Վերջին թարմացում 11 Հուլիսի 2016, 23:01

Հայրեր և զավակներ

23:01, 11 Հուլիսի 2016 տարբերակ, Տարածող (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայրեր և զավակներ

հեղինակ՝ Իվան Տուրգենև
թարգմանիչ՝ Մուշե Վարդապետ
աղբյուր՝ արտագրված է՝ Լիտոպեդիա

Նվիրվում է
Վիսսարիոն Գրիգորևիչ Բելինսկու հիշատակին

I

— Ի՞նչ է, Պյոտր, դեռ չե՞ն երևում։

Այդ հարցնողը քառասունն անց կալվածատեր մի պարոն էր, որ 1859 թվի մայիսի 20-ին, փոշոտ վերարկուով և աղյուսակազարդ հյուսվածքից կարած վարտիքով, գլխաբաց դուրս գալով խճուղու վրա գտնվող իջևանատան մուտքի ցածլիկ պատշգամբը, դիմեց իր ծառային երիտասարդ ու լիաթուշ, սպիտակավուն աղվամազը ծնոտին ու մանրիկ մարած աչքերով մի տղայի։

Ծառան, որի մեջ ամեն ինչ՝ թե ականջի փիրուզյա օղը, թե օծված, գույնզգույն մազերը, թե քաղաքավարի շարժումները, մի խոսքով բոլորը ցույց էին տալիս, որ նա նորագույն, կատարելագործված սերնդի մարդ էր։ Նա ներողամտաբար նայում էր ճանապարհի երկարությամբ և պատասխանում.

— Ոչ, դեռ չեն երևում։

— Չե՞ն երևում,— կրկնեց պարոնը։

— Չեն երևում,— նորից պատասխանեց ծառան։ Պարոնը հառաչեց ու նստեց փոքրիկ նստարանի վրա։

Մինչ նա ոտները տակը ծռած-նստած մտախոհ նայում է իր չորս կողմը, ընթերցողին ծանոթացնենք նրա հետ։

Նրան անվանում են Նիկոլայ Պետրովիչ Կիրսանով։ Իջևանատնից 15 վերստ հեռավորության վրա նա ուներ մի լավ կալված, երկու հարյուր շնչից, կամ, ինչպես նա ինքն էր ասում այն ժամանակից ի վեր, երբ սահմանազատվեց գյուղացիներից և հիմնեց իր «ֆերման», երկու հազար դեսյատինից բաղկացած։ Նրա հայրը, որ 1812 թ. մարտական գեներալ էր, մի կիսագրագետ, կոպիտ, բայց ոչ չար ռուս մարդ, իր ամբողջ կյանքը ծառայության մեջ էր անցկացրել, սկզբում՝ բրիգադայի հրամանատար, հետո էլ՝ դիվիզիայի, շարունակ ապրում էր գավառում, որտեղ իր աստիճանի շնորհիվ բավականին կարևոր դեր էր խաղում։ Նիկոլայ Պետրովիչը իր ավագ եղբոր՝ Պավելի նման, որի մասին կխոսենք քիչ հետո, ծնվել էր Ռուսաստանի հարավում և մինչև տասնչորս տարեկան հասակր դաստիարակվել էր տանը՝ շրջապատված էժանագին տնային դաստիարակներով, համարձակ, բայց շողոքորթ ադյուտանտներով և գնդային ու շտաբային ուրիշ անձերով։ Նրա մայրը, որ Կոլյազինների տոհմիցն էր, աղջիկ ժամանակը՝ Agathe, իսկ գեներալի կին լինելուց հետո՝ Ագաֆոկլեա Կուզմինիշնա Կիրսանովա էր դարձել, պատկանում էր «մայրիկ-հրամանատարների» թվին, դնում էր շքեղ չեպչիկներ և հագնում խշխշան մետաքսե շորեր, եկեղեցում առաջինն էր մոտենում խաչը համբուրելու, խոսում էր շատ բարձր ձայնով, թույլ էր տալիս, որ առավոտները երեխաներր մոտենան և իր ձեռքը համբուրեն, իսկ երեկոներրը քնելուց օրհնում էր նրանց։ Մի խոսքով, ապրում էր քեֆն ուզածի պես։ Նիկոլայ Պետրովիչը, որ թեև ոչ միայն աչքի չէր ընկնում քաջասրտությամբ, այլև վախկոտի անուն էր վաստակել, իբրև գեներալի որդի, պետք է որ իր եղբոր, Պավելի նման, զինվորական ծառայության մտներ, բայց հենց այն օրը, երբ տեղեկություն ստացվեց, որ նա ընդունված է ծառայության, ոտքը կոտրվեց և, երկու ամիս անկողնում պառկելուց հետո, ամբողջ կյանքում մնաց «կաղլիկ»։ Հայրը ձեռք քաշեց նրանից և թույլ տվեց, որ պատրաստվի քաղաքացիական պաշտոնի համար։ Հենց որ նա տասնութ տարեկան եղավ, հայրը նրան Պետերբուրգ տարավ ու տվեց համալսարան։ Այդ իսկ միջոցին նրա եղբայրը գվարդիական գնդի սպայություն ստացավ։ Երիտասարդները սկսեցին ապրել միասին, միևնույն բնակարանում, իրենց մոր կողմից ազգական Իլյա Կոլյազինի հեռավոր հսկողության տակ, որը մի կարևոր պաշտոնյա էր։ Նրանց հայրը վերադարձավ իր դիվիզիան և իր ամուսնու մոտ, միայն մեկ-մեկ ուղարկում էր որդիներին գորշ թղթի քառորդ թերթիկներ խզբզված գրագրերին հատուկ խոշոր-խոշոր գրերով։ Այդ թերթիկների վերջում խնամքով ստորագրված էին լինում հետևյալ խոսքերը. «Պիսար Կիրսանոֆ, գեներալ-մայոր»։

Նիկոլայ Պետրովիչը 1835 թ. թեկնածուի կոչումով ավարտեց համալսարանը, և նույն տարին էլ գեներալ Կիրսանովը, որ անհաջող զորատեսի պատճառով արձակվել էր պաշտոնից, կնոջ հետ եկավ Պետերբուրգ ապրելու։ Նա ուզում էր տուն վարձել Տավրիկյան այգու մոտ և արդեն Անգլիական ակումբի[1] անդամ էլ գրվեց, բայց հանկարծակի մեռավ կաթվածից։ Շուտով Ագաֆոկլեա Կուզմինիշնան էլ հետևեց նրան, նա չկարողացավ ընտելանալ մայրաքաղաքի խուլ կյանքին, անցյալի կարոտը նրան մաշեց։

Մինչդեռ Նիկոլայ Պետրովիչը դեռ ծնողների կենդանության ժամանակ և ի մեծ ցավ նրանց արդեն սիրահարվել էր իր բնակարանի նախկին տիրոջ, պաշտոնյա Պրեպոլովենսկու աղջկան, որ մի սիրունատես և, ինչպես ասում են, զարգցած աղջիկ էր — նա ամսագրերում կարդում էր «Գիտություն» բաժնի լուրջ հոդվածները։ Հենց որ սգի օրերն անցան, նա ամուսնացավ նրա հետ և, թողնելով պետական կալվածների մինիստրությունը, ուր հայրը հովանավորների շնորհիվ տեղավորել էր նրան, երջանիկ կյանք էր վարում իր Մաշայի հետ նախ Անտառային ինստիտուտի մոտակայքում վարձած ամառանոցում, հետո՝ քաղաքում, մի փոքրիկ ու սիրունիկ բնակարանում՝ մաքուր սանդուղքով և ցուրտ ընդունարանով, ու վերջում էլ գյուղում, ուր նա վերջնականապես բնակություն հաստատեց և որտեղ էլ շուտով ծնվեց նրա Արկադի որդին։

Ամուսինները շատ լավ ու խաղաղ կյանք էին վարում՝ գրեթե երբեք իրարից չէին բաժանվում, միասին կարդում էին, միասին չորս ձեռքով դաշնամուր նվագում, դուետներ երգում, կինը ծաղիկներ էր աճեցնում-խնամում և հավանոցին վերահսկում, իսկ ինքը շատ ուշ-ուշ գնում էր որսի և զբաղվում էր տնտեսությամբ, իսկ Արկադին աճում էր ու աճում-նույնպես լավ և խաղաղ։ Տասը տարին երազի պես անցավ։ 47 թվին Կիրսանովի կինը վախճանվեց։ Նա հազիվ դիմացավ այդ հարվածին և մի քանի շաբաթվա մեջ ճերմակեց, վիշտը թեկուզ փոքր-ինչ փարատելու համար ուզում էր արտասահման գնալ... բայց վրա հասավ 48 թվականը։ Ակամայից նա վերադարձավ գյուղ և, բավական երկար անգործ մնալուց հետո, զբաղվեց տնտեսական բարեփոխություններով։ 55 թվին սա որդուն տարավ համալսարան, երեք ձմեռ ապրեց նրա հետ Պետերբուրգում, համարյա առանց տնից դուրս գալու և աշխատելով ծանոթություն հաստատել Արկադիի նորատի ընկերների հետ։ Վերջին ձմեռը նա չկարողացավ գալ,— և ահա 1859 թ. մայիսին նրան մենք տեսնում ենք արդեն բոլորովին զառամած, փափլիկ և մի փոքր էլ կորացած, նա սպասում է որդուն, որը, ինչպես մի ժամանակ ինքը, ստացել էր թեկնածուի կոչում։

Ծառան, քաղաքավարության զգացումից դրդված, կամ գուցե թե չցանկանալով իր պարոնի աչքի առաջ մնալ, մտավ դարպասի տակ ու սկսեց չիբուխը ծխել։ Նիկոլայ Պետրովիչը գլխահակ կանգնել նայում էր պատշգամբի խարխուլ աստիճաններին, մի խոշոր խայտաբղետ ճուտ ծանրաքայլ ման էր գալիս նրանց վրա, իր խոշոր, դեղին ոտներով ամուր թխկթխկացնելով։ Աղտոտված կատուն, կողքը պատշգամբի վանդակին դեմ տված, անբարեհաճ դիտում էր նրան։ Արևն այրում էր. իջևանատան կիսամութ հաշտից տաք սև հացի հոտ էր գալիս։ Մեր Նիկոլայ Պետրովիչը անձնատուր եղավ երազանքների։

«Որդիս... թեկնածու... Արկաշան...» շարունակ պտտում էր նրա գլխում։ նա վարձեց մտածել մի որևէ ուրիշ բանի մասին, բայց նորից էին վերադառնում նույն մտքերը։ նրա միտքն րնկսոԼ հանգուցյալ կինր... «Չարժանացավ»,— շշնջաց նա հուսալքված... Մի թուխ-կապտավան աղավնի թռավ իջավ ճանապարհի վրա ու շտապ գնաց ջրհորի մոտի փոսում հավաքված ջրից խմելու։ Նիկոլայ Պետրովիչը սկսեց նայել նրան, բայց ականջը արդեն որսում էր մոտեցող անիվների թխկոցը...

— Հենց իմանաս նրանք գալիս են,— հայտնեց ծառան դարպասի տակից դուրս թռչելով։ Նիկոլայ Պետրովիչը վեր կացավ իսկույն և աչքերն ուղղեց ճանապարհին։ Երևաց փոստային երեք ձի լծած մի տարանտաս տարանտասում փայլեց ուսանողական գլխարկի շրջանակը և երևաց թանկագին դեմքի ծանոթ ուրվագիծը...

— Արկաշա, Արկաշա,— կանչեց Կիրսանովը, առաջ վազելով և ձեռները թափահարելով... Մի քանի վայրկյան անց նրա շրթունքները հպվել էին երիտասարդ թեկնածուի անմորուս, փոշոտված և արևառ թշին։

II

— Հայրիկ, թող մի շորերս թափ տամ,— ճանապարհից փոքր-ինչ խզված, բայց պատանեկական զիլ ձայնով ասում էր Արկադին ուրախ-զվարթ պատասխանելով հոր փաղաքշանքին,— տես, ես քեզ էլ բոլորովին կփոշոտեմ։

— Ոչինչ, ոչինչ,— խնդագին ժպիտով կրկնում էր Նիկոլայ Պետրովիչը, և մի երկու անգամ էլ ձեռքով խփեց որդու շինելի օձիքին ու իր սեփական վերարկուին։-Հապա մի տեսնեմ, հապա մի տեսնեմ,— ասաց նա ետ-ետ քաշվելով, և իսկույն էլ շտապ քայլերով գնաց դեպի իջևանատուն խոսելով, «Ա՛, այս կողմ, այս կողմ։ Դե՛, ձիերը շուտ բերեք»։

Նիկոլայ Պետրովիչը որդուց ավելի էր հուզված երևում, ասես թե մի փոքր շշմել էր, փոքր-ինչ էլ շշկլվել։ Արկադին նրան կանգնեցրեց։

— Հայրիկ,— ասաց նա,— թույլ տուր ծանոթացնեմ քեզ իմ բարի ընկերոջ, Բազարովի հետ, որի մասին ես քեզ այնքան հաճախակի գրում էի։ Նա այնքան սիրալիր էր, որ համաձայնեց հյուր գալ մեզ մոտ։

Նիկոլայ Պետրովիչը արագ շուռ եկավ և, մոտենալով մի բարձրահասակ, փնջավոր երկայն վերնազգեստ հագած մարդու, որը հենց նոր էր տարանտասից դուրս եկել, պինդ սեղմեց նրա մերկ, կարմիր ձեռքը, որը նա միանգամից չմեկնեց նրան։

— Սրտանց ուրախ եմ,— սկսեց նա,— և շնորհակալ մեզ այցելելու բարի դիտավորության համար, հուսով եմ.., թո՞յլ կտաք իմանալու ձեր անունն ու հայրանունը։

— Եվգենի Վասիլևիչ,— ծույլ, բայց առնական ձայնով պատասխանեց Բազարովը և շուռ տալով վերնազգեստի օձիքը, իր ամբողջ դեմքը ցույց տվեց Նիկոլայ Պետրովիչին։ Նա երկար էր, նիհար, լայն ճակատով, վերը տափակ, իսկ ներքևը սրված քթով, խոշոր կանաչավուն աչքերով և ավազագույն, կախ ընկած բակենբարդներով. հանդարտ ժպիտը կենդանություն էր տալիս նրա դեմքին և արտահայտում ինքնավստահությունն ու խելքը։

— Հուսով եմ, սիրելի Եվգենի Վասիլևիչ, որ դուք մեզ մոտ չեք ձանձրանա,-շարունակեց Նիկոլայ Պետրովիչը։

Բազարովի նուրբ շրթունքները հազիվ շարժվեցին, բայց նա ոչինչ չպատասխանեց և միայն գլխարկը մի փոքր վեր բարձրացրեց։ Նրա երկայն և խիտ մուգ-դեղձան մազերը չէին ծածկում ընդարձակ գանգի խոշոր կորնթարդությունները։

— Ուրեմն ինչպե՞ս անենք, Արկադի,— նորից խոսեց Նիկոլայ Պետրովիչը, որդուն դառնալով,— ձիերը հիմա լծել տանք։ Թե՞ ուզում եք հանգստանալ։

— Տանը կհանգստանանք, հայրիկ, հրամայիր թող լծեն։

— Այս րոպեին, այս րոպեին,— վրա բերեց հայրը։— Է՛յ, Պյոտր, լսո՞ւմ ես։ Դե՛, ախպերս, դե շուտ կարգադրիր։

Պյոտրը, որ, իբրև կատարելագործված ծառա, չմոտեցավ իր պարոնի աջը առնելու, այլ միայն հեռվից գլուխ տվեց նրան, նորից պահվեց դարպասի ներքև։

— Ես կառքով եմ այստեղ եկել, բայց ձեր տարանտասի համար էլ երեք ձի կա,— հոգածությամբ ասում էր Նիկոլայ Պետրովիչը, այնինչ Արկադին ջուր էր խմում երկաթյա թասից, որ բերել էր իջևանատան տիրուհին, իսկ Բազարովը ծխամորճը վառեց և մոտեցավ կառապանին, որը ձիերն էր արձակում։

— Միայն կառքս երկու տեղանի է և ահա չգիտեմ, ինչ սւնենք ընկերոջդ…

— Նա տարանտասով կգա,— կիսաձայն ընդհատեց Արկադին։— Դու, խնդրեմ, նրա համար մի մտահոգվիր։ Նա հրաշալի տղա է, այնպես պարզ։ Այ, կտեսնես։

Նիկոլայ Պետրովիչի կառապանը ձիերը դուրս բերեց։

— Դե՛, իրար եկ, հաստամորուս,— դիմեց Բազարովը կառապանին։

— Լսիր, Միտյուխա,— վրա բերեց մյուս կառապանը, որ ձեռները մուշտակի հետևի ճեղքվածքների մեջ խրած կանգնել էր հենց այդտեղ,— աղեն ի՞նչ ասաց։ Հենց հաստամորուս էլ ես, որ կաս։

Միտյուխան միայն գլխարկը շարժեց և քրտնած միջնակ ձիու վրայից քաշեց երասանները։

— Դե՛, շուտ, շուտ, տղերք, դո՛ւք էլ օգնեցեք,— բացականչեց Նիկոլայ Պետրովիչը։— Ընծա կտամ։

Մի քանի րոպեում ձիերը լծած պատրաստ էին-հայրը որդու հետ տեղավորվեց կառքում։ Պյոտրը նստեց կառապանի կողքին. Բազարովը թռավ մտավ տարանտասը, գլուխը թաղեց կաշվե բարձի մեջ, և երկու կառքն էլ մեկնեցին։

III

— Ա՛յ թե ինչ, վերջապես դու թեկնածու ես, և եկել ես տուն,— ասում էր Նիկոլայ Պետրովիչը ձեռքը Արկադիի երբեմն մեջքին և երբեմն ծնկանը խփելով։— Վերջապես։

— Իսկ ի՞նչ է անում հորեղբայրս։ Առո՞ղջ է,— հարցրեց Արկադին, որը, չնայելով իրեն համակող անկեղծ, համարյա մանկական ուրախությանը, ուզում էր այղ խոսակցությունը շուտով փոխել հուզիչ տրամադրությունից առօրյա խնդիրներին։

— Առողջ է։ Ուզում էր հետս քեզ դիմավորելու գալ, բայց չգիտեմ ինչու–հետո էլի միտքը փոխեց։

— Իսկ դու վաղո՞ւց է ինձ սպասում էիր։

— Մոտ հինգ ժամ կլինի։

— Բարի հայրիկ։

Արկադին աշխուժությամբ շուռ եկավ հոր կողմը և պինդ համբուրեց նրա երեսը։ Նիկոլայ Պետրովիչը կամացուկ ծիծաղեց։

— Քեզ համար ինչ լավ ձի եմ պատրաստել,— սկսեց նա,— այ կտեսնես։ Սենյակիդ պատերն էլ պաստառել եմ տվել։

— Իսկ Բազարովի համար սենյակ կա՞։

— Նրա համար էլ կճարվի։

— Խնդրում եմ, հայրիկ, գուրգուրիր նրան։ Չեմ կարող խոսքով հասկացնել, թե ինչ աստիճանի բարձր եմ գնահատում ես նրա մտերմությունը։

— Նո՞ր ես ծանոթացել նրա հետ։

— Այո, վաղուց չէ։

— Գիտեմ ախր, անցյալ ձմեռ ես նրան չեմ տեսել։ Ինչո՞վ է պարապում։

— Նրա գլխավոր առարկան բնական գիտություններն են։ Ասենք նա ամեն բան էլ գիտե։ Եկող տարի ուզում է բժշկի քննություն տալ։

— Հըմ, ուրեմն բժշկական բաժնումն է,— նկատեց Նիկոլայ Պետրովխչն ու լռեց։— Պյոտր,— վրա բերեց նա ու ձեռքը մեկնեց,— այս եկողները խոմ մեր գյուղացիները չե՞ն։

Պյոտրը նայեց դեպի այն կողմը, ուր ցույց էր տալիս պարոնը։ Մի քանի սայլեր, լծած սանձերն արձակած ձիերը, արագությամբ առաջ էին գլորվում միջգյուղյա նեղ ճանապարհով։ Ամեն մի սայլում մեկ-մեկ, կամ էլ երկու-երկու ռամիկ էին նստած, հագի մուշտակների կրծքները բացած։

— Այո, մեր գյուղացիներն են,— ասաց Պյոտրը։

— Ո՞ւր են գնում, քաղա՞ք չեն գնում, արդյոք։

— Պետք է ենթադրել, որ քաղաք են գնում։ Երևի օղետուն,— ավելացրեց նա արհամարհանքով և մի փոքր կռացավ դեպի կառապանի կողմը, կարծես նրան վկա կանչելով։ Բայց սա տեղիցն անգամ չշարժվեց — դա հին հայացքների տեր մարդ էր, կողմնակից չէր նոր աշխարհայացքների։

— Այս տարի մեծ գլխացավանքների մեջ եմ գյուղացիների հետ,— շարունակեց Նիկոլայ Պետրովիչր, դիմելով որդուն։— Բահրան չեն վճարում։ Ի՞նչ կարող ես անել։

— Իսկ վարձու մշակներից դու գո՞հ ես։

— Այո,— ատամների արանքով արտասանեց Նիկոլայ Պետրովիչր։ — Ցավն այն է, որ նրանց էլ են խելքից հանում և դեռ իսկական ջանք էլ չի նկատվում, չէ։ Ձիասարքը փչացնում են։ Ասենք, հերկում էին, ոչինչ։ Է, աղունը աղացվի՝ ալյուր կդառնա։ Բայց մի՞թե քեզ այժմ տնտեսական գործերը հետաքրքրում են։

— Ցավն այն է, որ դուք ստվերոտ տեղ չունիք,— նկատեց Արկադին, վերջին հարցին չպատասխանելով։

— Հյուսիսային կողմից պատշգամբի վրա մի մեծ մարկիզա[2] եմ շինել տվել,— ասաց Նիկոլայ Պետրովիչը,— այժմ կարելի է բացօթյա էլ ճաշել։

— Այդ հո շատ նման կլինի ամառանոցի... Ասենք, այդ բոլորը չնչին բաներ են։ Բայց ինչ օդ է այստեղի օդը։ Ինչ անուշ հոտ։ Ճիշտ եմ ասում, ինձ թվում է, թե աշխարհիս երեսին ոչ մի տեղ այնպիսի բուրմունք չունի, ինչպես մեր այս վայրերն ունեն։ Այստեղի երկինքն անգամ...

Արկադին հանկարծ կանգ առավ, շեղակի հայացք ձգեց դեպի հետև ու լռեց։

— Իհարկե,— նկատեց Նիկոլայ Պետրովիչը,— այստեղ ես ծնվել, այդ պատճառով էլ այստեղ ամեն ինչ քեզ պիտի թվա առանձնահատուկ...

— Էհ, հայրիկ, այդ միևնույն է, մարդս որտեղ էյ ծնված լինի։

— Այնուամենայնիվ...

— Ոչ, այդ բոլորովին միևնույն է։

Նիկոլայ Պետրովիչր կողքից նայեց որդուն, և կառքը կես վերստի չափ անցած կլիներ, որ խոսակցությունը վերսկսվեց նրանց մեջ։

— Չեմ հիշում գրե՞լ եմ քեզ թե չէ, որ քո նախկին դայակը, Եգորովնան, մեռավ,— սկսեց Նիկոլայ Պետրովիչը։

— Մի՞թե։ Խեղճ պառավ։ Իսկ Պրոկոֆիչը կենդանի՞ է։

— Կենդանի է և ամենևին էլ չի փոխվել։ Էլի այնպես շարունակ փնթփնթում է։ Առհասարակ Մարյինոյում դու մեծ փոփոխություն չես գտնի։

— Քո գործակատարը էլի միևնո՞ւյնն է։

— Այ, մենակ գործակատարին է, որ ես փոխել եմ։ Վճռել եմ այլևս ճորտությունից ազատված արձակվածներից մոտս ոչ ոքի չպահել, կամ գոնե նրանց ոչ մի պատասխանատու պաշտոն չտալ։ (Արկադին աչքով Պյոտրին ցույց տվեց) il est libre en effet[3],— ցած ձայնով նկատեց Նիկոլայ Պետրովիչը,— բայց ախր նա սենեկապան է։ Այժմ իմ գործական տարը քաղքենիներից է, թվում է, աչքաբաց տղա է։ Տարեկան երկու հարյուր հիսուն ռուբլի եմ նշանակել։ Ասենք,— ավելացրեց Նիկոլայ Պետրովիչը՝ ճակատն ու ունքերը շփելով, որը միշտ նրա ներքին շփոթության նշանն էր,— հենց նոր ասացի քեզ, որ Մարյինոյում դու փոփոխություն չես գտնի... Այղ այնքան էլ իրավացի չէ։ Պարտքս եմ համարում քեզ նախազգուշացնելու, որ թեպետ... նա մի վայրկյան կմկմաց ու հետո արդեն շարունակեց ֆրանսերեն.

— Խստապահանջ բարոյագետը իմ անկեղծությունը կարող է անտեղի համարել, բայց, նախ որ այդ բանը թաքցնել չի կարելի, իսկ երկրորդն էլ, քեզ հայտնի է, ես միշտ էլ առանձին սկզբունքներ եմ ունեցել հոր վերաբերմունքի մասին դեպի որդին։ Ասենք, դու, իհարկե, իրավացի կլինես ինձ դատապարտելու։ Իմ տարիքում... Մի խոսքով, այն… այն աղջիկը, որի մասին դու, հավանորեն, արդեն լսել ես։

— Ֆե՞նիչկան,— առանց քաշվելու հարցրեց Արկադին։

Նիկոլայ Պետրովիչը կարմրեց։

— Խնդրում եմ, նրա անունը բարձր մի ասա... Այո… նա այժմ մոտս է ապրում։ Ես նրան տեղավորեցի տանս… այնտեղ երկու մանր սենյակներ կային։ Բայց այդ ամենը կարելի է փոխել։

— Ներեցեք, հայրիկ, ի՞նչ հարկ կա։

— Բարեկամդ մեզ մոտ հյուր է լինելու... անհարմար է...

— Բազարովի վերաբերմամբ դու մի անհանգստանա։ Նա այդ բոլորից բարձր է։

— Էհ, դու էլ, վերջապես,— բացատրեց Նիկոլայ Պետրովիչը։— Ցավն այն է, որ կից տնակն էլ հարմար չէ։

— Զարմանալի մարդ ես, հայրիկ, դու կարծես թե ներողություն ես խնդրում,— վրա վերեց Արկադին։— Չե՞ս ամաչում։

— Իհարկե, ես պետք է ամաչեմ,— պատասխանեց Նիկոլայ Պետրովիչը, ավելի ու ավելի կարմրելով։

— Հերիք է, հայրիկ, հերիք է, արա ինչպես ուզում ես։— Արկադին անուշ ժպտաց։ «Տես ինչ բանի համար է ներողություն խնդրում»,— մտածեց նա ինքն իրեն, և դեպի իր բարի ու փափկասիրտ հայրը տածած վեհանձն քնքշության զգացումը, միախառնված մի ինչ-որ ծածուկ գերակշռության գիտակցության հետ, համակեց նրա հոգին։— Հերիք է, խնդրում եմ,— նորից կրկնեց նա ակամա զարմանալով իր սեփական զարգացման և ազատության գիտակցությունից։

Նիկոլայ Պետրովիչը, որ շարունակում էր շփել իր ճակատը, մատների արանքից նայեց որդու վրա, և մի ինչ-որ բան ծակեց նրա սիրտը... Բայց իսկույն էլ նա ինքն իրեն մեղադրեց։

— Այ, այստեղից արդեն մեր արտերն են գալիս,— ասաց նա երկար լռությունից հետո։

— Իսկ այս դիմացինը կարծեմ մեր անտա՞ռն է,— հարցրեց Արկադին։

— Այո, մերն Է։ Միայն թե ես այն ծախել եմ։ Այս տարի կտրելու են։

— Ինչո՞ւ ծախեցիր։

— Փող էր պետք, մանավանդ որ այդ հողն անցնում է գյուղացիներին։

— Որոնք քեզ հարկ չե՞ն տալիս։

— Այդ արդեն իրենց գործն է։ Բայց հո վերջիվերջո մի օր տալու են։

— Ափսոս անտառ,— նկատեց Արկադին և սկսեց չորս կողմը դիտել։

Այն տեղերը, որտեղից նրանք անցնում էին, չէին կարող գեղեցիկ կոչվել։ Դաշտեր ու անվերջ դաշտեր էին, որ տարածվում էին մինչև երկնակամարին հասնող հորիզոնը, մերթ բարձրանում էին թեթև, մերթ նորից ցած իջնում։ Տեղ-տեղ երևում էին փոքրիկ անտառներ և ցիր ու ցան ընկած կարճահասակ թփեր, ոլորապտույտ ձորակներ, որոնք հիշեցնում էին նրանց սեփական պատկերը Եկատերինայի ժամանակներից մնացած հին հատակագծերի վրա։ Պատահում էին նաև գետակներ, խորն ընկած ափերով, փոքրիկ լճակներ՝ անպետք ամբարտակներով, և գյուղակներ ցածր խրճիթներով, սևացած, հաճախ կիսով չափ քամուց պոկված տանիքների տակ, և ցախահյուս պատերով, կալ անելուց ծռված շինություններ և դատարկ մնացած մարագի կողքին բացած ահագին դարպաս, և եկեղեցիներ, մերթ աղյուսաշեն ու տեղ-տեղ ծեփը թափված, մերթ փայտաշեն, վրայի խաչը ծռված ու ավերված գերեզմանատներով։ Արկադիի սիրտը հետզհետե ճմլվում էր։ Կարծես դիտմամբ հանդիպող գյուղացիները բոլորը գջլոտված էին, քոնձռոտ ձիերի վրա. ճանապարհի կողքին բուսած եղևնիներն էլ նմանում էին ցնցոտի հագած մուրացկանների պոկոտված կեղևներով ու կոտրտված ճյուղերով, փրչոտ, լղարած, կարծես կրծոտած, կովերը ագահությամբ պոկոտում էին առուների մեջ բուսնած խոտը։ Այնպես էր թվում, թե նրանք հենց նոր էին դուրս պրծել ինչ որ մեկի ահռելի, մահաբեր ճիրաններից, և այս ուժասպառ կենդանիների ողորմելի տեսքը, գարնանային այս կարմիր օրվա մեջ, մարդու աչքերի առաջ, պատկերացնում էր անմխիթար, անվերջ ձմեռվա սպիտակ ուրվականը իր բուքերով, սառնամանիքներով ու ձյուներով... «Չէ՛,— մտածեց Արկադին,— աղքատ երկիր է սա. ոչ աշխատանք է երևում և ոչ ունևորություն։ Ո՛չ, ո՛չ, չի կարելի նրան այսպես թողնել, անհրաժեշտ է բարեփոխություններ մտցնել... բայց ինչպե՞ս անել, որտեղից սկսել»…

Այսպես էր մտածում Արկադին... և մինչ նա այդպես մտածում էր, գարունն իր անելիքն անում էր։ Չորս կողմն ամեն ինչ փթթում էր ոսկյա կանաչով, ամեն ինչ ընդարձակ ու քնքուշ կերպով հուզվում էր ու պսպղում ջերմ քամու անդորը շնչի տակ, ամեն բան ծառերը, թփերն ու խոտերը... Ամեն տեղ անվերջ ու հնչուն հոսանքի նման գեղգեղում էին արտույտները, վայրի սիրամարգերը մեկ ճչում էին սավառնելով հարթ մարգագետինների վրա, մերթ լռիկ վազում էին կոշտերի վրայով։ Տուլաշները զբոսնում էին դեռ գարնանացանի քնքուշ, մով կանաչներում, սևին տալով, նրանք կորչում էին արդեն սպիտակին տվող տարեկանի մեջ և երբեմն միայն գլուխներն էին երևում ցանքի ծխագույն ալիքների միջից։ Արկադին նայում էր, նայում, և նրա մտքերը կամաց, կամաց թուլանալով անհետանում էին... նա վրայից ձգեց շինելը և այնպիսի զվարթ կերպարանքով, այնպես պատանու նման նայեց հորը, որ սա կրկին գրկախառնվեց նրան։

— Արդեն հասնում ենք,-. նկատեց Նիկոլայ Պետրովիչը,— հենց որ բարձրանանք այս բլրակը, տունը կերևա։ Լավ ժամանակ կանցկացնենք, Արկաշա, դու ինձ կօգնես տնտեսական գործերում, եթե միայն քեզ այդ չի ձանձրացնի։ Այժմ հարկավոր է, որ մենք իրար հետ սերտ կերպով բարեկամանանք, միմյանց լավ հասկանանք, այնպես չէ՞։

— Իհարկե,— ասաց Արկադին,— բայց ինչ հրաշալի օր է այսօր։

— Քո գալու պատճառով է, հոգիս։ Այո, գարնան ամենափայլուն ժամանակն է։ Իսկապես, ես համաձայն եմ Պուշկինին — հիշո՞ւմ ես «Եվգենի Օնեգինի» մեջ.

Դու ինձ համար թախիծ ես բերում,
Սիրո եղանակ, ով գարուն, զարուն.
Ինչպես...

— Արկադի,— կանչեց Բազարովը տարանտասի միջից,— լուցկի ուղարկիր ինձ. լուցկի չկա ծխամորճս կպցնեմ։

Նիկոլայ Պետրովիչը լռեց, իսկ Արկադին, որ նոր-նոր սկսում էր լսել նրան ոչ առանց զարմանքի և ոչ առանց համակրանքի, շտապեց հանել գրպանից արծաթյա տուփիկով լուցկին ու Պյոտրի միջոցով ուղարկեց Բազարովին։

— Սիգար կուզե՞ս,— դարձյալ կանչեց Բազարովը։

— Ուղարկիր,— պատասխանեց Արկադին։

Պյոտրը վերադարձավ և տուփի հետ միասին Արկադիին տվեց նաև մի հաստ սև սիգար։ Արկադին իսկույն սիգարը կպցրեց, իր շուրջը տարածելով մի այնպիսի սուր ու թթու ծխախոտի հոտ, որ Նիկոլայ Պետրովիչը, որը իր կյանքում երբեք չէր ծխել, ակամա, թեև որդուն չվիրավորելու համար, աննկատելի կերպով քիթը մյուս կողմն էր շուռ տալիս։

Քառորդ ժամից հետո երկու կառքն էլ կանգ առան նոր կառուցված փայտաշեն տան պատշգամբի առաջ, որը ներկված էր մոխրագույն ներկով, իսկ երկաթապատ կտուրը կարմիր ներկով։ Հենց այս էլ Մարյինոն էր, նույնպես Նոր-Շենը, կամ թե չէ, գյուղացոց լեզվով, Բոբիլի-Խուտորը։

IV

Իրենց պարոններին դիմավորելու համար տան ծառաների բազմությունը դուրս չէր եկել պատշգամբ, միայն տասներկու տարեկան մի աղջիկ երևաց այնտեղ, իսկ նրա հետևից էլ տնից դուրս եկավ մի ջահել տղա, որ շատ նման էր Պյոտրին, հագել էր բաճկոնի ձևի սպիտակ, զինանշավոր բոճակներով մոխրագույն համազգեստ։ Սա Պավել Պետրովիչ Կիրսանովի սպասավորն էր։ Նա անխոս բաց արեց սայլակի դռնակը ու ետ քաշեց տարանտասի ծածկոցը։ Նիկոլայ Պետրովիչը որդու և Բազարովի հետ անցավ մութ և համարյա դատարկ դահլիճով, որի դռան հետևից հարևանցի կերպով երևաց մի կանացի երիտասարդ դեմք, ու մտավ ընդունարան, որը կահավորված էր նորագույն ճաշակով։

— Ահավասիկ արս էլ մեր տունը,— ասաց Նիկոլայ Պետրովիչը, գլխարկը հանելով ու մազերը թափահարելով։-Այժմ ամենագլխավորն այն է, որ մի լավ ընթրենք ու հանգոստանանք։

— Հիրավի, ուտելը վատ չէր լինի,— ձգձգվելով նկատեց Բազարովն ու նստեց գահավորակի վրա։

— Այո, այո, ընթրիքը տվեք, շուտ արեք։— Նիկոլայ Պետրովիչն առանց մի ակնհայտ պատճառի ոտներով թըխկ–թըխկացրեց։— Ահավասիկ, Պրոկոֆիչն էլ եկավ։

Ներս մտավ վաթսուն տարեկան մի մարդ, սպիտակահեր, լղար ու թխադեմ, նա հագել էր պղնձե կոճակներով դարչնագույն ֆրակ և վզին փաթաթել վարդագույն թաշկինակ։ Նա հարգալից ժպտաց, մոտեցավ Արկադիի ձեռքը համբուրեց և, հյուրին գլուխ տալով, քաշվեց ղռան մոտ ու ձեռները հետևը դրած կանգնեց։

— Ահա նա, Պրոկոֆիչ,— սկսեց Նիկոլայ Պետրովիչը։ — Վերջապես մեզ մոտ եկավ... Հը, ինչպե՞ս ես գտնում նրան։

— Շատ լավ դրության մեջ,— ասաց ծերունին ու նորից ժպտաց, բայց և իսկույն էլ թավ ունքերը կիտեց։— Կհրամայե՛ք սեղան պատրաստեմ,— ասաց նա ազդու շեշտով։

— Այո՛, այո՛, խնդրեմ։ Բայց դուք նախ ձեր սենյակը չե՞ք գնա, Եվգենի Վասիլիչ։

— Ոչ, շնորհակալ եմ, կարիք չկա։ Միայն պատվիրեցեք, որ ճամպրուկս այնտեղ տանեն և մեկ էլ ահա այս վերնազգեստս,— ավելացրեց նա վրայից հանելով բալախոնը։

— Շատ լավ։ Պրոկոֆիչ, դե վերցրու նրանց շինելը։ (Պրոկոֆիչը կարծես տարակուսանքով երկու ձեռքով վերցրեց Բազարովի «վերնազգեստը» և, գլխից բարձր բռնած, ոտքերի մատների վրա հեռացավ)։

— Իսկ դու, Արկադի, մի րոպե քո սենյակը կերթա՞ս։

— Այո՛, պետք է փոքր ինչ մաքրվել,— պատասխանեց Արկադին և արդեն ուզում էր դեպի դուռը գնալ, բայց այդ րոպեին ընդունարանը մտավ միջակ հասակով, անգլիական մութ սյուտ[4] հագած մի մարդ, վզին մոդայիկ, նոր ձևի ցածլիկ փողպատ, ոտներին լայքե կոշիկ, դա Պավել Պետրովիչ Կիրսանովն էր։ Ըստ արտաքին տեսքի նա քառասունհինգ տարեկան կլիներ, նրա կարճ խուզած սպիտակ մազերը, նոր արծաթի նման, մուգ փայլ ունեին, դեմքը, որ մաղձոտ էր, բայց առանց կնճիռների, և արտակարգ կանոնավոր ու մաքուր, կարծես թե հմուտ անդրիագործի նուրբ կտրիչով էր դուրս բերված, զարմանալի գեղեցկության հետքեր ուներ։ Մանավանդ շատ սիրուն էին պայծառ, սև, երկարավուն աչքերը։ Արկադիի հորեղբոր ամբողջ կերպարանքը գեղեցկատես ու ազնվազարմ, պահպանել էր իր պատանեկական վայելչակազմությունը և այն ձգտումը հեռանալու հողից դեպի վեր, որը մեծ մասամբ քսան տարեկանից հետո անհետանում է։

Պավել Պետրովիչը վարտիքի գրպանից հանեց իր երկար, կարմրագույն եղունգներով գեղեցիկ ձեռքը, որ արևակնյա կոճակավոր բազպանի քնքուշ սպիտակության պատճառով ավելի ևս գեղեցիկ էր թվում, և մեկնեց եղբոր որդուն։ նախապես կատարելով եվրոպական «shake hands»[5], նա երեք անգամ, ռուսական սովորությամբ, համբուրվեց նրա հետ, այսինքն իր անուշահոտ բեղերով երեք անգամ կպավ նրա թշերին ու ասաց՝ «Բարի գալուստ»։

Նիկոլայ Պետրովիչը նրան ներկայացրեց Բաղարովին. Պավել Պետրովիչը իր ճկուն իրանը խոնարհեց ու թեթևակի ժպտաց, բայց ձեռքը չտվեց և նույնիսկ ձեռքը նորից գրպանը դրեց։

— Ես արդեն կարծում էի, թե այսօր այլևս չեք գա,— հաճելի ձայնով ասաց նա սիրալիր շորորալով, ուսերը վեր քաշելով ու սպիտակ, սիրուն ատամները ցույց տալով։— Ճանապարհին հո որևէ բան չպատահե՞ց…

— Ոչինչ չպատահեց,— պատասխանեց Արկադին,— ճանապարհին փոքր-ինչ ուշացանք։ Դրա համար էլ մենք այժմ գայլի նման քաղցած ենք։ Հայրիկ, Պրոկոֆիչին շտապեցրու, իսկ ես այս րոպեիս կգամ։

— Սպասիր, ես էլ հետդ գամ,— բացականչեց Բաղարովը, տեղից վեր թռչելով։ Երկու երիտասարդները դուրս եկան։

— Այս ո՞վ է,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Արկաշայի ընկերը, նրա ասելով, մի շատ խելոք մարդ։

— Նա մեզ մոտ հյո՞ւր է մնալու։

— Այո։

— Այս երկարամա՞զը։

— Այո, այո։

Պավել Պետրովիչը եղունգներով սեղանը թխկթխկացրեց։

— Ինձ թվում է, որ Արկադին s’est dégourdi[6],-նկատեց նա։— Ուրախ եմ նրա վերադարձին։

Ըթրիքին քիչ էին խոսում։ Մանավանդ Բազարովը համարյա ոչինչ չէր ասում, բայց ուտում էր շատ։ Նիկոլայ Պետրովիչը զանազան դեպքեր էր պատմում իր, ինչպես ինքն էր ասում, ֆերմերական կյանքից, խոսում էր առաջիկայում կառավարության ձեռք առնելիք միջոցների մասին, մասնաժողովների, պատգամավորների, մեքենաներ մտցնելու անհրաժեշտության մասին և այլն։ Պավել Պետրովիչը ծանր-ծանր ետ ու առաջ էր քայլում սեղանատան մեջ (նա երբեք ընթրիք չէր անում), երբեմն-երբեմն բերանին էր տանում կարմիր գինով լի փոքրիկ բաժակը, մի կում խմում և էլ ավելի հազվադեպ որևէ դիտողություն կամ, ավելի շուտ, այսպիսի բացականչություն անում, «հը, էհե, հըմ»։ Արկադին մի քանի նորություններ հաղորղեց Պետերբուրդի կյանքից, բայց նա իրեն մի փոքր անհարմար դրության մեջ էր զգում, դա այն անհարմարությունն էր, որ սովորաբար համակում է երիտասարդ մարդուն, երբ նա արդեն երեխա լինելուց նոր է դադարել և վերադարձել է այն տեղը, ուր նրան սովոր են տեսնել ու համարել երեխա։ Նա անտեղի ձգձգում էր իր ասածները, խույս էր տալիս «հայրիկ» խոսքից և մինչև իսկ մի անգամ փոխարինեց նրան «հայր» բառով, ճիշտ է, այդ բառը քթի տակ արտասանեց, ավելորդ համարձակությամբ իր բաժակի մեջ ավելի գինի լցրեց, քան ինքն ուզում էր, և բոլոր գինին էլ խմեց։ Պրոկոֆիչն աչքը նրանից չէր հեռացնում և միայն շրթունքներն էր ծամծմում։ Ընթրիքից հետո ամենքն էլ անմիջապես բաժանվեցին։

— Ինչ տարօրինակ մարդ է եղել հորեղբայրդ,— ասում էր Բազարովը գիշերազգեստով Արկադիի անկողնի մոտ նստած ու կարճ ծխամորճը ծծելով։— Ինչ պճնամոլություն է գյուղ տեղում։ Հապա եղունգնե՞րը… իսկ և իսկ ցուցահանդես ուղարկելու բան է։

— Դե, դու, իհարկե, չգիտես,— պատասխանեց Արկադին,— թե նա ինչ անուն է ունեցել իր ժամանակին։ Մի ուրիշ անգամ ես նրա պատմությունը կպատմեմ քեզ։ Ախր նա շատ գեղեցիկ տղամարդ է եղել, կանանց գժվացրել է իր գեղեցկությամբ։

— Ահա թե ինչ։ Ուրեմն, ըստ հին սովորության։ Ափսոս, որ այստեղ հրապուրելու մարդ չկա։ Ես շարունակ դիտում էի նրան, ինչ զարմանալի օձիքներ ունի, կարծես քարից լինի, կզակն էլ այնպես մաքուր սափրված է։ Ծիծաղելի բան չէ՞, Արկադի Նիկոլայիչ։

— Գուցե։ Միայն թե նա իրոք լավ մարդ է։

— Հնամենի երևույթ է։ Իսկ հայրդ պատվական մարդ է։ Նա իզուր է ոտանավորներ կարդում և տնտեսությունից էլ հազիվ թե բան է հասկանում, բայց բարի մարդ է։

— Հայրս իսկապես ոսկի մարդ է։

— Նկատեցի՞ր ինչպես քաշվում է։

Արկադին գլխով արավ, որպես թե ինքը չէր քաշվում։

— Զարմանալի մարդիկ են այս ծեր ռոմանտիկները,— շարունակեց Բազարովը։— Իրենց նյարդային համակարգն այնքան կզարգացնեն, որ գրգռման աստիճանի հասնի… և դրանով էլ խանգարվում է հավասարակշռությունը։ Սակայն, ներիր։ Իմ սենյակում անգլիական լվացարան է դրված, մինչդեռ դուռը փակ չունի։ Այնուամենայնիվ պետք է այդ բանը խրախուսել անգլիական լվացարանները, այսինքն առաջադիմությունը։

Բազարովը գնաց, իսկ Արկադիին համակեց բերկրության զգացումը։ Ինչ քաղցր բան է քնել հայրենի կտրի տակ, ծանոթ անկողնի մեջ, այն վերմակի տակ, որի վրա աշխատել են սիրելի ձեռներ, գուցե և դայակի ձեռները, այդ բարի, քնքուշ ու անխոնջ ձեռները։ Արկադին հիշեց Եգորովնային և հառաչեց, և մաղթեց նրան երկնային արքայություն։ Նա իր համար չէր աղոթում։

Նա էլ, Բազարովն էլ շատ շուտով քնեցին, բայց տանը եղած մյուս անձինք դեռ երկար ժամանակ չէին քնում։ Որդու վերադարձը հուզել էր Նիկոլայ Պետրովիչին։ Նա անկողին մտավ, բայց մոմերը չհանգցրեց և, գլուխը ձեռքին հենած, երկար մտածմունքների մեջ էր։ Եղբայրը կեսգիշերը վաղուց անց դեռ նստած էր իր առանձնասենյակում գամբսոմյան լայն բազկաթոռում, բուխարու դիմաց, որի մեջ թույլ վառվում էր քարածուխը։ Պավել Պետրովիչը չէր հանվել, միայն չինական անկրունկ կարմիր հողաթափերն էին փոխարինել նրա ոտներին լայքավոր ոտնամաններին։ Ձեռքին բռնել էր նա Galignani[7] վերջին համարը, բայց չէր կարդում, նա աչքը հառած նայում էր բուխարուն, որտեղ մերթ մարելով, մերթ բորբոքվելով թրթռում էր կապտավուն բոցը... Աստված գիտե, թե որտեղ էին թափառում նրա մտքերը, բայց նրանք մենակ անցյալում չէր, որ թափառում էին՝ նրա դեմքի արտահայտությունը կենտրոնացած էր ու մռայլ, որը չի լինում, երբ մարդ զբաղված է միմիայն հիշողություններով։ Իսկ հետևի փոքրիկ սենյակում, մեծ սնդուկի վրա, կապույտ բաճկոն հագած և մուգ մազերի վրայից սպիտակ գլխաշոր ձգած, նստել էր մի նորատի կին, Ֆենիչկան, և երբեմն ականջ էր դնում, երբեմն նիրհում, երբեմն էլ նայում էր բաց դռանը, որի մյուս կողմում երևում էր մանկական մահճակալը և լսվում քնած մանկան համաչափ շնչառությունը։

V

Մյուս օրն առավոտյան Բազարովը ամենքից վաղ զարթնեց և դուրս եկավ տնից։ «էհե՜,— մտածեց նա իր չորս կողմը նայելով։— Էս ինչ անպետք տեղ է եղել»։ Երբ Նիկոլայ Պետրովիչը իր գյուղացիներից սահմանաբաժանվեց, ստիպված էր իր նոր դաստակերտի համար հատկացնել չորս դեսյատին բոլորովին տափարակ ու լերկ տարածություն։ Նա շինեց տուն, ֆերմա և ծառաների համար բնակարաններ, պարտեզ գցեց, լճակ ու երկու հոր վարեց, բայց մատղաշ ծառերը լավ չէին բռնում, լճակում շատ քիչ ջուր հավաքվեց, իսկ ջրհորների ջուրը աղահամ էր։ Միայն հասմիկների և ակացիաների տունկերից կազմված զովանոցը բավականաչափ աճեց, այնտեղ երբեմն թեյում էին ու ճաշում։ Բազարովը մի քանի րոպեում անցավ պարտեզի բոլոր ուղիներով, գոմ ու ախոռ մտավ, երկու տղա գտավ և նրանց հետ իսկույն էլ ծանոթություն հաստատեց և հետները միասին գնաց դաստակերտից մի վերստ հեռու, փոքրիկ ճահճուտը՝ գորտեր որսալու։

— Ինչի՞դ են պետք գորտերը, պարոն,— հարցրեց տղաներից մեկը։

— Այ թե ինչի համար,— պատասխանեց Բազարովը, որ մի առանձին ընդունակություն ուներ ստորին կարգի մարդկանց վստահությունը գրավելու, թեև երբեք նրանց երես չէր տալիս և հետները անփույթ էր վարվում,— էս գորտը շերտատում եմ ու սկսում նայել, թե ինչ է կատարվում նրա ներսը. և որովհետև ես էլ, դու էլ միևնույն գորտն ենք, միայն թե մենք ոտների վրա ենք ման գալիս, ես էլ կարող եմ իմանալ, թե ինչ է կատարվում նաև մեր ներսում։

— Ախր, ինչի՞դ է հարկավոր։

— Որպեսզի, երբ դու հիվանդանաս ու ես քեզ բժշկելու լինեմ, չսխալվեմ։

— Դու ի՞նչ է, դոխտր ես։

— Այո։

— Վասկա, լսիր, պարոնն ասում է, թե ես էլ դու էլ միևնույն գորտն ենք։ Զարմանք բան է։

— Ես նրանցից, գորտից վախում եմ,— նկատեց Վասկան, որ յոթնամյա, վուշի նման սպիտակ մազերով աղա էր, ոտաբոբիկ, հագին օձիքավոր բաճկոն։

— Ի՞նչ կա վախենալու։ Մի՞թե նրանք կծում են։

— Դեհ, մտեք ջուրը, փիլիսոփաներ,— ասաց Բազարովը։

Մինչ այդ Նիկոլայ Պետրովիչն էլ էր արթնացել ու գնացել Արկադիի սենյակը։ Արկադին արդեն հագնված էր։ Հայր ու որդի դուրս եկան պատշգամբ, զովանոցի տակ, բազրիքի մոտ դրված սեղանի վրա, հասմիկի խոշոր փնջերի միջև արդեն եռում էր հեշտաեռը։ Եկավ այն աղջիկը, որ երեկ առաջինը դիմավորեց նրանց պատշգամբում, և բարակ ձայնով ասաց.

— Ֆեդոսյա Նիկոլաևնան մի քիչ հիվանդ է, չեն կարող գալ. հրամայեցին ձեզ հարցնել ինքնե՞րդ եք թեյ լցնելու, թե Դունյաշային ուղարկի։

— Ես, ես ինքս կանեմ,— շտապ վրա բերեց Նիկոլայ Պետրովիչը։-Դու թեյ ինչո՞վ ես խմում, Արկադի, սերո՞վ թե լիմոնով։

— Սերով,— պատասխանեց Արկադին և փոքր-ինչ լռելուց հետո հարցական եղանակովդ արտասանեց,— հայրի՞կ։

Նիկոլայ Պետրովիչը շփոթվելով նայեց որդուն։

— Ի՞նչ է,— ասաց նա։

Արկադին աչքերը կախեց։

— Ներիր, հայրիկ, եթե հարցս քեզ անտեղի թվա,— սկսեց նա,— բայց դու ինքդ քո երեկվա անկեղծությամբ ստիպում ես ինձ էլ անկեղծ լինել... հո չե՞ս բարկանա...

— Ասա։

— Դու ինձ համարձակություն ես տալիս քեզ հարցնելու... Արդյոք Ֆեն... արդյոք նրա թեյ լցնելու չգալը այն պատճառով չէ՞, որ ես այստեղ եմ։

Նիկոլայ Պետրովիչը մի փոքր շուռ տվեց երեսը։

— Գո՛ւցե,— ասաց նա վերջապես,— նա կարծում է… նա ամաչում է…

Արկադին աչքերն արագ ուղղեց հոր վրա։

— Իզուր է ամաչում։ Նախ՝ քեզ արդեն հայտնի է իմ մտածելակերպը (Արկադին շատ մեծ հաճույք էր զգում այդ խոսքերն արտասանելիս) և երկրորդն էլ մի՞թե ես մազաչափ անգամ կուզենամ նեղել քո կյանքը, քո սովորությունները։ Մանավանդ, համոզված եմ, որ դու չէիր կարող վատ ընտրություն անել։ Եթե դու թույլ ես տվել նրան ապրել քեզ հետ միևնույն հարկի տակ, ասել է, թե նա դրան արժանի է։ Համենայն դեպս որդին հոր դատավորը լինել չի կարող, մանավանդ ես, և մանավանդ քեզ նման մի հոր նկատմամբ, որը ոչ մի ժամանակ և ոչ մի բանում իմ ազատությունը չի ճնշել։

Սկզբում Արկադիի ձայնը դողում էր, նա զգում էր իրեն մեծահոգի, բայց հասկանում էր, որ հոր գլխին խրատի նման մի բան է կարդում։ Սակայն սեփական խոսքերի ձայնը սաստիկ ազդում է մարդու վրա, և Արկադին վերջին խոսքերն արտասանեց անդրդվելի և նույնիսկ տպավորիչ։

— Շնորհակալ եմ, Արկաշա,— խուլ ձայնով խոսեց Նիկոլայ Պետրովիչը, և նրա մատները դարձյալ ճակատի և հոնքերի վրայով սկսեցին շարժվել։— Քո ենթադրությունները իրոք արդարացի են։ Իհարկե, եթե այդ աղջիկն արժանի չլիներ... Սա մի թեթևամիտ քմահաճույք չէ։ Ինձ համար հեշտ չէ այդ մասին քեզ, հետ խոսել։ Բայց դու հասկանում ես, իհարկե, որ նրա համար դժվար էր քո ներկայությամբ, այն էլ այստեղ գալուդ հենց առաջին օրը։

— Թե որ այդպես է, ես ինքս կգնամ նրա մոտ,— բացականչեց Արկադին մեծահոգության զգացմունքների նոր թափով և տեղից վեր թռավ։— Ես նրան կհասկացնեմ, որ ամենևին ինձանից քաշվելու ոչինչ չկա։

Նիկոլայ Պետրովիչն էլ վեր կացավ։

— Արկադի,— ասաց նա,— ախր... ինչպես կարելի է… այնտեղ... Քեզ չեմ նախազգուշացրել, որ… բայց Արկադին այլևս չէր լսում նրան և վազեց, գնաց պատշգամբից։ Նիկոլայ Պետրովիչը նայեց նրա հետևից ու շփոթված նստեց աթոռի վրա։ Նրա սիրտը բաբախում էր… Այդ րոպեին նրան պատկերացավ արդյոք իր և որդու ապագա փոխհարաբերությունների անխուսափելի տարօրինակությո՞ւնը, թե՞ գիտակցում էր նա, որ Արկադին գուցեև ավելի հարգանք ցույց տար իրեն, եթե բոլորովին չշոշափեր այդ հարցը, կամ կշտամբո՞ւմ էր նա արդյոք ինքն իրեն իր թուլամորթության համար դժվար է ասել, այդ բոլոր զգացումներն էլ կային նրանում, բայց իբրև զգացողություններ և այն էլ անորոշ, իսկ երեսի կարմրությունը չէր անցնում, և սիրտն էլ բաբախում էր։

Լսվեցին շտապ քայլեր, և պատշգամբ եկավ Արկադին։

— Հայր, մենք ծանոթացանք,— բացականչեց նա, և նրա դեմքի վրա փայլեց մի քաղցր ու բարի հանդիսավորություն։— Ճիշտ որ, Ֆեդոսյա Նիկոլաևնան մի քիչ առողջ չէ այսօր և կգա քիչ ուշ։ Բայց ինչպես է, որ դու ինձ չես ասել, թե ես եղբայր ունեմ։ Եթե իմանայի, ես հենց երեկ երեկոյան կհամբուրեի նրան, ինչպես որ այս րոպեիս համբուրեցի։

Նիկոլայ Պետրովիչն ուզում էր մի բան ասել, ուզում էր վեր կենալ տեղից և գիրկը բանալ... Արկադին ինքը նրա վզովն ընկավ։

— Այդ ի՞նչ է։ Դարձյա՞լ գրկախառնվել եք,— նրանց հետևից լսվեց Պավել Պետրովիչի ձայնը։ Հայր ու որդի երկուսն էլ հավասարապես ուրախացան, որ նա երևաց այդ րոպեին։ Լինում են սրտաշարժ վիճակներ, որոնցից սակայն մարդ ուզում է շուտ դուրս գալ։

— Ինչո՞ւ ես զարմանում,— ռւրախ-ուրախ ասաց Նիկոլայ Պետրովիչը։— Ախր այնքան եմ սպասել Արկաշային... Երեկվանից չեմ հասցրել մի կուշտ նայելու վրան։

— Ամենևին էլ չեմ զարմանում,— նկատեց Պավել Պետրովիչը,— ես ինքս էլ կուզենայի հետը համբուրվել։

Արկադին մոտեցավ հորեղբորը ու նորից երեսին զգաց նրա անուշաբույր բեղերի հպումը։ Պավել Պետրովիչը սեղանի մոտ նստեց։ Նա հագել էր անգլիական ճաշակի նուրբ հագուստ, գլխին դրել էր փոքրիկ ֆես։ Այս ֆեսն ու անփույթ կերպով կապած փողկապը ակնարկ էր գյուղական կյանքի ազատության։ Սակայն շապկի քիփ օձիքը, որ, ճշմարիտ է, սպիտակ չէր, այլ խայտաբղետ, ինչպես որ վայել է առավոտյան զգեստին, սովորական անողորմությամբ սեղմում էին սափրած կզակը։

— Ո՞րտեղ է քո նոր բարեկամը,— հարցրեց նա Արկադիին։

— Տանը չի, սովորաբար նա վաղ է վեր կենում և ՛մի որևէ տեղ գնում։ Գլխավորն այն է, որ նրա վրա ամենևին չպետք է ուշադրություն դարձնել, նա ձևականություններ չի սիրում։

— Այո, երևում է։— Պավել Պետրովիչն սկսեց առանց շտապելու հացին կարագ քսել։— Երկա՞ր է մեզ մոտ հյուր մնալու։

— Տեսնենք։ Նա հոր մոտ էր գնում և ճանապարհին եկավ մեզ մոտ։

— Իսկ հայրը որտե՞ղ է ապրում։

— Մեր նահանգում, այստեղից ութսուն վերստ հեռու։ Այնտեղ մի փոքրիկ կալվածք ունի։ Առաջ նա եղել է զինվորական բժիշկ։

— Հաա՜... Ես էլ հարց եմ տալիս ինքս ինձ, թե այս ի՞նչ ծանոթ ազգանուն է՝ Բազարո՞վ… Հիշո՞ւմ ես, Նիկոլայ, կարծեմ հայրիկի դիվիզիայում Բազարով ազգանունով մի բժիշկ կար։

— Կարծեմ, կար։

— Այո, այո։ Ուրեմն այդ բժիշկը սրա հայրն է։ Հըմ։— Պավել Պետրովիչը բեղերը շարժեց։— Իսկ ինքը, պարոն Բազարովը, ի՞նչ է իսկապես,— հարցրեց նա շեշտելով։

— Բազարո՞վն ինչ է,— Արկադին քթի տակ ծիծաղեց։-Ուզո՞ւմ եք, հորեղբայր, ասեմ ձեզ, թե նա իսկապես ինչ բան է։

— Շնորհ արա, եղբորորդի։

— Նա նիհիլիստ է։

— Ինչպե՞ս,— հարցրեց Նիկոլայ Պետրովիչը, իսկ Պավել Պետրովիչը օդի մեջ բարձրացրեց դանակը, որի ծայրին մի կտոր կարագ կար, ու մնաց անշարժ։

— Նա նիհիլիստ է,— կրկնեց Արկադին։

— Նիհիլի՜ստ,— ասաց Նիկոլայ Պետրովիչը։— Ինչքան ես գիտեմ, դա լատիներեն nihil — բառիցն է, հետևաբար այդ բառը նշանակում է այնպիսի մի մարդ, որը... որը ոչի՞նչ չի ընդունում։

— Ասա՝ որը ոչինչ չի հարգում,— վրա բերեց Պավել Պետրովիչը, և նորից սկսեց հացին կարագ քսել։

— Որը ամեն բանի քննադատաբար է վերաբերվում,— նկատեց Արկադին։

— Իսկ դա միևնույն բանը չէ՞։— Հարցրեց Պավել Պետրովիչը։

— Նիհիլիստը մի այնպիսի մարդ է, որը ոչ մի հեղինակության առաջ չի խոնարհվում, ոչ մի սկզբունք, ինչքան էլ այդ սկզբունքը հարգանքի արժանացած լինի, չի ընդունում լոկ հավատքով։

— Եվ ինչ է, այդ լա՞վ բան է,— ընդհատեց Պավել Պետրովիչը։

— Նայած թե ում համար։ Ոմանց համար դա լավ է, ուրիշների համար շատ վատ։

— Մի՞թե։ Է՜հ, ինչպես տեսնում եմ, դա մեր խելքի բանը չէ։ Մենք հին դարու, մարդիկ ենք և կարծում ենք, որ առանց պրինսիպների (Դավել Պետրովիչն այդ բառն արտասանում էր փափուկ, ֆրանսիացիների նման։ Մինչդեռ Արկադին, ընդհակառակը, արտասանում էր «պրինցիպ», շեշտը դնելով առաջին վանկի վրա), առանց, ինչպես դու ես ասում, պրինսիպների, լոկ հավատքով ընդունելով որևէ քայլ անել, շունչ քաշել չի կարելի. Vous avez changé tout cela[8], աստված տա ձեզ առողջություն և գեներալական աստիճան, իսկ մենք մտիկ կտանք ձեզ ու կուրախանանք, պարոնայք...

— Նիհիլիստներ,— որոշակի ասաց Արկադին։

— Այո. Առաջ կայիք, հեգելիստներ[9], իսկ այժմ նիհիլիստներ։ Տեսնենք, թե ինչպե՞ս պետք է մենք գոյության ունենանք դատարկության մեջ, օդազուրկ տարածության մեջ, իսկ այժմ խնդրեմ, եղբայր, Նիկոլայ Պետրովիչ, զանգը տուր, արդեն կակաո խմելուս ժամանակն է։

Նիկոլայ Պետրովիչը զանգը տվեց և գոռաց. «Դունյաշա»։ Բայց Դունյաշայի փոխարեն Ֆենիչկան ինքը դուրս եկավ։ Դա մի երիտասարդ կին էր, քսաներեք տարեկան, ամբողջովին սպիտակ ու փափլիկ, թուխ մազերով ու աչքերով, կարմիր, մանկական-փափլիկ շրթունքներով ու քնքուշ ձեռներով։ Նա հագել էր չթե մաքուր զգեստ, կապտագույն նոր գլխաշորը թեթև գրկել էր նրա կլոր ուսերը։ Նա մի մեծ գավաթով կակաո բերեց և, Պավել Պետրովիչի առաջը դնելով սաստիկ ամաչեց, ջերմ արյունը հորձանք տվեց նրա սիրուն դեմքի նուրբ մաշկի տակով, և նրա երեսը կարմրատակեց։ Ֆենիչկան աչքերը խոնարհեց և կանգ առավ սեղանի կողքին և թեթևորեն հենվեց մատների ծայրերին։ Թվում էր, թե նա մեկ ամոթ էր համարում, որ եկել էր, և միևնույն ժամանակ նա կարծես թե զգում էր, որ իրավունք ուներ գալու։

Պավել Պետրովիչը խստությամբ հոնքերը հավաքեց, իսկ Նիկոլայ Պետրովիչը շփոթվեց։

— Բարև, Ֆենիչկա,— ասաց նա ատամների արանքով։

— Բարև ձեզ,— պատասխանեց Ֆենիչկան ոչ բարձր, բայց հնչուն ձայնով և, աչքի ծայրով նայելով Արկադիին, որը բարեկամաբար ժպտում էր նրան, կամացուկ դուրս գնաց։ Նա փոքր-ինչ շորորալով էր ման գալիս, բայց այդ էլ էր նրան սազ գալիս։

Մի քանի րոպե պատշգամբում լռություն տիրեց։ Պավել Պետրովիչը խմում էր իր կակաոն և հանկարծ գլուխը վեր բարձրացրեց։

— Ահավասիկ պարոն նիհիլիստն էլ է շնորհ բերում այստեղ,— ասաց նա ցածրաձայն։

Հիրավի, պարտեզով, ծաղկանց թմբերը շրջանցելով, գալիս էր Բազարովը։ Նրա կտավե վերարկուն ու վարտիքը ցեխոտվել էին, ճահճային կպչուն բույսը փաթաթվել էր նրա հին, կլոր գլխարկին, աջ ձեռքին բռնել էր մի փոքր տոպրակ, տոպրակի մեջ մի կենդանի բան էր շարժվում։ Նա արագությամբ մոտեցավ պատշգամբին և, գլխով անելով, ասաց.

— Բարև ձեզ, պարոններ, ներեցեք, որ թեյին ուշացա, այս րոպեին կվերադառնամ։ Հարկավոր է այս գերիներին տեղավորել։

— Այդ ի՞նչ է ձեզ մոտ, տզրուկնե՞ր,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Ոչ, գորտեր են։

— Դուք դրանց ուտո՞ւմ եք, թե՞ բազմացնում։

— Փորձերի համար է,— անտարբերությամբ պատասխանեց Բազարովն ու տուն գնաց։ — Նա այդ գորտերին պիտի կտրատի,— նկատեց Պավել Պետրովիչը։— Պրինսիպներին չի հավատում, իսկ գորտերին հավատում է։

Արկադին ափսոսանքով նայեց հորեղբորը, և Նիկոլայ Պետրովիչն էլ ծածուկ ուսերը թոթվեց։ Պավել Պետրովիչը ինքն էլ զգաց, որ անհաջող սրախոսեց, և սկսեց խոսել տնտեսության ու նոր կառավարչի մասին, որր նախօրյակին եկել էր իր մոտ գանգատվելու, թե մշակ Ֆոման արբեցություն է անում և բոլորովին ձեռից գնացել է… «Այնպիսի Եզոպոսն է,— ասաց նա ի միջի այլոց,— ամեն տեղ իրեն ցույց է տվել որպես վատ մարդ։ Կապրի և այդպես հիմար էլ կմեռնի»։

VI

Բազարովը վերադարձավ, սեղանի մոտ նստեց ու սկսեց շտապով թեյ խմել։ Երկու եղբայրներն էլ լռիկ նրան էին նայում, իսկ Արկադին աչքի տակով մեկ հորն էր նայում, մեկ հորեղբորը։ — Հեռո՞ւ էիք գնացել,— հարցրեց վերջապես Նիկոլայ Պետրովիչը։

— Այստեղ, ձեր կաղամախի պուրակի մոտ ճահճուտ կա։ Մի հինգ հատ կտցար ես փախցրի։ Արկադի, դու կարող ես սպանել նրանց։

— Իսկ դուք որսորդ չե՞ք։

— Ոչ։

— Դուք, իսկապես, ֆիզիկայո՞վ եք զբաղվում,— իր հերթին հարցրեց Պավել Պետրովիչը։

— Ֆիզիկայով, այո, առհասարակ բնական գիտություններով։

— Ասում են վերջին ժամանակներս գերմանացիները խիստ առաջ են գնացել այդ կողմից։

— Այո, գերմանացիներն այդ կողմից մեր ուսուցիչներն են,— անփույթ կերպով պատասխանեց Բազարովը։

Պավել Պետրովիչը գերմանացիներ խոսքը գործածեց հեգնաբար, սակայն այդ բանը ոչ ոք չնկատեց։

— Դուք այդքան բարձր համարո՞ւմ ունիք գերմանացիների մասին,— վերին աստիճանի քաղաքավարությամբ ասաց Պավել Պետրովիչը։ Նա սկսել էր ներքուստ զայրանալ։ Բազարովի չափազանց ազատ վարմունքը վրդովեցնում էր նրա արիստոկրատական բնավորությունը։ Այդ հեքիմի որդին ոչ միայն չէր քաշվում, այլև պատասխանում էր դժկամարար և կցկտուր, և նրա ձայնն էլ հնչում էր մի տեսակ կոպիտ ու հանդուգն։

— Այնտեղի գիտնականներն էլ բանիմաց մարդիկ են։

— Լավ, իսկ ռուս գիտնականների մասին, դուք, երևի, նույնքան լավ համարում չունի՞ք։

— Հենց այդպես էլ է։

— Այդ խիստ գովելի ինքնաժխտումն է,— ասաց Պավել Պետրովիչն իրանն ուղղելով և գլուխը ետ գցելով։— Հապա ի՞նչ էր Արկադի Նիկոլայիչը նոր ասում, որ դուք ոչ մի հեղինակություն չեք ընդունում։ Չեք հավատում նրանց։

— Եվ ինչո՞ւ պիտի ես նրանց ընդունեմ։ Եվ ինչի՞ պիտի հավատամ։ Խելոք բան կասեն՝ կհամաձայնեմ, պրծավ գնաց։

— Իսկ գերմանացիները բոլո՞րն էլ խելոք բան են ասում,— ասաց Պավել Պետրովիչը, և նրա դեմքը մի այնպիսի անտարբեր, անհոգ արտահայտություն ստացավ, որ կարծես ամբողջապես խորասուզվեց երկնային բարձունքների մեջ։

— Ոչ ամենքը,— կարճ հորանջումով պատասխանեց Բազարովը, որ ակնհայտ կերպով չէր ցանկանում վեճը շարունակել։

Պավել Պետրովիչը նայեց Արկադիին, կարծես ուզում էր ասել նրան, «Խոսք չունիմ, շատ քաղաքավարի է բարեկամդ»։

— Ինչ վերաբերում է ինձ,— նորից խոսեց նա աշխատելով իրեն զսպել,— ես, ինչ մեղքս պահեմ, գերմանացիներին չեմ սիրում։ Ռուսական գերմանացիների մասին չեմ էլ խոսում, արդեն հայտնի է, թե նրանք ինչ պտուղներ են։ Բայց հենց Գերմանիայի գերմանացիներն էլ ինձ դուր չեն գալիս։ Առաջվա գերմանացիները էլի տանելի էին. այն ժամանակ նրանք ունեին Շիլլեր է, ինչ է, Գյոթե... Մանավանդ եղբայրս առանձնապես սիրում է նրանց... Իսկ այժմ բոլորն էլ ինչ-որ քիմիկոսներ են ու մատերիալիստներ։

— Կարգին քիմիկոսը քսան անգամ ավելի է օգտակար ամեն տեսակ բանաստեղծներից,— ընդհատեց Բազարովը։

— Ահա թե ինչ,— ասաց Պավել Պետրովիչն ու, ասես թե քնի մեջ ընկնելով, հոնքերը մի քիչ վերև բարձրացրեց։— Ասել է, դուք գեղարվեստը չե՞ք ընդունում։

— Փող վաստակելու արհեստը, կամ այլևս չկա դեմարոյը,— արհամարհական ծաղրով բացականչեց Բազարովը։

— Լա՛վ։ Ահա թե դուք ինչպես եք բարեհաճում կատակել։ Ուրեմն այղպիսով ժխտում եք ամե՞ն ինչ։ Լավ։ Նշանակում է, դուք հավատում եք միայն գիտաթյա՞նը։

— Ես արդեն ասացի ձեզ, որ ոչնչի չեմ հավատում, և ի՞նչ բան է գիտություն ասածդ, ընդհանրապես գիտությունը։ Կան գիտություններ, ինչպես որ կան նաև արհեստներ, կոչումներ, իսկ ընդհանրապես գիտություն ասած բանը բոլորովին գոյություն չունի։

— Շատ լավ։ Իսկ ուրիշ, մարդկային կենցաղավարության մեջ ընդունված կանոններին, դրանց վերաբերմամբ էլ այդպիսի բացասական ուղղության եք հետևում։

— Սա ի՞նչ բան է, հարցաքննությո՞ւն,— հարցրեց Բազարովը։

Պավել Պետրովիչը թեթևակի գունատվեց… Նիկոլայ Պետրովիչը հարկ համարեց խոսակցությանը միջամտել։

— Այդ մասին, սիրելի Եվգենի Վասիլիչ, մի ուրիշ անգամ ավելի մանրամասն կերպով կխոսենք, ձեր կարծիքներն էլ կիմանանք, մերն էլ կհայտնենք։ Իմ կողմից ես շատ ուրախ եմ, որ բնական գիտություններով եք պարապում։ Լսել եմ, որ Լիբիխը[10] զարմանալի գյուտեր է արել հողը պարարտացնելու վերաբերմամբ։ Դուք կարող եք օգնել ինձ գյուղատնտեսական աշխատանքներում, դուք կարող եք մի որևէ օգտակար խորհուրդ տալ։

— Ես ամենայն ուրախությամբ պատրաստ եմ, Նիկոլայ Պետրովիչ, բայց մենք որտեղ, Լիբիխը որտեղ։ Առաջ պետք է դեռ այբուբենը սովորել, և հետո միայն ձեռներս գիրք առնել։ Իսկ մենք դեռ սևը սպիտակից ջոկել չենք կարողանում։

«Ինչպես տեսնում եմ, ճիշտ որ դու նիհիլիստ ես եղել», մտածեց Նիկոլայ Պետրովիչը։

— Այնուամենայնիվ, թույլ տվեք, հարկավոր դեպքում ձեր օգնությանը դիմելու,— ավելացրեց նա։— Իսկ այժմ, եղբայր, ժամանակն է գնալ խոսելու կառավարչի հետ։

Պավել Պետրովիչը վեր կացավ աթոռից։

— Այո,— խոսեց նա առանց որևէ մեկին նայելու,— կատարյալ դժբախտություն է այսպես մի հինգ տարի ապրել գյուղում, հանճարեղ մարդկանցից հեռու։ Տխմարից տխմար կդառնաս։ Դու աշխատում ես չմոռանալ այն, ինչ սովորեցրել են, իսկ հետո բանից դուրս է գալիս, որ այդ ամենն անմիտ բաներ են եղել, և քեզ ասում են, որ խելոք մարդիկ այդպիսի դատարկ բաներով այլևս չեն զբաղվում և որ դու, իբր, դատարկ թասակ ես։ Ինչ արած։ Երևի երիտասարդությունը, արդարև, մեզանից խելոք է։

Պավել Պետրովիչը կրունկների վրա դանդաղ շուռ եկավ ու դանդաղ էլ դուրս գնաց։ Նիկոլայ Պետրովիչն էլ նրա հետևից գնաց։

— Ի՞նչ է, նա մի՞շտ այդպես է,— սառն կերպով հարցրեց Բազարովը Արկադիից, երբ որ երկու եղբայրների ետևից դուռը փակվեց։

— Լսիր, Եվգենի, դու արդեն չափազանց խիստ վարվեցիր նրա հետ,— նկատեց Արկադին։— Նրան վիրավորեցիր։

— Հա, այդ էր պակաս, որ հիմա ես դրանց, այդ գավառական արիստոկրատներին, երես էլ տամ։ Ախր, այդ բոլորը անձնասիրություն է, առյուծային սովորություններ, պճնամոլություն։ Դե, եթե նա այդպիսի ձգտումներ ունի, այդ դեպքում թող շարունակեր իր ասպարեզը Պետերբուրգում... Էհ, տերը նրա հետ։ Գիտե՞ս, ջրային բզեզի մի բավականին հազվագյուտ Dytiscus marginatus օրինակ եմ գտել։ Ցույց կտամ քեզ։

— Ես քեզ խոստացել էի նրա պատմությունը պատմել,-սկսեց Արկադին։

— Միջատի պատմությունը։

— Դե, հերիք է, Եվգենի։ Հորեղբորս պատմությունը։ Կտեսնես, որ նա այնպիսի մարդ չէ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես։ Նա ավելի շատ արժանի է կարեկցանքի, քան ծաղրի։

— Չեմ վիճում։ Բայց հերիք է այդ մասին խոսել։

— Պետք է արդարամիտ լինել, Եվգենի։

— Ա՞յդ ինչից է հետևում։

— Չէ՛, լսի՛ր…

Եվ Արկադին պատմեց իր հորեղբոր պատմությունը։ Ընթերցողն այդ պատմությունը կգտնի հաջորդ գլխում։

VII

Իր կրտսեր եղբոր, Նիկոլայի նման, Պավել Պետրովիչ Կիրսանովն էլ սկզբում դաստիարակվում էր տանը, հետո զինվորական ուսումնարանում (պաժեսկի կորպուս)։ Մանկությունից աչքի էր ընկնում զարմանալի գեղեցկությամբ, մանավանդ որ ինքնավստահ էր, մի քիչ ծաղրասեր և մի տեսակ ծիծաղելի-մաղձոտ. նա չէր կարող դուր չգալ։ Հենց որ նա սպա դարձավ, սկսեց ամեն տեղ մտնել-դուրս գալ։ Նրան ձեռքե-ձեռք էին խլում, և նա ինքն էլ իրեն երես էր տալիս, մինչև անգամ գժություններ էր անում, մինչև անգամ կոտրատվում էր։ Բայց այդ էլ էր նրան սազում։ Կանայք նրա համար գժվում էին, տղամարդիկ նրան թեթևսոլիկ էին անվանում ու թաքուն նախանձում նրան։ Ինչպես արդեն ասված էր, նա ապրում էր եղբոր հետ միևնույն բնակարանում և նրան անկեղծորեն սիրում էր, թեպետ ամենևին նրան նմանություն չուներ։ Նիկոլայ Պետրովիչը կաղին էր տալիս, ուներ մանր ու հաճելի դիմագծեր, բայց մի քիչ թախծալի մանր սև աչքեր ու փափուկ ցանցառ մազեր։ Նա սիրում էր ծուլանալ, բայց սիրում էր և կարդալ ու վախենում էր հասարակությունից։ Պավել Պետրովիչը ոչ մի երեկո տանը չէր մնում, համարձակ ու ճարպիկ մարդու հռչակ ուներ (բարձր հասարակության երիտասարդների մեջ մարմնամարզությունը նա քիչ էր մնում մոդա դարձներ) և ընդամենը հինգ թե վեց ֆրանսերեն գիրք էր կարդացել։ Քսանութ տարեկան հասակում նա արդեն կապիտան էր. փայլուն ապագա էր սպասում նրան։ Հանկարծ այդ ամենը փոխվեց։

Այն Ժամանակ Պետերբուրգի բարձր շրջաններում երբեմն-երբեմն երևում էր մի կին, որին մինչև օրս էլ չեն մոռացել, դա իշխանուհի Ր-ն էր։ Նա ուներ բարեկիրթ ու վայելուչ, բայց մի փոքր պակասամիտ ամուսին և երեխաներ չուներ։ Այդ իշխանուհին մեկ տեսար հանկարծ արտասահման կգնար, մեկ էլ տեսար՝ հանկարծ Ռուսաստան կվերադառնար, և առհասարակ տարօրինակ կյանք էր վարում։ Նա թեթևամիտ կոկետուհու համբավ ուներ, մեծ հափշտակությամբ անձնատուր էր լինում ամեն տեսակի զվարճաթյունների, ուժասպառ լինելու աստիճան պարում էր, կչկչալով ծիծաղում էր ու հանաքներ անում երիտասարդների հետ, որոնց ընդունում էր նա ճաշից առաջ կիսախավար հյուրասենյակում, իսկ գիշերները լաց էր լինում և աղոթում, ոչ մի տեղ նա հանգիստ չէր գտնում, և շատ անգամ էլ մինչև լույս իր սենյակում դես-դեն էր ընկնում, թախծագին մատները կոտրտելով, կամ էլ, բոլորովին դժգույն ու սառը, նստում էր սաղմոս կարդում։ Բայց օրը բացվում էր թե չէ, նա դարձյալ նույն աշխարհիկ կինն էր, դարձյալ հյուր կգնար, կծիծաղեր, կշատախոսեր և ասես թե ընդառաջ կսլանար ամեն բանի, որ իրեն կարող էր ամենաչնչին հաճույք պատճառել։ Նա զարմանալի գեղեցիկ կազմվածք ուներ, նրա ոսկեգույն և ոսկու նման ծանր հյուսը ծնկներից ցած էր իջնում, սակայն ոչ ոք նրան գեղեցկուհի չէր անվանի, նրա ամբողջ դեմքի վրա միակ լավը նրա աչքերն էին, և նույնիսկ բուն աչքերն էլ չէին — նրանք մանր էին ու գորշ — բայց նրանց հայացքը. արագ և խորունկ, կտրիճության աստիճանի անհոգ և վհատության աստիճանի մտախոհ,— խորհրրդավոր հայացք։ Մինչև անգամ այն ժամանակ, երբ նրա լեզուն ամենադատարկ խոսքեր էր բլբլում, նրա հայացքի մեջ ինչ-որ արտասովոր բան էր փայլում։ Նա հագնվում էր նուրբ ճաշակով։

