Վերջին թարմացում 29 Հուլիսի 2016, 00:55
Մի պտոյտ Ճապոնում
Իմ յուշերից եւ տպաւորութիւններից

հեղինակ՝ Հեղինէ Մէլիք֊Հայկազեան
աղբյուր՝ «Մի պտոյտ Ճապոնում»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Նագասակիի ծոցը

Յունիսի առաւօտը նոր էր ծագում, երբ մեր առջևը ծովի մէջ նկարւեցին ճապոնական լեռների անորոշ գծերը։

Առաւօտը թարմութիւն ու զով էր շնչում։

Եւ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում։

Անընդհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։

Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։

Սքանչելի է այդ ծոցը։

Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ և ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ու ամեն֊ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։

Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մնում է նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինտի միջով։

Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ։, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։

Շոգենաւը առաջ է գնում այդ իրար հիւսող կանաչի խիտ ցանցի միջոց, յամառ ու անխնայ պատռտելով նրան։

Կղզեակները առաջ են վազում աջից, ձախից, դէմ են տալիս իրանց կուրծքը նրա ճամփին, կարծես ուզում են առաջը կտրեն, կանգնեցնեն շոգենաւի ընթացքը։ Բայց յանկարծ նորից բացւում է բարակ նեղուցը ― և նորից առջևդ զմրուխտ կղզիներ։

Վերջ չկայ քմահաճ գալարներին։ Շոգենաւի պտուտակի ամեն դարձին տեսարանը փոխւում է։ Դէմ եկող ամեն մի հրւանդան բերում է իր հետ և մի նոր անակընկալ։

Երբեմն նաւակների մի ամբողջ շարք է, որ խմբւել է մանրիկ խորշում ձկնորսի խրճիթի տակ, երբեմն մի գերեզմանոց, որ սարն ի վեր է մագլցում կամ ճգնաւորի լռիկ խուցը, որ գաղտուկ ցած է նայում անտառակի թագուն անկիւնից։

Թէև օրը շատ վաղ էր դէռ, բայց մեր շոգենաւի ամբողջ բնակչութիւնը դուրս էր թափւել տախտակամած, զմայլւէ առատօրէն մեր դէմ բացւող տեսարանով ու այդ սար ու ծովի իրար գրկող գոյներով, որոնք աւելի էին գեղեցկացել «ծագող արևի» ճառագայթների տակ։

Մի առանձին պարզութիւն, փափկութիւն ու իդիլիկ անդորրութիւն է բորում այդ ոչ֊բարձր կենսուրախ սարերից, այդ օրօրուն մեղմ ծովից և երկնքի ջինջ կապոյտից։

Ո՛չ մի խիստ բեկւող գիծ չի խանգարում նկարի փափուկ ներդաշնակութիւնը, չի գրգռում դիտողի երևակայութիւնն ու ջիղերը։

Ամեն ինչ կարծես ձգտում էր ճամփորդին էլ ներշնչելու մի խաղաղ ու զւարթ տրամադրութիւն՝ այդ ժպտուն, կանաչ աշխարհը մտնելիս։

Կեանքը հետզհետէ զարթնում էր ծոցում։ Ջօնկերը ծալաւոր առագաստները բացածսլանում էին մեր մօտից ու շտապում բաց ծոցը ձկան որսի։

Ճապոնական երկճեղ վերջով նաւակները ճօճւելով լող էին տալիս ամեն ուղղութեամբ։ Ծովի կապոյտի վրա որոշակի գծագրւում էր ղեկավարի բնորոշ կերպարանքը, որը կանգնած կառավարում էր միակ թին, որը միևնոյն ժամանակ և ղեկի պաշտօն էր կատարում։

Նրա ընկերները մէկի միւսի ետևից դուրս էին սողում փոքրիկ խցիկից, որ անխուսափելի է ճապոնական ամեն մի նավաւկի ցրա, և սիրալիր ժպիտով նայում էին մեր ետևից։

Մի ոլոր էլ, և ահա երևացին ռէյդում կանգնած մեծ նաւերի կայմերն ու ծխնելոյզները․ սա՝ Նագասակիին մօտ լինելու նշանն էր։

Նեղուցը յանկարծ բացւում է։

Քաղաքը ինքը մեր դէմ է լողում և շուտով պատում է մեղ օղակի պէս։

Ամերիկեան կրէյսերը, որի մօտով մենք անցնում ենք, նւագում է մի պատիւ մեզ ռուսական օրհներգը, որին շուտով յաջորդում է ամերիկական ազգային երգը, հնչուն ու սահուն կերպով փռւելով ծովի վրա։ Բայց ընդհանրապէս շատ քիչ շարժում կայ ծոցում ամառւա շնորհիւ։

Ռէյդում կանգնած են մի քանի կէտորս նաւեր, երկու֊երեք ճապոնական սովորական շոգենաւ, այլ և լայն ծոցի խորքում միայնակ կանգնած է ֆրանսիական մի գեղեցիկ զրահակիր։

Բոլորովին այլ պատկեր է ձմեռը, երբ այդ ծոցի մէջ աշխարհի ամեն կողմից հաւաքւում են ռազմական տորմիղները։ Այն ժամանակ օդ մէջ ծածանւում են հազարաւոր գոյնզգոյն դրօշակներ․ ծովը կենդանանում է փորձեր անող մակոյկներով․ սուր ճչում են շոգեմակոյկների սուլիչները, որոնք զինւորական հիւրերին մի նաւից միւսն են փոխադրում․ նրանց ետևից թնդում է հրազէնների զարկը, որը մի ճշմարիտ թնդանօթաձգութիւն է դառնում, երբ ծոց է մտնում մի նոր կրէյսեր։ Իսկ այժմ ամեն֊ինչ հանգիստ է ու խաղաղ։ Լսւում է միայն ջրերի ճողփիւնը մօտից սլացող ջօնկի տակ, և կրկին լուռ է։


