Վերջին թարմացում 14 Հունիսի 2016, 06:03
James_Joyce.jpg(205 × 245 փիքսել, նիշքի չափը՝ 7 ԿԲ, MIME-տեսակը՝ image/jpeg)
ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE)

Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907)

Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի

I.
Հողում, օդում՝ լարեր անտես –
Հնչում են մեղմ, ներդաշնակ –
Լարեր՝ գետում, այնտեղ ուր հեզ
Ուռիներն են գլխահակ։

Մեղեդի կա գետի ծոցին –
Սերն է այնտեղ մոլորվել,
Բաց ծաղիկներ իր թիկնոցին,
Մազերին մուգ տերևներ։

Նվագում են՝ համահնչուն,
Տրված ելևէջներին,
Անտես մատները դիպչում են
Աներևույթ լարերին։

II.
Վերջալույսը ամետիստից
Մուգ կապույտի է անցնում,
Լապտերը վառ մութ ծառուղին
Բաց կանաչով է լցնում։

Նվագն ուրախ դաշնակի հին
Հնչում է մեղմ ու կամաց –
Նա հակվել է ստեղներին՝
Գլուխը վար խոնարհած։

Երկչոտ մտքեր, խոհուն աչքեր,
Ձեռք, որ էջերն է բացում․․․
Վերջալուսը ամետիստից
Մուգ կապույտի է անցնում։

III.
Այն ժամին, երբ ողջ աշխարհն է քնած,
Ո՛վ դու միայնակ դիտորդ երկնքի,
Ականջալու՞ր ես դու հառաչանքին
Տավղի ու քամու, զուգերգին նրանց,
Մինչև այգաբաց։

Երբ ամենուրեք հանգչած են ու սուս,
Արդյո՞ք մեն-մենակ արթուն ես դու դեռ
Լսելու տավղի նվագը առ Սեր
Ու հետն էլ քամու երգը սիրահույզ
Ողջ գիշերն ի լույս։

Այն ժամին, երբ մութ երկնքի ֆոնին
Վառվում է Սիրո ճամփան լուսագես,
Նրբին մեղեդին լարերի անտես
Լցնում է օդը հույզով երկնային
Ու իջնում երկրին։

IV.
Երբ երկչոտ աստղն անցնի անդին –
Կուսավայել ու ամաչկոտ,
Լսի՛ր, այդ ուշ քնկոտ պահին
Մեկն երգում է դարպասիդ մոտ։
Երգը նրա – նուրբ ցողի պես,
Նա եկել է տեսնելու քեզ։

Մի ընկրկիր երկմտանքով
Երբ նա մթնից կանչում է հեզ,
Ո՛չ էլ խոկա, թե ու՞մ երգն է,
Որ դիպչում է սրտիդ այդպես։
Այդ ի՛մ երգն է՝ իմ սիրուհուն,
Այդ ե՛ս եմ քո ուշ այցելուն։

V.
Թեքվի՛ր դուրս նայիր,
Ա՛յ ոսկեմազիկ,
Լսեցի երգդ -
Զվարթ մի հովիկ։

Գիրքս գոցել եմ․
Ես էլ չեմ կարդում,
Կրակի պարն եմ
Հատակին դիտում։

Թողել եմ գիրքս,
Դուրս եկել տանից՝
Լսելով երգդ
Խավարի միջից։

Երգելով երգդ -
Զվարթ մի հովիկ-
Թեքվի՛ր դուրս նայիր
Ա՛յ ոսկեմազիկ։

VI.
Լինեի այն ծոցում տաքուկ
(Օ շքեղ է այն ու անբիծ)
Ուր չէր գտնի ինձ ոչ մի բուք։
Ասկետության թախծոտ ցրտից
Լինեի այն ծոցում տաքուկ։

Լինեի այն սրտում մի օր
(Մեղմ թակեի, որ ներս առնի)
Ուր գտնեի միայն անդորր։
Տրտմությունս էլ չի հառնի
Թե լինեմ այն սրտում մի օր։

VII.
Սերս թեթև նախշուն շորով
Այգու մեջ է խնձորի,
Ուր հովերը զվարթ ու զով
Վազվզում են խմբովի։

Որտեղ հովը սեր է մանում
Ջահել ու նուրբ թփերին,
Այնտեղ սերս ծանր է գնում
Խոնարհված իր ստվերին։

Իսկ ուր հողը ծիծաղում է
Երկնի մովով հմայված,
Այնտեղ սերս կաքավում է
Փեշը ձեռքով վեր պահած։

VIII.
Ո՞վ է կանաչ պուրակի մեջ՝
Գարնան նման, հարդարուն։
Ո՞վ է զվարթ պուրակի մեջ՝
Այն իրենով զարդարում։

Ո՞վ է քայլում շողերի մեջ
Այնպես թեթև, աղջկական։
Ո՞վ է պայծառ շողերի մեջ
Քայլում դեմքով կուսական։

Ծառուղիները պուրակի
Ոսկեփայլով են վառված –
Ու՞մ համար է այս պուրակը
Այսքան շքեղ զարդարված։

Օ՜հ, իհարկե իմ սիրուհու
Համար է այն պճնվել,
Ա՜խ, անուշիկ իմ սիրուհու,
Որ սիրուն է ու ջահել ։

