Վերջին թարմացում 16 Հուլիսի 2016, 21:15

Պրոֆեսոր Դոուելի գլուխը

21:15, 16 Հուլիսի 2016 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պրոֆեսոր Դոուելի գլուխը

հեղինակ՝ Ալեքսանդր Բելյաեվ
թարգմանիչ՝ Աբր. Գրիգորյան
աղբյուր՝ «Պրոֆեսոր Դոուելի գլուխը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Նվիրում եմ կնոջս՝ Մարգարիտա Կոնստանտինովնա Բելյաեվային


Առաջին հանդիպում

— Խնդրեմ, նստեցեք։

Մարի Լորանը ընկղմվեց կաշվե խոր բազկաթոռի մեջ։

Մինչ պրոֆեսոր Կերնը բաց կաներ ծրարը և կկարդար նամակը, նա թռուցիկ կերպով դիտեց առանձնասենյակը։

Ի՜նչ մռայլ սենյակ է։ Սակայն այստեղ հաճելի է պարապելր, ոչ մի բան մարդու ուշադրությունը չի շեղում։ Լամպն իր փակ լուսամփոփով լուսավորում է միայն գրասեղանը, որի վրա թափված են գրքեր, ձեռագրեր, սրբագրական արտատպություններ։ Մարդու աչքը հազիվ է ջոկում կաղնեփայտե սոլիդ կահ֊կարասին։ Մուգ պաստառներ, մուգ վարագույրներ։ Կիսախավարի մեջ ծանր պահարաններում փայլում է գրքերի կազմին դրոշմած ոսկին միայն։ Դանդաղորեն և հանդիսավորությամբ օրորվում է պատի հնագույն ժամացույցի ճոճանակը։

Հայացքը Կերնի վրա դարձնելով, Լորանն ակամա ժպտաց.— պրոֆեսորը լիովին համապատասխանում էր իր առանձնասենյակի ոճին։ Կարծես թե կաղնուց կտրված, ծանրակշիռ, խստադեմ Կերնի կերպարանքը այդ կահույքի մի մասն էր կազմում։ Կրեոսկրյա շրջանակով մեծ ակնոցը հիշեցնում էր ժամացույցի երկու թվացույց։ Նրա գորշ մոխրագույն աչքերր ճոճանակի նման շարժվում էին նամակի մի տողից դեպի մյուսը։ Ուղղանկյուն քիթը, բերանի ու աչքերի ուղիղ կտրվածքը և քառակուսի, առաջ ցցված կզակը նրա դեմքին տալիս էին կուբիստ֊քանդակագործի ձեռքով կերտված, ոճավորված դեկորատիվ դիմակի տեսք։

«Մարդ այդպիսի դիմակով քարեր զարդարի»,— մտածեց Լորանը։

— Իմ պաշտոնակից Սաբատյեն արդեն խոսել է ձեր մասին։ Այո՛, ինձ օգնականուհի է հարկավոր։ Դուք բժշկուհի եք։ Շատ լավ. օրական քառասուն ֆրանկ։ Վճարումը շաբաթը մի անգամ։ Նախաճաշ, ճաշ։ Սակայն ես մի պայման եմ դնում...

Չոր մատներով սեղանը թմբկահարելով, պրոֆեսոր Կերնը անսպասելի հարց տվեց.

— Դուք կարողանո՞ւմ եք լռել։ Բոլոր կանայք շատախտս են։ Դուք կին եք,— այդ վատ է։ Դուք գեղեցիկ եք — այդ ավելի վատ։

— Բայց ի՞նչ կապ ունի....

— Ամենամոտ կապ. գեղեցիկ կինը կրկնակի կին է։ Նշանակում է ունի նաև կրկնակի կանացի թերություններ։ Թերևս դուք ամուսին, բարեկամ, նշանած ունեք։ Այս դեպքում ամեն մի գաղտնիք կորած է։

— Սակայն...

— Ոչ մի սակայն։ Դուք պիտի լինեք համր, ինչպես ձուկը։ Դուք պիտի լռեք ամեն բանի մասին, ինչ որ այստեղ կլսեք ու կտեսնեք։ Ընդունո՞ւմ եք այս պայմանը։ Պետք է զգուշացնեմ ձեզ, որ այս պայմանը չկատարելը ձեզ համար չափազանց անախորժ հետևանքներ կունենա։ Չափազանց անախորժ։

Լորանը շփոթված էր և հետաքրքրված։

— Ես համաձայն եմ, եթե այդ բոլորի մեջ չկա...

— Հանցա՞նք, ուզում եք ասել։ Կարող եք միանգամայն հանգիստ լինել։ Եվ ձեզ ոչ մի պատասխանատվություն չի սպառնում... Ձեր ջղերը կարգի՞ն են։

— Ես առողջ եմ...

Պրոֆեսոր Կերնը գլխով հավանություն տվեց։

— Ձեր ցեղի մեջ ալկոհոլիկ, նևրասթենիկ, ընկնավոր, խելագար չի՞ եղել։

— Ո՛չ։

Կերնը նորից գլխով արավ։

Նրա չորուկ, սուր մատը մեխվեց էլեկտրական զանգի կոճակի մեջ։

Դուռն անաղմուկ բացվեց։

Սենյակի կիսամթում, ինչպես երևակվող լուսանկարչական պլաստինկայի վրա, Լորանը տեսավ միայն աչքերի սպիտակուցներ, այնուհետև հետզհետե երևաց նեգրի պսպղացող դեմքը։ Սև մազերը և կոստյումը միաձուլվել էին դռան մուգ վարագույրի հետ։

— Ջո՛ն, օրիորդ Լորանին ցույց տվեք լաբորատորիան։

Նեգրը գլխով նշան արավ, առաջարկելով Լորանին հետևել իրեն, և բաց արավ երկրորդ դուռը։

Լորանը մտավ բոլորովին մութ մի սենյակ։

Չխկաց անջատիչը, և չորս փայլատ կիսագնդերի վառ լույսը հեղեղեց սենյակը։ Լորանն ակամա փակեց աչքերը։ Մռայլ առանձնասենյակի կիսախավարից հետո պատերի ճերմակությունը կուրացնում էր նրան... փայլատակեցին վիրահատական շողշողուն գործիքներով լի պահարանի ապակիները։ Սառը լույսով վառվռում էին Լորանին անծանոթ ապարատների պողպատն ու ալյումինը։ Դեղին, ջերմ փայլով փռվում էր լույսը գործիքների պղնձյա ողորկ մասերի վրա։ Խողովակներ, պարուրակներ, երկարավիզ սրվակներ, ապակյա գլաններ... Ապակի, կաուչուկ, մետաղ։

Սենյակի մեջ դրված էր պրոզեկտորական մեծ սեղանը։ Սեղանի կողքին ապակյա արկղ. նրա մեջ բաբախում էր մարդկային մի սիրտ։ Սրտից խողովակները գնում էին դեպի բալոնը։

Լորանը գլուխը դարձրեց մի կողմ և հանկարծ տեսավ մի բան, որը ստիպեց նրան ցցվել, ինչպես էլեկտրական հարվածից։

Նրան էր նայում մարդկային մի գլուխ — միայն գլուխ, առանց մարմնի։

Նա ամրացված էր ապակյա քառակուսի տախտակին։ Այդ տախտակը պահում էին չորս բարձր, փայլուն մետաղե ոտիկներ։ Կտրտված զարկերակից ու երակներից ապակու անցքերի միջով զույգ֊զույգ միացված խողովակները անցնում էին դեպի բալոնները։ Մի ավելի հաստ խողովակ դուրս էր գալիս կոկորդից ու միանում մի մեծ գլանի։ Գլանն ու բալոններն ունեին ծորակներ, մանոմետրեր, ջերմաչափեր և Լորանին անծանոթ, անհայտ գործիքներ։

Գլուխն ուշադրությամբ ու թախծալի նայում էր Լորանին, կոպերը թարթելով։ Կասկած չէր կարող լինել, որ գլուխն ապրում էր մարմնից անջատ, անկախ և գիտակցական կյանքով։

Չնայած ցնցող տպավորությանը, Լորանը չէր կարող չնկատել, որ այս գլուխը զարմանալիորեն նման էր վերջերս մահացած հայտնի գիտնական, վիրաբույժ պրոֆեսոր Դոուելի գլխին, որը հռչակվել էր թարմ դիակից կտրած օրգանների վերակենդանացման փորձերով։ Լորանը շատ անգամ էր ներկա եղել Դոուելի հանրային փայլուն դասախոսություններին և լավ էր հիշում այս բարձր ճակատը, բնորոշ պրոֆիլը, ալեծածան, սպիտակող, խիտ, շեկ մազերը և կապույտ աչքերը... Այո, այդ պրոֆեսոր Դոուելի գլուխն էր։ Միայն շրթունքներն ու քիթն էին բարակել, քունքերն ու այտերը ներս քաշվել, աչքերը ավելի փոս ընկել և սպիտակ մորթը ստացել էր մումիայի մուգ-դեղին գույն։ Սակայն աչքերում կյանք կար, միտք կար։

Լորանը, կախարդվածի նման, չէր կարողանում իր հայացքը կտրել այդ կապույտ աչքերից։

Գլուխն անձայն շարժեց շրթունքները։

Դա չափազանց էր Լորանի ջղերի համար։ Նա մոտ էր ուշաթափության։ Նեգրը նրան պահեց և դուրս տարավ լաբորատորիայից։

— Դա սարսափելի է։ Դա սարսափելի է,— կրկնում Լր Լորանը, ընկնելով բազկաթոռին։

Պրոֆեսոր Կերնը լուռ մատներով թմբկահարում էր սեղանը։

— Ասացե՛ք, մի՞թե դա...

