Վերջին թարմացում 3 Ապրիլի 2016, 20:02

Գուգարք

20:02, 3 Ապրիլի 2016 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գուգարք

հեղինակ՝ Սեյմուր Բայջան
աղբյուր՝ [1]

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


«Ցանկանում եմ, որպեսզի «Գուգարքը» լույս տեսնի Հայաստանում, որտեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր տեսել են այն, ինչ տեսել եմ ես: Նրանք ինձ ավելի լավ կհասկանան, քան այլ երկրների քաղաքացիները, այլ մարդիկ: Եթե ես ընտրություն ունենայի հրատարակել «Գուգարքը» Գերմանիայում կամ Հայաստանում, ես հաճույքով կընտրեի Հայաստանը»: Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում:

Նվիրվում է մեղուներին

Այժմ էլ հաճախ եմ հիշում «Գուգարք» ամառային ճամբարը։ Հատկապես, երբ ծառաշատ վայր, աղբյուր, ջրամբար, մաքրած ձու, քնած սպիտակ սագ, սարեր եմ տեսնում։ «Գուգարքում» անցկացրած օրերը կյանքիս ամենաերջանիկ օրերն էին։ Ես դա գիտակցում էի դեռ այնտեղ գտնվելու ընթացքում։ Գիտեի, որ շատ հաճախ եմ հիշելու այդ տեղերը։ Դրա համար փորձում էի հիշողությանս մեջ դրոշմել բոլոր զրույցները, այնտեղ տեսած բնապատկերները։ Ընդհանրապես, ողջ կյանքս կարելի է բաժանել երկու փուլի՝ Գուգարքից առաջ և հետո։


Բալզակը մտավախություն ուներ, որ իր «Հայր Գորիո» վեպը, բացի փարիզցիներից, ոչ ոք չի հասկանա։ Այդ վախը նրան դրդել է երկար և մանրամասն նկարագրել տիկին Վոկեի գիշերօթիկ տունը։ Իմ մեջ էլ վախ կա, որ մարդիկ կարող են չհասկանալ այն դերը, որ իմ կյանքում խաղաց «Գուգարքը»։ Այդ պատճառով ես պետք է մանրամասն նկարագրեմ տրամադրությունս, կյանքս նախքան Գուգարք գնալը։


Սկսեմ գլխավոր պատճառից։ Այդ ժամանակ հասկացա․ լինելով երրորդ աշխարհի փոքր երկրի միջակ գրող՝ երբեք ճանաչում ձեռք չեմ բերի։ Գիտակցեցի իրականությունը և համակերպվեցի այն մտքի հետ, որ երբեք հաջողության չեմ հասնի։ Իմ պատմվածքների, վեպերի հիման վրա երբեք ֆիլմեր չեն նկարահանի։ Իսկ եթե նկարահանեն էլ, այդ ֆիլմերը հաջողություն չեն ունենա։ Վաճառված գրքերիս թիվը երբեք չի գերազանցի 1000 օրինակը։ Անգամ եթե բանտ ընկնեմ, ակտիվ մասնակցություն ունենամ հասարակական-քաղաքական գործընթացներին, միևնույն է, որևէ հեղինակավոր գրական մրցանակի երբեք չեմ արժանանա։ Մարող հավակնություններն ինձ հետզհետե ավելի իմաստուն էին դարձնում։


Այդ ժամանակ գիշերում էի «Ռեյտինգ» թերթի խմբագրությունում։ Տուն էի գալիս միայն հագուստս փոխելու և լողանալու։ Մեր տունը՝ տանիքից մինչև հիմք, ստեղծագործական ամեն ինչի հակապատկերն էր։ Անգամ վերակենդանացած Յուկիո Միսիման մեր տանը մի նախադասություն չէր գրի։ Այդ տան մեջ այնքան մութ էներգիա կա, որ հնարավոր չէ անգամ ուրիշների գրած գրքերը կարդալ։ Իսկ խմբագրությունում ինձ համեմատաբար լավ էի զգում։ Աշխատակիցների գնալուց հետո նստում էի բազկաթոռի մեջ և սկսում էի կարդալ՝ մատիտը ձեռքիս։ Տարբեր բուժիչ խոտերից թեյ էի գցում ու խմում։ Ինչպես Օստրովսկին էր ասում, դավաճանած մարմինս հրաժարվում էր ինձ ծառայել։  Տեսողությունս թուլանում էր, ատամներս՝ փտում, երիկամս զգալ էր տալիս, գիշերները երկու անգամ արթնանում էի, որ զուգարան գնամ, իսկ մի թեթև ցրտի դեպքում ոտքերս փետանում էին։ Սարսափելի վախենում էի անկողին ընկնել։ Չկար մեկը, ով իմ մասին հոգ կտաներ։ Տանն էլ պառկել չէի կարող։ Արդեն ասացի՝ էնտեղ գնում էի միայն լողանալու և հագուստս փոխելու։ Եթե մի քիչ փնթի լինեի, տուն կատարած այցերս շատ ավելի հազվադեպ կլինեին։


Իսկ տանը կարծում էին, որ ես ինչ-որ կնոջ մոտ եմ ապրում։ Աշխատածս փողերը նրա վրա եմ ծախսում, և որ նա ինձ խանգարում է ամուսնանալ։ Ամեն անգամ, երբ կեղտոտ շորերս հանում գետնին էի գցում, մայրս հարցնում էր․ «Իսկ ինչո՞ւ ինքը շորերդ չի լվանում»։ Ամեն անգամ տարբեր պատասխաններ էի տալիս․ «Ժամանակ չունի»․ «Չի ուզում դրսում տղամարդու հագուստ կախել», «Չի կարող քո պես մաքուր լվանալ»։


Այդ ժամանակ չէի աշխատում։ Յոլա էի գնում փողով, որն ինձ ամեն ամիս ընկերներիցս մեկն էր տալիս։ Մի խոսքով, պարապ էի։ Երբ խմբագրությունում էի գիշերում, արթնանում էի ժամը 8-ին։ Լվացվում էի, սոված փորիս երկու գդալ մեղր էի կուլ տալիս և դուրս գալիս փողոց։ Խմբագրությունը երկաթուղային կայարանի մոտ էր գտնվում՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի կողքին։ Ամեն օր նույն ժամին մետրոյից դուրս եկող ու աշխատանքի կամ դասի շտապող մարդկանցից շատերին դեմքով ճանաչում էի։


Երբեմն գնում էի կայարանից վերև գտնվող շուկա ու աննպատակ շրջում էի բանջարեղենի, ձկնեղենի, մսեղենի, թթուների, կաթնամթերքի կրպակների կողքով։ Շատ հազվադեպ էի ինչ-որ բան գնում։ Օրինակ, պանիր, լավաշ կամ կաթի սեր՝ նախաճաշի համար։ Սիրում էի հետևել՝ ինչպես են գավառացիները, որոնք անգամ ամենագեղեցիկ զգեստերի մեջ տխուր էին թվում, գնացքից իջնելով՝ վախեցած ձուլվում քաղաքի աղմկոտ կյանքին։ Երբեմն զբոսնում էի կառամատույցի վրա ու խառնվում գնացքին սպասող մարդկանց։ Սիրած զբաղմունքներիցս մեկն էլ կառամատույցի վրա գրկախառնվող ու համբուրվող բարեկամներին ու հարազատներին հետևելն էր։ Նայում էի՝ ինչպես են կայարանում գիշերած քնաթաթախ, չսափրված, ճմրթված շորերով մարդիկ սոված փորին ծխում, հետո ուտելու մի բան էի գնում ու վերադառնում խմբագրություն։ Ուտելուց հետո 2-3 ժամ կարդում էի՝ մատիտը ձեռքիս։ Մինչև թերթի աշխատակիցները գործի էին գալիս։


Այդ օրերին քաղաքում ժամանակ սպանելու մասնագետ էի դարձել։ Ինչպես Ֆուրմանովն էր ասում, փախչում էի կյանքից ու թաքնվում գրքերի հետևում։ Դրանում յուրահատուկ ողբերգականություն կա։ Երբեմն էլ առավոտյան սովորությանս համաձայն երկու գդալ մեղր կուլ տալուց հետո գնում էի ոչ թե կայարան կամ շուկա, այլ բուլվար՝ զբոսնելու։ Ծովի ափին հանդիպում էի բանաստեղծություններ գրող պառաված օրիորդների։ Տղամարդու բացակայության պայմաններում երեսները կոշտ մազերով էին ծածկվել․ փորձում էին դա թաքցնել էժան դիմափոշու տակ, սակայն դրանից էլ ավելի տխուր տեսք ունեին։ Երկար հորդորներից հետո նրանք համաձայնում էին ինձ համար սեփական բանաստեղծություններից մեկ-երկուսը կարդալ։ Բանաստեղծություններ գրող պառաված օրիորդների հետ երբեք գրականությունից չէի խոսում։


Բուլվարում ծանոթացել էի մի քանի զբոսնող տարեց կանանց հետ։ Պատմում էին իրենց հիվանդություններից, երիտասարդ տարիներից, նրանից, թե ինչպես է փոխվել աշխարհը, ծովի բարձր աղտոտվածությունից, երիտասարդության լկտիությունից։


Մինչև կեսօր բուլվարում զբոսնելուց հետո վերադառնում էի քաղաքի կենտրոն։ Մի երկու ժամ էլ շրջում էի քաղաքով, իմ պես պարապների մեջ փնտրում էի ծանոթ դեմքեր։ Ճաշին բորշչ, կարտոֆիլի խյուս, դովղա կամ տապակած ձուկ էի ուտում։ Մի բաժակ թեյ խմելուց հետո նորից գնում էի քաղաքում թափառելու։ Երբեմն, երբ ընկերոջս տրամադրած «թոշակն» ուշանում էր, պարտքով էի ուտում։ Քաղաքում երեք սրճարան կար, որտեղ կարող էի պարտքով ուտել։ Ճաշելուց հետո 2-3 ժամ թափառում էի համացանցի վիրտուալ աշխարհում։ Ամեն օր ստուգում էի էլեկտրոնային փոստս՝ հույս ունենալով, որ ինչ-որ կոնֆերանսի կամ սեմինարի հրավեր կստանամ։ Չէի ստանում։ Կարդալով անիմաստ նամակներ իմ պես պարապներից, ովքեր գիտակցում էին, որ երբեք հաջողություն չեն ունենա, ես էլ նրանց նման անիմաստ պատասխաններ էի գրում։


Գրում ու իմ մասին հիշեցնում էի կազմակերպություններին, որոնց նախաձեռնած կոնֆերանսներին և սեմինարներին ժամանակին մասնակցել եմ։ Պատրաստ էի մասնակցել, առանց հոնորարի, ամենաանպետք կոնֆերանսին, «ամենաթեժ կետերում»։ Միայն թե ճանապարհի ու սնվելու ծախսերը հոգային։ Միայն թե, թեկուզ կարճ ժամանակով, լքեի քաղաքը։ Արդեն 6 ամիս է՝ ոչ մի տեղ չէին հրավիրում։ Ահավոր ձանձրանում էի։ Երեկոյան հանդիպում էի ընկերներիս հետ, մի էժան սրճարանում օղի էինք խմում։ Վեցից հետո իմ բոլոր պարապ ընկերները հավաքվում էին քաղաքում։ Հետս խմել ցանկացողի հեշտ էի գտնում։


Այն ժամանակ հաճախ էի մտածում ինքնասպանության մասին։ Երկու լուրջ խանգարող հանգամանք կար․ նախ՝ վախենում էի կենդանի մնալ ու այլանդակվել։ Պետք է այնպիսի միջոց ընտրեի, որ հաստատ մահանայի։ Երկրորդը՝ չէի կարող մահանալու համար հարմար տեղ ընտրել։ Եթե հենց խմբագրությունում ինքնասպանություն գործեի, այդ տարածքը հանձնող կնոջ համար խնդիրներ կստեղծեի։


Տանն էլ միշտ մարդիկ էին լինում։ Կույսի աշտարակից թռիչքը կհանգեցներ ռոմանտիկ մահվան։ Մետրոյի գնացքն էլ Աննա Կարենինայի մահվան կրկնությունը կլիներ։ Վերջապես մի օր տանը մարդ չկար։


Մայրս գնացել էր թոշակի հետևից, իսկ եղբայրս ընտանիքի հետ զոքանչի մոտ էր։ Մորաքույրս հիվանդանոցում էր։ Գրպանումս եղած դեղերից փոշի պատրաստեցի։ Կես լիտր ջրով լիտրանոց բանկան դեմս դրեցի ու սեղանի մոտ նստեցի։ Սկսեցի կտակ գրել։ Գործընթացը երկարեց։ Երբ արթնացա, տեսա, որ գրոտել էի 18 էջանոց տետրի 16 էջը։ Բանկայում ջուրը  սառել էր։ Տեղիցս բարձրացա, պատռեցի տետրը: Դեղերից պատրաստած փոշին լուծելով ջրի մեջ՝ թունավոր լուծույթը թափեցի փողոց։ Մեջբերեմ միայն մեկ տող իմ կտակից․ «Թաղեք ինձ ռուսական գերեզմանոցում»։


Գրական աշխատանքն ինձ հեշտությամբ շեղեց ինքնասպանության մտքից։ Ավելի ուշ, երբ հանդիպեմ մեծավաստակ գրող Սաբիր Ահմեդլիի հետ, նա կասի․ «Ինձ համար լավագույն մարզաձևը․․․ Ինձ համար լավագույն մարզաձևը․․․ Ինձ համար լավագույն մարզաձևը․․․ գրելն է։ Երբ չեմ գրում, հիվանդանում եմ»։ Սաբիր Ահմեդլին այդ խոսքերն ասաց մեր վերջին հանդիպման ժամանակ։ Մի քանի ամիս անց նա մահացավ։


Այն ժամանակ շատ էի ձանձրանում։ Այնքան ձանձրալի էր, որ պատրաստ էի անգամ Բարդա շրջանի Հաջալար գյուղի միջնակարգ դպրոցում գրականության ուսուցիչ աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ինձ հրավիրեց որպես թրեյներ «Գուգարք» ամառային ճամբար։


Քաղաքում այնքան թափառեցի, մինչև ուժասպառ եղա, ապա մտա ինտերնետ-սրճարան։ Հիմա էլ մի քիչ վիրտուալ աշխարհում թափառելու ժամանակն էր։ Բացեցի էլեկտրոնային փոստս։ Տեսա նամակ Վանաձորի գրասենյակից։ Առաջին հերթին այդ նամակը կարդացի։ Գրասենյակը հոգում էր ճանապարհածախսը։ Բացի դա, պետք է հոնորար ստանայի։ Պարապ ընկերներիս մի նախադասությամբ պատասխանեցի․ «15 օր Բաքվից բացակայելու եմ»։ Վանաձորի գրասենյակին էլ գրեցի, որ անպայման կգամ ճամբար։


Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ ծանոթացել էի Թբիլիսիում՝ կոնֆերանսի ժամանակ։ Անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչին էր նվիրված կոնֆերանսը։ Բայց Թբիլիսիում մենք Արթուրի հետ մի քանի անգամ լավ խմեցինք։ Կապեր հաստատեցինք։ Վերադառնալուց հետո պարբերաբար գրում էի Արթուրին՝ հիշեցնելով իմ մասին։ Եվ ահա արդյունքում անտանելի ձանձրույթին վերջ դրվեց։ Բացի դրանից, ինձ հրավիրելու օրը՝ երեկոյան, ընկերս վճարեց «թոշակս»։


Լավ եմ հիշում Բաքվից մեկնելուս օրը։ Ինձ համար գնեցի կարմիր ներքնազգեստ ու «Open» օդեկոլոն։ Սափրվեցի, մազերս կտրեցի։ Մտա խանութ, որտեղ գրքերս էին վաճառում։ Երեք խանութում ընդամենը 12 գիրք էր վաճառվել։ Սև պայուսակի մեջ երկու զույգ շալվար դրեցի, մի քանի տարբեր գույնի վերնաշապիկ, ատամի մածուկ, խոզանակ, երկու ամառային ցանցագծավոր կեպկա, սև բլոկնոտ և մի քանի այլ անհրաժեշտ իրեր։ Այդ պայուսակն ինձ նվիրել էր նախկին սիրուհիս։ Ընկերներս պայուսակը «կախարդական» էին անվանում։ Որովհետև ինձ հաջողվում էր դրա մեջ անհավանական քանակությամբ հագուստ տեղավորել։


Մինչև գնացքի մեկնելը 4 ժամ կար։ Մտա կայարանամերձ «Էֆես» սրճարան, նրբերշիկ ու 250 գրամ օղի վերցրեցի։ Տեսա, որ օղին քչություն արեց, 100 գրամ էլ վերցրեցի ու երկու հավի կոտլետ պատվիրեցի։ Էդ ամենի վրա մի բաժակ էլ «Էֆես» խմեցի։ Ես միշտ եմ էդպես անում։ Խմում եմ կամ մինչև մեկնելը, կամ վագոնում։ Սթափ վիճակում ճամփա ընկնելն ինձ համար տանջանք է։ Հաշիվը փակեցի ու սրճարանից դուրս եկա։ Եվ անմիջապես  հանդիպեցի «Գանուն» հրատարակչության սեփականատեր Շահբազ Խուդուօղլուին։ Այնպես ստացվեց, որ միասին մտանք «Խայալ» սրճարան, լյարդի խորոված վերցրեցինք, կես լիտր օղի խմեցինք։ Մարմինս ծանրացել էր, բայց ձանձրույթը թույլ չէր տալիս հարբել։


Գիշերը վագոնում կարող է ծարավեմ։ Կրպակից ջուր, արևածաղկի սերմ, «Քենթ 8» ծխախոտ, լուցկի գնեցի և 4 շիշ «Էֆես» գարեջուր՝ մեկ էլ պետք կգա, ու այդ ամենը սիրուհուս նվիրած «կախարդական պայուսակի» մեջ գցեցի։ Մտա դեղատուն ու երկու տուփ «Ուրոտեա» գնեցի։ Ամեն անգամ ճամփա ընկնելիս «Ուրոտեա» միզամուղ թեյ եմ գնում։ Լավ խմելուց հետո սովորաբար առավոտյան թեյը թրմում եմ ու խմում, որպեսզի միզուղիներս, երիկամներս սպիրտից մաքրվեն։ Մինչ սպիտակ խալաթով թմբլիկ օրիորդը «Ուրոտեան» տոպրակի մեջ էր դնում, ուսումնասիրում էի ցուցասեղանին դրված տարատեսակ պահպանակները։ Դրանցից մեկը ուշադրությունս գրավեց։ Տարօրինակ անվանում ուներ՝ «Կարմիր կամիկաձե»։ Գինն էլ՝ երեք մանաթ։ Գրվածքներումս որքան էլ անամոթ եմ, միշտ ամաչել եմ պահպանակ գնել։ Անհրաժեշտության դեպքում ընկերներս էին ինձ համար պահպանակ գնում։ Բայց այս անգամ չամաչեցի։ Երեք հատ «Կարմիր կամիկաձե» գնեցի։ Չնայած նման ճամփորդությունների ժամանակ սեքսը հազվադեպ բան է։ Պահպանակի պիտանիության ժամկետը մինչև 2013 թվականն էր։ Երևի, մինչև էդ կօգտագործեմ։ Երկու տուփ «Ուրոտեան» ու երեք հատ «Կարմիր կամիկաձեն» նույնպես նախկին սիրուհուս նվիրած սև պայուսակի մեջ դրեցի։


Աջ ոտքս դնելով Բաքու-Թբիլիսի գնացքի վագոն, որի համարը հիմա չեմ հիշում, միայն մի բանի մասին սկսեցի երազել՝ գնացքի շարժվելուն պես քնել։ Մտա երկտեղանի ՍՎ-կուպե ու պայուսակս մահճիկի տակ տեղավորեցի։ Գնացքը պետք է 15 րոպեից շարժվեր։ Ուղեկցորդուհին բարեկամներին ճանապարհող մարդկանց բղավելով դուրս հրավիրեց վագոնից։ Կառամատույցին կանգնած ճանապարհողները ներքևից վերև նայում էին գնացքի պատուհաններին։ Մսի սպասող սոված շների էին նման։ Իմ պատուհանի տակ ոչ ոք չկար։ Գնացքը շարժվեց։ Երբեք Բաքուն այդքան հույսով ու վշտով լցված չէի լքել։ Ճանապարհողները, ձեռքերը թափահարելով ու ինչ-որ բաներ ասելով, քայլում էին շարժվող վագոնների կողքով, հետո հետ ընկան։ Շուտով ուղեկցորդուհին տոմսս վերցրեց ու ինձ տոպրակի մեջ անկողնու սպիտակեղեն տվեց։ Կուպե մի տարեց մարդ մտավ՝ կլոր ու ճաղատ, մոտ 50-55 տարեկան։ Շրթունքները թեթևակի շարժեց։ Երևի, բարևեց ինձ։


Այստեղ պետք է մի կարևոր շեղում անեմ։ Ես միշտ արտասովոր դեպքերի ականատես եմ դառնում։ Ինձ միշտ արտասովոր մարդիկ են հանդիպում։ Առաջ ընկերներիս նման դեպքերի մասին չէի պատմում, միևնույն է՝ չէին հավատա։ Բայց ժամանակի ընթացքում նրանք զգացին, որ երբ ինձ հետ են, նույնպես տարօրինակ իրադարձությունների ականատես են դառնում։ Օրինակ, մի անգամ ընկերներով «Նիզամի» կինոթատրոնի առաջին հարկում թեյ էինք խմում։ Ինչ-որ բան էինք բուռն քննարկում։ Եվ ահա մեր սեղանին մոտեցավ մի տարեց տղամարդ ու հենց ինձ խնդրեց դիմացի դեղատնից իր համար «մինուս երեք» ակնոց գնել։ Չնայած սեղանի շուրջ բոլոր նստածները ինձանից երիտասարդ էին։ Նման դրվագները բազմաթիվ են։ Այդ դեպքից հետո այլևս չէի վախենում ընկերներիս գլխիս եկածի մասին պատմել։ Նրանք արդեն իմ ամեն մի պատմածին հավատում էին։ Ինչո՞ւ են ինձ նման մարդիկ պատահում, ինչո՞ւ եմ արտասովոր պատահարների մասնակից դառնում։ Այդ հարցի շուրջ շատ էի մտածում։ Եվ վերջապես պատասխանը գտա սերբ գրող Միլորադ Պավիչի հարցազրույցում. «Դեպքերը պատահում են նրանց հետ, ովքեր կարողանում են դրանք նկարագրել»։


Ուղեկիցս մինչև գոտկատեղը հանվեց։ Պայուսակից հանեց տապակած հավ, լոլիկ, վարունգ, «Խլեբնայա դորոգա» օղու կեսլիտրանոց շիշ ու շարեց սեղանին։ Հավը մի քանի մասի բաժանեց։ Կարծես ինչ-որ բան հիշելով՝ պայուսակից երկու պլաստիկ բաժակ հանեց։ Օղին լցրեց ու իմ կողմ շրջվեց։


- Արի խմենք։ Շոգից չվախենաս։ Արի, արի: Ես մենակ հաց չեմ ուտում։ Երբ հետս ուտող չկա, հայելու մեջ նայելով եմ ուտում։


Դա ասելով՝ պայուսակից փոքրիկ ձեռքի հայելի հանեց ու ինձ ցույց տվեց։ Հետո այն խնամքով սրբեց թաշկինակով ու սկսեց ուշադիր զննել իր արտացոլանքը։ Թվում էր՝ առաջին անգամ էր իր դեմքը հայելու մեջ զննում։ Հիշեցի Պավիչի խոսքերը՝ «դեպքերը պատահում են նրանց հետ, ովքեր կարողանում են դրանք նկարագրել», և վերցրեցի բաժակը։


Տղամարդն ուտում էր լուռ ու ախորժակով։ Ականջները հավի ազդրը ծամելուն համաչափ շարժվում էին։ Նրա ճաղատ գլուխն այնպես էր փայլում, կարծես փղոսկրից լիներ։ Կարճ ձեռքերն ու կլոր փորը նման էին բողբոջած կարտոֆիլի պալարների։ Հավը դանդաղ ուտելով՝ կես լիտր օղին խմեցինք։ Տղամարդը պայուսակից հանած սրբիչով ձեռքերը մաքրեց ու սրբիչն ինձ փոխանցեց։ Ձեռքերս սրբեցի։ Սրբիչից ձկան հոտ էր գալիս։ Տղամարդը գլուխն ափերի մեջ առավ ու սկսեց աջ ու ձախ տանել-բերել ու այնքան ուժեղ, որ թվում էր՝ ստուգում է՝ որքանով ամուր է այն կպած ուսերին։ Այնքան հաճույքով էր պարանոցը ճտճտացնում, որ նախանձեցի նրան։ Հավի ոսկորները ցելոֆանե տոպրակի մեջ հավաքեց ու ինձ տվեց։ Տոպրակով դուրս եկա միջանցք։ Երբ ծխելուց հետո կուպե մտա, իր տեղում պառկած էր։ Նայելով կուպեի առաստաղին՝ սկսեց խոսել։ Ձեռքերը կլոր փորի վրա ծալել էր։


- Տղես, կներես, ես մի քիչ ուժեղ եմ խռմփացնում։ Եթե չկարողանաս քնել, արթնացրու ինձ։


- Մի անհանգստացեք։ Շատ հոգնած եմ, կքնեմ։


- Չես կարողանա քնել։ Ես մի ուրիշ ձև եմ խռմփացնում։


- Հայրս էլ էր ուժեղ խռմփացնում։


- Բոլորն էլ ասում են, որ կկարողանան քնել, բայց ոչ մեկ չի կարողանում։


Տղամարդը, ձեռքերը փորին խաչելով, առանց իմ կողմ շրջվելու իր խռմփացնելու մասին մի քանի պատմություն պատմեց։ Օրինակ, թե ինչպես մի անգամ, երբ գնացքով Ռուսաստան էր գնում, ուղևորներն ուզում էին նրան վագոնից վռնդել։ Շատ տաղտկալի զրուցակից դուրս եկավ։ Ընդամենը 15 րոպեում հասցրեցի իմանալ, որ սովորել է Ռուսաստանում, մասնակցել է աֆղանական պատերազմին, երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա ողջ կեցվածքը վկայում էր իր՝ ալարկոտ լինելու մասին, իսկ գնացքի տոմսը, հավանաբար, պատահականորեն էր գնել։ Նա այն ուղևորներից էր, որոնք չգիտեն էլ՝ ուր են գնում։ Իր ելույթն ավարտեց հետևյալ խոսքերով․ «Շատ եմ հոգնել։ Ուզում եմ կյանքիս մնացած մասը գյուղում անցկացնել։ Հանգստի կարիք շատ ունեմ։ Կյանքում ինչ որ պետք է՝ տեսել եմ։ Պատերազմ, խմիչք, կանայք, քաղաքներ․․․ Ափսոս, խռմփացնելս խանգարեց ինձ երջանիկ ապրել։ Անգամ բանակում քնում էի ոչ թե կազարմում՝ զինվորների հետ, այլ առանձին սենյակում։ Տղերքն իմ ուժեղ խռմփոցի մասին բազմաթիվ անեկդոտներ էին հորինել։ Ամեն մեկն իր դարդն ունի, իմ դարդն էլ ուժեղ խռմփոցն է։ Ամբողջ կյանքում ստիպված եմ եղել խռմփոցիս համար ներողություն խնդրել մարդկանցից։ Մեր գյուղի տունը դատարկ է։ Մի քիչ կարգի կբերեմ ու էնտեղ կապրեմ։ Աֆղանստանի պատերազմը սաղ կյանքս ոչնչացրեց։ Երջանիկ են նրանք, ովքեր էնտեղ չեն եղել։ Իսկական դժոխք էր։ Ամեն անգամ, երբ լսում եմ դժոխք բառը, ակամա Աֆղանստանն եմ հիշում։ Այնտեղ էլ մարմինս մի վերք ընկավ։ Մինչև հիմա չի անցել։ Տարին երկու անգամ մարմնիս տարբեր մասերում հայտնվում է։ Սողացող վերք է։ Էլ բժիշկ, պրոֆեսոր չի մնացել, որ ցույց չտամ, էլ հիվանդանոց, կլինիկա չի մնացել, որ ման չգամ։ Ոչ մեկ չի կարողանում այդ վիրուսի աղբյուրը գտնել․․․ Գիշերվա մթին մեր վրա էին գալիս՝ «Ալլահ Աքբար», «Ալլահ Աքբար» գոռալով։ Չգիտեինք՝ ուր փախնել, ուր պախկվել։ Քանի մարդ վախից խելագարվեց։ Ուղղակի սարսափ էր։ Մի բան է ուրախացնում՝ էլ երբեք Աֆղանստանը չեմ տեսնի»։


Հարմար տեղավորվեցի։ Փոխադարձ համաձայնությամբ կուպեի լույսն անջատեցի։ Երազում էի մի բանի մասին՝ քնել։ Հինգ րոպե անց տղամարդը սկսեց բարձր խռմփացնել։ Չնայած ուժեղ հոգնածությանս՝ քնել չկարողացա։ Նրա խռմփոցն ուղեղիս էր խփում։ Դուրս եկա, մի սիգարետ քաշեցի։ Երբ վերադարձա, տղամարդն ավելի ուժեղ էր խռմփացնում։ Պառկեցի ու գլուխս բարձի տակ մտցրեցի։ Չօգնեց։ Տղամարդու խռմփոցն անգամ գնացքի ձայնն էր խլացնում։ Ինչքան գնացքն արագ էր ընթանում, այդքան ավելի ուժեղ էր խռմփացնում։ Մի կողքից մյուսն էի շրջվում։ Ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Աչքերս փակվում էին, բայց ուղեղս չէր անջատվում։ Դուրս եկա ու մի հատ էլ ծխեցի։ Ուզում էի արթնացնել տղամարդուն։ Բայց վախեցա, որ եթե զարթնի, կխփի ինձ։ Պայուսակից հանեցի «Էֆեսի» շիշը ու մութ կուպեում խմեցի։ Մտածում էի՝ կարող է գարեջուրն օգնի քնել։ Բայց հակառակը՝ սիրտս խառնեց նրանից, որ խմիչքները խառնել էի։


Նորից պառկեցի ու սկսեցի հաշվել։ Երբ 200-ն անցա, հարևան կուպեում մի կին բարձր բղավեց։ Ինձ թվաց՝ սիրով էր զբաղվում և հաճույքից գոռաց։ Հավի ոսկորներով տոպրակը շպրտելիս տեսել էի, թե ինչպես է հարևան կուպե մերկ ոտքերով մի կին մտնում։ Նախանձեցի այն մարդուն, ով, լինելով այդ կնոջ վրա կամ տակ, ստիպեց նրան այդքան բարձր բղավել։ Մինչ ուղեղս նման հիմար մտքերով էր լցված, կինը կրկին բղավեց, այս անգամ՝ ավելի բարձր։ Հետո նորից․․․ ու նորից․․․ Հետո դուրս եկավ միջանցք ու ավելի սարսափելի ձայնով բղավեց։ Կուպեից դուրս եկա։ Կինը բարձրացնում էր ձեռքերը ու խփում ծնկներին։ Խալաթով էր։ Չնայած իր սարսափելի վիճակին, խալաթ հագնելու ժամանակ գտել էր։ Ուղեկցորդը, սպիտակ վերնաշապիկը կոչկելով, դուրս եկավ իր կուպեից։ Միջանցքը լցվեց մարդկանցով։ Կնոջը զոռով տարան ուղեկցորդի կուպե։ Ուղեկցորդը մտավ նրա կուպե։ Դուրս գալով՝ նա նույնպես բղավեց։


Ոստիկանություն կանչեցին։ Աղմուկ բարձրացավ։ Հարևան վագոններից հանդիսատեսները սկսեցին հավաքվել մեր վագոնում։ Գնացքը հսկող ոստիկանները նրանց մեծ դժվարությամբ հետ վերադարձրեցին։ Նրանք շատ վիրավորված էին լքում մեր վագոնը։ Ոմանք անգամ վիճում էին ոստիկանների հետ։ Այլ վագոնների ուղևորներն ակնհայտորեն նախանձում էին այն ուղևորներին, որոնք երթևեկում էին վագոնում, որտեղ տեղի ունեցավ միջադեպը։