IX.
Հե՛յ դուք, քամինե՛ր զվարթ մայիսի,
Որ պար եք բռնել ծովի երեսին,
Ալիքից ալիք կայթելով այդպես,
Ու վեր նետելով ճերմակ փրփրադեզ՝
Գծելով օդում արծաթե պսակ,
Իմ սիրեցյալին արդյոք չտեսա՞ք։
Ախ ցա՜վ էր, ցա՜վ էր,
Գարնան քամիներ,
Երբ Սերդ հեռու է, սիրտդ է ավեր։

XI.
Ասա՝ բարո՜վ մնաք, բարո՜վ
Քո կուսական վեհ օրերին։
Սերն է գալիս քեզ փնտրելով –
Վերջ աղջկական քո հովերին՝
Համարումիդ անբիծ կույսի,
Ու ծամկապին քո շեկ հյուսի։

Երբ քերովբեն շեփոր փչի
Եվ անունը լսես նրա
Մատաղ կուրծքդ, մի ամաչիր,
Նրա առաջ դու բաց արա
Եվ արձակիր ծամկապդ – այն
Նշանն էր քո անմեղության։

XVII.
Որովհետև քո ձայնն ինձ էր տրված
Դառնացրի մեկին,
Որովհետև իմ ձեռքի մեջ պահված
Քո ձեռքն էր կրկին։

Ոչ բառ կա ոչ էլ որևէ հնար
Ինչ որ բան ուղղել—
Օտար է հիմա ինձ համար նա ով
Ընկեր է եղել։

XVIII.
Անսա՛, սիրելի՛ս,
Խոսքին քո յարի –
Տխուր է կորուստն
Հին ընկերների։

Հասկացել է նա
Ընկերներին կեղծ
Ու հոգում հիմա
Մոխիր է ու եղծ։

Բայց դու գգվելով
Մոտեցիր նրան,
Սիրուդ թովչանքը
Թող իջնի վրան։

Երբ ձեռքը լինի
Կլոր կրծքիդ տակ,
Ամեն տխրություն
Շուտ կիջնի հատակն։

XXVIII.
Բարեկիրթ տիկի՛ն, մի՛ երգիր այդպես
Վաղանցիկ սիրո երգը թախծալի,
Թո՛ղ տխրությունդ, երգի՛ր, թե ինչպես
Անցնող սերը միշտ բավ է լիուլի։

Երգի՛ր, թե մեռած սիրահարների
Քունը երկար ու խորունկ է որքան,
Որ գերեզմանում սերը պիտ քնի,
Զի սերը հիմա հոգնած է այնքան։

XXXII.
Ամբողջ օրը անձրև տեղաց,
Արի՛ մեր թաց ծառուղին,
Մեր հուշերն են այնտեղ թաղված
Տերևների տակ դեղին։

Անցնենք ճամփով մեր հուշերի
Մինչ բաժանվելն առհավետ։
Արի՛, շանս տուր, իմ սիրելի,
Փորձեմ Խոսել սրտիդ հետ:

XXXIV.
Քնի՛ր, քնի՛ր, խոր քու՛ն մտիր,
Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։
Մի ձայն անվերջ “Դե, քու՛ն մտիր”
Աղերսում է իմ սրտում։

Դռնից այն կողմ բուքն է ձմռան
“Էլ ո՛չ մի քու՜ն” աղմկում։
Բայց դու քնի՛ր, բուքը ձմռան
Երբեք էլ աչք չի փակում։

Համբույրս առ ու քու՛ն մտիր,
Անդորր լինի քո սրտում –
Դե, խաղաղվի՛ր ու քու՛ն մտիր,
Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։

XXXVI.
Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի,
Քրտնած նժույգների դոփյունը երկնահաս,
Ու սև զրահ հագած գոռոզ հեծելակի
Մտրակների շառաչն ու սուլոցն եմ լսում։

Մարտակոչ են նետում նրանք գիշերին զով,
Քրքջում են անզուսպ խավարի մեջ, հեռվում,
Անուրջներս են կտրում կուրացուցիչ բոցով,
Որ զնդանի նման զնգում է իմ սրտում։

Գալիս են՝ անհամար, գիսակներով կանաչ,
Ճիչ ու բղավոցով դուրս են վազում ծովից...
Խոհեմ եղիր, սիրտ իմ, խելագարվե՞ս պիտի...
Սեր իմ, սեր իմ, սեր իմ, ինչու՞ լքեցիր ինձ։

Նիշքի պատմություն

Մատնահարեք օրվան/ժամին՝ նիշքի այդ պահին տեսքը դիտելու համար։

Օր/ԺամՄանրապատկերՕբյեկտի չափըՄասնակիցՄեկնաբանություն
ընթացիկ05:28, 14 Հունիսի 201605:28, 14 Հունիսի 2016 տարբերակի մանրապատկերը205 × 245 (7 ԿԲ)Մսբադալյան (Քննարկում | ներդրում)ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907) Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի I Հողում, օդում՝ լարեր անտես –...
  • Դուք չեք կարող վերագրել այս նիշքը։

Հետևյալ էջը հղվում է այս նիշքին՝