— Պրոֆեսոր Դոուելի գլուխն է։ Այո՛, նրա գլուխն է՛։ Դոուելի, իմ մահացած հարգելի պաշտոնակցի գլուխը, որը ես կյանքի եմ կոչել։ Դժբախտաբար, ես կարող էի հարություն տալ միմիայն գլխին։ Ամեն ինչ միանգամից չի հաջողվում... Խեղճ Դոուելը տառապում էր առայժմս անբուժելի ախտով։ Մեռնելիս նա իր մարմինը կտակեց գիտական փորձերի համար, որը մենք կատարում էինք նրա հետ միասին։ «Իմ ամբողջ կյանքը գիտությանն է նվիրված եղել, թող գիտությանը ծառայի և իմ մահը։ Ես գերադասում եմ, որ դիակս փորփրի բարեկամ-գիտնականը, քան թե գերեզմանային ճիճուն...»։— Ահա ինչպիսի կտակ է թողել պրոֆեսոր Դոուելը։ Եվ ես ստացա նրա մարմինը։ Ինձ հաջողվեց ոչ միայն կենդանացնել նրա սիրտը, այլև հարություն տալ գիտակցությանը, ժողովրդի լեզվով ասած՝ հարություն տալ «հոգուն»։ Այստեղ ի՞նչ կա սարսափելի։ Մինչև այժմ մարդիկ մահը սարսափելի էին համարում։ Մի՞թե մեռածներին հարություն տալը մարդկության հազարամյա երազը չի եղել։

— Ես կղերադասեի մահն այսպիսի հարությունից։

Պրոֆեսոր Կերնը ձեռքով անորոշ շարժում արեց։

— Այո՛, նա ունի իր անհարմարությունը՝ հարություն առնողի համար։ Խեղճ Դոուելը անհարմար կզգար երևալ ժողովրդի մեջ այդպիսի... ոչ լիակատար տեսքով։ Ահա թե ինչու մենք գաղտնի ենք պահում այս փորձը։ Ես ասում եմ «մենք», որովհետև, այդ էր իր՝ Դոուելի ցանկաթյունը։ Ըստ որում այս փորձը դեռևս չի հասցված մինչև վերջ։

— Իսկ ինչպե՞ս պրոֆեսոր Դոուելը, այսինքն նրա գլուխն արտահայտեց այդ ցանկությունը։ Գլուխը կարո՞ղ է խոսել։

Պրոֆեսոր Կերնը մի վայրկյան շփոթվեց։

— Ո՛չ... Պրոֆեսոր Դոուելի գլուխը չի խոսում։ Սակայն նա լսում է, հասկանում է և կարող է պատասխանել դեմքի միմիկայով...

Եվ խոսակցությունը փոխելու համար պրոֆեսոր Կերնը հարցրեց.

— Այսպես, ուրեմն, դուք ընդունո՞ւմ եք իմ առաջարկությունը։ Շատ լավ։ Ես ձեզ սպասում եմ վաղ առավոտյան ժամի իննին։ Սակայն հիշեցեք՝ լռություն, լռություն և լռություն...


Արգելված ծորակի գաղտնիքը

Մարի Լորանին ծանր կյանք էր վիճակվել։ Նա 17 տարեկան էր, երբ մեռավ հայրը։ Մարիի ուսերին էր ընկած հիվանդ մոր հոգսը։ Հորից մնացած փոքրիկ միջոցները երկար ժամանակ չէին կարող բավականացնել, նա ստիպված էր սովորել և ընտանիք պահել։ Մարին մի քանի տարի աշխատեց թերթում որպես գիշերային սրբագրիչ։ Ստանալով բժշկի կոչում, իզուր ջանք թափեց պաշտոն գտնել։ Առաջարկություն եղավ գնալ Նոր Գվինիայի կորած վայրերը, ուր մոլեգնում էր դեղին տենդը։ Մարին չէր կարող հիվանդ մոր հետ գնալ այնտեղ և ոչ էլ բաժանվել նրանից։ Պրոֆեսոր Կերնի առաջարկը նրա համար ելք հանդիսացավ այդ դրությունից դուրս գալու։

Չնայած աշխատանքի ամբողջ տարօրինակությանը, նա համարյա առանց տատանվելու համաձայնեց։

Լորանը չգիտեր, որ պրոֆեսոր Կերնը, նախքան ընդունելը, իր մասին մանրամասն տեղեկություններ էր հավաքել։

Արդեն երկու շաբաթ էր, որ նա աշխատում էր Կերնի մոտ։ Նրա պարտականությունները բարդ չէին։ Նա պետք է օրվա ընթացքում հետևեր ապարատներին, որոնք պահպանում էին գլխի կյանքը։ Գիշերը նրան փոխարինում էր Ջոնը։

Պրոֆեսոր Կերնը նրան բացատրել էր, թե ինչպես պետք է վարվել բալոնների մոտ գտնվող ծտրակների հետ։ Ցույց տալով այն մեծ գլանը, որից մի հաստ խողովակ անցնում էր դեպի կոկորդը, Կերնը խստորեն արգելել էր Մարիին՝ բաց թողնել գլանի ծորակը։

— Եթե պտտես ծորակը, գլուխն իսկույն կսպանվի։ Մի օր ես ձեզ կբացատրեմ գլուխը սնուցելու իմ սիստեմը և այդ գլանի նշանակությունը։ Առայժմ ձեզ համար բավական է իմանալ, թե ինչպես պիտի վարվել ապարատների հետ։

Սակայն Կերնը չէր շտապում իր խոստացած բացաարությունները տալ։

Գլխի քթածակերից մեկում, խոր տեղավորված էր մի փոքրիկ ջերմաչափ։ Որոշակի ժամերի հարկավոր էր հանել և գրանցել ջերմությունը։ Ջերմաչափեր և մանոմետրեր ունեին նաև բալոնները։ Լորանը հետևում էր հեղուկների ջերմաստիճանին և բալոնների մեջ եղած ճնշմանը։ Լավ կարգավորված ապարատները աշխատելով ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ, ոչ մի նեղություն չէին պատճառում։ Գլխի քունքի մոտ դրված հատուկ զգայուն պրիբորը նշում էր բաբախումը, մեխանիկորեն գծելով կորագիծը։ 24 ժամից հետո ժապավենը փոխում էին։ Բալոնների պարունաությունը լրացվում էր Լորանի բացակայության ժամանակ, նախքան նրա գալը։

Մարին հետզհետե վարժվեց այդ գլխին և նույնիսկ բարեկամացավ նրա հետ։

Երբ Լորանը առավոտյան լաբորատորիա էր մտնում, քայլելուց և թարմ օդից վարդագույն դարձած թշերով, պրոֆեսորի գլուխը թույլ ժպտում էր նրան, և աչքի կոպերը դողում էին իբրև ողջույնի նշան։

Գլուխը չէր կարող խոսել։ Սակայն շուտով նրա և Լորանի միջև սահմանվեց պայմանական լեզու, թեև շատ սահմանափակ։ Դոուելի գլխի կոպի իջեցումը նշանակում էր «այո», իսկ վերև բարձրացումը՝ «ոչ»։ Որոշ չափով օգնում էին նաև անձայն շարժվող շրթունքները։

— Դուք ինչպե՞ս եք զգում ձեզ այսօր,— հարցնում էր Լորանը։

Գլուխը ժպտում էր «ժպիտի ստվերով» և իջեցնում կոպերը. «Լավ, շնորհակալ եմ»։

— Ինչպե՞ս անցկացրիք գիշերը։

Նույն միմիկան։

Հարցեր տալով, Լորանն արագությամբ կատարում էր առավոտյան պարտավորություններր։ Ստուգում ապարատները, ջերմաստիճանը, զարկերակը։ Մատյանում գրանցումներ կատարում։ Այնուհետև խիստ զգուշորեն, կակուղ սպունգի օգնությամբ, ջրախառն սպիրտով լվանում գլխի դեմքը, խոնավածուծ բամբակով սրբում ականջը։ Վերցնում արտևանունքերի վրայից կախված բամբակի կտորը, լվանում աչքերը, ականջները, քիթը, բերանը, որի համար բերանի ու քթի մեջ մտցնում էին հատուկ խողովակներ։ Մազերը կարգի բերում։

Նրա ձեռներն արագորեն ու ճարպկորեն շոշափում էին գլուխը։ Գլխի դեմքը գոհունակություն էր արտահայտում։

— Այսօր սքանչելի օր է,— ասում էր Լորանը,— կապո՜ւյտ֊կապո՜ւյտ երկինք։ Մաքուր, ցրտաշունչ օդ, մարդ ուզում է ամբողջ կրծքով շնչել։ Նայեցեք, որքան պայծառ է լուսավորում արեգակր. կարծես իսկապես գարնանային օր լինի։

Պրոֆեսոր Դոուելի շրթունքների անկյունները տխրորեն իջան։ Աչքերը թախիծով նայեցին դեպի պատուհանը և կանգ առան Լորանի վրա։

Լորանը կարմրեց իր մեջ զգացած թեթև սրտնեղությունից։ Զգայուն կնոջ բնազդով Լորանը խուսափում էր խոսել այն ամենի մասին, որն անմատչելի էր գլխի համար և կարող էր ավելորդ անգամ հիշեցնել նրա ֆիզիկական գոյության ողորմելի վիճակը։

Մարին գլխի նկատմամբ ինչ֊որ մայրական կարեկցություն էր զգում, ինչպես անօգնական, բնությունից վիրավարված երեխային են կարեկցում։

— Դե, սկսենք պարապել,— ասաց արագորեն Լորանը, որպեսզի ուղղի իր սխալը։

Առավոտները, նախքան պրոֆեսոր Կերնի գալը, գլուխն զբաղվում էր ընթերցանությամբ։ Լորանը բերում էր վերջին բժշկական ժուռնալների ու գրքերի մի կույտ և ցույց էր տալիս գլխին։ Գլուխը աչքի էր անցկացնում. կարևոր հոդվածի վրա շարժում էր հոնքերը։ Լորանը ժուռնալը դնում էր գրքակալի վրա, և գլուխը խորասուզվում էր ընթերցանության մեջ։ Լորանը հետևելով գլխի աչքերին, վարժվել էր գուշակելու, թե գլուիւը որ տողն է կարդում և ժամանակին շուռ էր տալիս էջերը։

Երբ կարիք էր լինում լուսանցքում նշում կատարել, գլուխը նշան էր անում, և Լորանը մատները տանում էր տողերի վրայով, հետևում էր գլխի աչքերին և մատիտով գծում էր լուսանցքներում։

Ինչի՞ համար էր գլուխն ստիպում նշումն եր կատարել լուսանցքներում, Լորանը չէր հասկանում, իսկ աղքատ միմիկական լեզվից էլ հույս չուներ բացատրություն ստանալ և դրա համար չէր հարցնում։

Սակայն մի անգամ Կերնի բացակայության ժամանակ, նրա առանձնասենյակից անցնելիս, գրասեղանի վրա տեսավ մի ժուռնալ, ուր նշումներ էր կատարել ինքը գլխի ցուցմունքներով, իսկ, թղթի վրա պրոֆեսոր Կերնի ձեռքով արտագրված էին նշված տեղերը։ Այս բանն ստիպեց Լորանին մտածմունքի մեջ ընկնել։

Այժմ հիշելով այդ, Մարին չկարողացավ չհարցնել։ Թերևս, գլխին կհաջողվեր մի կերպ պատասխանել։

— Ասացեք, ինչո՞ւ համար ենք մենք նշումներ անում գիտական հոդվածներում։

Պրոֆեսոր Դոուելի դեմքին երևաց անբավականության և անհամբերության արտահայտություն։ Գլուխն արտահայտիչ կերպով նայեց Լորանին, հետո ծորակին, որից դուրս էր գալիս դեպի գլխի կոկորդը գնացող խողովակը, և երկու անգամ բարձրացրեց հոնքերը։ Սա նշանակում էր խնդրանք։ Լորանը հասկացավ, որ գլուխն ուզում է, որպեսզի բաց անեն այդ արգելված ծորակը։ Առաջին անգամը չէր, որ գլուխը նրանից այդ բանը խնդրում էր։ Սակայն Լորւսնը գլխի ցանկությունը բացատրում էր այլ կերպ. գլուխը, ինչպես երևում է, ուզում է վերջ տալ իր անմխիթար գոյությանը։ Եվ Լորանը չէր համարձակվում բանալ արգելված ծորակը։ Նա չէր ուզում գլխի մահվան պատճառ դառնալ, վախենում էր պատասխանատվությունից, վախենում էր իր տեղը կորցնելուց։

— Ոչ, ոչ,— սարսափով պատասխանեց Լորանը գլխի խնդրանքին։— Եթե ես բաց անեմ այդ ծորակը, դուք կմեռնեք։ Ես չեմ ուզում, չեմ կարող, չեմ համարձակվում սպանել ձեզ։

Անհամբերությունից և անզորության գիտակցությունից գլխի դեմքը ջղաձգվեց։

Նա երեք անգամ եռանդագին վերև բարձրացրեց կոպերը և աչքերը...

