Վերջին թարմացում 7 Հուլիսի 2016, 19:33

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Դալլաքյան (անգլերէնից)
աղբյուր՝ «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում»


Նախաբան

Այս գրքի մեջ տարածվող կոպիտ օրենքներն ու սովորությունները պատմականորեն հավաստի են։ Պատմականորեն հավաստի են նաև դրանք լուսաբանելու համար օգտագործված դեպքերը։ Չենք պնդում, թե այդ օրենքներն ու սովորությունները գոյություն են ունեցել Անգլիայում ճիշտ վեցերորդ դարում, ոչ, պարզապես գտնում ենք, որ եթե դրանք գոյություն են ունեցել Անգլիայում և ուրիշ քաղաքակիրթ երկրներում շատ ավելի ուշ ժամանակներում, ապա, առանց զրպարտիչ կոչվելու վախի, կարելի է ենթադրել, որ վեցերորդ դարում նույնպես դրանք եղել են։ Բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ եթե նույնիսկ այստեղ նկարագրված այս կամ այն օրենքն ու սովորությունը գոյություն չի ունեցել այդ հեռավոր ժամանակներում, ապա դրան լիովին փոխարինե՞լ է մի ուրիշ էլ ավելի վատթարը։

Այն հարցը, թե իրոք գոյություն ունի՞ արդյոք թագավորների աստվածային իրավունք՝ այս գրքում չի քննարկվում։ Այդ հարցը շատ բարդ է ու խրթին։ Ակնհայտ է և անառարկելի, որ պետության գործադիր իշխանության գլուխ կանգնած մարդը պետք է վսեմ հոգու և երևելի ընդունակությունների տեր անձնավորություն լինի։ Նույնքան ակնհայտ է և անառարկելի, որ միայն նախախնամությունը կարող է անսխալ ընտրել այդպիսի մարդուն։ Այստեղից էլ, ակնհայտաբար ու անառարկելիորեն հետևում է, որ նման մարդու ընտրությունը միշտ էլ կատարում է նախախնամությունը, քանի որ այդ կետին է հանգեցնում անխուսափելի եզրակացությունը։ Գո՞ւցե այդպես էր թվում այս գրքի հեղինակին, մինչև որ նա երես առ երես չեկավ տիկին Պոմպադուրի, լեդի Քասլմենի և գործադիր իշխանության գլուխ կանգնած նման կարգի այլ ներկայացուցիչների հետ։ Սրանց այնքան դժվար էր վերը շարադրված կաղապարի մեջ առնելը, որ հեղինակը որոշեց այս գիրքը (որ պետք է լույս տեսնի աշնանը) նվիրել ուրիշ խնդիրների, իսկ հետո ավելի փորձ ձեռք բերել և հարցը լուծել առանձին գրքի մեջ։ Իսկ այդ հարցը, անշուշտ, այնպիսի մի թնճուկ է, որ պետք է անպատճառ լուծել․ և ձմռանն էլ, ի դեպ, ես ուրիշ անելիք չունեմ։

Մարկ Տվեն


Երկու խոսք լուսաբանման համար

Այդ տարօրինակ անծանոթին, որի մասին պատմելու եմ, ես հանդիպեցի Վարվիկ ամրոցում։ Նա գրավեց իմ ուշադրությունը իր երեք հատկանիշներով․ անկեղծ պարզությամբ, հինավուրց զենքի զարմանալի գիտակությամբ և այն բանով, որ նրա ներկայությամբ ես ինձ բոլորովին հանգիստ էի զգում, քանի որ միայն ինքն էր խոսում։ Որպես համեստ մարդիկ, մենք հայտնվեցինք ամրոցի սրահներով առաջացող մարդկային նախիրի ամենավերջում, և նա անմիջապես սկսեց վերին աստիճանի հետաքրքրական բաներ պատմել։ Խոսում էր մեղմ, հաճելի, սահուն և կարծես այս աշխարհից ու ժամանակից աննշմարելիորեն դուրս փոխադրվում, ընկնում մի հեռու֊հեռավոր ժամանակաշրջան, հին ու դարերի խորքում մոռացված երկիր։ Նա աստիճանաբար այնպես կախարդեց ինձ, որ աչքերիս առջև սկսեց թվալ, թե շուրջս վխտում են մոխրագույն, բորբոսնած ու փոշեծածկ հնության ուրվականներն ու ստվերները, և որ ես զրուցում են նրա մի մասունքի հետ։ Ճիշտ այնպես, ինչպես ես կխոսեի իմ անձնական բարեկամների, թշնամիների կամ մերձավոր հարևանների մասին, նա էլ խոսում էր սըր Բեդիվերի, սըր Քորս դը Գանիսի, սըր Լանսելոտ Լճացու, սըր Գալահադի ու Կլոր Սեղանի մյուս բոլոր մեծանուն ասպետների մասին, և որքա՜ն հին, հին, անասելիորեն հինավուրց, խունացած, չորացած, մգլոտ և հնամենի տեսք ուներ նա ինքը այդ պահին։ Հանկարծ նա դարձավ դեպի ինձ և այնպես պարզ ու հանգիստ, ինչպես մարդ կարող է խոսել եղանակի կամ էլ ուրիշ առօրյա բաների մասին, ասաց․

― Դուք, իհարկե, գիտեք, հոգիների փոխադրման մասին։ Բայց լսե՞լ եք արդյոք մարմինների փախադրման մասին մի ժամանակահատվածից մյուսը։

Պատասխանեցի, որ չեմ լսել։ Նա ոչ մի ուշադրություն չդարձրեց իմ պատասխանին, կարծես իրոք խոսքը եղանակի մասին լիներ։ Լռություն տիրեց, որն անմիջապես խախտեց վարձու ուղեկցողի ձանձրալի ձայնը․

― Հնամենի օղազրահ։ Վեցերորդ դար։ Արթուր թագավորի և Կլոր Սեղանի ժամանակաշրջան։ Ըստ ավանդության, պատկանել է սըր Սագրամոր Ցանկալի ասպետին։ Ուշադրություն դարձրեք կրծքի ձախ կողմի հանգույցների միջի կլոր ծակին։ Դրա ծագումը անհայտ է։ Ենթադրում են, որ օղազրահը ծակված է եղել փամփուշտով՝ հրազենի գյուտից հետո։ Հնարավոր է, որ Կրոմվելի զինվորներից մեկն է կատակով կրակել։

Իմ անծանոթը ժպտաց (տարօրինակ էր այդ ժպիտը, երևի մարդիկ շատ ու շատ դարեր առաջ են դադարել այդպես ժպտալուց) և քթի տակ մրթմրթաց․

― Ի՜նչ էլ խելոքն է։ Ե՛ս հո գիտեմ, թե ինչպես է ծակվել։ ― Ապա, քիչ հետո ավելացրեց։ ― Ինքս եմ արել։

Շշմեցի կայծակնահար եղածի նման և մինչ ուշքի կգայի, նա այլևս չկար։

Ամբողջ երեկոն անցկացրի Վարվիկ֊Արմսում կրակարանի մոտ նստած և հինավուրց ժամանակների մասին երազների մեջ ընկղմված։ Անձրևը անխնա ծեծում էր պատուհանս և քամին ոռնում էր դրսում։ Երբեմն֊երբեմն թերթում էի սըր Թոմաս Մելորիի հրաշափառ պատմություններով ու արկածներով լեցուն հինավուրց սքանչելի գիրքը և նորից ընկնում երազների աշխարհը։ Արդեն կեսգիշեր էր, երբ քնելուց առաջ մի պատմություն էլ կարդացի այն մասին․


Թե ինչպես սըր Լանսելոտը երկու հսկա սպանեց և ամրոցը ազատեց

«․․․Հանկարծ նրա առջև հայտնվեցին երկու վիթխարի հսկաներ, մինչև գլուխը երկաթե զրահների մեջ և ձեռքներին սոսկալի դագանակներ բռնած։ Սըր Լանսելոտը վահանը առաջ պարզեց և վանեց հսկաներից մեկի հարվածը և իր սրով մեջտեղից կիսեց նրա գլուխը։ Երբ մյուսը տեսավ այդ, գլխապատառ փախավ, վախենալով ահարկու հարվածներից, իսկ սըր Լանսելոտը ետևից ընկավ որքան ոտքերում ուժ ուներ, սուրը իջեցրեց նրա ուսին և ճիշտ երկու կես արեց։ Ապա սըր Լանսելոտը սրահ մտավ, և նրան ընդառաջ եկան երեք անգամ տասներկու տիկիններ ու օրիորդներ, և բոլորը ծունկի իջան նրա առջև ու գոհություն հայտնեցին աստծուն և նրան՝ իրենց ազատագրության համար։ «Քանզի սըր, ― ասացին նրանք, ― ահա յոթ տարի է, ինչ մենք գերված ենք այստեղ և մեր սննդի համար մետաքսյա ձեռագործներ ենք անում, մինչդեռ բոլորս էլ ազնվազարմ ծագում ունենք, և թող օրհնված լինի այն ժամը, սըր, ասպետ, երբ դու ծնվեցիր, քանզի դու աշխարհի բոլոր ասպետներից շատ ավելի ես արժանի փառաբանության, և մենք բոլորս աղաչում ենք, շնորհիր մեզ քո անունը, որպեսզի պատմենք մեր բարեկամներին, թե ով է մեզ ազատողը»։ «Գեղեցկատես օրիորդներ, ― ասաց նա, ― իմ անունը սըր Լանսելոտ Լճացի է»։ Ապա նա բաժանվեց օրիորդներից և հանձնեց նրանց աստծուն։ Եվ նա հեծավ իր նժույգը և քշեց անցավ շատ զարմանահրաշ ու վայրի երկրներով, շատ ջրերով ու հովիտներով, բայց ոչ մի տեղ իրեն վայել ընդունելություն չգտավ։ Եվ, վերջապես, մի երեկո, պատահեց, որ նա մի գեղեցիկ դաստակերտի հասավ, և այնտեղ հանդիպեց մի ազնվազարմ պառավ տիկնոջ, որը նրան վայել ընդունելություն ցույց տվեց և հոգ տարավ նրա և ձիու մասին։ Եվ երբ պահը եկավ, հյուրընկալ տիկինը առաջնորդեց նրան դարպասների վրա գտնվող գեղեցիկ աշտարակը, որտեղ նրան հարմարավետ մահիճ էր սպասում։ Այդտեղ սըր Լանսելոտը հանեց իր զրահները, զենքը դրեց կողքին, անկողին մտավ և անմիջապես ընկղմվեց քնի մեջ։ Եվ ահա շուտով մի հեծյալ ժամանեց և սկսեց փութով թակել դարպասը։ Իսկ սըր Լանսելոտը աղմուկը լսելով, վեր կացավ, դուրս նայեց պատուհանից և լուսնի լույսով տեսավ երեք ասպետների, որոնք նժույգները խթանած շտապում էին առաջինի ետևից և միանգամից սրերը մերկացրած հարձակվեցին նրա վրա, իսկ առաջինը դեմքը դարձրեց դեպի նրանց և ասպետորեն սկսեց պաշտպանվել։ «Ճշմարիտ աստված, ― ասաց սըր Լանսելոտը, ― ես պետք է օգնեմ ասպետին, քանզի վայել չէ ինձ դիտել, թե ինչպես են երեքը մեկի վրա հարձակվում, և եթե ասպետը սպանվի, ես մեղսակից կլինեմ նրա սպանության մեջ»։ Եվ նա հագավ զրահները, սավանով պատուհանից ցած իջավ չորս ասպետների մոտ և բարձրաձայն ասաց․ «Դարձեք դեպի ինձ, ասպետներ, և թողեք ձեր մարտը այդ ասպետի հետ»։ Անմիջապես նրանք թողեցին սըր Քեյին և դարձան Լանսելոտի դեմ, և մեծ մարտ ծայր առավ, քանզի ասպետները ցած իջան նժույգներից և սկսեցին հարվածներ տեղալ բոլոր կողմերից։ Այդ ժամանակ սըր Քեյը առաջ եկավ օգնելու համար սըր Լանսելոտին։ «Ոչ, սըր, ― ասաց վերջինս, ― ես կարիք չունեմ ձեր օգնության, դուք կարող եք օգնել այն բանով, որ մենակ թողնեք ինձ սրանց դեմ»։ Սըր Քեյը ասպետին հաճույք պատճառած լինելու համար, ստիպեց իրեն կատարելու նրա կամքը և մի կողմ կանգնեց։ Եվ ապա սըր Լանսելոտը վեց հարվածներով նրանց գետին գլորեց։

Այդ ժամանակ բոլոր երեքը աղաչեցին․ «Սըր ասպետ, մենք անձնատուր ենք լինում քեզ, քանզի զորությամբ քեզ հավասար ասպետ չկա»։ «Ես չեմ ընդունում ձեր անձնատվությունը, ― ասաց սըր Լանսելոտը։ ― Բայց եթե դուք անձնատուր լինեք սըր Քեյ Մատակարարին, ես կշնորհեմ ձեզ ձեր կյանքը»։ «Ազնվափայլ ասպետ, ― ասացին նրանք, չենք ուզում պատվազուրկ լինել, քանզի մենք սըր Քեյին հետապնդում էինք մինչև այս դարպասները և կհաղթեինք նրան, եթե դու չլինեիր, այլևս ինչո՞ւ նրան անձնատուր լինենք»։ «Ինչպես ուզում եք, ― ասաց սըր Լանսելոտը։ ― Դուք կարող ենք ընտրել մահը կամ կյանքը, իսկ անձնատուր լինել կարող եք միայն սըր Քեյին»։ «Ազնվափայլ ասպետ, ― պատասխանեցին նրան այդ ժամանակ, ― մեր կյանքը փրկելու համար կանենք այնպես, ինչպես դու հրամայում ես»։ «Այդ դեպքում, ― ասաց սըր Լանսելոտը, ― առաջիկա Հոգեգալուստի օրը, դուք պետք է ներկայանաք Արթուր թագավորի արքունիք և ձեր կյանքը հանձնեք Գինեվըր թագուհու ձեռքը, նրա գթությունը ու նրա ողորմածությունը հայցեք և ասեք, որ ձեզ իր մոտ է ճամփել սըր Քեյը, հրամայելով դառնալ թագուհու գերիները»։ Առավոտյան սըր Լանսելոտը արթնացավ շատ վաղ, իսկ սըր Քեյը դեռ քնած էր, և սըր Լանսելոտը հագավ սըր Քեյի զրահները, վերցրեց նրա վահանը և զենքը, գնաց գոմ, հեծավ նրա նժույգը և, հրաժեշտ տալով հյուրընկալ տիկնոջը, մեկնեց։ Շուտով արթնացավ սըր Քեյը և տեսավ, որ սըր Լանսելոտը մենել է, և հետո նկատեց, որ սըր Լանսելոտը տարել է իր զենքը և նժույգը։ «Երդվում եմ, որ Արթուր թագավորի ասպետներից շատերը փորձանքի պիտի գան, քանզի, խաբվելով իմ զրահներից, քաջաբար պիտի հարձակվեն սըր Լանսելոտի վրա, նրան իմ տեղն ընդունելով։ Իսկ ես նրա զրահները հագնելով և նրա վահանի պաշտպանությամբ, անվտանգ տեղ կհասնեմ»։ Եվ, հրաժեշտ առնելով հյուրընկալ տիկնոջից, սըր Քեյը ճանապարհ ընկավ․․․»։


Նոր էի գիրքը մի կողմ դրել, երբ դուռը թակեցին, ու ներս մտավ իմ օտարականը։ Ես նրան ծխամորճ ու աթոռ առաջարկեցի և ընդունեցի շատ սիրալիր։ Մի գավաթ տաք շոտլանդական վիսկի հրամցրի, ապա մի ուրիշը, նորից մի գավաթ էլ, հույս ունենալով լսելու նրա պատմությունը։ Չորրորդ գավաթից հետո նա ինքը խոսք սկսեց, պարզ ու բնական եղանակով։


Օտարականի պատմածը

Ես ամերիկացի եմ։ Ծնվել և մեծացել եմ Հարթֆորդում, Կոնեկտիկուտ նահանգում, անմիջապես գետից այն կողմ, արվարձանում։ Այնպես որ ես յանկի եմ, յանկիներից սերված, և ինչպես վայել է իսկական յանկիին, գործնական մարդ եմ, հեռու ամեն տեսակի զգացակացությունից, այլ խոսքով ասած՝ պոեզիայից։ Հայրս դարբին է եղել, հորեղբայրս՝ անասնաբույժ, իսկ ես սկզբում և՛ դարբին էի, և՛ անասնաբույժ։ Հետո մտա մի մեծ զինագործարան և ուսումնասիրեցի իմ իսկական արհեստը, տիրապետեցի կատարելապես, սովորեցի պատրաստել ամեն ինչ՝ հրացաններ, ատրճանակներ, հրանոթներ, շոգեկաթսաներ, շոգեքարշեր, ձեռքի աշխատանքին փոխարինող ամեն տեսակ մեքենաներ։ Եվ կարողանում էի պատրաստել աշխարհիս երեսին ամեն ինչ և, եթե գոյություն չունենար անհրաժեշտ իրը արագ պատրաստելու նորագույն եղանակը, ինքս էի հնարում այն և անում նույնքան հեշտ ու հանգիստ, ինչպես կոճղ գլորելը։ Վերջ ի վերջո ինձ ավագ վարպետ կարգեցին․ ձեռքիս տակ մի երկու հազար մարդ էր աշխատում։

