Վերջին թարմացում 28 Մայիսի 2016, 11:20

Մագլցողները կամ Հիմալայներում կորած խրճիթը

11:20, 28 Մայիսի 2016 տարբերակ, Տարածող (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մագլցողները կամ Հիմալայներում կորած խրճիթը

հեղինակ՝ Մայն Ռիդ
թարգմանիչ՝ Ա. Շարուրյան
աղբյուր՝ Լիտոպեդիա

Գլուխ I. Հիմալայները

Ո՞վ չի լսել Հիմալայների` Հնդկաստանի տոթակեզ հարթավայրերի ու Տիբեթի ցրտաշունչ բարձրավանդակի միջև ընկած հսկա լեռնազանգվածների, աշխարհի երկու մեծագույն` Մեծ Մոնղոլների ու Երկնային կայսրությունների միջև ձգվող այդ հզոր պատնեշի մասին։ Աշխարհագրությունից ամենատգետ սկսնակն անգամ կասի ձեզ, որ Հիմալայներն աշխարհի ամենաերկնամերձ լեռներն են, որ դրանց առնվազն վեց գագաթները ծովի մակերևույթից բարձրանում են հինգ մղոնից էլ ավելի, որ երեսունից անց գագաթները հասնում են քսան հազար ոտնաչափ բարձրության և այդ լեռների կատարները զուգված են հավերժական ձյունով։ Ավելի փորձառու աշխարհագրագետը կամ երկրաբանը կպատմի այդ հոյակապ լեռներին վերաբերող հարյուրավոր այլ հետաքրքրաշարժ փաստեր։ Դրանց կենդանական ու բուսական աշխարհների և անտառների մասին ամենաուշագրավ տեղեկություններով կարելի էր հաստափոր հատորներ լցնել։ Բայց այս վիպակի շրջանակներում, իմ պատանի ընթերցող, մենք կարող ենք ուրվագծել սոսկ մի քանի առավել բնորոշ առանձնահատկություններ. դրանք պատկերացում կտան քեզ այդ հզոր, ձյունապսակ լեռնազանգվածների վիթխարի մեծության մասին, որոնք, մերթ խոժոռ, մերթ ժպտացող, ելնում են երկինքն ի վեր` Հնդկաստանի մեծ թագավորության վրա։

Գրականության մեջ Հիմալայները սովորաբար կոչում են «լեռնաշղթա»։ Իսպանացի աշխարհագրագետները դրանք անվանում են «սիեռա», (սղոց), մի տերմին, որ նրանք կիրառում են ամերիկյան Անդերի նկատմամբ։ Բայց ո՛չ մեկ, ոչ մյուս անվանումը չի սազում հիմալայներին, քանի որ դրանց գրաված հսկայական տարածությունը, ավելի քան երկու հարյուր հազար քառակուսի մղոն, որ երեք անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի մակերեսը, իր ձևով երբեք չի կարելի համեմատել շղթայի հետ։ Հիմալայների երկարությունը դրանց լայնությունից մեծ է ընդամենը վեց-յոթ անգամ։ Լեռները ձգվում են գրեթե հազար մղոն, մինչդեռ դրանց լայնությունն ընդգրկում է աշխարհագրական լայնության համարյա երկու աստիճանը։

Դրանից բացի, տարածվելով արևմտյան լեռնաճյուղերից, Քաբուլում, մինչև արևելյանը, Բրահմապուտրայի ափերը, Հիմալայները քանիցս ընդհատվում են` չարդարացնելով «լեռնաշղթա» անվանումը։ Այդ երկու կետերի միջև դրանք կտրատվում են հսկայական հովիտներով, որոնք գոյացել են մեծ գետերի հուներից, իսկ այդ գետերը, արևելք ու արևմուտք հասնելու փոխարեն, ինչպես ձգվում են իրենք`լեռները, գնում են խոտորնակ ուղղություններով, հաճախ ուղիղ դեպի հյուսիս կամ հարավ։

Ճշմարիտ է, Մեծ Հնդկական հարթավայրի ցանկացած մասից դեպի Հիմալայներն ուղղվող ճանապարհորդին այդ լեռները պատկերանում են որպես մեկ անընդհատ շարք, որ ձգվում է հորիզոնի երկարությամբ` արևելքից արևմուտք։ Սակայն դա սոսկ տեսողական խաբկանք է։ Հարկ է Հիմալայները համարել ոչ թե մի լեռնապար, այլ երկու հարյուր հազար քառակուսի մղոն տարածություն գրավող լեռնաշղթաների մի ամբողջ շարք, ըստ որում այդ շղթաները տարածվում են նույնքան ուղղություններով, որքան կողմնացույցի կողմնամասերն են։

Այս լայնատարած լեռնային երկրի սահմաններում կլիման, հողն ու բուսականությունը սաստիկ փոխվում են։ Հնդկական հարթավայրին հարող ոչ մեծ բլուրների շրջանում և Հիմալայների կենտրոնական մասի որոշ խոր հովիտներում բուսական աշխարհը կրում է արևադարձային կամ մերձարևադարձային բնույթ։ Այստեղ առատորեն աճում են արմավենիները, ծառանման ձարխոտը և բամբուկը։ Ավելի վերևում երևում է բարեխառն գոտու բուսականությունը` տարատեսակ վիթխարի կաղնիների անտառներով, թզենիներով, սոճիներով, ընկուզենիներով ու շագանակենիներով։ Էլ ավելի վեր աճում են մրտավարդերը, կեչիներն ու հավամրգերը, որոնցից այն կողմ տարածվում է խոտաբույսերի գոտին թավ խոտով պատած լանջերն ու սարահարթերը։ Ամենից վեր, ընդհուպ մինչև հավերժական ձյան սահմանագիծը, հանդիպում են գաղտնաբե-ղունները ալպյան տիպի քարաքոսներն ու մամուռները, որպիսիք աճում են բևեռի շրջաններում։ Այսպիսով, ճանապարհորդը, որ հնդկական հարթավայրի որևէ կետից սկսում է ելնել Հիմալայների բարձր կատարները կամ խոր հովտից բարձրանում ձյունե գագաթը, ուղևորության մի քանի օրում կզգա բոլոր կլիմաների փոփոխությունները և կտեսնի աշխարհում հայտնի բուսականության բոլոր տեսակի ներկայացուցիչներին։

Հիմալայները չի կարելի անբնակ համարել։ Ընդհակառակն, դրանց սահմաններում են գտնվում մեկ խոշոր թագավորություն (Նեպալ) և բազ-մաթիվ մանր պետություններ, ինչպիսիք են Գութանը, Սիկիմը, Հուրվալը, Կումաոնը և նշանավոր Քաշմիրը. դրանց մի մասը ունի քաղաքական որոշ անկախություն, բայց մեծամասնությունը գտնվում է կամ անգլո-հնդկական կայսրության (հարավում) կամ Չինաստանի (հյուսիսում) պրոտեկտորատի տակ։ Այդ պետությունների բնակիչները պատկանում են խառը ռասաներին և խստորեն տարբերվում են Ինդոստանի ժողո-վուրդներից։ Արևելքում Բութանում և Սիկիմում, գլխավորապես ապրում են մոնղոլական ցեղերը, որոնք հագուստով ու սովորույթներով հիշեցնում են տիբեթցիներին և, նրանց նման, դավանում են բուդդայական կրոն։ Արևմտյան Հիմալայներում միմյանց են խառնվում լեռնական գուրերը, հարավից եկած հնդիկները Լահորի սիկհները և Մոնղոլների հին կայսրությունից սերած մահմեդականները։ Այստեղ ևս կարելի է հանդիպել լիակատար ծաղկման հասած ասիական երեք մեծ` մահմեդական, բուդ-դայական ու բրահմանական կրոններին։

Սակայն բնակչությունը այն տարածության համեմատ, որի վրա ցրված է, չափազանց նոսր է. Հիմալայների որոշ մարզերում հազարավոր քառակուսի մղոնի վրա մարդկային ոչ մի էակ չի ապրում, չի ծխում ոչ մի օջախ։ Հանդիպում են նաև, հատկապես բարձր, ձյունապատ լեռներում, հսկայական հովիտներ ու կիրճեր, որոնք կամ երբեք չեն հետազոտվել կամ էլ ուսումնասիրվել են միայն պատահաբար` որևէ խիզախ որսորդի կողմից։ Կան բոլորովին անմատչելի վայրեր։ Իսկ ամենաբարձր լեռնագագաթները (Չոմո-լարին, Կին-չինջունգան, Դաուլագիրին ու դրանց նման ուրիշներ), անգամ ամենախիզախ ալպինիստների հասանելիության սահմաններից բարձր են մնում։ Թվում է, թե դեռ ոչ ոք երբեք չի մագլցել ծովի մակերևույթից հինգ հազար մետր բարձր և դեռևս հարց է, թե կարող է արդյոք մարդը գոյություն ունենալ այդպիսի բարձրության վրա։ Հավանաբար նման մակարդակի վրա, ծայրահեղ ցրտի կամ մթնոլորտի նոսրության հետևանքով, դադարում է ամեն մի կյանք։

Թեև Հիմալայները հայտնի են եղել տակավին պատմության արշալույսին (հին գրողները անվանում էին «Իմաուս» կամ «Էմոդուս», բայց այդ լեռների մասին Եվրոպայում միայն XIX դարում սկսեցին ինչ-որ չափով հավաստի տեղեկություններ ստանալ։ Փորթուգալացիներն ու հոլան-դացիները` Հնդկաստանում եվրոպական առաջին գաղութարարները, դրանց մասին սակավադեպ են միայն հիշատակում, և նույնիսկ անգլո-հնդկական գրողները երկար ժամանակ չեն շոշափել այդ հետաքրքիր թեման։ Հիմալայան լեռնականների (ավելի ճիշտ անվանմամբ` գուրերի) թշնամության ու դաժանության մասին չափազանցված պատմությունները մասնավոր անձանց ետ էին պահում հետազոտություններից։ Հիմալայների մասին գրվել է ընդամենը ինչ-որ հինգ-վեց գիրք, որոնց մեջ գլխավորապես խոսվել է այդ լեռների արևմտյան մասի մասին և որոնք գիտական մեծ արժեք չեն ներկայացրել, քանի որ դրանց հեղինակները չէին տիրապետում բավականաչափ գիտելիքների։ Այսպիսով, մինչև մեր օրերը այդ լայնատարած մարզը մնացել էր սակավահայտ։

Սակայն վերջին ժամանակներս մենք ավելի խորը ծանոթացանք այդ հետաքրքիր երկրին։ Հիմալայների բուսական հարուստ աշխարհով հրապուրված` բուսաբանները մեզ համար հայտնագործեցին բուսականության մի ամբողջ նոր աշխարհ, իսկ Ռոյլին ու Հուկերին[1] հաջողվեց լրացնել այդ հայտնագործումները։ Կենդանաբանները, որոնց այստեղ էր գրավել կենդանական աշխարհի այլազանությունը, ծանոթացրին մեզ կենդանիների կյանքի նոր ձևերին։ Մենք շատ բան ենք պարտական նաև մարզիկներ ու որսորդներ Մարկհեմին, Դանլոպին ու Ուիլսոն «Լեռնականին»։

Բայց, բացի հետազոտողների անուններից, որոնք հռչակվել են`հրապարակելով իրենց աշխատանքների մասին հաշվետվությունները, կան նաև այլ, որևէ մեկին անհայտ անուններ։ Բուսաորսը, տնկարանի այդ համեստ, բայց օգտակար ծառայողը, շարունակել է իր ճանապարհը դեպի Հիմալայներ։ Նա թափանցել է ամենահեռավոր կիրճերը, մագլցել գահավեժ ժայռերը, թափառել հավերժական ձյան սահմանների մոտ։ Տերևի կամ ծաղկի նոր ձևեր որոնելու նպատակով, նա ծանծաղուտով անցել է պղտոր գետերը, լողալով խիզախորեն հաղթահարել մոլեգին հեղեղատները, պայքարել խորտակիչ ձյունակույտերի դեմ և կուրացուցիչ փայլով սառույցների օգնությամբ անցել խոր ճեղքերի միջով, ու թեև նրա խիզախ սխրանքների մասին մամուլում հաշվետվություններ չեն հանդիպել, բայց նա զգալիորեն օգնել է ծանոթանալու այդ լայնատարած լեռնաշխարհի հետ։ Նրա նվաճումների մասին կարելի է կարդալ ծաղկանոցում` ծիրանե մագնոլիայի, դեոդարի, մրտավարդի գույներից։ Դրանց կարելի է հանդիպել ջերմոցում` արտասովոր խոլորձի ու տարօրինակ, պտուտակաձև ոլորված սոճու տեսքով, պարտեզում`որպես վաղուց արդեն մեզ համար սիրելի աղանդեր դարձած արժեքավոր արմատներ ու պտուղներ։ Մեզ մնում է անել այդօրինակ մի համեստ արշավախմբի պատմությունը, պատմել երիտասարդ բուսաորսի արկածների մասին, որ ծառայում էր Լոնդոնում հայտնի մի ձեռներեց սերմնաբույծի մոտ։


Գլուխ II. Տեսարանը Չոմո-լարիից

Գործողության վայրը` Հիմալայների բուն սիրտը, թեև շատ էլ հեռու չէ անգլո-հնդկական մայրաքաղաք Կալկաթայից, բայց անգլիացի ճանապարհորդներից առավել քիչ հետազոտված մարզն է։ Մեզ հետաքրքրող կետը գտնվում է այդ քաղաքից հյուսիս, Հիմալայների այն մասում, որն ընդգրկում է Բրահմապուտրայի մեծ գալարը։

Այդ շրջապատի ընդարձակ, ամայի տարածության, քարքարոտ կատարներով կտրտված անծայր անապատի համեմատությամբ իրոք կարելի է կետ անվանել, ուր փայլատակում են սառցադաշտերը և ձյունագագաթները բարձրանում են մեկը մյուսի վրա կամ կիտված են անկանոն, ինչպես թուխպերը երկնքում։

Քարերի, սառույցների ու ձյուների այդ քաոսի մեջտեղում սպիտակ պատմուճանով ու սպիտակ պսակով, ինչպես այդ պատշաճում է սրբազան լեռանը, իր վեհապանծ ճակատն է բարձրացնում Չոմո-լարին։ Նրա շուրջը խմբված են այլ գագաթներ` արբանյակներն ու շքախումբը, որոնք բարձրությամբ զիջում են նրան, բայց այդուհանդերձ հզոր լեռներ են`նրա նման զուգված և հավերժական սպիտակությամբ փայլփլող։

Եթե դուք կանգնած լինեիք Չոմո-լարիի գագաթին, ապա ձեզնից ներքև, մի քանի հազար ոտնաչափ խորության վրա, կգտնվեր մեր վիպակի գործողության վայրը, այն ասպարեզը, ուր խաղացվել են նրա տարբեր միջադեպերը։ Այդ վայրը հիշեցնում է ամֆիթատրոն` տարբերվելով նրանից գործող անձանց փոքրաթվությամբ և հանդիսատեսների լիա-կատար բացակայությամբ միայն։

Չոմո-լարիից ներքև նայելիս, ապառաժների միջև, այդ վեհապանծ լեռան ստորոտում, դուք կտեսնեիք արտասովոր տեսքի մի հովիտ, այնքան արտասովոր, որ նա իսկույն ևեթ կգրավեր ձեր ուշադրությունը։ Դուք կնկատեիք, որ այն ձվաձև է և օղակված չէ զառիվայր լանջերով, բայց, ըստ երևույթի, բոլոր կողմերից շրջապատված է ուղղաբերձ ժայռերով։ Գրանիտե այդ մուգ ժայռերը մի քանի հարյուր ոտնաչափ բարձրությամբ խոյանում են պարզապես հովտի հատակից։ Այդ ժայռերի ատամների վրա բարձրանում է հարևան լեռան մուգ լանջը, նա ավարտվում է գագաթով ու կատարներով, որոնք գտնվելով ձյունագծից վեր, մշտապես ծածկված են երկնքից`նրանց վրա ընկած մաքուր, ճերմակ թիկնոցով։

Բոլոր այս մանրամասնությունները դուք կնկատեիք առաջին հայացքից։

Ապա ձեր հայացքը վերստին կդառնար ներքևում ընկած հովտին և կանգ կառներ այնտեղ`հրապուրված տեսարանի անսովորությամբ, կախարդված նրա մեղմ թովչանքով, որը մեծապես տարբեր է այն խիստ շրջակայքից, որին մինչ այդ նայում էիք դուք։

Հովտի ձևը. այն միտքն է ներշնչում, որ դա վաղուց հանգած ինչ-որ հրաբուխի էլիպսաձև հսկայական խառնարան է։ Բայց սև ծծմբային խարամի փոխարեն, որը սպասելի էր, այդտեղ կգտնեք սքանչելի կանաչ մի բնակարան, ուր, ինչպես զբոսայգում, բացատները հաջորդում են անտառակներին, ոչ ծառախմբերին, իսկ այս ու այնտեղ երևում են ապառաժակույտեր, որոնք կարծես արհեստականորեն են կիտված, ասես զարդի համար լինեն։ Ծառերի երկայնքով ձգվում է անտառների մուգ կանաչավուն գոտին, իսկ հովտի կենտրոնում ընկած է թափանցիկ լիճը, որի արծաթավուն մակերեսին, օրվա որոշակի ժամին, արտացոլվում է այն ձյունապսակ գագաթը` Չոմո-լարիի կոնը, որի վրա կանգնած եք։ Լավ հեռադիտակի օգնությամբ ձեզ կհաջողվեր տեսնել կանաչ մարգագետիններում արածող տարատեսակ կենդանիների, հովտի վրա ճախրող կամ լճի ջրերի վրա հանգստացող բազմապիսի թռչունների։

Ձեզ հաճելի կլիներ բնության այդ գեղեցկությունների մեջ տեսնել որևէ գողտրիկ դղյակ։ Բայց հայացքով զուր կխուզարկեիք հովիտի՝ ծառերից վեր աշտարակներ ու դիտակներ նկատելու հույսով։

Ճշմարիտ է, մի տեղ, ժայռի ստորոտում, դուք գետնից քուլա-քուլա վեր ձգվող գոլորշիներ կտեսնեք։ Բայց մի կարծեք, թե ծուխ է դա պար-զապես տաք աղբյուրից բարձրացող գոլորշի է, իսկ այդ աղբյուրը եռալով բխում է ապառաժներից և գոյացնում բարակ, արծաթե թելի նման մի առ-վակ, որ թափվում է լիճը։

Դյութված սքանչելի հովտի գեղեցկությամբ, դուք կուզենաք այցելել այնտեղ։

Դուք կիջնեք Չոմո-լարիի երկար լանջով և, դժվարությամբ անցնելով ստորոտի գահավեժ լեռնաճյուղերի լաբիրինթոսից, կմոտենաք հովիտը շրջապատող ուղղաձիգ ժայռերի ծայրին, բայց այստեղ ստիպված կլինեք կանգ առնել. դեպի վար ճանապարհ չկա, և եթե, այնուամենայնիվ, ուղում եք. հասնել լճափ, ապա ստիպված եք լինելու ժայռերից իջնել պարանով կամ մի քանի հարյուր մետր երկարություն ունեցող պարանե սանդուղքով։

Ընկերների օգնությամբ այդ կհաջողվի ձեզ, բայց հովիտ Հասնելով կկարողանաք այնտեղից դուրս գալ դարձյալ բարձրանալով պարանե սանդուղքով, քանի որ ուրիշ ելք չկա։

Հովտի մի ծայրում, ժայռերի մեջ, կնկատեք մի նեղ փապար և, թերևս կմտածեք, որ դրանով կարող եք դուրս գալ հարևան լեռան լանջը։ Դուք արագորեն կհասնեք այնտեղ բարձրանալով զառիվայր լանջով, բայց անցնելով փապարը կընկնեք կիրճը, որը ինչպես և հովիտը, երկու կողմից անջրպետված է ուղղաձիգ ժայռերով։ Այդ կիրճը կիսով չափ լի է սառցադաշտով, որով իջնելով ձեզ կհաջողվի առաջ անցնել ևս որոշ տարածություն։ Վայրէջքի վերջում կտեսնեք, որ սառցադաշտը կտրված է հարյուր ոտնաչափ խորությամբ և նույնքան լայնությամբ մի հսկայական ճեղքով։ Կարելի է առաջ շարժվել, առանց անցնելու այդ ճեղքի վրայով, իսկ եթե այդ հաջողվի ձեզ սառցադաշտով իջնելով, ապա կհանդիպեք ուրիշ, ավելի խոր ու լայն ճեղքերի, որոնք հաղթահարելն անհնար է։

Վերադարձեք ուրեմն և հետազոտեք այն հովիտը, ուր ընկել եք։ Այստեղ կհանդիպեք ծառերի, գազանների, թռչունների, միջատների տարբեր տեսակների, կգտնեք մարդուց բացի բոլոր կենդանիներին։ Բայց եթե չգտնեք մարդուն, ապա կհայտնաբերեք նրա հետքերը։ Տաք աղբյուրի մոտ կտեսնեք ապառաժին հենված չարդախանման մի կոպիտ խրճիթ։ Նրա համար պատեր են ծառայում քարե գուղձերը, որոնք ամրացված են առվի հատակից վերցված տիղմով։ Մտեք խրճիթ։ Այն դատարկ է, ցուրտ և բնակեցվածի տեսք չունի։ Կահույք չկա։ Ճահճաբույսով ու խոտով պատած քարե մահիճներ, որոնց վրա մարդիկ են պառկել, գրանիտի երկու-երեք բեկոր, որոնց վրա նստել են նրանք, ահա և բոլորը։ Պատերից կախված մի քանի մորթիները և գետնին ու դուրսը թափված կենդանի-ների ոսկորները ցույց են տալիս, թե ինչով են սնվել խրճիթի բնակիչները։ Անշուշտ, նրանք որսորդներ են եղել։ Դուք անխուսափելիորեն կգաք այդ եզրակացության։

Բայց ինչպես են նրանք հովիտ մտել և ինչպես են այնտեղից դուրս եկել։

Հասկանալի է, իջել ու բարձրացել են պարանե սանդուղքով, այնպես ինչպես դուք։

Ահա թե ինչ բացատրություն կարող էր տրվել, և այն գոհացուցիչ կլիներ, եթե միայն ձեր աչքին իսկույն չզարներ մի հանգամանք։

Զննելով ժայռի «ճակատը», դուք կանգ կառնեք մի տարօրինակ մանրամասնության վրա։ Դուք կնկատեք ապառաժի հիմքից ուղղահայաց դուրս եկող մի, ավելի ճիշտ մի քանի ընդհատվող գծեր։ Մոտենալով, կտեսնեք, որ դրանք աստիճաններ են, որոնցից ստորինը գետնի վրա է և հասնում է մինչև այն խորշին, որի վրա կանգնած է մյուսը, այս երկրորդ աստիճանը հասնում է մինչև երկրորդ խորշին, որը ծառայում է երրորդ աստիճանի հենարան և այսպես մինչև վեցերորդը։ Առաջին հայացքից ձեզ կթվա, որ խրճիթի երբեմնի բնակիչները հովտից դուրս են եկել այս աստիճանների օգնությամբ և նման եզրակացությունը ճիշտ կլիներ, եթե մի մանրամասնություն չհերքեր այն. աստիճանները չեն հասնում ժայռի վերին ծայրին։ Վերևի աստիճանի ու զառիթափի ծայրի միջև մնում է մեծ տարածություն, որը հաղթահարելու համար հարկ կլինեն երկու կամ երեք այդպիսի աստիճաններ ևս։ Առանց լրացուցիչ աստիճանների դուրս գալն անհնար է։ Ու՞ր են դրանք։ Հազիվ թե մարդիկ կարողանային վերև հանել, իսկ եթե հովտում ընկած լինեին, ապա կմնային գետնին։ Սակայն դրանք չեն երևում։ Նույնիսկ չկան բեկորները։

Բայց թողնենք այս կռահումները։ Ժայռի թռուցիկ զննումը բավական է համոզելու, որ սանդուղքի օգնությամբ դուրս ելնելու ծրագիրը չի հաջողվել։ Խորշը, որին հենվել է վերին աստիճանի վերջին ծայրը, հավանակա-նորեն, չափազանց նեղ է եղել, որպեսզի կարելի լիներ դնել հաջորդ աստիճանը կամ ավելի ճիշտ, խանգարել է դրա վրա կախված ապառաժուտ ափը։ Ակներև է, որ այդ ծրագիրը վարձել են ու թողել։

Այս փորձից երևում է, որ այն ձեռնարկած մարդիկ գտնվել են հուսահատ դրության մեջ. նրանք փակված են եղել ժայռերով շրջապատված այդ հովտում, որտեղից դուրս գալու հնարավորություն չի եղել, և նրանք ստիպված են եղել հնարել փրկության միջոցներ։

Ավելին, երկայնքով ու լայնքով զննելով այդ վայրը, կգաք այն համոզման, որ մարդիկ ընդհանրապես դուրս են պրծել իրենց տարօրինակ «բանտից» և ձեզ էլ կմնա միայն կռահումներ անել, թե ովքեր են ընկել այդ մոռացված հովիտը, ինչպես են մտել այնտեղ, ինչպես դուրս եկել և արդյո՞ք հաջողվել է նրանց դուրս գալ։ Ձեր կռահումներին վերջ կտրվեն, եթե կարդաք «Մագլցողները» վիպակը։


Գլուխ III. Բուսաորսը և նրա ուղեկիցները

Կարլ Լինդենը, 1848 թվականի հեղափոխական պայքարին մաս-նակցած մի երիտասարդ գերմանացի ուսանող, արտաքսվել էր Գերմա-նիայից և ապաստան գտել Լոնդոնում։

Վտարանդիների մեծ մասի նման, նա էլ էր մնացել առանց միջոց-ների։ Սակայն նա բարոյապես չվհատվեց, այլ սկսեց աշխատանք որոնել և տեղավորվեց այն հոյակապ տնկարաններից մեկում, որպիսիք հան-դիպում են այդ մայրաքաղաքի արվարձաններում։ Շուտով իր բուսաբա-նական գիտելիքներով գրավեց տնկարանի տիրոջ ուշադրությունը։ Վերջինս մեկն էր այն ձեռներեց, համարձակ մարդկանցից, որոնք չգո-հանալով պարտեզային ու ջերմոցային սովորական ծաղիկներ ու ծառեր աճեցնելով, խոշոր գումարներ են ծախսում աշխարհի բոլոր կողմերը բնախույզներ ուղարկելու համար։ Այդ պատվիրակները բույսերի հազվագյուտ ու գեղեցիկ նորանոր տեսակներ պետք է գտնեին ու Անգլիա բերեին։

Այդ բնախույզները, բուսական աշխարհ հավաքողները, կամ ինչպես կարելի է նրանց անվանել «բուսաորսները» կատարելով իրենց խնդիրները, հետազոտել և շարունակում են հետազոտել հողագնդի ամենավայրի ու հեռավոր վայրերը՝ Ամազոնի, Օրինոկոյի ու Օրեգոնեի թավ, մութ անտառներն Ամերիկայում, Աֆրիկայի հասարակածային տաք մարզերը, Հնդկաստանի արևադարձային ջունգլիները, Արևելքի կղզիների կուսական անտառները, մի խոսքով նրանք եղել են ամեն տեղ, ուր միայն հնարավոր է զբոսայգու կամ ծաղկանոցի համար նոր զարդարանքներ հայտնաբերել ու ձեռք բերել։

Uիկիմում, երևելի բուսաբան Հուկերի կողմից Հիմալայների ուսումնասիրումը (որը նկարագրված է նրա ճանապարհորդություններին նվիրված գրքում և որը չի զիջում մեծ Հումբոլդտի աշխատություններին), այդ լեռների հարուստ ու բազմազան բուսական աշխարհի վրա ուշադ-րություն հրավիրեց։ Ուստի տնկարանի տերը, որ Կարլ Լինդենին այգում ժամանակավոր աշխատանք էր տվել, նրան առաջ քաշեց ավելի պա-տասխանատու և հետաքրքիր պաշտոնում՝ ուղարկելով Տիբեթյան Հիմալայները որպես բուսաորս։

Իր կրտսեր եղբոր՝ Կասպարի ուղեկցությամբ երիտասարդ բուսաբանը հասավ Կալկաթա և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո ուղղ-վեց Հիմալայները՝ Գանգեսի ափին ընկած մայրաքաղաքից հյուսիս։

Նա իրեն ուղեկից վերցրեց Օսարու անունով մի տեղացի հայտնի որսորդի, կամ շիկարու այդ որսորդը եղբայրների միակ ուղեկիցն ու օգ-նականն էր, եթե չհաշվենք Եվրոպայից բերված որսորդական ցեղի խոշոր շանը, որին Ֆրից էին կանչում։

Երիտասարդ բուսաբանը Հնդկաստան ժամանեց Կալկաթայի բուսաբանական այգու, աշխարհամբավ մի հաստատության, դիրեկտորի անվամբ հանձնարարական նամակով։ Այնտեղ նրան ջերմությամբ ընդունեցին, և ապրելով մայրաքաղաքում, նա բավականին ժամեր անցկացրեց պարտեզի տերիտորիայում։ Դրա հետ միասին տեղի ղեկավարները, հետաքրքրվելով նրա գիտարշավով, հաղորդեցին այն ամենը, ինչ գիտեին նրա նախագծած երթուղու մասին, թեև ճշմարիտ էր, որ նրանք շատ քիչ բան գիտեին, քանի որ Հիմալայների այն մասը, որ նա պատրաստվում էր հետազոտելու, նույնիսկ Կալկաթայում բնակվող անգլիացիների համար այն ժամանակ «սպիտակ բիծ էր»։

Հարկ չկա մանրամասն պատմել բոլոր այն արկածների մասին, որոնք Հիմալայների ճանապարհին և այդ լեռների սքանչելի կիրճերը ոտք դնելուց հետո բաժին ընկան մեր բուսաորսին և նրա ուղեկիցներին։ Բավական է ասել, որ հետապնդելով փոքրիկ նուրբ կենդանուն՝ մշկայծյամին, նրանք ընկան վիթխարի սառցադաշտով լի մի կիրճ, որպիսիք քիչ չեն վերին Հիմալայներում, որ այդ հետապնդումը նրանց տարավ հեռու, դեպի վեր և ապա բերեց տարօրինակ, խառնարան հիշեցնող և արդեն մեր նկարագրած հովիտը, որ ընկնելով այդ հովիտը, նրանք դուրս գալու այլ ելք չունեին, քան այն կիրճը, որով այնտեղ էին թափանցել, և որ վերադառնալով իրենց ոտնահետքերով, ի մեծ սարսափ իրենց, տեսան, որ սառցա-դաշտի ճեղքը, որի վրայով անցել էին, իրենց բացակայության ժամանակ լայնացել էր, հաղթահարելն անհնար դարձել։

Նրանք այդ ճեղքի վրա կամուրջ գցելու համարձակ որոշում ընդունեցին և քիչ ժամանակ չծախսեցին, որպեսզի սոճու բներից պատրաստեին այն։ Վերջապես հաջողվեց անդունդն անցնել, բայց սառցադաշտից ներքև նրանք հանդիպեցին այլ ճեղքերի, որոնց վրայով իրենց ամբողջ հնարամտությամբ հանդերձ անցնել չկարողացան։

Նրանք ստիպված եղան հրաժարվել այդ մտքից և վերադառնալ հովիտ, որը սքանչելի էր իր տեսքով, բայց և ատելի, որովհետև գիտեին, որ իրենց բանտն է դարձել։

Հովտում ապրելու ժամանակ նրանք քիչ արկածներ չեն ունեցել տարբեր ցեղի վայրի կենդանիների հետ։ Այնտեղ բնակվում էր յակերի կամ խռթխռթացնող ցուլերի ոչ մեծ նախիր, որոնց մսով սնվել էին որոշ ժամանակ։ Կասպարը, Կարլի կրտսեր եղբայրը, որ ավելի փորձված որսորդ էր, հազիվ փրկվեց պառաված արու յակի հարձակումից և ի վերջո սպանեց վտանգավոր կենդանուն։ Կարմիր շների ոհմակը քիչ էր մնացել հոշոտեր Օսարուին, որը բոլորին էլ կոտորեց և նույն Օսարուն էր, որ ընկավ մեծ վտանգի մեջ, քանի որ քիչ էր մնացել նրան կուլ տար յուրահա-տուկ թշնամին երերուն ավազը, որի մեջ նա խրվել էր ուռկանից ձուկ հանելիս։

Կարլը նույնպես վերջին պահին հազիվ փրկվեց կործանումից, ժայ-ռախորշով նրան հետապնդել էր արջը, և Կարլը ստիպված էր եղել ծայրաստիճան վտանգավոր թռիչք գործել։ Հետագայում մեր որսորդները միասնական ջանքերով, Ֆրիցի օգնությամբ արջին քշեցին նրա քարանձավե որջը և ի վերջո սպանեցին։

Այդ արջաորսը նրանց դժբախտության մեջ դրեց ճիշտ է, հաջողվեց սպանել գազանին, բայց նրանք մոլորվեցին ընդարձակ, լաբիրինթոսի նման բազմաթիվ խճճված ուղիներ ունեցող քարանձավում. դրանից հաջողվեց ելք գտնել այն բանից հետո միայն, երբ հրացանի կոթերի կտորտանքից խարույկ վառեցին և արջի ճարպը հալելով մոմեր սարքեցին։

Հետապնդելով արջին, իսկ ապա դուրս գալու ուղի փնտրելով, մեր արկած որոնողները, զարմացել էին այն քարանձավի հսկայական չա-փերից, ուր թաքնվել էր գազանը. նրանք մոմեր պատրաստեցին ծայրեծայր ուսումնասիրեցին քարանձավը՝ հուսալով, որ ստորերկրյա անցու-ղիներից մեկը կտանի դեպի լեռը և թույլ կտա դուրս գալ հովտից։ Զո՜ւր հույսեր։

Համոզվելով, որ քարանձավից դուրս գալն անհնար է, նրանք հրաժարվեցին հետախուզումներից։

Այստեղից մենք ավելի մանրամասն կշարունակենք «լեռնային բանտից» դուրս պրծնելու նրանց փորձերի մասին պատմությունը, իսկ ազատվել, ինչպես համոզվեցին նրանք կարելի էր միայն մագլցելով քարանձավը շրջապատող ապառաժներն ի վեր։


Գլուխ IV. Ետ դեպի խրճիթը

Իրենց անարդյունք զննումներից հետո, քարանձավից դուրս գալով երեքն էլ Կարլը, Կասպարն ու Օսարուն նստեցին ժայռի ստորոտի քա-րերին և որոշ ժամանակ լուռ էին։ Նրանց աչքերի մեջ ցոլանում էր խոր հուսալքումը։ Բոլորին էլ միևնույն միտքն էր համակել։ Դա թախծալի միտք էր. կտրված էին արտաքին աշխարհի հետ ամեն մի հաղորդակցությունից և, հավանորեն, այլևս երբեք չեն տեսնի մարդկային դեմքեր, իրենց ընկերների դեմքերից բացի։

Կասպարն առաջինն արտահայտեց այդ մռայլ նախազգացումը։

— Ախ եղբայր,— հառաչեց նա՝ դիմելով կողքին նստած Կարլին։— Ի՜նչ սարսափելի ճակատագիր։ Պետք է այստեղ ապրենք, այստեղ էլ մեռնենք, տնից, մարդկանցից հեռու, միայնակ, բոլորովի՜ն միայնակ։

— Ոչ,— պատասխանեց եղբոր հուսալքումից մինչև հոգու խորքը ցնցված Կարլը,— ոչ, Կասպար, դու միայնակ չե՛ս լինի։ Մենք այստեղ երեքով ենք և կպաշտպանենք մեկմեկու, այդ արդեն միայնություն չէ։ Մենք այլ ճանապարհ կորոնենք, իսկ քանի դեռ չենք գտել, թող այս հո-վիտը լինի մեր տունը։

Թեև Կասպարը գիտակցում էր, որ եղբայրն իրավացի է, բայց Կարլի խոսքերը չսրտապնդեցին նրան։ Նա, իհարկե, նկատեց, որ Կարլը դրանք շատ էլ վստահ չասաց բացահայտորեն ջանալով մխիթարել իրեն։ Պարզ էր, որ Կարլը ամեն կերպ ջանում էր զվարթ տեսք ընդունել և ուղեկիցնե-րին հույս ներշնչել, բայց հենց այդ էլ համոզում էր նրանց, որ նրա հոգում չկա ոչ կայտառություն, և ոչ էլ հույս։

Կարլի մխիթարիչ խոսքերին եղբայրը ոչինչ չպատասխանեց, իսկ Օսարուն տարակուսանքով շարժեց գլուխը։

Կասպարն ու Օսարուն, թվում էր, բոլորովին ընկճված էին։ Իսկ Կարլը, ըստ երևույթին, այնքան էլ մռայլ չէր նայում իրերին և, նստելով քարին, լարված մտորում էր ինչ-որ բանի մասին։

Որոշ ժամանակ անց ընկերները նկատեցին այդ, բայց չուզեցին նրան կտրել իր խոհերից։ Կռահում էին, որ շուտով ինքը կպատմի, թե ինչի մասին է մտածում։

Նրանք չսխալվեցին, որոշ ժամանակ անց Կարլը խոսեց.

— Բա՛վ է։ Միթե կարելի է այդքա՜ն հուսալքվել։ Քանի դեռ գլխովին չենք ջախջախվել անձնատուր չե՛նք լինի։ Ե՛ս ասացի ձեզ, թե ինչ նպատակ ունեի, երբ առաջին անգամ բարձրացա այդ ժայռախորշը և հայտնաբերեցի քարանձավը իր մռթմռթան բնակչի՝ աջի հետ։ Այն ժամանակ մտածեցի, որ եթե մեզ հաջողվի գտնել մեկը մյուսին հաջորդող և միմյանց բավական մոտ մի քանի խորշեր, կարելի կլինի դրանց վրա աստիճաններ դնել և վեր ելնել։ Ճիշտ մեր առջև տեսնում եք այդպիսի խորշերի մի շարք։ Դժբախտաբար, այստեղ, վերևում, ուր ժայռը ամենից մուգն է, կա ոչ ավե-լի, քան վաթսուն-յոթանասուն ոտնաչափ լայնությամբ մի արանք։ Ես այդ որոշեցի, համեմատելով քարանձավի գետնից ունեցած բարձրության հետ, բայց հենց որ հանդիպեցի արջին՝ չկարողացա դա չափել։ Մենք, իհարկե, չենք կարող այդքան երկար սանդուղք պատրաստել, իսկ եթե նույնիսկ պատրաստենք էլ, ոչ մի կերպ վեր չի հանվի։ Ուստի չարժե մտածել այստեղից ժայռը բարձրանալու մասին...

— Գուցե,— ընդհատեց նրան Կասպարը, որսալով եղբոր միտքը,— զառիթափի վրա կա որևէ այլ տեղ ուր խորշերը միմյանց ավելի մոտ են։ Դու լավ ես զննել շրջակայքը։

— Ո՛չ։ Ես այդ վայրը հասա, երբ հանդիպեցի արջուկին։ Եվ դուք գի-տեք, որ մեր արկածն ու քարանձավի հետախուզումը խլեցին ամբողջ ժամանակը և գլխիցս հանեցին սանդուղքների միտքը։ Բայց դրանով կարող եք հիմա զբաղվել։ Ամենից առաջ պետք է շրջանցենք հովիտը և տեսնենք, թե արդյոք չի կարելի սրանից ավելի լավ տեղ գտնել։ Այսօր ար-դեն ուշ է։ Սկսում է մթնել, իսկ այդպիսի գործի համար հարկավոր է ցե-րեկվա լույս։ Գնանք տուն՝ խրճիթ, ընթրենք և պառկենք քնելու։ Կարթ-նանանք ավելի առույգ տրամադրությամբ և վաղ առավոտից կմեկնենք հետախուզման։

Ո՛չ Կասպարը, ոչ Օսարուն չառարկեցին։ Ընդհակառակն, լսելով ընթրիքի մասին (երկուսն էլ շատ էին քաղցած), աշխույժ ոտքի ելան։ Կարլը քայլում էր առջևից, ընկերը ետևից, իսկ Ֆրիցը՝ բոլորի վերջում։

Նրանք վերադարձան խրճիթ։ Նախաճաշը պատրաստեցին և կերան այնպիսի եռանդով, որպիսին մարդուն տալիս է քաղցը, եթե նույնիսկ միսը համեղ էլ չէ։ Ապա երեքն էլ նոր հույսը սրտներում պառկեցին իրենց խոտե անկողիններում։


Գլուխ V. Կեսգիշերային հարձակում

Արդեն մի քանի ժամ էր, ինչ նրանք քնել էին, երբ հանկարծ արթնացան Ֆրիցի հաչոցից։ Հավատարիմ կենդանին սովորաբար գիշերում էր խրճիթում` պառկելով չոր խոտերի վրա։ Դրսից անսովոր աղմուկ լսելով, շունը միշտ վեր էր թռչում և որոշ ժամանակ թափառում խրճիթի շուրջը. հավաստիանալով, որ մոտակայքում թշնամիներ չկան, նա կամաց վերադառնում էր իր պառկելատեղը։

Ֆրիցն ամենևին էլ աղմկարար շուն չէր։ Նա չափազանց երկար էր ծառայել և շատ բան էր սովորել, որպեսզի զուր տեղը չհաչեր, ձայն էր հանում միայն արտակարգ դեպքերում, բայց հաչում էր խլացուցիչ։

Այս անգամ (դա պատահեց կեսգիշերին մոտ) երեք քնածներն արթ-նացան նրա տագնապալի ոռնոցից. չարագույժ ձայները անդրադարձվելով ժայռերից, ցրիվ եկան ամբողջ հովտով մեկ։ Նախազգուշական հաչ տալով, շուտ դուրս նետվեց խրճիթից և այժմ նրա հաչոցը գալիս էր լճի կողմից։

— Սա ի՞նչ բան է,— միաժամանակ դուրս թռավ որսորդների բերնից, որոնք արթնացել էին Ֆրիցի հաչոցից։

— Երևի ինչ-որ բան սաստիկ վախեցրել է Ֆրիցին,— պատասխանեց Կասպարը, որ մյուսներից ավելի լավ գիտեր շան բնավորությունը։

— Նա այսպես չի հաչի գազանի վրա, եթե իմանա, որ կարող է հաղթել նրան։ Հավատացնում եմ, որ այդ գազանը նրանից ոչնչով թույլ չէ։ Եթե զառամյալ յակը ողջ լիներ, կասեի` նա է որ կա։

— Հովտում վագրեր էլ կարող են լինել։ Առաջ դա մտքով չէր անցնում,— նկատեց Կարլը։— Իսկ այժմ հիշեցիք, որ կենդանաբանության դասագրքերում կարդացել եմ այդ մասին. այո, դա միանգամայն հավանական է։ Կարծում են, որ վագրն ապրում է արևադարձային կամ մերձարևադարձային վայրերում միայն։ Դա ճիշտ չէ։ Ասիական մայրցամաքում թագավորական բենգալյան վագրը տարածված է հյուսիսից շատ հեռու և հանդիպում է նույն լայնության վրա, որի վրա գտնվում է Լոնդոնը։ Գիտեմ, որ Ամուրիում, լայնության հիսուն աստիճանի մոտ, վագրեր են հանդիպել։

— Աստվա՜ծ իմ,— բացականչեց Կասպարը։— Կարող է և վագր լինել, իսկ մենք չենք էլ մտածել մեր խրճիթի համար դուռ պատրաստել։ Եթե վագր է...

Կասպարի խոսքերն ընդհատեց հեռվից լսվող մի տարօրինակ ձայն, որին խառնվում էր Ֆրիցի հաչոցը։

Դա փոքր-ինչ հիշեցնում էր փողի ձայն, միայն ավելի սուր էր ու բարձ-րատոն։ Թվում էր, թե գրոշանոց խաղալիք–եղջյուրիկ էին փչում, բայց և այնպես այդ ձայնի մեջ սարսափազդու ինչ-որ բան կար։

Հավանորեն այդ ձայնն էր վախեցրել Ֆրիցին, որ հազիվ լսելով, նա վազեց խրճիթ, կարծես ետևից վայրի ցուլերի մի ամբողջ նախիր էր ընկել, ու թեև Ֆրիցը շարունակում էր զայրացկոտ հաչել, բայց բնավ չէր պատ-րաստվում դուրս գար։

Երեք որսորդներից միայն մեկին էր վիճակվել կյանքում այդպիսի ձայներ լսել։ Դա Օսարուն էր։ Շիկարին իսկույն ճանաչեց այդ ձայները։ Նրան լավ հայտնի էր, թե որ գործիքն էր այդ ձայները հանում, բայց լսելով հովտից հասնող ղողանջները, նա այնքան էր զարմացել ու վախեցել, որ չհամարձակվեց այդ մասին իսկույն ասել ընկերներին։

— Երդվում եմ Ջահերնաուտի[2] կառքով,— քրթմնջաց նա։— Այսպես չի լինել.... չի լինել... Անկարելի՛ է նա այստեղ լինել։

— Ո՞վ։ Ին՞չը,— միաբերան հարցրին Կարլն ու Կասպարը։

— Նայիր, սահիբ։ Այդ նա է... նա,— չարագույժ շշնջյունով շտապ պատասխանեց Օսարուն։— Մենք բոլորս կործանվել։ Այդ նա է... նա... հզոր, ահեղ, ահե՜ղ աստվածը...

Լուսնի աղոտ շողքից բացի, որ պայծառ փայլում էր դրսում, խրճիթում լույս չկար, բայց առանց լույսի էլ երևում էր, որ շիկարին բանականությունը համարյա կորցնելու չափ վախեցած է։ Նրա ձայնից ընկերները նկատեցին, որ թաքնվում է խրճիթի ամենահեռավոր անկյունում։ Այստեղից էլ լսեցին շշուկով ասված նրա խոսքերը, խորհուրդ էր տալիս թաքնվել ու լռել։

Չիմանալով, թե խոսքն ինչ վտանգի մասին է, եղբայրները հնազանդվեցին և բացարձակ լռության մեջ չշարունակեցին նստած մնալ իրենց տեղերում։ Նախազգուշական խոսքեր շշնջալով, Օսարուն նույնպես լռեց։

Տարօրինակ ձայնը նորից կրկնվեց, այս անգամ թվաց, որ այն գործիքը խրճիթից ներս է մտցված։ Նույն ակնթարթում բացատը, որ լուսավորվել էր պայծառ լուսնից, ծածկվեց ինչ-որ հսկայական ստվերով, գիշերների թագուհին ասես հանկարծ թաքնվեց սև թուխպերի ետևում։ Մինչդեռ լուսինն առաջվա պես փայլում էր։ Նրան մթագնեց ոչ թե ամպը, այլ ինչ-որ հսկայական մի էակ, որ դանդաղ քայլում էր գետնի վրայով և կանգնել էր խրճիթի առաջ։

Կարլին ու Կասպարին թվաց, թե դրսում կանգնած է վիթխարի մեծության մի կենդանի` հսկայական, հաստ ոտքերով։ Նրանք երկուսն էլ իրենց տեսածից այնքան էին վախեցել, որքան և Օսարուն, բայց այլ պատճառով։ Ֆրիցը, ըստ երևույթին, մարդկանցից քիչ չէր վախեցել և սարսափից, Օսարուի նման, կորցրել էր ձայնը։ Քաշվելով մի անկյուն, շունը ծպտուն չէր հանում, կարծես ծնվել էր որպես անձայն մի դինգո։

Խրճիթում թագավորող կատարյալ լռությունը հավանաբար ներգործեց սարսափելի ստվերի վրա, մեկ անգամ էլ արձակելով իր զիլ շեփորականչը, նա տեսիլքի նման անձայն հեռացավ։

Կասպարի մեջ հետաքրքրությունը հաղթեց սարսափին։ Տեսնելով, որ տարօրինակ հյուրը հեռանում է խրճիթից, պատանին ծածուկ մոտեցավ ելքին ու դուրս նայեց։ Նրա օրինակին հետևեց Կարլը։ Նույնիսկ Օսա-րուն էլ խիզախեց իր թաքստոցից դուրս գալ։

Նրանք տեսան լճի ուղղությամբ հեռացող մի սև զանգված, որ վիթխարի չորքոտանու էր հիշեցնում, նա շարժվում էր փառաշուք լռությամբ, բայց այդ, իհարկե, ստվեր չէր, քանի որ, երբ անցնում էր առվի վրայով, այն տեղում, ուր առուն լիճն էր թափվում, լսվեց կենդանու ոտքերի ծանր-ծանր չրմփոցի ձայնը ջրի մեջ, և լճի հայելանման հարթությունն ալեկոծվեց։ Հասկանալի է, որ ստվերը չէր կարող խռովել ջուրը։

— Սահիբներ,— խորհրդավոր տեսքով ասաց Օսարուն,— դա կամ ինքը Բրահմա աստվածն է, կամ էլ...

— ...կամ էլ ի՞նչը,— հարցրեց Կասպարը։

— Հին թափառաշրջիկը։


Գլուխ VI. Զրույց փղերի մասին

— «Հին թափառաշրջի՞կը»,— կրկնեց Կասպարը։— Ինչ ես ուզում ասել, Օսի։

— Դուք, ֆերինգներ, նրան անվանել թափառաշրջիկ փիղ։

— Ա՜, փիղ է,— միաբերան բացականչեցին Կարլն ու Կասպարը, որոնց իսկույն հանգստացրեց այդ բնական բացատրությունը։

— Իհարկե, այդպես էլ պետք էր սպասել,— նկատեց Կասպարը։— Բայց փիղն ինչպե՞ս է ընկել այս հովիտը։

Օսարուն չէր կարող պատասխանել այս հարցին։ Հսկա կենդանու հայտնվելը նրան ևս շփոթեցրել էր. ճշմարիտն ասած, նա դեռևս հակված էր կարծելու, որ փղի կերպարանք է ընդունել բրահմանական աստվածների երրորդությունից[3] մեկը։ Ուստի նրան չէր զբաղեցնում այն հարցը, թե փիղն ինչպես է հովիտ թափանցել։

— Հնարավոր է, որ նա մոլորվել է, այստեղ է ընկել ցածրավայրից,— մտախոհ նկատեց Կարլը։

— Բայց ինչպես կարող էր հովիտ ընկնել,— նորից հարցրեց Կասպարը։

— Նույն այն ճանապարհով, որով և մենք,— պատասխանեց Կարլը։— Սառցադաշտով դեպի վեր և փապարով։

— Հապա այն ճե՞ղքը, որ խոչընդոտեց մեր ճանապարհը։ Այդ մասին մոռացե՞լ ես, եղբայր։ Փիղը ոչ մի կերպ չի կարող անցնել նրա վրայով, ախր թևեր չունի։

— Հասկանալի է,— համաձայնեց Կարլը։— Ես չասացի էլ, թե նա ճեղքի վրայով է անցել։

— Հաա՜, ուզում ես ասել, որ նա մեզնից շուտ է եկել այստեղ։

— Հենց այդ։ Եթե նա իսկապես փիղ էր, շարունակեց Կարլը,— ապա, իհարկե, մեզնից շուտ է հովիտ եկել։ Զարմանալի է, որ մինչև հիմա չենք հայտնաբերել նրա հետքերը։ Դու, Կասպար, երկայնքով ու լայնքով կտրել ես շրջակայքը։ Չի պատահե՞լ արդյոք, որ տեսնեիր փղի հետքերի նման ինչ-որ մի բան։

— Ոչ մի անգամ։ Մտքովս էլ չի անցել որոնել դրանք։ Ով կմտածեր, թե այստեղ կարող էր մագլցել ահագին փիղը։ Միթե նման անճոռնի կենդանիները լեռներ են բարձրանում։

— Սխալվում ես, բարեկամս։ Փիղը, որքան էլ դա տարօրինակ է, հիանալի մագլցել գիտի և ի վիճակի է բարձրանալ համարյա ամեն տեղ, ուր կարող է անցնել մարդը։ Ստույգ հայտնի է, որ Ցեյլոն կղզում փղերին հաճախ են հանդիպում Ադամի լեռնագագաթին, իսկ այնտեղ բարձրանալը ծանր խնդիր է նույնիսկ տոկուն ալպինիստների համար։ Զարմանալի ոչինչ չկա, որ փիղը հայտնվել է այստեղ։ Այժմ համոզված եմ, որ մենք հենց փիղ ենք տեսել։ Նա անշուշտ կարող էր մեզնից շուտ հովիտ ընկնել, մեզ նման սառցադաշտով վեր բարձրանալ և անցնել ճեղքը` քարե կամրջով։ Ես վստահ եմ, որ փիղն ընդունակ է դրան։ Իսկ գուցե,— շարունակեց Կարլը,— նա այստեղ է եկել արդեն վաղուց, ճեղքերը գոյանալուց առաջ։ Ով գիտի, հնարավոր է, որ նա արդեն շատ երկար է այստեղ ապրել` ամբողջ իր կյանքը, իսկ դա նշանակում է ուղիղ հարյուր տարի։

— Ես կարծում էի,— նկատեց Կասպարը,— որ փղեր հանդիպում են միայն հարթավայրերում, ուր կա հարուստ արևադարձային բուսականություն։

— Եվս մի սովորական մոլորություն,— առարկեց Կարլը։— Փղերը չեն սիրում արևադարձային ցածրավայրերը և նախընտրում են մնալ ավելի վերևներում, լեռներում, ուր բարձրանում են առաջին իսկ պատեհ առիթով։ Սիրում են լեռնային բարձունքների զով մթնոլորտը, ուր ճանճերն ու այլ աներես միջատները այնքան էլ չեն տանջում նրանց. չէ՞ որ չնայած հսկայական ուժին ու կաշվի հաստությանը, նրանք սաստիկ տառապում են այնպիսի չնչին միջատներից, ինչպիսիք են ճանճերը։ Վագրերի նման նրանց էլ չի կարելի համարել բացառապես արևադարձային կենդանիներ, փղերն էլ հիանալի կարող են ապրել լեռներում, ուր կլիման զով է, կամ է՛լ բարեխառն գոտու բարձր լայնություններում։

Կարլը ավելացրեց, որ իր համար բոլորովին անհասկանալի է, թե ինչպես իրենցից ոչ մեկը մինչև այժմ չի հանդիպել այդ վիթխարի կենդանու հետքերին, որը, ակներևաբար, իրենց հարևանն է եղել այն ամբողջ ժամանակ, քանի դեռ իրենք գտնվել են հովտում։ Կասպարը բաժանում էր նրա զարմանքը։ Բայց Օսարուն ամենևին այնքան էլ զարմացած չէր։ Շիկարիին տակավին իշխում էր այն սնոտի միտքը, որ իրենք տեսել են ոչ թե երկրային կենդանի, այլ Բրահմայի կամ Վիշնուի մարմնացումը։

Չփորձելով հերքել այդ անհեթեթ երևակայությունը, նրա ընկերները գլուխ էին ջարդում` կռահելու, թե ինչու ավելի վաղ չեն հանդիպել փղին։

— Վերջիվերջո,— ենթադրեց Կասպարը,— այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Հովտում կան շատ տեղեր, որ մենք չենք հետախուզել, օրինակ, թավ անտառի լայն գոտին` հովտի վերին ծայրի մոտ։ Մենք միայն առաջին եր-կու օրն ենք այնտեղ եղել, երբ հետապնդում էինք եղջերուին և դիտում ժայռերը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի անգամ այն կողմը որսի չեմ գնացել, միշտ էլ ավար եմ գտել լճի բաց վայրերում։ Իսկ փիղը իր համար ապաստան կարող էր որոնել այս անտառներում և, հավանորեն, այդտեղից դուրս է գալիս միայն գիշերները։ Ես վստահ եմ, որ հետքեր շատ կան, բայց մտքովս չի անցել փնտրել դրանք։ Բանն այն է, որ մենք նախապես կլանված էինք կամրջի կառուցմամբ, իսկ հետո զբաղվեցինք քարայրի ուսումնասիրությամբ։ Ո՜ւր էր մեզ ուրիշ բանի մասին մտածելու ժամանակ։

Կարլը համաձայնեց եղբոր փաստարկումներին, ըստ երևույթին, ամեն ինչ հենց այդպես էր եղել։

Հովտում փակված մնալու ժամանակվանից ի վեր, ապագայի նկատմամբ տագնապը չէր լքում նրանց. շարունակ մտածում էին, թե ինչպես այդտեղից դուրս պրծնեն, ու քիչ էին ուշադրություն դարձնում այն ամենին, ինչ անմիջականորեն չէր առնչվում նրանց խնդրին։ Նույնիսկ Կասպարը, որ թափառում էր հրացանը ձեռքին, շրջանցել էր հովտի մի մասը միայն, ասենք նա շատ էլ հաճախ չէր դուրս գալիս որսի։ Նրան հաջողվեց երեք կամ չորս օրում ստեղծել մսի մեծ պաշար։ Օսարուն խնամքով ապխտեց միսը, որը և եղավ նրանց հիմնական սնունդը։ Հազվագյուտ դեպքերում միայն, թարմ միս ձեռք բերելու նպատակով, դիմում էին հրացաններին. լճի վրա խփում էին մի քանի վայրի բադ կամ այլ մանր կենդանիներ, որոնք համարյա ամեն առավոտ մի հրացանազարկ հեռավորության վրա մոտենում էին խրճիթին։ Դրա համար էլ հովտի շատ անկյուններ մնացին չհետախուզված, և հեշտությամբ կարելի էր են-թադրել, որ փիղը ամբողջ ժամանակ որսորդներից աննկատ ապրում էր անտառում։

Երեքն էլ մի ժամից ավելի նստած, զանազան կռահումներ էին անում։ Բայց տագնապի առարկան, ըստ երևույթին, հեռացել էր, և շատ չանցած նրանք որոշեցին, որ այդ գիշեր փիղը չի վերադառնա։ Հանգստանալով, երեքն էլ նորից պառկեցին քնելու որոշելով հետագայում աչալրջորեն հետևել անսպասելիորեն հայտնված վտանգավոր հարևանին։


Գլուխ VII. Զենքերի նորոգումը

Հաջորդ առավոտյան բոլորն էլ արթնացան ծեգին և լուսադեմին խրճիթից դուրս եկան։ Կարլն ու Կասպարը չէին համբերում և ուզում էին ավելի շուտ իմանալ, թե դա ինչ փիղ էր, Բայց Օսարուն դեռևս շարունակում էր կասկածել նրա գոյությանը։ Իսկապես, փիղն, ընդամենը երեք-չորս ճիչ էր արձակել,հայտնվել ու անհետացել էր այնքան անձայն ու խորհրդավոր, որ որսորդներին սկսում էր թվալ, թե արդյոք քնի մեջ չէին տեսել։ Բայց այդպիսի հսկա կենդանին իրենից հետո չէր կարող հետքեր չթողնել։ Իսկ քանի որ նա անցել էր առվի, կամ, ավելի ճիշտ, այն փոքրիկ ծոցի վրայից, որի մեջ թափվում էր առուն, ապա ավազուտ ափերին հետքեր պետք է մնային։ Ուստի, հազիվ էր լուսացել, երբ բոլորն էլ ուղղվեցին դեպի այն վայրը ուր կենդանին անցել էր ծանծաղուտը։

Գալով այնտեղ, համոզվեցին, որ գիշերով իրենց մոտ եկողը իրոք փիղ է եղել։ Հսկայական, գրեթե տակառիկի տակի մեծության հետքերը խոր դրոշմվել էին փուխր ավազի մեջ, նույնպիսի հետքեր էլ երևում էին լճախորշի այն կողմը, ուր կենդանին դուրս էր եկել ջրից։

Օսարուն այլևս չէր տարակուսում, որ այդ հետքերը փղինն են։ Բենգալյան ջունգլիներում նա որսացել էր փղեր և լավ ծանոթ էր այդ հսկայա-կան կենդանիներին։ Այդպիսի հետքեր կարող է թողնել միայն իսկական փիղը։

— Եվ ինչքա՜ն էլ մեծ է,— վստահ հայտարարեց շիկարին և ավելացրեց, որ կարող է մինչև մեկ դյույմի ճշտությամբ որոշել փղի հասակը։

— Ինչպե՞ս կանես,— զարմացած հարցրեց Կասպարը։

— Ես այդ հեշտ իմանալ, սահիբ,— պատասխանեց Օսարուն,— միայն հարկավոր է թափառաշրջիկի ոտքը չափել։ Այ, այսպես, սահիբ...

