հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Մասն առաջին
Գլուխ I։ Քույր և եղբայր
Խաղաղ օվկիանոսի արևով ողողված ավազոտ ափը, որն աղմկում էր հսկայա կան ալիքների հարվածների տակ, մնաց հետևում։ Հասնելով ճանապարհին, նրանք նստեցին իրենց հեծանիվները, անմիջապես արագ ընթացք վերցրեցին և շուտով սուզվեցին մերձքաղաքային զբոսայգու կանաչ ծառուղիների մեջ։
Հեծանվորդները երեքն էին, վառ գույնի սվիտերներ հագած երեք պատանիներ։ Նրանք այնպիսի հպարտ կեցվածքով էին սլանում, ինչպես սովորաբար սլանում են վառ գույնի սվիտերներ հագած տղաները, որոնք պատրաստ էին ամեն րոպե անցնել թույլատրված արագությունից։ Թերևս կարելի է ասել, որ նրանք արգեն խախտել էին թույլատրված արագությունը։ Այդպես էր մտածում և այն ձիավոր ոստիկանը, որը հետևում էր զբոսայգու կարգուկանոնին, բայց դրանում լրիվ հավատացած չէր և այդ պատճառով սահմանափակվեց միայն նախազգուշացումով, երբ տղաները սլացան նրա կողքից։ Նախազգուշացումը մի պահ միայն ազդեց նրանց վրա, բայց ինչպես միշտ պատահում է վառ գույնի սվիտերներ հագած տղաների հետ, անմիջապես էլ մոռացվեց ճանւապարհի հենց առաջին ոլորանում։
Նետի նման դուրս թռչելով Գոլդոնդեթյան զբոսայգու դարպասից, նրանք ուղղություն վերցրեցին դեպի Սան֊Ֆրանցիսկո և այնպիսի թափով ցած սլացան բլրակից, որ հանդիպող անցորդներր շրջվեցին և երկար ժամանակ տագնապով նայում էին նրանց հետևից։ Վառ դույնի սվիտերները սլացան քաղաքի փողոցներով, մերթ ձախ, մերթ աջ թեքվելով, որպեսզի խուսափեն թեք վերելքներից, իսկ երբ զառիթափ բլրակներր շրջանցել չէր լինում, նրանք մրցության մեջ էին մտնում՝ ո՞վ առաջինը վերև կսլանա։
Այն տղային, որր սլանում էր առջևից և վերելքների բոլոր մրցությունների կազմակերպիչն էր, ընկերները Ջո էին անվանում։ Նրանք խաղում էին «հետևիր պետին» խաղը, և Ջոն, այդ խմբի ամենաքաջ ու ամենաուրախ տղան, նրանց պետն էր։ Սակայն, երբ նրանք մտան Արևմտյան արվարձանը և սլացան մեծ ու հարուստ առանձնատների մոտով, Ջոյի ծիծաղը այլևս բարձր չէր հնչում, ավելի հազվադեպ դարձավ, և նա, ասես ակամա, սկսեց ընթանալ ընկերների հետևից։ Լագուն և Վալլեյ փողոցների խաչմերուկում Ջոյի ընկերները թեքվեցին դեպի աջ։
— Ցտեսությո՛ւն, Ֆրեդ,— ձայն տվեց Ջոն, ղեկը ձախ դարձնելով։— Ցը՛, Չարլի։
— Երեկոյան կտեսնվենք,— ձայնեցին նրանք ի պատասխան։
— Ո՛չ, ես չեմ գա։
— Անպատճառ արի,— խնդրեցին ընկերները։
— Ո՛չ, ո՛չ... Դասերս պիտի սովորեմ։ Ցտեսություն։
Երբ Ջոն մեն֊մենակ մնաց, դեմքը լրջացավ, իսկ աչքերը մշուշվեցին ինչ֊որ անորոշ տագնապով։ Նա վճռական տեսքով սկսեց սուլել, բայց նրա սուլոցը կամաց֊կամաց մարեց, դարձավ համարյա անլսելի և հետո վերջնականապես լռեց, երբ մոտեցավ մեծ, երկհարկանի մի տան։