Էհ, ինքնին հասկանալի է, որ նման պաշտոնի տեր անձը մարտական մարդ պետք է լինի։ Եթե ձեռքիդ տակ երկու հազար կոշտ ու կոպիտ ստահակ կա, ապա, անշուշտ, զվարճալիքներն անպակաս են լինում։ Իմ գլխից որ, գոնե, անպակաս էին։ Մի խոսքով բանն այնտեղ հասավ, որ ես էլ ստացա իմ հասանելիքը։ Թյուրիմացություն պատահեց իմ և մի աժդահայի միջև, որին մենք Հերկուլես էինք կոչում։ Նա այնպես հասցրեց գլխիս, որ գանգս ճարճատեց, կարերը տեղից ելան ու իրար խառնվեցին։ Աշխարհը մթնեց, ու ես երկար ժամանակ ոչինչ չէի գիտակցում և չէի զգում։

Երբ նորից ուշքի եկա, նստած էի մի կաղնու տակ, խոտերի վրա, հոյակապ ու գեղատեսիլ բնության գրկում, մենակ։ Բայց ոչ բոլորովին մենակ։ Քիչ հետո, ձիու վրա մի կտրիճ էր լեռնացել ու աչքերը վերից վար տնկել վրաս, մի կտրիճ, որ ասես հենց նոր էր իջել պատկերազարդ գրքի էջից։ Նա ոտքից գլուխ ծածկված էր հնօրյա զրահով, գլուխը երկայնակի ճեղքերով երկաթյա տակառ հիշեցնող սաղավարտի մեջ էր, ձեռքին բռնել էր վահան, սուր և երկար նիզակ։ Երկաթյա զրահ էր կրում նաև ձին, որի ճակատին պողպատե եղջյուր էր ցցված, և շքեղ, կարմրականաչ մետաքսյա սթարը վերմակի նման կախ էր ընկած մինչև գետին։

― Ազնվափայլ սըր, դուք պատրա՞ստ եք, ― ասաց այս կտրիճը։

― Ի՞նչ։

― Պատրա՞ստ եք ինձ հետ մարտնչելու հանուն կալվածքի, հանուն տիկնոջ կամ հանուն․․․

― Ի՞նչ եք ոզում ինձնից, ― ասացի ես։ ― Կորեք ձեր կրկեսը, այլապես ոստիկանությանը կհայտնեմ։

Իսկ ձեր կարծիքով, ի՞նչ արեց նա։ Մի երկու հարյուր յարդ ետ գնաց ու ձին թափով քշեց ինձ վրա, իր երկաթյա տակառը կռացրած մինչև ձիու վիզը, երկար նիզակը առաջ պարզած։ Տեսա, որ կատակ չի անում, և մինչ նա քառատրոփ ինձ կհասներ, ես արդեն ծառի վրա էի։

Նա հայտարարեց, որ իր սեփականությունն եմ, իր նիզակի գերին։ Նրա փաստարկները համոզիչ էին, առավելագույնը մեծապես իր կողմն էր, այնպես որ վճռեցի չառարկել։ Պայման կապեցինք, ըստ որի ես պետք է գնայի նրա հետ, իսկ նա պետք է ձեռք չտար ինձ։ Իջա ծառից, և մենք ճանապարհ ընկանք, ես քայլում էի նրա ձիու կողքից։ Առաջ էինք գնում անշտապ, անցնում դաշտեր և գետակներ, և ես անչափ զարմանում էի, որ նախկինում երբեք այդ դաշտերն ու գետակները չէի տեսել։ Շուրջս էի նայում, աչք ածում, բայց այդպես էլ որևէ կրկես կամ նույնիսկ կրկեսի նշաններ չտեսա։ Այնպես որ հրաժարվեցի կրկեսի գաղափարից և եզրակացրի, որ նա հիմարանոցից է փախել։ Բայց ճանապարհին ոչ մի տեղ հիմարանոց էլ չհանդիպեց և պատկերացրեք, թե ինչ ապուշային վիճակի մեջ ընկա։ Ես հարցրի նրան, թե դեռ որքա՞ն հեռու ենք Հարթֆորդից։ Նա պատասխանեց, որ երբեք նման անուն չի լսել։ Մտքումս որոշեցի, որ ստում է, բայց առարկելու հարկ չկար։ Մի ժամ քայլելուց հետո, վերջապես հեռվում քաղաք երևաց։ Այն փռված էր ոլորապտույտ գետի ափին, հովտի մեջ, իսկ քաղաքից վեր, բլուրի վրա բազմել էր մի հին ամրոց՝ աշտարակներով ու բուրգերով։ Նման ամրոց ես միայն գրքերի մեջ էի տեսել։

― Բրի՞ջպորտ, ― հարցրի ես, մատս տնկելով։

― Քամելոտ, ― պատասխանեց նա։

Իմ օտարականը քնելու նշաններ էր ցույց տալիս։ Նա մի քանի անգամ դանթեց, ժպտաց իրեն հատուկ հուզիչ հնօրյա ժպիտով և ասաց․

― Ես, կարծես, այլևս պատմել չեմ կարող, բայց եկեք ինձ հետ, ես այդ ամենը գրի եմ առել և դուք կարող եք կարդալ, եթե ցանկություն ունեք։

Արդեն իր սենյակում, նա ասաց․

― Սկզբում օրագիր էի պահում, հետագայում, տարիներ անց, օրագիրը գրքի վերածեցի։ Օ՜, որքան վաղուց է այդ եղել։

Նա ինձ հանձնեց ձեռագիրը և մատնացույց արեց այն տեղը, որտեղից պետք է սկսեի կարդալ։

― Սկսեցեք այստեղից, սրանից առաջ պատահածը ես արդեն պատմել եմ ձեզ։

Նա արդեն համարյա մրափում էր։ Դռներից դուրս գալիս ականջիս հասավ նրա մեղմ քնկոտ շշնջյունը․

― Բարի գիշեր, ազնվափայլ սըր։

Նստեցի կրակարանիս առջև և սկսեցի դիտել իմ գանձը։ Նրա առաջին և ամենամեծ մասը դարերի ընթացքում դեղնած մագաղաթ էր։ Ուշադրությամբ զննեցի մի թերթը և համոզվեցի, որ դա կրկնագիր մագաղաթ էր։ Պատմագիր յանկիի գրչին պատկանող դժվարընթեռնելի խունացած տողերի տակից, հազիվ նշմարվում էին ավելի հին, խունացած, էլ ավելի անընթեռնելի տողերի հետքերը՝ լատիներեն բառեր ու դարձվածքներ, որ հավանաբար հնամենի կրոնական առասպելներից մնացած պատառիկներ էին։ Ես վերադարձա օտարականի նշած տեղին և սկսեցի կարդալ․․․ ահա թե ինչ․


Ասք կորուսյալ երկրի մասին

Գլուխ I

Քամելոտ


― Քամելոտ․․․ Քամելոտ, ― ասում էի ինքս ինձ։ ― Ոչ, կարծես երբեք այդպիսի անվանում չեմ լսել։ Հավանաբար, այդպես է կոչվում հիմարանոցը։

Տեղանքի պատկերը մեղմ էր, հանգիստ, երազի նման գեղեցիկ և բոլորովին ամայի։ Օդը լեցուն էր ծաղիկների բույրերով, միջատների բզզոցով, թռչունների ճռվողյունով, բայց ոչ մի տեղ ո՛չ մարդ էր երևում, ո՛չ էլ մարդկային գոյության նշույլ կար։ Ճանապարհ ասածը պարզապես մի կածան էր, սմբակների հետքերը տպված վրան և մեկ֊մեկ էլ խոտերին նշմարվում էին անիվների հետքեր։ Դատելով այդ հետքերից, անվագոտու լայնքը մարդկային աչքի չափ էր։

Հանկարծ մեր առաջ դուրս եկավ մոտ տաս տարեկան մի սիրունիկ աղջնակ․ նրա ոսկեգույն մազերը ծածկել էին ուսերը․ կարմրաբոց կակաչների մի պսակ կար գլխին։ Պարզապես հաճելի էր նրան նայելը, այնպես էր սազում այդ պսակը։ Օրոր֊շորոր քայլում էր անշտապ, և անմեղ դեմքի վրա արտացոլվում էր հոգու խաղաղությունը։ Ուղեկիցս ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա, երևի նույնիսկ չնկատեց էլ։ Իսկ աղջնա՞կը։ Նա բոլորովին չզարմացավ ուղեկցիս ֆանտաստիկ հագուստի վրա, կարծես ամեն օր միայն այդպիսի հագուստով մարդկանց էր տեսնում։ Աղջնակը նրա կողքից անցավ նույնքան անտարբեր, ինչպես կանցներ կովի մոտից, բայց երբ հայացքը դիպավ ինձ, այ, այդ ժամանակ տեսնել էր պետք։ Ձեռքերը ակամայից վեր տարածվեցին, բերանը բացվեց ու մնաց բաց, աչքերը չռվեցին ու ինքը զարմանքից քար կտրեց։ Ամբողջովին կարծես հետաքրքրության և վախի մարմնացում լիներ։ Այդպես էլ մնաց կանգնած, ասես գամված լիներ տեղում, և հայացքով ուղեկցեց ինձ, մինչև որ մենք անհայտացանք նրա տեսադաշտից։ Ես ոչ մի կերպ չկարողացա գլուխ հանել, թե ինչու նա այդպես ապշեց ոչ թե ուղեկցիս, այլ իմ սեփական տեսքից։ Մի ուրիշ անհանգստացնող հարց էր նաև այն, թե ինչու այդ աղջնակը ոչ թե ինքն իրեն, այլ հենց ինձ էր համարում տեսարժան երևույթ և, թե ինչու էր նա աչքը տնկել վրաս, այդքան դեռահաս էակի համար պարզապես անհնարին զարմանքով, չէ՞ որ նրանց հատուկ է մանկական մեծահոգությունը։ Մի խոսքով, մտածելու համար որքան ուզեք նյութ կար։ Ես քայլում էի կարծես երազում։

Երբ մոտենում էինք քաղաքին, կյանքի նշաններ սկսեցին երևալ։ Մենք անցնում էինք մերթ ծոտե տանիքով որևէ խարխուլ խրճիթի, մերթ բավականին վատ մշակված փոքրիկ այգիների ու դաշտերի կողքով։ Մարդիկ էլ էին հանդիպում, որ նման էին բանող անասունների, մարմնեղ մարդիկ, որոնց կոշտ ու երկար, չսանրված մազերը կախ էին ընկնում երեսներից։ Եվ տղամարդիկ, և կանայք կրում էին տնայնագործ շապիկներ, որ հասնում էին սրունքներին, և կոպիտ տրեխներ։ Նրանցից շատերը երկաթյա վզնոցներ ունեին։ Փոքրիկ աղջիկներն ու տղաները բոլորովին մերկ էին, բայց կարծես ոչ ոք այդ չէր նկատում։ Եվ բոլոր այդ մարդիկ ինձ վրա էին չռում աչքերը, իմ մասին էին խոսում, խրճիթներն էին վազում տանը մնացածներին դուրս կանչելու և ինձ ցույց տալու համար։ Ուղեկցիս տեսքը, սակայն, ոչ ոքի չէր զարմացնում․ խոնարհ գլուխ էին տալիս նրան և ուշադրության չէին արժանանում։

Քաղաքում, անկանոն ցրված խրճիթների արանքում տեղ֊տեղ բարձրանում էին մեծ, անպատուհան քարե տներ, փողոցները ծուռտիկ էին և չսալարկված, շների և մերկ երեխաների ոհմակը աղմկոտ խաղ էր անում արևի տակ, ամենուրեք խոզեր էին թափառում․ ամբողջովին ցեխակոլոլ մի մերուն առոք֊փառոք պառկել էր գարշահոտ ջրափոսի մեջ, ուղիղ գլխավոր փողոցի կենտրոնում և կերակրում էր իր խոճկորներին։ Հանկարծ հեռվից ռազմական երաժշտության հնչյուններ հասան ականջներիս։ Երաժշտությունն ավելի ու ավելի էր մոտենում, և շուտով մի հեծելախումբ երևաց, որը արտակարգ փառաշուք տեսք ուներ՝ փետուրազարդ սաղավարտներ, պսպղուն զրահներ, ծփացող դրոշներ, շքեղ հագուստներ և սթարներ, ոսկեզօծ նիզակներ։ Հեծելախումբը հանդիսավոր անցավ ցեխաջրերի, խոզերի, մերկ երեխաների, զվարթ շների, թշվառ խրճիչների արանքով, և մենք գնացինք նրա ետևից։ Անցանք մի կեղտոտ փողոց, ապա երկրորդը, անընդհատ բարձրանալով բլուրն ի վեր, մինչև որ հասանք քամաշատ կատարին, որտեղ կանգնած էր ամրոցը։ Եղջրափողի ազդանշաններ փոխանակվեցին, բանակցություններ վարվեցին․ մեզ պատասխանում էին պատերի վրայից, որտեղ փողփողացող վիշապանկար դրոշների ներքո ետ ու առաջ էին քայլում լայնջապանակ և թեթև սաղավարտ հագած, ուսերին գեղարդներ կրող զինվորներ։ Ապա բացվեցին վիթխարի դարպասները, իջավ կամուրջը և հեծելախմբի գլխավորը շարժվեց դեպի խստատես կամարներից ներս։ Մենք էլ, նրան հետևելով, շուտով հայտնվեցինք մի բավական ընդարձակ սալարկված բակում, որը բոլոր չորս կողմերից շրջափակված էր դեպի երկնքի կապույտը խոյացող բուրգերով ու աշտարակներով։ Շուրջ բոլորը զվարթ աղմուկ ու շփոթ էր տիրում․ ձիերից իջնելը, ողջագուրանքը, ետ ու առաջ վազվզելը, խայտաբղետ և զվարթ եռուզեռը իրար էին խառնվել։

Գլուխ II

Արթուր թագավորի արքունիքը


Հարմար պահ գտնելով, ես մի կողմ քաշվեցի և արտաքինից համեմատաբար պարզ տեսքով մի ծերուկի ուսին դիպչելով, հարցրի սիրաշահող֊խորհրդակցական ձայնով․

― Բարեկամս, չէի՞ք ասի ինձ․ արդյոք դուք ծառայո՞ւմ եք այս հիմարանոցում, թե այցլեության եկել որևէ հիվանդի․․․

Նա բութ հայացք գցեց վրաս և արտաբերեց․

― Ազնվափայլ սըր, ինձ թվում է․․․

― Բավական է, ― ասացի։ ― Տեսնում եմ, որ դուք հիվանդներից եք։

Հեռացա, մտածմունքի մեջ ընկնելով։ Աչք էի ածում, թե գուցե պատահմամբ մի խելքը գլխին մարդ գտնեմ, որ կարողանա մի քիչ լույս սփռել այս ամենի վրա։ Վերջապես ինձ թվաց, թե նման մեկին գտել եմ։ Մոտեցա և շշնջացի ականջին․

― Ինչպե՞ս կարելի է տեսնել ավագ վերակացուին․․․ միայն մեկ րոպեով․․․

― Մի խոչընդոտիր ինձ։

― Ի՞նչ ասացի՞ք։

― Մի խանգարիր, եթե այս բառը քեզ ավելի հաճելի է։

Նա բացատրեց, որ ինքը խոհարարի օգնականն է և, որ այժմ շատախոսելու բոլորովին ժամանակ չունի, թերևս հետո, հաճույքով հետս կզրուցի, որովհետև մահու չափ ուզում է իմանալ, թե որտեղից եմ ճարել իմ հագուստը։ Այդ պահին նա ինչ֊որ ուղղությամբ տնկեց մատը, ասելով, թե ահա ինձ ավելի հարմար զրուցընկեր է գալիս և, թե սա ժամանակ շատ ունի, մանավանդ որ անկասկած, հենց ինձ է փնտրում։ Առջևս կանգնած էր մի նիհար փոքրիկ տղա՝ վառ կարմիր տաբատը հագին, որ նրան երկճյուղ արած գազարի տեսք էր տալիս․ մնացած հագուստը կարված էր կապույտ մետաքսից և նրբին ժանյակներից։ Երկար ոսկեգույն գանգուրներ ուներ և գլխին կրում էր սնդուսի փետրազարդ գլխարկ, որը թեթևակի թեքված էր դեպի ականջը։ Դեմքից դատելով նա բարի տղա էր, քայլվածքից դատելով՝ լիովին գոհ էր իրենից։ Մի խոսքով, կատարյալ պատկեր էր և մնում էր միայն շրջանակի մեջ առնել։ Նա մոտեցավ, ոտքից գլուխ զննեց ինձ ժպտալով և չթաքցրած հետաքրքրասիրությամբ հայտնեց, որ եկել է իմ ետևից և, որ ինքը էջ[1] է։

