մարդ սկսել է կուտակել դեռևս քարի դարում, երբ առաջին անգամ գերանը ջուրը գցեց։ «Սելենը» նախորդներ չէր ունեցել, նա ծնվել էր մի քանի ինժեներների գլխում, որոնք նստելով գծագրական տախտակի առջև, միտք են արել, թե «ինչպիսին պետք է լինի մեքենան, որպեսզի նրանով կարելի լինի սահել փոշու ծովի վրայով»։
Ինչ֊ որ մեկը հիշելով հին ժամանակները, առաջարկեց անիվներ հարմարեցնել նավախելին։ Բայց հետո գերապատվությունը տվել են ավելի զորեղ պտուտակներին։ Նրանք մխրճվում էին փոշու մեջ՝ առաջ հրելով «Սելենը», իսկ նավահետքի հոսանքը հիշեցնում էր մի շատ ժրաջան խլուրդի հետք, որը սակայն անմիջապես չքանում էր, ― ու նորից հարթ մակերես, ոչ մի նշան այն բանի, որ այստեղով նավ էր անցել։
Պորտ֊Ռորիսի հերմետիկ գետնահար գմբեթները արագորեն անցնում էին հորիզոնի ետևը։ Տասը րոպեից էլ պակաս ժամանակամիջոցում նրանք անհետացան տեսողությունից, և «Սելենը» միայնակ մնաց։ Մեն֊մենակ մի այնպիսի տեղում, որի համար Երկրի վրա և ոչ մի լեզվով դեռ իսկական անուն չկար։
Պաթը հանգցրեց մոտորները, կանգնեցրեց նավը և սպասեց մինչև լռություն տիրեց։ Նա արդեն գիտեր, ուղևորներին հարկավոր է մի ինչ֊որ ժամանակ՝ իմաստավորելու համար անսովորականությունը այն ամենի, որ տարածվում էր լուսանցույցներից դուրս։ Նրանք թռել֊անցել էին տիեզերքով, ամենուր տեսել աստղեր, վերևից (կամ ներքևից) նայել էին երկրի փայլատկող սկավառակին, բայց սա, ― սա բոլորովին այլ բան է։
Մինչ լռությունը ճնշող կդառնար (չի էլ կարելի չափն անց կացնել․ մեկն ու մեկը կվախենա), Պաթը ոտքի կանգնեց ու դիմեց ուղևորներին։
― Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ― սկսեց նա։ ― Հուսով եմ միսս Ուիլքինսը հոգ է տարել, որպեսզի լավ զգաք ձեզ։ Մենք կանգ առանք, որովհետև այստեղից շատ հարմար է Ծովի հետ առաջին ծանոթությունը սկսելու համար։ Այստեղ կարելի է, ինչպես ասում են, ըմբոշխնել այն։
Պաթ Հարրիսը մատնացույց արեց լուսանցույցենրը և նրանցից դուրս գտնվող տեսլային գորշ հարթությունը։
― Ի՞նչ եք կարծում, ― կամաց հարցրեց նա, ― ինչքա՞ն կլինի այստեղից մինչև հորիզոնը։ Կամ․ ինչպիսի՞ն կերևար ձեզ մարդը, եթե նա կանգնած լիներ ա՜յ այնտեղ, ուր աստղերը ասես քսվում են Լուսնի մակերևույթին։
Միայն տեսողությանը ապավինելով, անհնար կլիներ ճիշտ պատասխան տալ նրա հարցին։ Տրամաբանությունը հուշում էր․ Լուսինը շատ փոքր է, հորիզոնը ամենևին էլ հեռու չպետք է լինի։ Բայց զգացությունները այլ բան էին ասում․ «Այս աշխարհը միանգամայն տափարակ է և տարածվում է դեպի անսահմանություն։ Ամբողջ տիեզերքը նա կիսել է երկու մասի, և չունի ոչ վերջ, ոչ սահման․․․»։
Պատրանքը չէր վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը իմանում էր դրա պատճառը։ Աչքը չի կարող դատել տարածության մասին, եթե չկա մի բան, որի վրա կանգնեցնես հայացքդ, եթե նա անօգնական կերպով սահում է փոշու օվկիանոսի մռայլ հարթության վրայով։ Այստեղ չի եղել նույնիսկ այն, ինչը միշտ առկա է Երկրի վրա՝ մթնոլորտը, այն թեթև շղարշը, որը կօգներ որոշել, թե ինչն է մոտ, և ինչը հեռու։ Իսկ աստղերը՝ լույսի այդ չառկայծող կետերը, նույնքան պայծառ էին գլխավերևում և հորիզոնի մոտ։
― Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ― շարունակեց Պաթը, ― դուք տեսնում եք ընդամենը երեք կիլոմետրի վրա, կամ երկու մղոն, եթե ձեզանից որևէ մեկը դեռ չի ընտելացել մետրային սիստեմին։ Գիտեմ, թվում է թե մինչև հորիզոնը մի քանի լուսատարի է, բայց դուք կարող էիք հասնել այնտեղ քսան րոպեում, եթե միայն հնարավոր լիներ քայլել այդ փոշու միջով։
Մա նորից նստեց և մոտորները գործի քցեց։
― Այժմ հաջորդ վաթսուն կիլոմետրը առանձնապես ոչինչ չեք տեսնի, ― ասաց նա առանց ետ նայելու, ― այնպես որ արագ կգնանք։
«Սելենը» պոկվեց առաջ։ Ուղևորները առաջին անգամ իսկապես զգացին արագությունը։ Թիակները կատաղորեն հարում էին փոշին, նավածիրը ավելի ու ավելի էր երկարում, և ահա արդեն նավախելի մոտ երկու կողմերից վեր բարձրացան երևութական հսկա քղանցատուտերը։ Հեռվից «Սելենը» կարող էր թվալ մի սառցե խոփ, որ ճեղում էր Լուսնի շողերով ողողված ձմեռային բնատեսարանը։ Բայց գորշագույն, սահուն կերպով փլչող պարաբոլները ձյուն չէին, իսկ նրանց փայլ տվող լուսատուն Երկիր մոլորակն էր։
Ուղևորները հանգստանում էին, հաճույք ստանալով միապաղաղ, գրեթե անձայն շարժումից։ Նրանցից յուրաքանչյուրը առիթ է ունեցել սուրալու հարյուրավոր անգամ ավելի արագ, երբ թռչում էր Լուսին։ Սակայն տիեզերքում արագությունը չի զգացվում, ահա թե ինչու փոշու վրայով սրընթաց սահելը շատ ավելի հրապուրիչ էր։ Պաթը մի կտրուկ շրջադարձ կատարեց տեղում, «Սելենը» շրջան գծեց և քիչ մնաց հասնել անկշռելիության մեջ կախված քղանցքատուտին, որը դեպի երկինք էին նետել պտտվող թիակները։ Անբնական էր թվում, որ այդ փոշին վեր է սլանում ու թափվում առանց շաղ գալու, որ օդի դիմադրությունը չի փշրում այդ անբասիր կամարները։ Երկրի վրա այն օդում կախված կմնար ժամերով, թերևս նաև օրերով։
Հենց որ նավը ուղղեց իր ընթացքը և այլևս դիտելու ոչինչ չմնաց ամայի հարթությունից բացի, ուղևորները սկսեցին զբաղվել իրենց համար նախատեսված գրականությամբ։ Նրանց բաժանվեց նկարազարդ ծանուցատետրեր, քարտեզներ, հուշանվերներ («Սույնը վկայում է, որ միստեր (միսիս, միսս)․․․ ճանապարհորդել են Լուսնի ծովերում «Սելեն» փոշեգնացով) և տեղեկատու գրքույկներ։ Այստեղ նրանք կարող էին գտնել բոլոր տեղեկությունները, թերևս նույնիսկ մի քիչ էլ ավելին, Ծարավի ծովի մասին։
Նրանք կարդացին, որ գրեթե ամբողջ Լուսինը ծածկված է բարակ, մի քանի միլիմետր հաստությամբ փոշու շերտով։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ «աստղային աճյունի»՝ երկնաքարերի բեկորների, որոնք լուսնի անպաշտպան երեսն են ընկել առնվազն հինգ միլիարդ տարի առաջ, և՛ լուսնալեռների թեփուկների, որոնք գիշերը սեղմվում են, ցերեկը ընդարձակվում են ջերմաստիճանի կտրուկ փոփոխումից։ Ինչից էլ որ առաջանա, այդ փոշին այնքան մանր է, որ նույնիսկ այստեղի աննշան ձգողականության պայմաններում, հոսում է ճիշտ և ճիշտ, ինչպես հեղուկը։
Հազարամյակներ շարունակ նա հոսել է լեռներից հարթավայրերը՝ կազմելով լճակներ ու լճեր։ Լուսնի առաջին հետազոտողները կանխատեսել էին այդ երևույթը և պատրաստ էին դրան։ Բայց Ծարավի ծովը ցնցեց բոլորին, ոչ ոք չէր սպասում, որ այստեղ կհանդիպի հարյուր կիլոմետրից ավելի լայնություն ունեցող փոշով լեփ֊լեցուն մի թասի։
Լուսնի «ծովերի» համեմատությամբ այն շատ փոքր էր, և աստղագետները պաշտոնապես երբեք չեն ընդունել նրա անվանումը, պատճառաբանելով, որ դա սոսկ Սինուս Ռորիսի՝ Ցողի ծովախորշի մի մասն է կազմում։ Միթե կարելի է, ասում էին նրանք, ծով անվանել ծովախորշի մի մասը։ Եվ, այնուամենայնիվ, չնայած բոլոր առարկություններին, «Լուսնաշրջիկի» ռեկլամների բաժնի աշխատակիցներից ինչ֊որ մեկի հորինած անունը բռնեց։ Ի դեպ, այն ամենևին էլ վատ չէր այլ «ծովերի» անուններից՝ Ամպերի ծով, Անձրևների ծով, Անդորրության ծով։ Չխոսելով արդեն Նեկտարի ծովի մասին։
Գրքույկը պարունակում էր նաև հանգստացնող տեղեկություններ՝ ցրելու համար ավելի ջղային ճանապարհորդների երկյուղը և ապացուցելու, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը նախատեսել է ամեն ինչ։ «Արված է ամեն բան, որպեսզի ապահով լինի ձեր անվտանգությունը, ― ասված էր այնտեղ։ ― «Սելենում» թթվածնի պաշարը կբավականացնի ավելի քան մեկ շաբաթ, բոլոր կարևոր համակարգերը կրկնակի են։ Ավտոմատ ռադիոփարոսը կանոնավոր կերպով խարսխակայան է հայտնում, թե որտեղ եք գտնվում դուք, և նույնիսկ եթե մոտորները շարքից դուրս գան, ձեզ արագորեն Պորտ֊Ռորիս կվերադարձնի փոշեսահնակը։ Իսկ որ հիմնականն է, դուք չպետք է վախենաք փոթորկալից եղանակից։ Ինչքան էլ վատ տանեք ծովային հիվանդությունը, Լուսնի վրա այն չի սպառնում ձեզ։ Ծարավի ծովը չի փոթորկում, նա միշտ խաղաղ է»։
Այս տողերը գրողը բնավ չէր կեղծում․ կարելի՞ էր արդյոք ենթադրել, որ դրանք շուտով կհերքվեն․․․
Մինչդեռ «Սելենը» անաղմուկ սահում էր գիշերային խավարում, Լուսնի կյանքը ընթանում էր իր կարգով։ Միլիոնավոր տարիների ընդարմությանը փոխարինելու էր եկել բուռն աշխուժությունը, և վերջին հիսուն տարվա ընթացքում Լուսնի վրա ավելի շատ իրադարձություններ տեղի ունեցան, քան նախորդ հինգ միլիարդ տարում։ Իսկ ի՞նչ է սպասվում վաղը։
Հարազատ մոլորակի սահմաններից դուրս մարդու կառուցած անդրանիկ քաղաքի առաջին զբոսայգու արահետներով քայլում էր գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը։ Ինչպես և Կլավի քաղաքի բոլոր քսանհինգ հազար բնակիչները, նա շատ էր հպարտանում իր զբոսայգով։ Իհարկե, զբոսայգին փոքրիկ է, բայց, համենայն դեպս, ոչ այնքան փոքր, ինչպես այն նկարագրել էր մի շաղակրատ հեռուստատեսությունից՝ թե իբր դա «պատուհանի մի ծաղկաման է, որը տառապում է մեծամոլությամբ»։ Եվ, համենայն դեպս, Երկրի վրա ոչ մի զբոսայգում կամ բանջարնոցում չկան տասը մետրանոց արևածաղիկներ։ Բարձր՝ գլխավերևում լողում էին սպիտակթույր փոքրիկ ամպերը, ― ավելի ճիշտ, այդպես էր թվում։ Իրականում դա ընդամենը պատկերի արտացոլումն էր գմբեթի կամարների տակ, բայց այնքան ճշմարտանման, որ երբեմն գլխավոր ադմինիստրատորը հարազատ տան կարոտն էր քաշում։ Տա՞ն։ Նա ուղղեց իր սխալը․ նրա տունն այստեղ է։
Բայց և այնպես, Ուլսենը հոգու խորքում զգում էր, որ դա այդպես չէ։ Թերևս, նրա երեխաների համար կլինի այլ կերպ, նրանք իսկական լուսնային բնակիչներ են, լույս աշխարհ են եկել Կլավիում։ Իսկ ինքը ծնվել է Ստոկհոլմում, Երկրի վրա, և նրա հետ կապված է այնպիսի կապերով, որոնք տարեց֊տարի կարող են թուլանալ, բայց չխզվել երբեք։
Նրանից մոտ մեկ կիլոմետրի վրա, գլխավոր գմբեթից ոչ հեռու, Լուսնային տուրիզմի վարչության պետ Դևիսը ի մի էր բերել վերջին հասույթները։ Ինչ կա որ, վատ չէ։ Նոր սեզոնում եկամուտներն աճեցին։ Հասկանալի է, Լուսնի վրա չկան տարվա եղանակներ, բայց նկատվել է, որ զբոսաշրջիկների թիվն ավելանում է այն ժամանակ, երբ Երկրի Հյուսիսային կիսագնդում սկսվում է ձմեռը։
Ինչպե՞ս ամրապնդել հաջողությունը։ Մշտական պրոբլեմ է․․․ Չի կարելի անընդհատ ցույց տալ միևնույն բանը, զբոսաշրջիկները զանազանություն են սիրում։ Անսովոր բնանկար, թույլ ձգողականություն, Երկրի տեսարանը, Ֆարսայդի առեղծվածները, հոյատեսիլ աստղակապ երկինք, առաջին բնակավայրերը (որտեղ, սակայն, ոչ միշտ են ուրախ զբոսաշրջիկների գալուն), ― էլ ի՞նչ կարող է առաջարկել Լուսինը։ Բայց ափսո՜ս, որ նրա վրա չկան «տեղացի» լուսնաբնակներ՝ տարօրինակ սովորույթներով ու ալ ավելի տարօրինակ արտաքինով, որոնց կարողանային լուսանկարել հյուրերը։ Ավա՜ղ, օրգանական աշխարհի ամենախոշոր ներկայացուցչին, որ հայտնաբերվել է Լուսնի վրա, կարելի է դիտել մանրադիտակով։ Այն էլ ասենք, որ նրա նախնիները այստեղ են եկել «Լուննիկ֊2֊ի» օգնությամբ, մարդուց ընդամենը մի տասը տարի առաջ։
«Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը մտովի թերթեց տելեֆաքսով ստացված վերջին նամակները․ գուցե նրանցից հնարավոր լինի մի օգո՞ւտ քաղել։ Այսպես, ուրեմն, մի ինչ֊որ հեռուստատեսային ընկերության հերթական հարցումը՝ մեծ ցանկություն ունեն վավերագրական նոր կինոնկար հանել Լուսնի մասին, պայմանով, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը իր վրա վերցնի բոլոր ծախսերը։ Պատասխանը բացասական կլինի․ եթե ընդունեք նման բոլոր սիրալիր առաջարկները, շատ շուտով կարող եք սնանկանալ։
Այնուհետև՝ իր պաշտոնակցի երկարաբան նամակը «Մեծ Նյու֊Օռլեան» տուրիստական ընկերությունից։ Առաջարկում է աշխատակիցների փոխանակում։ Հայտնի չէ, ով կշահի դրանից՝ Լուսինը թե Նյու֊Օռլեանը, բայց գոնե ծախսեր չկան և օգտակար է «Լուսնաշրջիկի» համար։ Բայց այս մյուս նամակը, իսկապես, հետաքրքիր է․ ջրադահուկի գծով Ավստրալիայի չեմպիոնը հարցնում է, թե արդյոք որևէ մեկը փորձել է սահել Ծարավի ծովում։
Ինչ կա որ՝ կարելի է փորձել։ Ինչպե՞ս է, որ մինչև օրս ոչ ոք չի մտածել այդ մասին։ Գուցե արդեն փորձե՞լ են, կառչելով «Սելենին» կամ փոշեսահնակներին․․․ Արժե մտածել այդ մասին։ Դևիսը միշտ ջանացել է զվարճալիքներ գտնել Լուսնի վրա և զբոսանքը Ծարավի ծովի վրա նույնպես նրա հղացումն էր։
Նա չգիտեր, թե մի քանի ժամ հետո ինչպիսի տառապանք պետք է պատճառեր իրեն այդ հղացումը։
Գլուխ երկրորդ
Հորիզոնի գիծը, ուր սուրում էր «Սելենը», փոխվեց․ որտեղ անթերի ու հավասար աղեղ էր, ուրվագծվեց լեռների ատամնավոր շղթան։ Թվում էր, թե նրանք դանդաղ դեպի երկինք էին հառնում մի հզոր վերելակով։
― Անմատչելիության լեռները, ― հայտարարեց միսս Ուիլքինզը։ ― Այդպես են կոչվում, որովհետև բոլոր կողմերից շրջապատված են Ծովով։ Եվ բացի այդ, նրանք լուսնային լեռների մեծ մասից շատ ավելի զառիթափ են։
Նա այլևս չծավալվեց այդ թեմայի շուրջը․ չէ՞ որ լուսնային լեռնագագաթներից շատերը հիասթափություն են պատճառում, երբ մոտիկից ես դիտում դրանք։ Երկրից կատարված լուսանկարների վրա երևացող հսկայական խառնարանները, պարզվում է, որ թեթևակի զառիվայր բլուրներ են։ Երեկոյան ու առավոտյան ստվերները խիստ աղավաղում են ռելիեֆը։ Ու լուսնի վրա չկա ոչ մի խառնարան, որի լանջը իրենց թեքությամբ կարողանային համեմատել Սան֊Ֆրանցիսկոյի փողոցների հետ․ դրանք կարելի է հաղթահարել նույնիսկ հեծանիվով։ Սակայն այդ մասին չես կարդա «Լուսնաշրջիկի» գրքույկներում, այնտեղ կգտնես միայն առավել տպավորիչ ժայռերն ու կիրճերը՝ հմտորեն լուսանկարված։
― Այս լեռները դեռևս ինչպես հարկն է չեն հետազոտված, ― շարունակեց միսս Ուիլքինզը։ ― Անցյալ տարի մի խումբ երկրախույզների փոխադրեցինք այնտեղ։ Իջեցրինք հենց այն հրվանդանում, բայց նրանք կարողացան առաջ շարժվել ընդամենը մի քանի կիլոմետր։ Այնտեղ ամեն ինչ կարող է պատահել, մենք պարզապես դեռևս ոչինչ չգիտենք։
«Ապրես, ― մտածեց Պաթը։ ― Լավ գիդ է, գիտի ինչը բացատրել մանրամասնորեն, և ինչը թողնել երևակայության համար․․․»։ Սյուն խոսում էր հանգիստ, անբռնազբոսիկ, որը ոչնչով նման չէր այն տխուր ասերգին, որ գիդերի մեծամասնության մասնագիտական արատն էր։ Եվ նա լավ գիտեր իր նյութը, կարող էր պատասխանել գրեթե ուզածդ հարցին։ Մի խոսքով՝ աչքի ընկնող երիտասարդ մի օրիորդ, ու թեպետ միսս Ուիլքինզը շատ էր դուր գալիս Պաթին, հոգու խորքում նա փոքր֊ինչ վախենում էր նրանից։
Մոտեցող լեռները իրենց էին գամել հմայված ուղևորների հայացքները։ Դեռ էլի խորհրդավոր Լուսնի խորհրդավոր մի անկյունը․․․ Անսովոր ծովի մեջտեղում բարձրանում էր մի կղզի՝ ուշագրավ երևույթ հետազոտողների հաջորդ սերնդի համար։ Հակառակ անվանը, Անմատչելիության լեռներին հասնելը այժմ արդեն դժվար չէր։ Բայց քանի դեռ ուսումնասիրված չեն շրջակա տեղանքի միլիոնավոր քառակուսի կիլոմետրերը, որոնք հարկավոր է յուրացնել առաջին հերթին, նրանք պետք է սպասեն։