— Ջո, այդ դո՞ւ ես։
Ջոն անվճռական կանգ առավ գրադարան տանող դռան մոտ։ Ջոն գիտեր, որ Բեսսին այնտեղ է. նա ջանասիրաբար դասերն է սերտում և, երևի, արդեն վերջացրել է։ Նա միշտ մինչև ճաշ վերկացնում է, իսկ շուտով ճաշի ժամն է։
Սակայն ինքը դեռ ոչինչ չի արել։ Եվ այս բանը զայրացնում էր նրան։
Մի մտածեք, է՜... քույրը նրանից երկու տարով փոքր է, բայց իր հետ նույն դասարանում է սովորում. և, դեռ ավելին, իրենից էլ լավ է սովորում։ Այս բանը նրա համար պարզապես անտանելի էր։ Բանն այն չէ, որ ինքը բթամիտ է։ Նա շատ լավ գիտեր, որ ինքը բթամիտ չէ։ Բայց միշտ այնպես է ստացվում,— և չգիտես ինչու,— նա սկսում է մտածել ուրիշ բաների մասին ու երբեք չի հասցնում դասերը սովորել։
— Ջո, ներս մտիր, խնդրում եմ,— այս անդամ Բեսսիի ձայնի մեջ հազիվ լսելի դժգոհության մի շեշտ կար։
— Հը՛, ի՞նչ ես ուզում,— ասաց տղան, թափով մի կողմ քաշելով վարագույրը։
Նրա ձայնը հնչեց բավական կոպիտ, բայց անմիջապես զղջաց, մի հայացք ձգելով փոքրիկ, նիհարավուն աղջկա վրա, որը տխուր աչքերով նրան էր նայում գրքերով ծանրաբեռ հսկայական գրասեղանի մոտից։ Աղջիկր նստած էր մատիտը և տետրակը ձեռքին, կծկված հսկայական բազկաթոռի մեջ, որտեղ բոլորովին կորել էր նրա քնքուշ կերպարանքը։
— Հը՛, ի՞նչ կա, քույրի՛կ,— հարցրեց նա ավելի մեղմ, մոտենալով աղջկան։
Քույրը բռնեց նրա ձեռքը, հպեց իր այտին և այդպես էլ մնաց։
— Ի՞նչ է պատահել, սիրելի Ջո,— հարցրեց նա շշուկով։— Ասա՛, խնդրում եմ։
Տղան չպատասխանեց։ Ծիծաղելի է, իսկապես, սիրտը բաց անել փոքրիկ քրոջ առջև, չնայած որ նրա գնահատականները ավելի լավ են, քան իրենը։ Նրան ծիծաղելի էր թվում նաև այն, որ այդ փոքրիկ աղջիկը լրջորեն աշխատում էր իմանալ, թե ինչ է կատարվում իր հոգում։
«Բայց ի՜նչ քնքուշ այտ ունի,— մտածեց տղան այն ժամանակ, երբ քույրը գգվանքով իր այտը քսում էր նրա ձեռքին։— Ինչ էլ ուզում է լինի, պետք է ձեռքս ազատել և վերջ տալ այս բոլոր հիմարություններին։ Միայն թե քույրը չվիրավորվի. իր իսկ փորձից նա շատ լավ գիտեր, որ աղջիկները շատ հեշտ են վիրավորվում»։
Քույրը բացեց նրա սեղմված մատները և համբուրեց ափը։ Ասես վարդի մի թերթ ընկավ նրա ձեռքին։ Այդ համբույրով Բեսսին հասկացնել տվեց, որ դեռ սպասում է իր հարցի պատասխանին։
— Ինձ ոչինչ էլ չի պատահել,— վճռական տոնով ասաց նա։ Եվ հետո, առանց երկար֊բարակ անելու, ավելացրեց.— Հայրի՛կը...— Նրա տագնապը հիմա արդեն արտացոլվեց աղջկա աչքերում։
— Բայց չէ՞ որ հայրիկը այնպե՜ս բարի է, այնպե՜ս լավը, Ջո,— թոթովեց նա։— Ինչո՞ւ չես լսում նրան։ Նա քեզանից շատ բան չի պահանջում, և եթե պահանջում էլ է, ապա քո սեփական օգտի համար։ Դու ավելի խելոք ես մյուս տղաներից։ Թե որ մի քիչ զբաղվեիր դասերով, թեկուզ մի՜ քիչ...