— «Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ես չեմ մեռնի»,— այսպես հասկացավ Լորանը։ Նա տատանվում էր։

Գլուխն սկսեց անձայն շարժել շրթունքները, և Լորանին թվաց, թե շրթունքներն ուզում են ասել.

«Բա՛ց արեք, բաց արեք։ Աղաչում եմ...»։

Լորանի հետաքրքրությունը հասավ ծայր աստիճանի։ Նա զգաց, որ այստեղ ինչ-որ գաղտնիք է թաքնված։

Գլխի աչքերում երևաց անսահման վիշտ։ Աչքերը խնդրում էին, աղաչում ու պահանջում։ Թվում էր, որ մարդկային մտքի ողջ ուժը, կամքի ամբողջ լարվածությունը կենտրոնացւսծ էին այդ հայացքում։

Լորանը վճռեց։

Նրա սիրտը ուժեղ խփում էր, ձեռները ղողում էին, երբ նա զգուշորեն բաց արավ ձորակը։

Իսկույն գլխի կոկորդից ֆշշոց լսվեց։ Լորանը լսեց թույլ, խուլ ձայն, շառաչող և շշնջացող, ինչպես փչացած գրամաֆոն։

— Շնոր-հա-կալ... եմ... ձեզ... անից...

Արգելված ծորակը բաց էր թողնում գլանի մեջ խտացրած օդը։ Անցնելով գլխի կոկորդից, օդը շարժման մեջ էր դնում կոկորդի լարերը, և գլուխը հնարավորություն էր ստանում խոսելու։ Կոկորդի մկանները և ձայնալարերը արդեն չէին կարող կանոնավոր աշխատել։ Օդը թշշոցով անցնում էր կոկորդի միջից և այն ժամանակ, երբ գլուխը չէր խոսում։ Իսկ ներվային բնի ճեղքվածքը պարանոցի մասերում խանգարում էր ձայնալարերի մկանների աշխատանքը և ձայնին տալիս էր խուլ, ճարճատող տեմբր։

Գլխի դեմքն արտահայտում էր գոհունակություն։

Բայց այդ ժամանակ առանձնասենյակից ոտնաձայներ լսվեցին և փականքի բացման ձայն (լաբորատորիայի դուռը առանձնասենյակից միշտ փակվում էր բանալիով)։

Լորանը հազիվ կարողացավ փակել ծորակը։ Գլխի կոկորդում եղած ֆշշոցը դադարեց։

Ներս մտավ պրոֆեսոր Կերնը։


Գլուխը խոսում է

Այն ժամանակվանից, ինչ Լորանը գտել էր արգելված ծորակի գաղտնիքը, անցել էր մոտ մի շաբաթ։

Այդ ժամանակամիջոցում Լորանի և գլխի միջև էլ ավելի բարեկամական կապ էր ստեղծվել։ Այն ժամերին, երբ պրոֆեսոր Կերնը գնում էր համալսարան կամ կլինիկա, Լորանը բաց էր անում ծորակը, կոկորդն էր մղում օդի մի փոքր հոսանք, որպեսզի գլուխը կարողանա խոսել հասկանալի շշուկով։ Կամաց էր խոսում նաև Լորանը։ Նրանք վախենում էին, որ նեգրը կարող է լսել իրենց խոսակցությունը։

Պրոֆեսոր Դոուելի վրա, ըստ երևույթին, նրանց խոսակցությունները լավ էին ազդել։ Աչքերը դարձել էին ավելի կենդանի, և նույնիսկ միջհոնքային վշտալի կնճիռները հարթվել էին։

Գլուխը խոսում էր շատ և հաճույքով, կարծես թե վարձատրում էր իրեն հարկադրյալ լռության փոխարեն։

Անցյալ գիշերն երազում Լորանը տեսել էր պրոֆեսոր Դոուելի գլուխը, և արթնանալով մտածել «Արդյոք Դոուելի գլուխը երազներ տեսնո՞ւմ է»։

— Երազնե՜ր...— կամաց շշնջաց գլուխը։— Այո՛, ես երազներ տեսնում եմ։ Եվ ես չգիտեմ, ինչ են նրանք ինձ ամենից շատ պատճառում, վի՞շտ, թե՞ ուրախություն։ Երազում ես ինձ տեսնում եմ առողջ, ուժեղ և զարթնելով կրկնակի դժբախտ եմ զգում։ Թշվառ և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես։ Չէ՞ որ ես զրկված եմ ամենից, ինչ մատչելի է կենդանի մարդկանց։ Եվ միայն մտածելու ունակություն են ինձ թողել։ «Ես մտածում եմ, հետևաբար, ես գոյություն ունեմ»,— դառն ժպիտով մեջ բերեց գլուխը փիլիսոփա Դեկարտի խոսքերը։ Գոյությո՛ւն ունեմ...

— Իսկ երազում ի՞նչ եք տեսնում դուք։

— Ես ինձ երբեք չեմ տեսել երազում իմ այժմյան տեսքով։ Ես ինձ տեսնում եմ այնպես, ինչպես մի ժամանակ եղել եմ... Տեսնում եմ հարազատներիս, բարեկամներիս... Նորերս տեսա մահացած կնոջս և վերապրեցի նրա հետ մեր սիրո գարունը։ Բետտին մի անգամ դիմեց ինձ իբրև հիվանդ. նա ավտոմեքենայից դուրս գալիս վնասել էր ոտքը։

Մեր առաջին ծանոթությունը տեղի ունեցավ իմ ընդունարանում։ Մենք միանգամից մտերմացանք։ Չորրորդ այցելությունից հետո ես առաջարկեցի նրան նայել գրասեղանի վրա դրված իմ հարսնացուի նկարին։ «Ես կամուսնանամ նրա հետ, եթե ստանամ նրա համաձայնությունը»,— ասացի ես։ Նա մոտեցավ սեղանին և նրա վրա տեսավ մի փոքրիկ հայելի. նայելով հայելուն, նա ծիծաղեց և ասաց*. «Ես կարծում եմ... նա չի մերժի»։ Մի շաբաթից հետո նա իմ կինը դարձավ։ Այդ տեսարանը վերջերս աչքիս երևաց երազում...

Բետտին մեռավ այստեղ, Փարիզում։ Գուք գիտեք, ես այստեղ եկա Ամերիկայից, իբրև վիրահատ՝ եվրոպական պատերազմի ժամանակ։ Ինձ այստեղ ամբիոն առաջարկեցին, և ես մնացի, որպեսզի ապրեմ նրա թանկագին գերեզմանին մոտիկ։ Իմ կինը զարմանալի կին էր...

Գլխի դեմքը պայծառացավ հիշողություններից, սակայն իսկույն մռայլվեց։

— Որքան անսահման հեռու է այդ ժամանակը...

Գլուխն սկսեց մտածել։ Օդը խաղաղ ֆշշում էր նրա կոկորդում։

— Անցյալ գիշեր երազում տեսա իմ տղային։ Շատ կուզեի մեկ էլ տեսնել նրան։ Բայց չեմ համարձակվում նրան այդ փորձանքին ենթարկել... Նրա համար ես մեռած եմ...

— Նա չափահա՞ս է։ Որտե՞ղ է գտնվում հիմա։

— Այո՛, չափահաս է։ Նա գրեթե ձեր հասակին է կամ քիչ մեծ։ Ավարտել է համալսարանր։ Ներկայումս պետք է որ Անգլիայում լինի, իր մորաքրոջ մոտ։ Ոչ, ավելի լավ կլինի երազ չտեսնել... սակայն ինձ,— շարունակեց գլուխը քիչ լռելուց հետո,— երազները չեն միայն, որ տանջում են։ Արթուն ժամանակս ինձ տանջում են կեղծ զգացումները։ Որքան էլ սա տարօրինակ լինի, հաճախ ինձ թվում է, թե զգում եմ իմ մարմինը։ Ես հանկարծ ուզում եմ շնչել ամբողջ կրրծքով, պարզել, մեկնել ձեռներս, ինչպես այդ անում է երկար ժամանակ նստած մարդը։ Իսկ երբեմն հոդացավ եմ զգում ձախ ոտքում։ Ծիծաղելի է, չէ՞։ Իբրև բժշկի, այս բանը ձեզ պիտի հասկանալի լինի։ Ցավն այնքան ռեալ է, որ ես ակամա աչքերս վար եմ հառում և, իհարկե, ապակու միջից տեսնում եմ իմ ներքև դատարկ տարածություն, հատակի սալաքարերը... Երբեմն ինձ թվում է, որ այժմ կսկսի շնչարգելության նոպա, և այն ժամանակ ես գրեթե գոհ եմ իմ «ետմահյան գոյությամբ», որը գոնե ազատում է ինձ շնչարգելությունից... Այս ամենը ուղեղային բջիջների զուտ ռեֆլեքսային գործողություն է, որ մի ժամանակ կապված է եղել մարմնի գոյության հետ...