Մի փոքր էլ, ու «Սելենը» կմտնի ստվերը․․․ Մինչև ուղևորները կհասցնեին հասկանալ, թե ինչ է կատարվում, Երկիրը թաքնվեց լեռների ետևում։ Նրա լույսից լեռնակատարները արծաթի փայլ էին ստացել, իսկ ներքևում թագավորում էր զարհուրելի մթությունը։
― Ես հիմա կհանգցնեմ ներքին լուսավորությունը, ― ասաց ստուարդուհին։ ― Այն ժամանակ դուք ավելի լավ կտեսնեք։
Ու հենց որ կարմրավուն աղոտ լույսը մարեց, յուրաքանչյուրը իրեն զգաց մեն֊մենակ լուսանյին գիշերային խավարում։ Նույնիսկ լեռնագագաթների փայլը կորավ, երբ փոշեգնացը խորացավ ստվերի մեջ։ Մնացին միայն աստղերը՝ սառը անմար ճրագներ, շրջապատված այնպիսի անթափանց մթությամբ, որից մի տեսակ վատ էիր զգում քեզ։
Աստղասփյուռ երկնքում դժվար էր զանազանել ծանոթ համաստեղությունները։ Մարդու աչքերը շաղվում էին այդ երկնային նախշերից, գլուխը պտտվում էր աստղաբույլերի և միգամածությունների շողշողուն քաոսից։ Բնության այդ փառահեղ շրջապատկերում անսխալ կարելի էր նշմարել միայն Վեներայի պայծառ փարոսը, որը գերազանցում էր երկնային մյուս բոլոր մարմիններին, ավետելով մոտալուտ այգաբացը։
Մի քանի րոպե անցավ, մինչ ուղևորները կնկատեին, որ զարմանահրաշ բաները միայն երկնքում չէին։ Սուրացող փոշեգնացի հետևից ձգվում էր ֆոսֆորափայլ երկար նավահետքը, կարծես կախարդական մի ձեռք լուսավոր ծիր էր քաշել Լուսնի մռայլ ու փոշոտ դեմքին։ «Սելենը» իր հետևից մի գիսավոր պոչ էր քարշ տալիս, ճիշտ այնպես, ինչպես գիշերային նավը Երկրի արևադարձային օվկիանոսներում։
Բայց այստեղ չկային միկրոօրգանիզմներ, և նրանք չէին, որ լուսավորում էին անկենդան ծովը իրենց պստլիկ ճրագներով, այլ լիցքաթափվող փոշեհատիկները, որոնց մեջ սրընթաց «Սելենը» հարուցում էր ստատիկ լիցք։ Շատ պարզ՝ և չտեսնված գեղեցիկ էր․ գիշերային խավարում նավի հետևից շարունակ քարշ էր գալիս փայլուն ժապավենը, ասես Ծիրկաթինն էր արտացոլվել ծովային հարթության վրա։
Հանկարծ հրեղեն շիթը լուծվեց լույսի հեղեղի մեջ․ Պաթը միացրեց լուսարձակը։ Լուսանցույցներից դուրս, վտանգավոր հեռավորության վրա՝ ետ սահեց քարե պատը։ Լեռնալանջն այստեղ գրեթե զառիվեր ցցված էր փոշու ծովի մեջ, և դժվար էր գուշակել բարձր է այն, թե ոչ, որովհետև թանձր խավարի մեջ երևում էր միայն լուսարձակի լուսավորած ձվածիրը։
Կովկասը, Ժայռոտ լեռները և Ալպերը գաճաճներ են այս լեռների մոտ։ Երկրի վրա էրոզիան մաշում է լեռնաշղթաները նրանց ծագման առաջին իսկ օրից, մի քանի միլիոն տարի շարունակ՝ և երբեմնի վիթխարի զանգվածներից մնում է նրանց ստվերը։ Իսկ Լուսնի վրա ո՛չ անձրևներ կան, ո՛չ քամիներ։ Ոչինչ չի քայքայում ժայռերը, եթե չհաշվենք գիշերային սառնամանիքը, որից նույնիսկ քարերն են ճաքում, անասելի դանդաղությամբ անջատելով մանրագույն փոշեհատիկներ։ Լուսնային լեռները նույնքան հին են, որքան նրանց ծնունդ տված աշխարհը․․․
Պաթը հպարտանում էր Լուսինը «ցույց տալու» իր ունակությամբ։ Նա առանձնապես ջանադրաբար էր պատրաստել հաջորդ համարը։ Առաջին հայացքից շատ վտանգավոր, իսկ իրականում միանգամայն անվտանգ․ չէ՞ որ «Սելենը» տասնյակ անգամներ անցել է այստեղով, և կառավարման սիստեմի էլեկտրոնային հիշողությունը ճանապարհը գիտեր ամեն մի շտուրմանից ավելի լավ։ Նա հանկարծակի մարեց լուսարձակը, և ուղևորները տեսան, որ մթության հովանու տակ մյուս կողմից նույնպես լեռները ընդհուպ մոտեցել են նավին։
Գրեթե անթափանց խավարի մեջ «Սելենը» սլանում էր նեղ կիրճով, սլանում էր ոչ ուղիղ, այլ շարունակ խուսանավելով անտեսանելի խոչընդոտների միջև։ Անկեղծ ասած, խոչընդոտներ ընդհանրապես չկային․ ցերեկը, Պաթը նվազագույն արագությամբ երթուղին այնպես էր ծրագրել, որպեսզի գիշերը վախից մարդու շունչ կտրվի։ Նրա թիկունքնում լսվող վախի և հիացմունքի ճիչերը վկայում էին, որ ատրակցիոնը հաջողվել է։
Հեռու գլխավերևում այժմ տեսանելի էր աստղառատ երկընքի միայն մի նեղլիկ շերտը․ նա գալարվում էր կատաղի կերպով, կրկնելով փոշեգնացի հնարամիտ վազքը։ Մրցավազքը «գիշերային արահետով», ինչպես Պաթն էր կոչում այդ երթուղին, ընդամենը մի հինգ րոպե տևեց, որոնք սակայն ժամեր թվացին։ Եվ, երբ նավապետը նորից միացրեց լուսարձակը և «Սելենը հայտնվեց լուսե հսկա շրջանակի մեջտեղում, ուղևորների բերանից դուրս թռավ մի հառաչանք՝ խառնված հիասթափության հետ։ Այո, երկար կհիշեն նրանք «գիշերային արահետը»․․․
Լուսարձակի լույսով երևում էր, որ պատերը աստիճանաբար բաժանվում են, և ահա կիրճը փոխարինեց համարյա ձվաձև մի ամֆիթատրոնով՝ մոտ երեք կիլոմետր լայնությամբ․ հրաբխի սիրտն էր, որ պայթել էր անհիշելի ժամանակներում, երբ նույնիսկ հինավուրց Լուսինը երիտասարդ էր։
Լուսնային չափանիշներով այդ խառնարանը շատ փոքր էր, բայց խիստ ուշագրավ։ Ամենագո փոշին հազարամյակներ շարունակ կիրճով հոսել էր այնտեղ, ու երկրային զբոսաշրջիկները կարող էին հաճելի ճանապարհորդություն կատարել այն կաթսայում, ուր մի ժամանակ մոլեգնել է դժոխային կրակը։ Այդ կյանքը հանգել է երկրային կյանքի սկզբնավորումից շատ առաջ ու երբեք այլևս չի բոցավառվի։ Բայց Լուսնի վրա կային այլ ուժեր՝ նրանք քնած չէին և սպասում էին միայն պատեհ ժամին․․․
Երբ «Սելենը» պտույտ գործելով դանդաղ շարժվում էր ժայռերի երկայնքով, մի քանի ուղևորներ ակամա մտաբերեցին զբոսանքը Երկրի լեռնային լճի վրա։ Նույն հուշիկ լռությունը, ջրի անտակ խորության միևնույն զգացումը։ Երկրի վրա շատ են խառնարանային լճերը․ Լուսնի վրա միայն մեկն է, թեև այստեղ խառնարանները անհամեմատ ավելի շատ են։
Պաթը չէր շտապում, երկու լրիվ շրջան կատարեց։ Այժմ լճով հիանալու իսկական ժամանակն է։ Ցերեկը, կուրացնող արևի ճառագայթների տակ, տպավորությունը այն չէր, իսկ հիմա ասես Էդգար Պոյի բորբոքված ֆանտազիայի ծնունդը լիներ։ Այնտեղ, ուր վերջանում էր լույսի զոլը, մարդու աչքերի առջև պատկերվում էին շարժվող տարօրինակ կերպարանքներ։ Անշուշտ, դա երևակայություն էր․ այս կողմերում ոչինչ չի կարող շարժվել Արևից ու Երկրից առաջացած ստվերներից բացի։ Տեսիլքներ չեն կարող լինել մի աշխարհում, ուր երբեք կայնք չի եղել։
Բայց արդեն ժամանակն է ետ դառնալ, կիրճով դուրս գալ բաց ծով։ Պաթը «Սելենի» բութ քիթը ուղղեց դեպի լեռնային նեղ դարպասները, և բարձր զառիթափերը նորից շրջապատեցին նավը։ Նավապետը այժմ չէր հանգցնում լուսարձակները՝ թողնելով, որ ուղևորները տեսնեն ճանապարհը։ Բացի այդ, ատրակցիոնը երկրորդ անգամ նույնքան ուժեղ տպավորություն չի գործի։
Հեռու առջևում երևաց լույսը, որ թեթևակի լուսավորում էր ժայռերն ու ապառաժները։ Նույնիսկ վերջին քառորդում Երկիրը տասնյակ լիալուսիններից ավելի պայծառ է, և հենց որ փոշեգնացը դուրս պրծավ լեռների ստվերից, նորից երևաց Երկրի գեղափայլ կիսալուսինը։ «Սելենի» քսաներկու ուղևորները զմայլված նայում էին գողտրիկ ու վառ կապտա֊կանաչավուն կիսաշրջանակին։ Զարմանալի է, երբ դիտում ես հեռվից․ հարազատ դաշտերը, լճերը, անտառները մի առանձին դյութական շողով են փայլում․․․ Թերևս, խոր խորհուրդ կա դրա մեջ․ քո սեփական աշխարհը գնահատելու համար այն պետք է տեսնես տիեզերքից․․․
Հապա ինչքա՞ն աչք է նայում հիմա Երկրից նորացող Լուսնին, այդ հավերժ ուղեկցին, որը ինչպես երբեք, այժմ կարևոր է մարդկանց համար։ Եվ բացառված չէ, որ այս պահիս որևէ մեկը հզոր հեռադիտակով ուշադրությամբ զննում է լուսնային գիշերում սահող «Սելենի» հազիվ նկատելի կայծիկը։ Իսկ երբ կայծիկը մարի, նրա անհետացումը ոչինչ չի ասի երկրային դիտորդին։
Լեռների ստորոտում, խոր ընդերքում միլիոնավոր տարիներ, ինչպես մի հսկայական ուռուցք, աճել է այս պղպջակը։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, դեռևս կենդանի լուսնային ընդերքից ճեղքերի միջով հոսել է գազը և կուտակվել դատարկություններում, մակերևույթին չհասած։ Երկրի վրա միմյանց փոխարինել են սառցային շրջանները, իսկ այստեղ դատարկությունները տարածվել են լայնակի ու դեպի վեր, միախառնվել։ Ու հասել է ուռուցքը պայթելու ժամանակը։
Նավապետ Հարրիսը միացրել էր ինքնակառավարումն ու խոսում էր ուղևորների հետ, երբ առաջին հարվածը ցնցեց նավը։ «Ըստ երևույթին, պտուտակը դիպավ մի բանի, ― հասցրեց մտածել նա։ Հաջորդ վայրկյանին կարծես հողը տառացիորեն կորավ նրա ոտքի տակից։
Դա տեղի ունեցավ դանդաղ, ― Լուսնի վրա ամեն ինչ ընկնում է դանդաղ։ «Սելենի» առջևում, մի քանի ակր հարթ տարածության վրա, բարձրացավ մի թումբ, ու ծովը կենդանացավ, ճոճվեց այն ուժերի ներգործությունից, որոնք նրան արթնացրին հազարամյա քնից։ Թմբի մեջտեղը մի ձագար բացվեց՝ ասես փոշու զանգվածի մեջ հսկայական հորձանուտ առաջացավ։ Եվ այդ մղձավանջի ամեն մի մանրամասնություն պարզ երևում էր Երկրի լույսի տակ, մինչև խառնարանը խորացավ այնքան, որ նրա դիմացի պատը կորավ թանձր խավարի մեջ։ Թվում էր, թե «Սելենը» ուր որ է կմխրճվի սև մահիկի մեջ ու ջարդուփշուր կլինի։
Իրականում վիճակը փոքր֊ինչ լավ էր։ Երբ Պաթը սթափվելով կառչեց ղեկալծակներից, նավն արդեն սայթաքում ու ցած էր սահում նենգ զառիվայով։ Սեփական իներցիան ու փոշու արագացող հեղեղը նրան քշում֊տանում էին հորձանուտը։ Մնում էր միայն ամեն կերպ պահպանել «Սելենի» հավասարակշռությունը և հուսալ, որ նա ընթացքից դուրս կթռչի հակառակ լանջով դեպի վեր՝ մինչ խառնարանի հատակը կհասցնի փլվել։
Գուցև ուղևորները ճչացին՝ Պաթը ոչինչ չէր լսել։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր այդ չարաբաստիկ լանջի վրա, և նա մտահոգված էր այն բանով, որ ամեն կերպ թույլ չտար, որպեսզի նավը շուռ գար։ Եվ ապա, մինչ նա տենդագին մանևրում էր, ուժեղացնելով մերթ մեկ, մերթ մյուս շարժիչը, նրան հետապնդում էր մի անորոշ հուշ․․․ Ինչ֊որ տեղ, ինչ֊որ մի ժամանակ նա արդեն տեսել էր մի այդպիսի աղետ։
Անշուշտ, հիմար բան է, բայց ինչո՞ւ նա չի կարողանում խուսափել այդ մտքից․․․ Եվ սոսկ այն ժամանակ, երբ Պաթը հայտնվեց հատակում ու տեսավ փոշու անվերջանալի հեղեղը, որը սկիզբ էր առնում աստղերով ծանրաբեռնված ձագարի բերանից, վայրկենապես նա մտաբերեց։
․․․ Ամառային օր է, նա՝ փոքրիկ մի տղա, խաղում է տաք ավազների մեջ։ Նկատեց ուղիղ պատերով մի փոս, նրա հատակում ինչ֊որ բան էր շարժվում՝ թաղված ավազի մեջ, ու միայն դունչն էր դուրս ցցված։ Այս ի՞նչ է։ Տղան նայում ու սպասում էր, կարծես կռահելով, որ շուտով այդ փոքրիկ բեմի վրա կսկսվի մի դրամա։ Որտեղից֊որտեղ մի մրջյուն երևաց փոսիկի եզրին, սայթաքեց, ու գլորվեց ցած․․․
Իհարկե, մրջյունը հեշտությամբ կհաղթահարեր վերելքը, բայց հազիվ էին առաջին ավազահատիկները գլորվել փոսիկի հատակը, երբ չարամիտ հրեշը դուրս եկավ թաքստոցից։ Նա ավազի մի շատրվան տեղաց զոհի վրա, ու մրջյունը ավազի հեղեղի հետ ընկավ խառնարանը։
Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես «Սելենը» այժմ․․․ Անշուշտ, Լուսնի մակերևույթի վրա միջնառյուծը չէր, որ փոս էր փորել, բայց Պաթը իրեն նույնքան անօգնական էր զգում, որքան այն մրջյունը։ Նա ինքն էլ էր մագլցում դեպի վեր, դեպի փրկարար եզրը, մարտնչելով ավազի հեղեղի դեմ, որը նրան տանում էր մահվանն ընդառաջ։ Մրջյունին սպասում էր շուտափույթ մահ, Պաթին և նրա ուղեկիցներին՝ դանդաղ հարատև։
Գործի դնելով ողջ հզորությունը, մոտորները առաջ էին մղում նավը, սակայն չափազանց դանդաղ։ Փոշու հորձանքը թափ էր առնում և, որ ամենասարսափելին էր, «Սելենը» խրվում էր փոշու մեջ։ Ահա այն հասավ լուսանցույցներին․․․ Բա՜րձր․․․ Է՛լ ավելի բարձր․․․ բոլորովին ծածկեց նրանց։ Այն նույն պահին, երբ Պատը հանգցրեց մոտորները, որպեսզի չայրվեն ուժից ու ծանրաբեռնումից, փոշին ծածկեց փոքրացող Երկրի վերջին ցոլքը։ Խավարով ու լռությամբ պարուրված՝ նրանք խորասուզվում էին Լուսնի ընդերքը։
Գլուխ երրորդ
Ըրթսայդ֊Հյուսիսի դիսպետչերական ռադիոպուլտի վրա էլեկտրոնային հիշողության հատվածներից մեկը անհանգիստ դզզում էր։ Գրինվիչի ժամանակով քսանն անց էր մեկ վայրկյան, իմպուլսների այն շարքը, որ ժամը մեկ ավտոմատ կերպով պետք է ստացվեր պուլտի վրա՝ կորավ։
Մարդու բանականության համար անմատչելի արագությամբ մի բուռ բջջիկներ ու միկրոսկոպիկ ռելեներ «թերթեցին» իրենց հրահանգները։ «Սպասել հինգ վայրկյան, ― ասում էր կրճատագիր հրամանը։ ― Եթե ոչինչ չփոխվի, միացնել 10011001 շղթան»։
Էլեկտրոնային դիսպետչերի փոքրիկ հատվածը ամենայն համբերատարությամբ սպասեց այդ հսկայական ժամանակամիջոցը, որի ընթացքում կարելի էր բազմապատկել հարյուր միլիոն քսանանիշ թվեր կամ արտատպել ԱՄՆ֊ի կոնգրեսի գրադարանի գրեթե բոլոր գրքերի բովանդակությունը։ Ապա միացրեց 10011001 շղթան։
Լուսնի վրա տեղադրված՝ դեպի Երկրի սկավառակն ուղղված բարձր անտենայից տիեզերք թռավ ռադիոիմպուլսը։ Մեկվեցերորդական վայրկյանում նա անցավ հիսուն հազար կիլոմետր՝ մինչև «Լագրանժ֊2» կապի արբանյակը, որն ասես կախված էր Լուսնի ու Երկրի միջև։ Եվս մեկվեցերորդ վայրկյան, և բազմակի ուժեղացած իմպուլսը վերադարձավ, էլեկտրոնների հեղեղ տեղալով Ըրթսայդի (այսպես էին Լուսնի վրա կոչում Երկրից տեսանելի կողմը, հակառակը՝ կոչվում էր Ֆարսայդ) հյուսիսային կիսագնդի վրա։
Եթե մարդկային խոսքի վերածենք, նա բերեց մի շատ պարզ հաղորդում․ «Ալլո, Սելեն, չեմ լսում ձեր ազդանշանը։ Խնդրում եմ իսկույն պատասխանել»։
Դիսպետչերը հինգ վայրկյան ևս սպասեց, ապա վերստին իմպուլս ուղարկեց։ Ու մեկ անգամ ևս։ Էլեկտրոնային աշխարհում երկրաբանական դարաշրջաններ էին անցնում, բայց մեքենայի համբերությունը անսահման էր։
Դիսպետչերը նորից դիմեց հրահանգներին։ Հետևեց նոր հրաման․ «Միացնել 10101010 շղթան»։ Մեքենան ենթարկվեց․ և դիսպետչերականում կանաչ լամպերից մեկը փոխարինվեց կարմիրով, միաժամանակ զումմերը սկսեց տագնապալի ազդանշանով սղոցել օդը։ Եվ այժմ միայն՝ մարդիկ նույնպես իմացան, որ Լուսնի վրա մի ինչ֊որ տեղ աղետ է պատահել։ Սկզբում նորությունը տարածվում էր դանդաղ․ գլխավոր ադմինիստրատորը հավանություն չէր տալիս անհիմն խուճապին։ Է՛լ ավելի հավանություն չէր տալիս «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետ Դևիսը․ վթարներն ու տագնապները միայն փչացնում են գործը, եթե նույնիսկ (ինչպես լինում է տասից ինը դեպքում) պարզվի, որ հանցավորը այրված ապահովիչները, անսարքին անջատիչները կամ չափից դուրս զգայուն ազդանշաններն են։ Բայց Լուսնի վրա պետք էր միշտ զգույշ լինել։ Ավելի լավ է արձագանքել երևակայական վտանգին, քան ձեռքից բաց թողնել իսկականը։
Վերջապես Դևիսը դժկամորեն ընդունեց, որ այս անգամ վտանգը երևակայական չէ։ Առաջներում նույնպես պատահել է, որ Սելեինի ավտոմատ փարոսը չի աշխատել, սակայն Պաթ Հարրիսը պատասխանել է, երբ նրան կանչել են փոշեգնացի ալիքով։ Իսկ հիմա նավը լուռ է։ «Սելենը» պատասխան չտվեց նույնիսկ վթարային ալիքով, որից օգտվում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իմանալով այդ մասին, Դևիսը շտապ թողեց «Լուսնաշրջիկի» աշտարակը և ծածկված անցուղիներով մտավ Կլավի։
Դիսպետչերական մուտքի մոտ նա հանդիպեց գլխավոր ինժեներ Լոուրենսին։ Սա վատ նշան է․ ուրեմն մեկն ու մեկը ենթադրում է, որ փրկարար գործողության հարկ կլինի։ Նրանք շփոթված նայեցին մեկ֊մեկու, մտածելով միևնույն բանի մասին։