*
* *

Խարիս ձգեցինք։

Ճապոնական նաւակների, «ֆունէների» մի ամբող արշաւ շրջապատում է մեզ ու տիրում է մեր նաւին։

Ամեն կողմից առջևդ բուսնում են փոքրիկ շարժուն մարդիկ իրենց երկար շորերով ու խոր ծունկի տալով՝ բարևում են քեզ իրանց բարի ժպիտովը։

Ոմանք ֆալիս են յանձնարարական քարտերով, որոնց վրա գրւած է ռուսերէն, թէ պ․ Տակասիմա կամ Մերուտակի լաւ լւացք է անում, արագ ու վարպետօրէն կարում է հագուստ, կամ կարող է հիանալի առաջնորդ դառնալ ու ցոյց տալ քաղաքի բոլոր նշանաւոր տեղերը։

Քարտի տակը փայլում է յանձնարարողի ստորագրութիւնը, սովորաբար մի ծովային սպայի։

ակայն խուժողների մեծ մասը ապրանք է բերում․ նրանք տիրապետում են տախտակամածին, բաց են անում իրանց անհամար կապոցները արկղիկները, և ճամփորդի զարմացած հայեացքի դիմաց դուրս են գալիս մէկը միւսի ետևից սիրուն օրիժինալ փոքրիկ իրեր։

Տախտակամածը ամբողջովին մի եռուն խանութի է փոխարկւում։ Ամեն կողմ կանոնաւոր կերպով շարւած են յատակին սափորներ, ալ'բօմներ, արկղիկներ, և նրանց մօտ ճապոնացին, որ ծունկի նստած հանգիստ սպասում է յաճախորդին։

Ինձ ամենից շատ զարմանք էր պատճառում այդ իրերի չափազանց էժանութիւնը, որ բնաւ չէր համապատասխանում աշխատանքի մեծութեանը։ Ու բոլորովին անհասկանալի էր թւում, թէ ինչպէս նրանք կարողանում են դիմանալ, երբ այդքան ցած են գնահատում իրանց աշխատանքը։

― Ասացէք խնդրեմ,― դարձայ ես վերջապէս իմ ծանօթ մի նաւսպայի, որ մտազբաղ կանգնած էր այդ ընդհանուր շարժման մէջ․― ի՞նչն է ստիպում ճապոնացուն, որ այդպէս քիչ գնահատի իր աշխատանքը։ Ի՞նչ է մնում նրան այս առուտուրից։

― Դուք մոռանում էք, ազնիւ օրիորդ,― առարկեց ինձ նաւսպան մի մեղմ ժպիտով․― մոռանում էք, որ ճապոնացու կեանքը շատ է պարզ․ ի՞նչնին է հարկաւոր շատ ստանալը, երբ իր պէտքերն էլ ամենևին բարդ չեն։

― Իսկն ասած, այդ իրերը աւելի չարժեն,― միջամտեց արհամարհոտ շեշտով մի նիհար ու մաղձոտ պարոն, որ կանգնած էր քիչ հեռուն․― դրանք այժմ զբաղւում եյ ձեզ իրանց գեղեցիկ գոյներովն ու էժանութեամբը․ միայն գիտէ՞ք, ի՜նչպէս շուտ են կոտրւում։ Արդէն նրանց ոչ մի բանը դիմացկուն չէ։ Ապա, որ ասում եմ, այս ժողովուրդը չափազանց անբարեխիղճ է։

― Ի՞նչպէս կարող էք այդպէս թեթև կերպով պախարակել մի ամբողջ ժողովուրդ,― տաքացաւ նաւսպան․― կարո՞ղ էք ուրանալ, թէ այս իրերի վրա մեծ աշխատանք է դրւած, այն էլ ի՜նչ նստուկ, մանր ու յամառ աշխատանք։ Ոչ, պարոն, ճապոնացու անբարեխղճութեան մասին խօսելն անգամ մեղք է։ Դուք մեղադրում եք, որ նրնաց շինածը յաւիտենական չէ։ Բայց իզուր։ Մենք, իբրև եւրոպացիք, ամենօց առաջ տևական ու դիմացկուն լինելու ետևից ենք ընկնում, դիզում ենք այնքան անպէտք ու աւելորդ առարկաներ, որոնք մեզանից շատ աւելի են ապրելու։ Մենք ընդհանրապէս խիստ ենք կապւած կեանքին ու կեանքի մանր բաներին․ այդ պատճառով էլ մահը մեզ համար կարծես միշտ յանկարծակի է գալիս, իբրև մի անակնկալ, երկնքից ընկած բան։ Այլ է ճապոնացու հայեացքը։ Նա հէնց իր մանկութիւնից նայում է իր կեանքին, ինչպէս մի արագ անցնող ու ժամանակաւոր բանի, ու դրա համար մեզպէս երբէք մեծ կարևորութիւն չի տալիս այս աշխարհի բաներին։ Ի՞նչու այդչափ հոգ տանենք իրերի տևականութեան մասին, մտածում են նրանք, երբ մենք ինքներս տևական չենք։

― Գիտէք, օրիորդ,― խօսքը շարունակեց նա դառնալով ինձ․― այս տեսակէտից խիստ բնորոշ է ճապոնական այբուբէնը։

― Ի՞նչպէս․

― Լսած չէ՞ք․ դա մի ոտանաւոր է․ այ, մօտաւորապէս կարելի է թարգմանել․ «Գոյնն ու բոյրը կորչում են․ մեր կեանքում ի՜նչն է մշտական։ Այսօրն էլ սուզւեց ոչնչութեան անդունդը․ դա երազի մի անկայուն նմանութիւն էր և իր ետևից ոչ մի հետք չը թողեց»։ Այս խօսքերն երեխաները կրկնում են շարունակ դպրոցում, և այս խօսքերը դրոշմը մնում է նրանց սրտում ամբողջ կեանքի մէջ։ Այդ կնիքը դրւած է նրանց բովանդակ կենցաղի վրա, նրանց պարզ ու ազատ նիստ ու կացի, նրանց բնակարանների վրա, որոնք այն աստիճան թեթև և օդային են, որ ամեն մի անգլիացի նաւաստի ուսովը կարող տեղիցը հանել․ նոյն կնիքն է նրանց ամուսնական կապերի վրա, որ այնպէս հեշտ խզելի է։