― Ի՞նչ էջ, ― ասացի ես, ― դու հազիվ մի պարբերություն լինես։

Բավականին կոպիտ ստացվեց, բայց ես կատաղած էի։ Ասենք, դա նրան չկանգնեցնրեց, նա կարծես, չգիտակցեց, որ ես վիրավորել եմ իրեն և սկսեց խոսել ու ծիծաղել թեթևսոլիկ, զվարթ, տղայավարի անհոգ ձևով, և մինչ մենք քայլում էինք, շուտով մտերմացանք։ Հարց հարցի ետևից էր տալիս իմ զգեստների և իմ անձի վերաբերյալ, բայց երբեք պատասխանի չէր սպասում, այլ շարունակում էր շատախոսել, կարծես մոռանալիս լիներ, որ հարց է տվել և պետք է պատասխանի սպասի, մինչև որ, վերջապես, պատահաբար ասաց, թե ծնվել է հինգ հարյուր տասներեք թվականի սկզբներին։

Ես փշաքաղվեցի։ Կանգ առա և հարցրի թուլացած ձայնով․

― Գուցե ես քեզ ճիշտ չլսեցի։ Կրկնի՛ր․․․ կրկնիր դանդաղ։ Ո՞ր թվականին ես ծնվել։

― Հինգ հարյուր տասներեք։

― Հինգ հարյուր տասներեք։ Ոչ, քո տեսքից այդ ասել չի լինի։ Լսիր, տղաս, ես օտարական եմ և այստեղ բարեկամներ չունեմ, ազնիվ եղիր ինձ հետ և ճշմարտախոս։ Քո գլխի մեջ ամեն ինչ տեղո՞ւմ է։

Նա ասաց, որ ամեն ինչ տեղում է։

― Իսկ բոլոր այս մարդկանց խելքն էլ տեղո՞ւմ է։

Նա ասաց, որ տեղում է։

― Եվ սա հիմարանոց չէ՞։ Այսինքն մի այնպիսի վայր չէ՞, որտեղ խելագարներ են բուժում։

Նա պատասխանեց, որ ոչ։

― Ուրեմն այդ դեպքում, ― ասացի ես, ― կամ ես եմ ցնդել, կամ էլ մի սոսկալի բան է պատահել։ Իսկ հիմա ասա ինձ ազնիվ և ուղիղ, որտե՞ղ եմ ես գտնվում։

Արթուր թագավորի արքունիքում։

Մի րոպե լուռ մնացի, որպեսզի լսածս մինչև վերջ հասներ գիտակցությանս, ապա հարցրի․

― Ուրեմն, ըստ քո կարծիքի, հիմա ո՞ր թվականն է։

― Հինգ հարյուր քսանութ, տասնինն հունիսի։

Զգացի, թե ինչպես է ճմլվում սիրտս, և շշնջացի․

― Այլևս երբեք չեմ տեսնի իմ բարեկամներին, երբեք, երբեք այլևս։ Նրանք պիտի ծնվեն տասներեք հարյուրամյակ հետո։

Չգիտեմ ինչու, հավատացի տղային։ Ինչ֊որ ներքին զգացումով հավատացի նրան, բայց գիտակցությունս հրաժարվում էր հավատալ։ Գիտակցությունս ապստամբում էր, և դա միանգամայն բնական էր։ Ես չգիտեի, թե ինչպես բավարարեմ իմ գիտակցությանը․ ուրիշ մարդկանց վկայությունը չէր օգնի գործին, որովհետև իմ գիտակցությունը նրանց խելագար կանվաներ և մի կողմ կնետեր նրանց փաստարկները։ Եվ հանկարծ, երջանիկ պատահականությամբ, գլխովս մի սքանչելի գաղափար անցավ։ Գիտեի, որ մ․ թ․ վեցերորդ դարում արևի միակ լրիվ խավարումը տեղի է ունեցել 528 թվականի հունիսի 21֊ին և սկսվել է ցերեկվա 12 անց 03 րոպեին։ Գիտեի նաև, որ ինձ համար ընթացիկ համարվող տարում, այսինքն 1879 թվականին, արևի լրիվ խավարում չէր սպասվում։ Այնպես որ, ես պետք է քառասունութ ժամ զսպեի իմ համբերությունն ու հետաքրքրությունը, որպեսզի դրանք սիրտս վերջնականապես չպայթեցնեին, և ապա ստույգ կպատասխանեի այն հարցին, թե այդ տղան ճշմարտություն էր ասում, թե ոչ։

Ուստի, որպես կոնեկտիկուտցի գործնական մարդ, ես հետաձգեցի այդ թնճուկի լուծումը մինչև նշանակված օրն ու ժամը, դադարեցի այդ մասին մտածելուց և ամբողջ ուշադրությունս կենտրոնացրի տվյալ պահի պարագաների վրա, որպեսզի առավելագույնս քաղեի այդ վիճակից։ «Թղթախաղի մեջ ժամանակին օգտագործիր հաղթաթուղթը», ― ահա իմ նշանաբանը, բայց թե որ արդեն ստիպված ես խաղալ, ուրեմն խաղա, եթե նույնիսկ ձեռքիդ ունես երկու զույգ և մի կենտ։ Ես երկու վճիռ ընդունեցի․ եթե դեռ, այնուամենայնիվ, տասնիններորդ դարն է, և ես գտնվում եմ հիմարանոցում ու այստեղից դուրս գալու հնար չկա, ես ես չեմ լինի, թե որ այստեղ տեր ու տնօրենը չդառնամ և, մյուս կողմից, եթե իրոք վեցերորդ դարն է, ուրեմն շատ լավ, ավելին ինձ ուրիշ ի՞նչ է պետք․ երեք ամիսը չլրացած կլինեմ ամբողջ երկրի տերն ու տնօրենը, չէ որ ես ամբողջ թագավորության ամենազարգացած մարդն եմ, քանի որ ծնվել եմ բոլորից տասներեք դար հետո։ Ես այն մարդկանցից չեմ, որ վճիռ ընդունելուց հետո ժամանակ են կորցնում, և անմիջապես հարցրի մանկլավիկին․

― Լսիր, Քլարենս, տղաս, եթե ես ճիշտ հասկացա քո անունը, եթե դեմ չես, ինձ մի փոքր ծանոթացրու իրերի վիճակին։ Ի՞նչ է այդ ուրվականի անունը, որն ինձ այստեղ բերեց։

― Իմ և քո տիրո՞ջ։ Դա ազնվափայլ ասպետ և մեծ լորդ սըր Քեյ Մատակարարն է, մեր տեր թագավորի կաթնեղբայրը։

― Շատ լավ, շարունակիր, պատմիր նրա մասին, ինչ որ գիտես։

Նա մի երկար պատմություն պատմեց, բայց ինձ անմիջականորեն հետաքրքրող մասը այսպիսին էր։ Նա հայտնեց, որ ես սըր Քեյնի գերին եմ և, ըստ սովորության, ինձ զնդան պետք է նետեն և պահեն այնտեղ միայն հացով ու ջրով, մինչև որ իմ բարեկամները փրկագին վճարեն, եթե, իհարկե, մինչ այդ ինքս չսատկեմ։ Տեսա, որ վերջին հնարավորությունը շատ ավելի իրական է, բայց հոգ չարեցի, ժամանակը շատ սուղ էր։ Այնուհետև մանկլավիկը ասաց, որ ճաշը մեծ սրահում արդեն ավարտին է մոտենում և, որ խոսք ու զրույցը և խնջույքը սկսելուց անմիջապես հետո, սըր Քեյը կհրամայի ներս տանել ինձ, ցույց կտա Արթուր թագավորին և Կլոր Սեղանի շուրջ նստած հռչակավոր ասպետներին և կսկսի պարծենալ՝ ինձ գերի բռնելիս իր կատարած սխրագործությամբ։ Ընդսմին, հնարավոր է, որ մի փոքր չափազանցնի, բայց ես պետք չէ ուղղեմ նրան, դա անքաղաքավարի կլինի և մեկ էլ ոչ անվտանգ, իսկ երբ ինձ վրա կուշտ կնայեն, հետո կքշեն զնդան, նա՛ Քլարենսը, անպատճառ միջոց կգտնի երբեմն֊երբեմն ինձ այցելելու և կօգնի լուր հաղորդել իմ բարեկամներին։

Լո՜ւր հաղորդել իմ բարեկամներին։ Ես շնորհակալություն հայտնեցի, ուրիշ էլ ի՞նչ կարող էի անել։ Այդ պահին մոտեցավ սպասավորը և ասաց, որ ինձ պահանջում են։ Քլարենսը ինձ ներս առաջնորդեց, նստեցրեց և ինքն էլ նստեց իմ կողքին։

Աչքերիս առջև մի զարմանահրաշ և հետաքրքրական տեսարան բացվեց։ Համարյա մերկ պատերով մի վիթխարի սրահ էր, որը լեցուն էր ճչացող հակապատկերներով։ Շատ բարձր, անչափ բարձր տանիքով սրահ էր, այնքան բարձր, որ աղջամուղջի մեջ հազիվ նկատվում էին առաստաղի կամարների միջև նետված հեծաններից ու գերաններից կախ ընկած դրոշները։ Յուրաքանչյուր ծայրում քարե բազիրքով բարձր պատշգամբներ կային, մի կողմում երաժիշտներն էին նստած, մյուս կողմում՝ կանայք, շլացուցիչ հագուստներով։ Հատակը սալարկված էր սև ու սպիտակ քառակուսի մեծ քարե սալերով, որոնք ժամանակի ընթացքում մաշվել ու վերանորոգման կարիք էին զգում։ Զարդեր, ճիշտն ասած, չկային, թեպետ պատերից կախ էին տված ահռելի գորգեր, որոնք, հավանաբար, արվեստի գործեր էին համարվում։ Դրանց վրա ռազմի տեսարաններ էին պատկերված, բայց ձիերը նման էին ճիշտ այնպիսի մարմինների, որոնց երեխաներն են կտրատում թղթից կամ էլ սարքում խմորից, իսկ մարդիկ պատկերված էին թեփուկավոր զրահով, ընդ որում թեփուկները մի֊մի կլոր ծակեր էին, այնպես որ մարկանց հագուստը կարծես ծակծկված լիներ խմորեղենի պատառաքաղով։ Կրակարանը այնքան մեծ էր, որ մի ամբողջ ճամբար կտեղավորեր։ Նրա սյուները քանդակված ու հղկված քարից էին և հիշեցնում էին տաճարի դուռը։ Պատերի երկայնքով լանջապանակ և թեթև սաղավարտ հագած զինվորներ էին կանգնած, գեղարդները ձեռքներին, որպես միակ զենք․ կանգնած էին այնպես անշարժ, որ կարելի էր նրանց արձանի տեղ ընդունել։

Այս կամարածածկ և տապանասալարկ շուկայական հրապարակի մեջտեղում մի կաղնի սեղան էր դրված, որը նրանք Կլոր Սեղան էին կոչում։ Այն կրկեսի մրցասպարեզի նման ընդարձակ էր, և շուրջը նստած էր տղամարդկանց մի մեծ բազմություն, որոնք հագնված էին այնպես բազմազան և շլացուցիչ գույներով, որ պարզապես նայելիս աչքդ էր ցավում։ Գլուխներին փետրազարդ գլխարկներ էին կրում և փոքր֊ինչ բարձրացնում էին գլխարկները միայն այն դեպքում, երբ դիմում էին հենց իրեն՝ թագվորին։

Մեծ մասը խմելով էր զբաղված, խմիչքը ուղղակի բերանների մեջ էին դատարկում եզան ամբողջական պոզերից, իսկ մի քանիսը դեռ հաց էին ծամում կամ էլ տավարի ոսկորներ կրծում։ Ամեն մարդուն ընկնում էր ամենաքիչը երկուական շուն, որոնք նստած էին աչքները մարդկանց բերաններին տնկած և, երբ նրանց ոսկոր էին շպրտում, բոլորը միանգամից նետվում էին առաջ, ամբողջ բրիգադներով ու դիվիզիաներով։ Սկսվում էր շնակռիվը՝ գլուխները, մարմինները, պոչերը խառնվում էին իրար մի համատարած քաոսի մեջ, սրահով մեկ այնպիսի ոռնոց, վնգստոց ու հաչոց էր բարձրանում, որ բոլոր զրույցները ստիպված էին լինում առժամանակ դադարեցնել։ Բայց ոչ ոք դրա համար չէր բողոքում, որովհետև շնակռիվները ավելի հետաքրքրական էին, քան զրույցները։ Տղամարդիկ երբեմն վեր էին ցատկում, որպեսզի ավելի լավ տեսնեն և գրազ էին գալիս, թե որ շունը կհաղթի, իսկ տիկիններն ու երաժիշտները կռանում էին բազիրքի վրա, և բոլոր կողմերից հիացական բացականչություններ էին լսվում։ Վերջ ի վերջո հաղթող շունը ոսկորը թաթերի մեջ բռնած, հարմարավետ մեկնվում էր հատակի վրա մի հիսուն ուրիշ հաղթված շների կողքին, և գռմռալով սկսում էր կրծել, կեղտոտելով հատակը, իսկ արքունիքը նորից վերադառնում էր իր նախկին զբաղմունքներին ու հաճույքներին։

Որպես կանոն այդ մարդկանց խոսքերն ու շարժուձևերը վայելուչ էին ու քաղաքավարի։ Ես նկատեցի, որ նրանք ուշադրությամբ և լրջորեն ունկնդրում էին, երբ մեկը խոսում էր շնակռիվների արանքներում պատահող ընդմիջումների պահին։ Ընդսմին, նրանք մանկականորեն միամիտ էին ու պարզահոգի։ Ամեն մեկը ստում էր որքան կարող էր, ստում էր բարեհոգի ու զինաթափող միամտությամբ և հաճույքով ականջ էր դնում ուրիշի ստերին ու հավատում էր ամեն ինչի։ Անչափ դժվար էր նրանց էությանը զուգորդել դաժանության և սարսափելիության պատկերացումը, և թեպետ նրանք խոսում էին արյան ու չարչարանքների մասին, բայց այնպիսի անկեղծ հափշտակությամբ էին պատմում, որ ես դադարեցի սոսկալուց։

Ես այդտեղ գտնվող միակ գերին չէի։ Ինձնից բացի մի քսան մարդ էլ կար կամ գուցե ավելին։ Այդ թշվառներից շատերը այլանդակված էին, բզկտված, վիրավորված ամենաահավոր ձևով, նրանց մազերը, դեմքերը, հագուստը դաջված էին սև արյունով։ Նրանք, անշուշտ, սուր մարմնական ցավեր էին զգում, հոգնություն, քաղց և ծարավ, անկասկած, և ոչ ոք հոգ չէր տարել նրանց լվացվելու, նրանց վերքերը դարմանելու մասին, այնուամենայնիվ, ոչ մի ծպտուն չէին հանում, ոչ տնքոց, ոչ բողոք, հոգնության ոչ մի նշան չէին դրսևորում։ Եվ ես ակամայից մտածեցի․ «Նրանք, երևի, իրենք էլ իրենց ժամանակին ճիշտ նույն կերպ են վարվել գերիների հետ, այժմ իրենց հերթն է վրա հասել, նրանք որևէ ուրիշ բան չեն էլ ակնկալում։ Հետևաբար, նրանց փիլիսոփայական տոկունությունը արդյունք չէ ինքնատիրապետման, մտքի, բանականության ուժի, դա անասնական համբերություն է, նրանք պարզապես սպիտակամորթ հնդիկներ են»։

Գլուխ III

Կլոր Սեղանի ասպետները


Կլոր Սեղանի շուրջ ծավալված զրույցները գլխավորապես մեծախոսություններ էին։ Ասպետները պատմում էին, թե ինչպես են գերիներ բռնել, սպանել նրանց բարեկամներին ու կողմնակիցներին, տիրացել նրանց ձիերին և զրահներին։ Որքան կարողացա հասկանալ, ընդհանրապես այդ սպանությունները կատարվում էին ոչ որպես վրեժ՝ կրած վիրավորանքի դիմաց, ոչ որպես հին թշնամության կամ հանկարծակի գժտության արդյունք։ Ո՛չ երբեք։ Որպես կանոն դրանք պարզապես մենամարտեր էին իրար անծանոթ մարդկանց միջև, որոնք երբեք մեկը մյուսին չէին վիրավորել։ Շատ է պատահել, որ տեսնեմ, թե ինչպես երկու անծանոթ երեխաներ իրար հանդիպելիս միաբերան գոչել են․ «Ես քեզ կդնեմ» և սկսել են կռվել, բայց մինչև այս պահը միշտ կարծել եմ, որ նման երևույթը հատուկ է միայն երեխաներին, պարզապես մանկական հասակի հատկանիշը լինելով։ Այստեղ, սակայն, այս մեծ երեխաները ճիշտ նույն ձևով են վարվում ու հպարտանում իրենց արարքներով, չնայած իրենց առաջացած տարիքին։

Եվ, այնուամենայնիվ, այս մեծահասակ բարեհոգի էակների մեջ ինչ֊որ սիրելի ու գրավիչ բան կար։ Այս ամբողջ մանկանոցում հազիվ այնքան ուղեղ ճարվեր, որպեսզի բավարարեր ձուկ բռնելու համար կարթի վրա հագցնելու նպատակին, բայց հարցն էլ այն է, որ նման հասարակության մեջ ուղեղը պետք չէ, ընդհակառակն, ուղեղի առկայությունը միայն կխանգարեր և բոլորին նեղություն կպատճառեր, կզրկեր այդ հասարակությանը իր ավարտուն համաչափությունից և, հավանաբար, անհնարին կդարձներ այս հասարակության գոյությունն իսկ։