― Հուսով եմ, որ իմ օգնությունը ձեզ հարկավոր չի, ― ասաց Լոուրենսը։ ― Ի՞նչ է պատահել։ Ես միայն գիտեմ, որ հեռականչ է ուղարկվել վթարային ալիքով։ Ո՞ր տիեզերանավն է։
― Տիեզերանավ չի․․․ չի պատասխանում «Սելենը», նա Ծարավի ծովում է։
― Ծարավի ծովո՞ւմ։ Եթե նրա հետ մի որևէ բան է պատահել, մենք կարող ենք տեղ հասնել միայն փոշեսահնակներով։ Քանի անգամ եմ ասել․ մինչ զբոսաշրջիկներ տանելը, պետք է գործի գցել երկրորդ փոշեգնացը։
― Ես նույն բանն եմ ասել, բայց ֆինանսական վարչությունը վետո դրեց։ Որպես թե, երկրորդը չի լինի, քանի դեռ «Սելենը» չի ապացուցի, որ կարող է շահույթ բերել։
― Չլինի թե հանկարծ դրա փոխարեն նյութ տա թերթերին, ― մռայլ պատասխանեց Լոուրենսը։ ― Ձեզ հայտնի է իմ վերաբերմունքը Լուսնային տուրիզմին։
Դևիսը գիտեր, հիանալի գիտեր․ նրանք վաղուց էին գզում միմյանց այդ առթիվ։ Բայց առաջին անգամը լինելով, նրա գլխում միտք ծագեց, որ գլխավոր ինժեները թերևս այնքան էլ չի սխալվում։
Ինչպես միշտ, դիսպետչերականում խաղաղ էր։ Պատին կախված մեծ քարտեզների վրա մերթ վառվում, մերթ հանգչում էին կանաչ ու դեղին լույսերը՝ շատ սովորական ու քիչ նկատելի տագնապող կարմիր ազդանշանի կողքին։ «Օդ», «Էներգետիկա», «Ճառագայթում» պուլտերի մոտ, պահապան հրեշտակների նման, նստած էին հերթապահ ինժեներները, որոնք պատասխանատու էին անվտանգության համար Լուսնի մեկ քառորդում։
― Ոչ մի նորություն, ― զեկուցեց ՎՓ (վերերկրյա փոխադրականի) գծով հերթապահը։ ― Մենք դեռևս բոլորովին անտեղյակ ենք։ Գիտենք միայն, որ Ծովում մի ինչ֊որ տեղ են։ ― Նա շրջան գծեց խոշոր մասշտաբանոց քարտեզի վրա։ ― Եթե անհուսալիորեն չեն շեղվել ուղղությունից, պետք է այս շրջանում ինչ֊որ տեղ լինեն։ Ստուգման ժամանակ 19.00֊ին նավը իր երթուղում էր, շեղումը մեկ կլիոմետրից չէր անցնում։ 20.00֊ին ազդանշան չստացվեց։ Ուրեմն, վթարը պատահել է այդ վաթսուն րոպեի ընթացքում։
― Ի՞նչ տարածութուն կարող է կտրել Սելենը մեկ ժամում, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Առավելագույն արագությունը՝ հարյուր քսան կիլոմետր է, ― պատասխանեց Դևիսը։ ― Բայց սովորաբար հարյուրից պակաս է գնում։ Զբոսանք է, ինչու շտապել․․․
Նա սևեռուն հայացքով նայում էր քարտեզին, կարծես ուզում էր պատասխան պոկել նրանից։
― Եթե նրանք ծովում են, շատ չի տևի նրանց գտնելը։ Արդեն ուղարկե՞լ եք փոշեսահնակները։
― Ո՛չ, ես կարգադրության էի սպասում։
Դևիսը մի հայացք նետեց գլխավոր ինժեների վրա, որը Լուսնի այս կողմում ադմինիստրատոր Ուլսենից հետո երեց իշխանավորն էր։ Լոուրենսը մի թեթև գլխով արեց։
― Ուղարկեցե՛ք, ― ասաց նա։ ― Բայց հույս չունենաք, որ պատասխանը շուտ կգա։ Քիչ ժամանակ չի պահանջվի մի քանի հազար քառակուսի կիլոմետրը հետազոտելու համար, մանավանդ գիշերը։ Հրամայեցեք, որպեսզի նրանք գնան երթուղու երկայնքով, սկսած վերջի հայտնի վայրից։ Եվ թող, որքան հնարավոր է, լայն գոտի ընդգրկեն։
― Կարգադրությունը հաղորդելուն պես, Դևիսը տագնապահար հարցեց․
― Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։
― Շատ կարծիքներ չեն կարող լինել։ Դատելով այն հանգամանքից, որ նրանք չեն հասցրել ոչինչ հայտնել, վթարը եղել է անսպասելի։ Ուրեմն, ամենայն հավանականությամբ՝ պայթյուն։
Դևիսը գույնը գցեց։ Դիվերսանտների հավանականությունը բացառված չի, և չգիտես, թե ինչ կարելի է անել։ Տիեզերական փոխադրամիջոցները անխոցելի չեն, այդ պատճառով էլ նրանք, ինչպես նախկինում ինքնաթիռները, անզուսպ կերպով հրապուրում են որոշ հանցագործների։ Նա հիշեց «Արգո» տիեզերանավը՝ թռչում էր Վեներա, ու ոչնչացվեց մի ոմն մանյակի կողմից, որ մտադրվել էր հաշիվ մաքրել ուղևորներից մեկի հետ, որը նրան չգիտեր էլ կարգին։ Երկու հարյուր հոգի զոհվեց, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։
― Կարող է նաև ընդհարում լինել, ― շարունակեց գլխավոր ինժեները։ ― Նավը կարող էր հանկարծ մի բանի դիպչել։
― Հարրիսը շատ զգույշ նավապետ է, ― առարկեց Դևիսը։ ― Նա տասնյակ անգամ գնացել է այդ երթուղով։
― Ոչ ոք զերծ չէ սխալներից․․․ Երկրի լույսով հեշտությամբ կարելի է վրիպել հեռավորությունը որոշելիս։
Դևիսը արդեն չէր լսում նրան, նա մտածում էր, թե ինչ պետք է ձեռնարկի, եթե գործը բոլորովին վատանա։ Հարկավոր է, առանց հապաղելու՝ դիմել իրավաբաններին, պարզել վնասները հատուցելու հարցը։ Բավական է, որպեսզի ազգականներից որևէ մեկը «Լուսնաշրջիկի» գրասենյաին մի քանի միլիոնի հայց հարուցի, և եկող տարում ոչ մի ռեկլամ չի կարող հրապուրել զբոսաշրջիկներին, եթե նույնիսկ Դևիսը շահի դատը։
ՎՓ֊ի հերթապահը ջղաձգորեն հազաց․
― Թույլ տվեք առաջարկություն անել, ― դիմեց նա գլխավոր ինժեներին։ ― Եկեք հարցում անենք «Լագրանժին»։ Գուցե, աստղագետները որևէ բա՞ն նկատեն վերևից։
― Գիշե՞րը, ―թերահավատորեն հարցրեց Դևիսը։ ― Հիսուն հազար կիլոմետրի վրա՞։
― Նույնիսկ շատ հեշտությամբ, եթե «Սելենի լուսարձակները դեռևս վառվում են։ Թող փորձեն։
― Հիանալի միտք է, ― ասաց գլխավոր ինժեները։ ― Անհապաղ կապվե՛ք։
Նա ինքը պետք է մտածեր այդ մասին։ Միգուցե, էլի՞ ինչ֊որ բան բաց է թողել․․․ Առաջին անգամը չէր, որ Լոուրենսը մենամարտի էր բռնվում այդ հրաշալի ու քմահաճ աշխարհի հետ, այնքան հուզիչ իր բարի ժամանակ ու այնքան ահարկու բուռն ցասման միջոցին։ Լուսինը՝ Երկիր չէ, նա երբեք չի ընտելանա։ Եվ դա, թերևս լավ է․ չէ՞ որ հենց նրա վայրի բնության կանչն ու մշտական ռիսկի հանգամանքն է, որ հրապուրում է այստեղ և՛ զբոսաշրջիկներին, և՛ հետազոտողներին։ Իհարկե, առանց զբոսաշրջիկների ավելի հանգիստ կլիներ։ Բայց եթե նրանք չլինեին, իր աշխատավարձը քիչ կլիներ։
Իսկ այժմ ճանապարհ ընկնելու ժամանակն է։ Հարկավ, գործը դեռևս կարող է բարեհաջող վերջավորություն ունենալ։ «Սելենը» կհայտնվի, նույնիսկ չտարակուսելով, թե ինչ իրարանցում է առաջ բերել։ Բայց Լոուրենսը չգիտես ինչու կասկածում էր դրանում, և գնալով նրա անհանգստությունն աճում էր։ Եվս մեկ ժամ կարելի է սպասել, ապա նա տեղական հաղորդակցության մերձուղեծրային հրթիռով կմեկնի Պորտ֊Ռորիս, իսկ այնտեղից՝ դեպի իրեն սպասող թշնամի, Ծարավի ծովը․․․
Երբ «Լագրանժի» վրա սկսեց առկայծել տագնապի կարմիր ազդանշանը, փիլիսոփայության դոկտոր Թոմաս Լոուսոնը պինդ քնած էր։ Արթնանալով, նա մի պահ ջղայնացավ․ թեև անկշռելիության պայմաններում օրվա մեջ երկու ժամ քնելն էլ բավական է, ցավալի է, որ դրանից էլ են զրկում։ Բայց ահա ռադիոգրի իմաստը հասավ նրան, և քունը միանգամից փախավ։ Կարծես, վերջապես առիթ է ներկայացել ինչ֊որ օգտակար բան անել։
Թոմ Լոուսոնը իրեն շատ վատ էր զգում «Լագրանժ-2-ի» վրա։ Նա երազում էր գիտական աշխատանքի մասին, իսկ այստեղ պարզապես չի կարելի կենտրոնանալ։ Լուսնի և Երկրի միջև տիեզերական լարախաղացի նման (ձգողության օրենքի էֆեկտներից մեկը) արբանյակը տիեզերագնացների համար մի տեսակ բանբեր էր ծառայում։ Թռչելով նրա մոտով, տիեզերանավերը նրանով ստուգում էին իրենց տեղը, այն օգտագործում էին որպես կապի հանգույց, միայն թե չէին մոտենում նամակներ վերցնելու․․․ «Լագրանժը» նաև ռելեական կայան էր լուսնային ռադիոկապի գրեթե բոլոր կանալների համար, չէ որ նրա տակ տարածվում էր Երկրից տեսանելի կողմը։
Հարյուր սանտիմետրանոց հեռադիտակը նախատեսված էր Լուսնից միլիարդավոր անգամ հեռու գտնվող երկնային մարմինները դիտելու համար, բայց նա շատ հարմար էր այն խնդրի համար, որ այժմ ստացել էր Լոուսոնը։ Այդպիսի մոտիկ տարածության վրա տեսանելիությունը հիանալի էր նույնիսկ ամենափոքր խոշորացման դեպքում։ Թոմը կախված էր ճիշտ Անձրևների ծովի վրա, դիտելով առավոտյան արևով լուսավորված Ապենինների սուր գագաթները։ Նա վատ գիտեր Լուսնի աշխարհագրությունը, սակայն առանց դժվարության կարողանում էր տարբերել Արքիմեդի ու Պլատոնի, Արիստոտելի ու Եվդոկսի հսկա խառնարանները, Ալպիական հարթավայրի սև սպին, Պիկոյի միայնակ բուրգը, որից սկիզբ էր առնում մի երկար ստվեր։
Բայց ցերեկային մասը հիմա չէր հետաքրքրում Լոուսոնին։ Նրա փնտրած առարկան գտնվում էր խավարով պատած կիսագնդում, որտեղ դեռևս արևը չէր ծագել։ Ու դա ինչ֊որ բանով նույնիսկ հեշտացնում էր նրա խնդիրը․ կարելի կլինի հեշտությամբ հայտնաբերել ազդանշանային բռնկումը՝ նույնսիկ գրպանի լապտերի լույսը։ Նա քարտեզով ստուգեց կոորդինատներն ու սեղմեց հեռադիտակի կառավաման կոճակները։ Այգաբացից բոցավառված լեռները մի կողմ գնացին, տեղը զիջելով լուսնային գիշերվա թանձր խավարին, որը հենց նոր էր կլանել մի երկտասնյակ մարդ․․․
Սկզբում Լոուսոնը ոչինչ չտեսավ, ու, համենայն դեպս, ոչինչ՝ նման առկայծող լապտերին, որն իր կանչը հղեր առ աստղեր։ Ապա, երբ աչքերը սովորեցին, նա նկատեց, որ ներքևում թագավորող խավարը համատարած չէ։ Երկրով լուսավորված լուսնային մակերևույթը հազիվ տեսանելի մի շող էր արձակում։ Եվ որքան երկար էր նայում նա, այնքան ավելի մանրամասներ էր ջոկում։
Ահա Ծիածանի ծովախորշից արևելք ընկած լեռները սպասում են մոտեցող այգաբացը․․․ Իսկ ահա, սպասիր, այն ի՞նչ աստղ է այնտեղ, մթության մեջ։ Բայց այն է հա ծնվող հույսը անմիջապես կորավ․ Թոմի տեսածը ընդամենը Պորտ֊Ռորիսի լույսերն էին, որտեղ այդ նույն պահին այնպիսի անհամբերությամբ սպասում էին, թե ինչ կասի ինքը։
Մի քանի րոպե ևս՝ ու նա հասկացավ․ տեսողական զննումը ոչինչ չի տա։ Այլ բան է ցերեկը՝ նա անմիջապես կհայտնաբերեր «Սելենը» այն երկար ստվերով, որ նա կգցեր Ծովի վրա։ Իսկ հիմա, երբ Լուսինը լուսավորված է միայն Երկրի թույլ լույսով, մարդկային աչքը այնքան զգայուն չէ, որպեսզի հիսուն հազար կիլոմետր բարձրությունից նշմարի ավտոբուսից ոչ մեծ առարկան։
Այնուամենայնիվ, Թոմը չհուսահատվեց։ Նա չէր էլ սպասում, թե առաջին իսկ փորձից կգտնի նավը։ Մեկ ու կես դար է անցել այն ժամանակներից, երբ աստղաբաշխների միակ հույսը իրենց աչքերն էին։ Այժմ նրանք ունեն շատ ավելի նուրբ սարքեր՝ լույսը ուժեղացնող ու ճառագայթումը հայտնաբերող մի ամբողջ շարք գործիքներ։ Լոուսոնը չէր տարակուսում, որ այդ սարքերից մեկը կհայտնաբերի «Սելենը»։
Նա այդքան վստահ չէր լինի, եթե իմանար, որ «Սելենը» Լուսնի մակերևույթի վրա չէ․․․
Գլուխ չորրորդ
«Սելենը» արդեն կանգ էր առել, իսկ շվարած ուղևորները դեռևս նստած էին լուռ։ Նավապետ Հարրիսը առաջինը ուշքի եկավ՝ նա այդ բոլորից միակն էր, որ գլխի ընկավ, թե ինչ է կատարվել։
Պարզ է․ ստորերկրյա դատարկություն։ Նրանք այստեղ հազվադեպ չեն, թեպետ մինչ այժմ դրանցից չեն հայտնաբերվել Ծարավի ծովի տակ։ Ինչ որ բան փլվել է Լուսնի ընդերքում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ «Սելենի» ծանրությունը, որքան էլ այն փոքր է, վերջին կաթիլը եղավ։ Պաթը ծանրորեն վեր կացավ տեղից, հարցնելով ինքն իրեն, թե ինչ և ինչպես ասել ուղևորներին։ Այս դեպքում արդեն չես կարող այնպես ձևանալ, թե իբր ամեն ինչ կարգին է և հինգ րոպե անց նավը կշարունակի իր ճանապարհը։ Ինչ խոսք, վաղ թե ուշ, պետք է հայտնել ճշմարտությունը, բայց հիմա գլխավորը նրանց հանգստացնելն է։
Նա որսաց միսս Ուիլքինզի հայացքը։ Գունատ, բայց զգաստ, նա կանգնած էր խցիկի ետնամասում, լարված ու սպասող ուղևորների թիկունքում։ Պաթ Հարրիսը գիտեր, որ կարող է հույսը դնել նրա վրա և քաջալերիչ ժպտաց նրան։
― Կարծես, մեր բախտը չբերեց, ― անկաշկանդ սկսեց խոսել նա։ ― Եղածը մի փոքր վթար է, ինչպես դուք ինքներդ հավանաբար, նկատեցիք։ Ավելի վատ կարող էր լինել։
«Օրինա՞կ, ― մտովի հարցրեց նա իրեն։ ― Դե, ասենք, ճեղքվածք նավիրանի վրա․․․ Քո կարծիքով, ավելի լավ է հոգևարգը երկարաձգե՞լ»։ Մեծ ջանք գործադրելով՝ Պաթը ընդհատեց ներքին մենախոսությունը։
― Տեղի է ունեցել փլուզում՝ լուսնաշարժ, եթե ուզում եք։ Տագնապահար լինելու կարիք չկա։ Եթե նույնիսկ մենք էլ չկարողանանք դուրս պրծնել, Պորտ֊Ռորիսը անհապաղ մեզ օգնության կհասնի։ Իսկ առայժմ․․․ միսս Ուիլքինզը հենց պատրաստվում էր բաժանել խորտիկները։ Այսպես ուրեմն, հանգստացեք, իսկ ես այդ ժամանակամիջոցում միջոցներ կձեռնարկեմ։
Կարծես, ամեն ինչ լավ անցավ։ Պաթը մտովի թեթև շունչ քաշեց ու դարձավ դեպի ղեկավարման պուլտը, բայց հենց նույն պահին նկատեց, որ ուղևորներից մեկը ծխում է։
Ակամա արարք․․․ Ինքը նույնպես դեմ չէր ծխելուն։ Որպեսզի չփչացնի նոր իսկ արտասանած իր փոքրիկ ճառի տպավորությունը, Պաթը ոչինչ չասաց։ Սակայն նրա հայացքը ամեն ինչ ասաց ուղևորին։ Սիգարեթը հանգցվեց անմիջապես, մինչ նավապետը կհասցներ տեղավորվել իր բազմոցում։
Նա միացրեց իր ընդունիչը, բայց մինչ այդ նրա թիկունքում սկիզբ էր առել աշխույժ խոսակցություն։ Երբ միաժամանակ խոսում են մի քանի հոգի, նույնիսկ չլսելով առանձին խոսքերը, կարող ես որոշել նրանց տրամադրությունը։ Պաթ Հարրիսը ընկալեց դժգոհություն, հուզմունք, նույնիսկ զվարճություն, բայց երկյուղ դեռևս չէր նկատվում։ Թերևս, խոսակիցները լիակատար պատկերացում չունեին, թե որքան լուրջ էր վտանգը։ Իսկ ովքեր հասկացել էին, լուռ էին։
Լռում էր նաև եթերը։ Պաթը փորձեց բոլոր ալիքները, բայց լսելի էր միայն թույլ շրշյուն՝ փոշու զանգվածում պահպանված լիցքերի պարպումն էր։ Զարմանալի ոչինչ չկա․ այդ անիծված նյութը շատ մետաղ է պարունակում ու ստեղծում է գրեթե իդեալական մի էկրան։ Այն չի անցկացնի ո՛չ ռադիոալիքներ, ո՛չ հնչյուններ․ փորձել մի որևէ բան հաղորդել այստեղից՝ միևնույն է, թե բղավես փետուրով լի ջրհորի հատակում կանգնած։
Պաթը փարոսին միացրեց վթարային հաճախականության մի հզոր հեղեղ, որպեսզի նա ավտոմատ կերպով աղետի ազդանշաններ ուղարկի։ Եթե հաջողվի էլ մի որևէ բան դուրս հաղորդել, միայն այս ալիքով։ Պորտ֊Ռորիսին կանչելը օգուտ չունի և, բացի այդ, նրա ապարդյուն փորձերը կարող են սոսկ տագնապ ազդել ուղևորներին։ Նա ընդունիչը թողեց միացված «Սելենի» բանուկ ալիքի վրա՝ ո՞վ գիտի, հանկարծ մեկն ու մեկը պատասխանի։ Պաթը գիտեր, որ բացառված է։ Ոչ ոք նրանց չի լսի ու ոչ ոք նրանց հետ չի խոսի։ Նրանք այնպես հիմնովին են կտրված մարդկությունից, ասես նա ամենևին գոյություն չունի։
Բավական է մտածել այդ մասին, նա շատ ու շատ ուրիշ գործեր ունի։ Ուշի֊ուշով նա ստուգեց սարքերի ցուցմունքները։ Ամեն ինչ կարգին էր, միայն թե խցիկում օդի ջերմաստիճանը փոքր֊ինչ բարձրացել էր։ Բայց դա նույնպես բնական է․ փոշե վերմակը նրանց պաշտպանում է տիեզերական սառնամանիքից։
Այդ վերմակի հաստությունն ու քաշը նավապետին մտահոգում էին հատկապես։ «Սելենի» վրա ճնշում է ինը հազար տոննա փոշի, իսկ չէ որ նրա նավիրանը հարմարեցված է ներքին, այլ ոչ թե արտաքին ճնշմանը դիմադրելու համար։ Եթե նավը չափից ավելի սուզվի, նավիրանը ձվի կեղևի նման կփշրվի։
Ի՞նչ խորության վրա են նրանք այժմ։ Երբ աստղալից երկնքի վերջին կտորը անհետացավ տեսողությունից, մինչև մակերեսը տասը մետր էր, սակայն փոշու նստվածք տալը «Սելենին» կարող էր ավելի խոր քաշել։ Թերևս, արժե, թեպետ դա կավելացնի թթվածնի ծախսումը՝ բարձրացնել ճնշումը ներսում և այդպիսով մասամբ համակշռել դրսինի հետ։