— Սարսափելի է...— չկարողացավ իրեն զսպել Լորանը։

— Այո, սարսափելի է... Տարօրինակ է, կյանքում ինձ թվում էր, որ ես ապրել եմ միայն մտքի աշխատանքով։ Իրոք ամբողջովփն գիտական պարապմունքով կլանված՝ կարծես չեմ նկատել մարմինս։ Եվ կորցնելուց հետո միայն զգացի, թե ինչ եմ կորցրել

Այժմ, ինչպես երբեք իմ ողջ կյանքում, ես մտածում եմ ծաղիկների բուրմունքի, անտառեզրի հոտավետ խոտաբույսերի, ոտքով հեռավոր զբոսանքներ կատարելու, ծովի ալեբախության աղմուկի մասին... Ես չեմ կորցրել իմ հոտառությունը, շոշափելիքը և այլ զգացումները, բայց ես կտրված եմ զգայական աշխարհի ամբողջ բազմազանությունից։ Խոտի բուրմունքը լավ է դաշտում, երբ այն կապված է հազարավոր այլ զգացումների հետ՝ և՛ անտառի բուրմունքի, և՛ բոցավառվող արշալույսի գեղեցկության, և՛ անտառային թռչունների երգերի հետ։ Ինձ համար արհեստական բուրմունքը չի կարող փոխարինել բնական բուրմունքին։ «Վարդ» օծանելիքի հոտը՝ ծաղկի փոխարեն։ Դա այնքան քիչ կբավարարեր ինձ, ինչքան քաղցած մարդու համար պաշտետի հոտը առանց պաշտետի։

Կորցնելով մարմինս, ես կորցրի աշխարհը, իրերի ողջ անծայրածիր գեղեցիկ աշխարհը, որ ես չէի նկատում, իրեր, որոնք կարելի է վերցնել, շոշափել և միաժամանակ զգալ իր մարմինը, իրեն։ Օ՜, ես հաճույքով կփոխանակեի իմ ցնորական գոյությունը հասարակ խճաքարի ծանրությունն իմ ձեռքում զգալու մի ուրախության հետ... Եթե իմանայիք, թե ինչպիսի բավականություն է պատճառում ինձ սպունգի շփումը, երբ դուք առավոտները լվանում եք իմ դեմքը. չէ՞ որ շոշափումը ինձ համար միակ հնարավորությունն է՝ զգալ ինձ ռեալ իրերի աշխարհում... Միակ բանը, որ կարող եմ ես անել, այդ լեզվիս ծայրով իմ չորացած շրթունքը շոշափելն է...

Այդ երեկո Լորանը տուն եկավ ցրված և հուզված։ Պառավ մայրը, ըստ սովորության, նրա համար թեյ պատրաստեց՝ սառը նախաճաշի հետ միասին. սակայն Մարին ձեռք չտվեց բուտերբրոդին, արագությամբ մի բաժակ թեյ խմեց լիմոնով և գնաց իր սենյակը։

Մոր ուշադիր հայացքը կանգ առավ նրա վրա։

— Դու վրդովվա՞ծ ես, Մարի,— հարցրեց պառավը։ Գուցե անախորժությո՞ւն է պատահել ծառայության մեջ։

— Ոչ, ոչինչ չի պատահել, մայրիկ, պարզապես հոգնած եմ, և գլուխս է ցավում... Մի քիչ շուտ կպառկեմ, և ամեն ինչ կանցնի։

Մայրը չպահեց նրան, հառաչեց և, մենակ մնալով, մտածմունքի մեջ ընկավ։ Այն ժամանակվանից, երբ Մարին ծառայության մտավ, նա շատ էր փոխվել։ Դարձել էր նյարդային, ինքնամփոփ։ Մայր ու աղջիկ միշտ շատ մտերիմ էին։ Նրանց միջև գաղտնիք չկար։ Բայց ահա երևան էր եկել գաղտնիքը։ Լորանի մայրը զգում էր, որ աղջիկը ինչ֊որ բան թաքցընում էր իրենից։ Ծառայության մասին մոր տված հարցերին Մարին պատասխանում էր կարճ ու անորոշ։

— Պրոֆեսոր Կերնը ունի տնային հիվանդանոց՝ բժըշկական տեսակետից առանձնապես հետաքրքիր հիվանդների համար։ Եվ ես խնամում եմ նրանց։

— Ինչպիսի՞ հիվանդներ են դրանք։

— Զանազան տեսակի։ Կան շատ ծանր դեպքեր...— Մարին մռայլվեց և խոսակցությունը փոխեց այլ թեմաների շուրջը։

Պառավին չէին բավարարում այդ պատասխանները։ Եվ նա սկսեց նույնիսկ կողմնակի տեղեկություններ հավաքել, բայց նրան ոչինչ չհաջողվեց իմանալ, բացի այն, ինչ արդեն ասել էր աղջիկը։

«Արդյոք նա սիրահարված չի՞ Կերնին, և թերևս անհուսալի ու անպատասխան է նրա կողմից...— մտածում էր պառավը։ Սակայն իսկույն ևեթ հերքեց՝ ո՛չ, իր աղջիկը մորից չէր թաքցնի իր հրապուրվելը։ Եվ հետո մի՞թե Մարին լավիկը չի։ Իսկ Կերնը ամուրի է։ Եվ եթե միայն Մարին սիրեր նրան, ապա, իհարկե, Կերնն էլ չէր դիմանա։ Ուրիշ այդպիսի Մարի չէր գտնի ամբողջ աշխարհում։ Ոչ, այստեղ ինչ֊որ այլ բան կա...»։ Եվ պառավը երկար ժամանակ չէր կարողանում քնել, շուռումուռ գալով ուռեցրած փետրաներքնակների վրա։

Չէր քնել և Մարին։

Մարելով լույսը, որպեսզի մայրը կարծի, թե ինքն արդեն քնել է, Մարին նստեց մահճակալի վրա՝ աչքերը լայն բացած։ Նա հիշում էր գլխի յուրաքանչյուր բառը և աշխատում էր պատկերացնել իրեն նրա տեղը։ Լեզուն կամացուկ քսում էր շրթունքին, քիմքին, ատամներին և մտածում.

«Ահա ամենը, ինչ կարող է կատարել գլուխը, կարելի է կծել շրթունքները, լեզվի ծայրը։ Կարելի է շարժել հոնքերը, պտտեցնել աչքերը։ Փակել և բացել աչքերը և բերանը։ Ուրիշ ոչ մի շարժում։ Ոչ, կարելի է մի փոքր էլ շարժել ճակատի մաշկը։ Եվ ուրիշ ոչինչ...»։

Մարին փակում ու բացում էր աչքերը և ծամածռություններ անում։ Եթե մայրն այդ պահին ներկա լիներ և տեսներ նրան, կկարծեր, թե աղջիկը խելագարվել է։

Հետո հանկարծ Մարին սկսեց բռնել իր ուսերը, ծնկները, շոշափել ծնկները, մատները խրել խիտ մազերի մեջ։

— Աստված իմ, ի՜նչ երջանիկ եմ ես,— շշնջաց նա,— ինչքան շատ բան ունեմ։ Որքա՜ն հարուստ եմ, և ես չգիտեի, չէի զգում։

Մարմնի հոգնածությունը հաղթահարեց։ Մարիի աչքերն ակամա փակվեցին։ Եվ նա տեսավ Դոուելի գլուխը։ Գլուխըն ուշադրությամբ և տխրագին նրան էր նայում։ Գլուխն անջատվել էր փոքր սեղանից և թռչում էր օդում։ Մարին վազում էր գլխի առջևից։ Կերնը, ուրուրի պես հարձակվում էր գլխի վրա։ Ոլորապտույտ միջանցքներ... Ամուր դռներ... Մարին շտապում էր բաց անել դռները, բայց նրանք չէին բացվում։ Եվ Կերնը հասնում է գլխին, գլուխը շվշվացնում է, ֆշշում է արդեն ականջի մոտ... Մարին զգում է, որ ինքը շնչասպառ է լինում։ Սիրտը թպրտում է կրծքի տակ, նրա հաճախակի հարվածները ցավագին արձագանք են տալիս ամբողջ մարմնում։ Սառը դող է անցնում մեջքով... Մարին բաց է անում նորանոր դռներ... Օ՜, ինչպիսի սարսափ...

— Մարի՛, Մարի՛, ի՞նչ է պատահել քեզ։ Արթնացիր, վերջապես, Մարի՛։ Դու տնքում ես...

Սա արդեն երազ չէ։ Մայրը կանգնած է գլխավերևը և տագնապով շփում է նրա մազերը։

— Ոչինչ, մայրիկ։ Ես միայն վատ երազ տեսա։

— Դու սկսել ես չափազանց հաճախ վատ երազներ տեսնել, զավակս...

Պառավ մայրը հեռանում է հառաչելով, իսկ Մարին միառժամանակ պառկած է աչքերը բաց, և սիրտն ուժգին բաբախում է։

— Նյարդերս սկսում են անպետքանալ,— կամաց շշնջում է նա և այս անգամ քնում է խոր քնով։


Մա՞հ, թե՞ սպանություն

Մի անգամ քնելուց առաջ, նայելով բժշկական ժուռնալները, Լորանը կարդաց պրոֆեսոր Կերնի հոդվածը՝ նոր գիտական հետազոտությունների մասին։ Այդ հոդվածում Կերնը վկայակոչում է նույն բնագավառում ուրիշ գիտնականների կատարած աշխատանքները։ Այս բոլոր քաղվածքներր վերցված էին գիտական ժուռնալներից և գրքերից ու ճշտությամբ զուգադիպում էին լուսանցքներում եղած այն նշումների հետ, որ կատարել էր Լորանը գլխի ցուցումով առավոտյան պարապմունքների ժամանակ։

Հաջորդ օրը հենց որ հնարավորություն եղավ խոսելու գլխի հետ, Լորանը հարցրեց.

— Ինչո՞վ է զբաղվում պրոֆեսոր Կերնը լաբորատորիայում իմ բացակայության ժամանակ։

Մի փոքր տատանվելուց հետո գլուխը պատասխանեց.

— Մենք նրա հետ շարունակում ենք գիտական աշխատանքները։

— Ուրեմն բոլոր այդ նշումները դուք կատարում էիք նրա՞ համար։ Իսկ ձեզ հայտնի՞ է, որ ձեր աշխատանքը նա իրեն է վերագրում։

— Ես գուշակում էի...