Հաջորդ կայարանում սպիտակ խալաթավորները պատգարակով դուրս հանեցին կնոջ վրա կամ տակ մահացած տղամարդու դիակը։ Իսկ բղավող կնոջը տարան ոստիկանները։ Ինչ-որ մեկն ասաց, որ տղամարդը «Վիագրա» էր ընդունել, և նրա սիրտը կանգնել էր։ Իրոք, երբ տղամարդուն տանում էին պատգարակի վրա, նրա դուդուկը մի փոքր բարձրացրել էր մարմնի վրա գցած սավանը։ Վրանի համար հենակի պես մի բան։ Ինչ-որ մեկն ասաց՝ տղամարդը մահացել է, բայց նրա դուդուկը՝ ոչ։


Աղմուկ-աղաղակը չէր դադարում մինչև ժամը 4-ը։ Իսկ իմ ուղեկիցը քնած էր։ Վերադարձա կուպե։ Մի շնչով կես լիտրանոց չգազավորված ջրի շիշը գլուխս քաշեցի։ Նորից պառկեցի։ Փորձում էի քնել, բայց դա այդքան էլ հեշտ չէր։



Վագոնից դուրս գալուց հետո անքնությունից հազիվ էի քայլում։ Կարծես ծանր մարտից հետո գումարտակի միակ կենդանի մնացած զինվորը լինեի։ Կայարանում տաքսի բռնեցի ու ուղևորվեցի դեպի վրաց-հայկական սահման։ Իմ երկրորդ՝ «18.6 սմ» վեպում գրել էի սահմանը հատելու կանոնների մասին։ Ում հետաքրքիր է՝ կարող է գտնել ու կարդալ։ Չէի ցանկանա կրկնվել։


Արթուրն ինձ սպասում էր սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում։ Հատելով վրացական անցակետը՝ չեզոք գոտում մի սիգարետ քաշեցի։ Հայաստանցի սահմանապահները, կանոնների համաձայն, անձնագրումս կնիք չդրեցին։ Բարևեցի Արթուրին։ Թիկնապահներին։ Նրանցից երկուսն ինձ հսկել են նաև Հայաստան կատարած նախորդ այցերիս ընթացքում։ Մեքենա նստեցինք ու ճամփա ընկանք։ Մեքենայում հայելու մեջ ինձ նայեցի։ Աչքերս հոգնածությունից ու անքնությունից այտուցվել էին։ Գլուխս աջուձախ էր թափահարվում, կարծես, ուզում էր վզիցս պոկվել։ Մեքենայի մեջ էլ չկարողացա քնել։ Ճանապարհին խնդրեցի կանգ առնել ու սառը ջրով լվացվեցի։ Մի քանի անգամ ամբողջ կրծքով մաքուր օդ շնչեցի։ Արթուրն ահագին միրգ գնեց։ Հաց չկերանք։ Ուտելու դեպքում անպայման պիտի խմեինք։ Շարունակեցինք ճանապարհը։ Արթուրը մի քանի անգամ հարցրեց՝ ինչպես եմ ինձ զգում։ Ամեն անգամ պատասխանում էի՝ «շատ լավ, շնորհակալ եմ»։ Նյարդերի խանգարումից բողոքեց։ Խորհուրդ տվեցի առավոտներն անոթի երեք թեյի գդալ մեղր կուլ տալ։ Այն ժամանակ տարօրինակ հիվանդություն ունեի։ Ով ինչ ասեր, ինչից բողոքեր՝ խորհուրդ էի տալիս առավոտները երկու-երեք թեյի գդալ մեղր կուլ տալ։ Ամեն օր մեղուների կյանքի, մարդու օրգանիզմի համար մեղրի օգտակարության մասին հոդվածներ էի կարդում։ Շատ էի ուրախանում, երբ հանդիպում էի մեկին, ում հետ կարելի էր մեղուներից խոսել։ Երբեմն հիվանդությունս սրանում էր, ու ես, ինչի մասին էլ խոսք գնար, մարդկանց խոսքը կտրում, փոխում էի թեման ու սկսում մեղուների կյանքի ու մեղրի օգուտների մասին դասախոսություններ կարդալ։ Ոմանք արդեն տեղյակ էին իմ այդ տարօրինակ հիվանդության մասին, և, քաղաքավարությունից ելնելով, համբերատար լսում էին մեղուների մասին դասախոսություններս։


Թեև մի քանի անգամ այս ճանապարհով անցել էի, միևնույն է, հետաքրքրությամբ ամեն ինչ զննում էի։ Դիտարկումներս ինձ կրկին վշտացնում էին։ Բաց լուսամուտներով անտեր մնացած տների պատերը ժամանակի բեռի տակ ծռվել էին։ Ավերված ֆերմաները, կոլխոզների շենքերը, անասնանոցները ճանապարհին կանգնած մուրացկանների էին նման։ Խորհրդային տարիներին կառուցված արտադրամասերի երկաթե խողովակներ, ցիրուցան կարմիր աղյուսները, դեկադենտական ոճով ծուլորեն խոտ ծամող կեղտոտ ոչխարները, դպրոցների ու գրադարանների՝ տեղ-տեղ խոտերով ծածկված կտուրները, ծառերը, ծռված խաչերով շիրիմները, գյուղերի փողոցներով աննպատակ թափառող ծերունիները, բակերում փտող առանց ակերի սովետական մեքենաները՝ այս ամենը վկայում էր, որ այստեղ դեռ երկար ժամանակ հարմարությունը, երջանկությունն ու հոգու խաղաղությունը ոտք չեն դնի։


Եթե իմ հայրենի շրջանում դպրոցները, ֆերմաները, գործարանները, հիվանդանոցները, շենքերը, գրադարանները ավերվել էին հայկական տանկերի և թնդանոթների ականներից, ապա հայկական գյուղերի ու շրջկենտրոնների հախից ժամանակն ու կյանքն էին եկել։


Այստեղ դեռ հոգեվարք էր տիրում։ Ես կարոտով եմ հիշում այն շրջանը, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Այն ամենը, ինչ կարող էր կատարվել, եղավ։ Կարճ ժամանակում այրվել են շենքեր, թալանվել դպրոցներ, գրադարաններ։ Իսկ այստեղ շենքերը քանդվում էին աղյուս առ աղյուս։ Մարդիկ մահանում էին գրամ առ գրամ։ Որոշ գյուղերում անգամ կենդանի մեկին չես հանդիպի, միայն ճանապարհը հատող աքլորի։ Հայաստանի գյուղերով անցնելիս մարդ մոռանում է երիտասարդության բոլոր երազանքների ու ցանկությունների մասին։ Ապագան այստեղ անելիք չունի։ Ամեն ինչ թմրած է, ասես, ամեն ինչ թոշակի է անցել։ Անգամ ամենաանհոգ ու լավատես մարդն այստեղ չի կարող չտխրել։ Պատերի տակ աճած խոտերը, շենքերի կտուրների վրա նստած ու ճանապարհին նայող երեխաները կարող են ոչնչացնել մարդուն։ Ցանկապատների վրա բազմաթիվ զինվորական կիտելներ են չորանում։ Այդ կիտելներն այնպիսի թախիծ են առաջացնում, ասես, ղումար խաղացած ու կրված լինես կամ անտեղի հիմար խոսքով նեղացրած լինես ամենահարազատ մարդուն։


Մի գերեզմանոցի մոտ կանգ առանք՝ ծխելու։ Շուրջն այնպիսի լռություն էր, որ լսվում էր փտող ոսկորների ձայնը։ Ծեր գերեզմանափորը ոտքերը կախել-նստել էր նոր փորած գերեզմանի եզրին ու ծխում էր։ Նրա կողքին՝ անբախտ շուն ու ընկճված դեմքով երեխա։ Թվում էր՝ այդ տղամարդը պատրաստվում է գերեզմանափոսում թաղել իր կողքին կանգնած երեխայի ապագան։ Նա թիկնապահներին հայերենով ինչ-որ բան ասաց։ Նրանք չպատասխանեցին։


Մոտավորապես ժամը չորսին հասանք «Գուգարք»։ Իմ խորհրդով՝ մեքենայից դուրս եկանք ճամբարի դարպասների մոտ։ Ուզում էի մինչև հանրակացարան ոտքով գնալ։ Ցանկապատի անցքից՝ երկաթե դարպասներից աջ, մեծ թվով հին, պատռված կոշիկներ էին գցել։ Տարբեր չափսերի ու գույների։ Ամառային, աշնանային, ձմեռային, կանացի, տղամարդկանց, մանկական։ Որտեղի՞ց են այդքան պատռված կոշիկ գտել։ Դարպասների աջ կողմում ցցի վրա եզի գանգ էր հագցված։ Անձրևները, քամիները, արևը այնքան էին այն հղկել, որ ճեփ-ճերմակ էր դարձել։ Ցցի տակից լկտի փաթաթուկի ծայրը գանգի բերանով ներս էր մտել՝ աչքով դուրս եկել։ Ծառերի տակ, որոնց անունները չգիտեի, սև ձի էր թավալ գալիս։ Ձիու հետևում պախկված ծեր քնաթաթախ շունը դժկամորեն մեր հետևից վազեց ու ձևի համար մի երկու բերան հաչաց։ Այդ ծեր, քնաթաթախ շան հաչոցից մի գրամ չէր զգացվում, որ ուզում է վախեցնել։ Ներկված դարպասներից դժվար էր հասկանալ՝ ժամանակին ինչ գույնի են եղել։


Մեքենայից վերցրեցի «կախարդական պայուսակս» ու ուղևորվեցի դեպի հանրակացարան։ Ճամբարի հրապարակում ոչ ոք չկար։ Երեխաները ցրվել էին։ Արթուրը ցույց տվեց սենյակս։ Թիկնապահներն էլ գնացին հանգստանալու։ Հանվեցի ու միանգամից լոգասենյակ մտա։ Ատամներս մաքրեցի։ Մի քանի անգամ սապոնվեցի: Ջրի ուժեղ շիթի տակ մարմնիս հոգնածությունը հանեցի։ Հագնելով կարմիր ներքնազգեստը՝ պառկեցի դիվանին։ Հիմա արդեն քնելու համար բոլոր պայմանները կային։ Ինչպես ասում էր Վոտրենը՝ քնիր, գառնուկս, երբեմն երջանկությունը մարդուն քնի մեջ է այցելում։



 Չգիտեմ՝ որքան քնեցի։ Դուռը թակեցին։ Արթուրն էր։ Ասաց, որ տասը րոպեից ներքև՝ բակ իջնեմ։ Սառը ջրով լվացվեցի։ Հագնվեցի, երկու գդալ մեղր կուլ տվեցի ու իջա բակ։ Թիկնապահներս ներքևում ինձ էին սպասում։ Սիգարետ կպցրեցի։ Այդ պահին ինչ-որ մեկը մի քանի անգամ «Սեյմուր, Սեյմուր» կանչեց։ Վայրկյաններ անց հասկացա՝ ով է։ Լուսինան էր։ Մի քանի անգամ Թբիլիսիում միասին մասնակցել ենք կոնֆերանսների ու սեմինարների։ Ծառերի միջից դուրս գալով՝ դեպի ինձ էր վազում։ Մինչև ինձ հասնելը հասցրեց մի քանի անգամ «Սեյմուր» կանչել։ Շատ ճարպիկ, ոզնու պես ուրախ, զրնգուն ձայնով, խմել սիրող, ծխող, նիհար ու թխամաշկ աղջիկ էր Լուսինան։ Ես իր տեսած առաջին ադրբեջանցին էի։ Նրան Թբիլիսի էին հրավիրել մասնակցելու ինչ-որ սեմինարի, արդեն չէմ էլ հիշում՝ ինչ թեմայով։ Իմանալով, որ սեմինարին ադրբեջանցի է մասնակցելու, մայրը չէր ուզում նրան թողնել։ Բայց Լուսինային մի կերպ հաջողվեց նրան համոզել։ Ծանոթացանք Թբիլիսիում։ Առաջին երկու օրերին Լուսինան խուսափում էր ինձ հետ խոսել։ Հետո տեսավ, որ մարդակեր չեմ։ Հեշտությամբ իրար սովորեցինք։ Նստում էինք նույն սեղանին, ուտում, գինի խմում, ծխում, խոսում պատերազմից։ Այն ժամանակ նոր էր բաժանվել իր սիրեցյալից։ Այնքան շատ էինք խոսել, որ Լուսինան արդեն իմ խորհուրդն էր հարցնում՝ արժե՞ վերադառնալ այդ տղայի մոտ, թե ոչ․․․


Վազելով մոտս՝ Լուսինան գիրկս գցվեց։ Ձեռքերը վզիս փաթաթելով՝ մի քանի անգամ դեմքս համբուրեց։ Այդ նեղ մաջալին հասցրեց ասել՝ ինչքան է ինձ սազում կարմիր գույնը։ Ձեռքս բռնեց ու սկսեց միաժամանակ կցկտուր մի քանի բան պատմել։ Դեպի լողավազան քայլեցինք։ Այնտեղ երկու շարքով երկար սեղաններ էին գցած։ Ճաշկերույթ էր սպասվում։ Սեղանները լցված էին տեսակ-տեսակ ուտեստներով և խմիչքներով։ Արթուրը շռայլ մարդ է։


Երեխաները խումբ-խումբ կանգնած զրուցում էին։ Այստեղ հանդիպեցի ևս մեկ ծանոթի՝ Արմենին։ Արմենի հետ էլ ենք Թբիլիսիում սեմինարի ժամանակ ծանոթացել։ Գրկախառնվեցինք, բարևեցինք իրար։ Մի քանի երիտասարդ հայեր, ովքեր արդեն լսել էին, որ ադրբեջանցի եմ, զարմանքով նայում էին, թե ինչ անկեղծ ու ջերմ ենք իրար բարևում․․․


Ժամանակն է՝ մի թեթև պատմեմ ձեզ «Գուգարք» ճամբարի մասին։ Գուգարքը խորհրդային շրջանում բավական հայտնի պիոներական ճամբար էր։ Պատերազմի տարիներին, ավելի ճիշտ, խորհրդային կայսրության փլուզումից հետո, ճամբարը փակվեց։ Երկու տարի է՝ ճամբարը կրկին գործում էր։ «Գուգարքը» գտնվում է խիտ անտառների ու լեռների մեջ։ Օդն այստեղ մաքուր է ու զով։ Ճամբարի անմիջապես կենտրոնում աղբյուր կա, որը սկիզբ է առնում սարերում։ Ջուրը շատ սառն է։ Դժվար է հավատալ, որ ջուրն այսքան սառը կարող է լինել։


Գուգարքում մեր գտնվելու օրերին ճամբարը բաժանված էր երկու մասի։ Մի հատվածում Հայաստանի պետբյուջեի հաշվին դպրոցականներ էին ապրում։ Մի ուսուցչուհի ունեին։ Չէի ասի, որ շատ գեղեցիկ էր, բայց կազմվածքի մասին խոսք չկար։ Շատ սեքսուալ տեսք ուներ։ Ավելին՝ հագնելով նեղ շալվար ու նեղ վերնաշապիկ՝ բնությունից տրված եղած-չեղածը մեզ էր ցուցադրում։ Վերնաշապիկի տակից ցցված պտուկները ուշադրություն էին գրավում։ Ուսուցչուհուն մոտիկից զննելու համար մի քանի անգամ առավոտյան դպրոցականների հետ միասին վարժանք եմ արել։ Երեխաներն ուրախանում էին, որ մեծ մարդն իրենց հետ միասին բարձրացնում է ձեռքերն ու ոտքերը, կքանստում, հետո՝ բարձրանում։ Երեխաներին միանալս ու վարժանք անելս ուսուցչուհուն էլ էր ուրախացնում։ Մինչդեռ ես նրա կուրծքը տեսնելու համար էի միայն երեխաներին միանում։ Շարվում էինք հրապարակում։ Ուսուցչուհին կանգնում էր շարքերի առաջ ու ցույց տալիս վարժությունները, մենք կրկնում էինք նրա հետևից։ Երբեմն, երբ նա կռանում ու բարձրանում էր, երևում էր փորը։ Վարժությունների ժամանակ նրա կուրծքը մի գրամ, մի սանտիմետր անգամ չէր շարժվում։ Երևի, շատ ձիգ էր։ Նրան նայելիս լոզերս գնում էին։ Այն օրերին պատրաստ էի հետը հինգ անգամ քնել և դրանից հետո հոգիս Ազրայիլին տալ։ Աջ ձեռքս սրտիս եմ դնում ու երդվում։


Երկու մասի կիսված ճամբարի մյուս կողմում մենք էինք ապրում։ Այսինքն, տարբեր համալսարաններում սովորող առաջին ու երկրորդ կուրսեցիներ, բարձր դասարանների աշակերտներ, որոնք արդեն հասցրել էին հասունանալ։ Ճամբարում հավաքվել էինք հոլանդական հիմնադրամների հաշվին։ Նպատակը տարբեր ազգությունների երիտասարդների ու դեռահասների միջև ծանոթության ու բարեկամության համար պայմաններ ստեղծելն էր։ Եվ ես՝ որպես գրող, հրապարակախոս, մարդ, ով իր վրա կրել է պատերազմի արհավիրքները, պետք է այդ երիտասարդներին, դեռահասներին բացատրեի, թե ինչ գարշելի բան է պատերազմը։ Իրականում նման զրույցներ վարելու հավես չունեի։ Մեկ է՝ ամեն ինչ հետո փոշիանում է։ Տարիներ շարունակ մասնակցում եմ տարբեր խաղաղարար կոնֆերանսների, սեմինարների, միջոցառումների։ Ժողովուրդների բարեկամության, խաղաղության, պատերազմի սարսափների մասին զրույցներն ինձ հոգնեցրել էին։ Թվում էր՝ արտասահմանյան հիմնադրամներն էլ արդեն հասկացել էին, որ իզուր են գումարներ վատնում։ Արտասահմանցիները, որոնք գիտակցել էին, որ Կովկասում խաղաղություն չի լինի, գնալով ավելի քիչ էին կարևորում այդ միջոցառումները, և նման միջոցառումների, կոնֆերանսների թիվն աստիճանաբար կրճատվում էր։


Ճամբարի ճաշարանը ևս բաժանված էր երկու մասի։ Հոլանդացիների հաշվին գցած, այսինքն՝ մեր սեղանները շատ ավելի ճոխ էին, քան Հայաստանի պետբյուջեի հաշվին ճամբարում ապրող աշակերտներինը։ Ճաշի ժամանակ աշակերտները հաճախ շրջվում ու մեր սեղանին էին նայում։ Նման պայմաններում դժվար էր հանգիստ հաց ուտել։ Ցից պտուկներով ուսուցչուհուն անհանգստացնում էր, որ աշակերտները մեր սեղանին են նայում։


Արթուրը բոլորին հրավիրեց երկու շարքով գցած երկար սեղանների մոտ։ Բոլորի համար տեղ կար։ Արթուրը՝ որպես նախագծի ղեկավար, հանդես եկավ ներածական խոսքով։ Շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մեր՝ այստեղ հավաքվելու համար պայմաններ են ստեղծել, գումարներ ծախսել, մի խոսքով՝ Հոլանդիայի հարկատուներին։ Հետո մեզ խնդրեց հերթով կանգնել ու մեր մասին տեղեկություններ հայտնել։ Ճամբարի մասնակիցները մեկը մյուսի հետևից բարձրանում էին ու պատմում՝ որտեղ են ծնվել, որտեղ են սովորում, նշում էին անուն-ազգանունները։


Սեղաններին դրված էին սալաթներ, պանիր, ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, գարեջրի, գինու, օղու շշեր։ Ստամոքսովս մեկ հաճելի քաղցի զգացում էր տարածվում։ Մինչ երեխաները ներկայանում էին, ես մտածում էի՝ ինչ եմ խմելու՝ օղի՞, գինի՞, թե՞ միայն գարեջուր։


Այդ պահին ինձ մոտեցավ Արմենը։ Ականջիս ասաց, որ մի լիտր մաքուր թթի օղի ունի, Ղարաբաղից է բերել։ Արմենը կողքիս նստած երիտասարդին հայերեն ինչ-որ բան ասաց։ Երիտասարդը բարձրացավ, տեղը զիջեց Արմենին, իսկ ինքը գնաց, նրա տեղը նստեց։ Երազում էի, որ ծանոթության արարողակարգը շուտ վերջանա։ Ուզում էի ուտելիքին անցնել։ Մի հոլանդացի անընդհատ մեզ լուսանկարում էր։ Նրա անդադար նկարելը սկսեց շատ նյարդայնացնել ինձ։ Իմ մասին խոսելու ցանկություն չունեի։ Բացի դրանից, երբ ուզում ես աչքի ընկնել, խելացի երևալու լավագույն միջոցը լռելն է։ Կոնֆերանսների, սեմինարների ժամանակ միշտ այդպես եմ վարվում։ Առաջին երկու օրը լռում եմ, հետո հարձակման անցնում։ Բանկետներին էլ լավ խմում եմ։ Հերթը հասավ ինձ։ Ոտքի կանգնեցի ու մի երկու բառ ասացի իմ մասին։ Երեխաներն ինձ վրա էին նայում։ Ինձ համար դա սովորական պատկեր է։ Նրանցից շատերը կյանքում առաջին անգամ էին ադրբեջանցի տեսնում։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի էր նայում վրաս։ Կասկածանքով, ատելությամբ, հետաքրքությամբ, վախով․․․ Արթուրին չբավարարեց այն, որ ես իմ մասին կարճ ու սառը տեղեկություններ հաղորդեցի։ Նա պետք է միջոցառումը ֆինանսավորած հիմնադրամին ցույց տար, թե ինչ կարևոր անձ է հրավիրել թշնամական երկրից։ Արթուրը ոտքի ելավ ու իմ հասցեին բազմաթիվ գովեստի խոսքեր ուղղեց։ Ասաց, որ բարձր է գնահատում իմ հրապարակախոսությունը։ Այսպիսով ինձ վրա հետաքրքրությամբ նայող աչքերի թիվն ավելացավ։ Նպատակիս հասա։ Երբ ուզում էի խոսքը փոխանցել կողքիս նստած երիտասարդին, Արմենը բարձրացավ ու սկսեց պատմել՝ ինչպես է ծանոթացել ինձ հետ, և, ներկայացնելով ինձ որպես հրապարակախոս, մինչև երկինք հասցրեց։ Ինձ վրա հետաքրքությամբ նայող աչքերի թիվն էլ ավելի մեծացավ։


Սոված էի։ Ուտել էի ուզում։ Սեղանի շուրջ նստածների անգամ մեկ երրորդը չէր հասցրել ներկայանալ։ Երանի ծանոթանալու գործընթացը ավարտվեր, անցնեի սեղանին դրված ուտեստներին։ Ծարավել էի։ Ուզում էի պանրով ձմերուկ ուտել։ Աչքս մնացել էր ձմերուկի մի մեծ կտորի վրա։ Երբեմն գլուխս բարձրացնում ու նայում էի ներկայացող երիտասարդներին։ Երբ աչքերս հերթական անգամ հեռացրեցի ձմերուկի մեծ կտորից, հայացքներով հանդիպեցինք մի աղջկա հետ։ Գրեթե դեմ-դիմաց էինք նստած։ Ինձանից երկու աթոռ ձախ էր։


Աղջիկը ոտքի կանգնեց։ Նրա վատ բարակացրած հոնքերը վկայում էին հապշտապ կյանք մտնելու ցանկության մասին։ Չնայած դրան, աղջիկը խոսելիս շփոթվում էր։ Չգիտեր՝ ինչից սկսել, ինչ ասել։ Շատ նուրբ ձայն ուներ, նման էր ռուսական մուլտֆիլմերի տիկնիկների ձայնին։ Լսեցի նրա անունը՝ Անուշ։ Սովորում է համալսարանում՝ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Հասարակ էր հագնված։ Տեսքից զգացվում էր՝ կարիքավոր է։ Խոսելիս հուզմունքից սպիտակ թմբլիկ ձեռքերով մազերը շոյեց։ Միջահասակ, սպիտակամաշկ, ամաչկոտ, հուզվող, նուրբ ձայնով այդ աղջիկն ինձ մաքրած եփած ձու էր հիշեցնում։ Այդ օրվանից, երբ պինդ եփած ձու եմ ուտում, Անուշին եմ հիշում․․․


Վերջապես ծանոթության արարողակարգն ավարտվեց։ Արթուրն ասաց, որ մի բոլ ուտելիք կա, և բոլորին հորդորեց չքաշվել ու կուշտ ուտել։ Դեպի սեղանը ձեռքեր ձգվեցին։ Արմենը տեղից բարձրացավ ու լողավազանի մոտ գնաց։ Լողավազան թափվող աղբյուրից մի շիշ հանեց ու բերեց, դրեց սեղանին։ Սառը թթի օղին լցրեց բաժակների մեջ։ Երբ բաժակները բարձրացրինք, ասացի, որ քաղցած եմ, մի քիչ կուտեմ, հետո կսկսենք։ Այդ ժամանակ տաք խորոված ու մեծ ափսեների մեջ խաշլամա բերեցին: Վերցրեցի ձմերուկի կտորը, որի վրա վաղուց աչք էի դրել, ու պանրով կերա։ Հետո մանրացրեցի ածուխի վրա խորովված լոլիկը, բադրիջանը, բիբարը, աղցան սարքեցի ու սկսեցի սև հացով ուտել։ Արմենը՝ բաժակը ձեռքին, անհամբեր ինձ էր սպասում։ Մի չաղ կտոր էլ կերա ու բաժակը բարձրացրի։ Հիմա արդեն խմելու համար բոլոր պայմանները ստեղծված էին։ Սկսեցինք։ Օղին գլուխս քաշեցի։ Թթի օղին, կոկորդովս անցնելով, ներսս վառեց։ Ճակատս քրտինքով պատվեց։ Այդ օղին պատրաստված էր այն թթենիների հատիկներից, որոնք աճում են այնտեղ, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, վազել եմ, քայլել։ Ակամա հիշեցի մեր ցանկապատի երկայնքով աճող թթենիները։ Հայրս դրանք տնկել էր, որպեսզի մեր բակը պաշտպանի փոշուց։ Սպիտակ թութ, սև թութ․․․


Մի անգամ բարձրացել էի ծառն ու թութ էի ուտում։ Քույրս էլ ուզեց բարձրանալ։ Վերևից գոռացի․ «Մի բարձրացի»։ Ինձ չլսեց։ Մի բուռ թութ հավաքեցի, ճզմեցի ու քամեցի քրոջս գլխին։ Թութն այնքան մածուցիկ էր, որ տանը տնտեսական օճառով հազիվ կարողացան իրար կպած մազերը հյութից մաքրել։ Իսկ ինձ մի թեթև ծեծեցին։


Այն ժամանակ հայրս մեր՝ երեխաներիս խնդրանքով մի այծ էր գնել։ Այծը ծառերի հերն անիծում էր։ Կեղևն էր ուտում։ Հայրս սպասում էր, որ ցրտերն ընկնեն, որպեսզի մորթի այծին։ Հենց մի փոքր ցրտեց, մորթեց։ Մենք մոտ մի շաբաթ այծի համար սուգ պահեցինք։ Մեր մեջ ուժ գտանք չուտել նրա միսը։ Այծն այլանդակել էր թթենիները։ Երևի, թթենու կեղևն ավելի համեղ էր, քան մյուս ծառերինը։ Թթենու ծառից, ինչպես բանանից, պլոկում էր կեղևն ու ուտում։ Ոչ մի կերպ չէինք կարողանում դրա դեմն առնել։ Հենց մեր հսկողությունից դուրս էր գալիս, մագլցում էր ծառերի վրա։


Թթենիներից մեկն առանձնահատուկ եմ հիշումլ։ Հարևանի տնկած խաղողի վազը լպիրշաբար բարձրանում էր մեր ցանկապատի տակ տնկած թթենու վրայով։ Թարսի պես, խաղողի այդ վազերը նույնպես լավ բերք էին տվել։ Թույլ չէի տալիս, որ հարևանի երեխան մեր թթենու վրա բարձրանա ու խաղող քաղի։ Ինքն էլ ինձ էր հետևում ու թույլ չէր տալիս իրենց խաղողը քաղել։ Արդյունքում՝ խաղողը թռչուններն էին ուտում։


Ու հիմա ես թշնամի երկրում խմում եմ օղի, որը պատրաստվել է թթից, որն աճում է այնտեղ, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ։ Մարմինս տաքանում է։ Ճակատս քրտինքով է պատվում։ Հարբում եմ։ Արմենն օղին բաժակների մեջ լցրեց։ Օղին խմելուց հետո մի կտոր ձմերուկ կերա, որպեսզի ազատվեմ բերանիս դառը համից։ Սիգարետ կպցրեցի։ Ով գիտի, գուցե այդ օղին մեր բակում հավաքված թթի՞ց է պատրաստվել։ Բարձրացա։ Աղբյուրից լողավազանի մեջ հոսող սառույցի պես սառը ջրով լվացվեցի ու վերադարձա սեղանի մոտ՝ թթի օղի խմելու։



Տարածություններ ոչնչացնող գիշերը վրա էր հասնում։ Մթության մեջ չերևացող թռչունների ձայնն էր լսվում։ Ինչքան շատ էր մթնում, այնքան սարերը ճամբարին ավելի մոտ էին թվում։


Արագ հարբող ու կշտացող երիտասարդները, լքելով սեղանը, գնացին հրապարակ՝ պարելու և զվարճանալու։ Սեղանի շուրջ մնացին միայն նման կոնֆերանսներին, սեմինարներին, միջոցառումներին, բանկետներին տարիներով մասնակցած փորձառու ուտող-խմողները։ Ես էի, Արմենը, Արթուրը, հրեական ծագումով ֆրանսուհին, հայրենիքում ոչ մի հաջողության չհասած մի քանի ամերիկացի անբաններ ու Կովկասում էկզոտիկա փնտրող հոլանդացիներ։


Տարբեր լեզուներ իրար խառնվեցին։ Արթուրը խաղաղության թեմայով մի երկար կենաց ասաց։ Զգացվում էր, որ ինքն էլ ասածին չի հավատում։ Արմենը դժվարությամբ էր նրա ասածներն անգլերեն թարգմանում։ Վերջին բաժակը բարձրացնելով՝ բանկետը փակված հայտարարեցինք։ Սեղանին օղու ու գինու ահագին ձեռք չտված շշեր էին մնացել։ Երիտասարդները ողջ գարեջուրը խմել էին։


Հասնելով հրապարակ՝ տեսանք, որ երիտասարդները լավ ուրախանում են։ Պարողները քրտնել էին, չպարողները կանգնել էին հրապարակի երկայնքով և սուլոցներով ու ծափերով ոգևորում էին պարողներին։


Ոմանք հենց գետնին էին կքանստած։ Մասնաշենքում, որտեղ ապրում էին դպրոցականները, լույսերը մարած էին։ Մի քանի ճարպիկ դպրոցականներ պատուհաններից նախանձով նայում էին հրապարակում պարող երիտասարդներին և, 100 տոկոս, երազում էին շուտ մեծանալ ու ոտք դնել հասուն կյանք։ Բեմի դիմաց՝ երկաթե սյան վրա, ուժեղ լույս արձակող լապտեր էր կախված։ Քամու տակ օրորվող լապտերի ուժեղ լույսը հրապարակի մեկ՝ աջ, մեկ՝ ձախ կողմն էր ընկնում։ Դինամիկները դրված էին մետաղե հենարանների կողքին։ Զբաղեցրեցինք մեծերի համար նախատեսված տեղերը։ Երիտասարդների ձեռքերին գարեջրով շշեր կային։ Ինչը չէին կարողացել սեղանի շուրջ խմել, բերել էին պարահրապարակ։ Արթուրը հասել էր իր նպատակին։


Մի քանի զույգեր կորան ծառերի հետևում․ գնացել էին համբուրվելու։ Քիչ անց մեծահասակներն էլ միացան երիտասարդներին ու սկսեցին պարել։ Ես ու Արմենը նստած մնացինք։ Լավ հարբած էի։ Եթե շարժվեի, սիրտս կխառներ։ Բացի դրանից, շատ էի կերել։ Ի վիճակի չէի շարժվել։ Ամենաճիշտ տարբերակը տեղում մնալն ու անդադար պարող երիտասարդներին նայելն էր։