— Դե, տե՛ս։ Նորից սկսվեց քարոզը,— բռնկվեց նա, ետ քաշելով ձեռքը։— Հիմա էլ գլխիս դու պիտի ավետարան կարդաս։ Շուտով դրա հերթը խոհարարին ու ձիապանին էլ կհասնի։
Նա ձեռքերը խոթեց գրպանը և մտովի պատկերացրեց այն տխուր, մռայլ ապագան, որը լի է անհամար «դաստիարակների» անվերջանալի խրատներով։
— Դրա՞ համար կանչեցիր ինձ,— հարցրեց նա, շրջվելով դեպի դուռը։
Աղջիկը նորից բռնեց նրա ձեռքը։
— Ո՛չ, ո՛չ, դրա համար չէ... ինձ թվաց, թե ինչ֊որ բան է անհանգստացնում քեզ, և ես մտածեցի... ես...— աղջկա ձայնը խզվեց, և նա, մի պահ լռելուց հետո, ավելացրեց.
— Ես ուզում էի ասել, որ մենք պատրաստվում ենք զբոսանքի գնալ Օքլենդ, լեռները, ծովածոցի մյուս կողմը, այս շաբաթ...
— Ովքե՞ր են այդ «մենքը»։
— Մարտելը, Հեյսը...
— Ա՜, այն դմբոն,— ընդհատեց տղան։
— Նա բոլորովին էլ դմբո չէ,— եռանդով առարկեց Բեսսին։— Ինձ ծանոթ բոլոր աղջիկներից նա ամենալավն է։
— Ինձ այնքան էլ չի համոզում այդ, երբ հիշում եմ քո բոլոր ծանոթ աղջիկներին... Հետո՞։ Էլ ո՞վ կա։
— Պիրլ Սեյթերը և նրա քույրը՝ Էլիսը, Ջեսսի Հիլբոն, Մեգի Ֆրենդը և Էգնա Քրոդերսը։ Էլ ուրիշ ոչ ոք։
— Իսկ տղաներից ովքե՞ր են։
— Մորիս և Ֆելիքս Քլեմենտները, Դիկ Սքոֆիլդը, Բրեթ Լեյթոնը և...
— Այդքանն էլ բավական է։ Բոլորն էլ քնքուշ օրիորդներ են։
— Ես... ես ուզում էի հրավիրել, քեզ, Ֆրեդին ու Չարլիին,— ասաց աղջիկը դողացող ձայնով։— Ես կանչեցի քեզ, որպեսզի բոլորիդ հրավիրեմ...
— Իսկ ի՞նչ պիտի անենք այնտեղ...
— Կզբոսնենք, դաշտային ծաղիկներ կհավաքենք։ Վայրի կակաչները արդեն ծաղկել են։ Հետո գեղեցիկ մարգագետնում մի տեղ կնստենք և կուտենք... և... և...
— Եվ տուն կվերադառնանք,— լրացրեց տղան։
Բեսսին գլխով արեց։ Ջոն ձեռքերը նորից խոթեց գրպանը և սկսեց ետուառաջ քայլել սենյակում։
— Աղջիկների ընկերությունը,— ասաց նա կտրուկ,— և նրանց պլանները... Ո՛չ, դա իմ բանը չէ։
Աղջիկը կծեց դողացող շրթունքները և, աշխատելով լաց չլինել, հարցրեց.