Համարյա բոլորի դեմքերը հաճելի արիությամբ էին շնչում, իսկ ոմանք այնպիսի արժանապատվությամբ և վայելչորեն էին իրենց պահում, որ ամեն մի քննադատություն ակամայից պետք է լռեր։ Հատկապես ազնվածին բարության և մաքրության մարմնավորում էր այն ասպետի դեմքը, որին նրանք սըր Գալահադ էին կոչում, ինչպես նաև թագավորի դեմքը․ կատարյալ վեհություն և իսկական մեծություն կար սըր Լանսելոտ Լճացու վիթխարի մարմնի ու վեհապանծ կեցվածքի մեջ։

Հանկարծ մի դեպք պատահեց, որը սըր Լանսելոտի վրա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը։ Ինչ֊որ մեկի, հավանաբար արարողապետի, տված նշանի համաձայն, վեց, թե ութ գերիներ մի մարդու նման առաջ եկան, ծունկի իջան, ձեռքերը վեր պարզեցին դեպի տիկնանց պատշգամբը և սկսեցին թույլտվություն խնդրել մի խոսք ուղղելու թագուհուն։ Կանացի գեղեցկության և թովչության այս ծաղկանոցում ամենաերևացող տեղը նստած տիկինը ի նշան համաձայնության հակեց գլուխը։ Այդ ժամանակ գերիներից մեկը բոլորի անունից ասաց, որ հանձնում է ինքն իրեն և իր ընկերներին թագուհու ձեռքը, և թող թագուհին որոշի ինչ անել՝ ներում շնորհել իրենց, փրկագին պահանջել, զնդան նետել, թե մահապատժի ենթարկել։ Խոսնակը հայտնեց նաև, որ ինքը դրանով կատարում է Քեյ Մատակարարի հրամանը, որի գերիներն են իրենք, և որը հաղթել է իրենց ազնիվ մարտի մեջ և գերեվարել։

Զարմանքը թևածեց դեմքից֊դեմք սրահով մեկ։ Սըր Քեյի անունի վրա մարեց թագուհու ժպիտը, նա նկատելիորեն հիասթափված էր, և մանկլավիկը փսփսաց ականջիս մեջ ամենակծու հեգնանքով․

― Չէ մի, չէ՛, սըր Քեյի։ Հավատացինք հա՜։ Կարող եք ինձ աղջկա անուն կպցնել, սիրելիներս, կամ էլ ծովառնետ կոչել։ Մարդիկ պետք է երկու անգամ հազար տարի գլուխ կոտրեն, որպեսզի կարողանան մի ուրիշ այսպիսի վիթխարի փչոց հորինել։

Դաժան հարցապնդումով լեցուն բոլոր աչքերը հառվեցին սըր Քեյին։ Բայց նա իր բարձրության վրա գտնվեց։ Ոտքի ելավ և ձեռքով վեհապանծ շարժում արեց։ Հայտարարեց, որ հիմա պատմելու է ամեն ինչ, միայն ու միայն փաստերի վրա հենվելով, պարզապես պատմելու է ճշմարիտ փաստերը, առանց որևէ մեկնաբանության։

― Եվ այն ժամանակ, ― ասաց նա, ― եթե դուք կուզենաք փառք ու պատիվ տալ մեկին, ապա կտաք այդ նրան, ով նստած է այստեղ, ով ամենահզորն է բոլոր ասպետների մեջ, որոնք երբևէ վահան են բռնել և սուր գործածել քրիստոնեական մարտիկների շարքերում։

Եվ նա մատնացույց արեց սըր Լանսելոտին։ Օ, սըր, Քեյը շշմեցրեց բոլորին։ Հետո նա շարունակեց և պատմեց, թե ինչպես սըր Լանսելոտը, արկածներ փնտրելիս, իր սրի մի հարվածով սպանել է յոթ հսկաների և ազատել գերության կապանքներից հարյուր քառասուներկու տիկինների ու օրիորդների, թե ինչպես առաջ գնալով նոր արկածներ փնտրելու, գտել է իրեն (սըր Քեյին) ինը օտար ասպետների հետ անհավասար մարտ մղելիս և անմիջապես ինքը մենակ իր վրա վերցրել ամբողջ մարտը և հաղթել բոլոր ինը ասպետներին, ապա առավոտյան սըր Լանսելոտը վաղ է արթնացել, հագել սըր Քեյի զրահը, վերցրել սըր Քեյի ձին և հեռացել դեպի օտար երկրներ, և մի մարտում հաղթել է տասնվեց, իսկ մի ուրիշում երեսունչորս ասպետների, և թե ինչպես բոլոր պարտվածներին, և այս, և նախկին պարտվածներին, նա ստիպել է երդվել, որ նրանք Հոգեգալստյան օրը պիտի հայտնվեն Արթուր թագավորի արքունիքում, հանձնվեն Գինեվըր թագուհու ձեռքը, իրենց կոչելով սըր Քեյ Մատակարարի գերիները, նրա ասպետական խիզախության վկայությունը ներկայացնելով, և ահա մի վեց ասպետ արդեն եկել են, իսկ մյուսները կհայտնվեն, հենց որ ծանր վերքերը մի փոքր ապաքինվեն։

Հուզիչ էր տեսնել, թե ինչպես էր շառագունում և ժպտում թագուհին, ինչպես էր ամոթխած և երջանիկ գողունի հայացքներ նետում սըր Լանսելոտի վրա, այնպես որ, եթե դա Արկանզասում լիներ, վերջինիս մարմնի մեջ տեղն ու տեղը ատրճանակ կպարպեին։

Բոլորը փառաբանում էին սըր Լանսելոտի քաջությունը և մեծահոգությունը, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես պարզապես զարմանում էի, թե ինչպես մի մարդ կարողացել է հաղթել և գերեվարել կռիվների մարզված այսքան մարտիկների։ Զարմանքս հայտնեցի Քլարենսին, բայց այս քամիգլուխ ծաղրասերը միայն ասաց․

― Եթե սըր Քեյը հասցրած լիներ կոնծելու թթու գինու ևս մի տիկ, պարտվածների թիվը կկրկնապատկվեր։

Հանկարծ Քլարենսի դեմքին այնպիսի խոր վհատության ամպ իջավ, որ խղճացի նրան։ Ես հետևեցի նրա հայացքի ուղղությանը և տեսա ծածանվող սև հագուստով մի շատ ծեր, սպիտակամորուս մարդու, որը խախուտ ոտքերով սեղանի մոտ կանգնած, թեթևակի տարուբերում էր իր հնամենի գլուխը և ջրակալած աչքերի թափառող հայացքով դիտում ներկաներին։ Բոլորի դեմքերին նկատելի էր ճիշտ նույն վհատության արտահայտությունը, ինչ որ տեսել էի մանկլավիկի դեմքին։ Դա կարծես դատապարտված էակների նախազգացում լիներ, թե իրենք պետք է տառապանքներ կրեն և չեն էլ կարող նույնիսկ բողոքել։

― Աստված իմ, նորից պիտի լսենք, ― հառաչեց տղան, ― նույն հին ու ձանձրալի պատմությունը, որ նա պատմել է ճիշտ նույն բառերով արդեն հազար անգամ և որ միշտ պիտի պատմի, քանի դեռ չի մեռել, ամեն անգամ, երբ մի գավաթ գինուց գործի անցնի նրա երևակայության քամաղացը։ Տեր իմ, ինչու ես չմեռա, որպեսզի այս օրը չտեսնեի։

― Ո՞վ է նա։

― Մերլինը, մեծագույն ստախոսը և ամենակարող մոգը։ Թող կործանվի նա։ Այնպես է ձանձրացրել մեզ իր միակ պատմությունով։ Բայց բոլորը վախենում են նրանից, որովհետև նրան են հպատակվում փոթորիկներն ու կայծակները, և դժոխքի բոլոր չարքերը այդ ծերուկի հրամանի տակ են, թե չէ մենք վաղուց դուրս տված կլինեինք դրա փորոտիքը, ազատվելու համար նրա այդ պատմությունից։ Նա միշտ էլ այն պատմում է երրորդ դեմքով, իբր հավատացնել է ուզում, թե ինքը շատ համեստ է, որպեսզի իրեն փառաբանի։ Թող անեծքի կրակը իջնի նրա վրա, թող միշտ դժբախտությունը լինի նրա բաժինը։ Լավ, բարեկամս, խնդրում եմ, զարթեցրեք ինձ, երբ վերջացնի։

Տղան գլուխը դրեց ուսիս և քնած ձևացավ։ Ծերունին սկսեց իր պատմությունը, և մանկլավիկը իրոք անմիջապես քնեց, քնեցին նաև շները, արքունիքը, ծառաները, զինվորները։ Միապաղաղ հնչում էին ձանձրալի ձայնը, բոլոր կողմերից լսվում էր մեղմ խռմփոցը, որը կարծես փողային գործիքների ուղեկցություն լիներ այդ ձայնին։ Մի քանիսը գլուխները դրել էին ձեռքերի վրա, ուրիշները մեջքով ետ էին հենվել և բերանները լայն բաց արած՝ երաժշտություն էին արտաբերում։ Ճանճերին այլևս քշող չկար, նրանք տզզում էին և կծում․ մի հարյուր անցքերից ու ծակերից անշշուկ ներս խուժեցին առնետների բազմությունները և սկսեցին վազվզել դես ու դեն, զգալով իրենց ինչպես սեփական տանը․ նրանցից մեկը, սկյուռի նման ետին թաթերի վրա նստել էր թագավորի գլխին ու պանիր էր կրծում, միամիտ անամոթությամբ փշրանքները թագավորի դեմքին թափելով։ Տեսարանը շատ խաղաղ էր, հանգստավետ՝ հոգնած աչքերի և տանջահար հոգու համար։

Ահա, թե ինչ էր պատմում ծերուկը․

― ․․․ Եվ այսպես, թագավորն ու Մերլինը ճանապարհ ընկան ու հասան ճգնավորի մոտ, որը մի բարի մարդ էր և մեծ հեքիմ։ Հեքիմը զննեց թագավորի վերքերը և տվեց նրան լավ դարմաններ։ Թագավորը այնտեղ մնաց երեք օր, վերքերը լրիվ բուժվեցին, այնպես որ նա կարող էր ձի նստել ու գնալ, և նրանք մեկնեցին։ Ճանապարհին Արթուրը ասաց․ «Ես սուր չունեմ»։ «Ոչինչ, ― ասաց Մերլինը, ― շուտով ես սուր կճարեմ»։ Նրանք քշեցին ձիերը և հասան մի մեծ, խոր լճի, և տեսավ Արթուրը, որ ճիշտ լճի կենտրոնում ոսկեմետաքս թևքով մի ձեռք հոյակապ սուր է բռնել։ «Ահա, ― ասաց Մերլինը, ― այն սուրը, որի մասին ես ասում էի»։ Այդ միջոցին նրանք տեսան մի օրիորդի, որը քայլում էր լճի վրայով։ «Ի՞նչ օրիորդ է սա», ― հարցրեց Արթուրը։ «Դա լճի տիրուհին է, ― ասաց Մերլինը։ ― Այդ լճի մեջտեղը մի ժայռ կա, ժայռի վրա էլ աշխարհիս ամենագեղեցիկ ամրոցը։ Հիմա այդ օրիորդը կմոտենա քեզ, եթե քաղցր խոսես նրա հետ, սուրը քոնը կլինի»։ Օրիորդը մոտեցավ Արթուրին և ողջունեց նրան։ Նա էլ՝ օրիորդին։ «Օրիորդ, ― ասաց Արթուրը, ― ի՞նչ սուր է դա, որը ջրից վեր բռնել է այդ ձեռքը։ Ես կուզենայի ունենալ այն, քանզի սուր չունեմ»։ «Սըր Արթուր թագավոր, ― ասաց օրիորդը, ― սուրը իմն է, և եթե դու ինձ նվեր տաս, երբ ես քեզ խնդրեմ այդ մասին, սուրը քոնը կլինի»։ «Պատվովս եմ երդվում, ― ասաց Արթուրը, ― ես կտամ այն նվերը, ինչ որ դու խնդրես»։ «Այդ դեպքում, ― ասաց օրիորդը, ― նստիր այն մակույկը, գնա և վերցրու սուրը պատյանի հետ միասին, և ես կխնդրեմ իմ նվերը, երբ ժամանակը գա»։ Արթուրն ու Մերլինը իջան ձիերից, ձիերը կապեցին երկու ծառերից, մակույկ նստեցին և, երբ մոտեցան սուր բռնած ձեռքին, սըր Արթուրը բռնեց կոթից և պոկեց սուրը։ Ձեռքը ջրի տակ անցավ, իսկ նրանք ափ վերադարձան ու շարունակեցին ճանապարհը։ Շուտով սըր Արթուրը մի շքեղ վրան տեսավ։ «Ո՞ւմ վրանն է սա»։ «Սըր Պելինորի վրանն է, այն ասպետի, որի հետ վերջերս մենամարտեցիր, բայց այժմ նա ներսը չէ։ Գնացել է մենամարտելու քո ասպետներից մեկի, ազնվափայլ Էգլեմի հետ։ Նրանք երկար մարտնչել են և Էգլեմը փախուստի է դիմել փրկվելու համար ստույգ մահից, իսկ Պելինորը հետապնդել է նրան մինչև Քարլիոն, և հիմա շուտով մենք նրան կհանդիպենք մեծ ճանապարհի վրա»։ «Այդ շատ լավ է, ― ասաց Արթուրը, ― այժմ ես սուր ունեմ, կմարտնչեմ նրա հետ և վրեժ կլուծեմ»։ «Սըր, դու պետք չէ այդ անես, ― ասաց Մերլինը, ― քանզի ասպետը հոգնած է մարտնչելուց և հետապնդելուց, և մեծ պատիվ չէ հոգնած ասպետի հետ մարտնչելը, բացի այդ, սըր Պելինորին հավասար ասպետ ամբողջ աշխարհում չկա։ Եվ ահա, լսիր խորհուրդս, թող նա գնա, քանզի շատ կարճ միջոցում նա քեզ բարի ծառայություն կմատուցի, իսկ իր մահից հետ նրա զավակները քեզ հավատարիմ կծառայեն։ Կգա օրը, շուտով, երբ դու ուրախ կլինես, քո քրոջը նրան կնության տալու»։ «Երբ տեսնեմ նրան, ― ասաց Արթուրը, ― կանեմ այնպես, ինչպես խորհուրդ ես տալիս»։ Հետո սըր Արթուրը զննեց իր սուրը և գոհ մնաց։ «Ո՞րն է քեզ ավելի դուր գալիս, ― ասաց Մերլինը, ― սո՞ւրը․ թե պատյանը»։ «Ավելի շատ սուրն եմ հավանում» ― պատասխանեց Արթուրը։ «Դու իմաստուն չես, ― ասաց Մերլինը, ― քանզի այդ պատյանը տասն անգամ ավելի արժե սրից։ Քանի այդ պատյանը ունես, քեզ ոչ ոք վերք չի հասցնի, դու ոչ մի կաթիլ արյուն չես կորցնի։ Երբեք մի բաժանվիր այդ պատյանից»։ Այսպես նրանք մոտեցան Քարլիոնին և ճանապարհին հանդիպեցին սըր Պելինորին։ Մերլինը, սակայն, այնպես արեց, որ Պելինորը չնկատեց Արթուրին և անցավ առանց խոսք արտասանելու։ «Զարմանում եմ, ― ասաց Արթուրը։ ― Ինչո՞ւ այդ ասպետը ոչինչ չասաց»։ «Սըր, ― պատասխանեց Մերլինը, ― նա չնկատեց քեզ, քանզի եթե նկատեր, այդքան հեշտությամբ չէիք բաժանվի իրարից»։ Եվ նրանք ժամանեցին Քարլիոն, որտեղ Արթուրի ասպետներն էին գտնվում։ Եվ երբ նրանք լսեցին թագավորի արկածները, զարմացան, թե որքան խիզախությամբ է նա վտանգում իր թագավորական կյանքը։ Բայց ամենաանվանի ասպետները հայտարարեցին, թե հաճելի է ծառայել այնպիսի թագավորի, որը հասարակ ու աղքատ ասպետների նման երկրե երկիր է թափառում և արկածներ փնտրում։

Գլուխ IV

Սըր Դայնըդեն կատակաբանը


Ինձ թվաց, թե այս տարօրինակ սուտ պատմությունը պատմվեց շատ քաղցրիկ և սիրունիկ ձևով, բայց ես այն լսում էի առաջին անգամ, և դա, իհարկե, կարևոր հանգամանք է։ Անկասկած, մյուսների ականջներին էլ դա հաճելի է եղել, երբ դեռ թարմ էր ու չէր հասցրել ձանձրացնել։