― Զարմանալի է,― ընդհատեցի ես,― որ այս տեսակ հայեացքը նրանց մռայլ չի դարձնում։

― Ի՞նչու․ ընդհակառակը․ դա շատ բնական է։ Ապագայի խախուտ լինելը մարդ որքան խորն է գիտակցում, այնքան աւելի սիրով է փարում ներկային։


*
* *

Մինչդեռ վերնաիւտում (տախտակամածի ետևի մասում) առևտուրն էր տիրել, սպարդէկի (միջի մասի) վրա եռում էր աշխատանքը։ Այստեղ ածուխ են բեռնում, միւս կողմից ջուր են քաշում շոգենաւ։

Ածուխի նաւը կանգնած է մեր շոգենաւին կից, ու մի երկու տասնեակ ճապոնացի յարդէ գլխարկներոը գլխներին կանգնած են խիստ շրքով նեղ տախտակի վրա՝ ածխանաւի գոգից սկսած մինչև շոգենաւի տախտակամածը։ Նրանք անց են կացնում ձեռքէ ձեռք ածուխի զամբյուղները, որոնք կարծես սլանում են օդի մէջ, և գործը առաջ է սլանում մի զարմանալի աշխոյժով։

Ջուրը քաշում են մի փոքրիկ նաւակից, ուր բանում էին մարդ ու կին, ամեն մէկը իր ջրմուղի գլխին։ Կինը մարդուց պակաս չէր աշխատում, մերթ ընդ մերթ նայում էր դէպի մեզ մի լայն ժպիտով, որի միջից, աւա՜ղ, երևում էին մրուրի նման սև ատամները, իբրև ամուսնական հաւատարմութեան գերագոյն նշան։ Դա մի սովորութիւն է Ճապոնում, որ կինը ցույց տալու համար, որ բացի իր մարդուց ոչ ոքի դուր գալու ցանկութիւն չունի, սևացնում է իր ատամները։

Հասաւ ժամանակը ափը ելներրլու։

Իմ ուղեկիցներին ճանկել էր արդէն մի ճապոնացի, որ խոստանում էր մեզ առաջնորդել ռուսական խոհանոց ունեցող մի հիւրանոց։

Սանդուխի տակ նաւակների մի այնպիսի խիստ բազմութիւն էր հաւաքւել, որ ստիպւած էինք անցնելու մի ամբողջ շարքի վրայից հասնելու համար վերջապէս ետևի ազատ նաւակներից մէկը։

Նաւավարը թռավ նաւի վերջը, ձեռք առաւ թիակը, որ միաժամանակ ղեկի դերն էր կատարում, ու մեր նաւակը թափ֊թափ տալով դէպի ափը շարժւեց։

Սրախօոսները Վլադիվօոստօկում ֆունէին «юли֊юли» են ասում, որովհետև գնալիս այնպէս է ճօճւում, որ որոշ աստիճանի հմտութիւն պիտի ունենաս առանց մի բանից բռնելու ոտքի վրա մնալու համար։

Եւ ահա աւելի ու աւելի մօտենում է մեզ տափարակ ափը իր փայտակերտ շէնքերով։

Մաքուր քարափը ձգւում է եզերքին՝ խուզւած ծառերով ստւերաւորւած։

Այստեղ են ընդհանրապէս եւրոպական առևտրական հաստատութիւնները, բանկերն ու զանազան այլ կարգի շէնքերը։ Իսկ աւելի վեր, սարի լանջին, ցրւած են եւրոպական վիլլաներն ու դեսպանատները իրանց զանազանագոյն ծածանւող դրօշակներով։

Շէնքերը թէև եւրեպական են, բայց նրանց վրա մի ինչ֊որ ճապոնական դրոշմ կայ։ Նրանք բոլորը առքի են ընկնում իրենց շինւածքի մի առանձին թեթևուփամբը, որի շարժառիթը Ճապոնում յաճախ կրկնւող երկրաշարժերն են։

Մենք կանգ առանք վերջապէս քարէ նաւամատոյցի առաջ։ Մեր ափի վրա երևալը ամեն կողմից դէպի մեզ քաշեց լծւորների (ջինրիկիշաների) մի ահագին բազմութիւն, որոնք ճարտարախօս ժպիտով մատնանիշ էին անում իրանց մանրիկ կառքերի վրա։

Անշուշտ լսել եք, որ Ճապոնում, ձիերի սակաւութան պատճառով, ամբողջ մի դասակարգ կայ, որ նրանց պաշօնն է կատարում։

Կառքերը խիստ փոքր են, միայն մի մարդու նստելու համար․ ջենրիկշան բռնում է նրան երկայն թևերից և արագ վազ է տալիս, ոտները թափահարելով իսկական ձիու պէս։

Բոլորովին հարթ ու յարմար խճուղին ձգւում է ժապաւէնի պէս, որի վրայով երկանիւ թեթև կառքը գլորւում է շատ հեշտ ու առանց առանձին ջանքի։

Այդ պատճառով ջինրիկիշայի աշխատանքը նրա ուժերից վեր չէ, անասնական մի բան չի համարւում․ չի ճնշում, չի նւաստացնում նրա մարդկային արժանաւորութիւնը։ Նա միշտ ուրախ ու բաւական է և մի առանձին հոգածութեամբ է վարւում իր հեծնորդի հետ։

Նրա առածն էլ մեծ բան չէ․ մէկ մեքսիկեան դօլլարով (ռուբլի) կարելի է նրան ամբողջ օրով վարձել։ Եւ նա բացարձակ յօժարութեամբ կատարում է ձեր բոլոր պատւէրները, քաշում է, կանգնում կամ անփոյթ նստած իր կառքի առջև մասում՝ սպասում է ձեզ, մինչև որ դուք ձեր գործը վերջացնէք։