Պավել Պետրովիչը նրան հանդիպեց մի պարահանդեսում, հետը մազուրկա պարեց, որի ընթացքում իշխանուհին ոչ մի խելոք խոսք չասաց, բայց Պավել Պետրովիչը սաստիկ սիրահարվեց նրան։ Հաղթանակների սովոր լինելով, նա այստեղ էլ շուտով իր նպատակին հասավ, բայց հաղթության հեշտությունը չսառեցրեց նրան։ Ընդհակառակն, ավելի ևս չարատանջ, ավելի ուժեղ կապվեց այդ կնոջ հետ, որի մեջ, մինչև անգամ այն միջոցին, երբ նա անվերադարձ անձնատուր էր լինում, կարծես թե դարձյալ մնում էր մի ինչ-որ նվիրական ու անմատչելի բան, որտեղ ոչ ոք չէր կարող մուտք գործել։ Ի՞նչ էր բուն դրել այդ հոգու մեջ— աստծուն է հայտնի։ Թվում էր, թե նա գտնվում էր իրեն էլ անհայտ խորհրդավոր ուժերի իշխանության տակ։ Այդ ուժերը խաղում էին նրա հետ ինչպես ուզում էին. նրա ոչ այնքան մեծ խելքը չէր կարողանում նրանց քմահաճույքներին դիմադրել։ Նրա ամբողջ վարքը անհեթեթությունների մի շարան էր. միակ նամակները, որոնք կարող էին ամուսնու մեջ արդարացի կասկածներ հարուցել, նա գրել էր մի մարդու, որը համարյա թե իրեն օտար էր, իսկ սերը նրա մեջ միայն թախիծ էր առաջացնում, նա այլևս չէր ծիծաղում և կատակներ չէր անում այն մարդու հետ, որին ընտրում էր, և նրա ասածներին ականջ էր դնում ու նրան նայում էր վարանումով։ Երբեմն, մեծ մասամբ հանկարծակի այդ վարանումը սառը սարսափի էր փոխարկվում, դեմքը մեռելային ու վայրենի արտահայտություն էր ստանում, նա փակվում էր իր ննջարանում, և սպասուհին, միայն ականջը դռան կպցրած, լսում էր նրա խուլ հեկեկանքները։ Կիրսանովը շատ անգամ, քնքուշ տեսակցությունից հետո տուն վերադառնալով, իր մեջ զգում էր այն դառն ու սրտամաշ ցասումը, որ բարձրանում էր սրտում վերջնական անհաջողությունից հետո։ «Էլ ի՞նչ եմ ուզում»— հարցնում էր նա ինքն իրեն, իսկ սիրտը շարունակում էր կսկծալ։ Նա մի անգամ իշխանուհուն նվիրեց մի մատանի, որի ակի վրա սֆինքսի պատկեր էր փորագրած։

— Ի՞նչ է սա,— հարցրեց իշխանուհին,— սֆի՞նքս։

— Այո,— պատասխանեց նա,— և այս սֆինքսը դուք եք։

— Ե՞ս,— հարցրեց իշխանուհին և իր խորհրդավոր հայացքը դանդաղ բարձրացրեց նրա վրա։— Գիտե՞ք, որ այդ ինձ համար շատ նպաստավոր է,— ավելացրեց նա թեթև հեգնությամբ, իսկ աչքերը նայում էին դարձյալ նույն տարօրինակ արտահայտությամբ։

Ծանր էր Պավել Պետրովիչի վիճակը նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանուհի Ր-ն նրան սիրում էր. Բայց երբ իշխանուհին սառեց դեպի նա, իսկ այդ բավականին շուտ պատահեց, քիչ էր մնում խելքը կորցներ։ Նա տանջվում էր ու խանդում, իշխանուհուն հանգիստ չէր տալիս ու ամեն տեղ հետևից քարշ էր գալիս։ Իշխանուհուն ձանձրացրին նրա հետապնդումները, ու նա մեկնեց արտասահման։ Պավել Պետրովիչը, չնայած իր ընկերների խնդրանքներին, իր մեծավորների խրատներին, թողեց պաշտոնն ու գնաց իշխանուհու հետևից, չորս տարի նա ապրեց օտար երկրներում, երբեմն հետամտելով սիրուհուն, երբեմն՝ դիտմամբ նրա հետքը կորցնելով, նա ինքն իրենից ամաչում էր, իր փոքրոգության վրա զայրանում... բայց ոչինչ չէր օգնում։ Իշխանուհու պատկերը, այդ անհասկանալի, համարյա անիմաստ, բայց դյութական պատկերր չափազանց խորն էր տպավորվել նրա հոգում։ Բադենում նրանք նորից առաջվա նման մոտեցան իրար, թվում էր, թե իշխանուհին երբեք այդպես բուռն կերպով չէր սիրել նրան... բայց մի ամսից հետո ամեն ինչ արդեն վերջացել էր, կրակը բռնկվեց վերջին անգամ և ընդմիշտ հանգավ։ Նախազգալով անխուսափելի անջատումը, Կիրսանովն ուզում էր, որ գոնե մնա նրա բարեկամը, կարծես թե մի այդպիսի կնոջ հետ բարեկամությունը հնարավոր էր... Իշխանուհին թաքուն հեռացավ Բադենից և այնուհետև միշտ էլ խույս էր տալիս Կիրսանովից։ Պավել Պետրովիչը վերադարձավ Ռուսաստան, փորձեց ապրել առաջվա նման, բայց այլևս նախկին հունի մեջ չկարողացավ ընկնել։ Նա հալածականի պես շարունակ մեկ տեղից մյուս տեղն էր թափառում, նա դեռ այցելություններ էր անում, պահպանել էր աշխարհիկ մարդու բոլոր սովորությունները, կարող էր պարծենալ իր երկու-երեք նոր հաղթանակներով, բայց այլևս ոչ մի առանձին բան չէր սպասում նա ոչ իրենից, ոչ ուրիշներից, և ոչինչ չէր ձեռնարկում։ Նա ծերացավ, ճերմակեց, երեկոները նստել ակումբում, մաղձոտ տրամադրությամբ ձանձրանալ, ամուրիների շրջանում անտարբեր վիճաբանել՝ այս ամենը նրա համար պահանջ դարձավ, որը, ինչպես հայտնի է, վատ նշան էր։ Իհարկե, ամուսնանալու մասին չէր էլ մտածում։ Տասը տարի անցավ այսպես անգույն, ապարդյուն և արագ, չափազանց արագ։ Ոչ մի տեղ ժամանակն այնպես արագ չի վազում, ինչպես Ռուսաստանում, ասում են, բանտում այն էլ ավելի արագ է անցնում։ Մի անգամ ակումբում ճաշելիս Պավել Պետրովիչն իմացավ իշխանուհի Ր-ի մահվան մասին։ Նա մեռել էր Փարիզում, համարյա խելագարության մոտիկ վիճակում։ Պավել Պետրովիչը վեր կացավ սեղանի մոտից և երկար ժամանակ անց ու դարձ էր անում ակումբի սենյակներով, արձանացած կանգնում էր թուղթ խաղացողների մոտ, բայց սովորականից վաղ տուն չվերադարձավ։ Մի քանի ժամանակից հետո նա ստացավ իր անունով հասցեագրված մի ծրար, ծրարի մեջ գտնվում էր իշխանուհուն նվիրած իր մատանին։ Իշխանուհին սֆինքսի վրա խաչ էր քաշել և պատվիրել նրան ասելու, որ սֆինքսի բացատրությունը խաչն է։

Այս բանը պատահեց 48 թվականի սկզբներին, հենց այն միջոցին, երբ Նիկոլայ Պետրովիչը կնոջից զրկվելով՝ Պետերբուրգ էր եկել։ Այն օրվանից, երբ Նիկոլայ Պետրովիչը բնակություն էր հաստատել գյուղում, Պավել Պետրովիչը համարյա եղբոր հետ չէր տեսնվել— Նիկոլայ Պետրովիչի հարսանիքը զուգադիպել էր իշխանուհու հետ Պավել Պոտրովիչի ծանոթության ամենասկզբի օրերին։ Արտասահմանից վերադառնալով նա գնաց եղբոր մոտ մի երկու ամիս այնտեղ հյուր մնալու և նրա երջանկությամբ ուրախանալու դիտավորությամբ, բայց միայն մի շաբաթ կարողացավ մնալ։ Երկու եղբայրների դրության մեջ եղած տարբերությունը խիստ մեծ էր։ 48 թվին այդ տարբերությունը պակասեց։ Նիկոլայ Պետրովիչր կնոջը կորցրեց, Պավել Պետրովիչն էլ կորցրեց իր հիշողությունները, իշխանուհու մահվանից հետո աշխատում էր նրա մասին չմտածել։ Բայց Նիկոլայի մեջ կար կանոնավոր անցկացրած կյանքի զգացումը, և որդին էլ մեծանում էր իր աչքի առաջ։ Պավելը, ընդհակառակը, մենակյաց ամուրի լինելով, ոտք էր դնում այն անորոշ, աղջամուղջային ժամանակի մեջ, ափսոսանքների ժամանակի, որ նման էին հույսերի, հույսերի, որոնք նման են ափսոսանքների, երբ երիտասարդությունն անցել է, իսկ ծերությունը դեռ չի հասել։

Այդ ժամանակն ավելի դժվարին էր Պավել Պետրովիչի համար, քան որևէ մի ուրիշի համար, իր անցյալը կորցնելով, նա կորցրել էր ամեն բան։

— Ես այժմ քեզ Մարյինո չեմ հրավիրում,— Նիկոլայ Պետրովիչն ասաց նրան մի անգամ (իր գյուղը նա այդ անունով էր կոչում ի պատիվ կնոջ),— դու հանգուցյալի կենդանի ժամանակն էլ ձանձրանում էիր այնտեղ, իսկ այժմ, կարծում եմ, ձանձրույթից բոլորովին կկորչես։

— Ես այն ժամանակ հիմար էի ու անհանգիստ,— պատասխանեց Պավել Պետրովիչը,— այն ժամանակից ի վեր, եթե չեմ խելոքացել, գոնե հանդարտվել եմ։ Այժմ, ընդհակառակը, եթե դու թույլ կտաս, ես պատրաստ եմ ընդմիշտ բնակվել քեզ մոտ։

Նիկոլայ Պետրովիչը պատասխանելու փոխարեն գրկեց նրան, համբուրեց։ Բայց մինչև Պավել Պետրովիչը իր այդ մտադրությունը կիրագործեր, տարիուկեսից ավելի ժամանակ անցավ այդ խոսակցությունից։ Բայց դրա փոխարեն հենց որ արդեն բնակվեց գյուղում, նա այլևս չհեռացավ այնտեղից։ Անգամ այն երեք ձմեռներն էլ, երբ Նիկոլայ Պետրովիչը Պետերբուրգում որդու հետ անցկացրեց։ Նա սկսեց ընթերցանությամբ զբաղվել, կարդում էր ավելի շատ անգլերեն։ Նա առհասարակ իր ամբողջ կյանքը կառուցել էր անգլիական ճաշակով, հարևանների հետ շատ քիչ էր տեսնվում և միայն ընտրություններին մասնակցելու համար էր դուրս գալիս, որտեղ մեծ մասամբ լուռ էր մնում, և մեկ-մեկ միայն իր ազատամիտ արարքներով գրգռում ու վախեցնում էր հին հասկացողություններ ունեցող կալվածատերերին, իսկ նոր սերնդի ներկայացուցիչների հետ էլ չէր մոտենում։ Թե մեկը և թե մյուսները նրան գոռոզ էին համարում, թե մեկը և թե մյուսները նրան հարգում էին իր արիստոկրատական հիանալի ձևերի համար, նրա տարած հաղթանակների մասին տարածված լուրերի համար, նրա համար, որ նա շատ լավ հագնվում էր և միշտ լավագույն հյուրանոցի լավագույն սենյակումն էր իջնում։ Նրա համար, որ նա առհասարակ լավ էր ճաշում, իսկ մի անգամ էլ նույնիսկ Լյուդովիկոս-Ֆիլիպպի մոտ Վելլինգտոնի հետ էր ճաշել, նրա համար, որ նա ամեն տեղ իր հետ տանում էր իսկական արծաթյա նեսսեսերն ու ճանապարհի լողարանը, որ միշտ վրայից մի ինչ որ արտասովոր, զարմանալի «ազնիվ» օծանելիքների հոտ էր բուրում, նրա համար, որ շատ վարպետ կերպով վիստ էր խաղում ու միշտ էլ տանուլ տալիս։ Վերջապես նրան հարգում էին նաև նրա անբասիր ազնվության համար։ Կանայք նրան զմայլելի մելամաղձիկ էին անվանում, բայց նա կանանց հետ ծանոթություն չէր հաստատում։

— Այ, տեսնում ես, Եվգենի,— ասաց Արկադին իր պատմությունն ավարտելով,— ինչքան անարդարացի ես դատում հորեղբորս մասին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նա քանի-քանի անգամ հորս ազատել է նեղությունից, իր ունեցած բոլոր փողը տվել է նրան, իսկ կալվածքը, գուցե դու չես էլ իմանում, դեռ բաժանված չէ, նա պատրաստ է ամեն մարդու էլ օգնել և, ի միջի այլոց, միշտ գյուղացիների կողմն է բռնում, ճիշտ է՝ նրանց հետ խոսելիս դեմքը կնճռոտում է և օդեկոլոն է հոտոտում։

— Հասկանալի բան է, նյարդերը կարգին չեն,— ընդհատեց Բազարովը։

— Կարող է պատահել, միայն թե նա շատ բարի սիրտ ունի։ Եվ խելոք էլ մարդ է։ Ինչպիսի օգտակար խորհուրդներ էր տալիս ինձ... մանավանդ... մանավանդ կանանց հետ վարվելու մասին։

— Չալ օձ տեսնողը չալ չաթուից էլ կվախենա։ Գիտենք։

— Մի խոսքով,— շարունակեց Արկադին,— նա շատ անբախտ մարդ է, հավատա ինձ հանցանք է նրան արհամարհելը։

— Ախր ո՞վ է նրան արհամարհում,— առարկեց Բազարովը։— Իսկ այնուամենայնիվ պիտի ասեմ, որ մի մարդ, որն իր ամբողջ կյանքը կապել է կանացի սիրո հետ, և երբ այդ կապը կտրել են, նա թթվել է ու այն աստիճանին հասել, որ ոչ մի բանի այլևս ընդունակ չէ, այդպիսի մարդը տղամարդ չէ, արու չէ։ Ասում ես, թե նա դժբախտ է, իհարկե, դու այդ բանը ավելի լավ կարող ես իմանալ, բայց նրա գլխի հոպոպները դեռ բոլորովին չեն դուրս եկել։ Հավատացած եմ, որ նա, առանց կատակի, իրեն համարում է գործունյա մարդ, որովհետև կարդում է Գալինիաշկան[11] և ամիսը մի անգամ գյուղացուն կազատի մարմնական պատժից։

— Ախր հիշիր նրա ստացած դաստիարակությունը այն ժամանակը, երբ նա ապրում էր,— նկատեց Արկադին։

— Դաստիարակությո՞ւնը,— վրա բերեց Բազարովը։— Ամեն մի մարդ պարտավոր է ինքն իրեն դաստիարակել, այ, եթե կուզես հենց ես, օրինակ… իսկ ինչ վերաբերում է, ժամանակին, ինչո՞ւ պետք է ես նրանից կախված լինեմ։ Ավելի լավ է թող նա՛ ինձանից կախված լինի։ Չէ, սիրելիս, այդ ամենը մեղկություն է, դատարկություն։ Եվ այդ ի՞նչ խորհրդավոր հարաբերություն կարող է լինել տղամարդու և կնոջ մեջ։ Մենք, բնախոսներս, գիտենք, թե այդ ինչ հարաբերություն է։ Հապա մի ուսումնասիրիր աչքի կազմությունը, այդտեղ ի՞նչ գործ ունի, ինչպես դու ես ասում, խորհրդավոր հայացքը։ Այդ բոլորը ռոմանտիզմ է, անհեթեթություն, նեխածություն, գեղարվեստ։ Ավելի լավ է գնանք բզեզը տեսնենք։

Եվ երկու բարեկամները գնացին Բաղարովի սենյակը, ուր արդեն մի տեսակ բժշկա-վիրաբուժական հոտ էր տիրել, որ խառնվել էր էժանագին ծխախոտի հոտին։

VIII

Պավել Պետրովիչը կարճ ժամանակ ներկա եղավ եղբոր և կառավարչի խոսակցությանը։ Կառավարիչը, որ մի բարձրահասակ, նիհար մարդ էր, թոքախտավորի քաղցր ձայնով ու խարդախ աչքերով, Նիկոլայ Պետրովիչի բոլոր նկատողություններին պատասխանում էր. «Ի՞նչ խոսք, հայտնի բան է», և աշխատում էր գյուղացիներին ներկայացնել արբեցող ու գող։ Վերջին ժամանակներս նոր ձևի կազմակերպված տնտեսությունը ճռնչում էր, ինչպես չյուղած անիվ, ճաքճաքում, որպես խամ փայտից տանու շինած կարասիք, Նիկոլայ Պետրովիչը չէր հուսահատվում, բայց հաճախ հառաչում էր ու մտածմունքի մեջ ընկնում, նա զգում էր, որ առանց փողի գործը առաջ չի գնա, իսկ ունեցած փողերը համարյա բոլորն էլ ծախսված էին, Արկադին ճիշտ էր ասել. Պավել Պետրովիչը մի անգամ չէր, որ օգնել էր եղբորը, քանի-քանի անգամ, տեսնելով, թե ինչպես էր եղբայրը չարչարվում, գլուխ կոտրում մտածելով մի ելք գտնելու, Պավել Պետրովիչը ծանրաքայլ մոտեցել էր պատուհանին և, ձեռները գրպանը դրած, ատամների արանքից փնթփնթացել. «Mais je puis vous donner dé I’argent»[12] և նրան փող էր տալիս։ Բայց այդ օրը նա ինքն էլ փող չուներ, ուստի լավ համարեց հեռանալ։ Տնտեսական գլխացավանքը նրան ձանձրույթ էր պատճառում, մանավանդ որ նրան միշտ թվում էր, թե Նիկոլայ Պետրովիչը, չնայելով իր եռանդին ու աշխատասիրությանը, այնպես չի գործը բռնում, ինչպես որ պետք է, թեև ցույց տալ, թե ինչ բանում է, իսկապես, սխալվում Նիկոլայ Պետրովիչը, նա չէր կարող։ «Եղբայրս,— մտածում էր նա ինքն իրեն,— այնքան էլ գործնական մարդ չէ, նրան խաբում են»։ Իսկ Նիկոլայ Պետրովիչը, ընդհակառակը, մեծ համարում ուներ Պավել Պետրովիչի գործնականության մասին և միշտ նրանից խորհուրդ էր հարցնում։ «Ես կակուղ, թույլ մարդ եմ, ողջ կյանքս անց եմ կացրել խուլ անկյունում,— ասում էր նա,— իսկ դու զուր չի, որ այնքան երկար ես ապրել մարդկանց հետ, դու նրանց շատ լավ ես ճանաչում, արծվի հայացք ունես»։ Պավել Պետրովիչը ի պատասխան այդ խոսքերին՝ շուռ էր գալիս, բայց եղբոր կարծիքը չէր ժխտում։

Նիկոլայ Պետրովիչին առանձնասենյակում թողնելով, նա անցավ միջանցքով, որը տան առաջին մասը զատում էր հետին մասից և, ցածլիկ դռանը հավասարվելով, մտախոհությամբ կանգ առավ, բեղերը ձգեց ու բախեց դուռը։

— Ո՞վ է։ Մտեք,— լսվեց Ֆենիչկայի ձայնը։

— Ես եմ,— ասաց Պավել Պետրովիչը և ներս մտավ։

Ֆենիչկան վեր թռավ աթոռից, որի վրա նա նստել էր երեխայի հետ, և երեխային տալով աղջկա ձեռքը, որը նրան իսկույն էլ սենյակից դուրս հանեց, շտապով ուղղեց գլխի շորը։

— Ներեցեք, եթե խանգարեցի,— սկսեց Պավել Պետրովիչը, առանց նրա վրա նայելու,— ես միայն ուզում էի ձեզ խնդրել... կարծեմ այսօր մարդ են ուղարկում քաղաք… հրամայեցեք, որ ինձ համար կանաչ թեյ գնեն։

— Շատ բարի,— պատասխանեց Ֆենիչկան։— Ինչքա՞ն կհրամայեք առնել։

— Կարծում եմ մի կես ֆունտ առնեն հերիք է։ Այստեղ, ձեր սենյակում ես տեսնում եմ փոփոխություններ,— ավելացրեց նա արագ հայացք ձգելով շուրջը, որը սահելով անցավ Ֆենիչկայի դեմքի վրայով։— Ահա այս վարագույրները,— ասաց նա, տեսնելով, որ Ֆենիչկան իր ասածը չի հասկանում։

— Վարագույրների՞ մասին է։ Նիկոլայ Պետրովիչը մեզ նվիրեց։ Եվ վաղուց է, որ կախված են։

— Ասենք ես էլ վաղուց է, որ ձեզ մոտ չեմ եղել։ Այժմ շատ լավ է ձեզ մոտ։

— Նիկոլայ Պետրովիչի շնորհիվ,— շշնջաց Ֆենիչկան։

— Ձեզ համար այստեղ ավելի լա՞վ է, քան առաջվա տանը,— հարցրեց Պավել Պետրովիչը քաղաքավարությամբ, բայց առանց ժպիտի։

— Իհարկե, լավ է։

— Այժմ ո՞ւմ են ձեր տեղը տեղավորել։

— Լվացք անող կանայք են։

— Հըմ, Պավել Պետրովիչը լռեց։ «Հիմա դուրս կգնա»,— մտածեց Ֆենիչկան։ Բայց նա դուրս չէր գնում, և Ֆենիչկան արձանի նման կանգնել էր նրա առաջ, մատները թեթև կերպով շարժելով։

— Ինչո՞ւ ասացիք, որ ձեր փոքրին դուրս տանեն,— խոսեց վերջապես Պավել Պետրովիչը։— Ես երեխաներ սիրում եմ։ Հապա նրան ցույց տվեք ինձ։

Ֆենիչկան շփոթվելուց և ուրախությունից բոլորովին կարմրեց, նա Պավել Պետրովիչից վախենում էր — նա համարյա երբեք իր հետ չէր խոսում։

— Դունյաշա,— կանչեց նա,-Միտյային ներս բերեք (Ֆենիչկան տանը ամենքի հետ դուք-ով էր խոսում)։— Կամ թե չէ սպասեցեք. պետք է շորը հագցնել։— Ֆենիչկան դեպի դուռը գնաց։

— Միևնույն է,— նկատեց Պավել Պետրովիչը։

— Այս րոպեիս,— պատասխանեց Ֆենիչկան և արագ դուրս գնաց։

Պավել Պետրովիչը մենակ մնաց և այս անգամ առանձին ուշադրությամբ դիտեց շուրջը։ Դա մի փոքրիկ, ցածլիկ սենյակ էր, շատ մաքուր ու հարմարավետ։ Սենյակի հատակը նոր էր ներկած և ներկի հոտը խառնված էր երիցուկի ու խնձադեղի հոտի հետ։ Պատերի երկարությամբ շարված էին քնարաձև մեջքով աթոռներ։ Այդ աթոռները դեռ հանգուցյալ գեներալն էր գնել Լեհաստանում, պատերազմի ժամանակ[13], մի անկյունում դրված էր փոքրիկ մահճակալ՝ շղարշյա վարագույրով սքողված, կողքին մի երկաթապատ սնդուկ բոլորակ խուփով։ Հանդիպակաց անկյունում Նիկոլայ հրաշագործի մեծ, սևացած պատկերի առաջ վառվում էր կանթեղը, սուրբի կրծքին կախած էր հախճապակյա մի փոքրիկ ձու՝ կարմիր ժապավենով կպած սրբի ճառագայթներին։ Պատուհանների վրա շարված էին ապակյա ամաններ անցյալ տարվա եփած մուրաբաներով լի։ Նրանց բերանին խնամքով կապած թղթե բոլորակների վրա Ֆենիչկան իր ձեռքով խոշոր տառերով գրել էր «կրուժովնիկ»։ Նիկոլայ Պետրովիչն ամենից շատ այս մուրաբան էր սիրում։ Առաստաղից երկար երիզով կախած վանդակի մեջ փակած էր կարճ պոչով մի դեղձանիկ, որը շարունակ թռչկոտում էր ու ճռվողում, իսկ վանդակն անդադար օրորվում էր ու դողում։ Կանեփի սերմերը թեթև չխկոցով ընկնում էին հատակի վրա։ Երկու պահարանի արանքում, պահարանից վերև, պատի վրա կախած էին Նիկոլայ Պետրովիչի բավականին անհաջող լուսանկարները, զանազան դիրքով, որ պատրաստել էր մի պատահական անցորդ լուսանկարիչ։ Հենց այդտեղ էլ կախած էր նաև Ֆենիչկայի լուսանկարը, խիստ անհաջող։ Մի ինչ-որ անաչք դեմք լարված ժպտում էր սև շրջանակի միջից-ուրիշ ոչինչ չէր կարելի ջոկել։ Իսկ Ֆենիչկայից վերև կախած էր յափնջավոր Երմոլովը, որի դեմքը կնճռոտած, ահարկու հայացքով ուղղված էր Կովկասյան հեռավոր սարերի վրա, նայում էր մի մետաքսյա ոտնամանի տակից, որը հատկացրած էր գնդասեղներ պահելու համար և կախ էր ընկած ուղիղ Երմոլովի ճակատին։

Անցել էր հինգ րոպե, կողքի սենյակում լվեց խշխշոց ու փսփսոց։ Պավել Պետրովիչը պահարանի վրայից վերցրեց մի յուղոտված գիրք, որը Մասալսկու «Ստրելցիների» քրքրված, բաժան-բաժան եղած հատորն էր, մի քանի թերթ շուռ տվեց... Դուռը բացվեց։ Ներս մտավ Ֆենիչկան՝ Միտյային գրկած։ Նա երեխային հագցրել էր կարմիր շապիկ, օձիքին ոսկեթել ժապավեն կարած, մազերը սանրել էր, երեսը լվացել։ Երեխան ծանր շունչ էր առնում, ամբողջ մարմնով ձգտում առաջ և թաթիկները շարժում, ինչպես որ անում են բոլոր առողջ երեխաները։ Բայց ինչպես երևում էր, շքեղ շապիկը նրա վրա ներգործել էր բավականության արտահայտությունը երևում էր նրա ամբողջ փափլիկ կերպարանքի վրա։ Ֆենիչկան իր մազերն էր կարգի բերել, և գլխի ծածկոցն էլ ավելի լավ էր հագել, բայց նա կարող էր ինչպես կար այնպես էլ մնալ։ Եվ իսկապես, մի՞թե աշխարհիս երեսին կա ավելի հրապուրիչ բան, քան նորատի գեղեցիկ մայրը՝ առողջ երեխան գրկին։

— Մի այս տռզիկին տես,— ներողամտաբար ասաց Պավել Պետրովիչը և ցուցամատի երկար եղունգի ծայրով խտուտ ածեց Միտյայի կրկնակզակը։ Երեխան աչքը հառեց դեղձանիկին ու ծիծաղեց։

— Սա հորեղբայրդ է,— ասաց Ֆենիչկան երեխայի վրա խոնարհվելով և նրան թեթևակի ցնցելով։ Մինչդեռ այդ միջոցին Դունյաշան պատուհանի մեջ, կոպեկանոցի վրա դնում էր վառած հոտավետ մոմը։

— Քանի՞ ամսական է,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Վեց ամսական, շուտով, ամսի տասնմեկին յոթը կմտնի։

— Ութը չպիտի՞ մտնի, Ֆեդոսյա Նիկոլաևնա,— քաշվելով մեջ մտավ Դունյաշան։

— Չէ, յոթերորդը կմտնի, ինչպե՞ս կարելի է։— Երեխան նորից ծիծաղեց, աչքը սնդուկին հառեց, և հանկարծ բոլոր հինգ մատներով բռնեց մոր քիթն ու շրթունքները։— Չարաճճի,— ասաց Ֆենիչկան, առանց երեսը նրա մատներից հեռացնելու։

— Նա եղբորս նման է,— նկատեց Պավել Պետրովիչը։

«Հապա էլ ո՞ւմն է նմանելու»,— մտածեց Ֆենիչկան։

— Այո,— կարծես ինքն իրեն հետ խոսելով, շարունակեց Պավել Պետրովիչը,— անկասկած նման է նրան։— Նա ուշադրությամբ, համարյա տխուր նայեց Ֆենիչկային։

— Սա հորեղբայրդ է,— կրկնեց Ֆենիչկան, բայց արդեն շշնջալով։

— Պավել, դու այստե՞ղ ես եղել,— հանկարծ լսվեց Նիկոլայ Պետրովիչի ձայնը։

Պավել Պետրովիչը շտապով շուռ եկավ և ունքերը հավաքեց, բայց եղբայրն այնպես ուրախ-ուրախ, մի այնպիսի երախտագիտությամբ էր նայում նրան, որ նա չէր կարող ժպիտով չպատասխանել նրան։

— Շատ լավ տղա ունես,— ասաց նա ու նայեց ժամացույցին,— ես եկա այստեղ թեյի համար...

Եվ, անտարբեր արտահայտություն ընդունելով, Պավել Պետրովիչն իսկույն դուրս գնաց սենյակից։

— Ի՞նքն իրեն եկավ,-հարցրեց Ֆենիչկային Նիկոլայ Պետրովիչը։

— Նա ինքը, դուռը ծեծեց ու մտավ։

— Հապա Արկաշա՞ն. էլ չի՞ եկել քեզ մոտ։

— Ոչ։ Չի եկել։ Լավ չի՞ լինի, Նիկոլայ Պետրովիչ, որ ես նորից մյուս տունը փոխադրվեմ։

— Այդ ինչո՞ւ։

— Ես մտածում եմ. ավելի լավ չի՞ լինի այդպես անել գոնե սկզբի շրջանում։

— Չէ…— կմկմալով ասաց Նիկոլայ Պետրովիչը և ճակատը շփեց։— Պետք էր առաջ անել... բարև, տկճոր,-ասաց նա հանկարծ աշխուժացած, ու երեխային մոտենալով՝ նրա թուշը համբուրեց, հետո նա կռացավ և շրթունքները կպցրեց Ֆենիչկայի ձեռքին, որ Միտյայի կարմիր շապկի վրա կաթի նման սպիտակ էր երևում։

— Նիկոլայ Պետրովիչ, այդ ի՞նչ եք անում,— թոթովեց մա և աչքերը խոնարհեց։ Ապա կամացուկ վեր բարձրացրեց... Հրաշալի էր նրա աչքերի արտահայտությունը, երբ որ նա կարծես թե ունքերի տակիցն էր նայում ու փաղաքուշ և փոքր-ինչ անմիտ կերպով քմծիծաղ էր տալիս։

Նիկոլայ Պետրովիչը Ֆենիչկայի հետ հետևյալ կերպով էր ծանոթացել։ Մի անգամ, սրանից երեք տարի առաջ, ստիպված էր եղել գավառական մի հեռավոր քաղաքում մնալ ու իջևանում գիշերել։ Նա ապշած էր մնացել, տեսնելով իր սենյակի մաքրությունն ու անկողնու սպիտակեղենի թարմությունը, տանտիկինը հո գերմանուհի չէ՞, մտածեց նա, բայց դուրս եկավ, որ տանտիկինը մոտ հիսուն տարեկան, մաքուր հագնված, վայելչակազմ, խելացի դեմքով և խոհեմ խոսակցությամբ մի ռուս կին էր։ Թեյի ժամանակ նա խոսքի բռնվեց այդ կնոջ հետ և խիստ հավանեց նրան։ Այդ միջոցին Նիկոլայ Պետրովիչը նոր էր իր դաստակերտը փոխագրվել, և, չցանկանալով իր մոտ ճորտեր պահել, վարձու մարդիկ էր փնտրում, միևնույն ժամանակ հիշյալ կինն էլ գանգատվում էր, թե քիչ մարդ է գալիս քաղաք, ծանր ժամանակներ են։ Նիկոլայ Պետրովիչը նրան առաջարկեց իր մոտ տնտեսուհի մտնել, կինը համաձայնեց։ Նրա մարդը վաղուց էր մեռած և թողել էր նրան մի աղջիկ, Ֆենիչկային։ Մի երկու շաբաթից հետո Արինա Սավիշնան (այդպես էր նոր տնտեսուհու անունը) իր աղջկա հետ եկավ Մարյինո և բնակություն հաստատեց կից տնակում։ Նիկոլայ Պետրովիչը հաջող ընտրություն էր արել։ Արինան տան մեջ կարգ ու կանոն մտցրեց։ Ֆենիչկայի մասին, որն այդ ժամանակ տասնութ տարեկան էր, ոչ ոք չէր խոսում, և քչերն էին նրան տեսնում, ապրում էր շատ սուս ու փուս, համեստ և միայն կիրակի օրերն էր, որ Նիկոլայ Պետրովիչը նկատում էր ծխական եկեղեցու մի անկյունում նրա սպիտակ դեմքի նուրբ կիսապատկերը։ Մի տարուց ավելի անցավ այդպես։ Մի առավոտ Արինան եկավ նրա առանձնասենյակը և ըստ սովորականին խոնարհ գլուխ տալով հարցրեց, թե արդյոք չէ՞ր կարող օգնել իր աղջկան, որի աչքի մեջ վառարանից կայծ էր թռել։ Նիկոլայ Պետրովիչը, ինչպես բոլոր տնից դուրս չեկող մարդիկ, բժշկություն էլ էր անում և մինչև անգամ հոմեոպատային դեղարան էր բերել տվել։ Իսկույն պատվիրեց, որ հիվանդին բերեն իր մոտ։ Երբ Ֆենիչկան իմացավ, որ պարոնը կանչել է, շատ վախեցավ, բայց և այնպես մոր հետևից գնաց։ Նիկոլայ Պետրովիչը նրան տարավ պատուհանի մոտ և գլուխը երկու ձեռքի մեջն առավ։ Նրա կարմրած ու բորբոքված աչքը լավ դիտելուց հետո պատվիրեց, որ աչքին թրջոց դնեն, և հենց տեղնուտեղը, թաշկինակը պատռեց ու ցույց տվեց, թե ինչպես պետք էր այդ բանն անել։ Ֆենիչկան լսեց ասածը և ուզում էր գնալ. «Ադայի ձեռքը պաչի, հիմարիկ», ասաց Արինան։ Նիկոլայ Պետրովիչը ձեռքը չտվեց և, շշկլված, ինքը համբուրեց նրա խոնարհած գլուխը։ Ֆենիչկան շուտով առողջացավ, բայց Նիկոայ Պետրովիչի վրա նրա թողած տպավորությունը շուտ չանցավ։ Շարունակ նրա աչքի առաջն էր գալիս այդ մաքուր, քնքուշ, երկչոտությամբ վերև բարձրացրած դեմքը, իր ձեռքերի ափերի մեջ նա զգում էր նրա փափուկ մազերը, տեսնում էր այդ անմեղ, մի քիչ բաց շրթունքները, որոնց արանքից արևի առաջ թաց փայլում էին մարգարտանման սպիտակ ատամները։ Նա սկսեց եկեղեցում ավելի ուշադրությամբ դիտել նրան, աշխատում էր հետը խոսել։ Սկզբում աղջիկը նրանից փախչում էր, և մի անգամ իրիկնապահին, երբ նա անց էր կենում մի նեղ կածանով, որ անցորդները բաց էին արել տերևուկով ու օշինդրով բուսած տարեկանի արտի միջից, հանդիպեց Նիկոլայ Պետրովիչին և որպեսզի նրա աչքին չերևա, մտավ բարձր ու խիտ արտի մեջ։ Նիկոլայ Պետրովիչը հասկերի ոսկեգույն ցանցի միջից տեսավ նրա գլուխը, որ փոքրիկ գազանի նման իրեն էր մտիկ տալիս, և քնքշությամբ ձայն տվեց։

— Բարև, Ֆենիչկա։ Մի վախիր, ես մարդ ուտող չեմ։

— Աստծու բարին,— շշնջաց աղջիկը՝ առանց իր թաքստոցից դուրս գալու։

Ֆենիչկան կամաց-կամաց սկսեց նրան ընտելանալ, բայց էլի նրա առաջ քաշվում էր, երբ հանկարծ մայրը, Արինան, խոլերայից մեռավ, ո՞ւր գնար Ֆենիչկան։ Նա մորից ժառանգել էր սեր դեպի կարգապահությունը, խոհեմություն ու լրջմտություն, բայց նա այնքան ջահել էր, այնպես մենակ։ Նիկոլայ Պետրովիչն ինքն էլ խիստ բարի էր ու համեստ… Հարկ չկա մնացածը պատմելու...

— Ուրեմն եղբայրս հենց այնպես ուղղակի նե՞րս մտավ,— հարցնում էր նրան Նիկոլայ Պետրովիչը։— Դուռը ծեծեց ու մտա՞վ։

— Այո։

— Այդ լավ է։ Դե հիմա Միտյային ինձ տուր, մի քիչ գրկեմ։

Եվ Նիկոլայ Պետրովիչը սկսեց երեխային վեր-վեր թռցնել, համարյա մինչև առաստաղը, ի մեծ բավականություն մանկան, որից մայրը սաստիկ անհանգստանում էր և ամեն անգամ, երբ երեխան վեր էր թռչում, ձեռքը մեկնում էր նրա մերկ ոտներին։

Իսկ Պավել Պետրովիչը վերադարձավ իր նրբաճաշակ առանձնասենյակը, որի պատերին մոխրագույն գեղեցիկ պաստառ էր կպցրած, պարսկական երփներանգ գորգի վրա զենքեր էին կախված, կահ-կարասիքը ընկույզի փայտից էր՝ երեսին մուգ-կանաչ կտոր քաշած, սենյակում կային ռենեսանսի ոճի գրադարան հին, սև կաղնուց փառահեղ գրասեղանի վրա բրոնզե արձանիկներ, բուխարի... նա ընկավ գահավորակի վրա, ձեռները ծալեց գլխի հետև և մնաց անշարժ, համարյա հուսահատությամբ նայելով առաստաղին։ Արդյոք պատերի՞ց էլ էր ուզում նա ծածուկ պահել այն, ինչ որ կատարվում էր նրա դեմքի վրա, թե մի այլ պատճառով, միայն թե նա վեր կացավ, պատուհանների ծանր վարագույրները բաց թողեց, և նորից ընկավ գահավորակի վրա։

XI

Նույն օրը Բազարովն էլ ծանոթացավ Ֆենիչկայի հետ։ Նա Արկադիի հետ ման էր գալիս պարտեզում ու նրան բացատրում, թե ինչն է պատճառը, որ մի քանի ծառեր, մանավանդ կաղնիները, չեն բռնել։

— Այստեղ պետք է ավելի արծաթատերն կաղամախի ու եղևնի, մեկ էլ գուցե լորի տնկել ու մի քիչ սևահող ավելացնել։ Տես զովանոցը լավ է եղել,— ավելացրեց նա,— որովհետև հասմիկն ու ակացիան լավ թփեր են, խնամք չեն աահանջում։ Վահ, այստեղ մարդ է եղել։

Զովանոցում նստած էր Ֆենիչկան Դունյաշայի ու Միտկայի հետ։ Բազարովը կանգ առավ, իսկ Արկադին Ֆենիչկային, իբրև հին ծանոթի, գլխով արեց։

— Սա ո՞վ է,— հարցրեց Բազարովը, հենց որ հովանոցի կողքիցն անցան։— Ինչ լավիկն է։

— Ապ դու ո՞ւմ մասին ես խոսում։

— Հայտնի բան է ում մասին, մեկն է միայն գեղեցիկ։

Արկադին փոքր ինչ շվաթված կարճ խոսքերով բացատրեց, թե ով է Ֆենիչկան։

— Ըհը,— ասաց Բազարովը։— Երևում է հայրդ բերանի համը գիտե։ Ինչ կա — հայրդ ինձ դուր է գալիս, ճիշտ եմ ասում։ Կրիճն է։ Սակայն հարկավոր է ծանոթանալ, ավելացրեց նա ու ետ դարձավ դեպի զովանոցը։

— Եվգենի,— վախեցած կանչեց Արկադին նրա հետևից,— ի սեր աստծո, զգույշ եղիր։

— Մի հուզվիր,— ասաց Բազարովը,— մենք քաղաքներում ապրած, եփված մարդ ենք։ Բազարովը, Ֆենիչկային մոտենալով, գլխարկը հանեց։

— Թույլ տվեք ներկայանալու,— սկսեց նա քաղաքավարությամբ գլուխ տալով։— Արկադի Նիկոլայիչի ընկերը և մի խոնարհ մարդ։

Ֆենիչկան նստարանից վեր կացավ ու լուռ նայում էր նրան։

— Ինչ հրաշալի երեխա է,— շարունակեց Բազարովը։— Մի անհանգստանաք, կյանքումս ես դեռ ոչ ոքի աչքով չեմ տվել։ Այս ինչո՞ւ են թշերը կարմրած։ Հո ատամներ չի՞ հանում։

— Այո,— ասաց Ֆենիչկան,— արդեն չորս ատամ հանել է։ Իսկ այժմ լնդերը դարձյալ ուռել է։

— Հապա մի ցույց տվեք... Միք վախենա, ես բժիշկ եմ։

Բազարովը գրկեց երեխային, որ ի զարմանս մոր և Դյունաշայի, ոչ վախեցավ և ոչ էլ ընդդիմացավ։

— Տեսնում եմ, տեսնում... Ոչինչ, ամեն բան կանոնավոր է, լավ ատամներ պիտի ունենա։ Եթե որևէ բան պատահի, ասացեք ինձ։ Իսկ դուք ինքներդ առո՞ղջ եք։

— Փառք աստծո, առողջ եմ։

— Փառք աստծուն — ամենից լավն է։ Իսկ դո՞ւք,— ավելացրեց Բազարովը Դունյաշային դառնալով։

Դունյաշան, որ աղայի տանը շատ խստաբարո էր, իսկ դուրսը սաստիկ ծիծաղկոտ, պատասխան չտվեց և միայն փռթկաց։

— Շատ լավ, ահա ձեզ ձեր հսկան։

Ֆենիչկան մանկանը իր գիրկն առավ։

— Ինչպես նա հանգիստ էր ձեր գրկում,— ցած ձայնով ասաց նա։

— Բոլոր երեխաներն էլ հանգիստ են նստում իմ գրկում,— պատասխանեց Բազարովը,— ես դրա գաղտնիքը գիտեմ։

— Երեխաներն զգում են, թե ով է իրենց սիրում,— նկատեց Դունյաշան։

— Այդ ճիշտ է,— հաստատեց Ֆենիչկան։— Այ հենց մեր Միտյան. ոչ մի կերպ ուրիշին չի գնա։

— Իսկ ինձ կգա՞,— հարցրեց Արկադին, որը, մի քիչ ժամանակ հեռվում կանգնելուց հետո, մոտեցել էր զովանոցին։

Նա Միտյային ձեռքով արեց, ուզեց վեր առնել, բայց Միտյան գլուխը ետ գցեց ու ճչաց, որով շատ շփոթեցրեց Ֆենիչկային։

— Մի ուրիշ անգամ, երբ կընտելանա,— ներողամտաբար ասաց Արկադին, և երկու բարեկամները հեռացան։

— Ինչպե՞ս էր այդ կնոջ անունը,— հարցրեց Բազարովը։

— Ֆենիչկա... Ֆեդոսյա,— պատասխանեց Արկադին։

— Իսկ հայրանո՞ւնը։ Այդ էլ պետք է իմանալ։

— Նիկոլաևնա։

— Bene[14]. Ինձ նրանում դուր է գալիս այն, որ նա շատ ամաչկոտ չէ։ Մեկ ուրիշը, ով գիտե, հենց այդ բանն էլ կդատապարտեր։ Ինչ հիմարություն է, ի՞նչ կա ամաչելու։ Նա մայր է և իրավացի է։

— Ասենք նա իրավացի է,— նկատեց Արկադին,-բայց այ, հայրս…

— Նա էլ իրավացի է,— ընդհատեց Բազարովը։

— Է, ոչ, ես կարծում եմ իրավացի չէ։

— Ինչպես երևամ է ավելորդ ժառանգը մեր սրտովը չի։

— Չե՞ս ամաչում, այդպիսի բան ես մտածում իմ մասին,— տաքացած վրա բերեց Արկադին։— Այդ տեսակետից չէ, որ հորս իրավացի չեմ համարում, իմ կարծիքով նա պարտավոր էր նրա հետ ամուսնանալ։

— Էհե — հե,— հանդարտ կերպով ասաց Բազարովը։— Այ թե ինչ մեծահոգի ենք մենք։ Մի՞թե ամուսնությանը նշանակություն ես տալիս, քեզանից այդ բանը չէի սպասում։

Ընկերները մի քանի քայլ անցան լռիկ։

— Ես տեսա հորդ բոլոր տնտեսությունը,— նորից սկսեց Բազարովը։— Անասունները վատ են, ձիերն էլ ուժասպառ են։ Շինությունները խարխլվել են, և մշակները, երևում է, սարսափելի ծույլ մարդիկ են, իսկ կառավարիչը կամ հիմար է, կամ խաբեբա է, այդ դեռ լավ չեմ հասկացել։

— Այսօր դու շատ խստապահանջ ես, Եվգենի Վասիլիչ։

— Եվ բարի գյուղացիներն էլ անպատճառ խաբելու են հորդ։ Հո գիտես ռուսական առածը, «Ռուս մուժիկը աստծուն էլ կծախի»։

— Ես սկսում եմ հորեղբորս հետ համաձայնվել,— նկատեց Արկադին,— դու բոլորովին վատ կարծիք ունես ռուսների մասին։

— Շատ հարկավոր է։ Ռուս մարդը հենց նրանով է լավ, որ ինքն իր մասին շատ վատթար կարծիք ունի։ Կարևորն այն է, որ երկու անգամ երկուսը չորս է, իսկ մնացյալ բոլորը դատարկ բաներ են։

— Բնությունն է՞լ է դատարկ բան,— ասաց Արկադին՝ մտախոհ նայելով հեռավոր գույնզգույն արտերին, որ գեղեցիկ ու քնքուշ լուսավորված էին ոչ շատ բարձրացած արևի շողերով։

— Այն մտքով, ինչ մտքով որ դու ես հասկանամ, բնությունն էլ դատարկ բան է։ Բնությունը տաճար չէ, այլ արհեստանոց, իսկ մարդը նրա մեջ լոկ մշակ է։

Այդ միջոցին տան կողմից նրանց ականջին հասան թավջութակի ծորուն հնչյուններ։ Մեկը, թեպետ անփորձ ձեռքով, բայց զգացմունքով նվագում էր Շուբերտի Ակնկալությունը, և քաղցրահունչ մեղեդին անուշ զեղվում էր օդում։

— Ա՞յս ով է,— զարմացած ասաց Բազարովը։

— Հայրս։

— Հայրդ թավջութա՞կ է նվագում։

— Այո։

— Քանի տարեկան է հայրդ։

— Քառասունչորս։ Բազարովը հանկարծ քրքջաց։

— Ինչո՞ւ ես ծիծաղում։

— Ախր ինչպե՞ս չծիծաղեմ, քառասունչորս տարեկան մարդը, pater familias[15] գավառում թավջութակ է նվաgում։

Բազարովը շարունակում էր քրքջալ, բայց Արկադին, որքան էլ պատկառում էր իր ուսուցչից, այս անգամ նույնիսկ չժպտաց։

X

Մոտ երկու շաբաթ էր անցել։ Մարյինոյում կյանքն անցնում էր իր կարգով — Արկադին անհոգ սիբարիտի կյանք էր վարում, Բազարովն աշխատում էր։ Տանը ամենքն էլ ընտելացել էին նրան, նրա անփույթ ձևերին, նրա հակիրճ ու կցկտուր խոսքերին։ Մանավանդ Ֆենիչկան այն աստիճան ընտելացել էր նրան, որ մի գիշեր մարդ ուղարկեց, որ նրան զարթեցնեն.— Միտյային ջղաձգություն էր պատահել, և Բազարովը եկավ և ըստ սովորականի կես կատակով-կես հորանջելով նստեց նրա մոտ երկու ժամվա չափ և օգնեց երեխային։ Նրա փոխարեն Պավել Պետրովիչը իր հոգու բոլոր ուժերով ատամ էր Բազարովին։ Նա նրան համարում էր գոռոզ, լիրբ, շնաբարո, ստրուկ, կասկածում էր, որ Բազարովն իրեն չի հարգում և նույնիսկ համարյա թե արհամարհում է իրեն՝ Պավել Կիրսանովին։ Նիկոլայ Պետրովիչը երիտասարդ «նիհիլիստից» վախենում էր և կասկածում էր, որ նա կարող լիներ Արկադիի վրա բարերար ազդեցություն ունենալ, բայց սիրով ականջ էր դնում նրան, սիրով էլ ներկա լինում նրա ֆիզիկական ու քիմիական փորձերին։ Բազարովը հետը մանրադիտակ էր բերել և ամբողջ ժամերով զբաղվում էր դրանով։ Ծառաներն էլ էին նրա հետ կապվել, թեև նա նրանց վրա ծիծաղում էր, նրանք զգում էին, որ նա այնուամենայնիվ իրենցից է, աղա չէ։ Դունյաշան հաչությամբ նրա հետ զրուցում էր, ծիծաղում ու ամեն անգամ մոտիցն արագությամբ անցնելիս աչքի պոչովը խորհրդավոր հայացք էր նետում վրան։ Պյոտրը, որ վերին աստիճանի ինքնասեր ու հիմար մարդ էր, միշտ ճակատը կնճռոտած, մի մարդ, որի բոլոր արժանիքն այն էր, որ քաղաքավարի էր թվում, վանկ-վանկ կարդալ գիտեր և խոզանակով էլ հաճախ իր սերթուկն էր մաքրում, մինչև անգամ նա էլ լուռ ծիծաղում էր ու պայծառանում, հենց որ Բազարովը նրա վրա ուշադրություն էր դարձնում, ճորտերի երեխաները, շան նման վազվզում էին «դոխտուրի» հետևից։ Միայն ծերունի Պրոկոֆիչն էր, որ չէր սիրում նրան, ճաշի ժամանակ մռայլ տեսքով նրան կերակուրներ էր մատուցում, անվանում էր նրան «քերթող» ու «խարդախ» և հավատացնում էր, թե նա իր այտմորուսներով կատարյալ թփերում պառկած խոզ է։ Պրոկոֆիչն էլ յուրատեսակ, Պավել Պետրովիչից ոչ պակաս մի արիստոկրատ էր։

Տարվա ամենալավ օրերը վրա հասան — հունիսի առաջին օրերը։ Սքանչելի եղանակ էր, ճիշտ է, խոլերան հեռվից սպառնալիք էր տալիս, բայց ...ի նահանգի բնակիչներն արդեն նրա այցելություններին սովորել էին։ Բազարովը շատ վաղ էր վեր կենում տեղից և երկու-երեք վերստ գնում, ոչ թե զբոսնելու, չէ՛, նա աննպատակ զբոսանք տանել չէր կարողանում, այլ խոտեր, միջատներ հավաքելու։ Երբեմն իր հետ վերցնում էր նաև Արկադիին։ Վերադառնալու ժամանակ սովորաբար ճանապարհին նրանց մեջ վեճ էր ծագում, և սովորաբար Արկադին մնում էր հաղթված, թեև իր ընկերոջից ավելի էր խոսում։

Մի անդամ նրանք սովորականից ավելի ուշացան, Նիկոլայ Պետրովիչը գնաց պարտեզ նրանց դիմավորելու և, զովանոցին հասնելով, հանկարծ արագ քայլերի ձայն ու երկու երիտասարդների խոսակցություն լսեց։ Նրանք գալիս էին զովանոցի մյուս կողմից և իրեն չէին կարող տեսնել։ — Դու հորս լավ չես ճանաչում,— ասում էր Արկադին։

Նիկոլայ Պետրովիչր թաք կացավ։

— Հայրդ բարի մարդ է,— ասաց Բազարովը,— բայց արդեն ժամանակից ետ է մնացել, նրա երգը երգված է։

Նիկոլայ Պետրովիչը ականջը սրեց… Արկադին ոչինչ չպատասխանեց։

«Ժամանակից ետ մնացած մարդը» մի երկու վայրկյան կանգնեց անշարժ և ապա դանդաղ քայլերով դնաց դեպի տուն։

— Երեք օր առաջ նայեմ, տեսնեմ Պուշկին է կարդում,— շարունակեց Բազարովը։— Ի սեր աստծո, նրան հասկացրու, որ այդ անհարմար բան է։ Երեխա հո չի՞, ժամանակն է այդ անմիտ բաներից ձեռք քաշել։ Եվ ինչ հաճույք է ներկա ժամանակներում ռոմանտիկ լինել։ Նրան մի որևէ օգտակար բան տուր կարդա։

— Ինչ տամ նրան,— հարցրեց Արկադին։

— Կարծում եմ, որ սկզբում ավելի լավ կլինի տալ Բյուխների՝ Stoff und Kraft[16]։

— Ինքս էլ եմ այդպես կարծում,— հավանություն տվեց Արկադին։— Stoff und Kraft-ը գրված է հանրամատչելի լեզվով։

— Ահա թե մենք ինչպիսին ենք,— ասում էր Նիկոլայ Պետրովիչը նույն օրը ճաշից հետո իր եղբորը, նստած նրա առանձնասենյակում,— հետամնաց մարդկանց շարքն ընկանք, եղբայրս, ուրեմն, մեր երգը երգված է։ Ի՞նչ արած։ Գուցե Բազարովն իրավացի է։ Բայց, խոստովանում եմ, մի բան ինձ ցավ է պատճառում, ես հույս ունեի, մանավանդ այժմ, ավելի սերտ, ավելի բարեկամաբար կապվել Արկադիի հետ, մինչդեռ բանից պարզվում է, որ ես ետ եմ մնացել, իսկ նա առաջադիմել է, և մենք իրար հասկանալ չենք կարող։

— Ախր, ինչու է նա մեզանից առաջ գնացել։ Եվ ինչո՞վ է մեզանից այդքան տարբերվում,— անհամբերությամբ բացականչեց Պավել Պետրովիչը։— Այդ բոլորը այն պարոնն է, նիհիլիստն է որդուդ գլուխը լցրել։ Ինչպես ատում եմ այդ հեքիմին, իմ կարծիքով նա ուղղակի խաբեբա է։ Հավատացած եմ, որ նա, իր բոլոր գործերով հանդերձ, բնագիտության մեջ էլ շատ առաջ չի գնացել։

— Ոչ, եղբայր, այդ բանը մի ասի, Բազարովը խելոք ու հասկացող մարդ է։

— Եվ ինչ զզվելի ինքնասիրություն ունի,— դարձյալ ընդհատեց Պավել Պետրովիչը։

— Այո,— նկատեց Նիկոլայ Պետրովիչը,— ինքնասեր մարդ է։ Բայց, ինչպես երևում է, առանց դրան անկարելի է. միայն մեկ բանի խելքս չի հասնում։ Կարծեմ, ես ամեն բան անում եմ, որպեսզի այս դարից ետ չմնամ, գյուղացիների գործը կարգավորեցի, ֆերմա հիմնեցի, այնպես որ մինչև անգամ ամբողջ նահանգում ինձ կարմիր են անվանում, կարդում եմ, սովորում եմ, առհասարակ աշխատում եմ ժամանակակից պահանջներին համապատասխան լինել, իսկ նրանք ասում են, որ իմ երգը երգված է արդեն։ Ինչ ասեմ, եղբայր, ինքս էլ եմ սկսում մտածել, որ իրոք իմ երգը երգված է։

— Ինչո՞ւ այդպես։

— Ահա թե ինչու։ Այսօր ես նստել էի, Պուշկին էի կարդում... Որքան հիշում եմ, բաց էի արել Ցիգանները… Մեկ էլ Արկադին մոտեցավ ինձ և, անխոս,– փաղաքուշ ցավակցության արտահայտությունը դեմքին, գիրքը կամացուկ խլեց ձեռքիցս, ինչպես որ երեխայի հետ են վարվում, և առաջիս դրեց մի ուրիշը, գերմաներեն գիրք... ժպտաց ու գնաց, և Պուշկինն էլ հետը տարավ։

— Մի՞թե։ Իսկ ի՞նչ գիրք տվեց։

— Ահա, այս գիրքը։

Եվ Նիկոլայ Պետրովիչը սերթուկի հետևի գրպանից հանեց Բյուխների տխրահռչակ գրքույկի իններորդ հրատարակությունը։

Պավել Պետրովիչը վերցրեց գրքույկը ու շուռ ու մուռ տվեց։

— Հըմմ,— մռնչաց նա։— Արկադի Նիկոլայիչը հոգ է տանում քո դաստիարակության մասին։ Հը, ինչ է, փորձեցի՞ր կարդալ։

— Փորձեցիր։

— Հետո՞։

— Կամ ես հիմար եմ, կամ այդ բոլորը անմիտ բաներ են։ Երևի ես եմ հիմար։

— Մի՞թե գերմաներենը չես մոռացել,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Գերմաներեն հասկանում եմ։

Պավել Պետրովիչը դարձյալ ձեռքի մեջը շուռ ու մուռ տվեց դիրքն ու աչքի տակով եղբորը նայեց։ Երկուսն էլ լռեցին։

— Հա, ի դեպ,— սկսեց Նիկոլայ Պետրովիչը՝ ցանկանալով խոսքը փոխել։— Կոլյագինից նամակ ստացա։

— Մատվեյ Իլյիչի՞ց։

— Այո։ Նա եկել է ...-ի նահանգի գործերը քննելու։ Այժմ նա մեծ մարդ է դարձել և ինձ գրում է, թե իբրև ազգական ուզում է հետներս տեսնվել, և ինձ, քեզ ու Արկադիին հրավիրում է քաղաք։

— Պիտի գնա՞ս,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Ո՛չ։ Իսկ դո՞ւ։

— Ես էլ չեմ գնա։ Շատ հարկավոր է հիսուն վերստ քարշ գամ, թե ինչ է՝ նրա երեսը տեսնեմ։ Mathieu-ն ուզում է ներկայանալ մեզ իր բոլոր փառքով, սատանան նրա հետ։ Բավական է նրան նահանգի խունկը։ Առանց մերինին էլ յոլա կգնա։ Մեծ բան է կարծես գաղտնի խորհրդական լինելը։ Եթե ես շարունակեի ծառայել, քարշ տայի այդ հիմար լուծը, այժմ գեներալ-ադյուտանտ կլինեի։ Այս էլ կա, որ ես էլ, դու էլ արդեն հետամնաց մարդիկ ենք։

— Հա , եղբայր, երևի ժամանակն է դագաղ պատվիրելու ու ձեռներս էլ կրծքներիս խաշելու,— հոգոց հանելով նկատեց Նիկոլայ Պետրովիչը։

— Չէ, ես այդպես շուտ անձնատուր չեմ լինի,— մրթմրթաց եղբայրը։— Այդ հեքիմի հետ մենք դեռ կռիվ կունենանք. ես այդ նախազգում եմ։

Ընդհարումը պատահեց հենց նույն օր երեկոյան՝ թեյի միջոցին, Պավել Պետրովիչը ընդունարան մտավ արդեն կռվի պատրաստ, նա գրգռված էր և վճռական։ Միայն առիթ էր փնտրում նա, որպեսզի թշնամու վրա հարձակվի, բայց երկար ժամանակ առիթ չէր ներկայանում։ Բազարովն առհասարակ «ծերուկ Կիրսանովների» ներկայությամբ սակավ էր խոսում (նա այդպես էր անվանում երկու եղբայրներին), իսկ այդ երեկոյան վատ տրամադրություն ուներ և լուռ ու մունջ թեյը խմում էր բաժակ բաժակի հետևից։ Պավել Պետրովիչը անհամբերությունից այրվում էր. վերջապես նրա ցանկությունը կատարվեց։ Հարևան կալվածատերերից մեկի վրա խոսք բացվեց։ «Անպետք, խղճուկ արիստոկրատ»,— անտարբեր կերպով նկատեց Բազարովը, որ հանդիպել էր նրան Պետերբուրգում։

— Թույլ տվեք ձեզ հարցնելու,— սկսեց Պավել Պետրովիչը, և նրա շրթունքները ղողղողացին։— Ձեր հասկացողությամբ «անպետք» և «արիստոկրատ» բառերը միևնույն նշանակությունն ունեն։

— Ես «խղճուկ արիստոկրատ» ասացի,— պատասխանեց Բազարովը, դանդաղ կերպով թեյի ումպը կուլ տալով։

— Շատ լավ, բայց ես կարծում եմ, որ դուք արիստոկրատների մասին էլ միևնույն կարծիքն ունեք։ Պարտքս եմ համարում հայտարարելու ձեզ, որ ես այդ կարծիքին չեմ։ Համարձակվում եմ ասել, որ ամենքն էլ ինձ ճանաչում են որպես մի լիբերալ և պրոգրեսը սիրող մարդ, և հենց դրա համար էլ ես հարգում եմ իսկական արիստոկրատներին։ Հիշեցեք, մեծարգո պարոն (այս խոսքերի վրա Բազարովը աչքը Պավել Պետրովիչի վրա բարձրացրեց), հիշեցեք, մեծարգո պարոն,— կրկնեց նա զայրացած,— անգլիական արիստոկրատներին։ Նրանք իրենց իրավունքներից մի նշանախեց անգամ չեն զիջում, և այդ պատճառով էլ հարգում են նաև ուրիշի իրավունքները, նրանք պահանջում են, որ կատարվեն դեպի իրենց եղած պարտավորությունները, ուստի և իրենք էլ իրենց պարտավորություններն են կատարում։ Արիստոկրատիան էր Անգլիային ազատություն տվողը ու նա է նրան պահպանողը։

— Մենք այդ երգը շատ անգամ ենք լսել,— պատասխանեց Բազարովը։— Բայց դրանով ի՞նչ եք ուզում ապացուցել։

— Էստոնք ասելով ուզում եմ ապացուցել, մեծարգո պարոն (Պավել Պետրովիչը, երբ բարկանում էր, դիտմամբ գործ էր ածում «էստոնք-էնդոնք» խոսքերը, թեև շատ լավ գիտեր, որ գրական լեզվի քերականությունը նման խոսքեր չէր թույլատրում։ Այդ քմահաճույքը ալեքսանդրյան շրչանի ավանդությունների մնացորդ էր։ Այդ ժամանակվա ականավոր անձինք, երբ հազարից մեկ ուզում էին մայրենի լեզվով խոսել գործ էին ածում մեկը՝ էստոնք, մյուսները էնդոնք, որպեսզի ցույց տան, թե մենք բուն ռուսակներ ենք, և միևնույն ժամանակ մենք ազնվատոհմ իշխաններ ենք, որոնց թույլատրվում է կարևորություն չտալ դպրոցական կանոններին), էնդոնք ով ես ուզում եմ ապացուցել, որ առանց սեփական արժանապատվության զգացումի, առանց ինքնահարգման,— իսկ արիստոկրատի մեջ այդ զգացումները զարգացած են,— չկա ոչ մի ամուր հիմք հասարակական bien publie-ի համար, հասարակական կառուցվածքի համար։ Անձնավորությունը, անհատը, մեծարգո պարոն, ահա գլխավորը։ Մարդկային անհատը ժայռի նման ամուր պիտի լինի, որովհետև բոլորը կառուցվում է նրա վրա։ Ես շատ լավ գիտեմ, օրինակ, որ դուք իմ սովորությունները, արդ ու զարդը, իմ մաքրասիրությունը գտնում եք ծիծաղելի։ Սակայն այդ ամենը բխում է ինքնահարգման զգացումից, պարտքի գիտակցության զգացումից, այո՛, պարտքի գիտակցումից, ես ապրում եմ գյուղում, խուլ տեղում, բայց ես իմ պատիվը չեմ գցում, ես հարգում եմ իմ մեշ մարդուն։

— Ներեցեք, Պավել Պետրովիչ,— ասաց Բաղարովը,— ահավասիկ դուք հարգում եք ձեզ և նստած եք ձեռքերդ ծալած. ի՞նչ շահ դրանից bien public-ի համար։ Եթե դուք ձեզ չհարդեք, դարձյալ միևնույն բանը կանեք։

Պավել Պետրովիչր գունատվեց։

— Այդ արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Ես այժմ բոլորովին ավելորդ եմ համարում ձեզ բացատրել, թե ինչու եմ ձեռներս ծալած նստել, ինչպես դուք եք ասում։ Ես ուզում եմ միայն ասել, որ արիստոկրատիզմը պրինսիպ է, իսկ մեր ժամանակում, առանց պրինսիպների մեր օրերում ապրել կարող են միայն անբարոյական կամ դատարկ մարդիկ։ Ես այդ Արկադիին ասել եմ նրա գալու հենց մյուս օրը, և այժմս էլ կրկնում եմ ձեզ։ Այնպես չէ՞, Նիկոլայ։

Նիկոլայ Պետրովիչը գլխով արեց։

— Արիստոկրատ, լիբերալ, պրոգրես, պրինցիպ,— ասաց Բազարովը,— ինչքան օտար... և անօգուտ բառեր։ Մեր ժողովրդին ամենևին պետք չեն դրանք։

— Հապա ի՞նչ է պետք նրան ձեր կարծիքով։ Ձեզ որ ականջ դնելու լինենք, մենք գտնվում ենք մարդկությունից դուրս, օրենքներից դուրս։ Բայց ախր պատմության տրամաբանությունը պահանջում է...

— Ինչների՞ս է պետք այդ տրամաբանությունը։ Մենք առանց նրան էլ յոլա ենք գնում։

— Ինչպե՞ս։

— Այնպես։ Դուք, ես կարծում եմ, տրամաբանության կարիք չունեք, որպեսզի, երբ քաղցած եք, հացի պատառ դնեք բերաններդ։ Մեր ինչ բանն է վերացական հասկացողություններով զբաղվելը։

Պավել Պետրովիչը թափ տվեց ձեռքերը։

— Սրանից հետո ես այլևս ձեզ չեմ հասկանում։ Դուք անպատվում եք ռուս ժողովրդին։ Չեմ հասկանում, ինչպես կարելի է պրինսիպներ, կանոններ չընդունել։ Ուրեմն հանուն ի՞նչ բանի եք գործում։

— Ես արդեն ձեզ ասացի, հորեղբայր, որ մենք հեղինակություններ չենք ընդունում,— մեջ մտավ Արկադին։

— Մենք գործում ենք հանուն այն բանի, ինչ որ օգտակար ենք համարում,— ասաց Բազարովը։— Ներկայումս ամենաօգտակարը ժխտելն է,— և մենք ժխտում ենք։

— Ամե՞ն բան։

— Ամեն բան։

— Ւնչպե՞ս... ոչ միայն գեղարվեստը, պոեզիան… այլև… սարսափելի է ասելը…

— Ամեն բան,— աննկարագրելի հանգստությամբ, կրկնեց Բազարովը։

Պավել Պետրովիչը աչքերը սևեռեց նրան։ Նա այդ չէր սպասում, իսկ Արկադին մինչև իսկ կարմրեց բավականությունից։

— Բայց սպասեցեք,— խոսեց Նիկոլայ Պետրովիչը։— Դուք ժխտում եք ամեն բան կամ, ավելի ճիշտ արտահայտելով, դուք ամեն բան քանդում եք... Չէ՞ որ հարկավոր է նաև շինել։ — Այդ արդեն մեր գործը չէ... Նախ պետք է տեղ մաքրել։

— Ժողովրդի ներկա դրությունն այդ է պահանջում,— կարևոր շեշտով ավելացրեց Արկադին,— մենք պարտավոր ենք այդ պահանջները կատարել, մենք իրավունք չունենք մեր անձնական եսի գոհացմանը անձնատուր լինել։

Այս վերջին նախադասությունը, ըստ երևույթին, Բազարովին դար չեկավ, որովհետև նրանից փիլիսոփայության, այսինքն ռոմանտիզմի հոտ էր փչում, քանզի Բազարովը փիլիսոփայությունն էլ էր ռոմանտիզմ անվանում, սակայն նա հարկ չհամարեց իր երիտասարդ աշակերտի ասածը հերքել։

— Ո՛չ, ո՛չ,— հանկարծակի պոռթկումով բացականչեց Պավել Պետրովիչը,— չեմ ուզում հավատալ, որ դուք, պարոններ, լավ ճանաչում եք ռուս ժողովրդին, որ դուք նրա պահանջների, նրա ձգտումների ներկայացուցիչներն եք։ Ո՛չ, ռուս ժողովուրդն այնպես չէ, ինչպես որ դուք եք նրան պատկերացնում։ Նա սրբությամբ պահում է ավանդությունները, նա նահապետական է։ Նա առանց հավատի չի կարող ապրել...

— Դրա դեմ չեմ վիճի,— ընդհատեց Բազարովը,— մինչև անգամ պատրաստ եմ համաձայնել, որ դուք այդ բանում իրավացի եք։

— Իսկ եթե ես իրավացի եմ...

— Բայց և այնպես այդ դեռ ոչինչ չի ապացուցում։

— Արդարև ոչինչ չի ապացուցում,— կրկնեց Արկադին այն փորձված շախմատ խաղացողի վստահությամբ, որը կարծես թե նախատեսել էր հակառակորդի անելիքը, ուստի և ամենևին չշփոթվեց։

— Ինչպե՞ս թե ոչինչ չի ապացուցում,— փնթփնթաց ապշած Պավել Պետրովիչը։-Ուրեմն դուք ձեր ժողովրդի դե՞մ եք գնում։

— Թեկուզ հենց այդպես,— բացականչեց Բազարովը։— Ժողովուրդը կարծում է, թե երբ որ ամպը գոռում է, այդ Եղիա մարգարեն է երկնքում կառքով ման դալիս։ Ի՞նչ է։ Համաձայնե՞մ նրան։ Ասենք նա ռուս է, իսկ ե՞ս, մի՞թե ես ինքս ռուս չեմ։

— Ոչ, այն բոլորից հետո, որ դուք այս րոպեին ասացիք, դուք ռուս չեք։ Չեմ կարող ձեզ ռուս համարել։

— Իմ պապս հողագործ էր,— գոռոզ հպարտությամբ պատասխանեց Բազարովը։— Հենց ձեր գյուղացիներից որին ուզում եք հարցրեք, թե մեզանից որի՞ն ավելի իրեն հայրենակից կհամարի, ի՞նձ թե ձեզ։ Դուք նույնիսկ նրա հետ խոսել չգիտեք։

— Իսկ դուք հետը խոսում եք և միևնույն ժամանակ էլ նրան արհամարում։

— Ինչ արած, եթե արժանի է արհամարհանքի։ Դուք կշտամբում եք իմ ուղղությունը, բայց ո՞վ է ձեզ ասում, թե այդ ուղղությունը պատահական է իմ մեջ, որ դա առաջ չի եկել հենց նույն ժողովրդական ոգուց, հանուն որի այսքան մաքառում եք։

— Ինչպես չէ՛։ Խիստ հարկավոր են նիհիլիստները։

— Հարկավոր են թե հարկավոր չեն, այդ մենք չենք որոշում։ Չէ՞ որ դուք էլ ձեզ անօգուտ չեք համարում։

— Պարոններ, պարոններ, անձնավորության մի կպչեք,— բացականչեց Նիկոլայ Պետրովիչը և վեր կացավ տեղից։

Պավել Պետրովիչը ժպտաց ու, ձեռքը եղբոր ուսին դնելով, նրան նորից իր տեղը նստեցրեց։

— Անհանգիստ մի լինի,— ասաց նա։— Ես գլուխս չեմ կորցնի հենց արժանապատվության այն զգացումի շնորհիվ, որ այնպես սաստիկ ծաղրում է պարոն... պարոն բժիշկը։ Եվ ով գիտե,— շարունակեց նա նորից Բազարովին դիմելով,— գուցե դուք կարծում եք, թե ձեր ուսմունքը մի նո՞ր բան է։ Իզուր եք կարծում։ Ձեր քարոզած մատերիալիզմը մի անգամ չէ, որ քարոզվել է և միշտ էլ սնանկ է եղել...

— Դարձյալ օտար բառ,— ընդմիջեց Բազարովը։ Նա սկսում էր չարանալ, և նրա դեմքը մի տեսակ պղնձի և կոպիտ գույն ստացավ։— Նախ մենք ոչինչ չենք քարոզում, այդպիսի սովորություն չունինք...

— Հապա ի՞նչ եք անում։

— Ահա թե ինչ ենք անում։ Առաջները, դեռ ոչ շատ վաղուց, մենք ասում էինք, թե մանր պաշտոնյաները կաշառքներ են վերցնում, որ մեզանում ոչ ճանապարհներ կան, ոչ վաճառականություն, ոչ էլ արդար դատաստան...

— Իհարկե, իհարկե, դուք մերկացնողներ եք, կարծեմ այդպես է կոչվում։ Ձեր մերկացումներից շատերին ես ինքս էլ եմ համաձայնում, բայց...

— Իսկ հետո մենք գլխի ընկանք, որ մեր վերքերի մասին խոսելը, լոկ խոսելը արժեք չունի, որ այդ մեզ տանում է միայն դեպի գռեհկություն և տեսամոլություն. տեսանք, որ մեր խելոքները, այսպես կոչված առաջավոր մարդիկ ու մերկացնողներն էլ բոլորովին բանի պետք չեն, որ մենք դատարկ բաներով ենք զբաղված, խոսում, դատում ենք ինչ-որ արվեստի մասին, անգիտակցական ստեղծագործության մասին, պառլամենտականության մասին, փաստաբանության մասին և սատանան գիտե, թե էլ ինչ բաների մասին, երբ խնդիրը հանապազօրյա հացի մասին է, երբ ամենակոպիտ սնապաշտությունը մեզ խեղդում է, երբ մեր բոլոր բաժնետիրական ընկերությունները սնանկանում են միմիայն ազնիվ մարդկանց պակասության պատճառով, երբ հենց ազատությունը, որի համար ձեռ ու ոտ է ընկնում կառավարությունը, հազիվ թե մեզ օգուտ բերի, քանի որ մեր գեղջուկը պատրաստ է ինքն իրենից գողանալու, միայն թե խմիչքի տա գինետանը։

— Այդպես,— ընդհատեց Պավել Պետրովիչը,— այդպես, այդ բոլորի մեջ դուք համոզվեցիք և վճռեցիք ինքներդ ոչ մի բան լրջորեն չձեռնարկել։

— Եվ վճռել ենք ոչ մի բան չձեռնարկել,— մռայլված կրկնեց Բազարովը։ Նա հանկարծ սկսեց ինքն իր վրա զայրանալ, թե ինչո՞ւ նա այդքան երկար ու բարակ խոսեց այս աղայի առաջ։

— Այլ միայն հայհոյե՞լ։

— Եվ հայհոյել։

— Եվ այդ կոչվում է նիհիլի՞զմ։

— Եվ այդ կոչվում է նիհիլիզմ,— կրկնեց նորից Բազարովը, այս անգամ մի առանձին հանդգնությամբ։

Պավել Պետրովիչը աչքերը թեթևակի կկոցեց.

— Ահա թե ինչ,-արտասանեց նա տարօրինակ հանդարտ ձայնով։— Նիհիլիզմը պետք է ամեն ցավի դարման անի և դուք, դուք մեր փրկիչներն եք ու հերոսները, Այդպես, էլ ինչի՞ եք դուք ուրեմն ուրիշներին, հենց թեկուզ այդ նույն մերկացնողներին, վատաբանում։ Մի՞թե դուք էլ բոլորի նման լոկ շաղակրատելով չե՞ք զբաղված։

— Ուրիշ բանով չգիտեմ, բայց այդ մեղքը մենք չունեինք,— ատամի արանքից ասաց Բազարովը։ — Ուրեմն ի՞նչ եք անում։ Գործո՞ւմ եք, ինչ է։ Թե՞ պատրաստվում եք գործելու։

Բազարովը ոչինչ չպատասխանեց։ Պավել Պետրովիչը նստած տեղը ցնցվեց, բայց իսկույն էլ ինքն իրեն զսպեց.

— Հըմ... Գործել... քանդել շարունակեց նա։— Բայց ինչպե՞ս քանդել, չիմանալով նույնիսկ, թե ինչո՞ւ։

— Մենք քանդում ենք, որովհետև մենք ուժ ենք,— նկատեց Արկադին։

Պավել Պետրովիչը նայեց իր եղբորորդուն ու քմծիծաղեց.

— Այո, ուժ, ուստի և հաշիվ չի տալիս,— ասաց Արկադին ու շտկվեց տեղը։

— Թշվառական,— աղաղակեց Պավել Պետրովիչը. նա այլևս բոլորովին անկարող էր իրեն զսպելու։— Գոնե դու մտածիր, թե Ռուսաստանում ինչ ես պաշտպանում քո այդ գռեհիկ խրատաբանությամբ։ Ոչ. դա հրեշտակին էլ կարող է համբերությունից հանել։ Ուժ։ Վայրենի կալմիկի մեջ էլ, մոնղոլի մեջ էլ ուժ կա — բայց ինչների՞ս է պետք։ Մեզ համար թանկ է քաղաքակրթությունը, այո, այո, մեծարգո պարոն, մեզ համար թանկ են նրա պտուղները։ Մի ասեք, թե չնչին են այդ պտուղները, ամենավերջին գրչակը un barbouilleur[17], վարձված հասարակ դաշնակահարը, որին մի երեկոյի համար տալիս են հինգ կոպեկ, նույնիսկ նրանք ավելի են օգտակար, քան դուք, որովհետև նրանք քաղաքակրթության ներկայացուցիչներն են, այլ ոչ թե մոնղոլական կոպիտ ուժի։ Դուք ձեզ առաջավոր մարդիկ եք երևակայում, մինչդեռ ձեր տեղը կալմիկի կիբիտկայում է։ Ո՛ւժ։ Հիշեցեք, վերջապես, պարոնայք ուժեղներ, որ դուք միայն երկու ջուխտ մի կենտ եք, իսկ մյուսները միլիոններ, որոնք թույլ չեն տա ձեզ ոտնատակ տալու իրենց սրբազան հավատալիքները, որոնք կջախջախեն ձեզ։

— Թե կջախջախեն՝ այդպես էլ պետք է,— ասաց Բազարովը։— Միայն էն վաղ էր, որ էշը կաղ էր։ Մենք այնքան էլ քիչ չենք, ինչպես դուք եք կարծում։

— Ի՞նչ։ Դուք հանաք չե՞ք անում, կարծելով, որ ամբողջ ժողովրդի հախից կգաք։

— Ինչպես գիտեք, Մոսկվան այրվեց կոպեկանոց մոմից,— պատասխանեց Բազարովը։

— Լավ, լավ։ Նախ համարյա դիվական գոռոզություն, իսկ հետո էլ ծաղր։ Ահա, ահա թե ինչով է հափշտակվում երիտասարդությունը, ահա թե ինչից են հաղթահարվում երեխաների անփորձ սրտերը։ Ահա, նայեցեք, դրանցից մեկը ձեր կողքին է նստած, քիչ է մնում, որ նա ձեր առաջ մոմ վառի, ուրախացեք (Արկադին երեսը շուռ տվեց և ունքերը կիտեց)։ Եվ այս վարակն արդեն սաստիկ տարածվել է։ Ինձ պատմում էին, որ Հռոմում մեր նկարիչները Վատիկան ոտք չեն դնում։ Ռաֆայելին համարյա թե համարում են անխելք, որովհետև նա իբր թե հեղինակություն է։ Իսկ իրենք գարշելու չափ անզոր են ու անարդյունք, իսկ իրենց երևակայությունը «Աղջիկը աղբյուրի մոտ» նկարից դենը չի անցնում։ Այդ էլ գոնե մի բա՞ն լինի։ Աղջկա պատկերն էլ դուրս է բերված վատթար։ Ձեր կարծիքով, կեցցեն նրանք, այնպես չէ՞։

— Իմ կարծիքով, Ռաֆայելն էլ քոռ կոպեկ չարժե,— առարկեց Բազարովը,— և դրանք էլ Ռաֆայելից լավ չեն։

— Կեցցեք, կեցցեք։ Լավ լսիր, Արկադի... ահա ինչ ոճով պետք է արտահայտվեն ժամանակակից երիտասարդները։ Եվ ինչպես ձեր հետևից չգնան սրանք։ Առաջներում երիտասարդներն ուսանում էին, չէին ուզում տգետի համբավ ունենալ, ուստի և ակամա աշխատում էին։ Իսկ այժմ բավական է, որ նրանք ասեն՝ «Աշխարհքումս ամեն ինչ դատարկ բան է»՝ պրծավ գնաց։ Երիտասարդներն ուրախացան։ Եվ, իսկապես, առաջ նրանք պաչզապես տխմարներ էին, իսկ այժմ հանկարծ նիհիլիստներ դարձան։

— Եվ ահա ձեր գոված արժանապատվության զգացումը դավաճանեց ձեզ,-սառնությամբ նկատեց Բազարովը, մինչդեռ Արկադին ամբողջապես բորբոքվեց, և աչքերը փայլատակեցին։— Մեր վեճը շատ հեռու գնաց... Թերևս, ավելի լավ է դադարեցնենք։ Իսկ ես այն ժամանակ միայն պատրաստ կլինեմ համաձայնել ձեզ հետ,— ասաց նա վեր կենալով,-եթե դուք ինձ կներկայացնեք գեթ մի որոշում մեր արդի ընտանեկան կամ հասարակական կյանքից, որը լիակատար և անխնա ժխտման առիթ չտար։

— Այդպիսի միլիոնավոր որոշումներ կներկայացնեմ,— բացականչեց Պավել Պևտրովիչը,-միլիոնավոր։ Այ, թեկուզ հենց համայնքը, օրինակ։

Ծաղրական սառը ժպիտը ծռեց Բազարովի շրթունքները։

— Էհ, համայնքի մասին,— ասաց նա,— ավելի լավ է խոսեք ձեր եղբոր հետ։ Կարծեմ նա այժմ արդեն փորձով իմացավ, թե ինչ բան է համայնքը, ինչ բան է համայնական երաշխավորությունը, ժուժկալությունն ու դրա նման բաները։

— Ընտանիքը, վերջապես ընտանիքն այնպես, ինչպես որ նա գոյություն ունի մեր գյուղականների մեջ,— գոչեց Պավել Պետրովիչը։

— Կարծում եմ, որ այդ հարցը ևս ավելի լավ է հենց ձեզ համար մանրամասնաբար չքննել։ Երևի լսած կլինեք հարսնապիղծների մասին։ Լսեցեք ինձ, Պավել Պետրովիչ, ավելի լավ է ձեզ մի երկու օր մտածելու ժամանակ տվեք, որովհետև միանգամից դժվար թե մի որևէ բան գտնեք։ Մի լավ խորհեցեք մեր բոլոր դասակարգերի մասին և ամեն մեկի վրա առանձին կանգ առեք, իսկ մինչ այդ ես ու Արկադին էլ...

