Վերջին թարմացում 4 Հուլիսի 2016, 15:18

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Դալլաքյան (անգլերէնից)
աղբյուր՝ «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում»


Նախաբան

Այս գրքի մեջ տարածվող կոպիտ օրենքներն ու սովորությունները պատմականորեն հավաստի են։ Պատմականորեն հավաստի են նաև դրանք լուսաբանելու համար օգտագործված դեպքերը։ Չենք պնդում, թե այդ օրենքներն ու սովորությունները գոյություն են ունեցել Անգլիայում ճիշտ վեցերորդ դարում, ոչ, պարզապես գտնում ենք, որ եթե դրանք գոյություն են ունեցել Անգլիայում և ուրիշ քաղաքակիրթ երկրներում շատ ավելի ուշ ժամանակներում, ապա, առանց զրպարտիչ կոչվելու վախի, կարելի է ենթադրել, որ վեցերորդ դարում նույնպես դրանք եղել են։ Բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ եթե նույնիսկ այստեղ նկարագրված այս կամ այն օրենքն ու սովորությունը գոյություն չի ունեցել այդ հեռավոր ժամանակներում, ապա դրան լիովին փոխարինե՞լ է մի ուրիշ էլ ավելի վատթարը։

Այն հարցը, թե իրոք գոյություն ունի՞ արդյոք թագավորների աստվածային իրավունք՝ այս գրքում չի քննարկվում։ Այդ հարցը շատ բարդ է ու խրթին։ Ակնհայտ է և անառարկելի, որ պետության գործադիր իշխանության գլուխ կանգնած մարդը պետք է վսեմ հոգու և երևելի ընդունակությունների տեր անձնավորություն լինի։ Նույնքան ակնհայտ է և անառարկելի, որ միայն նախախնամությունը կարող է անսխալ ընտրել այդպիսի մարդուն։ Այստեղից էլ, ակնհայտաբար ու անառարկելիորեն հետևում է, որ նման մարդու ընտրությունը միշտ էլ կատարում է նախախնամությունը, քանի որ այդ կետին է հանգեցնում անխուսափելի եզրակացությունը։ Գո՞ւցե այդպես էր թվում այս գրքի հեղինակին, մինչև որ նա երես առ երես չեկավ տիկին Պոմպադուրի, լեդի Քասլմենի և գործադիր իշխանության գլուխ կանգնած նման կարգի այլ ներկայացուցիչների հետ։ Սրանց այնքան դժվար էր վերը շարադրված կաղապարի մեջ առնելը, որ հեղինակը որոշեց այս գիրքը (որ պետք է լույս տեսնի աշնանը) նվիրել ուրիշ խնդիրների, իսկ հետո ավելի փորձ ձեռք բերել և հարցը լուծել առանձին գրքի մեջ։ Իսկ այդ հարցը, անշուշտ, այնպիսի մի թնճուկ է, որ պետք է անպատճառ լուծել․ և ձմռանն էլ, ի դեպ, ես ուրիշ անելիք չունեմ։

