Վերջին թարմացում 23 Հուլիսի 2016, 19:03

Հյուսիսի խորքերում

19:03, 23 Հուլիսի 2016 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հյուսիսի խորքերում

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վազգեն Տալյան


Վերջին նոսրավուն անտառակների և նվազ թփուտների սահմանից հեռու, Անպտուղ Երկրի բուն սրտում, ուր խստահունչ հյուսիսը, ինչպես ընդունված է կարծել, ոչ մի կենդանություն չի թողնում, երկար ու դժվարին ճանապարհից հետո մարդու հայացքի առջև հանկարծ բացվում են հսկայական անտառներ ու լայնարձակ, սրտաբաց տարածություններ։ Սակայն մարդիկ միայն նոր են իմանում դա։ Հետազոտողներին երբեմն հաջողվել է թափանցել այդ խուլ վայրերը, բայց մինչև հիմա նրանցից և ոչ մեկը չի վերադարձել այնտեղից, որպեսզի աշխարհին պատմի դրանց մասին։

Անպտուղ Երկիր... Սա իրոք որ անպտուղ է, արկտիկական այս տխուր հարթավայրը, անդրբևեռային անապատը, մշկացուլի և տունդրաբնակ նիհար գայլի մռայլատես ու անհրապույր հայրենիքը։ Հենց այդպիսին էլ ներկայացավ այդ երկրամասը Էվերի Վան֊Բրանթին. ոչ մի հատիկ ծառ, մարդու հայացքը շոյող ոչ մի բան, միմիայն մամուռ կար և քարաքոս. մի խոսքով՝ անհրապույր պատկեր։ Համեն այն դեպս, այդպիսին էր մնում այդ երկրամասը մինչև այն օրը, երբ Վան֊Բրանթը հասավ քարտեզի վրա սպիտակ բծով նշված մի տարածության և անսպասելի կերպով տեսավ փշատերև փառահեղ անտառներ ու էսկիմոսյան անծանոթ ցեղերի գյուղեր։ Էվերին մի մտահղացում ուներ (փառք նվաճելու նպատակով քարտեզի վրա խախտել այդ սպիտակ բծերի միօրինակությունը և դրանք ծածկել լեռնաշղթաների, ցածրավայրերի, ջրավազանների, գետերի բեկբեկուն գծերի նշումներով։ Դրա համար էլ նա առանձնապես ուրախացավ, որ անսպասելի հնարավորություն ստեղծվեց քարտեզի վրա անցկացնել մեծ անտառագոտին ու տեղացիների բնակավայրերը։

Էվերի Վան֊Բրանթը, կամ եթե լրիվ տիտղոսով անվանենք նրան, երկրաբանական ինստիտուտի պրոֆեսոր Է. Վան-Բրանթը, արշավախմբի պետի օգնական էր և դրա առանձին ջոկատի պետը։ Այդ ջոկատը նա առաջ տարավ մոտ հինգ հարյուր մղոն շրջանցումով։ Թելոնի վտակն ի վեր, և այժմ ջոկատի գլուխն անցած ոտք էր դնում նման անծանոթ բնակավայրերից մեկը։ Նրա հետևից դանդաղ քայլերով գնում էին ութ մարդ։ Նրանցից երկուսը Կանադայից եկած ֆրանսիացի ուղեցույցներ էին, մնացածը՝ Մանիթոբա-Ուեյ բնակավայրի բարձրահասակ հնդկացիներ էին, քրի ցեղից։ Միայն Էվերին էր զտարյուն անգլոսաքսոն, և երակներում անհանգիստ խլրտացող արյունը նրան հարկադրում էր հետևել նախնիների ավանդական սովորություններին։ Քլայվն ու Հասթինգսը[1] Գրեյքն ու Ռելեյը[2], Հենգիստն ու Հորսան[3] աներևույթ քայլում էին նրա հետ։ Նա իր հայրենակիցներից առաջինը կմտնի հյուսիսային այդ մենավոր գյուղը։ Այս միտքը նրա հոգին լցրեց ցնծությամբ, և ուղեկիցները նկատեցին, որ Էվերիի հոգնածությունր հանկարծ անցավ, և նա անգիտակցաբար արագացրեց քայլերը։

Գյուղի բնակիչների խայտաբղետ բազմությունը դուրս թափվեց նրանց ընդառաջ, տղամարդիկ գալիս էին առջևից, ձեռքերում սպառնալից սեղմելով աղեղներն ու նիզակները. կանայք ու երեխաները երկչոտ խմբվել էին նրանց հետևը։ Վւան֊Բրանթը բարձրացրեց աջ ձեռքը ի նշան խաղաղ մտադրությունների. մի նշան, որը հասկանալի է երկրագնդի բոլոր ժողովուրդներին. և էսկիմոսները նրան պատասխանեցին նույնպիսի խաղաղ ողջույնով։ Բայց հանկարծ, ի ափսոսանք նրա, ամբոխի միջից դուրս թռավ գազանի մորթիներով պարուրված ինչ֊որ մի մարդ, ձեռքը երկարեց նրան և սովորական մի բառ գոչեց՝ հելլո։ Այդ մարդը թավ մորուքով էր, այտերն ու ճակատը պատած էին բրոնզագույն թխությամբ, բայց Վան-Բրանթը նրան միանգամից ճանաչեց որպես իր ցեղի մարդ։

— Ո՞վ եք դուք,— հարցրեց նա,— սեղմելով իրեն պարզած ձեռքը.— Անդրեն[4]։

— Անդրեն ո՞վ է,— հարցին հարցով պատասխանեց մարդը։

Վան֊Բրանթը ավելի ուշադիր նայեց նրա դեմքին։

— Գրո՛ղը տանի, ինչպես երևում է, դուք այստեղ քիչ չեք ապրել։

— Հինգ տարի,— պատասխանեց մորուքավորը, և նրա աչքերում փայլեց հպարտության կրակը։— Բայց թե... գնանք՝ խոսենք։ Թող սրանք տեղավորվեն մոտերքում,— ավելացրեց նա, որսալով Վան֊Բրանթի հայացքը, որ սա գցեց իր ուղեկիցների վրա.— ծերունի Թանտլաչը կհոգա սրանց կարիքները։ Դե՛, գնանք։

Մորուքավորը արագ քայլերով գնաց առաջ, Վան֊Բրանթը հետևեց նրան և այդպես անցավ ամբողջ գյուղի միջով։ Այնտեղ, ուր անհարթ տեղանքը հնարավորություն էր ընձեռում, անկանոն ցրված էին իշայծյամի մորթիներով ծածկված չումերը։ Վան֊Բրանթը վարձված մարդու հայացքով զննեց դրանք և մտքում հաշվարկ կատարեց։

— Երկու հարյուր մարդ, անչափահասներին չհաշված,— հայտնեց նա։

Մորուքավորը լուռ գլխով արեց։

— Մոտավորապես այդքան կլինի։ Ես ապրում եմ, ա՜յ այնտեղ գյուղից մի քիչ հեռու, այնտեղ, հասկանո՞ւմ եք, ավելի հանգիստ է։ Նստեցեք։ Ես հաճույքով մի բան կուտեմ ձեզ հետ, երբ ձեր մարդիկ որևէ կերակուր պատրաստեն։ Ես թեյի համն էլ եմ մոռացել... Հինգ տարի թեյ չեմ խմել, չեմ էլ հիշում, թե ինչ հոտ ունի։ Ծխախոտ ունե՞ք, հը՞. շնորհակալ եմ։ Ծխամորճ է՞լ ունեք։ Ա՛յ, դա լավ է։ Հիմա որ մի լուցկի էլ լիներ, կտեսնեինք՝ այս թունավոր խոտն իր հմայքը չի՞ կորցրել արդյոք։

Մորուքավորր լուցկին չրթացրեց, անտառաբնակի խնամքոտ զգուշությամբ պահպանելով թույլ կրակը. կարծես թե այդ փոքրիկ կրակը ամբողջ աշխարհում միակն էր. վառեց ծխամորճն ու ներս քաշեց ծխի առաջին քուլան։ Որոշ ժամանակ, նա մտասույզ իր մեջ պահեց ծուխը, ապա դանդաղ, ասես համտես անելով, դուրս թողեց առաջ ձգած շրթունքների ապրանքից։ Նրա դեմքի արտահայտությունը մեղմացավ, հայացքը դարձավ երազկոտ ու մշուշապատ։ Նա մեջքն ուղղեց, ամբողջ կրծքով շունչ քաշեց ու, երանությամբ, խորին հաճույքով ասաց.

— Ի՜նչ լավ է, է՜... Հիանալի՛ բան է...