— Ամեն բան ծաղր ու ծանակ դարձնեք,— վրա բերեց Պավել Պետրովիչը։

— Ոչ, գորտեր շերտատենք։ Գնանք, Արկադի, ցտեսություն, պարոննե՛ր։

Երկու ընկերները դուրս գնացին։ Եղբայրները մնացին մենակ և սկզբում միայն միմյանց երեսի էին նայում։

— Ահա,— վերջապես սկսեց Պավել Պետրովիչը։— Ահա մեր ներկա երիտասարդությունը։ Դրանք են ահա — մեր ժառանգները։

— Ժառանգները,— թախծալի հառաչանքով կրկնեց Նիկոլայ Պետրովիչը։ Նա վեճի ամբողջ ընթացքում կարծես ասեղների վրա էր նստած, և միմիայն գողտուկ, հիվանդագին նայում էր Արկադիին։— Գիտե՞ս ես ինչ հիշեցի, եղբա՛յր։ Մի անգամ լուսահոգի մայրիկի հետ վեճ ունեցա, նա բղավում էր, չէր ուզում ինձ ականջ դնել... Վերջապես ես նրան ասացի, թե դուք իբր չեք կարող ինձ հասկանալ, որ մենք իբր թե երկու տարբեր սերունդների ենք պատկանում։ Մայրիկը սաստիկ նեղացավ, իսկ ես մտածեցի, ի՞նչ անեմ։ Հաբը դառն է, մինչդեռ հարկավոր է կուլ տալ։ Այժմ ահա մեր հերթն է հասել, և մեր ժառանգները կարող են մեզ ասել, դուք մեր սերնդի մարդ չեք, կուլ տվեք հաբը։

— Դու արդեն չափազանց բարեհոգի ես ու համեստ,– առարկեց Պավել Պետրովիչը,— ես, ընդհակառակը, հավատացած եմ, որ մենք քեզ հետ ավելի ենք իրավացի, քան այս պարոնիկները, թեպետ և գուցե փոքր ինչ հնացած vielli[18] լեզվով ենք մեր մտքերը արտահայտում, և չունենք նրանց հանդուգն անձնապաստանությունը... Եվ ինչ փքված է դարձել ներկա երիտասարդությունը։ Երբ հարց ես տալիս դրանցից մեկն ու մեկին, որ գինուցն եք ուզում, կարմիր թե սպիտակ, «ես սովորություն ունեմ գերադասելու կարմիրը» պատասխանում է նա բամբ ձայնով և դեմքի մի այնպիսի կարևոր արտահայտությամբ, որ կարծես այդ միջոցին ամբողջ տիեզերքը նրան է մտիկ տալիս...

— Էլ թեյ չե՞ք ուզում,— հարցրեց Ֆենիչկան դռնից ներս նայելով, մինչ ընդունարանում լսվում էին վիճողների ձայները, նա սիրտ չէր անում ներս մտնելու։

— Ոչ, կարող ես ասել, որ հեշտաեռը վերցնեն,— պատասխանեց Նիկոլայ Պետրովիչը և վեր կացավ, նրան ընդառաջ գնաց։ Պավել Պետրովիչը կտրուկ ձևով ասաց նրան, bon soir[19], գնաց իր առանձնասենյակը։

XI

Կես ժամ հետ Նիկոլայ Պետրովիչը գնաց պարտեզ, իր սիրելի հովանոցը։ Տխուր մտքերը պաշարել էին նրան։ Առաջին անգամն էր, որ նա պարզ զգում էր իր անջատվածությունը որդուց։ Նա նախազգում էր, որ օր-օրի այդ անջրպետը պիտի ավելի ու ավելի մեծանար։ Ուրեմն զուր էր նա ձմեռը Պետերբուրգում ամբողջ օրերով նստում նորագույն գրքեր կարդում, զուր էր երիտասարդների խոսակցություններին ականջ դնում, զուր էր ուրախանում, երբ հաջողվում էր իրեն նրանց կրակոտ ճառերի մեջ իր խոսքն էլ մտցնել։ «Եղբայրս ասում է, թե մենք ենք իրավացի,— մտածում էր նա,— և, ամեն մի ինքնասիրություն մի կողմ թողնելով, ինձ էլ այնպես է թվում, որ նրանք ավելի են հեռու ճշմարտությունից, քան մենք, բայց միևնույն ժամանակ ես զգում եմ, որ նրանք ունեն մի այնպիսի բան, մի տեսակ առավելություն, որը մենք չունենք... Երիտասարդությո՞ւնն է, արդյոք։ Ո՛չ երիտասարդությունը չէ միայն։ Արդյոք այդ առավելությունն այն չէ , որ նրանց մեջ ավելի քիչ են աղայության հետքերը, քան թե մեր մեջ»։

Նիկոլայ Պետրովիչը գլուխը քաշ գցեց ու ձեռքով երեսը շփեց։

«Բայց մերժել բանաստեղծությունը,— մտածեց նա նորից,— չսիրել նկարչությունը, բնությունը...»։

Եվ նա չորս կողմը նայեց, կարծես կամենալով հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է բնությունը չսիրել։ Արդեն երեկոյանում էր. արևը ծածկվել էր կաղամախիների անտառի հետևը, որը գտնվում էր պարտեզից կես վերստ հեռու, նրա ստվերն ընկած էր անշարժ դաշտերի վրա և վերջ չուներ։ Անտառի երկարությամբ մութ, նեղ ճանապարհով կիսարշավ գնում էր մի գյուղացի՝ սպիտակ ձի նստած, նա ամբողջովին երևում էր պարզ կերպով, ամբողջովին՝ նույնիսկ ուսի կարկատանն էլ, չնայած, որ ստվերի միջովն էր դնում, հաճելի և պարզորոշ երևում էին ձիու ոտի շարժումներ։ Արևի ճառագայթներն էլ իր հերթին մուտք էին գործում անտառը և, թավուտի միջից թափանցելով, մի այնպիսի ջերմ լույսով էին ողողել կաղամախիների բները, որ եղևնու բների էին նմանում, իսկ թավ տերևները համարյա կապույտ գույն էին ստացել, իսկ անտառի վերևը տարածված էր բաց-կապույտ երկինքը, որ վերջալույսի ճառագայթներից թեթևակի, կարմրել էր։ Ծիծեռնակները թռչում էին բարձրում, քամին բոլորովին հանդարտվել էր. ուշացած մեղուները ծուլաբար ու քնատ բզզում էին հասմիկի ծաղիկների միջև, մլակները սյունի նման վխտում էին հեռու ձգված մեն-մենակ ճյուղի վերևը։ «Ախ, ինչ սքանչելի է, աստված իմ»,— մտածեց Նիկոլայ Պեարովիչը և արդեն սկսել էր իր սիրած ոտանավորը ասել, բայց հանկարծ միտքն ընկան Արկադին, Stoff und Kraft-ը և լռեց, բայց շարունակում էր մնալ միևնույն տեղում, շարունակում էր անձնատուր լինել խոհերի վշտալի ու բերկրառիթ խաղին։ Նա սիրում էր անուրջների մեջ ընկնել, գյուղական կյանքը նրա մեջ այդ հատկությունն էր զարգացրել։ Վաղո՞ւց է, որ նա նույնպես երազում էր՝ իջևանատանը որգու ճանապարհը պահելիս, իսկ այն օրից հետո արդեն փոփոխություն էր տեղի ունեցել, արդեն պարզվել էին դեռևս այն ժամանակ անորոշ հարաբերությունները... և այն էլ ինչպես։ Դարձյալ միտքն ընկավ լուսահոգի կինը, բայց ոչ այնպես, ինչպես որ նա սովոր էր տեսնել նրան երկար տարիների ընթացքում անտնտես, բարի տանտիկին, այլ որպես նորատի աղջիկ բարակ իրանով, անմեղ-փորձող հայացքով և պինդ հյուսած ծամը մանկական վզովն ընկած։ Հիշեց նա, թե ինչպես էր տեսել նրան առաջին անգամ։ Այն ժամանակ ինքը դեռ ուսանող էր։ Նրան հանդիպել էր իր բնակած տան աստիճանների վրա և հանկարծ նրան զարնվելով, շուռ էր եկել, որ ներողություն խնդրի, բայց այսքանն էր միայն կարողացել թոթովել՝ «pardon, monsieur»[20], իսկ նա գլուխդ խոնարհել էր, քմծիծաղել, և հանկարծ կարծես վախեցած փախել գնացել էր, իսկ աստիճանների պտույտքին շտապ նայել էր նրան, լուրջ դեմք ընդունել ու կարմրել։ Այնուհետև հիշեց իր առաջին վեհերոտ այցելությունները, կես-բերան խոսքերը, կես-ժպիտները, և ապշությունը, թախիծը, խոյանքը և վերջապես այն հեղձուցիչ բերկրանքը... Ո՞ւր կորան այն ամենը։ Նա դարձավ. իր կինը։ Ինքն այնպես բախտավոր էր, որ քչերին է վիճակվում երկրիս վրա... «Բայց,— մտածում էր նա,— այդ քաղցր, առաջին վայրկյանները, ինչու չպետք է ապրեին նրանք հավերժական, անմահական կյանքով»։

Նա չէր աշխատում իր համար պարզել իր մտքերը, սակայն զգում էր, որ կցանկար այդ երանավետ ժամանակների հիշատակը պահպանած լինել մի ավելի զորեղ բանով, քան թե լոկ հիշողությունն էր. կուզենար նորից շոշափել իր Մարիայի մտերմությունը, զգալ նրա ջերմությունն ու շունչը, և նրան արդեն թվում էր, որպես թե նա իր վերևն էր...

— Նիկոլայ Պետրովիչ,— մոտիկից լսվեց Ֆենիչկայի ձայնը,— ո՞ւր եք։

Նիկոլայ Պետրովիչը ցնցվեց, նա ոչ ցավ զգաց, ոչ խղճի խայթ... Նա չէր կարող մինչև անգամ հնարավոր համարել, որպեսզի իր կնոջն ու Ֆենիչկային համեմատեն իրար հետ, բայց նա ափսոսեց, որ Ֆենիչկան եկավ իրեն փնտրելու։ Ֆենիչկայի ձայնը միանգամից նրան հիշեցրեց իր սպիտակած մազերը, իր ծերությունը, իր ներկան...

Դյութական աշխարհը, ուր նա նոր էր ոտք դրել, որը արդեն ծագում էր անցյալ միգամած ալիքների միջից, շարժվեց ու չքացավ։

— Այստեղ եմ ես,— պատասխանեց նա,— գնա, կգամ։ «Ահավասիկ աղայության հետքերը»,— անցավ նրա մտքով։ Ֆենիչկան լռիկ մտիկ տվավ զովանոցի մեջն ու անհետացավ։ Իսկ նա զարմացած նկատեց, որ մինչ ինքը անուրջներին էր անձնատուր եղել, արդեն գիշերը վրա էր հասել։ Չորս կողմն ամեն բան մթնել ու լռել էր, և Ֆենիչկայի դեմքը նրա աչքի առաջ խիստ դժգույն ու մանր թվաց։ Նա վեր կացավ և ուզում էր տուն վերադառնալ, բայց քնքշացած սիրտը չէր կարողանում հանգստանալ իր կրծքի մեջ, և նա սկսեց ծանր-ծանր ման գալ պարտեզում՝ մերթ մտախոհ մտիկ տալով ոտների տակ, մերթ աչքերը բարձրացնելով դեպի երկինքը, որտեղ աստղերն արդեն պար բռնած իրար աչքով էին անում։ Նա երկար ժամանակ, համարյա մինչև հոգնելը, ման եկավ, իսկ ներսը ինչ-որ անհանգստություն, որոնող, անորոշ ու տխուր անհանգստություն ամենևին չէր հանդարտվում։ Օհ, ինչպես պիտի ծիծաղեր այժմ Բաղարովը, եթե իմանար, թե ինչ էր կատարվում իր ներսում այդ միջոցին։ Արկադին ինքն էլ կդատապարտեր նրան։ Նրա, քառասուն-չորսամյա մարդու, գյուղատնտես և տնարար մարդու աչքերն արտասվակալեցին անառիթ արտասուքով։ Դա թավջութակից հարյուր անգամ վատթար էր։

Նիկոլայ Պետրովիչը շարունակում էր ման գալ և սիրտ չէր անում մտնել տուն, իր խաղաղ ու հարմարավոր բույնը, որ իր բոլոր լուսավոր պատուհաններով այնպես հրապուրիչ կերպով նայում էր իրեն։ Նա ուժ չուներ բաժանվելու խավարից, պարտեզից, դեմքի վրա թարմ օդի զգացողությունից և իր թախծից, անհանգստությունից…

Ճանապարհի շրջադարձում նրա առաջն ելավ Պավել Պետրովիչը։

— Այդ ի՞նչ է պատահել քեզ,— հարցրեց նա Նիկոլայ Պետրովիչին.— երեսիդ գույն չկա, կարծես ուրվական լինես։ Դու տկար ես, ինչո՞ւ չես պառկում։

Նիկոլայ Պետրովիչը կարճ խոսքերով պատմեց նրան իր հոգեկան վիճակը և հեռացավ։ Պավել Պետրովիչը հասավ մինչև պարտեզի վերջը և նույնպես մտքի մեջ ընկավ, նույնպես աչքը դեպի երկինք բարձրացրեց։ Բայց նրա գեղեցիկ, սև աչքերի մեջ, բացի աստղերի լույսից, ոչինչ չանդրադարձավ։ Նա ռոմանտիկ չէր ծնվել և նրա՝ պճնասերին հատուկ, ֆրանսիական ձևի մարդատյաց չար ու կրքոտ հոգին չգիտեր անուրջներով տարվել…

— Գիտես ի՞նչ կա,— նույն գիշերը Բազարովն ասում էր Արկադիին։— Մի հոյակապ միտք է հղացել իմ գլխում։ Հայրդ այսօր ասում էր, թե ձեր այն նշանավոր ազգականից նամակ է ստացել։ Հայրդ չի գնալու, եկ ես ու դու գնանք…-ն, չէ որ այդ պարոնը քեզ էլ է կանչում։ Տեսնում ես, թե ինչպիսի եղանակ է անում այստեղ։ Իսկ մենք մի քիչ քամուն կտանք մեզ, քաղաքը կտեսնենք։ Մի հինգ-վեց օր ման կգանք ու բավական է։

— Իսկ այնտեղից դու կվերադառնա՞ս այստեղ։

— Ո՛չ, պետք է հորս տեսության գնամ։ Գիտես, որ նա ...-ից երեսուն վերստ հեռավորության վրա է։ Վաղուց է ես նրան չեմ տեսել, մորս՝ նույնպես, պետք է ծերունիներին մխիթարել։ Նրանք լավ մարդիկ են, մանավանդ՝ հայրս-զվարճալի մարդ է։ Ես ախր նրանց մինուճար որդին եմ։

— Նրանց մոտ երկա՞ր ես մնալու։

— Չեմ կարծում։ Երևի ձանձրալի կլինի։

— Իսկ վերադարձիդ մեզ մոտ չե՞ս մտնի։

— Չգիտեմ… տեսնեմ։ Հը։ Ինչ կասես։ Գնո՞ւմ ենք։

— Ինչու չէ,— ծուլորեն նկատեց Արկադին։

Նա իր սրտում շատ ուրախացավ ընկերոջ արած առաջարկությանը, բայց պարտք համարեց իր այդ զգացմունքը ծածկելու։ Զուր չէր նա նիհիլիստ էր։

Մյուս օրն Արկադին Բազարովի հետ …-ն գնաց։ Մարյինոյի երիտասարդությունը նրանց գնալուն ափսոսաց. Դունյաշան մինչև անգամ լաց էլ եղավ... Սակայն ծերունիները սկսեցին ազատ շունչ քաշել։

XII

Այն *** քաղաքը, ուր մեկնեցին երկու ընկերները, գտնվում էր մի երիտասարդ նահանգապետի իշխանության տակ, որը առաջադեմ, բայց միևնույն ժամանակ նաև բռնակալ մարդ էր, մի երևույթ, որը սովորաբար պատահում է Ռուսաստանում։ Նա արդեն իր կառավարության առաջին իսկ տարում ոչ միայն ընդհարվել էր նահանգական ազնվականության պարագլուխ, ձիաբուծարանի տեր և հյուրասեր մարդու գվարդիայի պաշտոնաթող շտաբս-ռոտմիստրի հետ, այլև իր սեփական պաշտոնյաների հետ։ Այդ առթիվ ծագած վեճերն այնպիսի չափերի էին հասել, որ Պետերբուրգում մինիստրությունն անհրաժեշտ գտավ հատուկ հավատարմատար անձ ուղարկել, հանձն արարելով տեղն ու տեղը քննել գործը։ Իշխանության ընտրությունն ընկավ Մատվեյ Իլյիչ Կոլյազինի վրա, այն Կոլյազինի որդու, որի խնամատարության տակ մի ժամանակ գտնվում էին երիտասարդ Կիրսանովները։ Նա էլ էր «երիտասարդներից», այսինքն նոր էր քառասունն անցել, բայց արդեն պետական բարձր պաշտոնների աչք ուներ և կրծքին երկու կողմից մի-մի աստղ էր կրում։ Թեև այդ աստղերից մեկը, խոստովանանք լինի, օտար պետության մի հասարակ աստղ էր։ Սա էլ, նահանգապետի նման, որին եկել էր դատելու, առաջադիմական էր համարվում և, արդեն նշանավոր դիրք ուներ, բայց նման չէր նշանավոր գիրք ունեցողների մեծամասնության։ Իր մասին նա շատ մեծ համարում ուներ, նրա փառասիրությունը չափ ու սահման չուներ, բայց իրեն պահում էր պարզ, նայում էր խրախուսաբար, ականջ էր դնում ներողամտաբար և այնպես բարեսրտորեն ծիծաղում էր, որ սկզբի շրջանում կորող էր մինչև անգամ «հրաշալի մարդ» թվալ։ Կարևոր դեպքերում նա գիտեր սակայն, ինչպես ասում են, մարդկանց աչքին թոզ փչել։ «Եռանդն անհրաժեշտ բան է»,— ասում էր նա այդպիսի դեպքերում, «l’énergie est la première qualite dum home d’état»[21], բայց, չնայելով դրան, նա միշտ խաբվում էր և ամեն մի փոքր ի շատե փորձված պաշտոեյա նստում էր նրա գլխին։ Մատվեյ Իլյիչը մեծ հարգանքով էր խոսում Գիզոյի մասին, և աշխատում էր բոլորին ու ամեն մեկին հասկացնել, որ ինքը հնապաշտ և հետամնաց բյուրոկրատների թվին չի պատկանում, որ ինքն անուշադիր չի թողնում հասարակական կյանքի ոչ մի նշանավոր երևույթ… Բոլոր այդպիսի խոսքերը շատ լավ ծանոթ էին նրան։ Նա մինչև անգամ հետևում էր, թեպետ և անհոգ վեհությամբ, ժամանակակից գրականության զարգացմանը, այնպես, ինչպես որ հասակավոր մարդը փողոցում հանդիպելով երեխաների խմբին, երբեմն գնում է նրանց հետևից։ Իսկապես Մատվեյ Իլյիչր շատ չէր զանազանվում Ալեքսանդրյան շրջանի այն պետական գործիչներից, որոնք պատրաստվելով Պետերբուրգում ապրող տիկին Սվեչինայի տունը երեկույթի գնալ, առավոտյան Կոնդիլյակից[22] մի-մի էջ էին կարդում։ Միայն թե սրա ձևերը ուրիշ էին, ավելի ժամանակակից էին։ Նա ճարպիկ պալատական էր, խիստ խորամանկ մարդ, և ուրիշ ոչինչ, ոչ մի գործից գաղափար չուներ, խելք չուներ, իմանում էր իր սեփական գործերը առաջ տանել, այդտեղ արդեն ոչ ոք չէր կարող նրան թամքել, իսկ գլխավորն էլ այդ էր։

Մատվեյ Իլյիչը Արկադիին ընդունեց լուսամիտ պաշտոնյային հատուկ բարեհոգությամբ, ավելին ասենք, ծիծաղերես։ Սակայն նա զարմացավ, երբ իմացավ, որ հրավիրված ազգականները գյուղումն էին մնացել։ «Քո հայրիկը միշտ տարօրինակ մարդ է եղել»,— նկատեց նա իր փառահեղ խալաթի փնշերը ձեռքի մեջ վեր-վեր ձգելով, և հանկարծ, դառնալով դեպի մի ծառայողի, որը ամենայն խնամքով կոճկել էր իր նշանազգեստի բոլոր կոճակները, մտախոհ կերպարանքով բացականչեց՝ «ի՞նչ է»։ Երիտասարդը, որի շրթունքները երկար ժամանակ լուռ մնալուց արդեն իրար էին կպած, տեղից մեր կացավ և տարակուսանքով իր մեծավորի երեսին նայեց։ Սակայն Մատվեյ Իլյիչը ստորադրյալին տարակուսանքի մեջ գցելուց հետո այլևս նրա վրա ուշադրության չդարձրեց։ Մեր մեծավորները սովորաբար սիրում են իրենց ստորադրյալներին շփոթեցնել, այդ նպատակին հասնելու համար նրանց գործ դրած միջոցները բավական տարբեր են։ Ի միջի այլոց հետևյալ միջոցը բավական գործածական է, «is quite à favourite»[23], ինչպես ասում են անգլիացիք. մեծավորը հանկարծ դադարում է ամենահասարակ խոսքերն անգամ հասկանալուց, իրեն խուլ է ձևացնում։ Նա, օրինակի համար, կհարցնի, թե ի՞նչ օր է այսօր։

Նրան հարգանքով զեկուցում են՝ «Այսօր ուրբաթ է, Ձերդ մե-ծու-թ-թ-թյուն»։

— Հը՞, ի՞նչ է, ի՞նչ է։ Ի՞նչ եք ասում,— լարված կրկնում է բարձրաստիճան պաշտոնյան։

— Այսօր ուրբաթ է, Ձերդ մմ..մ..թյուն։

— Ինչպե՞ս, ի՞նչ, ի՞նչ բան է ուրբաթը։ Ի՞նչ ուրբաթ։

— Ուրբաթ է, Ձերդ … թ…թթթ…թ…թյուն, շաբաթվա մի օրն է։

— Ի՞նչ է, չլինի՞ ուզում ես ինձ դաս տալ։

Մատվեյ Իլյիչը, թեև ազատամիտ էր համարվում, բայց և այնպես հո մեծավո՞ր էր։

— Քեզ խորհուրդ եմ տալիս, բարեկամս, որ նահանգապետին այցելության գնաս,— ասաց նա Արկադիին,— հասկանում ես, իհարկե, այս խորհուրդը որ տալիս եմ ոչ թե այն պատճառով է, որ հետևող եմ հին հասկացողությունների, թե անհրաժեշտ է խոնարհության համար գնալ իշխանավորներին գլուխ տալու, այլ պարզապես այն պատճառով, որ նահանգապետը լավ մարդ է, մանավանդ որ հավանորեն ցանկանում էլ ես այստեղի հասարակության հետ ծանոթանալ... Հուսով եմ, հասարակությունից փախչող չես։ Իսկ նա վաղը չէ մյուս օրը մեծ պարահանդես է տալիս։

— Դուք լինելո՞ւ եք այդ պարահանդեսին,— հարցրեց Արկադին։

— Պարահանդեսը նա իմ պատվին է տալիս,— համարյա ափսոսանքով ասաց Մատվեյ Իլյիչը։— Պարել կարողանո՞ւմ ես։

— Պարում եմ, բայց ոչ լավ։

— Իզուր։ Այստեղ սիրուն կանայք աղջիկներ կան. համ էլ ամոթ է, որ երիտասարդը պարել չիմանա։ Դարձյալ այս որ ասում եմ ամենևին չկարծես, թե հին հասկացողությունների հետևանք է ասածս, ամենևին չեմ կարծում, թե մարդու խելքը ոտներումն է, բայց բայրոնականությունը ծիծաղելի բան է։ Il a fait son temps[24]։

— Ես բոլորովին էլ բայրոնականությունից չէ, որ...

— Ես քեզ կծանոթացնեմ այստեղի տիկինների հետ, քեզ կառնեմ իմ թևերիս տակ,— ընդհատեց Մատվեյ Իլյիչը և ինքնագոհ ժպտաց։— Չես մրսի, չէ՞։

Ներս մտավ ծառան ու հայտնեց, որ եկել է արքունական պալատի նախագահը, կնճռապատ շրթունքներով քաղցրահայաց մի ծերուկ, որը բնության սաստիկ սիրահար էր, մանավանդ ամառային օրը, երբ, նրա խոսքերով, «ամեն մի մեղվիկ ամեն մի ծաղկից վերցնում է հարկիկ...»։ Արկադին դուրս եկավ։

Նա Բազարովին գտավ այն պանդոկում, ուր իջևանել էին և երկար համոզում էր նրան, որ նահանգապետի մոտ գնան։

— Ի՞նչ արած,— ասաց վերջապես Բազարովը,— ջուրն ընկնողը անձրևից չի վախենա։ Որ եկել ենք կալվածատերերին տեսնելու, դե արի տեսնենք։

Նահանգապետը երիտասարդներին սիրալիր ընդունելություն ցույց տվեց, բայց նրանց չնստեցրեց ու ինքն էլ չնստեց։ Նա շարունակ շտապում էր ու անհանգիստ դրության մեջ էր. առավոտից հագնում էր նեղ համազգեստն ու կապում էր չափազանց պինդ փողկապը, ոչ կուշտ ուտում էր, ոչ կուշտ խմում, շարունակ կարգադրություններ էր անում։ Նահանգում նրա անունը Բուրդալու էին դրել, ոչ թե ակնարկելով հայտնի ֆրանսիացի քարոզչին, այլ բուրդան[25]։

Նահանգապետը Կիրսանովին և Բազարովին հրավիրեց իր մոտ՝ պարահանդեսի, իսկ երկու րոպե անց նորից կրկնեց հրավերը, ենթադրելով, որ նրանք եղբայրներ ես և Կայսարով անվանեց։ Նահանգապետի մոտից դուրս գալով նրանք տուն էին դառնում, որ հանկարծ այդտեղով անցնող կառքի միջից դուրս թռավ կարճ հասակով, սլավյանոֆիլի զգեստով մի մարդ ու «Եվգենի Վասիլիչ» կանչելով վազեց դեպի Բազարովը։

— Հը, այդ դո՞ւք եք, հերր Սիտնիկով,— ասաց Բազարովը շարունակելով քայլել մայթով,— ո՞ր խաչից։

— Երևակայեցեք, բոլորովին պատահաբար,— պատասխանեց սա և, դեպի կառքը շուռ գալով, մի հինգ անգամ ձեռքով արավ ու կանչեց,— հետևներիցս արի, հետևներիցս։ — Հայրս այստեղ գործ ուներ,— շարունակեց նա առվի վրայից թռչելով,— ինձ խնդրեց, որ... Այսօր լսեցի եկել եք և արդեն ձեր բնակարանն էլ գնացել եմ... (Հիրավի, երկու բարեկամ իրենց հյուրանոցը վերադառնալուց գտան Սիտնիկովի այցետոմսը, երկու ծայրը ծալած, և վրան գրած նրա անունը՝ մեկ երեսին ֆրանսերեն, իսկ մյուս երեսին՝ սլավոներեն ծաղկազարդ տառերով)։ Հուսով եմ, նահանգապետի մոտից չեք գալիս։

— Մի հուսաք, ուղղակի նրա մոտից ենք գալիս։

— Հա, այդ դեպքում ես էլ կգնամ… Եվգենի Վասիլիչ, ծանոթացրեք ինձ ձեր… նրանց հետ։

— Սիտնիկով, Կիրսանով,— մրթմրթաց Բազարովս առանց կանգ առնելու։

— Ինձ համար պատիվ եմ համարում,— շարունակեց Սիտնիկովը, կողե-կող առաջ անցնելով, քաղցր ժպտալով և շտապով հանեց իր չափազանց ընտիր ու վայելուչ ձեռնոցը։

— Խիստ շատ էի լսել… Ես Եվգենի Վասիլիչի վաղուցվա ծանոթը և, կարող եմ ասել, աշակերտն եմ։ Ւմ վերածնությունս նրան եմ պարտական։

Արկադին մտիկ տվավ Բազարովի աշակերտին։ Նրա լպստած դեմքի մանր, սակայն հաճելի գծագրության վրա անհանգիստ ու բութ արտահայտություն էր երևում, փոքրիկ, ասես թե դեպի ներս սեղմած աչքերը հառած դիտում էին անհանգիստ, նրա ծիծաղն էլ անհանգիստ էր, կարճ ու չոր։

— Կհավատա՞ք,— շարունակեց նա,— առաջին անգամ որ Եվգենի Վասիլևիչը իմ ներկայությամբ ասաց, թե չպետք է հեղինակություն ճանաչել, այնպես ոգևորվեցի… կարծես աչքերս միանգամից բացվեցին։ Ահավասիկ, մտածում էի, վերջապես գտա մի մարդ։ Ի դեպ, Եվդենի Վասիլևիչ, անպատճառ պետք է դուք այստեղ այցելեք մի տիկնոջ, որը կատարելապես կարող է ըմբռնել ձեզ և որի համար ձեր այցելությունը կատարյալ տոն կլինի։ Երևի նրա անունը լսած էլ կլինեք։

— Ինչ կին է,— ակամա հարցրեց Բազարովը։

— Կուկշինա, Eudoxie, Եվդոկիա Կուկշինա։— Մի զարմանալի կին է, êmancipée[26] բառի բուն իմաստով, առաջավոր մի կին է։ Գիտե՞ք ինչ կա։ Եկեք բոլորս էլ միասին գնանք նրա մոտ։ Նրա բնակարանն այստեղից երկու քայլ է։ Այնտեղ էլ կնախաճաշենք։ Հո դեռ չե՞ք նախաճաշել։

– Ոչ՛։

— Շատ էլ լավ եք արել։ Նա, գիտեք, ամուսնուց աոանձին է ապրում, ոչ ոքից կախում չունի։

— Սիրո՞ւն կին է,— ընդհատեց Բազարովը։

— Ը… չի, չի կարելի ասել։

— Էլ, ո՞ւր եք մեզ քարշ տալիս նրա մոտ։

— Ահ, հանաքչի, հանաքչի... Նա մեզ համար շամպայն գինի կբանա։

— Հա՞։ Իսկույն երևում է գործնական մարդը։ Ի դեպ, ձեր հայրը դարձյալ կապալի գործերո՞վ է զբաղվում։

— Այո,— շտապով պատասխանեց Սիտնիկովն ու ճղճղալով ծիծաղեց։— Հը՞։ Ի՞նչ եք ասում։ Գնո՞ւմ ենք։

— Չգիտեմ, ճշմարիտ։

— Դու ուզում էիր մարդ տեսնել, գնա էլի,— կիսաձայն նկատեց Արկադին։

— Հապա դո՞ւք, պ. Կիրսանով,— վրա բերեց Սիտնիկովը։— Դուք էլ համեցեք, առանց ձեզ չի կարելի։

— Ախր ինչպե՞ս կարելի է հանկարծ բոլորս միասին վրա տանք։

— Վնաս չունի, Կուկշինան պատվական կին է։

— Շամպայն գինի կլինի՞,— հարցրեց Բազարովը։

— Երեք շիշ կլինի,— բացականչեց Սիտնիկովը։— Դա ես երաշխավորում եմ։

— Ինչո՞վ։

— Սեփական գլխովս։

— Ավելի լավ կլինի՝ հորդ քսակով։ Սակայն եկեք գնանք։

XIII

Մոսկվայի տների ձևով շինած փոքրիկ ազնվականական տնակը, որտեղ ապրում էր Ավդոտյա նիկիտիշնա (կամ Եվդոքսիա) Կուկշինան, գտնվում էր *** քաղաքի նոր այրված փողոցներից մեկում։ Հայտնի է, որ Ռուսաստանի նահանգական քաղաքները հինգ տարին մի անգամ այրվում են։ Դռանը ծուռ խփած այցետոմսի վերևից երևում էր զանգակի կորը, իսկ նախասենյակում նրանը դիմավորեց գլխազարդ ծածկած մի կին, որ ոչ աղախնի նման էր, ոչ էլ ընկերակցուհու— հայտնի նշանը տանտիկնոջ առաջադիմական ձգտումների։ Սիտնիկովը հարցրեց, թե Ավդոտյա Նիկիտիշնան տա՞նն է։

— Այդ դո՞ւք եք, Victor,— կողքի սենյակից լսվեց մի բարակ ձայն։— Ներս մտեք։

Գլխազարդով կինն իսկույն անհետացավ։

— Մենակ չեմ,— ասաց Սիտնիկովը ճարպկությամբ հանելով վրայի վենգերկան, որի տակից անթև բաճկոնի կամ երկար վերարկվի պես մի բան երևաց, և Արկադիի ու Բազարովի վրա համարձակ հայացք ձգեց։

— Միևնույն է,— պատասխանեց ձայնը։— Entrez[27]։

Երիտասարդները ներս մտան։ Նրանց մտած սենյակն ավելի առանձնասենյակի էր նմանում, քան թե ընդունարանի։ Թղթերը, նամակները, հաստ ամսագրերի համարները, որոնց թերթերը մեծ մասամբ կտրված չէին, թափթփված էին փոշոտ սեղանի վրա. ամեն տեղ երևում էին քաշած ծխախոտի սպիտակ մնացորդները։ Կաշվե գահավորակի վրա թեք էր ընկած դեռևս նորատի, շիկահեր, մազերը մի փոքր շաղ եկած մի կին, մետաքսյա, ոչ այնքան թարմ հագուստով, կարճիկ բազուկներին խոշոր ապարանջաններ, գլխին հյուսկեն ծածկոց ձգած։ Նա վեր կացավ գահավորակի վրայից և անփույթ կերպով ուսերին քաշելով սպիտակ աքիսի մորթուց կարած, բայց արդեն դեղնած մուշտակը, ծույլ— ծույլ ասաց.

— Բարև, Victor,— և սեղմեց Սիտնիկովի ձեռքը։

— Բազարով, Կիրսանով,— Բազարովին նմանելով կտրուկ ասաց Սիտնիկովը։

— Համեցեք,— արտասանեց Կուկշինան, և Բազարովի վրա սևեռելով իր կլոր աչքերը, որոնց արանքում կարծես որբացած մնացել էր քիթը փոքրիկ կարմիր, ծայրը դեպի վեր ցցած, ավելացրեց,— ես ձեզ ճանաչում եմ,— և նրա ձեռքն էլ սեղմեց։

Բազարովը նոթերը կիտեց։ Այդ էմանսիպացված կնոջ փոքրիկ ու տգեղ կերպարանքում որևէ այլանդակ բան չկար. միայն դեմքի արտահայտությունը անհաճո տպավորություն էր գործում տեսնողի վրա։ Մարդ ակամա ուզում էր հարցնել նրան. «Ի՞նչ է, քաղցա՞ծ ես։ Կամ ձանձրանո՞ւմ ես։ Կամ քաշվո՞ւմ ես։ Ինչո՞ւ ես լարված մնացել։ Սիտնիկովի նման, նրա սիրտն էլ շարունակ ասես մի բան կրծում էր։ Նա խոսում ու շարժվում էր շատ ազատ, բայց միևնույն ժամանակ՝ անհամարձակ։ Հավանորեն նա ինքն իրեն մի բարեհոգի ու պարզ էակ էր համարում, մինչդեռ ինչ ուզում է աներ, միշտ այնպես էր թվում, թե հենց այդ բանն է, որ նա չէր ուզում անել, նրա ամեն արածն էլ, ինչպես երեխաներն են ասում, սարքովի էր դուրս գալիս, այսինքն պարզ, բնական չէր երևում։

— Այո՛, այո՛, Բազարով, ես ձեզ գիտեմ,— կրկնեց նա (գավառական և Մոսկվայի շատ կանանց նման նա էլ սովորություն էր արել հենց ծանոթության առաջին օրից տղամարդկանց ազգանունով կոչել)։— Սիգար կուզե՞ք։

— Սիգարը իր հերթին,— վրա բերեց Սիտնիկովը, որ արդեն վեր էր ընկել բազկաթոռի վրա ու ոտները վերև բարձրացրել,— մեզ նախաճաշ տվեք, սաստիկ քաղցած ենք։ Ասացեք, որ մի շիշ էլ շամպայն հանեն։

— Փափկամոլ,— ասաց Եվդոքսիան և ծիծաղեց։ Ծիծաղելիս ատամների վրա երևում էին նրա վերևի լինդերը։

— Ես կյանքի հարմարությունները սիրում եմ,— իր խոսքին կարևորություն տալով, արտասանեց Սիտնիկովը։— Այդ բանն իմ ազատամիտ լինելուն արգելք չէ։

— Չէ, արգելք է, արգելք,— բացականչեց Եվդոքսիան, և սպասուհիներից մեկին պատվիրեց, որ նախաճաշի ոu մեկ էլ շամպայն գինու պատրաստություն տեսնի։— Դո՞ւք ինչ կարծիքի եք,— ասաց նա Բազարովին դիմելով։— Հավատացած եմ, ինձ համակարծիք կլինեք։

— Կարծում եմ՝ ոչ,— պատասխանեց Բազարովը։— Մի կտոր միսը լավ է, քան մի պատառ հացը, նույնիսկ քիմիական տեսակետից։

— Իsk դուք պարապո՞ւմ եք քիմիայով։ Այդ իմ ամենասիրած բանն է։ Մինչև անգամ ես ինքս մի մածիկ եմ հնարել։

— Մածի՞կ։ Դո՞ւք։

— Այո, ես։ Եվ գիտե՞ք ինչ նպատակով, տիկնիկների գլուխներ շինելու նպատակով, որպեսզի չկոտրվեն։ Ախր ես էլ գործնական մարդ եմ։ Բայց դեռ պատրաստ չէ։ Հարկավոր է Լիրիխի գրվածքը կարդալ։ Ի դեպ, «Մոսկովսկիե վեդոմոստիի» մեջ կարդացե՞լ եք կանանց աշխատանքի մասին Կիսլյակովի գրած հոդվածը։ Խնդրեմ, կարդացեք։ Կանանց խնդիրը հո ձեզ հետաքրքրո՞ւմ է։ Նույնպես և ուսումնարանները։ Ինչո՞վ է պարապում ձեր բարեկամը։ Ի՞նչ է նրա անունը։

Տիկին Կոլկշինան իրար հետևից քնքշացած անհոգությամբ թափում էր իր հարցերը, չսպասելով պատասխանի։ Երես առած երեխաները իրենց դայակների հետ այդպես են խոսում։

— Ինձ կանչում են Արկադի Նիկոլայիչ Կիրսանով,– ասաց Արկադին,— ես ոչնչով էլ չեմ պարապում։

Եվդոքսիան ծիծաղեց։

— Այդ լավ բան է՞։ Ինչ է, դուք չե՞ք ծխում։ Վիկտոր, գիտե՛ք, ձեզ վրա բարկացած եմ։

— Ինչի՞ համար։

— Ասում են, թե դուք դարձյալ սկսել եք Ժորժ Սանդին գովաբանել։ Նա մի հետամնաց կին է և ուրիշ ոչինչ։ Ինչպե՞ս կարելի է նրան համեմատել Էմերսոնի հետ։ Ոչ մի գաղափար չի արտահայտում ոչ դաստիարակության մասին, ոչ էլ մարդակազմության, ոչ մի բանի մասին։

Հավատացած եմ, նա սաղմնաբանության անունն անգամ չի լսել, իսկ մեր ժամանակում-առանց դրան կարելի բան է։ (Եվդոքսիան մինչև անգամ ձեռներով զարմացական շարժում արավ)։ Ախ, ինչ հրաշալի հոդված է գրել Ելիսևիչն այդ մասին։ Հանճարեղ պարոն է։ (Եվդոքսիան շարունակ «մարդ» ասելու տեղ «պարոն» էր ասում)։ Բազարով, նստեցեք կողքիս գահավորակի վրա։ Գուցե չգիտեք, ես սաստիկ վախենում եմ ձեզանից։

— Ինչո՞ւ։ Հետաքրքրական է իմանալ։

— Դուք վտանգավոր պարոն եք խիստ քննադատ եք։ Ախ, աստված իմ, մինչև անգամ ծիծաղս գալիս է, այնպես եմ խոսում, կարծես հետամնաց կալվածատեր կանանցից լինեմ։ Ասենք, հենց կալվածատեր էլ եմ։ Կալվածքս կառավարում եմ ինքս և, երևակայեցեք, իմ գյուղապետ Երոֆեյը զարմանալի տիպար է, ճիշտ և ճիշտ Կուպերի Պատֆայնդերն է, մի առանձին բնական բան կա նրանում։ Ես վերջնականապես բնակություն եմ հաստատել այստեղ։ Անտանելի քաղաք է, չէ՞։ Բայց ի՞նչ արած։

— Քաղաք է քաղաքի պես,— անտարբերությամբ նկատեց Բազարովը։

— Բայց և այնպես այստեղ մանր-մունր շահեր են միմիայն, և այդ է սարսափելին։ Առաջներում ձմեռները Մոսկվայում էի ապրում… բայց այժմ այնտեղ ապրում է իմ կողակիցը, մսիո Կուկշինը։ Ասենք Մոսկվան էլ այժմ... չգիտեմ ճշմարիտ, նույնպես նախկինը չէ։ Ուզում եմ արտասահման գնալ, անցյալ տարի արդեն բոլորովին պատրաստվել էի ճանապարհ ընկնելու։

— Իհարկե, Փարի՞զ,— հարցրեց Բազարովը։

— Փարիզ և Հայդելբերգ։

— Ինչո՞ւ Հաւդելբերդ։

— Ախր Բունգենն այնտեղ է։

Բազարովը ոչ մի բան չգտավ ասելու։

— Pierre Սապոժնիկովը... ճանաչո՞ւմ եք։

— Ոչ, չեմ ճանաչում։

— Ինչ եք ասում. Pierre Սապոժնիկովը... այն, որ շարունակ լինում է Լիդիա Խոստատովայի մոտ։

— Ես այդ տիկնոջն էլ չեմ ճանաչում։

— Այդ պարոնն ահա հանձն է առել ինձ ուղեկցելու։ Փառք աստուծո, ես ազատ եմ, զավակներ չունեմ... Այս ի՞նչ էր ասացի՝ փառք աստուծո։ Է՛հ, ասենք, այդ միևնույն է, Եվդոքսիան ծխախոտից դեղնած իր մատնեքով ոլորեց, գլանակ շինեց, լեզվով թուղթը թրջեց, ծծեց ու կպցրեց։ Ներս մտավ աղախինը ափսեն ձեռին։

— Ահա և նախաճաշը։ Ուզում եք ուտե՞լ։ Վիկտոր, շիշը բաց արեք, այդ ձեր գծով է։

— Այո, այո, իմ գծով է,— քրթմնջաց Սիտնիկովը և դարձյալ ճղճղալով ծիծաղեց։

— Այստեղ սիրուն կանայք կա՞ն,— հարցրեց Բազարովը երրորդ բաժակը խմելիս։

— Կան,— պատասխանեց Եվդոքսիան,— բայց բոլորն էլ դատարկամիտ բաներ են։ Օրինակ mon amie Օդինցովան վատ չէ։ Միայն ափսոս, որ մի քիչ վարքը... Ասենք, այդ էլ ոչինչ, բայց ոչ մի ազատ հայացք, ոչ մի ընդարձակություն, ոչ մի... այնպիսի բան։ Պետք է ամբողջ դաստիարակության սիստեմը փոխել։ Ես այդ մասին արդեն մտածել եմ. մեր կանայք շատ վատ են դաստիարակված։

— Նրանց հետ դուք ոչինչ չեք կարող անել,— վրա բերեց Սիտնիկովը։— Պետք է նրանց արհամարհել, և ես արհամարհում եմ նրանց, լիովին ու կատարելապես։ (Արհամարհելու հնարավորությունն ու իր արհամարհանքը արտահայտելը Սիտնիկովի ամենահաճելի զգացողությունն էր. նա մանավանդ հարձակվում էր կանանց վրա, աոանց կասկածելու, որ մի քանի ամսից հետո ինքը պետք է իր կնոջ առաջ սողար լոկ այն պատճառով միայն, որ նա ի ծնե իշխանուհի Դուրդուեոսովան էր)։ Նրանցից և ոչ մեկն էլ չարժե, որպեսզի մենք, լուրջ տղամարդիկս, նրանց մասին խոսենք։

— Եվ նրանց բնավ հարկավոր էլ չէ, որ մեր զրույցները հասկանան,— ասաց Բազարովը։

— Այդ ո՞ւմ մասին եք խոսում,— մեջ մտավ Եվդոքսիան։

— Սիրուն կանանց մասին։

— Ի՞նչ։ Ուրեմն դուք Պրուդոնին համակարծի՞ք եք։

Բազարովն ամբարտավանությամբ շտկվեց։

— Ես ոչ ոքի համակարծիք չեմ։ Ես իմ կարծիքներն ունեմ։

— Կորչի հեղինակությունը,— գոռաց Սիտնիկովն ուրախացած, որ առիթ ներկայացավ խիստ արտահայտելու իր կարծիքն այն մարդու ներկայությամբ, որի առաջ նա այնպես ստրկանում էր։ — Բայց իսքը Մակոլեյը[28],— ուզեց սկսել Կուկշինան…

— Կորչի Մակոլեյը,— որոտաց Սիտնիկովը։— Դուք պաշտպանո՞ւմ եք այդ կանանց։

— Այդ կանանց չէ, այլ կանանց իրավունքները, որոնց ես երդվել եմ մինչև արյանս վերջին կաթիլը պաշտպանել։

— Կորչի,— Բայց Սիտնիկովն այստեղ կանգ առավ,— ես այդ չեմ ժխտում,— ասաց նա։

— Ոչ, ես տեսնում եմ, որ սլավյանոֆիլ եք։

— Ոչ, ես սլավյանոֆիլ չեմ, թեպետ, իհարկե...

— Ոչ, ոչ, ոչ։ Դուք սլավյանոֆիլ եք։ Դուք Դոմոստրոյի[29] հետևող եք։ Ձեզ սազ կգա ձեռքի մտրակ պահել։

— Մտրակը վատ բան չէ,— նկատեց Բազարովը,— բայց ահավասիկ մենք հասանք վերջին կաթիլին...

— Ի՞նչ բանի,— ընդհատեց Եվդոքսիան։

— Շամպայնի, ամենահարգելի Ավղոտյա նիկիտիշնա, շամպայնի և ոչ ձեր արյան։

— Ես չեմ կարող անտարբեր լսել, երբ հարձակվում են կանանց վրա,— շարունակեց Եվդոքսիան։— Այղ սարսափելի, սարսափելի է։ Փոխանակ նրանց վրա հարձակվելու, ավելի լավ է Միշելի De l’amour[30] գիրքը կարդացեք։ Հրաշաւի բան է։ Պարոններ, եկեք սիրո մասին խոսենք,— ավելացրեց Եվդոքսիան, ձեռքը թալուկ կերպով գահավորակի ճմռթկած բարձի վրա ձգելով։

Հանկարծական լռություն տիրեց։

— Ոչ, ի՞նչ հարկ կա սիրո մասին խոսել,— ասաց Բազարովը,— այ, դուք հիշեցեք Օդինցովայի մասին... Կարծեմ այսպես ասացիք։ Ո՞վ է այդ տիկինը։

— Չքնաղ, չքնաղ արարած,— ճչաց Սիտնիկովը։— Ես ձեզ կծանոթացնեմ։ Շատ խելոք, հարուստ, այրի կին։ Դժբախտաբար բավարար չափով զարգացում չունի — լավ կլիներ, որ մեր Եվդոքսիայի հետ մոտիկից ծանոթ լիներ, Ձեր կենացը, Եվդոքսի, եկեք բաժակներս չրխկացնենք։ «El toc, et toc, et tin-tin-tin. Et toc, et tin-tin-tin»[31].

— Վիկտոր, դուք չարաճճի եք։

Նախաճաշը երկար շարունակվեց։ Շամպայնի աոաջին շշին հաջորդեց երկրորդը, երրորդը և մինչև անգամ չորրորդը.. «Եվդոքսիան անդադրում դատարկաբանում էր։ Սիտնիկովը նրան արձագանքում էր։ Երկար ժամանակ խոսում էին, թե ի՞նչ բան է ամուսնությունը՝ նախապաշարմո՞ւնք թե հանցանք, և մարդիկ ինչպես են ծնվում՝ միատեսա՞կ թե ոչ, և իսկապես ինչո՞ւմն է անհատականությունը։ Վերջապես, բանն այնտեղ հասավ, որ Եվդոքսիան, խմած գինուց բոլորովին կարմրած, և տափակ եղունգներով խանգարված դաշնամուրի ստեղները բախելով սկսեց խռպոտ ձայնով երգել նախ՝ գնչուական երգեր, հետո էլ Սեյմուր-Շիֆֆի «Նիրհում և քնկոտ Գրանադան» ռոմանսը, իսկ Սիտնիկովը գլխին վզնոց փաթաթած կատարում էր թալկահար սիրեկանի դերը, հետևյալ խոսքերն արտասանելով.

Եվ քու շրթունքդ իմ շրթանց հետ
Ի ջերմ համբույր մի դրոշմվին։

Վերջապես Արկադին չհամբերեց։ «Պարոններ այս արդեն Բեդլամի[32] նման մի բան դարձավ»,— նկատեց նա բարձր ձայնով։ Բազարովը, որ երբեմն միայն խոսակցության միջոցին մեկ-մեկ ծաղրական խոսքեր էր բաց թողնում և ավելի շամպայնով էր զբաղված, բարձրաձայն հորանջեց, վեր կացավ և, առանց տանտիկնոջը մնաս բարև ասելու, Արկադիի հետ միասին դուրս եկավ տնից։ Սիտնիկովն էլ նրանց հետևից դուրս թռավ։

— Ինչպե՞ս է, հը՞, ինչպե՞ս է,— ասում էր նա շողոքորթաբար մեկ աջ և մեկ ձախ վազելով,— ասացի ախր, որ զարմանալի անձնավորություն է։ Ահա թե ինչպիսի կանայք են մեզ պետք։ Սա իր տեսակի մեջ բարոյական, վեհ երևույթ է։

— Իսկ քո հոր այն հաստատությունն է՞լ բարոյական երևույթ է,— ասաց Բաղարովը, մատով պանդոկը ցույց տալով, որի մոտից այդ միջոցին անցնում էին։

Սիտնիկովը դարձյալ ճչալով ծիծաղեց։ Նա սաստիկ ամաչում էր իր ծագումից և չէր իմանում, վիրավորվե՞ր թե, ուրախանար Բազարովի այդ անսպասելի դու-ով խոսելուց։

XIV

Մի քանի օր հետո նահանգապետի պարահանդեսը կայացավ։ Մատվեյ Իլյիչը իսկապես «հանդեսի հերոսն էր». նահանգական պարագլուխն ամենքին ու ամեն մեկին հայտնում էր, թե եկել է միմիայն ի հարգանս Մատվեյ Իլյիչի, իսկ նահանգապետը մինչև անգամ պարահանդեսում, մինչև անգամ անշարժ կանգնած ժամանակ շարունակում էր «կարգադրություններ անել»։ Մատվեյ Իլյիչի վարմունքի քնքշությունը կարող էր հավասարվել միայն նրա վեհությանը։ Նա շոյում էր ամենքին, ոմանց նողկանքի արտահայտությամբ, իսկ ոմանց էլ հարգանքի արտահայտությամբ, «en vrai chevalier français»[33] քաղցրաբանում էր կանանց առաջ և շարունակ խոշոր, զիլ ու առանձնակի ծիծաղով ծիծաղում, ինչպես վայել էր բարձրաստիճան պաշտոնյային։ Նա թափ տվեց Արկադիի մեջքն ու բարձր ձայնով նրան իր «ազգականն» անվանեց։ Բազարովին, որը մի հին ֆրակ էր հագել, արժանացրեց մի մտազբաղ, բայց ներողամիտ հայացքի, հարևանցիորեն, այտի վրայով, նայելով նրա վրա, և արձակեց մի անորոշ, բայց բարեհամբույր մռնչոց, որի միջից կարելի էր որոշել միայն «Ես... շշտ...»։ Նա մատը մեկնեց Սիտնիկովին ու երեսին ժպտաց, բայց միայն գլուխը շուռ տված։ Մինչև անգամ իրեն, Կուկշինային էլ, որ պարահանդես էր եկել առանց կրինոլինի և կեղտոտ ձեռնոցներով, բայց դրախտահավ մազերում, մինչև անգամ Կուկշինային ասաց. «enchanté»[34]։ Շատ մեծ բազմություն կար և երիտասարդների պակասություն չկար, ոչ-զինվորականներն ավելի պատերի տակ էին խռնված, մինչդեռ զինվորականները եռանդագին պարում էին, մանավանդ նրանցից մեկը, որ վեց շաբաթվա չափ Փարիզում մնալով, սովորել էր մի քանի խիզախ բացականչություններ, ինչպես «zut», «Ah, qichtrrrre», «pst, pst, mon bibi» և այլն։ Նա այդ բացականչություններն արտասանում էր կատարելությամբ, իսկը փարիզյան շիկով, և միևնույն ժամանակ ասում էր՝ «si j’aurais» փոխանակ ասելու «si j’avais», «absolument»[35], «անշուշտի» մտքով, մի խոսքով, արտահայտվում էր այն վելիկոռուսա-ֆրանսիական բարբառով, որի վրա այնքան ծիծաղում են ֆրանսիացիները, երբ նրանք մեզ հարկ չեն զգում հավատացնելու, թե մենք խոսում ենք իրենց լեզվով, հրեշտակների պես «comme des anges»[36]։

Ինչպես գիտենք, Արկադին լավ չէր պարում, իսկ Բազարովը ամենևին չէր պարում, նրանք երկուսով քաշվել էին մի անկյուն։ Նրանց միացավ նաև Սիտնիկովը։ Նա, իր դեմքին արհամարհական ծաղրի արտահայտություն տալով ու թունալից նկատողություններ շաղ տալով, հանդգնաբար նայում էր շուրջը և ըստ երևույթին իսկական հաճույք էր ղգում։ Հանկարծ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց և, Արկադիի կողմը դառնալով, ասես թե շփոթված, ասաց, «Օդինցովան եկավ»։

Արկադին շուռ եկավ և տեսավ սև զգեստով մի բարձրահասակ կին, որ կանգնել էր դահլիճի դռան մեջ։ Կնոջ կեցվածքի արժանավորությունը ապշեցրեց նրան։ Նրա հոլանի թևերը գեղեցիկ կերպով ընկած էին վայելչակազմ իրանի երկարությամբ, ֆուքսիայի ոստերը փայլուն մազերի վրայով գեղեցիկ փռվել էին նրա ողորկ ուսերի վրա. փոքր-ինչ ցածր սպիտակ ճակատի տակից խաղաղ ու խելոք, արդարև խաղաղ, և ոչ մտախոհ, նայում էին պայծառ աչքերը, և շրթունքները ժպտում էին հազիվ նկատելի ժպիտով։ Մի տեսակ փաղաքուշ ու մեղմ ուժ էր բուրում նրա դեմքը։

— Ծանո՞թ եք հետը,— հարցրեց Արկադին Սիտնիկովին։

— Մոտ ծանոթ եմ։ Ուզո՞ւմ եք ծանոթացնեմ։

— Ինչու չէ… Միայն այս կադրիլից հետո։

Օդինցովայի վրա Բազարովն էլ ուշադրություն դարձրեց։

— Սա ի՞նչ կերպարանք է,— ասաց նա։— Մյուս կանանց նման չէ։

Կադրիլը վերջանալուց հետո Սիտնիկովը Արկադիին տարավ Օդինցովայի մոտ, բայց դժվար թե նա մոտիկ ծանոթ եղած լիներ Օդինցովային, որովհետև ինքն էլ շփոթվեց խոսելու միջոցին։ Օդինցովան նայեց նրա վրա մի քիչ տարակուսանքով։ Սակայն երբ լսեց Արկադիի ազգանունը՝ Օդինցովայի դեմքն ուրախ արտահայտություն ստացավ։ Նա հարցրեց Նիկոլայ Պետրովիչի որդին չէ՞ արդյոք.

— Այո, նրա որդին եմ։

— Ձեր հորը երկու անգամ եմ տեսել, բայց շատ եմ լսել նրա մասին,— շարունակեց տիկինը,— շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս։

Այդ միջոցին մի ադյուտանտ սրարշավ մոտեցավ նրան ու կադրիլի հրավիրեց։ Նա համաձայնեց։

— Մի՞թե պարում եք,— հարգանքով հարցրեց Արկադին։

— Այո։ Ինչո՞ւ եք կարծում, թե ես չեմ պարում։ Կամ գուցե ձեզ թվում է, որ ես շատ եմ պառավ։

— Քավ լիցի... ինչպես կարելի է։ Դե որ այդպես է, թույլ տվեք ձեզ մազուրկայի հրավիրել։ Օդինցովան զիջողաբար ժպտաց։

— Համեցեք,— ասաց նա և նայեց Արկադիին չէ թե բարձրից, այլ ուղղակի այնպես, ինչպես որ ամուսնացած քույրերն են նայում իրենց շատ փոքրիկ եղբայրների վրա։ Օդինցովան փոքր-ինչ մեծ էր Արկադիից, քսանիննի մեջն էր, բայց նրա ներկայությամբ Արկադին իրեն զգում էր դպրոցական, ուսանողիկ, կարծես թե նրանց մեջ տարիքի տարբերությունը անհամեմատ ավելի լիներ։ Մատվեյ Իլյիչը փառահեղ կերպարանքով ու շողոմ խոսքերով մոտեցավ նրան։ Արկադին մի կողմ քաշվեց, բայց շարունակում էր դիտել նրան։ Նա ամբողջ կադրիլի միջոցին ևս աչքը նրանից չէր հեռացնում։ Օդինցովան միատեսակ ազատությամբ էր խոսում թե իր պարակցի և թե բարձրաստիճան պաշտոնյայի հետ. նա գլուխն ու աչքերը ծանրությամբ պտտեց և մի երկու անգամ հանդարտ կերպով ծիծաղեց։ Նրա քիթը, ինչպես սովորաբար համարյա բոլոր ռուսներինը, մի քիչ հաստ էր, և մաշկի գույնն էլ այնքան մաքուր չէր, բայց և այնպես Արկադին վճռեց, որ նա իր կյանքում այդպիսի սիրուն կին երբեք չէր տեսել։ Օդինցովայի ձայնը Արկադիի ականջից չէր հեռանում, ասես թե այդ կնոջ շորի ծալքերն անդամ ուրիշ կանանց շորի ծալքերից տարբեր էին նստում, ավելի վայելչատես ու լայն, և նրա մարմնի շարժումներն էլ առանձնապես սահուն էին և միևնույն ժամանակ բնական։

Երբ մազուրկայի առաջին հնչյունների հետ Արկադին իր դամայի մոտ նստեց, նրան տիրեց ամաչկոտությունը, ուզում էր նրա հետ խոսել և միմիայն ձեռներով մազերն էր շփում, ոչ մի բառ չէր գտնում ասելու։ Բայց այդ երկար չտևեց. Օդինցովայի խաղաղությունը համակեց և նրան, քառորդ ժամ չանցած նա արդեն ազատորեն պատմում էր իր հոր, հորեղբոր Պետերբուրգում և գյուղում անցկացրած կյանքի մասին։ Օդինցովան քաղաքավարությամբ ականջ էր դնում նրա պատմածներին, հովհարը թեթևակի բաց ու խուփ անելով։ Արկադիի շատախոսությունն ընդհատվում էր, երբ Օդինցովային պարի էին հրավիրում։ Սիտնիկովր, ի միջի այլոց, նրան երկու անգամ հրավիրեց։ Օդինցովան վերադառնում էր և նորից տեղը նստում, ձեռքն առնում հովհարը, բայց նրա կուրծքն անգամ սովորականից ավելի արագ չէր շարժվում։ Իսկ Արկադին նորից էր վերսկսում իր շատախոսելը, և կատարելապես երջանիկ զգալով իրեն, որ մոտիկ է Օդինցովային, որ խոսում է հետը նայելով նրա աչքերին, նրա գեղանի ճակատին, նրա ամբողջ սիրուն, վեհ և խելացի դեմքին։ Օդինցովան ինքը քիչ էր խոսում, բայց նրա խոսքերից երևում էր կյանքի ճանաչողությունը։ Արկադին նրա մի քանի, ուրիշ դիտողություններից եզրակացրեց, որ այս նորատի կինն արդեն շատ բան է զգացել և շատ բան մտածել…

— Ասացեք, ո՞ւմ հետ էիք կանգնած,— հարցրեց Օդինցովան,— երբ Սիտնիկովը ձեզ բերեց ինձ ներկայացնելու։

— Դուք նրան նկատեցի՞ք,— իր հերթին հարցրեց Արկադին։— Ինչ երևելի դեմք ունի, այնպես չէ՞։ Դա իմ ընկերն է, Բազարով ազգանունով։

Արկադին սկսեց խոսել «իր բարեկամի» մասին։ Նա այնքան մանրամասն, այնպիսի ոգևորությամբ էր նրա մասին խոսում, որ Օդինցովան շուռ եկավ և ուշադրությամբ նայեց Բազարովի վրա։ Մինչդեռ՝ մազուրկան մոտենում էր իր ավարտին։ Արկադին ափսոսում էր, որ պիտի բաժանվեի իր դամայից, նա մոտ մի ժամ շատ լավ ժամանակ, անցկացրեց նրա հետ։ Ճիշտ է, նա այդ բոլոր ժամանակը շարունակ զգում էր, որ Օդինցովան դեպի իրեն կարծես թե ներողամտաբար էր վերաբերվում, որ ինքը որպես թե պարտավոր էր շնորհապարտ լինել նրան... բայց երիտասարդ սրտերը դրանից չեն նեղվում։

Երաժշտությունը դադարեց։

— Merci,— ասաց Օդինցովան տեղից վեր կենալով։— Դուք խոստացաք ինձ մոտ այցելության գալ. հետներդ բերեք նաև ձեր ընկերոջը։ Շատ հետաքրքրական կլինի ինձ համար տեսնելու մի մարդ, որը համարձակություն ունի ոչ մի բանի չհավատալ։

Նահանգապետը մոտեցավ Օդինցովային, հայտնեց, որ ընթրիքը պատրաստ է և մտազբաղ դեմքով տվեց իր թևը։ Օդինցովան գնալիս շուռ եկավ, որպեսզի մի վերջին անգամ էլ ժպտա, Արկադիին գլխով անի։ Արկադին խոնարհ գլուխ տվեց, նրա հետևից նայեց (որքա՜ն վայելչակազմ թվաց նրա իրանը, որ զեղված էր սև մետաքսի մոխրավուն փայլով և մտածելով՝ «այս րոպեիս նա արդեն մոռացավ իմ գոյության մասին», զգաց իր ներսում մի տեսակ վայեչուչ հեզություն։

— Հը՞,— հարցրեց Բազարովը Արկադիին, հենց որ նա իր մոտ, անկյունը վերադարձավ։— Բավականություն ստացա՞ր։ Այս րոպեին ինձ մի պարոն ասաց, որ այդ տիկինը օյ-օյ-օյ. բայց այդ պարոնը, թվում է ինձ, որ տխմարի մեկն է։ Լավ, իսկ, քո կարծիքով, ինչպե՞ս է նա, ճիշտ օյ-օյ-օ՞յ է։

— Ես այդ արտահայտությունը չեմ հասկանում,— պատասխանեց Արկադին։

— Այ քեզ բան։ Ինչ անմեղն ես եղել։

— Այդ դեպքում ես չեմ հասկանում քո պարոնին։ Անկասկած, Օդինցովան խիստ քաղցրաբարո կին է, բայց այնպես սառն ու խիստ է պահում իրեն, որ...

— Վախեցիր էն ջրից… գիտես էլի առակը,— վրա բերեց Բազարովը։— Ասում ես սառն էր։ Հենց համն էլ դրա մեջն է։ Պաղպաղակ հո սիրո՞ւմ ես։

— Գուցե,— քթի տակ թոթովեց Արկադին,— այդ մասին ես չեմ կարող բան ասել։ Ուզում է հետդ ծանոթանալ և խնդրեց, որ գնալիս քեզ էլ հետս տանեմ։

— Երևակայում եմ, թե իմ մասին ինչեր ասած կլինես։ Ասենք շատ էլ լավ ես արել։ Տար ինձ էլ։ Ով էլ որ լինի նա, սոսկ նահանգական մի էգ առյուծ թե Կուկշինայի նման մի «էմանցիպե», այնպիսի ուսեր ունի, ինչպիսիք վաղուց չեմ տեսել։

Բազարովի ցինիկությունը Արկադիի սրտին դիպավ, բայց, ինչպես այդ հաճախ պատահում է, նա իր բարեկամին հանդիմանեց ոչ այն բանի համար, որը իրեն դուր չէր եկել...

— Ինչո՞ւ չես ընդունում, որ կանանց մեջ էլ մտքի ազատություն լինի,— ասաց նա կիսաձայն։

— Նրա համար, եղբայրս, որ ինչքան ես եմ նկատել, կանանց մեջ միմիայն անճոռնիներն են ազատ մտածում։

Խոսակցությունը հենց այստեղ էլ դադարեց։ Երկու երիտասարդներն ընթրիքից անմիջապես հետո տուն դարձան։ Կուկշինան նյարդոտ զայրույթով, բայց և վեհերկոտ ծիծաղեց նրանց հետևից։ Նրա ինքնասիրությունը խորը վիրավորվել էր նրանից, որ ոչ մեկը և ոչ մյուսը իր վրա ուշադրություն չէ դարձրել։ Պարահանդեսում նա ամենից երկար մնաց և գիշերվա ժամը չորսին Սիտնիկովի հետ Փարիզի ձևով պոլկա-մազուրկա պարեց։ Այս խրատական տեսարանով էլ վերջացավ նահանգապետի պարահանդեսը։

XV

— Տեսնենք կաթնասունների որ դասակարգին է պատկանում այս անձը,— մյուս օրը Բազարովն ասում էր Արկադիին՝ Օդինցովայի իջևանած հյուրանոցի սանդուղքներով միասին վեր բարձրանալիս։— Սիրտս վկայում է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։

— Զարմանում եմ քեզ վրա,— բացականչեց Արկադին։— Ի՞նչ։ Դու, դու, Բազարովդ, հետևում ես այն նեղ բարոյականության, որը...

— Տարօրինակ մարդ ես,— անհոգությամբ ընդհատեց Բազարովը։— Մի՞թե չգիտես, որ մեր բարբառով և մեզ նման մարդկանց համար «այնպես չէ» նշանակում է «լավ է»։ Ասել է օգուտ կա։ Մի՞թե այսօր ինքդ չէի՞ր ասողը, թե տարօրինակ է եղել նրա ամուսնությունը, թեև, իմ կարծիքով, հարուստ ծերուկի մարդու գնալը ամենևին էլ տարօրինակ բան չէ, և, ընդհակառակը, խոհեմություն է։ Ես քաղաքի ասեկոսեներին չեմ հավատում, բայց սիրում եմ կարծել, ինչպես ասում էր մեր նահանգապետը, որ դրանք արդարացի են։

Արկադին ոչինչ չպատասխանեց և բախեց համարի դուռը։ Նշանազգեստ հագած մի երիտասարդ սպասավոր երկու բարեկամներին տարավ մի ընդարձակ սենյակ, որ, ինչպես սովորաբար բոլոր ռուսական հյուրանոցների սենյակները, վատ էր կահավորված, բայց զարդարված էր ծաղիկներով։ Շուտով ներս մտավ նաև Օդինցովան՝ առավոտյան պարզ զգեստը հագին։ Գարնան արևի լույսով նա ավելի ևս նորատի էր թվում։ Արկադին Բազարովին ներկայացրեց նրան և ծածուկ զարմանքով նկատեց, որ կարծես թե Բազարովը շփոթվեց, մինչդեռ Օդինցովան, երեկվա նման, բոլորովին հանգիստ էր։ Բազարովը ինքն էլ զգաց, որ շփոթվեց ե ինքն իր վրա զայրացավ։ «Ա՜յ քեզ բան՝ կնիկարմատից վախեցա»,— մտածեց նա և Սիտնիկովից ոչ վատ ընկավ բազկաթոռի վրա ու սկսեց չափից անց համարձակությամբ խոսել, իսկ Օդինցովան իր պարզ աչքերը նրա վրայից չէր հեռացնում։

Աննա Սերգեևնա Օդինցովայի հայրը Սերգեյ Նիկոլայիչ Լոկտևն էր, մի հայտնի գեղեցիկ, շահախարդախ և թղթամոլ մարդ, որը մի տասնհինգ տարի Պետերբուրգում ու Մոսկվայում իր դիրքը պահպանելուց և աղմուկ հանելուց հետո վերջիվերջո թղթախաղում ամեն բան տանուլ տվեց ու ստիպված եղավ բնակություն հաստատել գյուղում, որտեղ սակայն շուտով մեռավ, մի փոքրիկ կարողություն թողնելով իր երկու դուստրերին՝ Աննային, որ քսան տարեկան էր և Կատերինային, որ տասներկու տարեկան էր։ Նրանց մայրը, որ Խ… իշխանական աղքատացած տոհմի աղջիկ էր, մեռել էր Պետերբուրգում դեռ այն միջոցին, երբ ամուսինը լիակատար ուժի մեջ էր։ Հոր մահից հետո շատ ծանր վիճակի մեջ էր մնացել Աննան։ Պետերբուրգում նրա ստացած փայլուն կրթությունը նրան չէր պատրաստել տնտեսական և կյանքի հոգսերը տանելու, գյուղական խուլ անկյունում ապրելու համար։ Ամբողջ գավառակում չուներ մի մարդ, որից գոնե խորհուրդ հարցներ։ Հայրը խույս էր տալիս հարևանների հետ հարաբերություն ունենալուց, նա արհամարհում էր նրանց, և նրանք էլ նրան էին արհամարհում, ամեն մեկը իր տեսակետով։ Սակայն Աննան գլուխը չկորցրեց և անմիջապես բերել տվեց իր մորաքրոջը, իշխանադուստր Ավդոտյա Ստեպանովնա Խ...-ին, մի չար և ինքնահաճ պառավ, որ քրոջ աղջկա տանը բնակություն հաստատելով, բոլոր ամենալավ սենյակները իրեն վերցրեց, առավոտից մինչև երեկո շարունակ գրգռվում էր ու փնթփնթում, և մինչև անգամ պարտեզում զբոսնելիս էլ անպատճառ իր հետն էր վերցնում իր միակ ճորտ սպասավորին, որ մռայլ դեմքով մի մարդ էր՝ կապտագույն երիզավոր հնացած, սիսեռագույն համազգեստը հագին, եռանկյուն գլխարկով։ Աննան համբերատարությամբ դիմանում էր մորաքրոջ բոլոր քմահաճույքներին, բոլոր ժամանակը զբաղվում էր քրոջ դաստիարակությամբ, և թվում էր, թե արդեն հաշտվել էր անհայտության մեջ թառամելու մտքի հետ... Բայց բախտը ուրիշ կերպ տնօրինեց։ Նրան պատահաբար տեսավ Օդինցով անունով մեկը, քառասունվեց տարեկան մի շատ հարուստ, տարօրինակ բնավորության տեր, մաղձոտ, հաստլիկ, ծանր ու թթված մի մարդ, որը սակայն հիմար չէր և ոչ էլ չար։ Նա սիրահարվեց Աննային և առաջարկեց ամուսնանալ։ Աննան համաձայնեց նրա կինը լինել, իսկ նա մի վեց տարի ապրեց Աննայի հետ և մեռնելիս իր բոլոր կայքը նրան թողեց։ Աննա Սերգեևնան ամուսնու մահից հետո մոտ մի տարի գյուղից չհեռացավ, հետո քրոջ հետ արտասահման գնաց,-բայց եղավ միմիայն Գերմանիայում, ձանձրացավ և վերադարձավ ապրելու իր սիրալիր Նիկոլսկոյե գյուղը, որ գտնվում էր ... քաղաքից քառասուն վերստի չափ հեռու։ Այնտեղ նա ուներ մի փառահեղ, շատ լավ կահավորված տուն, մի հիանալի պարտեզ ջերմոցով. հանգուցյալ Օդինցովը իրեն համար ոչինչ չէր խնայում։ Աննա Սերգեևնան շատ քիչ էր գալիս քաղաք, մեծ մասամբ գործով, և այն էլ երկար չէր մնում։ Նահանգում նրան չէին սիրում, սաստիկ աղմուկ էին հանում Օդինցովի հետ ամուսնանալու առթիվ, ամեն տեսակ ստահոդ բաներ էին պատմում նրա մասին, հավատացնում էին, որ նա հորն օգնելիս է եղել խաբեբայական արարքներում, թե արտասահման գնալն ևս զուր տեղը չի եղել, այլ հասարակությունից մի բանի անախորժ հետևանքները ծածկելու անհրաժեշտությունից... «Ինչ բանի եղածը հո հասկանո՞ւմ եք»,— ավելացնում էին զայրացած պատմողները։ «Աշխարհքի չարն ու բարին տեսած կին է»,— ասում էին նրա մասին, իսկ նահանգում հայտնի սրախոսը սովորաբար ավելացնում էր «և քոքվածն է»։ Այդ բոլոր ասեկոսեները հասնում էին նրան, բայց նա չիմանալու էր տալիս, ազատ և բավական վճռական բնավորություն ուներ։

Օդինցովան մեջքը բազկաթոռի կռնակին դեմ տված ու ձեռքը ձեռքին դրած նստել էր ու Բազարովին էր ականջ դնում։ Սա, սովորականին հակառակ, բավական շատ էր խոսում և պարզապես աշխատում էր զբաղեցնել իր խոսակցին. այս բանն էլ զարմացրեց Արկադիին։ Նա չէր կարողանում վճռել, թե արդյոք Բազարովն իր նպատակին հասնո՞ւմ էր թե ոչ։ Դժվար էր Աննա Սերդեևնայի դեմքից հասկանալ, թե նա ինչպիսի տպավորություն էր ստանում, նրա դեմքը շարունակ միևնույն արտահայտությունն ուներ՝ բարեհամբույր ու նուրբ, նրա գեղանի աչքերը փայլում էին ուշադրությունից, բայց անվրդով ուշադրությունից։ Այցելության սկզբի րոպեներին Բազարովի կոտրատվելը վատ տպավորություն արեց նրա վրա, մի այնպիսի տպավորություն, որ անում է անախորժ հոտը կամ սուր ճիչը, բայց նա իսկույն էլ հասկացավ, որ Բազարովը շփոթություն զգաց, և այդ բանը մինչև անգամ նրան գոհունակություն պատճառեց։ Գռեհիկ խոսակցությունները Օդինցովային զզվանք էին պատճառում, իսկ գռեհկության մեջ Բազարովին չէր կարող կշտամբեր Արկադիին այդ, որը վիճակված էր շարունակ զարմանալ։ Նա սպասում էր, որ Բազարովը կսկսի Օդինցովայի հետ, որպես խելացի կնոջ հետ, խոսել իր համոզմունքների և հայացքների ասես, չէ որ ինքը՝ Օդինցովան ցանկություն հայտնեց լսել մի մարդու, որր «համարձակություն ունի ոչ մի բանի չհավատալու», իսկ դրա փոխարեն Բազարովը խոսում էր բժշկականության, հոմեոպատիայի, բուսաբանության մասին։ Բանից երևաց, որ Օդինցովան առանձնության մեջ զուր ժամավաճառ չէր լինում, նա մի քանի լավ գրքեր էր կարդացել և կանոնավոր ռուսերեն էր խոսում։ Նա խոսք բաց արեց երաժշտության մասին, բայց նկատելով, որ Բազարովս գեղարվեստ չէր ընդունում, աննկատելի խոսք դարձրեց բուսաբանության վրա, չնայելով որ Արկադին փորձեց խոսել ժողովրդական մեղեդիների նշանակության մասին։ Օդինցովան դարձյալ նրա հետ վարվում էր այնպես, ինչպես… կրտսեր եղբոր հետ. ըստ երևույթին Օդինցովան գնահատում էր նրա պատանեկական պարզասրտությունն ու բարությունը, ուրիշ ոչինչ։ Երեք ժամից ավելի տևեց նրանց անշտապ, բազմակողմանի և կենդանի զրույցը։

Բարեկամները վերջապես վեր կացան տեղներից և սկսեցին հրաժեշտ տալ։ Աննա Սերգեևնան հաճությամբ նայեց նրանց վրա, իր գեղեցիկ, սպիտակ ձեռքը երկուսին էլ մեկնեց և, մի քիչ մտածելով, անվճռական, բայց լավ ժպիտով ասաց.

— Եթե դուք, պարոններ, ձանձրանալուց չեք վախենում, եկեք ինձ մոտ, Նիկոլսկոյե։

— Ինչ եք ասում, Աննա Սերգեևնա,— բացականչեց Արկադին,— ինձ համար ես դա հատուկ բախտավորություն կհամարեմ...

— Իսկ դո՞ւք, մսիո Բազարով։

Բազարովը միայն գլուխ տվեց, և Արկադին վերջին անգամ ևս զարմացավ, նա նկատեց, որ բարեկամը նույնիսկ կարմրեց։

— Հետո՞,— ասում էր նա Բազարովին փողոցում,– դարձյա՞լ այն կարծիքին ես, որ նա օյ-օյ-օյ է։

— Ով է իմանում։ Տեսնում էիր ինչպես էր նա ինքն իրեն սառցրել,— առարկեց Բազարովն ու, մի քիչ լուռ մնալուց հետո, ավելացրեց,— դքսուհի է, թագուհի։ Միայն պակասում է, որ գլխին թագ ունենա ու մեկ էլ շորի պոչը բռնած պահեն։

— Մեր դքսուհիներն այդպես ռուսերեն չեն խոսում,– նկատեց Արկադին։

— Դժվար օրեր է տեսել, եղբայր սիրելի, մեր հացիցն է կերել։

— Բայց և այնպես չքնաղ կին է,— ասաց Արկադին։

— Ինչ ճոխ մարմին ունի,— շարունակեց Բազարովը,— ինչ անդամահատարան տանելու բան է։

— Հերիք է, ի սեր աստծո, Եվգենի, բանի նման չէ ասածդ։

— Դե լավ, մի բարկանա, քնքշիկ։ Ասված է. առաջին տեսակից է։ Պետք է մի անգամ նրա գյուղը գնալ։

— Ե՞րբ։

— Թեկուզ հենց վաղը չէ մյուս օրը։ Այստեղ էլ ինչ գործ ունենք։ Կուկշինայի հետ շամպա՞յն պիտի խմենք։ Ազգականիդ, այն ազատամիտ պաշտոնյային ականջ պիտի դնենք... Հենց վաղը չէ մյուս օրն էլ սլանանք։ Ի դեպ հորս դաստակերտն էլ այնտեղից հեռու չէ։ Նիկոլսկոյեն ախր...-ի ճամփի՞ն է։

— Այո։

— Optime[37]։ Հապաղելու կարիք չկա. հապաղում են միմիայն անխելքները — մեկ էլ խելոքները։ Ասում եմ ճոխ մարմին ունի։

Երեք օրից հետո երկու ընկերները Նիկոլսկոյե էին գնում։ Պայծառ օր էր և ոչ շատ տաք, և փոստային կուշտ ձիերը, թեթևակի շարժելով կշկռած ու հյուսած պոչերը, ուրախ-ուրախ առաջ էին վազում։ Արկադին նայում էր ճանապարհին ու ժպտում, ինքն էլ չիմանալով, թե ինչ բանի համար։

— Շնորհավորիր ինձ,— հանկարծ բացականչեց Բազարովր,— այսօր հուլիսի 22-ն է, իմ անվանակոչության օրը։ Տեսնենք, թե ս. Եվգենին ինչպիսի խնամք է տանում ինձ համար։ Այսօր ինձ սպասում են տանը,— ավելացրեց նա ձայնը ցածրացնելով... — Բան չկա, կսպասեն, ի՞նչ մի կարևորություն կա։

XVI

Աննա Սերգեևնայի բնակած դաստակերտը գտնվում էր մի բաց, փոքր-ինչ զառիվայր բլրի վրա, իսկ նրան մոտիկ կառուցված էր դեղին քարաշեն եկեղեցին՝ իր կանաչ կտուրով, սպիտակ, սյուներով և գլխավոր մուտքին քաշած al fresco նկարով, որ «իտալական ճաշակով» ներկայացնուլ էր «Քրիստոսի հարությունը»։ Մանավանդ աչքի էր ընկնում առաջին շարքում գետնին փռված մի գեր ու կլոր թխահեր զինվորական՝ սաղավարտը գլխին։ Եկեղեցու հետևից երկշարք ձգված էր գյուղը, տեղ-տեղ հարդյա կտուրների վրայից երևացող ծխնելույզներով։ Կալվածատիրոջ տունն ու եկեղեցին շինված էին միևնույն ոճով, այն ոճով, որը մեզանում հայտնի է Ալեքսանդրյան անունով, այդ տունն ևս դեղին ներկած, ուներ կանաչ կտուր, սպիտակ սյուներ, իսկ ճակատին տոհմանիշ նկարած։ Երկու շենքն էլ նահանգակա ճարտարապետն էր կառուցել հանգուցյալ Օդինցովի հավանությամբ, որը տանել չէր կարողանում ոչ մի դատարկ ինքնակամ, ինչպես ինքն էր ասում, նորամուծություններ։ Տունը երկու կողմից պաշարել էին հին պարտեզի մութ ծառերը, խուզած եղևնիներից կազմված ճեմուղին տանում էր դեպի տան գլխավոր մուտքը։

Մեր բարեկամներին նախասենյակում դիմավորեցի երկու բարձրահասակ, համազգեստ հագած սպասավորները. նրանցից մեկն անմիջապես գնաց սենեկապանին իմաց տալու Սենեկապանը, որ սև ֆրակ հագած մի հաստ մարդ էր անմիջապես եկավ և հյուրերին գորգածածկ աստիճաններս առաջնորդեց մի առանձին սենյակ, ուր արդեն պատրաստհ էին երկու մահճակալ արդուզարդի բոլոր պարագաներով։ Ինչպես երևում էր, ամեն տեղ կարգ ու կանոն կար, ամե բան մաքուր էր, ամեն տեղ մի տեսակ անուշ հոտ էր բուրում, ինչպես մինիստրական ընդունարաններում։

— Աննա Սերգեևնան խնդրում է, որ կես ժամից հետո շնորհ բերեք իր մոտ,— հայտնեց սենեկապանը։— Որևէ ասելիք չունե՞ք։

— Ոչինչ չունենք ասելու,— ասաց Բազարովը,— եթե մի փոքր բաժակ օղի հրամցնեք, վատ չի լինի։

— Շատ բարի,— ասաց սենեկապանը փոքր-ինչ զարմացած և, կոշիկները ճռճռացնելով, հեռացավ գնաց։

— Ինչպիսի գրանժանր[38] է,— նկատեց Բազարովը,— կարծեմ այդպե՞ս է ձեր լեզվով կոչվում։ Իսկը դքսուհի է։

— Լավ դքսուհի է,— առարկեց Արկադին,— որ հենց առաջին անգամից իր մոտ հրավիրեց այնպիսի թունդ արիստոկրատների, ինչպես ես ու դու ենք։

— Մանավանդ ես, որ ապագա բժիշկ եմ, և բժշկի որդի, տիրացուի թոռ... Գիտե՞ս, որ ես տիրացուի թոռ եմ...