Մարկ Տվեն


Երկու խոսք լուսաբանման համար

Այդ տարօրինակ անծանոթին, որի մասին պատմելու եմ, ես հանդիպեցի Վարվիկ ամրոցում։ Նա գրավեց իմ ուշադրությունը իր երեք հատկանիշներով․ անկեղծ պարզությամբ, հինավուրց զենքի զարմանալի գիտակությամբ և այն բանով, որ նրա ներկայությամբ ես ինձ բոլորովին հանգիստ էի զգում, քանի որ միայն ինքն էր խոսում։ Որպես համեստ մարդիկ, մենք հայտնվեցինք ամրոցի սրահներով առաջացող մարդկային նախիրի ամենավերջում, և նա անմիջապես սկսեց վերին աստիճանի հետաքրքրական բաներ պատմել։ Խոսում էր մեղմ, հաճելի, սահուն և կարծես այս աշխարհից ու ժամանակից աննշմարելիորեն դուրս փոխադրվում, ընկնում մի հեռու֊հեռավոր ժամանակաշրջան, հին ու դարերի խորքում մոռացված երկիր։ Նա աստիճանաբար այնպես կախարդեց ինձ, որ աչքերիս առջև սկսեց թվալ, թե շուրջս վխտում են մոխրագույն, բորբոսնած ու փոշեծածկ հնության ուրվականներն ու ստվերները, և որ ես զրուցում են նրա մի մասունքի հետ։ Ճիշտ այնպես, ինչպես ես կխոսեի իմ անձնական բարեկամների, թշնամիների կամ մերձավոր հարևանների մասին, նա էլ խոսում էր սըր Բեդիվերի, սըր Քորս դը Գանիսի, սըր Լանսելոտ Լճացու, սըր Գալահադի ու Կլոր Սեղանի մյուս բոլոր մեծանուն ասպետների մասին, և որքա՜ն հին, հին, անասելիորեն հինավուրց, խունացած, չորացած, մգլոտ և հնամենի տեսք ուներ նա ինքը այդ պահին։ Հանկարծ նա դարձավ դեպի ինձ և այնպես պարզ ու հանգիստ, ինչպես մարդ կարող է խոսել եղանակի կամ էլ ուրիշ առօրյա բաների մասին, ասաց․

― Դուք, իհարկե, գիտեք, հոգիների փոխադրման մասին։ Բայց լսե՞լ եք արդյոք մարմինների փախադրման մասին մի ժամանակահատվածից մյուսը։

Պատասխանեցի, որ չեմ լսել։ Նա ոչ մի ուշադրություն չդարձրեց իմ պատասխանին, կարծես իրոք խոսքը եղանակի մասին լիներ։ Լռություն տիրեց, որն անմիջապես խախտեց վարձու ուղեկցողի ձանձրալի ձայնը․

― Հնամենի օղազրահ։ Վեցերորդ դար։ Արթուր թագավորի և Կլոր Սեղանի ժամանակաշրջան։ Ըստ ավանդության, պատկանել է սըր Սագրամոր Ցանկալի ասպետին։ Ուշադրություն դարձրեք կրծքի ձախ կողմի հանգույցների միջի կլոր ծակին։ Դրա ծագումը անհայտ է։ Ենթադրում են, որ օղազրահը ծակված է եղել փամփուշտով՝ հրազենի գյուտից հետո։ Հնարավոր է, որ Կրոմվելի զինվորներից մեկն է կատակով կրակել։

Իմ անծանոթը ժպտաց (տարօրինակ էր այդ ժպիտը, երևի մարդիկ շատ ու շատ դարեր առաջ են դադարել այդպես ժպտալուց) և քթի տակ մրթմրթաց․

― Ի՜նչ էլ խելոքն է։ Ե՛ս հո գիտեմ, թե ինչպես է ծակվել։ ― Ապա, քիչ հետո ավելացրեց։ ― Ինքս եմ արել։

Շշմեցի կայծակնահար եղածի նման և մինչ ուշքի կգայի, նա այլևս չկար։

Ամբողջ երեկոն անցկացրի Վարվիկ֊Արմսում կրակարանի մոտ նստած և հինավուրց ժամանակների մասին երազների մեջ ընկղմված։ Անձրևը անխնա ծեծում էր պատուհանս և քամին ոռնում էր դրսում։ Երբեմն֊երբեմն թերթում էի սըր Թոմաս Մելորիի հրաշափառ պատմություններով ու արկածներով լեցուն հինավուրց սքանչելի գիրքը և նորից ընկնում երազների աշխարհը։ Արդեն կեսգիշեր էր, երբ քնելուց առաջ մի պատմություն էլ կարդացի այն մասին․