— Բայց դա զայրացուցիչ է։ Ինչպե՞ս եք դուք թույլ տալիս։

— Ի՞նչ կարող եմ անել։

— Եթե դուք չեք կարող, ապա ես կարող եմ,— զայրացած բացականչեց Լորանը։

— Կամաց... իզուր է... Ծիծաղելի կլիներ իմ այս դրության մեջ հեղինակի իրավունք պահանջելը։ Դրա՞մ։ Ինչի՞ս է հարկավոր։ Փա՞ռք։ Ի՞նչ կարող է տալ ինձ փառքը... Եվ հետո... Եթե այս բոլորը երևան գա, աշխատանքը չի ավարտվի։ Իսկ ես շահագրգռված եմ, որ աշխատանքը ավարտվի և, ճիշտն ասած, ուզում եմ տեսնել իմ աշխատանքի արդյունքը։

Լորանն սկսեց մտածել։

— Այո՛, այնպիսի մարդ, ինչպիսին է Կերնը, ընդունակ է ամեն բանի,— կամաց ասաց նա։— Երբ ես նրա մոտ ծառայության մտա, պրոֆեսոր Կերնն ինձ ասաց, որ դուր մեռել եք անբուժելի հիվանդությունից և դուք ինքներդ կտակել եք ձեր մարմինը գիտական աշխատանքների համար։ Ճի՞շտ է։

— Ես դժվարանում եմ խոսել այդ մասին։ Կարող եմ սխալվել։ Այդ ճիշտ է, սակայն՝ թերևս... ոչ բոլորն է ճշմարիտ։ Մենք նրա հետ միասին աշխատում էինք թարմ դիակներից վերցված օրգանների կենդանացման վրա։ Կերնը իմ ասիստենտն էր։ Իմ աշխատանքների վերջնական նպատակն այդ ժամանակ մարմնից կտրված մարդու գլխի կենդանացումն էր։ Ես ավարտել էի բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Մենք արդեն կենդանացրել էինք կենդանիների գլուխներ, սակայն վճռել էինք չհրապարակել այնքան ժամանակ, մինչև որ մեզ հաջողվեր կենդանացնել և ցուցադրել մարդկային գլուխը։ Այս վերջին փորձից առաջ, որի հաջողությանը ես չէի կասկածում, Կերնին հանձնեցի իմ կողմից կատարված բոլոր գիտական աշխատանքի ձեռագրերը՝ տպագրության պատրաստելու համար։ Միաժամանակ մենք աշխատում էինք մի ուրիշ գիտական պրոբլեմի վրա, որը նույնպես մոտ էր իր լուծմանը։ Այդ ժամանակ ինձ հետ սարսափելի շնչարգելություն պատահեց — մի հիվանդություն, որը ես, իբրե գիտնական, աշխատում էի հաղթահարել։ Մեր մեջ վաղուց համառ պայքար էր տարվում։ Ամբողջ հարցը ժամանակի մեջ էր՝ թե մեզանից ո՞վ առաջինր կհաղթանակի։ Գիտեի, որ հաղթանակը կարող է նրան մնալ։ Եվ ես, իսկապես, կտակեցի մարմինս անատոմիական աշխատանքների համար, թեկուզ և չէի սպասում, որ հատկապես իմ գլուխը պետք է կենդանանա։ Այսպես ահա.... Այս վերջին ուշաթափության ժամանակ Կերնն ինձ մոտ էր և բժշկական օգնություն էր ցույց տալիս։ Նա ինձ սրսկեց ադրենալին։ Գուցե... դոզան չափազանց շատ էր, իսկ գուցե և շնչարգելությունն էլ կատարեց իր գործը...

— Լավ, իսկ հետո՞։

— Ասֆիկսիա (շնչահեղձություն), կարճատև հոգեվարք և մահ, որն ինձ համար եղավ միմիայն գիտակցության կորուստ... Այնուհետև իմ գիտակցությունը զարթնեց՝ վզիս մասերում եղած սուր ցավից։ Ցավը հետզհետե թեթևանում էր։ Այն ժամանակ ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում։ Երբ Կերնի հետ մենք շան գլուխների կենդանացման փորձեր էինք կատարում, ուշադրություն դարձրինք այն բանի վրա, որ շները չափազանց սուր ցավ են զգում զարթնելուց հետո։ Շան գլուխը ափսեի վրա այնպիսի ուժով էր զարկվում, որ հաճախ արյունատար անոթներից դուրս էին ընկնում խողովակները, որոնցով տրվում էր սնուցիչ հեղուկը։ Այն ժամանակ ես առաջարկեցի անզգայացնել կտրվածքի տեղը։ Որպեսզի շան վիզը չցամաքի և չենթարկվփ բակտերիաների ներգործության, խորասուզում էինք Ռինգեն- Լոկկ-Դոուելի հատուկ լուծույթի մեջ։ Այս լուծույթը պարունակում է և՛ սնուցիչ, և՛ հականեխիչ, և՛ անզգայացուցիչ նյութեր։ Այդպիսի հեղուկի մեջ խորասուզվեց նաև իմ վզի կտրվածքը։ Առանց այս նախապահպանման միջոցների ես կարող էի շատ արագ կերպով մեռնել երկրորդ անգամ, զարթնելուց հետո, ինչպես մեռնում էին շների գլուխները մեր առաջին փորձի ժամանակ։ Սակայն, կրկնում եմ, այդ մոմենտին այս բոլորի մասին ես չէի իմանում։ Ամեն ինչ աղոտ էր, կարծես թե մեկն արթնացրեց ինձ ուժեղ հարբեցումից հետո, երբ ալկոհոլի ներգործությունը դեռևս չէր անցել։ Սակայն իմ ուղեղում առկայծում էր մի ուրախ միտք, որ եթե գիտակցությունս, թեկուզ և աղոտ, վերադարձել է ինձ, ապա նշանակում է ես չեմ մեռել։ Դեռևս աչքս չբացած, ես սկսեցի մտածել վերջին ուշաթափությանս տարօրինակության վրա։ Սովորաբար շնչարգելությանս նոպաներր դադարում էին հանկարծակի։ Երբեմն շնչարգելության ինտենսիվությունը թուլանում էր աստիճանաբար։ Սակայն ես դեռևս երբեք կորցրած չկայի գիտակցությունս ուշաթափությունից հետո։ Սա ինչ֊որ նոր բան էր։ Նոր էր նաև ուժեղ ցավի զգացումը վզիս մոտ։ Մի տարօրինակություն ևս. ինձ թվում էր, թե ես բոլորովին չեմ շնչում, իսկ դրա հետ մեկտեղ չէի զգում շնչարգելություն։ Ես փորձեցի շունչ քաշել, սակայն չկարողացա։ Ավելին. ես կորցրի իմ կրծքի զգացողությունը։ Ես չկարողացա լայնացնել կրծքիս վանդակը, թեև մեծ ջանքով, ինչպես ինձ թվաց, լարել էի կրծքիս մկանները։ «Ինչ-որ տարօրինակ է,— մտածեցի ես,— կամ քնած եմ, կամ զառանցում եմ...»։

Դժվարությամբ ինձ հաջողվեց բաց անել աչքերս... Խավար էր։ Ականջներումս անորոշ աղմուկ։ Ես նորից փակեցի աչքերս... Դուք գիտեք, որ երբ մարդը մեռնում է, ապա զգացումի օրգանները մարում են ոչ միաժամանակ։ Մարդս նախ կորցնում է ճաշակի զգացումը, ապա մարում է նրա տեսողությունը, հետո լսողությունը։ Ըստ երևույթին հակադարձ կարգով էր ընթանում նաև նրանց վերականգնումը։ Միառժամանակից հետո ես նորից բարձրացրի կոպերս և տեսա աղոտ լույս։ Կարծես թե ընկել էի խոր ջրի մեջ։ Հետո կանաչագույն մշուշն սկսեց ցրվել, և ես աղոտ կերպով իմ առաջ տեսա Կերնի դեմքը ու միառժամանակ բավական պարզ լսեցի նրա ձայնը.

— Ուշքի՛ եկաք։ Շատ ուրախ եմ, որ նորից ձեզ կենդանի եմ տեսնում։

Կամքիս վրա ճիգ գործ դնելով, ես ստիպեցի գիտակցությանս պարզվել։ Ես նայեցի ներքև և շուտով իմ կզակի տակ տեսա մի սեղան— այդ ժամանակ դեռևս այս փոքր սեղանը չկար, այլ կար մի հասարակ սեղան, խոհանոցային սեղանի նման, որը Կերնը իսկույն հարմարացրել էր փորձերի համար։ Ես ուզեցի ետ նայել, սակայն չկարողացա գլուխս դարձնել։ Այս սեղանի կողքին, նրանից բարձր, կար մի ուրիշ սեղան— հերձելու համար։ Այդ սեղանի վրա ընկած էր ինչ֊որ մեկի գլխատած դիակը։ Այդ դիակն ինձ տարօրինակ կերպով ծանոթ երևաց, չնայած այն բանին, որ նա գլուխ չուներ, և կրծքավանդակը հերձված էր։ Նրա մոտ, ապակյա մի արկղի մեջ, բաբախում էր մարդկային մի սիրտ... Ես տարակուսանքով նայեցի Կերնին։ Ես դեռևս ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու իմ գլուխը բարձրացված է սեղանի վրա և ինչու ես չեմ տեսնում իմ մարմինը։ Ուզեցի ձեռքս մեկնել, սակայն չշոշափեցի այն։

— Բանն ինչո՞ւմն է...— ուզեցի ասել Կերնին և միայն անձայն շարժեցի շրթունքներս։ Իսկ նա նայում էր ինձ և ժպտում։

— Չե՞ք ճանաչում,— գլխով ցույց տվեց նա պրոզեկտորական սեղանը։— Սա ձեր մարմինն է։ Այժմ դուք ընդմիշտ ազատվել եք շնչարգելությունից։

Նա դեռ կարող էր կատակներ անել... Եվ ես հասկացա ամեն ինչ։ Խոստովանում եմ, ես առաջին րոպեին ուզեցի բղավել, պոկ գալ սեղանից, սպանել ինձ և Կերնին... Ո՛չ, այդ այնքան էլ ճիշտ չէ։ Խելքով ես գիտեի, որ պետք է բարկանայի, գոռայի, զայրանայի և միևնույն ժամանակ զարմացած մնացի այն սառցային հանգստությունից, որը տիրեց ինձ։ Ես կարծես թե ինձ վրա և աշխարհի վրա նայում էի մի կողմից։ Իմ հոգեբանության մեջ կատարվեցին տեղաշարժեր։ Ես միայն հոնքերս կիտեցի ու... լռեցի։ Կարո՞ղ էի ես այնպես հուզվել, ինչպես հուզվում էի առաջ, երբ այժմ իմ սիրտը բաբախում էր ապակյա անոթի մեջ, իսկ նոր սիրտս մոտորն էր։

Լորանը սարսափով նայում էր գլխին։

— Եվ դրանից հետո... Դուք շարունակում եք նրա հետ աշխատե՜լ։ Եթե նա չլիներ, դուք կհաղթահարեիք շնչարգելությունը և այժմ առողջ մարդ կլինեիք... Նա գող է և մարդասպան, և դուք օգնում եք նրան փառքի գագաթին հասնելու։ Դուք աշխատում եք նրա համար։ Նա իբրև մակաբույծ սնվում է ձեր ուղեղի գործունեությամբ, նա ձեր գլխից պատրաստել է ստեղծագործական մտքի մի ակումուլյատոր և փող ու փառք է աշխատում դրանով։ Իսկ դուք... Նա ձեզ ի՞նչ է տալիս։ Ինչի՞ է նման ձեր կյանքը։ Դուք զրկված եք ամեն բանից։ Դուք անպետք կոճղակտոր եք, որի մեջ, ի դժբախտություն ձեզ, դեռևս ցանկությունէեեր են ապրում։ Կերնը խլել է ձեզանից ամբողջ աշխարհը։ Ներեցեք ինձ, բայց ես ձեզ չեմ հասկանում։ Եվ մի՞թե դուք հնազանդորեն, անտրտունջ աշխատում եք նրա համար։

Գլուխը ժպտաց տխուր։

— Գլխի խռովությո՞ւն։ Սա էֆեկտավոր բան է։ Իսկ ի՞նչ կարող եմ ես անել։ Չէ որ ես զրկված եմ նույնիսկ մարդկային վերջին հնարավորությունից — ինքնասպանություն կատարելուց։

— Սակայն դուք կարող եք հրաժարվել նրա հետ աշխատելուց։

— Եթե ուզում եք, ես այդ բանը արել եմ։ Սակայն իմ խռովությունը նրանից չէ, որ Կերնն օգտվում է իմ մտածողության ապարատից։ Վերջ ի վերջո ի՞նչ նշանակություն ունի հեղինակի անունը։ Կարևոր է, որ գաղափարր տարածվի աշխարհում և իր գործը կատարի։ Ես ապստամբեցի միայն նրա համար, որ ծանր էր ընտելանալ իմ նոր գոյությանը։ Ես մահը գերադասեցի կյանքից...