Առաջին արթնացողը սըր Դայնըդեն Կատակաբանն էր, որը մյուսներին էլ արթնացրեց մի բավականին ցածրորակ կատակով։ Նա մետաղյա թասեր կապեց մի շան պաչից և բաց թողեց նրան։ Շունը վախից խենթանալով սկսեց պտույտներ գործելով սլանալ սրահով մեկ, մյուս շներն էլ ոռնոցով ու հաչոցով սլացան նրա ետևից, իրենց ճանապարհին շուռ տալով ու ջարդոտելով ամեն ինչ և այնպիսի մի աներևակայելի աղմուկ բարձրացրին, որ ոչինչ ջոկել հնարավոր չէր այդ քաոսում։ Տղամարդիկ ու կանայք ծիծաղից արտասվում էին, շատերը աթոռներից վայր էին ընկնում և մոլուցքի մեջ թավալգլոր տալիս հատակին։ Կարծես կատարյալ երեխաներ լինեին։ Սըր Դայնըդենը այնքան հպարտ էր իր մտահղացումից, որ չէր կարողանում անընդհատ ու անվերջ չպատմել, թե ինչպես է այդ անմահ գաղափարը իր մտքում ծագել։ Եվ ինչպես պատահում է իր տեսակի կատակաբանների հետ, նա դեռ ծիծաղում էր ու ծիծաղում, երբ մյուսները արդեն վաղուց դադարել էին։ Նա այնքան էր ոգևորվել, որ որոշեց մի ճառ արտասանել, իհարկե, կատակային ճառ։ Իմ կարծիքով, կյանքումս երբեք այդքան մաշված, մորուքավոր կատակներ չէի լսել։ Նա սրախոսում էր ամենաետին էստրադային կատակաբանից, ամենավերջին կրկեսային ծաղրածուից էլ վատ։ Որքան թախծալի էր նստել այստեղ, ծննդիցս տասներեք հարյուրամյակ առաջ և նորից ականջ դնել այդ խղճուկ, տափակ, ցնցոտիապատ կատակներին, որոնցից ես արդեն զզվել էի, երբ դեռ փոքրիկ տղա էի տասներեք հարյուրամյակ հետո։ Ես համարյա այն համոզմանն էի եկել, որ նոր սրախուոսություն հնարել անհնարին է։ Բոլորը ծիծաղում էին այդ հնամենի կատակների վրա, բայց ի՞նչ կարող ես անել․ հնամենի կատակների վրա ծիծաղում են միշտ և ամենուրեք, ես այդ արդեն նկատել եմ հարյուրամյակներ հետո։ Այնուամենայնիվ, իսկական ծաղրասերը չէր ծիծաղում, ես նկատի ունեմ տղային։ Ոչ, նա ծաղրում էր կատակաբանին, նա միշտ ծաղրում էր ամեն ինչ։ Նա ասաց, որ Դայնըդենի կատակներից շատերը պարզապես հիմարություններ են, իսկ մնացածն էլ իսկական քարացած բաներ։ Ես ասացի, թե «քարացած» բառը կատակների վերաբերյալ օգտագործելը ինձ շատ է դուր գալիս, ես համոզված եմ, որ հնամենի սրախոսություններն ու կատակները պետք է դասակարգել ըստ երկրաբանական դարաշրջաննեերի։ Բայց տղան բնավ չհասկացավ իմ սրախոսությունը, որովհետև այն ժամանակներում երկրաբանությունը դեռ հայտնագործված չէր։ Ինչևէ, ես գրի առա այս հաջողված համեմատությունը ծոցատետրիս մեջ, հուսալով երջանկացնել հանրությանը, եթե անշուշտ, երբևէ ինձ հաջողվի տասնիներորդ դար վերադառնալ։ Հո չէի կարող լավ ապրանքը դեն նետել միայն այն պատճառով, որ շուկան դեռ չի հասունացել նրա համար։

Նորից ոտքի կանգնեց սըր Քեյը և նորից գործի գցվեց նրա հեքիաթների գործարանը․ բայց վառելանյութը այս անգամ ես էի։ Այ, այստեղ արդեն լրջանալու պահը եկավ։ Սըր Քեյը պատմեց, թե ինչպես է ինձ գերեվարել հեռավոր բարբարոսների երկրում, որոնք նույն ծիծաղաշարժ հագուստն են կրում, ինչ որ ես, և որ այդ հագուստները ստեղծվում են հմայության շնորհիվ ու դրանց կրողին անխոցելի դարձնելու հատկություն ունեն։ Բայց ինքը աղոթքով ի չիք է դարձրել հմայքի ուժը և ինձ հետ մղած երեք ժամ տևող մարտում սպանել է տասներեք ասպետներին, իսկ ինձ, խնայելով կյանքս, գերի վերցրել, որպեսզի ցույց տա թագավորին և հարգո արքունիքին որպես զարմանքի արժանի հրաշք էակի։ Ընդսմին, նա ինձ անընդհատ հաճոյախոսում էր, անվանելով մեկ «այս վիթխարի հսկան», մեկ «ամպերին ուս տված այս հրեշը», մեկ «ժանիքավոր և ճանկավոր այս մարդակերը», և նրանք բոլորը միամտորեն հավատում էին այդ պատմությանը, ու ոչ ոք չէր ծիծաղում, ոչ ոք նույնիսկ չէր նկատում, թե այդ աներևակայելի չափազանցությունները որքան չեն համապատասխանում իմ համեստ անձին։ Նա ասաց, որ իբր ես, փորձելով նրանից փախչել, մագլցել էի երկու հարյուր արմունկ բարձրության ծառի կատարը, բայց ինքը ինձ այնտեղից ցած էր գցել կովի մեծության մի քար շպրտելով ու ջարդելով ոսկորներս և հետո ստիպել էր ինձ երդվել, որ ես պիտի ներկայանամ Արթուրի արքունիք իմ դատավճիռը ստանալու։ Սըր Քյեը վերջացրեց իր ճառը, ինձ մահվան դատապարտելով ամսույս 21 կեսօրին, և այնքան անտարբեր էր իմ ճակատագրի նկատմամբ, որ նույնիսկ հորանջեց, ամսաթիվը ասելուց առաջ։

Ես այնպիսի հուսահատության մեջ ընկա, որ նույնիսկ չէի կարողանում հետևել Կլոր Սեղանի շուրջ ծայր առած վեճին այն մասին, թե ինչ եղանակով ինձ մահապատժի ենթարկեն, ասենք շատերը նույնիսկ թերահավատ էին, թե ինձ առհասարակ հնարավոր է սպանել, որովհետև իմ հագին իբր հմայված հագուստ էր։ Մինչդեռ ինձ վրա մի ամենասովորական կոստյում էր, որ տասնհինգ դոլարով գնել էի պատրաստի հագուստի խանութից։ Այնուամենայնիվ, ես նկատեցի մի մանրամասնություն․ երկրի այս ամենանշանավոր լեդիներն ու ջենտլմենները՝ իրար գլխի հավաքված, այնպիսի բառեր էին օգտագործում ամենասովորական ձևով, որ կստիպեին կարմրատակել նույնիսկ վայրի կոմանչին։ Ասել, թե նրանք անփափկանկատ էին արտահայտվում, անչափ մեղմ կլիներ։ Ես կարդացել էի սակայն «Թոմ Ջոնսը» և «Ռոդերիկ Ռենդոմը», ինչպես նաև այս կարգի ուրիշ գրքեր և գիտեի, որ Անգլիայի ամենանշանավոր լեդիներն ու ջենտլմենները դեռ ընդամենը մեկ հարյուրամյակ առաջ նույնքան անվայելուչ էին՝ ինչպես իրենց զրույցներում, այնպես էլ վարքում։ Միայն մեր, տասնիններորդ դարի Անգլիայում, ասենք և ամբողջ Եվրոպայում, հայտնվեցին առաջին իսկական լեդիներն ու ջենտլմենները։ Ի՞նչ կպատահեր, եթե սըր Վալտեր Սկոտը, իր սեփական բառերը հերոսների բերանը դնելու փոխարեն, արտոներ նրանց խոսելու այնպես, ինչպես խոսել են իրականում։ Ռեբեկան և Այվենգոն, չքնաղ լեդի Ռովենան այնպիսի լեզվով կխոսեին, որը կամաչեցներ նույնիսկ մեր օրերի թափառաշրջիկին։ Ինչևէ, չգիտակցված անպատշաճությունը արդեն անպատշաճություն չէ։ Արթուր թագավորի մարդիկ գաղափար էլ չունեին, որ իրենք անպարկեշտ են, իսկ ես այնքան խելք ունեցա, որ նրանց այդ զգալ չտվեցի։

Նրանք այնքան անհանգստացած էին իմ հմայված հագուստներով, որ բոլորի համար, վերջապես, մեծ թեթևություն եղավ, երբ ծերուկ Մերլինը նրանց մի շատ բնական խորհուրդ տվեց։ Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդքան բութ են, որ գլխի չեն ընկնում ինձ մերկացնել։ Մի րոպե անց ես ճիշտ այնպես մերկ էի, ինչպես ունելին։ Օ, աստված իմ, պատկերացնել միայն, որ ես այդտեղ միակ մարդն էի, որին ամաչեցնում էր իմ մերկությունը։ Ամեն ոք իր պարտքն էր համարում քննարկելու իմ մարմինը, և անում էին այդ այնպիսի անտարբեր եղանակով, ասես ես կաղամբի գլուխ լինեի։ Գինեվըր թագուհին նույնքան պարզամտորեն հետաքրքրված էր ինձնով, ինչպես մյուսները և նկատեց, որ երբեք նախկինում իմ ոտքերի նման ոտքեր չի տեսել։ Դա միակ հաճոյախոսությունն էր իմ հասցեին, եթե, իհարկե, այդ կարելի է հաճոյախոսություն համարել։

Վերջ ի վերջո ինձ մի կողմ քարշ տվին և իմ հմայված հագուստը՝ մի ուրիշ կողմ։ Ինձ նետեցին մութ ու նեղլիկ զնդանի մեջ, որտեղ ճաշի փոխարեն պետք է բավարարվեի խղճուկ մնացորդներով, անկողնի փոխարեն՝ փտած ծղոտով և հասարակության փոխարեն՝ առնետների առատությամբ։

Գլուխ հինգերորդ

Ներշնչում


Այնպես էի հոգնած, որ նույնիսկ վախս ինձ չկարողացավ երկար ժամանակ ետ պահել քնելուց։

Երբ նորից ուշքի եկա, ինձ թվում էր, թե մի շատ երկար քուն եմ ունեցել։ Իմ առաջին միտքը եղավ․ « Ի՞նչ զարմանալի երազ տեսա։ Լավ էր, որ ճիշտ ժամանակին արթնացա, այլապես ինձ կկախեին, ջրում կխեղդեին, խարույկի վրա կայրեին, կամ էլ․․․ մի քիչ էլ ննջեմ, մինչև շչակը հնչի, ապա կգնամ զինագործարան և կմաքրեմ այդ Հերկուլեսի հաշիվը։

Բայց այդ պահին ականջիս հասավ ժանգոտ շղթաների և սողնակի զնգոցը, մի լույս ծակեց աչքերս, և այդ թիթեռնիկ Քլարենսը բուսնեց առջևս։ Զարմանքից բերանս բաց մնաց, շունչս կտրվեց։

― Ի՞նչ, ― ասացի, ― դու դեռ այստե՞ղ ես։ Երազս ավարտվեց, բայց դու մնացի՞ր, չքվի՛ր։

Բայց նա միայն ծիծաղեց իր թեթևսոլիկ ծիծաղով և սկսեց կատակներ անել իմ խղճուկ վիճակի առիթով։

― Էհ, ինչ արած, ― ասացի ես հանձնվելով, ― թող երազը շարունակվի, ես չեմ շտապում։

― Ի՞նչ երազ, խնդրեմ․․․

― Ի՞նչ երազ։ Այն երազը, որ ես իբր գտնվում եմ Արթուրի արքունիքում, մի անձնավորության, որը երբեք գոյություն չի ունեցել, և այն երազը, որ ես զրուցում եմ քեզ հետ, բայց դու ոչ այլ ինչ ես, քան իմ երևակայության արգասիքը։

― Ահա թե ի՜նչ։ Իսկ որ վաղը քեզ այրելու են՝ դա էլ երա՞զ է։ Հա՜֊հա՜, դե պատասխանիր տեսնենք։

Այդ բառերը ինձ ստիպեցին ցնցվել։ Ես սկսեցի հասկանալ, որ վիճակս ծայրահեղ լուրջ է, անկախ այն բանից երազ է սա, թե երազ չէ, քանի որ ես իմ նախորդ փորձից գիտեի, որ երազները երբեմն իրական կյանքի նման վառ են լինում և խարույկի վրա այրվելը նույնիսկ երազում այնքան էլ հեշտ բան չէ, ուստի անհրաժեշտ է ամեն գնով խույս տալ դրանից։ Ես սկսեցի աղաչել մանկլավիկին։

― Ահ, Քլարենս, բարի տղաս, իմ միակ բարեկամը, ― դու իմ բարեկամն ես չէ՞, մի լքիր ինձ, օգնիր ինձ փախչելու այստեղից։

― Բայց դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։ Փախչե՞լ։ Բոլոր միջանցքները լեցուն են զինվորներով։

― Այո՛, այո՛, անկասկած։ Բայց շա՞տ են նրանք, Քլարենս։ Շատ չեն, չէ՞։

― Մի քսանյակ։ Ոչ ոք չի կարող փախուստի հույս ունենալ։ ― Քիչ հետո, նա անվճռական ավելացրեց, ― և, բացի այդ, ուրիշ ավելի ծանրակշիռ պատճառներ կան։

― Ուրի՞շ։ Որո՞նք են դրանք։

― Ասում են․․․ բայց ես չեմ համարձակվում․․․ Օ, իրոք չեմ համարձակվում․․․

― Ինչո՞ւ, մանչուկս, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ այդպես գունատվեցիր, ինչու ես այդպես դողում։

― Օ՜, ինչպես չդողամ․․․ Ես քեզ ամեն ինչ կասեի, բայց․․․

― Լա՛վ, լա՛վ, քա՛ջ եղիր, տղամա՛րդ եղիր, բարի մանչուկս, ասա՛ ամեն ինչ։

Նա տատանվում էր պատմելու ցանկության և վախի միջև, ապա գողունի մոտեցավ դռանը, դուրս նայեց, ականջ դրեց, վերջապես կիպ մոտ եկավ ինձ, կռացավ, շշնջաց ականջիս մեջ իր սոսկալի գաղտնիքը։ Վախից նա փշաքաղվում էր, կարծես խոսելիս լիներ այնպիսի բաների մասին, որոնց միայն հիշատակումը մահ է սպառնում։

― Մերլինը, իր կատաղության մեջ, կախարդանքով է պատել այս զնդանը, և այժմ ամբողջ թագավորության մեջ հնարավոր չէ գտնել նույնիսկ մի մարդ, որը համաձայներ քեզ հետ միասին ոտքը դուրս դնել այս շեմքից։ Այժմ, թող աստված գթա ինձ, ես ամեն ինչ ասացի։ Ահ, բարի եղիր իմ նկատմամբ, գթա դժբախտիս, որը քո լավն է ցանկանում։ Եթե ինձ մատնես, կորած եմ։

Վաղուց, շատ վաղուց այդպես հոգու խորքից ծիծաղած չկայի։ Ես գոռացի․

― Մերլինը կախարդանքո՜վ է պատել զնդանը։ Մերլի՞նը, ահա թե ինչ։ Այդ էժանագին ծեր ստախո՜սը, այդ ստախոս քաֆթառ էշը։ Անմտություն է, մաքուր անմտություն, աշխարհիս ամենահիմար անմտությունը։ Իմ կարծիքով դա բոլոր մանկական, ապուշ, հիմար, վախկոտ նախապաշարումներցից ամենա․․․ Օ՛հ, գրողը տանի այդ Մերլինին։

Դեռ կեսն էլ չէի ասել, երբ Քլարենսը արդեն չոքել էր առջևս ու կարծես վախից խենթացել։

― Օ՜, զգուշացիր, դրանք սոսկալի խոսքեր են։ Եթե այդպիսի բաներ ասես, այս պատերը ամեն վայրկյան կարող են փլվել ու ճզմել մեզ։ Օ՜, ետ կոչիր խոսքերդ, քանի դեռ ուշ չէ։

Այդ տարօրինակ վախը ինձ դրդեց մտածելու և լավ գաղափար հուշեց։ Եթե այստեղ բոլորը Քլարենսի նման ազնվասիրտ ու անկեղծորեն հավատում են Մերլինի խաբեբայություններին ու այդպես վախենում նրանից, ինչո՞ւ ինձ նման խելոք մեկը չի կարող օգտվել իր առավելություններից։ Ես սկսեցի միտք անել և գործողությունների ծրագիր մշակեցի։ Ապա ասացի․

― Վե՛ր կաց։ Քեզ հավաքիր։ Ուղիղ աչքերիս նայիր։ Դու գիտե՞ս, թե ինչու եմ ծիծաղում։

― Ոչ․․․ Բայց ի սեր աստվածամոր, այլևս մի՛ ծիծաղիր։

― Լավ։ Ես քեզ կասեմ, թե ինչու եմ ծիծաղում։ Ես ի՛նքս կախարդ եմ։

― Դո՞ւ։

Շշմած երեխան ետ ընկրկեց և պահեց շունչը։ Այդ բանը նա չէր սպասում։ Բայց նա անմիջապես իմ նկատմամբ խորը հարգանքով համակվեց։ Ես այդ նկատեցի․ դա նշանակում է, որ այս հիմարանոցում ստախոսից ոչ մի ապացույց չի պահանջվում, բոլորն էլ պատրաստ են նույնիսկ առանց ապացույցների հավատալ նրա խոսքին։ Ես շարունակեցի․