Եւրոպացին իր երկրի հասկացողութեամբ չի կարող մի ռուբլին բաւական համարել այդ աշխատանքի համար, և տալիս է ընդհանրապէս աւելին։ Դրա համար էլ օտար եկւորների տեսքը մագնիսի ազդեցութիւն է անում, իսկոյն թափւում են գլխիդ և յամառ հետևում են քեզ, մինչև որ ձանձրանաս ու զիջես նրանց խնդրանքին։

Բայց այս անգամ նրանց յամառութիւնը յաջողութիւն չունեցաւ։

Մենք մեր ճապոնացու առաջնորդութեամբ վճռաբար անցանք նրանց միջով, քարափից մտանք մի կողմնակի փողոց ու կանգ առանք մի փոքր երկյարկանի տնակի առջև, որի ետևը սեպ քարաժայռի գլխին գեղեցիկ եւրոպական վիլլաներ էին բազմած։

Այս տան տէրը մի ռուս էր, որ սենեակներ էր տալիս վարձու գլխաւորաբար Վլադիվօստօկից եկողներին։

Վերցրինք երկու սենեակ, մարդագլուխ երկու դօլլար, ուտել֊խմելով։

Հազիւ էինք տեղաւորւել, որ մեզ ճաշի կանչեցին։ Սեղանին նախագահում էր տեսքոտ ու բարձրահասակ տանտիկինը, ծագումով սիբիրուհի։ Նա արդէն վաղուց էր ապրում Ճապոնում և ծառաների հետ բոլորովին ազատ խօսում էր ճապոներէն։

Սեղանակիցները բացառապէս ռուսներ էին, որոնք ոչ մի կերպ էին կարողացել ընտելանալ անգլիական կերակուրներին, քանի որ շոգենաւներում ամեն տեղ ճաշը անգլիական է, և հիմա բոլոր սրտով ուրախ էին, որ վերստին սեղանի վրա տեսնելու են ռուսական կաշան ու շչին։

Խօսակցութիւնը բնականաբար դառնում էր գլխավորապէս Ճապոնի շուրջը։

Տանտիկինը բացատրում էր իր տեսութիւնները ճապոնացիների մասին, ասում էր, թէ նրանք խիստ փափկանկատ են և ծիծաղելի դառնալու չափ քաշւող են փողային հարցերում։

― Գալիս է օրինակ մի արհեստաւոր կամ բանւոր վարձը ստանալու․ փոխանակ ուղղակի գալու նպատակը յայտնելու, քաշքշւում է, հազում։― Ի՞նչ ես ուզում, հարցնում ես զարմացած։ Պատասխան՝ ոչ մի բառ։ Նա միայն ոտից ոտ է անցնում, ու լսւում է նրա թեթև չոր հազը, մինչև որ նրա դէմքին դրոշմւած շփոթութիւնից, վերջապէս գլխի ես ընկնում, թէ բանն ինչումն է։

Երբ սեղանից ելանք, դուրսն արդէն կիսով չափ մութն էր։ Փափուկ ջերմ գիշերը իջնում էր Նագասակիի վրա և շուտով բոլորովին պարուրեց ամբողջ քաղաքը։

Բայց մինչև ուշ գիշեր կեանքը չէր դադարում փողոցներում։ Շարունակ փայլկտում ու արագ անց են կենում վազող ջիների թղթէ լապտերները․ հեռուից լսւում են օտարազգի հարբած նաւաստիների խռպոտ ձայները և փողոցային մանրավաճառի ականջ ծակող ճըռռանի ձայնը։

Մեր հանդիպակաց տան բաց պատուհաններից դէպի մեզ էին գալիս մի երգի յստակ ուժեղ հնչիւնները, որոնց ընկերակցում էր ֆիս֊հարմօնիայի ներդաշնակ նւագը։

― Երգողն ո՞վ է․― հարցրի տանտիկնոջից։

― Գիտէք,― ասաց նա,― այդ տան մէջ հաւաքւում են քաղաքում մնացած անգլիացի նաւաստիները, և անգլուհիք գալիս են երգելու հարբեցութիւնից նրանց քիչ հեռու պահելու համար։

Մեր փողոցի դուռը ամբողջ գիշերը բաց էր․ բաց էին նաև բոլոր պատուհանները, և ես իմ անկողինը մոծակներից պաշտպանող ցանցի տակից երկար ժամանակ լսում էին փողոցից անցնող ճապոնացիներ փայտէ կօշիկների թխկթխկոցը։

Ուրիշի սեփականութիւնը սուրբ է համարւում ճապոնացու աչքում, և կարող ես հանգիստ քնել պատուհաններդ բաց։

Մի պտոյտ քաղաքում

Առաւօտը շատ վաղ ջինրիկիշաները արդէն խմբւել էին լուսամուտների տակ, ուշադիր մեր դուրս գալուն, և հէնց որ երևացինք դռների մէջ, նրանք ուրախ վազ տւին դէպի մեզ, իրար առաջը կտրելով։

Առանց վարանումի չէր, որ մենք տեղի տւինք նրանց խնդրանքին ու հեծանք թեթև կառքերը։

Ջինրիկիշաները իսկույն հանգստացան․ սրբւեց նրանց դէմքից պաղատանքի արտայայտութիւնը, և մեզ մի թեթև ու խնամածու ժպիտ ձօնելով՝ աշխոյժ լծւեցին ու առաջ վազեցին։

Աջ ու ձախ երևում ու աչքից կորչում էին չինացի դերձակների ու կօշկարարների աշխատանոցները իրենց ցուցանակներով և այլ այդ կարգի ուրիշ խանութներ, որոնք ծառայում են եւրոպացիների պէտքերին։ Չինացիք շատ վարժ եւրոպական շորեր են կարւում, ճարպիկ կերպով յարմարւելով մեր ճաշակին ու տարազին, որ նրանց համար այդքան խորթ է։

