Վերջին թարմացում 29 Հուլիսի 2016, 15:59

Օպրիչնիկի օրը

15:59, 29 Հուլիսի 2016 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օպրիչնիկի օրը

հեղինակ՝ Վլադիմիր Սորոկին
թարգմանիչ՝ Ժան(ռուսերենից)
աղբյուր՝ Օպրիչնիկի օրը


Օպրիչնիկի օրը

Գրիգորի Լուկյանիչին

Վելսկի Սկուռատովին՝ Մալյուտա մականունով


Նորից նույն երազը․ գնում եմ անսահման, ռուսական, հորիզոնն անցնող դաշտով, տեսնում եմ մի սպիտակ նժույգ, գնում եմ դեպի նա, զգում եմ, որ այդ նժույգը առանձնահատուկ, բոլոր նժույգներից ավելի նժույգ է, գեղեցիկ, առաջնորդող, արագավազ, շտապում եմ, բայց հասնել չեմ կարողանում, արագացնում եմ քայլերս, բղավում եմ, կանչում, հանկարծ հասկանում եմ, որ ողջ կյանքս, ճակատագիրս, այդ նժույգի մեջ է ամբողջ հաջողությունս, նա ինձ պետք է օդի պես, վազում եմ, վազում նրա ետևից իսկ նա ընդմիշտ հեռանում է, հեռանում ինձանից, հեռանում հավիտյան, անշրջելի, հեռանում է, հեռանում, հեռանում․․․


Բջջայինս արթնացնում է ինձ․


Մտրակի հարված՝ ճիչ։

Նորից հարված՝ տնքոց։

Երրորդ հարվածը՝ խռխռոց։


Պոյարոկը ձայնագրել է դա Գաղտնի Հրամանում, երբ տանջում էին կառավարչին հեռավոր արևելքից։ Այդ երաժշտությունը մեռածին էլ կարթնացնի։

― Կոմյագան լսում է, ― դնում եմ սառը բջջայինը քնատ֊տաք ականջիս։

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։ Կոռոստիլյևն է անհանգստացնում, ― կենդանանում է Դեսպանական Հրամանի պաշտոնյայի ձայնը, և միանգամից բջջայինի կողքը օդում, հայտնվում է նրա բեղա֊մտահոգ մռութը։

― Ի՞նչ է պետք։

― Համարձակվում եմ հիշեցնել ձեզ․ այսօր երեկոյան ալբանական դեսպանի ընդունելությունն է։ Պահանջվում է մի դյուժին պաշարման համար։

― Գիտեմ, ― դժգոհ մռթմռթում եմ ես, չնայած ազնվորեն ասած՝ մոռացել էի։

― Ներեցեք անհանգստացնելու համար։ Ծառայութուն է։

Դնում եմ բջջայինը սեղանիկի վրա։ Ինչո՞ւ է դեսպանատան պաշտոնյան հիշեցնում ինձ այդ մասին։ Դե այո․․․ հիմա դեսպանականներն են զբաղվում ձեռքերի լվացման ծեսով։ Մոռացել էի․․․ Առանց աչքերս բացելու, կախում եմ ոտքերս անկողնուց, թափ տալիս գլուխս․ երեկվանից հետո ծանր է։ Շոշափելով գտնում եմ զանգակը, զանգում։ Լսվում է, թե ինչպես պատի ետևում Ֆեդկան վեր է թռչում պառկած տեղից, շտապում, զնգզնգացնում սպասքը։ Նստած եմ արթնանալ չուզեցող կախ գլխով․ երեկ նորից ստիպված էի ընդունել մեծ քանակով, չնայած խոստացել էի խմել և հոտ քաշել միայն մերոնցականների հետ, 99 անգամ զղջումով խոնարհվեցի Ուսպենսկիում,[1] աղոթեցի սուրբ Վոնիֆատիին։ Ամեն ինչ իզո՛ւր։ Ի՜նչ անել, եթե օկոլնի[2]Կիրիլ Իվանովիչին չեմ կարող մերժել։ Նա խելացի է։ Եվ շատ իմաստուն խորհուրդներ է տալիս։ Իսկ ես, ի տարբերություն Պոյարեկի ու Սիվոլայի, գնհատում եմ խելացի մարդկանց։ Ես կարող եմ անսահման երկար լսել նրա իմաստագույն խոսքերը, բայց առանց լավ նստելու նա չխոսկան է․․․


Ներս է մտնում Ֆեդկան․

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։

Բացում եմ աչքերս։

Ֆեդկան կանգնած է մատուցարնով։ Ինչպես միշտ առավոտյան՝ նրա մռութը ճմրթված է ու տգեղ։ Սկուտեղի վրա են խումհարից հետո ավանդական սպիտակ կվասը, օղու ըմպանակը, կես բաժակ կաղամբի թթվաջուրը։ Խմում եմ թթվաջուրը։ Քթիս մեջ ծակծկում է, բռնվում են այտոսկրերս։ Շունչ քաշելով կուլ եմ տարլիս օղին։ Աչքերս արցունքոտվում են, անորոշացնելով Ֆեդկայի մռութը։ Սկսում եմ համարյա ամեն ինչ հիշել՝ «ով եմ», «որտեղ եմ» և «ինչու»։ Դանդաղորեն, զգույշ ներշնչում եմ։ Խմում եմ կվասը։ Անցնում է Անշարժության Մեծ րոպեն։ Բարձր բխկում եմ, ներսիցս դուրս եկող տնքոցով։ Սրբում են արցունքներս։ Եվ այժմ արդեն հիշում եմ ամեն ինչ։

Ֆեդկան հավաքում է սկուտեղը, և ծնկի գալով, մեկնում ձեռքը։ Հենվելով վեր եմ կենում։ Առավոտյան Ֆեդկայից ավելի վատ հոտ է գալիս քան երեկոյան։ Դա նրա մարմնի առանձնահատկությունն է, ոչինչ չես կարող անել։ Ճիպոտներով գործին չես օգնի։ Ձգվելով և հառաչելով գնում եմ դեպի սրբապատկերները, վառում եմ փոքրիկ լամպը, ծնկի գալիս։ Կարդում եմ առավոտյան աղոթքները, գլուխս խոնարհում։ Ֆեդկան ետևս կանգնած հորանջում է և խաչակնքվում։

Աղոթելով, վեր եմ կենում Ֆեդկային հենվելով։ Գնում եմ լոգարան։ Լվացվում եմ նախօրոք ջրհորից բերված սառը ջրով, որում լողում են սառցի կտորները։ Նայում եմ հայելուն։ Դեմքս թեթևակի ուռած է, ռունգերիս երակները կապտած, մազերս գզգզված։ Քունքերիս հայտնվել են առաջին սպիտակ մազերը։ Մի քիչ շուտ է իմ տարիքի համար։ Բայց ծառայությունը այդպիսի բան է, ոչինչ չես կարող անել։ Ծանր է պետական գործը․․․

Փոքր և մեծ կարիքներս բավարարելուց հետո, մտնում եմ ջակուզի, հավաքում ծրագիրը, գլուխս ետ գցում տաք, հարմար հենարանին։ Նայում եմ առաստաղի նկարներին․ այգում բալ հավաքող աղջիկներին։ Դա հանգստացնում է։ Նայում եմ նրանց ոտքերին, հասած բալով զամբյուղներին։ Ջուրը լցվում է, հագենում օդով, եփում մարմնիս շուրջը։ Ներսից օղին, դրսից փրփուրը՝ կամաց֊կամաց ինձ խելքի են բերում։ Քառորդ ժամ անց պղպջակները հանդարտվում են։ Մի քիչ էլ եմ պառկած մնում։ Սեղմում եմ կոճակը։ Ներս է մտնում Ֆեդկան սավանով և խալաթով։ Օգնում է դուրս գալ ջակուզիից, փաթաթում սավանով, հագցնում խալաթը։ Անցնում եմ ճաշասենյակ։ Տանյուշկան արդեն նախաճաշի սեղան է գցում։ Պատին, մի քիչ հեռու նորությունների փուչիկն է։ Հրամայում եմ ձայնով․

― Նորություններ։

Փուչիկը լուսավորվում է, խաղում Հայրենիքի երկնագույն֊սպիտակ֊կարմիր գույներով ու երկգլխանի ոսկե արծվով, Մեծ Իվանի զանգերով զանգում։ Մի քանի կում ազնվամորու թեյ խմելով նայում եմ նորությունները․ Հարավային Պատի հյուսիս֊կովկասյան մասում նորից կազակների և համապետականների են առևանգել, հեռավոր արևելյան Խողովակը կմնա փակ, մինչև ճապոնացիները խնդրագիր չգրեն, չինացիները մեծացնում են իրենց գաղութները Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում, շարունակվում է ուրալյան գանձարանի փոխանակողների դատավարությունը, Թագավորի հոբելյանի կապակցությամբ թաթարները կառուցում են խելացի պալատներ, Դեղագործական ակադեմիայի ուղեղավորները ավարտում են ծերության գենի ուսումնասիրությունը, Մուրոմյան գուսլյարները[3] երկու համերգ կտան մայրաքաղաքում, կոմս Տրիֆոն Բագրատիոնովիչ Գոլիցինը ծեծել է երիտասարդ կնոջը, հունվարին Սուրբ֊Պետրոգրադի Սեննոյ փողոցում ծեծի չեն ենթարկի, յուանի համեմատությամբ ռուբլին կես կոպեկով կամրապնդվի։

Տանյուշկան մատուցում է պանրիկներ, մեղրով շոգեխաշած շաղգամ։ Ի տարբերություն Ֆեդկայի Տանյուշկան գեղեցիկ է և բուրավետ։

Նրա զգեստը հաճելի խշխշում է։

Թունդ թեյը և լոռամրգի կիսելը վերջնականապես ինձ կյանքի են վերադարձնում։ Վրայիցս փրկարար քրտինք է թափվում։ Տանյուշկան մեկնում է ինձ իր ձեռքով գործված սրբիչը։ Ես մաքրում եմ դեմքս, վեր կենում սեղանի առջևից, խաչակնքվում, շնորհակալություն հայտնում Տիրոջը ուտելիքի համար։

Գործի անցնելու ժամանակն է։

Եկող սափրիչը արդեն սպասում է զգեստասենյակում։ Գնում եմ այնտեղ։ Լռակյաց, ցածրահասակ Սամսոնը խոնարհվում է և նստեցնում ինձ հայելիների առջև, մերսում դեմքս, շփում վիզս լավանդայի յուղով։ Նրա ձեռքերը, ինչպես բոլոր սափրիչների ձեռքերը, տհաճություն են պատճառում։ Բայց ես սկզբունքորեն համաձայն չեմ ցինիկ Մանդելշտամի հետ, որն ասել է․ « իշխանությունը սափրիչների ձեռքերի նման զզվելի է»։ Իշխանությունը հմայիչ է և ձգող, ինչպես չծննդաբերած դերձակուհու ծոցը։ Իսկ սափրիչի ձեռքերը․․․ ինչ արած ― կանանց արգելված է մեր մորուքները խուզել։ Սամսոնը փոքրիկ նարնջագույն «Չինգիզխան» բալլոնից փրփուր է թողնում այտերիս, զգուշորեն տարածում, չկպչելով նեղ, գեղեցիկ մորուքիս, վերցնում է ածելին, սրում գոտով, կծելով ներքևի շրթունքը նշան բռնում, և սկսում սահուն շարժումներով հանել դեմքիս փրփուրը։ Ես ինձ եմ նայում։ Այտերս արդեն այնքան էլ թարմ չեն։ Այս երկու տարիների ընթացքում կես փութ նիհարել եմ։ Աչքերիս տակի կապտությունը դառձել է սովորական։ Մենք բոլորս էլ չենք կարողանում մեր քունն առնել։ Անցյալ գիշերը բացառություն չէր։

Փոխարինելով ածելին էլեկտրական սափրիչով, Սամսոնը ճարպկորեն ուղղում է մորուքիս ճակնդեղանման կղզին։

Ես աչքով եմ անում ինձ․ «Բարի լույս, Կոմյագա»։

Ոչ այնքան հաճելի ձեռքերը դեմքիս են դնում անանուխով թրջված տաք անձեռոցիկը։ Սամսոնը սրբում է դեմքս, կարմրացնում այտերս, խոպոպիկներ սարքում, լաք փչում, անխնա ոսկեփոշի լցնում, աջ ականջիս հագցնում ծանր ոսկե ականջողը ― զանգակ առանց լեզվակի։ Այդպիսի ականջողեր միայն մերոնքականներն են կրում։ Ոչ մի տեղական, համապետական, խորհրդարանական, կամ պալատական տականք, նույնիսկ սուրբ ծննդայն դիմակահանդեսում չի համարձակվի կրել այսպիսի զանգակ։

Սամսոնը ցողում է գլուխս «Վայրի խնձորով, լուռ խոնարհվում և դուրս է գալիս, ― նա իր գործն արել է։ Հայտնվում է Ֆեդկան։ Նրա մռութը նախկինի նման ճմրթված է, բայց հասցրել է փոխել վերնաշապիկը, մաքրել ատամները և լվանալ ձեռքերը։ Նա պատրաստ է ինձ հագցնելու։ Դնում եմ ափս զգեստապահարանի փականակին։ Դուռը ծվծվում է, թարթում է կարմիր լույսը, կաղնե դուռը մի կողմ է շարժվում։ Ամեն առավոտ ես տեսնում եմ իմ բոլոր տասնութ զգեստները։ Նրանց տեսքը ոգեշնչող է։ Այսօր սովորական օր է։ Ուրեմն՝ աշխատանքային հագուստ։

― Գործնական, ― ասում եմ ես Ֆեդկային։

Նա հանում է պահարանից զգեստը, սկսում հագցնել ինձ․ սպիտակ, գործված խաչերով ներքնաշորերը, թեք օձիքով կարմիր վերնաշապիկը, ոսկե և արծաթե թելերով զարդարված դիպակից կարված պիջակը, որը երիզված է կզաքիսի մորթով, թավշյա բորտերով, սաֆյանե[4] երկարաճիտ կոշիկները պղնձե պայտերով։ Պիջակի վերևից Ֆեդկան հագցնում է երկար, բամբակյա աստառով, սև, կոպիտ կտորից կարված կաֆտանը։[5]

Նայելով հայելու մեջ, փակում եմ պահարանը։

Գնում եմ նախասենյակ, նայում ժամացույցին․ 8։03։ Դեռ ժամանակ կա։ Ինձ արդեն սպասում են դայակը՝ Գեորգի Պոբեդոնոսեցի սրբապատկերով, Ֆեդկան՝ գոտիով ու գլխարկով։ Հագնում եմ թավշյա, մորթիով երիզված գլխարկը, թույլ տալիս կապել լայն կաշվե գոտին։ Գոտու ձախ կողմից պղնձյա պատյանի մեջ դաշյունն է, աջից՝ «Ռեբրոֆֆը» փայտյա պատյանում։ Մինչ այդ դայակը խաչակնքում է ինձ։

― Անդրյուշենկա՛, Աստվածամյրը, սուրբ Նիկոլան և Օպտինի ծերունիները քեզ պահապան։

Նրա սուր կզակը ցնցվում է, երկնագույն արցունքակալած աչքերը սիրով են նայում։ Ես խաչակնքվում եմ, համբուրում սուրբ Գեորգիի սրբապատկերը։ Դայակը գրպանս է խցկում «Ժիվիյ վ պոմոսչի Վիշնյավո» մամիկների գործված աղոթքը։

― Հաղթանակ հակառակորդների հանդեպ․․․ մռթմռթում է Ֆեդկան խաչակնքվելով։

Սև սենյակից նայում է Անաստասիան՝ կարմրասպիտակ սառաֆան, շեկ հյուսը ուսին, զմրուխտյա աչքեր։ Այտերի կարմրությունից զգացվում է, որ հուզվում է։ Աչքերը ցած իջեցրեց, արագ խոնարհվեց, և թափ տալով բարձր կուրծքը, անհետացավ կաղնե դռան հետևում։ Իսկ իմ սիրտը հուզվեց այդ խոնարհումից․ նախանցյալ գիշերը կենդանացավ ականջներիս մեջ քաղցր տնքոցով, հպվեց աղջկական մարմնով, տաք շշնջաց, երակներիս միջով վազեց։

Բայց սկսզբում՝ գործը։

Իսկ գործն այսօր շա՜տ֊շատ է։ Եվ հետո այդ ալբանական դեսպանը․․․

Դուրս եկա դեպի մուտքը տանող նախասենյակը։ Այնտեղ արդեն շարք են կանգնել ծառաները․ անասնապահուհին, խոհարարի օգնականը, խոհարարը, դռնապանը, շներին պահող ծառան, տնտեսուհին։

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։

Մինչև հատակ խոնարհվում են։ Անցնելիս գլխով եմ անում նրանց։ Բացում են երկաթյա դռները։ Դուրս եմ գալիս բակ։ Օրն արևոտ է։ Գիշերը ձյուն է եկել՝ եղևնիների, պարսպի, պահակային աշտարակի վրա։ Լա՜վ է, երբ ձյուն կա։ Երկրի կեղտն է ծածկում։ Եվ հոգին է ավելի մաքուր դարձնում։

Կկոցելով աչքերս արևից, շուրջս եմ նայում․ ամբար, խոտանոց, ախոռ՝ բոլորը ինչպես հարկն է սարքված։ Տեղից պոկվել է փորձում շխթայակապ շունը, շնանոցում հաչում են որսորդական շները, ախոռում՝ կանչում է աքլորը։ Բակը մաքրված է, ձյունակույտերը կոկիկ՝ նման են զատկի թխվածքի։ «Նժույգս» կանգնած է դարպասի մոտ, կարմիր՝ վերնաշապիկիս նման, ցածրիկ, մաքուր։ Արևի տակ փայլող թափանցիկ խցիկով։ Նրա կողքին ձիապան Տիմոխան՝ սպասում է շան գլուխը ձեռքին, խոնարհվում։

― Անդրեյ Դանիլովիչ, հավանություն տվեք։ ― Ցույց է տալիս ինձ այսօրվա համար նախատեսված շան գլուխը․ գզգզված գամփռ, չռված աչքերով, սպիտակած լեզվով, ամուր, դեղին ատամներով։ ― Հարմար է։

― Գործի անցիր։

Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Կիսապառկած նստում եմ սև կաշվե նստատեղին, կոճկվում։ Գործի եմ գցում շարժիչը։ Կաղնե դարպասները բացվում են։ Դուրս եմ գալիս, սլանում նեղ, ուղիղ, ձնածածկ, եղևնիներով շրջապատված ճանապարհով։ Գեղեցիկ է։ Լա՜վ տեղ է։ Հայելու մեջ տեսնում եմ կալվածքս։ Լա՜վ տուն է, հոգի ունի։ Միայն յոթ ամիս եմ ապրում, բայց այնպիսի զգացում ունեմ, որ ծնվել և մեծացել եմ այստեղ։ Նախկինում կալվածքը պատկանում էր Գանձարանի փոխանակողներից մեկին՝ Գոռոխով Իվան Իգնատիչին։ Երբ նա Գանձարանի Մեծ Մաքրման ժամանակ կորցեց լավ վերաբերմունքը և անպաշտպան մնաց, մենք նրան մեր ձեռքը վերցրինք։ Այն ամառ, գանձարանականներից շատերի գլուխները թռան։ Բոբրովին իր հինգ մեղսակիցների հետ երկաթյա վանդակով ողջ Մոսկվայով մեկ պտտեցին, ճիպոտներով ծեծելուց հետո, Լոբնիյ տեղում գլխատեցին։ Գանձարանականների կեսին՝ Մոսկվայից վռնդեցին Ուռալից այն կողմ։ Աշխատանքը շատ էր․․․ Այն ժամանակ Գոռոխովին, ինչպես ընդունված է, սկզբից մռութով գոմաղբի մեջ քարշ տվին, հետո բերանը թղթադրամներով լցրին, կարեցին, հետույքի մեջ մոմ մտցրին և կալվածքի դարպասին կախեցին։ Ընտանիքին ձեռք տալու հրաման չկար։ Իսկ կալվածքը ինձ վրա գրեցին։ Արդար է մեր Տերը։ Եվ փառք աստծո։


Ճանապարհը աջ է թեքվում։

Դուրս եմ գալիս Ռուբլևի ճանապարհը։ Լավն է այն, երկհարկանի, տաս շարքով։ Մտնում եմ ձախ՝ կարմիր շարքը։ Այն մերն է։ Պետականը։ Քանի դեռ կենդանի եմ ու Տիրոջ գործին՝ այս ճանապարհով եմ շարժվելու։

Մեքենաները ճանապարհ են տալիս, տեսնելով օպրիչնիկի շան գլխով կարմիր «ձիուն»։ Շվվոցով կտրում եմ մերձմոսկովյան օդը, սեղմում պեդալը։ Ճանապարհային հերթապահը հարգանքով է նայում։ Հրամայում եմ․

― Ռադիո «Ռուս»

Խցիկում կենդանանում է աղջկական փափուկ ձայնը․

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլիովիչ։ Ի՞նչ եք ցանկանում լսել։

Բոլոր նորություններն արդեն գիտեմ։ Խումհարից հետո հոգիս լավ երգ է ուզում․

― Ինձ համար երգիր տափաստանի ու արծվի մասին։

― Ձեր ցանկությունը կկատարվի։

Մուտք են գործում գուսլյարները, սահուն թափվում են զանգերը, արծաթյա զանգակն է զրնգում, և․


Օհ, դու տափաստան անծայրածիր,

Տափաստան Լայնածիր,

Հեռուն ես ձգվել։

Օհ, տափաստանի արծիվը բարձրանում է։

Օհ, դոնի կազակը

Ուրախանում է։


Երգում է Կարմիր Դրոշի Կրեմլյան երգչախումբը։ Հզոր է երգում, լավ։ Երգը այնպես է զրնգում, որ աչքերիս արցունքներ են հայտնվում։ Սլանում է «մերինս»[6] մայրաքաղաք, արագ անցնում են գյուղերն ու կալվածքները։ Արևը շողում է ձյունածածկ եղևվնիների վրա։ Հոգիս կենդանանում է, մաքրվում, բարձր բան ուզում․․․

Օհ, մի թռչիր արծիվ,

Այդքան ցածր,

Օհ, մի զբոսնիր կազակ,

Ափին այդքան մոտ։


Երգով էլ կմտնեի Մոսկվա, բայց ընդհատեցին։ Զանգում է Պոսոխը։ Նրա խնամված մռութը հայտնվում է գունավոր շրջանակում։

Գրողը քեզ տանի․․․ ― մռթմռթում եմ, հեռացնելով երգը։

― Կոմյագա։

― Ի՞նչ է քեզ պետք։

― Խոսք և գործ։

― Հետո՞։

― Վրիպեցինք ազնվականի հետ։

― Այդ ինչպե՞ս։

― Չկարողացանք արգեված բանը նրա մոտ գցել։

― Ի՜նչ ես ասում։ Ինչո՞ւ ձայն չէիր հանում, հավի գլուխ։

Մենք մինչև վերջին րոպեն սպասում էինք, բայց նրա պահակախումբը հայտնի է, ամեն ինչ հսկում է։

― Բատյան[7] գիտի՞։

―Ո֊ո֊չ։ Կոմյագա, ինքդ ասա նրան, ես վախենում եմ։ Նա դեռ արվարձանների բնակիչների համար է վրաս զայրացած։ Արա այդ, ես պարտք չեմ մնա։

Կանչում եմ Բատյային։ Նրա լայն, շիկավուն մորուքով դեմքը հայտնվում է ղեկի աջ կողմում։

― Բարև, Բատյա։

― Ողջույն, Կոմյագա։ Պատրա՞ստ ես։


― Միշտ պատրաստ եմ, Բատյա, բայց մերոնք հիմար դրության մեջ հայտնվեցին։ Չկարողացան ազնվականի մոտ բան գցել։

― Արդեն պետք էլ չէ․․․ ― Բատյան հորանջում է, ցույց տալով առողջ, ամուր ատամները։ Նրան առանց դրա էլ կարելի է գցել։ Նա անպաշտպան է։ Միայն, ահա թե ինչ․ ընտանիքին վնաս չտաս, հասկացա՞ր։

― Հասկացա, ― գլխով արեցի ես, հեռացրի Բատյային, միացրի Պոսոխին։ ― Լսե՞լ ես։

― Լսել եմ, ― թեթևացած ատամներն է ցույց տալիս նա։ ― Փառք քեզ, Աստված․․․

― Աստվածն այստեղ գործ չունի։ Տիրոջը շնորհակալություն հայտնիր։

― Խոսք և գործ։

― Եվ մի ուշացիր, ուրախ կյանքի սիրահար։

― Ես արդեն տեղում եմ։

Շրջվում եմ դեպի Ուսպենսկի տրակտ[8] Այստեղ անտառը մերինից բարձր է․ հին, դարավոր եղևնիներ։ Շատ բան են տեսել նրանք իրենց կյանքում։ Հիշում են նրանք, հիշում Կարմիր Խռովությունը, հիշում են Սպիտակ խռովությունը, հիշում են Գորշ խռովությունը, հիշում են Ռուսաստանի վերածնունդը։ Հիշում են կերպարանափոխումը։ Մենք փոշի կդառնանք, ուրիշ աշխարհներ կթռչենք, իսկ փառավոր մերձմոսկովյան եղևնիները կանգուն կմնան և վսեմորեն կորորեն ճյուղերը․․․

Ահա թե ազնվականների գործը ինչպես է դասավորվում։ Հիմա որևէ արգելված բան էլ պետք չէ։ Անցյալ շաբաթ այդպես ստացվեց Պրոզորովսկու հետ, հիմա էլ սրա հետ․․․ Տերը որոշել է շատ լուրջ զբաղվել նրանցով։ Ճիշտ է անում։ Գլուխը թռցնելիս, մազերի մասին չեն մտածում։ Սկսել ես գործը, մի ասա որ չես կարող։ Եթե պատրաստվել ես հարվածի՝ հարվածիր։

Տեսնում եմ մերոնցից երկու հոգի կարմիր «նժույգներով»։ Հասնում եմ նրանց, գցում արագությունը։ Մի քիչ էլ միասին ենք առաջ շարժվում և հասնում ազնվազարմ Իվան Իվանովիչ Կունիցինի դարպասին։ Դարպասի մոտ ութ մերոնքական մեքենա կա։ Այստեղ է Պոսոխան, այստեղ են Սիվոլայը, Պոգոդան, Օխլոպը, Զյաբելը, Նագուլը և Կրեպլոն։ Բատյան գլխավորներին գործի չի ուղարկել։ Ճիշտ է Բատյա։ Կունիցինին մերկ ձեռքերով չես վերցնի։ Նրան ջարդելու համար՝ հմտություն է անհրաժեշտ։

Կանգ եմ առնում, դուրս գալիս մեքենայից, բացում բեռնախցիկը, հանում հաստ մահակը։ Մոտենում եմ մերոնց։ Նրանք սպասում են հրամանի։ Բատյան չկա, ուրեմն գլխավորը ես եմ։ Բարևում ենք շատ գործնական։ Նայում եմ պարսպին․ չորս բոլորը, անտառում Գաղտնի Հրամանի հրաձգավորներն են մեզ օգնելու համար։ Կալվածքը Տիրոջ հրամանով շրջապատված է դեռ գիշերվանից։ Որպեսզի ոչ մի մուկ չվազի, կամ նենգ մոծակ չթռչի։

― Բայց ամուր է ազնվականի պարիսպը։ Պոյարոկը զանգ է տալիս ու կրկնում․

Բաց արա, Իվան Իվանիչ։ Ինքնակամ բացիր։

― Առանց դումայի գրագիրների ներս չեք մտնի, մարդասպաններ, ― լսվում է դինամիկից։

― Ավելի վատ կլինի, Իվան Իվանիչ։

― Սրանից վատ չի լինի, շուն։

― Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Ավելի վատ է Գաղտնի Հրամանում։ Բայց Իվան Իվանիչին այնտեղ պետք չէ հասցնել։ Ինքներս գլուխ կհանենք։ Մերոնք սպասում են։ Ժամանակն է։

Մոտենում եմ պարսպին։ Օպրիչնիկները ապասում են։ Մահակով խփում եմ դարպասին առաջին անգամ։

― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երկրորդ անգամ։

― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երրորդ անգամ։

― Վա՛յ այս տանը տանը։

Եվ շարժվեց օպրիչնինան։

― Խոսք և գործ։ Հո՛յդա։[9]

― Հո՛յդա։ Խոսք և գործ։

― Խոսք և գործ։

― Հոյդա։ Հոյդա։ Հոյդա։

Թփթփացնում եմ Պոյարեկի ուսին․

― Գործի՛ր։

Պոյարեկն ու Սիվոլայը իրար անցան, դարպասին կպցրին պայթուցիկը։ Բոլորը հեռացան, փակեցին ականջները։ Որոտաց՝ կաղնե դարպասի շուրջը՝ տաշեղներ։ Մենք խցկվեցինք բացված ճեղքը։ Իսկ այնտեղ պահակներն են մահակներով։ Հրազենով պաշտպանվել արգելված է, թե չէ հրաձիգները իրենց կրակով բոլորին կգցեն։ Իսկ դումայի ընդունած օրենքով ― եթե մահակավոր ծառաներից որևէ մեկը կարողանա դիմադրել հարձակմանը, նա չի պատժվի։

Ներխուժում ենք։ Իվան Իվանիչի կալվածքը հարուստ է, բակը ընդարձակ։ Տեղ կա կռվելու համար։ Մեզ սպասում են պահականերն և ծառաները մահակներով ու ցցերով։ Երեք շխթայված շներ փորձում են հարձակվել մեզ վրա։ Այսպիսի մեծ խմբի հետ կռվելը դժվար գործ է։ Պետք է պայմանավորվել։ Պետք է խորամանկություն ցուցաբերել պետական գործը իրագործելու համար։ Բարձրացնում եմ ձեռքս։