— Իսկ դու ի՞նչ կուզեիր։
— Ավելի լավ կլիներ, որ ես, Ֆրեդն ու Չարլին գնայինք ինչ֊որ տեղ, անեինք ինչ֊որ բան, դե, մի այնպիսի բան...
Նա լռեց և նայեց աղջկան։ Բեսսին անհամբեր սպասում էր, թե էլ ինչ է ասելու։ Բայց Ջոն անզոր էր զգում բառերով արտահայտելու իրեն հուզող զգացմունքներն ու ցանկությունները. նրա հոգու բոլոր տագնապն ու անբավականությունը բարձրացել ու համակել էին ամբողջ էությունը։
— Օ՜, չես կարող հասկանալ ինձ,— ասաց նա դառնացած։— Դու չե՛ս կարող հասկանալ ինձ։ Դու աղջիկ ես։ Մաքրասեր ես, ճշտապահ, գովելի վարք ունես և բոլոր թվանշաններդ հինգ են։ Քեզ չեն գրավում վտանգավոր արկածներր և նման բաներ... Քեզ դուր չեն գալիս չարաճճի ու խիզախ տղաները. նրանք քեզ համար կոպիտ են, անաաշ։ Քեզ դուր են գալիս ճերմակ օձիքներով ու մաքուր կոստյումներով լպստվածները, որոնք մեծ դասամիջոցին դասարանում մնում են միայն նրա համար, որպեսզի ուսուցչուհին շոյի իրենց գլուխները և գովի լավ սովորելու համար։ Սիրասո՜ւն տղաներ, որոնց հետ երբեք անախորժություններ չեն պատահում, նրանք երազում են միայն հաճելի զբոսանքների ծաղկեփնջերով ու նախաճաշիկներով, նույնպիսի սիրասուն փոքրիկ աղջիկների ընկերակցությամբ։ Օ՜, ես շատ լավ եմ ճանաչում այդպիսի քնքուշ տղաների. նրանք վախենում են սեփական ստվերից, նրանց մեջ ավելի քիչ քաջություն կա, քան ուզածդ ոչխարի մեջ։ Եվ, իսկապես, նրանք ոչխարներ են։ Ես ձեր զբոսանքին չե՛մ ուզում մասնակցել և չե՛մ գա։
Բեսսիի սև աչքերը լցվեցին արտասուքով, շրթունքները դողացին։ Այդ բանը ավելի զայրացրեց տղային։ Ի՜նչ անտանելի արարածներ են այս կամակոր աղջիկները։ Միշտ փքվում են, միշտ նվնվում, միշտ քթները խոթում են ուրիշների գործերի մեջ։ Երևի նրանց տախտակը պակաս է։
— Մի բան ասում եմ թե չէ՝ զռռում ես,— ասաց նա մեղմացած։— Ես ոչ մի վիրավորական բան էլ չասացի, քույրիկս։ Ճիշտ եմ ասում, ո՛չ մի։ Ես...