— Այս խոսքերն ասելով, շիկարին գրպանից հանեց հաստ թելը և ընտրելով ամենապարզ հետքը, խնամքով փռեց հետքի շուրջը։ Այս ձևով նա իմացավ ոտնաթաթի շրջագիծը։

— Ահա, սահիբներ... — ասաց Օսարուն՝ ցույց տալով, թե որքան է փղի հետքի շրջագծի երկարությունը։— Երկու անգամ այս երկարությունը՝ հասնել ուսի վերևը։ Այստեղից Օսարուն իմանա՝ նա մեծ փիղ է։

Ոտնաթաթի շրջագիծը վեց ոտնաչափ էր, դրանից ինչպես հավաստիացնում էր շիկարին, հետևում էր, որ փղի բարձրությունը մոտ տասներկու ոտնաչափ էր։ Ուրեմն, շատ խոշոր փիղ է, որոշեց Կարլը։ Նա չէր կասկածում, որ եզրակացությունը ճիշտ է. նրան վիճակվել էր փորձառու որսորդներից լսել, որ փղի բարձրությունը, որպես կանոն, երկու անգամ մեծ է նրա ոտնաթաթի շրջագծի երկարությունից։

Հրաժարվելով այն մտքից, թե փղի կերպարանքով հայտնվել է նրա աստվածներից մեկը, Օսարուն վստահ հայտարարեց, որ այդ փիղը ոչ այլ ինչ է, եթե ոչ թափառաշրջիկ։ Կարլը իսկույն հասկացավ նրան։ Նա գիտեր, որ թափառաշրջիկ փիղը այն հին արուն է, որ գժտվել է իր հոտի հետ և վատ վարքի համար վռնդվել։ Ընկերակիցներից կտրվելով նա վարում է միայնակ կյանք, դրա համար էլ դառնում արտակարգ մռայլ ու դյուրագրգիռ, ոչ միայն հարձակվում է ճանապարհին հանդիպած ամեն մի կենդանու վրա, այլ նույնիսկ որոնում է այդպիսի առիթներ, կարծես նրա համար, որ թափի իր չարությունը։ Թե՛ հնդկական, թե՛ աֆրիկյան ջունգլիներում քիչ չեն այդպիսի փղերը. նրանք անխտիր հարձակվում են ամենքի ու յուրաքանչյուրի, այդ թվում նաև մարդու վրա։ Դրա համար էլ այն վայ-րերում, ուր նա սովոր է թափառել համարվում է ծայրահեղ վտանգավոր կենդանի։ Լավ ստուգված շատ դեպքեր են հայտնի, երբ այդ վիթխարի հրեշների ցասման զոհն են դարձել մարդիկ. այլ դեպքերում թափառաշրջիկ փիղը դարան է մտել բանուկ ճանապարհի մոտ, որպեսզի սպանի անզգույշ ճանապարհորդներին։ Դհեյրա-Դունի հովտում մի փիղ (մի ժամանակ վարժեցված է եղել, բայց հետո փախել է գերությունից) սպա-նել է մոտ քսան անցորդի, մինչև որ հաջողվել է նրան ոչնչացնել։

Լավ իմանալով թափառաշրջիկ փղի այդպիսի հակումները, Օսարուն ընկերներին խորհուրդ տվեց առաջիկայում կրկնապատիկ զգույշ լինել։ Խոհեմ Կարլը հաճույքով ընդունեց նրա խորհուրդը. չառարկեց նույնիսկ խիզախ, պոռթկուն Կասպարը։

Ուստի, փղին հանդիպելիս անակնկալի չգալու համար, որոշեց առաջին հերթին կարգի բերել զենքերը, իսկ ապա արդեն շարունակել ժայռերի հետախուզումը։

Հարկավոր էր հրացանների համար նոր կոթեր պատրաստել նոր կոթ գցել փոքրիկ կացնին ու Օսարուի նիզակին, քանի որ զենքերի բոլոր փայտյա մասերը կոտրտել ու վառել էին, երբ հարկադրված էին եղել քարայրի ճանապարհը լուսավորելու համար արջի ճարպից մոմեր պատրաստել։

Ստիպված էին հետաձգել սանդղախորշերի որոնումները, և առաջին հերթին, ինչպես հարկն է, զինվել, որպեսզի պատրաստ լինեն դիմավորելու ամեն մի թշնամու։

Հանգելով այս իմաստուն որոշմանը, նրանք վերադարձան խրճիթ, կրակ վառեցին և նախաճաշ պատրաստեցին, գնացին փայտ որոնելու, որ անհրաժեշտ էր զենքերը նորոգելու համար։

Նրանք հեշտությամբ գտան իրենց անհրաժեշտ նյութը, քանի որ հովտում աճում էին ամենաթանկարժեք տեսակի բազմաթիվ ծառեր։ Խրճի-թի մոտ ընկած էին այլ նպատակների համար կտրած և արդեն բավականաչափ չորացած ծառերը։

Որսորդները գիտեին, որ եթե համերաշխ գործի կպչեն և առավոտից մինչև մութն ընկնելն ու գիշերն էլ աշխատեն, արագորեն գլուխ կհանեն այնպիսի դատարկ գործից, ինչպիսին հրացանի և նիզակի համար նոր կոթեր պատրաստելն է։


Գլուխ VIII. Ժայռերի հետախուզումը

Երկու օր անընդհատ եռանդագին աշխատելով դանակներով որսորդները կարգի բերեցին հրացանները, կացինն ու նիզակը։ Օսարուն իր համար պատրաստեց նաև նոր աղեղ ու նետերով լի կապարճ։

Երրորդ օրը, նախաճաշելով, երեքն էլ հետախուզության մեկնեցին, որոշելով առանց բացառության զննել բոլոր ժայռերը։

Խրճիթի ու քարայրի միջև ընկած քարե պատի մի մասն արդեն մանրազնին հետազոտել էր Կարլը, դրա համար էլ նրանք հետախուզումը սկսեցին ճիշտ այն տեղից, ուր կանգ էր առել նա։

Ճշմարիտ է, նրանք մի անգամ արդեն դիտել էին շրջակա բոլոր ժայռերը, բայց դա հովիտ ընկնելուց անմիջապես հետո էր, և այն ժամանակ նրանք բոլորովին այլ նպատակ ունեին։

Այն ժամանակ նրանք միայն այնտեղից դուրս գալու ելք էին որոնում, և աստիճաններ տեղադրելու միտքը դեռևս մտքներով էլ չէր անցել։

Այժմ, նկատի ունենալով այդ ծրագիրը, նրանք նորից հետախուզման գնացին՝ համոզվելու համար, թե իրագործելի է արդյոք այդ նպատակը։ Այս անգամ նրանք բոլորովին այլ բան էին որոնում, դիտում էին, թե չեն գտնվի արդյոք մեկը մյուսի վրա հենված մի շարք խորշեր, որոնք հնարավոր լիներ միացնել աստիճաններով։ Միայն թե ուժերը բավականացնեին անհրաժեշտ քանակությամբ աստիճաններ պատրաստելու համար։

Որսորդները չէին կասկածում, որ իրենց կհաջողվի շատ երկար սանդուղքներ պատրաստել, միայն հարկ կլինի աշխատել երկար ու լարված։ Նրանց հայտնի էր, որ խրճիթից ոչ հեռու աճում են բազմաթիվ տիբեթյան սոճիներ, որոնցից կամուրջ էին պատրաստել ճեղքի վրայով անցնելու համար. ընտրելով ամենաբարակ, սլացիկ բները, նրանք պետք եղած թվով սանդուղքների համար քառասուն-հիսուն ոտնաչափ երկարությամբ համարյա պատրաստի կողեր կստանան։

Եվ եթե հաջողվի գտնել մի շարք այնպիսի խորշեր, որոնք մեկը մյու-սից հետո լինեին քառասուն ոտնաչափից ոչ ավելի, նրանք ժայռերը մագլցելու և հովտից հեռանալու հաստատ հույս կունենային. աշխարհի այդ ամենագողտրիկ անկյունը նրանց համար նողկալի էր դարձել, ինչ-պես մռայլ զնդանը։

Հուրախություն ընդհանուրի, շուտով գտնվեցին այդպիսի խորշեր, կարծես թե դրանք համապատասխանում էին անհրաժեշտ պայմաններին։ Խորշերը մեկը մյուսից, հավանաբար,հեռու էին երեսուն ոտնաչափից ոչ ավելի. քարե պատի մի մասը, ուր գտնվում էին այդ խորշերը, փոքր-ինչ բարձր էր այն ժայռերից, որոնք ժամանակին չափել էր Կարլը։ Դա երեք հարյուր հիսուն ոտնաչափից ավելի բարձրություն չուներ, բարձրություն, որն, իհարկե, հսկայական է, բայց աննշան էր թվում նույն այդ զառիթափի մյուս մասերի համեմատությամբ։

Մինչև կիրճը հասնելը կպահանջվի ընդամենը տասը սանդուղք յուրաքանչյուրը քսան-երեսուն ոտնաչափ երկարությամբ։ Նրանց տրամադրության տակ եղած գործիքներով այդպիսի սանդուղքներ պատրաստելն արտակարգ դժվար կլինի։ Բայց մի կարծեք, թե այդ հսկայական դժվարությունը ստիպեց նրանց հրաժարվել իրենց խնդրից։ Ջանացեք մտնել նրանց դրության մեջ, ուշադրություն դարձրեք, որ դա լեռնային «բանտից» դուրս պրծնելու միակ հույսն էր, և ձեզ համար պարզ կլինի, որ նրանք հաճույքով ձեռնամուխ կլինեին նույնիսկ շատ ավելի ծանր աշխատանքի։ Ճշմարիտ է, չէր կարելի հուսալ, թե այն շուտ կավարտվի։ Խոսքը ոչ թե մի քանի օրվա կամ շաբաթվա, նույնիսկ մեկ ամսվա մասին էր. նրանք գիտեին, որ մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի պատրաստեն այդ սանդուղքները, իսկ ապա սպասվում էր նոր աշխատանք՝ դրանք տեղադրելը.հարկ կլինի սանդուղքները մեկը մյուսի ետևից զառիթափով քաշել խորշերը և այստեղ տեղադրել։ Ամեն ոք կասի, որ ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ մեխանիզմներ, անկարելի է երեսուն ոտնաչափ երկարությամբ սանդուղքները հանել այդպիսի բարձրության վրա։

Իրոք անկարելի է, եթե գործ ունենանք սովորական ծանրության սանդուղքների հետ։ Բայց որսորդները կանխատեսել էին այդ դժվարու-թյունը և որոշեք շատ թեթև սանդուղքներ պատրաստել, որպեսզի դրանք դիմանային մարդու ծանրությանը միայն։

Նրանք համարյա համոզված էին, որ այդ վայրում իրենց մտածած եղանակով կարելի էր զառիթափը բարձրանալ, և որոշեցին ավելի մանրազնին հետախուզել ժայռերը. ապա որսորդները մտադիր էին շրջանցել ամբողջ հովիտը և տեսնել, թե չի գտնվի արդյոք մի վայր, ուր բարձրանալն ավելի դյուրին կլինի։

Այն վայրը, ուր կանգ էին առել, գտնվում էր այն խիտ անտառի կողքին, որի մասին խոսում էր Կասպարը և ուր իրենցից ոչ մեկը դեռևս չէր եղել։ Ծառերի ու ժայռի արանքում ձգվում էր նեղ անտառազուրկ շերտը, որտեղ թափված էին լեռներից գահավիժած քարերը։ Խոտի մեջ, միմյանց բավականաչափ մոտ, ընկած էին մի քանի խոշոր գլաքարեր, որոնցից մեկը ուներ քսան ոտնաչափ բարձրությամբ և հինգ-վեց ոտնաչափ տրամագծով սյան ձև։ Այդ գլաքարը նման էր կոթողի և կարելի էր կարծել, թե կանգնեցվել է մարդու ձեռքով։ Սակայն դա բնության խաղն էր. հավանաբար իր նահանջի պահին այն թողել է մի ժամանակ այստեղ գտնված սառցադաշտը։ Գլաքարի նիստերից մեկի վրա փորակներ էին եր-ևում, որոնցով ճարպիկ մարդը կարող էր բարձրանալ նրա վրա։ Հենց այդպես էլ վարվեց Օսարուն, մասամբ զվարճանալու համար, դրա հետ միասին, նա ուզում էր ավելի լավ դիտել ժայռը։ Շիկարին գագաթին կանգնեց մի քանի րոպե միայն և գոհացնելով իր հետաքրքրությունն, իջավ։


Գլուխ IX. Ընդհատված հետախուզություն

Թեև երեքն էլ, առավոտյան հետախուզման մեկնելիս, հիշում էին փղին և խոհեմաբար որոշել էին շրջանկատ գործել, բայց այնքան էին շտապում հետազոտել նախօրյակին հայտնաբերած խորշերը, որ շուտով նրանց գլխից թռավ վիթխարի կենդանու մասին միտքը։ Նրանք միայն ու միայն խորշերի ու սանդուղքների մասին էին մտածում և բարձրաձայն քննարկում էին, թե սանդուղքներն ինչպես ավելի լավ պատրաստեն ու ամուր տեղադրեն։ Բայց հենց այն պահին, երբ Օսարուն իջնում էր կոթողանման քարից, Ֆրիցը, որ դես ու դեն էր վազվզում անտառեզրին, սկսեց կատաղի հաչել ճիշտ և ճիշտ այն գիշերվա նման, երբ փիղն այցելեց խրճիթ։

Նրա հաչոցի մեջ վայրենի սարսափ էր հնչում, թվում էր, թե շունը վտանգի մեջ է և ինչ-որ բանից շատ է վախեցած։ Որսորդներն իսկույն մտածեցին փղի մասին և վայրկենապես շուռ եկան դեպի այն կողմը, որտեղից լսվում էր հաչոցը. բոլորն էլ բնազդաբար ձեռքները տարան զենքերին. Կարլը բարձրացրեց հրացանը, Կասպարը երկփողանին, իսկ Օսարուն լարեց իր աղեղը։

Բոլորն էլ շվարեցին և, երբ Ֆրիցը հանկարծ դուրս թռավ թփերից ու կծկած պոչով նետվեց դեպի նրանց` ավելի սուր զգացին վտանգը։ Շունը խուլ գռմռում էր։ Հավանաբար ինչ-որ գազան էր հարձակվել վրան, իսկ նրա տերերը գիտեին, որ քաջարի Ֆրիցին խայտառակ փախուստի կարող էր մատնել շատ սարսափելի թշնամին միայն։

Նրանք ստիպված չեղան երկար գուշակություններ անել, թե. ով է վախեցրել Ֆրիցին։ Նրա ետևից թփերից դուրս ցցվեց երկար, օձակերպ գորշ մի առարկա, որ ցցվել էր ոսկրե հսկայական եղջյուրներ հիշեցնող երկու դեղնավուն կիսալուսինների միջև։ Ապա երևացին կաշվե լայն լաթերի նման ահագին ականջները և, վերջապես, վիթխարի փղի կլոր հոծ գլուխը։

Կոտրատելով թփուտները, հրեշը դուրս եկավ թավուտից և սլացավ բացատով` իր առջևից սպառնալի շարժելով կնճիթը։ Փիղը հետապնդում էր Ֆրիցին, որը, ինչպես երևում է, շարժել էր նրա զայրույթը։

Դուրս թռչելով թավ թփուտներից, շունը նետվեց ուղիղ դեպի իր տերերը և այսպիսով փղին ուղղեց նրանց վրա։

Ֆրիցին սարսափելի հետապնդողից պաշտպանելու մասին մտածելու ժամանակը չէր։ Տեսնելով նոր, իր ժանիքներին առավել արժանի թշնամիների, թվում էր, թե փիղը մոռացավ իրեն զայրացրած փոքրիկ չորքոտանուն ու իսկույն ևեթ հարձակվեց երկոտանիների վրա, կարծես որոշել էր պատժել տերերին` ծառայի հանդգնության համար։

Կողք-կողքի կանգնած, որսորդները առաջին հայացքից հասկացան, որ փղի ցասումն արդեն Ֆրիցի վրա չէր ուղղված, որովհետև հրեշն այժմ սուրում էր ուղիղ իրենց վրա։

Խորհրդակցելու ժամանակ չկար. այդպիսի պահին էլ ինչ խոր-հուրդներ։ Ամեն ոք պետք է գործեր այնպես, ինչպես ներշնչում էր բնազդը։ Նրանք այդպես էլ վարվեցին։ Կարլը հրացանից գնդակ արձակեց վրա հասնող թշնամու ժանիքների արանքը, իսկ Կասպարի երկու փողերից միաժամանակ կրակեց հրեշի գլխին։ Փղի կնճիթի մեջ մեխվեց Օսարուի նետը, և հաջորդ վայրկյանին շիկարին ցույց տվեց կրունկները։

Կարլն ու Կասպարը նույնպես փախան, քանի որ թեկուզ մեկ վայր-կյան ևս այդ վտանգավոր հարևանության մեջ մնալը բացահայտ անխելքություն կլիներ։ Սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ առաջինը փախան Կարլն ու Կասպարը, քանի որ առաջինն էին կրակել, իսկ կրակելուց հետո ամեն մեկը փրկվեց ինչպես կարող էր։ Նրանք փախ-չում էին կողք-կողքի։

Բարեբախտաբար, մոտակայքում գտնվեց ցածր հորիզոնական ճյուղերով մի մեծ ծառ, որոնց վրայով հաջողվեց արագորեն ելնել գագաթը։ Օսարուն Փախուստի դիմեց նրանցից ընդամենը մեկ վայրկյան հետո։ Բայց այդ կարճ պահը վճռեց փղի ընտրությունը, և նրա կատաղությունը թափվեց շիկարիի վրա։

Շիկարին ուզում էր նետվել դեպի ծառը, ուր սուրում էին մյուսները, բայց փղի կնճիթն արդեն մեկնվել էր այդ ուղղությամբ և իրեն կբռներ ավելի շուտ, քան կհասցներ մագլցել անհրաժեշտ բարձրության վրա։ Օսարուն մի քանի ակնթարթ կանգ առավ անվճռականության մեջ, նկատելիորեն կորցնելով սովորական սառնասրտությունը։

Մինչդեռ փիղը մոտենում էր նրան, թափահարելով պարանի նման բարակ պոչն ու հորիզոնական դիրքում պահելով կնճիթը, որի վրա ցցված էր Օսարուի նետը։ Ըստ երևույթին, նա գիտեր, թե ով է իր կռճիկավոր կնճիթի մեջ մեխել այդ փուշը, որը հավանաբար, նրան ավելի ցավ էր պատճառել, քան հաստ գանգի վրա տափակած կապարե գնդիկները։ Դրա համար էլ նա որոշել էր ամենից առաջ շիկարիից վրեժ լուծել։ Օսարուի վիճակը ծայրաստիճան վտանգավոր էր։ Կարլն ու Կասպարը, ովքեր համեմատաբար ապահով դրության մեջ էին, սարսափից ճչացին` համոզված լինելով, թե եկել է իրենց հավատարիմ առաջնորդի և ուղեկցի վերջը։

Թվում էր, թե վերահաս կործանումը շփոթեցրել էր Օսարուին։ Բայց դա տևեց ընդամենը մի ակնթարթ, մինչև նա կորոշեր` չնետվել արդյոք դեպի ծառը։ Տեսնելով, որ այդ կերպ փրկվելն անհնար է, նա նետվեց հակառակ կողմը։

Ու՞ր։ Դեպի կոթողը։ Այո, բարեբախտաբար, քարե սյունը, որից նա հենց նոր էր իջել, ընդամենը տասը քայլի վրա էր, և Օսարուն հինգ ոստյունից հետո սուրաց հասավ նրան։ Նա դեն նետեց այժմ արդեն անօգուտ զենքը և, կառչելով քարի դուրս ցցված մասերից` սկյուռի արագությամբ վեր մագլցեց։

Շիկարին փայլուն կերպով ապացուցեց իր ճարպկությունը։ Եվս մեկ վայրկյան, ևս կես վայրկյան և ուշ կլիներ. նա չէր հասցրել գագաթը ելնել, երբ փիղը սրածայր կնճիթով բռնեց նրա խալաթի փեշից և եթե հագուստն ավելի պինդ կտորից լիներ, Օսարուն վայր գցվեր ու վայրկենապես թավալգլոր կլիներ։

Սակայն մաշված, շատ բան տեսած բամբակյա գործվածքը պատռվեց բարձր ճայթյունով. շիկարիի «փեշը» պոկված էր, բայց խելքը կորց-նելու չափ ուրախ էր, որ հին հագուստը փրկեց իր կյանքը։


Գլուխ X. Օսարուն կոթողի վրա

Եվս մի ակնթարթ և Oսարուն կանգնած էր կոթողի գագաթին։ Բայց նա ամենևին էլ վստահ չէր, թե խուսափել է վտանգից, քանի որ փիղը չէր կորցրել նրան հասնելու հույսը։ Տեսնելով անհաջողությունը, կատաղած կենդանին կնճիթով դեն շպրտեց գործվածքի պոկած կտորը, բարձրացավ ետևի ոտքերին, և ուղղվելով, առջևի ոտքերով հենվեց քարե սյանը։

Կարելի էր կարծել, թե փիղն ուզում է մագլցել կոթողն ի վեր. բարեբախտաբար, նա չկարողացավ այդ անել։ Համենայնդեպս Օսարուն ամենևին էլ վտանգից զերծ չէր. փիղը կանգնել էր ետին ոտքերին, և նրա ճկուն, ամբողջ երկայնքով ձգված կնճիթը շիկարիի ոտքերից ընդամենը վեց դյույմ էր հեռու։

Օսարուն կանգնած էր իր պատվանդանին, արձանի պես ձգված, թեև սարսափից աղավաղված նրա դեմքը ոչնչով չէր հիշեցնում արձան։ Նրա ամբողջ կերպարանքը խոսում էր ծայրաստիճան հուզմունքի մասին։ Եվ զարմանալի էլ չէր, նա հասկանում էր, որ եթե փղին հաջողվի ևս մի քանի դյույմ էլ երկարել կնճիթը, նա կոթողից վայր կգցվի որպես ողորմելի ճանճ։

Ուստի նա կանգնել էր ծայրահեղ տագնապահար` դիտելով, թե ինչպես է հրեշը ամբողջ ուժով ջանում հասնել իրեն։

Փիղը գործում էր խոհեմ ու եռանդով. նախ նա ուղղվեց ամբողջ հասակով, կարելի է ասել կանգնեց թաթերի վրա, ապա գտնելով, որ դա բավարար չէ, ընկավ չորս ոտքերի վրա ու նորից ուղղվեց` փորձելով ավելի վեր ձգվել։

Նա ջանաց շիկարիին հասնել կոթողի տարբեր կողմերից կարծես հույս ուներ հիմքի մոտ գտնել փոքր-ինչ բարձր տեղ, որը թույլ կտար նրան ելնել ևս մի քանի դյույմ ու բռնել իր զոհին։

Ի երջանկություն Օսարուի, փիղը առավելագույն բարձրության հասավ, երբ առաջին անգամ ելավ ետին ոտքերին, ու թեև շարունակում էր թափառել կոթողի շուրջը, բայց նրան հաջողվեց կնճիթով դիպչել շիկարիի կանգնած հարթակի ծայրին միայն։

Օսարուն արդեն բավարարված էր դրանով, նա կարող էր իրեն վտանգից դուրս համարել, եթե չլիներ մի անհանգստացնող հանգամանք։ Կանգնելով պստլիկ հարթակի վրա, որի տրամագիծը հազիվ էր անցնում նրա ոտնաթաթի երկարությունից, մեծ դժվարությամբ էր պահում հավասարակշռությունը։ Եթե գետնին լիներ, դա նրա համար դժվարություն չէր ներկայացնի, բայց բանն այլ էր քսան ոտնաչափ բարձրության վրա, իսկ քանի որ նրա նյարդերը սպառնացող վտանգից ծայրաստիճան լարված էին, ապա մեծ դժվարությամբ էր պահում հավասարակշռությունը։

Թեև Օսարուն ընդամենը մի «հեզաբարո հնդիկ» էր, բայց անսովոր քաջության տեր էր. արդեն երկար տարիներ որսորդ էր և սովոր էր վտանգել կյանքը։ Եթե Օսարուն վախկոտ կամ վտանգներին չընտելացած մարդ լիներ, հավանաբար, սարսափից կմահանար և կգլորվեր անողոք հրեշի մեջքին։ Սակայն ամբողջ քաջությամբ հանդերձ նա ի վիճակի էր միայն հավասարակշռությունը պահպանել։

Դժբախտաբար, Օսարուն չէր կարող հենվել նիզակին, քանի որ դեն էր նետել այն, երբ մագլցել էր ապառաժը։ Նա գոտուց հանեց որսորդական դանակը, բայց ոչ թե պաշտպանվելու, այլ հավասարակշռությունն ավելի լավ պահպանելու համար։ Ճշմարիտ է, նա փափագ ունեցավ կռճիկավոր կնճիթից մի կտոր պոկել, բայց կռանալու սիրտ չարեց` վախենալով կորցնել հավասարակշռությունը։

Նրան ոչինչ չէր մնում անել, եթե ոչ պահպանել ուղղահայաց վիճակը. հավաքելով ողջ արիությունը, նա կանգնել էր ուղիղ ու անշարժ, որպես բրոնզե արձան։


Գլուխ XI. Այնուամենայնիվ տապալվեց

Օսարուն այդպիսի վիճակում մնաց մի քանի րոպե, իսկ փիղը ամբողջ ժամանակ փորձում էր հասնել նրան։

Կարլն ու Կասպարը, որ նստել էին բարձր ծառին, սկզբից մինչև վերջ եղել էին այդ տեսարանի վկաները։ Օսարուի դրությունը Կասպարին կարող էր զվարճալի թվալ, եթե չլիներ այն վտանգը, որին ենթակա էր շիկարին։ Իսկ վտանգն այնքան ակնհայտ էր, որ Կասպարը չէր էլ մտածում ծիծաղել ու տագնապով նայում էր Օսարուին։ Կարլը նույնպես հուզմունքով էր սպասում վախճանին։ Բայց եղբայրները նրան ոչնչով չէին կարող օգնել, քանի որ անզեն էին. նրանք գցել էին իրենց զենքերը, երբ բարձրացել էին ծառը։

Որոշ ժամանակ հետևելով փղին, Կասպարը համոզվեց, որ կենդանին չի կարող հասնել Օսարուին, քանի դեռ նա ապառաժի գագաթին պահպանում է հավասարակշռությունը։ Նույն եզրակացությանը եկավ նաև Կարլը։ Եվ նրանք սկսեցին աղաղակներով քաջալերել շիկարիին, որպեսզի իրեն ավելի պինդ պահի։ Բայց շուտով Կարլը նկատեց Կասպարի ուշադրությունից վրիպած մի հանգամանք, և այդ հայտնագործումը ստիպեց նրան սարսռալ։ Նա տեսավ, որ ամեն անգամ, երբ փիղը վեր էր կենում ու հենվում կոթողին, այն թեթևակի երերում էր։ Օսարուն նույնպես նկատեց այդ և լրջորեն անհանգստացավ, որովհետև նրա համար գնալով դժվարանում էր հավասարակշռություն պահպանելը։

Վերջապես, Կասպարը ևս ուշադրություն դարձրեց երերացող ապառաժին, բայց այդ շատ էլ չանհանգստացրեց նրան. ծանոթ լինելով շիկարիի ճարպկությանը, վստահ էր, որ կկարողանա կանգնած մնալ կոթողին։ Բայց երիտասարդ բուսաբանը ապառաժից Օսարուի ընկնելուց չէր վախենում միայն. նրան հուսահատեցնում էր մի միտք, որը չէր անցել պակաս խորաթափանց եղբոր գլխով։

Ապառաժի երերումը ստիպեց Կարլին մտածել չափազանց վտանգավոր հետևանքների մասին։ Բայց ինչպիսի՞։ Ամեն ինչ կբացատրեն մեզ այն բառերը, որոնցով նա այդ պահին դիմեց Կասպարին։

— Ա՜խ, եղբայր,— բացականչեց նա՝ նկատելով վտանգը։— Ինչ կլինի, եթե ապառաժն ընկնի։

— Մի վախենա,— ընդհատեց նրան Կասպարը,— նա բավականաչափ ամուր է կանգնած։ Ճիշտ է, թեթևակի դողում է, երբ այդ անասունը հար-ձակվում է։ Բայց ես կարծում եմ, որ առայժմ վախենալու բան չկա։

— Իսկ իմ կարծիքով, վտանգն առկա է,— առարկեց Կարլը և նրա ձայնի մեջ տագնապ լսվեց։— Ճիշտն ասած,— ավելացրեց նա,— այժմ, քանի դեռ փիղը փորձում է հասնել Օսարուին, շիկարիին ոչինչ չի սպառնում, բայց փիղը կարող տակտիկան փոխել։ Այդ արարածները զարմանալի խելա-ցի են։ Եվ եթե միայն նա նկատի, որ իր ծանրությունից սյունը ճոճվում է, գլ-խին նոր միտք կփչի, ու այն ժամանակ Օսարուի համար ամեն բան կվերջանա։

— Հա՜, ես սկսում եմ քեզ հասկանալ,— ասաց Կասպարը՝ վարակվելով եղբոր տագնապից։ — Ահա թե վտանգն ինչումն է։ Ուրեմն ի՞նչ ենք անելու այժմ։ Եթե հրացան ունենայինք, կարող էինք հրեշի վրա կրակ բացել։ Թերևս չէինք էլ սպանի նրան, բայց, համենայն դեպս, կհաջողվեր Օսարուից ուշադրությունը շեղել կամ էլ գազանին խանգարել մտածել այն, ինչի մասին այժմ խոսում էինք մենք։ Պետք է իջնենք ու զենք ձեռք բերենք։ Ի՞նչը կարող է խանգարել մեզ։ Փիղն այժմ չափազանց զբաղված է իր գործով, հազիվ թե մեզ նկատի։

— Իսկապես, հիանալի՜ միտք է, Կասպար։

— Դե, ուրեմն եկ ի կատար ածենք։ Ես կիջնեմ գետնին, դու իջիր իմ ետ-ևից` մինչև ներքևի ճյուղերը, և ես քեղ կտամ զենքերը... Դիմացիր և մի վախենա։ Օսի,— բարձր գոչեց երիտասարդ որսորդը։— Մենք հիմա նրան կք-շենք... Խուտուտ կածենք, նրա հաստ կաշուն մեկ-երկու ունցիա արճիճ կտանք։

Այս խոսքերն ասելիս Կասպարն սկսեց արագորեն ճյուղից ճյուղ իջնել, իսկ Կարլը որոշ հեռավորության վրա հետևեց նրան։ Կասպարն արդեն հասել էր ներքևի ճյուղին, իսկ Կարլը նախավերջինին, երբ հանկարծ լսվեց խլացուցիչ մի դղրդյուն և ականջ ծակող ճիչ։ Եղբայրները սարսափած շուռ եկան։ Այն կարճ ժամանակում, երբ նրանք կոթողին էին նայում, այդ հետաքրքիր պատկերը արմատական փոփոխություն էր կրել։ Քսան ոտնաչափ բարձրությամբ քարե սյունը այլևս ուղղահայաց չէր կանգնած, այլ համարյա հորիզոնական ընկած էր գետնին` իր գագաթով ճնշելով մի ամբողջ կույտ ծառերի ճյուղեր։ Կոթողի հիմքը դուրս էր եկել հողից, իսկ նրա մոտ փիղն էր, բայց արդեն ոչ թե երկու կամ նույնիսկ չորս ոտքի վրա ` նա պառկած էր մեջքի վրա թափահարելով չորս ոտքերը և ամբողջ ուժով ջանում էր վեր ելնել։ Օսարուն ոչ մի տեղ չէր երևում։ Պատահել էր այն, ինչից վախենում էր Կարլը։ Գլխի ընկնելով, որ իր կնճիթը չի հասնի շիկարիին, և զգալով, որ կոթողը երերում է, փիղը ոտքի էր կանգնեի հզոր կրծքով հենվել ապառաժին ողջ ծանրությամբ ընկել նրա վրա. սյունը տապալվել էր կողքին կանգնած բարձր շագանակենու վրա, ծառը կոտրվել էր և ճարճատյունով ընկել։ Անճոռնի հսկան կորցրել էր հավասարակշռությունը և կոթողի հետ տապալվել գետնին։ Մի խոսքով, չորսից ոչ մեկն էլ տեղում կանգնած չէր մնացել, ո՛չ ծառը, ո՛չ կենդանին, ո՛չ ապառաժը, ո՛չ մարդը, որովհետև հասկանալի է, որ Օսարուն վայր էր ընկել կոթողի հետ միասին։

Բայց ու՞ր էր անհետացել Օսարուն։ Դա առաջին բանն էր, որ մտածեցին թե Կարլը, թե Կասպարը։

— Ա՜խ, եղբայր,— հառաչեց Կասպարը,— վախենամ՝ նա զոհված լինի...

Կարլը լռեց, բայց, այնուամենայնիվ, Կասպարի բարձրաձայն արտասանած խոսքերը անպատասխան չմնացին։ Հազիվ էին դրանք թռել նրա շուրթերից, երբ տապալված շագանակենու ճյուղերի միջից լսվեց ծանոթ ձայնը, որից եղբայրների սիրտը ուրախությունից բաբախեց։

— Ո՛չ, երիտասարդ սահիբ,— պատասխանեց անտեսանելի Օսարուն,— ինձ չսպանել, ինձ չվնասել։ Միայն հեռանալ ծեր թափառաշրջիկից, և ես առողջ եմ, ինչպես միշտ։

Ահա՛ ես փախչել...

Նույն վայրկյանին էլ շիկարին դուրս թռավ ծառի ճյուղերից, որոնց մեջ նա ժամանակավորապես թաղվել էր, և որքան ուժ ուներ ոտքերում սուրաց դեպի այն ծառը, որի վրա եղբայրներն ապաստան էին գտել։

Փիղը չէր հասցրել ոտքի ելնել, երբ Օսարուն արդեն անվտանգ տեղ էր գրավել բարձր ծառի վերին ճյուղերի վրա, ուր բարձրացել էին նաև Կարլն ու Կասպարը՝ մոռանալով իրենց հրացանների մասին։


Գլուխ XII. Շրջանաձև վազք

Երեքն էլ նստած էին բարձր ճյուղերին։ Այլևս փղից վախենալու հարկ չկար, և կարող էին հետևել նրան զգալով իրենց լիովին անվտանգ։ Միայն Ֆրիցին էր վտանգ սպառնում, բայց հսկայի չար սովորությունները արդեն լավ ծանոթ էին շանը և նա այնքան խելացի էր ու այնպես արագավազ, որ միշտ էլ կարող էր փրկվել։

Իսկ փիղը, ոտքի ելնելով, մի քանի ակնթարթ կանգնեց, բացահայտ տարակուսանքով՝ հսկայական ականջները թափահարելով, ասես շշմել էր անսպասելի արկածից։ Սակայն նա երկար չպահպանեց այդ հանգիստ կեցվածքը։ Նետը, որ տակավին ցցված էր կնճիթում, վրիժառության ծարավ էր արթնացնում։ Զայրացկոտ բարձրացնելով պոչը և արձակելով սուր ճիչեր, նա նետվեց դեպի տապալված ծառը և իր երկար կնճիթը մխրճեց նրա ճյուղերի մեջ։ Փիղը վերցնում էր դրանք մեկը մյուսի ետևից, ասես ինչ-որ բան էր որոնում. շիկարիին էր փնտրում։

Որոշ ժամանակ անց, նա թողեց այդ զբաղմունքը և սկսեց բացահայտորեն շվարած կերպարանքով աչք ածել շուրջը՝ չհասկանալով, թե ուր է կորել մարդը։ Նա չէր տեսել, թե շիկարին ինչպես էր փախել, քանի որ վերջինս հասցրել էր թաքնվել, քանի դեռ ինքը թավալվում էր մեջքի վրա. բայց այստեղ նրա աչքին ընկավ Ֆրիցը. շունը պահվում էր այն ծառի ճյու-ղերի ետևում, որի վրա թաքնվել էին նրա տերերը և հաջող դիրքի համար ակնհայտորեն նախանձում էր նրանց։

Ֆրիցն իսկույն գրավեց վրիժառու գազանի ուշադրությունը։ Չէ՞ որ ինքն առաջինն էր հանդիպել փղին, երբ նա քարշ էր գալիս թավուտում, նա քաշեց իրեն գնդակների ու նետերի այդ սարսափելի կարկուտի տակ։ Եվ հենց որ փղի հայացքն ընկավ շան վրա, կատաղությունը կրկնապատիկ ուժով արթնացավ հսկայի մեջ. կտրուկ բարձրացնելով պոչը, նա սրընթաց նետվեց իր ոխերիմ թշնամու վրա։

Եթե վարազ կամ նույնիսկ ցուլ հարձակվեր, Ֆրիցը ոչ մի դեպքում չէր փախչի, նա կցատկեր մի կողմ, որպեսզի խուսափեր հարվածից, և իր հերթին, կհարձակվեր թշնամու վրա։ Բայց այս չորքոտանին տան մեծություն ուներ, և Ֆրիցը ծնված չլինելով Արևելքում, քիչ էր ծանոթ նրան։ Եվ ի՞նչ կարելի էր անել, երբ այդ հսկան ուներ այնքան սարսափելի դեմք մի քանի ոտնաչափ երկարությամբ լեզու և հրեշավոր ժանիքներ։ Ուստի զարմանալի և Ֆրիցի համար ոչնչով ամոթաբեր չէր, որ նա շուռ եկավ ու սլացավ հեռու։ Այնքան արագ էր փախչում, որ արդեն կես րոպեից հետո, ոչ միայն ծառի վրա նստած նրա տերերը, այլև հետապնդող փիղը աչքից կորցրին նրան։ Մի քանի տասնյակ ոտնաչափ վազելով շան ետևից, կենդանին գլխի ընկավ, որ զուր է և հրաժարվեց հետագա հետապնդումից։

Երբ փիղը հալածում էր շանը, որսորդները հույս ունեին, թե հետապնդումը վտանգավոր գազանին հեռու կտանի և իրենք կհասցնեն իջնել ու փախչել։ Սակայն նրանց հիասթափություն պատեց, քանի որ հաստակաշի հսկան շանը հետապնդելուց հրաժարվելով վերադարձավ, նորից կնճիթով տակնուվրա արեց շագանակենու ճյուղերն ու սկսեց թափառել վայր գցած կոթողի շուրջը, ըստ որում շարունակ ուղիղ շրջաններ էր գծում, կարծես պատրաստվում էր կատարելու որևէ կրկեսային համար։

Մեկ Ժամից ավելի փիղը շարունակեց այդ շրջանաձև զբոսանքը, մեկ-մեկ կանգ առնելով և սուր ճիչ արձակելով, բայց ամբողջ ժամանակ նա շարժվում էր մռայլ ու լուռ։ Երբեմն նա հայացքը հառում էր ընկած ծառի ճյուղերին և նույնիսկ կնճիթը երկարում, ասես դեռևս շարունակում էր կասկածել, որ այնտեղ է թաքնվում նա, ով իր կնճիթի վրա նետ էր արձակել։ Իսկապես, դիտելով նրա շարժումները, կարելի էր կարծել, որ հսկում է այդ տեղը, որպեսզի թշնամին չփախչի։ Նա ոտքը դնելով նետի վրա և մի կողմ քաշելով գլուխը, վաղուց արդեն կնճիթից հանել էր նետը։

Մինչդեռ Ֆրիցը գաղտագողի մտել էր անտառեզրը և պառկել թփերի մեջ՝ այնպես հպվելով գետնին, որ չերևար փղին։

Ծառին նստած որսորդները խիստ սրտնեղել էին, որ իրենց գերությունն այդքան ձգձգվեց, և սկսեցին մտածել, թե ինչպես դուրս պրծնեն այնտեղից։ Առաջարկ եղավ գրոհել և վերցնել զենքերը, բայց այդ չափազանց վտանգավոր թվաց Կարլին։ Ծառից մինչև տապալված կոթողը տասներկու յարդից ավելին չէր, իսկ փիղը, որ շարունակ ուշադիր շուրջն էր զննում, իհարկե, կնկատեր նրանց ծառից իջնելը։ Թեև այդ ծանրամարմին կենդանին սովորաբար քայլում էր անշտապ, սահուն, բայց նա կարող է համարյա վազել քառատրոփ արշավող ձիու արագությամբ, և եթե իսկույն նկատի իրենց, ապա հազիվ թե խուսափեն նրա կառչուն կնճիթից։

Դրանից բացի, եթե նույնիսկ հաջողվի էլ վերադառնալ դեպի ծառը, նրանց տեսնելով փիղը նորից կգազազի և այդ դեպքում արդեն չի գնա այստեղից։

Կար նաև մի այլ նկատառում, որ ստիպում էր նրանց համբերատար նստել ծառին։ Որսորդներն իրենց հետ միայն սահմանափակ քանակությամբ վառոդ ու գնդակներ էին վերցրել, պաշարները վերջանում էին, և ողջամտությունը պահանջում էր դրանք խնայողաբար ծախսել։ Կարլի մոտ մնացել էր ընդամենը երկու գնդակ և ուղիղ երկու կրակոցի համար էլ վառոդ. ասենք Կասպարի վառոդամանն ու պայուսակն էլ ավելի լիքը չէին։ Նրանք կվտանգեին ծախսել արճճի ամբողջ պաշարը և, այնուամենայնիվ, կարող էին չսպանել կենդանուն, որն ընդունակ է քայլել բոլորովին անվրդով` հաստ կաշվի մեջ ունենալով երկու տասնյակ գնդակ։ Այդ կրակոցները կարող էին կատաղեցնել նրան, և փիղը ոչ մի գնով չէր հեռանա։

Դա իսկական «թափառաշրջիկ» էր, ինչպես անվանում էր նրան Օսարուն, և դրա հետ միասին նաև զառամյալ ժանիքավոր, այդ պատճառով էլ ծայրաստիճան վտանգավոր էր, և թեև նրանք գիտեին, որ մինչև փղին չսպանեն այդ հովիտում անվտանգ չեն լինի, բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ավելի խելացի կվարվեն, եթե առայժմ նրան հանգիստ թողնեն և սպասեն հարմար պահի։

Կշռադատելով բոլոր այս հանգամանքները, նրանք որոշեցին զգաստ նստել ծառին ու համբերատար սպասել շրջանաձև վազքի ավարտին, որ դեռևս շարունակում էր կատարել զառամյալ ժանիքավորը։


Գլուխ XIII. Տարօրինակ երևույթ

Մի ամբողջ ժամ ծառի վրա բույն դրած որսորդների համբերությունը դաժան փորձության ենթարկվեց։ Թափառաշրջիկը առաջվա նման ման էր գալիս ապառաժի շուրջը, մինչև որ տրորելով բացեց մի շավիղ, որ նման էր երեկոյան ներկայացումից հետո կրկեսային հրապարակի։

Հասկանալի է, որ հանդիսականների համար ժամանակը շատ դանդաղ էր ընթանում, չխոսելով արդեն Ֆրիցի մասին, որը անշուշտ, բավարարվեց շատ ավելի համեստ ծրագրով։

Ինչ վերաբերում է մարդկանց, ապա նրանք ստիպված էին չափազանց տհաճ ժամ անցկացնել, եթե այդ ձանձրալի ներկայացումը չընդ-հատվեր մի միջախաղով, որը շատ հետաքրքրեց նրանց և հատկապես բնախույզ Կարլին։ Հրապուրվելով դրանով, նրանք նույնիսկ մոռացան կատաղի թշնամուն մոտ լինելու և պաշարման մեջ գտնվելու մասին։

Մնալով ծառին նստած, նրանք պատահականորեն դարձան մի ուշագրավ տեսարանի վկաներ, որպիսին կարելի էր թաքուն տեսնել միայն կուսական անտառի ամենամենավոր անկյունում։

Այն ծառից ոչ հեռու, որի վրա նստել էին նրանք, կանգնած էր նույն մեծության, բայց այլ տեսակի մի ուրիշ ծառ։ Նույնիսկ Կասպարը, որ բոլորովին տգետ էր բուսաբանությունից, իսկույն որոշեց, թե դա ինչ ծառ է։ Ծառն ուներ հարթ կեղև և լայն տարածված ճյուղեր. դա եվրոպական իր ազգակցից ոչնչով չտարբերվող ժանտաթզենի էր։

Տարիների հետ այդ գեղեցիկ ծառը դառնում է փչակավոր։ Մեծ փչակներ են առաջանում ոչ միայն արմատի մոտ, այլև հանդիպում են զգալիորեն ավելի վեր` բնի և նույնիսկ հաստ ճյուղերի վրա։

Ժանտաթզենին մի քանի յարդ հեռու էր Կարլի, Կասպարի և Օսարուի նստած ծառից։ Նա գտնվում էր ուղիղ նրանց առջևում, և երբեմն, երբ նրանք փղի միակերպ շարժումներին հետևելուց ձանձրանում էին, ու մի հայացք էին նետում ժանտաթզենու վրա։ Ցանցառ սաղարթների արան-քից երևում էր բույնը և նրանից դեպի տարբեր կողմեր ելնող հաստ ճյուղերը։

Համարյա առաջին հայացքից Կասպարը ծառի վրա ինչ-որ տարօրինակ բան նկատեց։ Այդ պատանին սուր աչք և լավ դիտողականություն ուներ։ ժանտաթզենու գլխավոր բնի վրա, առաջին ճյուղավորումից վեց ոտնաչափ վեր, նա տեսավ ինչ-որ մի բան, որն իսկույն գրավեց իր ուշադրությունը, դա մեծ այծեղջյուրի նման ինչ-որ բան էր. ավելի ճիշտ, այն կարելի էր համեմատել ռնգեղջյուրի ծուռ եղջյուրի կամ շատ ջահել փղի ժանիքի հետ. այդ եղջյուրը ոչնչով ոստ չէր հիշեցնում։

Մեկ կամ երկու անգամ Կասպարին թվաց, որ այդ առարկան շարժվում է, բայց դրանում նա տակավին վստահ չէր և ընկերներին ոչինչ չասաց` երկյուղ կրելով թե իրեն կծաղրեն։ Կարլը հաճախ էր ծիծաղում եղբոր վրա` բռնելով նրան տգիտության մեջ։

Կասպարին հետաքրքրեց իր նկատած տարօրինակ երևույթը, և նա սկսեց գաղտագողի հետևել դրան։ Շուտով ծուռ եղջյուրի շուրջը նա ութսուն դյույմ տրամագծով սկավառակի նմանվող և ժանտաթզենու կեղևից շատ ավելի մուգ ինչ-որ մի բան նկատեց։ Իսկույն երևաց, որ սկավառակը փայտյա չէր. այն, ինչպես և նրանից դուրս ցցված ոսկրյա ծուռ առարկան շեշտակիորեն աչքի էր զարնում բնի ֆոնի վրա։ Եթե Կասպարին հարցնեին, թե այդ սկավառակի նյութն իրեն ի՞նչ է հիշեցնում, նա կպատասխաներ, նման է այն ցեխին, որով ծիծեռնակներն իրենց բներն են ծեփում։

Կասպարը շարունակում էր դիտել այդ երկու հետաքրքրաշարժ առարկաները` եղջրանման պալարը ու այն մուգ շրջանը, որից դուրս էր ցցված նա, և հենց որ համոզվեց, որ առաջինը պատկանում է կենդանի էակի, որոշեց այդ մասին հայտնել իր ընկերներին, նա այդպիսի եզրակացության եկավ, երբ տեսավ, որ եղջյուրը հանկարծ անհետացավ, կարծես ներքաշվեց ծառի մեջ և նրա տեղում մնաց միայն Կլոր, մուգ անցքը։ Հետո դեղնավուն եղջյուրը նորից հայտնվեց անցքի մեջ և դուրս ցցվեց։

Կասպարը չափազանց զարմացած էր և չէր կարող այդ գաղտնիքը պահել, ուստի և իր հայտնագործության մասին անմիջապես պատմեց Կարլին ու Օսարուին։

Երկուսն էլ միաժամանակ նայեցին ցույց տված ուղղությամբ։ Կարլն այդ երևույթից նույնքան էր շվարած, որքան և Կասպարը։ Բայց Օսարուն՝ ոչ։ Նա հազիվ էր տեսել ոսկրյա ծուռ եղջյուրը և մուգ շրջանը, երբ անտարբեր տոնով, որով խոսում են ամենասովորական առարկաների մասին, ասաց.

— Ռնգեղջյուր — թռչունը բնի մեջ է։


Գլուխ XIV. Հետաքրքրաշարժ բույնը

Այդ պահին ծռած պալարն անհետացավ փչակում և մնաց միայն մուգ անցքը։ Կարլը, ինչպես մեկ րոպե առաջ Կասպարը, նայում էր լիովին տարակուսած։

— Բու՞յն,— կրկնեց շիկարիի խոսքերից զարմացած Կասպարը։— Թռ-չունի բո՞ւյն։ Դու թռչունի բույն՞ի մասին ես ասում, Օսի։

— Այո, սահիբ։ Մեծ-մեծ թռչունի բույն։ Ֆերինգներ անվանել նրան ռնգեղջյուր։

— Այո,— ասաց Կասպարը, որ շիկարիի բացատրությունից շատ բան չէր հասկացել,— այդ շատ հետաքրքիր է։ Մենք տեսանք եղջյուրի նման ինչ-որ մի բան, որ դուրս էր ցցվել ծառից,այդ ավելի շատ նման էր ոսկորի, քան եղջյուրի։ Միգուցե դա թռչունի կտուց է։ Բայց ասա, խնդրեմ, հապա որտե՞ղ են թռչունն ու նրա բույնը։

Օսարուն պատասխանեց, որ բույնը գտնվում է փչակում, իսկ թռ-չունը՝ բույնի մեջ, ուր և նա պետք է լինի. տեսել էր նրա կտուցը միայն։

— Ինչպե՜ս։ Թռչունը նստա՞ծ է այն ծակի մեջ, որտեղից դուրս է ցցված այդ սպիտակ բանը։ Ախր եղջյուրը գրավում է ամբողջ անցքը և եթե թռչունն իրոք այնտեղ է, եթե այդ առարկան նրա կտուցն է, ապա կարող եմ ասել, որ կտուցը պետք է ամբողջ մարմնի մեծութ յան չափ լինի։ Այլապես ինչպե՞ս կանցնի այդքան փոքր ծակով։ Դրանից բացի ուրիշ անցք չկա։ Բայց գուցե այդ թռչունը սղոցկտո՞ւցն է։ Ես լսել եմ թե որտեղով անցնի այդ թռչունի կտուցը, կանցնի նաև ինքը… Սղոցկտուց չի՞ արդյոք, նա, Օսարու։

Օսարուն չէր կարող ասել, սղոցկտուց է թե ոչ, քանի որ երբեք չէր լսել այդպիսի թռչունի մասին։ Թռչնաբանությունից նրա գիտելիքները Բենգալիայի սահմաններից դուրս չէին գնում, իսկ սղոցկտուցն ապրում է Ամերիկայում։ Նա կրկնեց, որ ֆերինգներն այդ թռչունին անվանում են «ռնգեղջյուր» կամ «ռնգեղջյուր-թռչուն». Օսարուն ավելացրեց, որ նա սա-գի մեծության է, իսկ իրանը կտուցից մի քանի անգամ հաստ, թեև կտուցը շատ հաստ է թվում։

— Եվ դու ասում ես, թե նրա բույնն այնտե՞ղ է, փչակում,— հարցրեց Կասպարը, ցույց տալով հազիվ երեք դյույմ տրամագծով փոքր կլոր անցքը։

— Դե, այո, երիտասարդ Սահիբ,— եղավ Օսարուի պատասխանը։

— Հասկանալի է, որ այնտեղ պետք է, որևէ կենդանի էակ լինի, որովհետև մենք տեսանք, որ այդ եղջյուրը շարժվում է, իսկ եթե այդ թռչունը սագի մեծության է, ապա չե՞ս բացատրի մեզ, թև նա ինչպե՞ս է մտնում փչակ ու դուրս գալիս այնտեղից։ Երևի, բնի մյուս կողմում երկրորդ ավելի մեծ անցք կա։

Ոչ, սահիբ, վճռական առարկեց Օսարուն։— Այն, ինչ դուք տեսնել ձեր առաջ ռնգեղջեուրի բույնի մեկ մուտքն է։

— Այ դա լավ է, Օսի, դու ուզում ես ասել, որ սագի մեծությամբ թռչունը կարող էր այդ ծակից ելնել ու մտնել։ Ախր ագռավն էլ դժվարությամբ կանցնի այնտեղից։

— Ռնգեղջյուրը չի մտնում ու ելնում։ Նա այնտեղ մնում մինչև ձագերի բնից դուրս գալը։

— Բավական է, Օսի,— ծաղրանքով ասաց Կասպարը։— Այդ հեքիաթը լավ է փոքրիկ երեխաների համար։ Մի՞թե, կարծում ես, որ մենք դրան հավատում ենք։ Կարելի՞ բան է, որ թռչունը մինչև ձագուկների մեծանալը մնա բնի մեջ, իսկ այն ժամանակ ի՞նչ է լինում։ Մի՞թե ձագերը կօգնեն մորը դուրս գալու այնտեղից։ Հապա իրենք ինչպես դուրս կգան։ Ախր ես ենթադրում եմ, որ նրանք բնից դուրս չեն գա, քանի դեռ չեն մեծացել… Լսիր, բարի շիկարի, հերիք մեզ հանելուկներ ասես, պատմիր, ամեն բան պատմիր ինչպես որ կա։

Այստեղ շիկարին պատմեց այն ամենը, ինչ գիտեր այդ զարմանալի թռչունի մասին։ Պատրաստվելով դուրս բերել ձագերին, ասաց նա,— ռնգեղջյուր-թռչունը ծառի վրա ընտրում է ճիշտ այնպիսի չափի փչակ, որպեսզի այնտեղ կարողանան տեղավորվել թե ինքը և թե իր պատրաստված բույնը։ Երբ բույնը շինված է և ձվերն ածված, էգը թուխս է նստում և փչակում մնում է ոչ միայն այնքան մինչև, դուրս գան ձագերը, այլև շատ ավելի երկար ժամանակ՝ մինչև որ ձագերը ոտքի կանգնեն և կարողանան ինքնուրույն ապրել։ Արուն, որպեսզի այդ ամբողջ ժամանակամիջոցում կարողանա պաշտպանել նրան լափող կզաքիսների, մանգուստների և այլ «տականքների». հարձակումներից, հենց որ էգը թուխս է նստում, ձեռնամուխ է լինում որմնագիրի աշխատանքին։ Իր մեծ կտուցն օգտագործելով նախ որպես դույլիկ, ապա նաև փոքր բահ, նա որմնափակում է բնի մուտքը՝ թողնելով սոսկ մի ոչ մեծ անցք, էգի կտուցի չափով։ Նրա համար շինանյութ է ծառայում մոտակա առվակից կամ Ճահճից հանվող կավը, որը հիշեցնում է այն նյութը, որից իր զարմանալի բույնն է կառուցում սովորական ծիծեռնակը։ Չորանալուց հետո կավն այնքան է ամրանում, որ կարող է դիմանալ ցանկացած թռչունի կամ գազանի հարձակմանը։ Իսկ երբ էգի ահագին կտուցը դուրս է ցցվում՝ ամբողջովին բռնելով անցքը, լպրծուն ծառաօձն անգամ չի կարող թափանցել փչակը։ Այդ կերպ լիովին հեռու մնալով վտանգից՝ էգը հանգիստ ձագեր է հանում։

Այստեղ Կասպարն ընդհատեց Օսարուին։

— Ինչպե՞ս,— ասաց նա։— Էգը ամբողջ շաբաթներ նստում է բնում և ոչ մի անգամ դուրս չի՞ գալիս։ Հապա ինչո՞վ է կերակրվում։

Օսարուն չէր հասցրել պատասխանել այդ հարցին, երբ նրանք լսեցին մի սարսափելի աղմուկ, որ գալիս էր հեռվից, ասես երկնքից։ Այդ աղմուկը կարող էր վախեցնել այն մարդուն, ով առաջին անգամ էր լսում և չգիտեր, թե բանն ինչում է։ Դա ինչ-որ ճարճատող, չրխկացող ձայն էր, ավելի ճիշտ մի շարք ձայներ, որոնք նման էին փոթորկի ժամանակ անտառի աղմուկին։

Օսարուն իսկույն ևեթ ճանաչեց այդ ձայնը։ Չպատասխանելով Կասպարի հարցին, նա ասաց.

— Սպասիր, սահիբ։ Գալիս է պառավ ռնգեղջյուրը։ Նա ցույց տալ, ինչպես կերակրել էգին։

Նա դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ ընկերները հասկացան այդ տա-րօրինակ աղմուկի պատճառը։ Դա մի մեծ թռչուն էր, որ թևերն ուժեղ թափահարելով, թռավ այն ծառի կողքով, որի վրա նստել էին իրենք, և գնաց դեպի դիմացի ծառը, որի վրա բույնն էր։

Մի վայրկյան անց նրանք նկատեցին, որ թռչունը նստել է չոր ոստին, անմիջապես փչակի տակ, և Օսարուն այլևս կարող էր ընկերներին չբացատրել, թե այդ արուն ռնգեղջյուր-թռչունն է։ Ելունով մեծ կտուցը, որ նման էր եղջյուրի, ինչպես և անցքից դուրս ցցված մյուս կտուցը, պսակված էր ահագին սաղավարտով, որն այնպես էր բարձրանում գլխի վրա և վերից ծածկում կտուցը, որ կարելի էր կարծել թե երկրորդ կտուց է, այդպիսի տարօրինակ «գլխարկը»կարող էր պատկանել միայն էգ ռնգեղջյուր-թռչունին։


Գլուխ XV. Ռնգեղջույր-թռչունը

Ճշմարիտ է, դեռևս Կարլին չէր վիճակվել կենդանի ռնգեղջյուր-թռչուններ տեսնել, բայց թանգարանում դիտել էր դրանց խրտվիլակները։ Եվ նրա համար դժվար չէր թռչունին ճանաչելը։ Նա նույնիսկ կարող էր որոշել, թե որ տեսակին է պատկանում այդ թռչունը, քանի որ գոյություն ունի ռնգեղջյուր-թռչունների մի քանի տարատեսակ։ Նրանց առջև այժմ տոպաուն էր կամ եղջերավոր հնդկական ագռավը,որովհետև իր արտաքինով ու սովորություններով նա հիշեցնում է մեզ համար սովորական այդ թռչունին։

Օսարուն չէր չափազանցնում՝ այդ թռչունին համեմատելով սագի հետ։ Ընդհակառակն, մի բան էլ պակասեցնում էր, քանի որ արուն սագից անհամեմատ մեծ է։ Նա ուներ ավելի քան երեք ոտնաչափ երկարություն՝ հաշված պոչի ծայրից մինչև ծուռ կտուցի վերջը, իսկ կտուցը համարյա մեկ ոտնաչափ երկարություն ուներ։ Արուի փետուրները վերևից սև էին, իսկ փորիկը՝ բաց դեղին, պոչի փետուրները վառ սպիտակ էին՝ մեջտեղում հատված սև շերտով։ Կտուցը, ինչպես և էգինը, բաց դեղին էր, արմա-տի մոտ կարմրավուն, իսկ «սաղավարտը» սև ու սպիտակախառն։

Հարկ եղավ, որ Օսարուն պատմի ամեն բան, ինչ գիտեր այդ հետաքրքրաշարժ թռչունի մասին։ Ճիշտ է, Հնդկաստանում ռնգեղջյուր-թռչուն ի մի քանի տարատեսակ է ապրում, բայց այնտեղ դրանք այնքան էլ հաճախ չեն հանդիպում։

Կարլը շիկարիից շատ ավելի բան գիտեր թռչունների այդ տեսակի, նրանց բնորոշ առանձնահատկությունների ու սովորությունների մասին, և իհարկե, կպատմեր իր ընկերներին, եթե նրանք տարված չլինեին ուրիշ բանով։ Կատաղած փիղն, իսկապես որսորդներին պաշարման մեջ էր պահել, նրանք միայն կարճ ժամանակով էին ուշադրությունը շեղել՝ դիտելով թռչունին և Կարլը թռչնաբանությունից դասախոսություն կարդալու հավես չուներ։ Նա կարող էր պատմել, թե ռնգեղջյուր-թռչունների դասակարգման շուրջը որքան երկար են վիճել թռչնաբանները։ Ոմանք նրանց դասել են սղոցկտուցների թվին, մյուսները ենթադրել են, որ կարելի է վերագրել ագռավների ընտանիքին։ Միայն ահագին կտուցը չէ, որ մերձեցնում է նրան սղոցկտուցի հետ։ Սղոցկտուցի նման նա էլ է որսը դեպի վեր նետում, բռնում ու կուլ տալիս թռչելու ժամանակ։ Բայց, ի հակադրություն սղոցկտուցի, այդ թռչունը չի կարող բարձրանալ ծառերի վրայով, այնպես որ դրան չի կարելի դասել մագլցողների թվում։ Նրան ամենակեր են համարում, բայց, ինչպես արդեն ասել ենք, ռնգեղջյուր-թռչունների շատ տեսակներ կան, և հեղինակների մեծամասնությունը, հավանորեն, շփոթում է զանազան, միմյանցից խստորեն տարբերվող տեսակների սովորությունները։ Գոյություն ունեն աֆրիկյան, հնդկական և ինդոնեզական տեսակներ, մեկ կաս երկու ինքնատիպ տեսակների կարելի է հանդիպել Նոր Գվինեայում։ Բոլոր այս տեսակները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափերով, գույնով, կտուցի ու նրա մակաճի ձևով, այլև օգտագործած սննդով։ Օրինակ, աֆրիկյան ռնգեղջյուր թռչունը և որոշ ասիական տեսակներ գիշակերներ են, իսկ ուրիշները նույնիսկ սնվում են լեշերով։ Դրանք զզվելի թռչուններ են, որոնց միսն ու փետուրները, ինչպես և ուրուրներինը, սուր գարշահոտ են արձակում։ Մյուս կողմից, Ինդոնեզիայում, հատկապես Մոլուքյան կղզիներում, բնակվում է միայն մշկընկույզներով սնվող տարատեսակը, որի շնորհիվ նրա միսն աչքի է ընկնում հիանալի համ ու հոտով և բարձր է գնահատվում արևելյան խորտկագետներից։ Այդ թռչունների կտուցի վրա որոշակի տարիքում երևան են գալիս փորակներ կամ ակոսիկներ։ Ակոսիկները նկատելի են միայն պառավ թռչունների մոտ, և Մոլուքյան կղզիներում ապրող հոլանդական գաղութաբնակները դրանցով են փորձում որոշել թռչունի տարիքը՝ գտնելով, որ յուրաքանչյուր ակոսիկը համապատասխանում է մեկ տարվա։ Դրա համար էլ նրանց մոտ ռնգեղջյուրը ստացել է «տարեկան թռչուն» անունը։

Ինչպես արդեն ասացինք, ռնգեղջյուր-թռչունի բոլոր այդ տարատեսակները շատ լավ հայտնի էին Կարլին։ Բայց տվյալ պահին նա չէր էլ մտածում իր գիտելիքները ընկերների հետ բաժանելու մասին, քանի որ երեքն էլ ակնապիշ հետևում էին արուին։ Անկասկած այդ թռչունը պատկանում է գիշակերներին, որովհետև, երբ արուն վայրէջք կատարեց, երևաց, որ նրա կտուցից ինչ-որ երկար, պարանի կտորի նման բան է կախված, նրանք տեսան, որ դա օձի գլուխն ու մարմնի մի մասն է։ Ակներև էր, որ էգը նույնպես չէր ընտելացել բուսական կերին, քանի որ դիտորդները արուի շարժումներից հասկացան, որ օձը նախատեսված է էգի համար։ Անկասկած էր,որ դա էգի ճաշն էր, քանի որ ժամանակը մոտենում էր կեսօրին։

Նրան վիճակված չէր երկար սպասել։

Իջնելով երկար ոստի վրա, էգին կերակրողը գլխի շարժումով օձի կտորը նետեց օդ և թռիչքի ժամանակ բռնեց այն, ոչ թե կուլ տալու համար, այլ որպեսզի ավելի հարմար բռներ և ավելի ճարպկորեն խոթեր էգի կտուցի մեջ, որը դուրս էր ցցվել անցքից և բացված՝ կերի էր սպասում։ Եվս մի ակնթարթ ու համեղ պատառը արուի կտուցից անցավ էգի կտուցը. կարծես փղոսկրից պատրաստված հզոր աքցանները ամուր ճզմեցին օձին և վայրկենապես թաքնվեցին փչակում։

Արուն ոչ մի րոպե ծառի վրա չմնաց։ Նա էգին ճաշ էր բերել և, հավանաբար, աղանդեր էլ պետք է բերեր։ Նա բարձր թափահարելով թևերը իսկույն վեր սլացավ, ընդ որում նրա եղջերավոր ծնոտները չրխկացին կաստանետների նման և այդ արտասովոր ձայնը կարող էր վախեցնել նման թռչուններին անծանոթ մարդուն։


Գլուխ XVI. Չորքոտանի բանդիտը

Երբ թռչունը, որի մասին երիտասարդ արկած որոնողներն այնքան հետաքրքիր բան իմացան, թռավ. փիղը նորից գրավեց նրանց ուշադրությունը։ Ոչ այն պատճառով, որ նա փոխել էր իր տակտիկան (նա առաջվա պես շրջաններ էր գծում), այլ նրա համար, որ որսորդները գիտեին, թե քանի դեռ փիղն այստեղ էր, չեն կարող ծառից ներքև իջնել. և նրանք շուռ եկան դեպի փիղը, տեսնելու, չի պատրաստվում արդյոք հեռանալու։ Բայց ավա՜ղ։ Փիղը այդ տեղը լքելու որևէ մտադրություն ցույց չէր տալիս։

Դիտելով իրենց թշնամուն, նրանք շուռ եկան ժանտաթզենուց և, հավանաբար, շուտ հայացք չէին ձգի նրա վրա, եթե չլսեին ռնգեղջյուր-թռչունի բնից իրենց հասնող մի ձայն։ Դա ցածր, բավականին խղճալի ձայն էր, որ նման չէր թռչունի ճիչի, ասենք թռչունն ընդհանրապես չէր էլ կարող նման ճիչ արձակել։ Թվում էր, որ դա կենդանու, կամ նույնիսկ մարդու ձայն էր, որոշակի լսվում էր... «վա-վա-վա»։

Բայց դա մարդ չէր։ Օսարուն առաջին իսկ հնչյուններից կռահեց, թե ով է, եղբայրները նույնպես արագ հասկացան, թե բանն ինչումն է։ Շուռ գալով դեպի ժանտաթզենին, նրանք երկար ոստի վրա, ուր քիչ առաջ արու ռնգեղջյուրն էր նստել, տեսան բոլորովին այլ տեսակի մի էակ՝ չորքոտանիների ներկայացուցչին։

Նա ուներ մեծ, կլորաձև մարմին և շատ հաստ շերտավոր աղվամազ պոչ, գազանիկի դունչը կարճ էր ու կլոր, ինչպես կատվինը. հարթ, փայլուն, աղվամազե մորթին ասես մուշտակ լիներ գլխից մինչև ոտքերն իջած։ Նա ուներ մուգ շիկակարմիր, ոսկեգույն երանգափայլով մեջք, փայլուն սև փոր, սպիտակ այտեր և դնչի վրա դեղին շերտիկ։ Ճիշտն ասած, Կասպարն ինքն էլ այսպիսի գեղեցիկ արարած հազվադեպ էր տեսել։

Ի պատասխան եղբոր հիացական բացականչությանը, Կարլն ասաց, որ հայտնի բնախույզ Կյուվեն Կասպարից դեռ շատ առաջ գնահատել է այս կենդանու գեղեցկությունը։

Օսարուն գիտեր, որ նրան անվանում են «վա» (նմանաձայնական անվանում) իսկ երբեմն էլ՝ «չիտվա» կամ «արշակատու»։

Օսարուից լսելով այդ անունը՝ Կարլն իսկույն հասկացավ, թե ում հետ գործ ունի։

Փոքրիկ գազանիկին բարձր ոստի վրա տեսնելով, Կարլն ու Կասպարը առաջին իսկ հայացքից համոզվեցին նրա ճարպկության մեջ, իսկ հաջորդ ակնթարթին համոզվեցին, որ նա թռչունի ձվերն անուշ անելուն դեմ չէ։ Մեկ րոպե էլ չէր անցել, երբ գլխի ընկան, որ արջակատուն հետամուտ էր եղել ռնգեղջյուր-թռչունի ձվերին, իսկ գուցե և պատրաստ է հենց թռչունի մսի համն էլ տեսնելու։

Կանգնելով ոստի վրա, նա արջուկի նման բարձրացավ իր ետին մեծ թաթերին և սկսեց առջևիններով ճանկռոտել երկար փոքր պատը, որը բարձրացնելու համար արուն այնքան ժամանակ ու աշխատանք էր թափել։ Թերևս, եթե ոչ ոք չխոչընդոտեր, դա գազանիկին կհաջողվեր ներխուժել բույնը, համենայն դեպս նա այդպիսի մտադրություն ուներ։ Սակայն նրան խանգարեցին։ Ճիշտ է. փչակում գտնվող էգը շատ էլ չէր կարողանում պաշտպանվել, թեև ամբողջ ժամանակ կտուցը մերթ դուրս էր հանում, մերթ ներս քաշում, և նրա զայրացկոտ շչյունն ապացուցում էր, որ հասկանում է սպառնացող վտանգը ու գիտի, թե ինչպիսի թշնամի է գրոհում նրա բերդը։

Գազանիկն ամբողջ ուժով ճանկռոտում էր պատը, և հնարավոր է, որ նրա մագիլների հարվածների տակ դա փուլ կգար, բայց հանկարծ ծառերի վրա ուժեղ ճարճատյուն, չրխկոց ու բախյուն լսվեց, իսկ մեկ վայրկյան անց ծեր արուի լայն, տարածուն թևերը սկսեցին սուլել չորքոտանի ավազակի գլխավերևում և երկար, սուր, դաշույնի նման կտուցը վայրկենապես ընդհատեց նրա չարագործ ջանքերը։

Անակնկալի եկած արջակատուն վախեցավ, քանի որ պառավ արուն, ընտանիքի ամեն մի ղեկավարի նման, որը տուն վերադառնալով թալանչիների է գտնում այնտեղ, կատաղի զայրույթով հարձակվեց նրա վրա։

Սակայն ավազակը, որ երևի սովոր էր այդօրինակ հակահարվածի, շուտով տիրապետեց իրեն. փախչելու փոխարեն, նա ավելի պինդ ամրացավ ոստին և, շուռ գալով դեպի իր փետրավոր հակառակորդը, պատրաստվեց մարտի։

Եվ մարտն սկսվեց. թռչունն անդադար հարձակվում էր թշնամու վրա, խփում նրան իր հզոր թևերով ու կտցահարում ահագին կտցով, իսկ գազանը ատամներով ու թաթերով կատաղի ետ էր մղում՝ երբեմն իր թևավոր ախոյանի կրծքից փետրափնջեր պոկելով։


Գլուխ XVII. Միջամտում է Ֆրիցը

Թե ինչով կվերջանար արջակատվի ու ռնգեղջյուր-թռչունի մենամարտը՝ այդ կարելի էր միայն ենթադրել։ Ամենայն հավանականությամբ, չորքոտանին երկոտանու նկատմամբ հաղթանակ կտաներ, կքանդեր բույնի պատը, էգին բույնից վար կնետեր, ավելի շուտ, կսպաներ ու կուտեր, իսկ նրանից հետո կոչնչացներ նաև ձվերը։

Բայց ճակատագրի գրքում այս փոքրիկ դրամայի համար, երևի, այլ լուծում էր նախասահմանված, քանի որ հանկարծ կատարվեց ինչ-որ մի բան, որ փոխեց պայքարի բնույթը,և մի շարք միջադեպերից հետո մարտն, ինչպես նրա մասնակիցների, այնպես էլ դիտողների համար, ավարտվեց շատ անսպասելի ձևով։

Առաջին միջադեպը, որ շեշտակի փոխեց գործի վիճակը, չափազանց զվարճալի էր և շարժեց ծառի վրա նստածների ծիծաղը։

Մարտի թունդ պահին ետին թաթերին կանգնած արջակատուն շուռ եկավ փոքր անցքից, որ բույնի դուռն էր։ Այդ կողմից վտանգ չսպասելով, թալանչին ջանում էր վերևից հարձակվող արուից պաշտպանել իր աչքերը։ Բայց բնում գտնվող էգը, որ լավ էր տեսնում այն ամենը, ինչ կա-տարվում էր դրսում, չէր էլ մտածում անտարբեր հանդիսատես մնալ։ Հարմար պահ ընտրելով, երբ թշնամին բոլորովին մոտ էր փչակին, նա կամաց դուրս հանեց իր երկար փղոսկրի պես ամուր կտուցն ու ամբողջ ուժով հարվածեց արջակատվի աչքին. սուր կտուցը բրիչի նման մխրճվեց մինչև ոսկորը։

Այդ անսպասելի հարձակումից շշմած, գազանիկը ցավից սուր ճիչ արձակեց և վայրկենապես գլորվեց ծառից, թվում էր, որ նա մտածում էր միայն փախուստի մասին։ Չնայած աչքի կորստին, այդ, անտարակույս, կհաջողվեր, բայց նրան հետևում էր մեկ այլ թշնամի, որի հետ ևս վիճակ-ված էր նրան կռվի բռնվել։ Ծառը շրջապատող թփերի միջից նայող Ֆրիցին գրավել էր մենամարտի աղմուկը և ավելի մոտենալով, նա հետևում էր մարտին։ Ազնիվ Ֆրիցը չէր կարող չկարեկցել անմեղ թռչունին, որի վրա հարձակվել էր ստոր թշնամին. արջակատուն հազիվ էր հայտնվել ներքևում, երբ շունը նետվեց դեպի նա ու սկսեց գզել, ասես գազանիկը նրա վաղեմի, ոխերիմ թշնամին էր։

Արջակատվի վիճակը հուսահատական էր, բայց մոլեգնած գազանի-կը առանց պայքարի չէր ուզում հանձնվել։ Ու թեև նրա վրա հարձակվողն իրենից շատ էր ուժեղ, բայց, այնուամենայնիվ, նա ուզում էր թշնամու վրա մեկ-երկու այնպիսի ճանկռվածք թողնել, որոնց հետքերը մնար մինչև գերեզման։

Բայց այդ վայրկյանին Ֆրիցին շատ ավելի լուրջ վտանգ էր սպառնում, քան արջակատվի մագիլների հարվածներն էին։ Եթե մարտի թունդ պահին նա պատահաբար չնայեր կոթողի կողմը, ապա կգտնվեր հակառակորդի իշխանության տակ, որը նրա նկատմամբ ավելի շատ գթառատություն հանդես չէր բերի, քան ինքը չարաբախտ արջակատվի նկատմամբ։

Բայց դիպվածը օգնեց նրան, հայացք նետելով քիչ առաջվա իրեն հետապնդողի կողմը տեսավ, որ փիղը շարժվում է ուղիղ իր վրա, նրա աչքերում կատաղությունն էր փայլատակում և սպառնալի առաջ էր մեկնված կնճիթը, Ֆրիցը անմիջապես որոշեց, թե ինչպես վարվի։ Թողնելով արջակատվին, կարծես զգալով, որ նրա միսը թունավոր է, նա նետվեց փղից հեռու և մի քանի վայրկյան հետո թաքնվեց մացառուտներում։

Անսովոր գոտեմարտի բոլոր մասնակիցներից ամենից շատ տուժեց չարաբախտ արջակատուն, որովհետև այդ դրամայի հետ միասին ավարտվեց նաև նրա կյանքը։ Նրա վրա շարունակ նորանոր թշնամիներ էին հարձակվում, իսկ բոլորից վերջում հանդիպեց ամենասոսկալի թշնամուն, որը շուտով նրան վերջ տվեց։ Այդ փիղն էր։ Վերջինս պատրաստվում էր ոչնչացնել Ֆրիցին, բայց տեսնելով, որ նա փախավ, որոշեց բաց չթողնել պատահաբար իրեն հանդիպած զոհին։ Եվ այսպես, նա չհետապնդեց Ֆրիցին թավուտում ու կատաղությունը թափեց արջակատվի վրա։ Հսկան հասկանում էր, որ գազանիկն իրենից հեռու չի փախչի. թռչունի կտուցից կիսով չափ կուրացած, Ֆրիցից կիսախեղդ արված արջակատուն չէր նկատել փղի մոտենալը։ Թերևս զգացել էր վտանգը, տեսել, բայց արդեն ուշ էր. փիղը կանգնած էր իր գլխավերևը, և նա անկարող էր փախչել։

Արջակատուն չէր հասցրել ուշքի գալ, երբ փիղը կառչուն կնճիթը պտտեց նրա շուրջը և փետուրի նման վեր բարձրացրեց։ Ապա անգութ հրեշը մի քանի քայլ արեց դեպի տապալած կոթողը և, կարծես հարմար տեղ ընդունելով, թպրտացող արջակատվին գցեց գետնին, առջևի հսկայական ոտքերը դրեց վրան և սկսեց կոխոտել, մինչև որ ճզմած գազանիկից մնաց միայն արյունոտ մսի մի տձև գնդիկ ու բրդի ծվեններ։

Ծառի վրա նստածների համար դա անհաճո տեսարան էր, բայց դրան հաղորդեց մեկ ուրիշը, որ ուրախություն պատճառեց նրանց, փիղը շուռ եկավ անտառի կողմը և սկսեց հեռանալ, ըստ երևույթին, որոշելով ընդմիշտ թողնել այս վայրը։

Սպանելով արջակատվին, բավարարե՞ց արդյոք նա իր վրիժառության ծարավը, թե գնաց Ֆրիցին որոնելու, ոչ ոք չէր կարող ասել այդ, համենայն դեպս, նա հեռացավ. ինչ-որ բան ստիպել էր նրան վերացնել պաշարումը, որն արդեն բավականաչափ ձանձրացրել էր որսորդներին։


Գլուխ XVIII. «Մահ թափառաշրջիկին»

Երբ փիղը տեսադաշտից հեռացավ, պաշարվածները սկսեցին խորհրդակցել, կարող են արդյոք իջնել։ Նրանք հոգնել էին շարունակ միևնույն դիրքով ծառին նստելուց։ Ճիշտ է, մի քանի րոպե ճյուղին հեծնելը մեծ բան չէ, բայց եթե այդպես նստելը ձգձգվում է, ապա տանջալի, գրեթե անտանելի է դառնում։ Հարկադրական անգործությունից բոլորից շատ տառապում էր Կասպարը և շատ էր չարացած թափառաշրջիկի վրա։ Մի քանի անգամ նա փորձեց թողնել իր թառը և աննկատ գնալ վերցնել զենքերը, բայց Կարլը կռահեց նրա մտադրությունները և համոզեց եղբորը, թե ողջախոհությունը պահանջում է սպասել։

Երեքն էլ շտապում էին իջնել ծառից, և նրանք գետնին կլինեին, եթե միայն անհետանար սարսափելի թշնամին, եթե վստահ լինեին, որ այլևս չի վերադառնա։ Բայց նրանք ենթադրում էին, որ փիղը ժամանակավորապես է հեռացել միայն, գուցե թափառաշրջիկ այդպիսի խորամանկություն է բանեցրել, որպեսզի նրանց դուրս քաշի ապաստանից, ախր հայտնի է, որ թափառաշրջիկ փղերը երկոտանի թափառաշրջիկներից վատ չեն կարողանում խորամանկել։

Նրանք չէին կարող իսկույն որոշել, թե ինչպես ավելի լավ կլինի վարվել, բայց այստեղ Օսարուն վերջ դրեց նրանց տատանումներին` առաջարկելով առաջինն իջնել։ Նա որոշեց գաղտագողի գնալ փղի հետքերով, որպեսզի համոզվի, իրոք հեռացել է այստեղից, թե դարան է մտել անտառեզրին։

Շիկարին կարողանում էր օձի պես աննկատ սողալ թփուտներում, և, եղբայրները գիտեին, որ չափազանց մեծ վտանգի չի ենթարկվի, եթե միայն շատ հեռու չգնա։ Նա, իհարկե, ժամանակին կնկատի փղին, իսկ այն դեպքում, եթե կենդանին վերադառնա և հալածի իրեն, կկարողանա կրկին ապաստան գտնել ծառի վրա։

Ընկերները չէին հասցրել համաձայնություն տալ, երբ Օսարուն սկ-սեց իջնել, իսկ գետնին հայտնվելով, արագ ու անաղմուկ քայլեց փղի թաքնված ուղղությամբ։

Կարլն ու Կասպարը հինգ րոպե ևս մնացին ծառի վրա, բայց քանի որ շիկարին դեռ չէր վերադարձել, նրանք կորցրին համբերությունը և նույնպես իջան ծառից։

Առաջին հերթին նրանք որոնեցին հրացաններն ու լցրին դրանք, ապա կանգնեցին ծառի մոտ, որպեսզի անակնկալ հարձակման դեպ-քում կարելի լիներ նորից մագլցել ճյուղերին, և սպասեցին Օսարուին։

Անցավ բավականին երկար ժամանակ, իսկ շիկարիից ոչ մի լուր չկար։ Ընդհանրապես ոչինչ չէր լսվում, տիրում էր խոր լռություն, որ երբեմն խանգարվում էր միայն ռնգեղջյուր-թռչունի թևերի ճարճատոցից։ Արուն, որ երևի շվարած էր չորքոտանի թշնամուց իրեն այդպես հանկարծակի ազատած հանգամանքների խորհրդավոր զուգորդումից, տակավին շարունակում էր մնալ բնի մոտ։

Բայց թռչունն այլևս չէր հետաքրքրում ո՛չ Կարլին, ո՛չ Կասպարին, որոնց անհանգստացնում էր Օսարուի երկար բացակայությունը։

Շուտով, սակայն, նրանք բերկրանքով տեսան, որ շիկարին հանկարծ դուրս եկավ մացառներից և արագորեն մոտենում է իրենց։ Նրանց ուրախացրեց և այն, որ Օսարուին կրնկակոխ հետևում էր Ֆրիցը։ Օսարուն շանը հանդիպել էր անտառեզրին, ուր նա թաքնվել էր մոլեգնած փղից։

Երբ Օսարուն մոտ եկավ, Կարլն ու Կասպարը նրա դեմքի արտահայտությունից ու փութկոտ քայլվածքից նկատեցին, որ ուզում է ինչ-որ կարևոր բան հաղորդել իրենց։

— Դե, Օսի,— հարցրեց Կասպարը,— ի՞նչ նոր բան կա։ Տեսար թափառաշրջիկին։

— Ախ, նա թափառաշրջիկ է, այդ ճիշտ է,— պատասխանեց Օսարուն, և նրա ձայնի մեջ թաքուն երկյուղ լսվեց։— Դուք ճիշտ ասել, սահիբ, նա թափառաշրջիկ է, եթե ավելի վատը չէ։

Ի՞նչ է պատահել։ Որևէ բա՞ն ես տեսել։

— Տեսել եմ, սահիբ։ Դուք մտածել, թե նա ու՞ր գնալ։

— Ու՞ր։

— Դեպի խրճիթ։

— Դեպի խրճի՞թ...