Վան-Բրանթը կարեկցանքով ծիծաղեց քթի տակ։

— Ուրեմն ասում եք՝ հինգ տարի՞։

— Հինգ տարի։— Նա նորից հառաչեց։— Հետաքրքիր արարած է մարդը. դրա համար էլ դուք, հասկանալի է, որ կուզենաք իմանալք թե այդ ինչպես է եղել. դրությունն իսկապես որ բավականին տարօրինակ է. բայց պատմելու բան չկա ըստ էության։ Էդմոնթոնից ես ճամփա ընկա մշկացուլի որս անելու, և ինձ էլ նույնպիսի անհաջողություններ պատահեցին, ինչպես որ Փայքին ու շատ ուրիշների. ուղեկիցներս մեռան, ես իմ բոլոր պաշարները կորցրի։ Սով, զրկանքներ՝ սովորական մի պատմություն... Ես մի կերպ ողջ մնացի, և այդպես, համարյա թե չորեքթաթ, սողեսող եկա հասա այդ Թանտլաչի մոտ։

— Հի՜նգ տարի,— կամացուկ ասաց Վան-Բրանթը, ձգտելով պատկերացնել, թե ինչ է եղել հինգ տարի առաջ։

— Հինգ տարին լրացավ փետրվարին։ Ես Մեծ Գերության լիճն անցա մայիսի սկզբին...

— Ուրեմն դուք Ֆերֆա՞քսն եք,— նրա խոսքն ընդհատեց Վան-Բրանթը։

Մորուքավորր գլխով արեց։

— Սպասեցեք, Ջոն, եթե չեմ սխալվում, Ջոն Ֆերֆա՞քս։

— Որտեղի՞ց գիտեք,— ծուլորեն հարցրեց Ֆերֆաքսը, կլանված այն բանով, որ ծխի օղակներ էր արձակում դեպի վեր։

— Այն ժամանակ լրագրերը լիքն էին հաղորդումներով ձեր մասին։ Փրևանշը...

— Փրևանշը,— Ֆերֆաքսը հանկարծ աշխուժացավ ու նստեց։— Նա կորավ Միգամած Լեռներում...

— Այո, բայց նա դուրս պրծավ այնտեղից, փրկվեց։

Ֆերֆաքսը կրկին ուղղվեց տեղում և շարունակեց ծխի օղակներ բաց թողնել։

— Ուրախ եմ դրա համար,— ասաց նա մտազբաղ։— Փրևանշը կտրիճ տղա է, թեև մեկ֊մեկ խելքը թռցնել գիտի։ Ուրեմն, դո՞ւրս պրծավ։ Այդպես, այդպե՜ս... ուրախ եմ...

Հինգ տարի... Վան-Բրանթը մտովի անընդհատ վերադառնում էր այդ խոսքին և հիշողության խորքերից հանկարծ նրա աչքի առաջ հառնեց Էմիլի Սաուտվեյթի դեմքը։ Հինգ տարի... Վայրի սագերի երամը բարձր կռինչով թռավ անցավ նրա գլխավերևով. բայց նկատելով չումերն ու մարդկանց, թեքվեց հյուսիսի կողմը, դեպի դանդաղորեն մարող արևը։ Վան֊Բրանթը շուտով նրանց կորցրեց տեսադաշտից։ Նա հանեց ժամացույցը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Դեպի հյուսիս լողացող ամպերը բոցավառվում էին արյունափայլ ցոլքերով, և մուգ կարմիր շողերը, թափանցելով անտառի խորքը, թավուտը ողողել էին չարագուշակ լույսով։ Օդը հանգիստ էր ու անշարժ. սոճու ոչ մի փշատերև անգամ չէր շարժվում, ամենաթույլ շրշյունն իսկ տարածվում էր չորսդին պարզ ու որոշակի, ինչպես հովվափողի ձայնը։ Հնդկացիներն ու ֆրանսիացի ուղեցույցները անձնատուր եղան լռության այդ դյութանքին և իրար հետ խոսում էին կիսաձայն. խոհարարն անգամ ակամայից ջանում էր քիչ աղմուկ հանել թավայով ու կաթսայիկով։ Ինչ֊որ տեղում երեխա էր լալիս, իսկ անտառի խորքից լսվում էր մի կնոջ ձայն և, ինչպես արծաթյա բարակ լարը, զնգում էր թաղման մեղեդին.

— Օ֊օ֊օ֊օ֊օ֊օ — ա֊աա֊ա֊աա֊ա֊ա՛— ...օ֊օ֊օ֊օ-ա-ա-աա-ա՛...

Վան֊Բրանթը ցնցվեց ու նյարդային շարժումով շփեց ձեռքերը։

— Ասել կուզի ինձ մեռա՞ծ էին համարում,— ատամների արանքից անշտապ խոսեց նրա զրուցակիցը։

— Ի՞նչ զարմանալու բան կա... չէ՞ որ դուք այդպես էլ չվերադարձաք, և ձեր մտերիմ ընկերները...

— Շուտով ինձ մոռացան,— ծիծաղեց Ֆերֆաքսը անդուր, գրգռիչ ծիծաղով։

— Իսկ ինչո՞ւ դուք չհեռացաք այստեղից։

— Մասամբ, թերևս, նրա համար, որ չուզեցի, իսկ մասամբ էլ իմ կամքից անկախ հանգամանքների պատճառով։ Գիտե՞ք ինչ, Թանտլաչը՝ այս ցեղի առաջնորդը, ծանր հիվանդ պառկած էր, երբ ես ընկա այստեղ, ազդրն էր ջարդված. շատ բարդ կոտրվածք էր դա։ Ես ուղղեցի ոսկորն ու բուժեցի։ Որոշեցի այստեղ մի քիչ ապրել, մինչև որ ուժի գամ։ Մինչև իմ այստեղ հայտնվելը, Թանտլաչը ոչ մի սպիտակամորթ չէր տեսել, և, իհարկե, նրան թվաց, թե ես մի մեծ իմաստուն եմ, որովհետև նրա ցեղի մարդկանց շատ ու շատ օգտակար բաներ սովորեցրի։ Ի միջի այլոց բնիկներին ռազմական-տակտիկայի այբուբենն էլ սովորեցրի, և նրանք հպատակեցրին հարևան չորս ցեղերին (նրանց բնակավայրերր դուք դեռևս չեք տեսել). դրա արդյունքը եղավ այն, որ Թանտլաչի ցեղը ամբողջ երկրամասի տերը դարձավ։ Բնականաբար, սրանք իմ մասին ամենաբարձր կարծիքը կազմեցին, այնպես որ, երբ ես պատրաստվեցի ճամփա ընկնել դեպի տուն, լսել անգամ չուզեցին։ Խոսք չկա, այս մարդիկ շա՜տ հյուրընկալ մարդիկ են։ Ինձ վրա երկու պահակ կարգեցին և գիշերցերեկ պահպանում էին։ Վերջապես Թանտլաչն ինձ որոշ բարիքներ խոստացավ, այսպես ասած՝ որպես պարգև. իսկ ինձ համար, ըստ էության, միևնույն էր՝ հեռանալ այստեղից, թե մնալ. ու ես էլ մնացի։

— Ես ճանաչում էի ձեր եղբորը Ֆրեյբուրգում։ Ես Վան-Բրանթն եմ։

Ֆերֆաքսն ընդոստ ելավ տեղից ու սեղմեց նրա ձեռքը։

— Ուրեմն այդ դո՞ւք եք Բիլլիի վաղեմի բարեկամը։ Խե՜ղճ Բիլլի։ Նա հաճախ էր խոսում ձեր մասին... Սակայն զարմանալի հանդիպում է սա... այսպիսի տեղում...— ավելացրեց նա, մի հայացք գցելով ամբողջ նախնադարյան բնապատկերի վրա և մի ակնթարթ ունկնդրեց կնոջ տխուր երգը։— Ոչ մի կերպ չի հանգստանում... նրա ամուսնուն պատառոտել է արջը։

— Անասնակա՜ն կյանք,— նկատեց Վան֊Բրանթը, դեմքը զզվանքով ծամածռելով։— Ես կարծում եմ, որ հինգ տարվա այսպիսի կյանքից հետո քաղաքակրթությունը ձեզ հրապուրիչ կթվա, այնպես չէ՞։ Ի՞նչ կասեք։

Ֆերֆաքսի դեմքը անտարբեր արտահայտություն ստացավ։

— Օ՛հ, չեմ իմանում։ Այս մարդիկ գոնե ազնիվ են և ապրում են իրենց գիտցածով։ Եվ բացի դրանից, զարմանալի պարզամիտ են։ Ոչ մի բարդություն չի լինում. ամեն մի հասարակ զգացմունք սրանց հոգում հազար ու մի նրբերանգ չի ընդունում։ Սրանք սիրում են, վախենում են, ատում, զայրանում կամ ուրախանում. և այս ամենը արտահայտում են հասարակ բնական ու պարզ ձևով. սխալվել չի կարելի... Գուցե և սա անասնական կյանք է. բայց ինչ էլ լինի, այսպես ապրելը հեշտ է։ Ո՛չ կոկետություն, ո՛չ սեր խաղալ։ Եթե կինը ձեզ սիրեց, առանց հապաղելու կասի այդ բանը. եթե նա ատում է ձեզ, այդ էլ կասի. և դուք ազատ իրավունք ունեք մի լավ թակել նրան դրա համար. բայց այսպես թե այնպես, նա առանց սխալվելու գիտե, թե ինչ եք ցանկանում դուք, իսկ դուք առանց սխալվելու գիտեք, թե ինչ է ուզում նա։ Ո՛չ վրիպումներ, ո՛չ փոխադարձ անըմբռնողություն։ Այն տենդից հետո, որ հաճախ հիվանդանում է քաղաքակիրթ աշխարհը, սա իր հմայքն ունի։ Համաձայն չե՞ք։