Թե ինչպես սըր Լանսելոտը երկու հսկա սպանեց և ամրոցը ազատեց

«․․․Հանկարծ նրա առջև հայտնվեցին երկու վիթխարի հսկաներ, մինչև գլուխը երկաթե զրահների մեջ և ձեռքներին սոսկալի դագանակներ բռնած։ Սըր Լանսելոտը վահանը առաջ պարզեց և վանեց հսկաներից մեկի հարվածը և իր սրով մեջտեղից կիսեց նրա գլուխը։ Երբ մյուսը տեսավ այդ, գլխապատառ փախավ, վախենալով ահարկու հարվածներից, իսկ սըր Լանսելոտը ետևից ընկավ որքան ոտքերում ուժ ուներ, սուրը իջեցրեց նրա ուսին և ճիշտ երկու կես արեց։ Ապա սըր Լանսելոտը սրահ մտավ, և նրան ընդառաջ եկան երեք անգամ տասներկու տիկիններ ու օրիորդներ, և բոլորը ծունկի իջան նրա առջև ու գոհություն հայտնեցին աստծուն և նրան՝ իրենց ազատագրության համար։ «Քանզի սըր, ― ասացին նրանք, ― ահա յոթ տարի է, ինչ մենք գերված ենք այստեղ և մեր սննդի համար մետաքսյա ձեռագործներ ենք անում, մինչդեռ բոլորս էլ ազնվազարմ ծագում ունենք, և թող օրհնված լինի այն ժամը, սըր, ասպետ, երբ դու ծնվեցիր, քանզի դու աշխարհի բոլոր ասպետներից շատ ավելի ես արժանի փառաբանության, և մենք բոլորս աղաչում ենք, շնորհիր մեզ քո անունը, որպեսզի պատմենք մեր բարեկամներին, թե ով է մեզ ազատողը»։ «Գեղեցկատես օրիորդներ, ― ասաց նա, ― իմ անունը սըր Լանսելոտ Լճացի է»։ Ապա նա բաժանվեց օրիորդներից և հանձնեց նրանց աստծուն։ Եվ նա հեծավ իր նժույգը և քշեց անցավ շատ զարմանահրաշ ու վայրի երկրներով, շատ ջրերով ու հովիտներով, բայց ոչ մի տեղ իրեն վայել ընդունելություն չգտավ։ Եվ, վերջապես, մի երեկո, պատահեց, որ նա մի գեղեցիկ դաստակերտի հասավ, և այնտեղ հանդիպեց մի ազնվազարմ պառավ տիկնոջ, որը նրան վայել ընդունելություն ցույց տվեց և հոգ տարավ նրա և ձիու մասին։ Եվ երբ պահը եկավ, հյուրընկալ տիկինը առաջնորդեց նրան դարպասների վրա գտնվող գեղեցիկ աշտարակը, որտեղ նրան հարմարավետ մահիճ էր սպասում։ Այդտեղ սըր Լանսելոտը հանեց իր զրահները, զենքը դրեց կողքին, անկողին մտավ և անմիջապես ընկղմվեց քնի մեջ։ Եվ ահա շուտով մի հեծյալ ժամանեց և սկսեց փութով թակել դարպասը։ Իսկ սըր Լանսելոտը աղմուկը լսելով, վեր կացավ, դուրս նայեց պատուհանից և լուսնի լույսով տեսավ երեք ասպետների, որոնք նժույգները խթանած շտապում էին առաջինի ետևից և միանգամից սրերը մերկացրած հարձակվեցին նրա վրա, իսկ առաջինը դեմքը դարձրեց դեպի նրանց և ասպետորեն սկսեց պաշտպանվել։ «Ճշմարիտ աստված, ― ասաց սըր Լանսելոտը, ― ես պետք է օգնեմ ասպետին, քանզի վայել չէ ինձ դիտել, թե ինչպես են երեքը մեկի վրա հարձակվում, և եթե ասպետը սպանվի, ես մեղսակից կլինեմ նրա սպանության մեջ»։ Եվ նա հագավ զրահները, սավանով պատուհանից ցած իջավ չորս ասպետների մոտ և բարձրաձայն ասաց․ «Դարձեք դեպի ինձ, ասպետներ, և թողեք ձեր մարտը այդ ասպետի հետ»։ Անմիջապես նրանք թողեցին սըր Քեյին և դարձան Լանսելոտի դեմ, և մեծ մարտ ծայր առավ, քանզի ասպետները ցած իջան նժույգներից և սկսեցին հարվածներ տեղալ բոլոր կողմերից։ Այդ ժամանակ սըր Քեյը առաջ եկավ օգնելու համար սըր Լանսելոտին։ «Ոչ, սըր, ― ասաց վերջինս, ― ես կարիք չունեմ ձեր օգնության, դուք կարող եք օգնել այն բանով, որ մենակ թողնեք ինձ սրանց դեմ»։ Սըր Քեյը ասպետին հաճույք պատճառած լինելու համար, ստիպեց իրեն կատարելու նրա կամքը և մի կողմ կանգնեց։ Եվ ապա սըր Լանսելոտը վեց հարվածներով նրանց գետին գլորեց։