Ես ձեզ կպատմեմ մի դեպք, որ տեղի է ունեցել ինձ հետ այն ժամանակ։ Մի անգամ ես լաբորատորիայում մենակ էի, հանկարծ պատուհանից ներս թռավ մի մեծ սև բզեզ։ Որտեղի՞ց նա կարող էր երևան գալ վիթխարի քաղաքի կենտրոնում։ Չգիտեմ։ Գուցե նրան բերել էր մերձքաղաքային ուղևորությունից վերադարձած ավտոմեքենան։ Բզեզը պտտվեց իմ վերևում և նստեց փոքրիկ սեղանի ապակյա տախտակի վրա։ Ես շուռ տվի աչքերս և սկսեցի հետևել այդ զզվելի միջատին, հնարավորություն չունենալով դեն գցել։ Բզեզի ոտքերը սահելով անցան ապակու վրայով, և նա խշխշացնելով հոդերը, դանդաղորեն մոտեցավ իմ գլխին։ Չգիտեմ, կհասկանա՞ք արդյոք դուք ինձ... ես միշտ այդպիսի միջատների նկատմամբ ինչ֊որ առանձնահատուկ զզվանք եմ զգացել։ Ես երբեք չեմ կարողացել ստիպել ինձ մատներով դիպչել նրան։ Եվ ահա ես անզոր էի նույնիսկ այդպիսի չնչին թշնամու հանդեպ։ Իսկ նրա համար իմ գլուխը միմիայն հարմար տրամպլին էր թռիչք կատարելու համար։ Եվ նա շարունակում էր դանդաղորեն մոտենալ խշխշացնելով իր ոտքերը։ Մի փոքր ճիգ թափելուց հետո նրան հաջողվեց կպչել մորուքիս մազերին։ Նա խճճվելով մազերիս մեջ, երկար թպրտաց, սակայն համառորեն վեր էր բարձրանում։ Այսպես նա սողաց սեղմված շրթունքներիս վրայով, քթիս ձախ կողմով, փակված ձախ աչքիս վրայով, մինչև որ վերջաւղես հասավ ճակատիս, ընկավ ապակու վրա, իսկ այն տեղից էլ հատակին։ Մի դատարկ դեպք։ Սակայն այս բանը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա... Եվ երբ ներս մտավ պրոֆեսոր Կերնը, ես կտրականապես հրաժարվեցի նրա հետ գիտական աշխատանքներ կատարելուց։ Ես գիտեի, որ նա չի հանդգնի հրապարակորեն ցուցադրել իմ գլուխը, իսկ առանց օգուտի էլ, նա իր մոտ չի պահի այն։ Չէ՞ որ նա կարող է որպես հանցանշան հանդես գալ իր դեմ։ Եվ նա կսպանի ինձ։ Այսպես էի մտածում ես։ Մեր մեջ պայքար սկսվեց։ Նա դիմեց բավական դաժան միջոցների։

Մի անգամ, ուշ երեկոյան, նա ինձ մոտ եկավ էլեկտրական ապարատով և քունքերիս վրա դրեց էլեկտրոդները և դեռևս բաց չթողնելով հոսանքը — խոսեց ինձ հետ։ Նա կանգնած էր ձեռքերը կրծքին խաչած և խոսում էր չափազանց փաղաքշական, մեղմ տոնով, ինչպես իսկական ինկվիզիտոր։

— Թանկագին պաշտոնակից,— սկսեց նա։— Մենք այստեղ մենակ ենք, դեմառդեմ, քարե հաստ պատերի ներսում։ Սակայն եթե նույնիսկ պատերը բարակ լինեին, այդ բանը չէր փոխի գործի դրությունը, որովհետև դուք չեք կարող բղավել։ Դուք լիովին իմ իշխանության տակ եք։ Ես կարող եմ ձեզ ամենասոսկալի տանջանքների ենթարկել և անպատիժ մնալ։ Բայց ինչի՞ համար են տանջանքները. երկուսս էլ գիտնականներ ենք և կարող ենք իրար հասկանալ։ Ես գիտեմ, որ ձեր կյանքը դժվար է, սակայն դրանում ես մեղք չունեմ։ Դուք ինձ հարկավոր եք, և ես չեմ կարող ձեզ ազատել ծանր կյանքից, իսկ դուք ի վիճակի չեք փախչել ինձանից նույնիսկ մահվան գիրկը։ Ուրեմն ավելի լավ չի՞ խաղաղությամբ վերջացն ենք գործը։ Դուք կշարունակեք ձեր գիտական պարապմունքները...»։ Ես բացասաբար շարժեցի հոնքերս, և իմ շրթունքներն անաղմուկ շշնջացին — «ո՛չ»։

«Դուք շատ եք վշտացնում ինձ։ Գլանակ չե՞ք ուզում։ Ես գիտեմ, որ դուք չեք կարող լիակատար բավականություն զգալ, քանի որ թոքեր չունեք, որով նիկոտինը կարողանա թափանցել արյան մեջ, բայց և այնպես ծանոթ զգացումներ...»։ Եվ նա պորտսիգարից հանելով երկու գլանակ, մեկը ինքը ծխեց, իսկ մյուսը կոխեց իմ բերանը։ Ինչպիսի հաճույքով ես կթքեի այդ պապիրոսի վրա։ «Դե՛, լա՛վ, պաշտոնակից,— ասաց նա նույնպիսի փաղաքշական, անխռով ձայնով,— դուք ստիպում եք ինձ դիմելու ներգործության միջոցների...»։

Այն ժամանակ նա բաց թողեց էլեկտրական հոսանքը։ Կարծես թե մի շիկացած գայլիկոն ծակեց իմ ուղեղը...

— Դուք ինչպե՞ս եք զգում ձեզ,— հոգատարությամբ, հարցրեց նա ինձ, ինչպես բժիշկն է հարցնում բուժվողին։ — Գլուխդ ցավո՞ւմ է։ Թերևս դուք ուզում եք բժշկել այն. դրա համար արժե միայն...

«Ոչ»,— պատասխանում էին իմ շրթունքները։

— Շա՜տ, շա՜տ ափսոս։ Ստիպված պետք է մի փոքր ուժեղացնել հոսանքը։ Դուք շատ եք վշտացնում ինձ,— և նա բաց թողեց այնպիսի ուժեղ հոսանք, որ ինձ թվաց, թե իմ գլուխը բոցավառվելու է։ Ցավն անտանելի էր։ Ես կըրճտացրի ատամներս։ Գիտակցությունս պղտորվեց։ Ինչպե՜ս էի ուզում կորցնել այն։ Բայց, դժբախտաբար, չէի կարողանում։ Ես միայն փակեցի աչքերս և սեղմեցի շրթունքներս։ Կերնը ծխում էր և ծուխը բաց թողնելով երեսիս, շարունակում էր կրակով խորովել իմ գլուխը։ Նա այլևս չէր համոզում ինձ։ Եվ երբ բացեցի աչքերս, տեսա, որ նա կատաղած էր իմ համառությունից։

— Սատանան տանի՛. եթե ձեր ուղեղն ինձ հարկավոր չլիներ, ես կտապակեի այն և այսօր ևեթ դրանով կկերակրեի իմ շանը։ Թո՛ւ, կամակոր,— և առանց ցերեմոնիայի իմ գլխից պոկելով էլեկտրալարը, հեռացավ։ Սակայն դեռևս վաղ էր իմ ուրախությունը։

Շուտով նա վերադարձավ և սկսել գլուխն սնող լուծույթի մեջ գրգռիչ նյութեր լցնել, որոնք ինձ սոսկալի ցավեր էին պատճառում։ Ես ակամա կնճռոտեցի դեմքս, իսկ նա հարցրեց ինձ.

— Ուրեմն ինչպե՞ս, պաշտոնակից, դուք չվճռեցի՞ք։ Դեռևս ո՞չ։

Ես անդրդվելի էի։

Նա դուրս եկավ էլ ավելի կատաղած, հազար անեծքներ թափելով ինձ վրա։ Ես տոնում էի հաղթանակս։

Կերնը մի քանի օր լաբորատորիա չէր գալիս, և օրեցօր ես սպասում էի փրկարար մահվան։

Հինգերորդ օրը նա ներս մտավ, կարծես թե բան չէր եղել, նա ուրախ էր և երգ էր սուլում։

Չնայելով ինձ վրա, նա սկսեց շարունակել աշխատանքը, երկու կամ երեք օր ես հետևում էի նրան, չմասնակցելով այդ աշխատանքներին։ Սակայն աշխատանքը չէր կարող չհետաքրրքրել ինձ։ Եվ երբ նա փորձեր կատարելիս մի քանի սխալներ կատարեց, որոնք կարող էին խորտակել մեր բոլոր աշխատանքների արդյունքները, ես չհամբերեցի և նրան նշան արի։

— Վաղուց պետք է անեիք,— ասաց նա գոհ ժպիտով և օդ բաց թողեց իմ կոկորդի մեջ։ Ես բացատրեցի սխալները և մինչև օրս շարունակվում եմ ղեկավարել աշխատանքր... Նա խորամանկությամբ գերազանցեց ինձ։


Մեծ քաղաքի զոհերը

Այն օրից, երբ Լորանն իմացավ գլխի գաղտնիքը, նա սկսեց սաստիկ ատել Կերնին։ Եվ այդ զգացումն օրեցօր ուժեղանում էր։ Նա քնում և զարթնում էր այդ զգացմունքով։ Նա Կերնին տեսնում էր սոսկալի մղձավանջային երազներում, ուղղակի հիվանդացել էր ատելությամբ։ Վերջին ժամանակներս Կերնին հանդիպելիս հազիվ էր կարողանում զսպել իրեն, որ ուղղակի նրա երեսին չասեր. մարդասպան։

Լորանն իրեն պահում էր զսպված ու սառը։

— Կերնը հրեշավոր ոճրագործ է,— բացականչում էր Մարին, մենակ մնալով գլխի հետ։ — Ես մատնելու եմ նրան... Ես պետք է գոռամ, բղավեմ նրա հանցանքի մասին, չեմ հանգստանա, մինչև չմերկացնեմ նրա գողացած փառքը, չբացեմ նրա բոլոր չարագործությունները։ Ես ինձ չեմ խնայի...