— Ուղիղ։ Ախ, սահիբներ,— շարունակեց շիկարին ցածրացնելով ձայնը և նրա դեմքին սնահավատ սարսափ արտացոլվեց,— նա գազանի համար չափազանց խելոք է, չափազանց շա՜տ գիտենալ վախենում եմ, որ բոլորովին էլ փիղ չէ, այլ չար ոգին ընդունել փղի տեսք։ Ինչո՞ւ նա գնալ այնտեղ։

— Այո, ինչու՞, հետաքրքիր է իմանալ,— կրկնեց Կասպարը, դու կարծում ես, որ նա ուզում է դարանակալել մեզ խրճիթի մոտ։ Եթե այդպես է,— պատասխանի չսպասելով շարունակեց նա,— ապա քանի դեռ փիղը կենդանի է, մենք հանգիստ չունենք։ Երկուսից մեկը, կամ մենք պետք է նրան սպանենք, կամ նա մեզ։

— Սահիբ,— նկատեց շիկարին, բազմանշանակ շարժելով գլուխը,— մենք չսպանել նրան. փիղը երբեք չի մեռնել։

— Ի՜նչ անհեթեթություն, Օսի՛,— առարկեց Կասպարը, որի համար ծիծաղելի էր շիկարիի սնահավատ վախը։— Ինչևէ, մտածիր ոնց ուզում ես, բայց ես կասկածում եմ, թե չենք կարող նրան սպանել, հենց որ լավ կրակոցի տակ ընկնի։ Ազնի՜վ խոսք, որքան շուտ անենք այդ, այնքան ավելի լավ։ Նա զուր չի գնացել մեր խրճիթը, պարզ է, որևէ կեղտոտ մտադրություն ունի։ Թերևս նա հիշել է, որ Ֆրիցն առաջին անգամ այնտեղ է հարձակվել իր վրա, և քանի որ կարծում է, թե շունն այնտեղ է գնացել, ապա և մեկնել է նրան որոնելու...է, Ֆրից, ծերուկ, դու վախենալու ոչինչ չունես։ Դու կարող ես ցանկացած վայրկյանին խուսափել նրանից։ Տերերիդ բանն ավելի վատ է, քան քոնը, բարեկամս։

— Իսկ դու համոզվա՞ծ ես, Օսարու... — Մի րոպե մտորելուց հետո հարցրեց Կարլը,— դու համոզվա՞ծ ես, որ նա գնաց դեպի խրճիթը։ Օսարուն, իհարկե, չէր կարող պնդել, թե փիղը գնացել է հենց այն կողմը, ուր խրճիթն էր։ Բայց նա թավ անտառով գնացել էր փղի հետքերով, իսկ ապա, բարձրանալով ծառը, տեսել, որ հսկան շարժվել է խրճիթի կողմը։ Օսարուն համարյա չէր կասկածում, որ փիղը հենց այնտեղ է գնացել, բայց նա այնքան էր վախեցել, որ ոչինչ չէր կշռադատել և չէր էլ փորձել կռահել փղի մտադրությունները։

— Մի բան պարզ է,— որոշ ժամանակ խորհրդածելով՝ նորից խոսեց Կարլը,— քանի դեռ չենք ազատվել փղից, անօգուտ է շարունակել մեր մտահղացած հետախուզությունը։ Դու ճիշտ ասացիր, Կասպար։ Այժմ նա հետապնդում է մեզ, մանավանդ, որ զայրացած է մեր հասցրած վերքերից և հազիվ թե մոռանա այդ արկածը։ Մենք ոչ մի րոպե հանգիստ չենք ունենա, և անվտանգության մասին էլ չենք կարող մտածել, քանի դեռ չի հաջողվել նրան։ Ինչու՞ հենց հիմա չզբաղվենք այդ գործով։ Խոսքը մեր կյանքի մասին է, և քանի դեռ նրա դատաստանը չենք տեսել, մեզ միշտ էլ վտանգ կսպառնա։

— Գնանք, ուրեմն,— գոչեց Կասպարը։— Եվ թող մեր նշանաբանը լինի՝ «Մա՜հ թափառաշրջիկին»։


Գլուխ XIX. Խրճիթն` ավերակ

Մեր որսորդներն անմիջապես դեպի խրճիթ գնացին. փիղը ինչպես կարելի էր դատել նրա հետքերից, որոնք գտավ սրատես շիկարին և ճանապարհին ցույց տվեց ընկերներին, ուղիղ այնտեղ էր գնացել փափուկ հողի վրա, այստեղ ու այնտեղ, երևում էին ահագին հետքերը, իսկ ուր դրանք չկային, թափառաշրջիկի ճանապարհը նշմարվում էր գետնին թափած տերևներից ու ջարդոտած ոստերից, ինչպես նաև խոտի վրա ընկած մեծ Ճյուղերից, նկատելի էր, որ փիղը որոշ ժամանակ քարշ էր տվել դրանք, ապա թողել։

Բենգալիայի ջունգլիներում շիկարիին շատ անգամ էր վիճակվել հետամուտ լինել վայրի փղերին և նա ծանոթ էր նրանց սովորություններին։ Նա ընկերներին հաղորդեց, որ թափառաշրջիկը արածելու մասին չի էլ մտածել, քանի որ ոստերի ու տերևների վրա ատամնահետքեր չեն երևում։ Փիղը բավական արագ է ընթացել և, թվում է, որոշակի մտադրությամբ։ Գետնին ընկած ճյուղերը, հավանաբար, կոտրտել է բարկությունից, պարզապես դրանց վրա է թափել իր չարությունը։

Կարիք չկար, որ Օսարուն ընկերներին հիշեցներ զգուշության մասին։ Նրանք իրենից վատ չգիտեին, որ ավելի լավ է չհանդիպեն կատաղած փղին՝ թափառաշրջիկ լինի նա, թե սովորական, իսկ այս թափառաշրջիկը ծայրաստիճան գազազած էր, դրանում համոզվել էին և իրենք և գիտեին շիկարիի խոսքերից։

Ուստի նրանք առաջ էին շարժվում չափազանց զգույշ, դիտում էին չորս կողմը և ուշադիր ականջ դնում, քայլում լիակատար լուռ, երբեմն միայն շշնջալով միմյանց հետ։

Նրանք տուն էին վերադառնում ոչ այն ճանապարհով, որով հետախուզության էին գնացել։ Ժայռերի հետազոտումը նրանց տարել էր բավականին հեռու և այժմ գնում էին փղի հետքերով, որոնք ինչպես և Օսարուն էր ենթադրում, տանում էին ուղիղ դեպի խրճիթը։

Մոտենալով իրենց հասարակ կացարանին, նրանք որոշ նշաններից կռահեցին, որ թշնամին բոլորովին մոտակայքում է։ Գիտենալով, որ տաք աղբյուրի շրջակայքում, որի մոտ խրճիթն էր, չկան ոչ խոշոր ծառեր, ոչ էլ ուրիշ անվտանգ տեղեր, ուր հարձակման դեպքում հնարավոր կլինի թաքնվել, նրանք կրկնապատկեցին զգուշությունը։ Որսորդները կարող էին խրճիթը տեսնել միայն բավականաչափ մոտ տարածությունից՝ մոտենալով նրան երկու հարյուր յարդ։ Նախ հարկավոր էր անցնել խրճիթը ծածկող ցածր մացառուտների գոտին։

Որսորդները խորացան այդ մացառուտներում և շուտով տագնապով գտան փղի թարմ հետքերը։ Կասկած չկար, nր նա այստեղով անցել է քիչ առաջ՝ ուղղվելով դեպի խրճիթը։

Ի՞նչ էր այնտեղ նրան պետք։ Բոլորի մտքով էլ, իհարկե, այս հարցն անցավ։ Իսկապես, ստացվում է, որ փիղն այստեղ իրենց է որոնել։ Հավանաբար աչքից կորցնելով նրանց, նա մտածել է, որ տուն են վերադարձել, և որոշել է այցելել։

Այն բանից հետո, ինչ տեսան նրանք, ակամայից միտք ծագեց, թե այդ հսկա կենդանին գերբնական խելքով է օժտված։ Հասկանալի է, նրանք վանեցին այդ անհեթեթ միտքը, բայց, այնուամենայնիվ, հոգու մեջ մի տարօրինակ, ճնշող տագնապ մնաց։ Այն, ինչ թավուտից դուրս գալիս նկատեցին նրանք, սաստկացրեց այդ տագնապը, դեռ ավելին, սարսափ ազդեց։

Խրճիթն այլևս գոյություն չուներ։ Երևում էին միայն նրա ավերակները։ Խոշոր գլաքարերը, որոնցից պատեր էին շարել, տանիքը կազմող հեծաններն ու տախտակները, խոտե անկողինները, հասարակ ամանե-ղենն ու մյուս իրերը, ամեն ինչ շաղ էր տված հատակին։ Ոչ ոք չէր կռահի, որ քիչ առաջ այդտեղ մարդկային բնակատեղի է եղել։ Այո, որսորդները լոկ փլատակներ գտան, քարը քարին չէր մնացել։

Նրանք ակամա սարսափով էին նայում այդ ավերածությանը։ Այժմ արդեն չէին համարձակվում Բրահմային կամ Վիշնուին երկրպագող հեթանոսին սնոտիապաշտության մեջ մեղադրել։ Նրա երիտասարդ քրիստոնյա-ուղեկիցները, կարծես, նույնպես պատրաստ էին հրաշագործությանը հավատալու։ Նրանց համար պարզ էր, թե խրճիթն ով էր ավերել։ Թեև չարագործն ինքը ոչ մի տեղ չէր երևում, բայց գիտեին, որ դա փիղն է եղել։ Ուրիշ բացատրություն չէր մնում. և նրանց ոչ թե փաստն էր վախեցնում, այլ այն միտքը, որ այդ կենդանին ուղղակի ուներ մարդկային, ավելի ճիշտ հրեշավոր խելք, որը նրան մղել էր նման վրեժխնդրության, ուրեմն, կարելի էր ինչ-որ ավելի սարսափելի բան սպասել։

Թեև խրճիթն ավերվել էր նրանց գալուց ընդամենը մի քանի րոպե առաջ, բայց փիղն, ըստ երևույթին, արդեն հեռացել էր այստեղից։ Համենայն դեպս, մոտակայքում նա ոչ մի տեղ չէր երևում, չնայած խնամքով որոնել էին նրան։ Երկյուղ կրելով, հանդիպել փղին, որսորդները թփուտ-ների մեջ պահված մնացին և միայն հեռվից էին նայում ավերակներին։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ վերջապես համարձակվեցին մացառուտներից դուրս գալ և աղետի վայրին մոտենալ։

Մոտենալով նրանք համոզվեցին, որ խրճիթը լրիվ ավերված է։

Որսորդները մնացին անоթևան։ Բայց նրանց ավելի շատ վշտացնում էր խրճիթում դրված մարտական լիցի ոչ մեծ պաշարի կորուստը. վառոդը, որ այնքան խնամքով էին պահպանում, շաղ էր տված աղբի հետ և անվերադարձ կորած էր։ Նրանք դա պահել էին հատուկ այդ նպատակով պատրաստված դդմի փոքր ամանում, որը սակայն մնացած իրերի հետ ոչնչացել էր փղի ոտքերի տակ։ Պարենի պաշարները դուրս էին հանվել պահեստարանից և տրորվել գետնին։ Բայց դա դեռևս դժբախտություն չէր։ Պարենը կարելի էր նորից մթերել, թեև այդ անելն այնքան էլ հեշտ չէր։ Բայց ինչպես վերականգնեն վառոդը։


Գլուխ XX. Նորից ծառի վրա

Որսորդները դեռ երկար կկանգնեին ավերված տեղում, ողբալով իրենց անվերադարձ կորուստը՝ եթե չվախենային փղի վերադառնալուց։ Ուր էր նա գնացել։ Նրանք այդ մասին էին հարցնում մեկը մյուսին՝ տագնապալի աչք ածելով չորս կողմը։

Թափառաշրջիկը պետք է որ ընդամենը մի քանի րոպե առաջ հեռացած լիներ. ծանր թաթերի տակ ճզմած խոտը տակավին թաց էր, նրանից դուրս եկած հյութը դեռ չէր հասցրել չորանալ։ Եվ, այնուամենայնիվ, շուրջ, ուղիղ քառորդ մղոն հեռավորության վրա, ոչ մի տեղ չէր երևում փիղը։ Խրճիթի մոտերքում մացառներ չկային, ուր կարողանար թաքնվել փղի նման խոշոր կենդանին։

Այդպես էին մտածում Կարլն ու Կասպարը, բայց Օսարուն այլ կարծիքի էր։ Նա հայտարարեց, թե փիղը կարող է թաքնվել մացառների այն գոտում, որտեղից քիչ առաջ դուրս էին եկել իրենք։ Որսորդական փորձից նրան հայտնի էր, որ փիղը, եթե նույնիսկ շատ խոշորներից է, ճարպկորեն պահվել գիտի ամենաաննշան թաքստոցում՝ ընտրելով հարմար տեղ, ուր շրջվել չի լինի. նա հաճախ է կարողանում անշարժ կանգնած մնալով խաբել ամենափորձառու որսորդին։ Կարլն ու Կասպարը շատ էլ չէին հավատում նրան, բայց Օսարուն համոզված էր, որ փիղը թաքնված է իրենցից բոլորովին մոտ, ջունգլիների ոչ նեղ գոտում։

Դժբախտաբար, Օսարուի կարծիքը շուտով հաստատվեց։

Մինչ նրանք կանգնած՝ արթուն դիտում էին ջունգլին և լարված ականջ դնում, որպեսզի որսան այնտեղից լսվող ամենափոքր ձայնն անգամ, հանկարծ օրորվեցին մացառուտներից վեր բարձրացող մատղաշ ծառերի գագաթները։ Եվս մի ակնթարթ և այնտեղից թևերն ուժեղ թափահարելով դուրս թռան երկու հոյակապ արգուս. նրանք բարձր, տագնապալի ձայներ էին արձակում։

Թռչունները թռան-անցան մեր արկած որոնողների գլխավերևում և այնքան բարձր էին ճչում, որ Ֆրիցը զիլ երկարատ և հաչեց։

Արդյոք թշնամին հարձակվելու հարմար պահ էր սպասում դարանում, թե նրան հասած շան արդեն ծանոթ ու անտեղի հաչոցը նորից բորբոքեց նրա կատաղությունը, որսորդները չէին հասցրել խոսք փոխանակել, երբ նոսր թփուտներից երևացին երկու կնճիթ ու հաստ, հոծ ոտքերը, և նրանք տեսան, որ հրեշը շարժվում է ուղիղ իրենց վրա։ Թվում էր, փիղը մոտենում է անշտապ վազքով, բայց իրականում սուրում էր քառատրոփ արշավող ձիու արագությամբ։

Մի ակնթարթ որսորդները կանգնած էին անշարժ, ոչ թե նրա համար, որ հարձակման էին սպասում և ուզում էին նրան ետ մղել, այլ պարզա-պես չգիտեին, թե ուր փախչեն։

Փղի հարձակումը նրանց այնպես էր շփոթեցրել, որ առաջին պահին նրանց գլխում փրկության և ոչ մի ծրագիր չծագեց։

Բնազդաբար, գրեթե ինքնաբերաբար, Կարլն ու Կասպարը նշան բռնեցին, թեև քիչ հույս ունեին, որ փոքր տրամաչափի հրացաններից արձակած գնդակները կկասեցնեն այդպիսի սարսափելի գրոհը։

Երկուսն էլ կրակեցին միաժամանակ, ապա Կասպարն արձակեց երկրորդ լիցքը, բայց փիղը, ինչպես և սպասում էին, շարունակեց հարձակումը։ Բարեբախտաբար, շիկարին չօգտվեց իր աղեղից։ Նա փորձով գիտեր, որ նման պարագաներում նետն անօգուտ զենք է։ Նույն հաջողությամբ նա կարող էր աքացի տալ փղին կամ նրա կնճիթի մեջ գնդասեղ խրել, այդ կնշանակեր միայն ավելի չարացնել նրան։

Եվ այսպես, շիկարին պաշտպանվելու մասին չմտածեց անգամ, նա փութկոտ չորս կողմը նայեց՝ մտածելով, թե ուր թաքնվել։

Ճշմարիտն ասած, նրանց շրջապատող տեղանքը ոչ մի լավ բան չէր խոստանում։

Ժայռերի վրա խորշեր չէին երևում, ուր կարելի լիներ փրկվել թափառաշրջիկից. ճիշտ է, թավուտը կարող էր ժամանակավորապես նրանց ապաստանել, բայց ուշիմ գազանը այնտեղ արագորեն կգտներ նրանց։ Մանավանդ, որ փիղը գտնվում էր նրանց ու ջունգլիների միջև և նահանջել դեպի այդ կողմ՝ կնշանակեր ընդառաջ վազել թշնամուն։

Ի՞նչ անել։ Ի՞նչ որոշել։ Բայց ահա շիկարիի հայացքն ընկավ մոտակա միայնակ ծառին։ Այդ ծառը մի անգամ արդեն փրկել էր նրա կյանքը։ Այն աճել էր լճախորշի հենց ափին, ուր իր ուռկանն էր գցել շիկարին, և ծառի ճյուղին նստած Կասպարը երերուն ավազներից դուրս էր քաշել նրան։ Ծառը շատ բարձր էր. այն կանգնած էր բաց տեղում և ճյուղերը լայն տարածել էր չորս կողմը՝ կախելով լճախորշի վրա։

Օսարուն թանկարժեք վայրկյանը չուզեց կորցնել դատարկ մտորումների վրա. գոչյուններով ու ձեռքի շարժումներով երիտասարդ սահիբներին հրամայելով իր օրինակին հետևել, նա ամենայն արագությամբ, որին ընդունակ էր, նետվեց դեպի ծառը, և ճյուղերի երրորդ, թե չորրորդ շարքը բարձրանալուց հետո միայն ետ նայեց աչքերով որոնելով ընկերներին։

Եղբայրները գլխապատառ նետվեցին շիկարիի ետևից և շուտով հայտնվեցին ծառի վրա։


Գլուխ XXI. Կատաղի պաշարում

Ֆրիցն իր տերերի հետ փախավ մինչև ծառը, բայց, հասկանալի է, նրանց ետևից չէր կարող բարձրանալ նրա վրա։ Սակայն նա մտադիր չէր ծառի տակ մնալ, քանի որ դա անխուսափելի կործանում կնշանակեր. ոչ մի րոպե չհապաղելով, նա նետվեց ջուրը և լողալով շարժվեց լճախորշի միջով։

Ափ դուրս գալով, անհետացավ եղեգնի մացառներում և թաքնվեց այնտեղ։

Այս անգամ փիղը ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Նրա հայացքը գամված էր որսորդներին, նրանց էր հասցեագրված նաև նրա ամբողջ կատաղությունը։ Փիղը որսորդներին կրնկակոխ հետապնդել էր, երբ նրանք փախել էին բաց տեղով, և տեսել էր, որ բարձրացել են ծառը։ Նա այնքան մոտ էր, որ Կարլն ու Կասպարը ստիպված էին նորից վայր գցել զենքերը, որպեսզի հարմար լիներ մագլցելը։

Նվազագույն հապաղումը նրանց համար ճակատագրական կարող էր լինել։

Կարլը մագլցում էր եղբորից հետո և հազիվ էր հասցրել մի ճյուղից մյուս, ավելի բարձրին տեղափոխվել, երբ թափառաշրջիկը կնճիթը փա-թաթեց ճյուղին և այն երկու կես արեց, կարծես ճիպոտ լիներ։

Բայց Կարլն արդեն վտանգից հեռու էր, և բոլորն էլ ուրախ էին փրկվելու համար։

Փիղը ծայրաստիճան գազազած էր։ Նորից թշնամիները խույս տվեցին իրենից, և բացի դրանից, նա երեք թարմ վերք ստացավ, ճիշտ է, գնդակները միայն ճանկռել էին նրա հաստ կաշին, բայց, այնուամենայնիվ, փոքր ցավ չէին պատճառել։ Սուր շեփորականչ արձակելով, նա վեր բարձրացրեց կնճիթն ու սկսեց ճյուղերը հերթով բռնել և բարակ շվերի նման կոտրատել։

Ճյուղերը խիտ էին և գետնամերձ։ Շուտով դրանք, մոտավորապես քսան ոտնաչափ բարձրությամբ, կտրատվեցին, իսկ ծառի շուրջը՝ գետնին թափվեցին ոստերն ու տերևները. հրեշը՝ կատաղած իր լայն, ծանրաքաշ թաթերով կոխոտում էր ջարդոտած ճյուղերը, խառնելով դրանք հողին, բայց դա էլ նրան քիչ էր թվում, պառավ ժանիքավորը կնճիթը փաթաթեց բնի շուրջը և սկսեց ամբողջ ուժով ձգել, ասես հուսալով, թե ծառն արմատահան կանի։

Համոզվելով, որ այդ սխրանքն իր ուժից վեր է, փոխեց տակտիկան ու սկսեց կրծքով հրել ծառը։

Ճիշտ է, նրա հարվածներից ծառը ցնցվում էր, բայց շուտով տեսավ, որ շատ պինդ էր կանգնած, և թողեց այդ փորձերը։

Սակայն նա կանգնել էր ծառի տակ և ամենևին էլ մտադիր չէր հեռանալ, ըստ երևույթին, մտածելով նոր խարդավանքի մասին։

Թեև որսորդները գիտեին, որ ներկա պահին վախենալու բան չկար, բայց ուրախանալու էլ սիրտ չունեին, որովհետև հասկանում էին, որ թշնամուց ժամանակավորապես են թաքնվել, և, եթե նա վերջ ի վերջո հեռանա էլ ու իրենք կարողանան իջնել, միևնույն է, ապագայում սպառնալիքը կմնա։ Նրանք այդ հզոր հակառակորդին սպանելու քիչ հույս ունեին, քանի որ մնացել էր միայն մեկ լից։ Նրանց թվում էր, որ փիղը դիտմամբ է շաղ տվել վառոդը՝ իրենց անօգնական վիճակի մեջ դնելու համար։

Որսորդներն իրենց համար ինչպիսի տուն էլ որ պատրաստեին, այնտեղ ավելի ապահով չէին լինի, քան բաց տեղում, որովհետև փիղն արդեն ապացուցել էր, որ ընդունակ է խորտակելու ամենաամուր պարիսպները, և այսպես, ստիպված էին փղից փրկվելու համար մնալ ծառի գագաթին, իսկ կապիկների կամ սկյուռների կյանք վարելը նրանց բոլորովին էլ հաճելի չէր։

Այստեղ Կասպարի գլխում երջանիկ միտք ծագեց։ Նա հիշեց այն քարանձավի մասին, որտեղ նրանք սպանել էին արջին։ Այնտեղ կարելի էր հասնել միայն սանդուղքի օգնությամբ և քարանձավն անմատչելի է փղին։ Հենց որ պաշարումն ավարտվի, կարելի կլինի ապաստան որոնել քարանձավում։


Գլուխ XXII. Ջուր վերցրին

Քարանձավի մասին միտքն ուրախացրեց և փոքր-ինչ հանգստացրեց որսորդներին։ Բայց այն լիովին չէր գոհացնում նրանց, ճիշտ է, փիղը մուտք չի գործի այնտեղ, բայց իրենք էլ չեն կարող անել այս ամենը, ինչ կուզենային։ Լույսի բացակայությունը թույլ չի տա սանդուղքներ պատրաստել, իսկ երբ զբաղված կլինեն ծառեր կտրատելով ու սանդուղքների վրա աշխատելով, ապա ցանկացած վայրկյանին ենթակա կլինեն անողոք թշնամու հարձակմանը։

Հեռանկարը բավականին մռայլ էր, թեև քարանձավը հուսալի ապաստարան կլիներ, ուր հարձակման դեպքում կարելի էր թաքնվել։ Փիղը որոշ ժամանակ համեմատաբար հանգիստ էր կանգնած, և որսորդները կարող էին ապագայի ծրագրեր հղանալ։ Տվյալ պահին անվտանգ զգալով, նրանք նույնիսկ մոռացան իրենց ծանր վիճակը։

Բայց շուտով տագնապը նորից պաշարեց նրանց։ Նրանք հարց էին տալիս իրենց, որքա՞ն ժամանակ դեռևս ստիպված կլինեն նստել ծառին։

Թեև ոչ ոք չէր կարող պատասխանել այդ հարցին, բայց բոլորին էլ հասկանալի էր, որ պաշարումը խոստանում է ձգձգվել, թերևս կտևի ավելի երկար, քան այն մյուսը, որը ստիպված էին եղել ճաշակել քիչ առաջ. թափառաշրջիկը ծայրաստիճան չարացած էր և ծարավ վրեժի, իսկ նրա մռայլ կերպարանքը ցույց էր տալիս, որ շուտ չի հեռանա այստեղից։ Որսորդները նորից անհանգստացան։ Նրանց վիճակը հաճելի չէր, ստիպված էին բարակ ճյուղերին հեծնել։ Դեռ ավելին, պաշարումը ձգձգվելու դեպքում, նրանց, ինչպես որ պաշարվածների մեծամասնության հետ է պատահում, սպառնալ կսկսի նաև սովամահությունը։ Տնից դուրս գալիս։ Նրանք գայլերի նման քաղցած էին։ Միայն հապճեպ նախաճաշել էին և այն ժամանակվանից ոչինչ չէին կերել, որովհետև ճաշ պատրաստելու ժամանակ չէր եղել։ Կեսօրն արդեն վաղուց անցել էր, և, եթե թշնամին ամբողջ գիշերն այստեղ մնա, ստիպված կլինեն առանց ընթրիքի պառկել քնելու։ Պառկե՞լ քնելու։ Ոչինչ չէր կարելի անել։ Երևում է, որ այս գիշեր անկարելի կլինի պառկելն էլ, քնելն էլ։ Միթե կքնես այս կոշտ ճյուղերի վրա։ Եթե նրանք գեթ մի վայրկյան կորցնեն գիտակցությունը, ապա կգլորվեն ուղիղ իրենց անողոք թշնամու վրա։ Եթե նույնիսկ ծառին կապեն իրենց, միևնույն է այդպիսի օթյակում քնել չի լինի։ Այսպես ուրեմն, այդ երեկո ստիպված էին չմտածել ոչ ընթրիքի, ոչ էլ քնելու մասին։ Բայց շուտով նրանք ենթարկվեցին նոր, ավելի տանջալի փորձության, քան քաղցն էր կամ նինջը։ Այդ ծարավն էր։

Ամբողջ օրը, վաղ առավոտվանից, անընդհատ շարժման մեջ էին եղել, ծառերն էին մագլցել, կտրել էին թավուտները, մի քանի անգամ մազ էր մնացել որ մեռնեին, բնական է, որ նրանց կոկորդը վաղուց էր չորացել և ծարավից սկսել էին ուժասպառ լինել։ Բացի դրանից, բոլորովին մոտիկ, ներքևում փայլում էր ջուրը, և դրանից ծարավն ավելի էր ուժեղանում ու դառնում անտանելի։

Նրանք բավականին երկար դիմացան այդ տանջանքին, դրանից ազատվելու ոչ մի հույս չունենալով։ Դիտելով, թե արևի տակ ինչպես է փայլում լիճը և լճախորշում ինչպես է խոխոջում ջուրը, նրանք իսկապես տանտալոսյան չարչարանքներ էին կրում։ Այդ տառապանքների վերջը չէր երևում։ Բայց հանկարծ Կասպարը բացականչեց.

— Շա՛նթ ու կայծա՛կ։ Ինչի՞ մասին ենք մտածում։ Նստել ենք ծառին ու մեռնում ենք ծարավից, մինչդեռ ջուրը մեր ձեռքի տակն է։

— «Ձեռքի տա՞կ է»։ Կուզեի Կասպար, որ այդպես լիներ,— բավականաչափ հուսահատ տոնով առարկեց Կարլը։

— Դե, իհարկե, ձեռքի տակ է։ Նայի՛ր։

Այս խոսքերի հետ Կասպարը հանեց իր պղնձյա վառոդամանը, որը համարյա դատարկ էր։ Կարլը դեռ չէր հասկանում, թե բանն ինչումն է։

— Ի՞նչն է խանգարում մեզ,— հարցրեց Կասպարը,— որ սա կախենք, ջուր վերցնենք ու նորից բարձրացնենք...Մոտդ բարակ պարան կա՞, Օսի։ — Այո, սահիբ,— աշխույժ պատասխանեց շիկարին, ծոցից դուրս քաշելով կանեփաթելի կաժը և տալով երիտասարդ որսորդին։

— Բավականին երկար է,— նկատեց Կասպարն ու թելը փաթաթելով կապեց վառոդամանի վզիկից։

Վառոդը դատարկելով փամփուշտաքսակի մեջ, նա սկսեց վառոդամանը կախել, մինչև որ ընկղմվեց ջրի մեջ։ Սպասելով, մինչև որ այն լցվի, նա բարձրացրեց և ցնծալի բացականչությամբ տվեց Կարլին՝ խորհուրդ տալով խմել որքան սիրտն ուզի։ Կարլը հաճույքով կատարեց այդ խորհուրդը։

Վառոդամանն արագ դատարկվեց։ Նորից կախեցին ջրի մեջ, լցրին և նորից դատարկեցին։ Այդպես արեցին մի քանի անգամ, մինչև բոլորն էլ խմեցին։ Այսպիսով ծառի վրա նստած որսորդները փրկվեցին ծարավից։


Գլուխ XXIII. Վիթխարի կաշեխողովակը

Կասպարի հնարամտության շնորհիվ անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնելով, պաշարվածները քաջալերվեցին և ուժ առան։ Փիլիսոփայությանն օգնության կանչելով, նրանք պատրաստ էին որոշ ժամանակ ևս համբերել, երբ հանկարծ ի մեծ զարմանս որսորդների, նրանց վրա մեծ հոսանքով ջուր թափվեց, ըստ որում ամենասարսափելի ձևով։

Դժվար է ասել, արդյոք ջրի մեջ ընկղմված վառոդամանը տեսնելով կռահեց փիղը, եթե այդ միտքը նրա գլխում ծագեց առանց հուշելու, բայց այն պահին, երբ «տափաշիշը» վերջին անգամ վեր քաշվեց (ջրի երեսի շրջանակները դեռ ցրիվ գալ էլ չէին հասցրել), փիղը նետվեց դեպի լիճը և կնճիթը խոր ընկղմեց ջրի մեջ՝ ասես մտադրվելով խմել։

Որոշ ժամանակ նա մնաց անշարժ, հավանաբար իր ընդարձակ ստամոքսը լցնելով ջրով։

Հասկանալի է, նա պետք է որ ավելի քիչ ծարավ չզգար, քան ծառի վրա նստած մարդիկ, և նրանք սկզբում մտածում էին, որ հսկա կենդանին գնացել է խմելու։

Սակայն նա շատ երկար մնաց ջրում և մի տեսակ առանձնահատուկ ձևով էր ջուրը ներս քաշում ու թվում էր, որ ուրիշ նպատակ ուներ. դրանում որսորդները համոզվեցին շուտով, երբ նա սկսեց գործել։ Այլ պարագաներում փղի արարքը զվարճալի կարող էր թվալ։ Բայց տվյալ դեպքում հանդիսականներն իրենք կատակի զոհեր դարձան, եթե դա կարելի է կատակ անվանել. և քանի կատակը շարունակվում էր, նրանցից և ոչ մեկը ծիծաղելու ամենափոքր ցանկություն իսկ չուներ։ Ահա ինչպես վարվեց փիղը. կնճիթը լցնելով ջրով, փիղն այն բարձրացրեց վեր, ապա շուռ եկավ դեպի ծառը և նշան բռնելով այնքան հանգիստ ու ճիշտ, ինչպես աստղագետն իր հեռադիտակը, առատ ցայտով ջուր բաց թողեց ուղիղ պաշարվածների դեմքի վրա։ Իրար կողքի նստած որսորդները ոտքից գլուխ ցողվեցին և մի քանի ակնթարթում թրջվեցին մինչև ոսկորները. նրանց հագուստը ներծծվեց ջրով կարծես մի քանի ժամ տեղատարափ անձրևի տակ էին եղել։

Բայց փիղը չբավարարվեց մի ջրցանով։ Հենց որ ջրի պաշարը սպառ-վեց, նա կնճիթը նորից ընկղմեց լճի մեջ, ջուր վերցրեց, նշան բռնեց ու նորից բաց թողեց նրանց դեմքին։

Այս կերպ նա շարունակում էր ջուր վերցնել և իր մկանուտ կնճիթով դուրս թափել. տասներկու անգամ անընդհատ նա ջուրն ածեց որսորդ-ների վրա։

Նրանց վիճակը շատ աննախանձելի էր, որովհետև վիթխարի ուժով, ասես հրշեջ պոմպից բաց թողնված ջրի ցայտը կարող էր անհուսալի թառից սրբել տանել նրանց չխոսելով արդեն այն մասին, որ այդպիսի ջրցանը չափազանց տհաճ էր։

Դժվար էր ասել, թե փիղն ինչ նպատակ ուներ։ Գուցե հույս ուներ ծառից քշել նրանց կամ ճյուղերից վայր գցել, իսկ գուցե և, պարզապես ուզում էր անախորժություն պատճառել նրանց և գեթ մի փոքր գոհացում տալ իր չարությանը։

Դժվար էր նաև ասել, թե երկար կշարունակվեր արդյոք այդ զվարճանքը. թերևս ժամեր, քանի որ ջրի պաշարն անսպառ էր... Բայց հանկարծ, բոլորովին անսպասելի թե իր և թե նրա զոհերի համար, եղավ այդ զվարճանքի վերջը։


Գլուխ XXIV. Թաղվեց

Զվարճանքի եռուն պահն էր. փիղը, բացահայտորեն չարախնդալով, եռանդագին աշխատում էր իր պոմպով։ Բայց հանկարծ կանգ առավ, և նրա մեծ մարմինը սկսեց ճոճվել մի կողմից դեպի մյուսը, նա բարձրանում էր մերթ մեկ, մերթ մյուս ոտքին, իսկ երկար կնճիթը օդում շրջաններ էր գծում, կենդանին սուր ճիչեր էր արձակում, որոնք խոսում էին ցավի կամ սարսափի մասին։

Ի՞նչ նշանակում այդ։ Փիղն, ակներևաբար ինչ-որ բանից ուժգին վախեցած էր։ Բայց ինչը՞ կարող էր նրան այդպես վախեցնել,— մտովի հարց էին տալիս իրենց Կարլն ու Կասպարը։ Եվ նրանք չէին հասցրել իրենց տարակուսանքն արտահայտել, երբ շիկարին արդեն պատաս-խանեց նրանց։

— Օհո՜–հո՜,— բացականչեց նա։— Լա՜վ է, շա՜տ լավ։ Փա՜ռք մեծ Գան-գեսի աստվածներին։ Նայի՛ր, սահիբներ։ Թափառաշրջիկը ցա՜ծ է գնում, նա թաղվել ավազում, որը քիչ մնաց կուլ տալ Օսարուին։ Օհո՜-հո՜։ Թաղվե՜լ... Նա թաղվել...

Կարլն ու Կասպարն անմիջապես հասկացան Օսարուի խանդավառ ճառի իմաստը։ Հետևելով կենդանու շարժումներին, նրանք համոզվեցին, որ շիկարին իրավացի է. փիղը բացահայտորեն ընկղմվում էր երերուն ավազների մեջ։

Նրանք նկատեցին, որ երբ փիղը լիճը մտավ, ջուրը նրա ծնկներից մի քիչ էր բարձր։ Այժմ այն ողողում էր նրա կողերը և դանդաղ ու անշեղ շարունակ վեր էր բարձրանում։ Փղի կատարած հուսահատ փորձերը՝ ուսերն ու գլուխը վեր քաշելը, կատաղի գոչյուններ արձակելը, կողմեկողմ տենդագին նետվող կնճիթը, որ կարծես հենարան էր որոնում, ամեն ինչ հաստատում էր Օսարուի խոսքերը. թափառաշրջիկն ընկղմվում էր ավազի մեջ։ Եվ նա արագորեն էր ընկղմվում։ Հինգ րոպե էլ չէր անցել, բայց ջուրը ծփում էր փղի մեջքին գրեթե հավասար և շարունակում էր դյույմ առ դյույմ, ոտնաչափ առ ոտնաչափ բարձրանալ, մինչև որ ծածկեց նրա կլոր մեջքը, և ջրի մակերեսին մնաց միայն գլուխը երկար կնճիթի հետ։

Շուտով մեջքը դադարեց շարժվելուց, և հսկա մարմինը դանդաղ սուզվեց ավազների մեջ։

Կնճիթը դեռևս շարժվում էր` մերթ կատաղի փրփրացնելով ջրերը, մերթ թեթևակի շարժելով ու անդադար հուսահատ ճիչ արձակելով։

Վերջապես դեպի վեր բարձրացած գլուխը ու հարթ երկար ժանիքները անհետացան ջրի տակ և մնաց միայն կնճիթը, որ ցցված էր բոլոնյան հսկա երշիկի նման։ Դադարեցին սուր շեփորաձայները, միայն լսվում էր ծանր շնչառությունը, որ երբեմն ընդհատվում էր կլկլոցով։

Կարլն ու Կասպարը մնացել էին ծառի վրա` ակամա սարսափով դիտելով այդ տեսարանը։ Այդպես չվարվեց շիկարին, նա արդեն ծառի վրա չէր։ Երերուն ավազը, որ մի ժամանակ քիչ էր մնացել կուլ տար Օսարուին, այժմ իր մահացու գրկում ամուր բռնել էր փղին։ Տեսնելով այդ, նա ճարպկորեն իջավ ճյուղերից։

Որոշ ժամանակ նա կանգնել էր ափին` հետևելով ազատվելու նպատակով փղի գործադրած ապարդյուն ջանքերին և շարունակ խոսում էր իր թշնամու հետ` նրա վրա թափելով կծու ծաղրանքներ, շիկարին հատկապես վրդովված էր իր խալաթին հասցրած վնասի համար։ Երբ ջրի երեսին մնաց միայն կնճիթի ծայրը, շիկարին այլևս չկարողացավ դիմանալ։ Վերցնելով իր երկար դանակը, նա նետվեց ջուրը և մի հարվածով հեռացրեց կնճիթի ծայրը, ինչպես մանգաղով խոտի հյութալի ցողունն են կտրում։

Կնճիթի կտրված ծայրն ընկավ ջուրը և իջավ հատակը. մի քանի կարմիր պղպջակներ բարձրացան մակերևույթին` վկայելով, որ վիթխարի փիղը վերջնականապես անհետացել է երկրի երեսից։ Նա ընկղմվեց խոր ավազների մեջ, ուր նրան քարանալ էր վիճակված գուցե նրա համար, որ-պեսզի շատ դարեր անց հանվի որևէ զարմացած հող փորողի բահով։

Այսպիսով, արտասովոր դեպքը որսորդներին փրկեց անհաճո հարևանից, ավելի ճիշտ` վտանգավոր թշնամուց, որից գլուխ հանելը նրանց համար չափազանց դժվար էր։ Չէ որ հրացանազարկ անելու մասին խո-սել իսկ չարժեր։ Թանկարժեք վառոդն ամբողջովին շաղ էր տրված, իսկ նրանց մոտ մնացած երեք լիցքերն անբավարար էին, որպեսզի այդպիսի փոքր տրամաչափի հրացաններով վերջ տային փղին։

Անկասկած, Ժամանակի ընթացքում այնպիսի խիզախ որսորդներ, ինչպիսիք Կասպարն ու Օսարուն են, և այնպիսի սրամիտ հնարագետ, ինչպիսին Կարլն է, թափառաշրջիկին շրջապատելու և ոչնչացնելու մի միջոց կմտածեին, բայց, այնուամենայնիվ, շատ ուրախ էին, որ տարօրինակ հանգամանքն ազատեց իրենց այդ աշխատանքից, և գործի երջանիկ վախճանի համար շնորհավորեցին միմյանց։

Լսելով տերերի ձայնը և տեսնելով, որ նրանք ծառից վայր են իջել, մոտակայքում թաքնված Ֆրիցը դուրս վազեց իր թաքստոցից և նետվեց դեպի նրանք։ Լողալով-անցնելով լճախորշը, Ֆրիցը հազիվ թե կասկածեր, որ իրեն հետապնդած հսկա կենդանին այդ պահին մոտ է գտնվում և որ ջուրը ճեղքող նրա թաթերը միայն մի դյույմ են հեռու սարսափելի կնճիթից, որից միայն մի կտոր է մնացել։

Եվ թեև իր բացակայության ժամանակ տեղի ունեցած զարմանալի պատահարի մասին Ֆրիցը ոչինչ չգիտեր, ու, թերևս, տարակուսած չէր հասկանում, թե որտեղ է թաքնվել թշնամին, բայց երբ լողալով անցնում էր լճախորշը, մի տեղում ջրի կարմիր գույնը կամ, ավելի ճիշտ, արյան հոտը, նրան ասաց, որ այստեղ տեղի է ունեցել ինչ-որ արյունոտ տեսարան, և կրծքով հեշտությամբ ճեղքելով ջուրը, նա բռնվեց վրդովված հաչոցով։

Ֆրիցը ներկայացել էր շնորհավորանքներ ստանալու։ Թեև ամեն անգամ, երբ հարձակման էր ենթարկվել, հավատարիմ կենդանին փախել էր, դրանով նա չէր արատավորել իր շնային պատիվը։ Շունը խոհեմ զգուշավորություն էր հանդես բերել, քանի որ միթե նման ահեղ հակառակորդին դիմադարձ կանգնելու երաշխիք ուներ։ Ուստի նա ճիշտ էր վարվել փախուստի դիմելով. հիմարություն կլիներ տեղում մնալը, այնժամ առաջին իսկ հանդիպմանը, կոթողի մոտ, նա կսպանվեր, իսկ փիղը, հավանաբար, կենդանի կմնար ու դեռ կշարունակեր պաշարել նրանց` ծառի վրա։ Մանավանդ, որ Ֆրիցն առաջինն էր տագնապի ազդանշան հնչեցրել և այդպիսով մարդկանց թշնամու հետ հանդիպմանը նախապատրաստվելու ժամանակ տվել։

Որսորդներ գտնում էին, որ Ֆրիցր արժանի է պարգևի, և Օսարուն որոշեք, շանը հյուրասիրել, փղի կնճիթի կտորով։ Բայց, Նորից մտնելով առվակը, շիկարին, ափսոսանքով տեսավ, որ քաջարի շունը առանց պարգևի կմնա, կտորը, որ նա անջատել էր այնքան ճարպկորեն, բաժանել էր փղի մարմնի ճակատագիրը և այժմ գտնվում էր խոր ավազների մեջ։

Օսարուն չփորձեց այն փորել-հանել։ Խարդախ հողը վախ էր ներշնչում։ Զգույշ քայլերով, նա իսկույն ևեթ վերադարձավ ափ ու հետևեց սահիբներին, որոնք արդեն գնում էին դեպի ավերված խրճիթը։


Գլուխ XXV. Դեոդար

Այժմ որսորդները հրաժարվեցին քարանձավում բնակվելու մտքից։ Այդ միտքը ներշնչել էր փղի վտանգավոր հարևանությունը, բայց այն այլևս գոյություն չուներ։ Դժվար էր ենթադրել, թե հովտում գտնվում էր ուրիշ թափառաշրջիկ։ Այդ կողմից Օսարուն ընկերներին հանգստացրեց, հավաստիացնելով, որ միևնույն շրջանում ինքը երբեք չի հանդիպել երկու համանման կենդանիների, քանի որ այդպիսի չար բնավորությամբ երկու էակներ, հավանորեն, համատեղ յոլա գնալ չէին կարողանա։

Հնարավոր է, որ իրենց հարևանություն են անում նաև այլ, փղից ոչ պակաս վտանգավոր գազաններ։ Կարող են հանդիպել հովազներ, ընձառյուծներ ու վագրեր կամ նույնիսկ մեկ արջ ևս, բայց քարանձավն այդպիսի թշնամիներից հուսալի ապաստան չէր լինի. նրանից ավելի շատ օգուտ չկար, քան իրենց հին խրճիթից։ Ստիպված կլինեն պատրաստել նոր, հնից ավելի ամուր խրճիթ և կախել նոր, ամուր դուռ, որպեսզի իրենց ապահովեն գիշերային այցելություններից։ Նրանք ձեռնարկեցին այդ գործը, հենց որ նախաճաշեցին և չորացրին իրենց շորերը, որոնք ամբողջովին թրջվել էին այն հրեշավոր ջրցանից հետո, որով իր կործանումից ոչ շատ առաջ, հյուրասիրել էր նրանց փիղը։

Մի քանի օր գնաց խրճիթի կառուցման վրա. այդ ավելի կատարյալ կացարան էր։ Համարյա ձմեռային եղանակներ էին և անհրաժեշտ էր տաք օջախ, ուստի որսորդները կավով խնամքով ծեփել էին բոլոր անցքերը, շինել ծխնելույզով օջախ և պատրաստել ամուր դուռ։

Նրանք գիտեին, որ շատ ժամանակ պետք կլինի, որպեսզի սանդուղքներ պատրաստեն, ավելի քան մեկ դյուժին երկար սանդուղքներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է լինի թեթև` ինչպես եղեգ և ուղիղ ինչպես նետ։

Ձմեռվա առավել տաք օրերին նրանք կկարողանան աշխատել բացօթյա։ Առհասարակ աշխատանքի մեծ մասը ստիպված կլինեն կատարել խրճիթից դուրս։ Բայց, այնուամենայնիվ, նրանց անհրաժեշտ է կացարան, ոչ միայն գիշերվա համար, այլև փոթորիկների ու սառնամանիքների ժամանակ։ Եվ այսպես, սանդուղքներ պատրաստելու մասին մտածելուց առաջ, նրանք ձեռնարկեցին նախազգուշական բոլոր միջոցառումները, ինչպես նաև իրենց կացարանը դարձրին հանգստավետ ու հարմար։

Այժմ սարսափելի չէին ձմեռային ցրտերը, նրանք բնակատեղ ունեին, դրա հետ միասին անվնաս էին մնացել մի քանի յակերի մաշկած կաշիները, պետք եկավ նաև երկփողանի ով Կասպարի խփած գազաների մորթին։ Այսպիսով որսորդները ցերեկային աշխատանքների համար ապահովված էին տաք հագուստով, և քնելու համար էլ ծածկվելու բան ունեին։

Նրանց ավելի շատ անհանգստացնում էր այն, թե ձմռանն ինչով պետք է սնվեն։ Փիղը ոչ միայն ոչնչացրել էր սնունդ հայթայթելու բոլոր մի-ջոցները, այլ փչացրել արդեն եղած պաշարները` դրանք կոխկրտելով ցեխի մեջ։ Եղջերուի և յակերի չորացրած մսի պահպանված կտորները հավաքել ու պահել էին հուսալի տեղում։ Հնարավոր էր, որ որսորդներին այլևս չի հաջողվի միս ճարել, ուստի որոշվեց մսի պաշարները տնտեսել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց վիճակված է լինելու անցկացնել այդ ապաստարանում։ Ճիշտ է, վառոդ այլևս չկար, բայց նրանք չէին կորցնում սննդի պաշարներն ավելացնելու հույսը։ Օսարուի մոտ նետեր կային, իսկ թակարդներով ու ծուղակներով կարելի կլինի որսալ վայրի շատ կենդանիներ, որոնք, իրենց նման, ընկել են այս ինքնատիպ, ամբողջ աշխարհից կտրված հովիտը և մնացել են այնտեղ «բանտում»։

Ավարտելով ձմռան նախապատրաստությունները, նրանք նորից գնացին հետախուզելու ժայռերը, որ ընդհատել էր ստիպել փիղը։

Ուշադիր դիտելով խորշերը, որոնք հայտնաբերել էին իրադարձու-թյուններով հարուստ այդ օրը, նրանք շարունակեցին շրջագայումը, մինչև որ հովտում կատարեցին լրիվ շրջան։ Նրանք բաց չթողեցին ապառաժուտ պատի և ոչ մի ոտնաչափ, ամեն ինչ հետախուզվեց ամենամանրազնին կերպով։ Հասկանալի է, որ կիրճը պատնեշող ժայռերը, որոնք լի էին սառցադաշտերով, հետազոտվեցին այնպես, ինչպես և մնացած ամեն ինչ։

Պարզվեց, որ առավել հարմար է զառիթափը սանդուղքներով բարձրանալ հենց այն տեղում, որն արդեն նայել էին, ու թեև լիովին վստահ չէին թե կկարողանան կատարել այս հսկայական աշխատանքը, այնուամենայնիվ որոշեցին փորձ անել և իսկույն զբաղվեցին սանդուղքներ պատրաստելով։

Առաջին հերթին անհրաժեշտ էր հարկ եղած երկարությամբ բավարար քանակությամբ ծառեր ընտրել ու տապալել դրանք։ Սկզբում ընտրել էին տիբեթյան գեղեցիկ սոճիները, որոնցից նրանք ժամանակին կամուրջ էին պատրաստել ճեղքի վրա, երբ հանկարծ մեկ ուրիշ, նույնքան գեղեցիկ ու իրենց նպատակների համար առավել հարմար մի ծառ գտան։ Դա դեոդար էր, մայրիների տեսակներից մեկը։ Օսարուն նորից ափսոսաց, որ այստեղ չկա իր սիրելի բամբուկը։ Եթե այստեղ անհրաժեշտ քանակությամբ բամբուկ լիներ, ապա շիկարին որքան ուզես սանդուղք կպատրաստեր, ըստ որում քառակի ավելի արագ, քան սոճիներից։ Օսարուն ոչնչով չէր չափազանցնում, մեծ բամբուկի կտրված բույնը` սանդուղքի պատրաստի կող է. նրա վրա հարկավոր էր միայն անցքեր փորել աս-տիճանների համար։ Մանավանդ որ բամբուկը թեթև է և ամեն մի ծառից ավելի լավ պիտանի կլինի նրանց մտահղացած սանդուղքների համար, բամբուկի սանդուղքները խորշեր բարձրացնելը շատ ավելի հեշտ կլիներ, քան որևէ մեկ ուրիշը։ Թեև հովտում աճում էր եղեգնի մի տեսակ, որը բլ-րաբնակներն անվանում են «ռինգալ», բայց նրա բներն այդ նպատակի համար պիտանի երկարություն ու հաստություն չունեին. Օսարուն վշ-տանում էր, հիշելով արևադարձային ջունգլիների վիթխարի բամբուկը, որի մացառուտները նրանց հանդիպել էին ճանապարհին։ Հիմալայների առավել ցածը լեռնաճյուղերում հաճախ նրա բները հասնում էին հարյուր ոտնաչափ բարձրության։

Բարենպաստ պայմաններում դեոդարը հասնում է խոշոր չափերի. բարձր լեռներում մինչև տասը ոտնաչափ տրամագծով ու հարյուր ոտնաչափ բարձրությամբ ծառեր են հանդիպում։ Այդպիսի երկար բները շատ պետքական կլինեին և կկրճատեին նրանց աշխատանքը։

Ուստի բամբուկ չլինելու պատճառով, նրանք ընտրեցին այն լավագույն նյութը, որ կարող էր տալ անտառը` բարձր դեոդարը։

Այդ ծառը, որ հիմալայների բնակիչներին հայտնի է մայրի անունով, արդեն վաղուց աճում է Անգլիայի այգիներում ու պուրակներում «դեոդար» անվամբ (այդպես է կոչվում բուսաբանության մեջ)։ Այդ իսկական սոճին հաճախ է հանդիպում հիմալայներում` համարյա ուզածդ բարձրության և հողի վրա, ինչպես ցածր, տոթակեզ հովիտներում, այնպես էլ հավերժական ձյան սահմաններում, բայց ամենից առաջ ցածր բլուրների վրա։ Թեև այդ ծառը գեղեցկությամբ աչքի չի ընկնում, բայց բարձր է գնահատվում, քանի որ նրա հյութից խեժ են քամում։

Եթե դեոդարները միմյանց մոտիկ են աճում, ապա նրանց բարձր բները վերևից բարականում են, ճյուղերը դառնում կարճ` ընդունելով կոնի ձև, որը բնորոշ է եղևնիներին։

Եթե ծառը կանգնած է միայնակ, մյուսներից հեռու, ապա բոլորովին այլ տեսք է ունենում։ Նա բոլոր կողմերի վրա հորիզոնական դիրքով տարածում է երկար, հոծ ճյուղեր, իսկ քանի որ առանձին մանր ճյուղերն ու ոստերը նույնպես հորիզոնական են աճում, ապա յուրաքանչյուր ճյուղը դառնում է սեղանի նման հարթ։ Դեոդարը հաճախ հարյուր և ավելի ոտնաչափ բարձրության է հասնում։

Դեոդարն ամենուրեք անխտիր բարձր է գնահատվում։ Նա շատ պիտանի է շինարարական նպատակների համար, լավ մշակվում է, համարյա չի փտում և հեշտությամբ ճեղքվում է տախտակների` անվիճելի մի առավելություն այն երկրում, ուր սղոցը գրեթե հայտնի չէ։ Քաշմիրում դրանից կամուրջներ են կառուցում, որոնք դիմանում են շատ տարիներ։ Այդպիսի որոշ կամուրջներ կես տարուց ավելի մնում են ջրի տակ, և թեև դրանք ավելի քան հարյուր տարեկան են, բայց դեռևս լավ վիճակում են։

Եթե դեոդարը ենթարկենք սոճիներից խեժ քամելու պրոցեսին, ապա այդ ծառը խեժից շատ ավելի ծորուն, մուգ կարմրագույն և շատ տհաճ հոտով հեղուկ կտա։ Այդ հեղուկը հայտնի է «մայրու յուղ» անվամբ, որը լեռնականներն օգտագործում են որպես մաշկային հիվանդությունները և անասունների քոսը բուժելու միջոց։

Դեոդարն աճում է շատ դանդաղ, ուստի և եվրոպական երկրներում պիտանի է միայն զբոսայգիներն ու պարտեզները զարդարելու համար։ Սանդղակողեր պատրաստելու համար հենց այն պատճառով ընտրեցին դեոդարը, որ նա դյուրին է Ճեղքվում տախտակների կամ ուղղաձև կտորների։ Որսորդները հմուտ հյուսներ չէին, մանավանդ որ անհրաժեշտ գործիքներ էլ չունեին, և ստիպված կլինեին չափազանց երկար տաշել խոշոր բները` մինչև անհրաժեշտ հաստության։ Դա տաժանակիր աշխատանք կլիներ։ Օսարուի տապարն ու դանակներն էին նրանց միակ բոլոր գործիքները։ Բայց քանի որ դեոդարը կարելի է սեպերի օգնությամբ ճեղքել, ուստի նա ճիշտ որ հարմար ծառ կլիներ։ Երբ հետազոտում էին դեոդարը, նրանց աչքին զարնեց սոճու ևս մի տեսակ, այսպես կոչված «չիլը»։

Եթե չլիներ Կարլը, թերևս նրանք առանց ուշադրություն դարձնելու անցնեին ծառի կողքով։ Որպես փորձառու բուսաբան նա զննեց սոճին և գտավ, որ չիլը իրենց համար շատ արժեքավոր հատկություններ ունի։ Կարլը գիտեր, որ չիլը պատկանում է սոճիների դասին, որոնց փայտը հա-րուստ է սկիպիդարով և պիտանի է շահերի համար։ Նրանց վիճակվել էր կարդալ, որ այն հենց այդ նպատակով էլ օգտագործում են հիմալայների բնակիչները, որոնց համար այդ շահերը փոխարինում են մոմերին ու լամպերին։

Կարլը կարող էր իր ընկերներին ասել նաև, որ ծառից ծորացող բևեկնը կիրառվում է որպես վերքերը բուժող քսուք։ Չիսոճին գրեթե միշտ դեոդարի հարևանությամբ է հանդիպում առավելապես դեոդարներից բաղկացած անտառներում։

Կարլը կարող էր նաև հայտնել նրանց, որ Հիմալայներում աճում են ոչ միայն դեոդարն ու չիլը, այլ ուրիշ սոճիներ նույնպես։ Նա կարող էր թվարկել տարբեր տեսակներ։ Օրինակ, մորենդան` սլացիկ, գեղեցիկ, շատ մուգ փշատերև մի ծառ` փշատերևազգիների ամենաբարձր ներկայացուցիչներից մեկը, որը հաճախ զարմանալի բարձրության է հասնում, մինչև երկու հարյուր ոտնաչափի։ Դրախտասոճին, որը բարձրությամբ գրեթե չի զիջում մորենդային և, թերևս, ավելի գեղեցիկ է։ Կոլինը կամ սովորական սոճին, որ լեռնաշղթաների վրա ծովի մակերևույթից վեցից մինչև հազար ոտնաչափ բարձրությամբ ընդարձակ անտառներ է գոյացրել։ Այդ սոճին իրեն ամենից լավ է զգում չոր, քարքարոտ հողում, և կարելի է զարմանալ միայն, թե հաճախ ինչ վայրերում է նա արմատ գցում ու աճում։ Այդ տեսակի խոշոր ծառերը հանդիպում են գրանիտե ապառաժների ուղղաբերձ զառիթափներում։ Զառիթափում կար հազիվ նկատելի փոքր ճեղք։ Ինչ-որ ձևով այնտեղ է ընկել սերմը, աճել և տարիների հետ վերափոխվել հզոր ծառ է դարձել, որն աճում է լերկ քարերի վրա, ուր, ըստ երևույթին, չկա հողի նշույլ. կարելի է կարծել, որ նա պարզապես ժայռերից է հյութ քամում։

Կարլը հաճույքով էր նայում չիլերին, որոնք չորս կողմն այնքան շատ էին։ Նա գիտեր, որ դրանցից կարելի է որքան ասես ջահեր պատրաստել, և ձմեռային խավար գիշերներին, մթության մեջ անգործ նստելու փոխարեն, կարող են մինչև ուշ գիշեր աշխատել խրճիթում պատրաստելով սանդուղքների համար մատներ և զբաղվելով այլ մանր աշխատանքներով։


Գլուխ XXVI. Սանդուղքներ

Ծառահատումը շատ ժամանակ չխլեց։ Որսորդներն ընտրում էին սոսկ բարակ բները, որքան բարակի այնքան ավելի լավ, միայն թե բավականաչափ երկար լինեին։ Ամենից ավելի հարմար էին հիսուն ոտնաչափ բարձրությամբ ծառերը. երբ կտրում էին բարակ գագաթները, մնում էր երեսուն ոտնաչափ երկարությամբ, իսկ հաճախ էլ ավելի բունը։ Այդ ծառերի տրամագիծը, միջին հաշվով միայն մի քանի դյույմ էր, և դրանցից սանդուղքների համար կողեր հեշտությամբ էին ստացվում, մնում էր միայն պոկել կեղևը և երկու հավասար կեսի ճեղքել։

Սանդղամատներ շինելը նույնպես դժվար չէր, բայց շատ ժամանակ գնաց, քանի որ դրանցից հսկայական քանակությամբ էր պահանջվում։

Ինչպես որ կանխատեսել էին, ամենադժվարը մատների համար ան-ցքեր շաղափելն էր, և դա ամենից շատ ժամանակ խլեց, ավելի շատ, քան հատելն ու բներ տաշելը միասին վերցրած։ Եթե շաղափ, դուր կամ թե-կուզ լավ գայլիկոն ունենային, նրանք հեշտությամբ գլուխ կհանեին այդպիսի խնդրից։ Բայց Նրանք թեկուզ ճկույթը մտցնելու չափ անցք շաղա-փելու համար ոչինչ չունեին։ Մինչդեռ պահանջվում էր հարյուրավոր անցքեր բանալ։ Ի՞նչ անել։ Փոքր դանակով դժվար է փոսիկ փորելը, և ստիպված կլինեին երկար աշխատել։ Իսկ չէ՞ որ անհրաժեշտ կլիներ առնվազն չորս հարյուր այդպիսի փոսիկ փորել. դրա վրա ինչքա՜ն ժամա-նակ ու ուժ ստիպված պետք է լինեին ծախսել։ Դա տաղտկալի ու անվերջ աշխատանք կլիներ, և դեռ հայտնի չէ, կհաջողվեր այն կատարել։ Դանակ-ների սայրերը կարող էին բթանալ կամ ավարտելուց շատ առաջ կոտրվել։

Ճիշտ է, եթե նրանք անհրաժեշտ քանակությամբ մեխ ունենային, առանց անցքերի էլ յոլա կգնային, մատները հեշտությամբ կամրացնեին կողերին։ Բայց, ավա՜ղ, ոչ մեխ ունեին, ոչ էլ գործիքներ։ Մեխեր կային միայն ներբանների և մեկ էլ, թերևս, հրացանի կոթերի վրա։ Եվ այսպես, որսորդները մեծ դժվարության առաջ էին։ Բայց Կարլը կանխատեսել էր այդ դժվարությունները և նախապես անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առել։ Որոշելով սանդուղքներ պատրաստել, նա կշ-ռադատել էր այդ հարցը գտնելով հաջող լուծում։ Ճիշտ է, միայն տեսական, բայց հետագայում, երբ նրա տեսությունը գործնականում կիրառ-վեց, այն փայլուն կերպով հաստատվեց, մի բան որ չի կարելի ասել գիտական այլ տեսությունների մասին։

Կարլը պնդում էր, որ անցքերը կարելի է բացել կրակի օգնությամբ, այլ կերպ ասած շաղափել դրանք շիկացրած երկաթով։

Բայց որտեղի՞ց գտնել երկաթ։ Խնդիրը, թվում էր, անիրագործելի էր։ Բայց հնարագետ Կարլը այս դեպքում ևս ելք գտավ։

Բարեբախտաբար, երիտասարդ բուսաբանի մոտ կար գրպանի մեկփողանի ատրճանակ բոլորովին հարթ փողով, որի վրա ոչ նշանառության հատիկ կար, ոչ էլ օղիկ շամփուրի համար։ Կարլը ենթադրում էր ատրճանակի փողը շիկացնել և դարձնել շաղափ։ Այդպես էլ արեց, հարյուրավոր անգամ անընդհատ տաքացրեց այն ու խրեց սանդղակողի մեջ, և վերջիվերջո նրան հաջողվեց անհրաժեշտ քանակությամբ անցքեր բացել, այսինքն երկու անգամ ավելի, քան պատրաստած մատերն էին։

Հարկ չկա ասել, որ այդ անսովոր աշխատանքը զգալի ժամանակ պահանջեց։ Շատ օրեր անցան, մինչև որ բուսաբանին հաջողվեց այդ ճանապարհով չորս հարյուր անցք շաղափել։ Քիչ քրտինք չթափեց նա, արցունքներ էլ քիչ չթափեց, ճիշտ է, ոչ թե սրտնեղությունից, այլ դանդաղ, անբոց այրվող մայրիի փայտի ծխից։

Երբ Կարլն ավարտեց իր ստանձնած աշխատանքը, անելու քիչ բան մնաց. դարսել կողերի յուրաքանչյուր զույգը, հագցնել մատները, ամուր կապել ծայրերից և սանդուղքը պատրաստ է։

Նրանք մեկը մյուսի ետևից ավարտում էին դրանք և փոխադրում այն ժայռի ստորոտի մոտ, որտեղից պատրաստվում էին վեր ելնել։

Բայց այդ փորձն արվեց առանց մտածելու, և դժբախտաբար, ան-հաջողությամբ վերջացավ։ Մեկը մյուսի ետևից սանդուղքները խորշերը բարձրացրին, մինչև որ ելան ժայռի բարձրության երեք քառորդը։ Բայց, ավա՜ղ, չնախատեսված հանգամանքի պատճառով այստեղ ստիպված էին հանկարծակի կանգ առնել։ Հասնելով մի խորշի (դա վերևից հաշված չորրորդն էր) ափսոսանքով տեսան, որ իրենց վերևում ապառաժը ոչ թե փոքր-ինչ ետ է քաշված, ինչպես մնացած խորշերի վրա էր, այլ կախված է՝ մի քանի դյույմ դուրս ցցվելով խորշի ծայրից։ Այդպիսի ապառաժին անկարելի է սանդուղք հենել։ Այդ խորշում ոչ մի սանդուղք, նույնիսկ ուղղաձիգ դիրքով չէր դրվի։ Նրանք սանդուղքն այստեղ չբարձրացրին էլ։ Դժբախտաբար, կանգնելով ժայռի ստորոտին, չէր կարելի տեսնել, թե այս տեղում ժայռն այսպես կախված է խորշի վրա։ Բայց ելնելով վերին սան-դուղքին, Կարլը իսկույն ևեթ, ինժեների աչքով տեսավ, որ դա անհաղթահարելի դժվարություն է։ Համոզվելով դրանում, երիտասարդ բու-սաորսը դանդաղ, տխուր իջավ ընկերների մոտ, որպեսզի նրանց հայտնի տհաճ լուրը։

Ոչ Կասպարը և ոչ էլ Օսարուն մտադիր չէին նորից բարձրանալ։ Նրանք արդեն եղել էին խորշում և եկել ճիշտ նույնպիսի հետևության։ Կարլի եզրակացությունը վերջնական էր։

Նրանց բոլոր հույսերը փշրվեցին, բոլոր ջանքերն իզուր անցան, դա-տարկ տեղը ժամանակ վատնվեց, հնարամտությունը չհաջողվեց, նրանց ապագայի պայծառ երկինքը դարձյալ մթագնվեց սև ամպերով և այդ բոլո-րը մի չնախատեսված հանգամանքի պատճառով...