— Չէ՜, սա շատ լավ կյանք է,— շարունակեց Ֆերֆաքսը մի փոքր լռելուց հետո,— գոնե ինձ համար բավականին լավ է, և մի ուրիշ կյանք ես չեմ որոնում։

Վան-Բրանթը մտազբաղ կախեց գլուխը, և նրա շուրթերին հազիվ նկատելի մի ժպիտ խաղաց։ Ո՛չ կոկետություն, ո՛չ սեր խաղալ, ո՛չ փոխադարձ անըմբռնողություն... Երևում էր, որ Ֆերֆաքսը նույնպես ոչ մի կերպ չէր հանգստանում միայն այն բանի համար, որ Էմիլի Սաուտվեյթին որոշ առումով «պատառոտել է արջը»։ Եվ բավականին համակրելի արջ է եղել այդ Կարլթոն Սաուտվեյթը։

— Այնուամենայնիվ, դուք կգաք ինձ հետ,— վստահ ասաց Վան֊Բրանթը։

— Ո՛չ, չեմ գա։

— Ո՛չ, գգաք։

— Կրկնում եմ, կյանքն այստեղ չափից դուրս հեշտ է։— Ֆերֆաքսը խոսում էր համոզված։— Ես հասկանում եմ սրանց, սրանք հասկանում են ինձ։ Ամառն ու ձմեռն այստեղ անցնում են այնպես, ինչպես արևի ճառագայթները ցանկապատի ցցերի արանքներով. տարվա եղանակների փոփոխությունը նման է լույսի և ստվերի անորոշ հերթագայությանը։ Ե՛վ ժամանակն է անցնում, և՛ կյանքն է անցնում, իսկ հետո... աղիողորմ լաց անտառում ու խավար։ Մի ակա՛նջ արեք...

Նա ձեռքը բարձրացրեց, և վշտի հնչուն կականը նորից խախտեց լռությունն ու անդորրությունը, որ թագավորում էր շրջապատի վրա։ Ֆերֆաքսը կամացուկ ձայնակցեց ողբին.

— Օ֊օ֊օ֊օ֊օ֊օ֊ա֊աա֊ա֊ա֊ա֊աա֊աա՜... օ֊օ֊օ֊օ֊օ֊օ֊ա֊ա֊ա֊աա՜,— երգեց նա։— Ահա՛, ականջ արեք. տեսե՛ք։ Կանայք լաց են լինում։ Թաղման երգ է։ Նահապետի ճերմակ գանգուրները պսակում են իմ գլուխը։ Ես պառկած եմ գազանների մորթիներով փաթաթված, սրանց նախնադարյան ամբողջ սքանչելիության մեջ։ Կողքիս դրված է իմ որսորդական նիզակը։ Ո՞վ կասի, որ սա վատ է։

Վան֊Բրանթը սառնահայաց նայեց նրան։

— Ֆերֆաքս, հիմար բաներ մի՛ ասեք։ Ի՜նչ մարդ ուզում է լինի, հինգ տարվա այսպիսի կյանքը կխենթացնի նրան. և դուք, անկասկած, ծանր մելամաղձի մոլուցքի մեջ եք։ Բացի դրանից, Կարլթոն Սաուտվեյթը մահացել է։

Վան-Բրանթը ծխամորճը լցրեց ու սկսեց ծխել, գրեթե պրոֆեսիոնալ հետաքրքրությամբ կողքանց դիտելով զրուցակցին։ Ֆերֆաքսի աչքերը մի ակնթարթ փայլատակեցին, բռունցքները սեղմվեցին. նա ոտքի կանգնեց, բայց հետո ամբողջովին ասես թալկացավ և լուռ ու մտազբաղ փլվեց իր տեղը։

Մայքլը՝ խոհարարը, նշանացի հայտնեց, թե ընթրիքը պատրաստ է։ Վան-Բրանթը, նույնպես նշանով, կարգադրեց սպասել։ Լռությունը ճնշող ազդեցություն էր թողնում նրա հոգու վրա։ Նա սկսեց հոտոտելով ջոկջոկել անտառի բույրերը, ահա փտման և բուսահողի բուրմունքը, ահա սոճու կոնգոմների ու փշատերևի խեժահոտը և բազմաթիվ օջախներից ելնող ծխի անուշ բույրը... Ֆերֆաքսն աչքերը երկու անգամ նայեց վեր ու նայեց նրան և կրկին խոնարհեց, առանց մի բառ արտասանելու. վերջապես խոսեց.

— Հապա... Էմիլի՞ն...

— Երեք տարի է արդեն, որ այրի է. հիմա էլ այրի է։

Երկարատև լռություն տիրեց կրկին. վերջ ի վերջո Ֆերֆաքսն ընդհատեց և միամիտ ժպիտը դեմքին ասաց,

— Թերևս դուք ճիշտ եք ասում, Վան-Բրանթ։ Ես կգամ ձեզ հետ։

— Ես այդպես էլ գիտեի։— Վան-Բրանթը ձեռքը դրեց Ֆերֆաքսի ուսին։— Իհարկե, կանխավ չի կարելի իմանալ, բայց ինձ թվում է... նման հանգամանքներում... մի անգամ չէ, որ նրան առաջարկություն են արել...

— Դուք ե՞րբ եք ճամփա ընկնելու,— ընդհատեց Ֆերֆաքսը։

— Մարդիկ թող մի քիչ քնեն հանգստանան։ Իսկ այժմ գնանք հաց ուտենք, թե չէ Մայքլը երևի արդեն բարկանում է։

Ընթրիքից հետո հնդկացիները և ուղեցույցները փաթաթվեցին վերմակների մեջ ու խռմփացրին, իսկ Վան-Բրանթն ու Ֆերֆաքսը մնացին մարմրող խարույկի մոտ։ Նրանք խոսելու շատ բան ունեին, պատերազմների մասին, քաղաքականության մասին, արշավանքների, մարդկային գործերի ու աշխարհի իրադարձությունների մասին, ընդհանուր բարեկամների, ամուսնությունների ու մահերի մասին՝ այդ հինգ տարվա պատմության մասին, որ Ֆերֆաքսին խիստ հետաքրքրում էր։

— Այսպիսով, իսպանական նավատորմը բլոկադայի ենթարկվեց Սանտ-Յագոյում[5],— ասաց Վան-Բրանթը. բայց այդ պահին նրա կողքով հանկարծ անաղմուկ անցավ ինչ֊որ մի ջահել կին ու կանգ առավ Ֆերֆաքսի կողքին։ Կինն աճապարանքով նայեց սրա դեմքին, ապա տագնապալից հայացքը դա րձրեց Վան-Բրանթի վրա։

— Առաջնորդ Թանտլաչի դուստրն է, որոշ առումով իշխանուհի,— պարզաբանեց Ֆերֆաքսը ակամա կարմրելով.— կարճ ասած, պատճառներից մեկը, որ ինձ ստիպել է մնալ այստեղ։ Թո՛ւմ, սա Վան-Բրանթն է, իմ բարեկամը։

Վան-Բրանթը պարզեց ձեռքը, բայց կինը քարի պես անշարժ մնաց, որը միանգամայն համապատասխանում էր նրա ամբողջ կերպարանքին։ Նրա դեմքի և ոչ մի մկանը չցնցվեց, ոչ մի դիմագիծը չմեղմացավ։ Նայում էր դիմացինի աչքերին թափանցող, հարցախույզ, հետաքրքրվող հայացքով։

— Սա բացարձակապես ոչինչ չի հասկանում,— ծիծաղելով ասաց Ֆերֆաքսը,— չէ՞ որ սրան չի վիճակվել երբեք և ոչ մեկի հետ ծանոթանալ։ Ուրեմն, ասում եք, իսպանական նավատորմը բլոկադայի ենթարկվեց Սանտ-Յագոյում, հա՞։

Թումը նստեց գետնին, ամուսնու կողքին, և անշարժացավ, ինչպես բրոնզե անդրի. միայն փայլող աչքերի հայացքն էր, որ առաջվա պես հարցախույզ ու տագնապալի մի դեմքից մյուսն էր թռչում։ Եվ պատմությունը շարունակող Վան-Բրանթն իրեն վատ զգաց այդ համը, ուշադիր հայացքի տակ։ Ճակատամարտի գունագեղ նկարագրությամբ տարված Վան-Բրանթն զգաց, որ այդ սև աչքերը այրելով ծակում ու անցնում են իր մարմնի միջով։ Նա սկսեց կակազել, շփոթվել. և մեծ ջանքեր էին հարկավոր, որպեսզի վերականգնի մտքի ընթացքն ու շարունակի պատմելը։ Ծխամորճը մի կողմ դրած ու թևերով ծնկները գրկած Ֆերֆաքսը լարված լսում էր, անհամբերությամբ շտապեցնում պատմողին, երբ սա կանգ էր առնում։ Ֆերֆաքսի աչքերի առջև վերակենդանանում էին աշխարհի պատկերները, աշխարհ, որը, ինչպես թվում էր իրեն, ինքը վաղուց մոռացել էր։