Նա շփոթված կանգ առավ և նայեց քրոջը։ Աղջիկը հեծկլտում էր ու ցնցվում։ Արցունքի խոշոր կաթիլներր հոսում էին նրա այտերի վրայով։
— Է՜հ, այս աղջիկները...— ասաց նա զայրացած և վճռական քայլերով դուրս եկավ սենյակից։
Գլուխ II։ «Դրակոնի բարեփոխումները»
Մի քանի րոպե հետո Ջոն, տակավին զայրացած, ճաշասենյակ մտավ։ Սեղանի մոտ նա համառորեն լռում էր, թեև հայրը, մայրը և Բեսսին աշխույժ զրույց էին սկսել։ Կատաղի հայացքը հառած պնակին՝ Ջոն մտածում էր․ «Ահա թե ինչպիսի՜ն ենք։ Հեկեկում ենք, արցունք թափում, իսկ մի րոպե հետո ժպտում ենք ու ծիծաղում։ Չէ՛, մենք այդպիսի բաներ չենք հասկանում։ Հավատացած եղեք, որ մենք թեկուզ և ինչ֊որ բանից արցունքներ թափելու լինենք, մի քանի օր կախաղան բարձրացվածի պես ման կգանք։ Բոլոր աղջիկներն էլ ձև են թափում․ դա նրանց սովորությունն է։ Նրանք չեն զգում թեկուզ հարյուրերորդ մասը այն բանի, ինչի մասին խոսում են լաց լինելիս։ Իհարկե, չե՛ն զգում։ Երևի նրանք այդքան հաճախ տզզում են այն պատճառով, որ դա իրենց դուր է գալիս։ Նրանք սիրում են տանջել մարդկանց, հատկապես մեզ՝ տղաներիս։ Դրա համար էլ խառնվում են մեր գործերին»։
Տարված խորիմաստ մտքերով, նա միաժամանակ ուտում էր մեծ ախորժակով, ըստ արժանվույն գնահատելով բոլոր ճաշատեսակները, քանի որ, համաձայնվեք, Քլիֆ֊հաուզից մերձքաղաքյա ամբողջ զբոսայգու միջով մինչև Արևմտյան արվարձանը հեծանվով արշավելուց հետո չի կարելի լավ ախորժակ չունենալ։
Հայրը մերթ ընդ մերթ խեթ֊խեթ նայում էր տղային։ Ջոն այդ բանը չէր նկատում, բայց Բեսսին շատ լավ էր տեսնում։ Միստր Բրոնսոնը միջին տարիքի, ամեն ինչով տեղը տեղին մի մարդ էր, մի քիչ, իսկապես, ծանրավուն, բայց ոչ շատ գեր։ Նա եռանդուն, կոշտ դեմք ուներ, քառակուսի ծնոտ և սուր դիմագծեր, բայց ուրախ աչքերը փայլում էին մեղմորեն, իսկ բերանի մոտի կնճիռները ոչ թե դաժանություն, այլ ավելի շուտ հումորի արտահայտություն ունեին։
Հոր և որդու զարմանալի նմանությունը ուղղակի աչքի էր զարնում։ Երկուսն էլ լայն ճակատ և դուրս ցցված ծնոտ ունեին, իսկ աչքերը, չնայած տարիքների տարբերությանը, նման էին իրար, ինչպես միևնույն պատիճից հանված երկու զույգ սիսեռի հատիկներ։
— Գործերդ ինչպե՞ս են, Ջո,— հարցրեց միստր Բրոնսոնը, երբ արդեն ճաշել վերջացրել էին։
Սեղանը արդեն հավաքել էին և բոլորը պատրաստվում էին վեր կենալ։
— Չգիտեմ,— անտարբեր պատասխանեց Ջոն և հետո ավելացրեց.— Վաղվանից քննությունները սկսվում են, այն ժամանակ կերևա։
— Իսկ հիմա ո՞ւր ես գնում,— հարցրեց մայրը, երբ նա ուղղվեց դեպի դռները։