Անցյալ անգամվա պես, երբ ելքը երկար, անարդյունք փնտրելուց հետո վերադարձան քարայրից, նրանք այս անգամ էլ թախծոտ, վհատ, միանգամայն հուսահատ նստեցին քարափի ստորոտի քարերի վրա։

Նստել էին հայացքը հառելով մերթ գետնին, մերթ տեղափոխելով ժայռերին, ու մի տեսակ բթացած դիտում էին վիթխարի սարդի հյուսած ցանց հիշեցնող ընդհատվող գծերը՝ երկար սանդուղքները, որոնք տեղադրել էին այնքան դժվարությամբ, և որոնցով բարձրացան միայն մի անգամ ու այլևս երբեք չեն բարձրանա։


Գլուխ XXVII. Դատարկ մառանը

Որսորդները երկար նստեցին խոր լռության մեջ։ Օդը շատ ցուրտ էր, քանի որ արդեն ձմեռվա կեսն էր, բայց նրանք նույնիսկ չէին նկատում այդ։ Խոր հիասթափություն ու դառը սրտնեղություն էր համակել, և այժմ ամեն ինչ նրանց համար միևնույնն էր, եթե այդ պահին տեսնեին, որ ցրտաշունչ բարձունքներից իրենց վրա է գլորվում ձյունակույտը, ոչ ոք չէր էլ մտածի փրկվելու մասին։

Այս հսկայական «բանտը» վաղուց արդեն նրանց ատելի էր դարձել։ Նրանք սարսափով էին մտածում, որ թերևս դատապարտված են ընդ-միշտ այստեղ մնալու։

Ծղոտը, որից այնքան երկար, այնպես հուսով էին կառչել, դուրս պրծավ նրանց ձեռքից։ Նրանք նորից էին ընկղմվում։

Ուղիղ մի ժամ որսորդները նստել էին մռայլ վհատության մեջ։ Ձյունապատ լեռների գագաթներին խայտող ծիրանե ցոլքերն ասում էին, որ արևն արդեն ցածրացել է և վրա է հասել գիշերը։

Առաջինն այդ գիտակցեց Կարլը և ընդհատեց լռությունը։

— Եղբայրներ,— ասաց նա՝ եղբայր անվանելով նաև Օսարուին որպես դժբախտության ընկերոջ,— գնանք։ Այստեղ մնալու կարիք չկա։ Գնանք տուն։

— «Տ ու ն»,— թախծոտ ժպտալով կրկնեց Կասպարը։ Ախ, ավելի լավ կլիներ չարտասանեիր այդ բառը։ Առաջ նա այնքան հաճելի էր, իսկ այժմ ինձ համար հնչում է որպես գերեզմանի խորքից եկող արձագանք։ «Տու՜ն»։ Ավա՜ղ, սիրելի եղբայր, մենք երբեք տուն չենք վերադառնա։

Կարլը, ի պատասխան եղբոր անհույս խոսքի, ոչինչ չասաց։ Հույսի և մխիթարանքի խոսքեր չգտավ։ Նա լուռ ելավ քարից, մյուսները` նրա ետևից, և երեքն էլ տխուր ուղղվեցին դեպի իրենց նախնադարյան բնակատեղը, որն այժմ արդեն իրավամբ կարող էին իրենց տունն անվանել։

Բայց որսորդներին նոր հուսախաբություն էր սպասում։ Փղի ավերիչ ասպատակությունից հետո պարենի անվնաս մնացած պաշարը շատ խնայողաբար էր ծախսվում։ Սակայն նրանք այնքան էին զբաղված սանդուղքներով, որ չէին կարող որևէ այլ բանի վրա ժամանակ կորցնել, և մառանում ոչինչ չէր ավելացել ոչ ձուկ, ոչ միս։ Պաշարներն արագորեն հալվում էին, և այն օրը, երբ որոշեցին սանդուղքները փորձարկել, նրանց մոտ մնացել էր ընդամենը մի կտոր չոր միս, որ կարող էր բավականացնել միայն մի անգամվա համար։

Ամբողջ օրը զուր աշխատանքների վրա անցկացնելուց հետո, քաղցած, հույս ունեին ընթրիքին ճաշակել մի կտոր միս և հաճույքով էին կանխավայելում ուտելիքը. չէ՞ որ բոլոր հանգամանքներում էլ բնությունը իր իրավունքներն է ներկայացնում և նույնիսկ ամենածանր հոգեկան տառապանքները չեն մարում քաղցի նոպաները։

Երբ մոտեցան խրճիթին և նկատեցին կոպիտ դուռը, որ սիրալիր բացված էր իրենց դեմ հանդիման, երբ հայացքը գցելով եղեգնյա կտուրին մտածեցին այն մասին, թե որքան տաք ու հարմար է այնտեղ, երբ քաղցած ու սառած, պատկերացրին, թե կրակն ինչպես է ճրթճրթում օջախում, ինչպես է բոցի վրա թշշում յակի միսը, նրանց տրամադրությունը բարձրացավ, և խեղճերը զգալիորեն սրտապնդվեցին։

Մարդն իրոք այդպես է ստեղծված և, թերևս, լավ է այդ։ Մարդկային հոգում մոտավորապես տեղի է ունենում նույնը, ինչ և երկնքում. ամպերը ժամանակ առ ժամանակ ծածկում էն արևին, բայց ամեն անգամ նա դուրս է գալիս ամպերի ետևից։

Այդ պահին մեր բարեկամներին թվում էր, որ սև ամպը թաքնվեց, և սրտներում դարձյալ շողաց հուսո ճառագայթը։

Բայց դա միայն լույսի նշույլ էր։ Նրանք կայծ հանեցին և կրակ վառեցին. շուտով բոցը պայծառ բորբոքվեց։ Մի պահանջը բավարարված էր. կարող էին տաքանալ։ Մնում էր հագեցնել մյուս, ավելի ուժեղ պահանջը. նրանք սկսեցին փնտրել չորացրած մսի կտորը, որից ուզում էին իրենց համար ընթրիք պատրաստել, բայց միսը չքացել էր։

Նրանց բացակայության ժամանակ գաղտագողի խրճիթ էր մտել անհայտ թալանչին։ Մառանը ամայացած էր։

Ինչ-որ վայրի գազան` գայլ, հովազ կամ այլ գիշատիչ, մտել է դռնից, որը նրանք առավոտյան մոռացել էին փակել շտապելով փորձել սանդուղքները։ Դուռը բաց գտան, բայց առածն ասում է, որ կարիք չկա փակել ախոռը, որտեղից ձին արդեն գողացված է. այդպես եղավ նաև այս անգամ։

Ոչ մի կտոր միս չէր մնացել, որևէ այլ ուտելիք նույնպես չկար և մեր որսորդները, իսկ նրանց հետ նաև Ֆրիցը, այդ երեկո ստիպված էին առանց ընթրիքի պառկել քնելու։


Գլուխ XXVIII. Նախաճաշի որոնումը

Սանդուղքները քարշ տալով ու տեղադրելով, նրանք այնքան էին հոգնել, որ չնայած դատարկ ստամոքսին, արագ քնեցին։ Նրանց քունը, սակայն, ոչ խորն էր, ոչ տևական։ Կեսգիշերին արթնանում ու անքուն պառկում էր մերթ մեկը, մերթ մյուսը մտորելով իրենց բաժին ընկած տխուր ճակատագրի ու անմխիթար հեռանկարների մասին։

Նրանք սովորական մխիթարություն անգամ չունեին, թե առավոտյան կկարողանան ինչ-որ բան ուտել։ Գիտեին, որ մինչև նախաճաշելը, հարկ կլինի անտառում կերակուր որոնել։ Քանի դեռ հրացանով որևէ վայրի թռչուն չեն խփել, ուտելու մասին մտածել չարժե։

Բայց նրանց անհանգստացնում էր ոչ միայն նախաճաշի, այլ նաև ճաշի ու ընթրիքի հարցը, և մի խոսքով, չգիտեին, թե այժմ ինչ պետք է ուտեն։ Հանգամանքները խիստ փոխվել էին։ Մինչև այժմ մառանը մշտապես համալրվում էր, քանի որ Կասպարը հմուտ որսորդ էր, բայց հիմա այն դատարկ էր։ Եթե նա վառոդ ունենար, դարձյալ մառանն արագորեն կլցվեր, բայց առանց վառոդի Կասպարի արվեստը բանի պետք չէր. եղջերուներն ու մյուս կենդանիները, որոնք հովտում մեծ քանակություն էին կազմում, չխոսելով արդեն թևավոր բնակչության մասին, միայն կծիծաղեին, եթե Կասպարի խելքին փչեր իր երկփողանիով փախցնել նրանց։ Այդպիսի հրացանից ավելի շատ օգուտ չկար, քան երկաթե գավազանից։

Մնացել էր ընդամենը երկու լից, յուրաքանչյուր փողի համար մեկական և մեկն էլ` Կարլի հրացանի համար։ Այդ լիցերը օգտագործելուց հետո այլևս ոչ մի կրակոց չէր խանգարի հովտում թագավորող լռությունը և շրջակա լեռներում արձագանք չէր արթնացնի։

Բայց որսորդները ենթադրել անգամ չէին ուզում, որ իրենք այլևս կենդանիներ չեն սպանելու, որ չորս կողմն այնքան շատ էին։ Եթե այդպես մտածեին, ապա հիրավի դժբախտ կլինեին, և այդ գիշեր, հավանաբար, նրանց չէր հաջողվի քնել և ոչ մի վայրկյան։ Բայց նրանք անհուսալի չէին նայում ապագային։ Հույս ունեին, որ առանց հրացանների էլ սնվելու համար բավականաչափ միս կճարեն։ Լուսաբացից առաջ նրանք արդեն արթնացել և քննարկում էին այդ հարցը։

Օսարուն մեծ հույս էր դրել իր նետ ու աղեղի վրա, եթե դրանցից օգուտ չլիներ, ապա նրա մոտ կար ուռկան ձկների համար, իսկ եթե դա էլ դատարկ դուրս գար, փորձառու շիկարին գազաններին` ցամաքում, թռչուններին` օդում և ջրի թեփուկավոր բնակիչներին խորամանկությամբ գերազանցելու երկու տասնյակ այլ միջոցներ գիտեր։ Կարլը հայտարարեց, որ մտադիր է գարունը բացվելու հետ բույսերի ու արմտիքների մի քանի ուտելի տեսակներ աճեցնել. այստեղ դրանք այնքան շատ չեն, բայց հմուտ խնամքի դեպքում կարող էին լավ բերք տալ։ Դրանից բացի որսորդները որոշել էին գալիք տարում ուտելի պտուղներ ու հա-տապտուղներ պաշարել և այսպիսով ձմեռվա ամիսներին իրենց ապահովել սովից։ Կորցնելով սանդուղքների օգնությամբ այստեղից դուրս գալու հույսը, նրանք արդեն չէին կասկածում, որ մինչև իրենց օրերի վերջը դատապարտված են ապրելու այս լեռնային հովտում, երբեք դուրս չեն գա իրենց շրջապատող վիթխարի բանտային պատի սահմաններից...

Այդ անհաջողության տպավորության տակ նրանք քննարկում էին, թե ինչի վրա կարող են այժմ հույս դնել և մոտիկ ապագայում ինչով պետք է սնվեն։ Այսպես աննկատ անցավ ցայգալույսը։

Երբ ծագող արևի անդրանիկ ճառագայթները լուսավորեցին ձյունապատ գագաթը, որոնք կարելի էր տեսնել խրճիթի դռնից, երեքն էլ արդեն ինչ-որ կարևոր պատրաստություններով էին զբաղված։ Դյուրին էր կռահել, թե հատկապես ինչ էին ուզում ձեռնարկել նրանք։ Կասպարը լցնում էր երկփողանին և լցնում էր խնամքով, քանի որ դա նրա «վերջին լիցն» էր։

Կարլը նույնպես հրացանն էր տնտղում, իսկ Օսարուն զինվում էր իր ձևով, զննելով աղեղալարը, և լավ սրված նետերը լցնելով հյուսկեն տոպ-րակի մեջ, որ նրա համար կապարճ էր ծառայում։ Ակնհայտ էր, որ երեքն էլ որոշել էին որսի գնալ։ Եվ իսկապես, նրանք գնացին նախաճաշի հա-մար ինչ-որ բան որոնելու։ Իսկ քանի որ լավ ախորժակը հաջողության գրավականն է, քիչ էր մնացել անհաջողությունը սպառնար նրանց, քանի որ երեքն էլ գայլի նման քաղցած էին։

Ֆրիցն իր տերերից պակաս քաղցած չէր, և երևում էր, որ նա ամբողջ ուժով ջանում է նախաճաշի համար վայրի թռչուններ ճարել։ Այդ առավոտ, եթե նրան որևէ զազան կամ թռչուն հանդիպեր, ապա նրանք ոչ մի կերպ չէին կարող դուրս պրծնել նրա ծնոտներից։

Որոշվեց, որ որսորդները տարբեր ուղղությամբ գնան, քանի որ այդ դեպքում որսին հանդիպելու ավելի շատ հավանականություն կլիներ։ Իսկ որքան շուտ նախաճաշի համար որևէ բան ճարեին, այնքան ավելի լավ։ Եթե Օսարուին կհաջողվի թռչուն կամ գազան նետահարել, նա կսուլի բարձր` ընկերներին դեպի խրճիթը հրավիրելով, իսկ եթե եղբայրները որևէ որս խփեն, ապա ազդանշանը կլինի հենց կրակոցը։

Համաձայնելով դրան և կատակով վիճելով, թե իրենցից ով ամենից շուտ կխփի, որսորդները բաժանվեցին։ Կասպարը գնաց դեպի աջ, Օսարուն` ձախ, իսկ Կարլը Ֆրիցի հետ` ուղիղ առաջ։


Գլուխ XXIX. Կասպարը` դարանակալ

Մի քանի րոպե հետո որսորդները իրար կորցրին. Կարլն ու Կասպարը հակառակ կողմերից շրջանցեցին լիճը, իսկ Օսարուն գնաց ժայռի ստորոտի երկայնքով հուսալով, որ այստեղ նրա բախտն ավելի կբանի։

Կասպարը հույս ուներ ճանապարհին նախ և առաջ կակուր կամ հաչող եղջերուի հանդիպել։

Թվում էր, որ այս հովտում այդ փոքր կենդանիներն ամենից շատ էին։ Կասպարը նրանց տեսել էր համարյա ամեն անգամ, երբ որսի էր դուրս եկել, իսկ շատ դեպքերում կակուրը նրա միակ որսն էր դարձել։

Պատանին այդ կենդանիներին մի հրացանազարկի չափ մոտ գրավելու սրամիտ եղանակ էր սովորել, հարկավոր էր թաքնվել ծուղակում և ընդօրինակել նրանց ձայնը, որը, ինչպես կարելի է կռահել նրանց անունից, նման է հաչոցի կամ ավելի շուտ, աղվեսի ձայնի, միայն ավելի բարձր է։

Կակուրն այդ հաչոցն արձակում է ամեն անգամ, երբ կասկածում է, որ մոտակայքում թշնամի է թաքնված, և մերթ ընդ մերթ կրկնում է այն, մինչև որ որոշում է, վտանգն անցել է, կամ ինքը վտանգից հեռացել է։

Այդ կարճամիտ, փոքր, որոճող կենդանին չի կասկածում, որ ձայնը որով նա, հավանաբար, զգուշացնում է իր ընկերներին, հաճախ կործանում է բերում հենց իրեն իր ներկայությունը մատնելով որսորդին կամ այլ մահացու թշնամու։ Հաչող եղջերուի այդ տխմար սովորությունից օգտվում է ոչ միայն մարդը, այլև վագրը, ընձառյուծը, չիտան ու այլ գիշատիչներ, ու, աննկատ մոտենալով, սպանում են նրան։

Մարդը հեշտությամբ կարող է ընդօրինակել նրա հաչոցը։ Եվ Օսարուն այդ արվեստը սովորեցրել էր Կասպարին, որը մի դասից հետո կատարելապես ըմբռնեց այն։ Անգամ Կարլը, որ միայն ներկա էր դասին, սովորեց վերարտադրել այդ բնորոշ հնչյունները։

Ներկա պահին Կասպարին քաղցն ստիպեց կակուր որսալ, քանի որ նրան հանդիպելն ավելի հեշտ էր։ Մյուս եղջերուների ու թռչունների միսն ավելի համեղ է, քան հաչող եղջերուինը։ Այդ տեսակի եղջերուի միսը շատ էլ չի գնահատվում։ Աշնանն ու ձմռանը դա միանգամայն ուտելի է, բայց տարվա ոչ մի եղանակին էլ համով չի լինում։

Բայց այդ առավոտ Կասպարը շատ էլ պահանջկոտ չէր և գիտեր, որ ընկերներն էլ չեն հրաժարվի կակուրի մսից, քաղցը նրանց զրկել էր ամեն տեսակ քմահաճույքից։ Դրա համար էլ Կասպարը շարունակ միևնույն ուղղությամբ էր գնում, առանց շուրջը նայելու, ինչպես որս որոնելիս սովորաբար վարվում են որսորդները։

Նա մի տեղ գիտեր, ուր հաստատապես կարելի էր կակուր գտնել։ Դա մշտադալար թփուտների թավ մացառներով շրջապատված մի գողտրիկ բացատ էր, լճից ոչ հեռու, խրճիթի հակառակ կողմը։

Պատահել էր, որ Կասպարը աչք էր ածել այդ բացատը, և ամեն անգամ հանդիպել թավ խոտերում արածող կամ թփերի ստվերում պառկած կակուրների։ Դրա համար էլ նա ամեն անգամվա պես հույս ուներ բացատում գտնել այդ կենդանիներին։

Նա քայլում էր առանց կանգ առնելու, մինչև որ մ ի քանի քայլ մնաց հասնելու այն վայրը, ուր հույս ուներ նախաճաշի համար միս ճարել, այստեղ նա մտավ թփերի մեջ և սկսեց առաջ շարժվել դանդաղ ու ծայրաստի-ճան զգույշ։ Որպեսզի հաջողությունն ավելի հաստատ լինի, նա չորեքթաթ իջավ և անաղմուկ սողաց մացառուտներում, ինչպես որսին գաղտագողի մոտեցող կատու։ Այսպես նա հասավ մինչև բացատի ծայրը՝ խնամքով թաքնվելով խիտ թփուտների ետևում, որպեսզի նրան չնկատեին կակուրը կամ որևէ այլ կենդանի, որ կարող էին գտնվել բացատում։ Գաղտագողի մոտենալով բացատի ծայրին, Կասպարը կանգ առավ։ Զգույշ բարձրանալով, նա թեթևակի իրարից հեռացրեց խիտ ճյուղերը և նայեց։ Բավական էր մի քանի վայրկյան, որպեսզի աչք ածեր բացատը և, երբ դիտարկումն ավարտվեց, որսորդի դեմքին արտացոլվեց հիասթափությունը։ Շուրջը ոչ մի որս չէր երևում, ոչ կակուր, ոչ այլ չորքոտանի։

Երիտասարդ որսորդն ափսոսանքով նկատեց, որ բացատը բոլորովին ամայի է, նա վշտացած էր, որ այստեղ նախաճաշի համար միս չի գտնի։ Մանավանդ, որ ուրիշներից ավելի լավ իմանալով տեղանքը, հույս ուներ առաջինը որս ճարել, որը կշոյեր նրա որսորդական ինքնասիրությունը, իսկ այժմ հազիվ թե այդ հաջողվի։

Սակայն անհաջողությունը չվհատեցրեց Կասպարին։ Եթե բացատում կակուրներ չկան, ապա կարող են շրջակա մացառուտներում լինեն և թերևս կհաջողվի դրանցից մեկին գրավել բաց տեղ՝ կիրառելով այն խորամանկությունը, որին նա դիմել էր։

Եվ այսպես, նա պպզեց թփուտի ետևում և հաչեց՝ արհեստականորեն ընդօրինակելով կակուրին։


Գլուխ XXX. Միմյանց հսկեցին

Բավական երկար ժամանակ Կասպարի կանչերն անպատասխան մնացին. հավանաբար, շուրջը ոչ մի կենդանի էակ չկար։ Մի քանի անգամ նա սկսեց հաչել, ապա ուշադիր ականջ էր դնում, և նրան արդեն թվում էր, որ այդ տեղերում որսի վրա հույս չի կարելի դնել։

Նա հաչեց վերջին անգամ՝ խնամքով ընդօրինակելով եղջերուին, և արդեն ուզում էր ելնել ու այլ տեղ փոխադրվել, երբ հանկարծ նրա կանչին պատասխանեց իսկական կակուրը. թվում էր, թե ճիչը լսվում էր թավուտից, բացատի մյուս կողմից։

Ձայնը թույլ էր, ասես կենդանին գտնվում էր հեռու, բայց Կասպարը գիտեր, որ եթե կակուրը պատասխանեց նրա կանչին, ապա շուտով անպայման կմոտենա։ Ուստի նա նորից սկսեց հաչել, ապա ականջ դրեց, հուսալով որսալ արձագանքը։

Քամին նորից բերեց կակուրի հաչոցը, և այդ հնչյուններն այնքան նման էին Կասպարի արձակած հնչյուններին, որ նա դրանք արձագանքի տեղ ընդուներ, եթե չիմանար, որ արձակողը եղջերուն է։ Հաջողությունից հուսադրված, Կասպարը մի անգամ էլ կրկնեց իր կանչը։

Այս անգամ, ի զարմանս երիտասարդ որսորդի, պատասխան չհաջորդեց։ Նա ուշադիր ականջ էր դնում լռության մեջ, բայց և ոչ մի ձայն նրան չհասավ։

Նա մի անգամ էլ հաչեց և նորից ականջ դրեց։ Շուրջը թագավորում էր խորը, անվրդով լռությունը։

Բայց հանկարծ լռությունը խախտեց մեկ ուրիշ ձայն, դա կակուրի հաչոց չէր, բայց երիտասարդ որսորդի լսողության համար պակաս հաճե-լի ձայն չէր։

Բացատի այն կողմում տերևները սկսեցին խշխշալ, կարծես մացառ-ներով ծածուկ անցնում էր ինչ-որ կենդանի։

Ուշադրությամբ դիտելով, Կասպարը նկատեց (թե միայն թվա՞ց), որ այն կողմում, որտեղից լսվեց ձայնը, ճյուղերը շարժվեցին։ Ոչ, չէր թվացել, մեկ րոպե անց նա խշխշացող թփի ետևում տարբերեց ինչ-որ մուգ առարկա։ Դա կարող էր միայն կակուր լինել։ Թեև կենդանին բոլորովին մոտ էր (չէ՞ որ բացատը ուներ ընդամենը տասներկու յարդ լայնություն), բայց ոչ մի կերպ Կասպարին չհաջողվեց տեսնել նրան։ Նա ծածկված էր տերևներով, մանավանդ, որ ցայգալույսի աղջամուղջը թույլ չէր տալիս։ Սակայն նշան բռնելու համար բավականին լույս էր, իսկ քանի որ եղջերուին միայն բարակ ճյուղերն էին ծածկում, ապա Կասպարը չէր վախենում, թե դրանք կխանգարեն գնդակին։ Շտապելու հարկ չեղավ։ Չէր կարելի բաց թողնել այդպիսի առիթը, եթե նա էլի սպասի կամ նորից հաչա, ապա կակուրը կարող է նկատել խաբեությունը և թաքնվել մացառներում։

— Դե ահա և քեզ,— փնթփնթաց Կասպարը,— նա նստեց մի ծնկի վրա, բարձրացրեց հրացանը և նշան բռնեց։

Սրա հրացանի աջ փողը հիանալի փականք ուներ, դա մեկն էր նրանցից, որոնք բարձր շխկում են, երբ դրանք բարձրացնում են ապացուցելով, որ ձգանի զսպանակը կարգին է։

Առավոտվա խորը լռության մեջ չխկոցն այնքան բարձր հնչեց, որ դա լիովին կարելի էր լսել բացատի մյուս կողմում կամ փոքր-ինչ հեռվում։ Կասպարը նույնիսկ մտածում էր, որ այդ ձայնը կխրտնեցնի եղջերուին, և, հրահանը բարձրացնելով, աչքը չհեռացրեց թփերից։ Կենդանին չշարժվեց։ Բայց նրա հրահանի չխկոցի հետ գրեթե միաժամանակ, կարծես արձագանք լիներ, որսորդի ականջին հասավ մի ուրիշ չխկոց, որ բացա-հայտորեն լսվում էր այն թփից, ուր կակուրն էր կանգնած։

Բարեբախտաբար, Կասպարի հրահանը չխկաց բավական բարձր, բարեբախտաբար նա լսեց պատասխան ձայնը, այլապես նա կարող էր հրացանով սպանել իր եղբորը, կամ եղբայրը կսպաներ իրեն կամ երկուսն էլ կսպանեին իրար։

Ինչ էլ որ լիներ, երկրորդ չխկոցը ստիպեց Կասպարին վեր թռչել։ Նույն ակնթարթին բացատի մյուս կողմում վեր թռավ նաև Կարլը. երկուսն էլ կանգնել էին միմյանց վրա ուղղված հրացաններով, ասես պատրաստ էին սկսելու մահացու մենամարտը։

Եթե այդ պահին որևէ մեկը տեսներ նրանց, ապա նրանց կեցվածքից, հուզված հայացքներից կորոշեր, որ նրանց մտադրությունները ճիշտ այդպիսին են, և անմիջապես չէր հրաժարվի այդ սարսափելի մտքից, որովհետև եղբայրները մինչև կարողացան գոնե մեկ բառ արտասանել, արդեն մի քանի վայրկյան անցել էր. այնքան որ ցնցված էին նրանք։

Դա հասարակ զարմանք չէր, դա ահ ու սարսափի վախ էր, սարսափ, ախր քիչ էր մնացել ողբերգություն խաղացվեր։ Բայց կամաց-կամաց նրանք ուշքի եկան և սկսեցին օրհնել երջանիկ դիպվածը, որ իրենց փրկեց եղբայրասպանությունից։

Մի քանի վայրկյան եղբայրները լուռ էին, ապա նրանցից ընդհատուն բացականչություններ դուրս թռան։ Կարծես ենթարկվելով միևնույն մղմանը, նրանք մեկեն հրացանները շպրտեցին գետնին։ Ապա երկու կողմից բացատի միջով դեպի միմյանց նետվեցին ու գրկախառնվեցին։

Բացատրություն չպահանջվեց։ Կարլը, շրջանցելով լիճը մյուս կողմից, պատահականորեն շեղվել էր դեպի այդ բացատը։ Մոտենալով, կակուրի հաչոց լսեց՝ չկասկածելով, որ որսին հրապուրելու համար հաչում է Կասպարը։ Նա պատասխանեց կանչին և, տեսնելով, որ կակուրը տեղից չի շարժվում, ուղղվեց դեպի բացատը, որպեսզի դարանակալ ի ու սպանի նրան։ Մոտենալով, նա դադարեց պատասխանել կանչին, ենթադրելով, որ կակուրին կգտնի բաց տեղում։ Իսկ երբ նա արդեն անտառեզրին էր, Կասպարը նորից կակուր ձևացավ, և այնքան վարպետորեն, որ Կարլն ակամայից ենթարկվեց խաբկանքին։ Կանաչ տերևների արանքից մուգ կետ տեսնելով, նա արդեն չէր կասկածում, որ իր առջև կակուրն է. Կարլը պատրաստ էր հրահանը բարձրացնել և եղջերուին խոցել գնդակով, երբ լսվեց Կասպարի երկփողանու չխկոցը, և այդ չարագույժ ձայնը ժամանակին կանգնեցրեց որսորդին։ Այսպիսով, բանը վերջացավ առանց ողբերգության։


Գլուխ XXXI. Շիկարիի ազդանշանը

Եղբայրները դեռևս իրենց մահացու սարսափի տպավորության տակ էին, երբ նրանց մտքերը շեղեց մի նոր ձայն, որ գալիս էր լճակի կողմից։ Դա զիլ, որոտալից սուլոց էր, որ երկրորդվում էր արձագանքով։ Որոշ ժամանակ անց ազդանշանը լսվեց արդեն այլ տեղից՝ ապացուցելով, որ Օսարուն ինչ-որ բան ձեռք է գցել և վերադառնում է դեպի խրճիթ։

Լսելով ազդանշանը, Կարլն ու Կասպարը բազմանշանակ նայեցին իրար։

— Եվ այսպես, եղբայր,— ասաց Կասպարը մի տեսակ տարօրինակ ժպտալով,— տեսնում ես, Օսարուն իր ողորմելի աղեղով ու նետերով առաջ անցավ մեզնից։ Բայց ի՞նչ կլիներ, եթե մեզնից մեկը նրանից առաջ կրակեր։

— Կամ էլ,— նկատեց Կարլը,— երկուսով էլ կրակեի՞նք։ Լսիր Կասպա՛ր,— ավելացրեց նա սարսռալով,— ախր քիչ մնաց որ ոչնչացնեինք միմյանց։ Մտածելն իսկ սարսափելի՜ է...

Չմտածենք այդ մասին,— պատասխանեց Կասպարը,— այլ գնանք տուն ու տեսնենք, թե նախաճաշի համար ինչ է բերել Օսին։ Հետաքրքիր է իմանալ՝ թռչու՞ն, թե՞ ձուկ...

— Երկուսից մեկը,— շարունակեց նա, լռելով։— Հավանաբար թռչուն, որովհետև շրջանցելով լիճը ես ինչ-որ տարօրինակ ճիչեր լսեցի ժայռերի կողմից, ուր և գնացել էր Օսարուն. ըստ երևույթին, ինչ-որ թռչուններ են ճչացել, բայց ինձ թվում է, որ ես առաջին անգամն եմ այդպիսի ճիչ լսում։

— Իսկ ինձ վիճակվել է լսել,— առարկեց Կարլը։— Կարծես կռահեցի, թե որ թռչունն է այդպիսի վայրենի ճիչեր արձակում։ Եվ եթե շիկարին խփել է դրանցից մեկին, ուրեմն արքայական նախաճաշ կունենանք։ Կարծում եմ, որ Լուկուլլոսն ինքը չէր հրաժարվի նրանից... Բայց գնանք դեպի շի-կարիի կանչը, և տեսնենք, թե իսկապես մեզ այդպիսի երջանկություն է բաժին ընկել։

Եղբայրներն արդեն հասցրել էին վերցնել իրենց զենքերը։ Դրանք ուսերին գցելով, նրանք հեռացան բացատից, որը քիչ էր մնացել ողբերգական իրադարձությունների վայր դառնար, և, անցնելով լճափով, արագ քայլեցին դեպի խրճիթը։

Մոտենալով, տեսան շիկարիին շեմքին՝ քարի վրա նստած, իսկ ծնկներին՝ փառահեղ մի թռչուն, որն օդում թռչողներից, ջրում լողացողներից և ցամաքում քայլողներից ամենագեղեցիկն էր, դա սիրամարգ էր, որ նման չէր հնդկահավին, որ փքված քայլում է թռչնանոցում՝ հպարտանալով իր գեղեցկությամբ, այլ վայրի հնդկական սիրամարգ էր նրբագեղ ու վայելչակազմ, թանկարժեք քարերի նման փայլող փետուրներով և, որ ամենից կարևորն է՝ որսորդների համար փափուկ ու համեղ մսով, ինչ-պես ամենալավ թռչունինն է։ Պարզ էր, որ Օսարուն հենց այս հատկության համար է գնահատում սիրամարգին։ Նա արդեն ոչնչացրել էր թռչունի նրբագեղ կերպարանքը, որպես ամենասովորական հավի բմբուլներ պոկել ու քամուն էր տվել փայլուն փետուրները։

Եվ Շիկարիի շարժումներն էլ ցույց էին տալիս, որ պոչի հոյակապ փետուրների և շքեղ ծիրանե լանջապանակի նկատմամբ նա ավելի շատ հարգանք չի տածում, քան եթե ծնկներին ընկած լիներ մի պառաված սագ կամ հնդկահավ։

Երբ ընկերները մոտեցան, Օսարուն ոչ մի բառ չասաց։ Առաջին հա-յացքից նա նկատեց, որ երիտասարդ սահիբները դատարկաձեռն են վերադառնում, և նրա աչքերում փայլատակեց հրճվանքը։ Ասենք, առանց նայելու էլ արդեն համոզված էր, որ միայն ինքն է ավարով վերադարձել։ Չէ՞ որ եթե եղբայրներից մեկը որս սպաներ, շիկարին հրացանի կրակոց կլսեր, մինչդեռ այդպիսի ոչ մի հնչյուն հովտում արձագանք չառաջացրեց։ Այդ պատճառով էլ Օսարուն գիտեր, որ որսորդները վերադառնում են դատարկ որսապարկերով։

Ի տարբերություն երիտասարդ սահիբների, նրա հետ ոչ մի արկած չէր պատահել։ Նրա որսն ընթացել էր առանց նվազագույն ձայնի և ավարտվել հետապնդվող թռչունի մահվամբ, նա լսել էր բարձր ծառի գագաթին նստած ծեր սիրամարգի ճիչը, ծածուկ մոտեցել էր նրան մի հարվածի հեռավորության վրա, և, նետով խոցելով փայլփլող կոկորդը, տապալել գետնին։ Ապա նա կոպտորեն բռնել էր գեղեցիկ թռչունի տոտիկներից, թևերը գետնին քսելով քարշ էր տվել, կարծես Կալկաթայի շուկան էր տանում սովորական մի հավ, որին բռնել էր աղբակույտի վրա։

Կարլն ու Կասպարը որոշեցին պատահարի մասին շիկարիին պատմելու վրա ժամանակ չկորցնել, պատահար, որի հետևանքով քիչ էր մնացել Օսարուն դառնար նրանց մենավոր կացարանի և շրջակա բոլոր հոդերի միակ ու անվիճելի տերը։ Քաղցը շտապեցնում էր նրանց, ստիպված էին պատմությունը հետաձգել ապագային ու օգնել Օսարուին` նրա խոհարարական պատրաստություններում։ Նրանց օգնությամբ շուտով բորբոքվեց պայծառ կրակը, որի վրա տապակվեց, ոչ այնքան խնամքով փետրված սիրամարգը, իսկ Ֆրիցն արագորեն եկավ փորոտիքի հախից։


Գլուխ XXXII. Քարայծը

Ճիշտ է, սիրամարգը խոշոր էր, սակայն այդ ընտիր նախաճաշից հետո նրանից համարյա ոչինչ չէր մնացել, միայն ոսկորները, այն էլ մաքուր կրծված, այնպես որ Ֆրիցը գանգատվելու հիմք կունենար, եթե փորոտիքն արդեն վայելած չլիներ։

Համեղ նախաճաշը զգալիորեն քաջալերեց որսորդներին, բայց, այնուամենայնիվ, նրանք տագնապով էին խորհում այն մասին, թե առաջիկայում ինչպես պետք է իրենց համար պարեն հայթայթեն, հանգամանքները խիստ փոխվել էին այն ժամանակվանից, երբ ոչնչացավ իրենց վառոդը։ Оսարուի մոտ դեռ մնացել էին աղեղն ու նետերը. եթե աղեղը ջարդվեր, կարելի էր ուրիշները պատրաստել։

Կասպարը նույնիսկ պատրաստվում էր սեփական աղեղ ձեռք բերել և` շիկարիի ղեկավարությամբ վարժվել նետաձգnւթյան մեջ, մինչև որ կտիրապետեր այդ հնացած ու ամբողջ աշխարհին հայտնի զենքին։

Լիովին կարելի է դա հնացած անվանել, քանի որ գոյություն ուներ տակավին պատմության արշալույսին, ինչպես նաև հայտնի էր և ամբողջ աշխարհին, որովհետև ուր էլ որ մենք գնալու լինենք, նույնիսկ երկրագնդի ամենախուլ անկյունները, վայրենու ձեռքին աղեղ կգտնենք, որը ոչ որևէ այլ նմուշից է ընդօրինակված և ոչ էլ բերված է այլ վայրերից, բայց, ակներևաբար, սկզբից ի վեր գտնվել է այդ երկրում և այդ ցեղի մոտ, ասես այդ զենքը մարդու ձեռքն է տրվել, հենց որ ստեղծվել է։

Իսկապես, աղեղի և նրա անբաժան դաշնակցի` նետի, տարածման փաստը վայրենի ցեղերի շրջանում, ցեղեր, որոնք բնակվում են աշխարհի տարբեր երկրներում, հասկանալի է, չէին կարող այդ հայտնագործությունը մեկը մյուսից փոխ առնել, մարդկության պատմություն մեջ ամենատարօրինակ փաստերից մեկն է, այն կարելի է բացատրել միայն նրանով, որ պինդ պրկված լարի էներգիայի օգտագործումը, հավանաբար, եղել է մարդկային բանականության չափազանց վաղ հայտնագործությունը և որ այդ գաղափարը տարբեր ժողովուրդների մոտ ինքնուրույնաբար է ծնվել` ամեն անգամ նոր ձևով մարմնավորվելով։

Նետ ու աղեղը, անպայման, զենքի շատ հին, արտակարգ տարածված տեսակն է։ Փորձառու ազգագրագետին այդ առարկան մեր հեռավոր նախնիների կենցաղի ու բարքերի մասին հետաքրքիր շատ բան կպատմի...

Ինչպես արդեն ասված է, համեղ տապակայից հետո որսորդներն իրենց ավելի կայտառ զգացին, բայց, այնուամենայնիվ, նրանց չափա-զանց անհանգստացնում էր այն հարցր, թե ինչպես ուտելիք հայթայթեն։

Օսարուի ճարպկությունը նրանց ապահովեց նախաճաշով։ Բայց ի՞նչ անել ճաշի, իսկ ապա նաև` ընթրիքի համար։ Եթե նույնիսկ հաջորդ հացկերույթի համար էլ պատահաբար որևէ բան գտնվի, հետագայում միշտ չէ, որ կարող է նրանց գործը այդպես հաջող գնալ։ Չէ՞ որ պատահականորեն ձեռքն ընկածով սնվելը գոյությունը պահպանելու անհուսալի եղանակ է, և նրանք մշտապես կգտնվեն սովամահության սպառնալիքի տակ։

Դրա համար էլ, հենց որ վերջ տվին սիրամարգին և քանի դեռ Օսարուն, որ մյուսներից դանդաղ էր ուտում, դեռ շարունակում էր ատամներով սիրամարգի ոսկորները հղկել, եղբայրներն արդեն պաշարներ ունենալու անհրաժեշտության մասին խոսք էին բացել։ Եվ բոլորն էլ համաձայն էին, որ գլխավոր խնդիրը մառանը պարենով լցնելն է։ Այդ պատճառով էլ նրանք որոշեցին որսորդությամբ զբաղվել օգտվելով հանրահայտ միջոցներից և հնարելով նորերը` եթե դրանք անբավարար դուրս գան։

Եվ այսպես, ամենից առաջ հարկավոր է որոշել, թե ճաշին ինչ են ուտելու` ձո՞ւկ, թռչո՞ւն, թե՞ միս։ Նրանք հույս չունեին իսկույն գտնել թե մեկը, թե մյուսը և թե երրորդը, նրանց վիճակում իսկական ճաշի մասին չեն էլ մտածում։ Բավական էր և մեկ կերակրատեսակը` միայն թե վս-տահ լինեին, որ այն միշտ կունենային։

Արդյոք Օսարուի հյուսած ուռկանով որսի գնայի՞ն, թե փորձեին մի սիրամարգ ևս բռնել, փասիան-արգուս կամ մի քանի սագ, թե ավելի լավ էր գնային անտառ և այնտեղ առավել խոշոր որս որոնեին. այս հարցը տակավին շարունակում էր առկախ մնալ, երբ տեղի ունեցավ մի դեպք, որ իսկույն որոշեց նրանց ճաշի պրոբլեմը։ Առանց նվազագույն ջանքի, չծախսելով ոչ մի փամփուշտ, ոչ մի նետ, նրանց հաջողվեց ոչ թե մի ճաշի, այլ ամբողջ շաբաթվա համար միս ճարել իսկ, կտորտանքը կհերիքեր նաև Ֆրիցին։

Սրանք, ըստ իրենց սովորության, նստել էին խրճիթի առաջ ընկած քարերին։ Առավոտը պարզ էր ու խաղաղ, բայց ցուրտ էր. լեռնագագաթներին կուրացուցիչ փայլում էր ձյունը, որսորդները հանգստանում էին և տաքանում արևի տակ։

Խրճիթում մի փոքր ծուխ կար, քանի որ ստիպված էին երկար տապակել սիրամարգը, դրա համար էլ նրանք նախընտրեցին նախաճաշել բացօթյա և այնտեղ էլ խորհրդակցեցին իրենց ապագա ձեռնարկումների մասին։

Զրուցելու ժամանակ նրանք մի ձայն լսեցին, որ փոքր-ինչ հիշեցնում էր այծի մկկոց. թվում էր թե այդ ձայնը երկնքից էր գալիս, բայց նրանք գիտեին, որ ինչ-որ մի կենդանի է, որ գտնվում է ժայռերի գագաթին։

Վեր նայելով նրանք տեսան այդ կենդանուն, և եթե նրա ձայնը այծի ձայնին նման թվաց, ապա արտաքինը ևս հաստատում էր այդ նմանությունը։

Ճիշտն ասած, դա հենց այծ էր, թեև արտասովոր ցեղի, ավելի ճիշտ` քարայծ էր։

Կարլը մի անգամ ևս առավելություն ունեցավ իր ուղեկիցների հանդեպ. որպես փորձված բնախույզ, նա իսկույն բնորոշեց կենդանու ցեղը։ Առաջին իսկ հայացքից որոշեց, որ դա քարայծ է։ Նա դեռ երբեք կենդանի վիճակում չէր տեսել նրան, բայց բնորոշ կերպարանքից, փշոտ մորթուց և մանավանդ օղակաձև, սահուն ետ ոլորված ահագին եղջյուրներից Կարլը ճանաչեց այդ կենդանուն` համեմատելով նրան գրքերում տեսած իր նկարների և թանգարաններում դիտած խրտվիլակների հետ։

Օսարուն նույնպես հաստատեց, որ դա այծ է, ավելի ճիշտ վայրի այծերի ինչ-որ ցեղից է, որոշեց նա. բայց առաջներում Օսարուն երբեք այսքան չէր բարձրացել լեռները, չէր եղել այն վայրերում, ուր հաճախ է հանդիպում քարայծը, և այդ իսկ պատճառով էլ չէր ճանաչում նրան։ Նա իսկույն տեսավ միայն, որ կենդանին նման է այծի, և այդ նմանությունը որսաց նաև Կասպարը։

Ժայռի դուրս ցցված մասի վրա վեհորեն կանգնած կենդանին նրանց երևում էր ոտքից մինչև գլուխ, այդպիսի հեռավորությունից նա ուլից մեծ չէր երևում, թեև իրականում ամեն մի ընտանի այծից շատ ավելի խոշոր էր։ Վառ կապույտ երկնքում պարզ գծագրվում էին նրա բարեկազմ մարմնի ու երկար, գեղեցկորեն ճկված եղջյուրների եզրագծերը։

Կասպարի առաջին միտքը եղավ` վերցնել հրացանն ու կրակել այծի վրա, բայց ընկերները շտապեցին կանգնեցնել նրան` ասելով, թե այդպիսի հեռավորությունից նրան խփելն անհնար է։ Առաջին հայացքից թվում էր, թե այծն այնքան էլ հեռու չէ, բայց իրականում նա բավականին հեռու էր, ավելի քան հարյուր յարդ հեռավորության վրա, քանի որ կանգնած էր առնվազն չորս հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող ժայռին։ Լավ մտածելով այդ մասին, Կասպարը հրաժարվեց իր մտադրությունից և մեկ րոպե անց ինքը զարմացավ իր անխոհեմության վրա, քիչ էր մնացել անտեղի ծախսեր լիցը, այն էլ նախավերջինը, մի կենդանու վրա, որը գտնվում է իր գնդակի հասանելիության սահմանից ճիշտ հիսուն յարդ դուրս։


Գլուխ XXXIII. Այծերն ու ոչխարները

Քարայծը դեռևս շարունակում էր կանգնած մնալ զառիթափի գլխին, երևի մտադիր չէր հեռանալ. նա կանգնած էր անշարժ ինչպես արձան, և որսորդները շարունակում էին դիտել նրան։ Բայց դա չէր խանգարում նրանց զրույց անել։ Կենդանին կանգնել էր, ասես դիմանկարի համար կեցվածք էր ընդունել, և Կարլը որոշեց խոսքերով ուրվագծել նրա դիմանկարը։ Նա խոսում էր դիմելով իր երկու ուղեկիցներին, բայց ուզում էր այդ տեղեկությունները հաղորդել գլխավորապես Կասպարին։

— Քարայծը,— սկսեց նա,— դեռ վաղուց հայտնի կենդանի է, որի մասին կաբինետային գիտնականները քիչ անհեթեթություններ չեն գրել, ինչ-պես, ասենք, երկրի վրա գոյություն ունեցող մյուս կենդանիների մասին։ Սրանց կարծիքով, դա պարզապես այծ է, իհարկե վայրի, բայց, այնուա-մենայնիվ, այծ, որ սովորություններով ու արտաքինով չափազանց հիշեցնում է իր ընտանի անվանակցին։ Ինչպես հայտնի է, սովորական այծի տարատեսակները մոտավորապես այնքան են, որքան երկրներ կան աշխարհում, ուր պատահում են դրանք։ Ի միջի այլոց, դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ մի երկրի սահմաններում, օրինակ Մեծ Բրիտանիայում, կարելի է հանդիպել երեք-չորս ցեղի։ Եվ այդ այծի ցեղերը իրարից նույնքան են տարբերվում, որքան և շան ցեղերը. այդ պատճառով էլ, կենդանաբանների մեջ քիչ վեճեր չեն եղել այն մասին, թե վայրի այծերի հատկապես որ ցեղից են դրանք առաջացել։ Եվ ահա, իմ կարծիքով,— շարունակեց բուսաորսը,— տարբեր ժողովուրդների մոտ հանդիպող ընտանիքի այծերն առաջացել են ոչ թե մեկ վայրի տեսակից, այլ մի քանիսից, ինչպես որ ընտանի ոչխարների ցեղերն են առաջացել մի քանի տեսակներից, թեև շատ կենդանաբաններ ժխտում են այդ ակնբախ փաստը։

— Ուրեմն, գոյություն ունեն վայրի այծերի մի քանի տեսակնե՞ր,— հարցրեց Կասպարը։

— Այո՛, պատասխանեց երիտասարդ բուսաբանը,— ճիշտ է, դրանք չափազանց շատ չեն, հավանաբար, տաս-տասներկու։ Մինչև այժմ կենդանաբաններին վայրի այծերի ամենևին էլ ոչ բոլոր ցեղերն են հայտնի, բայց անկասկած է, որ եթե բնախույզ գիտնականներն ուսումնասիրեն Ասիայի ու Աֆրիկայի կենտրոնական վայրերն իրենց ընդարձակածավալ լեռնաշղթաներով, ապա կհաստատվի, որ այդ ցեղերը տասներկուսից պակաս չեն։

Վերացական տեսարանները, որոնք կենդանիների սեռն ու տեսակը բնորոշում են ատամի ինչ-որ փոքրիկ պալարի հիման վրա, արդեն զարմանալի խառնաշփոթություն են ստեղծել այծերի ընտանիքում։ Նրանք այդ ընտանիքը բաժանել են հինգ սեռի, որոնք բոլորն էլ համարյա բաղկացած են միայն մի տեսակից։ Այսպիսով, նրանք զուր տեղը բարդացնում ու դժվարացնում են առարկայի ուսումնասիրությունը։ Կասկածի ենթակա չէ, որ բոլոր այծերը, վայրի թե ընտանի, ներառյալ և քարայծը, կենդանական աշխարհում կազմում են մի առանձին ընտանիք, որը հեշտությամբ է տարբերվում ոչխարներից, եղջերուներից, այծքաղերից ու ցուլերից։ Վայրի այծերը արտաքին տեսքով հաճախ շատ նման են վայրի ոչխարների որոշ ցեղերին, բայց այծերը շատ ավելի համարձակ են վայրի ոչխարներից և ընդհանրապես իրենց բոլոր սովորություններով զգալիորեն տարբերվում են նրանցից։

- Ահա այս քարայծը,— շարունակեց Կարլը, հայացք գցելով ժայռին կանգնած կենդանու վրա,— պատկանում է վայրի այծերի ընտանիքին։ Հիմալայներում կան նաև վայրի այծերի այլ տեսակներ, օրինակ, տագիրը, որը քարայծից ուժեղ է և խոշոր։ Կարելի է կարծել, որ երբ այս մեծ լեռները ինչպես հարկն է տակնուվրա կանեն,— այստեղ Կարլն ակամա ժպտաց` բռնելով իրեն ամենևին էլ ոչ գիտական արտահայտություն օգտագործելու մեջ,— ապա կհայտնաբերեն մի քանի տեսակներ ես։

Գոյության ունեն քարայծերի այլ տեսակներ ևս, որոնք բնակվում են Ալպերում, Պիրեններում, Կովկասում և Աֆրիկայի լեռներում։

Ինչ վերաբերում է մեր առջև, կամ ավելի ճիշտ մեր վերևում գտնվող կենդանուն, ապա նա քիչ է տարբերվում այդ ընտանիքի մյուս ներկայա-ցուցիչներից. բայց քանի որ նա հիանալի է նկարագրված մի նշանավոր բնախույզի կողմից, ապա ամենից լավ կլինի, որ մեջբերեմ ձեզ համար նրա խոսքերը։

«Արուն,— գրում է նա,— համարյա տագիրի մեծության է լինում։ Չհաշ-ված բրդափոխությանը անմիջապես հաջորդող շրջանը, երբ բուրդը գորշավուն է, քարայծը սովորաբար կեղտամուգ դեղնավուն է չինում։ Նրա բուրդը կարճ է և տարվա ցուրտ եղանակին խառնված շատ փափուկ, խիտ բրդատակի աղվամազին, որ նման է տիբեթյան շալի բրդին։ Քարայծին բնորոշ տեսք են տալիս գլխավորապես բնությունից նրան պարգևած գեղեցիկ եղջյուրները։ Հասակավոր կենդանու մոտ մեջքի վրա նազելիորեն ծռված եղջյուրները հասնում են երեք-չորս ոտնաչափ երկարության։ Նրա մորուքը սև է, փռչոտ, վեց-յոթ դյույմ երկարությամբ։ Էգը աչքի է ընկնում բաց մուգ-դեղնավուն գույնով և երեք անգամ փոքր է արուից. նրա եղջյուրները խողովակաձև են, ծայրերը նեղանում են և ունեն ընդամենը տաս-տասներկու դյույմ երկարություն։ Դա շատ ճարպիկ ու նազելի արարած է։

Ամռանը քարայծերը կեր որոնելու նպատակով բարձրանում են որքան հնարավոր է վեր։

Այդ տեղափոխումը սկսվում է, հենց որ ձյունն անհետանում է, և ավարտվում է աստիճանաբար. կենդանիները բլուրից բլուր են անցնում և յուրաքանչյուր տեղում մնում մի քանի օր։

Տարվա այդ եղանակին արուներն ապրում են մեծ հոտերով, էգերից հեռու։ Օրվա տաք ժամին նրանք սովորաբար քնում են լեռնագոգերի ձյունակույտերի վրա կամ ապառաժներին, բուսականության սահմանից վեր, քարակողերին։ Երեկոյան կողմ վերադառնում են իրենց արոտավայրերը։ Նրանք սկզբում գնում են շատ դանդաղ, բայց, եթե կտրելու մեծ ճանապարհ է մնում, դնում են վազեվազ։ Ինչպես կարելի է եզրակացնել բնիկների պատմածներից, արուները բարձունքների վրա են մնում մինչև հոկտեմբեր, երբ սկսում են խառնվել էգերին և կամաց-կամաց իջնում են լեռներից՝ գնալով դեպի ձմեռային բնակարանները։ Էգերն այնքան շատ չեն բարձրանում. շատերը կլոր տարին մնում են միևնույն տեղում։ Սրանք ձագեր են բերում հուլիսին, սովորաբար երկուսը միանգամից, թեև ինչպես և մյուս հոտային կենդանիների մոտ է, շատերը անպտուղ են լինում։

Քարայծերը զգույշ կենդանիներ են, օժտված շատ սուր տեսողությամբ և գերազանց հոտառությամբ։ Նրանք չափազանց երկչոտ են, և եղել են դեպքեր, երբ մի ամբողջ հոտ մարդուն տեսնելով փախուստի է դիմել՝ մի հրացանազարկի չափ մոտ չթողնելով նրան։

Հայտնի է, որ քարայծը արտասովոր ճարպկությամբ է ժայռեր մագլցում և հեշտությամբ թռչում վիհերի վրայից։ Շատ անգամ նա ելնում է ամենաանմատչելի տեսք ունեցող բարձունքը։ Թվում է, որ ոչինչ չի կարող կանգնեցնել նրան։ Զարմանալի տեսարան է ներկայացնում կրակոցից խրտնած քարայծերի հոտը, որը ուղիղ գծով սուրում է վայրի, անանցանելի լեռներով, նրանք ժայռից ժայռ են թռչում, անցնում են ուղղահայաց զառիթափի ծայրից, ճեղքում անցնում են փլվածքների միջով, դուրս են պրծնում ձյունակույտերից և, անհետանալով կիրճերի մեջ, որից, թվում է ելք չկա, մի քանի վայրկյան անց դուրս են վազում այնտեղից։ Ըստ որում նրանք և ոչ մի ակնթարթ չեն շեղվում ուղիղ գծից և ժամում անցնում են մինչև տասնհինգ մղոն։ Դժվար է գտնել մի կենդանի, որն արագությամբ ու ճարպկությամբ գերազանցի քարայծին»։


Գլուխ XXXIV. Այծերի մենամարտը

Կարլը չէր հասցրել իր պատմությունն ավարտել, երբ այն կենդանու հետ, որին դիտում էին, տեղի ունեցավ մի հետաքրքիր դեպք, որն ակնառու կերպով ցույց տվեց քարայծերի սովորությունները։

Հանկարծ ժայռի վրա հայտնվեց ևս մեկ այծ, որն ուղղվեց դեպի առաջինը։ Դա նույնպես արու էր, որը հաստատում էին նրա ահագին, ծռված եղջյուրները, նա առաջինից փոքր չէր և հարազատ եղբոր պես նման էր նրան։ Սակայն այդ քիչ հավանական էր, համենայն դեպս, երկրորդ այծը եղբայրական զգացումներ չէր դրսևորում։ Ընդհակառակն, նա բացահայտորեն առաջ շարժվեց թշնամական մտադրություններով,գլուխը կախ գցեց այնպես, որ մորուքը քսվեց գետնին, իսկ եղջյուրները բարձրացան շատ վեր. կարճ պոչը ցցեց և սկսեց ճոճել օդի մեջ՝ մատնելով իր չար մտադրությունները։ Այս ամենը որսորդները կարող էին տեսնել նույնիսկ այդքան մեծ հեռավորությունից, քանի որ այծերը պարզորոշ աչքի էին ընկնում երկնքի ֆոնի վրա և հեշտ էր նրանց ամենափոքր շարժումն անգամ որսալ։

Երկրորդ այծը սկզբում մոտենում էր դանդաղ, գաղտագողի, ասես մտադիր էր հանկարծ թռչել հակառակորդի վրա և ժայռից հրել նրան։ Հետագայում պարզվեց, որ նրա մտադրությունները հենց այդպիսին էին, և, եթե առաջին այծը մի հինգ-վեց վայրկյան էլ շարունակեր կանգնած մնալ նույն անշարժ կեցվածքով, նրա թշնամուն իսկույն ևեթ կհաջողվեր իրագործելիր խարդախ դիտավորությունը։

Դժբախտաբար, որոշ ժամանակ անց դա նրան հաջողվեց, ճշմարիտ է կատաղի պայքարից հետո, որի ժամանակ նրան ևս սպառնում էր անդունդը գլորվել, ուր ուզում էր գցել մրցակցին։ Կասպարը հետաձգեց ճակատագրական վախճանը, բայց ավաղ ոչ երկար ժամանակով։ Տեսնելով նենգաբար գաղտագողի մոտեցող այծին, երիտասարդ որսորդից ակամա դուրս թռավ նախազգուշական բացականչություն։ Վտանգի մեջ գտնվող այծը չհասկացավ, թե բանն ինչումն է, բայց իսկույն ևեթ ուշադրությունը լարեց և սկսեց չորս կողմը նայել։ Այստեղ նա նկատեց վտանգը և վայրկենապես միջոցներ ձեռք առավ, որպեսզի այն կանխի։

Վեր բարձրանալով ետևի ոտքերին, նա շուռ եկավ իր առանցքի շուրջը և նորից կանգնեց չորս ոտքերին՝ հայացքը սևեռելով հակառակորդի վրա։ Նա չէր էլ մտածում նահանջել և մարտահրավերն ընդունեց որպես միանգամայն բնական բան։ Ճիշտ է, նրա համար նահանջելն այնքան էլ հեշտ չէր։ Այն ժայռը, որի վրա կանգնած էր նա, հրվանդանի նման առաջ էր ցցված, և հակառակորդը կխափաներ ամեն մի նահանջ։ Երեք կողմից ուղղաձիգ զառիթափ էր։ Եթե նա չընդուներ ճակատամարտը, ապա կգլորվեր անդունդը։ Կամա-ակամա նա ստիպված էր պաշտպանվել։

Հազիվ էր հասցրել պաշտպանական դիրք գրավել, երբ հակառակորդը նետվեց նրա վրա։ Երկուսն էլ միաժամանակ մոլեգին փնչացին և, բարձրանալով ետևի ոտքերին, ուղղահայաց կանգնեցին միմյանց դեմ, որպես երկու ըմբիշ։ Հենց այդպես էլ կռվում են սովորական այծերը, որոնք մարտական սովորությունները ժառանգել են իրենց վայրի նախորդներից։ Փոխանակ մեկը մյուսին ետ մղելով միմյանց պոզահարելու, ինչպես այդ ոչխարներն են անում, այծը բարձրանում է ետևի ոտքերին և նորից իջնում ոտքերի վրա, առաջ ցցում եղջյուրները, որպեսզի խոյի նման նետվի թշնամու վրա և, գետնին հպելով նրան, բլիթի նման ճզմի։

Մեկը մյուսի ետևից, առանց դադարի, հակառակորդները բարձրանում էին ետևի ոտքերին և եղջյուրներով հարվածում վերևից ներքև, բայց շուտով ակներև դարձավ, որ հաղթողը կլինի նա, ով առաջինն էր հարձակվել։ Նրա դրությունն ավելի շահեկան էր. այն հարթակը, որտեղ կանգնած էր նրա հակառակորդը և որից չէր կարելի հեռանալ, բավականաչափ լայն չէր, որպեսզի ինչպես հարկն է ծավալվեր, իսկ սայթաքելու և ժայռից պոկվելու երկյուղը, հավանաբար, կաշկանդում էր չարաբախտ այծի շարժումները։ Հարձակվողը, որն ավելի շատ տարածություն ուներ, կարող էր թռչել ու ընկրկել որքան ուզեր` մերթ ետ-ետ գնալով, մերթ առաջ նետվելով, նորից բարձրանալով ետին ոտքերին և նորից ընկնելով ոտքերի վրա։ Ամեն անգամ նա նոր եռանդով էր կրկնում հարձակումը, քանի որ գիտակցում էր իր վիճակի ամբողջ առավելությունը և, վրիպելով, միշտ էլ կարող էր հարվածը կրկնել, մինչդեռ նրա հակառակորդի համար մի անհաջող հարվածը կամ նույնիսկ անճիշտ քայլը իր ետևից կարող էր անխուսափելի կործանում բերել։