― Ինձ լսեք։ Ձեր տերը միևնույն է ապրող չէ։

― Գիտենք, ― բղավում են պահակները։ ― Բայց միևնույն է ստիպված ենք պաշտպանվել։

― Սպասե՛ք։ Եկեք ընտրենք կռվողներին։ Ձերը հաղթեց՝ ունեցվածքով անվնաս կգնաք։ Մերը հաղթեց՝ ամեն ինչ մեզ կմնա։

Մտածմունքի մեջ ընկան պահակները։ Իսկ Սիվոլայը ասաց նրանց․

― Համաձայնեք, քանի մենք բարի ենք։ Միևնույն է ձեզ դուրս ենք անելու, երբ օգնությունը գա։ Օպրիչնիկներին ոչ ոք չի կարող հաղթել։

Նրանք խորհրդակցեցին, բղավեցին․

― Լավ։ Իսկ ինչո՞վ ենք կռվելու։

― Բռունցքներով, ― պատասխանում եմ։

Դուրս է գալիս նրանց մենամարտողը․ դդումանման մռութով աժդահա անասնապահը։ Հանում է վերարկուն, հագնում ձեռնոցները, փսլինքը սրբում։ Բայց մենք դրան պատրաստ ենք։ Պոգոդան Սիվոլայի ձեռքերին է գցում սև վերարկուն, կզաքիսի մորթով երիզված գլխարկը թափ տալիս, դիպակե պիջակը հանում, հանդգնորեն կարմիր մետաքս հագած ուսերը շարժում, ինձ աչքով անում և առաջ դուրս գալիս։ Պոգոդայի առջև, նույնիսկ Մասլոն՝ դեռահաս է։ Բարձրահասակ չէ Պոգոդան, բայց լայնաթիկունք է, պինդ ոսկոռ ունի, ճարպիկ է։ Նրա մռութին հասցնելը դժվար է։ Իսկ նրանից ծեծ ուտելը՝ շատ հեշտ։

Պոգոդան կկոցած աչքերով նայում է մրցակցին։ Խաղում է մետաքսե գոտու հետ․

― Դե ինչ, անշնորհքի մեկը, պատրա՞ստ ես ծեծ ուտել։

― Քեզ մի գովիր, օպրիչնիկ, դեռ կռիվը չսկսած։ Պոգոդան հակառակորդի հետ շրջաններ են կատարում, նշան են բռնում։ Տարբեր է նրանց հագուստը, զբաղեցրած դիրքը, տարբեր տերերի են ծառայում, իսկ ուշադիր նայես՝ նույն ռուսական խմորից են հունցված, ռուս մարդիկ վճռական են։

Շրջապատում ենք նրանց, խառնվում ծառաների հետ։ Բռունցքներով մարտի ժամանակ դա նորմալ է։ Այստեղ բոլորը հավասար են, և հասարակ մարդը, և ազնվականը, և օպրիչնիկը, և հրամայականները։ Բռունցքը ինքը՝ թագավոր է։

Ծիծաղում է Պոգոդան, աչքով անում ծառային, լայն ուսերով խաղում։ Եվ չդիմացավ մուժիկը, նետվեց հարվածելու փթանոց բռունցքով։ Պոգոդան կռանում է, և ուղիղ նրա սրտի տակ կարճ հարված հասցնում։ Զկրտաց նա, բայց դիմացավ։ Պոգոդան նորից պարում է, անամոթ աղջկա նման ուսերը ճոճում, աչքով է անում, վարդագույն լեզուն ցույց տալիս։ Անասնապահը պարերը չի հարգում, կոկորդային ձայներ է հանում, ու նորից պատրաստվում է խփել։ Բայց Պոգոդան նրան կանխում է, ձախից այտին, աջից կողերին՝ հարված, հարված։ Կողերը ճաքեցին։ Իսկ ծանր փթանոց բռունցքից նորից խուսափում է։ Մռնչաց անասնապահը արջի նման թափահարեց բռունցքները, կորցնելով ձեռնոցները։ Միայն թե ոչ մի օգուտ․ նորից հարված սրտի տակ և քթին։ Նահանջում է աժդահան ինչպես արթնացրած արջը։ Միացնում է ձեռքերը, մռնչում, սառը օդին հարվածում։ Բայց ամեն ինչ իզուր է․ հարված, նորից հարված։ Արագ են Պոգոդայի բռունցքները․ ահա արդեն անասնապահի մռութը արյան մեջ է, աչքը վիրավոր, քթից արյուն է կաթում։ Թռչում են ալ կաթիլները, սուտակի պես փայլում ձմեռային արևի տակ, թափվում տրորված ձյան վրա։

Մռայլվում են ծառաները։ Մերոնք իրար աչքով են անում։ Երերում է անասնապահը, ջարդված քթով ֆսֆսացնում, թքում փշրված ատամները։ Հարված, էլի հարված։ Նահանջում է աժդահան, ձեռքերն այնպես է թափահարում, կարծես մեղուներ է քշում։ Իսկ Պոգոդան նրան հանգիստ չի թողնում։ Էլի հարված, էլի։ Ճշգրիտ և ուժեղ է խփում օպրիչնիկը։ Մերոնք սուլում են, ձեռք առնում։ Վերջին հարվածը շատ ուժեղ էր։ Ընկնում է աժդահան մեջքի վրա։ Պոգոդան իր ձևավոր սապոգը դնում է նրա կրծքին, հանում դանակը պատյանից, և նրա մռութին ամբողջ ուժով քսում, խըրթ։ Այ այսպես։ Ի գիտություն։ Ուրիշ կերպ հիմա չի կարելի։

Արյունով, ամեն ինչ հեշտ է անցնում։

Ծառաները քարացան։ Անշնորհքը կտրած մռութը բռնեց, մատների տակից արյուն է թափվում։

Պոգոդան պահում է դանակը, թքում պարտվածի վրա և աչքով անում ծառաներին․

― Այսպես։ Մռութը արյունլվա է։

― Սրանք հայտնի բառեր են։ Մերոնք միշտ այդպես են ասում։ Այդպես է ստացվել։

Ժամանակն է կետ դնել։ Բարձրացնում եմ մահակս․

― Ծնկի՛, անշնորհքներ։

Այսպիսի ակնթարթներին ամեն ինչ միանգամից պարզվում է։ Այնքան լավ է երևում ռուս մարդը։ Շշմած դեմքեր։ Հասարակ մարդկանց դեմքեր։ Սիրում եմ նրանց նայել այսպիսի ժամանակ, ճշմարտության պահին։ Հիմա նրանք հայելի են, որում արտացոլվում ենք մենք և ձմեռային արևը։

Փառք աստծո, պարզ է այս հայելին, չի մթնել ժամանակից։

Մերոնք թուլացան, աշխուժացան։ Եվ միանգամից՝ զանգ Բատյաից․ հետևում է մեզ իր մոսկովյան ապարանքից։

― Ապրե՛ք։

― Ծառայում ենք Ռուսաստանին, Բատյա։ Ի՞նչ անենք տան հետ։

― Պետք է ոչնչացվի։

― Ոչնչացվի՞։ Սա ինչ֊որ նոր բան է․․․ Սովորաբար ճզմված կալվածքը պահում էինք մերոնց համար։ Նախկին ծառաներն էլ անցնում էին նոր տիրոջը։ Ինչպես ինձ մոտ։ Իրար ենք նայում։ Բատյան քմծիծաղում է․

Ի՜նչ եք կանգնել։ Հրամանն այդպիսին է․ տեղը մաքրել։

― Կանենք, Բատյա։

Ահա։ Դատարկ տեղ թողնել։ Նշանակում է՝ կարմիր աքլոր։ Վաղուց այդպիսի բան չէր եղել։ Բայց հրամանը հրաման է։ Այն չի քննարկվում։ Հրամայում եմ ծառաներին․

― Ամեն մեկդ կարող եք ձեր ունեցվածքից մի պարկ վերցնել։ Տալիս ենք երկու րոպե։

Նրանք արդեն հասկացել են, որ տունը կորած է։ Վեր թռան, վազեցին, ցրվեցին իրենց անկյունները ունեցածը հավաքելու, հետն էլ ինչ֊որ ձեռքի տակ ընկնի։ Իսկ մերոնք տանն են նայում․ վանդակապատ պատուհաններին, մետաղյա դռներին, կարմիր աղյուսե պատերին։ Ամեն ինչ շատ հիմնավոր է։ Պատերը լավ են շարված, հարթ։ Վարագույրները իջեցված են, բայց անցքերից աչքեր են նայում։ Այնտեղ տաք օջախ է, վերջին, թաքնված, մահացու վախով լցված օջախ։ Ի՜նչ քաղցր է թափանցել այնտեղ, և դուրս շպրտել նրանց։

Ծառաները մի֊մի պարկ հավաքեցին։ Դանդաղ, հնազանդորեն քարշ են գալիս, կարծես թափառաշրջիկներ։ Թույլ ենք տալիս նրանց գնալ դարպասների մոտ։ Իսկ այնտեղ, կոտրած դռան մոտ հրաձգավորներն են հերթապահում իրենց ճառագայթանետերով։ Թողնում են կալվածքը ծառաները, ետ նայում։ Նայեք, անշնորհքներ, մեզ ինչ։ Հիմա մեր ժամն է։ Շրջապատում ենք տունը, մահակներով խփում պատերին վանդակապատ պատուհաններին։

― Հո՛յդա։

― Հո՛յդա։

― Հո՛յդա։

Հետո երեք անգամ շրջանցում ենք, արևի շարժման ուղղությամբ․

― Մահ այս տանը։

― Մահ այս տանը։

― Մահ այս տանը։

Պոյարոկը պայթուցիկ է ամրացնում երկաթե դռանը։ Ետ ենք գնում, փակում ականջներս ձեռնոցներով։ Պայթուն՝ և չկա դուռը։ Բայց առաջինից հետո, երկրորդ, փայտա դուռն է։ Սիվոլայը հանում է ճառագայթադանակը։ Կապույտ, կատաղի կրակը բարակ շյուղով կպավ դռանը, և ընկավ դռան կտրված կտորը։

Ներս ենք մտնում։ Անշտապ ներս ենք մտնում։ Հիմա արդեն շտապելու կարիք չկա։

Ներսում լռություն է, հանգիստ է։ Լա՜վն է ազնավականի տունը, հարմար է։ Հյուրասենյակը կահավորված է չինացիների մոտ ընդունված ձևով՝ թախտեր, գորգեր, ցածր սեղանիկներ, մարդու հասակ ունեցող ծաղկամաններ, մետաքսի վրա դրված կանաչ նեֆրիտից վիշապներ։ Նորությունների փուչիկները նույնպես չինական են՝ ծռած սև փայտով երիզված։ Արևելյան գարշահոտություն է զգացվում։ Մոդայիկ է, ոչինչ չես կարող անել։ Բարձրանում ենք վերև չինական գորգերով ծածկված լայն աստիճաններով։ Այստեղ օդը հարազատ է՝ լամպի յուղի, փայտի, հին գրքերի, վալերիանկայի հոտ է գալիս։ Սենյակները գերանապատ են։ Սրբիչներով զարդարված, ապակեպատ դարակներով, սնդուկներով, կոմոդներով, սամովարներով և կեռամիկական սալիկներով զարդարված վառարաններով։ Ցրվում ենք սենյակներով։ Մարդ չկա։ Մի՞թե փախել է ոջիլը։ Քայլում ենք, մահճակալների տակ խցկում մահակները, խառնում սպիտակեղենը, զգեստապահարանները ջարդում։ Տան տերը չկա։

Նա հո չէ՞ր կարող ծխնելույզով փախչել, ― փնթփնթում է Պոսոխան։

― Երևի գաղտնի ելք կա տանը, ― մահակով խառնում է կոմոդը Կրեպլոն։

― Պարիսպը շրջապատված է հրաձիգներով, ո՞ւր պիտի փախչեր, ― առարկում եմ ես։

Բարձրանում ենք ձեղնահարկ։ Այստեղ ձմեռային այգի է, քարեր, ջրվեժ, տրենաժյորներ, աստղադիտարան։ Հիմա բոլորն աստղադիտարաններ ունեն․․․ Այ, թե ինչը չեմ կարող հասկանալ․ աստղագիտությունը և աստղաբանությունը մեծագույն գիտություններ են, բայց ի՞նչ գործ ունի այստեղ աստղադիտակը։ Դա հո երազահան գիրք չէ։ Մայրաքաղաքում աստղադիտակների պահանջարկն ուղղակի անհավանական է, գլխի մեջ չտեղավորովող։ Նույնիսկ Բատյան է իր կալվածքում դրել։ Ճիշտ է, նրա մեջ նայելու ժամանակ չունի։

Պոսոխան կարծես կարդում է մտքերս․

― Խոսքները մեկ արած ազնվականներն ու փոխանակողները աստղերին են պլշում։ Ի՞նչ են ուզում այնտեղ տեսնել։ Իրենց մա՞հը։

― Միգուցե Աստծո՞ւն, ― ծիծաղում է Խրուլը, մահակով արմավենուն խփելով։

― Մի զբաղվիր սրբապղծությամբ, ― նկատողություն է անում Բատյայի ձայնը։

― Ներիր, Բատյա, ― խաչակնքվում է Խրուլը, ― սատանան խառնեց․․․

― Ինչո՞ւ եք հին ձևով ման գալիս, հիմարներ, ― անհանգստանում է Բատյան, միացրեք «փնտրիչը»։

Միացնում ենք «փնտրիչը»։ Նա ծվվում է, առաջին հարկն է ցույց տալիս։ Իջնում ենք։ Փնտրիչը տանում է մեզ դեպի երկու չինական ծաղկամանները։ Մեծ, հատակին դրված ծաղկամանները։ Իրար ենք նայում, իրար աչքով անում։ Գլխով եմ անում Խրուլին ու Սիվոլային։ Նրանք բարձրացնում են մահակները և հարվածում ծաղկամաններին։ Նուրբ, ահռելի հրեշների ձվերի կլեպի նման, ճենապակին փշուր֊փշուր է լինում։ Իսկ այդ ձվերից, ասես Կաստորներ ու Պոլլյուքսներ՝[10] ազնվականի երեխաները ոլոռի պես թափվում են գորգերի վրա և աղաղակում։ Երեք, չորս․․․ վեցն են։ Բոլորը շեկ, մեկը մյուսից փոքր։

― Ահա՜ թե ինչ, ― հռհռում է անտեսանելի Բատյան։ ― Տես, թե ինչ է մտածել գողը։

― Վախից խելքը թռցրել է, ― երեխաներին է նայում Սիվոլայը։

Լավ չի նայում։ Բայց մենք երեխաներին ձեռք չենք տալիս․․․ Դե, եթե հրաման լինի ճզմել նրանց, ապա իհարկե։ Իսկ ընդհանրապես, մեզ ավելորդ արյուն պետք չէ։

Մերոնք բռնում են գոռգոռացող երեխաներին, կաքավների նման թևի տակ դրած տանում։ Այնտեղ, դրսում, սպասում է մանկատնից եկած դատաիրավականի աշխատակից կաղ Ավերյան Տրոֆիմիչը իր դեղին ավտոբուսով։ Նա կտեղավորի փոքրիկներին, թույլ չի տա որ կորչեն, կմեծացնի մեծ երկրի ազնիվ քաղաքցիներ։

Մանկանց աղաղակների վրա, ինչպես խայծի վրա, ցանցն են ընկնում ազնվազարմների կանայք․ չդիմացավ Կունիցինի կինը, ոռնաց իր թաքստոցում։ Կնոջ սիրտը քար չէ։ Գնում ենք այդ աղաղակի վրա՝ ճամփան դեպի խոհանոց է տանում։ Անշտապ մտնում ենք։ Շուրջներս նայում։ Լա՜վն է Իվան Իվանիչի խոհանոցը։ Ընդարձակ է և խելացիորեն սարքավորված։ Այստեղ և՛ աշխատանքի համար նախատեսված սեղաններ կան, և՛ սալոջախներ, և՛ պողպատյա ու ապակյա դարակներ սպասքով ու համեմունքներով, և՛ բարդ վառարաններ սառը ու տաք ճառագայթներով, և արտասահմանյան հայ֊տեկ,[11] և՛ խորամանկ օդափոխիչներ, և՛ թափանցիկ սառնարաններ լուսավորումով, և՛ տարբեր տեսակի դանակներ, իսկ մեջտեցում՝ ռուսական վառարան՝ լայն, սպիտակ։ Ապրի՛ Իվան Իվանովիչը։ Ի՞նչ ուղղափառ ճաշ առանց ապուրի ու շիլայի ռուսական վառարանից։ Մի՞թե օտարերկրյա ջեռոցում կարկանդակներն այնպես կթխվեն, ինչպես մեր վառարանում։ Մի՞թե կարելի է այնտեղ կաթը երկար թողնել։ Իսկ հայր֊հացը՞։ Ռուսական հացը ռուսական վառարանում պետք է թխվի, դա ձեզ նունիսկ վերջին աղքատը կասի։

Վառարանի բերանը փակված է պղնդյա կափույրով։ Թխկացնում է ծալված մատով Պոյարեկը․

― Մոխրագույն գայլն է եկել, կարկանդակներ բերել։ Ո՞վ է այստեղ թաքնվել։

Իսկ կափույրի ետևից՝ կնոչ ոռնոց և տղամարու հայհոյանք։ Զայրանում է Իվան Իվանովիչը կնոջ վրա, որ մատնեց իրենց իր աղաղակներով։ Հասկանալի է, իհարկե։ Զգայուն են կանայք, դրա համար էլ նրանց սիրում ենք։

Բացում է վառարանը Պոյարոկը, վերցնում են մերոնք երկար բռնիչներն ու կրակխառնիչը, և նրանցով վառարանի միջից ազնվազարմին ու նրա կնոջը դուրս բերում։ Երկուսն էլ մրոտված են ու դիմադրում են։ Ազնվականի ձեռքերը միանգամից կապում ենք, բերանը փակում ու արմունկներից բռնած բակ տանում։ Իսկ կինը․․․ Կնոջ հետ ստիպված ենք այլ կերպ վարվել։ Այդպես է դրվածքը։ Կապում ենք նրան պարաններով միսը կտրատելու համար նախատեսված սեղանի վրա։ Լա՜վն է նրա կինը․ բարեկազմ, գեղեցիկ դեմքով, մեծ կրծքերով ու հետույքով, տաքարյուն։ ― Բայց սկզբից ազնվազարմը։ Բոլորս դուրս ենք գալիս բակ։ Այնտեղ արդեն սպասում են Զյաբելը ցախավելներով և Նագուլը օճառոտված պարանով։ Քարշ են տալիս նրան օպրիչնիկները ոտքերից բռնած մինչև դարպասը՝ վերջին ճամփան։ Զյաբելն ու Կրեպլոն, նրա ետևից ցախավելներով մաքրում են հետքերը, որպեսզի Տիրոջ գործի հակառակորդի հետքն էլ չմնա Ռուսաստանում։ Նագուլն արդեն բարձրացել է դարպասին, ճարպկորեն պարանն է ամրացնում, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի թշնամիներին է կախում։ Կանգնում ենք դարպասի տակ, ձեռքերով բարձրացնում նրան․

― Խոսք և գործ։

Եվս մի վայրկյան՝ և ճոճվում է Իվան Իվանովիչը օղակի մեջ, թփրտում, խռխռում, վերջին շունչը փչում։

Հանում ենք գլխարկներս, խաչակնքվում։ Հագնում ենք գլխարկները։ Սպասում՝ հոգին դուրս գա։

Գործի քառորդ մասն արված է։ Հիմա՝ կինը։ Վերադառնում ենք տուն։

― Միայն չսպանեք, ― ինչպես միշտ, զգուշացնում է Բատյայի ձայնը։

― Պարզ է, Բատյա։

Այդ կրքոտ գործը մեզ շատ է պետք։ Դա մեզ ուժ է տալիս, որ հաղթենք Ռուսաստանի թշնամիներին։ Այդ գործը պետք է հիմնավոր անել։ Պետք է սկսել ըստ կոչումի և վերջացնել։ Ուրեմն, ես առաջինն եմ։ Իրեն սեղանին է խփում Իվան Իվանովիչի արդեն այրին, բղավում ու տնքում։ Միանգամից հանում եմ շորը, ժանյակներով զարդարված ներքնաշորերը։ Պոյարոկը և Սիվոլայը բարձրացնում ու պահում են նրա սպիտակ, հարթ, կոկիկ ոտքերը։ Սիրում եմ կանաց ոտքերը, առանձնապես ազդրերն ու մատները։ Իվան Իվանովիչի կնոջ ազդրերը գունատ ու զով են, իսկ ոտքերի մատները նուրբ են ու խնամված, վարդագույն լաքով պատված։ Ցնցվում են անօգնական ոտքերը օպրիչնիկների ձեռքում, իսկ մատները լարվածությունից ու վախից դողում են մանր դողով, ցցվում։ Գիտեն Սիվոլայն ու Պոյարեկը իմ թուլությունները, ահա և դողաց կանացի նուրբ կրունկը բերանիս մոտ, վերցնում եմ դողացող մատները բերանս, և նրա մեջ մտցնում ճաղատ ժանտաքիսս։

Ք՜աղցր է։

Այրին ցնցվում է, ինչպես կենդանի վարդագույն խոզուկը շամփուրի վրա։ Ատամներս խրում եմ նրա կրունկի մեջ։ Ճչում է նա, իրեն սեղանին տալիս, իսկ ես հիմնավորապես ավարտում եմ գործս։

― Հո՛յդա։ Հո՛յդա, ― մռթմռթում են օպրիչնիկները և շրջվում։

Կարևո՛ր գործ։

Անհրաժե՛շտ գործ։

Լա՛վ գործ։

Առանց այս գործի միտք չունի հարձակումը, ինչպես ձին առանց ձիավարի․․․ առանց սանձի․․․ սպիտակ նժույգ․․․ գեղեցիկ․․․ խելացի․․․ կախարդված․․․ նժույգ․․․ նուրբ կրակ֊նժույգ․․․ քաղցր․․․ շաքարե ձիուկ առանց ձիավարի․․․ և առանց սանձի․․․ սանձի․․․ սպիտակ սատանայի հետ․․․ քաղցր սատանայի․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ հեռո՞ւ է մինչև․․․

Քաղցր է թողնել սերմդ պետության թշանմու կնոջ մեջ։

Ավելի քաղցր, քան թշնամու գլուխները թռցնել։

Դուրս են գալիս բերանիցս այրու նուրբ մատները։

Գունավոր ծիածաններ են լողում աչքերիս առաջ։

Զիջում եմ տեղս Պոսոխին։ Վրան կարված մարգարտով նրա անդամը, նման է Իլյա Մուրոմեցի մահակին։

Օխա֊խա, շոգ է ազնվազարմի տանը։ Դուրս եմ գալիս, նստում մուտքի մոտ դրված նստարանին։ Երեխաներին արդեն տարել են։ Ջարդված֊ծեծված ծառայից մնացել են միայն արյան հետքերը։ Հրաձիգները դարպասի մոտ կախվածին են նայում։ Հանում եմ «Ռոդինայի» տուփը, ծխում։ Պայքարում եմ այդ վատ, օտար սովորության հետ։ Չնայած կրճատել եմ սիգարետների քանակը մինչև օրում յոթը, բայց վերջնականապես թողնել չեմ կարողանում, կամք չունեմ։ Հայր Պայիսին աղոթեց, պատվիրեց զղջման կանոնը կարդալ։ Չոգնեց․․․ Սառը քամին տարածում է ծուխը։ Արևն առաջվա պես շողում է, աչքով անում ձյանը։ Սիրում եմ ձմեռը։ Ցուրտը գլուխս մաքրում, առույգացնում է։ Ձմռանը Ռուսաստանում պետական գործերն ավելի արագ են գնում, ավելի լավ։

Դուրս է գալիս Պոսոխան․ բերանը բաց է, քիչ է մնում փսլինքը թափվի, աչերը շաղված են, իր կարմրած անդամն ոչ մի կերպ չի կարողանում տեղը գցել։ Չռվաց ոտքերով իրեն կարգի է բերում։ Պիջակի տակից, գիրք է ընկնում։ Բարձրացնում եմ։ Բացում։ «Սիրված հեքիաթներ»։ Կարդում եմ ներածությունը։

Հին Ռուսիայում Սուրբ, դանակներ չկային, այդ պատճառով տղամարդիկ միսը անդամներով էին կոտրում։

Իսկ գիրքն այնքան են կարդացել, որ մաշվել է, կեղտոտվել, քիչ է մնում յուղը թերթերից կաթի։

― Այս ի՞նչ ես կարդում, անպարկեշտ, ― խփում եմ գիրքը ճակատին։ ― Բատյան տեսնի՝ օպրիչնինայից դուրս կշպրտի։

― Ներիր Կոմյագա, սատանան է մեղավոր, ― մռթմռթում է Պոսոխան։

― Դանակի սայրով ես քայլում, հիմար։ Այդ անվայելությունը արգելված է։ Այդպիսի գրքերի համար Տպագրական Հրամանը մաքրեցին։ Այնտե՞ղ ձեռք գցեցիր։

― Այն ժամանակ ես դեռ օպրիչնինայում չէի։ Կառավարչի տանից գողացա։ Սատանան դրդեց։

― Հասկացիր, հիմար, մենք պաշտպանական երամ ենք։ Մեր միտքը պետք է սառը պահենք, սիրտը՝ մաքուր։

― Հասկանում եմ, հասկանում․․․ ― Պոսոխան ձանձրությով քորում է գլխարկի տակի սև մազերը։

― Տերը կոպիտ արտահայտություններ չի ընդունում։

― Գիտեմ։

― Եթե գիտես՝ վառիր այդ անամոթ գիրքը։

― Կվառեմ, Կոմյագա, խաչով եմ երդվում․․․ ― խաչակնքվում է նա ու գիրքը պահում։

Դուրս են գալիս Նագուլն ու Օխլոպը։ Քանի դեռ չի փակվել դուռը լսում եմ ազնվականի այրու տնքոցները։

― Լա՜վն է անիծվածը, ― Օխլոպը թքում է, գլխարկը հրում ծոծրակին։

Նրան մահի չե՞ն հասցնի, ― հարցնում եմ հանգցնելով սիգարետս նստարանին։

― Չէ, չպետք է որ․․․ ժպտուն, լայնադեմ Նագուլը մաքրում է քիթը ինչ֊որ մեկի սիրով ասեղնգործված սպիտակ թաշկինակով։

Շուտով հայտնվում է Զյաբելը։ Նա հուզված է ու շատախոս։ Զյաբելն էլ իմ նման բարձրագույն համալսարանական կրթություն ունի։

― Որքա՜ն հաճելի է ոչնչացնել Ռուսաստանի թշնամիներին, ― մռթմռթում է նա, գրապանից հանելով առանց ֆիլտրի «Ռոդինայի» տուփը։ ― Չինգիսխանն ասում էր, որ աշխարհի ամենամեծ հաճույքը թշնամիներին հաղթելն է, նրանց ունեցվածքը ոչնչացնելը, նրանց ձիերով մանգալը, նրանց կանանց սիրելը։ Իմաստո՜ւն մարդ էր։

«Ռոդինայի տուփի մեջ են մտնում Նագուլի, Օխլոպի, Զյաբելի մատները։ Հանում եմ իմ ձևավոր, սառը կրակով կայծքարը, վառում նրանց սիգարետները։

― Բոլորդ այս սատանայական խոտի վրա եք նստել։ Գիտե՞ք, որ թութունը անիծված է սրբերի յոթ քարերի վրա։

― Գիտենք, Կոմյագա, ― քմծիծաղում է Նագուլը ծուխը ներս քաշելով։

Այդ ծխով սատանային եք մեծարում։ Սատանան սովորեցրել է մարդկանց ծխել, որպեսզի մարդիկ ծխեն նրան։ Ամեն մի սիգարետ՝ դա նրան մեծարելու համար վառած խունկ է։

― Իսկ ինձ մի նախկին քահանա ասել է, որ նա ով ծխում է՝ Քրիստոսի մարդն է, ― առարկում է Օխլոպը։

― Իսկ մեր գնդում հարյուրապետը միշտ կրկնում էր․ «Ծխեցրած միսը ավելի երկար է պահպանվում», ― հոգոց հանելով Պոսոխան նույնպես սիգարետ է վերցնում։

― Հիմարնե՛ր, ― ասում եմ նրանց։ Մեր տերը չի ծխում, Բատյան էլ է թողել։ Մենք էլ պետք է թոքերս մաքուր պահենք։ Եվ բերաններս։

Լուռ ծխում են ու լսում։

Դուռը բացվում է, դուրս են գալիս մնացածները ազնվականի կնոջ հետ։ Դուրս են բերում նրան մերկ մարմնի վրա գցած ոչխարի մուշտակով։ Մերոնց համար կնոջը չարչարելը՝ սովորական բան է։

― Կենդանի՞ է։

― Այդ բանից հազվադեպ են մեռնում, ― ժպտում է Պոսոխան։ ― Նրան հո չեն խոշտանգել։

Վերցնում եմ նրա թուլացած ձեռքը։ Զարկերակը նշմարվում է։

― Այսպես, կնոջը բարեկամնիերի մոտ գցել։

― Դա մեզ հայտնի է։

Նրան տանում են։ Ժամանակն է գործը վերջացնել։ Օպրիչնիկները տանն են նայում․ տունը հարուստ է, բարիքներով լիքը։ Բայց քանի որ տերը հրամայել է ոչնչացնել, չի կարելի կողոպտել։ Օրենք է։ Ողջ բարիքը Տիրոջ կարմիր աքաղաղին կհասնի։