Նա բարձրահասակ, բարեկազմ կին էր և, Բեսսիի պես շագանակագույն մազեր ուներ ու նրա նման էլ մեղմ շարժուձև։
— Իմ սենյակն եմ գնում,— պատասխանեց Ջոն։— Պարապելո՛ւ,— լրացրեց նա։
Մայրը մեղմիկ շոյեց նրա մազերը, կռացավ և համբուրեց։ Միստր Բրոնսոնը գոհունակ ժպտաց նրա հետևից, և Ջոն աստիճաններով վերևի հարկ վազեց մի հաստատուն որոշմամբ՝ մինչև կոկորդը թաղվել գրքերի մեջ և ինչ էլ ուզում է լինի, հանձնել վաղվա քննությունը։
Մտնելով իր սենյակը, նա փակեց դուռը, նստեց գրասեղանի մոտ և մի հայացք գցեց սեղանին դրված դասադրքերին։
Ջոն որոշեց սկսել պատմությունից, քանի որ քննությունները սկսվելու էին այդ առարկայով։ Նա բացեց գրքի ծալված թերթը և սկսեց կարդալ։
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց Սալամին կղզու համար։ Երկու քաղաքներն էլ ուզում էին իրենց իրավունքներր հաստատել այդ կղզու վրա»։
Դե, սա մտքում պահելը դժվար չէ։ Բայց ի՞նչ էին իրենցից ներկայացնում Դրակոնի այդ բարեփոխումները։ Դրանք պետք է կրկնել։
Նա նորից թաղվեց գրքի մեջ, աչքերը սահեցնելով արդեն անցած էջերի վրայով, բայց հենց այդ ժամանակ էլ նրա գրքից շեղված հայացքը ընկավ բեյսբոլի պարագաներին՝ մետաղյա ցանցաձև դիմակին ու ձեռնոցներին, որոնք դրված էին աթոռի վրա։
«Մենք ոչ մի դեպքում անցյալ շաբաթ խաղը տանուլ չէինք տա, եթե Ֆրեդը չվրիպեր։ Նա շատ բերանբաց տղա է, ճիշտ է, նրա համար ոչինչ չարժե իրար հետևից բռնել հարյուրավոր դժվար գնդակներ, բայց վճռական պահին ինչ-որ դատարկ բանից միշտ էլ շփոթվում է։ Հարկավոր էր նրան դաշտում պահել, և դարպասի մոտ կանգնեցնել Ջոնսին։ Միայն թե Ջոնսը չափից դուրս տաքանում է։ Նա ուզածդ գնդակը կորսա, ինչքան էլ որ դժվար լինի, բայց երբեք չես կարող գլխի ընկնել, թե հետո ինչ պիտի անի գնդակը»։
Ջոն ցնցվեց և հանկարծ սթափվեց։
— Խոսք չկա, այսպես պատմությունը լավ կսովորես։— Նա նորից խորասուզվեց գրքի մեջ։
— «Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո...»։
Երեք անգամ կարդալով նույն նախադասությունը, նա վերջապես հիշեց, որ Դրակոնի բարեփոխումների մասին դեռ ոչ մի բան չի կարդացել։
Դուռը թակեցին։ Նա սկսեց արագ-արագ թերթել գիրքը, ուշադրություն չդարձնելով դռան թակոցին։
Թակոցը համառորեն կրկնվեց, և դռան հետևից լսվեց Բեսսիի քնքուշ ձայնը.
— Ջո՛, սիրելիս։
— Ի՞նչ ես ուզում,— հարցրեց նա և չսպասելով պատասխանին, ավելացրեց.— Չի՛ կարելի, ես զբաղված եմ։
— Եկա իմանամ, չե՞մ կարող արդյոք օգնել քեզ,— ասաց նա։— Ես արդեն բոլոր դասերս պատրաստել եմ և մտածում եմ...