Շատ դանդաղ, որպեսզի ոչ մեկի ականջները չփակվեն ու նրա շարժումները ուշադրություն չգրավեն, Պաթ Հարրիսոնը բարձրացրեց օդի ճնշումը խցիկում քսան տոկոսով։ Դրանից հետո նրա սիրտը քիչ թեթևացավ։ Եվ ոչ միայն նրա․ հազիվ էր մանոմետրի սլաքը կանգնել նոր նշագծում, երբ մի հանդարտ ձայն նավապետի թիկունքում ասաց․
― Հրաշալի միտք էր։
Ո՞վ է, որ իր քիթը խոթում է գործերիս մեջ։ Պաթը կտրուկ շրջվեց, բայց զայրալից խոսքերը դուրս չեկան նրա բերանից։ Նստելու ժամանակ նավապետը աճապարելով՝ ուղևորների մեջ ոչ մի ծանոթ դեմք չէր նկատել, բայց և այնպես, նա հաստատ ինչ֊որ տեղ տեսել էր թիկնեղ ճերմակած այդ տղամարդուն, որ կանգնած էր այժմ նրա բազմոցի մոտ։
― Ես չեմ ուզում աներեսություն անել, նավապետ, դուք եք տնօրինում այստեղ։ Բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք ներկայանալ, գուցե իմ կարիքն զգաք։ Կոմոդոր Հանստե՛ն։
Պաթը բերանը բաց, աչքերը չռած նայում էր այն մարդուն, որը ղեկավարել էր առաջին արշավախումբը դեպի Պլուտոն և գլխավորում էր մոլորակներն ու Լուսինը նվաճողների ցանկը։ Զարմանքից ապշած՝ նա կարողացավ լոկ արտասանել․
― Ուղևորների ցուցակում դուք չկայի՛ք։
Կոմոդորը ժպտաց։
― Այո, ես գրանցվել եմ որպես Հանսոն։ Պաշտոնաթող վիճակում էլ չեմ կորցրել հետաքրքրությունս ճանապարհորդությունների հանդեպ, բայց հրամանատարություն թող անեն ուրիշները։ Բավական էր, որ ես սափրեի մորուքս, և արդեն ոչ ոք ինձ չի ճանաչում։
― Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, ― ջերմությամբ ասաց Պաթը։
Կարծես ինչ֊որ մեկը թեթևացրեց իր ուսերին ծանրացած բեռը։ Հարկավ, այս մարդը թև ու թիկունք կլինի դժվարին ժամերին, կամ օրերին, որ դեռ սպասում են նրանց։
― Եթե դուք չեք առարկում, ― քաղաքավարի շարունակեց Հանստենը, ― կցանկանայի կշռադատել մեր հնարավորությունները։ Կամ պարզապես ասած․ ինչքա՞ն կարող ենք դիմանալ։
― Ինչպես միշտ, դա կախված է թթվածնից։ Մեր պաշարը կբավականացնի յոթ օր, եթե կորուստներ չլինեն։ Առայժմ, կարծես, այդպիսիք չկան։
― Ուրեմն, խորհելու ժամանակ կա։ Իսկ ինչպիսի՞ն է պարենի, ջրի վիճակը։
― Կուշտ չենք լինի, բայց սովից էլ չենք մեռնի։ Ունենք խտածոների վթարային պաշար, օդամաքրիչները մեզ կապահովեն ջրով։ Մի խոսքով դա պրոբլեմ չէ։
― Էլեկտրոէներգիա՞ն։
― Ինչքան ուզեք, չէ որ մոտորները հիմա ոչինչ չեն վատնում։
― Ես նկատեցի, որ դուք նույնիսկ չփորձեցիկ կանչել խարսխակայանը։
― Հարկ չկա, մենք պարուրված ենք փոշե էկրանով։ Ես միացրել եմ վթարային ալիքը, էկրանը թափանցելու միակ և չնչին հույսը․․․
― Նրանց հարկ կլինի թերևս էլի մի բան հորինել։ Ի՞նչ եք կարծում, նրանք երկա՞ր կորոնեն մեզ։
― Դժվար է ասել։ Որոնումները կսկսվեն, հենց որ նկատեն, որ 20.00֊ին չի ստացվել մեր ազդանշանը։ Մեր անհետացման վայրը շուտ կորոշեն։ Բայց չէ որ, անկասկած, մենք ոչ մի հետք չենք թողել մակերեսի վրա։ Դուք ինքներդ տեսաք, այդ փոշին ամեն ինչ կլանում է։ Եվ նույնիսկ եթե մեզ գտնեն էլ․․․
― Ինչպե՞ս կփրկեն նրանք մեզ։
― Իսկապես։
Քսանհոգանոց փոշեգնացի նավապետն ու տիեզերանավերի կոմոդորը նայում էին իրար, մտածելով միևնույն բանի մասին։ Հանկարծ ինչ֊որ մեկը՝ դատելով արտասանությունից, զտարյուն մի անգլիացի, բացականչեց՝ խլացնելով աղմուկը․
― Հավատացնում եմ ձեզ, միսս, որ սա առաջին կարգին թեյն է, որ խմում եմ Լուսնի վրա։ Ես արդեն մտածում էի, որ այստեղ ընդհանրապես չեն կարողանում թեյ եփել։ Ապրե՛ք։
Կոմոդորը մեղմ ծիծաղեց։
― Նա ձեզ պետք է շնորհակալ լինի, և ոչ թե ստյուարդուհուն, ― ասաց նա՝ գլխով անելով խտաչափի կողմը։
Պաթը ի պատասխան թույլ ժպտաց։ Ինչ ճիշտ է, ճիշտ է․ հիմա, երբ ավելացրել էր ճնշումը խցիկում, ջուրը եռում էր համարյա սովորական ջերմաստիճանում, ինչպես Երկրի վրա։ Եվ կարելի է ունենալ լավ տաք խմելիք, և ոչ թե գոլ անհամ խմիչք։ Ինչ խոսք, թեյ պատրաստելու արտառոց եղանակ է՝ ինչպես անեկդոտում, երբ խոզ խորովելու համար տուն են հրդեհում․․․
― Գլխավորն այն է, ― նորից միջամտեց կոմոդորը, ― թույլ չտալ, որպեսզի ուղևորները վհատվեն։ Փորձեք սիրտ տալ նրանց, պատմեցեք, թե ինչպես են ընթանում որոնումները։ Միայն թե մի չափազանցեք, այնպիսի տպավորություն մի ստեղծեք, թե չանցած մի կես ժամ, դրսից կթակեն նավիրանը։ Դա կբարդացնի կացությունը, եթե․․․ ասենք, եթե հարկ լինի սպասել մի քանի օր։
― Մեր փրկարար ծառայությունը նկարագրելը շատ ժամանակ չի պահանջի, ― պատասխանեց Պաթը։ ― Բայց շիտակն ասած, այն նախատեսված չէ նման դեպքերի համար։ Երբ նավը վթարի է ենթարկվում Լուսնի վրա, նրան հեշտությամբ կարելի է գտնել արբանյակներից մեկի օգնությամբ՝ «Լագրանժ-2֊ով», որը Ըրթսայդի վրա է, «Լագրանժ֊1֊ով», որը Ֆարսայդի վրա է։ Սակայն հազիվ թե նրանք օգնեն։ Ես արդեն ասացի․ չէ՞ որ հետքեր չկան։
― Չգիտեմ, հավատալս չի գալիս։ Երկրի վրա, երբ նավ է խորտակվում, միշտ հետքեր մնում են ջրի մակերեսի վրա․ պղպջակներ, յուղի հետքեր, բեկորներ։
― Այդպես է Երկրի վրա։ Խորն ենք մենք, թե ոչ՝ այստեղից մակերես ոչինչ դուրս չի գա։
― Մնում է միայն սպասե՞լ։
― Այո, ― պատասխանեց Պաթը։ Նայեց թթվածնի խտաչափին ու ավելացրեց․ ― մի բան պարզ է՝ մենք կարող ենք սպասել մեկ շաբաթից ոչ ավելի։
Լուսնի վերևում՝ հիսուն հազար կիլոմետր բարձրության վրա, Թոմ Լոուսոնը մի կողմ դրեց իր արած վերջին լուսանկարը։ Նա խոշորացույցով զննեց պատկերների յուրաքանչյուր քառակուսի միլիմետրը։ Նկարները հիանալի են։ Պատկերման էլեկտրոնային ուժեղացուցիչը, որ միլիոնավոր անգամ զգայուն է մարդու աչքից, բոլոր մանրամասները երևան էր բերել այնպիսի հստակությամբ, ասես հարթության վրա արդեն ծագել էր արևը։ Լոուսոնը նույնիսկ գտավ փոշեսահնակներից մեկը, ավելի ճիշտ, նրա երկար ստվերը։ Բայց «Սելենի» հետքն անգամ չէր երևում․․․ Ծովն այնքան հարթ ու խաղաղ էր, ինչպես մինչև Լուսնի վրա մարդու հայտնվելը։ Հավանաբար, նա այդպիսին կլինի նաև մարդկանց չքացումից բազում դարեր անց։
Թոմը չէր սիրում իրեն պարտված ճանաչել, նույնիսկ շատ ավելի պակաս լուրջ հարցերում։ Նա հաստատ հավատում էր, որ կարելի է լուծել ուզածդ խնդիրը, հարկավոր է միայն ճիշտ ձեռնարկել ու ստույգ միջոցների դիմել։ Գիտնականի ինքնասիրությունը վիրավորված էր․ որ խոսքը բազմաթիվ մարդկանց կյանքի մասին էր, նրան գրեթե չէր հուզում։ Լոուսոնին մարդիկ քիչ էին հետաքրքրում, բայց տիեզերքը նա հարգում էր։ Ու նրա ու տիեզերքի միջև մի տեսակ մենամարտ էր գնում։
Մանրախնդրորեն ու անվրդով նա գնահատեց իրադրությունը։ Իսկ ինչպե՞ս կմոտենար այդ հարցին մեծ Հոլմսը (Թոմի համար տիպական էր․ միակ մարդը, որին նա հիրավի հարգում էր, երբեք գոյություն չէր ունեցել)։ «Սելենը» բաց ծովում չկար, միայն մի հնարավորություն էր մնում։ Աղետը պատահել է ափից ոչ հեռու, կամ լեռների մոտ մի ինչ֊որ տեղ։ Ավելի շուտ այն շրջանում, որ հայտնի է (նա նայեց քարտեզին) Խառնարանային լիճ անունով։ Այո, ամեն ինչ վկայում է այն մասին, որ վթարանքը պատահել է այստեղ․ այլ ոչ հարթ, որևէ խոչընդոտից զուրկ տափարակի վրա։
Թոմ Լոուսոնը վերստին աչքի անցկացրեց լուսանկարները, մանրամասն զննելով լեռները։ Ու իսկույն հանդիպեց նոր դժվարության։ Ծովի եզերքին ցցված էին տասնյակ անջատ֊անջատ ինչ֊որ զանգվածներ, և նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել կորած փոշեգնացը։ Բայց որ ամենավատթարն էր՝ շատ վայրամասեր նա, ինչպես հարկն էր, չկարողացավ դիտել․ լեռները խանգարում էին։ «Լագրանժից» Լուսինը գնդաձև էր, և հեռանկարը խիստ աղավաղված։ Լեռների երեսից Խառնարանային լիճը նա ընդհանրապես չտեսավ։ Թոմին չէր փրկում նաև այն, որ նա սավառնում էր հսկայական բարձրության վրա․ միայն փոշեսահնակները կարող են հետազոտել այդ շրջանը։
Հարկավոր է կապվել Ըրթսայդի հետ և զեկուցել, թե ինչ է արված արդեն։
― Խոսում է Լոուսոնը, «Լանգրան֊2֊ը», ― սկսեց նա, երբ կապի հանգույցը նրան միացրեց ցանցին։ ― Ես հետախուզեցի Ծարավի ծովը, հարթավայրի վրա ոչինչ չկա։ Ըստ երևույթին, ձեր նավը ծանծաղուտի մեջ է խրվել ափի մոտ։
― Շնորհակալություն, ― արտասանեց մի ընկճված ձայն։ ― Դուք հավատացա՞ծ եք։
― Միանգամա՛յն։ Ես զանազանում եմ ձեր փոշեսահնակները, իսկ նրանք չորս անգամ փոքր են «Սելենից»։
― Նշմարելի որևէ բան կա՞ ծովի ափերի մոտ։
― Չափազանց շատ են մանրուքները, որոշակի ոչինչ չի կարելի ասել։ Տեսնում եմ «Սելենի» մեծության հիսուն, հարյուր առարկաներ։ Այժմ գիշեր է այնտեղ, մի մոռացեք։
― Մենք շատ շնորհակալ ենք օգնության համար։ Մի որևէ բան նկատելուն պես, հաղորդեցեք։
― Կլավիում «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը տխուր լսում էր Լոուսոնի զեկույցը։ Ինչ արած, ժամանակն է հայտնել մոտիկ ազգականներին․․․ Այլևս անիմաստ է պահել գաղտնիքը, ասենք պարզապես հնարավոր էլ չէ։
Դիմելով ՎՓ֊ի գծով հերթապահին, նա հարցրեց․
― Ուղևորների ցուցակն ստացվե՞ է։
― Հենց հիմա տելեֆաքսով հաղորդում են Պորտ֊Ռորիսից։ Պատրա՛ստ է։ ― Հերթապահը Դևիսին մեկնեց նեղ ժապավենը։ ― Կարևոր մարդ կա՞ նավում։
― Բոլոր ուղևորներն էլ հավասարապես կարևոր են, ― սառը պատասխանեց գրասենյակի պետը, առանց գլուխը բարձրացնելու։ Ու անմիջապես բացականչեց․ ― Տե՜ր աստված։
― Ի՞նչ պատահեց։
― Կոմոդոր Հանստենը «Սելենի» վրա է։
― Հանստե՞նը։ Ես չգիտեի, որ նա Լուսնի վրա է։
― Մենք գաղտնի էինք պահում։ Մտածում էինք նրան ներգրավել «Լուսնաշրջիկի» գործունեության մեջ, միևնույն է նա ծառայության մեջ չէ։ Կոմոդորը պատասխանեց, որ սկզբում կցանկանար շրջապատի հետ ծանոթանալ, և անպայման ծպտյալ։
Նրանք լռեցին, խորհելով բախտի քմահաճույքի մասին։ Տիեզերքի մեծագույն հերոսներից մեկը՝ և ահա, կորել է անհայտ, ինչպես շարքային զբոսաշրջիկը հիմար վթարի ժամանակ Երկրի կորած֊մոլորած անկյունում․․․
― Դժբախտություն էր այս ճանապարհորդությունը կոմոդորի համար, ― արտասանեց վերջապես հերթապահը։ ― Կամ բարեբախտություն մյուս ուղևորների համար։ Եթե նրանք դեռևս կենդանի են։
― Ճիշտ այդպես․ այժմ, երբ աստղադիտարանը, գլուխ չհանեց, նրանց միայն բախտը կփրկի, ― ասաց Դևիսը։
Բայց նա շտապում էր բանի տեղ չդնել «Լագրանժ֊2֊ին», դոկտոր Թոմ Լոուսոնը դեռևս իր չբացված խաղաթղթերն ուներ։
Այդպիսիք ուներ նաև ճիզվիտական ընկերության անդամ, վերապատվելի Վինսենտ Ֆերրարոն, բոլորովին այլ խառնվածքի մի գիտնական։ Ափսո՜ս, որ նրան ու Թոմ Լոուսոնին բախտ չի վիճակվի հանդիպելու՝ կստացվեր մի հիանալի հրախաղություն։ Հայր Ֆերրարոն հավատում էր աստծուն ու մարդուն, դոկտոր Լոուսոնը չէր հավատում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին։
Վինսենտ Ֆերրարոն իր գիտական կարիերան սկսեց որպես գեոֆիզիկոս, այնուհետև մի աշխարհը փոխարինեց մեկ ուրիշով ու դարձավ սելենոֆիզիկոս․ բայց այդ կոչումը նա հիշում էր միայն այն ժամանակ, երբ դառնում էր վարժապետ։ Լուսնի ընդերքի մասին ոչ ոք այնքան բան չգիտեր, որքան նա․ այդ գիտելիքները ձեռք բերելու գործում Ֆերրարոյին օգնում էին այն բազմաթիվ սարքավորումները, որոնք հնարամտորեն տեղաբաշխված էին Երկրի հավերժական արբանյակի մակերևույթով մեկ։
Այդ սարքավորումները շատ հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին նրան․ Գրինվիչի ժամանակով 19 ժամ 35 րոպե 47 վայրկյանին Ծիածանի ծովախորշի շրջանում տեղի ունեցավ ուժեց ցնցում։ Տարօրինակ է՝ անվրդով Լուսնի այդ մարզը մինչ այժմ հատկապես կայուն էր համարվում։ Ֆերրարոն իր հաշվիչ մեքենաներին հանձնարարություն տվեց ճշտել, թե որտեղ է գտնվում տեղաշարժության օջախը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք սարքերը չեն գրանցել այլ խոտորումներ։ Ապա գնաց ճաշարան․ այդտեղ էլ հենց նա իր պաշտոնակիցներից լսեց, որ կորել է «Սելենը»։
Հաշվիչ ոչ մի մեքենա չի կարող համեմատվել մարդկային ուղեղի հետ, երբ հարկավոր է կապակցել կարծես ամենևին անկախ փաստերը։ Վինսենտ Ֆերրարոն առաջին պատառը դեռ կուլ չտված, երկուսը բազմապատկեց երկուսով ու ստացավ միանգամայն հավանական, բայց ավա՜ղ, ոչ ճիշտ պատասխանը։
Գլուխ հինգերորդ
― Ահա թե ինչպիսին է իրավիճակը, տիկնայք ու պարոնայք, ― եզրափակեց կոմոդոր Հանստենը։ ― Ուղղակի վտանգ չի սպառնում մեզ, և ես չեմ տարակուսում, որ մեզ շատ շուտով կգտնեն։ Իսկ առայժմ՝ գլուխներդ բարձր պահե՛ք։
Կոմոդորը լռեց, շրջահայելով հուզված դեմքերը։ Նա արդեն նկատել էր մի քանի «թույլ օղակներ»․ ահա այն վտիտ տղամարդը, որ տառապում է դեմքի մկանագելանքով, ասենք այն սմքած թթվադեմ տիկինը նույնպես, որ ջղայնորեն ճմրթում է թաշկինակը։ Միգուցե, նրանք չեզոքացնե՞ն միմյանց, եթե որևէ պատրվակով նրանց նստեցնել իրար կողքի․․․
― Նավապետ Հարրիսը և ես, ― հրամանատարը այստեղ նա է, ես միայն նրա խորհրդականն եմ, ― գործողության ծրագիր ենք մշակել։ Սնունդը համեստ կլինի, խիստ նորմայով, բայց միանգամայն կբավարարի, առավել ևս, որ ուժ վատնելու կարիք չունեք դուք։ Մենք կցանկանայինք խնդրել կանանցից մեկին օգնելու միսս Ուիլքինզին։ Նա շատ հոգսեր կունենա, մենակ դժվար կլինի նրա համար։ Սակայն գլխավոր վտանգը, անկեղծ ասած, ձանձրույթն է։ Ի դեպ, որևէ մեկը իր հետ գիրք վերցրե՞լ է։
Բոլորը սկսեցին քրքրել իրենց պայուսակներն ու թղթապանակները։ Հանեցին՝ Լուսնային ուղեցույցների մի լրիվ հավաքածու, ներառյալ վեց օրինակ պաշտոնական տեղեկատուներ, «Նարինջ և խնձոր» նորագույն բեստելերը, որը նվիրված է մի փոքր անսպասելի թեմայի՝ Նել Գվինի և սըր Իսահակ Նյուտոնի սիրաբանությանը, «Շեյնը»՝ հարվարդ Պիեսի հրատարակությամբ և անգլերեն լեզվի մի պրոֆեսորի գիտական մեկնաբանություններով, Օգյուստ Կոնտի տրամաբանական պուլիտիվիզմի ուրվագիծը և «Նյու֊Յորք Թայմսի» մի օրինակ՝ անցյալ շաբաթվա, երկրային հրատարակությամբ։ Հարուստ գրադարան չէ, բայց եթե հմտորեն մոտենալ, կարելի է երկար զբաղվել նրանով։
― Առաջարկում եմ ստեղծել զվարճությունների հանձնաժողով, թող նա որոշի, թե ինչպես դրանք օգտագործել։ Չգիտեմ միայն, թե պետք կգա՞ արդյոք մսյո Կոնտը․․․ Բայց գուցե հարցե՞ր ունեք։ Միգուցե դուք ցանկանում եք, որպեսզի նավապետ Հարրիսը կամ ես մանրամասն պարզաբանումնե՞ր տանք։
Ես կցանկանայի պարզել մի հարց, ― միջամտեց այն նույն ձայնը, որ գովեստով էր արտահայտվում թեյի մասին։ ― Հնարավո՞ր եք համարում մեր մակերես դուրս գալը։ Չէ՞ որ, եթե այս փոշին իրեն պահում է ջրի նման, մեզ կարող է դուրս մղել ինչպես խցան։
Անգլիացու հարցը կոմոդորին հանկարծակիի բերեց։ Նա շրջվեց դեպի Պաթը և փնթփնթաց․
― Դա վերաբերում է ձեզ, միստր Հարրիս։ Ի՞նչ կասեք։ ― Պաթը գլուխը ճոճեց․
― Վախենում եմ, դրա վրա հույս չպետք է դնել։ Իհարկե, խցիկում եղած օդը մեզ մեծ լողունակություն է տալիս, սակայն փոշու դիմադրությունը չափազանց մեծ է։ Սկզբունքով, մենք «ջրի երես» դուրս կգանք մի քանի հազար տարի հետո։
Բայց ալներևաբար, անգլիացուն համոզելը շատ էլ հեշտ չէր։
― Օդասահանքում ես տեսա տիեզերկան սկաֆանդր։ Կարելի՞ է նրանով մակերես դուրս գալ։ Այն ժամանակ փրկարարները անմիջապես կիմանան մեր տեղը։
Պաթը տատամսեց․ նա էր կարողանում միայն վարվել այդ սկաֆանդրի հետ, որը նախատեսված էր վթարային դեպքերի համար։