Նշան եմ տալիս Զյաբելին, նա է մեզ մոտ կրակի գործերով զբաղվում։

― Գործի՛ անցիր։

Նա հանում է պատյանից իր «Ռեբրոֆֆը», հագցնում նրա վրա շշի նմանվող մասը։ Հեռանում ենք տանից։ Զյաբելը նշան է բռնում պատուհանին, կրակում։ Զրնգաց պատուհանը։ Ավելի ենք հեռանում պատուհանից։ Կիսաշրջան կազմում, հանում պատյաններից դաշյունները, բարձրացնում վերև, իջեցնում, թշնամու տանը նշան բռնում․

― Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Վայ այս տանը։

Պայթյուն։ Խիտ ծուխը քուլա֊քուլա դուրս է գալիս պատուհաններից։ Թռչում են բեկորները, պատուհանի տաշեղները, ընկնում գետնին։ Կալվածքը վառվում է։ Ահա և նրա մոտ հյուր եկավ Տիրոջ կարմիր աքլորը։

― Ապրե՛ք։ ― Սառը օդում գույնզգույն շրջանակում հայտնվում է Բատյաի դեմքը։ ― Հրաձիգներին բաց թողեք, ինքներդ՝ Ուսպենսի տաճար աղոթելու գնացեք։

Գործի վերջը՝ թագն է։ Գործդ արեցիր՝ համարձակորեն աղոթիր։

Դուրս ենք գալիս դարպասից, աշխատելով հեռու մնալ կախվածից։ Իսկ դարպասից այն կողմ հրաձգավորները լուր տարածողներին են քաշքշում։ Նրանք կանգնած են իրենց ապարատներով, աշխատում են հրդեհը լուսանկարել։ Հիմա արդեն կարելի է։ Նորությունների Հրամանի հետ, հայտնի նոյեմբերից հետո, մեզ մոտ լավ հարաբերություններ են։ Ձեռքով եմ անում հայրուրապետին։ Ապարատները նշան են բռնում հրդեհին և կախվածին։ Ամեն մի տանը, ամեն մի նորությունների փուչիկով մարդիկ նայում են և տեսնում ուղղափառ Տիրոջ և պետության ուժը։ Հասկանում են Բառը և Գործը։

Ինչպես ասում էր մեր տերը․

«Օրենք և կարգ, ― ահա ինչի վրա է կանգնած և կանգնելու մոխրից հառնած Սուրբ Ռուսը։

Սուրբ ճշմարտություն է։


Ինչպես միշտ Ուսպենսկի տաճարում խավար է, տաք ու հանդիսավոր։ Վառվում են մոմերը, փայլում է սրբապատկերների ոսկին, նեղուս հայր Յուվենալիի ձեռքում ծխում է բուրվառը, հնչում է նրա բարակ ձայնը։ Թավ ձայնը՝ սևամորուք, հաստլիկ սարկավագինն է երգչախմբից։ Մենք կանգնած ենք խիտ շարքերով՝ ողջ մոսկովյան օպրիչնինան։ Այստեղ են և՛ Բատյան, և՛ Եռոխան՝ նրա աջ ձեռքը, և՛ Մոսոլը՝ նրա ձախ ձեռքը։ Եվ գլխավորները՝ ես ներառյալ։ Եվ հիմնական մասը։ Եվ երիտասարդները։ Միայն Տերը չկա։ Սովորաբար երկուշաբթի օրերին նա ողորմածորեն գալիս է մեզ հետ աղոթելու։ Բայց այսօր չկա մեր արևափայլը։ Ամբողջովին պետական գործերի մեջ է։ Կամ Րիզպոլոժենիի եկեղեցում, ընտանեկան տաճարում է աղոթում Սուրբ Ռուսի համար։ Տիրոջ ցանկությունը՝ օրենք է և հանելուկ։ Եվ փառք Աստծո։

Սովորական օր է այսօր, երկուշաբթի։ Եվ արարողությունն է սովորական։ Սուրբ Կնունքն անցել է։ Սահնակներով ման եկանք Մոսկվա֊գետով, իջեցրինք խաչը արծաթյա եղևնիներով զարդարված տաղավարի տակ գտնվող սառցանցք֊երդանր,[12] կնքում էինք փոքրիկներին, ինքներս էինք սառցե ջրի մեջ ընկղմվում, կրակում թնդանոթներից, խոնարհվում Տիրոջը և Տիրուհուն, քեֆ էինք անում Գրանովիտյանում[13] կրեմլյան շքախմբի և Ներքին Շրջանակի հետ։ Հիմա մինչև Տրնդեզ՝ ոչ մի տոն, առօրյա կյանք։ Պետք է գործով զբաղվել։

«Թող աստված հառնի և թող անհայտանան թշնամիները նրա․․․» ― կարդում է հայր Յուվենալին։

Մենք խաչակնքվում ենք ու խոնարհվում։ Աղոթում եմ Քրիստոսի սիրածս սրբապատկերին՝ Սպաս Յարոե Օկոյին[14], դողում եմ Փրկչի խիստ աչքից։ Ահեղ է Փրկիչը, անդրդում իր Դատում։ Նրա խիստ հայացքից պայքարի ուժ եմ հավաքում, հոգիս ու կամքս ամրապնդում։ Թշնամիների նկատմամբ ատելությունս ավելացնում։ Միտքս սրում։

«Եվ թող ցրվեն Աստծո և մեր Տիրոջ թշնամիները»։

«Թշնամու հանդեպ հաղթանակ պարգևիր․․․»։

Թշնամիները շատ են, դա ճիշտ է։ Հենց Ռուսաստանը հառնեց մոխրից, ընկալեց իրեն, երբ տասնվեց տարի առաջ Պետական հայր Նիկոլայ Պլատոնովիչը դրեց առաջին քարը Արևմտյան պատի հիմքի մեջ, հենց որ մենք սկսեցինք անջատել մեզ դրսում օտարներից, ներսում՝ սատանայականից, տեղն ու տեղը բոլոր անցքերից դուրս եկան զզվելի, չար, թունավոր միջատները։ Ճշմարիտ է՝ մեծ գաղափարը ծնում է մեծ դիմադրություն։ Մեր պետությունը միշտ էլ ունեցել է արտաքին և ներքին թշնամիներ, բայց երբեք այդքան կատաղի չի սրվել պայքարը նրանց հետ, քան Սուրբ Ռուսի Վերածննդի ժամանակաշրջանում։ Մի գլուխ չի, որ գլորվել է Լոբնի տեղից այս տասնվեց տարվա ընթացքում, մի գնացք չէ, որ տարել է բազմաթիվ թշնամիների ու նրանց ընտանիքները Ուրալից այն կողմ, մի «կարմիր աքաղաղ» չի, որ ծուղրուղու է կանչել արևածագին ազնվականների կալվածքներում, մի կառավարիչ չէ, որին տանջել են Գաղտնի Հրամանում, մի մատնիչ նամակ չէ, որ ընկել է Լուբյանկայի Բառի ու Գործի փոստարկղը, մի փոխանակողի բերանը չէ, որ լցրել են հանցավոր թղթադրամներով, մի սարկավագ չէ, որ լողացել է եռացող ջրի մեջ, մի տարաշխարհիկ դեսպան չէ, որ դուրս են վռնդել Մոսկվայից երեք դեղին անարգանքի «մերիններով», մի սուրհանդակ չէ որ նետել են Օստանկինյան աշտարակից բադի թևերը հետույքի մեջ, մի խառնակիչ ծախված գրող չէ, որ խեղդել եմ Մոսկվա֊գետում, մի ազնվազարմ այրի չէ, որ նետել են ծնողների մոտ ոչխարի մուշտակով՝ տկլոր ու անզգա․․․

Ամեն անգամ, երբ կանգնած եմ Ուսպենսկիում մոմը ձեռքիս, գաղտնի միտքս եմ մտածում, միտքս խռովարար․ իսկ եթե մենք չլինեի՞նք։ Տերը ինքնուրույն գլուխ կհանե՞ր։ Բավարա՞ր էին հրաձգավորները, Գաղտնի Հրամանը և Կրեմլյան գունդը։

Եվ երգչախբի երգեցողության ներքո, ինքս ինձ կամաց շշնջում եմ․

Ոչ։


Ընդհանուր սեղանն այսօր սովորական է, Սպիտակ պալատում։

Նստած ենք երկար, կաղնե, անծածկ սեղանների շուրջ։ Ծառաները մատուցում են պաքսիմատի կվաս, օրական ապուր, սև հաց, շոգեխաշած, սոխով տավարի միս և հնդկացորենի շիլա։ Ուտում ենք, կամացուկ զրուցում մեր ծրագրերի մասին։ Ճոճվում են մեր անձայն զանգակները։ Օպրիչնինայի ամեն մի թևը ունի իր ծրագրերն․ մեկը՝ Գաղտնի Հրամանում է այսօր զբաղված, մյուսը՝ Խելացիում, մեկը Դեսպանականում, մեկն էլ Առևտրականում։ Այսօր ես երեք գործ ունեմ։

Առաջինը՝ խեղկատակ֊սկոմորոխներով[15]պետք է զբաղվել, հաստատել տոնական համերգի նոր համարը։

Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։

Նստած եմ իմ տեղում, Բատյաի աջից՝ չորրորդը։ Պատվավոր տեղ է, գործով ձեռք բերված։ Ինձանից ավելի մոտ, նրա աջից Շելետն է, Սամոսյան ու Երոխան։ Ամրակազմ, տպավորիչ արտաքին ունի Բատյան, դեմքով երիտասարդ է, չնայած մազերը ամբողջովին սպիտակ են։ Երբ սեղանի մոտ է՝ հաճելի է նայել․ ուտում է անշտապ, հիմնավոր։ Բատյան՝ հիմքն է մեր, գլխավոր արմատը կաղնու, որի վրա ողջ օպրիչնինան է կանգնած։ Նա առաջինն էր, ում Տերը վստահեց Գործը։ Նրա վրա էր հենվում կրունկով Տերը, երբ բարդ, ճակատագրական ժամանակներ էին Ռուսաստանի համար։ Բատյան դարձավ օպրիչնինաի երկաթյա շղթայի առաջին օղակը։ Նրանից կառչեցին մյուս օղակները, ձուլվեցին, միահյուսվեցին օպրիչնինայի Մեծ Օղակում, դեպի դուրս ուղղեցին սուր փշերը։ Այդ օղակով էլ Տերը ձգեց հիվանդ, փտած, փլուզվող երկիրը, միացրեց, կարծես արնաքամ լինող վիրավոր արջի վիրակապեց։ Եվ ամրացավ արջը ոսկորներով ու մսով, բուժեց վերքերը, ճարպ կուտակեց, մագիլներ աճեցրեց։ Մենք բաց թողեցինք նրա փտած, թշնամիների կողմից թունավորված արյունը։ Այժմ ռուսական արջի կատաղի մռնչյունը լսվում է ողջ աշխարհում։ Ոչ միայն Չինաստանն ու Եվրոպան, օվկիանոսից այն կողմ էլ են լսում։

Տեսնեմ, Բատյայի մոբիլան կարմրով է թարթում։ Սեղանի մոտ արգելված են կողմնակի խոսակցությունները։ Բոլոր բջջայինները անջատում ենք։ Կարմիր ազդանշանը՝ Պետական գործ է։ Մոտեցնում է Բատյան ականջին մաքուր ոսկուց մոբիլան, որը զրնգում է զանգակով․

― Լսում եմ, Տեր։ Հասկանում եմ։ Հենց հիմա կլինենք, Տեր։

Վեր է կենում Բատյան, արագ հայացք գցում մեզ վրա․

― Վոգուլ, Կոմյագա, Տյագլո, ինձ հետ։

Ահա։ Բատյաի ձայնից զգում եմ՝ ինչ֊որ բան է պատահել։ Վեր ենք կենում, խաչակնքվում, դուրս գալիս ճաշասրահից։ Բատյաի ընտրությունից հասկանում եմ, որ խելացի գործ է սպասվում։ Բոլոր ընտրվածները համալսարանական կրթություն ունեն։ Վոգուլը Սուրբ֊Պետրոգրադում սովորել է ֆինանսական գործը, Տյագլոն Նիժնի֊Նովգորոդում գրքերի արտադրությունն էր ուսումնասիրում, իսկ ես օպրիչնինա գնացի Լոմոնոսովից։ Ոչ, չգնացի․․․ Օպրիչնինա չեն գնում։ Այն չեն ընտրում։ Նա է քեզ ընտրում։ Կամ, ավելի ճիշտ, ինչպես ասում է ինքը, Բատյան, երբ խմած֊հոտքաշած է լինում, «Ալիքն է տանում օպրիչնինա»։ Այն էլ ինչպես է տանում։ Այնպես է տանում, որ գլուխ է պտտում, արյունը եռացնում երակներում, աչքերում կարմիր կայծեր փայլեցում։ Բայց այդ ալիքը կարող է և դուրս շպրտել։ Միանգամից ու անվերադարձ։ Դա՝ մահից էլ վատ է։ Դուրս մնալ օպրիչնինայից նույնն է, ինչ կորցնել երկու ոտքդ։ Ամբողջ կյանքում էլ չես կարող ման գալ, ստիպված պետք է սողաս։


Դուրս ենք գալիս բակ։ Տիրոջ Կարմիր առանձնատունը Սպիտակ պալատից շատ մոտ է։ Բայց Բատյան թեքվում է դեպի «մերինները»։ Ուրեմն՝ Կրեմլում չենք խոսելու։ Նստում ենք մեքենաները։ Բատյաի հիանալի «մերինը»՝ լայն է, մեծ աչքերով, ցածր։ Ապակին երեք մատ հաստություն ունի։ Չինական վարպետները լավ են սարքել, իրենց մոտ դա անվանում են տէցզոդէ ― հատուկ պատվերով պատրաստված։ Բամպերին հովվաշան գլուխ է, բեռնախցիկի վրա՝ պողպատյա ցախավել։ Բայտյան վարում է դեպի Սպասկիե դարպասը։ Մենք հարմարվում ենք նրա ետևից։ Դարպասից դուրս ենք գալիս, անցնում հրաձգավորների պատնեշը։ Շարժվում ենք Կարմիր հրապարակով։ Այսօր առևտրի օր է, վաճառողները զբաղեցրել են համարյա ողջ տարածքը։ Կանչում են՝«Էստի համեցեք», շվվացնելով մեղրով տաք խմիչք են առաջարկում սբիտնիկները,[16] բասով կանչում են հացթուխները, չինացիները երգում են։ Արևային, սառը եղանակ է, գիշերը ձյուն է եկել։ Ուրախ է երկրի գլխավոր հրապարակը, երաժշտական է։ Երեխա ժամանակ տեսածս Կարմիր հրապարակը բոլորովին ուրիշ էր։ Խիստ, լուրջ, վախեցնող գրանիտե կառույցով, որում պառկած էր Կարմիր Խռովության կազմակերպչի մարմինը։ Կողքը՝ նրա գործընկերների գերեզմանատունն էր։ Մռայլ տեսարան էր։ Բայց Պետական հայրը քանդեց գրանիտե կառույցը, շեղ աչքերով խռովարարի մարմինը թաղեց հողում, գերեզմանատունը ոչնչացրեց։ Հետո հրամայեց Կրեմլի պատերը սպիտակեցնել։ Եվ գլխավոր հրապարակը դարձավ իսկապես Կարմիր, գեղեցիկ։ Եվ փառք Աստծո։

Գնում ենք դեպի «Մոսկվա» հյուրանոցը, Մոխովոյով, «Ազգայինի», Մեծ և Փոքր թատրոնների, «Մետրոպոլիայի» կողքով, դուրս ենք գալիս Լուբյանսկի հրապարակ։ Այդպես էլ մտածում էի, որ խոսակցությունը կկայանա Գաղտնի Հրամանում։ Շարժվում ենք հրապարակով, պտտվում Մալյուտա Սկուրատովի հուշարձանի շուրջը։ Կանգնած է բրոնզե մեր նախնին ձյան փոշով ծածկված, կորացած, ցածրահասակ, ամրակազմ, երկար ձեռքերով, սևեռուն հայացքով նայում է կախված հոնքերի տակից։ Դարերի խորքից Տիրական, զգոն հայացքով է նայում մեզ, օպրիչնինայի Մեծ Գործի իր ժառանգներին։ Նայում է ու լռում։

Մոտենում ենք ձախ կողմի դարպասներին, Բայտյան ազդանշան է տալիս։ Բացում են դարպասները, մտնում ենք Գաղտնի Հրամանի ներքին բակը, կայանավորվում, դուրս գալիս «մերիններից» և մտնում Գաղտնի Հրաման։ Ամեն անգամ, երբ մտնում եմ մոխրագույն մարմարով , ջահերով ու խիստ խաչերով ձևավորված նրա կամարների տակ, սիրտս նվաղում է, մի ուրիշ կերպ է բաբախում։ Ուրիշ, հատուկ թխկթխկոցով։ ՊետությանԳաղտնի Գործերի թխկոցով։

Մեզ դիմավորում է հայրուրապետը, խիզախ, կարգապահ, երկնագույն համազգեստով, պատիվ է տալիս։ Ուղեկցում է դեպի վերելակը, բարձրացնում ամենավերևի հարկը։ Գաղտնի հրամանի պետի, տիրոջ մոտիկ ընկեր՝ իշխան Տերենտիյ Բոգդանովիչ Բուտուրլինի աշխատասենյակը։ Մտնում ենք աշխատասենյակ. առաջինը՝ Բատյան, հետո մենք։ Բուտուրլինը դիմավորում է մեզ։ Բատյան բարևում է նրա ձեռքը սեղմելով, մենք՝ խոնարհվում ենք։ Լուրջ է Բուտուրլինի դեմքը։ Բատյաին հրավիրում է, նստեցնում, ինքը դիմացը նստում։ Մենք կանգնում ենք Բատյայի ետևում։ Ահեղ է Գաղտնի Հրամանի պետի դեմքը։ Կատակներ չի սիրում Տերենտիյ Բոգդանովիչը։ Սակայն սիրում է պահպանել բարդ և պատասխանատու Գործը, բացել դավադրությունները, բռնել լրտես֊դավաճաններին, ապստամբներին ոչնչացնել։ Լուռ նստած մեզ է նայում, ոսկրյա թզբեհը համրում։ Հետո արտասանում է բառը․

― Խռովարար գրություն։

Լռում է Բատյան, սպասում է։ Մենք անշարժացել ենք, շունչներս պահել։ Բուտուրլինը խորաթափանց հայացքով մեզ է նայում, ավելացնում։

― Տիրոջ ընտանիքի մասին։

Շուռումուռ եկավ Բատյան կաշվե բազկաթոռում, հոնքերը կիտեց, ուժեղ մատները ճտտացրեց։ Մենք անշարժ կանգնած ենք նրա ետևում։ Հրաման է տալիս Բուտուրլինը, իջնում են վարագույրները։ Կիսամութ է։ Նորից հրաման է տալիս Գաղտնի Հրամանի պետը։ Եվ կիսամթում հայտնվում֊կախվում են Ռուսական Ցանցից բեռնված բառերը։ Վառվում են, առկայծում․

Անանուն բայրացակամ

Երկերեսանին հրդեհում


Փնտրում են հրշեջները,

Փնտրում է ոստիկանությունը,

Փնտրում են քահանաները

Մեր մայրաքաղաքում։

Վաղուց են փնտրում,

Ու չեն գտնում

Երեսուն տարեկան

Ինչ֊որ մի կոմսի։

Միջին հասակի,

Մտազբաղ֊մռայլ,

Քիփ ֆրակով։

Մատանին՝ ադամանդե ոզնով։

Այլևս նրա մասին

Ոչինչ հայտնի չէ։

Շատ կոմսեր կան

Մտազբաղ֊մռայլ,

Կիպ ֆրակ հագած,

Որոնք սիրում են

Ադամանդների ձգող ծուխը։

Քաղցր կյանք է

Նախատեսված նրանց համար։

Ո՞վ է, որտեղից՞

Եվ ինչ թռչուն է նա

Այդ կոմսը, որին՝

Փնտրում է մայրաքաղաքը։

Ի՞նչ է արել

Այդ արիստոկրատը։

Ահա թե նրա մասին

Ինչ են խոսում սալոններում։

Մի անգամ

Գնում էր Մոսկվայով «Ռոլս֊Ռոյսը»,

Նրա մեջ էր բուի նման մռայլ կոմսը։

Խոժոռ կկոցում էր աչքերը, մռայլ հորանջում,

Ինչ֊որ բան Վագներից երգում։

Հանկարծ՝ կոմսը տեսավ

դիմացի պատուհանում

Ծխի և կրակի մեջ

Մի կոմսուհու։

Մայթի վրա

Հավաքվել էին հանդիսականները

Ու չարամտորեն

Կրակին էին նայում․

Կրակով էր բռնված

Տոհմական տունը

Որտեղ ապրում էին

Մեծահարուստները։

Ոչ մի վայրկյան չկորցնելով

Նետվեց կոմսը

Իր հարմարիկ «Ռոլլս֊Ռոյսից»,

Մռայլ ամբոխը կտրեց

Եվ անձրևաջրի խողովակով

Սկսեց բարձրանալ։

Երրորդ հարկ,

Չորրորդ,

Հինգերորդ․․․ Ահա և վերջինը՝

Կրակի մեջ գտնվողը։

Անօգնական ճիչ, տնքոցներ,

Կրակը արդեն պատշգամին է հասել։

Գունաթափ֊տկլոր,

Պատուհանը, կարծես բեմ,

Իրեն կորցրած կոմսուհին

Ծխի քուլաների փրփուրի մեջ,

Կայծերը լուսավորում են

Նրա սպիտակ կուրծքը։

Կոմսը ձգվեց

Իր ամուր ձեռքերի վրա,

Ամբողջ ուժով

Հարվածեց ապակուն գլխով։

Միանգամից թափվեցին

Ապակու բեկորները

Լուռ ողջունում էր

Ներքևի ամբոխը։

Նորից հարված՝

Շրջանակը շարժվում է։

Կոմսը համառորեն

Ջարդում է այն,

Մտնում ներս

Պատռելով ֆռակը։

Մարդիկ շշնջում են․

― Անխելք․․․ հիմար․․․

Ահա նա նորից հայտվում է պատուհանում,

Ուղղվում,

Գրկել է կոմսուհուն,

Կրծքին սեղմել։

Մոխրագույն֊սև ծուխը

Նրանց գլխավերևում,

Դողում էին

Կրակի լեզուները։

Մատներով սեղմել է

Կանացի կուրծքը,

Նուրբ շրթունքներին հպվել,

Տեսան ծառաները,

Մարդիկ տեսան․

Ահռելի անդամը

Ծխի մեջ կանգնեց։

Ներքևից նայող մարդիկ տեսան,

Ինչպես նա մտավ կոմսուհու մեջ,

Ինչպես դողացին նրանք պատուհանում,

Կորչելով կրակի մեջ։

Ծխին խառնվում է

Փոշու ամպը․

Դա սլանում են

Մեքենաները հրշեջ։

Մարդիկ ետ են գնում,

Ոստիկանները սուլում,

Հրշեջների սաղավարտներն են

Արևի տակ փայլում։

Սկնթարթորեն դուրս թափվեցին

Պղնձյա սաղավարտները,

Սանդուղքներն են վերև ձգվում։

Առանց վախենալու

Տեֆլոնի միջի տղերքը

Մեկը մյուսի ետևից

Բարձրանում են վերև՝

Ծխի ու կրակի մեջ։

Կրակին փոխարինում է

Խեղդող ծուխը,

Պոմպը մղում է ջրի շիթը։

Ծեր սպասավորը հրշեջներին․

«Խնդրում եմ, փրկեք իմ տիրուհուն»։

«Ոչ, ― միասին պատասխանում են հրշեջները,

Մենք նրան այնտեղ չգտանք։

Մենք ամեն տեղ նայեցինք,

Ամենուր շրջեցինք,

Ձեր տիրուհին ոչ մի տեղ չկար»։

Սպասավորը լալիս է

Մազերը պոկում,

Զարմացած նայում են մարդիկ

Սև պատշգամբին․․․

Հանկարծ լսվում է

Մի ծեր շան կաղկանձը,

Որ վերածվում է

Տանջալի տնքոցի։

Բոլորը շրջվեցին՝

Հեռացող «Ռոլս֊Ռոյսն» էր

Նրան մեքենայի տակ գցել։

Իսկ խցիկում երևաց․․․ մռայլ կիսադեմը

Եվ կամաց անհայտացավ։

Միայն ադամանդե ոզնին փայլեց։

Ամբոխն անշարժացավ

Թաց մայթին։

Մարդիկ նայում էին

«Ռոլս֊Ռոյսի» ետևից․

Թանկ լիմուզինը

Հեռուն էր գնում

Խրթխրթացող ջարդի

Նուրբ շրշյունով։

Փնտրում են հրշեջները,

Փնտրում է ոստիկանությունը,

Փնտրում են քահանաները

Մեր մայրաքաղաքում։

Վաղուց են փնտրում,

Ու չեն գտնում

Երեսուն տարեկան

Ինչ֊որ մի կոմսի։

Իսկ դուք, պարոնայք,

Արդյոք նրան չե՞ք հանդիպել

Մալախիտյան դահլիճում։


Հանգչում է վերջին տողը։ Անհայտանում֊հալվում է անհարգի պոեմը մութ օդում։ Բարձրանում են վարագույրները։ Լուռ նստած է Բուտուրլինը։ Շագանակագույն աչքերը ուղղում է Բատյայի վրա։ Բատյան շրջվում է մեր կողմը։ Պարզ հասկանլի է, թե ում է ուղղված այս գրվածքը։ Մեր աչքերում տեսնում է Բայտյան, որ կասկածներն ավելորդ են․ մռայլ կոմսը, ադամանդե ոզնով մատանու տերը, ոչ այլ ոք է, քան կոմս Անդրեյ Վլադիմիրովիչ Ուռուսովը, տիրակալի փեսան, դատական իրավունքի պրոֆեսորը, Ռուսաստանյան Ակադեմիայի գործող ակադեմիկոսը, Խելացի պալատի պատվավոր նախագահը, ձիերի Համառուսական ընկերության, Օգնություն օդագնացությանը հասարակական կազմակերպության, ռուսական բռնցքամարտի հասարակական կազմակերպության նախագահը, Արևելյան գանձարանի պետի ընկերը, Հարավային նավահանգստի, Իզմայլյան և Դոնսկոյ շուկաների, «Մոսկովյան Մալախիտյան դահլիճ» շինարարական ընկերության, «Մոակովյան աղյուս» ձեռնարկության սեփանակատերը, նաև Արևմտյան երկաթուղու համասեփականատերը։ Իսկ Մալախիտյան դահլիճի հետ կապված ակնարկը հասկանալի է․ այդ նոր շինությունը գտնվում է Կրեմլյան համերգային դահլիճների տակ և նախատեսված է Ներքին շրջանի և մտերիմների հանգստի համար։ Նոր է, դրա համար էլ մոդայիկ է։ Բացի այդ, Մալախիտյան դահլիճի շինրարությունը շատ հարցեր է հարուցում։ Կային, կային հակառակորդներ․․․

― Ամեն ինչ պա՞րզ է, ― հարցնում է Բուտուրլինը։

― Պարզ է, իշխան, ― պատասխանում է Բատյան։

― Մնացել է միայն, գտնել գրողին։

― Ոչ մի տեղ չի կորչի, կգտնենք այդ սրիկային, ― գլխով է անում Բայտյան։

Մտազբաղ տրորելով մորուքը, հարցնում է․

― Տերը գիտի՞։

― Գիտի, ― լսվում է տիրական ձայնը, և մենք բոլորս ցածր խոնարհվում ենք, աջ ձեռքով դիպչելով մանրահատակին։ Նրա պատկերը հայտնվում է աշխատասենյակի օդում։ Աչքի ծայրով նկատում եմ ոսկյա, փոփոխվող գույներով շրջանակը, շեկ մորուքով և բարակ բեղերով նեղ դեմքի շուրջը։ Ուղղվում ենք։ Տերը նայում է մեզ իր արտահայտիչ, սևեռուն, անկեղծ և խորաթափանց մոխրագույն֊ կապույտ աչքերով։ Նրա հայացքը անկրկնելի է։ Այն չես խառնի ուրիշի հետ։ Այդ հայացքի համար ես առանց վարանելու պատրաստեմ կյանքս տալ։

― Կարդացել եմ, կարդացել, ― ասում է Տերը։ ― Հմտորեն է գրված։

― Հավատացնում եմ ձեզ, Տեր, անպայման կգտնենք ծաղրողին, ― ասում է Բուտուրլինը։

― Չեմ կասկածում։ Բայց ազնվորեն ասած, Տերենտիյ Բոգդանովիչ, դա ինձ չի հուզում։

― Իսկ ի՞նչն է հուզում ձեզ, Տեր։

― Ինձ, թանկագինս, հուզում է, ― ճի՞շտ է արդյոք այն ամենը, ինչ նկարագրված է այս պոեմում։

― Հատկապես ի՞նչը, Տեր։

― Ամեն ինչ։ Մտածմունքի մեջ է ընկնում Բուտուրլինը։

― Տեր իմ, դժվարանում եմ միանգամից պատասխանել։ Թույլ կտա՞ք նայեմ հրշեջների ծառայողական ամփոփագրերը։

― Դե պետք չեն այդ ամփոփագրերը, իշխան, ― Տիրոջ թափանցիկ աչքերը կիզում են Բուտուրլինին։ ― Պետք է ականատեսի վկայությունը։