— Դե՛, պարզ է, դու արդեն բոլորր պատրաստել ես,— փնթփնթաց նա։— Դու միշտ էլ ամեն ինչ հասցնում ես։
Ջոն երկու ձեռքերով բռնեց գլուխը, որպեսզի աչքերը այլևս գրքից չկտի։ Բեյսբոլի այդ դիմակը նրան հանգիստ չէր տալիս։ Ինչքան շատ էր նա աշխատում թափանցել պատմության մեջ, այնքան համառորեն նրա գլխում պտտվում էին աթոռին դրված դիմակը և այն խաղերի մասին եղած հիշողությունները, որոնց մասնակցել էր։
— Չէ՛, գործը այդպես առաջ չի գնա։
Նա շուռ տվեց բաց դասագիրքը, դրեց սեղանին և մոտեցավ աթոռին։ Վերցնելով դիմակը և ձեռնոցները, դրանք այնպիսի ուժով շպրտեց մահճակալի տակ, որ դիմակը կպավ պատին ու ետ ցատկեց։
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց...»։
«Դիմակը ետ թռավ,— մտածեց Ջոն։— Հետաքրքիր է, շա՞տ հեռու թռավ։ Գուցե երևո՞ւմ է։ Ոչ, ինքը չի՛ նայի։ Ի՞նչ գործ ունի դրա հետ։ Դա հո պատմություն չէ։ Բայց էլի՜...»։
Ջոն գլուխը բարձրացրեց և աչքն ընկավ դիմակին, որը կիսով չափ դուրս էր եկել մահճակալի տակից։ Այդպես թողնել չի կարելի։ Քանի դեռ այդ դիմակը ցցված է աչքերի առջև, ինքը չի կարող պարապել։
Նա վեր կացավ, դիմակը հանեց մահճակալի տակից, հանդիսավոր կերպով անցավ ամբողջ սենյակով, մոտեցավ պատի պահարանին, խցկեց այնտեղ և դռները փակեց։ Դիմակի հետ գործը վերջացրեց։ Հիմա կարելի է պարապել։
Նա նորից գիրքը ձեռքն առավ։
— «Շուտով, Դրակոնի բարեփոխումները մտցնելուց հետո, Աթենքի և Մեգարայի միջև պատերազմ սկսվեց Սալամին կղզու համար։ Երկու քաղաքներն էլ ուզում էին իրենց իրավունքները հաստատել այդ կղզու վրա...»։
Այս բոլորը շա՜տ լավ, եթե միայն իմանար, թե ինչ էին իրենցից ներկայացնում Դրակոնի բարեփոխումները։
Վերջալույսի թույլ ցոլքերը սենյակ ընկան։ Որտեղի՞ց են այդ ցոլքերը։ Ջոն լուսամուտից դուրս նայեց։ Մայր մտնող արևի երկար ու շեղ ճառագայթները ընկել էին թեթև ամպերին, որոնք փայլփլում էին պուրպուրե տաք գույներով։ Կարմրավուն արտացոլումը փռվել էր երկրին։
Ջոն հայացքը ամպերից սահեցրեց ցած, դեպի ծովածոցը։ Մթնշաղի հետ միասին դադարել էր ծովից փչող քամին, և Փոյնթ ամրոցից ոչ հեռու մի ինչ֊որ ուշացած ձկնորսական նավակ հանդարտ նավահանգիստ էր մտնում, օգտվելով քամու վերջին շնչից։ Մի փոքր հեռու, բուքսիրային նավը, ծխի քուլաներ արձակելով, ծով էր դուրս բերում եռակայմ մի շխունա։ Ջոյի հայացքը ընկավ հեռվում երևացող Մարինի ափին։ Ափագիծը արդեն չէր երևում իջնող խավարում, և երկար ստվերները սողում էին վերջալույսի մեջ դեռևս պարզ երևացող Թամալփես լեռան բարձունքն ի վեր։
Օ՜, ինչ լավ կլիներ, եթե ինքը՝ Ջո Բրոնսոնը, լողար այդ ձկնորսական նավակով, հաջող որսից հետո։ Կամ էլ այդ շխունայով, որը ուղիղ գնում էր դեպի մայր մտնող արևը՝ ինչ֊որ անհայտ հեռուներ։ Ահա սա է կյանքը, սա՛ է գործը։ Մի բան պետք է լինել այս աշխարհում։ Իսկ ինքը փակվել է խեղդուկ սենյակում և գլուխը լցնում է պատմություններով այն մարդկանց մասին, որոնք երկրի երեսից անհետացել են իր ծննդից հազար տարի առաջ։