Ահա, ցցված կրծքով ուսուցչուհին՝ եղած-չեղածը ցուցադրող նեղ շալվարով ու նեղ վերնաշապիկով, դուրս եկավ մասնաշենքից, որտեղ ապրում էին դպրոցականները, ու արագ, նյարդային քայլերով մոտեցավ Արթուրին։ Տեսնելով ուսուցչուհուն՝ դպրոցականները հեռացան պատուհանի մոտից։ Ուսուցչուհին մոտ 5 րոպե զրուցեց Արթուրի հետ։ Հետո արագ, նյարդային քայլերով վերադարձավ մասնաշենք։ Տխուր մեղեդի հնչեց։ Հրեական ծագումով ֆրանսուհին ինձ պարի հրավիրեց։ Տեղիցս բարձրացա։ Քայլելով դեպի պարահրապարակի կենտրոն՝ մտածում էի, թե աղջկա մարմնի որ մասին ձեռքերս դնեմ։ Ձախ ձեռքս գրպանիս մեջ էր, աջը մեջքին դրեցի։ Երևի՝ կողքից շատ ծիծաղելի էի նայվում։ Երաժշտությունը երկար տևեց։ Լավ քրտնել էի։ Մտածում էի՝ բոլորը նայում են, թե ինչ վատ եմ պարում։


Մինչ ամեն մեկն իրենով էր զբաղված, իր կայֆերով էր, մի հոգի մեզ իսկապես ուշադիր նայում էր։ Անուշն էր։ Նա մի քիչ հեռու էր կանգնել՝ ծառի տակ։ Ձեռքին ամառային շարֆ կար։ Երգը վերջացավ։ Ես ու ֆրանսուհին վերադարձանք մեր տեղերը։ Արմենը յուրաքանչյուրիս մեկական շիշ սառը գարեջուր տվեց։ Գարեջուրը գլուխս քաշեցի։ Զովությունը ողջ մարմնովս տարածվեց։ Արթուրը վերցրեց խոսափողն ու հայտարարեց, որ 20 րոպեից երեկոն ավարտվում է։ Հայտարարությունից հետո քիչ հեռու նստած երիտասարդները շարժվեցին դեպի հրապարակ՝ պարելու։ Անուշը շարունակում էր ծառի տակ կանգնած մնալ։ Ամառային շարֆի հետ էր խաղում։ Ծառերի հետևում համբուրվող զույգերն էլ վերադարձան։ Հաղորդավարը հայտարարեց վերջին երգը։ Ճչոցներն ու սուլոցներն աշխարհով մեկ տարածվեցին։ Պատուհանից պարահրապարակին նայող դպրոցականների թիվն ավելացավ։ Երգը վերջացավ։ Լռություն տիրեց։ Երիտասարդներին մասնաշենքի մուտքի դռան մոտ շարեցինք ու զգուշացրինք, որ գիշերը սենյակներից դուրս չգան, սենյակներում չծխեն, չաղմկեն։


Աղբյուրի ջրով լվացվելով ու մարմինս թրջելով՝ թիկնապահներիս ուղեկցությամբ սենյակ բարձրացա։ Հանեցի շալվարս ու բացեցի պատուհանը։ Սենյակս լցվեց զով, մաքուր լեռնային օդով։ Նայելով մթության մեջ ճամբարին մոտեցող լեռներին՝ ծխեցի օրվա վերջին սիգարետը։ Ինչ-որ մեկը հեռվում լսում էր Մուրատ Նասիրովի «Ես դու եմ, դու ես ես» երգը։



Առավոտյան թռչունների ձայնից արթնացա։ Ինձ համար անհայտ մի թռչուն նստած երգում էր ինձ համար անհայտ մի ծառի վրա։ Ծառի ճյուղը դեպի սենյակս էր թեքվել։ Կարելի է ասել, որ թռչունը սենյակի ներսում էր երգում։ Թռչնի ձայնը աշխարհով մեկ էր սփռվում։ Մտքումս ձայնակցելով նրան՝ փորձում էի շունչս պահել, մինչև դադար տա, բայց օդը չհերիքեց։


Ժամանակին կարդացել էի, որ գրողը պետք է առնվազն 15՝ թռչնի, 15՝ ծառի, 15 ծաղկի անուն իմանա․․․ Տեղերիս մեջ պառկած՝ սկսեցի ծառերի, թռչունների, ծաղիկների անուններ թվարկել։ Բարդի, կաղնի, լորի, սոճի, չինար, ուռենի, եղևնի․․․ Սոխակ, բու, ճնճղուկ, սարյակ, աղավնի, լոր, թութակ, ագռավ, ճայ, չիլ կաքավ, կռունկ, մեծ արոս, արծիվ, ծիծեռնակ․․․ Երիցուկ, նարգիզ, կակաչ, մանուշակ, գարնանածաղիկ, վարդակակաչ․․․


Անկողնուց բարձրացա։ Գլուխս չէր ցավում։ Ցնցուղ ընդունելուց հետո էլ ավելի կայտառացա։ Ամբողջ կրծքով սարերից եկող սառը օդը շնչեցի։ Երկու գդալ մեղր կուլ տվեցի, հետո հագնվեցի։ Սենյակից դուրս գալուց՝ միջանցքում, հանդիպեցի Անուշին։ Պատկերացրեք երկհարկանի երկարավուն շենք։ Նեղ միջանցքի աջ կողմում աղջիկներն են ապրում, ձախում՝ տղաները։ Անուշի սենյակը մեր հարկում էր։ Առանց ամաչելու իրար նայեցինք։ Աղջիկը վրաս անհույս, տխուր հայացքով էր նայում։ Ե՞րբ հասցրեց ինձ սիրահարվել։ Երբեմն աղջիկները, սիրահարվելով թշնամական ժողովրդի զավակին, թշնամական երկրի քաղաքացուն, ցանկանում են առավելագույնս դրսևորել անձնազոհության բնազդը։ Կուսական ցողոտ կրծքերն անօգնական դուրս էին նայում կանաչ բլուզի տակից, որը գրկում էր նրա՝ մաքրած ձու հիշեցնող մարմինը։ Անուշը նոր էր լվացվել։ Մաշկը խոնավ էր։ Իմ հեշտասեր հայացքը վախեցրել էր աղջկան։ Ներքև վազեց։


Չկարծեք, թե նրա անունից եմ հիմա գրում։ Ոչ։ Այն մասին, որ հայացքս նրան վախեցրել է, հետո եմ իմանալու։ Ճամբարում տեղի ունեցած մեր ամեն հանդիպման, ամեն զրույցի մասին հետագայում միմյանց ուղղված նամակներում կրկին ու կրկին գրելու ենք։ Այս հանդիպումներին, հայացքներին դեռ շատ իմաստ է տրվելու։ Ինչպես Պատրիկ Զյուսկինդն էր ասում, սիրո մեջ մենք միշտ սնահավատ ենք։ Աղջկա՝ անակնկալ կերպով փախչելն ինձ՝ որպես տղամարդու, ուրախացրեց։ Այո, նա չկարողացավ դիմակայել իմ հայացքին։ Փոխանակ հիանալի տրամադրությամբ ներքև իջնեի, Արմենի սենյակի դուռը թակեցի։ Երկրորդ անգամ ավելի համարձակ, բարձր թակեցի։ Արմենը դուռը բացեց։ Քնաթաթախ ուզում էր վերնաշապիկը հագնել, բայց վերնաշապիկի թևքից այդ պահին վրիպեց։ Ինձ տեսնելով՝ մտափոխվեց։


- Ի՞նչ է պատահել։


- Ուտելու ժամանակն է։ Իջի՛ր։


Բաց դռան արանքից անկողնում պառկած կնոջ մերկ ազդրեր տեսա։ Ազդրերի տիրոջ գլուխը չէր երևում։ Տեսնելով՝ որ կողմ եմ նայում՝ Արմենը ոտքով փակեց դուռը։


- Դու գնա, ես պետք է սափրվեմ։


Ստում էր։ Սափրված էր։ Արմենը վերադարձավ սենյակ։ Ես ներքև իջա։ Ահա թե գործից հասկացող ինչպիսի տղամարդիկ կան։ Իսկ ես, դեռահասի պես, դեռ հիմարաբար սիրո մասին եմ մտածում։ Մինչդեռ գործից հասկացող տղամարդիկ իրական, լուրջ բաներով են զբաղվում։





Անուշի հետ առաջին անգամ խոսել ենք նախաճաշից հետո։ Երեխեքը ճաշարանից դուրս եկան ու ցրվեցին։ Իսկ դպրոցականները շարվել էին հրապարակում։ Ցցված կրծքերով ուսուցչուհին նրանց հրահանգումներ էր տալիս։ Դպրոցականները պատրաստվում էին էքսկուրսիա գնալ։ Մտքովս անցավ միանալ նրանց։ Տրիբունայի մոտ կանգնած ուսուցչուհուն էի նայում։ Ծխում էի։ Այդ պահին Անուշն ինձ մոտեցավ։ Այդ հանդիպումը նա դեռ երեկվանից էր ծրագրել։ Նրա շարժուձևից, բառերից ակնհայտ էր։ Ավելի ուշ ինքն էլ խոստովանեց, որ այդպես էր։


- Լսել եմ՝ գրում եք։ Գրականության հանդեպ մեծ հետաքրքրություն ունեմ․․․


Ծխուկը գցեցի, մի հատ էլ սիգարետ կպցրեցի։ Դերասանություն էի անում։ Պարզապես օտար վայրերում, ճամփորդության ժամանակ շատ եմ ծխում։ Իմ դիմացն էր կանգնած։ Երկրորդ սիգարետը կպցնելը նրան սեթևեթանք թվաց։ Մի քիչ շփոթվեց։ Ինձ համար կյանքում ամենասարսափեցնող բանը շփոթվածությունն է։ Անուշին այդ վիճակից հանելու համար ասացի․


- Ինձ «դու»-ով դիմիր։ Մեր միջև տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ։


- Կարո՞ղ ես ասել՝ ինչ ստեղծագործություններ պիտի կարդամ։ Ինձ քո խորհուրդն է պետք։ Ես շատ եմ անպետք գրքեր կարդում։


- Գնա՛, գրիչ ու տետր բեր, գրեմ։


Անուշը մասնաշենքի մոտ վազեց, իսկ ես գնացի դեպի հրապարակի ծայրում՝ ծառերի տակ, գտնվող նստարանները։ Ցցված կրծքերով ուսուցչուհին քայլում էր հրապարակում շարված աշակերտների առջև ու շարունակում հրահանգներ տալ։ Ճամբարի դարպասը բացվեց։ Հին դեղին գույնի «ՊԱԶ»-ի անճոռնի գլուխը երևաց։ Դպրոցականները գոռալով ավտոբուսի կողմը վազեցին։ Ուսուցչուհին բարկացավ։ Բարձր ձայնով երեխաներից մի քանիսի անունները թվարկեց։ Նրանք անգամ չշրջվեցին։ Ամեն մեկն ուզում էր ավտոբուսում պատուհանի մոտ տեղավորվել։ Վարորդը ծխելով ավտոբուսից դուրս եկավ ու սովորության համաձայն մի երկու անգամ ոտքով ակերին խփեց։ Դրանով «տեխնիկական զննումն» ավարտվեց։ Ուսուցչուհին դարձյալ նեղ շալվարով էր։ Նախանձով նայեցի նրա՝ քայլելու ժամանակ շարժվող հետույքին ու պայուսակիս մեջ եղած «Կարմիր կամիկաձե» պահպանակների մասին հիշեցի։ Ձախ շրջվեցի։ Անուշը մասնաշենքից դուրս էր եկել։ Արագ քայլերով էր գալիս։ Հետո հանկարծ վազեց։ Աջ ձեռքում նոթատետր էր, ձախը հպել էր անհնազանդ, վազելուց թրթռացող քմահաճ կրծքին։


- Կներես, մի քիչ ուշացա։ Գրիչ չէի գտնում։


Նոթատետրն ինձ մեկնեց։ Մեջը գրիչ կար։ Առաջին երկու էջերին հայերեն ինչ-որ բան էր գրված։ Մտածեցի՝ հարցնեմ, բայց լպիրշություն չարեցի։


- Նստի՛ր։


Իմ աջ կողմից նստեց։ Նոթատետրը մեջտեղից բացեցի ու սկսեցի գրողների ու ստեղծագործությունների անուններ գրել։ Առանց նրա կարծիքը հարցնելու սկսեցի լատինատառ գրել։ Կիրիլիցայով դիտավորյալ չէի գրում։ Վախենում էի տառասխալ անել։ Լատինատառ գրելն ինձ ապահովագրում էր հնարավոր տառասխալներից։ Մինչ ես առանց շտապելու, հնարավորինս գեղեցիկ ձեռագրով գրքերի ու դրանց հեղինակների անուններն էի գրում, Անուշը գլուխն ավելի էր ինձ մոտեցնում։ Թեև հաճախ անմիջական շարժումով անհնազանդ մազերն ականջի հետևն էր դնում, մի քանի վայրկյանից դրանք կրկին նոթատետրի վրա էին թափվում։ Գեղեցիկ տեսարան էր։ Գրականությունը, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, մեզ հարազատ էր դարձնում։ Հերթական գրքի ու հեղինակի անունը գրելուց հետո դեմքին էի նայում։ Իսկ նա ժպտում էր։ Մաքրած ձու հիշեցնող այդ աղջիկն ինչպե՞ս գլխի ընկավ, որ շփում ստեղծելու, հեռավորությունն արագ հաղթահարելու լավագույն միջոցը գրականության, արվեստի մասին զրույցներն են։


- Պաոլո Կոելիոյի գործերը կարդացե՞լ ես։


- Ոչ։


- Ճիշտ էլ արել ես։ Նրա գործերը կարդացող կանանց մոտ իմաստուն երևալու նկրտումներ են առաջանում։ Կոելիո կարդացող կանայք իմաստուն երևալու հիվանդությամբ են վարակվում։ Կոելիո կարդացող կանայք սկսում են տեղի-անտեղի մխիթարել ուրիշներին, խորհուրդներ տալ։ Անձամբ ես զզվում եմ կանանց խորհուրդներից, կանանց իմաստությունից։ Մի խոսքով՝ Կոելիո կարդացող կանայք անբովանդակ են։


Կուրծքս առաջ գցեցի, գլուխս բարձրացնելով՝ մի լավ ձգվեցի։ Երբ վերևից ներքև նայեցի, աչքովս ընկավ նրա կրծքերի միջև երևացող փոքրիկ ձորակը։ Հագին սև կրծկալ էր։ Սև կրծկալի մեջ նրա կրծքերն էլ ավելի սպիտակ էին թվում։ Զգաց՝ որտեղ եմ նայում։ Բայցև ոչ մի շարժումով չխանգարեց ինձ։ Ես անամոթաբար նայում էի աչքերիս տակ գտնվող նրա կրծքերին։ Միաժամանակ փորձում էի գրքերի ու գրողների անուններ հիշել։


Նոթատետրում գրեցի հերթական գրողի ու ստեղծագործության անունը՝ Ջոն Ստեյնբեք, «Մկների ու մարդկանց մասին»։ Մոտ 50 ստեղծագործության անուն գրեցի։ Նրա ճաշակից տեղյակ չէի, այդ պատճառով դժվարանում էի ցուցակ կազմել։ Նոթատետրում գրառում անելիս չէի հարցնում՝ գիրքը կարդացել է, թե ոչ։ Իսկ երբ արձագանքին սպասելիս դեմքին էի նայում, պարզապես ժպտում էր։ Էլ ոչ մի ստեղծագործության անուն չէի կարողանում հիշել։ Նոթատետրը Անուշին մեկնեցի։ Նա կարդաց գրքերի անունները։ Հետո ես հերթով պատմեցի յուրաքանչյուր գրողի ու ստեղծագործության մասին։ Զրույցը թեժացավ։ Զրուցելիս անկաշկանդ իրար վրա էինք նայում։ Հաճախ ձեռքն էր թեթևակի քորում։ Ես էլ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կրծքերին էի նայում։ Գրականության մասին էինք զրուցում։ Ինձ միայն գրականությունից էր հարցեր տալիս, թեև կարող էր և այլ բաներ հարցնել, օրինակ․ «Որտեղ եմ հիմա ապրում։ Արդյո՞ք մտերիմներիս մեջ կան պատերազմի ժամանակ զոհվածներ։ Կարո՞ղ է նորից պատերազմ սկսվել։ Ինչպե՞ս են ապրում մարդիկ մեր երկրում։ Ամուսնացա՞ծ եմ, թե՞ ոչ․․․»։


Բայց մենք խոսում էինք միայն գրականությունից։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ մաքրած ձու հիշեցնող այդ աղջիկը նոթատետրում նշված գրքերի մեծ մասն արդեն կարդացել է։ Նրա համեստությունն ինձ շատ դուր եկավ։ Սովորաբար կանայք հավեսով են խոսում կարդացած գրքերի մասին։ Նա կարծես ամաչում էր, որ իմ նշած գործերը չի կարդացել։ Ավելի շատ վախենում էր ինձ շփոթեցնել։ Նոթատետրի մեջ նոր անուններ ավելացրեցի՝ Հենրի Միլլեր, Էդուարդ Լիմոնով, Չարլզ Բուկովսկի, Սաշա Սոկոլով, Սերգեյ Դովլատով․․․ Աստեղայինն ինձ տարավ։ Հաճույք էի ստանում նրանից, որ այդ ցողոտ, թարմ աղջիկը հիացած նայում էր վրաս, լսում էր ինձ։


- Առաջին անգամ եմ գրողի հետ խոսում, - ասաց Անուշը։


Ի պատասխան ես նրան իմաստուն խորհուրդներ տվեցի։


- Կարդա՛, պետք է անպայման անընդհատ կարդալ։ Գիրքը միակ բանն է, որից ես հաճույք եմ ստանում, անգամ եթե այն ուրիշն է կարդում։ Գրողի կողմից երկար տարիների ընթացքում տեսածի ու լսածի արդյունքում տանջանքով գրվածը մի շաբաթում կարդալուց լավ բան կա՞։ Հարցիս չպատասխանեց։ Անուշն ավելի շատ ուզում էր, որ ես խոսեմ։ Հերթական անգամ կուրծքս առաջ գցելով, ձգվելով՝ նկատեցի տրիբունայի մոտ կանգնած թիկնապահին։ Մեզ էր նայում։



Հայաստան առաջին այցիս ժամանակ հասկացել էի՝ ինչքան դժվար է քաղաքական գործիչ լինելը։ Եվ ոչ միայն քաղաքական գործիչ․ հայտնի բիզնեսմենները, երգիչները նույնպես թիկնապահներով են շրջում։ Առաջին այցիս ժամանակ ամեն օր ինչ-որ նոր վայրում տարբեր խավերի մարդկանց հետ էինք հանդիպում։ Ուսանողների, սովորական մարդկանց, լրագրողների, դպրոցականների․․․ Ամեն տեղ թիկնապահների հետ էի գնում։ Բոլոր հանդիպումներին թիկնապահներն էլ էին մասնակցում։ Առաջին այցիս ժամանակ ես՝ որպես խաղաղարար դեսանտավոր, եռանդով գործի էի անցել։ Ֆիլմեր էինք ցուցադրում, ժողովուրդների բարեկամության մասին էինք խոսում։ Հետո կամաց-կամաց սկսեցի հոգնել։ Գիտակցեցի, որ անիմաստ գործով ենք զբաղվում։ Առաջին այցերիս ժամանակ թիկնապահների հետ շրջելուց շատ էի հոգնում։ Մի հարց էր ինձ մտատանջում․ ինչպե՞ս կարող են հայտնի մարդիկ իրենց ողջ կյանքն անցկացնել թիկնապահների հետ։ Ամեն անգամ ճամփորդությունից վերադառալիս ու սահմանը հատելիս չեզոք գոտում խորը շնչում ու հանգիստ ծխում էի։


Այստեղ՝ ճամբարում, թիկնապահներն ինձ այդքան էլ չէին հոգնեցնում։ Ճամբարում, բացի աշխատողներից, դպրոցականներից ու մեր նախագծի մասնակիցներից, ոչ ոք չկար։ Բայց, չնայած դրան, ընդհանուր հսկողություն կար։ Ամենուրեք զգում էի թիկնապահներիս հայացքները։ Առանց նրանց թույլտվության չէի կարող ճամբարը լքել։



 Արմենի հետ աղբյուրի մոտ շախմատ էինք խաղում։ Տղաներն ամառային գլխարկների մեջ ջուր էին լցնում ու խմում, հետո սառը գլխարկները քրտնած գլուխներին էին դնում։ Զով քամին նրանց շրթունքներից քշում էր քրտինքի մեծ կաթիլներն ու գետնին գցում։ Խաղը ձգձգվեց։ Սկսեցի ձանձրանալ։ Պատրաստ էի պարտվել, միայն թե այդ հոգնեցուցիչ խաղն ավարտվեր։ Իսկապես ուզում էի պարտվել։ Բայց միտումնավոր պարտվելը խաղախարդախություն կլիներ: Արմենը կկռահեր։ Տարօրինակ մարդ է էդ Արմենը։ Շախմատային տախտակի շուրջ հարյուր տարվա փտած անեկդոտներ էր պատմում։ Ես էլ, նրան չնեղացնելու համար, պահի տակ միտումնավոր ծիծաղում էի։ Սովորաբար այդպես ծիծաղում են հեռուստահաղորդավարները, երբ ուղիղ եթերի ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջանում։


Խաղը ձգձգվում էր։ Մինչ ես մտածում էի, Արմենը, առիթից օգտվելով, իր հին անեկդոտներն էր պատմում։ Եվ ինչո՞ւ էր այդ մարդն այդքան վստահ, որ ես դրանք երբեք չեմ լսել։ Գուցե, անեկդոտ պատմելով ու ինձ ծիծաղեցնելով, ուզում էր խաղը տանե՞լ։ Ֆիգուրներին նայելով մտածելուց հոգնել էի։ Փոշմանել էի, որ ընդունեցի շախմատ խաղալու նրա առաջարկը։ Պատրաստվում էի հերթական քայլն անել։ Այդ քայլից հետո Արմենը պետք է ինձ մատ հայտարարեր։ Որոշեցի միտումնավոր պարտվել։ Ուզում էի զբոսնել կամ բարձրանալ իմ սենյակ ու քնել։ Մի սիգարետ կպցրեցի։ Իսկ Արմենը երկար մտորումների թեմայով հարյուր տարվա փտած անեկդոտ էր պատմում։ Այդ պահին ինձ մի երիտասարդ մոտեցավ։


- Ձեզ խոհանոց են կանչում։


- Ո՞վ։


- Խոհարարը։


Նման անհավես շախմատային խաղի վերջը հենց էդպիսին էլ պիտի լիներ։ Այլ կերպ չէր կարող լինել։ Շատ ուրախացա, որ ինձ կանչեցին։ Լավ առիթ էր։ Տեղիցս բարձրացա ու վիզս մի քանի անգամ ճտճտացրի։ Նստելուց ոտքերս թմրել էին։ Աղբյուրի սառը ջրով լվացվեցի ու գնացի խոհանոց։ Արմենը հետևիցս կանչեց․


- Սպասե՞մ քեզ։


- Սպասի՛ր։ Եթե ուշանամ, չսպասե՛ս։ Հետո կխաղանք։


Ճաշարանի մոտ մի հատ սիգարետ ծխեցի, հետո ներս մտա ու գնացի խոհանոց։ Հայաստանում ոչ մի ծանոթի այցիս մասին չէի զգուշացրել։ Եթե տեղեկացնեի նրանց, երևի, կգային ճամբար ինձ տեսնելու։ Իսկ եթե ինչ-որ մեկն իմացել է ու եկե՞լ։ Իսկ գուցե Անո՞ւշն է ինձ ճաշարան կանչել։ Գուցե, ուզում է ինձ հետ ավելի փակ վայրում հանդիպել։


Ուտելուց առաջ և հետո ճաշարանում, բացի աշխատողներից, ոչ ոք չէր լինում։ Խոհանոցում աշխատանքը եռում էր։ Հարևան սենյակում, որտեղ ամաններն էին լվանում, սեղանի վրա ափսեների, պատառաքաղների, դանակների մեծ կույտ էր։ Մի քանի կանայք՝ ուսերին գցած սրբիչներով ամաններն էին չորացնում։ Խոհանոցի առաստաղից վանդակ էր կախած, մեջը՝ կարճապոչ սոխակ։ Տեսնես՝ ինչպե՞ս է սոխակն այս յուղի-սոխի մեջ ապրում։ Երևի՝ ընտելացել է։ Պատին ինձ անծանոթ գեներալի դիմանկար էր կախած։ Գեներալը՝ յափնջին ուսին, կանգնած նայում էր հեռվում երևացող սարերին։ Դիմանկարի վերևում կախված համայիլն ինձ անծանոթ գեներալի ճակատին էր հասնում։ Սոխակ, պատին՝ գեներալի դիմանկար, համայիլ․․․ Շատ տարօրինակ խոհանոց է։


«Ռուբին» մակնիշի հին սովետական հեռուստացույցով ձկների մասին վավերագրական ֆիլմ էր գնում, չնայած այն ոչ ոք չէր էլ նայում։ Դա բավական չէր՝ չգիտես որտեղից հայտնված տեսքից շատ հանգիստ մի շուն խոհանոց եկավ ու դունչը կաթսաներից մեկի մեջ խոթեց։ Շանը տեսնելով՝ կանայք սարսափած բղավեցին։ Արտաքուստ հանգիստ շունն իր հանդեպ նման ագրեսիվ վերաբերմունք չէր ակնկալում։ Ուժեղ վախեցավ ու նեղացած խոհանոցից դուրս վազեց։ Կանանցից մեկն ուսին գցած սրբիչով ձեռքերը սրբեց ու ինձ հայերեն ինչ-որ բան հարցրեց։ Թվաց՝ ուզում է իմանալ, թե ինչու եմ խոհանոց եկել, ում եմ փնտրում։ Ռուսերեն պատասխանեցի․


- Ինձ խոհարարն է կանչել։


Այդ արտահայտությունը փոխեց խոհանոցի մթնոլորտը։ Ուսերին սրբիչներ գցած կանայք շրջվեցին ու վրաս նայեցին։ Այո, այդ ես էի՝ թշնամական երկրի քաղաքացի։ Հետաքրքրության, կասկածի, վախի զգացողությունները խոհանոցում իրար խառնվեցին։ Աշխատողները տեղյակ էին, որ ճամբար թշնամական երկրի քաղաքացի է ժամանել։ Այժմ ես՝ առանց թիկնապահների, նրանց հետ մի սենյակում էի գտնվում։ Հագիս՝ կարմիր վերնաշապիկ, գլխիս՝ ամառային կեպկա։ Կանանցից մեկը՝ ամենատարեցը, ասաց․


- Սպասե՛ք, հիմա կգա։ Գնացել է՝ շորերը փոխի։


- Ես ծխեմ ու վերադառնամ։


Ծխելը պատրվակ էր։ Վախով, հետաքրքրությամբ, կասկածանքով լի հայացքների տակ ինձ կաշկանդված էի զգում։ Ինձ թվում էր, թե պատի նկարի վրայի յափնջիով գեներալն արդեն ոչ թե սարերին, այլ ինձ է նայում։ Խոհանոցից դուրս գալով՝ սիգարետ կպցրեցի, թեև ծխել չէի ուզում։ Աստված գիտի՝ ինչ են հիմա իմ մասին խոսում։ Ամենքը մի բան է ասում։ Գուցե, այդ կանանց մեջ կա մեկը, ով պատերազմում հարազատներից մեկին է կորցրել։ Սիգարետը ծխելուց հետո մտա ճաշարան։


Նրան խոհանոցի դռան մոտ հանդիպեցի։ Երկնագույն կիսաշրջազգեստով ու սպիտակ վերնաշապիկով էր։ Կոպիտ քսած շրթներկից երևում էր՝ հապճեպ է զուգվել։ Հետագայում այս հանդիպման մասին շատ եմ մտածել։ Նա չէր ուզում իմ առաջ աշխատանքային հագուստով երևալ, դրա համար ժամանակ էր գտել, որ փոխվի, շուրթերը հապճեպ քսի և, օծանելիք ցանելով, սպանի սոխի ու յուղի հոտը։ Էդ նեղ մաջալին նրա հապճեպ փոխվելը, շուրթերը քսելը ու օծանելիք ցանելը միանգամայն հասկանում էի։ Գիտեի՝ որքան գեղեցիկ է եղել ժամանակին։ Նրա տեղն ով էլ լիներ՝ արագ կփոխվեր ու կքսվեր։ Ու, երևի, չիմանալով չգիտես որտեղից մազերին կպած սարդոստայնի մասին, օծանելիք կցաներ։


Նրան միանգամից ճանաչեցի։ Ժամանակը, պատերազմը, փախուստը, դժվարությունները նրա դեմքին կնճռոտ հետք էին թողել։ Փոխված էր։ Իսկական խոհարարի պես գիրացել էր։ Բայց ես ճանաչեցի նրան։ Կճանաչեի նրան, անգամ եթե հարյուր տարի անց տեսնեի։ Յուրաքանչյուրի կյանքում նման դեմքեր կան։ Ինչքան էլ փոխված լինեն, ինչքան էլ ժամանակ անցած լինի՝ նրանց տեսնելիս միանգամից ճանաչում ենք, հիշում։


- Դո՞ւ։


- Ես եմ։


Լացելու ցանկությունից նրա բերանը թեթևակի շարժվում էր, շուրթերը դողում էին։ Ձեռքերս պարզեցի, որ գրկեմ, միայն թե նա էլ չտառապի։ Գրկախառնվեցինք։ Արցունքները ատրճանակի կրակոցի պես հորդացին։ Իմ վանդակավոր ամառային գլխարկը նրա ճակատին էր դիպչում։ Գլխարկս հանեցի, որ կարողանա հանգիստ ինձ գրկել։ Մի բոլ լացելուց հետո կինը հանգստացավ։ Խոհանոց գնացինք։ Արցունքներն աչքերին քսած սուրման ողջ դեմքով լղոզել էին։ Ծորակից հոսող ջրով լվացվեց ու ցույց տվեց՝ որտեղ նստեմ։ Փոքր սեղանի շուրջ դեմ-դիմաց նստեցինք։ Քիչ առաջ ինձ հետ զրուցող տարեց կինը մեր առջև թեյով բաժակներ դրեց։ Սրբիչներն ուսերին գցած կանայք էլ իբր գործով էին զբաղված։ Բայց իրականում նրանց ուշադրությունը մեզ վրա էր։


- Տեղյակ էի քո գալու մասին։ Անունդ ցուցակում էի տեսել։ Հանդիպել վախենում էի։ Հետո Արթուրի հետ խորհրդակցեցի, ասաց, որ վախենալու բան չկա։ Թիկնապահներից թույլտվություն եմ ստացել։


Այտերին հոսող արցունքները կորան կնճիռների մեջ։ Տարեց կինը մեր առջև տաք կարկանդակներ դրեց։


- Նրա ամուսինն ադրբեջանցի էր։ Երեխաները Բաքվում են ապրում։ Տարին մեկ անգամ հանդիպում են Ռուսաստանում։


- Զգացի։ Ինձ թվաց՝ ինչ-որ բան է ուզում ասել․․․


Բավական երկար ժամանակ մատներով կոկորդն էր տրորում, կարծես, ուզում էր այնտեղ մնացած բառերը հանել։


Աշխարհի ճիշտ ժամանակներում Լենինի փողոցի վրա էին ապրում։ Նրա մայրը տատիկիս հետ միասին հիվանդանոցում էր աշխատում։ Հայրը ատաղձագործ էր։ Նաև զինվորներին ուղարկվող կապոցների համար փայտե արկղեր էր սարքում։ Գավառական միջավայրում ապրող յուրաքանչյուր մարդու հեղինակությունը մի քանի անբան, բամբասկոտ կանանցից է կախված։ Բոլորն ասում էին, որ Կ․-ն թեթև ձեռք ունի։ Շրջանում բոլորը բանակ կապոցներ ուղարկելու համար Կ․-ից էին փայտե արկղեր առնում։ Շրջանառվող առասպելի համաձայն՝ Կ․-ի պատրաստած արկղերը ճանապարհին չեն կորում, զինվորին ժամանակին են հասնում։ Այնպես որ, Կ․-ի՝ Լենինի փողոցի բակում պատրաստված փայտե արկղերը ողջ խորհրդային կայսրությունով մեկ տարածված էին։


Այստեղ պետք է մի փոքր շեղում անեմ։ Այն մասին, թե ինչպես կարելի է փչացնել մարդու հեղինակությունը։ Մի ընկեր ունեմ։ Ֆերմեր է։ Համալսարանում մի խմբում ենք սովորել։ Մի օր նրա մոտ գյուղ էի գնացել։ Մի դատարկ, անբնակ տուն այնտեղ ուշադրությունս գրավեց։



- Որտե՞ղ են տան տերերը։


- Գյուղից քոչել են։ Հարևան շրջանում են ապրում։ Ուզում էին տունը վաճառել, առնող չկար։