Այդ տեսակէտից առանձին յաջողութիւն ունեն կնոջ հագուստ կարողները, այնպէս որ եւրոպուհիք յօժարութեամբ դրանց են յանձնում իրանց արդուզարդը։

Ուրախ է կեանքը եւրոպական թաղում։

Անթիւ գարեջրատների բաց դռներից դուրս են խուժում հարբած երաժիշտների հնչիւնները, որի չափի տակ զւարթ պարում են գլուխները տաքացած օտարազգի նաւաստիները։

Մենք արագ անցանք կամրջով այն բազմաթիւ ջրանցքներից մէկը, որոնց ցանցի պէս կտրտում են քաղաքը, և մրանք արդէն զուտ ճապոնական մասը։

Մի վայրկեան ամեն բան շուրջդ խաղալիքի տպաւորութիւն է անում, ամեն֊ինչ այնքան մանր է ու փոքրադիր։ Փողոցը այնպէս նեղ է, որ եթե պատահմամբ եւրոպական մի կառք ներս մտնէր, կը խցէր ամբողջ փողոցի շարժումը․ էլ ի՛նչ ասել կուզի, րո շուռ տալ բացարձակապէս կարող չէր լինի։ Ինչքան էլ շատ փոքր լինէին մեր կառքերը, նորից ստիպւած էինք իրար ետևից գնալու, ոտքով գնացողների ճամփան չըփակելու համար։ Սակայն փողոցը ոչ մութ էր թւում, ոչ էլ մռայլ շնորհիւ շէնքերի ցածութեանը։ Տները բոլորն էլ անխտիր երկյարկանի են, կղմինդրէ միօրինակ թեք կտուրներով և բամբուկի բարակ պատերով։ Ցածի յարկում զետեղւած է լինում խանութը կամ արհեստանոցը, վերևում ապրում է տէրը։ Ընդհանուր տպաւորութիւնը մօտաւորապէս նոյնն է, ինչ որ ասիական բազարը Կովկասում։ Այստեղ էլ չկան արտաքին պատեր, այստեղ էլ ապրանքը դարսւած է դուրսը։ Ամեն ինչ բաց է, ամեն ինչ մատչելի ցանկացողի աչքին։ Հիմնական մեծ տարբերութիւնն այն է, որ այստեղ հետք անգամ չկայ ասիական համբաւաւոր անկարգութեան ու կեղտի։

Շուրջդ ամեն բան փայլում է մաքրութիւնից։ Շէնքերը այնպէս սեղմ ու անընդհատ կցւած են իրար, որ մարդ ակամայ սարսափում է, մտածելով, թէ ի՛նչ է լինելու քաղաքը, եթէ յանկարծ հրդեհ ընկնի։ Ի՜նչ ճարակ կայ այստեղ բոցերին։ Կարտոնի նման բարակ տները չոր յարդի պէս մի վայրկեանում կայրւեն։ Բայց իսկապէս հրդեհը այնքան էլ մեծ ու յաճախ չի լինում այստեղ համեմատաբար։ Ճապոնացին կրակի հետ չափազանց զգոյշ է։

Նա երբէք գիշերը չի թողնի նաւթի լամպը վառ, այլ միայն իւղի կանթեղը, որ հեշտ է յանգչում։

Բացի այդ, իր թանկագին իրերը նա միշտ պահում է տան կից մի փոքրիկ քարաշէն մասում։

Իսկ հրդեհի ժամանակ նրանք խմբովին օգնութեան են վազում այրւող տան ներս․ վերջն էլ օգնում են հրկիզեալին, ընդհանուր օժանդակութեամբ նրա համար մի նոր տուն գնելով։

Տները խիստ էժան են և ծախւում են պատրաստ․ նրանց թեթևութեան ու կազմի պարզութեան պատճառով հեշտ է և տեղափոխելը։

Փողոցը լի է կեանքով։

Փափուկ գետնի վրայով արագ սլանում են ճարպիկ ջիները, քաշելով իրանց փոքրիկ կառքերի մէջ մի կոկետ ճապոնուհու կամ տուրիստների մի ամբողջ շարք։

Անց է կենում մանրավաճառը, կրելով իր ուսին՝ փայտից կախած զամբիւղները, որոնք լիքն են ամեն տեսակ բանջարեղէնով, պտուղով կամ ձկնով։

Փողոցում անասուն գրեթէ չես տեսնի։ Սակաւ, շատ սակաւ է հանդիպում մի ձի կամ եզ, սմբակները յարդով կապած պայտի փոխարէն։ Տիրոջ ցոյց տւած մեծ հոգածութիւնից պարզ երևում է, որ նրանք մի առօրեայ երևոյթ չեն ճապոնացու կեանքում։

Ահա մի փոքրիկ աղջիկ անփոյթ կերպով իր լայն գօտու մէջ տանում է փոքրիկ եղբօրը, որը հանգիստ նիրհում է նրա մէջքին․ մինչդեռ աղջիկը հետաքրքրութեամբ կանգ է առնում գոյնզգոյն ապակէ գնդակների դէմ, որ ծախու է դրել փողոցում թափառական մանրավաճառը։

Երիտասարդ ճապոնուհիները մանր քայլերով զգոյշ անց են կենում, իրանց բարձր փայտէ կօշիկները շարունակ թխթխկացնելով։ Նրանց մուգ սև մազերի գեղեցիկ շինեօնը հիւսւած է կօրալներով․ գլխարկ երբէք չկայ․ պաշտպանւում են արևից ու անձրևից իրանց տարօրինակ ու գեղեցիկ հովանոցներով։ Հագի կիրիմօնը (խալաթ) գրկում է ճապուհու ճկուն մէջքը, սահում է ցած ու պինդ փաթաթւում նրա ոտներին։ Չունեն ոչ օղ, ոչ մատանի, ոչ էլ ընդհանրապէս մեր կանանցից այդչափ սիրւած միւս ոսկեղէն զարդերը։