— Ինչպես Սպերանսկին,— ավելացրեց Բազարովը, փոքր-ինչ լռելուց հետո ու շրթունքները ծռելով։— Բայց և այնպես շատ փարթամ կյանք է ստեղծել այս տիկինը, ահ, շատ փարթամ։ Արդյոք մենք էլ ֆրակ չհագնե՞նք։

Արկադին միայն ուսերը վեր քաշեց... բայց նա էլ էր մի քիչ շփոթված։

Կես ժամից Բազարովն ու Արկադին ընդունարան գնացին։ Սա մի ընդարձակ, բարձր սենյակ էր, որը թեպետ բավական շքեղ էր կահավորված, բայց մեջը մի առանձին ճաշակ չէր նկատվում։ Մանր, թանկագին կահույքը սովորական վեհ կարգով դարսած էր պատերի երկայնքով, պատերին կպցրած էր դարչնագույն ոսկեզօծ նկարներով պաստառ. հանգուցյալ Օդինցովն այդ պաստառը հատուկ բերել էր տվել Մոսկվայից իր մի բարեկամ գինեվաճառի ձեռքով, որ միևնույն ժամանակ միջնորդի դեր էր կատարում։ Միջին գահավորակի վերևը պատից կախ էր արած մի տողած, խարտյաշ տղամարդու պատկեր, որ կարծես անբարեմիտ կերպով նայում էր հյուրերին։ «Երևի ինքն է,— շշնջաց Բազարովը Արկադիին և, քիթը կնճռոտելով, ավելացրեց,— չփախչե՞նք»։ Բայց այդ միջոցին ներս մտավ տան տիկինը։ Նա հագել էր թեթև դիպակյա զգեստ, դեպի ականջների հետևը հարթ սանրած մազերը նրա մաքուր ու թարմ դեմքին կուսական արտահայտության էին տալիս։

— Շնորհակալ եմ, որ խոսքներդ կատարեցիք,— սկսեց տիկինը,— մնացեք ինձ մոտ հյուր և հավատացեք, որ այստեղ վատ տեղ չէ։ Ձեզ կծանոթացնեմ քրոջս հետ. նա լավ դաշնամուր է նվագում։ Ասենք այդ ձեզ համար, մսիո Կիրսանով, նշանակություն չունի, բայց դուք, մսիո Կիրսանով, կարծեմ երաժշտություն սիրում եք։ Իմ մոտ, բացի քրոջիցս, կենում է նաև պառավ մորաքույրս, մեկ էլ երբեմն-երբեմն թուղթ խաղալու է գալիս հարևաններիցս մի պարոն, ահա մեր ամբողջ հասարակությունը։ Իսկ այժմ— նստենք։

Օդինցովան այս փոքրիկ ճառը սկզբից մինչև վերջը մեկիկ-մեկիկ արտասանեց, ասես թե անգիր արած լիներ, հետո դարձավ դեպի Արկադին։ Բանից երևաց, որ իր մայրը ճանաչելիս է եղել Արկադիի մորը և մինչև անգամ նրա սիրո հավատարմատարն է եղել դեպի Նիկոլայ Պետրովիչը։ Արկադին սկսեց ոգևորությամբ խոսել իր հանգուցյալ մոր մասին, իսկ Բազարովն այդ միջոցին զբաղվեց ալբոմը թերթելով։ «Ինչպես խելոքացել եմ»,— մտածում էր նա ինքն իրեն։

Այդ միջոցին մի գեղեցիկ քերծե, կապույտ վզնոցը վզին, եղունգներով գետինը չխկչխկացնելով վազեց եկավ ընդունարան, իսկ նրա հետևից մտավ մի տասնութ տարեկան, սև մազերով, թուխ, փոքր-ինչ կլոր, հաճելի դեմքով, մանր սև՝ աչքերով աղջիկ։ Նա ձեռին ծաղիկներով լի կողով ուներ։

— Ահավասիկ ձեզ և իմ Կատյան,— ասաց Օդինցովան գլխովը քրոջը ցույց տալով։

Կատյան թեթևակի խոնարհվելով բարևեց, նստեց քրոջ կողքին ու սկսեց ծաղիկները ջոկել։ Քերծեն, որի անունը Ֆիֆի էր, պոչը շարժելով մոտեցավ երկու բարեկամներին և իր— սառը դնչով հերթով հրեց նրանց ձեռքը։

— Այդ բոլորը քո՞ քաղածն է,— հարցրեց Օդինցովան։

— Այո իմ,— պատասխանեց Կատյան։

— Իսկ մորաքույրը թեյի կգա՞։

— Պիտի գա։

Երբ Կատյան խոսում էր՝ շատ քաղցր ժպտամ էր, ամոթխած ու անկեղծ, և նայում էր, ներքևից վերև, ծիծաղելի-դաժան էր թվում։ Նրա մեջ ամեն ինչ դեռ կանաչ-գարուն էր՝ թե ձայնը, թե ամբողջ երեսի աղվամազը, թե վարդագույն ձեռքերը՝ սպիտակավուն բոլորակներով ափերի մեջ և թե թեթևակի սեղմված ուսերը... Նա շարունակ կարմրում էր ու արագ-արագ շունչ առնում։ Օդինցովան դեպի Բազարովը դարձավ։

— Եվգենի Վասիլիչ,— սկսեց նա,— Դուք միմիայն քաղաքավարությունից եք թերթում ալբոմը։ Մինչդեռ դա ձեզ չի հետաքրքրում։ Ավելի լավ է մոտեցեք մեզ և եկեք մի բանի մասին վիճենք։ Բազարովը մոտ եկավ։

— Ի՞նչ բանի մասին եք հրամայում,— ասաց նա։

— Ինչի մասին ուզեք։ Նախազգուշացնեմ, որ սաստիկ վիճաբանող եմ։

— Դո՞ւք։

— Ես։ Կարծես թե այդ բանը ձեզ զարմացնում է։ Ինչո՞ւ։

— Որովհետև, ինչքան կարող եմ դատել, դուք հանդարտ ու սառը բնավորություն ունեք, իսկ վիճելու համար հարկավոր է հուզվել, հափշտակվել։

— Ինչպե՞ս այդքան շուտ կարողացաք ինձ ճանաչել։ Նախ ես անհամբեր եմ և համառ, կուզեք Կատյային հարցրեք, և երկրորդ ես շատ շուտ եմ հափշտակվում։

Բազարովը Աննա Սերգեևնային նայեց։

— Գուցե՝ դուք ավելի լավ պիտի իմանաք։ Ուրեմն վիչե՞լ եք ուզում-համեցեք։ Ես ձեր ալբոմի մեջ նայում էի Սաքսոնական Շվեյցարիայի տեսարանները։ Իսկ դուք նկատեցիք, որ այդ բանը չի կարող ինձ գրավել։ Դուք այդ ասացիք այն պատճառով, որ չեք ենթադրում, թե իմ մեջ գեղարվեստական հասկացողություն կլինի, ճիշտ է, իմ մեջ այդ չկա, բայց տեսարանները ինձ կարող էին հետաքրքրել, օրինակ, երկրաբանական տեսակետից, լեռների կազմության տեսակետից։

— Ներեցեք, դուք որպես երկրաբան ավելի շուտ կդիմեք գրքի, հատուկ աշխատության, քան նկարի։

— Նկարը ինձ առարկայորեն կներկայացնի այն, ինչ որ գրքի մեջ տասը երեսի վրա ասվում է։ Աննա Սերգեևնան լուռ մնաց։

— Հետևապես դուք ոչ մի կաթիլ գեղարվեստական հասկուցողություն չունի՞ք,— ասաց նա արմունկով սեղանին կռթնելով, և այս շարժումով իր դեմքը Բազարովին մոտեցելով։— Այդ ինչպե՞ս եք կարողանում առանց դրան յոլա գնալ։

— Եվ ինչի՞ս է դա պետք, թույլ տվեք հարցնել։

— Հենց ասենք նրա համար, որպեսի կարողանաք մարդկանց ճանաչել և ուսումնասիրել։ Բազարովը քմծիծաղեց։

— Նախ, որ դրա համար կա կյանքի փորձ, իսկ երկրորդ կասեմ ձեզ, որ չարժե նեղություն քաշել առանձին անհատները ուսումնասիրել։ Բոլոր մարդիկ, ինչպես մարմնով, այնպես էլ հոգով, նման են միմյանց, ամեն մեկս էլ ունենք ուղեղ, փայծաղ, սիրտ, թոք, որոնք միատեսակ են կազմված, և այսպես կոչված բարոյական հատկություններն էլ ամենքը մեջ միևնույնն են — չնչին ձևափոխությունները նշանակություն չունեն։ Բավական է վերցնել մի մարդկային անհատ, որպեսզի կարողանանք դատել մյուսների մասին։ Մարդիկ նույնն են, ինչ անտառի ծառերը, ոչ մի բուսաբան չի սկսի ջոկ-ջոկ ուսումնասիրել ամեն մի կեչի ծառ։ Կատյան, որ առանց շտապելու ծաղիկները ջոկում տեղավորում էր, տարակուսանքով աչքը Բազարովի վրա ձգեց և նրա արագ ու անհոգ հայացքին հանդիպելով, մինչև ականջի արմատները կարմրեց։ Աննա Սերգեևնան գլուխը շարժեց...

— Անտառի ծառերը,— կրկնեց նա։— Ուրեմն ձեր կարծիքով ոչ մի տարբերություն չկա անխելք և խելոք, չար բարի մարդկանց մեջ։

— Ոչ, կա՝ ինչպես հիվանդ և առողջ մարդու մեջ։ Թոքախտավորի թոքերր այնպես չեն, իհարկե, ինչպես որ են իմ ու ձեր թոքերը, թեպետ և միատեսակ կազմություն ունեն։ Մենք մոտավորապես գիտենք, թե ինչի՞ց են առաջանում մարմնական ցավերը, իսկ բարոյական ցավերն առաջանում են վատ դաստիարակությունից, ամեն տեսակ դատարկ բաներից, որով մանկությունից լցնում են մարդկանց գլուխները։ Մի խոսքով՝ հասարակության այլանդակ դրությունից ուղղեցեք հասարակությունը և հիվանդությունները կվերանան։

Բազարովն այս ամենը մի այնպիսի ձևով էր ասում, կարծես թե միևնույն ժամանակ էլ ինքն իրեն մտածելիս լիներ. «Ինձ համար միևնույն է. ուզում ես հավատա, ուզում ես՝ մի հավատա»։ Նա իր երկար մատներով շփում էր այտամորուսը, իսկ աչքերը սենյակի անկյուններն էին վազվզում։

— Ես կարծում եմ,— ասաց Աննա Սերգեևնան,— թե երբ հասարակությունն ուղղվի, էլ ոչ անխելք մարդիկ կլինեն, ոչ էլ չա՞ր մարդիկ։

— Գոնե, եթե հասարակությունը կանոնավոր կերպով կազմակերպված լինի, այն ժամանակ բոլորովին նշանակություն չի ունենա, թե մարդս անխե՞լք է թե խելոք, չա՞ր է թե բարի։ — Այո, հասկանում եմ. ամենքն էլ միատեսակ փայծաղ կունենան։

Օդինցովան դեպի Արկադին դարձավ։

— Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք, Արկադի Նիկոլայիչ։ Եվգենիի հետ համամիտ եմ,— պատասխենեց նա։

— Հենց այդպես էլ է, տիկին։

Կատյան ճակատի տակից նրան նայեց։

— Պարոններ, դուք ինձ զարմացնում եք,— ասաց Օդինցովան — բայց մենք դեռ կխոսենք։ Իսկ այժմ ես լռում եմ, մորաքույրս թեյ խմելու է գալիս, պետք է խնայենք նրա ականջները։ Աննա Սերգեևնայի մորաքույրը, իշխանադուստր Խ...-ը, որ մի վտիտ, փոքրիկ, բռունցքի մեծությամբ կուչ եկած դեմքով և անշարժ պառավ էր, ճերմակ կեղծամի տակից փայլող չար աչքերով, ներս մտավ և, հյուրերին հազիվ բարևելով, նստեց թավշապատ լայն բազկաթոռի մեջ, ուր նրանից զատ, ոչ ոք իրավունք չուներ նստելու։ Կատյան փոքրիկ աթոռակը դրեց նրա ոտների տակ. պառավը նրան շնոր-հակալություն չհայտնեց, մինչև անգամ վրան էլ չնայեց, միայն դեղին շալի տակ, որը համարյա ամբողջ վտիտ մարմինը ծածկել էր, ձեռները շարժեց, նա դեղին գույնը սիրում էր նրա գլխազարդի վրան էլ պայծառ դեղին գույնի ժապավեններ կային։

— Ինչպե՞ս էիք գիշերս, մորաքույր,— ձայնը բարձրացնելով հարցրեց Օդինցովան։

— Այս շունը դարձյա՞լ այստեղ է,-ի պատասխան քրթմնջաց պառավը, և նկատելով, որ Ֆիֆին երկու անհաստատ քայլ արեց դեպի իրեն, բացականչեց,— կորի, կորի։

Կատյան Ֆիֆիին կանչեց և բաց արեց դուռը։

Ֆիֆին ուրախ-ուրախ դուրս թռավ, հուսալով, որ զբոսնելու են գնալու, բայց դռան ետևում մենակ մնալով, սկսեց դուռը չանկռտել ու ոռնալ։ Իշխանուհին խոժոռվեց։ Կատյան ուզում էր տեղից վեր կենալ…

— Կարծում եմ թեյը պատրաստ կլինի,— ասաց Օդինցովան։— Գնանք, պարոններ։ Համեցեք թեյ անուշ անելու, մորաքույր։

Իշխանուհին լուռ ու մունջ տեղից վեր կացավ և առաջ ինքը դուրս եկավ ընդունարանից։ Ամենքն էլ նրա հետևից սեղանատուն գնացին։ Լիվրե հագած փոքրիկ կազակը աղմուկով սեղանից հեռացրեց բարձերով պատած, նույնպես նվիրական բազկաթոռը, որի մեջ նստեց իշխանուհին, Կատյան, որ թեյ էր ածում, առաջ նրան տվեց գավաթը, որի վրա տոհմանիշն էր դրոշմված։ Պառավը գավաթի մեջ մեղր լցրեց (նա կարծում էր, որ թեյը շաքարով խմելը թե մեղք է և թե թանկ է նստում, թեպետ և ինքը ոչ մի բանի համար ոչ մի կոպեկ չէր ծախսում), և հանկարծ խռպոտ ձայնով հարցրեց.

— Ի՞նչ է գրում իշխան Իվանը։

Ոչ ոք պատասխան չտվեց։ Բազարովն ու Արկադին շուտով գլխի ընկան, որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում, թեպետ և հետը հարգանքով էին վարվում։ «Տպավորության համար են պահում, որովհետև իշխանական ծնունդ է», մտածեց Բազարովը.., Թեյից հետո Աննա Սերգեևնան առաջարկեց զբոսնելու գնալ, բայց սկսեց անձրև շաղալ, և ողջ հասարակությունը, բացի իշխանուհուց, ընդունարան վերադարձավ։ Եկավ նաև թղթախաղի սիրահար հարևանը, Պորֆիրի Պլատոնիչ անունով, մի հաստ ու ալևոր մարդ, կարճ, ասես հեսանած ոտներով, խիստ քաղաքավարի և ծիծաղկոտ։ Աննա Սերգեևնան, որ ավելի Բազարովի հետ էր խոսում, հարցրեց, թե արդյոք չի ուզում ըստ հինավուրց սովորության, պրեֆերանս խաղալ։ Բազարովը համաձայնեց ասելով, թե հարկավոր է, որ նախօրոք պատրաստվի առաջիկայում ստանձնելիք գավառական բժշկի դերը կատարելու։

— Զգույշ կացեք,— նկատեց Աննա Սերգեևնան,— տեսեք, ես ու Պորֆիրի Պլատոնիչը ձեզ կջարդենք։ Իսկ դու, Կատյա,— ավելացրեց նա,— Արկադի Նիկոլայիչի համար մի բան նվագիր, նա երաժշտություն սիրում է. մենք էլ, ի դեպ, կլսենք։

Կատյան առանց հաճության մոտեցավ դաշնամուրին։ Արկադին էլ թեև իսկապես երաժշտություն սիրում էր, նույնպես առանց հաճության գնաց նրա հետևից, նրան թվաց, թե Օդինցովան գլխից հեռացնում է իրեն, մինչդեռ արդեն նրա սրտի մեջ, ինչպես նրա տարիքն ունեցող ամեն մի երիտասարդի մեջ, եռ էր գալիս մի տեսակ անմեկին ու անհանգստացուցիչ, սիրո նախազգացման պես մի զգացողություն։ Կատյան բաց արեց դաշնամուրի խուփը և առանց Արկադիի վրա նայելու, ցած ձայնով ասաց.

— Ի՞նչ կուզեք, որ նվագեմ։

— Ինչ որ սրտներդ ուզում է,-անտարբեր պատասխանեց Արկադին։

— Ավելի շատ ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում,— կրկնեց Կատյան, առանց իր դիրքը փոխելու։

— Կլասիկ,— միևնույն ձայնով պատասխանեց Արկադին։

— Մոցարտ սիրո՞ւմ եք։

— Մոցարտ սիրում եմ։

Կատյան հանեց Մոցարտի ցե-մոլ սոնատ-անուրջը։ Նա շատ լավ էր նվագում, թեպետ և նվաղածը փոքր-ինչ չոր ու ցամաք էր։ Առանց աչքը նոտաներից հեռացնելու, շրթունքները պինդ սեղմած, անշարժ և ուղիղ նստել էր նա, և միայն սոնատն ավարտելու ժամանակ նրա դեմքը փոքր-ինչ վառվեց և արձակված մազերի մի փոքրիկ խոպոպ ընկավ սև հոնքի վրա։

Արկադիի վրա ավելի ազդեց սոնատի վերջին մասը, այն մասը, ուր անհագ նվագի զմայլելի զվարթության մեջ հանկարծ ծագում են խիստ թախծալի, համարյա եղերական վշտի բռնկումները...

Բայց Մոցարտի ձայների ներգործությունից նրա մեջ առաջացած մտքերը Կատյայի վերաբերմամբ չէին։ Արկադին նրան մտիկ տալով միայն մտածում էր. «Իսկապես, այս աղջիկը վատ չի նվազում, ինքն էլ վատը չէ»։

Կատյան, սոնատը վերջացնելով, առանց ձեռքը ստեղծներից հեռացնելու, հարցրեց՝ «Բավակա՞ն է»։ Արկադին հայտնեց, որ չի համարձակվում նրան ավելի նեղություն տալ, և սկսեց Մոցարտի մասին նրա հետ խոսել, և հարցրեց Կատյային, թե ի՞նքն է իր այդ սոնատը հավանել, թե՞ ուրիշն էր նրան առաջարկել։ Բայց Կատյան միօրինակ այո կամ էր ասում, նա իր մեջ քաշվել, թաք էր կացել։ Այդպիսի դեպքում նա հեշտությամբ դուրս չէր գալիս, նրա դեմքն է համառ, համարյա բութ արտահայտություն էր ստանում նա չէ թե քաշվող էր, բայց կասկածամիտ էր և իրեն դաստիարակող քրոջից աչքը մի քիչ վախեցել էր, մի բան, ո Աննա Սերգեևնայի մտքովն էլ չէր անցնում։ Արկադին վերջո մոտ կանչելով Ֆիֆիին, որ ներս էր եկել, սկսեց ձևի համար շփել նրա գլուխը։ Կատյան նորից իր ծաղիկները սկսեց ջոկել։

Իսկ այդ միջոցին Բազարովը իրար հետևից խաղատունգանք էր դնում հա գնում։ Աննա Սերգեևնան շատ վարպե էր խաղում։ Պորֆիրի Պլատոնիչն էլ ամոթով մնացողը չէր Բազարովը տանուլ տվեց թեպետ քիչ, բայց և այնպես նրա համար զգալի բան։ Ընթրիքի ժամանակ Աննա Սերգեևնան դարձյալ բուսաբանության մասին խոսք բաց արեց։

— Վաղը առավոտյան եկեք զբոսանքի գնանք,— ասա նա Բազարովին,— ուզում եմ ձեզանից իմանալ դաշտայի ծաղիկների լատիներեն անուններն ու նրանց հատկությունները։

— Ինչների՞դ է հարկավոր լատիներեն անունները, հարցրեց Բազարովը։

— Ամեն բանի մեջ կարգ ու կանոն պետք է,— պատասխանեց տիկինը։

— Ինչ հրաշալի կին է եղել այդ Աննա Սերգեևնան,— բացականչեց Արկադին, երբ որ իր բարեկամի հետ մենակ մնաց իրենց հատկացրած սենյակում։

— Այո,— պատասխանեց Բազարովը,— խելքը գլխին կին է։ Ով է իմանում ինչե՜ր է տեսել։

— Այդ ի՞նչ մտքով ես ասում,— Եվգենի Վասիլիչ։

— Լավ մտքով, լավ, հարգելի պարոն, Արկադի Նիկոլայիչ։ Հավատացած եմ, որ նա իր կալվածքն էլ է լավ կառավարում։ Բայց հրաշալին նա չէ, այլ նրա քույրը։

— Ի՛նչ, այդ թուխ աղջի՞կը։

— Այո, այդ թուխ աղջիկը։ Գիտես, թարմ է, ձեռք չի տրված, և՛ վեհերոտ է, և՛ լռակյաց է, և՛ ամեն բան, ինչ որ ուզես։ Ա՛յ, ում հետ արժե զբաղվել։ Նրան ինչպես որ ուզես, այնպես կդարձնես, մինչդեռ մյուսը էկն անցած խմոր է։

Արկադին ոչինչ չպատասխանեց Բազարովին, և յուրաքանչյուրը նրանցից իր առանձին մտքերով պառկեց քնելու։

Այդ երեկո Աննա Սերգեևնան էլ մտածում էր հյուրերի մասին։ Բազարովը նրան դուր էր եկել իր կտրուկ դատողությամբ և կոտրատվելու սովորություն չունենալու համար։ Բազարովը նրա համար մի նոր, դեռ իրեն չհանդիպած մարդ էր, իսկ նա ինքը հետաքրքրվող բնավորություն ուներ։

Աննա Սերգեևնան բավական տարօրինակ կին էր։ Նա, ազատ լինելով որևէ նախապաշարմունքից, չունենալով նաև մի որևէ զորեղ հավատալիք, միևնույն ժամանակ ոչ մի բանի առաջ տեղի չէր տալիս և ոչ մի տեղ էլ չէր գնում։ Շատ բան նա պարզ տեսնում էր, շատ բան զբաղեցնում էր նրան, բայց և ոչ մի բան լիովին չէր գոհացնում նրան, և դժվար թե նա լիովին էլ գոհացումն ուզենար։ Նրա միտքը միաժամանակ և՛ հետախուզող էր, և՛ անտարբեր, նրա տարակուսանքները երբեք մինչև մոռացության աստիճանի չէին խաղաղում և երբեք մինչև հուզմունքի աստիճանի չէին աճում։ Եթե հարուստ և անկախ չլիներ, գուցե նա մտներ կռվի մեջ, իմանար ի՞նչ բան է կիրքը... Բայց նրա կյանքը թեթև էր, չնայելով, որ երբեմն ձանձրույթ էր զգում, և նա առանց շտապելու, երբեմն միայն հուզվելով, օրերն անց էր կացնում իրար հետևից։ Երբեմն նրա աչքի առաջն էլ բռնկվում էին, պայծառ գույները, բայց երբ նրանք մարում էին, նա հանգստանում էր և երբեք չէր ափսոսում նրանց համար։ Մինչև անգամ նրա երևակայությունը թռչում անցնում էր այն սահմաններից դուրս, որ սովորական բարոյականի օրենքներով թույլատրելի էր համարվում, բայց այդ ժամանակ ևս նրա արյունը խաղաղ հոսում էր նրա զմայլելի, վայելչակազմ և խաղաղ մարմնի մեջ։ Պատահում էր, որ դուրս գալով տաքացած ու քնքշացած անուշաբույր լոգարանից, նա սկսում էր անուրջների մեջ ընկնել մտածելով կյանքի ունայնության, վշտի, աշխատանքի և չարիքի մասին... Հոգին լցվում էր հանկարծական համարձակությամբ, եռում էր ազնիվ ձգտումներով, բայց հենց որ կիսաբաց պատուհանից փչում էր թափանցող քամին, Աննա Սերգեևնան, բոլորովին կուչ եկած՝ սկսում էր գանգատվել և համարյա զայրանալ, և այդ րոպեին նրան միայն մի բան էր պետք որ այդ անպիտան քամին չփչի իր վրա։

Ինչպես այն բոլոր կանայք, որոնք դեռ չեն կարողացել սիրել, Աննա Սերգեևնան էլ մի բան էր ուզում, բայց թե ինչ ինքն էլ չէր իմանում։ Իսկապես նա ոչինչ չէր ուզում, թեպետ իրեն թվում էր, թե ամեն բան ուզում է։ Հանգուցյալ Օդինցովին նա դժվարությամբ էր հանդուրժում (նա հաշվով էր Օդինցովի հետ ամուսնացել, թեպետ և նա, հավանորեն, չէր համաձայնվի նրա կինը դառնալու, եթե նա Օդինցովին բարի մարդ չհամարեր) և գաղտնի զզվանք տածեց դեպի բոլոր տղամարդիկն էլ, որոնց նա պատկերացնում էր որպես փնթի, ծանր և դանդաղկոտ, անզոր, տաղտկացուցիչ էակներ։ Մի անգամ արտասահմանում մի ինչ-որ տեղ հանդիպել էր ասպետական դեմքով, բաց ճակատի տակից փայլող ազնիվ կապույտ աչքերով մի երիտասարդի, գեղեցիկ շվեդացու երիտասարդը զորեղ տպավորություն էր գործել նրա վրա, բայց այդ բանը արգելք չեղավ Ռուսաստան վերադառնալու։

«Տարօրինակ մարդ է այս բժիշկը», մտածում էր Աննա Սերգեևնան պառկած իր փառահեղ անկողնում, ժանեկավոր բարձերի վրա և մետաքսյա թեթև վերմակի տակ... Նա իր հորից ժառանգել էր նրա դեպի շքեղությունն ունեցած հակումների մի մասը։ Նա խիստ սիրում էր իր հանցագործ, բայց բարի հորը, իսկ հայրն էլ պաշտում էր աղջկան և որպես իրեն հավասարի, բարեկամաբար հանաքներ էր անում հետը, և լիովին վստահում էր նրան, հետը խորհուրդ անում։ Նա իր մորը հազիվ էր հիշում։

«Տարօրինակ մարդ է այս բժիշկը», կրկնում էր նա ինքն իրեն։ Նա ձգվեց-մեկնվեց, ժպտաց, ձեռները գլխի վերևը գցեց, հետո աչքի անցկացրեց մի ֆրանսիական հիմար վեպի մի երկու թերթ, գիրքը ձեռքից վայր գցեց և, բոլորովին մաքուր ու սառն, քնեց մաքուր ու քաղցրաբույր սպիտակեղենի մեջ։

Հետևյալ առավոտ նախաճաշից անմիջապես հետո Աննա Սերգեևնան Բազարովի հետ գնաց բուսաբանությամբ պարապելու և վերադարձան ճաշից առաջ։ Արկադին ոչ մի տեղ չգնաց և մի ժամի չափ Կատյայի հետ անցկացրեց։ Կատյայի հետ նա ձանձրույթ չզգաց։ Կատյան ինքն առաջարկեց նրա համար երեկվա սոնատը կրկնել, բայց երբ վերջապես Օդինցովան վերադարձավ, երբ Արկադին տեսավ նրան— իսկույն սիրտը ճմլվեց... Օդինցովան պարտեզով գալիս էր հոգնած քայլերով, այտերը կարմրել էին, աչքերը, հարդյա գլխարկի տակ, սովորականից ավելի էին փայլում։ Նա մատների արանքում պտույտ էր ածում մի վայրի ծաղկի նուրբ ցողունը, թեթև թիկնոցը իջել էր արմունկների վրա, և գլխարկի լայն մոխրագույն ժապավենները կպել էին կրծքին։ Բազարովը, ինչպես միշտ, ինքնավստահ և իր անհոգ սովորական քայլվածքով հետևում էր նրան, բայց նրա դեմքի զվարթ և մինչև անգամ սիրալիր արտահայտությունը Արկադիին դուր չեկավ։ Բազարովը ատամների արանքով «բարև» ասելով գնաց սենյակ, իսկ Օդինցովան մտամոլոր սեղմեց Արկադիի ձեռքն ու նույնպես անցավ մոտից։

— «Բարև»...— մտածեց Արկադին։— «Մի՞թե մենք այսօր չէի՞նք տեսնվել»։

XVII

Ժամանակը (ինչպես հայտնի է) երբեմն թռչում է թռչունի պես, երբեմն էլ սողում է սողունի պես։ Բայց մարդուս համար լավ է լինում մանավանդ այն ժամանակ, երբ նա մինչև անգամ չի էլ նկատում շո՞ւտ է անցնում ժամանակը, թե դանդաղ։ Բազարովն ու Արկադին էլ հենց այդպես անցկացրին մի տասնհինգ օր Օդինցովայի տանը։ Այդ բանին մասամբ նպաստում էր այն կարգ ու կանոնը, որ Օդինցովան մտցրել էր իր տան ու կենցաղավարության մեջ։ Նա ճշտությամբ պահպանում էր այդ կարգ ու կ՚սնոնը և ուրիշներին էլ ստիպում նույնն անելու։ Օրվա ընթացքում ամեն բան իր ժամանակին էր կատարվում։ Առավոտյան ժամը ուղիղ ութին ամենքը հավաքվում էին թեյ խմելու, թեյից հետո մինչև նախաճաշ յուրաքանչյուրն ինչ ուզում էր, այն էր անում։ Տանտիկինն ինքը զբաղվում էր կառավարչի (կալվածքը վարձով էր տրված), սենեկապանների, տնտեսուհիների հետ։ Ճաշից առաջ դարձյալ բոլորով հավաքվում էին զրույց անելու կամ ընթերցանությամբ պարապելու. երեկոն նվիրվում էր զբոսանքի, երաժշտության, թղթախաղի. Ժամը տասմկեսին Աննա Սերգեևնան քաշվում էր իր սենյակը, հաջորդ օրվա համար կարգադրություններ անում և պառկում քնելու։ Ամենօրյա կյանքի այս չափած-ձևած, փոքր-ինչ հանդիսավոր կանոնավորությունը Բազարովին դուր չէր գալիս «Կարծես սլլում ես ռելսերով»,— հավատացնում էբ նա, համազգեստ հագած սպասավորները, կազմ-պատրաստ կանգնած սենեկապանները վիրավորում էին նրա դեմոկրատական զգացմունքը։ Նրա կարծիքով, թե որ բանն այդտեղ է հասել, ապա ուրեմն պետք էր անգլիական ձևով էլ ճաշել, այսինքն ֆրակով ու սպիտակ փողպատով։ Նա մի անգամ այդ մասին բացատրվեց հենց իր՝ Աննա Սերգեևնայի հետ։ Սա իրեն այնպես էր պահում, որ ամեն մեկն էլ առանց քաշվելու կարող էր նրա առաջ իր կարծիքները հայտնել։ Օդինցովան լսեց նրա ասածներն ու պատասխանեց «Ձեր տեսակետից դուք իրավացի եք և, գուցե, այս դեպքում իմ արածս խանումություն է, բայց գյուղում չի կարելի առանց կարգ ու կանոնի ապրել, ձանձրույթը կհաղթահարի», և շարունակում էր իր ուզածի պես անել։ Բազարովը քրթմնջում էր, բայց եթե նրա ու Արկադիի համար ժամանակը այդպես թեթև էր անցնում Օդինցովայի մոտ, պատճառն այն էր, որ այդ տանն ամեն բան «սլլում էր, ինչպես ռելսերի վրա»։ Այդ բոլորով հանդերձ, հենց Նիկոլսկոյե գալու առաջին իսկ օրվանից փոփոխություն առաջացավ Բազարովի մեջ, դեպի որը Աննա Սերգեևնան ակնհայտ կերպով բարեհաճ էր, թեպետ քիչ էր պատահում, որ հետը համակարծիք լիներ։ Բազարովի մեջ սկսեց երևան գալ մի ներքին վրդովմունք, որ առաջ չկար, շուտ էր գրգռվում, խոսում էր ակամա, նայում էր բարկացկոտ, և մի տեղ հանգիստ նստել չէր կարողանում, կարծես ասեղի վրա նստած լիներ։ Իսկ Արկադին, որ վերջնականապես ինքն իրեն վճռել էր, թե սիրահարված է Օդինցովային, սկսեց խաղաղ թախծության անձնատուր լինել։ Ասենք այդ թախիծը նրան արգելք չէր լինում Կատյայի հետ մոտիկանալու, դա նույնիսկ նրան նպաստեց քաղցր, բարեկամական հարաբերություններ հաստատելու Կատյայի հետ։ «Նա ինձ չի գնահատում։ Հոգ չէ… Բայց ահա այս բարի էակը ինձ չի մերժում»,— մտածում էր նա, և նրա հոգին վերստին ճաշակում էր վեհանձն զգացողության քաղցրությունը։ Կատյան աղոտ կերպով ըմբռնում էր, որ Արկադին մի ինչ-որ սփոփանք էր որոնում իր հասարակության մեջ, և չէր մերժում ոչ նրան և ոչ էլ իրեն կիսաամոթխած, կիսավստահ բարեկամության անմեղ հաճույքում։ Աննա Սերգեևնայի ներկայությամբ նրանք իրար հետ չէին խոսում. Կատյան քրոջ սուր հայացքի տակ միշտ կուչ էր գալիս, իսկ Արկադին, ինչպես որ այդ վայել էր սիրահարված մարդուն, չէր կարող ուշադրություն դարձնել ոչ մի ուրիշ բանի վրա, քանի իր սիրո առարկան մոտիկ է։ Բայց նա իրեն միայն Կատյայի հետ էր լավ զգում։ Նա զգում էր, որ անկարող էր Օդինցովային զբաղեցնել։ Արկադին քաշվում էր և գլուխը կորցնում, երբ նրա հետ մենակ էր մնում։ Օդինցովան նույնպես չէր իմանում, թե ինչ ասեր սրան. Արկադին դեռ շատ երիտասարդ էր նրա համար։ Ընդհակառակը, Կատյայի հետ Արկադին բոլորովին ազատ էր նա ներողամտաբար էր վերաբերվում Կատյային, չէր արգելում նրան արտահայտելու իր տպավորությունները, որ երաժշտությունը, կարդացած վիպակը, ոտանավորը և ուրիշ դատարկ բաներ առաջացնում էին՝ նրա մեջ՝ առանց նկատելու որ այդ դատարկ բաները իրեն, Արկադիին էր զբաղեցնում։ Իսկ Կատյան էլ իր կողմից նրան արգելք չէր լինում թախծելու։ Արկադին իրեն լավ էր զգում Կատյայի հետ, Օդինցովան՝ Բազարովի հետ, ուստի սովորաբար ինչպես էր պատահում, որ երկու զույգերը, մի քիչ ժամանակ միասին լինելուց հետո, իրարից բաժանվում էին, ամեն մի զույգ մի կողմ էր քաշվում, մանավանդ զբոսանքների ժամանակ։ Կատյան պաշտում էր բնությունը, Արկադին էլ էր սիրում, թեպետ չէր համարձակվում խոստովանել։ Օդինցովան դեպի բնությունը բավական անտարբեր էր, նույնն էր և Բազարովը։ Մեր բարեկամների համարյա մշտապես իրարից անջատ լինելը առանց հետևանքների չմնաց, նրանց փոխհարաբերությունները սկսեցին փոխվել։ Բազարովն այլևս Արկադիի հետ Օդինցովայի մասին չէր խոսում, նույնիսկ դադարեց Օդինցովայի «ազնվականական հակումների» վրա հարձակվել։ Ճիշտ է, առաջվա նման այժմ էլ էր Կատյային գովում և Արկադիին միայն խորհուրդ էր տալիս չափավորել այդ աղջկա զգայական հակումները, բայց նրա այդ գովասանքները հապճեպ էին, խորհուրդները չոր, և առհասարակ նա այժմ Արկադիի հետ զրուցում էր առաջվանից շատ ավելի քիչ-նա կարծես նրանից խույս էր տալիս, կարծես նրանից ամաչում էր Արկադին այս ամենը նկատում էր, բայց իր դիտողությունները պահում էր իր մեջ։

Այս բոլոր «նորության» իսկական պատճառն այն զգացմունքն էր, որ Օդինցովան առաջացրել էր Բազարովի մեջ, մի զգացմունք, որ տանջում, կատաղեցնում էր նրան, և որից նա անմիջապես արհամարհական քրքիջով ու ցինիկ հայհոյանքով հրաժարվելով կհրաժարվեր, եթե մեկնումեկը թեկուզ հեռավոր կերպով ակնարկ աներ այն մասին, ինչ որ նրա մեջ կատարվում էր։ Բազարովը սաստիկ կնասեր էր, սիրում էր կանանց գեղեցկությունը, բայց սերը իդեալական իմաստով կամ, ինչպես ինքն էր ասում, ռոմանտիկորեն, անհեթեթություն, աններելի հիմարություն էր կոչում, ասպետական զգացմունքները մի տեսակ այլանդակություն կամ հիվանդություն էր համարում, և շատ անգամ էր զարմանք հայտնել, թե ինչո՞ւ Տոգհենբուրգին, բոլոր մինեզենգերների ու տրուբադուրների հետ միասին, դեղին տունը չեն նստեցրել։ «Եթե կինը քեզ դուր է գալիս, աշխատիր նպատակիդ հասնել,— ասում էր նա,— իսկ եթե չի կարելի, դե՛, հարկավոր էլ չէ. նրանից շուռ եկ-աշխարհքիս երեսին հո մենակ դա չէ՞»։ Օդինցովան նրան դուր էր գալիս, այդ կնոջ մասին տարածված լուրերը, նրա մտքերի ազատությունն ու անկախութւունը, դեպի Բազարովը տածած անկասկած համակրությունը, այս ամենը, ըստ երևույթին, Բազարովի օգտին էին։ Սակայն Բազարովը շուտով հասկացավ, որ «նրանից բան չի դուրս գա», իսկ նրանից շուռ գալ, երես դարձնել, ի մանս նրա, ուժ չուներ։ Հենց որ Օդինցովան միտքն էր ընկնում, սկսում էր արյունը բորբոքվել, ասենք նա հեշտությամբ կարող էր իր արյունը հանդարտեցնել, բայց նրա մեջ մի ուրիշ բան էր բուն դրել, որը նա երբեք չէր ենթադրում, որը նա շարունակ ծաղրել էր, որը գրգռում էր նրա ամբողջ ինքնասիրությունը, վրդովում հպարտությունը։ Աննա Սերգեևնայի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ նա առաքվանից էլ ավելի էր արտահայտում իր անտարբեր արհամարհանքը դեպի ամեն ռոմանտիկ բան. իսկ երբ մենակ էր մնում, զայրույթով ընդունում էր, որ հենց ինքն էլ ռոմանտիկ է։ Այն ժամանակ գնում էր անտառ, սկսում էր խոշոր քայլերով ման գալ ու հանդիպած ճյուղերը ջարդոտել և, հազիվ լսելի ձայնով, իրեն էլ, Օդինցովային էլ կշտւսմ-րել, կամ թե չէ դնում, մտնում էր խոտանոցը կամ մարագը, աչքերր պինդ փակում և ինքն իրեն .ստիպում քնել, որը, իհարկե, հաջողվում էր ոչ ամեն ժամանակ։ Մեկ էլ հանկարծ նրան թվում էր, թե երբևիցե այդ ողջախոհ ձեռները իր վզովը կփաթաթվեն, թե այդ հպարտ շրթունքներն արձագանք կտան իր համբույրներին, թե այդ խելոք աչքերը քնքշությամբ, քնքշությամբ կանգ կառնեն իր աչքերի վրա, և դրա— ետ Գ1”՚լսԸ կպտտվի և մի վայրկյան ինքը մոռացության մեջ Կընկնի, մինչև որ դարձյալ իր մեջ կբորբոքվի զայրույթր։ նա հաճախ որսում էր իրեն ամեն տեսակի «ամոթալի» խոհերում, ասես թե դևը նրան գրգռելիս լիներ։ Երբեմն նրան այնպես էր թվում, թե Օդինցովայի մեջ էլ է փոփոխություն առաջանում, որ նրա դեմքի արտահայտության մեջ մի նոր բան է երևում, որ գուցե... Բայց այդպիսի պարագային նա սովորաբար ոտները գետնին էր խփում կամ ատամները կրճտացնում և բռունցքով ինքն իրեն սպառնում։

Մինչդեռ Բազարովը շատ էլ չէր սխալվում։ Նա խիստ ներգործություն էր ունեցել Օդինցովայի երևակայության վրա, նա զբաղեցնում էր Օդինցովային և վերջինս նրա մասին շատ էր մտածում։ Բազարովի բացակայությամբ Օդինցովան չէր կարոտում, չէր սպասում նրան, բայց երբ որ Բազարովը գալիս էր, նա իսկույն կենդանանում էր։ Օդինցովան հաճույքով նրա հետ մնում էր մենակ, հաճույքով հետը զրուցում էր, նույնիսկ այն միջոցին, երբ Բազարովը զայրացնում էր նրան կամ նրա ճաշակը, գեղեցիկ սովորույթները վիրավորում։ Ասես թե Օդինցովան ուզում էր թե նրան փորձել և թե իրեն ստուգել։

Մի անգամ Բազարովը պարտեզում Օդինցովայի հետ զբոսնելիս հանկարծ մռայլ ձայնով ասաց, որ շուտով մտադիր է գնալ գյուղ՝ հորը տեսության... Օդինցովան գույնը գցեց, կարծես թե մի բան նրա սիրտը ծակեց, և այնպես ծակեց, որ ինքն էլ զարմացավ, և հետո երկար մտածում էր, թե արդյոք այդ ի՞նչ էր նշանակում։ Բազարովը իր գնալու մասին այն մտքով չասաց, որ նրան փորձի, որ տեսնի, թե դրանից ինչ դուրս կգա. նա երբեք չէր «հնարում»։ Այդ օրը առավոտյան նա տեսնվել էր իր նախկին սպասավորի, այժմ իր հոր գործակատար Տիմոֆեյիլի հետ։ Այդ Տիմոֆեյիչը, որ խունացած դեղին մազերով, քամուց վառված կարմիր դեմքով և արտասուքի կաթիլներից կուչ եկած աչքերով մի փորձված, ճարպիկ ծերուկ էր, անակնկալ կերպով, հաստ մոխրա-կապտավուն մահուղե կարճիկ կիսամուշտակը հագին, մեջքին փոկի կտոր կապած, ձյութով օծած կոշիկները ոտին, բուսավ Բազարովի առաջ։

— Հը, ծերուկ, բարև,— բացականչեց Բազարովը։

— Աստուծու բարին ձեզ, իմ հոգի, Եվգենի Վասիլիչ,— սկսեց խոսել ծերունին և զվարթագին ժպտաց, որի պատճառով նրա ամբողջ դեմքը կնճիռներով ծածկվեց։

— Հը, ինչո՞ւ ես եկել։ Չլինի՞ թե հետևիցս են ուղարկել։

— Ինչ եք ասում, տեր իմ, ինչպե՞ս կարելի է,— թոթովեց Տիմոֆեյիչը (նա հիշեց աղայի խիստ պատվերը, որ ճանապարհ դնելիս տվել էր իրեն)։— Աղայիս գործերով քաղաք էի գնում, լսեցի ձերդ ողորմածության այստեղ լինելու մասին, դե ճամփի վրա էր, ասեցի, գնամ մի տեսնեմ… թե չէ ինչպես կարելի է հրամանոցդ անհանգիստ անել։

— Դե լավ, մի խաբիր,— ընդհատեց նրան Բազարովը։— Մի՞թե այստեղով է գնում քաղաքի ճանապարհը։

Տիմոֆեյիչը ծամծմեց և ոչինչ չապատասխանեց։

— Հայրս առո՞ղջ է։

— Փառք աստուծո, առողջ է։

— Մա՞յրս էլ։

— Արինա Վլասևնան էլ, փառք աստուծո։

— Ինձ երևի սպասում են։

Ծերունին իր փոքրիկ գլուխը մի կողմ թեքեց։

— Ախ, Եվգենի Վասիլիչ, ախր ինչպես չսպասեն։ Հավատա աստծուն, ծնողներիդ նայելիս՝ սրտիցս արյուն է կաթում։

— Դե, լավ, լավ. մի նկարագրի։ Նրանց ասա, որ շուտով կգամ։

— Շատ բարի,— հառաչելով պատասխանեց Տիմոֆեյիչը։

Ծերունին տնից դուրս գալով, երկու ձեռքով գլխարկը քաշեց գլխին, բարձրացավ դուրսը դարպասի առաջ թողած աղքատիկ ճեպակառքը ու թեթև վազքով ճանապարհ ընկավ, միայն թե ոչ քաղաքի ուղղությամբ։

Նույն օրը երեկոյան Օդինցովան Բազարովի հետ միասին նստած էր իր սենյակում, իսկ Արկադին դահլիճում ման էր գալիս ու Կատյայի նվագը ականջ դնում։ Իշխանուհին վերև, իր սենյակումն էր, նա առհասարակ հյուրեր չէր սիրում, մանավանդ այս «նորելուկ լկտիներին», ինչպես ասում էր նա։ Հանդիսավոր սենյակներում նա ինքն իրեն ուռչում էր միայն, մինչդեռ իր սենյակում, իր աղախնի առաջ, երբեմն այնպիսի հայհոյանքներ էր թափում, որ գլխազարդը կեղծամի հետ վեր-վեր էր թռչկոտում գլխի վրա։ Օդինցովան այս ամենը գիտեր։

— Ինչպե՞ս թե ուզում եք գնալ,— ասաց նա,— հապա ձեր խոստո՞ւմը։

Բազարովը սթափվեց։

— Ո՞ր խոստումը։

— Մոռացե՞լ եք։ Ուզում էիք ինձ քիմիայից մի քանի դաս տալ։

— Ինչ արած։ Հայրս ինձ սպասում է, այլևս հապաղել չի կարելի։ Ասենք դուք կարող եք կարդալ Pelouse et Frémy-ի «Notions générals de Chimie»[39] լավ գիրք է ու պարզ էլ գրված։ Ինչ որ պետք է, դուք նրա մեջ կգտնեք։

— Իսկ հիշո՞ւմ եք, ինձ հավատացնում էիք, թե գիրքը չի կարող փոխարինել… չեմ հիշում, թե ինչպես ասացիք, բայց գիտեք, թե ես ինչ եմ ուզում ասել… Հիշո՞ւմ եք։

— Ինչ արած,— կրկնեց Բազարովը։

— Ւ՞նչ կա գնալու,— ասաց Օդինցովան ձայնը ցածրացնելով։

Բազարովը նայեց նրան։ Օդինցովան գլուխը ետ գցած, բազկաթոռի մեջքին, մինչև արմունկները բաց թևերը ծալել էր կրծքին։ Մի հատ լամպարի լույսի տակ, որի վրա թղթից շինած ցանց էր անցկացրած, նրա դեմքը դժգույն էր։ Սպիտակ լայն շրջազգեստը իր նուրբ ծալքերով ամբողջովին ծածկել էր նրան, հազիվ երևում էին նրա ոտների ծայրերը, նույնպես իրար վրա բերած։

— Իսկ ինչի՞ համար մնալ,— պատասխանեց Բազարովը։

Օդինցովան գլուխը թեթևակի շրջեց։

— Ինչպե՞ս թե ինչի համար։ Մի՞թե ձեզ համար ուրախ չէ ինձ մոտ։ Թե դուք կարծում եք, որ այստեղ չե՞ն ափսոսա ձեր գնալու համար։

— Համոզված եմ։

Օդինցովան լռեց։

— Իզուր եք այդպես կարծում։ Ասենք ես ձեր ասածին չեմ հավատում։ Դուք չէիք կարող այդ բանը լրջորեն ասել։

Բազարովը շարունակում էր անշարժ նստել։

— Եվգենի Վասիլևիչ, ինչի՞ եք լռել։

— Ինչ ասեմ ձեզ։ Առհասարակ չարժե մարդկանց մասին ափսոսալ, իսկ իմ մասին առավել ևս։

— Այդ ինչո՞ւ։

— Ես դրական, անհետաքրքիր մարդ եմ։ Խոսել չգիտեմ։

— Դուք, Եվգենի Վասիլևիչ, ուզում եք, որ ձեզ հաճո յախոսություններ անեմ։

— Ես այդպիսի սովորություն չունեմ։ Մի՞թե դուք ինքներդ չգիտեք, որ կյանքի գեղարվեստական կողմն ինձ մատչելի չէ, այն կողմը, որ դուք այնքան գնահատում եք։ Օդինցովան թաշկինակի անկյունը կծեց։

— Մտածեցեք ինչ ուզում եք,— ասաց նա,— բայց երբ գնաք, ես տաղտկություն կզգամ։

— Արկադին կմնա,— ասաց Բազարովը։ Օդինցովան թեթևակի թոթվեց ուսը։

— Ես տաղտկություն կզգամ,— կրկնեց նա։

— Իրա՞վ։ Համենայն դեպս ձեր ձանձրույթը երկար չի տևի։

— Ինչո ւ եք այդպես կարծում։

— Նրա համար, որ ինքներդ եք ինձ ասել, թե դուք ձանձրույթ կզգաք այն ժամանակ միայն, երբ որ ձեր կարգ ու կանոնը խանգարվում է։ Դուք ձեր կյանքը այնպես անսխալ ճշտությամբ կարգավորել եք, որ այստեղ չի կարող ոչ տաղտուկ լինել, ոչ կարոտ զգալ… և ոչ էլ որևէ ծանր զգացմունք։

— Եվ դուք կարծում եք, թե ես անսխալակա՞ն եմ… այսինքն, որ ես խիստ կանոնավոր դրությա՞ն մեջ եմ դրել կյանքս։

— Ինչ ասել կուզի։ Ահավասիկ, օրինակ, մի քանի րոպեից ժամը տասը կխփի, և արդեն առաջուց գիտեմ, որ դուք ինձ կվռնդեք։

— Ոչ, չեմ վռնդի, Եվգենի Վասիլևիչ, կարող եք մնալ։ Բացեք այս պատուհանը… շունչս կտրվում է։

Բազարովը վեր կացավ և հրեց պատուհանը։ Փեղկը միանգամից թրխկալով բացվեց... Բազարովը չէր կարծում, թե այդպես հեշտ է բացվում, նրա ձեռքերը դողում էին։ Խավար, քնքուշ գիշերը նայում էր սենյակի մեջ, երկինքը համարյա թե սև էր, ծառերը թեթևակի սոսափում էին, և ազատ, մաքուր օդի թարմ հոտը լցվեց սենյակի մեջ։

— Բաց թողեք վարագույրը և նստեցեք,— ասաց Օդինցովան։— Ձեր գնալուց առաջ ես ուզում եմ մի քիչ զրուցել ձեզ հետ։ Ձեր մասին մի որևէ բան պատմեցեք, դուք երբեք ձեր մասին չեք խոսում։

— Ես, Աննա Սերգեևնա, աշխատում եմ ձեզ հետ զրուել օգտակար բաների մասին։

— Շատ համեստ եք… Բայց ես կուզեի մի քանի բան իմանալ ձեր մասին, ձեր ընտանիքի մասին, ձեր հոր մասին, որի պատճառով մեզանից հեռանում եք։

«Ինչո՞ւ է այդպիսի խոսքեր ասում»,— մտածեց Բազարովը։

— Ամենևին հետաքրքրական բաներ չեն դրանք,— ասաց նա բարձր ձայնով,— մանավանդ ձեզ համար, մենք հասարակ մարդիկ ենք…

— Հապա ես, ձեր կարծիքով, արիստոկրատուհի՞ եմ։

Բազարովը աչքը Օդինցովայի վրա գցեց։

— Այո,— չափազանցրած խստությամբ ասաց նա։

Օդինցովան ծիծաղեց։

— Տեսնում եմ, դուք ինձ քիչ եք ճանաչում, թեև հավատացնում եք, թե բոլոր մարդիկ իրար նման են և որ չարժե նրանց ուսումնասիրել։ Մի ժամանակ ես իմ կյանքը կպատմեմ ձեզ... բայց առաջ դուք ձերը պատմեցեք։

— Ես ձեզ քիչ եմ ճանաչում,— կրկնեց Բազարովը։ — Գուցե դուք իրավացի եք, ով գիտե, գուցե արդարև յուրաքանչյուր մարդ մի հանելուկ է։ Թեկուզ հենց դուք, օրինակ, դուք հասարակությունից խույս եք տալիս, հասարակությունից ճնշվում եք, և ձեզ մոտ ապրելու հրավիրեցիք երկու ուսանողի։ Ինչո՞ւ դուք ձեր այդ գեղեցկությամբ, ձեր այդ խելքով ապրում եք գյուղում։

— Ինչպե՞ս։ Այդ ինչպե՞ս ասացիք,— աշխուժությամբ վրա բերեց Օդինցովան։— Իմ... գեղեցկությա՞մբ։

Բազարովը հոնքերը կիտեց։

— Այդ միևնույն է,— փնթփնթաց նա,— ուզում էի ասեի, որ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք գյուղում բնակվում։

— Այդ բանը չեք հասկանում... Բայց հո ինքներդ ձեզ ինչ-որ կերպ բացատրո՞ւմ եք այդ բանը։

— Այո... ինձ թվում է, թե դուք այն պատճառով եք շարունակ միևնույն տեղում մնում, որ ինքներդ ձեզ շատ եք փափուկ կյանքի վարժեցրել, որովհետև դուք շատ եք սիրում հեշտ, հարմարավոր կյանք վարել, իսկ մնացած ուրիշ բաների վերաբերմամբ անտարբեր եք։

Օդինցովան դարձյալ ծիծաղեց։

— Դուք կտրականապես չեք ուզում հավատալ, որ ես է, ընդունակ եմ հափշտակվելու։

Բազարովը հոնքերի տակից նրան նայեց։

— Հետաքրքրությամբ գուցե, բայց ոչ այլապես։

— Իրա՞վ։ Այժմ ես հասկանում եմ, թե մենք ինչո՞ւ իրար հետ մտերմացանք։ Չէ որ դուք էլ եք ինձ նման։

— Մենք մտերմացանք...— խուլ ձայնով ասաց Բազարովը։

— Հա... ախր ես մոռացա, որ դուք ուզում էիք գնալ։

Բազարովը վեր կացավ։ Լամպարը աղոտ վառվում էր մթնած, անուշաբույր, առանձնացած սենյակի մեջտեղում, երբեմնակի տատանվող եղեգնյա վարագույրի արանքից ներս էր զեղվում գիշերվա գրգռիչ թարմությունը, լսվում էր նրա խորհրդավոր շշունջը։ Օդինցովայի մարմնի ոչ մի մասնիկը չէր շարժվում, բայց գաղտնի հուզմունքը կամաց-կամաց համակում էր նրան... նույնը փոխանցվում էր նաև Բազարովին։ Վերջինս հանկարծ զգաց, որ ինքը մեն-մենակ է նորատի, գեղանի կնոջ հետ...

— Այդ ո՞ւր,— դանդաղությամբ արտասանեց Օդինցովան։

Բազարովը ոչինչ չպատասխանեց և նստեց աթոռակի վրա։

— Այդպես ուրեմն, դուք ինձ համարում եք մի խաղաղ, քնքշացած, երես առած էակ,— շարունակեց Օդինցովան միևնույն ձայնով, առանց աչքը պատուհանից հեռացնելու։ — Մինչդեռ, որքան ես ինձ գիտեմ, ես շատ անբախտ եմ։

— Անբախտ եք։ Ինչո՞ւ։ Մի՞թե դուք կարող եք որևէ նշանակաթյուն տալ ստոր բամբասանքներին։

Օդինցովայի դեմքը մռայլեց։ Նա վշտացավ, որ Բազարովը միտքն այդպես հասկացավ։

— Այդ բամբասանքները, Եվգենի Վասիլևիչ, մինչև անգամ իմ ծիծաղս էլ չեն շարժում, և ես այնքան եմ հպարտ, որ չեմ թույլ տա նույնիսկ, որ ինձ անհանգիստ անեն։ Ես անբախտ եմ այն պատճառով… որ իմ մեջս չկա ապրելու փափագ, ցանկություն չկա։ Կասկածանքով եք վրաս նայում. երևի մտածում եք՝ այս ասում է «արիստոկրատուհին», որը ամբողջապես ժանյակների մեջ է թաղված, նստած է մախմուրե բազկաթոռի վրա։ Ես չեմ ծածկում, սիրում եմ այն, որը դուք փափուկ կյանք եք անվանում, բայց միևնույն ժամանակ ես ապրելու քիչ ցանկություն անեմ։ Ինչպես գիտեք, այնպես էլ հաշտեցրեք այս հակասաթյանը։ Ասենք ձեր աչքում այդ ամենը ռոմանտիզմ է։

Բազարովը գլուխը շարժեց։

— Դուք առողջ եք, անկախ, հարուստ, ուրիշ ինչ է պետք։ էլ ի՞նչ եք ուզում։

— Ինչ եմ ուզում,— կրկնեց Օդինցովան և հառաչեց։— Ես սաստիկ հոգնել եմ, ծերացել. ինձ թվում է, թե շատ ժամանակ է, որ ապրում եմ։ Այո, ես ծեր եմ,— ավելացրեց նա թիկնոցի ծայրերը մերկ ձեռների վրա քաշելով։ Նրա աչքերը հանդիպեցին Բազարովի աչքերին, և նա մի փոքր կարմրեց։— Որքան հիշողություններ են մնում իմ հետևում-Պետերբուրգի կյանքս, հարստություն, ապա աղքատություն, ապա հորս մահը, ամուսնությունս, հետո ինչպես որ հարկն էր, արտասահման գնալս... Հիշողություններս շատ են, բայց հիշելու բան չկա, և առաջիկայում իմ առջև երկար ու երկար ճանապարհ է, իսկ նպատակ չկա... Ես չեմ էլ ուզում առաջ գնալ։

— Դուք այդչափ հիասթափվա՞ծ եք,— հարցրեց Բազարովը։

— Ոչ,— ընդմիջումներով ասաց Օդինցովան,— բայց ես բավարարված չեմ։ Ինձ թվում է, եթե ես կարողանայի մի բանի ամուր կապվել...

— Դուք սիրել եք ուզում,— ընդհատեց Բազարովը,— բայց սիրել չեք կարող, ահա թե որն է ձեր դժբախտությունը։

Օդինցովան սկսեց իր թիկնոցի թևերը դիտել։

— Մի՞թե չեմ կարող սիրել։

— Հազիվ թե։ Բայց ես իզուր այդ բանը դժբախտություն անվանեցի։ Ընդհակառակն, նա է ավելի շուտ ցավակցության արժանի, ում այդ բանը պատահում է։

— Ի՞նչ է պատահում։

— Սիրել։

— Դուք այգ որտեղի՞ց գիտեք։

— Լսելով գիտեմ,— բարկացած պատասխանեց Բազարովը։

«Դու կոկետություն ես անում,— մտածեց նա,— ձանձրույթ ես զգում և պարապությունից ինձ գրգռում ես, մինչդեռ ես…»։ Արդարև, նրա սիրտը ուզում էր դուրս պրծնել։

— Մանավանդ որ դուք գուցե և շատ խստապահանջ եք,— ասաց նա ամբողջ մարմնով առաջ խոնարհված ու բազկաթոռի եզերքի ժապավենի հետ խաղալով։

— Գուցե։ Իմ կարծիքով՝ կա՛մ բոլորը, կա՛մ ոչինչ։ Կյանքի դիմաց կյանք։ Թե իմը վերցրիր, տուր քոնը, և այդ ժամանակ արդեն առանց ափսոսանքի ու անդարձ։ Թե չէ ավելի լավ է ոչինչ չի հարկավոր։

— Վատ բան չէ,— նկատեց Բազարովը,— արդարացի պայման է, և ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է եղել, որ մինչև օրս… ձեր ուզածը չեք գտել։

— Իսկ դուք կարծում եք, թե հեշտ բան է լիովին անձնատուր լինել մի որևէ բանի։

— Հեշտ չէ, եթե սկսես մտածել, սպասել, ինքդ քեզ մեծ գին տալ, այսինքն թանկ գնահատել քեզ, մինչդեռ առանց երկար-բարակ մտածելու անձնատուր լինելը շատ հեշտ է։

— Ինչպե՞ս ինքդ քեզ գին չտաս։ Թե որ ես ոչ մի արժեք չունենամ, էլ ո՞ւմն է պետք իմ անձնվիրությունը։

— Այդ արդեն իմ գործը չէ. այդ արդեն ուրիշի գործն է՝ քննել իմ գինը։ Գլխավորը պետք է կարողանալ անձնատուր լինել։

Օդինցովան բազկաթոռի մեջքից մի քիչ բաժանվեց։

— Այնպես եք խոսում, կարծես թե դուք այդ ամենը փորձել եք,— սկսեց նա։

Խոսքը վրա եկավ՝ ասացի, Աննա Սերգեևնա, գիտեք, այդ ամենը իմ խելքի բանը չեն։

— Բայց դուք ինքներդ կկարողանայի՞ք անձնատուր լինել։

— Չգիտեմ, չեմ ուզում պարծենալ։

Օդինցովան ոչինչ չասաց, և Բազարովն էլ լռեց։ Ընդունարանից դաշնամուրի ձայներ հասան նրանց։

— Ինչո՞ւ է Կատյան այսպես ուշ ժամանակ նվագում,— նկատեց Օդինցովան։

Բազարովը տեղից վեր կացավ։

— Հա, ուղիղ որ արդեն ուշ է, ձեր քնելու ժամանակն է։

— Սպասեցեք, ո՞ւր եք շտապում... պետք է ձեզ միայն մի խոսք ասեմ։

— Ի՞նչ խոսք։

— Սպասեցեք,— շշնջաց Օդինցովան։ Նրա աչքերը կանգ առան Բազարովի վրա. թվում էր, թե ուշադրությամբ դիտում էր նրան։

Բազարովը քայլեց սենյակի մեջ, հետո հանկարծ մոտեցավ նրան, շտապ ասաց «մնաք բարով», նրա ձեռքն այնպես պինդ սեղմեց, որ քիչ էր մնում, թե տիկինը ճչար, ու դուրս գնաց։ Օդինցովան իրար կպած մատները շրթունքներին տարավ, վրան փչեց, և հանկարծ, բուռն կերպով վեր թռչելով բազկաթոռի վրայից, արագ քայլերով դեպի դուռը գնաց, կարծես թե կամենալով Բազարովին ետ կանչել... Աղախինը ներս մտավ սենյակ՝ արծաթե մատուցարանի վրա դրված ջրամանով։ Օդինցովան կանգ առավ, պաավիրեց սյղախինին հեռանալ, նստեց և նորից ու նորից սկսեց միտք անել։ Նրա մազերի հյուսը բացվել էր և սև օձի նման ընկել ուսի վրա։ Դեռ երկար ժամանակ լամպարը վառ էր Աննա Սերգեևնայի սենյակում, և երկար ժամանակ նա մնացել էր անշարժ և ժամանակ առ ժամանակ մատներով շփում էր իր ձեռները, որոնց դիպչում էր գիշերային ցուրտը։

Իսկ Բազարովը մի երկու ժամ անց, ցողից թրջված կոշիկներով, գզգզված ու թթված, վերադարձավ իր ննջարանը։ Արկադին, գիրքը ձեռին, սերթուկի բոլոր կոճակները կոճկած, նստած էր գրասեղանի առաջ։

— Դու դեռ չե՞ս պառկել,— ասաց նա մի տեսակ դժկամությամբ։

— Այսօր Աննա Սերգեևնայի հետ երկար նստեցիք,— ասաց Արկադին նրա հարցին չպատասխանելով։

— Այո, մինչ դուք Կատերինա Սերգեևնայի հետ դաշնամուր էիք նվագում, ես էլ նրա հետ էի նստել ամբողջ ժամանակ։

— Ես չէի նվագում... — սկսեց Արկադին ու լռեց։ Նա զգում էր, որ արցունքները լցվում էին աչքերը, մինչդեռ չէր ուզում իր ծաղրասեր ընկերոջ առաջ լաց լինել։

XVIII

Մյուս օրը, երբ Օդինցովան թեյի եկավ, Բազարովը երկար ժամանակ նստել էր գլուխը գավաթի վրա կախած, ու մեկ էլ հանկարծ նայեց նրան... Օդինցովան շուռ եկավ նրա կողմը, ասես թե նա իրեն հրեց, և Բազարովին էլ թվաց, թե տիկնոջ դեմքը մի գիշերվա մեջ թեթև կերպով դժգունել էր։ Օդինցովան շուտով գնաց իր սենյակը և մեկ էլ նախաճաշի եկավ։ Առավոտից եղանակն անձրևային էր, զբոսնելու հնար չկար։ Բոլորն էլ ընդունարանում էին հավաքվել։ Արկադին վերցրեց ամսագրի վերջին համարն ու սկսեց կարդալ։ Իշխանուհին, ըստ իր սովորության, սկզբում իր դեմքի վրա զարմանք արտահայտեց, ասես թե Արկադին մի ինչ-որ անվայել բան էր մտադրվում անել, ապա չար հայացքը սևեռեց Արկադիի վրա, բայց վերջինս նրա վրա ուշադրություն չդարձրեց։

— Եվգենի Վասիլևիչ,— ասաց Աննա Սերգեևնան,— եկեք գնանք իմ սենյակը... Ուզում եմ ձեզ հարցնել... Երեկ դուք մի ձեռնարկի անուն տվիք...

Օդինցովան վեր կացավ և դեպի դուռը գնաց։ Իշխանուհին մի այնպիսի արտահայտությամբ սկսեց իր չորս կողմը նայել, կարծես թե ուզում էր ասել. «Տեսեք, տեսեք, թե ինչպես եմ զարմանում», և դարձյալ հայացքը Արկադիի վրա սևեռեց, բայց սա ձայնը բարձրացրեց, իր կողքին նստած Կատյայի երեսին նայեց ու շարունակեց կարդալը։

Օդինցովան արագ քայլերով հասավ իր առանձնասենյակը։ Բազարովը առանց աչքերը վեր բարձրացնելու, միայն իր առաջից սահող մետաքսյա զգեստի նուրբ սուլոցին ու խշխշոցին ականջ դնելով, աշխուժությամբ հետևում էր նրան։ Օդինցովան նստեց նույն բազկաթոռի վրա, որի վրա նախօրեիս նստած էր, Բազարովն էլ իր երեկվա տեղը նստեց։

— Ուրեմն ինչպե՞ս էր այն գրքի անունը,— սկսեց Օդինցովան փոքր ինչ լռելուց հետո։ — Pelouse et Frémy, Nations générals…— պատասխանեց Բազարովը։— Ասենք, կարելի է ձեզ հանձնարարել նաև Ganot-ի Traité élémentaire de physique expérimentale[40]։ Այդ գրքի պատկերներն ավելի պարզ են և առհասարակ այդ դասագիրքը…

Օդինցովան մեկնեց ձեռքը։

— Ներեցեք ինձ, Եվգենի Վասիլևիչ, ես ձեզ այստեղ դասագրքերի մասին դատողություններ անելու համար չկանչեցի։ Ես ուզում էի մեր երեկվա խոսակցությունը վերսկսել։ Այնպես հանկարծակի հեռացաք... Ձեզ ձանձրալի չի՞ լինի։

— Ես պատրաստ եմ ձեզ լսելու, Աննա Սերգեևնա։ Բայց երեկ ինչի՞ մասին էինք խոսում մենք։ Օդինցովան խեթ հայացք ձգեց Բազարովի վրա։

— Մենք, կարծեմ, երջանկության մասին էինք խոսում։ Ես իմ մասին էի պատմում ձեզ։ Ի դեպ ահա ես հիշեցի «երջանկություն» խոսքը։ Ասացեք, ինչի՞ցն է, որ նույնիսկ երբ մենք հրճվում ենք, օրինակ, երաժշտությամբ, լավ երեկոյով, համակրելի մարդու հետ զրուցելով, ինչո՞ւ այդ ամենը թվում է, ավելի շուտ իբրև ակնարկ ինչ-որ անսահման, որևէ մի տեղ գոյություն ունեցող երջանկության մասին, քան թե իսկական երջանկություն է, այսինքն մի այնպիսի երջանկություն, որը մեր ձեռին է։ Այդ ինչի՞ց է։ Կամ գուցե դուք ոչ մի այդպիսի բան չե՞ք զգում։

— Դուք հո գիտե՞ք առածը՝ «Այնտեղ լավ է, ուր մենք չկանք»,— պատասխանեց Բազարովը,— մանավանդ որ երեկ հենց ինքներդ էիք ասողը, թե բավարարված չեք։ Այդպիսի մտքեր իսկապես, գլխիս մեջ չեն ծագում։

— Գուցե դրանք ձեզ ծիծաղելի՞ են թվում։

— Ոչ, բայց այդպիսի մտքեր գլխումս չեն ծագում։

— Իրա՞վ։ Գիտեք, ես շատ կուզենայի իմանալ, թե դուք ինչ բանի մասին եք մտածում։

— Ինչպե՞ս։ Ես ձեզ չեմ հասկանում։

— Լսեցեք, ես վաղուց էի ուզում ձեզ հետ բացատրվել։ Կարիք չկա ձեզ ասելու, այդ ինքներդ էլ լավ գիտեք, որ դուք սովորական մարդկանցից չեք։ Դուք դեռ երիտասարդ եք, և ամբողջ կյանքը ձեր առջևն է։ Ի նչ բանի եք պատսաստվում, ի՞նչ ապագա է սպասում ձեզ։ Ուզում եմ ասեի ի՞նչ նպատակի եք ձգտում, ո՞ւր եք գնում, ի՞նչ կա ձեր սրտում։ Մի խոսքով, դուք ո՞վ եք, ի՞նչ եք։

— Դուք ինձ զարմացնում եք, Աննա Սերգեևնա։ Ձեզ հայտնի է, որ ես պարապում եմ բնական գիտություններով, իսկ թե ես ո՞վ եմ...

— Այո, ո՞վ եք։

— Ես արդեն հայտնեցի ձեզ, որ ես գավառական բժիշկ եմ լինելու։

Աննա Սերգեևնան անհամբեր շարժում արեց։

— Ինչո՞ւ են այդ խոսքերը։ Ինքներդ դրան չեք հավատում։ Արկադին կարող էր ինձ այդպիսի պատասխան տալ, և ոչ դուք։

— Բայց ինչո՞վ է Արկադին…

— Հերիք է։ Մի՞թե կարելի է, որ դուք մի այդպիսի համեստ գործունեությամբ բավականանայիք, և հենց ինքներդ չե՞ք շարունակ պնդում, թե ձեզ համար բժշկությունը գոյություն չունի։ Դուք և ձեր այդ ինքնասիրությամբ՝ գավառական բժիշկ։ Դուք ինձ այդպիսի պատասխան եք տալիս, որպեսզի խույս տաք ինձանից, որովհետև դուք ոչ մի վստահություն չեք տածում դեպի ինձ։ Բայց գիտե՞ք, որ, Եվգենի Վասիլևիչ, ես կարող էի հասկանալ ձեզ, գնահատել ձեզ, ես ինքս էլ ձեզ նման աղքատ ու ինքնասեր եմ եղել, գուցե ես էլ անցել եմ այնպիսի փորձությունների միջով, ինչպես և դուք եք անցել։

— Այդ ամենը շատ լավ, Աննա Սերգեևնա, բայց ներեցեք ինձ… ընդհանրապես ես սովոր չեմ իմ մտքերս պարզելու, և իմ ու ձեր մեջ մի այնպիսի հեռավորություն կա...

— Ի՞նչ հեռավորություն։ Դուք դարձյալ կասեք, թե ես արիստոկրատուհի եմ։ Հերիք է, Եվգենի Վասիլևիչ, կարծեմ արդեն ապացուցեցի, որ...

— Դրանից բացի,— ընդհատեց Բազարովը,— ի՞նչ հարկ կա խոսել ու մտածել ապագայի մասին, որը մեծ մասամբ մեզանից չի կախված։ Առիթ կլինի մի բան անելու՝ շատ լավ, իսկ եթե առիթ չի լինի՝ գոնե այսքանովն էլ գոհ կլինես, որ նախապես իզուր տեղը չես ղատարկախոսել։

— Բարեկամական զրույցը դատարկախոսությո՞ւն եք համարում... Կամ գուցե դուք ինձ, որպես կնոջ, վստահության արժանի չե՞ք համարում։ Դուք չէ՞ որ մեզ ամենքիս էլ արհամարհում եք։

— Ձեզ որ չեմ արհամարհում, Աննա Սերգեևնա, այդ ինքներդ էլ գիտեք։

— Ոչ, ես ոչինչ չգիտեմ… բայց ենթադրենք, թե հասկանում եմ, որ ձեր ապագա գործունեության մասին դուք ցանկություն չունեք խոսելու, բայց այն, ինչ որ այժմս տեղի է ունենում ձեր ներսում։

— Տեղի է ունենում,— կրկնեց Բազարովը,— ասես թե ես մի պետություն եմ կամ հասարակություն։ Համենայն դեպս, այդ ամենևին հետաքրքրական չէ, և այն էլ, որ մի՞թե մարդս միշտ կարող է բարձր ձայնով պատմել այն, ինչ որ իր ներսում «տեղի է ունենում»։

— Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չի կարելի ասել այն, ինչ որ սրտումդ ունես։

— Դուք կարո՞ղ եք,— հարցրեց Բազարովը։

— Կարող եմ,— մի քիչ տատանվելուց հետո ասաց Աննա Սերգեևնան։

Բազարովը գլուխը խոնարհեց։

— Դուք ինձանից բախտավոր եք։

Աննա Սերգեևնան հարցական նրան նայեց։

— Ինչպես կուզեք,— շարունակեց նա,— բայց էլի ինձ մի բան ասում է, թե իզուր տեղը չէ, որ մենք իրար մոտեցանք, որ մենք լավ բարեկամներ կլինենք։ Ես հավատացած եմ, որ ձեր այդ, ինչպես ասեմ, լարվածությունը, ձեր զսպվածությունը վերջապես կչքանա։

— Իսկ դուք իմ մեջ նկատե՞լ եք զսպվածություն... էլի, ինչպես ասացիք… լարվածությո՞ւն։

— Այո։

Բազարովը վեր կացավ ու մոտեցավ պատուհանին։

— Եվ դուք կցանկայիք գիտենալ այդ լարվածությանս պատճառը, կուզեիք իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում ներսո՞ւմս։

— Այո,— պատասխանեց Օդինցովան, մի տեսակ ինքն իրեն համար էլ դեռ անհասկանալի երկյուղով։

— Եվ չե՞ք նեղանալ։

— Ոչ։

— Ո՞չ,— Բազարովը մեջքը Օդինցովային դարձրած էր կանգնել։— Ուրեմն իմացեք, որ ես ձեզ հիմարաբար, գժվածի նման սիրում եմ... Ահա, այժմ իմացաք։

Օդինցովան երկու ձեռքն էլ առաջ մեկնեց, իսկ Բազարովը ճակատը դեմ տվավ լուսամուտի ապակուն։ Նա խեղդվում էր, նրա ամբողջ մարմինր ակներև կերպով թպրտում էր, բայց դա պատանեկական վեհերկոտության դողը չէր, անդրանիկ խոստովանության քաղցր սարսափը չէր նրան պաշարածը, դա բուռն և ծանր կիրքն էր նրա մեջ շարժվում, մի կիրք, որ նման էր ցասման և, գուցե նաև, դրա նման մի բանի… Օդինցովան և սարսափեց, և խղճաց նրան։

— Եվգենի Վասիլևիչ,— խոսեց նա, և ակամա քնքշություն լսվեց նրա ձայնի մեջ։

Բազարովն արագ շուռ եկավ, լափող հայացք ձգեց Օդինցովայի վրա, և, նրա երկու ձեռքից բռնելով, քաշեց ու սեղմեց իր կրծքին։

Օդինցովան իսկույն չազատվեց նրա գրկից, բայց մի ակնթարթ հետո նա արդեն կանգնել էր հեռու անկյունում և այնտեղից Բազարովին էր նայում։ Բազարովը նետվեց դեպի նա...

— Դուք իմ միտքս չհասկացաք,— շշնջաց Օդինցովան շտապ երկյուղով։ Թվում էր, թե բավական է Բազարովր մի քայլ էր աներ, և Օդինցովան պիտի ճչար... Բազարովը շրթունքները կծեց ու դուրս գնաց։

Կես ժամից հետո աղախինը Բազարովից մի երկտող բերեց Աննա Սերգեևնային, «Պետք է այսօր ևե՞թ գնամ այստեղից, թե կարող եմ մինչև վաղը մնալ»։ «Ի՞նչ հարկ կա գնալու։ Ես ձեզ չէի հասկանում, դուք էլ իմ միտքը չհասկացաք»,— պատասխանեց Աննա Սերգեևնան, իսկ ինքը մտածեց՝ «Ինքս ինձ էլ չէի հասկանում»։

Մինչև ճաշ Օդինցովան դուրս չեկավ, և ձեռները ետևը դրած, երբեմն-երբեմն կանգ առնելով մերթ պատուհանի ու մերթ հայելու առաջ, շարունակ ետ ու առաջ ման էր գալիս իր սենյակի մեջ և թաշկինակով դանդաղ-դանդաղ սրբում վիզը, որի վրա նրան շարունակ թվում էր, թե այրող բիծ կա։ Նա ինքն իրեն հարցնում էր, թե ի՞նչն էր իրեն դրդում Բազարովին ստիպելու, որ անկեղծ լինի, և թե արդյոք ինքը մի բան չէ՞ր կասկածում… «Մեղավոր եմ,— ասաց նա բարձրաձայն,— բայց չէի կարող նախատեսել, որ կարող է մի այդպիսի բան լինել»։ Նա մտքի մեջ էր ընկնում ու կարմրում՝ մտաբերելով Բազարովի համարյա գազանային դեմքը, երբ նա իր վրա հարձակվեց…

«Թե՞»,— արտասանեց նա հանկարծ և կանգ առավ ու խոպոպիկը թափ տվեց… Նա իրեն տեսավ հայելու մեջ, իր ետ գցած գլուխը խորհրդավոր ժպիտը կիսախուփ, կիսաբաց աչքերին ու շրթունքներին, կարծես թե այդ րոպեին մի այնպիսի բան էր ասում նրան, որից ինքն էլ շփոթվեց…

«Ո՛չ,— վերջապես վճռեց նա,— ով է իմանում բանը որտեղ կհասներ, այդպիսի բանով կատակ անել չի կարելի, էլի աշխարհիս երեսին ամենալավը հանգստությունն է»։

Նրա հանգիստը չխախտվեց, բայց նա տխրեց, մինչև իսկ մի անգամ էլ լաց եղավ, թեպետ ինքն էլ չհասկացավ, թե ինչու, այնուամենայնիվ այդ լացը հասցրած վիրավորանքից չէր առաջացել։ Նա իրեն վիրավորված չէր զգում, հապա ավելի մեղավոր էր զգում։ Զանազան անորոշ զգացմունքների ներգործությունից, սահող կյանքի գիտակցությունից և նոր բան զգալու ցանկությունից դրդված նա իրեն ստիպել էր հասնելու մինչև որոշ սահմանի, իրեն ստիպել էր նայելու այղ սահմանի մյուս կողմը, և այնտեղ տեսավ մինչև անգամ ոչ թե անդունդը, այլ դատարկություն… կամ այլանդակություն։

XIX

Որքան էլ Օդինցովան ինքն իրեն զսպելիս լիներ, որքան էլ որ ամեն տեսակ նախապաշարմունքներից բարձր կանգնած լիներ, դարձյալ, երբ ճաշին սեղանատուն եկավ, իրեն անհարմար դրության մեջ էր զգում։ Ասենք ճաշը բավական հաջող անցավ։ Եկավ Պորֆիրի Պլատոնիչը, զանազան անեկդոտներ պատմեց, նա նոր էր քաղաքից վերադարձել։ Ի միջի այլոց հաղորդեց, որ նահանգապետը իր հատուկ հանձնարարության պաշտոնյաներին պատվիրել է, որպեսզի խթաններ գործածեն, որ եթե դեպք լինի նրանց ձիով մի տեղ ուղարկելու, շուտ կատարվի։ Արկադին ցածր ձայնով զրուցում էր Կատյայի հետ և քաղաքականություն բանեցնելով՝ իշխանուհուն ծառայություններ էր մատուցում։ Բազարովը խոժոռած՝ համառ լռություն էր պահում։ Օդինցովան մի երկու անգամ բացահայտ, ոչ թե ծածկապես, նայեց Բազարովի խիստ և մաղձոտ դեմքին, որ աչքերը ցած գցած և արհամարհական վճռականություն էր դրոշմել դեմքի ամեն մի գծի վրա, և մտածում, «ո՛չ... ո՛չ... ո՛չ...»։ Ճաշից հետո բոլորով միասին գնացին պարտեզ և Օդինցովան, տեսնելով, որ Բազարովն ուզում է իր հետ առանձին խոսել, մի քանի քայլ մի կողմ քաշվեց ու կանգ առավ։ Բազարովը մոտեցավ նրան և այստեղ ևս աչքերը չբարձրացնելով խուլ ձայնով ասաց.