Եթե գյուղում տուն է վաճառվում, ուրեմն դրա հետևում մի պատմություն է թաքնված։ Հնարավոր է՝ պատվի հարց է․ ինչ-որ մեկին ծանակել են և ստիպել են գյուղից քոչել։ Կարող է՝ տոհմերի միջև պատերազմ է եղել։ Իմ ենթադրություններից ոչ մեկը ճիշտ դուրս չեկավ։ Ընկերս բոլորովին այլ բան պատմեց․ «Էդ տանը մի տրակտորավար էր ապրում։ Ցանքատարածություններն էր վարում։ Լավ տրակտորավար էր։ Երկու տարի անընդմեջ վատ բերք արեց։ Կանայք գյուղով մեկ լուրեր տարածեցին, թե ծանր ձեռք ունի, նրա վարած տեղում լավ բերք չի լինում։ Նրան էլ ոչ մեկ վարելու չէր կանչում։ Բոլորը ուրիշ տեղից էին տրակտորավար բերում, իրենց դաշտը վարել տալիս։ Իսկ նա ուղիղ երկու տարի անգործ տանը նստեց։ Բակում ունեցած իր բոլոր ոչխարներին, հավերին, ճտերին մորթեց ու կերավ։ Տեսավ, որ չէ, մարդիկ մտադիր չեն իրենց որոշումը փոխել, ոչ ոք նրան գործ չի տա, տրակտորն էլ վերցրեց ու հարևան շրջան տեղափոխվեց։ Որովհետև, տրակտոր քշելուց բացի, ոչ մի ուրիշ գործ ձեռքից չէր գալիս։


Վերադառնանք աշխարհի ճիշտ ժամանակներ, Լենինի փողոց։ Երբեմն դասերից հետո տատիկիս մոտ հիվանդանոց էի գնում։ Հիվանդանոցին կից մի մեծ այգի կար։ Այգեպանն ինձ ճանաչում էր։ Մտնում էի այգի ու ինչքան ուզես մրգեր էի հավաքում։ Հատկապես տանձն եմ լավ հիշում։ Մի հատ կծում էիր՝ հյութը դոշովդ ծորում էր։ Տատիկս աշխատանքից դուրս էր գալիս ու գրեթե միշտ մորաքույր Ն․-ի մոտ էինք գնում՝ Լենինի փողոցում գտնվող տուն։ Այնտեղ ես քեռի Կ․-ի փայտե արկղերից տնակներ էի սարքել։


Այդ տանն ինձ շատ լավ էին նայում։ Մորաքույր Ն․-ն հիվանդանոցում էր աշխատում, տանն էլ կարուձև էր անում։ Դերձակուհի էր։ Կանայք ասում էին, որ մորաքույր Ն․-ն թեթև ձեռք ունի։ Դրա համար թեթև-ծանր ձեռքի մասին բամբասանքներին ու սնահավատություններին հավատացող բոլոր կանայք մորաքույր Ն․-ին էին իրենց զգեստները կարել տալիս։


Ն․ ու Կ․ ամուսինները, ինչպես բոլոր հայերը, լավ էին ապրում։ Բարեկեցիկ, հանգիստ, խաղաղ։ Մի աղջիկ ունեին։ Բաքվում էր սովորում։ Մինչև Բաքվում սովորող այդ աղջկա ծնվելը երեք երեխա են ունեցել ու կորցրել։ Որպեսզի չորրորդ երեխան ապրի, հետևելով հավատալիքին, հայկական ընտանիքում ծնված աղջկան մահմեդական անուն տվեցին՝ Խ․։ Հավատալիքն իրեն արդարացրեց։ Խ․-ն ողջ մնաց։ Ես այն ժամանակ երեխա էի։ Անգամ չգիտեի՝ հայն ով է, մահմեդականն ով է։ Բայց մի բան գիտակցում էի՝ Խ․-ն ուրիշ տիպի աղջիկ էր։


Խ․-ն նման չէր իմ մորաքույրներին, մեր թաղամասում ապրող մյուս աղջիկներին։ Խ․-ն գեղեցիկ էր։ Հնարավոր է՝ նա նման չէր մորաքրողջս ու մեր թաղամասի մյուս աղջիկներին, որովհետև Բաքվում էր սովորում։ Գեղեցկությունը քաղաքին բնորոշ ուրբանիստական երևույթ է։ Հավուճիվի, անասունների մեջ հնարավոր չէ գեղեցիկ լինել։ Ես լավ գիտեմ քաղաքի ու գյուղի կյանքը։ Քաղաքում էլ, գյուղում էլ ապրել եմ։ Երբեք չեմ հասկացել քաղաքում ապրող ու իրենց ստեղծագործություններում գեղջկական աղջիկներին գովերգող պոետներին ու գրողներին։ Գյուղում գեղեցկուհիներ չեն կարող լինել։ Գյուղի գեղեցկուհու երկար-բարակ գովերգումը կեղծարարություն է։


Խ․-ն տարբերվում էր բոլոր այն աղջիկներից, ում ես տեսել եմ, ում հետ զրուցել եմ։ Խ․-ն ճաշակով էր հագնվում։ Խ․-ն միայն արձակուրդներին էր շրջան գալիս։ Նրա գալն անչափ ուրախացնում էր քեռի Կ․-ին ու մորաքույր Ն․-ին։ Ինձ նույնպես։ Երբ Խ․-ն շրջան էր գալիս, միայն ինձ հետ էր փողոց դուրս գալիս։ Երբ ինչ-որ տեղ էր գնում, ինձ էլ հետն էր տանում։ Փոքր ժամանակ կուլտուրական տեսք ունեի։ Ինձ լավ էին հագցնում։ Մաքուր։ Դրա համար ուր գնայի՝ ամեն տեղ ինձ երես էին տալիս։ Բացի դրանից, Խ․-ի հետ փողոցով զբոսնելն ինձ համար մի այլ կարգի հպարտություն էր։ Խ․-ն այնքան գեղեցիկ էր, որ մեջը մի գրամ նազ ու պճրանք չկար։ Հակառակը՝ խիղճը տանջում էր այն մտքից, թե ինչպես է նրա ցնցող գեղեցկությունն ուրիշների վրա ազդում։ Գեղեցկության ազդեցությունը նվազեցնելու համար նա, Բաքվից շրջան գալով, մի քիչ ավելի սովորական էր հագնվում։ Բայց դա նրան չէր հաջողվում․ սովորական զգեստն էլ ավելի էր ընգծում նրա գեղեցկությունը։ Նրա հետ փողոցով քայլելիս հաճախ էի այսպիսի երկխոսություն լսում․


- Շատ գեղեցիկ է։


- Սարսափելի։


Այդ ինչպես պատահեց, որ այդքան փոխվել է։ Անհամար մանկական հիշողություններն իմ մեջ նրա հանդեպ քնքշանք արթնացրին։ Փոփոխությունները սիրելի մարդու դեմքին, ում երկար ժամանակ չես տեսել, նախ զարմացնում են, բայց հետո այդ դեմքը ձեռք է բերում իր երբեմնի գծերը։ Բոլոր փոփոխությունները վերանում են։ Չնայած գիրությանը, լցված կզակին, ճակատի կնճիռներին, աչքերի տակի պարկիկներին, նա նույն, երբեմնի Խ․-ն էր։ Աչքերիս առաջ վերադառնում էին նրա երբեմնի թարմությունը և գեղեցկությունը։


Երբ Խ․-ն արձակուրդներին շրջան էր գալիս, ես ավելի հաճախ էի Լենինի փողոցի տուն գնում։ Հպարտանում էի, որ գեղեցիկ աղջկա տան մշտական այցելու էի։ Եթե դուք նման իրավիճակին բախվելու առիթ ունեցել եք, ինձ լավ կհասկանաք։ Եթե ոչ՝ փորձեք ինձ հասկանալ։ Ժամանակի ընթացքում Խ․-ն սկսեց ավելի հազվադեպ շրջան գալ։ Խ․-ն արդեն արձակուրդներին տուն չէր վերադառնում։ Քեռի Կ․-ն ու մորաքույրն Ն․-ն, փորձելով թաքցնել իրենց շփոթմունքն այն բանից, որ աղջիկը չի գալիս, ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ էին հորինում․ «Քննություններ ունի․․․», «Գործի է ընդունվել, ու չեն թողնում․․․», «Պրակտիկայի են ուղարկել․․․»։


Գեղեցկուհիները հեշտ են մոռանում իրենց ծնողներին։ Երևի, քաղաքի բուռն կյանքը, խայտաբղետությունը, զվարճանքները լիովին կլանել էին Խ․-ին։ Խ․-ին հոգնեցնում էր արձակուրդների օրերին գորշ գավառական կյանքը, նա հոգնում էր քեռի Կ․-ի ու մորաքույր Ն․-ի հոգատարությունից ու չափից դուրս փայփայանքից։ Վերջին անգամ Խ․-ին մորաքույր Ն․-ի թաղմանն եմ տեսել։ Մորաքույր Ն․-ի մահը տատիկիս համար մեծ ցնցում էր։ Նա կորցրել էր ամենամոտ ընկերուհուն։ Մորաքույր Ն․-ի թաղումը յուրահատուկ էր։ Մոլլան Ղուրան չէր կարդում։ Տղամարդիկ գինի էին խմում։ Այն ժամանակ արդեն սկսել էի որոշ բաներ հասկանալ։ Մոլոկանների թաղամասի կարծես միաշար տողան կազմած տները, նրանց գեր, գեղեցիկ, մաքուր ու սիրելի կովերն ինձ ստիպում էին խորհել։ Մոլոկանների գեր, գեղեցիկ, մաքուր ու սիրելի կովերի համեմատ մահմեդականների պահած կովերը ծովահենների էին նման։ Այդ թաղամասում անգամ կով կար, որը փայտե գավազանով էր քայլում։


Ամեն կիրակի սահմանապահ սպաները սև հովվաշների ու կանանց հետ միասին գնում էին շուկա՝ գնումների։ Սպաների կանայք իրենց մաքուր ու պարզ արտաքինով տարբերվում էին մեր կանանցից։


Սպաների կանայք շուկա էին գալիս՝ զամբյուղներ ձեռքերին։ Նրանց շներն մեր դպրոցում սովորող երեխաներից ավելի խելացի էին երևում։ Սպաների կանանց պարզ ու մաքուր արտաքինը և կենտրոնական հեռուստատեսությամբ թողարկվող՝ զինվորականների մասին պատմող «Ծառայում եմ Խորհրդային Միությանը» հաղորդումն իմ մեջ զինվորական դառնալու ցանկություն էին արթնացրել։ Որոշումս արդեն կայացրել էի։ Պատրաստվում էի Ջամշիդ Նախիջևանցու անվան տարրական ռազմական դպրոց փաստաթղթերս հանձնել․․․


 Խ․-ն ու ես նստած էինք խոհանոցում՝ փոքրիկ սեղանի շուրջ, դեմ-դիմաց։ Չկարծեք, թե վերը նկարագրածս նրա հետ այնտեղ նստելու ժամանակ եմ հիշել: Նման հիշողություններ կեղծ ստեղծագործություններում են հանդիպում։ Մենք բոլորովին այլ բաներից էինք խոսում։ Կանայք դեռ ձևացնում էին՝ իբր գործով են զբաղված, բայց նրանց ողջ ուշադրությունը մեր վրա էր կենտրոնացած։ Միայն այն տարեց կինն էր մեզ բացեիբաց, առանց շփոթվելու լսում ու հաճախ մեր թեյն էր թարմացնում։ Անգամ չէինք հասցնում երկու-երեք կում անել, բաժակները տանում էր ու թարմ թեյ բերում։ Թեև ամառ էր, ու թեյն այդքան հաճախ թարմացնելու կարիք չկար։ Այն, ինչի մասին խոսում էինք, տարեց կնոջը ցավ էր պատճառում։ Նա շատ լավ էր հասկանում նման խոսակցությունները։ Որովհետև նրա ընտանիքը 50 հազար քանդված ընտանիքներից մեկն էր։ Երեխաները Բաքվում էին ապրում, նա՝ Հայաստանում։ Այդ կնոջից ջուր խնդրեցի․․․


 Խ․-ն բացվել էր։ Հարցեր էր տալիս։ Հիշում էինք փլուզված, հողին հավասարեցված փողոցները, խանութները, շրջանի շուկան, քեռի Կ․-ի պատրաստած փայտե արկղերը, մահացած, տարբեր կողմերով ցրված մարդկանց։ Խոսում էինք սովորական մարդկանց մասին։ Այդ անունները խոհանոցում եղած կանանց ոչինչ չէին ասում, բայց մեզ համար դրանք մի ամբողջ պատմություն էին, Խ․-ի պատանեկությունն ու իմ մանկությունը։ Հիշեցինք շուկայի մուտքի մոտ կանգնող համր մուրացկան կնոջը, երկար ու բարակ, կարտոֆիլով լցոնված կարկանդակները, որոնք պատրաստում ու վաճառում էին մոլոկանները, «Հաղթանակ» այգու կողպեքով կարուսելները, քառակուսի պաղպաղակը՝ թղթին նկարված գայլով, հրշեջ վարչության դիմացի ձկան խանութը, միշտ դասական երաժշտություն լսող դարբին «Չայկովսկուն»։ «Չայկովսկին» դարբնի մականունն էր։ Բանակում մի կոմպոզիտորի հետ է ծառայել։ Այդ կոմպոզիտորը նրան դասական երաժշտության հանդեպ սիրով էր վարակել։ Բանակից վերադառնալուց հետո դարբինը ռադիոյով միշտ դասական երաժշտություն էր լսում։ Շրջանի բնակիչների համար հասկանալի չէ՝ ինչ հաճույք կարելի է ստանալ դինամիկից ամբողջ օրը թափվող խառնաղմուկից։ Գավառացիները, որոնք մականուններ հորինելու վարպետ են, մոռացել էին նրա իսկական անունը։ Բոլորը նրան «Չայկովսկի» էին կոչում։ Մինչև հիմա մտածում եմ՝ տեսնես մեր շրջանում ռուս հանճարեղ կոմպոզիտոր Չայկովսկուն ո՞վ էր ճանաչում։ Եթե ոչ ոք չճանաչեր, դարբնին «Չայկովսկի» մականունը չէին տա։


 - Անունդ փոխե՞լ ես։


 Խ․-ն դժվարությամբ հարցիս պատասխանեց։ Ես ինքս էլ փոշմանեցի, որ այդ հարցը տվեցի։


- Հա, փոխել եմ։ Այլ կերպ հնարավոր չէր։ Էդ անունով էստեղ ապրելն անհնար էր։ Վախենում էի անունս փոխել։ Չէ որ անվանս շնորհիվ եմ ողջ մնացել։


 Երկուսս էլ ծիծաղեցինք։ Սա մեր հանդիպման պահից առաջին ծիծաղն էր։


- Հիմա անունդ ի՞նչ է։


- Վախենում էի անունս փոխել։ Վախենում էի, որ կմեռնեմ։ Բայց տեսա, որ անհնար է։ Պիտի անունս փոխեի։ Որտեղ գնայի, անունս լսողները սկսում էին ինձնով հետաքրքրվել։ Գիտեին, թե հայրս ադրբեջանցի է։ Ամեն մեկին հո ամեն ինչ չես պատմի։


- Հիմա անունդ ի՞նչ է։


Հարցս կրկնեցի։


- Ի՞նչ տարբերություն։ Մեկ ա՝ ամեն ինչ կորել-գնացել ա։


- Ուղղակի հետաքրքիր է։


- Նոնա։ Մորս անունն եմ վերցրել։ Տղայիս էլ հորս անունը՝ Կարապետ դրեցի։


- Քանի՞ տարեկան է։


- Տասնութ։ Էս տարի պիտի բանակ գնա։


- Էստեղ ո՞նց հայտնվեցիր։


- Երկար պատմություն ա։ Շատ բան ա կատարվել։


Լռեցինք։ Իրար ասելու բան չունեինք, ինչպես ծերացած ամուսինն ու կինն իրար ասելու բան չունեն։ Խոհանոցի բաց դռնով տեսա՝ ինչպես թիկնապահը ճաշարան մտավ։ Շուտով ճաշի ժամն էր։


Այս անգամ Խ․-ն հարց տվեց։


- Որտե՞ղ եք մորաքույր Բ․-ին թաղել։


- Բաքվում։ Հովսանի ավանում։


Նորից լռեցինք։ Բաքվում ռազմական դպրոցում էի սովորում։ Արձակուրդներին շրջան գալով՝ երկու օր տատիկիս մոտ էի մնում, հետո միայն մեր տուն գնում։ Տատիկիս նայելիս մտածում էի, որ այդ կինը կմահանա ու այդպես էլ չի տեսնի այն երկրի մայրաքաղաքը, որտեղ ապրում է։ Դրա պատճառով դարդ էի անում։ Տատիկիս Բաքուն ցույց տալու միջոցներ էի փնտրում։ Տատիկս Բաքվից վախենում էր։ Մտածում էր, որ Բաքվում մարդուն զոռով ստիպում էն անաշա ծխել։ Երբ Բաքվում սովորող մի քանի աղջիկներ ամուսնացել էին, պարզվել էր, որ կույս չեն։ Սա էլ ավելի ուժեղացրեց տատիկիս վախը։ Բաքվի մասին խճճված, խորհրդավոր, անհասկանալի պատկերացումներ ուներ։ Պատերազմ սկսվեց։ Մի օր լսեցի, որ տատիկս Բաքվում է։ Աղջկա մոտ։ Ժամանակին անհանգստանում էի, որ տատիկս կմահանա ու այդպես էլ Բաքուն չի տեսնի, իսկ հիմա նույն կերպ նայում եմ մարդկանց, ովքեր Դոստոևսկի չեն կարդացել։ Երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր այդ գրողին չեն կարդացել, մտածում եմ՝ այդ մարդը կմահանա՝ չիմանալով Դոստոևսկու պես գրողի, չկարդալով նրա գործերը․․․


Պարզվեց, որ խոհանոցի տարօրինակ լինելու պատճառը ոչ առաստաղից երկար պարանոցով կախված կարճապոչ սոխակով վանդակն էր, ոչ յափնջին ուսին՝ սարերին նայող գեներալը, ոչ էլ գեներալի ճակատին հասնող համայիլը կամ տեսքից հանգիստ շունը, որը հանկարծ խոհանոց եկավ ու թաց դունչը դատարկ կաթսաներից մեկի մեջ խոթեց։ Շուրջբոլորը լռություն էր։ Այդ պահին դատարկ կաթսաների հետևից մանկան ձայն լսվեց։ Երիտասարդ կանանցից մեկը կաթսաների արանքով վազեց ու կռացավ։ Երբ մեջքն ուղղեց, տեսա, որ ձեռքերում բարուրի մեջ երեխա է։ Նայելով իմ՝ զարմանքից ծռված դեմքին՝ Խ․-ն ծիծաղում էր․


- Նա մի սպայի հետ էր ապրում։ Սպան գնաց։ Հայրն ու մայրը աղջկան տուն չթողեցին։ Երեխային նայող չկա։ Ամեն օր իր հետ գործի է բերում։


Հիմա հասկացա՝ ինչու կանայք բարձր բղավեցին, երբ տեսքից հանգիստ շունը խոհանոց մտավ։ Կանայք մոտեցան երիտասարդ կնոջն ու նրա ականջին ինչ-որ բան հայերենով քնքշաբար շշնջացին։


- Աղջի՞կ է, թե՞՝ տղա։


- Ի՞նչ տարբերություն։ Մեկ ա՝ առանց հայր ա մեծանալու։


Երիտասարդ մայրը նստեց շուռ տված կաթսայի վրա։ Երևի, այդ կաթսան արդեն շարքից դուրս էր եկել։ Կաթսայի հատակը թավշյա կտորով էր ծածկված, և կաթսան խոհանոցում որպես աթոռ էր ծառայում։ Կաթսայի վրա նստած կինը վերնաշապիկի կոճակներն արձակեց ու երկարավուն, թափանցիկ երակներով կուրծքը դրեց քնից նոր արթնացած, սոված երեխայի բերանը։ Ինձ միշտ զարմացրել է՝ ինչ հանգիստ են կովկասցի կանայք որտեղ ասես մերկացնում իրենց կուրծքն ու երեխային կերակրում։ Գյուղի կանայք, որոնք քաղաքից եկած ու մի փոքր կարճ հագնող աղջիկների մասին աներևակայելի բամբասանքներ են հորինում, մերկացնում են իրենց կուրծքն ու շուկայում, ավտոբուսում, փողոցում, հիսուն տղամարդկանց ներկայությամբ կերակրում իրենց երեխաներին։


Կաթսայի վրա նստած երիտասարդ մայրը կերակրում էր երեխային՝ ատամների մեջ սեղմելով քրտինքից թրջված թելը, որի վրա փոքրիկ խաչ էր կախած։ Իմ ներկայությունը նրան ամենևին չէր անհանգստացնում։ Երեխային կրծքին էր սեղմել։ Երկու ձեռքերը զբաղված էին, և նա չէր կարողանում սրբել աչքերից հոսող արցունքները։ Թափանցիկ երակներով, երկարավուն կուրծքը լցված էր կաթով։ Առանց հայր մեծացող այդ երեխային բախտ էր վիճակվել առատ կաթ ունեցող մայր ունենալ։


Թիկնապահը խոհանոցի սրահով շրջում էր։ Ճաշին քիչ ժամանակ էր մնում։ Ոտքի ելա։ Խ․-ն նույնպես բարձրացավ։ Գրկախառնվեցինք։ Խ․-ն ամանեղեն լվանալու սենյակ մտավ ու վերադարձավ՝ քառակուսի տուփ ձեռքին․


- Սա տուն կտանես։


Շրջվելով կանանց կողմը՝ «ցտեսություն» ասացի։ Խ․-ից տուփը վերցրեցի ու խոհանոցից դուրս եկա։ Մեր երեխաները և դպրոցականները հանրակացարանի դիմացի աղբյուրի շուրջն էին քայլում, սպասում էին ճաշին։ Սենյակիս ճանապարհին մտածում էի՝ տուփի մեջ ինչ կարող է լինել։ Սենյակ մտա ու դուռը կողպեցի։ Երբեք առանձնապես նվերներով չեմ հետաքրքրվել։ Պատահել է՝ ինձ նվերներ են տվել, իսկ ես օրերով չէի էլ նայում՝ տուփի մեջ ինչ է։ Ընկերուհիներիցս մեկն ինձ Լոնդոնից սև վերնաշապիկ էր բերել։ Ես այդ վերնաշապիկը մեկ տարի անց հագա։ Ընկերուհիս նեղանում էր, որ չեմ հագնում։ Մտածում էր՝ չեմ հավանել։ Ընտիր վերնաշապիկ էր, ուղղակի իր ժամին էր սպասում։


Ինձ թվում էր՝ անհարմար է մտածել՝ Խ․-ի նվիրած տուփի մեջ ինչ կարող էր լինել, սենյակ գնալ, դուռը կողպել ու տուփը բացել։ Մի պահ մտածեցի՝ հետաձգեմ ու տուփը ճաշից հետո բացեմ։ Բայց կասկածն ու հետաքրքրասիրությունն ինձ ստիպեցին բացել այն։ Ամեն դեպքում, թշնամական երկրում ստացած նվերը տարբերվում է այլ նվերներից։ Տուփի մեջ թղթով փաթաթված վեց հատ ափսե կար։ Ափսեների վրա պատկերված էր Իրանի շահ Բահրամի կողմից վիշապի սպանության տեսարանը։ Սկսեցի ծխել ու մտածել՝ խոհանոցում տեղի ունեցած զրույցի, ճամբարում անցկացված օրվա ու շահ Բահրամի կողմից վիշապի սպանության տեսարանի միջև ինչ իմաստային կապ կա։ Ոչ մի կապ չգտա։ Մի փոքր առաջ ընկնելով՝ ասեմ, որ Խ․-ի նվիրած ափսեները հետ գալուց, լավ հարբելով, մոռացել եմ Թիֆլիսի ռեստորանում։ Հաջորդ առավոտ ափսեների հետևից ռեստորան գնալու հավես չունեի։



Խորհրդային կայսրության անսպասելի փլուզումը մարդկանց շփոթեցրել էր։ Մի ակնթարթում խանութներից անհետացան կարագը, օճառը, շաքարը և, ամենակարևորը, հացը։ Կարիքը մարդկանց վրա տարբեր կերպ էր ազդում։ Ոմանք հավատում էին, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, ոմանք ուրիշի կարիքի հաշվին հարստություն էին դիզում, ոմանք Գորբաչյովին էին անիծում, բայց ճնշող մեծամասնությունը վախենում էր ապագայից։ Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին բժիշկները, ինժեներները, ուսուցիչները։ Խորհրդային կայսրության սիրելի մտավորականությունը մի ակնթարթում դարձավ ոչինչ։ Մարդկանց նոր տիպ ի հայտ եկավ՝ կարատեիստներ, առևտրականներ, էքստրասենսներ, բախտագուշակներ, աստղագուշակներ։


Մենք շատ հազվադեպ էինք խանութից հաց առնում։ Տատիկն էր մեզ համար հաց բերում։ Թոնրի հաց։ Այն ժամանակ ալյուր գնելն ավելի հեշտ էր, քան հաց գնելը, հաց գտնելը։ Որովհետև թոնիրների, ինչպես նաև թոնիրներում հաց թխող կանանց թիվը պակասել էր։ Գազը չէր գալիս։ Կտրել էին։ Իրավիճակից օգտվել կարողացողները խողովակները գողացել ու ծախել էին։ Լույսը ընդհատումներով էին տալիս։ Ամեն ինչ այնքան անսպասելի փոխվեց, որ սկսեցինք հավատալ ֆիլմերում տեսած, գրքերում կարդացած ծանր կյանքին, սովին։ Ուրեմն՝ այդպես էլ է լինում։


Այդ օրը տատիկը պետք է մեզ համար հաց բերեր։ Թոնրի հաց։ Երկու հավ էինք մորթել։ Սպասում էինք՝ տատիկս հաց բերի, որ նստենք, հավի գուլյաշ ուտենք։ Մինչև ժամը վեցը սպասեցինք։ Տատիկը չեկավ։ Ճաշը սառել էր։ Մայրս հավի գուլյաշը նորից տաքացրեց։ Տատիկը չէր գալիս։ Մի քիչ էլ սպասեցինք։ Երկու անգամ դարպասից դուրս էի եկել՝ ճանապարհին նայելու։ Նա չէր երևում։


Մայրս ինձ՝ որպես ավագ որդու, հացի ուղարկեց։ Հագնվելուց ու տնից դուրս գալուց առաջ գրպանս փոքր լապտեր դրեցի։ Կար ժամանակ, երբ սիրում էի երեկոյան լապտերով փողոցներով զբոսնել։ Այդ զվարճանքն այլևս անհնար էր։ Այլևս չէի կարող մութն ընկնելուց հետո աննպատակ փողոցով քայլել՝ լապտերի լույսն ուղղելով կատուների ու շների մռութներին։ Լապտերների մարտկոցները խանութներից անհետացել էին։ Լապտերից օգտվում էինք միայն տանը, անհրաժեշտության դեպքում։ Երեկոյան, երբ լույսերն անջատվում էին, այնքան ուժեղ վախ էր քեզ համակում, որ ուզած-չուզած սկսում էիր մտածել՝ տեսնես՝ հետո ի՞նչ կլինի, մեզ էսպես ո՞ւր կտանեն, պատերազմ կսկսվի՞, թե՞՝ ոչ։ Երբ շրջանում լույսերն անջատում էին, անգամ սուր տեսողության դեպքում անհնար էր փողոցում ինչ-որ բան տեսնել։ Մարդիկ քայլում էին՝ ձեռքերով շոշափելով դատարկությունը, վախենալով մի խորը փոսի մեջ ընկնել։


Դիքն անցա ու Կայարանային փողոց դուրս եկա։ Լապտերը չէի միացնում։ Հետդարձի ճանապարհին ավելի պետք կգա։ Կայարանում խանութի մոտ մարդիկ էին հավաքված։ Երկու խարույկ էին վառել։ Մեկի մոտ տղամարդիկ էին հավաքվել, մյուսի մոտ՝ ամուսին, որդի չունեցող կանայք։ Ձեռքերը դեպի կրակի լեզուներն էին պարզել։ Այդքան էլ ցուրտ չէր, մարդկանց՝ դեպի կրակը պարզած ձեռքերը վկայում էին լարվածության, այն ծանր վիճակի մասին, որում նրանք հայտնվել էին։ Ընդամենը հինգ-վեց ամիս առաջ նրանցից ոչ մեկի մտքով անցնել անգամ չէր կարող, որ հացի համար հերթ են կանգնելու, որ հացը հանկարծ կանհետանա։


Չմիացա ոչ տղամարդկանց, ոչ կանանց։ Շրջանի միջով հոսող գետի վրայի կամուրջն անցնելով՝ դեպի հացի գործարան ուղևորվեցի։ Հորեղբայրս հացի գործարանում էր աշխատում։ Եթե հաջողվեր հորեղբորս տեսնել, անպայման հացով տուն կվերադառնայի։ Գործարանի մոտ նույն տեսարանին ականատես եղա, ինչ կայարանում։ Այստեղ էլ մարդիկ երկու կրակ էին վառել։ Մեկի շուրջ տղամարդիկ էին հավաքվել, մյուսի մոտ՝ ամուսին, որդի չունեցող կանայք։ Ձեռքերը դեպի կրակի լեզուներն էին պարզել։ Մոտ քսան տղամարդ ու կին էլ հացի փուռի դռանն էին կպել։ Գործարանի պատուհաններից ու դռներից ընկնող լույսը ճեղքում էր մթությունը։ Ամբոխի մեջ խցկվեցի ու հազիվ, մարդկանց մեկ աջից, մեկ ձախից, մեկ վերևից, մեկ ներքևից հրմշտելով, մի կերպ հասա դռանը։ Հորեղբորս մասին փոքրիկ քառակուսի անցքի միջով մի մարդուց հարցրեցի, ում միայն աչքերն էին երևում։ Ասացի, որ նրա զարմիկն եմ, և որ մայրս ինձ հացի է ուղարկել։ Տղամարդը, ում միայն աչքերն էին երևում, ասաց, որ հիմա կգնա ու հորեղբորս կկանչի, ու հացը նրանից կուզեմ։ Նրա աչքերը քառակուսի օդանցքից անհետացան։ 10 րոպեից մարդը վերադարձավ։ Նրա բերանը չէի տեսնում, միայն ձայնն էի լսում։ Մարդը, որի միայն աչքերն էին երևում, ասաց, որ հորեղբայրս տեղում չէ, այսօր շուտ է տուն գնացել։ Նրանից հաց խնդրեցի։ Ասաց, որ այդքան ժամանակ սպասած մարդկանց աչքի առաջ չի կարող ինձ հաց տալ։


Հացի գործարանի մոտ հավաքված մարդիկ ուշադիր լսում էին մեր խոսակցությունը։ Նրանցից յուրաքանչյուրն ասելու բան ուներ մարդուն, որի միայն աչքերն էին երևում։ Ես, հաշվի առնելով փոքր տարիքս, առանց այդ էլ առավելագույնս օգտագործել էի հնարավորություններս։ Եթե շարունակեի դռան մոտ մնալ ու լեզու թրջել, ինձ օձիքից կբռնեին ու մի կողմ կշպրտեին։ Դժգոհ ձայներն ինձ ստիպեցին հեռանալ դռնից, և ես չկարողացա հաց ստանալ մարդուց, որի միայն աչքերն էին երևում։


Մարդկանցից հեռացա ու հետ՝ դեպի կայարան վազեցի։ Ճանապարհին երկու մեծ դժբախտություն պատահեց․ 1․Ոտքս ջրափոսի մեջ սայթաքեց։ Ջուրը կոշիկներիս մեջ լցվեց, գուլպաներս ամվողջությամբ թրջվեցին։ 2. Երբ կամրջի վրայով էի անցնում, լապտերը գրպանիցս դուրս պրծավ ու նախ կամրջի վրա ընկավ, այնտեղից էլ գլորվեց գետի մեջ։