― Դուք ո՞ւմ նկատի ունեք, Տեր։

― Պոեմի հերոսին։

Բուտուրլինը լռում է, հայացքներ փոխանակում Բատյայի հետ։ Շարժվում են Բատյաի լայն այտոսկրերի մկանները։

― Մենք իրավունք չունենք հարցաքննել ձեր ընտանիքի անդամներին, Տեր, ― ասում է Բատյան։

― Ես չեմ էլ ստիպում ձեզ որևիցե մեկին հարցաքննել։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ է այն ամենը, ինչ այնտեղ գրված է։

Նորից լռություն է տիրում աշխատասենյակում։ Միայն բազմագույն ծիածանի գույներով առկայծում է տիրոջ լուսավոր կերպարը։

― Ինչո՞ւ նորից բոլորդ լռեցիք, ― քմծիծաղ է տալիս մեր տերը։ ― Առանց ինձ գործը տեղից չի՞ շարժվում։

Առանց ձեզ, Տեր, ոչ մի գործ էլ տեղից չի շարժվում, ― խոնարհում է ճաղատացող գլուխը փորձառու Բուտուրլինը։

― Լավ, թող ձեր ուզածը լինի, ― հոգոց է հանում Տերը։ Եվ բարձր ձանով ասում․

― Անդրե՛յ։

Անցնում է մի տասնհինգ վայրկյան, և Տիրոջ դեմքի աջից մանուշակագույն֊կապույտ շրջանակի մեջ հայտնվում է կոմս Ուռուսովի ոչ մեծ պատկերը։ Կոմսի գունաթափ, ծանր դեմքից պարզ է, որ նա արդեն կարդացել է այս պոեմը և կարդացել է ոչ մեկ անգամ։

Բարև հայր, ― կոմսը խոնարհում է իր մեծ, կարճ վզով ականջավոր գլուխը։ Նրա ճակատը նեղ է, դիմագծերը խոշոր, կատարի շագանակագույն մազերը նոսր են։

― Բարև, բարև, փեսա, ― մոխրագույն֊կապույտ աչքերը հանգիստ են։ ― Քո մասին գրված պոեմը կարդացե՞լ ես։

Կարդացել եմ, հայր։

― Սատանան տանի, վատ չի գրված, չէ՞։ Իսկ իմ ակադեմիկոսները պնդում են, թե չկան մեզ մոտ լավ պոետներ։

Նեղ շրթունքները սեղմած, լռում է կոմս Ուռուսովը։ Նրա բերանը կարծես գորտի բերան լինի, չափից ավելի լայն է։

― Ասա մեզ, Անդրեյ, ճի՞շտ է այս։ Լռում է կոմսը, աչքերն իջեցրած հոգոց հանում, ֆսֆսացնում և զգույշ արտաբերում․

― Ճիշտ է, Տեր։

Այժմ ինքը, Տերը, կիտեց հոնքերը և սկսեց մտածել։ Բոլորս կանգնած սպասում ենք։

― Ուրեմն, դու իսկապե՞ս սիրում ես դրանով զբաղվել հրդեհների ժամանակ, ― հարցնում է տերը։

Իր ծանր գլխով է անում կոմսը․

― Ճիշտ է, Տեր։

― Ահա՜ թե ինչ․․․ Առաջ էլ ինձ շշուկներ էին հասնում, բայց ես նրանց չէի հավատում։ Կարծում էի՝ զրպարտում են նախանձները։ Իսկ դու, ուրեմն, ահա ինչպիսին ես․․․

― Տեր իմ, հիմա ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ․․․

― Դա ե՞րբ սկսվեց քեզ մոտ։

― Երդվում եմ բոլոր սրբերով, մորս գերեզմանով․․․

― Մի երդվիր, ― ասում է հանկարծ Տերը այնքան ազդու, որ մեր բոլորի մազերը շարժվում են։

Դա գոռալ չէ, ատամներ կրճտացնել չէ, իսկ ազդում է, տաքացրած աքցանի նման։ Սարսափելի է տիրոջ զայրույթը։ Իսկ ավելի սարսափելի է այն, որ Տերը երբեք չի բարձրացնում ձայնը։

Կոմսը երկչոտ մարդ չէ, պետական գործիչ է, մեծ գործեր է անում, միլիոնատերերից միլիոնատեր է, մոլի որսորդ է, արջի վրա սկզբունքորեն միայն փայտե զենքով է գնում, և նույնիսկ արջը նրա ձայնից գունաթափվում է, ինչպես երկրորդ աստիճանի գիմնազիստը տնօրենի առջև։

― Պատմիր, թե երբ առաջին անգամ այդ արատին տրվեցիր։

Կոմսը լպստում է իր չորացած շրթունքները, գորտի շրթունքները․

― Դա․․․ դա սկվեց բոլորովին պատահաբար․․․ նույնիսկ մի տեսակ ստիպված։ Չնայած, իհարկե, ես մեղավոր եմ․․․ միայն ես․․․ ես․․․ դա իմ մեղքն է, ներեք․․․


― Հերթականությամբ պատմիր։

― Ես կպատմեմ։ Ամեն ինչ կպատմեմ, ոչինչ չեմ թաքցնի։ Տասնյոթ տարեկան էի․․․ քայլում էի Օրդինկայով, տեսա՝ մի տուն է այրվում, իսկ տանը մի կին օգնություն է կանչում։ Հրշեջներ դեռ չկային։ Մարդիկ ինձ օգնեցին, մտա պատուհանից, որպեսզի օգնեմ նրան։ Իսկ նա հանկարծ ընկավ կրծքիս․․․ Չգիտեմ, թե ինչ եղավ ինձ հետ․․․ ինչ֊որ մի մթագնում իջավ վրաս․․․ կինն էլ ճիշտն ասած, գեղեցկուհի չէր, միջին տարիքի․․․ դե ես էլ․․․ ես․․․

― Հետո՞։

― Դե, ես էլ տիրեցի նրան։ Մեզ հետո դժվարությամբ փրկեցին կրակից։ Այդ դեպքից հետո, ես ինձ կորցրեցի՝ անընդհատ դրա մասին էի հիշում։ Մեկ ամսից Սուրբ֊Պետրոգրադ գնացի, քայլում եմ Լիտեյնիով՝ երրորդ հարկում մի բնակարան է այրվում։ Ոտքերս իրենք տարան ինձ․ դուռը ջարդեցի, հայտնի չէ, թե որտեղից այդքան ուժ ինձ, չգիտեմ։ Իսկ ներսում՝ մի մայր երեխայի հետ։ Կրծքին է սեղմել երեխային և գոռում է պատուհանից։ Դե ես էլ նրա հետևից հարմարվեցի․․․ Իսկ կես տարի հետո Սամարայում գանձարանն սկսեց այրվել, ես հանգուցյալ հորս հետ տոնավաճառ էի գնացել, և ուրեմն․․․

― Բավական է։ Ո՞ւմ տունն էր վերջին անգամ այրվում։

― Իշխանուհի Բոբրինսկայի։

― Ինչո՞ւ է այդ հանգաստեղծը ռուս իշխանուհուն մարկիզուհի անվանում։

Չգիտեմ, Տեր․․․ Հնարավոր է, ատելությունից Ռուսաստանի հանդեպ։

― Պարզ է։ Հիմա անկեղծ ասա․ դո՞ւ դիտմամբ էիր այրել այդ տունը։

Նվաղում է կոմսը, կարծես նրան օձն է կծել։ Իջեցնում է իր կատվային աչքերը, լռում։

―Ես քեզ եմ հարցնում, ― դո՞ւ ես այդ տանը կրակ տվել։ Ծանր հոգոց է հանում կոմսը։

― Չեմ համարձակվում ձեզ խաբել, Տեր։ Ես։ Լռում է Տերը։ Հետո ասում․

― Քո արատին ես դատավոր չեմ, ամեն մեկս Աստծո առաջ պատասխան ենք տալիս մեր արարքների համար։ Իսկ այրելը ես քեզ չեմ ների։ Դուրս կորի՛ր։

Ուռուսովի դեմքը անհետանում է։ Մնում ենք չորսս ու Տերը։ Նրա դեմքը տխուր է։

― Այո․․․ ― հոգոց է հանում նա։ ― Այսպիսի անասունի վստահեցի աղջկաս։

Մենք լռում ենք։

― Ահա թե ինչ, իշխան, ― ասում է տերը։ ― Սա ընտանեկան գործ է։ Ես ինքս գլուխ կհանեմ դրանից։

― Ինչպես հրամայեք, Տեր։ Իսկ գրողի հետ ի՞նչ անենք։

― Օրենքով գործեք։ Չնայած․․․ պետք չէ։ Դա կարող է ծնել անառողջ հետաքրքրասիրություն։ Ուղղակի ասեք նրան, որ նա այլևս նման բաներ չգրի։

― Լսում եմ, Տեր։

― Շնորհակալություն բոլորիդ ծառայության համար։

― Ծառայում ենք հայրենիքին, ― խոնարհվում ենք մենք։

Տիրոջ պատկերը անհետանում է։ Մենք թեթևացած իրար ենք նայում։ Բուտուրլինը ման է գալիս աշխատասենյակով, գլուխն օրորում։

― Սրիկա Ուռուսով․․․ Այսպես խայտառակվել։

― Փառք աստծո, որ մենք չենք զբաղվելու այդ գործով, ― շոյում է իր մորուքը Բատյան։ ― Իսկ ո՞վ է հեղինակը։

― Հիմա կպարզենք, ― Բուտորլինը մոտենում է սեղանին, նստում աշխատանքային բազկաթոռի մեջ։ Ձայնով հրամայում․

― Գրողներին ինձ մոտ։

Նույն րոպեին աշխատասենյակում հայտնվում են 128 դեմքեր, խիստ, շագանակագույն շրջանակների մեջ, որոնք դասավորված են քառակուսիաձև։ Քառակուսու վրա սավառնում են երեք ավելի խոշոր պատկերներ․ սպիտակ մորուքով Պավել Օլեգովը՝ Գրողների Պալատի նախագահը իր ուռած դեմքի մշտական տանջված արտահայտությամբ, և նրա էլ ավելի ալեհեր տեղակալները՝ Անանի Մեմզերը և Պավլո Բասինյան մռայլ֊մտահոգ դեմքերով։ Նրանց մռութների վշտալի արտահայտությունից հասկանում եմ, որ դժվար խոսակցություն է սպասվում։

― Մենք գնանք, Տերենտիյ Բոգդանովիչ, ― Բատյան մեկնում է նրան ձեռքը։ ― Գրողները՝ ձեր հոգսն են։

Խոնարհվում ենք, դուրս գալիս Բատյաի ետևից։ Միջանցքով գնում ենք դեպի վերելակը, նույն քաջ հայրուրապետի ուղեկցությամբ։

― Լսիր, Կոմյագա, ինչո՞ւ է այդ Օլեգովի մռութը միշտ այդքան տխուր։ Ինչ է, ատամնե՞րն են ցավում, ― հարցնում է Բատյան։

― Հոգին է ցավում, Բատյա։ Ռուսաստանի համար։

― Դա լավ է, ― գլխով է անում Բատյան։ ― Իսկ ի՞նչ է նա գրել։ Դու հո գիտես, ես գրքերից հեռու եմ։

― «Ռուսական վառարանը և XXI-րդ դարը»։ Ծավալուն գործ է։ Մինչև վերջ կարդալ՝ ուժս չպատեց․․․

― Վառարանը, ― դա փառավոր է․․․ մտածկոտ հոգոց է հանում Բատյան։ ― Հատկապես՝ երբ նրա մեջ մսով կարկանդակներ են․․․ Դու հիմա ո՞ւր։

― Կրեմլայն։

― Ահա, ― ասում է նա։ Փորձիր հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Սկոմորոխներն ինչ֊որ բան են մտածել․․․

― Գլուխ կհանենք, Բատյա, ― ի պատասխան գլխով եմ անում ես։


Կրեմլյան համերգային դահլիճը ինձ մոտ միշտ էլ հիացմունք է առաջացրել։ Եվ այն ժամանակ, երբ քսանվեց տարի առաջ հանգուցյալ ծնողներիս հետ առաջին անգամ ներկա եղա «Կարապի Լիճը» ներկայացմանը, ուր ընդմիջման ժամանակ ուտում էի կարմիր խավիարով բլիթներ, բուֆետից հորս մոբիլայով զանգում ընկերոջս՝ Պաշկային, երբ գնացել էի ընդարձակ զուգարան, երբ նայում էի հանելուկային պարուհիների ձյունափայլ հագուստներին, այնպես էլ հիմա, երբ իմ քունքերին արդեն դիպել է առաջին ձյունը։

Գերազանց դահլիճ է։ Այնտեղ ամեն ինչ շատ հանդիսավոր է, ամեն ինչ նախատեսված պետական տոների համար։ Այդպես է։ Մի բան է միայն վատ՝ միշտ չի, որ այդ հզոր բեմի վրա ճիշտ գործեր են կատարվում։ Խռովարարությունը և այստեղ է թափանցում։ Հենց դրա համար էլ մենք կանք, որպեսզի կարգ ու կանոն հաստատենք և անթույլատրելին արգելենք։

Նստած ենք դատարկ դահլիճում։ Ինձանից աջ՝ բեմադրողն է։ Ձախից՝ Գաղտնի Հրամանի նայողը։ Առջևս՝ իշխան Սոբակինը Ներքին Շրջանից։ Ետևից՝ մի սեղանապետ Մշակույթի Պալատից։

Լուրջ, պետական մարդիկ են։ Նախապես դիտում ենք տոնական համերգը։ Հզոր է սկվում այն, բարձրահունչ․ Տիրոջ մասին երգը ցնցում է կիսամութ դահլիճը։ Լավ է երգում Կրեմլայն երգչախումբը։ Մեզ մոտ, Ռուսում, կարողանում են երգել։ Հատկապես, երբ երգը հոգուց է բխում։

Վերջանում է երգը, խոնարհվում են գունազարդ շապիկներով տղաները, խոնարհվում են սառաֆաններով ու տոնական զարդարված գլուխներով աղջիկները։ Խոնարհվում են ցորենի հասկերը, փայլում են գունազարդ ծիածանի նման, խոնարհվում են ուռենիները հանդարտ գետի վրա։ Բնական արևն է շողում, նույնիսկ կուրացնում է աչքերը։ Հավանություն եմ տալիս։ Մյուսներն էլ են հավանում։ Գոհ է երկարամազ բեմադրողը։

Հաջորդ երգը՝ Ռուսաստանի մասին է։ Այստեղ էլ հարցեր չեն առաջանում։ Ամուր գործ է, փորձված։ Հետո՝ պատմական բեմադրություն․ Իվան III֊ի ժամանակներն են։ Բարդ, ճակատագրական։ Լուրջ պայքար է ընթանում երիտասարդ, դեռ չամրացած Ռուսական պետության միասնության համար, որը նոր էր ոտքի կանգնել։ Բեմում որոտում է ամպրոպը, կայծակներ են փայլում։ Ներխուժում են Իվանի զորքերը, միտրոպոլիտը[17] կրակ արտացոլող խաչն է բարձրացնում, նվաճում են անհնազանդ Նովգորոդը, որը խոչընդոտում էր Ռուսաստանի միասնությանը, բայց մեծն իշխան Իվան Վասիլևիչը գթաբար դիպչում է սրով մեղավոր գլուխներին․

― Ես ձեր թշնամին, հակառակորդը չեմ։ Ես ձեր փրկիչն եմ, հայրն ու պաշտպանը։ Ձեր՝ և ողջ Ռուսաստանի։

Զանգում են զանգերը։ Ծիածանն է փայլում Նովգորոդի և ողջ Ռուսաստանի վրա։ Երգում են երկնային թռչունները։ Խոնարհվում են նովոգորոդցիները, լաց լինում ուրախությունից։

Ամեն ինչ լավ է։ Միայն պետք է ավելի թիկնեղ զինվորներ ընտրել և ավելի խոշոր ու ազդեցիկ տեսքով միտրոպոլիտ։ Ետին պլանը այնքան էլ հաջող չէ։ Եվ թռչունները շատ ցածր են թռչում, ուշադրությունը շեղում։ Բեմադրիչը համաձայնվում է ցանկություններիս հետ, նշումներ անում ծոցատետրում։

Հաջորդ համարը՝ ― ոչ վաղ անցայլի խառը, տխուր ժամանակների մասին է։ Մոսկվայի երեք կայարանների հրապարակն է, անիծյալ Սպիտակ հուզումների ժամանակաշրջանը։ Կանգնած են հասարակ մարդիկ, որոնց իրենց տներից փողոց է քշել մի կտոր հացի համար փող վաստակելու անհրաժեշտությունը, որը նրանց ձեռքից խլել են հանցավոր կառավարիչները։ Նրանք առևտուր են անում ինչով պատահի։ Իմ մանկական հիշողությունում մնացել են այն ժամանակները։ Հիշում եմ Սպիտակ Թարախի ժամանակները, այն ժամանակները, որոնք թունավորեցին մեր ռուսական Արջին․․․ Կանգնած են հրապարակում ռուսները թեյամաններ, թավաներ, բլուզներ ու օճառ֊շամպուն ձեռքներին։ Կանգնած են փախստականները, կրակից փրկվածները, որոնց վիշտն է բերել լցրել Մոսկվա։ Կանգնած են ծերունիները, պատերազմի հաշմանդամները և աշխատանքային հերոսները։ Դառնություն էր առաջացնում այդ ամբոխի տեսքը։ Ամպամած, թաց երկինքը նրանց գլխավեևում։ Տխուր երաժշտություն է հնչում նվագախմբի փոսից։ Եվ կարծես հույսի թույլ ճառագայթը փոխում է մռայլ պատկերը, հույսն է հայտնվում բեմի կենտրոնում․ երեք անտուն, աշխարհից անտեսված երեխա։ Երկու աղջիկ պատառոտված շորերով և մի մրոտ տղա պլյուշե արջուկով։ Անհամարձակ կենդանանում է հույսի ֆլեյտան, հնչում արթնանում է, իր բարակ ձայնով դեպի վեր ուղղվում։ Մռայլ հրապարակի վրա տարածվում է հուզիչ մանկական երգը։


Հիասքանչ հեռվից լսում եմ մի ձայն

Արծաթյա ցողով առավոտյան ձայն

Լսում եմ ձայն և կանչող ճանապարհը

Պտտեցնում է գլուխս ինչպես կարուսելը։


Հիասքանչ հեռու, մի եղիր դաժան,

Իմ հանդեպ դաժան մի եղիր, մի եղիր դաժան,

Մաքուր ակունքից հիասքանչ հեռուն,

Սկսում եմ ճանապարհս դեպի հիասքանչ հեռուն։


Հիասքանչ հեռվից մի ձայն եմ լսում

Կանչում է նա ինձ հիասքանչ վայրեր։

Ձայնը հարցնում է ինձ․

Այսօր ես ի՞նչ եմ արել վաղվա համար։


Հիասքանչ հեռու, մի եղիր դաժան ինձ հետ,

Մի եղիր դաժան ինձ հետ, դաժան մի եղիր,

Մաքուր ակունքից դեպի հիասքանչ հեռուն

Սկսում եմ ճանապարհս դեպի հիասքանչ հեռուն․․․


Աչքերս արցունքոտվում են։ Դա ինձ մոտ իհարկե խումհարից է։ Բայց հաղթանդամ իշխան Սոբակինն էլ շատ բնականորեն է քթով սվսվացնում։ Նա մեծ ընտանիք ունի, շատ թոռներ։ Գաղտնի հրամանից ամրակազմը նստած է արձանի պես։ Հասկանալի է՝ նրա նյարդերը երկաթից են, ամեն ինչի պատրաստ են։ Հաստլիկ սեղանապետն էլ մի տեսակ ուսերն է շարժում, երևի նույնպես արցունքների հետ է պայքարում։ Փորձված մարդկանց՝ երգը հուզեց։ Դա հաճելի է․․․

Տերը արթնացրեց մեր մեջ ոչ միայն հպարտություն երկրի համար, այլ նաև կարեկցանք նրա ծանր անցյալի հանդեպ։ Կանգնած են երեք ռուս երեխա, դեպի մեզ են մեկնում ձեռքերն անցյալից, նվաստացած և վիրավորված երկրից։ Եվ մենք ոչինչ չենք կարող անել նրանց օգնելու համար։

Հավանություն ենք տալիս։

Հետո՝ Այսօրվա Օրը։ Առատություն, լիություն։ Մոիսեեվի անվան խումբը պարում է ողջ Ռուսաստանի ժողովուրդների պարերը։ Ե՛վ թաթարական հանդարտ պար, և՛ անդադար պտույտներով կազակների սրերով պարը, և՛ տամբովյան կադրիլ տալյանկայի[18] հնչյունների տակ՝ նիժեգորոդյան սուլիչներով֊չխչխկան գործիքներով պար, և չեչենական՝ բացակչություններով շուրջպար, և՛ յակուտական պար դափով, և չուկոտկայի մորթիներ, և կարյակական եղջերուներ, և կալմիկական ոչխարներ, և եվրոպական սերտուկներ և․․․ արագ ու կյանքով լի ռուսական, բոլորին միացնող ու հաշտեցնող պարեր մինչև ուժասպառ լինելը։

Հարցեր չունենք լեգենդար խմբին։

Եվ էլի երկու համար․ «Թռչող բալալայկաներ» և «Ժամադրության շտապող աղջիկը»։ Դա արդեն կլասիկա է՝ ամեն ինչ հղկված է, ստուգված, փորձված։ Համարներ չեն, նմուշներ։ Նայում ես՝ կարծես սառցե բլրից ներքև գլորվում։ Նայողը ծափահարում է։ Մենք էլ ենք ծափահարում։ Ապրե՛ն Տիրոջ դերասանները։

Մի փոքր գրական համար․ «Բարև իմ հոգյակ, Արինա Ռոդիոնովնա»։ Բավական հին համար է, մի քիչ ձգձգված։ Բայց ժողովուրդը սիրում է, և Տերը հարգում։ Սեղանապետը ծուլորեն խորհուրդ է տալիս երիտասարդացնել Պուշկինին ― արդեն տասներկու տարի է ինչ նրան խաղում է արդեն ոչ երիտասարդ միևնույն դերասան Խապենսկին։ Բայց գիտենք՝ անօգուտ է։ Դերասանը կայսրուհու սիրեցյալն է։ Բեմադրիչը թոթվում է ուսերը, ձեռքերը տարածում։

― Ուժերիցս վեր է, պարոնայք, հասկացեք․․․

Հասկանում ենք։

Եվ ահա հասանք գլխավորին։ Նոր, արդիական համարին․ «Առռը հա՛ քեզ»։

Բոլորը լարվեցին բազկաթոռներում, շուռումուռ եկան։ Բեմում մութ է, միայն քամին է ոռնում և դոմբրաներն ու բալալայկաները ճնգճնգացնում։ Լուսինը դուրս է սողում ամպերից, ամեն ինչ լուսավորում թույլ լույսով։ Բեմի մեջտեղում ― Երրորդ Արևմտյան խողովակն է։ Այն նույնը, որի պատճառով այսքան աղմուկ֊աղաղակ, այսքան ջանքեր ու հսկողություն վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Ձգվում֊սողում է խողովակը բեմով, ռուսական անտառների֊դաշտերի միջով, փայլում է մթնշաղում, կանգ առնում Արևմտյան պատի մոտ, անցնում՝ «Փակ է» մակագրությամբ փականի միջով, սուզվում Պատի մեջ ու շարունակվում դեպի Արևմուտք։ Կանգնած է պատի վրա մեր հրաձիգ֊սահմանապահը ճառագայթային ավտոմատով, նայում է հեռադիտակով նրանց կողմը։ Հանկարծ դոմբրաներն ու բալալայկաները անհանգստացան, բասերը տագնապեցին ― փականի մոտ խլուրդի կույտ է ցցվում։ Ակնթարթ ― այդ կույտից ակնոցներով խլուրդ֊դիվերսանտն է դուրս գալիս, շուրջը նայում, հոտոտում, վեր֊վեր թռչում, բռնում փականը, ամբողջ ուժով կառչում նրանից, ահռելի ատամներով օգնում, ― ահա ուր որ է կպտտի ու կբացի գազը։ Բայց խոցող ճառագայթը փայլում է պատից, երկու կես անում խլուրդին։ Թափվեցին, ցրիվ եղան խլուրդի փորոտիքը, ոռնաց, շունչը փչեց գող֊դիվերսանտը։ Վառվում է լույսը, պատից թռչում են երեք կտրիչ սահմանապահները։ Խիզախորեն թռչում, օդում շրջվելով, շվշվացնելով։ Մեկի ձեռքին գարմոշկա է, մյուսի՝ դափ, երրորդի մոտ՝ փայտե գդալներ։ Իսկ ուսերին հավատարիմ ավտոմատները անվրեպ։ Պարում են խիզախ սահմանապահները ու երգում․

Մենք փականը փակեցինք
― Տիրոջ հրամանը կատարեցինք։
Ոսոխը որոշել էր
Մեզ մոտ գազ ծծել հնի պես։

Մենք «ոչ» ասացինք,
Ամենատես աչքերս սրեցինք
կշտացել է արդեն գազով ռուսական
«Եվրոպա֊գազը» անբան։

Բայց մրսող կողմի կիբերպանկերը
Հանգիստ չունեն
Թունավոր սունկի պես ճյուղավորվել են,
Պատի մոտ բուսնում են։

Լկտիանում են անընդհատ․․․
Հաշվի առեք՝ կարող ենք մենք
Այնպիսի գազ տալ ձեզ,
Որ բոլորդ շունչներդ փչեք։

Սահմանապահներից մեկը բացում է փականը։ Մյուս երկուսը թռիչքով հայտնվում են խողովակի մոտ, սեղմում նրան հետույքները և օդ բաց թողնում նրա մեջ։ Սարսափելի ոռնոցով է անցնում խողովակով քաջերի բաց թողած օդը, անցնում է պատի միջով և․․․ լսվում են ոռնոցներ ու բղավոցներ Արևմուտքում։ Հնչում է վերջին ակորդը, երիտասարդները թռչում են խողովակի վրա և հաղթաբար վեր բարձրացնում ավտոմատները։

Բարձր հանդիսատեսները սկսեցին շարժվել։ Նայում են իշխան Սոբակինին։ Նա մտածկոտ իր բեղն է ոլորում։ Հետո ասում․

Դե, ինչպիսի՞ն են տպավորությունները, պարոնայք։

Սեղանապետ․

― Ես տեսնում եմ անպարկեշտ տարրեր։ Չնայած համարը ակտուալ է ու «կրակոտ»։

Նայող․

― Առաջինը՝ ինձ դուր է գալիս, որ սողոսկող թշնամուն սպանում են, այլ ոչ թե կենդանի վերցնում։ Երկրորդ՝ ինչո՞ւ են սահմանապահները միայն երեքը։ Պահակակետերը, ինչքան ես գիտեմ, կազմված են դյուժիններից։ Այնպես որ թող նրանք լինեն տասներկուսը։ Այն ժամանակ օդի բացթողումն էլ ավելի հզոր կստացվի․․․

Ես․

Համաձայն եմ սահմանապահների քանակի հետ։ Անհրաժեշտ համար է, արդիական։ Բայց անպարկեշտ տարրեր կան։ Իսկ ինչպես հայտնի է, Տերը մեր, պայքարում է բարոյականության ու մաքրության համար բեմի վրա։

Լռում է իշխան Սոբակինը, գլխով անում։ Հետո ասում է․

― Ասացեք պարոնայք, մեր քաջարի զինվորների բաց թողած ծծմբաջրածինը վառվո՞ւմ է։

― Վառվում է, ― վստահ գլխով է անում նայողը։

― Եթե վառվում է, ― շարունակում է իշխանը ոլորելով բեղը, ― ապա ինչ՞ու Եվրոպան պետք է վախենա մեր տղաների բացթողած օդից։

Ա՛յ թե ինչ է նշանակում, որ մարդը Ներքին Շրջանից է։ Միանգամից տեսնում է արմատը։ Ռուսների բաց թողած օդով կարելի է եվրապական քաղաքները ջեռուցել։ Բոլորը մտածմունքի մեջ ընկան։ Ես ել ինձ կշտամբեցի․ չհասկացա այդպիսի պարզ բանը։ Մյուս կողմից էլ ― ես հումանիտար կրթություն եմ ստացել․․․

Բեմադրիչը գցում է գույնը, նյարդայնորեն հազում։

― Այո․․․ անհմապատասխանություն կա․․․ ― քորում է ծնոտը նայողը։

― Սխալ կա սցենարում, ― զգուշացումով բարձրացնում է թմփլիկ մատը սեղանապետը։ ― Ո՞վ է հեղինակը։

Մթությունից հայտնվում է մի նիհար մարդ ակնոցով ու տաք վերնաշապիկով։

― Ինչո՞ւ այդպիսի սխալ թույլ տվեցի՞ք, սիրելիս։ Չէ՞ որ գազի թեման մեզ մոտ հին է ինչպես աշխարհը, ― հարցնում է նրան սեղանապետը։

― Մեղավոր եմ, կուղղեմ։

― Ուղղիր, ուղղիր, աղավնյակս, ― հորանջում է իշխանը։

― Միայն հիշիր, որ վաղը չէ մյուս օրը գլխավոր փորձն է, ― խստությամբ ասում է նայողը։

― Ինչպես չէ, կհասցնե՛նք։

― Եվ էլի, ― ավելացնում է իշխանը։ ― Երբ ճառագայթը կտրատում է խլուրդին, թափվող աղիքները շատ են։

― Ի՞նչ, ― ձերդ պայծառափայլություն։

― Աղիքները։ Նատուրալիզմը այստեղ հարիր չէ։ Այնպես արա, եղբայր, որ աղիքներն ավելի քիչ լինեն։