― Ես գրեթե համոզված եմ, որ դա հնարավոր չէ։ Հազիվ թե մարդը կարողանա հաղթահարել նման ուժեղ դիմադրությունը։ Դրան ավելացրած նաև այն, որ նա կույր կլինի։ Ինչպե՞ս կարող է նա որոշել՝ որն է վերևը, և հետո, ինչպե՞ս նրա հետևից փակել արտաքին դուռը։ Եթե փոշին թափանցի սահանքախցիկը, նրանից այլևս պրծում չի լինի։ Այն չի կարելի դուրս մղել։
Պաթը թերևս կարող էր շարունակել, բայց որոշեց, որ այդ էլ բավական է։ Եթե շաբաթվա վերջում փրկարարները չգտնեն նրանց, թերևս հարկ կլինի փորձել ամենահուսահատական միջոցները։ Բայց ավելի լավ է այժմ այդ մասին չխոսել, նույնիսկ չմտածել, հոգու արիությունը չկորցնելու համար։
― Եթե այլևս հարցեր չկան, ― միջամտեց կոմոդոր Հանստենը, ― ես առաջարկում եմ, որպեսզի յուրաքանչյուրը ներկայանա։ Ցանկանում ենք, թե ոչ՝ մենք պետք է վարժվենք միմյանց։ Եվ այսպես, եկեք ծանոթանանք։ Ես կանցնեմ խցի երկայնքով, իսկ դուք հերթով կասեք ձեր ազգանունը, զբաղմունքը, քաղաքը։ Խնդրեմ, սըր։
― Ռոբերտ Բրայեն, ինժեներ, թոշակառու, Քինգստոն, Յամայկա։
― Իրվինգ Շաստեր, փաստաբան, Չիկագո։ Տիկինս՝ Մայրա։
― Նիհալ Ջայավարդեն, կենդանաբանության պրոֆեսոր, Ցեյլոնի համալսարան, Պերադենիա։
Ծանոթությունը շարունակվում էր։ Պաթը նորից շնորհակալությամբ մտածեց այն մասին, թե ինչպես իր բախտը բերեց այդ հուսահատ վիճակում։ Իր բնավորությամբ, ունակություններով ու փորձով կոմոդոր Հանստենը բնատուր ղեկավար էր։ Նա արդեն սկսել էր տարբեր մարդկանց խայտաբղետ այդ խառնամբոխը միավորել մի միասնական ամբողջության մեջ, ստեղծել ընկերական մթնոլորտ, որը խուժանը վեր է ածում կազմակերպված ջոկատի։ Հանստենը այդ բանը սովորել էր, երբ նրա փոքրիկ նավատորմիկը շաբաթներ շարունակ ճախրում էր մոլորակների միջև՝ դատարկության մեջ, ուղղություն վերցնելով (առաջին անգամ լինելով) դեպի Նեպտունի ուղեծիրը՝ Արևից մոտ երեք միլիարդ կիլոմետր հեռու։ Պաթը երեսուն տարով փոքր էր կոմոդորից ու երբեք Լուսնից այն կողմ չէր գնացել։ Ու նա ամենևին չէր վշտանում, որ աննկատ կերպով տեղի էր ունեցել հրամանատարի փոփոխում։ Թեև կոմոդորը տակտով ընդգծում է, որ պետը Հարրիսն է, բայց չէ որ ինքը լավ գիտի ինչը֊ինչոց է․․․
― Դանկեն Մըքենզի, ֆիզիկոս, Մաունթ֊Սթրոմլոյի աստղադիտարան, Քանբերրա։
― Պյեռ Բրանշար, հաշվետար, Կլավի, Ըրթսայդ։
― Ֆիլլիս Մոռլի, լրագրողուհի, Լոնդոն։
― Կարլ Յուհանսոն, ատոմագետ֊ինժեներ, Ցիոլկովսկու խարսխակայան, Ֆարսայդ։
Ծանոթույթունը կայացավ և ցույց տվեց, որ «Սելենում» հավաքված են բավական երևելի մարդիկ։ Զարմանալի ոչինչ չկա․ Լուսնի վրա, որպես կանոն, հայտնվում էին մարդիկ, որոնք ինչ֊որ բանով տարբերվում էին մյուսներից, թեկուզև միայն հարստությամբ։ Բայց այս վիճակում ինչ օգուտ կա բոլոր այդ տաղանդներից, մտածեց Պաթը։
Նա ամենևին էլ ճիշտ չէր, շատ շուտով այդ բանում նրան օգնեց համոզվել Հանստենը։ Կոմոդորը լավ գիտեր, որ ձանձրույթի դեմ հարկավոր է պայքարել նույնպիսի վճռականությամբ, ինչպես վախի դեմ։ Եվ նրանք կարող են հույս դնել միմիայն սեփական հնարամտության վրա։ Միջմոլորակային հաղորդակցությունների և տիեզերական զվարճությունների դարում «Սելենը» հանկարծ կտրվեց ողջ մարդկությունից։ Ռադիոն, հեռուստատեսությունը, տելեֆաքսի տեղեկաթերթերը, կինոն, հեռախոսը՝ այս ամենը այժմ նույնքան անմատչելի եր նրանց, որքան քարի դարի մարդկանց։ Ոնց որ խարույկի շուրջը խմբված նախնադարյան ցեղը՝ և ուրիշ ոչ ոք շրջապատում։ Նույնիսկ դեպի Պլուտոն կատարված գիտարշավի ժամանակ, մտածեց Հանստենը, մենք այնքան մենակ չէինք, ինչպես այժմ։ Այն ժամանակ մենք ունեինք հիանալի գրադարան ու բազմապիսի ձայնագրությունների հաստ հավաքածու։ Ուզածդ րոպեին լուսաֆոնով կարելի էր կապվել ներքին շրջանագծի մոլորակների հետ։ Իսկ «Սելենի» վրա խաղաթղթերի մի կապուկ անգամ չկա։
Ի դեպ, լա՛վ միտք է։
― Միսս Մոռլի, դուք լրագրող եք, թերևս ձեզ մոտ նշանատե՞տր լինի։
― Այո, կոմոդոր, կա՛։
― Հիսուներկու մաքուր թերթիկ կգտնվի՞։
― Հավանաբար։
― Ձեզ կխնդրեինք զոհել դրանք։ Բարի եղեք, պոկեք դրանք՝ մի կապուկ խաղաթուղթ նկարեք։ Առանձնապես ճիգ մի թափեք, միայն թե կարելի լինի դրանք տարբերել միմյանցից։
― Հետաքրքիր է, ինչպե՞ս պետք է խառնեք այդպիսի խաղաթղթերը, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Թո՛ղ զվարճությունների հանձնաժողովը մտածի այդ մասին։ Ովքե՞ր շնորհք ունեն, որ կարող է պետք գալ մեր ինքնագործունեության համար։
― Ես մի ժամանակ ելույթներ եմ ունեցել բեմի վրա, ― անվստահ ասաց Մայրա Շաստերը։
Նրա ամուսինը ակներևաբար չուրախացավ այդ խոստովանության համար, սակայն կոմոդորը գոհ էր։
― Սքանչելի է, ուրեմն, կարելի է մի փոքրիկ պիես խաղալ, թեև մեզ մոտ մի քիչ նեղ է։
― Դա վաղուց էր, ― ասաց նա, ― և ես․․․ ես գրեթե առիթ չեմ ունեցել խոսել բեմից։
Մի քանի հոգի փռթկացին, և նույնիսկ կոմոդորը հազիվ զսպեց իրեն։ Դժվար էր պատկերացնել պատանեկության հասակում խմբերգչուհուն, որի տարիքն այժմ հիսունից անց էր, իսկ քաշը՝ հարյուրից։
― Ոչինչ, ― ասաց Հանստենը, ― գլխավորը՝ ցանկությունն է։ Ո՞վ է ուզում օգնել տիկին Շաստերին։
― Ես ժամանակին մասնակցել եմ սիրողների ներկայացումների, ― հայտարարեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Ճիշտ է, մենք գերազանցապես բեմադրում էին Բրեխտ ու Իբսեն։
Այդ «ճիշտ է»֊ն ակնարկում էր, որ այստեղ ավելի պատշաճ կլիներ թեթև ժանրը։ Ասենք, գռեհկավուն, բայց զվարճալի այն կատագերգություններից մեկը, որ ողողել էին եթերը 1980֊ական թվականներին, երբ հեռուստագրաքննությունը անձնատուր էր եղել։
Ուրիշ կամավոր արտիստներ չգտնվեցին, և կոմոդորը տիկին Շաստերին ու պրոֆեսոր Ջայավարդենին խնդրեց նստել իրար կողքի ու միասին կազմել ծրագիրը։ Ասենք նա շատ էլ չէր հավատում, թե այդ աստիճանի տարբեր անձինք մի խելացի բան կմտածեն, սակայն ո՞վ գիտի․․․ Եվ, ընդհանրապես, հիմնականն այն էր, որպեսզի յուրաքանչյուրը մի բանով զբաղվեր, մենակ կամ ուրիշի հետ։
― Մի գործ արդեն գլուխ բերեցինք, ― շարունակեց Հանստենը։ ― Եթե որևէ մեկը փայլուն միտք ունենա, խնդրեմ, թող հայտնի հանձնաժողովին։ Իսկ առայժմ, նստեցեք ըստ հարմարին և մոտիկից ծանոթացեք միմյանց հետ։ Յուրաքանչյուրն ասաց, թե որտեղից է նա և ինչով է զբաղվում, դուք կարող եք ընդհանուր շահեր ունենալ, նույնիսկ ընդհանուր բարեկամներ։ Մի խոսքով, զրույցի համար նյութ կգտնեք։
«Ու ժամնակն էլ կբավարարի լիուլի» ― մտովի լրացրեց նա։
Կոմոդոր Հանստենը Պաթի հետ նրա հատվածում խորհրդակցում էր, երբ նրանց մոտեցավ դոկտոր Մըքնեցին, ավստրալիացի ֆիզիկոսը։ Նա շատ մտահոգ էր երևում, ասես մի արտակարգ բան պատահած լիներ։
― Ես ասելիք ունեմ ձեզ, կոմոդոր, ― հուզված արտասանեց նա։ ― Եթե չեմ սխալվում, թթվածնի յոթօրյա պաշարը մեզ չի փրկի։ Մեզ շատ ավելի մեծ վտանգ է սպառնում։
― Ինչպիսի՞։
― Ջերմությունը։ ― Ավստրալիացին ձեռքով ցույց տվեց նավիրանը։ ― Շուրջ բոլորը փոշի է, իսկ այն հիանալի ջերմամեկուսիչ է։ Մակերևույթի վրա մեր մեքենաներից ու մեզանից դուրս եկած ջերմությունը անցնում է շրջապատին, այստեղ այն փակված է։ Ուրեմն, խցիկում, գնալով ավելի ու ավելի շոգ կլինի, մինչև որ մենք կեփենք։
― Ի՛նչ եք ասում, ― ասաց կոմոդորը, ― ես այդ մասին չեմ մտածել։ Եվ ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակ կդիմանանք։
― Ինձ կես ժամ ժամանակ տվեք, ես կհաշվեմ։ Համենայն դեպս, ինձ թվում է, մեկ օրից ոչ ավելի։
Կոմոդորը հանկարծ իրեն բոլորովին անօգնական զգաց։ Սիրտը մի տեսակ կծկվեց․ ճիշտ այնպես, ինչպես երկրորդ ազատ անկման ժամանակ։ (Առաջին անգամ ոչինչ չէր եղել, այն ժամանակ Հանստենը լավ պատրաստված էր, իսկ երկրորդ անգամ նրան պատժեց ավելորդ ինքնավստահությունը)։ Եթե ֆիզիկոսը ճիշտ է, ապա բոլոր հույսերը ի դերև կանցնեն։ Առանց այդ էլ դրանք մեծ չէին, բայց մեկ շաբաթվա ժամանակամիջոցը թեկուզ ոչ մեծ, բայց հույս էր ներշնչում։ Մեկ օրվա ընթացքում այնտեղ՝ վերևում ոչինչ չեն հասցնի անել։ Նույնիսկ եթե գտնեն էլ իրենց, միևնույն է չեն փրկի։
― Ստուգեցեք օդի ջերմաստիճանը խցիկում, ― շարունակեց Մըքենզին։ ― Նույնիսկ դրանից կարելի է դատել։
― Հանստենը մոտեցավ ղեկավարման վահանակին՝ թվատախտակների ու ինդիկատորների մոզաիկային։
― Վախենում եմ, դուք ճիշտ եք, ― ասաց նա։ ― Արդեն երկու աստիճան բարձրացել է։
― Ժամում մեկ աստիճանից ավելի։ Այդպես էլ կարծում էի։
Կոմոդորը դարձավ դեպի Հարրիսը, որը նրանց զրույցը լսում էր աճող տագնապով։
― Կարո՞ղ եք ուժեղացնել պաղեցումը։ Ինչպիսի՞ հզորություն ունեն օդափոխիչ ագրեգատները։
Մինչ Պաթը հասցրեց պատասխանել, նորից միջամտեց ֆիզիկոսը։
― Դա չի օգնի, ― ասաց նա անհամբեր։ ― Ինչպե՞ս է բանում պաղեցման համակարգը։ Քաշում է խցիկի ջերմությունը և մղում շրջակա տարածության մեջ։ Բայց այստեղ հնարավոր չէ այդ, չորս կողմը փոշի է։ Եթե ավելացնենք հարմարանքների հզորությունը, ավելի վատ կլինի։
Մեկ րոպե մռայլ լռություն տիրեց։ Վերջապես կոմոդորն ասաց․
― Այնուամենայնիվ, խնդրում եմ ձեզ՝ շտապ ստուգեցեք ձեր հաշվումները և ասացեք ինձ, թե ինչ է ստացվում։ Եվ մեր երեքից բացի, ոչ ոք չիմանա այդ մասին։
Հանստենը հանկարծ շատ ծեր զգաց իրեն։ Սկզբում նույնիսկ նա ինչ֊որ ուրախացավ, որ անսպասելիորեն նորից հրամանատարական պոստ գրավեց։ Սակայն, երևում է, դա ընդամենը մեկ օր կտևի․․․
Այդ նույն րոպեին, թեև դրա մասին չգիտեին ոչ կորածները, և ոչ էլ փրկարարները, նավի վերևում Ծովի վրայով անցնում էր փոշեսահնակներից մեկը։ Այն կառուցելիս նկատի էին ունեցել միայն արագության, էֆեկտիվության ու էժանության հանգամանքը, այլ ոչ թե զբոսաշրջիկի հարմարությունը, և նա խիստ տարբերվում էր «Սելենից»։ Ըստ էության, դա երկտեղանի՝ վարորդի և ուղևորի համար, բաց սահնակ էր՝ արևից պաշտպանվելու նավահովանով։ Ոչ մեծ ղեկավարման վահան, մոտոր, երկու պտուտակ ետևում, դարեկներ գործիքների ու պահեստամասերի համար՝ ահա և ամբողջ նավասարքը։ Սովորաբար փոշեսահնակը իր հետևից քարշ էր տալիս բեռնատար սահնակներ․ սա գնում էր առանց ավելորդ բեռի։ Նա արդեն Ծովի վրա ակոսել էր մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր՝ և ոչինչ չէր հայտնաբերել։
Վարորդը սկաֆանդրի մեջ հարմարեցված խոսակցական սարքի միջոցով դիմեց ընկերոջը։
― Ի՞նչ ես կարծում, Ջորջ, ի՞նչ է պատահել նրանց։ Ըստ իս, այստեղ նրանք չկան։
― Իսկ որտե՞ղ են նրանք։ Գերվել են այլմոլորակայինների կողմի՞ց։
― Ինչ կա որ, միանգամայն հնարավոր է, ― գրեթե լուրջ պատասխանեց վարորդը։
Վաղ թե ուշ (դրան հավատում էին բոլոր աստղագնացները) մարդը կհանդիպի բանական այլ էակների։ Թող որ մինչ այդ հանդիպումը դեռ շատ հեռու էր, բայց ենթադրական «այլմոլորակայինները» արդեն հաստատ մտել են տիեզարական առասպելաբանության մեջ․ ինչ֊որ չէին կարողանում բացատրել՝ կապում էին նրանց հետ։
Այնքան էլ դժվար չի հավատալ այլմոլորակայինների գոյության փաստին, եթե մի բուռ մարդկանց հետ հայտնվել ես օտար, անհյուրընկալ աշխարհում, որտեղ նույնիսկ քարերն ու օդը (եթե կա այն) թշնամի են թվում։ Որտեղ հազարավոր երկրային սերունդների փորձը միանգամայն անօգտակար դուրս եկավ, բոլոր սովորական պատկերացումները՝ անպետք։ Նախնադարյան մարդը ամեն մի անծանոթի ետևում տեսնում էր աստվածներին ու ոգիներին։ Այդպես էլ հոմո աստրոնավտիկուսը (աստղագնաց մարդը), ժամանելով նոր մոլորակ, ակամա իր շուրջն էր նայում՝ ամեն քայլափոխ տեսնելու համար որևէ մեկին։ Մի քանի արագընթաց դար մարդիկ իրենց զգացել են տիեզերքի տերը․ հնից եկող երկյուղն ու ակնկալությունները անցան ենթագիտակցության ծալքերը։ Այժմ, երբ մարդը հետաքրքրորեն ուսումնասիրել է աստղային հեռաստաններն ու փորձել է հասկանալ, թե ինչ ուժեր են թաքնված այնտեղ, այդ զգացումները վերակենդանացել են։ Զարմանալի ոչինչ չկա։
Թերևս, հարկ կա զեկուցել Խարսխակայանին, ― ասաց Ջորջը։ ― Մենք զննել ենք հանձնարարված ամբողջ տարածությունը, իմաստ չունի կրկնել երթուղին։ Համենայն դեպս, քանի դեռ արևը չի ծագել։ Ցերեկը, գուցե, որևէ բան կարելի է գտնել։ Այս երկրային լույսից, ես մի տեսակ վատ եմ զգում ինձ։
Նա միացրեց հաղորդիչը։
― «Փոշեսահնակ֊2-ը» կանչում է դիսպետչերկանը։ Ընդունում եմ։
― Պորտ֊Ռորիսի դիսպետչերականը լսում է։ Որևէ բան հայտնաբերե՞լ եք։
― Ոչինչ։ Դուք ի՞նչ նորություն ունեք։
― Ըստ երևույթին, «Սելենը» չի կարող լինել Ծովում։ Հիմա ձեզ հետ գլխավոր ինժեները կխոսի։
― Միցարե՛ք։
― Ալլո, «Փոշեսահնակ֊2», խոսում է Լոուրենսը։ Պլատոն աստղադիտարանը հենց նոր հայտնեց Անմատչելիության լեռների շրջանում արձանագրված լուսնաշարժի մասին։ Այն տեղի է ունեցել 19.35-ին։ Այդ ժամանակ «Սելենը» պետք է լիներ Խառնարանային լճում։ Հավանական է, նա մնացել է փոշեհյուսքի տակ։ Գնացեք դեպի լեռները, ստուգեցեք, չկան արդյոք թարմ նստվածքների կամ փլվածքների հետքեր։
― Իսկ ցնցումներ կլինե՞ն, ― մտահոգ հարցրեց վարորդը։
― Հազիվ թե, եթե հավատանք աստղադիտարանին։ Նրանք ասում են, այժմ, երբ ամեն ինչ խաղաղվել է, մինչև հաջորդ անգամը մի՛ հազարամյակ չի անցնի։
― Հուսով եմ, նրանք չե՞ն սխալվում։ Ես ձեզ հետ կկապվեմ, հենց որ լինեմ Խառնարանայինում, մի քսան րոպե հետո։
Բայց արդեն տասնհինգ րոպե անց «Փոշեսահնակ֊2֊ը» խորտակեց ընդունիչի մոտ սպասողների վերջին հույսերը։
― Խոսում է «Փոշեսահնակ֊2֊ը»։ Կարծում եմ, գուշակեցիք։ Դեռ չենք հասել Խառնարանային լիճը, շարժվում ենք խնձահովտով։ Փլվածքները շատ֊շատ են, մենք հազիվ֊հազ անցանք։ Հիմա էլ տեսնում եմ փլուզումների հետքերը՝ պոկվել է, առնվազն, տասը հազար տոննա լեռնազանգված։ Եթե «Սելենը» այստեղ է թաղված, նրան չես գտնի։ Նույնիսկ փնտրել չարժե։
Դիսպետչերականը այնքան երկար լռեց, որ փոշեսահնակը նորից միացավ․
― Ալլո, դիսպետչերական, դուք ինձ լսո՞ւմ եք։
― Լսում ենք, ― հոգնաբեկ պատասխանեց գլխավոր ինժեները։ ― Փորձեցեք գտնել թեկուզ որևէ հետք։ Օգնության եմ ուղարկում «Փոշեսահնակ֊1-ին»։ Համոզվա՞ծ եք, որ չի կարելի նրանց փորել֊հանել։
― Շաբաթներ կտևեն, եթե միայն ընդհանրապես հաջողվի հասնել նրանց։ Մի տեղ գոյացել է երեք հարյուր մետրանոց անընդմեջ փլվածք։ Ասենք փորելն էլ վտանգավոր է, նորից փլվածք կարող է տալ․․․
― Զգույշ եղեք այդտեղ։ Զեկուցեք ամեն տասնհինգ րոպեն մեկ, նույնիսկ եթե ոչինչ չհայտնաբերեք։
Լոուրենսը երեսը շուռ տվեց միկրոֆոնից, իրեն բոլորովին ուժասպառ զգալով։ Նրա հնարավորություններն սպառված են․․․ Եվ, առհասարակ, ի՞նչ կարելի է այլևս անել։ Մաքառելով հուզմունքի դեմ, նա մոտեցավ դեպի հարավ նայող շրջահայման լուսամուտին և տեսավ Երկրի մանգաղը։
Ինչքան էլ նայես, դժվար է հավատալ, որ Երկիրը գամված է լուսնային երկնքի կետին։ Այնքան ցածր է կախված հորիզոնի վրա՝ բայց ոչ մայր կմտնի, ոչ էլ կծագի նույնիսկ միլիոն տարի հետո։ Այդ միտքը այն աստիճանի է հակասում մարդկության ամբողջ փորձառությանը, որ չի կարելի հաշտվել դրա հետ։