— Ես պետք է ձեզանից ներողություն խնդրեմ, Աննա Սերգեևնա։ Դուք չեք կարող ինձ վրա չբարկանալ։

— Ոչ, ես ձեզ վրա չեմ բարկացել, Եվգենի Վասիլևիչ,— պատասխանեց Օդինցովան,— բայց վշտացած եմ։

— Ավելի վատ։ Համենայն դեպս ես լավ պատժվեցի։ Հավանորեն դուք ևս համաձայն կլինեք, որ իմ դրությունը շատ հիմար դրություն է։ Դուք ինձ գրել էիք. «Ի՞նչ հարկ կա գնալու»։ Իսկ ես չեմ կարող և չեմ էլ ուզում մնալ։ Վաղն այստեղ չեմ լինի։

— Եվգենի Վասիլևիչ, ինչո՞ւ եք…

— Ինչո՞ւ եմ գնում։

— Ոչ, ես չէի ուզում ասել։

— Անցածը չի կարելիհ վերադարձնել, Աննա Սերգեևնա… իսկ վաղ թե ուշ այդ բանը պիտի լիներ։ Հետևաբար հարկավոր է, որ ես գնամ։ Միմիայն մի պայմանով կարող էի ես այստեղ մնալ, բայց այդ պայմանը երբեք չի կարող կատարվել։ Դուք հո, ներեցեք հանդգնությանս, ինձ չե՞ք սիրում և երբեք էլ չեք սիրի, այնպես չէ՞։

Բազարովի աչքերը մի վայրկյան փայլատակեցին սև հոնքերի տակից։

Աննա Սերգեևնան չէր պատասխանում նրան։ «Ես այս մարդուց վախենում եմ»,— անցավ նրա մտքով։

— Մնաք բարով,— ասաց Բազարովը կարծես թե նրա միտքը հասկանալով ու քայլերը դեպի տուն ուղղեց։

Աննա Սերգեևնան կամացուկ նրա հետևից գնաց, և, Կատյային կանչելով, նրան թևանցուկ արեց։ Մինչև երեկո նա Կատյայից չհեռացավ։ Օդինցովան թղթախաղի չնստեց, և շարունակ ծիծաղում էր, որը սակայն ամենևին չէր սազ գալիս նրա դժգույն ու շփոթված դեմքին։ Արկադին տարակուսանքի մեջ էր և դիտում էր նրան, ինչպես որ երիտասարդներն են դիտում, այսինքն՝ շարունակ ինքն իրեն հարց էր տալիս, թե այդ ի՞նչ է նշանակում։ Բազարովը փակվեց իր սենյակում, սակայն թեյի եկավ։ Աննա Սերգեևնան ուզում էր նրան մի որևէ բարի խոսք ասել, բայց չէր իմանում, թե ինչպես խոսք բանա...

Մի անակնկալ դեպք նրան ազատեց դժվարությունից, սենեկապանը զեկուցեց Սիտնիկովի գալու մասին։

Դժվար է խոսքով ասել, թե երիտասարդ առաջադիմականը ինչպիսի աշխուժով ներս ընկավ։ Իրեն հատուկ պրտկերես բնավորությամբ վճռած լինելով գնալ գյուղ մի կնոջ մոտ, որին հազիվ էր ճանաչում, որր նրան երբեք չէր հրավիրել, բայց որի տանը, իր հավաքած տեղեկությունների համաձայն, հյուր էին այնպիսի խելոք ու իրեն մոտիկ անձեր, բայց և այնպես սաստիկ քաշվում էր և փոխանակ կանխապես սերտած ներողության խոսքերն ասելու և բարևները տալու, ինչ-որ անմիտ բան դուրս տվեց, թե իբր Եվդոքսիա Կուկշինան իրեն ուղարկել է իմանալու Աննա Սերգեևնայի առողջության մասին, և որ Արկադի Նիկոլայիչը, նույնպես միշտ մեծագույն գովասանքով է խոսելիս եղել... Այստեղ նա կանգ առավ և այն աստիճան շշկլվեց, որ նստեց իր սեփական գլխարկի վրա։ Բայց որովհետև նրան դուրս անող չեղավ և Աննա Սերգեևնան նրան մինչև անգամ իր մորաքրոջն ու քրոջը ներկայացրեց, նա շուտով ուշքի եկավ ու սկսեց բլբլացնել։ Կյանքում հաճախ գռեհկության հայտնվելն էլ օգտակար է լինում, նա թուլացնում է չափազանց ձգված լարերը, սթափեցնում է անձնապաստան կամ ինքնամոռացության հասած զգացմունքները, նրանց հիշեցնելով իրար հետ ունեցած սերտ ազգակցությունը։ Սիտնիկովի գալով ամեն բան մի տեսակ ավելի բութ, պարզ և դատարկ ձև ստացավ, ամենքն էլ ավելի կուշտ ընթրեցին և սովորականից կես ժամ էլ առաջ ցրվեցին քնելու։

— Այժմ ես կարող եմ քեզ կրկնել այն խոսքերը,— անկողնի մեջ պառկած՝ ասում էր Արկադին Բազարովին, որը նույնպես հանվում էր,— որն ինքդ մի անգամ ասացիր ինձ «Ինչո՞ւ ես այդպես տխուր, չլինի՞ թե մի որևէ սրբազան պարտականություն ես կատարել»։

Քանի ժամանակից ի վեր երկու երիտասարդների միջև հաստատվել էր մի տեսակ կեղծ անհոգ հեգնական վերաբերմունք, որը միշտ ծածկված դժգոհության կամ չարտահայտված կասկածանքների նշան է համարվում։

— Ես վաղը հորս մոտ եմ գնում,— ասաց Բազարովը։

Արկադին մի քիչ վեր բարձրացավ ու արմունկին հենվեց։

Նա թե զարմացավ և թե չգիտես ինչու ուրախացավ։

— Հա,— ասաց նա,— և դրա համար էլ տխո՞ւր ես։

Բազարովը հորանջեց։

— Շատ կիմանաս-շուտ կծերանաս։

— Հապա Աննա Սերգեևնա՞ն,— շարունակեց Արկադին։

— Աննա Սերգեևնան ի՞նչ։

— Ուզում եմ ասել մի՞թե քեզ բաց կթողնի։

— Հո վարձված չեմ։

Արկադին մտածմունքի մեջ ընկավ, իսկ Բազարովը պառկեց և երեսը շուռ տվեց դեպի պատը։ Մի քանի րոպե լուռ անցավ։

— Եվգենի,— հանկարծ բացականչեց Արկադին։

— Հը՛։

— Էգուց ես էլ կգամ։

Բազարովը ոչինչ չպատասխանեց։

— Միայն թե ես տուն կգնամ,— շարունակեց Արկադին,— միասին կգնանք մինչև Խոխլովների գյուղը, իսկ այնտեղ դու Ֆեդոտից ձիեր կվերցնես ու կգնաս։ Ես ուրախությամբ կուզենայի ծանոթանալ ձերոնց հետ, բայց վախենում եմ, որ քեզ էլ նեղություն տամ, նրանց էլ։ Հո հետո դարձյա՞լ կգաս մեզ մոտ։

— Իրերս ձեզ մոտ եմ թողել,— ասաց Բազարովը, առանց շուռ գալու։

«Հապա ինչո՞ւ նա չի հարցնում, թե ես ինչո՞ւ եմ գնում։ Եվ այն էլ իր նման, անակնկալ կերպով»,— մտածեց Արկադին։ «Հիրավի, ես ինչո՞ւ եմ գնում և նա ինչո՞ւ է դնում»,— շարունակեց նա իր խորհրդածությունները։ Նա բավարար պատասխան չէր գտնում իր հարցին, և նրա սիրտը լցվում էր ինչ-որ դառը բանով։ Զգում էր, որ ծանր էր լինելու բաժանվել այդ կյանքից, որին նա ընտելացել էր. բայց մենակ մնալն էլ մի տեսակ տարօրինակ բան կլիներ։ «Երևի նրանց մեջ մի բան է պատահել,— մտածում էր ինքն իրեն,— ինչո՞ւ Բազարովի գնալուց հետո ես պետք է ցցված մնամ Աննա Սերգեևնայի աչքի առաջ, այդպիսով ես բոլորովին կձանձրացնհմ նրան և վերջին ունեցածս էլ կկորցնեմ»։ Նրա աչքի առաջ պատկերացավ Աննա Սերգեևնան, հետո կամաց-կամաց նորատի այրի կնոջ գեղեցիկ դեմքի միջից առաջ եկան ուրիշ դիմագծեր։

«Կատյան էլ է մեղքս գալիս»,— շշնջաց Արկադին երեսը բարձին արած, որի վրա աչքից արցունք էր կաթել… նա հանկարծ գլխի շարժումով մազերը ետ գցեց և բարձր ձայնով ասաց. «Այդ էր մնացել, որ հիմար Սիտնիկովն էլ այստեղ գար»։

Բազարովը նախ շարժվեց անկողնի մեջ, ապա հետևյալն ասաց.

— Ինչպես տեսնում եմ, սիրելիս, դու դեռ հիմար ես։

Սիտնիկովները մեզ անհրաժեշտ են։ Ինձ, դու հասկացիր, ինձ այդպիսի տխմարներ հարկավոր են։ Աստվածները հո չեն պուլիկ թրծելու…

«Այ քեզ բան»… ինքն իրեն մտածեց Արկադին, և այստեղ միայն նրա առաջ մի վայրկյան պարզվեց Բազարովի ինքնասիրության անհատակ վիհը. «Ասել է, թե ես և դու աստվածնե՞ր ենք։ Այսինքն աստվածը դու ես, չլինի տխմարն էլ ես եմ»։

— Այո,— մռայլած կրկնեց Բազարովը,— դու դեռ հիմար ես։

Օդինցովան շատ էլ չզարմացավ, երբ մյուս օրը Արկադին ասաց, որ Բազարովի հետ ինքն էլ պիտի գնա, նա անուշադիր ու հոգնած էր թվում։ Կատյան լուռ ու մունջ հայացքով նայեց Արկադիին. իշխանուհին մինչև անգամ շալի տակից երեսին խաչ հանեց, այնպես, որ Արկադին չէր կարող այդ չնկատել։ Նրա փոխարեն Սիտնիկովը բոլորովին գլուխը կորցրեց։ Նա հենց այդ րոպեին էր նոր շորերով և ոչ թե սլավյտնոֆիլական զգեստով պճնված նախաճաշի եկել, նախընթաց օրը նա իրեն ծառայող սպասավորին զարմացրել էր իր հետ բերած սպիտակեղենի շատությամբ, և հանկարծ իր ընկերներն իրեն թողնում են։ Նա դես ու դեն ընկավ, ոնց որ անտառի բերանին կանգ առած հալածական նապաստակը, և հանկարծ, համարյա վախեցած, համարյա գոռալով՝ հայտնեց, որ ինքն էլ է ուզում գնալ։ Օդինցովան նրան չստիպեց մնալ։

— Իմ ուզեկառքս շատ հանգիստ է,— ավելացրեց դժբախտ երիտասարդը դիմելով Արկադիին,— կարող եմ ձեզ տեղ հասցնել, իսկ Եվգենի Վասիլիչը կարող է ձեր տարանտասով գնալ։ Այսպես ավելի հարմար էլ կլինի։

— Բայց ախր այդ բոլորովին ձեր ճանապարհի վրա չէ, և մեր տանն էլ հեռու է։

— Ոչինչ ,ոչինչ. ես ժամանակ շատ ունեմ, մանավանդ որ այդ կողմերում ես գործ էլ ունեմ։

— Բահրայի՞ գործ,— հարցրեց Արկադին, արդեն չափազանց արհամարհանքով։

Բայց Սիտնիկովը մի այնպիսի հուսահատության մեջ էր, որ սովորականին հակառակ, մինչև անգամ չծիծաղեց էլ։

— Հավատացնում եմ, կառքս շատ հանգիստ կառք է,— փնթփնթաց նա,— ամենքիս էլ տեղ կլինի։

— Մսյո Սիտնիկովին մի վշտացնեք մերժումով,— ասաց Աննա Սերգեևնան...

Արկադին նայեց Աննա Սերգեևնայի երեսին և գլուխը նշանակալի կերպով խոնարհեց։

Հյուրերը նախաճաշից հետո գնացին։ Օղինցովան Բազարովին հրաժեշտ տալիս պարզեց ձեռքը նրան ու ասաց.

— Մենք էլի կտեսնվենք, այնպես չէ՞։

— Ինչպես կհրամայեք,— պատասխանեց Բազարովը։

— Այդ դեպքում՝ կտեսնվենք։

Առաջինը Արկադին դուրս եկավ մուտքից, նա բարձրացավ Սիտնիկովի կառքը։ Նրան հարգանքով կառք նստեցրեց սենեկապանը, բայց Արկադին ուրախությամբ կուզեր նրան ծեծել կամ թե լաց լինել։ Բազարովը տարանտասի մեջ նստեց։ Խոխլովների գյուղակին հասնելով, Արկադին սպասեց, մինչև որ իջևանատերը, Ֆեդոտը, ձիերը լծեց և, մոտենալով տարանտասին, առաջվա ժպիտը երեսին ասաց Բազարովին.

— Եվգենի, ինձ էլ վերցրու հետդ, ուզում եմ ձեզ մոտ գալ։

— Նստիր,— ասաց Բազարովը ատամների արանքից։

Սիտնիկովը, որ աշխուժով, շվշվացնելով ման էր գալիս իր կառքի անիվների չորս կողմը, այս խոսքերը լսելով բերանը բաց մնաց, իսկ Արկադին անտարբեր կերպով վերցրեց նրա կառքի միջից իր իրերը, նստեց Բազարովի կողքին և, քաղաքավարությամբ գլուխ տալով իր առաջվա ուղեկցին, կանչեց կառապանին՝ «քշի՛ր»։ Տարանտասը սլացավ ու շուտով աչքից չքացավ... Սիտնիկովը, բոլորովին շվարած, մտիկ տվեց իր կառապանին, բայց կառապանը մտրակով կողքից լծած ձիու պոչի մոտ մի բան էր ուղղում։ Այն ժամանակ Սիտնիկովը թռավ, նստեց իր կառքը և մոտից անցնող երկու գյուղացիների վրա գոռալով՝ «ծածկեցեք գլխարկներդ, հիմարներ», ճանապարհ ընկավ դեպի քաղաք, ուր նա շատ ուշ հասավ և մյուս օրը Կուկշինայի տանը սկսեք սաստիկ հարձակվել այդ երկու «գոռոզ ու անկիրթ» երիտասարդների վրա։ Արկադին, Բազարովի տարանտասը նստելով, պինդ սեղմեց նրա ձեռքը և երկար ժամանակ ոչինչ չէր ասում։ Թվում էր, թե Բազարովը հասկացել ու գնահատել էր թե այս ձեռք սեղմելը և թե այդ լռությունը։ Նախընթաց գիշերը նա ամենևին չէր քնել և չէր ծխել, և համարյա թե քանի օր էր բան չէր կերել։ Գլխին պինդ քաշած գլխարկի տակից խիստ աչքի էր ընկնում նրա լղարած կիսադեմը։

— Դե, ախպեր,— խոսեց նա վերջապես,— մի հատ գլանակ տուր... Համ էլ նայիր, տես, լեզուս դեղին հո չէ՞։

— Դեղին է,— պատասխանեց Արկադին։

— Իհարկե... ահա գլանակն էլ համ չունի։ Լավ չեմ։

— Ուղիղ որ, այս վերջին ժամանակներս փոխվել ես,— նկատեց Արկադին։

— Հոգ չէ։Կլավանամ։ Մի բան եմ միայն մտածում մայրս շատ սրտացավ կին է. որ փորդ չտռզացնես և օրական էլ մի տասն անգամ բան չուտես՝ դարդից կմեռնի։ Իսկ հայրս, ոչինչ, նրա բանն ուրիշ է. նա ինքը ամեն տեղ եղել է, հազար ու մի նեղ օրեր տեսած մարդ է։ Ոչ, անկարելի է ծխել,— ավելացրեց նա և սիգարը շպրտեց ճանապարհի փոշու մեջ։

— Այստեղից մինչև քո կալվածքը քսանհի՞նգ վերստ է,— հարցրեց Արկադին։

— Քսանհինգ է։ Այ, այդ իմաստունին հարցրու։

Նա ցույց ավեց կառապանի տեղում նստած գյուղացուն, որ Ֆեդոտի մշակն էր։

Բայց իմաստունը պատասխանեց, թե՝ «ով ա գիտում, վերստերը ով ա չափել», ու շարունակեց ցած ձայնով կշտամբել մեջտեղը լծած ձիուն, որ գլխով «աքացում է», այսինքն՝ որ գլուխը շարժում է։

— Այո, այո,— խոսեց Բազարովը,— թող այս ձեզ դաս լինի, պատանի բարեկամս, խրատական լավ օրինակ Է։ Սատանան գիտի, թե ինչ բան էր մեր այս արածը։ Մարդս կախված է մազից, ամեն մի րոպե կարող է նրա տակը անդունդ բացվել, իսկ նա դեռ ինքն էլ է իրեն ամեն տեսակ անախորժություններ ստեղծում, իր կյանքը փչացնում։

— Ինչի՞ մասին է ակնարկդ,— հարցրեց Արկադին։

— Ես ոչ մի ակնարկ չեմ անում, ուղղակի ասում եմ, որ մենք երկուսս էլ շատ հիմարաբար էինք մեզ պահում։ Էլ ինչ ասել։ Ես դեռևս անդամահատության սենյակում նկատել եմ, որ ով չարանում է իր ցավի վրա, նա էլ անպատճառ կհաղթահարի այն։

— Ասածներդ լավ չեմ հասկանում,— ասաց Արկադին,— կարծեմ թե դու գանգատվելու պատճառ չո՞ւնեիր։

— Որ ասածներս լավ չես հասկանում, ուրեմն հետևյալը պիտի ասեմ քեզ. ավելի լավ է ճամփին նստած խիճ մանրացնես, քան թույլ տաս, որ կին ասածդ թեկուզ մատիդ ծայրին տիրանա։ Այս ամենը...— Քիչ էր մնում Բազարովն իր սիրած «ռոմանտիզմ» խոսքն արտասաներ, բայց իրեն զսպեց ու ասաց,— հիմարություն է։ Դու այժմ ինձ չես հավատա, բայց ես քեզ պիտի ասեմ, ահա մենք երկուսս էլ կանանց շրջանի մեջ էինք ընկել, և այդ հաճելի էր մեզ, բայց այդպիսի հասարակությունը թողնել-հեռանալը միևնույնն է, թե տաք եղանակին վրադ սառը ջուր լցնես։ Տղամարդ ասածդ ժամանակ չունի այդպիսի դատարկ բաներով զբաղվելու, իսպանական մի լավ առած ասում է, որ տղամարդը պետք է դաժան լինի։ Ա՛յ, հենց ասենք դու,— ավելացրեց նա կառապանի տեղում նստած գյուղացուն դառնալով,— դու, այ խելոք, կին ունե՞ս։

Գյուղացին շուռ եկավ ու երկու բարեկամներին ցույց տվեց իր տափակ երեսն ու կիսակլոր աչքերը։

— Կնի՞կ։ Ունեմ, ինչի չպիտի ունենամ որ։

— Դու նրան ծեծո՞ւմ ես։

— Կնկա՞նս։ Ինչի չէ, մեկ-մեկ պատահում ա։ Առանց պատճառի չենք ծեծում։

— Եվ շատ էլ լավ ես անում։ Իսկ նա քեզ ծեծո՞ւմ է։ Գյուղացին ձիգ տվեց սանձը։

— Էդ ինչ բան ասեցիր, պարոն։ Սիրտդ հանաք էր ուզում…— նա, ինչպես երևում է, վիրավորվեց։

— Էսո՞ւմ ես, Արկադի Նիկոլայիչ։ Իսկ ինձ ու քեզ ծեծեցին… ահա թե ինչ է նշանակում կրթված մարդ լինել։

Արկադին ակամայից ծիծաղեց, իսկ Բազարովը երեսը մյուս կողմը դարձրեց և բոլոր ճանապարհին այլևս բերանը բաց չարեց։

Քսանհինգ վերստը Արկադիին ամբողջ հիսուն վերստ թվաց։ Բայց ահա վերջապես մի բավական թեք բլրի լանջին երևաց փոքրիկ գյուղը, ուր Բազարովի ծնողներն էին ապրում։ Գյուղակի կողքին, մատաղահաս կեչուտի պուրակում երևում էր ազնվականական տնակը հարդածածկ տանիքով։ Առաջին խրճիթի առջև երկու գյուղացի, գլխարկները գլխին, կանգնած իրար հայհոյում էին։ «Ահագին էշ ես, բայց իշու քուռակի չափ էլ խելք չունես»,— ասում էր մեկը։ «Իսկ քու կնիկդ ջադու է»,— պատասխանում էր մյուսը։

— Դրանց ազատ վարվեցողությունից ու խոսակցության զվարճալի ոճից կարող ես նկատել,— ասաց Բազարովը Արկադիին,— որ հորս գյուղացիները շատ էլ ճնշված չեն։ Ահա հենց հայրս ինքն էլ իր բնակարանի պատշգամբն է դուրս գալիս։ Երևում է զանգի ղողանջը լսել է։ Նա է, նա, կերպարանքից ճանաչում եմ, էհե՜, ինչպես է խեղճ մարդը սպիտակել։

XX

Բազարովը գլուխը դուրս հանեց տարանտասի միջից, իսկ Արկադին ընկերոջ հետևից երկարացրեց գլուխը և ազնվատիրական տնակի պատշգամբում տեսավ մի բարձրահասակ, վտիտ մարմնով մարդ, գզգզված մազերով, արծվի բարակ քթով, զինվորական հին սերթուկ հագած և կոճակներն արձակած։ Նա ոտները չռած կանգնել էր, երկար ծխամորճը բերնին, աչքերն արևից կկոցելով։

Ձիերը կանգ առան։

— Վերջապես շնորհ արեցիր,— ասաց Բազարովի հայրը շարունակելով ծխամորճը ծխել, թեև այդ ծխամորճը առանց այն էլ շարունակ թռչկոտում էր նրա մատների արանքում։— Դե, դուրս արի, դուրս արի, պաչպչվենք։

Նա սկսեց գրկախառնվել որդու հետ...

«Ենյուշա, Ենյուշա»,— լսվեց մի կանացի դողդոջուն ձայն։ Դուռը կռնակի վրա բացվեց, և շեմքում երևաց մի կլորիկ, ցածլիկ պառավ կին՝ սպիտակ գլխազարդով և կարճ խայտաբղետ կապա հագած։ նա ախ արեց, օրորվեց և երեի վայր կրնկներ, եթե Բազարովը չբռներ։ նրա փափլիկ ձեռքերը մի ակնթարթում փաթաթվեցին որդու վզով, գլուխը սեղմեց նրա կրձքին, և ամեն ինչ լռեց։ Միայն պառավի խուլ հեկեկոցն էր լսվում։

Ծերունի Բազարովը խորը շունչ էր քաշում և առաջվա-նից ավելի աչքերը կկոցում։

— Դե, Արիշա, հերիք է, հերիք, վերջ տուր,— խոսեց նա Արկադիին նայելով, որ անշարժ կանգնած էր տարանտասի մոտ։ Մինչդեռ կառապանի տեղում նստած գյուղացին մինչև անգամ երեսն էր շուռ տվել։— Ամենևին հարկ չկա։ Ի սեր աստծո, վերջ տուր։

— Ախ, Վասիլի Իվանիչ,— թոթովում էր պառավը,— ախր ինչքան ժամանակ է սպասում եմ… իմ աչքիս լույս աղավնյակիս... և առանց ձեռները ետ քաշելու, Բազարովից հեռացրեց իր արտասուքից թրջված, ճխլված ու խանդակաթ դեմքը, մի տեսակ երանավետ ու ծիծաղելի աչքերով նայեց որդուն և նորից կրծքին կպավ։

— Իհարկե, ինչ խոսք, որ այս ամենը բնական է,— ասաց Վասիլի Իվանիչը,— բայց ավելի լավ է ներս գնանք։ Ահավասիկ, Եվգենիի հետ հյուր էլ է եկել։ Ներեցեք,— ավելացրեց նա, Արկադիին դառնալով ու ոտների իրար կցելով,— դե՛, հասկանում եք, էլի։ Իհարկե, կանացի թուլություն է, մեկ էլ մայրական սիրտը...

Մինչդեռ իր շրթունքներն էլ, հոնքերն էլ ցնցվում էին, կզակը դողդողում էր... բայց նա ըստ երևույթին ուզում էր իրեն հաղթահարել և համարյա թե անտարբեր ձևանալ։ Արկադին գլուխը խոնարհեց։

— Ճիշտ որ, ներս գնանք, մայրիկ,— ասաց Բազարովը և թուլացած պառավին ներս տարավ։ Մորը հանգիստ բազկաթոռի մեջ նստեցնելուց հետո, նա մի անգամ Էլ համբուրվեց հոր հետ և Արկադիին ներկայացրեց նրան։

— Հոգով չափ ուրախ եմ ծանոթանալուս,— ասաց Վասիլի Իվանովիչը,— միայն ներողամիտ եղեք,— այստեղ ամեն բան պարզ, զինվորական ձևով է։ Արինա Վլասևնա, ի սեր աստուծո, հանգստացիր, այդ ի՞նչ փոքրոգություն է։ Մեր հյուրը պիտի դատապարտի քեզ։

— Հոգյակ,— արտասվելով ասաց պառավը,— ձեր հրամանոց անուն-ազգանունն իմանալու պատիվը չունեմ։

— Արկադի Նիկոլայիչ,— ցած ձայնով, վեհությամբ ասաց Վասիլի Իվանովիչը։

— Ներող եղեք անխելք պառավիս։— Նա քիթը մաքրեց և գլուխը մեկ աջ, մեկ ձախ ծռելով, մեկը մյուսի հետևից խնամքով սրբեց աչքերը։— Նե՛րեք ինձ։ Ես արդեն կարծում էի, թե պիտի մեռնեմ գնամ և չարժանանամ մեկ էլ հո… ոգ... ոգյակիս տեսության...

— Տեսա՞ք որ արժանացանք,-տիկին,— վրա բերեց Վասիլի Իվանովիչը։— Տանյուշա,— ասաց նա մի տասներեք տարեկան, բոբիկ ոտներով, բաց կարմրագույն չթե շոր հագած աղջկա, որ վախվխելով մտիկ էր տալիս ղռան հետե-վից,— տիրուհուն մի բաժակ ջուր բեր մատուցարանով, իմացա՞ր։ Իսկ ձեզ, պարոններ,— ավելացրեց նա մի տեսակ հնաձև զվարճությամբ,— թույլ տվեք հրավիրել պաշտոնա–-թող հին զինվորի առանձնասենյակը։

— Թող գոնե մի անգամ էլ համբուրեմ քեզ, Ենյուշա,— հառաչեց Արինա Վլասևնան։ Բազարովը կռացավ դեպի նա,— ի՞եչ սիրուն տղամարդ ես դարձել։

— Դե լավ, ասենք սիրունը սիրուն չէ,— նկատեց Վասիլի Իվանովիչը,— բայց, ինչպես ասում են, օմմֆե[41]։ Իսկ այժմ հուսամ թե դու, Արինա Վլասևնա, քո մայրական զգացմունքներիդ հագուրդ տալուց հետո, հոգ կտանես նաև մեր թանկագին հյուրերին կշտացնելու մասին, որովհետև, ինչպես գիտես, լո-լո-լոյով փոր չի կշտանա։

Պառավը վեր կացավ բազկաթոռից։

— Այս րոպեիս, Վասիլի Իվանիչ, սուփրան կգցենք, ինքս խոհանոց կվազեմ, ինքնաեռ դնել կտամ, ամեն բան կլինի, ամեն բան։ Հանա՞ք բան է. երեք տարի է նրան ոչ տեսել եմ, ոչ ուտացրել, ոչ խմացրել։

— Դե, ուրեմն, տանտիկինս, լավ նայիր, որ ամոթով չմնաս, իսկ դուք, պարոններ, համեցեք իմ հետևից։ Ահավասիկ, Տիմոֆեիչն էլ եկել է քեզ բարի գալուստ մաղթելու։ Երևի՞ այդ քաֆթառ շունն էլ է ուրախացել։ Հը՞, հո ուրա՞խ ես, քաֆթառ շուն։ Համեցեք հետևիցս։

Եվ Վասիլի Իվանովիչը ոտքերը իրար տալով ու հին մուճակները չըմփացնելով հուզված առաջ գնաց։

Նրա ամբողջ բնակարանը բաղկացած էր վեց մանրիկ սենյակներից։ Դրանցից մեկը, այն, ուր որ տարավ մեր բարեկամներին, առանձնասենյակ էր կոչվում։ Երկու պատուհանների միջև եղած բոլոր տարածությունը բռնել էր հաստ ոտնանի մի սեղան, որի վրա թափած թղթերը վաղուցվա փոշուց-սևացել, կարծես մխից բռնված լինեին, պատերին կախած էին թրքական հրացաններ, մտրակներ, թուր, աշխարհագրական երկու քարտեզ, ինչ-որ անատոմիական նկարներ, Հուֆելանդի[42] պատկերը, սև շրջանակի մեջ առած մի մազահյուս վենզել և ապակեծածկ մի վկայական, կեչու փայտից շինած երկու ահագին պահարանների արանքում կար տեղ-տեղ փոս ընկած ու ծակծկած կաշվե գահավորակ. դարակների վրա անկարգ կերպով խռնված էին գրքեր, տուփիկներ, թռչունների խրտվիլակներ, մանր պուլիկներ, շշեր, մի անկյունում ընկած էր մի կոտրտված էլեկտրական մեքենա։

— Ձեզ արդեն նախազգուշացրել եմ, հարգելի հյուր,— սկսեց Վասիլի Իվանիչը,— որ մենք այստեղ ապրում ենք՝ այնպես, ինչպես թե ճամփի վրա բանակում…

— Դե բավական է, հայրիկ, ի՞նչ ես ներողություն խնդրում,— ընդհատեց Բազարովը։— Կիրսանովը շատ լավ գիտե, որ մենք Կրեսոսներ չենք և որ դու պալատում չես ապրում։ Ո՞րտեղ ենք նրան տեղավորելու, այս է բանը։

— Ինչ ես ասում, Եվգենի. ես այստեղ, կողքի տանը, շատ լավ սենյակ ունեմ, այնտեղ շատ հանգիստ կլինի նրա համար։

— Ուրեմն առանձին տուն է՞լ ունես։

— Ինչպես չէ։ Հապա այն, որ բաղնիք էր,— մեջ մտավ Տիմոֆեիչը։

— Այսինքն բաղնիքի կողքին,— շտապով վրա բերեց Վասիլի Իվանովիչը։— Այժմ հո ամառ է... Այս րոպեիս կգնամ, ինչ որ պետքն է կկարգադրեմ. իսկ դու, Տիմոֆեիչ, լավ կանեիր, մինչև այդ, նրանց իրերը ներս բերեիր։ Իսկ քեզ, Եվգենի, իհարկե, իմ առանձնասենյակն եմ տալիս։ Suum cuique[43]։

— Այ քեզ բան։ Տարօրինակ ծերուկ է և շատ լավ էլ մարդ,— ավելացրեց Բազարովը, հենց որ Վասիլի Իվանովիչը դուրս գնաց։— Սա էլ քո հորդ պես խենթուկի մեկն է, միայն թե ուրիշ տեսակի։ Շատ է շատախոսություն անում։

— Կարծեմ մայրդ էլ շատ պատվական կին է,— նկատեց Արկադին։

— Այո, պարզ կին է։ Տես ինչ ճաշ է տալու։

— Հայրիկդ այսօր ձեզ չէր սպասում, տավարի միս չեն բերել տվել,— ասաց Տիմոֆեիչը, որ նոր էր ներս բերել Րազարովի ճամպրուկը։

— Առանց տավարի մսի էլ յոլա կգնանք, որ չկա՝ ի՞նչ կարող ենք ասել։ Աղքատությունը, ասում են, արատ չէ։

— Ինչքա՞ն գյուղացի ունի հայրդ,— հարցրեց հանկարծ Արկադին։

— Կալվածը հորս չէ, այլ մորս, կարծեմ տասնհինգ շունչ։

— Ընդամենը քսաներկուս,— տհաճությամբ ասաց Տիմոֆեիչը։

Լսվեց հողաթափերի քստքստոցը, ու Վասիլի Իվանովիչը նորից ներս մտավ։

— Մի քանի րոպեից ձեր սենյակը պատրաստ կլինի ձեզ ընդունելու,— հանդիսավոր եղանակով բացականչեց նա,— Արկադի… Նիկոլայիչ, կարծեմ այսպես է ձեր հրամանոց անունը։ Այս էլ ձեզ ծառա,— ավելացրեց նա ցույց տալով իր հետ ներս մտնող, կարճ խուզած մազերով մի տղայի, որ հագել էր մինչև արմունկները ծակ կապտագույն կապա, իսկ ոտներին էլ՝ ուրիշի կոշիկներ։— Անունը Ֆեդկա է։ Թեպետ որդիս արգելում է, բայց դարձյալ պիտի կրկնեմ-ներողամիտ եղեք։ Ասենք տղան ծխամորճ լցնել գիտե։ Դուք հո ծխո՞ւմ եք։

— Ես ավելի սիգար եմ ծխում։

— Շատ էլ խելոք բան եք անում։ Ես ինքս պրեֆերանս[44] տալիս եմ սիգարին, բայց մեր այս հեռու ընկած կողմերում շատ դժվար է սիգար գտնելը։

— Դե հերիք աղքատ Ղազարոսի երգը երգես,— նորից ընդհատեց Բազարովը։— Ավելի լավ է եկ, այստեղ նստիր, գահավորակի վրա ու թող մի կուշտ վրադ նայեմ։

Վասիլի Իվանովիչը ծիծաղեց ու նստեց։ Նա երեսով շատ նման էր իր որդուն, միայն ճակատը ավելի ցած էր ու նեղ, և բերանը մի փոքր լայն, և շարունակ էլ շարժման մեջ էր, ուսերը վեր-վեր գցում, կարծես թե շորը թևերի տակից հուպ էր տալիս, աչքերը թարթում էր, շուտ-շուտ հազում, կոկորդը մաքրում ու մատները շարժում, մինչդեռ որդին աչքի էր ընկնում իր մի տեսակ անհոգ անշարժությամբ։

— Աղքատ Ղազարոսի երգը երգես,— կրկնեց Վասիլի Իվանովիչը։— Դու մի կարծիր, Եվգենի, թե ես ուզում եմ, այսպես ասած, հյուրի գութը շարժել, թե՝ տես, ինչպիսի խուլ տեղ ենք ընկել։ Ընդհակառակը, ես այն կարծիքի եմ, թե մտածող մարդու համար խուլ անկյուն չկա։ Գոնե ես աշխատում եմ, ինչպես ասում են, մամուռով չծածկվել, ժամանակի հոսանքից ետ չմնալ։

Վասիլի Իվանովիչը գրպանից հանեց դեղին մետաքսյա նոր թաշկինակը, որ Արկադիի սենյակը գնալիս կարողացել էր շտապով վերցնել, և օղի մեջ շարժելով շարունակեց.

— Թողնենք այն, որ ես, օրինակ, ինձ համար բավական զգալի զոհաբերություն անելով՝ գյուղացիներին ճորտությունից ազատելով հողս կիսովի բահրայով տվի նրանց։ Ես այդ բանն իմ պարտավորությունը համարեցի, և հենց խոհեմությունն էլ այդ է պահանջում, թեպետ մյուս հողատերն մտքերովն անգամ չեն անցկացնում այդ, խոսքս գիտոօէ թյան, կրթության մասին է։

— Այո, ահավասիկ տեսնում եմ Друг здравия գրքերից, 1855 թվականի,— նկատեց Բազարովը։

— Այդ ինձ իմ մի հին ընկերս է ուղարկում հանուն ծանոթության,— շտապով ասաց Վասիլի Իվանովիչը,— Բայց մենք, օրինակ, ասենք, գանգաբանությունից էլ գաղափար ունենք,— ավելացրեց նա, սակայն ավելի Արկադիին դառնալով և ցույց տալով մի գիպսե ոչ այնքան մեծ զանգ, որ դրված էր պահարանի մեջ և բաժանված թվահամայալ քառակուսիների,— Շենլայնն էլ մեզ անծանոթ չէ, Ռադեմախերն էլ։

— …նահանգում դեռ հավատո՞ւմ են Ռադեմախերին է,— հարցրեց Բազարովը։

Վասիլի Իվանովիչը հազաց.

— Նահանգում... Իհարկե, պարոններ, դուք ավելի գիտեք, մենք ո՞րտեղից կարող ենք ձեզ հետ ոտք մեկնել։ Դուք հո մեր տեղն եք բռնելու։ Իմ ժամանակներս էլ մի որևիցե հումորալիստ Հոֆման, մի որևիցե Բրոուն իր վիտալիզմով շատ ծիծաղելի էին թվում, բայց մի ժամանակ ինչ հռչակ ունեին։ Երևի մի նոր մարդ ձեզ համար բռնել է Ռադեմախերի տեղը, դուք խոնարհվում եք նրա առաջ, բայց մի քսան տարուց գուցե նրա վրա էլ ծիծաղեն։

— Քեզ մխիթարելու համար ասեմ,— ասաց Բազարովը,— որ ընդհանրապես մենք այժմ բժշկության վրա ծիծաղում ենք և ոչ ոքի առաջ չենք խոնարհվում։

— Ինչպե՞ս թե ծիծաղում եք։ Չէ որ բժիշկ ես ուզում լինել։

— Հա, ուզում եմ, բայց մեկը մյուսին չի խանգարում։

Վասիլի Իվանովիչը միջին մատով տպտպացրեց ծխամորճը, որի մեջ դեռ տաք մոխիր էր մնացել։

— Դե, գուցե, չեմ վիճի։ Ախր ես ի՞նչ եմ որ։ Պաշտոնաթող զինվորական բժիշկ, Վալատու[45], իսկ այժմ էլ, ահավասիկ, հողագործ եմ դարձել։ Ես ձեր պապի բրիգադում եմ ծառայել,— դիմեց նա դարձյալ Արկադիին,— հապա, հապա, շատ բան է գլխովս անցկացել։ Ինչ տեսակ ընկերությունների մեջ ասես չեմ եղել, ում հետ չեմ գործ ունեցել։ Ես, հենց ես ինքս, այն մարդն եմ, որին դուք այժմ տեսնում եք ձեր առաջ, ես իշխան Վիտհենշտեյնի և Ժուկովսկու[46] զարկերակներն եմ շոշափել։ Իսկ մնացյալներին, որ հարավային բանակի մեջն էին, դուք հասկանում եք, (և այստեղ Վասիլի Իվանովիչը խորհրդավոր կերպով հուպ տվեց շրթունքները), բոլորին հինգ մատիս պես գիտեի։ Ասենք, ինձ ի՞նչ կար որ. ես միայն իմ նշտարս գիտեի, ուրիշ ոչինչ։ Իսկ ձեր պապը շատ պատվական մարդ էր, իսկական զինվորական։

— Խոստովանիր, տխմարի մեկն էր,— ծույլ-ծույլ ասաց Բազարովը։

— Ախ, Եվգենի, այդ ի՞նչ լեզվով ես խոսում, ախր մի միտք արա... Իհարկե, գեներալ Կիրսանովը այն մարդկանցից չէր որ…

— Է, թող դրան,— ընդհատեց Բազարովը։— Ես որ մոտենում էի այստեղին, հիանում էի քո կեչու անտառին նայելով, շատ լավ է ձգվել։

Վասիլի Իվանովիչն աշխուժացավ։

— Իսկ հիմա պարտեզին էլ նայիր, տես ինչ է դարձել։

Ամեն մի ծառը ինքս եմ տնկել։ Միրգ էլ կա, հատապտուղ էլ, ամեն տեսակ բժշկական բույսեր էլ։ Դուք ինչքան ուզում եք ձեր գլխին զոռ տվեք, պարոն երիտասարդներ, բայց և այնպես Պարացելսինը կատարյալ ճշմարտություն է ասել. In herbis, verbis, et lapidibus[47]... Ես ախր, ինչպես գիտես, այլևս բժշկությամբ չեմ պարապում, բայց դարձյալ շաբաթը մի երկու անգամ հարկավոր է լինում հինը միտքս բերել։ Գալիս են խորհուրդ հարցնելու, հո չե՞մ կարող վզակոթերին տալով քշել։ Պատահում է, որ աղքատները գալիս են օգնություն են խնդրում։ Դե այստեղ ամենևին բժիշկ էլ չկա։ Հարևաններիցս մեկը, երևակայիր, պաշտոնաթող մայոր է, նույնպես բժշկություն է անում։ Նրա մասին հարցնում եմ, թե բժշկություն սովորե՞լ է։ Ինձ ասում են ոչ, չի սովորել, ավելի մարդասիրությունից դրդված է անում... Հա, հա, հա... մարդասիրությունից դրդված։ Լավ է, չէ՞. հա, հա, հա, հա...

— Ֆեդկա, ծխամորճս լցրու,— խստությամբ ասաց Բազարովը։

— Կամ թե մի ուրիշ բժիշկ գալիս է այստեղ հիվանդի մոտ,— մի տեսակ հուսահատ կերպով շարունակում էր Վասիլի Իվանովիչը,— իսկ հիվանդն արդեն ad patres[48], և ծառան բժշկին չի էլ թողնում, որ ներս մտնի ասելով, թե այժմ այլևս հարկավոր չէ։ Բժիշկը, որ այս բանին չէր սպասում, շփոթվում է և հարցնում. «Հը՞, աղան մեռնելուց առաջ զկռտո՞ւմ էր»,— «Զկռտում էր»,— «Շա՞տ էր զկռտում»,— «Շատ»։— «Դե, լավ է ուրեմն»,— ասում է ու շուռ գալիս րնում։ Հա՜, հա՜, հա՜։

Մենակ ծերունին ծիծաղեց։ Արկադին դեմքին ժպիտ արտահայտեց։ Բազարովը միայն խորը ներս քաշեց ծխախոտի ծուխը։ Խոսակցությունն այս ձևով մոտ մի ժամ տևեց, այդ միջոցին Արկադիին հաջողվեց գնալ իր սենյակը, որը թեպետ բաղնիքի նախասենյակ էր, բայց շատ հարմար ու մաքուր։ Վերջապես ներս մտավ Տանյուշան ու հայտնեց, որ ճաշը պատրաստ է։

Տեղից առաջ վեր կացավ Վասիլի Իվանովիչը։

— Պարոններ, գնանք։ Ներեցեք, եթե ձանձրույթ պատճառեցի։ Գուցե տանտիկինը ձեզ ավելի գոհացնի, քան թե ես։

Ճաշը թեև շտապ էր պատրաստված, շատ լավ, մինչև անգամ շատ առատ էր. միայն գինին մի քիչ վատը դուրս եկավ. գինին, որ համարյա սև խերես էր և Տիմոֆեիչը քաղաքում մի ծանոթ վաճառականից էր գնել, պղնձի ասեմ, թե սոճու խեժահամ էր տալիս, ճանճերն էլ մի կողմից էին խանգարում։ Սովորական ժամանակները մի ճորտ տղա մեծ կանաչ ճյուղով քշում էր ճանճերը, բայց Վասիլի Իվանովիչը երկյուղ կրելով, թե միգուցե նոր սերնդի դատապարտությանն արժանանա, այս անգամ տղային հեռացրել էր։ Արինա Վլասևնան ժամանակ էր գտել նաև զուգվելու, նա գլխին դրել էր մետաքսյա ժապավեններով չամչիկ և ուսերին գցել կապտագույն շալ։ Հենց որ իր Ենյուշային տեսավ, նորից լաց եղավ, բայց այս անգամ ամուսինը հարկ չզգաց նրան հանգստացնելու, որովհետև նա ինքը շուտով արցունքները սրբեց, որպեսզի նրանք շալի վրա չկաթեն։ Ուտողները միայն երիտասարդներն էին, տանտերերը վաղուց էին ճաշել։ Ճաշին ծառայում էր Ֆեդկան, որ անսովոր կոշիկներից դժվարանում էր, և նրան էլ օգնում էր տղամարդու դեմքով, միաչքանի մի կին Անֆիսուշկա անունով, որ տնտեսուհու, թռչնապանի ու լվացարարի պաշտոն էր վարում։ Վասիլի Իվանովիչը ճաշի միջոցին բոլոր ժամանակ ման էր գալիս սենյակի մեջ և բոլորովին երջանիկ ու նույնիսկ երանավետ տեսքով խոսում, թե իրեն սաստիկ երկյուղ է պատճառում նապոլեոնի քաղաքականությունը և իտալական խնդրի խճճված դրությունը։ Արինա Վլասևնան Արկադիին չէր նկատում, նրան համեցեք չէր անում, բռունցքը դեմ տված իր կլորիկ դեմքին, որին մի քիչ փքված, բալի գույն շրթունքները և թշերի ու հոնքի վերևի խալերը խիստ բարեհոգի արտահայտություն էին տալիս, աչքը որդուց չէր հեռացնում ու շարունակ հոգոց էր քաշում։ Սա սաստիկ ուզում էր իմանալ, թե արդյոք որքա՞ն ժամանակով է որդին եկել, բայց վախենում էր հարցնել։ «Իսկ եթե ասի «երկու օրով»,— մտածում էր նա, ու սիրտը քիչ էր մնում թուլանար։ Խորովածից հետո Վասիլի Իվանովիչը մի քանի վայրկյան անհետացավ և ապա բաց արած կես շիշ շամպայն գինին ձեռին ներս մտավ։

— Ահավասիկ,— բացականչեց նա,— թեպետ խուլ անկյունում ենք ապրում, բայց գիտենք նաև հանդիսավոր դեպքերում մեզ ուրախացնել։

Նա լցրեց երեք գինու և մի օղիի բաժակ շամպայն, առաջարկեց «անգնահատելի այցելուների» կենացը և միանգամից, ըստ զինվորական սովորության, դատարկեց իր բաժակը, իսկ Արինա Վլասևնային էլ ստիպեց խմել օղու փոքրիկ բաժակով մինչև վերջին կաթիլը։ Երբ հերթը մուրաբային հասավ, Արկադին, որ ոչ մի քաղցր բան չէր սիրում, բայց և այնպես պարտք համարեց նոր պատրաստված չորս տեսակ զանազան մուրաբաների համն էլ տեսնել, մանավանդ որ Բազարովը կտրականապես հրաժարվեց նրանցից և իսկույն սիգարը կպցրեց։ Հետո հանդես եկավ հում սերով, կարագով ու կրենդելներով թեյը, ապա Վասիլի Իվանովիչը ամենքին պարտեզ տարավ, որպեսզի երեկոյան գեղեցկությամբ զմայլվեն։ Նստարանի կողքից անցնելիս նա Արկադիին շշնջաց.— Սիրում եմ այստեղ նստած արևի մայր մտնելը դիտել ու փիլիսոփայություն անել, անապատականին վայել է այդ։ Իսկ այնտեղ, մի քիչ հեռու, Հորացիոյի սիրած ծառերիցն եմ տնկել։

— Այդ ի՞նչ ծառեր են,— լսելով հարցրեց Բազարովը։

— Հապա ինչպե՞ս… ակացիները։

Բազարովը սկսեց հորանջել։

-Կարծեմ ժամանակն է ուղևորներին Մորֆեոսի գիրկը մտնել,— նկատեց Վասիլի Իվանովիչը։

— Այսինքն քնելու ժամանակն է,— վրա բերեց Բազարովը։— Այդ իրավացի ասացիր։ Իսկապես որ ժամանակն է։

Մորը բարի գիշեր ասելով՝ նա համբուրեց նրա ճակատը, իսկ մայրն էլ գրկեց նրան և թիկունքից, թաքուն, երեք անգամ խաչակնքեց։ Վասիլի Իվանովիչը Արկադիին տարավ, հասցրեց իր սենյակը և նրան մաղթեց «մի այնպիսի բարերար հանգիստ, որպիսին ես եմ ճաշակել ձեր երջանիկ տարիներում»։ Եվ արդարև, Արկադին շատ լավ քնեց իր նախաբաղնիսում, որտեղից անանուխի հոտ էր գալիս, իսկ երկու ճպուռ փոխեփոխ քնաբեր ճռինչ էին արձակում վառարանի հետևից։ Վասիլի Իվանովիչը Արկադիի մոտից գնաց իր առանձնասենյակը և որդու ոտների կողմը գահավորակի վրա թեք ընկնելով ուզում էր նրա հետ զրույց անել, բայց Բազարովն անմիջապես նրան ճանապարհ դրեց պատճառաբանելով, որ ուզում է քնել, բայց ինքը մինչև առավոտ չքնեց։ Աչքերը լայն բաց արած, նա չարացած հայացքով նայում էր մթությանը, մանկության հիշողությունները չէին իշխում նրա վրա, մանավանդ որ վերջին դառը տպավորություններից էլ ազատված չէր դեռ։ Արինա Վլասևնան նախ ջերմ կերպով աղոթեց, հետո էլ շատ երկար ժամանակ զրուցում էր Անֆիսուշկայի հետ, որը իր տիրուհու առաջ արձանի նման ցից եղած և միակ աչքը նրան հառած, խորհրդավոր շշունջով հաղորդում էր նրան Եվգենի Վասիլևիչի վերաբերմամբ արած իր բոլոր դիտողություններն ու ենթադրությունները։ Ուրախությունից, գինուց, սիգարի ծխից պառավի խելքը բոլորովին թռել էր. ամուսինն ուզեց հետը խոսել, և միայն ձեռքը թափ տվավ։ Արինա Վլասևնան նախկին ժամանակների իսկական ազնվական կանանցից էր. պետք էր, որ նա երկու հարյուր տարի առաջ, հին-մոսկովյան ժամ տնակներում ապրած լիներ։ Նա շատ կրոնասեր ու զգայուն կին էր, հավատում էր ամեն տեսակ նշանների, գուշակությունների, գրբացների, երազների, հավատում էր ընկնավորներին, ուրվականներին, ժողովրդական դեղերին, հինգշաբթվա աղին, աշխարհիս մոտալուտ վախճանին, հավատում էր, որ եթե տյառընդառաջի երեկոյան ժամին մոմերը չհանգած տուն հասնեն, կնշանակի, որ հնդկացորենը լավ է լինելու, և թե սունկն այլևս չի աճի, թե որ նրան մարդու աչքը դիպչի, հավատում էր, թե սատանան ջուր եղած տեղեր է սիրում, և թե ամեն մի ջհուդ կրծքին արյան բիծ ունի, վախենում էր մկնից, օձից, գորտերից, ծտից, տզրուկից, որոտից, սառը ջրից, միջանցիկ քամուց, ձիուց, այծից, կարմրաշեկ մարդուց ու սև կատվից, և ճպուռն ու շունը անսուրբ կենդանի էր համարում, չէր ուտում ոչ հորթի միս, ոչ աղավնի, ոչ խեցգետին, ոչ պանիր, ու ծնեբեկ, ոչ գետնատանձ, ոչ նապաստակ, ոչ ձմերուկ, ոքովհետև կտրած ձմերուկը Հովհաննես Մկրտչի գլուխն էր հիշեցնում, իսկ ծովախխունջների մասին առանց զզվանքի չէր կարողանում խոսել, սիրում էր ուտել և խիստ էլ պաս էր պահում, օրական տասը ժամ կքներ։ Բայց որ Վասիլի Իվանովիչի գլուխը ցավեր, ամենևին գլուխը բարձի չէր դնի. բացի Ալեքսիսից կամ Անտառի տնակից ոչ մի գիրք չէր կարդացել, տարեկան մեկ, շատ-շատ երկու նամակ կգրեր, իսկ տնտեսական գործերում հմուտ էր չոր մրգեղեններ ու քաղցրավենիք պատրաստելում, թեպետ և ձեռքը ոչ մի բանի չէր կպցնի, և առհասարակ տեղից տհաճությամբ էր շարժվում։ Արինա Վլասևնան շատ բարի կին էր, և յուր տեսակով, ամենևին անխելք չէր։ նա գիտեր, որ աշխարհքիս մեջ կան աղաներ, Որոնք պետք է հրամաններ տան, և հասարակ ժողովուրդ, որը պետք է ծառայի,— ուստի և չէր գարշում ոչ ծառայամտությունից և ոչ երկրպագություն տալուց, բայց ծառաների հետ մեղմ էր վարվում և երբեք ոչ մի մարդու չէր դատապարտի, թեպետ երբեմն էլ սիրում էր բամբասանք անել։ Երիտասարդ ժամանակը շատ սիրունատես էր, կլավիկորդ էր նվագում և փոքր-ինչ ֆրանսերեն բացատրվում, բայց իր ամուսնու հետ (որին նա հակառակ իր կամքին էր գնացել) վարած երկարամյա թափառական կյանքի ընթացքում գիրացել, լխկել էր և նվագելն էլ էր մոռացել, ֆրանսերենն էլ։ Նա իր որդուն սիրում էր և նրանից անասելի կերպով վախենում, կալվածքի կառավարությունը թողել էր Վասիլի Իվանովիչին և էլ ոչ մի բանի չէր խառնվում, մենակ երբ ծերուկը կսկսեր սպասված բարեփոխությունների և իր ծրագրերի մասին խոսել, հոգոց կհաներ, թաշկինակը շարժելով երեսին հով կաներ վախից ունքերը ավելի ու ավելի վեր կբարձրացներ։ նա կասկածամիտ էր, շարունակ մի մեծ դժբախտություն էր սպասում և հենց որ մի տխուր բան հիշեր, լաց կլիներ... Այժմ արդեն այդպիսի կանայք վերջանում են։ Չգիտեմ՝ պե՞տք է այդ բանով ուրախանալ։

XXI

Արկադին անկողնից վեր կենալով բաց արավ պատուհանը, և առաջին բանը, որ նրա աչքին ընկավ, Վասիլի Իվանովիչն էր։ Բուխարական գիշերազգեստը հագին, թաշկինակով մեջքը կապած, ծերունին եռանդագին վարում էր բանջարանոցում։ Նա իր երիտասարդ հյուրին տեսավ և, բահի կոթին կռթնած, կանչեց.

— Ողջույն, ինչպե՞ս քնեցիք գիշերը։

— Շատ լավ,— պատասխանեց Արկադին։

— Իսկ ես այստեղ, ինչպես տեսնում եք, ոմն Ցինցինատի նման[49], ուշ հասնող բողկի համար մարգեր եմ պատրաստում։ Այժմ այնպիսի ժամանակ է հասել, փա՜ռք աստուծո, որ ամեն մարդ պետք է իր ձեռքով իր հացը դատի, չպետք է ուրիշների վրա հուսալ, մարդ պետք է ինքն աշխատի։ Եվ բանից երևում է, որ Ժան-Ժակ Ռուսսոն իրավացի է։ Մի կես ժամ առաջ, պարոնին ասեմ, ինձ բոլորովին ուրիշ դրության մեջ կտեսնեիք։ Մի կնոջ, որ նրանց լեզվով ասած, թանչք ուներ, իսկ մեր լեզվով դիզենտերիա ես… ինչպես ասեի, որ լավ լիներ… ափիոն էի ներարկում, իսկ մի ուրիշի էլ ատամը հանեցի։ Դրան աոաջարկեցի եթերով քնացնել… բայց նա չհամաձայնեց։ Այս բոլորը ես անում եմ gratis[50]— անամատյոր[51]։ Էհ, ասենք, ինձ համար դա նոր, չտեսնված բան չէ, ես հո պլեբեյ եմ, homo novus[52]— ոչ թե տոհմիկ ազնվականներից, ինչպես իմ կողակիցս է… Չէի՞ք հաճիլ գալ այս ստվերոտ տեղը թեյից առաջ առավոտյան թարմությունը ծծելու։

Արկադին դուրս եկավ և մոտեցավ նրան։

— Կրկին անգամ բարի եկաք,— ասաց Վասիլի Իվանովիչը զինվորականի ձևով ձեռքը տանելով իր աղտոտած թասակին, որ դրել էր գլխին։— Գիտեմ, դուք սովոր եք փարթամության, զվարճությունների, սակայն աշխարհիս մեծամեծներն անգամ չեն գարշում խրճիթի առաստաղի տակ մի քիչ ժամանակ անցկացնելու։

— Այդ ինչ եք ասում,— առարկեց Արկադին,— ես ի՞նչ մեծամեծ եմ։ Եվ շքեղ կյանքի էլ վարժված չեմ։

— Սպասեցեք, սպասեցեք,— սիրալիր ծամածռությամբ պատասխանեց Վասիլի Իվանովիչը,— թեպետ ես այժմ արդեն բանի պետք չեմ գալիս, բայց ես էլ աշխարհք տեսած մարդ եմ, աչքս որ մեկի վրան ձգեմ, իսկույն կհասկանամ, թե ի՞նք մարդ է առաջիս։ Ես էլ իմ տեսակի հոգեբան եմ ու դիմագետ։ Թե որ այս, համարձակվում եմ ասել, շնորհքը չունենայի, վաղուց կորել, ոտի տակ էի գնացել։ Առանց ձեզ հաճոյախոսություն արած լինելու ասեմ, որ ինձ անկեղծորեն ուրախացնում է այն բարեկամությունը, որ նկատում եմ իմ որդու և ձեր մեջ։ Հենց այս րոպեիս տեսա նրան, նա ըստ իր սովորության, որ հավանորեն ձեզ էլ հայտնի կլինի, շատ վաղ վեր կացավ տեղից և վազեց դեպի շրջակայքը։ Թույլ տվեք հարցնեմ՝ վաղո՞ւց եք ծանոթ իմ Եվգենիի հետ։

— Այս ձմեռվանից։

— Լավ։ Մի բան էլ հարցնեմ։ Բայց լավ չի՞ լինի նստենք։ Թույլ տվեք, իբրև հայր, ամենայն անկեղծությամբ մի բան էլ հարցնելու, ի՞նչ կարծիքի եք իմ Եվգենիի մասին։

— Ձեր որդին իմ տեսած մարդկանց մեջ ամենանշանավորներից մեկն է,— աշխուժով պատասխանեց Արկադին։

Հանկարծ Վասիլի Իվանովիլի աչքերը մեծ-մեծ բացվեիցին, և թշերը թեթև կարմրեցին։ Բահը ձեռքից վայր ընկավ։

— Ուրեմն կարծում եք, որ…— սկսեց նա։

— Հավատացած եմ,— վրա բերեց Արկադին,— որ ձեր որդին մեծ ապագա ունի և նա կփառավորի ձեր անունը։ Հենց մեր առաջին հանդիպումից համոզվեցի ես այդ բանին։

— Ինչպես… ինչպես եղավ այդ,— հազիվ արտասանեց Վասիլի Իվանովիչը։ Սքանչացման ժպիտը լայն բաց արեց նրա շրթունքները և էլ չանհետացավ։

— Ուզում եք իմանալ, թե մեր հանդիպո՞ւմն ինչպես եղավ։

— Այո... և առհասարակ…

Արկադին սկսեց պատմել ու խոսել Բազարովի մասին էլ ավելի ոգևորված, ավելի ջերմությամբ, քան այն երեկոյան, երբ Օդինցովայի հետ մազուրկա էր պարել։

Վասիլի Իվանովիչը լսում էր, լսում նրա պատմածքը քիթը սրբում, թաշկինակը երկու ձեռների մեջ ոլորում, հազում էր, մազերը խառնում։ Վերջապես էլ չհամբերեց կռացավ դեպի Արկադին, նրա ուսը համբուրեց։

— Դուք ինձ կատարելապես բախտավորեցրիք,— ասաց նա շարունակելով ժպտալ,— ձեզ այսքանն ասեմ, որ ես... պաշտում եմ որդուս, էլ չեմ ասում պառավս, դե ինչ ասել կուզի, մայր է ախր, բայց ես չեմ համարձակվում իմ զգացմունքները որդուս ներկայությամբ արտահայտել, որովհետև նա այդ բանը չի սիրում։ Նա թշնամի է զգացմունքների ամեն տեսակ զեղումների, շատերը մինչև անգամ նրան դատապարտում են նրա այդ բարքի անհողդողդության համար և այդ բանը հպարտություն կամ անզգայություն են համարում, բայց այդպիսի մարդկանց սովորական չափով չպետք է չափել, այնպես չէ՞։ Հենց, օրինակ, ասենք, նրա տեղը մեկ ուրիշը որ լիներ, շարունակ իր ծնողներից պիտի քաշեր ու քաշեր, մինչդեռ նա, կհավատա՞ք, որ ասեմ մի կոպեկ ավելորդ փող չի վերցրել։ Աստված վկա։

— Նա անշահասեր, ազնիվ մարդ է,— նկատեց Արկադին։

— Արդարև անշահասեր։ Եվ ես, Արկադի Նիկոլայիչ, ոչ միայն պաշտում եմ նրան, այլև նրանով պարծենում եմ, և իմ բոլոր փառասիրությունն այն է, որ մի ժամանակ նրա կենսագրության մեջ գրված լինի. «Նրա հայրը մի հասարակ զինվորական բժիշկ էր, որ սակայն շատ վաղ հասկացավ նրա ինչ եղածը և ոչինչ չխնայեց նրա կրթության համար...»։— Ծերուկի ձայնը կտրվեց։

Արկադին սեղմեց նրա ձեռքը։

— Ի՞նչ եք կարծում,— փոքր լռությունից հետո հարցրեց Վասիլի Իվանովիչը։— Ձեր գուշակած հռչակը նա հո բժշկական ասպարեզում չէ ստանալու։

— Իհարկե բժշկական ասպարեզում չէ, թեպետ և նա այդ կողմից էլ առաջին գիտնականներից կլինի։

— Հապա ո՞ր ասպարեզում, Արկադի Նիկոլայիչ։

— Այդ այժմ դժվար է ասել, բայց նա հռչակավոր կլինի։

— Հռչակավոր կլինի,— կրկնեց ծերունին ու մտքի ծովն ընկավ։

— Արինա Վլասևնան համեցեք են անում թեյ անուշ անելու,— ասաց Անֆիսուշկան՝ ահագին սկուտեղով հասուն մոռը ձեռին անցնելով նրանց կողքից։

Վասիլի Իվանովիչը սթափվեց։

— Մոռի հետ սառը հում սեր էլ կա՞։

— Կա։

— Նայիր սառը լինի, հա։ Մի քաշվեք, Արկադի Նիկոլայիչ, մի քիչ շատ վերցրեք։ Ինչո՞ւ Եվգենին չի երևում։

— Այստեղ եմ,— Արկադիի սենյակից լսվեց Բազարովի ձայնը։

Վասիլի Իվանովիչը արագությամբ շուռ եկավ։

— Հը… ուզում Էիր բարեկամիդ այցելես, հա, բայց ուշացար, amice[53] և մենք արդեն երկար բարակ զրուցեցինք իրար հետ։ Այժմ պետք է գնալ թեյ խմել, մայրիկդ կանչում Է։ Ի դեպ, ես հետդ խոսելիք ունեմ։

— Ինչ բան։

— Այստեղ մի գյուղացի կա, տառապում է իկտերով…

— Այսինքն դեղնացավո՞վ։

— Այո, քրոնիկական և շատ ծանր իկտեր։ Ես նրան գետնալեղի եմ տվել, խնձորածաղիկ, գազար եմ ուտացնում, սոդա խմացրի, բայց այս ամենը միայն պալլիատիվ միջոցներ են. հարկավոր է մի վճռական բան անել։ Թեպետ դու բժշկության վրա ծիծաղում ես, բայց հավատացած եմ, իր կարող ես ինձ մի լավ խորհուրդ տալ։ Բայց այդ հետո։ Իսկ այժմ գնանք թեյ խմենք։

Վասիլի Իվանովիչն աշխուժությամբ վեր թռավ նստարանի վրայից և երգեց «Ռոբերտից»[54].

Օրենք, օրենք մեզ դնենք,
Որ ու… որ ուրախ ապրենք։

— Զարմանալի կենսունակ մարդ է,— ասաց Բազարովը պատուհանից հեռանալով։

Կեսօր եղավ։ Համատարած, սպիտակավուն ամպերի քողի տակից այրում էր արևը։ Ամեն ինչ լուռ էր, մենակ աքլորները գյուղում ձայն ձայնի էին տվել ու ամեն մարդու մեջ, որ նրանց լսում էր, քնարբության ու տաղտկության տարօրինակ զգացում էին առաջացնում, մեկ էլ վերևը, ծառերի կատարին մի տեղ լալկան ձայնով հնչում էր մատաղ բազեի անլուռ ճիչը։ Արկադին ու Բազարովը, գետնին մի երկու գիրկ խշխշուն չոր, բայց դեռ կանաչ դույնի ու հււտավետ խոտ ձգած, պառկած էին խոտի մի փոքր դեզի ստվերում։

— Այն կաղամախին միտս է գցում մանկությունս,— սկսեց խոսել Բազարովը,— դա բսնած է մի փոսի եզրին, որ մնացել է աղյուսե ցախատնից, և ես այն ժամանակ հավատացած էի, թե այդ փոսն ու կաղամախին կախարդանք ունեն, այնտեղ ես երբեք չէի ձանձրանում։ Այն ժամանակ չէի հասկանում, թե չձանձրանալուս պատճառն այն էր, որ երեխա էի։ Իսկ այժմս մեծացել եմ և այդ կախարդանքն արդեն այլևս ուժ չունի։

— Ընդամենն ինչքա՞ն ժամանակ ես անցկացրել այստեղ,— հարցրեց Արկադին։

— Երկու տարի շարունակ, հետո մենք սկսեցինք ուրիշ տեղեր գնալ։ Թափառական կյանք էինք վարում, մեծ մասամբ քաղաքներում էինք քարշ գալիս։

— Իսկ այս տունը վաղո՞ւց է շինած։

— Վաղուց։ Այդ իմ պապի, մորս հոր շինածն է։

— Ի՞նչ մարդ է եղել պապդ։

— Սատանան գիտե՝ ինչ մարդ է եղել։ Մի ինչ-որ սեկունդ-մայոր։ Սուվորովի ձեռքի տակ է եղել և շարունակ Ալպերն անցնելու պատմությունն էր անում։ Երևի հնարում էր։

— Ես էլ ասում եմ ինչի” ընդունարանում Սուվորովի պատկերն է կախած։ Իսկ ես ձեր տան նման այսպիսի հին ու տաքուկ տնակներ սիրում եմ, նրանց հոտն էլ մի ուրիշ տեսակ է։

— Կանթեղի ձեթի ու կորնգանի հոտ է,— հորանջելով ասաց Բազարովը։— Եվ ճանճ էլ ինչքան սիրտդ ուզի այդ սիրուն տնակներում... Ֆա՜։

— Մի ինձ ասա, մանկությանդ ժամանակ քեզ չէի՞ն ճնշում,— ասաց Արկադին փոքր-ինչ լռությունից հետո։

— Տեսնո՞ւմ ես հո ինչպիսի ծնողներ են։ Խիստ մարդիկ չեն։

— Եվգենի, սիրո՞ւմ ես նրանց։

— Սիրում եմ, Արկադի։

— Հապա նրանք ինչպե՜ս են սիրում քեզ։ Բազարովը լռեց։

— Գիտե՞ս ինչ եմ միտք անում,— ասաց նա վերջապես՝ ձեռները գլխի հետևը ձգելով։

— Չգիտեմ։ Ի՞նչ։

— Միտք եմ անում՝ բախտավոր են ծնողներս։ Հայրս վաթսուն տարեկան է ու էլի աշխատում է, խոսում «պալլիատիվ» միջոցների մասին, մարդիկ է բժշկում, գյուղացիների վերաբերմամբ մեծահոգություն բանեցնում, մի խոսքով՝ քեֆ է անում։ Մայրս էլ վատ չի ապրում։ Նրա օրը այնքան զբաղմունքներով, ախ ու օխերով է լցված, որ աչք բանալու ժամանակ չունի, իսկ ես…

— Իսկ դո՞ւ։

— Իսկ ես միտք եմ անում-ահավասիկ, այստեղ, պառկած եմ դեզի ստվերում... Այս նեղլիկ տեղը, որ ես բռնել եմ, բոլորովին մանր բան է համեմատած մնացյալ տարածության հետ, որ ես չկամ և որի համար իմ գոյությունը ոչինչ նշանակություն չունի, և ժամանակի այն մասը, որ ես պիտի ապրեմ, շատ և շատ չնչին բան է հավիտենականության առաջ, ուր ես չեմ եղել և չպիտի էլ լինեմ... Մինչդեռ այս ատոմի, մաթեմատիկական այս կետի մեջ արյունը դառնում է, ուղեղն աշխատում, նա էլ մի բան է ուզում։ Ի՛նչ խենթություն։ Ի՛նչ անմիտ բան։

— Բայց քեզ ասեմ, որ այն, ինչ որ ասացիր, վերաբերում է նաև առհասարակ բոլոր մարդկանց։

— Ուղիղ ես ասում,— վրա բերեց Բազարովը։— Ուզում էի ասել, թե ահավասիկ նրանք, այսինքն ծնողներս, զբաղված են և իրենց չնչինության մասին չեն մտածում, դա նրանց անհանգստություն չի պատճառում... իսկ ես… ես միայն տաղտուկ ու չարություն եմ զգում։

— Չարությո՞ւն, ինչո՞ւ չարություն։

— Ինչո՞ւ։ Ինչպե՞ս թե ինչու։ Մի՞թե մոռացար։

— Ամեն բան էլ միտս է, բայց և այնպես ես այնպես եմ համարում, որ դու չարանալու իրավունք չունես։ Դու դժբախտ ես, համաձայն եմ, բայց…

— Է՛, ինչպես տեսնում եմ, Արկադի Նիկոլայիչ, դու էլ սերն այնպես ես հասկանում, ինչպես և բոլոր նորագույն երիտասարդները։ Ջո՜ւ, ջո՜ւ, ջո՜ւ կանչում են վառեկին, բայց հենց որ վառեկը սկսում է մոտ գալ իրենք թողնում են փախնում։ Ես այդպես չեմ։ Բայց հերիք է այս մասին։ Մի բանի որ դարման չես կարող անել, դրա մասին խոսելն էլ ամոթ է։— Նա շուռ եկավ մի կողքի։— Ըհը՛, տե՛ս, կտրիճ մրջյունը կիսամեռ ճանճ է քարշ տալիս։ Քարշ տուր, ախպե՛ր, քարշ տուր։ Նրա դիմադրելուն մի նայիր, օգուտ քաղիր այն բանից, որ դու, որպես կենդանի, իրավունք ունես կարեկցության զգացումը չընդունելու և ոչ թե մեզ նման կոտրատվելու։

— Այդ բանը գոնե դու չասեիր, Եվգենի, դու ե՞րբ ես քեզ կոտրել։

Բազարովը գլուխը վեր բարձրացրեց։

— Հենց միայն դրանով էլ պարծենում եմ։ Քանի որ ինքս ինձ չեմ կոտրել, կնիկարմատն էլ կարող չէ ինձ կոտրել։ Ամեն։ Վերջացավ։ Այլևս բառ անգամ չես լսի ինձանից այդ մասին։

Երկու բարեկամն էլ բավական ժամանակ լուռ պառկած էին։

— Հըմ,— սկսեց Բազարովը,— տարօրինակ էակ է մարդս։ Որ կողքից, այն էլ հեռվից նայում ես այս խուլ կյանքի վրա, որ վարում են «հայրերը», թվում է, թե դրանից լավ բան չկա։ Կեր, խմի և գիտցած եղիր, որ ամենականոնավոր, ամենախելացի բանն ես անում։ Բայց չէ ձանձրույթը կճնշի։ Ուզում ես մարդկանց հետ լինել, թեկուզ հայհոյել նրանց, բայց մարդկանց հետ լինել։

— Պետք է կյանքն այնպես կառուցել, որ նրա ամեն մի ակնթարթը նշանավոր լինի,— մտախոհ ասաց Արկադին։

— Ինչ խոսք։ նշանավորը թեպետ սուտ էլ է լինում, դարձյալ քաղցր է, սակայն կարելի է աննշանի հետ էլ հաշտվել... բայց այդ մանր, դատարկ վեճերը, բանսարկությունները… փորձանք են դրանք։

— Չնչին վեճերը, բանսարկությունները գոյություն չունեն մարդուս համար, թե որ նա ինքը չուզենա դրանց վրա ուշադրություն դարձնել։

— Հըմ... այդ դու ընղհանուր տեղի հակառակ բան ասացիր։

— Ի՞նչ է։ Ի՞նչ ես հասկանում այդ ասելով։

— Ահա ինչ, ա՛յ, օրինակ, ասենք, լուսավորությունն օգտակար է, սա ընդհանուր տեղն է. իսկ ասել, թե լուսավորությունը վնասակար է, այս էլ ընդհանուրի հակառակ տեղն է, դատողություն է։ Դա ըստ երևույթին կարծես թե սիրուն ձև է, բայց իսկապես միևնույն բանն է։

— Բայց ո՞ւր է, ո՞ր կողմն է ճշմարտությունը։

— Ո՞ւր է։ Իբրև արձագանք կպատասխանեմ քեզ, ո՞ւր է։

— Այսօր դու մելամաղձիկ տրամադրության մեջ ես, Եվգենի։

— Իրա՞վ։ Երևի արևը ինձ թուլացրել է, մեկ էլ որ շատ մոռ չպետք է ուտել։

— Ուրեմն ավելի չավ է մի քիչ ննջենք,— նկատեց Արկադին։

— Վատ չի լինիլ. միայն թե երեսիս չնայես, քնած միջոցին ամեն մարդու երես էլ ապուշ արտահայտություն է ստանում։

— Իսկ քեզ համար միևնույն չէ՞, թե ուրիշները ինչ են մտածում քո մասին։

— Չգիտեմ, ինչ ասեմ քեզ։ Իսկական մարդը դրա մասին հոգ չպիտի տանի, իսկական մարդը նա է, որի մասին մտածելու հարկ չկա, պետք է նրան միայն հնազանդվել կամ ատել։

— Տարօրինակ է, ես ոչ ոքի չեմ ատում,— ասաց Արկադին մի փոքր մտածելով։

— Իսկ ես՝ շատերին։ Դու քնքուշ սիրտ ունես, թույլ, անվճռական ես։ Քու ինչ բանն է ատելը... Դու քաշվում ես, քեզ վրա քիչ վստահություն ունես...

— Իսկ դու,— ընդհատեց նրան Արկադին,— վստա՞հ ես քեզ վրա։ Դու մե՞ծ կարծիք ունես քո մասին։

Բազարովը լռեց։

— Երբ ես պատահեմ մի մարդու, որը իմ առաջ տեղի չի տալիս,— ասաց նա հատ ընդ հատ,-այն ժամանակ ես իմ մասին ունեցած կարծիքս կփոխեմ։ Ատե՛լ։ Ահա, օրինակ, դու այսօր ասացիր, ձեր գյուղապետ Ֆիլիպի տնակի մոտից անցնելիս,— այնքան լավն է այդ տնակը, սպիտակ է,— ա՛յ, ասացիր դու, Ռուսաստանը այն ժամանակ կատարելության կհասնի, երբ վերջին գեղջուկն էլ այսպիսի բնակարան կունենա, և ամեն մեկը մեզնից պարտավոր է դրան նպաստել... իսկ ես ատեցի այդ վերջին գեղջուկին, Ֆիլիպին թե Սիդորին, որի համար ես կաշվիցս դուրս պիտի գամ և որը ինձ շնորհակալություն էլ չի ասի... և ինչի՞ս է պետք նրա շնորհակալությունը։ Լավ, ասենք թե նա ապրեց սպիտակ խրճիթում, իսկ իմ մարմնից կռատուկ կբուսնի, լավ, հետո՞։

— Հերիք է, Եվգենի… ասածներդ լսողը ուզի-չուզի պիտի համաձայնի այն մարդկանց հետ, որոնք կշտամբում են, թե մենք սկզբունք չունենք։

— Դու էլ քո հորեղբոր նման ես խոսում։ Ընդհանրապես սկզբունքներ չկան, մի թե մինչև այժմ դեռ չես հասկացել այդ. այլ միայն կան զգացողություններ։ Ամեն բան դրանից է կախված։

— Ինչպե՞ս։

— Հենց այդպես։ Օրինակ ես՝ ես ժխտական ուղղության եմ հետևում զգացողություններիս պատճառով։ Ինձ հաճույք է պատճառում ժխտելը, իմ ուղեղն այդպես է կազմված, պրծավ գնաց։ Ինչո՞ւ քիմիան դուր է գալիս ինձ։ Ինչո՞ւ դու սիրում ես խնձորը, նույնպես զգացողության շնորհիվ։ Այդ ամենը մեկ բան է։ Մարդիկ երբեք դրանից խորը չեն թափանցել։ Այս բանը ամեն մարդ քեզ չի ասի, հենց ես էլ ուրիշ անգամ այլևս չեմ ասի։

— Լավ, ուրեմն ազնվությունն է՞լ զգացողություն է։

— Անշուշտ։

— Եվգենի,— տխուր ձայնով սկսեց Արկադին...

— Հը՞։ Ի՞նչ է։ Ճաշակովդ չէ՞ր,— ընդհատեց Բազարովը.— Չէ՛, եղբա՛յր։ Որ մի անգամ սկսել ես ամեն բան հնձել՝ մի կանգնիր, գերանդին հասցրու քո ոտներին էլ... Սակայն մենք բավական փիլիսոփայություն արինք։ «Բնությունը քնի լռությունն է սփռում»,— ասում է Պուշկինը։

— Նա երբեք այդպիսի բան չի ասել,— ասաց Արկադին։

— Է՛հ, որ չի ասել, անշուշտ որպես բանաստեղծ կարող էր և պարտավոր էր ասել։ Ի դեպ, երևի նա զինվորական ծառայության մեջ է եղել։

— Պուշկինը երբեք զինվորական չի եղել։

— Բայց ախր նրա գրվածքի ամեն մի երեսին կպատահես,— ի մարտ, ի մարտ Ռուսիայի պատվի պաշտպանության համար։

— Այս ինչ չեղած բաներ ես հնարում։ Ախր վերջապես զրպարտություն է այդ։

— Զրպարտությո՞ւն։ Ինչ մի կարևոր բան է։ Այ թե ինչպիսի խոսքերով մտածեցիր վախեցնել։ Ինչ զրպարտություն ուզում ես բարձիր մարդու վրա, բայց և այնպես նա դարձյալ քսան անգամ ավելի վատին է արժանի։

— Ավելի լավ է, քնենք,— սրտնեղած ասաց Արկադին։

— Մեծագույն ուրախությամբ,— պատասխանեց Բազարովը։

Բայց ոչ մեկի քունն էր տանում և ոչ մյուսի։ Ինչ-որ համարյա թշնամական մի զգացմունք համակում էր երկու երիտասարդների սիրտն էլ։ Մի հինգ րոպեից հետո նրանք բաց արին աչքերը և լռելյայն իրար երեսի նայեցին։

— Նայիր,— ասաց հանկարծ Արկադին,— չինարուց մի չոր տերև պոկ եկավ ու ցած է ընկնում, նրա շարժումների բոլորովին նման են թիթեռնիկի թռիչքին։ Տարօրինակ չէ՞։ Ամենատխուրն ու մեռածը նման է ամենաուրախ ու կենդանի բանի։

— Ոհ, բարեկամս, Արկադի Նիկոլայիչ,— բացականչեց Բազարովը,— մի բան եմ խնդրում՝ գեղեցիկ մի խոսի։

— Խոսում եմ այնպես, ինչպես կարողանում եմ… Եվ վերջապես, սա ի՞նչ բռնակալություն է։ Գլխումս մի միտք ծագեց, ինչո՞ւ չպիտի արտահայտեմ։

— Լավ. բայց ինչո՞ւ ես էլ չպետք է իմ միտքն արտահայտեմ։ Իմ կարծիքով, գեղեցիկ խոսելը անպարկեշտ բան է։

— Հապա ի՞նչն է պարկեշտ։ Հայհոյե՞լը։

— Էհե՜, ինչպես տեսնում եմ, դու ճիշտ որ մտադիր ես գնալ հորեղբորդ հետքերով։ Ինչքան պիտի ուրախանար այդ ապուշը, եթե ասածդ լսեր։

— Ի՞նչ անվանեցիր Պավել Պետրովիչին։

— Ինչ որ հարկն էր, այն էլ ասացի՝ ապուշ։

— Այդ արդեն անհանդուրժելի է,— բացականչեց Արկադին։

— Հը, ազգակցական զգացումդ խոսեց,— հանդարտ ասաց Բազարովը։— Ես նկատել եմ՝ այդ բանը շատ համառ կերպով մնում է մարդկանց մեջ. մարդ ամեն բանից պատրաստ է հրաժարվել, ամեն տեսակ նախապաշարմունքներից հեռանալ, բայց խոստովանել, որ, օրինակ, իր եղբայրը, որը ուրիշների թաշկինակներն է գողանում, գող է, այդ նրա ուժերից վեր է։ Եվ հիրավի, իմ եղբայրը իմն է՝ և հանճար չէ՞... կաբելի՞ բան է այդ։

— Պարզ արդարամտության զգացումն էր և ոչ թե ազգականության զգացումը, որ բողոքեց քո դեմ,— գրգռված պատասխանեց Արկադին։— Բայց որովհետև դու այդ զգացումը չես հասկանում, այդպիսի զգացողություն չունես, ուստի և չես էլ կարող դրա մասին դատել։

— Ուրիշ խոսքով՝ Արկադի Կիրսանովը իմ հասկացողությունից խիստ բարձր է. խոնարհվում եմ ու լռում։

— Ի սեր աստուծո, հերիք է, Եվգենի. մենք վերջ ի վերջո կկռվենք։

— Ա՛հ, Արկադի, շնորհ արա. եկ մի անգամ լավ կռվենք, իրար ջարդենք ոչնչացնելու չափ։

— Այսպիսով մենք, ով գիտե, վերջացնենք նրանով…

— Որ ծեծվե՞նք,— վրա բերեց Բազարովը։— Ինչ կա որ։ Այստեղ, խոտի վրա մի այսպիսի գեղանկար պայմանների մեջ, աշխարհքից ու մարդկային աչքից հեռու, վնաս չունի։ Բայց դու իմ հախից չես գա։ Ես իսկույն քո կոկորդից կբռնեմ...