Նրանց գլխավոր հպարտութիւնն է կազմում գեղեցիկ օբին (գօտի), որ լայն շերտով մի քանի անգամ գալարւած է նրա մէջքին և մի տեսակ կօրսէտի դեր է կատարում։ Այդ գօտին նրա հոգածութեան մասնաւոր առարկան է միշտ և նրա ճաշակի ու շնորհքի սովորական չափը։

Որքան օբիի կտորը գեղեցիկ է, որքան հարուստ է նրա բանւածքը և որքան շնորհալի կապւածքը, այնքան աւելի ընտիր է համարւում ճապոնուհու տուալետը և այնքան աւելի է իր ընկերուհիների նախանձը շարժում։

Տղամարդու կիմօնօնը (խալաթ) կնոջինից շատ քիչ է տարբերւում, մանաւանդ անվարժ աչքի համար․ նա էլ է կապած գօտիով, միայն շատ աւելի նեղ, որը պարզապէս կրեպ֊դը֊շինի մի նեղ շերտ է ներկայացնում։

Իսկ նրանց մինչև ականջները քաշած եւրոպական գլխարկը, հագի փայտէ ծանր կօշիկների հետ միասին մի հետաքրքիր խառնուրդ է կազմում Եւրոպայի ու Ասիայի։ Անբաժան հովհարը կամ մի հովանոց բռնած ձեռքին՝ նրանք հանգիստ գնում են ու գալիս իրենց բարի ու մտածկոտ դէմքերով։

Մի շատ բնորոշ դէմք էր ներկայացնում և ոստիկանը, որ ամբողջապէս եւրոպական սպիտակ զգեստների մէջ, երկար սուրը մէջքին, կանգնել էր այնտեղ իր վսեմ պաշտօնի խորին գիտակցութիւնը երեսին։

Մօտիցս լսւում է յանկարծ զանգակի սուր հնչիւնը։ Մի բարձրահասակ մարդ կանգ է առել փողոցի ճիշտ մէջտեղը և թատրոնական վեհափառութեամբ, յենած ձեռքի դրօշակին, որի վրա մի քանի ճապոնական տառեր են գրած, մի անբնական ձայնով ինչ֊որ ասում է արագ, շարունակ դիմելով աջ ու ձախ շրջապատողներին, որոնք սակայն մի մեծ հետաքրքրութիւն չէին ցոյց տալիս։

Կրկին զանգակ, և ձայնողը շարժւում է առաջ, տանելով հետը այդ ճարտասանական բացականչութիւնների հանելուկը։

Մի այլ տեղ բարձր պոռում է մի ուրիշը, երևի յանձնարարելով իր ձեռքը բռնած գիրքը․ միւս կողմը մի մարդ անդադար զանգահարում է, անցորդների ուշքը իր ապրանքի վրա դարձնելու համար։

Մի քիչ հեռուն լսւում է յանկարծ մելամաղձոտ մի սուլոց․ և երևոււմ է մի կոյրի կերպարանք, յենած իր գաւազանին, որ զգոյշ առաջ է գալիս շուրջի իրարանցումի միջով։ Մի մի մասսաժիստ է, որ իր սուլոցով իր անցնելն է յայտնում։

Այդ արւեստը ճապոնում անյիշելի ժամանակներից կոյրերի մենաշնորհն է կազմում։

  • *

Տները մասնաւորապէս հետաքրքիր են նրանով, որ դրսի պատ չունենալով անցորդին միջոց են տալիս ճապոնացու նիստն ու կացը կատարելապէս ուսումնասիրելու և բաց են անում բնորոշ տեսարանների մի ամբողջ շարք։

Ամեն մի տուն կարծես մի շրջանակ լինի, որի մէջ պարզ ցուցադրւած են նրանց բնակիչների կեանքն ու աշխատանքը։

Ահա այստեղ բոլորովին ճաղատ մի ճապոնացի շրջապատւած է թղթէ լապտերների ու հովանոցների մի ամբողջ կոյտով՝ մեծ հոգածութեամբ նկարում է։ Մի անսովոր լրջութիւն կայ նրա դէմքին։ Այն բարեսիրտ ու միամիտ կենտրոնացումը, որով կատարում է նա իր աշխատանքը քեզ ակամայ երեխայ է յիշեցնում։

Կից խանութում մետաքս են ծախում․ պատերին կախւած են կտորներ քմահաճ նկարներով։ Գործավար ճապոնուհիները մէկը միւսի ետևից բաց են անում յաճախորդի առաջ մետաքսի նեղ փաթեթները, մինչ տէրը, չոք նստած իր մանրիկ սեղանի առջև, բոլորվին խորասուզւել է հաշիւների մէջ։

Մի քիչ դէնը մոմ են պատրաստում․ խանութի մեծ մասը բռնում է կանաչ հեղուկով լիքը տաշտը, որի մէջ թաթախում են անդադար փոքր կլոր փայտեր․ չորացնում են, թաթախում նորից․ և այսպէս մի քանի անգամ, մինչև մոմը պատրաստ լինի։

Կողքին մի աշխատանոցում պատանիները իրանց ձեռագործի վրա ծռած ասեղնագործում են ոսկեթել քմահաճ նկարներ։

Ոսկերիչի խանութում շինում են գեղեցիկ գօտիներ, փոքրիկ բռոշներ, որոնք սուր են ներկայացնում, և այլ մանր զարդեր․ սրանց գլխաւոր գնողները տուրստներն են։ Բայց այնտեղ բնաւ չէք տեսնի թանկագին քարեր, որին ճապոնացին արժէք չի տալիս։ Նրան գրաւողը շինւածքի գեղարւեստական կողմն է։

Յաճախ աչքիդ հանդիպում են սափրիչի խանութներ, ուր յաճախորդները բոլոր ուժով գլուխները յետ ճկած նտած են մի յուսահատ դիրքով, քթները յանձնած սափրիչի բարեհաճ տրամադրութեանը․ կամ մի ճապոնուհի, որ զբաղւած է իր տուալետն աւաորտելով։