Շուտով տիեզերական անդունդի այն կողմում (ներկա սերունդը չի հիշում այն ժամանակները, երբ նա անհաղթահարելի էր․նրան այնքան էլ մեծ չի թվում այդ անդունդը) կտարածվեն ցնցումների ու վշտի ալիքները։ Հազարավոր մարդիկ հանգիստը կկորցնեն միայն այն պատճառով, որ Լուսինը քնի մեջ վեր է թռել։
Մտքերով տարվելով, գլխավորը անմիջապես չնկատեց, որ իրեն է դիմում կապի հանգույցի պետը։
― Ներեցեք, դուք դեռևս չե՞ք կանչել «Փոշեսահնակ֊1֊ը»։ Միացնե՞մ ձեզ։
― Ի՞նչ։ Իհարկե, այո՛, այո՛։ Հայտնեք, որպեսզի օգնության գնա Երկրորդին Խառնարանային լճում։ Հայտնեցեք, որ Ծարավի ծովում որոնումները դադարեցված են։
Գլուխ վեցերորդ
Որոնումները դադարեցնելու մասին լուրը «Լագրանժ֊2» հասավ այն ժամանակ, երբ Թոմ Լոուսոնը անքնությունից ուռած աչքերով արդեն ավարտում էր հարյուր միլիմետրանոց հեռադիտակի համար նոր հարմարանքի մոնտաժը։ Այդքան ջանք թափեց, շտապեց՝ ու ստացվում է, իզուր տեղը․․․ Ծարավի ծովում «Սելենը» չկա, նա մի այնպիսի տեղ է, ուր երբեք չես գտնի նրան, Խառնարանային լիճը գոտևորող պատնեշի ետևում, և այն էլ հազարավոր տոննա գլաժայռերի տակ։
Թոմը այնքան զայրացած էր, որ առաջին ակնթարթում նույնիսկ չխղճաց ուղևորներին։ Դուրս է գալիս, որ ապարդյուն էին ծախսված ժամանակն ու աշխատանքը։ Կորան բոլոր բնակելի աշխարհների հեռուստատեսային էկրանների վրա՝ «Երիտասարդ աստղագետը հայտնաբերում է կորած զբոսաշրջիկներին» խորագրի տակ հաղորդումներում փայլատակելու հույսերը․․․ Խորտակվեցին փառքի իղձերը։ Եվ ամբողջ երեսուն վայրկյան Թոմ Լոուսոնը իրեն հանգստացնում էր հայհոյանքների տարափով, որոնք զարմանք կպատճառեին նրա պաշտոնակիցներին, եթե վերջիններս լսեին նրան։ Ու դեռևս զայրույթից բորբոքված, նա սկսեց քանդել֊հանել այն դետալները, որոնք թախանձել, փոխ առնել, նույնիսկ սեփականացրել էր արբանյակի մյուս լաբորատորիաներից։
Թոմը չէր տարակուսում, որ իր սարքը կարող էր լուծել խնդիրը։ Տեսական մասը տեղը֊տեղին է, պոչ չես կարող կպցնել։ Ավելին, այն հիմնված է գրեթե հարյուրամյա փորձառության վրա։ Ինֆրակարմիր տեղարկումը հայտնի էր արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քողարկված ձեռնարկությունները հայտնաբերում էին նրանց ագրեգատների արձակած ջերմությամբ։
«Սելենը» Ծարավի ծովում չի թողել տեսանելի անվահետքեր, սակայն ինֆրակարմիր հետք պետք է լինի։ Նավի պտուտակները մեկ ֆունտ խորությունից հանել են համեմատաբար տաք փոշին ու այն շաղ տվել շատ ավելի սառը մակերեսի վրա։ Այն «աչքը», որ ի վիճակի էր տեսնել ջերմային ճառագայթները, «Սելենի» անցնելուց մի քանի ժամ հետո նույնպես կարող էր հայտնաբերել նրա թողած շավիղը։ Թոմի հաշվումներով, նա իր ինֆրակարմիր փնտրումները կհասցներ ավարտել մինչև արևի դուրս գալը, որը կջնջեր լուսնային սառնաշունչ գիշերում եղած ջերմային հետքի ամեն մի նշույլ։
Իսկ այժմ, իհարկե, իմաստ չունի որևէ բան ձեռնարկել։
Բարեբախտաբար, «Սելենի» վրա չէին կասկածում, թե Ծարավի ծովի շրջանում որոնումները դադարեցված են և փոշեսահնակները գնացել են Խառնարանային լիճ։ Բարեբախտություն էր նաև, որ ուղևորներից ոչ ոք չիմացավ դոկտոր Մըքենզիի երկյուղի մասին։
Թղթի կտորի վրա ֆիզիկոսը գծեց ջերմաստիճանի բարձրացման ենթադրյալ կորագիծը։ Յուրաքանչյուր ժամը մեկ նա գրաֆիկի վրա էր անցկացնում միջնորմից կախված ջերմաչափի ցուցմունքները։ Ավա՜ղ, նրանք ճիշտ և ճիշտ համընկնում էին կանխագուշակման հետ։ Եվս տասներկու ժամ՝ ու ջերմաստիճանը Ֆարենհայտի հարյուր տասը աստիճանից կանցի, երևան կգան ջերմահրության առաջին զոհերը։ Եվ ստացվում է, որ նրանց մնում է ընդամենը մեկ օրվա կյանք։ Այնպես որ, ուղևորների տրամադրությունը բարձր պահելու համար նավապետ Հանստենի թափած ջանքերը անհեթեթ էին թվում։ Հաջողություն կունենա նա, թե ոչ՝ վաղը չէ մյուս օրը արդեն նշանակություն չի ունենա։
Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք դա այդպե՞ս է։ Ասենք նրանք ունեն երկու ընտրություն․ մեռնել կամ որպես մարդ, կամ որպես գազան՝ առաջինը, անշուշտ, գերադասելի է։ Նույնիսկ, եթե երբեք չգտնեն «Սելենը» ու ոչ ոք չիմանա, թե ինչպես են դիմավորել նրա կալանավորները իրենց մահը։ Սա տրամաբանությունից ու դատողությունից վեր է։ Սակայն նույնը կարելի է ասել գրեթե ամեն ինչի մասին, որ որոշում է մարդու կյանքն ու մահը։
Կոմոդոր Հանստենը հիանալի էր հասկանում այդ բանը, երբ ծրագիր էր կազմում մնացած ժամերի համար։ Կան մարդիկ, որ ծնված են ղեկավարելու համար․ նա դրանց թվին էր պատկանում։ Այն դատարկությունը, որի մեջ ընկել էր նա պաշտոնաթող լինելով, հանկարծ լցվել էր։ «Կենտավր» դրոշակակիր տիեզերանավի մենախցիկը թողնելուց ի վեր, առաջին անգամ նա լիարժեք կյանքով էր ապրում։
Քանի դեռ մարդիկ զբաղված են որևէ բանով, կարելի է հանգիստ լինել նրանց բարոյավիճակի համար։ Կարևոր չէ, թե ինչով կզբաղվեն նրանք, միայն թե դա նրանց հետաքրքիր ու կարևոր թվա։ Տիեզերական ադմինիստրացիայի հաշվետարը, պաշտոնաթող ինժեներն ու նյույորքցի երկու ծառայողները արդեն խորասուզվել էին պոկերի մեջ։ Իսկույն երևում է, որ թունդ թղթամոլներ են․ նրանք գլխացավանք չեն պատճառի, նույնիսկ դժվար է նրանց պոկել խաղաթղթերից։
Մնացած բոլորը նույնպես խումբ֊խումբ շատ սիրալիր զրուցում էին։ Զվարճությունների հանձնաժողովը նիստը շարունակում էր։ Պրոֆեսոր Ջայավարդենը ինչ֊որ նշումներ էր անում, միսիս Շաստերը, չնայած ամուսնու զսպումներին, հիշողություններ էր պատմում բուռլեսկից։[1] Եվ միայն միսս Մոռլին էր մեկուսի պահում իրեն։ Մանր ձեռագրով նա առանց շտապելու լրացնում էր նշատետրի մնացած թերթիկները։ Ըստ երևույթին, օրագիր էր պահում, ինչպես վայել էր իսկական լրագրողին։
Եթե միայն միսս Մոռլիի օրագիրը կիսատ չմնա․․․ Կարծես, նա չի հասցնելու լրացնել նույնիսկ այդ մի քանի էջերը։ Նույնիսկ, եթե հասցնի էլ՝ հազիվ թե որևէ մեկը կարդա այն։
Կոմոդորը նայեց ժամացույցին և զարմացավ, շատ ժամանակ էր անցել։ Այս ժամին նա հույս ուներ լինել արդեն Լուսնի հակառակ կողմում, Կլավիում։ Մի թեթև ճաշ «Հիլտոնի» լուսնային մասնաճյուղում, այնուհետև էքսկուրսիա դեպի․․․ Բայց ի՞նչ իմաստ ունի խորհել ապագայի մասին, որը չի լինելու։ Նրան շատ ավելի հուզում էր սրընթացիկ ներկան։
Թերևս ավելի լավ կլինի մի փոքր քնել, քանի դեռ տոթը անտանելի չի դարձել։ «Սելենի» կոնստրուկտորները չեն նախատեսել, որ նա կարող է դառնալ ննջարան (կամ գերեզման), բայց ինչ արած։ Ըստ երևույթին, պետք է մի քիչ ուղեղներս շարժենք, որոշ իրեր տեղափոխենք, թեկուզ դրանից տուժի «Լուսնաշրջիկի» գույքը։ Հանստենից քսան րոպե պահանջվեց այդ ամենի մասին խորհելու համար, ապա նա խորհրդակցեց նավապետ Հարրիսի հետ ու դիմեց մյուսներին։
― Տիկնա՛յք և պարոնա՛յք, այսօր մենք բոլորս տանջվեցինք, և ես կարծում եմ, դեմ չեք լինի, որպեսզի մի քիչ քնենք։ Ճիշտ է, որոշ դժվարություններ են ծագում, բայց ես արդեն փորձել եմ և համոզվել, որ ցանկության դեպքում կարելի է հանել նստարանների միջև եղած արմնկակալները։ Իհարկե, դա չի կարելի անել, բայց հազիվ թե «Լուսնաշրջիկը» հայց հարուցի մեր դեմ։ Տասը հոգի կարող են պառկել բազմոցների վրա, մնացածներին առաջարկում եմ տեղավորվել հատակին։ Մի հանգամանք ևս․ հավանաբար, դուք նկատել եք, որ խցիկում գնալով ջերմությունն ավելանում է։ Ջերմաստիճանը դեռ մի որոշ ժամանակ կբարձրանա։ Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս հանել ավելորդ հագուստները, այժմ հարմարությունը փափկանկատությունից շատ ավելի կարևոր է։
(Մտովի նա ավելացրեց, որ է՛լ ավելի կարևոր է կենդանի մնալը․․․ բայց մենք դեռ մի քանի ժամ ունենք):
― Մենք կհանգցնենք ներքին լուսավորությունը, ― շարունակեց Հանստենը, ― իսկ որպեսզի մթության մեջ չմնանք, կմիացնենք ոչ ուժեղ վթարային լույսը։ Մի հոգի կհերթապահի նավապետի բազկաթոռին։ Նավապետ Հարրիսը արդեն կազմել է հերթապահության գրաֆիկը․ հերթապահը կփոխվի երկու ժամը մեկ։ Հարցեր կամ դիտողություններ կա՞ն։
Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ու կոմոդորը թեթևացած շունչ քաշեց։ Նա վախենում էր, որ մեկնումեկը կհետաքրքրվի, թե ինչու է ջերմաստիճանը բարձրանում։ Ի՞նչ պատասխան պետք է տար ինքը։ Բոլոր իր ընդունակություններով հանդերձ, Հանստենը ստել չգիտեր, ու նա ցանկանում էր, որպեսզի ուղևորները հանգիստ քնեն, որքան դա ընդհանրապես հնարավոր է նման իրավիճակում։ Եթե հրաշք չպատհի, այդ քունը կարող է հավերժ լինել․․․
Միսս Ուիլքինզը, արդեն առանց առաջվա պրոֆեսիոնալ անբռնազբոսիկության, ըմպելիք բաժանեց ցանկացողներին։ Ուղևորներից շատերը հանեցին վերնազգեստները, ավելի ամաչկոտները սպասեցին մինչև կհանգչեր հիմնական լուսավորությունը։ Աղոտ կարմիր լույսի տակ «Սելենի» խուցը ֆանտաստիկ տեսք ուներ։ Ո՞վ կարող էր պատկերացնել այս ամենը մի քանի ժամ առաջ, երբ փոշեգնացը հեռանում էր Պորտ֊Ռորիսից․․․ Քսաներկու հոգի, գրեթե բոլորը միայն մի սպիտակեղենով, պառկած էին նստարաններին ու հատակին։ Մի քանի բախտավորներն արդեն խռմփացնում էին, մյուսները անհանգիստ շուռ ու մուռ էին գալիս տեղներում։
Պաթ Հարրիսը տեղավորվել էր ամենավերջում, նույնիսկ ոչ թե խցիկում, այլ օդասահանքի նեղ անկյունում։ Այստեղից հարմար էր դիտելը։ Բաց դռնից նա տեսնում էր ամբողջ խցիկը՝ սկսած նավաքթից, կարող էր հետամուտ լինել յուրաքանչյուր ուղևորի։
Պաթը խնամքով ծալեց համազգեստը, նրանից բարձ պատրաստեց ու պառկեց չոր հատակին։ Մինչև հերթափոխը վեցը ժամ կա, լավ կլիներ քնել։
Քնել․․․ Անցնում են նրա կյանքի վերջին ժամերը, ― և այնուամենայնիվ ուրիշ ոչինչ չի մնում։ Հետաքրքիր է, ամո՞ւր են քնում մահվան դատապարտվածները մահապատժի գիշերը։
Նա այնքան հոգնած էր, որ նույնիսկ այդ միտքը նրան երկար չզբաղեցրեց։ Վերջին բանը, որ նկատեց Պաթը ինքնամոռացության մեջ ընկնելով, այն էր, թե ինչպես դոկտոր Մըքենզին վերցրեց ջերմաստիճանի հերթական ցուցմունքը և խնամքով անցկացրեց իր գրաֆիկի վրա։ Ճիշտ և ճիշտ, ինչպես աստղագուշակը բախտացույց կազմելիս․․․
«Սելենից» տասնհինգ մետր վերև (որը տեղի ձգողության պայմաններում կարելի է հաղթահարել մի ցատկով) արդեն առավոտ էր։ Լուսնի վրա աղջամուղջ չի լինում, բայց երկինքը վաղուց արշալույս էր խոստանում։ Արևածագից դեռ շատ առաջ վեր էր հառնել զոդիակի լույսի պայծառափայլ բուրգը, որն այնքան հազվադեպ տեսանելի է Երկրի վրա։ Նա բարձրանում էր շատ դանդաղ՝ և որքան մոտենում էր արևածագը, այնքան ավելանում էր փայլը։ Ահա բուրգը հալվեց պսակի ծիածանափայլի մեջ, ու հորիզոնը բոցավառվեց միլիոն անգամ պայծառ լույսով։ Երկշաբաթյա խավարը վերջ գտավ, լուսատուն վերադարձավ։ Սեփական առանցքի շուրջը Լուսնի դանդաղ պտտվելու պատճառով, կանցնի ավելի քան մեկ ժամ, մինչև նա բոլորովին կծագի, բայց օրն արդեն սկսվել է։
Ծարավի ծովի վրայով՝ ասես կուրացնող լույսից նեղված, գլորվում էր սև խավարը։ Եվ, ահա, արդեն ծովի ողջ հարթությունը լուսավորվում է գրեթե հորիզոնական ճառագայթներով։ Մակերևույթի վրա եղած ամենաանշան թումբն իսկ իրեն անմիջապես կմատներ իր արձակած մի քանի հարյուր մետրանոց ստվերով։
Կմատներ՝ բայց ո՞ւմ։ «Փոշեսահնակ֊1֊ը» ու «Փոշեսահնակ֊2֊ը» ապարդյուն որոնումներ էին կատարում Խառնարանային լճում, աղետի գոտուց մեկ ու կես տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք շրջապատված էին խավարով․ կանցնի ևս երկու օր, մինչ արևը կբարձրանա խառնարանը գոտևորող լեռնեից վեր, իսկ առայժմ, արևածագը լուսավորում է սոսկ գագաթները։ Ժամ առ առ ժամ լույսի ուրվագծված զոլը լանջերով ավելի ու ավելի ցած կիջնի՝ տեղ֊տեղ քայլող մարդուց արագ, և վերջապես ճառագայթները կդիպչեն խառնարանի հատակին։
Այժմ լճի վրա թափառում էր մարդու ստեղծած լույսը։ Պայծառ բռնկումները մթությունից կորզում էին ծանր լեռնաբեկորները․ փրկարարները լուսանկարում էին քարակույտերը, որոնք անաղմուկ գլորվել էին ցած, երբ Լուսինը ցնցվել էր քնի մեջ։ Մեկ ժամից էլ պակաս ժամանակամիջոցում լուսանկարները կլինեն Երկրի վրա, ևս երկու ժամ անց նրանց կտեսնեն բնակելի բոլոր աշխարհներում։
Վատ ռեկլամ է տուրիզմի համար։
Երբ նավապետը արթնացավ, խցիկում բավականին շոգ էր։ Բայց շոգը չէր, որ արթնացրեց նրան հերթափոխը սկսվելուց մի ամբողջ ժամ առաջ։
Թեպետ Պաթը երբեք առիթ չէր ունեցել գիշերելու «Սելենում», նա լավ գիտեր, թե ինչ ձայներ կարելի է լսել ներսում։ Երբ մոտորները կանգնած են, համարյա լիակատար լռություն է տիրում, և օդային պոմպերի շրշյունն ու պաղեցնող հարմարանքի թույլ դզզոցը որսալու համար լսողությունը պետք է լարել։ Այս ամենը նա լսում էր, երբ քնում էր, բայց այժմ այդ ձայներին ավելացել է նորը, անսովորը․․․
Հազիվ լսելի խշշոց, այնքան թույլ, որ Պաթը մի պահ տատանվեց՝ թե արդյո՞ք չի թվում իրեն։ Անհավանական է, որպեսզի նման մի թույլ ազդանշանը նրա ենթագիտակցության մեջ թափանցեր քնի պատնեշի միջով։ Նույնիսկ հիմա, զարթնելով, նավապետը չէր կարողանում որոշել ոչ ձայնի բնույթը, ոչ էլ նրա որտեղից գալը։
Պաթը հանկարծ հասկացավ, թե ինչու է աղմուկը արթնացրել իրեն։ Քունը միանգամից փախավ։ Ոտքի թռնելով, նա ականջը դրեց օդասահանքի խցիկի արտաքին դռանը․ խորհրդավոր ձայնը գալիս էր դրսից։
Դե, իհարկե։ Միանգամայն հստակ լսվում է։ Նավապետի մարմնով սարսուռ անցավ։ Խշշում են փոշեհատիկները, ասես «Սելենի» շուրջը ավազամրրիկ է սկսվել։ Ի՞նչ էր պատահել։ Մի՞թե Ծովը նորից փոթորկում է։ Իսկ եթե այդպես է՝ ո՞ւր կտանի հոսանքը «Սելենը»։ Առայժմ փոշեգնացը կարծես անշարժ է, միայն արտաքին միջավայրն է շարժվում ու հոսում․․․
Շատ զգույշ, որպեսզի չխանգարի քնածներին, Պաթը ոտքի թաթերի վրա մտավ խուցը։ Հերթապահում էր դոկտոր Մըքենզին։ Նավապետի բազկաթոռի վրա կուչ եկած, նա նայում էր դրսից լցված լուսանցույցին։ Երբ Պաթը մոտեցավ, ֆիզիկոսը շրջվեց նրա կողմը և շշնջալով հարցրեց․
― Վատ բա՞ն է պատահել։
― Չգիտեմ․․․ ինքներդ ստուգեցեք։
Հիմա արդեն երկուսով, ականջները դրած դռանը՝ երկար լսում էին առեղծվածային խշշոցը։ Հանկարծ Մըքենզին ասաց․
Դա փոշին է շարժվում, տարակույս չկա։ Սակայն ես գլխի չեմ ընկնում՝ ինչո՞ւ։ Ահա ձեզ ևս մեկ հանելուկ։
― Եվս մի՞։
― Այո։ Ինձ մոլորության մեջ է գցում ջերմաստիճանը։ Այն բարձրանում է, բայց ոչ այնքան արագ, ինչպես ես սպսում էի։
Կարծես ֆիզիկոսը դժգոհ էր, որ իր հաշվումները սխալ էին դուրս եկել, բայց Պաթի համար նրա խոսքերը առաջին բարի լուրն էին աղետից հետո։
― Միայն թե դուք մի վշտացեք, ո՞վ մեզանից չի սխալվել։ Եվ եթե այդ սխալը մեզ մի քանի ավելի օր ընծայի, ես, համենայն դեպս, ձեզ չեմ պարսավի։
― Բայց ես չէի կարող սխալվել։ Ախր, դա տարրական թվաբանություն է։ Մեզ հայտնի է, թե որքան ջերմություն են ճառագայթում քսաներկու մարդիկ, և այդ ջերմությունը մի կողմով պետք է լինի։
― Քնած մարդը քիչ ջերմություն է արձակում, թերևս բանը դրանո՞ւմն է։
― Կարծես ես կարող էի աչքաթող անել նման մի ակներև հանգամանք, ― գրգռված պատասխանեց գիտնականը։ ― Հասկանալի է, որ քիչ, բայց ոչ այդքան։ Չէ, այստեղ մի ուրիշ բան կա։ Պետք է պատճառ լինի, թե ինչու է ջերմաստիճանը ետ ընկնում իմ գրաֆիկից։