— Սո՜ւս. հանգստացեք,— համոզում էր գլուխը,— ես արդեն ձեզ ասացի, որ իմ մեջ չկա վրեժի զգացում։ Սակայն եթե ձեր բարոյական զգացումը խռովված է և ծարավի է վրեժխնդրության, ես ձեզ չեմ համոզի, որ դուք ետ կանգնեք ձեր մտադրությունից... Միայն մի՛ շտապեք։ Ես խնդրում եմ, սպասեք մինչև մեր փորձերն ավարտենք։ Չէ՞ որ այժմ ես էլ Կերնի կարիքն ունեմ, ինչպես նա՝ իմ։ Նա առանց ինձ չի կարող վերջացնել աշխատանքը, և ոչ էլ ես՝ առանց նրան։ Իսկ չէ՞ որ այս է այն ամենը, ինչ մնացել է ինձ... Ավելին. ես այլևս ստեղծել չեմ կարող, սակայն սկսված աշխատանքները պետք է ավարտվեն։

Առանձնասենյակում ոտնաձայներ լսվեցին։

Լորանն իսկույն փակեց ծորակը և նստեց գիրքը ձեռքին, դեռևս հուզված դրությամբ։ Դոուելի գլուխը իջեցրեց կոպերը, քնի մեջ խորասուզված մարդու նման։

Ներս մտավ պրոֆեսոր Կերնը։

Նա կասկածանքով նայեց Լորանին։

— Բանն ինչո՞ւմն է։ Դուք հուզված եք երևվում։ Ամեն ինչ կարգի՞ն է։

— Ոչ... Ոչինչ... ամեն ինչ կարգին է... ընտանեկան անախորժություններ...

— Տվե՛ք ձեր զարկերակը...

Լորանը տհաճորեն երկարացրեց ձեռքը։

— Արագ է խփում... Ջղերը կարգին չեն։ Ջղային մարդկանց համար, իհարկե, ծանր է այս աշխատանքը, սակայն ես ձեզանից գոհ եմ, ես կրկնապատկում եմ ձեր աշխատավարձը։

— Ես կարիք չունեմ, շնորհակալ եմ ձեզանից։

— «Ես կարիք չունե՞մ»։ Ո՞ւմ փող հարկավոր չէ։ Չէ՞ որ դուք ընտանիք ունեք։

Լորանը ոչինչ չպատասխանեց։

— Ահա թե ինչ։ Պետք է մի քանի նախապատրաստություններ։ Պրոֆեսոր Դոուելի գլուխը մենք կդնենք լաբորատորիայի հետևի սենյակում, ժամանակավորապես, պաշտոնակից, ժամանակավորապես։— Դուք քնած չե՞ք,— դարձավ նա գլխին։— Իսկ վաղն այստեղ կբերեն երկու թարմ դիակ, և մենք նրանցից կպատրաստենք երկու լավ խոսող գլուխներ և կցուցադրենք դրանց գիտական ընկերությունում։ Ժամանակն է հրապարակելու մեր հայտնագործությունները։

Եվ Կերնը նորից նայեց Լորանին խուզարկու հայացքով։

Որպեսզի ժամանակից առաջ հանդես չբերի իր ատելության ուժը, Լորանն իրեն ստիպեց անտարբեր տեսք ընդունել և շտապեց իր գլխում ծագած առաջին հարցր տալ.

— Ո՞ւմ դիակներր պետք է բերեն։

— Ես չգիտեմ, և ոչ ոք չգիտի այդ, որովհետև այժմ դրանք դեռ դիակներ չեն, այլ կենդանի և առողջ մարդիկ։ Մեր երկուսիցս էլ առողջ։ Այս բանը ես կարող եմ ասել վստահ կերպով։ Ինձ հարկավոր են բացարձակապես առողջ մարդկանց գլուխներ, սակայն վաղը նրանց սպասում է մահը։ Իսկ մի ժամից ոչ ուշ նրանք այստեղ կլինեն, պրոզեկտորական սեղանի վրա։ Ես արդեն կհոգամ այս մասին։

Լորանը, որ պրոֆեսոր Կերնից սպասում էր ամեն բան, նրան նայեց այնպիսի վախեցած հայացքով, որ մի վայրկյան Կերնը շփոթվեց, իսկ հետո բարձր ծիծաղեց.

— Ավելի հեշտ բան չկա։ Ես պատվիրեցի երկու թարմ դիակ դիասրահում։ Գիտեք, բանը նրանումն է, որ քաղաքը - ժամանակակից այդ մոլոխը - պահանջում է ամենօրյա մարդկային զոհեր։ Ամեն օր, բնության անխախտելի օրենքի համաձայն, քաղաքում փողոցային երթևեկության հետևանքով սպանվում են մի քանի հոգի, չհաշված գործարաններում, ֆաբրիկաներում և նորակառույցներում տեղի ունեցած դժբախտ պատահարները։ Եվ ահա այս դատապարտված, կենսուրախ, լիաուժ և առողջ մարդիկ այսօր կքննեն, չիմանալով, թե վաղն ինչ է սպասում իրենց։ Վաղ առավոտյան նրանք կարթնանան և ուրախ երգելով կհագնվեն, որպեսզի, ինչպես նրանք մտածում են, գործի գնան, իսկ իրականում՝ դիմավորելու իրենց անխուսափելի մահվան։ Միևնույն ժամանակ քաղաքի մի ուրիշ ծայրում նույնպես անհոգ երգելով պետք է հագնվի նրանց ակամա դահիճը — շոֆերը կամ վագոնավարը։ Այնուհետև զոհը դուրս կգա իր բնակարանից , իսկ քաղաքի հակառակ ծայրից՝ իր գարաժից կամ տրամվայի պարկից դուրս կգա դահիճը։ Հաղթահարելով փողոցային շարժման հեղեղը, նրանք համառորեն պիտի իրար մոտենան, իրար չճանաչելով մինչև փողոցի հատման ճակատագրական կետը։ Հետո մի պահ նրանցից մեկը կշփոթվի և ահա պատրաստ է։ Փողոցային շարժման զոհերի թիվը նշող վիճակագրական հաշվեթերթերում ավելացվում է մի դեպք ևս։ Փողոցի հատման ճակատագրական այս կետում հազարավոր նման դեպքեր են լինում։ Բայց չնայած դրան, այս բոլորն անխուսափելիորեն կատարվելու է ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ, որը մի վայրկյանում շարժում է մի հարթության վրա երկու սլաք, որոնք գնում են տարբեր արագությամբ։

Պրոֆեսոր Կերնը դեռևս երբեք այսպես երկար չէր զրուցել Լորանի հետ։ Իսկ այդ անսպասելի առատաձեռնությունը...

«Ուզում է ինձ սիրաշահել, կաշառել»,— մտածեց Լորանը։— «Նա, կարծես, կասկածում է, որ ես կռահում եմ կամ նույնիսկ շատ բան գիտեմ։ Սակայն նրան չի հաջողվի կաշառել ինձ»։


Լաբորատորիայի բնակիչները

Առավոտյան պրոֆեսոր Կերնի լաբորատորիայի պրոզեկտորական սեղանի վրա դրված էին երկու թարմ դիակ։

Այս երկու գլուխները, որոնք նշանակված էին հրապարակային ցույցի համար, չպետք է իմանային պրոֆեսոր Դոուելի գոյության մասին։ Եվ դրա համար էլ Կերնը հեռատեսորեն պրոֆեսոր Դոուելի գլուխը աեղափոխել էր հարևան սենյակը։

Տղամարդու դիակը պատկանում էր 30 տարեկան մի բանվորի, որը զոհ էր գնացել փողոցային երթևեկության հեղեղին։ Այդ ուժեղ մարմինը ջարդվել էր։ Նրա կիսաբաց, կանգ առած աչքերում սառել էր սարսափը։

Պրոֆեսոր Կերնը, Լորանը և Ջոնը սպիտակ խալաթներ հագած աշխատում էին դիակների վրա։

— Կային էլի մի քանի դիակներ,— ասում էր պրոֆեսոր Կերնը։— Մի բանվոր փայտամածից էր ընկել։ Խոտանեցի։ Ցնցումից կարող էր վնասված լինել ուղեղը։ Խոտան հանեցի նաև մի քանի ինքնասպանների, որոնք թույն էին խմել, իսկ այս տղան՝ հարմար գուրս եկավ։ Ահա՛, այս գիշերային գեղեցկուհին ևս...

նա գլխի շարժումով ցույց տվեց կնոջ դիակը, որի դեմքը գեղեցիկ էր, բայց թառամած։ Դեմքի վրա դեռևս պահպանված էին կարմիր գույնի և գրիմամատիտի հետքերը։ Դեմքը հանգիստ էր։ Միայն վեր ցցված հոնքերը և կիսաբաց բերանը ինչ֊որ մանկական զարմանք էին արտահայտում։

— Ռեստորանի երգչուհի։ Սպանվել է հարբած սրիկաների վեճի ժամանակ պատահական գնդակից։ Ուղիղ սրտին է կպել։ Տեսնո՞ւմ եք։ Դիտմամբ չէիր կարող այսպես խփել։

Պրոֆեսոր Կերնը աշխատում էր արագ և վստահ։ Գլուխները բաժանված էին մարմիններից, դիակները՝ հեռացված։

Էլի մի քանի րոպե, և գլուխներն արդեն դրված էին բարձր սեղանների վրա։ Կոկորդում, երակներում և քներակներում մտցված էին խողովակներ։

Պրոֆեսոր Կերնը գտնվում էր հաճելի գրգռված կացության մեջ։ Մոտենում էր նրա հաղթանակի վայրկյանը։ Նա չէր կասկածում իր հաջողությանը։

Գլուխների առաջիկա ցուցադրման և պրոֆեսոր Կերնի զեկուցմանը հրավիրված էին գիտական աշխարհի պայծառ աստղերը։ Հմուտ մարդկանց միջոցով ղեկավարվող մամուլը տպագրել էր նախնական հողվածներ, որոնց մեջ պրոֆեսոր Կերնի գիտական հանճարն էր հռչակել։ Ժուռնալները տպել էին նրա նկարը։ Կերնի ելույթը մեռած մարդկային գլուխների կենդանացման ապշեցուցիչ փորձերի հետ՝ ազգային գիտության հաղթանակ էին հայտարարել։

Ուրախ սուլելով, պրոֆեսոր Կերնը լվաց ձեռքերը, ծխեց սիգարը և ինքնահավան նայեց իր առջև դրված գլուխներին։

— Խե՛-խե՛։ Սկուտեղի վրա ընկել է ո՛չ միայն Յոհանի, այլև Սալոմեի գլուխը։ Վատ հանդիպում չէ։ Մնում է միայն բաց անել ծորակը, և մեռածները կվերակենդանանան։ Է՛հ, ինչ կա որ, օրիորդ։ Վերակենդանացրեք։ Բացեք բոլոր երեք ծորակները։ Այս մեծ գլանը պարունակում է սեղմած օդ և ոչ թե թույն, խե-խե...

