Վերջին թարմացում 6 Հունիսի 2016, 10:38
Նամակներ Երկրից

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ադամի օրագիրը»


Արարիչը նստել էր Գահին և մտորում էր։ Նրա հետևում փռված էր անսահման երկնակամարը, որը լողում էր լույսի և գույների պերճության մեջ։ Նրա առջևում պատի նման կանգնած էր Տարածության սև գիշերը։ Այն խոյանում էր ընդհուպ մինչև զենիթը՝ որպես վեհասքանչ մի սեպասար, և Նորին աստվածային գլխավորը բարձրունքում շողշողում էր հեռավոր արեգակի նման։ Նրա ոտքերի մոտ կանգնած էին երեք վիթխարի կերպարանքներ, որոնք Նրա համեմատ լիովին աննշան էին թվում․ դրանք երեք հրեշտակապետերն էին, որոնց գլուխները համարյա թե հասնում էին Նրա ոտնակոճերին։

Երբ Արարիչը ավարտեց մտորելը, ասաց․

― Ես մտորեցի։ Նայեցեք։

Նա բարձրացրեց ձեռքը, որի միջից դուրս ցայտեց կուրացուցիչ հրեղեն մի շիթ՝ միլիոնավոր վիթխարի արեգակներ, որոնք ցրեցին խավարը և, ճեղքելով տարածությունը, սլացան դեպի նրա ամենահեռավոր սահմանները, ավելի ու ավելի փոքրանալով, ավելի խամրելով, մինչև որ մեխի փոքրիկ ադամանդյա գլխիկների նման սկսեցին առկայծել տիեզերքի անսահման երկնակամարի տակ։

Մեկ ժամից մեծ խորհուրդն արձակվեց։

Հուզված ու շփոթված հրեշտակապետները հեռացան Գահի հովանու տակից, շտապելով գտնել մեկուսի մի անկյուն, որտեղ կարողանային ազատ զրուցել։ Ասենք, երեքից ոչ մեկը չէր շտապում սկսել, թեև յուրաքանչյուրն անհամբեր սպասում էր, որ սկսի մյուսը։ Նրանք բոլորն էլ շատ էին ուզում քննարկել իրադարձությունը, բայց չէ որ չէր կարելի կարծիք հայտնել, նախապես չիմանալով մնացածների տեսակետը։

Եվ ահա սկսվեց մի աննպատակ տաղտկալի խոսակցություն դատարկ բաների մասին, որը մեկ ընդհատվում էր, մել էլ նորից սկսվում, մինչև որ, վերջապես, Սատանա Հրեշտակապետը հավաքեց իր ամբողջ արիությունը, իսկ արիություն նա քիչ չուներ, և անցավ գործի։ Նա ասաց․

― Մենք գիտենք, իմ պարոնայք, թե ինչի մասին ենք խոսելու եկել այստեղ, ուրեմն, մի կողմ նետենք կեղծավորությունը և սկսենք։ Եթե Խորհուրդը այդ կարծիքին է․․․

― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― երախտավորությամբ բացականչեցին Գաբրիելը և Միքայելը։

― Հիանալի է, ուրեմն շարունակենք։ Մենք մի նշանավոր արարմունքի վկաները եղանք, դա ինքնըստինքյան հասկանալի է։ Ինչ մնում է դրա գործնական արժեքին, եթե դա գործնական արժեք ունի, ապա այդ հարցը մեզ ամենևին էլ չի վերաբերում։ Մենք դրա մասին կարող ենք մտածել ինչ ուզենք, բայց միայն այդքանը։ Ձայնի իրավունք մենք չունենք։ Ես կարծում եմ, որ Տարածությունը նախկին տեսքով էլ լավ էր և, բացի այդ, շատ օգտակար։ Սառը, մութ, հաճելի մի տեղ, ուր կարելի էր երբեմն հանգստանալ երկնքի փափկակեցության սովորեցնող կլիմայից ու նրա տաղտկալի հոյակապությունից։ Բայց այդ բոլորը նշանակություն չունեցող մանրուքներ են։ Նորամուծությունը, կարևորագույն նորամուծությունը այն է․․․ Ո՞րն է պարոնայք։

― Ինքն իրեն գործող ինքնակարգավորվող մեխանիկական օրենքի գյուտն ու դրա կիրառումը, օրենք, որը նախատեսված է այդ պտտվող ու առաջանցումով սլացող բյուրավոր արեգակների ու աշխարհների ընթացքը կառավարելու համար։

