հեղինակ՝ Ռաֆայել Ղազարյան |
հատված
66֊ի ապրիլի 24֊ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին։ Քաղաքը խստիվ հսկվում էր․ երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում։ Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան․ նկարիչ – ԳՂ) մեքենան․ մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով։ Այգում սպաներ էին շրջում։ Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ ֊ԳՂ)․ Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների․ պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին․ տղային քոթակել էին։ Արյունը խփեց գլուխս․
— Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42֊ին,— հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,— օկուպացված Կրասնոդարում էր,֊ խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, — ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ։
— Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,— չռեց աչքերը։
— Իհարկե ոչ,֊ շտապեցի հերքել,— դու ավելի վատն ես։ Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին։
Չհասցրեց հարձակվել՝ հանկարծ հայտնված մայորն ու փոխգնդապետը ոլորեցին ձեռքերս ու քաշեցին դեպի իրենց մեքենան, ընդ որում փոխգնդապետը ռուսերեն սպառնալիքներ էր թափում գլխիս։ «Գոնե այսօր հայերեն խոսեք»,— նետեցի ես։ ”Я тебе покажу хаерен”,— խոստացավ հայ փոխգնդապետը։ Նա ետ մնաց, մայորը, ձեռքս ոլորած, շարունակեց ճամփան։ Վիճակը նվաստացուցիչ էր․ «Եթե անմիջապես չթողնեք ձեռքս, կկրծեմ ձեր քիթը, լակոտ չեմ, չեմ փախչի»… Նա շփոթված նայեց աչքերիս ու թողեց ձեռքս։ Մեքենա նստելու պահին կողքը կանգնած մի քանի «դրուժինիկ» չարախինդ նայում էին մեզ։
«Ու՞ր էր, Պարույրն էլ մի բան աներ՝ ծեծեինք»,— ծոր տվեց մեկը։ Դա շանթեց այն աստիճան, որ չհասցրի շշպռել՝ մտցրին մեքենա։ Լա՜վ, ինձ՝ շարքային թեկնածուիս, չեն ճանաչում, բայց Պարույր Սևակին ծեծել երազող հա՞յ… Բերեցին «Հայրենիք» կինոթատրոնի միլիցիայի բաժին ու փակեցին մի փոքր սենյակում։ Վիճակս բարդանում էր մի հանգամանքի առկայությամբ․ շալվարիս գրպանը տռզել էր թռուցիկներով, որոնք մի քանի գիշեր տպում էի գրամեքենայի վրա։ Բովանդակությունը չէր փայլում օրիգինալությամբ․ նորից Ղարաբաղ, նորից Նախիջևան։ Նախորդ գիշերները մի քանիսը կպցրել էի պատերին, մեծ մասը մնացել էր։ Այդ մասին գիտեր միայն Սարգիսը։ Քառորդ ժամ անց սենյակ մտան կրակոտ ավագ լեյտենանտը և Սարգիսը։ Երկար միջանցքով քայլելիս՝ գրգռված սպան չնկատեց, որ մենք կես քայլ հետ ընկանք․ դա բավական էր, որ Սարգիսը ձեռքը խոթի գրպանս ու հանի թռուցիկների խուրձը։ Ներս մտանք ընդարձակ աշխատասենյակ․ սեղանի շուրջը՝ ընկերներս, սեղանի գլխին՝ պետը՝ նոր սերնդի երիտասարդ, գուցե և մի փոքր ճեզվիտ… Համենայն դեպս կտրուկ և դրականապես տարբերվում էր ինչպես նախկին, այնպես էլ օրինապահության այսօրվա «ասպետներից», որոնք մասնագիտական և մտածողական ունակությունները խիզախաբար լրացնում են բռունցներով, քանզի հարցաքննվողը նմանատիպ պատասխանի հնարավորություն չունի։ Ավելի ուշ իմացա, որ տղաները նախապես հայտարարել էին՝ կա՛մ դուրս են գալիս ինձ հետ, կա՛մ բոլորն են մնում։ Դիվանագետ պետը հասկացել էր, որ ամենաճիշտը հաշտության եզրերի հանգելն է, ուստի սկսեց խրատական իր զրույցը ինձ հետ, ակնարկելով դատը և ազատազրկումը։ Թռուցիկների խուրձից ազատվելով՝ հանգստացել ու աքլորացել էի․ պատասխանեցի, որ երազում եմ բաց դատ, ուր վերջապես կասեմ այն ամենը…«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»,֊ խոսքս կտրեց Պարույրը․ հազիվ էին խաղաղեցրել մթնոլորտը, կարող էի փչացնել։ Հետագա զրույցն ընթացավ խաղաղ հունով ու տևեց 2 ժամից ավելի։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս սենյակից, կողքս հայտնվեց «կրակոտ» ավագ լեյտենանտը․ «Շնորհակալ եմ, եղբայրս,֊ շշնջաց,֊ շատ բան հասկացա»։ Եթե անհարմար չլիներ, կհամբուրեի։
Անկախության նվաճումներից
Սահմանդրությամբ իրեն պատկանող իրավունքները և պարտականությունները ինչպես պետական ու հասարակական կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում, ստանձնեց ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ։ Այսօր անգամ մտավորականների երեխաները, հաճախելով հայկական դպրոց, այլ լեզուների կողքին, «ավա՜ղ», «ստիպված են» սովորել նաև մայրենին։ Այսօրվա կյանքը թելադրում է մի քանի ամենատարածված լեզուների իմացություն, ինչը նվազեցնում է փոքրաթիվ ժողովրդի մայրենիի խլացման, խեղճացման այն վտանգը, որը, ինչպես համոզվեցինք, առկա է մեկ արտոնյալ օտար լեզվի պարագայում։