Այդ ժամանակ բոլոր երեքը աղաչեցին․ «Սըր ասպետ, մենք անձնատուր ենք լինում քեզ, քանզի զորությամբ քեզ հավասար ասպետ չկա»։ «Ես չեմ ընդունում ձեր անձնատվությունը, ― ասաց սըր Լանսելոտը։ ― Բայց եթե դուք անձնատուր լինեք սըր Քեյ Մատակարարին, ես կշնորհեմ ձեզ ձեր կյանքը»։ «Ազնվափայլ ասպետ, ― ասացին նրանք, չենք ուզում պատվազուրկ լինել, քանզի մենք սըր Քեյին հետապնդում էինք մինչև այս դարպասները և կհաղթեինք նրան, եթե դու չլինեիր, այլևս ինչո՞ւ նրան անձնատուր լինենք»։ «Ինչպես ուզում եք, ― ասաց սըր Լանսելոտը։ ― Դուք կարող ենք ընտրել մահը կամ կյանքը, իսկ անձնատուր լինել կարող եք միայն սըր Քեյին»։ «Ազնվափայլ ասպետ, ― պատասխանեցին նրան այդ ժամանակ, ― մեր կյանքը փրկելու համար կանենք այնպես, ինչպես դու հրամայում ես»։ «Այդ դեպքում, ― ասաց սըր Լանսելոտը, ― առաջիկա Հոգեգալուստի օրը, դուք պետք է ներկայանաք Արթուր թագավորի արքունիք և ձեր կյանքը հանձնեք Գինեվըր թագուհու ձեռքը, նրա գթությունը ու նրա ողորմածությունը հայցեք և ասեք, որ ձեզ իր մոտ է ճամփել սըր Քեյը, հրամայելով դառնալ թագուհու գերիները»։ Առավոտյան սըր Լանսելոտը արթնացավ շատ վաղ, իսկ սըր Քեյը դեռ քնած էր, և սըր Լանսելոտը հագավ սըր Քեյի զրահները, վերցրեց նրա վահանը և զենքը, գնաց գոմ, հեծավ նրա նժույգը և, հրաժեշտ տալով հյուրընկալ տիկնոջը, մեկնեց։ Շուտով արթնացավ սըր Քեյը և տեսավ, որ սըր Լանսելոտը մենել է, և հետո նկատեց, որ սըր Լանսելոտը տարել է իր զենքը և նժույգը։ «Երդվում եմ, որ Արթուր թագավորի ասպետներից շատերը փորձանքի պիտի գան, քանզի, խաբվելով իմ զրահներից, քաջաբար պիտի հարձակվեն սըր Լանսելոտի վրա, նրան իմ տեղն ընդունելով։ Իսկ ես նրա զրահները հագնելով և նրա վահանի պաշտպանությամբ, անվտանգ տեղ կհասնեմ»։ Եվ, հրաժեշտ առնելով հյուրընկալ տիկնոջից, սըր Քեյը ճանապարհ ընկավ․․․»։


Նոր էի գիրքը մի կողմ դրել, երբ դուռը թակեցին, ու ներս մտավ իմ օտարականը։ Ես նրան ծխամորճ ու աթոռ առաջարկեցի և ընդունեցի շատ սիրալիր։ Մի գավաթ տաք շոտլանդական վիսկի հրամցրի, ապա մի ուրիշը, նորից մի գավաթ էլ, հույս ունենալով լսելու նրա պատմությունը։ Չորրորդ գավաթից հետո նա ինքը խոսք սկսեց, պարզ ու բնական եղանակով։