― Ետ է ընկնում ավելի լավ, փառք աստծուն, ― ասաց Պաթը։ ― Իսկ ի՞նչ կասեք դուք այդ ձայնի մասին։
Մըքենզին դժվարությամբ իրեն ստիպեց մտածել նոր հանելուկի մասին։
― Փոշին շարժվում է, իսկ մենք ո՛չ։ Ստացվում է, դա տեղական երևույթ է։ Ավելին, մենք այդ բանը նկատեցինք միայն այստեղ, նավախելում։ Գուցե բանը սրանո՞ւմ է։ Նա ձեռքը պարզեց դեպի միջնորմը։ ― Ի՞նչ կա դրա ետևում։
― Շարժիչները, թթվածնի բալոնները, պաղեցնող հարմարանքը․․․
― Պաղեցնող հարմարա՞նքը։ Դե, իհարկե՛։ Նավ նստելիս ես չէ՞ որ տեսա․․․ Այնտեղ ռադիատորի կողե՞րն են անցնում։
― Միանգամայն ճիշտ է։
― Ուրեմն ամեն ինչ հասկանալի է։ Նրանք այնպես են տաքացել, որ փոշին շրջանառում է հեղուկի պես։ Փոխատարական հոսանքը վերև է տանում մեր ջերմության ավելցուկը։ Բացառված չէ, որ ջերմությունը կայունանա։ Հազիվ թե ցրտի, բայց մենք կապրենք։
Կարմիր կիսախավարում նրանք նայեցին միմյանց, հույս ներշնչելով իրենց։ Պաթը հանգիստ ասաց․
― Ես համոզված եմ, որ դուք կռահեցիք։ Կարծեմ, ձախորդությունները վերացան։
Նա նայեց ժամացույցին և արագորեն ինչ֊որ բան հաշվեց մտքում։
― Այժմ ծովի վրա ծագում է արևը։ Ինչ խոսք, խարսխակայանը փոշեսահնակներ է ուղարկել մեզ փնտրելու համար։ Նրանք մոտավորապես գիտեն՝ որտեղ փնտրել։ Գրազ եմ գալիս, որ նրանք մեզ կգտնեն մի քանի ժամ հետո։
― Այդ մասին ասե՞նք կոմոդորին։
― Թող քնի։ Նա ամենից շատ չարչարվեց։ Այդ նորությունը կարելի է և վաղը հայտնել։
Մըքենզին վերադարձավ իր պոստը։ Պաթը փորձեց նորից քնել, բայց ոչինչ չստացվեց։ Բաց աչքերով պառկած՝ նա մտածում էր ճակատագրի զարմանալի շրջադարձերի վրա։ Այն փոշին, որ սկզբում կուլ տվեց նրանց, հետո սպառնում էր խաշել, հանկարծ օգնության էր գալիս նրանց։ Փոխատարական հոսանքը ավելորդ ջերմությունը մակերես է հանում։ Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե ինչ կստացվի, եթե բարձրացող արևը Ծարավի ծովի վրա թափի իր ճառագայթների ողջ հզորությունը։
Դրսում փոշին առաջվա նման խշխշում էր, ու Պաթը հանկարծ հիշեց ավազի ժամացույցը, որ մի անգամ նա տեսել էր մանկության ժամանակ։ Շուռ ես տալիս անոթը՝ և ավազը նեղ բերանով թափվում է ներքին անոթի մեջ, հաշվելով րոպեներն ու ժամերը։
Քանի դեռ չէին հորինել զսպանակավոր ժամացույցը, մարդկանցից շատերը ժամանակին հետևում էին թափվող ավազահատիկներով։ Բայց մինչ այսօր (նա հավատացած էր դրանում) ոչ ոք դեռ առիթ չի ունեցել փոշու բարձրացող հոսանքով չափելու իր կյանքի տևողությունը։
Գլուխ յոթերորդ
Կլավիում գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը և «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետ Դևիսը հենց նոր էին վերջացրել խորհրդակցել Իրավաբանական բաժնի ներկայացուցիչների հետ։ Խոսակցությունը բնավ էլ ուրախալի չէր․ հիմնականում քննարկում էին այն փաստաթուղթը, որ կլիենտների կյանքի համար պատասխանատվությունը վերցնում է «Լուսնաշրջիկի» գրասենյակի վրայից։ Մինչև «Սելեն» նստելը, բոլոր զբոսաշրջիկները ստորագրել են այդ փաստաթուղթը։ Ընդհուպ մինչև երթուղու բացումը Դևիսը առարկում էր այդ կարգի դեմ, ընդգծելով, թե դա լոկ կխրտնեցնի կլիենտներին, բայց Լուսնային ադմինիստրացիայի իրավաբանները պնդում էին իրենց ասածը։ Այժմ նա ուրախ էր, որ այդպես եղավ։
Նա ուրախ էր նաև այն բանի համար, որ Պորտ֊Ռորիսի իշխանությունները ճիշտ էին կատարել հրահանգները․ չէ որ հաճախ է պատահում, երբ նման բաներին վերաբերվում են որպես երկրորդական ձևականությունների ու լռելյայն աչքաթող են անում կանոնները։ Սեղանի վրա նրանց առջև դրված էր «Սելենի» բոլոր ուղևորների ստորագրություններով թուղթը․ բացակայում էր միայն մեկի ստորագրությունը, որը շփոթության մեջ էր գցել իրավաբաններին։
Ծպտյալ լինելով, կոմոդորը իրեն կոչել էր Ռ․ Ս․ Հանսոն ու ստորագրել էր անընթեռնելի, կարելի էր կարդալ «Հանսոն», և «Հանստեն»։ Քանի դեռ երկրից չեն ստացվել ֆաքսիմիլիները, ոչինչ չես կարող որոշել։ Ասենք, դա նշանակություն էլ չուներ։ Կոմոդորը պաշտոնական հանձնարարություն էր կատարում, և ադմինիստրացիան միևնույն է պատասխանատու է նրա համար։ Ասենք, մնացած ուղևորների համար նույնպես նա կրում է եթե ոչ իրավաբանական, ապա համենայն դեպս բարոյական պատասխանատվություն։
Այսպես թե այնպես, ադմինիստրացիան պարտավոր է անել ամեն հնարավոր բան, որպեսզի գտնի զոհվածներին և ըստ արժանվույն Երկրին հանձնի նրանց աճյունը։ Այս խնդիրը, առանց երկար մտածելու, դրեցին գլխավոր ինժեներ Լոուրենսի լայն ուսերին․ նա դեռևս Պորտ֊Ռորիսում էր։
Նա դեռ երբեք այդպես անտրամադիր ձեռնամուխ չէր եղել մի որևէ բանի, քան այժմ։ Եթե նվազագույն հույս անգամ լիներ, որ «Սելենի» ուղևորները կենդանի են, նա տակնուվրա կաներ ամեն ինչ, որպեսզի հասներ նրանց։ Բայց չէ՞ որ նրանք արդեն զոհվել էին, էլ ինչու փնտրել ու գտնել նրանց, վտանգի ենթարկելով ուրիշների կյանքը։ Ինքն անձամբ գտնում էր, որ Լուսնի հավերժական բլուրները՝ լավագույն գերեզմանն են։
Գլխավոր ինժեներ Լոուրենսը մի վայրկյան անգամ չէր կասկածում, որ ուղևորները զոհված են, այդ էին վկայում բոլոր հանգամանքները։ Ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Սելենը» գրաֆիկի համաձայն, թողնում էր Խառնարանային լիճը, իսկ կիրճի կեսը լցված է փլվածքով։ Այդ ժայռաբեկորներից յուրաքանչյուրը կարող էր փոշեգնացը ճզմել, ինչպես թղթի խաղալիքը։ Օդը մի ակնթարթում դուրս է եկել ճեղքվածքներից և ուղևորները շնչահեղձ են եղել։ Եթե լուսնանավը հրաշքով անվնաս մնացած լիներ, ռադիոկենտրոնը կընդուներ նրա ազդանշանները։ Փոքր ավտոմատ ռադիոփարոսը պատրաստված է այնպես, որպեսզի դիմանա ամեն մի հարվածի ու ցնցումի։ Իսկ եթե նա չի գործում, ուրեմն «Սելենին» թունդ է հասել․․․
Նախ պետք է որոշել, թե որտեղ են փշուրները։ Դա այնքան էլ բարդ հարց չէ, նույնիսկ եթե նրանք թաղված են միլիոնավոր տոննա քարերի տակ։ Կան գեոֆիզիկական սարքեր, ամենաբազմազան մետաղորոնիչներ։ Ճեղքվածքների միջով խցիկից օդը դուրս է պրծել լուսնային դատարկություն (գրեթե դատարկություն)։ Նույնիսկ հիմա, թեպետև անցել է մեկ ժամից ավելի, պետք է ածխածնագազի ու թթվածնի հետքեր լինեն։ Նրանց կհայտնաբերեն ինդիկատորները, որոնց օգնությամբ ստուգվում է տիեզերանավերի հերմետիկությունը։ Հենց որ փոշեսահնակները խարսխակայան վերադառնան՝ վառելանյութ վերցնելու և լիցքավորվելու համար, նա ինդիկատորներով կզինի նրանց ու կուղարկի փլուզումների շրջանը, թող ամեն ինչ հոտոտեն։
Մի խոսքով, նավ գտնելը հնարամտություն չէ։ Բայց նրանց հասնելը շատ ավելի դժվար կլինի։ Այստեղ, ոչինչ չի կարելի խոստանալ, բացի միլիոնների հասնող ծախսերից։ (Տեսնես ի՛նչ կասեր գլխավոր ադմինիստրատորը, եթե լսեր)։ Նախ և առաջ, տեխնիկապես հնարավոր չէ այնտեղ հասցնել ծանր մեքենաներ, որոնք կարողանան շրջել հազարավոր տոննանոց ժայռաբեկորները։ Արագաշարժ փոշեսահնակները ձեռք չեն տա, պետք են լոնդոզերներ (ինչպես դրանք տեղափոխես Ծարավի ծովով) և հելիգնիտի մի քանի հրթիռներ՝ պայթեցման աշխատանքների համար։ Ոչ, այդ հարցը վերանում է։ Իհարկե, կարելի է հասկանալ ադմինիստրատորին․․․ Բայց սիզիֆյան այս աշխատանքը դնել առանց այն էլ ծանրաբեռնված իմ Տեխնիկական վարչության վրա, շատ֊շատ կլինի։
Ու Լոուրենսը ձեռնամուխ եղավ հնարավորին չափ տակտով (գլխավոր ադմինիստրատորից մի «ոչ»֊ով հոգիդ չես ազատի) զեկուցագիր կազմելուն։ Նրա իմաստը հետևյալն էր․ «Ա․ Աշխատանքը գրեթե հաստատ անիրագործելի է։ Բ․ Նույնիսկ եթե հնարավոր լինի կատարել, կպահանջվեն միլիոններ ու բացառված չեն մարդկային նոր զոհերը։ Գ․ Եվ, վերջապես, այս ամենը հնարավոր չէ»։ Բայց փորձիր ասել այդպես ուղղակի․․․ Պետք են նաև պատճառաբանություններ։ Ահա թե ինչու գլխավոր ինժեների զեկուցագիրը վերջնական տեսքով պարունակում էր երեք հազար բառից ավելի։
Թելադրելը վերջացնելով, Լոուրենսը լռեց, մտածելով, թե էլ ինչ կարելի է ավելացնել, ու ոչինչ չգտնելով ավարտեց․ «Գաղտնի»։ Գլխավոր ադմինիստրատորին։ Ֆարսայդի գլխավոր ինժեներին։ Ավագ դիսպետչերին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետին։ Կենտրոնական արխիվ»։
Նա սեղմեց պատճենահանող սարքի կոճակը։ Քսան րոպե՝ տելեֆաքսը նրան հանձնեց նրա զեկուցագրի բոլոր քսան էջերը, անբասիր կերպով արտատպված, կետադրության նշանները տեղը֊տեղին, քերականական սխալներն ուղղված։ Լոուրենսը արագ աչքի անցկացրեց բնագիրը, ստուգելով էլեկտրաքարտուղարուհուն (ըստ սովորության այդ տեսակի բոլոր սարքավորումները վերագրում էին իգական սեռին)։ Էլեկտրաքարտուղարուհին նույնպես երբեմն սխալվում էր, մանավանդ մեծ ծանրաբեռնվածության դեպքում, երբ միաժամանակ թելադրում էին տասը֊քսան հոգի։ Եվ, ընդհանրապես, ոչ մի նորմալ մեքենա չի կարող տիրապետել մի այնպիսի արտառոց լեզվի բոլոր նրբերանգներին, ինչպիսին անգլերենն է։ Էլ չենք ասում այն մասին, որ ամեն մի լրջախոհ մարդ մի վերջին անգամ աչքի է անցկացնում իր զեկուցագիրը, մինչև ղեկավարությանն ուղարկելը։ Ինչպիսի մեծ հիասթափություններ են ապրել նրանք, ովքեր ամբողջովին հույսերը դրել են էլեկտրոնիկայի վրա․․․
Լոուրենսին վեց էջ էր մնացել ստուգելու, երբ հեռախոսն սկսեց զանգահարել։
― Լագրանժ֊2֊ը» կանչում է, ― զեկուցեց գործարկուն (որը ավտոմատ չէր)։ ― Ոմն դոկտոր Լոուսոն ուզում է խոսել ձեզ հետ։
«Լոուսո՞ն։ Դա որտեղի՞ց լույս ընկավ», ― ինքն իրեն հարցրեց գլխավորը։ Եվ անմիջապես հիշեց․ հա, իհարկե, այդ այն աստղագետն է, որ «Սելենը» փնտրում էր հեռադիտակով։ Թերևս նրան հաղորդել են արդեն, որ ավելորդ բան է դա։
Գլխավոր ինժեները դեռևս չէր հանդիպել դոկտոր Լոուսոնին։ Նա չգիտեր, որ տիեզերական աստղագետը շատ դյուրագրգիռ ու շատ շնորհալի մի երիտասարդ է։ Բացի այդ, խիստ կամակոր, որ այս դեպքում ամենից կարևորն էր։
Թոմը արդեն սկսել էր քանդել ինֆրակարմիր տեղարկուն, բայց հանկարծ մտքովն անցավ․ սարքավորումը գրեթե պատրաստ է, ինչո՞ւ թեկուզ հանուն զուտ գիտնական հետաքրքրության՝ չփորձել այն։ Նա հիրավի հպարտանում էր փորձարարի իր տաղանդով, բավականին հազվադեպ այժմ, երբ այսպես կոչված աստղագետների մեծամասնությունը իրականում մաթեմատիկոսներ են և նույնիսկ մոտ չեն եկել աստղադիտարանին։
Միայն համառությունն էր օգնում Լոուսոնին ոտքի վրա մնալու, այնքան որ խիստ հոգնած էր։ Եթե սարքը հիմա չաշխատեր, Թոմը մի կողմ կթողներ փորձարկումը և կպառկեր քնելու։ Բայց երբեմն (շատ հազվադեպ) հմտությունը պսակվում է հաջողությամբ։ Այդպես եղավ նաև այս անգամ․ ինֆրահետախույզը գործեց։ Փոքր֊ինչ կարգավորումից հետո՝ էկրանի վրա տող առ տող, ինչպես հնօրյա հեռուստացույցների վրա, երևաց Ծարավի ծովի պատկերը։
Լուսավոր կետերը համապատասխանում էին համեմատաբար տաք տեղամասին, մութ կետերը՝ սառին։ Ծարավի ծովը գրեթե սև էր, բացառությամբ մի վառ լուսաշերտից այնտեղ, որտեղ արևի ճառագայթները խանձում էին նրա հարթ մակերեսը։ Ուշադրությամբ զննելով, Թոմը մութ ֆոնի վրա նշմարեց հազիվ նկատելի մի հետք՝ ասես Լուսնի լույսով ողողված երկրային այգում խխունջ է սողացել։
Ոչ մի տարակույս․ «Սելենի» ջերմային հետքն է։ Նա տեսնում էր նույնիսկ կեռմանները այն փոշեսահնակների, որոնք դեռևս փնտրում էին նավը։ Բոլոր հետքերը միախառնվում էին Անմատչելիության լեռների մոտ, այնուհետև նրանք կորչում էին տեսադաշտից։
Լոուսոնը շատ հոգնած էր, որպեսզի ուշադրությամբ նայեր էկրանին՝ ասենք չարժեր էլ։ Չէ որ հետքերը միայն հաստատում էին այն, ինչ առանց այդ էլ արդեն հայտնի էր։ Իհարկե, հաճելի է, որ իր հավաքած սարքերից մեկը ևս ենթարկվում է իրեն։ Ձևի համար Թոմը մի լուսանկար հանեց Էկրանից ու գնաց քնելու։
Երեք ժամ հետո Լոուսոնը արթնացավ։ Քուն չէր, այլ տառապանք, նա ամենևին չհանգստացավ, ինչ֊որ մի բան հանգիստ չէր տալիս նրան։ Ինչպես շարժվող փոշու խշշոցը լարեց Պաթ Հարրիսի ուշադրությունը թաղված «Սելենի» մեջ, այնպես էլ Լուսնից հիսուն հազար կիլոմետրի վրա գտնվող Թոմ Լոուսոնին արթնացրեց մի ինչ֊որ չնչին բան, հազիվ նշմարելի մի շեղում նորմայից։ Մարդկային գիտակցությունը պահապան գամփռներ շատ ունի, երբեմն նրանք հաչում են անտեղի, բայց խելացի մարդը երբեք չի արհամարհում ազդանշանները։
Դեռ ինչպես հարկն է չարթնացած, Թոմը դուրս եկավ իր նեղ սենյակից, կառչեց փոխադրական պարանից և զրոյական ձգողակնությամբ անցումների երկայնքով սահեց դեպի աստղադիտարան։ Կիսաբերան բարի լույս մաղթեց (թեև արբանյակի վրա արդեն պայմանական երեկո էր) այն պաշտոնակիցներին, որոնք չհասցրին մի կողմ թեքվել, ու շտապեց մենակ մնալ իր սիրած սարքերի հետ։
Նա լուսանկարչական խցիկից դուրս քաշեց նկարը և նայեց։ Մի կարճ հետք Անմատչելիության լեռներից ձգվում էր դեպի Ծարավի ծովը՝ ընդհատվելով ափից ոչ հեռու։
Թոմը տեսել էր այդ հետքը մի քանի ժամ առաջ, երբ նայում էր էկրանին՝ չէր կարող չտեսնել։ Եվ ուշադրություն չէր դարձրել նրա վրա։ Լուրջ, գրեթե աններելի վրիպում գիտնականի համար։ Թոմ Լոուսոնը իսկականից ջղայնացավ իր վրա։ Դիտունակությունը չպետք է կախված լինի հապճեպ եզրահանգումներից։
Բայց, այնուհանդերձ, ինչ կնշանակի այդ։ Խոշորացույցով զինված, Թոմը մանրախնդրորեն զննում էր ամբողջ շրջանը։ Լուսավոր շերտը վերջանում էր մի անորոշ բծով, ― տեղում այդ մի «անորոշը» մոտ երկու հարյուր մետր էր կազմում տրամագծով։ Տարօրինակ է, կարելի է կարծել, որ «Սելենը» լեռները թողնելով, տիեզերանավի նման թռել է։
Սկզբում Թոմը որոշեց, որ նավը պայթել է և ջերմային բիծը՝ պայթյունի հետքն է։ Բայց այդ դեպքում բեկորները պետք է մնային փոշե ծովի մակերեսին։ Եվ փոշեսահնակները կգտնեին դրանք։ Ահա և պարզ երևում է փոշեսահնակի հետքը, որն անցել է հենց այստեղով։
Ուրեմն, այլ պատասխան պետք է որոնել։ Մի տարբերակ է մնում միայն՝ ու բոլորովին անհավանական։ Անհնար է պատկերացնել, որ հսկայական Լուսագնացը սուզվել է Ծարավի ծովը լոկ այն պատճառով, որ նրանից ոչ հեռու տեղի է ունեցել ստորերկրյա ցնցում։ Ոչ, ոչ, չի կարելի միայն մի լուսանկարից ելնելով, կապվել Լուսին և ասել․ «Դուք այնտեղ չեք փնտրում»։ Թեև Թոմը ձևացնում էր, որ իր համար միևնույնն է ուրիշների կարծիքը, նա խիստ վախենում էր անախորժ դրության մեջ ընկնելուց։ Մինչև այդ ֆանտաստիկ տեսության մասին բարձրաձայն խոսելը, հարկվոր է ուրիշ վկայություններ ևս ձեռք բերել։
Այժմ արդեն պայծառ լույսով ողողված Ծովը հեռադիտակով դիտելիս միանգամայն հարթ էր երևում։ Տեսողական դիտումը միայն հաստատում էր այն, ինչում Թոմ Լոուսոնը համոզվել էր դեռևս մինչև արևածագը․ փոշե հարթության վրա ոչ մի թումբ անգամ չկար։ Ինֆրակարմիր տեղարկուն նույնպես չօգնեց։ Ջերմային հետքերը կորան, ջնջեցին արևի ճառագայթները։
Թոմը սարքը հարմարեցրեց ծայրագույն զգայունության ու մի անգամ ևս զննեց այն տեղամասը, որտեղ հետքը ընդհատվում էր։ Հանկարծ մի որևէ նշույլ մնացած լինի, ջերմային բիծ՝ բավական նկատելի, որպեսզի հնարավոր լինի նրան հայտնաբերել նույնիսկ հիմա, երբ Լուսնի վրա բացվել է արշալույսը․․․ Չէ որ արևը նոր֊նոր է ծագել, նրա ճառագայթները դեռևս չեն հասել իրենց կործանիչ ուժգնությանը։