Անցավ մի ժամ, երկու ժամ. վերջապես Ֆերֆաքսը դժկամությամբ ոտքի ելավ։

— Եվ Քրոնյեն[6] ուրիշ ոչ մի ելք չուներ... Բայց մի րոպե սպասեցեք. վազեմ Թանտլաչի մոտ ու... նա, երևի, արդեն սպասում է. նրա հետ պայմանավորվեմ, որ դուք նրան կայցելեք նախաճաշից հետո։ Հարմա՞ր է ձեզ համար։

Նա անհետացավ սոճիների հետևում, և Վան-Բրանթին ոչինչ չէր մնում անելու, քան նայել Թումի հրացայտ աչքերին։ Հինգ տարի, մտածում էր նա. իսկ սա հիմա քսան տարեկանից ավելի չի լինի։ Զարմանալի էակ է։ Սովորաբար էսկիմոս կանանց քթի տեղը մի տափակ, փոքրիկ կոճակի նման բան է լինում, իսկ ա՛յ, սրա քիթը նուրբ է և նույնիսկ մի փոքրիկ սապատով, իսկ ռունգները նրբագեղ գծեր ունեն, ինչպես լինում է ավելի սպիտակավուն ցեղի գեղեցկուհիների մոտ. մի կաթիլ հնդկացու արյուն կա սրա մեջ, հավատացած եղիր, Էվերի Վան-Բրանթ։ Եվ դու, Էվերի Վան֊Բրանթ, մի՛ ջղայնանա. սա քեզ չի ուտի, սա միայն ու միայն կին է, ընդ որում գեղեցիկ կին. ավելի շուտ արևելյան տիպի, քան տեղական։ Աչքերը խոշոր են ու բավական լայնակի դասավորված, հազիվ նկատելի մոնղոլական շեղակիությամբ։ Թում, ախր դու անոմալիա ես։ Այստեղ դու օտար ես, այս էսկիմոսների մեջ, նույնիսկ եթե քո հայրը էսկիմոս է։ Ծագումով որտեղացի՞ է քո մայրը կամ թե տատը։ Օ Թո՜ւմ, թանկագինս, դու գեղեցկուհի ես. սառը, արձանացած գեղեցկուհի՝ արյանդ մեջ Ալյասկայի հրաբուխների լավան. և, խնդրում եմ քեզ, Թում, այդպես մի՛ նայիր ինձ։ Վան-Բրանթը ծիծաղեց ու վեր կացավ։ Այդ կնոջ համառ հայացքը նրան շփոթեցնում էր։

Ինչ-որ մի շուն թափառում էր պարենով լի պարկերի միջև։ Էվերին ուզում էր նրան քշել ու պարկերը տանել ավելի ապահով տեղ, մինչև որ Ֆերֆաքսը վերադառնա։ Սակայն Թումը ձեռքի մի շարժումով ետ պահեց նրան ու կանգնեց ուղիղ նրա դեմ դիմաց։

— Դո՞ւ,— ասաց նա Արկտիկայի լեզվով, որ գրեթե միևնույնն է բոլոր ցեղերի մոտ՝ Գրենլանդիայից մինչև Բարրոու հրվանդանը.— Դո՞ւ...

Նրա դեմքի խաղերի փոփոխությունը արտահայտեց այն բոլոր հարցերը, որ թաքնված էին այդ «դուի» հետևում, և՛ թե որտեղից հայտնվեց այս տղամարդը, և՛ թե ինչու է նա այստեղ, և՛ թե ինչ կապ ունի նա Թումի ամուսնու հետ... բոլոր հարցերը։

— Եղբայր,— պատասխանեց Վան-Բրանթը նույն լեզվով և մի լայն շարժումով ցույց տվեց հարավը։— Մենք եղբայրներ ենք՝ քո ամուսինն ու ես։

Թումը տարուբերեց գլուխը։

— Լավ չի, որ դու այստեղ ես։

— Մի քուն էլ որ անցնի, ես կգնամ։

— Իսկ իմ ամուսի՞նը,— հարցրեց կինը, տագնապալի անհանգստությունից ամբողջովին թպրտալով։

Վան-Բրանթն ուսերը վեր քաշեց։ Նա իր հոգու խորքում ամաչում էր ինչ֊որ մեկի համար, ինչ-որ բանի համար, և բարկանում էր Ֆերֆաքսի վրա։ Էվերին զգում էր, որ կարմրում է, նայելով այդ վայրենի կնոջը։ Սա լոկ կին է, բայց սրանով ամեն ինչ ասված է՝ կին... Նորից ու նորից կրկնվում է այդ գարշելի պատմությունը, հին, ինչպես ինքը Եվան, և նոր, ինչպես առաջին սիրո շողը։

— Ամուսի՛նս, ամուսի՛նս, ամուսի՛նս,— մոլեգին կրկնում էր նա։ Թումի դեմքը մթագնեց, և նրա աչքերից խոսակցին նայեցին կին արարածի հավերժական, անողորմ կիրքը, Կին Ընկերուհու կիրքը։

— Թո՛ւմ,— խոսեց Էվերին անգլերեն, լուրջ,— դու ծնվել ես հյուսիսի անտառներում, սնվել ես ձկով ու մսով, մարտնչել ես սառնամանիքների և քաղցի դեմ, և պարզ հոգով ապրել ես բոլոր տարիներդ։ Սակայն շատ բաներ կան, ամենևին ոչ հասարակ, որ դու չգիտես և հասկանալ չես կարող։ Դու չգիտես, թե ինչ է նշանակում այլ, մի այլ, թեթև ու հեռավոր կյանքի ծարավը, դու չես կարող հասկանալ, թե ինչ է նշանակում կարոտել գեղանի կնոջը։ Իսկ այն կինը գեղեցիկ է։ Թո՛ւմ, նա վեհորեն գեղեցիկ է։ Դու այս մարդու կինն ես եղել և ամբողջ քո էությունը տվել ես նրան. բայց չէ՞ որ դա փոքրիկ է, հասարակ՝ այդ քո էությունը։ Չափազանց փոքր և չափազանց հասարակ. իսկ նա այլ աշխարհի մարդ է։ Դու նրան երբեք չես հասկացել և երբեք էլ չես հասկանա։ Այդպես է սահմանված վերուստ։ Դու նրան պահել ես գրկիդ մեջ, բայց երբեք չես տիրել նրա սիրտը, տարվա եղանակների փոփոխության երևակայական պատկերներով և խուլ ու վայրի տեղերի հանգիստ կյանքի երազանքներով այդ տարօրինակ մարդու սերը։ Երազա՜նք, անհասանելի երազանք. ահա թե ինչ է եղել նա քեզ համար։ Դու կառչում էիր մարդուց, այնինչ որսում էիր նրա ստվերը, անձնատուր էիր լինում տղամարդուն և մահիճդ կիսում էիր ուրվականի հետ։ Այսպիսին է եղել հնում ճակատագիրը մահկանացուների բոլոր դուստրերի, որոնց գեղեցկությունը աստվածներին դուր է եկել։ Օ Թո՜ւմ, Թո՜ւմ, չէի ուզենա Ջոն Ֆերֆաքսի տեղը լինել գալիք տարիների անքուն գիշերներին, այն անքուն գիշերներին, երբ արևի պես լուսեղեն ծամերի փոխարեն այն կնոջ, որ կհանգչի կողքին, նրա աչքին կերևան հյուսիսի խուլ անտառներում թողած ընկերուհու թուխ հյուսքերը։

Թեև Թումը չէր հասկանում, բայց այնքան սևեռուն ուշադրությամբ էր լսում, որ կարծես թե իր կյանքր այդ մարդու խոսքերից էր կախված։ Սակայն նա որսաց ամուսնու անունը և էսկիմոսերեն գոչեց.

— Այո, այո, Ֆերֆաքս, իմ ամուսինը...

— Խղճուկ միամի՜տ, ինչպե՞ս կարող էր նա քո ամուսինը լինել...

Սակայն նրա համար անգլերենն անհասկանալի էր, և նա կարծեց, թե իրեն ծաղրում են։ Նրա աչքերր փայլատակեցին համր, անզուսպ զայրույթով, և Վան-Բրանթին մի պահ նույնիսկ թվաց, թե Թումը հովազի նման պատրաստվում է ցատկելու։

Էվերին կամացուկ հայհոյեց ինքն իրեն, բայց հանկարծ տեսավ, որ ցասման հուրը Թումի աչքերում մարեց, և հայացքը դարձավ ճառագայթող ու մեղմ. դա աղերսող կնոջ հայացք էր, որը զիջում է ուժին և իմաստուն կերպով ծածկվում սեփական թուլության զրահով։

— Նա իմ ամուսինն է,— ասաց Թումը հեզությամբ.— ես ոչ մի ժամանակ ուրիշ մարդ չեմ ճանաչել։ Անհնար է, որ ես ուրիշ մարդ ճանաչեմ։ Եվ անհնար է, որ նա հեռանա իմ մոտից։

— Ո՞վ է ասում, թե նա կհեռանա քեզանից,— խիստ կերպով հարցրեց Վան-Բրանթը, համբերությունից դուրս դալով ու միևնույն ժամանակ զգալով, որ ինքը զինաթափ է լինում։

— Դու պետք է ասես, որ նա չհեռանա իմ մոտից,— պատասխանեց Թումը հեզորեն՝ հեկեկոցը զսպելով։

Վան-Բրանթը ոտքով բարկացած դեն շպրտեց խարույկի խանձողներն ու նստեց։

— Դու պետք է ասես։ Նա իմ ամուսինն է։ Վկա՜ են բոլոր կանայք, որ նա իմն է։ Դու մեծ ես, դու հզոր ես, իսկ ես... տե՛ս, թե որքան թույլ եմ ես։ Տեսնո՞ւմ ես՝ ես քո ոտքերն եմ ընկել։ Քեզ է մնում որոշելու իմ բախտը։ Քե՜զ...