Հարձակման ենթարկված այծը մյուսից թույլ էր արդյոք, թե չափազանց աննպաստ դիրք էր գրավել, բայց շուտով պարզ դարձավ, որ նա չի դիմանա հակառակորդին։ Հենց սկզբից նա, ըստ երևույթին, միայն պաշտպանվում էր և, հավանաբար, եթե փախչելու տեղ ունենար, իսկույն կճողոպրեր։ Բայց հենց մենամարտի սկզբից էլ փախչելու մասին հարկ չկար մտածելու, հնար չկար։ Նրան կարող էր փրկել միայն հսկայական թռիչքը. հարկավոր էր թռչել հակառակորդի վրայով չդիպչելով նրա եղջյուրին։

Թվում է, թե հենց դա ծագեց նրա գլխում, որովհետև, հանկարծ փոխելով տակտիկան, նա նետվեց բարձր, դեպի վեր, հավանաբար փորձելով ցատկել նրա եղջյուրի վրայից, որպեսզի փրկություն որոներ ձյունապատ գագաթների վրա։

Եթե այդպիսին էլ էր նրա մտադրությունը, ապա դա ավարտվեց ճակատագրական անհաջողությամբ։ Այն ակնթարթին, երբ նա պոկելով գետնից, բարձր վեր թռավ, հակառակորդը սարսափելի ուժով իր ահագին եղջյուրներով հարվածեց նրա կողքին և գնդակի նման ժայռից հեռու շպրտեց։ Հարվածն այնքան սարսափելի էր, որ այծը սրընթաց ներքև թռավ։ Օդում մի քանի անգամ պտույտ գործելով, նա ծանր շրմփաց հովտում, ուր դիպչելով քարերին, ուղիղ հարյուր ոտնաչափ մի կողմ թռավ և անշարժ փռվեց գետնին։

Հանդիսականներն այնքան զարմացած էին այս անսպասելի պատահարից, որ իսկույն ուշքի չեկան։ Սակայն նման դեպքեր հաճախ են տեղի ունենում հիմալայների վայրի կիրճերում, ուր մշտապես ճակատամարտեր են տեղի ունենում քարայծերի, տագիրների, բերելների, վայրի ոչխարների կամ հսկա արխաների արուների միջև։

Շատ անգամ այդպիսի մենամարտերը տեղի են ունենում ուղղաձիգ զառիթափի եզրին, քանի որ բոլոր այս կենդանիները սիրում են թափառել բարձր լեռներում, և այն ժամանակ ճակատամարտի ելքը լինում է այնպիսին, ինչպիսին տեսան մեր որսորդները. հակառակորդներից մեկը եղջյուրների վրա է բարձրացնում մյուսին կամ անդունդ գլորում նրան։

Չպետք է կարծել, թե ամեն անգամ պարտվածը սպանվում է։ Եթե զառիթափն այնքան էլ բարձր չէ, տագիրը, քարայծը կամ բերելը ընկնելուց հետո կանգնում է ոտքի և վազում է կամ հեռանում կաղալով ու, թերևս առողջանալով միևնույն թշնամու հետ նորից է բախտը փորձում գոտեմարտում։ Այդպիսի մի զարմանալի դեպք է նկարագրում գիտնական որսորդ, գնդապետ Մարկհեմը։ Բերենք նրա նկարագրությունը. «Ես ականատես եմ եղել անհավատալի սխրանքի, որ գործել է զառամյալ տագիրը։ Ես կրակեցի տագիրի վրա, երբ նա կանգնած էր մոտավորապես ութսուն յարդ բարձրությամբ ժայռի ուղիղ ծայրին։ Այդ տարածությունը նա թռավ ուղղահայաց, չդիպչելով քարե պարսպին, ընկավ գետնին, վեր թռավ ու տապալվեց տասնհինգ յարդ հեռու։ Ես կարծեցի, թե նա ջարդուփշուր եղավ, բայց ոտքի կանգնեց ու վազեց հեռու, ու թեև մենք երկար գնացինք նրա արյունոտ հետքերով, այնուամենայնիվ, չհաջողվեց գտնել նրան»։

Իմ պատանի ընթերցողները, հավանաբար, հիշում են, որ նման քիչ դեպքեր չեն դիտվել Ամերիկայի ժայռապատ լեռներում, ուր ապրում են վայրի ոչխարները՝ խոշոր վայրի կենդանիները, որոնք այնքան են նման հիմալայան արխարներին, որ որոշ բնախույզներ դրանց նույնն են համարում։ Տեղացի որսորդները հավատացնում են, որ լեռնային ոչխարը բարձր ժայռերից անվախ ներքև է նետվում, եղջյուրներով զարնվում գետնին, և, գնդակի նման վեր թռչելով, կարծես ոչինչ չի եղել, կանգնում են ոտ-քի այդ սարսափելի, գլխապտույտ թռիչքից բոլորովին չշշմած։

Հասկանալի է, որ այդ «որսորդական պատմվածքներում» որոշ չափազանցություն կա, բայց կասկածի ենթակա չէ, որ մայրի ոչխարների ու այծերի տարատեսակների մեծամասնությունը, ինչպես նաև որոշ լեռնային այծքաղեր, ինչպես օրինակ լեռնայծն ու այծեղջյուրը, կարող են զարմանալի թռիչքներ գործել, որոնք այդ կենդանիների սովորություններին անծանոթ մարդուն պարզապես անհավատալի կթվան։ Դժվար է հասկանալ, թե տագիրին, որի մասին պատմում է գնդապետ, Մարկհեմը, ինչպես է հաջողվել երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրությունից ընկնել (չխոսելով արդեն երկրորդ անկման մասին, որն առաջինի տեղից քառասունհինգ ոտնաչափ հեռու էր), և ջարդուփշուր չլինել։ Բայց որքան էլ դժվար լինի նման փաստին հավատալը, այնուամենայնիվ այն չպետք է ժխտել։ Ով գիտե, թերևս այդ կենդանիների ոսկորներն օժտված են հատուկ առաձգականությամբ, որը թույլ է տալիս դիմանալ նման արտա-սովոր անկումներին։

Մի քանի կենդանիների մոտ կարելի է հանդիպել որոշ օրգանների, որոնց նշանակությունը դեռ լիովին պարզ չէ։ Ինչպես հայտնի է, բնությունը իր արարածներին հրաշալիորեն հարմարեցնում է շրջապատող միջավայրին։ Կարելի է ենթադրել, որ վայրի այծերն ու ոչխարները, չորքոտանիների մեջ այդ յուրատեսակ բլոնդեններն[4] ու լեոթարները[5], օժտված են որոշակի հարմարանքներով, որոնք բացակայում են այլ կենդանիների մոտ։ Կատարելապես չուսումնասիրելով կենդանիների անատոմիան, մենք իրավունք չենք ունենա վիճարկել այնպիսի հեղինակության խոս-քերը, ինչպիսին գնդապետ Մարկհեմն է, որն, իհարկե, չափազանցնելու հիմքեր չուներ։

Բայց տվյալ դեպքում չէր կարելի սպասել, թե այծը առողջ կմնա։ Նա այնպիսի սարսափելի բարձրությունից ընկավ քարերին, որ նրա մեջ չէր կարող պահպանվել կյանքի թեկուզ մի կայծ։ Եվ իսկապես, մոտենալով, որսորդները տեսան, որ քարայծը անշարժ ընկած, անկենդան փռված է գետնին։


Գլուխ XXXV. Քարարծիվները

Որսորդները սրտանց ուրախացել էին, որ իրենց մառանն այդքան անսպասելիորեն համալրվեց մսով, որ որպես բիբլիական մանանա ընկել էր պարզապես երկնքից։

— Մեր ճաշը՜,— ուրախ գոչեց Կասպարը, լսելով ընկնելու ձայնը։— Ինչ-պես և ընթրի՜քը,— ավելացրեց նա։— Ոչ, ավելին, այդքան միսը մի ամբողջ շաբաթ կբավականացնի։

Երեքն էլ վեր թռան և պատրաստ էին նետվել իրենց ավարի վրա, երբ լսեցին երկու անգամ կրկնվող սուր ճիչ, որը, ըստ երևույթին, գալիս էր ժայ-ռի գագաթից կամ նույնիսկ նրա վրա կախված լեռնալանջից։

Թերևս այդ հաղթող այծի ճիչն էր, որ տոնում էր հաղթանակը։ Ոչ, այծը չէր կարող այդպես ճչալ, չէր կարող և ոչ մի չորքոտանի։ Որսորդները դրանում չէին կասկածում։ Վեր նայելով, նրանք տեսան մի էակ, ավելի ճիշտ երկու էակ, որոնք արձակում էին այդ ճիչերը։

Հաղթող այծը դեռևս շարունակում էր կանգնած մնալ ժայռին։ Մի քանի վայրկյան, քանի դեռ հանդիսականների ուշադրությունն այլ բանով էր զբաղված, թվում էր, թե նա հենց նոր գործած իր չարագործությամբ էր զմայլվում և, հնարավոր է, հաճույք էր զգում ձախողակ հակառակորդի նկատմամբ տարած հաղթանակից։ Համենայնդեպս, նա կանգնել էր ժայռի դուրս ցցված մասին, ուր քիչ առաջ նրա հակառակորդն էր։

Սակայն որսորդների լսած ճիչը նույն ակնթարթին հասավ նաև այծի ականջին։ Բարձրացնելով գլուխը, նրանք տեսան, որ այծը բացահայտ տագնապով է նայում շուրջը։ Օդում, նրանցից մի քանի յարդ վեր, երևում էին երկու ստվերներ, ի դեմս որոնց դյուրին էր ճանաչել ճախրող թռչունների։ Սրանք խոշոր էին, սևագույն, հստակ ուրվագծերից և թևերի ուժգին թափահարումից իսկույն երևում էր, որ գիշատիչ թռչուններ էին։ Որսորդներն արագորեն բնորոշեցին դրանց ցեղը, արծիվների այդ տեսակը Հիմալայներում ու Տիբեթյան տափաստաններում հայտնի է «քարարծիվ» անվամբ։

Նրանք օդում գծում էին կարճ, ոլոր-մոլոր կորագծեր, երբեմն-երբեմն միաժամանակ սուր ճչալով։ Նրանց գրգռված տեսքից, բոլոր շարժումներից կարելի էր կռահել մտադրությունները։ Սրանք պատրաստվում էին հարձակվել թշնամու վրա, և այդ թշնամին ոչ այլ ոք էր, քան քարայծը։

Այծը, հավանաբար, հասկանում էր, թե ինչ է սպառնամ իրեն։ Մի քա-նի ակնթարթ նա կարծես տատանվում էր, թե ինչպես վարվի։ Նա արդեն չուներ քիչ առաջվա հպարտ, հանդուգն տեսքը, երբ հարձակվեց ցեղակից հակառակորդի վրա. նա կանգնած էր ինչ-որ կուչ եկած, ասես վախից կաթվածահար էր եղել։ Արծիվներն իրենց ճիչերով ձգտում էին հենց այդպիսի տպավորության, և այդ լավագույնս հաջողվեց կատաղի թռչուններին։

Որսորդներն աչքները չէին կտրում այս նոր դրամայի գործող անձանցից մեծագույն հետաքրքրությամբ հետևելով թռչունների ու կենդանու շարժումներին։ Բոլորն էլ ուզում էին տեսնել, թե իր գազանային արարքի համար ինչպիսի պատիժ է կրելու այծը։

Ինչպես երևում է, նրանց ցանկությունը պետք է կատարվեր. սպանողին կործանում էր վիճակված։ Նրանք սպասում էին, որ մարտը երկարատև կլիներ, բայց խաբվեցին։ Ընդհարումը նույնքան կարճ եղավ, որքան և դրա նախապատրաստությունը, տասը վայրկյան էլ չէր անցել, երբ քարարծիվները սլացան բարձրից, հարձակվեցին այծի վրա ու սկսեցին մերթ կտուցով, մերթ մագիլներով խփել նրան։

Մի քանի ակնթարթ քարարծիվների լայն տարածած թևերը գրեթե ծածկել էին այծին, բայց ժամանակ առ ժամանակ կարելի էր տեսնել, որ նա շատ էլ եռանդուն չի պաշտպանվում։ Այդքան տարօրինակ թշնամիների Հանկարծակի գրոհը, հավանորեն, շշմեցրել էր այծին, և վախը կարծես շղթայել էր նրան։

Բայց շուտով այծը ուշքի եկավ և, սրընթաց բարձրանալով ետևի ոտքերին, սկսեց եղջյուրներով կատաղի կռիվ մղել։ Սակայն քարարծիվները զգաստ էին. ամեն անգամ, երբ կենդանին առաջ էր նետվում, նրանք հեշտությամբ խուսափում էին հարվածից, այս կամ այն կողմ էին թռչում, իսկ ապա, արագորեն շուռ գալով, ետևից հարձակվում նրա վրա։

Ճակատամարտի ժամանակ այծը մնաց նույն տեղում, ուր հարձակման էր ենթարկվել, և մերթ այս ու այն կողմ էր նետվում, մերթ իրար մոտեցնում առջևի սմբակները, մերթ բարձրանում էր ետևի ոտքերին՝ շուռ գալով իր առանցքի շուրջը։

Նրա համար ավելի հեշտ կլիներ կանգնել չորս ոտքերի վրա, քանի որ այդ դեպքում նա կարող էր ավելի երկար դիմանալ, թերևս, մինչև այնքան ժամանակ, քանի դեռ ետ չէր մղել իր թևավոր հակառակորդին կամ երկարատև պաշտպանությամբ ուժասպառ չէր արել նրանց։

Բայց «չորեքթաթ» կռիվ անելը նրա սովորությունը չէր։ Այդ հակասում էր նրա ցեղի ավանդություններին, որի բոլոր ներկայացուցիչներն անհիշելի ժամանակներից սովոր էին կռվել ետևի ոտքերին կանգնած։

Հետևելով այդ կանոնին, նա ամբողջ հասակով ուղղվեց և նպատակադրվեց հարվածել քարարծիվներից մեկի կրծքին, որ առջևից էր հարձակվում իր վրա, երբ մյուսը, թափ առնելու համար թեթևակի ետ թռչելով, նետի նման նետվեց դեպի նա ու մագիլներով կառչելով այծի վզից, կարճ, ուժգին հարվածով այնպես ետ ծալեց նրա գլուխը, որ սա հավասարակշռությունը կորցրեց ու ժայռից գլորվեց։ Հաջորդ վայրկյանին այծն օդում էր՝ ընկնելով նույն այն սարսափելի բարձրությունից, որը քիչ առաջ չափել էր նրա զոհը։

Հանդիսականներն սպասում էին, որ նա գետնին ընկնելուց հետո այլևս չի ենթարկվի իր թևավոր թշնամիների հարձակմանը։ Բայց ուրիշ բան կատարվեց։ Այծը չէր հասցրել ժայռի բարձրության կեսն անցնել, երբ երկրորդ քարարծիվը կայծակի արագությամբ նետվեց նրա վրա և նորից հարվածեց շեղելով ուղղահայաց անկումից։ Վերջապես անշունչ մար-մինն ընկավ գետնին, բավականին հեռու այն վայրից, ուր պառկած էր առաջին այծը, իսկ նրա հետ միասին իջավ նաև քարարծիվը՝ թևերը պար-զած, ճանկերը չռած, կարծես տակավին շարունակում էր բռնել նրան մագիլների մեջ։

Անհասկանալի էր, թե քարարծիվն ինչու էր շարունակում այծին սեղմել մագիլներով, կենդանին հավանաբար, ավելի շուտ էր մահացել, քան կհասներ գետնին։ Թռչունի վարքագծում ինչ-որ անսովոր բան կար, և վերջին քառասուն-հիսուն յարդը նա ինչ-որ տարօրինակ ձևով էր իջնում։ Այժմ նա հուսահատ թափահարում էր թևերը և այնպիսի անբնական դիր-քով էր նստել մարմնի վրա, որ թվում էր նրա հետ ինչ-որ վատ բան է կատարվում։

Շուտով որսորդները հասկացան, թե բանն ինչումն է։ Քարարծիվն առաջվա պես թևերն էր թափահարում, կամ ավելի ճիշտ, կատաղի ու անկանոն խփում դրանցով, բայց պարզ էր, որ նա սեփական ցանկությամբ չէր մնում իր զոհի դիակի վրա, այլ ամեն ինչ անում էր, որպեսզի հեռանար նրանից։ Այդ ավելի ակնհայտ դարձավ, երբ նա սկսեց ոչ թե առաջվա պես չար ու սպառնալի, այլ մեծագույն սարսափ արտահայտող վայրի ճիչեր արձակել։

Որսորդները նետվեցին դեպի նա՝ ենթադրելով, որ արտաքո կարգի ինչ-որ բան է պատահել։

Երբ վազելով մոտեցան թռչունին, որը շարունակում էր ջղաձգվել ու ճչալ, հանելուկն իսկույն լուծվեց։

Նրանք տեսան, որ քարարծիվը թակարդն է ընկել, նրա մագիլները խրվել էին այծի մարմնի մեջ և այնքան պինդ էին թաղվել, որ չնայած ջլուտ ճանկերին ամբողջ հզորությանն ու առաձգական թևերին, չէր կարողանում ազատվել։

Հարձակվելով ընկնող այծի վրա, թռչունը նրա փափուկ փորի մեջ էր խրել իր կեռավուն մագիլները, բայց երբ ուշացել էր դրանք դուրս քաշել, պարզվել էր, որ ճանկերը խճճվել էին խիտ, լմկած բրդի մեջ, և որքան շատ էր նա ջղաձգվում, փորձելով ազատվել, որքան շատ էր բոլոր կողմերը պտույտ գործում, այնքան ավելի ամուր և ձիգ էր դառնում պարանը, որ հյուսվել էր հռչակավոր նյութից՝ Քաշմիրի շալի բրդից։ Քարարծիվն, անշուշտ, անախորժ վիճակի մեջ էր ընկել, և թեև նրան շուտով ազատեցին բրդյա կապանքներից, բայց սոսկ նրա համար, որ առավել հուսալի կապեին ավելի ամուր պարանով, որ Օսարուն հանեց գրպանից։

Մյուս քարարծիվը չթռավ, նրանցից չհեռացավ, ասես մտադրվել էր հափշտակողների ձեռքից փրկել իր ընկերոջը. արձակելով բարձր ճիչեր, նա թռչում էր մերթ մեկի, մերթ մյուսի մոտ երկար, սուր մագիլներով հերթով սպառնալով բոլորին։

Քանի որ երեքն էլ զինված էին, նրանց հաջողվեց քշել գազազած թռչունին, բայց Ֆրիցի համար, որն իր հերթին նրա կատաղած գրոհների առարկան էր դարձել և որն ատամներից բացի այլ զենք չուներ, բանը կարող էր տխուր վերջանալ։

Արծվի մագիլների դեմ ատամները վատ պաշտպան էին, և Ֆրիցը, հավանաբար, մեկ, գուցե և երկու աչքից կզրկվեր, եթե չլիներ Օսարուի արձակած նետը։ Այն շամփրեց, խոցեց, նրա կոկորդը, և հսկա թռչունը խուլ ձայնով տապալվեց գետնին։

Բայց նա դեռ կենդանի էր։ Տեսնելով, որ տարածված է գետնին, շունը ուզում էր բռնել նրան, բայց, երբ դեպի նա մեկնվեցին սուր մագիլները և հզոր, կեռավուն կտուցը, նախընտրեց նահանջել և պատկառելի հեռա-վորության վրա մնալ. քարարծվին վերջ տալը նա թողեց շիկարիին, որն իսկույն շամփրեց նրան իր երկար նիզակով։


Գլուխ XXXVI. Հույսը` քարարծվի վրա

Եվ այսպես, որսորդները ստացան պարենի հարուստ պաշար, որը տառացիորեն ընկել էր երկնքից։ Մնում էր միայն օրհնել երջանիկ պատահականությունը, և շիկարին գոհություն էր հայտնում իր աստվածներին։ Որոշ ժամանակ նրանք հետաքրքրությամբ զննում էին թե այծերին, թե քարարծվին, նրանց հուզում էր այն միտքը, որ դեռ բոլորովին քիչ առաջ, այդ արարածները, թափառում էին լեռնային «բանտի» սահմաններից շատ հեռու և այստեղ են եկել արտաքին աշխարհից, դեպի որն այնպես ձգտում են որսորդները։ Ինչ ասես չէին տա, որպեսզի քարարծվի նման թևեր ունենային։ Դրանց օգնությամբ արագորեն դուրս կգային այն հովտից, որը նրանց համար հիրավի արցունքի հովիտ էր դարձել, հովիտ, որն ընկած էր շրջապատող ձյունապատ լեռների սահմաններից այն կողմ։

Երբ Կարլն այդ մասին էր մտորում, նրա գլխում փիլիսոփայական միտք ծագեց, որից նրա դեմքը փոքր-ինչ պարզվեց։

Ճիշտ է, այդ գաղափարն ամենևին էլ փայլուն չէր։ Բայց այն ինչ-որ բան խոստանում էր, իսկ, քանի որ խեղդվողը ծղոտին էլ է ձեռք գցում, ապա Կարլը, չնայած այդ գաղափարի տարօրինակությանը, շարունակում էր համառորեն խորհրդածել և որոշ ժամանակ անց իր մտահղացումը հայտնեց ընկերներին։

Այդ միտքը նրան տվեց քարարծիվը։ Դա ուժեղ, մկանուտ թռչուն էր. բոլոր արծիվների նման քարարծիվը ևս կարող է նետի պես վեր սլանալ։ Մի քանի րոպեում, նույնիսկ մի քանի վայրկյանում, նա կհասնի ձյունա-պատ գագաթներին, որոնք բարձրանում են նրանց վերևում...

Ի՞նչն է խանգարում նրան, — անվստահ տոնով հարցրեց Կարլը՝ ցույց տալով թռչունին,— տանել...

— ...տանել ի՞նչը,— եղբորն ընդհատեց Կասպարը։— Իհարկե, ոչ մեզ Կարլ, — ավելացրեց նա թեթև հեգնանքի երանգով։— Հուսով եմ դու այդ չե՞ս մտածում։

— Հասկանալի է, որ ոչ մեզ,— լրջորեն պատասխանեց Կարլը,— այլ այն պարանը, որ կարող է մեզ բարձրացնել։

— Հա-հա՜,— բացականչեց Կասպարը՝ ուրախությունից շողալով։— Այ դա գաղափա՜ր է։

Օսարուն նույնպես բերկրալի բացականչություն արձակեց։

— Ի՞նչ ես մտածում այդ մասին, շիկարի,— լրջորեն նրան հարցրեց Կարլը։

Շիկարին բուռն հույսեր չէր տածում, բայց պատրաստ էր խորհուրդներով օգնել նրանց։ Այդ պլանն իրագործելը դժվար չէր լինի։ Հարկավոր էր միայն կանեփաթելից, որ նրանք բավականաչափ ունեն, պարան գործել, կապել քարարծվի թաթից և թռչունին ազատ արձակել։ Կարելի է չկասկածել թե ուր կթռչի արծիվը։ Հովիտը նրան ձանձրացրել է, և, իհարկե, կցանկանա առաջին իսկ հնարավորության դեպքում այստեղից թռչել։

Առաջին հայացքից պլանն իրագործելի թվաց, բայց երբ այն մանրամասն քննարկման ենթարկեցին, հանդիպեցին երկու նշանակալից դժվարության, և հանկարծակի բռնկված հույսը քիչ մնաց մարեր։

Առաջին, կարելի էր երկյուղ կրել, որ քարարծիվն իր ամբողջ ուժով հանդերձ չի բարձրացնի պարանը, որը բավականաչափ հաստ պետք է լինի, որպեսզի դիմանա նրանցից յուրաքանչյուրի ծանրությանը։ Նա բարակ պարանը հեշտությամբ կբարձրացնի ոչ միայն ժայռի գագաթը, այլև շատ ավելի հեռու, բայց հասարակ պարանն անօգուտ է։ Որպեսզի դիմանա մարդու կշռին, այն էլ ժայռերը եռանդագին մագլցողի կշռին, հարկավոր կլինի շատ հաստ պարան։ Դա պետք է լինի բավականաչափ երկար՝ երկու հարյուր կամ ավելի յարդ, իսկ ամեն մի յարդի հետ աճում է այն ծանրությունը, որը պետք է բարձրացնի արծիվը։

Չպետք է կարծել, թե որսորդները մտադիր էին «ձեռքերով» բարձրանալ այդ պարանով։ Եթե ժայռը տասներկու յարդ կամ մոտավորապես այդքան բարձրություն ունենար, այդ նրանց, թերևս, կհաջողվեր։ Բայց հարկավոր էր բարձրանալ հարյուր հիսուն յարդ, և աշխարհում ամենաճարպիկ ծովայինը, անգամ ինքը՝ լեգենդար ծովագնաց Սինդբադը այդպիսի տարածության կեսն էլ չէր կարող հաղթահարել։ Նրանք հենց սկզբից կանխատեսել էին այդ դժվարությունը, և հնարամիտ Կարլը, ինչպես հետագայում կտեսնենք, իսկույն ևեթ գտավ դրանից խուսափելու միջոցը։

Երկրորդ հարցն այսպիսին էր. եթե քարարծիվը նույնիսկ կարողանա բարձրացնել բավականաչափ հաստ պարանը, ապա կհաջողվի՞ արդյոք այնտեղ, վերևում ինչ-որ բանից կարթել։

Հասկանալի է, այստեղ արդեն ոչինչ անել չէին կարող, և կարելի էր հույսը դնել միայն երջանիկ պատահականության վրա։ Երբ թռչունը թռչի-անցնի լեռների վրայով, պարանը հեշտությամբ կարող է փաթ ընկնել ժայռերին կամ սառցաբեկորներին։ Մնում էր միայն փորձ անել, որը անշուշտ, ուներ հաջողության որոշակի հնարավորություններ։

Առաջին դժվարությունը, թերևս, կարելի էր վերացնել, քանի որ նրանք հեշտությամբ որոշեցին պարանի հաստությունն ու քաշը։ Մի քանի տվյալներ կարելի է ստանալ փորձնական ճանապարհով, մյուսները՝ համապատասխան հաշվումների միջոցով։ Որսորդների համար դժվար չէր որոշել, թե նրանցից յուրաքանչյուրի քաշին դիմանալու համար ինչ հաստության պարան է պետք, իսկ այդպիսի պարանով կարելի կլինի ժայռը բարձրանալ։ Արծվի ուժը նույնպես կարելի էր բավականաչափ ճիշտ որոշել, և նրանք չէին տարակուսում, որ քարարծիվը ամբողջ ուժով կձգտի դուրս պրծնել հովտից, ուր նրա հետ այնքան կոպիտ վարվեցին։

Հարցը քննարկվեց տարբեր կողմերից, և շուտով եզրակացության եկան, որ ամենից կարևորը պետք եղած պարան պատրաստելն է։ Եթե հաջողվի այն բավականաչափ բարակ անել, որպեսզի չծանրաբեռնեն քարարծվին, և բավականաչափ ամուր, որպեսզի դիմանա մարդու կշռին, ապա առաջին դժվարությունը կհաղթահարեն։ Այդ պատճառով էլ պարանը պետք է պատրաստել մեծագույն խնամքով։ Թելը պետք է ամենալավ կանեփից լինի, թելերը ոլորվեն միատեսակ հաստությամբ և հյուսվեն չափազանց կանոնավոր։ Այդպիսի պարան կարող է պատրաստել միայն Օսարուն։ Նա դազգահների մոտ աշխատող մանչեստրյան մանածագործուհիներից վատ չէր մանում, և ստացվում էր անթերի արտադրանք։

Վերջ ի վերջո որոշեցին պարան պատրաստել։ Օսարուն կղեկավարի աշխատանքը, իսկ մյուսներն ուժերի ներածին չափ կօգնեն նրան։ Սակայն նախքան աշխատանքը սկսելը, նրանք որոշեցին ապահովել իրենց քաղցից՝ պաշարի համար պատրաստելով այծերի միսը։ Որոշեցին քարարծվի միսն ուտել թարմ վիճակում։

Եվ այսպես, այդ օրը նախաճաշի համար նրանք ունեին «Յունոնի թռչուն»[6] իսկ ճաշին «Յուպիտերի թռչուն»[7]։


Գլուխ XXXVII. Ոտնակոճղը

Այծերի մսի կտորները կախելով պարաններից, որպեսզի դրանք ապխտեն և չորացնելու համար ձգելով-երկարացնելով մորթիները, որսորդները զբաղվեցին պարան պատրաստելով, որը պետք է օգներ նրանց «բանտից» դուրս գալու։ Բարեբախտաբար, նրանք կանեփաթելի մեծ պաշար ունեին։ Այդ պաշարը ստեղծել էր Օսարուն, երբ ձկնորսի ցանց էր հյուսել, իսկ քանի որ կանեփաթելը պահպանվում էր ժայռի չոր խոռոչում, ապա հիանալի վիճակում էր։ Կար նաև բավականին ամուր, բայց դժբախ-տաբար ոչ այնքան երկար մեծ պարան։ Դա հենց նույն պարանն էր, որը օգտագործել էին ճեղքի վրայով գերանակապ կամուրջ գցելիս. պարանը վաղուց արդեն հանել էին բլոկներից և տեղափոխել խրճիթ։ Դա հենց հարկ եղած հաստության էր. ավելի բարակը հազիվ թե դիմանար մարդու ծանրությանը։ Նրանք ստիպված էին լինելու կախվել գլխապտույտ բարձրությունից, և հարկ էր հոգ տանել պարանի ամրության մասին։ Նրանք կարող էին պատրաստել ամուր, հաստ պարան, որը կդիմանար այդ գործողությանը, բայց այդ դեպքում արծվի ուժը չէր բավականացնի այն բարձրացնելու համար։ Եթե պարանը քարարծվի համար չափա-զանց ծանր լինի՝ նրանց բոլոր ջանքերն իզուր կկորչեն։

— Ինչու՞ նախապես չմարզենք ամեն ինչ,— առաջարկեց Կարլը։

— Բայց ինչպե՞ս անել այդ,— առարկեց Կասպարը։

— Ես կարծում եմ, մեզ այդ կհաջողվի,— պատասխանեց բուսաբանը, որ երևի զբաղված էր ինչ-որ բարդ հաշվումներով։

— Ոչինչ չեմ կարող մտածել, — ասաց Կասպարը հարցական նայելով եղբորը։

— Դե, իսկ ես, թվում է, գտա,— արտասանեց Կարլը։— Ինչն է խանգարում մեզ իմանալ պարանի քաշը և որոշել կարող է արդյոք թռչունն այն բարձրացնել։

— Բայց ինչպե՞ս կիմանս պարանի քաշը, երբ այն դեռ չի էլ պատրաստվել։

— Շատ պարզ,— հայտարարեց Կարլը։— Բոլորովին էլ պարտադիր չէ ավարտել պարանը, որպեսզի իմանանք նրա քաշը։ Մենք մոտավորապես գիտենք, թե ինչ երկարության պարան է պետք մեզ, իսկ կշռելով այն կտորը, որը մեր ձեռքի տակ է, կարող ենք հաշվել ցանկացած երկարության պարանի քաշը։

— Դու մոռանում ես եղբայր, որ նույնիսկ ամենափոքր քաշի համար կշռելու և ոչ մի սարք չունենք։ Ո՛չ կշռալծակ, ո՛չ նժար, ոչ կշռաքար։

— Դատարկ բաներ են, — գիտակի տոնով հայտարարեց Կարլը։— Այդ ամենը դժվար չէ ճարել։ Կշռալծակ կարող է ծառայել ուզածդ ուղիղ փայտիկը, եթե այն լավ հավասարակշռես։ Իսկ նժարներ պատրաստելը նույնքան հասարակ բան է, որքան և կշռալծակը...

— Բայց կշռաքարե՞րը,— ընդհատեց նրան Կասպարը։— Ի՞նչ կարող ենք անել առանց կշռաքարերի։ Նժարներն ու կշռալծակը անօգուտ կլինեն, եթե հարմար կշռաքարեր չլինեն։ Ի՞նչ կանենք մենք առանց ֆունտերի ու ունցիաների։

— Ես զարմանում եմ, Կասպար, քո թեթևամտության վրա։ Դու նեղություն չես ուզում կրել ինչպես հարկն է մտածելու համար։ Ինձ թվում է, որ ես բոլոր պայմաններում կարող եմ կշռաքարերի մի ամբողջ շարք պատրաստել, միայն թե ունենամ պետք եղած նյութը, այսինքն՝ փայտ ու քար։ — Բայց ինչպե՞ս, եղբայր։ Պատմիր, խնդրեմ։

— Դե ահա ինչպես, ամենից առաջ ես գիտեմ սեփական մարմնիս քաշը։

— Ենթադրենք։ Բայց ախր դու գիտես քո ընդհանուր քաշը։ Ինչպես կստանաս նրա բաղադրիչ միավորները՝ ֆունտերն ու ունցիաները։

— Ես կշռալծակ կպատրաստեմ ե նրա վրա իմ մարմինը կհավասարակշռեմ երկու կույտի, որոնք նույնպես կհավասարակշռեմ։ Այսպիսով կստանամ իմ մարմնի, այսինքն ինձ հայտնի մեծության կեսը։ Այդ քարակույտը բաժանելով երկու կեսի, կստանամ ավելի պակաս քաշ, և այսպես շարունակ, մինչև որ կհասնեմ այնպիսի փոքր քաշի, որը հարկավոր է ինձ։ Այդ եղանակով կարող եմ ստանալ և՛ ֆունտ, և՛ ունցիա և՛ ուզածդ կշռային միավորը։

— Ճի՛շտ է, եղբայր,— պատասխանեց Կասպարը,— և շատ էլ սրամիտ է։ Քո պլանը անպայման կհաջողվեր, եթե չլիներ մի փոքրիկ հանգամանք, որը, հավանորեն, աչքից բաց ես թողել։

— Հատկապես ո՞րը։

— Ճի՞շտ են արդյոք քո տվյալները,— պարզամտորեն հարցրեց Կասպարը։

— Ի՞նչը նկատի ունես դու։

— Ելման մեծությունը, որից ուզում ես սկսել և որի վրա են հիմնվում հաշիվներդ։ Ես խոսում եմ քո մարմնի քաշի մասին։ Դու այն գի՞տես։

— Իհարկե,— պատասխանեց Կարլը։— Ես ուղիղ հարյուր քառասուն ֆունտ եմ։

— Ախ, եղբայր,— առարկեց Կարլը՝ տխուր շարժելով գլուխը,— դու հարյուր քառասուն ֆունտ էիր Լոնդոնում, այդ գիտեմ, ասենք, ես էլ համարյա այդքան էի։ Բայց մոռանում ես, որ մենք երկուսով էլ մեր կրած բոլոր փորձություններից ու տագնապներից նիհարել ենք։ Այո, թանկագին եղբայր, տեսնում եմ, որ, ինչ մենք հեռացել ենք Կալկաթայից, խիստ նիհարել ես, իսկ դու, իհարկե, ճիշտ այդպիսի փոփոխություն էլ նկատում ես իմ վրա։ Մի՞թե այդպես չէ։

Կարլը ստիպված էր ընդունել, որ Կասպարն իրավացի է։ Նրա տվյալներն անճիշտ դուրս եկան։ Մարդկային մարմնի քաշը անկայուն մեծություն է, որից երբեք չի կարելի ելնել։ Սրանք պետք է չափազանց պատասխանատու հաշիվներ կատարեին, որոնք մեծագույն ճշտություն էին պահանջում։ Կարլն իսկույն հասկացավ իր սխալը, բայց այդ չվհատեցրեց նրան։

— Ինչ արած, եղբայր,— ասաց նա՝ ժպտալով նայելով Կասպարին (հա-վանորեն, նրան ուրախացրել էր եղբոր կռահելու ունակությունը),— պետք է խոստովանեմ, որ այս անգամ ինձ վեճի մեջ հաղթեցիր, բայց այդ չի ստի-պի հրաժարվել իմ ծրագրից։ Առարկայի քաշը կարելի է որոշել նաև այլ եղանակներով։ Եվ եթե ես լավ մտածեի, ապա, իհարկե, ինչ-որ բան կգտնեի, բայց, բարեբախտաբար, այլևս այդ հարցի վրա գլուխ ջարդելու կարիքը չունենք։ Եթե չեմ սխալվում, կշռային միավոր մենք արդեն ունենք։

— Ո՞րն է,— հարցրեց Կասպարը։

— Քո հրացանի կապարե գնդակը։ Դու մի անգամ ասել ես, որ քո գն-դակները մեկ ունցիանոց են։

— Դրանց տասնվեցը ուղիղ մեկ ֆունտ է, ուրեմն նշանակում է ամեն մեկը ուղիղ մեկ ունցիա է։ Իրավացի ես, Կարլ, դա էլ հենց մեզ անհրաժեշտ կշռային միավորն է։

Այլևս քննարկելու բան չկար, և նրանք անհապաղ ձեռնամուխ եղան երկու հարյուր յարդ երկարություն ունեցող պարանի քաշը որոշելուն։ Շուտով կշեռքները պատրաստ էին, և նժարներն այնքան խնամքով էին հավասարակշռված, ասես որսորդները պատրաստվում էին ոսկեբեր ավազ կշռելու։ Պարանի կաժը հավասարակշռվեց քարերով, որոնց քաշն արդեն որոշել էին գնդակների օգնությամբ, և այսպիսով իմացան, թե քանի ֆունտ ու քանի ունցիա ունի կաժը։ Ութապատիկ քաշը համապատասխանեց հարյուր վաթսուն յարդ երկարությամբ պարանին, որբ պետք է պատրաստեին նրանք։

Անհրաժեշտ էր իմանալ, կարող է արդյոք արծիվն այդպիսի բեռը զգալի բարձրության հասցնել։ Ճիշտ է, թռչունը ստիպված չի լինի ամբողջ պարանը միանգամից բարձրացնել, քանի որ դրա մի մասը կմնա գետ-նին, բայց եթե քարարծիվը քարե պարսպի գագաթը բարձրանա նույնիսկ ամենացածր տեղում, ապա, այնուամենայնիվ, նրա թաթից կախված կլի-նի ուղիղ հարյուր յարդ պարան, իսկ եթե ավելի վեր թռչի՝ զգալիորեն ավելի մեծ բեռ։

Բնական կլիներ ենթադրել, որ քարարծիվը կձգտի դեպի այնտեղ, ուր քարե պարիսպն ամենից ցածր է, հատկապես եթե զգա, որ նրա թռիչքն արգելակում է թաթից կապված տարօրինակ բեռը։ Իսկ եթե հենց այդպես էլ պատահի, ապա ծանրությունը շատ էլ մեծ չի լինի։ Հենց նույն պարանի օգնությամբ, որբ նրանք կբռնեն ձեռքերում, կարելի է քարարծվին ուղղել ամենացածր տեղը։

Կշռադատելով բոլոր այդ հանգամանքները, եղբայրները փոքր-ինչ սրտապնդվեցին, որովհետև համոզվեցին, որ հաջողության նախադ-րյալներ ունեն։

Այժմ հարկ էր փորձել արծվի ուժը։

Խնդիրը նույնպես չափազանց պատասխանատու էր, և դրան ձեռնամուխ եղան երկար խորհրդածություններից հետո։ Նրանք վերցրին փայտի մի կտոր և այն տաշեցին այնպես, որպեսզի նրա քաշը հավասար լիներ քսան յարդ երկարությամբ պարանի քաշին (որն արդեն գործածել էին այլ նպատակով)։ Ապա այդ պարանի մի ծայրը կապեցին կոճղին, իսկ մյուսը փաթաթելով կապեցին արծվի թաթին։

Երբ ամեն ինչ պատրաստ էր, թռչունին ազատեցին մնացած կա-պանքներից և մի կողմ քաշվեցին, որպեսզի նրան թույլ տան ազատորեն տարածելու թևերը։

Երևակայելով, որ վերջապես ազատ է, քարարծիվը ընդոստնեց այն քարից, որի վրա դրել էին նրան, տարածեց իր լայն թևերը և համարյա ուղղահայաց սլացավ դեպի վեր։

Առաջին քսան յարդը նա թռավ հեշտ ու արագ, և հանդիսականները բերկրալի բացականչություններ արձակեցին։

Ավա՜ղ։ Նրանց հազիվ ծնված հույսերը խորտակվեցին։ Տարածվելով ամբողջ երկարությամբ, պարանը արծվին մի քանի ոտնաչափ ներքև քաշեց։ Միաժամանակ կոճղը ընդամենը մի քանի դյույմ բարձրացավ գետնից։ Թռչունը, այդ անսպասելի արգելքից շշմած, թափահարեց թևերը, ապա գտնելով հավասարակշռությունը, նորից փորձեց վեր ճախրել։

Պարանը դարձյալ ձգվեց, բայց, ինչպես և առաջին անգամ, կոճղը միայն թեթևակի բարձրացավ գետնից, մինչդեռ արծիվը, կարծես այս անգամ հրամանի սպասելով, իր թռիչքում կասեցվեց ոչ այնքան կտրուկ։

Բայց, այնուամենայնիվ, նա պետք է իջներ, քանի դեռ նրա խարիսխը չէր «քսվել հատակին»։ Թռչելու նոր, նույնքան անհաջող փորձից հետո, թվում էր թե նա համոզվեց, որ անկարելի է վեր բարձրանալ և թռիչքն ուղղեց ժայռերի գծին հորիզոնական։

Կոճղը քարշ էր գալիս գետնով, թռչկոտելով թմբիկների վրայով, երբեմն օդ էր ելնում, բայց ամեն անգամ միայն մի քանի վայրկյան։

Վերջապես հանդիսականները եկան այն համոզման, որ քարարծիվն ի վիճակի չէ թաթին կապած պարանով, որի քաշը հավասար էր քոթուկին, թռչել ժայռի գագաթը։

Մի խոսքով, պլանը անհաջող դուրս եկավ։ Կորցնելով հաջողության հույսը, մեր որսորդները թույլ տվին արծվին քարշ տալ իր փայտյա խարիսխը, ուր կփչեր խելքին։


Գլուխ XXXVIII. Հետագա փորձերը

Արծվի անհաջող փորձերը դիտող երեք հանդիսականները որոշ ժամանակ պահպանում էին լռություն, որը սովորաբար հաջորդում է հիասթափությանը։ Կասպարն ավելի քիչ էր ընկճված, քան մյուսները, բայց ոչ ոք չհարցրեց, թե ինչի մասին է նա մտածում։

Լռությունը, ինչպես նաև սրտնեղությունը երկար չտևեց։ Այն վաղանցիկ էր, որպես ամառվա ամպիկը, որ մի պահ է մռայլում երկինքը. թաքնվում է ամպիկը, և առաջվա պես փայլում է պարզ լազուրը։

Տրամադրության այդ երջանիկ փոփոխության համար որսորդները պարտական էին Կասպարին։ Պատանու գլխում ծագեց նոր միտք, ավելի ճիշտ, նոր պլան, ու նա իսկույն ևեթ դա հաղորդեց ընկերներին։

Խիստ ասած, Կասպարի պլանը չէր կարելի նոր անվանել։ Այն միայն Կարլի առաջարկած պլանի լրացումն էր, և քարարծիվը, ինչպես և առաջ, այնտեղ գլխավոր դերն էր խաղում։

Հաշվելով, թե ինչ երկարության պարան է պահանջվում ժայռի գագաթին հասնելու համար, Կասպարն արդեն մտածում էր այն մասին, թե ինչպես կարճացնեն, այսինքն ինչպես անեն, որպեսզի բավականացնի, ավելի կարճը։ Որոշ ժամանակ նա մտորում էր այդ հարցի շուրջը, բայց չէր ուզում ընկերներին ասել, քանի դեռ չէին փորձել արծվի ուժը։ Այժմ, երբ քարարծվին «կշռել էին և գտել, որ թեթևաքաշ է», կարելի էր ենթադրել, որ նրանով այլևս չեն հետաքրքրվի, միայն պարզապես կուտեն։ Այդպես էին մտածում Կարլն ու Օսարուն, բայց Կասպարն այլ կերպ էր դատում։ Նա վստահ էր, որ թռչունը դեռևս կարող էր օգտակար լինել իրենց։

Կասպարը ենթադրում էր, և լիովին արդարացի, որ միայն ավելորդ ծանրությունն է խանգարում արծվին բարձրանալ։ Սակայն դա շատ ավելի չէր գերազանցում նրա ուժը։ Եթե պարանը երկու անգամ թեթև լիներ կամ նույնիսկ դրանից ավելի պակաս, քարարծվին կհաջողվեր այն բարձրացնել մինչև զառիթափի ծայրը։

Ինչ կլինի, եթե այդ ծանրությունը փոքրացնեն։

Կասպարը հարկ չէր համարում պարանն ավելի բարակացներ։ Նա գիտեր, որ դա անհնար է, քանի որ հարցը արդեն քննարկվել էր և բացասաբար որոշվել։

Բայց ի՞նչ կլինի, եթե ավելի կարճ պարան օգտագործենք, оրինակ, ոչ թե հարյուր հիսուն, այլ ընդամենը հիսուն յարդ երկարությամբ։ Այնժամ արծիվն, իհարկե, կկարողանա այնքան բարձր թռչել, որքան թույլ կտա պարանի երկարությունը։

Ոչ ոք չառարկեց Կասպարին, դա անվիճելի ճշմարտություն էր, բայց ինչ էր հետևում դրանից։

— Դե թող արծիվը պարանը թեկուզ մինչև լուսին տանի,— ասաց Կար-լը,— բայց մեր ինչի՞ն է պետք այդքան կարճ պարանը։ Ախր, եթե քարարծիվը նրա մի ծայրը նույնիսկ բարձրացնի ժայռի ամենացածր տեղը, միևնույն է մյուս ծայրը գետնից ճիշտ հիսուն յարդ վերև կլինի։

— Գետնից ոչ մի յարդ և ոչ էլ մի ոտնաչափ վեր, եղբայր։ Մյուս ծայրը կլինի մեր ձեռքում, մե՜ր ձեռքում,— ասում եմ քեզ։

— Լա՛վ, Կասպար,— հանգիստ առարկեց նրան եղբայրը։— Դու վստահ ես խոսում, բայց, ճիշտն ասած, ես չեմ տեսնում, թե նպատակդ ինչ է։ Ախր գիտես, որ այս անիծված զառիթափը ոչ մի տեղում հարյուր յարդից ցածր չէ։

— Գիտեմ,— պատասխանեց Կասպարը նույնքան հաստատակամ,— բայց մենք կարող ենք այնպես անել, որ հիսուն յարդ և նույնիսկ երկու անգամ ավելի պակաս երկարություն ունեցող պարանի մի ծայրը բռնենք, իսկ մյուսը լինի զառիթափի եզրին։

Կարլը տարակուսած էր, բայց շիկարին, որ այս անգամ փիլիսոփայից ավելի շուտ գլխի ընկնող դուրս եկավ, որսաց Կասպարի միտքը։

— Հա՜-հա՜-հա՜,— բացականչեց նա։— Երիտասարդ սահիբը սանդու՜ղք մտածել։ Ահա թե նա ի՜նչ մտածել։

— Միանգամայն ճի՛շտ է,— ասաց Կասպարը։— Դու գուշակեցիր, Օսի։ Հենց դրա մասին էի մտածում։

— Դե, այդ դեպքում, իսկապես կարելի է... — դանդաղ արտասանեց Կարլը և սուզվեց մտքերի մեջ։— Գուցե և իրավացի ես, եղբայր,— դադարից հետո ավելացրեց նա։— Համենայնդեպս, դժվար չէ փորձել։ Եթե քո պլանը հաջողվի, մենք նոր պարան պատրաստելու կարիք չենք ունենա։ Այն, ինչ ունենք, լիովին բավական է։ Եկե՛ք հիմա ևեթ փորձենք։

— Ու՞ր է քարարծիվը,— հարցրեց Կասպարը՝ նայելով չորս կողմը։

— Ահա այնտեղ, սահիբ, — պատասխանեց Օսարուն՝ ցույց տալով ժայռը։— Ահա այնտեղ, նա նստել քարին։

Արծիվը, ինչ-որ տարօրինակ ձևով կծկված, նստել էր ժայռի ստորին խորշի վրա, ուր իջել էր թռչելու անհաջող փորձերից հետո։ Նա տանջված տեսք ուներ և, թվում էր, հեշտությամբ կարելի էր մերկ ձեռքերով բռնել։ Բայց երբ այդպիսի մտադրությամբ Օսարուն մոտեցավ նրան, թռչունը, հավանաբար իրեն ազատ կարծելով, նորից խիզախորեն դեպի վեր սուրաց։

Եվ նորից զգաց, որ թաթից կապված պարանն իրեն դեպի ներքև է քաշում։

Թռչունը, որին ներքև էին քաշում նախ կոճղը, ապա և շիկարիի ուժեղ ձեռքերը, զուր թափահարելով թևերը, իջավ։

Կոճղը վերցրին, իսկ դրա փոխարեն արծվի թաթին կապեցի ավելի քան հիսուն յարդ երկարությամբ պարանը։

Քարարծվին նորից բաց թողին, ըստ որում Օսարուն երկու ձեռքով պինդ բռնել էր պարանի ծայրը, այս անգամ հիանալի թռչունն այնքան սրընթաց վեր սլացավ, կարծես նրա թռիչքի սահմանը ոչ թե ժայռի կատարն էր, այլ Չոմո-լարիի վեհապանծ գագաթը։

Հիսուն յարդ բարձրության վրա նրա հպարտ թռիչքը հանկարծ կասեցրեց Օսարուն, որը ձգելով պարանը հիշեցրեց արծվին, որ նա դեռևս գերի է։

Փորձը հաջող անցավ, Կասպարի պլանը շատ բան էր խոստանում, ու նրանք իսկույն ևեթ սկսեցին անհրաժեշտ նախապատրաստություն-ներ տեսնել։


Գլուխ XXXIX. Արծվի փախուստը

Ամենից առաջ հարկավոր էր ստուգել պարանի որակն ու փորձել ամրությունը։ Սանդուղքներն առաջվա պես կանգնած էին այնտեղ, ուր դրել էին։ Ստուգելով պարանը, պետք էր միայն այն կապել քարարծվի թաթին, բարձրանալ վերջին խորշի վրա, մինչև ուր հասնում էին սանդուղքները և թռչունին բաց թողնել։

Եթե քարարծիվը բարձրանա ժայռի վրա և պարանն ինչ-որ բանից կառչի, նրանք կարող են իրենց ազատ համարել։ Դա լիովին հնարավոր էր թվում, և մտածելով մոտակա ազատագրման մասին, երեքն էլ նկատելիորեն ուրախանում էին։

Նրանք հույս չունեին, թե իրենց կհաջողվի ձեռքերով բարձրանալ գրեթե հիսուն յարդ երկարություն ունեցող պարանով այդպիսի սխրագործության առաջ կշվարեր անգամ ամենաճարպիկ նավաստին, որ երբևէ ձեռքն է առել բրամաձողի նիկի շկոտան։ Նրանք չէին էլ պատրաստվում այդ ձևով բարձրանալ պարանով, և վաղուց արդեն ուրիշ բան էին մտածել ու քննարկել։ Նրանք մտադրվել էին (հենց որ համոզվեին, թե պարանն ամուր կառչել է վերևում) պարանի վրա աստիճաններ հագցնել՝ ոլորած թելերի միջև մեծ հեռավորության վրա փայտյա ձողիկներ մտցնելով, որոնց վրա բարձրանալիս կարելի կլինի ոտք դնել։ Ինչպես արդեն ասացինք, այդ ամենը մտածված էր նախապես և այժմ արդեն ոչինչ չէր կարող խանգարել զբաղվել պարանի պատրաստությամբ, որի ամրությունից կախված կլինի նրանց կյանքը։

Կարլն ու Կասպարը մտածեցին, որ բավական կլինի պարանը կա-պել ծառից և համատեղ ուժերով ձգել։ Բայց Օսարուն այլ կարծիքի էր։ Արևելքի այդ որդու գլխում այլ պլան էր ծնվել, որը նրան ավելի լավ էր թվում, և, չնայած ընկերների դիմադրությանը, նա սկսեց ի կատար ածել այն։ Առնելով պարանի մի ծայրը, նա ելավ բարձր ծառի վրա, սողաց հորիզոնական ճյուղով և գետնից հիսուն ոտնաչափ բարձրության վրա ամուր կապեց պարանը։ Նրա ցուցումով երիտասարդ սահիբները բռնեցին պարանից, և երկուսով, ծալելով ոտքերը, մի քանի վայրկյան կախվեցին օդում։

Պարանի վրա չնկատվեց նվազագույն վնասվածք կամ ճեղք, ակնհայտ էր, որ այն հեշտությամբ է դիմանում երկու մարդու ծանրությանը, համենայն դեպս, մեկին կդիմանա, համոզվելով դրանում, շիկարին ծառից վայր իջավ։

Արծվին թևի տակ առած, իսկ ձախ ձեռքում՝ պարանի կաժը, Օսարուն ուղղվեց դեպի քարե պարսպի այն կողմը, ուր դեմ էին արված սանդուղքները։ Կարլն ու Կասպարը գնում էին նրա ետևից, իսկ Ֆրիցը վերջա-պահն էր։ Չորսն էլ քայլում էին լուռ ու մի տեսակ հանդիսավոր, երևում էր, որ կարևոր գործով են զբաղված։

Նոր փորձը, ինչպես նաև արծվի ուժը փորձելը շատ ժամանակ չխլեց։ Եթե դա հաջողվեր, մեր որսորդները մի քանի ժամ կկորցնեին, որի հետևանքով հանդիսավորապես կկանգնեին ժայռի գագաթին, իսկ Ֆրիցը ուրախ կսլանար ձյունապատ լեռնալանջերով, ասես որևէ մեծ արխարի էր ուզում հալածելով քշել դեպի Չոմո-լարիի երկնամերձ գագաթը։

Ախ, այդ պատկերից որքան էր տարբերվում այն մյուսը, որ տեղի ունեցավ իրադարձություններով հարուստ այդ օրվա երեկոյան։ Արևի մայրամուտից ոչ շատ առաջ կարելի էր տեսնել, թե ինչպես որսորդները տխուր ու դանդաղ վերադառնում են իրենց խրճիթը՝ այն խրճիթը, որից իրենք սառել էին և որը այնպես տենչում էին ընդմիշտ լքել։

Ավա՜ղ։ Անհաջող փորձերի երկար ցուցակում նրանք ստիպված էին մտցնել մի անհաջողություն ևս։

Օսարուն, քարարծիվը թևատակին, սանդուղքներով բարձրացավ մինչև ամենավերին խորշը։ Այստեղից նա «բաց թողեց» արծվին՝ թույլ տալով նրան թռչել պարանի ամբողջ երկարությամբ։ Դա շիկարիի հա-մար չափազանց վտանգավոր փորձ էր և քիչ մնաց, որ նրա կյանքի դրամայի վերջին արարը դառնար։

Շիկարին, հավասարակշռությունը պահպանելով, կանգնել էր ժայռի նեղ խորշում՝ լիովին վստահ, որ քարարծիվն ուղիղ վեր կթռչի, և այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ ակնթարթում, նրա համար կատարյալ անսպասելի էր. փոխանակ վեր սլանալու, արծիվը հորիզոնական նետվեց և շարունակ թռչում էր նույն ուղղությամբ, քանի դեռ իր ետևից չքաշեց ամբողջ պարանը։ Ապա, ոչ մի տեղ շուռ չգալով, անգամ թռիչքը չդանդաղեցնելով, բայց քարշ տալով ամբողջ հիսուն յարդ պարանը, որի մյուս ծայրը Օսարուն, բարեբախտաբար, այլևս չէր բռնել, նա ամբողջ հովտի միջով թռավ դեպի հակառակ կողմի ժայռերը և առանց դժվարության հասավ դրանց գագաթներին։

Կարլն ու Կաս պարը ափսոսանքով հետևեցին քարարծվի թռիչքին, որոշ ժամանակ նրանց թվաց, թե Օսարուն գլուխ չհանեց այն խնդրից, որը հանձնարարել էին նրան։

Բայց նրանք շուտով լսեցին Օսարուի բացատրությունները և ընդունեցին դրանց իրավացիությունը։ Ակներև էր, որ եթե ժամանակին նա բաց չթողներ պարանը, ապա ստիպված կշիներ այնպիսի ոստյուն կատարել, որից հետո այլևս ի վիճակի չէր լինի ընկերներին բացատրել, թե ինչպես և ինչու թռավ արծիվը։


Գլուխ XL. Ֆրիցը և ուրուրները

Մեր արկած որոնողները խոր, դառը հիասթափության զգացումով թողեցին սանդուղքները, որոնք դարձյալ հուսախաբ արեցին նրանց, և ուղղվեցին դեպի խրճիթ։

Այն անգամվա պես նրանք գնում էին դանդաղ, ընկճված։ Ֆրիցը տխուր քաշ էր գալիս ետևից՝ բաժանելով նրանց տրամադրությունը։

Նրանք լուռ մոտեցան խրճիթին, բայց տեսնելով հասարակ կացարանը, որից ոչ մի կերպ չէր հաջողվում բաժանվել, Կարլի գլխում նոր միտք ծագեց, որը ստիպեց նրան խախտել լռությունը։

— Ահա՛ մեր իսկական բարեկամը,— արտասանեց Կարլը՝ ցույց տալով խրճիթը։— Թող մյուսները մեզ դավաճանեն, նա հավատարիմ կմնա մեզ։ Ճիշտ է, նա կոպիտ է, բայց չէ՞ որ ամենահավատարիմ բարեկամներն իսկ կոպիտ են լինում։ Ինձ սիրելի է դառնում մեր ազնիվ խրճիթը, և արդեն սկսում եմ նրա վրա նայել որպես իմ ընտանեկան օջախի։

Կասպարը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հառաչեց։ Պատանի որսորդը, որ մի ժամանակ Բավարյան Ալպերում լեռնայծեր էր հետապնդել, մտածում էր այլ օջախի մասին, որ գտնվում էր հեռու, մայր մտնող արևի կողմում, և, քանի դեռ այդ միտքը պատել էր նրան, նա չէր կարող հաշտվել Հիմալայներում հարկադրական կենալու հետ։

Օսարուի մտքերը նույնպես հեռուն էին։ Նա մտածում էր բամբուկե խրճիթի մասին, որը գտնվում էր բյուրեղյա գետակի ափին, արմավենիների և արևադարձային այլ ծառերի հովանու տակ։ Ավելի շատ նա երազում էր բրնձե փլավի, բայց ամենից ավելի իր սիրելի թմբուլի մասին, որը չէր կարող նրա համար փոխարինել կանեփե բանգին։

Բայց Կասպարն ուներ մի մտահղացում ևս, որն ապացուցում էր, թե նա չի կորցրել հայրենի տուն վերադառնալու հույսը։ Եվ երբ նրանք ընթրիքն ավարտեցին, որ բաղկացած էր եփած մսից, նա իր մտահղացումը հաղորդեց ընկերներին։

Պատանին չէր հանդգնում առաջինը խախտել լռությունը։ Նա միայն պատասխանեց Կարլի հարցին, որը տեսնելով եղբոր շփոթված կերպարանքը, հարցրեց, թե ինչ է պատահել նրան։

— Ես լարված խորհում էի,— ասաց Կասպարը։— Այն ժամանակվանից, երբ արծիվը թռավ, ես մտածում էի ուրիշ թռչունի մասին, որի մասին ինչ-որ բան հայտնի է ինձ։ Այդ թռչունը կարող է քարարծվից վատ ծա-ռայություն չմատուցել մեզ, գուցե և ավելին։

— Ուրի՞շ թռչունի մասին,— հարցրեց Կարլը։ — Ի՞նչ թռչունի մասին ես խոսում։ Հո չե՞ս մտածում չինական սագի մասին, որն ապրում է լճում, ճիշտ է, դժվար չէ նրան կենդանի բռնելը, բայց թույլ տուր ասել քեզ, եղբայր, որ նրա թևերն ընդունակ են բարձրացնելու միայն սեփական ծանրակշիռ մարմինը, իսկ եթե ավելացնես մեկ-երկու ֆունտ, պարանը կապելով նրա թաթից, ապա հովտից չի կարողանա թռչել, ճիշտ այնպես, ինչպես ես ու դու։ Ո՛չ, ո՛չ։ Այդ մասին մտածելու կարիք էլ չկա։ Արծվից բացի ոչ մի ուրիշ թռչուն ի վիճակի չի կատարել այն, ինչ պահանջում են նրանից։

— Այն թռչունը, որի մասին ես մտածել եմ,— առարկեց Կասպարը,— պատկանում է նույն սեռին, ինչին և արծիվը... Թվում է, որ լիովին գիտականորեն եմ արտահայտվում։ Այդպես չէ՞, գիտնական եղբայր։ Հա՜-հա՜-հա՜։ Դե ինչ, տա՞մ անունը։ Հավանաբար, դու արդեն կռահեցի՞ր։

— Իհարկե, ոչ,— պատասխանեց Կարլը։— Այս հովտում ուրուրներից բացի չկան արծվի հետ միևնույն սեռին պատկանող թռչուններ. ասենք, որոշ բնախույզների կարծիքով, նրանք արծվի հետ միասին մի սեռից չեն, այլ լոկ մի ընտանիքից։ Եթե ուրուրի մասին ես մտածում, ապա այստեղ պատահում է նրանց մի քանի ցեղը, բայց նրանցից ամենախոշորը ժայռի գագաթ կբարձրացնի միայն հաստ թելը... Նայիր, ահա երկու ուրուր,— շա-րունակեց նա՝ ցույց տալով գետնից քսան յարդ բարձրությամբ օդում պտույտ կատարող թռչուններին։ Սրանց անվանում են «չերկեր»։ Դրանք հիմալայան ուրուրներից ամենախոշորներն են։ Նկատի ունեիր այդ թռչունին, եղբայր։

— Ուրեմն դրանք ուրուրներ են, — հարցրեց Կասպարը՝ հայացքը տեղափոխելով թևավոր էակների վրա, որոնք օդում շրջաններ էին գծում, ասես որս էին հետապնդում։

— Այո,— պատասխանեց բնախույզը։— Եվ դրանք, ինչպես նաև ար-ծիվները պատկանում են նույն ընտանիքին։ Հուսով եմ, որ նրանց նկատի չունե՞ս։

— Ոչ, բոլորովին...— բազմանշանակ ժպտալով ծոր տվեց Կասպարը։— Բայց նայիր, նրանք ճախրում են ճիշտ օդապարուկների նման... Օ՜, ի՞նչ է սա,— բացականչեց նա՝ նկատելով, որ թռչուններն իրենց ինչ-որ տարօրինակ են պահում։— Ի՞նչ են անում նրանք։ Կյանքովս եմ երդվում, հարձակ-վու՞մ են Ֆրիցի վրա։ Մի՞թե կարծում են, թե կարող են մեր հիանալի, պառավ շան հախից գալ։

Իսկապես, ուրուրները հանկարծ վայր իջան բարձրությունից, ուր մինչ այդ ճախրում էին, և այժմ պտտվում էին բավարյան շան գլխավեր-ևում, որը պառկած էր խոտի վրա, փոքրիկ անտառակի եզրին, խրճիթից քսան յարդ հեռու։

— Գուցե, այնտեղ, անտառակու՞մ է նրանց բույնը,— ենթադրեց Կարլը։— Հենց դրա համար էլ չարանում են շան վրա։ Նրանք բացահայտորեն զայրացած տեսք ունեն։

Եվ հիրավի, դատելով շան վրա հարձակված թռչունների վարքագ-ծից, կարելի էր այդպես մտածել, նրանք մերթ բարձրանում էին մի քանի ոտնաչափ վեր, մերթ պարաբոլ հիշեցնող կորագծով վայր նետվում։ Յու-րաքանչյուր թռիչքից հետո շարունակ մոտենում էին Ֆրիցին, մինչև որ սկսեցին թևերով դիպչել նրա դնչին։ Ըստ որում ուրուրները սուր ճիչեր էին արձակում, որոնք նման էին բարկացած աղվեսների ձայնի։ Երևի մոտակայքում ձագեր ունեն,— նկատեց Կարլը։

— Ոչ, սահիբ,— պատասխանեց Օսարուն։— Բույն չկա, մանկիկներ չկա։ Ֆրիցը գնալ ընթրել։ Այծի մի կտոր միս։ Չերկերը ուզել խլել շան ընթրիքը։

— Ա, Ֆրիցն ընթրու՞մ է,— ասաց Կասպարը։— Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Բայց ինչքան հիմար են այդ թռչունները, եթե երևակայում են, թե իրենց կհաջողվի մեր խիզախ Ֆրիցից ընթրիք խլել,— մանավանդ, երբ նա այնքան բավականություն է ստանում... նայեցեք, նա նույնիսկ ուշադրություն չի դարձնում նրանց վրա։

Իսկապես, հազիվ թե մինչև այժմ Ֆրիցը նկատած լիներ իր թևավոր թշնամիներին, և նրանց թշնամական ցույցերը երբեմն միայն հարուցում էին նրա ընդհատվող գռմռոցը։ Երբ նրանք սկսեցին արդեն մոտ թռչել թևերով հարվածելով նրա աչքերին, Ֆրիցի համար այլևս անտանելի դարձավ և սկսեց դուրս գալ իրենից։ Նրա մռնչոցը դառնում էր ավելի բարձր, և երկու անգամ տեղից ելավ, որպեսզի բռնի թշնամու փետուրներից։

Շան և թռչունների միջև այդ տարօրինակ տեսարանը տևեց հինգ րոպե, ըստ որում վախճանը բավականին հետաքրքիր էր և Ֆրիցի համար տհաճ։

Ուրուրները հենց սկզբից գործում էին անջատ։ Մեկը հարձակվում էր առջևից, իսկ մյուսը գրոհում էր թիկունքից։ Թշնամիների այդպիսի տակտիկայի հետևանքով շունն ստիպված էր պայքարել երկու ճակատում և հարկադրված էր այս ու այն կողմ նետվել։

Նա մերթ մռնչում էր և բռնում առջևից հարձակվող թշնամուն, մերթ արագ շուռ գալիս, որպեսզի սպառնա ավելի վախկոտ չերկին, որ նրա վրա էր հարձակվում թիկունքից։ Սակայն երկրորդ չերկը ավելի աներես ու ճզճզան դուրս եկավ և վերջապես, չբավարարվելով թևերի պատահական հարվածներով, համարձակվեց իր սուր ճանկերը խրել նրա պատվավոր հետույքի մեջ։

Այդ արդեն չափից դուրս էր. Ֆրիցի համբերությունը հատավ։ Գցելով ոսկորը, որը նա շարունակ կրծում էր, շունը վեր թռավ, շուռ եկավ դեպի անպատվող չերկը և ցատկեց, որպեսզի բռնի նրան։

Բայց զգույշ թռչունը կանխատեսել էր այդ, և շունը դեռևս չէր հասցրել ատամներով կառչել նրանից, երբ արդեն սլացավ շատ ավելի վեր, քան կարող է թռչել ուզածդ չորքոտանին։

Բարկությունից գռմռալով, Ֆրիցը շուռ եկավ և ուզում էր նորից իր կտորից կպնել, բայց նրա բարկությունն ավելի ուժեղացավ, երբ նկատեց, որ միսն այլևս չկա։ Առաջին չերկը միայն նրա մորթին էր ճանկռել, բայց երկրորդը խլել էր ընթրիքը։

Վերջին անգամ Ֆրիցն իր այծի մսի կտորը տեսավ ուրուրի կտուցին, բարձր օդում, թռչունը ավելի ու ավելի փոքր էր դառնում, արագորեն հեռանալով, մինչև, որ անհետացավ մառախլապատ հեռվում։


Գլուխ XLI. Ֆրիցը վիրավորված է

Շան ու չերկերի հետաքրքիր փոքր միջադեպը ընդհատեց Կասպարի շոշափած թեմայի շուրջը եղբայրների զրույցը։ Բայց զրույցը չվերսկսվեց այդ տեսարանը ավարտելուց անմիջապես հետո, քանի որ, երբ Ֆրիցը նայում էր ճարպկորեն իրենից մսի կտոր կորզած թռչուններին. այնքան ծիծաղելի տեսք ուներ, որ հանդիսականները բռնկվեցին բարձր, տևական քրքիջով։

Ֆրիցի «դեմքի» վրա ամենաանսովոր զգացումներն էին արտացոլվել։ Ոչ միայն շան աչքերը, այլև ողջ կեցվածքը ծայրահեղ զարմանք, վր-դովմունք և դրա հետ միասին անհավատալի զայրույթ էին արտահայտում. որոշ ժամանակ նա կանգնել էր՝ գլուխը բարձրացրած, դունչը վեր ցցած՝ հետևելով ուրուրին այնպիսի մի հայացքով, որի մեջ նկատվում էր վրեժի անզուսպ ծարավը։

Կյանքում ոչ մի անգամ, նույնիսկ երբ նրա գլխավերևում իր շեփորն էր փչում փիղը, Ֆրիցն այնքան չէր ցավել թևերի բացակայության համար։ Դեռևս երբեք նա այնքան չէր տրտնջացել իր կառուցվածքի անկատարությունից և այնքան օգտակար հավելուկների բացակայությունից, և եթե նա կախարդական փայտիկ ունենար, այդ պահին կօգտվեր դրանից, որպեսզի ստանար մի զույգ, ոչ թե «գեղեցիկ», այդ նրա համար տասներորդական հարց էր, այլ ուժեղ ու լայն թևեր, որոնք թույլ տային հասնել չերկերին և չլսված հանդգնության համար պատժել նրանց։ Ֆրիցը խորապես վիրավորված էր և դաժանորեն խաբված փուչ կենդանիներից, որոնց նա մեծագույն արհամարհանքով էր վերաբերվում, և հենց նրան ողբերգազավեշտական տեսք տված զարմանքի ու զայրույթի այդ խառնուրդն էր, որ այդպես ծիծաղեցնում էր մարդկանց։ Նա չափազանց զվարճալի արտահայտություն ուներ, երբ շուռ գալով նայեց իր ընկեր մարդկանց։ Նա տեսավ, որ նրանք ծիծաղում են իր վրա, և նրա աչքերում կարելի էր կարդալ թե՛ կշտամբանք, թե՛ թախանձանք, որն էլ ավելի էր զվարճացնում նրանց։ Հայացքը շրջելով մեկից մյուսի վրա, նա կարծես հերթով կարեկցանք էր որոնում Կարլի, Կասպարի ու Օսարուի մոտ։

Բայց նրա թախանձանքը զուր էր։ Անզուսպ ուրախությունը համակել էր որսորդներին, և թշվառ Ֆրիցը կարեկցանքի չհանդիպեց։ Բարձր, որոտալից քրքիջը մի քանի րոպե չէր լռում, բայց նրանց ուրախության առարկան չսպասեց մինչև որ հանգստանան, և շտապեց լքել այն վատ տեղը, որտեղից խլել էին իր ընթրիքը։ Թալանված ու ստորացված, նա թաքնվեց խրճիթի ստվերում։ Ուրախության թունդ պահին ոչ ոք չնկատեց նրա անհետանալը։ Եվ մի քանի րոպե անց երեքն էլ դադարեցին մտածել Ֆրիցի մասին։

Թերևս զարմանաք, որ այդքան ծանր հանգամանքներում մեր բարեկամները կարող էին անձնատուր լինել այդպիսի բուռն ուրախության։ Բայց այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Ընդհակառակն, միանգամայն բնական էր, որ նրանք այդքան արիացան, քանի որ այդպիսին է արդեն մարդկային բնավորությունը, ուրախությունն ու թախիծը նույնքան անխուսափելիորեն են փոխարինում միմյանց, ինչպես ցերեկն է հաջորդում գիշերին կամ փոթորկից հետո վրա է հասնում պարզ եղանակը։

Ճշմարիտ է, մենք չգիտենք, թե ինչու է այդպես, բայց այդ ամենն այլ կերպ չի լինում։ Մի քաղցրաբարբառ բանաստեղծ ասել է.