Խարույկները մարել էին։ Կին-տղամարդ կայարանում խանութի մոտ էին խմբվել։ Կարող էի հաց հայթհայթել, եթե տատիկիս կամ հացի գործարանում աշխատող հորեղբորս մոտ գնայի։ Բարեկամներիցս մեկի տուն գնալ, հաց ուզելն ավելի խելամիտ տարբերակ էր։ Բայց մայրս ինձ՝ որպես տան ավագ որդու, հաց գնելու էր ուղարկել, և ես պետք է վճարելով այն գնեի։ Պետք է անպայման հացով տուն վերադառնայի։ Տարիքիցս օգտվելով՝ խանութի մոտ խմբված մարդկանց ամբոխի մեջ խցկվեցի։ Աջից-ձախից, ներքևից-վերևից մարդկանց միջով անցնելով՝ հնարավորինս առաջ գնացի։ Սկզբում «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի ձայն լսեցի, հետո մարդկանց արանքից մեքենան էլ տեսա։ Մարդկանց համբերությունն այլևս չէր հերիքում սպասել, նրանք միմյանց հրում էին ու բղավում։


Խանութի մոտ աղմուկն ավելի ուժեղացավ։ Առջևում կանգնածները ոտքերը պինդ գետնին էին դրել ու չէին ցանկանում տեղից շարժվել։ Հացը խանութի հետևի դռնով ներս մտցրեցին։ Մի քանի հոգի, ամբոխից կտրվելով, փորձեցին խանութի հետևում վարորդից հաց գնել, բայց ոչ վարորդը, ոչ նրա օգնականը նրանց վրա անգամ չնայեցին։


Խանութի դռան երկու փեղկերը լայն բացվեցին։ Աղմուկն էլ ավելի ուժեղացավ։ Թեև ամբոխի մեջ կանայք կային, ինչ-որ մեկը մի լավ հայհոյեց։ Ոտքերս գետնից պոկվեցին։ Հաջորդ ակնթարթում մի ոտքս արդեն խանութի հատակին դիպավ։ Տեսա երկար դարակների վրա դասավորված հացը։ Վաճառողուհին՝ մորաքույր Ն․-ն, բղավում էր, հետ էր բրթում մարդկանց, բարկությունից կարմրած դեմքը հաճախ սրբում էր խալաթի գրպանից հանած թաշկինակով։ Մորաքույր Ն․-ն պարզած ձեռքերից փողը խլում, նետում էր փայտե արկղի մեջ, դարակից հաց էր վերցնում ու շպրտում մարդկանց վրա։


Շրջանում շատերն իրար ճանաչում են։ Դա և դրական, և բացասական կողմեր ունի։ Երբեմն մորաքույր Ն․-ն դժվարանում էր որոշել՝ պարզած ձեռքերից որ մեկից առաջինը փող վերցնել։ Որովհետև նա բոլոր ձեռքերի տերերին ճանաչում էր։ Մորաքույր Ն․-ն մեր տանից մոտ տասը շենք այն կողմ էր ապրում։ Ինձ լավ էր ճանաչում։ Երբ հայրս նրանց տունն էր կառուցում, ես դասերից հետո հաճախ էի նրանց մոտ գնում։ Եթե մորաքույր Ն․-ն ինձ տեսներ, դեպի հացի դարակները պարզած ձեռքիցս փողը կվերցներ ու փայտե արկղի մեջ կշպրտեր։ Ես չպետք է առանց հացի տուն վերադառնայի։


Դարակների վրա հացը գնալով պակասում էր։ Մարդիկ դրանից գազազում էին, տղամարդիկ կանանց չէին զիջում, ավելի շատ հայհոյանքներ ու անեծքներ էին լսվում։ Կանանցից մեկը տղամարդկանց կոչ արեց պատիվ ունենալ ու հարգել կանանց, անգամ պատմական դեմքերից մեկի ուսանելի խոսքերը մեջբերեց։ Մի ուրիշ կին էլ այդ իրարանցման մեջ հասցրեց Գորբաչյովի հասցեին անեծքներ ուղղել․ «Աստված Գորբաչյովի երեխուն թաղի։ Կարգին ապրում էինք․․․»։


Դարակների վրա հացը պակասում է, մարդիք հայհոյում են, անիծում, մորաքույր Ն․-ն մարդկանց սպառնում է, որ ընդհանրապես խանութը կփակի ու ոչ մեկին հաց չի վաճառի։


Հետևից ու առջևից մարդկանց ալիքն ինձ դուրս էր բերում մեկ հացով դարակների մոտ, մեկ՝ խանութի դռան մոտ ու փողոց։ Ես, իսկական մուլտֆիլմի հերոսի պես, ոտքերս օդի մեջ՝ մարդկանց մեջ հետ-առաջ էի գնում։ Մի անգամ մորաքույր Ն․-ն քիչ էր մնում ձեռքիս փողը վերցներ ու փայտե արկղի մեջ շպրտեր, բայց իմ ձեռքի կողքից մեկ այլ ձեռք խանգարեց։ Մորաքույր Ն․-ն նախընտրեց այն ձեռքը։ Երևի, այն ձեռքի տիրոջն ավելի լավ էր ճանաչում։ Դարակների հացն ավելի ու ավելի էր պակասում։ Դրսում կանգնած մարդիկ գիտեին, որ հացը պակասում է։ Նրանք խանութից հացով դուրս եկող մարդկանցից հարցնում էին՝ ինչքան հաց է մնացել, քանի հոգու կհերիքի։ Մորաքույր Ն․-ն գոռում էր, հացը խանութ ուղարկող մարդուն հայհոյում ու նորից սպառնում դռները փակել ու ոչ մեկին հաց չվաճառել։ Իրավիճակն էլ ավելի էր թեժանում․նյարդերը տեղի էին տալիս, կանայք անիծում էին Գորբաչյովին։ Առջևից հարվածը ոտքերս գետնից պոկեց ու ինձ խանութի դռնից դուրս շպրտեց։ Ավելին՝ մի ծանրաքաշ մարդ էլ սառած ոտքիս կանգնեց։ Սկսեցի հույսս կորցնել, որ տուն հացով կվերադառնամ։ Պատրաստ էի լացել։


Այդ պահին երկու ռուս զինվորներ հետևի դռնից խանութ մտան։ Գլխներին՝ սաղավարտ, ձեռքերին ինքնաձիգ կար։ Զինվորները մարդկանց խանութից դուրս հանեցին։ Աղմուկը, աղաղակը, հայհոյանքները, անեծքները դադարեցին։ Զինվորները մարդկանց հանգիստ հերթի մեջ շարեցին։


Վերջին կնոջից հետո հերթում ես էի կանգնած։ Զինվորներն ինչպես եկել էին, այնպես էլ գնացին։ Խանութի ետնամուտքից։ Թեև զինվորները գնացել էին, հերթը ոչ ոք չէր խախտում։ Ոչ ոք չէր հայհոյում։ Ոչ ոք Գորբաչյովին չէր անիծում։ Ոչ թե նրա համար, որ մարդկանց հարմար էր հերթի մեջ կանգնել։ Ոչ։ Որովհետև մարդիկ վախենում էին, որ զինվորները կվերադառնան ու կտեսնեն, որ կարգը խախտվել է։


Հացով «ԳԱԶ-53» մեքենան շրջանային կայարանամերձ ճանապարհից շրջվեց ու խանութին մոտեցավ։ Վարորդն ու նրա օգնականը հետևի մուտքով հացը ներս մտցրեցին ու դարակների վրա դասավորեցին։ Մարդիկ հանգստացան։ Մորաքույր Ն․-ն հանգիստ վերցնում էր մեկնած փողերն ու մարդկանց հաց տալիս։ Հերթն ինձ հասավ։ Հացն առա ու չթե մթերացանցի մեջ դրեցի։ Տուն ուղևորվեցի։ Լիովին իրավունք ունեի հպարտ, գլուխս բարձր տուն գնալ։ Որպես տան ավագ որդի՝ հացով էի տուն վերադառնում։ Նոր ունիվերմագի մոտ մի խումբ մարդկանց հանդիպեցի։ Ինչ-որ մարդ ունիվերմագի դիմաց՝ լողավազանի եզրին կանգնած, ելույթ էր ունենում։ Վերջին ժամանակներում իմացած նոր բառերը հենց այդ մարդուց էի լսել՝ դաշնակներ, էքստրեմիստներ, նարկոմաններ․․․


Ելույթ ունեցողի կողքին մի երիտասարդ էր կանգնած, գլխին՝ սպիտակ վիրակապ։ Ավելի ուշ պարզվեց, որ հայերն այդ երիտասարդի ականջն են կտրել։ Մի հոգի խմբից անջատվեց ու լողավազանի եզրին բարձրացավ։ Նրա գլխին էլ սպիտակ վիրակապ կար։ Նրա ականջն էլ էին հայերը կտրել։ Ամբոխն ալեկոծվեց, հայհոյանքներ տեղացին, ինչ-որ մեկը գետնից քար վերցրեց ու ունիվերմագի կողմ նետեց։ Քարն ունիվերմագի ցուցափեղկի հաստ ապակուն դիպավ ու գետնին ընկավ։ Արկածասիրությունս հաղթեց անձնազոհությանս։ Մոռացա տանը հացի սպասող մորս, եղբորս, քրոջս և, ամենակարևորը, հավի գուլյաշի մասին։


Կողքն իմ հասակակիցներից հինգ-վեց հոգի էր կանգնած։ Նրանցից մեկն ասաց․ «Հացի հոտ եմ առնում»։ Չթե մթերացանցից մի հատ հաց հանեցի ու հասակակիցներիս տվեցի։ Չէի կարող չտալ։ Ամբոխը վրդովված էր։ Եթե չտայի, հացը ձեռքիցս կխլեին ու ինձ մի լավ կծեծեին։ Ճանաչում էի նրանց։ Ութամյա դպրոցում էին սովորում։ Այդ դպրոցում շրջանի բոլոր անբանները, չսովորողներն ու կռվարարներն էին հավաքված։ Հասակակիցներս հացը կտոր-կտոր արեցին ու իրար մեջ բաժանեցին։ Լողավազանի եզրին կանգնած մարդն ինչ-որ բան ասաց, ու բոլորը գոռացին։ Հասակակիցներս սուլեցին ու հայհոյեցին։ Ես, թեև չլսեցի՝ ինչ ասաց, նույնպես գոռացի։ Լողավազանի եզրին կանգնած երեք հոգին ներքև ցատկեցին և խառնվեցին ամբոխին։ Խումբը գործողությունների անցավ։ Ինչ-որ տեղից ութամյա դպրոցի ևս մի քանի տղաներ հայտնվեցին ու հասակակիցներիս միացան։ Զինվորական շալվարներով էին․․․


Երիտասարդ հայերն ու երեխաները հանգիստ լքել էին շրջանն ու տարբեր անվտանգ վայրեր գնացել։ Շրջանում շատ քիչ թվով տարեց հայեր էին մնացել։ Մնացել էին այն հայերը, որոնք այստեղ ծնվել ու մեծացել են ու ուզում էին այստեղ էլ մահանալ։ Ծագած հակամարտությունը նրանք որպես թյուրիմացություն էին ընկալում։ Կարծում էին՝ մոտ ապագայում ամեն ինչ կկարգավորվի։ Անհրաժեշտ չէին համարում իրենց տները թողնել ու ինչ-որ տեղ գնալ։ Հավատում էին, որ շուտով իրավիճակը կփոխվի։ Բոլորը նորից հանգիստ ու համերաշխ միասին կապրեն։ Դրա համար նրանք, անտեսելով վտանգը, մնացել էին շրջանում։ Չգիտեմ, գուցե, գնալու տեղ չունեին։


Խումբը շրջանի միջով հոսող գետի մոտ հասավ։ Մարդիկ մեզ էին նայում, և դա իմ հասակակիցներին դուր էր գալիս։ Ոմանք միանում էին խմբին, ոմանց ծնողները կամ հարազատները ականջից բռնած ամբոխից հեռացնում ու տուն էին տանում։ Միացածները հեռացածներից շատ էին։ Խմբում ինձ հանգիստ էի զգում։ Կարծես, ստադիոն եկած լինեի՝ իմ սիրած թիմի խաղը նայելու ու, որպես երկրպագու, սատարում էի նրանց։ Գնում էինք շրջանում մնացած, այստեղից չհեռացած հայերին տներից, շրջանից վռնդելու։ Կտրած ականջներով ու վիրակապած գլուխներով տուժածները առջևից էին քայլում։ Խումբը հրշեջ վարչության մոտ կանգ առավ։ Ինչ-որ մեկը մի բարձր տեղ կանգնեց ու հայտնեց, որ այսօր հայերը ինչ-որ գյուղի վրա են հարձակվել ու մահմեդականներին պատկանող ոչխարներին ու կովերին տարել։ Չորս տղամարդկանց ականջ են կտրել։ Ելույթ ունեցողը զինվորական շալվարով էր։ Շրջանում զորամասի տեղակայումից հետո զինվորական շալվարներով, զինվորական բաճկոններով, զինվորական գլխարկներով մարդկանց թիվը զգալիորեն ավելացել էր։ Մարդիկ ռուս զինվորներին օղի, միրգ, մուրաբա էին տալիս ու դիմացը՝ զինվորական հագուստ ստանում։ Զինվորական շալվարով մարդը բարձունքից ցատկեց ու մյուսներին միացավ, և մենք նորից գոռացինք, սուլեցինք, հայհոյեցինք։ Հետո հրշեջ վարչության թաղամասում ապրող հայերի տները մտանք։ Երեք տներից ոչ մեկում հայ չգտանք։ Տղաները ջարդում էին հայելիները, իրերը գետնին շպրտում, կաթսաներն էին տշում, շներին կապից արձակում ու փողոց դուրս թողնում։ Խմբի մասին տեղեկանալով՝ հայերը փախել ու հարևան մահմեդականների տներում էին թաքնվել։ Տղաները, անցուդարձ անելով, ծիծաղելով, գոռալով, հայհոյելով, ուտում էին տներում գտած մրգերը, մուրաբաները, միմյանց վրա խնձոր, սերկևիլ, նուռ էին շպրտում։ Մոշի, հոնի, շլորի կոմպոտները խմելով՝ բանկաները կոտրում էին։


Տներից դուրս գալով՝ փողոցում հավաքվեցինք։ Հայերին չգտնելու փաստը մեր տրամադրությունը գցել էր։ Մենք ավելի շատ զվարճանք էինք փնտրում, քան հայ։ Փողոցում որոշվեց, որ խումբը պետք է երեք մասի բաժանվի ու տարբեր ուղղություններով գնա՝ հայերին փնտրելու։ Խումբը, որում ես էի ընդգրկվել, դեպի Լենինի փողոց ուղևորվեց։ Ճանապարհին մեզ վեց-յոթ դեռահասներ միացան։ Դարձանք մոտ քսան-քսանհինգ հոգի։ Լենինի փողոցում ապրող ատաղձագործ Կարապետի բակ մտանք։ Ես այդ բակն ու տունը լավ էի ճանաչում․․․ Կարապետի կինը՝ Նոնան, տատիկիս հետ հիվանդանոցում էր աշխատում։ Շատ մոտ ընկերուհիներ էին։ Ես այդ տանը շատ եմ եղել։ Կարապետի պատրաստած փայտե առաքման արկղերից իմ համար տնակներ էի սարքում։ Շրջանում բոլորն ասում էին, որ Կարապետը թեթև ձեռք ունի։ Որդու համար բանակ ծանրոց ուղարկող յուրաքանչյուր մարդ Կարապետից էր արկղեր գնում։ Ասում էին՝ Կարապետի սարքած արկղերով ուղարկվող ծանրոցները ճանապարհին չեն կորում, զինվորին ժամանակին են հասնում, փոստի աշխատողները դրանք չեն բացում ու այնտեղից ոչինչ չեն հանում։ Ինձ այդ տանը շատ էին փայփայել։ Մորաքույր Նոնան ինձ սիրում էր։ Նրա աղջիկը՝ Խ-ն, ամեն անգամ, երբ Բաքվից արձակուրդ էր գալիս, ինձ համար նվերներ էր բերում։


Բակ մտնող խմբից առանձնանալ չկարողացա։ Մտածեցի՝ երևի քեռի Կարապետը նույնպես, մյուս հայերի պես, թաքնվել է մահմեդական հարևանի տանը։ Հասակակիցներիս հետ միասին բակ մտա։ Տղաները մի ակնթարթում հավեսով քանդեցին թե բակը, թե տունը։ Նկուղում, ձեղնահարկում գտած մրգերը մի հատ կծում ու միմյանց վրա էին շպրտում, կոմպոտներն էին խմում։ Ամեն ինչ խառնվել էր։ Ամենուրեք մանկական խաղալիքներ էին (դրանք պահվում էին որպես հիշատակ Խ․-ի մանկության մասին։ Մորաքույր Ն․-ն թույլ չէր տալիս անգամ դիպչել դրանց), կոշիկներ, գրքեր, կարի մեքենա, տարբեր կտորներ էին գցած։


Շան ձայնը բակում հավաքված անծանոթ մարդկանց վրա հաչալուց կտրվել էր։ Տղաներից մեկը նրան կապից արձակեց ու փողոց դուրս թողեց։ Քեռի Կարապետին փայտե արկղերի հետևում գտան։ Նա իր ձեռքի աշխատանքի հետևում էր թաքնվել։ Բայց արկղերը ատաղձագործին չփրկեցին։ Տղաները Կարապետին քացիներով հարվածեցին, ապտակեցին։ Զինվորական շալվարով մարդը տղաներին մի կողմ հրեց։ Եվ ես մի նոր բառ էլ լսեցի՝ պրովոկացիա։


Տղաները ջարդեցին քեռի Կարապետի պատրաստած փայտե արկղերը։ Պատռեցին ներքնակները, վերմակները, բարձերը։ Գոռացին, սուլեցին, հայհոյեցին։ Եվ Կարապետին իրենցից առաջ գցելով՝ բակից դուրս եկան։ Ահա այսպես էինք մենք մտնում հայերի տներ, հայելիները ջարդում, մրգեր ուտում, կոմպոտ խմում, շներին կապից արձակում ու փողոց դուրս թողնում։ Մոտ երկու ժամվա ընթացքում տարբեր տեղերից 12 տարեց հայերի հավաքեցինք։ Յուրաքանչյուր հնարավորության դեպքում տղաներն առջևից քայլող հայերին քացով հարվածում, ապտակ էին հասցնում։ Երթը գլխավորող զինվորական շալվարով մարդը փորձում էր տղաներին ինչ-որ բան բացատրել, խանգարել նրանց հայերին հարվածել, նրանց մի կողմ էր հրում։ Զինվորական շալվարով մարդը հաճախ էր կրկնում իմ նոր լսած բառը՝ պրովոկացիա․․․ պրովոկացիա․․․ պրովոկացիա։


Զինվորական շալվարով մարդը մտավորականի էր նման։ Եթե զինվորական շալվարը քաղաքացիականով փոխարիներ, ես նրան գրականության ուսուցչի տեղ կդնեի։ Այն ժամանակ կարատեի մասին ֆիլմեր էին տարածված։ Շրջանում երեք-չորս տեղում կինոդահլիճներ էին բացվել։ Բոլորը՝ մեծից փոքր, ժամերով կինոդահլիճներում նստած կարատեի մասին ֆիլմեր, մարտաֆիլմեր էին նայում։ Շատերը դասերից փախչում, գնում էին կարատեի վարժաձևեր սովորելու։ Բոլորը դրանով ոգևորված էին։ Այդ թվում՝ ութամյա դպրոցի անբան, կռվարար երեխաները։ Ես երբեք կարատեի հանդեպ հետաքրքրություն չեմ ունեցել։ Ֆիլմեր նայում էի, բայց մտքովս անգամ չէր անցնում կարատեի վարժաձևեր սովորել։ Հնարավոր է՝ հենց դրա պատճառով էլ թիմում ամենապասիվն էի։ Տղաները, կարատեիստների պես, կատվի ձայներ էին հանում, շպագատ իջնում ու, հնարավորության դեպքում, առջևից քայլող հայերի վրա սովորած հնարքները կիրառում։ Այդ առումով ես պասիվ էի։ Բացի դրանից, ականջներումս շարունակ հնչում էին տանը հաց սպասող մորս, քրոջս, եղբորս ձայները։ Այս ամենն արդարանալու համար չեմ գրում։ Պարզապես նկարագրում եմ տեղի ունեցածը։ Մի քանի անգամ մտածել եմ տուն վերադառնալ։ Բայց, ինչպես արդեն նշեցի, ամեն անգամ արկածասիրությունս հաղթում էր անձնազոհությանս։ Պետք է տուն հաց տանեի, հասկանում էի դա, բայց ինչ արած, ցանկությունս իմանալ՝ ինչով ամեն ինչ կավարտվի, ինձ թույլ չէր տալիս տուն վերադառնալ։


Ութամյա դպրոցում ու մեր դպրոցում սովորող տղաների միջև վաղուց թշնամանք կար։ Ութամյա դպրոցի տղաները մեր դպրոցի տղաներին նայում էին որպես «մամայի բալաների», «փափկասունների»։ Յուրաքանչյուր առիթի դեպքում ութամյա դպրոցի անբան ու կռվարար տղաները մեր տղաներին նեղացնում էին, խլում ու պատռում էին նրանց գրքերն ու տետրերը, կեղտոտում էին հագուստը։ Մեր դպրոցի ուսուցիչներն իսկական սովետական ուսուցիչներ էին՝ պարզ, մաքուր, սպեկուլյանտությունից հեռու, աղքատ, փողի մասին չմտածող։ Իսկ ութամյա դպրոցի ուսուցիչներն իսկական կապիտալիստներ էին՝ արձակուրդներին գնում էին Ռուսաստան՝ մրգեր վաճառելու, դասերից հետո շրջանում հարսանիքներին հարմոն էին նվագում, երգում, թամադայի դերում հանդես գալիս, այլ միջոցներով էին փող աշխատում, լավ էին հագնվում, իրենց գոռոզ էին պահում։


Հիմա, չնայած մի խմբում էինք, ութամյա դպրոցի տղաներն ինձ կպնում էին՝ «ուշ տուն չվերադառնաս», «հայրդ կծեծի», «կհիվանդանաս», «վաղը քեզ դպրոց չեն թողնի»․․․ Այդ խայթոցներից հոգնած՝ արեցի այն, ինչի մասին մինչև հիմա զղջում եմ։ Երբ շարժվում էինք փողոցով, ես խմբի վերջից էի քայլում։ Երթը շրջանցելով՝ առաջ գնացի։ Զինվորական համազգեստով տղամարդուց թաքուն՝ ոտքով հետևից մի տարեց հայի խփեցի։ Կյանքիս մեջ առաջին անգամ էի ինձանից մեծ մարդու քացով խփել․․․


Աղմուկը լսելով՝ մարդիկ տներից փողոց էին դուրս գալիս և նայում խմբին, հայերին, ում մենք առաջ գցած տանում էինք։ Առջևից քայլող տարեց հայերը փողոց դուրս եկած մարդկանց մեջ ծանոթ դեմքեր էին փնտրում։ Բայց ծանոթ դեմքերից կորել էր կարեկցանքի ու գթության արտահայտությունը։ Այլևս անհնար էր կանգնեցնել գործընթացը, վերականգնել նախկին հանգիստ համատեղ կյանքը։ Ամեն ինչ սրընթաց ոնչանում, գնում էր։ Ընդամենը երեք-չորս տարի անց շրջանն էլ ամբողջությամբ ավերվելու է։ Դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, շենքերը, ամեն ինչը․․․


Կենտրոնական փողոցով քայլելով՝ շրջկոմի շենք հասանք։ Մեզանից առանձնացած խմբերն ավելի շուտ էին այստեղ հասել։ Մեզ էին սպասում։ Երեք խմբերի անդամները ողջունեցին միմյանց։ Կարծես, իրար էին ողջունում Բելառուսական ու Ուկրաինական ճակատները։ Բոլոր խմբերի բերած հայերին մի տեղում հավաքեցին։ Զինվորական շալվարով մարդկանցից մեկը շրջկոմի շենք մտավ։ Զինվորական համազգեստով մարդը 15 րոպե անց կոստյումով ու փողկապով մի մարդու հետ վերադարձավ։ Այդ մարդը շրջանի ղեկավարներից մեկն էր։ Բանակցություններ սկսվեցին։ Խումբը պահանջեց, որ հայերն անհապաղ լքեն շրջանը։ Զինվորական շալվարով մարդը, մեզ վրա ցույց տալով, ասաց․ «Հազիվ սրանց պահեցի»։ Շրջկոմի շենքից հինգ միլիցիոներ դուրս եկավ։ Միլիցիոներները մեզ հրամայեցին տներով ցրվել։ Ոչ ոք տեղից չշարժվեց։ Մարդիկ այլևս միլիցիոներներից չէին վախենում։ Միլիցիոներները հայերին շրջկոմի շենք լցրեցին։ Տղաները սկսեցին հայհոյել, գոռալ, սուլել, նրանցից մեկն անգամ գետնից երկաթի կտոր վերցրեց ու շրջկոմի շենքի կողմ նետեց։


Զինվորական շալվարով մարդն ու սև կոստյումով մարդը կանգնած էին շրջկոմի մուտքի մոտ՝ աստիճաններին, ու բարձր խոսում էին․


- Հայերը պետք է այս գիշեր լքեն շրջանը։


- Հիմա դա անհնար է։


- Տղաները չեն ցրվի։ Մինչև հայերը չլքեն շրջանը, մենք այստեղ նստելու ենք։


- Ես ձեզ խոստանում եմ։ Վաղը հայերը շրջանից դուրս կգան։


- Ո՞վ է երաշխավորում նրանց անվտանգությունը։ Եթե վաղը նրանց հետ մի բան պատահի, Ժողովրդական Ճակատի երեսով են տալու։


- Դուք մի՛ անհանգստացեք։ Արդեն ուշ է։ Տղաներին ասա՝ թող տներով ցրվեն։


- Մինչև հայերը չլքեն շրջանը, մենք ոչ մի տեղ գնացողը չենք։ Մեզ պրովոկացիայի մեջ մի՛ ներքաշեք։


- Խոստանում եմ ձեզ։ Վաղը հայերը կգնան։ Վաղը հայերը շրջանից դուրս կգան։ Արդեն ուշ է։ Ցրվե՛ք տներով։


- Այսօր հայերը չորս մարդու ականջ են կտրել։ Ամո՛թ հայերին շրջանում պահողներին։ Ամո՛թ նրանց, ում քեռիները հայ են։


Մենք գոռացինք․ «Ամո՛թ, ամո՛թ, տականքներ»։ Տղաներից մեկը քարով շրջկոմի շենքի լուսամուտներից մեկը կոտրեց։ Շենքից երկու միլիցիոներ դուրս եկավ, բայց կոստյումով տղամարդը նրանց հետ վերադարձրեց։ Կոստյումով տղամարդը զինվորական շալվարով մարդուն շենք հրավիրեց՝ զրուցելու։ Զինվորական շալվարով մարդն ասաց․


- Մենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք։ Ինչ ասելիք ունեք, այստեղ ասե՛ք։


- Ցրվե՛ք տներով։ Ուշ է։ Մի՛ սադրեք մեզ։ Մեզ պրովոկացիայի մեջ մի՛ ներքաշեք։


- Հայերը պետք է այս գիշեր լքեն շրջանը։ Մինչև հայերը չլքեն շրջանը, մենք այստեղից ոչ մի տեղ գնացողը չենք։


Խումբը նորից կատաղեց։ Ոմանք առաջարկեցին շենքը գրոհել։ Այդ պահին հրապարակ «ՈՒԱԶ» մակնիշի ռազմական մեքենա եկավ։ Մեքենայից սաղավարտներով ու ինքնաձիգներով ռուս զինվորներ դուրս եկան և աստիճանի վրա շարվեցին։ Սպան զինվորական շալվարով մարդուն աստիճաններից իջեցրեց ու ցածր, շատ ցածր ձայնով մեզ հրամայեց ցրվել։ Բոլորն իրար վրա նայեցին։ Իրավիճակը լրջանում էր։ Սպան կրկնեց հրամանը։ Բոլորն ամաչում էին տեղից շարժվել։ Ամեն մեկը սպասում էր, որ մեկ ուրիշը առաջինը կենթարկվի հրամանին։ Ութամյա դպրոցի տղաներն ուշադիր ինձ էին նայում։ Ինձանից՝ որպես խմբի ամենապասիվ անդամից, սպասում էին, որ ես առաջինը բոլորից կառանձնանամ, կվախենամ ու կլացեմ։ Բոլորը լուռ էին։ Եթե գոնե մեկը խմբից հեռանար, բոլորը քիչ-քիչ տներով կցրվեին, բայց ամոթից ոչ ոք տեղից չէր շարժվում։ Սպան երրորդ անգամ ցրվելու հրամանը կրկնեց։ Ոչ ոք տեղից չշարժվեց։ Սպան ձեռքը դեպի պատյանը տարավ ու ատրճանակը հանեց։ Ձեռքը բարձրացրեց ու մի քանի անգամ օդ կրակեց։ Տղաներն աղմուկ բարձրացրին։ Բոլորը վազեցին՝ ուր պատահի։ Ես Մշակույթի տան մոտ դեկորատիվ թփի հետևում թաքնվեցի։ Հացը կրծքիս սեղմելով՝ վախեցած թփի հետևից դուրս նայեցի հրապարակի կողմ։ Զինվորները զինվորական շալվաներով երեք մարդկանց թևից բռնած ռազմական մեքենա մտցրեցին։ Զինվորները հարբած էին։ Կեսօրին նրանք մոլորված ու զորամասում հայտնված մի հորթ էին մորթել ու կերել։ Սպան շրջկոմի շենք մտավ, իսկ զինվորներով ու զինվորական շալվարներով մարդկանցով մեքենան գիշերվա լռության մեջ լքեց հրապարակը։


Դեկորատիվ թփի հետևից դուրս եկա։ Կարծես, ոչինչ էլ չէր պատահել։ Հայհոյող, սուլող տղաներն անհետացան։ Ծնկներս էի թափ տալիս։ Եվ հանկարծ ինձ ինչ-որ մեկը հետևից քացով տվեց։ Շրջվելով՝ մի ապտակ էլ ստացա։ Գիշերվա մթին դժվար էր ճանաչել ինձ հարվածած մարդուն։ Ես նրան ճանաչեցի, երբ սկսեցի գոռալ ու հայհոյել։ Հորեղբորս որդին էր։ Նա շրջանի հայտնի դեմքերից էր։ Մի փոքր մեքենա ուներ՝ «Զապ»։ Շրջանի յուրաքանչյուր բնակիչ օրը մի քանի անգամ այդ մեքենային հանդիպում էր։ Հորեղբորս որդին մեքենան եղևնու պես զարդարել էր։ Մեքենայի սրահում ժպտացող աղջիկների նկարներ էր փակցրել, հայելուց խաղալիք ոզնի, արջուկ, նապաստակ էր կախել։ Հետևի ապակին տարբեր թռչունների գունավոր փետուրներով էր զարդարել։ Մեր շրջանում շատ բլուրներ կան։ Ուրախ եղևնու նման այդ փոքր մեքենան ոչ բոլոր դիքերով կարող էր անցնել, և իմ եղբորորդին դրանք մեքենան ետ տալով էր հաղթահարում։ Որովհետև «Զապի» շարժիչը ոչ թե առջևի, այլ հետևի մասում է գտնվում։ Այն ժամանակ այդ առիթով շատ անհամ անեկդոտներ կային։


Իմ եղբորորդին, թեև շարժիչների լավ վարպետ էր, ոչ մի տեղ չէր աշխատում։ Նրա ամենամեծ զվարճանքը այդ փոքր մեքենայի վրա տարբեր տեխնիկական փորձարկումներ անցկացնելն էր։ Անչար, ուրախ, գույները համադրելով լավ հագնվել փորձող այդ տղան թութակի էր նման։ Յուրաքանչյուր շրջանում նման կերպարներ կան։ Նա կարծում էր, որ դուր է գալիս աղջիկներին, բայց իրականում աղջիկները պարզապես ծիծաղում էին նրա վրա։ Ամառ-ձմեռ վզին շարֆ էր լինում։ Նա թանկ սիգարետներ էր ծխում։ Հորեղբայրս մեծ բեռնատար մեքենա էր վարում։ Ամեն անգամ, երբ խմում էր, ասում էր․ «Ուր գնամ, ամեն անգամ էդ անբանին եմ հանդիպում։ Էդ անբանը ոչ մի տեղ չի աշխատում, չգիտեմ՝ որտեղից է բենզին ճարում։ Էս անբանի մեքենան ոնց-որ ոչ թե բենզինով, այլ մեզով է աշխատում»։