Օտարականի պատմածը

Ես ամերիկացի եմ։ Ծնվել և մեծացել եմ Հարթֆորդում, Կոնեկտիկուտ նահանգում, անմիջապես գետից այն կողմ, արվարձանում։ Այնպես որ ես յանկի եմ, յանկիներից սերված, և ինչպես վայել է իսկական յանկիին, գործնական մարդ եմ, հեռու ամեն տեսակի զգացակացությունից, այլ խոսքով ասած՝ պոեզիայից։ Հայրս դարբին է եղել, հորեղբայրս՝ անասնաբույժ, իսկ ես սկզբում և՛ դարբին էի, և՛ անասնաբույժ։ Հետո մտա մի մեծ զինագործարան և ուսումնասիրեցի իմ իսկական արհեստը, տիրապետեցի կատարելապես, սովորեցի պատրաստել ամեն ինչ՝ հրացաններ, ատրճանակներ, հրանոթներ, շոգեկաթսաներ, շոգեքարշեր, ձեռքի աշխատանքին փոխարինող ամեն տեսակ մեքենաներ։ Եվ կարողանում էի պատրաստել աշխարհիս երեսին ամեն ինչ և, եթե գոյություն չունենար անհրաժեշտ իրը արագ պատրաստելու նորագույն եղանակը, ինքս էի հնարում այն և անում նույնքան հեշտ ու հանգիստ, ինչպես կոճղ գլորելը։ Վերջ ի վերջո ինձ ավագ վարպետ կարգեցին․ ձեռքիս տակ մի երկու հազար մարդ էր աշխատում։

Էհ, ինքնին հասկանալի է, որ նման պաշտոնի տեր անձը մարտական մարդ պետք է լինի։ Եթե ձեռքիդ տակ երկու հազար կոշտ ու կոպիտ ստահակ կա, ապա, անշուշտ, զվարճալիքներն անպակաս են լինում։ Իմ գլխից որ, գոնե, անպակաս էին։ Մի խոսքով բանն այնտեղ հասավ, որ ես էլ ստացա իմ հասանելիքը։ Թյուրիմացություն պատահեց իմ և մի աժդահայի միջև, որին մենք Հերկուլես էինք կոչում։ Նա այնպես հասցրեց գլխիս, որ գանգս ճարճատեց, կարերը տեղից ելան ու իրար խառնվեցին։ Աշխարհը մթնեց, ու ես երկար ժամանակ ոչինչ չէի գիտակցում և չէի զգում։

Երբ նորից ուշքի եկա, նստած էի մի կաղնու տակ, խոտերի վրա, հոյակապ ու գեղատեսիլ բնության գրկում, մենակ։ Բայց ոչ բոլորովին մենակ։ Քիչ հետո, ձիու վրա մի կտրիճ էր լեռնացել ու աչքերը վերից վար տնկել վրաս, մի կտրիճ, որ ասես հենց նոր էր իջել պատկերազարդ գրքի էջից։ Նա ոտքից գլուխ ծածկված էր հնօրյա զրահով, գլուխը երկայնակի ճեղքերով երկաթյա տակառ հիշեցնող սաղավարտի մեջ էր, ձեռքին բռնել էր վահան, սուր և երկար նիզակ։ Երկաթյա զրահ էր կրում նաև ձին, որի ճակատին պողպատե եղջյուր էր ցցված, և շքեղ, կարմրականաչ մետաքսյա սթարը վերմակի նման կախ էր ընկած մինչև գետին։

― Ազնվափայլ սըր, դուք պատրա՞ստ եք, ― ասաց այս կտրիճը։

― Ի՞նչ։

― Պատրա՞ստ եք ինձ հետ մարտնչելու հանուն կալվածքի, հանուն տիկնոջ կամ հանուն․․․

― Ի՞նչ եք ոզում ինձնից, ― ասացի ես։ ― Կորեք ձեր կրկեսը, այլապես ոստիկանությանը կհայտնեմ։

Իսկ ձեր կարծիքով, ի՞նչ արեց նա։ Մի երկու հարյուր յարդ ետ գնաց ու ձին թափով քշեց ինձ վրա, իր երկաթյա տակառը կռացրած մինչև ձիու վիզը, երկար նիզակը առաջ պարզած։ Տեսա, որ կատակ չի անում, և մինչ նա քառատրոփ ինձ կհասներ, ես արդեն ծառի վրա էի։