։։Տաղտկալի եղանակ կլիներ գարունը, ։։Եթե աշխարհում միայն գարունը տիրեր,

և մենք սեփական փորձով գիտենք, թե որքան արդարացի են նրա խոսքերը։

Ով ապրում է արևադարձային երկրներում, ուր հավերժական գարունն է թագավորում, ուր երբեք չեն թափվում տերևները և երբեք չեն թոշնում ծաղիկները, կարող է հաստատել այս փաստը. ժամանակի ընթացքում ձանձրացնում է նույնիսկ գարունը։ Մենք տենչում ենք ձմեռն իր եղյամով, ձյունով ու ցրտաշունչ, փոթորկոտ քամիներով։ Թեև այնքան սիրում ենք զվարթ, կանաչ անտառը, բայց երբեմն մեր աչքի համար հաճելի է դառնում նրա դեղնած զգեստը, և զմայլվում ենք մռայլ երկնքով, ուր սլանում են օտարոտի, կապարե ամպերը։ Որքան էլ այդ տարօրինակ թվա, տարակույսի ենթակա չէ, որ մեր հոգին, ինչպես և բնությունը, փոթորիկների կարիք է զգում։


Գլուխ XLII. Օդապարուկ

Հենց որ ուրախության պոռթկումը հանդարտվեց, Կարլն ու Կասպարը վերադարձան այն խոսակցությանը, որն ընդհատվել էր այնպես հանկարծակի։

— Եվ այսպես, եղբայր,— ասաց Կարլը, վերադառնալով նույն այն թեմային,— ասում ես, որ կա արծիվների ցեղից մի թռչուն, որն ի վիճակի է ճո-պանը բարձրացնել ժայռերը։ Հատկապես ո՞ր թռչունին նկատի ունես։

— Ա՜խ, Կարլ, դու այսօր ինչ-որ շատ ուշ ես գլխի ընկնում։ Ինձ թվում է, ուրուրները կարող էին քեզ միտք ներշնչել։

— Դու խոսու՞մ ես սակռի որևէ տարատեսակի մասին։

— Այո, շատ լայն կրծքով, շատ բարակ իրանով և շատ երկար պոչով սակռի մասին. ճիշտ այնպիսին, ինչպիսին, երբեմն, պատրաստում էինք միասին դեռ ոչ այնքան վաղուց։

— Ա-ա՜, օդապարուկի մասին...— արտասանեց Կարլը և սուզվեց մտորումների մեջ։

— Իսկ գիտես եղբայր,— լռելուց հետո ավելացրեց նա,— քո առաջարկի մեջ, թերևս իմաստ կա։ Եթե մենք օդապարուկ ունենանք, հասկանալի է շատ մեծը, ապա նա պարանը կկարողանար գագաթը տանել, բայց, ավա՜ղ...

— Կարող ես չշարունակել, Կարլ,— ընդհատեց նրան Կասպարը։— Ես գիտեմ, թե ինչ ես ուզում ասել. թուղթ չունենք, որից կարելի կլիներ օդա-պարուկ պատրաստել։ Այո, այստեղ ոչինչ չես անի։ Այլևս կարիք չկա մտածել օդապարուկի մասին, քանի որ հարկ եղած նյութը չունենք։ Նրա կորպուսն ու պոլը կարող էինք հեշտությամբ սարքել։ Բայց ախր թևեր էլ են պետք։ Ա՜խ, թևեր։ Որքան կուզեի ձեռքիս տակ մի կապ հին թերթեր ունենալ։ Բայց ուզելուց ի՜նչ օգուտ, ախր չունենք դրանք։

Կարլը լուռ էր, և թվում էր չէր լսում Կասպարի խոսքերը, համենայն դեպս, դրանց վրա ուշադրություն չէր դարձնում։ Նա հավանաբար, նորից սուզվել էր խոր մտորումների մեջ։

— Թերևս,— որոշ ժամանակ անց նորից խոսեց Կարլը՝ հույսով նայելով անտառին,— մենք կունենանք այն նյութը, որի մասին խոսում էիր։ Մենք այնքան էլ քիչ չենք ունենա։

— Դու ուզում ես ասել՝ թու՞ղթ։

— Մենք գտնվում ենք հողագնդի այն մարզում, ուր դա աճում է,— շարունակեց Կարլը՝ չպատասխանելով եղբոր հարցին։

— Ինչպե՞ս... թու՞ղթ է աճում։

— Ոչ, — առարկեց Կարլը, — ես չեմ ուզում ասել, թե այստեղ թուղթ է աճում, բայց այստեղ կա հումք, որից կարեքի է պատրաստել այդ օգտակար իրը։

— Ո՞րն է այն, եղբայր։

— Այդ ծառը, կամ ավելի ճիշտ թուփը, պատկանում է հատապտղազ-գիների կամ դաֆնադաների ընտանիքին։ Այդ կարգի տարատեսակները հանդիպում են շատ երկրներում, բայց գլխավորապես Հնդկաստանի ու Հարավային Ամերիկայի առավել զով վայրերում։ Նրա ներկայացուցիչներից կան նույնիսկ Անգլիայում, քանի որ մեր անտառների ու դալար ցանկապատների դափնազգի գեղեցիկ գայլահատը, որն այնպես մեղմացնում է ատամնացավը, ամենաիսկական դաֆնադա է։ Դրանց ամենահետաքրքիր տարատեսակը, թերևս, տխրահռչակ լագետան է, կամ Ճամայկայի ժանեկավոր ծառը, որի կեղևից այդ կղզում տիկինները օձիքներ, թեզանիքներ ու ծածկոցներ են պատրաստում։ Նրանք այնքան վարպետորեն են կտրում նախշերը և այնքա՜ն գեղեցիկ են սպիտակեցնում իրենց իրերը, որ դրանք ունենում են իսկական ժանյակների տեսք։ Մինչև ստրկատիրության վերացումը մառոները և յամայական մյուս փախստական նեգրերը իրենց համար լագետայից էին հագուստ պատ-րաստում, որը առատորեն աճում էր այդ կղզու լեռնային անտառներում։ Իսկ այդ Նեգրերի տերերը, նույնպես ստրկատիրության վերացումից առաջ, ժանեկավոր ծառի համար այլ, պակաս հաճելի կիրառություն էին գտնում։ Դաժան բռնակալները նրա թելերից իրենց մտրակների համար կաշի էին հյուսում։

— Եվ դու կարծում ես, որ այդ ծառերից կարելի՞ է թուղթ պատրաստել, հարցրեց Կասպարը, որը չէր համբերում իմանալու, թե օդապարուկի համար կափարիչ գտնելու որևէ հնարավորություն կա արդյոք։

— Գոյություն ունեն դաֆնադաների մի քանի տեսակներ, որոնց կեղևը կարելի է վերածել թղթի,— պատասխանեց բուսաբանը։— Մի քանիսը հանդիպում են Բարեհուսո հրվանդանում, մյուսները՝ Մադագասկարում, բայց մեզ համար ամենահարմար տեսակներն աճում են Հիմալայներում ու Չինաստանում։ Նեպալում կա բհոլուա դաֆնադան, որից նեպալցիները փաթեթելու համար ամուր թուղթ են պատրաստում, և ես հիմքեր ունեմ կարծելու, որ այն աճում է նաև Բհոթանյան Հիմալայներում, որոնք ամենևին էլ հեռու չեն մեր հովտից։ Դրանից բացի, Չինաստանում ու Ճապոնիայում, այս լեռների մյուս կողմում, կա այդ բույսի երկու կամ երեք տեսակ, որից չինացիներն արտադրում են դեղնավուն թուղթ (դու, հավանաբար, տեսել ես նրանց գրքերը) և նրանով էլ սոսնձում են իրենց թեյի տուփիկները։ Եվ այսպես,— ավելացրեց բուսաբանը՝ հետաքրքրությամբ դիտելով անտառը,— քանի որ թղթի համար պիտանի դաֆնադան աճում է Չինաստանում, մեզանից դեպի արևելք, և Նեպալում ու Բհոթանում, մեզնից դեպի արևմուտք, ապա բնական է ենթադրել, որ նրա ինչ-որ տե-սակներն աճում են նաև այս հովտում, ուր կլիման հատկապես նպաստավոր է նրա համար։ Թռչունները լիովին կարող էին այստեղ բերել դաֆ-նադայի սերմերը, քանի որ թռչունների շատ տեսակներ սիրում են հա-տապտուղներ ու առանց իրենց վնասելու ուտում են դրանք, որը շատ տարօրինակ է, որովհետև այդ հատապտուղները չորքոտանիների բոլոր տեսակների համար էլ թունավոր են։

— Ի՞նչ ես կարծում, եղբայր, կճանաչեի՞ր այդպիսի թուփը, եթե տեսնեիր։

— Ճշմարիտն ասած, չեմ կարծում, թե իսկույն կճանաչեմ, բայց եթե տեսնելու լինեմ դաֆնադայի ծաղիկը բուսաբանական առանձնահատկություններով, անմիջապես կզանազանեմ այն։ Թղթի համար պիտանի դաֆնադայի տերևները երկարաձև են և կարմրավուն երանգի, հարթ են ու փայլուն, ինչպես դափնունը, որի հետ դաֆնադաները մերձավոր ցեղակիցներ են։ Դժբախտաբար տարվա այս ժամանակ թփերը չեն ծաղկում, բայց եթե մեզ հաջողվի գտնել հատապտուղներն ու մի քանի տերևներ, ապա կարծում եմ, որ կկարողանամ դրանք ճանաչել։ Բացի դրանից, դրանք ունեն բնորոշ, շատ կոշտ կեղև։ Իրոք, ես հիմքեր ունեմ կարծելու, որ այստեղից ոչ հեռու կգտնեմ դրանք։ Ահա ինչու, ես այնքան վստահ ասացի, թե թուղթ մշակելու համար այնքան էլ քիչ նյութ չենք ունենա։

— Ի՞նչ հիմքեր ունես, եղբայր։ Գուցե որևէ նման բան ես տեսել։

— Տեսել եմ։ Բոլորովին վերջերս, թափառելով ընկել էի փոքր թփերի մացառները, որոնք հասնում էին մինչև կուրծքս։ Այն ժամանակ դրանք ծաղկած էին, ծաղիկները բաց մանիշակագույն էին և փոքր հովանոցների ձևով աճում էին ճյուղերի ծայրին։ Դրանք ծաղկեպսակներ չունեին, այլ միայն՝ ծաղկաբաժակներ։ Իսկ այդ ամենը բնորոշ է դաֆնադային։ Մանավանդ, որ տերևները երկարավուն էին, թավշանման, կարմրավուն երանգի, իսկ ծաղիկները շատ հաճելի հոտ ունեին, ինչպես բոլոր դաֆնադաներինն է։ Ես այն ժամանակ չէի էլ մտածում հետազոտել դրանք, բայց այժմ, հիշելով բոլոր այդ հատկանիշները, համարյա համոզված եմ, որ թվերը պատկանում էին այդ տեսակին։

— Իսկ ի՞նչ ես կարծում, կկարողանա՞ս գտնել այդ թփուտը։

— Դե, իհարկե։ Դա աճում է ոչ այնքան հեռու այն տեղից, ուր քիչ էր մնացել, որ մեր միջև տեղի ունենար ահավոր մենամարտը։

— Հա՜-հա՜-հա՜,— ի պատասխան եղբոր բազմանշանակ խոսքերի ծիծաղեց Կասպարը։— Սպասիր, եղբայր,— մի ակնթարթ հետո նա ասաց,— ենթադրենք, որ դա հենց այդ թուփն է։ Բայց ինչ օգուտ, եթե չգիտենք, թե ինչպե՞ս պետք է այն վերածել թղթի։

— Ինչու՞ ես այդքան վստահ, թե չգիտենք, — առարկեց Կարլը։

— Այդ մասին ինձ ինչ-որ բան հայտնի է։ Մի հնագույն հեղինակ իր գրքում նկարագրում է այդ եղանակը։ Դա շատ հասարակ բան է, ինձ թվում է, որ լավ հիշում եմ ու կարող եմ կիրառել։ Թերևս, գրելու համար թուղթդ շատ կոպիտ լինի, բայց լիովին կարող է ծառայել մեր նպատակներին։ Մեզ պետք չէ լավագույն, «կրեմագույն» տեսակը։ Ախր, դժբախտաբար այստեղ փոստային բաժանմունք չկա։ Բայց եթե մեզ հաջողվի հաստ թղթի նման ինչ-որ բան պատրաստել, ապա, կարծում եմ այն կարող է լի-ովին պիտանի լինել օդապարուկի համար։

— Ճի՛շտ,— պատասխանեց Կասպարը։— Նույնիսկ ավելի լավ կլինի, եթե թուղթը հաստ ու ամուր դուրս գա։ Բայց լսիր, թանկագին Կարլ, ինչու՞ հենց հիմա չգնանք այդ թփերը որոնելու։

— Մենք անհապաղ կզբաղվենք դրանով,— քարից բարձրանալով հայտարարեց Կարլը։

Նրանք հետախուզման գնացին լրիվ կազմով, քանի որ Օսարուն ընկերներից պակաս չէր շահագրգռված նրա արդյունքներով, իսկ Ֆրիցը նկատելով, որ իր տերերը ինչ-որ նոր արշավի են մեկնում, մոռացավ իր վիշտը և, դուրս գալով խրճիթից, դանդաղ հետևեց նրանց։


Գլուխ XLIII. Թղթի ծառը

Ի մեծագույն ուրախություն որսորդների, Կարլի ենթադրությունները շուտով արդարացան։ Մացառուտը, որի մասին ասում էր Կարլը, դատելով թափված տերևներից և ճյուղերի վրա պահպանված մի քանի հատապտուղներից, գլխավորապես կազմված էր դաֆնադայի թփերից։ Կարլը որոշեց, որ թփերը պատկանում են հենց տվյալ տեսակին։

Այդ էր ապացուցում նաև չափազանց առաձգական ու դառնահամ կեղևը, որն այրեց Օսարուի բերանը, երբ նա հիմարություն ունեցավ դա ծամել։

Ուշադիր ուսումնասիրելով տերևները, հատապտուղներն ու կեղևը, բուսաբանը եկավ այն եզրակացության, որ իր առջևի իսկական դաֆնադա է։ Իրականում այդպես էլ էր. դա տեսակ էր, որ Նեպալում հայտնի էր որպես դաֆնադա բհոլուա, որից, ինչպես արդեն ասվել է, նեպալցիները մշակում են հաստ, փափուկ թուղթ։

Համոզվելով, որ դա հենց այդպես է, որսորդները որոշեցին իրագոր-ծել Կասպարի պլանը և փորձել օդապարուկ պատրաստել։

Եթե Կարլը միայն տեսաբան-բուսաբան լիներ և, լավ գիտենալով բույսերի ու ծառերի առանձնահատկությունները, չտիրապետեր գործնական գիտելիքների ու ծանոթ չլիներ դրանց կիրառության եղանակներին, ապա նրանց գտած դաֆնադայից ոչ մի օգուտ չէր լինի։ Դիտելով այդ բույսը, ոչ մի կերպ չէր կարելի կռահել, թե դրանից կարելի է թուղթ ստանալ։ Ուրիշ շատ ծառերից կեղևը հանվում էր ավելի լայն շերտերով ու ավելի շատ էր թուղթ հիշեցնում, մինչդեռ դաֆնադայի կեղևը, որ պոկվում էր նեղ շերտիկներով, օդապարուկի համար ամենից քիչ պիտանի նյութն էր թվում։ Բայց Կարլը գիտեր այն կեղևը թղթի վերածելու եղանակը և անհապաղ գործի անցավ, իսկ ընկերներն օգնում էին հետևելով նրա խորհուրդներին։

Երեքն էլ սկսեցին եռանդագին աշխատել դանակներով, և անհավատալիորեն կարճ ժամանակամիջոցում արմատներից մինչև ներքին ճյուղերը պոկեցին մի քանի տեսակ ծառերի կեղևներ։ Ծառերը չկտրեցին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար։ Դրանց կեղևը կարելի էր հեշտությամբ պոկել նաև արմատի վրա, ուստի և թողեցին տեղում։

Մեր «կասկարիլագործներն» աշխատեցին մինչև արևի մայր մտնելը՝ ընդմիջում անելով միայն մի քանի րոպե, որպեսզի գնային խրճիթ և արագորեն ուտեին այծի միսը։ Եվ երբ արևն իջավ Չոմո-լարիի վեհատեսիլ գագաթին, կարելի էր տեսնել, թե ինչպես նրանք կեղևի մանր կապուկ-ներով դանդաղ տուն էին վերադառնում, իսկ Ֆրիցն ուրախ վազում էր նրանց ետևից։

Նայելով մացառուտին, ուր ամբողջ օրն աշխատել էին որսորդները, կարելի էր կռահել թե ինչով են զբաղված եղել նրանք։ Ավելի քան կես ակր տարածության վրա, բոլոր ծառերի բարակ բներից լրիվ պոկված էր կեղևը, ասես այստեղ արածել էր այծերի մի ահագին հոտ։

Վերադառնալով խրճիթ, նրանք չէին էլ մտածում հանգստանալ և իս-կույն ևեթ զբաղվեցին թուղթ պատրաստելով։

Արդեն ուշ էր, և ստիպված էին աշխատել նախօրոք պատրաստված սոճու ջահերի լույսի տակ։ Ջահերն այրվում էին վառ, հավասար բոցով, մոմերից ոչ վատ։

Նյութի սկզբնական մշակումը առանձին խնամք չէր պահանջում, և խրճիթում այդ գործը կարելի էր կատարել ոչ վատ, քան թղթի ֆաբրիկայի վիթխարի ցեխում։ Պահանջվում էր միայն մանր կտրատել կեղևը։ Դա խլեց ամբողջ երեկոն։ Աշխատանքի ժամանակ նրանք ուրախ զրուցում էին՝ կատակներ փոխանակելով։ Հիշում էին, որ բանտերում կալանավորները սովորաբար կանեփ են ծեծում։ Ասենք, ոչ առանց հիմքի նրանք կարող էին իրենց համեմատել բանտարկյալների հետ։

Ավարտելով այդ աշխատանքը, ինչպես միշտ, նրանք ընթրիքին կե-րան մի կտոր միս և պառկեցին քնելու՝ մտածելով լոկ այն մասին, թե առավոտյան ինչ են անելու։

Հաջորդ առավոտյան նրանք քիչ գործ ունեին, քանի որ մյուս պրոցեսը ոչ այնքան աշխատանք, որքան համբերություն էր պահանջում։ Խնամքով կտրատված դաֆնադայի կեղևը լցնում են ջրով լի մեծ չանի կամ կաթսայի մեջ։ Ապա ավելացնում են փայտի մոխրից պատրաստած մոխրաջուրը և զանգվածը եռացնում մի քանի ժամ։

Բայց մեր «գործարանատերերը» ոչ չան ունեին, ոչ կաթսա, և կարող էին անհաղթահարելի արգելքի առաջ կանգնել, եթե խրճիթի մոտ գտնվող տաք աղբյուրում անընդհատ եռացող ջրի առատ պաշար չունենային։

Հավանաբար, նրանց պետք էր միայն պատրաստած կեղևը լցնել աղբյուրի մեջ և թողնել որոշ ժամանակ։ Բայց այնտեղ, ուր ջուրն ավելի տաք էր, նա գտնվում էր անդադար շարժման մեջ՝ բլթբլթում էր, եռում ու խլթխլթում ինչպես կաթսայում, և շատ շուտով ոչ միայն կեղևաթելերը կքշվեին, այլև մնացած զանգվածից մոխիրը կանջատվեր և դրանից ոչ մի օգուտ չէր լինի։

Ինչպե՞ս հաղթահարել այդ դժվարությունը։ Բավականին հեշտ։ Նրանք արդեն նախապես աշխատանքի պլան էին կազմել, որի համաձայն կեղևը մոխրի հետ միասին անհրաժեշտ էր տեղավորել յակի լավ պահպանված մի խոշոր մորթու մեջ, մի կապ անել այն, ինչպես լվացքի սպիտակեղենը, մորթին պարունակյալի հետ միասին իջեցնել աղբյուրի մեջ և թողնել այնքան, մինչև եռացող ջուրը անի իրենը։ Այդ սրամիտ եղանակը թույլ տվեց նրանց յոլա գնալ առանց որևէ կաթսայի։

Երբ Կարլը գտավ, որ կեղևը բավականաչափ եփվել է, այն հանեցին ջրից, ապա նաև յակի մորթուց ու դրեցին հարթ քարի վրա, որպեսզի ջուրը հոսի ու ցամաքի։

Մինչև կեղևը կեռար, իսկ ապա կցամաքեր քարի վրա, ոչ ոք անգործ չէր նստել։ Կասպարն զբաղված էր փայտյա ամուր սանդաթակ պատրաստելով, որն անհրաժեշտ էր հետագա որոշ գործողությունների համար, իսկ Օսարուն ուրիշ, նույնպես շատ պետքական իր էր պատրաստում։ Դա բամբուկի բարակ շերտիկներից պատրաստված մաղի նման ինչ-որ մի բան էր. այգ շերտիկները մտցված էին այդ նույն ռինգալ բամբուկի ավելի հաստ շերտիկներից շինված շրջանակի մեջ։

Օսարուն այդ աշխատանքը ձեռնարկեց միայն նրա համար, որ բամբուկից ամեն տեսակի առարկաներ պատրաստել գիտեր, և, թեև այժմ զբաղված էր իր համար բոլորովին նոր գործով, բայց նրան հաջողվեց Կարլի ղեկավարությամբ մաղ պատրաստել, որը լիովին համապա-տասխանում էր իր նշանակությանը։ Թե ինչ նպատակով էր շինել մաղը, կասվի ստորև։

Երբ որ կեղևը չորացավ, վերցրին սանդաթակը, նրա օգնությամբ կեղ-ևի կտորները ծեծեցին հարթ քարի վրա, մինչև որ թանձր զանգված ստացվեց։

Զանգվածը դրին յակի մորթու մեջ, որի ծայրերը հավաքել էին, և այդ հասարակ չանը նորից սուզեցին ջրի մեջ, բայց ոչ թե եռացող առվակի, այլ սառը լճի և թողեցին այնտեղ, մինչև չանը լցվեց ջրով։ Ապա զանգվածը խառնեցին փայտիկով, որից խոշոր մասնիկները ջրի երես դուրս եկան. դրանք հեռացրին։ Այս գործողությունը կրկնեցին մի քանի անգամ, մինչև որ սկզբնապես փոքր-ինչ լորձնային զանգվածը դարձավ մաքուր և շոշափելիս՝ փափուկ։

Հաջորդ և վերջին գործողությունը թուղթը պատրաստելն էր, և այն կատարեց հենց ինքը՝ Կարլը։ Գործողությունը բավականին պարզ էր, բայց պահանջում էր որոշակի ճարպկություն և հմտություն։ Որոշ քանակի զանգված լցրին բամբուկի մաղը և սկսեցին մաղել, ամբողջ ժամանակ հորիզոնական վիճակում պահելով ջրի տակ, մինչև որ զանգվածը հավասարաչափ բաշխվեց ամբողջ մակերեսի վրա։ Ապա մաղը զգույշ հանեցին, ջրից, պահելով հորիզոնական դիրքում, որպեսզի զանգվածի հավասար շերտը չխախտվի։ Դրանից հետո մնում էր լոկ շրջանակը դնել նեցուկների վրա և թողնել, որ փափուկ զանգվածից հոսի ջուրը և ցամաքի։ Չորանալով, այն վերածվեց թղթի։

Ճիշտ է, օգտագործել միայն մի մաղ, պետք եղած քանակությամբ ամբողջ թուղթը չէր կարելի մի անգամից ստանալ, բայց հենց որ թուղթը չորանում էր,այն հանում էին մաղից ու լցնում զանգվածը, և այսպես շարունակ, մինչև որ եփված ամբողջ կեղևը վերածվեց թղթի, պարզվեց, որ թղթե մեծ թերթերն այնքան շատ են, որ կարելի է պատրաստել թեկուզ կառեթի դռան մեծության օդապարուկ։

Քանի որ ստիպված էին սպասել յուրաքանչյուր թերթի չորանալուն, ապա այդ պրոցեսը տևեց մի քանի օր, բայց այդ օրերն էլ նրանք զուր չկորցրին։ Կարլն ու Կասպարը եռանդով աշխատում էին օդապարուկի «կմախքի» վրա, իսկ Օսարուն անցավ նրա համար պոչ պատրաստելուն։ Պարանը, որով բաց պետք է թողնեին օդապարուկը, շատ ժամանակ խլեց, և դրա պատրաստելը մնացած պրոցեսներից զգալիորեն ավելի բարդ դուրս եկավ։ Նրա յուրաքանչյուր թելն անհրաժեշտ էր խնամքով ոլորել և ստուգել համարյա յուրաքանչյուր թելի ամրությունը։ Եթե նրանք շատ հաստ պարան հյուսեին, ստիպված չէին լինի այդքան եռանդ գործադրել, բայց օդապարուկը չէր կարող բարձրացնել հաստ պարանը։

Հասկանալի է, որ միջին հաստության պարանը պետք է անթերի որակի լինի, այլապես բարձրանալիս կվտանգեին իրենց կյանքը։ Ինչ խոսք, որ Օսարուն բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի պարանը, որքան կարելի է լավ պատրաստի. ամեն մի թելը բթամատով ու ցուցամատով այնպես հավասար ու հարթ էր ոլորում, կարծես կարթաթելի համար պատրաստելիս լիներ։

Օդապարուկի շրջանակը պատրաստեցին ռինգալ բամբուկի երկու հավասար մասի ճեղքած բնից, որն ամրությամբ, առաձգականությամբ ու թեթևությամբ գերազանցում է փայտի մնացած տեսակները, թուղթը կպցնելու համար սոսինձ պատրաստեցին արոննիկի արմատից, որը մանր քերեցին և եփեցին, մինչև որ վերածվեց սոսնձի օսլայի։

Կասպարի գլխում օդապարուկի մասին միտք ծնվելուց ինչ-որ մի շաբաթ հետո, խրճիթի դռան առաջ արդեն կարելի էր տեսնել լիովին փետրավորված ու թռիչքի պատրաստ «թռչունին»։


Գլուխ XLIV. Օդապարուկն արձակում են

Այս ձևով պատրաստելով օդապարուկը, նրանք սկսեցին սպասել, թե քամին երբ բավականաչափ ուժեղ կդառնա և կփչի հարկ եղած կողմը, այսինքն քարե պարսպի այն մասի ուղղությամբ, ուր ենթադրում էին ուղղել թղթե թռչունին։ Դա հենց այն տեղն էր, ուր դեռևս կանգնած էին սանդուղքները և որտեղից քարարծվին բաց թողնելու անհաջող փորձ արին։

Որսորդներն արդեն բարձրացել էին մեծ քարաբեկորին, որ ընկած էր զառիթափի այս մասի գրեթե դիմացը, և նրա գագաթից, թեև ոչ այնքան լավ, հաջողվեց տեսնել զառիթափի վրա կախված լեռնալանջի մի մասը։ Թվում էր մակերևույթին ինչ-որ տեղերում ցցվել էին մուգ մեծ թմբեր, հավանաբար, գլխաքարեր կամ սառցակոշտեր։ Մեր որսորդները, այն անգամվա պես, երբ պատրաստվում էին քարարծվին բաց թողնել, լարված նայում էին դրանց։ Այժմ այդ թմբերը նրանց հույս էին տալիս։ Եթե հաջողվի օդապարուկն այնպես բաց թողնել, որպեսզի ընկնի այդ թմբերի վրա, ապա ոչ միայն հնարավոր էր, այլև չափազանց հավանական, որ պարանը կամ կխճճվեր այդտեղ կամ օդապարուկը բավականաչափ ամուր կվռվեր դրանց մեջ։ Որպեսզի ավելի հաստատ հաջողության հասնեին, նրանք օդապարուկի թևերին «խթաններ» կցեցին, այսինքն հարմարեցրին լայնակի մի փայտ, որը թղթե վահանի ծայրից դուրս էր գալիս համարյա մեկ ոտնաչափի չափ իսկ դրա ծայրերից, ուղղանկյան տակ, կապեցին ևս մի քանի փայտեր, որոնք որպես խարսխի թաթեր` պետք է կառչեին։

Նրանք ջանք չխնայեցին, հնարամտության հրաշքներ ի հայտ բերին. և արեցին ամեն բան, ինչ ներում էին մարդկային ուժերը, որպեսզի ապահովեին ձեռնարկման հաջողությունը։

Բախտը, հավանաբար, նպաստում էր նրանց. ստիպված չեղան չափազանց երկար սպասել։ Ընդամենը մի երկու-երեք օր անց քամին սկսեց փչել հարկ եղած կողմը, ճիշտ այնպես, ինչպես ուզում էին նրանք։ Դա համաչափ բրիզ էր, որ փչում էր մեկ ուղղությամբ ու բավականաչափ ուժեղ էր, որպեսզի բարձրացներ աշխարհի ամենամեծ օդապարուկին։

Գալով այն տեղը, ուր սանդուղքներն էին դրված, սկսեցին օդապարուկը նախապատրաստել թռիչքի։ Կարլը պետք է բաց թողներ և ղեկավարեր նրա բարձրանալը, իսկ Կասպարն ու շիկարին` աստիճանաբար բաց էին թողնելու պարանը, քանի որ միայն համատեղ ջանքերով կարելի էր զսպել քամու ուղղությանը հակառակ թռչող այդպիսի լայնակուրծք թռչունին։

Նրանք ժայռի դիմացի մեծ տարածության վրա հեռատեսորեն կտրել էին բոլոր թփերը մաքրելով իրենց գործողության դաշտը։ Այսպիսով, նրանց ոչինչ չէր խանգարում պարանը քանդելու։

Պայմանավորվել էին, որ Կարլը կկարգավորի օդապարուկի շարժումը և թռիչքի ազդանշան կտա։

Երեքն էլ խիստ հուզվեցին, երբ կանգնեցին նախապես որոշված տեղերում` Կարլը օդապարուկի հետ, մի ձեռքով բռնելով միջին ձողիկից, իսկ մյուսով` պոչից, Օսարուն պարանը բռնած, իսկ Կասպարը նրա կողքին` պարանի կաժը պատրաստ պահած։

Կարլը թռչունը դրեց պոչի վրա, դժվարությամբ մի քանի ոտնաչափ բարձրացրեց գետնից և հնչուն, բարձր ձայնով տվեց ազդանշանը։

Կասպարն ու շիկերին իսկույն ևեթ, պարանը քաշելով, ետ վազեցին, օդապարուկը վեր բարձրացավ, ասես լայն արած թևերով հսկա ուրուր լիներ։ Նա բարձրանում էր վեհորեն ու հավասար և շուտով թռավ հարևան ծառերի վրա ուղղություն վերցնելով դեպի ժայռերի գագաթները։ Կարլն ուրախությունից ճչաց` տեսնելով նրա հաջող թռիչքը։ Մյուս-ները զբաղված էին յուրաքանչյուրն իր գործով և ուրախ բացականչությունների համար ժամանակ չունեին. միայն երբ օդապարուկը ելավ բարձր երկինք, և թվում էր սլացավ զառիթափի եզրի վրայով, Կասպարն ու Օսարուն պատասխանեցին Կարլի բացականչությանը` իրենց հիացմունքն արտահայտելով երկարատև «ուռա»-ով։

— Այժմ բաց թող, Օսարո՛ւ,— գոչեց Կարլը` ջանալով ձայնախեղդ անել քամուն։— Իսկ դու, Կասպար, ամուր բռնի՛ր պարանի ծայրից։

Օսարուն, ենթարկվելով հրամանին, բաց թողեց պարանը և նույն ակնթարթին մոտեցավ Կասպարին, որպեսզի նրա հետ միասին բռնի ծայրից։ Այս ձևով արձակված օդապարուկը մահացու վիրավոր թռչունի պես գլխիվայր նետվեց ներքև, օդում պարույրներ գծելով և երկար պոչը կողմեկողմ պտտելով, արագ սլացավ դեպի լեռնալանջը։ Վերջապես, անցնելով ժայռի եզրի վրայով, թռչունը թաքնվեց մարդկանց հայացքից, որոնք օգնեցին նրա խրոխտ թռիչքին, իսկ հետո թողեցին անօգնական վայր ընկնել։

Մինչև այժմ որսորդների ցանկություններն իրականացել էին որքան կարելի է լավ։ Օդապարուկն իջավ հենց այնտեղ, ուր պետք էր։

Բայց այժմ հարց առաջացավ. արդյոք կմնա՞ տեղում։ Այլ կերպ ասած, վռվե՞ց քարերի մեջ և կմնա՞ արդյոք այնտեղ։

Եթե ոչ, ապա ստիպված կլինեն նորից ու նորից բաց թողնել, մինչև վռվի վերևում, կամ էլ քանի դեռ նրանց փորձերը լիակատար փլուզմամբ չեն ավարտվել։

Կարլը քայլեց առաջ, որպեսզի պարզի, թե գործն ինչ վիճակում է, իսկ մյուսները հետևեցին նրան ագահ հայացքով, որի մեջ տենդոտ անհամբերություն էր արտացոլվում։

Կարլի ձեռքը թեթևակի դողաց, երբ նա բռնեց պարանը։ Նա այն քա-շեց նախ թեթևակի, զգույշ, որպեսզի միայն փորձի, թե կարելի է կախ ընկնել։

Ապա պարանը սկսեց ձգվել։ Պետք էր այն ավելի ու ավելի ուժգին ձգել, ասես օդապարուկը դեռևս ազատ էր ու քարշ էր գալիս ձյան վրայով։

Դա ոչ մի լավ բան չէր խոստանում, և պարանը ձգելու հետ միասին, ոտնաչափ առ ոտնաչափ, դյույմ առ դյույմ մեր որսորդների դեմքերը մռայլվում էին։

Բայց նրանց դեմքերի վրա կիտված ստվերն իսկույն ցրվեց, երբ պարանը հանկարծ կանգ առավ և ձգվեց Կարլի ձեռքում։ Նա քաշեց սկզբում ոչ այնքան ուժեղ, կարծես վախենալով, որ պարանը նորից կսահի։ Ապա համոզվելով, որ անշարժ է, քաշեց ամբողջ ուժով. պարանը մեկ դյույմ անգամ չշարժեց տեղից։

Այստեղ Կասպարն ու Օսարուն նույնպես բռնեցին պարանից, և երեքով քաշեցին միասին։

Ուռա՜։ Օդապարուկը տեղից չշարժվեց։ Պարանն այլևս չէր ընկնում՝ գրկվելով ամբողջ երկարությամբ որպես նավի կայմապարան։

Բոլորն էլ բերկրալի, ուրախ բացականչություններ արձակեցին։ Որոշ ժամանակ նրանք կանգնել էին պարանն ամուր բռնած՝ բաց չթողնելով այն, ասես վախենալով, որ ինչ-որ անտեսանելի թշնամու ուժով կարող է իրենց ձեռքից դուրս պրծնել։

Շարունակելով ձգել պարանը։ Քանի որ, թուլացնելու դեպքում կա-րող էին վերևում տեղաշարժել խարիսխը։ Նրանք զգուշորեն ընդհուպ մոտեցան ժայռերի ստորոտին։ Ու մինչ Կարլն ու Կասպարը ամուր բռնել էին պարանը, Օսարուն նրանց ետևում կապելու տեղ էր ընտրում և, մի քանի անգամ պարանը փաթաթելով մեծ քարի շուրջը, հուսալիորեն ամրացրեց։ Մնում էր միայն մատներ պատրաստել, ամրացնել դրանք անհրաժեշտ տեղերում, ապա ելնել ժայռի գագաթը, և նրանք ազատ կլինեին, ինչպես լեռնային քամի, որը կփչի նրանց շուրջը։

Մտածելով մոտակա ազատագրման մասին, բոլորի սիրտն էլ ուրախ բաբախում էր, և քարի շուրջը կանգնած, որից կախված էր պարա-նը, շնորհավորում էին միմյանց, կարծես արդեն դուրս էին պրծել իրենց «բանտից»։

Նրանք գիտեին, որ քիչ ժամանակ չի պահանջվի, որպեսզի պատրաստեն ու ամրացնեն մատները, բայց քանի որ այլևս չէին տարակուսում, որ կարող են վեր բարձրանալ, ապա ժամանակն ուրախ կանցնի։ Եվ այսպես, նրանց ամենալավ տրամադրությամբ վերադարձան իրենց արհեստանոցը և այնպիսի համեղ ճաշ պատրաստեցին, որպիսին նրանց դեռ չէր վիճակվել ուտել այն օրից, երբ գտան դաֆնադայի թփերը։


Գլուխ XLV. Պարանե սանդուղքը

Հարկ եղավ մի օր ևս (ըստ որում առավոտից մինչև երեկո նրանք աշխատում էին դանակներով), որպեսզի փայտիկներ պատրաստեն, որոնք պետք է դառնային պարանե սանդուղքի մատները։ Դրանցից պետք է հարյուրավոր հատ պատրաստին, քանի որ այն տեղում, ուր վռվել էր պարա-նը, ժայռը հարյուր յարդից ավելի բարձր էր։

Որոշվեց մատները տեղաբաշխել հավասար հեռավորությամբ, մոտավորապես մեկը մյուսից երկու ոտնաչափի վրա։

Նրանք նախապես ուզում էին մատները դնել պարանը կազմող թելերի արանքը, բայց հետո մտքները փոխեցին։ Չէ՞ որ եթե փայտիկները մտցնելու համար թելերը շարժեին, ապա պարանը կարող էր քրքրվել ու հեշտությամբ կարվեր։ Դրա համար էլ որոշեցին չփչացնել պարանը և մատները դրան կապել պինդ թելերով։ Փայտիկներն ամուր կմնան տեղում, մանավանդ որ դրանցից և ոչ մեկն ստիպված չի լինելու ամբողջովին պահելու մարդու ծանրությունը, քանի որ մագլցելով, նա ձեռքերով կբռնի պարանից։ Այսպիսով, անցափայտիկներից եթե մեկը նույնիսկ շարժվի տեղից, դժբախտ պատահար կլինի։

Ամբողջ հաջորդ օրը նրանք անցափայտիկները կապելու համար թել էին ոլորում, իսկ երրորդ օրը վերադարձան դեպի ժայռը, որպեսզի պարանը վերածեն պարանե սանդուղքի։

Նրանց հղացած եղանակը շատ հասարակ էր։ Անցափայտիկները դրվում էին պարանի լայնքով և կապվում այնպես ամուր, որ չէին կարող դուրս սահել։ Առաջինը հարկավոր էր կապել մարդու գոտկատեղին հավասար, երկրորդը՝ կզակին։ Ապա, կանգնելով առաջին անցափայտիկին և ձախ ձեռքով բռնելով պարանից, կարելի էր կապել հաջորդը, դարձյալ կզակին հավասար։ Բարձրանալով երրորդին, կարելի էր չորրորդը կա-պել ավելի վեր և այսպես շարունակ, մինչև ժայռի գագաթը։

Հասկանալի է, որ նրանցից ոչ ոք չէր երևակայում թե մի մարդը աշխատելով առանց կարճատև դադարի, կարող էր կապել բոլոր անցափայտիկները, չէին էլ կարծում նաև, թե իրենց կհաջողվի արագորեն վեր-ջացնել այդ գործը։ Ընդհակառակն, բոլորն էլ գիտեին, որ այդ աշխատանքը մի քանի օր կխլի, և յուրաքանչյուրին, ով կձեռնարկի կատարելու այդ գործը, հանգստի համար անհրաժեշտ կլինեին երկար ընդմիջումներ։ Այդպիսի անհուսալի հենարանի վրա կանգնելը հոգնեցուցիչ ու տհաճ կլինի։ Նրանք ուզում էին նախքան սկսելը պատկերացնել իրենց աշխատանքի բոլոր դժվարությունները։

Մոտենալով պարանին, նրանք իսկույն գործի անցան։ Ավելի ճիշտ սկսեց նրանցից մեկը, որովհետև այդ աշխատանքը (հավանաբար վերջինը, որ վիճակված էր կատարելու այդ մեկուսացված հովտում) կարելի էր կատարել միայնակ։

Անցափայտիկները պարանին պետք է կապեր Օսարուն. քանի որ նա գիտեր պարանի հետ վարվել։ Եղբայրներին մնում էր միայն հանդիսական լինել և իրենց ներկայությամբ ու խոսքերով քաջալերել շիկարիին։

Բարեբախտաբար, երեսուն ոտնաչափ տարածության վրա անցափայտիկներ կապելու հարկ չկար։ Վաղուց պատրաստված երկար սանդուղքներից մեկը թույլ էր տալիս առանց անցափայտիկների հասնել այդպիսի բարձրության։ Կարելի էր բարձրանալ նաև այլ սանդուղքներով, եթե օդապարուկը պարանը տաներ դրանց մոտ։ Դժբախտաբար, այդ չպատահեց, և հաջողվեց օգտագործել դրանցից միայն մեկը։

Սանդուղքը կանգնեցնելով պարանին գրեթե զուգահեռ, Օսարուն բարձրացավ նրանով և, կանգնելով վերջին աստիճանին, սկսեց կապել անցափայտիկը։ Նա դրանցից իր հետ էր վերցրել մի դյուժին՝ թելի հետ միասին դնելով չթե խալաթի փեշից կարված տոպրակում։ Ներքևում, քարերին նստած Կարլն ու Կասպարը, և նրանց առաջ գետնին պառկած Ֆրիցը, լուռ, լարված ուշադրությամբ հետևում էին շիկարիի շարժումներին։

Առաջին երկու անցափայտիկը Օսարուն կապեց բավական արագ, ապա, թողնելով սանդուղքը և երկու ոտքով առաջին լայնակի գցված փայտիկին կանգնելով այնպես, որպեսզի դրանք հավասարակշռեին միմյանց և իրեն պահեին հորիզոնական դիրքում, նա սկսեց իր կզակին հավասար կապել երրորդը։

Այդպիսի գործողության համար արտասովոր ճարպկություն էր պահանջվում, բայց այդ հատկությամբ գերազանց էր օժտված Օսարուն և պարանի վրա իրեն այնքան անբռնազբոսիկ էր զգում, կարծես այն սրբազան կապիկների ց մեկն էր, որոնց մեծարում են բրահմանականները։

Ուրիշ ամեն ոք այդքան բարակ անցափայտիկի վրա կանգնելով կհոգներ, բայց Օսարուն ընտելացել էր, սովոր էր մագլցել բարձր, սլացիկ արմավենիները, և նրա ոտքերի մատները կառչունություն էին ձեռք բերել։ Փոքրիկ ճյուղը և ծառի բնի վրայի ելուստը կամ պարանի հանգուցակապը բավական էին, որպեսզի նա դիմանար մի քանի րոպե։ Դրա հա-մար էլ նրա համար դժվար չէր հավասարակշռվել արդեն կապված անցափայտերի վրա, կամ դրանք կապելուն զուգընթաց բարձրանալ մեկից մյուսը. նա շարունակում էր աշխատել, մինչև որ վերցրած անցափայտիկների պաշարը սպառվեց ու տոպրակը դատարկվեց։ Այն ժամանակ, իջնելով մի անցափայտիկից մյուսին և զգույշ անցնելով փայտյա սանդուղքի վրա, իջավ ժայռի ստորոտը։

Կարլն ու Կասպարը կարող էին ազատել նրան իջնելուց, քանի որ նրանց համար դատարկ բան էր սանդուղքով վեր ելնելն ու նրան բերել անցափայտիկների նոր պաշարը, բայց իջնելու համար Օսարուն ուներ այլ պատճառ, նրան անհրաժեշտ էր հանգստանալ ու թարմանալ։

Ներքևում նա երկար չէր մնում, ճիշտ այնքան ժամանակ, մինչև որ արյունը նորից սկսեր շրջանառություն կատարել նրա բոբիկ ոտքերում, իսկ ապա անցափայտիկներով լի տոպրակներն առած կրկին բարձրա-նում էր սանդուղքով, կախվում պարանից և մագլցում արդեն կապված լայնակի գցված փայտիկներով։ Դատարկելով տոպրակը, նա նորից ներքև էր իջնում, հանգստանում և կրկին բարձրանում։

Օսարուն շարունակում էր աշխատել ամբողջ օրը, ըստ որում մեծ ընդմիջում արվեց ճաշելու համար, որը ջանասիրաբար պատրաստել էին Կարլն ու Կասպարը, որոնք ուրիշ գործով զբաղված չէին։ Նրանք խոհարարական գործողությունների համար խրճիթ չգնացին։ Դրանից օգուտ չէր լինի, որովհետև խրճիթում եղած սարքավորումը ոչնչով լավ չէր այդտեղի իրենց ունեցածից, իսկ մառանում էլ ոչինչ չկար, բացի նրանից, ինչ արդեն վերցրել էին իրենց հետ, այսինքն՝ այծի մսից։ Բայց այդ ընթացքում Կարլը ձեռքերը ծալած չէր նստել, նա հավաքել էր տարբեր պտուղներ ու արմատներ, որոնք մսի համար հրաշալի համեմունք դարձան։ Ճաշը հիանալի ստացվեց, քանի որ երեքն էլ վաղուց արդեն դադարել էին կերակուրի նկատմամբ պահանջկոտ լինելուց։

Ճաշից հետո Օսարուն երկար ծխում էր իր սիրելի բանգը, և քաջալեր-ված, նոր ուժով գործի կպավ։

Աշխատանքը հաջող էր ընթանում, և մինչև արևի մայր մտնելը նա հասցրեց կապել շուրջ հիսուն աստիճան, այնպես որ կարելի էր ելնել ամբողջ բարձրության մեկ երրորդը։

Այդ ծանր աշխատանքին վերջ տվեց միայն մութը։ Գերակատարն ու հանդիսականները ետ դարձան դեպի խրճիթ՝ մտադրվելով այդ աշխատանքը կատարել հաջորդ օրը, ըստ որում Կարլն ու Կասպարը այնպիսի հարգանք էին ցույց տալիս Օսարուին, կարծես նա ճարտարապետ էր, իսկ իրենք հասարակ որմնադիրներ։ Նույնիսկ Ֆրիցը բացահայտորեն շիկարիին էր համարում իրենց ջոկատի ամենակարևոր դեմքը, ամեն անգամ, երբ Օսարուն իջնում էր ժայռից, շունը նրան «պատճաշն էր մատուցում»՝ վազելով ու թռչկոտելով նրա շուրջը և համառորեն նայելով նրա աչքերին, կարծես ուրախանալով, որ շիկարին շուտով կազատի իրենց։

Տան ճանապարհին Ֆրիցը շարունակում էր իր ցույցերը, այնպես թռչկոտելով շիկարիի շուրջը, որ հաճախ խանգարում էր նրան քայլել, ըստ երևույթին շունը համոզված էր, որ Օսարուն օրվա հերոսն էր։


Գլուխ XLVI. Գլխապտույտ վայրէջք

Հաջորդ առավոտյան, հապճեպ նախաճաշելով, նրանք վերադարձան աշխատանքի, այսինքն առաջվա պես աշխատում էր Օսարուն, իսկ մյուսները դիտում էին։

Դժբախտաբար, այդ օրը եղանակն աշխատանքի համար անբարենպաստ էր։ Փչում էր ուժեղ քամի, որ վրա էր տալիս, սուր, սաստիկ թափով։

Երբ Օսարուն մի քանի տասնյակ ոտնաչափ բարձրության վրա կախված էր պարանից, քամին, խլելով նրան, երբեմն ժայռից մի քանի ոտնաչափ հեռու էր տանում և ուժեղ այս ու այն կողմ թափահարում, թեև պարանը երկու ծայրից էլ ամրացված էր։

Սարսափելի էր նայել, թե նա ինչպես է կախված և ճոճվում է գետնից բարձր։ Ժամանակ առ ժամանակ հանդիսականների սիրտը նվաղում էր, թվում էր, ուր որ է խիզախ շիկարին կամ գլուխը կփշրի ուղղաձիգ ժայռի վրա, կամ էլ, պոկվելով պարանե սանդուղքից, կթռչի հեռու մի կողմ, կընկնի քարերի վրա և ջարդուփշուր կլինի։

Սկզբում Կարլն ու Կասպարը այնքան էին վախենում նրա համար, որ հաճախ էին կանչում Օսարուին, որպեսզի նա շտապ իջնի, իսկ, երբ նա իջավ, հորդորում էին այլևս չբարձրանալ, քանի քամին չի հանդարտվել և վտանգը նվաղել։

Սակայն բոլոր հորդորները զուր էին։ Շիկարին, որ սովոր էր ամբողջ կյանքում պայքարել տարերքի դեմ, չէր վախենում դրանից, ընդհակառակն, մարտահրավեր նետելով վտանգին, զգում էր ինչ-որ հպարտություն ու իսկական հաճույք։

Նույնիսկ երբ քամին նրան հեռացնում էր ժայռից և վիթխարի ժամացույցի ճոճանակի պես ճոճում քարե պատի երկայնքով, նա շարունակում էր ձգել թելերը և այնքան սառնասրտորեն ամրացնել փայտյա մատները, որ կարծես կանգնած էր ժայռի ստորոտի մոտ, ամուր հողին։

Այս ձևով Օսարուն եռանդով աշխատեց համարյա մինչև կեսօր, ճիշտ է հանգստի համար սովորական ընդմիջումներով, որոնց ընթացքում Կարլն ու Կասպարը համոզում էին աշխատանքը հետաձգել մինչև ավելի բարենպաստ ժամանակ։ Ֆրիցը գգվում էր խիզախ որսորդին և ինչ-որ հետաքրքրությամբ էր նայում նրա դեմքին, կարծես գիտեր, թե աշխատանքի ժամանակ ինչպիսի վտանգի է ենթարկվում շիկարին։

Սակայն շիկարին չլսեց նրանց հորդորները, թվում էր, թե նա արհամարհում էր վտանգը և հանգստից հետո ամեն անգամ առանց տատանվելու նորից իր գործին էր անցնում։

Եվ նա, հավանաբար, հաջողությամբ կկատարեր իր խնդիրը, եթե հանգամանքները չփոխվեին։ Քամին ոչ մի կերպ չէր կարողանա թափահարելով նրան վայր գցել պարանից, որից նա այնպես էր կառչել, ինչպես սարդը։ Եթե ամուր լիներ հենարանը, նրա համար սարսափելի չէր լինի նույնիսկ փոթորիկը։

Մահացու վտանգը վրա հասավ բացարձակապես անսպասելի, և դրանից մեկ րոպե առաջ այդ մասին ոչ ոք չէր մտածում։

Ժամանակը կեսօրին մոտ էր, և Օսարուին արդեն հաջողվել էր աստիճանները պատրաստել մինչև ժայռի բարձրության համարյա կեսը։ Նա իջավ անցափայտիկների նոր պաշար վերցնելու համար, և բարձրանալով փայտյա սանդուղքով, անցավ պարանի վրա ու սկսեց վեր մագլցել, ինչպես այդ արել էր արդեն տասնյակ անգամներ։

Կարլն ու Կասպարը առանց աչքերը հեռացնելու հետևում էին նրա շարժումներին, քանի որ թեև նա շատ անգամ էր բարձրացել, բայց միշտ էլ նրան վտանգ էր սպառնում, և տեսարանը, հիրավի, ցնցող էր։

Օսարուն չէր հասցրել սանդուղքից պարանին անցնել, երբ հանկարծ ճիչ արձակեց, որից հանդիսականները սարսռացին, քանի որ դա սարսափի ճիչ էր։ Նրանք շուտով հասկացան, թե ինչ վտանգ է սպասում շիկարիին։ Նա իր կամքով չէր իջնում պարանով, ժայռի երկայնքով, այլ պարանը սահում էր նրա հետ միասին, ինչպես երևում է, օդապարուկը ազատվել էր քարերից և Օսարուի ծանրության տակ ձյունապատ լանջով ներքև էր իջնում։

Առաջին պահ թվում էր, թե Օսարուն դանդաղ է իջնում, եթե նրա ճիչն ու թուլացած պարանը չլինեին, ներքևում կանգնածներն իսկույն չէին հասկանա, թե բանն ինչումն է։

Բայց արդեն մի քանի ակնթարթ հետո տեսան, թե ինչպիսի սարսափելի վտանգի է ենթարկվում իրենց հավատարիմ շիկարին։

Այժմ արդեն տարակույս չկար, որ օդապարուկը դուրս էր պրծել և պարանի ետևից անշեղորեն դեպի զառիթափի եզրին էր սահում։

Ճանապարհին կհանդիպի՞ արդյոք նա որևէ արգելքի, թե՞ կշարունակի դանդաղ սահել։ Թե՞ ձյան վրայով քարշ եկող խարիսխը կընկնի հարթ լանջի վրա և արագորեն կգլորվի ներքև։ Այլ խոսքով, Օսարուին երեսուն ոտնաչափ բարձրությունից անկում է սպառնում արդյոք։

Բայց այդ պահին հանդիսականները դատողություններ անելու ժամանակ չունեին։ Նրանք գիտեին միայն մի բան, որ իրենց ընկերը կործանման եզրին է, իսկ իրենք ոչնչով չեն կարող օգնել նրան։

Նրանք սարսափով նկատեցին, որ Օսարուն ավելի ու ավելի արագ է սահում, երբեմն նա շարժվում էր սահուն, հաճախ կտրուկ նետվում ներքև և վերջապես մնաց գետնից քսան ոտնաչափ բարձրության վրա։ Նրանց մեջ հույս ծագեց, որ եթե նա այդ ձևով իջնի ևս մի քանի յարդ, վտանգը կանցնի, բայց հենց այդ պահին լեռան եզրին հայտնվեց оդապարուկի լայն կուրծքը, և նա հսկա թռչունի պես թռավ ժայռից ու սլացավ հովտի վրայով։

Օսարուն, որ դեռևս կախված էր պարանից, մի քանի ոտնաչափ հեռացավ ժայռից, բայց նրա ծանրությունը, բարեբախտաբար, գերազանցում էր այն դիմադրությանը, որը օդը ցույց է տալիս օդապարուկի լայն մակերեսին, այլապես շիկարիին ավելի վեր կբարձրացներ։ Եվ այդ գերակշռությունը այնքան փոքր էր, որ չափազանց արագ անկում առաջ չբերեց։

Ինչ էլ լիներ, Օսարուն աղավնու նման սահուն էր իջնում, ոտքի կանգնեց և ամբողջ հասակով ուղղվեց ինչպես Մերկուրիոսը[8] «երկնամերձ լեռան» գագաթին։

Իր ոտքերի տակ զգալով ամուր հող, շիկարին զսպանակի նման մի կողմ թռավ և իրենից դեն շպրտեց պարանը, կարծես շիկացած երկաթ լիներ։

Գտնվելով ազատության մեջ, հսկա օդապարուկը քամուց կողեկողմ նետվեց, յուրաքանչյուր շրջապտույտի հետ ավելի ու ավելի ցած իջնելով, վերջապես, հավաքելով ուժերի մնացորդը, նետվեց դեպի Օսարուն, ինչպես վիթխարի գիշատիչ թռչունն իր զոհի վրա։

Շիկարին հազիվ հասցրեց մի կողմ ցատկել՝ հաջողակիորեն խուսափելով հարվածից, որը հավանաբար բաց կաներ նրա գանգը։


Գլուխ XLVII. Օդապարուկը թռավ

Օսարուի հրաշքով փրկվելն այնպես ուրախացրեց եղբայրներին, որ նրանք շատ էլ չսրտնեղվեցին օդապարուկի հետ կապված իրենց անհաջողության համար, մանավանդ, որ դժբախտությունն ուղղելի էին համարում։ Ամեն ինչի պատճառը հավանաբար քամին էր, որը օդապարուկը բարձրացրել էր այն տեղից, ուր վռվել էր, և պոկել նրան պահող, քարերից կամ այլ առարկաներից։

Որսորդները չէին տարակուսում, որ նրանց կհաջողվի օդապարուկը նորից արձակել ու առաջվա պես ամրացնել և այդ թույլ կտար հեշտությամբ կրել իրենց անհաջողությունը։

Քանի որ այդ օրը քամին փչում էր ոչ այն ուղղությամբ, որը նրանց պետք էր, ուստի որոշեցին հաջորդ, փորձը հետաձգել առավել բարենպաստ դեպքի, իսկ որպեսզի օդապարուկն անձրևից, չփչանա, բարձրացրին ու պարանի հետ խրճիթ տարան։

Անցավ մեկ շաբաթ, մինչև որ բարենպաստ քամի փչեց, բայց որսորդներն անգործ չէին նստել։ Ենթադրելով, որ որոշ ժամանակ ևս ստիպված կլինեն նստել այդ հովտում, նրանք որոշեցին լրացնել պարենի պաշարը և օրերով անընդհատ որս էին անում, նրանք չէին ուզում ձեռք տալ քարայծի մթերած մսին, որից դեռևս բավականին շատ էր մնացել։

Որսորդները զենքերը բոլորովին չէին օգտագործում։ Վերջին լիցերը դեռևս մնում էին փողերի մեջ, բայց դրանք հարկավոր էր պահել այս դեպ-քի համար, եթե այլ միջոցներով այլևս հնարավոր չէր լինի սնունդ հայթայթել։

Այժմ հաստատ համոզմունք ունեին, որ դուրս կգան իրենց «բանտից» և երբեմն երևակայում էին, թե ինչպես են իջնելու լեռներից, ու ասում էին, թե զենքը պետք է պատրաստ պահել, որովհետև վերադարձի ճանա-պարհին թերևս խոշոր գազանների հանդիպեն։ Նրանք գիտեին, որ հովտում լիովին կարելի է առանց զենքի յոլա գնալ. բավական էր Օսարուի աղեղը։ Նրա աղեղալարի զնգոցը մերթ ընդ մերթ լսվում էր անտառում, և շիկարիի նետը խրվում էր որևէ գեղեցիկ թռչունի` սիրամարգի, փասիան-արգուսի կամ էլ գեղեցիկ չինական սագի կուրծքը, որոնք քիչ չեն լճի վրա։

Օսարուի ուռկաններն ու կարթերը նույնպես անգործ չէին մնում։ Առնում էին գերազանց որակի տարբեր տեսակի ձկներ։ Ձկների մի տեսակը հանդիպում էր անհամար քանակությամբ։ Դրանք խոշոր օձաձկներն էին, որոնք պարզապես վխտում էին ջրում և բավական էր միայն գցել որդով կեռիկը, որպեսզի վայրկենապես դուրս քաշեին ուղիղ վեց ոտնաչափ երկարությամբ օձաձկանը։

Քանի որ օձաձկները դուր չէին գալիս, նրանք շատ էլ չէին զբաղվում դրանց որսով։ Բայց, այնուամենայնիվ, հաճելի էր գիտակցել, որ այդ լպրծուն արարածները այդքան անսպառ քանակությամբ են, և, եթե նույնիսկ բոլոր մնացած աղբյուր-ները սպառվեն, իրենք միշտ էլ ապահովված կլինեն առատ, առողջարար կերակուրով։

Վերջապես փչեց բարենպաստ քամին, և օդապարուկը դարձյալ տեղափոխեցին իր նախկին տեղը։ Նորից արձակեցին, և դա ճիշտ նույն ձևով վեր սլացավ ու ճախրեց ժայռի վրա, իսկ երբ պարանը բաց թողին, ընկավ լեռնալանջին։

Նրանք ուրախացան այդպիսի հաջող սկզբի համար, բայց ավա՜ղ, շուտով նրանց պատեց հիասթափությունը։

Ձգելով պարանը, նրանք տեսան, որ խարիսխը չի կառչել։ Պարանն առանց դիմադրության ետ սահեց, զգացվում էր, որ նրան թեթևակի արգելակում են միայն ժայռի եզրի հետ շփվելն ու լանջով սահող оդապարու-կի ծանրությունը։

Նրանք զգուշորեն, ոտնաչափ առ ոտնաչափ, յարդ առ յարդ քաշում էին պարանը, մինչև որ ժայռի եզրին երևաց թղթե թռչունի լայն, աղեղնաձև ծռված կուրծքը։

Կրկին արձակեցին օդապարուկը, դարձյալ բաց թողին պարանը, մինչև որ թռչունը բարձրացավ իր կապի ամբողջ երկարության չափով և կրկին թույլ տվեցին, որ ընկնի։

Ապա պարանը ներքև քաշեցին, և այն նորից սկսեց անձնատուր լինել, և, ժայռի եզրին կապույտ երկնքի ֆոնի վրա պարզորեն գծագրվելով, դարձյալ հայտնվեց լուսավոր աղեղը, բայց դա ոչ թե ծիածանն էր` բարի հույսի խորհրդանիշը, այլ ավելի շատ` հիասթափության ու վհատության խորհրդանիշը։

Դարձյալ թռիչք, դարձյալ անհաջողություն...Դարձյալ ու դարձյալ։ Երեքն էլ արդեն կորցրել էին համբերությունը և ուժից ընկել։

Չէ՞ որ դա խաղ չէր։ Նրանք հաճույքի համար չէին արձակում օդապարուկը, արձակում էին, որպեսզի ազատ լինեն, և բոլորն էլ կենսականորեն շահագրգռված էին հաջողության համար, չէ՞ որ դրանից էր կախված նրանց կյանքը։

Բայց նրանց ուժերն ու համբերությունը բացահայտորեն մոտենում էին ավարտին։ Այդուհանդերձ չէր կարելի անձնատուր լինել, և շարունա-կում էին իրենց փորձերը, թեև յուրաքանչյուր անհաջողության հետ ավելի ու ավելի քիչ հույս էր մնում։

Ավելի քան քսան անգամ անընդմեջ նրանք արձակեցին օդապարուկը և քաշեցին դեպի ժայռի եզրը, ըստ որում արեցին այդ տարբեր տեղերում։ Բայց ամեն անգամ արդյունքը նույնն էր։ Թռչունը համառորեն չէր ուզում ճանկերով կառչել ժայռից, սառցաբեկորներից կամ սառցակույտերից, որոնցով ծածկված էր լեռնալանջը։