Իրականում հորեղբորս որդին հենց հորեղբորս բաքից էր բենզին գողանում։ Հորեղբայրս ամեն երեկո խմում էր։ Սարսափելի էր խմում։ Նա սպիրտը ջրի հետ էր խառնում, մեջը լիմոն գցում։ Բանկան իր առջև էր դնում ու սկսում խմել։ Կռիվ չէր սարքում։ Կնոջը չէր ծեծում։ Երեխաներին չէր տանջում։ Միայն երբեմն որդու անբանությունից էր գանգատվում։ Թունդ խմելուց հետո բեղերն էր ոլորում ու ուժեղ ճչում։ Առողջ օրգանիզմ, հսկա մարմին ուներ։ Հարևանները նրա ճչոցին ընտելացել էին։ Ուժեղ հարբելուց հետո հորեղբայրս ձմերուկն ուտում էր, ձմերուկի կեղևը գլխարկի պես գլխին հագցնում։ Հետագայում նրա այդ սովորությունն ինձ էլ փոխանցվեց։ Ձմերուկ ուտելն ու կեղևը գլխարկի պես գլխիս հագցնելը իմ ամենասիրած զվարճանքներից է։ Շատ ափսոս, որ նման կերպ զվարճանալ միշտ չի ստացվում։ Նախ՝ ձմերուկները գնալով փոքրանում են։ Երկրորդ՝ ռեստորաններն ու սրճարանները շարունակում են ամենուրեք բնությունը զավթել․․․


Երբ հորեղբայրս խմում ու ճչում էր, նա նման էր թզուկների աշխարհում հայտնված Գուլիվերին։ Ձմռան ամիսներին նա բացում էր պատուհանն ու ճչում։ Նրա քրտնած գլխից գոլորշի էր բարձրանում։ Իր երկար, ծանր մեքենայով հեռավոր շրջաններ բեռ էր տեղափոխում։ Մի անգամ այնպես պատահեց, որ ինձ էլ հետը տարավ։ Նրա վարորդ ընկերներն ինձ լավ ընդունեցին։ Ինձ համար շատ կոնֆետներ, թխվածքաբլիթ, վաֆլի գնեցին։ Վաֆլիները չկերա։ Փոքր ժամանակվանից վաֆլի չեմ սիրում։ Վաֆլիները բերեցի, քրոջս տվեցի։ Վարորդները շատ բարյացակամ մարդիկ էին։ Մինչև գնում ու հետ էինք գալիս, հորեղբայրս ուղիղ տասներկու անգամ մեքենան կանգնեցնում ու հաց էր ուտում։ Ես այդ թիվը հստակ հիշել եմ։ Սրճարանում հորեղբորս ճանաչում էին։ Հորեղբայրս ինձ էլ էր ստիպում շատ ուտել։ Չնայած կուշտ էի, նրանից վախենալով, ստիպված էի սեղանին դրված բոլոր կերակրատեսակները համտեսել։ Ես ու եղբայրս ամեն երեկո հորեղբորս տուն էինք գնում։ Նա խմում էր։ Մենք էլ նստած սպասում էինք՝ երբ է բեղերն ոլորելու ու ճչալու։ Հետո հորեղբայրս ինձ ու եղբորս ասում էր, որ բռունցքներով խփենք իրեն։ Ես ու եղբայրս բռունցներով հարվածում էինք նրա փորին, մեջքին։ Ինչքան էլ ուժեղ, ամբողջ ուժով բռունցքներով նրա փորին ու մեջքին հարվածեինք, նա ճչում էր ու պահանջում, որ ավելի ուժեղ խփենք։ Մենք էլ մինչև ուժասպառ լինելը ծիծաղում էինք։ Նրան բռցքահարելը գեղեցիկ զբաղմունք էր։ Հորեղբորս բռնցքահարելիս ուրախ արջուկների էինք նման։ Հորեղբայրս բացում էր լուսամուտն ու ճչում։ Հետո բակում մի քիչ զբոսնում էր ու գնում քնելու։ Ուժեղ խռմփացնում էր։ Երբեմն այնքան շատ էր խմում, որ երկու-երեք օր քնում էր։ Ոչ ոք չէր կարողանում նրան արթնացնել։ Դրա պատճառով նրան մի քանի անգամ աշխատանքից ազատել էին։ Բայց քանի որ լավ վարորդ է, կրկին հետ էին ընդունում։ Երբ հորեղբայրս խմում ու քնում էր, հորեղբորս որդին նրա մեքենայից բենզին էր գողանում։ Գողացած բենզինը նրան փոքր մեքենայով ամբողջ օր թրև գալու համար հերիքում էր։ Հորեղբորս որդու փոքր մեքենան շատ քիչ բենզին էր ծախսում։ Իսկ հորեղբայրս, երբ խմում էր, միշտ ասում էր․ «Ուր գնամ, ամեն տեղ էդ անբանին եմ հանդիպում։ Էդ անբանը ոչ մի տեղ չի աշխատում, չգիտեմ՝ որտեղից է բենզին ճարում․․․»։


Հորեղբորս մտքով երբեք չէր անցնի, որ որդին բենզինն իր երկար, ծանր բեռնատար մեքենայից է գողանում։ Երբեք չէր անցնի։ Նրա երկար, ծանր մեքենայի համար հինգ-տասը լիտր բենզինը ոչինչ էր։ Բայց այդ գողացած հինգ-տասը լիտրով հորեղբորս որդին ամբողջ օր շրջանով մեկ երթևեկում էր։ Երբեմն նա մեզ՝ երեխաներիս, իր մեքենայի մեջ էր լցնում ու շրջանում ման տալիս։ Մեզ համար պաղպաղակ էր գնում։ Գետ էր տանում՝ ձուկ բռնելու։ Մենք էլ, երբ աղջիկների նկարներ էինք գտնում, նրան էինք տալիս։ Եթե նկարներից մեկը նրան դուր էր գալիս, այն մեկ այլ աղջկա նկարի վրա էր կպցնում։ Որովհետև մեքենայի սրահում նկար կպցնելու տեղ չէր մնացել։ Երբ նրան աղջկա պատկերով նկարը դուր էր գալիս, մեջս հետաքրքրություն էր առաջանում։ Տեսնես աղջիկների պատկերով ո՞ր մի նկարը նորով կծածկի։ Որքան էլ հետաքրքիր էր, դա ինձ համար բարդ գործընթաց էր։ Նա շատ հանգիստ իրեն դուր եկած պատկերով նկարը հին նկարներից մեկի վրա էր կպցնում։ Մենք՝ երեխաներս, նրան շատ էինք սիրում։ Նա մեզ համար զվարճանքի աղբյուր էր։ Պատկերացրեք՝ դպրոցից դուրս եմ գալիս ու տղաների հետ փողոցով գնում, հանկարծ նրա փոքր մեքենան ճամփի ոլորանից դուրս է գալիս։ Ես գոռում էի։ Նա, ինձ տեսնելով, կանգ էր առնում, ու ես՝ դպրոցական դասընկերներիս աչքի առաջ, Նոր տարվա եղևնու պես զարդարված մեքենան էի նստում։ Չնայած դպրոցից մինչև մեր տուն հեռավորությունն այդքան էլ մեծ չէր․․․


Մարդը, որին ես սիրում էի, կեսգիշերին Մշակույթի տան մոտ ինձ քացով խփում էր ու ապտակում։ Շրթունքս պատռվեց։ Բերանումս արյան համ էի զգում։ Նա շատ բարկացած էր։ Գոռում էր, հայհոյում։ Երբեք չէի մտածի, որ նրան այս վիճակում կտեսնեմ։ Այն էլ՝ առանց մեքենայի։ Կարծես, ինքն էլ զգաց, որ շրթունքս պատռվել է։ Մշակույթի տան դիմաց ծորակից բարակ հոսող ջրով լվացվեցի։ Պատռված շրթունքս նրան մի փոքր մեղմացրեց․


- Սրիկա, ո՞ւր ես։ Բոլորը քեզ են ման գալիս։ Հերդ հարբած ա։ Ամբողջ տոհմն ընկած քեզ ա ման գալիս։ Ո՞ւր ես, այ ստոր, ո՞ւր ես։ Հերդ հարբած ա։ Քեզ ա սպասում։


- Շրջանից հայերին ենք քշում․․․


Խոսքս կիսատ մնաց։ Չնայած արդեն հագուստս էի թափ տալիս, մի հատ էլ քացով խփեց։


- Քաք ես կերել։ Ո՞ւր ես, այ ստոր, ո՞ւր։ Հերդ հարբած ա։ Քեզ ա սպասում։ Ո՞ւր ես, այ ստոր, ո՞ւր։ Հերդ հարբած ա։ Քեզ ա սպասում։


Օձիգիցս բռնեց ու մի հատ էլ հետևից քացով խփեց։ Ամայի փողոցներով էինք քայլում։ Ես ոչինչ չէի ասում։ Նա հայհոյում էր, խոսում, ինձ խելք էր սովորեցնում, երբեմն էլ, ուժեղ բարկանալով, էլի քացով խփում էր։ Այդպես գետն անցանք։ Նրան առանց մեքենա տեսնելն իսկական սենսացիա էր։ Հետաքրքրասիրությունս այնքան էր ինձ խեղդում, որ հարցրեցի․


- Մեքենադ ո՞ւր ա։


- Բակում։


- Բա ինչի՞ ես առանց մեքենա։


- Էսօր ցերեկը Վագիֆի հորթը մոլորվել էր ու զորամասում հայտնվել։ Վագիֆն ինչքան էլ աղաչեց, զինվորները հորթին մորթեցին ու կերան։ Բոլորը հարբած են։ Մեքենաները կանգնեցնում ու բոլորի փաստաթղթերն են ստուգում։ Վախենում էի՝ մեքենաս խլեն։


Վերջերս շրջան տեղափոխված զորամասը պրոֆտեխուսումնարանում էր տեղակայված։ Զինվորների կարգապահությունը կաղում էր։ Այդ զորամասը իբր պետք է հասարակական կարգը պահպաներ, բայց զինվորներն ամեն օր խմում ու օդ էին կրակում։ Առաջ մարդիկ իրենց անասուններին պրոֆտեխուսումնարանի շրջակայքում էին արածեցնում։ Զորամասի տեղակայումից հետո պրոֆտեխուսումնարանի շրջակայքում անասուններին արածացնելն արգելեցին։ Նրանց, ովքեր այդ կանոնը խախտում էին, բռնում ու ծեծում էին կամ էլ նրանց ոչխարին կամ հորթին բռնում ու մորթում էին։ Ավտոկայանին հասնելով՝ տեսանք, թե ինչպես է կայարանի հրապարակում մի ռազմական մեքենա պտույտներ կատարում։ Դատելով պտույտների արագությունից, անգամ երեխան կարող էր կռահել, որ վարորդը հարբած է։ Մենք վազեցինք ու մսի խանութի հետևում թաքնվեցինք։ Երբ մեքենան հեռացավ, շարունակեցինք ճանապարհը։


Դիքն անցնելով ու տանը մոտենալով՝ կրակոցների ձայներ լսեցինք։ Բակում ես լվացվեցի ու պատրաստվեցի հերթական անգամ ծեծվելուն։ Վախենալով տուն մտա։ Իհարկե, սիրտս ուժեղ բաբախում էր։ Հորեղբորս որդին վզիցս բռնել էր։ Կարծես՝ պիտի ինչ-որ տեղ փախչեի։ Ծեծված մայրս՝ մազերը խառնված, նստած էր գետնին։ Լացում էր։ Աչքի տակն ուռած ու կարմրած էր։ Վաղը կկապտի, ու մայրս, աչքի տակի կապտուկից ամաչելով, երեք-չորս օր աշխատանքի չի գնա։ Երկու եղբայրներս ու քույրս մորս մոտ էին կանգնած։ Միջնակ եղբորս ձեռքում գիրք կար։ Հարյուր տոկոս, հարբած հայրս նրա դասերն էր ստուգել ու օրագիրը նայել։ Զայրացած հորս ջարդած ամանեղենի բեկորները գետնով մեկ թափված էին։ Հեռուստացույցի վրա կարմիր թավշյա կտոր էր գցած։ Երբ հայրս բարկանում էր, արգելում էր մեզ «Ռադուգա» մակնիշի գունավոր հեռուստացույց նայել։ Տատիկիս բերած թոնրի հացը լցված էր սեղանին։ Իսկ ես՝ հացը գրկած, կանգնած էի շեմին։ Մայրս ու երեխաներն ինձ վրա ատելությամբ էին նայում։ Մորս ծեծվելու, եղբորս դասերը անսպասելի ստուգելու պատճառը ես էի։ Երևում է՝ եղբայրս դասը չէր սովորել։ Քթի տակ բանաստեղծություններ էր կրկնում։ Շրթունքների շարժումից գուշակեցի՝ ինչ բանաստեղծություն էր կրկնում։ Եղբայրս Ալի Քերիմի «Փոստատար» բանաստեղծությունն էր անգիր անում։ Մորս ծեծվելու ժամանակ վերնաշապիկի կոճակները պոկվել էին, և նա ամոթից ձեռքով օձիքն էր պահում։ Այնքան զբաղված էր վերնաշապիկի օձիքը պահելով, որ լացում էր՝ չնկատելով քթի ծայրից կախված խլինքը: Պատուհանի վրայի դեղին վարագույրներից, մորս լացից, վախեցած, սարսափով բանաստեղծություն անգիր անող եղբորս տեսքից սիրտս կծկվում էր։ Լուսամուտի անկյունում ժամանակից շուտ արթնացած ճանճ էր տզզում։ Հորս մի ոտքին կոշիկ կար, մյուսը բոբիկ էր։ Կոշկաքուղերն արձակվել էին։ Դա վկայում էր այն մասին, որ շատ էր խմել։ Հորս դիմաց՝ սեղանին, օղու շիշ ու երկու թթու վարունգ էր դրված։ Օղին կիսով չափ խմված էր, վարունգներից մեկը՝ կծած։ Հայրս բաժակը մինչև եզր լցրեց։ Բաժակը կզակին մոտեցնելով՝ նա երկար նայում էր մեջը, կարծես այնտեղ կարդում էր այն բառերը, որոնք պետք է ինձ ասի։ Ահավոր տեսարան էր։ Ինձ այնպիսի սարսափ պատեց, կարծես գիշերով գերեզմանոցի միջով եմ քայլում։ Հայրս մինչև վերջին կաթիլն օղին խմեց ու թթու վարունգը կծեց։ Հետո նորից բաժակը լցրեց։ Նորից բաժակը կզակին մոտեցրեց և երկար բաժակի մեջ նայեց։ Այդ տեսարանն ինձ ոչնչացնում էր։ Մորս ծեծվելու, երեխաների վախի համար ինձ մեղավոր էի զգում։ Հորեղբորս որդին վզիցս բռնել էր, ինչպես ահավոր հանցագործի։ Եթե ծեծվեի, տան ծանր մթնոլորտի լարվածությունը կվերանար։ Ինձ մի երկու անգամ կխփեին, և հետո ամեն ինչ տեղը կընկներ։ Հայրս սիգարետ կպցրեց ու այնքան խորը քաշեց, որ սիգարետի կեսը մոխրի վերածվեց․


- Էս սրիկային որտեղի՞ց գտար։


- Շրջկոմի մոտ։ Հայերին էին շրջանից վռնդում։


- Սրիկա, ո՞ւր էիր։ Մարդիկ քեզ են սպասում, իսկ դու շան պես թրև ես գալիս։ Պատրաստվիր, քեզ խնձորենու վրա կախելու եմ։


Մեր բակում շատ խնձորենիներ կային, բայց մի խնձորենին հատուկ առաքելություն ուներ։ Այդ ծառը բաղնիքի մոտ էր տնկած։ Երբ հայրս ոչխար էր մորթում, մսեղիքն այդ ծառին էր կախում ու կաշին քերթում։ Ամեն անգամ հարբելիս նա մեզ վախեցնում էր նրանով, որ խնձորենու վրա կկախի ու մեր կաշին կքերթի։ Չնայած տան ծանր մթնոլորտին, ինձ այդ ծառից կախված պատկերացրեցի։


Ինձ խնձորենու վրա չկախեցին։ Կաշիս չքերթեցին։ Հայրս սիգարետը թթու դրած վարունգի վրա հանգցրեց ու ինձ մոտեցավ։ Հորեղբորս որդին վզիցս պինդ բռնել էր։ Ես անգամ չփորձեցի փախչել։ Աչքերս կկոցելով՝ սպասում էի, որ ինձ կծեծեն․


- Ու՞ր էիր թափառում, ա՛յ շուն, շան որդի։


Դեմքիս ստացած հարվածից արդեն պատռված շրթունքս կրկին արյունահոսեց։ Շրթունքիցս հոսող արյունը լարվածությունը թուլացրեց։ Վախեցած երեխաները միաբերան լացեցին։ Մորս ցածր լացը հեկեկոցի վերածվեց, բայց նա մեզ չմոտեցավ։ Չէր կարող մոտենալ։ Եթե մոտենար, նորից կծեծվեր․․․ Մինչև 17 տարեկանը վառ կարմիր շրթունքներ ունեի։ Շրթունքներիս կարմրությունից ամաչում էի։ Տղաները վրաս ծիծաղում էին։ Ասում էին, որ շրթներկով եմ ներկում։ Իսկ աղջիկներն ասում էին․ «Երանի մենք էլ քո շրթունքներից ունենայինք»։ Եթե նրանք իմ պես շրթունքներ ունենային, ինչ ղալաթ էին անելու։ Մեր դպրոցում, թաղամասում մի տարօրինակ օրենք կար։ Կռվի ժամանակ ում մոտ առաջինն էր արյուն գալիս, նա պարտված էր համարվում։ Ես կռվարար երեխա չէի, բայց երբեմն ստիպված էի կռվել։ Առաջին հարվածից շրթունքս պատռվում էր, արյունը կզակով հոսում էր։ Երեխաները մեզ բաժանում էին, արյունը սրբում ու տուն ճանապարհում։ Շրթունքներիս պատճառով բոլոր ծեծկռտուքներից պարտված էի դուրս գալիս։ Անգամ ամենաթույլ տղաներն ինձ հեշտությամբ հաղթում էին։ Շրթունքս անգամ ամենաթույլ հարվածից էր պատռվում։


Հորեղբորս որդին իմ ու հորս միջև կանգնեց։ Հայրս ուզում էր նրան էլ խփել, բայց երեխաները գոռացին։ Հայրս ձեռքն իջեցրեց։


- Հերիք ա։ Ես էլ եմ նրան ծեծել։ Երեխեքին մի՛ վախեցրու։ Արդեն ուշ ա։ Գնա, քնի։


- Էս սրիկային որտեղի՞ց գտար։


- Մշակույթի տան մոտից։


- Շուն, շան որդի, ո՞ւր էիր թափառում։ Մարդիկ տանը հաց են սպասում, իսկ դու շան պես թափառում ես։ Պատրաստվի՛ր, քեզ խնձորենու վրա կախելու եմ։ Կաշիդ քերթելու եմ։


Հորեղբորս որդին չթե մթերացանցը ձեռքիցս վերցրեց ու ինձ տնից բակ հանեց։ Բակում ծորակից հոսող ջրով լվացվեցի։ Մեր շունը վախից ինչ-որ տեղ թաքնվել էր։ Ամեն անգամ, երբ հայրս հարբած էր տուն վերադառնում, շունը թաքնվում էր։ Մի քանի անգամ շանը կանչեցի, բայց նա թաքստոցից դուրս չեկավ։ Տան դուռը բացվեց։ Հորեղբորս որդին բակ դուրս եկավ․


- Գնացի՛նք մեր տուն։ Տնեցիքին ասել եմ։ Չանհանգստանա՛ս։ Հերդ արդեն պառկել ա։


Շունը, լսելով հորեղբորս որդու խոսքերը՝ «հերդ արդեն պառկել ա», իր թաքստոցից՝ լողավազանի հետևից, դուրս եկավ։ Մոտս վազեց ու սկսեց ձեռքերս լիզել։ Բակից դուրս եկանք ու հորեղբորս տուն ուղևորվեցինք։ Շունն էլ մեզ հետ էր։ Նա մեկ առաջ էր վազում, մեկ՝ հետ ընկնում։ Հենց որ հնարավորություն լինի, այդ շան մասին կգրեմ։ Հիմա հավես չկա։ Մենք լուռ քայլում էինք ամայի փողոցներով։ Երբ հորեղբորս տան մոտ հասանք, շունը դարպասի մոտ կանգ առավ։ Ես այդ հավատարիմ էակի գլուխը շոյեցի։ Մենք ներս մտանք, իսկ նա տուն վերադարձավ։



Նախորդ գլխում ես չնկարագրեցի այն ժամանակների կարգախոսները, անեծքները, կոչերն այնպես, ինչպես կարող էի։ Այն ժամանակների մթնոլորտը նկարագրելը, այն այսօրվա իրականություն տեղափոխելն այժմ անհնար է։ Ես դժվարանում եմ ինձանից տասը տարով փոքր ընկերներիս բացատրել այն, ինչ այն ժամանակ տեղի էր ունենում։ Այն իրադարձությունների ականատեսները գիտեն՝ ես ինչ եմ զգում։ Նրանց, ովքեր այդ իրադարձությունների ականատեսը չեն եղել, չեն եղել դրանց մասնակիցը, այն ժամանակների մթնոլորտը նկարագրելը, կրկնում եմ, անհնար է։ Հիմա սեղանիս մի նկար կա։ «Ազատության» հրապարակն է։ Մեկ միլիոն մարդ՝ ձեռքերը վեր պարզած, տրիբունային են նայում։ Կանայք, տղամարդիկ, տարեց մարդիկ, երիտասարդներ, դեռահասներ, ուսանողներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, անբաններ, բանվորներ, վարորդներ, մեքենավարներ, հաշվապահներ․․․ Եռանդուն, բարկացած դեմքերը սպասում էին, որ ինչ-որ հետաքրքիր բան, գեղեցիկ զվարճանք է տեղի ունենալու։ Հայերը Ղարաբաղում, Թոփխանայի անտառում երկու տանձի ծառ էին կտրել։ Մեկ միլիոն մարդ հավաքվել էր հրապարակում ու անիծում էր Ղարաբաղում, Թոփխանայի անտառում երկու տանձի ծառ կտրած հայերին, գոռում էր, բանաստեղծություններ կարդում, փնտրում ու նոր կարգախոսներ գտնում։


Այդ օրերը չտեսած իմ պատանի ընթերցո՛ղ, ինչ-որ բան հասկացա՞ր։ Ինչպե՞ս քեզ համոզեմ, որ երկու կտրած ծառի պատճառով մեկ միլիոն մարդ էր հավաքվել։ Բայց դա իրոք այդպես էր։ Որտե՞ղ են հիմա այդ մեկ միլիոն մարդիկ։ Ինչո՞վ են զբաղվում։ Ինչի՞ մասին են հիմա մտածում։ Նրանց մեծ մասն այսօր չի կարող պատասխանել հարցին․ «Ինչո՞ւ էիք այն ժամանակ հրապարակ դուրս եկել»։ Անձամբ ինձ մի հարց է հետաքրքրում․ «Տեսնես ի՞նչը, ո՞ր խնդիրը կստիպի մեկ միլիոն մարդու հերթական անգամ համախմբվել ու Ազատության հրապարակ դուրս գալ»։


Եկեք մի անեկդոտ պատմեմ։ Երկու հարբած օձ, զրուցելով, ռեստորանից դուրս են գալիս։ Մի օձը մյուսին հարցնում է․


- Ինչո՞ւ են մարդիկ մեզանից այդքան զզվում։


- Մեր ատամները թունավոր են։ Երբ մարդկանց կծում ենք, նրանք մահանում են։


- Իրո՞ք։


- Հարյուր տոկոս։


- Վայ, լեզուս կծեցի։


Ես այդ անեկդոտը Ղազախստանի Թուրքիստան քաղաքում էի լսել ու երկու ժամ ծիծաղել եմ։ Մշուշոտ գլխով հորինված այս անեկդոտի վրա կարելի է միայն մշուշոտ գլխով երկու ժամ ծիծաղել։ Այն ժամանակ՝ նախորդ դարի վերջին, բոլոր գլուխներն էին մշուշոտվել։ Հիմա չմշուշոտված գլուխներով մարդիկ չեն կարող հասկանալ «Ազատության» հրապարակում հավաքված մշուշոտ գլուխներով մարդկանց։ Այն ժամանակ բոլորն էին իրականության զգացումը կորցրել։ Ասում էին, որ մեզ նավթ պետք չէ, մենք միայն սև խավիարի հաշվին կարող ենք հիանալի ապրել։


Այն ժամանակ մի ակադեմիկոս հետաքրքիր հետազոտություն էր անցկացրել։ Նրա հետազոտության արդյունքների համաձայն՝ միայն մատուտակի բուժիչ արմատների վաճառքի հաշվին Ադրբեջանի սահմանների երկայնքով կարելի էր ոսկե լարեր անցկացնել։ Մեկ այլ գիտնական ջրազտիչ սարք էր հնարել։ Նա ասում էր, որ մեզ պետք չեն ոչ նավթ, ոչ սև խավիար, ոչ մատուտակի բուժիչ արմատներ։ Միայն իր հնարած սարքն արտասահմանում վաճառելու հաշվին կկարողանա երկրի բնակչության բարեկեցությունն ապահովել։


Մենք բոլորս հավատում էինք այդ հայտնագործություններին, հետազոտություններին։ Մշուշոտ գլուխներով չէինք կարող չհավատալ, որ մեզ հիանալի ապագա է սպասում։ Հավատում էինք, որ յուրաքանչյուր նորածնի անունով բանկային հաշիվ է բացվելու, որ յուրաքանչյուր երեխա ծննդատնից առնվազն 25 հազար դոլարով է դուրս գրվելու։


Հարևան հանրապետություններում մարդիկ ևս իրականության զգացումը կորցրել էին։ Վրացիներն ասում էին․ ««Բորժոմ» հանքային ջուրը վաճառելով՝ մենք կկարողանանք արաբական շեյխերի պես ապրել»։ Հայերն էլ միանգամայն համոզված էին, որ գրանիտի վաճառքի միջոցով հիանալի ապագա կկերտեն։


Սիրելի ընթերցող, եթե քեզ չծիծաղեցրեց վերը շարադրած անեկդոտը, այն նորից մշուշոտ գլխով կարդա։ Անպայման կծիծաղես։ Այն ժամանակ բոլոր գլուխները մշուշոտ էին։ Մարդիկ իրականության զգացումը կորցրել էին։ «Ազատության» հրապարակում հավաքված մեկ միլիոն մարդկանց, այն ժամանակվա երազանքների ու կարգախոսների վրա ոչ ոք ծիծաղելու իրավունք չունի։ Ո՞ր մի ուսանողը կարող էր հանգիստ նստել լսարանում, երբ հրապարակում մեկ միլիոն մարդ էր հավաքված։ Միայն սրիկաները, չափազանց զգուշավոր մարդիկ և ի ծնե ստրուկները։


70 տարի շարունակ կուտակվող էներգիան հանկարծակի պայթեց ու առաջին հերթին ոչնչացրեց իրականության զգացումը։ Հանկարծ սկսեցինք մեր պատմական հերոսներին հիշել։ Խորհրդային ժամանակներում նկարահանված պատմական ֆիլմերն արագացրեցին խորհրդային պետության անկումը։ Չնայած իրենց պատմական հերոսների մասին մարդիկ իմացան խորհրդային ժամանակներում նկարահանված ֆիլմերի, խորհրդային ժամանակներում գրված գրքերի շնորհիվ։ Օրինակ, Բաբեկը։ Նախորդ գրքումս այդ մասին գրել էի։ «Բաբեկ» բառը մինչև 20-րդ դարի սկիզբ որպես հավատուրացության հոմանիշ էր գործածվում։ Ասում են՝ Բաբեկը խալիֆայության վեց բանակ է ջախջախել։ Մահմեդական երկրում ոչ ոք չէր կարող իր երեխային Բաբեկ կոչել՝ կրոնի թշնամու անունով։ Համենայնդեպս, հիմա իմ ճանաչած մարդկանցից ոչ մեկի նախնիների մեջ Բաբեկ անունով մարդ չկա։ Խորհրդային ժամանակ Բաբեկի մասին վեպեր են գրվել, երկու մասից բաղկացած ֆիլմ է նկարահանվել։ Բաբեկին բանաստեղծություններ էին նվիրում։ Բաբեկի անունով փողոցներ էին անվանում։ Բաբեկը մեծ հռչակ ձեռք բերեց։ Ադրբեջանում տասը մարդուց մեկի անունը Բաբեկ է։


Այն ժամանակ հրապարակում հավաքված մեկ միլիոն մարդ հաճախ տրիբունայից ելույթ ունեցողներից լսում էր սրով սեղանին հարվածող Բաբեկի՝ «Բաբեկ» ֆիլմում ասած խոսքերը․ «Ավելի լավ է մեկ օր ազատ ապրել, քան քառասուն տարի՝ որպես ստրուկ»։


Այդ բառերը լսելով՝ մեկ միլիոն մարդ անմիջապես սկսում էր քրտնել, ողբալ, գրգռվել, գրկախառնվել, իրար արևածաղկի սերմ, կոնֆետներ, տաք կարկանդակներ, մրգեր տալ։ Այն ժամանակ պարզվեց, որ մի շարք աշխարհահռչակ մարդիկ ծագումով ադրբեջանցիներ են։ Օրինակ, Ֆրեդի Մերքյուրին, Դոն Ժուանը․․․ Մի պատմաբան անգամ ապացուցել է, որ Նապոլեոնի համհարզը ադրբեջանցի էր։


«Ազատության» հրապարակում հավաքված մեկ միլիոն մարդը նման զրույցներից բարձրագույն հաճույք էր ստանում։ Դրանց ճշմարտացիությունը մի փոքր կասկածի տակ դնելը դավաճանություն էր համարվում։ Այդ նույն մեկ միլիոնի առջև ելույթ ունեցող հռետորներից մեկն էլ հայտարարել էր, որ ինչ-որ ճապոնական ամսագիր ադրբեջանցի ժողովրդին «տարվա ամենապայքարող ժողովուրդ» է ճանաչել։ Այս նորությունը ողջ երկիրը ցնցեց։ Կոմպոզիտոր Էլմիր Միրզոևն այդ օրերին ևս հրապարակում հավաքվածների մեջ էր։ Էլմիրի խոստովանությամբ՝ երբ ինքը լսել է, որ ադրբեջանցի ժողովուրդը «տարվա ամենապայքարող ժողովուրդ» է ճանաչվել, ուրախությունից հոնգուր-հոնգուր լացել է։


Ի՞նչ ճապոնական ամսագիր է ադրբեջանցի ժողովրդին «տարվա ամենապայքարող ժողովուրդ» ճանաչել, ո՞վ է կարդացել այդ ամսագիրը ճապոներեն լեզվով, և ընդհանրապես, այդ ինչպե՞ս ճապոնացիներն այն ժամանակ իմացան աշխարհի երեսին Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին։ Նման հարցերը ոչ մեկի մտքով չէին անցնում։ Մշուշոտ գլուխները կորցրել էին իրականության զգացումը։ Մշուշոտ գլուխները միայն հերոսական անցյալի ու երջանիկ ապագայի մասին հեքիաթներ էին պահանջում։ Բոլորն անիծում էին խորհրդային իշխանությանը։ Բոլորը մեկի պես ասում էին, որ եթե չլիներ Բաքվի նավթը, խորհրդային կառավարությունը չէր կարող գերմանական ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տանել։ Պատմաբանները դարեր, դարաշրջաններ էին փորփրում, նոր պատմական հերոսներ գտնում, նոր պատմական հերոսների մասին ափալ-թափալ կիսագեղարվեստական, կիսահրապարակախոսական ստեղծագործություններ էին գրում։ Եվ մարդիկ անմիջապես գնում ու կարդում էին մեծ տպաքանակով լույս տեսնող այդ անորակ գրքերը և հետո ուրիշներին փոխանցում։ Վերջերս թերթեցի այն ժամանակ մեծ համբավ ունեցող գրքերից մեկը։ Մտածեցի՝ ինչպե՞ս եմ այդ գիրքը ժամանակին կարդացել, ինչպե՞ս եմ այնտեղ գրվածին հավատացել։


Ամեն դեպքում, այն ժամանակ մարդիկ ապագայից ինչ-որ սպասելիքներ ունեին։ Հրապարակում հավաքված մարդկանց մեծ մասն անկեղծ էր։ Ուստի յուրաքանչյուր հեքիաթ, յուրաքանչյուր երազանք անմիջապես դեպի նրանց սրտեր ճանապարհ էր գտնում։