Լորանի համար վաղուց այդ նորություն չէր։ Սակայն նա ցույց չէր տալիս, որ գիտե։

Կերնը հանկարծ մռայլվեց և լուրջ կերպարանք ընգունեց։ Մոտենալով Լորանին նա, շեշտելով յուրաքանչյուր խոսքը, ասաց.

— Սակայն , խնդրում եմ պրոֆեսոր Դոուելի մոտ օդի ծորակը չբանալ։ Նրա... ձայնալարերը վնասված են և...— Որսալով Լորանի կասկածոտ հայացքը, նա ջղայնացած ավելացրեց,— ինչ էլ որ լինի... ես արգելում եմ ձեզ, եղեք հնազանդ, եթե չեք ուզում խոշոր անախորժություններ ունենալ։

Եվ նորից ուրախանալով, նա սկսեց ծոր տալով երգել «Պայացներ» օպերայի մոտիվը։

— Այսպես ուրեմն, մենք սկսում ենք։

Լորանը բաց արավ ծորակները...

Կյանքի առաջին նշանները սկսեց ցույց տալ բանվորի գլուխը։ Հազիվ նկատելի շարժվեցին կոպերը։ Բիբերը դարձան թափանցիկ։

— Ցիրկուլյացիա կա։ Ամեն ինչ լավ է ընթանում...

Հանկարծ աչքերը փոխեցին իրենց ուղղությունը, դարձան դեպի պատուհանի լույսը։ Դանդաղորեն վերադառնում էր գիտակցությունը։

— Ապրում է,— ուրախ բացականչեց Կերնը։— Տվեք ավելի ուժեղ օդի հոսանք։

Լորանը ծորակն ավելի լայն բաց արավ, օդը սուլեց կոկորդում։

— Այս ի՞նչ է... Որտե՞ղ եմ ես...— հազիվ լսելի արտասանեց գլուխը։

— Դուք հիվանդանոցումն եք, բարեկամ,— ասաց Կերնը։

— Հիվանդանոցո՞ւմ...— գլուխն աչքերը դարձրեց ներքև և իր տակը տեսավ դատարկ տարածություն։

— Իսկ ո՞ւր են իմ ոտքերը։ Ո՞ւր են իմ ձեռքերը։ Ո՞ւր է իմ մարմինը...

— Չկա՛ն, սիրելի՛ս։ Նրանք ջարդուփշուր են եղել, միմիայն գլուխն է մնացել, իսկ իրանը ստիպված եղանք կտրել։

— Ինչպե՞ս թե կտրել։ Բայց ոչ, ես համաձայն չեմ։ Այդ ինչ տեսակ օպերացիա է։ Այսպես ինչի՞ պետք եմ։ Միայն գլխով հաց չես աշխատի։ Ինձ ձեռքեր են հարկավոր։ Առանց ձեռքի, առանց ոտքի ոչ ոք աշխատանքի չի ընդունի... Այսպես դուրս գալ հիվանդանոցից... Թո՛ւ, և ինչո՞վ դուրս գալ։ Այժմ ի՞նչ անել։ Խմել, ուտել է հարկավոր։ Ես ճանաչում եմ մեր հիվանդանոցներր։ Մի քիչ պահում են ու դուրս վռնդում, թե բժշկեցինք։ Ո՛չ, ես համաձայն չեմ,— պնդում էր գլուխը։

Արտասանության անճշտությունը, լայն, արևակեզ, պեպենոտ դեմքը, սանրվածքը, կապույտ աչքերի միամիտ հայացքը,— ամեն ինչ նրա մեջ երևան էր հանում գյուղական բնակչին։ Կարիքը կտրել էր նրան հայրենի դաշտերից, քաղաքը բզկտել էր նրա ջահել, առողջ մարմինը...

— Թերևս, գոնե որևէ նպաստ կտան... իսկ ո՞ւր է նա...

— Հանկարծ հիշեց գլուխը, և նրա աչքերը լայն բացվեցին։

— Ո՞վ։

— Նա... ով ինձ տակով արավ։ Այստեղ տրամվայ, այնտեղ մի ուրիշ տրամվայ, ավտոմոբիլ, իսկ նա ուղիղ ինձ վրա եկավ...

— Մի անհանգստացեք։ Նա իր պատիժը կստանա։ Բեռնատար մեքենայի համարը գրված է՝ 4711, եթե այդ ձեզ հետաքրքրում է։

— Ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց պրոֆեսոր Կերնը։

— Ի՞մ։ Ինձ Թոմա են կոչում։ Թոմա Ռուշ։

—- Ահա թե ինչ, Թոմա՛... դուք ոչ մի բանի կարիք չեք զգա և չեք տառապելու ո՛չ քաղցից, ո՛չ ցրտից, ոչ ծարավից։ Ձեզ փողոց չեն շպրտի, մի՛ անհանգստացեք։

— Ի՞նչ է, ձրի եք կերակրելու կամ փողո՞վ եք ցույց տալու տոնավաճառներում։

— Ցույց կտանք, բայց ոչ թե տոնավաճառներում։ Գիտնականներին ցույց կտանք։ Իսկ այժմ հանգստացեք,— և դառնալով կանացի գլխին՝ Կերնը մտահոգորեն նկատեց.

— Սալոմեն ստիպում է երկար սպասել իրեն։

— Ա՞յդ էլ առանց մարմնի գլուխ է,— հարցրեց Թոմայի գլուխը։

— Ինչպես տեսնում եք։ Որպեսզի դուք չտխրեք, մենք ձեզ համար մի աղջիկ ենք հրավիրել... Փակեցե՛ք, Լորա՛ն, նրա օդային ծորակը, որպեսզի իր շաղակրատությամբ չխանգարի։

Կերնը դուրս քաշեց կնոջ գլխի քթածակից ջերմաչափը։

— Ջերմաստիճանը բարձր է դիակի ջերմությունից, բայց դեռևս քիչ է։ Վերակենդանացումը դանդաղ է գնում...

Ժամանակն անցնում էր։ Կնոջ գլուխը չէր վերակենդանանում։ Պրոֆեսոր Կերնը սկսեց հուզվել։ Նա քայլում էր լաբորատորիայում՝ նայելով ժամացույցին, և քարե հատակի վրա նրա ամեն մի քայլը ուժեղ արձագանք էր տալիս մեծ սենյակում։

Թոմայի գլուխը տարակուսանքով նայում էր նրան և անձայն շարժում էր շրթունքները։

Վերջապես Կերնը մոտեցավ կնոջ գլխին և ուշադրությամբ դիտեց ապակյա խողովակները, որոնցով վերջանում էին կաուչուկե խողովակները։ Այդ խողովակները մտցված էին քներակի մեջ։

— Ահա թե ինչ է պատճառը։ Այս խողովակը բավականին ազատ է մտնում, և ցիրկուլյացիան դանդաղ է կատարվում։ Տվեք ավելի լայն խողովակ։

Կերնը փոխեց խողովակը, և մի քանի րոպեից հետո գլուխը վերակենդանացավ։

Բրիկեի գլուխը,— այդպես էին կոչում կնոջը,— ավելի բուռն կերպով արձագանքեց իր վերակենդանացմանը։ Երբ նա վերջնականապես ուշքի եկավ և սկսեց խոսել, ապա սկսեց խռպոտ ձայնով բղավել, աղաչելով, որ լավ կլինի իրեն սպանել, բայց չթողնել այդպես խեղանդամ։

— Ա՜խ, ա՜խ, ա՜խ... իմ մարմինը... իմ խեղճ մարմինը... Ի՞նչ եք արել դուք ինձ. փրկեցեք ինձ կամ սպանեցեք։ Ես չեմ կարող ապրել առանց մարմնի... թողե՛ք գոնե նայեմ նրան... ո՛չ, ո՛չ, հարկավոր չէ։ Նա առանց գլխի է... ի՜նչ սոսկալի բան... ի՜նչ սոսկալի բան...

Երբ նա մի փոքր հանգստացավ, ասաց.

— Դուք ասում եք, որ ինձ վերակենդանացրել եք։ Ես քիչ կրթություն ունեմ, սակայն գիտեմ, որ գլուխը չի կարող առանց մարմնի ապրել։ Ի՞նչ է սա, հրա՞շք, թե՞ կախարդություն։

— Ո՛չ այս և ո՛չ այն։ Սա գիտության նվաճումն է։

— Եթե ձեր գիտությունը կարող է ստեղծել այսպիսի հրաշքներ, ապա նա պետք է կարողանա անել և ուրիշ հրաշքներ էլ։ Դրեք ինձ մի ուրիշ մարմին։ Էշ ժորժը գնդակով ծակեց ինձ, բայց մի՞թե քիչ աղջիկներ կան, որոնք գնդակ են արձակում իրենց ճակատին։ Կտրեք նրանց մարմինը և միացրեք իմ գլխին։ Միայն առաջուց ինձ ցույց տվեք։ Հարկավոր է գեղեցիկ մարմին ջոկել, իսկ այսպես ես չեմ կարող... Կինն առանց մարմնի։ Այդ ավելի վատ է, քան տղամարդն առանց գլխի։

Եվ դառնալով դեպի Լորանը, նա խնդրեց.

— Բարի եղեք, ինձ մի հայելի տվեք։

Նայելով հայելուն, Բրիկեն երկար ու լուրջ ուսումնասիրում էր իրեն։

— Սարսափելի է... կարելի՞ է ձեզ խնդրել ուղղելու իմ մազերը։ Ես չեմ կարող նույնիսկ մազերս սանրել...

— Լորա՛ն, ձեր աշխատանքներր շատացան,— ծիծաղեց Կերնը։— Համապատասխան չափով էլ պետք է ավելանա և ձեր աշխատավարձը։ Իմ գնալու ժամանակն է։

Նա նայեց ժամացույցին և մոտենալով Լորանի ականջին շշնջաց.

— Սրանց ներկայությամբ,— նա աչքերով ցույց տվեց գլուխները,— ոչ մի խոսք չլինի պրոֆեսոր Դոուելի գլխի մասին...

Երբ Կերնը դուրս եկավ լաբորատորիայից, Լորանը գնաց այցելելու պրոֆեսոր Դոուելի գլխին։

Դոուելի աչքերը նայում էին նրան թախիծով։ Տխուր ժպիտը ծռել էր նրա շրթունքները։

— Իմ դժբախտս, իմ անբախտս,— մտմտաց Լորանը։— Սակայն շուտով ձեր վրեժը կհանեմ։

Գլուխը նշան արավ։ Լորանը բաց արավ օդային ծորակը։

— Դուք լավ կլինի պատմեք, ինչպես անցավ փորձը,— շշնջաց գլուխը թույլ ժպտալով։


Գլուխները զվարճանում են