― Լսում եմ, ամեն ինչ կուղղեմ։

― Իսկ անպարկեշտությո՞ւնը, ― հարցնում եմ։ Իշխանը շրջվում է ու խեթ նայում ինձ։

― Սա ոչ թե անպարկեշտություն է, պարոն օպրիչնիկ, այլ առողջ բանակային հումոր, որը օգնում է մեր հրաձիգներին իրենց խիստ ծառայությունը տանել Հայրենիքի հեռավոր սահմաններում։

Հակիրճ է։ Չես կարող վիճել։ Խելացի է իշխանը։ Եվ դատելով նրա խեթ, սառը հայացքից ― չի սիրում մեզ, օպրիչնիկներիս։ Դե, դա հասկանալի է․ մենք Ներքին Շրջանին կրնկակոխ հետևում ենք, ծոծրակին շնչում։

― Էլի ի՞նչ կա, ― հարցնում է իշխանը, հանելով եղունգների սղոցիկը։

― Իվան Սուսանինի արիան։

Դա արդեն կարելի է չնայել։ Վեր եմ կենում, խոնարհվում, գնում դեպի ելքը։ Հանկարծ մթության մեջ մեկը բռնում է ձեռքս։

― Պարոն օպրիչնիկ, աղաչում եմ։

Կին է։

― Ո՞վ ես դու, ― խլում եմ ձեռքս։

― Աղաչում եմ, լսե՛ք ինձ, ― տաք, շփոթված շշնջյուն։ ― Ես ձերբակալված քարտուղար Կորեցկիի կինն եմ։

― Գնա այստեղից, համայնքի ծնունդ։ ― Աղաչո՛ւմ եմ։ Աղաչո՛ւմ, ― ընկնում է ծնկների վրա, կառչում կոշիկներիս։

― Հեռացի՛ր, ― հրում եմ կոշիկով նրա կուրծքը։

Նա ընկնում է գետնին։ Եվ միանգամից՝ ետևից, էլի կանացի ձեռքեր, շշնջյուն․

― Անդրեյ Դանիլովիչ, աղաչում ենք, աղաչում։

― Հեռացեք, պոռնիկներ։

Ետ գնացին մթության մեջ նիհար ձեռքերը․

Անդրեյ Դանիլովիչ, ես պոռնիկ չեմ։ Ես՝ Ուլյանա Սերգևենա Կոզլովան եմ։

Օհո՜։ Մեծ թատրոնի պրիման է։ Տիրոջ ֆավորիտուհին, բոլոր Օդիլիաներից ու Ժիզելներից լավաագույնը․․․ Չճանաչեցի մթության մեջ։ Իսկապես՝ նա է։ Նա, այդ անիծվածը պառկած է երեսնիվայր։ Պահում եմ դաշույնը․

Տիկին, ի՞նչ է ձեզ պետք։

Կոզլովան մոտենում է։ Նրա դեմքը, ինչպես բոլոր պարուհիների դեմքը կյանքում, ավելի անպաճույճ է, քան բեմում։ Եվ նա բոլորովին էլ բարձրահասակ չէ։

― Անդրեյ Դանիլովիչ, ― շշնջում է նա, նայելով կիսալուսավորված բեմին, որտեղ Սուսանինը փայտով և տուլուպով անշտապ երգում է իր արիան, ― աղաչում եմ ձեզ բարեխոսություն անել, աղաչում եմ բոլոր սրբերով, ամբողջ սրտով։ Կլավդիա Լվովնան ― իմ երեխաների կնքամայրն է, նա իմ ամենամոտիկ, ամենաթանկագին ընկերուհին է, նա ազնիվ, մաքուր, աստվածավախ մարդ է, մենք միասին կառուցեցինք որբանոց, կոկիկ, ընդարձակ դպրոց, որտեղ սովորում են որբերը, ես ձեզ աղաչում եմ, մենք աղաչում ենք ձեզ, Կլավդիա Լվովնային վաղը չէ մյուս օրը աքսորում են, մնացել է մեկ օր, ես ձեզ խնդրում եմ որպես քրիստոնյա, որպես տղամարդ, թատերասեր, մշակույթի մարդ, մենք կլինենք ձեզ հավերժ պարտական, մենք կաղոթենք ձեր և ձեր ընտանիքի համար, Անդրեյ Դանիլովիչ․․․

― Ես ընտանիք չունեմ, ― ընդհատում եմ նրան։

Նա լռում է։ Նայում է ինձ մեծ ու խոնավ աչքերով։ Սուսանինը երգում է «Եկել է իմ ժամանակը» և խաչակնքում։ Այրին թավալվում է գետնին։ Հարցնում եմ․

― Ինչո՞ւ եք դուք, Տիրոջ ընտանիքի ֆավորիտուհին, դիմում ինձ։

― Տերը շատ զայրացած է նախկին նախագահի ու նրա օգնականների վրա։ Նա լսել անգամ չի ուզում ներման մասին։ Չէ՞ որ Կորեցկիների քարտուղաըը անձամբ է գրել այն նամակը ֆրանսիցիներին։ Կորեցկիների մասին Տերը լսել չի ուզում։

― Առավել ևս, ― ի՞նչ կարող եմ անել ես։

― Անդրեյ Դանիլովիչ, օպրիչնինան կարող է հրաշքներ գործել։

― Տիկին, օպրիչնինան ի կատար է ածում Տիրոջ Խոսքն ու Գործը։

― Դուք մեկն եք այդ հզորագույն Միաբանության ղեկավարներից։

― Տիկին, օպրիչնինան Միաբանություն չէ, այլ եղբայրություն։

― Անդրեյ Դանիլովիչ։ Աղաչո՛ւմ եմ։ Խղճացեք անբախտ կնոջը։ Ձեր տղամարդկային պատերազմներում ամենից շատ տուժում ենք մենք։ Իսկ կյանքը երկրագնդի վրա կախված է մեզանից։

Նրա ձայնը դողում է։ Նա համարյա անլսելի հեկեկում է։ Սեղանապետը նայում է մեր կողմը։ Դե ինչ, մեզ մոտ համարյա ամեն օր բարեխոսում են։ Բայց Կորեցկին և Հասարակական պալատի նախկին նախագահի բանդան․․․ խարդախներ են, նրանց կողմն ավելի լավ է չնայել։

― Ասացեք նրան, որ գնա, ― ասում եմ ես։

― Կլավդիա Լվովնա, աղավնյակս․․․ ― խոնարհվում է նրա վրա պարուհին։

Կորեցկայան արտասվելով անհետանում է մթության մեջ։

― Գնանք լուսավոր տեղ, ― ես դիմում եմ դեպի դուռը, որի վրա վառվում է «ելք» բառը։

Կոզլովան շտապում է իմ ետևից։ Մենք լուռ դուրս ենք գալիս ծառայողական մուտքից։


Ես մոտենում եմ հրապարակում կանգնած «մերինիս»։ Կոզլովան հետևում է ինձ։ Ցերեկային լույսով Ռուսաստանի լավագույն Ժիզելը ավելի նիհար է ու անգույն։ Նա թաքցնում է նիհարիկ դեմքը իր շքեղ, աղվեսի վզամորթի մեջ։ Պրիմա֊բալերինայի հագին՝ սև, երկար և նեղ մետաքսյա կիսաշրջազգեստ է, որի տակից երևում են սրածայր սև կոշիկները, զարդարված օձի կաշվի կտորներով։ Պրիմայի աչքերը մեծ են, մոխրագույն, անհանգիստ։

― Եթե ձեզ համար անհարմար է, կարող ենք խոսել մեքենայում, ― նա ցույց է տալիս թանաքագույն կադիլակի կողմը։

― Ավելի լավ է իմում, ― ցույց եմ տալիս ափս «մերինին», նա հնազանդվում է ու բացում ապակե տանիքը։

Ուրիշի մեքենաներում նույնիսկ հսկիչները հիմա չեն պայմանավորում։ Նույնիսկ Վաճառականների Հրամանի քնձռոտ գրագիրը չի նստի ուրիշի մեքենան, քննարկելու սև խնդրագիրը։

Նստում եմ մեքենան։ Նա նստում է միակ տեղը՝ աջից։

Մի քիչ ման գանք, Ուլյանա Սերգևենա, ― ես գործի եմ գցում շարժիչը, դուրս եմ գալիս պետական կայանատեղից։

― Անդրեյ Դանիլովիչ, այս շաբաթվա ընթացքում, ես բոլորովին տանջահար եմ եղել․․․ ― նա հանում է կանացի «Ռոդինայի» տուփը և ծխում։ ― Մի տեսակ անհուսություն կա այս գործում։ Ստացվում է, որ ես չեմ կարող օգնել իմ պատանեկության ընկերուհուն։ Իսկ վաղը ես բեմադրություն ունեմ։

― Նա իսկապես՞ ձեզ համար թանկ է։

― Սարսափելի։ Ես ուրիշ ընկերուհիներ չունեմ։ Դուք գիտեք, թե ինպիսին են բարքերը մեր թատերական աշխարհում․․․

― Լսել եմ, ― ես դուրս եմ գալիս Բորովիցկի դարպասից, ուղղվում դեպի Մեծ Քարե կամուրջը, սլանում կարմիր գծի վրայով։

Ներս քաշելով ծուխը, Կոզլովան նայում է սպիտակաքար Կրեմլին, որը թեթևակի ծածկված է ձյունով․

― Գիտեք, ես շատ էի հուզվում նախքան ձեզ հետ հանդիպելը։

― Ինչո՞ւ։

― Երբեք չէի մտածել, որ այսքան դժվար է ուրիշների համար խնդրելը։

― Համաձայն եմ։

― Հետո․․․ այսօր ես տեսա տարօրինակ երազ․ կարծես այն սև ժապավենները դեռ Ուսպենսկի տաճարի գլխավոր գմբեթի վրա են։ Եվ մեր Տերը դեռ սգի մեջ է իր առաջին կնոջ կորստի պատճառով։

― Դուք ճանաչո՞ւմ էիք Անաստասիա Ֆեոդորվնային։

― Ոչ։ Այն ժամանակ ես դեռ պրիմա չէի։

Մենք դուրս ենք գալիս Յակիմանկա։ Այնտեղ ինչպես միշտ աղմկոտ է ու մարդաշատ։

― Ուրեմն ես կարո՞ղ եմ ապավինել ձեր օգնությանը։

― Ես ոչինչ չեմ խոստանում, բայց կարող եմ փորձել։

― Ինչքա՞ն դա կարժենա։

― Կան ամրագրված գներ, պետականների գործը, ներկա ժամանակ, արժե հազար ոսկի։ Հրամանայինների՝ երեք հազար։ Իսկ արդեն Հանրային Պալատի․․․

― Բայց չէ՞որ ես ձեզ չեմ խնդրում փակել գործը։ Ես խնդրում եմ այրու համար։

Դանդաղ անցնում եմ Օրդինկան։ Ի՜նչ շատ են այստեղ չինացիները, Աստվա՜ծ իմ․․․

― Անդրեյ Դանիլովիչ։ Մի՛ տանջեք։

― Դե․․․ ձեզ համար․․․ երկուս ու կես։ Եվ ակվարիում։

― Ինչպիսի՞։

Դե, ոչ արծաթե, ― քմծիծաղում եմ։

― Ե՞րբ։

― Եթե ձեր ընկերուհուն աքսորում են վաղը չէ մյուս օրը, ― ապա ինչքան շուտ, այնքան լավ։

― Ուրեմն, այսօ՞ր։

― Ճիշտ եք մտածում։

― Լավ․․․ Խնդրում եմ, եթե ձեր համար դժվար չէ, տարեք ինձ տուն։ Իմ մեքենայի ետևից հետո կգամ․․․ Ես ապրում եմ Նեժդանովայի փողոցում։

Շրջվում եմ, ետ սլանում։

― Անդրեյ Դանիլովիչ, ձեզ ինչպիսի՞ փող է հարկավոր։

― Հասկանալի է, երկրորդ դրոշմի ոսկիներ։

― Լավ։ Կարծում եմ, մինչև երեկո կճարեմ։ Իսկ ակվարիումը․․․ Գիտեք, ես չեմ որսում ոսկե ակվարիումներում, մենք, պարուհիներս, այնքան էլ շատ չենք ստանում, ինչպես կարծում են․․․ Բայց Լյեշա Վորոնյանսկին նստած է ոսկու վրա։ Նա իմ լավ ընկերն է։ Ես նրանից կխնդրեմ։

Վորոնյանսկին ― Մեծ թատրոնի առաջին տենորն է, ժողովրդի սիրեցյալը։ Նա, երևի, ոչ միայն նստած է, այլև ոսկու վրա է ուտում․․․ Նորից սլանում եմ Քարե կամրջի կարմիր գծի վրայով։ Աջից և ձախից անվերջանալի խցանումներում կանգնած են մեքենաները։ Նեստորի անվան Ժողովրդական գրադարանից հետո, շրջանցելով Վոզդվիժենկան, համալսարանը, մտնում եմ մերժված Նիկիտինսկի։ Երրորդ օպերատիվ ռազմական մաքրումից հետո ― այս փողոցը ամայացել է։ Նույնիսկ սբիտնիկները և բուլկեղեն վաճառողները վախվեխելով ու երկչոտությամբ են ձայն տալիս։ Վառված բնակարանների սև պատուհանները, այդպես էլ չեն վերանորոգվել։ Վախենում են, համայնական սրիկաները։ Այդպես էլ պետք է նրանց․․․

Դուրս եմ գալիս Նեժդանովայի փողոց, կանգ առնում դերասանների մոխրագույն շենքի մոտ։ Նա շրջապատված է երեք մետրանոց աղյուսե պատով, որը վերևից լուսավորվում է երբեք չմարող ճառագայթով։ Եվ դա ճիշտ է․․․

― Սպասեցեք ինձ, Անդրեյ Դանիլովիչ, ― պրիման դուրս է գալիս մեքենայից և անհետանում մուտքում։

Կանչում եմ Բատյային․

― Բատյա, գործի կեսն են գնում։

― Ո՞ւմը։

― Քարտուղար Կորեցկիի։

― Կոզլովան։

― Պարուհի՞ն։

― Այո։ Օգնե՞նք նրան։

― Կարելի է փորձել։ Ստիպված կլինենք շատերի հետ կիսվել։ Փողը ե՞րբ կլինի։

― Մինչև երեկո կհավաքի։ Եվ․․․ զգում եմ, նա հիմա ինձ համար ակվարիում կբերի։

― Ա՛յ, դա լավ է, ― աչքով է անում ինձ Բատյան։ ― Եթե միանգամից բերի՝ կգնանք բաղնիք։

― Պարզ բան է։

Կոզլովան ուշանում է։ Ծխում եմ։ Միացնում մաքուր ռադիոն։ Դա թույլ է տալիս տեսնել և լսել այն, ինչ մեծ դժվարությամբ նայում֊լսում են մեր հայրենի թափթփուկները։ Սկզբից անցնում եմ ձեղնահարկով․ «Ազատ Բնակավայր»֊ը հաղորդում է անցյալ գիշեր կալանքի ենթարկվածների ցուցակները, պատմում՝ Կունիցինի գործի «իրական» պատճառների մասին։ Հիմարնե՛ր։ Ո՞ւմ են հետաքրքրում այդ «իրական պատճառները»․․․ «Հույս» ռադիոկայանը ցերեկները լռում է՝ հանգստանում են գիշերային օձերը։ Բայց քնած չի սիբիրյան «Ուշկույնիկ»֊ը, փախուստի դիմած դատապարտյալների ձայնը․

― Վովան Մեկուկես֊Իվանի խնդրանքով, որը երրորդ օրն է ինչ վերջացել է, հաղորդում ենք դատապարտյալների մի հին երգ։

Մուտք է գործում հյութալի հարմոնը, և երիտասարդ խզված ձայնը երգում է․

Նառերի վրա պառկած երկու մռութ
― Անցյալի համար հոգոց էին հանում։
Մեկի մականունը Բացիլլա էր,
Մյուսի մականունը՝ ժանտախտ։

Արևմտյան Սիբիրում թռվռացող այդ «Ուշկույնիկին», երկու անգամ լուի պես սեղմեցին եղունգով ― առաջին անգամ՝ այնտեղի Գաղտնի Հրամանը սեղմեց, երկրորդ անգամ՝ մենք։ Հրամայողներից նրանք փախան, մեզնից պոկվեցին չինական ակվարիումներով։ Քանի դեռ գնում էր առևտուր այդ գործի համար, մերոնք հասցրին տանջանքի ենթարկելով երեք հաղորդավարի ձեռքը դուրս գցել, իսկ հաղորդավարուհուն Սիվոլաը հղիացրեց արջով։ Բայց ռադիոկայանի կորիզը պահպանվեց, գնեց սայլի վրա տեղադրված նոր ստուդիա, և կանդալանավորները նորից դուրս եկան եթեր։ Բարեբախտաբար, Տերը, նրանց վրա ուշադրություն չի դարձնում։ Ուրեմն, թող ոռնան իրենց բանտային երգերը։

Ողջ շրջակայքը ոռնաց
― նրանց մասին իմացավ Կոլիման։
Ձյան մեջ պոկվեց Բացիլլան,
Խոտերի մեջ վերադարձավ՝ Ժանտախտը․․․

Բռնում եմ Արևմուտքը։ Ահա թե որտեղ են իսկական հակառուսական վնասարարները։ Այստեղ, ինչպես լպրծուն օձերը կեղտի հորում, վխտում են թշնամական ռադիոձայները․ «Ազատություն Ռուսաստանին», «Ամերիկայի ձայն», «Ազատ Եվրոպա», «Ազատություն», «Գերմանական ալիք», «Արտաքսված Ռուսաստան», «Ռուսական Հռոմ», «Ռուսական Բեռլին», «Ռուսական Փարիզ», «Ռուսական Բրայտոն֊Բիչ», «Ռուսական Լազուր ափ»։

Ընտրում եմ «Ազատությունը», ամենաանսանձը այդ բոլոր սողուններից, ու միանգամից հանդիպում եմ նորաթուխ ստերի․ ստուդիայում է պոետ֊էմիգրանտ, նեղ կրծքով ակնոցավոր֊հուդան, մեր ձեռքով փշրած աջ ձեռքի ոսկորով (դա Պոյարոկն էր հարցաքննութայն ժամանակ ոտքը վրան դրել)։ Ուղղելով հնաոճ ակնոցերը ջարդված աջ ձեռքով, դողացող կիսահիստերիկ ֆալցետով․

Որտեղ կոմս ― այնտեղ հոդված
Որտեղ դատարան ― այնտեղ սուտ
Ժամանակը չէ, եղբայր վերցնել
Եթե օրենքով քեզ չեն արդարացրել։

Հո՛ւդա։ Ցուցամատիս շարժումով հեռացնում եմ մեր գունատ լիբերալին։ Զզվելի են նրանք, ինչպես գիշակեր որդեր։ Թուլամորթությունը, ոլորունությունը, կույր անկշտությունը ― ահա թե ինչն է նրանց միավորում արհամարհված որդերի հետ։ Նրանց միջև տարբերությունը կայանում է միայն պերճախոսության մեջ, որի օգնությամբ, ինչպես թույնի ու թարախի կաթիլներով, ցողում են իրենց շուրջը, թունավորելով ոչ միայն մարդկանց, այլև Աստծո աշխարհը, կեղտոտելով նրա սուրբ մաքրությունն ու պարզությունը, մինչև հեռավոր հորիզոն, մինչև երկնակամար հասցնելով իրենց թունավոր ծաղրը, արհամարհանքը, երկերեսությունը, կասկածները, նախանձը, կատաղությունը և անամոթությունը։

«Ազատություն Ռուսաստնին» կայանը թնգթնգում է «ճնշված ազատության» մասին, հնաոճ եկեղեցական «Պոսոլոնը» մռթմռթում է Ռուսական Ուղղափառ Եկեղեցու բարձրագույն իերարխների վաճառվածության մասին, «Ռուսական Փարիզը» կարդում է Յոզեֆ Բակի «Հիստերիկ ժեստիկուլյացիան, որպես ապրելու միջոց ժամանակակից Ռուսաստանում», «Ռուսական Հռոմը» հաղորդում է ճղճան կապկային ջազ, «Ռուսական Բեռլինը»՝ երկու անհաշտ֊անօրեն էմիգրանտների մենամարտը, «Ամերիկայի ձայնը» ― «Վտարանդի ռուսական մատը» անմահ «Ոճիր և պատասխանատվություն» գրքի անպարկեշտ վերապատմումով։

Սուր կացնի ուժեղ հարվածը իջավ կեղտոտ պառավի գագաթին, ինչին օգնեց մեռածի բոյը։ Նա բղավեց և հանկարծ, նստեց հատակին, չնայած և հասցրեց, չորհոտածհետույքը, բարձրացնել իր չար ձեռքերը, անպետք, չհավաքված գլխին․․․

Զզվելի է, ոչինչ չես կարող ասել։

Չարությամբ ու ատամների կրճտոցով արձագանքեցին լիբերալները Տիրոջ հայտնի37֊երորդ Հրամանագրին, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ու հանրային մարմնական պատիժ անվայել հայհոյանքի համար հանրային տարածքներում և առանձնասենյակներում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ժողովուրդը միանգամից հասկացավ ու ընկալեց 37֊երորդ Հրամանագիրը։ Մի շարք ցուցադրական լսումներից հետո, երբ ռուական քաղաքներում ձգվեցին ու շվվացրին ցլի կաշվից մտրակները Սեննոյում ու աղաղակները Մանեժնիում, մի ժամվա ընթացքում ժողովուրդը դադարեց օգտագործել հայհոյանքները, որոնք պարտադրված էին նրան օտարների կողմից հին ժամանակներում։ Միայն մտավորականությունը ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել և անընդհատ ժայթքում է հայհոյանքներով խոհանոցներում և ննջարաններում, զուգարաններում, վերելակներում, մառաններում, փողոցի անկյուններում, մեքենաներում, չցանկանալով բաժանվել ռուսական լեզվի մարմնի այդ զզվելի տզրուկներից։ Իսկ քայքայվող Արևմուտքը խրախուսում է մեր ընդհատակյա հայհոյողներին։

«Ռուսական Լազուր ափը» համարձակվում է լկտիորեն փնովել ու քննադատել Տիրոջ N3 հրամանը, Խողովակի քսանչորսժամյա փակման մասին։ Ինչքա՜ն չարություն են կուտակել պարոնայք եվրոպացիները։ Տասնյակ տարիներ ծծում էին գազը, չմտածելով այն մասին, թե որքան դժվարությամբ է դա տրվում մեր աշխատասեր ժողովրդին։ Ի՜նչ մի նորություն է․ Նիցցայում նորից ցուրտ է։ Ստիպված պետք է լինեք, պարոնայք, շաբաթը մի երկու անգամ սառը ֆուա֊գրա ուտել։ Bon appetite![19] Չինաստանը ձեզանից խելացի գտնվեց․․․

Հարված֊զանգ։ Էլի նույն քարտուղարը Դեսպանական Հրամանից։

― Անդրեյ Դանիլովիչ, Կորոստիլևն է։ Ալբանական դեսպանի ընդունելությունը տեղափոխվում է վաղվա ժամը 14. oo-ին։

― Հասկացա, ― անջատում եմ քարտուղարի մռութը։ Եվ փառք աստծո, թե չէ այսօր չափից շատ գործ կա։

Օտարերկրյա հավատարմագրերը հանձնելու ժամանակ, մենք, օպրիչնիկներս, այժմ կանգնում ենք դեսպանականների հետ։ Անցյալում ջրով արծաթե թասը միայն մենք էինք պահում։ Իսկ դեսպանականները կանգնած էին կիսաշրջան կազմած։ Օգոստոսի 17֊ից հետո, Տերը որոշեց դեսպանականներին մոտեցնել։ Այժմ միասին ենք պահում թասը։ Բատյան և Ժուրավլևը թասի մոտ, ես՝ կամ որևէ մեկը աջ թևում՝ սրբիչի վրա, դեսպանական քարտուղարը արմունկի աջակից, մնացյալը՝ գորգի վրա ու խոնարհումներով։ Հենց որ Տերը նոր դեսպանի ձեռքն է սեղմում, հավատարմագրերը ընդունում, միանգամից ― ձեռք լվանալու արարողությանն ենք անցնում։ Իհարկե, ափսոս, որ դեսպանականները վեր բարձրացան չարաբաստիկ օգոստոսից հետո։ Բայց դա՝ Տիրոջ կամքն է․․․

Վերջապես դուրս է գալիս Կոզլովան։

Աչքերից զգում եմ ― ճարել է։ Ինձ մոտ միանգամից ― արյան հոսք, սրտի խփոց։

― Անդրեյ Դանիլովիչ, ― պատուհանից մեկնում է ինձ չինական ճաշարանի պլաստիկ տուփը։ Փողը կլինի 18 00-ին: Ես կզանգահարեմ։

Գլխով եմ անում, աշխատում եմ զսպել ինձ, գցում եմ փաթեթը ազատ նստարանին, փակում պատուհանը։ Կոզլովան գնում է։ Շարժվում եմ, դուրս գալիս Տվերսկոյ։ Մոսկվայի Քաղաքային Դումաի մոտ կանգնում եմ պետական մեքենաների կարմիր կայանատեղում։ Ձեռքս խցկում եմ փաթեթի մեջ։ Մատներս զգում են զով, հարթ գունդը։ Քնքշորեն գրկում եմ մատներով, փակում աչքերս․ ակվարիո՜ւմ։ Վաղուց, ախ շա՜տ վաղուց չէին բռնել մատներս հիասքանչ գունդը։ Համարյա չորս օր։ Սարսափելի է․․․

Հուզմունքից քրտնած մատներով հանում եմ գունդը, դնում ձախ ափիս։ Այո՛։ Ոսկի են։

Գունդը թափանցիկ է, ամենաբարակ նյութից պատրաստված։ Լցված է թափանցիկ սննդարար լուծույթով։ Եվ այդ լուծույթում լողում են յոթ փոքրիկ (հինգ միլիմետրանոց) ոսկե ձկներ։ Նայում եմ նրանց, մոտեցնելով գունդը դեմքիս։ Պստլիկ, միկրոսկոպիկ ձկնիկներ։ Աստվածային, չքնաղ արարածներ։ Մեծ խելքի տեր մարդիկ են ստեղծել ձեզ մեր ուրախության համար։ Նման եք դուք, արագաշարժ ոսկե ձկնիկներ, հեքիաթային ձկներին, որոնք հնագույն ժամանակներում երջանկություն էին պարգևում հասարակ ռուս Իվան֊հիմարներին․ տարբեր տեսակ աշտարակներով տներ, թագավորական աղջիկներ և ինքնագնաց վառարաններ։ Բայց երջանկությունը, որը դուք պարգևում եք, աստվածային փոքրիկներ, ոչ մի համեմատություն չունի ոչ մի պալատի, ոչ մի ինքնագնաց վառարանի, ոչ մի կանացի քնքշանքի հետ․․․

Ուսումնասիրում եմ գունդը։ Առանց խոշորացույցի էլ տեսնում եմ ― չի խաբել Ժիզելը։ Յոթ ոսկի ստերլեդներ իմ ձեռքերում։ Հանում եմ խոշորացույցը, ավեի ուշադիր նայում․ գերազանցն են, պարզ երևում է, չինական արտադրության են, և ոչ թե խղճուկ Ամերիկայի, և հաստատ ոչ Հոլանդիայի։

Զանգում եմ Բատյային։ Ցույց եմ տալիս գունդը։

― Ապրե՛ս, Կոմյագա, ― աչքով է անում Բատյան և ի նշան հավանության կտտացնում է իր օղ֊զանգակին։

― Որտե՞ղ բերեմ, Բատյա։

― Դոնսկոյ։

― Թռչում եմ, ― դուրս եմ գալիս կանգառից։


Դոնսկոյ բաղնիքների ճանապարհին մտածում եմ, ինչպես բաշխել ժամանակը օրվա ցերեկ֊երեկոյան մնացորդում, որպեսզի ամեն ինչ հասցնեմ։ Բայց մտքերս խառնվում են, չեմ կարողանում կենտրոնանալ, ― ոսկե ստերլեդները լողում են կողքիս գնդի մեջ։ Սեղմելով ատամներս, ստիպում եմ ինձ մտածել պետական գործերի մասին։ Կարծես ամեն ինչ հասցնում եմ՝ և՛ աստղը հանգցնել, և՛ գուշակողի մոտ թռչել։

Դոնսկոյ փողոցի վրա մեքենաները շատ են։ Միացնում եմ Պետականը։ Ցնցվում են մեքենաները չերևացող ձայնից, ճանապարհ են տալիս ինձ, թեքվում։ Մեծ է ու հզոր Պետականի մռնչոցը։ Մաքրում է ճանապարհը, ինչպես բուլդոզերը։ Սլանում եմ, շատպում, ոնց որ հրդեհի։ Բայց ոսկե ձկնիկը՝ հրդեհից ավելի ուժեղ է։ Եվ երկրաշարժից էլ։

Թռչելով հասնում եմ Դոնսկոյ բաղնիքների դեղին շենքին։ Շենքի վրա՝ մինչև տանիք ― մորուքավոր բաղնիսչու ֆիգուրն է, շեկ ու խիտ լայն մորուքով և երկու ավելներով մկանուտ ձեռքերում։ Շարժում է ավելները աժդահան, ամեն կես րոպեն՝ չարաճճի կապույտ աչքով անում։