Նա հայտարարեց, որ իր սեփականությունն եմ, իր նիզակի գերին։ Նրա փաստարկները համոզիչ էին, առավելագույնը մեծապես իր կողմն էր, այնպես որ վճռեցի չառարկել։ Պայման կապեցինք, ըստ որի ես պետք է գնայի նրա հետ, իսկ նա պետք է ձեռք չտար ինձ։ Իջա ծառից, և մենք ճանապարհ ընկանք, ես քայլում էի նրա ձիու կողքից։ Առաջ էինք գնում անշտապ, անցնում դաշտեր և գետակներ, և ես անչափ զարմանում էի, որ նախկինում երբեք այդ դաշտերն ու գետակները չէի տեսել։ Շուրջս էի նայում, աչք ածում, բայց այդպես էլ որևէ կրկես կամ նույնիսկ կրկեսի նշաններ չտեսա։ Այնպես որ հրաժարվեցի կրկեսի գաղափարից և եզրակացրի, որ նա հիմարանոցից է փախել։ Բայց ճանապարհին ոչ մի տեղ հիմարանոց էլ չհանդիպեց և պատկերացրեք, թե ինչ ապուշային վիճակի մեջ ընկա։ Ես հարցրի նրան, թե դեռ որքա՞ն հեռու ենք Հարթֆորդից։ Նա պատասխանեց, որ երբեք նման անուն չի լսել։ Մտքումս որոշեցի, որ ստում է, բայց առարկելու հարկ չկար։ Մի ժամ քայլելուց հետո, վերջապես հեռվում քաղաք երևաց։ Այն փռված էր ոլորապտույտ գետի ափին, հովտի մեջ, իսկ քաղաքից վեր, բլուրի վրա բազմել էր մի հին ամրոց՝ աշտարակներով ու բուրգերով։ Նման ամրոց ես միայն գրքերի մեջ էի տեսել։

― Բրի՞ջպորտ, ― հարցրի ես, մատս տնկելով։

― Քամելոտ, ― պատասխանեց նա։

Իմ օտարականը քնելու նշաններ էր ցույց տալիս։ Նա մի քանի անգամ դանթեց, ժպտաց իրեն հատուկ հուզիչ հնօրյա ժպիտով և ասաց․

― Ես, կարծես, այլևս պատմել չեմ կարող, բայց եկեք ինձ հետ, ես այդ ամենը գրի եմ առել և դուք կարող եք կարդալ, եթե ցանկություն ունեք։

Արդեն իր սենյակում, նա ասաց․

― Սկզբում օրագիր էի պահում, հետագայում, տարիներ անց, օրագիրը գրքի վերածեցի։ Օ՜, որքան վաղուց է այդ եղել։

Նա ինձ հանձնեց ձեռագիրը և մատնացույց արեց այն տեղը, որտեղից պետք է սկսեի կարդալ։

― Սկսեցեք այստեղից, սրանից առաջ պատահածը ես արդեն պատմել եմ ձեզ։

Նա արդեն համարյա մրափում էր։ Դռներից դուրս գալիս ականջիս հասավ նրա մեղմ քնկոտ շշնջյունը․

― Բարի գիշեր, ազնվափայլ սըր։

Նստեցի կրակարանիս առջև և սկսեցի դիտել իմ գանձը։ Նրա առաջին և ամենամեծ մասը դարերի ընթացքում դեղնած մագաղաթ էր։ Ուշադրությամբ զննեցի մի թերթը և համոզվեցի, որ դա կրկնագիր մագաղաթ էր։ Պատմագիր յանկիի գրչին պատկանող դժվարընթեռնելի խունացած տողերի տակից, հազիվ նշմարվում էին ավելի հին, խունացած, էլ ավելի անընթեռնելի տողերի հետքերը՝ լատիներեն բառեր ու դարձվածքներ, որ հավանաբար հնամենի կրոնական առասպելներից մնացած պատառիկներ էին։ Ես վերադարձա օտարականի նշած տեղին և սկսեցի կարդալ․․․ ահա թե ինչ․