Բազարովը չռեց իր երկար ու կոշտ մատները... Արկադին շուռ եկավ ու ասես թե կատակով, պատրաստվեց դիմադրելու... բայց իր բարեկամի դեմքի արտահայտությունն այնպես չարագուշակ թվաց, մի այնպիսի սպառնալիք տեսավ նրա շրթունքների ծուռ ծաղրի, նրա բորբոքված աչքերի մեջ, որ ակամա վախեցավ...

— Ահա թե ուր եք քաշվել,— այդ միջոցին լսվեց Վասիլի Իվանովիչի ձայնը, և ծերունի զինվորական բժիշկր, տնագործ կտավե պիջակը հագին, նույնպես տնագործ հարդյա գլխարկը գլխին, ցցվեց երիտասարդների առաջ։— Ես ձեզ փնտրեցի, փնտրեցի... Բայց շատ լավ տեղ եք ընտրել և գեղեցիկ զբաղմունքի էլ անձնատուր եղել։ «Գետնին» պառկած «երկինք» նայել... Գիտեք, մի առանձին իմաստ կա դրա մեջ։

— Ես երկնքին նայում եմ միայն այն ժամանակ, երբ ուզում եմ փռշտալ,— փնթփնթաց Բազարովը և, Արկադիի կողմը դառնալով, ցած ձայնով ավելացրեց։— Ափսոս որ խանգարեց։ — Դե լավ, հերիք է,— շշնջաց Արկադին և ծածուկ իր բարեկամի ձեռքը սեղմեց։ Սակայն ոչ մի բարեկամություն չի կարող այսպիսի ընդհարումների երկար դիմանալ։

— Նայում եմ ձեզ, իմ երիտասարդ խոսակիցներս,— ասում էր Վասիլի Իվանովիչը գլուխն օրորելով և հենված իր պատրաստած ձեռնափայտին, որ ճարպկորեն ոլորված մի բան էր և որի կոթը թուրքի գլխի էր նման,— նայում եմ ու չեմ կարող չզվարճանալ։ Որքան ուժ, որքան ամենածաղիկ երիտասարդություն, ընդունակություններ, տաղանդ կա ձեր մեջ։ Կարծես… Կաստորն ու Պոլլուքսը լինեք[55]։

— Ահա դիցաբանության անցավ,— ասաց Բազարովը։— Իսկույն երևում է, որ ժամանակին լավ լատինագետ ես եղել։ Կարծեմ շարադրության համար արծաթե մեդալ էլ ես ստացել, չէ՞։

— Դիոսկուրներ, Դիոսկուրներ,— կրկնեց Վասիլի Իվանովիչը։

— Դե լավ, հերիք է, հայր, շատ մի քնքշանա։

— Քանի տարի է չենք տեսնվել, մի անգամ կարելի է,— մրթմրթաց ծերունին։— Ասենք ես ձեզ, պարոններ, հաճոյախոսություններ անելու համար հո չեմ եկել, այլ նախ հայտնելու, որ շուտով ճաշելու ենք, իսկ երկրորդ, ուզում էի քեզ նախագիտակ անել, Եվգենի... Դու խելոք մարդ ես, ճանաչում ես մարդկանց, կանանց էլ ես ճանաչում, ուստի և կներես… Մայրիկդ քո գալստյան առիթով ուզեցել էր մաղթանք կատարել տալ։ Չկարծես թե ես եկել եմ քեզ կանչելու, որ այդ մաղթանքին ներկա լինես, մաղթանքն արդեն եղավ վերջացավ, բայց տեր Ալեքսեյը...

— Տերտե՞րը։

— Այո, քահանան, մնաց հետներս ճաշելու... Չէի կարծում, թե բանն այդպես կլինի, մինչև անգամ խորհուրդ էի տալիս չկանչել... բայց չգիտեմ՝ ինչպե՞ս եղավ... միտքս չհասկացավ... Դե, Արինա Վլասևնան էլ... Մանավանդ քահանան շատ լավ ու հասկացող մարդ է։

— Ճաշին հո իմ բաժինը չի՞ ուտելու,— հարցրեց Բազարովը։

Վասիլի Իվանովիչը ծիծաղեց։

— Ինչ ես ասում։

— Էլ ինձ ուրիշ բան հարկավոր չէ։ Ես ամեն մարդու հետ էլ պատրաստ եմ սեղան նստելու։ Վասիլի Իվանովիչն իր գլխարկն ուղղեց։

— Ես առաջուց համոզված էի,— ասաց նա,— որ դու վեր ես ամեն նախապաշարմունքից։ Ես հո ծեր մարդ եմ, վաթսուներկու տարի է ապրում եմ աշխարհիս երեսին, մինչև անգամ ես էլ ազատ եմ նախապաշարմունքից (Վասիլի Իվանովիչը չէր համարձակվում խոստովանել, որ ինքն էր մաղթանք ուզողը… նա յուր կնոջից պակաս կրոնասեր չէր)։ Իսկ տեր Ալեքսեյը սաստիկ ուզում էր ծանոթանալ հետդ։ Այ կտեսնես, դու նրան կհավանես։ Նա թղթախաղի էլ չէ չի ասի և նույնիսկ... բայց այս մեր մեջը մնա... չիբուխ էլ է քաշում։

— Ավելի լավ. ճաշից հետո կնստենք երալաշ խաղալու, և ես նրան կտանեմ։

— Հա-հա -հա՛, տեսնենք։ Նայիր, որ ատամդ չառնի։

— Չգիտեմ, գուցե հին փեշա՞կդ էլի բանեցնես,— առանձին շեշտով ասաց Բազարովը։

Վասիլի Իվանովիչի բրոնզագույն դեմքը քիչ կարմրեց։

— Չե՞ս ամաչում, Եվգենի... Անցածն անցավ, գնաց։ Ես հենց այժմ պատրաստ եմ ահա նրանց առաջ խոստովանվել, որ երիտասարդությանս ժամանակ այդ ախտն ունեի. և ի՞նչ պատիժ կրեցի դրա համար։ Բայց այս ինչքա՞ն տաք է։ Թողեք ձեր կողքին ես էլ նստեմ։ Հո չե՞մ խանգարի։

— Ամենևին,— պատասխանեց Արկադին։

Վասիլի Իվանովիչը տնքալով նստեց խոտի վրա։

— Ձեր այս մահիճը, պարոններիս ասեմ, ինձ հիշեցնում է,— սկսեց նա,— վարած զինվորական, վրանաբնակ կյանքս, կապելու համար նշանակված տեղերը, նույնպես այսպես դեզերի մոտ, և դեռ դրան էլ փառք աստուծո։— Նա հառաչեք։— Շատ է շատ նեղություններ եմ տեսել կյանքումս։ Ահա հենց, օրինակ, եթե թույլ կտաք, ես ձեզ մի հետաքրքրական դեպք պատմեմ Բեսսարաբիայում պատահած ժանտախտի մասին։

— Որի համար դու Վլադիմիրի շքանշա՞ն ստացար,— վրա բերեց Բազարովը...— Գիտենք, գիտենք…— Ի դեպ. Ինչի՞ չես շքանշանդ կախում։

— Չէ՞ որ ասացի նախապաշարմունքներ չունեմ,— քրթմնջաց Վասիլի Իվանովիչը (նա դեռ նախօրյակին էր պատվիրել, որպեսզի սերթուկի վրայից կարմիր ժապավենի կտորը պոկեն), և սկսեց ժանտախտի դեպքը պատմել։— Մի սրան նայիր, քնել է,— շշնչաց նա հանկարծ Արկադիին, որ բարեսրտությամբ աչքով արավ։— Եվգենի, վեր կաց,— ավելացրեց նա բարձր ձայնով։— Ճաշելու գնանք…

Տեր Ալեքսեյը, որ մի բարձրահասակ ու լիքը տղամարդ էր, խիտ ու խնամքով սանրած մազերով, բաց մանիշակագույն մետաքսյա վերարկվի վրայից ասեղնագործ գոտի կապած, շատ ճարպիկ ու սուր մարդ դուրս եկավ։ Նա, ասես թե հասկանալով, որ Բազարովն ու Արկադին իր օրհնությանը կարոտ չեն, առաջ ինքը շտապեց նրանց ձեռքը սեղմելու, և առհասարակ իրեն շատ ազատ էր պահում։ Ոչ իր հարգը վայր գցեց և ոչ էլ ուրիշների պատվին դիպավ, հարմար տեղին ինքն էլ ծիծաղեց սեմինարիայում ավանդված լատիներենի վրա, և իր առաջնորդի պատիվն էլ պաշտպանեց. երկու գավաթ օղի խմեց, իսկ երրորդից հրաժարվեց։ Արկադիի առաջարկած սիգարը վերցրեց, բայց չծխեց՝ ասելով, թե տուն կտանի։ Մի քիչ անհաճելի էր նրա մի սովորությունը, որ նա շարունակ ձեռքը կամաց-կամաց ու զգուշությամբ բարձրացնում էր վերև ու աշխատում էր երեսին նստած ճանճերը բռնել և երբեմն ճզմում էր ճանճը։ Նա գոհության չափավոր արտահայտությամբ նստեց կանաչ սեղանի առաջ և վերջացրեց նրանով, որ Բազարովից 2 ռ. 50 կ. ասսիգնացիա տարավ։ Արինա Վլասևնայի տանը արծաթ դրամով հաշվելու մասին գաղափար անգամ չունեին… նա առաջվա պես նստել էր որդու կողքին (նա թուղթ չէր խաղում), առաջվա պես նա բռունցքը դեմ էր արել թշին, և միայն վեր էր կենում տեղից, որպեսզի հրամայի նոր ուտելիք բերելու։ Նա վախենում էր որդուն գուրգուրել, և Բազարովն իր վարմունքով նրան սիրտ էր տալիս, այնպես չէր անում, որ նա փաղաքշեր որդուն, մանավանդ որ Վասիլի Իվանովիչն էլ նրան խորհուրդ էր տալիս, որ որդուն շատ «չանհանգստացնի»։ «Երիտասարդներն այդպիսի բաներ չեն սիրում-պնդում էր նա (էլ ավելորդ է ասել, թե ինչ ճաշ կլիներ այդ օրը։ Տիմոֆեիչն ինքն անձամբ ձի նստած լուսաբացին սլացել էր չերկասյան տավարի միս բերելու, գյուղապետն էլ մյուս կողմն էր գնացել արքայաձուկ, պերկես ու խեցգետին բերելու, մենակ սունկի համար կնանիք 42 կոպեկի սև փող ստացան)։ Բայց Արինա Վլասևնայի աչքերը, որ անթարթ կերպով Բազարովին էին հառած, մենակ անձնվիրություն ու քնքշանք չէին արտահայտում, նրանց մեջ երևում էր նաև թախիծ խառն հետաքրքրության ու երկյուղի հետ, մի տեսակ հեզ կշտամբանք։

Ասենք Բազարովը ամենևին տրամադրություն էլ չուներ որոշելու, թե ինչ էին արտահայտում իր մոր աչքերը, նա հազիվ էր մորը բան ասում, այն էլ կարճ հարցմունք էր լինում։ Մի անգամ նա «բախտը բերելու» համար խնդրեց մոր ձեռքը, մայրը իր փափուկ ձեռքը կամացուկ դրեց նրա կոշտ ու չայն ափի վրա։

— Հը,— հարցրեց նա փոքր-ինչ սպասելուց հետո,— չօգնե՞ց։

— Նապոլեոնի կանոնն է, տեր հայր, Նապոլեոնի կանոնը վրա բերեց Վասիլի Իվանովիչը։— Գնա, մոնոյից (տուզ) գնա։

— Ավելի վատ եղավ,— անտարբեր ծաղրով պատասխանեց Բազարովը։

— Նրանք շատ են համարձակ խաղում,— ասես վշտակցելով ասաց հայր Ալեքսեյը ու իր գեղեցիկ մորուքը շփեց։

— Հենց այդ բանն էլ նրան սուրբ Հեղինեի կղզին հասցրեց,— ասաց տեր Ալեքսեյը և մոնոն կտրեց կոզիրով։

— Ենյուշիկ, հաղարջի ջուր չե՞ս ուզում,— նա Վլասևնան։

Բազարովը միայն ուսերը թոթվեց։

— Չէ,— ասում էր նա մյուս օրը Արկադիին,— վազն այստեղից կգնամ։ Ձանձրալի է, ուզում եմ աշխատել, իսկ այստեղ հնարավոր չէ։ Դարձյալ ձեր գյուղը գնանք, բոլոր գործիքներս այնտեղ եմ թողել։ Ձեզ մոտ գոնե կարելի է առանձին քաշվել ու դուռդ էլ վրայիցդ գոցել։ Ապա թե ոչ այստեղ հայրս համ շարունակ կրկնում է՝ «իմ առանձնասենյակը քո տրամադրության տակ է, քեզ ոչ ոք չի խանգարի», համ էլ ինձանից մի քայլ չի հեռանում։ Բայց և խիղճս էլ չի տալիս, որ նրանից փախչեմ ու վրայիցս դուռը գոցեմ։ Մայրս էլ այդպես։ Լսում եմ, թե ինչպես պատի մյուս կողմում հառաչում, ախ է քաշում, իսկ գնում եմ մոտը՝ ասելու էլ բան չեմ գտնում։

— Մայրդ շատ կվշտանա,— ասաց Արկադին,— հայրդ էլ նույնպես։

— Ես հետո էլի կվերադառնամ։

— Ե՞րբ։

— Հենց որ Պետերբուրգ գնալու լինեմ։

— Մանավանդ ավելի է մեղքս գալիս մայրդ։

— Ի՞նչ պատահեց, չլինի՞ հատապտուղներով շահեց քեզ։

Արկադին աչքերը ցած գցեց։

— Եվգենի, դու դեռ մորդ չես ճանաչում։ Նա ոչ միայն շատ պատվական կին է, հապա և խելացի կին է, հավատա։ Այսօր առավոտյան նա կես ժամ հետս խոսում էր, և ինչպես խելոք ու գործնական կերպով։

— Երևի շարունակ իմ մասին էր խոսում։

— Խոսքը մենակ քո մասին չէր։

— Կարելի է, դու կողմնակի մարդ ես, ավելի լավ կարող ես տեսնել։ Թե որ մի կին կարողանում է կես ժամ խոսակցություն ունենալ — այդ արդեն լավ նշան է։ Սակայն ես այնուամենայնիվ կհեռանամ։

— Քեզ համար ծանր կլինի նրանց այդ բանը հայտնելը։ Նրանք հենց մի բերան այն են խոսում, թե ի՞նչ ենք անելու՝ երկու շաբաթից հետո։

— Հեշտ չի լինի։ Հակառակի պես էլ այսօր հորս գրգռել եմ, այս օրերս նա իր հարկատու գյուղացուն ծեծել է տվել, և շատ էլ լավ է արել։ Այո՛, այո՛, այդպես սարսափով մի նայիր վրաս, շատ լավ է արել, որովհետև նա սաստիկ գող է ու հարբեցող, բայց հայրս ամենևին չէր կարծել, թե ես այդ բանը կիմանամ։ Նա շատ ամաչեց, իսկ հիմա էլ ահա նրան պիտի վշտացնեմ,,. Փույթ չէ։ Մինչև հարսանիքը կլավանա։

Բազարովը ասաց «փույթ չէ», բայց ամբողջ օրն անց կացավ և հետո միայն սիրտ արավ իր մտադրությունը Վասիլի Իվանովիչին հայտնել։ Վերջապես առանձնասենյակում, արդեն գիշեր բարի ասելիս, նա արհեստական կերպով հորանջելով ասաց.

— Հա… քիչ էր մնում մոռանայի քեզ ասել... Ասա, որ վաղը մեր ձիերը տանեն Ֆեդոտի մոտ՝ ճանապարհին ձիերը փոխելու համար։

Վասիլի Ւվանովիչը զարմացավ։

— Մի՞թե պարոն Կիրսանովը գնում է։

— Այո, ես էլ եմ գնում նրա հետ։

Վասիլի Ւվանովիչը կանգնած տեղում շուռ եկավ։

— Գնում ե՞ս։

— Այո… Հարկավոր է։ Խնդրեմ ձիերի համար կարգադրություն անես…

— Լավ...— թոթովեց ծերունին,— ճամփին փոխելու ձի… լավ… բայց… բայց։ Ախր ի՞նչ դուրս եկավ։

— Հարկավոր է կարճ ժամանակով նրանց մոտ գնալ։ Ես հետո նորից կգամ։

— Հա՛։ Կարճ ժամանակ... Լավ։— Վասիլի Ւվանովիչը թաշկինակը հանեց և, քիթը սրբելիս, համարյա մինչև գետին կռացավ։— Ի՞նչ արած… ամեն բան կանեմ։ Իսկ ես կարծում էի, թե դու այստեղ… ավելի կմնաս։ Երեք օր... Այո՛, այո՛, երեք տարուց հետո մի քիչ քիչ է, քիչ է, Եվգենի։

— ՉԷ՞ որ ասում եմ, թե շուտով կվերադառնամ։ Գնալս անհրաժեշտ է։

— Անհրաժեշտ է… Ինչ արած։ Ամենից առաջ պետք է պարտականությունը կատարել... Ուրեմն ձիերը ղրկե՞մ։ Լավ։ Ես էլ, մայրդ էլ, իհարկե, այդ բանը չէինք սպասում։ Ահավասիկ սա հարևանուհուց ծաղիկներ է խնդրել, որպեսզի քո սենյակը զարդարի։ (Վասիլի Իվանովիչն այլևս չհիշեց այն, թե ինչպես ինքն ամեն օր, առավոտյան ծեգին, մուճակները բոբիկ հագած, խորհուրդ էր անում Տիմոֆեիչի հետ և, դողդոջուն ձեռքով պատռած թղթադրամները հանելով մեկը մյուսի հետևից, պատվիրում էր նրան զանազան բաներ գնել, մանավանդ ավելի ուշք դարձնելով ուտելեղենների ու կարմիր գինու վրա, որը, ինչքան կարելի էր նկատել, երիտասարդներին շատ էր դուր եկել)։ Գլխավոր բանը ազատությունն է… պետք չէ ճնշել, պետք չէ…

Նա հանկարծ լռեց և քայլերն ուղղեց դեպի դուռը։

— Մենք շուտով կտեսնվենք, հայրիկ, ուղիղ եմ ասում։

Բայց Վասիլի Իվանովիչը, առանց ետ դառնալու, միայն ձեռքով արավ ու դուրս եկավ։ Ննջարան մտնելով տեսավ, որ կինն արդեն անկողնումն էր և որպեսզի նրան չզարթեցնի, սկսեց շշնջալով աղոթք անել։ Սակայն կինը զարթնեց։

— Դո՞ւ ես, Վասիլի Իվանիչ,— հարցրեց նա։

— Ես եմ, հոգիս։

— Ենյուշիկի մոտի՞ցն ես գալիս։ Գիտե՞ս, վախենում եմ, — որ գահավորակի վրա նրա տեղը հանգիստ չէ։ Անֆիսուշկային ասացի, որ նրան տա քո ճանապարհի ներքնակն ու նոր, բարձերը, մեր բմբուլե ներքնակը կտայի — բայց նա, որքան հիշում եմ, փափուկ բանի վրա պառկել չի սիրում։

— Վնաս չունի, հոգիս, անհոգ եղիր։ Նա հանգիստ է։ Տեր, քավյա զիս մեղավորս,— հազիվ լսելի ձայնով շարունակեք նա իր աղոթքը։ Վասիլի Իվանովիչը խղճաց իր պառավին և, չուզեց նրան գիշերն ասել, թե ինչ վիշտ էր կրելու նա։

Մյուս օրը Բազարովն ու Արկադին ճանապարհ ընկան։ Արդեն առավոտից տան մեջ ամենքն էլ տխրել էին. ամանները Անֆիսուշկայի ձեռքից վայր էին ընկնում, մինչև անգան Ֆեդկան էլ տարակուսանքի մեջ էր ընկել, և վերջ ի վերջո գնաց ու կոշիկները ոտքից հանեց։ Վասիլի Իվանովիչը սովորականից դուրս վայր ու վերի մեջ էր, ըստ երևույթին նա ինքն իրեն զսպում էր, սիրտ տալիս, խոսում էր բարձր ձայնով և ոտներով աղմկոտ ձայն հանում, բայց նրա դեմքը երկարել էր, և խուսափում էր որդուն նայելուց։ Արինա Վլասենան կամացուկ լաց էր լինում, նա բոլորովին կշշկլվեր, ինքն իրեն չէր կարողանա զսպել, թե որ ամուսինը առավոտ վաղ երկու ժամ շարունակ նրան հորդորած, համոզած չլիներ։ Իսկ երբ Բազարովը շատ անգամ խոստանալուց հետո, թե ամենաուշը մի ամսից դարձյալ կվերադառնա, դուրս պրծավ իրեն պինդ սեղմած գրկից ու տարանտաս նստեց, երբ ձիերը շարժվեցին, և զանգակը սկսեց զնգզնգալ, և անիվները պտույտ եկան, և էլ կառքի հետևից նայելու բան չէր մնացել, փոշին էլ նստել էր, և Տիմոֆեիչը բոլորովին կզացած, երերալով ետ դարձավ դեպի իր խցիկը, երբ երկու ծերեր մնացին մենակ իրենց, ասես նույնպես հանկարծ կզացած ու զառամած տանը՝ Վասիլի Իվանովիչը, որ դեռ մի քանի ակնթարթ առաջ արիաբար պատշգամբում կանգնած թաշկինակն էր շարժում, ընկավ աթոռի վրա ու գլուխը կախեց կրծքին։ «Թողեց մեզ, թողեց,— թոթովում էր նա,— թողեց, մեզ հետ մնալուց տաղտկացավ։ Մենակ, բուի նման մենակ մնացի»,— կրկնեց նա մի քանի անգամ, և ամեն անգամ ձեռքը առաջ էր շարժում, ցուցամատը մյուս մատներից հեռացրած։ Այն ժամանակ Արինա Վլասևնան մոտ եկավ նրան, իր ալևոր գլուխը խոնարհեց նրա ալևոր գլխին և ասաց.

— Ինչ արած, Վասյա։ Որդին կտրած պատառ է։ Նա որ կա՝ մի բազե է, ուզեց՝ թռավ եկավ, ուզեց՝ թռավ գնաց, իսկ մենք ծառի փչակին բուսած սունկի նման կողք-կողքի նստած, տեղներիցս չենք շարժվում։ Մենակ ես եմ քեզ համար մշտական մնալու անփոփոխ, ինչպես նաև դու՝ ինձ համար։

Վասիլի Իվանովիչը երեսից հեռացրեց ձեռքերը և գրկեց կնոջը, իր ընկերուհուն, այնպես ամուր ու ջերմ, որ երիտասարդ ժամանակն էլ չէր գրկել, կինը մխիթարեց նրան տխրության պահին։

XXII

Մինչև Ֆեդոտին հասնելը մեր բարեկամները լուռ էին և երբեմն-երբեմն միայն աննշան խոսքեր էին ասում միմյանց։ Բազարովը, ինքն իրենից այնքան էլ գոհ չէր։ Արկադին դժոհ էր նրանից։ Մանավանդ, որ նա իր սրտում զգում էր այն անառիթ թախիծը, որ հայտնի է միմիայն խիստ երիտասարդ մարդկանց։ Կառապանը փոխեց ձիերը և, իր տեղը նստելով, հարցրեց՝ ա՞ջ թե ձախ։

Արկադին ցնցվեց։ Աջ կողմի ճանապարհը քաղաք էր գնում, ձախը Օդինցովայի գյուղը։ Նա Բազարովին նայեց։

— Եվգենի,— հարցրեց նա,— ձա՞խ։

Բազարովը երեսը շուռ տվեց։

— Ինչ հիմարություն,— փնթփնթաց նա։

— Գիտեմ հիմարություն եղածը,— պատասխանեց Արկադին…— Ինչ կա որ։ Մի՞թե առաջին անգամն է։

Բազարովը գլխարկը ցած քաշեց ճակատին։

— Ինչ ուզում ես արա,— ասաց նա վերջապես։

— Քշիր դեպի ձախ,— կանչեց Արկադին։

Տարանտասը դեպի Նիկոլսկոյե ուղղվեց։ Բայց բարեկամները, վճռելով հիմարություն անել, առաջվանից էլ ավելի լուռ մնացին, և նույնիսկ զայրացած էին թվում։

Արդեն Օդինցովայի տան պատշգամբում սենեկապանի ցույց տված ընդունելությունից կարող էին բարեկամները հասկանալ, որ հանկարծ մտքներն ընկած բանը կատարելով անխոհեմություն էին գործել։ Ակնհայտ էր, որ նրանց չէին սպասում։ Նրանք բավական երկար ժամանակ և բավական հիմար կերպարանքով նստած էին ընդունարանում։ Օդինցովան վերջապես դուրս եկավ։ Նա իր սովորական բարեհամբույր բնավորությամբ բարևեց նրանց, բայց զարմացավ, որ այդպես շուտով էին վերադարձել և, որքան կարելի էր դատել նրա շարժումների ու զրույցի դանդաղությունից, շատ էլ ուրախ չէր նրանց վերադարձի համար։ Նրանք շտապեցին հայտնելու, որ միայն ճանապարհի վրա հանդիպել են այստեղ և թե մի չորս ժամից ճանապարհ կընկնեն դեպի քաղաք։ Օդինցովան միմիայն մի թեթև բացականչություն արձակեց։ Արկադիի միջոցով բարև ուղարկեց նրա հորը, և մարդ ուղարկեց իր մորաքրոջը կանչելու։ Իշխանուհին եկավ բոլորովին քնաթաթախ, և այդ հանգամանքն ավելի ևս ժանտ արտահայտություն տվեց նրա կնճռոտ, պառավական դեմքին։ Կատյան տկար էր և սենյակից դուրս չեկավ։ Արկադին հանկարծ զգաց, որ ինչքան Աննա Սերգեևնային էր ուզում տեսնել, գոնե նույնքան էլ ուզում էր տեսնել նաև Կատյային։ Չորս ժամն անցկացավ դեսից դենից աննշան խոսակցություններով, Աննա Սերգեևնան առանց ժպտի էր թե խոսում, թե լսում։ Միայն հենց մնաս բարովի միջոցին ասես թե նախկին բարեկամությունը երևան եկավ նրա հոգու մեջ։

— Այժմ մելամաղձոտություն է եկել վրաս,— ասաց նա,— բայց դրա վրա ուշադրություն մի դարձրեք և մի քիչ ժամանակից դարձյալ եկեք, ես այս երկուսիդ էլ եմ ասում։

Բազարովն էլ, Արկադին էլ պատասխանի տեղ լուռ գլուխ տվին, կառք նստեցին և, այլևս առանց մի տեղ դադար առնելու, տուն, Մարյինո վերադարձան, ուր և մյուս օրը երեկոյան հաջողությամբ հասան։ Ամբողջ ճանապարհին ոչ սա և ոչ էլ նա Օդինցովայի անունն անգամ չտվին, մանավանդ Բազարովը, որ համարյա բերանն էլ բաց չարավ, և մի տեսակ զայրագնած լարմամբ շարունակ մի կողմ, ճանապարհից հեռու էր նայում։

Մարյինոյում նրանց գալու վրա ամենքն էլ սաստիկ ուրախացան։ Որդու երկարատև բացակայությունը սկսել էր Նիկոլայ Պետրովիչին անհանգստացնել, նա բացականչեց, ոտքերը շարժեց, նստած տեղը վեր թռավ գահավորակի վրա, երբ որ Ֆենիչկան, ծիծաղն աչքերին, ներս վազեց և հայտնեց, որ «երիտասարդ տղաներն» եկան, նույն ինքը Պավել Պետրովիչն էլ մի տեսակ հաճելի հուզում զգաց և ներողամտաբար էլ ժպտաց վերադարձած շրջմոլիկների ձեռները ուժգին թոթվելով։ Սկսեցին խոսել, հարց ու փորձ անել,— ավելի Արկադին էր խոսում, մանավանդ ընթրիքին, որ կես գիշերից շատ ուշ տևեց։ Նիկոլայ Պետրովիչը պատվիրեց մի քանի շիշ պորտեր բերել, որ նոր էին Մոսկվայից ստացել, և այնքան խմեց, որ այտերը մուգ գույն ստացան, և ինքը շարունակ ծիծաղում էր ոչ այն է երեխայական, ոչ այն է նյարդային ծիծաղով։ Ընդհանուր ոգևորությունը ծառաներին էլ վարակեց։ Դունյաշան խելագարի պես ետ ու առաջ էր վազվզում ու շարունակ դռները չրխկացնում, իսկ Պյոտրը նույնիսկ գիշերվա ժամը երկուսն անց դեռ փորձում էր կիթառի վրա վալս-կազակ նվազել։ Լարերը աղեկտուր ու հաճելի հնչում էին անշարժ օդի մեջ, բայց կրթված սենեկապանի նվագածից, բացի սկզբնավորությունից, ոչինչ չէր դուրս գալիս. բնությունը նրան երաժշտական ընդունակությունից, ինչպես նաև ամեն մի ընդունակությունից, զրկել էր։

Մինչդեռ Մարյինոյում կյանքն այնքան էլ գեղեցիկ չէր դասավորվում, և խեղճ Նիկոլայ Պետրովիչի գործերը բավականին շատ էին։ Ֆերմայի հոգսերն օր օրի ավելանում էին — անմխիթար, անիմաստ հոգսեր։ Վարձու բանվորների հետ գործ ունենալը անտանելի էր դառնում։ Ոմանք պահանշում էին, որ իրենց հաշիվները փակեն կամ ռոճիկներն ավելացնեն, ոմանք էլ ստանում էին կանխավճարը ու թողնում գնում։ Ձիերը հիվանդանում էին, ձիերի սարքը ասես կրակի մեջ վառվում էր, աշխատանքը անհոգաբար էին կատարում, Մոսկվայից բերել տված կալսելու գործիքը յուր ծանրության պատճառով մնացել էր անպետք, մյուս մեքենան հենց առաջին անգամից փչացրել էին։ Գոմանոցի կեսը այրվել էր այն պատճառով, որ ընդոծիններից մի կույր պառավ խանձակոթն առած քամի ժամանակ գնացել էր, որ իր կովը մուխի բռնի, չարից ազատի… Թեպետ և, նույն պառավի ասելով, բոլոր փորձանքն առաջացել էր այն բանից, որ աղայի խելքին փչել էր չեղած-չտեսնված պանիրներ ու կաթնային տնտեսություն ստեղծել։ Կառավարիչը հանկարծ ծուլացավ և մինչև անգամ սկսեց հաստանալ, ինչպես որ սովորաբար հաստանում է ամեն մի ռուս մարդ, որ «բոլ հաց» է գտնում։ Հենց որ նա հեռվից նկատում էր Նիկոլայ Պետրովիչին, որպեսզի ցույց տա իր հոգածությունը, տաշեղի կտոր էր արձակում մոտովն անցնող խոճկորի հետևից կամ սպառնալիք էր տալիս կիսամերկ երեխային, սակայն ժամանակի մեծ մասը նա քնով էր անցկացնում։ Գյուղացիները ժամանակին բահրան չէին բերում, անտառից գողություն էին անում, համարյա ամեն գիշեր պահապաններն «ագարակի» արոտատեղերում բռնում կամ զոռով խլում էին գյուղացոց ձիերը։ Նիկոլայ Պետրովիչը սկզբում փողով տուգանք էր նշանակել արտ կամ խոտատեղ արածացնելու համար, բայց սովորաբար բանը վերջանում էր նրանով, որ մի կամ երկու օր բռնած ձիերը աղայի կերով՝ պահպանելուց հետո, իրենց տերերին էին վերադարձնում։ Ի լրումն այս ամենի, գյուղացիներն սկսեցին իրար հետ վիճել եղբայրները պահանջում էին, որ բաժանվեն, նրանց կանայք մի տան մեջ չէին յոլա գնում, հանկարծ կռիվ ծեծկռտոց էր սկսվում, և ամենքը խոսքը մեկ արածի պես ոտի էին ելնում, ամենքն էլ վազում, հավաքվում էին նրա գրասենյակի պատշգամբի առաջ, զոռով ներս էին մտնում, շատ անգամ քիթ ու մռութ ջարդած, հարբած, և օրենք, դատաստան պահանջում, բարձրանում էր աղմուկ-աղաղակ, մեջ ու մեջ լսվում էին կանանց լացակումած ճիչ ու տղամարդկանց հայհոյանք։ Պետք էր թշնամի կողմերի դատը տեսնել, մինչև ձայնը խզելու աստիճան գոռալ, առաջուց արդեն համոզված, որ էլի կանոնավոր վճիռ կայացնել հնարավոր չպիտի լինի։ Հնձի ժամանակ մարդ չկար, մի հարևանը, որ մի բարետես մարդ էր, պայմանավորվել էր ամեն մի դեսյատինը երկու ռուբլով հնձելու համար հնձվորներ ուղարկել, ու ամենաանխիղճ կերպով խաբեց, իր գեղջկուհիներն էլ չլսված գներ էին ուզում, մինչդեռ ցորենը հասկերի միջից թափվում էր, միևնույն ժամանակ հնձելու բանն էլ գլուխ չեկավ, միևնույն ժամանակ Որբախնամ խորհուրդը սպառնում է և պահանջում, որ տոկոսներն անմիջապես առանց հետաձգելոլ վճարվի…

— Էլ ուժ չունեմ,— շատ անգամ հուսահատված բացականչում էր Նիկոլայ Պետրովիչը,— չի սազի, որ ինքս հետները ծեծկվեմ, ստանովոյի հետևից ուղարկելը սկզբունքներիս դեմ է, իսկ առանց պատժի սպառնալիքի ոչինչ չի կարելի անել։

— Du calme, du calme[56],— նկատում էր դրան Պավել Պետրովիչը, իսկ ինքը մռմռում էր, դեմքը մռայլում ու բեղերը ձգձգում։

Բազարովն իրեն այս «անախորժություններից» հեռու էր պահում, մեկ էլ նրան, որպես հյուրի, չէր էլ սազի, որ ուրիշների գործերին խառնվի։ Մարյինո գալու մյուս օրն ևեթ նա սկսեց զբաղվել իր գորտերով, իր ինֆուզորիաներով, քիմիական բաղադրություններով, և բոլոր ժամանակ զբաղված էր Դրանցով։ Արկադին, ընդհակառակը, իր պարտականությունը համարեց, եթե հորը չօգներ էլ, գոնե ցույց տալ, թե պատրաստ է օգնելու։ նա համբերությամբ ականջ էր դնում նրա ասածներին և մի անգամ էլ մի ինչ-որ խորհուրդ տվեց՝ չէ թե նրա համար, որ հետևեն իր խորհրդին, այլ որպեսզի իր մասնակցությունը հայտնի։ Տնտեսական զբաղմունքները նրան զզվանք չէին պատճառում, նա նույնիսկ բավականությամբ երազում էր գյուղատնտեսական գործունեության մասին, բայց այդ միջոցներին նրա գլխում ուրիշ մտքեր էին վխտում։ Արկադին ինքն էլ զարմանում էր, որ շարունակ Նիկոլսկոյեի մասին էր մտածում, առաջ եթե նրան ասող լիներ, թե նա Բազարովի հետ միևնույն հարկի տակ ապրելով կարող է տաղտկանալ, այն էլ ինչպիսի հարկի ծնողական,— նա միայն ուսերը վեր կքաշեր, մինչդեռ նա հիրավի տաղտկություն էր զգում, և աչքը դուրսն էր։ Նա մտածում էր, մինչև հոգնելու աստիճան զբոսնել, բայց այդ էլ չօգնեց։ Մի անգամ հոր հետ խոսելիս իմացավ, որ հոր մոտ կա Օդինցովայի մոր գրած մի քանի բավական հետաքրքրական նամակները, որ նա գրել էր Արկադիի հանգուցյալ մորը, և մինչև այղ նամակները չստացավ, հոր օձիքը բաց չթողեց, իսկ Նիկոլայ Պետրովիչն այդ նամակները գտնելու համար ստիպված էր մի քսան արկղ ու սնդուկ քրքրել, տակն ու վրա անել։ Այս կիսամաշ թղթերին տիրանալուց հետո Արկադին կարծես հանգստացավ, ասես թե նա իր առաջ տեսավ այն նպատակը, որին պետք է դիմեր։ «Ես այդ երկուսիդ էլ եմ ասում,— շարունակ շշնջում էր նա,— ինքն ավելացրեց»։ «Կգնամ, կգնամ, ինչ ուզում է լինի»։ Բայց նա մտաբերեց վերջին այցելությունը, սառն ընդունելությունը և իր նախկին անհամարձակությունը, և վրան երկչոտություն եկավ։ Երիտասարդության «իցե թե»-ն, բախտը փորձելու և մենակ, առանց որևէ մեկի հովանավորության իր ուժերը փորձելու գաղտնի ցանկությունը վերջապես հաղթանակեցին։

Մարյինո գալուց տասն օր էչ չէր անցել, որ դարձյալ, կիրակնօրյա դպրոցների կազմությունն ուսումնասիրելու պատրվակով, նա դեպի քաղաք էր արշավում, իսկ այնտեղից էլ Նիկոլսկոյե։ Նա շարունակ քշել էր տալիս կառապանին և սլանում դեպի Նիկոլսկոյե այնպես, ինչպես դեպի պատերազմ է արշավում երիտասարդ սպան. և՛ վախենում էր նա, և ուրախ էր. անհամբերությունը նրան խեղդում էր։ «Գլխավորն այն է, որ չպետք է մտածել»,— կրկնում էր նա ինքն իրեն։ Կտրիճ կառապանի էր հանդիպել, նա կանգ էր առնում ամեն մի օղետան առաջ ու ասում՝ «կոնծե՞նք» կամ «չկոնծե՞նք» բայց որ կոնծեց, էլ ձի խնայել չկար։ Ահա վերջապես երևաց ծանոթ տան բարձր կտուրը... «Այս ի՞նչ է իմ արածը»,— հանկարծ անցավ նրա մտքով։ «Է՛հ, մեկ է, հո ետ չեմ դառնալու»։ Եռաձի կառքը սլանում էր, կառապանը հույ էր տալիս ձիերին ու սուլում։ Ահա կամուրջն էլ դղրդաց ձիերի ոտների ու անիվների տակ, մոտեցավ խուզած եղևնիների ծառուղուն... Մուգ կանաչի միջից փայլեց կանացի վարդագույն զգեստը, հովանոցի թեթև ծոպերի տակից երևաց նորատի դեմքը... նա ճանաչեց Կատյային, և սա էլ նրան ճանաչեց։ Արկադին հրամայեց կառապանին՝ կանգնեցնել տաքացած ձիերին, ցած թռավ կառքից և մոտեցավ Կատյային։ «Այս դո՞ւք եք եղել,— ասաց Կատյան և հետզհետե բոլորովին կարմրատակեց,— եկեք քրոջս մոտ գնանք, նա այստեղ, պարտեզումն է, նա ուրախ կլինի ձեզ տեսնել»։

Կատյան Արկադիին առաջնորդեց պարտեզ։ Արկադին այս հանդիպումը խիստ բախտավոր նշան համարեց, նա Կատյային որ տեսավ, սաստիկ ուրախացավ, կարծես մոտիկ հարազատին տեսած լիներ։ Ամեն բան հաջող էլ դուրս եկավ, ոչ սենեկապան, ոչ էլ գալու մասին զեկուցում։ Ճանապարհի պտույտի մոտ նա տեսավ Աննա Սերգեևնային, որ մեջքը դեպի իրեն դարձրած կանգնած էր։ Ոտքի ձայն լսելով՝ Օդինցովան ետ նայեց։

Արկադին նորից արդեն շփոթվելու վրա էր, բայց Օդինցովայի առաջին խոսքերը նրան իսկույն հանգստացրին։ «Բարև ձեզ, փախստական»,— ասաց նա իր միապաղաղ, փաղաքուշ ձայնով, և ժպտալով ու աչքը արևի լույսից ու քամուց կկոցելով, գնաց նրան ընդառաջ։

— Այս որտե՞ղ գտար նրան, Կատյա։

— Ես ձեզ համար, Աննա Սերգեևնա, մի այնպիսի բան եմ բերել,— սկսեց Արկադին,— որ երբեք չէիք սպասի...

— Դուք ձեզ բերիք, այդ ամենից լավն է։

XXIII

Բազարովը հեգնական ցավակցությամբ ճանապարհ դնելով Արկադիին ու նրան հասկացնելով, որ նա շատ լավ գիտե նրա ուղևորության իսկական նպատակը, վերջնականապես առանձնացավ և տենդային աշխատանքի անձնատուր եղավ։ Այլևս Պավել Պետրովիչի հետ վեճի չէր բռնվում, մաավանդ որ սրա ներկայությամբ նա չափազանց արիստոկրատիկ դիրք էր բռնում և իր կարծիքներն ավելի բացականչություններով էր արտահայտում, քան թե բառերով։ Միայն մի անգամ Պավել Պետրովիչը սկսեց նիհիլիստի հետ վեճի բռնվել Օստզեի նահանգի ազնվականների իրավունքների առթիվ, որ այդ ժամանակ մի տեսակ մոդա էր ղարձեիլ, բայց հանկարծ իսկույն էլ կանգ առավ ու սառն քաղաքավարությամբ ասաց.

— Ասենք, մենք չենք կարող միմյանց հասկանալ, ես գոնե, պատիվ չունեմ ձեզ հասկանալու։

— Ինչ ասել կուզի,— բացականչեց Բազարովը։— Մարդս կարող է ամեն բան հասկանալ, թե ինչպես է դողդողում եթերը, թե ինչ է կատարվում արևի վրա, բայց թե ինչպես կարող է մի ուրիշ մարդ այնպես չխնչել, ինչպես ինքն է խնչում, նա այդ բանը հասկանալ լի կարող։

— Ինչ է այդ, սրամտությո՞ւն է,— հարցական եղանակով ասաց Պավել Պետրովիչը և մի կողմ քաշվեց։

Սակայն երբեմն նա խնդրում էր Բազարովին՝ թույլ տալ իր փորձերին ներկա լինելու և մինչև մի անգամ իր անուշահոտ ու գերազանց դեղերով լվացած դեմքը մոտեցրեց մանրադիտակին, որպեսզի տեսնի, թե ինչպես թափանցիկ ինֆուզորիան կուլ է տալիս փոշու նման մի կանաչ բան և մեծ խնամքով ծամլմորում իր մի տեսակ արագաշարժ բռունցքներով, որ գտնվում էին նրա կոկորդի մեջ։ Եղբորիցն ավելի Բազարովին այցելում էր Նիկոլայ Պետրովիչը, նա հենց ամեն օր էլ կգար, ինչպես ինքն էր ասում, «սովորելու», եթե տնտեսական հոգսերը նրան չզբաղեցնեին։ Նա երիտասարդ բնագետին նեղություն չէր տալիս, սենյակի մի անկյունը քաշված, նստում էր և ուշադրությամբ դիտում, երբեմն-երբեմն միայն մի որևէ զգույշ հարց տալիս։ Ճաշերին և ընթրիքների ժամանակ նա աշխատում էր խոսք ձգել բնագիտության, քիմիայի կամ երկրաբանության մասին, որովհետև մյուս բոլոր խնդիրները, նույնիսկ տնտեսական խնդիրները էլ չենք ասում քաղաքականները, չէին կարող չասենք ընդհարումների, գոնե դժգոհության առիթ դառնալ։ Նիկոլայ Պետրովիչը հասկանում էր, որ իր եղբոր՝ դեպի Բազարովը տածած ատելությունն ամենևին չէր նվազել։ Ի միջի այլոց մի չնչին դեպք ապացուցեց այդ բանր։ Խոլերան սկսել էր շրջակայքում էլ տեղ-տեղ երևան գալ, և նույնիսկ Մարյինոյից էլ երկու հոգի կորզեց։ Գիշերը Պավել Պետրովիչը բավական սուր ցավեր ունեցավ։ Նա մինչև լույս տանջվեց, բայց Բազարովի օգնությանը չդիմեց, և մյուս օրը, երբ պատահեցին իրար, Բազարովի հարցին, թե «ինչո՞ւ իրեն չկանչեցին», դեռևս բոլորովին գունատ, բայց արդեն խնամքով սանրված ու սափրված, պատասխանեց, «Կարծում եմ հենց ինքներդ, որքան միտս է, ասում էիք, թե բժշկության չեք հավատում»։ Այսպես ահա անցնում էին օրերը։ Բազարովը լարված և մռայլ դեմքով աշխատում էր… Բայց Նիկոլայ Պետրովիչի տանը կար մեկը, որի հետ Բազարովը, չասենք սիրտը թեթևացնում էր, բայց սիրով զրույց էր անում... Այդ էակը Ֆենիչկան էր։

Նա Ֆենիչկային հանդիպում էր մեծ մասամբ առավոտյան վաղ, պարտեզում կամ բակում, Բազարովը Ֆենիչկայի սենյակը չէր գնում, իսկ Ֆենիչկան էլ միայն մեկ անգամ էր մոտեցել նրա դռանը, որպեսզի հարցնի, թե արդյոք Միտյային լողացնի՞ թե ոչ։ Ֆենիչկան ոչ միայն հավատում էր նրան, ոչ միայն նրանից չէր վախենում, այլև նրա մոտ նա իրեն ավելի ազատ ու համարձակ էր պահում, քան թե նույնիսկ Նիկոլայ Պետրովիչի մոտ։ Դժվար է ասել, թե ինչի՞ց էր այդ, գուցե դա նրանից էր, որ Ֆենիչկան անգիտակցաբար զգում էր, թե Բազարովի մեջ չկա այն ամենը, ինչ որ հատուկ է ազնվականին, այն ամենը, ինչ բարձր է և որը թե գրավում է և թե վախեցնում։ Նրա աչքում Բազարովը թե լավ բժիշկ էր և թե պարզ մարդ։ Նա, առանց քաշվելու, Բազարովի ներկայությամբ զբաղվում էր իր երեխայով, և մի անգամ, երբ հանկարծ գլուխը պտույտ եկավ ու սկսեց ցավել, մինչև իսկ Բազարովի ձեռքից գդալով դեղ խմեց։ Նիկոլայ Պետրովիչի ներկայությամբ Ֆենիչկան կարծես թե Բազարովից հեռու էր պահում իրեն, բայց նա այդ անում էր ոչ թե խորամանկությամբ, այլ մի տեսակ վայելչության զգացումից։ Նա Պավել Պետրովիչից այժմ ավելի էր վախենում, Պավել Պետրովիչը մի քանի ժամանակից ի վեր հետամուտ էր լինում նրան և անակնկալ կերպով, իր անգլիական զգեստը հագած, սրահայաց, անշարժ դեմքով, ձեռները գրպանը դրած, երևան էր գալիս նրա թիկունքում։ «Հենց իմանաս գլխիդ սառը ջուր է ածում»,— գանգատվում էր Ֆենիչկան Դունյաշային, իսկ վերջինս պատասխանի փոխարեն հոգոց էր հանում և մտածում մի ուրիշ «անզգա» մարդու մասին։ Բազարովը, ինքն էլ այդ չկասկածելով, դարձել էր Դունյաշայի սրտի դաժան բռնակալը։

Բազարովը Ֆենիչկային դուր էր գալիս, Ֆենիչկան էլ նրան էր դուր գալիս, Ֆենիչկայի հետ խոսելիս մինչև անգամ նրա դեմքի արտահայտությունն էլ փոխվում էր, պարզ, համարյա բարի էր դառնում, իսկ նրա սովորական անհոգությանը միանում էր նաև մի տեսակ կատակախառն ուշադիր վերաբերմունք։ Ֆենիչկան օր-օրի սիրունանում էր։ Նորատի կանանց կյանքում լինում է մի շրջան, երբ նրանք սկսում են ամառային վարդի նման բացվել, ծաղկել, մի այդպիսի շրջան սկսվեց նաև Ֆենիչկայի համար։ Ամեն բան, նույնիսկ հուլիսյան տոթը, որ տիրում էր այդ միջոցին, նպաստում էր այդ բանին։ Սպիտակ, նուրբ զգեստ հագած, նա ինքն էլ ավելի էր սպիտակ ու նուրբ թվում, արևը նրա երեսը չէր այրում, իսկ տոթը, որից նա չէր կարող խուսափել, թեթևակի կարմրացնում էր նրա այտերն ու ականջները, և խաղաղ դալկություն զեղելով նրա ամբողջ մարմնի մեջ, արտահայտվում էր նրա գեղանի աչքերի մեջ նվազկոտ թմբիրով։ Նա համարյա թե չէր կարողանում աշխատել, ձեռքերը իրենք իրենց սահում, ընկնում էին ծնկների վրա։ Հազիվ էր ման գալիս, և շարունակ ախ քաշում և գանգատվում ծիծաղելի անզորությամբ։

— Լավ կլինի մի քիչ շուտ-շուտ լողանաս,— ասում էր նրան Նիկոլայ Պետրովիչը։ Նա մի մեծ, կտավով ծածկած լողարան էր շինել իր լճակներից մեկի վրա, ուր դեռ ջուրը չէր ցամաքում։ — Ախ, Նիկոլայ Պետրովիչ, մինչև լճակ եմ գնում, հոգիս դուրս է գալիս, մինչև գամ դարձյալ հոգիս դուրս է գալիս։ Ախր պարտեզում մի շվաք տեղ չկա։

— Այդ ճիշտ ես ասում, որ շվաք չկա,— պատասխանում էր Նիկոլայ Պետրովիչը և ունքերը տրորում։

Մի անգամ, առավոտյան ժամը յոթին, Բազարովը, զբոսանքից վերադառնալիս, վաղուց արդեն ծաղկաթափ եղած, բայց դեռևս խիտ ու կանաչ մնացած յասամանի զովանոցում հանդիպեց Ֆենիչկային, որը, ըստ սովորականին, սպիտակ ծածկոցը գլխին ձգած, նստել էր նստարանի վրա, նրա կողքին հավաքված էր մի ահագին կույտ կարմիր ու սպիտակ, դեռ ցողից թաց վարդեր։ Բազարովը նրան բարև տվեց։

— Հա, Եվգենի Վասիլևիչ,— ասաց Ֆենիչկան ու ծածկոցի ծայրը մի քիչ վեր քաշեց, որպեսզի տեսնի Բազարովին, ու այդ անելիս նրա թևը մինչև արմունկը մերկացավ։

— Այս ի՞նչ բանի վրա եք այստեղ,— ասաց Բազարովը նրա կողքին նստելով,— փո՞ւնջ եք կապում։

— Այո՛, նախաճաշի սեղանի համար։ Նիկոլայ Պետրովիչը սիրում է։

— Բայց մինչև նախաճաշ դեռ շատ ժամանակ կա։ Այս ինչքան ծաղիկ է։

— Հենց նոր քաղեցի, թե չէ տաքը կսկսվի, այլևս դուրս գալ չի լիսի։ Հիմի է մի քիչ շունչ քաշելու ժամանակը։ Ես այս տոթից բոլորովին թուլացել եմ։ Վախենում եմ հիվանդանամ։

— Այդ ի՞նչ երևակայություն է։ Հապա զարկերակդ տեսնե՞մ։— Բազարովը բռնեց նրա ձեռքը, գտավ համաչափ խփող զարկերակը և մինչև անգամ զարկը չհաշվեց էլ։— Հարյուր տարի կապրեք,— ասաց նա, բաց թողնելով ձեռքը։

— Ախ, աստված չանի,— բացականչեց Ֆենիչկան։

— Ինչո՞ւ։ Մի՞թե դուք չեք ուզում երկար ապրել։

— Հարյո՞ւր տարի։ Մի տատ ունեինք, ութսունհինգ տարեկան էր, այն ինչ տանջանք էր նրա կյանքը։ Ինքն իր գլխին ցավ էր դարձել։ Այդ էլ կյա՞նք է։

— Ուրեմն երիտասարդ լինելն ավելի՞ լավ է։

— Հապա ի՞նչ։

— Ինչո՞վ է լավ։ Դե ասացեք ինձ։

— Ինչպե՞ս թե ինչով։ Ա՛յ, հիմա ես երիտասարդ եմ, ինչ ուզեմ կանեմ, կգնամ էլ, կգամ էլ, կբերեմ էլ, և ոչոքի խնդրելու կարիք չունեմ... Սրանից էլ լավ բա՞ն։

— Իսկ ինձ համար միևնույն է՝ երիտասարդ եմ թե ծեր։

— Այդ ինչպե՞ս եք ասում՝ թե միևնույն է, այդ անկարելի բան է, ինչ որ ասում եք։

— Դե ինքներդ դատեցեք, Ֆեդոսյա Նիկոլաևնա, ինչի՞ս է պետք իմ երիտասարդությունը։ Ապրում եմ մեն-մենակ, մի չոր գլուխս է…

— Այդ միշտ ձեզնից է կախված։

— Հենց բանն էլ այն է, որ ինձնից չի կախված։ Գոնե մեկը ինձ խղճար։

Ֆենիչկան աչքի ծայրով նայեց Բազարովին, բայց ոչինչ չասաց։

— Այդ ի՞նչ գիրք է ձեզ մոտ,— հարցրեց Ֆենիչկան մի քիչ հետո։

— Ա՞յս։ Այս մի լուրջ գիտնականի խորիմաստ գիրք է։

— Եվ դուք դարձյալ սովորո՞ւմ եք։ Չե՞ք ձանձրանում։ Առանց այդ էլ դուք, կարծում եմ, արդեն ամեն բան գիտեք։

— Երևի դեռ ոչ ամեն բան։ Հապա փորձեցեք մի քիչ կարդալ։

— Ես դրանից ամենևին բան չեմ հասկանա։ Ռուսերե՞ն է,— հարցրեց Ֆենիչկան երկու ձեռքով վերցնելով ծանր կազմած գիրքը։— Ինչքան հաստ է։

— Ռուսերեն է։

— Միևնույն է, ոչինչ չեմ հասկանա։

— Ես այդ նրա համար չեմ ասում, որ բան հասկանաք։ Ես ուզում եմ միայն նայել ձեզ, թե դուք ինչպես եք կարդում։ Երբ դուք կարդում եք, ձեր քթի ծայրը շատ սիրուն կերպով շարժվում է։

Ֆենիչկան, որ կամացուկ սկսել էր գիր կապելով կարդալ «Կրեոզոտի մասին» հոդվածը, ծիծաղեց ու վայր գցեց գիրքը, որ նստարանի վրայից սահելով ընկավ ներքև։

— Ես նույնպես սիրում եմ, երբ դուք ծիծաղում եք,— ասաց Բազարովը։

— Հերիք է։

— Ես սիրում եմ, երբ որ դուք խոսում եք։ Կարծես առվակ է խոխոջում։

Ֆենիչկան շուռ տվեց գլուխը։

— Ինչ տեսակ մարդ եք,— ասաց նա, մատներով ծաղիկների հետ խաղալով։— Եվ ինչպես կարող եք ականջ դնել իմ խոսվածքին։ Դուք այնպիսի խելոք կանանց հետ եք զրույցներ ունեցել։

— Է՛հ, Ֆեդոսյա Նիկոլաևնա։ Հավատացեք ինձ՝ աշխարհիս բոլոր խելոք կանայք ձեր թևիկի արմունկը չարժեն։

— Դուք էլ բան ասացիք,— շշնչաց Ֆենիչկան ու ձեռները հավաքեց։

Բազարովը գետնից վերցրեց գիրքը։

— Սա բժշկարան է, ինչո՞ւ եք գցում։

— Բժշկարա՞ն,— կրկնեց Ֆենիչկան և շուռ եկավ նրա կողմը։— Գիտե՞ք։ Ախր այն օրից, որ այն կաթիլներր տվիք ինձ, հիշո՞ւմ եք, Միտյաս այնպես լավ է քնում որ։ Չգիտեմ ինչպես շնորհակալ լինեմ ձեզ, այնքան բարի եք, ճիշտ եմ ասում։

— Եվ իսկապես, պետք է բժիշկներին վարձատրել,— ծիծաղելով նկատեց Բազարովը։— Հո ինքներդ էլ գիտեք, որ բժիշկները շահասեր մարդիկ են։

Ֆենիչկան աչքը գցեց Բազարովի վրա, նրա դեմքին ընկած սպիտակավուն շողքից նրա աչքերն ավելի ևս մութն էին թվում։ Նա չգիտեր՝ Բազարովը կատակ էր անում, թե լուրջ էր ասում։

— Եթե ուզում եք, ինչո՞ւ չէ, ուրախությամբ… Նիկոլայ Պետրովիչից կհարցնեմ…

— Կարծում եք, թե փո՞ղ եմ ուզում,— ընդհատեց նրա խոսքը Բազարովը։— Ո՛չ, փող չէ ձեզանից ուզածս։

— Հապա ի՞նչ,— ասաց Ֆենիչկան։

— Ի՞նչ,— կրկնեց Բազարովը։— Ապա գուշակեցեք։

— Ես ի՞նչ գուշակող եմ։

— Ուրեմն ես ինքս կասեմ, ուզում եմ… այս վարդերից մեկը։

Ֆենիչկան նորից ծիծաղեց և մինչև անգամ ձեռներն իրար խփեց, այնքան ծիծաղելի թվաց նրան Բազարովի ուզածը։ Նա ծիծաղում էր և միևնույն ժամանակ զգում էր իր ինքնասիրությունը շոյված։ Բազարովը աչքը հառած նրան էր նայում.

— Համեցեք, համեցեք,— ասաց վերջապես Ֆենիչկան և, կռանալով նստարանի վրա, սկսեց վարդ ջոկել։— Կարմի՞րը կուզեք, թե սպիտակը։

— Կարմիրը և շատ էլ խոշորը չլինի։

Ֆենիչկան ուղղվեց։

Ահա, վերցրեք,— ասաց նա, բայց իսկույն էլ ետ քաշեց երկարացրած ձեռքը և շրթունքները կծելով նայեց զովանոցի մուտքին, ապա ականջ դրեց։

— Ի՚՞նչ կա,— հարցրեց Բազարովը։— Նիկոլայ Պետրովի՞չն է։

— Ոչ… Նրանք դաշտ են գնացել… և ես նրանից չեմ էլ վախենում… բայց Պավել Պետրովիչը… Ինձ այնպես թվաց…

— Թե ի՞նչ։

— Ինձ թվաց թե նրանք այս տեղերում ման են գալիս։ Ոչ… մարդ չկա։ Վերցրեք։— Եվ Ֆենիչկան վարդը Բազարովին տվեց։

— Ինչո՞ւ պետք է Պավել Պետրովիչից վախենաք։

— Նրանք շարունակ ինձ վախեցնում են։ Որ ասես թե մի բան ասի՝ չէ՛, բայց այնպես տարօրինակ կերպով են նայում։ Բայց դե դուք էլ չեք սիրում նրան։ Հիշում եք, դուք առաջ շարունակ վիճում էիք իրար հետ։ Ես չէի էլ իմանում, թե ինչի վրա էր ձեր վեճը, բայց տեսնում էի, որ դուք նրան այսպես էլ էիք շուռ տալիս, այնպես էլ…

Ֆենիչկան ձեռքով ցույց տվեց, թե ինչպես էր իր կարծիքով Բազարովը շուռ տալիս Պավել Պետրովիչին։ Բազարովը ժպտաց։

— Իսկ եթե նա ինձ սկսեր հաղթե՞լ,— հարցրեց նա,— իմ կողմը կպահեի՞ք։

— Ի՞նչ իմ խելքիս բանն է ձեր կողմը պահելը։ Չէ՛, ձեզ հետ հեշտ չէ գլուխ դնել։

— Կարծո՞ւմ եք։ Իսկ ես գիտեմ մի ձեռք, որ եթե ուզենա, կարող է մի մատով ինձ գլորել։

— Այդ ի՞նչ ձեռք է։

— Իբրև թե չեք իմանում։ Հապա մի հոտ քաշեք, տեսեք ինչ լավ հոտ ունի ձեր տված վարդը։

Ֆենիչկան վիզը մեկնեց ու դեմքը վարդին մոտեցրեց. «Գլխի թաշկինակը սահեց, ուսերին ընկավ, բացելով սև, փայլուն, թեթևակի գզգզված մազերը։

— Սպասեցեք, ուզում եմ ես էլ ձեզ հետ միասին հոտ՝ քաշել,— ասաց Բազարովը, կռացավ և պինդ համբուրեց բացված շրթունքները։

Ֆենիչկան ցնցվեց, երկու ձեռքը դեմ արեց նրա կրծքին, բայց դեմ արեց թույլ կերպով, և Բազարովը կարող էր կրկնել և շարունակել իր համբույրը։

Յասամանների հետևից չոր հազ լսվեց։ Ֆենիչկան մի ակնթարթում հեռացավ ու քաշվեց նստարանի մյուս ծայրը։ Երևաց Պավել Պետրովիչը, թեթևակի գլուխ տվեց և մի տեսակ զայրագնած թախծությամբ ասելով՝ «այստե՞ղ եք», գնաց։ Ֆենիչկան անմիջապես բոլոր վարդերը հավաքեց և զովանոցից դուրս գնաց։ «Հոգուդ մեղք արիք, Եվգենի Վասիլևիչ»,— շշնջաց նա հեռանալիս։ Անկեղծ հանդիմանություն կար այդ շշունջի մեջ։

Բազարովը մտաբերեց նորերս պատահած մի ուրիշ դեպք, և ամոթ զգաց, և արհամարհական զայրույթ։ Բայց նա իսկույն էլ թոթվեց գլուխը, հեգնանքով շնորհավորեց իր՝ «պաշտոնապես կնամոլների դասը» մտնելը և գնաց իր սենյակը։

Իսկ Պավել Պետրովիչը դուրս եկավ պարտեզից և համրաքայլ հասավ անտառ։ Նա բավական երկար մնաց այնտեղ, և երբ նախաճաշին վերադարձավ, Նիկոլայ Պետրովիչը հոգատարությամբ հարցրեց, թե առո՞ղջ է — այնքան էր նրա դեմքը մթագնել։

— Գիտես, ես մեկ-մեկ մաղձային հիվանդություն եմ զգում,— հանգիստ կերպով պատասխանեց նրան Պավել Պետրովիչը։

XXIV

Երկու ժամից հետո նա բախում էր Բազարովի դուռը։

— Պետք է ներողություն խնդրեմ, որ խանգարում եմ ձեր գիտական զբաղմունքները,— ասաց նա, նստելով պատուհանի մոտ աթոռի վրա և երկու ձեռքով հենվելով իր գեղեցիկ ձեռնափայտին, որի գլուխը փղոսկրյա էր (նա սովորաբար առանց ձեռնափայտի էր ման գալիս),— բայց ես ստիպված եմ խնդրելու, որ ձեր ժամանակից, շատ չեմ ուզում, մի հիեգ րոպե նվիրեք ինձ։

— Իմ բոլոր ժամանակս էլ պատրաստ եմ ձեզ նվիրելու,— պատասխանեց Բազարովը, որի դեմքի վրայով, հենց Պավել Պետրովիչը իր շեմքը ոտք դրեց, մի բան անցավ։

— Ինձ համար հինգ րոպեն էլ հերիք, է։ Եկել եմ ձեզ մի հարց առաջարկելու։

— Հա՞րց։ Այդ ինչի՞ մասին։

— Ահավասիկ, հաճեցեք լսել, Ձեր այս տունը ոտք դնելու առաջին օրերը, երբ ես դեռ ինձ չէի զրկում ձեզ հետ զրույց անելու հաճույքից, շատ խնդիրների մասին լսել եմ ձեր դատողությունները, բայց որքան հիշում եմ, ոչ մեր մեջ, ոչ էլ իմ ներկայությամբ երբեք խոսք չի եղել մենամարտի, դուելի մասին առհասարակ։ Թույլ տվեք իմանալ, դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին։

Բազարովը, որ վեր էր կացել Պավել Պետրովիչին ընդառաջ գնալու համար, նստեց սեղանի ծայրին ու ձեռները խաչեց։

— Ահա իմ կարծիքր,— ասաց նա,— վերացական տեսակետից դուելը անհեթեթություն է, իսկ գործնական տեսակետից դա ուրիշ բան է։

— Այսինքն՝ ուզում եք ասել, եթե միայն կարողացա ձեր միտքը հասկանալ, որ տեսականորեն ինչ հայացք էլ ունենալու լինեք դուելի մասին, իրապես չէիք թույլ տա, որ ձեզ վիրավորանք հասցնեին, և բավարարությո՞ւն կպահանջեիք։

— Դուք լիովին հասկացաք իմ միտքը։

— Շատ լավ։ Շատ ուրախ եմ այդ բանը լսելու ձեզնից։ Ձեր խոսքերը ինձ ազատում են անհայտ դրությունից։

— Անվճռական դրությունից, ուզում եք ասել։

— Այդ միևնույն բանն է, ես միտքս այնպես եմ արտահայտում, որ ինձ հասկանան, ես… սեմինարական մուկ չեմ։ Ձեր խոսքերն ինձ ազատում են մի տխուր անհրաժեշտությունից։ Ես վճռել եմ ձեզ հետ մենամարտել։

Բազարովն աչքերը չռեց։

— Ինձ հե՞տ։

— Անպատճառ ձեզ հետ։

— Բայց ի՞նչ բանի համար, ներեցեք։

— Կարող էի ձեզ պատճառը բացատրել,— սկսեց Պավել Պետրովիչը։— Բայց ավելի լավ եմ համարում լռել այդ մասին։ Իմ ճաշակովս դուք այստեղ ավելորդ եք, ես ձեզ տեսնել չեմ կարող, ես ձեզ արհամարհում եմ, և եթե այսքանը ձեզ հերիք չէ...

Պավել Պետրովիչի աչքերը փայլեցին… Բազարովի աչքերն էլ բոցավառվեցին։

— Շատ լավ,— ասաց նա։— Ուրիշ բացատրություն հարկավոր չէ։ Քեֆներդ ուզել է ձեր ասպետական ոգին իմ վրա փորձել։ Կարող էի ձեզ այդ հաճույքը պատճառելուց հրաժարվել, բայց թող ինչ լինելու է լինի։

— Սրտագին շնորհապարտ եմ ձեզ,— պատասխանեց Պավել Պետրովիչը,— և այժմ կարող եմ հուսալ, որ դուք իմ մարտահրավերը կընդունեք և չեք թողնի, որ բռնի միջոցների դիմեմ։

— Այսինքն, առանց այլաբանությունների որ ասելու լինեք, այդ ձեռնափայտի՞ն,— սառնարյունությամբ նկատեց Բազարովը։— Միանգամայն ճիշտ է։ Ամենևին կարիք չկա, որ ինձ վիրավորեք։ Մանավանդ որ դա շատ էլ անվտանգ բան չէ։ Դուք կարող եք ջենտլմեն էլ մնալ... Ես ջենտլմենի նման էլ ընդունում եմ ձեր հրավերը։

— Սքանչելի է,— ասաց Պավել Պետրովիչը և ձեռնափայտը անկյունը դրեց։— Մենք այս րոպեիս մի քանի խոսք կասենք մեր դուելի պայմանների մասին, բայց նախ կուզեի իմանալ, արդյոք, ձեր կարծիքով, հարկավո՞ր է, որ ձևի համար մի փոքրիկ կռիվ սարքենք, որպեսզի դա ինձ առիթ տա ձեզ դուելի կանչելու։

— Ոչ, ավելի լավ է առանց ձևականությունների։

— Ինքս էլ այդպես եմ կարծում։ Նույնպես անտեղի եմ համարում խորամուխ լինել մեր ընդհարման իսկական պատճառների մեջ։ Մենք իրար տանել չենք կարողանում։ Դրանից ավելի էլ ուրիշ ինչ է պետք։

— Էլ ուրիշ ի՞նչ է պետք,— հեգնորեն կրկնեց Բազարովը։

— Իսկ ինչ վերաբերում է մենամարտի պայմաններին, քանի որ մենք սեկունդանտներ (վկաներ) չպիտի ունենանք, ո՞րտեղից ենք վկա գտնելու։

— Իսկապես, որտեղից ենք գտնելու։

— Ուստի ես պատիվ ունեմ ձեզ առաջարկելոլ հետևյալը — մենամարտենք վաղը, առավոտյան կանուխ, ասենք՝ ժամը վեցին, անտառի հետևը, ատրճանակներով, տասը քայլի վրա…

— Տասը քայլի վրա՞։ Է՛հ, լավ։ Ուրեմն այդ տարածության վրա մենք իրար ատում ենք։

— Կարելի է նաև ութի վրա,— նկատեց Պավել Պետրովիչը։

— Ինչո՞ւ չէ, կարելի է։

— Ատրճանակ կարձակենք երկ-երկու անգամ, իսկ ամեն մեկս, համենայն դեպս, գրպաններումս կունենանք նախապես գրված նամակ, որի մեջ մեր մահվան պատճառը մեզ կվերագրենք։

— Ա՛յ, ես այդ բանին այնքան էլ համաձայն չեմ,— ասաց Բազարովը։— Մի քիչ ֆրանսիական ռոմանի գույն է ստանում, անհավանական բան է թվում։

— Գուցե։ Բայց համաձայնեցեք, որ հաճելի բան չէ հո, որ վրադ մարդասպանության կասկած լինի։

— Համաձայնում եմ։ Բայց այդ տխուր մեղադրանքից ազատվելու միջոցը կա։ Թեպետ մարտավկաներ չպիտի ունենանք, որտեղի՞ց ենք վկա գտնելու։

— Ո՞վ է այդ վկան, թույլ տվեք իմանալ։

— Հենց Պյոտրը։

— Ի՞նչ Պյոտր։

— Ձեր եղբոր սենեկապանը։ Նա ժամանակիս կրթության բարձրության վրա կանգնած մարդ է, և իր դերը կկատարի այդպիսի դեպքերում կոմիլֆո[57]։

— Ինձ թվում է, դուք, մեծապատիվ պարոն, կատակ եք անում։

— Ամենևին։ Որ իմ առաջարկը լավ քննեք, կհամոզվեք, որ դա շատ խելքի մոտիկ ու պարզ էլ բան է։ Մենամարտը հո գաղտնիք մնալ չի կարող։ Իսկ Պյոտրին ինչպես հարկն է պատրաստելն ու ջարդի տեղը բերելը ես իմ վրա կառնեմ։

— Դուք շարունակում եք կատակ անել,— աթոռից վեր կենալով ասաց Պավել Պետրովիչը։— Սակայն ձեր տված սիրալիր պատրաստակամությունից հետո ես իրավունք չունեմ ձեզանից դժգոհ լինելու... Ուրեմն ամեն ինչ կարգին է… Ի դեպ, ատրճանակներ չունե՞ք։

— Որտեղի՞ց ունենամ ատրճանակներ, Պավել Պետրովիչք ես զինվորական չեմ։

— Այդ դեպքում առաջարկում եմ ձեզ իմ ատրճանակները։ Դուր կարող եք հավատացած լինել, որ արդեն հինգ տարի է, ինչ ես չեմ կրակել նրանցով։

— Այդ շատ մխիթարական տեղեկություն է։

Պավել Պետրովիչը վերցրեց իր ձեռնափայտը...

— Ապա, մեծապատիվ պարոն, ինձ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել և թողնել, որ դուք վերստին ձեր պարապմունքին դառնաք։ Մնաք բարով։

— Մինչ հաճելի տեսություն, մեծարգո տեր իմ,— ասաց Բազարովը հյուրին ճանապարհ դնելով։

Պավել Պետրովիչը դուրս գնաց, իսկ Բազարովը կանգ առավ դռան առաջ և հանկարծակի բացականչեց, «Թո՛ւ, գրողը տանի, ինչ գեղեցիկ և ինչ անմիտ բան։ Ինչպիսի կատակերգություն խաղացինք։ Մարզված շները ահա այսպես են հետին թաթերի վրա պար գալիս։ Իսկ մերժել անկարելի էր, ով գիտե, նա ինձ կխփեր էլ, և այն ժամանակ… (Բազարովը հենց միայն այդ մասին միտք անելուց գունատվեց, նրա ամբողջ ինքնասիրությունը ըմբոստացավ)։ Այն ժամանակ պիտի բռնեի նրան ու կատվի ձագի նման խեղդեի»։ Նա նորից ձեռքն առավ իր մանրադիտակը, բայց սիրտն արդեն պղտորվել էր և հանգիստը, որ հարկավոր էր դիտողություններ անելու համար, անհետացել։ «Նա այսօր տեսավ մեզ,— մտածում էր Բազարովը։— Բայց մի թե այս բոլորը նա արեց իր եղբոր պաշտպանության համար։ Եվ վերջապես ինչ մի մեծ բան է համբույրը։ Այստեղ մի ուրիշ բան կա։ Հա, չլինի՞ թե նա ինքն է սիրահարված։ Իհարկե, սիրահարված է, լույսի պես պարզ է։ Բայց դու մի տես, թե ինչ ձև է տալիս բանին... Բանը շատ վատ է,— վճռեց նա վերջապես,— որ կողմից ուզում ես նայիր, շատ վատ բան եղավ։ Նախ՝ պետք է ճակատդ դեմ անես գնդակին, և համենայն դեպս պետք կլինի այստեղից հեռանալ, գնալ, բացի դրանից։ Այստեղ կա նաև Արկադին… ու այդ աստծու խեղճը, Նիկոլայ Պետրովիչը։ Շատ վատ բան եղավ, շատ վատ»։

Առանձնապես խաղաղ և տաղտուկ անցավ այդ օրը։ Ֆենիչկան հենց գիտենաս աշխարհքիս երեսին չլիներ, քաշվել էր իր սենյակն ու նստել, ինչպես մուկն իր բնում։ Նիկոլայ Պետրովիչը մտահոգ կերպարանք ուներ։ Նրան հաղորղել էին, որ այն ցորենի արտում, որի վրա նա ամենից ավելի հույզ ուներ, ժանգ է երևացել։ Պավել Պետրովիչը իր սառը քաղաքավարությամբ ամենքին, նույնիսկ Պրոկոֆևիչին էլ, ճնշում էր։ Բազարովը սկսել էր հորը նամակ գրել, բայց պատռեց ու սեղանի տակ շպրտեց։ «Կմեռնեմ՝ կիմանան էլի,— մտածում էր նա,— ասենք ես չեմ էլ մեռնի։ Ո՛չ, ես դեռ երկար եմ քարշ գալու աշխարհքիս երեսին»։ Նա Պյոտրին պատվիրեց, որ մյուս օրը վաղ լուսաբացին իր մոտ գա, կարևոր գործով։ Պյոտրը կարծեց, թե նա ուզում է իր հետ Պետերբուրգ տանել։ Բազարովը ուշ պառկեց, և ամբողջ գիշեր նրան տանջում էին անկարգ երազներ… Օդինցովան պտույտ էր գալիս նրա առաջ, դա նրա մայրն էր, նրա հետևից գնում էր սև բեխիկներով մի փոքրիկ կատու, և այդ կատուն Նիչկան էր, իսկ Պավել Պետրովիչը նրան թվում էր մի մեծ անտառի նման, որի հետ բայց և այնպես պետք է նա մենամարտեր։ Ժամը չորսին Պյոտրը զարթեցրեց նրան։ Բազարովը իսկույն հագնվեց ու նրա հետ դուրս եկավ տնից։

Հիանալի զով առավոտ էր, մանր, երփներանգ ամպերի խումբ-խումբ ընկել էին բաց պայծառ կապուտակի վրա։ Մանրահատ ցողը շաղել էր տերևների ու արոտների վրա, փայլում էր արծաթի նման սարդոստայնի վրա, թաց, սևացած հողը ասես թե դեռ պահպանել էր արշալույսի կարմիր հետքերը։ Ամբողջ երկնքից թափվում էր արտույտների երգը։ Բազարովը հասավ անտառին, նստեց հովում, անտառի ծայրին, և միայն այդ ժամանակ Պյոտրին հայտնեց, թե ինչպիսի ծառայություն էր սպասում նրանից։ Կրթված սպասավորը վախից քիչ էր մնում սրտաճաք լիներ, բայց Բազարովը նրան հանգստացրեց հավատացնելով, թե նա ոչ մի բան չպիտի անի, միայն հեռվում կանգնած պիտի նայի, և թե նա դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվելու։ «Մինչդեռ,— ավելացրեց նա,— ինքդ մտածիր, թե ինչպիսի նշանավոր դեր ունես կատարելու»։ Պյոտրը ձեռքեր շարժեց, աչքերը ցած գցեց և, կաս-կանաչ կտրած, թիկն տվեց կեչուն։

Մարյինոյից եկող ճանապարհը բոլորում էր անտառակ այդ ճանապարհի վրա երեկվանից նստած փոշուն ոչ անիվ էր կպել, ոչ ոտք։ Բազարովն ակամա նայում էր այդ ճանապարհի երկարությամբ, պոկում էր խոտերը ու կրծոտում, և շարունակ ինքն իրեն կրկնում, «Էս ինչ հիմարություն արի»։ Առավոտյան ցուրտը ստիպեց նրան մի երկու անգամ ցնցվել… Պյոտրր թախծությամբ նայեց նրան, բայց Բազարովը միայն քմծիծաղեց, նա չէր վախենում։

Ճանապարհի կողմից ձիու ոտնաձայներ լսվեցին... Ծառերի հետևից երևաց մի գյուղացի։ Նա առջևից քշում էր երկու բխոված ձի և, Բազարովի մոտից անցնելիս, առանց գլխարկը հանելու, տարօրինակ կերպով նայեց նրան, ըստ երևույթին այս բանը, իբրև վատ նշան, շփոթեցրեց Պյոտրին։ «Ա՛յ այս մարդն էլ է վաղ վեր կացել,— մտածեց Բազարովը,— բայց գոնե գործով, իսկ մե՞նք»…

— Կարծես թե գալիս են,— շշնջաց Պյոտրը։

Բազարովը գլուխը բարձրացրեց ու տեսավ Պավել Պետրովիչին։ Ցանցանկար բարակ պիչակ ու ձյան պես սպիտակ վարտիք հագած, նա արագ-արագ ճանապարհով առաջ էր գալիս, թևի տակ նա բերում էր մի արկղ կանաչ մահուդով փաթաթած։

— Ներեցեք, կարծեմ ձեզ մի քիչ սպասել տվի,— ասաց նա գլուխ տալով նախ Բազարովին, ապա՝ Պյոտրին, որի անձնավորության մեջ նա այդ րոպեին հարգում էր մարտավկայի պես մեկին։— Չուզեցի իմ սպասավորին զարթեցնել։

— Վնաս չունի,— պատասխանեց Բազարովը,— մենք ինքներս էլ հենց նոր եկանք։

— Հա՞, ավելի լավ։— Պավել Պետրովիչը չորս կողմը նայեց։— Մարդ չի երևում, ոչ ոք չի խանգարի... Կարո՞ղ ենք սկսել։

— Սկսենք։

— Կարծում եմ նոր բացատրություններ չեք պահանջի։

— Չեմ պահանջում։

— Կհաճեք ինքնե՞րդ լցնելու,— հարցրեց Պավել Պետրովիչը արկղի միջից ատրճանակները հանելով։

— Ոչ, ինքներդ լցրեք, իսկ ես տեղը կչափեմ։ Իմ ոտներն ավելի երկար են,— ավելացրեց Բազարովը հեգնաբար։— Մեկ, երկու, երեք...