― Հենց դա է, ― վրա բերեց Սատանան։ ― Տեսեք, թե ինչ հոյակապ գաղափար է։ Գերագույն բանականությունը նման ոչ մի բան դեռ չէր ստեղծել։ Օրենք, մեխանիկական Օրենք, ճշգրիտ ու անփոփոխ Օրենք, որը չի պահանջում ո՛չ հսկողություն, ո՛չ ուղղում, ո՛չ էլ նորոգում ամբողջ հավերժության ընթացքում։ Նա ասաց, որ այդ անհամար վիթխարի մարմինները անվերջանալի դարերի ընթացքում կթափանցեն Տարածության անապատները, աներևակայելի արագությամբ, սլանալով հսկայական ուղեծրերով և, այնուամենայնիվ, երբեք չընդհատվելով, չմեծացնելով ու չկրճատելով իրենց շրջապտույտի ժամանակամիջոցը անգամ վայրկյանի հարյուրերոդական մասով՝ երկու հազար տարվա ընթացքում։ Հենց դա է նոր հրաշքը, բոլոր հրաշքներից մեծագույնը՝ մեխանիկական Օրենք։ Եվ նա դա անվանեց «Բնության Օրենք» ու ասաց, որ դա «Աստծու Օրենքն» է՝ միևնույն երևույթի երկու փոխադարձաբար փոխարինելի անուններ։

― Այո, ― նշեց Միքայելը, ― և հետո նա ասաց, որ իր բոլոր կալվածքներում կկիրառի Բնության Օրենքը՝ Աստծու Օրենքը, և այն կդարձնի գերագույն անխախտ օրենք։

― Եվ հետո, ― ավելացրեց Գաբրիելը, ― ասաց, որ ժամանակի ընթացքում կենդանիներ կստեղծի և նրանց նույնպես կենթարկի այդ Օրենքին։

― Այո, ― ասաց Սատանան, ― ես լսեցի, թե ինչպես նա ասաց այդ բանը, բայց ոչինչ չհասկացա։ Ի՞նչ ասել է «կենդանիներ», Գաբրիել։

― Իսկ ես ի՞նչ իմանամ։ Մենք ինչ իմանանք։ Դա հո նոր բառ է։

(Անցնում է երկնային ժամանակով երեք հարյուրամյակ, որը երկրային ժամանակով հավասար է հարյուր միլիոն տարվա»։ Ներս է մտնում սուրհանդակ Հրեշտակը։)

― Իմ պարոնայք, նա կենդանիներ է ստեղծում։ Չէի՞ք բարեհաճի արդյոք գնալ և նայել։

― Նրանք գնացին, տեսան և տարակուսանքով համակվեցին։ Խորագույն տարակուսանքով։ Արարիչն այդ նկատեց, ու ասաց․

― Հարցրեք, ես կպատասխանեմ։

― Աստվածային, ― խոնարհաբար ասաց Սատանան։ ― Իսկ ինչի՞ համար են դրանք։

― Դրանք հարկավոր են, որպեսզի փորձնական ճանապարհով որոշենք վարքագծի և բարոյականության սկզբունքները։ Նայեցեք դրանց ու սովորեք։

Դրանց թիվը հազարների էր հասնում, և բոլորն էլ շատ գործունյա էին։ Բոլորը զբաղված էին, շատ էին զբաղված, հիմնականում միմյանց հոշոտելով։ Ուժեղ խոշորացույցով հետազոտելով դրանցից մեկին, Սատանան ասաց․

― Այս մեծ գազանը սպանում է իրենից թույլերին, օ՜ Աստվածային։

― Վա՞գրը։ Դե, իհարկե։ Նրա էության օրենքը կատաղությունն է։ Նրա էության օրենքը Աստծու օրենքն է։ Վագրը չի կարող դրան չենթարկվել։

― Ուրեմն՝ ենթարկվելով այդ օրենքին, նա ոչ մի ոճիր չի՞ գործում, ո՜վ Աստվածային։

― Այո, նա ոչ մի մեղք չունի։

― Այ, այս փոքրիկ գազանը շատ երկչոտ է, օ՜ Աստվածային, և մահն ընդունում է առանց դիմադրության։

― Ճագա՞րը։ Դե, իհարկե։ Նա զուրկ է քաջությունից։ Այդպիսին է նրա էության օրենքը՝ Աստծու օրենքը։ Նա պետք է այդ օրենքին հպատակվի։

― Ուրեմն՝ անարդարացի՞ կլիներ պահանջել, որ ճագարը վարվեր հակառակ իր էությանը և դիմադրություն ցույց տար, օ՜ Աստվածային։

― Այո, ոչ մի էակից չի կարելի պահանջել, որ նա վարվի հակառակ իր էության օրենքի՝ հակառակ Աստծու Օրենքի։