Մեր արկած որոնողները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչից են առաջանում այդ բոլոր անհաջողությունները. չէ՞ որ օդապարուկն առաջին անգամ իսկույն կառչեց։ Եթե նա ոչ մի անգամ չկառչեր, նրանք, թերևս, կգային այն համոզման, որ պլանն անիրագործելի է և կհրաժարվեին հետագա վարձերից։ Բայց հենց սկզբից նրանց ձեռք բերած հաջողությունը այն բանի գրավականն էր, որ կարելի է մի անգամ էլ հաջողության հասնել, և համոզում էին միմյանց` շարունակել փորձերը։

Ճիշտ վեց անգամ արձակեցին օդապարուկը, բայց բախտը առաջվա նման երես էր շրջել, և նրանք դադարեցրին փորձերը` թղթե թռչունը թողնելով ժայռի ծայրին. թվում էր, նա նստել էր այնտեղ, պատրաստվելով նոր թռիչքի։

Այդ ժամանակ օդապարուկն արդեն չափազանց գզգզված տեսք ուներ, նրա թևերը խիստ տուժել էին սուր ապառաժներից ու սառցակտորներից։ Երբ վեր էր սլանում, նրա վահանի վրա քիչ անցքեր չէին պսպղում, թռիչքն էլ այլևս առաջվա պես վեհատեսիլ չէր։ Շուտով հարկ կլիներ վերանորոգել այն։ Մեր որսորդները մի քանի րոպե դադարեցրին իրենց աշխատանքը, որպեսզի քննարկեն, թե երբ կարելի կլինի նորոգմամբ զբաղվել և հարկավո՞ր է արդյոք փորձել օդապարուկն արձակել այլ տեղից։

Վրդովված գետնին նետելով պարանը, երեքն էլ մի քանի քայլ հեռացան նրանից և կանգնեցին` ծանր խորհրդածությունների մեջ ընկած։ Այս անգամ նրանք չմտածեցին անգամ պարանն ամրացնելու մասին, քանի որ ոչ մեկի մտքով չէր անցնի, թե վտանգավոր է այն առանց կապելու թողնելը։

Նրանք չափազանց ուշ հասկացան իրենց սխալը, երբ տեսան, որ պարանը հանկարծ դեպի վեր ձգվեց, կարծես մի անտեսանելի ձեռք քաշում էր նրան։

Երեքն էլ նետվեցին բռնելու, բայց ուշացան։ Պարանի ծայրը շարժ-վում էր արդեն այնպիսի բարձրության վրա, որ նրանցից ամենաբարձրահասակը, նույնիսկ ոտների մատների ծայրերի վրա կանգնելով, չէր կարող հասնել նրան։

Օսարուն բարձր ցատկեց` ջանալով բռնել պարանը։ Կասպարը նետվեց դեպի երկար ձողը` հուսալով դրանով կառչել, իսկ Կարլը արագորեն բարձրացավ ժայռին հենած սանդուղքի վրա, որի մոտ շարժվում էր պարանը։

Բայց բոլոր ջանքերը զուր դուրս եկան։ Մեկ թե երկու վայրկյան պարանի ծայրը ցնցվելով կախված էր նրանց գլխավերևը, կարծես գրգռում էր ձախողակներին, ապա ասես անտեսանելի ձեռքը դարձյալ ձգեց պարանը. այն արագ վեր բարձրացավ և շուտով անհետացավ ժայռի կատարի ետևում։


Գլուխ XLVIII. Այլևս չկան թղթե ծառեր

Պարանի անհետացման մեջ խորհրդավոր ոչինչ չկար։ Օդապարուկն այլևս չէր երևում ժայռի գագաթին։ Քամին քշել-տարել էր այն, իսկ նրա հետ միասին, իհարկե, նաև պարանը։

Երբ զարմանքի առաջին պահն անցավ, որսորդները հայացքներ փոխանակեցին, որոնց մեջ ինչ-որ ավելի մեծ բան էր նկատվում, քան հիասթափությունը։ Որքան էլ օդապարուկը հրաժարվեր կառչել, մի անգամ արդեն ամուր բռնվել էր և, բնական էր ենթադրել, որ այդ նորից կհաջողվի։ Մանավանդ, որ որոշ տեղերում քարե պարիսպը նույնիսկ ավելի ցածր էր, քան այնտեղ, ուր նրանք փորձեր էին արել, և այդ հաջողության հույսեր էր տալիս նրանց։ Մի խոսքով, ամեն ինչ խոսում էր այն մասին, որ եթե բաց չթողնեին օդապարուկը վաղ թե ուշ նրանց կհաջողվեր պարանե սանդուղքով դուրս գալ այս ապառաժոտ «բանտից», բայց այժմ ամեն մի հնարավորություն կորած էր, քամին քշել տարել էր։

Դուք կարող եք մտածել, որ այդ դժբախտությունն անուղղելի չէր։ Կարելի էր մի օդապարուկ էլ պատրաստել, կասեք դուք, և հենց նույն այն նյութից, որից պատրաստված էր թռածը։ Բայց պնդել այն` նշանակում է խոսել, առանց բոլոր հանգամանքներն իմանալու։

Այդ միտքն արդեն ծագել էր որսորդների գլխում, երբ նրանք նկատել էին, որ օդապարուկն ամեն անգամ ավելի ու ավելի էր պատռվում ու դառնում անպետք։

— Մեզ համար դժվար չի լինի պատրաստել երկրորդը,— ասաց Կասպարը։

— Ոչ, եղբայր,— պատասխանեց Կարլը,— վախենում եմ, որ չհաջողվի։ Մեզ մոտ բավականաչափ թուղթ է մնացել, որպեսզի նորոգեինք օդապարուկը, բայց չի բավականացնի երկրորդի համար։

— Բայց չէ որ կարող ենք թղթի նոր պաշար ստեղծել, ճիշտ չէ՞,— պնդեց Կասպարը։

— Ոչ,— գլուխը շարժելով պատասխանեց Կարլը,— մեզ դա չի հաջողվի, նույնիսկ մի թերթ անգամ։

— Բայց ինչու՞։ Դու կարծում ես, որ այլևս դաֆնադայի թփեր չկա՞ն։

— Կարծում եմ, որ չկան։ Ախր հիշում ես մենք պոկեցինք մացառուտում ամբողջ եղածը, իսկ հետո, ենթադրելով, որ մեզ էլի թուղթ պետք կգա, ես շրջանցեցի ամբողջ հովիտը և հետախուզեցի այն երկայնքով ու լայնքով, բայց դաֆնադայի մի թփիկ անգամ չգտա։ Ես համարյա համոզված եմ, որ դրանցից այլևս չկան։

Թղթի մասին խոսակցությունը տեղի էր ունեցել օդապարուկը կորցնելուց շատ առաջ։ Երբ այդ պատահեց, նրանք արդեն գիտեին, որ օդա-պարուկ պատրաստելն անկարելի կլինի, կորուստն անհատույց էր։

Ո՞ր կողմը թռավ օդապարուկը։ Մի՞թե քամին չէր կարող դա քարշ տալ ժայռերի երկայնքով և նորից գցել հովիտը։

Դրա վրա կարելի էր հույս դնել, և երեքն էլ արագ հեռացան ժայռերից, որպեսզի ավելի լավ գիտեն զառիթափի գագաթը։

Երկար կանգնել էին նրանք, հույս ունենալով տեսնել, թե թղթե մեծ թռչունն ինչպես է վերադառնում իր ծննդավայրը։ Բայց չվերադարձավ, և նրանք վերջապես համոզվեցին, որ երբեք չի վերադառնա։ Քամու ուղղությունը որոշելու նպատակով կանգ առնելով, նրանք իրականում տեսան, որ օդապարուկը ոչ մի կերպ չի կարող վերադառնալ։ Քամին փչում էր ժայռերից, ձյունապատ լանջերի ուղղությամբ։ Անկասկած, օդապարուկը լեռնալանջով վեր է քշվել և կամ թռել անցել է լեռան վրայից կամ էլ խցկվել ինչ-որ մի տեղ, խորը ծերպում, որտեղից քամին արդեն չի կարող բարձրացնել այն։ Համենայն դեպս պարզ էր, որ նրանց համար օդապարուկն էլ, պարանն էլ ընդմիշտ կորած են։

— Ա՜խ, ինչպիսի՜ դժբախտություն,— վհատությամբ բացականչեց Կասպարը` համոզվելով, որ օդապարուկն անվերադարձ է կորել։— Դա՜ռն է մեր ճակատագիրը։

— Ոչ, Կասպար,— կշտամբանքով ասաց Կարլը,— ճակատագրին մի մեղադրիր այն բանում, ինչ այժմ պատահեց։ Ես համաձայն եմ, որ դա մեծ դժբախտություն է, բայց չէ որ ամեն ինչում մենք ինքներս ենք մեղավոր։ Մեր անփութության պատճառով միայն զրկվեցինք օդապարուկից, իսկ դրա հետ միասին, թերևս, նաև ազատություն ստանալու վերջին հնա-րավորությունից։

— Դու իրավացի ես,— պատասխանեց Կասպարը, և նրա ձայնի մեջ զղջում հնչեց,— դա մեր մեղքն է, և պատժված ենք ըստ արժանվույն... Բայց համոզվա՞ծ ես արդյոք, Կարլ,— շարունակեց նա, վերադառնալով նախ-կին խոսակցությանը,— լրիվ համոզվա՞ծ ես, որ հովտում թղթե ծառեր այլևս չեն մնացել։

— Ես չեմ պնդի, թե դրանք այլևս չկան,— պատասխանեց որսորդը,— բայց վախենում եմ, որ այդպես է։ Մենք կկարողանանք պատասխանել այդ հարցին, երբ խնամքով կհետախուզենք հովիտը։ Թերևս կգտնվի մի որևէ ուրիշ բույս, որը նույնպես այդ նպատակի համար պիտանի լինի։ Հիմալայան լեռներում աճում է կեչին, որը հանդիպում է թե Նեապոլում, թե Տիբեթում։ Բերյոստան նրանից պոկվում է լայն շերտիկներով ու շերտերով, որոնք ութից պակաս չեն, յուրաքանչյուր գրելու թերթի հաստությամբ, և այդ շերտերը լիովին կարող են փոխարինել թղթին...

— Ի՞նչ ես կարծում, оդապարուկի համար այն պիտանի կլինի՞,— ընդհատեց նրան Կասպարը։

— Ես դրանում համոզված եմ,— պատասխանեց բուսաբանը։— Այդ շերտերը նույնիսկ ավելի ամուր են, քան դաֆնադայի թուղթը, և եթե հույս ունենայի, թե այստեղ կգտնեմ այդ կեչին, ապա կնախընտրեի օդապարուկը պատրաստել հենց նրա կեղևից։ Բայց մենք հազիվ թե դա գտնենք։ Ես այստեղ չեմ հանդիպել և ոչ մի կեչու, և ինձ հայտնի է, որ կեչիների տարատեսակների մեծամասնությունը նախընտրում է ավելի սառը կլիման, քան այս հովտումն է։ Շատ հնարավոր է, որ այն աճում է բարձր լեռներում, ինչ-որ մի տեղ, բայց միևնույն է, մենք չենք կտրող նրան հասնել... Բայց չհուսալքվենք,— ավելացրեց նա, ջանալով ուրախ երևալ,— գուցե այն կհանդիպի մեզ այստեղ, իսկ եթե չհանդիպի թերևս դաֆնադայի գոնե մեկ մացառ... Գնանք որոնելու։

Ճշմարիտն ասած, Կարլը հաջողության քիչ հույս ուներ։ Իրականում ամբողջ երեք օր կորցնելով որոնման համար, երկայնքով ու լայնքով տակնուվրա անելով ամբողջ հովիտը, չհաջողվեց գտնել ոչ նրանց այնքան ցանկալի կեչին, ոչ նրանց սրտին սիրելի դաֆնադան, ոչ էլ ծառի որևէ այլ տեսակ, որից կարելի լիներ թուղթ պատրաստել։

Եվ այսպես, այլևս չարժեր մտածել օդապարուկի մասին, ու կամաց-կամաց նրանց մտքերն ուրիշ ընթացք ընդունեցին։


Գլուխ XLIX. Օդագնացություն

Հազիվ թե կարելի է խոսել օդապարուկի մասին, չմտածելով ուրիշ, ավելի խոշոր թռչող ապարատի` օդապարուկի մասին։

Կարլն արդեն վաղուց էր մտածում նրա մասին մտածում էր նաև Կասպարը, քանի որ օդապարուկը նրանց երկուսին էլ միաժամանակ ներշնչեց այդ միտքը։

Դուք կհարցնեք, ինչու ուրեմն նրանք թողեցին այդ միտքը և չփոր-ձեցին իրագործել, չէ՞ որ օդապարուկը կարող էր նրանց լեռնային «բանտից» ավելի շուտ դուրս հանել, քան օդապարուկը։

Բայց նրանք, համենայն դեպս Կարլը, որ խնամքով կշռադատել էր այդ հարցը, չէին թողել օդապարիկի միտքը։ Կասպարը շուտով սառեց այդ պլանից` վճռելով, որ իրենց չի հաջողվի պատրաստել, իսկ Կարլին կասեցնում էր միայն նյութի բացակայությունը։ Նա կարծում էր, որ եթե հարմար նյութ ունենային, ապա ինքը կկարողանար օդապարիկ պատ-րաստել, ճիշտ է ամենահասարակը, բայց, այնուամենայնիվ, իրենց նպատակների համար լիովին պիտանի։

Քանի դեռ նրանք զբաղված էին թղթե թռչունով, նա շարունակում էր կշռադատել այդ նախագիծը, որովհետև ճշմարիտն ասած, շատ էլ հույս չէր դնում օդապարուկի հաջողության վրա։

Նա երկար ու լարված մտածում էր օդապարիկի մասին, ջանալով հիշել այն ամենը, ինչ հայտնի էր իրեն աերոստատիկայից և մտովի ստուգում էր իրենց մատչելի բոլոր նյութերն ու առարկաները` հուսալով գտնել որևէ բան, որից կարելի կլիներ оդապարիկ պատրաստել։

Դժբախտաբար, նրան չհաջողվեց ոչ մի հարմար բան մտածել։ Դաֆնադայի թուղթը, եթե դրանից նույնիսկ շատ լիներ, միևնույն է պետք չէր գա, որովհետև ամենաստվարթուղթն անգամ բավականաչափ ամրություն չունի, և, եթե դրանից մեծ օդապարիկ պատրաստեն, որ նախատեսված լինի զգալի բեռ բարձրացնելու համար, չի դիմանա մթնոլորտի ճնշմանը։ Բայց թղթի մասին ընդհանրապես չէր կարող խոսք լինել, քանի որ այն շատ քիչ էր մնացել։ Այդ դեպքում ուրեմն ինչի՞ց պատրաստեն оդապարիկի թաղանթը։

Կարլին հայտնի էր, որ օդապարիկը պետք է օդի համար անթափանց լինի։ Նախ նա մտածեց կենդանիների մորթիների մասին, բայց այն մորթիները, որոնք կարելի է ճարել անհրաժեշտ քանակությամբ, չափազանց հաստ ու ծանր լինելով, պետք չէին գա։ Ճիշտ է, շուրջը մեծ քանակությամբ կանեփ էր աճում, որից կհաջողվեր գործվածք հյուսել և տոգորել խեժով, որովհետև հովտում կային խեժապատ ծառերի մի քանի տեսակներ։ Բայց դեռևս հարց էր, կհաջողվե՞ր արդյոք նրանց կանեփից այնպիսի գործվածք հյուսել, որը բավականաչափ թեթև լիներ նաև խեժապատումից հետո։ Համենայն դեպս, նախքան անհրաժեշտ արդյունքին հասնելը, հարկ կլիներ երկար վարժվել ջուլհակի արվեստում։ Եվ այսպես, չէր կարելի հաջողության վրա հույս դնել, այդ պլանի մասին չարժեր լրջորեն մտածել, և Կարլը հրաժարվեց դրանից։

Դա օդապարուկի այնքան անհաջող ավարտված փորձից առաջ էր դեռևս։ Բայց այժմ, երբ օդապարուկի հետ կապված բոլոր հույսերը խորտակվեցին, օդապարիկի միտքը նորից մեխվեց նրա ուղեղում. դա հայտնվեց նաև Կասպարի գլխում, ու եղբայրներն առաջին անգամ խոսեցին այդ թեմայի շուրջը։

— Մենք որքան ասես կարող ենք պարաններ ունենալ,— նկատեց Կասպարը,— բայց դրանք անօգուտ կլինեն, քանի որ մեծ օդապարիկ պատրաստելու համար ոչինչ չունենք։ Այն պատրաստում են մետաք-սից, ճշմարիտ չէ՞։

— Այո,— պատասխանեց Կարլը, — մետաքսը դրա համար ամենահարմար նյութն է։

— Ինչու՞,— հարցրեց Կասպարը։

— Որովհետև այն ունի երեք արժեքավոր հատկություն` թեթևություն, ամրություն և խտություն. նա բոլոր մյուս գործվածքներից զգալիորեն խիտ է։

— Իսկ ուրիշ էլ ինչի՞ց կարելի է օդապարիկի ծածկոց պատրաստել։

— Օ՜, փոքր, միայն աննշան բեռ բարձրացնելու ընդունակ օդապարիկ կարելի է պատրաստել տարբեր նյութերից, նույնիսկ թղթից։ Այդպիսի օդապարիկը կդիմանա մի քանի ֆունտ բեռի, օրինակ` կատվի կամ շան։ Եվ որոշ երկրներում գտնվել են այնպիսի դաժան մարդիկ, որոնք այդ արարածներին օդային ճանապարհորդության են ուղարկել` բնավ չհետաքրքրվելով նրանց հետագա ճակատագրով։

— Իհարկե, դա շատ դաժան է եղել նրանց կողմից,— համաձայնեց Կասպարը, որը թեև որսորդ էր, բայց ամենևին էլ աչքի չէր ընկնում դաժա-նությամբ։

— Հարկավոր է իրենց` այդպիսի մարդկանց ստիպել թռչել թղթե օդապարիկով։

— Այո, եթե թղթե օդապարիկը կարողանար նրանց բարձրացնել, բայց, դժբախտաբար, նա չի դիմանում մարդու ծանրությանը։ Նույնիսկ եթե մենք թղթի անսահմանափակ պաշար ունենայինք, նա մեզ պետք չէր գա։ Մեզ ավելի ամուր ու բարակ նյութ է հարկավոր։

— Արդյոք որևէ բան չմտածե՞նք։ Փորձենք, Կարլ։

— Ախ, սիրելի եղբայր, ես գիշեր ու ցերեկ գլուխ եմ ջարդում, և միշտ էլ իզուր։ Այս հովտում նպատակահարմար ոչինչ չկա։

— Թերևս պիտանի կլինի առագաստալաթը։ Դու մտածե՞լ ես այդ մասին։

— Մտածել եմ։ Դա շատ կոշտ ու ծանր է։

— Բայց մենք կաշխատենք այն բավականաչափ թեթև անել։ Կարելի է ընտրել կանեփե ամենաբարակ մանրաթելերը, ամենայն խնամքով մանել ու հյուսել դրանք։ Այդ տեսակետից Օսարուն իսկական օմֆալա[9] է։ Երաշխավորում եմ, որ ճախարակի առջև նա կգերազանցի հենց իրեն` Հերկուլեսին։

— Սակայն, — զարմանքով բացականչեց Կարլը, — այսօր դու ճամարտակու՜մ ես, ինչպես դասական։ Հերկուլեսի պատմությունը որտեղի՞ց գիտես։ Ախր համալսարանի պատերի ներսում քեզ երբեք չեն տեսել։

— Դու մոռանում ես Կարլ, որ ինքդ ես դասական առարկաներ պարա-պել ինձ հետ։ Ինչևէ, պետք է խոստովանեմ, այդ գիտելիքներն ինձ կյանքում պետք չեն եկել, և երբեմն դրանց եմ դիմում խոսքը զարդարելու համար միայն։ Կարծում եմ, որ առաջիկայում ևս դրանցից ոչ մի օգուտ չի լինի։

— Ես համաձայն եմ քեզ հետ, Կասպար,— պատասխանեց բուսաբա-նը,— և չեմ պաշտպանի դասական կրթությունը։ Ճիշտ է, ես ծանոթացրել եմ քեզ դիցաբանությանը, բայց այն տարիներին մենք ազատ ժամանակ շատ ունեինք, այլապես չէի սկսի դրանով զբաղվել։ Դու արդեն գիտես իմ կարծիքն այդ մասին. ես համոզված եմ, որ մտածող մարդու համար դասական հնության ուսումնասիրությունից ավելի շատ օգուտ չկա, քան չինական հուշագիտությունից։ Ես միայն զուր ժամանակ եմ կորցրել մեռած լեզուների ուսումնասիրության վրա, և իմ ձեռք բերած բոլոր գիտելիքները ոչ մի ոտնաչափ էլ մեզ վեր չեն բարձրացնի։ Ո՛չ Յուպիտերը, ո՛չ Յունոնը չեն օգնի մեր վիճակից դուրս գալու, և Մերկուրիոսի հետ իմ ծանոթությունը թևեր չի տա մեզ։ Եվ այսպես, թողնենք դիցաբանությունը և տեսնենք, չեն օգնի արդյոք գիտական գիտելիքները։ Դու հնարագետ միտք ունես, Կասպար։ Չե՞ս կարող արդյոք մտածել, թե օդի համար անթափանց օդապարիկի թաղանթն ինչի՞ց պատրաստենք։ Իհարկե, ես նկատի ունեմ մեզ մատչելի նյութ։

— Բայց կկարողանաս արդյոք օդապարիկ պատրաստել, եթե ունենաս անհրաժեշտ նյութը,— հարցրեց Կասպարը, որը դեռևս շարունակում էր չհավատալ, թե փորձառու օդագնացից բացի որևէ մեկը կարող է պատրաստել այդպիսի հրաշալի ապարատ։

— Պա՜հ,— առարկեց փիլիսոփան։— Օդապարիկ պատրաստելը մի փոքր ավելի դժվար է, քան օճառի պղպջակը։ Վերցրու օդի համար անթափանց նյութից պարկ, տաք օդ լցրու և օդապարիկը պատրաստ կլինի։ Ամբողջ հարցն այն է, թե որքան ծանրություն կկարողանա բարձրացնել, ներառյալ և այն նյութը, որից պատրաստած է նա։

— Բայց օդապարիկն ինչպե՞ս կլցնես տաք օդով։

— Շատ պարզ ձևով, օդապարիկի ներքևում ծակ բաց կանեմ և նրա տակ խարույկ կվառեմ։

— Բայց չէ՞ որ օդը կսառչի։

— Այո, և այդ ժամանակ օդապարիկը կընկնի ներքև, քանի որ նրա մեջ եղած օդը սառչելով, նույնքան ծանր է դառնում, որքան և դրսինը։ Իրականում,— շարունակեց փիլիսոփան,— դու գիտես, որ տաք օդը շատ ավելի թեթև է, սառից, ահա ինչու տաք օդով լցված օդապարիկը բարձրանում է վեր, մինչև որ հասնում է այնպիսի բարձրության, ուր շրջապատող նոսր օդը ծանր չէ նրա մեջ եղածից։ Հետագայում նա չի կարող բարձրանալ և թաղանթի կշիռը կստիպի նրան իջնել։ Պատկերացրու լողացող պղպ-ջակը կամ ջրի մեջ ընկղմած խցանված շիշը, և կհասկանաս, թե ինչպես է տեղի ունենում այդ։

— Ես այդպես էլ հասկանում եմ,— առարկեց Կասպարը, փոքր-ինչ վիրավորված նրանից, որ գիտնական եղբայրն իր հետ խոսում է, ինչպես երեխայի։ — Բայց ես կարծում էի, թե օջախում, որը պետք է լիներ օդապա-րիկից կախված զամբյուղում, անհրաժեշտ է մշտապես կրակ պահել։ Դե, իսկ եթե մետաքս ունենայինք և պատրաստեինք գնդանման պարկ, ապա որտեղի՞ց պետք է գտնեինք երկաթ, որպեսզի օջախ պատրաստեինք։

— Օջախը, որի մասին խոսում ես` մեզ պետք չի գա։ Այդ անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե օդապարիկը բավական երկար պետք է մնա օդում։ Իսկ եթե պահանջվում է միայն կարճատև բարձրացում, ապա բավական է գունդը լցնել տաք օդով և այն կթռչի։ Իսկապես ասած մեզ միայն այդ է պետք։ Եթե նույնիսկ մեզ գնդից կախված օջախում հարկ լիներ կրակ պահել ես ենթադրում եմ, որ քեզ համար ոչինչ չարժե դրա նման ինչ-որ բան հնարելը։

— Դե, ես լիովին վստահ եմ, որ այդ կհաջողվեր ինձ... Իսկ դու ինչպե՞ս դուրս կգայիր վիճակից։

— Կպատրաստեի սովորական զամբյուղ և կսվաղեի կավով։ Դա եր-կաթե կամ թուջե օջախից վատ չէր պահի կրակը և լիովին պիտանի կլիներ։ Բայց ներկայումս գնդերը փչելու համար կրակից չեն օգտվում։ Այդ նպատակի համար ավելի պիտանի է այրվող գազը, բայց քանի որ մենք չունենք, ապա ստիպված կլինենք դիմել հին եղանակին` հենց նրան, որը կիրառեցին օդապարիկի հայտնաբերողներ Մոնդոլֆե եղբայրները։

— Ուրեմն դու կարծու՞մ ես, որ կարելի է առանց օջախի էլ յոլա գնալ և ամբողջ խնդիրն այն է, որ անհրաժեշտ նյութից գնդանման մեծ պարկ պատրաստեն և դա լցնեն տաք օդով։

— Այո,— պատասխանեց Կարլը։— Մտածիր որևէ բան և, խոստանում եմ քեզ համար օդապարիկ պատրաստել։

Կասպարը հաճույքով ընդունեց եղբոր մարտահրավերը և սուզված մտորումների մեջ, երկար նստել էր լուռ։ Նա ընտրում էր արդեն բոլոր այն բազմապիսի նյութերը, որոնք միայն կարելի էր գտնել հովտում։

— Ասում են, այն պետք է թեթև, անթափանց ու ամուր լինի՞,— որոշ ժամանակ անց հարցրեց նա՝ հավանաբար նկատի ունենալով ինչ-որ նյութ։

— Թեթև, անթափանց և ամուր,— հաստատեց Կարլը։

— Վերջին երկու հատկանիշներն առկա են,— շարունակեց Կասպարը,— ես կասկածում եմ միայն առաջինի վրա։

— Իսկ ի՞նչն է այդ,— իսկույն հարցրեց Կարլը, հավանաբար հե-տաքրքրվելով եղբոր խոսքերով։

— Օձաձկների կաշին,— եղավ կարճ ու կտրուկ պատասխանը։


Գլուխ L. Կաշվե օդապարիկը

— Այո, օձաձկների կաշին,— կրկնեց Կասպարը՝ տեսնելով, որ Կարլը չի շտապում ասել իր կարծիքը։— Ի՞նչ ես կարծում, դրանք պետք կգա՞ն։

Քիչ մնաց, որ Կարլը բացականչեր... Դա հենց այն է, ինչ պետք է... բայց ինչ-որ բան ստիպեց նրան ետ կանգնել այդ խոսքից։

— Գուցե, գուցե...— ասաց նա, ըստ երևույթին կշռադատելով այդ հարցը,— լիովին հնարավոր է, բայց, այնուամենայնիվ, վախենում եմ...

Ինչի՞ց ես վախենում, — հարցրեց Կասպարը։ — Կարծում ես, դրանք բավականաչափ ամուր չեն։

— Դրանք բավականաչափ ամուր են,— առարկեց Կարլը,— Ես դրանցից չեմ վախենում։

— Բայց չէ՞ որ օդը չի անցնի օձաձկան կաշվից...

— Բանը դրանում չէ։

— Դու կարծում ես կարերի միջի՞ց կանցնի։ Բայց Օսարուն դրանք ուզածդ կոշկակարից վատ չի կարի։

Շիկարին ամեն բանի վարպետ էր, Կարլը դա գիտեր։ Հավանորեն նա ինչ-որ ուրիշ բանից էր վախենում։

— Ուրեմն դու նկատի ունե՞ս դրանց քաշը,— նորից հարցրեց Կասպարը։

Հենց դա,— պատասխանեց Կարլը։— Վախենում եմ, որ դրանք չափազանց ծանր դուրս գան։ Հապա մեկը բեր, Օսարու, տեսնենք։

Շիկարին վեր կացավ, մտավ խրճիթը և շուտով վերադարձավ՝ բերելով ինչ-որ կնճռոտ ժապավեն. դա հենց օձաձկան չորացրած կաշին էր։

Խրճիթում դրանցից շատ կային, քանի որ որսորդները խնամքով պա-հում էին իրենց բռնած բոլոր օձաձկների կաշիները. ինչ-որ բան հուշում էր նրանց, թե դրանք երբևէ պետք կգան։

Այս անգամ էլ իմաստուն շրջահայեցությունը նրանց ծառայություն մատուցեց։

Կարլը վերցրեց կաշին և դնելով ափի մեջ, փորձեց որոշել նրա քաշը։

Կասպարը հետևում էր եղբոր դեմքի արտահայտությանն ու սպասում, թե ինչ կասի, բայց Կարլն իր մտքերն արտահայտում էր գլուխը տարուբերելով միայն, դա, ըստ երևույթին, նշանակում էր, որ նա մերժում է օձաձկան կաշին։

— Դրանք կարելի է զգալիորեն թեթևացնել, եղբայր,— առաջարկեց Կասպարը,— հարկավոր է քերելով կոկել։ Իսկ հետո, ինչու դրանք չեռացնել. այդ դեպքում ավելի կթեթևանան։ Եռացումը դրանցից կհեռացնի յուղոտ, ճարպոտ նյութերը։

— Խելացի բան ես ասում,— պատասխանեց Կարլը, որին դուր էր եկել եղբոր առաջարկությունը։— Եթե դրանք ինչպես հարկն է եռացնենք, զգալիորեն ավելի թեթև կդառնան։ Հապա, փորձենք...

Այս խոսքերի հետ Կասպարն ուղղվեց դեպի եռացող աղբյուրը և կաշին սուզեց ջրի մեջ։

Դա կես ժամ մնաց ջրի մեջ։ Ապա հանեցին, դանակով քերեցին, փռեցին քարին, որպեսզի արևի տակ չորանա։

Բոլորն էլ համբերատար սպասում էին կաշվի չորանալուն։ Նրանց այնպես էր հուզում այն հարցը, թե պիտանի կլինեն արդյոք կաշիները, որ այլևս ուրիշ ոչ մի բանով չէին ուզում զբաղվել։

Վերջապես կաշին չորացավ, և կարելի էր ձեռնարկել փորձը։ Կարլը նորից դա դրեց ափին։

Նույնիսկ այդպիսի անկատար կշեռքի վրա նա իսկույն նկատեց, որ կաշին զգալիորեն թեթևացավ. փիլիսոփայի աչքերից անգամ երևում էր, որ նրա քաշն այժմ իրեն ավելի հարմար է թվում։

Այնուամենայնիվ, նա մեծ հույսեր չէր տածում և արտահայտվեց չափազանց զուսպ։

— Միանգամայն հավանական է։ Դե ինչ փորձելը փորձանք չէ։ Եվ այսպես փորձենք...

«Փորձենք» նշանակում էր. «օդապարիկ պատրաստենք»։ Ընկերներն առանց առարկության ընդունեցին նրա առաջարկությունը։

Որոշվեց իսկույն ևեթ անցնել այդ բարդ աշխատանքին։

Թեև կաշի շատ կար, բայց դրանք չէին բավականացնի օդապարիկի թաղանթի համար, ուստի Օսարուն վերցրեց իր կարթաթելն ու կարթերը, որպեսզի մի քանի հարյուր օձաձուկ էլ որսա։ Կարլը կարող էր ասել, թե դրանցից քանի հատ կօգտագործվի, ավելի ճիշտ` մոտավորապես որոշել անհրաժեշտ քանակը։ Նա հղացել էր տասներկու ոտնաչափ տրամագծով գունդ, որովհետև գիտեր, որ ավելի պակաս չափերի օդապարիկը նույնիսկ մի մարդու չի բարձրացնի։ Հասկանալի է, Կարլը գիտեր հաշվարկել, թե ինչի հավասար կլինի տասներկու ոտնաչափ տրամագծով գնդի մակերեսը։ Դրա համար բավական էր տրամագիծը բազմապատկեր շրջագծի երկարությամբ, կամ տրամագծի քառակուսին` 3,1416 հաստատուն թվով (կամ որոշել նկարագրված գլանի մակերեսը կամ թե գնդի մեծ շրջանի քառապատիկ մակերեսը)։

Այս եղանակներից, յուրաքանչյուրով կարելի էր ճիշտ արդյունք ստանալ։

Հաշվարկներ կատարելով՝ նա գտավ, որ տասներկու ոտնաչափ գնդի մակերեսը հավասար է չորս հարյուր հիսուներկու քառակուսի ոտնաչափի և մի քանի դյույմի։ Ուրեմն, թաղանթի համար պետք կգա հիսուներկու քառակուսի ոտնաչափ օձաձկան կաշի։

Քանի որ օձաձկները խոշոր էին (միջին երկարությունը ավելի քան մեկ յարդ և լայնությունը` չորս դյույմ), ապա շերտատված վիճակում կաշին կգրավի մոտավորապես մեկ քառակուսի ոտնաչափ տարածություն։ Նկատի ունենալով, որ կարող են հանդիպել նաև ոչ մեծ կաշիներ և հաշվի առնելով, որ հարկ կլինի կտրել գլուխն ու պոչերը, Կարլը, հաշվարկեց, որ գնդի թաղանթի համար կգնա հինգ հարյուր կաշի։ Բայց քանի որ ստիպված էին շեղակի կտրել, որպեսզի ստանային գնդի մակերեսը, ապա կարող էր շատ ավելի պետք գալ, ուստի և Օսարուն պետք է իր սար-քերը ջրում պահեր, քանի դեռ բավականին քանակությամբ օձաձկներ չէր որսացել։

Оսարուին հանձնարարվեց մի աշխատանք ևս, որը նրանից ավելի շատ ժամանակ խլեց, քան օձաձկների որսը (ժամանակ առ ժամանակ միայն հարկավոր էր աչք ածել կարթերին), կաշիները կտրելու համար հարկավոր էր թելերը մանել և դա բարդ, քրտնաջան աշխատանք էր, քանի որ թելերը պետք է բարակ ու ամուր լինեին։ Ինչպես Կասպարն ասաց, Օսարուն վարպետորեն տիրապետում էր իլիկին, և նրա ճարպիկ մատների տակից արդեն դուրս էին եկել ամենաբարակ թելերի մի քանի մեծ կաժեր։

Ավարտելով թելերը, Օսարուն սկսեց մանել բարակ և ավելի հաստ պարաններ, որոնք անհրաժեշտ էին` գոնդոլը կախելու և գունդը պահելու համար, երբ նա թռիչքի պատրաստ կլիներ։

Կասպարին վիճակված, էր օձաձկները մաշկել, ապա քերել, եռացնել ու չորացնել կաշիները, իսկ Կարլը, որ իր վրա էր վերցրել գլխավոր ինժեների դերը, հետևում, էր բոլոր աշխատանքներին, զբաղվում նյութի վերջնական մշակմամբ և կաշիներից ձևում շերտիկներ, որոնք հետո անհրաժեշտ էր խնամքով կարել։ Կարլը էքսկուրսիա կատարեց անտառում և բերեց մեծ քանակությամբ խեժ, որ հանել էր ֆիկուսների տեսակին պատկանող ծառից, այդ խեժը յուրատեսակ կաուչուկ է և պարունակվում է ստորին հիմալայներում աճող ֆիկուսների տարբեր տեսակների մեջ։ Նա գիտեր, որ այդ նյու-թը կպահանջվի կարերը սոսնձելու համար, որպեսզի դրանք օդի համար անթափանց դառնան։

Մոտ մեկ շաբաթ անցավ այդպիսի գործերի վրա։ Վերջապես որոշեցին, որ այդ նյութերից արդեն բավականաչափ ունեն, և Օսարուն սկսեց կաշիները կարել։ Բարեբախտաբար, ասեղ ունեին, քանի որ բուսաորսնե-րը արշավի մեկնելիս անպայման դրանք վերցնում են իրենց հետ։

Ոչ Կարլը, ոչ Կասպարը չէին տիրապետում այդ զենքին, և կարը հանձնարարվեց Օսարուին։ Անցավ ևս մեկ շաբաթ, մինչև որ նա ավարտեց մաշկագործի այդ բարդ աշխատանքը։

Վերջապես հսկա պարկը պատրաստ էր, բայց հարկ էր այն խեժապատել։ Դրա վրա գնաց մեկ օր։ Այժմ մնում էր ամրացնել միայն «մակույկը» կամ «գոնդոլը», որը պետք է խիզախ ճախրանքով նրանց տաներ «երկնքի լազուր դաշտերը»։


Գլուխ LI. Թռիչքի նախապատրաստությունը

Երեքից միայն Կարլն էր փոքր-ինչ ծանոթ օդապարիկներին և որոշ պատկերացում ուներ, թե ինչպես են դրանք փչում։ Եթե նրանց վիճակված լիներ թռչել երկար ժամանակ, ապա կրակը պահպանելու համար սարքի հարկ կզգացվեր։ Կարլն արդեն վաղուց էր այն հնարել. կավով ծեփված հյուսկեն զամբյուղը կարող էր փոխարինել օջախին. բայց քանի որ պետք էր միայն թռչել ժայռի գագաթը, ապա չէր պահանջվում կրակ պահպանել, բավական էր միայն օդապարիկը լցնել տաք օդով, դրա համար էլ ոչ ոք չէր մտածում օջախի մասին։

Ուղևորների համար զամբյուղը, որ հաճախ կոչվում է գոնդոլ մեծ մասամբ մակույկի ձև ունի, և եթե նրանք տևական թռիչքի պատրաստվեին, դրա պատրաստելը քիչ ժամանակ չէր խլի, բայց տվյալ դեպքում կարելի էր սահմանափակվել պարաններից կախված հյուսկեն խոր զամբյուղով։ Դա արդեն պատրաստ էր և մնում էր միայն ամրացնել խոշոր պարկի հատակին։

Տվյալ դեպքում «պարկի հատակը» սոսկ հռետորական դարձվածք է։ Ըստ էության ասած, ոչ մի հատակ չկար, դրա փոխարեն կար ռինգալ բամբուկի ամուր օղակով շրջանակված մի կլոր անցք, որին կարված էր կաշվե թաղանթը, այդ օղակին պետք է ամրացնեին զամբյուղը կախելու պարանները և գունդը պահելու ճոպանը։ Հեշտ է այդ անցքի նշանակությունը հասկանալը։ Դրա միջից պետք է գնդի ներսն անցներ տաք օդը։

Բայց տաք օդ ինչպե՞ս ստանալ։ Այդ հարցին կարող էր պատասխանել միայն Կարլը։ Ճիշտ է, օդը կարելի է տաքացնել խարույկ վառելով, բայց դրանով ինչպե՞ս լցնես պարկը։ Եղանակը հայտնի էր միայն Կարլին։ Եվ այժմ, երբ եկել էր փորձարկման ժամանակը, նա վերջապես բարեհաճեց բացատրել իր ընկերներին, թե հատկապես ինչ է պատրաստվում անել։

Պարկը հարկավոր էր կախել, այնպես ամրացնելով գետնի մեջ խրված բարձր ձողերին, որպեսզի ներքին ծայր անցքերի հետ գտնվի գետնի վրա։ Անմիջապես անցքի տակ հարկավոր էր խարույկ վառել, բայց միայն այն ժամանակ, երբ մնացած ամեն ինչը պատրաստ կլինի։ Տաք օդը, բարձրանալով դեպի անցքը, կմտնի պարկի մեջ և կուռեցնի այն` տալով գնդանման ձև։ Եթե ավելի շատ տաք օդ բաց թողնեն, ամբողջ սառը դուրս կմղվի, գունդը դրսի արտաքին օդից կթեթևանա, և մթնոլորտի ճնշումը նրան կստիպի վեր բարձրանալ։ Որսորդները սպասում էին, որ ամեն ինչ այդպես էլ կկատարվի, նրանք դրա վրա էին հույս դրել։

Ճշմարիտն ասած «ինժեներ-կոնստրուկտորն» ինքն էլ բոլորովին վստահ չէր հաջողությանը, միայն աղոտ հույս ուներ։ Նա շատ լավ տեսնում էր, որ խնամքով մշակելուց հետո անգամ օձաձկների կաշիները մետաքսից ծանր էին, և լիովին ընդունում էր, որ իրենց փորձը կարող է և չհաջողվել։ Կարլին անհանգստացնում էր նաև մեկ ուրիշ հանգամանք, որը կարող էր խանգարել գնդին բարձրանալ։ Նա չէր մոռանում, որ իրենց հովիտը գտնվում է ծովի մակերևույթից համարյա տասը հազար ոտնաչափ բարձրության վրա։ Նրան հայտնի էր, որ այդպիսի բարձրության վրա օդը չափազանց նոսր է, և գունդը, որ ծովի մակերևույթին հավասար գտնվելիս հեշտությամբ է բարձրանում մի քանի հազար ոտնաչափ, կարող է և չբարձրանալ գետնից, եթե նրան տեղափոխեն հազար ոտնաչափ բարձրություն ունեցող լեռան գագաթը։ Այդ ամենը խիստի անհանգստացնում էր երիտասարդ փիլիսոփային, և նա առանձին հույսեր չէր տածում դեպի իր ձեռնարկումը։ Նա հենց սկզբից շատ լավ էր հասկանում իրերի վիճակը և մի քանի անգամ պատրաստ էր հրաժարվել այդ նախագծից։ Բայց նա անբավարար գիտեր աերոդինամիկայի օրենքները, որպեսզի համոզվեր, թե իրենց անհաջողություն կսպառնա, և շարունակում էր աշխատել` համառորեն հաջողության հասնելու։

Այդպես էր գործը նաև այդ օրը, երբ առաջին անգամ պետք է թռչեր նրանց մեծ օդանավը։

Ամեն ինչ պատրաստ էր վաղ առավոտվանից։ Ահագին պարկը տեղավորեցին ձողերի արանքում դրանից կախվեց գոնդոլը, և ամրացվեցին ճոպանները, որոնք գունդը պետք է պահեին տեղում. դրանք մյուս ծայրով կապված էին գետնի մեջ խրված ամուր ցցերին, իսկ գնդի տակ խարույկի համար քարերից մի ոչ մեծ օջախ էին սարքել։

Խարույկի համար վառելիքը նախապես կոտրատել էին այդ տեղում։ Բայց դա ոչ փայտ էր, ոչ էլ ջախ, ճիշտ է, կարող էր պետք գալ թե մեկը, և թե մյուսը, բայց Կարլը նախընտրեց այլ նյութ։ Նա հիշեց, որ Մոնգոլֆեն և ուրիշ օդագնացները մինչև լուսագազը կիրառում էին ծղոտ ու բուրդ` համարելով դրանք ամենահարմար նյութերը։ Կարլը որոշեց հետևել Նրանց օրինակին և ծղոտի փոխարեն կուտակել էր կտրատած խոտ, իսկ ոչխարի բրդի փոխարեն հավաքել էր մեծ քանակությամբ քարայծի և սպանված այլ կենդանիների բուրդը` Քաշմիրի շալի թանկարժեք բուրգը։

Գոնդոլը, որ իրենից մի խոր զամբյուղ էր ներկայացնում, ուներ երեք ոտնաչափից ոչ ավելի տրամագիծ։ Այնտեղ, իհարկե, չէին կարող տեղավորվել երեք ուղևորները և դեռ շունն էլ հետները, քանի որ, հասկանալի է, մտադիր չէին Ֆրիցին այստեղ թողնել։ Հավատարիմ շունը չափազանց երկար ժամանակ էր դարձել որսորդների բախտակիցը, որպեսզի կարելի լիներ թողնել նրան բախտի քմահաճույքին։

Բայց գոնդոլը լիովին համապատասխանում էր իր նշանակությանը, քանի որ հաշվի էր առնված միայն մեկ մարդու համար։

Կարլը հիանալի գիտեր, որ գունդը միանգամից չի կարող երեքին էլ բարձրացնել, որովհետև նրանց ընդհանուր կշիռն անցնում էր չորս հարյուր ֆունտից։ Նա երջանիկ կլիներ, եթե իրենցից թեկուզ մեկին հաջողվեր վեր բարձրանալ։ Միայն թե ցած իջներ ժայռի գագաթին, այդ դեպքում կարելի էր օդապարիկը դեն նետել։ Կատարելով այդ ճանապարհորդությունը, գունդը կարող էր կատարել և մեկ ուրիշը` ուղղվել կամ հարավ` Կալկաթա, կամ արևելք` Հոնկոնգ, եթե նրան ավելի շատ դուր գար Չինաստանը։

Իրականում, եթե նրանցից մեկին հաջողվեր բարձրանալ ժայռը, ապա նա կարող էր արագորեն անցնել լեռների վրայով, երկու օրից հետո հասնել տեղական գյուղերից մեկը, որպիսիք նրանց հանդիպել էին հովտի ճանապարհին, և շտապ կբերեր պարանե սանդուղքներով փրկարար ջոկատ։

Եթե նույնիսկ հնարավոր էլ չլիներ հույս դնել կողմնակի օգնության վրա, նրանք միևնույն է դրությունից դուրս կգային։ Միայն թե նրանցից մեկը բարձրանար ժայռը. նա կիջեցներ պարանե սանդուղքը, որպեսզի կարողանային բարձրանալ նաև նրա ընկերները։

Դյուրին է կռահել, որ օդագնացի դերն իր վրա վերցրեց Օսարուն։ Շիկարին ինքը պատրաստակամություն հայտնեց կատարել վտանգավոր թռիչքը։ Ընկերները հաճույքով ընդունեցին նրա առաջարկը։ Ոչ այն պատճառով, որ վախենում էին իրենց կյանքի համար (երկուսն էլ արդեն մի անգամ չէ, որ ապացուցել էին իրենց քաջությունը), այլ Օսարուն կարող էր մյուսներից ավելի լավ գլուխ հանել այդ խնդրից. դուրս գալով հովտից, նա արագորեն կիջներ լեռներից, կհասներ մերձակա գյուղը և կկարողանար մայրենի լեզվով բացատրվել բնիկների հետ` հասկացնելով, թե ինչ օգնություն է պահանջվում նրանցից։


Գլուխ LII. Եվս մեկ անհաջողություն

Վերջապես հասավ վճռական րոպեն։ Բոլորին մեկ միտք էր տիրել, նրանց օդանավը կդիմանա՞ արդյոք փորձությանը։

Երեքն էլ կանգնել էին խոտի ու բրդի կույտի առաջ, որը մնում էր միայն այրել։

Կարլը ձեռքում պահել էր բոցավառված ջահը։ Կասպարի ձեռքում էր հաստ պարանը, և պետք է պահեր գունդը, որպեսզի նա չափազանց արագ չբարձրանար։ Իսկ Օսարուն ճամփորդական պայուսակն ուսած, կանգնել էր գոնդոլի մոտ` պատրաստ նրա մեջ թռչելու։

Ավա՜ղ։ Որքան խաբուսիկ են մարդկային ենթադրությունները։ Շատ հաճախ սխալ են դուրս գալիս ամենաճշգրիտ հաշվարկները, իսկ տվյալ դեպքում խոսք անգամ չէր կարող լինել չնախատեսված սխալի մասին, որովհետև հենց սկզբից Կարլը կասկածում էր հաջողությանը և այժմ ավելի շատ հիասթափված էր, քան հուսախաբված։

Оսարուին վիճակված չէր նստել հյուսկեն զամբյուղը և բարձրանալ оդապարիկով։

Կարլը ջահը դիպցրեց կտրատած խոտի ու բրդի կույտին։

Բռնկվեց բոցը, գալարապտույտ վեր ելավ ծուխը, ցողունիկներն արագորեն ածխացան, էլի վառելանյութ ավելացրին, խարույկը պայծառ բորբոքվեց։ Տաք օդը ներխուժեց անցքը, ուռցնելով պարկը, որը կամաց-կամաց գնդանման ձև էր ընդունում։

Եվս մի ակնթարթ, և գունդը ցնցվեց ու սկսեց այս ու այն կողմ նետվել, որպես վիրավոր հսկա գազան։ Նա գետնից բարձրացավ մի քանի դյույմ, ընկավ, նորից թռավ, դարձյալ ընկավ և շարունակեց թռչկոտել, բայց ավա՜ղ, ոչ մի անգամ չհաջողվեց, թեկուզ մի մարդաբոյ, բարձրացնել զամբյուղը։

Կարլը խարույկի վրա նորից ու նորից կարտած խոտ ու բրդի փնջեր էր ավելացնում, բայց ամեն ինչ զուր էր։ Գունդը լիուլի էր տաք օդով, և, եթե նրանք գտնվեին ծովի մակարդակին հավասար ու թաղանթն ավելի թեթև նյութից լիներ, նա կարող էր թռչել հսկայական բարձունքի վրա։

Եվ այսպես, նրանց բոլոր ջանքերը ի դերև անցան։ Վիթխարի գունդն անգամ չէր կարողանում գետնից վեց ոտնաչափ վեր բարձրանալ։ Նա ոչ թե մարդ, այլ նույնիսկ կատու չէր կարող բարձրացնել։ Մի խոսքով պատահեց ևս մեկ դժբախտություն, որը մեծացրեց նրանց դառը հիասթափությունների առանց այդ էլ երկար ցուցակը։

Ավելի քան մի ժամ Կարլը բորբոքում էր խարույկի կրակը։ Նա անգամ փորձեց վառել խեժոտ սոճու ճյուղերը, հուսալով, որ կարող էր ստիպել գնդին վեր բարձրանալ, բայց դրանից ոչ մի օգուտ չկար։ Գունդն առաջվա պես թռչկոտում էր, բայց համառորեն հրաժարվում թռչել։

Վերջապես համբերությունը սպառվեց, և վերջնականապես կորցնելով հույսը, ինժեները շուռ եկավ ապարատից, որն այնքան հսկայական ջանքեր էր խլել նրանցից։ Մի րոպե նա անվճռական կանգ առավ։ Ապա ծանր հառաչեց, ափսոսալով զուր ծախսված ջանքերի համար, և դանդաղ, գլխահակ հեռացավ։ Կասպարը շուտով հետևեց եղբորը` նույնպես ծանր հիասթափություն ապրելով։

Բայց փչված հրեշից Օսարուն բաժանվեց այլ ձևով։ Մոտենալով գնդին, նա մի քանի վայրկյան լուռ նայեց նրան, ասես ողբալով, որ ինքը ստիպված էր այդքան երկար զուր տեղը տքնել նրա վրա և, բացականչելով մի արտահայտություն, որ նշանակում էր. «Գրողի ծոցը, պիտանի չէ ոչ գետն ի վրա, ոչ ջրում, ոչ օդում», նա այնպիսի ցասումով ոտքը խփեց գնդին, որ ամուր ձգված կաշիների կարերը պատռվեցին։ Շիկարին զայրացած շուռ եկավ ու հեռացավ` անօգուտ հսկային թողնելով բախտի քմահաճույքին։ Գնդի ճակատագիրը չափազանց տխուր եղավ։ Մեր վայ-օդագնացները չէին հասցրել հեռանալ, երբ նրա մեջ եղած օդը սկսեց սառչել, հսկա գունդը կնճռոտվեց, սեղմվեց և վերջապես ծանրորեն նստեց սոճու ածուխների վրա, որոնք դեռ մարմանդ այրվում էին նրա տակ։ Հաջորդ ակնթարթին խեժապատ կարերով կաշիները, պարանները և փայտյա մասերը բռնկվեցին ծղոտի պես։ Բոցը կատաղի վեր էր սլանում, կարմիր օձերը սողում էին գնդի վրայով և իրենց կրակի լեզուներով լիզում այն, և, երբ խրճիթի շեմին կանգնած մեր ձախորդները շուռ եկան նրա կողմը, տեսան, որ գունդը բոցավառվում է ինչպես հսկա ջահ։

Եթե այդ հրդեհը երկու ժամ առաջ պատահեր, նրանց համար մե-ծագույն դժբախտություն կլիներ։ Բայց այժմ բոցավառվող գնդին նայում էին նույնքան անտարբեր, ինչպես, ըստ ավանդության Ներոնն է նայել յոթ բլուրների վրա ընկած մեծ քաղաքին[10]։


Գլուխ LIII. Հուսահատության նոպան

Թվում էր, որ այդ «սգո հովտում» գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում որսորդները դեռևս այնպիսի հուսահատություն չէին ապրեի ինչպես այն չարաբաստիկ օրը, երբ պայթեց իրենց հսկայական օճառե պղպջակը։ Բոլոր միջոցները սպառված էին։ Այլևս ոչինչ չէր կարելի մտածել։ Ասենք այլևս պայքարելու ցանկություն էլ չկար։ Երեքն էլ վհատվել էին և, թվում էր, բարոյապես սպանված էին։ Պարզ էր, որ այժմ արդեն ոչ մի բանի վրա հույս չեն կարող դնել։

Ճիշտ է, դա այն հուսահատությունը չէ, որ պաշարում է մարդուն նրան սպառնացող անխուսափելի կործանման պահին, նրանց կյանքին ոչինչ չէր սպառնում, բայց այնուամենայնիվ տիրել էր դառն զգացումը։ Նրանք գիտեին, որ, թերևս, այս հովտում կապրեն նույնքան երկար, որ-քան հողագնդի ուզածդ այլ վայրում։ Բայց ի՞նչ արժեք ունի այդպիսի կյանքը։ Չէ՞ որ ընդմիշտ կտրված են մարդկային աշխարհից, և նրանց վի-ճակված է քարշ տալ խղճուկ, միայնակ գոյություն։

Նրանցից և ոչ մեկը նվազագույն հակում չուներ մենակեցության նկատմամբ։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանա դառնալ երկրորդ Սիմեոն Սյունակյացը[11]։ Դուք, թերևս, կմտածեք, թե բնությունը կրքոտությամբ ուսումնասիրած Կարլի համար հեշտ կլիներ տանել այդպիսի մենու-թյունը։ Ճիշտ է, նա հաճելի ուղեկիցներ ուներ, որոնց հետ շուտ չես ձանձրանա, բայց հազիվ թե Կարլը սկսեր նրանց շատ ուշադրություն դարձնել, քանի որ այն մարդուն, ով գիտի թե ինքը միայնակ է աշխարհում, և միայնակ է առհավետ, արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ մարդ-կային հոգին, և ո՛չ բնության գիրքը։

Ինչ վերաբերում էր Կասպարին, ապա երբ նա մտածում էր թե մինչև օրերի վերջը իրեն վիճակված է ապրել այս հովտում, արյունը սառչում էր նրա երակներում։

Оսարուն իր դժբախտության ընկերներից քիչ չէր վշտացած և Ինդոստանի տաք հարթավայրում եղած իր բամբուկե խրճիթի համար հառա-չում էր այնպես, ինչպես նրանք՝ հեռավոր Բավարիայի հայրենի оջախի համար։

Ճիշտ է, նրանք, այնուամենայնիվ, երեքն էին. դա շատ մեծ առավելություն էր։ Նրանց կարող էր նախանձել խորտակված ու անմարդաբնակ կղզին նետված ցանկացածդ նավագնացը։ Նրանք գիտակցում էին այդ և оրհնում ճակատագիրը։ Յուրաքանչյուրն ուներ երկու ընկեր։ Բայց ակամայից նեղվում էր նրանց սիրտը, երբ մտածում էին ապագայի մասին, ով գիտե, թերևս, հեռու չէ այն ժամը, երբ նրանցից մեկը առանց պարանե սանդուղքի ու օդապարիկի օգնության կթողնի հովիտը, նրա ետևից մյուսը, և վերջինը կմնա կատարյալ, անմխիթար մենության մեջ...

Այդպիսի տխուր խորհրդածություններով անցկացրին նրանք այդ երեկոն և հաջորդ ամբողջ օրը։ Նրանք չէին նկատում ժամանակը, և նույնիսկ իրենց ճաշի համար որևէ բան պատրաստելու ցանկություն էլ չունեին։ Միտքը հրաժարվում էր գործել, և, թվում էր, եռանդն ընդմիշտ լքել էր նրանց։

Բայց իրերի նման վիճակը չէր կարող երկար շարունակվել։ Ինչպես արդեն ասել ենք, անսպառ ուժեր են թաքնված մարդկային հողում, և այն ընդունակ է վերածնվելու։ Մարդը կարող է ամենածանր հարվածից հետո ոտքի կանգնել։ Երբեմն թվում է, որ նրա սիրտը փշրված է, բայց կանցնի ժամանակը, կլավանան սրտի խոր վերքերը, և հոգեկան հավասարակշռությունը կրկին կվերականգնվի։ Շղթայակապ ստրուկը, կալանավորը մռայլ զնդանում, ամայի կղզում ապաստան գտած փախստականը հաճախ նույնքան պայծառ, կենդանի բերկրանք են զգում, որքան գահին բազմած թագավորը կամ հաղթողն իր մարտակառքում։ Երկրի վրա գոյություն չունի անվշտախառն երջանկություն, և, հավանաբար, չի լինում անմխիթար թախիծ։

Այդ ծանր ցնցումից երկու օր էլ չէր անցել, երբ երեքն էլ սկսեցին դուրս գալ ընդարմացումից, նրանք նորից քաղց ու ծարավ զգացին, քանի որ այդ պահանջները միշտ էլ համառորեն զգալ են տալիս իրենց։

Կարլը առաջինը վերադարձավ իրականությանը։

Եթե իրենց վիճակված էլ չէր դուրս գալ այդ հովտից, դատում էր նա, այնուամենայնիվ հարկ չկա անձնատուր լինել հուսահատությանը։ Ի՞նչ օգուտ, եթե ամբողջ օրերով անընդհատ մռայլ նստեն, ինչպես ողբասացները թաղման ժամանակ։ Ավելի լավ է վարել գործունյա կյանք, ստեղծել լավ պայմաններ և սնվել ինչպես հարկն է. չէ՞ որ որոշ հնարամտության դեպքում սնունդ ճարելը ոչինչ չարժե։ Ճիշտ է, հեռանկարն ուրախ չէ, բայց, եթե փորձեն մշտապես գործով զբաղվել, ապա մելամաղձության ժամանակ չեն ունենա։

Օդապարիկի հետ պատահած անհաջողությունից մեկ օր հետո, առավոտյան արթնանալով, ահա թե ինչի մասին էր մտածում Կարլը։ Նա որոշեց սրտապնդել Կասպարին, որը ծայրաստիճան ընկճված էր։ Օսա-րուն նույնպես քաջալերման կարիք էր զգում, և բուսաբանը ջանում էր բարձրացնել ընկերների ոգին։

Սկզբում դա նրան վատ էր հաջողվում, բայց կամաց-կամաց նրանց համոզեց, որ հարկավոր է գործել, որպեսզի քաղցից սովամահ չլինեն։ Եվ նրանք իսկույն որոշեցին վերադառնալ իրենց նախկին զբաղմունքներին ու բոլոր մատչելի միջոցներով ուտելիքի պաշարներ ճարել։

Կասպարին առաջվա նման հանձնարարվեց որսը։ Օսարուին` ձկ-նորսությունը, քանի որ նա մյուսներից ավելի լավ վարվել գիտեր կար-թերի, կարթաթելի ու ուռկանների հետ։

Բուսաբանը զբաղվեց իր նախկին գործով. սկսեց շրջանցել հովիտը, որոնելու համար ուտելի սերմեր, բույսեր ու արմատներ, չմոռանալով դեղախոտերի մասին, որոնք կարող էին պետք գալ հիվանդության դեպքում։ Երիտասարդ բուսաորսին շատ էր վիճակվել այդպիսի բույսերի հանդիպել և նա նշել էր դրանք այն դեպքում, եթե պետք գան։

Բարեբախտաբար, մինչև այժմ դեռևս ոչ մեկը չէր դիմել այն բուժիչ միջոցներին, որոնք Կարլը գտել էր բնության դեղատանը, և կարելի էր հուսալ, թե երբեք չի վիճակվի փորձել դրանք իրենց վրա։ Այնուամենայնիվ Կարլը հավաքել էր դեղաբույսերի մի քանի տեսակներ և, խնամքով մշակելով, պահել խրճիթում։ Ամենից ավելի սննդարար բուսամթերքներից մեկը սոճու սերմերն էին։ Այդ հիանալի սոճու կոները խոշոր էին, արտիճուկի մեծության, և յուրաքանչյուրի մեջ կային մի քանի արտաքուստ պիստակի նման, սերմեր։

Նրանք մթերեցին նաև վայրի թավշենի։ Նրա բովված ու քարերով փո-շիացած սերմերից ստացվեց ալրանման ինչ-որ բան, որից Օսարուն բլիթներ թխեց։ Թեև այդ բլիթներն այնքան համեղ չէին, ինչպես տնական հացը կամ նույնիսկ սովորական հացի փռում թխվածը, բայց բավականին համեղ թվացին այդ մարդկանց, որոնք ուրիշ հաց չունեին։

Լիճը, բացի Օսարուի որսած ձկներից, տալիս էր նաև բուսական կեր։ Հետազոտելով այն, բուսաբանը գտավ ուտելի բույսերի մի քանի տեսակներ, այդ թվում հետաքրքիր եղջերավոր ընկույզը, որ հիմալայան մարզերի բնիկներին հայտնի է «սինգարա» անունով և լայնորեն օգտագործվում է սննդի մեջ։

Հանդիպում էին նաև հոյակապ ջրաշուշաններ՝ լոտոսներ շատ լայն տերևներով և սպիտակ ու վարդագույն խոշոր ծաղիկներով։

Դրանց սերմերն ու ներքնացողունն ուտելի էին, և Կարլը կարդացել էր, որ Քաշմիրի աղքատները դրանցով էին սնվում։ Լոտոսն առատորեն աճում է այդ նշանավոր հովտի լճերում։

Առաջին անգամ տեսնելով գեղեցիկ լոտոսները, որոնք այնքան շատ էին իրենց հովտի փոքրիկ լճակում։ Կարլը առիթից օգտվեց պատմելու եղբորը (Օսարուն նույնպես ուշադիր լսում էր), թե ինչպիսի օգուտ են բերում այդ բույսերը Քաշմիրի բնակիչներին։ Պատանիները տաք օրերին լողալով մակույկներով, պոկում են լոտոսների լայն, փայլուն տերևները և ծածկում իրենց գլուխը՝ պաշտպանվելով կիզիչ ճառագայթներից, ինչպես նաև օգտվելով դրանց սնամեջ ցողուններից, որպես խողովակներից, հագեցնում ծարավը։ Երիտասարդ բուսաբանն ընկերներին այդ գեղեցիկ ջրաբույսի կիրառման բավականին հետաքրքիր դեպքեր պատմեց, բայց նրանց համար ամենից հետաքրքիրն այն փաստն էր, որ դրա սերմերն ու ներքնացողունն ուտելի են. դա բուսական սննդի առատ պաշար էր խոստանում նրանց։


Գլուխ LIV. «Պյութագորասի բակլաները»

Նրանց համար լոտոսը նորություն չէր։ Նրանք առաջ էլ գիտեին դրա գոյության մասին և մի անգամ չէ, որ գնացել էին լճախորշը, ուր դա առատորեն աճում էր։ Այդ բույսը նրանց ուշադրությունը գրավել էր հովիտը ժամանելուց մի քանի օր անց և ոչ թե նրա համար, որ աչքի էր զարնել (ջրի վրա պառկած նրա լայն կլոր տերևները դժվար էր նկատել ափից, թեև ճշմարիտ է, որ երբ բացվում էին սպիտակավարդագույն մեծ ծաղիկները, դրանք երևում էին նույնիսկ հեռվից), ոչ, նրանց այդ լճախորշն, ուր լոտոսներն էին աճում, բերում էր մի տարօրինակ երևույթ, որ նա-խապես հանելուկային ու անբացատրելի էր թվում։

Լոտոսների մացառը, որ այդ ժամանակ լիովին ծաղկած էր, լավ էր երևում այն տեղից, ուր նրանք կառուցել էին իրենց առաջին ճամբարը, և ամեն առավոտ, արևը ծագելուց անմիջապես հետո, իսկ հաճախ և միջօրեին նրանք այդ ծաղիկների մոտ տեսնում էին ինչ-որ թռչունների, որոնք անսովոր արարքներ էին անում, թվում էր, քայլում էին ջրի վրայով։

Դրանք խոշոր թռչուններ էին սլացիկ ու երկարոտն։ Կարլն ու Կասպարը հանձինս դրանց ճանաչեցին ջրահավերի ընտանիքի ներկայացուցիչներին։

Հարկ չկար կարծելու, որ նրանք քայլում էին ջրի վրայով՝ մերթ դանդաղ, մերթ արագ, բայց տակավին առավել անհավատալին այն էր, որ երբեմն կանգնում էին ջրի վրա։ Իսկ որ ամենից զարմանալին էր, այդ ֆոկուսը կատարում էին մեկ ոտքի վրա։

Դա կարող էր խորհրդավոր թվալ, բայց Կարլն իսկույն գլխի ընկավ, թե ինչից է առաջ գալիս ձգողականության օրենքի այդպիսի «խախտումը»։ Նա ենթադրեց, որ թռչունները քայլում են ինչ-որ լողացող կրաբույսերի վրայով, որոնք ջրի վրա բարձրացող լոտոսի կոթունների միջև խիտ գորգ են գոյացնում։

Բուսաբանը լավ հիշողություն ուներ։ Նա հիշեց նման մի դեպք։ Ոչ այնքան վաղուց նա կարդացել էր մի քանի տարի դրանից առաջ հրատարակված զեկուցումը արևադարձային Ամերիկայում հայտնաբերված վիթխարի ջրաշուշանի՝ Վիկտորիա Ռեգիայի մասին։ Հոդվածում հիշատակվում էր բարձրասրունների ընտանիքի խոշոր թռչունների մասին, որոնք իջնում են նրա հսկայական տերևներին ու հանգիստ զբոսնում դրանց վրա, ինչպես ամուր գետնի վրա։

Որոշ ժամանակ անց, գալով լիճ, նրանք նկատեցին լոտոսի լայն կլոր տերևները, որոնք համարյա նույնքան խոշոր էին, որքան նրա ամերիկյան ազգակցինը։

Կարլը իր ուղեկիցներին պատմեց լճի վրա աճող այդ լոտոսի առանձնահատկությունների մասին։ Նրան հայտնի էր, որ նելոմբիայի սերմերը հենց նշանավոր «Պյութագորասի բակլաներն» են, որոնց մասին հիշատակում են հույն գրողները, հատկապես Հերոդոտն ու Թեոֆրաստեսը։ Այդ գրողներն ասում են, որ «Պյութագորասի բակլաներն» առատորեն աճում են Եգիպտոսում, կասկած չկա, որ հնում դրանք աճեցրել են, բայց մեր օրերում մոռացված են։ Այդ ծաղկի պատկերները հանդիպում են եգիպտական հուշարձանների վրա, իսկ հույն հեղինակների մոտ այդ բույսը նկարագրված է չափազանց մանրամասն։