Այս ի՞նչ բան է․․․ Մի՞թե ինձ թվում է։ Ծայրահեղ լարվածության դեպքում սարքը կարող է սխալվել, սակայն Թոմ Լոուսոնը վստահ էր, որ էկրանի վրա տեսնում է հազիվ նշմարելի առկայծում ճիշտ այնտեղ, որտեղ ընդհատվում էր հետքը լուսանկարի վրա։
Բայց այս ամենը այնքան անհամոզիչ է։ Ո՞ր գիտնականը կհամարձակվի իրեն դնել քննադատության կրակի տակ, ունենալով այդքան խախուտ տվյալներ․․․ Լռե՞լ։ Եվ ոչ ոք ոչինչ չի իմանա, ― բայց ամբողջ կյանքում նրան կհետապնդի կասկածը։ Իսկ պատմել իր ենթադրության մասին՝ նշանակում է հույս ներշնչել, որը կարող է ունայն դուրս գալ։ Մեկ էլ տեսար ծիծաղատեղի կդառնաս արեգակնային ողջ համակարգությունով մեկ կամ կմեղադրեն ինքնագովեստով զբաղվելու մեջ։
Բայց մի երրորդ հնար չկա, պետք է որոշել։ Շատ դժկամորեն, հիանալի հասկանալով, որ այդ քայլն անելուց հետո չի լինի նահանջել, Թոմը վերցրեց հեռախոսի լսափողը։
― Խոսում է Լոուսոնը, ― ասաց նա։ ― Ինձ միացրե՛ք Լուսնի հետ, շտա՛պ։
Գլուխ ութերորդ
«Սելենի» ուղևորներին մատուցած նախաճաշը առանձնապես ընտիր չէր, բայց բավականին սննդարար էր։ Ճիշտ է, ուղևորներից շատերը դժգոհ էին․ թխվածքն ու մի խտածոն, մի գդալ մեղրն ու մի բաժակ տաք ջուրը չէին համապատասխանում առատ հացկերույթի մասին նրանց պատկերացմանը։ Սակայն կոմոդորը անդրդվելի էր։
― Հայտնի չէ, ինչքան մենք կնստենք այստեղ, ― ասաց նա։ ― Եվ վախենում եմ, ստիպված պետք է լինենք յոլա գնալ առանց տաք կերակուրի։ Նախ, պատրաստելու տեղ չկա, երկրորդ, խցիկում առանց այն էլ շոգ է։ Ցավոք, չի լինի նաև թեյ կամ սուրճ։ Ազնվորեն ասած, մեզ ամենևին էլ չէր խանգարի մի քանի օր կրճատել կալորիաների սպառումը։
Այս խոսքերն ասելուն պես Հանստենի մտքով տիկին Շաստերն անցավ․ չընդունի՞ հանկարծ որպես իր դեմ ուղղված հարձակում․․․ փաստաբանի կինը զբաղեցնում էր մեկ ու կես բազկաթոռ, առանց սեղմիրանի նա հիշեցնում էր բարեհոգի գետաձիու։
― Վերևում հենց նոր ծագել է արևը, ― շարունակեց կոմոդորը։ ― Փրկարարները աշխատում են ամբողջ թափով, այժմ միայն ժամանակի հարց է, թե երբ կգտնեն մեզ։ Նույնիսկ կարելի է գրազ գալ։ Ձեր ենթադրությունները հայտնեցեք միսս Մոռլիին ― նա պահում է նավային օրամատյան։ Իսկ այժմ օրվա ծրագրի մասին։ Պրոֆեսոր Ջայավարդեն, դուք չե՞ք պատմի, թե ինչով կարող է մեզ ուրախացնել Զվարճությունների հանձնաժողովը։
Վտիտ, թռչնագլուխ և անսպասելիորեն բարեհամբույր շագանակագույն մեծ աչքերով պրոֆեսորը շատ լուրջ էր վերաբերվել զվարճության հարցին։ Այդ էին պերճախոս վկայում այն թերթիկները, որ նա բռնել էր իր բարակ թուխ ձեռքում։
― Ինչպես ձեզ հայտնի է, ― սկսեց նա, ― ես թատրոնի սիրահար եմ։ Սակայն վախենում եմ այս դեպքում ոչինչ չստացվի։ Հետաքրքրիր կլիներ պիեսը կարդալ գործող անձերով, ես նույնիսկ մտածում էի հիշողությամբ գրի առնել մի քանի գործողություն։ Բայց ափսո՜ս, որ թուղթը քիչ է։ Ուրեմն, պետք է այլ ելք փնտրել։ Նավում եղած գրականությունը շատ չէ, և որոշ գրքեր խիստ մասնակի բնույթ են կրում։ Բայց ունենք երկու վեպ՝ դասական վեստերն՝[2] «Շեյնի» համալսարանական հրատարակությունը ու «Նարինջ ու խնձոր» նոր պատմավեպը։ Առաջարկում եմ առանձնացնել մի քանի ընթերցողներ և այդ գրքերը բարձրաձայն կարդալ։ Կա՞ն առարկություններ, կամ այլ առաջարկներ։
― Մենք ուզում ենք պոկեր խաղալ, ― լսվեց մի կորովի ձայն խցի պոչամասից։
― Բայց ախր չի կարելի անընդհատ պոկեր խաղալ, ― առարկեց պրոֆեսորը, հանդես բերելով այդ կարգի մարդկանց հոգեբանության իմացություն։
Նրան օգնության եկավ կոմոդորը։
― Ընթերցումը պոկերին չի խանգարում, ― ասաց նա։ Իսկ ընդհանրապես ես ձեզ խորհուրդ եմ տալիս երբեմն ընդմիջում անել, այդ խաղաթղթերը երկար չեն դիմանա։
― Եվ այսպես, ո՞ր գրքից ենք սկսում, և ո՞վ է կարդալու։ Ես հաճույքով կկարդամ, բայց լավ կլինի մի փոխարինող նախապատրաստել։
― Ըստ իս, չարժե ժամանակ վատնել «Նարինջ և խնձորի» վրա, ― միջամտեց միսս Մոռլին։ Դա՝ պարզապես անպետք գիրք է, ը՜․․․համարյա պոռնիկագրական։
― Որտեղի՞ց գիտեք դուք, ― հարցրեց Դեվիդ Բարրետը, թեյը գովող անգլիացին։
Պատասխանը եղավ զայրալից քրթմնջոցը։ Պրոֆեսոր Ջայավարդենը շվարեց և մտահոգ նայեց կոմոդորին, պաշտպանություն փնտրելով նրա մոտ։ Իզուր։ Հանստենը սևեռուն հայացքով նայում էր ուրիշ կողմ։ Պետք չէ, որպեսզի ուղևորները ամեն հարցով իրեն դիմեն։ Թող, որքան հնարավոր է առանց իրեն յոլա գնան։
― Շատ լավ, ― վերջապես ասաց պրոֆեսորը։ ― Որպեսզի չվիճենք, սկսենք «Շեյնից»։
Բողոքարկու բացականչություններ լսվեցին․ «Մենք «Նարինջ ու խնձորն ենք ուզում»։ Սակայն պրոֆեսորը անսպասելի հաստատակամություն հանդես բերեց։
― Դա շատ ձգձգված գիրք է, ― պատասխանեց նա, ― հազիվ թե մենք հասցնենք ավարտել այն մինչև փրկարարների երևալը։
Ջայավարդենը կոկորդը մաքրեց, մի հայացք գցեց շուրջը համոզվելու համար չկան այլևս առարկողներ, ապա սկսեց կարդալ շատ հաճելի քաղցրահունչ ձայնով։
― Նախաբան․ «Վեստերնի դերը տիեզերական դարում»։ Հեղինակ՝ անգլերեն լեզվի պրոֆեսոր Կարլ Ադամս։ Նախաբանի հիմքում ընկած են Չիկագոյի համալսարանի քննադատության սեմինարի աշխատանքները։
Թղթամոլները դեռևս չէին ավարտել իրենց գործը․ նրանցից մեկը տենդագին տնտղում էր թղթի կտորները, որոնք որպես խաղաթուղթ էին ծառայում։ Մնացած ուղևորները բազմեցին իրենց տեղերում ավելի հարմար։ Ոմանց աչքերը արտահայտում էին ձանձրույթ, մյուսներինը՝ հետաքրքրություն։ Միսս Ուիլքինզը օդահանքի խցիկում ստուգում էր պարենի պաշարը։ Հեզահամբույր ձայնը շարունակում էր․
― Մեր հարյուրամյակի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը եղավ «վեստերն» անվան տակ հայտնի, կես դար շարունակ շնորհազրկված ժանրի վերածնունդը։ Այդ վեպերը, որոնց գործողությունը պարզորոշ սահմանափակված է տեղով և ժամանակով՝ Երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մոտավորապես 1865 ―1880 թվականները, ― երկար ժամանակ դասվում էին աշխարհի ամենահանրամատչելի գրքերի շարքը։ Լույս աշխարհ եկան միլիոնավոր վեստերններ, գրեթե բոլորն էլ տպագրվում էին էժանագին ամսաթերթերում կամ հրապարակ էին գալիս առանձին, գարշելի ձևավորված գրքույկներով։ Սակայն այդ միլիոններից որոշ գործեր ունեին ինչպես գրական, նույնպես և վավերագրական արժեք, թեև պետք է միշտ հիշել, որ հեղինակները նկարագրում էին այնպիսի անցքեր, որոնք տեղի են ունեցել իրենց ծնունդից առաջ։
Երբ քսաներորդ դարի յոթանասունական թվականներին մարդը ձեռնամուխ եղավ արեգակնային համակարգության յուրացմանը, ամերիկյան Արևմուտքի սահմանները այնքան ծիծաղաշարժ նեղ թվացին, որ ընթերցողը կորցրեց հետաքրքրությունը նրա հանդեպ։ Իհարկե, դա նույնքան անտրամաբանական է, որքան եթե մերժեն «Համլետը» այն պատճառաբանությամբ, թե դանիկան մի կորած֊մոլորած ամրոցում տեղի ունեցած դեպքերը չէին կարող ունենալ համաշխարհային նշանակություն։
Սակայն վերջին տարիներս նկատելի է մի տեսակ հակառակ տեղաշարժ։ Արժանահավատ աղբյուրներից ինձ հայտնի է, որ վեստերները դարձել են ամենատարածված գրական ժանրը տիեզերքը ակոսող միջմոլորակային տիեզերանավերի գրադարաններում։ Ուստի եկեք փորձենք հասկանալ այդ օղակը, որ հինավուրց ամերիկյան Արևմուտքը կապում է նոր Տիեզերքի հետ։
Դրա համար, ավելի լավ է վերանալ մեր ժամանակակից գիտական նվաճումներից ու մտովի տեղափոխվել 1870֊ական թվականների չափազանց պարզունակ աշխարհը։ Պատկերացրեք ձեզ մի հսկայածավալ, մշուշապատ հեռուներում կորչող հարթավայր, մառախլապատ լեռներով շրջապատված։ Այդ հարթավայրով անտանելիորեն դանդաղ սողում է ծանրաշարժ ֆուրգոնների քարավանը։ Քարավանը պահպանում են զինված հեծյալներ, չէ որ շուրջը հնդկական բնակատեղիներ են։ Մինչև լեռները հասնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան արդիական լավագույն տիեզերանավերին Երկրից Լուսին թռչելու համար։ Ահա թե ինչու, այն ժամանակվա մարդկանց համար լայնատարած տափաստանները նույնքան ընդարձակ էին, որքան արեգակնային համակարգության տարածությունները մեզ համար։ Սա մեզ վեստերնների հետ կապող օղակներից մեկն է։ Կան նաև ուրիշները, ավելի կարևորները։ Դրանք պատկերացնելու համար անհրաժեշտ է, նախ քննության առնել դյուցազներգության դերը գրականության մեջ․․․»։
«Կարծես ամեն ինչ կարգին է», ― մտածում էր կոմոդորը։ Մեկ ժամից ավելի կարդալ չարժե։ Այդ ժամանակաընթացքում պրոֆեսորը կվերջացնի նախաբանը և կկարդա վեպի մի քանի գլուխ։ Իսկ ապա՝ կարելի է մեկ այլ զբաղմունք գտնել։ Ավելի լավ է ընթերցանությունը ընդհատել մի շատ հուզիչ միջադեպի վրա, որպեսզի ունկնդիրները անհամբերությամբ սպասեն շարունակությանը։
Լուսնային փոշու մեջ գերության երկրորդ օրը սկսվեց առանց բարդությունների, լավ տրամադրությամբ։ Բայց դեռևս քանի՞ օր կար առջևում․․․
Այս հարցի պատասխանը կախված էր երկու հոգուց, որոնք, թեպետ նրանց բաժանում էր հիսուն հազար կիլոմետր, հենց սկզբից միմյանց դեմ լցվեցին չարակամությամբ։ Դոկտոր Լոուսոնի հաշվետվությունը հակասական զգացումներ ծնեց գլխավոր ինժեների հոգում։ Այդ աստղագետը տգեղ խոսելակերպ ունի, եթե հատկպես նկատի ունենանք, որ պատանին դիմում է պետին, որը երկու անգամ իրենից մեծ է։ «Նա ինձ հետ այնպես է խոսում, ― սկզբում ներողամտաբար, ապա ավելի ու ավելի բարկանալով մտածեց Լոուրենսը, ― ասես ես մի հիմար երեխա լինեմ, որին պետք է ամեն ինչ ծամել ու բերանը դնել․․․»։
Լսելով Լոուսոնին, գլխավոր ինժեները մի քանի վայրկյան լռությամբ զննեց տելեֆաքսի հաղորդած լուսանկարները։ Առաջինը, որ արվել էր մինչև արևի ծագելը, կարծես համոզիչ էր, սակայն, դեռևս ոչինչ չէր ապացուցում։ Արևածագից հետո արված լուսանկարի վրա չի երևում այն, ինչի մասին ասում էր աստղագետը։ Գուցև նախօրինակի վրա մի բան նկատելի է, բայց եկ ու հավատա անդուր երիտասարդի խոսքին։
― Այս ամենը շատ հետաքրքիր է, ― վերջապես ասաց Լոուրենսը, ― բայց ափսոս, որ դուք չեք շարունակել դիտումները առաջին լուսանկարը անելուց հետո։ Եթե այդպես անեիք, թերևս մենք ավելի համոզիչ տվյալներ ունենայինք։
Թեև քննադատությունը տեղին էր (իսկ գուցեև հենց այդ պատճառով), Թոմը համբերությունից դուրս եկավ։
― Եթե դուք գտնում եք, որ մեկ ուրիշը ավելի լավ կաներ․․․ ― գազազած ասաց նա։
― Ինչ եք ասում, ես այդ մասին անգամ չէի էլ մտածում, ― խաղաղասիրաբար պատասխանեց Լոուրենսը։ ― Բայց ի՞նչ կտա այդ ամենը մեզ։ Որքան էլ ձեր մատնանշած կետը փոքր լինի, նրա կոորդինատները կարող են տատանվել կես կիլոմետրի, իսկ թերևս նաև ավելինի սահմաններում։ Վախենում եմ, որ մակերևույթի վրա ոչինչ չի երևում, նույնիսկ ցերեկը։ Հնարավոր չէ՞ արդյոք ավելի ստույգ տվյալներ ունենալ։
― Կարելի է։ Շատ հեշտությամբ․ միևնույն տեխնիկան պետք է կիրառել Լուսնի վրա։ Տեղամասը հետազոտեք ինֆրակարմիր տեղարկուով։ Նա անմիջապես ցույց կտա բոլոր ջերմային կետերը, եթե նույնիսկ նրանց ջերմաստիճանը չնչին չափով բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից։
― Վատ միտք չէ, ― ասաց գլխավորը։ ― Ես կտեսնեմ, թե ինչ կարելի է անել, ու կկապվեմ ձեզ հետ, եթե ինձ հարկ լինի էլի որևէ բան իմանալ։ Շնորհակալ եմ․․․ դոկտոր։
Լոուրենսը շտապ ցած դրեց լսափողը, ճակատը սրբեց ու անմիջապես խնդրեց, որպեսզի իրեն նորից միացնեն արբանյակի հետ։
― «Լագրանժ֊2»։ Ըրթսայդի գլխավոր ինժեներն է խոսում։ Կայանի պետին, խնդրեմ․․․ Պրոֆեսոր Կոտելնիկո՞վ։ Լոուրենսն է․․․ Շնորհակալ եմ, առողջությունս վատ չէ։ Ես հենց նոր խոսեցի ձեր դոկտոր Լոուսոնի հետ․․․ Չէ, չէ, նա ոչինչ չի արել, բայց քիչ էր մնացել համբերությունից հաներ։ Լոուսոնը փնտրել է մեր կորած փոշեգնացը, ու նրան թվում է, որ գտել է այն։ Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե որքա՞ն ձեռնահաս է նա։
Հաջորդ հինգ րոպեում գլխավոր ինժեները բավականաչափ շատ բան իմացավ երիտասարդ դոկտոր Լոուսոնի մասին․ թերևս, նույնիսկ ավելին, քան կարող էր իմանալ նա ի պաշտոնե։ Օգտվելով առիթից, որ պրոֆեսոր Կոտելնիկովը մի պահ ընդհատեց, որպեսզի շունչ քաշի, Լոուրենսը կարեկցաբար նկատեց․
― Այժմ հասկանում եմ, թե ինչու եք նրա հետ հաշտվում։ Խեղճ երիտասարդ, իսկ ես կարծում էի, թե որբանոցները վերջացել են Դիկենսով ու քսաներորդ դարով։ Փա՜ռք աստծո, որ որբանոցը այրվել է։ Դուք կարծում եք նա՞ է հրկիզել։ Լավ, դա կարևոր չէ, դուք ասացիք, որ նա հիանալի դիտորդ է, և այդ բավական է ինձ համար։ Շատ շնորհակալ եմ։ Միգուցե հյո՞ւր գայիք մեզ մի առիթով։
Լոուրենսը կես ժամվա ընթացքում կապվեց Լուսնի վրա գտնվող տասնյակ տարբեր կայանների հետ։ Նա հարուստ տեղեկություններ հավաքեց․ այժմ պետք էր գործել։
«Պլատոն աստղադիտարան։ Պատեր Ֆերրարոն գտնում էր, որ Լոուսոնի կռահումը միանգամայն ճշմարտանման է։ Ինքը նույնպես արդեն կասկածում էր, որ լուսնաշարժի օջախը Ծարավի ծովի, այլ ոչ թե Անմատչելիության լեռների տակ է։ Սակայն չի կարող ապացուցել, որովհետև Ծարավի ծովը խեղդում է բոլոր տատանումները։ Ոչ, խորքերի լրիվ քարտեզը դեռևս կազմված չէ, իսկ ողջ հատակը արձագանքաչափով տնտղելը՝ շատ երկարատև ու ծանր աշխատանք է։ Ինքը անձամբ որոշ տեղեր իջեցրել է հեռադիտակային զննաձողը, ամենուրեք խորությունը քառասուն մետիրց չէր անցնում։ Իր հաշվումներով, միջին խորությունը մոտ տասը մետր է, ափերի երկայնքով՝ ավելի սաղր։ Ինֆրակարմիր հայտնակ (դետեկտոր) չունի ինքը, բայց, միգուցե, Ֆարսայդի աստղագետները կարո՞ղ են օգնել։
«Դոստոևսկի»։ Ցավոք սրտի, ինֆրակարմիր հայտնակ չկա։ Մենք աշխատում ենք ուլտրամանիշակագույնի գոտում։ Փորձեցեք հարցում անել «Վեռն»֊ին։
«Վեռն»։ Այո, մենք աշխատել ենք ինֆրակարմիր գոտում, մի քանի տարի առաջ կատարել ենք կարմիր հսկաների լուսակաչափումներ։ Բայց պատկերացրեք՝ որքան էլ լուսնային մթնոլորտը նոսր է, խանգարումներ կային։ Ստիպված էինք հետազոտությունները փոխադրել տիեզերք։ Իսկ դուք հարցում արեք «Լագրանժին»․․․
Ապա Լոուրենսը Դիսպետչերականին խնդրեց հաղորդել իրեն Երկրից դուրս եկող տիեզերանավերի չվացուցակը։ Պատասխանը նրան ձեռք էր տալիս, բայց հաջորդ քայլը բավականին ծախսեր էր պահանջում, որ կարող էր թույլատրել միայն գլխավոր ադմինիստրատորը։
Ուլսենը մի հոյակապ հատկություն ուներ․ նա երբեք անտեղի չէր վիճում ենթակաների հետ այն հարցերի մասին, որոնք գտնվում էին նրանց լիազորությունների շրջանակում։ Ուշադիր կերպով լսելով Լոուրենսին, գլխավոր ադմինիստրատորը անմիջապես ամփոփեց․
― Եթե աստղագետը կռահել է, ― ասաց նա, ― հույս կա, որ նրանք դեռևս կենդանի են։
― Ոչ միայն հույս՝ ես գրեթե համոզված եմ դրանում։ Չէ՞ որ ծովը սաղր է, ուրեմն, նրանք չէին կարող սուզվել շատ խորը։ Ճնշումը նավիրանի վրա այնքան էլ մեծ չէ, այնպես որ կարող էր դիմանալ։
― Եվ դուք ուզում եք, որպեսզի այդ Լոուսոնը օգնի որոնումների գործում։
Գլխավոր ինժեները ձեռքերը տարածեց։
― Ուզում եմ։ Ոչ, ես չէի ցանկանա գործ ունենալ նրա հետ։ Բայց վախենում եմ, առանց նրա մենք պարզապես գլուխ չենք հանի։