Ապա նորից գալիս են խանութները։

Հովհարներ, ափսէներ, զամբիւղներ, բոլորն էլ, կախւած առաստաղից, ծածանւում են անցորդի քթի տակ։ Նրանց ետևից նկատւում է մի ամբողջ շարք յարդէ ոտնամաների իրանց թաւշէ գեղեցիկ օղակներովը․ կամ մի չասւած, որ իր ահագին փորովը բազմած է սեղանի գլխին։

Շատ են ժամաործները։ Ժամացոյցը արևելքում խիստ է յարգւած։ Չինացիք նկարւելու ժամանակ ժամացոյցը դնում են իրանց մօտը սեղանի վրա, երբեմն նոյն իսկ երկուսը, իրանց աւելի փառահեղութիւն տալու համար։

Լուսանկարիչների ցուցանակներն էլ բաւական յաճախ են աչքի ընկնում․ մանաւանդ եւրոպական թաղի մօտերը։ Լուսանկարը շատ էժան է․ 12 հատ գեղեցիկ գունաւոր տեսարանը արժէ 2 իէն (մօտ 2 ռուբլի)։ 12 փոքր նկար վիզիտ դիրքով այն էլ ամենալաւ լուսանկարչի մօտ արժէ նոյնպէս 2 ռ․, իսկ աշխատանքը չափազանց մաքուր է ու սիրուն։

Ուտեստի շուկան նոյնպէս մօտիկ է եւրոպական մասին։ Խանութները շարւած են իրանց տեսակի համեմատ․ մի շարք միայն միս են ծախում, վերջը բանջարեղէն, պտուղ, ձուկ և այլն։

Միսը դրած է ապակի զանգակների տակ, որ սաստիկ մաքուր են պահում։

Ձկան խանութը ներկայացնում է ցրան ծածկած մի բակ, ուր խառն թափած են ձկան կոյտերը քարէ յատակին։ Եւ ինչ երկակենցաղ ասես, որ այդեղ չը լինի․ ահաին քանակութեամբ ժժմակներ, ճիճուներ, խեչափառներ և այլն, որին եւրոպացին նայել անգամ չէ կարող։

Առհասարակ ձուկը ճապոնացու գլխաւոր ու նախընտրի կերակուրն է, և բրնձից յետոյ առաջին տեղն է բռնում։

Ձուկը ուտում են մեծ մասով հում։ Մեխով տալի են գլխին, նրա տանջանքին վերջ տալու համար, հանում են փորոտին, կտրատում են, դնում պնակի մէջ և հրամցընում։

Այսպէս պատրաստած ձուկը նրանց սիրելի կերակուրն է իբրև դեսսերտ։

Միս ուտում են չափազանց քիչ, գերադասում են պտուղն ու բանջարը։ Պտուղներից սովորական են բանան, անանաս, կոկոս և երեխի գլխի մեծութեամբ ահագին նարինջներ (պապելմուս), այլ և եամամօ, որը մի մեծ ելակի է նման ու մի տեսակ ձիւթի հոտ ունի։

Շատ կան նոյնպէս քաղցրավաճառներ․ ճապոնացին սիրում է անուշեղէն․ խմորեղէնը լինում է թէ հում, թե եփած։ Նրանց կարկանդակների ու շաքարեղէնների տեսը այդքան էլ գրաւիչ չէ մեզ համար։ միայն խիստ համեղ է «կաստերա» ասւած տորտը․ այն էլ սպանական ծագում ունի։

  • *

Բոլոր տուրիստները, մանաւանդ ռուսները, իրանց պարտք են համարում այցելել Նագասակիի հռչակը կազմող վարպետ Իեզակիի արհեստանոցը, ուր կրեայի պատեանից գեղեցիկ իրեր են պատրաստում։

Իեզակին, որին ամենքը «Ժեներալ Կրեայ» են անւանում սովորաբար, հաստլիկ, կարճլիկ մի մարդ է բարի դէմքով։ Մեզ ընդունեց մեծ սիրով, սեղմեց ձեռքերնիս եւրոպավարի, բարևեց մեզ մի թոթով ռուսերէնով․ և իսկոյն հրամայեց թէյ բերեն։

Ճապոնական թէյը հրամցնում են փոքրիկ գաւաթիկներով և առանց շաքարի․ բայց համեղ կաստերան լիուլի փոխարինում է շաքարի պակասը։

Թէյից յետոյ Իեզակին մեզ առաջնորդեց վերի յարկը, ուր իրերն էին ցուցադրւած։ Փղոսկրի քանդակումը հիանալի է ուղղակի իր նրբութեամբն ու գեղեցկութեամբը։ Ամենից աւելի աչքի ընկնող տեղում զետեղւած էին կրեայի պատեանից շինած ճապոնական ու եւրոպական մի քանի ռազմանաւեր։

Կայմերը իրանց կայաններով, պարանները, ելարանները, մինչև անգամ սանդուխի իւրաքանչիւր աստիճանը դուրս էր բերւած զարմանալի ճշտութեամբ ու մաքուր։

Իեազակիի այդ մանրանկար գեղարւեստական փոքրիկ աշխարհից մենք ընկանք ուղղակի ժողովրդական ու եռուն առևտրի տաճարը, ճապոն֊բազարը, որ մեր կարաւանսարային համապատրաստնող մի բան է։

Դա մի մեծ կլոր շէնք է, ուր խանութների շարքը ձգւում է ճառագայթի ձևող դէպի կենտրոնը, ապա կենտրոնից դէպի շրջագիծը, կազմելով մի նեղ անընդհատ անցք, որից չես կարող դուրս գալ, մինչև որ այդ ամբողջ լաբիրինը անց չը կենաս իր բոլոր անկիւններովն ու թեքումներովը, եթե միայն, յուսահատած, կէս ճամփիցդ յետ չը դառնաս։