— Եվգենի Վասիլիչ,— դժվարությամբ թոթովեց Պյոտրը (նա ամբողջ մարմնով դողում էր, ինչպես տենդով բռնված),-կամքը ձերն է, ես հեռանում եմ։

— Չորս… հինգ… հեռացիր, եղբայր, հեռացիր, մինչև անգամ կարող ես ծառի հետևը մտնել ու ականջներդ էլ խցել, միայն թե աչքերդ մի փակիր, իսկ որ մեկն ու մեկը վայր ընկնի, վազիր վերցրու։ Վեց… յոթ… ութ…— Բազարովը կանգ առավ։— Բավակա՞ն է,— ասաց նա՝ Պավել Պետրովիչին դառնալով,— թե երկու քայլ էլ ավելացնեմ։

— Ինչպես ուզում եք,— ասաց սա երկրորդ գնդակը հագցնելով ատրճանակի փողի մեջ։

— Է՛հ, թող երկու քայլ էլ ավելի լինի։— Բազարովը կողքի քթով գետնի վրա խազ քաշեց։— Ահա սահմանը։ Ի դեպ, սահմանից քանի՞ քայլ պիտի հեռանանք։ Սա էլ կարևոր խնդիր է։ Երեկ այս մասին խոսք չեղավ։

— Կարծում եմ, տասը քայլ,— պատասխանեց Պավել Պետրովիլը՝ երկու ատրճանակներն էլ Բազարովին տալով։— Հաճեցեք ընտրել։

— Հաճում եմ։ Բայց համաձայնեցեք, Պավել Պետրովիի որ ծիծաղելու չափ տարօրինակ է մեր մենամարտը։ Հապա դուք մի մեր վկայի դեմքին նայեք։

— Դուք շարունակ ուզում եք կատակ անել,— պատասխանեց Պավել Պետրովիչը։— Ես մեր մենամարտի տարօրինակ լինելը չեմ ժխտում, բայց պարտավորությունս եմ համարում ձեզ զգուշացնել, որ ես մտադիր եմ լրջորեն մենամարտել։ A bon entendeur, salut[58]։

— Ո՛հ, ամենևին չեմ կասկածում, որ մենք վճռել ենք ոչնչացնել միմյանց, բայց ինչո՞ւ չծիծաղել և չմիացնել utie dulci[59]։ Ահա այսպես՝ դուք ինձ ֆրանսերեն կասեք, իսկ ես՝ լատիներեն։

— Ես լրջորեն պիտի մենամարտեմ,— կրկնեց Պավել Պետրովիչր և իր տեղը գնաց։ Բազարովն էլ սահմանագծից հաշվեց մի տասը քայլ ու կանգնեց։

— Պատրա՞ստ եք,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Միանգամայն։

— Կարող ենք մոտենալ։

Բազարովը կամացուկ առաջ գնաց, և Պավել Պետրովիչն էլ ձախ ձեռքը գրպանը դրած և կամաց-կամաց ատրճանակի փողը բարձրացնելով, նրա վրա շարժվեց... «Ուղիղ քթիս է նշան առնում,— մտածեց Բազարովը,— և ինչպիսի խնամքով էլ կկոցում է աչքերը, ավազակը։ Խոստովանանք լինի, անախորժ զգացողություն է։ Ես էլ նրա ժամացույցի շղթային կնայեմ...»։ Մի բան սուր կերպով ֆշշաց Բազարովի ականջի մոտ, և նույն րոպեին ատրճանակի կրակոցը լսվեց։ «Լսեցի, ասել է թե վնաս չկա»,— իսկույն անցավ Բազարովի մտքով։ Նա մի քանի քայլ արավ և առանց նշան առնելու քաշեց ձգանը։

Պավել Պետրովիչր թեթևակի ցնցվեց և ձեռքը ազդրին տարավ։ Արյունը բարակ շիթով ծոր տվեց նրա սպիտակ վարտիքի վրա։

Բազարովը ատրճանակը մի կողմ ձգեց ու մոտեցավ իր հակառակորդին։

— Վիրավորվեցի՞ք,— ասաց նա։

— Դուք իրավունք ունեիք պահանջելու, որ ես սահմանի վրա լինեի կանգնած,— ասաց Պավել Պետրովիչր,— իսկ սա ոչինչ բան է։ Ըստ պայմանի իրավունք ունենք մի-մի անգամ էլ կրակել։

— Է՛, այդ արդեն, ներեցեք, մի ուրիշ անգամվա կմնա,— պատասխանեց Բազարովը և ձեռքը ձգեց Պավել Պետրովիչի մեջքին, որն արդեն սկսել էր գունատվել։— Այժմ արդեն ես մենամարտող չեմ, այլ բժիշկ, և ամենից առաջ պետք է ձեր վերքը նայեմ։ Պյոտր, այստեղ արի։ Պյոտր, որտե՞ղ ես թաքնվել։

— Չնչին բան է... Ես ոչ ոքի օգնության կարիքր չունեմ,— ծանր-ծանր ասաց Պավել Պետրովիչը,— և... պետք է...մեկ էլ… Նա ուզում էր ձիգ տալ իր բեղերը, բայց ձեռքը թուլացավ։ Աչքերը փակվեցին, և նա ուշագնաց եղավ։

— Այ քեզ նորություն։ Ուշագնաց եղավ։ Ինչի՞ց էր արդյոք,— ակամա բացականչեց Բազարովը՝ Պավել Պետրովիչին խոտերի վրա պառկեցնելով։— Տեսնենք՝ ինչ է եղել։— Նա թաշկինակը հանեց, արյունը սրբեց, վերքի չորս կողմը շոշափեց…— Ոսկորն անվնաս է,-փնթփնթաց քթի տակ,— գնդակը երեսանց է անցել, մյուս կողմից դուրս է եկել, մենակ vastus externus մկանն է վնասվել։ Երեք շաբաթից թեկուզ պար արի... Իսկ ուշագնաց եղավ։ Ախ այս նյարդային մարդիկ։ Տեսնում ես կաշին ինչպես նուրբ է։

— Սպանվե՞լ են,— շշնջաց նրա հետևում Պյոտրի դողդող ձայնը։

Բազարովը ետ նաչեց։

— Ախպերս, շուտ գնա ջուր բեր։ Նա դեռ ինձանից էի քեզանից էլ երկար կապրի։

Բայց կատարելագործված սպասավորը կարծես թե նրա ասածը չէր հասկանում ու տեղից չէր շարժվում։ Պավել Պետրովիչը դանդաղ բաց արեց աչքերը։ «Մեռնում է»,— շշնջաց Պյոտրը ու սկսեց երեսը խաչակնքել։

— Իրավացի եք... Ինչ հիմար կերպարանք է,— բռնազբոսիկ ժպիտով ասաց վիրավոր ջենտլմենը։

— Անպիտան, դե շտապիր ջուր բեր,— բղավեց Բազարովը։

— Չի՛ հարկավոր... Սա րոպեական vertige[60] էր միայն… Օգնեցեք, նստեմ… այ այսպես… հերիք է, որ այս քերծվածքը մի բանով կապենք, և ես ոտով էլ կգնամ տուն, կամ թե չէ կարելի է հետևիցս կառք ուղարկել։ Մենամարտը, եթե ուզում եք, չի վերսկսվում։ Դուք ազնվաբար վարվեցիք… այսօր, նկատեցեք՝ այսօ՛ր։

— Հարկ չկա անցյալի մասին հիշել,— առարկեց Բազարովը,— իսկ ինչ վերաբերում է ապագային, դրա վրա էլ, չարժե երկար գլուխ մաշել, որովհետև ուզում եմ անմիջապես ծլկել։ Թողեք այժմ ձեր ոտքը կապեմ, վերքը վտանգավոր չէ, բայց էլի լավ է արյունը դադարեցնել։ Բայց նախ և առավ պետք է այս մահկանացուին սթափեցնել։

Բազարովը թոթվեց Պյոտրի օձիքն ու նրան կառքի ուղարկեց։

— Տես, եղբորս չվախեցնես,— ասաց նրան Պավել Պետրովիչը,— նրան բան չասես։

Պյոտրը սլացավ, և մինչև նա վազում էր կառք բերելու երկու հակառակորդները լուռ նստած էին գետնին։ Պավել Պետրովիչն աշխատում էր Բազարովին չնայել, բայց էլի չէր ուզում նրա հետ հաշտվել, նա ամաչում էր իր կռվասիրությունից, իր անհաջողությունից, ամաչում էր իր այդ բոլոր արարմունքից, թեև զգում էր, որ դա ավելի հաջող վախճան էր կարող ունենալ։ «Գոնե այստեղ ցցված չի լինի,— հանգստացնում էր նա ինքն իրեն,— այդքանից էլ գոհ եմ»։ Ծանր, անհարմար լռությունը շարունակվում էր։ Երկուսն էլ լավ դրության մեջ չէին։ Նրանցից ամեն մեկն զգում էր, որ մյուսն իրեն հասկանում է։ Բարեկամների համար այդ գիտակցությունը հաճելի է, բայց շատ անհաճո է թշնամիների համար, մանավանդ երբ ոչ բացատրվել կարելի է, ոչ էլ իրարից բաժանվել։

— Հո պինդ չե՞մ կապել,— վերջապես հարցրեց Բազարովը։

— Ոչ, ոչինչ, շատ լավ է,— պատասխանեց Պավել Պետրովիչը, և մի քիչ հետո ավելացրեց,— եղբորս խաբել չի կարելի, նրան պետք է ասել, որ քաղաքականության խնդիրների առթիվ ընդհարվեցինք։

— Շատ բարի,— ասաց Բազարովը։— Կարող եք ասել, որ ես բոլոր անգլիասերներին անարգեցի։

— Եվ շատ էլ լավ կլինի։ Ինչ եք կարծում, ի՞նչ է մտածում մեր մասին այս մարդը,— շարունակեց Պավել Պետրովիչը ցույց տալով այն գյուղացուն, որը մենամարտից մի քանի րոպե առաջ Բազարովի մոտով քշել, տարել էր ոտները կապած ձիերը, և այժմ ճանապարհով վերադառնալիս «տղաներին» տեսնելով, գլխարկը հանեց, գլուխ տվեց։

— Ով է իմանում,— պատասխանեց Բազարովը,— ամենից հավանականն այն է, որ ոչինչ էլ չի մտածում։ Ռուս գյուղացին այն խորհրդավոր անծանոթն է, որի մասին մի ժամանակ այնքան շատ խոսում էր տիկին Ռադկլիֆֆը[61]։ Ո՞վ կարող է հասկանալ։ Նա ինքն էլ իրեն չի հասկանում։

— Հը՛ այդպե՞ս եք կարծում,— սկսեց Պավել Պետրովիչը և հանկարծ բացականչեց,— նայեցեք ինչ է արել ձեր հիմար Պյոտրը։ Եղբայրս սրարշավ այստեղ է գալիս։

Բազարովը շուռ եկավ և տեսավ Նիկոլաչ Պետրովիչին կառքում նստած, գունատ դեմքով։ Դեռ կառքը չկանգնած նա ցած թռավ ու դեպի եղբայրը վազեց։

— Այս ի՞նչ բան է,— ասաց նա հուզված ձայնով,— այս ի՞նչ բան է, Եվգենի Վասիլիչ։

— Ոչինչ չկա,— պատասխանեց Պավել Պետրովիչը,— իզուր քեզ անհանգստացրել են։ Մենք պարոն Բազարովի հետ մի փոքր ընդհարվեցինք, և ես դրա համար մի փոքր պատժվեցի։ — Եվ ինչպե՞ս ծագեց դա, ի սեր աստուծո։

— Ի՞նչպես ասեմ։ Պարոն Բազարովը սըր Ռոբերտ Պիլլի[62] մասին անարգանքով խոսեց։ Շտապեմ ավելացնելու, որ այդ բոլորի մեջ մեղավորը մենակ ես եմ, իսկ պարոն Բազարովն իրեն շատ լավ պահեց։ Ես նրան մենամարտի կանչեցի։

— Բայց վրադ արյուն կա։

— Ինչ է, դու կարծում էիր իմ երակներում ջո՞ւր է հոսում։ Ասենք այս արյուն առնելն ինձ համար օգուտ էլ է։ Այնպես չէ՞, բժիշկ։ Օգնիր ինձ կառք նստելու, և մելամաղձության մեջ ընկնելու կարիք չկա։ Վաղն առողջ կլինեմ։ Ա՛յ այդպես, շատ լավ։ Քշիր, կառապան։

Նիկոլայ Պետրովիչը ոտքով կառքի հետևից գնաց։ Բազարովն ուզում էր ետ մնալ…

— Պետք է ձեզ խնդրեմ, որպեսզի մինչև քաղաքից բժիշկ գալը դուք նայեիք եղբորս,— ասաց Նիկոլայ Պետրովիչը։

Բազարովը լուռ գլուխը խոնարհեց։

Մի ժամ անց Պավել Պետրովիչն արդեն ոտքը հմուտ կերպով կապված, պառկել էր անկողնի մեջ։ Ամբողջ տունը տակնուվրա էր եղել. Ֆենիչկայի սիրտը գնաց, Նիկոլայ Պետրովիչը ծածուկ ձեռքի ոսկորներն էր սեղմում, իսկ Պավել Պետրովիչը ծիծաղում էր, հանաքներ անում, մանավանդ Բազարովի հետ։ Նա հագել էր բատիստե բարակ շապիկ, առավոտյան շքեղ կապա ու ֆես, չէր թողնում, որ պատուհանների վարագույրներն իջեցնեն և զվարճալի կերպով գանգատվում էր, որ ստիպված էր կերակրեղենից զրկվել։

Սակայն գիշերը նրա տաքությունը բարձրացավ. Գլուխ սկսեց ցավել։ Քաղաքից բժիշկ եկավ։ (Նիկոլայ Պետրովիչը ականջ չդրեց եղբոր ասածին, և վերջապես Բազարովն ինքն էլ էր այդ ուզում, նա ամբողջ օրը, դեղնած ու չարացած դեմքով, նստած էր իր սենյակում և միայն շատ կարճ միջոցով գնում էր հիվանդի մոտ։ Մի երկու անգամ նա հանդիպեց Ֆենիչկային, բայց սա սարսափահար ետ էր փախչում նրանից)։ Նոր բժիշկը խորհուրդ տվեց գործածել զովարար խմիչքներ, սակայն նա ևս հաստատեց Բազարովի հավաստիացումները, թե ոչ մի վտանգ չկա։ Նիկոլայ Պետրովիչը նրան ասաց, որ եղբայրը անզգուշությամբ ինքն իրեն վիրավորել է, որին բժիշկը պատասխանեց՝ «Հը՜մ», բայց հենց որ մի 25 ռուբլիանոց ստացավ՝ պատասխանեց. «Ասացեք։ Այդպիսի բան ճիշտ որ հաճախ է պատահում»։

Տանը ոչ ոք ոչ պառկեց և ոչ էլ հանվեց։ Նիկոլայ Պետրովիչը շարունակ մատների ծայրերին մտնում էր եղբոր մոտ և մատների ծայրերով դուրս գալիս, իսկ Պավել Պետրովիչը շատ անգամ մոռանում էր ու թեթևակի տնքում, նրան ֆրանսերեն ասում էր «coushez-vous»[63], և խմելու բան էր խնդրում։ Մի անգամ Նիկոլայ Պետրովիչը Ֆենիչկային ստիպեց, որ բաժակով լիմոնադ տա նրան։ Պավել Պետրովիչը աչքերը հառած նայեց նրան և ամբողջ բաժակը մինչև տակը դատարկեց։ Առավոտյան դեմ տաքությունը մի քիչ ավելացավ, հիվանդը սկսեց թեթևակի զառանցել։ Պավել Պետրովիչը սկզբում անկապ խոսքեր էր արտասանում, հետո հանկարծ բաց արավ աչքերը և եղբորը տեսնելով իր անկողնի մոտ, հոգածությամբ իր վրա խոնարհված՝ ասաց.

— Այնպես չէ՞, Նիկոլայ, Ֆենիչկան ընդհանուր նմանություն ունի Նելլիի հետ։

— Ի՞նչ Նելլի, Պաշա։

— Ինչպե՞ս թե ինչ Նելլի։ Իշխանուհի Ռ...ն։ Մանավանդ դեմքի վերին մասը. G’est de m ême famille[64]։

Նիկոլայ Պետրովիչը ոչինչ չպատասխանեց, բայց ինքն իրեն մտածեց, թե ինչքան տևական են լինում մարդկանց մեջ հին զգացողությունները։ «Տես, երբ երևան եկավ»,–… մտածեց նա։

— Ո՛հ, ինչպես եմ սիրում այդ դատարկ էակին,— հառաչեց Պավել Պետրովիչը, թախծությամբ ձեռները գլխի հետևը ձգելով։— Ես չեմ հանդուրժի, որ պրտկերեսի մեկմ հանդգնի կպչել…— թոթովեց նա մի քիչ հետո։

Նիկոլայ Պետրովիչը միայն հառաչեց, նա չէր կասկածում, թե ումն էին վերաբերում այդ խոսքերը։

Մյուս օրը, ժամը ութին Բազարովը եկավ Նիկոլայ Պետրովիչի մոտ։ Նա արդեն իր իրերը կապել, կապկպել էր և բոլոր գորտերը, միջատները և թռչունները բաց թողել։

— Մնաս բարովի եք եկել,— ասաց Նիկոլայ Պետրովիչը նրան դիմավորելու համար տեղից վեր կենալով։

— Շատ ճիշտ է։

— Ես ձեզ հասկանում եմ, և միանգամայն հավանություն եմ տալիս։ Խեղճ եղբայրս, իհարկե, մեղավոր է, և դրա համար էլ իր պատիժն ստացավ։ Նա ինքն ասաց ինձ, թե ձեզ այնպիսի դրության մեջ է դրել, որ դուք այլ կերպ վարվել չէիք կարող։ Հավատացած եմ, որ չէիք կարող խույս տալ այդ մենամարտից, որ… որը որոշ չափով բացատրվում է լոկ այն հակառակությամբ, որ կար ձեր հայացքների մեջ։ (Նիկոլայ Պետրովիչն այս ասելիս շփոթում էր բառերը)։ Եղբայրս հին հասկացողությունների մարդ է, դյուրագրգիռ և համառ… էլի փառք աստուծո, որ բանն այդպես վերջացավ։ Ես, ինչ որ հարկավորն է, արել եմ, որպեսզի այս բանը չտարածվի…

— Ես ձեզ մոտ կթողնեմ հասցես, եթե որևէ բան պատահի,— անհոգ կերպով նկատեց Բազարովը։

— Հույս ունիմ, որ ոչինչ էլ չի պատահի, Եվգենի Վասիլիչ… Շատ ցավում եմ, որ ձեր այստեղ, իմ տանը մնալը, այսպես... այսպիսի վախճան ունեցավ։ Այդ ինձ ավելի և վիշտ է պատճառում նրա համար, որ Արկադին…

— Ես, երևի, նրա հետ կտեսնվեմ,— ընդհատեց Բազարովը,— որի մեջ այսպիսի «բացատրություններն» ու «վշտակցությունները» անհամբերության զգացում էին զարթեցնում,— հակառակ դեպքում, խնդրում եմ, բարևեցեք նրա» իմ կողմից և ընդունեք իմ վշտակցությունը։

— Ես էլ խնդրում եմ… — գլուխ տալով պատասխանեց։

Նիկոլայ Պետրովիչը։ Բայց Բազարովը նրա խոսքի վերջին չսպասեց ու դուրս գնաց։

Պավել Պետրովիչն իմանալով, որ Բազարովը գնալու է, ցանկություն հայտնեց նրան տեսնելու, և նրա ձեռքը սեղմեց։ Բայց Բազարովն այս անգամ էլ սառցի նման սառն էր, նա հասկացավ, որ Պավել Պետրովիչն ուզում էր մեծահոգություն ցույց տալ։ Ֆենիչկայի հետ Բազարովը չկարողացավ մնաս բարով անել, միայն պատուհանից իրար նայեցին։ Նրան թվաց, թե Ֆենիչկայի դեմքը տխուր էր։ «Երևի կկորչի,— ասաց նա ինքն իրեն…,— Դեհ, մի կերպ դուրս կպրծնի»։ Մինչդեռ Պյոտրը այն աստիճան զգացվեց, որ գլուխը նրա ուսին դրած լաց էր լինում, մինչև որ Բազարովը նրան չդադարեցրեց հարցնելով. «Աչքդ հո աղբյուր չի», իսկ Դունյաշան հո. իր հուզմունքը ծածկելու համար ստիպված էր անտառ փախչել։ Բազարովը, որ այս բոլոր վշտի պատճառն էր, բարձրացավ կառք, ծխախոտը կպցրեց, և երբ չորս վերստ անցնելուց հետո, ճանապարհի պտույտին հասավ, վերջին անգամ նրա աչքովն ընկավ մի շարքի վրա ձգված Կիրսանովի դաստակերտը և նրա նորաշեն բնակարանի շենքը, նա միայն թքեց ու «անիծյալ ազնվականներ» ասելով ավելի պինդ փաթաթվեց իր վերարկվի մեջ։ Շուտով Պավել Պետրովիչի դրությունը թեթևացավ, բայց հարկադրված էր մեկ շաբաթի չափ անկողնի մեջ մնալ։ Նա բավականին համբերությամբ տանում էր իր, ինչպես ինքն էր ասում, գերությունը, միայն խիստ հոգս էր անում իր արդուզարդի վրա ու շարունակ պատվիրում էր օդըկոլոն սրսկել տան մեջ։ Նիկոլայ Պետրովիչն ամսագրեր էր կարդում նրա մոտ, Ֆենիչկան առաջվա նման սպասարկում էր նրան, բերում էր արգանակ, լիմոնադ, թերխաշ ձու, թեյ, բայց ամեն անգամ, երբ մտնում էր Պավել Պետրովիչի սենյակը, գաղտնի սարսափ էր ընկնում վրան։ Պավել Պետրովիչը անակնկալ վարմունքը տանը եղողներին ամենքին էլ վախեցրել էր, իսկ Ֆենիչկային՝ ամենքից ավելի։ Մենակ Պրոկոֆևիչը չշփոթվեց, և պատմում էր, որ առաջներում էլ էին աղաները շատ անգամ կռվում իրար հետ, «միայն թե ազնիվ աղաներն իրար հետ, իսկ այսպիսի թոկից փախածներին, նրանց կոպիտ վարմունքի համար, պատվիրում էին տանել գոմը ու ծեծել»։

Խիղճը Ֆենիչկա յին համարյա թե չէր կշտամբում, բայց ժամանակ առ ժամանակ տանջվում էր մտածելով, թե կռվի իսկական պատճառն ինքն էր, մեկ էլ որ Պավել Պետրովիչը այնպես տարօրինակ աչքով էր նայում իրեն…, այնպես, որ մինչև իսկ մեջքը նրան դարձրած միջոցին անգամ զգում էր նրա հայացքը։ Ներքին անդադար հուզմունքից Ֆենիչկան նիհարեց և, ինչպես սովորաբար լինում է, էլ ավելի սիրունացավ։

Մի անգամ, առավոտյան էր, Պավել Պետրովիչն իրեն լավ էր զգում, և անկողինը թողնելով, բազկաթոռի մեջ նստեց, իսկ Նիկոլայ Պետրովիչը նրա առողջությունը հարցնելուց հետո, գնաց դեպի կալը։ Ֆենիչկան բաժակով թեյ բերեց նրա համար ու, սեղանի վրա դնելուց հետո, ուզում էր գնալ։ Պավել Պետրովիչը նրան չթողեց։

— Ո՞ւր եք այդպես շտապում, Ֆեդոսյա Նիկոլաևնա,— սկսեց նա,— ինչ է, գո՞րծ ունեք։

— Ոչ… Պետք է թեյ պատրաստեմ։

— Առանց ձեզ էլ Դունյաշան կարող է այդ բանն անել, եկեք մի քիչ նստեցեք հիվանդի մոտ։ Ի դեպ՝ ձեզ հետ խոսելիք ունեմ։

Ֆենիչկան անձայն նստեց բազկաթոռի ծայրին։

— Լսեցեք,— ասաց Պավել Պետրովիչը իր բեղի ծայրը ձիգ տալով,— վաղուց է ուզում եմ ձեզ հարցնել, կարծես թե դուք ինձանից վախենում եք։

— Ե՞ս…

— Այո, դուք։ Երբեք երեսիս ուղիղ չեք նայում, ասես թե ձեր խեղճը մաքուր չէ։

Ֆենիչկան կարմրեց, բայց նայեց Պավել Պետրովիչի երեսին; Պավել Պետրովիչը նրան մի տեսակ տարօրինակ երևաց, և սիրտը իր կրծքի տակ կամացուկ թրթռաց։

— Խիղճդ հո մաքո՞ւր է,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Ինչո՞ւ չպիտի մաքուր լինի որ,— շշնջաց Ֆենիչկան։

— Քի՞չ պատճառ կա։ Բայց ո՞ւմ առաջ կարող եք դուք մեղավոր լինել։ Ի՞մ առաջ։ Այդ անհավանական բան է։ Այստեղ տան մեջ ապրող ուրի՞շ անձերի առաջ։ Այդ ես անկարելի բան է։ Հա՛, գուցե, եղբո՞րս առաջ։ Բայց չէ որ դուք նրան սիրում եք։

— Սիրում եմ։

— Ամբո՞ղջ հոգով, ամբո՞ղջ սրտով։

— Ես ամբողջ հոգով սիրում եմ Նիկոլայ Պետրովիչին։

— Ճի՞շտ։ Հապա մի ինձ նայեցեք, Ֆենիչկա (առաջին անգամն էր նրան այդպես անվանում…)։ Դուք գիտեք հո՝ սուտ ասելը մեծ մեղք է։

— Ես սուտ չեմ ասում, Պավել Պետրովիչ։ Եթե Նիկոլայ Պետրովիչին էլ չսիրեմ, էլ ո՞ւր եմ ապրում աշխարհքիս վրա։

— Եվ ոչ ոքի հետ չե՞ք փոխել նրան։

— Ո՞ւմ հետ կարող եմ նրան փոխել։

— Քի՞չ մարդ կա։ Հենց ասենք այն պարոնի հետ, որ այստեղից գնաց։

Ֆենիչկան վեր կացավ տեղից։

— Տեր արարիչ աստված, ինչո՞ւ եք ինձ տանջում, Պավել Պետրովիչ։ Ի՞նչ եմ արել ձեզ։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել…

— Ֆենիչկա,— տխուր ձայնով ասաց Պավել Պետրովիչը,— ախր ես տեսա…

— Ի՞նչ տեսաք…

— Այնտեղ… զովանոցում։

Ֆենիչկան մինչև մազերի արմատը, մինչև ականջների ծայրը կարմրատակեց։

— Ես ի՞նչ մեղք ունեմ,— հազիվ-հազ կարողացավ առել նա։

Պավել Պետրովիչը մի փոքր վեր կացավ տեղից։

— Մեղք չունի՞ք։ Չէ՞։ Ամենևի՞ն։

— Աշխարհքիս երեսին ես միմիայն Նիկոլայ Պետրովիչին եմ սիրում և մինչև մահս էլ պիտի սիրեմ,— հանկարձակի սաստկությամբ ասաց Ֆենիչկան, և հեծկլտոցը եկել, խեղդել էր կոկորդը։— Իսկ այն, որ տեսել եք, ես հանդերձյալ կյանքում, ահեղ դատաստանի առաջ էլ կասեմ, որ ես դրանում մեղք չեմ ունեցել, չունեմ, ու լավ է հենց այս րոպեի գետինը պատռվի, մեջը գնամ, քանց թե այդպիսի կասկած լինի վրաս, ու ես իմ բարերարիս, Նիկոլայ Պետրովիչի առաջ...

Բայց այստեղ ձայնը նրան դավաճանեց, և միևնույն ժամանակ էլ զգաց, որ Պավել Պետրովիչը քաշեց իր ձեռքն ու սեղմեց... Ֆենիչկան նայեց նրա երեսին ու ապուշ կտրեց։ Պավել Պետրովիչը առաջվանից էլ ավելի սփրթնած էր. աչքերը փայլում էին և ամենից զարմանալին այն էր, որ արտասուքի մի խոշոր կաթիլ երեսի վրայից ցած էր գլորվում։

— Ֆենիչկա,— ասաց նա մի տեսակ շշունջով,— սիրեցեք, սիրեցեք եղբորս։ Շատ բարի, շատ պատվական մարդ է։ Աշխարհիս երեսին ոչ մի մարդու համար չդավաճանեք նրան, ոչ ոքի ասածներին մտիկ չանեք։ Մի լավ մտածեցեք. Ինչ սարսափելի բան է սիրել և սեր չստանալ։ Երբեք չթողնեք իմ խեղճ Նիկոլային։

Ֆենիչկայի աչքերը ցամաքեցին, և վախն էլ անցավ,— այնքան մեծ եղավ նրա զարմանքը։ Բայց ինչ զգաց նա, երբ Պավել Պետրովիչը, ինքը Պավել Պետրովիչը նրա ձեռքը իր շրթունքներին սեղմեց, և այդպես էլ, առանց համբուրելու, կպած մնաց ու միայն երբեմն-երբեմն ջղաձգաբար հառաչելով…

«Տեր ողորմյա,— մտածեց Ֆենիչկան,— հիվանդության գրգիռը չի՞ արդյոք»։

Իսկ այդ նույն վայրկյանին մի ամբողջ խորտակված կյանք թրթռում էր Պավել Պետրովիչի մեջ։

Արագ քայլերից աստիճանները ճռճռացին... Պավել Պետրովիչը հրեց, հեռացրեց իրենից Ֆենիչկային, և գլուխը գցեք բարձի վրա։ Դուռը բացվեց և երևաց Նիկոլայ Պետրովիչը ուրախ, զվարթ, կարմրած։ Միտյան նույնպես, հոր նման զվարթ ու կարմրած, շապկանց թռչկոտում էր նրա կրծքի վրա ու մերկ ոտները դեմ տալիս նրա գյուղական վերարկուի խոշոր կոճակներին։ Ֆենիչկան վազեց դեպի նա ու ձեռներով նրան ու որդոն փաթաթվելով՝ գլուխը դրեց Նիկոլայ Պետրովիչի ուսին։ Նա զարմացավ, որովհետև ամոթխած ու համեստ Ֆենիչկան երբեք ուրիշի առաջ գգվանք չէր արտահայտում։

— Այս ի՞նչ է եղել քեզ,— ասաց նա և եղբորը նայլով՝ Միտյային տվեց Ֆենիչկայի գիրկը,— հիվանդությունդ հո չի՞ ծանրացել,— հարցրեց նա Պավել Պետրովիչին մոտ գալով։

Պավել Պետրովիչը դեմքը թաքցրեց բատիստե թաշկինակի մեջ։

— Ոչ... այնպես... ոչինչ չկա... Ընդհակառակն, ավելի լավ եմ այժմ։

— Իզուր ես շտապել, անկողինը թողած բազկաթոռի մեջ նստել։ Այդ ո՞ւր ես գնում,— ավելացրեց Նիկոլայ Պետրովիչը Ֆենիչկային դառնալով։ Բայց սա արդեն իր հետևիդ թրխկացրեց դուռը։— Ես եկել էի, որ իմ հսկային քեզ ցույց տամ. նա արդեն հորեղբորը կարոտել էր։ Այդ ինչո՞ւ Ֆենիչկան նրան դուրս տարավ։ Բայց ի՞նչ է եղել քեզ։ Չլինի՞ այստեղ ձեր մեջ մի բան է պատահել։

— Եղբայր,— հանդիսավոր կերպով ասաց Պավել Պետրովիչը։

Նիկոլայ Պետրովիչը ցնցվեց։ Իրեն սկսեց վատ զգալ ինքն էլ չիմացավ ինչու։

— Եղբայր,— կրկնեց Պավել Պետրովիչը,— ինձ խոսք տուր, որ իմ մի խնդիրքս կկատարես։

— Ի՞նչ խնդիրք։ Ասա։

— Շատ կարևոր խնդիրք է։ Ըստ իմ հասկացողության, կյանքիդ ամբողջ երջանկությունը դրանից է կախված։ Ես այս բոլոր ժամանակներս շատ եմ մտածել այն բանի մասին, ինչ որ այժմ ուզում եմ ասել քեզ... Եղբայր, կատարիր քո պարտականությունը, ազնիվ ու պատվավոր մարդու պարտավորությունդ, վերջ դիր այդ գայթակղության ու վատ օրինակին, որ տալիս ես դու, դու որ մարդկանց մեջ ամենապատվականն ես։

— Ի՞նչ ես ուզում ասել, Պավել։

— Ամուսնացիր Ֆենիչկայի հետ... Նա սիրում է քեզ, նա քո որդու մայրն է։

Նիկոլայ Պետրովիչը մի քայլ ետ քաշվեց ու ձեռներն իրար խփեց։

— Դո՞ւ ես այդ ասողը, Պավել, դո՞ւ, որին ես միշտ աննկուն հակառակորդ եմ համարել այդպիսի ամուսնությունների. Այդ դո՞ւ ես ասում։ Բայց մի՞թե չգիտես, որ միմիայն դեպի քեզ ունեցած հարգանքից էր, որ մինչև այժմ չեմ կատարել այն, ինչ որ դու իրավամբ իմ պարտավորությունն անվանեցիր։

— Իզուր ես այդ դեպքում ինձ հարգել,— տխուր ժպիտով պատասխանեց Պավել Պետրովիչը։— Ես սկսում եմ կարծել, որ Բազարովը իրավացի էր, երբ երեսովս էր տալիս իմ արիստոկրատությունը։ Ո՛չ, սիրելի եղբայր, հերիք կոտրտվենք ու հասարակության կարծիքի մասին մտածենք, մենք արդեն ծերացած ու խաղաղ մարդիկ ենք, ժամանակ է այդ ունայն բաները մի կողմ ձգել։ Իսկ որ, քո ասածի պես, սկսենք մեր պարտավորությունը կատարել, և դու տես որ, դեռ կարող ենք երջանկություն էլ վաստակել։

Նիկոլայ Պետրովիչը փաթաթվեց եղբորը։

— Դու վերջնականապես աչքերս բաց արիր,— բացականչեց նա։— Ես զուր չէի միշտ պնդում, որ աշխարհիս երեսին ամենաբարի ու խելոք մարդն ես։ Իսկ այժմ տեսնում եմ, որ դու նույնքան և խոհեմ ես, որքան և մեծահոգի ես։

— Հանդարտ, հանդարտ,— ընդհատեց նրան Պավել Պետրովիչը խոհեմ եղբորդ վերքը մի ցավացնի, որը, հիսուն տարեկանի հասած ենթասպայի նման մենամարտի էր դուրս եկել։ Ուրեմն վճռված բան է՝ Ֆենիչկան կլինի իմ belle soeur[65]։

— Իմ սիրելի Պավել։ Բայց ի՞նչ կասի Արկադին։

— Արկադի՞ն։ Նա շատ ուրախ կլինի թերևս։ Ամուսնությունը նրա սկզբունքների բանը չէ, բայց դրա փոխարեն հավասարության զգացումը շոյված կլինի նրա մեջ։ Եվ արդարև, սա ինչ կաստայականութչուն է au dix-neuviéme siécle[66]։

— Ախ, Պավել, Պավել, թող մեկ էլ համբուրեմ քեզ։ Մի վախեցիր, զգույշ կլինեմ։

Երկու եղբայր համբուրվեցին։

— Ինչ ես կարծում, քո այդ մտադրությունը այժմ ևեթ չհայտնե՞նք Ֆենիչկաչին,— հարցրեց Պավել Պետրովիչը։

— Ի՞նչ կա շտապելու,— առարկեց Նիկոլաչ Պետրովիչը։— Այդ մասին մի՞թե մեջներդ խոսք է եղել։

— Մեր մեջ խոսակցությո՞ւն։ Quelle idée[67]։

— Դե ուրեմն, շատ լավ։ Նախ և առաջ՝ առողջացիր, իսկ այս բանը ձեռներիցս չի փախչիլ, դեռ պետք է մի լավ մտածել, ծանրութեթև անել...

— Հո արդեն վճռե՞լ ես։

— Իհարկե, վճռել եմ և հոգով շնորհապարտ եմ քեզ։ Այժմ ես կգնամ, քեզ հանգստություն է պետք, ամեն տեսակ հուզում վնաս է քեզ... Բայց դեռ կխոսենք։ Քնիր, հոգիս աստված քեզ առողջություն տա։

«Ինչո՞ւ է նա ինձ այսքան շնորհակալություն հայտնում,— մենակ մնալով մտածեց Պավել Պետրովիչը,— կարծես թե այդ իրենից չէր կախված։ Իսկ ես, հենց որ նա ամուսնացավ, կգնամ հեռու մի տեղ, Դրեզդեն կամ Ֆլորենցիա, և կապրեմ այնտեղ, մինչև որ սատկեմ»։

Պավել Պետրովիչը օդըկոլոնով թրջեց ճակատը և աչքերը խփեց։ Ցերեկվա պայծառ լույսով լուսավորված նրա գեղեցիկ, նիհարած գլուխը ընկած էր սպիտակ բարձի վրա մեռածի նման... Նա հենց մեռած էլ էր։

XXV

Նիկոյլսկոյե գյուղում, պարտեզում, բարձրուղեշ հացենու հովին, փայտե նստարանի վրա նստած էին Կատյան ու Արկադին, նրանց մոտ գետնին պառկած էր Ֆիֆին այն գեղարվեստական կիսաբոլորակ ձևով, որ հայտնի է որսորդների մեջ «հուշկապարիկի պառկվածք» անունով։ Արկադին էլ, Կատյան էլ լուռ էին. Արկադին ձեռին բռնել էր կիսաբաց մի գիրք, իսկ Կատյան կողովի մեջ մնացած սպիտակ հացի փշրանքները հավաքում էր ու ձգում ճնճղուկների փոքրաթիվ ընտանիքի առաջ, որոնք, իրենց հատուկ վախկոտ խիզախությամբ, թռչկոտում էին ու ճռվողում ուղիղ նրանց ստվերի տակ։ Մեղմ քամին, տատանելով հացենու տերևները, թե մթին ճանապարհի վրա և թե Ֆիֆիի դեղին մեջքի վրա, ետ ու առաջ էր շարժում լույսի բաց ոսկեգույն բծերը. միապաղաղ ստվերն ընկած էր Արկադիի ու Կատյայի վրա, հազիվ երբեմն միայն պայծառ շերտը բոցակիզվում էր Կատյայի մազերի մեջ։ Նրանք լուռ էին. և հենց նրանց այդ լուռ կեցվածքում, նրանց կողք-կողքի նստվածքի մեջ երևում էր վստահ մտերմությունը, ասես նրանցից ոչ մեկը չէր մտածում մյուսի մասին, մինչդեռ իրենց սրտում ուրախ էին, որ միմյանց մոտ են։ Այն օրվանից, երբ նրանց վերջին անդամ տեսանք, նրանց դեմքերն էլ փոխվել էին. Արկադին ավելի խաղաղ էր թվում, իսկ Կատյան՝ ավելի առույգ, համարձակ։

— Դուք չե՞ք գտնում, որ,— սկսեց Արկադին,— հացենին ռուսերեն շատ հարմար անուն ունի՝ յասեն, ոչ մի ծառ այնպես պայծառ ու պարզ չի երևում օդի մեջ, ինչպես հացենին։

Կատյան աչքերը վեր բարձրացրեց ու ասաց՝ «Այո», իսկ Արկադին մտածեց, «Ա՛յ, սա ինձ չի կշտամբում, որ գեղեցիկ խոսքերով եմ միտքս արտահայտում»։

— Ես Հայնեին չեմ սիրում,— խոսեց Կատյան աչքերով Արկադիի ձեռքի գիրքը Սոլյց տալով,— ոչ այն ժամանակ, երբ նա լաց է լինում, ոչ այն ժամանակ, երբ ծիծաղում է. այլ սիրում եմ, երբ նա մտախոհ է ու թախծալի։

— Իսկ նա ինձ դուր է գալիս, երբ ծիծաղում է,— նկատեց Արկադին։

— Այդ ձեր մեջ երգիծական հին ուղղության հետքերն են… («Հին հետքերը,— մտածեց Արկադին,— եթե Բազարովն այդ լսեր»)։— Սպասեցեք, մենք ձեզ կփոխենք։

— Ո՞վ է ինձ վախելու։ Դո՞ւք։

— Ո՞վ, քույրս, Պորֆիրի Պլատոնիչը, որի հետ դուք այլևս չեք կովում, մորաքույրս, որին դուք երեկ չէ մյուս օրը եկեղեցի ուղեկցեցիք։

— Հո չէի՞ կարոդ մերժել։ Իսկ ինչ վերաբերում է Աննա Սերգեևնային, գիտեք, որ նա ինքն էլ շատ բաներում համաձայնում էր Բազարովի հետ։

— Այն ժամանակ՝ ձեզ նման քույրս էլ նրա ազդեցության տակ էր։

— Ինձ նմա՞ն։ Մի՞թե դուք նկատում հր, որ ես այժմ ազատվել եմ նրա ազդեցությունից։

Կատյան լռեց։

— Գիտեմ,— շարունակեց Արկադին,— նա երբեք ձեզ դուր չէր գալիս։

— Ես չեմ կարող նրա մասին դատողություն անել։

— Գիտե՞ք ինչ, Կատերինա Սերգեևնա։ Ամեն անգամ, երբ ես լսում եմ այդ պատասխանը, ձեր ասածին չեմ հավատում։ Չկա մի այնպիսի մարդ, որի մասին մեզնից ամեն մեկը չկարողանար դատողություն անել։ Այդ ուղղակի նշանակում է խուսափել։

— Դե որ այդպես է, ես ձեզ կասեմ, որ նա... չէ թե ինձ դուր չի գալիս, այլ զգում եմ, որ նա էլ ինձ օտար է, ես էլ նրան եմ օտար... Հենց դուք ինքներդ էլ օտար եք նրան։

— Ինչո՞ւ։

— Ինչպե՞ս ասեմ... նա գիշատիչ է, մինչդեռ ես ու դուք ընտելացել ենք։

— Ես է՞լ եմ ընտելացած։

Կատյան գլխով արավ։

Արկադին գլուխը քորեց։

— Ախր, Կատերինա Սերգեևնա, իսկապես ասած, ձեր ասածը վիրավորական է։

— Մի՞թե դուք գիշատիչ կուզեիք լինել։

— Գիշատիչ չէ, այլ ուժեղ, եռանդուն։

— Այդ չի Կարելի ուզել... Ահավասիկ ձեր ընկերը չի ուզում այնպես լինել, բայց այդ նրա մեջ կա։

— Հը՛մ։ Ուրեմն դուք կարծում եք, թե նա մեծ ազդեցություն ուներ Աննա Սերգեևնայի վրա։

— Այո՞։ Բայց ոչ ոք չի կարող նրա վրա երկար ազդեցություն ունենալ,— ավելացրեց Կատյան ցած ձայնով։

— Ինչո՞ւ եք այդպես կարծում։

— Քույրս շատ հպարտ է... Ես այդ չէի ուզում ասել... Նա մեծ նշանակություն է տալիս իր անկախությանը։

— Ո՞վ չի իր անկախությանը մեծ նշանակություն տալիս որ,-հարցրեց Արկադին, ու միևնույն ժամանակ էլ մտքովն անցկացրեց՝ «Ինչի՞ է պետք այն»։ «Ինչի՞ է պետք այն»,— մտածեց նաև Կատյան։ Այն երիտասարդները, որոնք հաճախ մտերմաբար համակարծիք են դառնում, շարունակ հանգում են միևնույն մտքերին։

Արկադին ժպտաց և, մի քիչ Կատյային մոտենալով, շշնջալով ասաց.

— Խոստովանեցեք, որ դուք փոքր-ինչ վախենում եք նրանից։

— Ո՞ւմից։

— Ձեր քրոջից,— նշանակալից կրկնեց Արկադին։

— Իսկ դո՞ւք,— իր կողմից հարցրեց Կատյան։

— Ես էլ, նկատեցեք՝ ասացի — ես էլ։ Կատյան մատը թափ տվեց նրա վրա։

— Այդ ինձ զարմացնում է,— սկսեց Կատյան,— երբեք քույրս այնպես լավ տրամադրված չի եղել դեպի ձեզ, ինչպես այժմ, անհամեմատ ավելի, քան ձեր առաջին գալստյանը։

— Ահա թե ինչ։

— Մի՞թե դուք այդ չէիք նկատել։ Դա ձեզ չի ուրախացնամ։

Արկադին մտքի մեջ ընկավ։

— Ինչո՞վ եմ արժանացել Աննա Սերգեևնայի բարեհաճությանը։ Միգուցե նրանով, որ ձեր մոր նամակները բերի իրեն։

— Դրանով էլ, բայց ուրիշ պատճառներ թլ կան, որը ես չեմ ասի։

— Ինչո՞ւ։

— Չեմ ասի։

— Օ՜, դիտեմ, դուք շատ համառ աղջիկ եք։

— Համառ եմ։

— Եվ դիտող եք։

Կատյան աչքի պոչով նայեց Արկադիին։

— Գուցե այդ ձեզ զարմացնո՞ւմ է։ Ինչի՞ մասին եք մտածում։

— Ես մտածում եմ, թե որտեղի՞ց կարող էր ձեր մեջ մտնել այդ դիտելու ընդունակությունը, որը ճիշտ որ կա ձեր մեջ։ Դուք որ այդպես երկչոտ եք, կասկածամիտ, ամենքից խույս տվող…

— Ես շատ եմ միայնակ ապրել, ուզես-չուզես կմտածես։ Բայց մի՞թե ես ամենքից էլ խույս եմ տալիս։

Արկադին երախտագիտական հայացք ձգեց նրա վրա։

— Այդ ամենը շատ լավ,— շարունակեց Արկադին,— բայց ձեր կացության մեջ եղող մարդիկ, ուզում եմ ասել՝ ձեր կարողությունն ունեցող մարդիկ, քիչ է պատահում, որ այդ շնորհքն ունենան։ Ճշմարտությունը նրանց ականջին, որպես է թագավորների ականջին, դժվար է հասնում։

— Բայց չէ՝ ես հարուստ չեմ։

Արկադին զարմացավ և Կատյայի ասածն իսկույն չըմբռնեց։ «Ճիշտ որ, ախր ամբողջ կալվածքն էլ քրոջն է»,-մտածեց նա. այդ միտքը նրան անհաճո չթվաց։

— Ինչ լավ ասացիք,— ասաց նա։

— Ի՞նչ է որ։

— Ասացիք լավ, հասարակ, առանց ամաչելու և առանց պարծենալու։ Ի դեպ, ես երևակայում եմ այն մարդու զգացմունքը, որը գիտե և ասում է, թե ինքը աղքատ է, պետք է, որ մի առանձին տեսակի սնափառություն լինի։

— Քրոջս շնորհիվ ես ոչ մի այդպիսի բան չեմ զգացել, խոսքը եկավ, դրա համար էլ միայն հիշեցի իմ կարողության մասին։

— Լա՛վ, բայց խոստովանեցեք, որ հենց ձեր մեջն էլ կա մասնիկը այն սնափառության, որի մասին ես այս րոպեիս հիշում էի։

— Օրինա՞կ։

— Օրինակ, դուք հո, ներեցեք իմ հարցը, դուք չէիք ամուսնանա հարուստ մարդու հետ։

— Եթե ես նրան շատ սիրելիս լինեի... Ո՛չ, թվում է ինձ, որ այն ժամանակ էլ չէի ամուսնանա։

— Հա՛, տեսնո՞ւմ եք,— բացականչեց Արկադին և քիչ հետո ավելացրեց։— Իսկ ինչո՞ւ չէիք ամուսնանա։

— Նրա համար, որ երգերի մեջ էլ երգում են անհավասարության մասին։

— Գուցե դուք ուզում եք իշխել կամ…

— Ոչ, ոչ. ինչի՞ս է պետք։ Ընդհակառակը, ես պատրաստ եմ հնազանդվել, միայն անհավասարությունն է ծանր։ Իսկ ինքդ քեզ հարգես ու հնազանդվես՝ ես այդ հասկանում եմ. դա երջանկություն է. բայց լուծի տակ ապրել... Ո՛չ, եղածն էլ հերիք է։

— Եղածն էլ հերիք է,— Կատյայի հետևից կրկնեց Արկադին։— Այո՛, այո՛,— շարունակեց նա,— իզուր չէ, որ դուք էլ Աննա Սերգեևնայի հետ միևնույն արյունիցն եք։ Դուք էլ այնպես ինքնուրույն եք, ինչպես և նա։ Բայց դուք ավելի ծածկամիտ եք։ Հավատացած եմ, որ երբեք առաջ դուք չեք արտահայտել ձեր զգացմունքը, որքան ուզում է դա խորը և սրբազան լինի…

— Հապա ինչպե՞ս պիտի լիներ,— հարցրեց Կատյան։

— Դուք խելոք էլ եք. դուք էլ նույնպես, եթե ոչ ավելի, կիրթ բնավորություն ունեք, ինչպես և նա...

— Խնդրում եմ ինձ քրոջս հետ մի համեմատեք,— շտապով ընդհատեց Կատյան նրա խոսքը,— այդ խիստ աննպաստ բան է ինձ համար։ Ասես թե մոռացել եք, որ քույրս գեղեցկուհի է, և խելացի, և... մանավանդ ձեզ, Արկադի Նիկոլայիչ, չի վայելի, որ այդպիսի խոսքեր ասեք, այն էլ մի այսպիսի լուրջ դեմքով։

— Այդ ի՞նչ է նշանակում մանավանդ ձեզ, և ինչի՞ց եք եզրակացնում, որ ես կատակ եմ անում։ — Ւհարկե, կատակ եք անում։

— Կարծո՞ւմ եք։ Իսկ ինչ կասեիք, եթե ես համոզված եմ այն ամենում, ինչ որ ասում եմ։ Եթե ես գտնում եմ, որ դեռևս այնքան էլ ուժեղ չեմ արտահայտվել։

— Ես ձեր միտքը չեմ հասկանում։

— Իրա՞վ։ Դե լավ. ես այժմ տեսնում եմ որ իսկապես չափազանցրել եմ ձեր դիտելու ընդունակությունը։

— Ինչպե՞ս։

Արկադին ոչինչ չպատասխանեց և երեսը շուռ տվեց, իսկ Կատյան կողովի մեջ մի քանի փշրանք էլ գտավ ու ձգեց ճնճղուկների առաջ, բայց նրա թևի շարժումն այնքան ուժեղ էր, որ ճնճղուկները, առանց փշրանքները ժողովելու, թռան գնացին։

— Կատերինա Սերգեևնա,— խոսեց հանկարծ Արկադին։— Այդ ձեզ համար, հավանորեն, միևնույն բանն է, բայց իմացեք, որ ես ձեզ ոչ թե միայն ձեր քրոջ հետ, այլ աշխարհի երեսին ոչ ոքի հետ չեմ փոխի։

Մա վեր կացավ տեղից և, կարծես իր լեզվից թռած խոսքերից վախեցած, արագ հեռացավ։

Իսկ Կատյան երկու ձեռքն ու կողովը ձգեց ծնկների վրա և գլուխը խոնարհած, երկար նայում էր Արկադիի հետևից։ Փոքր առ փոքր ալկարմիրը թեթևակի ներկեց նրա այտերը, բայց շրթունքները չէին ժպտում, և մութ աչքերը վարանմունք ու մի տեսակ ուրիշ, դեռևս անանուն զգացմունք էին արտահայտում։

— Դու մենա՞կ ես,— նրա կողքին լսվեց Աննա Սերգեևնայի ձայնը։— Կարծեմ Արկադիի հե՞տ եկար պարտեզ։

Կատյան, առանց շտապելու, աչքերը դարձրեց քրոջ վրա (նա գեղանի, նույնիսկ նուրբ ճաշակով հագնված, կանգնել էր ճանապարհի վրա և բաց հովանոցի ծայրով շարժում էր Ֆիֆիի ականջը) և առանց շտապելու ասաց.

— Մենակ եմ։

— Տեսնում եմ,— պատասխանեց քույրը ծիծաղելով,— ուրեմն նա իր սենյակը գնաց։

— Այո։

— Միասին կարդո՞ւմ էիք։

— Այո։

Աննա Սերգեևնան բռնեց Կատյայի կզակից և նրա դեմքը բարձրացրեց։

— Հո չե՞ք կռվել։

— Ո՛չ,— ասաց Կատյան և քրոջ ձեռքը կամացուկ ետ քաշեց։

— Ինչ հանդիսավորությամբ ես պատասխանում, կարծում էի թե նա այստեղ կլինի, ուզում էի առաջարկել միասին ինձ հետ զբոսնելու գնալ։ Ինքն է շարունակ այդ բանն ինձնից խնդրում։ Քաղաքից քեզ համար կոշիկներ են բերել, գնա փորձիր, ես երեկ նկատեցի, որ առաջվա ոտնամաններդ բոլորովին մաշվել են։ Առհասարակ դու հարկավոր ուշադրությունը չես դարձնում դրա վրա, մինչդեռ ինչ սքանչելի ոտներ ունես։ Ձեռներդ էլ սիրուն են... միայն խոշոր են, պետք է ուրեմն ոտներդ ավելի ընդգծես։ Բայց դու կոկետուհի չես։

Աննա Սերգեևնան իր գեղեցիկ հագուստով աղմկելով նույն ծառուղիով շարունակեց առաջ գնալ։ Կատյան վեր կացավ տեղից, առավ Հայնեի հատորը և նույնպես գնաց — բայց ոչ ոտնամանը փորձելու։

«Սքանչելի ոտներ,— մտածում էր նա դանդաղ ու թեթև կերպով բարձրանալով դարավանդի արևակեզ եղած քարե աստիճաններով,— ասում է՝ սքանչելի ոտներ... Դե լավ, ուրեմն նա այդ ոտների առաջ կլինի»։

Բայց նա անմիջապես ամոթ զգաց և շտապով վերև վազեց։

Արկադին միջանցքով իր սենյակը գնաց, սենեկապանը հետևից հասավ և հայտնեց, թե Բազարովը նրա սենյակումն է։

— Եվգե՞նին,— համարյա վախեցած շշնջաց Արկադին.— վաղո՞ւց է եկել։

— Հենց նոր շնորհ բերին և պատվիրեցին, որ իր գալը Աննա Սերգեևնային իմաց չտանք, այլ հրամայեցին, որ ուղղակի ձեր սենյակը բերենք։

«Չլինի՞ տանը դժբախտություն է պատահել»,— մտածեց է Արկադին և, շտապ-շտապ աստիճաններով վեր վազելով։ Հապճեպ բաց արեց դուռը։ Բազարովի երեսի արտահայտությունը իսկույն հանգստացրեց նրան, թեպետ եթե մի ավելի փորձված աչք լիներ, հավանական է, որ այդ անակնկալ հյուրի առաջվա նման դարձյալ եռանդուն, բայց փոքր-ինչ կորացած կերպարանքի մեջ ներքին հուզմունքի նշաններ նկատեր։ Փոշոտած թիկնոցը հագին, գլխարկր գլխին նստած էր պատուհանի մոտ. նա տեղից չվերկացավ նաև այն ժամանակ, երբ Արկադին աղմկալի բացականչություններով վզովն ընկավ։

— Այ քեզ անակնկալ բան։ Ո՞ր խաչից,— ասում էր նա շարունակ վեր ու վար անելով սենյակում նման մի մարդու, որ ինքը երևակայում է, և ուրիշներին էլ ուզում է ցույց տալ, թե ուրախանում է։— Տանը հո ամեն բան կարգի՞ն է, ամենքն էլ ողջ, առո՞ղջ են, այնպես չէ՞։ — Ամեն բան կարգին է, բայց ամենքը առողջ պատասխանեց Բազարովը։— Շատ մի բլբլացնի, ասա թող կվաս բերեն, նստիր ու լսիր, թե ինչ եմ քեզ հաղորդելու մի քանի, բայց վստահ եմ, բավականին զորեղ խոսքով։

Արկադին հանդարտվեց, իսկ Բազարովը պատմեց Պավել Պետրովիչի հետ ունեցած մենամարտի մասին։ Արկադին շատ, զարմացավ և մինչև իսկ տխրեց, բայց հարկ չհամարեց այդ բանն արտահայտել, նա միայն հարցրեց, թե իրո՞ք հորեղբոր վերքը վտանգավոր չէ և, պատասխան ստանալով, թե վերքը շատ հետաքրքրական է, միայն ոչ թե բժշկական տեսակետով, ակամա ժպտաց, մինչդեռ սիրտը ճմլվեց ու ամոթ զգաց։ Բազարովը կարծես այդ հասկացավ։

— Հապա, եղբայր,— խոսեց նա,— ահա ինչ է նշանակում ֆեոդալների հետ ապրել։ Ինքդ էլ ֆեոդալ կդառնաս ու ասպետական մրցախաղերին կմասնակցես։ Ահա, ես էլ վեր կացա և «հայրերի» կողմն ուղղվեցի,— այսպես վերջացրեց Բազարովը իր խոսքերը,— և ճամփից թեքվեցի այստեղ… որպեսզի այս ամենը քեզ պատմեմ, կասեի ես, թե որ անօգուտ սուտը հիմարություն չհամարեի։ Ո՛չ, ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու այստեղ եկա։ Գիտես, օգտակար է, որ մարդ երբեմն իր քանքուլից բռնի ու ձիգ տա, ու ինքն իրեն իր միջից արմատահան անի, ա՛յ, ինչպես բողկը մարգից, ես այդ բանն արի այս օրերս… Բայց սիրտս ուզեց մի անգամ էլ նայեմ այն բանին, որից ես ձեռք եմ քաշել, այն մարգին, որի մեջ էի։

— Հույս ունեմ, այդ խոսքերն ինձ չեն վերաբերում,— հուզված առարկեց Արկադին,— հույս ունեմ, որ դու մտադիր չես ինձնից բաժանվել։

Բազարովը զննողաբար աչքը սևեռեց նրա վրա։

— Իբրև թե շատ ես վշտանալու, էլի։ Ինձ թվում է, որ դու արդեն իսկ հեռացել ես ինձանից։ Դու այնպես զվարթ ու մաքուր ես… երևի Աննա Սերգեևնայի հետ բաներդ լավ են գնում։

— Ես ի՞նչ բաներ ունեմ Աննա Սերգեևնայի հետ։

— Մի՞թե նրա համար չես այստեղ եկել քաղաքից, աղավնյակս։ Ի դեպ, ինչպե՞ս են կիրակնօրյա դպրոցների գործերը, դու դեռ սիրահարված չե՞ս Աննա Սերգեևնային։ Չլինի արդեն համեստություն անելու ժամանակը եկել է։

— Եվգենի, գիտես, որ ես միշտ անկեղծ եմ եղել քեզ հետ, կարող եմ հավատացնել, երդվում եմ, որ սխալվում ես։

— Հըմմ։ Մի նոր խոսք,— կիսաձայն նկատեց Բազարովը, բայց տաքանալու կարիք չկա, ինձ համար այդ հո բոլորովին միևնույն է։ Ռոմանտիկ մարդը կասեր ես զգում եմ, որ մեր ճանապարհները սկսում են բաժանվել։ Իսկ ես ուղղակի ասում եմ. մենք միմյանց զզվեցրել ենք։

— Եվգենի…

— Հոգյակս, այդ ոչինչ, կյանքում դեռ ինչպիսի՛ բաներից են զզվում։ Իսկ այժմ, ժամանակը չի՞, որ մենք իրար մնաս բարև ասենք։ Սկսած այն ժամանակվանից, ինչ ես այստեղ եմ, շատ վատ եմ զգում ինձ, կարծես գլուխս լցված լինի այն նամակներով, որ Գոգոլը գրել է Կալուգայի նահանգապետի կնոջը։ Ի դեպ, չեմ ասել, որ ձիաները արձակեն։

— Ի՞նչ ես ասում, Եվգենի, այդ անկարելի բան է։

— Ինչու։

— Իմ մասին ասելն էլ ավելորդ է, բայց Աննա Սերգեևնայի վերաբերմամբ արածդ վերին աստիճանի անքաղաքավարություն կլինի, նա անպատճառ կուզենա քեզ տեսնել։

— Է, դրանում դու սխալվում ես։

— Իսկ ես, ընդհակառակը, հավատացած եմ, որ ասածս իրավացի է,— առարկեց Արկադին։— Եվ ինչո՞ւ ես կեղծում։ Բանը որ այդտեղ հասավ, հենց ինքդ նրա համար չե՞ս այստեղ եկել։

— Այդ գուցե և ուղիղ է, բայց և այնպես դու միշտ սխալվում ես։

Բայց Արկադիի ասածն ուղիղ էր։ Աննա Սերգեևնան ուզեց Բազարովին տեսնել և սենեկապանի միջոցով նրան իր սենյակը հրավիրեց։ Բազարովը նրա մոտ գնալուց առաջ շորերը փոխեց, բանից երևաց, որ նա իր շորերն այնպես էր դարսել, որ նոր զգեստի հանելը հեշտ լինի։

Օդինցովան նրան ընդունեց ոչ այն սենյակում, ուր նա այնպես անակնկալ կերպով իր սերն էր հայտնել, այլ ընդունարանում։ Նա սիրալիր կերպով մատի ծայրերը մեկնեց Բազարովին, բայց նրա դեմքն ակամա լարված դրություն էր արտահայտում։

— Աննա Սերգեևնա,— շտապեց ասել Բազարովը,— նախ և առաջ պետք է ձեզ հանգստացնեմ։ Ձեր առաջ կանգնած է մի մահկանացու, որը վաղուց արդեն խելքի է եկել և հույս ունի, որ ուրիշներն էլ մոռացել են նրա հիմարությունները։ Ես գնում եմ երկար ժամանակով և, համաձայնեցեք, որ թեպետ ես քնքուշ էակ չեմ, այնուամենայնիվ ինձ համար ուրախալի չէր լինի հեռանալ այստեղից մտածելով, որ դուք զզվանքով եք հիշում ինձ։

Աննա Սերգեևնան խորը շունչ քաշեց, նման այն մարդուն, որր հենց նոր էր բարձրացել լեռան գլուխը, և ժպիտը կենդանացրեց նրա դեմքը։ Նա ձեռքը կրկին անգամ մեկնեց Բազարովին և փոխադարձաբար սեղմեց նրա ձեռքը։

— Անցուկը մոռցուկ է,— ասաց նա,— մանավանդ որ, եթե խղճով ասենք, այն ժամանակ ես էլ մեղանչեցի եթե ոչ իմ կոկետությամբ, գոնե մի ուրիշ բանով։ Մի խոսքով՝ առաջվա նման բարեկամ լինենք։ Այն երազ էր միայն, այնպես չէ՞։ Իսկ ո՞վ է երազները միտքը պահում։

— Ո՞վ է միտքը պահում։ Մանավանդ որ սերը… շինծու զգացմունք է։

— Իրա՞վ։ Ինձ համար շատ հաճելի է այդ լսել։

Այդպես էր խոսում Աննա Սերգեևնան, այդպես էր խոսում և Բազարովը, երկուսն էլ կարծում էին, թե ճշմարիտ են ասում։ Արդյոք ճշմարտություն, կատարյալ ճշմարտություն կա՞ր նրանց խոսքերում։ Նրանք իրենք էլ չգիտեին այդ, ուր մնաց հեղինակը։ Բայց այն ձևով էին զրուցում, ասես կատարելապես իրար հավատալիս լինեին։

Աննա Սերգեևնան, ի միջի այլոց, Բազարովին հարցրեց, թե ինչ էր անում Կիրսանովների տանը։ Քիչ էր մնում Բազարովը նրան պատմեր Պավել Պետրովիչի հետ ունեցած մենամարտի մասին, բայց զսպեց իրեն՝ մտածելով, թե մի գուցե նա կարծի, թե ուզում է իր անձը հետաքրքրական դարձնեի և պատասխանեց, թե ամբողջ ժամանակն աշխատելիս է եղել։

— Իսկ ես,— խոսեց Աննա Սերգեևնան,— սկզբում, աստված գիտե ինչու, թախիծը պաշարել էր ինձ, մինչև անգամ մտածում էի արտասահման գնալ, երևակայեցեք... Հետո այդ անցավ, ձեր ընկեր Արկադի Նիկոլայիչը եկավ, ու ես նորից իմ հունի մեջ ընկա, նորից իմ իսկական դերի մեջ մտա։

— Այդ ի՞նչ դեր է, կարելի է իմանալ։

— Մորաքրոջ, դաստիարակչուհու, մոր դերը, ինչպես ուզում եք անվանեցեք։ Ի դեպ. գիտե՞ք, առաջ ես լավ չէի հասկանում Արկադի Նիկոլայիչի հետ ձեր ունեցած սերտ բարեկամությունը, նրան բավականին աննշան էի համարում։ Բայց այժմ ավելի լավ ճանաչեցի և համոզվեցի, որ նա խելոք է... Իսկ գլխավորը որ նա երիտասարդ է, երիտասարդ… չէ թե ինձ ու ձեզ նման, Եվգենի Վասիլիչ։

— Նա դարձյալ ձեր ներկայությամբ քաշվո ւմ է,– հարցրեց Բազարովը։

— Բայց մի՞թե.,,— սկսեց Աննա Սերգեևնան և, մի քիչ մտածելուց հետո, ավելացրեց,— այժմ նա ավելի է վստահում ինձ, հետս խոսում է։ Առաջ ինձանից խույս էր տալիս։ Ասենք ես էլ նրա ընկերությունը չէի որոնում։ Նա ու Կատյան այժմ մտերիմ բարեկամներ են։

Բազարովի սիրտը նեղացավ։ «Կին ասածդ չի կարող խորամանկություն չբանեցնել»,— մտածեց նա։

— Ասում եք ձեզունից խույս էր տալիս,— սառը ծաղրով արտասանեց Բազարովը,— բայց երևի, ձեզ համար գաղտնիք չմնաց, որ նա սիրահարված էր ձեզ։

— Ինչպե՞ս, նա է՞լ,— դուրս թռավ Աննա Սերգեևնայի շրթունքներից։

— Նա էլ,— խոնարհ գլուխ տալով կրկնեց Բազարովը։ — Մի՞թե դուք այդ չգիտեիք և իմ հաղորդածը նորություն է ձեզ համար։

Աննա Սերգեևնան աչքերը ցած գցեց։

— Սխալվում եք, Եվգենի Վասիլևիչ։

— Չեմ կարծում։ Բայց, գուցե ինձ չի վայելի, որ այղ մասին հիշեմ։ «Էլ խորամանկություն չանես»,-ավելացրեց նա ինքն իրեն։

— Ինչո՞ւ հիշել։ Բայց կարծում եմ, որ դուք այս դեպքում էլ րոպեական տպավորությանը շատ մեծ նշանակություն եք տալիս։ Սկսում եմ կասկածել, որ առհասարակ դուք չափազանցնելու հակում ունեք։

— Ավելի լավ է այդ մասին չխոսենք, Աննա Սերգեևնա։

— Ինչո՞ւ չխոսել,— առարկեց տիկինը և ինքն էլ խոսքը ուրիշ բանի վրա դարձրեց։ Բայց և այնպես, Բազարովի ներկայությամբ նա անհարմար էր զգում, թեև նա նրան էլ ասաց, և ինքն իրեն էլ հավատացրեց, թե ամեն ինչ մոռացության է տրված։ Բազարովի հետ ամենահասարակ խոսքեր փոխանակելով, նույնիսկ հետը կատակ անելով, նա երկյուղի թեթև ճնշում էր զգում։ Այդպես, մարդիկ շոգենավի վրա, ծովում, անհոգ կերպով խոսում են, ծիծաղում, ասես ցամաքի վրա լինեն։ Բայց հերիք է մի աննշան արգելք հանդիպի, մի անսովոր բանի ամենաչնչին նշանն երևա, անմիջապես ամենքի երեսներին էլ կերևա առանձին հուզմունքի արտահայտություն, որը վկայում է նրանց մշտական վտանգի գիտակցության մասին։ Աննա Սերգեևնայի խոսակցությունը Բազարովի հետ երկար չտևեց։ Նա սկսեց մտքերի մեջ ընկնել, անուշադիր պատասխաններ տալ և վերջ ի վերջո առաջարկեց դահլիճ անցնել, որտեղ նրանք գտան իշխանուհուն ու Կատյային։ «Հապա Արկադի Նիկոլայիչն ո՞ւր է»,— հարցրեց տանտիկինը, և իմանալով, որ մի ժամից ավելի է, ինչ նա չի երևացել, մարդ ուղարկեց կանչելու։ Արկադիին շուտ չգտան, նա պարտեզի ամենախուլ անկյունը քաշված և կզակը իրար խաչած ձեռներին հենած, նստել էր մտքերի մեջ ընկած։ Խոր և կարևոր էին այգ մտքերը, բայց ոչ տխուր։ Նա գիտեր, որ Աննա Սերգեևնան մենակ նստած է Բազարովի հետ, բայց, առաջվա նման, խանդ չէր զգում։ Ընդհակառակը, նրա դեմքը հանդարտ կերպով պարզվում էր, ասես թե նա և զարմանում էր մի բանից, և ուրախանում, և վճռում էր մի բան անելու։

XXVI

Հանգուցյալ Օդինցովը նորամուծություններ չէր սիրում, բայց «որոշ չափով ազնվացած ճաշակի փոփոխությունը» թույլ էր տալիս, և այդ իսկ պատճառով էլ իր պարտեզում, ջերմանոցի ու լճակի միջև, ռուսական աղյուսից շինել էր ավել հունական սրահիկի նման մի բան։ Այդ սրահիկի հետևի խուլ պատի մեջ շինել էր տվել վեց որմախորշեր՝ հատկապես արձանների համար, որ ուզում էր արտասահմանից բերել տալ։ Այդ արձանները պետք է ներկայացնեին Աոանձնություն, Լռություն, Մտորում, Մելամաղձոտություն, Ամոթխածություն և Զգայունություն։ Արձաններից մեկը՝ Լռության աստվածուհին, մատը շուրթերին, բերել ու դրել էին իր տեղը, բայց հենց նույն օրը ճորտ երեխաները ջարդեցին քիթը, և թեպետ հարևան ծեփագործը խոստացել էր, որ ինքն արձանի քիթը առաջվանից երկու անգամ ավելի լավ կշինի, բայց այնպես Օդինցովը հրամայել էր արձանը վերցնել, որը և գցել էին ծածկած կալի մի անկյունը, ուր երկար տարիներ մնացել էր՝ կանանց մեջ սնոտիպաշտական սարսափ առաջացնելով։ Սրահիկի առջևի մասը վաղուց ծածկվել էր խիտ բոլսած թփերով և համատարած կանաչի մեջ միայն սյուների և խոյակներն էին երևում։ Սրահիկի մեջ նույնիսկ կեսօրվա շոգին զով էր լինում։ Աննա Սերգեևնան այն օրից, որ այստեղ մի լորտու էր տեսել, չէր սիրում այդտեղ գալ, բայց Կատյան հաճախ գալիս էր նստում մի մեծ քարե նստարանի վրա, որ շինած էր որմախորշերից մեկի ներքևը։ Զովությամբ ու ստվերով շրջապատված, նա կարդում էր, գործում կամ անձնատուր լինում այն կատարյալ լռության զգացողության, որը, հավանորեն, հայտնի է ամենքին էլ, և որի հրապույրն է կազմում այն դրությունը, երբ մենք, հազիվ գիտակցելով, լռիկ ունկնդիր ենք լինում կենսական լայն ալիքին, որ շարունակ հոսում է մեր շուրջը և թե հենց մեր մեջ։

Բազարովի գալու հաջորդ օրը Կատյան նստած էր իր սիրած նստարանի վրա, և նրա կողքին դարձյալ Արկադին էր։ Ինքն էր խնդրել, որ Կատյան իր հետ սրահիկ գա։ Մինչև նախաճաշը դեռ մի ժամի չափ ժամանակ կար, ցողապատ առավոտն արդեն տեղի էր տալիս տաք օրվան։ Արկադիի դեմքը երեկվա արտահայտությունն էր պահպանում։ Կատյան մտահոգ կերպարանք ուներ։ Քույրը, թեյից անմիջապես հետո, նրան կանչել էր իր առանձնասենյակը և, նախապես է գուրգուրելով նրան, մի բան, որ միշտ մի փոքր վախեցրել էր Կատյային, խորհուրդ էր տվել, որ զգույշ լինի Արկադիր հետ, մանավանդ խույս տա նրա հետ առանձնացած զրույց անելուց, որ իբր թե արդեն մորաքույրն էլ, տան մեջ բոլորն էլ նկատել են։ Բացի այդ, դեռ նախորդ երեկոյան Աննա Սերգեևնայի տրամադրությունը լավ չէր, հենց ինքը, Կատյան՝ էլ շփոթվածի պես էր, ասես թե իրեն մեղավոր էր զգում։ Արկադիի խնդրին զիջելով՝ նա ինքն իրեն խոսք տվեց, որ սա վերջինը կլինի։

— Կատերինա Սերգեևնա,— սկսեց Արկադին մի տեսակ, վեհերկոտ համարձակությամբ,— այն օրվանից, որ ես պատիվ ունեմ ձեզ հետ միևնույն հարկի տակ ապրել, ու շատ բանի մասին խոսել եմ ձեզ հետ, մինչդեռ կա ինձ համար մի շատ կարևոր…խնդիր, որ դեռ ես չեմ շոշափել։ Դուք երեկ ասացիք, որ այստեղ ինձ փոխեցին,— ավելացրեց նա, միաժամանակ թե որսալով և թե խույս տալով իր վրա ուղղած Կատյայի հարցական հայացքից։— Արդարև, ես շատ բանում փոխվել եմ, և դուք այդ ամենից լավ գիտեք,— դուք, որին ես, իսկապես, պարտական եմ իմ այդ կրած փաիոխություններով։

— Ե՞ս... ի՞նձ...— ասաց Կատյան։

— Ես այժմ այլևս այն ամբարտավան, կռվասեր երեխան չեմ, ինչպես որ էի այստեղ գալիս,— շարունակեց Արկադին։— Իզուր չէ, որ քսաներեքս լրացրել եմ. առաջվապես դարձյալ ուզում եմ լինել օգտակար, բոլոր ուժերս նվիրել ճշմարտության, բայց այլևս իմ իդեալները այնտեղ չեմ որոնում, ուր առաջ որոնում էի, դրանք ինձ… ավելի մոտիկ են երևում։ Մինչև այժմ ես ինձ չէի հասկանում, այնպիսի նպատակներ էի դնում իմ առաջ, որ ուժերիցս վեր էին... Մոտ ժամանակներս, մի զգացմունքի շնորհիվ, աչքերս բացվեցին... Ես այնքան էլ պարզ չեմ արտահայտվում, բայց հույս ունեմ, որ դուք ինձ կհասկանաք…

Կատյան ոչինչ չէր պատասխանում, բայց Արկադիին նայելուց դադարեց։

— Կարծում եմ,— նորից խոսեց նա արդեն ավելի հուզված ձայնով, մինչ խայտիտը նրանց վերև, կեչու սաղարթի մեջ անհոգաբար իր երգն էր երգում,— կարծում եմ, որ ամեն մի ազնիվ մարդու պարտավորությունն է բոլորովին անկեղծ լինել այն… այն մարդկանց հետ, որոնք… մի խոսքով, իրեն մոտիկ անձանց հետ, ուստի և ես… ես մտադիր եմ…

Բայց այստեղ Արկադիի պերճախոսությունը դավաճանեց իրեն, նա շփոթվեց, կմկմաց և ստիպված էր մի փոքր կանգ առնել։ Կատյան աչքը էլի վերև չէր բարձրացնում։ Թվում էր, թե նա չէր էլ հասկանում, թե ինչ էր ուզածը, և սպասում էր մի ինչ-որ բանի։

— Ես նախազգում եմ, որ ձեզ պիտի զարմացնեմ,— սկսեց Արկադին նորից ուժերը հավաքելով,— մանավանդ որ այդ զգացմունքը մասամբ… մասամբ, նկատեցեք, վերաբերում է ձեզ։ Դուք, հիշում եմ, երեկ ինձ կշտամբում էիք, որ իմ մեջ լրջությունը պակասում է,— շարունակեց Արկադին մի այնպիսի մարդու պես, որը, ճահճի մեջ մտնելով, զգում է, որ ամեն մի քայլափոխում ավելի ու ավելի է խրվում, բայց և այնպես առաջ է շտապում՝ հուսալով, թե շուտով կազատվի։— Այդ կշտամբանքը հաճախ ուղղվում է... երիտասարդների դեմ, մինչև իսկ այն ժամանակ, երբ նրանք այլևս կշտամբանքի չեն արժանի, և եթե իմ մեջ ավելի ինքնավստահություն լիներ… («Դե օգնիր ինձ, օգնիր»,— հուսահատաբար մտածում էր Արկադին, բայց Կատյան առաջվա պես գլուխը չէր շրջում)։ Եթե կարողանայի հուսալ…

— Եթե ես կարողանայի հավատալ այն բոլորին, ինչ որ ասում եք,— այդ րոպեին լսվեց Աննա Սերգեևնայի պարզ ձայնը։

Արկադին իսկույն լռեց, իսկ Կատյան գույնը գցեց։ Ուղիղ սրահիկը ծածկող թփերի կողքից ճանապարհ էր անցնում։ Աննա Սերգեևնան Բազարովի հետ գնում էր այդ ճանապարհով։ Կատյան ու Արկադին նրանց չէին տեսնում, բայց նրանց ամեն մի խոսքը, շրջազգեստի խշխշոցը, նույնիսկ շնչառությունը լսում էին։ Խոսողները մի քանի քայլ արեցին և հակառակի պես կանգ առան ուղղակի սրահիկի դիմաց։

— Տեսա՞ք,— շարունակեց Աննա Սերգեևնան,— որ երկուսս էլ սխալվեցինք, երկուսս էլ շատ շահել չենք, մանավանդ ես, մենք արդեն կյանք ենք ունեցել, հոգնել ենք, երկուսս էլ – ի՞նչ կա թաքցնելու — խելոք ենք, սկզբում մենք հետաքրքրվեցինք միմյանցով… իսկ հետո…

— Իսկ հետո ես հոգնեցի,— վրա բերեց Բազարովը։

— Ինքներդ էլ գիտեք, որ մեր տարաձայնության պատճառն այդ չէր։ Ինչ որ է՝ մենք միմյանց կարիքը չունեինք, ահա գլխավոր պատճառը, մեր մեջ խիստ շատ… ինչպես ասեմ... համանման բան կար։ Մենք այդ միանգամից չհասկացանք։ Մինչդեռ Արկադին...

— Դուք կարիք ունե՞ք նրան,— հարցրեց Բազարովը։

— Հերիք է, Եվգենի Վասիլևիչ։ Ասում եք, որ նա անտարբեր չէ դեպի ինձ, և ինձ էլ միշտ այնպես է թվացել, թե նրան ես դուր եմ գալիս։ Գիտեմ, որ ես նրա համար մորաքրոջ տեղ կարող եմ լինել, բայց չեմ ուզում ձեզանից ծածկել, որ սկսել եմ նրա մասին ավելի հաճախ մտածել։ Մի առանձին հրապույր կա այդ նորատի և թարմ զգացմունքի մեջ…

— Հմայք բառը ավելի է գործածական նման դեպքերում,— ընդհատեց Բազարովը. նրա հանդարտ, բայց խուլ ձայնից զգացվում էր, որ մաղձը եռում է նրա մեջ։— Երեկ Արկադին ինչ-որ գաղտնարանում էր ինձ հետ և ոչինչ չէր ասում ոչ ձեր մասին, ոչ էլ ձեր քրոջ... Դա կարևոր նշան է։

— Նա Կատյայի հետ բոլորովին եղբոր պես է,— խոսեց Աննա Սերգեևնան,— և ես նրա այդ վերաբերմունքը հավանում եմ, թեև գուցե և հարկավոր չէր թույլ տալ, որ նրանք այդքան մտերմանային։

— Ձեր մեջ խոսում է... քույրը, քրոջ զգացմունքը,— ծոր տալով ասաց Բազարովը։

— Իհարկե... բայց ինչո՞ւ ենք մենք կանգնած։ Գնանք։ Ինչ տարօրինակ խոսակցությամբ ենք զբաղված, այնպես չէ ։ Կարո՞ղ էի սպասել, որ այսպես պիտի խոսեի ձեզ հետ։ Գիտեք, որ ես ձեզանից վախենում եմ... և միևնույն ժամանակ վստահում եմ ձեզ, որովհետև իսկապես դուք շատ բարի եք։

— Նախ որ, ես ամենևին էլ բարի չեմ, երկրորդ՝ որ ես ձեր առաջ բոլոր նշանակությունս կորցրել եմ, և դուք իսձ ասում եք, թե ես բարի եմ... Այդ միևնույնն է, թե մեռելի գլխին ծաղկե պսակ դնեք։

— Եվգենի Վասիլևիչ, մեր ձեռին չէ՞… ուզում էր սկսել Աննա Սերգեևնան, բայց քամին փլեց, տերևները խշշացրեց և առավ ու տարավ նրա խոսքերը։

— Դուք հո ազա՞տ եք,— ասաց Բազարովը մի քիչ հետո։ Ուրիշ ոչ մի խոսք չէր կարելի որոշել, քայլերը հեռացան... ամեն ինչ լռեց։

Արկադին շուռ եկավ Կատյայի կողմը, Կատյան հենց նույն տեղն էլ նստած էր, միայն թե գլուխը ավելի էր կախել։

— Կատերինա Սերգեևնա,— խոսեց Արկադին դողդոջուն ձայնով,— հավիտյան և անդառնալի սիրում եմ ձեզ, և բացի ձեզանից ոչ ոքի չեմ սիրում։ Ուզում էի ես ձեզ այդ ասել, ձեր կարծիքն իմանալ և խնդրել ձեր ձեռքը, որովհետև ես թե հարուստ չեմ և թե զգում եմ, որ պատրաստ եմ ամեն տեսակ զոհաբերություն անելու... Չե՞ք պատասխանում։ Չե՞ք հավատում ինձ։ Կարծում եք թեթևամտաբար եմ ասում։ Բայց հիշեցեք այս վերջին օրերը։ Մի՞թե վաղուց չեք համոզվել, թե մյուս բոլորը, հասկացեք ինձ, բոլորը, մյուս բոլորը վաղուց է անհետ չքացել։ Նայեցեք ինձ, մի խոսք միայն ասացեք ինձ... Ես սիրում եմ... ես սիրում եմ ձեզ, հավատացեք ինձ։

Կատյան ծանրախոհ և պայծառ հայացքով նայեց Արկադիին և, երկար մտածելուց հետո, հազիվ ժպտալով, ասաց.

— Այո՛։

Արկադին նստած տեղից վեր թռավ։

— Այո՛։ Դուք ասացիք «այո», Կատերինա Սերգեևնա։ Ի՞նչ է նշանակում այդ խոսքը։ Ա՞յն, թե ես ձեզ սիրում եմ, որ դուք ինձ հավատում եք... թե՞... թե... չեմ համարձակվում ավարտել...