Մի քանի գիտնականներ ենթադրում են, որ հենց այդ բույսն էր հնում այն չարաբաստիկ լոտոսը, որով սնվում էին որոշ հեքիաթային ժողո-վուրդներ. դա չափազանց հնարավոր էր, քանի որ այն երկրների բնակիչները, ուր դա աճում է, ուտում են, ըստ որում ոչ միայն ներքնացողունը, այլև սերմերը կամ բակլաները։ Այդ բակլաները չափազանց սննդարար են, իսկ ցողունն այնքան հյութալի է, որ լավ է հագեցնում ծարավը։ Չինացիներն այդ շուշանն անվանում են «լյեն վեյ» և նրա սերմերից ու ներքնացողունի պատառիկներից, որոնք խառնում են ընկույզներին ու ծիրանի կորիզներին և դարսում սառցաշերտիկներով, պատրաստում են նուրբ կերակրատեսակներ, այդ անուշեղենով մանդարինները հյուրասիրում են Երկնային կայսրություն հաճախած անգլիական դեսպաններին։

Լյեն վեյի ներքնացողունը թթու դնելով պահում են ձմռան համար։ Ճապոնացիները այդ բույսը սննդի մեջ չեն օգտագործում, այն սրբազան են համարում և հաճախ են իրենց աստվածներին պատկերում նրանց լայն տերևներին նստած։

Լոտոսի ծաղիկները հրաշալի բուրմունք են տարածում, որը փոքր-ինչ հիշեցնում է անիսոնի բույրը, իսկ նրա կաղնիանման սերմերը իրենց համով ու հոտով չեն զիջում նուշին։


Գլուխ LV. Ջրի բերքը

Կարլը դեռ առաջ էր պատմել իր ուղեկիցներին լոտոսի հետաքրքիր առանձնահատկությունների մասին։ Նրանց հայտնի էր, որ այդ բույսի սերմերն ուտվում են Կասպարն ու Օսարուն հաճախակի փորձել էին և համոզել, որ դա իսկական անուշեղեն է։

Ուստի նրանք իսկույն ևեթ մտածեցին շուշանների մասին։ Ջրի վրա այլևս չէին երևում վարդագույն հսկա ծաղկեպսակները, իսկ այդ նշանակում էր, որ բակլաները հասել են և պատրաստ են հավաքելու։

Եվ այսպես, դուրս գալով խրճիթից, բոլորն էլ գնացին յուրատեսակ բերքահավաքի, լճում, երկար ցողունների վրա ծփում էին բազմաթիվ պտուղներ, և հարուստ բերք էր խոստանում։

Յուրաքանչյուրն իր հետ մի զամբյուղ էր վերցրել. ձմռան երկար գիշերներին շիկարին դրանք հյուսել էր այլ նպատակների համար, բայց այժմ որոշեցին օգտագործել «Պյութագորասի բակլաներ» հավաքելու համար, որովհետև դրանք ճիշտ ձևերի ու չափսերի էին։

Կարլն ու Կասպարը տաբատները վեր քշտեցին, որպեսզի ջրում շրջելիս դրանք չթրջվեն, իսկ Օսարուն, որ առանց տաբատի էր, պարզապես հավաքեց իր չթե խալաթի փեշը և խրեց գոտու մեջ։

Նրանք պտույտ եկան լճի շուրջը՝ դեպի այն տեղը, որի մոտ գտնվում էին լոտոսները։ Ջրահավերը, նախանձելով «քաղվորներին», թռան ճահճաբույսերի մացառուտները, հուսալով այնտեղ ավելի հուսալի ապաստան գտնել։

Մտնելով ջուրը «քաղվորներն» սկսեցին պոկել պտուղներն ու դրանց սերմերը լցնել զամբյուղների մեջ։ Նրանք առաջ էլ էին եղել այս լճախորշում և գիտեին, որ այստեղ խոր չէ։

Զամբյուղներն արագորեն լցվեցին «Պյութագորասի բակլաներով» և «քաղվորներն» արդեն պատրաստվում էին ցամաք վերադառնալ, երբ նրանց ուշադրությունը գրավեց ինչ-որ մուգ ստվեր, որ սահում էր ջրի հայելանման մակերևույթի վրայով. նրա ետևից սլացավ նաև երկրորդ, ճիշտ այդպիսի ստվերը։

Երեքն էլ նկատեցին ստվերները և բարձրացրին գլուխները, որպեսզի տեսնեն, թե ինչ թռչուններ են նետել դրանք։ Այն, ինչ տեսան, սաստիկ հետաքրքրեց նրանց։ Լճի վրա, և ուղիղ նրանց գլխավերևում, պտտվում էին երկու մեծ թռչուն։ Նրանց թևերը թափահարած վիճակում ճիշտ հինգ յարդ էին, իսկ հորիզոնական ձգված վիզը ապշեցնում էր իր երկարությամբ, բարակ սուր կտուցը զարմանալիորեն հիշեցնում էր դաշտային խորդենու վարսանդ։

Իրականում այդ երկու առարկաների միջև նմանությունն այնքան զարմանալի է, որ խորդենու լատինական անվանման մեջ հնչում է այս թռչունի անունը։

Դրանք արագիլներ էին։ Ոչ այն սովորական թռչունները, որոնք բույն են հյուսում Հոլանդիայի տների կտուրներին կամ հարմարավետ ապաստան գտնում Հունգարիայի գյուղացու տանիքի տակ, այլ շատ ավելի խոշոր տեսակը՝ մի խոսքով, արագիլների ցեղի ամենախոշոր ներկայացուցիչները՝ «համհարզները»։

Կարլն առաջին իսկ հայացքից որոշեց այդ թռչունների տեսակը, ասենք Կասպարը նույն պես։

Նշանավոր «Համհարզին» ճանաչելու համար երկար դիտարկում-ներ չի պահանջվում և ոչ էլ թռչնաբանության խոր գիտելիքներ։

Անհրաժեշտ է գեթ մի անգամ նկարի վրա կամ կենդանի տեսնել նրան, իսկ եղբայրները այդ տեսակի ցեղի ներկայացուցիչներին տեսել էին Հնդկաստանի հարթավայրերում, Կալկաթայի արվարձաններում։

Ինչ վերաբերում է շիկարիին, ապա ինչպես կարող էր նա չճանաչել այդ թևավոր հսկաներին, այդ լողլող աղբապտիռներին, երբ հազար ան-գամ դիտել էր, թև նրանք ինչպես են փքված կանգնում սրբազան Գանգեսի ավազուտ ափին։ Տարակույս չկար, նրա առաջ Բրահմայի սրբազան թռչուններն են։ Զարմանքից նա ճչաց վայրի ձայնով և հավաքած ամբողջ բակլան թափեց ջուրը։

Օսարուն առաջին իսկ հայացքից ճանաչեց դրանց բնորոշ փետուրները, մեջքի վրա մուգ սև, իսկ փորիկի վրա սպիտակ վիզը աղյուսագույն կարմիր էր, մերկ, ինչպես գառնանգղինը, որի հավելաճուկը նման էր տոպրակի, մետաքսանման ճերմակ, փոքր-ինչ բաց կապտավուն են պոչի փետուրները, թանկարժեք փետուրներ, որոնք տարբեր երկրներում տիկիններին քաջ հայտնի են «մարաբուի փետուրներ» անունով։

Թռչունները թռչում էին դանդաղ, ծանր թափահարելով թևերը. երևում էր, որ հոգնել են։ Թվում էր նրանք որոնում էին մի տեղ, ուր կարող էին իջնել ու հանգստանալ։

Մի քանի ակնթարթ անց պարզ դարձավ, որ նրանք հենց դրա համար էլ հովիտ են թռել, քանի որ, լճի վրա շրջան գծելով, դադարեցին թափահարել երկար թևերը և, հանկարծ ծալելով դրանք, սահուն իջան ափին։

Նրանք հանգստի վայր էին ընտրել այն հրվանդանը, որով վերջանում էր ոչ մեծ փոքր թերակղզին։

Լոտոսների մատցառուտները սկսվում էին համարյա հենց հրվանդանից. որտեղից և իջել էին երեք հավաքողները և այժմ կանգնել էին ջրաբույսերի միջև, մինչև ծնկները ջրի մեջ, հրվանդանից ընդամենը մի քսան քայլի վրա։

Արագիլները կանգնել էին ափին՝ նվազագույն ուշադրություն անգամ չդարձնելով որսորդների վրա, կարծես դրանք «Պյութագորասի բակլաների» բարձր ցողուններն էին միայն։


Գլուխ LVI. «Համհարզները»

Լճափին իջած երկու վիթխարի թռչունները, մեղմ ասած, տարօրինակ արարածներ էին, ամբողջ աշխարհում հազիվ թե կարելի է գտնել առավել արտառոց թռչուն, քան «համհարզը»։

Ամենից առաջ նրա հասակը վեց ոտնաչափ, ոտքերը երկար են և ուղիղ, իսկ երկարությունը, կտուցի ծայրից մինչև ճանկերի ծայրը, ուղիղ վեց ու կես nտնաչափ է։ Նրա կտուցն ունի մի ոտնաչափ երկարություն և մի քանի դյույմ հաստություն, այն թեթևակի սապատավոր է և ծայրը ծռված է դեպի վար։

Տարիքն առած «համհարզի» թևերը թափահարած վիճակում հաս-նում են տասնհինգ ոտնաչափի կամ հինգ յարդի՝ մոտենալով չիլիական կոնդորին կամ «թափառական» ձկնկուլին։

Ընդունված է ասել, որ «համհարզի» փետուրները վերևից սև են, իսկ ներքևից սպիտակ, բայց ոչ մեկ և ոչ էլ մյուս գույնը անխառն չի լինում։ Նրա մեջքը սև երանգ ունի, իսկ փորինը՝ կեղտասպիտակ. գորշ փետուրների և պարզապես ցեխի խառնուրդից՝ չէ որ «համհարզը» մշտա-պես սնվում է ճահիճներում և քրքրում աղբակույտերը։ Եթե «համհարզի» թաթերը այդքան կեղտոտ չլինեին, նրանք մուգ գույն կունենային, բայց կենդանի թռչունի մոտ դրանք, փոշուց գորշ են և ծեփված աղբով։

Պոչը վերևից սև է, ներքևից՝ սպիտակ, հատկապես մաքուր սպիտակ գույնի են ներքևի փետուրները։ Դրանք բարձր են գնահատվում «մարաբուի փետուրներ» անվան տակ. այդ անունն առաջացել է բնախույզ Թեմմինկի սխալի հետևանքով, որը Հնդկական «Համհարզը» շփոթել է աֆրիկյան արագիլ մարաբուի հետ։

«Համհարզի» կամ, ինչպես հնդիկներն են անվանում «արգալի» համար չափազանց բնորոշ է արտակարգ տգեղ մերկ վիզը, որ մսի պես կարմիր է, ճլորած, կնճռապատ, մուգ մազիկներով ծածկված կաշվով։ Մատղաշ թռչունների մոտ այդ կոշտ մաղերը խիտ են լինում, բայց տարիքի հետ նոսրանում են, այնպես որ զառամների մոտ գլուխն ու վիզը բոլորովին մերկ են։

Այս առանձնահատկությունը «Համհարզին» նմանեցնում է գառանգղին, որի հետ նրան մերձեցնում են նաև այլ գծեր, և հիմքեր կան՝ նրան համարել բարձրասրունների սեռի գառանգղ։

Մերկ վզի տակ, նրա կրծքի վրա կախ է ընկած տոպրակի ձևով մի հսկա հավելաճուկ, որը հաճախ ունենում է ավելի քան մեկ ոտնաչափ երկարություն։ Վզի նման նա էլ տարբեր երանգների է լինում. վարդագույնից, մարմնագույնից, մինչև վառ կարմիրը։ Վզի ետևի կողմում կա ևս մի տարօրինակ հարմարանք, որի նշանակությունը թռչնաբանները դեռ չեն կարողացել որոշել։ Դա փուչիկի նման մի հավելաճուկ է, որն ուռցնում է օդը։ Ինչպես ենթադրում են, նա ծառայում է որպես յուրատեսակ լողան և օգնում է թռչունին՝ թռիչքի ժամանակ մնալու օդում։ Նա ուռչում է նաև, երբ թռչունը գտնվում է արևի կիզիչ ճառագայթների տակ, ուստի բնական է ենթադրել, որ այստեղ դեր է խաղում օդի նոսրությունը։ Քանի որ «համհարզները» հաճախ թռչում են մեծ բարձրության վրա, ապա հնարավոր է, որ այդ գնդանման հավելաճուկն անհրաժեշտ է նրանց, որպեսզի մնան նոսրացած օդում։ Այդ թռչունների ամենամյա չուերը, հավանաբար, անհնարին կլինեն Հիմալայների անդրամպային շղթայի վրայով, եթե «համհարզները» օժտված չլինեին օդն այդ փուչիկի մեջ հավաքելու, իրենց մարմնի քաշը փոքրացնելու ունակությամբ։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ «համհարզը», ինչպես և նույն ընտանիքի բոլոր թռչունները, ագահ է ու կերակրի մեջ խտրություն չդնող, չափազանց գիշակեր է և բոլոր կերերից նախընտրում է լեշն ու տականքները։ Նա սպանում և ուտում է գորտեր, մանր գազանիկներ, թռչուններ, ըստ որում բավականին խոշորներին. հայտնի է, որ նա կարող է կուլ տալ հավին։ Նրա ծավալուն կտնառքում կարող է տեղավորվել նույնիսկ կատուն կամ նապաստակը, բայց չի հարձակվում այդ կենդանիների վրա, որովհետև, չնայած ահագին հասակին, ամենահանրածանոթ վախկոտներից մեկն է։ Ուզածդ երեխան կարող է փոքրիկ ճիպոտով քշել «համհարզին», իսկ զայրացած հավը նրան փախուստի կմատնի, եթե մոտենա իր ճտերին։ Բայց նախքան նահանջելը, «համհարզը» կանգնում է սպառնալի կեցվածքով, նրա վիզը կարմրում է և լայն բաց է անում կտուցը՝ արձակելով դղրդացող հնչյուններ, որոնք հիշեցնում են վագրի կամ արջի մռնչոցը։ Սակայն դա սոսկ դատարկ պարծենկոտություն է, և, եթե թշնամին շարունակում է հարձակվել, իսկույն ևեթ սրընթաց փախչում է։

Այսպիսին են արագիլների այդ հսկա տարատեսակների առանձնահատկությունները։ Մնում է միայն ավելացնել, որ կան խոշոր, թեև սրանից ավելի փոքր արագիլների ևս մի քանի տեսակներ, որոնց երկար ժամանակ շփոթել են սրա հետ։ Դրանցից մեկը Աֆրիկյան արևադարձային գոտում ապրող մարաբուն է, որի փետուրները շատ են գնահատվում մոդամոլների կողմից։ Սակայն աֆրիկյան տեսակի փետուրներն ամենևին էլ այնքան գեղեցիկ չեն և այնպես չեն գնահատվում, ինչպես «համհարզի» պոչի փետուրները։

Արագիլի ևս մեկ խոշոր տարատեսակ, որ տարբերվում է և՛ ասիական արագիլից, և՛ աֆրիկյան մարաբուից, բնակվում է Սումատրա կղզում։ Բնիկները նրան անվանում են «Բուրոնգ կամբե», իսկ Յավայում (հարևան կղզում) հայտնաբերված է այդ հսկայական թռչունների ևս մեկ տեսակ, որը մինչև այժմ քիչ է հետազոտված։

Կարելի է զարմանալ, որ այդպիսի անսովոր արարածներն այնքան երկար ժամանակ անծանոթ են մնացել գիտական աշխարհին, ընդամենը հիսուն տարի առաջ երևացին դրանց քիչ թե շատ ճշգրիտ նկարագրությունները, և նույնիսկ ներկայումս թռչունների այդ ցեղը տակավին անբավարար է ուսումնասիրված։ Դա առավել ևս զարմանալի է, որ Գանգեսի ափերին, և նույնիսկ հենց Կալկաթայում, «համհարզը» ամենասովորա-կան թռչուններից մեկն է. նա մշտապես կանգնած է տան կողքին և տնային թռչունների հետ շատ անխռով մտնում է բակ։

Նա շատ օգտակար է աղբահավաքի դերում, դրա համար էլ նրան չեն հալածում և ոչ միայն հանդուրժում են, այլև ջանում հրապուրել, թեև հաճախ չափազանց աներես վերաբերմունք է ցույց տալիս բադիկների, ճտերի և թռչնանոցի մյուս բնակիչների նկատմամբ։

Երբեմն «համհարզը» չի բավարարվում այն ավարով, որը հանդի-պում է նրան բակում։ Թափանցելով տուն, կարող է սեղանի վրայից թռցնել տաք տապական և կուլ տալ ավելի շուտ, քան տերերը կամ ծառաները կհասցնեն նրա երկար, կառչուն կտուցից կորզել համեղ պատառը։

Երբ «համհարզների» երամը թափառում է ջրի վրա, սովորականի նման տարածելով թևերը, հեռվից դրանց կարելի է ընդունել առագաստանավակների փոքրիկ խմբի տեղ։ Իսկ երբ նրանք կանգնած են ավազուտ ափին կամ սրբազան գետի առափնյա ծանծաղուտում ամեն տե-սակ տականքներ են ժողովում, ապա հիշեցնում են կանանց մի խումբ, որ զբաղված է նույն այդ գործով։

Հաճախ նրանք ագահորեն նետվում են ամենազզվելի լեշի վրա, չեն խորշում նաև մարդու քայքայվող դիակից։ Պատահաբար գտնելով Ջահերնաուտի մարտակառքի տակ ճզմված որևէ մոլեռանդի դիակ, որին նետել են այսպես կոչված սրբազան գետը, և ալիքներից ափ դուրս հանվել, հսկա արագիլները, թափառական շների ու գառանգղների հետ մրցման մեջ են մտնում։


Գլուխ LVII. Կանգնած վիճակում քնածները

Արագիլների գալուստն ուժեղ տպավորություն թողեց որսորդների վրա, իսկ Օսարուի վրա, թերևս, ավելի շատ, քան մնացածների։ Նրա համար դրանք բոլորովին հին բարեկամների նման էին, որոնք եկել էին այցելելու իրեն զնդանում։ Թեև նրա մտքով չանցավ, թե «համհարզները» կարող են օժանդակել իր ազատագրմանը, այնուամենայնիվ նրանց համար ուրախացավ։ Այդ տարօրինակ թռչունները նրան վաղ մանկությունից էին ծանոթ և նրա մեջ ամենահաճելի հիշողություններ էին արթնացնում։ Նա որոշեց, որ անսպասելիորեն հայտնված արագիլների զույգը, ճիշտ հենց այն արուն ու Էգն են, որոնց նա այնքան հաճախ էր տեսել հարազատ բունգալուին հովանի անող հսկա բանյանի ճյուղերին։

Հասկանալի է, դա միայն Օսարուի երևակայությունն էր, հազարավոր արագիլներ ամեն տարի Ինդոստանի հարթավայրերից չվում են Հիմալայների հյուսիսը, և չափազանց քիչ հավանական կլիներ, որ նրանց գլխավերևում այժմ պտտվում են հենց այն արագիլները, որոնք շատ տարիներ շիկարիի հայրենի գյուղում կատարել են աղբահավաքի պարտականությունները։ Այդ հաճելի միտքը ծագեց Օսարուի մոտ, երբ թռչունները դեռևս օդում էին։ Հազիվ էր նա լրջորեն մտածել այդ մասին, ասենք մտածել էր ընդամենը մի ակնթարթ, բայց, այնուամենայնիվ, ուրախ էր տեսնելու արագիլներին, որոնք հայտնվել էին նրա հարազատ հարթավայրերից՝ այն փառաբանված գետի ափերից, որի ջրերի մեջ նա տենչում էր մեկ անգամ էլ սուզվել։

Այդ հսկա թռչունները Կասպարին բոլորովին այլ մտքեր էին ներշն-չում։ Տեսնելով դրանց վիթխարի թևերը, որ տարածվում էին դանդաղ, բայց թեթև, թռիչքի ժամանակ, նա մտածեց, որ դրանցից մեկը կարող է բավականաչափ ուժեղ լինել, որպեսզի կատարի այն խնդիրը, որ քա-րարծվի ուժը չպատեց։

— Լսի՛ր, Կարլ,— բացականչեց նա։— Ի՞նչ ես կարծում, այս մեծ թռչուններից մեկը չի՞ կարող ճոպանը վեր տանել։ Նրանք այնքան մեծ են, որ թվում է, կարող են ժայռի գագաթը հանել մեզնից յուրաքանչյուրին։

Կարլն իսկույն չպատասխանեց, ըստ երևույթին խորհրդածում էր եղբոր խոսքերի շուրջը։

Երիտասարդ որսորդը շարունակեց.

— Եթե միայն մեզ հաջողվեր դրանցից մեկին կենդանի բռնել։ Ի՞նչ ես կարծում, նրանք կիջնե՞ն։ Կարծես պատրաստվում են հանգստանալ... Ի՞նչ կասես, Օսարու։ Դու այդ թռչունների մասին ավելի շատ բան գիտես, քան մենք։

— Այո, երիտասարդ սահիբ, դուք ճիշտ ասել։ Նրանք իջնում։ Դուք տեսնել՝ նրանք երկար թռչել։ Թևերը հոգնել՝ էլ չեն թռչել։ Հետո, այստեղ, լիճ, ջուր,— նրանք ուզեն նաև խմել, ուտել։ Նրանք նստեն, պարզ է...

— Օսարուն չէր հասցրել խոսքն ավարտել, երբ նրա կանխատեսումն արդեն կատարվեց։ Թռչունները մեկը մյուսի ետևից, կտրուկ շրջադարձ կատարելով, սահուն, թևատարած իջան լճափին, ինչպես արդեն ասվել է, այն տեղից քսան քայլի վրա, ուր լոտոսի տերևների միջև կանգնած էին բակլահավաքները։

Երեքն էլ անդադար նայում էին նոր ժամանակներին, որոնք իրենց շատ տարօրինակ էին պահում։

Նրանց թևերը հազիվ էին դիպել գետնին, երբ երկարոտն արարածները ափին կեր որոնելու կամ խմելու համար դեպի ջուրը գնալու փոխարեն, ինչպես հանդիսականներն էին սպասում նրանցից, բոլորովին այլ կերպ վարվեցին։ Հավանաբար, նրանք չէին մտածում ո՛չ սննդի, ո՛չ էլ խմելու մասին։ Եթե քաղցած էլ էին, ապա տվյալ պահին ուտելու տրամադրություն չունեին, այնքա՜ն էին ուզում հանգստանալ։ Տասը վայրկյան էլ չէր անցել, երբ «համհարզները» ներս քաշեցին երկար վիզը, թաքցնելով այն ուսերի միջև, այնպես որ ի տես մնաց միայն գլխի մի մասը՝ հսկա կոր կտուցով, որ սեղմված էր կրծքին և կախ էր ընկել ներքև։ Դրանից հետո երկու թռչուններն էլ ծալեցին երկար, նիհար թաթերից մեկը՝ թաքցնելով այն փոքրիկի փափուկ փետուրների մեջ, այդ շարժումը երկուսի կողմից կատարվեց միաժամանակ, կարծես հնազանդվում էին միևնույն ազդակին։

Եվս ինչ-որ տասը վայրկյան և թվում էր թռչուններն արդեն քնած էին։ Համենայնդեպս նրանց աչքերը փակ էին և չէին շարժվում։

Շատ ծիծաղելի էր նայել, թե ինչպես են այդ հսկա, լող-լող արարածները մնում մի ոտքի վրա՝ ճարպկորեն հավասարակշռելով բարակ, ուղիղ ոստիկի վրա. թվում էր, թե նրանք չէին վախենում ընկնելուց, ասենք նրանց այդպիսի վտանգ չէր էլ սպառնում։

Օսարուն արդեն վաղուց էր ընտելացել այդպիսի տեսարանի և դրանում ծիծաղելի ոչինչ չէր գտնում։ Իսկ Կասպարն իսկույն ևեթ քրքջաց։

Այն անփութությունը, որ արագիլները վայրէջք կատարեցին գետին և այն գեղատեսիլ կեցվածքը, որով նրանք քնել էին, ստիպեցին ծիծաղել նույնիսկ միշտ լուրջ Կարլին։

Նրանց բարձր քրքիջը թնդաց լճի վրա և որպես որոտ անդրադարձվեց հարևան ժայռերից։

Կարելի էր կարծել, որ այդ աղմուկը կանհանգստացնի նոր ժամանածներին և կստիպի նորից դիմել թևերին։

Ոչինչ չպատահեց. նրանք միայն մի փոքր բացեցին աչքերը, թեթևակի երկարեցին վզները, օրորեցին գլուխները և մի քանի անգամ չրխ-կացրին կտուցներով, բայց շուտով կտուցները նորից փակվեցին և քնաթաթախ իջան՝ թաքնվելով փետուրների մեջ։

Թռչունների անվրդովությունն էլ ավելի ծիծաղեցրեց, երիտասարդ որսորդներին, և նրանք մի քանի րոպե կանգնել էին տեղում, բռնվելով հնչուն, անզուսպ քրքիջով։


Գլուխ LVIII. «Մարաբուի փետուրները»

Նրանք վաղուց այդպես չէին ծիծաղել, Կասպարը հանգստացավ միայն, երբ այդ հաճելի մարզանքից նրա սրտագդալի տակ նվվոց սկսվեց։

Զամբյուղները գրեթե լի էին, և որոշվեց դրանք խրճիթ տանել, իսկ հետո վերադառնալ արագիլների մոտ ու բռնել դրանց։ Օսարուն ենթադրում էր, թե դա հեշտությամբ կհաջողվի իրենց. նրա ասելով, թռչուններն այնքան հլու են, որ նրանց մոտենալն ու վզին օղակ գցելը ոչինչ չարժե։ Հավանաբար, նա իսկույն ևեթ կաներ այդ, եթե նրա մոտ օղակի համար պարան լիներ։ Բայց նրանք իրենց հետ ոչինչ չէին վերցրել, բացի լոտոսի սերմեր հավաքելու համար եղեգնյա զամբյուղներից։ Պարան ճարելու համար պետք է խրճիթ վերադառնային։

Դժվար է ասել, թև արագիլները արկածասերների ինչին էին պետք։ Թերևս Կարլը տակավին չէր հրաժարվել եղբոր հուշած մտքից։

Հնարավոր է, որ նրանք, հատկապես Օսարուն, ուրիշ ցանկություններ էլ ունեին։ Եթե արագիլներից առանձին օգուտ էլ չլիներ, համենայն դեպս, վատ չէր լինի ընտելացնել նրանց։ Շիկարին ակամայից մտածում էր, որ նրանք դեռ երկար տարիներ են ապրելու այդ մեկուսացված հովտում։ Այդպիսի հեռանկարների դեպքում նույնիսկ արագիլը կարող է ուրախ ուղեկից դառնալ։

Ինչ էլ որ լիներ, որսորդները որոշեցին «համհարզներին» ծուղակը գցել։

Երեքն էլ գնացին դեպի ափ, որոշելով շրջանցել քնածներին։ Այժմ, երբ Կարլն ու Կասպարը նոր նպատակադրում ունեին, նրանք ոտքերը ջրից հանում և իջեցնում էին այնքան զգույշ, կարծես ձվերի վրայով էին քայլում։ Օսարուն զվարճանում էր նրանց չափազանց զգուշավորության վրա՝ հավատացնելով, որ արագիլներին խրտնեցնելուց վախենալու հարկ չկա, և նա, հասկանալի է, իրավացի էր։

Հնդկաստանի՝ Գանգեսից ողողվող մարզերում ապրող արագիլները իրենց կատարյալ անվտանգ են զգում, քանի որ համարվում են սրբազան թռչուններ և պահպանվում օրենքով։ Նրանք այնքան են ընտելացել մարդուն, որ նրան հանդիպելիս միանգամից չեն զիջում ճանապարհը։ Բայց հնարավոր է, որ այս երկու արագիլները վայրի երամից էին, որպիսիք քիչ չեն Սենդերբենդի ճահճուտներում։ Այդ դեպքում դրանց մոտենալը դժվար կլիներ։

Օսարուն համաձայնեց ընդունել բոլոր այն նախազգուշությունները, որոնք համառորեն պահանջում էր Կարլը։

Բանն այն էր, որ Կարլի գլխում հիանալի միտք ծագեց։ Այն ծնվեց նրա ուղեղում, երբ դեռ սրտանց ծիծաղում էր եղբոր հետ միասին։ Եվ, ի զարմանս Կասպարի, եղբոր ուրախությունն իսկույն անցավ, համենայն դեպս այնքան բուռն չէր արտահայտվում։

Մեր փիլիսոփան հանկարծ լռեց ու լրջացավ, կարծես որոշել էր, թե տվյալ հանգամանքներում ծիծաղն անտեղի է։ Եղբոր լռությունը շարժեց Կասպարի հետաքրքրությունը, բայց Կարլը չէր ուզում բաժանել իր մտքերը։ Չպետք է կարծել, թե Կարլը ամբողջ ժամանակ լուռ էր, նա ընկերներին խորհուրդներ էր տալիս և ցույց տալիս, թե ինչպես պետք է գործել, որպեսզի հաստատ բռնեն արագիլներին, ըստ որում խոսում էր անսովոր ջերմությամբ։

Մի քանի րոպե անց նրանք հասան խրճիթին։ Դա ավելի շատ վազք էր, քան քայլք։ Կարլը քայլում էր առջևից և վազեց-հասավ մյուսներից ավելի շուտ։ Նրանք վայրկենապես հատակին շպրտեցին բակլաներով զամբյուղները, կարծես այնտեղ արժեքավոր ոչինչ չկար, ապա թաքստոցներից հանեցին բարակ պարաններն ու կարթաթելերը, որոնք վարպետորեն հյուսել էր Օսարուն, և սկսեցին դրանք մանրամասն նայել։

Սլլացող պարանը նետելը շիկարիի համար բարդ գործ չէր։ Դժվար չէր նաև դա ռինգալ բամբուկի երկար ցողունին ամրացնելը։ Զինվելով բատրակ պարաններով, մեր որսորդները նորից դուրս եկան խրճիթից և գնացին դեպի քնած արագիլները։

Մոտենալով, նրանք հաճույքով տեսան, որ թռչունները դեռևս շարունակում են վայելել կեսօրյա քունը։ Ըստ երևույթին նրանք ստիպված են եղել երկար թռչել և անհրաժեշտ էր հանգստանալ։ Նրանց թևերն ալարկոտ կախ էին ընկել կողքերից, ապացուցելով, թե որքան հոգնած են։ Թերևս արագիլները երազներ էին տեսնում՝ որևէ բարձր թզենու ծառի վրա մի բույն, նրանց ապաստան տված հին տաճարի մի աշտարակ, ուր մեծարում էին Բուդդային, Վիշնուին կամ Դևուին, կամ թե մեծ Գանգեսը և նրա ալիքների հետ լողացող տականքները, որոնց մեջ նրանք այնքան սիրում են ընկղմել իրենց երկար կտուցը…

Օսարուն, որին հանձնարարված էր նետել օղակը, չէր մտածում այն հարցի մասին, թե ինչ երազ են տեսնում արագիլները և ընդհանրապես որևէ բան տեսնում են արդյոք։ Համոզված լինելով, որ քնած են, նա կռացավ, և անաղմուկ սողալով, ինչպես վագրը ջունգլիներում, սկսեց գաղտագողի մոտենալ անփույթ «համհարզներին»՝ մինչև որ չմոտեցավ այնքան, որ կարելի էր գցել օղակը։

Շիկարին վստահ էր հաջողությանը, բայց «կշտապես, մարդկանց կծիծաղեցնես» հին առածը հաստատվեց և այu անգամ։

Երբ փորձն արվեց, օղակը դեռևս շիկարիի ձեռքին էր, իսկ «համհարզներրը» արդեն ճախրում էին օդում՝ ավելի ու ավելի վեր բարձրանալով, շխկացնելով կտուցները և արձակելով առյուծի մռնչոց հիշեցնող զայրալի ձայներ։

Անհաջողությունը հարկ է վերագրել ոչ թե Օսարուին, այլ նրան կրնկակոխ հետևող անզգույշ ուղեկցին։ Եվ այդ ուղեկիցը Ֆրիցն էր։

Հենց այն պահին, երբ Օսարուն պատրաստվում էր օղակը գցել քնած «համհարզի» վզին, որսորդներին հետևող Ֆրիցը նկատեց թռչուններին, նետվեց առաջ և բռնեց նրանցից մեկի պոչից։ Դեռ ավելին, կարծես ցանկանալով տիրել թանկարժեք «մարաբուի փետուրներին» նա պոլից մի մեծ փունջ պոկեց։

Ի՞նչն առաջ բերեց Ֆրիցի այդքան անսպասելի ու կատաղի հարձակումը։

Չէ՞ որ խելացի, լավ վարժեցրած շունը դեռևս ոչ մի անգամ չէր պատահել, որ վախեցնի այն թռչունին, որին ուզում էին որսալ նրա տերերը։ Եվ եթե Ֆրիցը դավաճանեց իր որսորդական սովորույթներին, մեղավորը թռչունն էր։ Բանն այն է, որ Հնդկաստանում գտնված ժամանակ Ֆրիցին հանդիպած բոլոր կենդանի էակներից ոչ մեկը նրան այնպիսի թշնամական զգացումներ չէր ներշնչել, որքան «համհարզներրը»։ Ապրելով Արքայական բուսաբանական այգում, Կալկաթայում, ուր նրա տերերը, ինչպես հիշում եք, որոշ ժամանակ հյուրընկալվել էինք, Ֆրիցը հաճախ էր հանդիպել երկու հսկա արագիլների, որոնք նույնպես հյուր էին այնտեղ. նրանք ապրում էին բակում, ուր անարգել թույլ էին տալիս զբոսնելու, հավաքելու ամեն տեսակ կռճոններ, որոնք դեն էր ածում դիրեկտորի խոհարարուհին։

Այդ թռչուններն այնքան ձեռնասու էին, որ հաճույքով կեր էին վերցնում բոլորի ձեռքից, ով առաջարկում էր։ Նույնքան հաճույքով նրանք վերցնում էին և այն, ինչ չէին տալիս, բայց որը կարող էին ձեռք բերել իրենց երկար, կառչուն կտուցով։ Հաճախ էին գողանում համեղ պատառներ, որոնք նրանց չէին առաջարկում։ Ֆրիցը չէր կարող ներել նրանց գողային մի խիզախությունը։ Նա պատրաստվում էր ուտել մսի իր համեղ կտորը, որ ստացել էր խոհարարուհուց, բայց նրանք կորզեցին այդ պատառը։ Թռչուններից մեկը լկտիություն ունեցավ միսը կտուցով խլել շան երախից և կուլ տալ, նախքան շունը կհասցներ խանգարել նրան։

Այդ ժամանակվանից Ֆրիցը վայրագ ատելություն էր տածում այդ կարգի բոլոր թռչունների, մանավանդ արագիլների նկատմամբ։ Ուստի և, հազիվ տեսնելով «համհարզին» (շունը խրճիթի մոտ էր, երբ այդ թռչունները եկան և չէր կարող նրանց տեսնել), նա ատամները բացած նետվեց դեպի նրանք, և բռնեց մեկի պոչից։ Հարկ չկա ավելացնել, որ հարձակման ենթարկված թռչունը, իսկույն ևեթ թռավ իր առավել հաջողակ, բայց ոչ պակաս վախեցած ընկերոջ ուղեկցությամբ, իսկ կատաղած Ֆրիցը «մարաբուի փետուրների» հետ վարվեց այնպես, ինչպես, հավանաբար, դեռևս ոչ մեկը չէր վարվել, նույնիսկ երբ որևէ խանդոտ տիկին պոկել է դրանք ատելի ախոյանի գլխադիրից։


Գլուխ LIX. Արագիլները բռնվեցին

Մեր արկած որոնողները հիասթափությամբ ու վրդովմունքով էին նայում փախած արագիլներին, իսկ Ֆրիցը վտանգեց իր կյանքը։ Կասպարն արդեն նրա վրա էր բարձրացրել փայտը, երբ Կարլի բացականչությունը երիտասարդ որսորդին ստիպեց կանգ առնել և Ֆրիցին փրկեց դնգստոցից։

Բայց Կարլը գոչեց ոչ թե նրա համար, որ խղճում էր շանը։ Նրա արձակած կանչը բոլորովին այլ բան էր նշանակում և հնչեց այնպես անսովոր, որ Կասպարն իսկույն շուռ եկավ դեպի եղբայրը։ Կարլը կանգնած անընդհատ նայում էր հեռացող արագիլի ետևից, հենց նրա ետևից, որի պոչի հետ Ֆրիցն այնքան անհարգալիր վարվեց։

Բայց Կարլը նայում էր, ոչ թե գզգզված, կիսով չափ պոկված «մա-րաբուի փետուրներին», որոնք կախված էին արագիլի պոչից, այլ նրա երկար ոտքերին, որոնք թռիչքի ժամանակ շեղակի ծալված էին՝ հեռու ցցվելով պոչի ծայրից։ Նույնիսկ ոչ թե ոտքերը գրավեցին որսորդի ուշադրությունը, այլ դրանց, ավելի ճիշտ դրանցից մեկին ամրացված և արևի ճառագայթների տակ պայծառ մետաղային փայլով փայլփլող ինչ-որ մի բան։ Փայլը դեղնավուն էր, կարծես ոսկի կամ վառ սրբած պղինձ էր փայլում, և այնպես էր կուրացնում աչքերը, որ անհնար էր որոշել առարկայի ձևը կամ կռահել, թե ինչ է նա։ Բայց շվարած էին միայն Կասպարն ու Օսարուն։ Կարլը գիտեր, թե հույսի ճառագայթի նման ինչ ասուպ փայլատակեց մի պահ, իսկ այժմ դանդաղ, բայց հաստատ հեռացավ՝ սուզելով իրեն մռայլ հուսալքության մեջ։

— Ա՜խ, եղբայր,— բացականչեց նա, երբ արագիլը թռավ,— ինչպիսի՜ դժբախտություն։

— Դժբախտությու՞ն։ Ի՞նչ ես ուզում ասել, Կարլ։

— Ա՜խ, եթե իմանայիր… Ախր մենք փրկության հույս ունեինք։ Ավա՜ղ, ավա՜ղ։ Այն անհետանու՜մ է...

— Դու թռչունի մասի՞ն ես ասում,— հարցրեց Կասպարը։— Ի՞նչ մի աղետ է, որ նա թռավ։ Չեմ կարծում, թե նա կկարողանար բարձրացնել պարանը։ Ի՞նչ օգուտ, եթե նրան բռնենք։ Նրա միսը չի ուտվում, իսկ փետուրները մեզ պետք չեն, թեկուզ և մի ամբողջ հարստություն արժենան։

— Ո´չ, ո´չ,— փութկոտ առարկեց Կարլը՝ ցույց տալով ճախրող արագիլներին։— Այդ չէ՞ ամենևի՜ն այդ չէ։

— Այդ դեպքում ո՞րն է ուրեմն, եղբայր,— հարցրեց Կասպարը, որին զարմացնում էր բուսաորսի անկապ խոսքը։

— Նայի՛ր այնտեղ...— ասաց Կարը` ցույց տալով ճախրող աղավնիներին։— Ինչ որ փայլուն բան տեսնո՞ւմ ես։

— Ա՜, թռչուններից մեկի ոտքի՞ն։ Այո, տեսնում եմ դեղին մետաղակտորի նման ինչ-որ բան։ Ի՞նչ կարող է լինել դա։

— Ես գիտեմ, թե ինչ է,— ափսոսանքով պատասխանեց Կարլը,— շատ լավ, գիտեմ։ Ա՜խ, եթե բռնեինք այդ թռչունին։ Մենք, թերևս, հույս կունե-նայինք։ Բայց այժմ ամեն ինչ վերջացած է։ Նա կորավ, ավա՜ղ կորավ... Այ թե փորձանք պատճառեցիր մեզ, Ֆրի՛ց, ամբողջ կյանքում ստիպված կլի-նենք այդ մասին ցավել։

— Ես քեզ չեմ հասկանում, եղբայր,— ասաց կասպարը։— Եթե այդքան վշտացել ես, որ արագիլները թռան, ապա, թերևս, կարող ես մխիթարվել կարծես նրանք այնքան էլ չեն շտապում լքել մեզ, չնայած այդպիսի անհյուրընկալ դիմավորմանը։ Նայիր, պտտվում են օդում, կարծես պատրաստվում են դարձյալ իջնել։ Նայի՜ր այստեղ։ Օսարուն նրանց խայծ է մեկնում։ Ես երաշխավորում եմ, որ ծեր շիկարիին կհաջողվի համոզել դրանց վերադառնալ։ Նա կատարելապես գիտե դրանց սովորույթները։

— Ա՜խ, եթե այդ հաջողվեր...— գոչեց Կարլը՝ նայելով նախ ճախրող արագիլներին, ապա Օսարուին։— Կասպար, բռնիր Ֆրիցին։ Եվ թող Օսարուն գործի։ Ոչ մի դեպքում շանը չթողնես դուրս պրծնի։ Աստծու սիրուն, հենց քո սիրուն, ի սեր բոլորիս, նրան ավելի պինդ բռնիր...

Կասպարը դեռևս շարունակում էր զարմանալ եղբոր հուզմունքի վրա, բայց այդ չխանգարեց նրան կատարելու հրամանը։ Նետվելով դեպի Ֆրիցը, նա բռնեց նրան, դրեց ծնկների արանքում, ձեռքերով ու ծնկներով այնպես ամուր սեղմեց, որ Ֆրիցն ասես մամլակի տակ էր։

Բոլորի հայացքներն էլ (չբացառելով նաև շանը) հառվեցին դեպի Օսարուն։ Նրա շարժումներին Կասպարը հետևում էր հետաքրքրությամբ, իսկ Կարլը՝ ուժգին բաբախող սրտով։

Խորամանկ շիկարին լավ էր նախապատրաստվել որսին։ Կանխատեսելով, որ կարող են դժվարություններ ծագել, նա խայծի պաշար էր պատրաստել, եթե թռչունները վախկոտ լինեին, նա հույս ուներ հրապուրել նրանց դեպի իրեն և գործի դնել օղակը։ Այդ խայծը մի մեծ ձուկ էր, որը խրճիթից դուրս գալիս վերցրել էր մառանից և այժմ, որպեսզի գրավի արագիլների ուշադրությունը, ի ցույց դրեց։ Նա որոշ տարածություն հեռացավ ընկերներից և, կանգնելով լճափի փոքրիկ բլրակին, ամբողջ ուժով աշխատեց հրապուրել թռչուններին, որոնց այնքան վախեցրել էր Ֆրիցը։

Օսարուին, ինչպես և մյուսներին, պարզ էր, որ արագիլներն ակամայից են թռել և որ բոլորովին էլ չէին ուզում օդ բարձրանալ։ Նրանք, անկասկած, հոգնած էին և ծարավ հանգստի։

Հատկապես ի՞նչն ստիպեց նրանց կրկին իջնել։

Ինչևէ, Օսարուն չզբաղվեց այդ հարցով։ Թռչունների վարքագծից տեսնելով, որ նրանք իր ձեռքերում նկատել են ձուկը, նա գայթակղիչ խայծը նետեց իրենից հեռու և սկսեց սպասել արդյունքներին։

Այս անգամ նա իր հաշիվներում չխաբվեց։

Օսարուի ո՛չ արտաքինը, ո՛չ կեցվածքը չէին կարող «համհարզներին» կասկածներ ներշնչել։ Հազար անգամ նրանց վիճակվել էր տեսնել այդպիսի թուխ հնդիկների, ճիշտ այդպիսի զգեստով, և հողագնդի այդ տարօրինակ, ամայի անկյունում, նրանք հանձին նրա չկասկածեցին թշնամուն։

Նրանց համար սարսափելի էր միայն Ֆրիցը, բայց Ֆրիցն այժմ ինչ-որ հեռու տեղ էր, և նրանից կարելի էր չվախենալ։ Մանավանդ որ դա-տարկ ստամոքսը հրամայաբար սնունդ էր պահանջում և, նայելով խոտի վրա առանց որևէ պահապանի ընկած ձկանը, արագիլները մոռացան վախը և համերաշխ նետվեցին ցանկալի ավարի վրա։

Երկուսն էլ միաժամանակ կառչեցին ձկից, և յուրաքանչյուրը ձգտում էր տիրել նրան։

Քանի որ թռչուններից մեկը բռնել էր ձկան գլխից, իսկ մյուսը՝ պոչից, ապա նրանց մեջ ծեծ սկսվեց, ջանում էին մեկը մյուսից խլել համեղ պատառը։ Ապա սկսեցին երկու կողմից կուլ տալ ձկանը, մինչև որ նրանց կտուցները հանդիպեցին ու բախվեցին միմյանց։

Ոչ մեկը չէր ուզում մյուսին զիջել ավարը, և զվարճալի պայքարը շարունակվեց մի քանի վայրկյան։

Հայտնի չէ, թե որքան ժամանակ դեռևս կշարունակվեր այդ, բայց Օսարուն դրան վերջ տվեց, տեսնելով, որ թռչունները զբաղված են ծեծկռտոցով, նա նետվեց դեպի նրանց և, լայն թափահարելով ձեռքերը, միանգամից բռնեց երկու արագիլներին էլ, որոնք սկսեցին ազատվելու հուսահատ փորձեր անել։

Կարլի ու Կասպարի օգնությամբ, որն արդեն հասցրել էր Ֆրիցին կապել ծառից, հսկա թռչուններին շուտով հաղթեցին և այնպես ուժեղ կապեցին, որ նրանց համար դուրս պրծնելն անհնար էր։


Գլուխ LX. Մակագիր օղի վրա

— Ահա՛ նա։ Ահա՛ նա,— բացականչեց Կարլը՝ հանկարծակի հակվե-լով ու բռնելով թռչուններից մեկի թաթը։

— Ի՞նչը,— հարցրեց Կասպարը։

— Նայի՛ր եղբայր։ Նայի՛ր, թե ի՜նչ կա արագիլի ոտին։ Մի՞թե քեզ չի վի-ճակվել տեսնել այս թանկարժեք զարդը։

— Պղնձե՞ օղ։ Օ՜, այո,— պատասխանեց Կասպարը,— այժմ հիշում եմ։ Բուսաբանական այգում կար պղնձե օղը թաթին ճիշտ այսպիսի մի «համ-հարզ»։ Ինչպիսի՜ տարօրինակ դեպք։

— Ճիշտ այսպիսին,— կրկնեց Կարլը։— Ախր սա հենց նույն օղն է։ Կռացիր և ավելի լավ նայիր։ Տեսնու՞մ ես այս տառերը։

— «Ա.Բ.Ա.» — Կալկաթա,— դանդաղ արտասանեց կասպարը ընթերցելով օղի մակագիրը։— «Ա.Բ.Ա.»։ Հետաքրքրիր է, ի՞նչ է նշանակում այդ։

— Դժվար չէ կռահել,— խրատական ասաց Կարլը.— «Արքայական բուսաբանական այգի՜»։ Ուրիշ ի՞նչ կարող է լինել։

— Ուրիշ ոչինչ։ Իհարկե, դրանք հենց նույն թռչուններն են, որոնց տեսել ենք այնտեղ և որոնց հետ այնքան հաճախ էինք խաղում։

— Հենց նրանք են,— հաստատեց Կարլը։— Դրանում կասկած չկա։

— Իսկ Ֆրիցն, ըստ երևույթին, նույնպես ճանաչել է, դրա համար էլ այնքան հանկարծակի հարձակվեց նրանց վրա։ Հիշու՞մ ես, շարունակ կռվում էր նրանց հետ։

— Հիշում եմ։ Բայց նրան չպետք է այլևս թույլ տալ հարձակվել արա-գիլների վրա։ Նրանք ինձ պետք կգան։

— Պետք կգա՞ն։

— Դե այո, և նույնիսկ շատ։ Թռչունները մեզ չափազանց կարևոր ծառայություն կմատուցեն։ Թեև նրանք զզվելի են ու այլանդակ, բայց դրանց պետք է խնամել, ինչպես բոլոնյան թանկարժեք շնիկների։ Մենք պետք է ապահովենք նրանց կերով ու ջրով։ Պետք է պահպանենք նրանց գիշեր ու ցերեկ որպես սրբազան կրակ, որը հարկավոր է ամբողջ ժամանակ պահպանել։

— Ա՜յդ էր պակաս։

— Հենց այդպե՜ս, եղբայր։ Ինչ էլ ուզում է լինի, այս արագիլներին հար-կավոր է պահպանել, դրանք անհրաժեշտ են մեր փրկության համար։ Եթե սատկեն կամ փախչեն մեզնից, եթե կորցնենք դրանցից թեկուզ մեկին, կործանված ենք։ Դա մեր վերջին հույսն է։ Ես չեմ կասկածում, որ վերջինն է։

— Ո՞րն է ուրեմն այդ հույսը։ Ի՞նչ ես սպասում դրանցից,— տարակուսանքով հարցրեց Կասպարը, որը ոչ մի կերպ չէր կարողանում հասկա-նալ, թե ինչ է ուզում եղբայրը։

— Ի՞նչ հույս։ Վերջնականապես բոլո՜ր հույսերը։ Եվ անգամ ավելին, քան հույսը, քանի որ այստեղ տեսնում եմ ճակատագրի մատը։ Վերջապես նա գթաց մեզ։

Կասպարը լուռ նայում էր եղբորը։ Կարլի աչքերում ճառագում էր բերկրանքն ու երախտագիտությունը, բայց Կասպարը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում։

Օսարուն նույնպես շվարած էր սահիբ Կարլի տարօրինակ տեսքից ու խոսքերից, բայց շուտով դադարեց այդ մասին մտածել, զբաղվելով «համհարզներով» նա շոյում էր մերթ մեկին, մերթ մյուսին, զրուցում նրանց հետ և գրկում ինչպես իր եղբայրներին։

Ամուր կապելով արագիլների թաթերը, Օսարուն ձուկը բաժանեց ոչ մեծ մասերի և սկսեց այնքան հոգատարությամբ կերակրել թռչուններին, կարծես դրանք մարդիկ էին, որ այստեղ էին եկել երկար ճանապարհորդությունից հետո և քաղցից ուժասպառ էին եղել։

Արագիլները նվազագույն երկյուղ անգամ չէին դրսևորում։ Նրանք օդում բռնում և կուլ էին տալիս ձկան կտորներն այնպես ագահ ու հանգիստ, կարծես նրանց կերակրում էին Կալկաթայի բուսաբանական այգու մեծ ավազանի ափին։

Միայն ժամանակ առ ժամանակ երկչոտաբար ետ էին նայում Ֆրիցին, բայց Կարլի հրամանով շանը նրանցից հեռու էին պահում, մինչև որ վերջացրին Օսարուի առաջարկած ճաշկերույթը։

Կասպարը, որ դեռևս շվարած էր, նորից հարցրեց բուսաորսին, թե ինչ է մտածում անել արագիլներին։

— Ա՜խ, եղբայր,— պատասխանեց Կարլը,— դու այժմ զարմանալի՜ անհասկացողն ես։ Մի՞թե չգուշակեցիր, թե ինչ-որ ուրախացա այս թռչունների համար։

— Իհարկե, ոչ, եթե միայն...

— Եթե Ի՞նչ։

— Եթե դու հույս չունես, թե նրանք պարանը կտանեն ժայռի վրա։

— Կտանե՞ն պարանը։ Ամենևին... Ինչևէ, այնտեղ ընդհանուր ինչ-որ բան կա։ Բայց քանի որ դու չկռահեցիր, ապա ես որոշ ժամանակ էլ կտանջեմ քեզ։

— Ա՜խ, եղբայր...

— Ոչ, չեմ ասի։ Ես ուզում եմ, որպեսզի ինքներդ կռահեք։

Կասպարն ու Օսարուն պատրաստ էին կռահումներ անել, բայց Կարլը ընդհատեց նրանց.

— Սպասեցեք, այժմ ժամանակը չէ։ Դուք ձեր հնարամտությունը կդրսևորեք, երբ խրճիթ կվերադառնանք։ Առաջին հերթին մենք պետք է ինչպես հարկն է կապենք մեր գերիներին։ Այս պարանը չափազանց բարակ է. նրանք կարող են կտցով սղոցել այն և ազատվել։ Այստեղ հար-կավոր կլինի մեր ունեցած ամենահաստ պարանը։ Վերցրու, Օսարու, մեկին։ Ես կտանեմ մյուսին։ Իսկ դու, Կասպար, նայիր Ֆրիցին։ Նրան կապած տար։ Հիմա պետք է նրան կապած պահել, որպեսզի որևէ անուղղելի աղետ չպատահի։ Աստված չանի, որ նա տապալի մեր այս հիանալի ծրագիրը։

Այս խոսքերի հետ Կարլը ձեռքերով վերցրեց «համհարզներից» մեկին, նույն ժամանակ Օսարուն գրկեց մյուսին, և, չնայած նրանց արձակած ահեղ, որոտացող ձայներին և կտուցների չրխկոցին, հսկա թռչուններին տարան խրճիթ։

Այնտեղ նրանց թաթերը փաթաթեցին ամուր պարաններով, որոնք կապեցին տանիքի ծպեղը գոյացնող հաստ գերաններին։ Դուրս գալով խրճիթից, նրանք ամեն անգամ փակում էին դուռը, քանի որ Կարլը, գիտակցելով այսպիսի հյուրերի ամբողջ նշանակությունը, ուզում էր վստահ լինել իր ավարի ապահովության մեջ։


Գլուխ LXI. Թևավոր նամակատարերը

Անհետաձգելի գործերն ավարտելուց հետո միայն Կասպարն ու Օսարուն նորից սկսեցին կռահումներ անել։ Երկուսն էլ լրջորեն գործի կպան, նստեցին խրճիթի մոտ ընկած մեծ քարերին, ուր այնքան հաճախ էին իրենց ազատագրման պլանները կառուցել։ Երկուսն էլ խորհում էին, յուրաքանչյուրը մտածում էր իր համար` նկատառումները չբաժանելով ընկերոջ հետ։ Թվում էր, նրանց միջև մրցություն էր առաջ եկել. ո՞վ առաջինը կգուշակի Կարլի մտահղացումը։

Բուսաբանը կանգնած էր կողքին` նույնպես մտասույզ։ Նա զբաղված էր ուղեկիցներին տակավին անծանոթ իր պլանի կատարելագործմամբ։

Արագիլներին խրճիթից դուրս հանեցին և կապեցին մոտակայքում ընկած ծառի մանր կոճղակտորից։ Անհրաժեշտ էր, որպեսզի թռչունները ընտելանային այդ տեղանքին` դրա հետ միասին հարկավոր էր մեկ անգամ էլ կերակրել, որովհետև այն ձուկը, որ նրանք միասին կերան, բացահայտորեն անբավարար էր։

Կասպարի հայացքն ընկավ այն արագիլի վրա, որի ոտքին կար, ապա նա ուշադրություն դարձրեց մակագրին` «Ա.Բ.Ա. Կալկաթա»։ Եվ այդ մակագիրը երիտասարդ որսորդին ներշնչեց այն միտքը, որ ծագել էր նրա եղբոր գլխում օդը տեսնելիս։ Այդ պղնձակտորը որոշակի տեղեկություններ էր պարունակում։ Դրանք Կալկաթայից բերվել էին այն թռչունի միջոցով, որն իր թաթի վրա կրում էր այս փայլուն օղակը։ Ինչու՞ ուրեմն նույն այդ ճանապարհով ուրիշ տեղեկություններ չուղարկել Կալկաթա։ Ինչու՞...

— Գտա՜, գտա՜,— իր գյուտով ուրախացած գոչեց Կասպարը։

— Այո՛, սիրելի Կարլ, այժմ գիտեմ, թե որն է քո ծրագիրը, գիտեմ։ Եվ, երդվում եմ Օլիմպիական Յուպիտերով, դա հիանալի պլան է։

— Այդպես, ուրեմն վերջապե՜ս կռահեցիր,— ոչ առանց հեգնանքի ասաց Կարլը։— Վաղու՜ց ժամանակն էր։ Պղնձե օդի մակագիրն իսկույն պետք է հուշեր քեզ լուծումը։ Բայց լսենք, թե դու ինչ կասես, և տեսնենք, ճիշտ ես արդյոք գուշակել։

— Ո՜նց չէ, սխալ, — պատասխանեց Կասպարը, պահպանելով եղբոր կատակային տոնը։— Դու ուզում ես նոր կոչում տալ մեր նշանավոր հյուրերին,— նա ցույց տվեց արագիլներին։

— Դա չի՞ քո ծրագիրը։

— Շարունակիր։

— Ներկայումս դրանք զինվորականներ են, սպաներ... Չէ՞ իր համհարզը սպայական աստիճան է։

— Դե հետո ի՞նչ։

— Վախենում եմ, որ շատ էլ քեզ շնորհակալ չլինեն այն աստիճանի համար, որով ուզում ես պարգևատրել նրանց, քանի որ այդ նրանց համար հազիվ թե բարձրացում լինի։ Չգիտեմ, թե թռչուններն ինչպես են նայում դրան, բայց մարդիկ շատ էլ հակված չեն զինվորական ծառայությունը փոխել քաղաքացիականի հետ։ — Ի՞նչ աստիճանի մասին ես խոսում։

— Եթե չեմ սխալվում, պատրաստվում են արագիլներին դարձնել նամակատարներ կամ փոստատարներ, եթե այս անվանումը քեզ ավելի շատ է դուր գալիս։

— Հա՜-հա՜-հա՜,— ծիծաղեց Կարլը, որին դուր եկավ Կասպարի սրամիտ համեմատությունը.— ճիշտ է, եղբայր, գուշակեցիր իմ պլանը։ Ես հենց այդ էլ մտածել եմ անել։

— Օ՜հ, երդվում եմ Ջահերնաուտի մարտակառքի անիվներով,— գոչեց շիկարին, որը ականջ էր դրել նրանց խոսակցությանը և շատ լավ հասկացել։— Լա՜վ է մտածել։ Այս արագիլները կվերադառնան Կալկաթա, իհարկե կվերադառնան։ Նրանք ֆերինգների նամակը տանել սահիբներին։ Սահիբներն իմանալ, մենք այստեղ բանտում։ Ստանալ նամակ և գալ փրկել մեզ... Հա՜-հա՜-հա՜։— Այստեղ Օսարուն վեր թռավ տեղից և վայրի ճիչերով խելագարի նման պարեց խրճիթի շուրջը։

Օսարուի աղավաղված խոսքն ապացուցում էր, որ նա լիովին ըմբռնել է բուսաորսի մտահղացումը։

Այդ մտահղացումն աղոտ առկայծեց Կարլի գլխում, երբ նա առաջին անգամ տեսավ բարձր երկնքում ճախրող արագիլներին, բայց, երբ թռչունի թաթին նկատեց փայլուն դեղին շերտիկը, ծրագիրը սկսեց ընդունել առավել պարզ ուրվագծեր։

Երբ արդեն արագիլները բռնված էին, և Կարլը, վերծանելով օղի մակագիրը, ճանաչեց Ա. Բ. Ա.-ի իր հին ծանոթներին, նա օրհնեց երջանիկ դիպվածը, որ հովիտ էր ուղարկել թռչուններին, որոնք շուտով պետք է նրան ու իր ընկերներին ազատություն բերեն։


Գլուխ LXII. Եզրափակում

Ազատագրումը եկավ, թեև ոչ այնքան շուտ։ Մեր որսորդները ստիպված էին այդ միայնակ, միապաղաղ կյանքին դիմանալ մի քանի ամիս ևս։

Հարկավոր էր սպասել տարվա անձրևոտ եղանակին, երբ Ինդոստանի ընդարձակածավալ հարթավայրերով հոսող գետերը դուրս կգան ափերից։ Այնժամ հսկա «համհարզներն» իրենը ամառային ճանապարհորդությունից վերադառնում են հարավ՝ թռչելով Իմաուսի հպարտ գագաթների վրայով։ Կարլն ու նրա ընկերները հույս ունեին, որ իրենը «համհարզները» ղեկավարվելով միևնույն բնազդով, կվերադառնան Ա. Բ. Ա.՝ Կալկաթայի արքայական բուսաբանական այգին։

Կարլը համոզված էր, որ արագիլներն այդ կանեն։ Նա կարծես կանգնած էր սրբազան գետի[12] ափին։ Ա, Բ. Ա.-ում և նայում էր, թե ինչպես նրանք, ավարտելով չուն, իջնում են բուսաբանական այգու բակում։

Բուսաբանական այգու դիրեկտորը պատմել էր իրենը, որ թռչուններն արդեն շատ տարիներ է կատարում են այդպիսի ճանապարհորդություններ և ամեն անգամ միևնույն ժամանակ. այնպես որ կարելի էր կանխագուշակել նրանը չվելու և վերադառնալու օրը։

Բարեբախտաբար, Կարլը հիշում էր այդ ժամկետները` ճիշտ է մո-տավորապես։ Այնուամենայնիվ նա գիտեր, թե երբ կարելի է սպասել հյուրերի հեռանալուն, իսկ դա նրա համար բավական էր։

Նրանք ամբողջ ժամանակ խնամում էին «համհարզներին», կարծես մեծարում էին նրանց որպես սրբազան, թռչունների։

Արագիլներն ունեին լիուլի միս և ջուր. այդ մասին հոգում էր Օսարուն։ Նրանց չէին սպառնամ ոչ մի տեսակ թշնամիներ, նույնիսկ Ֆրիցը, թեև շունը վաղուց արդեն դադարել էր նրանց թշնամին լինելուց։ Նրանց բոլոր պահանջները բավարարվում էին, արված էր ամեն ինչ, ազատությունից բացի։

Վերջապես այն վերադարձրին նրանց։

Ընտրելով մի գեղեցիկ ճաճանչափայլ առավոտ, որ թռչուններին հրապուրում էր ճախրելու, նրանց ազատ արձակեցին թույլ տվեցին թռչել, ուր խելքներին փչեր։ Միակ արգելքը թռիչքի ընթացքում կաշվե տոպրակն էր, որն այնպես էր կապված արագիլի վզից, որ կտուցը դրան չհասներ։ Երկուսն էլ այդպիսի տոպրակներ ունեին, որովհետև Կարլը, ծախսելով հուշատետրի վերջին թերթիկները, նամակը գրել էր երկու օրինակից և յուրաքանչյուր թռ-չունին վստահել մեկական նամակ, նկատի ունենալով, որ մեկը կարող է կորչել։

Որոշ ժամանակ թվում էր, թե թռչունները չէին ուզում լքել բարի բարեկամներին, որոնք այնքան երկար ժամանակ կերակրել ու փայփայել էին իրենց, բայց դեպի հարավի արևոտ հարթավայրը հրապուրող բնազդը հաղթեց և սահուն, հանդիսավոր թռիչքով վեր սլացան՝ արձակելով հրաժեշտի ճիչ, որին պատասխանեցին մարդկանց, քաջալերող բացականչությունները և Ֆրիցի երկար հաչոցը։ Բարձրանալով ժայռերը, նրանք շուտով թաքնվեցին հովիտը շրջապատող լեռների կատարների ետևում։

Հասավ օրը, և զառիթափի եզրին հայտնվեցին երկու տասնյակ մարդիկ. բերկրալի՜ տեսարան Կարլի, Կասպարի և Օսարուի համար։ Նույնիսկ Ֆրիցը տեսնելով նրանց, ուրախությունից հաչեց։

Երկնքի կապույտ ֆոնի վրա այդ մարդկանց ձեռքերում կարելի էր տեսնել օղ արած պարաններ, ձողեր և ժայռերը բարձրանալու համար անհրաժեշտ այլ գործիքներ։ Եվ այսպես «համհարզները» կատարեցին իրենց առաքելությունը ու նամակները հասցրին Կալկաթա։ Շուտով այնտեղ վերադարձան նաև որսորդները։ Վերևից իջեցված պարանի սանդուղքներով նրանք բարեհաջող ելան ժայռը, ըստ որում Ֆրիցը վերելքը կատարեց շիկարիի ուսերի վրա։

Նրանք երեքն էլ իրենց փրկիչների ու Ֆրիցի հետ, որ կրնկակոխ նրանց էր հետևում, իջան Հիմալայների հարավային լանջով և շուտով դարձյալ տեսան սրբազան Գանգեսը։

Նրանք կրկին մտան արքայական բուսաբանական այգու դարպասներից և վերսկսեցին ծանոթությունը ոչ միայն իրենց բարեկամ գիտնականների, այլև թևավոր համբավաբերների հետ, որոնց օգնությամբ վերջապես հաջողվեց դուրս գալ ճակատագրական լեռնային «բանտից» և վերադառնալ մարդկային աշխարհը։


  1. Ռոյլ և Հուկեր - անգլիացի բուսաբաններ, որոնք XIX դարի առաջին կեսում բուսաբանական հետազոտություններ են կատարել Հյուսիսային Հնդկաստանում
  2. Ջահրենաուտի կառք - Ջահրենաուտի (սանսկրիտերեն) հնդկական աստված Վիշնուի մարմնավորումներից մեկն է. նրա արձանը գտնվում է Պուրիում։ Ամեն տարի այդ արձանը տաճարից դուրս են բերում կառքով, որին լծվում են ուխտագնացները։
  3. Բրահմական աստվածների երրորդությունը` Բրահմա, Վիշնու և Շիվու։
  4. Բլոնդեն - ժամանակին հայտնի լարախաղաց, որ ճոպանի վրայով անցել էր Նիագարան և այլ գետեր։
  5. Լեոթար - Ֆրանսիացի մարմնամարզիկ ու կրկեսի դերասան, որ 19-րդ դարի 50-ական թվականների վերջերին փառաբանվել էր մի ճոճանաձողից մյուսը կատարած իր օդային թռիչքներով։
  6. «Յունոնի թռչուն» - Յունոն - հին հռոմեական դիցաբանության մեջ գերագույն աստվածներից մեկը, Յուպիտերի ամուսինը, կանանց հովանավորուհին, քանդակագործության մեջ նա պատկերվում է սիրամարգի հետ։
  7. «Յուպիտերի թռչուն» - Յուպիտեր - հին հռոմեական դիցաբանության մեջ գերագույն աստված, նա պատկերվում էր արծվի հետ, որը նրա համբավաբերն էր։
  8. Մերկուրիոս - օլիմպիական աստվածների համբավաբերը։
  9. Օմֆալա - Լյուդիայի առասպելական թագուհին, որի մոտ երեք տարի ապրեց լեգենդար հերոս Հերկուլեսը և մանեց նրա ստրկուհիների հետ միասին։
  10. Նկատի է առնված Հռոմը։
  11. Սիմեոն Սյունակյաց - Ճգնավոր. ըստ ավանդության քսանվեց տարի ապրել է սյան գագաթին։
  12. Հնդիկները Գանգեսը համարում են սրբազն գետ։