Դա էր պատճառը, որ լեյտենանտ Շմիդտի անվան մեքենաշինական գործարանի փականագործը «Ազատության» հրապարակում հավաքված մեկ միլիոն մարդու համար հերոս դարձավ ու տրիբունայից սկսեց մեկ միլիոն մարդուն կառավարել։ Նա տրիբունայից բղավում էր․ «Նստե՛ք, կանգնե՛ք, նստե՛ք, կանգնե՛ք․․․»։ Եվ մեկ միլիոն մարդ (այդ թվում՝ իմ ընկեր Էլմիր Միրզոևը) նստում էր և կանգնում։ Հետագայում այդ փականագործը դա հետևյալ կերպ էր մեկնաբանելու․ «Այդ մի միլիոն մարդու մարմինները ժամեր շարունակ ոտքի վրա կանգնելուց թմրում էին։ Ես նրանց կոչ էի անում նստել ու կանգնել, որպեսզի նրանց թմրած մարմիններում արյան շրջանառությունը կարգավորվի»։


Այն ժամանակ տարօրինակ լուրեր էին պտտվում։ Ասում էին, թե լեյտենանտ Շմիդտի անվան գործարանում հատուկ սարքավորումներ կան։ Կոճակը սեղմելով՝ կարելի էր դրանց գործառույթները փոխել։ Օրինակ, սեղմում ես կոճակը, և գնդերիթ արտադրող սարքը սկսում է ինքնաձիգի համար գնդակներ արտադրել։ Ուրեմն՝ զենքի հարցն էլ է լուծված։ Մեզ հետ ոչ ոք չի կարող կատակ անել։ Յուրաքանչյուր երկրի քիթը կճմլենք․․․ Մեկ միլիոն մարդ, ասես, պատրաստ էր հանուն Հայրենիքի զենքի դիմել, հանուն Հայրենիքի մեռնել, հանուն Հայրենիքի իրենց արյունը թափել։


Բացի դրանից, լուրեր էին պտտվում, որ մի ադրբեջանցի գիտնական ինչ-որ նկուղում սարսափելի, գաղտնի, տարօրինակ զենք է սարքում։ Սարսափելի, տարօրինակ զենքը պետք է որ շուտով պատրաստ լիներ։ Անկախությունը «Քինդեր» շոկոլադե ձվիկին է նման։ Շոկոլադի բարակ շերթի տակից խաղալիքի մանր մասերն են դուրս գալիս։ Յուրաքանչյուր ժողովրդի կարող է մի խաղալիք բաժին ընկնել։ Նապաստակ, կրիա, տուն, մեքենա, ձուկ, ծառ․․․ Այն ժամանակ մենք «Քինդեր» շոկոլադե ձվիկի վրայից փայլուն թուղթն էինք հանել։ Վայելում էինք շոկոլադի բարակ համեղ շերտը։ Մեր շոկոլադե ձվիկներից ո՞ր խաղալիքի մանր մասերը դուրս կգան և արդյո՞ք կկարողանանք մանր մասերը ճիշտ հավաքել ու սարքել մեր խաղալիքը։ Այդ ժամանակ նման հարցերը ոչ մեկի մտքով չէին անցնում։ Շոկոլադի բարակ շերտի համը ոչնչացրել էր իրականության զգացումը։


20-րդ դարի 80-ականների վերջի – 90-ականների սկզբի հրապարակի իրադարձությունների մասին մի քանի վեպեր են գրվել։ Թեև դրանց հեղինակները տաղանդավոր մարդիկ են, նրանց գրած վեպերը չեն ստացվել։ Անհաջողության մատնվեցին։ Դրանով ինձ չեմ փորձում ապահովագրել։ Իրոք այդպես է։ Այդ պատճառով այն ժամանակները նկարագրելու անհնարինության մասին էսսեի պես մի բան որոշեցի գրել։ Անգամ 20-րդ դարի ամենահզոր գրողներից մեկը՝ Միլան Կունդերան, իր՝ 1984 թվականին գրված «Լինելիության անտանելի թեթևությունը» վեպում ոչինչ չի գրում այն մասին, թե ինչու չեխ ժողովուրդը փողոցներ, հրապարակ դուրս եկավ։ Իր ամենահայտնի ստեղծագործության մեջ Միլան Կունդերան գրում է 1968 թվականին՝ սովետական տանկերի՝ Պրահա մտնելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Իսկ սովետական զորքերի՝ Պրահա մտնելուց առաջ տեղի ունեցած իրադարձությունները նա պարզապես «կառնավալ» է անվանում։


Ադրբեջանի քաղաքացի կոմպոզիտոր Էլմիր Միրզոևն այսպես է հիշում 20-րդ դարի 80-ականների վերջի իրադարձությունները․ «1989 թվականի աշունը շատ լավ է դրոշմվել հիշողությանս մեջ։ Հանրահավաքների գագաթնակետն էր։ Չենք սխալվի, եթե այն ժամանակաշրջանը մեր զանգվածային գիտակցության մեջ հեղաշրջման ժամանակաշրջան անվանենք։ ԽՍՀՄ հասկացության հանդեպ վստահության ամբողջական կորստին հանգեցրած իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ յուրաքանչյուր մարդ ստեղծված փակուղուց ելքը տեսնում էր ազգային գիտակցության մեջ, ակունքներին վերադարձի մեջ, ազգային զարթոնքի մեջ։ Հնարավոր է՝ այդ բառերն այսօր ինչ-որ մեկին կարող են կեղծ, անիմաստ ու անգամ ծիծաղելի թվալ, բայց այն ժամանակ դրանք մեզ համար խորը և սրբազան իմաստ ունեին։ Ինձ՝ երիտասարդիս համար, այն ժամանակաշրջանը նոր որոնումների ու չտեսնված ոգևորության ժամանակաշրջան էր։ «Նովոե վրեմյա» ամսագրում նոր հրատարակված Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» վավերագրական վեպն ատելություն արթնացրեց ոչ միայն խորհրդային կայսրության, դրա սիմվոլիկայի, կեցության հանդեպ, այլ ընդհանրապես յուրաքանչյուր ձախ գաղափարի հանդեպ։ Ի դեպ, ցավոք սրտի, այդ ստեղծագործությունը մեր մայրենի լեզվով դեռևս չի թարգմանվել․․․


Ինչ վերաբերում է այն ժամանակվա ձգտումներին, ապա մենք կարծում էինք, որ ազգային բուրժուազիա կունենանք։ Մենք թուրքիզմի լիարժեք կայացման համար հին թուրքական աստվածների վերականգնման կարևորության մասին էինք լուրջ մտածում։ Պոետները ԱզՏՎ-ով լացում էին, մարդիկ հանրահավաքներին բղավում էին, չայխանաների փիլիսոփաները գուշակումներ էին անում՝ «թուրքական ռասայի զարթոնքը կարող է ուժեղ վախեցնել Եվրոպային»։ Որոշ մարդիկ էլ տարօրինակ աշխարհաքաղաքական միության՝ թուրքա-գերմանա-ճապոնական եռանկյունու մասին էին խոսում։ Վարկածներ էին պտտվում այն մասին, թե աշխարհի բոլոր լեզուները ծագել են թուրքերեն լեզվից։ Լուրջ քննարկվում էր, որ «կոլբասա» բառը «qol basa»-ից («սեղմել թևքի մեջ») է ծագել , իսկ Կամչատկա նշանակում է «gəmi çatdı» («նավը հասավ»)։ Ոմանք ավելի հեռուն էին գնում և լուրջ քննարկում էին՝ «Որտե՞ղ պետք է լինի Թուրանի մայրաքաղաքը»։ Եղել են մարդիկ, ովքեր լուրջ հետազոտություններ էին անցկացնում այն մասին, որ անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը միայն իր բնական պաշարների հաշվին իր ողջ տարածքը 5 միլիմետր հաստությամբ ոսկով կպատի։ Մի խոսքով՝ համազգային էյֆորիայի ժամանակաշրջան էր»։


Հայաստանի քաղաքացի Լուիզա Պողոսյանն այսպես է հիշում 20-րդ դարի 80-ականների վերջի իրադարձությունները․ «Հանրահավաքների չէի գնում ու, հետևաբար, հանրահավաքները վատ եմ հիշում։ Միայն ամենասկզբում եմ երկու անգամ գնացել։ Ես այլ հետաքրքրություններ ունեի։ Որտեղի՞ց իմանայի, որ ապագայում գրականությունն իմ օգնության կարիքը կունենա։ Սպիտակի երկրաշարժն ինձ համար ավելի նշանակալից իրադարձություն էր։ Ընկերներս գնացել էին այնտեղ, տեսել էին դիակները, ուժեղ վախեցել էին ու հետ վերադարձել, չկարողացան այնտեղ մնալ։ Բացի դրանից, իմ մերձավորներց ոչ ոք Ղարաբաղ չէր գնացել, մարտերին չէր մասնակցել։ Մի անգամ հանրահավաքին մարդկանց մեջ էի կանգնած, բոլորը բռունցքներն էին պարզել։ Չկարողացա ինձ ստիպել բռունցքս պարզել․․․ Եթե չեմ սխալվում, հենց այդ ժամանակ բուհերում ղարաբաղյան հարցի արդար լուծման համար նստացույցեր սկսվեցին։ Մենք լսարաններ չէինք մտնում ու նստում էինք շենքի առջևի աստիճանների վրա։ Դա մեզ համար մեծ զվարճանք էր։ Չէ՞ որ սովորական օրերին դա խուլիգանություն էր համարվում։ Մեր ֆակուլտետում աղջիկները քիչ էին։ Բոլորը քարե աստիճանների վրա էին նստած։ Դեկանն եկավ ու ասաց, որ «աղջիկներին չի կարելի սառը քարի վրա նստել»։ Նա մեզ խնդրեց աստիճաններից բարձրանալ։ Ասաց, որ կմրսենք, որ դա ոչ մի դեպքում չի կարելի անել։ Որ մենք ապագա մայրեր ենք։ Իհարկե, մենք նրան չլսեցինք։ Դեկանը բարձրացավ ֆակուլտետ ու մեզ համար տարեց դասախոսների աթոռներից բարակ բարձեր բերեց։ Նա հասավ նրան, որ մենք բարձերի վրա նստենք, ու գոհունակ տեսքով հեռացավ։


Մի անգամ երիտասարդները դեպի Մուսալեռ հայրենասիրական երթ կազմակերպեցին։ Ես հագա հորս ջինսերը։ Հայրս ջինսեր էր գնում, իսկ երբ դրանք մաշվում էին, էլ չէր հագնում։ Նա նիհար էր, և այդ պատճառով ջինսերն իմ հագով էլ էին լինում։ Միայն թե նա ավելի բարձրահասակ էր, և ես շալվարի ոտքերը ծալում էի։ Մի հատ էլ նարնջագույն հարավսլավական վերնաշապիկ ուներ։ Հայրս նարնջագույնը չէր սիրում ու այդ վերնաշապիկը չէր հագնում։ Ես հագա նրա ջինսերը, նարնջագույն վերնաշապիկն ու երթի գնացի։ Այդ օրը ես նարնջագույն վերնաշապիկը պատահաբար էի հագել, բայց անմիջապես հերոս դարձա։ Ինձ ամենակենտրոնում կանգնեցրին՝ մեծ տրանսպարանտի տակ։ Բոլորն ինձ ընգծված համակրանքով ու բարեկամաբար էին վերաբերվում, կարծես, ազգային արժեք լինեի։ Իմ վերնաշապիկն առաջին հանրապետության ու դաշնակների դրոշի գույնի էր։ Այդ օրը մարդիկ, ում հետ ես մինչ այդ չէի շփվում, դարձան իմ ընկերները։ Ես ինքս էլ հպարտ էի ու ինձ զգում էի, ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակ դրոշով աղջիկը․․․


Այն ժամանակ բոլոր զրույցներն այն մասին էին, որ Ղարաբաղը մեր հողն է։ Մի խոսքով՝ բոլոր դասերին պատմություն էինք անցնում։ Եթե դասախոսները պատմության հարցերում այդքան էլ ուժեղ չէին, նրանց փոխարեն ակտիվ աշակերտներն էին խոսում։ Մեզ բարձեր բաժանած դեկանը մի անգամ զինվորական համազգեստ էր հագել։ Ասում էին՝ նա Ղարաբաղ զենք է տանում։ Հիշում եմ նաև պատմական ֆակուլտետից մի տղայի սպանությունը Ղարաբաղում։ Նաիրի Հունանյանը, ով ավելի ուշ խորհրդարանում ահաբեկչական գործողություն էր իրականացրել, համալսարանական հանրահավաքներից մեկին ելույթ ունենալով, ասել էր, որ մահացած ուսանողին պետք է փոխարինեն մյուսները, մեկի փոխարեն ռազմաճակատ պետք է հարյուրավոր մարդիկ գնան։ 90-ական թվականներին Երևանում պատերազմն արդեն զգացվում էր․․․ Ղարաբաղից եկած տարեց փախստականները մուրացկանություն էին անում փողոցներում։ Մարտերում զոհվածների դիակները հանգիստ բերում ու հանձնում էին ընտանիքներին։ Խոսակցություններ կային, որ մարտերում զոհվածների թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրությանը։ Մարդիկ զոհերի մասին ոչ թե տխրությամբ, այլ ոգևորվորությամբ էին խոսում։ Նրանք, կարծես, ուրախանում էին մեր այդ կորուստներին․․․»։


Վրաստանի քաղաքացի Իրաքլի Չիխլաձեն այսպես է հիշում այն ժամանակները․ «Մի տեսարան հստակ եմ հիշում։ Նրանից հետո, երբ մեծերը, հանրահավաք անցկացնելով, հրապարակից ցրվում էին, սկսվում էր երեխաների հանրահավաքը։ Նրանց առաջնորդները տրիբունաների վրա էին բարձրանում ու ելույթ ունենում։ Յուրաքանչյուր ելույթից հետո երեխաները ծափահարում էին ու գոռում։ Չեմ հիշում՝ ինչի մասին էին խոսում փոքրիկ առաջնորդները։ Այն ժամանակ լրագրողական գործունեությունս նոր էի սկսել։ Շատ եմ ափսոսում, որ փոքրիկ առաջնորդների ելույթները դիկտոֆոնի վրա չեմ ձայնագրել։ Դա իմ լրագրողական գործունեության մեջ թույլ տված ամենամեծ սխալն է»։



Երկու մայրաքաղաքներում՝ Երևանում ու Բաքվում, տեղի ունեցող տևական բազմամարդ հանրահավաքները չէին կարող չազդել Ղարաբաղում ապրող հայերի ու ադրբեջանցիների վրա։ Երկար տարիներ միասին ապրած երկու էթնոսները ոգևորված դեպի զենք, դեպի զինվորական հագուստ նետվեցին։ Մարդիկ ռուս զինվորներին մուրաբա, օղի, մթերք էին տալիս ու դրա դիմաց զինվորական համազգեստ ձերք բերում։ Զինվորական համազգեստ կրելը տղամարդկանց հետաքրքիր էր թվում։ Քչերի մտքով կարող էր անցնել, որ «ՏՈԶ-8» որսորդական հրացանից սկսված հակամարտությունը իսկական դիմակայության կվերածվի, և գործի կդրվեն ինքնաձիգեր, բազմափողանի գնդացիրներ, ռումբեր, տանկեր, ռազմական ուղղաթիռներ։ Հակամարտության առաջին օրերին գիշերները «ՏՈԶ-8» հրացանից միմյանց վրա կրակող հայ ու ադրբեջանցի երիտասարդները հաջորդ օրը չայխանայում նստած թեյ խմելով զրուցում էին, թե գիշերը ով քանի գնդակ է կրակել, որ կողմ է կրակել։ Մի հետաքրքիր ներկայացում էր սկսվել։ Մարդիկ, կարծես, մտածում էին՝ եկեք որսորդական հրացանից միմյանց վրա կրակենք, իսկ վաղը կշարունակենք միասին խաղաղ ապրել։


Մի կողմից էլ՝ ամերիկյան մարտաֆիլմերն էին մարդկանց խրախուսում զինվորական հագուստ հագնել ու զենք վերցնել։ Պատահական չէ, որ հետագայում, երբ պատերազմը թեժացավ, երկու կողմերի ստեղծած գումարտակների հրամանատարները ամերիկյան մարտաֆիլմերի հերոսների անուններն էին որպես մականուն վերցնում՝ «Ռեմբո», «Կոբրա», «Տերմինատոր»։


Կարատեի մասին ճապոնական ֆիլմերը երեխաներին կտրում էին դասերից ու դրդում կարատեի պարապմունքի գնալ։ Երեխաները դպրոցում արդեն նախկինի պես դասական ձևով չէին կռվում։ Կարատեով զբաղվող երեխաները, Բրյուս Լիի պես ձայներ հանելով, դաժանաբար միմյանց դեմքերն էին ջարդում։ Երեկոյան երիտասարդները շրջանում սահմանված պահակակետերում խարույկ էին վառում և մինչ առավոտ կրակի մոտ նստում։ Նրանցից յուրաքանչյուրը խարույկի մոտ իր ձեռք բերած զենքով էր գալիս։ Դանակ, կացին, որսորդական հրացան, «ՏՈԶ-8», երկաթե ծայրով փայտի կտոր․․․


Հարևան բակերից տղաները, կարծես, մրցումների մեջ էին մտել․ մի բակի ջահելները չէին ուզում հետ մնալ մյուս բակի ջահելներից։ Դրա համար ամենաանպետք տեղերում պահակակետեր էին բացում, պահակակետերի շուրջ երիտասարդներ էին շրջում։ Նրանց թվում էր՝ մի շատ կարևոր հանձնարարություն են կատարում։


Զինվորական հագուստով երիտասարդները հաճախ փայտ էին վառում, տախտակ չեղած ժամանակ էլ պահակակետի շուրջ անվադողեր էին վառում։ Անվադողերի սև կծվահամ ծուխը իրավիճակին ավելի շատ դրամատիզմ էր հաղորդում, պահակակետերում կանգնած ջահելներն իրենց վրայից ծխի հոտ առնելուց հաճույք էին ստանում։


Մինչև լուրջ մարտերի սկսվելը դեռ երկու տարի կար, իսկ շրջանում իրավիճակը իսկական մարտի դաշտ էր հիշեցնում։ Յուրաքանչյուր փողոցում՝ պահակակետեր, զինվորական հագուստով մարդիկ, վառվող անվադողեր․․․ Պահակակետի տակ որևէ լուրջ բան չհասկանա՛ք։ Ճանապարհի երկու կողմում հողի մեջ խրված հենագերաններ` միացած պարանով կամ լարով․ ահա և ողջ մտահղացումը։


Գիշերներն այստեղ խարույկներ էին վառում ու նստում։ Երբ մեքենա էր մոտենում, պարանը կամ լարն արձակում էին ու թողնում, որ մեքենան անցնի։ Ոչ փաստաթուղթ էին ստուգում, ոչ մեքենայի սրահը, ոչ էլ բեռնախցիկն էին նայում։ Ստուգելու կարիք էլ չկար: Փողոցում բոլորն իրար ճանաչում էին։ Պահակակետերում կանգնած տղաները անցնող մեքենաների համարներն անգիր գիտեին: Երբեմն վարորդները պահակակետերում կանգնած տղաներին կոնֆետ, միրգ, սիգարետ էին հյուրասիրում։ Եվ դա նրանց էլ ավելի էր ոգևորում։


Հենց սկսում էր լուսանալ, տղաները ցրվում էին տներով՝ քնելու։ Կեսօրից հետո դուրս էին գալիս շուկա, փողոց ու իրենց ուռած աչքերով, շորերից եկող կծվահամ ծխի հոտով ցույց էին տալիս, որ գիշերը պահակակետում են անցկացրել: Պարապությունից պահակակետերում կանգնած երիտասարդները մրցակցում էին՝ ում խարույկն է ավելի վառ: Այդ մրցակցության մեջ մտնող երիտասարդները ձեռքերն ընկած փայտը, ռետինն ու ցանկացած վառվող առարկա խարույկի մեջ էին նետում։ Երբեմն՝ պահակակետերի միջև լարվածություն առաջանալու պարագայում, պահակակետում կանգնած երիտասարդները կարող էին իրենց թաղամաս այլ թաղամասից մեքենա չթողնել։


Տատիկիս բակում մի տղամարդ էր ապրում։ Նրա անունը չգիտեի: Մաշկի անհավանական սև լինելու պատճառով բոլորը նրան «Նեգր» էին անվանում։ Այդ Նեգրն իր տան առջև սեփական պահակակետ էր սարքել: Ճանապարհի երկու կողմերում երկու հենագերան էր տնկել ու լարով ճանապարհը փակել էր։ Գիշերները խարույկ էր վառում, մի երկու երիտասարդ գլխին հավաքում ու մինչև առավոտ չէր քնում: Անընդհատ ծխում էր։ Երբ գիշերը փողոցով մեքենա էր անցնում, Նեգրը վարորդից սիգարետ էր ուզում ու հենագերաններից կապած լարն արձակում։


Նման գիշերներից մեկը, մինչ Նեգրը փորձում էր հենարանից լարը հանել, մոտեցող մեքենան, դիտմամբ կամ պատահաբար, բարձր արագության վրա պահակակետն անցավ։ Ինչպես հետո ականատեսներն էին պատմում, վարորդը հարբած էր։ Այդ գիշեր ես տատիկիս մոտ էի մնացել։ Լարը, որը մեքենան՝ ոչ խորը հողի մեջ թաղված հենարանների հետ միասին, մոտ 20 մետր իր հետևից տարավ, կտրել էր Նեգրի մատը։ Ամբողջ փողոցը գիշերվա լռությունը ճեղքող Նեգրի ոռնոցի վրա դուրս էր վազել։ Նեգրը, պոկված մատը մյուս ձեռքով բռնելով, անդադար գոռում էր։ Պահակակետում իր հետ կանգնած տղաները, ծեծելով վարորդին, ջարդեցին մեքենայի բոլոր ապակիներն ու լուսարձակները։ Նրանց ձեռքից մի կերպ փրկված վարորդը փախավ ու մթության մեջ կորավ։ Նրա հետևից ոչ ոք չվազեց։ Երևի, շրջանի մյուս ծայրում էր ապրում: Հակառակ դեպքում՝ թաղամասի տղաներից գոնե մեկը նրան կճանաչեր։


Նեգրը անդադար գոռում էր։ Հարևաններից մեկը տուն վազեց՝ «շտապ օգնություն» կանչելու, բայց մի երեք րոպեից վերադարձավ ու ասաց, որ հեռախոսները չեն աշխատում։ Հեռախոսների չաշխատելը իրավիճակը լրջացրեց։ Հարևան անցակետերի տղաները, բոլոր մյուս թաղամասերի անբան ու արկածներ որոնող բնակիչները, լսելով կատարվածի մասին, սկսեցին տատիկիս թաղամասում հավաքվել։ Վերջապես անպետք պահակակետերից մեկում արյուն թափվեց, անգամ պահակակետում հերթապահող մարդու մատն էր պոկվել։ Նեգրին մեքենաներից մեկը նստեցրին ու հիվանդանոց տարան։ Մինչ նա՝ ցավից գոռալով, մեքենա էր նստում, ինչ-որ մեկը գոռաց․ «Նրան ասե՛ք՝ ճանապարհին մատը չկորցնի»։


Տեղի ունեցած արյունոտ միջադեպը՝ Նեգրի մատի պոկվելը, մարդկանց վրա դրական էր ազդել։ Թեև խոսքի մեջ բոլորը կարեկցում էին, իրականում մարդիկ ուրախանում էին այդ լուրջ իրադարձության կապակցությամբ։ Ինչ-որ մեկն ասաց, որ, հավանաբար, մեքենայի վարորդը հայ էր, հետախուզման էր դուրս եկել։ Մեկ ուրիշն առաջարկեց այրել վարորդի թողած մեքենան: Բայց Նեգրի լացող հարևանները թույլ չտվեցին այրել մեքենան։ Մարդիկ հագենալու չափ խոսեցին, տարբեր վարկածներ հնչեցրեցին, գոռացին, փնթփնթացին, վերջապես, հոգնելով, տներով ցրվեցին։ Իսկ Նեգրը երկար ժամանակ վիրակապած ձեռքով էր ման գալիս։ Նա յուրաքանչյուր հանդիպածին հավեսով պատմում էր իր հետ տեղի ունեցածի մասին, ընդ որում՝ ամեն անգամ տարբեր կերպ էր պատմում։ Կատակ բան չէ․ այն գիշեր հերթապահելու ժամանակ մատը կորցրել էր։ Կյանքում առաջին անգամ Նեգրը ուշադրության կենտրոնում էր հայտնվել: Փորձում էր իր ողբերգությունից առավելագույնը քաղել։ Թեև Նեգրի վերքն արդեն վաղուց սպիացել էր, նա շարունակում էր վիրակապով ման գալ։ Երբ պատերազմ սկսվեց ու սկսեցին ինքնապաշտպանական գումարտակներ ձևավորվել, Նեգրը զինվորական համազգեստ չհագավ։ Որովհետև իր մատը նա կորցրեց հարաբերականորեն խաղաղ ժամանակ։


Գյուղերում լուրջ մարտերի սկսվելու հետ` պահակակետերի ժամանակաշրջանն ավարտվեց։ Այլևս ոչ ոք գիշերները հավաքվելու ու խարույկի մոտ ծխելու ցանկություն չուներ։ Իրոք, ծիծաղելի կլիներ անվտանգ վայրերում անպետք պահակակետեր բացել ու հերթապահել, երբ գյուղերում արդեն մարտեր էին գնում․․․


Հակամարտության ամենասկզբում ամեն մեկը փորձում էր զենք սարքել, զենք հայտնագործել, զենք գտնել։ Հորեղբորս որդին անգամ մտածում էր Նոր տարվա եղևնու պես զարդարված իր սիրած մեքենան հնգալից հրացանի հետ փոխանակել։


Մեր թաղամասում Է․ անունով մի երիտասարդ էր ապրում։ Կարելի է ասել՝ նա ի ծնե հանցագործ էր։ Շներին բռնում էր ու, նրանց վրա նավթ լցնելով, վառում՝ քսի տալով ուրիշների դաշտերի, խոտանոցների վրա։ Կամ շան պոչից ներկի բանկա էր կապում ու շվացնելով փողոցով լարում։ Շանը թվում էր՝ իրեն մի սարսափելի գազան է կրնկակոխ հետապնդում։ Նա մեր թաղամասից բավական հեռու էր վազում ու, ուժասպառ լինելով, ընկնում։ Մեր թաղամասում դողացող ու պոչը կծկած մի քանի շներ կային։ Այդ շները, Է․-ի զվարճանքներին չդիմանալով, խելագարվել էին։ Եթե մայրը Է․-ին խնդրում էր հավ մորթել, նա ետնաբակ էր գնում ու պոկում էր հավի գլուխը։ Է․-ն կատուներին բռնում էր ու դանակով փորերը բացում։ Երեխաներին ծեծում էր։ Դպրոց չէր գնում։ Բոլորին զզվեցրել էր։ Բայց չգիտես ինչու նա ինձ ձեռք չէր տալիս, չնայած սովորող ու խնամված երեխաներին ատում էր։ Նրա հայրը բանտում էր նստած։ Հայրս նրանց տունը շատ էժան, գրեթե ձրի էր սարքել։ Հնարավոր է՝ հենց դրա համար Է․-ն ինձ չէր ծեծում։


Մի օր հանկարծ զգացինք, որ արդեն մի շաբաթ է՝ Է․-ն տնից դուրս չի գալիս։ Ուղիղ մի շաբաթ էր՝ ոչ մեկին չէր ծեծում, կռիվներ չէր սադրում։ Ծեծված երեխաների մայրերը սովորաբար Է․-ենց բակ էին գնում, ու կանանց միջև կռիվ էր սկսվում։ Հայհոյանքը, բղավոցը, անեծքը ողջ թաղամասով տարածվում էր։ Հետո ամեն ինչ հանդարտվում էր, Է․-ենց բակ բողոքելու եկած ծեծված երեխայի մայրն էլ գզգզված մազերով, ճանկռած ու կարմրած դեմքով հեռանում էր։ Արդեն մի շաբաթ է՝ թաղամասում հանգիստ էր։ Տարօրինակ էր․ նման հանգստություն հազվադեպ էր լինում։


Հետո լսեցինք, որ Է․-ն հրացան է սարքում։ Վերջապես Է․-ն տանից դուրս եկավ: Զենքը ցույց տալու ու փորձարկելու համար երեխաներին գլխին հավաքեց։ Մենք բոլորս վախեցած նրա ձեռքի զենքին էինք նայում։ Է․-ն ռուս զինվորներից գնած զինվորական շալվար էր հագել: Նա շատ հանգիստ կարող էր իր հրացանից երեխաների վրա կրակել․ նրանից ամեն ինչ սպասելի էր։ Մեր թաղամասից չորս կիլոմետր հեռավորության վրա Գուրու Գոբու կոչվող մի տեղամաս կար։ Ամառն այդ վայրում օձեր են վխտում։ Տարբեր խոտաբույսեր ու մոշ հավաքելու համար անտառ գնալիս պետք է Գուրու Գոբուով անցնեինք։ Այդ վայրից բոլոր երեխաները վախենում էին։ Բայց ոչ Է․-ն։ Գուրու Գոբուով անցնելիս նա խմբից առանձնանում, կորում թփերի հետևում, հետո վերադառնում էր՝ օձը ձեռքին, ու մեր հետևից ընկնում՝ մեզ լեղաճաք անելով։ Տղաները՝ վախից սփրթնած, փախչում էին, իսկ Է․-ն երեխաներին վախեցնելուց հաճույք էր ստանում։ Մի լավ ուրախանալուց հետո Է․-ն օձին սպանում, կամ թփերի մեջ էր գցում։ Ոչ աղերսանք, ոչ պաղատանք նրա վրա չէր ազդում։


Մի խոսքով, երեխաներին գլխին հավաքելով, Է․-ն սեփական ձեռքով պատրաստած զենքն էր ցուցադրում։ Հրացանի տեսքով և «ՏՈԶ-8»-ի գնդակներով կրակող պարզունակ սարք էր։ Հրացանի տեսքով ռանդած տախտակի վրա Է․-ն ինչ-որ կենցաղային սարքից կտրած փողի կտոր էր ամրացրել: Իսկ ձգված ռետինի միջոցով փողի կտորի մեջ տեղադրված գնդակը մի սուր մեխ էր պահում․ ահա այսքանը։ Է․-ն ռետինը ձգեց ու գնդակը փողի մեջ մտցրեց։ Մատը ձգանի վրա պահելով՝ մեզ վրա նշան բռնեց։ Ինքնաշեն զենքը՝ անգամ առանց ձգանը քաշելու, կարող էր յուրաքանչյուր պահ կրակել։ Մենք չորս կողմ վազեցինք ու քարի, ծառի հետևում թաքնվեցինք։ Է․-ն ծիծաղեց։ Երեխաները խնդրում, աղաչում էին, բայց նրա վրա ոչինչ չէր ազդում։ Նա մի փոքր մեղմանում էր միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը սկսում էր բանտում նստած նրա հոր անունով երդվել։ Այս անգամ էլ օգնեց․ Է․-ն զենքն իջեցրեց։ Մենք մեր թաքստոցներից դուրս եկանք։ Է․-ն թիրախ էր փնտրում, որ կրակի։ Թաղամասով իջանք։ Դաշտի մի հատվածում սագեր էին արածում։ Է․-ն զենքը բարձրացրեց ու սագերի երամի ուղղությամբ կրակեց։ Կրակոցի ձայնից սագերը ցիրուցան եղան։ Մի սպիտակ սագ էլ գետնին թպրտում էր։ Մենք էլ վախից տարբեր կողմեր վազեցինք։


15-20 րոպե անց Է․-ի տնից թաղամասով մեկ գոռոցներ, հայհոյանքներ, անեծքներ սփռվեցին։ Է․-ի սպանած սագը կայարանի հացի խանութի վաճառող Ն․ մորաքրոջ սագն էր։ Իմանալով, որ սագին Է․-ն է սպանել, նա եկել էր Ս․ մորաքրոջ հետ կռվելու։


Այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ բոլորը ձգտում էին զենք ձեռք բերել, անգամ երեխաները։ Է․-ն սկսեց զենք սարքել ու 5-10 մանաթով երեխաներին վաճառել։ Դրա համար անհրաժեշտ ռետինը նա դեղատնից էր գնում։ Իսկ գնդակները ռուսական դպրոցում էինք առնում՝ զինղեկ մուալիմ Ռ․-ից, ով կայարանի տիրում փող էր աշխատում։ Մի անգամ, երբ նա կրակելու համար նշաններ էր տեղադրում, կայարանամերձ թաղամասի տղաները նրա մեջքին էին կրակել, ինչից հետո նա նրանց այլևս տիր չէր թողնում։ Վերջիններս որպես վրեժ նրա հանգիստ, խնամված, դաստիարակված թոռանն էին նեղացնում։ Հենց փողոցում նրանց աչքով էր ընկնում, կեղտոտում էին նրա շորերը, պատռում դասագրքերն ու տետրերը ու մի քանի անգամ քացի տալիս։