― Մերլինին ճանաչում եմ ահա արդեն յոթ հարյուր տարի, և նա․․․

― Յոթ հար․․․

― Մի ընդհատիր ինձ։ Նա մեռել և նորից կենդանություն է առել տասներեք անգամ և միշտ նորանոր անունների տակ՝ Սմիթ Ջոնս, Ռոբինսոն, Ջեքսոն, Պիտըրս, Հասկինս, Մերլին։ Ես միշտ էլ իմացել եմ նրա այդ վերափոխումները։ Երեք հարյուր տարի առաջ ես հանդիպել եմ նրան Եգիպտոսում, հինգ հարյուր տարի առաջ նրան հանդիպել եմ Հնդկաստանում։ Նա միշտ էլ ամենուրեք իմ ճանապարհին է հայտնվում և դա ինձ վերջնականապես ձանձրացրել է։ Նա վատ կախարդ է, մի քանի հին աճապարություններ գիտի, երբեք սկզբնագծից առաջ չի անցել և չի էլ անցնի։ Նա բավականին լավ է գավառների համար, միայն պայմանով, որ ամեն տեղ մի անգամ երևա։ Բայց իրեն գիտակի տեղ դնել, այն էլ իսկական վարպետի ներկայությամբ, դա արդեն չափից անց է։ Այժմ լսիր ինձ, Քլարենս, ես միշտ քո բարեկամը կլինեմ, և դու էլ պետք է իմ բարեկամը լինես։ Ես ուզում եմ, որ դու ինձ մի շնորհ անես։ Գնա թագավորի մոտ և հայտնիր նրան, որ ես ինքս կախարդ եմ, մոգերի առաջնորդ Ծայրագույն֊Գլխավոր֊Ցեխի֊Մեջ֊Ընկիրը։ Ես նրանց գլխին մի այնպիսի աղետ եմ պատրաստում, որ բոլորի փետուրները ցրիվ պիտի տամ, եթե միայն սըր Քեյի առաջարկը իրագործեն ու իմ անձին վնաս հասցնեն։ Դու իմ անունից կհայտնե՞ս դա թագավորին։

Խեղճ տղան այնպիսի վիճակի մեջ էր, որ չէր կարողանում պատասխանել։ Պարզապես ցավս էր գալիս տեսնելու այդքան ահաբեկված, այդքան բարոյալքված, այդքան շշմած մի արարածի։ Բայց նա խոստացավ անել ամեն ինչ, և իր հերթին ինձ ստիպեց քանի՜֊քանի՜ անգամ կրկնել, որ ես միշտ իր բարեկամը կմնամ և իր դեմ չեմ ուղղի իմ կախարդանքները։ Հետո դուրս գնաց, հիվանդի նման ձեռքը պատերին հենելով։

Հանկարծ մի միտք ծագեց գլխումս․ որքան անզգույշ վարվեցի ես։ Երբ տղան ուշքի գա, նա կզարմանա, թե ինչու այդպիսի մեծ կախարդը, ինչպիսին ես եմ, պետք է իր նման տղայի խնդրի օգնել ազատվելու այս զնդանից։ Նա իրար կհամադրի դրանք և հեշտությամբ գլխի կընկնի, որ ես ստախոսի մեկն եմ։

Մի ժամի չափ անիծում էի իմ անզգուշությունը և հայհոյում ինձ բոլոր կծու հիշոցներով։ Բայց, վերջում, բոլորովին հանկարծ միտքս եկավ, որ այս անասունները բանականություն չունեն, որ նրանք երբեք իրերը չեն համադրում, որ բոլոր նրանց զրույցները ապացուցում էին, թե նրանք բոլորովին անընդունակ են հակասությունները նկատելու։ Եվ հանգստացա։

Բայց այսպես է արդեն աշխարհիս կարգը․ մարդը հանգստանում է մի հարցի համար, և անմիջապես մի ուրիշ հարց սկսում է անհանգստացնել նրան։ Հանկարծ գլխի ընկա, որ մի սխալ եմ գործել, ուղարկել եմ երեխային հայտնելու իր թագավորին իմ ահավոր սպառնալիքները, թե ես մտադիր եմ իմ առանձնության մեջ մի հրաշք գործել և այժմ, չէ՞որ հրաշքներին այդպես դյուրությամբ հավատացող մարդիկ, նույնքան դյուրությամբ էլ ծարավի են հրաշքի։ Ի՞նչ կպատահի, եթե նրանք խնդրեն, որ ես որևէ հրաշագործություն անեմ։ Դիցուք նրանք ուզենան, որ ես ասեմ, թե ինչ աղետ էի նախապատրաստում իրենց համար։ Այո, սխալ գործեցի։ Պետք էր նախապես հնարել այդ աղետը։ Ի՞նչ պետք է անեմ։ Ի՞նչ պետք է ասեմ, որպեսզի գոնե մի փոքր ժամանակ շահեմ։ Ես նորից հուզվում էի, խորապես հուզվում․․․ Ահա ոտնաձայն է լսվում․․․ նրանք գալիս են, գոնե ժամանակ ունենայի մտածելու․․․ Սքանչելի է։ Գտա։ Ամեն ինչ կարգին է։

Ինձ կփրկի խավարումը։ Ես հանկարծ հիշեցի, թե ինչպես Կոլումբոսը, կամ գուցե Կորտեզը, կամ էլ այդ կարգի մարդկանցից մեկը, վայրենիների ձեռքն ընկնելով, իր փրկության համար օգտվել է խավարումից, և իմ հոգու մեջ հույս արթնացավ։ Ես հիմա ինքս պետք է փորձեի նույն բանը, և ոչ ոք ինձ չի կշտամբի բանագողության համար, քանի որ ես այդ պետք է անեի նրանցից մի հազար տարի առաջ։

Ներս մտավ Քլարենսը հնաղանդ, ճնշված տեսքով և ասաց․

― Ես շտապեցի քո պատգամը հաղորդելու մեր տեր թագավորին, և նա ինձ անմիջապես իր մոտ կանչեց։ Նա մահու չափ վախեցավ և ահա արդեն ուզում էր հրաման արձակել քեզ անմիջապես ազատելու, շքեղ հագուստներ և քո այդքան մեծ անձին վայել կացարան տրամադրելու մասին, երբ ներս մտավ Մերլինը ու ամեն ինչ փչացրեց։ Նա սկսեց համոզել թագավորին, որ դու ցնորվածի մեկն ես և ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես ասում։ Հայտարարեց նաև, որ քո սպառնալիքը հիմարություն է և դատարկ պարծենկոտություն։ Նրանք երկար վիճեցին, բայց վերջում Մերլինը հեգնանքով ասաց․ «Իսկ ինչո՞ւ նա չի անվանել այն աղետը, ինչ ուզում է բերել մեր գլխին։ Որովհետև չգիտի»։ Սրանով նա փակեց թագավորի բերանը, և թագավորը ոչինչ չկարողացավ առարկել։ Բայց, իր կամքից անկախ քեզ հետ անպատշաճ վարվելով, նա աղաչում է մտնես իր դրության մեջ և անվանես այն աղետը, որով դու սպառնում ես․ ի՞նչ աղետ է դա և ե՞րբ պետք է տեղի ունենա։ Օ՜, աղաչում եմ, մի հապաղիր, այսպիսի ժամանակ հապաղելը նշանակում է կրկնապատկել ու եռապատկել քո նկատմամբ կուտակվող վտանգները։ Օ՜հ, եղիր ուրեմն խելամիտ, ասա աղետի անունը։

Ձգեցի, որպեսզի լռությունը ավելի ազդեցիկ դարձնի իմ պատասխանը, և ապա հարցրի․

― Որքա՞ն ժամանակ է ինչ ես փակված եմ այս փոսի մեջ։

― Քեզ այստեղ նետեցին, երբ երեկվա օրը վերջանում էր։ Իսկ այժմ առավոտյան ինն է։

― Հըմ։ Ուրեմն ես հիանալի քնել եմ։ Առավոտյան ինն է։ Իսկ այստեղ այնպիսի խավար է, կարծես կեսգիշեր լինի։ Ուրեմն, այսօր ամսի քսանն է, այո՞։

― Քսանն է, այո։

― Եվ ինձ պետք է խարույկի վրա ողջ֊ողջ այրեն վաղը։ ― Տղան ցնցվեց։ ― Ո՞ր ժամին։

― Ճիշտ կեսօրին։

― Դե լավ։ Ես քեզ կասեմ, թե ինչ հաղորդես թագավորին։

Լռեցի և մի ամբողջ րոպե ահավոր լռության մեջ կանգնած մնացի սարսափած տղայի առջև։ Ապա խոսեցի խոր, հատ֊հատ, ճակատագրական ձայնով։ Ձայնս անընդհատ ահագնանում էր ու ահագնանում, մինչև որ դարձավ ամպրոպային, և ես հանդիսավոր ու վեհ ազդարարեցի իմ կամքը, կյանքումս երբեք այդպիսի ձայնով չէի խոսել։

― Վերադարձիր և հայտնիր թագավորին, որ այդ պահին ես ամբողջ աշխարհը կպատեմ կեսգիշերի խավարով, կմարեմ արևը և նա այլևս երբեք չի փայլփլա, երկրային պտուղները կփտեն լույսի ու ջերմության պակասից, և մարդիկ երկրի վրա, մինչև վերջին մարդը, կմեռնեն քաղցից։

Ստիպված էի տղային շեմքից դուրս տանել, քանի որ նա կորցրել էր գիտակցությունը։ Ես նրան հանձնեցի զինվորներին և ետ վերադարձա։


Գլուխ վեցերորդ

Խավարումը


Լռության և խավարի մեջ երևակայությունս գործի անցավ։ Փաստի իմացությունը ինքնըստինքյան մի անգույն բան է, բայց երբ մարդ սկսում է պատկերացնել այդ փաստը, այն վառ գույներով է երևում։ Բոլորովին տարբեր բաներ են՝ իմանալ, որ մեկի սիրտը դանակ ես խրել, և նույն բանը տեսնել սեփական աչքերով։ Լռության և խավարի մեջ այն բանի գիտակցությունը, որ ինձ մահացու վտանգ է սպառնում, անընդհատ ու անընդհատ խորանում էր․ այդ վտանգի գիտակցումը մատնաչափ առ մատնաչափ ներծծվում էր երակներիս մեջ և սառեցնում արյունս։

Բայց օրհնյալ բնությունը այնպես է նախատեսել, որ երբ մարդուս հոգու ջերմաչափի սնդիկը հասնում է ինչ֊որ որոշակի կետի, անմիջապես սկսում է նորից վեր բարձրանալ։ Հույսը ծագում է, և դրա հետ մեկտեղ գալիս է ստույգությունը, ու մարդը նորից հնարավորություն է ստանում ինքն իրեն օգնելու, եթե, իհարկե, դեռ կարելի է օգնել։ Ես շուտով առույգացա հոգեպես և ասացի ինքս ինձ․ «Խավարումը վստահաբար կփրկի ինձ և, ավելին՝ կդարձնի թագավորության ամենամեծ մարդը»։ Ու անմիջապես սնդիկը ցատկեց մինչև վերին կետը, և բոլոր իմ տագնապները փարատվեցին։ Աշխարհում այլևս ինձնից ավելի երջանիկ մարդ չկար։ Ես նույնիսկ անհամբեր էի, թե երբ է գալու վաղվա օրը, այնքան որ ծարավ էի ցուցադրելու իմ խոշոր հաղթանակը և դառնալու ամբողջ երկրի զարմանքի ու հարգանքի կենտրոնը։ Բացի այդ, գիտակցում էի, որ բիզնեսի տեսանկյունից, դա շատ օգուտներ կբերեր ինձ։

Մինչ այս, մինչ այն, հոգուս խորքում մի նոր կռահում էր գլուխ բարձրացնում։ Համարյա համոզված էի, որ երբ այդ նախապաշարված մարդկանց հայտնեն իմ սպառնալիքի էությունը, նրանք կվախենան և կփորձեն փոխհամաձայնության գալ։ Եվ, լսելով մոտեցող ոտնաձայները, ինքս ինձ ասացի․ «― Ահա և փոխհամաձայնությունը։ Ինչ կա որ, եթե օգտակար լինի, ես այն կընդունեմ, եթե ոչ, իմը կպնդեմ և խաղը մինչև վերջ կհասցնեմ։

Դուռը բացվեց և մի քանի զինվորներ հայտնվեցին։ Նրանց գլխավորը ասաց․

― Խարույկը պատրաստ է, գնանք։

― Խարո՞ւյկը։ Ուժերս լքեցին ինձ, քիչ էր մնում վար ընկնեի։ Այդպիսի պահերին դժվար է լինում շնչելը, կոկորդիդ ինչ֊որ բան է դեմ առնում, և բերանդ բաց ու խուփ ես անում։ Հենց որ խոսելու ընդունակությունս վերադարձավ, ասացի․

― Սխալմունք է պատահել, մահապատիժը վաղը պետք է լինի։

― Հրամանը փոխված է, մեկ օրով առաջ է գցված։ Շտապի՛ր։

Ես կորած եմ։ Այլևս փրկություն չկա։ Ես շշմել էի, շփոթվել, ինքս ինձ տիրապետել չէի կարողանում, միայն խենթի նման պատեպատ էի զարնվում։ Զինվորները բռնեցին ինձ, քարշ տվեցին իրենց հետ ստորերկրյա երկար միջանցքներով և վերջապես վեր բարձրացան, դուրս բերելով արևի վառ լույսի տակ։ Հայտնվելով ամրոցի ընդարձակ ցանկապատված բակում, ես ցնցվեցի, որովհետև անմիջապես տեսա բակի կենտրոնում տնկված սյունը, իսկ նրա ստորոտին էլ չոր ճյուղերի կույտը և մի վանականի։ Բոլոր չորս կողմերից նստարաններ էին շարված մեկը մյուսից վեր, որոնց վրա շարք առ շարք հանդիսականներ էին նստած, արևի տակ փայլփլացնելով շքեղ գույնզգույն հագուստները։ Թագավորն ու թագուհին նստած էին իրենց գահերին, և նրանց անմիջապես կարելի էր ջոկել ամբոխի միջից։

Այս ամբողջը նկատելը ինձնից մի վայրկյան իսկ չխլեց։ Հաջորդ վայրկյանին չգիտեմ որտեղից առջևս բուսնեց Քլարենսը և փայլկտող երջանիկ հայացքով նայելով ինձ, ականջիս մեջ շշնջաց․

― Այդ ես ստիպեցի փոխել ժամկետը։ Եվ որքա՜ն շատ աշխատեցի դրա համար։ Հենց որ հայտնեցի, թե ինչ աղետ ես դու բերելու և տեսա, թե ինչպես վախեցան նրանք, ես հասկացա, որ հարվածը պետք է անմիջապես հասցնել։ Անմիջապես մտա մեկի, մյուսի, երրորդի ականջը և փսփսացի, որ քո իշխանությունը արևի նկատմամբ իր գագաթին կհասնի միայն վաղը, և եթե ուզում են փրկել արևն ու ամբողջ աշխարհը, քեզ պետք է սպանեն այսօր, քանի դեռ հմայքները չեն հասցրել լրիվ հասունանալ։ Երդվում եմ պատվովս, դա միայն հիմար սուտ էր, մի պատահական միտք, բայց վախից տանջահար, նրանք այնպես կառչեցին այդ մտքից, կարծես երկինքն էր այն առաքել նրանց փրկելու համար։ Ես սկզբում ինքս ինձ ծիծաղում էի, հետո փառք տվի աստծուն, որ նա իր արարածներից ստորագույնին քո փրկության գործիքը դարձրեց։ Ահ, ինչ երջանիկ դասավորվեց ամեն ինչ։ Դու կարիք չես ունենա վերջնականապես մարելու արևը։ Օ՜, խնդրեմ, չմոռանաս այդ։ Միայն մի փոքր խավար քաշիր, ամենապստիկ խավարով պատիր ու թող, որ նա նորից փայփլա։ Դա լրիվ բավական կլինի։ Նրանք կտեսնեն, որ ես իրենց խաբել եմ, ակամայից իհարկե, և, հենց որ սկսի մթնել, նրանք վախից կխենթանան, կազատեն քեզ և կմեծարեն։ Դե՛, ընդառաջ գնա այլևս քո փառքին։ Բայց հիշիր, իմ բարի բարեկամ, մի մոռանա իմ խնդրանքը և վնաս մի պատճառիր մեր օրհնված արևին։ Հանուն ինձ, քո հավատարիմ բարեկամիդ։

Սեփական վշտից ճնշված, ես ինչ֊որ բառեր արտաբերեցի, ասելու համար, թե կխնայեմ արևը, և տղայի աչքերում այնպիսի խոր ու սիրատոչոր երախտագիտություն շողշողաց, որ այլևս սիրտ չունեցա կշտամբելու նրան, որ իր բարեսիրտ հիմարություններով խորտակել է ինձ և մահվան դատապարտել։