Պահելով գունդը կաֆտանիս տակ, ինչքան հնարավոր է խորը, պիջակիս գրպանում, ներս եմ մտնում։ Պահակները խոնարհվում են մինչև գոտկատեղ։ Բատյան արդեն պատվիրել է մեր դահլիճը։ Թույլ եմ տալիս, որ սև կաֆտանս հանեն, անցնում եմ կամարակապ միջանցքով։ Թխթխկացնում են քարի վրա իմ պղնձե նալերը։ Դահլիճ տանող դռան մոտ հերթապահում է բարձրահասակ, լայն ուսերով Կոլյախան։ Հին ծանոթ է, ամեն անգամ մեր, օպրիչնիկներիս, հանգիստը պահպանողը։ Ոչ մի օտար դաջվածքավոր, չի կարող երբեք մեր հանգստավայրը մտնել Կոլյայի կողքով։

― Ողջույն, Կոլյախա, ― ասում եմ նրան։

Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ, ― խոնարհվում է նա։

― Մարդ կա՞։

― Դուք առաջինն եք։

Ավելի լավ։ Ամենալավ տեղը կընտրեմ ինձ համար։

Կոլյախան ներս է թողնում ինձ դահլիճ։ Այն լայն չի, ցածր առաստաղով է։ Բայց կոկլիկ է, արդեն բնակեցված ու սովորական դարձած։ Մեջտեղում՝ ջրով կլոր լողավազանն է։ Աջից՝ շոգեբաղնիքը։ Միայն նա փակ է, անհրաժեշտության բացակայության պատճառով։ Որովհետև այսօր, գոլորշին հատուկ է, հնարամիտ։ Նրա համար ավել չես գտնի աշխարհում․․․

Լողավազանի շուրջը երիցուկի թերթիկների նման շարված են թաղտերը։ Յոթ հատ։ Գնդի մեջ գտնվող նվիրական ձկնիկների թվին համապատասխան։ Հանում եմ դիպակե պիջակի գրպանից ձկնիկներով գունդը, նստում թախտի ծայրին։ Ձկնիկներով գունդը՝ ափիս մեջ։ Խաղում են ոսկե ձկնիկները իրենց միջավայրում։ Առանց խոշորացույցի էլ երևում է, որքան գեղեցիկ են։

Ակնառու խելք է ստեղծել այս ուրախությունը։ Միգուցե՝ ոչ մարդկային։ Միայն Աստծո Գահից ընկած հրեշտակի մտքում կարող էր դա ծագել։

Վեր֊վեր եմ գցում ափիս մեջ գունդը։ Թանկագին զվարճանք է։ Այսպիսի մի գունդը, իմ ամսական աշխատավարձից շատ կարժենա։ Ափսոս, որ կախարդական այդ գնդերը խստորեն արգելված են մեր ուղղափառ երկրում։ Եվ ոչ միայն մեր։ Ամերիկայում, արծաթե ձկների համար տաս տարի են տալիս, իսկ ոսկիների՝ երեք անգամ ավել։ Չինաստանում՝ միանգամից կախում են։

Իսկ փտած Եվրոպայում, այսպիսի գնդերը իրենց գրպանով չեն, ― այնտեղի կիբերպանկերը էժան թթվաշն են գերադասում։ Մեր Գաղտնի Հրամանը արդեն չորս տարի է ինչ որսում է ոսկի ձկնիկներին։ Բայց միևնույն է, շրջանցելով սահմանապահների ցաները, լողում են նրանք մեզ մոտ, ինչպես միշտ, հարևան Չինաստանից։ Եվ կլողան․․․

Ճիշտն ասած, ոչ մի հակապետական բան այս ձկնիկներում ես չեմ տեսնում։ Հասարակ մարդկանց համար նրանք անհասանելի են, իսկ հարուստ և բարձր դիրք ունեցող մարդիկ, պետք է որ ունենան իրենց թուլությունները։ Չէ՞ որ թուլությունները լինում են տարբեր։ Տիրոջ հայրը, Նիկոլայ Պլատոնովիչը, իր ժամանակին հրամանագիր էր արձակել «կազդուրիչ ու հանգստացնող խմիչքների մասին»։ Այդ հրամանագրով կոկոշկա և ֆենեչկա խոտերը ընդմիշտ թույլատրվեցին լայն օգտագործման։ Որովհետև նրանք չեն վնասում պետությանը, այլ ընդհակառակը՝ օգնում են աշխատավորներին աշխատանքում և հանգստի ժամանակ։ Յուրաքանչյուր դեղատանը պետականորեն ամրագրված գնով կարելի է գնել մոտ հինգ գրամ կոկոշա երկուսուկես ռուբլով։ Ամեն մի դեղատուն ունի հատուկ հատկացված տեղ, որտեղ աշխատավոր մարդը առավոտյան կամ ճաշի ընդմիջումին կարող է հոտ քաշել և եռանդով աշխատել Ռուսական պետության բարօրության համար։ Այնտեղ էլ վաճառվում են առույգացնող ֆենեչկայով ներարկիչներ, և ծխախոտ՝ թուլացնող խոտով։ Խոտը, ճիշտ է, վաճառում են միայն ժամը 17. 00-ից հետո։ Իսկ գերասիմը, թթվաշը, սունկը ― ժողովրդին թունավորում են, թուլացնում, ջրիկացնում, ցավազրկում, այդպիսով վնասելով պետությանը։ Այդ պատճառով էլ արգելված են Ռուսաստանի ողջ տարածքում։ Այդ ամենը լավ է մտածված, խելացի։ Բայց ձկները․․․ դա բարձր է կոկոշա֊գերասիմներից միասին վերցված։ Նման է երկնային ծիածանին՝ եկավ, ուրախացրեց ու գնաց։ Ծիածան֊ստերլեդից հետո, ոչ խումհար կա, ոչ ջարդոց։

Դուռը բացվում է նալած եկրարաճիտ կոշիկի հարվածից։ Այդպես միայն մեր Բատյան է ներս մտնում։

― Կոմյագա, դու արդեն այստե՞ղ ես։

― Էլ որտեղ պիտի լինեմ, Բատյա։

Նետում եմ գունդը Բատյաին, բռնում է, լույսին նայում կկոցած աչքերով։

― Ահա․․․ նորմալ է։

Բատյայից հետո մտնում են Շելետը, Սամոսյան, Երոխան, Թացը և Պրավդան։ Բատյայի ամբողջ աջ ձեռքը։ Ձախի հետ Բատյան ուրիշ տեղ է հաճույք ստանում։ Եվ ճիշտ է անում՝ այսպիսի գործերում ձախն ու աջը լավ չէ իրար խառնել։

Բոլորը արդեն մի քիչ հուզված են։ Բա ոնց չէ՝ ձկները շատ մոտ են։ Սամյոսայի սեվուկ աչքերը վազվզում են, ձեռքերը բռունցք են արած։ Երոխան խաղում է լայն դեմքի մկաններով, ատամները կրճտացնում։ Սպիտակը՝ իր աչքերի սպիտակուցներով ունքերի տակից այնպես է նայում, կարծես ուզում է ծակել ինձ։ Վերջին անգամ նա էր ճարել ձկնիկներ։ Իսկ Պրավդան միշտ դանակից է բռնում ― այդպիսի սովորություն ունի։ Սպիտակել է նրա բռնակոթը պինդ բռնած բռունցքը։ Օպրիչնինայի բոլոր քաջերը այդպիսին են ― կրակ֊տղաներ են։ Մի ինչ֊որ բան՝ իրենց մարդկանց կվերջացնեն առանց տատանվելու։

Բայց բոլորին զսպում է Բատյան։

Հանգստացեք, հանգստացեք։

Դնում է գունդը քարե հատակին և առաջինն է սկսում հանվել։ Ծառաներ այստեղ նախատեսված չեն, ինքներս ենք հանվում, ինքներս հագնվում։ Հանում են իրենց հագից օպրիչնիկները դիպակե պիջակները, պոկում մետաքսե վերնաշապիկներն ու ներքնաշորերը։ Տարբեր կողմեր ենք գնում տկլոր, ամեն մեկս իր տեղը պառկում։

Պառկում եմ ամոթի տեղս ձեռքերով ծածկելով, իսկ ինձ արդեն սկսել է դողոցը բռնել, արդեն սարերի ետևում չէ ոսկե ուրախությունը։ Բատյան ինչպես միշտ սկսողն է։ Մերկանալով վերցնում է ձկնիկներով գունդը, մոտենում․․․ իհարկե ինձ։ Ես եմ այսօր նրանց ճարել․․․ Ուրեմն՝ յոթից առաջինն եմ։ Եվ առաջին ձկնիկը իմն է։ Մեկնում եմ ձախ ձեռքս Բատյային, բացում֊փակում եմ բռունցքս, աջ ձեռքիս մատները սեղմելով արմունկիս։ Խոնարհվում է Բատյան ձեռքիս վրա, ինչպես Սավաօֆ։[20] Եվ մոտեցնում է գունդը իմ ուռած երակին։ Տեսնում եմ, կանգ առան ձկնիկները, օրորվեցին իրենց ակվարիումում։ Եվ նրանցից մեկը նետվեց գնդով սեղմված երակի կողմը։ Շարժեց փոքրիկ պոչիկը և անցք բացելով տեղի տվող ապակու մեջ ամուր կպավ երակիս։ Այո՛։ Փա՛ռք քեզ, Ոսկե ձկնիկ։

Բատյան անցնում է Երոխային։ Նա արդեն ցնցվում է, ատամները կրճտացնում, սեղմում բռունցքը, ամուր երակը լցնելով։ Խոնարհվում է նրա վրա մերկ հետույքով Բատյա֊Սավաօֆը․․․

Բայց նրանց չէ որ ուղղվում են իմ աչքերը։ Ձախ ձեռքիս երակն եմ տեսնում ես։ Հստակ եմ տեսնում։ Եվ արմունկիս գունատ ծալքում, հենց երակիս մեջտեղում ցցվում֊երևում է փոքրիկ, միլիմետրանոց ոսկե ստերլյադկայի պոչիկը։

Ոսկե ձկնիկի մուտքը արյան հունը, օ՜, աստվածային վայրկյաններ են։ Համեմատելի չեն երկրային և ոչ մի բանի հետ և նման են մեր նախահայր Ադամի հաճույքին դրախտում, երբ ուտում էր չտեսնված մրգեր, որոնք միայն նրա համար էր ստեղծել սպիտակամորուս Սավաօֆը։

Ոսկե ձկնիկը շարժեց պոչիկը և անհետացավ իմ մեջ։ Եվ լողաց արյանս հունով։ Իսկ փոքրիկ անցքից արյան բարալիկ շատրվան ցայտեց։ Սեղմում եմ երակս, ետ գցում գլուխս փափուկ հենարանին, փակում աչքերս։ Զգում եմ, ինչպես է լողում իմ մեջ ոսկե ստերլյադկան, շարժվում երակովս դեպի վեր, կարծես մայր Վոլգայով գարնանը ձկնկիթ դնելու։ Վերև, վերև, վերև։ Գիտի ուր է պետք ձգտել ոսկե ձկնիկը ― դեպի իմ ուղեղը։ Նա անշարժացավ մեծագույն սպասումով․ այստեղ կթողնի իր ձկնկիթը կախարդուհի֊ստերլյադկան։ Օ՜, լողա, լողա, ոսկե ձուկ, առաջ գնա առանց խոչընդոտների, բաց թող քո ոսկե ձկնկիթը իմ հոգնած ուղեղում, և թող դուրս գան նրանցից Աշխարհներ մեծ, Չքնաղ, Ցնցող։ Եվ ուղեղս իմ, կարթնանա քնից։

Բարձրաձայն հաշվում եմ չորացած շրթունքներով։

Մեկ։

Երկու։

Երեք․․․


Օհ, ինչպես էին բացվում աչքերս,
Դեղին աչքերս,
Գլխիս վրայի դեղին աչքերս,
Գլխիս վրա, գլխիս հզոր․
Իսկ գլուխս նստած է
Ուժեղ, երկար վզիս վրա,
Երկա՜ր֊երկար ու ոլորուն,
Թեփուկներով պատված․
Գլխիս կողքին՝ էլի վեց այդպիսի
Գլուխ են ծածանվում,
Ծածանվում, ոլորվում,
Դեղին աչքով իրար անում։

Աչքով են անում, իրար հետ կռվում,
Իրար հրում ու հայհոյում,
Կարմիր ռեխերը բացում֊փակում,
Կարմիր ու հիասքանչ,
Վարդագույն լնդերով, սուր ատամներով։
Ռեխերից ծուխ է թափվում,
Խեղդող ծուխ ու կրակ,
Ոռնոց ու գռմռոց։

Ամեն մի գլուխ իր անունն ունի,
Իրեն տված անունն․
Առաջին գլխի անունն է՝ Բատյա,
Մյուսին կանչում են Կոմյագա,
Դե իսկ երրորդին՝ Շելետ,
Իսկ չորրորդին՝ Սամոսյա,
Հինգերորդի անունը՝ Երոխա,
Վեցերորդ գլխինը Թաց,
Իսկ յոթերորդինը՝ Պրավդա։
Միասին՝ յոթգլխանիներիս անունն է ՝
Զմեյ Գորինիչ, կրակ թափող,
Ամեն ինչ ոչնչացնող դրակոն։

Նստած են այդ յոթ գլուխը,
Լայն, հաստակող ու ցածր,
Ցածր ու ծանր մարմնի վրա,
Ծանր ու ոլորուն պոչով։
Շարժվում է այդ մարմինը,
Երկու հզոր ու հաստ,
Հաստից էլ հաստ, երկու ոտքերով,
Գետնից բռնված սուր չանգերով։

Ցածր մարմի կողքերից,
Երկու թև են ցցված,
Թաղանթավոր, ջլուտ,
Ամուր թափահարում,
Օդը կտրելով վեր են բարձրանում։
Հարազատ հողից պոկվում։
Երկրի վրա ենք բարձրանում,
Ռուսական երկրի,
Թռչում կապույտ երկնքով,
Ուր որ ուզենանք։

Եվ հարցնում է յոթերորդ գլուխը․
― Ո՞ւր ենք մենք թչում, ո՞ւր ենք ճամփա բռնել,
Եվ հարցնում է վեցերորդ գլուխը․
― Ո՞ր կողմն ենք այսօր գնում։
Եվ հարցնում է հինգերորդ գլուխը․
― Հեռո՞ւ ենք գնալու երկնքով․
Եվ հարցնում է չորրորդ գլուխը․
― Ո՞ւր շրջենք ավյունով լի թևերս։
Եվ հարցնում է երրորդ գլուխը․
― Ո՞ր քամիներով պոչը թափ տանք։
Եվ հարցնում է երկրորդ գլուխը․
― Ո՞ր հողի վրա աչք դնենք։

Իսկ գլխավոր, առաջին գլուխը,
Ամենագլխավորը՝ պատասխանում է․
― Թռչենք երկնքով,
Երկնքով կապույտ,
Ուղիղ արևելք, հեռավոր երկիր,
Հեռավոր, բայց հարուստ,
Ծովից֊օվկիանոսից այնկողմ փռված,
Փռված ու ծաղկած,
Ոսկի֊արծաթ կուտակած։

Այդ երկրում աշտարակներ են կանգնած,
Աշտարակներ բարձր,
Բարձր ու սրածայր,
Երկնքին հենվելով․
Ապրում են այնտեղ լկտի մարդիկ,
Լկտի ու անազնիվ,
Աստծու վախ չունեցող։
Անաստված այդ մարդիկ
Մեղքի մեջ են ապրում, հաճույք ստանում,
Ամեն սրբություն ձեռք առնում,
Սատանայական գործերով զբաղվում։
Բոլորը թքում են Սուրբ Ռուսի վրա,
Ուղղափառ, սուրբ Ռուսի վրա,
Բոլորը ծաղրում են ճշմարտությունը,
Բոլորը անպատվում Աստծո անունը։

Ուրեմն թռչենք առանց խոչընդոտ
Անծայրածիր կապույտ երկնքով,
Մոտակա առևտրական երկրներով,
Պուրակներով, խիտ անտառներով,
Դաշտերով ու արոտավայրերով,
Եվրոպական հին քաղաքների միջով,
Հետո սլանանք ծով֊ովկիանոսով
Դեպի հեռուն, դեպի հեռուն,
Դեպի անաստված աշխարհ։

Շրջեցինք թևերը մեր թաղանթավոր,
Պոչով արինք յոթ քամիներին,
Բռնեցինք թևով արագ ութերորդը,
Ութերորդը, որը ուղեկից էր մեզ։
Մենք հարմարվեցինք այդ քամուն,
Այդ քամին լծեցինք ինչպես ձիու,
Նրա վրա, գլորվող քամու վրա,
Հեռավոր ճամբորդության ուղևորվեցինք։

Առաջին տաս օրը թռանք,
Առաջին տաս գիշերը թռանք։
Տաս օր ու գիշեր հարթ ծովի վրա,
Վերևն ու տակը մեծ ու թնդուն ալիքների,
Թուլացան մեր թևերը թաղանթավոր,
Հոգնեցին մեր գլուխները գորինիչի,
Կախվեց հոգնած, հզոր պոչը մեր,
Բացվեցին թաթերի մագիլները մեր։

Տեսանք՝ ծով֊օվկիանոսում,
Երկաթե ոտքերի վրա տներ,
Որոնք քաշում֊ծծում էին մայր հողից
Դարերով հավաքված արյունը խորքից։
Իջանք այդ երկաթե տան վրա,
Պատռեցինք երկաթե տանիքը,
Կերանք տասներկու անպիտաններին,
Ոսկորները ծովը թքեցինք։
Հանգստացանք երեք օր, երեք գիշեր,
Իսկ չորրորդ օրը տունը այրեցինք,
Ու նորից դեպի Արևմուտք շարժվեցինք։

Երկրորդ տասը օրը թռանք,
Երկրորդ տասը գիշերը թռանք։
Տաս օր֊գիշեր հարթ ջրի վրայով։
Թուլացան մեր թևերը թաղանթավոր,
Հոգնեցին գլուխները մեր,
Հոգնեց կախվեց հզոր պոչը մեր։
Բացվեցին թաթերի մագիլները մեր։

Տեսնենք, ծով֊օվկիանոսում,
Մի ահռելի նավ, վեց տախտակամածով։
Արևելք է լողում այդ մեծ նավը,
Անաստված, չարիքաբեր երկրից։
Տանում է ապրանքեր գարշելի,
Տանում մարդկանց անաստված,
Տանում անթույլատրելի գրվածքներ,
Սատանայական ուրախություններ,
Փտած֊կարապ պոռնիկներ։
Քամու նման թռանք այդ նավի վրա,
Յոթ գլխով վառեցինք նրան։
Յոթ գլխով, յոթ բերանով,
Այրեցինք զզվելի անաստվածներին,
Կերանք փտած֊կարապ պոռնիկներին։
Երեք օր ու գիշեր հանգստացանք,
Չորրորդ օրը՝ ճանապարհ ընկանք։

Թռանք երրորդ տասն օրը,
Թռանք երրորդ տասը գիշերը։
Տեսանք այն անաստված երկիրը։
Հարձակվեցինք, հարմարվեցինք,
Սկսեցինք վառել յոթ գլխով,
Յոթ գլխով, յոթ բերանով,
Ուտում֊կծում էինք անաստվածներին։

Կշտանալով նրանց ոսկորները թքեցինք հետո նորից այրել֊վառել սկսեցինք այդ ստոր սրիկաներին սողուններին դուրսընկածներին ամեն սուրբ բան մոռացածներին նրանց պետք է վառել ինչպես ասմոդեի[21] ժառանգների խավարասերների գարշահոտություն տարածող առնետների նման վառել անխնա ամբողջովին այրել դուրս ընկած անիծվածներին մաքուր և ազնիվ կրակով վառել ու վառել և գլխով պատուհանն եմ ջարդում պատուհանի ամուր ապակուն խփեցի առաջին անգամ կանգուն մնաց խփեցի երկրորդ անգամ ճաքեց խփեցի երրորդ անգամ ջարդվեց խցկում եմ գլուխս կիսամութ բնակարանը թաքնվել են սողունները աստծո պատժից բայց մթնում տեսնում են դեղին աչքերս սևեռուն լավ են տեսնում գտնում են առաջին օձին քառասուներկու տարեկան տղամարդը մտել է հագուստի պահարանը վառում եմ պահարանը լայն շիթով նայում եմ ինչպես է վառվում բայց նստած է ներսը տեղից չի շարժվում վախենում է իսկ շկաֆը այրվում է ճտճտում է փայտը բայց նստած է և ես սպասում եմ չի դիմանում բացում է դուռը բղավոցով և ես նրա բերանն եմ թողում կրակի նեղ շիթը իմ հավատարիմ կրակե շամփուրը և կուլ է տալիս նա իմ կրակը և ընկնում նորից եմ ման գալիս երկու վեցից֊յոթ տարեկան աղջիկ լայն մահճակալի տակ են մտել ողողում եմ լայն շիթով վառվում է մահճակալը վառվում է բարձը վերմակը չեն դիմանում դուրս են պրծնում վազում դեպի դուռը նրանց ետևից թողնում եմ հովհարի նման լայն շիթը բռնկվում են հասնում դռանը այրվելով շարունակում եմ փնտրել ամենաքաղցրը գտնում մոտ երեսուն տարեկան վախկոտ շեկ կնոջը խցկվել է լվացքի մեքենայի ու պատի արանքը նստած է միայն շապիկով տկլոր ծնկները վախից չռած ու քարացած նայում է կլոր աչքերով ինձ իսկ ես առանց շտապելու նրա քնատ հոտն եմ քաշում ավելի ու ավելի մոտենում քնքշորեն նայում քթով ծնկներին դիպչում կամացուկ բացում փակում իսկ հետո բաց թողնում իմ շամփուրը կրակի ամենանեղ շիթով նրա մեջ և լցնում կրակով գոռում է նա անմարդկային ձայնով իսկ ես նրան այդ կրակե շամփուրով յետյետ․․․․


Արթնացումը․․․

Նման է մեռյալներից հարություն առնելուն։ Կարծես վաղուց մահացած ու թաղված հին մարմնիդ մեջ ես վերադառնում։ Օ՜հ, այնպես չես ուզում։

Բարձրացնում եմ կապարե կոպերս, տեսում ինձ տկլոր պառկած թախտի վրա։ Շարժվում եմ, հազում, նստում։ Շոգում եմ։ Վերցնում եմ սառը «Եսենին» կեչիի հյութը։ Կոլյանան է պահել, չի մոռացել։ Կլկլում է հյութը չոր կոկորդումս։ Մյուսներն էլ են շարժվում, հազում։ Լավ էր։ Ձկներով՝ միշտ էլ լավ է։ Երբեք հոտած ջարդոց ու սև հորձանուտ չի լինում։ Դա ինչ֊որ գերասիմ չէ։

Արթնանալով մերոնք հազում են։ Բատյան ագահորեն հյութ է խմում։ Նրա գունատ դեմքը քրտնած է։ Ձկնինկներից հետո ծարավը հագեցնելը՝ առաջին գործն է։ Երկրորդը՝ բխկալը։ Իսկ երրորդը՝ պատմելը, թե ով ինչ էր անում։ Խմում ենք, բխկում։

Կիսվում ենք ապրումներով։ Մենք Գորինիչ ենք դառնում արդեն ութերորդ անգամ։ Ձկնիկները՝ կոլեկտիվ գործ են, միայնակ օգտագործել նրանց՝ հիմար լինել։

Ինչպես միշտ, Բատյան այնքան էլ գոհ չէ․

― Ինչո՞ւ եք ինձ միշտ շտապեցնում։ Կամ վառել է պետք կամ խժռել․․․ Իրարանցման մեջ եք ընկնում՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ։ Ավելի հանգիստ, հերթով է պետք գործել։

― Դա Շելետն է միշտ շտապում, ― հազում է Երոխան։ Ամեն ինչ ուզում ես հասցնել, եղբայր։

― Դե, լա՜վ է, ― ձգվում է Շելետը։ ― Չէ՞ որ լավ էր, ճիշտ չէ՞։ Նավը դուրս եկավ․․․ ինչպես էին իլյումինատորներից դուրս գալիս, թռչում։

― Լա՜վ էր։ Իսկ ինձ ավելի շատ քաղաքում դուր եկավ․ հենց բաց էինք թողնում հովհարի նման յոթ շիթը, նրանք իրենց բարձրահարկերում ճղղոց էին գցում․․․ հոյակապ էր ― համաձայնեց Թացը։ ― Իսկ Կոմյագան շատ հնարամիտն է, չէ՞։ Ոնց նրան․․․ Այդ ամերիկուհու հետույքից նույնիսկ ծուխ դուրս եկավ։

― Կոմյագան հնարամիտն է։ Ես նրա էս ու էնը, համալսարաններում է սովորել, ― քմծիծաղում է Պրավդան։

Բատյան խփեց նրա շրթունքներին, հայհոյանքի համար։

― Ներիր, սատանան խառնեց, ― ծռվում է Պրավդան։

― Ընդհանուր առմամբ լավ էր, ― եզրափակում է Բատյան։ ― Լավ ձկնիկներ էին։

― Լավն էին, ― համաձայնվում ենք։ Հագնվում։

Ինչով են ոսկե ստերլյադկաները լավ՝ նրանցից հետո ուժդ ոչ թե պակասում է, այլ ընդհակառակը՝ ավելանում։ Կարծես առողջարանում ես եղել մեր արևային Ղրիմում։ Կարծես հիմա սեպտեմբերի վերջն է, ու դու արդեն երեք շաբաթ Կոկտեբեյլում ոսկե ավազի վրա ես թավալվել, թաթարների ոլորուն մասաժի տակ մարմնիդ տաբեր մասերը դնելով։ Եվ ահա հիմա, վերադարձել ես Սպիտակաքարը, վայրեջք կատարել Վնուկովոյում, արծաթե ինքնաթիռից իջել, ամբողջ կրծքով մերձմոսկովյան օդը ներշնչել, պահել մեջդ՝ և միանգամից այնպես լավ զգացել, այնպես ճշմարիտ, ամբողջական է հոգիդ, այնքան հանգիստ֊անհանգիստ, այնպես պատասխանատու, և հասկանում ես, որ կյանքը ստացվել է, և ուժդ տեղն է, և մեծ գործի հետ ես առնչվում, և սպասում են քեզ օգնականներդ, խիզախ տղաները, և աշխատանքն անպակաս է, և թշնամիները քիչ չեն, և Տերը մեր ողջ֊առողջ է, իսկ ամենակարևորը՝ Ռուսաստանն է կենդանի, առողջ, հարուստ, անծայրածիր, միասնական և ոչ մի տեղ նա, մեր մայրը, այս երեք շաբաթվա ընթացքում չի շարժվել իր տեղից, ընդհակառակը՝ հարյուրամյա իր արմատներով ավելի ամուր է կառչել հողից։

Ճիշտ է Բատյան․ ձկնիկներից հետո ապրել ու աշխատել ես ուզում, իսկ գերասիմից հետո՝ վազել նոր դոզայի ետևից։

Նայում եմ ժամացույցին, միայն քառասուներեք րոպե էի ես գորինիչ, իսկ ներսումս այնպիսի զգացում է, կարծես մի ամբողջ կյանք եմ ապրել։ Եվ այդ կյանքը ինձ նոր ուժեր տվեց հակառակորդների ու խռովարարների դեմ։ Ես շատ հարցեր ունեմ ձկնիկների մասին։ Եթե նրանք, մեզ, օպրիչնիկներիս համար այդքան օգտակար են, ինչո՞ւ չօրինականացնել նրանց, թեկուզև մեզ, օպրիչնիկներիս համար։ Մի անգամ չէ, որ Բատյան այդ միտքը Տիրոջն է հասցրել, բայց նա անհողդողդ է․ օրենքը նույնն է բոլորի համար։

Դուրս ենք գալիս բաղնիքից առույգ, կարծես երիտասարդացած։ Ամենքս էլ մի կես ռուբլի ենք խցկում Կոլյախային։ Գոհ Կոլյախան, խոնարհվում է։

Փողոցում ցուրտ է, արևն արդեն գլորվել֊թաքնվել է ամպերի ետևում։ Ժամանակն է վերադառնալ գործերին։ Ինձ մոտ հիմա՝ ընկնող աստղերի ժամանակն է։ Անհրաժեշտ գործ է, պետական։

Նստում եմ «մերինս», դուրս գալիս Շաբոլովկա, զանգում․ ամեն ինչ պատրա՞ստ է։ Կարծես՝ այո։ Ուզում եմ սիգարետ վերցնել, ձկնիկներից հետո միշտ ծխել ես ուզում։ Իսկ սիգարետները վերջացել են։ Կանգնում եմ «Ժողովրդական տաղավարի» մոտ։ Պետրուշկայի[22] նման կարմիր դեմք ունեցող վաճառողը դուրս է նայում։

― Ի՞նչ եք կամենում, պարոն օպրիչնիկ։

― Կամենում եմ սիգարետ։

― Ունենք «Ռոդինա» ֆիլտրով ու առանց ֆիլտր։

― Ֆիլտրով։ Երեք տուփ։

― Խնդրեմ։ Ծխեք։ Առողջություն ձեզ։

Երևում է, տղան հումորի զգացում ունի։ Հանելով թղթապանակս, ուսումնասիրում եմ ցուցափեղկը։ Մթերքների սովորական տեսականի․ սիգարետներ «Ռոդինա» և պապիրոսներ «Ռոսիա», օղիներ՝ «Ռժանայա» և «Պշենիչնայա», սև ու սպիտակ հաց, կոնֆետներ՝ «Միշկա կոսոլապի» և «Միշկա նա Սևերե», խնձորի և սալորի պովիդլո, կարագ ու բուսական յուղ, ոսկրոտ և փափուկ միս, բնական և խտացրած կաթ, հավի և լորու ձու, եփած և ապխտած երշիկ, բալի ու տանձի կոմպոտ, և վերջապես՝ «Ռուսական» պանիր։