Է․-ն սարքել ու երեխաներին բավական շատ զենք էր վաճառել։ Թաղամասում բոլոր երեխաներն իրենց սեփական զենքն ունեին։ Տարօրինակ բան է զենքը։ Զենքով անգամ Գուրու Գոբուով հանգիստ էինք անցնում, այլ ոչ թե նախկինի պես՝ վախենալով։ Մի անգամ գիշերը հայրս ինձ օղու ու սիգարետի հետևից ուղարկեց։ Երբ նախկինում նման բան էր լինում, ես ատում էի թե հորս, թե սիգարետ վաճառողին, թե գինու-օղու գործարանի աշխատակցին։ Երբ գիշերը միայնակ փողոցով էի քայլում, յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր քար վիշապի, ջինի էր վերածվում։ Է․-ից զենք գնելուց հետո այլևս գիշերները օղու ու սիգարետի գնալիս չէի վախենում։ Հակառակը՝ նման գիշերային զբոսանքներն ինձ դուր էին գալիս։ Սիգարետ ու օղի առնելու գնալիս փողոցում մի քանի անգամ օդ էի կրակում։ Բայց կատուներին ու շներին ձեռք չէի տալիս, որովհետև մի անգամ տատիկս ինձ ուժեղ վախեցրել էր։ Ինչպես տատիկս էր պատմել, հիվանդանոցում պահակ աշխատող մի տղա շան վրա էր կրակել, և այդ շան անեծքը նրա ընտանիքի վրա էր թափվել՝ տունն էր այրվել, և նրա հայրը, մայրը, քույրը և եղբայրը մոխիր էին դարձել։


Նրանից հետո, երբ տղաները սեփական զենք ձեռք բերեցին, փողոցային կատուների ու շների համար սև օրեր սկսվեցին։ Մեր շրջանում ոչ ոք տանը կատու չէր պահում: Կատուները կիսավայրի կենսակերպ էին վարում։ Բավական էր տղաներից մեկի աչքով ճանապարհին կատու ընկներ, անմիջապես սկսում էր կրակել, և գնդակներից մեկը հիմնականում կատվին դիպչում էր։ «ՏՈԶ-8»-ի գնդակը չէր սպանում, այլ միայն վիրավորում էր։ Տղաները կրակում էին՝ որտեղ պատահի՝ ծառերի մրգերի, կատուների, շների վրա, գիշերները կրակում էին աստղերի վրա: Երբեմն՝ ընտանի թռչունների՝ սագերի, հավերի ու բադերի վրա նախ կրակում, հետո՝ մորթում էին։


Ինչպես արդեն ասացի, տատիկիս պատմությունից վախեցած՝ կենդանիների վրա չէի կրակում։ Փողոցային շներն ու կատուները մարդկանցով բնակեցված տարածքները լքում, նորակառույց թաղամաս էին փախչում։ Այնտեղ երիտասարդ ընտանիքներ էին բնակվում։ Կատուների ու շների վրա կրակողները քիչ էին։ Նոր թաղամասի երեխաները դեռ շատ փոքր էին։ Իսկ մեր թաղամասում իսկական փողոցային մարտեր էին ընթանում։ Դպրոցից վերադառնալով՝ տղաները պայուսակները տանն էին գցում, վերցնում զենքն ու փողոց էին դուրս գալիս։ Հետագայում այնքան էինք լպիրշացել, որ գնում էինք Գիզիլ գայա կոչվող վայր ու կռիվ-կռիվ էինք խաղում։ Թաքնվում էինք քարերի հետևում ու միմյանց վրա կրակում։ Այնքան էինք կրակոցների ձայներին ընտելացել, որ չէինք էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է վնասվել։ Ամայի վայրում գնդակների սուլոցն էլ ավելի պարզ էր լսվում, իսկ գնդակների՝ քարերին ու ժայռերին դիպչելը մեզ աննկարագրելի հաճույք էր պատճառում։ Գիզիլ գայա կոչվող վայրից միայն երեկոյան կողմ էինք տուն վերադառնում։


Մի անգամ՝ կռիվ-կռիվ խաղալու ժամանակ, գնդակներից մեկը Է․-ի ոտքին դիպավ։ Վախից սկսեցինք լացել։ Ոչ ոք չէր ուզում վազել ու Է․-ի մորը կատարվածի մասին հայտնել։ Է․-ն ինքն էլ ուժեղ վախեցել էր: Լացում էր: Խնդրում էր, որ իրեն հիվանդանոց հասցնենք։ Հետո, հերթով շալակելով նրան, տուն հասցրինք։ Է․-ն տանն ասել էր, որ զենքն իր ձեռքում է կրակել։ Չնայած դրան՝ տանը մեզ բոլորիս ծեծեցին։


Յուրաքանչյուր պատերազմ ինչ-որ բանով հիշվում է։ Յուրաքանչյուր պատերազմ իր խորհրդանիշն ունի։ Ղարաբաղյան պատերազմն իմ հիշողության մեջ կտրած ականջով է դրոշմվել։ Անձամբ ինձ համար հենց կտրած ականջը դարձավ Ղարաբաղյան պատերազմի խորհրդանիշ։ Ինքնաշեն պարզունակ պատրույգավոր զենքը, որսորդական հրացաններն աստիճանաբար տեղը զիջում էին լուրջ զենքին, ինքնաձիգերին։ Դիրքերի համար լուրջ մարտերի մեկնարկի հետ մեկտեղ՝ երկու կողմերում էլ գերիներ հայտնվեցին։ Այլևս անհնար էր կանգնեցնել գործընթացը։ Փորձնական ներկայացումն ավարտվել էր, սկսվել էր իսկական գործողությունը։ Հանգիստ, անհոգ կյանքն անցյալում էր մնացել։ Երկու կողմերն էլ հասկանում էին, որ նախկին հարևանությունն այլևս անհնար է։ Իսկական մարտերի սկսվելու հետ մեկտեղ՝ հակառակ կողմը գերի ընկածի ականջն էր կտրում։


Ինչի՞ց սկսվեց ականջ կտրելը։ Չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ նախորդ դարի սկզբի հայ-մահմեդական պատերազմի ժամանակ մահմեդականները գերի ընկած հայ գեներալ Անդրանիկի ականջը կտրել էին։ Եվ հնարավոր է՝ հայերը, վրեժխնդիր լինելով իրենց ազգային հերոսի համար, Ղարաբաղյան պատերազմում մահմեդականների ականջներն էին կտրում։ Տեղային պատերազմում կողմերից մեկը հեշտությամբ կրկնում է մյուսի գործողությունները։ Ականջ կտրելու ծիսակարգը մարդուն կտտանքների ենթարկելու նպատակ չուներ։ Դա անում էին գերիին նվաստացնելու, անարգելու համար։ Շատ դեպքերում գերիի ականջը կտրելուց հետո նրան բաց էին թողնում։


Այն ժամանակ գերիի ականջը կտրած զինվորն այդ ականջը ծակում, թելի վրա էր հագցնում, վզից կախում էր ու բոլորի առջև պարծենում։ Վզից կախած ականջները մեդալներ էին, որոնցով զինվորներն իրենք իրենց պարգևատրում էին և որոնք այնքան էին կրում, մինչև դրանք փտեն։ Եվ մարդիկ, թելից կախված ականջները տեսնելով, չէին գարշում, չէին վախենում, այլ կտրած ականջներին նայում էին որպես մի աչքաուլունքի, գնդասեղի։ Արյուն, զինվորական համազգեստ, գնդակների սուլոց, մահ՝ այդ ամենը սովորական բան էր դառնում։ Այնպես, ինչպես կտրած ու «մանյակի» թելի վրա շարած ականջները։ Երբեմն շուկաներում, փողոցներում, խանութներում նման «ուլունքներ» կրող զինվորներից հարցնում էին՝ «Որտե՞ղ ես կտրել», և նա պատմում էր՝ ինչպես է մարտը սկսվել, ինչպես էին գրոհների անցնում, ինչպես է կտրվել ականջը, ինչ տեսք ուներ ականջի տերը և ինչպես էր նա, լացելով, աղաչում չանել դա։ Նման զրույցների ունկնդիրներ միշտ գտնվում էին։ Հայտնվելով ուշադրության կենտրոնում, դրանից հաճույք ստանալով՝ զինվորը չէր մոռանում ամեն անգամ տարբեր լրացումներ անել։


Զինվորն ամեն ինչ անում էր, որպեսզի իրեն ուշադրության կենտրոնում պահող վզից կախված ականջները հնարավորինս ուշ փտեն։ Մեր շրջանում Հալվագափանլար կոչվող մի թաղամաս կար։ Կողքը շրջանային գերեզմանոցն էր։ Տոն օրերին հանգուցյալներին այցելողները շիրիմներին քաղցրավենիք, ուտելիք էին թողնում: Մասնավորապես, շիրիմներին լավաշի մեջ փաթաթած հալվա էին դնում։ Նրանց գնալուց հետո այդ ամենը տանում, ավելի շուտ՝ խլխլում էին Հալվագափանլար թաղի դարանակալած երեխաները։ Դրա համար էլ թաղամասը Հալվագափանլար էին անվանում։


Հալվագափանլար թաղամասի երիտասարդ բնակիչներից մեկը հայերի մոտ գերի էր ընկել։ Կարծեմ՝ նրան գերի էին վերցրել, երբ բարեկամների մոտ գյուղ էր գնում։ Հայերը երիտասարդի ականջը կտրել ու չեզոք գոտում բաց էին թողել: Այդ մասին լուրը մեր թաղամաս էլ էր հասել։ Մարդիկ, Հալվագափանլար թաղամասում հավաքվելով, ուզում էին տեսնել ու խոսել երիտասարդի հետ, բայց նա ամաչում էր տանից դուրս գալ ու պատմել՝ ինչպես են իր ականջը կտրել։ Մեր դպրոցում Հալվագափանլար թաղամասից երեխաներ կային։ Մի օր նրանք ասացին, որ կտրած ականջով տղան անհետացել է։ Եվ իսկապես, հասկանալով, որ այլևս շրջանում չի կարող ապրել, կտրած ականջով երիտասարդը գաղտնի հեռացել էր։


Մի անգամ Բաքվում տաքսիով Բուզովնա ավան հյուր էի գնում։ Ես տաքսիից հազվադեպ եմ օգտվում։ Բայց ինձ հրավիրողը խնդրել էր, որ տաքսիով գամ, ու խոստացել էր ինձ համար վճարել։ Եթե ավտոբուսով գնայի, ճաշը կարող էր սառել։ Ճանապարհին նա երկու անգամ զանգահարել ու հարցրել է՝ որտեղ եմ ու քանի րոպեից կհասնեմ։ Նույն հարցը վարորդին տվեցի․


- Քանի՞ րոպեում կհասնենք։


- 15 րոպեում։


- Մոտս գումար չունեմ։ Ինձ դիմավորողն է վճարելու։


- Ես չեմ անհանգստանում։ Կիրթ մարդ ես երևում։ Քանի տարի տաքսի եմ քշում, մարդկանց նայելով՝ հասկանում եմ՝ ով ինչ ճամփի ճամփորդ ա։


Հետո տաքսու վարորդը սկսեց գլխին եկած պատմությունները պատմել։ Ես ճանապարհին էի նայում, երբեմն, որպեսզի ցույց տամ, որ լսում եմ, նրա կողմ էի շրջվում, խոսակցությունը ինչ-որ բանով լրացնում։ Հերթական անգամ վարորդին նայելով՝ նկատեցի, որ աջ ականջը չկա։ Վարորդը, մազերը երկարացնելով, փորձել էր թաքցնել դա: Բայց, ցավոք, խեղճի մազերը նոսրացել էին, և ականջի բացակայությունը թաքցնելն այլևս անհնար էր։ Էլ չէի կարող նրան ուշադիր լսել։ Ամոթ էր, բայց ես ուշադիր նրա նոսրացած մազերին, գլխին էի նայում։ Ակամա հիշեցի պատերազմի առաջին տարիները, գերիների ականջները կտրելը, ականջները թելով վզերից կախած, հերոսի պես շրջող զինվորներին, ամոթից շրջանը լքած Հալվագափանլար թաղամասում ապրող երիտասարդին։


Այն ժամանակ նոր էի կարդացել Հարուկի Մուրակամիի՝ առանց ականջի մարդու մասին «Աստծո բոլոր զավակները կարող են պարել» պատմվածքը․․․


Կարծես՝ վարորդը զգաց՝ որտեղ եմ այդքան ուշադիր նայում։ Նա ընդհատեց իր հետ պատահած դեպքի մասին պատմությունը։ Հետաքրքիր է՝ գուցե նա այն նույնն մա՞րդն է։ Գուցե՝ հարցնե՞մ։ Արդեն տեղ էինք հասնում։ Շատ քիչ ժամանակ էր մնում։ Եթե ականջի մասին չհարցնեի, հետո դրանից շատ կտանջվեի։ Ժամանակին չտրված հարցը, չասված խոսքը, չարված գործողությունն ինձ շատ են տանջում: Բուզովնա մտնելիս ես, ողջ քաջությունս հավաքելով, հարցրեցի․


- Դուք Հալվագափանլար թաղամասում չե՞ք ապրել։


- Չէ։ Էդ որտե՞ղ ա։


- Հեչ։ Մի մարդու նմանացրի։ Պատերազմին չե՞ք մասնակցել։


- Չէ։


Ուրեմն՝ նա չէ։ Նորից նրա նոսրացած մազերին, գլխին էի նայում։ Երևի, հետաքրքրասերները բազմիցս են վարորդին նրա ականջի մասին հարցրել։ Երևի, կարմերես մարդիկ վարորդին նրա ականջի մասին բազմիցս են հարցրել։ Երբ հերթական անգամ նրա կտրած ականջի դատարկ տեղին նայեցի, վարորդն ասաց․ «Իմը հայերը չեն կտրել։ Շունն ա փոքր ժամանակ կծել»։


Դա ասելով՝ վարորդը կամաց ձեռքը բարձրացրեց ու, աջ թշին նստած ճանճին բռնելով, բռունցքի մեջ սպանեց։



Չճաշեցինք: Միանգամից եկեղեցի գնացինք։ Եկեղեցին քաղաքի կենտրոնում է գտնվում։ Ես եկեղեցու բակում ծաղիկների մեջ զբոսնեցի։ Լուսանկարվեցի ու եկեղեցի մտա։ Մոմ վառեցի։ Սրբապատկերներին նայեցի։ Թիկնապահները, Արմենն ու Արթուրը բակում ծառի տակ նստած մնացին։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց։ Գրպանիցս մի քանի ադրբեջանական մանաթ հանեցի ու թաքուն գցեցի հանգանակությունների համար արկղի մեջ։ Ժամանակի ընթացքում սևացած սրբապատկերի առջև կանգնած մի աղջիկ այնպիսի տխուր ու կրոնական հարգանքով լի դեմքի արտահայտություն էր ընդունել, որ նրա բերանը կծկվել, պնդուկի չափ էր դարձել։ Ոչ ոք չտեսավ՝ ինչպես եմ հանգանակությունների համար արկղի մեջ փող գցում։ Աստված գիտի՝ խեղճ քահանաներն ինչ կմտածեն, երբ, արկղը բացելով, դրա մեջ ադրբեջանական մանաթներ գտնեն։ Մազերին չգիտես որտեղից կպած սարդոստայնով մի երիտասարդ քահանա ինձ մոտեցավ ու հայերեն ինչ-որ բան ասաց։ Կարծես՝ ինչ-որ խորհուրդ տվեց ինձ։ Սովորաբար քահանաները ծխականներին ինչ-որ խորհուրդներով են մոտենում, որպեսզի իրենց կարևոր առաքելության մասին հիշեցնեն։


Դուրս եկա փողոց։ Հենց այս պահին եկեղեցու դարպասի առջև մեքենաներ կանգնեցին։ Արթուրի գրասենյակում աշխատող աղջիկը Հոլանդիայի քաղաքացու հետ էր ամուսնանում։ Հոլանդացին ինքն էր ինձ հարսանիքին հրավիրել։ Աղջիկը 27 տարեկան էր, հոլանդացին՝ 40-42։ Աղջիկն արդեն հասցրել էր մեկ անգամ ամուսնանալ։ Հոլանդացին անաշխույժ էր թվում, իսկ աղջիկը շուրջն էներգիա էր սփռում, աչքերը վառվում էին։ Մեքենաներից դուրս եկած բուրված, զարդարված, ուրախ մարդիկ լցրեցին եկեղեցու բակն ու եկեղեցին։ Հարսանեկան զգեստի երկայնափեշը առաջին ամուսնությունից նրա 7-ամյա աղջիկն էր բռնել։ Աղջիկն ինքն էլ հարսանեկան զգեստով էր։ Նա շատ էր ուրախանում մոր ամուսնությանը։


Արարողությունը սկսվեց։ Օծանելիքի բույրերը միախառնվել էին։ Միախառնված հոտերն ինձ վրա վատ են ազդում, սկսում եմ ախմախ բաներ մտածել։ Արարողության ընթացքում երկու անգամ գեր, սպիտակամաշկ, գեղեցիկ մի աղջկա հետ հայացքներով հանդիպեցինք։ Այդ աղջկա դեմքին տարօրինակ մեծահոգության հետք կար։ Ձեռքներն ընկածը ականջներից, վզերից կախած պճնված կանանց մեջ նա շատ հասարակ էր նայվում։ Իսկն իմ ճաշակով էր։


Արարողությունն ավարտվեց։ Արթուրի գրասենյակում աշխատող հայուհուն ու հոլանդացուն ամուսիններ հայտարարեցին։ Եկեղեցուց դուրս եկանք ու, մեքենաներ լցվելով, հարսանյաց տուն գնացինք։ Ուժեղ սովածացել էի։ Ճանապարհին մտածում էի՝ ինչ եմ ուտելու ու խմելու։ Որոշեցի, որ գինի եմ խմելու։


Մարդիկ մեքենաներից դուրս եկան ու հարսանյաց տան երկրորդ հարկ բարձրացան։ Ես միանգամից վերև չբարձրացա։ Մտա զուգարան, ինձ մի լավ դատարկեցի։ Սառը ջրով լվացվեցի ու ինչ-որ ժամանակ հայելու մեջ դեմքիս նայեցի։ Վատ տեսք չունեի։ Թիկնապահը դռան հետևում էր կանգնած։ Վերև՝ երկրորդ հարկ բարձրացա։ Հարսանիքը սկսվեց։ Ես, վարորդը, Արթուրը, Արմենը, հրեական ծագումով ֆրանսուհին ու Կովկասով թափառող մի քանի ամերիկացիներ մի սեղանի շուրջ նստեցինք։ Ամերիկացիները օղի խմեցին, իսկ ես, Արմենն ու Արթուրը՝ գինի։ Արթուրն ինչ-որ տեղից 10 լիտր տնական գինի էր հայթհայթել։ Արտակարգ գինի էր։ Ավելի լավը պատկերացնելը հանդգնություն կլիներ։ Նախ ես, ածուխի վրա խորովված բադրիջանը, լոլիկն ու բիբարը խառնելով, ինձ համար աղցան պատրաստեցի։ Աղցանն ուտելուց հետո ափսես փոխեցի։ Այդ պահին եփած հավ մատուցեցին։ Ափսեիս մեջ արագ կրծքամիս դրեցի, վրան աղ ավելացրեցի։


Հարսանիքը թափ առավ։ Մեր և թշնամական երկրի հարսանիքների միջև ոչ մի տարբերություն չգտա։ Նույն ուտելիքը, նույն երգերը, նույն դեմքերը, նույն պարերը․․․ Չնայած հայերեն չեմ հասկանում, մոտավորապես կռահում էի, ինչի մասին էին խոսում հյուրերը՝ խոսափողները վերցնելով ու հարսին ու փեսային դիմելով։


Հավի կրծքամիսը կերա։ Այդ պահին մատուցողները խորովածի տաք կտորներ սեղանին շարեցին։ Հարսանիքն էլ ավելի մեծ թափ էր առնում։ Հոլանդացին հաճախ տեղից բարձրանում ու լուսանկարում էր հարսանիքի հյուրերին, երաժիշտներին, հարսին։ Գինին քիչ-քիչ սկսում էր ազդել մեզ վրա։ Մի քիչ էլ խմեցինք, ու ես, Արթուրն ու Արմենը եկանք եզրակացության, որ աղջիկն ամուսնանում է ոչ թե հոլանդացու, այլ նրա անձնագրի հետ։ Ամբողջ հարսանիքի ընթացքում դա էինք կրկնում։ Անգամ հոլանդացու անձնագրի կենացը մի քանի անգամ խմեցինք։ Հետո Արմենն իմաստության պոռթկում ունեցավ, ու նա այսպիսի կենաց ասաց․ «Թո՛ղ գա այն օրը, երբ մեզ հետ էլ մեր անձնագրերի համար կամուսնանան»։


Կովկասով թափառող ամերիկացիները տեղերից բարձրացան ու սկսեցին պարել։ Նրանք ուզում էին կովկասցիների նման պարել ու դրա համար շատ ծիծաղելի ու միևնույն ժամանակ հետաքրքիր էին նայվում։ Ամբողջ հարսանիքը նրանց վրա էր նայում։ Արթուրը, Արմենն ու ես շարունակ խմում էինք։ Մենք մեր թեման գտել էինք՝ անձնագիրը։ Ավելի հեռուն գնացինք ու սկսեցինք ոչ վայել բաներ խոսել։ Ամեն մեկս մի դասախոսություն կարդաց հարսանիքին հետևող գործընթացի՝ ամուսնական առաջին գիշերվա մասին։ Մեր զրույցը, կարծես, հաճույք էր պատճառում հրեական ծագումով ֆրանսուհուն։ Նա շարունակ ծիծաղում էր։ Լավ, փարթամ կուրծ ուներ։ Շատ բարակ բլուզ էր հագել։ Երբ ուսերին գցած թափանցիկ շարֆը թուլանում, ընկնում էր, կուրծքը կիսով չափ դուրսն էր մնում։ Մինչ նա շարֆն էր ուղղում, ես ագահորեն նրա կրծքին էի նայում ու պայուսակիս մեջ գցած «Կարմիր կամիկաձե» պահպանակների մասին հիշում։ Նկատելով՝ որտեղ եմ նայում, Արմենը մի քանի անգամ ինձ աչքով արեց։ Ես գլուխս էի թափ տալիս։ Հազիվ էի ինձ զսպում, որ ձեռքս չպարզեմ ու նրա կուրծքը չսեղմեմ։ Աղջկան հարցրեցի․


- Երևի, փոքր ժամանակ շատ ես կաղամբ կերել։


- Ինչո՞ւ։ Ինչի՞ց վերցրեցիր։


Հայացքով նրա կրծքին ցույց տալով՝ ասացի․


- Շատ մեծ է։


- Հա, մեր ցեղում բոլորինը մեծ է։ Բոլորի մոտ է էդպես։ Կոլեջում ես ամենամեծ կուրծքն ունեի։ Առաջ ամաչում էի։ Հետո ընտելացա։ Իսկ հիմա ինձ էլ դուր է գալիս։


- Լավ է։ Լավ է։ Էսպես ավելի լավ է։ Քեզ սազում է։ Պետք է։ Պետք է։


Այդ պահին Արթուրի գրասենյակի աշխատակցուհիներից մեկը հրեական ծագումով ֆրանսուհուն պարի հրավիրեց։ Աղջիկը հրավերն ընդունեց ու տեղից բարձրացավ, ու կրծքի մասին մեր հիանալի զրույցը կիսատ մնաց։ Ես խորովածի մի կտոր վերցրեցի ու ջղայնացած՝ ատամներս մեջը խրեցի։ Հարսանիքն ավելի մեծ թափ էր առնում։ Մենք կրկին Հոլանդիայի քաղաքացու անձնագրի մասին մեր կարծիքները հայտնեցինք ու գինի խմեցինք։ Հոլանդացին տեղը չէր մնում, անընդհատ հյուրերին, երաժիշտներին, հարսին էր լուսանկարում։ Թմբլիկ, սպիտակամաշկ, համեստ աղջիկը, որին քիչ առաջ եկեղեցում էի տեսել, մոտեցավ մեր սեղանին ու ինձ պարի հրավիրեց։ Այսքան անծանոթ մարդու մեջ պարելու համար պետք է չափից դուրս շատ խմած լինեի։ Էդ սահմանին դեռ չէի հասել։ Աղջկան բացատրեցի, որ դեռ էդքան խմած չեմ, որ ամաչում եմ և պարել չեմ կարողանում։ Բայց որ շուտով անպայման կպարենք։ Ընդ որում՝ երբ դանդաղ երաժշտություն հնչի։ Աղջիկը ուրիշ քաղաքից էր եկել։ Հարսի բարեկամներից էր։ Շատ պոզիտիվ դեմք ուներ։ Նրան ազատ աթոռներից մեկի վրա ցույց տվեցի։ Աղջիկը նստեց։ Արթուրը մաքուր բաժակի մեջ գինի լցրեց։ Աղջիկը ժողովուրդների բարեկամության մասին մի քանի բառ ասաց։ Ասաց, որ ժամանակին միմյանց դեմ արյունահեղ պատերազմներ մղած ժողովուրդներն այսօր Եվրամիության դրոշի ներքո հարմարավետ, հաշտ ու համերաշխ ապրում են։ Եվ կգա ժամանակը, երբ մենք էլ կմոռանանք բոլոր սարսափները, արյունահեղությունը և միասին համերաշխ կապրենք։ Ես արդեն հոգնել էի ժողովուրդների բարեկամության, խաղաղության մասին զրույցներից ու կենացներից։ Բայց թմբլիկ, սպիտակամաշկ աղջիկն այնքան վստահ ու այնպիսի բարությամբ էր խոսում, որ ես բաժակի միջի գինին մինչև վերջին կաթիլը խմեցի։ Նա ամենևին նման չէր արտասահմանյան կազմակերպությունների կողմից անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, միջոցառումների բանկետներին խաղաղության ու ժողովուրդների բարեկամության մասին ելույթներ ունեցող կեղծ խաղաղարարներին։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց հարսանիքին գալու համար: Իմ քաջությունը բարձր գնահատեց։


Գինին գլխիս էր խփել։ Նայում էի նրա դեմքին ու մտածում․ եթե պատերազմ սկսվի, ու ես զինվորական համազգեստ հագնեմ, ի՞նչ եմ անելու, եթե նրան հանդիպեմ, ինչպե՞ս եմ վարվելու։ Աղջիկը նախապատերազմյան շրջանի մասին էր խոսում։ Ասում էր, որ շուտով խաղաղություն կհաստատվի։ Ես չէի հակաճառում։ Փոխարենը՝ սիրտս թախիծով էր լցվում։ Գուցե՝ մի օր նորից միասին կապրենք, բայց նախկին հանգիստը, բարյացակամությունը վերականգնել այլևս հնարավոր չի լինի։ Արթուրը բաժակները լցրեց։ Նորից հոլանդական անձնագրի կենացը խմեցինք։ Աղջիկն անձնագրի մասին մեր զրույցից ոչինչ չհասկացավ։ Դանդաղ մեղեդի հնչեց։ Պարելու պահը հասունացել էր։ Տեղերիցս բարձրացանք ու պարահրապարակ դուրս եկանք։ Ես նրա թմբլիկ ձեռքը վերցրեցի ու գոտկատեղից գրկեցի։ Աղջկան գիրությունը սազում էր։ Նրան այլ կերպ պատկերացնելը մեղք կլիներ։


Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․

- Հա, մեր ցեղում բոլորինը մեծ է։ Բոլորի մոտ է էդպես։ Կոլեջում ես ամենամեծ կուրծքն ունեի։ Առաջ ամաչում էի։ Հետո ընտելացա։ Իսկ հիմա ինձ էլ դուր է գալիս։

- Լավ է։ Լավ է։ Էսպես ավելի լավ է։ Քեզ սազում է։ Պետք է։ Պետք է։

Այդ պահին Արթուրի գրասենյակի աշխատակցուհիներից մեկը հրեական ծագումով ֆրանսուհուն պարի հրավիրեց։ Աղջիկը հրավերն ընդունեց ու տեղից բարձրացավ, ու կրծքի մասին մեր հիանալի զրույցը կիսատ մնաց։ Ես խորովածի մի կտոր վերցրեցի ու ջղայնացած՝ ատամներս մեջը խրեցի։ Հարսանիքն ավելի մեծ թափ էր առնում։ Մենք կրկին Հոլանդիայի քաղաքացու անձնագրի մասին մեր կարծիքները հայտնեցինք ու գինի խմեցինք։ Հոլանդացին տեղը չէր մնում, անընդհատ հյուրերին, երաժիշտներին, հարսին էր լուսանկարում։ Թմբլիկ, սպիտակամաշկ, համեստ աղջիկը, որին քիչ առաջ եկեղեցում էի տեսել, մոտեցավ մեր սեղանին ու ինձ պարի հրավիրեց։ Այսքան անծանոթ մարդու մեջ պարելու համար պետք է չափից դուրս շատ խմած լինեի։ Էդ սահմանին դեռ չէի հասել։ Աղջկան բացատրեցի, որ դեռ էդքան խմած չեմ, որ ամաչում եմ և պարել չեմ կարողանում։ Բայց որ շուտով անպայման կպարենք։ Ընդ որում՝ երբ դանդաղ երաժշտություն հնչի։ Աղջիկը ուրիշ քաղաքից էր եկել։ Հարսի բարեկամներից էր։ Շատ պոզիտիվ դեմք ուներ։ Նրան ազատ աթոռներից մեկի վրա ցույց տվեցի։ Աղջիկը նստեց։ Արթուրը մաքուր բաժակի մեջ գինի լցրեց։ Աղջիկը ժողովուրդների բարեկամության մասին մի քանի բառ ասաց։ Ասաց, որ ժամանակին միմյանց դեմ արյունահեղ պատերազմներ մղած ժողովուրդներն այսօր Եվրամիության դրոշի ներքո հարմարավետ, հաշտ ու համերաշխ ապրում են։ Եվ կգա ժամանակը, երբ մենք էլ կմոռանանք բոլոր սարսափները, արյունահեղությունը և միասին համերաշխ կապրենք։ Ես արդեն հոգնել էի ժողովուրդների բարեկամության, խաղաղության մասին զրույցներից ու կենացներից։ Բայց թմբլիկ, սպիտակամաշկ աղջիկն այնքան վստահ ու այնպիսի բարությամբ էր խոսում, որ ես բաժակի միջի գինին մինչև վերջին կաթիլը խմեցի։ Նա ամենևին նման չէր արտասահմանյան կազմակերպությունների կողմից անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, միջոցառումների բանկետներին խաղաղության ու ժողովուրդների բարեկամության մասին ելույթներ ունեցող կեղծ խաղաղարարներին։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց հարսանիքին գալու համար: Իմ քաջությունը բարձր գնահատեց։

Գինին գլխիս էր խփել։ Նայում էի նրա դեմքին ու մտածում․ եթե պատերազմ սկսվի, ու ես զինվորական համազգեստ հագնեմ, ի՞նչ եմ անելու, եթե նրան հանդիպեմ, ինչպե՞ս եմ վարվելու։ Աղջիկը նախապատերազմյան շրջանի մասին էր խոսում։ Ասում էր, որ շուտով խաղաղություն կհաստատվի։ Ես չէի հակաճառում։ Փոխարենը՝ սիրտս թախիծով էր լցվում։ Գուցե՝ մի օր նորից միասին կապրենք, բայց նախկին հանգիստը, բարյացակամությունը վերականգնել այլևս հնարավոր չի լինի։ Արթուրը բաժակները լցրեց։ Նորից հոլանդական անձնագրի կենացը խմեցինք։ Աղջիկն անձնագրի մասին մեր զրույցից ոչինչ չհասկացավ։ Դանդաղ մեղեդի հնչեց։ Պարելու պահը հասունացել էր։ Տեղերիցս բարձրացանք ու պարահրապարակ դուրս եկանք։ Ես նրա թմբլիկ ձեռքը վերցրեցի ու գոտկատեղից գրկեցի։ Աղջկան գիրությունը սազում էր։ Նրան այլ կերպ պատկերացնելը մեղք կլիներ։

Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․


ՄԻՆՉև ԷՋ 52