Ապրանքի տեսակները շատ չեն և շարունակ կրկնւում են։ Մասնաւորապէս շատ կան զանազան գոյնի թաւշեայ քսակներ, զարդ հերկալներ, և անթիւ անհամար թղթէ հովհարներ ամեն տեսակ ֆանտաստիկ նկարներով ծածկւած։

Պատերից կախւած են ճապոնական տիկնիկներ, առքերը չռած և մոնգոլական տիպիկ դէմքերով։ Մեծ տեղ բռնում գրքերը խանութները։

Նրանց գրքերն էլ են իրանց տեսակի։ Թուղթը աւելի հաստ է և խորտուբորդ, տպել կարելի է միայն մի երեսի վրա, այնպէս որ մեր մի թերթին համապատասխանում է նրանց կրկնատակ ծալած երկու երեսը։ Կազմն էլ տարօրինակ է․ թղթերը կարում են մետաքսէ թելով, որ դրսից մի գեղեցիկ հանգոյց է կազմում։ Ծախողները կին են մեծ մասամբ։ Օտար անցորդներին նրանք կանչում են անգլիերէն կամ ռուսերէն, բաւական յաջող գուշակելով նրանց ի՞նչ ազգից լիենլը։

Նագասակիում օտար լեզւներից մաենից աւելի տարածւածը ռուսերէնն է․ դրան նպաստում է Կամաւոր գլօտի յաճախակի երթևեկը և ռուս ռազմանաւերի այցը։

Բացի դրանից մի ամբողջ ռուսական գաղութ էլ կայ Ինօսա, որ գտնւում է ծոցի միւս կողմը։

  • *

Նագասակիի փողոցներով իմ անցնելը ոչ ոքի ուշադրութիւնը չէր գրաւում։ Եւրոպացիներին ընտելա֊ցած են արդէն։

Միայն երբ երկար կանգ էի առնում, մի որևէ խանութի առաջ, դիտում էին ինձ ոտքից գլուխ՝ զարմանալով երևի, թէ ի՞նչն էր ինձ այդպէս հետաքրքրողը։

Մի ճապոնուհի նկատելով, որ հայեացքս մի մասնաւոր հետաքրքրութեամբ եմ շեշտում խանութի խորքը, խնդրեց, որ ներս մտնեմ նրա բնակարանը, եթե կը հաճեմ։

Եւ ինչ ասել կ'ուզի, որ մեծ ուրախութեամբ ընդունեցի նրա առաջարկը, և նրա հետ մի նեղ ու փոքր անցքով մտանք ետևի մասը։ Դա արդէն բնակարանն էր, մի մեծ սենեակ, որ հեշտութեամբ կարելի է մի քանիսի վերածել շարժական թեթև պատերի միջով։ Յատակը այդտեղ քիչ բարձր է նախասենեակից։ Յետևելով տեղական քաղաքավարութեանը, հանեցի կօշիկներս սանդուխի գլխին և գուլպաներով կոխեցի սենեակի մաքուր խսիրը։

Շուրջը ամեն֊ինչ մաքրութիւնից փայլում էր։ Թղթէ պատերին նկարւած էին արագալիներ։ Անկիւնում զետեղւած էր սիրուն երկթև ճենապատը և մի փոքրիկ թաղար՝ մէջը մանրադտիական մի ծառով։ Սենեակի որքում պատի մէջ ծալքն էր, ուր ցերեկները անկողիներն են դասրսում։ Ճապոնացին, ինչպէս յայտնի է, կահ֊կարասի չի սիրում, ասելով թէ դրանք փոշի հաւաքելուց զատ ուրիշ բանի պէտք չեն։

Անկողինը փռում են գետնին խսիրի վրա․ ճաշում են չոք նստած և ամեն մէկի առաջ մի մի ցածլիկ փոքրիկ սեղան, կամ յաճախ ուղղակի գետնին։

Սենեակից դուրս գալով, մտանք ցանկով շրջապատած փոքրիկ բագիկը, իր մանրիկ պարտէզիկով, ուր բանդարկւած էր պտուղներով ծանրաբեռնւած մանդարենի մի ծառ, կարծես վանդակի մէջ։

Այդ պարտէզիկի կենդրոնում ցոլցլում էր մի աւելի փոքրիկ լճակիկ, մէջն էլ մանրադիտական մի ժայռիկ, որի վրա հպարտ վեր էր բարձրանում մի մանր֊մանր գաճաճ ծառիկ։

Ճապոնացին շատ է սիրում բնութիւնը․ գիւղերում նա աշխատում է շինել իր բնաակարանը կարկաչուն առւակի ափին, կամ սարի սիրուն լանջին, որտեղից լայն գեղեցիկ տեսարան է բացւում։ Իսկ քաղաքում՝ հեռու այդ բոլորից նա ուզում է բնութեան գոնէ մի նմուշը, մի փոքրիկ կտոր իր մօտը ունենայ։

Ճապոնացու տանը, թէ՛ ներսը, թե՛ բագում, ամեն բանի վրա մի մասնաւոր դրոշմ կայ գոհանակութեան, չափաւորութեան և գեղարւեստական պարզութեան։


Ճապոնական բարքերից

Ճապոնացու բարքերը ուսումնասիրելիս, մարդ ամենից առաջ ձեռք պէտք է վերցնի եւրոպական չափից և մօտենայ նրանց առանց կանխակալ կարծիքների։ անավարտ գլուխ

Դէպի Ունզէն

անավարտ գլուխ

Ճապոնական միջերկրականով

անավարտ գլուխ

Հին Ճապոն

անավարտ գլուխ

Կիօտօ

անավարտ գլուխ

Կիօտօն գիշերը

անավարտ գլուխ

Իօկօհամա Տօկիօ

անավարտ գլուխ

Նոր Ճապոն

անավարտ գլուխ

Դէպի տուն

անավարտ գլուխ

  • *