Երբ զինվորները ինձ անց էին կացնում բակով, այնպիսի լռություն էր տիրում, որ, եթե աչքերս կապված լինեին, ես կարող էի ենթադրել, թե շուրջս ամայի մի տափաստան է և ոչ չորսհազարանոց ամբոխ։ Մարդկային այս ամբողջ զանգվածը անշարժ էր։ Մարդիկ գունատված դեմքերով քար էին կտրել արձանների նման, նրանց աչքերի մեջ սարսափն էր տիրակալում։ Այդ լռությունը շարունակվում էր, մինչ ինձ շղթայում էին սյունին, շարունակվում էր, մինչ զգուշությամբ չոր ցախ էին դնում պճեղներիս, ծնկներիս, ազդրերիս, մարմնիս շուրջ։ Հետո միջոց եղավ, և ավելի խոր լռություն տիրեց, եթե արդեն դա հնարավոր էր, երբ դեպի ոտքերս կռացավ ձեռքին բոցավառվող ջահը բռնած մարդը․ ամբոխը, հայացք դարձած, առաջ թեքվեց, բոլորը ակամայից փոքր֊ինչ վեր կացան իրենց նստարաններից, վանականը ձեռքերը տարածեց իմ գլխավերև, աչքերը կապուտակ երկնքին ուղղեց և ինչ֊որ բան մրթմրթաց լատիներենով, նա բավականին երկար ժամանակ մրթմրթում էր, մրթմրթում և հանկարծ լռեց։ Ես սպասեցի մի քանի վայրկյան, ապա նայեցի նրան․ վանականը քար էր կտրել։ Ամբողջ բազմությունը, մի ընդհանուր մղումով, ոտքի էր կանգնել ու երկինք էր նայում։ Ես էլ երկինք նայեցի։ Վահ, գրողը տանի, խավարումը սկսվում էր։ Կյանքը սկսեց եռալ երակներիս մեջ։ Ես վերակենդանացել էի։ Սև շուրթը դանդաղ սողում էր արևի սկավառակի մեջ, սիրտս ավելի ու ավելի ուժգին էր զարկում, իսկ բազմությունն ու վանականը շարժվելու ունակությունից դեռ զրկված, երկնքին էին գամված։ Ես գիտեի, որ շուտով այդ հայացքը շրջվելու է դեպի ինձ։ Եվ երբ այդ կատարվեց, ես պատրաստ էի։ Իմ կեցվածքին մի վեհ տեսք տվեցի և ձեռքս դեպի արևը մեկնեցի։ Սքանչելի պատկեր ստացվեց։ Դողը ալիքի ձևով անցավ բազմության միջով։ Եվ այդ պահին երկու ճիչեր հնչեցին, մեկը անմիջապես մյուսից հետո։

― Վառե՛լ։

― Արգելո՛ւմ եմ։

Առաջինը Մերլինի ձայն էր, երկրորդը՝ թագավորի։ Մերլինը պոկվեց տեղից, ըստ երևույթին, որպեսզի ինքը վառի խարույկը, և ես ասացի․

― Մնացեք ձեր տեղում։ Եթե որևէ մեկը, նույնիսկ թագավորը, շարժվի, առանց իմ թույլտվության, ես կայծակ կիջեցնեմ նրա գլխին, մոխիր կդարձնեմ։

Ինչպես և սպասում էի, ամբողջ բազմությունը հնազանդ նստեց տեղերում։ Միայն Մերլինն էր մի քանի վայրկյան տատանվում, և ես ինձ փշերի վրա էի զգում, մինչև որ նա նստեց տեղը, իսկ ես խոր շունչ քաշեցի։ Այժմ արդեն դրության տերն էի։ Թագավորն ասաց․

― Գթառատ եղիր, ազնվափայլ սըր, դադարեցրու այդ ահավոր գործը, ազատիր մեզ աղետից։ Մեզ ասել էին, որ քո հզորությունը իր լրումին կհանգի միայն վաղը, բայց․․․

― Ձերդ վեհափառությունը ուզում է ասել, որ ստե՞լ են։ Այո, ձեզ սուտ են ասել։

Սա արտակարգ արդյունք տվեց։ Բոլորը ձեռքերը տարածեցին դեպի թագավորը, աղաչելով նրան, որպեսզի ամեն գնով համոզի ինձ դադարեցնել աղետը։ Թագավորը հաճույքով համաձայնեց։ Նա ասաց․

― Ասա քո պայմանները, հարգարժան սըր, նույնիսկ թագավորությանս կեսը կարող ես խնդրել, միայն թե դադարեցրու աղետը, ազատ արձակիր արևը։

Հաջողությունն արդեն ապահովված էր։ Մենք, իհարկե, անմիջապես լեզու կգտնեինք իրար հետ, բայց ես ի վիճակի չէի դադարեցնել խավարումը։ Այդ մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Այնպես որ ես խնդրեցի ինձ ժամանակ տան մտածելու։ Թագավորը ասաց․

― Որքա՞ն ժամանակ․․․ օ՜հ, որքա՞ն ժամանակ, բարի սըր։ Գթառատ եղիր, տես ավելի ու ավելի է խավարը տիրում, վայրկյան առ վայրկյան ավելի է մթնում։ Խնդրում եմ ասա, որքա՞ն ժամանակ է պետք մտածելու համար։

― Շատ չէ։ Կես ժամ, գուցե և մի ժամ։

Հազարավոր կրքոտ բողոքներ եղան, բայց ես չէի կարող կրճատել ժամկետը, որովհետև չէի հիշում, թե որքան է տևում արևի լրիվ խավարումը։ Եվ առհասարակ ես վարանումի մեջ էի և ուզում էի մտածել։ Խավարումի հարցում ինչ֊որ բան այնպես չէր, և դա ինձ շատ էր անհանգստացնում։ Եթե սա այն խավարումը չէր, որը ես սպասում էի, ինչպե՞ս այլևս ես կարող եմ պարզել՝ գտնվո՞ւմ եմ արդյոք վեցերորդ դարում, թե սա երազ է։ Աստված իմ, որքան կուզենայի համոզվել, որ ճիշտը վերջինն է։ Մեջս մի նոր բարի հույս էր ծագում։ Եթե տղան չի սխալվել, և այսօր իսկապես քսանն է, ուրեմն սա վեցերորդ դարը չէ։ Ես, հուզված, բռնեցի վանականի թևքը և հարցրեցի նրան, թե այսօր ամսի քանիսն է։

Գրողը տանի։ Նա պատասխանեց, որ այսօր քսանմեկն է։ Արյունս պաղեց, երբ այդ լսեցի։ Խնդրեցի, որ լավ վերհիշի, հո չի՞ սխալվում, բայց նա վստահաբար գիտեր, որ այսօր քսանմեկն է։ Ուրեմն, այդ քամի գլուխ տղան նորից ամեն ինչ խառնել է։ Խավարումը սկսվեց ճիշտ նույն այն պահին, երբ պետք է սկսվեր, ես ինքս այդ տեսա ոչ հեռու տեղադրված արևի ժամացույցով։ Այո, այլևս ոչ մի կասկած, ես Արթուր թագավորի արքունիքում եմ և պետք է ամեն ջանք թափեմ այդ վիճակից առավելագույնը քաղելու համար։

Խավարը էլ ավելի էր խտանում, մարդիկ առավել հուսաբեկվում էին։ Վերջապես ես ասացի․

― Ես ամեն ինչ մտածեցի, սըր թագավոր։ Որպեսզի դաս լինի, ես թույլ կտամ, որ այս մթությունը պարուրի ամբողջ աշխարհը և ձեզնից կլինի կախված՝ կվերադարձնեմ արդյոք արևը, թե ընդմիշտ կմարեմ այն։ Ահա իմ պայմանները․ դուք թագավոր կմնաք ձեր բոլոր տիրույթների վրա և ձեզ կմատուցեն թագավորական արժանապատվությանը վայել բոլոր պատիվներն ու փառքը, բայց դուք ինձ կնշանակեք ձեր մշտական մինիստրը՝ գործադիր իշխանության ողջ իրավունքով, և իմ ծառայությունների դիմաց ինձ կվճարեք մեկ տոկոսը այն եկամուտների ավելցուկից, որը ես հույս ունեմ ստեղծելու պետության համար։ Եթե դրանով ես չկարողանամ ապրել, ոչ ոքից օգնություն չեմ խնդրի։ Բավարարո՞ւմ են արդյոք իմ պայմանները։

Ծափահարությունների մի ահավոր որոտ պայթեց, և լսվեց թագավորի ձայնը, որը ասում էր․

― Քանդեցեք նրա կապանքները։ Արձակեցեք նրան։ Եվ բոլորդ, ազնվազարմ ու ոչ ազնվազարմ, հարուստ ու աղքատ, բոլորդ, բոլորդ մատուցեցեք նրան պատիվներ, որովհետև հետ այսու նա թագավորի աջ ձեռքն է, նա կունենա ամբողջ իշխանությունը և հեղինակությունը, և նրա աթոռը կլինի ամենաբարձր աստիճանի վրա, գահից հետո։ Այժմ, փարատիր այս առաջացող խավարը, նորից լույս ու խնդություն բեր մարդկանց, և ամբողջ աշխարհը կօրհնի քեզ։

Բայց ես ասացի․

― Եթե ի տես աշխարհի անպատիվ արվեր մի հասարակ մահկանացու, դա դեռ ոչինչ, բայց անպատվությունը կընկնի հենց թագավորի վրա, եթե նրա մինիստրի մերկությունը տեսնող մարդիկ, նրան նաև վարձատրված չտեսնեն խայտառակության դիմաց։ Կուզենայի խնդրել, որ իմ հագուստը բերեն․․․

― Ոչ, դու այժմ այդպիսի հագուստի չես արժանի, ― մրմնջաց թագավորը։ ― Նրան ուրիշ հագուստ բերեք, հագցրեք նրան ինչպես արքայազնի։

Իմ մտահղացումը արդեն արդյունքներ էր բերում։ Ես պետք է որևէ կերպ ժամանակ շահեի մինչև լրիվ խավարումը, այլապես նրանք նորից կսկսեին պաղատել ինձ՝ փարատելու խավարը, որը, իհարկե, ես անել չէի կարող։ Հագուստի ետևից ուղարկելը որոշակի հետաձգում էր նշանակում, բայց ոչ բավարար։ Եվ ես նոր հետաձգում հղացա։ Ասացի, որ վախենամ, թե թագավորը մտածելուց հետո միտքը փոխի և հետագայում չեղյալ հայտարարի հանկարծակի մղումի ազդեցության տակ ընդունած որոշումը։ Դրա համար էլ ես կստիպեմ խավարին էլ առավել խտանալ, և եթե թագավորը այդ ընթացքում չփոխի իր վճիռը, ես կփարատեմ այն։ Այս պայմանը դուր չեկավ ոչ թագավորին, ոչ էլ հանդիսականներին, բայց ես անդրդվելի մնացի։

Մինչ ես տանջվում էի, վրաս քաշելով վեցերորդ դարի սոսկալի հագուստները, օրն ավելի ու ավելի էր մթնում, ավելի ու ավելի սևանում։ Վերջապես այնպես մթնեց, ինչպես հանքախորշի ներսում և ամբողջ բազմությունը սարսափից ոռնաց, զգալով ցուրտ խորհրդավոր գիշերային քամու շունչը և երկնքի վրա տեսնելով առկայծող աստղերը։ Վերջապես խավարումը իր լրումին հասավ, և ես շատ ուրախ էի, բայց բոլորը հուսաբեկ էին, որը, ի դեպ, միանգամայն բնական էր։

― Թագավորը իր լռությամբ հաստատում է պայմանները։

Ասացի և դեպի երկինք պարզեցի ձեռքերս, մնացի այդպես կանգնած մի քանի վայրկյան, և խոսեցի, որքան կարելի է խորհրդավոր․

― Թող կախարդանքները փարատվեն և անվնաս չքվեն։

Մի պահ, մեռելային խավարի ու լռության մեջ ոչ մի շշուկ չէր լսվում, բայց երբ արևի արծաթազօծ շուրթը սկսեց դուրս սողալ խավարից, ամբողջ բակը լցվեց բարձրաձայն աղաղակներով և օրհնության ու երախտագիտության հեղեղը թափվեց ինձ վրա։ Օրհնողների և երախտիք հայտնողների մեջ Քլարենսը, իհարկե, վերջինը չէր։


Գլուխ յոթերորդ

Մերլինի աշտարակը


Ես դարձա թագավորության երկրորդ դեմքը, իմ ձեռքի մեջ կենտրոնացնելով ամբողջ գործադիր իշխանությունը, և վերաբերմունքը իմ նկատմամբ գերազանց էր։ Հագնում էի միայն մետաքսե, թավշե և ոսկեզօծ հագուստ, այսինքն շատ շքեղ և շատ անհարմար։ Բայց ես վստահ էի, որ շուտով կընտելանամ այդ հագուստին։ Թագավորից հետո ես զբաղեցնում էի ամրոցի ամենաներկայանալի հարկաբաժինը։ Պատերը պատած էին գույնզգույն մետաքսով, բայց քարե հատակին գորգերի փոխարեն ամենակոպիտ տնայնագործ, ծուռտիկ֊մուռտիկ խսիրներ էին փռված։ Ճիշտն ասած, ոչ մի հարմարություն չկար։ Ես նկատի ունեմ փոքրիկ հարմարությունները։ Հենց փոքրիկ հարմարություններն են, որ կյանքը հաճելի են դարձնում։ Կոպիտ զարդաքանդակով խոշոր կաղնի բազկաթոռները, ճիշտ է, այնքան էլ վատ չէին, բայց հո չի կարելի յոլա գնալ միայն բազկաթոռներով։ Չկար ո՛չ օճառ, ո՛չ լուցկի, ո՛չ հայելի, բացի մետաղյա մի հայելուց, որի մեջ նայած, թե մի դույլ ջրի մեջ, նույն բանն էր։ Եվ պատերի վրա ապահովագրական ընկերության ոչ մի գունավոր ռեկլամ։ Շատ տարիների ընթացքում ես այնպես էի վարժվել գունավոր ռեկլամին, որ անկախ ինձնից, սերը դեպի այդ արվեստը ներծծվել էր արյանս մեջ և դարձել էությանս մի մասնիկը։ Այս գոռոզատես, շքեղ, բայց անհոգի պատերը ինձ ստիպում էին ցավով կարոտել իմ հայրենիքին․ ես մտաբերում էի մեր տնակը Արևելյան Հարթֆորդում, որտեղ, չնայած ամբողջ կահավորանքի անհավակնոտությանը, յուրաքանչյուր սենյակում կախված էր ապահովագրական գունավոր ազդը կամ էլ ծայրահեղ դեպքում եռագույն տպագրված նշանաբանը՝ «Աստված թող օրհնի այս տունը», իսկ հյուրասենյակում ինը գունավոր ազդեր էին կախված։ Իսկ այստեղ, իմ մինիստրական մեծ սրահի պատերին, ոչ մի նկար չկար, եթե նկատի չունենանք, որ այնուամենայնիվ, կար վերմակի մեծության մի բան, որը ոչ այն է թե գործվածք էր, ոչ այն է թե ձեռագործ, այն էլ որոշ տեղերում կարկատված։ Դրա վրա պատկերված առարկաները ապշեցնում էին գույների և ձևերի ահավոր անճշտությամբ, և այնքան մեծ էին, որ ինքը Ռաֆայելը, նույնիսկ այն բանից հետո, երբ նա աշխատել ավարտել էր «Նշանավոր Հեմպտոնքրտյան ստվարաթղթերը», ավելի խոշոր նկարել չէր կարող։ Ռաֆայելը շատ կարևոր թռչուն է եղել։ Մենք ունեցել ենք նրա մի քանի նկարները, մեկի վրա պատկերված էր «Ձկան զարմանահրաշ որսը», որտեղ հենց ինքն է իր սեփական հրաշքը գործում․ երեք մարդ է նստեցրել մի մակույկի մեջ, մինչդեռ այդ մակույկը շուռ կգար, եթե նույնիսկ նրա մեջ միայն մի շուն լիներ։ Ես միշտ հիացմունքով եմ ուսումնասիրել Ռաֆայելի կտավները, նրանք այնքան թարմ են ու ոչ պայմանադրական։