— Վե՛ր կաց։

Կտրուկ մի շարժումով Վան-Բրանթը ոտքի հանեց նրան ու ինքն էլ ոտքի ելավ։

— Դու կին ես։ Եվ քեզ վայել չէ գետնին թավալվել, մանավանդ տղամարդու ոտքերն ընկած։

— Նա իմ ամուսինն է։

— Այդ դեպքում՝ աստված թողություն տա բոլոր ամուսիններին,— դուրս թռավ Վան-Բրանթի բերանից։

— Նա իմ ամուսինն է,— անընդհատ կրկնում էր Թումը վհատ, աղերսագին։

— Նա իմ եղբայրն է,— պատասխանում էր Վան-Բրանթը։

— Իմ հայրը առաջնորդ Թանտլաչն է։ Նա հինգ գյուղերի տեր ու տնօրենն է։ Ես կհրամայեմ, և այդ հինգ գյուղերի բոլոր աղջիկներից քեզ համար կընտրեն ամենալավին, որպեսզի դու քո եղբոր հետ մնաս այստեղ և ապրես լիառատ կյանքով։

— Մի քուն հետո ես կհեռանամ այստեղից։

— Իսկ իմ ամուսի՞նը։

— Ա՛յ, նա գալիս է այստեղ, քո ամուսինը։ Լսո՞ւմ ես։

Թխաթույր եղևնիների հետևից լսվեց Ֆերֆաքսի ձայնը. նա ուրախ մի երգ էր ասում։

Ինչպես որ սև ամպը հանգցնում է պարզ օրը, այնպես էլ եկողի երգը Թումի դեմքից քշեց լույսը։

— Դա նրա ժողովրդի լեզուն է,— արտասանեց Թումը,— նրա ժողովրդի լեզուն է...

Թումը շուռ եկավ ջահել ու նազելի կենդանու մի ճկուն շարժումով ու անհետացավ անտառում։

— Ամեն ինչ կարգին է,— մոտենալով Վան-Բրանթին, բացականչեց Ֆերֆաքսը.— նորին արքայական մեծությունը ձեզ կընդունի նախաճաշից հետո։

— Դուք նրան ասացի՞ք,— հարցրեց Վան-Բրանթը։

— Չէ, և չեմ էլ ասի, մինչև որ ճանապարհվելու պատրաստ չլինենք։

Վան-Բրանթը ծանր մի զգացումով նայեց իր քնած ուղեկիցներին։

— Ես ուրախ կլինեմ, երբ այստեղից մի հարյուր մղոն հեռու գտնվենք։

Թումը բարձրացրեց հայրական չումի մուտքը ծածկող մորթին։ Հոր հետ ներսում նստած էին երկու տղամարդ. ու բոլոր երեքն էլ աշխույժ հետաքրքրությամբ նայեցին Թումին։ Բայց սա չում մտավ կամացուկ, անխոս նստեց, նրանց կողմր դարձնելով պաղած, ոչինչ չարտահայտող դեմքը։ Թանտլաչն իր ոսկրոտ մատներով թմբկահարում էր ծնկներին դրված նիզակի կոթը և ծուլորեն հետևում արևի ճառագայթին, որ ներս էր ընկել մորթու անցքից ու զվարթ մի շավղիկով անցնում էր չումի կիսախավարով։ Առաջնորդի աջ ուսի հետևից նայում էր շամանը՝ Չուհենգաթը։ Երկուսն էլ ծեր էին, և երկար տարիների հոգնածությունը միգապատել էր նրանց հայացքը։ Սակայն նրանց դիմաց նստել էր երիտասարդ Քինը՝ ամբողջ ցեղի սիրելին։ Արագաշարժ էր նա ու թեթև էին նրա շարժումներր. և նրա սև, փայլուն աչքերը զննողաբար ու մարտահրավերի հայացքով նայում էին մերթ սրան, մերթ նրան։

Չումի ներսում լռություն էր տիրում։ Միայն ժամանակ առ ժամանակ այնտեղ թափանցում էր հարևան կացարանների աղմուկը և հեռվից հասնում էին գզվռտող մանչուկների հազիվ լսելի, բարակ, զիլ ճիչերը. կարծես դրանք ոչ թե ձայներ, այլ սրանց ստվերները լինեին։ Շունը, գայլի պես փայլեցնելով աչքերը, գլուխը ներս կոխեց բացվածքից։ Նրա փղոսկրի պես ճերմակ ժանիքներից ծորում էր փրփուրը։ Նա շողոմքոթ կաղկանձեց, բայց վախենալով մարդկանց անշարժությունից, գլուխը կախեց ու ետ-ետ գնալով, դանդաղ դուրս քաշվեց։ Թանտլաչն անտարբեր նայեց աղջկան։

— Ի՞նչ է անում ամուսինդ, և ո՞նց ես դու նրա հետ։

— Նա օտար երգեր է երգում,— պատասխանեց Թումը,— և նրա դեմքն ուրիշ տեսակ է դարձել։

— Ահա թե ի՜նչ։ Նա խոսե՞լ է քեզ հետ։

— Չէ, բայց նա ուրիշ դեմք ունի հիմա և ուրիշ մտքեր են երևում աչքերում, և նա եկվորի հետ նստել է խարույկի մոտ, և նրանք խոսում են հա խոսում, ու վերջ չկա այդ զրույցին։

Չուհենգաթը ինչ֊որ բան շշնջաց Թանտլաչի ականջին, և պպզած Քինը ուղղակի նետվեց առաջ։

— Նրան ինչ֊որ բան է կանչում հեռուներից,— պատմում էր Թումը,— նա նստել ու լսում է և իր ժողովրդի երգով պատասխանում։

Չուհենգաթը կրկին շշնջաց, Քինը նորից մղվեց առաջք և Թումը լռեց, սպասելով, թե հայրը երբ գլխով թույլտվության նշան կանի, որ ինքը շարունակի։

— Ով Թանտլաչ, քեզ հայտնի է, որ վայրի սագերն ու կարապները և փոքրիկ բադերը ծնվում են այստեղ ցածրադիր վայրերում։ Հայտնի է, որ սառնամանիքը վրա հասնելուն պես նրանք չվում են անհայտ երկրներ։ Հայտնի է նաև, որ նրանք միշտ վերադառնում են, երբ մեզ մոտ բարձրանում է արևը, ու գետերը ազատվում են սառույցից։ Նրանք միշտ վերադառնում են այնտեղ, որտեղ ծնվել են, որպեսզի կրկին ծնունդ առնի նոր կյանքը։ Հողը կանչում է նրանց, և նրանք ներկայանում են ի տես։ Եվ ահա, այժմ իմ ամուսնուն էլ է կանչում հողը, այն հողը, ուր նա ծնվել է, և նա վճիռ կայացրեց պատասխանել նրա կանչին։ Բայց նա իմ ամուսինն է։ Վկա են բոլոր կանայք, որ նա իմն է։

— Բա լա՞վ է դա, Թանտլաչ, լա՞վ է,— հարցրեց Չուհենգաթը, ձայնի մեջ թաքնված մի սպառնալիքով։

— Հա, լա՛վ է,— հանկարծ համարձակ բացականչեց Քինը։— Մեր հողը իր մոտ է կանչում իր զավակներին, և ամեն հող էր մոտ է կանչում իր զավակներին։ Ինչպես որ վայրի սագերն ու կարապները և փոքրիկ բադերն են լսում կանչը, այնպես էլ այդ օտարականը լսեց կանչը. նա չափից դուրս երկար ապրեց մեր մեջ և այժմ պետք է հեռանա։ Ու մեկ էլ կա տոհմի կանչը։ Սագը զուգավորվում է սագի հետ. և կարապը չի զուգավորվի փոքրիկ բադի հետ։ Լավ չի լինի, եթե կարապն սկսի զուգավորվել փոքրիկ բադի հետ։ Ու վատ է, երբ օտարականները կին են առնում մեր գյուղերից։ Դրա համար էլ ասում եմ, որ այդ մարդը պետք է գնա իր տոհմի մոտ, իր երկիրր։