— Այո՛,— կրկնեց Կաայան, և այս անգամ Արկադին նրան հասկացավ։ Նա բռնեց նրա խոշոր, գեղեցիկ ձեռքերը և, հիացմունքից խեղդվելով, սեղմեց իր սրտին։ Նա հազիվ էր կանգնում ոտքի վրա և միայն կրկնում էր, «Կատյա, Կատյա…», իսկ Կատյան մի տեսակ անմեղ, միամիտ լաց եղավ՝ ինքն էլ իր արցունքների վրա ծիծաղելով։ Ով որ իր սիրած էակի աչքին չի տեսել այդպիսի արտասուք, նա դեռ չի զգացել, թե որ աստիճան մարդս կարող է, ամբողջովին երախտադիտությամբ ու ամոթով համակված, երջանիկ լինել աշխարհում։

Մյուս օրը առավոտյան վաղ Աննա Սերռեևնան հրամայեց, որ Բազարովին կանչեն իր առանձնասենյակը, և, ակամա ժպիտը երեսին, նրան տվեց մի ծալած թերթ փոստի թուղթ։ Այդ Արկադիի նամակն էր. դրանով նա խնդրում էր Կատյայի ձեռքը։

Բազարովը իսկույն կարդաց նամակը, և իր վրա ուժ գործադրեց, որպեսզի չարտահայտի այն չարախինդ զգացմունքը, որ վայրկենապես բռնկեց նրա կրծքոլմ։

— Ահա թե ինչ,— ասաց նա,— իսկ դուք, կարծեմ, դեռ երեկ մտածում էիք, թե նա եղբայրական սիրով է սիրում Կատերինա Սերգեևնային։ Այժմ ի՞նչ եք մտադիր անելու։

— Դո՞ւք ինչ խորհուրդ կտաք,— հարցրեց Աննա Սերգեևնան շարունակելով ծիծաղել։

— Կարծում եմ,— պատասխանեց Բազարովը նույնպես ծիծաղելով, նա Աննա Սերգեևնայի նման ոչ ուրախ էր և ոչ էլ ծիծաղն էր գալիս,— կարծում եմ, որ պետք է երիտասարդներին օրհնել։ Ամեն կողմից հաջող ամուսին է։ Կիրսանովը լավ կարողություն ունի, նա հոր մինուճար որդին է, և հայրն է, լավ մարդ է, չի ընդդիմանա։

Օդինցովան սենյակի մեջ ետ ու առաջ քայլեց։ Նրա դեմքը փոփոխաբար մեկ կարմրում էր, մեկ գունատվում։

— Դուք կարծո՞ւմ եք,— ասաց նա։— Ինչ կա որ, ես արգելք չեմ տեսնում... Ուրախ եմ Կատյայի համար... և Արկաղի Նիկոլայիչի համար։ Իհարկե, կսպասեմ հոր պատասխանին։ Հենց իրեն էլ կուղարկեմ հոր մոտ։ Ահա և բանից երևում է, որ ես իրավացի էի, երբ երեկ ասում էի, թե մենք երկուսս էլ արդեն ծերացել ենք... Ինչպես է, որ ես ոչինչ չեմ նկատել։ Զարմանում եմ։ Աննա Սևրգեևնան նորից ծիծաղեց և անմիջապես շուռ եկավ։

— Այժմվա երիտասարդները շատ խորամանկ են դարձել,— նկատեց Բազարովը և նույնպես ծիծաղեց։— Մնաք բարյավ,— խոսեց նա դարձյալ, կարճ լռությունից հետո։— Ցանկանում եմ ձեզ ամենահաճելի կերպով ավարտել այդ գործը, իսկ ես հեռվից կուրախանամ։

Օդինցովան շտապով շուռ եկավ դեպի նրա կողմը։

— Մի թե գնում եք։ Ինչո՞ւ այժմ դուք չեք ուզում մնալ։ Մնացեք... ձեզ հետ զրույց անելը զվարճալի է… կարծե՞ս անդունդի եզրովն ես ման գալիս։ Սկզբում վախվխում ես, բայց հետո վրադ քաջություն է գալիս։ Մնացեք։

— Շնորհակալ եմ ձեր առաջարկության համար, Աննա Սերգեևնա, նույնպես և իմ զրույց անելու տաղանդիս վրա ունեցած լավ կարծիքի համար։ Բայց ես գտնում եմ, որ ես արդեն առանց այդ էլ չափազանց երկար մնացի ինձ համար օտար մթնոլորտում։ Թռչող ձկները միառժամանակ կարող են մնալ օդի մեջ, բայց շուտով պետք է չլմփան ջրի մեջ. թայլ տվեք, որ ես էլ չլմփամ իմ տարերքի մեջ։

Օդինցովան նայեց Բազարովին։ Դառն ժպիտը ցնցում էր Բազարովի դեմքը։ «Սա ինձ սիրում էր»,— մտածեց Օդինցովան և խղճաց Բազարովին, և կարեկցաբար ձեռքը մեկնեց Արան։ Սակայն Բազարովն էլ նրան հասկացավ։

— Ոչ,— ասաց նա և մի քայլ ետ քաշվեց։— Թեպետ ես աղքատ մարդ եմ, բայց դեռ մինչև այժմ ողորմություն չեմ ընդունել։ Մնաք բարյավ։ Ցանկամ առողջություն։

— Համոզված եմ, որ մենք վերջին անգամը չէ, որ տեսնվում ենք,— ասաց Աննա Սերգեևնան ակամա շարժումով։

— Աշխարհիս երեսին ինչ ասես չի պատահում,— պատասխանեց Բազարովը, գլուխ տվեց և դուրս եկավ։

— Ուրեմն դու որոշել ես քեզ համար բուն հյուսել,— ասում էր նա նույն օրը Արկադիին՝ պպզած նստած իրերը ճամպրուկի մեջ տեղավորելով։— Ինչ կա որ, լավ բան է։ Բայց իզուր էիր ինձանից ծածկում։ Ես քեզանից բոլորովին ուրիշ բան էի սպասում։ Կամ գուցե այդ բանը քեզ է՞լ շշկլացրեց։

— Իսկապես որ, երբ քեղանից բաժանվում էի, ես դեռ այդ բանը չէի սպասում,— պատասխանեց Արկադին,— բայց ինչո՞ւ ես ինքդ էլ քեզ խաբում՝ ասելով «լավ բան է», կարծես ես չգիտեմ, թե դու ինչ կարծիք ունես ամուսնության մասին։

— Էհ, սիրելի բարեկամ,— ասաց Բազարովը,— այդ ինչ տեսակ ես խոսում։ Տեսնում ես՝ ես ինչ եմ անում, ճամպրուկիս մեջ դատարկ տեղ է մնացել և ես այդ տեղը խոտով եմ լցնում, այդպես նաև մեր կյանքի ճամպրուկում՝ ինչով ուզում ես լցրու, միայն թե դատարկ տեղ չմնա։ Խնդրում եմ, մի նեղանա, դու հավանորեն հիշում ես, թե ինչ կարծիք ունեի ես Կատերինա Սերգեևնայի մասին։ Մի ուրիշ օրիորդ միայն նրա համար է խելոք համարվում, որ խելացի կերպով հառաչել զիտե, բայց քոնը իրեն պաշտպան կկանգնի, և այնպես, որ քեզ էլ իր ձեռների մեջ կհավաքի, է՛հ, այդպես էլ հարկավոր է։— Նա կափարիչը ծածկեց ու հատակի վրայից վեր կացավ։— Իսկ այժմ հրաժեշտի րոպեին կրկնում եմ... որովհետև խաբվելու կարիք չկա. մենք առմիշտ բաժանվում ենք միմյանցից, և դու էլ ես զգում այդ... Դու խելոք վարվեցիր, դու ստեղծված չես մեր դառն, անհրապույր, անտուն և ամուրի կյանքի համար։ Քո մեջ ոչ հանդգնություն կա, ոչ էլ չարություն, այլ կա միայն երիտասարդական խիզախություն, այդ մեր գործի համար պիտանի չէ։ Դուք, ազնվականներդ, ազնիվ հեզությունից կամ ազնիվ եռումից դենը անցնել չեք կարող, իսկ այդ չնչին բան է։ Դուք, օրինակ, չեք կռվում, բայց արդեն ձեզ կտրիճ եք կարծում։ Իսկ մենք կռվել ենք ուզում։ Ախր մեր փոշին քո աչքերը կկուրացնի, մեր ռեխը քեզ կկեղտոտի, դու նույնիսկ մեր բարձրությանը չես է. հասել, դու ակամա զվարճանում ես քեզանով, ինքդ քեզ հաւհոյելը քեզ հաճույք է պատճառում, իսկ մեզ համար այդ բանը տաղտկալի է, ուրիշին է հարկավոր հայհոյել, մենք աետօ է ուրիշներին կոտրենք։ Դու պատվական երիտասարդ ես, բայց և այնպես թրջված լիբերալ աղա ես էվոլատու (այսքան միայն), ինչպես ասում է ծնողս։

— Դու ընդմի՞շտ բաժանվում ես ինձանից, Եվգենի,— տԽար ասաց Արկադին,— և ինձ ասելու ուրիշ խոսք չուն՞ս։

Բազարովը ծոծրակը քորեց։

— Ունեմ, Արկադի, ունեմ, ուրիշ խււսքեր էլ ունեմ ասելու, բայց չեմ ասի, որովհետև այդ ռոմանտիզմ է. այդ նշանակում է բոլորովին մեղկանալ։ Բայց դու շուտով ամուսնացիր ու քեզ համար սեփական բուն դիր ու շատ զավակներ ունեցիր։ նրանք խելքը գլխին մարդիկ կլինեն արդեն նրա համար, որ ճիշտ ժամանակին ծնված կլինեն, և ոչ թե ինձ ու քեզ նման։ Ըհը, տեսնում եմ ձիերն արդեն պատրաստ են։ Ժամանակն է։ Ամենքին հրաժեշտ տվի,.. Դե՛հ, համբուրվե՞նք…

Արկադին փաթաթվեց իր նախկին դաստիարակի և ընկերոջ վզին, և արտասուքները թափվեցին նրա աչքերից։

— Ինչ ասել է երիտասարդություն,— հանդարտ արտասանեց Բազարովը։— Բայց ես Կատերինա Սերգեևնայի վրա հույս ունեմ։ Կտեսնես, թե ինչպես ձեռաց կմխիթարի քեզ։

— Մնաս բարով, եղբայր,— ասաց նա Արկադիին՝ բարձրանալով կառքը, և ախոռի կտրանը նստած զույգ ագռավներին ցույց տալով, ավելացրեց,— ահա քեզ։ Ուսումնասիրիր։

— Այդ ի՞նչ է նշանակում,— հարցրեց Արկադին։

— Ի՞նչ։ Մի՞թե դու այդքան թույլ ես բնական պատմությունից կամ մոռացել ես, որ ագռավը ամենապատվավոը ընտանեասեր թռչունն է։ Քեզ օրինակ... Մնաք բարև, սինյոր։

Կառքը դղրդաց ու գնաց։

Բազարովը ճշմարիտն ասաց։ Երեկոյան Կատյայի հետ խոսելիս՝ Արկադին բոլորովին մոռացել էր իր դաստիարակին։ Նա արդեն սկսել էր ենթարկվել Կատյայի ազդեցության, և սա այդ զգում էր, և չէր զարմանում։ Մյուս օրը Արկադին Մարյինո պիտի գնար Նիկոլայ Պհտրովիչի մոտ։ Աննա Սերգեևնան չէր ուզում երիտասարդներին խանգարել, և միմիայն վայելչության համար նրանց խիստ երկար չէր թողնում մենակ։ Նա մեծահոգությամբ նրանցից հեռացրեց իշխանուհուն, որը առաջիկա ամուսնության լուրն իմանալով կատաղության արցունք էր թափում։ Սկզբում Աննա Սերգեևնան վախենում էր, թե միգուցե նրանց երջանկության տեսարանը իր համար մի քիչ ծանր թվա, մինչդեռ բոլորովին հակառակը եղավ, այդ տեսարանը ոչ միայն ծանր չթվաց, այլև նրան զբաղեցնում էր, դա նրան խանդաղատեցնում էր վերջապես։ Աննա Սերգեևնային այդ բանը թե ուրախացնում էր և թե տրտմեցնում։ «Ինչպես երևում է իրավացի էր Բազարովի ասածը,— մտածեց նա,— հետաքրքրություն, լոկ հետաքրքրություն և սեր դեպի հանգիստը, ու եսասիրություն...»։

— Երեխաներ,— ասաց նա բարձրաձայն,— հը՞, սերը արհեստակա՞ն զգացմունք է։

Բայց մատյան և ոչ էլ Արկադին նրան նույնիսկ չհասկացան։ Նրանք խույս էին տալիս նրանից, նրանց մտքից չէր հեռանում այն խոսակցությունը, որ ակամա լսել էին։ Աննա Սերգեևնան շուտով նրանց հանգստացրեց, և այդ անելը մի դժվար բան չէր. նա ինքն իրեն հանգստացավ։

XXVII

Ինչքան ծերունի Բազարովները քիչ էին սպասում իրենց որդու գալուն, այնքան ավելի եղավ նրանց ուրախությունը նրա անակնկալ վերադարձի համար։ Արինա Վլասևնան այնքան վեր ու վարի մեջ եղավ, այնքան դես ու դեն ընկավ տան մեջ, որ Վասիլի Իվանովիչը նրան ռկաքավահավի» նմանեցրեց, ճիշտ որ, նրա կարճլիկ կոֆտայի պոչիկը նրան մի տեսակ թռչնի տեսք էր տալիս։ Մինչդեռ ինքը, Վասիլի Իվանովիչը մռնչում էր միայն ու ծխամորճի սաթը բերանի մեջ մի կողմ առած կծոտում, մեկ էլ՝ ձեռքով բռնելով վիզը, գլուխպտտում էր, ասես թե ուզում էր փորձել, նա պի՞նդ էր ամրացրած, և հանկարծ լայն բաց էր անում բերանը և առանց ձայն հանելու քրքչում։

— Ամբողջ վեց շաբաթ ժամանակով եմ եկել քեզ մոտ, ծերուկ,— ասաց նրան Բազարովը,— ուզում եմ պարապել, տե՛ս, դու ինձ չխանգարես, խնդրում եմ։

— Այնպես կխանգարեմ քեզ, որ կերպարանքս էլ կմոռանաս,— պատասխանեց Վասիլի Իվանովիչը։

Նա իր խոստումը կատարեց։ Որդուն դարձյալ իր առանձնասենյակում տեղավորելով, նա ոչ միայն թաքնվում էր նրանից, այլ կնոջն էլ զսպում էր, որ ավելորդ քնքշություն զգացմունքներ չարտահայտի։ «Մենք, մերս,— ասում էր կնոջը,— Ենյուշկայի առաջին գալստյանը մի փոքր ձանձրացրինք, պետք է այժմ ավելի խելոք լիներ)։ Արինա Վլասևնան համաձայնում էր ամուսնուն, բայց դրանից շատ բան չէր շահում, որովհետև նա որդուն միայն ճաշի միջոցին էր տեսնում և բոլորովին վախենում էր հետը բերան բաց անել, խոսել։ Երբեմն սկսում էր. «Ենյուշենկա,— ու դեռ Բազարովը հազիվ էր շուռ գալիս դեպի մայրը, նա արդեն ժողովում էր իր ռեդիկյուլի կապերն ու թոթովում,— ոչինչ, ոչինչ, բան չկա», իսկ հետո կգնար Վասիլի Իվանովիչի մոտ ու, հրեսը ձեռքին հենած, կասեր. «Հոգիս, ինչպես անենք, որ իսանանք, թե Ենյուշան այսօր ճաշին ի՞նչ է ուզում, բո՞րշչ թհ շչի»։ «Ինչի չէիր ինքդ հարցնում իրեն»։ «Հապա որ զահլան տանե՞մ»։ Սակայն շուտով Բազարովն ինքը դադարեց սենյակում փակվելուց, աշխատելու տենդն անցավ և տեղի տվեց թախծալի տաղտկության ու խուլ անհանգստության։ Տարօրինակ հոգնածության էր նկատվում նրա բոլոր շարժումների մեջ. մինչև անգամ նրա հաստատուն ու փութաջան քայլվածքը փոխվեց։ Նա դադարեց մենակ զբոսնելուց և սկսեց հասարակություն փնտրել, թեյը ընդունարանում էր խմում, Վասիլի Իվանովիչի հետ բանջարանոցում զբոսնում ու լուռ ու մունջ ծխում էր նրա հետ. մի անգամ էլ հայր Ալեքսեյի մասին հարցրեց։ Վասիլի Իվանովիչը սկզբում ուրախացավ այս փոփոխությանը, Բայց նրա ուրախությունը երկար չտևեց, «Ենյուշան աչքս փախեցնում է,— ծածուկ գանգատվում էր նա կնոջը,— չէ թե նա դժգոհ է կամ զայրացած, եթե այդ չիներ՝ ոչինչ, վշտացած է, տխուր է, տխուր է, ահա, ինչն է սարսափելին։ Շարունակ լուռ է, գոնե ինձ ու քեզ վրա բարկանար, նիհարում է, հրեսի դույնն էլ այնպես վատ է»։ «Տեր աստված,— շշնջում էր պառավը,— վիզը համայիլ կկախեի, բայց գիտեմ, չի թողնի», Վասիլի Իվանովիչը մի քանի անգամ փորձեց շատ զգույշ կերպով Բազարովին հարց ու փորձ անել նրա պարապմունքի, առողջության, Արկադիի մասին… բայց Բազարովը պատասխանում էր նրան տհաճությամբ ու անփույթ, և մի անգամ էլ, նկատելով, որ հայրը խոսակցության մեջ քիչ-քիչ աշխատում է բան իմանալ, սրտնեղած ասաց.

— Ինչ ես շարունակ չորս կողմս՝ ասես մատներիդ ծայրերի վրա պտույտ-պտույտ անում։ Այդ ձևերդ առաջվանից էլ վատթար է։

— Դե լա՛վ, լա՛վ, բան չկա,— շտապով պատասխանեց խեղճ Վասիլի Իվանովիչը։

Նույնպես անհետևանք մնացին նրա քաղաքական ակնարկները։ Մի անգամ խոսք բանալով գյուղացիների մոտալուտ ազատագրության և առաջադիմության մասին, նա հույս ուներ որդու համակրությունը զարթեցնել, սակայն նա անտարբերությամբ ասաց.

— Երեկ անցնում էի ցանկապատի մոտով, լսեցի, որ այստեղի գյուղական մանուկները՝ փոխանակ մի որևէ հին երգ ասելու, գոռում են՝ «Հաստատ ժամանակը գալիս է. հոգիս սիրո է ծարավ...», ահա քեզ առաջադիմություն։

Երբեմն Բազարովը գնում էր գյուղ և մի որևէ գյուղացու հետ սկսում, ըստ իր սովորության, ծաղրանքով զրույց անել։ «Դե՛հ, ախպերս,— ասում էր նա,— կյանքի մասին քո աշխարհայեցողությունդ բացատրիր ինձ. ախր, ասում են, թե դուք եք Ռուսաստանի ամբողջ ապագան և ուժը, պատմության մեջ ձեզանով է նոր դարաշրջան սկսվելու, դուք եք տալու մեզ իսկական լեզու և թե օրենքներ»։ Գյուղացին կամ ոչինչ չէր պատասխանում կամ մոտավորապես ասում էր այսպիսի խոսքեր, «Մենք կարանք... որ, ինչքան հող ա մեզ բաժին ընկեր)։ «Դու ինձ հասկացրու, թե ինչ բան է ձեր համայնքը,— ընդհատում էր Բազարովը նրա խոսքը,— դա հո այն աշխարհը չէ՞, որ երեք ձկների վրա է հաստատված»[68]։

— Էդ, աղա, աշխարհքն է երեք ձկների վրա,— հանգստացուցիչ եղանակով, նահապետական բարեհոգությամբ բացատրում էր գյուղացին ծոր տալով,— իսկ մեր աշխարհի, այսինքն համայնքի դեմ, հայտնի բան է, աղեքի կամքն է, որովհետև դուք մեր հայրն եք։ Քանի աղեն խստապահանջ լինի, էնքան գյուղացուն սիրելի կլինի։

Այսպիսի խոսքեր լսելով, Բազարովը մի անգամ արհամարհանքով ուսերը վեր քաշեց ու շուռ եկավ, իսկ գյուղացին իր ճամփան շարունակեց։

— Էդ ինչի մասին էր խոսում,— հարցրեց նրան մի ուրիշ, միջին տարիքի ու խոժոռ դեմքով գյուղացի, որ հեռու, իր խրճիթի շեմքին կանգնած՝ նկատել էր նրանց խոսակցությունը։— Ապառիկների մասին հո չէ՞ր։

— Ինչ ապառիկների մասին, ինչ բան,— պատասխանեց առաջին գյուղացին, և նրա ձայնի մեջ նահապետական արտահայտության հետքն անգամ չկար, ընդհակառակն, արհամարհոտ դաժանություն էր զգացվում։— Հենց էնպես, ինչ-որ դուրս էր տալիս, լեզուն քոր էր գալիս։ Հայտնի բան է, աղա է չէ՞, նրա խելքը մի բան կտրում է։

— Ինչ պիտի հասկանա,— պատասխանում էր մի ուրիշ գյուղացի, և գլխարկները թափ տալով ու գոտու ծայրերը հավաքելով, երկուսն էլ սկսեցին իրենց գործերի ու կարիքների մասին խոսել։ Ավա՛ղ։ Ուսերն արհամարհանքով վերքաշող, գյուղացիների հետ խոսել իմացող Բազարովը (ինչպես որ պարծենում էր նա Պավել Պետրովիչի հետ վիճելիս), այդ ինքնավստահ Բազարովը չէր էլ կարծում, որ գյուղացիների աչքում ինքը այնուամենայնիվ ծաղրածուի պես մի բան էր… Ասենք, վերջապես նա իր համար զբաղմունք գտավ։ Մի անգամ Վասիլի Իվանովիչը նրա ներկայությամբ կապում էր մի գյուղացու վիրավոր ոտքը, բայց ծերունու ձեռները դողդողում էին, և նա չէր կարողանում վիրակապը կարգին փաթաթել, որդին օգնեց, և այդ օրվանից սկսեց մասնակցել բժշկության գործին, և միևնույն ժամանակ շարունակելով ծաղրել այն դարմանելու միջոցները, որ ինքն էր խորհուրդ տալիս գործածել, և հորը, որ անմիջապես գործ էր դնում այդ։ Բայց Վասիլի Իվանովիչին ամենևին չէին շփոթեցնում Բազարովի ծաղրուծանակները, այլ մինչև անգամ մխիթարում էին նրան։ Յուղոտած գիշերազգեստը երկու մատով փորի վրա բռնած ու ծխամորճը ծխելով, նա բավականությամբ լսում էր Բազարովին, և որքան ավելի չարությունն կար նրա խոսքերի մեջ, այնքան ավելի էր բարեսրտորեն քրքջում, երևան բերելով իր բոլոր, մինչև վերջին սևացա ատամները։ Նա մինչև անգամ կրկնում էր որդու այդ երբեէ տափակ կամ անիմաստ խոսքերը և, օրինակ, մի քանի շարունակ, տեղի թե անտեղի կրկնում էր. «Դե՛, այդ իններորդ բան է», միմիայն այն պատճառով, որ որդին իմանալով, որ նա առավոտյան ժամ էր գնացել, այդ դարձվածքն էր գործածել։ «Փառք աստուծո, թախիծն անցավ,— կրկնում էր նա իր ամուսնուն,— այսօր ինչպես ինձ շշպռեց, տեսնելու, բան էր»։ Եվ այն միտքը, թե մի այսպիսի օգնական ուներ, բերկրությամբ և հպարտությամբ էր լցնում նրան։ «Այո՛, այո՛,— ասում էր նա տղամարդի կապա հագած ու պոչավոր, գլխանոցով մի որևէ գեղջկուհու՝ գուլյարդի ջրով շիշը կամ քսելու յուղի սրվակը տալով,— դու, սիրելիս, պետք է ամեն մի րոպե աստծուն փառք տաս, որ որդիս այստեղ հյուր է ինձ մոտ. այժմ քեզ ամենագիտական ու նորագույն միջոցով են բժշկում, հասկանո՞ւմ ես դու այդ։ Ֆրանսիացոց կայսրը, Նապոլեոնը, մինչև անգամ նա էլ սրանից լավ բժիշկ չունի»։ Իսկ գեղջկուհին, որ եկել էր հայտնելու, թե «ծակոց է սկսվել» (թեպետ, այս խոսքերի իմաստը նա ինքն էլ չէր կարող բացատրել), միայն գլուխ էր տալիս ու ձեռքը թևատակը տանում, ուր նա երեսսրբիչի ծայրին կապած չորս ձու էր բերեր Բազարովը մի անգամ նույնիսկ ճոթավաճառ փերեզակք ատամը հանեց, և թեպետ այդ ատամը սովորական ատամներից էր, բայց Վասիլի Իվանովիչը իբրև հազվագյուտ բան պահեց այդ և, տեր Ալեքսեյին ցույց տալով, շարունակ կրկնում էր.

— Մի մտիկ արեք, թե ինչ տեսակ արմատներ ունի։ Ով ուժ է ունեցել Եվգենին։ Խեղճ փերեզակը տեղից վեր թռավ… Հավատա, կաղնի որ լիներ, այն էլ արմատով դուրս կգար…

— Գովելի է,— խոսեց վերջապես տեր Ալեքսեյը, որ չգիտեր, ։ թե ինչ ասի և ինչպես ազատվի ոգևորությամբ գրգռված ձերունու ձեռքից։

Մի անգամ հարևան գյուղից մի գյուղացի տիֆով հիվանդ իր եղբորը բերեց Վասիլի Իվանովիչի մոտ, խեղճը մարդի վրա երեսն ի վար մեռնում էր. սև բծերը ծածկել էին նրա ամբողջ մարմինը, նա վաղուց էր գիտակցությունը կորցրել։ Վասիլի Իվանովիչը ցավ հայտնեց, որ ոչ ոք միտք չէր արել ձի քիչ շուտ դիմելու բժշկության օգնության, և հայտնեց, որ փրկություն չկա։ Հիրավի գյուղացին չկարողացավ եղբորը տուն հասցնել։ Նա այնպես էլ սայլակի մեջ մեռավ։

Երեք օր անց, Բազարովը մտավ հոր սենյակը և հարցրեց, թե, արդյոք, դժոխաքար[69] չունի։

— Ունեմ, ինչի՞դ է պետք։

— Պետք է... վերք այրելու համար։

— Ո՞ւմ վերքը։

— Իմ։

— Ինչպես թե քո։ Ինչո՞ւ համար։ Ի՞նչ վերք է։ Ո՞ւր է։

— Ահա այստեղ, մատիս վրա։ Այսօր գնացել էի այն գյուղը, որտեղից տիֆով հիվանդին բերել էին։ Չգիտեմ ինչու նրանք պատրաստվում են հանգուցյալի մարմինը դիահատել. իսկ ես վաղուց է, որ այդ բանում չեմ վարժվում։

— Հետո՞։

— Հետո այն, որ ես գավառական բժշկին խնդրեցի ինքս անեմ ու մատս կտրեցի։

Վասիլի Իվանովիչը հանկարծ բոլորովին գունատվեց և առանց մի խոսք ասելու, վազեց առանձնասենյակ և անմիջապես վերադարձավ դժոխաքարի կտորը ձեռին։ Բազարովն ուզում էր քարը վերցնել ու գնալ։

— Ի սեր աստուծո,— աղաչական ձայնով ասաց Վասիլի Իվանովիչը,-թող ևս ինքս անեմ։ Բազարովը քմծիծաղեց։

— Ինչ սեր ես ունեցել բժշկություն անելու։

— Հանաք մի անի, ի սեր աստուծո։ Ցույց տուր մատդ. վերքը մեծ չէ։ Չի՞ ցավում։

— Հուպ տուր, մի վախի։

Վասիլի Իվանովիչը կանգ առավ։

— Ի՞նչ ես կարծում, Եվգենի, ավելի լավ չէ՞ր երկաթով այրենք։

— Այդ առաջ պետք էր անել, իսկ այժմ, իսկապես, դժոխաքարն էլ ավելորդ է։ Եթե վարակվել եմ, ուրեմն արդեն ուշ է։

— Ինչպես թե... ուշ է.. — հազիվ կարողացավ արտասանել Վասիլի Իվանովիչը։

— Իհարկե, արդեն չորս ժամից ավելի է անցել։

Վասիլի Իվանովիչը վերքը մի քիչ էլ այրեց։

— Բայց մի՞թե գավառական բժիշկի մոտ դժոխաքար չկար։

— Չկար։

— Այս ի՞նչ բան է, տեր աստված։ Բժիշկ է և մի այդպիսի անհրաժեշտ բան չունի։

— Դու մի նրա նշտարները տեսնեիր,— ասաց Բազարովը ու սենյակից դուրս եկավ։

Մինչև իրիկուն և ամբողջ մյուս օրը Վասիլի Իվանովիչը ամեն տեսակ հնարավոր առիթներ էր գտնում որդու սենյակը մտնելու համար և թեպետ նա ոչ միայն նրա վերքի անունը չէր տալիս, այլև աշխատում էր բոլորովին կողմնակի նյութերի մասին խոսել, այնուամենայնիվ այնպիսի համառությամբ էր նայում որդու աչքերին և այնպիսի անհանգստությամբ էր հետևում նրան, որ Բազարովի համբերությունը կտրվեց, և նա սպառնաց, որ կգնա։ Վասիլի Իվանովիչը նրան խոսք տվեց, որ անհանգիստ չի անի, մանավանդ որ Արինա Վլասևնան էի որից նա, իհարկե, ամեն բան ծածուկ էր պահել, սկսել էր շարունակ հարց ու փորձ անել, թե ինչի՞ չի քնում, ի՞նչ է եղել նրան։ Ամբողջ երկու օր նա դիմանում էր, թեև որդու տեսքը, որի վրա թաքուն շարունակ դիտում էր, նրան դուր չէր գալիս, բայց երկրորդ օրը ճաշին էլ չհամբերեց։ Բազարովը գլուխը կախ գցած նստել էր և ոչ մի կերակրի ձեռք չէր տալիս։

— Ինչո՞ւ բան չես ուտում, Եվգենի,— հարցրեց նա դեմքին բոլորովին անհոգ արտահայտություն տալով։— Կարծես կերակուրը լավ է պատրաստված։

— Չեմ ուզում, դրա համար էլ չեմ ուտում։

— Ախորժա՞կ չունես։ Իսկ գլո՞ւխդ,— ավելացրեց նա վեհերկոտ ձայնով,— ցավո՞ւմ է։

— Ցավում է. ինչո՞ւ չպիտի ցավի որ։

Արինա Վլասևնան ուղղվեց ու ականջը սրեց։

— Խնդրեմ չնեղանաս, Եվգենի,— շարունակեց Վասիլի Իվանովիչը,— թույլ տուր մի զարկերակդ նայեմ։

Բազարովը տեղից վեր կացավ։

— Ես առանց նայելուդ էլ կասեմ, որ տաքություն ունեմ։

— Դող է՞լ ունեիր։

— Դող էլ ունեի։ Գնամ պառկեմ, իսկ դուք ինձ լորենու ծաղկի թեյ ուղարկեցեք։ Երևի մրսել եմ։

— Գիտեմ, ախր, այս գիշեր հազում էիր,— ասաց Արինա Վլասևնան։

— Մրսել եմ,— ասաց Բաղարովը և հեռացավ։

Արինա Վլասևնան սկսեց լորենու ծաղկից թեյ պատրաստելով զբաղվել, իսկ Վասիլի Իվանովիչը մտավ կողքի սենյակը ու անձայն բռնեց գլխի մազերը։

Այդ օրը Բազարովը տեղից էլ չվերկացավ, և ամբողջ գիշերը ծանր, կես մոռացության մեջ ընկած նիրհով անցկացրեց։ Գիշերը ժամը մեկին դժվարությամբ բաց արեց աչքերը, կանթեղի լույսով իր առաջ տեսավ հոր դժգույն դեմքը և պատվիրեց, որ հեռանա, հայրը հնազանդվեց, բայց անմիջապես էլ ոտքի ծայրերով ներս մտավ և, կիսով չափ պահարանի դռնակների հետևը թաք կացած, անընդհատ որդուն էր նայում։ Արինա Վլասևնան էլ պառկած չէր և, առանձնսենյակի դուռը հազիվ բաց արած, անդադար մոտենում էր ականջ դնելու, «թե ինչպես է շունչ քաշում Ենյուշան», ու Վասիլի Իվանովիչին նայելու։ Նա իր ամուսնու միայն անշարժ, կորացած մեջքն էր տեսնում, բայց հենց այդքան մի քիչ թեթևություն էր պատճառում։ Առավոտյան Բազարովը փորձեց վեր կենալ, գլուխը պտույտ եկավ, քթից արյուն գնաց, նորից պառկեց։ Վասիլի Իվանովիչը լուռ ու մունջ ծառայում էր նրան։ Արինա Վլասևնան ներս մտավ ու հարցրեց, թե ինչպե՞ս է զգում իրեն, Բազարովը պատասխանեց՝ «Մի քիչ լավ եմ» և շուռ եկավ դեպի պատը։ Վասիլի Իվանովիչը երկու ձեռքը թափ տվեց կնոջ կողմը, թե գնա. սա շրթունքը կծեց, որպեսզի լաց չլինի, ու դուրս գնաց։ Կարծես թե տան մեջ հանկարծ ամեն ինչ մթնեց, բոլորի դեմքերն էլ ձգվեցին, տարօրինակ լռություն տիրեց, բակից դեպի գյուղ տարան մի ձայնեղ աքլոր, որը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էին իր հետ այդպես վարվում։ Բազարովը դեմքը պատին պառկած էր դեռ։ Վասիլի Իվանովիչն ուզեց զանազան հարցերով դիմել նրան։ Բայց այդ հարցերը Բազարովին հոգնեցնում էին, և ծերունին բազկաթոռի մեջ մնաց արձանացած, միայն երբեմն մատներն էր կոտրատում։ Նա մի քանի րոպեով միայն գնում էր պարտեզ, կանգնում էր այնտեղ արձանի նման, ասես աննկարագրելի ապշությամբ բռնված (առհասարակ ապշության արտահայտությունը նրա դեմքից չէր հեռանում) և նորից որդու մոտն էր վերադառնում, աշխատելով խույս տալ կնոջ հարց ու փորձերից։ Կինը վերջապես բռնեց նրա ձեռքից և ջղաձգաբար, համարյա սպառնալով ասաց.

— Դե ասա, ի՞նչ է պատահել նրան։

Այստեղ միայն գլխի ընկավ և, ի պատասխան նրա տված հարցին, հարկադրեց իրեն ժպտալու, բայց ինքն էլ՝ սարսափեց, երբ ժպտալու փոխարեն ինչ-որ մի տեղից ծիծաղ դուրս պրծավ։ Նա առավոտվանից բժշկի հետևից մարդ էր ուղարկել։ Նա կարևոր համարեց այդ բանի մասին նախապես հայտնել որդուն, որպեսզի չլինի թե նեղանա։

Բազարովը գահավորակի վրա հանկարծ շուռ եկավ, աչքերը սևեռած ու բութ հայացքով մտիկ տվեց հորն ու ջուր ուզեց։

Վասիլե Իվանովիչը ջուր տվեց նրան և ի դեպ ճակատն էլ շոշափեց։ Ճակատն այրվում էր։

— Ծերուկ,— ասաց Բազարովը խռպոտ ու դանդաղ ձայնով,— բանս բուրդ է։ Ես վարակվել եմ, և մի քանի օրից հռտո դու ինձ կթադես։

Վասիլի Իվանովիչը օրորվեց, ասես թե մեկը ոտներին, խփեց։

— Եվգենի,— թոթովեց նա,— այդ ի՞նչ ես ասում… տեր ընդ քեզ։ Դու մրսել ես...

— Բավական է,— առանց շտապելու ընդհատեց նրան Բազարովը։— Բժշկին ներելի չէ այդպես խոսել։ Վարակման բոլոր նշաններն էլ կան, ինքդ էլ գիտես։

— Ո՞ւր է… վարակման նշանը, Եվգենի… ի սեր աստծո։

— Հապա սա ի՞նչ է,— ասաց Բազարովը և, շապկի թևը բարձրացնելով, ցույց տվեց հորը մարմնի վրա դուրս տված չարագուշակ կարմիր բծերը։

Վասիլի Իվանովիչը ցնցվեց և ահից սառեց։

— Ասենք,— խոսեց նա վերջապես,— ասենք, եթե… եթե մինչև իսկ… այդպիսի մի բան… վարակումն...

— Պիեմիա[70],— հիշեցրեց որդին։

— Այո... մի տեսակ... համաճարակի նման…

— Պիեմիայի,— խիստ ու որոշակի կրկնեց Բազարովը,— չլինի արդեն տետրակներդ մոռացել ես։

— Հա, հա, իհարկե, թող քու ասածը լինի... Եվ այնուամենայնիվ կբժշկենք քեզ։

— Դրանք դատարկ խոսքեր են։ Բայց բանը այդ չէ։ Ես չէի սպասում, թե այսպես շուտ կմեռնեմ, սա, ճիշտն ասած, մի շատ անախորժ պատահականություն է։ Այժմ դուք մայրիկի հետ պիտի աշխատեք օգուտ քաղել այն բանից, որ ձեր մեջ կրոնը ուժեղ է, ահավասիկ հավատքը փորձի ենթարկելու առիթ։-Նա մի քիչ էլ ջուր խմեց։— Իսկ ես ուզում եմ քեզնից մի բան խնդրել… քանի դեռ գլուխս իմ իշխանության տակ է, գիտես, որ վաղը կամ մյուս օրը ուղեղս հրաժարական կտա։ Այժմ էլ ես բոլորովին վստահ չեմ, թե մտքերս պարզ եմ հայտնում, թե ոչ։ Մինչ պառկած էի, ինձ բվում էր, թե շուրջս կարմիր շներ են վազվզում, իսկ դու իմ գլխի վերև փայտմորիկ տեսած որսի շան նման՝ մնացել էիր կանգնած։ Կարծես հարբած լինեմ։ Լա՞վ ես ինձ հասկանում։

— Ինչեր ես ասում, Եվգենի, դու խոսում ես բոլորովին այնպես, ինչպես հարկն է։

— Ավելի լավ։ Դու ինձ ասացիր, որ ուղարկել ես բժշկի հետևից... Դրանով դու քեզ մխիթարեցիր... Ի՛նձ էլ մխիթարիր, մարդ ուղարկիր…

— Արկադի Նիկոլայիչի՞ն,— վրա բերեց ծերունին։

— Ո՞վ է Արկադի Նիկոլայիչը,— ասաց Բազարովը մտախոհ...— Ախ, հա այդ ձագը։ Ոչ, նրան ձեռք մի տաք. նա այդժամ ագռավ է դարձել։ Մի զարմանար, սա դեռևս զառանցանք չէ։ Դու մարդ ուղարկիր Օդինցովայի մոտ, Աննա Սերգեևնայի, այստեղ գա մի այդպիսի կալվածատեր կին... ճանաչո՞ւմ ես։— (Վասիլի Իվանովիչը գլխով արեց)։— Կասես. Եվգենի Բազարովը բարև է անում ու ասում, որ մեռնում է։ Դու այդ կանե՞ս։

— Կանեմ… Բայց մի՞թե կարելի բան է, որ դու մեռնես, դու, Եվգենի... Ինքդ դատիր։ Դրանից հետո էլ ո՞ւր մնաց արդարությունր։

— Ես այդ չգիտեմ, միայն թե ղու մարդ ուղարկիր։

— Այս րոպեիս կուղարկեմ, ինքս էլ նամակ կգրեմ։

— Ոչ, ի՞նչ կարիք կա... միայն թող ասի, թե բարև էր անում, ուրիշ ոչինչ չի հարկավոր։ Իսկ այժմ ես դարձյալ դեպի իմ շներս դառնամ։ Զարմանալի բան է. ուզում եմ միտքս կանգնեցնել մահվան վրա, բայց բան չի դուրս գալիս։ Տեսնում եմ մի ինչ-որ բիծ... և ուրիշ ոչինչ։

Նա դարձյալ ծանրությամբ շուռ եկավ դեպի պատը, իսկ Վասիլի Իվանովիչը դուրս եկավ առանձնասենյակից և, կնոջ ննջարանին հասնելով, հենց ծնկան վրա վեր ընկավ սրբապատկերների առաջ։

— Աղոթիր, Արինա, աղոթիր,— հեկեկաց նա,— մեր որդին մեռնում է։

Բժիշկը, հենց այն գավառական բժիշկը, որի մոտ դժոխաքար չէր գտնվել, եկավ և, հիվանդին քննելով, խորհուրդ տվեց սպասողական եղանակի հետևել, և իսկույն էլ մի քանի խոսք ասաց առողջանալու կարելիության մասին։

— Իսկ դուք տեսած կա՞ք, որ իմ դրության մարդիք Ելիսյան... գնացած չլինեն,— հարցրեց Բազարովը և հանկարծ բռնեց գահավորակի կողքին դրված ծանր սեղանի ոտքից, ցնցեց ու տեղից շարժեց։

— Ուժս, բոլոր ուժս դեռ տեղն է, բայց մեռնելու եմ… Ծեր մարդը որ մեռնի, գոնե կյանքից կշտացած կմեռնի, իսկ ես... Դե գնա ու փորձիր ժխտել մահը։ Նա է քեզ ժխտում, պրծավ գնաց։ Այդ ո՞վ է այդտեղ լաց չինում,— ավելացրեց նա քիչ հետո։— Մայրս է։ Խեղճ։ Էլ ո՞ւմ է այսուհետև իր զարմանալի բորշչով կերակրելու։ Իսկ դո՞ւ, Վասիլի Իվանովիչ, կարծես նույնպես լաց ես լինում։ Դե, եթե քրիստոնեությունը չի օգնում, գոնե եղիր փիլիսոփա, ստոյիկ։ Չէ՞ որ պարծենում էիր, որ դու փիլիսոփա ես։

— Ես ինչ փիլիսոփա եմ,— հեկեկաց Վասիլի Իվանովիչն ու արտասուքի կաթիլները գլորվեցին նրա երեսով։

Ժամ-ժամի Բազարովի դրությունը վատթարանում էր. հիվանդությունն արագ ընթացք ստացավ, որ սովորաբար պատահում է վիրահատական թունավորումների միջոցին։ Նա դեռ հիշողությունը չէր կորցրել և ինչ որ ասում էին՝ հասկանում էր։ Նա դեռ մաքառում էր։ «Չեմ ուզում զառանցել,— շշնջում էր նա բռունցքները սեղմելով,— ինչ հիմարություն»։ Եվ իսկույն էլ ասում էր. «Հը՛, ութից տասը հանենք, քանի՞ կմնա»։ Վասիլի Իվանովիչը գնում-գալիս էր գժվածի նման, մեկ այս միջոցն առաջարկելով, մեկ՝ մյուսը, և շարունակ որդու ոտքերն էր ծածկում միայն։ «Սառը սավանի մեջ փաթաթել... սիրտ թափելու դեղ… փորին մանանեխ կպցնել... արյուն առնել»,— ասում էր նա լարված դրությամբ։ Բժիշկը, որին նա աղաչում էր մնալ, համաձայնում էր նրա ասածներին, հիվանդին լիմոնադ էր խմեցնում, իսկ իրեն համար էլ մերթ ծխամորճ էր ուզում, մերթ «ամրապնդող, ջերմացնող» բան, այսինքն՝ օղի։ Արինա Վլասևնան նստել էր դռան կողքի ցածլիկ աթոռի վրա և միայն ժամանակ առ ժամանակ աղոթելու համար էր դուրս գնում։ Մի քանի օր առաջ նրա ձեռքից ընկել էր ու կոտրվել արդուզարդի հայելին, իսկ այս բանը նա միշտ վատ նշան էր համարում։ Ինքը Անֆիսուշկան բան չէր գտնում նրան ասելու։ Տիմոֆեիչը գնացել էր Օդինցովային իմաց տալու։

Գիշերը Բազարովի համար վատ անցավ... Սաստիկ տաքությունը նրան տանջում էր։ Առավոտյան դեմ մի քիչ թեթևություն զգաց։ Նա խնդրեց, որ Արինա Վլասևնան իր մազերը սանրի, համբուրեց նրա ձեռքը, և մի երկու ումպ թեյ խմեց, Վանիլի Իվանովիչը մի քիչ կենդանացավ։

— Փառք աստծո,— ասում էր նա,— ճգնաժամը սկսվեց… ճգնաժամն անցավ։

— Դու էլ բան գտար,— ասաց Բազարովը,— այդ ինչ խոսք է, ճգնաժամ։ Գտար նրան, ասացիր, ճգնաժամ, և արդեն մխիթարված ես։ Զարմանալի բան է, մարդը դեռ հավատում է բառերին։ Նրան, օրինակ, ասում են հիմար ու չեն ծեծում, նա տխրում է։ Բայց եթե նրան խելոք ասեն ու փող էլ չտան, նա բավականություն կզգա։

Բազարովի այս փոքրիկ ճառը, որ հիշեցնում էր նրա նախկին կծու «ելույթները», հիացրեց Վասիլի Իվանովիչին։

— Ապրես, հրաշալի է ասված, հրաշալի,–— բացականչեց նա ու այնպես ձևացրեց, թե ծափահարում է։

Բազարովը տխուր քմծիծաղեց։

— Հը, ինչպե՞ս է ուրեմն, քո կարծիքով ճգնաժամն անցա՞վ, թե՞ սկսվել է։

— Հիմա դու ավելի լավ ես, ահա թե ինչ եմ ես տեսնում։ Ահա թե ինչն է ինձ ուրախացնում,— պատասխանեց Վասիլի Իվանովիչը։

— Դե, ուրեմն, շատ լավ ուրախանալը երբեք վատ չէ։ Իսկ նրա մոտ, հիշո՞ւմ ես, ուղարկեցի՞ր։

— Ինչպես չէ, ուղարկեցի։

Հիվանդի դրության փոխվելը շարունակվեց ոչ երկար։ Հիվանդության նոպաները կրկնվեցին։ Վասիլի Իվանովիչը նստած էր որդու կողքին։ Ասես մի առանձին տանջանք չարչարում էր ծերունհւն, նա մի քանի անգամ ուզեց խոսել, բայց չկարողացավ։

— Եվգենի,— ասաց նա վերջապես,— որդյակս, իմ անգին, սիրելի զավակս։

Այս արտասովոր կոչը ներգործեց Բազարովի վրա… նա գլուխը փոքր-ինչ շուռ տվեց և, ըստ երևույթին, իրեն, ճնշող մոռացության լուծից ազատվելու ջանք գործ դնելով՝ ասաց.

— Ի՞նչ է, հայր իմ։

— Եվգենի,— շարունակեց Վասիլի Իվանովիչը և Բազարովի առաջ ծունկ չոքեց, թեև Բազարովն աչքը չէր բաց արել չէր կարող նրան տեսնել.— Եվգենի, դու այժմ ավելի լավ ես աստված կտա կառողջանաս, բայց օգուտ քաղիր այս միջոցից, ինձ ու մորդ մխիթարիր, քրիստոնեական պարտքդ կատարիր։ Որ իմանաս, թե ինչ եմ զգում այս բանը քեզ ասելիս, սարսափելի է, բայց ավելի սարսափելի կլիներ… ախր հավիտյանս է, Եվգենի... մի միտք արա, թե ինչ...

Ծերունու ձայնը կտրվեց, իսկ որդու դեմքի վրայից, թեև դարձյալ պառկած էր աչքերը փակած, մի տարօրինակ բան անցկացավ։

— Եթե այդ ձեզ կմխիթարե, ինչու չէ, չեմ մերժի,— ասաց նա վերջապես,— բայց ինձ թվում է, որ շտապելու բան չկա։ Ինքդ ես ասում, թե այժմ ավելի լավ եմ։

— Լավ ես, Եվգենի, լավ, բայց ով գիտե, հո ամեն բան աստծու ձեռին է, իսկ քրիստոնեական պարտքդ կատարելուց հետո...

— Ո՛չ, դեռ կսպասեմ,— ընդհատեց Բազարովը։-Քեզ հետ ես էլ համաձայն եմ, որ ճգնաժամը սկսվել է։ Իսկ եթե մենք սխալ ենք, ինչ արած, հո ուշակորույս մարդկանց էլ են հաղորդություն տալիս։

— Այդ ինչ ես ասում, Եվգենի...

— Ես կսպասեմ։ Իսկ այժմ ուզում եմ քնել։ Մի խանգարիր ինձ։

Եվ նա գլուխը առաջվա տեղը դրեց։

Ծերունին տեղից վեր կացավ, նստեց բազկաթոռի մեջ և կզակը ձեռքի մեջ առավ, սկսեց մատները կրծոտել...

Հանկարծ ռեսսորավոր կառքի ձայնը, այն ձայնը, որ առանձնապես նկատելի է լինում գյուղական խուլ տեղում, հասավ ծերունու ականջին։ Թեթև անիվներն ավելի ու ավելի էին մոտենում, ահավասիկ, լսվեց ձիերի փնչոցը... Վասիլի Իվանովիչը վեր թռավ տեղից ու դեպի պատուհանը վազեց։ Բակն էր մտնում չորս ձի լծած մի երկտեղ կառեթ։ Առանց իրեն հաշիվ տալու, թե ինչ կարող էր լինել սա, մի տեսակ անմիտ ուրախությամբ բռնված, դուրս վազեց պատշգամբ... Նշանազգեստ հագած մի սպասավոր բաց արեց կառեքի դուռը քող գցած մի տիկին, վրան սև թիկնոց առած, դուրս էր գալիս կառքից...

— Ես Օդինցովան եմ,— ասաց նա։— Ո՞ղջ է Եվգենի Վասիլիչը։ Դուք հա՞յրն եք։ Հետս բժիշկ եմ բերել։

— Բարի հրեշտակ,— բացականչեց Վասիլի Իվանովիչը և բռնելով տիկնոջ ձեռքը ջղաձգաբար սեղմեց շրթունքին, մինչդեռ Աննա Սերգեևնայի բերած բժիշկը ակնոցավոր, գերմանացու կերպարանքով մի կարճլիկ մարդ, առանց շտապելու դուրս էր գալիս կառքի միջից։

— Ողջ է, ողջ է դեռ իմ Եվգենիս, և այժմ արդեն կփրկվի նա։ Կնիկ, ա կնիկ... Երկնքից հրեշտակ է իջել...

— Ի՞նչ է եղել, աստված իմ,— թոթովեց պառավն ընդունարանից դուրս վազելով և, առանց մի բան հասկանալու, հենց այդտեղ, նախասենյակում ընկավ Աննա Սերգեևնայի ոտքերը և սկսեց գժի պես նրա շրջազգեստը համբուրել։

— Ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում,— կրկնում էր Աննա Սերգեևնան, բայց Արինա Վլասևնան նրան ականջ չէր դնում, իսկ Վասիլի Իվանովիչը միայն կրկնում էր. «Հրեշտակ, հրեշտակ»։

— We ist der Kranke[71]։ Հիվանդն ո՞ւր է,-վերջապես ասաց բժիշկը զայրացած։

Վասիլի Իվանովիչը ուշքի եկավ։

— Այստեղ է, այստեղ, համեցեք հետևիցս, վերտեստեր հեռ կոլլեգա[72],— ավելացրեց նա ըստ հին սովորության։

— Է,— ասաց գերմանացին ու թթու ժպտաց։

Վասիլի Իվանովիչը նրան առանձնասենյակ տարավ։

— Աննա Սերգեևնա Օդինցովայի բերած բժիշկն է,— ասաց նա որդու ականջին կռացած,— ինքն էլ այստեղ։

Բազարովը հանկարծ բաց արեց աչքերը։

— Ինչ ասացի՞ր։

— Ասում եմ, որ Աննա Սերգեևնա Օդինցովան այստեղ է և այս պարոն բժշկին բերել է քեզ համար։ Բազարովը աչքը շուրջն ածեց։

— Նա այստեղ է... ուզում եմ նրան տեսնել։

— Դու նրան կտեսնես, Եվգենի, բայց առաջ պետք է խոսել պարոն բժշկի հետ։ Որովհետև Սիդոր Սիդորիչը գնաց (դա գավառական բժշկի անունն էր), ուստի և հիվանդության ամբողջ պատմությունը նրանց կպատմեմ, և մենք մի փոքրիկ խորհուրդ կկազմենք։

Բազարովը մտիկ տվեց գերմանացուն։

— Լավ, խոսում եք, շուտ խոսեցեք, միայն թե ոչ լատիներեն, ես լատիներեն չէ՞ որ հասկանում եմ, թե ինչ է նշանակում jam moritur[73]։

— Der Herr scheint des Deutschen mächtig zu sein?[74]— սկսեց Էսկուլապի նոր սանը՝ Վասիլի Իվանովիչին դառնալով։

— Իխ... հաբե... ավելի լավ է ռուսերեն խոսեցեք,— ասած ծերունին։

— Առ, լավ...— և խորհրդակցությունն սկսվեց։

Կես ժամից հետո Աննա Սերգեևնան Վասիլի Իվանովիչհ ուղեկցությամբ մտավ առանձնասենյակ։ Բժիշկն արդեն նրան կամացուկ հայտնել էր, թե հիվանդի առողջանալու մասին մտածելն անգամ ավելորդ է։

Աննա Սերգեևնան նայեց Բազարովին... և կանգ առավ դռան մոտ. այն աստիճան ապշեցրեց նրան նրա բորբոքված, բայց և միևնույն ժամանակ մեռելային դեմքը իր պղտոր աչքերով, որոնք ուղղված էին իրեն։ Ուղղակի մի տեսակ սառն ու չարատանջ վախ եկավ վրան, այն միտքը, թե ինքն այսպիսի զգացում չէր ունենա, եթե իսկապես սիրելիս լիներ Բազարովին — վայրկենաբար անցավ նրա մտքով։

— Շնորհակալություն,— ուժ անելով խոսեց Բազարովը,— սրան չէի սպասում։ Բարի գործ է այդ։ Ահավասիկ, ինչպես խոստացել էիք, մի անգամ էլ տեսնվեցինք։

— Աննա Սերգեևնան այնքան բարի էր...— սկսեց Վասիլի Իվանովիչը...

— Հայր մեզ մենակ թող… Աննա Սերգեևնա, թո՞ւյլ եք տալիս։ Կարծեմ այժմ…

Նա գլխով ցույց տվեց իր փռված անզոր մարմինը։

Վասիլի Իվանովիչը դուրս գնաց։

— Դեհ, շնորհակալություն,— կրկնեց Բազարովը։— Արքայավայել է ձեր արածը։ Ասում են, թագավորներն էլ են այցելում մեռնողներին։

— Եվգենի Վասիլիչ, ևս հույս ունեմ, որ…

— Էհ, Աննա Սերգեևնա, ավելի լավ է ճիշտը ասենք։ Իմ բանը պրծած է։ Անիվի տակն ընկա։ Բանից դուրս է գալիս, որ ապագայի մասին մտածելու հարկավորություն էլ չկար։ Մահը հին բան է, բայց ամեն մեկիս համար էլի նոր և մինչև այժմս դեռ չեմ վախենում… շուտով կհասնի անգիտակցական դրությունը, և վերջ։ (Նա թեթևակի թափ տվեց ձեռքը)։ Է՛հ, ես ուրիշ էլ ինչ ասեմ ձեզ… որ ձեզ սիրո՞ւմ էի, այդ առաջ էլ ոչ մի իմաստ չուներ, իսկ այժմ հո ավելի ևս։ Սերը ձև է, իսկ իմ սեփական ձևն արդեն քայքայվում է։ Ավելի լավ է ասեմ, թե ինչքան դուք հիանալի եք։ Ահավասիկ հենց այժմ էլ կանգնած եք, այնպես գեղեցիկ…

Աննա Սերգեևնան ակամա ցնցվեց։

— Ոչինչ չկա, անհանգիստ մի լինեք… նստեցեք այնտեղ… Ինձ մի մոտենաք, չէ՞ որ հիվանդությունս վարակիչ է։

Աննա Սերգեևնան արագությամբ անցավ սենյակը և նստեց Բազարովի պառկած գահավորակի մոտի բազկաթոռի վրա։

— Վեհանձն եք,— շշնջաց Բազարովը։— Ա՛հ, ինչքան մոտ եք, և ինչ ջահել, թարմ ու մաքուր… այս անպիտան սենյակի մեջ… Դեհ, մնաք բարով։ Ապրեցեք երկար, դա ամենից լավն է, և քանի ժամանակ կա՝ օգտվեցեք։ Դուք մի տեսեք, թե ինչ այլանդակ պատկեր է, կիսակենդան որդ եմ դարձել, բայց էլի ուզում եմ գլուխս բարձրացնել։ Ախր, ես էլ մի ժամանակ մտածում էի՝ ինչքա՜ն գործեր պիտի անեմ, չեմ մեռնի, ինչպես թե մեռնել։ Դեռ գործ կա անելու, ես հո հսկա եմ։ Իսկ այժմ հսկայի ամբողջ բանն ու գործն այն է, թե ինչպես անի, որ վայելուչ կերպով մեռնի, թեպետ ոչ ոքի էլ հոգը չէ նրա մեռնելը... Ինչ ուզում է լինի միևնույն է, պոչ չեմ խաղացնի։

Բազարովը լռեց և սկսեց ձեռքով շոշափել իր բաժակը Աննա Սերգեևնան, առանց ձեռնոցները հանելու և երկչոտաթյամբ շունչ քաշելով, ջուրը տվեց նրան։

— Դուք ինձ կմոռանաք,— նորից խոսեց Բազարովը,— մեռածը ապրողին ընկեր չի։ Հայրս կսկսի ձեզ ասել, թե ինքպիսի մարդ է կորցնում Ռուսաստանը… Այդ դատարկ բան է, բայց ծերուկին չաշխատեք հակառակը համոզել։ Ինչքան չլինի էլի մխիթարություն է։ Մորս էլ սիրտ տվեք։ Ձեր շրջանների մեջ ցերեկը ճրագով որ ման գաք, այդպիսի մարդիկ չեք գտնի... Ես պետք եմ Ռուսաստանին... Ոչ, երևում է, պետք չեմ։ Եվ ո՞վ է պետք։ Կոշկակարը պետք է, դերձակը պետք է, մսագործը… միս է ծախում… մսագործը… սպասեցեք, մտքերս խառնվում են... Այստեղ անտառ կա…

Բազարովը ձեռքը ճակատին դրեց։

Աննա Սերգեևնան կռացավ նրա վրա։

— Եվգենի Վասիլևիչ, ես այստեղ եմ…

Բազարովը մեկեն ձեռքը քաշեց և վեր կացավ տեղից։

— Մնաք բարով,— ասաց նա հանկարծական ուժով, և աչքերը վերջին փայլով փայլեցին։— Մնաք բարով... Լսեցեք, ախր… այն ժամանակ ես ձեզ չհամբուրեցի... Փչեցեք մեռնող կանթեղի վրա, և թող նա մարի…

Աննա Սերգեևնան շրթունքները կպցրեց նրա ճակատին։

— Եվ հերիք է,— ասաց Բազարովը և ընկավ բարձի վրա։— Այժմ… խավար է…

Աննա Սերգեևնան կամացուկ դուրս գնաց։

Ինչպե՞ս է,— շշնջալով հարցրեց նրան Վասիլի Իվանովիչը։

— Քնեց,— պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով։

Բազարովին այլևս վիճակված չէր զարթնել։ Երեկոյան դեմ նա գիտակցությունը բոլորովին կորցրեց, իսկ մյուս օրը մեռավ։ Տեր Ալեքսեյը կրոնական ծեսերը կատարեց նրա վրա։ Երբ վերջին օծումն էին կատարում, երբ որ սուրբ մեռոնը կպավ Բազարովի կրծքին, նրա մի աչքը բացվեց և կարծես թե տեսնելով զգեստավորված քահանային, ծխացող բուրվառը, սրբապատկերի առաջ վառած մոմերը, սարսափի ցնցման պես մի բան վայրկենաբար արտափայլեց նրա մեռելային դեմքի վրա, իսկ երբ արձակեց վերջին շունչը, և տան մեջ ընդհանուր կոծ բարձրացավ, Վասիլի Իվանովիչը խելքը կորցրածի պես հանկարծ մոլեգնեց։ «Ես ասում էի, թե կբողոքեմ,— խռպոտ ձայնով կանչում էր նա, բորբոքված ու ծռմռված դեմքով՝ օդի մեջ բռունցքը շարժելով, ասես թե մեկին սպառնալիք էր տալիս,— և կբողոքեմ, կբողոքեմ»։ Բայց Արինա Վլասևնան, արտասվելով, լալագին կախվել էր նրա վզովը, և երկուսը միասին ընկան երեսի վրա։ «Այդպես,— հետո ծառաների սենյակում պատմում էր Անֆիսուշկան,— կողք-կողքի խոնարհեցին գլուխները, կեսօրին մակազող գառների նման...»։

Բայց կեսօրվա տոթն անցնում է, գալիս է երեկոն ու գիշերը, և այնուհետև էլ վերադարձը հանգիստ օթևանը, ուր անուշ նիրհում են տանջվածներն ու խոնջացյալները…

XXVIII

Վեց ամիս անցավ։ Ձմեռ էր, անամպ սառնամանիքի դաժան լռությունը տիրել էր ամեն տեղ, պինդ ձյունը ոտքերի տակ ճռճռում էր. ծառերը պատած էին վարդագույն եղյամով, և երկինքը փայլատ զմրուխտի գույն ուներ, ծխնելույզների վրա ծխի քուլաները գլխարկի նման կեցած էին, առվայրկյան բացվող դռներից գոլորշին բարդ-բարդ դուրս էր պրծնում, մարդկանց դեմքը կարմիր, ասես թե կծոտած լիներ, մրսած ձիերը հապճեպով առաջ են վազում։ Հունվարյան օրը արդեն մոտենում էր իր վախճանին, երեկոյան ցուրտը ավելի ու ավելի սեղմում էր անշարժ օդը, և արյունագույն վերջալոէյսը ՚ արագ-արագ մարում էր։ Մարյինոյի տան պատուհանները նոր-նոր էին լուսավորվում։ Պրոկոֆիչը սև ֆրակ ու սպիտակ ձեռնոց հագած, առանձնապես հանդիսավոր կերպով յոթը հոգու համար սեղան էր բաց անում։ Դրանից մի շաբաթ առաք, ծխական փոքրիկ եկեղեցում, սուս ու փուս, համարյա առանց վկաների երկու պսակ էր կատարվել, պսակվել էին Արկադին ու Կատյան և Նիկոլայ Պետրովիչն ու Ֆենիչկան, իսկ այդ միևնույն օրը Նիկոլայ Պետրովիչը հրաժեշտի ճաշ էր տալիս իր եղբորը, որ գործով Մոսկվա էր գնում։ Աննա Սերգեևնան, նորապսակներին առատորեն բաժին հանելով պսակից անմիջապես հետո նույնպես մեկնեց Մոսկվա։

Ուղիղ ժամը երեքին բոլորն էլ սեղանի շուրջն էին հավաքվել։ Միտյային էլ էին այստեղ նստեցրել, նրա համար արդեն արծաթաթել նախշով ապարոշ կրող դայակ էին բռներ Պավել Պետրովիչը բազմել էր Կատյայի ու Ֆենիչկայի միջև ամուսիններն էլ իրենց կանանց կողքին էին տեղավորվել։ Մեր ծանոթները վերջին ժամանակներս փոխվել էին, ամենքն էլ կարծես գեղեցկացել ու առնականություն էին ստացել, միայն Պավել Պետրովիչն էր լղարել, որից, սակայն, նրա դեմքի արտահայտիչ գծերն ավելի գեղանի ու գրանսենյորական էին դարձել... Հենց Ֆենիչկան էլ ուրիշ կին էր դարձել։ Մետաքսյա նոր զգեստ հագած, թավշյա լայն գլխազարդը մազերին, ոսկե շղթան վզին անշարժ նստել էր պատկառանքով, նրա վրա երևում էր հարգանք դեպի ինքը, դեպի ամեն բան, որ շրջապատել էր նրան, և մի այնպիսի ձևով էր ժպտում, կարծես ուզում էր ասել՝ «Դուք ինձ ներեցեք, մեղավորը ես չեմ»։ Եվ մենակ նա չէր ժպտացողը, ամենքն էլ ժպտում էին, ու նույնպես ասես թե ներողություն խնդրում, ամենքն էլ մի քիչ անհարմար էին զգում իրենց, մի քիչ տխուր էին, բայց իսկապես լավ էին զգում։ Ամեն մեկն աշխատում էր ծիծաղելի պատրաստակամությամբ ծառայել մյուսին, ասես ամենքն էլ խոսքը մեկ արած՝ մի տեսակ պարզամիտ կատակերգություն էին ներկայացնում։ Ամենից հանգիստը Կատյան էր. նա միամիտ վստահությամբ նայում էր չորս կողմը, և կարելի էր նկատել, որ Նիկոլայ Պետրովիչը արդեն գժվածի պես սիրում էր նրան։ Ճաշը վերջանալուց առաջ Նիկոլայ Պետրովիչը վեր կացավ և, բաժակը ձեռքն առած, ասաց Պավել Պետրովիչին.

— Դու հեռանում ես մեզանից… դու հեռանում ես մեզանից, սիրելի եղբայր,— սկսեց նա,— իհարկե, կարճ ժամանակով, բայց և այնպես չեմ կարող չհայտնել քեզ, որ ես... որ մենք… քանի ես… քանի մենք... Հենց դժբախտությունն էլ այն է, որ մենք ճառեր ասել չգիտենք։ Արկադի, դու ասա։

— Ոչ, հայրիկ, ես պատրաստված չեմ։

— Իսկ ես շատ լավ եմ պատրաստվել։ Պարզապես, եղբայր, թող քեզ համբուրեմ, ցանկանամ ամենայն բարիք, և շուտով վերադարձիր եկ մեզ մոտ։

Պավել Պետրովիչը ամենքի հետ էլ համբուրվեց։ Միտյային էլ իհարկե, բացի դրանից, համբուրեց նաև Ֆենիչկայի ձեռոը, որը դեռ մի շնորհքով ձեռքը տալ էլ չգիտեր, և երկրորդ անգամ լցրած բաժակը խմելով, խորը հառաչանքով ասաց — «Բախտավոր լինեք, բարեկամներս։ Farewell[75]» — անգլիական այդ պոչուկը աննկատելի անցավ» սակայն ամենքն էլ զգացված էին։

«Բազարովի հիշատակին»,— շշնջաց Կատյան ամուսնու ականջին և բաժակը խփեց նրա բաժակին։ Արկադին, ի պատասխան դրան, պինդ սեղմեց կնոջ ձեռքը, բայց այդ բաժակը բարձրաձայն առաջարկելու սիրտ չարավ։

Թվում է, թե սա արդեն վերջն է։

Բայց գուցե ընթերցողներից մեկնումեկը ուզում է իմանալ, թե ի՞նչ է անում այժմ, հենց այժմ, մեր նկարագրած անձերից յուրաքանչյուրը։ Մենք պատրաստ ենք գոհացում տալու։ Մոտ ժամանակներս Աննա Սերգեևնան ամուսնացավ, ոչ սիրահարված, այլ համոզմունքով, ռուսական ապագա գործիչներից մեկի հետ, որ մի շատ խելոք, օրենսգետ մարդ է գործնական հաստատուն խոհերով, անդրդվելի կամքով և խոսելու զարմանալի շնորհքով, մի բարի և սառցի նման սառը բնավորությամբ դեռ երիտասարդ մարդ էր։ Նրանք շատ հաշտ են ապրում և շատ կարելի է երջանիկ էլ լինեն… շատ կարելի է և սիրեն իրար։ Իշխանուհի Կ.-ն մեռավ և նույնիսկ մահվան օրն էլ մոռացվեց։ Հայր ու որդի Կիրսանովները բնակություն հաստատեցին Մարյինոյում։ Նրանց գործերը կարգի են ընկնում։ Արկադին գործին տաք կերպով է կպել և նրա «ագարակն» արդեն բավական խոշոր եկամուտ է բերում։ Նիկոլայ Պետրովիչը հաշտարար միջնորդ է դարձել և բոլոր ուժով աշխատում է։ Նա շարունակ շրջում է իրեն հանձնված տեղերը, երկար ճառեր է խոսում (նա այն կարծիքին է, թե գյուղացիներին պետք է «խելքի բերել», այսինքն միևնույն բառերի հաճախ կրկնությամբ նրանց զահլան տանել), բայց դարձյալ, ճիշտն ասած, լիովին գոհ չի կացուցանում ոչ կրթված ազնվականներին, որոնք սովոր են մերթ շիկով և մերթ մելամաղձորեն խոսել էմանցիպացիայի մասին (ան-ը քթի մեջ արտասանելով), ոչ էլ անկիրթ ազնվականներին, որոնք առանց այլևայլության հայհոյում են «էս մուն ցիպացիան»։ Սրա համար էլ, նրանց համար շատ էլ կակուղ մարդ է նա։ Կատերինա Սերգեևնան որդի ունեցավ, անունը Կոլյա, իսկ Միտյան կարգին վազում է ու կանոնավոր էլ խոսում։ Ֆենիչկան, Ֆեդոսյա Նիկոլաևնան, ամուսնուց ու Միտյայից հետո, ոչ ոքի այնպես չի պաշտում, ինչպես իր հարսին, և երբ որ սա նստում է դաշնամուր նվազելու, պատրաստ է ամբողջ օրերով նրանից չբաժանվել։ Ի դեպ, հիշենք նաև Պյոտրին։ Հիմարությունից ու իրեն ծանր պահելուց նա բոլորովին ընդարմացել է, բոլոր է-երը ինչպես յու է արտասանում, բայց նա էլ ամուսնացավ և բավական էլ օժիտ առավ կնոջ հետ, որը քաղաքի պարտիզպանի այն աղջիկն է, որը երկու լավ փեսացուներին մերժեց միմիայն նրա համար, որ ժամացույց չունեին, մինչդեռ Պյոտրը ոչ միայն ժամացույց ուներ, այլև լայքայե անճիտք կոշիկներ։

Դրեզդենում, Բրյուլևյան ճեմանոցում, ժամը երկսի ու չորսի միջև, ամենաբարձր հասարակություն դուրս գալու միջոցին, կարող եք հանդիպել հիսուն տարեկանի մոտ, արդեն բոլորովին ալևորած և ասես թե պոդագրա ունեցող, բայց դեռ գեղեցիկ, նուրբ հագնված մի մարդու, որ իր վրա կրում է այն առանձին դրոշմը, որ ձեռք է բերվում միայն երկար ժամանակ հասարակության ամենաբարձր խավերում ապրելով։ Այդ Պավել Պետրովիչն է։ Նա առողջությունը կազդուրելու համար Մոսկվայից գնաց արտասահման և բնակություն հաստատեց Դրեզդենում, ուր ավելի շատ շփվում է անգլիացիների ու այդտեղից անցնող ռուսների հետ։ Անգլիացիների հետ նա իրեն պահում է պարզ, համարյա համեստ, բայց ոչ առանց արժանապատվության, նրանք փոքր-ինչ ձանձրալի են համարում նրան, բայց նրա մեջ տեսնում ու հարգում են կատարյալ ջենտլմենը «a perfect gentleman»[76]։ Ռուսների հետ ավելի բաց է, ազատություն է տալիս իր մաղձին, ծաղրում է իրեն էլ, նրանց էլ, բայց նրա այս բոլոր արածն էլ շատ սիրալիր, և անհոգ, և վայելուչ է դուրս գալիս։ Նա հետևում է սլավյանոֆիլների հայացքներին, հայտնի է, որ դա բարձր շրջանի մեջ այդ tres distingue[77] է համարվում։ Ոչ մի ռուսական բան նա չի կարդում, բայց նրա գրասեղանի վրա դրված կա գեղջկական տրեխի նման շինած արծաթե մոխրաման։ Ռուս զբոսաշրջիկները շատ են նրա հետևից քարշ ընկնում։ Մատվեյ Իլյիչ Կալյազինը, որ ժամանակավոր ընդդիմադիրների մեջ է, Բոհեմյան հանքային ջրերը գնալիս, վեհորեն այցելեց նրան, իսկ բնիկները, որոնց հետ նա, ասենք, քիչ է հանդիպում, քիչ է մնում պաշտեն նրան։ Ոչ ոք այնպես շուտ ու հեշտ կերպով չի կարող պալատական երաժշտության թատրոնի և այլ տոմսեր ձեռք բերես ինչպես der Herr Baron von Kirsanoff[78]։ Նա ձեռքից եկածին չափ շարունակ բարիք է անում, թեպետ քիչ-քիչ, բայց դարձյալ աղմուկ է հանում, աչքի ընկնում, իզուր հո չէր ժամանակ հռչակ վայելում բարձր շրջաններում, բայց ծանր է նրա կյանքը… ավելի ծանր, քան թե նա կարծում է... Բավական է աչքդ ձգես նրա վրա ռուսաց եկեղեցում եղած միջոցին, երբ մի կողմում, պատին կռթնած, երկար մտածում է և, շրթունքները պինդ սեղմած, երկար ժամանակ անշարժ հետո հանկարծ ուշքի է գալիս և սկսում է համարյա աննկատելի երեսին խաչ հանել…

Կուկշինան էլ է արտասահման ընկել։ Այժմ նա Հայդելբերգում է և արդեն ոչ թե բնական գիտություններն ուսումնասիրում, այլ ճարտարապետություն, որի մեջ ի ասելով, նոր օրենքներ է գտել։ Առաջվա նման դարձյալ բարեկամություն է անում ուսանողների հետ, մանավանդ երիտասարդ ռուս ֆիզիկոսների ու քիմիկոսների հետ, որոնց լցված է Հայդելբերգը, և որոնք, սկզբներում իրերի վրա իրենց ունեցած լուրջ հայացքով զարմացնելով գերմանակա միամիտ պրոֆեսորներին, հետագայում նույն պրոֆեսորներին զարմացնում են իրենց կատարյալ անգործությամբ ու բացարձակ ծուլությամբ։ Այդպիսի երկու-երեք քիմիկոսների հետ, որոնք չեն կարողանում թթվածինն ազոտից զանազանել, բայց համակված են ժխտողականությամբ ն անձնապաստանությամբ, մեկ էլ մեծ Ելիսևիչի հետ, Պետերբուրգի քարերն է մաշում Սիտնիկովը, որ նույնպես պատրաստվում է մեծ դառնալ և, իր ասելով, Բազարովի «գործն» է շարունակում։ Ասում են, թե մոտ ժամանակներս ինչ-որ մեկը նրան ծեծել է, բայց նա էլ ետ չի մնացել, մի մութ ամսագրում խռկված մի մութ հոդվածի մեջ ակնարկել է, թե իրեն ծեծողը վախկոտի մեկն է։ Նա այդ բանը հեգնություն է համարում։ Հայրը առաջվա նման օգտագործում է նրան, իսկ կինը նրան հիմար… և գրական մարդ է համարում։

Ռուսաստանի հեռավոր անկյուններից մեկում կա մի փոքրիկ գյուղական հանգստարան։ Սովորաբար մեր բոլոր հանգստարանների նման, նա էլ տխուր պատկեր ունի, նրան շոջապատող առուները վաղուց ծածկված են մացառուտով։ Փայտե գորշ խաչափայտերը խոնարհվել են և փտում են իրենց մի ժամանակ ներկած ծածկերի տակ. տապանաքարերը բոլորն էլ տեղահան են եղել, ասես մեկը տակից դրանք դեն է հրում, երկու-երեք ճղնակտոր ծառեր հազիվ հազ շվաք են անում, ոչխարներն անարգել ման են գալիս գերեզմանների վրա... Բայց այդ գերեզմանների մեջ կա մեկը, որին մարդու ձեռք չի կպչում, որին ոչ մի անասուն ոտքի տակ չի տալիս, միայն թռչուններն են նստում նրա վրա և արշալույսին իրենց երգերն երգում։ Երկաթե պարիսպով պատած է նա, նրա երկու ծայրին տնկած է երկու մատղաշ եղևնի, Եվգենի Բազարովն է թաղված այդտեղ։ Մոտիկ գյուղից այդ գերեզմանի մոտ են հաճախակի գալիս երկու արդեն զառամյալ ծերունիներ մարդ ու կին։ Իրար օգնելով, ծանր քայլերով գալիս են սրանք, մոտենում են պարիսպին, գերեզմանի վրա ընկնում սկաչոք և երկար ու դառնապես լաց լինում, և երկար, ուշադրությամբ նայում համր քարին, որի տակ պառկած է իրենց որդին, մի երկու կարճ բառ ասում միմյանց, քարի վրայից փոշին սրբում, մեկ էլ եղևնու ճյուղն ուղում, և դարձյալ աղոթում, և չեն կարողանում բաժանվել այն տեղից, որտեղից ասես թե նրանք ավելի մոտ են գտնվում իրենց որդուն, իրենց որդու հիշատակին... Մի՞թե իրենց աղոթքը, իրենց արտասուքն ապարդյուն է մնալու։ Մի՞թե սերը, սուրբ, անձնվեր սերն ամենակարող չէ։ Ո՜հ, ոչ։ Ինչպիսի բուռն, մեղսալից, ըմբոստ սիրտ էլ ուզում է ծածկված լինի գերեզմանի մեջ, նրա վրա բուսած ծաղիկներն անվրդով նայում են մեզ վրա իրենց անմեղ աչքերով, նրանք միմիայն հավիտենական հանգստի մասին չէ, որ ասում են մեզ, «անտարբեր» բնության այդ մեծ հանգստի մասին, նրանք ասում են նաև հավիտենական հաշտության և անվախճան կյանքի մասին...

1861 թ.

  1. Անգլիական ակումբ, որի անդամները բացառապես հարուստ և տոհմիկ անձնավորությաններ էին։
  2. Մարկիզա — կտավե ծածկոց պատուհանի վրա կամ հովանոց պատշգամբի վրա արևից պաշտպանելու համար։
  3. Նա իսկապես որ ազատ է (ֆրանս.)։
  4. Սյուտ (անգլ.) անգլիական տարազի հագուստ։
  5. Ձեռքսեղմումը (անգլ.)։
  6. Փոխվել է (ֆրանս.) (դեպի լավը)։
  7. «Գալյան լրաբեր» ամսաթերթը հրատարակվում էր Փարիզում անգլերեն լեզվով։
  8. Դուք ամեն բան փոխել եք, տակնուվրա արեր Ծ. Թ.։
  9. Գնորդ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել (1770-1831 թ.) իդեալիստ փիլիսոփա։ Նրա վարդապետությունը 30-40-ական թվականներին խիստ տարածված էր Մոսկվայի ինտելիգենտ հասարակության մեջ, «սլավյանոֆիթ և «զապադնիկ» կոչված ուղղությունները յուրաքանչյուրն իր տեսակետով էր ըմբռնում Հեգելի վարդապետությունը։
  10. Յուստուս Լիբիխ (1803-1873 թ.) – գերմանացի քիմիկոս։
  11. Գալինիաշկան — հեգնական-արհամարհական անունն է «Գալլիական լրաբերի»։
  12. Բայց ես կարող եմ ձեզ փող տալ (ֆրանս.)։
  13. Խոսքը վերաբերում է է812 թ. Հայրենական պատերազմին՝ Նապոլեոնի դեմ։
  14. Լավ (լատ.) ։
  15. Ընտանիքի հայրը (լատ.)։
  16. «Նյութը և ուժը»— գերմանացի բնագետ, մատերիալիզմի հայտնի մասսայականացնող Բյուխների աշխատությունը։
  17. Անպետք գրող։ Ծ. Թ.։
  18. Հին, հնացած (ֆրանս.)։
  19. Բարի երեկո (ֆրանս.)։
  20. Ներեցեք, պարոն (ֆրանս.)։
  21. Եռանդը պետական մարդու ամենակարևոր հատկությանն է (ֆր.)։
  22. Էտիեն Կոնդիլյակը (1715 — 1780 թթ.) ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքատնտես էր։ Ծ. Թ.։
  23. Ամենասիրված (անգլ.)։
  24. Դրա ժամանակն անցել է (ֆրանս.)։
  25. Ռուսերեն բուրդա բառից, որ նշանակում է պղտոր հեղուկ, մրուր։ Լուի Բուրդալու (1632 — 1704 թթ.) — ֆրանսիացի հայտնի ճիզվիտ քարոզիչ։
  26. Էմանսիպացիայի ենթարկված (ֆր.) — ազատագրված, հին կենցա­ղային հասկացողություններից ու նախապաշարումներից ազատ կին։
  27. Մտեք։
  28. Թոմաս Բաբինգտոն Մակոլեյ (1800-1859) անգլիացի պատմաբան։
  29. «Դոմոստրոյը» Մոսկվայի մի քահանայի՝ Սիչվեստրի (1560 թ.) շարադրված դիրքն է, որի մեջ կրոնական բնույթի խորհուրոներ ու խրատներ կան ընտանիքի և այլ հարցերի մասին։
  30. «Սիրո մասին» (ֆրանս.)։
  31. Ձայնանմանություն։
  32. Բեդլամ — հռչակավոր գժանոց Լոնդոնում։
  33. Ինչպես ճշմարիտ ֆրանսիացի ասպետ (ֆրանս.)։
  34. Հիացած եմ (ֆրանս.)։
  35. Բոլորովին (ֆրանս.)։
  36. Ինչպես հրեշտակներ։
  37. Շատ լավ (լատ.) ։
  38. Բարձր, հանդիսավոր ոճ (ֆանս.)։
  39. Պելուզ և Ֆրեմի-«Քիմիայի հիմունքները» (ֆրանս.)։
  40. Գանա — «Էքսպերիմենտալ ֆիզիկայի տարրական դասագիրք» (ֆր.)։
  41. Օմմֆե (ֆրանս. homme fait) հայտնի տղամարդ է։
  42. Հուֆելանդը հռչակավոր բժիշկ էր (1762-1836). ուներ մի քանի կանավոր գրվակներ։ Ծ. Թ.։
  43. Յուրաքանչյուրին՝ իրենը (լատ.)։
  44. Նախապատվություն (ֆրանս.)։
  45. Վալատու (ֆրանս.) — ահա և ամենը։
  46. Մեկը ռուսական ֆելդմարշալ մյուսը բանաստեղծ։ Ծ. Թ.։
  47. Խոտերում, խոսքերում և քարերում (լատ.)։
  48. Գնացել է նախնիների մոտ (լատ.)։
  49. Ցինցինատ-հռոմեական նշանավոր զորական և պետական գործիչ (5-րդ դ. ն.մ.թ.), որ հետո երկրագործ դարձավ։ Ծ. Թ.։
  50. Անվարձ (լատ.)։
  51. amateur (ֆանս.) — իբրև սիրող։
  52. Նոր մարդ եմ (լատ.) — ոչ ազնվատոհմիկ։
  53. Բարեկամ (լատ.)։
  54. «Ռոբերտ-դևը»-Մեյերբերի օպերան։
  55. Կաստորն ու Պոլլուքսը, հռոմեական ավագությունների երկվորյակներ (դիոսկարներ)— հունաց Զևս աստծո որդիքը. հայտնի են որպես անբաժան և անձնվեր ընկերներ։ Ծ. Թ.։
  56. Անվրդովություն, անվրդովություն (ֆրանս.)։
  57. Ինչպես հարկն է (ֆրանս.)։
  58. Ով ականջ ունի, թող լսի (ֆրանս.)։
  59. Օգտավետը հաճելիի հետ (լատ.) ։
  60. Գլխապտույտ (ֆրանա.)։
  61. Աննա Ռադկլիֆֆ — անգլիական վիպասանուհի, «Ուդոլֆյան գաղտնիքներ» վեպի հեղինակը։
  62. Ռոբերտ Պիլլ–որդին — անգլիական քաղաքական գործիչ։
  63. Պառկեցեք դուք։
  64. Ընտանիքից (ֆրանս.)։
  65. Հարսը (ֆրանս.)։
  66. Տասնիններորդ գարում (ֆրանս.)։
  67. Ինչպիսի միտք (ֆրանս.)։
  68. Ռուսերեն мир նշանակում է աշխարհ և համայնք։ Ծ.Թ.։
  69. Դժոխաքարը լյապիսն է, որը գործ են ածում բժշկության մեջ՝ վերքերը վրակազերծ անելու նպատակով։
  70. Պիեմիա — արյան վարակում (հուն.)։
  71. Ո՞ւր է հիվանդը (գերմ.)։
  72. Արժանավայել կոլեգա (գերմ.)։
  73. Արդեն մեռնում է։
  74. Պարոնը, կարծես, հասկանում է գերմաներեն։
  75. Մնաք բարով։
  76. Կատարյալ ջենտլմեն։
  77. Շատ հարգի է (ֆրանս.)։
  78. Պարոն բարոն Կիրսանով (գերմ.)։