Ամբողջ ամրոցում ո՛չ զանգ կար, ո՛չ հեռախոս։ Ինձ շատ ծառաներ էին տվել։ Հերթապահողները միջանցքում էին կանգնում և, երբ անհրաժեշտ էր լինում նրանց կանչել, ինքս ստիպված գնում էի նրանց ետևից։ Ո՛չ գազ կար, ո՛չ իսկ մոմ․ բրոնզյա թաս, մինչև կեսը լցված սովորական յուղով և յուղի մեջ լողացող վառած լաթ՝ ահա, թե ինչն էր այստեղ լուսավորություն կոչվում։ Այդպիսի բազմաթիվ թասեր էին կախ տված պատերից, նրանք հազիվ փարատում էին խավարը, որը այդ պատճառով առավել մռայլ էր թվում։ Եթե երեկոյան բակից դուրս էիք գալիս, ծառաները ձեր առջևից ջահեր էին տանում։ Չկար ո՛չ գիրք, ո՛չ գրիչ, ո՛չ թուղթ, ո՛չ թանաք, ո՛չ ապակի այն անցքերում, որոնք այստեղ պատուհաններ էին կոչվում։ Թվում է, թե ինչ բան է ապակին, չէ՞։ Բայց եթե ապակի չլինի, արդեն դա բնավ էլ փոքր բան չի։ Բայց ամենից վատը շաքարի, սուրճի, թեյի և ծխախոտի պակասն էր։ Ես նման էի անմարդաբնակ կղզի ընկած Ռոբինզոն Կրուզոյին․ նրա պես էլ ստիպված էի բավարարվել տնային կենդանիների ընկերակցությամբ, և, որպեսզի կյանքը գոնե մի փոքր տանելի դառնար, պետք է վարվեի, ինչպես նա՝ գյուտեր անեի, հնարեի, ստեղծեի, փոփոխեի արդեն գոյություն ունեցողը․ պետք է անընդհատ աշխատեցնեի իմ ուղեղն ու ձեռքերը։ Ինչ կա որ, դա հենց այն է, ինչ ես ուզում եմ։

Մի բան ինձ սկզբից շատ էր նեղում՝ մարդկանց վիթխարի հետաքրքրասիրությունը իմ անձի նկատմամբ։ Կարծես ամբողջ ժողովուրդը ուզում էր ինձ տեսնել։ Շուտով հայտնի դարձավ, որ խավարումը ահ ու սարսափ էր պատճառել ամբողջ Բրիտանիային, որ նրա տևողության ընթացքին ամբողջ երկիրը ծայրից ծայր պարուրված է եղել անսահման խուճապով, և բոլոր եկեղեցիները, վանքերն ու ճգնարանները լցվել են աղոթքի և լացող մարդկանցով, որոնք համոզված են եղել, թե աշխարհի վերջը եկել է։ Հետո բոլորը իմացել են, որ այդ սոսկալի աղետը բերել է Արթուր թագավորի արքունիքում ապրող մի օտարական հզոր կախարդ, որ նա կարող էր կանթեղի նման մարել արևը և ուզում էր հենց այդպես էլ անել, բայց նրան խնդրել են փարատել կախարդանքը և, որ հետայսու նրան անհրաժեշտ է մեծարել որպես մի մարդու, որը իր անսպառ զորությամբ փրկել է աշխարհը կործանումից և մարդկությանը ոչնչացումից։ Եթե դուք նկատի առնեք, որ ամեն ոգ հավատացել է դրան, ոչ միայն հավատացել, այլ նույնիսկ կասկածի նշույլ անգամ չի ունեցել, ապա պարզ կդառնա, թե ինչպես ամբողջ Բրիտանիայում չկար մեկը, որը չուզենար այդ կախարդին տեսնելու համար ոտքով հիսուն մղոն կտրել։ Բնականաբար, զրուցում էին միայն իմ մասին, մնացած բոլոր նյութերը մոռացության էին տրվել, նույնիսկ թագավորի նկատմամբ սկսեցին անտարբեր վերաբերմունք ցույց տալ և չհետաքրքրվել նրանով։ Քսանչորս ժամից հետո արդեն սկսեցին պատվիրակություններ երևալ, և գալիս էին նրանք ամբողջ երկու շաբաթ շարունակ։ Շրջակա բոլոր գյուղերը լեցուն էին եկվորներով, օրական մի տաս֊տասներկու անգամ ես ստիպված էի լինում երևալ այդ հարգարժան և սարսափից զարկված բազմություններին։ Անշուշտ, դա շատ հոգնեցուցիչ էր ու բավականին ժամանակ էր խլում, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, շատ հաճելի է, երբ ինքդ քեզ զգում ես այդպես նշանավոր և մեծարանքի առարկա։ Ծերուկ Մերլինը կանաչ էր կտրում զայրույթից, և դա ինձ մեծագույն հաճույք էր պատճառում։ Բայց մի բան կար, որը ես ոչ մի կերպ հասկանալ չէի կարողանում․ ոչ ոք ինձնից ինքնագիր չէր խնդրում։ Այդ մասին ես ասացի Քլարենսին։ Գրողը տանի, ես ստիպված եղա բացատրել նրան, թե ինչ բան է ինքագիրը։ Նա ասաց, որ ամբողջ երկրում մի քանի տասնյակ տերտերներից բացի ոչ ոք չի կարող ո՛չ կարդալ, ո՛չ գրել։ Այ թե երկիր է, հա՜։

Մի հանգամանք էլ կար, որը ինձ փոքր֊ինչ անհանգստացնում էր։ Այդ բազմությունները ծարավի էին նոր հրաշքի։ Դա անշուշտ բնական էր։ Հեռավոր ճանապարհորդությունից տուն վերադառնալ ու պարծենալ, որ ինքը սեփական աչքերով տեսել է երկնային արևը սանձող մարդուն, և դրանով ինքն իրեն բարձրացնել հարևանների աչքում, ― դա, անշուշտ, լավ է, բայց շատ ավելի լավ է հնարավորություն ունենալ պատմելու նաև, որ ինքը սեփական աչքերով տեսել է, թե ինչպես է նա հրաշքներ գործել։ Իհարկե, այսպիսի նպատակի համար հեռավորությունը ոչ մի խոչընդոտ չէր կարող լինել մարդկանց առջև։ Ճնշումն ինձ վրա անընդհատ ուժեղանում էր։ Առաջիկայում լուսնային խավարում էր սպասվում, և ես գիտեի օրն ու ժամը, բայդ դա ուշ պետք է տեղի ունենար։ Ամբողջ երկու տարի հետո։ Շատ բան կտայի, որպեսզի մոտեցնեի այդ դեպքը և օգտվեի դրանից հենց այժմ, երբ շուկան խավարումների այդպիսի պահանջարկ էր ներկայացնում։ Շատ ափսոս, որ այդ խավարումը իզուր կկորչի և տեղի կունենա այն ժամանակ, երբ ոչ ոքի ոչ մի օգուտ չի բերի։ Եթե այդ խավարումը, դիցուկ, նշանակված լիներ մեկ ամիս հետո, ես կանխավ կվաճառեի այն, բայց այժմ դրանից ոչ մի օգուտ չէր սպասվում, և ես նույնիսկ դադարեցի այդ մասին մտածելուց։ Այդ ժամանակ էլ Քլարենսը պատահաբար իմացավ, որ Մերլինը պղտորում է ամբոխի հոգին։ Նա լուրեր էր տարածում, թե ես ստախոսի մեկն եմ, թե ես որևէ հրաշ չեմ անում, որովհետև չեմ կարող անել։ Տեսա, որ որևէ բան պետք է ձեռնարկեի։ Եվ տեղն ու տեղը գործողության ծրագիր կազմեցի։

Օգտվելով ինձ հանձնված գործադիր իշխանությունից, Մերլինին նետեցի նույն զնդանը, որտեղ նախապես ես էի նստած։ Ապա, մունետիկների ու փողհարների միջոցով իմաց տվեցի ամբոխին, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես զբաղված կլինեմ պետական գործերով, իսկ հետո ազատ ժամանակ կգտնեմ և երկնքից իջած կրակով կոչնչացնեմ Մերլինի քարաշեն աշտարակը, իսկ մինչ այդ, իմ մասին չարամիտ լուրերին ականջ դնողները թող զգուշանան։ Այնուհետև ազդարարեցի, որ դա վերջին հրաշքն է լինելու, բայց եթե այդ հրաշքից հետո էլ, որոշ մարդիկ չբավարարվեն ու չարախոսեն իմ հասցեին, ես նրանց բանող ձիեր կդարձնեմ։ Անդորրը վերականգնվեց։

Ես Քլարենսին մասամբ վստահեցի գաղտնիքներս և մենք զգուշությամբ գործի անցանք։ Ասացի նրան, որ իմ հրաշքը որոշ նախապատրաստական աշխատանք է պահանջում, և ամեն ոք, ով բերանը բաց անի այդ աշխատանքների մասին, տեղն ու տեղը կմեռնի։ Այս նախազգուշացումը փակեց նրա բերանը։ Մենք գաղտնի մի քանի պարկ առաջնակարգ վառոդ պատրաստեցինք, իսկ զինագործները իմ ղեկավարությամբ շանթարգել և լարեր սարքեցին։ Հին քարաշեն աշտարակը շատ զանգվածային էր, թեպետ տեղ֊տեղ քարերը շարժվում էին, որովհետև կառուցվել էր դեռ հռոմեացիների կողմից, մի չորս հարյուր տարի առաջ։ Այո, աշտարակը գեղեցիկ էր իր յուրահատուկ կոպիտ գեղեցկությամբ, և հիմքից մինչև կատարը պատված էր բաղեղով, ասես թեփուկավոր օղազրահ հագած լիներ։ Այն կանգնած էր առանձնության մեջ, ամրոցից լավ տեսանելի և մի կես մղոն հեռավորության վրա։

Աշխատելով գիշերները, մենք վառոդով լցրինք աշտարակը՝ հիմքում տասնհինգ ոտք լայնության պատերի միջից քարեր դուրս քաշեցինք և անցքերը լցրինք վառոդով։ Այդպիսի լիցքեր սարքեցինք մի տաս֊տասներկու տեղ։ Մենք այնքան վառոդ ունեինք, որ կարելի էր պայթեցնել նաև Լոնդոնի Թաուերը։ Տասներեքերորդ գիշերը կատարին ամրացրինք մեր շանթարգելը, ցածի ծայրը միացնելով լիցքերից մեկին և այդ լիցքից դեպի մյուսները լարեր տարանք։ Ժողովրդին ուղղածս կոչը հրապարակելուց հետո արդեն ոչ մեկը աշտարակի մոտից չէր անցնում, բայց, այնուամենայնիվ, տասնչորսերորդ օրվա առավոտյան ես մունետիկների միջոցով ազդարարեցի, որ ոչ ոք քառորդ մղոնից ավելի մոտ գալու իրավունք չունի։ Իսկ հետո էլ ավելացրի, որ հրաշքը պիտի կատարեմ առաջիկա քսանչորս ժամերի ընթացքում և դրա համար էլ նախապես պայմանական նշանով իմաց կտամ՝ եթե ցերեկ լինի, ապա ամրոցի աշտարակներին դրոշներ կտնկվեն, եթե գիշեր, ապա ջահեր կվառվեն։

Վերջին ժամանակները ամպրոպներ հաճախ էին լինում, այնպես որ ձախողումից այնքան էլ չէի վախենում, մանավանդ, որ միշտ էլ կարող էի մեկ֊երկու օրով հետաձգել հրաշքը պետական գործերով զբաղված լինելու պատճառաբանությամբ, և մարդիկ կսպասեին։

Իհարկե, օրը վառ արևոտ էր՝ վերջին շաբաթվա ընթացքում միակ անամպ օրն էր դա․ միշտ այդպես է պատահում։ Ես փակվեցի իմ սենյակում և հետևում էի եղանակին։ Ժամանակ առ ժամանակ գալիս էր Քլարենսը ու հայտնում, որ ամբոխի մեջ հուզումը անընդհատ աճում է, որ հրակնատներից երևում է, թե ինչպես են անընդհատ նորանոր խմբեր ժամանում։ Վերջապես, երբ արդեն մթնում էր, քամի բարձրացավ և մի ամպ երևաց, հենց ճիշտ այնտեղ, որտեղ որ պետք էր։ Սպասեցի մի փոքր էլ, հետևելով, թե ինչպես է այդ հեռավոր ամպը ուռճանում ու մթագնում, ապա վճռեցի, որ արդեն ժամանակն է։ Կարգադրեցի վառել ջահերը, արձակել Մերլինին և ինձ մոտ ուղարկել։ Քառորդ ժամ անց պատշգամբ դուրս եկա։ Այնտեղ արդեն գտնվում էին թագավորն ու ամբողջ արքունիքը։ Նրանք խավարի մեջ աչքները հառել էին Մերլինի աշտարակի ուղղությամբ։ Խավարը այնպես էր խտացել, որ հեռվում ոչինչ տեսնել հնարավոր չէր։ Մարդկային այդ զանգվածը և վեր խոյացող բուրգերը, որ մասամբ ստվերներով էին պարուրված, մասամբ էլ վառ լուսավորված էին ջահերի լույսերով, արտակարգ գեղեցիկ պատկեր էին ներկայացնում։

Հայտնվեց Մերլինը բավականին վատ տրամադրության մեջ։ Ես ասացի․

Դու ուզում էիր ինձ ողջ֊առողջ այրել, թեպետ ես քեզ ոչ մի վատ բան չէի արել, իսկ հետո էլ փորձում էիր աղտոտել իմ պրոֆեսիոնալ վարկը։ Դրա համար էլ ես երկնքից կրակ կիջեցնեմ և կոչնչացնեմ քո աշտարակը, բայց հանուն արդարության քեզ հնարավորություն կտամ ցուցադրելու քո ուժը․ եթե կարծում ես, որ կարող ես փարատել իմ կախարդանքը և վանել երկնային կրակը, խնդրեմ, հարված կատարիր, հերթը քոնն է։

― Ես կարող եմ փարատել քո հմայքները, ազնվափայլ սըր, և ես կփարատեմ, չկասկածես, ― հայտարարեց Մերլինը։

Նա հատակի սալերի վրա երևակայական շրջագիծ գծեց և ներսում մի պտղունց փոշի վառեց, որից բարձրացավ հոտավետ ծխի մի փոքրիկ քուլա։ Բոլորը վախից ետ ընկրկեցին, ու խաչ հանեցին։ Հետո նա ինչ֊որ բան սկսեց մրթմրթալ և ձեռքերը թափահարել։ Կամաց֊կամաց նա իրեն մոլեգնության վիճակի հասցրեց ու նրա ձեռքերը սկսեցին պտտվել ինչպես հողմաղացի թևերը։ Մինչ այդ ամպրոպը բոլորովին մոտեցավ, ուժգին քամին բորբոքում էր ջահերի բոցը և տարուբերում ստվերները, ընկան անձրևի առաջին խոշոր կաթիլները, շուրջը անթափանցելի խավար էր, երբեմն֊երբեմն կայծակ էր ճայթում։ Հապաղել այլևս չէր կարելի։ Եվ ես ասացի․

― Դու բավականին ժամանակ ունեիր։ Ես քեզ բոլոր հնարավորությունները ընձեռեցի և չմիջամտեցի։ Բոլորին արդեն պարզ է, որ քո կախարդությունը ոչ մի արժեք չունի։ Իսկ հիմա իմ հերթն է։

Երեք անգամ թափահարեցի ձեռքերս, և այնպիսի խլացուցիչ որոտ հնչեց, որ կարծես հրաբուխ էր ժայթքել․ հին աշտարակի բեկորները երկինք թռան կրակի հեղեղով պարուրված, խավար գիշերը լույս ցերեկի վերածվեց և շուրջը հսկայական տարածության վրա նկատելի եղավ, թե ինչպես մարդկային արարածները սարսափահար գետնին էին փռվել։ Մի խոսքով, հետո ամբողջ շաբաթը ավազի և խճի անձրև էր գալիս։ Այդպիսին էին լուրերը, գուցե, իհարկե, մի քիչ չափազանցված։

Դա մի շատ տպավորիչ հրաշք էր։ Հետաքրքրասերների արշավը անմիջապես դադարեց։ Հաջորդ առավոտ ցեխի վրա հազարավոր ոտնահետքեր կային, բայց բոլորն էլ հակառակ ուղղությամբ էին տանում։ Եթե ես մի ուրիշ հրաշք ազդարարեի, ինձ այլևս չէր հաջողվի հանդիսականներ հավաքել նույնիսկ շերիֆի օգնությամբ։

Մերլինի արժեթղթերն ընկան։ Թագավորը ցանկանում էր նրան այլևս աշխատավարձ չվճարել, նույնիսկ ուզում էր վտարել, բայց ես միջամտեցի։ Ասացի, որ նա կարող է օգտակար լինել եղանակի գուշակության և նման փոքր բաների հարցում, իսկ եթե նրա խղճուկ, սալոնային կախարդանքներից ոչինչ չստացվի, ես երբեմն֊երբեմն կօգնեմ նրան։ Նրա աշտարակից ոչինչ չէր մնացել, բայց ես ստիպեցի կառավարությանը նորը կառուցել և նրան խորհուրդ տվեցի վարձով տալ սենյակները, բայց նա շատ քիթը վեր տնկածն էր և ոչ մի երախտագիտության զգացում չուներ իմ նկատմամբ, նույնիսկ շնորհակալություն չասաց։ Ինչ էլ որ ասելու լինենք, շար կարծր ծերուկ էր Մերլինը, և դժվար էլ է քաղցր վերաբերմունք սպասել մեկից, որին դու այդպես ետնագծերն ես քշել։







  1. Անթարգմանելի բառախաղ է․ անգլերենում «Page» բառը նշանակում է «էջ» և «մանկլավիկ»։ Յանկին այստեղ ենթադրում է, թե հիմարանոցի այդ փոքրիկ ներկայացուցիչը իրեն «էջ» է կարծում։ Ծան․ թարգմ․