— Նա իմ ամուսինն է,— պատասխանեց Թումը,— և նա մե՜ծ մարդ է։

— Այո, նա մեծ մարդ է։— Չուհենգաթը աշխուժորեն բարձրացրեց գլուխը, ասես թե ետ եկավ իր վաղեմի երիտասարդական ուժի մի մասը։— Նա մեծ մարդ է, և նա քո բազուկը, Թանտլաչ, հզոր դարձրեց ու իշխանություն տվեց քեզ, և հիմա քո անունը շրջապատի բոլոր մարդկանց վախ է ներշրնչում, վախ ու պատկառանք։ Նա շատ իմաստուն մարդ է, ու մենք նրա իմաստությունից մեծ օգուտ ունենք։ Շատ բանով մենք պարտական ենք նրան։ Նա մեզ սովորեցրեց պատերազմի հնարանքները, գյուղերը պաշտպանելու և անտառում հարձակում գործելու արվեստը. նա մեզ սովորեցրեց, թե ինչպես են խորհուրդ անում, թե ինչպես կարելի է ջախջախել խոսքի ուժով, և թե ինչպես հիմնավորել խոստումը. նա մեզ սովորեցրեց որս անելու և թակարդներ դնելու հմտությունը և սնունդը պահելու ձևը. սովորեցրեց բուժել հիվանդությունները և կապել վերքերը, որ մարդիկ ստանում են արշավանքների ու կռիվների ժամանակ։ Դու, Թանտլաչ, մի կաղ ծերուկ կլինեիր, եթե օտարականը չգար մեզ մոտ ու քեզ չբուժեր։ Երբ մենք կասկածում էինք ու չէինք իմանում, թե ինչ վճիռ կայացնենք, գնում էինք օտարականի մոտ, որպեսզի նրա իմաստությունը մեզ ճշմարիտ ուղի ցույց տա. և նրա իմաստությունր միշտ էլ մեզ ճանապարհ էր ցույց տալիս. և կարող են նոր կասկածներ առաջանալ, որոնք փարատելու գործին միայն նրա իմաստությունը կօգնի. ու դրա համար էլ մենք իրավունք չունենք նրան ազատ արձակելու։ Ծանր կլինի մեզ համար, եթե թողնենք, որ նա գնա։

Թանտլաչը շարունակում էր թմբկահարել նիզակի կոթը, և Լէր Կարեէի հասկանալ լսե՞ց նա Չուհ ենգաթի խոսքը, թե՞ ոչ։ Իզուր էր Թումր խորաթափանց հայացքով նայում նրա դեմքին, իսկ Չ ուհ են գա թն ասես ամբողջովին կուչ եկավ ու կքվեց տարիների բեռան տակ, որբ կրկին ճնշեց նրան։

— Իմ փոխարեն ոչ ոք էլ դուրս չի գալիս որսի։— Քինը ուժգին զարկեց կրծքին։— Ես ինքս եմ որս անում ինձ համար։ Ես կյանքը տեսնելով ուրախանում եմ, երբ որսի եմ գնում։ Երբ ես իշայծյամին հետապնդելու ժամանակ սողում եմ ձյան վրայով, ուրախանում եմ։ Ու երբ ձգում եմ աղեղը, ա՛յ, այսպես, ամբողջ ուժով, և՛ անխնա, և՛ արագ, ու հենց սրտի մեջ եմ խրում նետս, ես ուրախանում եմ։ Եվ այն կենդանու միսը, որ ուրիշն է սպանել, ոչ մի անգամ ինձ համար այնքան համով չի լինում, որքան այն կենդանու միսը, որ ես ինքս եմ խփել։ Ես ուրախանում եմ կյանքով, ուրախանում եմ իմ ճարպկությամբ և ուժով, ուրախանում եմ, որ ես ինքս եմ կարողանում անել ամեն ինչ, ինքս եմ ձեռք բերում այն ամենը, ինչ պետք է ինձ։ Եվ հանուն ինչի՞ ապրել, եթե ոչ հանուն այս բոլորի։ Էլ ինչի՞ համար ապրեմ, եթե հենց իմ մեջ և այն ամենի մեջ, որ ես անում եմ, ինձ համար ուրախություն չպիտի լինի։ Ես օրերս անց եմ կացնում որսորդության և ձկնորսության մեջ ու պատճառն այն է, որ դրանում ուրախություն կա ինձ համար. իսկ օրերս անցկացնելով որսորդության ու ձկնորսության մեջ, ես դառնում եմ ճարպիկ և ուժեղ։ Չումի ներսում՝ կրակի մոտ նստած մարդը, կորցնում է իր ուժն ու ճարպկությունը։ Նա իրեն երջանիկ չի զգում, երբ ճաշակում է այն սնունդը, որ ինքը չի ձեռք բերել. և կյանքը նրան չի ուրախացնում։ Նա չի ապրում։ Եվ դրա համար ես ասում եմ՝ լավ կլինի, եթե օտարականը հեռանա այստեղից։ Նրա իմաստությունը մեզ իմաստուն չի դարձնում։ Մենք չենք ձգտում ճարտարություն ձեռք բերել, գիտենալով, որ նա ունի։ Երբ հարկավոր է լինում, մենք դիմում ենք նրա ճարտարությանը։ Մենք ուտում ենք նրա ձեռք բերած սնունդը, բայց դա քաղցր չի լինում մեզ համար։ Մենք ուժեղ ենք նրա ուժով, բայց դրա մեջ բերկրանք չկա։ Մենք ապրում ենք մի կյանքով, որ նա է ստեղծում մեզ համար. իսկ դա... իսկական կյանք չէ դա։ Այդ տեսակ կյանքից մենք ճարպակալում ենք ու կնկա նման բաներ ենք դառնում, և աշխատանքից ենք վախենում, և կորցնում ենք պետքական ամեն ինչը ինքնուրույն կերպով ձեռք բերելու կարողությունր։ Ո՛վ Թանտլաչ, թող հեռանա այդ մարդը, որպեսզի մենք նորից տղամարդ դառնանք։ Ես Քինն եմ՝ տղամարդ. և ես ինքս եմ ինձ համար որս անում։

Թանտլաչը նրա վրա ուղղեց իր հայացքը, որի մեջ, թվում էր թե հավերժության դատարկությունը կար։ Քինն անհամբեր սպասում էր վճռի. բայց Թանտլաչի շրթունքները չէին շարժվում, և ծեր առաջնորդը շրջվեց իր դստեր կողմը։

— Ինչ որ տրված է, խլել անկարող են,— արագ սկսեց խոսել Թումը։— Ես փոքրիկ աղջիկ էի լոկ, երբ այդ օտարականը, որ դարձավ իմ ամուսինը, առաջին անգամ եկավ մեզ մոտ։ Ես տղամարդկանց չէի ճանաչում ու նրանց սովորություններին ծանոթ չէի. և իմ սիրտն այն տեսակ էր, ոնց որ ուզածդ աղջկա սիրտն է, երբ դու, Թանտլաչ, դո՛ւ, և ոչ թե մեկ ուրիշը, կանչեցիր ինձ ու նետեցիր օտարականի գիրկը։ Դո՛ւ, Թանտլաչ, և ոչ այլ ոք. և ինչպես որ դու ինձ տվեցիր այդ մարդուն, այնպես էլ այդ մարդուն տվեցիր ինձ։ Նա իմ ամուսինն է։ Նա քնել է իմ գրկում, և իմ գրկից նրան պոկել չի լինի։

— Լավ կանես, ո՜վ Թանտլաչ,— իսկույն արձագանքեց Քինը բազմանշանակ մի հայացք գցելով Թումի վրա,— լավ կանես՝ միտդ պահես. այն, ինչ որ տրված է, խլել անկարող են։

Չուհենգաթը տեղում ձգվեց։

— Թեթևամիտ ջահելությունն է խոսում քո շուրթերով, Քի՛ն։ Ինչ վերաբերում է մեզ, ո՜վ Թանտլաչ, ապա մենք ծերունիներ ենք, և ամեն ինչ հասկանում ենք։ Մի ժամանակ մենք էլ ենք նայել կանանց աչքերին, ու մեր արյունը եռացել է անհասկանալի ցանկություններից։ Բայց տարիները մեզ սառեցրել են, ու մենք հասկացել ենք, որ իմաստությունը միայն փորձով են ձեռք բերում, և որ միայն սառնարյունությունն է միտքը դարձնում խորաթափանց, իսկ բազուկը՝ ամուր, ու մենք գիտենք, որ տաք սիրտը շատ տաք է լինում և շտապելու հակում է ունենում։ Մենք գիտենք, որ Քինը դուր էր գալիս քո աչքերին։ Մենք դիտենք, որ Թումին խոստացել էիր նրան դեռ վաղ օրերից, երբ Քինը դեռ մանուկ էր։ Բայց եկան նոր օրեր, ու նրանց հետ էլ եկավ օտարականը, և այն ժամանակ օգտակարության ձգտումն ու իմաստությունը մեզ հրաման տվեցին խախտել խոստումը, և Թումը կորած էր Քինի համար։