Մեծ կարևորություն եմ տալիս օգոստոսի 19֊ին «Ղարաբաղ» կոմիտեի՝ ժողովրդին ուղղված դիմումին։ Այն ուղղված էր շարժմանը հակառուսիստների պիտակ կպցնելու անազնիվ ջանքերի դեմ։
Նենգափոխության այդ փորձերը ցայսօր չեն մարել մայրենի լեզուն ուշացումով իր իրավունքի մեջ վերահաստատելու անհրաժեշտության դեմ անխոնջ պայքար մղող որոշ վայ մտավորականների շնորհիվ, ուստի տեղին է վերարտադրել այն ամբողջությամբ․
Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե
19․08․1988թ․
Այսպես կոչված Հակառուսական տրամադրությունների մասին, որոնք իբր բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում
1․ Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ, իբր, երևանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում։ Սա պարզապես ստալինյան բռնապետության զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն։ Նման մոտեցումը, սակայն, ամենևին չի կարելի կապել իշխանությունների թեթևամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խոր պատմա֊հասարակական և հոգեբանական արմատներ։ Բանն այն է, որ երկրի բյուրոկրատիան առ այսօր բացահայտորեն առաջնորդվում է Սովետական Միության և Ռուսական պետականության նույնության գաղափարով։ Նշենք թեկուզ մեկ փաստ․ «Օգոնյոկ» շաբաթաթերթի այս տարվա հուլիսյան համարներից մեկում (N29) ԽՍՀՄ ֆինանսների մինիստր Բ․ Ի․ Գոստևն առանց այլևայլության գրում է հետևյալը․ «Այսօրվա առաջնահերթ հոգսը պետությանն առնչվող հոգսն է, մանավանդ մեր Սովետական պետության՝ Ռուսական պետության ամրապնդման հոգսը»։ Ուստի միանգամայն պարզ է, որ նման մոտեցման դեպքում պետական մարմինների նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն պետք է դիտվի որպես հակառուսական տրամադրություն։ Միաժամանակ հարկ է նշել, որ մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու և դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետևանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ։
2․ Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսանավելով որևէ ազգի կամ ժողովրդի, որևէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաև մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իրողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության և սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը։ Վճռական հակահարված պետք է ստանան նաև հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք և մամուլի ու հեռուստատեսության մարմինները։
3․ Հայ ժողովուրդը իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ և անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից՝ այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ, վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից։ Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաև այդ համակրանքը։ Հայ և ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա։
4․ Ղարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երևույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաև միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման և այլ հարցերի։ Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական և սահմանադրական կոչերի նկատմամբ, ինչպիսիք են օրինակ հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ֊ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայերենով գրելու պահանջները և այլն։ Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում, դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում։ Այս փաստն ինքնին ցույն է տալիս, որ մայրենի լեզվի և ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երևույթ է և պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից։
5․ Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան։ Ինչի՞ նման է օրինակ այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին և գերադասում են ելույթներ ունենալ ռուսերեն լեզվով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ֊ձեռնարկություններում հայերենը հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն լեզվով և այլն։ Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության և ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որն արդարացի զայրույթ և ավելորդ գրգռվածություն է հարուցում լայն խավերի շրջանում։
6․ Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է, անկեղծ ձգտում հայ և ռուս, ինչպես նաև Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի և ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսևորման դեմ։