Լավն էր Տիրոջ հոր՝ հանգուցյալ Նիկոլայ Պլատոնովիչի միտքը, բոլոր օտար սուպերմարկետները ոչնչացացնելու մասին և նրանց փոխարինումը ռուսական կրպակներով։ Եվ որ ամեն կրպակում միայն երկու բան լինի ժողովրդի ընտրության համար։ Խելացի է այդ և խորը։ Որովհետև մեր աստվածային ժողովուրդը, պետք է ընտրի երկուսից, այլ ոչ թե երեքից և երեսուներեքից։ Երկուսից ընտրելով, ժողովուրդը հոգու հանգստություն է ստանում, վստահություն վաղվա օրվա հանդեպ, խուսափում ավելորդ իրարանցումից, հետևաբար՝ բավարարվում։ Իսկ այդպիսի, բավարարված ժողովրդի հետ, մեծագույն գործեր կարելի է անել։

Ամեն ինչ լավ է կրպակում, միայն մի բան խելքս չի կտրում, թե ինչու են բոլոր մթերքները զույգ֊զույգ, ինչպես Նոյան Տապանում, իսկ պանիրը մեկն է, «Ռուսականը»։ Տրամաբանությունն այստեղ անզոր է։ Դե, դա մեր խելքի բանը չէ, այլ Տիրոջ։ Նրան Կրեմլից ավելի լավ է երևում, ավելի տեսանելի է։ Այդ մենք ենք այստեղ սողում, ինչպես ոջիլներ, իրար անցնում, չիմանալով ճիշտ ճանապարհը։ Իսկ Տերը ամեն ինչ տեսնում է ու լսում։ Եվ որոշում՝ ում և ինչ է պետք։

Ծխում եմ։

Ինձ է մոտենում թափառական վաճառականը՝ կոկիկ մորուքով, կաֆտանով, գեղեցիկ շարժուձևով։ Նրա ապրանքը կախված է կրծքի վրա, գրքեր են, պարզ բան է։

― Հաճո չէ՞ արդյոք, պարոն օպրիչնիկին ձեռք բերել ռուսական գրականության նորույթները։

Բացում է իմ առջև իր եռափեղկ սեղանիկը։ Գրքի սեղանիկներն էլ են ստանդարտ, հավանություն ստացած Տիրոջ կողմից և հաստատված Գրական Պալատում։ Մեր ժողովուրդը գիրքը հարգում է։ Ձախ փեղկում՝ ուղղափառ գրականություն է, աջում՝ դասական ռուսական գրքեր, իսկ մեջտեղում՝ ժամանակակից գրողների նոր գրքեր։ Սկզբում նայում եմ հայրենական գրականության նորույթները․ Իվան Կորոբով «Սպիտակ կեչի», Նիկոլայ Վորոպաևսկի՝ «Մեր հայրերը», Իսսակ Էպշտեյն՝ «Տունդրայի նվաճումը», Ռաշիդ Զամետդինով՝ «Ռուսաստան ― հայրենիք իմ», Պավել Օլեգով՝ «Նիժեգորոդյան տասներորդներ», Սավվատիյ Շարկունով՝ «Արևմտյան պատի օրերը», Իրաիդա Դենյուժկինա՝ «Ընկեր իմ սրտակեզ», Օկսանա Պոդրոբսկայա՝ «Նոր չինացիների երեխաների սովորությունները»։ Ես գիտեմ այդ բոլոր հեղինակներին։ Հայտնի են նրանք, վաստակավոր։ Շոյված են ժողովրդի ու տիրոջ սիրով։ ― Այսպես․․․ իսկ սա ի՞նչ է, ― անկյունում նկատում եմ Միխաիլ Շվելլերի ատաղձագործության դասագիրքը եկեղեցական֊ծխական դպրոցների համար։

Իսկ նրա տակ՝ նույն հեղինակի փականագործության դասագիրքը։

― Այստեղ, հարևանությամբ, պարոն օպրիչնիկ, երկու դպրոց կա։ Ծնողները գնում են։

― Պարզ է։ Իսկ երիտասարդների արձա՞կ։

― Երիտասարդ գրողների նոր գրքերը, ինչպես միշտ, սպասում ենք գարնանը՝ Զատկի գրքերի տոնավաճառում։

Հասկանալի է։ Աչքերս ուղղում եմ ռուսական պոեզիային․ Պանֆուտի Սիբիրյան՝ «Հարազատ տարածքներ», Իվան Մամոնտ֊Բելի՝ «Խնձորի օրհնումը»,[23] Անտոնինա Իվանովա՝ «Ռուսաստանի հավատարիմ որդիները», Պետր Իվանով՝ «Հյութալի մարգագետինը», Իսայ Բերնշտեյն՝ «Շնորհակալ եմ ամեն ինչի համար», Իվան Պետրովսկի «Թող ապրի կենդանին», Սալման Բասաև՝ «Չեչենական սարերի երգը», Վլադիսլավ Սիրկով՝ «Տիրոջ մանկությունը։ Վերցնում եմ վերջին գիրքը, բացում, պոեմ է կայսրի մանկության մասին։ Պատանեկության ու հասունության մասին պոետ Սիրկովն արդեն վաղուց է գրել։ Նրփագեղ հրատարակված գիրք է ― կազմը թանկ, հորթի կաշվից, ոսկե, դրոշմված տառերով, վարդագույն եզրերով, թուղթը սպիտակ, ամուր, էջանիշը՝ կապույտ մետաքսից։ Վերնագրին նախորդող թերթի վրա ― պոետ Սիրկովի շարժվող դիմանկարն է․ մռայլ է, ալեհեր, կուզիկ։ Կանգնած է ծովի ափին, նայում է հորիզոնին, իսկ ոտքերի մոտ՝ քարին են խփում ու խփում ծովի ալիքները։ Ինչ֊որ բանով բուի է նման։ Երևում է, շատ ինքամփոփ է։

― Շատ ոգեշնչող պոեմ է, պարոն օպրիչնիկ ― ասում է վաճառողը։ Տիրոջ կերպարը այնքան արտահայտիչ է, լեզուն կենդանի։

Կարդում եմ․

Արագաշարժ, ուրախ, ինչպես էիր վազում,
Անատառներն ու դաշտերը ինչպես անհանգստացնում,
Ռուբլյովկայում ինչպես էիր դպրոց գնում,
«Օ՜, հարազատ հող» ինչպես էիր շշնջում։
Ինչպես էիր ազնիվ ու տոկուն լինել աշխատում
Թռչուններից ազատություն սովորում,
Ինչ արագ էիր պատասխաններում,
Աղջիկների մազերն էիր քաշում,
Սպորտային էիր մեծանում,
Ամեն ինչ շուտ իմանալ ցանկանում,
Քո հանգիստ մորը սիրում,
Հորդ ճամփա դնում,
Շների հետ մարգագետնում վազում,
Առաջին անգամ բույսեր հավաքում,
Ինչպես էիր ձմեռը սպիտակ բուքը լսում։
Գարնանը նավի ղեկը վերցնում,
Օդային օձեր պատրաստում,
Ուղղաթիռ վարել սովորում,
Հնազանդ Աբրեկի վրա սլանում,
Հորդ հետ ինքնաթիռ բարձրացնում,
Չինական լեզուն սովորում։


Դե ինչ, վատ չէ։ Ինչպես միշտ Սիրկովի մոտ, չափից ավելի էմոցիոնալ է, բայց մյուս կողմից՝ շատ ցայտուն։ Ճիշտ է ասում վաճառողը, պետք է գնել գրքույկը․ սկզբից ինքս կկարդամ, հետո կնվիրեմ Պոսոխային, որպեսզի այն անառակ «Նվիրական հեքիաթների» փոխարեն այս պոեմը կարդա։ Միգուցե հիմարը խելքի գա։

Ի՞նչ արժե, ― հարցնում եմ։

― Բոլորի համար՝ երեք ռուբլի, բայց պարոն օպրիչնիկին երկուս ու կեսով կտամ։

Էժան չի։ Բայց Տիրոջ մասին պատմող գրքի համար խնայելը մեղք է։ Մեկնում եմ փողը։ Վաճառողը ընդունում է խոնարհումով։ Դնելով գիրքը գրպանս, նստում եմ «մերինս»։

Եվ սեղմում գազի ոտնակը։


«Աստղեր հանգցնելը ― ջրի մեջ մեղր լուծել չէ», ― սիրում է ասել Բատյան։ Եվ իսկապես ― կարևոր գործ է դա, պետական։ Բայց փորձ է պետք ունենալ, հատուկ վերաբերմունք։ Մի խոսքով, խելացի գործ է։ Եվ խելացի կատարողներ է պահանջում։ Ամեն անգամ պետք է ինչ֊որ գյուտ անել ― ինչ֊որ բան հնարել։ Դա համայնքի տները վառել չէ․․․ Ուրեմն նորից կենտրոն եմ գնում։ Նորից մարդաշատ Յակիմանկա, նորից կարմիր գծով։ Մտնում եմ Քարե կամուրջ։ Արևը դուրս եկավ ձմեռվա ամպերի ետևից, լուսավորեց Կրեմլը։ Եվ փայլեց այն։ Լավ է, արդեն տասներկու տարի է ինչ սպիտակաքար է դարձել։ Եվ սատանայական հնգանկյունների փոխարեն Մոսկովյան Կրեմլի աշտարակներին փայլում են պետության ոսկեփայլ երկգլխանի արծիվները։

Հիանալի է Կրեմլը պարզ եղանակին։ Փայլ է տարածում։ Ռուսական Իշխանության Պալատը կուրացնում է, հոգիդ զմայլում։ Ռաֆինադի նման սպիտակ են պատերը, ոսկեփայլ գմփեթները, աղեղի պես վերև է ձգվում Իոհան Լեստվիչնիկի զանգակատունը, խիստ պահակների նման կանգնած են երկնագույն եղևնիները, ազատ և հպարտ ծածանվում է Ռուսաստանի դրոշը։ Այստեղ, սպիտակաքար, կուրացնող, ատամնավոր պատերի ետևում ― Ռուսական հողի սիրտն է, մեր պետության գահը, կենտրոնացած է ողջ մայր֊Ռուսաստանի ներվը։ Ձյունափայլ Կրեմլի, պետական արծիվների, դրոշի, Արխանգելսկի տաճարում իրենց հանգիստը գտած ռուսաստանի կառավարիչների մասունքների, Րյուրիկի սրի, Մոնոմախի գլխարկի, Ցար֊պուշկայի, Ցար֊Կոլոկոլի , քարով պատված Կարմիր հրապարակի, Ուսպենյան տաճարի, կրեմլյան աշտարակների համար ափսոս չէ նույնիսկ կյանքդ տալ։ Իսկ մեր Տիրոջ համար ― մյուս կյանքն էլ ափսոս չէ։

Աչքերս արցունքոտվեցին․․․

Շրջվում եմ դեպի Վոզդվիժենկա։ Ինձ սթափեցնում են մոբիլայիս մտրակի երեք հարվածը․ հազարականը «Քաջ կտրիչներ» ջոկատից հայտնում է, որ իրենց մոտ ամեն ինչ պատրաստ է «հանգցնելու» համար։ Բայց ուզում է մանրամասները ճշտել, պարզել, խելք խելքի տալ, մի անգամ էլ մտածել։ Պարզ է, ուրեմն վստահ չէ։ Դրա համար էլ ես քեզ մոտ եմ գալիս, հիմարի գլուխ։ Այդ ջոկատում գլխավորը երիտասարդ կոմս Ուխովն է Ներքին Շրջանից, և ղեկավարվում է անձամբ Տիրոջ կողմից։

Այդ ջոկատի լրիվ անվանում է․ «Բարության կտրիչների միություն»։ Այդ տղաները երիտասարդ են, տաքարյուն, ազնիվ, բայց նրանց օգնել է պետք։ Հենց սկզբից էլ նրանց մոտ մի բան այն չէր ― բախտները չէր բերում խելացիների վրա, թեկուզ պայթիր։ Ամեն տարի Տերը փոխում է հազարականին, բայց օգուտը քիչ է։ Ուղղակի խորհրդավոր է․․․ Մենք, օպրիչնիկներս, նրանց բարեաղոթողներ ենք անվանում։ Ամեն ինչ չէ, որ նրանց մոտ ստացվում է, ամեն ինչ չէ․․․ Բայց դե ոչինչ, կօգնենք։ Առաջին անգամ չէ, կկիսվենք փորձով։

Մոտենում եմ իրենց ղեկավարության շքեղ շենքին։ Խելք չունեն, իսկ փող այնքան, որ թեկուզ հետույքով կեր։ Հանկարծ՝ հնչում է մոբիլայիս կարմիր զանգը։ Ուրեմն կարևոր գործ է․ Բատյան հարցնում է․

― Որտե՞ղ ես, Կոմյագա։

― «Բարեաղոթողների» մոտ, Բատյա։

― Գրողի ծոցը նրանց, թռիր Օրենբուրգ․ Այնտեղ մերոնք կպել են մաքսայիններին։

― Բայց դա ձախ թևի գործն է, Բատյա, ես արդեն այդ գործում չեմ։

― Չապիժը մորն է թաղում, Գորշը՝ Մոմի հետ Կրեմլում, կոմս Սավելևի մոտ խորհրդակցության է, իսկ Սամոսյա֊հիմարը Օստոժենկայում խփել է ինչ֊որ մեկի մեքենային Հրաձիգների Հրամանից։

Այ քեզ բա՜ն։

― Իսկ Բալդոխա՞յը։

― Գործուղման մեջ է, Ամստերդամում։ Այնպես որ, Կոմյագա, շտապիր, քանի մեզ չեն գցել։ Չէ՞ որ դու աշխատել ես մաքսատանը, ծանոթ ես նրանց խոհանոցին։ Հարյուր հազարի այն կտորը, լուրջ բան է։ Եթե չստացվի՝ չենք ների մեզ։ Վերջերս մաքսայինները շատ են լկտիացել։ Պարզիր ինչումն է բանը։

― Խոսք և Գործ, Բատյա։

Այո։ Օրենբուրգ։ Դա նշանակում է՝ ճանապարհ։ Իսկ Ճանապարհի հետ չեն կատակում։ Պետք է պայքարել նույնիսկ արյան գնով։ Զանգում եմ «բարեաղոթողներին», ասում, որ երեկոյան կլինեմ։

― Ոռնոցին կգամ։

Դուրս եմ գալիս բուլվարներ, հետո նորից Քարե կամրջով մտնում ստորգետնյա Կալուժսկի 2-ը։ Այն լայն է, հարթ։ Արագությունս ժամում 250 վերստ է։[24] Եվ տասնութ րոպեից հետո արդեն մոտենում եմ Վնուկովո օդանավակայանին։ Թողնում եմ «մերինս» պետական կանգառում, մտնում դահլիճ։ Ինձ դիմավորում է կապույտ համազգեստով ու աքսելբանտերով,[25] սպիտակ կաշվե բոտֆորտներով[26] ու ձեռնոցներով «Աէրոֆլոտի» աղջիկը, որը հրավիրում է ինձ անվտանգության միջանցք։ Ձեռքս դնում եմ ապակե քառանկյանը։ Օդում հոտավետ ձյութի նման կախվում է իմ ողջ կյանքը․ ծննդյանս տարեթիվը, հասցեն, հասարակական դիրքը, գրանցումս, սովորություններս, մարմնահոգեկան առանձնահատկություններս ― խալերը, հիվանդություններս, հոգեկան վիճակս, բնավորությանս առանձնահատկությունները, նախապատվություններս, բացասական կողմերս, մարմնիս և օրգաններիս մեծությունը։ Զննում է աղջիկը մարմինս ու հոգիս, տարբերակում, համեմատում։ «Թափանցիկություն ամեն ինչում», ― ինչպես ասում է մեր Տերը։ Եվ փառք աստծու․ մենք մեր հայրենիքում ենք, ինչու ամաչենք։

― Ո՞ւր եք թռչում, պարոն օպրիչնիկ, ― հարցնում է աշխատակցուհին։

― Օրենբուրգ, ― պատասխանում եմ։ ― Առաջին կարգի տոմսով։

― Ձեր ինքնաթիռը քսան րոպեից կթռչի։ Տոմսի գինն է՝ տասներկու ռուբլի։ Թռիչքի տևողությունը՝ հիսուն րոպե։ Ինչպե՞ս եք գերադասում վճարել։

― Կանխիկ։

Հիմա մենք ամենուր միայն իսկական մետաղադրամով ենք վճարում։

― Ինչպիսի՞։

Երկրորդ դրոշմի։

― Հոյակապ է, ― նա ձևակերպում է տոմսը, լույս արձակող ձեռնոցներ հագած ձեռքերով հարելով օդը։

Մեկնում եմ փողը։ Տիրոջ ազնիվ կիսադեմով ոսկե տասանոցը և երկու արծաթյա ռուբլի։ Նրանք անհետանում են անթափանց պատի մեջ։

― Գնանք, խնդրեմ, ― թեթև խոնարհումով նա հրավիրում է ինձ առաջին կարգի ուղևորների սպասասրահ։

Անցնում եմ։ Սպիտակ փափախով, կազակի համազգեստով մարդը ցածր խոնարհվելով ընդունում է իմ վերնազգեստը։ Տալիս եմ նրան սև կաֆտանս ու գլխարկս։ Առաջին կարգի ուղևորների սպասասրահում մարդ քիչ կա․ հարուստ հագնված ղազախների երկու ընտանիք, չորս սուսիկ եվրոպացիներ, ծերուկ չինացին տղայի հետ, մի ազնվական իր երեք ծառայի հետ, միայնակ տիկին և երկու բարձրաձայն խոսող, հարբած վաճառական։ Եվ բոլորը, բացի տիկնոջից ու չինացիներից ինչ֊որ բան են ուտում։ Գիտեմ, որ պանդոկը լավն է, մի անգամ չէ որ այստեղ կերել եմ։ Իսկ ոսկե ստերլյադկաներից հետո միշտ ուտել ես ուզում։ Նստում եմ սեղանի մոտ։ Միանգամից հայտնվում է թափանցիկ ծառան, որը կարծես իջել է Գոգոլի անմահ էջերից՝ թմփլիկ, կարմիր շրթունքներով, խուճուճ մազերով, ժպտադեմ․

― Ի՞նչ եք կամենում։

― Կամենում եմ, եղբայր, մի թեթև խմել և ուտել։

Ոսկյա և արծաթե փոշով տարեկանի օղի, շանխայան թառափի խավիար, տանյուանսկի բալիկ, աղ դրված և թթվասերով սունկ, տավարի դոնդող, մերձմոսկովյան թառ, գուանդոնյան խոզապուխտ։

― Տվեք ինձ արծաթով օղի, թթվասերով սունկ և դոնդող։

Ստերլեդի ապուր, մոսկովյան բորշ, շաղգամով բադ, լապշայով ճագար, տապակած տավարի միս կարտոֆիլով։

― Ձկան ապուր։ Եվ մի բաժակ քաղցր կվաս։

― Շնորհակալ եմ։

Թափանցիկը անհետանում է։ Նրա հետ ինչի մասին ուզես կարելի էր խոսել, թեկուզ Սատուրնի արբանյակների մասին։ Նրա հիշողությունն անսահման է։ Մի անգամ հարբած ժամանակ, ես հարցրի տեղի թափանցիկին ինքնավերարտադրվող մանրաթելի բանաձևը։ Ասեց։ Իսկ հետո մանրամասն պատմեց պատրաստման տեխնոլոգիան։ Մեր Բատյան, երբ խմած է լինում, սիրում է թափանցիկներին միայն մեկ հարց տալ․ «Ինչքա՞ն ժամանակ է մնացել մինչև Արևի պայթյունը»։ Պատասխանում են մինչև մեկ տարի ճշգրտությամբ․․․ Բայց հիմա ժամանակ չունեմ, համ էլ ուտել եմ ուզում։ Պատվերս ակնթարթորեն հայտնվում է սեղանի միջից։ Այդպիսի ընդունող սեղաններ են այստեղ։ Միշտ մի գրաֆին օղի են մատուցում։ Խմում եմ մի գավաթ թույլ աղ դրված թթվասերով սունկի հետ, ավելի լավ նախուտեստ մարդկությունը դեռ չի հնարել։ Նույնիսկ դայակի վարունգը չի համեմատվի սրանց հետ։ Ուտում եմ մի մեծ կտոր դոնդող մանանեխով, միանգամից գլուխս քաշում քաղցր կվասը, անցնում ձկան ապուրին։ Այն պետք է միշտ անշտապ ուտել։ Ուտում եմ, շուրջս նայում։ Վաճառականները վերջացնում են երկրորդ գրաֆինը, խոսում ինչ֊որ «երրորդ աստիճանի վեճի» և «հարյուրաուժ մխիթարիչի» մասին, որոնք ձեռք են բերել Մոսկվայում։ Եվրոպացիները կամացուկ անգլերեն են խոսում։ Ղազախները իրենց լեզվով խոսելով, թխվածք են ուտում ու թեյ խմում։ Չինացին ու տղան իրենց փաթեթից ինչ֊որ բան են ծամում։ Տիկինը ինքնամփոփ ծխում է։ Վերջացնելով ապուրը մի բաժակ սուրճ եմ պահանջում, հանում սիգարետներս, ծխում։ Հայտնվում է Պոտրոխի դեմքը։ Տեղափոխում եմ մոբիլաս գաղտնի խոսակցության։ Պոտրոխան արագ֊արագ ասում է․

― Տասներկու տրեյլեր, «Բարձր նորաձևություն», Շանհայ֊Տիրանա, նրանց արեցին «փոքրիկ տիպ֊տիրիպ», կանգնեցրեցին Դարպասից հետո, կանգառ տարան, իսկ ապահովագրիչները դեմն առան ― իրենց վճարել էին հին հրահանգով, իսկ նոր պայմանագիր նրանք չեն ուզում կնքել, մենք սեղմեցինք Պալատի միջոցով, իսկ ղեկավարը ասում է՝ նրանք վաճառականների հետ իրենց հետաքրքրությունն ունեն, այնտեղ թաց խնդրանք է, մենք նորից մաքսայինների մոտ, իսկ նրանք իրենց մասն ունեն, ավագը փակում է գործը, քարտուղարը նույնպես, կարճ ասած՝ նրանց երկու ժամ հետո բաց կթողնեն։

― Հասկացա, ― մտածմունքի մեջ եմ ընկնում։

Այդպիսի գործերում լավ շախմատիստ է պետք լինել, բոլոր քայլերն հաշվել։ Հեշտ գործ չէ, բայց հասկանալի է։ Հաշվի առնելով, որ Մաքսային Հրամանի քարտուղարը ետ կանգնեց, ուրեմն նրանք ունեն միջանցք, իսկ պայմանագիրը նրանք սահմանակետից անմիջապես հետո նորացրին։ Ուրեմն ղազախների մոտից մաքուր անցան։ Պարզ է, մաքսայինները փակվեցին, որպեսզի Արևմտյան Դարպասների մոտ ժպտան։ Երկրորդ պայմանագիրը նրանք կհանձնեն, սպիտակով կմուծվեն, հետո կպատռեն ապահովագրությունը, իսկ արևմտյան գրագիրները չորս ժամվա մասին ակտ կկազմեն և, «Բարձր նորաձևությամբ» տասներկու տրեյլերները կգնան ալբանական Տիրանա քաղաքը։ Եվ նորից մաքսայինները մեզ կհաղթեն։

Մտածում եմ։ Պոտրոխան սպասում է։

― Ահա թե ինչ, տղա։ Վերցրու սրտայինին, պայմանավորվիր գրագրի հետ սպիտակ խոսակցության մասին, վերցրու հանդիպմանը յուղոտ օգնականին և նրանց կողքը կանգնեցրու քո բժիշկներին։ Փտած պայմանագիրը ձեզ մո՞տ է։

― Իհարկե։ Իսկ հանդիպումը քանիսի՞ն նշանակեմ։

Նայում եմ ժամացույցիս․

― Ժամուկես հետո։

― Հասկացա։

Եվ ասա պաշտոնականին, թե ես ինչ ունեմ։

Պահում եմ մոբիլան։ Հանգցնում սիգարետի մնացորդը։ Արդեն հայտարարել են թռիչքը։ Դնում եմ ձեռքս սեղանին, շնորհակալություն հայտնում թափանցիկին ճաշի համար, անցնում ակացիայի բուրմունք ունեցող նուրբ֊վարդագույն միջանցքով դեպի ինքնաթիռ։ Փոքր է նա, բայց շատ կոկիկ, «Բոինգ֊իցենդի֊797»֊ը։ Բոլոր մակագրությունները չինարեն են, պարզ բան է․ ով այսօր կառուցում է «Բոինգը», նա էլ ամեն ինչ թելադրում է։ Մտնում եմ առաջին կարգի սալոնը, նստում։ Չհաշված ինձ՝ առաջին կարգայինները երեքն են ― ծերունի չինացին տղայի հետ և այն միայնակ տիկինը։ Այստեղ դրված են մեր բոլոր երեք թերթերը․ «Ռուսը», «Կոմմերսանտը» և «Վերածնունդը»։ Ես չգիտեմ նորությունները, բայց թղթից կարդալու հավես չունեմ։

Ինքնաթիռը թռչում է։

Ինձ համար պատվիրում եմ թեյ և հին կինո․ «Զոլավոր ռեյս»։ Երբ ես գործով եմ թռչում, միշտ հին կինո եմ նայում, այդպիսի սովորություն ունեմ։ Չնայած սովետական է, բայց լավն է, ուրախ։ Նայում ես, թե ինչպես էին առյուծներ֊վագրեր նավով տանում, ինչպես են նրանք վանդակից դուրս պրծնում, մարդկանց վախեցնում, և մտածում․ այն ժամանակ էլ էին ռուս մարդիկ ապրում, Կարմիր Շփոթի ժամանակ։ Եվ ասենք, մեզանից շատ չէին տարբերվում։ Միայն թե, համարյա բոլորը անհավատ էին։

Նայում եմ, թե ինչ են ընտրել մյուսները․ չինացիները՝ «Գետախորշերը», պարզ բան է, իսկ տիկինը․․․ օ՜, հետաքրքիր է․․․ «Մեծ Ռուսական Պատը»․․․ Այդ տիկնոջ տեսքից, երբեք չէիր ասի, որ նա այդպիսի ֆիլմեր է սիրում։ Մի տաս տարի առաջ այդ ֆիլմը նկարել է մեր հայտնի ռեժիսյոր Ֆեոդոր Լիսին, Ֆեդյան֊Կերավ֊Արջին մականունով։ Կարևոր ֆիլմ է Վերածնված Ռուսաստանի պատմության մեջ։ Դեսպանական Հրամանի ու Դումայի դավադրության մասին, Արևմտյան Պատի շինարարության, Տիրոջ պայքարի, առաջին օպրիչնիկների, հերոս Վալույի ու Զվերոգայի մասին, որոնք զոհվեցին դավաճան֊նախարարի ամառանոցում։ Այդ գործը ռուսական պատմության մեջ մտավ «Սղոցել և վաճառել» անունով։ Իսկ ինչքան աղմուկ առաջացրեց, ինչքան վեճ, ինչքան հարցեր ու պատասխաններ։ Ինչքան մեքենա ու մռութ ջարդեցին այդ ֆիլմի պատճառով։ Տիրոջը խաղացող դերասանը, դրանից հետո հեռացավ վանք։ Վաղո՜ւց, վաղուց է, ինչ այս ֆիլմը չեմ նայել։ Բայց անգիր հիշում եմ։ Որովհետև, մեզ, օպրիչնիկներիս համար, դասագրքի նման մի բան է։

Տեսնում եմ կապույտ փուչիկի վրա արտաքին գործերի նախարարի և նրա օգնական Դումայի նախագահի դեմքերը։ Նրանք կազմում են ռուսաստանի մասնատման պայմանագիրը նախարարի ամառանոցում։

Դումայի նախագահ․ Դե, իշխանությունը մենք կվերցնենք։ Իսկ Ռուսաստանի հետ ի՞նչ անենք, Սերգեյ Իվանովիչ։

Նախարար։ Սղոցենք և վաճառենք։

Նախագահ․ Ո՞ւմ։

Նախարար․ Արևելքը՝ ճապոնացիներին, Սիբիրը՝ չինացիներին, Կրասնոդարի երկրամասը՝ խոխոլներին, Ալտայը՝ ղազախներին, Պսկովի շրջանը՝ էստոնացիներին, Նովգորոդյան շրջանը՝բելոռուսներին։ Իսկ մեջտեղը՝ մեզ կթողնենք։ Ամեն ինչ պատրաստ է, Բորիս Պետրովիչ։ Մարդուկներն արդեն ոչ միայն ընտրված են, այլև դասավորված։ (Բազմանշանակ դադար, վառվում է մոմը։) Վաղը։ Դե՞։

Նախագահ․ (ետ նայելով)։ Մի տեսակ, վախենալու է, Սերգեյ Իվանովիչ․․․

Նախարար։ (տաք շնչելով գրկում է նախագահին)։ Մի վախեցեք, մի վախեցեք։ Ինձ հետ ես Մոսկվան ղեկավարելու։ Հը՞։ Մոսկվան (կկոցում է գիշատիչ աչքերը)։ Միայն մտածիր, հարազա՛տս։ Ողջ Մոսկվան այստեղ կլինի (ցույց է տալիս թմփլիկ ձեռքը)։ Դե, կստորագրե՞ս։