Ծերունի շամանր լռեց ու նայեց երիտասարդի դեմքին։

— Եվ թող հայտնի լինի, որ ես՝ Չուհենգաթս, խորհուրդ տվի խախտել խոստումը։

— Ես ուրիշ կին չեմ ընդունել իմ մահիճը,— նրա խոսքը ընդհատեց Քինը։— Ինձ համար ես ինքս օջախ սարքեցի, և ինքս էի կերակուր եփում, և մենակության մեջ կրճտացնում ատամներս։

Չուհենգաթը ձեռքի մի շարժումով նշան արեց, թե ինքը դեռ չի վերջացրել։

— Ես ծեր մարդ եմ, ու բանականությունն է իմ խոսքի աղբյուրը։ Լավ բան է ուժեղ լինելն ու իշխանություն ունենալը։ Ավելի լավ է հրաժարվել իշխանությունից, եթե գիտես, որ հրաժարումն օգուտ կբերի։ Անցած-գնացած օրերին ես քո աջ կողմն էի նստում, ո՜վ Թանտլաչ, իմ ձայնը խորհուրդ անելու ժամանակ մյուս բոլորի ձայներից ավելի մեծ նշանակություն ուներ, և ինձ լսում էին բոլոր կարևոր գործերն անելիս։ Ես ուժեղ էի, և իշխանություն կար ձեռքս։ Ես առաջին մարդն էի Թանտլաչից հետո։ Բայց եկավ օտարականը, ու ես տեսա, որ նա ճարտար է, և՛ իմաստուն, և՛ մեծ։ Եվ պարզ էր՝ երբ որ նա ինձանից ավելի ճարտար և իմաստուն է, ապա նրանից ավելի մեծ օգուտ կլինի, քան թե ինձանից։ Եվ դու, Թանտլաչ, ականջ դրեցիր ինձ, և լսեցիր իմ խորհուրդը և օտարականին իշխանություն տվիր ու տեղ տվիր նրան քո աջ կողմը, և քո դուստր Թումին տվիր նրան։ Ու մեր ցեղը սկսեց ծաղկել ու բարգավաճել, նոր օրերի օրենքներով դասավորելով կյանքը. և նա հետագայում էլ կծաղկի, եթե օտարականը մնա մեր մեջ։ Ես ու դու ծերունիներ ենք, ո՜վ Թանտլաչ, ու այդ բանը խելքի գործ է և ոչ սրտի։ Ականջ դիր իմ խոսքին, Թանտլաչ, ականջ դիր իմ խոսքին։ Թող մնա օտարականը։

Երկարատև լռություն տիրեց։ Ծեր առաջնորդը մտորում էր այն մարդու նման, որը համոզված է իր վճիռների աստվածային անսխալականության մեջ, իսկ Չուհենգաթը կարծես թե մտովի խորասուզվել էր անցյալի մշուշապատ հեռուները։ Քինն ագահ աչքերով նայում էր Թումին, բայց կինը դա չէր նկատում և տագնապալի հայացքը չէր կտրում հոր շուրթերից։ Շունը մորթու տակից գլուխը կրկին մտցրեց ներս և, հանգստանալով, որ ներսում լռություն է տիրում, փորսող տալով մտավ չում։ Նա հետաքրքրությամբ հոտոտեց Թումի կախ ընկած ձեռքը, ականջները հանդգնորեն սրելով, անցավ Չուհենգաթի կողքով ու թազնեց Թանտլաչի ոտքերի մոտ։ Նիզակը թրխկոցով ընկավ գետին, շունը ահ առած կաղկանձեց, ցատկեց մի կողմ, ատամներն օդում կափկափեց ու, մի ցատկ ևս կատարելով, դուրս թռավ չումից ու անհետացավ։

Թանտլաչի հայացքը մեկ սրա վրա էր սևեռվում, մեկ մյուսի, նա ուշադիր ուսումնասիրում էր ամեն մեկի դեմքը։ Հետո նա արքայական խստությամբ բարձրացրեց գլուխը և սառն ու միալար ձայնով արտաբերեց իր վճիռը.

— Օտարականը մնում է։ Հավաքի՛ր որսորդներին։ Արագավազ մի մարդ ուղարկիր հարևան գյուղը և հրաման տուր կանչել ռազմիկներին։ Եկվորի հետ ես խոսելու միտք չունեմ։ Դու կխոսես նրա հետ, Չուհենգա՛թ։ Ասա նրան, որ նա կարող է հեռանալ անհապաղ, եթե համաձայն է հեռանալ խաղաղությամբ։ Իսկ եթե ստիպված լինենք կռվել, սպանեցեք, սպանեցեք, սպանեցեք բոլորին՝ մինչև վերջին մարդը, և իմ հրամանը հաղորդիր բոլորին. մեր օտարականին ձեռք չտալ, օտարականին, որ իմ դստեր ամուսինը դարձավ։ Ես ասացի...

Չուհենգաթը ոտքի ելավ ու լնգլնգալով դիմեց դեպի ելքը։ Թումը հետևեց նրան. բայց երբ Քինն արդեն կռացել էր, որ դուրս դա, Թանտլաչի ձայնը կանգնեցրեց նրան.

— Քի՛ն, դու լսեցիր իմ խոսքը, և դա լավ է։ Օտարականը մնում է այստեղ։ Տե՛ս, որ նրան ոչինչ չպատահի։

Հետևելով Ֆերֆաքսի խրատներին ռազմավարության արվեստի վերաբերյալ, էսկիմոս ռազմիկները հանդգնորեն առաջ չէին նետվում, օդը թնդացնելով ճիչ ու աղաղակով։ Ընդհակառակը, նրանք ցուցաբերում էին մեծ զսպվածություն և ինքնատիրապետում, շարժվում էին անձայն, մի թաքստոցից մյուս թաքստոցը սողալով։ Գետափի բաց տարածության նեղ շերտում, որ համեմատաբար տանելի մի պաշտպանություն էր, պառկել էին Վան-Բրանթի մարդիկ՝ հնդկացիներն ու ֆրանսիացիները։ Սրանց աչքերը ոչ մի բան չէին ջոկում, և ականջները միայն ձայներ էին որսում աղոտ կերպով. բայց նրանք զգում էին կենդանի էակների ներկայությունն անտառում և կռահում էին անլսելի, անտեսանելի թշնամու մոտենալը։

— Անիծյալ լինեն նրանք,— փնթփնթաց Ֆերֆաքսը,— նրանք վառոդից գաղափար անգամ չունեին. ես սովորեցրի դրա հետ վարվելու ձևը։

Էվերի Վան-Բրանթը ծիծաղեց, ծխամորճը թափ տվեց, ծխախոտի քսակի հետ միասին մի խոր տեղ կոխեց ու սկսեց փորձել, թե որսորդական դանակն արդյոք հե՛շտ է դուրս գալիս կողքից կախված պատյանից։

— Կտեսնեք,— ասաց նա,— մենք ցրիվ կտանք առջևից եկող ջոկատը, և դա նրանց հոխորտանքը մի քիչ կնվազեցնի։

— Եթե իմ տված դասերը հիշեն, շղթա կազմած կգան։

— Թող գան։ Հրացանն էլ նրա համար գոյություն ունի, որ գնդակ գնդակի հետևից խփես։ Ա՜, փառավոր բան դուրս եկա՛վ... Առաջին արյունը... Քեզ մի բաժին ծխախոտ ևս, Լո՛ւն։

Հնդկացի Լունը նկատեց ինչ֊որ մեկի դուրս ցցված ուսը և դիպուկ կրակոցով իմաց տվեց դրա տիրոջը իր հայտնագործության մասին։

— Բավական է, որ գրգռենք դրանց,— բարբաջում էր Ֆերֆաքսը,— միայն թե գրգռենք, որպեսզի առաջ նետվեն...

Հեռավոր մի ծառի հետևում Վան-Բրանթը վայրկենական երևացող մի գլուխ տեսավ. նույն րոպեին որոտաց կրակոցը, և էսկիմոսը մահվան օրհասով տապալվեց գետին։ Մայքլը գետին գլորեց երրորդին։ Ֆերֆաքսն ու մյուսներն էլ գործի անցան, կրակելով յուրաքանչյուր անզգուշորեն երևացող էսկիմոսի և յուրաքանչյուր շարժվող թփի վրա։ Հինգ էսկիմոս իրենց մահը գտան, երբ վազելով անցնում էին չպաշտպանված ճահճուտը, իսկ տասը հոգի ընկան ձախ կողմում, ուր ծառերն ավելի նոսր էին։ Սակայն մնացածները մռայլ տոկունությամբ գալիս էին ճակատագրին ընդառաջ, շարժվելով զգույշ, մտածված կերպով, առանց շտապելու և առանց դանդաղելու։

Տասր րոպե անց գրեթե ուս֊ուսի շարժվող մարդիկ հանկարծ կանգ առան, ամբողջ շարժումը դադարեց. տիրեց չարագուշակ, ահեղ մի լռություն։ Միայն տեսանելի էր, թե ինչպես քամու առաջին թույլ շնչից հազիվ շարժվում ու դողում են խոտերն ու տերևները, որ ոսկեզօծված էին վաղորդյան թույլ ու գունատ արևի շողերով։ Երկար ստվերներն ընկան հողին, օտարոտի միախառնվելով լույսի շերտերին։ Մոտերքում վիրավոր էսկիմոսի գլուխ երևաց, որը դժվարությամբ դուրս էր սողում ճահճուտից։ Մայքլը բարձրացրեց հրացանն ու նշան բռնեց, բայց հապաղում էր կրակել։ Հանկարծ ռազմաճակատի աներևույթ գծի երկայնքով, ձախից աջ անցավ մի շաչյուն և նետերի ամպանման երամը ճեղքեց օդը։