Ջոն թափով պոկվեց լուսամուտից, կարծես դուրս պրծավ ինչ֊որ կպչուն ձեռքերից, որոնք բռնել էին նրան, վճռական քայլերով աթոռն ու գիրքը տարավ սենյակի ամենահեռավոր անկյունը և նստեց՝ մեջքով դեպի լուսամուտը։
Բայց մի րոպե հետո (այդպես թվաց նրան) նա քաղցր երազանքներով տարված նորից հայտնվեց լուսամուտի մոտ։ Ինքն էլ չիմացավ, թե դա ինչպես եղավ։ Վերջին բանը, որ հիշում էր, մի ենթավերնագիր էր. «Դրակոնի բարեփոխումները և նրա սահմանադրությունը», որը նա, վերջապես, գտավ ինչ֊որ տեղ, դասագրքի աջ էջում, իսկ հետո, երևի լուսնոտի նման, որ թափառում է քնի մեջ և այդ բոլորը չի հիշում, մոտեցավ լուսամուտին։ Հայտնի չէ, թե նա ինչքան ժամանակ կանգնած մնաց այդտեղ։ Ձկնորսական նավակը, որը նա սկզբում նկատել էր Փոյնթ ամրոցի մոտ, հիմա արդեն հասել էր Մեյգասի նավաշինարաններին։ Այդ բանից կարելի էր եզրակացնել, որ մի ժամ անցած կլիներ։ Արևը վաղուց արդեն մայր էր մտել. շքեղ աղջամուղջը ընկել էր օվկիանոսի վրա, և Թամալփեսի գագաթներին սկսել էին փայլել առաջին դժգույն աստղերը։
Ջոն հոգոց հանեց, շուռ եկավ և արդեն ուզում էր գնալ դեպի իր անկյունը, երբ հանկարծ լսեց մի երկար, ականջ ծակող սուլոց։ Դա Ֆրեդն էր։ Ջոն նորից հոգոց հանեց։ Սուլոցը կրկնվեց։ Հետո նրան միացավ մի ուրիշ սուլոց։ Դա էլ Չարլին էր, նրանք սպասում էին անկյունում։ Երջանի՜կ տղաներ։
Չէ՛, այսօր նրանք շա՜տ պիտի սպասեն։ Երկուսը միասին սուլեցին։ Ջոն ծանր հոգոց հանեց և սկսեց աթոռի վրա անհանգիստ շարժումներ անել։ Ո՛չ, նրանք այսօր շա՜տ պիտի սպասեն, Ջոն համառորեն կրկնում էր ինքն իրեն, սակայն, այնուամենայնիվ, ելավ տեղից։ Ոչ մի դեպքում չի գնա, մինչև որ վերջապես չիմանա, թե ի՞նչ բան են Դրակոնի բարեփոխումները։ Բայց հենց նույն այն ուժը, որը նրան քաշում էր դեպի լուսամուտը, հիմա էլ ստիպեց մոտենալ սեղանին, պատմության դասագիրքը դնել մյուս բոլոր դասագրքերի վրա, դուռը բացել և նախասենյակ գնալ։ Ջոն ինքն էլ չհասկացավ, թե ինչպես արեց այդ ամենը։ Նա փորձեց վերադառնալ, բայց անմիջապես մտածեց, որ կարող է շատ կարճ ժամանակով դուրս գալ տնից և հետո ոչ մի բան չի խանգարի նրան վերադառնալ ու վերջացնել իր գործը։ Միայն մի քանի րոպե, մտքում խոսք էր տալիս նա, իջնելով սանդուղքով։ Ջոն ավելի ու ավելի արագացրեց քայլերը և, վերջապես, երկու աստիճաններից ցատկեց երրորդի վրա։ Հապշտապ դնելով կեպին՝ նա գլխապատառ դուրս թռավ կողքի դռնից։ Եվ մինչ վազելով կհասներ անկյունին, Դրակոնի բոլոր բարեփոխումները հենց իրեն՝ Դրակոնի հետ միասին, անհետացան ինչ֊որ հեռավոր անցյալում, վաղվա քննություններն էլ նույնպես ետ քաշվեցին դեպի ինչ֊որ հեռավոր, մշուշապատ ապագան։