Եվ միանգամից խոշոր պլանով՝ դումայի նախագահի աչքերը։ Սկզբից վախեցած վազվղում են, ծուղակն ընկած գայլի աչքերի պես, հետո՝ հանկարծ նրանց մեջ չարություն է առաջանում, որը վերածվում է անասելի կատաղության։ Եվ միանգամից ահարկու երաժշտություն է հնչում, ստվեր է իջնում, քամուց պատուհանի վարագույրը շարժվում, մոմը հանգչում, շունը հաչում։ Եվ մթության մեջ նախագահը բռունցքներն է սեղմում, սկզբում վախից դողալով, իսկ հետո՝ չարությունից ու ատելությունից Ռուսական պետության հանդեպ։

Նախագահ․ (ատամները կրճտացնելով)․ Ամեն ինչ կստորագրեմ։

Լավ բեմադրիչ է Լիսի Ֆեդյան։ Իզուր չէ, որ այդ ֆիլմից հետո Տերը նրան նշանակեց Կինոյի Պալատի գլխավոր։ Բայց այս կինը․․․ տեսքից նա հին ազնվականներից է, իսկ նրանց համար այս ֆիլմը՝ ինչպես դանակը ոչխարի համար։ Նայում է ֆիլմը, և կարծես ոչինչ չի տեսնում։ Կարծես փուչիկի միջով է նայում։ Դեմքը սառն է, անտարբեր։ Այնքան էլ սիրուն չէ, բայց ազնվական տեսք ունի։ Երևում է, որ Նովոսլոբոդսկի որբանոցում չի մեծացել։

Չեմ դիմանում․

― Տիկին, ձեզ դո՞ւր է գալիս ֆիլմը։

Շրջում է իմ կողմը խնամված դեմքը․

― Չափազանց, ― պարոն օպրիչնիկ։

Դեմքի ոչ մի մկան չի շարժվում։ Հանգիստ է, ինչպես օձ․

― Դուք հարցնում եք ծառայողական հետաքրքրությո՞ւնից։

― Ոչ։ Ուղղակի ֆիլմում շատ արյուն կա։

― Դուք կարծում եք, որ ռուս կանայք վախենո՞ւմ են արյունից։

― Կանայք, ընդհանրապես վախենում են արյունից։ Իսկ ռուս․․․

― Պարոն օպրիչնիկ, ձեր պատճառով ռուս կանայք վաղուց արդեն սովորել են արյանը։ Մեծ և փոքր։

Ա՛յ քեզ։ Մերկ ձեռքերով նրան չես վերցնի։

― Հնարավոր է, բայց․․․ ինձ թվում է, կան ֆիլմեր, որոնք ավելի հաճելի են կանանց աչքերի համար։ Այս ֆիլմում տառապանքները շատ են։

Ամեն մարդ ունի իր նախընտրությունները, պարոն օպրիչնիկ։ Հիշեք, «Ինձ համար միևնույն է ― տառապել թե հաճույք ստանալ» ռոմանսը։

Մի տեսակ չափից ավելի բարձրաոճ է։

― Ներողություն, բայց ես, հենց այնպես հարցրեցի։

― Ես էլ, հենց այնպես պատասխանեցի, ― նա շրջվում է և նորից սառը հայացքը հառում փուչիկին։

Հետաքրքրությունս շարժվեց։ Լուսանկարում եմ նրան մոբիլայով, ազդանշան տալիս, որ մեր անվտանգության ծառայությունը ստուգի այս կնոջը։ Ակնթարթորեն գալիս է պատասխանը․ Անաստասիա Պետրովնա Շտեյն֊Սոտսկայա, դումայի քարտուղար Սոտսկիի աղջիկը։ Նա այն նույն մարդն է, որը նախագահի հետ կազմում էր «Սղոցել ու վաճառել» չարագույն պլանը։ Այն մարտական տարիներին, ես դեռ օպրիչնինայի անդամ չէի, ես սուսուփուս աշխատում էի մաքսատանը հնաոճ իրերի ու թանկագին մետաղների հետ․․․ Հիմա հասկանում եմ, ինչու է նա նայում այս ֆիլմը։ Սա նրա ընտանիքի պատմությունն է։ Չէ որ քարտուղար Սոտսկիին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ժամանակ գլխատեցին Կարմիր հրապարակում ինը ուրիշ դավադիրների հետ․․․

Իմ փուչիկում՝ վագրեր են, սովետական խոհարարուհիներ, իսկ ես նրանց ուղղակի չեմ տեսնում։ Այստեղ կողքիս՝ Ռուսական պետության զոհն է նստած։ Ինչպե՞ս վարվեցին նրա հետ։ Նույնիսկ ազգանունը չի փոխել, այլ վերցրել է կրկնակին։ Հպարտ է։ Պատվիրում եմ մանրամասն կենսագրությունը։ Երեսուներկու տարեկան է, ամուսնացած է տեքստիլ վաճառող Բորիս Շտեյնի հետ։ Վեց տարի ապրել է աքսորում մոր ու փոքր եղբոր հետ, կրթությամբ իրավաբան է, բնավորության հիմքը՝ «Վազող քույր֊18», ձախլիկ է, կոտրել է անրակը, թույլ թոքեր ունի, վատ ատամներ, երկու անգամ վիժել է, երրորդ անգամ տղա ունեցել, հիմա ապրում է Օրենբուրգում, սիրում է աղեղնաձգությունը, շախմատը, գիթառի նվագակցությամբ ռուսական ռոմանսներ է երգում։

Անջատում եմ վագրերիս, փորձում քնել։

Բայց մտքերս հանգիստ չեն տալիս․ ահա, կողքիս նստած է մի մարդ, որն ընդմիշտ պահպանել է վիրավորանքը։ Եվ ոչ միայն մեզ, օպրիչնինայի վրա, այլ նաև՝ Տիրոջ հանդեպ։ Եվ այս մարդու հետ ոչինչ չես կարող անել։ Բայց չէ՞ որ նա տղա է դաստիարակում, և, երևի, Շտեյնի հետ ընտանեկան ընդունելություններ կազմակերպում, որտեղ Օրենբուրգի մտավորականներն են հավաքվում։ Երգում են ռոմանսներ, բալի մուրաբայով թեյ խմում, իսկ հետո խոսակցություններ են վարում։ Եվ պետք չէ Պրասկովյա պայծառատես լինել, որպեսզի գլխի ընկնես, ինչի մասին և ինչպես են խոսում․․․

Եվ այդպիսի հարյուրավոր մարդիկ կան։ Իսկ երեխաների ու ամուսինների հետ միասին՝ մի քանի հազար։ Իսկ դա արդեն ուժ է, պետք է նրանց հաշվառել։ Պետք է նախօրոք մտածել, հաշվարկել բոլոր քայլերը։ Եվ այն հանգամանքը, որ իրենց տներից վռնդել են, խցկել օրենբուրգ֊կրասնոյարսկներ, դա լուծում ու ելք չէ։ Այ թե ինչ է նշանակում, որ մեր Տերը՝ մարդասեր է։ Եվ փառք Աստծո․․․

Համենայն դեպս հաջողվեց մի փոքր քնել։

Նույնիսկ երազում ինչ֊որ անորոշ բաներ էի տեսնում։ Բայց ոչ սպիտակ նժույգին։ Ինչ֊որ մանր, փխրուն, տխուր բան․․․


Սթափվեցի, երբ արդեն վայրէջքն հայտարարեցին։ Աչքիս ծայրով նայեցի պատմական ֆիլմով փուչիկին․ իսկ այնտեղ արդեն վերջաբանն է, հարցաքննությունը Գաղտնի Հրամանում, անարգանքի սյուն, տաքացրած աքցաններ, չարությունից ծռված նախարարի դեմքը․

― Ատում եմ․․․ ինչպես եմ ձեզ ատում։

Եվ վերջաբանը, վերջին կադրերը․ կանգնած է դեռ երիտասարդ Տերը, արևով լուսավորված հարազատ բնության ֆոնին, կանգնած է առաջին աղյուսը ձեռքին, նայում է Արևմուտք և արտասանում է բաղձալին․

― Մեծ Ռուսական Պատ։

Վայրէջք ենք կատարում։

Ինքնաթիռի մոտ ինձ դիմավորում է Պոտրոխան․ երիտասարդ, կարմրաթուշ, կճատ, ոսկեզօծ մազափնջով։ Նստում եմ նրա «մերինը», և ինչպես միշտ այնպիսի զգացում ունեմ, որ սա իմ մեքենան է։ Deja vu. Բոլոր օպրիչնիկների մեքենաները միանման են՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Օրենբուրգում, թե՛ Օյմյակոնում․ հասած պոմիդորի գույնի չորսհարյուր ուժանոց կուպե֊«մերիններ»։

― Ողջյուն, Պոտրոխա։

― Ողջյուն, Կոմյագա։

Մենք միմյանց միշտ «դույով» ենք դիմում, մի ընտանիք է օպրիչնինան։ Չնայած ես Պոտրոխայից մեկուկես անգամ մեծ եմ։

― Այս ի՞նչ մկներ եք այստեղ բռնում։ Հերիք է, որ Չապիժը բացակայի, որ ձեզ մոտ ամեն բան կանգ առնի։

Մի եփիր, Կոմյագա։ Այս գործը լպրծուն է։ Նրանք կապ ունեն Հրամանում։ Չապիժը հրամանի հետ լավ էր։ Իսկ ես նրանց համար ոչինչ եմ։ Ուս է պետք հենվելու համար։

― Բայց քեզ աջերի ուսն է պետք, իսկ ես աջից չեմ։

― Հիմա դա կարևոր չէ, Կոմյագա։ Կարևորն այն է, որ քեզ մոտ է կնիքը։ Տարաձայնության դեպքում անհրաժեշտ է, որ լիազորություններով օպրիչնիկ լինի։

Գիտեմ, անցել ենք։ Լիազորություններով օպրիչնիկ։ Ձախ ձեռքիս է այն, ափիս մաշկի տակ։ Եվ այն կարող են խլել միայն ձեռքիս հետ։

Հանդիպումը նշանակեցի՞ր։

― Բա ոնց։ Քառորդ ժամից հետո սպիտակ ժողով է լինելու։

― Բժշիշկնե՞րը։

― Ամեն ինչ նորմալ է։

― Գնացինք։

― Պոտրոխան գազ է տալիս, սրընթաց դուրս գալիս լայն ճանապարհ։ Սլանում ենք օդանվակայանից, բայց ոչ թե Օրենբուրգ, նեղ աչքերով ու այծի բրդից թեթև շալերով հայտնի գեղեցկուհիների քաղաքը, այլ հակառակ ուղղությամբ։ Ճանապարհին, Պոտրոխան ավելի մանրամասն է պատմում գործի մասին։ Վաղուց ես չեմ աշխատել մաքսայինների հետ, վաղուց։ Այդ ընթացքում շատ նոր բաներ են ի հայտ եկել։ Բաներ, որոնց մասին նախկինում, մենք նույնիսկ կռահել չէինք կարող։ Օրինակ՝ թափանցիկ ապօրինի ներթափանցյալները։ Գոյություն ունի «դատարկության խորհրդավոր ներմուծում»։ Մերձարևադարձային օդը այժմ շատ է գնահատվում Սիբիրում, ― մեծ ծավալներով այդ օդն են ներկրում։ Բերում են անդրլեռնայինից, ինչ֊որ ցանկություններով փաթաթված։ Հանելուկ է։ Փառք Աստծո, այսօրվա գործը ավելի պարզ է։

Պոտրոխան քառորդ ժամում հասավ մինչև Ճանապարհ։ Ես այն, երևի, արդեն երեք տարի է չեմ տեսել։ Եվ ամեն անգամ շունչս կտրվում է, երբ տեսնում եմ մեր Հարավային Պատի Հարավային դարպասը, որը ձգվում է ― ողջ Ռուսաստանի միջով մինչև Բրեստ, իսկ այնտեղից՝ ուղիղ դեպի Փարիզ։ Ճանապարհ՝ «Գուանջոու ― Փարիզ»։ Երբ գլխավոր իրեր֊ապրանքների արտադրությունը կամաց֊կամաց Մեծ Չինաստան տեղափոխվեց, այն ժամանակ կառուցեցին այս Ճանապարհը, որը կապում է Եվրոպան Չինաստանի հետ։ Տաս շարք ունի նա, և ստորգետնյա չորս գիծ՝ արագընթաց գնացքների համար։ Ճանպարհով շուրջօրյա սողում են ծանր բեռնատարները, սլանում են արծաթագույն գնացքները։ Հաճելի է այդ ամենին նայելը։

Մոտենում ենք։

Ողջ Ճանապարհը եռակի պաշտպանություն ունի, պահպանվում է դիվերսանտներից, անմարդկային֊անողորմ կիբերպանկերից։ Մտնում ենք կանգառը։ Գեղեցիկ է այն, մեծ, ապակյա, հեռու ճամփա գնացող վարորդների համար հատուկ կառուցված։ Այստեղ և արմավենիներով ձմեռային այգի կա, և լողավազանով բաղնիք, և չինական ու ռուսական պանդոկներ, մարզասրահներ, և պոռնկանոցներ իրենց գործին հմտորեն տիրապետող պոռնիկներով, և հյուրանոց, և կինոդահլիճ, և նույնիսկ սահադաշտ։

Բայց մենք Պոտրոխայի հետ գնում ենք զրուցարան։ Իսկ այնտեղ արդեն մեզ են սպասում յուղոտված՝ Մաքսային Հրամանի քարտուղարն ու գրագիրը, երկու հոգի Ապահովագրական Պալատից, մի հարյուրապետ Ճանապարհային Հրամանից և երկու չինացի ներկայացուցիչ։ Նստում ենք Պոտրոխայի հետ, սկսում ենք խոսել։ Մտնում է թեյի չինուհին, եփում սպիտակ թեյ, մարմնի ավյունը բարձրացնող, լցնում է ամեն մեկին ժպտալով։ Մաքսայինի քարտուղարը իրենն է պնդում․

Գնացքը մաքուր է, ղազախները բողոք չունեն, պայմանագիրը ամողջական է, ճիշտ կազմված։

Պարզ բան է, քարտուղարի համար յուղոտել են ողջ գնացքը, բոլոր տասներկու բեռնատարները մինչև Բրեստ։ Մեր գործն է ուշացնել չինացիներին, որպեսզի ապահովագրության ժամկետն անցնի, և այստեղ մեր ապահովագրությունն ի հայտ գա։ Իսկ մեր ապահովագրությունը 3% է։ Ճանապարհին ամեն շուն այդ գիտի։ Այդ երեք տոկոսը օպրիչնայի գանձարանն է լցնում։ Եվ ոչ միայն օպրիչնինայի։ Բոլոր ճշմարիտներին է հերիքում, բոլորին է հասնում։ Այդ3%֊ը շատ անհրաժեշտ ծախսեր է փակում։ Իսկ մեր՝ Տիրոջ ծառաների ծախսերը անթիվ անհամար են։ Արդյո՞ք յուաններով լցված ապահովագրականի քարտուղարը, ուզում է այդ հասկանալ։

Երկու բեռնատարների չինական տեխնիկական զննման վկայականները կեղծ են։ Պետք է նոր քննություն։

Մեջ է մտնում չինացին․

Տեխնիկական զննումը կեղծ չէ, ահա փորձագետի կարծիքը։ Օդում հայտնվում են հաստատման լուսափայլ իերոգլիֆները։ Ես խոսակցական չինարենը գիտեմ, պարզ բան է, ինչպե՞ս կարելի է հիմա առանց դրա։ Իսկ իերոգլիֆները ինձ համար մութ բան են։ Բայց Պոտրոխան ճարտար է չինարենում, հանեց տուրբինայի մասին երկրորդ եզրակացությունը, լուսավորում է փոքրիկ խավրոշեչկայով։

― Ո՞ւր է որակի վկայականը։ Արտադրանքի հասցեն։ Ապրանքաքանակի համարը։

― Շանտյոու, «Կարմիր Հարստություն» գործարան, 380-6754069:

Այո, տուրբինան «հարազատն» է։ Տեխնիկական զննումի հետ չի համընկնում։ Ճանապարհին աշխատելը դժվարացել է։ Առաջ այդ բեռնատարները ուղղակի վնասում էին․ մեկ անվադողն էին ծակում, մեկ ջարդում, մեկ վարորդի ճաշի մեջ թմրադեղ էին լցնում։

Հիմա դրան հետևում են։ Բայց դա ոչինչ։ Մենք ունենք մեր հին֊սովորականը։ Թեյը հո տալիս է յուղոտված սյաոցզեն։[27]

― Պարոնայք, համարում եմ խոսակցությունը ավարտված, ― ասում է քարտուղարը ու սիրտը բռնում։

Խառնվեցինք․ ի՞նչ պատահեց։

― Սրտի նոպա։

Այ քեզ բա՜ն։ Իսկ սյաոցզեն նույնիսկ չկարմրեց։ Խոնարհվում է, հավաքում իր թեյի սեղանը։ Հայտնվում են բժիշկները, քարտուղարին տանում։ Գույնը գցել է, տնքում է։ Մենք հանգստացնում ենք․

― Կառողջանաք, Սավելիյ Տիխոնովիչ։ Կառողջանա, իհարկե։ Չինացիները վեր են կենում, գործն ավարտված է։ Բայց ոչ։ Հիմա մեր հերթն է․ վերջին հարցը յուղոտված գրագրին․

― Ի դեպ, պարոն գրագիր, իսկ ճանապարհայինը, երևում է, հետին թվով է ստորագրված։

― Ի՞նչ եք ասում։ Չի կարող պատահել։ Տվեք նայեմ․․․ ― գրագիրը չռում է աչքերի սպիտակուցները ճանապարհայինին, ուղղում խավրոշեչկան փաստատղթի վրա։ ― Իսկապե՛ս։ Կապույտ նշանը ջնջված է։ Ա՛խ, ավազակներ։ Ֆռռացրին մատի շուրջը դյուրահավատ Սավելիյ Տիխոնովիչին։ Մոլորեցրին, հիմարացրին։ Ցզույսի՛ն։[28]

Ահա թե ինչպես է գործը շրջվում։ Մրթմրթում է չինացին․

― Չի կարող պատահել։ Ճանապարհայինը հաստատված է երկու կողմի սահմանային կետերում։

― Եթե ռուսական մաքսատան ներկայացուցիչը անհամապատասխանություն նկատեց, անհրաժեշտ է երկու կողմի եզրակացությունը, ― պատասխանում եմ ես։ Վիճելի դեպքերում մեր կողմը ներկայացնում եմ ես, ես լիազորություններ ունեցող օպրիչնիկ եմ։

Չինացիները խուճապի մեջ են․ դրա վրա այնքա՜ն ժամանակ կգնա, չինական ապահովագրության ժամկետը կլրանա։ Իսկ նորը կազմելը՝ դա ձեզ համար ձկով կարկանդակ թխել չէ։ Եվ սանիտարական ստուգում է պետք, և տեխնիկական, և նոր սահմանային զննում, և Հակամոնոպոլային Պալատի արտոնագիր։ Եվ այս բոլորը միանգամից։

― Ապահովագրվեք, պարոնայք։

Չինացիկ ոռնում են։ Սպառնում։ Ո՞ւմ ես սպառնում, շաբի։[29] Բողոքիր ում ուզում ես։ Ճանապարհային Հրամանի հարյուրականը իջեցնում է չինացիներին․

― Ռուսական ապահովագրությունը ամենալավ պաշտպանություն է կիբերպանկերից։

Չինացիները կրճտացնում են․

Ո՞ւր է կնիքը։

Հարց է ծագում, ուրեմն էլ ինչո՞ւ եմ ես այստեղ եկել։ Ահա կնիքը․ ձախ ձեռքս հպվում է անթափանց ապակու քառակուսիին, թողնելով նրա վրա փոքր Պետական Կնիքը։ Եվ այլևս հարց չկա։ Աչքով ենք անում միմայնց ես ու Պոտրոխան․ 3% ֊սը մերն է։ Չինացիները դուրս են գլորվում ծռված մռութներով։ Մնացածներն էլ են դուրս գալիս։ Մնում ենք միայն ես ու Պոտրոխան։

― Շնորհակալություն, Կոմյագա ― սեղմում է դաստակս Պոտրոխան։

Խոսք և Գործ, Պոտրոխա։

Վերջացնում ենք թեյը, դուրս գալիս մաքուր օդ։ Այստեղ, իրենց մոտ, ավելի ցուրտ է քան Մոսկվայում։ Մաքսայինների հետ, մեր, օպրիչնիկներիս պատերազմը շատ հին է։ Եվ դրա վերջը չի երևում։ Որովհետև, աշխատում են, Տիրոջ եղբոր, Ալեքսանդր Նիկոլաևիչի ղեկավարությամբ։ Եվ դեռ երկար կաշխատեն։ Իսկ պայծառափայլ Ալեքսանդր Նիկոլաևիչը, մեր Բատյային, տանել չի կարողանում։ Ինչ֊որ մի այնպիսի բան է եղել նրանց միջև, որ նույնիսկ Տերը չի կարողանում հաշտեցնել։ Եվ ոչինչ չես կարող անել՝ պատերազմ էր, այն կա ու կշարունակվի․․․

Հանգստանալ է պետք, ― Պոտրոխան քորում է իր ոսկեզօծ մազափունջը, թեքում իր մորթե գլխարկը ծոծրակին․ ― Գնանք բաղնիք։ Այնտեղի մերսողը շատ ճարպիկ է։ Երկու գունյանոչկա[30] կլինի այնտեղ։

Հանում է մոբիլան, ցույց տալիս։ Օդում հայտնվում են երկու հմայիչ չինուհիներ․ մեկը մերկ գոմեշի վրա ման գալիս, մյուսը՝ կանգնած ջրվեժից թափվող ջրի տակ։

Հը՞, ― աչքով է անում Պոտրոխան։ ― Չես ափսոսա։ Ձեր մոսկովյան աղջիկներից լավն են։ Հավերժ կույս են։

Նայում եմ ժամացույցին․ 15.00.

― Ոչ, Պոտրոխա։ Ես այսօր դեռ պետք է Տոբոլ թռչեմ, իսկ հետո Մոսկվայում՝ աստղ հանգցնեմ։

― Դե, ոնց ուզում ես։ Ուրեմն՝ օդանավակայա՞ն։

― Այնտեղ։

Ճանապարհին, նայում եմ չվացուցակը, ընտրում չվերթը։ Ինձ հարկավոր չվերթը մեկ ժամից է, բայց հետաձգել եմ տալիս արդեն թռիչքի պատրաստվողը, թող սպասեն, նրանց այս ու այնը։ Հրաժեշտ եմ տալիս Պոտրոխային, նստում Օրենբուրգ ― Տոբոլ ինքնաթիռը, կապվում անվտանգության ծառայության հետ, նախազգուշացնում, որ դիմավորեն։ Դնում եմ ականջակալները, պատվիրում Րիմսկի֊ Կորսակովի «Շահերազադան»։ Եվ քնում։

Ձեռքի նուրբ հպումով ինձ արթնացնում է ուղեկցորդուհին․

Պարոն օպրիչնիկ, մենք արդեն նստել ենք։

Հիանալի է։ Մի կում անելով «Ալտայ» աղբյուրի ջրից, դուրս եմ գալիս ինքնաթիռից, կանգնում ինքնագնացի վրա, որը ինձ տանում է ահռելի՝ «Երմակ Տիմոֆեեվիչ» օդանավակայանի շենքը։ Նոր օդանավակայան է, վերջերս են ավարտել չինացիները։ Ես այստեղ արդեն երեք անգամ եմ եղել։ Եվ միշտ նույն գործով՝ պայծառատես կնոջ պատճառով։

Երմակի լույս արձակող սրով ահռելի արձանի մոտ ինձ են սպասում երկու սպառնալից արտաքինով անձ, մեծ պայծառատեսի անվտանգության ծառայությունից։ Չնայած այն բանին, որ նրանցից ամեն մեկը ինձանից մի գլուխ բարձր է և երկու անգամ լայն, Երմակի ահռելի գրանիտե սապոգի կողքին՝ կարծես կարմիր կաֆտններով երկու դաշտային մկնիկ լինեն։

Մոտենում եմ։ Խոնարհվում են, տանում դեպի մեքենան։ Դուրս գալուց հասցնում եմ կուլ տալ տոբոլյան օդը, որն ավելի սառն է, քան Օրենբուրգում։ Երեսուներկու աստիճան զրոյից ցածր է։ Ահա և ձեզ համընդհանուր տաքացում, որի մասին անընդհատ պնդում են օտարերկրացիները։ Կա դեռ Ռուսաստանում ձյուն֊սառնամանիք պարոնայք, չկասկածեք։

Նստեցնում են ինձ հզոր չինական «Չժու֊Բա֊Ցզե ամենագնացը, որի բամպերը նման է վարազի մռութի։ Այս մեքենաները այժմ ողջ Սիբիրով են գնում։ Հուսալի են նրանք ու անխափան և սառնամանիքին և շոգին։ Սիբիրյակները նրանց «վարազ» են անվանում։

Սկզբում գնում ենք մայրուղով, հետո թեքվում ավելի վատ ճանապարհի վրա ։ Հազարականը Մոսկվայից ինձ իմաց է տալիս, որ աստղ հանգցնելու համար արդեն ամեն ինչ պատրաստ է, համերգը կկայանա ուղիղ ժամը 20.00֊ին։ Հասկանալի է, բայց այնտեղ դեռ հասցնել է պետք։

Ճանապարհը ձգվում է անտառներով ու բացատներով և միայն հետո սողոսկում տայգայի մեջ։ ― Լուռ ենք։ Շուրջը կանգնած են ձյունով ծածկված սոճիներ, եղևնիներ։ Լավ է։ Բայց արդեն մոտենում է մայրամուտը։ Մի ժամ էլ՝ և կմթնի։ Անցանք տաս վերստ։ Թեքվում է մեր «ՉԺՈւ֊ԲԱ֊ՑԶԻ»֊նը ձյունով ծածկված գյուղական ճանապարհի վրա։ Իմ մայրաքաղաքային «մերինը» այստեղ միանգամից կթաղվեր։ Իսկ «վարազի»՝ վեջն էլ չէ։ Մեկուկես արշինանոց[31]անիվները աղում են ձյունը, ինչպես մսաղացը։ Չինական վարազը առաջ է գնում ռուսական ձյան վրայով։ Անցնում ենք մի վերստ, երկրորդը, երրորդը։ Եվ հանկարծ հարյուրամյա Տայգան նահանջում է։ Տեղ հասանք։ Լայն կածանի վրա վեր է բարձրանում մի տարօրինակ տուն, հարյուրամյա սոճիներից կտրված, հետաքրքիր աշտարակներով, վանդկավոր պատուհաններով, փորագրված փայտե շրջանակներով, աքաղաղներով ու հողմացույցերով թեփուկավոր պղնձե տանիքի վրա։



  1. Նկատի ունի Ուսպենսկի տաճարը։
  2. Պալատական պաշտոն։
  3. Գուսլյար ― հին ռուսական բազմալար գուսլի գործիքի վրա նվագող երաժիշտներ
  4. Սաֆյան ― վառ գույներով ներկված այծի կամ ոչխարի նուրբ կաշի
  5. Կաֆտան ― հին ռուսական, բավական երկար տղամարդու վերնազգեստ
  6. Մե՛րին ― ամորձատված ձի, այստեղ՝ հնազանդ ձի
  7. Այստեղ զինվորական ստորբաժանումի հրամանատար, որին հարգանքով են վերաբերվում։
  8. Տրակտ ― ճանապարհ։
  9. մարտական բացականչություն։
  10. Կաստոր և Պոլլյուքս ― հին հունական միֆերի հերոսներ, երկվորյակներ
  11. Բարձր տեխնոլոգիաների օգտագործում տարբեր բնագավառներում, կենցաղում, շինարարությունում
  12. երդան ― նույնն է ինչ սառցանցքը, որում նախապես օրհնելուց հետո կնքվում էին Սուրբ Ծննդյան տոներին, առաջացել է Հորդանան անվանումից։
  13. Կրեմլը կազմող շենքերից մեկը, որում նույնանուն մեծ սրահ կա։
  14. Սպաս Յարոե Օկո ― քրիստոսի սրբապատկեր, հատկանաշական խիստ, թափանցող հայացքով
  15. Սկոմորոխ ― շրջիկ ժողովրդական երաժիշտ֊դերասան
  16. այստեղ մեղրով ու համեմունքներով խմիչք առաջարկողներ
  17. Ուղղափառ եկեղեցու հիերարխիայում երկրորդ անձը արքեպիսկոպոսից հետո։
  18. Տալյանկա ― հարմոնի տեսակ
  19. Բարի ախորժակ։
  20. Աստծո անուններից մեկը, որը ընդունված էր հրեաների ու քրիստոնյաների մոտ։ Ամենակարող աստված, որին ենթարկվում են երկրի և երկնքի բոլոր ուժերը։
  21. Ասմոդեյ ― չար ոգի։
  22. Պետրուշկա ― ռուսական ժողովրդական թատրոնի սուր լեզու ունեցող տիկնիկ֊ծաղրածու։
  23. Ռուսերեն ― յաբլոչնի սպաս՝ Քրիստոսի կերպարանափոխության տոնակատարությունը։
  24. Երկարության ռուսական չափ, որը հավասար 1,06 կիլոմետրի։
  25. Ուսից կախված ոսկե և արծաթե ոլորված թելեր եկաթե ծայրերով, որոնք հատկանշական էին մինչև 1917 թվի ռուսաստանի և որոշ ուրիշ երկրների զինվորական հագուստին։
  26. Հեծելազորային սապոգներ։
  27. Սյաոցզե՝ աղջիկ։
  28. Ցզույսին՝ ոճրագործություն։
  29. Շաբի՝ հիմար։
  30. Աղջիկ
  31. Արշին՝ ռուսական երկարության չափ՝ 0, 75 մետր։