Սատանան դեռ երկար ժամանակ հարցեր էր տալիս, իսկ հետո ասաց․

― Մարդը սպանում է ճանճին և ուտում է։ Թռչունը սպանում է սարդին և ուտում է։ Լուսանը սպանում է սագին, իսկ․․․ կարճ ասած, նրանք բոլորը սպանում են միմյանց։ Որ կողմն էլ նայես, միայն սպանություն է։ Այդ արարածներն անթիվ ու անհամար են, և նրանք սպանում, սպանում են։ Նրանք բոլորը սպանողներ են։ Եվ նրանք բոլորը անմե՞ղ են, օ՜ Աստվածային։

― Նրանք անմեղ են։ Այդպիսին է նրանց էության օրենքը։ Իսկ էության օրենը միշտ Աստծու Օրենքն է։ Իսկ հիմա․․․ նայեք․․․ Դիտեք։ Նոր արարած, և այն էլ գլուխգործոց՝ Մա՜րդը։

Եվ առաջացան խմբեր, բազմություններ, միլիոնավոր տղամարդիկ, կանայք, երեխաներ։

― Իսկ նրանց դու ի՞նչ կանես, օ՜, Աստվածային։

― Յուրաքանչյուր առանձին անհատի մեջ տարբեր աստիճաններով ու երանգներով կներդնեմ բարոյական այն բազմապիսի հատկությունները, որոնք մեկ բնորոշ գծով բաշխվեցին անլեզու կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչների միջև՝ քաջություն, վախկոտություն, կատաղություն, հեզություն, ազնվություն, արդարություն, խորամանկություն, երկերեսանիություն, մեծահոգություն, դաժանություն, չարություն, նենգություն, վավաշոտություն, գթասրտություն, խղճահարություն, անշահախնդրություն, եսամոլություն, քնքշություն, պատիվ, սեր, ատելություն, ստորություն ազնվաբարոյություն, հավատարմություն, երկերեսանիություն, ճշմարտացիություն, կեղծիք․ յուրաքանչյուր մարդ կստանա այդ բոլոր հատկությունները, և դրանցից կկազմվի նրա էությունը։ Ոմանց մոտ հիանալի, վեհ գծերը կգերակշռեն վատ գծերին, և այդպիսիներին կանվանեն «լավ մարդիկ», մյուսների մոտ կիշխեն վատ գծերը, և դրանց կանվանեն «վատ մարդիկ»։ Նայեք․․․ տեսեք․․․ նրանք անհետանում են։

― Ո՞ւր են գնում նրանք, օ՜ Աստվածային։

― Գնում են Երկիր, և՛ նրանք, և՛ նրանց բոլոր եղբայրակիցները՝ կենդանիները։

― Իսկ ի՞նչ բան է Երկիրը։

― Մի գունդ, որը ես ստեղծել եմ երկու դարագլուխ, մեկ դարագլուխ և կես դարագլուխ սրանից առաջ։ Դուք այն տեսաք աշխարհների և արգակների պայթյունի մեջ, որոնք դուրս թռան իմ ձեռքի միջից, բայց նրա վրա ուշադրություն չդարձրիք։ Մարդը փորձարարություն է, իսկ կենդանիները՝ ևս մեկ փորձարարություն են։ Ժամանակը ցույց կտա, թե արժե՞ր արդյոք, դրանցով զբաղվել։ Ցուցադրումն ավարտված է։ Կարող եք հեռանալ, իմ պարոնայք։

Անցավ մի քանի օր։

Դրանք համապատասխանում են (մեր) ժամանակի երկարատև մի շրջանի, որովհետև երկնքում մի օրը հավասար է հազարամյակի։

Սատանան անչափ հիացած էր Արարչի մի քանի փայլուն հնարքներով, բայց այդ գովասանքների մեջ դժվար չէր նկատել հեգնանքը։ Նա այդ բանը գաղտնաբար արտահայտում էր իր հուսալի բարեկամների, մյուս հրեշտակապետերի մոտ, բայց շարքային հրեշտակներից ոմանք ականջ էին դրել նրանց խոսակցությանը և հաղորդել Վեր։

Իբրև պատիժ, նա մեկ օրով՝ երկնային օրով, արտաքսվեց երկնքից։ Նա արդեն վաղուց սովոր էր նման պատիժների, որոնց պատճառը նրա անչափ ճարտար լեզուն էր։ Առաջ նրան արտաքսում էին Տարածություն, քանի որ արտաքսման ուրիշ տեղեր չկային, և նա տխուր ճախրում էր այնտեղ՝ հավիտենական խավարի ու արկտիկական ցրտի մեջ։ Բայց հիմա նա որոշեց գտնել Երկիրը և տեսնել, թե ինչպես է առաջ գնում Մարդկության նկատմամբ կատարվող փորձը։ Մի որոշ ժամանակից հետո նա մասնավոր կարգով նամակ գրեց տուն՝ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերին, թե ինքը ինչ է տեսել Երկրում։