— Պատրաստ,— հրաման տվեց Վան-Բրանթը, և նրա ձայնի մեջ մի նոր, մետաղի հնչյուն լսվեց։— Կրա՛կ։

Էսկիմոսները միանգամից դուրս թռան դարանից։ Անտառն ասես հանկարծ սկսեց շնչել, ամբողջովին կյանք առավ։ Լսվեց բարձր մի կանչ, և, որպես պատասխան, հրացաններր ցասումնալից մարտահրավերով որոտացին։ Գնդակահար էսկիմոսներն ընկնում էին վազքի պահին, իսկ նրանց եղբայրները անզուսպ կերպով, ալիք առ ալիք, առաջ էին ընթանում նրանց վրայով։ Սրանց առջևից, ստեպ-ստեպ երևալով ծառերի արանքներում, ծածանվող մազերը քամուն տված, սլանում էր Թումը, ընթացքի ժամանակ թափահարելով ձեռքերն ու ցատկելով տապալված ծառաբների վրայով։ Ֆերֆաքսը նշան բռնեց և քիչ էր մնում քաշեր ձգանը. մեկ էլ հանկարծ ճանաչեց նրան։

— Կի՜ն է... Չկրակե՛լ,— բղավեց նա։— Տեսե՛ք, տեսե՛ք, նա անզեն է։

Ո՛չ հնդկացիները, ո՛չ Մայքլն ու նրա ընկերները և ոչ էլ Վան֊Բրանթը, որ գնդակ գնդակի հետևից էր արձակում, չլսեցին նրան։ Սակայն ողջ ու անվնաս Թումն ուղղակի առաջ էր թռչում մորթե զգեստ հագած որսորդի հետևից, որը դուրս սողոսկեց ինչ-որ տեղից։ Ֆերֆաքսը, որ գնդակներով հնձում էր աջից ու ձախից վազող էսկիմոսներին, հրացանն ուղղեց որսորդի կողմը։ Սակայն վերջինս հավանաբար ճանաչեց նրան, իրեն մի կողմ գցեց ու նիզակը խրեց Մայքլի կուրծքը։ Նույն վայրկյանին Թումը մի թևով փաթաթվեց ամուսնու վզով և, կիսով չափ շուռ գալով, զիլ կանչով ու ձեռքի մի շարժումով ասես ետ վանեց հարձակվողների բազմությունը։ Տասնյակ մարդիկ սլացան նրանց մոտով. ինչ-որ կարճատև մի ակնթարթ Ֆերֆաքսը քարացավ կնոջ թխաթույր, հուզիչ, հաղթական գեղեցկության առջև, և տարօրինակ տեսիլների, հիշողությունների ու անուրջների մի շարան փոթորկեց նրա հոգու խորքերը։ Հին աշխարհի փիլիսոփայական դավանանքների և նորի բարոյական պատկերացումների պատառիկներ, ինչ-որ ապշեցուցիչ կերպով որոշակի ու միևնույն ժամանակ տանջելու աստիճան անկապ պատկերներ գալիս, անցնում էին նրա ուղեղի միջով. անցնում էին որսի տեսարաններ, անտառի թավուտներ, ձնածածկ լուռ հեռաստաններ, պարահանդեսային կրակների ճաճանչումներ, պատկերասրահներ ու դասախոսական դահլիճներ, թորանոթների առկայծող փայլ, գրադարակների երկար շարքեր, մեքենաների թխկթխկոց ու փողոցի աղմուկ, մոռացված երգերի մեղեդիներ, սրտամոտ ու թանկագին կանանց և հին բարեկամների դեմքեր, խոր կիրճի հատակով հոսող մենավոր մի առվակ, ջարդված մի նավակ՝ քարքարոտ ափին, անդորր մի դաշտ, որ լուսավորված է լուսնի լույսով, բարեբեր հովիտներ, խոտի բուրմունք...

Ռազմիկը, որին գնդակը դիպել էր հենց այդտեղ ու մխրրճվել նրա աչքերի միջև, իներցիայով մի տարտամ քայլ էլ արեց ու անշնչացած տապալվեց գետին։ Ֆերֆաքսն ուշքի եկավ։ Նրա ընկերները, որոնք դեռ կենդանի էին, շատ ետ էին մղվել։ Նրանց քշել էին ծառերի հետևը։ Ֆերֆաքսի լսողությանն էին հասնում ձեռնամարտի անցած որսորդների ճիչերը, որոնք ծովացուլի ոսկորից շինած իրենց զենքերով սրախողխող էին անում մարդկանց։ Վիրավորների տնքոցները ծանր հարվածների նման խոցում էին Ֆերֆաքսի սիրտը։ Նա հասկացավ, որ ճակատամարտը վերջացել է և տանուլ է տրված, բայց ցեղի ավանդական սովորությունները և համերաշխությունը իրեն դրդում էին նետվել կռվի ամենաթեժ տեղը, որպեսզի գոնե մեռնի իր նմանների շարքում։

— Ի՛մ ամուսին, ի՛մ ամուսին,— ճչում էր Թումը,— դու փրկված ես։

Ֆերֆաքսը փորձում էր դուրս պրծնել նրա գրկից, բայց Թումը ծանր բեռի նման կախվել էր վզից և թույլ չէր տալիս մի քայլ անգամ անել։

— Հարկավոր չէ՛, հարկավոր չէ՛... նրանք արդեն մեռած են, իսկ կյանքը լա՜վն է...

Թումը թևերով պինդ փաթաթվեց նրա վզով ու ոտքերով կառչում էր նրա ոտքերին։ Ֆերֆաքսը գայթեց ու օրորվեց, լարեց ամբողջ ուժը, որպեսզի ուղղվի և կանգուն մնա, բայց կրկին ճոճվեց ու մեջքի վրա ընկավ գետին։ Ընկնելիս ծոծրակը զարկեց ցցված մի արմատի, շշմեց. նա գրեթե չէր դիմադրում արդեն. նրա հետ միասին Թումն էլ ընկավ գետին ու լսեց թռչող նետի սուլոց և վահանի նման իր մարմնով ծածկեց ամուսնուն, պինդ գրկելով նրան և դեմքով ու շրթունքներով կպչելով նրա վզին։

Այդ ժամանակ նրանցից մի տասը քայլ հեռու գտնվող խիտ թփուտների միջից դուրս եկավ Քինը։ Նա զգուշությամբ նայեց շուրջր։ Հեռվում դեռևս աղմկող կռիվը կամաց-կամաց դադարում էր և մարում էր վերջին զոհի ճիչը։ Ոչ ոք չէր երևում։ Քինը մի նետ դրեց աղեղնալարին ու նայեց այն երկուսին։ Տղամարդու մարմինը վառ կերպով սպիտակին էր տալիս կնոջ կրծքի ու թևի միջև։ Քինը ձգեց աղեղնալարը, նշան բռնեց։ Երկու անգամ անշտապ կատարեց այդ բանը դիպուկ լինելու համար, և այն ժամանակ միայն ոսկրե սուր ծայրը բաց թողեց ուղիղ ճերմակ մարմնի վրա, որ առանձնապես սպիտակ էր երևում Թումի թուխ թևերի մեջ, նրա թուխ կրծքի կողքին։


  1. Ռոբերտ Քլայվ (1725—1774) և Ուորրեն Հասթինգս (1732—1818) — անգլիացի գաղութարարներ, որոնք հայտնի են Հնդկաստանում իրենց վարած զավթողական քաղաքականությամբ (XVIII գար)։
  2. Ֆրենսիս Դրեյք (1540 —1596) և Ուոլտեր Ռելեյ (1552—1618) — անգլիացի ծովագնացներ, որոնք XVI դարի երկրորդ կեսին հանդուգն հարձակումներ էին գործում Ամերիկայում գտնվող իսպանական գաղութների վրա։ Նրանց ծովային արշավանքներն օժանդակեցին Անգլիայի գաղութային զավթողական քաղաքականությանը։
  3. Հենգիստ և Հորսա — հին սաքսերի լեգենդար առաջնորդները (V դար)։
  4. Անդրե Սոլոմոն Ավգուստ (1854—1897) — շվեդացի գիտնական, որը զոհվեց օդապարիկով Հյուսիսային բևեռ հասնելու փորձ կատարելիս։
  5. Սանտ—Յադո — քաղաք և նավահանգիստ Կուբայում, 1898 թվականի պատերազմի օրերին կատաղի ճակատամարտի վայր։
  6. Քանյե Պետրոս Առնոլդ (1835—1911) — բուրերի զորապետ, բուրական պատերազմի մասնակից (1899—1902). հանձնվեց անգլիացիներին 1900 թվականին։